Անտառին անսովոր մարդը

Վախթանգ Անանյան / Вахтанг Ананян / Vakhtang Ananyan

Անտառին անսովոր մարդը

Բարձրահասակ, լայն թիկունքով, սև ու խիտ հոնքերով մի մարդ էր Վանոն՝ արտաքուստ հսկայական ու առնական։

Մի անգամ, երբ եղնիկը շալակած մտանք քաղաք՝ պատահեցինք նրան և նկատեցինք, որ դեմքին արհամարհական ժպիտ խաղաց։

— Ես էլ կարծում եմ բա՜ն են բերել,— փնթփնթաց նա քթի տակ։

Հաջորդ օրը, ի ցույց մարդկանց, ինձ առաջարկեց գնալ արջի որսի։ Այս անգամ էլ ես սկսեցի հեգնել.

— Դաշտի մարդ ես, սարը քո բանը չի... Մեկ էլ քո էդ ահագին մարմինն ո՞վ է շալակողը...

Արհամարհանքով վերից վար նայեց ինձ և հանդարտ ու վստահ ասաց.

— Ղարաբաղում արջերն իմ ահից մկան ծակին օխտը թուման էին տալիս։ Արջեր եմ սպանել ամեն մինը մի վագոնի չափ։ Գնա՛նք, տղամարդը սարում կերևա։

Համաձայնեցի։ Ասի՝

— Վա՛նո, արի կլինի այս անգամ արջերին բաշխի, գնանք եղնիկի, ես եղնիկ խփելու թույլտվություն ունեմ։

— Է՜, տղամարդը եղնիկի վրա էլ գնդա՞կ կփչացնի,— պատասխանեց նա, դժգոհ, բայց համաձայնեց։

Հաջորդ օրը մեկնեցինք Լոռի։ Գնացքում կես քուն, կես արթուն լսում էի Վանոյի ինքնագոհ պատասխանները հետաքրքրվող տիկիններին.

— Արջաորսի ենք գնում...

— Դե ո՜ւր պիտի պրծնի որ...

— Վտանգավորը՝ վտանգավոր է, բայց դե կյանքի իմաստն էլ վտանգն ու դժվարությունները հաղթահարելու մեջն է...

Այդ գիշեր անքնությունից ծանրացած գլուխներով գնացինք իջանք Ալավերդի կայարանում և զանգահարեցինք Ուզունլար։

— Էն ով ա՜...— լսվեց քնատ մի մարդու պատասխան։

— Գալոյին շուտ վեր կացրեք, բերեք հեռախոսի մոտ։

— Էն ով ա՛...— կրկնվեց համառ հարցը։

— Երևանից է, ասա՝ այսինչն է, շուտ կանչիր։ Հերթապահը փնթփնթալով գնաց։

Քիչ անց՝ Ուզունլարից զանգահարեցին.

— Այտա ջան, էդ դու ե՜ս... Այտա, քե մատաղ, էդ ե՞րբ ես եկել...

Որսկան Գալոն ուրախացել էր մեր ժամանման համար։ Երևան գալիս միշտ ասում էր. «Ա՜խ, մի անգամ քեզ տանեմ Չափրելաձո՜ր, էն զուլալ ջրերից խմես ու վազես կխտարների հետևից...»։

— Գամ ձեզ տանեմ,— առաջարկեց նա։

Չհամաձայնեցի. կլուսանար, որսի ժամանակը կանցներ։

— Դու նշաններով ասա, որտե՛ղ է Չափրելաձորը, մենք կգնանք,— պնդեցի ես։

— Կգաք Սանահին կայարանը։ Սարից եկող մի ջուր կա, էդ ջուրն ի վեր կհասնեք սարերը։ Մի քարափի տակ գոմեր կան, Ուզունլարի գոմերն են. էնտեղ կպատահենք, ես էլ գնում եմ Ամոջա որսորդներին վեր կացնեմ բերեմ,— ասաց Գալոն ու կախեց հեռախոսի փողակը։

Մինչև Սանահին մենք քայլեցինք ոտքով։

Ուշ աշնան գիշեր էր։ Եղյամը նստում էր չորացած խոտերին, իսկ Դեբեդը դուրեկան վշվշում էր ապառաժների տակ։

Հասանք Սանահին, գտանք Գալոյի ասած առուն և քայլեցինք նրա հոսանքն ի վեր։

Նեղլիկ այն կածանը, որով ընթանում էինք մենք, ձգվում էր առափնյա ժայռերի ու զառիվայրերի լանջերով։ Ահավոր խավարը չոքել էր երկրի վրա, գիշերային մի թռչուն մենակ ու խորհրդավոր կանչում էր մոտակա անտառում, իսկ ներքև ջուրն էր խշշում մեղմորեն։

Ե՛վ թռչունի կանչը, և՛ գետի խշշոցը, անտառի սոսափյունը գիշերվա այդ ժամին անտառին անսովոր մարդու մեջ գաղտուկ երկյուղ է առաջ բերում։ Իսկ ես մտքով սլանում էի դեպի տարիների հետևը թաղված իմ մանկությունը, երբ նիհրում էի լեռնային գետակի ափին, ընդարմանում էի նրա միալար ու բազմախորհուրդ վշշոցի ազդեցությամբ։ Նա օրորում էր ինձ գորովագութ մոր նման, և ես երազում էլ լսում էի նրա դյութական ձայնը...

Մենք բարձրանում էինք լեռը։ Ճանապարհն ավելի ու ավելի դժվար էր դառնում և հետզհետե հեռանում էր գետի ձայնը։

Երբ Վանոն չորրորդ անգամ վայր ընկավ ու զուսպ տնքաց, ես ստիպված եղա մի թեթև հանդիմանել.

— Այ տղա,— ասում եմ,— Աբովյանի մայթի պես ճամփին որ չես կարողանում քայլել, բա անտառում ո՞նց ես անելու։

— Ուրեմն սրանից է՞լ վատ տեղեր կան,— հարցրեց նա երկյուղով։

— Էն էլ ո՜նց, կածաններ կան, որ մի էշի ոտնատեղի չափ են։ Նա, ով գիշերները քնել է հանդերում, ակնակիր գիշերներին փնտրել է գայլից ցիրուցան եղած հոտը, կարող է թանձր խավարի մեջ անտառում ընթանալ անսխալ ու անսայթաք։

Որսորդությունը նույնպես մարդուս մեջ զարգացնում է կողմնորոշման ունակությունը։ Եվ ես իմ դաշտեցի ընկերոջը զարմացնելու միտումով խավարի մեջ թռչկոտելով վազում էի քարքարոտ ու նեղ շավիղով և փորձում էի նրան։

Վանոն դժբախատաբար տեղ-տեղ չոքեչոք, քարերը շոշափելով էր շարժվում առաջ, քանի որ ողջ կյանքն Արարատյան դաշտում էր անց կացրել։

Լուսադեմին ձյան բարակ շերտի վրա սկյուռի հետքեր տեսնելով, նա բացականչեց.

— Պա՛հ, էս ինչ շատ աղվեսներ են ման եկել.

Պարզվեց «մինչև հատակը»։ Զղջացի, որ նրան բերել եմ հետս։

Հեռվից, լեռների կազմությանն ու վտակների ուղղությանը նայելով, որոշեցի, թե որտե՛ղ կլինի Ուզունլարի ձմեռանոցը։ Ձմեռանոցն իրոք ընկած էր սարից եկող երկու վտակների արանքում, նրանց միացման տեղից քիչ բարձր։

Տեղ հասանք, նստեցինք առվակի ափին, մի գերանի վրա։ Լոռեցիները դեռ չէին եկել։

Ուշ աշուն էր. անտառը վաղուց էր մերկացել։ Դեղին խալերով վերջին տերևները ճախրում էին օդում, իջնում առվակի զուլալ ջրերի վրա, տեղ-տեղ էլ հավաքվելով կապել էին առվակի ընթացքը և կլոր ջրափոսեր գոյացրել։

Աշնանային քամին շնկշնկում էր անտառում, քշում-տանում էր դեղնած տերևները, ինչպես տեղացիք են ասում՝ տեղ էր ավելում ձյան համար։ Ի՜նչ տխուր է անտառն ուշ աշնանը...

Վանոն բերանը բաց նայում էր անթիվ-անհամար ծառերին ու թփուտներին։

— Էս լաբիրինթոսի մեջ ո՞րս կերևա,— հարցրեց նա։

Եվ իսկապես, անսովոր աչքը դժվար կարող է նկատել եղնիկին ծառերի արանքում։

Վերջապես տեղ հասավ Գալոն՝ Ամոջի որսկանների հետ։ Մեկը ջլապինդ ու արևխաշ դեմքով մի երիտասարդ էր, որ մտնելու էր ծմակի ամենադժվար տեղերն ու քշելու էր որսը դեպի մեզ, իսկ մյուսը՝ մազոտ երեսով, բարձրահասակ, թիկնավետ մի տղամարդ` տաճկական հրացանով։

— Որսին փախցրու, հետո կրակիր, որ ասեմ տղամարդ ես...

Այս խրատը մեզ տալուց հետո այդ մարդը որոշեց մեր անելիքը.

— Կխտարները մեր դիմացի ծմակում են։ էն պնդոցում, ուր արև չկա, էն դժվար տեղերն անպայման կխտար կա։ Տիգրանը կգնա ներքևից կքշի։ Ես, Գալոն ու ընկեր Վանոն կբռնենք էն թամբի պես տեղը, որտեղով կխտարները փախչելու են։ Իսկ դու, այ քաղաքացի ընկեր (դարձավ ինձ), դու էլ էս դոշումը արևկող արա ու մտիկ արա դիմացիդ ծմակին։ Հենց որ կխտարը հարմար ու մոտիկ երևա, հանգիստ նշան բռնի, ոտը քաշի։

Մենք արագ հաց կերանք ու չոքեցինք-խմեցինք առվակի սառնորակ ջրից։ Երբ Վանոն պայուսակից հանեց բաժակը և երկու անգամ ողողելուց հետո խմեց, նկատեցի, թե ինչպես հեգնական մի ժպիտ խաղաց ամոջեցի ծեր որսկանի դեմքին։

Անտառի ձյունը ճեղքելով, թփերից կախվելով, հրացանի կոթը հենարան դարձնելով՝ մեր որսկանները ցրվեցին լեռան հյուսիս նայող լանջին, և յուրաքանչյուրը դեպի իր դիրքը դիմեց։

Ամոթով տեսա, թե ինչպես ընկերս գնում է գնում, բայց դեռ տեղն է. սողում է ցած։ Իսկ Տիգրանն արդեն ներքին ձորից սկսել է աղմկելով որսը քշել։ Նշաններով մի կերպ հասկացրի Վանոյին, որ մի ծառի հետև նստի, չշարժվի, որ եղնիկները չխրտնեն։

Իմ գործն ամենից հեշտն էր։ Ես արևկող էի արել մի ժայռի գլխի ու նայում էի ձորի մյուս կողմի լանջին, ուր որսն է ու որսորդները։

Աշնանային արեգակի մեղմ շոյանքի տակ թմրություն էր իջել վրաս, երբ սթափվեցի հրացանի թնդյունից։ Չեք կարող երևակայել, թե ինչպիսի հաճույք է զգում մարդ, երբ լսում է ընկերոջ հրացանի ձայնը։

Հայացքով արագ խուզարկեցի անհամար ծառերի արանքները ու գտա եղնիկին, որ առաջին ոտքից կաղալով վազում էր դեպի վեր։ Գալոն արագ շրջվեց դիմացիս ժայռի մյուս երեսը, չոքեց ու մեկ էլ կրակեց։ Եղնիկը գլորվեց ձյան մեջ։ Մի այլ եղնիկ շփոթված վազում էր դեպի այն ծառը, որի տակ թաքնված էր Վանոն։ Որսորդական կանոնի համաձայն, այն ժամանակ, երբ արդեն շուրջկալն սկսվել է, դարան մտած որսորդը ո՛չ միայն ձայն չպիտի հանի, այլև չպիտի շարժվի, եթե նույնիսկ մեղուն խայթելու լինի։

Վանոն, որ չէր նկատել իրեն մոտեցող եղնիկին, կանգնեց ամբողջ հասակով մեկ, դարձավ դեպի ինձ ու գոռաց.

— Վախթա՜նգ, էն ով կրակեց, դու էի՞ր...

Այդ ձայնից եղնիկը շանթահարված շուռ եկավ ու թեթև սուրալով կորավ անտառի խորքում։

Ես լսեցի, թե ինչպես Գալոն փնթփնթաց ու թքոտեց և թաքստարանից դուրս գալով, խռոված հոգով գնաց դեպի սպանված եղնիկը։ Որսը վերջացավ։

Դիմացի լանջով այծյամի թեթևությամբ իջան որսկանները, իսկ ես հայացքով հետևում եմ Վանոյին։ Դեպի վեր էլի կարելի է չորեքթաթ բարձրանալ, բայց ձյունոտ զառիվայրով անհնարին էր իջնել մի մարդու համար, որն իր ողջ կյանքում քայլել էր հարթ տափարակում։

— Ո՞ր կողմը գամ, ո՞ր կողմը,— ձայն տվեց նա։

— Ուղիղ իջիր ձորը...

Թփերից կախվելով եկավ ու քիչ էր մնում մի բարձր ժայռից վայր ընկնի։ Անսովոր մարդը վերից վար դժվար կարող է տեսնել ժայռն անտառում։ Ներքևից նայելիս ժայռ է, իսկ վերևից՝ կարծես հարթ զառիվայր։ Բայց սովոր աչքը դրանից չի խաբվում։ Երբ տեսնում ես առաջիդ ծառերի միայն կատարներն են երևում, այդ նշան է, որ առաջդ ժայռ է, ծառերի բները նրա տակ են։ Վանոն անդունդի եզրին էր, որ ես գոչեցի.

— Կանգնի՛ր, առաջդ քարափ է...

Կանգ առավ, կռացավ նայեց ցած ու սարսափով ետ փախավ։ Հասկացրի, թե ժայռի ո՛ր կողմովն իջնի, իսկ ինքս իջա ձորը և սկսեցի չոր փայտ հավաքել խարույկի համար։

Երեխայի նման հրճվում է մարդ, երբ վազում է անտառով, կուտակված չոր տերևները խշխշացնելով։

Արևը մայր էր մտել, դեկտեմբերի պարզկա երեկոն էր իջնում, օդը ցրտում էր։ Այդ ժամին կրակն այնքա՜ն դուրեկան է։ Որսկանները մրսած, կապտած երեսներով, ձյունոտ ու թաց ոտներով եկան, մոտեցան խարույկին ու սրտալի «օխայ» արին։

Վերևից լսվեց գոռոց, և հրացանը թնդաց չորս-հինգ անգամ։

— Ադա հասեք, կխտարների սուրվին պատահեց տնաքանդը,— ձայնեց ամոջեցի որսկանն ու հրացանը վերցրեց վազեց դեպի վեր։ Մենք հետևեցինք նրան։ Լանջի կիսին պատահեցինք իմ «որսկան» ընկերոջը՝ սփրթնած դողալիս։ Նա մեղավոր երեխայի հայացքով մեզ նայեց ու հասկացրեց, որ չի կարողանում իջնել, օգնության համար է կրակել։

Գալոն իմ տեղակ գետինը մտավ, իսկ ես՝ այդ վախկոտ մարդու։ Լուռ իջա ցած։

Մեկ-մեկ կոնյակ խմեցինք, տրամադրություններս բարձրացավ։

— Ադա, կրակը թեժացրեք, աստծու ոտները խանձի։ Պահ, պահ, պահ, էս ինչ խորոված ա գալի...

Ու մինչ Վանոն ընկճված ու հետաքրքրությամբ նայում ու հավանաբար մտածում էր՝ թե առանց շամփուրի ոնց ենք խորովածը գլուխ բերելու, Գալոն մասրենու ճյուղերից շամփուրներ շինեց, իսկ ամոջեցի Տիգրանը եղնիկի սիրտն ու ջիգյարը կոտորեց բաշլղի վրա ու աղ արավ։

Նրա կարծիքով ջիգյարը կիսախորով ու արնաթաթախ պիտի ուտել։ Քիչ անց շամփուրները վերցրեց կրակի վրայից՝ կիսախորով վիճակում։

— Թողեք խորովի, այդպես անհնարին է մարսել,— բողոքեց Վանոն։

Լոռեցիները քահ-քահ խնդացին։

— Անհնարինը ո՞րն է, այտա, սա է մեր ձեռին, հո մե՛նք չենք սրա ձեռին...

Այդպես էլ Վանոն ոչինչ չկերավ։

Երիկամներն էլ կրակին գցելուց հետո չոքեցինք և մեկ էլ խմեցինք քչքչացող առվակից։ Որսկանինն էլ հենց այդ է. հաջող որսից հետո խարույկի մոտ խորոված ուտելը և չոքել-ջուր խմելը մի ամբողջ կյանք է նրա համար։ Դրանից հետո ի՛նչ կլինի, ո՛վ կվայելի որսիդ արդյունքը, դա որսկանին չի հետաքրքրում։

Երբ մենք փափուկ տերևների վրա պառկած հանգստանում էինք, կրակի լեզուները երկինք էին բարձրանում, և պաղ փողփողում էին հսկա կաղնուն հենած մեր զենքերը։ Իսկ լեռնային վտակը շարունակում էր իր ախորժալուր կարկաչյունը։

Իմ որսորդական խմբում մի լավ սովորություն կա. երբ մենք որսից վերադառնում ենք, ոչ-ոք չի կարողանում իմանալ, թե մեզանից ո՛վ է խփել որսը։ Իմացան դո՞ւ ես խփել՝ ուրեմն ընկերոջդ մեջքը գետնով տվիր, նրան ամոթահար արիր։

«Որսկան» Վանոն որսորդական բոլոր կանոններից միայն այդ մեկը լավ յուրացրեց։

Եվ երբ Գալոյի սպանած եղնիկը շալակին հպարտ-հպարւո քայլում էր Աբովյան փողոցով, ծանոթների այն հարցին, թե ո՛վ է սպանել, պատասխանում է լուրջ ու խորհրդավոր դեմք ընդունելով.

— Ասվիլ չի, որսորդական գաղտնիք է...

1934
Կատեգորիա: Վախթանգ Անանյանի ստեղծագործությունները







Добавить комментарий

Защитный код
Обновить

Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Спас со спаржей

Спас со спаржейПриготовить спас, как указано выше, добавить вместе с...

Сладкий суп из пшеничной крупы

Сладкий суп из пшеничной крупыМелкую пшеничную крупу промыть, сварить в...

Варенье из винограда

Варенье из виноградаЗдоровые, одинаковой величины виноградные ягоды на 1-2 мин....

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта