Ուշացած Խոստովանություն

Վախթանգ Անանյան / Вахтанг Ананян / Vakhtang Ananyan

Ուշացած Խոստովանություն

Ես չէի համարձակվում մոտենալ նրան։ Այնքա՜ն բարձր, այնքան անհասանելի էր նա ինձ համար։ Գեղեցիկ գլուխը հպարտորեն բարծր պահած, խոշոր սև աչքերի նայվածքը վերից վար, արհամարհական, միշտ լուրջ ու խստադեմ այն աղջիկը ակնածանք էր ներշնչում մեզ՝ գյուղական պատանիներիս։ Ինձ միշտ թվում էր, որ մի ահագին վիհի մյուս բարձրադիր ափից է նայում նա ինձ, և ես գիտեի, որ այդ վիհը երբեք չի լցվելու։ Նա կրթված էր, սիգաճեմ, ճաշակով հագնված։ Գյուղաքաղաքի ազդեցիկ մարդկանցից մեկի միակ դուստրն էր, ուստի և մեծամտացած ու երես առած։ Տասնևչորս տարին դեռ չլրացած, նա արդեն լուրջ օրիորդի տեսք ուներ և իր առավելությունները գիտակցող էակի զուսպ վեհություն։ Գյուղաքաղաքի «ֆրանտ» երիտասարդության կռվածաղիկն էր նա, իսկ մեր՝ տավարած պատանիներիս երազանքի առարկան։

Մենք նրան սիրում էինք հեռվից, վարից վեր, քաշվելով ու անհամարձակ, անհույս, առանց ակնկալության, հետևապես և առանց մրցության ու ինտրիգների։ Բայց սիրում էինք լեռնեցի պատանու անարատ սիրով։ Մենք արտաքուստ կոշտ–կոպիտ էինք, բրդյա հագուստով, մազոտ տրեխներով, մոթալ փափախով, արևվառ դեմքերով ու ճաքճքված ձեռներով։ Բայց մեր լեռնային սքանչելի բնությունն այնքա՜ն գեղեցկություններ էր ամբարել մեր ներսում… Ինձ թվում է, թե այն ժամանակ մեր սարահարթերում ինչքան ծաղիկներ կային, բոլորից էլ բացվել էին իմ հոգում, և ամեն առավոտ ջինջ լազուրից անմահական ցող էր իջնում նրանց վրա։ Ինձ թվում է, որ այն ժամանակ իմ պատանեկական ալեկոծ հոգուց ես լսում էի մեր լեռնային առվակների կարկաչը, և ջըվեժների շառաչյունը... Ես ծնվել էի վրաններում, մեծացել հորթերի հետ, սնվել անտառներում, նիրհել բացօթյա, աստղերի տակ։ Ես բնության մի մասնիկն էի, նրա անտաշ մի բեկորը, ուստի և նրա բարեմասնություններով օժտված։

Հովիվ մարդը երազող է լինում։ Գուցե դրա պատճառն այն է, որ նա հեռու է քաղաքի ժխորից և նրա երևակայության թռիչքր չի խանգարվում։ Բնության անդորր ու վսեմ խաղաղության մեջ, նրա հեքիաթային պատկերների ազդեցությամբ, երանության ժպիտը դեմքին երազում է հովիվ պատանին՝ իրեն անծանոթ պայծառ ու լուսավոր ափերի մասին ու իր հոգու խորքում գուրգուրում է նրան՝ իր երազանքի առարկային։ Լուսածագից մինչև աղջամուղջ լեռան ծաղկոտ լանջին պառկած, ես կլանում էի հռչակված սիրային վեպերը։ Ու միշտ էլ իմ կարդացած գրքերի հերոսուհիները— և՛ կապուտաչյա Լիգիան «Հո՞ երթաս»–ում, և՛ «Անգլուխ ձիավորի» Լուիզան, և՛ Մանոն Լեսկոն,— բոլո՛րը, բոլորը ինձ պատկերանում էին այն սևաչյա աղջկա կերպարանքով, — սև, ալիքավոր մազերը, վերև սանրած, զույգ փարթամ հյուսերը մինչև գոտին, թուխ աչքերի նայվածքը լուրջ ու խաղաղ։

Երբեմն ես սարից ցած էի իջնում, գնում գյուղաքաղաք ուսումը շարունակող իմ նախկին ընկերներից գիրք խնդրելու։ Տավարածի իմ պայուսակը գրքերով լի ես անցնում էի դպրոցի առաջից, կռթնում էի ցանկապատին ու հաստափոր վեպը բացում,— ընդմիջումին, երբ դուրս գա բակ, թող տեսնի, թե ինչպիսի գրքեր եմ կարդում, թող իմանա, որ ես թեկուզ և տավարած եմ, բայց սիրում եմ գիրքը…

Զանգը հնչելուն պես դպրոցի դռներից դուրս էր հորդում խայտաբղետ պատանիների հորձանքը՝ աշխույժ ու աղմկոտ։ Բոլորից հետո, սիգաճեմ քայլերով դուրս էր գալիս նա, աչքերը թեթև կկոցելով, մի հայացքով թեթևակի ընդգրկում էր բակն ու մինչ ընկերներն աղմուկով խաղում էին, նա լրջադեմ ու սառը պատասխանում էր իրեն շրջապատող «ֆրանտ» պատանիների հաճոյախոսություններին։ Ոչ մի ժպիտ, քնքշության ոչ մի նշան,— ինչքա՜ն ժլատն է, ինչքա՜ն անմատչելի։ Պատահում էր, որ նա նայում էր իմ կողմը։ Այդ րոպեներին ես արյանս զարկն զգում էի քունքերումս, դեմքս հրդեհվում էր, ուզում էի թագ կենալ նրա հայացքից։ Իսկ նա այնպես սա՜ռն էր, անտարբեր…. Ինձ թվում էր նույնիսկ, որ նա ինձ չի նկատում, նայում է ոչ թե ինձ, այլ այն ծառի բնին, որին մեջքս հենում էի ես։

Այն ժամանակ սիրտս դառնությամբ լիքը, ես շտապում էի դեպի մեր լեռները, հեռանալու մարդկանցից, առանձնանալու բնության գրկում՝ իմ մտքերի ու երազների հետ։

Ուսման ծարավը լափում էր ինձ։ Կարիքր, անողոք կարիքր ստիպել էր հորս հանել ինձ դպրոցից և ուղարկել ձմեռանոց՝ տավար պահելու։ Ես հոգուս խորքում ձմեռանոց էի տարել ուսման կարոտը և այն աղջկա կարոտը։ Այդ կարոտը ուռճանում, կլանում էր ողջ էությունս։

Ես դեն նետեցի իմ գերանդին, վրդովված հորս մենակ թողի խոտհարքում և իջա գյուղ։

Չոր ու ցամաք, բարակ ու ոսկրոտ, անչափ բարի դեմքով իմ ուսուցչուհին աննման հոգի ունի։ Նա իրենց տանը վերապատրաստեց ինձ աշնան քննություններին։

Աշնանը ես քաղաք իջա գյուղացի տղայի անվստահությամբ։

Քննությունների ժամանակ իմանալով, թե ինչ գրքեր եմ կարդացել, ուսուցիչները զարմացան։ Հայերեն լույս տեսած գրեթե բոլոր գեղարվեստական գրքերը կարդացել էի տավարած ժամանակս։ Բայց անկարգ, վայրիվերո։ Այնուամենայնիվ սիրտս թնդում էր ուրախությունից,— վերջապես տարիների երազս իրականանում է — ես դպրոցումն եմ, գիմնազիայում, նրան այնքան մոտ…

Քննեցին ռուսերենից։ Տուրգենևից մի փոքր կտոր կարդալ տվին «Щенок» վերնագրով։ Կարդացի ու պատմեցի միջակ։ Այդ «շչենոկ» կոչված փոքրիկ արարածին գտել են փողոցում, տարել են տուն, կաթ տվել, քնեցրել մահճակալում, մեծացրել։ Չէ, այս էլ անցավ, հիմի սիրունիկս, դու կտեսնես, թե ինչ կա այս կարկատած շորերի տակ։ Ես գիտեմ, որ ոչ սովորելու, այլ անհագ կլանելու եմ ուսումը,— այնքան ծարավի եմ նրան։ Ու այն ժամանակ նա չի կարող մտքում ինձ չհամեմատել իրեն շրջապատող դատարկապորտ, անհոգ մեծացող և սվաղված արտաքինով տղաների հետ։

Հանձնաժողովը վեր կացավ, ուրախությունից ալեկոծվում եմ,— ընդունվեցի՜։

Հանկարծ պենսնեի տակից մանր աչքերը փայլեցնելով մի ծեր ուսուցիչ հարց տվեց.

— Իսկ ինչ բան է շչենոկը։

Դե, լեռնական տավարածի մտքով կանցնի՞, որ շան ձագին մահճակալում կքնացնեն, այն ժամանակ, երբ նա ինքը կարպետ է գցում վրան ու բարձի տեղ քար կամ թևն է դնում գլխի տակ։

Առանց տատանվելու և հայկական կոպիտ առոգանությամբ պատասխանեցի.

— Щенок — это малэнки малчик .

Հենց այդպես էլ արտասանեցի,—կոպիտ, առանց փափկացնող հնչյունների։

Ուսուցիչներն իրար երես նայեցին և դիրեկտորն ասաց.

— Կտրե՛լ, ռուսերեն չգիտի…

Ինձ թվաց, թե առաստաղը շարժվեց, պատերը երերացին...

Կարգերը փոխվեցին և մենք՝ պարտիզաններս ցած իջանք լեռներից ու քարանձավներից։

Սակայն տարիներն անցնում էին և մեր միջև եղած վիհը խորանում էր ու լայնանում,— նրանք արդեն 8-րդ դասարանում էին և երևի վաղուց մոռացել էին իմ խղճուկ գոյության մասին։ Իսկ ես խուզարկում եմ մեր գյուղի բոլոր «ձալոների» ու տատերի սնդուկները, պահարանները ու ինչ որ տպված թուղթ է ճանկս ընկնում—կարդում եմ։ Ես կարդում եմ գյուղական խանութի՝ ապրանք փաթաթելու համար գործ ածվող բոլոր տպագիր թերթերը, որոնք մեծ մասամբ բզկտված հին գրքերից են պոկած լինում։ Եվ ծարավը, ուսման ծարավն ավելի է սաստկանում մեջս։

Անհույս ու փշրված սրտով ես իջնում եմ ամառանոցային գյուղաքաղաքն ու հեռվից նայում եմ նրան, ակնածանքով ու գաղտագողի։ Ինչքա՜ն է սիրունացել, ինչպե՜ս բացվում է օրը օրին՝ լավ խնամված ծաղկի պես, և ինչպես այդ շքեղ ծաղկի շուրջը մեղուների, թիթեռների ու զեռունների մի բազմերանգ բազմություն է թրթռում… Երբեմն նա ինձ նայում է այնպիսի հայացքով, կարծես հեռագրասյունին է նայում։ Դա խորապես խոցում է իմ սիրտը և ես նորից լեռ եմ բարձրանում, մագլցում ծերպերը որսի հետևից ու հրացանիս որոտով խլացնում վիշտս։

...Մենք քարայրը շրջապատեցինք և երկօրյա կռվից հետո գերեցինք անվանի ավազակների մի խումբ։ Ղազախում դա մեծ դիպված էր, և երբ մենք բանդիտներին շրջապատած գյուղաքաղաք մտանք, ողջ բնակչությունը խռնվեց մեր շուրջը։ Եկան և դպրոցի աշակերտները։ Սիրտս տրոփում է ուժգին,— հիմի նա կտեսնի ինձ՝ հրացանն ուսիս, վիթխարի ավազակապետի թիկունքում։ Կզարմանա իմ սրտի վրա, թե ինչպես ե՛ս, իմ փոքր տեղով մասնակցել եմ այդ դաժան կռվին։ Ծերպերում փորսող տալիս փշերը չանգռել են իմ դեմքը և արյունը սառել է այտերիս։ Ոչինչ, թող այդ էլ տեսնի… Եվ ահա եկավ նա, ահով նայեց բանդիտներին, թռուցիկ հայացք ձգեց մեզ՝ գյուղական կոմունարներիս վրա և շուռ եկավ գնաց։

Քիչ է մնում սիրտս պայթի թախիծից, անճարությունից։ Ի՞նչ անեմ, ո՛ւժի բան չի, քաջության բան չի… Ձմեռային մի պայծառ օր հրացանն ուսիս, սպանածս նապաստակը կողքիցս կախ արած, իմ հավատարիմ շունը հետևիցս գցած՝ քաղաք մտա։ Նապաստակը ինձ գրքեր տվող ընկերոջս նվեր եմ տանում։

Դիտմամբ ցերեկով եմ գնում, որ նրան դպրոցում պատահեմ ու այնտեղ էլ հանդիսավոր կերպով հանձնեմ։ Նա այնտեղ կլինի, անշուշտ մոտ կգա ու կզարմանա իմ որսորդական «հունարով»։ Ու ես մտմտում եմ պատրաստի պատասխանը. «Էս ինչ է որ, կխտար էլ եմ սպանում, ղուշ էլ եմ երկնքից վեր բերում…»։ Նա կզարմանա ու հետաքրքրություն առաջ կգա նրա մեջ դեպի այդ լեռնական պարզ պատանին։ Կհարցնի սարերից—կպատմեմ։ Կասեմ, թե ի՜նչ չքնաղ տեսարան է բացվում ամեն արևածագի Այրի–դաշ բարձր լեռան կատարից, կպատմեմ մեր բնության հեքիաթային գեղեցկության՝ կպատմեմ Հաղարծնի անտառի արջերի, Ճանճաքարի վայրի մեղրի ամբարների մասին ու կպատմեմ մեր սարերի անթիվ, անհամար ծաղիկների մասին։ Նա կըլսի գլխահակ և կխորասուզվի իր մտքերի մեջ, կերազի։ Այո՛, ես նրան իր ճղճիմ միջավայրից մտովին մի նոր աշխարհ կփոխադրեմ, բնության աշխարհը, ուր ամեն ինչ անպաճույճ է ու գեղեցիկ և ուր մարդիկ կոպիտ արտաքին ունեն և քնքուշ սիրտ…

Դպրոցի բակում աշակերտները խռնվեցին շուրջս։

Ես որսս հանդիսավոր կերպով հանձնեցի ընկերոջս այն պահին, երբ սևաչյա սիրունիկս «դեպքի վայրն» էր հասել։

Ընկերս ոգևորված իմ նվերից, փաթաթվեց ինձ ու զգացված արտասանեց.

— Շնորհակալ եմ… թանկագին նվեր է, որովհետև դրամով չի գնված, այլ ձեռք է բերված չարչարանքով ու տղամարդությամբ...

Ուրախությունից արյունս գլուխս խփեց և հրճվանքով մտածեցի. «Հիմի որ չես կարող ուշադրություն չդարձնել, սիրունիկս»։ Ու աչքիս «պոչով» նայեցի նրան։ Նա սիգաճեմ ու գլուխը բարձր պահած մոտեցավ մեր խմբին և առանց ինձ և իմ որսին ուշադրության արժանացնելու, մի կտոր ճերմակ խմորեղեն մեկնեց իմ շանը։

Շունը խորթ–խորթ ու անվստահությամբ նայեց նրան լեռնականի վայրենի հայացքով,— նրա համար խորթ էին այդ աղջկա թափանցիկ նրբին շորերը ու նրանից փչող անուշահոտությունը։

Ես հայացքով թույլ տվի շանս, և նա ագահությամբ բերանեց քաղցրավենին ու բարեկամաբար սկսեց պոչով ավլել գետինը։ Աղջիկը համարձակություն ստանալով՝ սկսեց շոյել նրա գլուխը, և այդ պահին ես նրա դեմքին առաջին անգամ լուսաշող մի ժպիտ նկատեցի ու աչքերում գգվանք։ Կարծես կանաչ–թավշե բլրին արևածագի ուրախ շողեր խաղացին, կարծես ժպտաց ինքը՝ Ղազախի մայիսյան առավոտը։ Խիստ ու մռայլ այդ դեմքը այնպես պայծառ շողաց դեպի այդ կենդանին ունեցած սիրուց, որ մի պահ մնացի հիացմունքից ապշած այդ արտասովոր գեղեցկության առաջ։ Ապա հաջորդ վայրկյանին սոսկալի մի միտք, անբացատրելի մի խանդ շամփրեց ուղեղս, «Մի՞թե իմ մեծ սիրով այս շան չափ էլ ուշադրության չարժանացա…»

Այդ տարօրինակ մտքից ինձ թվաց թե սիրտս կանգ առավ, աշխարհ գլխիս պտույտ եկավ և խելահեղ մի ցասումով բռնված, ես հրացանը վզիցս հանեցի տենդագին ու որոտացի ահավոր ձայնով.

— Հեռացե՛ք…

Ու կրակեցի իմ մանկության ընկերոջ, իմ սիրելի շան ճակատին…

Ապա խելագարի վազքով սլացա դեպի անտառ, նետվեցի թփերի մեջ և երեսս խոնավ հողին քսելով՝ դառնագին ու անզուսպ հեկեկացի։

Ես կրակ ել էի իմ առաջին սիրո վրա ու նրա ողբերգական մահն էի ողբում՝ իմ պատանեկան անարատ հոգու ամբողջ ուժով։




Իմ գիժ, իմ գիժ պատանեկություն, որ մեր ջրվեժների նման փրփրադեզ էիր ու մեր եղնիկների նման թեթևասույր։

Հորդացած գարնան ջրերի նման զգացմունքներս դուրս էին գալիս իրենց ափերից ու արմատահան անում–տանում եզերքին բուսած ծառ ու ծաղիկ, կանաչ ու թուփ։ Բողար ջան, մայիսի շաղոտ լուսաբացի և աշնան անձրևոտ գիշերների իմ ընկեր։ Դու էլ զոհ գնացիր իմ գիժ զգացմունքների գիժ հորդումին։ Ու ինձ թվում է, որ նրան զոհ գնաց և իմ աոաջին սերը, որ փթթում էր շա՜տ վտանգավոր տեղ— իմ հոգու լեռնային հեղեղատի ափին…

Այդ դեպքից քսան տարի անցավ; Հորդացած ջրերը հանդարտվեցին և ես դարձա չափավոր ու խոհուն։ Կյանքը խուզեց երևակայությանս թևերը և նա այլևս չի ճախրում ամպերից վեր,— նա ներքևում է— երկրի վրա…

Ու այժմ ես հաճախ եմ հարցնում ինքս ինձ՝ «Մի՞թե ես որևէ կայծ չեմ առաջ բերել այդ աղջկա հոգում»։ Ու հարցնում եմ ինքս ինձ՝ «Տեսնես, կարեկցության մի շող գոնե անցա՞վ նրա հոգով— կարեկցություն ոչ թե սպանվողի, այլ իմ նկատմամբ,— չէ որ նա հասկացավ, անշուշտ հասկացավ, որ ես կրակում եմ ի՛մ սրտին և ե՛ս եմ կարեկցության արժանի իմ փոթորկվող հոգով…»

Ու մեկ էլ հարցնում եմ՝ «Կա՞ արդյոք նա, հիշո՞ւմ է ինձ»…

Ինչ վերաբերում է ինձ, ես եռանդով վանում եմ նրա հիշատակն իմ սրտից ու ինչքան եռանդով եմ վանում, այնքան պայծառ է կանգնում նա իմ մանկության օրերի հուշերում։

...Վերջերս Երևանում ես երբեմն հանդիպում եմ մի անծանոթ տիկնոջ։ Կլոր երեսով, թուխ աչք-ունքով, փարթամ իրանով գեր մի կին է դա։ Քայլվածքը նախկին վեհության կնիքն ունի, սիրուն աչքերը մռայլ են ու թախիծով լի։ Ես ժպիտ չեմ տեսել այղ տիկնոջ դեմքին։ Չնայած դրան նա բավական հետաքրքրական է և ինչ-որ հմայք ունի,— թաքուն, անհասկանալի հմայք,— դժվարանում ես որոշել այդ հմայքի աղբյուրը։

Բարեկամուհիս ինձ ծանոթացրեց նրան։

— Ես վաղուց գիտեմ ձեզ,— ասաց տիկինը գրեթե անտարբեր։

— Որտեղի՞ց։

— Կյանքից… գրքերից…. հետո՝ մենք հայրենակիցներ ենք։

— Բայց ես ձեզ չեմ տեսել։

— Դե դուք բարձունքում եք, մենք ստորոտում... դուք մեզ համար տեսանելի եք, մենք ձեզ համար ոչ։ Նրա պատասխանն ինձ կոպիտ թվաց։ Բայց նա մի փոքր իրավացի է,— ո՜ւր է մնացել ծակ տրեխներով նախկին տավարածը...

— Դուք ձորում էիք մեզ հետ։ Ապա հանկարծ հետ թողիք մեզ, անցաք, —հևիհև դեպի կատարն էիք շտապում, — ի՞նչ էր պատահել ձեզ, — հարցրեց նա խուզարկու հայացքով ինձ զննելով։

Ինչ որ խորհրդավոր էր խոսում այդ տիկինը։

—- Շատ բան էր պատահել... Պատահել էր այն, որ այլևս ստորոտում մնալ չէր կարելի, որովհետև վեր գնացողները և՛ արհամարհանքով էին ցած նայում, և՛ երբեմն էլ քար էին գլորում դեպի ցած...

Տիկինը դեմքը խոժոռեց, հանդիմանանքով նայեց ինձ և կտրուկ պատասխանեց.

— Դա ճիշտ չէ…

Բայց ո՞վ է նա, ո՞րտեղից գիտե, թե ինչ եմ ակնարկում ես...

Իր սենյակում ես նայում էի սեղանին դրված ալբոմը։ Եվ ահա այնտեղ հանկարծ ես գտա նրա լուսանկարը և անակնկալից այլայլվեցի։ Ահա կանգնած է նա բարակիրան, իր գեղանի հասակով, սև աչքերով, փարթամ հյուսերը կախ։ Ես նայեցի գեր, կլոր դեմքով տիկնոջը և նրա աչքերը ինձ անչափ ծանոթ թվացին,— կարծես այս տիկինը նրա հարազատ մայրն է կամ ավագ քույրը։ Ես թափով վեր ելա ու գրեթե գոչեցի.

— Դուք նա՞ եք…

Նա ժպտաց և ես երկրորդ անգամ տեսա նրա ժպիտը,— կարծես մռայլ ամպի քողը ետ քաշվեց և թույլ ճառագեց աշնանամուտի արևը։

— Այո, նա՛ եմ… զարմանում եմ, որ չճանաչեցիք։

— Ախր շատ եք փոխվել… միայն աչքերը... այո, նույնն են։

Ես կարկամած զննում էի նրան, հետզհետե հիշողությանս մեջ վերակենդանանում էր քսան տարի առաջ կորցրածս թանկագին էակը և նմանությունը հետզհետե մեծանում։

— Այո, նա եք.… Բայց շա՜տ տարբեր եք նրանից… Նա շատ հպարտ էր, հինգ տարի ես սիրեցի նրան և նրա մի բառին,նրա մի հայացքին անգամ չարժանացա... արտասանեցի ես ցավով ու խուլ բողոքի շեշտով։

Տիկինը ժպտաց, շառագունեց և ասաց ջերմությամբ.

— Դուք իզուր սպանեցիք ձեր շանը… դուք առիթ չունեիք նրան նախանձելու, որովհետև... որովհետև ես ձեզ իրոք սիրում էի… Ես այն ձե՛զ էի շոյում, ձե՛զ էի գուրգուրում... դուք այդ չհասկացաք...

Ասաց ու խոստովանությունից խիստ կարմրեց։

Ես ցավից խորը հառաչ արձակեցի և ինձ թվաց, թե իմ ողջ էությունը լցվեց անհուն ափսոսանքով։ Ափսոսանք, սրտամորմոք ափսոսանք իմ իզուր կործանված առաջին սիրո համար, իմ կորցրած Բողարի համար և մեր անցած-գնացած ջահելության համար…

Իմ գիժ, իմ գիժ, ջահելություն, որ երազուն էիր ու խաղաղ՝ Ղազախի ամռան աստղազարդ գիշերի պես, ու սանձակոտոր՝լեռնային հեղեղի նման...

Կատեգորիա: Վախթանգ Անանյանի ստեղծագործությունները







Добавить комментарий

Защитный код
Обновить

Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Спаржа с молочной подливкой

Спаржа с молочной подливкойСпаржу очистить, разрезать на куски длиной 1-1,5...

Пирог из манной крупы (шамали)

Манную крупу, сахар, мацун, ванилин, соду перемешать до получения однородной...

Кололик фаршированный

Кололик фаршированныйМякоть задней ноги или лопатки отделить от костей. Сварить...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта