Գայլերը

Վախթանգ Անանյան / Вахтанг Ананян / Vakhtang Ananyan

Գայլերը

Ձմեռ էր, խիստ ու դաժան ձմեռ։

Հովվի օրը կտրվի, ձմեռը որ կա, հենց հովվի կաշին քերթելու համար է ստեղծված։ Այն էլ ինչ հովիվ՝ 15-16 տարեկան պատանիներ էինք՝ կարկատած շալե շորերով ու բրդոտ փափախներով։ Ձմեռանոցում ոչխար ու տավար էինք պահում։ Ցերեկը անասունները տանում էինք քամու սրբած լանջերն արածացնում, մենք էլ մի բլրի վրա «աթուրմա» էինք խաղում, որ տաքանանք, կամ թե խարույկ էինք վառում։ Կրակն իջնում էր թե չէ, տոպրակներից կարտոֆիլը հանում էինք ու լցնում շիկացած մոխրի մեջ։ Դե տղա ես՝ հանիր, մոխիրը փչիր ու փուլ-փուլ կարտոֆիլը կեր՝ բերանիդ պատերը այրելով...

ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ԾԱՌԸ

Մի օր էլ կրակ անելու հերթն իմն էր։ Վառ «ածխակոթը» տարա դրի մի չորացած ծառի փչակում։ Նախ մլմլաց, կուրացնող ծուխ արավ, ապա երբ այտերս ուռցրի ու «փուքսս» գործի դրի՝ հետզհետե թեժացավ։ Բոցը ճարճատելով բարձրացավ մինչև կատարը։ Ծառն սկսեց այրվել մի ոսկայական ջահի նման։

էլ ո՜վ նախրի մոտ կգնա։ Ընկերներս՝ Գրիգորն ու Տիկոն, տավար, ոչխար թողին մոտիկ բլրի լանջին և ուրախ կանչերով, թռչկոտելով եկան խարույկի մոտ։

– Պա'հ, պա'հ, պա'հ, ասծու ոտները խանձեց... համա կրակ է հա՜...

Օրը մթնում էր, իսկ հրդեհված ծառը դեռ վառվում էր, ճարճատում, կրակե հսկայական լեզուները երկարում դեպի ամպամած երկինքն ու լուսավորում մթին ծմակները։

Իսկ մենք, մոռացած ամեն բան՝ «հո՜ւ» էինք անում, թռչկոտում խարույկի շուրջը, ձնագնդով խփում ծառին, որից կայծերի խուրձեր էր արձակում ու ավելի բորբոքվում։

Մի գլխաչափ ձնագնդի մի ծայրին շիկացած քարեր էի դրել ու գլխիս քաշած՝ մյուս ծայրից հալվող ձյան ջուրն էի ծծում (հանդում աւդպես էինք ջուր ստանում, երբ աղբյուրից հեռու էինք լինում), մեկ էլ մի գոռոց լսեցի։ Մեր Ջեյրան կովի ձայնն էր։ Վազեցինք նախրի կողմը, ի՜նչ տեսնենք, ոչխարի հոտը խրտնած ցրիվ է եկել, իսկ ցուլերը գոռգոռալով դեպի ձորն են վազում։

– Ալաշ, հասիր... Փալաշ, հասի՜ր, հե՜յ...— գոչեցինք մենք և վազեցինք ցուլերի հետևից, իսկ մեր ընկեր Տիկոն մի քարի կանգնած շան նման հաչում էր։ Դրա հաչոցից, թե՞ մեր աղմուկից մեկ էլ տեսնենք երկու գայլ, մեկը մեր Չամբարիցն էլ փոքր, մազը թափված, մյուսը՝ մեր Բողարից մեծ, բերանները բաց՝ դուրս թռան ձորից ու մեզ տեսնելով՝ փախան դեպի անտառի խորքը։

Մի քանի քայլ ևս՝ և տխուր տեսարան բացվեց մեր առաջ, մեր թուխ ոչխարն ընկած է ծառի տակ, դմակն ու փորը պատառոտված, իսկ ցուլերը նրան շրջապատել են, արյունից հոտ են քաշում ու գոռգոռում։

Լացս եկավ. բերանիս պատառով «Թխլիկիս» կերակրել, մեծացրել էի։

– Բայց զոռբա շուն ես եղել, Տիկո՛, էսօր մեր Ալաշին էլ անցկացար, թե չէ էդ անիրավները ոչխարներին կոտորելու էին,— կատակեց Գրիգորը։

Արցունքի միջից ծիծաղեցի։ Դեռ լավ էր, որ վնասը քիչ էր. առածն ասում է՝ «Տերը տարածին է փոշման, գայլը՝ մնացածին»։ Սրանով էլ մխիթարվեցինք ու տավար-ոչխար հավաքելով, սրտներս կոտրած՝ քշեցինք դեպի ձմեռանոց։

Հեռվում չարաբաստիկ ծառն էր վառվում մի հսկայական ջահի նման, իսկ գայլերը Ագռավի քարի գլխին հավաքված՝ խմբով ոռնում էին։ Երևի շատ էին դժգոհ, որ թալանը գլխներին հարամեցինք։

ՈՐՍՈՐԴ ԳՐՎԵՑԻՆՔ

– Չէ՛, տղե'րք, առանց հրացանի յոլա գնալ չի լինի, էդ անտերները մեզ քանդեցին, էն օրն էլ Ղուկասանց Արշակիցը վեց ոչխար կոտորեցին,— ասաց մեր ընկեր Գրիգորը, Թխլիկիս «մահվան» հաջորդ օրը։

– Բա ի՞նչ անենք, մեզ հրացան չեն տա։

– Ասում են՝ գյուղում որսկանների միություն է կազմվել, եկեք միության անդամ դառնանք ու հրացան ստանանք,— առաջարկեց Գրիգորը։

– Գրվե՜նք, գրվե՜նք...

«Չոբանների խորհուրդը» որոշեց ինձ պատգամավոր ուղարկել գյուղ։ Երեկոյան գնացի գյուղ, մահակը ուսիցս ցած բերի ու մտա հեղկոմ1։

–Օ՜, բարո՜վ, բարո՜վ, չոբան ախպեր, տղե'րք, ա՜յ ձեզ լավ պատկոմացու։ Պատկոմ2 գրենք, հը՞,— դարձավ ընկերներին կոմերիտմիության բջջի քարտուղար Պետրոսը։ Մի կարճ շալվարով պատանի, ոտներն ու ձեոները՝մինչև կեսը բաց՝ խուզարկու աչքերով զննում էր ինձ։

Շփոթվեցի։ «Երևի պատկոմների մեծն է, քաղաքից է եկել»,— անցավ մտքովս։ Մեր հարևան Միկիչն էլ այն կողմից կատակով թե՝

– Ձեռ քաշեք, չոբանից ի՞նչ պատկոմ,— որ չասաց՝ անհարմարությունից քրտնեցի։

– Ինչի՞, աչքաբաց տղա է, գրեցե՛ք,– պնդեց Պետրոսը։– համ էլ փոքրահասակ կոմերիտականները պետք է անպայման պատկոմ գրվեն,— ավելացրեց նա։ Ես այն ժամանակ կոմերիտական էի։

Գրեցին ու մի կարմիր փողկապ էլ կապեցին վզիցս։

Իսկական «պատկոմ» կնքվեցի, բայց փողկապը բոլորովին չէր սազում ահագին փափախիս, ուսիս դագանակին ու կարկատած շալե շորերիս։

Այդ երեկո Պետրոսի և հորս հետ գնացինք որսորդական ընկերության նախագահ որսկան Ակոփի մոտ։

– Ա՛յ բալեք, ախար հրացանը ձեր ի՞նչ բանն է, որս անելը ձեր ինչ գործն է։

Ու Ակոփ բիձեն պատմեց արջի մասին, թե ինչպես նա շատ հաճախ «իսկի հրացանին մտիկ չի անում, երկաթե կռներ պետք է ունենաս, որ տեղն ընկած ժամանակ հետը կոխ բռնես»։

Բայց մենք նրանից պոկ եկող պտուղ չէինք։

Պետրոսը բացատրեց, որ գայլերը վնաս են տալիս, համ էլ հրահանգ կա, որ կոմերիտականներին ու պատկոմներին հենց փոքրուց զենքի վարժեցնենք, որ ապագայում «իգիթ տղերք» դուրս գան։

Քաղաքացիական կռիվները նոր էին վերջացել, գյուղում այն ժամանակ զենք շատ կար. դժվար չէր հրացան ստանալ, տասնվեցից բարձր հասակ ունեցող բոլոր կոմերիտականներն էլ զինված էին։

Մեզ անդամագրեցին ընկերությանն ու հրացաններ տվին։

Դե հիմի թող գայլերը համարձակվեն մոտենալ մեր հոտին...

ԱՌԱՋԻՆ ՈՐՍԸ

Այդ գիշեր քունս չտարավ։ Դե հրացանը իմ գլխավերևում պատն ի վեր կանգնած է, իսկի կքնե՞մ որ...

Հենց աքլորն առաջին բերան կանչեց՝ ես վեր թռա տեղիցս, սառը ջուրը երեսովս տվի, տրեխներիս մեջ բուրդ դրեցի, հագա և մի շաբաթվա ուտելիքի պաշարով ու հրացաններով բեռնավորված՝ դուրս եկա տնից։ Մայրս շատ ստիպեց, որ մնամ լուսանա, չլսեցի։ Հրացանը չափահաս տղամարդու սիրտ էր տվել ինձ։ Բացի դրանից, ուրիշ հաշիվ կար։ Գիտեի, որ լուսադեմին նապաստակները ճանապարհների վրա են լինում, որոշել էի բախտս փորձել։

Ձմեռանոցին դեռ չէի հասել, երբ տեսա ճամփի եզրին մի բան պլշած ինձ է նայում։ Իսկ և իսկ նապաստակ։ Ինձ տեսնելուն պես երեսը շուռ տվեց։ Ա՜յ քեզ հիմար կենդանի, երեսը դենն է անում, որ իրեն չտեսնեմ... Ծիծաղս հազիվ զսպեցի։

Դե, որսկան տղա՞, շնորհքդ տեսնեմ։ Իմ բաժին «Մոսինը» լցրած պատրաստ էր։ Հրացւսններն ու խուրջինը ուսիցս կամաց վեր դրի, չոքեցի ու տրա՜ք...

Նապաստակը վեր թռավ, օդի մեջ գլուխկոնծի տվեց ու փռվեց ձյան վրա։ Անպատմելի մի ուրախություն պատեց ինձ։

Որսս վերցրի ու երգելով, սար ու ձոր թնդացնելով մտա ձմեռանոց։

Ընկերներս՝ շների հետ միասին, գոռում-գոչյունով դիմավորեցին ինձ։

– Հրացաննե'րը, հրացաննե'րը...

– Մի որսկանիս տեսեք, մի սրա որսը տեսեք...

Այնպիսի մի ուրախություն էր պատել ընկերներիս, որ շշկլվել էի, չէին թողնում մի խոսք էլ ես ասեմ։

– Տղե՛րք, մի ձեռաց խորոված չանե՞նք,— հարցրեց մեր ավագը՝ Գրիգորը։ Բայց դա հարց չէր, այլ՝ հրահանգ։

Իսկույն մասրի թփից շամփուրներ շինեցինք, բուխարին թեժացրինք, որսը խորովեցինք, կերանք ու ամեն մեկս մի «Մոսին» հրացան շալակած՝ անասունները քշեցինք հանդ։

– Դե հիմի թող գա, տես փորը ոնց եմ թափում...

– Թոքը ձախ կողքովն եմ հանելու...

– Մեռած բան է, որ մեկն ու մեկին չսպանեմ...

Այսպես գլուխներս գովելով հանդ գնացինք՝ հենց այդ օրը գայլերին կոտորելու մտադրությամբ։

ԹՆԴԱՑՆՈԻՄ ԵՆՔ ՍԱՐ ՈԻ ՁՈՐ...

Բայց մեր հաշիվը սխալ դուրս եկավ։ Գայլերը, ինչպես երևում է, գլխի էին ընկել, որ վտանգ է սպառնում իրենց, նրանք էլ են հասկանում՝ ձեռքինդ հրացա՞ն է, թե փայտ։ Բայց մենք պարապ չմնացինք, սկսեցինք զինավարժությունները։ Դանակով հինգ կոպեկանոցի չափ նշան էինք անում ծառի բնին ու սկսում հերթով կրակել վրան։ է՛, երեք հրացա՜ն, մենք էլ կրակոտ տղաներ, փամփո՞ւշտ կդիմանա։

Ամեն հրացանին մի փամփուշտ էր մնացել, երբ բախտներս բացվեց. Տիկոն Գառնաքարի փչակներից մեկում մի տոպրակ փամփուշտ գտավ։ Ո՜վ գիտի՝ ո՛վ և ի՛նչ նպատակով էր թաքցրել... Բայց լավ էր թաքցրել՝ խո՛րը, չոր տեղ։ Որ տոպրակը շուռ տվինք կանաչի վրա՝ աչքներս շլացան դեղին պղնձի փողփողալուց...

Անպատմելի ուրախություն պատեց մեզ։ Գրիգորը դատարկ պարկուճներ շարեց մի սալ քարի, քսանհինգ քայլ չափեց ու ասաց.

– Ով պլոճիկ ունի, թող մեյդան գա...

Տիկոն կրակելիս երկու աչքն էլ խփում էր, դե նրա կրակածը` հեչ։ Ես հինգ պարկուճից երկուսը թռցրի՝ վզ՜զ՜...

Գրիգորը չոքեց ու մնացած պարկուճները իրար հետևից թռըրեց։ Գնացինք գտանք, բոլորն էլ կիսից ծակված...

Այնպես վարժվեցինք մեր զենքին, որ հետագա օրերին պատահում էր, որ գնդակով կտրում էինք խոտի ցողունը, ծաղկի վիզը, տերևի կոթը...

Իսկ երբ վերջանում էր շաբաթը՝ երեկոյան, հրացանները ուսներիս, գյուղ էինք գնում ու մասնակցում պատկոմական կոլեկտիվի հավաքույթներին։

Անցավ չորս-հինգ շաբաթ, գայլերը չկան ու չկան։ Բայց օր չի անցնում, որ կաքավ, նապաստակ չսպանենք։ Վայրի կատվին փախցնում ծառն էինք հանում ու տակից զինվորական կարգով համազարկ տալիս։

Մեր «հրամանատար» Գրիգորը հրահանգում էր.

– Դա՜սակ, կրա՛կ...

Ի՜նչ դասակ, երեք հոգի էինք... Եվ երեք հրացան միասին թնդում էին։ Կատուն կամ սկյուռը ճյուղից-ճյուղ դիպչելով ընկնում էր ցած, իսկ շները ծառի տակ պպզած, դունչները վեր տնկած՝ «հա'փ» էին անում և օդում բռնում խփված կենդանուն։ Մեր որսած կենդանիներին մաշկում էինք, մորթիները չորացնում ու խփում խրճիթի պատին։

Իսկ ո՞ւր մնացին գայլերը։ Նրանք գիշերները ոռնում էին կամ ձմեռանոցի մոտերքում մինչև լույս շների հետ գզվռտվում, բայց ցերեկով հոտին մոտ չէին գալիս, կրակոցներից հասկացել էին, որ զենք ունենք։

Բայց մի երեկո, երբ հոտը տուն էինք բերում, մազը թափված փոքր գայլը երևաց հոտի առաջ ու պտույտ գալով ցատկեց անհետացավ թփերի մեջ։ Ոչխարները խրտնեցին և դուրս եկան ճամփից, իսկ վերևում մեր Բողարը ո՜նց է ոաչում ու կոնձկոնձում։ Ետ նայեմ տեսնեմ՝ մի ահագին գայլ բռնել է ոչխարի դմակից, իսկ շունը թռել է նրա շալակն ու գզում է։

– Հայ հա՜րայ... Ղայթա'ր, Բողա'ր...

Հրացանները թնդացին ձորում, գայլը ոչխարին թողեց փախավ։

Երբ այս դեպքը պատմեցինք ձմեռանոցի ամենածեր հովիվ Մելքոն ապնին, նա քմծիծաղ տվեց, չիբուխը վառեց ու ծխելով սկսեց երկար-բարակ պատմել գայլերի խորամանկության մասին։

– Հիմա գելերը ձեզ խաբել են հա՜,— ասում էր նա բեղի տակ ծիծաղելով։—Էն պուճուրը որ կա՝ էգն է, մեծն էլ՝ որձը։ Չոբանին խաբելու համար էգը սուրվի առաջին երևում է, որ նրա հետևից վազեք, իսկ որձը (ախր նա ուժեղ է) հետևից էնպես է փախցնում ոչխարին, որ իսկի դուք էլ չիմանաք։ Համա Բողարը ձեզանից խելոք է։ Նա հո ձեզ պես միամիտ չի, որ սուրուն թողնի, փախչող գելի հետևից ընկնի...

Բողարն օջախի առաջ պառկած, իմաստուն աչքերով նայում էր Մելքոն ապնին ու պոչը մտերմաբար շարժում։ Կարծես հասկանում էր, որ իրեն են գովում։

ՓՈՐՁԱՆՔ

Մի օր շատ ձյուն տեղաց։ Մառախուղն այնպես էր գետնին չոքել, որ մատդ մարդու աչք կոխեիր՝ չէր տեսնի։ Ձյունն անդադար գալիս էր։ Երեկոյան դեմ տավարն առաջից, ոչխարը ոետևից՝ հանդից ճամփա ընկանք դեպի ձմեռանոց։ Այդ օրն էլ, հակառակի պես, շները հետներս չէին. Ալխանանց Արշակի կովը ժայռից վայր էր ընկել, շներն ամբողջ օրը լեշի վրա էին։

Մոտեցել էինք ձմեռանոցին, երբ հազիվ նկատեցի, որ ճամփի կողքից մի գորշ, փոքր կենդանի միացավ հոտին։ Ոչխարները թեթև խրտնեցին ու նորից հանդարտվեցին։

Սիրտս ահ՛ ընկավ։ Ասի՝

Տղե'րք, լսել եմ, որ էգ գելն իրան շուն է ձևացնում, խառնվում հոտին ու գիշերը գոմում ոչխարներին կոտորում։

Ընկերներս վրաս ծիծաղեցին։

– Ա՛յ դմբո՜, գելը որ սուրուի մեջ մտնի, էսպես հանդարտ կգնա՞ն։

– Էն օրվա գելը տեսա՞ր, ոնց որ մի պուճուր թազի լիներ, ոչխարները հենց կարծում էին, թե շուն է։ Նա էնպես հնարքով է բարեկամանում, որ չեն խրտնում։

Այսպես պատճառաբանեցի ես ու գայլի այդ խորամանկության մասին պատմեցի բոլորը, ինչ որ լսել էի փորձված որսորդներից։ Առաջ գնացինք, հոտը աչքի անցկացրինք՝ ոչինչ չկար։ Ընկերներս սկսեցին ինձ ձեռ առնել.

– Խե՜ղճ երեխա, վախեցել է, աչքին գել է երևում...

– Գյադեն քաջքերի փայ կդառնա...

– Տղեն փորձված որսկան է, հո մեզ նման չի...

Այնքան էի վրդովվել, այնքան էի չարացել, որ մտքումս ասում էի. «Երանի մի լավ կոտորի, որ խելքներդ գլուխներդ գա»։

Հոտը տեղավորելուց և ընթրելուց հետո թաղիքը փռեցինք բուխարու առաջ, պառկեցինք վրան ու կարպետը գլուխներիս քաշեցինք։ Բայց ահը սրտումս է, չգիտեմ ինչու մի տխուր նախազգացում պատել է ինձ։ Մեկ մտածեցի՝ ճրագը վառեմ, գնամ գոմը ստուգեմ, մեկ էլ վախեցա ընկերներս նորից ծաղրեն ինձ։

Քնեցինք։

Գիշերվա մի ժամին թմփթմփոց լսեցի։ Քնաթաթախ վեր թռա, աչքերս տրորեցի, ականջ դրի. գոմի կողմից ձայներ են լսվում, ոչխարները պատեպատ են դիպչում ու դմակները ծափ տալով՝ դես-դեն փախչում։

– Այ տնաքանդներ, վե՛ր կացեք, գելերը ոչխարը կոտորեցին,— գոչեցի ես, ճրագը վառեցի ու դուրս վազեցի։

Գոմի դուռը հենց բացեցի, մի թուխ կենդանի թռավ դեպի ինձ, որ դուրս փախչի՝ խփվեց դռան եզրին։ Դուռը փակվեց, ճրագը հանգավ, ես մնացի ներսում։ Տեսնեմ՝ գոմի առաստաղից հող է թափվում։ Նայեցի՝ գոմի կտերը մի փոքրիկ անցք է երևում։ Վերևից մի ուրիշ գայլ այդ անցքը լայնացնում է թաթերով, երևի նրա համար, որ ընկերոջն էլ, սպանված ոչխարներին էլ դուրս հանի այդ ծակով։

Մթնում չոմբախս պտտում եմ ու գոռգոռում, մինչև որ տղերքը ներս մտան՝ ածխակոթերը ձեռներին։ Գոմը լուսավորվեց։ Շները գոմի կտերը որձ գայլին են գզում, իսկ ներսում էգը պատեպատ է դիպչում, թռչում վեր, ոչխարներին խրտնեցնում։ Վրա հասանք, դրա գլխին տուր թե կտաս՝ մե՜կ, հի՜նգ, տա՜սը... շշմեց վայր ընկավ։ Ոսկորները ջարդեցինք ու պոչից բռնած քարշ տալով դուրս գցեցինք։

Բայց դե, անիրավը սարսափելի ջարդ էր տվել։ Հաշվեցինք. քսանութ ոչխար սպանված էր։ Անխիղճ գազանը նրանցից մի քանիսի բկերը ծակել էր ու պատն ի վեր ցից կանգնեցրել՝ ճիշտ Մելքոն ապնի պատմածի պես։ Շատերին էլ խուճապահար հոտն ինքն էր ոտի տակ տվել, սպանել, իսկ կենդանի մնացածները քրտինքի մեջ կորած հևում էին։

Գայլի վատն էլ հենց այդ է. կոտորում է, ինչքան որ հաջողվի։

– Որ ասում էի գայլը խառնվեց ոչխարներին, վրաս ծիծաղում էիք, տեսա՞ք...

Ոչ ոք ինձ չպատասխանեց, բոլորի սրտից էլ «սև արյուն էր գնում»։

Միակ մխիթարական բանն այն էր, որ գայլին տիկ հանեցինք ու մորթին հանդիսավոր կերպով կախեցինք պատից՝ վայրի կատվի զոլավոր մորթու մոտ։

«ՈՉ ՄԻ ԳԱՅԼ ՄԵՐ ՀԱՆԴԵՐՈՒՄ»

Մյուս օրը Տիկոյի տերը՝ Սողոմը գյուղից եկավ փրփրած և ուզեց նրան ոտի տակ տալ՝ տրորել։ Բայց «չոբանների խորհրդով» մի մարդու պես կանգնեցինք մեր ընկերոջ թիկունքին ու պաշտպանեցինք։

– Էլ էն կարգերը չեն հա՜, խելքդ գլուխդ հավաքիր... Ինչ է, փորձանքը հո Տիկոն չի բերել,— առաջ եկավ մեր խմբի պետ Գրիգորը՝ աջ ձեռքը դաշույնի դաստակին դրած։

Տիկոյի աղան սրտնեղած թքոտեց, մռթմռթաց թե՝ «Ես ձեր պատկոմ գրողի ինչն ասեմ...»։ Հայհոյեց ու սպանված ոչխարները սայլը լցրեց-տարավ՝ գյուղաքաղաքում վաճառելու։

Հավաքվել ու մտածում ենք, էլ ի՜նչ ռազմականացում, էլ ի՜նչ կոմսոմոլ, ի՜նչ պատկոմ, որ այսքան թուք ու մուր գա մեզ վրա։

Որոշեցինք՝ ինչ էլ որ լինի վրեժ հանել կենդանի մնացած գայլերից։

– «Ոչ մի գայլ մեր հանդերում»,— ահա մեր պատկոմական–որսորդական լոզունգը,— հանդիսավոր հայտարարեց մեր պետ Գրիգորը, և որոշեցինք գայլերի դեմ գործի դնել նաև թակարդն ու թույնը։

Մյուս օրն ընկերությունից բերինք մի թակարդ ու մի քիչ էլ թույն, որը շաղ տվինք մի ժայռի անցքի առաջ, կարծելով, թե գայլի բույն է։ Իսկ թակարդը լարեցինք երկու ժայռերի մեջտեղ ընկած նեղ կածանի վրա, որտեղից ամեն գիշեր գայլերը գալիս և, ձմեռանոցի վերին բլրին պպզած, ձայն-ձայնի էին տալիս։

ԱՆՄԵՂ ԶՈՀ

Օրերն անցնում էին, մեր թակարդին մոտեցող չկար։ Մի առավոտ էլ, այդ կողմերով անցնելիս դեռ հեռվից մի բրդոտ պոչ երևաց։

– Տղերք, գելը թույն է կերել սատկել,— գոչեցի ես ու վազեցի։

Թավամազ պոչը վեր քաշեցի՝ շարունակությունն աղվես էր...

Խեղճը հազիվ էր մի հավ ճանկել, էն էլ գլխին հարամեցինք։ Այդ օրը աղվեսը փախցրել էր Գրիգորենց հավը, բայց մինչև մարսելը թունավորվել էր։

Աղվեսին քարշ տվինք գոմերը, մորթին տիկ հանեցինք ու կախ տվինք մյուս մորթիների մոտ։

Մեր խրճիթը կատարյալ կենդանաբանական թանգարան էր դարձել։ Նույնիսկ կաքավներն ու մոշահավերը, կաչաղակներն ու «չարթերը» տիկ էինք հանում, մեջները խոտ լցնում ու դնում թառի վրա։ Կարծես կենդանի թռչուններ լինեին՝ գույնզգույն փետուրներով ու զանազան կատարներով։

Ուրախանում, զվարճանում էինք մեր թանգարանով։ Բայց շարունակ հիիշում էինք խեղդած ոչխարներին և սրտներիցս մռմուռը չէր գնում։

– Վրեժ գայլերից, վրե՛ժ...

Շաբաթ երեկոյան խմբով գնացինք գյուղ՝ պատկոմական հավաքույթի։ Մեր առաջարկած «Ոչ մի գայլ մեր հանդերում» լոզունգը հաստատվեց ժողովում։ Թեև ոմանք մեզ ծաղրում էին, թե՝ «ձեր ձեռքից բան չի գա», բայց մահակով գայլ սպանելու և մորթիների թանգարանի մասին բոլորն էլ լսել էին, և տեղն եկած ժամանակ քարտուղար Պետրոսը գյուղում պարծենում էր իր «չոբան-պատկոմների» սխրագործություններով։

ՊԼՈՃԻԿ ՈԻՆԵ՞Մ, ԹԵ ՈՉ

Այդ գիշեր, հավաքույթից հետո, ճամփա ընկանք դեպի ձմեռանոց։ Պարզկա էր և ցուրտ։ Սառած ձյունը ճրթճրթում էր մեր ոտքերի տակ։ Սիրտ է փառավորվում, երբ մարդ գիշերը երգում է անտառում, այն էլ՝ խմբով։ Այդ բավականությունը մենք միշտ վայելում էինք։ Այդ գիշեր ևս նոր սովորած մեր հեղափոխական երգերով ջերմացրինք սառած անտառը.

Հրաժարվենք, ընկերներ, հին օրենքների՛ց,
Նրանց փոշին թափ տանք մեր ոտքերի՛ց... Թնդում էին մեր մատաղ հոգիները այդ երգից, և մեր թևավոր, միտքը թռչում էր դեպի բոսոր հեռուները...

Այդպես երգելով, լուսաբացին հասանք ձմեռանոցի մոտի բլրին։

– Տղե'րք, եկեք գնանք թալակը ստուգենք։

– Բալա'մ, թալակից ձեռ քաշի, նա գել բռնող չի,— առարկեց Տիկոն։

Արդեն մարտն ենք մտել, շուտով կգարունքանա, մենք անմուրազ մնացինք։ Գելերը կծնեն՝ մեկը տասը կդառնա։

– Թե դուք չեք գալիս, ես մենակ կգնամ,— պնդեցի ես։

– Մենա՞կ... Քեզ այդքան պլոճիկ որտեղի՞ց,— գրգռեցին ինձ։ Շատ փիս վիրավորվեցի։

– Կգնամ... հենց առանց զենքի կգնամ,— կողի ընկա ես, հրացանս հանձնեցի Գրիգորին ու ճանապարհից դուրս գալով՝ մտա անտառ։

– Հանաք ենք անում, ա՛յ տղա, ե՛տ արի,— հետևիցս կանչեց Տիկոն։

– Ոչինչ, թող գնա, սիրտը պնդանա,— իր վճիռը տվեց Գրիգորը։ Ես դրանից ավելի բորբոքվեցի, ուրեմն իմ սիրտը նո՞ր պիտի պնդանա...

Ձյունը ծնկներիս էր հասնում, բայց քայլում եմ տաքացած՝ առանց կանգ առնելու։ Ձյան մեջ թաղված չոր ճյուղերը փշրվում են ոտքերիս տակ, ընկնում եմ, վեր եմ կենում, ինձ թափ տալիս։

Մոտեցա թակարդին։ Կաչաղակի նման չալտիկ և աղմկարար ճայերը ճյուղից-ճյուղ են թռչկոտում ու չրթչրթացնում։ Անհանգիստ են, դա նշան է, որ մոտերքում գազան կա։ Բայց չգիտեմ ի՞նձ են գազան համարում, թե՞ մի ուրիշը կա։

Առաջ գնացի, հասա ժայռին, որի ստորոտով անցնում է շավիղը, ուր թակարդն է լարած։ Ա՜յ քեզ բան. թակարդն անհետացել է, կարծես գերան են քարշ տվել ծառերի ու թփերի միջով։ Հետքերով առաջ գնացի, հասա մի քարի, բարձրացա վրան։ Ներքևից շան ծմրոցի նման ձայն եմ լսում։ Ցած նայեցի՝ մի մազոտ պոչ է շարժվում։ Իջա ցած, առաջին տեսածս մի ահագին բաց բերան էր՝ մեջը լիքը սուր-սուր ատամներ և մի զույգ կատաղի աչքեր։ Գա՜յլ... Իսկ և իսկ գայլ... Ետ-ետ գնաց ու փախավ դեպի ձորը։ Բայց ո՜ւր պիտի փախչի, թակարդը քարշ է գալիս առաջի աջ ոտքից։ Ուրախությանս չափ չկար, որ և արտահայտեցի գոռում-գոչյունով։

Այդպես, նա քարշ է գալիս դեպի ձորը՝ ես հետևից, մինչև որ մի տեղ թակարդի կեռը բռնեց թփից, և գայլը կանգ առավ, ցավից վնգստաց, լիզեց վիրավոր թաթը։ Տեսավ մոտենում եմ՝ ծառս եղավ, ցատկեց դեպի ինձ։ Իզո՜ւր, թակարդը ամուր էր բռնել թփից։ Սիրտ արի, մոտեցա, չոմբախս մեկնեցի գազանին ու սկսեցի հետը զրույց անել.

– Հը, ո՞նց էր մեր թուխ ոչխարի միսը... Էս է քեզ տիկ կհանեմ, տեղը դուրս կգա, մի քիչ սպասի՞ր...

Ես իմ երեխայական կատակներն էի առաջ տանում, մեկ էլ անիրավը բռնեց մահակիս ծայրից, թափ տվեց ու խլեց-զինաթափ արավ ինձ։

Ատամներն այնպես էր չխկչխկացնում ու աչքերից կայծեր արձակում, որ մազերս փշաքաղվում էին։ Ձյան տակից փայտի կտորներ հանեցի ու շպրտեցի վրան։ Ավելի կատաղեց։

«Էս անտերը մի փորձանք չբերի՞ գլխիս»,— մտածեցի ես, ետ քաշվեցի ու կատվի ճարպկությամբ մագլցեցի մի բարձր հաճարենի։ Դիմացի լանջին երևաց մեր նախիրը։ Ինչքան ուժ ունեի գոռացի.

– Տիկո, հե՜յ... Գրիգոր, հե՜յ...

Ձայնս արձագանքեց ձորում ու կրկնապատկված ուժով հասավ հեռավոր ծմակները։

– Հե՜յ...— լսվեց պատասխանը։

– Ադա, գելը բռնել ե՜մ... թոկ բերեք, կապե՜նք, գելը բռնել ե՜մ...

Ուրախության մի աղմուկ ընկավ տղերքի մեջ։ Տեսնեմ դիմացի սարի լանջով երկու հոգի հարայ-հրոցով վազում են դեպի ձմեռանոց։

Ծառից իջա։ Գայլն իրեն կտրտում է, իսկ ես քարի տակ ծուլ-ծուլ եմ լինում, լեզուս ու ատամներս ցույց տալիս, թքում, ջղայնացնում, իմ խելքով «զբաղեցնում եմ», մինչև ընկերներս հասնեն։

Քիչ անց՝ ձորից շների հաչոց լսվեց և ընկերներիս աղմուկը։ Ձյունը ճեղքելով՝ անտառի զավակները բարձրանում են վեր։ Շները հասան և խլացուցիչ հաչոցներով հարձակվեցին գայլի վրա։

Իսկ գազանն իր առողջ թաթով դես-դեն էր շպրտում շներին, որին էլ ահագին բերանով բռնում ու տակն էր դնում։ Դրա այդ համարձակ արարքից շները շատ վրդովվեցին և քիչ էր մնում գայլի բուրդը քամուն տան՝ չթողինք։

– Տղե'րք, կենդանի պետք է գյուղ տանենք,— հրահանգեց Գրիգորը։

– Կենդանի՜, անպայման կենդանի,— ձայն տվինք մենք։

Տիկոն ճարպիկ օղապարան գցող էր։ Սարերում ամառը քանի՜–քանի անգամ վայրենացած նժույգների երամակը շրջապաւոել էինք, պարանը նետել, օղակել ձիերի վիզն ու թռել նրանց մերկ մեջքին։

– Ե՛տ քաշվեցեք,— հրահանգեց Տիկոն՝ օղակը պատրաստելով։

Պարանը թռավ օդում, օղակը գրկեց գայլի վիզն ու սկսեց սեղմել։ Գազանը առողջ թաթով սկսեց քաշքշել պարանը, ատամներով ծվատել, բայց իզուր ջանքեր։ Երեքով կախվել էինք պարանից և մեր զոհին քարշ էինք տալիս դեպի ձմեռանոց։ Գայլը սղղում էր սառած ձյան երեսով, իսկ մենք ուրախությունից այնքան գոռացինք, որ ձմեռանոցի բոլոր տավարածները անասունները թողած՝ եկան մեզ մոտ, լծվեցին «քաշանին» ու մասնակից եղան մեր ուրախությանը:

– Այ քո ժեները անիծվեն, մեր Մարալի բուկը է՞ս ատամով ծակեցիր,— ասաց տավարած Սերոբն ու փայտի ծայրը խոթեց գայլի բերանը։

– Դե, դե, մեր քեռու քեֆին մի՛ դիպչի, կենդանի գեղն ենք տանելու,— բարկացավ Գրիգորը։

Ձմեռանոցում մի բույն շինեցինք, գայլին թիակով հրեցինք մեջը։

Դե հիմի գնա երազումդ տես թուխ ոչխարի դմակը...

ՎԵՐՋԻՆ ԳՐՈՀԸ

Գարունը բացվում էր, արդեն մարտի վերջն էր։ Մի գայլ ևս մնացել էր մեր կողմերում, որ շարունակում էր անպատիժ կերպով այստեղ-այնտեղ վնասներ տալ, ոչխար փախցնել։

Հանդերում ձյուն չկար, հետքը չէր երևում, դա դժվարացնում էր մեր գործը։ Այդ գայլին սպանելու հույս չունեինք։

Ձնծաղիկի ու լալազարի փնջերը ձեռքներիս՝ գնում էինք գյուղ ժողովներին, գովասանքներ էինք լսում, բայց մենք գոհ չէինք մեզնից։

Մեր կողմերը լեռնոտ երկիր է, ապրիլին հանկարծ խոր ձյուն եկավ։ Թեև տխրեցինք, որ արոտը փակվեց, բայց երբ Տիկոն լուր բերեց, թե՝ գայլը հենց նոր անտառ մտավ, ուրախացանք ու հրացանները վերցնելով՝ շտապեցինք հեռացող կենդանու հետևից։

Մելքոն ապին մի ախ քաշեց, որ ջահել չի, որ հետներս գա, բայց մեզ սովորեցրեց, թե ո՛ր կողմով գնանք և ի՛նչ անենք։

Նրա խորհրդով հոտը դուրս հանեցինք փարախից և, ի ցույց գայլի, փռեցինք դիմացի լանջին, իսկ ես ու Տիկոն գաղտնի անցանք գայլի թիկունքը։ Մելքոն ապին ասել էր, որ գայլը ոչխարի շրջակայքից չի հեռանա, նա Ագռավի քարի մոտից կհետևի հոտին։

Արևը դուրս էր եկել, ձյան հատիկները փայլփլում էին ու աչք ծակում, ձյունին նայել չէր լինում։

– Ո՞նց եմ սպանելու, աչքերիս ջուրը գնում է,— գանգատվում էր Տիկոն։ Այդ ձախորդ կրակողը այնպես լուրջ էր ասում, կարծես սպանողն ինքն էր լինելու...

Կուզեկուզ և անձայն մոտեցանք Ագռավի քարին։ Մի նապաստակ թփի տակից փախավ ու քիչ հեռվում պպզեց։ Ո՜վ է կրակողը, բա՜ն չունես... Չէ՛, առաջ գնանք, մեզ գայլն է պետք, հարկավոր չէ նրան խրտնեցնել։ Հայացքներս հենց նապաստակից դարձավ դեպի ժայռը, տեսանք նրա տակ մի մուգ կենդանի կանգ առավ ու երեսը դենը նայում է։ Հրացանի փակը բացելու թեթև չխկոցից ետ նայելու համար նա տեղնուտեղը պտտվեց։ Ահա մեզ նկատեց և մինչև շուռ կգար, որ փախչի՝ մեկը մյուսի հետևից թնդացին մեր հրացանները։ Շանթահարված գազանը հետևի ոտքերի վրա կանգնեց, իշի խռնչոցի նման ձայն հանեց ու գլորվեց ներքև...

Այդ ոռնոցին մենք պատասխանեցինք հաղթական մի աղաղակով։

...Հձեռվից դեպի մեզ էին վազում շները և ձմեռանոցի հովիվները։

ՀԱՂԹԱԿԱՆ ՄՈԻՏՔ

Մայիսի մեկն էր, մի պայծառ առավոտ։ Նոր տերևակալող անտառի միջով անցանք ու հաղթական երգերով մտանք գյուղ։ Սայլի ճաղից կապած քարշ էր գալիս կենդանի գայլը, իսկ մենք մորթիները մի-մի դրոշակ էինք շինել ու վեր պարզած տախտակի վրա ածխով գրել մեր մարտական լոզունգը՝ «Ոչ մի գայլ մեր հանդերում»։

Այդպես թափորով, շուքով, հանդիսավորությամբ տեղ հասանք ու գայլի, նապաստակների, սկյուռների, վայրի կատուների մորթիները և գույնզգույն թռչունների խրտվիլակները կարգով շարեցինք գրասենյակի առաջ՝ գյուղի կենտրոնում։ Շները մոտենում էին գերի գազանին ու նրա հայացքին հանդիպելով՝ ետ քաշվում։ Երեխաները քիչ էր մնում հետաքրքրությունից վրա թափվեին ու ցրիվ տային մեր թանգարանը։

– Ապրե՛ք, տղե'րք, ապրե՛ք,— մեզ գովեց քարտուղար Պետրոսը։

– Ա՜յ, սրանք են իգիթը, թե չէ մեր ժամանակ ամեն մի ավազակի իգիթ էին ասում,— գլուխը տարուբերելով ասում էր ծեր որսորդ Մուկուչը։—Հե՜յ գիտի ժամանակ,— հառաչեց նա,— մեր ժամանակ չախմախավոր թվանք էր։ Պատահել է, որ արջի բերանն եմ կոխել ու չրթել՝ չի տրաքվել, ու խանչալով, դանակով՝ մի հնարքով ճանկերիցը պրծել եմ։ Դե հիմի ի՜նչ կա որ, Մոսինը ձեռքների՜ն, իրանք էլ անտառում մեծացած տղերք, դե կսպանեն ու կսպանեն, էլի՛...

– Շարվի՜ր...— լսվեց կոլվարի հրահանգը։

Շարվեցինք և մեր որսով, ավարով, ողջ կոլեկտիվով ճամփա ընկանք դեպի գավառային քաղաքը։ Ի՜նչ շքերթ էր...

Քաղաքի պատկոմական կազմակերպությունը նվագախմբով դիմավորեց մեր հաղթական մուտքը։

Շքեղ դահլիճի բեմը զարդարվեց մեր թանգարանով, իսկ մենք փառավոր կերպով բազմեցինք փափուկ աթոռների վրա։

Դահլիճը լիքն էր կոմերիտականներով, պատկոմներով։ Մայիսմեկյան ճառերում մեզ էլ հիշեցին, ռազմականացումն էլ, մեր երկրի թշնամիներին էլ։

Վերջում ռազմական կոմիսար «ընկեր Բագրատը» աղմկալի ծափահարությունների տակ, ամեն մեկիս մի սիրուն կարաբին հանձնեց ու ասաց.

– Ապրեք, տղե'րք, ես չեմ կասկածում, որ եթե հարկ լինի, մեր սահմաններից էլ կքշեք սովետական երկրի թշնամիներին՝ գայլ բուրժույներին։

Հրացանները ձեռքներիս՝ զգաստ ձգվեցինք ու գոչեցինք միաձայն.

– Միշտ պատրաստ ենք... Ո՛չ մի գայլ մեր կարմիր սահմաններում...

Դահլիճում թնդացին ուռաները, նվագախումբը արյուն եռացնող «Մարսելյոզ» նվազեց և դրոշակներն իջան մեր պատրաստ պահած հրացանների վրա։

Փոթորկված էին մեր մատաղ հոգիները, և երբ գյուղ էինք վերադառնում՝ դեմքներս դեռ այրվում էին մեր ապրած մեծ հուզմունքից։

Գյուղի տակ երևաց կուլակ Սողոմը։ Տիկոյի գլխին կարծես սառը ջուր լցրին, ոգևորությունը հանգավ, դեմքը մթնեց։

– Տղե'րք, բա էն երկոտանի գայլի՞ն երբ ենք տիկ հանելու,— հարցրեց նա մռայլ։

– Թակարդը պահիր, պետք կգա,— ծիծաղելով պատասխանեց Գրիգորը։

1929
Կատեգորիա: Վախթանգ Անանյանի ստեղծագործությունները







Добавить комментарий

Защитный код
Обновить

Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Шашлык летний

Шашлык летнийБаранину подготовить, как описано в рецепте «шашлык из баранины»....

Ишхан на вертеле

Ишхан на вертелеРыбу выпотрошить, не разрезая брюшка, через отверстие, образовавшееся...

Салат из портулака (из дандура)

Салат из портулака (из дандура)Портулак перебрать, промыть, положить в подсоленный...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта