ԵԼՔ

(14 голоса, среднее 3.43 из 5)
Индекс материала
ԵԼՔ
14
26
Все страницы

ԵԼՔ


1 Սրանք են Իսրայէլի այն որդիների անունները, որոնք իրենց հօր հետ մտան Եգիպտոս, իւրաքանչիւրն իր ամբողջ ընտանիքով մտաւ.2Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա, 3Իսաքար, Զաբուղոն եւ Բենիամին,4Դան եւ Նեփթաղիմ, Գադ եւ Ասեր։ 5Յակոբից սերուած բոլոր մարդիկ եօթանասունհինգ հոգի էին։ Յովսէփը գտնւում էր Եգիպտոսում։6Վախճանուեց Յովսէփը. նաեւ նրա բոլոր եղբայրներն ու ամբողջ սերունդը։ 7Իսրայէլի որդիները, սակայն, աճեցին ու բազմացան։ Նրանք խիստ բազմացան ու հզօրացան, որովհետեւ երկիրը նպաստում էր նրանց բազմանալուն։ 8Գահ բարձրացաւ մի ուրիշ թագաւոր, որը Յովսէփին չէր ճանաչում։ Նա իր ժողովրդին ասաց. 9«Իսրայէլի որդիների սերունդը մեծ է զօրութեամբ եւ զօրանում է մեզնից աւելի։10Արդ, եկէք ինչ-որ բան հնարենք նրանց դէմ, գուցէ աւելի բազմանան, եւ երբ պատերազմ ծագի, նրանք միանան թշնամիներին ու մեր դէմ կռուելով՝ դուրս ելնեն այս երկրից»։ 11Եւ նա վերակացուներ կարգեց նրանց վրայ, որ գործի լծելով՝ չարչարեն նրանց։ Նրանք փարաւոնի համար կառուցեցին Փիդոն, Ռամեսէ եւ Ովն անառիկ քաղաքները։ Ովնը Արեգ քաղաքն է։ 12Բայց որքան ճնշում էին նրանց, նրանք այնքան աւելի էին բազմանում ու անչափ հզօրանում։ 13Եգիպտացիները զզուեցնում էին Իսրայէլի որդիներին, բռնութիւն գործադրելով նեղում էին նրանց, տաժանակիր աշխատանքի էին լծում, 14նրանց կեանքը մաշում կաւի, աղիւսաշինութեան ու դաշտային բոլոր գործերի մէջ՝ բռնութեամբ ստիպելով նրանց, որ ծառայեն։ 15Եգիպտացիների արքան դիմեց եբրայեցիների մանկաբարձներին. նրանցից մէկի անունը Սեփորա էր, իսկ երկրորդի անունը՝ Փուա։ Եւ արքան 16ասաց. «Երբ երկունքով բռնուած եբրայեցի կանանց մօտ գնաք ծննդաբերութեան օգնելու, եթէ ծնուածը արու լինի, սպանեցէ՛ք նրան, իսկ եթէ էգ լինի, ո՛ղջ թողէք»։ 17Մանկաբարձները, աստուածավախ լինելով, չարեցին այն, ինչ եգիպտացիների արքան հրամայել էր իրենց. նրանք ողջ էին թողնում նաեւ արուներին։ 18Եգիպտացիների արքան կանչեց մանկաբարձներին ու ասաց նրանց. «Ինչո՞ւ էք այդպէս վարւում, ինչո՞ւ էք ողջ թողնում արուներին»։ 19Մանկաբարձները պատասխանեցին փարաւոնին. «Եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք ծննդաբերում են մինչեւ որ մանկաբարձները իրենց մօտ գան»։20Նրանք ծննդաբերում էին, եւ Աստուած բարութիւն էր անում մանկաբարձներին, ուստի ժողովուրդը խիստ բազմանում էր ու անչափ հզօրանում։ 21Քանի որ մանկաբարձները աստուածավախ էին, նրանք տուն-տեղ դրին։ 22Փարաւոնն իր ամբողջ ժողովրդին հրամայելով՝ ասաց. «Եբրայեցիներից ծնուած բոլոր արու զաւակներին գե՛տը նետեցէք, իսկ բոլոր աղջիկ զաւակներին ո՛ղջ թողէք»։ 
2 Այնտեղ էր գտնւում Ղեւիի ցեղից մի մարդ, որն ամուսնացաւ Ղեւիի դուստրերից մէկի հետ։ 2Սա յղիացաւ ու ծնեց մի արու զաւակ։ Տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրին նրան։ 3Երբ այլեւս չէին կարող նրան թաքցնել, նրա մայրն առաւ եղէգից հիւսուած մի զամբիւղ, այն ծեփեց կպրաձիւթով, դրա մէջ դրեց մանկանը եւ զամբիւղը դրեց ծանծաղուտ մի տեղ, գետափին մօտիկ։ 4Մանկան քոյրը հեռուից հետեւում էր՝ տեսնելու համար, թէ ինչ կը պատահի նրան։ 5Այդ ժամանակ էր, որ փարաւոնի դուստրն եկաւ գետում լողանալու, իսկ նրա նաժիշտները քայլում էին գետի ափով։ Ծանծաղուտի մէջ զամբիւղ նկատելով՝ նա մի նաժիշտ ուղարկեց, որ վերցնի այն։ 6Նա բացեց եւ տեսաւ երեխային։ Երեխան լաց էր լինում զամբիւղում։ Փարաւոնի դուստրը, խղճալով նրան, ասաց. «Եբրայեցիների երեխաներից է դա»։ 7Մանկան քոյրն ասաց փարաւոնի դստերը. «Ուզո՞ւմ ես, որ եբրայեցիներից մի դայեակ կին կանչեմ, նա թող կերակրի այդ մանկանը»։ 8Փարաւոնի դուստրն ասաց՝ «գնա՛»։ Աղջիկը գնաց ու կանչեց մանկան մօրը։ 9Փարաւոնի դուստրը նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ մանկանը եւ կերակրի՛ր նրան ինձ համար։ Ես կը տամ քո վարձը»։ Կինը վերցրեց մանկանը եւ կերակրեց նրան։ Երբ մանուկը մեծացաւ, կինը նրան բերեց փարաւոնի դստեր մօտ, 10եւ մանուկը նրան որդեգիր դարձաւ։ Նա նրան Մովսէս կոչեց ասելով՝ ջրից եմ հանել նրան։ 11Շատ օրեր յետոյ, երբ Մովսէսը մեծացաւ, գնաց իր ազգակիցների՝ իսրայէլացիների մօտ, ականատես եղաւ նրանց չարչարանքներին։ Նա նկատեց, որ մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մէկին՝ մի իսրայէլացու։ 12Մովսէսն այս ու այն կողմ նայեց եւ ոչ ոքի չտեսնելով, սպանեց եգիպտացուն եւ նրան թաղեց աւազի տակ։ 13Յաջորդ օրը նա տեսաւ իրար հետ կռուող երկու եբրայեցիների եւ անիրաւութիւն անողին ասաց. «Ինչո՞ւ ես ծեծում ընկերոջդ»։ 14Սա պատասխանեց. «Ո՞վ է քեզ իշխան ու դատաւոր կարգել մեզ վրայ, թէ՞ ինձ էլ ես ուզում սպանել, ինչպէս որ երէկ սպանեցիր եգիպտացուն»։ Մովսէսը վախեցաւ՝ մտածելով, որ եղելութիւնը յայտնի է դարձել։ 15Երբ փարաւոնը լսեց այդ դէպքի մասին, պահանջեց, որ սպանեն Մովսէսին։ Մովսէսը փախաւ փարաւոնի պատճառով ու բնակուեց Մադիամի երկրում։ 16Մադիամի երկիրը գալով՝ նա նստեց մի ջրհորի մօտ։ Մադիանացիների քուրմն ունէր եօթը դուստր, որոնք արածեցնում էին իրենց հօր ոչխարները։ Նրանք եկել էին ջուր հանելու եւ լցնելու աւազանները, որպէսզի ջրեն իրենց հօր ոչխարները։ 17Բայց եկան ուրիշ հովիւներ եւ աղջիկներին հեռու քշեցին։ Մովսէսը ոտքի ելաւ եւ պաշտպանեց նրանց, ջուր հանեց ու ջրեց նրանց ոչխարները։ 18Աղջիկներն եկան իրենց հօր՝ Հռագուէլի մօտ։ Սա նրանց հարցրեց. «Ինչո՞ւ այսօր օրը ցերեկով վերադարձաք»։19Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի տղամարդ մեզ փրկեց այդ հովիւների ձեռքից, ջուր հանեց ու ջրեց մեր ոչխարները»։ 20Հայրը հարցրեց իր դուստրերին. «Իսկ ո՞ւր է նա, ինչո՞ւ թողեցիք այդ մարդուն։ Արդ, կանչեցէ՛ք նրան, որ հաց ուտի»։ 21Եւ Մովսէսը բնակուեց այդ մարդու մօտ, եւ սա իր դուստր Սեփորային Մովսէսին կնութեան տուեց։22Կինը յղիացաւ ու ծնեց որդի, որին Մովսէսը Գերսամ անուանեց ասելով՝ ես պանդուխտ եմ օտար երկրում։ 23Շատ օրեր անց մեռաւ եգիպտացիների թագաւորը։ Իսրայէլացիները, որոնք տանջւում էին տաժանակիր աշխատանքի մէջ, աղաղակ բարձրացրին. նրանց աղաղակը հասաւ Աստծուն։ Եւ Աստուած լսեց նրանց հեծութիւնը,24յիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի ու Յակոբի հետ։25Աստուած իր հայեացքն ուղղեց իսրայէլացիներին։ Նա յայտնուեց նրանց։ 
3 Մովսէսն արածեցնում էր իր աներոջ՝ Յոթորի՝ մադիանացիների քրմի ոչխարները։ Նա ոչխարները տարաւ անապատ ու հասաւ Աստծու լեռը՝ Քորէբ։ 2Տիրոջ հրեշտակը երեւաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսէսը տեսնում էր, որ մորենին հրով վառւում էր, բայց չէր այրւում։ 3Մովսէսն ինքն իրեն ասաց. «Գնամ տեսնեմ այս մեծ տեսարանը։ Ինչպէ՞ս է, որ մորենին չի այրւում»։ 4Երբ Տէրը նկատեց, որ Մովսէսը տեսնելու համար մօտ է գնում, մորենու միջից ձայն տուեց նրան ու ասաց. «Մովսէ՛ս, Մովսէ՛ս»։ Սա ասաց. «Ի՞նչ է»։ 5Աստուած ասաց. «Մի՛ մօտեցիր այստեղ։ Կօշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետեւ այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող է»։ 6Եւ աւելացրեց. «Ես քո հօր Աստուածն եմ, Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը ու Յակոբի Աստուածը»։ Եւ Մովսէսը շուռ տուեց իր երեսը, որովհետեւ վախենում էր նայել Աստծուն։ 7Տէրն ասաց Մովսէսին. «Ես ականատես եղայ Եգիպտոսում գտնուող իմ ժողովրդի կրած տառապանքներին, 8լսեցի վերակացուների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը, տեղեակ եմ նրանց վշտերին։ Ես իջայ, որ նրանց փրկեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այդ երկրից, նրանց տանեմ մի լաւ ու ընդարձակ երկիր՝ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Խեւացիների, Գերգեսացիների ու Յեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում։9Արդ, ահաւասիկ իսրայէլացիների աղաղակը հասել է ինձ. ես տեսայ այն տառապանքները, որ նրանք կրում են եգիպտացիների ձեռքից։10Արդ, արի՛ քեզ ուղարկեմ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ, որ իմ ժողովրդին՝ իսրայէլացիներին հանես Եգիպտացիների երկրից»։11Մովսէսն ասաց Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ գնամ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ իսրայէլացիներին հանեմ Եգիպտացիների երկրից»։ 12Աստուած ասաց. «Ես քեզ հետ կը լինեմ, եւ երբ այս լերան վրայ Աստծուն պաշտէք, այդ քեզ համար նշան կը լինի, որ ե՛ս եմ ուղարկել քեզ, որպէսզի իմ ժողովրդին հանես Եգիպտացիների երկրից»։13Մովսէսն ասաց Աստծուն. «Ես կը գնամ իսրայէլացիների մօտ ու նրանց կ՚ասեմ. «Ձեր հայրերի Աստուածն է առաքել ինձ ձեզ մօտ»։ Եւ եթէ նրանք հարցնեն ինձ, թէ ի՞նչ է նրա անունը, ես ի՞նչ պատասխան տամ նրանց»։ 14Աստուած ասաց Մովսէսին. «Ես այն Աստուածն եմ, որ Է»։ Եւ աւելացրեց. «Այսպէս կ՚ասես իսրայէլացիներին. «Որ Է-ն առաքեց ինձ ձեզ մօտ»։ 15Աստուած դարձեալ ասաց Մովսէսին. «Այսպէս կ՚ասես իսրայէլացիներին. «Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածն է առաքել ինձ ձեզ մօտ»։ Այս է իմ յաւիտենական անունը, որ յիշատակ է ազգից ազգ։ 16Արդ, գնա հաւաքի՛ր իսրայէլացի ծերերին ու նրանց ասա՛. «Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը երեւաց ինձ ու ասաց. «Ես այցելեցի ձեզ ու գիտեմ, թէ ինչ բաներ պատահեցին ձեզ հետ Եգիպտոսում։ 17Ես ասում եմ. «Ձեզ հանելու եմ Եգիպտացիների՝ չարչարանքների երկրից եւ տանելու եմ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Գերգեսացիների, Խեւացիների ու Յեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում»։ 18Նրանք կը լսեն քեզ։ Դու իսրայէլացի ծերերի հետ կը մտնես եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ կ՚ասես նրան. «Եբրայեցիների Տէր Աստուածը մեզ կանչում է իր մօտ։ Հիմա պիտի գնանք երեք օրուայ ճանապարհ դէպի անապատ, որպէսզի մեր Աստծուն զոհ մատուցենք»։ 19Ես գիտեմ, որ եգիպտացիների արքան թոյլ չի տայ, որ դուք գնաք, բայց հզօր մի ձեռք կը ստիպի նրան։ 20Ես ձեռքս մեկնելով պիտի հարուածեմ Եգիպտոսին իմ բոլոր զարմանահրաշ գործերով, որ պիտի գործեմ նրանց մէջ, եւ դրանից յետոյ միայն նա պիտի ազատ արձակի ձեզ։ 21Ես եգիպտացիների ներկայութեամբ շնորհներ եմ տալու իմ ժողովրդին, որ երբ դուրս գաք, ձեռնունայն դուրս չգաք։ 22Ամէն մի կին իր հարեւանից կամ իր հարեւանութեամբ բնակուողից թող ուզի ոսկէ ու արծաթէ անօթներ եւ զգեստներ։ Դուք կը զարդարէք ձեր տղաներին ու ձեր աղջիկներին եւ այդպիսով կողոպտած կը լինէք եգիպտացիներին»։ 
4 Պատասխան տուեց Մովսէսն ու ասաց. «Եթէ ինձ չհաւատան, իմ ասածը չլսեն, (քանի որ նրանք կարող են ասել, թէ՝ Աստուած քեզ չի երեւացել), ես ի՞նչ ասեմ նրանց»։ 2Տէրն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Սա ասաց. «Գաւազան»։ 3Նա ասաց. «Գետի՛ն գցիր դա»։ Մովսէսը գետին գցեց գաւազանը, այն օձ դարձաւ, եւ Մովսէսը փախաւ դրանից։ 4Տէրն ասաց Մովսէսին. «Երկարի՛ր ձեռքդ եւ բռնի՛ր դրա պոչից»։ Նա երկարեց ձեռքն ու բռնեց պոչից, եւ օձը գաւազան դարձաւ իր ձեռքում։ 5«Այդպէս կ՚անես, որպէսզի քեզ հաւատան, որ քեզ երեւացել է նրանց հայրերի Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը»։ 6Տէրը նորից ասաց նրան. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»։ Նա ձեռքը դրեց իր ծոցը, ապա հանեց այն իր ծոցից, եւ ձեռքը ձեան նման սպիտակեց, ինչպէս բորոտների մօտ է լինում։7Աստուած ասաց. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»։ Նա ձեռքը դրեց իր ծոցը, յետոյ հանեց այն իր ծոցից, եւ ձեռքը վերստացաւ իր մարմնի նախկին գոյնը։8Աստուած ասաց. «Եթէ չհաւատան քեզ եւ չունկնդրեն առաջին նշանի ձայնին, ապա կը հաւատան քո երկրորդ նշանին։ 9Եթէ պատահի, որ չհաւատան երկու նշաններին էլ, չանսան քո ասածին, ապա գետից ջուր կը վերցնես, կը թափես գետին, եւ գետից քո առած ջուրը գետնի վրայ արիւն կը դառնայ»։ 10Մովսէսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, մինչեւ օրս ես պերճախօս չեմ եղել, ոչ իսկ երբ սկսեցիր խօսել քո ծառայի հետ, որովհետեւ անվարժ եմ խօսում, ծանրախօս եմ»։ 11Տէրն ասաց Մովսէսին. «Ո՞վ է մարդուն բերան տուել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կոյրին։ Մի՞թէ ոչ ես՝ Աստուածս։ 12Արդ, գնա՛, ես կը բացեմ քո բերանը, քեզ կը սովորեցնեմ, որ ասես այն, ինչ պէտք է ասել»։ 13Մովսէսն ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, մի այլ կարող մարդու ընտրիր, նրան ուղարկիր»։ 14Տէրը խիստ բարկացաւ Մովսէսի վրայ ու ասաց. «Մի՞թէ ղեւտացի Ահարոնը քո եղբայրը չէ։ Գիտեմ, որ նա քո փոխարէն փայլուն կը խօսի։ Նա քեզ ընդառաջ կ՚ելնի եւ քեզ տեսնելով՝ ամբողջ հոգով կ՚ուրախանայ։ 15Կը խօսես նրա հետ եւ իմ պատգամները կը դնես նրա շրթներին։ Ես կը բացեմ քո բերանն ու նրա բերանը, ձեզ կը սովորեցնեմ այն, ինչ պէտք է անէք։ 16Ժողովրդի հետ քո փոխարէն նա կը խօսի, նա կը լինի քո խօսափողը, իսկ դու նրա համար կը լինես ներշնչող Աստուած։ 17Այն գաւազանը, որ օձ դարձաւ, կ՚առնես ձեռքդ եւ դրանով նշաններ կը գործես»։ 18Մովսէսը գնաց իր աներոջ՝ Յոթորի մօտ ու ասաց նրան. «Վերադառնամ Եգիպտոսում գտնուող իմ եղբայրների մօտ եւ տեսնեմ, թէ տակաւին կենդանի՞ են»։ Յոթորն ասաց Մովսէսին. «Բարի ճանապարհ»։ 19Այս դէպքերից բազում օրեր անց, երբ վախճանուել էր եգիպտացիների արքան, Տէրը Մադիամում ասաց Մովսէսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետեւ արդէն մեռել են բոլոր նրանք, ովքեր ուզում էին խլել քո կեանքը»։ 20Մովսէսը, առնելով իր կնոջն ու երեխաներին, նրանց նստեցրեց գրաստների վրայ ու վերադարձաւ Եգիպտոս։ Մովսէսն իր ձեռքն առաւ գաւազանը, որ Աստուած էր տուել իրեն։ 21Տէրն ասաց Մովսէսին. «Եգիպտոս գնալիս ու վերադառնալիս փարաւոնի առաջ ջանա՛, որ անես բոլոր այն նշանները, որոնք անելու շնորհը տուել եմ քո ձեռքը։ Ես խստասիրտ կը դարձնեմ փարաւոնին, եւ նա ազատ չի արձակի ժողովրդին։ 22Դու կ՚ասես փարաւոնին. «Այսպէս է ասում Տէրը. իմ անդրանիկ որդին Իսրայէլն է։ 23Քեզ ասացի՝ ազա՛տ արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ Իսկ եթէ չուզենաս ազատ արձակել նրան, այդ դէպքում ես կը սպանեմ քո անդրանիկ որդուն»։ 24Ճանապարհին, իջեւանում, Մովսէսին հանդիպեց Տիրոջ հրեշտակը, որն ուզում էր սպանել նրան։25Սեպփորան, վերցնելով մի սուր քար, թլփատեց իր անթլփատ որդուն եւ հրեշտակի ոտքերն ընկնելով՝ ասաց. «Ահա կատարուեց իմ մանկան թլփատութեան կարգը»։ 26Հրեշտակը հեռացաւ նրանից, քանի որ նա ասել էր, թէ՝ «Կատարուեց իմ մանկան թլփատութեան կարգը»։ 27Տէրն ասաց Ահարոնին. «Գնա՛ անապատ՝ Մովսէսին ընդառաջ»։ Նա գնաց, նրան հանդիպեց Աստծու լերան վրայ ու համբուրեց նրան։ 28Մովսէսն Ահարոնին յայտնեց իրեն ուղարկող Տիրոջ բոլոր պատգամներն ու բոլոր այն նշանները, որ պատուիրել էր իրեն կատարել։ 29Մովսէսն ու Ահարոնը գնացին եւ հաւաքեցին իսրայէլացիների ամբողջ ծերակոյտը։30Ահարոնը նրանց հաղորդեց բոլոր այն պատգամները, որ Տէրը յայտնել էր Մովսէսին, եւ Մովսէսը նշաններ գործեց ժողովրդի առաջ։31Ժողովուրդը հաւատաց եւ ուրախացաւ, որ Աստուած այցելել է իսրայէլացիներին, ականատես եղել իրենց տառապանքներին։ Ժողովուրդը խոնարհուեց ու երկրպագեց։ 
5 Այնուհետեւ Մովսէսն ու Ահարոնը եկան փարաւոնի մօտ ու ասացին նրան. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ իմ պատուին տօն կատարի անապատում»։ 2Փարաւոնն ասաց. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ պիտի ազատ արձակեմ իսրայէլացիներին։ Այդ Տիրոջը ես չեմ ճանաչում եւ իսրայէլացիներին էլ չեմ արձակում»։ 3Նրան ասացին. «Եբրայեցիների Աստուածն է կանչել մեզ իր մօտ։ Արդ, երեք օրուայ ճանապարհ պիտի գնանք անապատով, որպէսզի զոհ մատուցենք մեր տէր Աստծուն, այլապէս մեզ մահ կամ սպանութիւն է սպասում»։ 4Եգիպտացիների արքան նրանց ասաց. «Մովսէս եւ Ահարոն, դուք ինչո՞ւ էք մարդկանց կտրում իրենց գործից։ Ամէն մէկը թող գնայ իր գործին»։ 5Եւ փարաւոնը շարունակեց. «Ահա երկրիս մէջ խիստ բազմանում է ժողովուրդը, նրանց գործից չկտրենք»։ 6Փարաւոնն այդ օրը ժողովրդի գործավարներին ու նրանց վերակացուներին հրամայեց՝ ասելով. 7«Այդ մարդկանց այլեւս յարդ չտաք աղիւս շինելու համար, ինչպէս տալիս էիք մինչեւ օրս։ Իրենք թող գնան ու իրենց համար յարդ հայթայթեն։ Եւ ստիպեցէ՛ք, 8որ, որքան առաջ էին նրանք աղիւս շինում, նոյնքան էլ շինեն այսուհետեւ. բան չպակասեցնէ՛ք։ Անգործ մնալու պատճառով է, որ նրանք աղաղակում են ու ասում. «Գնանք, զոհ մատուցենք մեր Աստծուն»։ 9Թող մարդկանց գործն է՛լ աւելի ծանրանայ, որպէսզի դրանով զբաղուեն եւ ոչ թէ դատարկ բաների մասին մտածեն»։10Ժողովրդի գործավարները եւ նրանց վերակացուները խիստ ծանր աշխատանքի լծեցին նրանց եւ, դիմելով ժողովրդին, ասացին. «Այսպէս է ասում փարաւոնը. «Ձեզ այլեւս յարդ չեմ տայ։ 11Դուք ինքներդ գնացէ՛ք, ձեզ համար յարդ հաւաքեցէ՛ք, ուր որ գտնէք, բայց սահմանուած չափից ոչինչ չպիտի պակասի»։ 12Ժողովուրդը սփռուեց ամբողջ Եգիպտոսով մէկ, որպէսզի եղէգ հաւաքի յարդ պատրաստելու համար։ 13Գործավարներն ստիպում էին նրանց անընդհատ աշխատել՝ ասելով. «Ձեր ամենօրեայ գործն արէք այն չափով, ինչպէս որ երբ յարդ էին տալիս ձեզ»։ 14Եւ իսրայէլացի գործավարները տանջանքի էին ենթարկւում փարաւոնի՝ իրենց վրայ նշանակած վերակացուներից, որոնք ասում էին. «Ինչո՞ւ այսօր էլ աղիւս չէք շինում այնքան, որքան մինչեւ օրս»։ 15Իսրայէլացի գործավարները գնացին բողոքեցին փարաւոնին՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպէս վարւում քո ծառաների հետ։16Քո ծառաներին յարդ չեն տալիս, բայց հրամայում են, որ աղիւս շինենք։ Քո ծառաներն, ահա, տանջանքի մէջ են։ Դու կեղեքում ես քո ժողովրդին»։ 17Փարաւոնը նրանց ասաց. «Դուք ծոյլ ու անբան մարդիկ էք, դրա համար էլ ասում էք. «Գնանք զոհ մատուցենք մեր Աստծուն»։18Արդ, գնացէք աշխատեցէ՛ք, որովհետեւ ոչ ոք ձեզ յարդ չի տալու, բայց դուք աղիւսի սահմանուած քանակը պէտք է տաք»։19Իսրայէլացիների գործավարները, տեսնելով իրենց այս ծանր կացութիւնը, իրար մէջ ասացին. «Ոչ ոք չի նուազեցնի աղիւս շինելու մեր ամենօրեայ քանակը»։ 20Նրանք հանդիպեցին Մովսէսին ու Ահարոնին, որոնք փարաւոնի պալատից ելնելով՝ գալիս էին իրենց մօտ։21Նրանք ասացին նրանց. «Թող Աստուած աչքի առաջ ունենայ ձեզ եւ դատի, քանի որ մեր հօտը գարշելի դարձրիք փարաւոնի ու նրա պաշտօնեաների աչքին։ Դուք սուր տուեցիք նրա ձեռքը, որ նա մեզ սպանի»։ 22Դիմելով Տիրոջը՝ Մովսէսն ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ չարչարեցիր քո ժողովրդին եւ ինչո՞ւ ուղարկեցիր ինձ։ 23Այն պահից, երբ մտայ փարաւոնի պալատը քո անունից նրա հետ խօսելու համար, նա չարչարեց ժողովրդին, իսկ դու երբեք չես փրկում քո ժողովրդին»։ 
6 Տէրն ասաց Մովսէսին. «Հիմա կը տեսնես, թէ ինչ եմ անելու փարաւոնին։ Նա հզօր ձեռքի միջոցով պիտի արձակի նրանց, եւ բարձրացուած բազուկով նրանց պիտի հանի նաեւ իր երկրից»։2Աստուած խօսեց Մովսէսի հետ եւ ասաց նրան. «Ե՛ս եմ Տէրը։ 3Ես երեւացի Աբրահամին, Իսահակին ու Յակոբին։ Նրանց Աստուածը ես եմ, իմ անունը Տէր է, բայց ես դա նրանց չյայտնեցի։ 4Ես նրանց հետ ուխտ եմ կնքել, որ նրանց տամ Քանանացիների երկիրը, ուր նրանք պանդխտեցին։ 5Ես լսեցի հեծեծանքը իսրայէլացիների, որոնց եգիպտացիները ստրկացրել են, եւ յիշեցի ձեզ տուած իմ ուխտը։ 6Գնա՛ իսրայէլացիների մօտ ու ասա՛ նրանց. «Ե՛ս եմ Տէրը։ Ես ձեզ ազատելու եմ եգիպտացիների բռնութիւնից, ձեզ փրկելու եմ նրանց ծառայելուց, ձեզ ազատելու եմ իմ հզօր բազկով ու նրանց գլխին մեծամեծ պատիժներ հասցնելով։ 7Ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը եւ պիտի լինեմ ձեր Աստուածը։ Դուք պիտի գիտենաք, որ ե՛ս եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ ազատելու եմ եգիպտացիների բռնութիւնից 8եւ ձեզ տանելու եմ այն երկիրը, որ երդուեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին։ Այն ձեզ եմ տալու որպէս ժառանգութիւն, որովհետեւ ե՛ս եմ Տէրը»։ 9Մովսէսը այս բանը հաղորդեց իսրայէլացիներին, բայց նրանք չլսեցին նրան վհատութեան եւ տաժանակիր աշխատանքի պատճառով։ 10Տէրը, խօսելով Մովսէսի հետ, ասաց. «Մտի՛ր ու խօսի՛ր եգիպտացիների արքայ փարաւոնի հետ, 11որ նա իսրայէլացիներին արձակի Եգիպտացիների երկրից»։ 12Մովսէսը, Տիրոջը դիմելով, ասաց. «Իսրայէլացիներն իսկ ինձ չլսեցին, փարաւոնն ինձ ինչո՞ւ պիտի լսի։ Ես ճարտարախօս չեմ»։ 13Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ իսրայէլացիներին ու եգիպտացիների արքայ փարաւոնին ուղղուած հրաման տուեց՝ հանելու իսրայէլացիներին Եգիպտացիների երկրից։14Ահա Մովսէսի ու Ահարոնի ընտանիքների առաջնորդների անունները. Իսրայէլի անդրանիկ որդի Ռուբէնի որդիներն են՝ Ենոքն ու Փալլուսը, Ասրոնն ու Քարմին։ Սա Ռուբէնի ազգատոհմն է։ 15Շմաւոնի որդիներն են՝ Յամուէլը, Յամինը, Ահոդը, Յաքինը, Սահառն ու Սաւուղը, որը փիւնիկեցի կնոջից էր ծնուել։ Սրանք Շմաւոնի որդիների տոհմերն են։ 16Ղեւիի որդիների անունները, ըստ իրենց ընտանիքների, հետեւեալն են. Գեթսոն, Կահաթ եւ Մերարի։ Ղեւին ապրեց հարիւր երեսունեօթը տարի։ 17Գեթսոնի որդիներն են՝ Լոբենին եւ Սեմէին՝ իրենց նահապետների ընտանիքներով։ 18Կահաթի որդիներն են՝ Ամրամը, Սահառը, Քեբրոնն ու Ոզիէլը։ Կահաթն ապրեց հարիւր երեսուներեք տարի։ 19Մերարիի որդիներն են՝ Մոոլին ու Մուսին։ Սրանք Ղեւիի ընտանիքներն են ըստ իրենց ցեղերի։ 20Ամրամն ամուսնացաւ իր հօրեղբօր դուստր Յոքաբեէթի հետ, եւ սա նրանից ունեցաւ Ահարոնին, Մովսէսին ու նրանց քոյր Մարիամին։ Ամրամն ապրեց հարիւր երեսունեօթը տարի։ 21Սահառի որդիներն են՝ Կորխը, Նափեգն ու Զեքրին։ 22Ոզիէլի որդիներն են՝ Միսայէլը, Ելիսափանն ու Սեթրին։ 23Ահարոնն ամուսնացաւ Ամինադաբի դուստր, Նաասոնի քոյր Եղիսաբէթի հետ։ Սա նրանից ունեցաւ Նաբադին, Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին։ 24Կորխի որդիներն են՝ Ասիրը, Եղկանան ու Բիասափը։ Սրանք Կորխի յետնորդներն են։ 25Ահարոնի որդի Եղիազարը ամուսնացաւ Փուտիէլի դուստրերից մէկի հետ, եւ սա նրանից ունեցաւ Փենեէսին։ Սրանք են ղեւտացիների ընտանիքների առաջնորդները ըստ իրենց ցեղերի։ 26Այս Ահարոնին ու Մովսէսին էր, որ Աստուած ասաց՝ իսրայէլացիներին հանել իրենց զօրքով հանդերձ Եգիպտացիների երկրից։ 27Եւ սրանք էին, որ դիմեցին եգիպտացիների արքայ փարաւոնին՝ դուրս հանելու Եգիպտոսից իսրայէլացիներին։28Սրանք այն Մովսէսն ու Ահարոնն են, որոնց օրօք Տէրը Եգիպտացիների երկրում խօսելով Մովսէսի հետ՝ 29ասաց նրան. «Ե՛ս եմ Տէրը։ Եգիպտացիների արքայ փարաւոնին հաղորդի՛ր այն ամէնը, ինչ ասում եմ քեզ»։ 30Եւ Մովսէսը, դիմելով Տիրոջը, ասաց. «Չէ՞ որ ես անվարժ եմ խօսում, փարաւոնն ինձ ինչպէ՞ս կը լսի»։ 
7 Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քեզ փարաւոնի համար մի աստուած դարձրի, իսկ քո եղբայր Ահարոնը թող լինի քո մարգարէն։ 2Դու Ահարոնին կը յայտնես այն ամէնը, ինչ կը պատուիրեմ քեզ, իսկ քո եղբայր Ահարոնը թող դիմի փարաւոնին, որ սա իսրայէլացիներին արձակի իր երկրից։ 3Ես կը կարծրացնեմ փարաւոնի սիրտը, բայց եւ կը բազմապատկեմ իմ նշաններն ու զարմանահրաշ գործերը Եգիպտացիների երկրում, 4փարաւոնը ձեզ չի լսի, ես իմ ձեռքը կը դնեմ Եգիպտոսի վրայ եւ իմ զօրութեամբ մեծապէս վրէժխնդիր լինելով՝ Եգիպտացիների երկրից կը հանեմ իմ ժողովրդին՝ իսրայէլացիներին։5Եւ եգիպտացիները կ՚իմանան, որ ե՛ս եմ Տէրը։ Ես իմ ձեռքը կը մեկնեմ դէպի Եգիպտոս եւ իսրայէլացիներին դուրս կը հանեմ նրանց միջից»։6Մովսէսն ու Ահարոնը արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել իրենց. նրանք այդպէս էլ արեցին։ 7Մովսէսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք տարեկան, երբ նրանք խօսեցին փարաւոնի հետ։ 8Տէրը, դիմելով Մովսէսին ու Ահարոնին, ասաց. 9«Եթէ փարաւոնը խօսի ձեզ հետ ու ասի՝ «Մեզ նշան կամ զարմանահրաշ գործ ցոյց տուէ՛ք», այն ժամանակ քո եղբայր Ահարոնին կ՚ասես. «Ա՛ռ քո գաւազանը, այն գետին գցի՛ր փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ, եւ դա վիշապ կը դառնայ»։ 10Մովսէսն ու Ահարոնը մտան փարաւոնի մօտ եւ արեցին այնպէս, ինչպէս իրենց պատուիրել էր Տէրը։ Ահարոնը գաւազանը գցեց փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ, եւ դա վիշապ դարձաւ։ 11Փարաւոնը կանչեց եգիպտացի իմաստուններին ու կախարդներին։ Եգիպտացի մոգերը նոյնն արեցին իրենց կախարդութեամբ։ 12Իւրաքանչիւրն իր գաւազանը գցեց գետին, եւ դրանք վիշապներ դարձան, բայց Ահարոնի գաւազանը կուլ տուեց նրանց գաւազանները։ 13Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ նա չլսեց նրանց, ինչպէս որ ասել էր Տէրը։ 14Տէրն ասաց Մովսէսին. «Փարաւոնի սիրտը կարծրացել է. նա որոշել է չարձակել ժողովրդին։ 15Առաւօտեան գնա՛ փարաւոնի մօտ։ Երբ նա դէպի գետը կը գնայ, կանգնի՛ր գետի եզերքին, նրա դիմաց, եւ քո ձեռքն ա՛ռ այն գաւազանը, որ օձ դարձաւ։16Դու նրան կ՚ասես. «Եբրայեցիների Տէր Աստուածն է ուղարկել ինձ քեզ մօտ՝ ասելով. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ անապատում։ Մինչեւ հիմա ինձ չլսեցիր»։ 17Տէրն այսպէս է ասում. «Սրանով կ՚իմանաս, որ ե՛ս եմ Տէրը. ահա ես իմ ձեռքի գաւազանով կը հարուածեմ գետի ջրին, եւ այն կը վերածուի արեան։ 18Գետի մէջ եղած ձկները կը սատկեն, գետը կը նեխի, եւ եգիպտացիները չեն կարողանայ գետից ջուր խմել»։ 19Տէրն ասաց Մովսէսին. «Ահարոնին ասա՛, որ առնի գաւազանը եւ ձեռքը մեկնի Եգիպտոսի ջրերի վրայ՝ նրանց գետերի վրայ, նրանց լճերի վրայ, նրանց ջրաւազանների վրայ, նրանց ջրակոյտերի վրայ, եւ ջուրը կը վերածուի արեան։ Արեան պիտի վերածուի ողջ Եգիպտացիների երկրում գտնուող անգամ փայտէ ու քարէ ամանների մէջ եղած ջուրը»։ 20Մովսէսն ու Ահարոնը արեցին այնպէս, ինչպէս որ իրենց պատուիրել էր Տէրը. փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ Ահարոնը վեր բարձրացնելով իր գաւազանը՝ հարուածեց գետի ջրին եւ գետի բոլոր ջրերը վերածեց արեան։21Գետում եղած ձկները սատկեցին, գետը նեխեց, եւ եգիպտացիները չէին կարողանում գետից ջուր խմել։ Եգիպտացիների ամբողջ երկրում արիւն էր։ 22Իրենց կախարդութեամբ նոյնն արեցին նաեւ եգիպտացի մոգերը։ Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ, ինչպէս որ ասել էր Տէրը, նա չլսեց նրանց։ 23Փարաւոնը վերադարձաւ, մտաւ իր պալատը։ Այս դէպքը չէր ազդել նրա վրայ։ 24Բոլոր եգիպտացիները հորեր փորեցին գետի շուրջը, որպէսզի խմելու ջուր ունենան, որովհետեւ գետից չէին կարողանում ջուր խմել։ 25Եօթը օր էր անցել, որ Տէրը հարուած էր հասցրել գետին։ 
8 Տէրն ասաց Մովսէսին. «Մտի՛ր փարաւոնի մօտ ու ասա՛ նրան. «Այսպէս է ասում Տէրը. արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ։2Եթէ չուզենաս արձակել, ես, ահա, գորտերով կ՚ապականեմ քո բովանդակ երկիրը։ 3Գետի մէջ գորտեր կը վխտան, եւ դրանք, գետից դուրս գալով, կը մտնեն քո պալատները, քո սենեակների պահարանները, քո անկողինները, քո պաշտօնեաների ու քո ժողովրդի տները, քո թոնիրներն ու քո խմորի զանգուածների մէջ։ 4Գորտերը կը բարձրանան նաեւ քեզ վրայ, քո ժողովրդի ու քո պաշտօնեաների վրայ»։5Տէրն ասաց Մովսէսին. «Քո եղբայր Ահարոնին ասա՛. «Ձեռքիդ գաւազանը մեկնի՛ր գետի վրայ, ջրանցքների, ճահիճների վրայ եւ գորտեր դուրս բե՛ր Եգիպտացիների երկրի վրայ»։ 6Ահարոնն իր ձեռքը մեկնեց եգիպտացիների ջրերի վրայ ու գորտեր դուրս բերեց։ Գորտերն ելան ու ծածկեցին Եգիպտացիների երկիրը։ 7Իրենց կախարդութիւններով նոյնն արեցին նաեւ եգիպտացի մոգերը եւ գորտեր դուրս բերեցին Եգիպտացիների երկրի վրայ։ 8Կանչելով Մովսէսին ու Ահարոնին՝ փարաւոնն ասաց. «Աղօթեցէ՛ք Տիրոջը, որ նա գորտերը հեռացնի ինձնից ու իմ ժողովրդից, որ ես արձակեմ ձեր ժողովրդին, նրանք գնան զոհ մատուցեն Տիրոջը»։ 9Մովսէսն ասաց փարաւոնին. «Ժամանակ սահմանի՛ր, թէ ե՛րբ աղօթեմ քեզ համար, քո պաշտօնեաների ու քո ժողովրդի համար, որպէսզի գորտերը չքանան քո, քո ժողովրդի մօտից ու ձեր տներից եւ մնան միայն գետում»։ 10Նա ասաց. «Վաղը»։ Սա ասաց. «Թող ասածիդ պէս լինի, եւ դու կ՚իմանաս, որ մեր տէր Աստծուց բացի մի ուրիշ աստուած չկայ։ 11Գորտերը կը չքանան քո պալատներից, քո, քո ծառաների, քո ժողովրդի մօտից եւ կը մնան միայն գետի մէջ»։ 12Մովսէսն ու Ահարոնը դուրս ելան փարաւոնի մօտից։ Մովսէսն աղօթեց Տիրոջը, որպէսզի գորտերը հեռանան, ինչպէս որ խոստացել էր փարաւոնին։ 13Տէրն արեց այնպէս, ինչպէս որ խնդրել էր Մովսէսը։ Գորտերը չքացան տներից, բակերից ու դաշտերից։14Դրանք հաւաքեցին կոյտ-կոյտ, եւ երկիրը լցուեց գարշահոտութեամբ։15Երբ փարաւոնը տեսաւ, որ դժուարութիւնը վերացել է, նորից կարծրացաւ նրա սիրտը, նա չլսեց նրանց, ինչպէս որ ասել էր Տէրը։16Տէրն ասաց Մովսէսին. «Ահարոնին ասա՛, որ ձեռքի գաւազանը մեկնի ու հարուածի գետնին, որպէսզի մժեղ լինի մարդկանց, անասունների եւ Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ»։ 17Այդպէս էլ արեցին. Ահարոնն իր գաւազանը մեկնեց ու հարուածեց գետնին։ Մժեղ եղաւ մարդկանց, անասունների ու Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ։ 18Իրենց կախարդութիւններով նոյնը ուզեցին անել նաեւ մոգերը, որպէսզի մժեղ հանեն, բայց չկարողացան։ Մժեղ լցուեց մարդկանց ու անասունների վրայ։ 19Մոգերն ասացին փարաւոնին. «Սրա մէջ Աստծու մատը խառն է»։ Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ նա, ինչպէս որ ասել էր Տէրը, չլսեց նրանց։ 20Տէրն ասաց Մովսէսին. «Առաւօտեան վե՛ր կաց, գնա կանգնի՛ր փարաւոնի առաջ, երբ նա դէպի գետը կը գնայ։ Նրան կ՚ասես. «Այսպէս է ասում Տէրը. արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ։21Իսկ եթէ չուզենաս արձակել իմ ժողովրդին, ես, ահա, շնաճանճեր կ՚ուղարկեմ քեզ վրայ, քո պաշտօնեաների ու քո ժողովրդի վրայ եւ ձեր տների վրայ։ Եգիպտացիների տներն ու նրանց բնակեցրած երկիրը կը լցուեն շնաճանճերով։ 22Նոյն օրը ես զարմանահրաշ գործեր կ՚անեմ իմ ժողովրդի բնակած Գեսեմ երկրում, եւ այնտեղ շնաճանճեր չեն լինի, որպէսզի իմանաս, որ ե՛ս եմ Տէրը՝ ամբողջ երկրի Տէրը։ 23Ես պիտի բաժանեմ իմ ժողովրդին քո ժողովրդից։ Վաղն իսկ այդ նշանը կը կատարուի քո երկրում»։ 24Եւ Տէրն այդպէս էլ արեց։ Բազում շնաճանճեր թափուեցին փարաւոնի պալատների, նրա պաշտօնեաների տների ու Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ։ Շնաճանճերից կործանուեց երկիրը։ 25Կանչելով Մովսէսին ու Ահարոնին՝ փարաւոնն ասաց. «Գնացէ՛ք, այս երկրում զո՛հ մատուցէք ձեր տէր Աստծուն»։ 26Մովսէսն ասաց. «Ընդունուած չէ, որ եգիպտացիների պիղծ անասունները զոհ մատուցենք մեր տէր Աստծուն, քանի որ, եթէ եգիպտացիների պիղծ անասունները զոհ մատուցենք նրան, մեզ կը քարկոծեն։ 27Ուրեմն՝ երեք օրուայ ճանապարհ գնանք դէպի անապատ եւ զոհ մատուցենք մեր տէր Աստծուն, ինչպէս որ մեզ ասել է Տէրը»։ 28Փարաւոնն ասաց. «Ես արձակում եմ ձեզ, անապատում զո՛հ մատուցէք ձեր տէր Աստծուն։ Միայն թէ հեռու չգնաք։ Արդ, նաեւ ինձ համար աղօթեցէ՛ք Տիրոջը»։29Մովսէսն ասաց. «Ես քեզնից կը հեռանամ, կ՚աղօթեմ Աստծուն, եւ վաղն իսկ շնաճանճերը կը չքանան փարաւոնի, նրա պաշտօնեաների ու ժողովրդի վրայից։ Միայն թէ փարաւոնը ժողովրդին նորից չխաբի՝ չարգելի նրան գնալ ու Տիրոջ համար զոհ մատուցել»։ 30Մովսէսը փարաւոնի մօտից դուրս ելաւ եւ աղօթեց Աստծուն։ 31Տէրն արեց այնպէս, ինչպէս որ ասել էր Մովսէսը. շնաճանճերը վերացրեց փարաւոնի, նրա պաշտօնեաների ու ժողովրդի վրայից։ Մի շնաճանճ անգամ չմնաց։ 32Բայց դրանից յետոյ էլ փարաւոնի սիրտը կարծրացաւ, եւ նա չուզեց արձակել ժողովրդին։ 
9 Տէրն ասաց Մովսէսին. «Գնա՛ փարաւոնի մօտ ու նրան ասա՛, որ այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտեն ինձ։ 2Իսկ եթէ չուզենաս արձակել իմ ժողովրդին եւ դեռ պահես նրան, 3Տիրոջ ձեռքը, ահա, կ՚իջնի դաշտում գտնուող քո անասունների հօտերի՝ ձիերի, էշերի, ուղտերի, արջառների ու ոչխարների վրայ, եւ շատ մեծ կոտորած կը լինի։ 4Ես զարմանահրաշ գործեր կ՚անեմ՝ եգիպտացիների հօտերը եւ իսրայէլացիների հօտերը կը զատորոշեմ, եւ ոչ մի իսրայէլացու անասուն չի կորչի»։ 5Եւ Աստուած ժամկէտ նշանակեց ու ասաց. «Վաղն իսկ Տէրը կ՚իրագործի այդ բանը երկրի վրայ»։ 6Եւ Տէրը յաջորդ օրն իսկ արեց այդ բանը. եգիպտացիների բոլոր անասունները սատկեցին, իսկ իսրայէլացիների ոչ մի անասուն չոչնչացաւ։ 7Երբ փարաւոնը տեսաւ, որ իսրայէլացիների ոչ մի անասուն չի ոչնչացել, կարծրացաւ նրա սիրտը, եւ նա ժողովրդին չարձակեց։ 8Տէրը Մովսէսին ու Ահարոնին ասաց. «Լիքը ձեռքով հնոցի մոխիր վերցրէ՛ք, Մովսէսը փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ այն թող շաղ տայ դէպի երկինք։ 9Մոխիրը թող թափուի Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ։ Խոցեր թող առաջանան մարդկանց ու անասունների վրայ եւ ուռուցքներ՝ Եգիպտացիների ամբողջ երկրի մարդկանց ու անասունների վրայ»։ 10Նրանք վերցրին հնոցի մոխիրը, եւ Մովսէսը փարաւոնի առաջ այն շաղ տուեց դէպի երկինք։ Մարդկանց ու անասունների վրայ խոցեր եւ ուռուցքներ առաջացան։ 11Մոգերը խոցերի պատճառով չէին կարողանում Մովսէսի առաջ կանգնել, որովհետեւ խոցեր առաջացան նաեւ մոգերի ու Եգիպտացիների ամբողջ երկրի մարդկանց վրայ։ 12Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ, ինչպէս որ ասել էր Տէրը Մովսէսին, փարաւոնը չլսեց նրանց։13Տէրն ասաց Մովսէսին. «Առաւօտեան վե՛ր կաց, կանգնի՛ր փարաւոնի առաջ ու նրան ասա՛, որ այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ, 14այլապէս այս անգամ ամէն տեսակ փորձանքներով պիտի պատուհասեմ նաեւ քեզ, քո պաշտօնեաներին ու քո ժողովրդին, որպէսզի իմանաս, որ ամբողջ աշխարհում ինձ նման ուրիշ մէկը չկայ։ 15Որովհետեւ իմ ձեռքը մեկնելով՝ մահացու հարուած պիտի հասցնեմ քեզ ու քո ժողովրդին, եւ դու պիտի վերանաս երկրի երեսից։ 16Ես քեզ խնայեցի այն նպատակով, որ քեզ ցոյց տամ իմ զօրութիւնը, եւ իմ անունը յայտնի լինի ողջ երկրում, 17բայց դու դեռեւս ձեռքիդ տակ ես պահում իմ ժողովրդին եւ չարչարում նրան։ 18Ես, ահա, վաղն իսկ, հէնց այս ժամին այնպիսի սաստիկ կարկուտ տեղացնեմ, որպիսին դեռեւս չի եղել Եգիպտոսում իր գոյութեան օրուանից մինչեւ այսօր։ 19Արդ, շտապի՛ր հաւաքել քո անասունները եւ այն ամէնը, ինչ ունես դաշտում, որովհետեւ դաշտում գտնուող ու դեռեւս տուն չմտած մարդկանց ու անասունների վրայ կարկուտ է թափուելու եւ ոչնչացնելու է նրանց»։ 20Փարաւոնի պաշտօնեաներից նա, ով մի անգամ տեսել էր Տիրոջ սարսափը, իր ծառաներին ու անասունները հաւաքեց տան մէջ, 21իսկ ով չանսաց Տիրոջ խօսքերին, դաշտում թողեց իր ծառաներին ու անասունները։22Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր դէպի երկինք, եւ թող կարկուտ թափուի Եգիպտացիների երկրի վրայ, ինչպէս նաեւ մարդկանց ու անասունների եւ Եգիպտացիների երկրի դաշտերի բոլոր բոյսերի վրայ»։ 23Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, Տէրը որոտ ու կարկուտ ուղարկեց, եւ երկրի վրայ սկսեց կրակ թափուել։ Տէրը կարկուտ տեղացրեց Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ։ 24Կարկուտ էր տեղում, բայց կարկուտի մէջ բորբոքուած կրակ կար։ Կարկուտն այնքան խոշոր էր, որ նմանը չէր եղել Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ ազգի առաջացումից ի վեր։ 25Կարկուտը հարուածեց Եգիպտացիների ամբողջ երկիրը, այն ամէնը, ինչ դաշտում էր մնացել՝ մարդուց սկսած մինչեւ անասուն։ Կարկուտը հարուած հասցրեց դաշտում եղած ամբողջ բուսականութեանը, ջարդուփշուր արեց դաշտում եղած բոլոր ծառերը։ 26Իսրայէլացիների ապրած Գեսեմ երկրում, սակայն, կարկուտ չտեղաց։ 27Փարաւոնը մարդ ուղարկելով՝ կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց նրանց. «Մեղք եմ գործել։ Այսուհետեւ Տէրն արդար է, իսկ ես ու իմ ժողովուրդը ամբարիշտներ ենք։ 28Ինձ համար աղօթեցէ՛ք Տիրոջը, որ Աստծու որոտը, կարկուտն ու կրակը դադարեն մեզ վրայ թափուելուց։ Ես ձեզ կ՚արձակեմ, այլեւս դուք այստեղ չէք մնայ»։ 29Մովսէսն ասաց նրան. «Երբ դուրս կը գամ այս քաղաքից, ձեռքս կը մեկնեմ առ Աստուած, եւ ձայները կը դադարեն, կարկուտ ու անձրեւ այլեւս չեն տեղայ, որպէսզի դու համոզուես, որ երկիրը Տիրոջն է պատկանում։ 30Բայց գիտեմ, որ դու եւ քո պաշտօնեաները դեռեւս չէք վախենում տէր Աստծուց»։31Կտաւատն ու գարին կարկտահարուեցին, որովհետեւ գարին հասած էր, կտաւատը՝ սերմնակալած, 32իսկ ցորենն ու հաճարը կարկտահար չեղան, որովհետեւ դեռ չէին հասունացած։ 33Մովսէսը փարաւոնի մօտից ելաւ ու գնաց քաղաքից դուրս, ձեռքը մեկնեց Տիրոջը, եւ ձայներն ու կարկուտը դադարեցին, անձրեւ այլեւս չտեղաց երկրի վրայ։ 34Երբ փարաւոնը տեսաւ, որ անձրեւը, կարկուտն ու ձայները դադարել են, դարձեալ մեղք գործեց. նա կարծրացրեց իր ու իր պաշտօնեաների սիրտը։ 35Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ նա իսրայէլացիներին չարձակեց, ինչպէս որ յայտնել էր Տէրը Մովսէսի միջոցով։ 
10 Դիմելով Մովսէսին՝ Տէրն ասաց. «Մտի՛ր փարաւոնի մօտ, որովհետեւ ես կարծրացրել եմ նրա ու նրա պաշտօնեաների սիրտը, որպէսզի իմ նշանները հերթով թափուեն նրանց գլխին, 2որպէսզի դուք պատմէք ձեր որդիներին ու ձեր որդիների որդիներին, թէ որքան եմ ես ծաղրուծանակի ենթարկել եգիպտացիներին, ինչպէս նաեւ պատմէք իմ այն նշանների մասին, որ կատարեցի նրանց մօտ, որպէսզի ճանաչէք, թէ ե՛ս եմ Տէրը»։ 3Մովսէսն ու Ահարոնը մտան փարաւոնի մօտ եւ ասացին նրան. «Այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. «Մինչեւ ե՞րբ չես պատկառելու ինձնից։ Արձակի՛ր իմ ժողովրդին, որպէսզի պաշտի ինձ։ 4Եթէ չկամենաս արձակել իմ ժողովրդին, ես, ահա, վաղն իսկ, հէնց այս ժամին շատ մորեխ կը թափեմ քո սահմաններից ներս։ 5Դրանք կը ծածկեն ողջ երկրի երեսը, եւ դու չես կարողանայ տեսնել երկիրը։ Դրանք կը խժռեն բոլոր մնացած այն բաները, որ ձեզ թողել է կարկուտը, կը խժռեն բոլոր տունկերը, որ բուսել են երկրի վրայ ձեզ համար։ 6Քո պալատները, քո պաշտօնեաների եւ Եգիպտացիների ամբողջ երկրի բոլոր տները այնպէս կը լցուեն մորեխներով, որ ո՛չ ձեր հայրերը, ո՛չ էլ նրանց նախահայրերը երբեք չեն տեսել երկրի վրայ իրենց ծնուած օրից մինչեւ այսօր»։ Եւ Մովսէսը դուրս եկաւ փարաւոնի մօտից։ 7Փարաւոնի պաշտօնեաներն իրեն ասացին. «Այս խոչընդոտը մինչեւ ե՞րբ պիտի լինի մեր առաջ։ Արձակի՛ր մարդկանց, որպէսզի պաշտեն իրենց տէր Աստծուն։ Գուցէ ուզում ես տեսնել, թէ ինչպէ՞ս է կործանւում Եգիպտոսը»։ 8Եւ նրանք Մովսէսին ու Ահարոնին վերադարձրին փարաւոնի մօտ։ Փարաւոնը նրանց ասաց. «Գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն։ Գնացողները, սակայն, ովքե՞ր են լինելու»։ 9Մովսէսն ասաց. «Կը գնանք մենք մեր երիտասարդներով ու ծերերով, մեր տղաներով ու աղջիկներով, կը գնանք մեր արջառների ու ոչխարների հետ, որովհետեւ մեր տէր Աստծու տօնն է»։ 10Փարաւոնն ասաց նրանց. «Թող այդպէս լինի։ Տէրը ձեզ հետ։ Քանզի արձակում եմ ձեզ. բայց մի՞թէ ձեր ունեցուածքն էլ եմ ազատ արձակում։ Տեսնո՞ւմ էք, որ չարութիւն կայ ձեր մէջ։ 11Այդպէս չի լինի։ Նախ թող գնան միայն տղամարդիկ եւ պաշտեն Աստծուն, քանի որ դուք հէնց այդ էիք ուզում»։ Եւ նրանց վռնդեցին փարաւոնի մօտից։ 12Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր Եգիպտացիների երկրի վրայ, եւ մորեխ պիտի ելնի Եգիպտացիների երկրի վրայ եւ պիտի խժռեն երկրի այն ողջ բուսականութիւնն ու ծառերի պտուղները, որ փրկուել են կարկտից»։13Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, եւ Տէրը մի ամբողջ ցերեկ ու գիշեր հարաւային հողմ բարձրացրեց երկրի վրայ։ Երբ առաւօտ եղաւ, հարաւային հողմն առաւ մորեխն 14ու ցրեց Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ, նրա սահմաններից ներս։ Ո՛չ դրանից առաջ էր այդքան մորեխ եղել, եւ ո՛չ էլ դրանից յետոյ այդքան մորեխ եղաւ։ 15Մորեխը ծածկեց ամբողջ երկիրը, եւ երկիրը բուսականութիւնից զրկուեց։ Մորեխը կերաւ երկրի այն ողջ բուսականութիւնն ու ծառերի պտուղները, որ փրկուել էին կարկտից։ Եգիպտացիների ամբողջ երկրում կանաչ բան չմնաց ո՛չ ծառերի, ո՛չ էլ դաշտային տունկերի վրայ։ 16Փարաւոնն շտապ կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց. «Ես մեղք գործեցի ձեր տէր Աստծու եւ ձեր դէմ։ 17Արդ, ներեցէ՛ք իմ այս յանցանքը եւս եւ աղաչեցէ՛ք ձեր տէր Աստծուն, որ ինձ ազատի այս մորեխներից»։ 18Մովսէսը գնաց փարաւոնի մօտից եւ աղօթեց Աստծուն։ 19Աստուած ծովի կողմից սաստիկ հողմ բարձրացրեց, հողմն առաւ մորեխն ու լցրեց Կարմիր ծովը։ Եգիպտացիների ամբողջ երկրում մորեխ չմնաց։ 20Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ նա չարձակեց իսրայէլացիներին։ 21Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր դէպի երկինք, եւ Եգիպտացիների երկրի վրայ թող խաւար լինի՝ թանձրամած խաւար»։ 22Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, եւ Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ երեք օր խաւար, մէգ ու մութ եղաւ։ 23Երեք օր եղբայրն իր եղբօրը չտեսաւ, երեք օր ոչ ոք իր անկողնուց վեր չելաւ, մինչդեռ բոլոր իսրայէլացիների բոլոր բնակավայրերում լոյս էր։ 24Փարաւոնը, կանչելով Մովսէսին ու Ահարոնին, ասաց նրանց. «Գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն, ձեր ունեցուածքը վերցրէ՛ք ձեզ հետ, բայց ձեր արջառն ու ոչխարը թողէ՛ք այստեղ»։ 25Մովսէսն ասաց. «Ողջակիզութեան ու զոհաբերութեան անասուններ դու ի՛նքդ մեզ պիտի տաս, որ մատուցենք մեր տէր Աստծուն։ 26Մեր անասուններն էլ մեզ հետ պիտի գնան, մենք մի կճղակ անգամ չենք թողնելու այստեղ, որովհետեւ մեր տէր Աստծուն դրանցից պիտի զոհ մատուցենք։ Մինչեւ մեր այնտեղ հասնելը մենք դեռ չգիտենք, թէ ինչ պիտի զոհաբերենք մեր տէր Աստծուն»։ 27Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ փարաւոնը չուզեց արձակել նրանց։ 28Փարաւոնն ասաց. «Հեռացի՛ր ինձնից, զգո՛յշ եղիր, այլեւս չհամարձակուես իմ աչքին երեւալ, որովհետեւ այն օրը, որ երեւաս ինձ, կը սպանուես»։ 29Մովսէսն ասաց. «Դու արդէն ասացիր. այլեւս աչքիդ չեմ երեւայ»։ 
11 Տէրն ասաց Մովսէսին. «Մի պատուհաս էլ պիտի հասցնեմ փարաւոնին ու Եգիպտոսին, որից յետոյ փարաւոնը ձեզ կ՚արձակի այստեղից։ Բայց երբ նա արձակի ձեզ, կ՚արձակի ձեր ամբողջ ունեցուածքով։ 2Արդ, ժողովրդին գաղտնի յայտնի՛ր, որ իւրաքանչիւր տղամարդ եգիպտացի իր ընկերոջից եւ իւրաքանչիւր կին իր եգիպտացի հարեւանուհուց թող խնդրի ոսկեայ եւ արծաթեայ զարդեր ու զգեստներ»։ 3Տէրը շնորհ պարգեւեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, եւ սրանք զարդեր տուին նրանց։ Մովսէսը եգիպտացիների, փարաւոնի, նրա բոլոր պաշտօնեաների առաջ ու ժողովրդի աչքին շատ յարգարժան դարձաւ։ 4Մովսէսն ասաց փարաւոնին. «Այսպէս է ասում Տէրը. «Կէս գիշերին ես կը մտնեմ Եգիպտոս, 5եւ Եգիպտացիների երկրում կը մեռնեն բոլոր անդրանիկ զաւակները՝ իր գահին բազմած փարաւոնի անդրանիկ որդուց սկսած մինչեւ երկանքի մօտ աշխատող աղախնի անդրանիկ որդին, բոլոր անասունների առաջնածինները։ 6Եւ Եգիպտացիների ամբողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կը բարձրանայ, որի նմանը չի եղել, եւ այդպիսին չի էլ լինի։ 7Բայց իսրայէլացիների շրջանում մի շուն անգամ չի կլանչելու մարդկանց ու անասունների վրայ, որպէսզի իմանաս, թէ ինչպիսի զարմանահրաշ գործեր է անում Տէրը եգիպտացիների ու իսրայէլացիների մէջ։ 8Այս բոլոր ծառաներդ պիտի գան ծնրադրեն իմ առաջ, երկրպագեն ինձ ու ասեն. «Ելէք գնացէ՛ք դու եւ քո ողջ ժողովուրդը, որին դու ես առաջնորդում։ Այդ ժամանակ էլ ես կ՚ելնեմ»։ 9Եւ Մովսէսը փարաւոնի մօտից դուրս ելաւ խիստ զայրացած։ Տէրն ասաց Մովսէսին. «Փարաւոնը ձեզ չպիտի լսի, որպէսզի ես Եգիպտացիների երկրում է՛լ աւելի շատ նշաններ ցոյց տամ ու զարմանահրաշ գործեր անեմ»։10Մովսէսն ու Ահարոնը Եգիպտացիների երկրում փարաւոնի առաջ արեցին այս բոլոր նշաններն ու զարմանահրաշ գործերը։ Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ փարաւոնը չուզեց իսրայէլացիներին Եգիպտացիների երկրից արձակել։ 
12 Տէրը Եգիպտացիների երկրում խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 2«Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարուայ առաջին ամիսը լինի։ 3Դու խօսի՛ր իսրայէլացի ողջ ժողովրդի հետ ու ասա՛. «Այս ամսի տասներորդ օրը ամէն մարդ թող մի ոչխար առնի ըստ իր ընտանիքի՝ ամէն մի տան համար մէկ ոչխար։ 4Եթէ մի ընտանիքի անդամները այնքան քիչ են, որ չեն կարող մէկ ոչխար ուտել, ապա ընտանիքի մեծը, ըստ ընտանիքի թուի թող միանայ իր հարեւանի կամ ընկերոջ հետ, եւ իւրաքանչիւրը թող ստանայ ոչխարի համապատասխան բաժինը։ 5Ձեր այդ ոչխարը որեւէ պակասութիւն թող չունենայ, լինի արու, մէկ տարեկան ու անարատ։ Այն կարող է գառ կամ ուլ լինել։ 6Այն կը պահէք մինչեւ այս ամսի տասնչորսերորդ օրը, եւ իսրայէլացիները այն թող մորթեն երեկոյեան։ 7Թող վերցնեն նրա արիւնից ու քսեն այն տան դռան սեմին երկու տեղ ու դռան շրջանակի վերեւը այն տան, ուր այն ուտելու են։ 8Այդ գիշեր թող ուտեն կրակի վրայ խորոված միսը, այն թող ուտեն բաղարջ հացով ու դառն խոտերով։ 9Դրանք հում կամ խաշած չուտէք, այլ՝ կրակի վրայ խորովելով։ Կ՚ուտէք նաեւ ոչխարի գլուխը, ոտքերն ու փորոտիքը։10Առաւօտեան դրանից ոչինչ թող չմնայ։ Ոչխարի ոսկորները մի՛ ջարդէք, այլ, ինչ որ աւելանայ դրանից, կրակով կ՚այրէք։ 11Եւ կ՚ուտէք այսպէս. ձեր գօտիները թող ձեր մէջքին լինեն, ձեր կօշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին։ Արագ կ՚ուտէք, որովհետեւ Տիրոջ զատիկն է։ 12Այդ գիշեր ես պիտի անցնեմ Եգիպտացիների ամբողջ երկրով եւ պիտի պատուհասեմ Եգիպտացիների երկրի բոլոր արու առաջնածիններին՝ թէ՛ մարդկանց, թէ՛ անասունների։ Եգիպտացիների բոլոր աստուածներից վրէժ պիտի լուծեմ, որովհետեւ ե՛ս եմ Տէրը։ 13Եւ նշուած արիւնը այն տների վրայ, ուր ուտելու էք, թող ձեզ նշան լինի։ Ես, տեսնելով այդ արիւնը, պիտի խնայեմ ձեզ, եւ ձեր գլխին չեն իջնի մահաբեր այն հարուածները, որոնցով պիտի պատուհասեմ Եգիպտացիների երկիրը։ 14Այդ օրը ձեզ համար յիշարժան թող լինի, եւ դուք, իբրեւ Տիրոջ տօն, այդ օրը տօնեցէ՛ք սերնդէսերունդ։ Դա, իբրեւ կարգ, յաւիտեան կը տօնէք»։ 15«Եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, առաջին իսկ օրից սկսած ձեր տնից կը վերացնէք թթխմորը։ Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից մինչեւ եօթներորդ օրը թթխմորով հաց կ՚ուտեն, կը վերացուեն իսրայէլացիների միջից։ 16Առաջին օրը թող սուրբ հռչակուի։ Ձեզ համար թող սուրբ լինի նաեւ նուիրական եօթներորդ օրը։ Այդ օրերին ոչ մի աշխատանք չկատարէք, այլ կատարեցէք միայն այն, ինչ կապուած է իւրաքանչիւր մարդու անձնական կարիքների հետ։ 17Իմ այս պատուիրանները կը պահէք, որպէսզի այդ օրը ես ձեր ժողովրդին հանեմ Եգիպտացիների երկրից։ Այդ օրը, իբրեւ կարգ, ձեր ժողովրդի մէջ կը նշէք յաւիտենապէս։ 18Առաջին ամսուայ տասնչորսերորդ օրուայ երեկոյից սկսած բաղարջ հաց կ՚ուտէք մինչեւ ամսի քսանմէկերորդ օրուայ երեկոն։ 19Եօթը օր ձեր տներում թթխմոր չպիտի լինի։ Բոլոր նրանք, ովքեր թթխմորով հաց կ՚ուտեն, կը վերացուեն Իսրայէլի ժողովրդի միջից։ 20Ձեր երկիրն եկած եկուորներ լինեն թէ տեղաբնակներ, ոչ ոք թթխմորով հաց թող չուտի։ Ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ հաց պիտի ուտէք»։ 21Մովսէսը կանչեց բոլոր իսրայէլացի ծերերին ու նրանց ասաց. «Գնացէ՛ք, ձեր իւրաքանչիւր ընտանիքի համար մի ոչխար առէ՛ք եւ մորթեցէ՛ք զատկի համար։22Վերցրէ՛ք մի խուրձ ծոթրին, այն թաթախեցէ՛ք դռան մօտ եղած արեան մէջ եւ դրանով նշան արէ՛ք դռան սեմին երկու տեղ եւ դռան շրջանակի վերեւը։ Բայց ձեզնից ոչ ոք մինչեւ առաւօտ իր տան դռնից դուրս չգայ։ 23Տէրն անցնելու է եգիպտացիներին կոտորելու համար։ Նա, տեսնելով դռան սեմին երկու տեղ եւ դռան շրջանակի վերեւում եղած արիւնը, կ՚անցնի կը գնայ այդ դռնով եւ Ոչնչացնողին թոյլ չի տայ մտնել ձեր տներն ու կոտորել ձեզ։ 24Այս խօսքերը մինչեւ յաւիտեան օրէնք թող լինեն քեզ եւ քո որդիների համար։ 25Երբ կը մտնէք այն երկիրը, որ Տէրը, իր խոստման համաձայն, տալու է ձեզ, կը կատարէք այդ ծիսակատարութիւնը։ 26Եթէ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ, թէ՝ «Ի՞նչ է նշանակում այս ծիսակատարութիւնը», 27նրանց կը պատասխանէք, որ Տիրոջ համար զատկի զոհն է սա, այն Տիրոջ, որ Եգիպտոսում եգիպտացիներին կոտորելիս խնայեց իսրայէլացիներին, փրկեց մեր ընտանիքները»։ Ժողովուրդը խոնարհուեց ու երկրպագութիւն արեց։ 28Իսրայէլացիները գնացին ու արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին ու Ահարոնին. նրանք այդպէս էլ արեցին։ 29Երբ կէս գիշեր եղաւ, Տէրը Եգիպտացիների երկրում կոտորեց եգիպտացի բոլոր անդրանիկ զաւակներին՝ իր գահին բազմած փարաւոնի անդրանիկից մինչեւ բանտի մէջ արգելափակուած գերի կնոջ անդրանիկը, նաեւ անասունների բոլոր առաջնածինները։30Գիշերը վեր կացան փարաւոնն ինքը, նրա բոլոր պաշտօնեաներն ու բոլոր եգիպտացիները։ Եգիպտացիների ամբողջ երկրում մեծ աղաղակ բարձրացաւ, որովհետեւ տուն չկար, որտեղ մեռել չլինէր։ 31Փարաւոնը գիշերով կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց նրանց. «Դուք եւ իսրայէլացիներդ վեր կացէք գնացէ՛ք իմ ժողովրդի միջից, գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն, ինչպէս որ ասացիք։ 32Ձեզ հետ տարէ՛ք նաեւ ձեր արջառն ու ոչխարը, ինչպէս որ ասացիք, բայց ինձ էլ օրհնեցէ՛ք»։ 33Եւ եգիպտացիներն ստիպում էին իսրայէլացի ժողովրդին, որ շտապ դուրս գան երկրից, որովհետեւ ասում էին. «Նրանց պատճառով մենք բոլորս էլ կը մեռնենք»։ 34Ժողովուրդն իր հունցած, բայց դեռեւս չհասած խմորը շորերի մէջ փաթաթելով՝ ուսն առաւ։35Իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս իրենց հրամայել էր Մովսէսը. եգիպտացիներից նրանք ուզեցին ոսկեայ, արծաթեայ զարդեր ու զգեստներ։ 36Տէրը շնորհ պարգեւեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ. սրանք զարդեր տուին նրանց։ Այսպիսով նրանք կողոպտեցին եգիպտացիներին։ 37Իսրայէլացիները՝ վեց հարիւր հազար տղամարդ, հետիոտն, բացի մնացած բազմութիւնից, Ռամեսից մեկնեցին Սոկքոթ։ 38Նրանց հետ ճանապարհ ընկաւ մի խառնիճաղանջ բազմութիւն, մեծ քանակութեամբ արջառ, ոչխար ու այլ անասուն։ 39Նրանք Եգիպտոսից բերած ու դեռ չհասած խմորով բաղարջ հաց եփեցին, որովհետեւ այն դեռ չէր խմորուել, քանի որ եգիպտացիները երկրից հանել էին իրենց, եւ իրենք չէին կարողացել սպասել ու իրենց ճանապարհի պաշար չէին արել։ 40Իսրայէլացիներն իրենք ու իրենց հայրերը Եգիպտացիների երկրում եւ Քանանացիների երկրում ապրեցին չորս հարիւր երեսուն տարի։ Երբ չորս հարիւր երեսուն տարին վերջացաւ, նոյն օրն իսկ 41Տիրոջ ամբողջ ժողովուրդը գիշերով Եգիպտացիների երկրից դուրս եկաւ։ 42Իսրայէլացիները Տիրոջ հրամանով այդ գիշերը անքուն մնացին, որպէսզի նա նրանց դուրս բերի Եգիպտացիների երկրից. դա Տիրոջ անքուն մնալու այն գիշերն էր, որ բոլոր իսրայէլացիները սերնդէսերունդ պիտի յիշեն։ 43Տէրը Մովսէսին ու Ահարոնին ասաց. «Սա է զատկի կարգը. ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից։ 44Որեւէ մէկը իր ծառային ու փողով գնուած ստրուկին թող թլփատի եւ թլփատուելուց յետոյ միայն թող նա ուտի դրանից։45Պանդուխտն ու վարձկանը թող չուտեն դրանից։ 46Տա՛ն մէջ պէտք է ուտուի այն. միսը տնից դուրս չպիտի հանէք եւ դրա ոսկորը չպիտի ջարդէք։ 47Իսրայէլի ողջ ժողովուրդը պէտք է կատարի դա։ 48Եթէ մի օտարական մօտենայ ձեզ եւ ուզենայ կատարել Տիրոջ զատիկը, դու պէտք է թլփատես նրա բոլոր արու զաւակներին, եւ դրանից յետոյ միայն նա կարող է մօտենալ կատարելու զատիկը։ Նա կը համարուի երկրի տեղաբնակ։ Ոչ մի անթլփատ դրանից չպէտք է ուտի։ 49Օրէնքը հաւասարապէս տարածւում է եւ՛ տեղաբնակի, եւ՛ ձեզ մօտ ապրել ցանկացող օտարականի վրայ»։ 50Բոլոր իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս պատուիրել էր Տէրը Մովսէսին ու Ահարոնին. նրանք այդպէս էլ արեցին։ 51Ահա այդ օրն էր, որ Տէրը բոլոր իսրայէլացիներին հանեց Եգիպտացիների երկրից։ 
13 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Ինձ նուիրաբերի՛ր բոլոր իսրայէլացիների անդրանիկ զաւակներին, ամէն մի նախածին, մարդ թէ անասուն, որովհետեւ իմն է»։ 3Մովսէսն ասաց ժողովրդին. «Յիշեցէ՛ք այս օրը, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկութեան այս տնից, որովհետեւ Տէրը ձեզ իր հզօր ձեռքով հանեց այստեղից։ Թթխմորով հաց չպիտի ուտէք, 4որովհետեւ դուք այսօր, գարնանային վաղահաս բերքի ամսին էք դուրս գալիս։ 5Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի քո հայրերին խոստացած Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Խեւացիների, Յեբուսացիների, Փերեզացիների ու Գերգեսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում, ապա հէնց այդ ամսին այս ծիսակատարութիւնը կ՚անես։ 6Եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, իսկ եօթներորդ օրը Տիրոջ տօնը կը լինի. բաղարջ հաց կ՚ուտէք։ 7Ձեր տանը թթխմորով հաց չլինի, քո ողջ երկրի սահմաններում թթխմոր չերեւայ։8Այդ օրը քո որդուն կը պատմես՝ ասելով. «Դա կատարւում է ի յիշատակ այն բանի, ինչ արել է ինձ Տէր Աստուածը, երբ դուրս էի գալիս Եգիպտոսից»։ 9Ասածս նշան արա՛ ձեռքիդ վրայ, նաեւ նշան՝ ճակատիդ, որ յիշես։ Տիրոջ օրէնքները թող քո բերանում լինեն, քանի որ Տիրոջ հզօր ձեռքն է հանել քեզ Եգիպտոսից։ 10Այս օրէնքները կը պահպանէք տարէցտարի ձեր կեանքի բոլոր օրերում»։ 11«Երբ քո Տէր Աստուածը քեզ կը տանի Քանանացիների երկիրը, ինչպէս խոստացել է քեզ ու քո հայրերին, եւ այն կը տայ քեզ, 12Տիրոջ համար կ՚առանձնացնես անդրանիկ բոլոր արու ծնունդներին եւ քո արջառների ու ոչխարների առաջնածիններին, որոնք պիտի ծնուեն։ Դրանք բոլորը Տիրոջը կը նուիրաբերես։ 13Առաջնածին էշը կը փոխանակես ոչխարի հետ, իսկ եթէ չուզենաս փոխանակել, ապա դա փրկագին կը տաս։ Քո որդիների բոլոր անդրանիկ զաւակներին կը փրկագնես։ 14Եթէ դրանից յետոյ որդիդ հարցնի քեզ ու ասի, թէ՝ «Ի՞նչ է այս», նրան կ՚ասես, թէ՝ «Տէրը հզօր ձեռքով է հանել մեզ Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։ 15Երբ փարաւոնի սիրտը կարծրացաւ ու մեզ չարձակեց, Տէրը Եգիպտացիների երկրում կոտորեց բոլոր անդրանիկներին՝ մարդկանց անդրանիկ զաւակներից մինչեւ անասունների առաջնածինները։ Հէնց դրա համար էլ ես Տիրոջն եմ նուիրաբերում բոլոր առաջնածին արուներին, իսկ իմ որդիներից բոլոր անդրանիկ զաւակներին փրկագին կը տամ»։ 16Ասածս նշան արա՛ ձեռքիդ վրայ, նաեւ նշան՝ ճակատիդ, որ յիշես, թէ Տէրը ինչպէս է հզօր ձեռքով մեզ հանել Եգիպտոսից»։ 17Երբ փարաւոնն արձակեց ժողովրդին, Աստուած նրանց կարճ ճանապարհով՝ Փղշտացիների երկրով չառաջնորդեց, որովհետեւ Աստուած մտածեց, թէ ժողովուրդը պատերազմի բռնուելով՝ գուցէ վախենայ ու Եգիպտոս վերադառնայ։ 18Դրա համար Աստուած ժողովրդին շրջանցիկ՝ անապատի ճանապարհով տարաւ դէպի Կարմիր ծով։ Իսրայէլացիները Եգիպտացիների երկրից դուրս եկան հինգերորդ սերնդի ժամանակ։ 19Մովսէսն իր հետ տարաւ Յովսէփի ոսկորները, որովհետեւ Յովսէփը, երդուեցնելով Իսրայէլի որդիներին, ասել էր. «Երբ Տէրը ձեզ այցի գայ, իմ ոսկորները կը հանէք այստեղից ու կը տանէք ձեզ հետ»։ 20Սոկքոթից դուրս գալով՝ իսրայէլացիները եկան եւ կայք հաստատեցին Ոթոմում՝ անապատի եզրին։ 21Աստուած ցերեկը նրանց առաջնորդում էր ամպի սիւնով, որպէսզի ճանապարհ ցոյց տայ նրանց, իսկ գիշերը՝ հրէ սիւնով, որպէսզի գիշեր-ցերեկ նրանք ուղեցոյց ունենան։ 22Ցերեկը ամպի սիւնը, իսկ գիշերը հրէ սիւնը միշտ ամբողջ ժողովրդի աչքի առաջ էր։



14 Տէրը, խօսելով Մովսէսի հետ, ասաց. 2«Իսրայէլացիներին ասա՛, որ վերադառնան, կայք հաստատեն Մագդողի ու ծովի միջեւ գտնուող հանգրուանում, Բեէղսեպփոնի դիմաց։ Դրանց դիմաց՝ Կարմիր ծովի եզերքին կայք կը հաստատես։ 3Փարաւոնը իսրայէլացիներիդ մասին կ՚ասի, թէ՝ «Մոլորուել են այս երկրում, որովհետեւ անապատը շրջափակել է նրանց»։ 4Ես պիտի կարծրացնեմ փարաւոնի սիրտը, նա պիտի հետապնդի նրանց, 5իսկ ես պիտի փառաւորուեմ փարաւոնի ու նրա ամբողջ զօրքի առաջ։ Եւ բոլոր եգիպտացիները պիտի իմանան, որ ե՛ս եմ Տէրը»։ Եւ այդպէս էլ արեցին։ 6Եգիպտացիների արքային յայտնեցին, թէ՝ «Ժողովուրդը փախել է»։ Փարաւոնի ու նրա պաշտօնեաների սրտերն ըմբոստացան ժողովրդի դէմ, եւ նրանք ասացին. «Այդ ի՞նչ արեցինք, ինչո՞ւ թոյլ տուեցինք, որ իսրայէլացիները գնան, եւ մենք զրկուենք մեր ստրուկներից»։ 7Փարաւոնը լծեց իր կառքը եւ իր հետ տարաւ իր ամբողջ ժողովրդին։ Նա վերցրեց վեց հարիւր ընտիր կառքեր, եգիպտացիների ամբողջ հեծելազօրն ու դրանց զօրավարներին։ 8Տէրը կարծրացրեց եգիպտացիների արքայ փարաւոնի սիրտը, եւ սա հետապնդեց իսրայէլացիներին։ Իսրայէլացիները գնում էին՝ ձեռքները բարձր պահած։ 9Եգիպտացիները հետապնդեցին նրանց ու նրանց գտան ծովեզերքի մօտ՝ կայք հաստատած։ Փարաւոնի ողջ հեծելազօրն ու կառքերը, նրա հեծեալներն ու բանակը կանգնեցին հանգրուանածների դիմաց, Բեէղսեպփոնի դէմ առ դէմ։ 10Փարաւոնը մօտեցաւ։ Իսրայէլացիները բարձրացնելով իրենց աչքերը՝ տեսան, որ եգիպտացիները կայք են հաստատել իրենց թիկունքում. սաստիկ վախեցան։ 11Իսրայէլացիները աղաղակ բարձրացրին առ Աստուած ու Մովսէսին ասացին. «Իբր թէ Եգիպտացիների երկրում գերեզմաններ չկայի՞ն, որ մեզ բերեցիր այստեղ՝ անապատում սպանուելու։ Այս ի՞նչ բերեցիր մեր գլխին, ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից։ 12Մի՞թէ Եգիպտացիների երկրում քեզ չասացինք, թէ՝ «Թո՛յլ տուր, որ ծառայենք եգիպտացիներին»։ Մեզ համար աւելի լաւ կը լինէր, որ ծառայէինք եգիպտացիներին, քան մեռնէինք այս անապատում»։ 13Մովսէսն ասաց ժողովրդին. «Քաջալերուեցէ՛ք, պի՛նդ կացէք եւ կը տեսնէք Տիրոջ արած փրկութիւնը, որ նա պարգեւելու է ձեզ այսօր, քանզի այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլեւս յար յաւիտեան չէք տեսնելու։ 14Տէ՛րը պիտի պատերազմի ձեր փոխարէն, դուք լո՛ւռ մնացէք»։ 15Տէրն ասաց Մովսէսին. «Ինչո՞ւ ես կանչում ինձ։ Ասա՛ իսրայէլացիներին, որ շարժուեն գնան։ 16Իսկ դու ա՛ռ գաւազանդ, ձեռքդ մեկնի՛ր ծովի վրայ, ճեղքի՛ր այն, եւ իսրայէլացիները թող մտնեն ծովի մէջ ու անցնեն ինչպէս ցամաքով։ 17Ես կը կարծրացնեմ փարաւոնի եւ բոլոր եգիպտացիների սիրտը, սրանք նրանց յետեւից ծով կը մտնեն, եւ ես կը փառաւորուեմ փարաւոնի, նրա ամբողջ զօրքի, կառքերի ու հեծելազօրի առաջ։ 18Բոլոր եգիպտացիները կը գիտենան, որ ե՛ս եմ Տէրը, երբ փառաւորուեմ փարաւոնի, նրա կառքերի ու հեծելազօրի առաջ»։ 19Իսրայէլացիների բանակի առջեւից գնացող Աստծու հրեշտակը ելաւ ու անցաւ գնաց նրանց յետեւը։ Վերացաւ ամպի սիւնը նրանց առջեւից ու կանգնեց նրանց թիկունքին։ 20Ամպի սիւնը մտաւ եգիպտացիների ու իսրայէլացիների բանակների միջեւ։ Խաւար ու մէգ պատեց։ Գիշերն անցաւ, բայց ողջ գիշերը բանակները իրար չմօտեցան։ 21Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ հարաւային հողմի ուժով ողջ գիշեր ծովը յետ մղուեց. բացուեց ծովի յատակը, ջուրը երկուսի բաժանուեց։ 22Իսրայէլացիները մտան յատակը բացուած ծովի մէջ ու առաջ շարժուեցին ինչպէս ցամաքով։ Ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել։ 23Եգիպտացիները հետապնդեցին նրանց, եւ փարաւոնի ամբողջ հեծելազօրը, նրա կառքերն ու հեծեալները նրանց յետեւից մտան ծովը։ 24Առաւօտեան Տէրը հրի ու ամպի սեան միջով նայեց եգիպտացիների բանակին եւ խուճապի մատնեց եգիպտացիների բանակը. 25նա կաշկանդեց նրանց կառքերի անիւները, եւ նրանք դժուարութեամբ էին առաջ շարժւում։ Եգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք իսրայէլացիներից, որովհետեւ Տէրը յօգուտ նրանց է պատերազմում եգիպտացիներիս դէմ»։ 26Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրայ, եւ ջրերը թող միանան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց կառքերն ու հեծեալներին»։ 27Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ ջրերն առաւօտեան վերադարձան իրենց տեղը։ Եգիպտացիները փորձեցին փախչել ջրից, բայց Տէրը եգիպտացիներին թափեց ծովը 28եւ, նորից իրար միացնելով ծովի ջրերը, ծածկեց կառքերը, հեծեալներին եւ փարաւոնի բոլոր զօրքերին, որոնք ծով էին մտել նրանց հետ։ Նրանցից ոչ ոք կենդանի չմնաց։ 29Իսրայէլացիները ծովի միջով կարծես ցամաքի վրայով էին գնում, իսկ ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել։ 30Տէրն այդ օրը իսրայէլացիներին փրկեց եգիպտացիների ձեռքից։ 31Իսրայէլացիները տեսան եգիպտացիների դիակները, որոնք ծովի ափ էին նետուած։ Իսրայէլացիները տեսնելով Տիրոջ հզօր ձեռքը, եգիպտացիների գլխին բերած փորձանքը՝ վախեցան Տիրոջից, հաւատացին Աստծուն ու նրա ծառայ Մովսէսին։ 
15 Այդ ժամանակ Մովսէսն ու իսրայէլացիները հետեւեալ օրհներգն ուղղեցին Աստծուն՝ ասելով. «Օրհնենք Տիրոջը, որ փառքով է փառաւորուած։ Նրանց երիվարներն ու հեծեալներին թափեց ծովը։2Տէրը ինձ համար ընդունելի օգնական եղաւ, նա ինձ համար փրկութիւն եղաւ։ 3Նա՛ է իմ Աստուածը, եւ ես նրան եմ փառաւորելու։ Նա իմ հօր Աստուածն է, եւ ես պիտի մեծարեմ նրան։ Տէրը խորտակում է պատերազմները, նրա անունը Տէր է։ 4Նա փարաւոնի կառքերն ու զօրքերը ծովը թափեց,նաեւ ընտիր հեծեալներին ու զօրավարներին։ Նրանք ջրասոյզ եղան Կարմիր ծովում։ 5Ծովը ծածկեց նրանց, նրանք քարի պէս ընկղմուեցին ծովի յատակը։ 6Քո աջը, Տէ՛ր, զօրութեամբ փառաւորուեց, քո աջը, Տէ՛ր, խորտակեց թշնամուն։ 7Դու փառքի հզօրութեամբ ջարդուփշուր արեցիր հակառակորդներին, առաքեցիր քո բարկութիւնը, եւ այն հրոյ ճարակ դարձրեց նրանց ինչպէս եղէգ։ 8Քո զայրոյթի հողմից ճեղքուեցին ջրերը, պարիսպների նման դիզուեցին ջրերը, ծովի մէջ քարացան ալիքները։ 9Թշնամին ասաց. «Հետապնդեմ ու հասնեմ նրանց, բաժանեմ աւարը եւ դրանցով յագուրդ տամ ինձ։ Սրի քաշեմ նրանց, որ իմ ձեռքը տիրի նրանց»։ 10Դու քո հողմն առաքեցիր, նրանց ծածկեց ծովը, եւ նրանք կապարի նման սուզուեցին ջրերի խորքը։ 11Աստուածների մէջ, Տէ՛ր, ո՞վ կայ քեզ նման, եւ կամ ո՞վ կարող է նմանուել քեզ՝ փառաւորեալդ սրբերի մէջ, փառքով սքանչացեալդ, որ նշաններ ես գործում։ 12Աջ ձեռքդ մեկնեցիր, եւ երկիրը կուլ տուեց նրանց։ 13Արդարութեամբ առաջնորդեցիր քո այս ժողովուրդին, որին փրկեցիր, քո զօրութեամբ մխիթարեցիր նրան քո սուրբ բնակավայրում։ 14Ժողովուրդները լսեցին լուրն այս ու բարկացան։ Սարսափը պատեց Քանանացիների երկրի բնակիչներին։15Խուճապահար եղան Եդոմի դատաւորներն ու մովաբացիների իշխանները։ Դող բռնեց նրանց, հալումաշ եղան Քանանացիների երկրի բոլոր բնակիչները։ 16Թող պատեն նրանց ահն ու սարսափը, քո բազկի հզօրութեամբ թող քարանան նրանք, մինչեւ որ անցնի քո ժողովուրդը, Տէ՛ր, մինչեւ որ անցնի քո այս ժողովուրդը, որին ստացար։ 17Տա՛ր, բնակեցրո՛ւ նրանց այն լերան վրայ,որ ժառանգութիւնն է քո,քո պատրաստած բնակավայրում, որ սրբութիւն ես դարձրել, Տէ՛ր։Տէ՛ր, քո ձեռքե՛րը պատրաստեցին այդ։ 18Տէրը յաւիտենական, առաւել քան յաւիտենական թագաւոր է»։ 19Երբ փարաւոնի հեծելազօրն իր կառքերով ու հեծեալներով ծով մտաւ, Տէրը նրա վրայ թափեց ծովի ջրերը, իսկ իսրայէլացիները յատակը բացուած ծովի միջով անցան գնացին։ 20Մարիամ մարգարէն՝ Ահարոնի քոյրը, իր ձեռքն առաւ թմբուկը, եւ բոլոր կանայք գնացին նրա յետեւից՝ թմբուկ խփելով ու պարելով։ 21Առաջից գնում էր Մարիամն ու ասում. «Օրհնենք Տիրոջը, քանզի նա փառքով է փառաւորուած. նա երիվարներն ու հեծեալներին ծովը թափեց»։ 22Մովսէսը իսրայէլացիներին Կարմիր ծովից տարաւ հասցրեց Սուր կոչուած անապատը։ Նրանք երեք օրուայ ճանապարհ գնացին անապատի միջով, բայց խմելու ջուր չգտան։ 23Եկան Մեռա, բայց Մեռայում էլ չկարողացան ջուր խմել, որովհետեւ այն դառն էր։ Դրա համար Մովսէսն այդ վայրն անուանեց Դառնութիւն։24Ժողովուրդը տրտնջաց Մովսէսի դէմ ու ասաց. «Ի՞նչ խմենք»։25Մովսէսն աղաղակեց առ Աստուած. եւ Տէրը նրան մի փայտ ցոյց տուեց։ Մովսէսն այն նետեց ջրի մէջ, եւ ջուրը քաղցրահամ դարձաւ։ Այնտեղ Աստուած ժողովրդին տուեց օրէնք ու իրաւունք եւ այնտեղ էլ փորձութեան ենթարկեց նրան։ Նա ասաց. 26«Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը»։ 27Եւ եկան հասան Եղիմ։ Այնտեղ կային ջրի տասներկու աղբիւր ու եօթանասուն արմաւենի։ Նրանք կայք հաստատեցին այնտեղ, ջրի մօտ։ 
16 Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը Եղիմից ճանապարհ ընկաւ ու եկաւ Սին անապատը, որը գտնւում է Եղիմի ու Սինայի միջեւ։2Եգիպտացիների երկրից դուրս գալու երկրորդ ամսուայ տասնհինգերորդ օրը իսրայէլացի ողջ ժողովուրդը անապատում դժգոհեց Մովսէսից ու Ահարոնից։ 3Իսրայէլացիներն ասացին նրանց. «Աւելի լաւ կը լինէր Տիրոջ հարուածների զոհը դառնայինք Եգիպտացիների երկրում, երբ մսով լի կաթսաների մօտ էինք նստում ու կուշտ հաց ուտում, քան բերէիք մեզ այս անապատը, որ ողջ ժողովրդին սովամահ անէք»։ 4Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես ձեզ հաց կը թափեմ երկնքից։ Իմ ժողովուրդը թող վեր կենայ ու այն հաւաքի, ինչքան անհրաժեշտ է իւրաքանչիւր օրուայ համար։ Ես այդ կերպ կը փորձեմ նրանց, թէ կ՚ենթարկուե՞ն իմ օրէնքներին, թէ ո՞չ։ 5Վեցերորդ օրը թող պատրաստեն նախորդ իւրաքանչիւր օրուայ համար հաւաքածի կրկնապատիկը»։ 6Մովսէսն ու Ահարոնը ասացին իսրայէլացի ամբողջ ժողովրդին. «Երեկոյեան կ՚իմանաք, որ Տէրն է ձեզ հանել Եգիպտացիների երկրից, 7իսկ առաւօտեան ականատես կը լինէք Տիրոջ փառքին, որովհետեւ նա լսել է Աստծու հանդէպ ձեր տրտունջը։ Մենք ովքե՞ր ենք, որ տրտնջում էք մեր դէմ»։ 8Մովսէսն ասաց. «Տէրը լսեց մեր դէմ ուղղուած ձեր տրտունջը, դրա համար էլ նա երեկոները ձեզ ուտելու միս, իսկ առաւօտները յագենալու չափ հաց պիտի տայ։ Մենք ովքե՞ր ենք, որ ձեր տրտունջը մեր դէմ էք ուղղում. ձեր տրտունջը Աստծու դէմ է ուղղուած»։ 9Մովսէսն ասաց Ահարոնին. «Իսրայէլացի ամբողջ ժողովրդին յայտնի՛ր. «Մօտեցէ՛ք Տիրոջը, որովհետեւ նա լսեց ձեր տրտունջը»։ 10Մինչ Ահարոնը խօսում էր իսրայէլացի ամբողջ ժողովրդի հետ, նրանք նայեցին դէպի անապատ, եւ ահա Տիրոջ փառքը երեւաց ամպի ձեւով։ 11Տէրը խօսելով Մովսէսի հետ՝ ասաց. 12«Լսեցի իսրայէլացիների տրտունջը։ Արդ, խօսի՛ր նրանց հետ ու ասա՛. «Երեկոները միս կ՚ուտէք, իսկ առաւօտները հացով կը յագենաք։ Եւ կ՚իմանաք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը»։ 13Երեկոյեան լորամարգիներ թափուեցին ու ծածկեցին բանակատեղին։ 14Առաւօտեան, երբ ցօղը վերանում էր բանակատեղիի շրջապատից, անապատի երեսին գինձի սպիտակ սերմի նման մանր եւ երկրի վրայի եղեամի նման մի բան կար։15Երբ իսրայէլացիները տեսան այն, իրար ասացին. «Ի՞նչ է սա»։ Որովհետեւ չգիտէին, թէ դա ինչ է։ Մովսէսն ասաց նրանց. «Դա այն հացն է, որ Տէրը ձեզ տուել է ուտելու։ 16Տէրը հետեւեալն է պատուիրել. «Իւրաքանչիւր ոք դրանցից թող հաւաքի այնքան, որքան անհրաժեշտ է մէկ մարդու համար, ըստ ձեր ընտանիքների շնչերի թուի։ Հաւաքեցէ՛ք ըստ վրանում գտնուող իւրաքանչիւր մարդու թուի»։ 17Իսրայէլացիներն այդպէս էլ արեցին. հաւաքեցին ոմանք շատ, ոմանք քիչ։ 18Չափեցին եւ տեսան, որ ումը որ շատ էր, սահմանուած չափից չաւելացաւ, իսկ ումը՝ քիչ, սահմանուած չափից չպակասեց։ Իւրաքանչիւրը իր կարիքի չափով էր հաւաքել։ 19Մովսէսն ասաց նրանց. «Ոչ ոք մինչեւ առաւօտ դրանից աւելցուկ չթողնի»։ 20Ոմանք, սակայն, Մովսէսին չլսեցին. դրանից աւելցուկ մնաց առաւօտեան։ Դա որդնոտեց ու նեխեց։ Մովսէսը զայրացաւ նրանց վրայ։ 21Դրանից յետոյ ամէն առաւօտ իւրաքանչիւրը հաւաքում էր իրեն պէտք եղածի չափ։ Երբ արեւը տաքացնում էր, այն հալւում էր։ 22Վեցերորդ օրը հաւաքեցին պէտք եղածի կրկնապատիկը՝ ամէն մէկի համար երկուական բաժին։ Ժողովրդի բոլոր առաջնորդները գնացին Մովսէսի մօտ ու նրան յայտնեցին այդ մասին։ 23Մովսէսն ասաց. «Այս է Տիրոջ ասածը. «Վաղը շաբաթ է, Տիրոջ հանգստեան սուրբ օրը։ Ինչ որ եփելու էք, եփեցէ՛ք, ինչ որ թխելու էք, թխեցէ՛ք այսօր, իսկ մնացած ամէն ինչ թողէ՛ք ամանների մէջ մինչեւ առաւօտ»։24Եւ դա թողեցին մինչեւ առաւօտ, ինչպէս նրանց հրամայել էր Մովսէսը. այն չնեխեց, չորդնոտեց։ 25Մովսէսն ասաց. «Այդ կերէ՛ք այսօր, քանի որ Տիրոջ շաբաթ օրն է այսօր, դրանից այսօր դաշտում չէք գտնի։ 26Վեց օր կը հաւաքէք դա, իսկ եօթներորդ օրը՝ շաբաթ օրը դրանից չի լինի»։ 27Եօթներորդ օրը ժողովրդի միջից ոմանք ելան դրանից հաւաքելու, բայց չգտան։ 28Տէրն ասաց Մովսէսին. «Մինչեւ ե՞րբ չպիտի անսաք իմ պատուիրաններին ու օրէնքներին։ 29Տեսաք, որ Տէրը ձեզ հանգստեան օր նշանակեց այս շաբաթ օրը։ Դրա համար էլ նա վեցերորդ օրը ձեզ երկու օրուայ հաց տուեց՝ ասելով. «Ձեզնից իւրաքանչիւրը թող նստի իր տանը, եօթներորդ օրը թող ոչ ոք չելնի այդ տեղից»։ 30Եւ ժողովուրդը եօթներորդ օրը հանգստացաւ։31Իսրայէլացիները իրենց կերածի անունը դրեցին ման։ Դա գինձի սերմի նման սպիտակ էր ու մեղրախորիսխի համ ունէր։ 32Մովսէսն ասաց. «Ահա թէ ինչ հրամայեց Աստուած. «Մի ամանի մէջ մէկ չափ մանանայ լցրէ՛ք եւ այն պահեցէ՛ք ձեր սերունդների համար, որպէսզի աչքի առաջ ունենաք այն հացը, որ դուք կերաք անապատում, երբ Տէրը ձեզ հանեց Եգիպտացիների երկրից»։ 33Մովսէսն ասաց Ահարոնին. «Մի ոսկէ սափոր ա՛ռ, դրա մէջ մէկ չափ մանանայ լցրո՛ւ եւ դի՛ր Աստծու առաջ՝ պահելու ձեր սերունդների համար, ինչպէս Տէրն է հրամայել Մովսէսին»։ 34Եւ Ահարոնն այն ի պահ դրեց Կտակարանների արկղի առաջ։ 35Իսրայէլացիները քառասուն տարի մանանայ կերան, մինչեւ որ հասան մի բնակեցուած շրջան։ Նրանք մանանայ էին ուտում, մինչեւ որ հասան փիւնիկեցիների կողմերը։ 36Մէկ չափը հաւասար է երեք գրիւի մէկ տասներորդ մասի։ 
17 Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը Տիրոջ կարգադրութեան համաձայն խումբ-խումբ գնաց Սին անապատից եւ կայք հաստատեց Ռափիդիմում։ Այստեղ, սակայն, ջուր չկար, որ ժողովուրդը խմէր։2Ժողովուրդն սկսեց մեղադրել Մովսէսին՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»։ Մովսէսը նրանց ասաց. «Ինչո՞ւ էք ինձ մեղադրում, ինչո՞ւ էք փորձում Տիրոջը»։ 3Ժողովուրդն այնտեղ ծարաւ զգալով՝ տրտնջաց Մովսէսի դէմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարաւից կոտորուե՞նք մենք եւ մեր երեխաներն ու անասունները»։ 4Մովսէսը պաղատագին խնդրելով Տիրոջը՝ ասաց. «Ի՞նչ անեմ ես այս ժողովրդին։ Մի քիչ էլ մնայ՝ ինձ կը քարկոծեն»։ 5Տէրն ասաց Մովսէսին. «Գնա՛ ժողովրդի առջեւից, քեզ հետ վերցրո՛ւ ժողովրդի ծերերին, ձեռքդ ա՛ռ քո այն գաւազանը, որով հարուածեցիր գետին, եւ ճամփայ ընկի՛ր։ 6Ես քեզնից առաջ այնտեղ հասնելով՝ կը կանգնեմ Քորէբի ժայռի վրայ։ Կը հարուածես ժայռին, դրանից ջուր կը բխի, եւ քո ժողովուրդը կը խմի»։7Մովսէսն իսրայէլացիների ներկայութեամբ այդպէս էլ արեց։ Նա այդ վայրը կոչեց Փորձութիւն եւ Մեղադրանք, որովհետեւ իսրայէլացիները մեղադրել էին եւ Տիրոջը փորձել՝ ասելով. «Տէրը մեր մէ՞ջ է, թէ՞ ոչ»։8Ամաղէկացիներն եկան ու Ռափիդիմում պատերազմեցին իսրայէլացիների դէմ։ 9Մովսէսն ասաց Յեսուին. «Ուժեղ տղամարդիկ ընտրի՛ր եւ առաւօտեան վեր կենալով պատերազմի՛ր ամաղէկացիների դէմ։ Ես կը գամ ու կը կանգնեմ բլրի գագաթին, եւ Աստծու գաւազանը կը լինի իմ ձեռքին»։ 10Յեսուն արեց այնպէս, ինչպէս իրեն ասել էր Մովսէսը. նա պատերազմեց ամաղէկացիների դէմ։ Մովսէսը, Ահարոնն ու Ովրը բարձրացան բլրի գագաթը։ 11Երբ Մովսէսը բարձր էր պահում ձեռքերը, առաւելութեան էին հասնում իսրայէլացիները, իսկ երբ իջեցնում էր ձեռքերը, առաւելութեան էին հասնում ամաղէկացիները։ 12Եւ քանի որ Մովսէսի ձեռքերը յոգնելուց ծանրանում էին, Ահարոնն ու Ովրը մի քար առան եւ նրա տակը դրեցին։ Մովսէսը նստեց դրա վրայ, իսկ Ահարոնն ու Ովրը՝ մէկն այս կողմից, միւսն այն կողմից նրա ձեռքերը բռնած բարձր էին պահում։ Այսպիսով Մովսէսի ձեռքերը մինչեւ արեւի մայր մտնելը բարձրացած մնացին։ 13Յեսուն սրակոտոր արեց ամաղէկացիներին ու նրանց ողջ զօրքը։ 14Տէրն ասաց Մովսէսին. «Այս դէպքը որպէս յիշատակ գրի՛ առ։ Հաղորդի՛ր Յեսուին, որ ամաղէկացիների յիշատակը ջնջելու եմ երկրի վրայ՝ երկնքի ներքոյ»։ 15Մովսէսը Տիրոջ համար զոհասեղան շինեց եւ դրա անունը դրեց՝ «Տէրն իմ ապաւէնն է»։ 16Նա ասաց. «Այսպէս կոչեցի, քանի որ Տէրն իր անտեսանելի ձեռքով պատերազմում է ամաղէկացիների դէմ սերնդից սերունդ»։ 
18 Մադիամի քուրմ Յոթորը՝ Մովսէսի աները, իմացաւ այն ամէնը, ինչ Տէրն արել էր Մովսէսին ու իսրայէլացի ժողովրդին. այն, որ Տէրը իսրայէլացիներին հանել էր Եգիպտոսից։ 2Երբ Մովսէսն իր կին Սեփորային յետ ուղարկեց, Մովսէսի աները՝ Յոթորը, իր հետ վերցրեց Սեփորային 3ու նրա երկու որդիներին, որոնցից մէկի անունը Գերսամ էր եւ նշանակում էր՝ «Պանդուխտ էի օտար երկրում», 4իսկ երկրորդի անունը՝ Եղիազար, որ նշանակում էր՝ «Իմ հօր Աստուածը իմ օգնականն է եւ նա փրկեց ինձ փարաւոնի ձեռքից»։ 5Յոթորը, որ Մովսէսի աներն էր, նրա կնոջ եւ նրա որդիների հետ եկաւ Մովսէսի մօտ՝ անապատ, ուր նա բնակւում էր Աստծու լերան վրայ։ 6Յայտնեցին Մովսէսին՝ ասելով. «Ահա քո աներ Յոթորը, կինդ ու երկու որդիներդ նրա հետ գալիս են քեզ մօտ»։ 7Մովսէսն ընդառաջ գնաց իր աներոջը, ծնրադրեց նրա առաջ եւ համբուրեց նրան։ Նրանք ողջագուրուեցին խաղաղութեամբ, եւ Մովսէսը նրան տարաւ իր վրանը։ 8Մովսէսն իր աներոջը պատմեց այն ամէնը, ինչ իսրայէլացիների համար Տէրն արել էր փարաւոնի ու եգիպտացիների դէմ, բոլոր այն չարչարանքները, որ իրենք կրել էին ճանապարհին, եւ թէ ինչպէս էր Տէրը փրկել իրենց։9Յոթորը զարմացաւ այն բոլոր բարեգործութիւնների համար, որ Տէրն արել էր նրանց, եւ թէ ինչպէս էր նրանց ազատել եգիպտացիների ու փարաւոնի ձեռքից։ 10Յոթորն ասաց. «Օրհնեալ լինի Տէրը, որ փրկել է սրանց եգիպտացիների ու փարաւոնի ձեռքից, որ ժողովրդին ազատել է եգիպտացիների ձեռքից։ 11Հիմա գիտեմ, որ Տէրն աւելի մեծ է, քան բոլոր աստուածները։ Դա երեւաց, երբ եգիպտացիները բռնանում էին նրանց վրայ։ 12Մովսէսի աները՝ Յոթորը, ողջակէզ ու զոհ մատուցեց Աստծուն։ Մովսէսը, Ահարոնն ու իսրայէլացի բոլոր ծերերը Մովսէսի աներոջ հետ գնացին Տիրոջ առաջ ճաշելու։ 13Առաւօտեան Մովսէսը նստեց ժողովրդին դատելու։ Ողջ ժողովուրդը առաւօտից մինչեւ երեկոյ կանգնել էր Մովսէսի շուրջը։ 14Յոթորը տեսնելով այն ամէնը, ինչ Մովսէսն անում էր ժողովրդի համար, ասաց. «Այդ ի՞նչ ես անում դու ժողովրդին։ Ինչո՞ւ ես դու միայն նստած, իսկ ժողովուրդը առաւօտից մինչեւ երեկոյ կանգնած է շուրջդ»։ 15Մովսէսն ասաց աներոջը. «Որովհետեւ ժողովուրդը գալիս է ինձ մօտ Աստծուց իրաւունք հայցելու համար։ 16Երբ նրանց միջեւ վէճ է ծագում, գալիս են ինձ մօտ։ Ես դատում եմ նրանցից իւրաքանչիւրին եւ յայտնում Աստծու հրամաններն ու օրէնքները»։ 17Մովսէսի աները նրան ասաց. «Արածդ ճիշտ չէ»։ 18Սոսկալի տանջանքներով ես տանջւում դու եւ քեզ հետ եղող ամբողջ ժողովուրդը։ Քեզ համար ծանր է այդ գործը, դա միայնակ անել չես կարող։ 19Արդ, լսի՛ր ինձ, ես քեզ խորհուրդ պիտի տամ, եւ Աստուած քեզ հետ կը լինի։ Աստծու մօտ եղի՛ր ժողովրդի ներկայացուցիչը եւ մարդկանց ասածը հաղորդի՛ր Աստծուն։ 20Նրանց տեղեակ կը պահես Աստծու հրամաններին ու օրէնքներին, նրանց ցոյց կը տաս այն ճանապարհը, որով ընթանալու են, եւ այն գործերը, որ պէտք է կատարեն։ 21Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր ուժեղ տղամարդկանց՝ աստուածապաշտ, արդարադատ, գոռոզութիւնն ատող մարդկանց ու ժողովրդի վրայ սրանց հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ կարգի՛ր։22Նրանք մշտապէս թող դատեն ժողովրդին, կարեւոր գործերը թող յանձնեն քեզ, իսկ փոքր դատաստանները թող անեն իրենք. դրանով կը թեթեւացնես քո գործերը, եւ նրանք կը լինեն քո օգնականները։ 23Եթէ այս բանն անես, Աստուած կը զօրացնի քեզ, դու կը կարողանաս տոկալ, եւ ողջ ժողովուրդը խաղաղութեամբ կը վերադառնայ իր տեղը»։ 24Մովսէսն անսաց իր աներոջ ասածին եւ արեց այն ամէնը, ինչ նա ասաց իրեն։ 25Մովսէսը բոլոր իսրայէլացիների միջից ընտրեց ուժեղ տղամարդկանց, ժողովրդի վրայ նրանց հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ կարգեց։ Սրանք ամբողջ ժամանակ պատրաստ էին ժողովրդին դատելու։ 26Նրանք կարեւոր գործերը յանձնում էին Մովսէսին, իսկ փոքր գործերը դատում էին իրենք։ 27Մովսէսը ճանապարհ դրեց իր աներոջը, եւ սա գնաց իր երկիրը։ 
19 Եգիպտացիների երկրից իսրայէլացիների դուրս գալուց երեք ամիս անց, առաջին իսկ օրը նրանք հասան Սինայի անապատը։ 2Նրանք դուրս գալով Ռափիդիմից, եկան Սինայի անապատը եւ կայք հաստատեցին այնտեղ, անապատում։ Իսրայէլացիները կայք հաստատեցին այնտեղ, լերան դիմաց։ 3Մովսէսը բարձրացաւ Աստծու լեռը։ Աստուած լերան վրայից կանչեց նրան ու ասաց. «Այսպէս կ՚ասես Յակոբի յետնորդներին եւ կը յայտնես Իսրայէլի որդիներին. 4«Դուք ինքներդ տեսաք, թէ ինչեր բերեցի եգիպտացիների գլխին, իսկ ձեզ, ինչպէս արծիւն է իր թեւերի վրայ առնում, բարձրացրի ինձ մօտ։ 5Արդ, եթէ ուշադիր լսէք իմ ասածը եւ պահէք իմ դրած ուխտը, դուք բոլոր ազգերի մէջ կը լինէք իմ ընտրեալ ժողովուրդը, որովհետեւ իմն է ամբողջ երկիրը։ 6Դուք կը լինէք ինձ համար որպէս թագաւորութիւն, որպէս քահանայութիւն եւ որպէս սուրբ ազգ։ Իմ այս ասածները դու կը հաղորդես իսրայէլացիներին»։ 7Մովսէսը վերադարձաւ, կանչեց ժողովրդի ծերերին եւ նրանց հաղորդեց բոլոր այն խօսքերը, որ նրան պատուիրել էր Աստուած։ 8Ժողովուրդը միահամուռ պատասխան տուեց ու ասաց. «Այն ամէնը, ինչ ասել է Աստուած, կը կատարենք ու կը հնազանդուենք»։ Մովսէսը ժողովրդի ասածը հաղորդեց Աստծուն։9Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քեզ մօտ պիտի գամ ամպի սեան մէջ, որ ժողովուրդը լսի այն, ինչ ես ասելու եմ քեզ, եւ նա յաւիտեան պիտի հաւատայ քեզ»։ Մովսէսը ժողովրդի ասածը հաղորդեց Աստծուն։ 10Տէրն ասաց Մովսէսին. «Իջի՛ր, կարգադրի՛ր ժողովրդին, մաքրի՛ր նրանց այսօր եւ վաղը, նաեւ թող լուանան իրենց զգեստները, 11որպէսզի երրորդ օրը պատրաստ լինեն, որովհետեւ երրորդ օրը Տէրը ողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լերան վրայ։ 12Ժողովրդի ու լերան միջեւ տարածութիւն կը թողնես եւ կ՚ասես. «Զգո՛յշ եղէք, լերան վրայ մարդ չբարձրանայ ու դրան չմօտենայ, որովհետեւ ով մօտենայ լերան, մահուամբ պիտի պատժուի։ 13Լերան մօտեցողին որեւէ ձեռք չդիպչի, որովհետեւ դրան դիպչողը կը քարկոծուի կամ նետահար կը լինի. անասուն լինի, թէ մարդ՝ չի ապրի։ Նրանք կարող են լեռը բարձրանալ միայն այն ժամանակ, երբ որոտները, շեփորահարութիւնն ու ամպը վերանան լերան վրայից»։ 14Մովսէսը լեռից իջաւ ժողովրդի մօտ ու մաքրեց նրանց։ Նրանք լուացին իրենց զգեստները։ Մովսէսն ասաց ժողովրդին. 15«Պատրա՛ստ եղէք, երեք օր կանանց չմերձենաք»։16Երրորդ օրն առաւօտեան Սինա լերան վրայ որոտներ լսուեցին, փայլատակումներ ու միգախառն ամպ երեւաց. եւ շեփորի ձայնը ուժգին հնչում էր։ Բանակատեղում գտնուող ողջ ժողովուրդը զարհուրեց։ 17Մովսէսը ժողովրդին բանակատեղիից տարաւ Աստծուն ընդառաջ եւ կանգնեցրեց Սինա լերան ստորոտի շուրջը։ 18Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստուած նրա վրայ իջել էր իբրեւ հուր։ Նրա ծուխը բարձրանում էր ինչպէս հնոցի ծուխ։ Բոլոր մարդիկ խիստ զարհուրեցին, 19որովհետեւ շեփորի ձայնը տարածւում էր աւելի հեռու եւ հնչում էր չափազանց ուժեղ։ Մովսէսը խօսում էր, իսկ Աստուած որոտաձայն պատասխանում էր նրան։ 20Տէրն իջաւ Սինա լերան վրայ, լերան կատարին։ Տէրը Մովսէսին կանչեց լերան գագաթը, եւ Մովսէսը բարձրացաւ այնտեղ։ 21Աստուած խօսեց Մովսէսի հետ՝ ասելով. «Իջի՛ր, կարգադրի՛ր քո ժողովրդին. Աստծուն տեսնելու համար չմերձենան եւ այդ պատճառով նրանցից շատերը չկորչեն։ 22Աստծուն մօտեցող քահանաներն էլ թող մաքրուեն, որպէսզի Տէրը կորստեան չմատնի նրանց»։ 23Մովսէսն ասաց Աստծուն. «Ժողովուրդը չի կարող Սինա լեռը բարձրանալ, որովհետեւ դու ինքդ ես մեզ պատուիրել եւ ասել, թէ՝ «Մարդկանց ու լերան միջեւ տարածութիւն կը թողնես եւ լեռը սուրբ կը հռչակես»։ 24Տէրն ասաց նրան. «Գնա՛, իջի՛ր ու յետոյ այստեղ բարձրացի՛ր Ահարոնի հետ, բայց քահանաներն ու ժողովուրդը թող չյանդգնեն բարձրանալ Աստծու մօտ, որպէսզի Տէրը նրանց կորստեան չմատնի»։ 25Մովսէսն իջաւ ժողովրդի մօտ եւ ասաց նրանց. 
20 Տէրը յայտնեց հետեւեալ բոլոր պատգամները՝ ասելով. 2«Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ հանեցի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։ 3Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար։4Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, եւ երկրի խորքի ջրերի մէջ եղած որեւէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես։5Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետեւ ե՛ս եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, 6իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչեւ հազարերորդ սերնդին ողորմում եմ։ 7Քո տէր Աստծու անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տէրը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում։ 8Յիշի՛ր շաբաթ օրը, որպէսզի սուրբ պահես այն։ 9Վեց օր պիտի աշխատես եւ պիտի կատարես քո բոլոր գործերը։ 10Եօթներորդ օրը քո տէր Աստծու շաբաթ օրն է։ Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մօտ գտնուող օտարականն ու քեզ մօտ բնակուող պանդուխտը,11որովհետեւ Տէր Աստուած վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամէնը, ինչ դրանց մէջ է, իսկ եօթներորդ օրը հանգստացաւ։ Դրա համար էլ Տէրն օրհնեց եօթներորդ օրը եւ այն սուրբ հռչակեց։12Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ։ 13Մի՛ սպանիր։ 14Մի՛ շնացիր։ 15Մի՛ գողացիր։ 16Քո հարեւանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր։ 17Ո՛չ քո մերձաւորի տան, ո՛չ նրա ագարակի վրայ աչք մի՛ ունեցիր։ Ո՛չ քո մերձաւորի կնոջ վրայ, ո՛չ նրա ծառայի վրայ, ո՛չ նրա աղախնու վրայ, ո՛չ նրա եզան վրայ, ո՛չ նրա էշի վրայ, ո՛չ նրա անասունի վրայ, ո՛չ այն ամենի վրայ, ինչ քո մերձաւորինն է, աչք մի՛ ունեցիր»։ 18Ողջ ժողովուրդը լսում էր որոտը, շեփորի ձայնը, տեսնում փայլատակումներն ու ծխացող լեռը։ Ողջ ժողովուրդը զարհուրեց, ընկրկեց ու կանգնեց հեռու։ 19Մարդիկ ասացին Մովսէսին. «Դո՛ւ խօսիր մեզ հետ, եւ մենք կը հնազանդուենք։ Աստուած թող չխօսի մեզ հետ, թէ չէ կարող ենք մեռնել։ 20Մովսէսն ասաց նրանց. «Սրտապնդուեցէ՛ք, որովհետեւ Աստուած ձեզ փորձելու համար եկաւ ձեզ մօտ, որպէսզի նրա երկիւղը լինի ձեր մէջ, եւ դուք մեղք չգործէք»։ 21Ժողովուրդը լեռից հեռու էր կանգնած, իսկ Մովսէսը մտաւ մառախուղի մէջ, ուր գտնւում էր Աստուած։ 22Տէրն ասաց Մովսէսին. «Այսպէս կ՚ասես Յակոբի սերնդին եւ կը հաղորդես Իսրայէլի որդիներին. «Դուք ինքներդ տեսաք, որ ես երկնքից խօսեցի ձեզ հետ։ 23Ձեզ համար ոսկէ ու արծաթէ աստուածներ չպատրաստէք։ 24Ինձ համար հողաշէն զոհասեղան կը պատրաստէք եւ դրա վրայ, ամէն տեղ, ուր կը դնեմ իմ անունը, կը մատուցէք ձեր ողջակէզներն ու ձեր խաղաղութեան զոհերը, ձեր ոչխարներն ու ձեր արջառները։ Ես կը գամ քեզ մօտ ու կ՚օրհնեմ քեզ։25Իսկ եթէ զոհասեղանը քարից կառուցես, դրա քարերը յղկուած թող չլինեն, որովհետեւ եթէ քո ձեռքի գործիքը դիպցնես դրան, ապա դա պղծուած կը լինի։ 26Իմ զոհասեղանի վրայ աստիճաններով չբարձրանաս, որպէսզի դրա վրայ քո ամօթոյքը չերեւայ»։ 
21 «Սրանք են այն կանոնները, որ պիտի յայտնես նրանց. 2Եթէ գնես եբրայեցի մի ստրուկ, վեց տարի նա թող ծառայի քեզ եւ եօթներորդ տարում առանց փրկագնի ազատ թող արձակուի։ 3Եթէ նա միայնակ է տունդ մտել, միայնակ էլ թող գնայ, իսկ եթէ իր կնոջ հետ է մտել, կինն էլ թող գնայ նրա հետ։ 4Եթէ իր տէրը նրան կին տայ, եւ կինը նրա համար տղաներ եւ աղջիկներ ծնի, ապա կինն ու զաւակները թող պատկանեն նրա տիրոջը, իսկ նա թող գնայ միայնակ։ 5Եթէ ստրուկն առարկելով ասի, թէ՝ «Սիրեցի իմ տիրոջը, իմ կնոջն ու իմ զաւակներին եւ ազատութիւն չեմ ուզում», ապա նրա տէրը նրան թող կանգնեցնի Աստծու ատեանին, 6այնուհետեւ բերի իր տան դռան սեմի մօտ, հերիւնով ծակի նրա ականջը, եւ նա նրան թող ծառայի ցմահ։ 7Եթէ որեւէ մէկն իր աղջկան որպէս աղախին վաճառի, ապա այդ աղջիկը թող չազատագրուի, ինչպէս ազատագրւում են ստրկուհիները։ 8Եթէ այդ աղախինը, որը սահմանուած էր իր տիրոջ համար, այլեւս հաճելի չլինի նրան, ապա Տէրը թող փրկագնով վաճառի նրան, բայց օտարազգի մարդու վաճառելու իրաւունք չունի, թէ չէ նրան անարգած կը լինի։ 9Եթէ նա իր գնած աղախնին սահմանել է իր որդու համար, նրա հետ թող վարուի այնպէս, ինչպէս վարւում է իր դուստրերի հետ։ 10Եթէ ամուսնացած մի մարդ ամուսնանայ նաեւ մի ուրիշ կնոջ հետ, թող չզրկի նախկին կնոջը գոյութեան միջոցներից, զգեստներից ու ամուսնական պարտականութիւնից։ 11Եթէ ամուսինն այս երեք պահանջները չկատարի նրա նկատմամբ, ապա կինն առանց փրկագնի՝ ձրի, ազատ թող արձակուի»։ 12«Եթէ որեւէ մարդ հարուածի մէկին, եւ սա մահանայ, ապա հարուածողը մահապատժի թող ենթարկուի։ 13Եթէ սպանութիւնը կատարուել է ոչ թէ սպանողի կամքով, այլ Աստուած է մատնել նրան նրա ձեռքը, ապա սպանողին թող ցոյց տրուի մի տեղ, ուր նա ապաստան թող գտնի։ 14Եթէ մէկը չարանենգօրէն սպանի իր մերձաւորին եւ փախուստի դիմելով ապաստանի իմ զոհասեղանին, դարձեալ կ՚առնես նրան ու կը սպանես։15Ով որ հարուածի իր հօրը կամ մօրը, մահապատժի թող ենթարկուի։16Եթէ մէկը գողանայ մի իսրայէլացու եւ վաճառի, եւ կամ իր մօտ գտնեն նրան, ապա սա մահապատժի թող ենթարկուի։ 17Ով որ վատաբանի իր հօրն ու իր մօրը, մահապատժի թող ենթարկուի։ 18Եթէ երկու մարդիկ կռուեն, եւ նրանցից մէկը քարով կամ բռունցքով հարուածի միւսին, եւ սա ոչ թէ մահանայ, այլ անկողին ընկնի, 19ապա եթէ տուժածը ոտքի կանգնի եւ կարողանայ ցուպի օգնութեամբ քայլել, հարուածողը թող անպարտ լինի, բայց տուժածի աշխատանքից զրկուելու վնասի ու բժշկութեան համար թող հատուցում վճարի։ 20Եթէ մէկը գաւազանով հարուածի իր ստրուկին կամ իր ստրկուհուն, եւ սրանք մեռնեն նրա հարուածից, ապա տէրը վրէժխնդրութեան պիտի ենթարկուի դատաստանով, 21իսկ եթէ նրանք մէկ կամ երկու օր ապրեն, տէրը վրէժխնդրութեան չի ենթարկուի, քանի որ նա նրանց իր արծաթով է գնել։ 22Եթէ երկու տղամարդիկ կռուելիս զարնուեն մի յղի կնոջ, եւ կինը պտուղը դեռ չձեւաւորուած վիժի, հարուածողը թող հատուցի վնասը. ինչ որ պահանջի կնոջ ամուսինը, նա թող վճարի ըստ սահմանուած կարգի եւ տայ աղաչելով։ 23Իսկ եթէ պտուղը ձեւաւորուած լինի, ապա թող հատուցի ըստ այս կարգի. կեանքի դիմաց՝ կեանք, աչքի դիմաց՝ 24աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք, 25խարանի դիմաց՝ խարան, վէրքի դիմաց՝ վէրք, հարուածի դիմաց՝ հարուած։ 26Եթէ մէկը հարուածի իր ստրկի կամ իր ստրկուհու աչքին ու կուրացնի նրան, ապա իր կուրացրած աչքի համար նրանց ազատ թող արձակի։ 27Եթէ ջարդի իր ստրկի կամ ստրկուհու ատամը, ապա իր ջարդած ատամի համար նրանց ազատ թող արձակի»։ 28«Եթէ մի ցուլ հարուածի մի տղամարդու կամ կնոջ, եւ սրանք մեռնեն, ապա ցուլը թող քարկոծուի, նրա միսը թող չուտեն, իսկ ցուլի տէրը անպարտ թող լինի։ 29Եթէ ցուլը նախկինում եւս հարուածող է եղել, եւ այդ առթիւ նրա տիրոջը բողոքած են եղել, բայց սա ցուլին մէջտեղից չի վերացրել, եւ եթէ ցուլը տղամարդ կամ կին սպանի, ապա ցուլը թող քարկոծուի, իսկ ցուլի տէրը միաժամանակ մահապատժի թող ենթարկուի։ 30Իսկ եթէ տիրոջ վրայ փրկագին նշանակուի, ապա իր խլած կեանքի դիմաց տէրը թող վճարի նշանակուած փրկագինը։ 31Եթէ ցուլը մի տղայի կամ մի աղջկայ հարուածի, նոյն կերպ թող վարուեն նրա հետ։ 32Եթէ ցուլը մի ստրուկի կամ ստրկուհու հարուածի, ցլատէրը նրանց տիրոջը երեսուն սիկղ արծաթ թող վճարի, իսկ ցուլը թող քարկոծուի։ 33Եթէ մէկը փոս բացելուց կամ ջրհոր փորելուց յետոյ դրանք չծածկի, եւ դրանց մէջ արջառ կամ էշ ընկնի, 34փոսի տէրը արծաթ թող վճարի անասունի տիրոջը, իսկ լէշը թող յանձնուի իրեն։ 35Եթէ մէկի ցուլը հարուածի մի ուրիշ մարդու ցուլին, եւ սա սատկի, կենդանի մնացած ցուլը թող վաճառեն եւ դրա արժէքը թող բաժանեն։ Թող բաժանեն նաեւ սպանուած ցուլը։ 36Իսկ եթէ նախկինում էլ գիտէին, որ ցուլը հարուածող է եղել, եւ այդ մասին դրա տիրոջը բողոքած են եղել, բայց նա իր ցուլը մէջտեղից չի վերացրել, թող ցուլ հատուցուի ցուլի փոխարէն, իսկ սպանուած ցուլը թող տրուի տիրոջը»։ 
22 «Եթէ մէկը արջառ կամ ոչխար գողանայ, մորթի կամ վաճառի այն, ապա մէկ արջառի փոխարէն հինգ արջառ թող հատուցի, իսկ մէկ ոչխարի փոխարէն՝ չորս ոչխար։ 2Եթէ գողին մահացու հարուած հասցնեն տան պատին անցք բացելիս, թող դա սպանութիւն չդիտուի։3Իսկ եթէ դէպքը արեւածագից յետոյ կատարուի, սպանողը մահապարտ կը դիտուի եւ մահուան կ՚ենթարկուի։ Եթէ գողը հատուցելու ոչինչ չունի, ապա ինքը թող վաճառուի, որպէսզի հատուցի իր գողացածի փոխարէն։ 4Իսկ եթէ նա բռնուի, եւ գողօնը՝ արջառ, էշ եւ ոչխար, գտնուի իր մօտ, ապա նա կրկնակին թող հատուցի։ 5Եթէ մէկն իր անասունն արածեցնելիս թոյլ է տալիս, որ անասունն արածի ուրիշի հանդում, ապա իր հանդից թող հատուցի ըստ փչացրած բերքի չափի։ Իսկ եթէ հանդը փչացրել է ամբողջութեամբ, ապա թող հատուցի իր հանդի ու իր այգու ընտիր հատուածով։ 6Եթէ մէկը իր հանդի փշերը վառելու համար կրակ անի, եւ նրա վառած կրակը տարածուի ու այրի մէկ ուրիշի կալը կամ ցորենի շեղջը կամ հանդը, ապա վնասը թող հատուցի նա, ով հրդեհի համար մեղաւոր է։ 7Եթէ մէկը մի մարդու արծաթ կամ որեւէ այլ իր տայ պահելու, եւ այն գողացուի այդ մարդու տնից, եթէ գողը գտնուի, թող կրկնակին հատուցի, 8իսկ եթէ գողը չգտնուի, ապա տան տէրը թող Աստծու առաջ երդուի, որ ինքն ամենեւին չի իւրացրել այդ մարդու իրեն պահ տուած իրը։ 9Արջառի ու էշի, ոչխարի ու հագուստի եւ ամէն տեսակ բաների կորուստներին վերաբերող եւ վէճ յարուցող խնդիրների իսկութիւնը պարզելու նպատակով երկու կողմերը թող կանգնեն Աստծու դատաստանի առաջ։ Նրանցից ում որ Աստուած մեղաւոր ճանաչի, նա կրկնակին թող հատուցի միւսին։ 10Եթէ մէկը մի մարդու էշ, եզ, ոչխար կամ որեւէ այլ անասուն ի պահ տայ եւ պահ տրուածը վնասուածք ստանայ, սատկի կամ յափշտակուի, եւ այդ բանը հաստատող ոչ մի վկայ չլինի, 11ապա երկուսի միջեւ թող Աստծուն տրուած երդումը որպէս վկայութիւն լինի։ Նա, ում մօտ անասունը պահ է տրուած եղել, եթէ երդուի, որ երբեք նենգ մտադրութիւն չի ունեցել միւսի տուած աւանդի նկատմամբ, ապա տէրը թող բաւարարուի դրանով, իսկ պահողը թող չտուգանուի։12Իսկ եթէ ապացուցուի, որ իրօք իր մօտից են գողացել, ապրանքի տիրոջը թող հատուցի վնասը։ 13Իսկ եթէ պահ տրուած անասունին մի գազան է յօշոտել, որպէս ապացոյց նա թող բերի անասունի լէշը եւ վնասը չհատուցի։ 14Եթէ մէկը մի իր կամ անասուն խնդրի մէկ ուրիշից, եւ դրանք ջարդուեն, սատկեն կամ յափշտակուեն, իսկ տէրը դրանց մօտ ներկայ չլինի, ապա աւանդը վերցնողը թող հատուցի վնասը։15Եթէ դէպքը կատարուելիս տէրը աւանդի մօտ ներկայ լինի, աւանդ վերցնողը վնասը թող չհատուցի։ Եթէ դա վարձով է փոխ առել, վնասն այդ վարձով էլ թող հատուցի»։ 16«Եթէ մէկը խաբի չնշանուած մի կոյսի եւ պառկի նրա հետ, գլխագին թող վճարի ու ամուսնանայ նրա հետ։17Եւ եթէ աղջկայ հայրը չհամաձայնի նրան կնութեան տալ իր աղջկան, խաբողը նրա հօրը արծաթ թող վճարի այնքան, ինչքան գլխագին է սահմանուած կոյսերի համար։ 18Մի՛ թողէք, որ կախարդներն ապրեն։19Ով որ կենակցի անասունի հետ, նրան մահապատժի ենթարկեցէ՛ք։20Ով որ կուռքերին զոհ մատուցի, մահապատժի թող ենթարկուի։ Զոհ մատուցեցէ՛ք միայն Տիրոջը։ 21Պանդուխտին մի՛ չարչարէք, մի՛ նեղէք նրան, որովհետեւ դուք եւս պանդուխտ էիք Եգիպտացիների երկրում։22Ոչ մի այրի կնոջ կամ որբի մի՛ տանջէք։ 23Եթէ տանջէք նրանց, եւ նրանք բողոք բարձրացնելով դիմեն ինձ, ես կը լսեմ նրանց ձայնը,24սաստիկ կը բարկանամ, սրակոտոր կ՚անեմ ձեզ, ձեր կանայք կ՚այրիանան, իսկ ձեր զաւակները որբ կը դառնան։ 25Եթէ արծաթ ես փոխ տալիս աղքատ եղբօրդ, նեղը մի՛ գցիր նրան եւ տոկոսներ մի՛ պահանջիր նրանից։ 26Եթէ գրաւ վերցնես մէկի բաճկոնը, մինչեւ արեւի մայր մտնելը վերադարձրո՛ւ այն, 27որովհետեւ դա նրա եւ՛ վերարկուն է, եւ՛ նրա մերկութիւնը ծածկող հանդերձը, որով եւ նա քնում է։ Եւ եթէ նա բողոքի ինձ, ես կը լսեմ նրան, որովհետեւ ողորմած եմ։ 28Քո աստուածներին մի՛ վատաբանիր եւ քո ժողովրդի առաջնորդին մի՛ հայհոյիր։ 29Քո կալի ու հնձանի արդիւնքը մի՛ կտրիր ինձնից։ 30Քո որդիներից անդրանիկներին ինձ կը նուիրաբերես։ Նոյն կերպ կը վարուես քո արջառի, ոչխարի ու էշի առաջնածինների հետ։ Դրանք եօթը օր թող մնան իրենց մօր մօտ, իսկ ութերորդ օրը դրանք կը նուիրաբերես ինձ։ 31Իմ այս ասածները կատարելով՝ դուք ինձ համար սուրբ մարդիկ կը լինէք։ Գազանի յօշոտած կենդանու միս մի՛ կերէք, այլ շա՛նը նետեցէք»։ 
23 «Ականջ մի՛ դիր սուտ լուրերին։Յանձն մի՛ առ յօգուտ անիրաւի անիրաւ վկայ լինել։ 2Մեծամասնութեանը հետեւելով՝ չար գործերի յետեւից մի՛ ընկիր։ Բազմութեանը մի՛ խառնուիր՝ անիրաւութիւն գործելու համար նրան ենթարկուելով, 3եւ դատի տակ ընկածին յանիրաւի մի՛ խղճա դատաստանի ժամանակ։ 4Եթէ հանդիպես քո թշնամու մոլորուած եզան կամ էշին, դրան կը դարձնես ու կը հասցնես իր տիրոջը։ 5Եթէ տեսնես, որ մէկի գրաստը բեռան ծանրութեան տակ ընկել է, նրա կողքից անտարբեր մի՛ անցիր, այլ նրան օգնելով բարձրացրո՛ւ այն։ 6Մի՛ շեղիր դատի ընթացքը, եթէ նոյնիսկ դատուողը քո ծանօթն է։ 7Հեռու կը մնաս ամէն տեսակ անիրաւ գործերից։ Մահուան չդատապարտես անպարտին ու արդարին։ Մեղաւորին կաշառուելով չարդարացնես։ 8Կաշառք չվերցնես, որովհետեւ կաշառքը կուրացնում է անգամ պայծառատեսների աչքերը եւ աւերում արդար գործերը։ 9Պանդուխտին մի՛ ճնշիր. դուք գիտէք պանդուխտ մարդկանց վիճակը, որովհետեւ դուք եւս պանդուխտ էիք Եգիպտացիների երկրում»։ 10«Վեց տարի կը մշակես քո հողը եւ կը հաւաքես դրա բերքը։ 11Եօթներորդ տարում չես մշակի այն եւ կը թողնես, որ հանգստանայ։ Քո ցեղի աղքատները թող ուտեն ինքնաբոյս բերքը, իսկ դրանից աւելացածները թող ուտեն վայրի գազանները։ Այդպէս կը վարուես քո այգու եւ քո ձիթաստանի հետ։ 12Վեց օր կ՚աշխատես, իսկ եօթներորդ օրը կը թողնես, որ հանգստանան քո եզն ու էշը, հանգստանան նաեւ քո աղախնու եւ օտարականի որդիները։ 13Ինչ որ ասացի ձեզ, կը կատարէք։ Օտար աստուածներ մի՛ պաշտէք, նրանց անունները ձեր բերանից չլսուեն»։ 14«Տարուայ մէջ երեք անգամ ինձ համար տօն կը կատարէք։ 15Բաղարջակերաց տօնը կը պահէք։ Նոր բերքի ամսին եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, ինչպէս պատուիրել եմ ձեզ, որովհետեւ դուք ա՛յդ ժամանակ ելաք Եգիպտացիների երկրից։ Իմ առաջ դատարկաձեռն չերեւաս։ 16Ինչ էլ որ ցանած լինես քո հանդում, կը կատարես ամառուայ քո առաջին բերքը քաղելու տօնը։ Տօն կը կատարես նաեւ տարուայ վերջում, երբ հանդից հաւաքած կը լինես քո բերքը։ 17Քո ժողովրդի բոլոր արու զաւակները տարուայ մէջ երեք անգամ պէտք է ներկայանան տէր Աստծուն։ 18Քո արած զոհաբերութեան արիւնը թթխմորով հացի վրայ չթափես, եւ իմ տօնին արուած զոհաբերութեան ճարպը մինչեւ առաւօտ չպահես։ 19Քո առաջին բերքի արդիւնքը կը բերես քո տէր Աստծու տունը։ Գառը իր մօր կաթի մէջ չեփես»։ 20«Եւ ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քեզ մօտ, որպէսզի նա քո առաջից գնալով՝ քեզ պահպանի ճանապարհին ու տանի այն երկիրը, որ պատրաստեցի քեզ համար։ 21Զգո՛յշ եղիր անձիդ նկատմամբ, լսի՛ր ու հնազանդուի՛ր նրան, որպէսզի նա չխորշի քեզնից, որովհետեւ նա իմ անունով է գործելու։ 22Եթէ ուշադիր լսես իմ խօսքը եւ կատարես այն ամէնը, ինչ ասել եմ քեզ, ես կը լինեմ քո թշնամիների թշնամին եւ կը դառնամ քո հակառակորդների հակառակորդը, 23որովհետեւ իմ հրեշտակը քեզ առաջնորդ կը լինի, քեզ կը տանի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, գերգեսացիների, խեւացիների ու յեբուսացիների մօտ, որոնց ես կոտորելու եմ։ 24Չերկրպագես նրանց աստուածներին, չպաշտես նրանց եւ չկատարես այն, ինչ նրանք են կատարում, այլ քարուքա՛նդ արա դրանք եւ ջարդիր փշրի՛ր նրանց յուշարձանները։25Պաշտի՛ր քո տէր Աստծուն, եւ ես կ՚օրհնեմ քո հացն ու ջուրը եւ ձեզնից կը վանեմ հիւանդութիւնները։ 26Քո երկրում անսեռունակ տղամարդ եւ ամուլ կին չեն լինելու։ Ես աւելացնելու եմ քո կեանքի տարիները։ 27Ես պիտի ուղարկեմ իմ ահը, որ դա առաջնորդի քեզ, պիտի սարսափեցնեմ բոլոր այն ազգերին, որոնց երկիրը ոտք պիտի դնես։ Քո բոլոր հակառակորդներին փախուստի պիտի մատնեմ։ 28Քո առաջից իշամեղուներ պիտի ուղարկեմ, որ քեզնից հեռու քշեն ամորհացիներին, խեւացիներին, քանանացիներին ու քետացիներին։29Մի տարուայ ընթացքում չէ, որ պիտի հեռացնեմ նրանց քեզնից, որպէսզի երկիրը անապատի չվերածուի, եւ քո շրջակայքում չբազմանան երկրի գազանները։ 30Կամաց-կամաց պիտի հեռացնեմ դրանց քեզնից, մինչեւ որ բազմանաս ու ժառանգես երկիրը։ 31Քո երկրի տարածքը սահմանելու եմ Կարմիր ծովից մինչեւ Փղշտացիների ծովը եւ անապատից մինչեւ Եփրատ մեծ գետը։ Ձեր ձեռքը պիտի յանձնեմ այդ երկրի բնակիչներին ու նրանց հեռու պիտի քշեմ քեզնից։ 32Դու նրանց ու նրանց չաստուածների հետ ուխտ չդնես։ 33Նրանք քո երկրում չպիտի բնակուեն, որպէսզի իմ նկատմամբ յանցանքի չմղեն քեզ, որովհետեւ, եթէ ծառայես նրանց չաստուածներին, նրանք գայթակղութիւն կը լինեն քեզ համար»։ 
24 Աստուած ասաց Մովսէսին. «Բարձրացէ՛ք Տիրոջ մօտ դու, Ահարոնը, Նաբադը, Աբիուդն ու Իսրայէլի ծերերից եօթանասուն տղամարդ։ Նրանք Տիրոջը թող երկրպագեն հեռուից։ 2Աստծուն թող մօտենայ միայն Մովսէսը, իսկ միւսները թող չմօտենան։ Ժողովուրդը նրանց հետ թող չբարձրանայ»։ 3Մովսէսն եկաւ ու ժողովրդին յայտնեց Աստծու բոլոր պատգամներն ու կանոնները։ Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տուեց ու ասաց. «Կը կատարենք բոլոր այն պատգամները, որ տուել է Տէրը, կ՚ենթարկուենք դրանց»։ 4Մովսէսը գրի առաւ Տիրոջ բոլոր պատգամները։ Մովսէսն առաւօտեան վեր կենալով՝ զոհասեղան կառուցեց լերան ստորոտին եւ տասներկու վէմ կանգնեցրեց՝ ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի թուի։ 5Նա ուղարկեց իսրայէլացի երիտասարդներ, որոնք ողջակէզներ մատուցեցին, փրկութեան համար Աստծուն հորթեր զոհաբերեցին։ 6Մովսէսն առնելով զոհերի արեան կէսը՝ լցրեց ամանների մէջ, իսկ արեան միւս կէսը հեղեց զոհասեղանի առաջ։ 7Նա, վերցնելով ուխտի գիրքը, կարդաց ի լուր ժողովրդի։ Ժողովուրդն ասաց. «Այն ամէնը, ինչ ասել է Տէրը, կը կատարենք, կ՚ենթարկուենք»։ 8Մովսէսը, վերցնելով արիւնը, շաղ տուեց ժողովրդի վրայ ու ասաց. «Սա այն ուխտի արիւնն է, որ կնքեց Տէրը ձեզ հետ, որպէսզի կատարէք նրա բոլոր պատգամները»։9Մովսէսը, Ահարոնը, Նաբադը, Աբիուդն ու իսրայէլացի ծերերից եօթանասուն տղամարդ բարձրացան 10եւ տեսան այն տեղը, ուր կանգնել էր Իսրայէլի Աստուածը։ Նրա կանգնած տեղը կարծես շափիւղայի աղիւսներով էր զարդարուած, եւ դա ջինջ երկնքի նմանութիւնն ունէր։ 11Իսրայէլացի ընտրեալներից ոչ մէկը չմեռաւ։ Նրանք յայտնուեցին այնտեղ, ուր գտնւում էր Աստուած։ Եւ կերան ու խմեցին։ 12Տէրն ասաց Մովսէսին. «Բարձրացի՛ր ինձ մօտ՝ լեռը, այնտեղ եղի՛ր, եւ քեզ պիտի տամ քարէ այն տախտակները, որոնց վրայ գրելու եմ իմ օրէնքներն ու պատուիրանները։ Դրանք նրանց համար օրէնսդրութիւն պիտի լինեն»։ 13Մովսէսն ու նրա սպասաւոր Յեսուն բարձրացան Աստծու լեռը։ 14Մովսէսն ասաց ծերերին. «Հանգստացէ՛ք այստեղ, մինչեւ որ մենք վերադառնանք ձեզ մօտ։ Ահարոնն ու Ովրը ձեզ հետ են։ Եթէ որեւէ մէկը վէճ ունենայ, թող գնայ նրանց մօտ»։15Մովսէսը բարձրացաւ լեռը, եւ ամպը ծածկեց լեռը։ 16Տիրոջ փառքն իջաւ Սինա լերան վրայ, եւ ամպն այն ծածկեց վեց օր։ Տէրը եօթներորդ օրը Մովսէսին կանչեց ամպի միջից։ 17Տիրոջ փառքի տեսիլքը բորբոքուած կրակի նման իջաւ Իսրայէլի որդիների առաջ, լերան գագաթը։ 18Մովսէսը մտաւ ամպի մէջ ու բարձրացաւ լեռը։ Մովսէսը լերան վրայ մնաց քառասուն օր ու քառասուն գիշեր։ 
25 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Իսրայէլի որդիներին կ՚ասես, որ առնեն ինձ սահմանուած ընծաները։ Թող առնեն նրանցից, ում սրտից են բխում։ 3Սրանք են այն ընծաները, որ դուք կ՚առնէք նրանցից. ոսկի, արծաթ, պղինձ, 4կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւ, նրբահիւս բեհեզ, այծի մազ, 5խոյերի կարմիր ներկուած մորթիներ, կապոյտ ներկուած մորթիներ եւ կարծր փայտեր, 6լոյսի համար ձէթ եւ օծութեան իւղի ու խնկի համար բաղադրանիւթեր, 7սարդիոնի քարեր, վակասի վրայ ագուցուելու քարեր եւ պատմուճան։ 8Ինձ համար սրբարան կը կառուցես, եւ ես կ՚երեւամ ձեզ։ 9Դու խորանն ու նրա ամբողջ սպասքը ինձ համար կը պատրաստես ըստ այն օրինակի, որ լերան վրայ ցոյց կը տամ քեզ։ Այսպէս կը պատրաստես. 10Վկայութեան տապանակ կը պատրաստես կարծր փայտից։ Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը։ 11Այն կը պատես մաքուր ոսկով՝ ներսից ու դրսից կ՚ոսկեզօծես այն։ Դրա վրայ շուրջանակի կը դնես ոսկէ պսակ։ 12Դրա համար չորս ոսկէ օղակներ կը ձուլես եւ կը դնես դրա չորս կողմերին. երկու օղակները՝ մի կողմից, եւ երկու օղակները՝ միւս կողմից։ 13Կարծր փայտից լծակներ կը պատրաստես եւ դրանք կը պատես ոսկով։ 14Լծակները կ՚անցկացնես տապանակի կողքերին ամրացուած օղակների մէջ, որպէսզի դրանցով բարձրացնեն տապանակը։ 15Լծակները վկայութեան տապանակի օղակների մէջ թող մնան՝ լինեն դրան ամրացուած։ 16Տապանակի մէջ կը դնես այն պատուիրանները, որ ես պիտի տամ քեզ։ 17Քաւութեան խնկամանի կափարիչը կը պատրաստես մաքուր ոսկուց։ Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը։18Կոփածոյ երկու ոսկեայ քերովբէներ կը պատրաստես եւ դրանք կը դնես կափարիչի երկու ծայրերին։ 19Քերովբէներից մէկը թող լինի կափարիչի մի ծայրին, իսկ միւսը՝ միւս ծայրին։ 20Երկու քերովբէներ կը դնես դրա երկու ծայրերին. թող քերովբէները դէպի վեր տարածեն իրենց թեւերը եւ իրենց թեւերով հովանի անեն կափարիչի վրայ։ Նրանց գլուխները թող լինեն միմեանց յանդիման, որպէսզի քերովբէների երեսները նայեն կափարիչին։ Կափարիչը կը դնես տապանակի վրայ՝ վերեւի կողմից։ 21Տապանակի մէջ կը դնես այն պատուիրանները, որ ես պիտի տամ քեզ։ 22Ես քեզ կը յայտնուեմ այնտեղ եւ վկայութեան տապանակի կափարիչի վրայ գտնուող երկու քերովբէների արանքից քեզ հետ կը խօսեմ այն ամենի մասին, ինչ պատուիրելու եմ քեզ Իսրայէլի որդիների վերաբերեալ»։ 23«Սեղան կը պատրաստես կարծր փայտից։ Երկու կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկ կանգուն՝ դրա լայնութիւնը, եւ մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը։ 24Այն կը պատես մաքուր ոսկով։ Դրա վրայ շուրջանակի կը դնես ոսկէ պսակ։25Դրա չորս կողմը մէկ թզաչափ բարձրութեամբ շրջանակ կը դնես եւ այն չորս կողմից կը պատիս ոսկով։ 26Եւ չորս ոսկէ օղակներ կը պատրաստես եւ օղակները կը դնես չորս անկիւններին, ուր, պսակից ներքեւ, դրա չորս ոտքերն են։ 27Օղակները կը ծառայեն այն բանին, որ լծակները դրանց մէջ անցկացնելով՝ կը բարձրացնեն սեղանը։28Լծակները կը պատրաստես չփչացող փայտից եւ դրանք կը պատես մաքուր ոսկով։ Դրանցից բռնելով՝ կը բարձրացուի սեղանը։ 29Կը պատրաստես դրա խնկամաններն ու սկուտեղները, դրա գաւաթներն ու սկիհները, որոնցով գինի պիտի մատուցես։ Մաքուր ոսկուց կը պատրաստես դրանք։ 30Սեղանի վրայ, իմ առաջ, մշտապէս կը դնես առաջաւորութեան հաց»։ 31«Մաքուր ոսկուց աշտանակ կը պատրաստես։ Քանդակազարդ կ՚անես աշտանակը եւ այնպէս, որ բունը, ճիւղերը, սկահակները, գնդիկներն ու շուշանաձեւ ծաղիկները միաձոյլ լինեն։ 32Վեց ճիւղեր պէտք է տարածուեն նրա կողքերից. աշտանակի երեք ճիւղերը պէտք է լինեն մի կողմից, իսկ աշտանակի միւս երեք ճիւղերը՝ միւս կողմից։ 33Ամէն մի ճիւղ պէտք է ունենայ գնդիկից ու ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակներ։ Միւս ճիւղերն էլ պէտք է ունենան գնդիկից ու ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակներ։ Այսպէս թող լինեն աշտանակի կողքերից դուրս եկած վեց ստեղները. 34աշտանակի բունը պէտք է ունենայ գնդիկից ու ծաղկից բաղկացած չորս սկահակներ։ 35Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու ճիւղերի տակ պէտք է լինի մի գնդիկ։ Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու միւս ճիւղերի տակ նոյնպէս պէտք է լինի մի գնդիկ։ Նոյն ձեւով կը պատրաստես աշտանակի կողքերից դուրս եկած վեց ճիւղերը, 36այնպէս, որ նրանց գնդիկներն ու ճիւղերը դուրս եկած լինեն իրենց բնի կողքերից՝ ամբողջութեամբ քանդակազարդ, մէկ կտոր մաքուր ոսկուց։ 37Դրա համար կը պատրաստես եօթը կանթեղ եւ կանթեղները կը դնես աշտանակի վրայ այնպէս, որ դրանք լուսաւորեն դէմից։ 38Դրա ունելիներն ու պատուանդանը կը պատրաստես մաքուր ոսկուց։ Այս ամբողջ սպասքը մի տաղանդ մաքուր ոսկուց կը պատրաստես։ 39Ուշադի՛ր եղիր, կ՚անես ըստ այն օրինակի, որ քեզ ցոյց տրուեց լերան վրայ»։



26 «Նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւից տասշերտանի վարագոյրով խորան կը պատրաստես։ Այն կը զարդարես ասեղնագործ քերովբէներով։ 2Վարագոյրի ամէն շերտի երկարութիւնը պէտք է լինի քսանութ կանգուն, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն։ Բոլոր շերտերի չափսը նոյնը պէտք է լինի։ 3Հինգ շերտերը պէտք է միացած լինեն իրար։ Իրար պէտք է միացած լինեն նաեւ միւս հինգ շերտերը։ 4Շերտերի կցուածքի մի կողմից մէկ շերտի եզերքին կապոյտ ճարմանդներ պէտք է դնես։ Նոյնը պէտք է անես նաեւ երկրորդ կցուածքի արտաքին շերտի եզերքին։ 5Յիսուն ճարմանդ կը դնես մի շերտի վրայ, յիսուն ճարմանդ էլ՝ կը դնես երկրորդ կցուածքի շերտի կողմից։ Բոլոր ճարմանդները միմեանց դիմաց պէտք է լինեն։6Կը պատրաստես յիսուն ոսկէ օղակներ եւ շերտերը իրար կը միացնես կեռիկներով։ Այսպիսով կը ստացուի մի խորան։ 7Խորանի համար այծի մազից հիւսուած ծածկոց կը պատրաստես։ Տասնմէկ շերտերից թող բաղկացած լինի այն։ 8Ամէն մի շերտի երկարութիւնը պէտք է լինի երեսուն կանգուն, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն։ Տասնմէկ շերտերի չափսը նոյնը պէտք է լինի։ 9Հինգ շերտերը իրար կը միացնես առանձին եւ վեց շերտերը՝ առանձին։ Վեցերորդ շերտը իբրեւ կրկնակի ծածկոց թող կախուի խորանի ճակատի կողմից։ 10Յիսուն ճարմանդ կը պատրաստես կցուածքի ամէն շերտի եզերքին, յիսուն ճարմանդ էլ՝ երկրորդ կցուածքի շերտի եզերքին։ 11Կը պատրաստես յիսուն պղնձէ օղակներ եւ ճարմանդները օղակների մէջ անցկացնելով՝ իրար կը միացնես շերտերը։ Կը ստացուի մի ամբողջութիւն։ 12Շերտերի աւելացած մասերը կը տեղաւորես վրանի տակ. շերտի այդ աւելացած մասի կէսով կը ծածկես վրանի ծայրամասերը՝ յետեւի կողմից։ 13Վրանի վարագոյրների երկարութեան աւելացած մասից մի կանգուն թող կախուի այս կողմից եւ մի կանգուն՝ այն կողմից։ Վրանի ծայրերը թող ծածկուեն այս ու այն կողմից։ 14Վրանի ծածկը կը պատրաստես խոյերի շիկակարմիր մորթուց, իսկ դրա վրայ էլ մի ծածկ կը դնես կապոյտ մորթուց։ 15Վրանի ուղղահայեաց մոյթերը կը պատրաստես կարծր փայտից։ 16Ամէն մոյթի երկարութիւնը տասը կանգուն թող լինի, իսկ ամէն մոյթի հաստութիւնն ու լայնութիւնը մէկուկէս կանգուն թող լինի։17Ամէն մի մոյթ թող ունենայ իրար ագուցուած երկու ծղնի։ Այդպէս կը պատրաստես վրանի բոլոր մոյթերը։ 18Վրանի հիւսիսային կողմում կը դնես քսան մոյթեր 19եւ այդ քսան մոյթերի համար կը պատրաստես քառասուն արծաթէ խարիսխներ. երկու խարիսխ՝ վրանի մի մոյթի երկու կողմերի համար եւ երկու խարիսխ՝ մի մոյթի երկու կողմերի համար։ 20Վրանի միւս՝ հարաւային կողմում նոյնպէս կը դնես քսան մոյթեր իրենց քառասուն արծաթէ խարիսխներով։ 21Երկու խարիսխ՝ մի մոյթի երկու կողմերի համար։ 22Վրանի յետեւի՝ ծովահայեաց կողմում վեց մոյթ կը դնես։ 23Երկու մոյթ կը դնես խորանի անկիւններին՝ յետեւի կողմից։ 24Ներքեւի կողմից դրանք պէտք է իրար հաւասար լինեն։ Նոյն ձեւով հաւասար թող լինեն դրա իրար ագուցուած զոյգ խոյակները։ Նոյն ձեւով կը շինես երկու անկիւնների մոյթերը։ 25Այսպիսով կը ստացուի ութ մոյթ։ Դրանց խարիսխները արծաթից թող լինեն. տասնվեց խարիսխ։ Երկու խարիսխ՝ մի մոյթի համար նրա երկու կողմերից, եւ երկու խարիսխ էլ՝ միւս մոյթի համար։ 26Կարծր փայտից նիգեր կը պատրաստես. հինգ նիգ՝ վրանի մի կողմի մոյթի համար, 27հինգ նիգ՝ վրանի երկրորդ կողմի միւս մոյթի համար եւ հինգ նիգ՝ վրանի թիկունքի՝ ծովահայեաց կողմի մոյթի համար։ 28Մի նիգ էլ մոյթերի մի ծայրից մինչեւ միւսն անցկացուելով՝ դրանք թող միացնի իրար։ 29Մոյթերը կը պատես ոսկով։ Կը պատրաստես ոսկէ օղակներ, որոնց մէջ կը հագցնես նիգերը։ Նիգերը կը պատես ոսկով։ 30Վրանը կը կանգնեցնես այն ձեւով, որ ցոյց տրուեց քեզ լերան վրայ։ 31Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից վարագոյր կը պատրաստես։ Այն կը զարդարես ասեղնագործուած քերովբէով։ 32Այն կ՚ամրացնես կարծր փայտից շինուած եւ ոսկով պատած չորս մոյթերի վրայ։ Դրանց խոյակները թող լինեն ոսկուց, իսկ խարիսխները՝ արծաթից։ Վարագոյրը կը ձգես մոյթից մոյթ։ 33Վկայութեան տապանակը կը տանես այնտեղ, վարագոյրի ներսի կողմը, եւ վարագոյրը ձեզ համար սրբութիւնը կ՚առանձնացնի սրբութիւնների սրբութիւնից։ 34Սրբութիւնների սրբութեան տեղում վկայութեան տապանակը կը ծածկես վարագոյրով։ 35Զոհասեղանը կը դնես վարագոյրի դրսի կողմը, իսկ աշտանակը՝ զոհասեղանի դիմաց, վրանի հարաւային կողմում։ Զոհասեղանը կը դնես վրանի հիւսիսային կողմում։ 36Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից կը պատրաստես վրանի դռան առագաստը՝ նկարազարդ մի գործ։37Առագաստի համար կարծր փայտից հինգ մոյթ կը պատրաստես եւ դրանք կ՚ոսկեզօծես։ Դրանց խոյակները թող լինեն ոսկուց։ Դրանց համար հինգ պղնձէ խարիսխ կը ձուլես»։ 
27 «Կարծր փայտից զոհասեղան կը պատրաստես։ Հինգ կանգուն թող լինի դրա երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը։ Քառակուսի թող լինի զոհասեղանը։ Երեք կանգուն թող լինի դրա բարձրութիւնը։ 2Դրա չորս անկիւնների վրայ եղջիւրներ կ՚անես այնպէս, որ դրանք միաձոյլ լինեն զոհասեղանի հետ։ Դրանք կը պատես պղնձով։ 3Զոհասեղանի համար շրջանակ կը պատրաստես։ Դրա խուփը, տաշտերը, մեծ պատառաքաղները, կրակարանները եւ ամբողջ սպասքը պղնձից կը պատրաստես։ 4Դրա համար պղնձից վանդակաւոր կասկարայ կը պատրաստես։ Կասկարայի համար չորս կողմից չորս պղնձէ օղակներ կը պատրաստես։ 5Դրանք կը դնես զոհասեղանի կասկարայի տակ՝ ներքեւի մասում։ Կասկարան թող հասնի մինչեւ զոհասեղանի մէջտեղը։ 6Զոհասեղանի համար լծակներ կը պատրաստես՝ լծակներ կարծր փայտից, եւ դրանք կը պատես պղնձով։ 7Լծակները կը մտցնես օղակների մէջ։ Լծակները թող լինեն զոհասեղանի երկու կողմերից, որպէսզի հնարաւոր լինի այն բարձրացնել։ 8Փայտեայ շինուածքների մէջը դատարկ թող լինի։ Կը պատրաստես ըստ այն օրինակի, որ ցոյց է տրուել քեզ լերան վրայ։ Այդպէս կը պատրաստես այն»։ 9«Վրանի առաջ բակ կը շինես, բակի հարաւային կողմում՝ նրբահիւս բեհեզից պատրաստուած առագաստ։ Հարիւր կանգուն թող լինի բակի մի կողմի երկարութիւնը։ 10Մոյթերը թող լինեն քսան հատ, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ։ Դրանց օղակներն ու խոյակները թող արծաթից լինեն։ 11Նոյն ձեւով հիւսիսային կողմում առագաստների երկարութիւնը թող լինի հարիւր կանգուն։ Դրանց պղնձէ մոյթերը թող լինեն քսան հատ, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ։ Դրանց գալարազարդերը, մոյթերը եւ խարիսխները թող լինեն արծաթապատ։12Ծովահայեաց բակի առագաստների լայնութիւնը թող լինի յիսուն կանգուն։ Դրանց մոյթերը թող լինեն տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը հատ։ 13Արեւելեան կողմի առաջին բակի առագաստների լայնութիւնը թող լինի յիսուն կանգուն։ Դրանց մոյթերը թող լինեն տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը հատ։ 14Առագաստների մի կողմի բարձրութիւնը թող լինի տասնհինգ կանգուն։ Դրանց մոյթերը թող լինեն երեք, դրանց խարիսխները՝ երեք։ 15Առագաստների միւս կողմի բարձրութիւնը թող լինի տասնհինգ կանգուն։ Դրանց մոյթերը թող լինեն երեք հատ, դրանց խարիսխները՝ երեք հատ։ 16Բակի դռան վարագոյրի բարձրութիւնը թող լինի քսան կանգուն։ Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից պատրաստուած թող լինի այն՝ նկարագեղ ասեղնագործութեամբ։ Դրանց մոյթերը թող լինեն չորս հատ, խարիսխներն էլ՝ չորս հատ։ 17Բակի շրջակայ բոլոր մոյթերը արծաթապատ թող լինեն, դրանց խոյակները՝ արծաթից, դրանց խարիսխները՝ պղնձից։ 18Բակի երկարութիւնը հարիւր կանգուն թող լինի, լայնութիւնը՝ յիսուն, իսկ բարձրութիւնը՝ տասնհինգ կանգուն։ Առագաստը նրբահիւս բեհեզից թող լինի։ Դրանց խարիսխները պղնձից թող լինեն։ 19Վրանի ամբողջ սպասքը, դրա բոլոր գործիքները եւ բակի բոլոր ցիցերը պղնձից թող լինեն»։ 20«Իսրայէլացիներին կարգադրի՛ր, որ քեզ ձիթենու զուլալ, անարատ, ծեծուած ձիթապտղի ձէթ բերեն լոյսի համար, 21որպէսզի մշտավառ ճրագ լինի վկայութեան խորանում, ուխտի վարագոյրից դուրս։ Եւ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչեւ առաւօտ թող այն վառեն Տիրոջ առաջ։ Դա Իսրայէլի որդիների կողմից հաստատուած յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ»։ 
28 «Դու Իսրայէլի որդիներից քեզ մօտ կը բերես քո եղբայր Ահարոնին, նրա հետ նաեւ նրա որդիներին՝ Նաբադին ու Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն։ 2Ի պատիւ եւ ի փառս քո եղբայր Ահարոնի սրբազան զգեստներ կը պատրաստես։3Դու կը խօսես մտքով իմաստուն բոլոր մարդկանց հետ, որոնց ես իմաստութեան ոգով եմ լցրել, որ նրանք Ահարոնին սրբազան զգեստներ պատրաստեն սրբութեան համար, որոնցով էլ նա քահանայութեան պաշտօն է կատարելու ինձ համար։ 4Սրանք են այն զգեստները, որ նրանք պիտի պատրաստեն. մինչեւ ոտքի թաթերը հասնող երկարաւուն զգեստ, ուսի ու լանջի վակասներ, բեհեզէ պատմուճան, խոյր եւ գօտի։ Սրբազան զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների համար, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն։ 5Նրանք թող վերցնեն ոսկի, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւ եւ նրբահիւս բեհեզ։ 6Վակասը թող պատրաստեն մաքուր ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր նրբահիւս բեհեզից՝ այն զարդարելով նուրբ ասեղնագործութեամբ։ 7Երկու վակասները թող իրար միանան՝ երկու կողմերից իրար կապուելով։ 8Վակասի վերեւի մասը նոյն ձեւով պէտք է պատրաստուած լինի՝ մաքուր ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից։ 9Զմրուխտէ երկու ակնաքար կ՚առնես եւ դրանց վրայ կը փորագրես Իսրայէլի որդիների անունները. նրանցից վեցի անունները կը փորագրես մի ակնաքարի վրայ եւ միւս վեցինը՝ երկրորդ ակնաքարի վրայ, ըստ իրենց ցեղերի։ 10Դա ակնագործների արուեստին վայել մի գործ պէտք է լինի։11Իսրայէլի որդիների անունները կը քանդակես երկու ակնաքարերի վրայ այնպէս, ինչպէս կնիքներն են քանդակում։ Դրանց շուրջը ոսկով կը զարդարես։ 12Երկու ակնաքարերը կը զետեղես ուսի վրայ դրուող վակասի վրայ, որպէսզի դրանք Իսրայէլի որդիների յիշատակի ակնաքարերը լինեն։ Ահարոնը, ի յիշատակ նրանց, Աստծու առաջ իր երկու ուսերի վրայ պէտք է կրի Իսրայէլի որդիների անունները։ 13Օղակ ու ճարմանդ կը պատրաստես մաքուր ոսկուց։ 14Մաքուր ոսկուց կը պատրաստես այդ երկու կապիչները, որոնք ծաղկազարդ մանուածքով հիւսկէններ պէտք է լինեն։ Կապիչները կ՚ամրացնես ուսանոցի երկու օղակներին՝ 15նրանց վտաւակների մօտ, առջեւի կողմից»։16«Դատաստանի լանջապանակը նկարազարդ կտորից կը պատրաստես. վակասի նման՝ ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից։ 17Քառակուսի կը պատրաստես այն՝ մէկ թիզ երկարութեամբ եւ մէկ թիզ լայնութեամբ։ 18Դրա վրայ ակնաքարերը կը շարես չորս շարք ընդելուզուածքով։ Ակնաքարերի շարքերը այսպէս թող լինեն. առաջինը՝ զմրուխտ, սարդիոն եւ տպազիոն՝ մէկ շարք։ 19Երկրորդ շարքը՝ նռնաքար, շափիւղայ եւ յասպիս։ 20Երրորդ շարքը՝ գոճազմ, ագատ եւ սուտակ։ 21Չորրորդ շարքը՝ յակինթ, բիւրեղ եւ եղնգաքար։ Դրանք թող դասաւորուեն ըստ իրենց նշուած շարքերի՝ ընդելուզուած, ոսկով ամրացուած։ 22Իսրայէլի որդիների անուններով փորագրուած ակնաքարերը թող լինեն թուով տասներկու՝ ըստ նրանց անունների թուի։ Իւրաքանչիւրն ըստ այդ տասներկու ցեղերի թող ունենայ իր անունը։ 23Լանջապանակի վրայ մաքուր ոսկուց շինուած ոլորուն շղթայ կը պատրաստես։24Լանջապանակի վրայ երկու ոսկէ օղակներ կը պատրաստես եւ երկու օղակներ կ՚ամրացնես լանջապանակի երկու ծայրերին։ 25Երկու ոսկէ շղթաներ կ՚անցկացնես լանջապանակի ծայրին գտնուող երկու օղակների մէջ։ 26Երկու շղթաների երկու ծայրերը կը մտցնես երկու օղակների մէջ եւ վակասի առջեւի կողմից տանելով՝ կ՚անցկացնես վակասի ետեւի կողմը։ 27Երկու ոսկէ օղակներ էլ կը պատրաստես եւ դրանք կ՚ամրացնես լանջապանակի ներքեւի երկու ծայրերին, վակասին կցուած եզրերին։ 28Երկու ոսկէ այլ օղակներ կը պատրաստես եւ դրանք կ՚անցկացնես վակասի երկու ուսերին, ներքեւի կողմից, միմեանց դէմ դիմաց։ Դրա կոճակները թող լինեն վակասի գօտու վրայ։29Լանջապանակի ու վակասի օղակների միջով կապոյտ թել անցկացնելով՝ դրանք թող պինդ ամրացուեն իրար այնպէս, որ լանջապանակը լինի վակասի գօտու վրայ եւ վակասից չառանձնանայ։30Երբ Ահարոնը սրբարան կը մտնի, նա իր կրծքի վրայ թող կրի Իսրայէլի որդիների անուններով քանդակուած դատաստանի լանջապանակը, որպէսզի Աստծու առաջ յաւիտենապէս պահպանի նրանց յիշատակը։ 31Դատաստանի լանջապանակին կ՚ամրացնես շղթաների ծայրերը եւ լանջապանակի երկու կողմերից կը կապես։ Երկու վահանաձեւ կոճակ կը դնես վակասի երկու ուսերին, առջեւի կողմից եւ ներքեւից։ Դատաստանի լանջապանակի վրայ կը դնես յանդիմանութիւնն ու ճշմարտութիւնը։ Դա թող լինի Ահարոնի կրծքի վրայ, երբ նա սրբարան մտնելով՝ ներկայանայ Տիրոջը։ Եւ Ահարոնը Տիրոջ առաջ իր կրծքի վրայ միշտ թող կրի Իսրայէլի որդիների դատաստանի լանջապանակը»։ 32«Պճղնաւոր ներքին պատմուճան կը պատրաստես ամբողջութեամբ կապոյտ թելով հիւսուած կտաւից։33Դրա վերին մասը շուրջանակի կլոր կտրելով՝ բացուածք կը թողնես։ Միացման տեղերը ամբողջական՝ մէկ կտոր թող լինեն, որպէսզի այդ զգեստը չպատռուի։ 34Ներքին պատմուճանների քղանցքներին, ներքեւի մասում մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր թելերով եւ նրբահիւս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ կը գործես։ Դրանք կը գործես ներքին պատմուճանների քղանցքների շուրջբոլորը։ Այդ զարդերը թող ունենան նռան ծաղկաբողբոջի ձեւը, եւ դրանց միջեւ շուրջանակի ոսկէ զանգակներ թող լինեն։ 35Ոսկէ զանգակներն ու նռան ծաղկաբողբոջները շուրջանակի թող զարդարեն ներքին պատմուճանների քղանցքները։ 36Դա թող հագնի Ահարոնը, որպէսզի, երբ պաշտամունք է կատարում, Տիրոջ առաջ սրբարան մտնելիս ու ելնելիս լսուեն դրանց արձակած ձայները, եւ Ահարոնը չմեռնի։37Մաքուր ոսկուց թիթեղ կը պատրաստես եւ դրա վրայ, ինչպէս կնիքի վրայ են փորագրում, «Սրբութիւն Տեառն» կը փորագրես։ 38Այն կ՚ամրացնես նրբահիւս կապոյտ ժապաւէնի վրայ։ 39Դա կը կապես Ահարոնի գլխին դրուող խոյրի վրայ՝ ճակատի կողմից։ Ահարոնը պէտք է կրի Իսրայէլի որդիների նուիրած բոլոր ընծաները, եթէ նոյնիսկ նրանք անօրէնութիւններ գործած լինեն դրանք նուիրելիս։ Դա միշտ Ահարոնի ճակատին պէտք է լինի, որպէսզի այդ ընծաները ընդունելի լինեն Տիրոջը։ 40Մինչեւ ոտքի թաթերը հասնող երկարաւուն պատուճանը բեհեզից կը պատրաստես։ Բեհեզից կը պատրաստես նաեւ ապարօշն ու նախշազարդ գօտին։ 41Ահարոնի որդիների համար պատմուճաններ, գօտիներ եւ խոյրեր կը պատրաստես պատուի եւ փառքի համար։42Դրանք կը հագցնես քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին։ Կ՚օծես նրանց, կ՚օրհնես ու կը սրբագործես նրանց, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն։ 43Նրանց համար կտաւից անդրավարտիքներ կը պատրաստես, որպէսզի դրանք նրանց մէջքից մինչեւ սրունքները հասնելով՝ ծածկեն նրանց ամօթոյքը։ 44Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն այն, երբ մտնեն վկայութեան խորանը, կամ երբ պաշտամունք կատարելու համար մօտենան սուրբ սեղանին։ Նրանք մեղք թող չգործեն, որպէսզի չմեռնեն։ Դա թող լինի յաւիտենական օրէնք իր եւ իրեն յաջորդող սերնդի համար»։ 
29 «Ահա թէ ինչպէս կը վարուես նրանց հետ։ Կը սրբագործես նրանց, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն։ Հօտից կը վերցնես ոչ արատաւոր մի զուարակ եւ ոչ արատաւոր երկու խոյ, 2նաեւ բաղարջ հաց, իւղով հունցուած բաղարջ կարկանդակներ ու իւղով շաղուած բաղարջ բլիթներ։ Այդ բոլորը իւղով հունցուած ընտիր ալիւրով կը պատրաստես։ 3Դրանք կը դնես մի սկուտեղի վրայ եւ սկուտեղով էլ կը նուիրաբերես դրանք, ինչպէս նաեւ զուարակն ու երկու խոյերը։4Ահարոնին ու նրա որդիներին կը բերես վկայութեան խորանի դռան մօտ եւ նրանց կը լուանաս ջրով։ 5Զգեստներն առնելով՝ քո եղբայր Ահարոնի ներքնազգեստի վրայ կը հագցնես երկարաւուն պատուճանը, վակասն ու լանջապանակը։ Լանջապանակը կ՚ամրացնես վակասին։6Խոյրը կը դնես նրա գլխին, իսկ թիթեղեայ սուրբ պսակը կը դնես խոյրի վրայ։ 7Կը վերցնես օծութեան իւղից, կը քսես նրա գլխին եւ կ՚օծես նրան։8Մօտ կը բերես նրա որդիներին, նրանց նոյնպէս կը հագցնես զգեստները, 9Ահարոնի ու նրա որդիների մէջքին կը կապես գօտիները, ապարօշները կը դնես նրանց գլխին եւ նրանց քահանայութիւնը ինձ համար յաւիտենական կը լինի։ Այսպէս կը սրբագործես դու Ահարոնին ու նրա որդիներին։ 10Զուարակը կը բերես վկայութեան խորանի դռան մօտ, եւ Ահարոնն ու նրա որդիները վկայութեան խորանի դռան մօտ իրենց ձեռքերը կը դնեն զուարակի գլխին Տիրոջ առաջ։ 11Զուարակը կը մորթես Տիրոջ առաջ, վկայութեան խորանի դռան մօտ։ 12Կը վերցնես զուարակի արիւնից քո մատով ու կը քսես զոհասեղանի եղջիւրաձեւ անկիւններին, իսկ մնացած ամբողջ արիւնը կը հեղես զոհասեղանի յատակին։ 13Կը վերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լեարդի տակի բլթակը եւ երկու երիկամներն իրենց ճարպի հետ, կը դնես զոհասեղանի վրայ։ 14Զուարակի միսը, նրա մորթին ու կղկղանքը թող այրեն բանակատեղիից դուրս։ Դա հէնց մեղքերի համար է։ 15Կ՚առնես խոյերից մէկը, եւ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կը դնեն խոյի գլխին։ 16Կը մորթես խոյը եւ վերցնելով նրա արիւնը՝ կը հեղես զոհասեղանի շուրջը։ 17Խոյը կը բաժանես մասերի, ջրով կը լուանաս նրա փորոտիքն ու ոտքերը եւ դրանք նրա գլխի հետ կը դնես կտրտած մասերի վրայ։ 18Զոհասեղանի վրայ դրուած ամբողջ խոյը կը լինի Տիրոջն առաքուած անուշահոտ ողջակէզ։ Դա Տիրոջը մատուցուած զոհն է։ 19Կ՚առնես երկրորդ խոյը, եւ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կը դնեն խոյի գլխին։ 20Կը մորթես խոյը, կը վերցնես նրա արիւնից եւ կը քսես Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա որդիների աջ ականջի բլթակին, Ահարոնի աջ ձեռքի ծայրերին, նրա աջ ոտքի ծայրերին, նրա որդիների աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի ծայրերին, նրանց աջ ոտքերի ծայրերին։ Մնացած արիւնը կը հեղես զոհասեղանի շուրջը։ 21Կ՚առնես զոհասեղանի վրայ գտնուող արիւնից ու օծութեան իւղից եւ կը ցանես Ահարոնի ու նրա զգեստների վրայ, նրա որդիների ու նրա որդիների զգեստների վրայ։ Թող սրբագործուեն Ահարոնն ու իր զգեստները, նրա հետ նաեւ՝ նրա որդիներն ու նրա որդիների զգեստները։ Խոյի արիւնը կը հեղես զոհասեղանի շուրջը։ 22Կ՚առնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լեարդի տակի բլթակը, երկու երիկամներն իրենց ճարպի հետ եւ աջ զիստը»։ Դա սրբազան նուիրագործութիւնն է։23«Տիրոջ առաջ դրուած բաղարջների սկուտեղից կը վերցնես մի հաց, իւղով հունցուած մի կարկանդակ ու մի բլիթ, 24այդ ամէնը կը դնես Ահարոնի ձեռքերի վրայ, նրա որդիների ձեռքերի վրայ եւ որպէս ընծայ կը նուիրաբերես Տիրոջը։ 25Դրանք կը վերցնես նրանց ձեռքերից եւ ողջակէզների զոհասեղանի վրայ կ՚այրես իբրեւ անուշահոտ զոհ Տիրոջ առաջ»։ Դա Տիրոջ համար կատարուող զոհաբերութիւն է։ 26«Կ՚առնես Ահարոնին քահանայ օծելու համար զոհուած խոյի կուրծքը եւ այն որպէս ընծայ կը նուիրաբերես Տիրոջը, իսկ մնացեալը կը լինի քո բաժինը։ 27Կը սրբագործես խոյի կուրծքը որպէս նուիրաբերութիւն, ինչպէս նաեւ՝ նրա զիստը, որը նուիրագործուեց։ 28Եւ այն ամէնը, ինչ Ահարոնի եւ նրա որդիների կողմից որպէս բաժին կը հանուի խոյից, յաւիտենական օրէնք պիտի լինի Ահարոնի եւ նրա որդիների համար իսրայէլացիների մօտ, քանզի դա է ըստ օրինի նրանց հասանելիք բաժինը։ Եւ դա իսրայէլացիների՝ իրենց փրկութեան համար Տիրոջ առաջ զոհաբերուելիք ընծան թող լինի։ 29Ահարոնի սրբազան զգեստները իրենից յետոյ թող պատկանեն իր որդիներին, որպէսզի նրանք օրհնուեն ու օծուեն այդ զգեստները հագած։ 30Եօթը օր այդ զգեստները թող հագնի այն քահանան, որը նրա որդիներից լինելով՝ պիտի փոխարինի նրան, որպէսզի վկայութեան խորան մտնի սրբարանում պաշտամունք կատարելու համար։ 31Կը վերցնես նուիրագործութեան խոյը եւ դրա միսը կ՚եփես մի սուրբ վայրում։32Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն խոյի մսից։ Վկայութեան խորանի դռան մօտ թող ուտեն նաեւ սկուտեղի վրայի բաղարջ հացերը եւ 33այն բաները, որ իրենց ձեռնադրութեան եւ սրբագործութեան որպէս քաւութիւն ծառայեցին։ Որեւէ օտարական թող դրանցից չուտի, որովհետեւ դրանք սրբութիւններ են։ 34Եթէ նուիրագործութեան զոհի մսից ու հացից մնայ մինչեւ առաւօտ, ապա մնացորդները կ՚այրես կրակով. այն թող չուտուի, որովհետեւ Տիրոջ սրբութիւնն է։ 35Այն ամէնը, ինչ կարգադրում եմ քեզ Ահարոնի ու նրա որդիների վերաբերեալ, կը կատարես։ Եօթը օր կը կատարես նրանց օրհնութիւնը։36Մեղքերի քաւութեան զուարակը կը զոհես սրբութեան օրը։ 37Զոհ մատուցելու համար զոհասեղանը պէտք է սրբագործուած լինի։ Զոհասեղանը սրբագործելու համար եօթը օր պէտք է այն մաքրես, օծես, եւ զոհասեղանը կը լինի սրբութիւն սրբոց։ Զոհասեղանին դիպչող ամէն ոք կը սրբագործուի»։ 38«Ահա թէ ինչ պիտի զոհես զոհասեղանի վրայ. մշտնջենապէս, ամէն օր մէկ տարեկան ոչ արատաւոր երկու գառ պիտի զոհես զոհասեղանի վրայ. դա մշտնջենական զոհաբերութիւն է լինելու։ 39Մի գառ կը զոհես առաւօտեան, իսկ երկրորդ գառը կը զոհես երեկոյեան։ 40Ամէն մի գառան հետ կը բերես նաեւ շուրջ մէկուկէս լիտր զտուած իւղ՝ շաղուած երեք կիլոգրամ ընտիր ալիւրի հետ, ինչպէս նաեւ մէկուկէս լիտր գինի իբրեւ ընծայ։41Երկրորդ գառը կը զոհես երեկոյեան այնպէս, ինչպէս առաւօտեան զոհուած գառը՝ բերելով նոյն ընծաները։ Այն որպէս անուշահոտ զոհ կը մատուցես Տիրոջը։ 42Ձեր ազգի մէջ դա պիտի լինի վկայութեան խորանի դռան մօտ, Տիրոջ առաջ կատարուող մշտնջենական զոհաբերութիւն։ Ես քեզ յայտնուելու եմ այնտեղ, որպէսզի խօսեմ քեզ հետ։ 43Այնտեղ պիտի երեւամ Իսրայէլի որդիներին ու պիտի սրբագործուեմ իմ փառքով։ 44Ես պիտի սրբագործեմ վկայութեան խորանն ու զոհասեղանը, պիտի սրբագործեմ Ահարոնին ու նրա որդիներին, որպէսզի նրանք ինձ համար քահանայութիւն անեն։ 45Ես պիտի անուանուեմ Իսրայէլի որդիների մէջ եւ պիտի լինեմ նրանց Աստուածը։ 46Նրանք պիտի գիտենան, որ ե՛ս եմ իրենց Տէր Աստուածը, որ իրենց հանեց Եգիպտացիների երկրից, որպէսզի նրանք տան իմ անունը, եւ ես լինեմ իրենց Տէր Աստուածը»։ 
30 «Խնկարկութեան սեղան կը պատրաստես կարծր փայտից։ 2Այն կը շինես մէկ կանգուն երկարութեամբ եւ մէկ կանգուն լայնութեամբ. քառակուսի թող լինի։ Երկու կանգուն թող լինի դրա բարձրութիւնը։ Դրա եղջիւրաւոր անկիւնները սեղանի հետ միաձոյլ թող լինեն։3Մաքուր ոսկով կը պատես այն, ինչպէս նաեւ դրա կասկարան, չորս եզերքներն ու եղջիւրաւոր անկիւնները։ Դրա շուրջբոլորը ոսկէ պսակ կը պատրաստես։ 4Պսակի ներքեւի մասում, երկու կողմերին մաքուր ոսկուց երկուական օղակներ կը պատրաստես։ 5Դրանք կ՚ամրացնես նրա երկու կողմերին, որպէսզի լծակները օղակների մէջ անցկացնելով կարելի լինի բարձրացնել խնկարկութեան սեղանը։ 6Լծակները կը պատրաստես կարծր փայտից ու դրանք կը պատես ոսկով։7Խնկարկութեան սեղանը կը դնես վկայութեան տապանակի առջեւ գտնուող վարագոյրի դիմաց (վկայութեան վրայ գտնուող քաւութեան դիմաց), ուր ես երեւալու եմ քեզ։ 8Ահարոնը դրա վրայ, իբրեւ կարգ, ամէն առաւօտ մանր աղացած խունկ թող ծխի. թող խունկ ծխի դրա վրայ երբ կանթեղներն է պատրաստում։ 9Երբ Ահարոնը երեկոյեան վառի կանթեղները, Տիրոջ առաջ, խնկարկութեան սեղանի վրայ միշտ խունկ թող ծխի։ Դա նրանց ազգի մէջ խնկարկութեան մշտնջենական կարգ թող լինի։ 10Խնկարկութեան սեղանի վրայ օտար խունկ մի՛ ծխէք, ողջակէզներ, ուտուելիք ու խմուելիք ընծաներ մի՛ մատուցէք։11Ահարոնը տարին մէկ անգամ խնկարկութեան սեղանի եղջիւրաւոր անկիւնների վրայ քաւութեան ծէս պէտք է անի. նա այն պէտք է մաքրի մեղքերի քաւութեան համար զոհուող կենդանու արեամբ։ Նրա սերունդները տարին մէկ անգամ թող սրբագործեն այն, որովհետեւ դա Տիրոջ սրբութիւնների սրբութիւնն է»։ 12Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Երբ Իսրայէլի որդիների թիւն իմանալու համար մարդահամար կը կատարես, նրանք Տիրոջը պէտք է տան իրենց հոգու փրկագինը՝ ըստ իրենց անձերի թուի։ Մարդահամարի ժամանակ մահացութեան դէպքեր չպիտի լինեն։ 13Մարդահամարի ենթարկուողները պէտք է փրկագին վճարեն սրբարանի երկդրամեանի կէսը։ Երկդրամեանը քսան դանգի է հաւասար։ Երկդրամեանի կէսը թող լինի Տիրոջը հասանելիք տուրքը։ 14Քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող բոլոր նրանք, ովքեր կ՚անցնեն մարդահամարով, Տիրոջը հասանելիք տուրքը պէտք է վճարեն։ 15Մեծահարուստը թող չաւելացնի, իսկ աղքատը թող չպակասեցնի իսրայէլացիների՝ Տիրոջը որպէս տուրք հասանելիք կէսդրամեանը, որպէսզի դա ձեզ համար քաւութիւն լինի։ 16Որպէս տուրք Տիրոջ հասանելիք դրամը կը վերցնես Իսրայէլի որդիներից եւ այն կը յատկացնես վկայութեան խորանի սպասաւորութեանը։ Դա Տիրոջ առաջ Իսրայէլի որդիների համար յիշատակ կը լինի ի քաւութիւն նրանց»։ 17Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 18«Պղնձէ լուացարան պատրաստի՛ր։ Պղնձից շինի՛ր նրա պատուանդանը, որպէսզի լուացուեն նրա մէջ։ Այն կը դնես վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ։ Դրա մէջ ջուր կը լցնես։19Ահարոնն ու նրա որդիները այդ ջրով կը լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը. 20երբ մտնեն վկայութեան խորանը, ջրով թող լուացուեն, որպէսզի չմեռնեն։ Կամ երբ պաշտամունք կատարելու եւ Տիրոջը ողջակէզներ մատուցելու համար մօտենան զոհասեղանին, 21թող լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որպէսզի չմեռնեն։ Դա նրանց համար, նրա եւ նրանից յետոյ գալիք նրա յետնորդների համար յաւիտենական կարգ թող լինի»։ 22Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.23«Վերցրո՛ւ անուշահոտ համեմունքներ. զմռնենու հինգ հարիւր սիկղ ընտիր ծաղիկներ, դրա կէսի չափ՝ երկու հարիւր յիսուն սիկղ անուշաբոյր կինամոն, երկու հարիւր յիսուն սիկղ անուշաբոյր խնկեղէգ,24հինգ հարիւր սիկղ սրբարանի հիրիկ եւ ձիթապտղի շուրջ վեց լիտր ձէթ։ 25Դրանցից կը պատրաստես սուրբ օծութեան համար իւղ այնպէս, ինչպէս վարպետ իւղագործները ձէթ են պատրաստում։ Այն սուրբ օծութեան համար իւղ թող լինի։ 26Դրանով կ՚օծես վկայութեան խորանը, վկայութեան տապանակը, 27զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկութեան սեղանը,28ողջակէզների սեղանն ու նրա ամբողջ սպասքը, աւազանն ու նրա պատուանդանը։ 29Կը սրբագործես դրանք, եւ դրանք կը լինեն սրբութիւնների սրբութիւն։ Ամէն ոք, որ դիպչի դրան, կը մաքրուի։30Կ՚օծես Ահարոնին ու նրա որդիներին, կը սրբագործես նրանց, որպէսզի նրանք ինձ համար քահանայութիւն անեն։ 31Կը խօսես Իսրայէլի որդիների հետ ու կ՚ասես. «Այս իւղը ձեր սերունդների մէջ ձեր սուրբ օծութեան համար թող լինի։ 32Մարդու մարմնին թող չքսուի այն։ Ձեզ համար նոյն բաղադրութեամբ նման բան չպատրաստէք, որովհետեւ դա սրբութիւն է եւ ձեզ համար սրբութիւն էլ թող մնայ։ 33Ով այդպիսի բան պատրաստի, եւ ով դրանից օտարականի տայ, թող վերանայ իր ժողովրդի միջից»։ 34Տէրն ասաց Մովսէսին. «Վերցրո՛ւ անուշաբոյր համեմունքներ. ստաշխ, եղնգաքար, անուշաբոյր քաղբան եւ մաքուր կնդրուկ։ Դրանք թող քաշով իրար հաւասար լինեն։ 35Դրանք իրար խառնելով՝ մաքուր, սուրբ խունկ կը պատրաստես, ինչպէս վարպետ իւղագործներն են պատրաստում։ 36Դրանք մանր կ՚աղաս եւ կը դնես վկայութեան դիմաց՝ վկայութեան խորանի մէջ, ուր պիտի երեւամ քեզ։ Ձեր պատրաստած այդ խունկը ձեզ համար սրբութիւնների սրբութիւն թող լինի։ 37Ձեզ համար նոյն բաղադրութեամբ խունկ մի՛ պատրաստէք, որովհետեւ դա ձեզ համար սրբութիւն պիտի լինի Տիրոջ առաջ։ 38Այն մարդը, որ հոտոտելու համար այս բաղադրութեամբ խունկ կը պատրաստի, կը վերանայ իր ժողովրդի միջից»։ 
31 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Ես, ահա, Յուդայի ազգից ընտրեցի Բեսելիէլին, որը որդին է Ուրիի, իսկ սա՝ որդին Ովրի։ 3Ես նրան լցրի ամէն գործի համար անհրաժեշտ գիտութեան, հանճարի եւ իմաստութեան աստուածային ոգով, 4որպէսզի նա մտածի ու ստեղծագործի, 5որպէսզի մշակի ոսկին, արծաթն ու պղինձը, մանի կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւը, զբաղուի արհեստի կատարելութիւն հանդիսացող ակնագործութեամբ, նաեւ ատաղձագործութեամբ, որ գործի դնի ամէն մի արհեստ։ 6Ահա ես նրան օգնական եմ տալիս Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբին։ Ամէն մի ուշիմ մարդու հոգու մէջ դրի շնորհ, որպէսզի անի այն, ինչ պատուիրել եմ քեզ, այսինքն՝ 7պատրաստի վկայութեան խորանը, կտակարանների տապանակն ու նրա կափարիչը, խորանի ամբողջ սպասքն ու զոհարանը, 8զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, սուրբ աշտանակն ու նրա բոլոր զարդերը, խնկարկութեան սեղանը,9ողջակէզների սեղանն ու նրա բոլոր մասերը, աւազանն ու նրա պատուանդանը, 10ծիսակատարութեան զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների՝ ինձ համար քահանայութիւն անելու զգեստները, 11օծութեան իւղն ու սրբարանի խնկի համեմունքները։ Այս բոլորը, ինչ մի անգամ պատուիրել եմ քեզ, կը պատրաստես»։ 12Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Իսրայէլի որդիներին հաղորդի՛ր հետեւեալը. «Զգո՛յշ եղէք, պահեցէ՛ք իմ շաբաթ օրերը, 13որովհետեւ դա ձեր սերնդի մէջ իմ ու ձեր միջեւ դրուած պայմանն է, որպէսզի ճանաչէք, թէ ե՛ս եմ ձեզ սրբագործող Տէրը։ 14Կը պահէք շաբաթ օրերը, որովհետեւ Տիրոջ եւ ձեզ համար դա սրբութիւն է։ Ով այն պղծի, թող մահուան դատապարտուի։ Ամէն ոք, ով այդ օրը գործ կ՚անի, թող վերանայ իր ժողովրդի միջից։ 15Վեց օր գործ կ՚անես, իսկ եօթներորդ օրը Տիրոջ սուրբ հանգստեան շաբաթ օրն է։ Ով որ շաբաթ օրը գործ կ՚անի, թող մահուան դատապարտուի։ 16Իսրայէլի որդիները թող պահեն շաբաթ օրերը, որպէսզի դրանք ձեր սերնդի մէջ ի կատար ածուեն որպէս յաւիտենական ուխտ 17իմ ու Իսրայէլի որդիների միջեւ։ Դա իմ յաւիտենական պայմանն է, որովհետեւ Տէրը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ եօթներորդ օրը դադար տուեց եւ հանգստացաւ»։ 18Երբ Աստուած Սինա լերան վրայ աւարտեց իր խօսքը, Մովսէսին տուեց վկայութեան երկու տախտակները՝ Աստծու մատով գրուած քարէ տախտակները։ 
32 Ժողովուրդը տեսնելով, որ Մովսէսն ուշացաւ լեռից իջնելու, հաւաքուեց Ահարոնի մօտ ու ասաց նրան. «Դե՛հ, մեզ առաջնորդող աստուածներ ստեղծի՛ր, որովհետեւ չգիտենք, թէ ինչ եղաւ այն մարդը՝ Մովսէսը, որ մեզ Եգիպտոսից դուրս բերեց»։ 2Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր տղաների ու աղջիկների ականջներից հանեցէ՛ք ոսկէ գինդերը եւ բերէ՛ք ինձ»։ 3Բոլորը իրենց ականջներից հանեցին ոսկէ գինդերը եւ բերեցին տուեցին Ահարոնին։ 4Ահարոնը դրանք առնելով նրանցից՝ կաղապարի մէջ ձուլեց եւ կերտեց ձուլածոյ մի հորթ։ Նրանք ասացին. «Սա՛ է քո աստուածը, Իսրայէ՛լ, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից»։ 5Երբ Ահարոնն այդ տեսաւ, կուռքի առաջ զոհասեղան շինեց։ Ահարոնը յայտարարեց. «Վաղը Տիրոջ տօնն է»։ 6Առաւօտեան վեր կենալով՝ նա ողջակէզներ արեց եւ փրկութեան զոհեր մատուցեց։ Ժողովուրդը նստեց, որ կերուխում անի, ապա վեր կացաւ, որ պարի։ 7Տէրը Մովսէսին ասաց. «Շո՛ւտ արա, գնա իջի՛ր այստեղից, որովհետեւ անօրինութիւն է կատարում քո ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից։ 8Նրանք շատ շուտ շեղուեցին այն ճանապարհից, որ ցոյց տուեցիր նրանց։ Նրանք ձուլածոյ հորթ են կերտել, երկրպագում են նրան, զոհեր մատուցում ու ասում. «Սա՛ է քո աստուածը, Իսրայէ՛լ, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից»։ 9Տէրն ասաց Մովսէսին. «Ես տեսնում եմ, որ այս ժողովուրդը կամակոր է։ 10Արդ, թո՛յլ տուր ինձ, որ նրանց վրայ թափեմ իմ զայրոյթը՝ կոտորեմ նրանց, իսկ քեզ մեծ ազգ դարձնեմ»։ 11Մովսէսն աղաչեց իր տէր Աստծուն՝ ասելով. «Տէ՛ր, ինչո՞ւ ես այդպէս խիստ զայրանում քո ժողովրդի վրայ, որին քո մեծ զօրութեամբ ու հզօր բազկով դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից։ 12Այնպէս չլինի, որ եգիպտացիներն ասեն. «Չար մտադրութեամբ դուրս բերեց նրանց, որպէսզի լեռների վրայ կոտորի, երկրի երեսից վերացնի նրանց»։ Մեղմացրո՛ւ քո զայրոյթը, հրաժարուի՛ր քո ժողովրդին չարիք պատճառելուց։ 13Յիշի՛ր քո ծառաներ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, որոնց անձովդ երդուեցիր, խօսեցիր նրանց հետ՝ ասելով. «Երկնքի աստղերի չափ պիտի բազմացնեմ ձեր սերունդը»։ Եւ այն երկիրը, որ խոստացար տալ նրանց զաւակներին, նրանք յաւիտեան պիտի տիրանան դրան»։ 14Եւ Տէրը հրաժարուեց պատճառել այն չարիքները, որոնցով սպառնում էր պատժել ժողովրդին։ 15Մովսէսը վերադարձաւ եւ իջաւ լեռից։ Նրա ձեռքին էին վկայութեան երկու տախտակները։ Քարէ տախտակների երկու երեսին՝ այս ու այն կողմից գրուած էր։ 16Տախտակներն Աստծու գործն էին, իսկ տախտակների վրայ գրուած գիրը Աստծու արձանագրած գիրն էր։ 17Յեսուն, լսելով աղաղակող ժողովրդի ձայնը, Մովսէսին ասաց. «Բանակատեղիից պատերազմի ձայն է գալիս»։18Մովսէսն ասաց. «Դա ո՛չ յաղթանակած կտրիճների ճիչ է, ո՛չ էլ պարտուած զօրքի աղաղակ։ Գինուց ընդարմացած մարդկանց ձայնն է, որ լսում եմ ես»։ 19Երբ Մովսէսը մօտեցաւ բանակատեղիին եւ տեսաւ հորթն ու պարողներին, խիստ զայրացաւ, նետեց ձեռքում եղած երկու տախտակներն ու ջարդուփշուր արեց դրանք լերան ստորոտին։20Վերցնելով նրանց կերտած հորթը՝ Մովսէսը կրակը նետեց այն, ապա մանրեց, փոշու վերածեց, փոշին խառնեց ջրի մէջ ու տուեց ժողովրդին, որ խմի։ 21Մովսէսն ասաց Ահարոնին. «Ի՞նչ է արել քեզ այս ժողովուրդը, որ նրան այդպիսի մեծ մեղքերի մղեցիր»։ 22Ահարոնն ասաց Մովսէսին. «Մի՛ զայրացիր, տէ՛ր իմ, որովհետեւ դու ինքդ էլ գիտես, որ քո ժողովուրդը չարամէտ է։ 23Նրանք ասացին. «Մեզ համար առաջնորդող աստուածներ ստեղծիր, որովհետեւ չգիտենք, թէ ինչ պատահեց այն մարդուն՝ Մովսէսին, որը Եգիպտոսից դուրս բերեց մեզ»։ 24Ես նրանց ասացի. «Եթէ որեւէ մէկը ոսկի ունի, նրանից հանեցէ՛ք դա եւ բերէ՛ք»։ Նրանք ինձ տուեցին ոսկին, ես այն նետեցի կրակը, եւ ահա ստացուեց այս հորթը»։ 25Մովսէսը տեսաւ, որ ժողովուրդը պատուիրանազանց է եղել, որովհետեւ Ահարոնը նրանց յանցագործութեան էր մղել ի չարախնդութիւն իրենց թշնամիների։ 26Մովսէսը, կանգնելով բանակատեղիի մուտքի մօտ, ասաց. «Ով Տիրոջն է պատկանում, ինձ մօտենայ»։ Նրա շուրջը հաւաքուեցին Ղեւիի բոլոր որդիները։ 27Մովսէսը նրանց ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Իւրաքանչիւրը իր սուրը թող կապի իր ազդրին։ Բանակատեղիի մի մուտքից միւսը գնացէք-եկէք, եւ ձեզնից իւրաքանչիւրը թող սպանի իր եղբօրը, իւրաքանչիւրը՝ իր ընկերոջը, իւրաքանչիւրը՝ իր մերձաւորին»։28Ղեւիի որդիներն արեցին այնպէս, ինչպէս ասել էր Մովսէսը։ Այդ օրը ժողովրդի միջից շուրջ երեք հազար մարդ կոտորուեց։ 29Մովսէսն ասաց նրանց. «Այսօր իւրաքանչիւրդ ձեր ձեռքով ծառայեցիք Տիրոջը. մէկն սպանեց իր որդուն, միւսն՝ իր եղբօրը, որի համար այսօր ձեզ վրայ կ՚իջնի Տիրոջ օրհնութիւնը»։ 30Յաջորդ օրը Մովսէսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք էք գործել, բայց ես հիմա կը բարձրանամ Աստծու մօտ, որպէսզի ձեր մեղքերի համար քաւութիւն խնդրեմ նրանից»։ 31Մովսէսը վերադարձաւ Տիրոջ մօտ ու ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, այդ ժողովուրդը մեծ մեղք է գործել, որովհետեւ իր համար ոսկէ աստուածներ է կերտել։ Արդ, եթէ ներելու ես իրենց մեղքերը, ների՛ր,32իսկ եթէ չես ներելու, ուրեմն իմ անունը ջնջի՛ր քո մատեանից, ուր գրել ես ինձ»։ 33Տէրն ասաց Մովսէսին. «Ես իմ մատեանից կը ջնջեմ նրան, ով մեղանչել է իմ դէմ։ 34Բայց հիմա գնա՛, իջի՛ր եւ այդ ժողովրդին առաջնորդի՛ր այն վայրը, որի մասին ասել եմ քեզ։ Իմ հրեշտակը կը գնայ քո առաջից։ Այն օրը, սակայն, երբ պիտի այցելեմ ձեզ, նրանց մեղքերը իրենց վրայ պիտի դնեմ»։ 35Եւ Տէրը ժողովրդին պատուհասեց այն հորթի համար, որ կերտել էր Ահարոնը։ 
33 Տէրն ասաց Մովսէսին. «Ելէ՛ք այստեղից դու եւ քո ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից, եւ գնացէ՛ք այն երկիրը, որ երդուել եմ տալ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին՝ ասելով՝. «Ձեր սերնդին եմ տալու այն»։ 2Ես քո առաջից կ՚ուղարկեմ իմ հրեշտակին, որ հալածի քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, խեւացիներին ու յեբուսացիներին,3քեզ կը տանեմ այն երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում։ Բայց ես, կամակո՛ր ժողովուրդ, քեզ հետ դուրս չպիտի ելնեմ, որպէսզի ճանապարհին քեզ չկոտորեմ»։ 4Ժողովուրդը, լսելով այդ խիստ խօսքերը, մեծ սուգ արեց, սգաւորի զգեստներ հագաւ, ոչ ոք իր վրայ զարդ չկրեց։ 5Տէրն ասաց Մովսէսին. «Դու իսրայէլացիներին ասա՛. «Դուք կամակոր ժողովուրդ էք։ Զգո՛յշ եղէք, թէ չէ մի այլ պատուհաս էլ կը բերեմ ձեր գլխին եւ կը կոտորեմ ձեզ։ Արդ, հանեցէ՛ք ձեր շքեղ պատմուճանները, ձեր զարդերը, որպէսզի ցոյց տամ ձեզ, թէ ինչ եմ անելու ձեզ»։ 6Իսրայէլացիները Քորեբ լերան մօտ հանեցին իրենց զարդերն ու պատմուճանները։ 7Մովսէսն իր վրանը խփեց բանակատեղիից դուրս՝ առանձին մի տեղում։ Դա կոչուեց Վկայութեան վրան։ Ով ինչ հայցում էր Տիրոջից, գալիս էր բանակատեղիից դուրս գտնուող Վկայութեան վրանը։ 8Երբ Մովսէսը դէպի վրանն էր գնում, ողջ ժողովուրդը՝ ամէն մէկն իր վրանի դռան մօտ կանգնած, ուշադիր դիտում էր նրան. նրանք հայեացքով հետեւում էին Մովսէսին, մինչեւ որ նա գնում մտնում էր իր վրանը։ 9Երբ Մովսէսը մտնում էր վրանը, ամպի մի սիւն էր իջնում ու կանգնում վրանի դռան մօտ, եւ Տէրը խօսում էր Մովսէսի հետ։ 10Ողջ ժողովուրդը, տեսնելով վրանի դռան մօտ կանգնած ամպի սիւնը, ոտքի էր կանգնում, իւրաքանչիւրը երկրպագում էր իր վրանի դռան մօտ։ 11Տէրը Մովսէսի հետ խօսում էր դէմ յանդիման, ինչպէս մէկը կը խօսէր իր բարեկամի հետ, եւ ապա Մովսէսը վերադառնում էր բանակատեղի։ Բայց նրա սպասաւոր Յեսուն՝ Նաւէի որդին, վրանից դուրս չէր գալիս։ 12Մովսէսն ասաց Տիրոջը. «Ահա ինձ ասում ես. «Տա՛ր այս ժողովրդին», բայց դու չես յայտնել, թէ ում ես ուղարկելու ինձ հետ։ Դու ինձ ասացիր՝ «Քեզ բոլորից բարձր եմ դասում, դու վայելում ես իմ շնորհը»։ 13Արդ, եթէ քո շնորհին եմ արժանացել ես, ինձ յայտնապէս երեւայ, որպէսզի իմանամ, թէ ինչով եմ արժանացել քո շնորհին, իմանամ, որ քո այս ժողովուրդը մեծ ազգ է լինելու»։ 14Տէրն ասաց. «Ես ինքս պիտի գնամ քո առաջից ու պիտի տեղաւորեմ քեզ»։ 15Մովսէսն ասաց նրան. «Եթէ դու ինքդ մեզ հետ չգնաս, ուրեմն ինձ այստեղից մի՛ հանիր։ 16Եւ ինչի՞ց պիտի իմացուի, թէ ես ու քո ժողովուրդն, իրօք, քո շնորհին ենք արժանացել։ Եթէ դու մեզ հետ գնաս, ես ու քո ժողովուրդը կը փառաւորուենք շատ աւելի, քան երկրի վրայ եղած բոլոր ազգերը»։17Տէրն ասաց Մովսէսին. «Այդ քո ասածն էլ կը կատարեմ, որովհետեւ դու իմ շնորհին ես արժանացել, եւ քեզ աւելի եմ ճանաչում, քան մնացած բոլորին»։ 18Մովսէսն ասաց. «Ցո՛յց տուր ինձ քո փառքը»։19Տէրն ասաց. «Ես իմ փառքով կ՚անցնեմ քո առաջից, քո առաջ կը կոչեմ իմ անունը՝ Տէր, կ՚ողորմեմ նրան, ում ողորմելու եմ, եւ կը գթամ նրան, ում գթալու եմ»։ 20Եւ Տէրն աւելացրեց. «Դու չես կարող տեսնել իմ երեսը, որովհետեւ մարդ չի կարող տեսնել իմ երեսն ու կենդանի մնալ»։21Տէրը շարունակեց. «Ահա իմ առաջ մի տեղ կայ, կանգնի՛ր այս ժայռի վրայ։ 22Երբ ես անցնեմ իմ փառքով, քեզ կը դնեմ ժայռի ծերպի մէջ եւ իմ ձեռքով կը ծածկեմ քեզ, մինչեւ որ անցնեմ։ 23Իմ ձեռքը քո վրայից կը վերցնեմ, եւ ապա դու ինձ կը տեսնես թիկունքից։ Բայց իմ դէմքը քեզ չի երեւայ»։ 
34 Տէրն ասաց Մովսէսին. «Դու ինքդ նախկին տախտակների նման քարէ երկու տախտակներ կոփի՛ր եւ ինձ մօտ՝ լեռը բարձրացի՛ր։ Տախտակների վրայ կը գրեմ այն պատգամները, որ արձանագրուած էին քո ջարդուփշուր արած նախկին տախտակների վրայ։ 2Պատրա՛ստ եղիր վաղը, որ վաղ առաւօտեան բարձրանաս Սինա լեռը եւ այնտեղ ինձ սպասես լերան գագաթին։ 3Հետդ ոչ ոք թող չբարձրանայ, ոչ ոք ամենեւին չերեւայ լերան վրայ։ Արջառ ու ոչխար չարածեն լերան մօտ»։ 4Մովսէսը նախկինների նմանութեամբ քարէ երկու տախտակներ կոփեց։ Առաւօտեան վեր կենալով՝ Մովսէսը բարձրացաւ Սինա լեռը, ինչպէս Տէրն էր հրամայել նրան։ Մովսէսն իր հետ վերցրեց քարէ երկու տախտակները։ 5Տէրն իջաւ ամպի մեջ, կանգնեց այնտեղ՝ նրա դիմաց, ու կոչեց իր անունը՝ Տէր։ 6Տէրն անցաւ Մովսէսի առաջ՝ ասելով. «Տէր Աստուած եմ, գթացող եւ ողորմած, համբերատար, բարեգութ ու ճշմարիտ, որ 7արդարութիւնն է պաշտպանում, իր ողորմածութիւնն է ցուցաբերում հազարաւոր սերունդների հանդէպ, վերացնում անօրէնութիւնները, անիրաւութիւններն ու մեղքերը, մեղաւորին չի ազատում պատժից, հայրերի գործած մեղքերը բարդում է որդիների եւ որդիների որդիների վրայ մինչեւ երրորդ ու չորրորդ սերունդը»։8Մովսէսն իսկոյն խոնարհուելով՝ երկրպագութիւն արեց 9ու ասաց. «Տէ՛ր, եթէ քո շնորհին եմ արժանացել, ուրեմն իմ Տէրը մեզ հետ թող գնայ, որովհետեւ այս ժողովուրդը կամակոր է։ Դու կը ներես մեր անօրէնութիւններն ու մեղքերը, եւ մենք կը լինենք քոնը»։ 10Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քո ու ամբողջ ժողովրդի առաջ քեզ հետ ուխտ եմ դնում։ Ես այնպիսի զարմանահրաշ գործեր պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրայ եւ բոլոր ազգերի մէջ չեն կատարուել։ Ամբողջ ժողովուրդը, նրանց թւում նաեւ դու, ականատես պիտի լինէք Տիրոջ գործերին։ Որովհետեւ ձեզ համար ես զարմանահրաշ գործեր պիտի անեմ։ 11Ըստ ամենայնի դու ուշադիր եղիր, թէ ինչ եմ կարգադրելու քեզ այսօր։ Ես, ահա, ձեզնից հեռացնելու եմ ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խեւացիներին, գերգեսացիներին ու յեբուսացիներին։ 12Զգո՛յշ եղիր, ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր մուտք ես գործելու։ Չլինի թէ գայթակղուէք։ 13Քարուքանդ կ՚անէք նրանց բագինները, ջարդուփշուր կ՚անէք նրանց արձանները, ամբողջովին կը կտրէք նրանց սրբազան անտառները եւ կրակի կը տաք նրանց աստուածների արձանները։ 14Օտար աստուածների չերկրպագէք, որովհետեւ Տէր Աստուածը նախանձոտ է, այո՛, Աստուած նախանձոտ է։ 15Չլինի թէ ձեր մարդիկ ուխտ կապեն այդ երկրի բնակիչների հետ եւ նրանց աստուածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան, զոհեր մատուցեն նրանց աստուածներին, եւ նրանց հրաւէրն ընդունելով՝ չլինի թէ դու էլ ուտես նրանց զոհաբերած անասունների մսից, 16քո տղաներին ամուսնացնես նրանց դուստրերի հետ, քո դուստրերին կնութեան տաս նրանց տղաներին, քո դուստրերը նրանց աստուածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան ու պոռնկացնեն նաեւ քո՛ տղաներին՝ աստուածներին պաշտամունք մատուցելով։ 17Քեզ համար աստուածների կուռքեր չձուլես։ 18Կը պահես Բաղարջակերաց տօնը. նոր բերք քաղելու ամսին, ինչպէս պատուիրել եմ քեզ, եօթը օր բաղարջ հաց կ՚ուտես, քանի որ նոր բերք քաղելու ամսին ես դուրս եկել Եգիպտոսից։ 19Ինձ պիտի պատկանեն բոլոր մարդկանց անդրանիկ արու զաւակները, 20նաեւ՝ քո անասունների՝ արջառի ու ոչխարի առաջնածին արուները։ Էշի առաջնածինին կը փոխանակես գառով, իսկ եթէ չփոխանակես այն, ինձ կը տաս դրա փոխարժէքը։ Քո որդիների բոլոր անդրանիկների փրկագինը կը տաս ինձ։ Իմ առաջ ձեռնունայն չերեւաս։ 21Վեց օր կ՚աշխատես, իսկ եօթներորդ օրը կը հանգստանաս։ Կը հանգստանաս նաեւ ցանքի ու հնձի ժամանակ։ 22Եօթնօրեակի տօնը ինձ համար կը կատարես ցորենի հնձի սկզբում, իսկ բերքահաւաքի տօնը՝ տարուայ կէսին։ 23Տարին երեք անգամ քո բոլոր արու երեխաները թող ներկայանան Իսրայէլի տէր Աստծուն, 24որովհետեւ ես ազգեր պիտի հեռացնեմ քո մօտից, պիտի ընդարձակեմ քո սահմանները, ոչ ոք աչք չպիտի ունենայ քո երկրի վրայ, եթէ տարուայ մէջ երեք անգամ ներկայանաս տէր Աստծուն։ 25Ինձ զոհաբերած անասունի արիւնը թթխմորով հացի վրայ չթափես, եւ զատկի տօնի զոհը մինչեւ առաւօտ չմնայ։ 26Քո երկրի առաջին բերքը կը տանես քո տէր Աստծու տունը։Գառը իր մօր կաթի մէջ չեփես»։ 27Տէրն այնուհետեւ ասաց Մովսէսին «Գրի՛ առ այդ պատգամները, որովհետեւ այդ խօսքերով եմ ես ուխտ կապում քեզ հետ եւ Իսրայէլի հետ»։ 28Մովսէսը Տիրոջ հետ էր քառասուն օր ու քառասուն գիշեր։ Նա հաց չկերաւ, ջուր չխմեց եւ տախտակների վրայ գրի առաւ ուխտի խօսքերը՝ տասը պատուիրանները։ 29Երբ Մովսէսն իջնում էր Սինա լեռից, ուխտի երկու տախտակները Մովսէսի ձեռքին էին։ Լեռից իջնելիս Մովսէսը չգիտէր, որ Տիրոջ հետ խօսելու պատճառով իր երեսը ճառագում է։ 30Ահարոնն ու բոլոր իսրայէլացիները, տեսնելով Մովսէսի ճառագող երեսը, վախեցան մօտենալ նրան։ 31Մովսէսը կանչեց նրանց. Ահարոնն ու ժողովրդի բոլոր առաջնորդները գնացին նրա մօտ, եւ Մովսէսը խօսեց նրանց հետ։ 32Ապա նրան մօտեցան բոլոր իսրայէլացիները, եւ Մովսէսը պատմեց նրանց այն ամէնը, ինչ Տէրը խօսել էր իր հետ Սինա լերան վրայ։ 33Երբ Մովսէսը նրանց հաղորդած իր խօսքը վերջացրեց, երեսը ծածկեց քօղով։ 34Երբ Մովսէսը Տիրոջ հետ խօսելու համար ներկայանում էր նրան, հանում էր քօղը մինչեւ այնտեղից հեռանալը։ Եւ երբ հեռանում էր այնտեղից, նա բոլոր իսրայէլացիներին հաղորդում էր այն, ինչ Տէրը հրամայել էր իրեն։ 35Իսրայէլացիները տեսնում էին, որ Մովսէսի երեսը ճառագում է։ Մովսէսն այն ժամանակ քօղով ծածկում էր երեսը մինչեւ խօսելու համար նրա մօտ մտնելը։ 
35 Մովսէսը հաւաքեց ամբողջ իսրայէլացի ժողովրդին ու ասաց նրանց. «Ահա այն բաները, որ Տէրն ասաց, որ պէտք է անել. 2«Վեց օր պիտի աշխատէք, իսկ եօթներորդ օրը պիտի հանգստանաք. շաբաթ օրը սուրբ է՝ Տիրոջ հանգստեան օրը։ Ով որ այդ օրն աշխատի, կը մեռնի։3Շաբաթ օրը ձեր բոլորի տներում կրակ չպիտի վառուի, որովհետեւ ե՛ս եմ Տէրը»։ 4Մովսէսը, դիմելով իսրայէլի ամբողջ ժողովրդին, ասաց. «Այս է այն պատգամը, որ պատուիրել է Տէրը՝ ասելով. 5«Դուք ձեր մէջ տուրք հաւաքեցէ՛ք Տիրոջ համար։ Ում սրտով ինչ անցնի, այն թող նուիրի Տիրոջը. ոսկի, արծաթ, պղինձ, կապոյտ, 6ծիրանի եւ կրկնակի կարմիր գոյնի մանուած թելեր, նրբահիւս բեհեզ, այծի մազ, 7խոյի կարմիր ներկուած մորթի, կապոյտ ներկուած մորթիներ, կարծր փայտեր, 8լուսաւորութեան համար ձէթ, օծութեան իւղի համար համեմունքներ, խնկի բաղադրամասեր, 9սարդիոն քարեր, զմրուխտ քարեր, վակասի եւ երկարաւուն պատմուճանի համար քարեր»։ 10«Ձեր միջի խելահասները թող գան ու անեն այն ամէնը, ինչ պատուիրել է Տէրը. 11վրանն ու նրա ծածկը, նրա ծոպաւոր վարագոյրներն ու օղակները, նրա տախտակներն ու նիգերը, նրա մոյթերն ու խարիսխները, 12վկայութեան տապանակը, նրա լծակները, կափարիչը, քօղը, բակի առագաստն ու նրա մոյթերը, զմրուխտ քարերը, խնկերը, օծութեան իւղը, 13զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, զոհասեղանի ամպհովանին, նրա լծակներն ու ամբողջ սպասքը, առաջաւորութեան հացը, 14լոյսի աշտանակն ու նրա բոլոր մասերը, նրա կանթեղներն ու լուսաւորութեան ձէթը, 15խնկարկութեան սեղանն ու նրա լծակները, օծութեան իւղը, խնկերի համեմունքները, վրանի դռան վարագոյրը,16ողջակէզների զոհասեղանն ու նրա պղնձէ կասկարան, նրա լծակներն ու ամբողջ սպասքը, 17աւազանն ու նրա պատուանդանը, բակի առագաստը, նրա մոյթերն ու խարիսխները, 18բակի դռան առագաստը, վրանի ցցերն ու բակի ցցերը, դրանց պարանները, 19այն զգեստները, որոնցով սրբազան պաշտամունք պիտի կատարեն սրբարանում, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու Ահարոնի որդիների քահանայութեան զգեստները»։ 20Բոլոր իսրայէլացիները գնացին Մովսէսի մօտից, 21եւ ամէն մէկը բերեց իր սրտից բխածը. նրանք Տիրոջն էին նուիրաբերում այն ամէնը, ինչ անհրաժեշտ էր վկայութեան խորանի, նրա կահաւորանքի, բոլոր սրբազան զգեստների համար։22Բոլոր տղամարդիկ, ում մտքով ինչ որ անցնում էր, բերեցին։ Ոմանք՝ իրենց կանանց թանկագին քարերը, գինդերը, մատանիները, ծամակալները, մանեակներն ու ամէն տեսակ ոսկէ զարդեր։ Բոլոր տղամարդիկ իրենց ունեցած ոսկէ իրերը նուիրաբերում էին Տիրոջը։23Ամէն տղամարդ, ում մօտ կային կապոյտ, ծիրանի եւ կարմիր գոյնի մանուած թելեր, նրբահիւս բեհեզ, այծի մազ, խոյերի կարմիր ներկուած մորթիներ, կապոյտ ներկուած մորթիներ, բերում էր։24Նուիրաբերողները արծաթէ ու պղնձէ նուէրներ էին բերում Տիրոջը։ Ում մօտ կահոյքի համար պիտանի կարծր փայտ կար, բերում էր։25Բոլոր շնորհալի կանայք իրենց ձեռքով կապոյտ, ծիրանի ու կարմիր գոյնի թելեր ու բեհեզ էին հիւսում եւ նուէր բերում։ 26Բոլոր կանայք յօժարակամ այծերի մազ էին մանում հմտութեամբ։ 27Ցեղապետները բերում էին զմրուխտէ քարեր, վակասի ու լանջապանակի համար անհրաժեշտ քարեր, 28խնկերի համար համեմունքներ, լուսաւորութեան համար ձէթ ու օծութեան իւղ։ 29Բոլոր տղամարդիկ ու կանայք յօժարակամ գալիս էին կատարելու այն բոլոր գործերը, որ Տէրը պատուիրել էր անել Մովսէսի միջոցով։ Իսրայէլացիները նուէրներ էին մատուցում Տիրոջը։ 30Մովսէսն ասաց իսրայէլացիներին. «Տեսէ՛ք, Աստուած ընտրել է յատկապէս Յուդայի ցեղից Բեսելիէլին՝ Ուրիի որդուն, որը որդին էր Ովրի։ 31Աստուած նրան լցրել է ամէն ինչի համար անհրաժեշտ աստուածային իմաստութեան ոգով, հանճարով եւ գիտութեամբ, 32որպէսզի նա ամէն մի գործ կատարի հմտութեամբ, մշակի ոսկին, արծաթն ու պղինձը, 33տաշի թանկարժէք քարերը, մշակի փայտը եւ ամէն մի գործ կատարի վարպետօրէն, որովհետեւ Տէրը նրան իմաստութիւն է պարգեւել, 34ինչպէս որ Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբին, 35որոնց իմաստուն միտք պարգեւեց, որպէսզի սրանք սովորեն ու կատարեն սուրբ գործի համար անհրաժեշտ ամէն տեսակ գործեր՝ ոստայնանկութիւն անեն կապոյտ, ծիրանի ու կարմիր ներկուած թելերով եւ բեհեզով, նկարեն, քանդակեն»։ 
36 Բեսելիէլը, Եղիաբն ու ընդունակ բոլոր տղամարդիկ, որոնց Տէրը գործի մէջ խելամուտ լինելու համար իմաստութիւն եւ գիտութիւն էր պարգեւել, ըստ ամենայնի կատարեցին սրբարանը հանդերձաւորելու աշխատանքները այնպէս, ինչպէս հրամայել էր Տէրը։ 2Մովսէսը կանչեց Բեսելիէլին, Եղիաբին ու բոլոր նրանց, ովքեր ընդունակ էին գործ անելու, եւ որոնց Աստուած իմաստութեան ոգի էր պարգեւել, բոլորին, ովքեր յօժար կամքով ուզում էին ձեռնարկել ու աւարտել այդ գործը։3Նրանք Մովսէսից ստացան այն բոլոր նուէրները, որ իսրայէլացիները բերել էին սրբարանը հանդերձաւորելու համար։ Ամէն առաւօտ նրանք ընդունում էին նաեւ նուիրատուների բերած նուէրները։ 4Գալիս էին սրբարանի գործերը կատարող բոլոր վարպետները, որպէսզի իւրաքանչիւրն ըստ իր մասնագիտութեան գործադրի իր վարպետութիւնը։ 5Նրանք խօսեցին Մովսէսի հետ ու ասացին. «Ժողովուրդը շատ աւելին է բերում, քան անհրաժեշտ է Աստծու հրամայած գործը կատարելու համար»։ 6Մովսէսը կարգադրեց բանակատեղիում յայտարարութիւն անել եւ ասել. «Տղամարդ լինի թէ կին, սրբարանի համար այլեւս նուէրներ չպատրաստի»։ Դրանից յետոյ ժողովրդին արգելեցին նուէրներ բերել։ 7Բերում էին միայն իրենց արդէն իսկ գործածները, որպէսզի աւարտեն բոլոր գործերը։ Եւ մարդիկ դադարեցին բերելուց։ 8Գործի ընդունակ բոլոր մարդիկ արհեստաւորների հետ նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի ու կրկնակի կարմիր կտաւից պատրաստեցին տասշերտանի խորանը, այն զարդարեցին ասեղնագործ քերովբէներով։ 9Մէկ շերտի երկարութիւնը քսանութ կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն։ Բոլոր շերտերի չափսը նոյնն էր։ 10Հինգ շերտերը միացուած էին միւս հինգ շերտերին, իսկ միւս հինգ շերտերն էլ միացուած էին միւս հնգին։ 11Նա կապոյտ ճարմանդներ դրեց մի շերտի եզրին՝ միացման տեղում։ 12Նոյնն արեց միացուող երկրորդ շերտի արտաքին կցուածքի վրայ։ 13Յիսուն ճարմանդ դրեց մի շերտի եւ յիսուն ճարմանդ էլ դրեց երկրորդ կցուածքի շերտի կողմից, որպէսզի ճարմանդներից իւրաքանչիւրը միանայ միւսին։ Պատրաստեց ոսկէ յիսուն օղակներ եւ դրանցով շերտերը միացրեց միմեանց։ Ստացուեց մի խորան։ 14Խորանի համար այծի մազից հիւսուած ծածկեր պատրաստեց. տասնմէկ շերտից շինեց դրանք։ 15Մէկ շերտի երկարութիւնը երեսուն կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն։ Տասնմէկ շերտերի չափսը նոյնն էր։ 16Հինգ շերտերը միացրեց առանձին, եւ վեց շերտերն էլ՝ առանձին։17Միացման տեղում, շերտերի եզրին դրեց յիսուն ճարմանդ եւ յիսուն ճարմանդ էլ դրեց երկրորդ կցուածքի շերտի եզրին։ 18Պատրաստեց յիսուն պղնձէ օղակներ, եւ դրանք իրար կցեց, որ վրանը միակտուր դառնայ։ 19Խորանի ծածկը պատրաստեց խոյերի կարմիր ներկուած մորթիներից, իսկ կապոյտ մորթուց պատրաստուած ծածկը դրեց վերին կողմից։ 20Խորանի երկու մոյթերը պատրաստեց կարծր փայտից եւ դրեց ուղղահայեաց դիրքով։ 21Մէկ մոյթի երկարութիւնը տասը կանգուն էր, իսկ հաստութիւնն ու լայնութիւնը՝ մէկուկէս կանգուն։ 22Ամէն մի մոյթի վրայ դրեց իրար ագուցուած երկու ծղնի։ Այդպէս պատրաստեց նաեւ խորանի բոլոր մոյթերը։ 23Խորանի համար մոյթեր պատրաստեց. քսան մոյթ դրեց հարաւային կողմում եւ այդ քսան մոյթերի համար պատրաստեց քառասուն խարիսխ. 24մէկ մոյթի երկու կողմերի համար՝ երկու խարիսխ եւ միւս մոյթի երկու կողմերի համար էլ՝ երկու խարիսխ։25Վրանի երկրորդ՝ հիւսիսային կողմի համար պատրաստեց քսան մոյթ26եւ արծաթէ քառասուն խարիսխ. մէկ մոյթի համար՝ երկու խարիսխ, եւ միւս մոյթի համար էլ՝ երկու խարիսխ։ 27Վրանի յետեւի՝ ծովահայեաց կողմում դրեց վեց մոյթ 28եւ երկու մոյթ էլ դրեց վրանի անկիւններին՝ յետեւի կողմից։ 29Ներքեւի կողմից նրանք իրար հաւասար էին։ Նոյն ձեւով հաւասար էին գլխի՝ իրար միացուած կողմից։ Նոյն ձեւով շինեց նաեւ երկու անկիւնների մոյթերը։ 30Այսպիսով ստացուեց ութ մոյթ։ Դրանց խարիսխներն արծաթից էին, ընդամէնը տասնվեց խարիսխ. մէկ մոյթի համար՝ երկու խարիսխ, եւ երկու խարիսխ էլ՝ միւս մոյթի համար։ 31Կարծր փայտից նիգեր պատրաստեց. հինգ նիգ՝ վրանի մի կողմի մի մոյթի համար, 32հինգ նիգ՝ վրանի երկրորդ կողմի միւս մոյթի համար, եւ հինգ նիգ՝ վրանի թիկունքի՝ ծովահայեաց կողմի մոյթի համար։ 33Մէջտեղի նիգը մոյթերի մի ծայրից մինչեւ միւսն անցկացնելով՝ միացրեց իրար։ 34Երկու մոյթերը պատեց ոսկով։ Ոսկուց պատրաստեց նրանց երկու օղակները, որոնց մէջ մտնում էին նիգերը։ Նիգերը պատեց ոսկով։ 35Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից վարագոյր պատրաստեց։ Այն զարդարեց ասեղնագործուած քերովբէով 36եւ ամրացրեց կարծր փայտից շինուած չորս մոյթերի վրայ։ Դրանց խոյակները ոսկուց էին, իսկ չորս խարիսխները՝ արծաթից։ 37Վկայութեան խորանի դռան առագաստը պատրաստեց կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից՝ վրան ասեղնագործուած քերովբէ։ 38Շինեց խորանի հինգ մոյթերն ու դրանց օղակները, դրանց խոյակները պատեց ոսկով։ Դրանց պղնձէ խարիսխները հինգն էին։ 
37 Բեսելիէլը տապանակը կառուցեց կարծր փայտից. երկուսուկէս կանգուն էր դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն էր դրա լայնութիւնը, մէկուկէս կանգուն էր դրա բարձրութիւնը։ Այն ներսից ու դրսից պատեց ոսկով, 2դրա վրայ շուրջանակի ոսկէ պսակ շինեց։ 3Չորս ոսկէ օղակներ ձուլեց դրա չորս կողմերի համար. երկու օղակներ՝ մի կողմից, եւ երկու օղակներ՝ միւս կողմից։ Դրանք հագցրեց լծակներին։4Լծակները շինեց կարծր փայտից եւ դրանք պատեց ոսկով։ 5Լծակները տապանակի կողքերից մտցրին օղակների մէջ, որպէսզի դրանցով բարձրացնեն այն։ 6Տապանակի կափարիչը պատրաստեցին մաքուր ոսկուց. երկուսուկէս կանգուն էր դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը։ 7Կափարիչի երկու ծայրերի երկու քերովբէները պատրաստեց ոսկուց. կատարեալ մի գործ շինեց դրանք։8Մի քերովբէն դրուած էր կափարիչի մի ծայրին, իսկ միւս քերովբէն՝ կափարիչի միւս ծայրին։ Երկու քերովբէները միաձոյլ էին կափարիչի երկու ծայրերի հետ։ 9Քերովբէները դէպի վեր էին տարածել իրենց թեւերը եւ իրենց թեւերով հովանի էին անում կափարիչի վրայ։ Կափարիչի վրայ քերովբէների դէմքերը իրար դէմ դիմաց էին։10Առաջաւորութեան սեղանը պատրաստեց մաքուր ոսկուց։ Դրա համար ոսկէ չորս օղակներ ձուլեց. երկուսը՝ մի կողմի, եւ երկուսը՝ միւս կողմի համար։ Պատրաստեց նաեւ լծակներ, որպէսզի դրանցով բարձրացնեն սեղանը։ Տապանակի ու սեղանի լծակները պատրաստեց կարծր փայտից եւ դրանք պատեց ոսկով։ Երկու կանգուն էր սեղանի երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը, եւ մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը։ 11Այն պատեց մաքուր ոսկով եւ դրա համար շուրջանակի ոսկէ պսակներ պատրաստեց։ 12Դրա վրայ շուրջանակի, մէկ թզաչափ բարձրութեամբ շրջանակ դրեց եւ դրա շրջանակի չորս կողմը ոսկէ պսակներ դրեց։ 13Սեղանի համար ոսկէ չորս օղակներ պատրաստեց եւ օղակներն ամրացրեց չորս անկիւններին, 14որոնք նրա չորս ոտքերի վրայ էին՝ պսակի տակ։ Օղակները լծակների համար իբրեւ ագոյց ծառայեցին, որպէսզի մարդիկ լծակներից բռնած բարձրացնեն սեղանը։ 15Կարծր փայտից երկու լծակներ պատրաստեց, որպէսզի դրանցով բարձրացնեն սեղանը, եւ դրանք պատեց ոսկով։ 16Մաքուր ոսկուց պատրաստեց սեղանի անօթները՝ դրա խնկամաններն ու սկուտեղները, դրա գաւաթներն ու սկիհները, որոնցով գինի են մատուցում։ 17Ոսկուց պատրաստեց լոյսի միաձոյլ աշտանակը՝ բունն ու նրա երկու կողմերի ճիւղերը։ Աշտանակի բնից բաժանւում էին ճիւղերը՝ երեքը մի կողմից, եւ երեքը միւս կողմից՝ իրար հաւասար։ Ոսկուց պատրաստեց դրա բոլոր միաձոյլ, ընկուզաձեւ ծայրեր ունեցող լուսակալները, դրա ճրագակալները, որոնց վրայ ճրագամաններն են դրւում, եւ աշտանակի եօթներորդ կանթեղը, որը բնի ամենավերին մասում է դրւում։ Մաքուր ոսկուց պատրաստեց դրա վրայ գտնուող եօթը ճրագամանները, ունելիներն ու մոխրակալները։ Քանդակազարդ արեց աշտանակը, բունն ու նրա ճիւղերը, նրա սկահակները։ Գնդիկներն ու շուշանաձեւ ծաղիկները միաձոյլ էին։ 18Վեց ճիւղեր էին բաժանւում նրա երկու կողմերից. երեք ճիւղը՝ աշտանակի մի կողմից, եւ երեք ճիւղը՝ աշտանակի միւս կողմից։ 19Մի ճիւղն ունէր գնդիկից ու շուշանաձեւ ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակ, եւ միւս ճիւղն էլ ունէր գնդիկից ու շուշանաձեւ ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակ։ Այսպէս բոլոր վեց ճիւղերը բաժանուած էին աշտանակի երկու կողմերից։ 20Աշտանակի բնի վրայ քանդակուած էին ընկուզաձեւ չորս սկահակներ իրենց գնդիկներով ու շուշանաձեւ ծաղիկներով։21Երկու ճիւղերի տակ մէկական գնդիկ ու ծաղիկ՝ բնին ձուլուած։ Այսպէս էին բնից բաժանուած վեց ճիւղերը։ 22Դրանց գնդիկներն ու ծաղիկները միաձոյլ էին՝ բոլորը քանդակուած մի կտոր մաքուր ոսկուց։23Դրա եօթը ճրագամանները, ունելիներն ու մոխրակալները մաքուր ոսկուց էին։ 24Մի տաղանդ մաքուր ոսկուց պատրաստեց աշտանակն ու դրա բոլոր մասերը։ 25Նա ոսկեպատ զոհասեղանը պատրաստեց կարծր փայտից։ Այն քառակուսի էր. հինգ կանգուն էր երկարութիւնը, հինգ՚ կանգուն՝ լայնութիւնը, եւ երեք կանգուն՝ բարձրութիւնը։ Դրա եղջիւրաւոր անկիւնները զոհասեղանի հետ միաձոյլ էին։ 26Մաքուր ոսկով պատեց այն, ինչպէս նաեւ դրա կափարիչը, բոլոր կողերն ու եղջիւրաւոր անկիւնները։ 27Դրա չորս կողմերի համար պատրաստեց ոսկէ պսակներ, պսակների տակ, երկու կողմերին երկու ոսկէ օղակներ ամրացրեց, որպէսզի այն բարձրացնելիս լծակները մտցնեն այդ օղակների մէջ։ 28Լծակները պատրաստեց կարծր փայտից եւ դրանք պատեց ոսկով։ 29Նա վարպետ իւղագործների՛ նման պատրաստեց օծութեան սուրբ իւղը եւ խնկերի համեմունքները։ 
38 Զոհասեղանը պղնձապատեց այն բուրվառների պղնձով, որոնք Կորխի ժողովրդի հետ ապստամբած մարդկանց ձեռքին էին։ Կարծր փայտից պատրաստեց այն։ Զոհասեղանը քառակուսի էր. հինգ կանգուն էր դրա երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը, իսկ երեք կանգուն՝ բարձրութիւնը։ 2Զոհասեղանի չորս կողմը պատրաստեց եղջիւրաւոր անկիւններ, որոնք զոհասեղանի հետ միաձոյլ էին։ Նա դրանք պատեց պղնձով։ 3Նա պատրաստեց զոհասեղանի ամբողջ սպասքը՝ խարիսխները, կափարիչը, տաշտերը, մեծ պատառաքաղներն ու բուրվառները։ Դրա ամբողջ սպասքը պատրաստեց պղնձից։ 4Նա բուրվառներից պատրաստեց զոհասեղանի ցանցաւոր կասկարաները, որոնք շրջանակի տակից հասնում էին մինչեւ զոհասեղանի մէջտեղը։ 5Զոհասեղանի կասկարայի չորս կողմերին ամրացրեց պղնձէ չորս օղակներ, որպէսզի լծակներն անցկացնեն այդ օղակների մէջ։ 6Լծակները շինեց կարծր փայտից եւ դրանք պատեց պղնձով։ 7Լծակներն անցկացրին զոհասեղանի կողքերին գտնուող օղակների մէջ, որպէսզի զոհասեղանը դրանցով բարձրացնեն։ Այն ամբողջովին պատրաստուած էր տախտակներով։8Պղնձէ աւազանն ու դրա պղնձէ պատուանդանը պատրաստեց ուխտաւոր այն կանանց հայելիների պղնձից, որոնք վրանը խփած օրը վկայութեան խորանի դռան մօտ էին հաւաքուել։ 9Կառուցեց մի բակ, որ դէպի հարաւ էր նայում։ Բակի առագաստները նրբահիւս բեհեզից էին՝ հարիւր կանգուն երկարութեամբ։ 10Դրանց սիւները քսան հատ էին, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ։ Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին։ 11Հիւսիսային կողմի առագաստն ունէր հարիւր կանգուն երկարութիւն։ Դրա սիւները քսան հատ էին, պղնձէ խարիսխները՝ քսան հատ։ Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին։ 12Ծովահայեաց բակի առագաստները յիսուն կանգուն էին։ Դրանց սիւները տասը հատ էին, խարիսխները՝ տասը հատ։ Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին։ 13Արեւելեան կողմի բակի առագաստը յիսուն կանգուն էր, 14յետեւի կողմի բակի առագաստները տասնհինգ կանգուն էին։ Դրանց սիւները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ։ 15Բակի դռան միւս կողմի առագաստները տասնհինգ կանգուն էին։ Դրանց սիւները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ։ 16Խորանի չորս կողմերի բոլոր առագաստները նրբահիւս բեհեզից էին։ 17Սիւների խարիսխները պղնձից էին, սիւների դրուագներն ու դրանց գալարազարդերը՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ, բակի բոլոր սիւները՝ արծաթապատ։ 18Բակի դռան վարագոյրները կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից էին եւ նրբահիւս բեհեզով զարդարուած։ Քսան կանգուն էր դրանց երկարութիւնը, տասնհինգ կանգուն՝ բարձրութիւնը։ Դրանց լայնութիւնը հաւասար էր բակի առագաստների լայնութեանը։19Դրանց մոյթերը չորս հատ էին, դրանց պղնձէ խարիսխները՝ չորս հատ։ Դրանց գալարազարդերը արծաթից էին, իսկ դրանց խոյակները՝ արծաթապատ։ 20Բակի ու խորանի չորս կողմերի բոլոր ցցերը պղնձից էին։ 21Ահա վկայութեան խորանի կառուցման պայմանը. կառուցել այնպէս, ինչպէս Աստուած հրամայել էր Մովսէսին, որպէսզի ղեւտացիները Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով այնտեղ պաշտամունք կատարեն։ 22Յուդայի ցեղից Բեսելիէլը՝ Ուրիի որդին, որը որդին էր Ովրի, արեց այնպէս, ինչպէս Տէրը հրամայել էր Մովսէսին։ 23Բեսելիէլին օգնում էր Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբը, որը կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւ եւ նրբահիւս բեհեզ գործածելով՝ կատարում էր ոստայնանկութեանը, ասեղնագործութեանն ու նկարչութեանը վերաբերող աշխատանքներ։24Սրբարանի բոլոր գործերի համար օգտագործուած ոսկու կշիռը, որը գոյացած էր նուէրներից, եղաւ քսանինը տաղանդ եւ եօթը հարիւր երեսուն սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի։ 25Մարդկանցից հաւաքուած արծաթէ նուէրները կշռում էին հարիւր տաղանդ եւ հազար եօթը հարիւր եօթանասունհինգ սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի. մարդագլուխ մի դրամ՝ սրբարանի սիկղի հետ համեմատած կէս սիկղ։ Քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող մարդիկ, ովքեր անցնում էին մարդահամարից, վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն հոգի էին։ 26Հարիւր տաղանդ արծաթ ձուլուեց խորանի հարիւր խոյակների եւ վարագոյրի խոյակների համար. 27հարիւր տաղանդ հարիւր խոյակի համար, մէկ տաղանդ ամէն մի խոյակի համար։ 28Հազար եօթը հարիւր եօթանասունհինգ սիկղը գործածուեց մոյթերի գալարազարդերի համար, ոսկով պատուեցին դրանց խոյակները եւ զարդարուեցին։29Նուիրուած պղինձը եօթանասուն տաղանդ եւ երկու հազար չորս հարիւր սիկղ էր։ 30Դրանով պատրաստուեցին վկայութեան խորանի դռան խարիսխները, պղնձէ զոհասեղանը, պղնձէ զոհասեղանի կասկարան, զոհասեղանի ամբողջ սպասքը, բակի չորս կողմերի խարիսխները, բակի դռան խարիսխները, 31խորանի բոլոր ցցերը, բակի չորս կողմի բոլոր ցցերը, եւ կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից ու նրբահիւս բեհեզից հիւսուած պարանների ծայրերի օղերը։ 
39 Պատրաստեց ծիսական զգեստներ, որպէսզի սրբարանում դրանցով պաշտամունք կատարեն։ Պատրաստեց նաեւ սրբարանում Ահարոն քահանայի հագնելիք զգեստներն այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 2Վակասը պատրաստեցին ոսկով, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով։ 3Ոսկու թերթերը թել-թել կտրում էին, որպէսզի դրանք կապեն կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէնով եւ նրբահիւս բեհեզով։ Նկարազարդ վակասի համար պատրաստեցին փոկեր, 4որպէսզի այն ամրացնեն երկու կողմից։ 5Նոյն ձեւով՝ ոսկով եւ կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով պատրաստեցին թիկնոցը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 6Ոսկով ժապաւինուած եւ ընդելուզուած զմրուխտէ երկու ակնաքարերի վրայ փորագրեցին Իսրայէլի որդիների անուններն այնպէս, ինչպէս կնիքներն են փորագրում, եւ դրանք ամրացրեցին վակասի վրայ։ 7Իսրայէլի որդիների յիշատակի ակնաքարերը ամրացրին վակասի ուսին, ինչպէս որ հրամայել էր Տէրը Մովսէսին։8Լանջապանակը պատրաստեցին ոսկով, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով, բանուածքով, այնպէս, ինչպէս վակասն էին պատրաստել։ 9Քառակուսի եւ կրկնածալ արեցին լանջապանակը. այն ունէր մի թզաչափ երկարութիւն եւ մի թզաչափ լայնութիւն։ 10Դրա վրայ կար ակնաքարերի չորս շարք։ Առաջին շարքի վրայ կային սարդիոն, տպազիոն եւ զմրուխտ։ Դա առաջին շարքն էր։ 11Երկրորդ շարքը նռնաքար էր, շափիւղայ եւ յասպիս։ 12Երրորդ շարքը սուտակ էր, մեղեսիկ եւ ագատ։ 13Չորրորդ շարքը ոսկեքար էր, եղնգաքար եւ բիւրեղ՝ ոսկով պատուած եւ ընդելուզուած։ 14Ակնաքարերն ըստ Իսրայէլի որդիների անունների էին։ Նրանց տասներկու անունները գրուած եւ փորագրուած էին ըստ տասներկու ցեղերից իւրաքանչիւրի անունների։ 15Լանջապանակի երկու օղակների վրայ ամրացրին մաքուր ոսկուց պատրաստուած հիւսկէն շղթաներ։ 16Պատրաստեցին ոսկէ երկու կոճակներ եւ ոսկէ երկու օղակներ. ոսկէ երկու օղակներն ամրացրին լանջապանակի վերին երկու ծայրերին։ 17Հիւսկէն շղթաները լանջապանակի երկու կողմերից ամրացրին երկու օղակների մէջ, իսկ երկու շղթաների ծայրերը մտցրին երկու անցքերի մէջ։ Լանջապանակը դրեցին վակասի ուսերին՝ երեսի կողմից իրար դէմ դիմաց։18Պատրաստեցին ոսկէ երկու այլ օղակներ եւ լանջապանակի ներսի կողմից ամրացրին վակասին կցուած մասի երկու ծայրերին։ Պատրաստեցին ոսկէ երկու այլ օղակներ եւ դրեցին վակասի երկու ուսերին՝ ներսի կողմից՝ վակասի առջեւի միացման տեղում։19Լանջապանակի օղակների ու վակասի օղակների միջով կապոյտ ժապաւէն անցկացնելով՝ այդ երկուսը միացրին իրար այնպէս, որ լանջապանակն ու վակասը միմեանցից չառանձնանան, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 20Վակասից բացի ամբողջութեամբ կապոյտ ժապաւէններով հիւսուած կտաւից ներքին պատմուճաններ պատրաստեցին։ 21Դրանց օձիքը հիւսածոյ գործուածքի ճիշտ մէջտեղից էր, օձիքի բացուածքը շուրջանակի չքանդուող եզերք ունէր։22Դրանց քղանցքներին մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէններով եւ նրբահիւս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ գործեցին։ 23Մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին եւ զանգակները ներքին պատմուճանների քղանցքներին, շուրջանակի, դրեցին նռնազարդերի միջեւ։ 24Նռնազարդերն ու զանգակները ներքին պատմուճանների քղանցքներին, շուրջանակի, յաջորդում էին միմեանց։ Քահանաները պաշտամունք կատարելիս այդ զգեստները պէտք է հագնէին, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 25Նրանք բեհեզէ հիւսածոյ զգեստներ պատրաստեցին Ահարոնի ու նրա որդիների համար, 26ինչպէս նաեւ բեհեզէ ապարօշներ, բեհեզէ խոյր,27բեհեզէ անդրավարտիք։ 28Նրանց համար պատրաստեցին բեհեզից եւ մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէններով հիւսուած գօտիներ՝ զարդանախշ մի գործ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։29Սուրբ պսակի թիթեղը պատրաստեցին մաքուր ոսկուց եւ դրա վրայ փորագրեցին «Սրբութիւն Տեառն»։ 30Այն կապեցին կապոյտ մի ժապաւէնով, որպէսզի վերեւի կողմից ամրացնեն խոյրի վրայ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 31Աւարտուեց վկայութեան խորանի ամբողջ գործը։ Իսրայէլի որդիներն արեցին ամէն ինչ. ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին, այդպէս էլ արեցին։ Նուէրներից աւելացած ոսկին նրանք վերածեցին սպասքի, որոնցով Տիրոջ առաջ պաշտամունք են կատարում։ 32Մովսէսի մօտ, խորան բերեցին զգեստները, վրանի ծածկն ու դրա բոլոր մասերը, դրա ճարմանդները, փայտերը, միջաձողերը, դրա մոյթերը, վերջինիս խարիսխները, 33խոյերի կարմիր ներկուած, մշակուած եւ անմշակ մորթիները, կապոյտ վարագոյրները,34կտակարանների տապանակը ծածկող վարագոյրը, 35լծակները, կափարիչը, առաջաւորութեան սեղանն ու դրա ամբողջ սպասքը, առաջաւորութեան հացը, 36սուրբ աշտանակն ու դրա ճրագամանները, կանթեղներն ու դրա բոլոր մասերը, լուսաւորութեան ձէթը, 37ոսկէ սեղանը, օծութեան իւղը, խնկերի համեմունքները, 38վրանի դռան վարագոյրը, վրանը, 39պղնձէ զոհասեղանը, դրա լծակներն ու ամբողջ սպասքը, աւազանն ու դրա պատուանդանը, բակի առագաստը, դրա սիւներն ու խարիսխները, 40վրանի դռան եւ բակի դռան վարագոյրները, պարաններն ու ցցերը, վկայութեան խորանի ամբողջ սպասքը,41սրբարանում պաշտամունք կատարելու սրբազան զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների քահանայութեան համար նախատեսուած զգեստները։ 42Ինչ Տէրը պատուիրել էր Մովսէսին, Իսրայէլի որդիներն այդ ամէնը կատարեցին։43Մովսէսը տեսաւ բոլոր գործերը, որ նրանք կատարել էին այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ Նրանք ճիշտ նոյն ձեւով էին կատարել։ Եւ Մովսէսն օրհնեց նրանց։ 
40 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Առաջին ամսի առաջին օրը կը կանգնեցնես վկայութեան խորանը, 3այնտեղ կը դնես վկայութեան տապանակը եւ տապանակը կը ծածկես վարագոյրով։ 4Ներս կը տանես սեղանը եւ դրա վրայ կը դասաւորես հացը։ Ներս կը տանես աշտանակը, դրա վրայ կը դնես նրա ճրագամանները։ 5Կը տեղաւորես ոսկէ սեղանը, որպէսզի խունկ ծխես վկայութեան տապանակի առաջ։ Վարագոյրի քօղը կ՚իջեցնես վկայութեան խորանի դռան վրայ։6Ողջակէզների զոհասեղանը կը դնես վկայութեան խորանի դռան մօտ եւ շուրջանակի կ՚օծես վրանն ու այն ամէնը, ինչ նրա մէջ է. դրանց չորս բոլորը կը սրբես։ 7Աւազանը կը դնես վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ եւ դրա մէջ ջուր կը լցնես։ 8Բակը շուրջանակի կ՚օծես եւ կ՚իջեցնես բակի դռան քօղը։ 9Կ՚առնես օծութեան իւղը, կ՚օծես խորանն ու այն ամէնը, ինչ դրա մէջ է. կը սրբագործես դա ու դրա ամբողջ սպասքը. այնուհետեւ դրանք սրբութիւն կը լինեն։ 10Կ՚օծես ողջակէզների զոհասեղանն ու դրա ամբողջ սպասքը։ 11Կը սրբագործես զոհասեղանը, եւ դա սրբութիւնների սրբութիւն կը լինի։ Կ՚օծես աւազանն ու նրա պատուանդանը եւ կը սրբագործես այն։ 12Ահարոնին ու նրա որդիներին կը բերես վկայութեան խորանի դուռը եւ նրանց կը լուանաս ջրով։ 13Ահարոնին կը հագցնես սրբազան պատմուճանը, կ՚օծես նրան, կը սրբագործես նրան, եւ նա ինձ համար քահանայութիւն կ՚անի։ Կը բերես նրա որդիներին, նրանց կը հագցնես պատմուճաններ, կ՚օծես նրանց այնպէս, ինչպէս օծեցիր նրանց հօրը, եւ նրանք ինձ համար քահանայութիւն կ՚անեն։ Նրանց քահանայական օծումը իրենց ցեղերի մէջ յաւիտենական թող լինի»։ 14Մովսէսն արեց այն ամէնը, ինչ Տէրը պատուիրել էր իրեն. նա հէնց այդպէս էլ արեց։ 15Եգիպտացիների երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարուայ առաջին ամսին, ամսուայ սկզբին վրանը կանգնեցուեց։ 16Մովսէսը կառուցեց վրանը, դրեց դրա խարիսխները եւ կանգնեցրեց դրա մոյթերը, դրանց վրայ ամրացրեց խոյակները, 17տեղադրեց միջաձողերը, տասշերտանի վարագոյրը տարածեց վրանի վրայ։ Վրանի ծածկոցները գցեց դրա վրայ եւ ամրացրեց վրանի ծածկերը վերեւից, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 18Առաւ օրէնքի քարէ տախտակները, դրեց տապանակի մէջ, նիգերն անցկացրեց տապանակի վրայ եւ կափարիչը դրեց տապանակի վրայից։ 19Տապանակը տարաւ խորանի ներսը, վրան քաշելով վարագոյրը՝ ծածկեց վկայութեան տապանակը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 20Սեղանը դրեց վկայութեան խորանի մէջ՝ խորանի հիւսիսային կողմից, խորանի վարագոյրից դուրս։ 21Դրա վրայ Տիրոջ առաջ դասաւորեց առաջաւորութեան հացը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 22Աշտանակը դրեց վկայութեան խորանի մէջ, սեղանի դիմաց, խորանի հարաւային կողմից։ 23Ճրագամանները դրեց դրա վրայ, Տիրոջ առաջ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 24Ոսկէ սեղանը դրեց վկայութեան խորանի մէջ, վարագոյրի դիմաց։25Համեմունքներից պատրաստուած խունկը դրեց դրա վրայ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 26Նա կախեց խորանի դռան վարագոյրը։27Ողջակէզների զոհասեղանը դրեց վկայութեան խորանի դռան մօտ եւ դրա վրայ ողջակէզներ ու զոհեր մատուցեց, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 28Աւազանը դրեց վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ եւ դրա մէջ ջուր լցրեց, 29որպէսզի Մովսէսը, Ահարոնն ու նրա որդիները դրանով լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը, 30երբ վկայութեան խորանը մտնեն կամ երբ զոհասեղանին մօտենան պաշտամունք կատարելու։ Նրանք լուացւում էին դրա միջի ջրով, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 31Բակ կառուցեց խորանի 32ու զոհասեղանի չորս կողմը եւ քաշեց բակի դռան վարագոյրը։ Այսպիսով Մովսէսն աւարտեց իր ամբողջ գործը։ 33Ամպը ծածկեց վկայութեան խորանը, եւ խորանը լցուեց Տիրոջ փառքով։ 34Մովսէսը չէր կարողանում մտնել վկայութեան խորան, որովհետեւ ամպը ծածկել էր այն, եւ խորանը լցուած էր Տիրոջ փառքով։ 35Երբ ամպը վերանում էր խորանի վրայից, Իսրայէլի որդիները չւում էին իրենց ամբողջ բազմութեամբ,36իսկ երբ ամպը չէր վերանում, չէին չւում մինչեւ այն օրը, որ ամպը վերանար, 37որովհետեւ իսրայէլացիների ողջ երթի ընթացքում Տիրոջ ամպը ցերեկները կանգնում էր խորանի վրայ, իսկ գիշերները իսրայէլացիների առաջ դրա վրայ կրակ էր վառվում։

 







Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Жаркое с луком

Жаркое с лукомЖирную баранину нарезать на куски (без удаления костей)...

Фрикадельки из телятины с картофелем

Фрикадельки из телятины с картофелемМякоть телятины, два раза пропущенную через...

Суп «крчик»

Суп «крчик»Мелко нарезанный репчатый лук обжарить на масле, добавить промытую...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта