ԵԼՔ - 14

(14 голоса, среднее 3.43 из 5)
Индекс материала
ԵԼՔ
14
26
Все страницы


14 Տէրը, խօսելով Մովսէսի հետ, ասաց. 2«Իսրայէլացիներին ասա՛, որ վերադառնան, կայք հաստատեն Մագդողի ու ծովի միջեւ գտնուող հանգրուանում, Բեէղսեպփոնի դիմաց։ Դրանց դիմաց՝ Կարմիր ծովի եզերքին կայք կը հաստատես։ 3Փարաւոնը իսրայէլացիներիդ մասին կ՚ասի, թէ՝ «Մոլորուել են այս երկրում, որովհետեւ անապատը շրջափակել է նրանց»։ 4Ես պիտի կարծրացնեմ փարաւոնի սիրտը, նա պիտի հետապնդի նրանց, 5իսկ ես պիտի փառաւորուեմ փարաւոնի ու նրա ամբողջ զօրքի առաջ։ Եւ բոլոր եգիպտացիները պիտի իմանան, որ ե՛ս եմ Տէրը»։ Եւ այդպէս էլ արեցին։ 6Եգիպտացիների արքային յայտնեցին, թէ՝ «Ժողովուրդը փախել է»։ Փարաւոնի ու նրա պաշտօնեաների սրտերն ըմբոստացան ժողովրդի դէմ, եւ նրանք ասացին. «Այդ ի՞նչ արեցինք, ինչո՞ւ թոյլ տուեցինք, որ իսրայէլացիները գնան, եւ մենք զրկուենք մեր ստրուկներից»։ 7Փարաւոնը լծեց իր կառքը եւ իր հետ տարաւ իր ամբողջ ժողովրդին։ Նա վերցրեց վեց հարիւր ընտիր կառքեր, եգիպտացիների ամբողջ հեծելազօրն ու դրանց զօրավարներին։ 8Տէրը կարծրացրեց եգիպտացիների արքայ փարաւոնի սիրտը, եւ սա հետապնդեց իսրայէլացիներին։ Իսրայէլացիները գնում էին՝ ձեռքները բարձր պահած։ 9Եգիպտացիները հետապնդեցին նրանց ու նրանց գտան ծովեզերքի մօտ՝ կայք հաստատած։ Փարաւոնի ողջ հեծելազօրն ու կառքերը, նրա հեծեալներն ու բանակը կանգնեցին հանգրուանածների դիմաց, Բեէղսեպփոնի դէմ առ դէմ։ 10Փարաւոնը մօտեցաւ։ Իսրայէլացիները բարձրացնելով իրենց աչքերը՝ տեսան, որ եգիպտացիները կայք են հաստատել իրենց թիկունքում. սաստիկ վախեցան։ 11Իսրայէլացիները աղաղակ բարձրացրին առ Աստուած ու Մովսէսին ասացին. «Իբր թէ Եգիպտացիների երկրում գերեզմաններ չկայի՞ն, որ մեզ բերեցիր այստեղ՝ անապատում սպանուելու։ Այս ի՞նչ բերեցիր մեր գլխին, ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից։ 12Մի՞թէ Եգիպտացիների երկրում քեզ չասացինք, թէ՝ «Թո՛յլ տուր, որ ծառայենք եգիպտացիներին»։ Մեզ համար աւելի լաւ կը լինէր, որ ծառայէինք եգիպտացիներին, քան մեռնէինք այս անապատում»։ 13Մովսէսն ասաց ժողովրդին. «Քաջալերուեցէ՛ք, պի՛նդ կացէք եւ կը տեսնէք Տիրոջ արած փրկութիւնը, որ նա պարգեւելու է ձեզ այսօր, քանզի այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլեւս յար յաւիտեան չէք տեսնելու։ 14Տէ՛րը պիտի պատերազմի ձեր փոխարէն, դուք լո՛ւռ մնացէք»։ 15Տէրն ասաց Մովսէսին. «Ինչո՞ւ ես կանչում ինձ։ Ասա՛ իսրայէլացիներին, որ շարժուեն գնան։ 16Իսկ դու ա՛ռ գաւազանդ, ձեռքդ մեկնի՛ր ծովի վրայ, ճեղքի՛ր այն, եւ իսրայէլացիները թող մտնեն ծովի մէջ ու անցնեն ինչպէս ցամաքով։ 17Ես կը կարծրացնեմ փարաւոնի եւ բոլոր եգիպտացիների սիրտը, սրանք նրանց յետեւից ծով կը մտնեն, եւ ես կը փառաւորուեմ փարաւոնի, նրա ամբողջ զօրքի, կառքերի ու հեծելազօրի առաջ։ 18Բոլոր եգիպտացիները կը գիտենան, որ ե՛ս եմ Տէրը, երբ փառաւորուեմ փարաւոնի, նրա կառքերի ու հեծելազօրի առաջ»։ 19Իսրայէլացիների բանակի առջեւից գնացող Աստծու հրեշտակը ելաւ ու անցաւ գնաց նրանց յետեւը։ Վերացաւ ամպի սիւնը նրանց առջեւից ու կանգնեց նրանց թիկունքին։ 20Ամպի սիւնը մտաւ եգիպտացիների ու իսրայէլացիների բանակների միջեւ։ Խաւար ու մէգ պատեց։ Գիշերն անցաւ, բայց ողջ գիշերը բանակները իրար չմօտեցան։ 21Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ հարաւային հողմի ուժով ողջ գիշեր ծովը յետ մղուեց. բացուեց ծովի յատակը, ջուրը երկուսի բաժանուեց։ 22Իսրայէլացիները մտան յատակը բացուած ծովի մէջ ու առաջ շարժուեցին ինչպէս ցամաքով։ Ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել։ 23Եգիպտացիները հետապնդեցին նրանց, եւ փարաւոնի ամբողջ հեծելազօրը, նրա կառքերն ու հեծեալները նրանց յետեւից մտան ծովը։ 24Առաւօտեան Տէրը հրի ու ամպի սեան միջով նայեց եգիպտացիների բանակին եւ խուճապի մատնեց եգիպտացիների բանակը. 25նա կաշկանդեց նրանց կառքերի անիւները, եւ նրանք դժուարութեամբ էին առաջ շարժւում։ Եգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք իսրայէլացիներից, որովհետեւ Տէրը յօգուտ նրանց է պատերազմում եգիպտացիներիս դէմ»։ 26Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրայ, եւ ջրերը թող միանան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց կառքերն ու հեծեալներին»։ 27Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ ջրերն առաւօտեան վերադարձան իրենց տեղը։ Եգիպտացիները փորձեցին փախչել ջրից, բայց Տէրը եգիպտացիներին թափեց ծովը 28եւ, նորից իրար միացնելով ծովի ջրերը, ծածկեց կառքերը, հեծեալներին եւ փարաւոնի բոլոր զօրքերին, որոնք ծով էին մտել նրանց հետ։ Նրանցից ոչ ոք կենդանի չմնաց։ 29Իսրայէլացիները ծովի միջով կարծես ցամաքի վրայով էին գնում, իսկ ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել։ 30Տէրն այդ օրը իսրայէլացիներին փրկեց եգիպտացիների ձեռքից։ 31Իսրայէլացիները տեսան եգիպտացիների դիակները, որոնք ծովի ափ էին նետուած։ Իսրայէլացիները տեսնելով Տիրոջ հզօր ձեռքը, եգիպտացիների գլխին բերած փորձանքը՝ վախեցան Տիրոջից, հաւատացին Աստծուն ու նրա ծառայ Մովսէսին։ 
15 Այդ ժամանակ Մովսէսն ու իսրայէլացիները հետեւեալ օրհներգն ուղղեցին Աստծուն՝ ասելով. «Օրհնենք Տիրոջը, որ փառքով է փառաւորուած։ Նրանց երիվարներն ու հեծեալներին թափեց ծովը։2Տէրը ինձ համար ընդունելի օգնական եղաւ, նա ինձ համար փրկութիւն եղաւ։ 3Նա՛ է իմ Աստուածը, եւ ես նրան եմ փառաւորելու։ Նա իմ հօր Աստուածն է, եւ ես պիտի մեծարեմ նրան։ Տէրը խորտակում է պատերազմները, նրա անունը Տէր է։ 4Նա փարաւոնի կառքերն ու զօրքերը ծովը թափեց,նաեւ ընտիր հեծեալներին ու զօրավարներին։ Նրանք ջրասոյզ եղան Կարմիր ծովում։ 5Ծովը ծածկեց նրանց, նրանք քարի պէս ընկղմուեցին ծովի յատակը։ 6Քո աջը, Տէ՛ր, զօրութեամբ փառաւորուեց, քո աջը, Տէ՛ր, խորտակեց թշնամուն։ 7Դու փառքի հզօրութեամբ ջարդուփշուր արեցիր հակառակորդներին, առաքեցիր քո բարկութիւնը, եւ այն հրոյ ճարակ դարձրեց նրանց ինչպէս եղէգ։ 8Քո զայրոյթի հողմից ճեղքուեցին ջրերը, պարիսպների նման դիզուեցին ջրերը, ծովի մէջ քարացան ալիքները։ 9Թշնամին ասաց. «Հետապնդեմ ու հասնեմ նրանց, բաժանեմ աւարը եւ դրանցով յագուրդ տամ ինձ։ Սրի քաշեմ նրանց, որ իմ ձեռքը տիրի նրանց»։ 10Դու քո հողմն առաքեցիր, նրանց ծածկեց ծովը, եւ նրանք կապարի նման սուզուեցին ջրերի խորքը։ 11Աստուածների մէջ, Տէ՛ր, ո՞վ կայ քեզ նման, եւ կամ ո՞վ կարող է նմանուել քեզ՝ փառաւորեալդ սրբերի մէջ, փառքով սքանչացեալդ, որ նշաններ ես գործում։ 12Աջ ձեռքդ մեկնեցիր, եւ երկիրը կուլ տուեց նրանց։ 13Արդարութեամբ առաջնորդեցիր քո այս ժողովուրդին, որին փրկեցիր, քո զօրութեամբ մխիթարեցիր նրան քո սուրբ բնակավայրում։ 14Ժողովուրդները լսեցին լուրն այս ու բարկացան։ Սարսափը պատեց Քանանացիների երկրի բնակիչներին։15Խուճապահար եղան Եդոմի դատաւորներն ու մովաբացիների իշխանները։ Դող բռնեց նրանց, հալումաշ եղան Քանանացիների երկրի բոլոր բնակիչները։ 16Թող պատեն նրանց ահն ու սարսափը, քո բազկի հզօրութեամբ թող քարանան նրանք, մինչեւ որ անցնի քո ժողովուրդը, Տէ՛ր, մինչեւ որ անցնի քո այս ժողովուրդը, որին ստացար։ 17Տա՛ր, բնակեցրո՛ւ նրանց այն լերան վրայ,որ ժառանգութիւնն է քո,քո պատրաստած բնակավայրում, որ սրբութիւն ես դարձրել, Տէ՛ր։Տէ՛ր, քո ձեռքե՛րը պատրաստեցին այդ։ 18Տէրը յաւիտենական, առաւել քան յաւիտենական թագաւոր է»։ 19Երբ փարաւոնի հեծելազօրն իր կառքերով ու հեծեալներով ծով մտաւ, Տէրը նրա վրայ թափեց ծովի ջրերը, իսկ իսրայէլացիները յատակը բացուած ծովի միջով անցան գնացին։ 20Մարիամ մարգարէն՝ Ահարոնի քոյրը, իր ձեռքն առաւ թմբուկը, եւ բոլոր կանայք գնացին նրա յետեւից՝ թմբուկ խփելով ու պարելով։ 21Առաջից գնում էր Մարիամն ու ասում. «Օրհնենք Տիրոջը, քանզի նա փառքով է փառաւորուած. նա երիվարներն ու հեծեալներին ծովը թափեց»։ 22Մովսէսը իսրայէլացիներին Կարմիր ծովից տարաւ հասցրեց Սուր կոչուած անապատը։ Նրանք երեք օրուայ ճանապարհ գնացին անապատի միջով, բայց խմելու ջուր չգտան։ 23Եկան Մեռա, բայց Մեռայում էլ չկարողացան ջուր խմել, որովհետեւ այն դառն էր։ Դրա համար Մովսէսն այդ վայրն անուանեց Դառնութիւն։24Ժողովուրդը տրտնջաց Մովսէսի դէմ ու ասաց. «Ի՞նչ խմենք»։25Մովսէսն աղաղակեց առ Աստուած. եւ Տէրը նրան մի փայտ ցոյց տուեց։ Մովսէսն այն նետեց ջրի մէջ, եւ ջուրը քաղցրահամ դարձաւ։ Այնտեղ Աստուած ժողովրդին տուեց օրէնք ու իրաւունք եւ այնտեղ էլ փորձութեան ենթարկեց նրան։ Նա ասաց. 26«Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը»։ 27Եւ եկան հասան Եղիմ։ Այնտեղ կային ջրի տասներկու աղբիւր ու եօթանասուն արմաւենի։ Նրանք կայք հաստատեցին այնտեղ, ջրի մօտ։ 
16 Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը Եղիմից ճանապարհ ընկաւ ու եկաւ Սին անապատը, որը գտնւում է Եղիմի ու Սինայի միջեւ։2Եգիպտացիների երկրից դուրս գալու երկրորդ ամսուայ տասնհինգերորդ օրը իսրայէլացի ողջ ժողովուրդը անապատում դժգոհեց Մովսէսից ու Ահարոնից։ 3Իսրայէլացիներն ասացին նրանց. «Աւելի լաւ կը լինէր Տիրոջ հարուածների զոհը դառնայինք Եգիպտացիների երկրում, երբ մսով լի կաթսաների մօտ էինք նստում ու կուշտ հաց ուտում, քան բերէիք մեզ այս անապատը, որ ողջ ժողովրդին սովամահ անէք»։ 4Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես ձեզ հաց կը թափեմ երկնքից։ Իմ ժողովուրդը թող վեր կենայ ու այն հաւաքի, ինչքան անհրաժեշտ է իւրաքանչիւր օրուայ համար։ Ես այդ կերպ կը փորձեմ նրանց, թէ կ՚ենթարկուե՞ն իմ օրէնքներին, թէ ո՞չ։ 5Վեցերորդ օրը թող պատրաստեն նախորդ իւրաքանչիւր օրուայ համար հաւաքածի կրկնապատիկը»։ 6Մովսէսն ու Ահարոնը ասացին իսրայէլացի ամբողջ ժողովրդին. «Երեկոյեան կ՚իմանաք, որ Տէրն է ձեզ հանել Եգիպտացիների երկրից, 7իսկ առաւօտեան ականատես կը լինէք Տիրոջ փառքին, որովհետեւ նա լսել է Աստծու հանդէպ ձեր տրտունջը։ Մենք ովքե՞ր ենք, որ տրտնջում էք մեր դէմ»։ 8Մովսէսն ասաց. «Տէրը լսեց մեր դէմ ուղղուած ձեր տրտունջը, դրա համար էլ նա երեկոները ձեզ ուտելու միս, իսկ առաւօտները յագենալու չափ հաց պիտի տայ։ Մենք ովքե՞ր ենք, որ ձեր տրտունջը մեր դէմ էք ուղղում. ձեր տրտունջը Աստծու դէմ է ուղղուած»։ 9Մովսէսն ասաց Ահարոնին. «Իսրայէլացի ամբողջ ժողովրդին յայտնի՛ր. «Մօտեցէ՛ք Տիրոջը, որովհետեւ նա լսեց ձեր տրտունջը»։ 10Մինչ Ահարոնը խօսում էր իսրայէլացի ամբողջ ժողովրդի հետ, նրանք նայեցին դէպի անապատ, եւ ահա Տիրոջ փառքը երեւաց ամպի ձեւով։ 11Տէրը խօսելով Մովսէսի հետ՝ ասաց. 12«Լսեցի իսրայէլացիների տրտունջը։ Արդ, խօսի՛ր նրանց հետ ու ասա՛. «Երեկոները միս կ՚ուտէք, իսկ առաւօտները հացով կը յագենաք։ Եւ կ՚իմանաք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը»։ 13Երեկոյեան լորամարգիներ թափուեցին ու ծածկեցին բանակատեղին։ 14Առաւօտեան, երբ ցօղը վերանում էր բանակատեղիի շրջապատից, անապատի երեսին գինձի սպիտակ սերմի նման մանր եւ երկրի վրայի եղեամի նման մի բան կար։15Երբ իսրայէլացիները տեսան այն, իրար ասացին. «Ի՞նչ է սա»։ Որովհետեւ չգիտէին, թէ դա ինչ է։ Մովսէսն ասաց նրանց. «Դա այն հացն է, որ Տէրը ձեզ տուել է ուտելու։ 16Տէրը հետեւեալն է պատուիրել. «Իւրաքանչիւր ոք դրանցից թող հաւաքի այնքան, որքան անհրաժեշտ է մէկ մարդու համար, ըստ ձեր ընտանիքների շնչերի թուի։ Հաւաքեցէ՛ք ըստ վրանում գտնուող իւրաքանչիւր մարդու թուի»։ 17Իսրայէլացիներն այդպէս էլ արեցին. հաւաքեցին ոմանք շատ, ոմանք քիչ։ 18Չափեցին եւ տեսան, որ ումը որ շատ էր, սահմանուած չափից չաւելացաւ, իսկ ումը՝ քիչ, սահմանուած չափից չպակասեց։ Իւրաքանչիւրը իր կարիքի չափով էր հաւաքել։ 19Մովսէսն ասաց նրանց. «Ոչ ոք մինչեւ առաւօտ դրանից աւելցուկ չթողնի»։ 20Ոմանք, սակայն, Մովսէսին չլսեցին. դրանից աւելցուկ մնաց առաւօտեան։ Դա որդնոտեց ու նեխեց։ Մովսէսը զայրացաւ նրանց վրայ։ 21Դրանից յետոյ ամէն առաւօտ իւրաքանչիւրը հաւաքում էր իրեն պէտք եղածի չափ։ Երբ արեւը տաքացնում էր, այն հալւում էր։ 22Վեցերորդ օրը հաւաքեցին պէտք եղածի կրկնապատիկը՝ ամէն մէկի համար երկուական բաժին։ Ժողովրդի բոլոր առաջնորդները գնացին Մովսէսի մօտ ու նրան յայտնեցին այդ մասին։ 23Մովսէսն ասաց. «Այս է Տիրոջ ասածը. «Վաղը շաբաթ է, Տիրոջ հանգստեան սուրբ օրը։ Ինչ որ եփելու էք, եփեցէ՛ք, ինչ որ թխելու էք, թխեցէ՛ք այսօր, իսկ մնացած ամէն ինչ թողէ՛ք ամանների մէջ մինչեւ առաւօտ»։24Եւ դա թողեցին մինչեւ առաւօտ, ինչպէս նրանց հրամայել էր Մովսէսը. այն չնեխեց, չորդնոտեց։ 25Մովսէսն ասաց. «Այդ կերէ՛ք այսօր, քանի որ Տիրոջ շաբաթ օրն է այսօր, դրանից այսօր դաշտում չէք գտնի։ 26Վեց օր կը հաւաքէք դա, իսկ եօթներորդ օրը՝ շաբաթ օրը դրանից չի լինի»։ 27Եօթներորդ օրը ժողովրդի միջից ոմանք ելան դրանից հաւաքելու, բայց չգտան։ 28Տէրն ասաց Մովսէսին. «Մինչեւ ե՞րբ չպիտի անսաք իմ պատուիրաններին ու օրէնքներին։ 29Տեսաք, որ Տէրը ձեզ հանգստեան օր նշանակեց այս շաբաթ օրը։ Դրա համար էլ նա վեցերորդ օրը ձեզ երկու օրուայ հաց տուեց՝ ասելով. «Ձեզնից իւրաքանչիւրը թող նստի իր տանը, եօթներորդ օրը թող ոչ ոք չելնի այդ տեղից»։ 30Եւ ժողովուրդը եօթներորդ օրը հանգստացաւ։31Իսրայէլացիները իրենց կերածի անունը դրեցին ման։ Դա գինձի սերմի նման սպիտակ էր ու մեղրախորիսխի համ ունէր։ 32Մովսէսն ասաց. «Ահա թէ ինչ հրամայեց Աստուած. «Մի ամանի մէջ մէկ չափ մանանայ լցրէ՛ք եւ այն պահեցէ՛ք ձեր սերունդների համար, որպէսզի աչքի առաջ ունենաք այն հացը, որ դուք կերաք անապատում, երբ Տէրը ձեզ հանեց Եգիպտացիների երկրից»։ 33Մովսէսն ասաց Ահարոնին. «Մի ոսկէ սափոր ա՛ռ, դրա մէջ մէկ չափ մանանայ լցրո՛ւ եւ դի՛ր Աստծու առաջ՝ պահելու ձեր սերունդների համար, ինչպէս Տէրն է հրամայել Մովսէսին»։ 34Եւ Ահարոնն այն ի պահ դրեց Կտակարանների արկղի առաջ։ 35Իսրայէլացիները քառասուն տարի մանանայ կերան, մինչեւ որ հասան մի բնակեցուած շրջան։ Նրանք մանանայ էին ուտում, մինչեւ որ հասան փիւնիկեցիների կողմերը։ 36Մէկ չափը հաւասար է երեք գրիւի մէկ տասներորդ մասի։ 
17 Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը Տիրոջ կարգադրութեան համաձայն խումբ-խումբ գնաց Սին անապատից եւ կայք հաստատեց Ռափիդիմում։ Այստեղ, սակայն, ջուր չկար, որ ժողովուրդը խմէր։2Ժողովուրդն սկսեց մեղադրել Մովսէսին՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»։ Մովսէսը նրանց ասաց. «Ինչո՞ւ էք ինձ մեղադրում, ինչո՞ւ էք փորձում Տիրոջը»։ 3Ժողովուրդն այնտեղ ծարաւ զգալով՝ տրտնջաց Մովսէսի դէմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարաւից կոտորուե՞նք մենք եւ մեր երեխաներն ու անասունները»։ 4Մովսէսը պաղատագին խնդրելով Տիրոջը՝ ասաց. «Ի՞նչ անեմ ես այս ժողովրդին։ Մի քիչ էլ մնայ՝ ինձ կը քարկոծեն»։ 5Տէրն ասաց Մովսէսին. «Գնա՛ ժողովրդի առջեւից, քեզ հետ վերցրո՛ւ ժողովրդի ծերերին, ձեռքդ ա՛ռ քո այն գաւազանը, որով հարուածեցիր գետին, եւ ճամփայ ընկի՛ր։ 6Ես քեզնից առաջ այնտեղ հասնելով՝ կը կանգնեմ Քորէբի ժայռի վրայ։ Կը հարուածես ժայռին, դրանից ջուր կը բխի, եւ քո ժողովուրդը կը խմի»։7Մովսէսն իսրայէլացիների ներկայութեամբ այդպէս էլ արեց։ Նա այդ վայրը կոչեց Փորձութիւն եւ Մեղադրանք, որովհետեւ իսրայէլացիները մեղադրել էին եւ Տիրոջը փորձել՝ ասելով. «Տէրը մեր մէ՞ջ է, թէ՞ ոչ»։8Ամաղէկացիներն եկան ու Ռափիդիմում պատերազմեցին իսրայէլացիների դէմ։ 9Մովսէսն ասաց Յեսուին. «Ուժեղ տղամարդիկ ընտրի՛ր եւ առաւօտեան վեր կենալով պատերազմի՛ր ամաղէկացիների դէմ։ Ես կը գամ ու կը կանգնեմ բլրի գագաթին, եւ Աստծու գաւազանը կը լինի իմ ձեռքին»։ 10Յեսուն արեց այնպէս, ինչպէս իրեն ասել էր Մովսէսը. նա պատերազմեց ամաղէկացիների դէմ։ Մովսէսը, Ահարոնն ու Ովրը բարձրացան բլրի գագաթը։ 11Երբ Մովսէսը բարձր էր պահում ձեռքերը, առաւելութեան էին հասնում իսրայէլացիները, իսկ երբ իջեցնում էր ձեռքերը, առաւելութեան էին հասնում ամաղէկացիները։ 12Եւ քանի որ Մովսէսի ձեռքերը յոգնելուց ծանրանում էին, Ահարոնն ու Ովրը մի քար առան եւ նրա տակը դրեցին։ Մովսէսը նստեց դրա վրայ, իսկ Ահարոնն ու Ովրը՝ մէկն այս կողմից, միւսն այն կողմից նրա ձեռքերը բռնած բարձր էին պահում։ Այսպիսով Մովսէսի ձեռքերը մինչեւ արեւի մայր մտնելը բարձրացած մնացին։ 13Յեսուն սրակոտոր արեց ամաղէկացիներին ու նրանց ողջ զօրքը։ 14Տէրն ասաց Մովսէսին. «Այս դէպքը որպէս յիշատակ գրի՛ առ։ Հաղորդի՛ր Յեսուին, որ ամաղէկացիների յիշատակը ջնջելու եմ երկրի վրայ՝ երկնքի ներքոյ»։ 15Մովսէսը Տիրոջ համար զոհասեղան շինեց եւ դրա անունը դրեց՝ «Տէրն իմ ապաւէնն է»։ 16Նա ասաց. «Այսպէս կոչեցի, քանի որ Տէրն իր անտեսանելի ձեռքով պատերազմում է ամաղէկացիների դէմ սերնդից սերունդ»։ 
18 Մադիամի քուրմ Յոթորը՝ Մովսէսի աները, իմացաւ այն ամէնը, ինչ Տէրն արել էր Մովսէսին ու իսրայէլացի ժողովրդին. այն, որ Տէրը իսրայէլացիներին հանել էր Եգիպտոսից։ 2Երբ Մովսէսն իր կին Սեփորային յետ ուղարկեց, Մովսէսի աները՝ Յոթորը, իր հետ վերցրեց Սեփորային 3ու նրա երկու որդիներին, որոնցից մէկի անունը Գերսամ էր եւ նշանակում էր՝ «Պանդուխտ էի օտար երկրում», 4իսկ երկրորդի անունը՝ Եղիազար, որ նշանակում էր՝ «Իմ հօր Աստուածը իմ օգնականն է եւ նա փրկեց ինձ փարաւոնի ձեռքից»։ 5Յոթորը, որ Մովսէսի աներն էր, նրա կնոջ եւ նրա որդիների հետ եկաւ Մովսէսի մօտ՝ անապատ, ուր նա բնակւում էր Աստծու լերան վրայ։ 6Յայտնեցին Մովսէսին՝ ասելով. «Ահա քո աներ Յոթորը, կինդ ու երկու որդիներդ նրա հետ գալիս են քեզ մօտ»։ 7Մովսէսն ընդառաջ գնաց իր աներոջը, ծնրադրեց նրա առաջ եւ համբուրեց նրան։ Նրանք ողջագուրուեցին խաղաղութեամբ, եւ Մովսէսը նրան տարաւ իր վրանը։ 8Մովսէսն իր աներոջը պատմեց այն ամէնը, ինչ իսրայէլացիների համար Տէրն արել էր փարաւոնի ու եգիպտացիների դէմ, բոլոր այն չարչարանքները, որ իրենք կրել էին ճանապարհին, եւ թէ ինչպէս էր Տէրը փրկել իրենց։9Յոթորը զարմացաւ այն բոլոր բարեգործութիւնների համար, որ Տէրն արել էր նրանց, եւ թէ ինչպէս էր նրանց ազատել եգիպտացիների ու փարաւոնի ձեռքից։ 10Յոթորն ասաց. «Օրհնեալ լինի Տէրը, որ փրկել է սրանց եգիպտացիների ու փարաւոնի ձեռքից, որ ժողովրդին ազատել է եգիպտացիների ձեռքից։ 11Հիմա գիտեմ, որ Տէրն աւելի մեծ է, քան բոլոր աստուածները։ Դա երեւաց, երբ եգիպտացիները բռնանում էին նրանց վրայ։ 12Մովսէսի աները՝ Յոթորը, ողջակէզ ու զոհ մատուցեց Աստծուն։ Մովսէսը, Ահարոնն ու իսրայէլացի բոլոր ծերերը Մովսէսի աներոջ հետ գնացին Տիրոջ առաջ ճաշելու։ 13Առաւօտեան Մովսէսը նստեց ժողովրդին դատելու։ Ողջ ժողովուրդը առաւօտից մինչեւ երեկոյ կանգնել էր Մովսէսի շուրջը։ 14Յոթորը տեսնելով այն ամէնը, ինչ Մովսէսն անում էր ժողովրդի համար, ասաց. «Այդ ի՞նչ ես անում դու ժողովրդին։ Ինչո՞ւ ես դու միայն նստած, իսկ ժողովուրդը առաւօտից մինչեւ երեկոյ կանգնած է շուրջդ»։ 15Մովսէսն ասաց աներոջը. «Որովհետեւ ժողովուրդը գալիս է ինձ մօտ Աստծուց իրաւունք հայցելու համար։ 16Երբ նրանց միջեւ վէճ է ծագում, գալիս են ինձ մօտ։ Ես դատում եմ նրանցից իւրաքանչիւրին եւ յայտնում Աստծու հրամաններն ու օրէնքները»։ 17Մովսէսի աները նրան ասաց. «Արածդ ճիշտ չէ»։ 18Սոսկալի տանջանքներով ես տանջւում դու եւ քեզ հետ եղող ամբողջ ժողովուրդը։ Քեզ համար ծանր է այդ գործը, դա միայնակ անել չես կարող։ 19Արդ, լսի՛ր ինձ, ես քեզ խորհուրդ պիտի տամ, եւ Աստուած քեզ հետ կը լինի։ Աստծու մօտ եղի՛ր ժողովրդի ներկայացուցիչը եւ մարդկանց ասածը հաղորդի՛ր Աստծուն։ 20Նրանց տեղեակ կը պահես Աստծու հրամաններին ու օրէնքներին, նրանց ցոյց կը տաս այն ճանապարհը, որով ընթանալու են, եւ այն գործերը, որ պէտք է կատարեն։ 21Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր ուժեղ տղամարդկանց՝ աստուածապաշտ, արդարադատ, գոռոզութիւնն ատող մարդկանց ու ժողովրդի վրայ սրանց հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ կարգի՛ր։22Նրանք մշտապէս թող դատեն ժողովրդին, կարեւոր գործերը թող յանձնեն քեզ, իսկ փոքր դատաստանները թող անեն իրենք. դրանով կը թեթեւացնես քո գործերը, եւ նրանք կը լինեն քո օգնականները։ 23Եթէ այս բանն անես, Աստուած կը զօրացնի քեզ, դու կը կարողանաս տոկալ, եւ ողջ ժողովուրդը խաղաղութեամբ կը վերադառնայ իր տեղը»։ 24Մովսէսն անսաց իր աներոջ ասածին եւ արեց այն ամէնը, ինչ նա ասաց իրեն։ 25Մովսէսը բոլոր իսրայէլացիների միջից ընտրեց ուժեղ տղամարդկանց, ժողովրդի վրայ նրանց հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ կարգեց։ Սրանք ամբողջ ժամանակ պատրաստ էին ժողովրդին դատելու։ 26Նրանք կարեւոր գործերը յանձնում էին Մովսէսին, իսկ փոքր գործերը դատում էին իրենք։ 27Մովսէսը ճանապարհ դրեց իր աներոջը, եւ սա գնաց իր երկիրը։ 
19 Եգիպտացիների երկրից իսրայէլացիների դուրս գալուց երեք ամիս անց, առաջին իսկ օրը նրանք հասան Սինայի անապատը։ 2Նրանք դուրս գալով Ռափիդիմից, եկան Սինայի անապատը եւ կայք հաստատեցին այնտեղ, անապատում։ Իսրայէլացիները կայք հաստատեցին այնտեղ, լերան դիմաց։ 3Մովսէսը բարձրացաւ Աստծու լեռը։ Աստուած լերան վրայից կանչեց նրան ու ասաց. «Այսպէս կ՚ասես Յակոբի յետնորդներին եւ կը յայտնես Իսրայէլի որդիներին. 4«Դուք ինքներդ տեսաք, թէ ինչեր բերեցի եգիպտացիների գլխին, իսկ ձեզ, ինչպէս արծիւն է իր թեւերի վրայ առնում, բարձրացրի ինձ մօտ։ 5Արդ, եթէ ուշադիր լսէք իմ ասածը եւ պահէք իմ դրած ուխտը, դուք բոլոր ազգերի մէջ կը լինէք իմ ընտրեալ ժողովուրդը, որովհետեւ իմն է ամբողջ երկիրը։ 6Դուք կը լինէք ինձ համար որպէս թագաւորութիւն, որպէս քահանայութիւն եւ որպէս սուրբ ազգ։ Իմ այս ասածները դու կը հաղորդես իսրայէլացիներին»։ 7Մովսէսը վերադարձաւ, կանչեց ժողովրդի ծերերին եւ նրանց հաղորդեց բոլոր այն խօսքերը, որ նրան պատուիրել էր Աստուած։ 8Ժողովուրդը միահամուռ պատասխան տուեց ու ասաց. «Այն ամէնը, ինչ ասել է Աստուած, կը կատարենք ու կը հնազանդուենք»։ Մովսէսը ժողովրդի ասածը հաղորդեց Աստծուն։9Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քեզ մօտ պիտի գամ ամպի սեան մէջ, որ ժողովուրդը լսի այն, ինչ ես ասելու եմ քեզ, եւ նա յաւիտեան պիտի հաւատայ քեզ»։ Մովսէսը ժողովրդի ասածը հաղորդեց Աստծուն։ 10Տէրն ասաց Մովսէսին. «Իջի՛ր, կարգադրի՛ր ժողովրդին, մաքրի՛ր նրանց այսօր եւ վաղը, նաեւ թող լուանան իրենց զգեստները, 11որպէսզի երրորդ օրը պատրաստ լինեն, որովհետեւ երրորդ օրը Տէրը ողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լերան վրայ։ 12Ժողովրդի ու լերան միջեւ տարածութիւն կը թողնես եւ կ՚ասես. «Զգո՛յշ եղէք, լերան վրայ մարդ չբարձրանայ ու դրան չմօտենայ, որովհետեւ ով մօտենայ լերան, մահուամբ պիտի պատժուի։ 13Լերան մօտեցողին որեւէ ձեռք չդիպչի, որովհետեւ դրան դիպչողը կը քարկոծուի կամ նետահար կը լինի. անասուն լինի, թէ մարդ՝ չի ապրի։ Նրանք կարող են լեռը բարձրանալ միայն այն ժամանակ, երբ որոտները, շեփորահարութիւնն ու ամպը վերանան լերան վրայից»։ 14Մովսէսը լեռից իջաւ ժողովրդի մօտ ու մաքրեց նրանց։ Նրանք լուացին իրենց զգեստները։ Մովսէսն ասաց ժողովրդին. 15«Պատրա՛ստ եղէք, երեք օր կանանց չմերձենաք»։16Երրորդ օրն առաւօտեան Սինա լերան վրայ որոտներ լսուեցին, փայլատակումներ ու միգախառն ամպ երեւաց. եւ շեփորի ձայնը ուժգին հնչում էր։ Բանակատեղում գտնուող ողջ ժողովուրդը զարհուրեց։ 17Մովսէսը ժողովրդին բանակատեղիից տարաւ Աստծուն ընդառաջ եւ կանգնեցրեց Սինա լերան ստորոտի շուրջը։ 18Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստուած նրա վրայ իջել էր իբրեւ հուր։ Նրա ծուխը բարձրանում էր ինչպէս հնոցի ծուխ։ Բոլոր մարդիկ խիստ զարհուրեցին, 19որովհետեւ շեփորի ձայնը տարածւում էր աւելի հեռու եւ հնչում էր չափազանց ուժեղ։ Մովսէսը խօսում էր, իսկ Աստուած որոտաձայն պատասխանում էր նրան։ 20Տէրն իջաւ Սինա լերան վրայ, լերան կատարին։ Տէրը Մովսէսին կանչեց լերան գագաթը, եւ Մովսէսը բարձրացաւ այնտեղ։ 21Աստուած խօսեց Մովսէսի հետ՝ ասելով. «Իջի՛ր, կարգադրի՛ր քո ժողովրդին. Աստծուն տեսնելու համար չմերձենան եւ այդ պատճառով նրանցից շատերը չկորչեն։ 22Աստծուն մօտեցող քահանաներն էլ թող մաքրուեն, որպէսզի Տէրը կորստեան չմատնի նրանց»։ 23Մովսէսն ասաց Աստծուն. «Ժողովուրդը չի կարող Սինա լեռը բարձրանալ, որովհետեւ դու ինքդ ես մեզ պատուիրել եւ ասել, թէ՝ «Մարդկանց ու լերան միջեւ տարածութիւն կը թողնես եւ լեռը սուրբ կը հռչակես»։ 24Տէրն ասաց նրան. «Գնա՛, իջի՛ր ու յետոյ այստեղ բարձրացի՛ր Ահարոնի հետ, բայց քահանաներն ու ժողովուրդը թող չյանդգնեն բարձրանալ Աստծու մօտ, որպէսզի Տէրը նրանց կորստեան չմատնի»։ 25Մովսէսն իջաւ ժողովրդի մօտ եւ ասաց նրանց. 
20 Տէրը յայտնեց հետեւեալ բոլոր պատգամները՝ ասելով. 2«Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ հանեցի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։ 3Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար։4Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, եւ երկրի խորքի ջրերի մէջ եղած որեւէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես։5Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետեւ ե՛ս եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, 6իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչեւ հազարերորդ սերնդին ողորմում եմ։ 7Քո տէր Աստծու անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տէրը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում։ 8Յիշի՛ր շաբաթ օրը, որպէսզի սուրբ պահես այն։ 9Վեց օր պիտի աշխատես եւ պիտի կատարես քո բոլոր գործերը։ 10Եօթներորդ օրը քո տէր Աստծու շաբաթ օրն է։ Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մօտ գտնուող օտարականն ու քեզ մօտ բնակուող պանդուխտը,11որովհետեւ Տէր Աստուած վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամէնը, ինչ դրանց մէջ է, իսկ եօթներորդ օրը հանգստացաւ։ Դրա համար էլ Տէրն օրհնեց եօթներորդ օրը եւ այն սուրբ հռչակեց։12Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ։ 13Մի՛ սպանիր։ 14Մի՛ շնացիր։ 15Մի՛ գողացիր։ 16Քո հարեւանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր։ 17Ո՛չ քո մերձաւորի տան, ո՛չ նրա ագարակի վրայ աչք մի՛ ունեցիր։ Ո՛չ քո մերձաւորի կնոջ վրայ, ո՛չ նրա ծառայի վրայ, ո՛չ նրա աղախնու վրայ, ո՛չ նրա եզան վրայ, ո՛չ նրա էշի վրայ, ո՛չ նրա անասունի վրայ, ո՛չ այն ամենի վրայ, ինչ քո մերձաւորինն է, աչք մի՛ ունեցիր»։ 18Ողջ ժողովուրդը լսում էր որոտը, շեփորի ձայնը, տեսնում փայլատակումներն ու ծխացող լեռը։ Ողջ ժողովուրդը զարհուրեց, ընկրկեց ու կանգնեց հեռու։ 19Մարդիկ ասացին Մովսէսին. «Դո՛ւ խօսիր մեզ հետ, եւ մենք կը հնազանդուենք։ Աստուած թող չխօսի մեզ հետ, թէ չէ կարող ենք մեռնել։ 20Մովսէսն ասաց նրանց. «Սրտապնդուեցէ՛ք, որովհետեւ Աստուած ձեզ փորձելու համար եկաւ ձեզ մօտ, որպէսզի նրա երկիւղը լինի ձեր մէջ, եւ դուք մեղք չգործէք»։ 21Ժողովուրդը լեռից հեռու էր կանգնած, իսկ Մովսէսը մտաւ մառախուղի մէջ, ուր գտնւում էր Աստուած։ 22Տէրն ասաց Մովսէսին. «Այսպէս կ՚ասես Յակոբի սերնդին եւ կը հաղորդես Իսրայէլի որդիներին. «Դուք ինքներդ տեսաք, որ ես երկնքից խօսեցի ձեզ հետ։ 23Ձեզ համար ոսկէ ու արծաթէ աստուածներ չպատրաստէք։ 24Ինձ համար հողաշէն զոհասեղան կը պատրաստէք եւ դրա վրայ, ամէն տեղ, ուր կը դնեմ իմ անունը, կը մատուցէք ձեր ողջակէզներն ու ձեր խաղաղութեան զոհերը, ձեր ոչխարներն ու ձեր արջառները։ Ես կը գամ քեզ մօտ ու կ՚օրհնեմ քեզ։25Իսկ եթէ զոհասեղանը քարից կառուցես, դրա քարերը յղկուած թող չլինեն, որովհետեւ եթէ քո ձեռքի գործիքը դիպցնես դրան, ապա դա պղծուած կը լինի։ 26Իմ զոհասեղանի վրայ աստիճաններով չբարձրանաս, որպէսզի դրա վրայ քո ամօթոյքը չերեւայ»։ 
21 «Սրանք են այն կանոնները, որ պիտի յայտնես նրանց. 2Եթէ գնես եբրայեցի մի ստրուկ, վեց տարի նա թող ծառայի քեզ եւ եօթներորդ տարում առանց փրկագնի ազատ թող արձակուի։ 3Եթէ նա միայնակ է տունդ մտել, միայնակ էլ թող գնայ, իսկ եթէ իր կնոջ հետ է մտել, կինն էլ թող գնայ նրա հետ։ 4Եթէ իր տէրը նրան կին տայ, եւ կինը նրա համար տղաներ եւ աղջիկներ ծնի, ապա կինն ու զաւակները թող պատկանեն նրա տիրոջը, իսկ նա թող գնայ միայնակ։ 5Եթէ ստրուկն առարկելով ասի, թէ՝ «Սիրեցի իմ տիրոջը, իմ կնոջն ու իմ զաւակներին եւ ազատութիւն չեմ ուզում», ապա նրա տէրը նրան թող կանգնեցնի Աստծու ատեանին, 6այնուհետեւ բերի իր տան դռան սեմի մօտ, հերիւնով ծակի նրա ականջը, եւ նա նրան թող ծառայի ցմահ։ 7Եթէ որեւէ մէկն իր աղջկան որպէս աղախին վաճառի, ապա այդ աղջիկը թող չազատագրուի, ինչպէս ազատագրւում են ստրկուհիները։ 8Եթէ այդ աղախինը, որը սահմանուած էր իր տիրոջ համար, այլեւս հաճելի չլինի նրան, ապա Տէրը թող փրկագնով վաճառի նրան, բայց օտարազգի մարդու վաճառելու իրաւունք չունի, թէ չէ նրան անարգած կը լինի։ 9Եթէ նա իր գնած աղախնին սահմանել է իր որդու համար, նրա հետ թող վարուի այնպէս, ինչպէս վարւում է իր դուստրերի հետ։ 10Եթէ ամուսնացած մի մարդ ամուսնանայ նաեւ մի ուրիշ կնոջ հետ, թող չզրկի նախկին կնոջը գոյութեան միջոցներից, զգեստներից ու ամուսնական պարտականութիւնից։ 11Եթէ ամուսինն այս երեք պահանջները չկատարի նրա նկատմամբ, ապա կինն առանց փրկագնի՝ ձրի, ազատ թող արձակուի»։ 12«Եթէ որեւէ մարդ հարուածի մէկին, եւ սա մահանայ, ապա հարուածողը մահապատժի թող ենթարկուի։ 13Եթէ սպանութիւնը կատարուել է ոչ թէ սպանողի կամքով, այլ Աստուած է մատնել նրան նրա ձեռքը, ապա սպանողին թող ցոյց տրուի մի տեղ, ուր նա ապաստան թող գտնի։ 14Եթէ մէկը չարանենգօրէն սպանի իր մերձաւորին եւ փախուստի դիմելով ապաստանի իմ զոհասեղանին, դարձեալ կ՚առնես նրան ու կը սպանես։15Ով որ հարուածի իր հօրը կամ մօրը, մահապատժի թող ենթարկուի։16Եթէ մէկը գողանայ մի իսրայէլացու եւ վաճառի, եւ կամ իր մօտ գտնեն նրան, ապա սա մահապատժի թող ենթարկուի։ 17Ով որ վատաբանի իր հօրն ու իր մօրը, մահապատժի թող ենթարկուի։ 18Եթէ երկու մարդիկ կռուեն, եւ նրանցից մէկը քարով կամ բռունցքով հարուածի միւսին, եւ սա ոչ թէ մահանայ, այլ անկողին ընկնի, 19ապա եթէ տուժածը ոտքի կանգնի եւ կարողանայ ցուպի օգնութեամբ քայլել, հարուածողը թող անպարտ լինի, բայց տուժածի աշխատանքից զրկուելու վնասի ու բժշկութեան համար թող հատուցում վճարի։ 20Եթէ մէկը գաւազանով հարուածի իր ստրուկին կամ իր ստրկուհուն, եւ սրանք մեռնեն նրա հարուածից, ապա տէրը վրէժխնդրութեան պիտի ենթարկուի դատաստանով, 21իսկ եթէ նրանք մէկ կամ երկու օր ապրեն, տէրը վրէժխնդրութեան չի ենթարկուի, քանի որ նա նրանց իր արծաթով է գնել։ 22Եթէ երկու տղամարդիկ կռուելիս զարնուեն մի յղի կնոջ, եւ կինը պտուղը դեռ չձեւաւորուած վիժի, հարուածողը թող հատուցի վնասը. ինչ որ պահանջի կնոջ ամուսինը, նա թող վճարի ըստ սահմանուած կարգի եւ տայ աղաչելով։ 23Իսկ եթէ պտուղը ձեւաւորուած լինի, ապա թող հատուցի ըստ այս կարգի. կեանքի դիմաց՝ կեանք, աչքի դիմաց՝ 24աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք, 25խարանի դիմաց՝ խարան, վէրքի դիմաց՝ վէրք, հարուածի դիմաց՝ հարուած։ 26Եթէ մէկը հարուածի իր ստրկի կամ իր ստրկուհու աչքին ու կուրացնի նրան, ապա իր կուրացրած աչքի համար նրանց ազատ թող արձակի։ 27Եթէ ջարդի իր ստրկի կամ ստրկուհու ատամը, ապա իր ջարդած ատամի համար նրանց ազատ թող արձակի»։ 28«Եթէ մի ցուլ հարուածի մի տղամարդու կամ կնոջ, եւ սրանք մեռնեն, ապա ցուլը թող քարկոծուի, նրա միսը թող չուտեն, իսկ ցուլի տէրը անպարտ թող լինի։ 29Եթէ ցուլը նախկինում եւս հարուածող է եղել, եւ այդ առթիւ նրա տիրոջը բողոքած են եղել, բայց սա ցուլին մէջտեղից չի վերացրել, եւ եթէ ցուլը տղամարդ կամ կին սպանի, ապա ցուլը թող քարկոծուի, իսկ ցուլի տէրը միաժամանակ մահապատժի թող ենթարկուի։ 30Իսկ եթէ տիրոջ վրայ փրկագին նշանակուի, ապա իր խլած կեանքի դիմաց տէրը թող վճարի նշանակուած փրկագինը։ 31Եթէ ցուլը մի տղայի կամ մի աղջկայ հարուածի, նոյն կերպ թող վարուեն նրա հետ։ 32Եթէ ցուլը մի ստրուկի կամ ստրկուհու հարուածի, ցլատէրը նրանց տիրոջը երեսուն սիկղ արծաթ թող վճարի, իսկ ցուլը թող քարկոծուի։ 33Եթէ մէկը փոս բացելուց կամ ջրհոր փորելուց յետոյ դրանք չծածկի, եւ դրանց մէջ արջառ կամ էշ ընկնի, 34փոսի տէրը արծաթ թող վճարի անասունի տիրոջը, իսկ լէշը թող յանձնուի իրեն։ 35Եթէ մէկի ցուլը հարուածի մի ուրիշ մարդու ցուլին, եւ սա սատկի, կենդանի մնացած ցուլը թող վաճառեն եւ դրա արժէքը թող բաժանեն։ Թող բաժանեն նաեւ սպանուած ցուլը։ 36Իսկ եթէ նախկինում էլ գիտէին, որ ցուլը հարուածող է եղել, եւ այդ մասին դրա տիրոջը բողոքած են եղել, բայց նա իր ցուլը մէջտեղից չի վերացրել, թող ցուլ հատուցուի ցուլի փոխարէն, իսկ սպանուած ցուլը թող տրուի տիրոջը»։ 
22 «Եթէ մէկը արջառ կամ ոչխար գողանայ, մորթի կամ վաճառի այն, ապա մէկ արջառի փոխարէն հինգ արջառ թող հատուցի, իսկ մէկ ոչխարի փոխարէն՝ չորս ոչխար։ 2Եթէ գողին մահացու հարուած հասցնեն տան պատին անցք բացելիս, թող դա սպանութիւն չդիտուի։3Իսկ եթէ դէպքը արեւածագից յետոյ կատարուի, սպանողը մահապարտ կը դիտուի եւ մահուան կ՚ենթարկուի։ Եթէ գողը հատուցելու ոչինչ չունի, ապա ինքը թող վաճառուի, որպէսզի հատուցի իր գողացածի փոխարէն։ 4Իսկ եթէ նա բռնուի, եւ գողօնը՝ արջառ, էշ եւ ոչխար, գտնուի իր մօտ, ապա նա կրկնակին թող հատուցի։ 5Եթէ մէկն իր անասունն արածեցնելիս թոյլ է տալիս, որ անասունն արածի ուրիշի հանդում, ապա իր հանդից թող հատուցի ըստ փչացրած բերքի չափի։ Իսկ եթէ հանդը փչացրել է ամբողջութեամբ, ապա թող հատուցի իր հանդի ու իր այգու ընտիր հատուածով։ 6Եթէ մէկը իր հանդի փշերը վառելու համար կրակ անի, եւ նրա վառած կրակը տարածուի ու այրի մէկ ուրիշի կալը կամ ցորենի շեղջը կամ հանդը, ապա վնասը թող հատուցի նա, ով հրդեհի համար մեղաւոր է։ 7Եթէ մէկը մի մարդու արծաթ կամ որեւէ այլ իր տայ պահելու, եւ այն գողացուի այդ մարդու տնից, եթէ գողը գտնուի, թող կրկնակին հատուցի, 8իսկ եթէ գողը չգտնուի, ապա տան տէրը թող Աստծու առաջ երդուի, որ ինքն ամենեւին չի իւրացրել այդ մարդու իրեն պահ տուած իրը։ 9Արջառի ու էշի, ոչխարի ու հագուստի եւ ամէն տեսակ բաների կորուստներին վերաբերող եւ վէճ յարուցող խնդիրների իսկութիւնը պարզելու նպատակով երկու կողմերը թող կանգնեն Աստծու դատաստանի առաջ։ Նրանցից ում որ Աստուած մեղաւոր ճանաչի, նա կրկնակին թող հատուցի միւսին։ 10Եթէ մէկը մի մարդու էշ, եզ, ոչխար կամ որեւէ այլ անասուն ի պահ տայ եւ պահ տրուածը վնասուածք ստանայ, սատկի կամ յափշտակուի, եւ այդ բանը հաստատող ոչ մի վկայ չլինի, 11ապա երկուսի միջեւ թող Աստծուն տրուած երդումը որպէս վկայութիւն լինի։ Նա, ում մօտ անասունը պահ է տրուած եղել, եթէ երդուի, որ երբեք նենգ մտադրութիւն չի ունեցել միւսի տուած աւանդի նկատմամբ, ապա տէրը թող բաւարարուի դրանով, իսկ պահողը թող չտուգանուի։12Իսկ եթէ ապացուցուի, որ իրօք իր մօտից են գողացել, ապրանքի տիրոջը թող հատուցի վնասը։ 13Իսկ եթէ պահ տրուած անասունին մի գազան է յօշոտել, որպէս ապացոյց նա թող բերի անասունի լէշը եւ վնասը չհատուցի։ 14Եթէ մէկը մի իր կամ անասուն խնդրի մէկ ուրիշից, եւ դրանք ջարդուեն, սատկեն կամ յափշտակուեն, իսկ տէրը դրանց մօտ ներկայ չլինի, ապա աւանդը վերցնողը թող հատուցի վնասը։15Եթէ դէպքը կատարուելիս տէրը աւանդի մօտ ներկայ լինի, աւանդ վերցնողը վնասը թող չհատուցի։ Եթէ դա վարձով է փոխ առել, վնասն այդ վարձով էլ թող հատուցի»։ 16«Եթէ մէկը խաբի չնշանուած մի կոյսի եւ պառկի նրա հետ, գլխագին թող վճարի ու ամուսնանայ նրա հետ։17Եւ եթէ աղջկայ հայրը չհամաձայնի նրան կնութեան տալ իր աղջկան, խաբողը նրա հօրը արծաթ թող վճարի այնքան, ինչքան գլխագին է սահմանուած կոյսերի համար։ 18Մի՛ թողէք, որ կախարդներն ապրեն։19Ով որ կենակցի անասունի հետ, նրան մահապատժի ենթարկեցէ՛ք։20Ով որ կուռքերին զոհ մատուցի, մահապատժի թող ենթարկուի։ Զոհ մատուցեցէ՛ք միայն Տիրոջը։ 21Պանդուխտին մի՛ չարչարէք, մի՛ նեղէք նրան, որովհետեւ դուք եւս պանդուխտ էիք Եգիպտացիների երկրում։22Ոչ մի այրի կնոջ կամ որբի մի՛ տանջէք։ 23Եթէ տանջէք նրանց, եւ նրանք բողոք բարձրացնելով դիմեն ինձ, ես կը լսեմ նրանց ձայնը,24սաստիկ կը բարկանամ, սրակոտոր կ՚անեմ ձեզ, ձեր կանայք կ՚այրիանան, իսկ ձեր զաւակները որբ կը դառնան։ 25Եթէ արծաթ ես փոխ տալիս աղքատ եղբօրդ, նեղը մի՛ գցիր նրան եւ տոկոսներ մի՛ պահանջիր նրանից։ 26Եթէ գրաւ վերցնես մէկի բաճկոնը, մինչեւ արեւի մայր մտնելը վերադարձրո՛ւ այն, 27որովհետեւ դա նրա եւ՛ վերարկուն է, եւ՛ նրա մերկութիւնը ծածկող հանդերձը, որով եւ նա քնում է։ Եւ եթէ նա բողոքի ինձ, ես կը լսեմ նրան, որովհետեւ ողորմած եմ։ 28Քո աստուածներին մի՛ վատաբանիր եւ քո ժողովրդի առաջնորդին մի՛ հայհոյիր։ 29Քո կալի ու հնձանի արդիւնքը մի՛ կտրիր ինձնից։ 30Քո որդիներից անդրանիկներին ինձ կը նուիրաբերես։ Նոյն կերպ կը վարուես քո արջառի, ոչխարի ու էշի առաջնածինների հետ։ Դրանք եօթը օր թող մնան իրենց մօր մօտ, իսկ ութերորդ օրը դրանք կը նուիրաբերես ինձ։ 31Իմ այս ասածները կատարելով՝ դուք ինձ համար սուրբ մարդիկ կը լինէք։ Գազանի յօշոտած կենդանու միս մի՛ կերէք, այլ շա՛նը նետեցէք»։ 
23 «Ականջ մի՛ դիր սուտ լուրերին։Յանձն մի՛ առ յօգուտ անիրաւի անիրաւ վկայ լինել։ 2Մեծամասնութեանը հետեւելով՝ չար գործերի յետեւից մի՛ ընկիր։ Բազմութեանը մի՛ խառնուիր՝ անիրաւութիւն գործելու համար նրան ենթարկուելով, 3եւ դատի տակ ընկածին յանիրաւի մի՛ խղճա դատաստանի ժամանակ։ 4Եթէ հանդիպես քո թշնամու մոլորուած եզան կամ էշին, դրան կը դարձնես ու կը հասցնես իր տիրոջը։ 5Եթէ տեսնես, որ մէկի գրաստը բեռան ծանրութեան տակ ընկել է, նրա կողքից անտարբեր մի՛ անցիր, այլ նրան օգնելով բարձրացրո՛ւ այն։ 6Մի՛ շեղիր դատի ընթացքը, եթէ նոյնիսկ դատուողը քո ծանօթն է։ 7Հեռու կը մնաս ամէն տեսակ անիրաւ գործերից։ Մահուան չդատապարտես անպարտին ու արդարին։ Մեղաւորին կաշառուելով չարդարացնես։ 8Կաշառք չվերցնես, որովհետեւ կաշառքը կուրացնում է անգամ պայծառատեսների աչքերը եւ աւերում արդար գործերը։ 9Պանդուխտին մի՛ ճնշիր. դուք գիտէք պանդուխտ մարդկանց վիճակը, որովհետեւ դուք եւս պանդուխտ էիք Եգիպտացիների երկրում»։ 10«Վեց տարի կը մշակես քո հողը եւ կը հաւաքես դրա բերքը։ 11Եօթներորդ տարում չես մշակի այն եւ կը թողնես, որ հանգստանայ։ Քո ցեղի աղքատները թող ուտեն ինքնաբոյս բերքը, իսկ դրանից աւելացածները թող ուտեն վայրի գազանները։ Այդպէս կը վարուես քո այգու եւ քո ձիթաստանի հետ։ 12Վեց օր կ՚աշխատես, իսկ եօթներորդ օրը կը թողնես, որ հանգստանան քո եզն ու էշը, հանգստանան նաեւ քո աղախնու եւ օտարականի որդիները։ 13Ինչ որ ասացի ձեզ, կը կատարէք։ Օտար աստուածներ մի՛ պաշտէք, նրանց անունները ձեր բերանից չլսուեն»։ 14«Տարուայ մէջ երեք անգամ ինձ համար տօն կը կատարէք։ 15Բաղարջակերաց տօնը կը պահէք։ Նոր բերքի ամսին եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, ինչպէս պատուիրել եմ ձեզ, որովհետեւ դուք ա՛յդ ժամանակ ելաք Եգիպտացիների երկրից։ Իմ առաջ դատարկաձեռն չերեւաս։ 16Ինչ էլ որ ցանած լինես քո հանդում, կը կատարես ամառուայ քո առաջին բերքը քաղելու տօնը։ Տօն կը կատարես նաեւ տարուայ վերջում, երբ հանդից հաւաքած կը լինես քո բերքը։ 17Քո ժողովրդի բոլոր արու զաւակները տարուայ մէջ երեք անգամ պէտք է ներկայանան տէր Աստծուն։ 18Քո արած զոհաբերութեան արիւնը թթխմորով հացի վրայ չթափես, եւ իմ տօնին արուած զոհաբերութեան ճարպը մինչեւ առաւօտ չպահես։ 19Քո առաջին բերքի արդիւնքը կը բերես քո տէր Աստծու տունը։ Գառը իր մօր կաթի մէջ չեփես»։ 20«Եւ ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քեզ մօտ, որպէսզի նա քո առաջից գնալով՝ քեզ պահպանի ճանապարհին ու տանի այն երկիրը, որ պատրաստեցի քեզ համար։ 21Զգո՛յշ եղիր անձիդ նկատմամբ, լսի՛ր ու հնազանդուի՛ր նրան, որպէսզի նա չխորշի քեզնից, որովհետեւ նա իմ անունով է գործելու։ 22Եթէ ուշադիր լսես իմ խօսքը եւ կատարես այն ամէնը, ինչ ասել եմ քեզ, ես կը լինեմ քո թշնամիների թշնամին եւ կը դառնամ քո հակառակորդների հակառակորդը, 23որովհետեւ իմ հրեշտակը քեզ առաջնորդ կը լինի, քեզ կը տանի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, գերգեսացիների, խեւացիների ու յեբուսացիների մօտ, որոնց ես կոտորելու եմ։ 24Չերկրպագես նրանց աստուածներին, չպաշտես նրանց եւ չկատարես այն, ինչ նրանք են կատարում, այլ քարուքա՛նդ արա դրանք եւ ջարդիր փշրի՛ր նրանց յուշարձանները։25Պաշտի՛ր քո տէր Աստծուն, եւ ես կ՚օրհնեմ քո հացն ու ջուրը եւ ձեզնից կը վանեմ հիւանդութիւնները։ 26Քո երկրում անսեռունակ տղամարդ եւ ամուլ կին չեն լինելու։ Ես աւելացնելու եմ քո կեանքի տարիները։ 27Ես պիտի ուղարկեմ իմ ահը, որ դա առաջնորդի քեզ, պիտի սարսափեցնեմ բոլոր այն ազգերին, որոնց երկիրը ոտք պիտի դնես։ Քո բոլոր հակառակորդներին փախուստի պիտի մատնեմ։ 28Քո առաջից իշամեղուներ պիտի ուղարկեմ, որ քեզնից հեռու քշեն ամորհացիներին, խեւացիներին, քանանացիներին ու քետացիներին։29Մի տարուայ ընթացքում չէ, որ պիտի հեռացնեմ նրանց քեզնից, որպէսզի երկիրը անապատի չվերածուի, եւ քո շրջակայքում չբազմանան երկրի գազանները։ 30Կամաց-կամաց պիտի հեռացնեմ դրանց քեզնից, մինչեւ որ բազմանաս ու ժառանգես երկիրը։ 31Քո երկրի տարածքը սահմանելու եմ Կարմիր ծովից մինչեւ Փղշտացիների ծովը եւ անապատից մինչեւ Եփրատ մեծ գետը։ Ձեր ձեռքը պիտի յանձնեմ այդ երկրի բնակիչներին ու նրանց հեռու պիտի քշեմ քեզնից։ 32Դու նրանց ու նրանց չաստուածների հետ ուխտ չդնես։ 33Նրանք քո երկրում չպիտի բնակուեն, որպէսզի իմ նկատմամբ յանցանքի չմղեն քեզ, որովհետեւ, եթէ ծառայես նրանց չաստուածներին, նրանք գայթակղութիւն կը լինեն քեզ համար»։ 
24 Աստուած ասաց Մովսէսին. «Բարձրացէ՛ք Տիրոջ մօտ դու, Ահարոնը, Նաբադը, Աբիուդն ու Իսրայէլի ծերերից եօթանասուն տղամարդ։ Նրանք Տիրոջը թող երկրպագեն հեռուից։ 2Աստծուն թող մօտենայ միայն Մովսէսը, իսկ միւսները թող չմօտենան։ Ժողովուրդը նրանց հետ թող չբարձրանայ»։ 3Մովսէսն եկաւ ու ժողովրդին յայտնեց Աստծու բոլոր պատգամներն ու կանոնները։ Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տուեց ու ասաց. «Կը կատարենք բոլոր այն պատգամները, որ տուել է Տէրը, կ՚ենթարկուենք դրանց»։ 4Մովսէսը գրի առաւ Տիրոջ բոլոր պատգամները։ Մովսէսն առաւօտեան վեր կենալով՝ զոհասեղան կառուցեց լերան ստորոտին եւ տասներկու վէմ կանգնեցրեց՝ ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի թուի։ 5Նա ուղարկեց իսրայէլացի երիտասարդներ, որոնք ողջակէզներ մատուցեցին, փրկութեան համար Աստծուն հորթեր զոհաբերեցին։ 6Մովսէսն առնելով զոհերի արեան կէսը՝ լցրեց ամանների մէջ, իսկ արեան միւս կէսը հեղեց զոհասեղանի առաջ։ 7Նա, վերցնելով ուխտի գիրքը, կարդաց ի լուր ժողովրդի։ Ժողովուրդն ասաց. «Այն ամէնը, ինչ ասել է Տէրը, կը կատարենք, կ՚ենթարկուենք»։ 8Մովսէսը, վերցնելով արիւնը, շաղ տուեց ժողովրդի վրայ ու ասաց. «Սա այն ուխտի արիւնն է, որ կնքեց Տէրը ձեզ հետ, որպէսզի կատարէք նրա բոլոր պատգամները»։9Մովսէսը, Ահարոնը, Նաբադը, Աբիուդն ու իսրայէլացի ծերերից եօթանասուն տղամարդ բարձրացան 10եւ տեսան այն տեղը, ուր կանգնել էր Իսրայէլի Աստուածը։ Նրա կանգնած տեղը կարծես շափիւղայի աղիւսներով էր զարդարուած, եւ դա ջինջ երկնքի նմանութիւնն ունէր։ 11Իսրայէլացի ընտրեալներից ոչ մէկը չմեռաւ։ Նրանք յայտնուեցին այնտեղ, ուր գտնւում էր Աստուած։ Եւ կերան ու խմեցին։ 12Տէրն ասաց Մովսէսին. «Բարձրացի՛ր ինձ մօտ՝ լեռը, այնտեղ եղի՛ր, եւ քեզ պիտի տամ քարէ այն տախտակները, որոնց վրայ գրելու եմ իմ օրէնքներն ու պատուիրանները։ Դրանք նրանց համար օրէնսդրութիւն պիտի լինեն»։ 13Մովսէսն ու նրա սպասաւոր Յեսուն բարձրացան Աստծու լեռը։ 14Մովսէսն ասաց ծերերին. «Հանգստացէ՛ք այստեղ, մինչեւ որ մենք վերադառնանք ձեզ մօտ։ Ահարոնն ու Ովրը ձեզ հետ են։ Եթէ որեւէ մէկը վէճ ունենայ, թող գնայ նրանց մօտ»։15Մովսէսը բարձրացաւ լեռը, եւ ամպը ծածկեց լեռը։ 16Տիրոջ փառքն իջաւ Սինա լերան վրայ, եւ ամպն այն ծածկեց վեց օր։ Տէրը եօթներորդ օրը Մովսէսին կանչեց ամպի միջից։ 17Տիրոջ փառքի տեսիլքը բորբոքուած կրակի նման իջաւ Իսրայէլի որդիների առաջ, լերան գագաթը։ 18Մովսէսը մտաւ ամպի մէջ ու բարձրացաւ լեռը։ Մովսէսը լերան վրայ մնաց քառասուն օր ու քառասուն գիշեր։ 
25 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Իսրայէլի որդիներին կ՚ասես, որ առնեն ինձ սահմանուած ընծաները։ Թող առնեն նրանցից, ում սրտից են բխում։ 3Սրանք են այն ընծաները, որ դուք կ՚առնէք նրանցից. ոսկի, արծաթ, պղինձ, 4կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւ, նրբահիւս բեհեզ, այծի մազ, 5խոյերի կարմիր ներկուած մորթիներ, կապոյտ ներկուած մորթիներ եւ կարծր փայտեր, 6լոյսի համար ձէթ եւ օծութեան իւղի ու խնկի համար բաղադրանիւթեր, 7սարդիոնի քարեր, վակասի վրայ ագուցուելու քարեր եւ պատմուճան։ 8Ինձ համար սրբարան կը կառուցես, եւ ես կ՚երեւամ ձեզ։ 9Դու խորանն ու նրա ամբողջ սպասքը ինձ համար կը պատրաստես ըստ այն օրինակի, որ լերան վրայ ցոյց կը տամ քեզ։ Այսպէս կը պատրաստես. 10Վկայութեան տապանակ կը պատրաստես կարծր փայտից։ Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը։ 11Այն կը պատես մաքուր ոսկով՝ ներսից ու դրսից կ՚ոսկեզօծես այն։ Դրա վրայ շուրջանակի կը դնես ոսկէ պսակ։ 12Դրա համար չորս ոսկէ օղակներ կը ձուլես եւ կը դնես դրա չորս կողմերին. երկու օղակները՝ մի կողմից, եւ երկու օղակները՝ միւս կողմից։ 13Կարծր փայտից լծակներ կը պատրաստես եւ դրանք կը պատես ոսկով։ 14Լծակները կ՚անցկացնես տապանակի կողքերին ամրացուած օղակների մէջ, որպէսզի դրանցով բարձրացնեն տապանակը։ 15Լծակները վկայութեան տապանակի օղակների մէջ թող մնան՝ լինեն դրան ամրացուած։ 16Տապանակի մէջ կը դնես այն պատուիրանները, որ ես պիտի տամ քեզ։ 17Քաւութեան խնկամանի կափարիչը կը պատրաստես մաքուր ոսկուց։ Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը։18Կոփածոյ երկու ոսկեայ քերովբէներ կը պատրաստես եւ դրանք կը դնես կափարիչի երկու ծայրերին։ 19Քերովբէներից մէկը թող լինի կափարիչի մի ծայրին, իսկ միւսը՝ միւս ծայրին։ 20Երկու քերովբէներ կը դնես դրա երկու ծայրերին. թող քերովբէները դէպի վեր տարածեն իրենց թեւերը եւ իրենց թեւերով հովանի անեն կափարիչի վրայ։ Նրանց գլուխները թող լինեն միմեանց յանդիման, որպէսզի քերովբէների երեսները նայեն կափարիչին։ Կափարիչը կը դնես տապանակի վրայ՝ վերեւի կողմից։ 21Տապանակի մէջ կը դնես այն պատուիրանները, որ ես պիտի տամ քեզ։ 22Ես քեզ կը յայտնուեմ այնտեղ եւ վկայութեան տապանակի կափարիչի վրայ գտնուող երկու քերովբէների արանքից քեզ հետ կը խօսեմ այն ամենի մասին, ինչ պատուիրելու եմ քեզ Իսրայէլի որդիների վերաբերեալ»։ 23«Սեղան կը պատրաստես կարծր փայտից։ Երկու կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկ կանգուն՝ դրա լայնութիւնը, եւ մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը։ 24Այն կը պատես մաքուր ոսկով։ Դրա վրայ շուրջանակի կը դնես ոսկէ պսակ։25Դրա չորս կողմը մէկ թզաչափ բարձրութեամբ շրջանակ կը դնես եւ այն չորս կողմից կը պատիս ոսկով։ 26Եւ չորս ոսկէ օղակներ կը պատրաստես եւ օղակները կը դնես չորս անկիւններին, ուր, պսակից ներքեւ, դրա չորս ոտքերն են։ 27Օղակները կը ծառայեն այն բանին, որ լծակները դրանց մէջ անցկացնելով՝ կը բարձրացնեն սեղանը։28Լծակները կը պատրաստես չփչացող փայտից եւ դրանք կը պատես մաքուր ոսկով։ Դրանցից բռնելով՝ կը բարձրացուի սեղանը։ 29Կը պատրաստես դրա խնկամաններն ու սկուտեղները, դրա գաւաթներն ու սկիհները, որոնցով գինի պիտի մատուցես։ Մաքուր ոսկուց կը պատրաստես դրանք։ 30Սեղանի վրայ, իմ առաջ, մշտապէս կը դնես առաջաւորութեան հաց»։ 31«Մաքուր ոսկուց աշտանակ կը պատրաստես։ Քանդակազարդ կ՚անես աշտանակը եւ այնպէս, որ բունը, ճիւղերը, սկահակները, գնդիկներն ու շուշանաձեւ ծաղիկները միաձոյլ լինեն։ 32Վեց ճիւղեր պէտք է տարածուեն նրա կողքերից. աշտանակի երեք ճիւղերը պէտք է լինեն մի կողմից, իսկ աշտանակի միւս երեք ճիւղերը՝ միւս կողմից։ 33Ամէն մի ճիւղ պէտք է ունենայ գնդիկից ու ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակներ։ Միւս ճիւղերն էլ պէտք է ունենան գնդիկից ու ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակներ։ Այսպէս թող լինեն աշտանակի կողքերից դուրս եկած վեց ստեղները. 34աշտանակի բունը պէտք է ունենայ գնդիկից ու ծաղկից բաղկացած չորս սկահակներ։ 35Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու ճիւղերի տակ պէտք է լինի մի գնդիկ։ Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու միւս ճիւղերի տակ նոյնպէս պէտք է լինի մի գնդիկ։ Նոյն ձեւով կը պատրաստես աշտանակի կողքերից դուրս եկած վեց ճիւղերը, 36այնպէս, որ նրանց գնդիկներն ու ճիւղերը դուրս եկած լինեն իրենց բնի կողքերից՝ ամբողջութեամբ քանդակազարդ, մէկ կտոր մաքուր ոսկուց։ 37Դրա համար կը պատրաստես եօթը կանթեղ եւ կանթեղները կը դնես աշտանակի վրայ այնպէս, որ դրանք լուսաւորեն դէմից։ 38Դրա ունելիներն ու պատուանդանը կը պատրաստես մաքուր ոսկուց։ Այս ամբողջ սպասքը մի տաղանդ մաքուր ոսկուց կը պատրաստես։ 39Ուշադի՛ր եղիր, կ՚անես ըստ այն օրինակի, որ քեզ ցոյց տրուեց լերան վրայ»։









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Кабачки с яйцом

Кабачки с яйцомОчищенные и нарезанные кружками кабачки посолить, обвалять в...

Салат из белокочанной капусты с маслинам…

Салат из белокочанной капусты с маслинамиКапусту квашеную и лук репчатый...

Салат из стручков фасоли

Салат из стручков фасолиМолодые (недозрелые) стручки фасоли перебрать, удалить жилки,...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта