ԴԱՐԴՈՏԱԾ ՎԱՃԱՌԱԿԱՆԸ

ԴԱՐԴՈՏԱԾ ՎԱՃԱՌԱԿԱՆԸ

Ողորմի ձեր անցավորանց՝ ողորմի իմ պապին՝ էս նրա պատմած հեքիաթն ա...

Լինում ա չի լինում մի վաճառական։

Սրան ունենում ա մի կնիկ։ Սրանք շատ հարուստ են լինում ու շատ էլ սիրով են ապրում։

Ամա, օրվա մի օրը էս վաճառականը, որ էլի իրա գործերով ուրիշ քաղաք ա գնում, ետ ա գալի տուն՝ իմանում ա, որ կնիկը սիրեկան ա պահել։

—Իմ կնիկը էդ բանը չի անի,— ասում ա,— Լինելու բան չի։ Էստեղ չար լիզու ա խառը։

Համա էլ ու՜ր։ Պապս կասեր՝ աչքի տեսածը հաստատ ա, քանց ականջի լսածը։ Իրա աչքովը տեսնում ա, որ կնիկը սիրեկան ունի։

Դե, ինքը անունով, պատվով մարդ, ո՞նց դիմանար։ Կնկանը դուրս ա անում տանից։

Անց ա կենում մի առ ժամանակ, էս վաճառականը տեսնում ա, որ տունը՝ առանց տանտիրուհու՝ տուն չի։ Ամեն բանի համն ու լազաթը կորել ա։ Ի՞նչ անի։ Մեկ պսակվողն ա փոշման, մեկ՝ չպսակվողը։ Համ էլ ասված ա՝ մենակությունը աստծուն կվայելի։ Միտք ա անում, միտք, նորից մի ուրիշ կնիկ ա առնում՝ հետը պսակվում։

Ամա արի տես, որ էս վաճառականի բախտը իրա հետ ա լինում։ Էս թազա կնիկն էլ ա հարամ դուրս գալի։ Ուզած-չուզած սրան էլա տանից դուրս անում։

Խեղճ վաճառականը ընկնում ա դարդի ծովը։ Դարդից ու ամոթից ուզում ա թե խեղդվի, մարդու էրես չի ուզում տեսնի։

Օրվա մի օր տուն ա մտնում սրա չքավոր հարևանը։

— Այ մարդ,— ասում ա,— ի՞նչ ա էլել քեզ: Ռանգդ գցած, ունքերդ կիտած, մտքերիդ հետ ընկած, ուրբաթախոս ես դառել։ Աստված դարդը որ տալիս ա՝ դարմանն էլ հետը։

Վաճառականը սիրտը բաց ա անում, պատմում ա իր դարդը։ Համ պատմում ա, համ էլ հանկարծ միտն ա բերում, որ էդ հարևանի կնիկը էրկու-հոգիս ա, ասում ա՝

— Իմ դարդի դարմանն էն ա, որ համաձայնվես քեզ հետ մի պայման կապենք։ Էս ա կնիկդ էրեխով ա,— ասում ա,— էսօր էգուց ազատվելու ա։ Թե որ տղա բերեց, էդ հո քու բախտիցը։ Թե որ իմ բախտիցը աղջիկ բերեց, արի, էդ վեց ամսական աղջիկը ծծից կտրած ինձ տուր, ես պահեմ, իմ գիդեցածով մեծացնեմ ինձ համար։ Ինչքան փող կուզես՝ կտամ, աղջկադ էլ առոք-փառոք, աչքիս լսի պես կպահեմ։

Շատ երկար չասենք։ Չքավոր հարևանին շատ որ զոռում, մեծ փող ա խոստանում վաճառականը, վերջը պայման են կապում։

Հարևանի կնիկը, իրա ժամանակին ծունկը գետինն ա տալիս, բերում մի սիրուն աղջիկ։
Վեց ամիսը թամամած, ծծից կտրում, էդ աղջիկ էրեխուն բերում են տալիս վաճառականին։

Դե, էս վաճառականն էլ, ի՞նչ ասել կուզի, աշխարհի պետք էլածը ճարում ա, ամեն մի հարմարություն ստեղծում, որ էրեխուն թաքուն մեծացնի, օտար աչքից հեռու։

Կարճ կտրենք՝ անց ա կենում տասնվեց տարի, աղջիկը մնում ա՝ անարատ աղջիկ։
Վաճառականը մին էլ որ գնում ա ուրիշ քաղաք առուտուրի, հասած աղջիկը մնում ա տանը փակված...

Աղջկա աչքը ընկնում ա երդիկին, ասում ա տենաս դուրսը ի՞նչ կա։

Իրար վրա բաներ դնելով, բարձրանալով, հասնում ա երդիկին, երդիկովը դուրս գալի կտուրը, կտրանը նստում։ Անմեղ արարած՝ իրա համար խաղում ա կտրան կանաչի, քար ու հողի հետ, քար ու հող ա շպրտում դես ու դեն։

Մին էլ որ քար ա գցում, քարը գնում դիպչում ա մի ջահել տղի։ Աղջիկը միամիտ ա՝ ամա տղեն ասում ա. «Հալբաթ ինձ սիրում ա՝ դրա համար ա քարով տալի»։

Վեր ա ունում աղջկան, մտնում սրա հետ տուն։

Դե, էլ ի՞նչ ասեմ... Սրանք ապրում են իրար հետ։ Ապրում են, յոթանասուն ու ութ օր։

Վրա յոթանասուն ու իննը օրը, վաճառականը, իր գործը պրծած, գալիս ա տուն, դուռը բաց անում... Տղեն աղջկա ծոցիցը փախչում ա, թաքնվում, ամա դե վաճառականը տեղն ու տեղը գլխի ա ընկնում թե՝ ինչը-ինչոց ա. աղջիկը էլ աղջիկ չի։

Մի բան էլա չի ասում, մտիկ ա տալի աղջկա աչք-ունքին, ախ ա քաշում, ասում ա, գլուխս առնեմ, գնամ կորչեմ, որ էսքան անբախտ եմ ես։ Դուռը ետ ա դնում՝ ընկնում ճամփա, գնում։

Գնում ա, գնում շատն ու քիչը աստված գիտի, արևամուտին հասնում ա մի աղբրի։ Էն զուլալ սառը ջրիցը մի լավ կուշտ խմում ա, սիրտը հովացնում, ուզում ա թե պառկի՝ հանգստանա, մինել միտք ա անում, թե գետնին հազար տեսակ սողուն ու կարիճ կլինի՝ բարձրանում ա ծառին՝ որ քնի։

Ամա օձը կծածին քուն կգա՝ նրա աչքերին քուն չի գալիս։

Մին էլ տեսնում ա, հրես մի մարդ էկավ, ախպրիցը ջուր խմեց։ Հետո նստեց, ջեբիցը մի աղլուխ հանեց փռեց, վրեն հաց ու պանիր դրեց։ Էն մեկել ջեբիցն էլ հանեց մի կարմիր խնձոր։

Էս խնձորը ձեռների մեջին ոլորեց-պոլորեց, էնքան մինչև էդ կարմիր խնձորը դառավ մի շահել սիրուն կնիկ։

Սրանք հաց կերան պրծան։ Դեսից-դենից խոսացին։ Մարդը գլուխը դրեց կնկա ծնկանն ու քնեց։ Մարդը որ քնեց, էս կնիկը մարդու գլուխը դրեց գետին, ծոցիցը հանեց մի ասեղ, ձեռների միջին էնքան ոլորեց-պոլորեց, որ ասեղը դառավ... մի ջահել, սիրուն տղա, էս կնկանը սեր տվեց, սեր առավ։

Մարդու զարթնելու վախտը որ էկավ, էս կնիկը էդ ջահել տղին էնպես ոլորեց-պոլորեց, որ էլի ասեղ շինեց, դրեց ծոցը, մարդու գլուխը էլ ետ դրեց իր ծնկանը, դառավ մի անմեղ հրեշտակ։

Մարդը զարթնեց, պաչեց կնկանը, ոլորեց-պոլորեց, էլ ետ շինեց մի կարմիր խնձոր, ջեբը դրեց ու ճամփա ընկավ։

Վաճառականը իրան մի լավ կմշտեց՝ էս էրա՞զ էր, թե տեսիլք, ամա տեսավ որ քնած չի, զարթուն ա, էլի։

Վեր էկավ ծառիցը, գնաց մարդու հետևից, հասավ սրան, հարցրեց.

— Ու՞ր ես գնում, ախպեր, ճամփեդ բարի։

— Չեմ գիդում,— ասավ մարդը,— գնում եմ էլի։

— Դե որ էդպես ա,— ասավ վաճառականը,— մեկ չլինենք՝ էրկու լինենք, դառնանք ընկեր, ի՞նչ կասես։

— Լավ, ի՞նչ եմ ասել, դառնանք ընկեր։

Սրանք ճամփա են ընկնում, ամենը իր դարդիցն ա խոսում, վերջը վաճառականը թե`

— Ազնիվ ընկերը ընկերոջիցը բան չի թաքցնի, էդ ի՞նչ կարմիր խնձոր էր, որ ջեբիցդ հանեցիր, ոլորեցիր-պոլորեցիր՝ կնիկ դարձավ։ Ախար ես ծառին նստած՝ ամենը տեսա։

Ընկեր թե.

— Քեզանից թաքցնեմ, աստվածանից ոնց թաքցնեմ։ Որ տեսա կնիկս հարամություն ա անում, ընկա մի դերվիշի ոտը աղաչեցի, պաղատեցի, ինձ սորվացրեց, թե ոնց անեմ կնկանս խնձոր դարձնեմ, որ միշտ ջեբիս լինի, հարամություն չանի։

— Հայտնի բան ա,— ասում ա վաճառականը,— ջեբիդ միջին էլ ո՞նց կարա դավաճանի քեզ։ Բա էդ դերվիշի տեղը չե՞ս գիտի։

— Չէ, որդի՞ան, մի քանի տարի առաջ Հնդստանից էկել էր մեր կողմը։ Ետ գնաց իրանց երկիրը։

Վաճառականը մտքումը ծիծաղում ա միամիտ ընկերոջ վրա, ամա էլ ոչինչ չի ասում նրան։ Բերում, հասցնում ա իրանց շենը՝

— Դու էստեղ կաց,— ասում ա,— սպասի ինձ։ Ես մի ծանոթ տուն ունեմ, գնամ ետ գամ, գիշերն էնտեղ մնանք։

Գալիս ա, իրա տան դուռը ծեծում։

Էդ վախտն էլ աղջիկն ու տղեն սեր են անելիս լինում։ Տղեն մտնում ա թախտի տակը, թաքնվում։

Վաճառականը տուն ա մտնում, հրամայում ա աղջկան, որ վռազ ուտելիք ու խմիչք պատրաստի վեց հոգու համար, ինքը գնում ա ընկերոջը տուն բերում։

Նստում են հացի։ Աղջիկն ասում ա թե՝

— Բա ու՞ր են մեկել ընկերներդ։

— Նստի, կգան,— ասում ա վաճառականը,— էն տղին էլ նստացրու, նա էլ սոված կլի, թող նստի մեզ հետ հաց ուտի։

— Ի՞նչ տղա, ի՞նչ ես ասում,— լաց ա լինում աղջիկը,— մեռոնը ճակատիս ա։ Ինչի՞ ես էդ ծանր խոսքը ինձ ասում։

— Շուտ արա, բեր էդ տղին, թե չէ էս ա գլուխդ կպոկեմ։

— Ամա՜ն,— ճչում ա աղջիկը,— այ տղա դուրս արի, նստի էստեղ։

Տղեն դուրս ա գալի, նստում։

— Դե հիմի դու,— ասում ա վաճառականը ընկերոջը,— ջեբիդ էն բանը հանի։ Մեղք ա, նա էլ սոված կլի։

Ընկերը հանում ա խնձորը, ոլորում-պոլորում, դառնում ա սիրուն կնիկ՝ էնտեղ նստում։

Էնա ուզում են հաց ուտեն, վաճառականը դառնում ա ընկերոջ կնոջը՝

— Դոշիդ ասեղը հանի,— ասում ա,— սոված կլի, թող նա էլ հաց ուտի մեզ հետ։

— Էն ի՞նչ ասեղ ա, ի՞նչ բան ա,— զարմանում ա ընկերը,— հանի, թե չէ էս ա սպանեցի քեզ։

Էս կնիկը, ճարը կտրած, հանում ա դոշիցը ասեղը, ոլորում-պոլորում, շինում ա մի ջահել սիրուն տղա, կողքին նստեցնում։

— Պա-հո՜,– ասում ա ընկերը, — էս ի՞նչ բան էր։ Այ վիզդ կոտրվի, այ դերվիշ, ուրեմն կնկանս էլ ես սովորացրել։ Վայ ձեր ջինսը կարվի, կնանիք, վայ ձեր յոթ պորտը անիծվի, վա՜յ ձեր... Մեղա, մեղա, բերանս ինչ ա գալի...

— Վեր կալեք բաժակներդ,— ասում ա վաճառականը,— էս էլ խմենք՝ որտեղ միամիտ մարդ կա նրա կենացը։ Ինչ արինք՝ չարինք՝ բախտ չունեցանք։ Ձուկը ձկանն ասավ. «Դենը պառկի։ —Ու՞ր պառկեմ,— ասեց,— էրկուսս էլ մի թավումն ենք տապակվում»։ Վեր կաց, բախտակից ընկեր, թող սրանք էստեղ մնան, մենք վեր կենանք գնանք էս փուչ աշխարքիցը։

Սրանց թողնում են էստեղ, իրանք գնում։ Թե ու՞ր, իրենք էլ չեն իմանում...

* * *

Պապս որ հեքիաթը թամամացրեց՝ տատս շատ նեղացավ նրա վրա։

— Ալևոր,— ասեց,— էլ բան չգտար պատմելու, որ էդ պատմեցիր։

Գլխիդ ես հավաքել հարսն ու աղջիկ, ազապ տղա ու տան էրեխա։ Քարոզ էս կարդում գլխներին, որ սրանք էլ ոչ քիր ու մեր ճանաչեն, ոչ հարսն ու աղջիկ։ Քու հեքիաթին մտիկ տված, ուրեմն բոլոր կնանիք ղալբ ու հարամ ե՞ն։ Բա էդ ասելու բան ա՞։ Բա էդ պատմելու հեքիաթ ա՞։ Տեսնում եմ՝ քանի տարիքդ երկարում՝ խելքդ կարճանում ա։

Պապս մի թեթև ծիծաղեց, հետո դառավ տատիս՝

— Հերիքնազ,— ասեց,— էդ ձեզ, կնանոցդ համար ա ասած՝ «Մազը՝ երկար, խելքը՝ կարճ»։ Հիմի դու ո՞ւր ես ինձ վրա շուռ տալի։ Ես ե՞րբ ասի թե բոլոր կնանիքն են ղալբ ու դավաճան։ Ես հո խելքս հացի հետ չեմ կերել, որ էղպիսի շաշ բան ասեմ։ Հեքիաթը նրա համար ա ասվում, որ ջահելները իմանան աշխարքիս լավն ու վատը, խերն ու շառը։ Առակ ասողին՝ լսող պիտի։ Դե, դու հիմի տազ արա, ես մի հեքիաթ էլ պատմեմ, լսի՝ նոր վրես խոսա...

Էս հեքիաթը իմ հերը պապիցս ա լսել, պապս էլ՝ իրա հորիցը։

Ժամանակով մի ջահել տղա ա լինում— մի ջահել սիրուն աղջիկ։ Սրանք շատ սիրելիս են լինում իրար։ Տղի հերն ու մերն էլ են հավան կենում աղջկան։

Բերում, նշանում են սրանց, մնում ա պսակն ու հարսանիքը։

Ամա, էրկու երանի մի տեղ չի լինի...

Էս տղեն նշանդրեքի գիշերը մի էրազ ա տեսնում, դուշմանս տեսնի էդ տեսակ երազ։ Էրազում տեսնում ա, որ ինքը նշանածին կարոտով համբուրելու ժամանակ հանկարծ մահը էկավ առաջին կանգնեց, ձեն տվեց.

— Քու պսակի օրը,— ասեց,— դու պիտի մեռնես։

Էս տղեն մի ճչում ա ու զարթնում, սառը քրտինքը կտրած։ Ահ ու զարզանգի բռնված, սա առավոտը էլ ոչովի բան չի ասում, տանից դուրս ա գալի, ընկնում սար ու ձոր։ Շատն ու քիչը՝ տերն ինքը գիտի։ Մին էլ տեսնում ա, հրես մի ոսկեղեն աթոռ, էս աթոռին բազմած երկար սպիտակ միրուքավոր մի ալևոր, ձեռին մի գավազան։ Երեսն էնքան պարզ ու հանդարտ ա, ասես աշխարքիս դարդն ու ցավը, խաղն ու պարը իսկի վեջը չի.

— Այ տղա,— ասում ա ալևորը,— էդ ինչի՞ ես ռանգդ գցել՝ դեղնել։ Էդ ու՞ր ես գնում։

— Մահիցս եմ փախչում, պապի,— ասում ա տղեն,— ու պատմում ա՝ էսենց, էսենց, էսենց, բանս բուրդ ա։

— Ճիշտ ա,— ասում ա ալևորը,— Մահի ձեռից փախչող չի լինի, ամա,— ասում ա,— Մահի միրուքը իմ ձեռում ա, ես եմ հրամայում Մահին՝ ֆլան մարդու հոգին առ։ Ֆլան մարդը թող երկար ապրի, ֆլան մարդը՝ կարճ։

— Պապի, բա դու ո՞վ ես,— զարմանք կտրած հարցնում ա տղեն։

— Ինձ ժամանակ կասեն,— ասում ա ալևորը։

— Այ պապի,— աղաչում ա տղեն,— բա որ էդ չափ զորություն ունես, ոտդ եմ պաչում, ինձ ազատի նրա ձեռիցը։ Ջահել տղա եմ, մուրազի տեր, ինչի ա ուզում հոգիս առնի, ես ի՞նչ մեղք ունեմ արած։

Ալևորը տեսնում ա, որ էս տղեն անարատ հոգի ունի, մաքուր սեր ունի սրտում։ Խղճում ա սրան։

— Էդ ինչքան ես վախեցել նրանից, որ փախստական ես դառել։ Մահն ի՞նչ ա, որ մարդ վախենա նրանից։ Հրես իմ կողքի զուլալ աղբրիցը խմի՝ համ վախդ կկորչի, համ համբերություն կգա վրեդ։

Տղեն ալևորի ձեռն ու ոտը պաչում, շնորհակալ ա լինում, խմում ա էն զուլալ աղբրիցը, վախը կտրում, համբերություն ա գալիս վրեն, ճամփա ա ընկնում։

Ճամփա ա ընկնում, գնում ա ղարիբություն, որ աշխատանք անի, մի քիչ բան վաստակի, նոր գա տուն՝ պսակվի։ Չէ՞ ղարիբի համար, մի օրը մի տարի ա։ Տանջանքի մեջ էս տղի համար անց ա կենում մի տարի, էրկու տարի, իրեք տարի, ասենք՝ հինգ տարի։ Էս տղեն վաստակն առած ետ ա դառնում իրանց տունը։

Էնենց իմ որդիքն ու թոռներս ուրախանան՝ ինչ ուրախանում են տղի հերն ու մերը, նրա նշանածը։ Ուրախանում են՝ աշխարքով մին լինում։ Հարսանիքի թադարեք են տեսնում։ Պսակի օրը նշանակում։

Հենց էդ իրա պսակի օրը, Մահը գալիս ա, տղի առաջին կանգնում։

— Փախել էիր, հա՞,— ասում ա,— էդ ո՞վ ա կարացել իմ ձեռիցը պրծնի որ դու պրծնես։ Հոգիդ տուր։

Էստեղ, էս տղի մերը ընկնում ա Մահի ոտները՝

— Իմ ջահել-ջիվան տղին ինչի՞ ես մեռցնում, հոգի ունես առնելու ,— ասում ա,— հրես իմ հոգին առ։

— Դե, որ էտենց ա,— ասում ա Մահը,— արի, առնեմ։

Մահը որ չի քաշում դրա հոգին՝ ոտներից մինչև բուկը, մերը չի դիմանում՝

— Ամա՜ն,— ասում ա,— իմ հոգին մի առնի։

Էստեղ, տղի հերն ա մեջտեղ ընկնում.

— Իմ մինուճար,— ասում ա,— իմ տան սյուն ու ճրագ որդուն մի մեռցնի,— ասում ա,— ուժդ կնկա վրա՞ յա զոռում, հոգի ունես առնելու՞, հրես, իմ հոգին առ։

— Դե, արի,— ասում ա Մահը,— արի առնեմ։

Մահը որ դրա հոգին չի քաշում՝ չոքերից մինչև լեզվի ծերը, հերը չի դիմանում

— Ամա՜ն,— ասում ա,— իմ հոգին մի առնի։

Էստեղ առաջ ա վազում տղի նշանածը։ Կասես Մահը էնտեղ կանգնած չլինի, փաթաթվում ա տղին, պաչում պաչպչորում, էնպես ա փաթաթվում տղին, ասես մի շունչ ու մի մարմին լինեն։

— Դե, պրծեք,— ասում ա Մահը,— էլ ժամանակ չունեմ, մենակ դուք հո չե՞ք։ Հիմի ի՞նչ եք ասում։

— Առ,— ասում ա նշանածը,— առ, իմ սիրած տղի հոգու տեղակ, հրես իմ հոգին առ։

Մահը վռազ քաշում ա նշանածի հոգին, քաշում ա ոտի եղնգներիցը սկսած մինչև գլխի մազերի ծերը։

— Ւնչի՞ ես ինձ իզուր տեղը տանջում,— ասում ա նշանածը,— միանգամից առ հոգիս ու պրծի, մենակ թե,— ասում ա,— թող մի հատ էլ նրան պաչեմ, կարոտս առնեմ, նոր անելիքդ արա, որ էդքան վռազ ես։

Մահը մնում ա զարմացած՝ քար կտրած։ Մտիկ ա տալի էս աղջկան, էն տղին։

— Ես դրանց հոգին ո՞նց առնեմ,— ասում ա,— կարող ա ալևոր ժամանակը էս անգամ սխալմունքո՞վ ա ինձ ղրկել։ Կամ ուզեցել ա փորձել սրանց սերը։ Ես սրանց հոգին չեմ առնի։ Թող ապրեն՝ իրենց բախտին ձեն տան։

Թողնում ա սրանց, վռազ գնում։

* * *

Էս հեքիաթը թամամացնելով, պապս հարցնում ա՝

— Իմացա՞ր , թե ո՞ւր ա վռազում Մահը։ Մահը վռազում ա, գնա, որ առաջի պատմած հեքիաթիս էն հարամ կաթնակերներ կնանոց հոգին առնի, նրանց հոգին առնի, որ աշխարքիս ղալբն ու հարամը քչանա, լավն ու ազնիվը՝ շատանա։

Հանգած չիբուխին կրակ ա դնում, բուխարուցը մի էրկու նաբաս տալի, կորչում թութունի մխի միջին։

— Հերիքնազ,— ասում ա,— հիմի ի՞նչ ունես ասելու։

— Անունիդ մեռնեմ,— ասում ա տատս,— էլ ի՞նչ պետք ա ասեմ։ Շատ լավ հեքիաթ էր։ Դե, որ խելոք ես, էն ա խելոք ես, էլի։ Էն էլ ասեմ՝ որ խելոք չլէիր, ես հո շաշ չէ՞ի, քեզ առնեի։

— Տեսա՞ք,— ասեց պապս,— ո՞նց ուստավարի իր գլուխը գովեց։

— Մեր տատը որ կա, մի հատ ա,— ձեն տվինք մենք։

— Դե, լավ ա, որ էդքանը հասկանում եք,— ասեց պապս։— Ուշ ա, վեր կացեք՝ քնեք։

Նրա խոսքը՝ օրենք էր մեզ համար։ Սուս ու փուս մտանք տեղներս ու քնեցինք։







Добавить комментарий

Защитный код
Обновить

Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Плов с грибами

Плов с грибамиСвежие грибы очистить, промыть и варить в течение...

Пахлава сдобная

Пахлава сдобнаяВ посуду влить воду с растворенными в ней дрожжами,...

Баранина со шпинатом

Баранина со шпинатомМякоть баранины нарезать кубиками и обжарить на масле....

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта