ԵՍԱՅԻ - 2

(24 голоса, среднее 4.42 из 5)
Индекс материала
ԵՍԱՅԻ
2
Все страницы


38 Այն ժամանակ Եզեկիան հիւանդացաւ մահացու հիւանդութեամբ. Ամոսի որդի Եսային եկաւ նրա մօտ ու ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Պատուէ՛ր տուր տանդ համար, որովհետեւ մեռնելու ես, չես ապրելու»։ 2Եւ Եզեկիան երեսը շրջեց դէպի պատը, աղօթք արեց ու ասաց. 3«Ո՛վ Տէր. յիշի՛ր ինձ, Տէ՜ր, քանզի քո առաջ արդարութեամբ ու ճշմարիտ սրտով ընթացայ եւ քեզ համար հաճելի գործեր կատարեցի»։ Ապա մեծ ցաւով լաց եղաւ Եզեկիան։ 4Եւ Տէրը, խօսքն ուղղելով Եսայուն, ասաց. 5«Գնա՛ եւ ասա՛ Եզեկիային, թէ այսպէս է ասում քո հօր՝ Դաւթի Տէր Աստուածը. «Լսեցի քո աղօթքի ձայնը եւ տեսայ քո արցունքները. ահաւասիկ քո կեանքի ժամանակի վրայ աւելացնում եմ տասնհինգ տարի. 6Ասորեստանի արքայի ձեռքից պիտի փրկեմ քեզ ու այս քաղաքը, պիտի պահապան լինեմ այս քաղաքին»։ 7Եւ Տիրոջ կողմից թող սա նշան լինի քեզ, թէ Աստուած կատարելու է այն խօսքը, որ ասաց. 8«Ահաւասիկ ես յետ եմ դարձնելու քո աստիճաններին ընկած ստուերը. քո տան տասը աստիճաններով ներքեւ իջած շողքը ես տասը աստիճանով յետ եմ շրջելու»։ Եւ շողքը բարձրացաւ տասը աստիճան, հասաւ այնտեղ, ուր ստուերն էր իջել։ 9Հրէաստանի արքայ Եզեկիայի աղօթքը այն ժամանակ, երբ նա հիւանդացաւ եւ ապաքինուեց հիւանդութիւնից. 10«Ես ասում էի, թէ երբ իմ օրերն սպառուեն, մնացած տարիներս թողած՝ ընկնելու եմ գերեզմանի դռները։ 11Ասում էի, թէ երկրի վրայ այլեւս չեմ տեսնի Աստծու փրկութիւնը, էլ չեմ տեսնի մարդ ու բնակիչ։ 12Զրկուեցի ես իմ ազգատոհմից, թողի իմ մնացած կեանքը, որը ելաւ ու հեռացաւ ինձնից,ինչպէս քանդւում է կանգուն տաղաւարը։ Իմ հոգին ինձնից ահա ուր որ է պիտի անջատուի, ինչպէս ջուլհակի ոստայնը, որ մօտ է կտրուելու։ 13Այն օրը դատապարտուած մնացի մինչեւ առաւօտ. ասես առիւծը ջարդէր իմ բոլոր ոսկորները, զօր ու գիշեր դատապարտուած մնացի։ 14Ճչում էի ինչպէս ծիծեռնակը եւ աղաւնու նման մնչում, որովհետեւ աչքերս տկարացան նայելուց դէպի երկնքի բարձունքը՝ դէպի Տէրը, որը փրկեց ինձ, փարատեց իմ հոգու ցաւերը 15եւ ինքն էլ սահմանեց իմ բոլոր տարիները՝ ի դառնութիւն իմ անձի։ 16Այդ մասին քեզ պատմուեց, Տէ՛ր, եւ դու արթնացրիր իմ հոգին, ես մխիթարուեցի եւ ապրեցի։ 17Ահաւասիկ խաղաղութեան փոխուեց իմ դառնութիւնը. դու փրկեցիր իմ հոգին, որ չկործանուեմ, ինձնից յետ վանեցիր իմ բոլոր մեղքերը։ 18Գերեզմանում գտնուողները չէ, որ պիտի խոստովանեն քեզ, մեռածները չեն, որ պիտի օրհնեն քեզ,եւ ոչ էլ քո ողորմութեանն են յուսալու նրանք, ովքեր գերեզման են իջնում։ 19Ապրողները պիտի օրհնեն քեզ, ինչպէս ես այժմ։ Այսուհետեւ մանուկներ պիտի ծնեմ, որ պատմեն քո արդարութեան մասին, 20ո՛վ փրկիչ իմ Տէր։ Եւ իմ կեանքի բոլոր օրերին քո աստուածային տաճարի առաջ չեմ դադարելու սաղմոսարանով օրհներգելու քեզ»։ 21Ապա Եսային Եզեկիային ասաց. «Թզի չի՛ր վերցրու, մանրի՛ր եւ դի՛ր վէրքիդ վրայ, եւ պիտի առողջանաս»։ 22Իսկ նա պատասխանեց. «Դա նշան է, որ Աստծու տաճա՞րը պիտի մտնեմ»։ 
39 Այն ժամանակ Բաբելոնի արքան Մարոդաք Բաղդանը՝ Բաղդանի որդին, պատգամաւորներ ուղարկեց Եզեկիայի մօտ՝ հրովարտակներով ու նուէրներով, որովհետեւ լսել էր, թէ նա հիւանդացել է մերձիմահ եւ առողջացել։ 2Նրանք ուրախութիւն պատճառեցին Եզեկիային, որը ցոյց տուեց նրանց իր գանձերի տները, խնկերի ու օծանելիքների, ոսկու եւ արծաթի, զէնքերի բոլոր պահեստները, ամէն բան, ինչ կար իր գանձարաններում։ Իր տանը, իր ամբողջ տէրութեան սահմաններում բան չմնաց, որ Եզեկիան նրանց ցոյց չտար։ 3Եւ ահա Եսայի մարգարէն ներկայացաւ Եզեկիա արքային եւ ասաց նրան. «Ի՞նչ են ասում այդ մարդիկ, ո՞ր կողմերից են եկել մօտդ»։ Իսկ Եզեկիան պատասխանեց. «Հեռաւոր աշխարհից են եկել մօտս, Բաբելոնից»։ 4Եսային ասաց. «Ի՞նչ տեսան քո տան մէջ»։ Եզեկիան պատասխանեց. «Ամէն բան, ինչ որ կայ իմ տանը, տեսան։ Բան չկայ իմ տան մէջ, որ չտեսնէին, տեսան նաեւ իմ գանձերը»։ 5Եսային ասաց նրան. «Հիմա դու լսի՛ր Զօրութիւնների Տիրոջ պատգամները. 6«Ահա գալու են օրեր, երբ պիտի խլեն ամէն բան, ինչ որ կայ քո տան մէջ, ինչ որ հաւաքել են քո հայրերը մինչեւ այսօր։ Դրանք Բաբելոն պիտի տարուեն, ոչ մի բան չեն թողնելու»։ Աստուած ասաց, 7թէ պիտի տարուեն նաեւ քո որդիներից շատերը, որոնք քեզնից են լինելու, որոնց դու ես ծնելու, տանելու եւ ներքինիներ են դարձնելու Բաբելոնի թագաւորի պալատում»։ 8Իսկ Եզեկիան ասաց Եսայուն. «Տիրոջ այդ խօսքը, որ դու յայտնեցիր, բարի է. թող արդարութիւն ու խաղաղութիւն լինի իմ օրերում»։ 
40 «Մխիթարեցէ՛ք, մխիթարեցէ՛ք իմ ժողովրդին, - ասում է Աստուած, - 2դուք՝ քահանաներդ, Երուսաղէմի սրտո՛վ խօսեցէք եւ մխիթարեցէ՛ք նրան, որովհետեւ նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողութիւն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացաւ։ 3Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք մեր Աստծու շաւիղները։ 4Բոլոր ձորերը պիտի լցուեն, եւ բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժուարին տեղերը պիտի դիւրին դառնան, եւ առապարները՝ դաշտեր։ 5Պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամէն մի մարմնաւոր պիտի տեսնի Աստծու փրկութիւնը, քանզի Տէ՛րը խօսեց»։6Մի ձայն ասում է՝ կանչի՛ր։ Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ։ «Իմացի՛ր, ամէն մարմին նման է խոտի, եւ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։ 7Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափւում,որովհետեւ նրա վրայ փչում է Տիրոջ շունչը։ Արդարեւ, իմ այս ժողովուրդը նման է խոտի։ 8Խոտը չորանում է, ծաղիկը թափւում, բայց Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան»։ 9Ե՛լ այդ բարձր լերան վրայ, ո՛վ աւետաբերդ Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ աւետաբերդ Երուսաղէմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր եւ յայտնի՛ր Յուդայի երկրի այդ քաղաքներին. 10«Ահաւասիկ ձեր Աստուածը. ահա Տէրը, որ գալիս է զօրութեամբ եւ իր բազկի իշխանութեամբ. ահաւասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր աչքի առաջ են։ 11Հովուի նման հովուելու է իր հօտերը, իր բազկով հաւաքելու է գառներին,կրելու է նրանց իր ծոցում, մխիթարիչ է լինելու յղիներին»։12Ո՞վ կարողացաւ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը եւ քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացաւ լեռները կշռել կշեռքով եւ դաշտերը՝ նժարով։ 13Ո՞վ իմացաւ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձաւ նրան՝ իբրեւ թէ նրան խելամիտ դարձնելու համար։ 14Կամ թէ ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի, եւ կամ ո՞վ նրան ցոյց տուեց արդարադատութիւնն ու իմաստութեան ճանապարհը, կամ անցեալում ո՞վ փոխ տուեց իրեն, որ հատուցի նրան։ 15Բոլոր հեթանոսները նման են դոյլի մի կաթիլին, նոյնն են, ինչ փոշեհատիկը՝ կշեռքի վրայ եւ կամ ինչպէս բերանից ցայտող շիթը։ 16Այրելու համար Լիբանանը բաւական չէ, բոլոր չորքոտանիները ողջակէզի համար բաւական չեն, 17եւ բոլոր հեթանոսները նրա համար ոչինչ են, ոչնչութիւն են համարւում։ 18Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան։ 19Միթէ կո՞ւռք է նա, որին կերտել է արուեստաւորը, եւ կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանութիւն ու կերպարանք տալով նրան։ 20Հիւսնն էլ անփտելի փայտն է ընտրել եւ խելք ու հնարքի դիմել, թէ ինչպէս կանգնեցնի այն, որ չշարժուի։ 21Միթէ չլսեցի՞ք ու չիմացա՞ք, ի սկզբանէ ձեզ չպատմուե՞ց, չհասկացա՞ք, թէ ով հաստատեց երկրի հիմքերը։ 22Նա է, որ նստած է երկրի շրջածիրից վերեւ, եւ բնակիչները նրան մորեխի չափ են երեւում։ Նա է կանգնեցրել երկինքն ինչպէս կամար, ձգել՝ ինչպէս վարագոյր եւ հիմնել երկիրը՝ նրա մէջ բնակուելու համար։ 23Նա է, որ իշխաններին անիշխանութեան է դատապարտում եւ երկիրն ամայացնում,24որպէսզի չսերմանեն ու տունկեր չտնկեն, եւ նրանց արմատը հողի մէջ չհաստատուի։Նա կը փչի նրանց վրայ, եւ կը չորանան, ու փոթորիկը խռիւի նման կը քշի դրանք։ 25«Արդ, ո՞ւմ կ՚ուզենայիք նմանեցնել ինձ, որին զուգահաւասար լինէի», « ասում է Իսրայէլի սուրբը։ 26Աչքներդ դէպի երկի՛նք բարձրացրէք եւ տեսէ՛ք՝ ո՞վ հաստատեց այս ամէնը, ո՞վ ստեղծեց նրա համակարգութիւնը՝ մեծ փառքով եւ անհնարին ուժով ամէն ինչի տալով իր անունը. ոչ մի բան ծածուկ չի մնում նրանից։ 27Մի՛ ասա, Յակո՛բ, կամ՝ ի՞նչ ես խօսում, Իսրայէ՛լ, թէ՝ «Իմ ճանապարհները գաղտնի մնացին Աստծուց, եւ իմ Աստուածը վերացրեց իմ իրաւունքներն ու հեռացաւ»։ 28Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր, որ յաւիտենական Աստուածը, երկրի սահմանները հաստատող Աստուածը ո՛չ քաղց է զգում եւ ո՛չ էլ յոգնում, նրա իմաստութիւնն անքննելի է։ 29Նա քաղցածներին ուժ է տալիս, բայց ցաւ չունեցողներին էլ՝ տրտմութիւն։ 30Երիտասարդները քաղց պիտի զգան, մանուկները պիտի յոգնեն, քաջընտիր մարդիկ անզօր պիտի դառնան, 31իսկ նրանք, որոնք Տիրոջն են ապաւինում, նոր ուժ պիտի ստանան եւ նոր փետուրներով զարդարուեն ինչպէս արծիւներ, պիտի վազեն, բայց չպիտի յոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։ 
41 Նորոգուեցէ՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանզի իշխանները նորոգուելու են զօրութեամբ, մօտենալու են ու միասին խօսելու եւ պատմելու են արդար դատաստանի մասին։ 2Ո՞վ արթնացրեց արդարին Արեւելքից եւ կանչեց իր յետեւից. նա գնալու է եւ հեթանոսների յանդիման հատուցում է տալու, սարսափահար է անելու թագաւորներին, հողին է յանձնելու նրանց սրերը, խռիւի պէս վանելու է նրանց նետերը, 3նրանց փախստական է դարձնելու եւ խաղաղութեամբ անցնելու է այն ճանապարհները, որոնք իր ոտքերի համար են։ 4Արդ, կ՚ասէ՞ք, թէ Նա չի գալու. ո՞վ արեց ու կատարեց այս ամէնը, ո՞վ կանչեց նրան, որ կանչւում էր առաջին ցեղերից։ Ես եմ Տէրն առաջին, նոյնն եմ լինելու եւ յաւիտեան։ 5Տեսան ինձ հեթանոսները եւ վախեցան, երկրի բոլոր ծագերը սարսափեցին. իրար մօտեցան եւ միասին եկան։ 6Ամէն մէկը մտքում դրեց ընկերոջն ու եղբօրն օգնական լինել՝ ասելով. 7«Թող հիւսնը քաջալերի դարբնին՝ կռելու, կոփելու եւ մուրճով հարուածելու, եւ ասի՝ ինձ համար լաւ օգնութիւն եղաւ»։ Գամերով գամում են կուռքերը, դնում գետնի վրայ, որպէսզի չշարժուեն։ 8Բայց դու, ո՛վ իմ ծառայ Իսրայէլ, ո՛վ Յակոբ, որին ընտրեցի, ո՛վ դու Աբրահամի զաւակ, որին սիրեցի, 9որին օգնական եղայ՝ երկրի ծայրերից ու նրա եզերքներից կանչելով նրան եւ ասելով, թէ՝ «Դու իմ ծառան ես, քեզ ընտրեցի ես եւ չեմ լքի քեզ», - 10դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբուիր, քանզի ես եմ քո Աստուածը, ես, որ զօրացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։ 11Ահա պիտի ամաչեն ու պատկառեն քո բոլոր հակառակորդները, չեղածի նման պիտի լինեն նրանք, եւ բոլոր քեզ ամբաստանողները պիտի կորչեն։ 12Եթէ փնտռես էլ, չես գտնելու այն մարդկանց, որոնք քո դէմ թշնամութիւն էին անում, քեզ հետ պատերազմողներն ի չիք պիտի դառնան։ 13Արդարեւ, ես եմ քո Տէր Աստուածը, որ բռնել եմ քո աջ ձեռքից, որ ասում եմ քեզ, թէ՝ «Մի՛ վախեցիր, ես կ՚օգնեմ քեզ»։ 14«Չվախենաս, Յակո՛բ, որ որդ ես հիմա,եւ դու, Իսրայէ՛լ, որ սակաւամարդ ես այժմ,ես օգնեցի քեզ», - ասում է Աստուած՝ Իսրայէլի սուրբը, որը փրկելու է քեզ։ - 15Ահա քեզ դարձրի սղոցատամ կամնասայլի նոր անիւների պէս. լեռները պիտի կալսես, բլուրները պիտի մանրես, փոշու պիտի վերածես դրանք ու քշես տանես։ 16Հողմերը պիտի տանեն դրանք, եւ մրրիկները պիտի ցրեն։ Բայց դու ուրախ պիտի լինես Տիրոջով՝ Իսրայէլի սրբով։ 17Պիտի ցնծան տնանկներն ու չքաւորները, որոնք ջուր էին փնտռում ու չէին գտնում, եւ նրանց լեզուները ծարաւից ցամաքում էին։ Ես՝ Տէր Աստուածս, Իսրայէլի Աստուածս, կը լսեմ նրանց եւ չեմ լքի նրանց։ 18Գետեր կը բխեցնեմ լեռների վրայ եւ դաշտերի մէջ՝ աղբիւրներ, անապատը կը վերածեմ ջրերի լճակների եւ տոչորուած երկիրը՝ վտակների։ 19Անջրդի հողում մայրի ու տօսախ, մրտենի ու նոճի, սօսի ու դափնի, սոճի ու կաղամախի, գիհի ու ձիթենի կ՚աճեցնեմ, 20որպէսզի տեսնեն ու գիտենան, ճանաչեն ու իմանան բոլորը, թէ Տիրո՛ջ ձեռքը կատարեց այդ ամէնը, եւ Իսրայէլի սո՛ւրբը հաստատեց»։ 21«Մօտեցել է ձեր արդար դատաստանը, - ասում է Տէր Աստուած, -«Մօտեցել է ձեր արդար դատաստանը», - ասում է Յակոբի թագաւորը։ 22Թող մօտենան ու պատմեն ձեզ, թէ ի՛նչ դէպքեր են կատարուելու։ Եւ կամ առաջներում կատարուածներն էլ թող մեզ պատմեն, որպէսզի մտքներս պահենք եւ գիտենանք, թէ ի՛նչ եղաւ առաջ, եւ ի՛նչ է լինելու յետոյ։ 23Ասացէ՛ք, պատմեցէ՛ք մեզ, թէ վերջում ի՛նչ է լինելու, որ իմանանք. եթէ աստուածներ էք՝ բա՛րին կատարեցէք, չարը կատարեցէք, որպէսզի տեղնուտեղը տեսնենք ու զարմանանք, թէ ո՛րտեղից էք դուք, եւ ո՛րտեղից է գալիս ձեր արածը, 24որովհետեւ պիղծ են նրանք, որ երկրից ընտրել են ձեզ։ 25Բայց ես պիտի արթնացնեմ հիւսիսային մարդուն եւ արեւելեանին, նրանք պիտի կանչուեն իմ անունից, պիտի գան իշխանները, եւ բրուտի կաւի նման դուք պիտի տրորուէք այնպէս, ինչպէս բրուտն է տրորում։ 26Ո՞վ կը պատմի սկզբում եղածի մասին, որ գիտենանք, եւ կամ աւելի առաջ կատարուածի մասին, որ ասենք, թէ ճշմարիտ է. ո՛չ առաջներում եղածի մասին պատմող կայ, եւ ո՛չ էլ մէկը, որ լսի ձեր խօսքերը։27Սկսեմ Սիոնից եւ ճանապարհին մխիթարեմ Երուսաղէմին։28Ահաւասիկ ոչ մի հեթանոս չկայ, չկայ նաեւ նրանց կուռքերից ոչ մէկը, որ պատմի, ու եթէ հարցնեմ իսկ նրանց, թէ՝ որտեղի՞ց էք, ինձ պատասխան չեն տայ։ 29Ունայն են նրանք, որ կերտել են ձեզ, սնոտի են նրանք, որ ստեղծել են ձեզ։ 
42 Յակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան։ Իմ ընտրեալն է Իսրայէլը, որը հաճելի եղաւ իմ հոգուն։ Իմ շունչը կը տարածեմ նրա վրայ, եւ նա հեթանոսների դատաստանը կը տեսնի։ 2Նա չի աղաղակելու եւ չի վիճելու, ոչ ոք դրսում նրա ձայնը չի լսելու, 3անգամ ջախջախուած եղէգը նա չի ջարդելու եւ առկայծող պատրոյգը չի մարելու, այլ արդարութեամբ դատաստան է տեսնելու։ 4Նա պիտի ծագի եւ չպիտի խորտակուի, քանի դեռ երկրի վրայ չի հաստատել դատաստանը. եւ հեթանոսները իրենց յոյսը պիտի դնեն նրա անուան վրայ։ 5Այսպէս է ասում Տէր Աստուած, որ ստեղծեց երկինքը եւ կանգնեցրեց այն, հաստատեց երկիրն ու ամէն բան, ինչ կայ նրա վրայ, շունչ տուեց այնտեղ գտնուող մարդկանց, հոգի՝ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրայ. 6«Ես՝ Տէր Աստուածս, արդարութեամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից եւ զօրաւոր դարձրի քեզ, իբրեւ ուխտ տուեցի քեզ ժողովրդին եւ իբրեւ լոյս՝ հեթանոսներին, 7որպէսզի կոյրերի աչքերը բանաս եւ խաւարի մէջ նստած կալանաւորներին հանես բանտից ու զնդանից։ 8Ես եմ Տէր Աստուածը, սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տայ, ոչ էլ իմ քաջութիւնը՝ կուռքերին»։ 9Ինչ որ նախասահմանուած էր, այն էլ կատարուեց, իսկ ինչ որ նոր պիտի կատարուի, ե՛ս կը պատմեմ ձեզ, մինչեւ պատմուելն էլ այն յայտնի կը դառնայ ձեզ։ 10Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգութեամբ, քանզի նրա իշխանութիւնը բարձունքներում է փառաբանւում, եւ նրա անունը՝ երկրի ծագերից, ծովերում նաւարկողներից, կղզիներից ու նրանց բնակիչներից։ 11Թող ուրախ լինեն անապատն ու նրա աւանները, Կեդարի բանակատեղիներն ու բնակիչները, թող ուրախանան Վէմի բնակիչները, լեռների գագաթներից կանչեն, 12փառք տան Աստծուն, իսկ կղզիները պատմեն նրա քաջութեան մասին։ 13Զօրութիւնների Տէր Աստուածը պիտի գայ ու պատերազմ մղի, նախանձ պիտի յարուցի եւ բարձրաձայն պիտի գոչի իր թշնամիների վրայ։ 14Սկզբից իսկ լուռ եմ եղել. մի՞թէ պիտի լսեմ ու միշտ լուռ մնամ. համբերող եղայ ինչպէս ծննդկան, հիմա պիտի սարսափեցնեմ ու միանգամից ցամաքեցնեմ։15Լեռներն ու բլուրները պիտի հարթեցնեմ եւ նրանց ամբողջ խոտը չորացնեմ, գետերը պիտի վերածեմ կղզիների եւ ճահճուտները ցամաքեցնեմ։ 16Կոյրերին պիտի առաջնորդեմ մի ճանապարհով, որ նրանք չգիտեն, պիտի քայլել տամ այնպիսի շաւիղներով, որոնք ծանօթ չեն նրանց. խաւարը լոյս պիտի դարձնեմ նրանց համար եւ դժուարանցանելին՝ դիւրին։ Այս բաները պիտի անեմ նրանց համար եւ չեմ լքելու նրանց։ 17Բայց նրանք երես դարձրին ինձնից։Ամօթ ու պատկառա՛նք ունեցէք դուք, որ ապաւինել էք կուռքերին եւ ասում էք ձուլածոներին, թէ՝ « Մեր աստուածներն էք դուք»։ 18Խուլե՛ր, լսեցէ՛ք, կոյրե՛ր, նայեցէ՛ք ու տեսէ՛ք. 19ո՞վ է կոյրը, եթէ ոչ իմ ծառաները, ովքե՞ր են խուլերը, եթէ ոչ այն մարդիկ, որ տիրում են նրանց։ Ո՞վ է կոյրը, եթէ ոչ ուծացածը։ Կուրացան Աստծու ծառաները։ 20Շատ անգամ տեսաք, բայց չզգուշացաք, բաց էին ձեր ականջները, բայց չլսեցիք։ 21Տէր Աստուած կամենում էր, որ արդարութիւն լինի, գոհութիւն մատուցեն,22բայց տեսայ, որ ժողովուրդը կողոպտուեց ու աւարի մատնուեց. բոլոր շտեմարաններում, միաժամանակ եւ բոլոր ապարանքներում, ուր եւ թաքցրին նրանց, որոգայթներ կային. նրանք յափշտակութեան մատնուեցին, եւ ոչ ոք չկար, որ նրանց փրկէր, աւարառութեան ենթարկուեցին, եւ չգտնուեց մէկը, որ ասէր, թէ՝ ե՛տ տուր։ 23Ձեզնից ո՞վ է նա, որ ականջ կը դնի այս ամենին եւ կը մտածի այն մասին, թէ ինչ է կատարուելու յետագայում։ 24Ո՞վ մատնեց Յակոբին յափշտակութեան, Իսրայէլը՝ աւարառութեան. ո՞չ արդեօք Աստուած, որի հանդէպ մեղք գործեցին, չկամեցան ընթանալ նրա ճանապարհներով եւ չլսեցին նրա օրէնքները։ 25Նա նրանց վրայ թափեց իր զայրոյթն ու բարկութիւնը, պատերազմի դատապարտեց նրանց,բոլոր կողմերից կրակի մէջ առաւ նրանց, բայց նրանցից ոչ մէկը չգիտակցեց, խելքի չեկաւ։ 
43 Արդ, այսպէս է ասում Տէր Աստուածը, որ արարեց քեզ, Յակո՛բ, եւ ստեղծեց քեզ, Իսրայէ՛լ. «Մի՛ վախեցիր, որովհետեւ փրկեցի քեզ եւ կոչեցի քեզ քո անունով, թէ իմն ես։ 2Եթէ ջրերի միջով անցնես՝ քեզ հետ կը լինեմ, եւ գետերը քեզ չեն խեղդի.եթէ կրակի միջով անցնես՝ չես այրուի, եւ նրա բոցը քեզ չի կիզի. 3քանզի ես եմ քո Տէր Աստուածը՝ Իսրայէլի սուրբը, որ պիտի փրկեմ քեզ։ Եգիպտոսն ու Եթովպիան որպէս փրկագին տուի քեզ համար եւ Սուհէնը քեզ հետ փոխանակեցի։4Ուստի թանկ եղար ինձ համար, իմ առաջ փառաւորուեցիր, ու ես սիրեցի քեզ. մարդիկ կը տամ քո փոխարէն, իշխաններ՝ քո գլխի դիմաց։5Մի՛ վախեցիր, որովհետեւ քեզ հետ եմ. արեւելքից կը բերեմ քո սերունդը եւ արեւմուտքից կը հաւաքեմ քեզ։ 6Հիւսիսին կ՚ասեմ՝ բե՛ր, եւ հարաւին, թէ՝ մի՛ արգելիր. բերէ՛ք իմ որդիներին հեռաւոր երկրից եւ իմ դուստրերին՝ երկրի ծագերից, 7բոլորի՛ն, որոնք երբեւէ կոչուել են իմ անունով. որովհետեւ իմ փառքով հաստատեցի նրան, ստեղծեցի եւ արարեցի նրան։ 8Բարձրացրի կոյր ժողովրդին. եւ թէպէտ աչքեր ունեն, սակայն կուրացած են նրանք, եւ խցանուած են նրանց ականջները։9Թող բոլոր ազգերը հաւաքուեն միասին, թող նրանց իշխանները ժողովուեն, բայց ո՞վ կարող է պատմել այս, եւ կամ ո՞վ կարող է ձեզ ազդարարել այն, ինչ առաջ է կատարուել. թող բերեն իրենց վկաներին եւ արդարանան, թող լսեն եւ ասեն ճշմարտութիւնը։ 10Եղէ՛ք ինձ համար վկաներ, ես էլ ձեզ համար վկայ լինեմ, -ասում է Տէր Աստուած. -ծառայ ընտրեցի ձեզ, որ հասկանաք ու հաւատաք ինձ եւ գիտակցէք, թէ ո՛վ եմ ես։ Ինձնից առաջ ուրիշ Աստուած չի եղել, ինձնից յետոյ եւս չի լինի։ 11Ե՛ս եմ Աստուած, ինձնից բացի չկայ մէկը, որ փրկութիւն տայ։12Յայտնեցի եւ փրկեցի. նախատեցի, ու ձեր մէջ օտար չկար. դուք ինքներդ կարող էք վկայ լինել ինձ համար։ 13Ես եմ Տէր Աստուածը ի սկզբանէ եւ միշտ.չկայ մէկը, որ իմ ձեռքից կարողանայ ազատուել. ինչ որ ես անեմ, ոչ ոք չի կարող հակառակն անել»։ 14Այսպէս է ասում Տէր Աստուածը՝ Իսրայէլի սուրբը, որ փրկելու է ձեզ. «Ձեզ համար Բաբելոն կ՚ուղարկեմ, բոլորին տեղահան կ՚անեմ ու փախստական կը դարձնեմ, եւ քաղդէացիները նաւերով պաշարման մէջ կ՚առնուեն»։ 15Ե՛ս եմ Տէր Աստուածը՝ ձեր սուրբը, որ ցոյց տուի ձեզ Իսրայէլի թագաւորին»։16Այսպէս է ասում Տէրը, որ ճանապարհ է բացում ծովում եւ շաւիղներ՝ յորդահոս ջրերի մէջ, 17Նա, որ կառքեր ու նժոյգներ է հանում եւ բազմահամար զօրքեր. բայց նրանք կարող են քնել ու վեր չկենալ, մարել ինչպէս հանգած պատրոյգ։ 18«Առաջուայ բաները մի՛ յիշէք, հինը մտքներդ մի՛ բերէք, 19քանզի ես նորն եմ անելու, որ հիմա յայտնուելու է, եւ դուք պիտի ճանաչէք. ճամփայ պիտի բացեմ անապատով եւ անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ։ 20Ինձ պիտի օրհնեն անապատի գազանները, համբարուներն ու ջայլամների ձագերը, որովհետեւ ես ջուր եմ տալու անապատին եւ անջրդի երկրին՝ գետեր, խմեցնելու համար իմ ընտրեալ ազգին։ 21Եւ իմ ժողովուրդը, որին ստեղծեցի, պիտի պատմի իմ սխրանքների մասին»։ 22«Հիմա չէ, որ կանչեցի քեզ, Յակո՛բ, եւ ոչ էլ չարչարեցի քեզ, Իսրայէ՛լ։23Ողջակէզներիցդ ոչխարներ չմատուցեցիր ինձ եւ ոչ էլ քո զոհերով փառաւորեցիր ինձ. քո ընծաներով չծառայեցիր ինձ, եւ ոչ էլ ես նեղութիւն պատճառեցի քեզ՝ ծախսել տալով քո կնդրուկները։ 24Ինձ համար արծաթով խունկ չգնեցիր, եւ ոչ էլ քո զոհերի ճարպին ես ցանկացող եղայ, բայց քո մեղքերի ու անօրէնութիւնների մէջ քեզ վերակացու եմ լինելու։ 25Ե՛ս եմ, ե՛ս եմ այն նոյնը, որ ջնջում եմ իմ հանդէպ կատարած քո անօրէնութիւններըեւ քո մեղքերն այլեւս չեմ յիշելու։ 26Բայց դու յիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանի՛ր քո անօրէնութիւնները, որ արդարացուես։ 27Նախ ձեր հայրերը մեղք գործեցին, եւ ձեր իշխանները օրինազանց եղան իմ հանդէպ։ 28Իշխանները պղծեցին իմ սրբութիւնները, ուստի Յակոբին կորստեան մատնեցի եւ Իսրայէլը՝ նախատինքի»։ 
44 «Իսկ այժմ լսի՛ր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, եւ դու, Իսրայէ՛լ, ում ընտրել եմ։ 2Այսպէս է ասում Տէր Աստուած, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, եւ տակաւին օգնութիւն պիտի գտնես. Մի՛ վախեցիր, ծառա՛յ իմ Յակոբ, եւ դու, սիրեցեա՛լ իմ Իսրայէլ, ում ընտրել եմ։ 3Ես ջուր պիտի տամ ծարաւածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով. իմ հոգին պիտի դնեմ քո զաւակի վրայ եւ իմ օրհնանքները՝ քո որդիների վրայ։ 4Նրանք պիտի ծլեն ու ծաղկեն ինչպէս ջրարբի խոտը, ինչպէս ուռենին՝ հոսող ջրերի մօտ։ 5Մէկը պիտի ասի՝ Աստծունն եմ ես, մէկ ուրիշը խրախոյս պիտի բարձրացնի յանուն Յակոբի Աստծու, իսկ միւսը գիր պիտի գրի իր ձեռքով, թէ՝ ես Աստծուն եմ պատկանում, եւ յանուն Իսրայէլի քաջալերութեան կոչ պիտի անի»։6Այսպէս է ասում Աստուած՝ Իսրայէլի թագաւորը եւ նրա փրկիչ Զօրութիւնների Տէրը. «Ես եմ առաջինը եւ ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստուած չկայ։ 7Ո՞վ է ինձ նման, թող առաջ գայ, ձայն հանի, պատմի ու ամէն ինչ ներկայացնի ինձ այն ժամանակից սկսած, երբ ես արարեցի մարդուն, նաեւ այն, ինչ գալու է. մինչեւ գալը թող պատմեն ձեզ։ 8Մի՛ զարմացէք եւ մի՛ շփոթուէք. չէ՞ որ դուք սկզբից լսեցիք, եւ ես ձեզ ասացի, որ դուք ինքներդ իսկ կարող էք վկայ լինել ինձ համար, թէ կա՞յ այլ Աստուած, բացի ինձնից»։ 9Բոլոր նրանք, որ ստեղծում ու կերտում էին սնոտի աստուածներ, այն ժամանակ իսկ ոչնչութիւն էին։Նրանք այդ անում էին ըստ իրենց ցանկութեան, սակայն դրանք չեն օգնելու նրանց, քանզի ո՛չ տեսնում են եւ ո՛չ էլ ըմբռնում, եւ դուք էլ կարող էք վկայել այդ մասին։ 10Թող ամաչի նա, ով ստեղծում է ստեղծուածը եւ անօգուտ կերպով կուռք է ձուլում, նաեւ բոլոր նրանք, որ հաղորդակից են դառնում նրան։ 11Բայց ամօթահար պիտի լինեն բոլոր նրանք, որ կուռքեր են ստեղծում եւ կերտում անօգուտ բաներ, որոնք, ինչից էլ պատրաստուած լինեն, բոլորովին պիտի չորանան եւ անտեսուեն մարդկանցից։ Պիտի հաւաքուեն ամէնքը, դէմառդէմ կանգնեն միասին, պիտի ամաչեն եւ առհասարակ ամօթահար լինեն։12Երկաթագործը իր համար գործիք կռեց, ուրագը սրեց եւ տաշեց նրանով, դուրը գործի դրեց ու յղկեցեւ իր բազկի ուժով կանգնեցրեց այն։ Իսկ ինքը քաղց է զգալու, տկարանալու, ջուր իսկ չի խմելու։ 13Հիւսնը փայտ ընտրեց, չափեց այն ու գծեց,պատկերի ձեւ ու նմանութիւն տուեց, դուրով յղկեց այն, սոսնձապատեց, նրան տուեց տղամարդու կերպարանք, մարդու դէմքի ձեւ ու գեղեցկութիւն եւ կանգնեցրեց իր տան մէջ։ 14Այն փայտը, որ կտրեց, « սոճին կամ սօսին, կաղնին կամ թեղօշը, որոնք տնկեց Տէրը, եւ անձրեւը աճեցրեց, 15որպէսզի մարդու համար վառելիք լինեն, « ահա դրանից վերցրեց, վառեց ու տաքացաւ, մի կէսից հաց եփեց, իսկ մի կէսն էլ արձան շինեց եւ երկրպագեց նրան. իր իսկ շինած արձանի առաջն ընկած՝ երկրպագեց նրան։ 16Նրա կէսն այրեց խարոյկի վրայ, որի կրակով հաց եփեց եւ միս խորովեց, կերաւ, կշտացաւ ու տաքացաւ՝ ասելով, թէ՝ «Երանի՜ ինձ, որ տաքացայ եւ կրակը տեսայ»։ 17Իսկ կէսից քանդակուած աստուած շինեց եւ, խոնարհուելով, երկրպագեց նրան, աղօթեց նրա առաջ եւ ասաց՝ «Փրկի՛ր ինձ, քանզի դու իմ աստուածն ես»։ 18Նրանք անկարող եղան մտածել եւ իմանալ, որովհետեւ նրանց աչքերը՝ տեսնելու համար եւ նրանց սրտերը՝ հասկանալու համար բթացան։ 19Նրանք չմտածեցին, չգիտակցեցին ու չհասկացան, որ փայտի կէսը կրակով այրեցին եւ նրա կրակի վրայ հաց եփեցին, միս խորովեցին ու կերան, իսկ նրա կէսից կուռք պատրաստեցին եւ երկրպագում են նրան։ 20Իմացի՛ր, նրանց սիրտը մոխիր է, եւ նրանք մոլորուած են, նրանցից ոչ ոք չի կարող փրկել նրանց հոգիները. դուք տեսնում էք, բայց չէք ասում, թէ՝ «Խաբէութիւն է մեր ձեռքերի մէջ»։ 21«Յիշի՛ր դա, Յակո՛բ, նաեւ դու, Իսրայէ՛լ, քանզի իմ ծառան ես դու. քեզ ստեղծեցի ինձ ծառայելու համար, եւ դու, Իսրայէ՛լ, մի՛ մոռացիր ինձ։ 22Ահաւասիկ ջնջեցի քո անօրէնութիւնները ինչպէս ամպ եւ քո մեղքերը՝ ինչպէս մէգ. ինձ մօ՛տ դարձիր, որպէսզի փրկեմ քեզ»։ 23Ուրախացի՛ր, երկի՛նք, քանզի Աստուած ողորմեց Իսրայէլին, փո՛ղ փչեցէք, երկրի հիմքե՛ր, ուրախութեան կանչե՛ր արձակեցէք, լեռնե՛ր, բլուրնե՛ր եւ նրանց վրայ գտնուող բոլո՛ր ծառեր, որովհետեւ Աստուած փրկեց Յակոբին, եւ Իսրայէլը պիտի փառաւորուի։ 24Տէրը, որ փրկեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից,այսպէս է ասում. «Ես եմ Տէրը, որ անում, կատարում եմ ամէն ինչ, միայնակ տարածեցի երկինքը եւ հաստատեցի երկիրը։ 25Էլ ո՞վ է, որ ի չիք դարձրեց վհուկների կախարդութիւնները եւ դիւթութիւնները՝ սրտերից, ո՞վ է, որ իմաստուններին յետ է դարձնում եւ նրանց խորհուրդները յիմարութեան վերածում, 26իր ծառաների խօսքերն է հաստատում եւ արդարացնում իր պատգամաբերների խորհուրդները։ Ե՛ս եմ, որ ասում եմ Երուսաղէմին, թէ՝ բնակելի՛ դարձիր, եւ Հրէաստանի քաղաքներին, թէ՝ վերստի՛ն կառուցուեցէք. եւ ես պիտի վերականգնեմ նրանց աւերակները։ 27Ես ասում եմ անդունդին, թէ՝ աւերուի՛ր.եւ ես պիտի ցամաքեցնեմ նրա գետերը։ 28Ես ասում եմ Կիւրոսին, թէ՝ իմաստնացի՛ր, որ կատարես իմ բոլոր ցանկութիւնները։ Ես ասում եմ Երուսաղէմին, թէ՝ կառուցուի՛ր, եւ ես պիտի հաստատեմ իմ սուրբ տաճարը»։ 
45 Այսպէս է ասում Տէր Աստուած իր օծեալ Կիւրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպէսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագաւորների զօրութիւնը, բացեմ քո առաջ դռները, եւ քաղաքները չփակուեն։ 2Ես կ՚ընթանամ քո առջեւից, կը հարթեցնեմ լեռները, կը խորտակեմ պղնձէ դռները եւ կը փշրեմ երկաթէ նիգերը։ 3Ես քեզ կը տամ խաւարի մէջ պահուող գանձերը եւ քեզ համար կը բացեմ աներեւոյթ հարստութիւնները, որպէսզի իմանաս, որ ես եմ Տէր Աստուածը, Իսրայէլի Աստուածը, որը կանչեց քո անունը։ 4Իմ Յակոբի համար եւ իմ ընտրեալ Իսրայէլի համար ես քո անունով կանչեցի քեզ եւ ընդունեցի, բայց դու ինձ չճանաչեցիր, 5որ ես եմ Տէր Աստուածը,եւ չկայ մէկ ուրիշը։ 6Թող իմանան արեւելքից ու արեւմուտքից, որ ինձնից բացի մէկ ուրիշը չկայ։ 7Ես եմ, որ հաստատեցի լոյսը եւ ստեղծեցի խաւարը, ես եմ, որ խաղաղութիւն եմ անում եւ հաստատում չարը, ես եմ Տէր Աստուածը, որ կատարում եմ այս ամէնը։ 8Երկինքը թող ուրախ լինի վերուստ, եւ ամպերը արդարութիւն ցօղեն, թող երկիրը ողորմութիւն բխեցնի, լիովին արդարութիւն թող բխեցնի։ Ես եմ Տէրը, որ հաստատեցի քեզ որպէս մի լաւ բան, ստեղծեցի քեզ իբրեւ բրուտի կաւ»։ 9Մի՞թէ նա, որ հողն է հերկում, ամէն օր հերկ կ՚անի. մի՞թէ կաւը բրուտին կարող է ասել, թէ՝ ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս. մի՞թէ ստեղծուածն իր ստեղծողին կարող է ասել, թէ՝ ինչո՞ւ այսպէս ստեղծեցիր ինձ։ 10Վա՜յ նրան, որ իր հօրը կ՚ասի, թէ՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, եւ մօրը, թէ՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ։ 11Այսպէս է ասում Տէր Աստուած՝ Իսրայէլի սուրբը, որ արարեց նրանց, ովքեր յետոյ են գալու. «Դուք ինձ հարցնում էք իմ որդիների ու դուստրերի մասին եւ իմ ձեռքի գործերի համար պատուէր էք տալիս ինձ։ 12Ես ստեղծեցի երկիրը, եւ մարդուն՝ նրա վրայ. ես իմ ձեռքով հաստատեցի երկինքը, ես հրաման տուեցի բոլոր աստղերին։ 13Ես արդարութեամբ նրան թագաւոր հաստատեցի,եւ նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են. նա կը կառուցի իմ քաղաքը եւ իմ գերուած ժողովրդին յետ կը բերի՝ առանց կաշառքի եւ առանց ընծաների», « ասում է Զօրութիւնների Տէրը։14Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Եգիպտացիների երկրի վաստակը, եթովպացիների առեւտուրը եւ սաբայեցի մեծամեծ այրերը քո ձեռքը պիտի անցնեն եւ քեզ ծառայեն, ձեռնակապերով շղթայուած՝ քո յետեւից պիտի շրջեն եւ քեզ պիտի ներկայանան, քեզ պիտի երկրպագեն եւ ուխտ պիտի դնեն քեզ հետ, որովհետեւ Աստուած քո մէջ է, ու պիտի ասեն, թէ՝ ուրիշ Աստուած չկայ, բացի քեզնից»։ 15Դու ես Աստուածը, իսկ մենք չգիտէինք, ո՛վ Աստուած՝ փրկիչդ Իսրայէլի։16Պիտի ամաչեն, ամօթահար պիտի լինեն նրա բոլոր հակառակորդները, ամօթով պիտի հեռանան։ 17Նորոգուեցէ՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանզի Իսրայէլը փրկուեց յաւիտենական փրկութեամբ։ Դուք չէք ամաչելու, այլեւս ամօթահար չէք լինելու մինչեւ յաւիտենութիւն։ 18Արդարեւ, այսպէս է ասում Տէրը, որ ստեղծեց երկինքը, Աստուած, որ արարեց ու հաստատեց երկիրը, նա, որ կարգաւորեց այն. զուր տեղը չստեղծեց այն, այլ ստեղծեց բնակութեան համար. «Ես եմ Տէրը, ուրիշը չկայ։ 19Ո՛չ գաղտնի խօսեցի եւ ո՛չ էլ երկրի մութ տեղում. Յակոբի սերնդին չասացի, թէ՝ սնոտի բաներ էք փնտռում։ Ես եմ, ես եմ Տէրը, որ խօսում եմ արդարութիւնը եւ յայտնում ճշմարտութիւնը»։ 20«Հաւաքուեցէ՛ք եւ եկէք միասին խորհեցէ՛ք, ո՛վ դուք հեթանոսներից փրկուածներ։ Ովքեր վերցրել, բերում էին փայտէ կուռքը եւ աղօթում էին աստուածներին, չգիտակցեցին, որ նրանք չէին կարող փրկել իրենց։ 21Երբ նրանց յայտնեն, թող մօտ գան, որպէսզի միասին իմանան, թէ այդ ամենի մասին սկզբից ո՛վ լուր տուեց.եւ այժմ էլ ասւում է ձեզ. « Ես եմ Աստուածը, ինձնից բացի ուրիշը չկայ, արդար ու փրկող Աստուածը, ինձնից բացի մէկ ուրիշը չկայ»։ 22Դարձէ՛ք ինձ մօտ, եւ կը փրկուէք, դուք, որ եկել էք երկրի չորս ծագերից։ Ես եմ Աստուածը, ուրիշը չկայ։ 23Անձովս եմ երդւում, որ ինչ էլ դուրս գայ իմ բերանից՝ արդարութիւն է, եւ իմ խօսքերը չեն եղծուելու։ Ամէն ծունկ ինձ է խոնարհուելու, ամէն լեզու Աստծուն է խոստովանելու 24եւ ասելու, թէ արդարութիւնն ու փառքը նրա միջոցով են գալու։ Եւ բոլոր նրանք, ովքեր իրենց անձը բաժանելու են Աստծուց, ամօթով են մնալու։25Աստուծով պիտի արդարանայ եւ փառաւորուի իսրայէլացիների ամէն մի սերունդ»։ 
46 «Ընկաւ Բէլը, խորտակուեց Դագոնը. նրանց կուռքերը յայտնուեցին կենդանիների եւ անասունների վրայ։ Իբրեւ բեռ դրանք կապեցիք ու բարձեցիք տանջուած ու քաղցած կենդանիների վրայ. 2անզօր լինելով փրկուելու պատերազմից՝ գրաստների հետ միասին գերութեան քշուեցին լքուած ու խեղճ կուռքերը։ 3Լսեցէ՛ք ինձ, ո՛վ դու Յակոբի տուն եւ դուք, Իսրայէլի բոլոր կենդանի մնացածներդ, դուք, որ որովայնից իսկ ընտրեալ էք եւ մանկութիւնից մինչեւ ծերութիւն՝ խրատուած, 4քանզի ես նոյնն եմ։ Դուք մինչեւ խոր ծերութիւն էլ որ հասնէք, ես նոյնն եմ. ես համբերութեամբ պիտի տանեմ ձեզ, ե՛ս ստեղծեցի եւ ե՛ս էլ պիտի հանդուրժեմ, ե՛ս պիտի ընդունեմ ու փրկեմ ձեզ։ 5Ո՞ւմ կը նմանեցնէիք ինձ, հապա մտածեցէ՛ք, ո՛վ դուք մոլորեալներ, 6որ ոսկու մեծ բաժին էք գցում քսակից, արծաթ էք կշռում կշեռքով եւ ոսկերիչներ վարձում, որպէսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն, եւ խոնարհուելով երկրպագում էք դրանց։ 7Վերցնում, ուսերիդ վրայ դրած՝ բերում էք, եւ երբ գետնին էք դնում, այդպէս մնում են տեղում ու չեն շարժւում. եթէ որեւէ մէկը կանչի դրանց, չեն լսի եւ չար փորձանքներից չեն փրկի նրան։ 8Յիշեցէ՛ք այս եւ հոգո՛ց հանեցէք, զղջացէ՛ք դուք, մոլորեալնե՛րդ, սրտա՛նց դարձի եկէք, 9մտաբերեցէ՛ք առաջին գործերը՝ վաղուց ի վեր կատարուածները, քանզի ե՛ս եմ Աստուածը, եւ ինձնից բացի մէկ ուրիշը չկայ, 10որ առաջուց պատմի վերջում կատարուելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարուելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, եւ ամէն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։11Ես արեւելքից կանչեցի թռչուններին, իսկ հեռաւոր երկրից՝ նրան, ում մասին մտածեցի. խօսեցի ու բերի, հաստատեցի եւ կատարեցի, բերի նրան եւ դրի յաջող ճանապարհի վրայ։ 12Լսեցէ՛ք ինձ դուք, սրտով մոլորուածնե՛րդ եւ արդարութիւնից հեռացածներդ. 13մօտեցրի իմ արդարութիւնը, եւ այն այլեւս չի հեռանայ, իմ ճշմարտութիւնն ու փրկութիւնը չեմ ուշացնի. ես Սիոնում տուեցի Իսրայէլի փրկութիւնը՝ յանուն իմ փառքի»։ 
47 «Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կոյս օրիորդ, նստի՛ր գետնին, որովհետեւ աթոռ չկայ, խաւարի մէ՛ջ մտիր, քաղդէացիների՛ դուստր, դու, որ այլեւս չես շարունակելու կոչուել քնքուշ ու փափկասուն։2Երկա՛նք առ, ալի՛ւր աղա, դէ՛ն նետիր քօղդ, քաշի՛ր մազերդ.3մերկացրո՛ւ սրունքներդ եւ անցի՛ր գետի միջով, ու թող յայտնուի քո ամօթը, թող երեւայ քո նախատինքը, քանզի քեզնից վերցնելու եմ քո իրաւունքները։ Նա, որ փրկեց քեզ, այլեւս չի մատնի քեզ մարդկանց.4նրա անունը Զօրութիւնների Տէր է, Իսրայէլի սուրբ։ 5Նստի՛ր թախծոտ ու զղջացած, մտի՛ր խաւարի մէջ, ո՛վ քաղդէացիների դուստր, էլ չես կոչուի թագաւորութիւնների զօրութիւն։ 6Ես բարկացել էի իմ ժողովրդի վրայ, որովհետեւ պղծեցին իմ ժառանգութիւնը։ Ես նրանց մատնեցի քո ձեռքը, իսկ դու ողորմածութիւն չարեցիր նրանց նկատմամբ։ 7Ծերերի լուծը սաստիկ ծանրացրիր եւ ասացիր. « Ես յաւիտեան իշխան կը մնամ»։ Երբեք չմտածեցիր ու չյիշեցիր վախճանի մասին։ 8Արդ, լսի՛ր այս, ո՛վ դու փափկասուն, որ նստել էիր ինքնագոհ եւ սրտիդ մէջ ասում էիր, թէ՝ «Ե՛ս եմ, եւ ինձ հաւասար ոչ ոք չկայ, որբեւայրութիւն չեմ քաշելու եւ որբութիւն չեմ ճանաչելու»։ 9Սակայն դրանք երկուսն էլ՝ որբեւայրութիւնն ու անզաւակութիւնը, մէկ օրուայ մէջ յանկարծակի քեզ վրայ են հասնելու, անսպասելի քեզ վրայ են գալու քո դիւթութիւնների, քո սաստկացող կախարդութիւնների պատճառով,10քո ինքնավստահութեան ու չարութեան պատճառով, որովհետեւ ասում էիր, թէ՝ «Ե՛ս եմ, եւ ինձ հաւասար ոչ ոք չկայ»։ Դո՛ւ, որ այդպէս ես մտածում, իմացի՛ր, որ քո պոռնկութիւնը ամօթանք պիտի լինի քեզ համար, քանզի քո սրտի մէջ ասացիր. « Ե՛ս եմ, եւ ինձ հաւասար ոչ ոք չկայ»։ 11Քեզ այնպիսի կորուստ է վրայ հասնելու, որ չես իմանալու,այնպիսի խորխորատ, որ ընկնելու ես նրա մէջ. քեզ վրայ մի թշուառութիւն է գալու, որ չես կարողանալու յետ մղել, քեզ վրայ յանկարծակի աւերում է գալու, որ դու չես գիտակցելու։ 12Դէ հիմա մնա՛ քո դիւթութիւնների ու քո բազում կախարդութիւնների մէջ, որոնք քո մանկութիւնից սկսած սովորեցիր. գուցէ կարողանաս օգո՞ւտ քաղել, գուցէ կարողանաս ո՞ւժ առնել։ 13Չարչարուեցիր քո խորհուրդներով։ Թող վեր կենան ու քեզ փրկեն աստղագուշակները, որոնք դիտում են երկնքի աստղերը, թող պատմեն քեզ, թէ ի՛նչ է գալու քո գլխին։14Ահաւասիկ նրանք բոլորը, ինչպէս խռիւ, պիտի այրուեն կրակի մէջ եւ իրենց հոգիները չպիտի կարողանան փրկել բոցից. նստած ես կրակի կայծերի վրայ. դրանք քեզ համար օգնութիւն պիտի լինեն։ 15Քո վաստակն այն վաճառականները եղան, որոնց հետ առեւտուր արեցիր քո մանկութիւնից.նրանք բոլորն էլ իրար յետեւից մոլորուեցին, եւ դու փրկութիւն չունես»։ 
48 «Լսեցէ՛ք այս, ո՛վ Յակոբի տուն, Իսրայէլի անունով կոչուածներդ եւ Յուդայի սերնդից ծնուածներդ, որ երդւում էք Իսրայէլի Աստծու անունով եւ յիշում նրան, բայց ո՛չ ճշմարտութեամբ, ո՛չ արդարութեամբ։ 2Դուք ձեզ խրախուսում էք սուրբ քաղաքի անունով եւ ձեզ հաստատուն էք համարում Իսրայէլի Աստծու շնորհիւ, որի անունը Զօրութիւնների Տէր է։ 3Մինչեւ հիմա պատմում էի առաջին եղելութիւնների մասին. դրանք իմ բերանից ելան եւ լսելի դարձան. ես յանկարծակի կատարեցի, եւ դրանք վրայ հասան։ 4Գիտէի, որ դու խիստ ես, քո պարանոցը երկաթէ ջղերից է, ու քո ճակատը՝ պղնձից։5Քեզ պատմուեց մինչեւ այժմ կատարուածը, դեռ չեղած՝ դրանց մասին լուր տուի քեզ, որպէսզի երբեք չասես, թէ՝ «Դրանք իմ կուռքերը կատարեցին», չասես, թէ՝ «Քանդակուածները եւ ձուլածոյ կուռքերը պատմեցին ինձ»։ 6Լսեցիք ամէն ինչ եւ մտքներդ չպահեցիք, սակայն քեզ լուր պիտի տամ այն նորի մասին, որ այսուհետեւ պիտի լինի։ 7Բայց չես ասում, որ՝ հիմա պիտի լինի եւ ոչ թէ վաղուց է եղել, հին ժամանակներում, ու դու չես լսել այդ մասին։ 8Մի՛ ասա, թէ՝ «Այո՛, գիտեմ դա», որովհետեւ ո՛չ գիտես եւ ո՛չ էլ իմացել ես, եւ սկզբից իսկ քո ականջները չբացեցիր. քանզի գիտեմ, որ չափազանց արհամարհող ես եւ դեռ որովայնից անօրէն ես կոչւում։ 9Իմ անուան համար ես քեզ պէտք է ցոյց տամ իմ բարկութիւնը եւ իմ փառքը,որ բերել եմ քեզ վրայ,բայց քեզ չեմ ոչնչացնելու։ 10Ահաւասիկ վաճառեցի քեզ, բայց ոչ յանուն արծաթի, եւ փրկեցի քեզ աղքատութեան հնոցից։ 11Իմ անուան համար արեցի այդ, որպէսզի իմ անունը չհայհոյուի.ես իմ փառքը ուրիշին չեմ տայ»։ 12«Լսի՛ր ինձ, Յակո՛բ, եւ դու, Իսրայէ՛լ, ում ես կանչում եմ. ե՛ս եմ առաջինը, ե՛ս եմ եւ յաւիտենականը։ 13Իմ ձե՛ռքը դրեց երկրի հիմքերը, եւ իմ ա՛ջը հաստատեց երկինքը. կը կանչեմ նրանց բոլորին, եւ նրանք միասին կը գան։ 14Կը հաւաքուեն ամէնքը եւ կը լսեն, թէ սա ո՞վ պատմեց նրանց։ Յանուն քո սիրոյ կատարեցի կամքդ Բաբելոնի նկատմամբ՝ վերացնելու համար քաղդէացիների սերունդը։ 15Ե՛ս կանչեցի եւ ե՛ս խօսեցի, ե՛ս բերի նրան եւ յաջողեցրի նրա ճանապարհը։ 16Մօտեցէ՛ք ինձ եւ լսեցէ՛ք այս. սկզբից իսկ ես ո՛չ գաղտնի խօսեցի եւ ո՛չ էլ ինչ-որ խաւար տեղում. երբ դրանք կատարւում էին, ես այնտեղ էի»։ Եւ այժմ Տէրն ինձ ուղարկեց,Տէրը եւ նրա Հոգին։ 17Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբը, որ փրկեց քեզ. «Ես եմ քո Աստուածը, ե՛ս քեզ ճանապարհ ցոյց տուի, որով դու գնացիր։18Եւ եթէ դու հետեւէիր իմ պատուիրաններին, ապա քո խաղաղութիւնը գետի նման կը լինէր, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքների նման։ 19Քո սերունդը աւազի չափ կը լինէր, եւ քո որովայնից ծնուածները՝ երկրի հողի չափ։ Եւ սակայն դու այժմ չես ոչնչանալու, եւ քո անունը չի կորչելու իմ առաջ»։ 20Դո՛ւրս եկէք Բաբելոնից, փախէ՛ք քաղդէացիներից, ուրա՛խ ձայնով պատմեցէք, թող լսելի լինի այն, մինչեւ աշխարհի ծագերը յայտնեցէ՛ք ու ասացէ՛ք, թէ՝ «Տէրը փրկեց իր ծառայ Յակոբին»։ 21Եւ եթէ անապատում ծարաւեն նրանք, նրանց համար նա քարից ջուր պիտի հանի։ Քարը պիտի պատռուի, ջրերը պիտի բխեն, եւ իմ ժողովուրդը պիտի խմի։ «Աամբարիշտներն ուրախութիւն չեն տեսնելու», -ասում է Տէրը։ 
49 «Լսեցէ՛ք ինձ, կղզիների՛ բնակիչներ, ակա՛նջ դրէք, հեթանոսնե՛ր. շատ ժամանակներ անց պիտի հաստատուի դա», -ասում է Տէրը։ Ինձ կանչեց, երբ ես դեռ արգանդում էի, իմ անունը տուեց, երբ ես դեռ իմ մօր որովայնում էի։ 2Իմ բերանը հաստատեց ինչպէս սուր սուսեր եւ ինձ թաքցրեց իր ձեռքի հովանու տակ, ինձ դարձրեց ինչպէս մի ընտիր նետ եւ թաքցրեց իր կապարճում։ 3Նա ինձ ասաց. «Դու իմ ծառան ես, Իսրայէ՛լ, քեզնով պիտի ես փառաւորուեմ»։ 4Իսկ ես ասացի. «Ուրեմն զուր տեղը չարչարուեցի, իմ ուժն անմիտ բաների վրայ ծախսեցի, բայց իմ իրաւունքը Տիրոջից է, եւ իմ վաստակն իմ Աստծու առաջ է։ 5Արդ, Տէրը, որն ինձ որովայնից իր համար ծառայ ստեղծեց, ասաց, որ Յակոբին եւ Իսրայէլին իր շուրջը հաւաքեմ։ Պիտի հաւաքուեմ ու փառաւորուեմ Տիրոջ առաջ, եւ իմ Աստուածը ինձ համար զօրութիւն է լինելու։ 6Ապա ասաց ինձ. «Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպէսզի հաստատես Յակոբի ազգը եւ Իսրայէլի ցրուածներին վերադարձնես։ Ահաւասիկ ազգի համար քեզ իբրեւ ուխտ հաստատեցի եւ հեթանոսների համար՝ իբրեւ լոյս, որպէսզի փրկութիւն լինես մինչեւ աշխարհի չորս ծագերը»։ 7Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, որ փրկեց քեզ. «Սրբացրէ՛ք նրան, ով անարգում է իր անձը,ով արհամարհուած է ազգերի կողմից եւ իշխանների ծառաներից,թագաւորները պիտի տեսնեն նրան եւ ոտքի ելնեն, իշխանները պիտի երկրպագեն նրան յանուն Տիրոջ, որը հաւատարիմ է, եւ յանուն Իսրայէլի սրբի, որն ընտրեց քեզ»։ 8Այսպէս է ասում Տէրն Իսրայէլին. «Պատեհ ժամանակ քեզ լսեցի եւ փրկութեան օրը օգնեցի. ես քեզ ստեղծեցի եւ ուխտի նպատակով հեթանոսներին տուեցի քեզ՝ երկիրը վերականգնելու եւ աւերակ ժառանգութիւնները ժառանգներին վերադարձնելու համար, 9շղթայուածներին ասելու, թէ՝ ելէ՛ք, իսկ խաւարի մէջ գտնուողներին, թէ՝ յայտնուեցէ՛ք։ Նրանք պիտի արածեն բոլոր ճանապարհներին,նրանց արօտը պիտի լինի բոլոր շաւիղների վրայ։ 10Նրանք ո՛չ քաղց են զգալու, ո՛չ ծարաւելու, ո՛չ էլ արեւից խորշակահար են լինելու, եւ նա, որ ողորմելու է, պիտի մխիթարի նրանց, աղբիւրների ակունքների մօտ պիտի տանի նրանց։ 11Իմ բոլոր լեռները նրանց համար ճանապարհ պիտի դարձնեմ եւ բոլոր շաւիղներս արօտների վերածեմ։ 12Ահա ոմանք պիտի գան հեռաստանից, ոմանք՝ հիւսիսից եւ ծովից, եւ ոմանք՝ Պարսից երկրից»։13Ուրախացի՛ր, երկի՛նք, եւ ցնծա՛, երկի՛ր, թող լեռները ցնծութիւն կանչեն, եւ բլուրները՝ արդարութիւն, քանզի Աստուած ողորմեց իր ժողովրդին, մխիթարեց իր ժողովրդի տառապեալներին։ 14Բայց Սիոնն ասաց. «Տէրն ինձ թողեց, Աստուած ինձ մոռացաւ»։ 15«Մի՞թէ կինը կը մոռանայ իր մանկանը կամ չի գթայ իր որովայնի ծնունդներին, եւ եթէ կինը մոռանալու էլ լինի այդ, ես, սակայն, քեզ չեմ մոռանայ», -ասում է Տէրը։ - 16«Ահա իմ ձեռքերի ափերի մէջ գծագրեցի քո պարիսպը, եւ ամէն ժամ դու իմ առաջ ես։ 17Դու արագօրէն պիտի վերաշինուես նրանց ձեռքով, որոնք քանդեցին քեզ։ Քեզ աւերողները քո միջից պիտի վտարուեն։ 18Բարձրացրո՛ւ քո աչքերը, նայի՛ր շուրջդ եւ տե՛ս բոլորին. ահա հաւաքուել ու գալիս են դէպի քեզ։ Կենդանի եմ ես, -ասում է Տէրը։ Նրանց բոլորին պիտի հագնես ինչպէս պատմուճան, նրանց քո վրայ պիտի կրես ինչպէս հարսի զարդ։ 19Արդարեւ, քո աւերակները, ամայացած ու կործանուած երկիրը նեղուածք պիտի լինեն իրենց բնակիչների համար, եւ քեզ կուլ տուողները քեզնից պիտի հեռանան։20Քո որդիները, որոնց դու կորցրիր, քո ականջին պիտի ասեն. « Այս տեղը նեղ է մեզ համար. ընդարձակի՛ր, որ բնակուենք»։ 21Եւ քո մտքում պիտի ասես. « Ո՞վ ինձ համար ծնեց սրանց. չէ՞ որ ես անզաւակ ու այրի էի, պանդուխտ ու արգելափակուած. ո՞վ սրանց սնեց ինձ համար, չէ՞ որ ես միայնակ էի մնացել, ո՞ւր էին սրանք»։ 22Այսպէս է ասում Տէր Աստուածն. «Ահա իմ ձեռքը պիտի բարձրացնեմ ազգերի վրայ եւ իմ դրօշը կանգնեցնեմ կղզիներում, ու քո որդիներին, իրենց գիրկն առած, եւ քո դուստրերին, իրենց ուսերին դրած, պիտի բերեն։ 23Թագաւորները քո խնամակալներն են դառնալու, իսկ նրանց կանայք՝ քո ծծմայրերը, երկրի երեսին քեզ են երկրպագելու եւ լիզելու քո ոտքերի փոշին. պիտի գիտակցես, որ ես եմ Տէրը, ու ինձ ապաւինողները չպիտի ամաչեն։24Որեւէ մէկը կարո՞ղ է միթէ խլել հսկայի կողոպուտը կամ կարո՞ղ է յանիրաւի գերեվարել ու ազատուել»։ 25Այսպէս է ասում Տէրը. «Եթէ որեւէ մէկը հսկային գերեվարի, կ՚առնի նրա աւարը. նա, ով հսկայի աւարը կը վերցնի, շատ լաւ էլ կ՚ազատուի։ Բայց ես իմ դատաստանն եմ անելու եւ փրկելու եմ իմ որդիներին։ 26Մեզ նեղողներն իրենց մարմինը պիտի ուտեն եւ, ինչպէս նոր գինի, պիտի խմեն իրենց արիւնն ու հարբեն։ Եւ ամէն մարմին պիտի իմանայ, թէ ես եմ Տէրը, որ փրկեցի ու օգնեցի քեզ եւ զօրաւոր դարձրի Յակոբին»։ 
50 Այսպէս է ասում Տէրը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մօրը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառուեցիք, եւ ձեր անօրէնութիւնների պատճառով արձակեցի ձեր մօրը։ 2Եկայ, եւ մարդ չկար. կանչեցի, բայց ոչ ոք չկար, որ լսէր. մի՞թէ իմ ձեռքը չի կարող փրկել, կամ մի՞թէ ես ի զօրու չեմ ազատելու։ Ահա իմ կշտամբանքով կը ցամաքեցնեմ ծովը, կը չորացնեմ գետերը, եւ նրանց ջրերի պակասութիւնից կը չորանան նրանց ձկներըու կը սատկեն ծարաւից։3Խաւար կը հագցնեմ երկնքին, նրա համար քուրձը կ՚անեմ հագուստ»։4Տէր Աստուած ինձ խրատող լեզու տուեց, որ կարողանամ ճիշտ ժամանակին խօսք ասել, ամէն առաւօտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։ 5Տիրոջ խրատը կը բացի իմ ականջները, եւ ես խստասիրտ չեմ դառնայ ու չեմ ընդդիմանայ։ 6Թիկունքս հարուածների տուեցի, ծնօտներս՝ ապտակի, եւ երեսս շուռ չտուի նախատինքից ու թքից։ 7Տէր Աստուած եղաւ ինձ օգնական, դրա համար էլ ամօթ չզգացի, այլ իմ երեսը դարձրի ինչպէս կարծր քար։ Գիտեմ, որ չեմ ամաչելու, 8քանզի մօտ է նա, ով արդարացնելու է ինձ։ Ո՞վ է իմ ոսոխը, թող գայ եւ կանգնի մէջտեղը. ո՞վ է նա, որ դատապարտելու է ինձ, թող մօտենայ ինձ. 9քանզի ահաւասիկ Տէրը, Տէրն է ինձ օգնական, եւ ո՞վ է, որ չարչարելու է ինձ։ Ահա դուք բոլորդ, ինչպէս ձորձեր, պիտի հնանաք, ցեցն ու որդը պիտի ուտեն ձեզ։ 10Ձեր մէջ ո՞վ է, որ վախենում է Տիրոջից, լսում է նրա ծառայի ձայնը։ Ովքեր գնում էին դէպի խաւարը, եւ լոյս չկար նրանց համար, թող իրենց յոյսը դնեն Տիրոջ անուան վրայ եւ խրախուսուեն Աստուծով։ 11Ահա դուք ամէնքդ, որ վառուած էք հրով, պիտի պարտուէք բոցից, պիտի ընթանաք ձեր իսկ կրակի լոյսի միջով 12ու պիտի բորբոքուէք բոցով։ Դա իմ պատճառով պիտի հասնի ձեզ, եւ դուք տրտմութեան մէջ պիտի մեռնէք։ 
51 «Լսեցէ՛ք ինձ, դուք, որ արդարութեան էք հետամուտ եւ փնտռում էք Տիրոջը, նայեցէ՛ք այն հաստատուն վէմին, որից կերտուել էք, եւ այն հորի փոսին, որից հանուել էք։ 2Ձեր հայր Աբրահամի՛ն նայեցէք եւ Սառայի՛ն, որ ծնեց ձեզ. քանզի ում ես կանչեցի, նա մէկն էր,օրհնեցի նրան, սիրեցի նրան եւ բազմացրի նրան։ 3Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիո՛ն, մխիթարելու եմ քո բոլոր աւերակները. քո բոլոր աւերակները դրախտի եմ վերածելու, արեւմտեան կողմն էլ՝ Տիրոջ դրախտի. ուրախութիւն ու ցնծութիւն են նրա մէջ տեղ գտնելու, փառաբանութիւն ու օրհնութեան ձայն։ 4Լսի՛ր ինձ, լսի՛ր ինձ, ո՛վ ժողովուրդ, ակա՛նջ դրէք ինձ, ո՛վ թագաւորներ, քանզի ինձնից է դուրս գալիս օրէնքը, եւ իմ դատաստանը լոյս է հեթանոսների համար։ 5Արագ, արա՛գ պիտի մօտենայ իմ արդարութիւնը, եւ իմ փրկութիւնը պիտի ելնի ինչպէս լոյս. հեթանոսներն իմ բազկին պիտի ապաւինեն, կղզիները պիտի սպասեն ինձ եւ յոյս դնեն իմ բազկի վրայ։ 6Դէպի երկի՛նք բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէ՛ք դէպի ցած՝ երկրին. երկինքը պիտի անցնի ինչպէս ծուխը, եւ երկիրը պիտի մաշուի ինչպէս ձորձերը, նրա բնակիչները եւս նոյն կերպ պիտի կորչեն, բայց իմ փրկութիւնը յաւիտենապէս պիտի մնայ, եւ իմ արդարութիւնը չի պակասելու։ 7Դուք, որ ճանաչում էք իրաւունքը, եւ դու, իմ ժողովո՛ւրդ, որ սրտիդ մէջ իմ օրէնքն ես կրում, լսեցէ՛ք ինձ. մի՛ վախեցէք մարդկանց նախատինքից, եւ նրանց բամբասանքը թող ձեզ ամօթանք չպատճառի, 8քանզի ժամանակի ընթացքում դրանք պիտի մաշուեն ինչպէս ձորձերեւ ինչպէս բուրդ, որին ուտում է ցեցը, բայց իմ արդարութիւնը պիտի մնայ յաւիտեան, եւ իմ փրկութիւնը՝ սերնդից սերունդ»։ 9Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղէ՛մ, եւ հագի՛ր քո բազկի զօրութիւնը, զարթնի՛ր, ինչպէս հին օրերում, ինչպէս վաղեմի ժամանակներում։ Մի՞թէ դու նա չես, որ հատեցիր ովկիանոսի լայնութիւնը, վանեցիր վիշապին. 10Դու այն չե՞ս, որ ցամաքեցրեց ծովը, անդունդների ջրերի յորդութիւնը եւ ծովերի խորութիւնները ճանապարհ դարձրեց, որպէսզի այնտեղով անցնեն փրկուողներն ու ազատուողները։ 11Տիրոջ շնորհիւ պիտի լինի վերադարձը, եւ նրանք Սիոն են գալու ցնծութեամբ ու յաւիտենական ուրախութեամբ. նրանց գլխի վրայ օրհնութիւն պիտի լինի, եւ ուրախութիւնը պիտի հասնի նրանց. ցաւը, տրտմութիւնն ու հեծութիւնը պիտի հեռանան։ 12«Ես եմ, ես այն նոյնն եմ, որ մխիթարեցի ձեզ։ Իմացի՛ր, թէ դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց եւ ադամորդուց, որոնք չորացան ինչպէս խոտ։ 13Դու մոռացար Աստծուն՝ քո Արարչին, որ ստեղծեց երկինքը եւ հաստատեց երկիրը, ու դու միշտ, ամէն օր վախենում էիր քեզ նեղողի բարկութիւնից՝ մտածելով, թէ նա կը բնաջնջի քեզ։ Բայց ո՞ւր է քեզ նեղողի բարկութիւնը։ 14Քո փրկութիւնը նա չի կարող կասեցնել, չի կարող ուշացնել, ոչ էլ կարող է քեզ ոչնչացնելով սպանել. եւ քո հացը չի պակասելու։ 15Ես եմ քո Տէր Աստուածը, որ ալեկոծում եմ ծովը եւ նրա ալիքներին ստիպում մռնչալ. Զօրութիւնների Տէր է իմ անունը։ 16Իմ խօսքերը քո բերանը դրեցի եւ իմ ձեռքի հովանու տակ առայ քեզ, որպէսզի երկինքը կանգնեցնեմ,երկրի հիմքերը հաստատեմ եւ ասեմ Սիոնին. « Դու իմ ժողովուրդն ես»։17Զարթնի՛ր, զարթնի՛ր, ել կանգնի՛ր, Երուսաղէ՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկութեան բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր։ 18Եւ քո բոլոր որդիների մէջ, որոնց դու ծնեցիր, մէկը չեղաւ, որ մխիթարէր քեզ. քո բոլոր որդիների մէջ, որոնց դու մեծացրիր, մէկը չեղաւ, որ զօրավիգ դառնար քեզ։19Երկու բան կայ քեզ հակառակ. եւ ո՞վ է, որ ցաւակից է լինելու քեզ. կործանում եւ կոտորած, սով եւ սուր է լինելու, եւ ո՞վ է, որ մխիթարելու է քեզ։ 20Քո որդիները, տարակուսած, քուն են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում։ Նրանք կարծես կիսեփ ճակնդեղ լինեն։ Նրանց մէջ Տիրոջ բարկութիւնն է լցուած, նրանք խոտորուած են Տէր Աստծուց։ 21Դրա համար էլ լսի՛ր, ո՛վ տառապեալդ, որ հարբած ես, բայց ոչ գինուց։ 22Այսպէս է ասում Տէր Աստուած, որ դատում է իր ժողովրդին. «Ահա քո ձեռքից հեռացրի կործանման բաժակը, իմ բարկութեան բաժակը, եւ դու այլեւս չես խմելու այն։ 23Այն տալիս եմ քեզ վնասողների ձեռքը, նրանց ձեռքը, ովքեր տառապանքի դատապարտեցին քեզ, ովքեր քեզ ասում էին. « Խոնարհուի՛ր, որ անցնենք»։ Եւ քո մէջքը գետնին հաւասար դարձրին քո վրայով անցնողների համար»։ 
52 Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զօրութիւնը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղէմ, որովհետեւ պիղծերն ու անթլփատներն այլեւս չեն անցնելու քո միջով։ 2Թօթափի՛ր քո փոշին, ոտքի՛ ել ու նստի՛ր, ո՛վ Երուսաղէմ, քանդի՛ր քո պարանոցի կապը, ո՛վ դու Սիոնի գերի դուստր. 3Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. «Դուք ձրի վաճառուեցիք եւ արծաթով չէք փրկուելու»։ 4Այսպէս է ասում Տէրը. «Իմ ժողովուրդը նախ Եգիպտացիների երկիրն իջաւ, որպէսզի իբրեւ նժդեհ ապրի այնտեղ, ապա բռնութեամբ Ասորեստան քշուեց։ 5Բայց այժմ ինչո՞ւ էք այստեղ»։ Այսպէս է ասում Տէրը. «Իմ ժողովուրդը զուր տեղը քշուեց. նրանք ապշահար էին մնացել եւ լաց էին լինում»։ Այսպէս է ասում Տէրը. «Ձեր պատճառով իմ անունը մշտապէս հայհոյւում է հեթանոսների մէջ։ 6Դրա համար իմ ժողովուրդն այդ օրը պիտի ճանաչի իմ անունը, գիտենայ, որ ես նոյնն եմ, որի մասին խօսում էին, եւ ահա եկել հասել եմ»։ 7Լեռների վրայ ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղութեան լուրն է աւետում, ով բարութեան աւետիսն է բերում եւ քո փրկութեան մասին յայտնում՝ ասելով Սիոնին, թէ՝ «Քեզ վրայ թագաւորելու է Աստուած»։ 8Քո պահապանների ձայնն է հնչելու, բոլորն առհասարակ ցնծալով ձայն են տալու, որովհետեւ իրենց աչքերով են տեսնելու այն ժամանակը, երբ Տէրը ողորմելու է Սիոնին։9Լեռները Երուսաղէմի աւերակների հետ միասին ցնծութեան կոչ պիտի արձակեն, քանզի Տէրը ողորմեց նրանց եւ փրկեց Երուսաղէմը։10Տէրն իր սուրբ բազուկը պիտի ցոյց տայ ի տես բոլոր ազգերի, եւ երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկութիւնը։ 11Հեռացէ՛ք, հեռացէ՛ք, ելէ՛ք այդտեղից եւ պիղծերին մի՛ մօտեցէք. ելէ՛ք այդ երկրի միջից եւ հեռացէ՛ք, դուք, որ վերցրել բերում էք Տիրոջ սպասքը։ 12Ո՛չ խռովութեամբ պիտի ելնէք եւ ո՛չ էլ փախչելով գնաք, քանզի ձեր առջեւից Տէրն ինքն է ընթանալու, եւ ձեզ հաւաքելու է նա, որ Աստուածն է Իսրայէլի։ 13Ահաւասիկ խելահաս պիտի դառնայ իմ ծառան, պիտի յառնի, բարձրանայ ու մեծապէս փառաւորուի։14Ինչպէս որ շատերը քեզ վրայ պիտի զարմանան, երբ անշքանա մարդկային քո տեսքը եւ քո փառքը, որ մարդկանց որդիներից է,15այդպէս էլ բազում ազգեր զարմանալու են քեզ վրայ, եւ թագաւորների բերանները պապանձուելու են, որովհետեւ տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմուել, եւ իմանալու են այն, ինչի մասին չեն լսել։ 
53 Ո՞վ հաւատաց Տիրոջ մասին մեր տուած լուրին, եւ ո՞ւմ յայտնի դարձաւ Տիրոջ բազուկը։ 2Նրա առաջ մենք յայտնուեցինք որպէս մանուկ, որպէս արմատ՝ ելած անջրդի հողից. ո՛չ տեսք ունէր նա եւ ո՛չ էլ վեհութիւն։ Նայեցինք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ունէր եւ ո՛չ էլ գեղեցկութիւն։ 3Նրա տեսքն աւելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարուածների ենթակայ մի մարդ եղաւ, որ ցաւերին համբերել գիտէ. իր երեսը դարձնելով՝ արհամարհուեց ու բանի տեղ չդրուեց։ 4Նա մեր մեղքերն էր վերցնում եւ մեզ համար չարչարւում, սակայն մենք նրա ցաւերը, հարուածներն ու չարչարանքները համարեցինք իբրեւ Աստծուց եկած բան։ 5Բայց նա խոցուեց մեր մեղքերի համար եւ մեր անօրէնութիւնների համար դատապարտուեց. մեր խաղաղութեան համար նա՛ պատիժ կրեց, եւ նրա՛ վէրքերով մենք բժշկուեցինք։ 6Ամէնքն էլ մոլորուած ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորուեց, բայց Տէրը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։ 7Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։ Ինչպէս ոչխար՝ նա մորթուելու տարուեց, եւ ինչպէս գառ՝ անմռունչ կանգնած է խուզողի առաջեւ նրա նման իր բերանը չի բացում։ 8Խոնարհութեան շնորհիւ նրա դատաստանը վերացաւ, եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի։ Երկրի վրայ վերջ տուին նրա կեանքին. իմ ժողովրդի անօրէնութիւնների պատճառով նա մահուան մատնուեց։ 9Նրա գերեզմանի համար՝ չարութեամբ, իսկ նրա մահուան համար մեծամեծ հարուածներով պիտի վրէժխնդիր լինեմ, որովհետեւ նա անօրէնութիւն չգործեց, եւ նենգութիւնը տեղ չգտաւ նրա բերանում։ 10Տէրը կամենում է մաքրել նրան վէրքերից։ Եթէ մեղքերի համար հատուցում տաք, ապա երկարակեաց սերնդի կ՚արժանանաք, որի միջոցով Տէրը կը ցանկանայ ազատել նրան իր ցաւերից, 11ցոյց տալ նրան լոյս եւ օժտել իմաստութեամբ, արդարացնել արդարին, որը յօժարակամ ծառայեց շատերին եւ իր վրայ է վերցնելու նրանց մեղքերը։ 12Ահա թէ ինչու նա շատ բան պիտի ժառանգի եւ հզօրների աւարը պիտի բաժանի, որովհետեւ նրա անձը մահուան մատնուեց, եւ նա յանցաւորներին հաւասար համարուեց։ Նա շատերի մեղքերը կրեց եւ նրանց անօրէնութիւնների համար դատապարտուեց։ 
54 Ուրախացի՛ր, ո՛վ ամուլ, որ չծնեցիր, կանչի՛ր ու աղաղա՛կ բարձրացրու, որ երկունքի ցաւով չբռնուեցիր, քանզի բազում են ամուսնուց լքուածիդ որդիները, աւելի շատ, քան որդիները արամբի կնոջ։ Չէ՞ որ Տէրն ասաց. 2«Ընդարձակի՛ր քո վրանի եւ քո սրահների տեղը, կանգնեցրո՛ւ եւ խնայողութիւն մի՛ արա. երկարացրո՛ւ քո պարանները, հաստատի՛ր քո ցցերը։ 3Աջ ու ձա՛խ տարածուիր, եւ քո սերունդը պիտի ժառանգի հեթանոսներին եւ պիտի կառուցի աւերուած քաղաքները։ 4Մի՛ վախեցիր, որ քեզ ամօթահար արին, մի՛ նեղուիր, որ քեզ նախատեցին, որովհետեւ վաղնջական ամօթը պիտի մոռանաս եւ որբեւայրութեանդ նախատինքն այլեւս չպիտի յիշես»։ 5Տէրն է, որ քեզ համար անելու է այդ, Զօրութիւնների Տէր է նրա անունը, եւ նա, որ փրկեց քեզ, Իսրայէլի նոյն Աստուածն է, որ համայն երկրինը պիտի համարուի։ 6Տէրը քեզ չկանչեց որպէս լքուած ու վարանած կնոջ եւ ոչ էլ իբրեւ մի կնոջ, որ մանկուց ատելի է եղել, այլ Աստուած ասաց.7«Միառժամանակ լքեցի քեզ, բայց մեծ գթութեամբ պիտի ողորմեմ քեզ։ 8Փոքր-ինչ բարկանալու պատճառով երեսս շրջեցի քեզնից, բայց յաւիտենական կարեկցութեամբ պիտի ողորմեմ քեզ»։ Այդպէս ասաց Տէրը, որ փրկեց քեզ։ 9«Սա ինձ համար նոյնն է, ինչ Նոյի օրօք, ջրհեղեղի ժամանակ. ինչպէս որ այն ժամանակ նրան երդուեցի, որ չեմ բարկանայ երկրի վրայ, այնպէս էլ երդուեցի, որ չեմ բարկանայ քեզ վրայ։ 10Իմ սպառնալիքով չեմ շարժելու լեռները, չեմ փոփոխելու բլուրները. ո՛չ իմ ողորմութիւնն է պակասելու քեզնից, եւ ո՛չ էլ քո խաղաղութեան ուխտը պիտի վերանայ», -ասաց Տէրը։ 11«Ո՛վ դու, որ տառապեալ ես եւ խախտուած, ես հաշտուել եմ քեզ հետ,մինչեւ որ դու մխիթարուես։ Ահա ես քո քարերը՝ սուտակից եւ քո հիմքերը շափիւղայից պիտի պատրաստեմ. 12քո աշտարակները յասպիսից պիտի կանգնեցնեմ, դռներդ՝ բիւրեղից եւ քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին եւ ընտիր-ընտիր քարերից։ 13Աստծուց խրատուած որդիներ պիտի ունենաս, քո մանուկները մեծ խաղաղութեան մէջ պիտի լինեն։ 14Արդարութեամբ պիտի շէնանաս։ Հեռո՛ւ կանգնիր անիրաւից, որ ահ չունենաս, եւ դողը քեզ չբռնի։ 15Ահա եկողները իմ անունով պիտի մօտենան քեզ, քեզ մօտ պիտի պանդխտեն եւ քեզ ապաստան դարձնեն։ 16Ահաւասիկ ես քեզ հաստատեցի, բայց ոչ որպէս մի դարբին, որ փուքսով կայծեր է արծարծում եւ գործիքներ է շինում իր համար. ես քեզ հաստատեցի ոչ կորստի ու ոչնչացման համար։ 17Ոչ մի վնասակար գործիք քո դէմ յաջողութիւն չպիտի ունենայ, եւ դու քո դէմ դատաստանի ելնող ամէն մի լեզու պարտութեան ես մատնելու, նրա հետ՝ եւ քո բոլոր դատախազներին։ Դա է Տիրոջ ծառաների ժառանգութիւնը, եւ ինձ համար դուք էք լինելու իրաւացի», -ասում է Տէրը։ 
55 «Ո՛վ դուք, որ ծարաւած էք, գնացէ՛ք ջրի, եւ դուք, որ բոլորովին արծաթ չունէք, գնացէք գնեցէ՛ք ու կերէ՛ք առանց արծաթի եւ առանց գինու համար վճարելու։ 2Բայց ինչո՞ւ արծաթով ճարպ էք գնում եւ ոչ թէ հաց, ձեր վաստակն ինչո՞ւ կշտանալու համար չէք ծախսում։ Լսեցէ՛ք ինձ եւ բարիքնե՛ր ճաշակեցէք, ու բարութեան մէջ ձեր հոգիները վայելք պիտի զգան։ 3Ակա՛նջ դրէք ինձ եւ հետեւեցէ՛ք իմ ճանապարհին։ Լսեցէ՛ք ինձ, եւ ձեր հոգիները կ՚ապրեն բարութեան մէջ, ու ես ձեզ հետ յաւիտենական ուխտ կը կնքեմ՝ շնորհելով ձեզ Դաւթին խոստացուած անանց սրբութիւնները։ 4Ահա նրան տուեցի որպէս հեթանոսների վկայ, որպէս ազգերի իշխան եւ հրամանատար։ 5Քեզ չիմացող ազգերը պիտի դիմեն քեզ, եւ քեզ չճանաչող ժողովուրդներն ապաւէն պիտի դարձնեն քեզ յանուն քո Տէր Աստծու՝ Իսրայէլի սրբի, որը փառաւորեց քեզ»։ 6Փնտռեցէ՛ք Տիրոջը եւ, երբ գտնէք,կանչեցէ՛ք նրան.երբ նա ձեզ մօտենայ, 7ամբարիշտը թող հրաժարուի իր ընթացքից, անօրէն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնայ Տիրոջ մօտ՝ եւ ողորմութիւն կը գտնի, մեր Աստծո՛ւ մօտ, որը բազմապատիկ թողութիւն պիտի շնորհի ձեր անօրէնութիւններին։ 8«Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին, եւ ոչ էլ իմ ճանապարհները՝ ձեր ճանապարհներին, -ասում է Տէրը, - 9այլ, ինչպէս երկինքն է հեռու երկրից, այնպէս էլ իմ ճանապարհներն են հեռու ձեր ճանապարհներից, եւ իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից։ 10Ինչպէս որ, ասենք, երբ անձրեւ կամ ձիւն է իջնում երկնքից եւ կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը, չի ծլեցրել ու պտղաբերել այն, սերմանողին սերմ եւ ուտելու հաց չի տուել, 11այդպէս էլ պիտի լինի իմ խօսքը, որ ելնում է իմ բերանից.նա դատարկ չի վերադառնալու, մինչեւ որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես։ Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպէսզի իմ ճանապարհներն էլ դու պահպանես։ 12Ուրախութեամբ պիտի ելնէք եւ ցնծութեամբ պիտի սովորէք. լեռներն ու բլուրները պիտի խայտան, խնդութեամբ ընդունեն ձեզ, եւ անտառի բոլոր ծառերը պիտի ծափահարեն ձեզ։ 13Գիհու փոխարէն նոճի պիտի բուսնի, դժնիկի փոխարէն մրտենի պիտի աճի. եւ դա պիտի լինի յանուն Տիրոջ եւ ի նշան յաւիտենականութեան ու չի նուազելու»։ 
56 Այսպէս է ասում Տէրը. «Պահպանեցէ՛ք իրաւունքը եւ կատարեցէ՛ք արդարութիւնը, քանզի եկել հասել է իմ փրկութիւնը, եւ յայտնուելու է իմ ողորմութիւնը։ 2Երանի՜ այն մարդուն, որ կ՚անի այդ, եւ նրան, որ հաւատարիմ կը մնայ դրան, կը պահի իմ շաբաթներն ու չի պղծի եւ իր ձեռքը ետ կը քաշի անիրաւութիւն անելուց»։ 3Օտարազգին, որ եկել յարել է Տիրոջը, թող չասի, թէ՝ « Տէրը մերժեց ու վանեց ինձ իր ժողովրդից», եւ ներքինին էլ թող չասի, թէ՝ « Ես չոր փայտ եմ»։ 4Այսպէս է ասում Տէրը ներքինիներին. «Ովքեր կը պահեն իմ պատուիրանները, կը նախընտրեն այն, ինչ ես եմ կամենում, եւ իմ ուխտի մէջ կը մնան,5նրանց իմ Տան մէջ եւ իմ պարսպի ներսում աւելի անուանի տեղ կը տամ, քան որդիներին ու դուստրերին, կը տամ նրանց յաւիտենական մի անուն, որ չի կորչելու։ 6Իսկ այն այլազգիներին, որոնք եկել յարել են Տիրոջը, որպէսզի ծառայեն նրան եւ սիրեն նրա անունը, լինեն նրա համար ծառաներ եւ աղախիններ, ու բոլոր նրանց, որոնք կը պահեն իմ շաբաթները եւ չեն պղծի, ու կը մնան իմ ուխտի մէջ, - 7նրանց կը տանեմ իմ սուրբ լեռը, կ՚ուրախացնեմ նրանց իմ աղօթքի Տան մէջ, նրանց ողջակէզներն ու ընծաներն ընդունելի կը լինեն իմ սեղանի վրայ, քանզի իմ Տունը բոլոր հեթանոսների համար աղօթքի Տուն պիտի կոչուի»։ 8Այսպէս է ասում Տէր Աստուած, որ հաւաքում է Իսրայէլի բոլոր ցրուածներին. «Նրանց վրայ ես պիտի հաւաքեմ անապատի բոլոր գազանների բազմութիւնները»։ 9Եկէք կերէ՛ք, ո՛վ դուք անտառի բոլոր գազաններ։ 10Տեսէ՛ք, ամէնքն էլ կուրացել են եւ չգիտեն, թէ ի՛նչ է իմաստութիւնը. ամէնքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարուած, սիրում են նիրհել։ 11Իրենց հոգով լիրբ եղան շների նման, որ անկուշտ են, չար են եւ չգիտեն, թէ ի՛նչ է իմաստութիւնը. ամէնքն իրենց ճանապարհներով գնացին։ 12«Եկէ՛ք, -ասում են, -գինի առնենք եւ հարբենք գինով. այդպիսի օրը մեզ համար ամենամեծ զոհաբերութիւնը կը լինի»։ 
57 «Տեսէ՛ք, ինչպէ՜ս կորաւ արդարը, եւ չկայ մէկը, որ սրտով կարեկցի. արդար մարդիկ վերանում են, եւ ոչ ոք ուշադրութիւն չի դարձնում, որ արդարն անիրաւութեան պատճառով է վերանում։ 2Թող խաղաղ լինի նրա գերեզմանը, ով վերացաւ մէջտեղից։ 3Բայց դուք մօտեցէ՛ք, առա՛ջ եկէք, անօրէ՛ն որդիներ, պոռնկածի՛ն որդիներ, շնութեա՛ն որդիներ։4Ինչո՞վ էք պարծենում, ո՞ւմ վրայ էք բացում ձեր բերանները եւ կամ ո՞ւմ վրայ էք հանում ձեր լեզուները. մի՞թէ դուք կորստեան որդիներ չէք, անօրէնութեան սերունդ, 5որ անտառախիտ ծառերի տակ ընկած՝ աղաչում էիք ձեր կուռքերին, անդունդներում՝ ժայռերի կատարներին եւ խոր ձորերում զոհում էիք ձեր որդիներին։ 6Այդ է քո բաժինը, այդ նոյնն է քո վիճակը. նրանց առաջ նուէրներ թափեցիր, նրանց զոհեր մատուցեցիր, եւ այս ամենի վրայ միթէ չե՞մ բարկանալու, -ասում է Տէրը։ 7Այնտեղ, բարձր ու մեծ լերան վրայ է քո անկողինը, եւ դու այնտեղ ելար զոհեր մատուցելու։ 8Ապա դռների դրանդիների վրայ հաստատեցիր քո յիշատակները։ Կարծում էիր՝ եթէ ինձնից հեռանաս, աւելի՞ բան պիտի գտնես։ Քո անկողինները լայնացրիր եւ փռուեցիր դրանց վրայ. սիրեցիր քո հոմանիներին 9եւ յաճախակի դարձրիր քո պոռնկութիւնը նրանց հետ։ Հեռաւորներից շատերին քե՛զ կապեցիր եւ պատգամաւորներ ուղարկեցիր քո սահմաններից դուրս։ 10Նկուն դարձար ու իջար գերեզման, յոգնատանջ եղար քո բազում ճանապարհորդութիւններից եւ չասացիր, թէ՝ «Այժմ հանգստանամ», որովհետեւ ուժիդ համեմատ էիր գործում, դրա համար էլ չհնազանդուեցիր ինձ։ 11Ո՞ւմից վախեցար ու զարհուրեցիր, որ ստեցիր եւ չյիշեցիր ինձ, միտքդ չբերիր, սրտիդ մէջ չդրիր, իսկ ես քեզ տեսայ ու անտեսեցի։ Ես այն եմ, որ յաւիտենական եմ, իսկ դու ինձնից չվախեցար։ 12Արդ, ես պիտի պատմեմ իմ արդարութեան եւ քո չարիքների մասին, 13որոնք քեզ չեն օգնելու, երբ աղաղակես, եւ քեզ չեն փրկելու քո նեղութիւնից. դրանց բոլորին հողմերը պիտի տանեն եւ մրրիկները բաժան-բաժան պիտի անեն։ Իսկ նրանք, ովքեր ինձ վրայ են յոյս դրել, պիտի ստանան երկիրը եւ ժառանգեն իմ սուրբ լեռը։ 14Նրանք պիտի ասեն. « Բացէ՛ք նրա առաջ ճանապարհները, խոչ ու խութերը հեռացրէ՛ք իմ ժողովրդի ճանապարհից»։ 15Այսպէս է ասում Բարձրեալը, որ յաւիտենապէս բնակւում է բարձունքներում, սուրբը սրբերի մէջ. նրա անունը Բարձրեալ է, եւ նա սրբերի մէջ է մնում, համբերութիւն է տալիս տարակուսանքի մէջ ընկածներին եւ կեանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։ 16«Ես յաւիտեան վրէժխնդիր չեմ լինելու ձեզանից եւ ոչ էլ մշտապէս բարկանալու եմ ձեզ վրայ, քանզի հոգին ինձնից է բխում, եւ ամէն շունչ ես եմ ստեղծել։ 17Մեղքի պատճառով սակաւ ժամանակ տրտմութիւն հասցրի նրան, հարուածեցի նրան ու իմ երեսը շրջեցի նրանից, եւ նա տրտմեց ու իմ առաջ թախծոտ՝ անցաւ իր ճանապարհները։ 18Ես տեսայ նրա սրտի ճանապարհները եւ բժշկեցի նրան, սփոփեցի ու ճշմարիտ մխիթարութիւն տուի նրան։ Նրա սգաւորների համար պտուղ ստեղծեցի։ 19Թող խաղաղութիւն, խաղաղութիւն լինի հեռաւորներին եւ մերձաւորներին, -ասում է Տէրը, -ու ես պիտի բժշկեմ նրանց։ 20Իսկ անօրէնները պիտի ծփան ծովի նման եւ հանգիստ չգտնեն, ու նրա ջրերը պիտի անհետանան՝ կաւի հետ խառնուելով։ Ամբարիշտների համար խաղաղութիւն չկայ», -ասում է Տէրը։ 
58 Ուժգի՛ն կանչիր եւ մի՛ խնայիր, շեփորի պէս բարձրացրո՛ւ ձայնդ, պատմի՛ր իմ ժողովրդին իր մեղքերի եւ Յակոբի տանը՝ իր անօրէնութիւնների մասին։ 2Օր օրի ինձ են փնտռում եւ ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրեւ մի ժողովուրդ, որ արդարութիւն է գործել եւ իր Աստծու իրաւունքը զանց չի առել. ահա նրանք եկել եւ իրաւունք ու արդարութիւն են որոնում։ Փափագում են մերձենալ Աստծուն 3եւ ասում են. «Այդ ինչպէ՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, եւ դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, եւ դու չիմացար։ Արդ, ձեր ծոմապահութեան օրերին ձեր ցանկութիւններն էք կատարում եւ կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակայ են ձեզ։ 4Հակառակութեան եւ կռիւների մէջ էք պահում եւ բռնցքահարում տկարին։ Իսկ իմ ինչի՞ն է պէտք այդպիսի ծոմապահութեան օրը. դուք պիտի գաք բողոքէք ինձ, եւ ես չպիտի լսեմ ձեզ։ 5Այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի, եւ ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում։ Եթէ պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ եւ ընդունելի օր. այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի, -ասում է Տէրը։ - 6Քանդի՛ր անիրաւութեան հանգոյցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախութիւնն ու բռնութիւնը, ների՛ր ու արձակի՛ր նեղեալներին եւ պատռի՛ր բոլոր անիրաւ մուրհակները։ 7Քաղցածների՛ն բաժանիր քո հացը եւ անօթեւան աղքատների՛ն տար քո տունը. եթէ մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զաւակին մի՛ անտեսիր։ 8Այն ժամանակ այգաբացի պէս պիտի ծաւալուի քո լոյսը, եւ արագօրէն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջեւից պիտի ընթանայ քո արդարութիւնը, եւ Աստծու փառքը պիտի պահպանի քեզ։ 9Այն ժամանակ պիտի կանչես, եւ Աստուած պիտի լսի քեզ. մինչեւ դու խօսես, նա պիտի ասի, թէ՝ «Ահա հասել եմ»։ Եթէ դու քո միջից հեռացնես խարդախութիւնը, ձեռնձգութիւնն ու տրտունջի խօսքերը,10քո հացը յօժար սրտով քաղցածներին տաս եւ չքաւոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խաւարի մէջ կը ծագի քո լոյսը, քո խաւարը կը վերածուի միջօրէի։ 11Քո Աստուածը ամէն ժամ քեզ հետ կը լինի, քո անձն ըստ ցանկութեան յագեցում կը ստանայ, եւ քո ոսկորները կը լիանան ու կը լինեն ինչպէս ջրարբի պարտէզ, ինչպէս աղբիւր, որից ջուրը չի պակասի։ 12Քո դարաւոր աւերակները կը վերաշինուեն, եւ քո հիմքերը մշտնջենական կը լինեն սերնդից սերունդ. դու պիտի յառնես ու կոչուես պարսպապատերի փլատակները վերականգնող եւ նրանց ճամփամիջեան դարուփոսերը վերացնող։ 13Եթէ ոտքդ յետ քաշես եւ սրբութեան օրը քո ուզածը չկատարես, զուարճութեան շաբաթները համարես Աստծուն նուիրուած եւ փառաւոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկութեան ոչ մի խօսք չասես, այն ժամանակ կարող ես ապաւինել Տիրոջը։ 14Նա քեզ կ՚առաջնորդի դէպի երկրի բարիքները եւ իբրեւ սնունդ քեզ կը տայ քո հայր Յակոբի ժառանգութիւնը, քանզի Տիրոջ բերանը խօսեց այս։ 
59 Մի՞թէ Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի. 2ո՛չ, ձեր մեղքերն են պատնէշ դարձել ձեր եւ Աստծու միջեւ, ձեր անօրէնութիւնների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթայ։ 3Արդարեւ, ձեր ձեռքերը պղծուած են արեամբ, եւ ձեր մատները՝ մեղքով. ձեր շուրթերն անօրէնութիւն խօսեցին, եւ ձեր լեզուները խորհում են անիրաւութիւն։ 4Չկայ մէկը, որ արդարութիւն խօսի, եւ բացակայում է ճշմարտութեան իրաւունքը. յոյս են դրել սնոտի բաների վրայ եւ ունայնութիւն են խօսում, յղանում են ցաւեր եւ ծնում անօրէնութիւն։ 5Քարբ օձի ձուեր են ծակում եւ սարդերի ոստայն հիւսում. եթէ որեւէ մէկը կամենայ ուտել դրանցից, ծակ բացելով՝ նրա մէջ կը գտնի ջուր եւ քարբ օձ։ 6Նրանց ոստայնները հագուստ չեն դառնայ, եւ ոչ էլ նրանք կարող են զգեստաւորուել իրենց ձեռքի գործերով, քանզի նրանց գործերն անօրէնութեան գործեր են, նրանց ձեռքերի մէջ անիրաւութեան գործեր կան։ 7Նրանց ոտքերը դէպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արիւն թափել. նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է ու թշուառութիւն։ 8Նրանք չճանաչեցին խաղաղութեան ճանապարհը, ու նրանց ուղիներում արդարութիւն չկայ, որովհետեւ նրանց շաւիղները, որոնցով ընթանում են, խոտորուած են, եւ նրանք խաղաղութիւնը չեն ճանաչում։ 9Ահա թէ ինչու իրաւունքը հեռացաւ նրանցից, եւ արդարութիւնը չի հասնելու նրանց. մինչ նրանք լոյս էին ակնկալում՝ խաւար եղաւ նրանց համար, մինչ լոյսի էին սպասում՝ շուռ եկան դէպի մութը։ 10Կոյրերի պէս նրանք պատերն են շօշափելու, խարխափելու են աչքերից զրկուածների պէս, կէսօրին գլորուելու են, ինչպէս կէսգիշերին, օրհասական մարդկանց պէս հոգեվարքի տանջանքներ են տանելու 11եւ առհասարակ թափառելու են արջերի ու աղաւնիների նման։ Մենք երկար սպասեցինք դատաստանի, բայց չեղաւ, սպասեցինք փրկութեան, բայց այն հեռացաւ մեզնից, 12քանզի բազում են մեր անօրէնութիւնները քո առաջ, եւ մեր մեղքերը հակառակ կանգնեցին մեզ. մեր անօրէնութիւնները մե՛ր մէջ են, մենք ինքնե՛րս գիտենք մեր անիրաւութիւնները։ 13Ամբարիշտ դարձանք եւ ստեցինք Տիրոջ առաջ, յետ կանգնեցինք մեր Աստծուց, անիրաւութիւն խօսեցինք եւ ապստամբեցինք, մեր սրտերում անիրաւութեան խօսքեր յղացանք ու որոճացինք։ 14Յետ վանեցինք իրաւունքը, եւ արդարութիւնը հեռացաւ մեզնից։ Ճշմարտութիւնը սայթաքեց նրանց ճանապարհներից. նրանք ուղիղ ճանապարհով չկարողացան գնալ,15եւ արդարութիւնը վերացաւ նրանց միջից. արգելք դրեցին իրենց սրտերին, որ չիմանան։ 16Տեսաւ Տէրը եւ չհաւանեց, որովհետեւ իրաւունքը բացակայում էր։ 17Նայեց, բայց մարդ չկար, դիտեց, բայց չկար մէկը, որ օգնական լինէր. եւ իր բազկով հատուցեց ու ըստ իր ողորմութեան հաստատեց նրանց։ 18Իբրեւ զրահ հագաւ արդարութիւնը, իբրեւ սաղաւարտ՝ գլխին դրեց փրկութիւնը, իբրեւ հանդերձ ու պատմուճան՝ իր վրայ գցեց վրէժխնդրութիւնը, որ հատուցում տայ նրանց։ 19Նա նախատինք ու հատուցում պիտի տայ հակառակորդներին ու կղզիների բնակիչներին։ 20Արեւմուտքում Տիրոջ անունից պիտի սարսափեն, արեւելքում՝ նրա փառքից ու համբաւից։ Բարկութիւնն, ինչպէս գետ, ուժգնօրէն պիտի գայ Տիրոջից, կատաղօրէն վրայ պիտի հասնի։ 21«Մի փրկիչ պիտի գայ Սիոնից ու պիտի վանի Յակոբի ամբարշտութիւնները», -ասում է Տէրը։ 22«Այս է իմ ուխտը նրանց հետ, -ասում է Տէրը։ -Իմ հոգին, որ քեզ վրայ է, եւ իմ խօսքերը, որ քո բերանը դրեցի, այսուհետեւ մինչեւ յաւիտենութիւն չպիտի պակասեն քո բերանից, քո զաւակի բերանից եւ քո զաւակի զաւակի բերանից», -ասում է Տէրը։ 
60 Լուսաւորուի՛ր, լուսաւորուի՛ր, Երուսաղէ՛մ, քանզի հասել է քո լոյսը, եւ Տիրոջ փառքը քեզ վրայ է ծագելու։ 2Ահա խաւարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մէջ է յայտնուելու Տէրը, եւ նրա փառքը քո մէջ է երեւալու։ 3Թագաւորները գալու են դէպի քո լոյսը, հեթանոսները՝ դէպի քո լոյսի փայլը։ 4Աչքերդ բարձրացրո՛ւ եւ շո՛ւրջդ նայիր ու տե՛ս մօտդ հաւաքուած քո բոլոր մանուկներին. քանզի որդիներդ եկան հասան հեռուներից եւ, իրենց ուսերին առած, բերում են քո դուստրերին։ 5Ահա դու պիտի տեսնես ու խնդաս, զարմանաս ու ապշես քո մտքում, որովհետեւ ծովերի, ազգերի ու ժողովուրդների հարստութիւնը քո կողմը պիտի դառնայ։ 6Դէպի քեզ են գալու ուղտերի երամակները, քեզ ծածկելու են Մադիամի եւ Գեփայի ուղտերի երամակները. բոլորը Սաբայից պիտի գան՝ բերելով ոսկի, կնդրուկ ու թանկագին քարեր եւ տալու են Տիրոջ փրկութեան աւետիսը։ 7Կեդարի ոչխարների բոլոր հօտերը քեզ մօտ պիտի հաւաքուեն, Նաբէօթի խոյերը պիտի բերուեն ու իմ սեղանի վրայ պիտի մատուցուեն իբրեւ ընդունելի զոհ, եւ իմ աղօթքի Տունը պիտի փառաւորուի։ 8Ովքե՞ր են սրանք, որ թռել են ինչպէս ամպ եւ ինչպէս ձագերի հետ խառնուած աղաւնիներ՝ երամով գալիս են ինձ մօտ։ 9Ինձ են սպասում կղզիները եւ Թարսիսի նաւերը, որպէսզի նախօրօք հեռուներից բերեն քո որդիներին եւ նրանց հետ՝ արծաթն ու ոսկին, Տիրոջ սուրբ անուան համար, Իսրայէլի փառաւորեալ սրբի համար։ 10Օտարազգիների որդիները պիտի շինեն քո պարիսպները, ու նրանց թագաւորները պիտի ծառայեն քեզ, որովհետեւ իմ բարկութեան պատճառով հարուածեցի քեզ եւ իմ գթասրտութեան համար սիրեցի քեզ։ 11Քո դռներն օր ու գիշեր միշտ բաց պիտի լինեն եւ չպիտի փակուեն, որպէսզի քո մէջ տեղափոխեն ազգերի հարստութիւնը եւ նրանց թագաւորներին բերեն քեզ մօտ։ 12Իսկ այն ազգերն ու թագաւորները, որոնք քեզ չեն ծառայելու, կորչելու են. ազգերը բոլորովին պիտի կործանուեն։ 13Լիբանանի փառքը դէպի քեզ է գալու՝ դափնիով, սօսիով, նոճիով ու մայրիով, որպէսզի լիապէս փառաւորեն իմ սրբարանի տեղը, եւ ես փառաւորեմ իմ ոտքերի տեղը։14Քեզ մօտ պիտի գան քեզ նեղողների եւ զայրացնողների զարհուրած որդիները, քո ոտնահետքերին երկրպագութիւն պիտի անեն բոլոր նրանք, որոնք զարհուրեցնում էին քեզ, ու դու պիտի կոչուես Տիրոջ քաղաք, Իսրայէլի սրբի Սիոն։ 15Դու եղար լքուած ու ատելի, եւ ոչ ոք չկար, որ օգնէր քեզ, ես քեզ կը դարձնեմ յաւիտենական ուրախութիւն, ցնծութիւն՝ սերնդից սերունդ։ 16Դու պիտի ծծես հեթանոսների կաթը եւ ուտես թագաւորների հարստութիւնը, պիտի գիտակցես, որ ես եմ Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, որ ազատում ու փրկում եմ քեզ։ 17Պղնձի փոխարէն ոսկի եմ բերելու քեզ, երկաթի փոխարէն արծաթ եմ բերելու քեզ, փայտի փոխարէն պղինձ եմ բերելու քեզ, քարի փոխարէն երկաթ եմ տալու քեզ, խաղաղութիւն եմ տալու քո իշխաններին, եւ քո վերակացուներին՝ արդարութիւն։ 18Քո երկրում անիրաւութեան մասին այլեւս չի լսուելու եւ ոչ էլ քո սահմաններում՝ կոտորածի ու թշուառութեան մասին. քո պարիսպները պիտի անուանուեն փրկութիւն, եւ քո դռները՝ ցնծութիւն։ 19Այլեւս արեգակը չէ, որ քեզ համար ցերեկուայ լոյս է լինելու, եւ ոչ էլ լուսնի ծագումն է, որ քեզ գիշերը լոյս է տալու, այլ քեզ համար Տէրն է յաւիտենական լոյս լինելու, եւ Աստուած՝ քո փառքը։ 20Արեգակը քեզ համար մայր չի մտնելու, եւ լուսինը քեզնից չի պակասելու, որովհետեւ Տէրը քեզ համար յաւիտենական լոյս է լինելու։ Քո սգոյ օրերը պիտի վերջանան։ 21Քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի եւ յաւիտենապէս պիտի ժառանգի երկիրը՝ պահպանելով իր նոր տունկը՝ իր ձեռքի գործը յանուն իմ փառքի։ 22Սակաւաթիւը հազարաւոր պիտի դառնայ, փոքրը՝ մեծ ազգ, քանզի ես՝ Տէրս, ժամանակ առ ժամանակ պիտի հաւաքեմ նրանց։
61 Տիրոջ Հոգին ինձ վրայ է, դրա համար իսկ նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ աւետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկուածներին, գերիներին ազատութիւն քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն,2հռչակելու Տիրոջ ընդունելի տարին եւ մեր Աստծու վրէժխնդրութեան օրը, մխիթարելու բոլոր սգաւորներին, 3փառաւորելու Սիոնի սգաւորներին, որ մոխրի փոխարէն ուրախութեան օծման իւղի պիտի արժանանան, իսկ սգաւորները վհատ հոգու փոխարէն՝ փառքի զգեստի։ Եւ նրանք պիտի կոչուեն ազգ արդարութեան, տունկ՝ ի փառս Տիրոջ։4Պիտի վերաշինեն դարաւոր աւերակները, նախկինում աւերուածները պիտի վերականգնեն եւ նորոգեն դարերից ի վեր փլատակուած քաղաքները։ 5Օտարածինները պիտի գան ու լինեն քո ոչխարների հօտերի հովիւները, այլազգիները՝ քո մաճկալներն ու այգեգործները։6Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչուէք, մեր Աստծու պաշտօնեաներ պիտի անուանուէք, ազգերի հարստութիւնը պիտի ուտէք եւ նրանց մեծութեամբ պիտի փառաւորուէք։ 7Ձեր ամօթի փոխարէն՝ կրկնակի ուրախութիւն, ձեր անարգանքի փոխարէն ցնծութիւն պիտի վայելէք եւ ապա դարձեալ պիտի ժառանգէք երկիրը, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի ձեզ համար։ 8Ես՝ Տէրս, սիրում եմ արդարութիւնը եւ ատում յափշտակութիւնն ու անիրաւութիւնը, արդարներին պիտի տամ իրենց վաստակը եւ յաւիտենական ուխտ պիտի անեմ նրանց հետ։ 9Պիտի ճանաչուեն նրանց սերունդը ազգերի մէջ եւ նրանց զաւակները՝ ժողովուրդների մէջ. ամէնքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց եւ ասեն, թէ՝ «Սրանք Աստծու օրհնեալ զաւակներն են», ու ցնծութեամբ պիտի ուրախ լինեն ի Տէր։ 10Ես պիտի հրճուեմ Տիրոջով, որովհետեւ նա ինձ փրկութեան զգեստ եւ ուրախութեան պատմուճան հագցրեց, որպէս փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին եւ որպէս հարսի՝ զուգեց ինձ զարդով։11Ինչպէս երկիրը, որ աճեցնում է իր ծաղիկները, եւ ինչպէս պարտէզը, որ ծլեցնում է իր սերմերը, այնպէս էլ Տէրն է ի յայտ բերելու իր արդարութիւնն ու ցնծութիւնը բոլոր ազգերի առաջ։ 
62 Չեմ լռի յանուն Սիոնի եւ չեմ ների յանուն Երուսաղէմի, մինչեւ չծագի նրա արդարութիւնը՝ ինչպէս լոյս, եւ չբոցավառուի նրա փրկութիւնը՝ ինչպէս փայլակ։ 2Հեթանոսները պիտի տեսնեն քո արդարութիւնը, թագաւորները՝ քո փառքը, եւ դու նոր անունով ես կոչուելու, որ Տէրն է անուանելու։ 3Տիրոջ ձեռքին վայելչութեան պսակ պիտի դառնաս եւ քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ։ 4Այլեւս չես կոչուելու Լքեալ, ոչ էլ քո երկիրն է կոչուելու Աւերակ։ Քեզ պիտի կոչեն՝ Իմ կամքը, իսկ քո երկիրը՝ Շէն բնակութիւն, որովհետեւ Տէրը սէր է տածում քո նկատմամբ, եւ քո երկիրը բնակութեամբ պիտի լցուի։5Ինչպէս որ երիտասարդն է ամուսնանում կոյսի հետ, այնպէս էլ քո որդիները պիտի ապրեն քեզ հետ, եւ ինչպէս որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար, այնպէս էլ Տէրն է ուրախ լինելու քեզ համար։ 6Քո պարիսպների վրայ, ո՛վ Երուսաղէմ, ամբողջ օրն ու ողջ գիշերը պահապաններ պիտի կարգեմ, որ մինչեւ վերջ չդադարեն յիշել Տիրոջը։ 7Ձեր նմանը չի լինի, երբ նա վերստին ուղղի եւ Երուսաղէմը դարձնի պարծանք երկրի վրայ։ 8Տէրը երդուեց իր փառքով եւ իր բազկի զօրութեամբ, որ քո ցորենն ու կերակուրը չի տայ քո թշնամիների ձեռքը, եւ օտարների որդիները չեն խմի քո գինին, որի համար դու ջանք թափեցիր, 9այլ ովքեր այդ ամբարեցին՝ նրա՛նք պիտի ուտեն եւ օրհնեն Տիրոջը, եւ ովքեր այդ հաւաքեցին՝ նրա՛նք պիտի խմեն իմ սրբարանի սրահներում։ 10Գնացէք նե՛րս մտէք իմ դռներով, պատրաստեցէ՛ք ճանապարհները,շտկեցէ՛ք շաւիղները, ճամփա՛յ բացէք իմ ժողովրդի համար, հեռացրէ՛ք քարերը ճանապարհից եւ դրօշա՛կ բարձրացրէք հեթանոսների համար։ 11Ահա թէ ինչ ազդարարեց Տէրը մինչեւ երկրի ծագերը. «Ասացէ՛ք Սիոնի դստերը. ահաւասիկ գալիս է քո Փրկիչը, եւ իր վարձն իր հետ է, գործը՝ իր աչքի առաջ»։ 12Տիրոջ ձեռքով փրկուած Սուրբ ժողովուրդ է կոչելու նրան, իսկ դու կոչուելու ես Փնտռուած քաղաք եւ ոչ թէ Լքուած»։ 
63 Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդոմից. նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է եւ հուժկու զօրութեամբ։ Ես խօսում եմ արդարութեան եւ փրկութեան իրաւունքի մասին։ 2Քո հագուստներն ինչո՞ւ են կարմիր, քո հագուստներն, ասես, հնձանահարի հագուստներ լինեն, որ տրորում է լեցուն հնձանը։ 3Ես մենակ ճմլեցի հնձանը, հեթանոսներից ոչ ոք ինձ հետ չէր. զայրոյթով տրորեցի նրանց, բարկութեամբ ճմլեցի նրանց եւ գետնին հաւասարեցրի ու իմ բոլոր զգեստներն արիւնաթաթախ արի. 4քանզի հասել էր նրանց հատուցման օրը, փրկութեան տարին եկել հասել էր։ 5Նայեցի, բայց օգնող չկար, մտածեցի, թէ ինչու ոչ ոք չկար, որ թիկունք դառնար ինձ։ Իմ բազուկը փրկեց նրանց, եւ միայն իմ բարկութիւնն ինձ զօրավիգ եղաւ։ 6Իմ բարկութեամբ տրորեցի եւ իմ զայրոյթով մորթեցի նրանց, գետնին հաւասարեցրի նրանց։ 7Տիրոջ ողորմութիւնը պիտի յիշեմ, Տիրոջ մեծագործութիւնը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար, որ Տէրն է հատուցելու մեզ։ Տէրն Իսրայէլի տան բարերար դատաւորն է, որ իր ողորմածութեամբ եւ իր մեծ արդարութեամբ վարձատրելու է մեզ։ 8Նա էր, որ ասաց. «Իմ ժողովուրդն իմ որդիներն են, որոնք չեն անարգի ինձ».եւ նա նրանց փրկութիւն բերեց իրենց բոլոր նեղութիւններից։ 9Ոչ թէ ինչ-որ պատգամաւոր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ՝ Տէրն ինքը. եւ որովհետեւ նա սիրում ու խնայում էր նրանց, ինքն էլ փրկեց նրանց, ոտքի կանգնեցրեց եւ բարձրացրեց նրանց յար ու յաւիտեան։ 10Բայց նրանք ըմբոստացան ու բարկացրին նրա Սուրբ Հոգին, եւ Տէրը նրանց թշնամի դարձաւ, ինքն իսկ պատերազմեց նրանց դէմ։ 11Այնժամ նրանք հին ժամանակները յիշեցին՝ ասելով. «Ո՞ւր են Մովսէսը եւ նրա ժողովուրդը, ո՞ւր է նա, որ երկրից դուրս բերեց հօտերի հովուին, ո՞ւր է նա, որ նրանց մէջ դրեց Սուրբ Հոգին. 12ո՞վ էր, որ իր աջով բարձրացրեց Մովսէսինեւ որի առաջ իր փառաւոր բազկով կասեցրեց ջրերը՝ իր անունը յաւերժացնելու համար։ 13Նրանց անցկացրեց անդունդներով, ինչպէս ձին է անցնում անապատով, կամ ինչպէս գրաստը՝ դաշտով, ու նրանք չյոգնեցին։ 14Տիրոջ Հոգին իջաւ եւ առաջնորդեց նրանց»։ Քո ժողովրդին դու այնպէս առաջնորդեցիր, որ քո անունը փառաւորեն։15Արդ, դարձի՛ր երկնքից եւ քո սուրբ ու փառաւոր տաճարից նայիր, թէ ո՛ւր են քո նախանձախնդրութիւնն ու զօրութիւնը, ո՛ւր են քո մեծ ողորմութիւնն ու գթութիւնը, որոնցով ներում էիր մեզ։ 16Դու ես մեր հայրը։ Աբրահամը չգիտէր մեզ, Իսրայէլը մեզ չէր ճանաչում, բայց դու, Տէ՛ր, Հա՛յր մեր, փրկի՛ր մեզ, որովհետեւ սկզբից ի վեր մեզ վրայ է քո անունը։ 17Ինչո՞ւ մեզ թողեցիր, որ մոլորուենք քո ճանապարհներից, ո՛վ Տէր, ինչո՞ւ կարծրացրիր մեր սրտերը, որ քեզնից չվախենանք. դարձի՛ր ի սէր քո ծառաների, դարձի՛ր ի սէր քո ժողովրդի,որ քո ժառանգութիւնն է։ 18Գուցէ քո սուրբ լեռը չկարողանանք ժառանգել։ Մեր թշնամիները նեղեցին մեզ եւ ոտնակոխ արին քո սրբութիւնը։ 19Եղանք ինչպէս առաջ էինք, երբ դու մեզ չէիր տիրում, եւ մենք քեզ չէինք պատկանում։ 
64 Եթէ բացես երկինքը, քո ահից լեռները կը սասանուեն եւ կը հալուեն, ինչպէս մոմը՝ կրակի դիմաց։ 2Կրակը կ՚այրի քո հակառակորդներին, եւ քո անունը յայտնի կը դառնայ թշնամիներիդ. քո պատճառով հեթանոսները խռովութեան կը մատնուեն։ 3Երբ հրաշալի գործեր կատարես, քո ահից լեռները կը սասանուեն։ 4Հնուց ի վեր չլսեցինք, եւ ոչ էլ մեր աչքերը քեզնից բացի տեսան մէկ այլ Աստուած, որ իր ողորմութեան վրայ յոյս դնողների համար այսպիսի բաներ անէր,5ընդառաջ գնար նրանց, որոնք արդարութիւն են գործում եւ յիշում քո ճանապարհները։ Եւ ահա դու բարկացար, որովհետեւ մենք մեղք գործեցինք եւ դրա համար էլ մոլորուեցինք։ 6Մենք ամէնքս պիղծ դարձանք, եւ մեր ամբողջ արդարութիւնը դաշտանի շորերի նմանուեց, մեր անօրէնութիւնների պատճառով մենք ամէնքս ցած թափուեցինք ինչպէս տերեւ. հողմերը քշեցին մեզ։ 7Ոչ մէկը չի կանչում քո անունը, ոչ ոք չի մտածում քեզ ապաստան դարձնել. ահա թէ ինչու քո երեսը մեզնից շրջեցիր եւ մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր։ 8Տէ՜ր, մեր Հայրն ես դու. մենք կաւ ենք, իսկ դու՝ մեր ստեղծիչը, մենք ամէնքս քո ձեռքի գործն ենք։ 9Տէ՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրայ եւ մեր մեղքերը յաւիտեան մի՛ յիշիր։ Եւ հիմա նայի՛ր, Տէ՛ր, մենք ամէնքս քո ժողովուրդն ենք։ 10Քո սուրբ քաղաք Սիոնն աւերակ դարձաւ, Երուսաղէմը՝ անապատ։ 11Անէծքի մատնուեց մեր սուրբ ու փառաւոր տաճարը, որտեղ մեր հայրերն օրհներգում էին քեզ,հրոյ ճարակ դարձաւ, եւ մեր ամբողջ փառաւորութիւնը կործանուեց։ 12Եւ այս ամենի վրայ դու աչք ես փակում, Տէ՛ր, լռութիւն ես պահում ու սաստիկ ստորացնում մեզ։ 
65 Յայտնուեցի նրանց, որոնք իմ մասին չէին հարցնում, ինձ գտան նրանք, որոնք ինձ չէին փնտռում։ «Ահաւասիկ ես կամ», ասացի այն ազգին, որն իմ անունը չկանչեց։ 2Ամէն օր իմ ձեռքը երկարեցի դէպի անհնազանդ ու թշնամի ժողովուրդը, որ ընթանում էր ոչ թէ բարի ճանապարհով, այլ իր մեղքերի յետեւից։ 3Այս ժողովուրդը բարկացնում էր ինձ. իմ առաջ միշտ զոհեր էին մատուցում իրենց պարտէզներում եւ իրենց աղիւսների վրայ խունկ ծխում դեւերին, որոնք նրանց համար յիշատակ դառնալ չէին կարող։ 4Քարայրներում էին պառկում ու քնում, որպէսզի երազ տեսնէին. խոզի միս էին ուտում ու զոհերի մսաջուր, եւ նրանց բոլոր ամանները պղծուած էին։ 5Ասում էին. «Հեռո՛ւ կաց ինձնից, մի՛ մօտեցիր ինձ, որովհետեւ ես սուրբ եմ»։ Դա ծուխն է իմ բարկութեան, որի մէջ ամէն օր բորբոքւում է կրակը։ 6Ահա իմ առջեւ գրուած է. «Չեմ լռելու, մինչեւ որ չհատուցեմ նրանց մեղքերը՝ վերադարձնելով իրենց ծոցը։ 7Նրանց հետ միասին՝ նաեւ նրանց հայրերի մեղքերը, -ասում է Տէրը,-որոնք խնկարկում էին լեռների վրայ եւ բլուրների վրայ նախատում էին ինձ. հատուցելու եմ նրանց առաջուայ արարքները՝վերադարձնելով իրենց ծոցը»։ 8Այսպէս է ասում Տէրը. «Ճիշտ այնպէս, ինչպէս ողկոյզների մէջ մի ճութ է գտնւում, եւ ասում են՝ «Մի՛ փչացնիր դա, որովհետեւ Տիրոջ օրհնութիւնը կայ դրա մէջ», այնպէս էլ ես նոյն կերպ պիտի վարուեմ իմ ծառայի համար.յանուն նրա չեմ կործանելու բոլորին։ 9Յակոբի եւ Յուդայի սերնդին պիտի բարձրացնեմ, որպէսզի ժառանգեն իմ սուրբ լեռը. իմ ընտրեալներն ու ծառաները պիտի ժառանգեն այնեւ բնակուեն այնտեղ։ 10Անտառի մէջ պիտի լինեն հովիւների մակաղատեղերը, եւ Աքորի ձորը պիտի դառնայ նախիրների հանգստավայրն իմ ժողովրդի, որն ինձ է փնտռել։ 11Դուք թողեցիք ինձ, մոռացաք իմ սուրբ լեռը եւ սեղան գցեցիք դեւերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծու պատուին։ 12Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, եւ ամէնքդ կոտորուելու էք, որովհետեւ կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խօսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարութիւն կատարեցիք եւ, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք»։ 13Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի ուտեն, իսկ դուք քաղցած էք մնալու. ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի խմեն, իսկ դուք ծարաւ էք մնալու. ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, ուրախ պիտի լինեն, իսկ դուք ամօթով էք մնալու։ 14Ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, սրտի ուրախութեամբ պիտի ցնծան, իսկ դուք ձեր սրտի ցաւից աղաղակելու էք, ձեր հոգու կսկծից ողբալու էք։ 15Ձեր անունն իմ ընտրեալների նողկանքի համար պիտի թողնէք, եւ Տէրը ձեզ պիտի մեռցնի։ Իմ ծառաներին նոր անուն պիտի տրուի, որը պիտի օրհնաբանուի երկրի վրայ։ 16Որպէսզի օրհնեն ճշմարիտ Աստծուն, երկրի վրայ երդուողները պիտի երդուեն ճշմարիտ Աստուծով, առաջուայ նեղութիւնը պիտի մոռանան, այլեւս իրենց միտքը չպիտի բերեն։ 17Քանի որ նոր երկինք ու նոր երկիր պիտի ստեղծեմ, առաջուաններն այլեւս չպիտի յիշենեւ այլեւս իրենց միտքը չպիտի բերեն։ 18Ուրախութիւն ու ցնծութիւն են գտնելու այն բանի մէջ, ինչ ես հաստատելու եմ։ Ահա ես Երուսաղէմն ստեղծում եմ ցնծութեան համար եւ իմ ժողովրդին՝ ուրախութեան համար։ 19Պիտի ցնծամ Երուսաղէմով, պիտի ուրախանամ իմ ժողովրդով. նրա մէջ այլեւս լացի ձայն եւ կամ բօթի ձայն չպիտի հնչի։ 20Այնտեղ չի լինելու մանկահասակ եւ կամ ծեր, որ լցրած չլինի իր կեանքի ժամանակը,քանզի կրտսեր որդին հարիւր տարեկան պիտի լինի, իսկ հարիւր տարեկանում մեռնողը մեղաւոր եւ անիծեալ պիտի համարուի։21Տներ պիտի շինեն եւ իրե՛նք պիտի բնակուեն, այգիներ պիտի տնկեն եւ նրանց պտուղն իրե՛նք պիտի ուտեն։ 22Այլեւս նրանք չպիտի շինեն, որ ուրիշները բնակուեն, նրանք չպիտի տնկեն, որ ուրիշներն ուտեն։ Իմ ժողովրդի օրերը կենաց ծառի օրերի չափ պիտի լինեն, նրանք երկար պիտի վայելեն իրենց ձեռքի գործերը։ 23Իմ ընտրեալներն այլեւս զուր տեղը չպիտի չարչարուեն եւ անէծքի համար որդիներ չպիտի ծնեն, որովհետեւ նրանք իրենց զաւակների հետ միասին Աստծուց օրհնուած սերունդ են։ 24Այնպէս պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտուած՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխօսած՝ պիտի ասեմ, թէ՝ ի՞նչ էք ուզում։ 25Այն ժամանակ գայլերն ու գառները միասին պիտի արածեն, եւ առիւծը, ինչպէս եզը, յարդ պիտի ուտի, օձը հող պիտի ուտի իբրեւ հաց։ Մարդիկ չեն մեղանչելու եւ չեն վնասելու իմ սուրբ լերան վրայ», -ասում է Տէրը։ 
66 Այսպէս է ասում Տէրը. «Երկինքն իմ աթոռն է, եւ երկիրը՝ իմ ոտքերի պատուանդանը։ Ի՞նչ տուն պիտի շինէք ինձ համար, -ասում է Տէրը, -եւ կամ իմ հանգստեան տեղն ինչպիսի՞ն պիտի լինի։ 2Չէ՞ որ այդ ամէնն իմ ձեռքը պատրաստեց, եւ ամէն ինչ իմն է, -ասում է Տէրը. -ու ես ո՞ւմ եմ նայելու, եթէ ոչ հեզերին ու խոնարհներին եւ նրանց, ովքեր դողում են իմ խօսքից։ 3Բայց անօրէնը, որ ինձ եզ է զոհաբերում, նոյնն է, թէ մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նոյնն է, թէ շուն է մորթում, իսկ նա, որ ընտիր ալիւր է ընծայաբերում, նոյնն է, թէ խոզի արիւն է թափում, իսկ նա, որ յիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նոյնն է, թէ հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհներըեւ իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։ 4Ու ես պիտի բռնեմ նրանց խաբէութիւնները եւ հատուցեմ նրանց ըստ իրենց մեղքերի, որովհետեւ կանչեցի, բայց ինձ չլսեցին, խօսեցի, բայց ականջ չդրին, չարիք գործեցին իմ առաջ եւ ընտրեցին այն, ինչ ես չէի կամենում»։ 5Տիրոջ պատգամնե՛րը լսեցէք դուք, որ դողում էք նրա խօսքերից։Ո՛վ մեր եղբայրներ, խօսեցէ՛ք ձեր ատելիների եւ ձեզ զզուանք պատճառողների հետ, որպէսզի փառաւորուի Տիրոջ անունն ու այն յայտնուի ձեր ուրախութեան ժամին, եւ նրանք ամաչեն։ 6Աղաղակի ձայն է հնչում քաղաքից, ձայն՝ տաճարից. Տիրոջ ձայնն է դա, որ պատժով է հատուցելու թշնամիներին։ 7Քանի դեռ յղին չէր ծնել, քանի դեռ երկունքի ցաւերը չէին հասել,նա ազատուեց, եւ ծնուեց մի արու զաւակ։ 8Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մէկ օրում ծննդաբերի, եւ միանգամից մի ամբողջ ազգ ծնուի. քանզի Սիոնը երկունքի ցաւով բռնուեց եւ ծնեց իր մանուկներին։ 9«Ե՛ս տուեցի քեզ այդ յոյսը, բայց դու ինձ չյիշեցիր, -ասում է Տէրը. -մի՞թէ ես չստեղծեցի ամուլին եւ ծննդկանին», -ասում է քո Աստուածը։ 10Ուրախացի՛ր, Երուսաղէ՛մ, եւ դուք էլ հաւաքուեցէ՛ք, որպէսզի ցնծաք նրա մէջ. ամէնքդ էլ, որ սիրում էք նրան եւ սուգ էք մտել նրա համար, խնդացէ՛ք եւ ուրախացէ՛ք միասին։ 11Պիտի սնուէք ու յագենաք նրա մխիթարող ստինքներից եւ կուշտ ու պինդ վայելք պիտի առնէք նրա գալիք փառքից։ 12Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես դէպի նրանց պիտի դարձնեմ խաղաղութիւնը՝ ինչպէս գետ եւ հեթանոսների փառքը՝ ինչպէս յորդահոս հեղեղ. իրենց ուսերին առած՝ նրանք պիտի բերեն դրանց մանուկներին եւ, իրենց ծնկներին դրած, պիտի գգուեն նրանց։13Ինչպէս որ մայրն է գգւում իր մանկանը, այնպէս էլ ես պիտի գգուեմ ձեզ, եւ դուք պիտի մխիթարուէք Երուսաղէմում։ 14Պիտի տեսնէք, ու պիտի խնդան ձեր ծաղկեն, ձեր ոսկորները դալար խոտի պէս պիտի խայտան»։ Տիրոջ ձեռքը պիտի յայտնուի իր բարեպաշտներին եւ սպառնայ անհաւատներին։ 15Ահա գալու է Տէրը ինչպէս կրակ, եւ նրա կառքը՝ ինչպէս մրրիկ, որպէսզի բարկութեամբ տայ իր հատուցումըեւ կրակի բոցով՝ իր արհամարհանքը, 16քանզի համայն երկիրը պիտի դատուի Տիրոջ կրակով, եւ ամէն մի մարմին՝ նրա սրով. շատերը պիտի վիրաւորուեն Տիրոջ ձեռքից։ 17«Նրանք, որ իրենց սրբում եւ մաքրում են իրենց պարտէզների ու սրահների մէջ, որ ուտում են խոզի միս, պիղծ բաներ եւ մուկ, միասին պիտի բնաջնջուեն, -ասում է Տէրը։ - 18Ես նրանց գործերն ու խորհուրդները գիտեմ. պիտի գամ, որպէսզի հաւաքեմ բոլոր ազգերին ու բոլոր լեզուները. թող գան ու տեսնեն իմ փառքը։ 19Նրանց վրայ նշան պիտի թողնեմ։ Նրանց միջից փրկուածներին պիտի ուղարկեմ ազգերի մէջ՝ դէպի Թարսիս ու Փուդ, դէպի Լուդ, Մոսոք եւ Թոբէլ, դէպի Հելլադա եւ հեռաւոր կղզիները, որոնք չեն լսել իմ անունը եւ ոչ էլ իմ փառքն են տեսել. նրանք պիտի պատմեն իմ փառքն ու իմ անունը ազգերի մէջ։ 20Եւ ինչպէս որ Տիրոջ Տանն Իսրայէլի որդիները սաղմոսներով մատուցեցին ինձ իրենց նուէրները, նրանք բոլոր ազգերից Երուսաղէմ սուրբ քաղաքը Տիրոջն ընծայ պիտի բերեն իրենց եղբայրներին՝ կառքերի վրայ հեծած, շքեղազարդ ձիերով ու հովանոցներով հանդերձ, -ասում է Տէրը։ - 21Եւ նրանցից եմ վերցնելու ինձ համար քահանաներ ու ղեւտացիներ, -ասում է Տէրը։ - 22Ինչպէս որ նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես եմ ստեղծում, մնալու են իմ առաջ, -ասում է Տէրը, -այդպէս մնալու է եւ ձեր սերունդը։ 23Եւ այնպէս պիտի լինի, որ ամսից ամիս ու շաբաթից շաբաթ իւրաքանչիւր անձ պիտի գայ Երուսաղէմում իմ առաջ երկրպագելու, - ասում է Տէր Աստուածը։ - 24Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդէպ յանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանզի նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգչելու, նրանք յայտնի պիտի լինեն բոլոր մարմնաւորներին»։

 









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Спас из кислого молока (танапур)

Спас из кислого молока (танапур)Сушеную пахту измельчить и замочить в...

Курица отварная со стручками фасоли и по…

Курицу сварить, рaзрезать на куски, бульон прoцедить. Куски курицы положить...

Хапама с орехами и кизилом

Хапама с орехами и кизиломМякоть тыквы отделить от семян, как...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта