Վախթանգ Անանյան / Вахтанг Ананян / Vakhtang Ananyan
Այն մասին, թե ինչու եմ սիրում որսորդությունը և թե ինչպես որսորդ դարձա
Է՜յ հին ծանոթներ, Է՜յ կանաչ սարեր...
Հովհ. Թումանյան
...Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծմակի լռին խորքերից,
Մանուկ հասակիս հնչուն ծիծաղի
Արձագանքն ահա լսում եմ նորից...
Հովհ. Թումանյան
Այն բնությունը, չքնաղ այն լեռներն, ուր կարկաչել է իմ մանկությունը լեռնային վճիտ առվակի նման, փարթամ է, որսառատ։
Ուր վերջանում է սաղարթախիտ դարավոր անտառն ու սկսվում է ալպիական մուգ կանաչագույն պանորաման, ուր ձգվում են թավշյա սարահարթերը, դուք այժմ էլ կհանդիպեք մեր լեռների չքնաղ թագուհուն՝ եղջերվին։ Ամառը նրա մորթը շեկ-կարմրագույն է և փայլփլում է արևի տակ՝ ոսկեզօծ բեհեզի նման։ Երբ քոչը սար է գնում, և երբ լեռնային օդը հագենում է գառների մայունով, նա սարահարթերից իջնում է մթին ծմակները։ Ուշ աշնանը նա բարձունքներում է, ձյունապատ լեռներում, արածում է քամու սրբած լանջերում և անձկությամբ նայում ցած՝ տաք ու փարթամ բնության առատությանը։
Այժմ էլ Արփավուտի մթին անտառներում, ուր հողը հավիտենապես զրկված է արեգակի կենարար ճառագայթներից, ուր աճում ու փտում է դարավոր կաղնին, արջն իր քոթոթներով ետ է տալիս թափված տերևի հաստ շերտը և ագահությամբ խժռում է տանձը, կաղինն ու հաճարը։ Իսկ դեկտեմբերի վերջին, երբ վեր է կենում ցրտաշունչ քամին, նա, հևալով իր հավաքած ճարպի շերտի տակ, մագլցում է վեր ու ձմեռային քուն մտնում մթին քարանձավներում։
Այժմ էլ մեր լեռների ամենագողտրիկ, սքանչելի բնակիչները՝ քարայծյամն ու եղնիկը, ոստոստում են թփուտներում, լեռան այն լանջերին, ուր փարթամ թավուտները հյուսվել են ժայռերին, փաթաթվելով իրար, բարձրացել վեր և ապառաժները թաղել խիտ կանաչի մեջ։
Այժմ էլ լուսադեմին, եթե զգուշությամբ բարձրանաք մեր գյուղի վերին բլուրները, ուր ամռան լուսնկա գիշերներին եզները մեղմ որոճացել են, և ուր խլուրդը գետնուղիներ է կառուցել, դուք կպատահեք մեր հանդերի ամենախորամանկ կենդանուն՝ աղվեսին՝ մուկ որսալիս։
Իսկ գայլը քայլ առ քայլ ժայռերի ու թփերի ետևից այսօր էլ հետևում է հոտին։
Ես մեծացել եմ այդ կենդանիների մեջ, չնաշխարհիկ թավուտների մեջ, եղնիկների հետ, եղնիկի պես...
Քանի՜-քանի՜ անգամ հանդիպել եմ նրանց, հիացել եմ, երբ եղնիկը թեթև սուրացել է լեռն ի վեր, երբ քարայծյամը թռչկոտել է բարձրաբերձ ժայռերի ճակատին։ Եվ քանի՜-քանի՜ անգամ հևիհև կախվել եմ ժայռերից, փորսող եմ տվել թփերի տակ, և սուլել է իմ գնդակն անողորմ ու դաժան։
Լեռը, անտառը, խոխոջուն առուն, ծաղիկների բույրը՝ ահա իմ մայրը, որի գրկում մեծացել եմ հարազատ մորից զրկվելուց հետո։ Թարմ ու հոտավետ կանաչը՝ ահա իմ անկողինը, ուր ննջել եմ ես զեփյուռի մեղմ շոյանքի տակ՝ աչքերս հառած աստղալից երկնքին։
Եվ երբ լեռան կատարից դիտել եմ արևածագը, երբ ձյունը փայլ– փլել է հակինթի շեղջի նման, երբ իմ գնդակը սուլել է փախչող այծյամների ետևից, ճչացել եմ ես մանկան բերկրանքով։
Երբ հոգնած նստել եմ զուլալ ջրերի մոտ, ուսիցս ցած առել որսորդական պայուսակը, ինձ թվացել է, թե չկա ավելի ախորժելի բան, քան ցամաք հացը՝ լեռնային գետակի ափին։
Երբ խարույկը ճարճատել է թանձր խավարի մեջ և երբ ստվերները երկարել են մթին բլուրներում, երբ մենք շամփուրներ ենք պատրաստել մասրենու թարմ ոստերից և լսել որսկան Շաքարի արկածները, մեզ գերել են բնության անդորրն ու իմաստուն խաղաղությունը։
Վտանգը հետևել է մեզ քայլ առ քայլ։ Սողացել ենք ձյան հյուսքերի հետ, ապառաժից իջնելիս պոկ է եկել մեր հենարանը, մահասարսուռ դող ենք զգացել մթին որջի առաջ, երբ կրակոցից զարթնած արջը դուրս է եկել քարանձավից կատաղի մռնչյունով։
Այնուամենայնիվ, սառնամանիքը, քաղցը, ծարավը և որսորդության հետ կապված մյուս դժվարությունները չեն կոտրել իմ հոգու կորովը։ Դրանք ինձ կոփել են և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։
Եվ այժմ, երբ ես ապրում եմ ա՛յլ վայրերում, ա՛յլ կյանքով, երբ դարձել եմ գրչի մարդ, ես ավելի անզուսպ եմ ձգտում դեպի լեռները։
ձիմա էլ իմ հավատարիմ ընկերը՝ իմ հինավուրց բարեկամ հրացանը, կախված է մահճակալիս վերև՝ այծյամի եղջյուրներից։ Երբ վերջանում է վեցերորդ օրվա աշխատանքային վերջին ժամը և քաղաքը պատրաստվում է հանգստի օրվան, ցած է իջնում իմ հրացանը պատից և փամփուշտակալը նորից է ծանրանում։
Երբ պետական թատրոնի դռներից դուրս է հոսում խայտաբղետ հասարակությունը, այդ նույն ժամին մեր խարույկը պայծառ ճաճանչներով վառվում է Չաթին-Դաղի բարձունքներում, և մենք ագահությամբ ներս ենք ծծում լեռնային անապական օդը, ու մեր թոքերն ուռչում են և հովի շնկշնկոցից, և այն բերկրանքից, որ մենք զգում ենք վաղվա որսի համար։
Այդ իրոք որ հետաքրքիր և գեղեցիկ մի կյանք է, մարդու մեջ կենարար ուժերը վերարտադրող մի կյանք, որին կուզեմ, որ ծանոթ լինի մեր պատանեկությունը։
Ոչ միայն ծանոթ լինի, այլև ապրի այդ կյանքով, սիրի շրջագայությունը լեռներում, սիրի զենքն ու որսորդությունը, սիրի մեր բնության հրաշալիքները։ Այո մեր բնության։ Չէ՞ որ առաջ այդ բնությունը մերը չէր։ Կարիքի տակ կորացած՝ մենք չէինք տեսնում արևի պայծառությունը և չէինք լսում զեփյուռի մեղեդին։ Մեր նոր սերունդը, որ չի տեսել մահ և ավեր, որ ունի լազուր երկնքի նման ջինջ առօրյա, չի կարող սրտանց չսիրել լեռների վսեմությունը, ծաղկի բուրմունքը և սվսվացող անտառը՝ լուսնկա գիշերին։ Չէ՞որ այժմ մե՛րն են և՛ արևը, և՛ ծառը, և՛ կարկաչուն առվակը, և մենք պետք է օգտվենք բնության անսպառ գեղեցկությունից՝ մեր մեջ նույնչափ գեղեցկություն ամբարելու համար, մեր ավյունն ու եռանդը բազմապատկելու համար։
Այդ կյանքի հրապույրը ես ընդունում եմ նեկտարի նման, այդկ յանքը ես ագահությամբ կլանում եմ բնության գրկում և արժե գրել այդ կյանքի մասին։
Սկսում եմ մանկությունից, երբ իմ մեջ առաջին անգամ սեր առաջացավ դեպի զենքը։
Սկսում եմ այն ժամանակներից, երբ առաջին անգամ պայթեց վառոդն իմ ձեռքով, և ես ճչացի անհուն բերկրանքից։
Սկսում եմ այն ժամանակներից, երբ ճնշումն ու զրկանքը մեր մեջ վառեցին վրեժ ու ատելություն, երբ մենք պատանի հասակից հարկադրված զենքի տակ մտանք ու նրա որոտով արտահայտեցինք մեր արդար ցասումը բռնակալ կարգերի դեմ...։
ԱՌԱՋԻՆ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԸ
Մանկությունից ամեն բանից շատ սիրել եմ զենքը և բնությանը։
Երբ երեխա էի, մորս փեշից բռնած հարսանիք էի գնում ոչ այնքան փլավ ուտելու, որքան հրաձգության ներկա լինելու համար։
Երբ եկեղեցու դռնից ներս մտնելիս քավորն իր սուրը շողացնում էր արևի տակ ու խփում եկեղեցու դռան կամարին, ես միայն մի բան էի մտածում, որ մեծանամ, բոլոր ամուսնացողներին քավոր եմ կանգնելու, որ սուր կապեմ։
Զատկին հետևող «կանաչ-կարմիր» կիրակիներին, ծաղկոտ բլուրներում շրջան էին կազմում բազմերանգ հարս ու աղջկերք, չերքեզկա հագած տղամարդիկ և ցնցոտիապատ մի բազմություն։ Գառներ էին մորթում, և կաթսաները դնում էին խարույկներին, իսկ ներկած ձվերը դնում կոճղերին։ «Բերդանկաները» դղրդում էին, իմ սիրտը թունդ էր առնում, և կարծես հոգիս թռչում էր գնդակի հետ։
– Նանի՛, որ մեծանամ, ինձ համար թվանք կառնե՞ս... հարցնում էի թախանձանքով։
– Թվանքի միջին արին կա, բալա ջան, ասում էր նա։—Համ էլ մեր բանը չի, բալա ջան, մենք անջաղ ենք ծերը-ծերին հասցնում, թվանքը մի լուծ եզն արժի։
Այնուամենայնիվ, ծրագիր էի մտմտում, որ երբ մեծանամ, տասը տարի տավարած կդառնամ, փող կաշխատեմ, հրացան կառնեմ և գաղտնի կպահեմ։
Երբ մի փոքր մեծացա, իմ երազը սկսեց իրականանալ։
Այդ ինձ համար այն երանելի ժամանակն էր, երբ հին ամբարի տակից հայրս հանեց իր հոր չախմախավոր հրացանը։
Մի օր, երբ մայրս տանը չէր, ես հրացանը տարա մեր սրահի տակ, ժանգը քերեցի և չրթեցի մի քանի անգամ։ Այդ հրացանը կրակելու համար «պիստոնի» փոխարեն կայծքար էին գործածում։
Մեր հարևան Հանեսն ինձ սովորեցրեց դրա գործածության եղանակը։ Իսկ Սաքո բիձեն ասաց.
– Դա շատ խաթալու թվանք ա, շատ վախտ չախմախաքարը վեր ա ընկնում կամ կրակ չի տալիս։
Ու հետևյալ դեպքը պատմեց։
Մարդոնց Սիմոնը Բակատեղերում մի մեծ քարի գլխի պատահում է արջին, հրացանը դեմ է անում ճակատին ու չրթացնում՝ կայծքարը կրակ չի տալիս։ Արջը վրա է հասնում, մարդ ու արջ գրկում են իրար և կյանքի ու մահվան կռիվ է սկսվում նոր թափված խաշամի մեջ։ Սիմոնը չուխայով փաթաթված ձեռքը կոխում է արջի բերանն ու լեզվից բռնում։ Գազազած արջը նրան շպրտում է քարափից ցած։ Բարեբախտաբար Սիմոնն ընկնում է ժայռի տակ կուտակված փափուկ խաշամի վրա։ Մինչև այժմ էլ այդ ժայռը կոչվում է «Սիմոնի քար»։
– Բա՜, խաթալու ա էդ թվանքը... Շատ վախտ էլ քացի ա տալիս,— խրատեց Սաքո բիձեն։
Այդ պատմությունն ինձ չսարսափեցրեց։
Ես ու իմ ընկեր Գրիգորը Հանեսի արկղից վառոդ թռցրինք, լցրինք հրացանի փողը, թղթով ամրացրինք և կայծքարը դրինք իր տեղը։ Հետո մեկս բռնեցինք հրացանի կոթից, իսկ մյուսս՝ փողից ու գնացինք մեր կալը, ուր դեզի տակ լեզուն հանած ծույլ-ծույլ պառկել էր մեր հարևանի պառավ շունը, որը մի տարի առաջ կծել էր իմ ոտքը։ Սայլի ետևից գաղտնի փողը մոտեցրի շան փորին, «չախմախը» ետ քաշեցի ու ձգանը քաշեցի։
Լսվեց ահեղ որոտ, հետն էլ՝ աղիողորմ կլանչոց, և ծուխը պատեց մեզ։ Տանեցիք դուրս թափվեցին, հրացանը վայր գցեցինք ու փախանք։
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿՅԱՆՔԸ ՄԵԶ ՍՏԻՊԵՑ ԶԵՆՔԻ ՏԱԿ ՄՏՆԵԼ
Մի մառախլապատ մայիս իջավ Դիլիջանի վրա, և սևակնեցին մեր, առանց այն էլ, մթին անտառները։ Դաշնակ մաուզերիստներն սկսեցին հնձել մեր կանաչ արտերը, ու ամեն կերպ նեղել մեզ։
Նրանք իմ առջևից ուժով տարան մեր Ջեյրանի հորթը, եղնիկի նման այդ երինջը, որին ես կապված էի իմ փոքրիկ սրտով։ Ձմռանը դա մի նիհար մոզի էր։ Նիհար էր, որովհետև զինվորները թալանեցին մեր դեզերը, խոտի մի մասն ստիպված թողեցինք լեռներում, խոտհարքներում։ Ձմեռը ճղում էինք ծնկահար ձյունը, բքի էինք բռնվում լեռներում և խոտը շալակով տանում էինք ձմեռանոց։ Այդպես մի կերպ գարուն հասցրինք մեր անասուններին։
Աշնանամուտին հանդում, երբ մութն իջնում էր բլուրների վրա, անասունները քաղցր մշմշում էին խարույկի մոտ, ես գրկում էի Կխտարին, գլուխս դնում էի նրա կրծքին և ննջում։ Իսկ նա մեղմ որոճում էր և լիզում գլուխս։
Եվ երբ նրան տարան, ես երկար ժամանակ ողբում էի նրա կորուստը։ Նրա գլուխը գտան Արթենանց Ալեքսանի գոմում...
Եվ երբ ինձ պես շատ պատանիներ լաց եղան, երբ ավելի պարզ երևաց, որ այդ ավերի ու թալանի օրերին մեզպեսները զոհ են գնում, իսկ հարուստները եզան հատը գնում են երկու փութ գարով և հողի դեսյատինը մի փութ թեփով, այն ժամանակ մեզ համար սկսեց պարզվել, որ իսկական թշնամին մե՛ր մեջն է։
Եվ մեր հոգում վրեժն սկսեց ելք որոնել։
Մենք զինվեցինք։ Մեր գյուղն ապստամբեց երեք անգամ, հարևան գյուղերն՝ ավելի շատ։ Ղազախի լեռների մթին անձավներում բույն դրին կարմիր պարտիզանները՝ մեր գյուղի քաջարի զավակները։
Եվ զենք ձեռք բերինք։
Ֆրանսիական «լեբել» հրացանը, որը հայրս գնել էր ինձ համար, համբուրեցի կոթից մինչև ծայրը և վերմակիս տակ հետը զրույց արի մինչև լույս։
Մյուս օրն Ավելուկ-Ուրթում Ակոենց Գրիգորն ինձ սովորեցրեց նշան խփելը։
Դա 1918 թվի գարնանն էր։
Այն ժամանակ ես տասներեք տարեկան էլ չկայի, ուրեմն այնքան փոքր, որ ձեռքս չէր հասնում շնիկին, որ կրակեմ։ Ստիպված եղան հրացանի կոթը սղոցել կարճացնել։
Երկրորդ օրն արդեն կրակում էի կարգին։
Երրորդ օրը Բադալենց յալերումն էինք։ Օրը պայծառ էր և ցողն արագությամբ վեր էր կենում կանաչի վրայից։ Տղերքը տավարը թողած՝ լախտի էին խաղում։
– Ակո՜փ, քառասուն լոք չափիր,— հրամայեցի ես իմ տավարած ընկերոջը, այն ժամանակ ես մեր թաղի տսվարածների «պետն» էի և ինձ լսում էին առանց առարկելու։
Չափեց։
–Փափախդ վեր դիր,— կարգադրեցի ես։
Հնազանդությամբ կատարեց։ Ահագին սև փափախը կանաչ ֆոնի վրա ինձ շատ դուր եկավ։ Հրացանը մեկնեցի, որ կրակեմ։
– Ախր կճղվի է՜,— մղկտաց Ակոփը։
Հրացանս ցած իջեցրի և ասացի.
– Որ ուզում ես չճղվի՝ միջին քար դիր, որ պինդ ըլի։ Ակոփն ուրախացավ, որ փափախը փրկելու հնարը գտնվեց։ Մի մեծ քար դրեց մեջը և հարմարեցրեց։ Կրակեցի։ Քարը գնդակի հարվածից կտոր-կտոր եղավ և գլխարկի ծվենները երկինք թռան։
Ընդհանուր քրքիջ բարձրացավ, Ակոփն սկսեց տզզալ, իսկ տղերքը ծաղրում էին։
– Ծակում չի, Ակոփ, գյուլլեն քար կծակի՞ որ...
Այդ օրը ես տղերքի աչքում բարձրացա։ Առաջ ինձանից քաշվում էին այն բանի համար, որ հանդում հաստափոր գրքեր էի կարդում և, ինչպես իրենք էին ասում, «աշխարհքի էս ծերից տալիս էի, էն ծերից դուրս գալիս»։ Այժմ զենք ունեմ և լավ էլ կրակում եմ։
Տղերքն ուրախության ճիչերով շրջապատեցին ինձ և բլրի գագաթից սկսեցին բղավել «ներքի թաղի» տավարածների վրա.
– Էհե՜յ, խլնքոտ Պեպի՜, Ճիպրո Մացա՜կ, Գաջաջ Սանթրո՜, թե տղա եք, մեյդան եկեք, մեյդա՛ն...
Ներքին թաղի տավարածները մեր հակառակորդներն էին և նրանց դեմ մղվող «ճակատամարտը» ես էի ղեկավարում։
Հաջորդ օրը մառախուղ էր և անձրև էր տեղում անընդհատ։ Քյամանդի քարայրում մի թեժ կրակ էինք արել։
Ջանս «քոս էր ընկել», ուզում էի անպայման կրակել։ Այս անգամ ուզում էի փորձել փոքր նշանի վրա։ Իմ ընկեր Գրիգորը այրի միջից դեպի դուրս 12 քայլ չափեց և դատարկ փամփուշտը դրեց քարի վրա։
– Թե որ սրան էլ տվիր, ներքին թաղեցոնց թոզը երկինք ենք հանելու,— ասաց նա և զինվորական պահածոյի տուփի տակը կլոր կտրեց և մի «շքանշան» պատրաստեց ինձ համար։
Հրացանը դրի նրա ուսին, շունչս պահեցի և երբ հատիկը փամփուշտի հետ միասին եկավ կպավ նշանացույցի անցքին՝ շնիկը քաշեցի։ Այրը դղրդաց, իսկ փամփուշտը վզզաց օդում։ Գտան-բերին։ Գնդակն անցել էր ուղիղ մեջտեղից։
Տղերքը համակրանքի այնպիսի ցույց կազմակերպեցին, այնպիսի մի դղրդոց բարձրացրին, որ ականջներս տժժաց։ Անմիջապես «շքանշանը» կախ արին վզիցս և մի պատվիրակ ընտրեցին, փամփուշտը ձեռը տվին, ուղարկեցին ներքի թաղեցոնց մոտ.
– Թող տեսնեն, թուքները ցամաքի։
– Ասա՝ էս մե՛ր պետի հունարն ա, ձե՛րն էլ ուղարկեցեք մի նայենք։
Այսպես, ես էլ, ընկերներս էլ դեռ վաղ պատանեկությունից սկսեցինք վարժվել զենքի գործածությանը։
Իմ ամենամոտ և քաջարի ընկերը՝ Գրիգորը, նույնպես հրացան ձեռք բերեց։
Հրացանները գաղտնի էինք պահում։ Վարդանի յալի ետևը, մթին անտառում, մի փուչ կաղնի կար։ Այդ կաղնու փչակն էր մեր զինանոցը։
Եվ երբ հունիսյան մի տոթ օր մեր գյուղացիք ապստամբեցին դաշնակցական կարգերի դեմ, երբ մաուզերիստները ձիերն ու գլխարկները թողած, մեր դիմացի լեռան լանջով դեպի Դիլիջան էին ճղում, մենք փչակից դուրս բերինք մեր հրացանները, թաքնվեցինք հաստաբուն հաճարենու ետևը և միասին համազարկ տվինք անկարգ փախչող խմբի ետևից։ Ու հրճվանքով տեսանք նրանց ետև բարձրացած փոշու երկու ամպիկը։
– Ձեռներս հալալեցինք,— ասաց Գրիգորը գուրգուրանքով նայելով հրացանին։
Երկու տարի անց, երբ Սեմյոնովկայի լեռների մյուս երեսից լսվում էր թնդանոթների խուլ դղրդյունը, երր կոմունիստական ջոկատները գրոհում էին դաշնակցական հրոսակախմբերի դեմ՝ մաքառելով քաղցի, ձյան ու սառնամանիքի դեմ, մենք մագլցում էինք մեր լեռները, կուզեկուզ էինք անում թփերի տակ, հետախուզում բանդիտների շարժումը։
Այն ժամանակ մենք արդեն տասնհինգ տարեկան կոմերիտականներ էինք և տիրապետում էինք զենքին։
Այսպե՛ս, ա՛յս պայմաններում ես վաղ պատանեկությունից սիրեցի զենքը, ընկերացա նրան, և նրա որոտով արտահայտեցի իմ վրեժն ու ուրախությունը, իմ ցասումն ու իմ բերկրանքը...։
Այժմ անցնենք իմ որսորդական կյանքի դեպքերին։
1934
Կատեգորիա: Վախթանգ Անանյանի ստեղծագործությունները
Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:
- Армянская культура
- Армянская литература
- Народные сказки
- Абовян Хачатур
- Агаян Газарос
- Айгекци Вардан
- Ананян Вахтанг
- Варужан Даниел
- Гош Мхитар
- Дурьян Петрос
- Зохраб Григор
- Исаакян Аветик
- Мецаренц Мисак
- Маштоц Месроп
- Налбандян Микаэл
- Нарекаци Григор
- Паруйр Севак
- Сааян Амо
- Саят-Нова
- Сиаманто
- Терьян Ваан
- Туманян Ованес
- Хнко Апер
- Чаренц Егише
- Шираз Ованес
- Шнорали Нерсес
- Армянская кухня
- Армянские художники
- Достопримечательности
- Хачкар
- Армянская литература
Новости Самары
30 Май 2018 12:11
«Самара присоединилась к Всероссийской п…
С 30 мая до 31 августа 2018 года в рамках...
16 Мар 2013 08:46
Тридцать человек в масках разгромили каф…

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...
09 Мар 2013 18:29
В аварии погиб вице-президент самарской …

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...
Армянские новости
17 Мар 2013 18:06
В США пройдет 21-ый Александрийский армя…

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...
14 Мар 2013 17:03
Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...
09 Мар 2013 17:49
Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...
Новости спорта и культуры
13 Мар 2017 13:18
Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...
12 Мар 2017 09:22
Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....
02 Май 2013 19:43
Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...
Новости SamaraHay
22 Июн 2017 14:17
Рецепты для мультиварки и мультипекаря R…
Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...
26 Дек 2015 14:25
Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...
29 Май 2015 21:47
Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...
Последние комментарии
- Баранина с сельдереем
%% Here is my web page installing vinyl Fence: htt...
Автор: Halley - Умер художник Завен Аршакуни
%% my site group: https://webscliq.com/the-top-rea...
Автор: Winnie - В Еревана собирают главную ел...
%% Here is my blog post: External Door fitters Nea...
Автор: Gavin
Мы "Вконтакте"
Случайные рецепты
Печенье «неженка» (нрбик)
Печенье «неженка» (нрбик)Муку с измельченным маслом собрать в горку, посередине...
Лук-порей с мясом
Говядину или баранину нарезать кусками по 40-50 г и припустить...
Инжир в сахарном сиропе
Инжир в сахарном сиропеНе очень спелый инжир очистить, немного проварить...