Ծանր ձմեռ

Վախթանգ Անանյան / Вахтанг Ананян / Vakhtang Ananyan

Ծանր ձմեռ

1

Ձմեռանոցը, ուր պահում էինք մեր անասունները, թաղվել էր ձյան հաստ շերտի տակ։ Ծառերի ճյուղերը խոնարհվել էին ձյան ծանրությունից, իսկ լեռնային գետակը հազիվ լսելի ձայնով խշշում էր սառույցի տակ։

Տարբեր կենցաղով ապրած մարդկանց վրա ձմեռը տարբեր ազդեցություն է ունենում։ Ես այժմ ամեն աշնան ականատես եմ լինում երեխաների բերկրանքին, երբ տեղում է առաջին ձյունը։ Քաղաքում ապրող մարդը հիացմունքով է նայում ձյան անթիվ-անհամար փաթիլներին, որոնք էլեկտրական լույսով ողողված օդում պտույտներ են գործում ճերմակ թիթեռների պես, իջնում մայթերին, էլեկտրաքարշի վագոնների վրա, ամենուր։

Սակայն մեզ՝ տավարածներիս, ձմեռը բերկրանք չէր բերում։ Կարիքի տակ կուչ եկած՝ մենք չէինք զգում ձմռան հմայքը։ Մեր փարթամ անտառները, մեր ծաղկոտ մարգագետիններն ու քչքչան վտակները թաղվում էին սառը վերմակի տակ, իսկ կարիքը չոքում էր դռանը։ Լավ է ասել իր մանկությունը մեր լեռներում անցկացրած բանաստեղծը.

Ո՞ւր կորան, ո՞ւր...
Տերև ու խոտ,
Վարդը շաղոտ,
Սարվորն ուրախ,
Սրինգ ու խաղ,
Ո՞ւր կորան, ո՞ւր...

Ձնագնդին, լախտին, աթուրման, խարույկներն անտառում, սրինգն ու պարը բուխարիկի առաջ՝ ձմռան երեկոյին,— այս բոլորը, որ մենք ապրում էինք շատ թե քիչ հաջող ձմեռները, այդ ձմռանը չքացել էին։ Եղբայրասպան պատերազմները դեռ չէին վերջացել։ Մեկի որդին էր սպանվել, մյուսի եղբայրն էր հաշմանդամ ընկած տանը։ Զզվել էինք հողից էլ, ցանքից էլ։ Եղածն էլ մաուզերիստներն էին տանում բռնությամբ։ Հազար ու մի տանջանքով սարերից բերած մեր խոտը տրորում ու միջին տրտինգ էին տալիս խմբապետ Սեպուհի ձիերը։

Եվ մենք ահով ու թախիծով տեսնում էինք, թե ինչպես հետզհետե մարում էր փայլը մեր անասունների աչքերում, օր-օրի չքանում էր նրանց մարմնի կլորությունը, ոսկորները դուրս էին ցցվում, խամրում էին մազերը։

Ջահել երինջներն ու արջառները ջուրը տանելիս այլևս չէին խաղում, և ցուլն այլևս գետինը չէր քանդում ու չէր գոռում...

2

Մեր ձմեռանոցի ամենից փորձված տավարածը Մելոնց Ամին էր։ Այդ ձմեռ նրա երեսին մենք ժպիտ չտեսանք։

Հաճախ, խրճիթում նստած ժամանակ, լսում էի նրա ձայնը.

–Էհե՜յ, Ստեփանի տղա։

–Ի՞նչ է, ամի՛։

–Մի դեսն արի։

Գնում էի ցած։ Գոմաղբի կույտի վրա կանգնած՝ ճիպոտի ծայրով քրքրում էր։ Գիտեի, թե ինչ է ասելու, այդ կույտը մերն էր։ Ամեն առավոտ ես տաշտակը սղղացրել էի սառույցի վրայով և գոմաղբը տարել-թափել էի այնտեղ։

–Էս ի՞նչ է։

–Ի՞նչը, ամի՛։

–Զահրումարը։ Բա իսկի տարուն չես մտիկ անո՞ւմ։

Եվ ճիպոտի ծայրով ցույց էր տալիս խոտի շյուղերը։

–Հիմի ամեն մի ծեղը մի ոսկի է, ամեն մի ծեղը մի անասունի կյանք։ Հլա գարունքն ո՜ւր է...

Ես մեղապարտի նման գլուխս կախում էի։ Իսկապես, ոչ մի «ծեղ» չէր կարելի կորցնել, չէ՞ որ դեռ հունվարն էր, իսկ մեր ցանկապատում մի բլրակ խոտ էր մնացել։

Փետրվարին մեր անասունների կերը բոլորովին վերջացավ։ Վերջացավ նաև հորեղբորս տղայի՝ Հայկի խոտը։ Այդ ձմեռ ես նրա հետ մի խրճիթում էի ապրում։ Զորանոցում նա տիֆ էր ընկել և առողջանալուց հետո գրեթե կորցրել լսելու կարողությունը։

Ամեն առավոտ, երբ գոմի դուռը բաց էի անում ու տեսնում, թե ինչպես են ինձ ուղղված կենդանիների աղերսալի հայացքները, սիրտս մղկտում էր։ Հայհոյում էի մեր խոտը տանող թալանչիներին և գոմից դուրս էի գալիս լցված աչքերով։

Հարկավոր էր միջոց գտնել անասունները փրկելու համար։

Մի երեկո Հայկի ականջին գոռացի.

–Էգուց գնանք բուրջ1 անենք։

–Ձինը խորն է, տավարին հալ չի մնացել, տեղ չեն հասնի,— առարկեց նա։

–Կտանենք Կաղնուտը, էնտեղ ձինը բարակ է։

Համաձայնեց։ Մյուս օրը լեռան արևկող լանջի կաղնուտում անասունները ձյան մեջ կանգնած, դունչները վեր ցցած, նայում էին ծառերի ճյուղերին, որոնց վրա բողբոջներն արդեն սկսել էին ուռչել՝ ավետելով գարնան մոտիկությունը։ Ամեն մեկս մի ծառի տակ մտած՝ թրըխկ հա թրըխկ կտրում էինք։

Հենց որ հսկա կաղնին ճռնչալով վայր էր ընկնում, և իր տակ ջարդում-խորտակում իրենից փոքր ծառերն ու թփերը, քաղցած կենդանիները վրա էին հասնում, ագահությամբ խժռում նրա դալար ոստերը։

Այդ օրվանից սկսած մեր ձմեռանոցի անասունները բողբոջով էին ապրում։

Խառը տարիներ էին, տեր չկար մեր բնությանը։ Անխնա կտրվում էր անտառը, փչանում էր ժողովրդի այդ հարստությունը. բայց դարձյալ անասունները նիհարում ու կոտորվում էին. դե բողբոջը հո խոտին չէ՞ր փոխարինելու։

Գետի ձորը դարձել էր անասունների գերեզմանոց...

Մարտի սկզբներին մեր Մաշկա կովն էլ նստեց ու այլևս վեր չկացավ։ Դա մեր անասունների մայրն էր, մեր բոլորի սիրելին, մեր ընտանիքի հույսը։ Ցեղական, խոշոր, ճերմակ մազերով և գեղեցիկ եղջյուրներով մի կենդանի էր նա։

Ես շատ էի պարտական մեր Մաշկային։ Այդ այն տարին էր, երբ մենք գարու հացը երազում էինք տեսնում։ Եվ գարնանից մինչև օգոստոս, մինչև նոր հացի դուրս գալը, ես Մաշկայի կաթով էի ապրել, ու զարմանալի չէ, որ առանձին քնքշանք ունեի դեպի այդ կենդանին, որին պահել, խնամել էի՝ սկսած մանկությունից։

Այդ առավոտ ես ու Հայկը լինգ գցեցինք Մաշկայի տակ և մի կերպ վեր քաշեցինք նրան։ Կեսօրին կովը նորից նստեց, ե երբ գոմը մտա, թախծոտ ու շաղված հայացքով նայեց ինձ։ Հասկացա, որ այլևս հույս չկա։ Փրկությունը խոտի մեջ էր։ Ի՞նչ անեի, խոտ որտեղի՞ց գտնեի։

Միայն մի հույս կար. մեր լեռնային խոտհարքում աշնանը ես մի բլրակ խոտ էի թողել ձյան տակ՝ այն մտադրությամբ, որ նրանով գարնանը վար անենք։ Այդպես, իրենց խոտի մի մասը սարում էին թողել նաև Հայկն ու մեր մյուս հարևանները։

Բայց էլ սպասելու տեղը չէր։

–Թքած վարի վրա էլ, աշխարհքի վրա էլ,— վճռեցինք մենք ու որոշեցինք գարնանացանի համար պահած խոտը սարից բերել։

3

Հաջորդ օրը բուք էր, անհնարին էր սար բարձրանալ։ Ես անասունները տարա անտառ՝ բողբոջ ուտեցնելու, իսկ Հայկը հրացանը վերցրեց և իջավ Ջուխտակ վանքերի ձորը։

–Ցամաք կոտորվեցինք, ուրիշ բան որ չլինի, հո՞ նապաստակ կբերեմ,— ասաց նա ինքնավստահ։

Քիչ անց Վանքերի ձորից թնդյուն լսվեց։ Երբ հրացանը երկրորդ անգամ որոտաց, ես անասունները թողեցի ու վազեցի այն կողմ։ Դեպի վանքերը տանող լանջով սայթաքելով գնում էի, մեկ էլ տեսնեմ Հայկը գալիս է՝ մի ահագին գայլ ձյան վրա քարշ տալով։ Եկավ, երջանիկ ժպտաց ու հարցրեց.

–Ո՞նց է, էս տղեն կարողանո՞ւմ է սպանել, թե՞ չէ։ Գովեցի, իրոք հաջող որս էր։

–Ո՞նց պատահեց, ո՞նց խփեցիր,— հարցրի ես՝ հետաքրքրությունից եփվելով։

–Ո՞նց, տղի պե՛ս...

Նստեց կոճղին, ծխախոտ փաթաթեց ու հետն էլ սկսեց պատմել։

–Հենց որ դուրս եկա վանքերի վրա՝ տեսնեմ դիմացիս դոշին երկու գել գնում են իրար հետևից։ Մադնանց չոբանը սուրուն էդ կողմի վրա էր տարել, երևի գնում էին նրա ոչխարներից անուշ անեն։ Գելերին որ տեսա, նստեցի ձնի վրա ու շվացրի։ Որ շվացրի, կանգնեցին։ Ետ մտիկ անելու համար մեծ գելն ամբողջ մարմնով շուռ եկավ։ Որ շուռ եկավ՝ կրակեցի։ Որ կրակեցի, էդ անտերը գոռգոռոցը գցեց ու սկսեց քոլոլվել ձնի հետ։ Որ գոռգոռաց, էն մեկն իրեն գցեց վանքերի կողմը։ Հենց փախչելիս՝ նրա հետևից էլ կրակեցի։ Համա բեղերս կկտրեմ, թե որ նրան էլ դիպած չլինի...

Այդ երեկո ձմեռանոցի բնակիչները հավաքվեցին մեր խրճիթը, բուխարին թեժացրինք, ու սկսվեց աշխույժ, հետաքրքիր զրույց որսի մասին։

Հայկը գազանին կախել էր սյունից ու տիկ էր հանում։ Երբ նա գայլի ամբողջ մարմինը բերանովը հանեց և աղ ու շիբ արավ, որ մորթին չփչանա, Մելոնց Ամին ասաց.

–Չէ, երևում է, որ կարգին որսկան ես եղել։

Հայկը հասկացավ, որ խոսքն իր մասին է, ականջը դեմ արավ. Ամին նրա շատ թե քիչ լսող ականջում բարձր ձայնով կրկնեց իր գովասանքը։ Հայկը շիկնեց, ապա մռայլվեց ու խոր հոգոց հանեց.

–Էս ի՞նչ որս է որ։ Դեռ տասնվեց տարեկան էի, որ իմ գնդակից պախրեն էլ չէր պրծնում։ Ի՜նչ թողեցին առաջվա Հայկից...

Եվ նրա խաժ աչքերում մենք արցունք նկատեցինք ու զգացվեցինք։ Իմ հիշողության մեջ վերակենդանացավ մեր Հայկը։ Գյուղի գեղեցիկ ու կտրիճ երիտասարդներից էր։ Միշտ քաջ, միշտ ազնիվ ու շիտակ։ Տմարդին այնպիսի լավություն կաներ, որ նա մինչև իր սրտի խորքը կզղջար իր անազնիվ արարքը։

Այդ երեկո այդ կարգի մի պատմություն արավ մեզ։

–Սրանից տասնհինգ տարի առաջ,— սկսեց նա,— որսկան Շաքարը, Ղազարանց Սամսոնը, մեկ էլ կարծեմ Ասատուրանց Քոքորը գնում էին որսի։ Խնդրեցի, որ ինձ էլ հետները վերցնեն։ Էն ժամանակ ես տասնվեց տարեկան էի, համա զենքի հետ էնպես էի մերվել, որ ծոցս դրած էի քնում։

–Ա՛յ պուճուր, քո բանը չի, զամբի2 տակով կլինես,— ասաց Շաքար ամին, բայց էլի մեղքը եկա, ինձ վերցրեց հետը։

Էդպես չորսով բարձրացանք մեր Խալ-խալլու սարը։ Մեր դիմաց Լոռին էր, իսկ հետևը՝ Դիլիջանի ձորը։

Սարում պախրաներ պատահեցին, սպանեցինք ու մոտեցանք Լոռու Ահնիզոր գյուղին։ Ինձ ուղարկեցին գյուղը, էշեր բերելու, որ պախրաների միսը բարձենք, տուն տանենք։ Գյուղամիջին ասացին, թե՝ Անդոնը կտա, էշեր նա՛ ունի։ Անդոնը հայտնի մարդ էր Լոռու ձորում։ Մոտեցա դրա դռանը, տեսնեմ՝ մի թեժ կրակ են արել, խոզ են խանձում։ Համա հենց սովել եմ, որ ծնկներս ծալվում են։ Կրակի վրա կարմրած խոզի տեսքից քիչ էր մնում ուշքս գնա։ Մոտ գնացի, պատմեցի մեր որսի մասին, էշ խնդրեցի։ Բանի տեղ չդրեց։ Ասում է՝ ես էշ չեմ պահել, որ սրան-նրան տամ... Ասում է ու գլուխն էլ չի վեր քաշում, թե տեսնի ո՞վ է հետը խոսողը։

Իսկի չասեց էլ, թե՝ սարից ես եկել, նստիր, մի կտոր հաց կեր։

Աչքս խանձած-կարմրացրած խոզի վրա մնաց։

Էդ օրվանից տասը տարի անց կացավ։ Համա սրտումս վրեժն անթեղած էր, ուզում էի էդ Անդոնին պատահեմ ու լա՛վ պատահեմ։ Միշտ հարցուփորձ էի անում, ասում էին՝ Անդոնը կա ու էլի Լոռու ձորերում մեծ պատիվ ունի։ Համա դե իմ աչքին նա ի՛նչ մարդ էր որ...

Հազար ու մի մեղավոր բաներ եմ մտածում։ Միտք եմ անում՝ գնամ դրա ոչխարի հոտը քշեմ-բերեմ, որ սիրտս հովանա, մեկ էլ ասում եմ՝ դա ավազակություն կլինի, նրան ուրիշ պատիժ պիտի տալ։

Մի խոսքով, գլուխներդ ինչ ցավացնեմ, Անդոնի էդ մի խոսքը տասը տարի սրտիս մեջ ցցված սուր էր մնացել։

Մի ամառ գնացի սարը։ Ոնց որ գիտեք, ահնիզորցիք էլ են ամառները մեր սարը գալիս։ Էդ Անդոնն էլ, լսել եմ, որ Մելոնց Արշակին բարեկամ է։ Արշակին աղաչանք արի, ասի՝ ախպե՛ր, ծախսը ե՛ս կքաշեմ, լսել եմ, Անդոնը սարումն է, հյուր կանչիր, ծանոթանամ, ասում են՝ շատ իգիթ մարդ է։

Համա դե ոչ ոք չգիտի, թե ինչ մտքով եմ կանչում։

Անդոնին հրավիրեցին։ Եկավ։ Մեծ խմբով եկավ, փառավոր եկավ։

Սարվորները թամաշի էին դուրս եկել։ Ահնիզորցիք ձիերից իջան, դրանց առոք-փառոք տարա իմ օջախը։

Էնպես մի առատություն էր՝ է՛լ սեր, է՛լ ղայմախ, է՛լ խմիչքներ, է՛լ թառ ու քյամանչա։ Ջահելներն էլ ապրշումե կանաչի վրա լախտի էին խաղում, իսկ մենք համ քեֆ էինք անում, համ նշան խփում։

Մինչև արևի մտնելը քեֆ արինք։ Անդոնի բերանը բաց էր մնացել, լացը գալիս էր, էնքան, որ սիրտը փափկել էր։ Վերջում բաժակը վերցրեց, առաջարկեց իմ կենացն ու էսպես դիմեց սարվորներին.

–Ա՛յ պողոսքիլիսեցիք, աշխարհից ուրիշ բան չեմ ուզում, մենակ թե Անանանց Հայկը մի օր իմ դռանը ձիուցը վեր գա։ Ու էն ժամանակ կտեսնի, թե ահնիզորցի Անդոնն ի՞նչ մարդ է...

Ես էլ չթողեցի, որ շարունակի, սուփրի էն ծերիցը վեր կացա ու բարձր ասացի.

–Քեռի Անդոն, մի անգամ ես քո դռանը վեր եմ եկել... Ասացի ու բեղիս սոսկ կծու քմծիծաղ տվի։

Անդոնը զարմացավ։

–Ե՞րբ, այ տղա։

–Սրանից տասը տարի առաջ...

–Դե լա՜վ, հանաք ես անում...

–Չէ՛, երկինքը վկա, քեռի Անդոն, ես քո դուռը եկել եմ։

Մոլորվեց, երևի մոռացել էր։

–Միտդ չի՞, որ սարիցը բեզարած, սոված եկա. էշ էի ուզում,–թրի նման վրա բերի ես։

Անդոնը գույնը գցեց, մին կարմրեց, մին էլ հենց դեղնեց, ոնց որ էս պատը։ Ժողովուրդը շունչը պահեց, իսկ ես հանդարտ շարունակեցի.

–Էն ժամանակ, քեռի Անդո՛ն, հիշում եմ, դու խոզ էիր խորովում, տկով գինին էլ կրակի կողքին մեկնված էր... Ահնիզորցի Անդոն (էստեղ ձենս բարձրացրի), իսկի ասացի՛ր, թե՝ ա՛ բալա, սոված կլինես, նստիր, մի կտոր հաց կեր...

Ժողովուրդը քարացավ։ Հարվածը էնպես անսպասելի էր, էնպես ծանր, որ բոլորն էլ՝ ծանոթն էլ, անծանոթն էլ ամոթից գլուխները քաշ էին գցել։

Անդոնի ճակատի ու վզի տամարներն էնպես էին ուռել, որ ասում էիր՝ էս մարդը հիմի կտրաքվի։ Խեղդվելով միայն մի բան կարողացավ ասել.

–Իմ նամուսը դու գետնովը տվիր, Անանանց Հայկ... Դեռ ահնիզորցի Անդոնի անունը ոչով էսպես ցեխը չէր կոխել...

–Ոչի՛նչ, քեռի Անդոն,— ասացի ես հանգիստ,— քեֆիդ կաց, աշխարհք է, էդպես էլ կպատահի։ Մենակ մի խնդիրք ունեմ քեզանից՝ որտեղ քո՛նն ասես՝ էնտեղ էլ ի՛մն ասա...

–Բա՜... նամարդ մարդին, էն էլ հարուստ՝ ամբարտավան մարդին, էդպե՛ս պետք է պատժես,– իր պատմությունը վերջացրեց Հայկը։

Բուխարու առաջ, թաղիքին ծալապատիկ նստոտած, մենք որոշ ժամանակ լուռ մնացինք, ազդված էինք Հայկի պատմությունից։

–Ասում ես պախրա սպանեցի՞ր,— հարցրեց Մելոնց Ամին։

–Հա, չորսը...

–Դե, պատմիր տեսնենք, ձմեռվա տարի գիշեր է, ո՜վ է քնողը...

Ամաչելով ես էլ իմ կողմից խնդրեցի։

Այն ժամանակ ես տասնչորս տարեկան էի, նոր էի սկսել որսորդությունը և հազար ու մի ցնորքներ կային գլխումս որսի հետ կապված։

Հայրս նոր էր եկել գյուղից, մյուս օրը միասին գնալու էինք սարից շալակով խոտ բերելու։ Նա գոմից եկավ, ճրագը հանգցրեց ու տխուր նստեց բուխարու առաջ՝ քարի վրա։

Ես հարցական նայեցի։

–Էգուց որ խոտ չհասցնենք, մինչև իրիկուն չի ապրի,—ասաց հայրս տխուր ու սկսեց լցնել իր կավե ծխամորճը։

Խոսքը մեր Մաշկայի մասին էր։

Հետզհետե նրա մտածմունքներն էլ ցրվեցին, քանի որ զրույցը գնում էր իր սիրած նյութի՝ որսորդության շուրջը։ Նա էլ քաշվեց խոսակցության մեջ։

–Միտս է, երեխեք էինք,— սկսեց նա,— աշնանամտին կալերում խաղ անելիս ամեն իրիկուն մեր գյուղի դիմացի սարից լսում էինք պախրի գոռոցը։ Ձենը դմբդմթալեն գալիս էր գեղը հասնում։ Մի օր էլ շատ շոգ էր։ Մեկ էլ տեսանք մեծ-մեծ պոզերով մի պախրա ճանճերից նեղացած, իրեն պոզահարելով ու պոչահարելով, արտերի միջով գալիս է։ Սրտապատառ փախանք։ Դա մեր տան տակով անց կացավ ու գեղի ներքին բոստաններով գնաց, Դիլիջանի գետն անցկացավ։ Որսկան Խալաթը չախմախավոր հրացանը վերկալավ, հետևից վազ տվեց։ Միտս չի, սպանե՞ց, թե՞ վիրավորեց։

Այսպես խոսք բացվեց եղջերուների մասին, ու մեր Հայկը շարունակեց իր կիսատ թողած պատմությունը։

4

–Դե՛, ոնց որ ասացի,— սկսեց նա,— էն ժամանակ ես տասնվեց տարեկան էի։ Մեր խմբի ղեկավար որսկան Շաքարը ասաց՝ պախրաները հիմա կլինեն Խալ-խալլվի դոշերին, քանի որ սարի էս երեսը արևին է մտիկ անում, տաք է, ձինը հալած կլինի։ Թե որ հալած էլ չլինի՝ քամին ձինը սրբում-տանում է լեռնամատներից ու թոփալախոտը բաց անում։ Հենց էդ բաց տեղերում պախրաները շարվում են ու արածում։

Դեռ աքլորը չէր կանչել, որ մենք, բաշլղներով գլուխներս փաթաթած, տրեխներիս մեջ տաք բուրդ դրած, դուրս եկանք ձմեռանոցից։

Արևը ծագելիս արդեն սարումն էինք։

Ճիշտն ասած, մեր սարերին որ մտիկ արի, սիրտս լցվեց։ Էն ռանգ-ռանգ ծաղիկները, էն փափուկ ատլասի պես կանաչը, մեր շուշանն ու նարգիզը, մեր էն սիրուն ուրթերը կարծես էլ չկային։ Ո՛ր կողմը նայում էինք՝ տկլո՜ր, ձյո՜ւն... Ոչ չոբանի ձենն էր գալիս, ո՛չ շների հաչոցը, ո՛չ էլ կովերն էին բառաչում մեր էն սիրուն սարերում։ Դրա համար էլ թուրքը քոչելիս, ետ է մտիկ անում, մեկ էլ է նայում իր սիրած սարերին ու դարդոտ ասում.

«Գեթդի գյուլ, գեթդի բլբուլ...3»։

Ադրբեջանցի քոչվորները, ոնց որ գիտեք, սարերին ուղղած մի Վոխուր բայաթի ունեն, ուր խոսում են սարի հետ, ծաղկի դետ, դարդ են անում, որ աշունքանում է։ Նրանք, ոնց որ գիտեք, լաց լինելով, մնաս բարի են ասում մեր սարերին ու տխուր երգում.

«Էլը քյոչտի արանա, դաղլար գալդի մարալա»4։

Ու էդ բայաթին էնպես են ասում, որ մարդի սիրտը կտրատվում է, ոչխարներն էլ են քար կտրած լսում...

Իսկապես որ սարը մնացել էր մարալին, ձմեռը նրանցից բացի ուրիշ շունչ արարած չկար մեր Խալ-խալլվում։

Դեմ էինք առնում ահագին զամբերի։ Ներքև ես մտիկ անում՝ անտակ ձոր է։ Հրացանի կոթով ոտիդ տեղ ես անում ու գնում, գնում փնչալով, քափ-քրտինքի մեջ կորած։

Շատ չարչարվեցինք, շա՜տ...

Մեր սարի Սառն աղբյուրը հո գիտեք։ Հե՛յ գիտի, աշխարհ, հա՜... Հո գիտեք, թե նրա կողքին ի՞նչ բռնկուտ, ի՞նչ թավուտ է։ Դուրս գալիս, ի՞նչ նարգիզներ են լինում։ Ամառը խոտ հնձելիս էնքա՛ն եմ նրա կողքին մածուն կերե՜լ, էնքա՜ն եմ քնել նրա մոտի ծաղիկների մե՜ջ... Հիմի տկլո՜ր, ո՛չ կանաչ, ո՛չ ծաղիկ։ Մարդու սիրտը լցվում է, որ Սառն աղբյուրն էդ օրն ընկած է տեսնում...

Աղբյուրի մոտ պճեղների տեղեր կային, կարծես կովեր ու մոզիներ ման եկած լինեին։

Պախրի նախիրը եկել է, ջուր խմել ու անցկացել,— ասաց Շաքար ամին, ու նրա էդ խոսքից մենք ամեն չարչարանք մոռացանք։

Աղբրի մոտ հաց կերանք, մի կուշտ ջուր խմեցինք։ Էստեղ Շաքար ամին ջուր խմելուց հետո մի սրտալի «օխայ» արավ, չուխի փեշով բեղերը սրբեց ու ասաց.

–Ջուր հո չի, մեռոն է, մեռո՛ն...

Մենք վեր կացանք ու պախրաների հետքը բռնած՝ գնացինք, ո՜նց ենք գնում...

Խալ-խալլվի գագաթը չհասած, Շաքար ամու կարգադրությամբ իրարից ջոկվեցինք ու ամեն մեկս մի կողմով սկսեցինք սարը բարձրանալ։

Վերջապես ես մենակ դուրս եկա լեռան գլխի «ուրթը»5։ Մի շատ սիրուն, արևոտ օր էր։ Ձյունը պլպլում էր ու էնպես էր աչքերս ծակում, խուտուտ ածում, ոնց որ թե մեկն էդ սարերում անհաշիվ ուլունքներ էր փռել։ Մտիկ եմ անում՝ Լոռու աշխարհքը ոնց որ ոտներիս տակ լինի։ Դիմացս Լոք, Լալվար, Լեջան սարերն են։ Բարձր ու հպարտ։ Հեռվում Թիֆլիսից դենը ընկած լեռներն են։ Իսկ շա՜տ հեռու մի սպիտակ կատար էր երևում։ Շաքար ամին ասում էր դա Կավկազի ամենամեծ սարերից է, անունն էլ Կազբեկ։ Ետ մտիկ արի մեր Ղազախի կողմը՝ ներքևում անտառնե՜ր, ձորե՜ր, մինչև Քուռ գետը երևում է։ Հարավի կողմը մտիկ անեմ և ի՞նչ տեսնեմ, որ լավ լինի. Մասիսի ծերը երևում է, սպիտա՜կ, ոնց որ շաքարի գլուխ։ Նրանից դեսն էլ մի բան սիրուն կապտին էր տալիս, հետո ոասկւսցա, որ Սևանա ծովն է։

Մի խոսքով, գլուխներդ ի՞նչ ցավացնեմ, էդ բոլորից բարձր կանգնած, Կավկազին եմ մտիկ անում շաղված-տարված ու ինձ ու ինձ մտածում, թե՝ յարաբ մեր աշխարհքի պես էլ սիրուն աշխարհք կա՞, թե չէ...

Դե մենակ մարդը էն ամայի սարի ծերին կանգնած՝ ինչ ասես, որ չի մտածի։ Էդպես բնության խորհրդով տարված՝ չգիտեմ ինչքան եմ մնացել կանգնած, վերջապես ուշքս գլուխս եկավ, հրացանս վիզս գցեցի ու առաջ գնացի։ Ձինը ուրթում խորն էր, բայց չէի թաղվում, երեսը սառած էր։ էնպես էի թեթև, կփկփալեն գնում, ոնց որ կոկիկ ճամփով։

Գնացի՜, գնացի՜, վերջը դեմ առա Լոռին Ղազախից բաժանող Խալափա սարին։

Դե մեր Խալափի գիժ բնավորությունն էլ հո գիտեք։ Ամառվա էն շոգին երբ արևը աշխարհքը էրում-խորովում է, Խալափում մեկ էլ տեսար հանկարծ երկինքը սևակնեց, գոռգոռաց, կարկուտ թափեց ու տավար-ոչխար ձորերը լցրեց։

Դե ձմեռն էլ գիժ է ու գիժ։ Խալափը մի բուք ու բորան արավ, մի բուք ու բորան, որ էլ ասել չեմ կարող։ Մի քարի տակ կուչ եմ եկել, ո՜նց եմ զնգըր-զնգըր դողացնում։

Որ բուքը հանդարտվեց, մի քիչ էլ առաջ գնացի ու դեմ առա ուրթի փեշին։ «Կարող է էստեղ պախրա լինի»,— մտածեցի ես, ու ոնց որ Շաքար ամին էր պատվիրել, փորսող տալով հասա ուրթի պռնկին։ Շունչս պահեցի ու գլուխս կամա՜ց հանեցի քարի կողքով։

Որ գլուխս բարձրացրի, սիրտս վեր թռավ ու սկսեց մորթած հավի պես թպրտալ։ Տեսնե՜մ, ի՞նչ տեսնեմ, որ լավ լինի, դիմացս մի ահագին նախիր հանգի՜ստ արածում է։ Քանի սիրտս խփում էր, ասի՝ չկրակեմ։ Ու մտիկ եմ անում բերանս բաց, խելքս գնացած... Ասա՝ ո՞նց են արածում էդ պախրաները, առաջին ոտով ձինը քանդում են, ետ տալիս, խոտը բաց անում ու պոկում։ Հետո՝ ուտելիս դունչները վեր են տնկում, խլուշ-խլուշ անում, չորս կողմը նայում ու էլի արածում։

Դե, ես ձեզ ի՞նչ պատմեմ, պախրա հո շատերդ եք տեսել. ոտները երկար, բարակ ու շիմշատ, մարմինները բարակ՝ կոկլիկ ու սիրուն, ոնց որ նախշ։ Որձերը շատ մեծ են, ամեն մինը մի եզան չափ։ Պոզեր ունեն, ոնց որ ծառի ճղներ, իսկ էգը պոզեր չունի։

Նախրից ներքև, մի թմբի վրա վեց պախրա ջուխտ-ջուխտ նստած՝ որոճում էին։ Զարմանալին էն էր, որ մեկը երեսը դեպի է՛ս կողմն էր նստած, մյուսը՝ է՛ն կողմը, որ մեկը առաջը նայի, մյուսը՝ հետևը։ Արածողներն էլ էդպես էին, մի մասը երեսը Լոռվա կողմն էր արել, մյուսը՝ դեպի Դիլիջան։

Էն ժամանակ, ոնց որ ասացի, տասնվեց տարեկան էի։ Էնպես խամ ու ջահել էի, ոնց որ երեխա։ Շշկլված, շունչս պահած մտիկ եմ անում որսին, իսկի չեմ էլ մտածում, որ կփախչեն, կամ սպանելու եմ եկել, էս ի՞նչ բանի եմ։

Որ շատ մտիկ արի, կշտացա, սիրտս էլ հանդարտվեց։ Ետ քաշվեցի ու նշան բռնեցի։ Հրացանի փակը բացելու չխկոցից պախրաները գլուխները վեր բարձրացրին, ականջներն սկսեցին ետ ու առաջ թեքել, սրել, իսկ մեծ բուղեն դունչն իմ կողմը մեկնեց ու սկսեց հոտոտել։

Նշան բռնեցի դրա կրծքին ու ոտը քաշեցի։ Որ հրացանը տրաքեց, դրանք խառնվեցին, հավաքվեցին իրար գլխի ու կարծես հրամանի էին սպասում։ Հրամանը ո՞րտեղից, նախրի ղեկավարին արդեն փռել էի, պոզերով, ոտներով քանդում էր ձինն ու խուլ բվվացնում։

Ու սկսեցի իրար հետևից կրակել հա՛ կրակել...

Խեղճ կենդանիները չգիտեին, թե գնդակը ո՛ր կողմից է գալիս, որ փախչեն։ Մեկ էլ որ կրակեցի, փախան դեպի ինձ ու քիչ էր մնում գլխիս թափվեն։ Երկու-երեք անգամ կրակեցի հենց դոշներին։ Ինձ տեսան ու ճղեցին դեպի Լոռու սարերը։ Դրանք որ փախան, նոր տեսա, որ ուրթում երեք պախրա է ընկած։

Քիչ հետո ընկերներս տեղ հասան, գովեցին ինձ ու միասին վիրավորների հետքն ընկանք, գնացինք։

Շաքար ամին նրանցից մեկին սպանեց մի ձորում։ Մեր որսը թաղեցինք ձնի տակ, և ես գնացի Ահնիզոր՝ էշեր բերելու։ Դրանից դենն արդեն գիտեք. Անդոնի մասին ձեզ արդեն պատմել եմ։

Համա մի հրաշք բան պատահեց ինձ, որ չեմ ասել։

Այ տղա, որ էշեր ճարեցինք, տարանք պախրաները բերելու, իմ աչքերը շաղվում են, գժվում եմ ու հրացանը դեմ եմ անում, որ Շաքար ամնին սպանեմ։ Բռնում են, աչքերս տրորում, Շաքար ամին կրակ է անում ու ինձ դնում կեծեցած մոխրի մեջ։ Դրանից ոտներս էրվել էին։ Վերջը որսորդները որոշում են, որ պախրաների մեղքից է։ Իհարկե, դատարկ բան է, մեղքի հարց չկար։ Կարող է կամ խղճահարվելուց էր, կամ թե չէ՝ էդ օրն էնքան էինք չարչարվել, մրսել, որ մարդկությունից էլ էինք ընկել։ Վերջը, գլուխներդ ինչ ցավացնեմ, ինձ էլ պախրաների հետ բարձում են էշերին ու բերում տուն։

Սադափլուն որ անց կացանք, ուշքս գլուխս եկավ։ Վեր եկա էշից ու մի կերպ, էրված ոտներով, կաղալով առաջ գնացի։ Մեր գոմերից ներքև անտառապահներն առաջներս կտրեցին, որ պախրաները խլեն։

Սամսոնը աղաչեց թե՝ «Հազար ու մի ցավի տեր մարդիկ ենք, թողեք տանենք, մեր ցավին ճար անենք»։

Չլսեցին։ Դե իմ գիժ ժամանակն էր։ Անցկացա ծառի հետևը, հրացանը մեկնեցի։

–Շան որդիք, ումնի՞ց եք պախրա խլում,— որոտացի ես ու էն է՝ ոտը քաշում էի, Շաքար ամին թևիցս բռնեց։

–Ադա՜, շաշ չես, մեզ Սիբիր կքշեն, ինչ ես անում,— ասաց նա կամաց ու հրացանս խլեց։

Վերջը անիրավները մեր որսը խլեցին ու գնացին Դիլիջան։ Մնացինք մղկտալով հետևներից նայելիս։

Մյուս օրը լսեցի, որ կառավարության մարդկանց վրա հրացան քաշելու համար ինձ բերդ են նստեցնելու։ Փախա Հաղարծնի գոմերը։ Հորեղբայրս՝ Ուսեփ քյոխվեն, հո գիտեք ինչ անուն ուներ, գնում է Դիլիջան՝ պրիստավի մոտ, թե՝ «Ջահել է, ղալաթ է արել, բաշխեցեք»։ Կարող է էդ արանքում կաշառքից-թանից էլ ժաժ եկած լինի, թե չէ, չեմ կարծում, որ առանց դրա մի բան դուրս գար։

Բա՜, էդպես բաներ, պախրեն մեր գլխին հարամեցին...— վերջացրեց Հայկը։

–Էն ժամանակ էլ էին հարամում, հիմի էլ,— տնքաց հայրս, ճրագը վառեց ու գնաց գոմը։

Երբ վերադարձավ, նրա աչքերը վիշտ էին արտահայտում։

–Մաշկեն սատկեց,— ասաց նա ու գլուխը կախեց։

–Հիմի էլ են հարամում,– կրկնեցի ես ցավով ու դանակը վերցնելով, գնացի իմ փայփայած կովը մաշկելու...

Մյուս օրը մենք բքի բռնված ծնկահար ձյան միջով քայլում, էինք դեպի լեռները։

Գնում էինք շալակով խոտ բերենք՝ կենդանի մնացած անասուններին փրկելու ոամար...

1934
1 Բուրջ անել - ծառի բողբոջներով կերակրել անասուններին:
2 Զամբ - Ձյան հյուս:
3 «Վարդն էլ անցավ, սոխակն էլ...»:
4 «Սարվորը դաշտ քոչեց, լեռները մնացին եղջերվին»:
5 Ուրթ - սարահարթ
Կատեգորիա: Վախթանգ Անանյանի ստեղծագործությունները







Добавить комментарий

Защитный код
Обновить

Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Миндальный хлеб (ншаац)

Миндальный хлеб (ншаац)В посуду влить теплое молоко с разведенными в...

Свинина жареная с айвой

Свиную корейку нарезать на порционные куски весом 130 - 150...

Фазан в вине

Обработанную тушку фазана посолить, обжарить со всех сторон на масле,...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта