ԵԼՔ - 26

(14 голоса, среднее 3.43 из 5)
Индекс материала
ԵԼՔ
14
26
Все страницы


26 «Նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւից տասշերտանի վարագոյրով խորան կը պատրաստես։ Այն կը զարդարես ասեղնագործ քերովբէներով։ 2Վարագոյրի ամէն շերտի երկարութիւնը պէտք է լինի քսանութ կանգուն, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն։ Բոլոր շերտերի չափսը նոյնը պէտք է լինի։ 3Հինգ շերտերը պէտք է միացած լինեն իրար։ Իրար պէտք է միացած լինեն նաեւ միւս հինգ շերտերը։ 4Շերտերի կցուածքի մի կողմից մէկ շերտի եզերքին կապոյտ ճարմանդներ պէտք է դնես։ Նոյնը պէտք է անես նաեւ երկրորդ կցուածքի արտաքին շերտի եզերքին։ 5Յիսուն ճարմանդ կը դնես մի շերտի վրայ, յիսուն ճարմանդ էլ՝ կը դնես երկրորդ կցուածքի շերտի կողմից։ Բոլոր ճարմանդները միմեանց դիմաց պէտք է լինեն։6Կը պատրաստես յիսուն ոսկէ օղակներ եւ շերտերը իրար կը միացնես կեռիկներով։ Այսպիսով կը ստացուի մի խորան։ 7Խորանի համար այծի մազից հիւսուած ծածկոց կը պատրաստես։ Տասնմէկ շերտերից թող բաղկացած լինի այն։ 8Ամէն մի շերտի երկարութիւնը պէտք է լինի երեսուն կանգուն, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն։ Տասնմէկ շերտերի չափսը նոյնը պէտք է լինի։ 9Հինգ շերտերը իրար կը միացնես առանձին եւ վեց շերտերը՝ առանձին։ Վեցերորդ շերտը իբրեւ կրկնակի ծածկոց թող կախուի խորանի ճակատի կողմից։ 10Յիսուն ճարմանդ կը պատրաստես կցուածքի ամէն շերտի եզերքին, յիսուն ճարմանդ էլ՝ երկրորդ կցուածքի շերտի եզերքին։ 11Կը պատրաստես յիսուն պղնձէ օղակներ եւ ճարմանդները օղակների մէջ անցկացնելով՝ իրար կը միացնես շերտերը։ Կը ստացուի մի ամբողջութիւն։ 12Շերտերի աւելացած մասերը կը տեղաւորես վրանի տակ. շերտի այդ աւելացած մասի կէսով կը ծածկես վրանի ծայրամասերը՝ յետեւի կողմից։ 13Վրանի վարագոյրների երկարութեան աւելացած մասից մի կանգուն թող կախուի այս կողմից եւ մի կանգուն՝ այն կողմից։ Վրանի ծայրերը թող ծածկուեն այս ու այն կողմից։ 14Վրանի ծածկը կը պատրաստես խոյերի շիկակարմիր մորթուց, իսկ դրա վրայ էլ մի ծածկ կը դնես կապոյտ մորթուց։ 15Վրանի ուղղահայեաց մոյթերը կը պատրաստես կարծր փայտից։ 16Ամէն մոյթի երկարութիւնը տասը կանգուն թող լինի, իսկ ամէն մոյթի հաստութիւնն ու լայնութիւնը մէկուկէս կանգուն թող լինի։17Ամէն մի մոյթ թող ունենայ իրար ագուցուած երկու ծղնի։ Այդպէս կը պատրաստես վրանի բոլոր մոյթերը։ 18Վրանի հիւսիսային կողմում կը դնես քսան մոյթեր 19եւ այդ քսան մոյթերի համար կը պատրաստես քառասուն արծաթէ խարիսխներ. երկու խարիսխ՝ վրանի մի մոյթի երկու կողմերի համար եւ երկու խարիսխ՝ մի մոյթի երկու կողմերի համար։ 20Վրանի միւս՝ հարաւային կողմում նոյնպէս կը դնես քսան մոյթեր իրենց քառասուն արծաթէ խարիսխներով։ 21Երկու խարիսխ՝ մի մոյթի երկու կողմերի համար։ 22Վրանի յետեւի՝ ծովահայեաց կողմում վեց մոյթ կը դնես։ 23Երկու մոյթ կը դնես խորանի անկիւններին՝ յետեւի կողմից։ 24Ներքեւի կողմից դրանք պէտք է իրար հաւասար լինեն։ Նոյն ձեւով հաւասար թող լինեն դրա իրար ագուցուած զոյգ խոյակները։ Նոյն ձեւով կը շինես երկու անկիւնների մոյթերը։ 25Այսպիսով կը ստացուի ութ մոյթ։ Դրանց խարիսխները արծաթից թող լինեն. տասնվեց խարիսխ։ Երկու խարիսխ՝ մի մոյթի համար նրա երկու կողմերից, եւ երկու խարիսխ էլ՝ միւս մոյթի համար։ 26Կարծր փայտից նիգեր կը պատրաստես. հինգ նիգ՝ վրանի մի կողմի մոյթի համար, 27հինգ նիգ՝ վրանի երկրորդ կողմի միւս մոյթի համար եւ հինգ նիգ՝ վրանի թիկունքի՝ ծովահայեաց կողմի մոյթի համար։ 28Մի նիգ էլ մոյթերի մի ծայրից մինչեւ միւսն անցկացուելով՝ դրանք թող միացնի իրար։ 29Մոյթերը կը պատես ոսկով։ Կը պատրաստես ոսկէ օղակներ, որոնց մէջ կը հագցնես նիգերը։ Նիգերը կը պատես ոսկով։ 30Վրանը կը կանգնեցնես այն ձեւով, որ ցոյց տրուեց քեզ լերան վրայ։ 31Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից վարագոյր կը պատրաստես։ Այն կը զարդարես ասեղնագործուած քերովբէով։ 32Այն կ՚ամրացնես կարծր փայտից շինուած եւ ոսկով պատած չորս մոյթերի վրայ։ Դրանց խոյակները թող լինեն ոսկուց, իսկ խարիսխները՝ արծաթից։ Վարագոյրը կը ձգես մոյթից մոյթ։ 33Վկայութեան տապանակը կը տանես այնտեղ, վարագոյրի ներսի կողմը, եւ վարագոյրը ձեզ համար սրբութիւնը կ՚առանձնացնի սրբութիւնների սրբութիւնից։ 34Սրբութիւնների սրբութեան տեղում վկայութեան տապանակը կը ծածկես վարագոյրով։ 35Զոհասեղանը կը դնես վարագոյրի դրսի կողմը, իսկ աշտանակը՝ զոհասեղանի դիմաց, վրանի հարաւային կողմում։ Զոհասեղանը կը դնես վրանի հիւսիսային կողմում։ 36Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից կը պատրաստես վրանի դռան առագաստը՝ նկարազարդ մի գործ։37Առագաստի համար կարծր փայտից հինգ մոյթ կը պատրաստես եւ դրանք կ՚ոսկեզօծես։ Դրանց խոյակները թող լինեն ոսկուց։ Դրանց համար հինգ պղնձէ խարիսխ կը ձուլես»։ 
27 «Կարծր փայտից զոհասեղան կը պատրաստես։ Հինգ կանգուն թող լինի դրա երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը։ Քառակուսի թող լինի զոհասեղանը։ Երեք կանգուն թող լինի դրա բարձրութիւնը։ 2Դրա չորս անկիւնների վրայ եղջիւրներ կ՚անես այնպէս, որ դրանք միաձոյլ լինեն զոհասեղանի հետ։ Դրանք կը պատես պղնձով։ 3Զոհասեղանի համար շրջանակ կը պատրաստես։ Դրա խուփը, տաշտերը, մեծ պատառաքաղները, կրակարանները եւ ամբողջ սպասքը պղնձից կը պատրաստես։ 4Դրա համար պղնձից վանդակաւոր կասկարայ կը պատրաստես։ Կասկարայի համար չորս կողմից չորս պղնձէ օղակներ կը պատրաստես։ 5Դրանք կը դնես զոհասեղանի կասկարայի տակ՝ ներքեւի մասում։ Կասկարան թող հասնի մինչեւ զոհասեղանի մէջտեղը։ 6Զոհասեղանի համար լծակներ կը պատրաստես՝ լծակներ կարծր փայտից, եւ դրանք կը պատես պղնձով։ 7Լծակները կը մտցնես օղակների մէջ։ Լծակները թող լինեն զոհասեղանի երկու կողմերից, որպէսզի հնարաւոր լինի այն բարձրացնել։ 8Փայտեայ շինուածքների մէջը դատարկ թող լինի։ Կը պատրաստես ըստ այն օրինակի, որ ցոյց է տրուել քեզ լերան վրայ։ Այդպէս կը պատրաստես այն»։ 9«Վրանի առաջ բակ կը շինես, բակի հարաւային կողմում՝ նրբահիւս բեհեզից պատրաստուած առագաստ։ Հարիւր կանգուն թող լինի բակի մի կողմի երկարութիւնը։ 10Մոյթերը թող լինեն քսան հատ, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ։ Դրանց օղակներն ու խոյակները թող արծաթից լինեն։ 11Նոյն ձեւով հիւսիսային կողմում առագաստների երկարութիւնը թող լինի հարիւր կանգուն։ Դրանց պղնձէ մոյթերը թող լինեն քսան հատ, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ։ Դրանց գալարազարդերը, մոյթերը եւ խարիսխները թող լինեն արծաթապատ։12Ծովահայեաց բակի առագաստների լայնութիւնը թող լինի յիսուն կանգուն։ Դրանց մոյթերը թող լինեն տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը հատ։ 13Արեւելեան կողմի առաջին բակի առագաստների լայնութիւնը թող լինի յիսուն կանգուն։ Դրանց մոյթերը թող լինեն տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը հատ։ 14Առագաստների մի կողմի բարձրութիւնը թող լինի տասնհինգ կանգուն։ Դրանց մոյթերը թող լինեն երեք, դրանց խարիսխները՝ երեք։ 15Առագաստների միւս կողմի բարձրութիւնը թող լինի տասնհինգ կանգուն։ Դրանց մոյթերը թող լինեն երեք հատ, դրանց խարիսխները՝ երեք հատ։ 16Բակի դռան վարագոյրի բարձրութիւնը թող լինի քսան կանգուն։ Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից պատրաստուած թող լինի այն՝ նկարագեղ ասեղնագործութեամբ։ Դրանց մոյթերը թող լինեն չորս հատ, խարիսխներն էլ՝ չորս հատ։ 17Բակի շրջակայ բոլոր մոյթերը արծաթապատ թող լինեն, դրանց խոյակները՝ արծաթից, դրանց խարիսխները՝ պղնձից։ 18Բակի երկարութիւնը հարիւր կանգուն թող լինի, լայնութիւնը՝ յիսուն, իսկ բարձրութիւնը՝ տասնհինգ կանգուն։ Առագաստը նրբահիւս բեհեզից թող լինի։ Դրանց խարիսխները պղնձից թող լինեն։ 19Վրանի ամբողջ սպասքը, դրա բոլոր գործիքները եւ բակի բոլոր ցիցերը պղնձից թող լինեն»։ 20«Իսրայէլացիներին կարգադրի՛ր, որ քեզ ձիթենու զուլալ, անարատ, ծեծուած ձիթապտղի ձէթ բերեն լոյսի համար, 21որպէսզի մշտավառ ճրագ լինի վկայութեան խորանում, ուխտի վարագոյրից դուրս։ Եւ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչեւ առաւօտ թող այն վառեն Տիրոջ առաջ։ Դա Իսրայէլի որդիների կողմից հաստատուած յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ»։ 
28 «Դու Իսրայէլի որդիներից քեզ մօտ կը բերես քո եղբայր Ահարոնին, նրա հետ նաեւ նրա որդիներին՝ Նաբադին ու Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն։ 2Ի պատիւ եւ ի փառս քո եղբայր Ահարոնի սրբազան զգեստներ կը պատրաստես։3Դու կը խօսես մտքով իմաստուն բոլոր մարդկանց հետ, որոնց ես իմաստութեան ոգով եմ լցրել, որ նրանք Ահարոնին սրբազան զգեստներ պատրաստեն սրբութեան համար, որոնցով էլ նա քահանայութեան պաշտօն է կատարելու ինձ համար։ 4Սրանք են այն զգեստները, որ նրանք պիտի պատրաստեն. մինչեւ ոտքի թաթերը հասնող երկարաւուն զգեստ, ուսի ու լանջի վակասներ, բեհեզէ պատմուճան, խոյր եւ գօտի։ Սրբազան զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների համար, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն։ 5Նրանք թող վերցնեն ոսկի, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւ եւ նրբահիւս բեհեզ։ 6Վակասը թող պատրաստեն մաքուր ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր նրբահիւս բեհեզից՝ այն զարդարելով նուրբ ասեղնագործութեամբ։ 7Երկու վակասները թող իրար միանան՝ երկու կողմերից իրար կապուելով։ 8Վակասի վերեւի մասը նոյն ձեւով պէտք է պատրաստուած լինի՝ մաքուր ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից։ 9Զմրուխտէ երկու ակնաքար կ՚առնես եւ դրանց վրայ կը փորագրես Իսրայէլի որդիների անունները. նրանցից վեցի անունները կը փորագրես մի ակնաքարի վրայ եւ միւս վեցինը՝ երկրորդ ակնաքարի վրայ, ըստ իրենց ցեղերի։ 10Դա ակնագործների արուեստին վայել մի գործ պէտք է լինի։11Իսրայէլի որդիների անունները կը քանդակես երկու ակնաքարերի վրայ այնպէս, ինչպէս կնիքներն են քանդակում։ Դրանց շուրջը ոսկով կը զարդարես։ 12Երկու ակնաքարերը կը զետեղես ուսի վրայ դրուող վակասի վրայ, որպէսզի դրանք Իսրայէլի որդիների յիշատակի ակնաքարերը լինեն։ Ահարոնը, ի յիշատակ նրանց, Աստծու առաջ իր երկու ուսերի վրայ պէտք է կրի Իսրայէլի որդիների անունները։ 13Օղակ ու ճարմանդ կը պատրաստես մաքուր ոսկուց։ 14Մաքուր ոսկուց կը պատրաստես այդ երկու կապիչները, որոնք ծաղկազարդ մանուածքով հիւսկէններ պէտք է լինեն։ Կապիչները կ՚ամրացնես ուսանոցի երկու օղակներին՝ 15նրանց վտաւակների մօտ, առջեւի կողմից»։16«Դատաստանի լանջապանակը նկարազարդ կտորից կը պատրաստես. վակասի նման՝ ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից։ 17Քառակուսի կը պատրաստես այն՝ մէկ թիզ երկարութեամբ եւ մէկ թիզ լայնութեամբ։ 18Դրա վրայ ակնաքարերը կը շարես չորս շարք ընդելուզուածքով։ Ակնաքարերի շարքերը այսպէս թող լինեն. առաջինը՝ զմրուխտ, սարդիոն եւ տպազիոն՝ մէկ շարք։ 19Երկրորդ շարքը՝ նռնաքար, շափիւղայ եւ յասպիս։ 20Երրորդ շարքը՝ գոճազմ, ագատ եւ սուտակ։ 21Չորրորդ շարքը՝ յակինթ, բիւրեղ եւ եղնգաքար։ Դրանք թող դասաւորուեն ըստ իրենց նշուած շարքերի՝ ընդելուզուած, ոսկով ամրացուած։ 22Իսրայէլի որդիների անուններով փորագրուած ակնաքարերը թող լինեն թուով տասներկու՝ ըստ նրանց անունների թուի։ Իւրաքանչիւրն ըստ այդ տասներկու ցեղերի թող ունենայ իր անունը։ 23Լանջապանակի վրայ մաքուր ոսկուց շինուած ոլորուն շղթայ կը պատրաստես։24Լանջապանակի վրայ երկու ոսկէ օղակներ կը պատրաստես եւ երկու օղակներ կ՚ամրացնես լանջապանակի երկու ծայրերին։ 25Երկու ոսկէ շղթաներ կ՚անցկացնես լանջապանակի ծայրին գտնուող երկու օղակների մէջ։ 26Երկու շղթաների երկու ծայրերը կը մտցնես երկու օղակների մէջ եւ վակասի առջեւի կողմից տանելով՝ կ՚անցկացնես վակասի ետեւի կողմը։ 27Երկու ոսկէ օղակներ էլ կը պատրաստես եւ դրանք կ՚ամրացնես լանջապանակի ներքեւի երկու ծայրերին, վակասին կցուած եզրերին։ 28Երկու ոսկէ այլ օղակներ կը պատրաստես եւ դրանք կ՚անցկացնես վակասի երկու ուսերին, ներքեւի կողմից, միմեանց դէմ դիմաց։ Դրա կոճակները թող լինեն վակասի գօտու վրայ։29Լանջապանակի ու վակասի օղակների միջով կապոյտ թել անցկացնելով՝ դրանք թող պինդ ամրացուեն իրար այնպէս, որ լանջապանակը լինի վակասի գօտու վրայ եւ վակասից չառանձնանայ։30Երբ Ահարոնը սրբարան կը մտնի, նա իր կրծքի վրայ թող կրի Իսրայէլի որդիների անուններով քանդակուած դատաստանի լանջապանակը, որպէսզի Աստծու առաջ յաւիտենապէս պահպանի նրանց յիշատակը։ 31Դատաստանի լանջապանակին կ՚ամրացնես շղթաների ծայրերը եւ լանջապանակի երկու կողմերից կը կապես։ Երկու վահանաձեւ կոճակ կը դնես վակասի երկու ուսերին, առջեւի կողմից եւ ներքեւից։ Դատաստանի լանջապանակի վրայ կը դնես յանդիմանութիւնն ու ճշմարտութիւնը։ Դա թող լինի Ահարոնի կրծքի վրայ, երբ նա սրբարան մտնելով՝ ներկայանայ Տիրոջը։ Եւ Ահարոնը Տիրոջ առաջ իր կրծքի վրայ միշտ թող կրի Իսրայէլի որդիների դատաստանի լանջապանակը»։ 32«Պճղնաւոր ներքին պատմուճան կը պատրաստես ամբողջութեամբ կապոյտ թելով հիւսուած կտաւից։33Դրա վերին մասը շուրջանակի կլոր կտրելով՝ բացուածք կը թողնես։ Միացման տեղերը ամբողջական՝ մէկ կտոր թող լինեն, որպէսզի այդ զգեստը չպատռուի։ 34Ներքին պատմուճանների քղանցքներին, ներքեւի մասում մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր թելերով եւ նրբահիւս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ կը գործես։ Դրանք կը գործես ներքին պատմուճանների քղանցքների շուրջբոլորը։ Այդ զարդերը թող ունենան նռան ծաղկաբողբոջի ձեւը, եւ դրանց միջեւ շուրջանակի ոսկէ զանգակներ թող լինեն։ 35Ոսկէ զանգակներն ու նռան ծաղկաբողբոջները շուրջանակի թող զարդարեն ներքին պատմուճանների քղանցքները։ 36Դա թող հագնի Ահարոնը, որպէսզի, երբ պաշտամունք է կատարում, Տիրոջ առաջ սրբարան մտնելիս ու ելնելիս լսուեն դրանց արձակած ձայները, եւ Ահարոնը չմեռնի։37Մաքուր ոսկուց թիթեղ կը պատրաստես եւ դրա վրայ, ինչպէս կնիքի վրայ են փորագրում, «Սրբութիւն Տեառն» կը փորագրես։ 38Այն կ՚ամրացնես նրբահիւս կապոյտ ժապաւէնի վրայ։ 39Դա կը կապես Ահարոնի գլխին դրուող խոյրի վրայ՝ ճակատի կողմից։ Ահարոնը պէտք է կրի Իսրայէլի որդիների նուիրած բոլոր ընծաները, եթէ նոյնիսկ նրանք անօրէնութիւններ գործած լինեն դրանք նուիրելիս։ Դա միշտ Ահարոնի ճակատին պէտք է լինի, որպէսզի այդ ընծաները ընդունելի լինեն Տիրոջը։ 40Մինչեւ ոտքի թաթերը հասնող երկարաւուն պատուճանը բեհեզից կը պատրաստես։ Բեհեզից կը պատրաստես նաեւ ապարօշն ու նախշազարդ գօտին։ 41Ահարոնի որդիների համար պատմուճաններ, գօտիներ եւ խոյրեր կը պատրաստես պատուի եւ փառքի համար։42Դրանք կը հագցնես քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին։ Կ՚օծես նրանց, կ՚օրհնես ու կը սրբագործես նրանց, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն։ 43Նրանց համար կտաւից անդրավարտիքներ կը պատրաստես, որպէսզի դրանք նրանց մէջքից մինչեւ սրունքները հասնելով՝ ծածկեն նրանց ամօթոյքը։ 44Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն այն, երբ մտնեն վկայութեան խորանը, կամ երբ պաշտամունք կատարելու համար մօտենան սուրբ սեղանին։ Նրանք մեղք թող չգործեն, որպէսզի չմեռնեն։ Դա թող լինի յաւիտենական օրէնք իր եւ իրեն յաջորդող սերնդի համար»։ 
29 «Ահա թէ ինչպէս կը վարուես նրանց հետ։ Կը սրբագործես նրանց, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն։ Հօտից կը վերցնես ոչ արատաւոր մի զուարակ եւ ոչ արատաւոր երկու խոյ, 2նաեւ բաղարջ հաց, իւղով հունցուած բաղարջ կարկանդակներ ու իւղով շաղուած բաղարջ բլիթներ։ Այդ բոլորը իւղով հունցուած ընտիր ալիւրով կը պատրաստես։ 3Դրանք կը դնես մի սկուտեղի վրայ եւ սկուտեղով էլ կը նուիրաբերես դրանք, ինչպէս նաեւ զուարակն ու երկու խոյերը։4Ահարոնին ու նրա որդիներին կը բերես վկայութեան խորանի դռան մօտ եւ նրանց կը լուանաս ջրով։ 5Զգեստներն առնելով՝ քո եղբայր Ահարոնի ներքնազգեստի վրայ կը հագցնես երկարաւուն պատուճանը, վակասն ու լանջապանակը։ Լանջապանակը կ՚ամրացնես վակասին։6Խոյրը կը դնես նրա գլխին, իսկ թիթեղեայ սուրբ պսակը կը դնես խոյրի վրայ։ 7Կը վերցնես օծութեան իւղից, կը քսես նրա գլխին եւ կ՚օծես նրան։8Մօտ կը բերես նրա որդիներին, նրանց նոյնպէս կը հագցնես զգեստները, 9Ահարոնի ու նրա որդիների մէջքին կը կապես գօտիները, ապարօշները կը դնես նրանց գլխին եւ նրանց քահանայութիւնը ինձ համար յաւիտենական կը լինի։ Այսպէս կը սրբագործես դու Ահարոնին ու նրա որդիներին։ 10Զուարակը կը բերես վկայութեան խորանի դռան մօտ, եւ Ահարոնն ու նրա որդիները վկայութեան խորանի դռան մօտ իրենց ձեռքերը կը դնեն զուարակի գլխին Տիրոջ առաջ։ 11Զուարակը կը մորթես Տիրոջ առաջ, վկայութեան խորանի դռան մօտ։ 12Կը վերցնես զուարակի արիւնից քո մատով ու կը քսես զոհասեղանի եղջիւրաձեւ անկիւններին, իսկ մնացած ամբողջ արիւնը կը հեղես զոհասեղանի յատակին։ 13Կը վերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լեարդի տակի բլթակը եւ երկու երիկամներն իրենց ճարպի հետ, կը դնես զոհասեղանի վրայ։ 14Զուարակի միսը, նրա մորթին ու կղկղանքը թող այրեն բանակատեղիից դուրս։ Դա հէնց մեղքերի համար է։ 15Կ՚առնես խոյերից մէկը, եւ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կը դնեն խոյի գլխին։ 16Կը մորթես խոյը եւ վերցնելով նրա արիւնը՝ կը հեղես զոհասեղանի շուրջը։ 17Խոյը կը բաժանես մասերի, ջրով կը լուանաս նրա փորոտիքն ու ոտքերը եւ դրանք նրա գլխի հետ կը դնես կտրտած մասերի վրայ։ 18Զոհասեղանի վրայ դրուած ամբողջ խոյը կը լինի Տիրոջն առաքուած անուշահոտ ողջակէզ։ Դա Տիրոջը մատուցուած զոհն է։ 19Կ՚առնես երկրորդ խոյը, եւ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կը դնեն խոյի գլխին։ 20Կը մորթես խոյը, կը վերցնես նրա արիւնից եւ կը քսես Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա որդիների աջ ականջի բլթակին, Ահարոնի աջ ձեռքի ծայրերին, նրա աջ ոտքի ծայրերին, նրա որդիների աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի ծայրերին, նրանց աջ ոտքերի ծայրերին։ Մնացած արիւնը կը հեղես զոհասեղանի շուրջը։ 21Կ՚առնես զոհասեղանի վրայ գտնուող արիւնից ու օծութեան իւղից եւ կը ցանես Ահարոնի ու նրա զգեստների վրայ, նրա որդիների ու նրա որդիների զգեստների վրայ։ Թող սրբագործուեն Ահարոնն ու իր զգեստները, նրա հետ նաեւ՝ նրա որդիներն ու նրա որդիների զգեստները։ Խոյի արիւնը կը հեղես զոհասեղանի շուրջը։ 22Կ՚առնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լեարդի տակի բլթակը, երկու երիկամներն իրենց ճարպի հետ եւ աջ զիստը»։ Դա սրբազան նուիրագործութիւնն է։23«Տիրոջ առաջ դրուած բաղարջների սկուտեղից կը վերցնես մի հաց, իւղով հունցուած մի կարկանդակ ու մի բլիթ, 24այդ ամէնը կը դնես Ահարոնի ձեռքերի վրայ, նրա որդիների ձեռքերի վրայ եւ որպէս ընծայ կը նուիրաբերես Տիրոջը։ 25Դրանք կը վերցնես նրանց ձեռքերից եւ ողջակէզների զոհասեղանի վրայ կ՚այրես իբրեւ անուշահոտ զոհ Տիրոջ առաջ»։ Դա Տիրոջ համար կատարուող զոհաբերութիւն է։ 26«Կ՚առնես Ահարոնին քահանայ օծելու համար զոհուած խոյի կուրծքը եւ այն որպէս ընծայ կը նուիրաբերես Տիրոջը, իսկ մնացեալը կը լինի քո բաժինը։ 27Կը սրբագործես խոյի կուրծքը որպէս նուիրաբերութիւն, ինչպէս նաեւ՝ նրա զիստը, որը նուիրագործուեց։ 28Եւ այն ամէնը, ինչ Ահարոնի եւ նրա որդիների կողմից որպէս բաժին կը հանուի խոյից, յաւիտենական օրէնք պիտի լինի Ահարոնի եւ նրա որդիների համար իսրայէլացիների մօտ, քանզի դա է ըստ օրինի նրանց հասանելիք բաժինը։ Եւ դա իսրայէլացիների՝ իրենց փրկութեան համար Տիրոջ առաջ զոհաբերուելիք ընծան թող լինի։ 29Ահարոնի սրբազան զգեստները իրենից յետոյ թող պատկանեն իր որդիներին, որպէսզի նրանք օրհնուեն ու օծուեն այդ զգեստները հագած։ 30Եօթը օր այդ զգեստները թող հագնի այն քահանան, որը նրա որդիներից լինելով՝ պիտի փոխարինի նրան, որպէսզի վկայութեան խորան մտնի սրբարանում պաշտամունք կատարելու համար։ 31Կը վերցնես նուիրագործութեան խոյը եւ դրա միսը կ՚եփես մի սուրբ վայրում։32Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն խոյի մսից։ Վկայութեան խորանի դռան մօտ թող ուտեն նաեւ սկուտեղի վրայի բաղարջ հացերը եւ 33այն բաները, որ իրենց ձեռնադրութեան եւ սրբագործութեան որպէս քաւութիւն ծառայեցին։ Որեւէ օտարական թող դրանցից չուտի, որովհետեւ դրանք սրբութիւններ են։ 34Եթէ նուիրագործութեան զոհի մսից ու հացից մնայ մինչեւ առաւօտ, ապա մնացորդները կ՚այրես կրակով. այն թող չուտուի, որովհետեւ Տիրոջ սրբութիւնն է։ 35Այն ամէնը, ինչ կարգադրում եմ քեզ Ահարոնի ու նրա որդիների վերաբերեալ, կը կատարես։ Եօթը օր կը կատարես նրանց օրհնութիւնը։36Մեղքերի քաւութեան զուարակը կը զոհես սրբութեան օրը։ 37Զոհ մատուցելու համար զոհասեղանը պէտք է սրբագործուած լինի։ Զոհասեղանը սրբագործելու համար եօթը օր պէտք է այն մաքրես, օծես, եւ զոհասեղանը կը լինի սրբութիւն սրբոց։ Զոհասեղանին դիպչող ամէն ոք կը սրբագործուի»։ 38«Ահա թէ ինչ պիտի զոհես զոհասեղանի վրայ. մշտնջենապէս, ամէն օր մէկ տարեկան ոչ արատաւոր երկու գառ պիտի զոհես զոհասեղանի վրայ. դա մշտնջենական զոհաբերութիւն է լինելու։ 39Մի գառ կը զոհես առաւօտեան, իսկ երկրորդ գառը կը զոհես երեկոյեան։ 40Ամէն մի գառան հետ կը բերես նաեւ շուրջ մէկուկէս լիտր զտուած իւղ՝ շաղուած երեք կիլոգրամ ընտիր ալիւրի հետ, ինչպէս նաեւ մէկուկէս լիտր գինի իբրեւ ընծայ։41Երկրորդ գառը կը զոհես երեկոյեան այնպէս, ինչպէս առաւօտեան զոհուած գառը՝ բերելով նոյն ընծաները։ Այն որպէս անուշահոտ զոհ կը մատուցես Տիրոջը։ 42Ձեր ազգի մէջ դա պիտի լինի վկայութեան խորանի դռան մօտ, Տիրոջ առաջ կատարուող մշտնջենական զոհաբերութիւն։ Ես քեզ յայտնուելու եմ այնտեղ, որպէսզի խօսեմ քեզ հետ։ 43Այնտեղ պիտի երեւամ Իսրայէլի որդիներին ու պիտի սրբագործուեմ իմ փառքով։ 44Ես պիտի սրբագործեմ վկայութեան խորանն ու զոհասեղանը, պիտի սրբագործեմ Ահարոնին ու նրա որդիներին, որպէսզի նրանք ինձ համար քահանայութիւն անեն։ 45Ես պիտի անուանուեմ Իսրայէլի որդիների մէջ եւ պիտի լինեմ նրանց Աստուածը։ 46Նրանք պիտի գիտենան, որ ե՛ս եմ իրենց Տէր Աստուածը, որ իրենց հանեց Եգիպտացիների երկրից, որպէսզի նրանք տան իմ անունը, եւ ես լինեմ իրենց Տէր Աստուածը»։ 
30 «Խնկարկութեան սեղան կը պատրաստես կարծր փայտից։ 2Այն կը շինես մէկ կանգուն երկարութեամբ եւ մէկ կանգուն լայնութեամբ. քառակուսի թող լինի։ Երկու կանգուն թող լինի դրա բարձրութիւնը։ Դրա եղջիւրաւոր անկիւնները սեղանի հետ միաձոյլ թող լինեն։3Մաքուր ոսկով կը պատես այն, ինչպէս նաեւ դրա կասկարան, չորս եզերքներն ու եղջիւրաւոր անկիւնները։ Դրա շուրջբոլորը ոսկէ պսակ կը պատրաստես։ 4Պսակի ներքեւի մասում, երկու կողմերին մաքուր ոսկուց երկուական օղակներ կը պատրաստես։ 5Դրանք կ՚ամրացնես նրա երկու կողմերին, որպէսզի լծակները օղակների մէջ անցկացնելով կարելի լինի բարձրացնել խնկարկութեան սեղանը։ 6Լծակները կը պատրաստես կարծր փայտից ու դրանք կը պատես ոսկով։7Խնկարկութեան սեղանը կը դնես վկայութեան տապանակի առջեւ գտնուող վարագոյրի դիմաց (վկայութեան վրայ գտնուող քաւութեան դիմաց), ուր ես երեւալու եմ քեզ։ 8Ահարոնը դրա վրայ, իբրեւ կարգ, ամէն առաւօտ մանր աղացած խունկ թող ծխի. թող խունկ ծխի դրա վրայ երբ կանթեղներն է պատրաստում։ 9Երբ Ահարոնը երեկոյեան վառի կանթեղները, Տիրոջ առաջ, խնկարկութեան սեղանի վրայ միշտ խունկ թող ծխի։ Դա նրանց ազգի մէջ խնկարկութեան մշտնջենական կարգ թող լինի։ 10Խնկարկութեան սեղանի վրայ օտար խունկ մի՛ ծխէք, ողջակէզներ, ուտուելիք ու խմուելիք ընծաներ մի՛ մատուցէք։11Ահարոնը տարին մէկ անգամ խնկարկութեան սեղանի եղջիւրաւոր անկիւնների վրայ քաւութեան ծէս պէտք է անի. նա այն պէտք է մաքրի մեղքերի քաւութեան համար զոհուող կենդանու արեամբ։ Նրա սերունդները տարին մէկ անգամ թող սրբագործեն այն, որովհետեւ դա Տիրոջ սրբութիւնների սրբութիւնն է»։ 12Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Երբ Իսրայէլի որդիների թիւն իմանալու համար մարդահամար կը կատարես, նրանք Տիրոջը պէտք է տան իրենց հոգու փրկագինը՝ ըստ իրենց անձերի թուի։ Մարդահամարի ժամանակ մահացութեան դէպքեր չպիտի լինեն։ 13Մարդահամարի ենթարկուողները պէտք է փրկագին վճարեն սրբարանի երկդրամեանի կէսը։ Երկդրամեանը քսան դանգի է հաւասար։ Երկդրամեանի կէսը թող լինի Տիրոջը հասանելիք տուրքը։ 14Քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող բոլոր նրանք, ովքեր կ՚անցնեն մարդահամարով, Տիրոջը հասանելիք տուրքը պէտք է վճարեն։ 15Մեծահարուստը թող չաւելացնի, իսկ աղքատը թող չպակասեցնի իսրայէլացիների՝ Տիրոջը որպէս տուրք հասանելիք կէսդրամեանը, որպէսզի դա ձեզ համար քաւութիւն լինի։ 16Որպէս տուրք Տիրոջ հասանելիք դրամը կը վերցնես Իսրայէլի որդիներից եւ այն կը յատկացնես վկայութեան խորանի սպասաւորութեանը։ Դա Տիրոջ առաջ Իսրայէլի որդիների համար յիշատակ կը լինի ի քաւութիւն նրանց»։ 17Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 18«Պղնձէ լուացարան պատրաստի՛ր։ Պղնձից շինի՛ր նրա պատուանդանը, որպէսզի լուացուեն նրա մէջ։ Այն կը դնես վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ։ Դրա մէջ ջուր կը լցնես։19Ահարոնն ու նրա որդիները այդ ջրով կը լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը. 20երբ մտնեն վկայութեան խորանը, ջրով թող լուացուեն, որպէսզի չմեռնեն։ Կամ երբ պաշտամունք կատարելու եւ Տիրոջը ողջակէզներ մատուցելու համար մօտենան զոհասեղանին, 21թող լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որպէսզի չմեռնեն։ Դա նրանց համար, նրա եւ նրանից յետոյ գալիք նրա յետնորդների համար յաւիտենական կարգ թող լինի»։ 22Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.23«Վերցրո՛ւ անուշահոտ համեմունքներ. զմռնենու հինգ հարիւր սիկղ ընտիր ծաղիկներ, դրա կէսի չափ՝ երկու հարիւր յիսուն սիկղ անուշաբոյր կինամոն, երկու հարիւր յիսուն սիկղ անուշաբոյր խնկեղէգ,24հինգ հարիւր սիկղ սրբարանի հիրիկ եւ ձիթապտղի շուրջ վեց լիտր ձէթ։ 25Դրանցից կը պատրաստես սուրբ օծութեան համար իւղ այնպէս, ինչպէս վարպետ իւղագործները ձէթ են պատրաստում։ Այն սուրբ օծութեան համար իւղ թող լինի։ 26Դրանով կ՚օծես վկայութեան խորանը, վկայութեան տապանակը, 27զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկութեան սեղանը,28ողջակէզների սեղանն ու նրա ամբողջ սպասքը, աւազանն ու նրա պատուանդանը։ 29Կը սրբագործես դրանք, եւ դրանք կը լինեն սրբութիւնների սրբութիւն։ Ամէն ոք, որ դիպչի դրան, կը մաքրուի։30Կ՚օծես Ահարոնին ու նրա որդիներին, կը սրբագործես նրանց, որպէսզի նրանք ինձ համար քահանայութիւն անեն։ 31Կը խօսես Իսրայէլի որդիների հետ ու կ՚ասես. «Այս իւղը ձեր սերունդների մէջ ձեր սուրբ օծութեան համար թող լինի։ 32Մարդու մարմնին թող չքսուի այն։ Ձեզ համար նոյն բաղադրութեամբ նման բան չպատրաստէք, որովհետեւ դա սրբութիւն է եւ ձեզ համար սրբութիւն էլ թող մնայ։ 33Ով այդպիսի բան պատրաստի, եւ ով դրանից օտարականի տայ, թող վերանայ իր ժողովրդի միջից»։ 34Տէրն ասաց Մովսէսին. «Վերցրո՛ւ անուշաբոյր համեմունքներ. ստաշխ, եղնգաքար, անուշաբոյր քաղբան եւ մաքուր կնդրուկ։ Դրանք թող քաշով իրար հաւասար լինեն։ 35Դրանք իրար խառնելով՝ մաքուր, սուրբ խունկ կը պատրաստես, ինչպէս վարպետ իւղագործներն են պատրաստում։ 36Դրանք մանր կ՚աղաս եւ կը դնես վկայութեան դիմաց՝ վկայութեան խորանի մէջ, ուր պիտի երեւամ քեզ։ Ձեր պատրաստած այդ խունկը ձեզ համար սրբութիւնների սրբութիւն թող լինի։ 37Ձեզ համար նոյն բաղադրութեամբ խունկ մի՛ պատրաստէք, որովհետեւ դա ձեզ համար սրբութիւն պիտի լինի Տիրոջ առաջ։ 38Այն մարդը, որ հոտոտելու համար այս բաղադրութեամբ խունկ կը պատրաստի, կը վերանայ իր ժողովրդի միջից»։ 
31 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Ես, ահա, Յուդայի ազգից ընտրեցի Բեսելիէլին, որը որդին է Ուրիի, իսկ սա՝ որդին Ովրի։ 3Ես նրան լցրի ամէն գործի համար անհրաժեշտ գիտութեան, հանճարի եւ իմաստութեան աստուածային ոգով, 4որպէսզի նա մտածի ու ստեղծագործի, 5որպէսզի մշակի ոսկին, արծաթն ու պղինձը, մանի կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւը, զբաղուի արհեստի կատարելութիւն հանդիսացող ակնագործութեամբ, նաեւ ատաղձագործութեամբ, որ գործի դնի ամէն մի արհեստ։ 6Ահա ես նրան օգնական եմ տալիս Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբին։ Ամէն մի ուշիմ մարդու հոգու մէջ դրի շնորհ, որպէսզի անի այն, ինչ պատուիրել եմ քեզ, այսինքն՝ 7պատրաստի վկայութեան խորանը, կտակարանների տապանակն ու նրա կափարիչը, խորանի ամբողջ սպասքն ու զոհարանը, 8զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, սուրբ աշտանակն ու նրա բոլոր զարդերը, խնկարկութեան սեղանը,9ողջակէզների սեղանն ու նրա բոլոր մասերը, աւազանն ու նրա պատուանդանը, 10ծիսակատարութեան զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների՝ ինձ համար քահանայութիւն անելու զգեստները, 11օծութեան իւղն ու սրբարանի խնկի համեմունքները։ Այս բոլորը, ինչ մի անգամ պատուիրել եմ քեզ, կը պատրաստես»։ 12Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Իսրայէլի որդիներին հաղորդի՛ր հետեւեալը. «Զգո՛յշ եղէք, պահեցէ՛ք իմ շաբաթ օրերը, 13որովհետեւ դա ձեր սերնդի մէջ իմ ու ձեր միջեւ դրուած պայմանն է, որպէսզի ճանաչէք, թէ ե՛ս եմ ձեզ սրբագործող Տէրը։ 14Կը պահէք շաբաթ օրերը, որովհետեւ Տիրոջ եւ ձեզ համար դա սրբութիւն է։ Ով այն պղծի, թող մահուան դատապարտուի։ Ամէն ոք, ով այդ օրը գործ կ՚անի, թող վերանայ իր ժողովրդի միջից։ 15Վեց օր գործ կ՚անես, իսկ եօթներորդ օրը Տիրոջ սուրբ հանգստեան շաբաթ օրն է։ Ով որ շաբաթ օրը գործ կ՚անի, թող մահուան դատապարտուի։ 16Իսրայէլի որդիները թող պահեն շաբաթ օրերը, որպէսզի դրանք ձեր սերնդի մէջ ի կատար ածուեն որպէս յաւիտենական ուխտ 17իմ ու Իսրայէլի որդիների միջեւ։ Դա իմ յաւիտենական պայմանն է, որովհետեւ Տէրը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ եօթներորդ օրը դադար տուեց եւ հանգստացաւ»։ 18Երբ Աստուած Սինա լերան վրայ աւարտեց իր խօսքը, Մովսէսին տուեց վկայութեան երկու տախտակները՝ Աստծու մատով գրուած քարէ տախտակները։ 
32 Ժողովուրդը տեսնելով, որ Մովսէսն ուշացաւ լեռից իջնելու, հաւաքուեց Ահարոնի մօտ ու ասաց նրան. «Դե՛հ, մեզ առաջնորդող աստուածներ ստեղծի՛ր, որովհետեւ չգիտենք, թէ ինչ եղաւ այն մարդը՝ Մովսէսը, որ մեզ Եգիպտոսից դուրս բերեց»։ 2Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր տղաների ու աղջիկների ականջներից հանեցէ՛ք ոսկէ գինդերը եւ բերէ՛ք ինձ»։ 3Բոլորը իրենց ականջներից հանեցին ոսկէ գինդերը եւ բերեցին տուեցին Ահարոնին։ 4Ահարոնը դրանք առնելով նրանցից՝ կաղապարի մէջ ձուլեց եւ կերտեց ձուլածոյ մի հորթ։ Նրանք ասացին. «Սա՛ է քո աստուածը, Իսրայէ՛լ, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից»։ 5Երբ Ահարոնն այդ տեսաւ, կուռքի առաջ զոհասեղան շինեց։ Ահարոնը յայտարարեց. «Վաղը Տիրոջ տօնն է»։ 6Առաւօտեան վեր կենալով՝ նա ողջակէզներ արեց եւ փրկութեան զոհեր մատուցեց։ Ժողովուրդը նստեց, որ կերուխում անի, ապա վեր կացաւ, որ պարի։ 7Տէրը Մովսէսին ասաց. «Շո՛ւտ արա, գնա իջի՛ր այստեղից, որովհետեւ անօրինութիւն է կատարում քո ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից։ 8Նրանք շատ շուտ շեղուեցին այն ճանապարհից, որ ցոյց տուեցիր նրանց։ Նրանք ձուլածոյ հորթ են կերտել, երկրպագում են նրան, զոհեր մատուցում ու ասում. «Սա՛ է քո աստուածը, Իսրայէ՛լ, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից»։ 9Տէրն ասաց Մովսէսին. «Ես տեսնում եմ, որ այս ժողովուրդը կամակոր է։ 10Արդ, թո՛յլ տուր ինձ, որ նրանց վրայ թափեմ իմ զայրոյթը՝ կոտորեմ նրանց, իսկ քեզ մեծ ազգ դարձնեմ»։ 11Մովսէսն աղաչեց իր տէր Աստծուն՝ ասելով. «Տէ՛ր, ինչո՞ւ ես այդպէս խիստ զայրանում քո ժողովրդի վրայ, որին քո մեծ զօրութեամբ ու հզօր բազկով դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից։ 12Այնպէս չլինի, որ եգիպտացիներն ասեն. «Չար մտադրութեամբ դուրս բերեց նրանց, որպէսզի լեռների վրայ կոտորի, երկրի երեսից վերացնի նրանց»։ Մեղմացրո՛ւ քո զայրոյթը, հրաժարուի՛ր քո ժողովրդին չարիք պատճառելուց։ 13Յիշի՛ր քո ծառաներ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, որոնց անձովդ երդուեցիր, խօսեցիր նրանց հետ՝ ասելով. «Երկնքի աստղերի չափ պիտի բազմացնեմ ձեր սերունդը»։ Եւ այն երկիրը, որ խոստացար տալ նրանց զաւակներին, նրանք յաւիտեան պիտի տիրանան դրան»։ 14Եւ Տէրը հրաժարուեց պատճառել այն չարիքները, որոնցով սպառնում էր պատժել ժողովրդին։ 15Մովսէսը վերադարձաւ եւ իջաւ լեռից։ Նրա ձեռքին էին վկայութեան երկու տախտակները։ Քարէ տախտակների երկու երեսին՝ այս ու այն կողմից գրուած էր։ 16Տախտակներն Աստծու գործն էին, իսկ տախտակների վրայ գրուած գիրը Աստծու արձանագրած գիրն էր։ 17Յեսուն, լսելով աղաղակող ժողովրդի ձայնը, Մովսէսին ասաց. «Բանակատեղիից պատերազմի ձայն է գալիս»։18Մովսէսն ասաց. «Դա ո՛չ յաղթանակած կտրիճների ճիչ է, ո՛չ էլ պարտուած զօրքի աղաղակ։ Գինուց ընդարմացած մարդկանց ձայնն է, որ լսում եմ ես»։ 19Երբ Մովսէսը մօտեցաւ բանակատեղիին եւ տեսաւ հորթն ու պարողներին, խիստ զայրացաւ, նետեց ձեռքում եղած երկու տախտակներն ու ջարդուփշուր արեց դրանք լերան ստորոտին։20Վերցնելով նրանց կերտած հորթը՝ Մովսէսը կրակը նետեց այն, ապա մանրեց, փոշու վերածեց, փոշին խառնեց ջրի մէջ ու տուեց ժողովրդին, որ խմի։ 21Մովսէսն ասաց Ահարոնին. «Ի՞նչ է արել քեզ այս ժողովուրդը, որ նրան այդպիսի մեծ մեղքերի մղեցիր»։ 22Ահարոնն ասաց Մովսէսին. «Մի՛ զայրացիր, տէ՛ր իմ, որովհետեւ դու ինքդ էլ գիտես, որ քո ժողովուրդը չարամէտ է։ 23Նրանք ասացին. «Մեզ համար առաջնորդող աստուածներ ստեղծիր, որովհետեւ չգիտենք, թէ ինչ պատահեց այն մարդուն՝ Մովսէսին, որը Եգիպտոսից դուրս բերեց մեզ»։ 24Ես նրանց ասացի. «Եթէ որեւէ մէկը ոսկի ունի, նրանից հանեցէ՛ք դա եւ բերէ՛ք»։ Նրանք ինձ տուեցին ոսկին, ես այն նետեցի կրակը, եւ ահա ստացուեց այս հորթը»։ 25Մովսէսը տեսաւ, որ ժողովուրդը պատուիրանազանց է եղել, որովհետեւ Ահարոնը նրանց յանցագործութեան էր մղել ի չարախնդութիւն իրենց թշնամիների։ 26Մովսէսը, կանգնելով բանակատեղիի մուտքի մօտ, ասաց. «Ով Տիրոջն է պատկանում, ինձ մօտենայ»։ Նրա շուրջը հաւաքուեցին Ղեւիի բոլոր որդիները։ 27Մովսէսը նրանց ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Իւրաքանչիւրը իր սուրը թող կապի իր ազդրին։ Բանակատեղիի մի մուտքից միւսը գնացէք-եկէք, եւ ձեզնից իւրաքանչիւրը թող սպանի իր եղբօրը, իւրաքանչիւրը՝ իր ընկերոջը, իւրաքանչիւրը՝ իր մերձաւորին»։28Ղեւիի որդիներն արեցին այնպէս, ինչպէս ասել էր Մովսէսը։ Այդ օրը ժողովրդի միջից շուրջ երեք հազար մարդ կոտորուեց։ 29Մովսէսն ասաց նրանց. «Այսօր իւրաքանչիւրդ ձեր ձեռքով ծառայեցիք Տիրոջը. մէկն սպանեց իր որդուն, միւսն՝ իր եղբօրը, որի համար այսօր ձեզ վրայ կ՚իջնի Տիրոջ օրհնութիւնը»։ 30Յաջորդ օրը Մովսէսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք էք գործել, բայց ես հիմա կը բարձրանամ Աստծու մօտ, որպէսզի ձեր մեղքերի համար քաւութիւն խնդրեմ նրանից»։ 31Մովսէսը վերադարձաւ Տիրոջ մօտ ու ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, այդ ժողովուրդը մեծ մեղք է գործել, որովհետեւ իր համար ոսկէ աստուածներ է կերտել։ Արդ, եթէ ներելու ես իրենց մեղքերը, ների՛ր,32իսկ եթէ չես ներելու, ուրեմն իմ անունը ջնջի՛ր քո մատեանից, ուր գրել ես ինձ»։ 33Տէրն ասաց Մովսէսին. «Ես իմ մատեանից կը ջնջեմ նրան, ով մեղանչել է իմ դէմ։ 34Բայց հիմա գնա՛, իջի՛ր եւ այդ ժողովրդին առաջնորդի՛ր այն վայրը, որի մասին ասել եմ քեզ։ Իմ հրեշտակը կը գնայ քո առաջից։ Այն օրը, սակայն, երբ պիտի այցելեմ ձեզ, նրանց մեղքերը իրենց վրայ պիտի դնեմ»։ 35Եւ Տէրը ժողովրդին պատուհասեց այն հորթի համար, որ կերտել էր Ահարոնը։ 
33 Տէրն ասաց Մովսէսին. «Ելէ՛ք այստեղից դու եւ քո ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից, եւ գնացէ՛ք այն երկիրը, որ երդուել եմ տալ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին՝ ասելով՝. «Ձեր սերնդին եմ տալու այն»։ 2Ես քո առաջից կ՚ուղարկեմ իմ հրեշտակին, որ հալածի քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, խեւացիներին ու յեբուսացիներին,3քեզ կը տանեմ այն երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում։ Բայց ես, կամակո՛ր ժողովուրդ, քեզ հետ դուրս չպիտի ելնեմ, որպէսզի ճանապարհին քեզ չկոտորեմ»։ 4Ժողովուրդը, լսելով այդ խիստ խօսքերը, մեծ սուգ արեց, սգաւորի զգեստներ հագաւ, ոչ ոք իր վրայ զարդ չկրեց։ 5Տէրն ասաց Մովսէսին. «Դու իսրայէլացիներին ասա՛. «Դուք կամակոր ժողովուրդ էք։ Զգո՛յշ եղէք, թէ չէ մի այլ պատուհաս էլ կը բերեմ ձեր գլխին եւ կը կոտորեմ ձեզ։ Արդ, հանեցէ՛ք ձեր շքեղ պատմուճանները, ձեր զարդերը, որպէսզի ցոյց տամ ձեզ, թէ ինչ եմ անելու ձեզ»։ 6Իսրայէլացիները Քորեբ լերան մօտ հանեցին իրենց զարդերն ու պատմուճանները։ 7Մովսէսն իր վրանը խփեց բանակատեղիից դուրս՝ առանձին մի տեղում։ Դա կոչուեց Վկայութեան վրան։ Ով ինչ հայցում էր Տիրոջից, գալիս էր բանակատեղիից դուրս գտնուող Վկայութեան վրանը։ 8Երբ Մովսէսը դէպի վրանն էր գնում, ողջ ժողովուրդը՝ ամէն մէկն իր վրանի դռան մօտ կանգնած, ուշադիր դիտում էր նրան. նրանք հայեացքով հետեւում էին Մովսէսին, մինչեւ որ նա գնում մտնում էր իր վրանը։ 9Երբ Մովսէսը մտնում էր վրանը, ամպի մի սիւն էր իջնում ու կանգնում վրանի դռան մօտ, եւ Տէրը խօսում էր Մովսէսի հետ։ 10Ողջ ժողովուրդը, տեսնելով վրանի դռան մօտ կանգնած ամպի սիւնը, ոտքի էր կանգնում, իւրաքանչիւրը երկրպագում էր իր վրանի դռան մօտ։ 11Տէրը Մովսէսի հետ խօսում էր դէմ յանդիման, ինչպէս մէկը կը խօսէր իր բարեկամի հետ, եւ ապա Մովսէսը վերադառնում էր բանակատեղի։ Բայց նրա սպասաւոր Յեսուն՝ Նաւէի որդին, վրանից դուրս չէր գալիս։ 12Մովսէսն ասաց Տիրոջը. «Ահա ինձ ասում ես. «Տա՛ր այս ժողովրդին», բայց դու չես յայտնել, թէ ում ես ուղարկելու ինձ հետ։ Դու ինձ ասացիր՝ «Քեզ բոլորից բարձր եմ դասում, դու վայելում ես իմ շնորհը»։ 13Արդ, եթէ քո շնորհին եմ արժանացել ես, ինձ յայտնապէս երեւայ, որպէսզի իմանամ, թէ ինչով եմ արժանացել քո շնորհին, իմանամ, որ քո այս ժողովուրդը մեծ ազգ է լինելու»։ 14Տէրն ասաց. «Ես ինքս պիտի գնամ քո առաջից ու պիտի տեղաւորեմ քեզ»։ 15Մովսէսն ասաց նրան. «Եթէ դու ինքդ մեզ հետ չգնաս, ուրեմն ինձ այստեղից մի՛ հանիր։ 16Եւ ինչի՞ց պիտի իմացուի, թէ ես ու քո ժողովուրդն, իրօք, քո շնորհին ենք արժանացել։ Եթէ դու մեզ հետ գնաս, ես ու քո ժողովուրդը կը փառաւորուենք շատ աւելի, քան երկրի վրայ եղած բոլոր ազգերը»։17Տէրն ասաց Մովսէսին. «Այդ քո ասածն էլ կը կատարեմ, որովհետեւ դու իմ շնորհին ես արժանացել, եւ քեզ աւելի եմ ճանաչում, քան մնացած բոլորին»։ 18Մովսէսն ասաց. «Ցո՛յց տուր ինձ քո փառքը»։19Տէրն ասաց. «Ես իմ փառքով կ՚անցնեմ քո առաջից, քո առաջ կը կոչեմ իմ անունը՝ Տէր, կ՚ողորմեմ նրան, ում ողորմելու եմ, եւ կը գթամ նրան, ում գթալու եմ»։ 20Եւ Տէրն աւելացրեց. «Դու չես կարող տեսնել իմ երեսը, որովհետեւ մարդ չի կարող տեսնել իմ երեսն ու կենդանի մնալ»։21Տէրը շարունակեց. «Ահա իմ առաջ մի տեղ կայ, կանգնի՛ր այս ժայռի վրայ։ 22Երբ ես անցնեմ իմ փառքով, քեզ կը դնեմ ժայռի ծերպի մէջ եւ իմ ձեռքով կը ծածկեմ քեզ, մինչեւ որ անցնեմ։ 23Իմ ձեռքը քո վրայից կը վերցնեմ, եւ ապա դու ինձ կը տեսնես թիկունքից։ Բայց իմ դէմքը քեզ չի երեւայ»։ 
34 Տէրն ասաց Մովսէսին. «Դու ինքդ նախկին տախտակների նման քարէ երկու տախտակներ կոփի՛ր եւ ինձ մօտ՝ լեռը բարձրացի՛ր։ Տախտակների վրայ կը գրեմ այն պատգամները, որ արձանագրուած էին քո ջարդուփշուր արած նախկին տախտակների վրայ։ 2Պատրա՛ստ եղիր վաղը, որ վաղ առաւօտեան բարձրանաս Սինա լեռը եւ այնտեղ ինձ սպասես լերան գագաթին։ 3Հետդ ոչ ոք թող չբարձրանայ, ոչ ոք ամենեւին չերեւայ լերան վրայ։ Արջառ ու ոչխար չարածեն լերան մօտ»։ 4Մովսէսը նախկինների նմանութեամբ քարէ երկու տախտակներ կոփեց։ Առաւօտեան վեր կենալով՝ Մովսէսը բարձրացաւ Սինա լեռը, ինչպէս Տէրն էր հրամայել նրան։ Մովսէսն իր հետ վերցրեց քարէ երկու տախտակները։ 5Տէրն իջաւ ամպի մեջ, կանգնեց այնտեղ՝ նրա դիմաց, ու կոչեց իր անունը՝ Տէր։ 6Տէրն անցաւ Մովսէսի առաջ՝ ասելով. «Տէր Աստուած եմ, գթացող եւ ողորմած, համբերատար, բարեգութ ու ճշմարիտ, որ 7արդարութիւնն է պաշտպանում, իր ողորմածութիւնն է ցուցաբերում հազարաւոր սերունդների հանդէպ, վերացնում անօրէնութիւնները, անիրաւութիւններն ու մեղքերը, մեղաւորին չի ազատում պատժից, հայրերի գործած մեղքերը բարդում է որդիների եւ որդիների որդիների վրայ մինչեւ երրորդ ու չորրորդ սերունդը»։8Մովսէսն իսկոյն խոնարհուելով՝ երկրպագութիւն արեց 9ու ասաց. «Տէ՛ր, եթէ քո շնորհին եմ արժանացել, ուրեմն իմ Տէրը մեզ հետ թող գնայ, որովհետեւ այս ժողովուրդը կամակոր է։ Դու կը ներես մեր անօրէնութիւններն ու մեղքերը, եւ մենք կը լինենք քոնը»։ 10Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քո ու ամբողջ ժողովրդի առաջ քեզ հետ ուխտ եմ դնում։ Ես այնպիսի զարմանահրաշ գործեր պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրայ եւ բոլոր ազգերի մէջ չեն կատարուել։ Ամբողջ ժողովուրդը, նրանց թւում նաեւ դու, ականատես պիտի լինէք Տիրոջ գործերին։ Որովհետեւ ձեզ համար ես զարմանահրաշ գործեր պիտի անեմ։ 11Ըստ ամենայնի դու ուշադիր եղիր, թէ ինչ եմ կարգադրելու քեզ այսօր։ Ես, ահա, ձեզնից հեռացնելու եմ ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խեւացիներին, գերգեսացիներին ու յեբուսացիներին։ 12Զգո՛յշ եղիր, ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր մուտք ես գործելու։ Չլինի թէ գայթակղուէք։ 13Քարուքանդ կ՚անէք նրանց բագինները, ջարդուփշուր կ՚անէք նրանց արձանները, ամբողջովին կը կտրէք նրանց սրբազան անտառները եւ կրակի կը տաք նրանց աստուածների արձանները։ 14Օտար աստուածների չերկրպագէք, որովհետեւ Տէր Աստուածը նախանձոտ է, այո՛, Աստուած նախանձոտ է։ 15Չլինի թէ ձեր մարդիկ ուխտ կապեն այդ երկրի բնակիչների հետ եւ նրանց աստուածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան, զոհեր մատուցեն նրանց աստուածներին, եւ նրանց հրաւէրն ընդունելով՝ չլինի թէ դու էլ ուտես նրանց զոհաբերած անասունների մսից, 16քո տղաներին ամուսնացնես նրանց դուստրերի հետ, քո դուստրերին կնութեան տաս նրանց տղաներին, քո դուստրերը նրանց աստուածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան ու պոռնկացնեն նաեւ քո՛ տղաներին՝ աստուածներին պաշտամունք մատուցելով։ 17Քեզ համար աստուածների կուռքեր չձուլես։ 18Կը պահես Բաղարջակերաց տօնը. նոր բերք քաղելու ամսին, ինչպէս պատուիրել եմ քեզ, եօթը օր բաղարջ հաց կ՚ուտես, քանի որ նոր բերք քաղելու ամսին ես դուրս եկել Եգիպտոսից։ 19Ինձ պիտի պատկանեն բոլոր մարդկանց անդրանիկ արու զաւակները, 20նաեւ՝ քո անասունների՝ արջառի ու ոչխարի առաջնածին արուները։ Էշի առաջնածինին կը փոխանակես գառով, իսկ եթէ չփոխանակես այն, ինձ կը տաս դրա փոխարժէքը։ Քո որդիների բոլոր անդրանիկների փրկագինը կը տաս ինձ։ Իմ առաջ ձեռնունայն չերեւաս։ 21Վեց օր կ՚աշխատես, իսկ եօթներորդ օրը կը հանգստանաս։ Կը հանգստանաս նաեւ ցանքի ու հնձի ժամանակ։ 22Եօթնօրեակի տօնը ինձ համար կը կատարես ցորենի հնձի սկզբում, իսկ բերքահաւաքի տօնը՝ տարուայ կէսին։ 23Տարին երեք անգամ քո բոլոր արու երեխաները թող ներկայանան Իսրայէլի տէր Աստծուն, 24որովհետեւ ես ազգեր պիտի հեռացնեմ քո մօտից, պիտի ընդարձակեմ քո սահմանները, ոչ ոք աչք չպիտի ունենայ քո երկրի վրայ, եթէ տարուայ մէջ երեք անգամ ներկայանաս տէր Աստծուն։ 25Ինձ զոհաբերած անասունի արիւնը թթխմորով հացի վրայ չթափես, եւ զատկի տօնի զոհը մինչեւ առաւօտ չմնայ։ 26Քո երկրի առաջին բերքը կը տանես քո տէր Աստծու տունը։Գառը իր մօր կաթի մէջ չեփես»։ 27Տէրն այնուհետեւ ասաց Մովսէսին «Գրի՛ առ այդ պատգամները, որովհետեւ այդ խօսքերով եմ ես ուխտ կապում քեզ հետ եւ Իսրայէլի հետ»։ 28Մովսէսը Տիրոջ հետ էր քառասուն օր ու քառասուն գիշեր։ Նա հաց չկերաւ, ջուր չխմեց եւ տախտակների վրայ գրի առաւ ուխտի խօսքերը՝ տասը պատուիրանները։ 29Երբ Մովսէսն իջնում էր Սինա լեռից, ուխտի երկու տախտակները Մովսէսի ձեռքին էին։ Լեռից իջնելիս Մովսէսը չգիտէր, որ Տիրոջ հետ խօսելու պատճառով իր երեսը ճառագում է։ 30Ահարոնն ու բոլոր իսրայէլացիները, տեսնելով Մովսէսի ճառագող երեսը, վախեցան մօտենալ նրան։ 31Մովսէսը կանչեց նրանց. Ահարոնն ու ժողովրդի բոլոր առաջնորդները գնացին նրա մօտ, եւ Մովսէսը խօսեց նրանց հետ։ 32Ապա նրան մօտեցան բոլոր իսրայէլացիները, եւ Մովսէսը պատմեց նրանց այն ամէնը, ինչ Տէրը խօսել էր իր հետ Սինա լերան վրայ։ 33Երբ Մովսէսը նրանց հաղորդած իր խօսքը վերջացրեց, երեսը ծածկեց քօղով։ 34Երբ Մովսէսը Տիրոջ հետ խօսելու համար ներկայանում էր նրան, հանում էր քօղը մինչեւ այնտեղից հեռանալը։ Եւ երբ հեռանում էր այնտեղից, նա բոլոր իսրայէլացիներին հաղորդում էր այն, ինչ Տէրը հրամայել էր իրեն։ 35Իսրայէլացիները տեսնում էին, որ Մովսէսի երեսը ճառագում է։ Մովսէսն այն ժամանակ քօղով ծածկում էր երեսը մինչեւ խօսելու համար նրա մօտ մտնելը։ 
35 Մովսէսը հաւաքեց ամբողջ իսրայէլացի ժողովրդին ու ասաց նրանց. «Ահա այն բաները, որ Տէրն ասաց, որ պէտք է անել. 2«Վեց օր պիտի աշխատէք, իսկ եօթներորդ օրը պիտի հանգստանաք. շաբաթ օրը սուրբ է՝ Տիրոջ հանգստեան օրը։ Ով որ այդ օրն աշխատի, կը մեռնի։3Շաբաթ օրը ձեր բոլորի տներում կրակ չպիտի վառուի, որովհետեւ ե՛ս եմ Տէրը»։ 4Մովսէսը, դիմելով իսրայէլի ամբողջ ժողովրդին, ասաց. «Այս է այն պատգամը, որ պատուիրել է Տէրը՝ ասելով. 5«Դուք ձեր մէջ տուրք հաւաքեցէ՛ք Տիրոջ համար։ Ում սրտով ինչ անցնի, այն թող նուիրի Տիրոջը. ոսկի, արծաթ, պղինձ, կապոյտ, 6ծիրանի եւ կրկնակի կարմիր գոյնի մանուած թելեր, նրբահիւս բեհեզ, այծի մազ, 7խոյի կարմիր ներկուած մորթի, կապոյտ ներկուած մորթիներ, կարծր փայտեր, 8լուսաւորութեան համար ձէթ, օծութեան իւղի համար համեմունքներ, խնկի բաղադրամասեր, 9սարդիոն քարեր, զմրուխտ քարեր, վակասի եւ երկարաւուն պատմուճանի համար քարեր»։ 10«Ձեր միջի խելահասները թող գան ու անեն այն ամէնը, ինչ պատուիրել է Տէրը. 11վրանն ու նրա ծածկը, նրա ծոպաւոր վարագոյրներն ու օղակները, նրա տախտակներն ու նիգերը, նրա մոյթերն ու խարիսխները, 12վկայութեան տապանակը, նրա լծակները, կափարիչը, քօղը, բակի առագաստն ու նրա մոյթերը, զմրուխտ քարերը, խնկերը, օծութեան իւղը, 13զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, զոհասեղանի ամպհովանին, նրա լծակներն ու ամբողջ սպասքը, առաջաւորութեան հացը, 14լոյսի աշտանակն ու նրա բոլոր մասերը, նրա կանթեղներն ու լուսաւորութեան ձէթը, 15խնկարկութեան սեղանն ու նրա լծակները, օծութեան իւղը, խնկերի համեմունքները, վրանի դռան վարագոյրը,16ողջակէզների զոհասեղանն ու նրա պղնձէ կասկարան, նրա լծակներն ու ամբողջ սպասքը, 17աւազանն ու նրա պատուանդանը, բակի առագաստը, նրա մոյթերն ու խարիսխները, 18բակի դռան առագաստը, վրանի ցցերն ու բակի ցցերը, դրանց պարանները, 19այն զգեստները, որոնցով սրբազան պաշտամունք պիտի կատարեն սրբարանում, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու Ահարոնի որդիների քահանայութեան զգեստները»։ 20Բոլոր իսրայէլացիները գնացին Մովսէսի մօտից, 21եւ ամէն մէկը բերեց իր սրտից բխածը. նրանք Տիրոջն էին նուիրաբերում այն ամէնը, ինչ անհրաժեշտ էր վկայութեան խորանի, նրա կահաւորանքի, բոլոր սրբազան զգեստների համար։22Բոլոր տղամարդիկ, ում մտքով ինչ որ անցնում էր, բերեցին։ Ոմանք՝ իրենց կանանց թանկագին քարերը, գինդերը, մատանիները, ծամակալները, մանեակներն ու ամէն տեսակ ոսկէ զարդեր։ Բոլոր տղամարդիկ իրենց ունեցած ոսկէ իրերը նուիրաբերում էին Տիրոջը։23Ամէն տղամարդ, ում մօտ կային կապոյտ, ծիրանի եւ կարմիր գոյնի մանուած թելեր, նրբահիւս բեհեզ, այծի մազ, խոյերի կարմիր ներկուած մորթիներ, կապոյտ ներկուած մորթիներ, բերում էր։24Նուիրաբերողները արծաթէ ու պղնձէ նուէրներ էին բերում Տիրոջը։ Ում մօտ կահոյքի համար պիտանի կարծր փայտ կար, բերում էր։25Բոլոր շնորհալի կանայք իրենց ձեռքով կապոյտ, ծիրանի ու կարմիր գոյնի թելեր ու բեհեզ էին հիւսում եւ նուէր բերում։ 26Բոլոր կանայք յօժարակամ այծերի մազ էին մանում հմտութեամբ։ 27Ցեղապետները բերում էին զմրուխտէ քարեր, վակասի ու լանջապանակի համար անհրաժեշտ քարեր, 28խնկերի համար համեմունքներ, լուսաւորութեան համար ձէթ ու օծութեան իւղ։ 29Բոլոր տղամարդիկ ու կանայք յօժարակամ գալիս էին կատարելու այն բոլոր գործերը, որ Տէրը պատուիրել էր անել Մովսէսի միջոցով։ Իսրայէլացիները նուէրներ էին մատուցում Տիրոջը։ 30Մովսէսն ասաց իսրայէլացիներին. «Տեսէ՛ք, Աստուած ընտրել է յատկապէս Յուդայի ցեղից Բեսելիէլին՝ Ուրիի որդուն, որը որդին էր Ովրի։ 31Աստուած նրան լցրել է ամէն ինչի համար անհրաժեշտ աստուածային իմաստութեան ոգով, հանճարով եւ գիտութեամբ, 32որպէսզի նա ամէն մի գործ կատարի հմտութեամբ, մշակի ոսկին, արծաթն ու պղինձը, 33տաշի թանկարժէք քարերը, մշակի փայտը եւ ամէն մի գործ կատարի վարպետօրէն, որովհետեւ Տէրը նրան իմաստութիւն է պարգեւել, 34ինչպէս որ Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբին, 35որոնց իմաստուն միտք պարգեւեց, որպէսզի սրանք սովորեն ու կատարեն սուրբ գործի համար անհրաժեշտ ամէն տեսակ գործեր՝ ոստայնանկութիւն անեն կապոյտ, ծիրանի ու կարմիր ներկուած թելերով եւ բեհեզով, նկարեն, քանդակեն»։ 
36 Բեսելիէլը, Եղիաբն ու ընդունակ բոլոր տղամարդիկ, որոնց Տէրը գործի մէջ խելամուտ լինելու համար իմաստութիւն եւ գիտութիւն էր պարգեւել, ըստ ամենայնի կատարեցին սրբարանը հանդերձաւորելու աշխատանքները այնպէս, ինչպէս հրամայել էր Տէրը։ 2Մովսէսը կանչեց Բեսելիէլին, Եղիաբին ու բոլոր նրանց, ովքեր ընդունակ էին գործ անելու, եւ որոնց Աստուած իմաստութեան ոգի էր պարգեւել, բոլորին, ովքեր յօժար կամքով ուզում էին ձեռնարկել ու աւարտել այդ գործը։3Նրանք Մովսէսից ստացան այն բոլոր նուէրները, որ իսրայէլացիները բերել էին սրբարանը հանդերձաւորելու համար։ Ամէն առաւօտ նրանք ընդունում էին նաեւ նուիրատուների բերած նուէրները։ 4Գալիս էին սրբարանի գործերը կատարող բոլոր վարպետները, որպէսզի իւրաքանչիւրն ըստ իր մասնագիտութեան գործադրի իր վարպետութիւնը։ 5Նրանք խօսեցին Մովսէսի հետ ու ասացին. «Ժողովուրդը շատ աւելին է բերում, քան անհրաժեշտ է Աստծու հրամայած գործը կատարելու համար»։ 6Մովսէսը կարգադրեց բանակատեղիում յայտարարութիւն անել եւ ասել. «Տղամարդ լինի թէ կին, սրբարանի համար այլեւս նուէրներ չպատրաստի»։ Դրանից յետոյ ժողովրդին արգելեցին նուէրներ բերել։ 7Բերում էին միայն իրենց արդէն իսկ գործածները, որպէսզի աւարտեն բոլոր գործերը։ Եւ մարդիկ դադարեցին բերելուց։ 8Գործի ընդունակ բոլոր մարդիկ արհեստաւորների հետ նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի ու կրկնակի կարմիր կտաւից պատրաստեցին տասշերտանի խորանը, այն զարդարեցին ասեղնագործ քերովբէներով։ 9Մէկ շերտի երկարութիւնը քսանութ կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն։ Բոլոր շերտերի չափսը նոյնն էր։ 10Հինգ շերտերը միացուած էին միւս հինգ շերտերին, իսկ միւս հինգ շերտերն էլ միացուած էին միւս հնգին։ 11Նա կապոյտ ճարմանդներ դրեց մի շերտի եզրին՝ միացման տեղում։ 12Նոյնն արեց միացուող երկրորդ շերտի արտաքին կցուածքի վրայ։ 13Յիսուն ճարմանդ դրեց մի շերտի եւ յիսուն ճարմանդ էլ դրեց երկրորդ կցուածքի շերտի կողմից, որպէսզի ճարմանդներից իւրաքանչիւրը միանայ միւսին։ Պատրաստեց ոսկէ յիսուն օղակներ եւ դրանցով շերտերը միացրեց միմեանց։ Ստացուեց մի խորան։ 14Խորանի համար այծի մազից հիւսուած ծածկեր պատրաստեց. տասնմէկ շերտից շինեց դրանք։ 15Մէկ շերտի երկարութիւնը երեսուն կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն։ Տասնմէկ շերտերի չափսը նոյնն էր։ 16Հինգ շերտերը միացրեց առանձին, եւ վեց շերտերն էլ՝ առանձին։17Միացման տեղում, շերտերի եզրին դրեց յիսուն ճարմանդ եւ յիսուն ճարմանդ էլ դրեց երկրորդ կցուածքի շերտի եզրին։ 18Պատրաստեց յիսուն պղնձէ օղակներ, եւ դրանք իրար կցեց, որ վրանը միակտուր դառնայ։ 19Խորանի ծածկը պատրաստեց խոյերի կարմիր ներկուած մորթիներից, իսկ կապոյտ մորթուց պատրաստուած ծածկը դրեց վերին կողմից։ 20Խորանի երկու մոյթերը պատրաստեց կարծր փայտից եւ դրեց ուղղահայեաց դիրքով։ 21Մէկ մոյթի երկարութիւնը տասը կանգուն էր, իսկ հաստութիւնն ու լայնութիւնը՝ մէկուկէս կանգուն։ 22Ամէն մի մոյթի վրայ դրեց իրար ագուցուած երկու ծղնի։ Այդպէս պատրաստեց նաեւ խորանի բոլոր մոյթերը։ 23Խորանի համար մոյթեր պատրաստեց. քսան մոյթ դրեց հարաւային կողմում եւ այդ քսան մոյթերի համար պատրաստեց քառասուն խարիսխ. 24մէկ մոյթի երկու կողմերի համար՝ երկու խարիսխ եւ միւս մոյթի երկու կողմերի համար էլ՝ երկու խարիսխ։25Վրանի երկրորդ՝ հիւսիսային կողմի համար պատրաստեց քսան մոյթ26եւ արծաթէ քառասուն խարիսխ. մէկ մոյթի համար՝ երկու խարիսխ, եւ միւս մոյթի համար էլ՝ երկու խարիսխ։ 27Վրանի յետեւի՝ ծովահայեաց կողմում դրեց վեց մոյթ 28եւ երկու մոյթ էլ դրեց վրանի անկիւններին՝ յետեւի կողմից։ 29Ներքեւի կողմից նրանք իրար հաւասար էին։ Նոյն ձեւով հաւասար էին գլխի՝ իրար միացուած կողմից։ Նոյն ձեւով շինեց նաեւ երկու անկիւնների մոյթերը։ 30Այսպիսով ստացուեց ութ մոյթ։ Դրանց խարիսխներն արծաթից էին, ընդամէնը տասնվեց խարիսխ. մէկ մոյթի համար՝ երկու խարիսխ, եւ երկու խարիսխ էլ՝ միւս մոյթի համար։ 31Կարծր փայտից նիգեր պատրաստեց. հինգ նիգ՝ վրանի մի կողմի մի մոյթի համար, 32հինգ նիգ՝ վրանի երկրորդ կողմի միւս մոյթի համար, եւ հինգ նիգ՝ վրանի թիկունքի՝ ծովահայեաց կողմի մոյթի համար։ 33Մէջտեղի նիգը մոյթերի մի ծայրից մինչեւ միւսն անցկացնելով՝ միացրեց իրար։ 34Երկու մոյթերը պատեց ոսկով։ Ոսկուց պատրաստեց նրանց երկու օղակները, որոնց մէջ մտնում էին նիգերը։ Նիգերը պատեց ոսկով։ 35Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից վարագոյր պատրաստեց։ Այն զարդարեց ասեղնագործուած քերովբէով 36եւ ամրացրեց կարծր փայտից շինուած չորս մոյթերի վրայ։ Դրանց խոյակները ոսկուց էին, իսկ չորս խարիսխները՝ արծաթից։ 37Վկայութեան խորանի դռան առագաստը պատրաստեց կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից՝ վրան ասեղնագործուած քերովբէ։ 38Շինեց խորանի հինգ մոյթերն ու դրանց օղակները, դրանց խոյակները պատեց ոսկով։ Դրանց պղնձէ խարիսխները հինգն էին։ 
37 Բեսելիէլը տապանակը կառուցեց կարծր փայտից. երկուսուկէս կանգուն էր դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն էր դրա լայնութիւնը, մէկուկէս կանգուն էր դրա բարձրութիւնը։ Այն ներսից ու դրսից պատեց ոսկով, 2դրա վրայ շուրջանակի ոսկէ պսակ շինեց։ 3Չորս ոսկէ օղակներ ձուլեց դրա չորս կողմերի համար. երկու օղակներ՝ մի կողմից, եւ երկու օղակներ՝ միւս կողմից։ Դրանք հագցրեց լծակներին։4Լծակները շինեց կարծր փայտից եւ դրանք պատեց ոսկով։ 5Լծակները տապանակի կողքերից մտցրին օղակների մէջ, որպէսզի դրանցով բարձրացնեն այն։ 6Տապանակի կափարիչը պատրաստեցին մաքուր ոսկուց. երկուսուկէս կանգուն էր դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը։ 7Կափարիչի երկու ծայրերի երկու քերովբէները պատրաստեց ոսկուց. կատարեալ մի գործ շինեց դրանք։8Մի քերովբէն դրուած էր կափարիչի մի ծայրին, իսկ միւս քերովբէն՝ կափարիչի միւս ծայրին։ Երկու քերովբէները միաձոյլ էին կափարիչի երկու ծայրերի հետ։ 9Քերովբէները դէպի վեր էին տարածել իրենց թեւերը եւ իրենց թեւերով հովանի էին անում կափարիչի վրայ։ Կափարիչի վրայ քերովբէների դէմքերը իրար դէմ դիմաց էին։10Առաջաւորութեան սեղանը պատրաստեց մաքուր ոսկուց։ Դրա համար ոսկէ չորս օղակներ ձուլեց. երկուսը՝ մի կողմի, եւ երկուսը՝ միւս կողմի համար։ Պատրաստեց նաեւ լծակներ, որպէսզի դրանցով բարձրացնեն սեղանը։ Տապանակի ու սեղանի լծակները պատրաստեց կարծր փայտից եւ դրանք պատեց ոսկով։ Երկու կանգուն էր սեղանի երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը, եւ մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը։ 11Այն պատեց մաքուր ոսկով եւ դրա համար շուրջանակի ոսկէ պսակներ պատրաստեց։ 12Դրա վրայ շուրջանակի, մէկ թզաչափ բարձրութեամբ շրջանակ դրեց եւ դրա շրջանակի չորս կողմը ոսկէ պսակներ դրեց։ 13Սեղանի համար ոսկէ չորս օղակներ պատրաստեց եւ օղակներն ամրացրեց չորս անկիւններին, 14որոնք նրա չորս ոտքերի վրայ էին՝ պսակի տակ։ Օղակները լծակների համար իբրեւ ագոյց ծառայեցին, որպէսզի մարդիկ լծակներից բռնած բարձրացնեն սեղանը։ 15Կարծր փայտից երկու լծակներ պատրաստեց, որպէսզի դրանցով բարձրացնեն սեղանը, եւ դրանք պատեց ոսկով։ 16Մաքուր ոսկուց պատրաստեց սեղանի անօթները՝ դրա խնկամաններն ու սկուտեղները, դրա գաւաթներն ու սկիհները, որոնցով գինի են մատուցում։ 17Ոսկուց պատրաստեց լոյսի միաձոյլ աշտանակը՝ բունն ու նրա երկու կողմերի ճիւղերը։ Աշտանակի բնից բաժանւում էին ճիւղերը՝ երեքը մի կողմից, եւ երեքը միւս կողմից՝ իրար հաւասար։ Ոսկուց պատրաստեց դրա բոլոր միաձոյլ, ընկուզաձեւ ծայրեր ունեցող լուսակալները, դրա ճրագակալները, որոնց վրայ ճրագամաններն են դրւում, եւ աշտանակի եօթներորդ կանթեղը, որը բնի ամենավերին մասում է դրւում։ Մաքուր ոսկուց պատրաստեց դրա վրայ գտնուող եօթը ճրագամանները, ունելիներն ու մոխրակալները։ Քանդակազարդ արեց աշտանակը, բունն ու նրա ճիւղերը, նրա սկահակները։ Գնդիկներն ու շուշանաձեւ ծաղիկները միաձոյլ էին։ 18Վեց ճիւղեր էին բաժանւում նրա երկու կողմերից. երեք ճիւղը՝ աշտանակի մի կողմից, եւ երեք ճիւղը՝ աշտանակի միւս կողմից։ 19Մի ճիւղն ունէր գնդիկից ու շուշանաձեւ ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակ, եւ միւս ճիւղն էլ ունէր գնդիկից ու շուշանաձեւ ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակ։ Այսպէս բոլոր վեց ճիւղերը բաժանուած էին աշտանակի երկու կողմերից։ 20Աշտանակի բնի վրայ քանդակուած էին ընկուզաձեւ չորս սկահակներ իրենց գնդիկներով ու շուշանաձեւ ծաղիկներով։21Երկու ճիւղերի տակ մէկական գնդիկ ու ծաղիկ՝ բնին ձուլուած։ Այսպէս էին բնից բաժանուած վեց ճիւղերը։ 22Դրանց գնդիկներն ու ծաղիկները միաձոյլ էին՝ բոլորը քանդակուած մի կտոր մաքուր ոսկուց։23Դրա եօթը ճրագամանները, ունելիներն ու մոխրակալները մաքուր ոսկուց էին։ 24Մի տաղանդ մաքուր ոսկուց պատրաստեց աշտանակն ու դրա բոլոր մասերը։ 25Նա ոսկեպատ զոհասեղանը պատրաստեց կարծր փայտից։ Այն քառակուսի էր. հինգ կանգուն էր երկարութիւնը, հինգ՚ կանգուն՝ լայնութիւնը, եւ երեք կանգուն՝ բարձրութիւնը։ Դրա եղջիւրաւոր անկիւնները զոհասեղանի հետ միաձոյլ էին։ 26Մաքուր ոսկով պատեց այն, ինչպէս նաեւ դրա կափարիչը, բոլոր կողերն ու եղջիւրաւոր անկիւնները։ 27Դրա չորս կողմերի համար պատրաստեց ոսկէ պսակներ, պսակների տակ, երկու կողմերին երկու ոսկէ օղակներ ամրացրեց, որպէսզի այն բարձրացնելիս լծակները մտցնեն այդ օղակների մէջ։ 28Լծակները պատրաստեց կարծր փայտից եւ դրանք պատեց ոսկով։ 29Նա վարպետ իւղագործների՛ նման պատրաստեց օծութեան սուրբ իւղը եւ խնկերի համեմունքները։ 
38 Զոհասեղանը պղնձապատեց այն բուրվառների պղնձով, որոնք Կորխի ժողովրդի հետ ապստամբած մարդկանց ձեռքին էին։ Կարծր փայտից պատրաստեց այն։ Զոհասեղանը քառակուսի էր. հինգ կանգուն էր դրա երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը, իսկ երեք կանգուն՝ բարձրութիւնը։ 2Զոհասեղանի չորս կողմը պատրաստեց եղջիւրաւոր անկիւններ, որոնք զոհասեղանի հետ միաձոյլ էին։ Նա դրանք պատեց պղնձով։ 3Նա պատրաստեց զոհասեղանի ամբողջ սպասքը՝ խարիսխները, կափարիչը, տաշտերը, մեծ պատառաքաղներն ու բուրվառները։ Դրա ամբողջ սպասքը պատրաստեց պղնձից։ 4Նա բուրվառներից պատրաստեց զոհասեղանի ցանցաւոր կասկարաները, որոնք շրջանակի տակից հասնում էին մինչեւ զոհասեղանի մէջտեղը։ 5Զոհասեղանի կասկարայի չորս կողմերին ամրացրեց պղնձէ չորս օղակներ, որպէսզի լծակներն անցկացնեն այդ օղակների մէջ։ 6Լծակները շինեց կարծր փայտից եւ դրանք պատեց պղնձով։ 7Լծակներն անցկացրին զոհասեղանի կողքերին գտնուող օղակների մէջ, որպէսզի զոհասեղանը դրանցով բարձրացնեն։ Այն ամբողջովին պատրաստուած էր տախտակներով։8Պղնձէ աւազանն ու դրա պղնձէ պատուանդանը պատրաստեց ուխտաւոր այն կանանց հայելիների պղնձից, որոնք վրանը խփած օրը վկայութեան խորանի դռան մօտ էին հաւաքուել։ 9Կառուցեց մի բակ, որ դէպի հարաւ էր նայում։ Բակի առագաստները նրբահիւս բեհեզից էին՝ հարիւր կանգուն երկարութեամբ։ 10Դրանց սիւները քսան հատ էին, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ։ Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին։ 11Հիւսիսային կողմի առագաստն ունէր հարիւր կանգուն երկարութիւն։ Դրա սիւները քսան հատ էին, պղնձէ խարիսխները՝ քսան հատ։ Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին։ 12Ծովահայեաց բակի առագաստները յիսուն կանգուն էին։ Դրանց սիւները տասը հատ էին, խարիսխները՝ տասը հատ։ Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին։ 13Արեւելեան կողմի բակի առագաստը յիսուն կանգուն էր, 14յետեւի կողմի բակի առագաստները տասնհինգ կանգուն էին։ Դրանց սիւները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ։ 15Բակի դռան միւս կողմի առագաստները տասնհինգ կանգուն էին։ Դրանց սիւները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ։ 16Խորանի չորս կողմերի բոլոր առագաստները նրբահիւս բեհեզից էին։ 17Սիւների խարիսխները պղնձից էին, սիւների դրուագներն ու դրանց գալարազարդերը՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ, բակի բոլոր սիւները՝ արծաթապատ։ 18Բակի դռան վարագոյրները կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից էին եւ նրբահիւս բեհեզով զարդարուած։ Քսան կանգուն էր դրանց երկարութիւնը, տասնհինգ կանգուն՝ բարձրութիւնը։ Դրանց լայնութիւնը հաւասար էր բակի առագաստների լայնութեանը։19Դրանց մոյթերը չորս հատ էին, դրանց պղնձէ խարիսխները՝ չորս հատ։ Դրանց գալարազարդերը արծաթից էին, իսկ դրանց խոյակները՝ արծաթապատ։ 20Բակի ու խորանի չորս կողմերի բոլոր ցցերը պղնձից էին։ 21Ահա վկայութեան խորանի կառուցման պայմանը. կառուցել այնպէս, ինչպէս Աստուած հրամայել էր Մովսէսին, որպէսզի ղեւտացիները Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով այնտեղ պաշտամունք կատարեն։ 22Յուդայի ցեղից Բեսելիէլը՝ Ուրիի որդին, որը որդին էր Ովրի, արեց այնպէս, ինչպէս Տէրը հրամայել էր Մովսէսին։ 23Բեսելիէլին օգնում էր Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբը, որը կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւ եւ նրբահիւս բեհեզ գործածելով՝ կատարում էր ոստայնանկութեանը, ասեղնագործութեանն ու նկարչութեանը վերաբերող աշխատանքներ։24Սրբարանի բոլոր գործերի համար օգտագործուած ոսկու կշիռը, որը գոյացած էր նուէրներից, եղաւ քսանինը տաղանդ եւ եօթը հարիւր երեսուն սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի։ 25Մարդկանցից հաւաքուած արծաթէ նուէրները կշռում էին հարիւր տաղանդ եւ հազար եօթը հարիւր եօթանասունհինգ սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի. մարդագլուխ մի դրամ՝ սրբարանի սիկղի հետ համեմատած կէս սիկղ։ Քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող մարդիկ, ովքեր անցնում էին մարդահամարից, վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն հոգի էին։ 26Հարիւր տաղանդ արծաթ ձուլուեց խորանի հարիւր խոյակների եւ վարագոյրի խոյակների համար. 27հարիւր տաղանդ հարիւր խոյակի համար, մէկ տաղանդ ամէն մի խոյակի համար։ 28Հազար եօթը հարիւր եօթանասունհինգ սիկղը գործածուեց մոյթերի գալարազարդերի համար, ոսկով պատուեցին դրանց խոյակները եւ զարդարուեցին։29Նուիրուած պղինձը եօթանասուն տաղանդ եւ երկու հազար չորս հարիւր սիկղ էր։ 30Դրանով պատրաստուեցին վկայութեան խորանի դռան խարիսխները, պղնձէ զոհասեղանը, պղնձէ զոհասեղանի կասկարան, զոհասեղանի ամբողջ սպասքը, բակի չորս կողմերի խարիսխները, բակի դռան խարիսխները, 31խորանի բոլոր ցցերը, բակի չորս կողմի բոլոր ցցերը, եւ կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից ու նրբահիւս բեհեզից հիւսուած պարանների ծայրերի օղերը։ 
39 Պատրաստեց ծիսական զգեստներ, որպէսզի սրբարանում դրանցով պաշտամունք կատարեն։ Պատրաստեց նաեւ սրբարանում Ահարոն քահանայի հագնելիք զգեստներն այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 2Վակասը պատրաստեցին ոսկով, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով։ 3Ոսկու թերթերը թել-թել կտրում էին, որպէսզի դրանք կապեն կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէնով եւ նրբահիւս բեհեզով։ Նկարազարդ վակասի համար պատրաստեցին փոկեր, 4որպէսզի այն ամրացնեն երկու կողմից։ 5Նոյն ձեւով՝ ոսկով եւ կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով պատրաստեցին թիկնոցը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 6Ոսկով ժապաւինուած եւ ընդելուզուած զմրուխտէ երկու ակնաքարերի վրայ փորագրեցին Իսրայէլի որդիների անուններն այնպէս, ինչպէս կնիքներն են փորագրում, եւ դրանք ամրացրեցին վակասի վրայ։ 7Իսրայէլի որդիների յիշատակի ակնաքարերը ամրացրին վակասի ուսին, ինչպէս որ հրամայել էր Տէրը Մովսէսին։8Լանջապանակը պատրաստեցին ոսկով, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով, բանուածքով, այնպէս, ինչպէս վակասն էին պատրաստել։ 9Քառակուսի եւ կրկնածալ արեցին լանջապանակը. այն ունէր մի թզաչափ երկարութիւն եւ մի թզաչափ լայնութիւն։ 10Դրա վրայ կար ակնաքարերի չորս շարք։ Առաջին շարքի վրայ կային սարդիոն, տպազիոն եւ զմրուխտ։ Դա առաջին շարքն էր։ 11Երկրորդ շարքը նռնաքար էր, շափիւղայ եւ յասպիս։ 12Երրորդ շարքը սուտակ էր, մեղեսիկ եւ ագատ։ 13Չորրորդ շարքը ոսկեքար էր, եղնգաքար եւ բիւրեղ՝ ոսկով պատուած եւ ընդելուզուած։ 14Ակնաքարերն ըստ Իսրայէլի որդիների անունների էին։ Նրանց տասներկու անունները գրուած եւ փորագրուած էին ըստ տասներկու ցեղերից իւրաքանչիւրի անունների։ 15Լանջապանակի երկու օղակների վրայ ամրացրին մաքուր ոսկուց պատրաստուած հիւսկէն շղթաներ։ 16Պատրաստեցին ոսկէ երկու կոճակներ եւ ոսկէ երկու օղակներ. ոսկէ երկու օղակներն ամրացրին լանջապանակի վերին երկու ծայրերին։ 17Հիւսկէն շղթաները լանջապանակի երկու կողմերից ամրացրին երկու օղակների մէջ, իսկ երկու շղթաների ծայրերը մտցրին երկու անցքերի մէջ։ Լանջապանակը դրեցին վակասի ուսերին՝ երեսի կողմից իրար դէմ դիմաց։18Պատրաստեցին ոսկէ երկու այլ օղակներ եւ լանջապանակի ներսի կողմից ամրացրին վակասին կցուած մասի երկու ծայրերին։ Պատրաստեցին ոսկէ երկու այլ օղակներ եւ դրեցին վակասի երկու ուսերին՝ ներսի կողմից՝ վակասի առջեւի միացման տեղում։19Լանջապանակի օղակների ու վակասի օղակների միջով կապոյտ ժապաւէն անցկացնելով՝ այդ երկուսը միացրին իրար այնպէս, որ լանջապանակն ու վակասը միմեանցից չառանձնանան, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 20Վակասից բացի ամբողջութեամբ կապոյտ ժապաւէններով հիւսուած կտաւից ներքին պատմուճաններ պատրաստեցին։ 21Դրանց օձիքը հիւսածոյ գործուածքի ճիշտ մէջտեղից էր, օձիքի բացուածքը շուրջանակի չքանդուող եզերք ունէր։22Դրանց քղանցքներին մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէններով եւ նրբահիւս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ գործեցին։ 23Մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին եւ զանգակները ներքին պատմուճանների քղանցքներին, շուրջանակի, դրեցին նռնազարդերի միջեւ։ 24Նռնազարդերն ու զանգակները ներքին պատմուճանների քղանցքներին, շուրջանակի, յաջորդում էին միմեանց։ Քահանաները պաշտամունք կատարելիս այդ զգեստները պէտք է հագնէին, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 25Նրանք բեհեզէ հիւսածոյ զգեստներ պատրաստեցին Ահարոնի ու նրա որդիների համար, 26ինչպէս նաեւ բեհեզէ ապարօշներ, բեհեզէ խոյր,27բեհեզէ անդրավարտիք։ 28Նրանց համար պատրաստեցին բեհեզից եւ մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէններով հիւսուած գօտիներ՝ զարդանախշ մի գործ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։29Սուրբ պսակի թիթեղը պատրաստեցին մաքուր ոսկուց եւ դրա վրայ փորագրեցին «Սրբութիւն Տեառն»։ 30Այն կապեցին կապոյտ մի ժապաւէնով, որպէսզի վերեւի կողմից ամրացնեն խոյրի վրայ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 31Աւարտուեց վկայութեան խորանի ամբողջ գործը։ Իսրայէլի որդիներն արեցին ամէն ինչ. ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին, այդպէս էլ արեցին։ Նուէրներից աւելացած ոսկին նրանք վերածեցին սպասքի, որոնցով Տիրոջ առաջ պաշտամունք են կատարում։ 32Մովսէսի մօտ, խորան բերեցին զգեստները, վրանի ծածկն ու դրա բոլոր մասերը, դրա ճարմանդները, փայտերը, միջաձողերը, դրա մոյթերը, վերջինիս խարիսխները, 33խոյերի կարմիր ներկուած, մշակուած եւ անմշակ մորթիները, կապոյտ վարագոյրները,34կտակարանների տապանակը ծածկող վարագոյրը, 35լծակները, կափարիչը, առաջաւորութեան սեղանն ու դրա ամբողջ սպասքը, առաջաւորութեան հացը, 36սուրբ աշտանակն ու դրա ճրագամանները, կանթեղներն ու դրա բոլոր մասերը, լուսաւորութեան ձէթը, 37ոսկէ սեղանը, օծութեան իւղը, խնկերի համեմունքները, 38վրանի դռան վարագոյրը, վրանը, 39պղնձէ զոհասեղանը, դրա լծակներն ու ամբողջ սպասքը, աւազանն ու դրա պատուանդանը, բակի առագաստը, դրա սիւներն ու խարիսխները, 40վրանի դռան եւ բակի դռան վարագոյրները, պարաններն ու ցցերը, վկայութեան խորանի ամբողջ սպասքը,41սրբարանում պաշտամունք կատարելու սրբազան զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների քահանայութեան համար նախատեսուած զգեստները։ 42Ինչ Տէրը պատուիրել էր Մովսէսին, Իսրայէլի որդիներն այդ ամէնը կատարեցին։43Մովսէսը տեսաւ բոլոր գործերը, որ նրանք կատարել էին այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ Նրանք ճիշտ նոյն ձեւով էին կատարել։ Եւ Մովսէսն օրհնեց նրանց։ 
40 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Առաջին ամսի առաջին օրը կը կանգնեցնես վկայութեան խորանը, 3այնտեղ կը դնես վկայութեան տապանակը եւ տապանակը կը ծածկես վարագոյրով։ 4Ներս կը տանես սեղանը եւ դրա վրայ կը դասաւորես հացը։ Ներս կը տանես աշտանակը, դրա վրայ կը դնես նրա ճրագամանները։ 5Կը տեղաւորես ոսկէ սեղանը, որպէսզի խունկ ծխես վկայութեան տապանակի առաջ։ Վարագոյրի քօղը կ՚իջեցնես վկայութեան խորանի դռան վրայ։6Ողջակէզների զոհասեղանը կը դնես վկայութեան խորանի դռան մօտ եւ շուրջանակի կ՚օծես վրանն ու այն ամէնը, ինչ նրա մէջ է. դրանց չորս բոլորը կը սրբես։ 7Աւազանը կը դնես վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ եւ դրա մէջ ջուր կը լցնես։ 8Բակը շուրջանակի կ՚օծես եւ կ՚իջեցնես բակի դռան քօղը։ 9Կ՚առնես օծութեան իւղը, կ՚օծես խորանն ու այն ամէնը, ինչ դրա մէջ է. կը սրբագործես դա ու դրա ամբողջ սպասքը. այնուհետեւ դրանք սրբութիւն կը լինեն։ 10Կ՚օծես ողջակէզների զոհասեղանն ու դրա ամբողջ սպասքը։ 11Կը սրբագործես զոհասեղանը, եւ դա սրբութիւնների սրբութիւն կը լինի։ Կ՚օծես աւազանն ու նրա պատուանդանը եւ կը սրբագործես այն։ 12Ահարոնին ու նրա որդիներին կը բերես վկայութեան խորանի դուռը եւ նրանց կը լուանաս ջրով։ 13Ահարոնին կը հագցնես սրբազան պատմուճանը, կ՚օծես նրան, կը սրբագործես նրան, եւ նա ինձ համար քահանայութիւն կ՚անի։ Կը բերես նրա որդիներին, նրանց կը հագցնես պատմուճաններ, կ՚օծես նրանց այնպէս, ինչպէս օծեցիր նրանց հօրը, եւ նրանք ինձ համար քահանայութիւն կ՚անեն։ Նրանց քահանայական օծումը իրենց ցեղերի մէջ յաւիտենական թող լինի»։ 14Մովսէսն արեց այն ամէնը, ինչ Տէրը պատուիրել էր իրեն. նա հէնց այդպէս էլ արեց։ 15Եգիպտացիների երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարուայ առաջին ամսին, ամսուայ սկզբին վրանը կանգնեցուեց։ 16Մովսէսը կառուցեց վրանը, դրեց դրա խարիսխները եւ կանգնեցրեց դրա մոյթերը, դրանց վրայ ամրացրեց խոյակները, 17տեղադրեց միջաձողերը, տասշերտանի վարագոյրը տարածեց վրանի վրայ։ Վրանի ծածկոցները գցեց դրա վրայ եւ ամրացրեց վրանի ծածկերը վերեւից, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 18Առաւ օրէնքի քարէ տախտակները, դրեց տապանակի մէջ, նիգերն անցկացրեց տապանակի վրայ եւ կափարիչը դրեց տապանակի վրայից։ 19Տապանակը տարաւ խորանի ներսը, վրան քաշելով վարագոյրը՝ ծածկեց վկայութեան տապանակը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 20Սեղանը դրեց վկայութեան խորանի մէջ՝ խորանի հիւսիսային կողմից, խորանի վարագոյրից դուրս։ 21Դրա վրայ Տիրոջ առաջ դասաւորեց առաջաւորութեան հացը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 22Աշտանակը դրեց վկայութեան խորանի մէջ, սեղանի դիմաց, խորանի հարաւային կողմից։ 23Ճրագամանները դրեց դրա վրայ, Տիրոջ առաջ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 24Ոսկէ սեղանը դրեց վկայութեան խորանի մէջ, վարագոյրի դիմաց։25Համեմունքներից պատրաստուած խունկը դրեց դրա վրայ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 26Նա կախեց խորանի դռան վարագոյրը։27Ողջակէզների զոհասեղանը դրեց վկայութեան խորանի դռան մօտ եւ դրա վրայ ողջակէզներ ու զոհեր մատուցեց, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 28Աւազանը դրեց վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ եւ դրա մէջ ջուր լցրեց, 29որպէսզի Մովսէսը, Ահարոնն ու նրա որդիները դրանով լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը, 30երբ վկայութեան խորանը մտնեն կամ երբ զոհասեղանին մօտենան պաշտամունք կատարելու։ Նրանք լուացւում էին դրա միջի ջրով, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 31Բակ կառուցեց խորանի 32ու զոհասեղանի չորս կողմը եւ քաշեց բակի դռան վարագոյրը։ Այսպիսով Մովսէսն աւարտեց իր ամբողջ գործը։ 33Ամպը ծածկեց վկայութեան խորանը, եւ խորանը լցուեց Տիրոջ փառքով։ 34Մովսէսը չէր կարողանում մտնել վկայութեան խորան, որովհետեւ ամպը ծածկել էր այն, եւ խորանը լցուած էր Տիրոջ փառքով։ 35Երբ ամպը վերանում էր խորանի վրայից, Իսրայէլի որդիները չւում էին իրենց ամբողջ բազմութեամբ,36իսկ երբ ամպը չէր վերանում, չէին չւում մինչեւ այն օրը, որ ամպը վերանար, 37որովհետեւ իսրայէլացիների ողջ երթի ընթացքում Տիրոջ ամպը ցերեկները կանգնում էր խորանի վրայ, իսկ գիշերները իսրայէլացիների առաջ դրա վրայ կրակ էր վառվում։

 









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Чалкашови

ЧалкашовиРис, сваренный до полуготовности, смешать с чечевицей, также отваренной до...

Толма «эчмиадзинская»

Толма «эчмиадзинская»Приготовить фарш, как описано в рецепте «толма в виноградных...

Аганц

АганцПодготовленную пшеницу замочить на 1 час в холодной воде, откинуть...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта