Սայաթ-Նովա

Սայաթ-Նովա


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սայաթ-Նովա (Արութին, Հարություն, 1712, 1717 կամ 1722, Թիֆլիս – 22.9. 1795, Թիֆլիս), ուշ միջնադարի հայ բանսատեղծ-աշուղ։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր (մահտեսի Կարապետ) ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ-Նովաների ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից (քաղաքային արհեստավորներից) էր։

Ս-Ն-ի մանկությունն ու պատանեկությունն անցել Է Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբ. այբուբենը։

12 տարեկանից նրան տվել են արհեստի («ինձ հանձնեցին ուստաքարի»), սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։

Երգն ու երաժշտությունը նրան հմայել են ղեռ փոքրուց, գուցեև հոր ու մոր ազդեցությամբ։ Մինչև երեսուն տարեկանը Ս-Ն. կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժող. հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Ս. Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա՝ երգի որսորդ (պարսկերեն սայադ — որսորդ, նովա — երգ, մեղեդի)։

Ս-Ն-ի ուսումնառության գործում որոշակի դեր են խաղացել Անդրկովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորույթով՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրք, (ադրբ.) խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Գիտակցելով աշուղ-բանաստեղծի բուն դերն ու կոչումը, հասկանալով, որ «Աստված դիփունանցըն մին հոքի էրիտ...», «խալխի նոքար Սայաթ-Նովան» գեղեցկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգ. ու դասային խտրության։

Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ [66–ը՝ հայերեն, 36-ը՝ վրացերեն, 125-ը՝ ադրբեջաներեն (7-ը՝ կիսատ) և 5-ը՝ խառը], որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերացրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։ Հայերեն և վրացերեն խաղերը հրատարակված են ամբողջությամբ, իսկ ադրբեջաներեն հորինվածները՝ կիսով չափ։ Հայերեն են թարգմանված Սայաթ-Նովայի վրացերեն բոլոր երգերը, իսկ ադրբեջաներեն գրվածներից՝ 65-ը։

Սայաթ-Նովայի հայտնի ամենավաղ թվակիր խաղը («Ծովեն ելած թանգ մարքարիտ ու մարջան...») վերաբերում է 1742-ին։ Պահպանվածների մեջ, հավանաբար, կան և ավելի վաղ հորինվածներ։ Ծանոթ վերջին խաղը («Աշխարըս մե փանջարա է...») թվագրված է «ապրիլի սկզբին, քրոնիկոնի 447-ին». այսինքն՝ 1759-ի ապրիլին։

Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ Սայաթ-Նովայի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, թասլիբներ, վարսաղներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ (քառյակներ), այբբենականներ, զինջիրլամաներ կամ շարակապներ, յարանաներ կամ սիրահարականներ, օգուտլամաներ կամ խրատականներ, իլահիներ կամ աստվածայիններ, բարիթավուրներ կամ ալիքավորվողներ, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ են, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել։ Խաղերից շատերի մեղեդիները մոռացվել են և առմիշտ կորել։ Հայտնի է, որ մի մասը երգվել է ինչպես Նաղաշ Հովնաթանի, Դոստիի և այլոց երգերի եղանակներով, այնպես էլ իր հորինած մեղեդիներով՝ «Դիբա և ենգիդունիա» և «Գուլ իս անգին»։

Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղարշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով, ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը, այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել, ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը:

Ամեն մարթ չի կանա խրմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է.
Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է։
Բունիաթս ավազ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է...

Սայաթ-Նովայի կյանքը խաղաղ չի անցել, դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից (ըստ որոշ ուսումնասիրողների՝ 1753-ին և 1759-ին՝ վերջնականապես)։

Սայաթ-Նովան կոչումով աշող է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։

Իբրև սիրերգու՝ Սայաթ-Նովան գեղեցիկի ու կատարյալի երկրպագու է, ամենանվիրական ու նրբին զգացմունքների արտահայտիչ, չնայած դրանց համար օգտագործած պատկերներն ու համեմատությունները՝ արեգակի փար, ռաշ ձի, թովուզի տախտ, փռանգի սուրաթ ևն շատ են ծավալային ու երբեմն էլ՝ անսովոր։ Նրա սիրային երգերին հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բախումները, որոնց պատճառը ո՛չ միայն բանաստեղծի ողբերգական սերն է, այլև կյանքի ու իրականության անլուծելի հակասությունները, սոցիալ. անհավասարությունը, գեղեցկի ոտնահարումը։ Սայաթ-Նովային շատ են զբաղեցրել մարդու բարոյական կատարելության ու գեղեցկության հարցերը, դարի ու ժամանակի այլանդակության, մարդու մանրացման ու մարդկայինի աղարտման պատճառները, որոնք, ի վերջո մնում են անբացատրելի, մարմնականին բավարարություն տվողը չպիտի մոռանա նաև հոգու կամքը կատարելը («Աշխարըս՝ մի փանջարա է...», «Արի, ինձ անգաճ կալ...», «Արի համով ղուլուղ արա...», «Առանց քիզ ի՛նչ կոնիմ...» ևն)։

Գունագեղ պատկերների, երաժշտ. հնչյունների ստեղծման անզուգական վարպետ է Սայաթ-Նովան։ Նրա խաղերը, անգամ տխուր ու հուսահատ, մերթ խաղաղություն են բերում մարդու հոգուն՝ Առակաց գրքից. Հայսմավուրքից ու Յոթ իմաստասերների պատմությունից և ժողովրդի բառ ու բանից քաղված իմաստալից խրատներով, մերթ էլ բոցավառում նրա երևակայությունը՝ վերստեղծելով ամենակատարյալի մտապատրանք։ Սայաթ-Նովայի լեզուն արլ. փոխառություններով և ժողովրդական մտածողության կենդանի արտահայտություններով հարուստ թիֆլիսահայ խոսվածքն է։

Սայաթ-Նովան մեծ ծառայություն ունի ուշ միջնադարի հայ գրկականության ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական-ժողովրդական քնարերգության բարձրակետն է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որ վերածնել է հայոց քաղ. ինքնուրույն կյանքի մասնատման ու անկման պատճառով այլափոխված գուսանական արվեստը, այն դրել նոր հունի մեջ՝ հեղաշրջելով XVI դ. ծայր առած աշուղական բանաստեղծության ձևն ու բովանդակությունը։ Կովկասում և Մերձավոր Արևելքի երկրներում լայն տարածում գտած, մասամբ էլ անցեղ ու անհայրենիք, թափառական երգիչ-նվագածուների թուրքալեզու խաղերին՝ Սայաթ-Նովան հակադրել է հայալեզու երգերն ու խորապես մարդկային ապրումներ արտահայտող ստեղծագործությունները և կամրջել միջնադարյան բանաստեղծությունն ու ձևավորվող նոր քերթությունը, ժող. խաղն ու անձնական քնարերգությունը։ Նա հայ իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել Կովկասի ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում։ Սկսած XVIII դ. 2-րդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի, ադրբեջանցի և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ։ Սայաթ-Նովան. իր հաստատուն տեղն ունի նաև վրաց քնարերգության պատմության մեջ։

Սայաթ-Նովան գրական նորարար է, սիրո և արդարության քարոզիչ, բանաստեղծ, երգիչ, երգահան ու նվագածու՝ միաժամանակ։

1759-ի կեսերին ավարտվել է Սայաթ-Նովայի՝ իբրև բանաստեղծի ու երգահան-երաժշտի կյանքը։

1759-ին Հերակլ II-ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հվ. ափին գտնվող Էնզելի նավահանգիստը։ Այստեղ երգիչն «ապաշխարել» և արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1760)։ Ե՛րբ է վերադարձել հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766-ին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտր. ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում (եղել է քահանա), որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ Աստվածաշնչի հատվածներից բաղկացած մի ժողովածու (երկու ձեռագրերն էլ պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում)։ 1768-ին մահացել է կինը՝ Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակ (Հովհաննես, Մելքիսեթ, Սառա և Մարիամ)։ Այդ կամ հաջորդ տարվանից Սայաթ-Նովա-Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778-ից, երբ վերաշինվել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում (հավանաբար 1784-ին) միաբանության հետ նորից վերադարձել է Թիֆլիս։ 1795-ի սեպտեմբերին, Աղա-Մահմադ խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղված է Ս. Գևորգ եկեղեցու բակում։

1914-ից ամեն տարի մայիսին այդտեղ մեծարվում է Սայաթ-Նովայի հիշատակը՝ ժողովրդական այցելությամբ և վարդատոնով (նախաձեռնողը եղել է Հ. Թումանյանը)։

Մեծ բանաստեղծի մոռացված ստեղծագործություններին հարություն տվողը և սայաթնովագիտության հիմնադիրը եղել է հայագետ Գ. Ախվերդյանը։ 1848-ի մայիսին ձեռք բերելով աշուղի Դավթարը, հետազոտական քրտնաջան աշխատանքից ու որոնումներից հետո, 1852-ին լույս է ընծայել Սայաթ-Նովայի հայ. խաղերի առաջին ժողովածուն (46 խաղ)՝ կցելով բանաստեղծի կենսագրությունը, Թիֆլիսի բարբառի քննությունը և առանձին ոտանավորների բառապաշարին վերաբերող արժեքավոր մեկնաբանություններ։ Դա ծրագրված «Գուսանք» մատենաշարի միակ գիրքը եղավ։ Ախվերդյանի ազդեցությամբ ռուս բանաստեղծ Յա. Պոլոնսկին Սայաթ-Նովայի մի քանի խաղ թարգմանել է ռուսերեն և նրա մասին ուսումնասիրություն հրատարակել Թիֆլիսի «Կավկազ» («Кавказ») թերթում (1851, 1852)։ Հետագայում նոր խաղեր են հայտնաբերել ու հրատարակել բանասերներ Գ. Տեր-Աղեքսանդրյանը (1885), Գ. Ասատուրը (1903), աշուղ Սկանդար-Նավեն (1912) և ուրիշներ։ Սայաթ-Նովայի գրական ժառանգությունը ժողովրդականացնելու գործում մեծ վաստակ ունեն Հ. Թումանյանը, նկարիչ Գ. Բաշինջաղյանը և ուրիշներ, որոնց ջանքերով 1913-ին տոնվել է մեծ երգչի ծննդյան 200-ամյա հոբելյանը և 1914-ին հրատարակվել հայկական խաղերի առավել լրիվ ժողովածուն («Սայաթ-Նովա»)։

Սայաթնովագիտությունը բուռն զարգացում ապրեց սովետական կարգերի հաստատումից հետո ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։ Հրատարակվեցին նոր ժողովածուներ, գրվեցին հետազոտություններ։ Այդ մարզում իրենց ներդրումն ունեն բանասերներ Գ. Լևոնյանը, Ռ. Աբրահամյանը, Հ. Զավրյանը, Ն. Աղբալյանը, Ա. Ղանալանյանը, Խ. Սարգսյանը, Գ. Աբովը, Ս. Հարությունյանը, Պ. Սևակը, Լ. Մելիքսեթ-Բեկը և ուրիշներ, ամենից ավելի՝ Մ. Հասրաթյանը, որը կազմել է Սայաթ-Նովայի «Հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղերի» նոր և ամենաընդարձակ ժողովածուն (3-րդ հրտ. 1963), թարգմանել վրացերեն 32 և ադրբեջաներեն 85 խաղ, գրել ուշագրավ մեկնաբանություններ, տվել Սայաթ-Նովայի խաղերն ամփոփող Դավթարի նկարագրությունը, մեկնաբանել բանաստեղծի երգերի բառապաշարը։

Սայաթ-Նովայի կյանքը նյութ է դարձել գրական երկերի (վեպ, նովել, պոեմ, դրամա, բալլադ, ոտանավորներ) և արվեստի ստեղծագործությունների (օպերա, կինոնկար, թեմատիկ նկարներ)։ Նրա երևակայական նկարն ստեղծել են Գ. Շարբաբչյանը, Հ. Ռուխկյանը, քանդակել է Ա. Հարությունյանը։ Սովետական Հայաստանում Սայաթ-Նովայի անունով են կոչվում դպրոցներ, փողոցներ, գուսանական-երաժշտական խմբեր։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուս, և աշխարհի մի շարք այլ լեզուներով։
1963-ի խաղաղության համաշխարհային խորհրդի որոշմամբ նշվեց Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը։

Մոլորակագիտության միջազգային միության պատվավոր պրեզիդենտ Գ. Կատերֆելդի առաջարկությամբ՝ 1976-ին Սայաթ-Նովայի անունով կոչվեց Մերկուրիի խառնարաններից մեկը (այսպես կոչված՝ Մարսի ծովի հարավում)։

Պ. Հակոբյան

Սայաթ-Նովան առաջնակարգ երաժիշտ-հորինող է։ Նրա խազերը մեծագույն մասով հորինվել են որոշակի եղանակներով հանդերձ (խոսքերում առկա են երգային կրկնակներ կամ եղանակի մասնավոր ձևի հետ կապված՝ բառերի հավելյալ կրկնումներ)։ Շարունակելով Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ավանդույթը՝ Սայաթ-Նովան իր շատ խաղեր օժտել է սեփական հատուկ եղանակներով։ Օգտագործել է նաև աշուղական ավանդական եղանակները և այդպիսի դեպքում ոտանավորին կցել եղանակը հուշող ծանոթագրություն։ Թե՛ մեկ և թե՛ մյուս եղանակները գործնականորեն մեզ են հասել բանավոր հաղորդման միջոցով։ Հայերեն խաղերի 27 եղանակ հավաքել և գրի են առել Մ. Աղայանը և Շ. Տալյանը (տպ. Ե., 1946 և 1963), ժողովրդի մեջ գոյություն ունեն նաև անտիպ մնացող եղանակներ կամ տարբերակներ։

Սայաթ-Նովայի եղանակների հիմքը հայ մոնոդիկ երաժշտությունն է (ժողովրդական և գուսանա-աշուղական երգ, միջնադարյան տաղեր, քաղաքային ժողովրդական-գործիքային նվագ), այդ երաժշտության ինտոնացիաները և դրանցով բացահայտվող ձայնակարգերն իրենց էական հատկանիշներով կազմում են նրա մեղեդիների ձևակառուցման գլխավոր գործոնը։ Սայաթ-Նովան աշուղի երաժշտական արվեստը նաև որոշ տարրեր ու բնորոշ գծեր է ներառել Թիֆլիսի կենցաղային երաժշտությունից, որն այն ժամանակ միավորում էր մերձավորարևելյան երաժշտության մաս կազմող բազմազան ազգային ավանդույթներ։ Այդ բոլոր տարրերը, թե՛ աշուղի սեփական և թե օգտագործած ավանդական եղանակներում, իր՝ հեղինակի ստեղծագործական մտածելակերպի համաձայն «խմբագրվել են», վերաձուլվել ու վերարտադրվել մի միասնական ոճում, որը բնութագրվում է որպես սայաթնովյան ոճ։ Սայաթ-Նովայի երգերի ներկայումս հայտնի եղանակները, մեծ մասամբ, ակնառու վարպետության արգասիք են։ Ընդհանուր բնույթով աշուղական՝ դրանք օգտագործում են ինչպես երգային, այնպես էլ ասերգային հնարներ, համանման սկզբունքներով ծավալվող ավարտուն ձևերում երևան են բերում ներքին նկատելի բազմազանություն։ Երբեմն մեղեդիները հոսում են տարբեր ձայնակարգերի բարդ զուգորդումներում («Բլբուլի հիդ»), մեղեդիական միևնույն կառույցի տարբերակումներով գոյանում են ընդարձակ կառուցվածքներ («Դուն էն գլխեն իմաստուն իս», որի եղանակը՝ Չարգյահի ձայնակարգում՝ ավանդաբար գալիս է Բաղտասար Դպիրի «Ի ննջմանեդ արքայական» տաղից)։ Հետաքրքրական են միջնադարյան այլ տաղերի ու գուսանական նվագարանային երաժշտության տարրեր օգտագործող լայնածոր մեղեդիները («Մե խոսկ ունիմ» երգի 2-րդ տարբերակը), մետրական առանձնապես դինամիկ հիմք ունեցող նմուշները («Էշխն վառ կրակ» երգում՝ 8/8 և 7/8 խառը չափերի զուգորդումը), պարային ռիթմական կերտվածք ունեցող եղանակներում միևնույն մետրի տարբեր (երկմաս և եռամաս) մեկնաբանումը («Պատկիրքտ ղալամով քաշած»), բանաստեղծության չափի, ռիթմի և շեշտականության ճշգրիտ երաժշտականացումը («Փահրադն մեռած», «Քանի վուր ջան իմ» ևն)։ Բոլոր երգերը հուզառատ են, ինչպես վայել է իսկական աշուղական երգին։ Հատկապես ասերգային նմուշներում խոսքի արտաբերումը հասնում է խորագույն արտահայտչության («Առանց քիզ ի՞նչ կոնիմ» ևն)։ Մեզ հասած երգերը թեև փոքրաքանակ են, բայց ընդգրկում են հայ աշուղական երգի ռիթմաինտոնացիոն և ձևային կարևորագույն բոլոր տեսակները։ Միասնական ոճի սահմաններում յուրաքանչյուր երգ ինքնատիպ է ջ ունի իր սեփական դեմքը։ Դրանով Սայաթ-Նովա երգահանը անհամեմատ բարձր է կանգնած սոսկ ավանդական եղանակներով ու դրանց տարբերակումներով երգած աշուղներից։ Սայաթ-Նովան նաև նշանավոր երաժիշտ– կատարող է եղել, ունեցել է «քաղցր ձայն» երգեցողությունն ուղեկցել է նախ` սազի, ապա՝ թամբուրի և չոնգուրի, ի վերջո` իր ամենասիրած քամանչայի վարպետ նվագով։ Իր արվեստով նա ոչ միայն մեջլիսներ է զարդարել, այլև արդեն այն ժամանակ լայն ժողովրդականություն է վաստակել։ Սայաթ-Նովայի արվեստը մեծ դեր է կատարել Անդրկովկասի աշուղության զարգացման գործում, նկատելի ազդեցություն է ունեցել նաև կոմպոզիտորական ստեղծագործության վրա։ Սայաթ-Նովայի երգերը սովետահայ կոմպոզիտորներից շատերը մշակել են դաշնամուրային, անսամբլային և սիմֆոնիկ նվագակցությամբ մեներգելու, ինչպես և երգչախմբով ու կապելլա կատարելու համար։ «Սայաթ-Նովա» օպերա է հեղինակել (աշուղի երգերի մասնակի օգաագործումով) կոմպոզիտոր Ա. Հարությունյանը։







Добавить комментарий

Защитный код
Обновить

Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Суп с мантами (мантапур)

Суп с мантами (мантапур)Из костей сварить бульон. Мякоть два раза...

Зразы с огурцами (мартадела)

Говядину или баранину очистить от сухожилий, нарезать кусками и три...

Магалепи с шоколадом

Магалепи с шоколадомСварить шоколад в воде из расчета 1:6, влить...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта