Մայր արջը

Վախթանգ Անանյան / Вахтанг Ананян / Vakhtang Ananyan

Մայր արջը



Աշունը եկավ, և մեր անտառները նորից նախշուն շորեր հագան։

Քոչը սարից իջավ, ձմեռանոցները նորից կենդանացան կովերի բառաչից ու ոչխարների մայունից։

Գոմեշներն անտառ մտան և փնչոցով սկսեցին խժռել տանձ, կաղին ու վայրի այլ մրգեր։

Մեզ համար սկսվեց հետաքրքիր մի շրջան՝ թեժ խարույկների շրջանը։ Կրակը բորբոքում էինք անտառում, շուրջը նստոտած hեքիաթ լսում ու կեծացած մոխրի մեջ կարտոֆիլ խորովում։

Այն ժամանակ ես մի նիհար պատանի էի՝ ոչխարի մորթուց մեծ փափախը գլխիս, տրեխները հագիս, կեռ չոմբախը ուսիս։ Շորերս կարված էին տանը գործված կոշտ շալից, արմունկներս ու ծնկներս միշտ կարկատած։ Նրանի՞ց էր, որ ծառ շատ էի բարձրանում պտուղ քաղելու, թե՞ նրանից, որ ամեն օր կոխ էի բռնում ընկերներիս հետ՝ հագուստ չէր դիմանում ինձ։

Ծնողներս գյուղում էին ապրում, իսկ ես, իմ ընկերների հետ, տավար էի պահում ձմեռանոցում, որ գյուղից հինգ-վեց կիլոմետր հեռու, մի անտառոտ ձորում, Խալ-խալլու սարից եկող գետակի ափին։

Դա մի արևոտ ու մեղմ ձոր էր, քամիներից պաշտպանված։ Ամառը, սարերում հնձած մեր խոտը փոխանակ գյուղ տանելու, ծառի ճյուղերի վրա դարսում էինք, եզները լծում ու քարշ տալիս դեպի այդ ձորը, դիզում էինք ցանկապատի մեջ և ձմռանը բուք օրերին մեր անասունները կերակրում նրանով։

Քանի որ էլի եմ պատմություններ անելու ձմեռանոցի տավարածների կյանքից, ուզում եմ երկու խոսքով տալ մեր ձմեռանոցի պատկերը։

Այնտեղ ամեն տնտեսություն ուներ իր խոտի դեզը՝ աղքատներինը փոքր, արագիլի գզգզված բնի նման, իսկ հարուստներինը՝ վիթխարի, հսկայական։ Անծանոթ մարդը հենց հեռվից՝ դեզերի տեսքից որոշում էր, թե մեր գյուղացիներից ո՛վ ինչ ապրուստի տեր է։

Ամեն տնտեսություն ուներ մի գոմ, ուր կապված էին լինում ընտանի կենդանիները, և նրան կից գետնափոր մի խրճիթ, որի մեջ ապրում էր անասուններ պահողը։ Հարուստ մարդու գոմը մեծ էր լինում, բայց տունը դարձյալ խրճիթ էր մերի նման, որովհետև նրա մեջ իր «նոքարներն» էին բնակվում, իսկ տերը ապրում էր գյուղում։

Ամեն խրճիթում, պատի մեջ, լայն բուխարին էր, որ վառվում էր գիշեր-ցերեկ (դե, փայտն առա՜տ, տնից դուրս ես գալիս՝ անտառն է), պատի մեջ թարեքն էր, ուր կավե ամաններն էինք շարում, շեմքում պատին դեմ արած էր լինում ջրով լիքը կավե կուժը, իսկ նավթի ճրագը դրված էր լինում մրոտ սյունի ճոագաթաթին։

Մեր ձմեռանոցը բաղկացած էր այդպիսի 35-40 խրճիթից։ Հարևան ձորում ևս մի այդպիսի ձմեռանոց կար։ Նրանից դենը՝ մեկ ուրիշը։ Այդպես, այդ լեռների մեջ, անտառոտ ձորերում, գետակների ափերին ցրված էին մեր և հարևան գյուղերի ձմեռանոցները։

Այդտեղ մենք ապրում էինք մինչև գարուն, մինչև որ սարերը կանաչում էին և մեր անասունների հետ սար էինք բարձրանում, իսկ աշնան սկզբին նորից իջնում էինք ձմեռանոց, այնպես որ մեր անասուններն իրենց կյանքում գյուղ չէին տեսնում։

Ձմեռանոցում մենք հացի նեղություն էինք քաշում, բայց կաթ և կարտոֆիլ ամեն տնտեսություն ուներ։ Լուցկի, նավթ, շաքար այդ տարիներին չկար, իսկ ամենից դժվարը հագուստի հարցն էր։ Մեր հագուստներն այնքան էին կարկատել, որ երբեմն չէր հասկացվում, թե ի՛նչ կտորից և ի՛նչ գույնի են եղել դրանք։

–Այ կապդ կտրա՜ծ, ախր քեզ շոր չի դիմանում,— նախատում էր մայրս շորերս կարկատելիս։

Դե ո՞նց դիմանար, գնում ես անտառ փայտ բերելու, փշերը բռնում են փեշերիցդ ու քաշում։ Փայտը շալակում ես՝ բլուզիդ մեջքն է մաշում։ Գայլն ընկնում է հոտի մեջ, «հայ-հարայ» կանչելով, սայթաքելով, ընկնելով, վեր կենալով վազում ես հետևից, և երբ ուշքի ես գալիս, տեսնում ես շալվարիդ ծունկը պատռվել է։ Բարձրանում ես ծառը հաճար թափ տալու քեզ համար, անասունների համար, իջնում ես սողալով ու նայում շալվարիդ՝ փողքերը քրքրվել են։ Իսկ դիմացդ դեղին տերևների միջից վայրի սալորներն են կարմրին տալիս, դե եկ դիմացիր ու մի՛ բարձրանա սալորենին...

ժայռերն ես բարձրանում, քայլում ես կածաններով, խոտ ես կրում շալակով, գոմաղբն ես կողովներով դուրս տանում գոմից, ամեն մեկն իր բաժինն է քաշում հագուստիցդ, այդ բոլորին շո՞ր կդիմանա...

2

Ձմեռանոցում ես մի ընկեր ունեի՝ Սիմոն անունով։ Ինձնից վեց-յոթ տարով մեծ էր։ Մի լուռ ու հեզ տղա էր Սիմոնը, միշտ լուրջ, աշխատասեր ու տխուր. մանուկ հասակից զրկվել էր ծնողներից ե աշխատում էր հարուստ Աթոյի տանը։ Նա էլ ինձ նման կարկատած շալե շորեր էր հագնում ու գլխին դնում Աթոյի հնամաշ փափախը։ Սրտակից ընկերներ էինք մենք և այն նեղ տարիներին վերջին կտոր հացը կիսում էինք իրար հետ։

Սիմոնի հետ ցերեկները անասուններն արածացնում էինք հանդում, երեկոները մաքրում գոմը, խոտ լցնում մսուրները ու քնում գետնին փռած թաղիքի վրա, բուխարու առաջ։

Սիմոնի վարձը տարեկան մի մոզի էր ու մի ձեռք շոր։ Տավարած ժամանակս ինձ հետ շատ բաներ են պատահել, բայց այդ աշնանը մի զարմանալի, մի հրաշք բան պատահեց, որ մինչե մահս չեմ մոռանա։

Պատմեմ։

Մեր ձմեռանոցի մոտի անտառապատ բլրի մյուս երեսին, մի մռայլ ձորում, ահա հազար տարի է, որ երկու կիսավեր վանքեր են կանգնած։ Այդ ձորը Ջուխտ վանքերի ձոր է կոչվում։ Ես և Սիմոնը մեր անասուններն արածացնելու համար այդ ձորն էինք տանում։ Կիսավեր վանքերի շրջակայքում հին գյուղի ավերակներ կան, վայրենացած պտղատու այգի, որը շողշողում էր ամեն գույնի սալորների, տանձի, խնձորի տեսքից, իսկ վարելահողերում դեռ կարտոֆիլ կար։ Տավարածին էլ դա է հարկավոր, քանի աշուն է՝ խժռիր բնության տված ձրի բարիքները, հենց ձմեռը չոքեց դռանդ՝ վայ քո օրին, սրթսրթա ու վնգստա...

Մի օր էլ Ջուխտ վանքերից ոչ հեռու կարտոֆիլը թաղեցի կեծացած մոխրի մեջ ու նստեցի ժայռի գլխին։ Դիմացս ամբողջովին ծիրանի հագած անտառն է, որ ձորի երկու կողմերից բարձրանում է մինչև ծեր Խալ-խալլվի «գոտկատեղը»։

Նայում եմ ձորին, նայում եմ նախշուն անտառին, նայում եմ քչքչացող առվին ու մի տեսակ սիրտս լցվում է։ Միտք եմ անում, թե՝ յարաբ էս ի՛նչ ձեռք է ստեղծել էս սիրուն-շարմաղ բնությունը, էս շահմար օձի գույները։ Մեկ էլ միտք եմ անում, թե մեզ պես մարդիկ ինչի՞ են պետք, ինչի՞ ենք ապրում աղքատ ու անուսում։ Մի խոսքով, գլուխներդ ինչ ցավացնեմ, մարդ եմ, էլի՛, ինձ ու ինձ խոսում եմ քարի հետ, ծառի հետ, տերևի հետ, և հազար ու մի բան է անց կենում մտքովս, ու ամենից շատ սիրտս լցվում է այն բանից, որ դպրոցական պարապմունքները նորից սկսվել են, Աթոյի երեխաները կոկիկ հագնված նորից դպրոց են հաճախում, իսկ ես, ուսման կարոտը սրտիս մեջ, դեռ տավարած եմ և հույս էլ չունեմ, թե բախտ կունենամ կյանքումս երբևէ դպրոց մտնելու...

Այդ մտքերով տարված-մոլորված՝ պղտոր հայացքով ցած նայեցի, ու հայացքս կանգ առավ մի թուխ բանի վրա։ Մտքերս ցրվեցին։ Մի լավ մտիկ անեմ, տեսնեմ ժայռի տակ մի արջի քոթոթ պորտն արևին է արել ու քնել։ Սիմոնին ձեռքով նշան արի, որ շուտ գա։ Նա առաջ եկավ, կիսախորով կարտոֆիլը բերանում, աչքերից արցունք թափելով ու մոխրոտ ձեռներով։ Նշան արի, որ չխոսի ու մատս մեկնեցի ցած։ Տեսավ որսն ու ագահությունից աչքերը պսպղացին։ Մի քար վերցրեց, ուզում է խփի։ Տատանվեց, քարը մի կողմ դրեց և ուղղությունը ճշտելու համար ոչխարի կտիտ ցած գցեց։ Քոթոթն ականջը շարժեց, թաթով խփեց իր երեսին, կարծելով, թե ճանճերն են անհանգստացնում, և էլի քուն մտավ։

Սիմոնը վերցրեց քարը և զգուշությամբ ցած թողեց կտիտի ուղղությամբ...

Կակուղ թրխկոց լսվեց, և քոթոթն սկսեց ոտքերը ջղաձգորեն ցնցել օդում։ Մենք, չնայած մեր կատարած սարսափելի անխղճությանը, ուրախության ճիչ ու աղաղակով վազեցինք, որ քարափի մյուս ծայրով իջնենք ցած։

Հանկարծ անտառից մռնչյուն լսվեց։ Թավուտի միջից, տանձը բերանին խժռելով, դուրս եկավ վիթխարի մի արջ։ Նա, փնչացնելով ու թափված ճյուղերը ջարդելով, վեր բարձրացավ և իր ձագին արյունաթաթախ տեսնելով, այնպես աղիողորմ գոռոց բարձրացրեց, որ անտառը թնդաց։ Ցավագար հայացքով նայեց մեզ, հասկացավ ու ծառս եղավ ժայռն ի վեր։

Կարտոֆիլն ու անասունները թողած, մինչև ձմեռանոց մի շնչում փախանք...

3

Այդ երեկո ձմեռանոցի բնակիչները հավաքվել էին որսկան Մուկուչի տանը։ Սիմոնի հետ միասին, նրան հավասար, Աթոյի ծանր դագանակի համն առնելուց հետո, ուռած աչքերով մտա ծեր որսորդի խրճիթը։ Ամբողջ ձմեռանոցի ջահելներն այստեղ էին։ Ասատուրանց Ներսեսը մի ծակ դույլ թմբուկ էր դարձրել, իսկ Ակոյենց Գրիգորը թութակ էր նվագում։ Դա մի կատակերգ էր, որ նրանք հնարել էին սարում այդ ամառ «ճիլ» պանիր գողացած մի մարդու վրա։ Երգի մի տունն այսպես էր.

Հոռոմսիմ մոքիր, վեր կալ ուռը, Կոտրի էդ անամոթի կուռը, Որ չբացեր ձեր դագի դուռը։ Վա՜յ, տարել են թել-թել ճի՜լը, Ջա՜ն, տարել են թել-թել ճի՜լը...

Ամեն վերջին երկու տողն ասելիս, Վասոյենց Ենոքը թևերը վեր էր բարձրացնում, չուխի ծայրերը գոտին խրում ու պար գալիս։

Այսպես զվարճանում էին մեր ձմեռանոցի հովիվներն ու տավարածները, երբ ես ներս մտա ու նոթերս կախած կանգնեցի շեմքում։ Բուխարու մեջ մի քոթուկ այրվեց, փուլ եկավ, կրակը թեժացավ և լույսն ընկավ իմ երեսին։ Նվագ ու պար դադարեց. երևի աչքերս ուռած էին։

–Էդ անաստվածը քե՞զ էլ է թակել,— հարցրեց իմ ընկեր Գրիգորը։

Ես լռեցի, ապա արտասուքս հազիվ զսպելով, ասացի, որ այս անգամ Սիմոնի տերը մեղավոր չի, քանի որ անասունները թողել ենք հանդում, փախել։

–Ինչի՞ եք փախել, այ տղա,— հարցրեց ծեր որսորդը։

–Արջն էնպես գոռաց, որ լեղաճաք եղանք,— ասացի ես ու պատմեցի մեր գլխի եկածը։

Մեծ հետաքրքրություն առաջ բերեց իմ պատմությունը։

–Համա, տղե՛րք, զգույշ կացեք, քոթոթի արինը քթներիցդ հանելու է,— անկյունից խոսեց տավարածներից մեկը։

–Չէ, չէ, պոզե՛ր։ Մարդ հո չի, անասուն է, էլի, իրեն որսովը կընկնի-կմոռանա,— կարծիք հայտնեց Ենոքը։

–Տո~, շաշ ճիպրո, էն հավը, որ հավ է, հենց որ ճուտի կողքով անց ես կենում, արծիվ է դառնում, ուզում է երեսդ ծվատի։ Բա մերն իրեն ճուտի արինը կմոռանա՞,– վրա բերեց Գրիգորը։

Այսպես, մայրական զգացմունքի մասին թեր ու դեմ խոսում էին մեր ձմեռանոցի տավարածները, իսկ որսկան Մուկուչը լուռ ծխում էր՝ խորամանկ ժպիտը աչքերի մեջ։ Լռեց, լռեց, վերջում չիբուխից մի թանձր ծուխ արձակեց և դանդաղ ու հեղինակավոր ասաց իր կարծիքը.

–Ամեն կենդանի էլ ջիգյար ունի, անջիգյար շնչավոր չկա աշխարհքում։ Չասես թե անլեզու է, բան չի հասկանում։ Անլեզու է, բայց մայր ասածդ էն տեսակ փափուկ սիրտ ունի, որ դարդից իրեն քարափից վեր կգցի։ Մոր սիրտը մեկ է, կուզե մարդ լինի, կուզե կենդանի։ Մոր աչքը հանի՛ր, ճակատին կրակի՛ր, միայն թե նրա ջիգյարին ձեռք մի տալ, նրա ճուտին ձեռք մի տալ... Ես որսկան Մուկուչը չլինեմ, թե արջը թողնի, որ մարսեք ձեր անխիղճ արարմունքը...

4

Ահը սրտներումս՝ անտառի խորքում ընկած գերաններից տաշտ ու թիակներ էինք շինում։

Այդ ձմեռ Սիմոնի հովվության ժամկետը լրանում էր։ Ուզում էր նոքարությունից դուրս գար ու իր համար մի փոքրիկ օջախ հիմներ... Մենք էլ հա՛մ տավար էինք պահում, հա՛մ տաշտ ու թիակ շինում, որ տանենք Սևանի ծառազուրկ շրջաններում հացի հետ փոխենք ու դրանով մի փոքրիկ տնտեսություն կազմենք իմ ընկեր Սիմոնի համար։

Այնպիսի արևոտ աշուն էր, խաշամն այնպես էր խշխշում մեր ոտքերի տակ, զկեռն ու սալորն այնպես էին քաղցր մտիկ անում ծառերի վրայից, որ մարդու խելք էր գնում։ Դե, մեր Դիլիջանի աշունն էլ հո գիտեք։ Անտառը հո անտառ չի, հեքիաթներում ասած «գյուլլի բաղ» է։

Ասում էի.

–Սիմո՜ն, սա հո աշունք չի, աղքատի ամառ է սկսվել։ Երկինքը սկսել է աղքատ մարդկանց վրա քաղցր աչքով մտիկ անել։ Բանի եղանակը լավ է, ջալդ անենք, մի սել տաշտ ու թի շինենք, տանենք կռոյի երկիրը։

Ասում էր.

–Շինե՜նք, բա բաններս ինչ է, որ չշինենք...

Եվ Սիմոնը տաշում էր ամբողջ օրը առանց հանգստանալու, քրտինքի մեջ կորած՝ քթի տակ մի քաղցր բայաթի երգելով։

Այդ տաշտերի հետ ո՛չ միայն կապված էր նրա ապրուստը, այլև սերը, աչք ուներ Մադոնց Թունիի աղջկա վրա։

–Կարկատան ենք, հո մարդ չենք,— ասում էր նա դառնացած, նայելով իր հնամաշ արխալուղին։—Քե՛զ եմ ասում, բա մեզ աղջի՞կ կառնի... Հիմի էլ ես եմ աղջիկը, Աթոյի տղին թողած, նրա ջլթոտ նոքարին կառնե՞մ...

Եվ տնքում էր հոգեկան ցավից իմ ընկեր Սիմոնը, ավելի արագ էր խփում գերանին, տաշեղները թռցնում չորս կողմ ու իրեն-իրեն գանգատվում.

–Մեջքդ կոտրի, բախտ փայ անո՜ղ... Մեջքդ կոտրի, քյասիբի աստո՜ծ...

Ես սիրտ էի տալիս, թե՝ լավ կլինի, աշխարհքը կփոխվի։ Եվ նա սիրտ էր առնում, մանավանդ, երբ տեսնում էր, որ բարձրանում է կոկիկ տաշտերի ու թիակների կույտը։ Սիմոնը նրանց մեջ տեսնում էր և՛ ձմեռվա հացը, և՛ իր նշանի սիրուն արխալուղը, և՛ իր նշանածի նախշուն շորերը...

Արևը մայր էր մտել, երբ թեղի փայտից մի մեծ տաշտ վերջացրի և Սիմոնին հանձնելով, ասացի.

–Իմ կողմից քեզ նվեր.. . Թունիի աղջիկը միջին լվացք կանի...

Կարմրեց և, ինչպես երևում էր, ուրախացավ։

Տաշտերն ու թիերը ծածկեցինք խաշամով, նախիրը հավաքեցինք և ուրախ շվշվոցով գնացինք ձմեռանոց։

5

Թունիի աղջիկ Անահիտը աղջիկ հո չէր, շիմշատ մարալի պես մի արարած էր, նրա պես սիրուն, նրա պես խրտնած ու վախկոտ։ Վարդավառի տոնին, երբ նա մեր սարը հյուր եկավ, իմ ընկեր Սիմոնին թվաց, թե մերկ քարափներն էլ ալ ու ալվան ծաղիկներով զարդարվեցին։ Խեղճը մինչև ականջները սիրահարված էր այդ աղջկան, մղկտում-վառվում էր նրա համար, բայց հույս չուներ, քանի որ ուներ այն ժամանակվա աշխարհում ամենամեծ պակասությունը՝ չքավոր էր....

Ամեն իրիկուն արխաջի մոտ նստում էր Սիմոնն ու իր սրինգով լացացնում սարվոր կանանց։ Ես մանուկ հասակից նրա ընկերն էի ու նրա սերն իմ վիշտն էր դարձել, մաշում էր։ Շատ համոզեցի, որ ետ կանգնի իր խելագար սիրուց։ Ասացի. «Սիմո՛ն, դա գլուխ գալու բան չի, ձեռ քաշիր»։ Աչքերը լցվեցին, սիրտը կոտրված պատասխանեց.

–Ես էլ գիտեմ, որ կորած եմ, բայց դե չի լինում, սրտիցս դուրս չի գալիս... Ա՛ռ, խանչալի ծերով հանիր, ուրիշ կերպ դուրս չի գա...

Ասաց ու դաշույնը մեկնեց ինձ։

Մեղքս եկավ, բայց սիրտ չէի տալիս, օր-օրի աշխատում էի սառեցնել իր սիրուց։ Գիտեի, որ Թունին որոշել է իր աղջկան անտառապահ Արտեմի տղին տալ, քանի որ այն ժամւսնակ անտառապահն առաջին մարդն էր համարվում մեր կողմերում։

Մի օր սարում, երբ Անահիտը իջավ ձորը ծաղիկ քաղելու, առաջը կտրեցի։

Խրտնեց, ուզում էր փախչի, ասացի.

–Անահի՛տ, ես քեզ իմ քույրն եմ հաշվում, ինձնից չվախենաս... Ա՛յ աղջի, ասացի, քեզ շատ եմ սիրում, բայց իմ ընկեր Սիմոնին քեզնից էլ, աշխարհքից էլ ավելի եմ սիրում... Ինչի՞ ես մղկտացնում էն տղին, այ աղջի, մեղք չի՞ էն եթիմը...

Վախն անցավ, գույնը տեղն եկավ։

–Նրան ո՞վ է ասում, որ մղկտա... Իսկի էլ թող չմղկտա ուրիշի համար,— ասում է ու ծիծաղում։

–Ախր ո՞նց չմղկտա, դու դև ես, հո աղջիկ չես, քեզ տեսնողը բա քուն ու դադար կունենա՞...

–Դե, դե, շաշ-շաշ խոսալ մի,— չարացավ նա։

Ծիծաղեցի։ Ասի.

–Ես հո Սիմոնի տեղակ եմ ասում, նրա՛ սրտիցն եմ խոսում... Անահիտ ջան, արի կլինի խիղճ ունեցիր, Սիմոնին խոսք տուր... Ճիշտ է, աղքատ է, համա ոսկի սիրտ ունի, մեր կողմերում նրա պես տղա քիչ կա, դու նրա աղքատությանը մտիկ մի անի։

Անահիտը լրջացավ, շփոթվեց ու լռեց։

–Ես գիտեմ,— ասաց նա կամաց, աչքերը խոնարհած,— գիտեմ նրա սիրտը... Թող մի քիչ իրեն կարգի բերի, տուն-տեղ դառնա, որ իմ հերը...

Այդ խոսքի վրա խիստ կարմրեց, շփոթվեց ու կխտարի նման վազեց-փախավ դեպի վրանները։

Սիրտս թնդաց ուրախությունից՝ կարծես այդ հուրի-փերի աղջիկն ի՛նձ խոսք տվեց։ Վազեցի բարձրացա դիմացի սարի գլուխն ու ձորերը դմբդմբացրի.

–Սիմոն, հե՜յ... Սիմո՜ն... Ոչխարը դեսը թեքիր՝ քեզ համար լավ լուր եմ բերո՜ւմ... Գառը մորթի՝ ուրախ լուր եմ բերում, հե՜յ...

Գառան մասին ասածս կատակ էր, բայց մինչև տեղ հասա, Սիմոնն արդեն գառը մորթել էր ու չոքած կրակ էր անում։ Երևի սիրտը վկայել էր, թե ինչ մեծ աչքալուսանք եմ բերում իրեն։

–Այ տղա, ինչի՞ մորթեցիր,— հարցնում եմ նեղացած։ Ժպտում է։

–Բա իմ ախպեր տղի սիրտը գառան միս ուզի, ու ես չմորթե՞մ...

Նստեցինք կանաչի վրա, խորոված կերանք ու հետն էլ զրույց ենք անում։

–Էն ի՞նչ աչքալուսանք էր... Ի՞նչ էր պատահել,— զգուշությամբ հարցրեց Սիմոնը։

–Անահիտից խոսք եմ առել... երևում է, որ նա էլ քեզ է հավանում...

Այնպես ալեկոծվեց այդ խոսքից, աչքերն այնպես լցվեցին, որ խղճալուց քիչ մնաց լացս գար։

Պատմեցի իմ զրույցն Անահիտի հետ, շատ ուրախացավ։ Բայց իր մեջ ցույց չէր տալիս։

Եվ երբ աշնանամտին իջանք ձմեռանոցն ու սկսեցինք տաշտերը շինել, Անահիտի մորաքույր Աշխենը գաղտնի լուր ուղարկեց Սիմոնին, թե՝ «Ղոչաղ աշխատիր, կարգին շորեր առ քեզ համար, հագիր ու արի ինձ մոտ՝ բան ունեմ ասելու...»։

Ահա թե ինչպիսի բախտավորություն պիտի բերեին Սիմոնին մեր շինած տաշտերը։

6

Անտառապահ Արտեմի տղա Ռուբենը ձմեռանոց եկավ սև ձին հեծած, «այնալու» հրացանը վիզը գցած, արծաթապատ դաշույնը արծաթե գոտուց կախած։ Ձին քշեց ուղիղ անտառի խորքը, գտավ մեզ և բարևեց։

Աշխատանքը դադարեցրինք, բարևին պատասխանեցինք։ Երեսը քոսա, քիթը փոքր, աչքերը մանր, շորերը սիրուն, մի հպարտ տղա էր Ռուբենը։

Մտրակը խաղացնելով ու ցանցառ բեղերի տակ ծաղրական ժպիտով, ձիու վրայից հարցրեց.

–Լսել եմ հարստանալու պատրաստություն ես տեսնում, Սիմոն, խեր լինի, ի՞նչ ես իմացել...

Սիմոնը հասկացավ, դաղվեց։

–Թե որ հարստանա էլ՝ կաշառքով չի հարստանալու,— խայթեցի ես՝ անտառապահ հոր կաշառակերությունը հիշեցնելով։ Ռուբենը քմծիծաղ տվեց։

–Թույլտվություն ունե՞ք, որ տաշտ եք շինում,— հարցրեց նա, լուրջ, պաշտոնյայի տոնով։

Սոմոնը արխալուղի գրպանից հանեց Անտառապետությունից գնված տոմսը և մեկնեց.

–Հա՜ա՞...— մռլտաց Ռուբենը՝ կծու ժպտալով,— էդ թուղթը որ կա՝ անպայման կհարստանաք...

Ու ձիու գլուխը շուռ տվեց-գնաց։

Մյուս օրը եկանք և ի՞նչ տեսանք՝ մեր շինած տաշտերն ու թիերը ջարդած-թափած, ցրիվ տված։ Տասն օրվա մեր աշխատանքը ջուրն էր ընկել։ Կարգին ապրելու մեր հույսերը փուլ եկան։

Սիմոնն այնպես լացակումեց, այնպես կուչ եկավ վշտից, որ կարծես իր հարսանիքի հագուստներն էին պատառոտված-ցրիվ տված անտառով մեկ։

–Աղքատի ա՛ստոծ, ես քո էն էն, էն էն էն...— մռնչում էր Սիմոնը։— Ադա սո՛ւտ է, սո՛ւտ։ Արդարություն էլ չկա, աստոծ էլ։ Աստոծը նրա՛նց համար է, աստոծը միշտ եղը դմակին է քսում։ Գելն եկավ՝ վայ մեկի տիրոջը, ցավն ու չոռը եկավ՝ վայ մեկի տիրոջը, կարկուտն եկավ՝ վայ մի կտոր արտի տիրոջը... սուտ է, սո՛ւտ...

Սիմոնին մի կերպ հանգստացրի։

–Տարի աշունք է, այ տնաշեն, մեր կոներում էլ ուժ կա, էլի՛ կշինենք, ինչ ես մտածում։

Կոտրված սրտով նորից գործի կպանք։

Այդ օրը երկու տաշտ և վեց թի շինեցինք։

Մյուս օրը եկանք, տեսանք բոլորը ջարդած, թափած։ «Նահլաթ քեզ, չար սատանա։ Այ տղա, էս ո՞վ է մեզ թշնամություն անում...»։

Մտածում ենք, մտածում ու չենք գտնում։

Տեղներս փոխեցինք։ Ծմակի մյուս երեսին, մի խուլ ձորում նորից տաշտեր շինեցինք և թաքցրինք թափված տերևի շեղջի տակ։

Մյուս օրը եկանք՝ անվնաս են մնացել։ Ազատ շունչ քաշեցինք։

Անցավ հինգ օր։ Տաշտերն ու թիակները կոկիկ-կոկիկ նորից դարսվեցին իրար վրա։

Վեցերորդ օրը Սիմոնը թե՝

–Ա՛յ տղա, էլի մի փորձանք կգա, սելին բարձենք գյուղ տանենք։

Համաձայնեցի։ Արևը դեռ դուրս չէր եկել, երբ սայլը կանգ առավ անտառի խորքի մեր «արհեստանոցի» մոտ։ Սարսափով տեսանք, որ տաշտերը ջարդոտված, ցրիվ են տրված անտառով մեկ։ Սայլը թողեցինք այդտեղ, եզներն արձակեցինք ու սևակնած սրտով վերադարձանք ձմեռանոց։

Այդ դեպքերը ձմեռանոցում ասելիք էին դարձել։

–Կա-չկա, դա Արտեմի տղի արածն է. իրիկունը ձին նստած գնում էր էդ կողմերի վրա,— ասաց Ենոքը։

Սիմոնը գույնը գցեց, զայրույթից շրթունքները կապտել-դողդողում էին։

Ենոքի այդ խոսքը գնդակի նման ծակեց սիրտս, ուրեմն անտառապահի տղան թշնամությո՞ւն է անում։ Լա՜վ, որ այդպես է, տեսնենք ո՞ւմ մերը լաց կլինի... Էլ ո՞ւր եմ ապրում, որ իմ ազիզ ախպերը պետք է մղկտա, այդ հարուստի երես առած լակոտի ձեռից։

Ու մտքովս ի՜նչ մեղավոր բան ասես, որ չի անցնում... Բայց այդ իրիկուն որսկան Մուկուչը համոզված ասաց, որ արջն է ջարդում տաշտերը։

–Բա՞, որ ասում էի չեք մարսի՞... հիմի հավատացի՞ք,— հարցրեց նա խորհրդավոր և տխուր «ախ» քաշեց։ Բանն էն էր, որ անտառապահ Արտեմը նրա հրացանը խլել էր և սպասում էր «փեշքեշի», որ վերադարձնի։ Ծեր որսկանն էլ կողի էր ընկել, թքել էր աշխարհի կեղտոտ օրենքներին ու ձեռք վերցրել հրւսցանից էլ, որսից էլ։

«Կմեռնեմ, նամարդ մարդու դուռը չեմ գնա»,— ասում էր նա։

–Այ ջահելներ, դուք գնացեք մի քանի տաշտ էլ շինեցեք, գանք տեսնենք, էդ ով է ձեզ թշնամություն անողը,— պատվիրեց նա։ Մուկուչ պապը չգիտեր Սիմոնի սիրո պատմությունը, չգիտեր, որ գաղտնի կռիվ է գնում Սիմոնի ու անտառապահի տղա Ռուբենի միջև՝ Թունիի աղջկա համար։ Չգիտեր, այդ էր պատճառը, որ միամիտ ենթադրություններ էր անում, թե իբր տաշտերը ջարդողը մայր արջն է։

Ծեր որսկանի պատվերի համաձայն այդ օրը մի քանի տաշտ ու թիակ շինեցինք և կողքին էլ թեժ կրակ արինք։

Երեկոյան դեմ որսկանն եկավ կացինն ուսին, դաշույնը գոտուց կախ։

–Ծառը բարձրացեք ու ձեն-ձուն չհանեք,— կարգադրեց նա։

–Քեռի Մուկուչ, մենք մեր դուշմանը գիտենք, սա արջի արած բանը չի,— առարկեցի ես։

Ծեր որսկանը թավ հոնքերի տակից խեթ-խեթ նայեց ինձ ու բեղերի տակ փնթփնթաց.

–Փի՜ե, էս փսլնքոտի խելքին մտիկ... Ուրեմն ես խոտ եմ ուտո՞ւմ...

Հնազանդվեցինք. դե էն ժամանակ ո՞վ կարող էր մեծի առաջ խոսել...

Խարույկից քիչ հեռու տերևները դեռևս չթափած մի փոմփոխ կաղնու ծառ կար։ Բարձրացանք ու թաքնվեցինք այնպես, որ ներքևից բոլորովին չէինք երևում։

...Մթնեց։ Անտառի խորքում մի թռչուն սկսեց տխուր կանչել։ Ներքևից վշվշացող առվի ձայնն էր լսվում, մեկ էլ կրակն էր ճարճատում ու իր շողքերը խաղացնում մթին անտառում։

Այնքան մնացինք, որ խարույկն իջավ, արդեն կեսգիշեր էր։ Մեկ էլ վերևից խշխշոց լսեցինք։ Ծառերի տակ թափթփված չոր ճյուղերը ինչ-որ ծանր բանից ճարճատելով փշրվում էին։ Եկողն անասուն է, հետաքրքիր է՝ ա՞րջ է, թե Արտեմի տղեն է՝ ձին տակին։ Երևի հենց նա լինի։ «Նամա՜րդ, նամարդ սրիկա...»։ Արյունս եռում է, բարկությունից արյունս քունքերիս է խփում, քիչ է մնում ինձ ներքև շպրտեմ ու կտոր-կտոր անեմ իմ ընկերոջ դուշմանին։ Իսկ նա մեզանից անտեղյակ գալիս է առանց կանգ առնելու։

Եկավ, մոտեցավ՝ մայր արջն է, արջ մի ասի՝ մի դեզ ասա։ Եկավ կանգնեց, խոժոռ հայացքով նայեց կրակին ու խո՜ւլ բվվացրեց, կարծես ձայնը յոթ սարի հետևից էր գալիս։ Շուրջը նայեց, թաթերով շոշափեց կուտակված խաշամը, գտավ տաշտերն ու վրդովված փնչացրեց, իրար խփեց, ջարդեց։ Առաջի թաթերով վերցնում էր թիակները և հետևի ոտքերին կանգնած՝ խփում էր ծառի բնին՝ փշրում։ Վերջում մի տաշտ վերցրեց ու ինչքան ուժ ուներ շպրտեց ձորը։ Հետն էլ տնքում էր, վրչում, կարծես դաղված սիրտը հովացնում էր։ Մի թիակ էլ վերցրեց, կոթից բռնեց ու սկսեց խփել սայլի ակներին։

Բոլորը ջարդելուց-ցրելուց հետո էլի սիրտը չհովացավ։ Մռթմռթալով առաջ գնաց, բռնեց սայլի գլխից և ետ-ետ հրելով կանգնեցրեց կրակի վրա։

Մինչ այդ շունչներս պահած նայում էինք, բայց հենց որ տեսանք սայլն սկսում է վառվել, ծառի վրայից աղմուկ բարձրացրինք։

–Հե՛յ, հե՛յ, անտեր, ի՞նչ ես անում...

Մեր ձայնից նա պետք է որ փախչեր-հեռանար. միայն վիրավոր արջն է, որ հարձակվում է իրեն հարվածողի վրա։ Բայց այս արջը փախչելու փորձ չարավ։ Մեր ձայնը լսելուն պես գոռաց, առաջ եկավ ու գրկեց այն ծառը, որի վրա թաքնված էինք մենք: Նրա այդ արարքից մենք մնացինք ապշած, մոռացել էինք, որ նա էլ էր վիրավոր, էն էլ՝ սրտից...

Վերև հառած նրա աչքերի մեջ վրեժի կրակ էր վառվում, և նրա ցավոտ հայացքից մենք փշաքաղվեցինք։

Ճանաչե՞լ էր նա արդյոք մեզ՝ իր ձագը սպանողներիս, թե՞ զավակը կորցնելուց հետո բոլոր մարդիկ էլ ատելի էին նրան, դժվար էր հասկանալ։ Մի բան պարզ էր, որ չի մոռացել իր ձագի մահը և որոշել է վրեժ հանել մարդ արարածից։

«Ո՜նց թե էս անտերը մեր բուրդը քամուն է տալո՞ւ»,— ճղների մեջ թաքնված մտածում էի ես ու զընգր-զընգր դողացնում։

Արջը թափահարեց ծառը, ուսը դեմ արավ, որ շուռ տա՝ ուժը չպատեց։ Ապա չորս ոտը պատ տվեց ու սկսեց մագլցել դեպի վեր։

–Մուկուչ քեռի, մեզ կուտի, ինչ անենք,— հարցրեց Սիմոնը ահով։

–Ղալմաղալ մի՛ք անի,— սաստեց որսկանը դաշույնը հանելով։—Կացինները պատրաստ պահեցեք։

Գազանը փնչացնելով, բերանից փրփուր թափելով, վեր բարձրացավ ու հասավ մեզ։ Ծեր որսորդը կացինը վրա բերեց ու կտրեց նրա թաթը։ Արջն այնպես գոռաց, որ ծառը դողաց, բայց ցած չիջավ, ինչպես երևում էր, որոշել էր կամ մեռնել, կամ իր քոթոթի վրեժն առնել։

Եվ մենք հանգցրինք այդ կենդանուն այրող կրակը, կացիններով սպանեցինք նրան ու ծառից ցած գլորեցինք...

Այդպես, այդ անլեզու մայրը զոհ գնաց՝ իր քոթոթի կարոտն ու վրեժը փոթորկվող սրտում...

Ծանր ազդեց այդ դեպքն ինձ վրա։ Ու դրանից հետո թեև որսորդությամբ եմ պարապում, բայց ինչքան արջի, այծյամի կամ այլ կենդանու ճուտի եմ պատահել, ոչ մեկի մազին էլ չեմ կպել։

Հիմի ընթերցողը կհարցնի. «Վերջը Սիմոնի։ հարսանիքը գլուխ եկա՞վ, թե ոչ...»։

–Չէ՛, գլուխ չեկավ։ Խեղճ Սիմոնը այդ տարի էլ մնաց կարկատած արխալուղով ու չկարողացավ գնալ Անահիտի մորաքրոջ մոտ։ Ի՞նչ երեսով գնար, էլի հովիվ էր մնացել Աթոյի տանը...

Մահակն ուսին, հնամաշ շորերը հագին, գզգզված փափախը գլխին, սիրտը կրակով լիքը, հանդերն ընկած տխուր երգեր էր ասում իմ ընկեր Սիմոնը ու մղկտում իր կորած սիրո համար։

Ուշ աշնանը լուր եկավ, որ Անահիտին տալիս են անտառապահ Արտեմի տղին։

Հարսանիքի օրը Սիմոնը կորավ։ Շատ ման եկա, իրիկունը գտա Ջուխտ վանքերի ձորում։ Բերանի վրա պառկել էր, երեսը թաղել խաշամի մեջ ու լաց էր լինում, այնպես էր լաց լինում, որ կարծես սիրտը կտոր-կտոր էր լինում...

Այդպիսի տխուր վախճան ունեցավ իմ ընկեր Սիմոնի սերը։

Մեկ-մեկ մտածում էի, թե՝ որ Սիմոնը արջի ճուտին չսպաներ, գուցե նրա կյանքն ուրիշ ընթացք ունենար։ Մեկ էլ ասում էի՝ միևնույն է, անտառապահի տղա Ռուբենն իր ուժով ու հարստությամբ կխլեր նրանից իր սիրածը, աշխարհքը նրա՛ կողմն էր, աշխարհքի կեղտոտ օրենքները նրա՛ օգտին էին գրված...

Հարուստներից դաղված, սիրտը դառնություններով լիքը, Սիմոնը սար բարձրացավ և միացավ պարտիզաններին։ Գնաց Ղազախի ապստամբ գյուղացիների հետ պատսպարվեց լեռների ծերպերում, մթին քարանձավներում ու այնտեղից կռիվ մղեց բռնակալ կարգերի դեմ...



Այդ օրերից շատ տարիներ են անց կացել։ Անահիտը հիմի թոռներ ունի, բայց նրա մորաքույր Աշխենն ասում է՝ չի մոռանում իր առաջին սերը։ 

Սիմոնն էլ է ապրում, նա հիմա անվանի մարդ է մեր գյուղում, բոլորն էլ հարգում են նրան։ Իր ամբողջ կյանքում նա հավատարիմ մնաց իր անդրանիկ սիրուն և չամուսնացավ։

Ասում են այժմ էլ, ամեն աշնան տերևաթափի Սիմոնը գնում է Ջուխտ վանքերի ձորը, երեսը թաղում է թափված տերևների կույտի մեջ ու լաց լինում, արցունք թափում իր փշուր-փշուր եղած սիրո համար...

1934-40
Կատեգորիա: Վախթանգ Անանյանի ստեղծագործությունները







Добавить комментарий

Защитный код
Обновить

Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Толма из айвы

Толма из айвыКусочки баранины вместе с репчатым луком пропустить через...

Вырезка в сметане

Вырезка в сметанеВырезку очистить от пленки и жира и нарезать...

Рисовые колбаски (бумбар)

Рисовые колбаски (бумбар)Рис отварить до полуготовности, откинуть на сито, облить...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта