ՂԵՒՏԱԿԱՆ - 2

(13 голоса, среднее 4.54 из 5)
Индекс материала
ՂԵՒՏԱԿԱՆ
2
Все страницы


17 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Խօսի՛ր Ահարոնի, նրա որդիների ու բոլոր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց. «Տէրը այս բանը պատուիրեց ձեզ ու ասաց. 3Իսրայէլացիներից որեւէ մէկը, եթէ բանակատեղիում արջառ, ոչխար կամ այծ կը մորթի եւ փրկութեան ողջակէզ անելու համար վկայութեան խորանի դուռը չի բերի այն իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ, նաեւ նա, որ դրսում կը մորթի4եւ Տիրոջ վկայութեան խորանի դիմաց Տիրոջը զոհ մատուցելու համար վկայութեան խորանի դուռը չի բերի, ապա այդ մարդը արիւնապարտ պիտի համարուի։ Նա պիտի սպանուի իր ժողովրդի կողմից որպէս արիւն թափող մարդ։ 5Եւ այս նրա համար, որ Իսրայէլի որդիները իրենց զոհելիք անասունները դաշտում մորթելու փոխարէն բերեն Տիրոջ առաջ, վկայութեան խորանի դուռը, քահանայի մօտ, եւ դրանք մորթեն այստեղ որպէս Տիրոջը մատուցուելիք փրկութեան զոհ։6Քահանան արիւնը թող թափի զոհասեղանի շուրջը, Տիրոջ դիմաց, վկայութեան խորանի դռանը, ճարպը թող այրի իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։ 7Նրանք այլեւս իրենց զոհերը թող չզոհաբերեն կուռքերին, որոնց հաւատալով մարդիկ պոռնկանում էին։ Դա ձեզ ու ձեր սերունդների համար յաւիտենական օրէնք թող լինի»։8Նրանց կ՚ասես. «Իսրայէլի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատածներից որեւէ մէկը եթէ ողջակէզ կամ զոհ է մատուցում 9եւ դա Տիրոջը զոհելու համար վկայութեան խորանի դուռը չի բերում, այդ մարդը թող վերացուի իր ժողովրդի կողմից։ 10Եթէ Իսրայէլի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատածներից մէկը որեւէ կենդանու արիւն ուտի, ես իմ զայրացած հայեացքը կ՚ուղղեմ արիւն ուտող այդ մարդու վրայ եւ նրան կը վերացնեմ իր ժողովրդի միջից, 11որովհետեւ ամէն մի մարմնի շունչը իր արիւնն է։ Այդ արիւնը ես եմ տուել ձեզ՝ զոհասեղանի վրայ քաւելու համար ձեր մեղքերը, որպէսզի նրա՛ արիւնով քաւուեն ձեր մեղքերը։12Դրա համար էլ Իսրայէլի որդիներին ասել եմ. «Ձեզնից ոչ ոք արիւն թող չուտի։ Արիւն թող չուտի նաեւ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած մարդը»։ 13Իսրայէլի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած մէկը եթէ որեւէ երէ կամ ուտելի թռչուն որսայ, պէտք է թափի դրա արիւնն ու այն ծածկի հողով, 14որովհետեւ ամէն մի մարմնի շունչը իր արիւնն է։ Ես Իսրայէլի որդիներին ասել եմ. «Ոչ մի մարմնի արիւն չուտէք», որովհետեւ ամէն մի մարմնի շունչը իր արիւնն է։ Ով որ ուտի դա, կը վերանայ։ 15Ով մեռելոտի կամ գազանից յօշոտուած կենդանու միս ուտի, լինի նա տեղաբնակ թէ եկուոր, պէտք է լուանայ իր զգեստները, լուայ իր մարմինը։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ Միայն դրանից յետոյ նա մաքուր կը համարուի։ 16Իսկ եթէ նա իր զգեստները չլուանայ եւ իր մարմինը չլուայ ջրով, ապա իր կատարած անօրէնութիւնների համար պատասխանատու կը լինի»։ 
18 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու նրանց ասա՛. «Ես եմ ձեր Տէր Աստուածը։ 3Մի՛ արէք այն, ինչ արեցիք Եգիպտացիների երկրում, որտեղ պանդուխտ էիք։ Մի՛ արէք այն, ինչ արեցիք նաեւ Քանանացիների երկրում, ուր ձեզ տանելու եմ, եւ նրանց օրէնքներով մի՛ առաջնորդուէք։ 4Կը կատարէք իմ պատգամները եւ կը պահպանէք իմ հրամանները. դրանցով կ՚առաջնորդուէք։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։ 5Պիտի պահպանէք իմ բոլոր հրամաններն ու իմ բոլոր պատգամները. պիտի կատարէք դրանք։ Դրանք կատարող մարդը միայն պիտի փրկուի դրանցով։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։ 6Որեւէ մէկն իր արիւնակից հարազատին թող չմօտենայ նրա ամօթոյքը բանալու նպատակով, որովհետեւ ես եմ Տէրը։7Քո հօր ամօթոյքը կամ քո մօր ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա քո մայրն է։ Նրա ամօթոյքը չբանաս։ 8Քո հօր կնոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ դա նաեւ քո հօր ամօթոյքն է։ 9Քո հօրից կամ մօրից ծնուած, քո տան մէջ կամ դրսում ծնուած քրոջդ ամօթոյքը չբանաս։ 10Քո որդու աղջկայ ամօթոյքը կամ քո աղջիկ թոռան ամօթոյքը չբանաս, որովհետեւ դա նաեւ քո՛ ամօթոյքն է։ 11Քո հօր կնոջ դստեր ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա նոյն հօրից ծնուած քո քոյրն է։ Նրա ամօթոյքը չբանաս։ 12Քո հօրաքրոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա քո արիւնակից հարազատն է։ 13Քո մօրաքրոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա քո մօր արիւնակից հարազատն է։ 14Քո հօրեղբօր ամօթոյքը չբանաս եւ նրա կնոջը չմերձենաս, որովհետեւ նա քո ազգականն է։ 15Քո հարսի ամօթոյքը չբանաս, որովհետեւ նա քո որդու կինն է. նրա ամօթոյքը չբանաս։ Նրա որդու աղջկայ կամ աղջիկ թոռան հետ չամուսնանաս, որպէսզի չբանաս նրանց ամօթոյքը, որովհետեւ նրանք քո արիւնակից հարազատներն են։ Դա ամբարշտութիւն է։ 16Քո եղբօր կնոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ նրա ամօթոյքը քո եղբօրն է պատկանում։ 17Նրա կնոջ եւ դստեր ամօթոյքը չբանաս։ Նրա որդու աղջկայ եւ նրա աղջիկ թոռան հետ չամուսնանաս, որպէսզի չբանաս նրանց ամօթոյքը. նրանք քո արիւնակից հարազատներն են։ Դա ամբարշտութիւն է։ 18Քենուդ հետ չամուսնանաս, քանի դեռ կինդ ողջ է, որովհետեւ մէկի ներկայութեամբ միւսի ամօթոյքը բանալով՝ խանդ կ՚առաջացնես։ 19Դաշտանի մէջ գտնուող կնոջ ամօթոյքը բանալով՝ նրա հետ չպառկես։ 20Քո ընկերոջ կնոջ հետ մի՛ պառկիր, որպէսզի նրա հետ չպղծուես։ 21Քո սերնդից ոչ մէկին օտար իշխանի ծառայութեանը չյանձնես եւ դրանով իմ անունը չպղծես, քանզի ես եմ Տէրը։ 22Այր մարդու հետ չպառկես, ինչպէս պառկում ես կնոջ հետ, որովհետեւ դա պղծութիւն է։ 23Ոչ մի անասունի հետ չխառնակուես՝ պղծուելով նրա հետ։ Կինը որեւէ անասունի առաջ չկանգնի՝ նրա հետ մերձենալու մտադրութեամբ. դա գարշելի է։ 24Այս ամէն տեսակ անմաքուր արարքներով մի՛ պղծուէք, որովհետեւ նման արարքներով պղծուած ժողովուրդներին ես ձեր առջեւից պիտի վանեմ։ 25Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձաւ, ես վեր հանեցի նրա անօրէնութիւնները, եւ երկիրը զզուեց իր բնակիչներից։ 26Պահպանեցէ՛ք իմ օրէնքներն ու իմ բոլոր պատգամները։ Ո՛չ տեղաբնակը, ո՛չ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած պանդուխտը չպէտք է կատարի այդ բոլոր պղծութիւնները, 27որովհետեւ այդ բոլոր պղծութիւնները կատարեցին ձեզնից առաջ այստեղ ապրած մարդիկ, եւ երկիրը պղծուեց։28Խուսափեցէ՛ք նրանց կատարած պիղծ արարքներից, որպէսզի երկիրը ձեր գործած արարքների համար ձեզնից նողկանք չզգայ, ինչպէս որ նողկանք զգաց ձեզնից առաջ այստեղ ապրած սերունդներից։ 29Ով որ կատարի նման պիղծ արարքներ, նա կը վերանայ իր ժողովրդի միջից։ 30Կատարեցէ՛ք իմ պահանջները, որպէսզի չկատարէք այն բոլոր օրինազանցութիւնները, որ ձեզնից առաջ կատարուել են այստեղ, եւ մի՛ պղծուէք դրանցով, քանզի ես եմ ձեր Տէր Աստուածը»։ 
19 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. «Սո՛ւրբ եղէք, քանզի ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։ 3Թող իւրաքանչիւրդ ակնածի իր հօրից ու իր մօրից։Պահեցէ՛ք իմ շաբաթ օրերը, քանզի ես եմ ձեր Տէր Աստուածը։ 4Մի՛ հետեւէք կուռքերին եւ ձեզ համար ձուլածոյ աստուածներ մի՛ կերտէք։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։ 5Եթէ ձեր փրկութեան համար Տիրոջը զոհ մատուցէք, ընդունելի՛ն մատուցեցէք։ 6Զոհը պէտք է ուտուի զոհամատուցման օրն ու յաջորդ օրը, եւ եթէ որեւէ բան մնայ երրորդ օրուան, այն կրակով պէտք է այրուի։ 7Իսկ եթէ մէկն ուտի երրորդ օրը, այն զոհամատուցում չի լինի եւ ընդունելի չի համարուի։ 8Ով երրորդ օրը ուտի այն, մեղք գործած կը լինի, որովհետեւ Տիրոջ սրբութիւնն է պղծած լինում։ Իրենց ժողովրդի միջից թող վերանան նրանք, ովքեր կ՚ուտեն այդ օրը։ 9Դուք՝ ձեր դաշտերի հնձուորներդ, հունձ անելիս ձեր դաշտերը մինչեւ վերջ մի՛ հնձէք եւ հնձի ժամանակ ընկած հասկերը մի՛ հաւաքէք։ 10Ձեր այգում ճռաքաղ մի՛ արէք, եւ ոչ էլ այգեկութից յետոյ ձեր այգում մնացած խաղողի ողկոյզները հաւաքէք։ Դրանք թող մնան տնանկին ու պանդխտին։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։ 11Մի՛ գողացէք, մի՛ ստէք, ոչ մէկն իր ընկերոջը թող չզրպարտի։ 12Իմ անունով սուտ երդում մի՛ տուէք եւ ձեր Տէր Աստծու անունը մի՛ պղծէք։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։ 13Քո ընկերոջը մի՛ զրկիր իր իրաւունքից եւ նրա ունեցածը մի՛ յափշտակիր։Վարձկանի վարձը մինչեւ յաջորդ առաւօտ թող քեզ մօտ չմնայ։ 14Համրին մի՛ վիրաւորիր, կոյրի ոտքերի առջեւ խոչ ու խութ մի՛ դիր։ Երկնչի՛ր քո Տէր Աստծուց, քանզի ես եմ քո Տէր Աստուածը։ 15Դատ դատաստանի ժամանակ անիրաւութիւն մի՛ արա, աղքատի հանդէպ աչառութիւն մի՛ արա, հարուստին մի՛ շողոքորթիր։ Արդա՛ր դատիր քո ընկերոջը։ 16Քո ազգակիցների հանդէպ նենգութիւն չգործես եւ քո ընկերոջ արեան թափուելուն պատճառ չդառնաս։Ես եմ ձեր Տէր Աստուածը։ 17Քո հոգում եղբօրդ չատես։ Խստագոյնս յանդիմանի՛ր քո ընկերոջը, որպէսզի նրա պատճառով մեղքեր չգործես։18Վրէժխնդիր մի՛ լինիր եւ քո ժողովրդի դէմ ոխ մի՛ ունեցիր։Պիտի սիրես քո ընկերոջը՝ ինչպէս ինքդ քեզ, քանզի ես եմ Տէրը։ 19Պիտի պահպանէք իմ այս օրէնքները.Չթողես, որ քո անասունը այլ տեսակի անասունի հետ խառնակուի։Քո այգում տարբեր սերմեր մի՛ ցանիր։ Երկու տարբեր նիւթերից գործուած գարշելի զգեստներ մի՛ հագիր։20Եթէ մի տղամարդ կենակցի մի անազատ կնոջ հետ, որը փրկագնով չի փրկագնուած եւ նրան ազատութիւն չի շնորհուած, եւ որը նախատեսուած է եղել մէկ այլ տղամարդու համար, ապա երկուսն էլ պէտք է հարցաքննուեն, բայց մահուան չպիտի դատապարտուեն, քանի որ կինն անազատ է։ 21Տղամարդը, իր գործած յանցանքը քաւելու համար, վկայութեան խորանի դռան առաջ մեղքերի քաւութեան խոյ պիտի մատուցի Տիրոջը։ 22Քահանան յանցանքների քաւութեան խոյը պիտի զոհաբերի Տիրոջ առաջ՝ որպէս քաւութիւն նրա կատարած մեղքերի, եւ թողութիւն պիտի տայ նրա կատարած մեղքերին։ 23Երբ մտնէք այն երկիրը, որ Տէր Աստուած տալու է ձեզ, ամէն տեսակի պտղատու ծառեր տնկեցէ՛ք եւ նրա անմաքրութիւնը մաքրեցէ՛ք։ Առաջին երեք տարիների բերքը թող անմաքուր լինի ձեզ համար, եւ այն չուտէք։ 24Չորրորդ տարում նրա բոլոր պտուղները պիտի սրբագործուեն Տիրոջ օրհնութեան համար։ 25Հինգերորդ տարում կ՚ուտէք դրա պտուղը։ Այդ տարուց սկսած կարող էք դրա բերքը ուտել եւ պահեստաւորել։ 26Ես եմ ձեր Տէր Աստուածը։ Լեռների վրայ մի կերէ՛ք։ Կախարդութեամբ մի՛ զբաղուէք։ Գուշակութիւններ մի՛ արէք թռչունների թռիչքները դիտելով։ 27Ձեր գլխի մազերը մի՛ հիւսէք եւ ձեր մօրուքին ձեւ մի՛ տուէք։ 28Մահացած որեւէ մէկի յիշատակի համար ձեր մարմնի վրայ կտրուածքներ մի՛ արէք։ Ձեր մարմնի վրայ դաջուածքներ մի՛ արէք։ 29Ես եմ ձեր Տէր Աստուածը։ Մի՛ պղծիր քո դստերը՝ նրան պոռնկացնելով, որպէսզի երկիրը պոռնկութեան մէջ չընկնի ու անօրէնութեամբ չլցուի։ 30Իմ շաբաթ օրերը կը պահէք եւ իմ սրբարանին երկիւղածութեամբ կը մօտենաք, քանզի ես եմ Տէրը։31Վհուկներին մի՛ հետեւէք եւ ոգեհմաների հետ մի՛ առնչուէք, որպէսզի նրանցով չպղծուէք։ 32Ես եմ ձեր Տէր Աստուածը։ Ալեհեր մարդկանց առաջ ոտքի կը կանգնէք եւ կը պատուէք ծերերին։ Պիտի երկնչես քո Աստծուց։ Ես եմ քո Տէր Աստուածը։ 33Եթէ ձեր երկրում օտարական հաստատուի, նրան չնեղէք։ 34Ձեր երկրի տեղաբնակի պէս ընդունեցէ՛ք նրան, եւ եկուորը թող բնակուի ձեզ մօտ։ Նրան սիրի՛ր քո անձի պէս, որովհետեւ դուք էլ պանդուխտ եղաք Եգիպտացիների երկրում։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։ 35Դատ դատաստանի ժամանակ որեւէ մէկի հանդէպ անիրաւութիւն մի՛ արէք։ Անիրաւութիւն մի՛ արէք նաեւ չափելու, կշռաքարերի ու կշռելու մէջ։ 36Կշեռքները ճիշտ պէտք է լինեն, կշռաքարերը՝ ճշգրիտ, չափամանները՝ ճշգրիտ, հեղուկաչափը՝ ճշգրիտ։ Ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից։ 37Կը պահպանէք իմ բոլոր օրէնքները, իմ բոլոր հրամանները. դրանք կը կատարէք, քանզի ես եմ Տէր Աստուածը»։ 
20 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու նրանց ասա՛. «Եթէ որեւէ իսրայէլացի կամ իսրայէլացիների մէջ բնակութիւն հաստատած որեւէ պանդուխտ իր զաւակներից որեւէ մէկին ծառայութեան տայ կռապաշտ իշխանի, նա պէտք է մահապատժի ենթարկուի։ Այդ երկրի մարդիկ թող քարկոծեն նրան։ 3Ես իմ հայեացքը կը սեւեռեմ նրա վրայ եւ նրան կը վերացնեմ իմ ժողովրդի միջից, քանի որ նա իր զաւակներից մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնելով՝ պղծել է իմ սրբարանը եւ անարգել իմ սուրբ անունը։ 4Եթէ տեղացի բնակիչները անուշադրութեան մատնեն իր զաւակներից որեւէ մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնած մարդու արարքն ու չսպանեն նրան, 5ապա ես իմ հայեացքը կը սեւեռեմ այդ մարդու եւ նրա ցեղի վրայ, իր ժողովրդի միջից կը վերացնեմ նրան ու նրա հետ բոլոր միաբանածներին, ովքեր կռապաշտ իշխանի հետ պոռնկանալու պատճառ դարձան։ 6Վհուկներին ու ոգեհմաներին հետեւելով՝ նրանց հետ պոռնկացող մարդկանց պիտի հետապնդեմ ու վերացնեմ նրանց իրենց ժողովրդի միջից։7Սրբագործուեցէ՛ք ու սո՛ւրբ եղէք, քանզի ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։ 8Պահպանեցէ՛ք ու կատարեցէ՛ք իմ հրամանները։ Ես ձեզ սրբագործող Տէր Աստուածն եմ։ 9Եթէ որեւէ մէկը անիծի իր հօրը կամ իր մօրը, նա մահապատժի թող ենթարկուի։ Եթէ նա բամբասել է իր հօրը կամ իր մօրը, մահապարտ է։ 10Եթէ որեւէ տղամարդ շնանայ ամուսնացած մի կնոջ կամ իր ընկերոջ կնոջ հետ, մահապատժի թող ենթարկուեն ե՛ւ շնացողը, ե՛ւ շնացեալը։ 11Այն տղամարդը, որ կը պառկի իր հօր կնոջ հետ, ուրեմն նա բացած է լինում իր հօրը ամօթոյքը։ Երկուսն էլ թող մահուան դատապարտուեն, քանի որ նրանք ամբարշտացել են եւ մահապարտ են։ 12Եթէ որեւէ մէկը պառկի իր հարսի հետ, թող երկուսն էլ մահուն դատապարտուեն, քանի որ նրանք ամբարշտացել են եւ մահապարտ են։ 13Եթէ որեւէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպէս կնոջ հետ, նրանք պղծութիւն գործած կը լինեն։ Երկուսն էլ մահուան թող դատապարտուեն, որովհետեւ մահապարտ են։ 14Եթէ որեւէ տղամարդ կին առնի մի աղջկայ ու նրա մօրը, դա անօրէնութիւն է։ Կրակի մէջ թող այրուեն նա եւ աղջիկն ու նրա մայրը, որպէսզի ձեր մէջ անօրէնութիւն չլինի։ 15Կենդանու հետ կենակցող տղամարդը թող մահապատժի ենթարկուի, իսկ կենդանուն պէտք է սատկեցնել։ 16Խառնակուելու նպատակով որեւէ կենդանու մերձեցող կնոջն ու կենդանուն սպանեցէ՛ք։ Նրանք թող սպանուեն, քանի որ մահապարտ են։ 17Եթէ տղամարդն ամուսնանայ իր հօրից կամ մօրից ծնուած խորթ քրոջ հետ եւ տեսնի նրա ամօթոյքը, իսկ խորթ քոյրն էլ տեսնի նրա ամօթոյքը, ապա դա նախատինք է. նրանք պէտք է վերանան իրենց ժողովրդի միջից, որովհետեւ նա իր խորթ քրոջ ամօթոյքն է բացած լինում։ Նրանք պիտի ընդունեն իրենց մեղքերի հատուցումը։ 18Եթէ տղամարդը պառկի դաշտանի մէջ գտնուող կնոջ հետ եւ բանայ նրա ամօթոյքը, քանի որ բացել է նրա արեան աղբիւրը, իսկ սա էլ նրան ցոյց է տուել իր արեան աղբիւրը, ուրեմն երկուսն էլ թող վերանան իրենց ժողովրդի միջից։ 19Քո հօրաքրոջ եւ մօրաքրոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ բացած ես լինում մերձաւորներիդ ամօթոյքները։ Նրանք իրենց գործած մեղքի համար պատիժ թող կրեն եւ անժառանգ մեռնեն։ 20Եթէ որեւէ տղամարդ պառկի իր քեռու կնոջ հետ, ուրեմն նա բացած է լինում իր քեռուն պատկանող ամօթոյքը։ Նրանք իրենց գործած մեղքի համար պատիժ թող կրեն եւ անժառանգ մեռնեն։ 21Եթէ որեւէ տղամարդ պառկի իր եղբօր կնոջ հետ, դա պղծութիւն է. նա բացած է լինում իր եղբօրը պատկանող ամօթոյքը, ուրեմն նրանք անժառանգ թող մեռնեն։ 22Կը պահպանէք իմ բոլոր հրամաններն ու իմ բոլոր պատուիրանները եւ կը կատարէք դրանք։ Թող ձեզ չմերժի այն երկիրը, ուր ես տանելու եմ ձեզ՝ այնտեղ բնակուելու համար։ 23Մի՛ հետեւէք այն ժողովուրդների օրէնքներին, որոնց ես վանելու եմ ձեր միջից, որովհետեւ նրանք կատարեցին բոլոր այդ վատ արարքները, եւ ես նողկանք զգացի նրանց հանդէպ։ 24Ես ձեզ ասացի. «Դուք կը ժառանգէք այդ երկիրը, եւ ես ձեզ այն կը տամ իբրեւ սեփականութիւն, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում»։ Ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ առանձնացրեց բոլոր ժողովուրդներից։ 25Ինքնե՛րդ տարբերակեցէք մաքուր եւ անմաքուր անասունները, մաքուր եւ անմաքուր թռչունները, ձեզ մի՛ պղծէք անմաքուր անասուններով, թռչուններով ու երկրի ամէն տեսակ սողուններով, որոնց ես առանձնացրել եմ ձեզ համար իբրեւ անմաքուրների։ 26Ինձ համար սուրբ եղէք, որովհետեւ ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։ Ես ձեզ առանձնացրի բոլոր ժողովուրդներից, որպէսզի իմը լինէք։ 27Եթէ որեւէ տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհմայ լինի, թող մահապատժի ենթարկուի. թող նրանց քարկոծեն, որովհետեւ մահապարտ են»։ 
21 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Խօսի՛ր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ եւ նրանց ասա՛. «Թող նրանք անմաքուր չհամարուեն իրենց ազգականի, բարեկամի կամ իրենց հարեւանի դիակներին դիպչելով՝ 2բացառութեամբ երբ կը դիպչեն հօր կամ մօր, որդու կամ աղջկայ, եղբօր կամ քրոջ, չամուսնացած եւ իրենց մօտ ապրող քրոջ դիակներին։ Եթէ սրանց դիպչեն, անմաքուր կը համարուեն։ 3Քահանան գլխաւոր դէմք լինելով՝ թող անմաքուր չլինի չթոյլատրուող դիակի դիպչելով։ 4Քահանաները ի նշան սգի իրենց գլուխը թող չածիլեն, մօրուքների ծայրերը չկտրեն եւ իրենց մարմնի վրայ դաջուածքներ չանեն։ 5Թող սուրբ լինեն իրենց Աստծու առաջ եւ չարատաւորեն իրենց Աստծու անունը, որովհետեւ իրենք՝ քահանաներն են, որ զոհ են մատուցում իրենց Տէր Աստծուն։ Նրանք սուրբ պէտք է լինեն։ 6Քահանաները պոռնիկ կամ պղծուած կին չպէտք է առնեն։ Չպէտք է առնեն նաեւ ամուսնուց բաժանուած կին, որովհետեւ քահանան սուրբ պէտք է լինի իր Տէր Աստծու համար եւ պիտի մաքրի իրեն։ 7Սրբագործուած քահանան է, որ պիտի մատուցի ձեր Տէր Աստծու պատարագը։ Նա սուրբ պէտք է լինի, քանզի ես՝ Տէրս, որ սրբագործում եմ քահանաներին, սուրբ եմ։ 8Եթէ քահանայի դուստրը պոռնկութեամբ պղծուի, նա արատաւորած կը լինի իր հօր անունը. նա պէտք է հրով այրուի։ 9Գլխին օծութեան իւղ ունեցող, պատմուճան հագնելու արժանացած եւ իր եղբայրների մէջ աւագ եղող քահանան ի նշան սգոյ գլխարկը թող չհանի, իր հագուստները չպատառոտի,10վախճանուած մարդուն չդիպչի, - եթէ նոյնիսկ դա իր հայրը կամ մայրն է, - եւ իրեն չպղծի։ 11Յուղարկաւորութեանը մասնակցելու համար սրբարաններից թող դուրս չգայ, որպէսզի իր Աստծու սրբարանը չպղծի, որովհետեւ նա իր վրայ կրում է Աստծու օծութեան սուրբ իւղը։ Այո՛, ես եմ Տէրը։ 12Աւագ քահանան իր ժողովրդի միջից կոյս աղջիկ պիտի առնի։ 13Այրի, ամուսնալուծուած կամ պոռնիկ կին չպիտի առնի, այլ իր ժողովրդի միջից մի կոյս աղջիկ պիտի առնի որպէս կին։14Նա իր սերմը չպիտի պղծի իր ժողովրդի մէջ, որովհետեւ ես եմ Տէրը, որ սրբագործում եմ նրան»։ 15Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց ասաց.16«Խօսի՛ր Ահարոնի հետ եւ նրան ասա՛. «Եթէ քո գալիք սերունդներից որեւէ մէկը մարմնական արատ ունենայ, ուրեմն իր Աստծուն նա թող պատարագ չմատուցի։ 17Արատ ունեցող որեւէ մարդ, լինի նա կաղ կամ կոյր, կարճ քթով կամ ականջատ, 18ձեռքը կամ ոտքը կոտրած,19կուզ կամ շիլ, աչքը վնասուած, քոս, քաղցկեղ կամ մէկ ամորձիք ունեցող, 20մի խօսքով՝ Ահարոն քահանայի սերնդի մէջ մարմնական արատ ունեցող որեւէ մարդ թող չմօտենայ քո Աստծուն զոհ մատուցելու, որովհետեւ նա մարմնական արատ ունի։ Աստծուն զոհ մատուցելու համար նա չպէտք է մօտենայ զոհասեղանին, որովհետեւ Աստծու ընծաները սրբութիւն սրբոց են։ 21Այդ սրբութիւններից նա կարող է ուտել, 22բայց վարագոյրին թող չմօտենայ եւ զոհասեղանին չդիպչի, որովհետեւ նա մարմնական արատ ունի։ Իր Աստծու սրբարանը նա չպէտք է պղծի, քանզի ես եմ Տէրը, որ սրբագործում եմ քահանաներին»։ 23Մովսէսը Ահարոնին, նրա որդիներին ու բոլոր իսրայէլացիներին հաղորդեց Աստծու այս պատգամները։ 
22 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Ահարոնին ու նրա որդիներին ասա՛, որ զգուշութեամբ վարուեն իսրայէլացիների ինձ մատուցած սրբութիւնների հետ, որպէսզի իրենց մատուցած զոհերով չարատաւորեն իմ սուրբ անունը, քանզի ես եմ Տէրը։ 3Նրանց կ՚ասես. «Ձեր յետնորդներից մի մարդ, ինչ սերնդի էլ պատկանի, եթէ անմաքուր վիճակում մօտենայ վկայութեան խորանին, որպէսզի զոհ մատուցի այն, ինչ իսրայէլացիներն են մատուցում Տիրոջը, ապա ես նրան կ՚ոչնչացնեմ, քանզի ես եմ Տէրը։ 4Եթէ Ահարոն քահանայի որդիներից մէկը բորոտ է կամ սերմնահոսութիւն ունի, իրաւունք չունի զոհաբերութիւնների մսից ուտելու, մինչեւ որ չմաքրուի։ Ով որ դիպչի մեռելից պղծուած որեւէ բանի, ով որ առնական սերմի կորուստ ունենայ, 5ով որ մօտենայ մի պիղծ սողունի կամ մի մարդու, որը պղծուած է ամէն տեսակ պղծութիւններով, 6ով որ դիպչի դրանց, թող անմաքուր համարուի մինչեւ երեկոյ։ Նա մատուցուած զոհաբերութիւններից չպէտք է ուտի, մինչեւ որ իր մարմինը չլուայ ջրով։ 7Արեւը մայր մտնելուց յետոյ նա մաքուր թող համարուի եւ դրանից յետոյ միայն նա կարող է ուտել մատուցուած սրբութիւններից, որովհետեւ դա է նրա ուտելիքը։ 8Քահանան սատկած կամ գազանից յօշոտուած կենդանու միս չպէտք է ուտի, որպէսզի անմաքուր չդառնայ։ Ես եմ Տէրը։ 9Նրանք պէտք է կատարեն իմ կարգադրութիւնները, որպէսզի մեղք գործած չլինեն եւ իմ պատգամները զանց առնելու պատճառով մահապատժի չենթարկուեն։ Ես եմ քահանաներին սրբագործող Տէրը։ 10Որեւէ օտարազգի այդ սրբագործուած ուտելիքից չպէտք է ուտի։ Ո՛չ քահանայի մօտ եկած պանդուխտը, ո՛չ էլ վարձկանը այդ սրբագործուած ուտելիքից չպէտք է ուտեն։ 11Իսկ եթէ քահանան դրամով մարդ է գնել, այդ մարդը կարող է ուտել այդ ուտելիքից։ Նրա աղախիններից ծնուածները եւս կարող են ուտել նրա ուտելիքից։ 12Եթէ քահանայի դուստրը ամուսնանայ քահանայական ընտանիքից չսերած մի տղամարդու հետ, ապա նա չի կարող ուտել սրբութիւններից։ 13Իսկ եթէ քահանայի դուստրը այրիանայ կամ ամուսնալուծուած լինի եւ առանց զաւակ ունենալու վերադառնայ հայրական տունը, ապա, ինչպէս իր մանկութեան օրերին, կարող է ուտել իր հօր ուտելիքներից։ Քահանայական ընտանիքին չպատկանող մարդը իրաւունք չունի դրանից ուտելու։ 14Եթէ որեւէ մէկն անգիտակցաբար ուտի սրբութիւններից, թող իր կերածի արժէքի վրայ աւելացնի դրա մէկ հինգերորդը եւ վերադարձնի քահանային։ 15Թող նրանք չպղծեն այն սրբութիւնների սրբութիւնները, որ Իսրայէլի որդիներն առանձնացրել են Տիրոջ համար։ 16Նրանք սրբութիւնների սրբութիւնն ուտելով՝ իրենց վրայ բերում են մեղքեր ու յանցանքներ։ Ես եմ դրանք սրբագործող Տէրը»։ 17Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.18«Խօսի՛ր Ահարոնի, նրա որդիների ու իսրայէլացի ամբողջ ժողովրդի հետ եւ ասա՛ նրանց. «Եթէ Իսրայէլի որդիներից կամ իսրայէլացիների մէջ բնակութիւն հաստատած եկուորներից մէկը ըստ իր ուխտի կամ ըստ իր ցանկութեան բերի իր նուէրը, որ պիտի մատուցուի Տիրոջը որպէս ողջակէզ, 19ապա դա թող ընդունելի լինի ձեր կողմից, եթէ այն նախրից բերուած արու եւ ոչ արատաւոր արջառ է, ոչխար կամ այծ։20Արատաւոր անասուն չմատուցէք Տիրոջը, որովհետեւ ձեր արածը ընդունելի չի լինի։ 21Եթէ որեւէ մէկը Տիրոջը փրկութեան զոհ մատուցի ըստ իր ուխտի կամ ըստ իր ցանկութեան, լինի դա արուած ուխտ թէ կամաւոր զոհաբերութիւն եւ կամ տօնի առթիւ արուած զոհաբերութիւն, ապա արջառների կամ ոչխարների նախրից բերուած կենդանին ընդունելի կը լինի, եթէ այն արատաւոր չէ։ Այն ոչ մի արատ չպէտք է ունենայ։ 22Կոյր, կաղ, ջարդուածք ունեցող, լեզուն կտրած կամ ուռուցք ունեցող, քոսոտ կամ քոր ունեցող անասուն թող չմատուցեն Տիրոջը. դրանցից Տիրոջ զոհասեղանին ողջակէզ չբերէք։23Ականջը կտրած կամ պոչատ արջառն ու ոչխարը կարող ես իբրեւ կամաւոր ընծայ մորթել, բայց դա քո արած ուխտի համար ընդունելի չէ։24Ամորձիքը ճմլուած, ճզմուած, կռտած կամ կտրած կենդանին Տիրոջը չմատուցէք եւ ձեր բնակած երկրում նման բաներ չանէք։ 25Այլազգի մարդուց նման կենդանիներ չառնէք ձեր Աստծուն զոհաբերելու համար, որովհետեւ դրանք թերութիւններ եւ արատներ ունեն։ Ձեր կողմից արուած այդ զոհերը ընդունելի չեն լինի ինձ համար»։ 26Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 27«Նորածին հորթը, գառը կամ ուլը եօթը օր պէտք է մնայ մօր մօտ։ Ութերորդ օրից սկսած եւ դրանից յետոյ այն կարող է ընդունելի լինել՝ Տիրոջը զոհաբերուելու համար։ 28Կովը, ոչխարը եւ դրանցից ծնուածները միեւնոյն օրը մի՛ մորթէք։ 29Եթէ Տիրոջը գոհութեան զոհ ես մատուցում, ապա այն մատուցի՛ր այնպէս, որ քո զոհածը ընդունելի լինի։ 30Զոհի միսը պէտք է ուտուի նոյն օրը. այդ մսից յաջորդ օրուան չթողնէք։ Ես եմ Տէրը։ 31Կը պահպանէք իմ պատուիրանները եւ կը կատարէք դրանք, քանզի ես եմ Տէրը։ 32Իմ սուրբ անունը մի՛ արատաւորէք, քանզի ես եմ Տէրը։ Ես սուրբ կը լինեմ Իսրայէլի որդիների մէջ։ Ես եմ ձեզ սրբագործող Տէրը, 33որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեր Աստուածը լինի։ Ես եմ Տէրը»։ 
23 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. «Տիրոջը նուիրուած այն տօները, որ սուրբ պիտի կոչէք, հետեւեալներն են. 3Վեց օր պիտի աշխատես, իսկ եօթներորդ՝ շաբաթ օրը հանգստեան օր է եւ սուրբ՝ Տիրոջը նուիրուած։ Այդ օրը ոչ մի աշխատանք չէք կատարի, որովհետեւ այն Տիրոջը նուիրուած շաբաթ օրն է, երբ հանգստանում են բոլոր տներում։ 4Տիրոջը նուիրուած տօները, որոնք սուրբ են հռչակուած եւ որոնք պիտի նշէք, հետեւեալներն են. 5Առաջին ամսի տասնչորսերորդ օրուայ երեկոյեան Տիրոջ Զատիկն է։ 6Նոյն ամսի տասնհինգերորդ օրը Տիրոջը նուիրուած Բաղարջակերաց տօնն է. եօթը օր բաղարջ հաց պիտի ուտէք։ 7Նշուած առաջին օրը ձեզ համար սուրբ է։ Ոչ մի առտնին գործ չպիտի անէք։8Եօթը օր ողջակէզներ պիտի մատուցէք Տիրոջը, իսկ եօթներորդ օրը սուրբ պէտք է լինի ձեզ համար։ Ոչ մի առտնին գործ չպիտի անէք»։9Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 10«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. «Երբ կը մտնէք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, եւ կը հնձէք նրա հունձը, առաջին խուրձը՝ ձեր հնձի բերքը, կը բերէք քահանային։ 11Նա խուրձը պէտք է ընծայաբերի Տիրոջը իբրեւ ձեր կողմից արուած ընդունելի նուէր։ Քահանան այն պէտք է ընծայաբերի շաբաթին յաջորդող առաջին օրուայ առաւօտեան։ 12Խուրձը ընծայաբերելու օրը նաեւ մէկ տարեկան ոչ արատաւոր ոչխար պէտք է ողջակիզէք Տիրոջ համար։ 13Նաեւ զոհաբերուածը՝ իւղով հունցուած երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր պիտի մատուցէք։ Դա Տիրոջը մատուցուող զոհաբերութիւն է՝ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։ Իբրեւ նուէր՝ նաեւ մէկ քառորդ դորակ գինի։ 14Մինչեւ այդ նուէրները ձեր Աստծուն չընծայէք, բաղարջ կարկանդակ, աղացած աղանձ չուտէք։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ, ձեր բոլոր տներում։ 15Հաշուեցէ՛ք. ուխտի խուրձ մատուցելու շաբաթ օրուայ յաջորդ օրուանից ամբողջ եօթը շաբաթ, 16մինչեւ վերջին շաբաթուայ յաջորդ օրն անում է յիսուն օր։ Այդ յաջորդ օրն էլ Տիրոջը նոր զոհ կը մատուցէք։ 17Ձեր տներից կ՚ընծայաբերէք ձեր նուէրը՝ երկու բաղարջ կարկանդակ։ Իւրաքանչիւր կարկանդակը պիտի հունցուած լինի երկու տասներորդական գրիւ ընտիր ալիւրով։ Թթխմորով պիտի եփուեն դրանք, Տիրոջը տրուող առաջին բերքից։18Հացերի հետ պիտի մատուցէք մէկ տարեկան ոչ արատաւոր եօթը գառ, նախրից՝ մէկ հորթ եւ ոչ արատաւոր երկու խոյ։ Դրանք ողջակէզ պիտի լինեն Տիրոջը։ Անարիւն զոհաբերութիւններն ու գինին Տիրոջը մատուցուած անուշահոտ բուրմունք են։ 19Առաջին հնձից պատրաստուած բաղարջ կարկանդակների հետ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար մէկ նոխազ եւ մէկ տարեկան երկու գառ՝ իբրեւ փրկութեան զոհաբերութիւն։ 20Քահանան դրանք առաջին բերքից պատրաստուած բաղարջ կարկանդակների հետ որպէս նուէր պիտի ընծայաբերի Տիրոջ առաջ։ Դրանք երկու գառների հետ պէտք է ընծայաբերուեն Տիրոջը եւ պատկանեն մատուցող քահանային։ 21Այդ օրը կը համարէք անուանի օր, դա սուրբ թող լինի ձեզ համար։ Այդ օրը ոչ մի առտնին գործ չանէք։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ, ձեր բոլոր տներում։ 22Ձեր արտերը հնձելիս կրկին չվերադառնաք չհնձուածը հնձելու կամ հնձի ժամանակ ընկած հասկերը հաւաքելու համար, այլ դրանք աղքատին ու պանդխտին կը թողնէք։ Ես եմ ձեր Տէր Աստուածը»։ 23Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 24«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ ասա՛. «Եօթներորդ ամսի առաջին օրը ձեզ համար հանգստեան օր թող լինի՝ Տիրոջը նուիրաբերուած մի սուրբ տօն, որ շեփորներով է ազդարարւում։ 25Այդ օրը ոչ մի առտնին գործ չպիտի անէք, այլ Տիրոջը ողջակէզ պիտի մատուցէք»։ 26Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 27«Եօթներորդ ամսի տասներորդ օրը Քաւութեան օր է։ Այն ձեզ համար անուանի եւ սուրբ օր թող լինի։ Ամսի իններորդ օրուայ երեկոյից սկսած ձեր անձը զրկեցէ՛ք եւ Տիրոջը ողջակէզներ մատուցեցէ՛ք։ 28Այդ օրը ոչ մի առտնին գործ չանէք, քանզի դա Քաւութեան օր է ձեզ համար, որպէսզի դուք ձեր մեղքերը քաւէք ձեր Տէր Աստծու առաջ։ 29Ով այդ օրը իր մարմինը չի զրկի, կը վերանայ իր ժողովրդի միջից։ 30Ով այդ օրը գործ կ՚անի, կը վերանայ իր ժողովրդի միջից։ 31Ոչ մի առտնին գործ չանէք։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ, ձեր բոլոր տներում։ 32Դա շաբաթների շաբաթ թող լինի ձեզ համար։ Ամսի իններորդ օրուայ երեկոյից մինչեւ յաջորդ օրուայ երեկոն զրկեցէ՛ք ձեր մարմինը եւ հանգստացէ՛ք»։ 33Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.34«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. «Եօթներորդ ամսի տասնհինգերորդ օրը ի պատիւ Տիրոջը եօթը օր պիտի նշէք Տաղաւարահարաց տօնը։ 35Առաջին օրը թող սուրբ համարուի, այդ օրը ոչ մի առտնին գործ չանէք։ 36Այդ եօթը օրերին ողջակէզներ պիտի մատուցէք Տիրոջը, իսկ եօթներորդ օրը ձեզ համար անուանի եւ սուրբ օր թող լինի։ Ողջակէզ կը մատուցէք Տիրոջը, որովհետեւ դա տօնի վերջին օրն է։ Այդ օրը ոչ մի առտնին գործ չանէ՛ք։ 37Սրանք են Տիրոջ պատուին կատարուող տօները, որ դուք պիտի նշէք եւ դրանք սուրբ պիտի համարէք, որպէսզի ամէն օր Տիրոջը ընծայ մատուցէք ձեր ողջակէզները, անարիւն զոհաբերութիւններն ու գինին։ 38Սրանք պիտի մատուցուեն բացի այն ընծաներից, որոնք ընծայաբերւում են Տիրոջը շաբաթ օրերը, բացի ձեր ուխտի ընծաներից եւ ձեր միւս կամաւոր զոհաբերութիւններից, որոնք մատուցւում են Տիրոջը։ 39Եօթներորդ ամսի տասնհինգերորդ օրը, երբ հաւաքէք արտերի բերքը, Տիրոջ պատուին եօթը օր տօն պիտի կատարէք։ Առաջին եւ ութերորդ օրը պիտի հանգստանաք։ 40Առաջին օրը կ՚առնէք ծառերի գեղեցիկ պտուղներ, արմաւենու ճիւղեր, տերեւախիտ ծառերի եւ ուռենիների ճիւղեր, ձորի բարդիների ճիւղեր, որպէսզի Տիրոջ առաջ եօթը օր ուրախանաք։ 41Տարուայ այդ եօթը օրը որպէս Տիրոջ տօն կը տօնէք։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ։ Եօթներորդ ամսին կը կատարէք այդ տօնը։ 42Եօթը օր վրանների մէջ կ՚ապրէք։ Իսրայէլացի բոլոր տեղաբնակները վրանների մէջ թող ապրեն,43որպէսզի ձեր բոլոր սերունդներն իմանան, որ, երբ ես իսրայէլացիներին հանում էի Եգիպտացիների երկրից, վրանների մէջ էի բնակեցրել նրանց։ Ես եմ ձեր Տէր Աստուածը»։ 44Եւ Մովսէսը իսրայէլացիներին պատմեց Տիրոջ տօների մասին։ 
24 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Իսրայէլի որդիներին պատուիրի՛ր, որ լուսաւորութեան համար ձիթապտղի նոր ճզմած մաքուր ձիթաիւղ բերեն քեզ, 3որպէսզի կանթեղը միշտ վառ մնայ վկայութեան խորանի մէջ, վարագոյրի դրսի կողմը։ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչեւ առաւօտ այն տեւապէս թող վառ պահեն Տիրոջ առաջ։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեզ համար ձեր սերունդների մէջ։ 4Տիրոջ առաջ, սուրբ աշտանակի վրայ մինչեւ առաւօտ վա՛ռ պահեցէք կանթեղները։ 5Կը վերցնէք ընտիր ալիւր եւ դրանից տասներկու բաղարջ կարկանդակ կը պատրաստէք։ Ամէն մի կարկանդակի քաշը երկու տասներորդական հիմէն թող լինի։ 6Տիրոջ առաջ, սուրբ սեղանի վրայ դրանք կը դնէք երկու շարքով. ամէն մի շարքի վրայ՝ վեց կարկանդակ։ 7Իւրաքանչիւր շարքի վրայ կը դնես մաքուր կնդրուկ եւ աղ։ Դրանք Տիրոջն ընծայաբերուող հացեր են ի յիշատակ Իսրայէլի տասներկու ցեղերի։ 8Իբրեւ իսրայէլացիների կողմից յաւիտենական ուխտ, իւրաքանչիւր շաբաթ այդ տասներկու հացերը միշտ Տիրոջ առաջ կը դնէք։ 9Այդ հացերը պատկանում են Ահարոնին ու նրա որդիներին։ Նրանք թող այդ հացերը ուտեն մի սուրբ տեղում, քանի որ դա Տիրոջն ընծայաբերուող նուէրների մէջ ամենասուրբն է։ Դա յաւիտենական օրէնք է»։ 10Իսրայէլացիների մէջ մի մարդ էր ապրում, որը որդին էր եգիպտացի մի տղամարդու, բայց մայրը իսրայէլացի էր։ Բանակատեղիում կռիւ արեցին իսրայէլացի կնոջից ծնուած այս մարդն ու մի ուրիշ իսրայէլացի։ 11Իսրայէլացի կնոջ որդին տուեց Տիրոջ անունը եւ հայհոյեց։ Նրան բերեցին Մովսէսի մօտ։ Նրա մօր անունը Սալամիթ էր։ Նա Դանի ցեղից Դաբրիի դուստրն էր։12Այդ մարդուն հսկողութեան տակ պահեցին, որպէսզի Աստծու հրամանով դատեն նրան։ 13Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.14«Հայհոյող այդ մարդուն հանեցէ՛ք բանակատեղիից դուրս, եւ նրանք, ովքեր լսել են նրա հայհոյանքը, որպէս վկայ թող իրենց ձեռքերը դնեն նրա գլխին, եւ ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։ 15Կը խօսես Իսրայէլի որդիների հետ եւ նրանց կ՚ասես. «Ով որ կը հայհոյի Աստծուն, իր մեղքի պատիժը կը կրի։ 16Ով որ կը հայհոյի Տիրոջ անուան, թող մահապատժի ենթարկուի։ Ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։ Աստծուն հայհոյողը, օտարական լինի նա թէ տեղաբնակ, մահապատժի թող ենթարկուի։ 17Եթէ որեւէ մէկը մարդ ծեծի, եւ սա մեռնի, ծեծողը մահապատժի թող ենթարկուի։ 18Ով անասուն կը սպանի, անասունի տիրոջը նոյնպիսի անասունով թող հատուցի։ 19Եթէ որեւէ մէկը խեղանդամ դարձնի իր մերձաւորին, ինչ որ արել է, նոյնն էլ թող անեն իրեն։ 20Ջարդուածքի դիմաց՝ ջարդուածք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ։ Ինչ խեղուածք որ մէկը միւսին պատճառի, նոյնով թող պատժուի։ 21Եթէ մարդ է ծեծել, եւ սա մահացել է, ծեծողը մահապատժի թող ենթարկուի։ 22Միեւնոյն օրէնքը թող կիրառուի ե՛ւ օտարականի, ե՛ւ տեղաբնակի նկատմամբ։ Ես եմ ձեր Տէր Աստուածը»։23Մովսէսը խօսեց իսրայէլացիների հետ, եւ բանակատեղիից դուրս հանեցին այն մարդուն, որ հայհոյել էր։ Ամբողջ ժողովուրդը քարկոծեց նրան։ Իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։ 
25 Տէրը Սինա լերան վրայ խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Իսրայէլի որդիներին ասա՛. «Եթէ մտնէք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, թող հանգստանայ նաեւ այդ հողը, քանի որ Տիրոջ շաբաթն է։ 3Վեց տարի կը մշակես քո արտը, վեց տարի կ՚էտես քո այգին եւ կը հաւաքես դրանց բերքը։ 4Եօթներորդ տարին հանգստեան շաբաթ թող լինի այդ հողի համար, քանի որ շաբաթը Տիրոջն է պատկանում։ Քո արտը չես մշակի, քո այգին չես էտի։ 5Քո արտում ինքն իրեն աճած բոյսը չես հնձի, Տիրոջը նուիրաբերուելիք խաղողը չես քաղի, քանի որ այդ հողի հանգստեան տարին է։ 6Հանգստեան տարուայ ինքնաբոյս բերքը կերակուր թող լինի ձեզ՝ քո ծառայի, քո աղախնու, քո վարձկանի, քեզ մօտ բնակութիւն հաստատած օտարականի, 7քո անասունի եւ քո երկրի գազանների համար։ Նրա տուած ամբողջ բերքը թող կերակուր լինի նրանց համար։8Հանգստեան տարուց սկսած՝ կը հաշուես եօթն անգամ եօթը տարի, եւ եօթն անգամ եօթը տարին կը լինի քառասունինը տարի։ 9Յիսուներորդ տարուայ եօթներորդ ամսի տասներորդ օրը շեփոր հնչեցնելով կ՚ազդարարէք ձեր ամբողջ երկրին։ Քաւութեան օրը ձեր ամբողջ երկրում շեփոր կը հնչեցնէք։ 10Կը սրբագործէք յիսուներորդ տարին եւ ձեր երկրի բոլոր բնակիչների համար ազատագրում կը յայտարարէք։ Դա ազատագրման տարի ազդարարելու նշան թող լինի։ Իւրաքանչիւր ոք պէտք է վերադառնայ իր կալուածքը, իւրաքանչիւր ոք պէտք է գնայ իր ազգատոհմին, 11որովհետեւ դա ազատագրման ազդարարն է։ Յիսուներորդ տարին թող ձեզ համար յոբելեանական տարի լինի։ Չպէտք է ցանէք, չպէտք է հնձէք ինքն իրեն աճած բոյսը, Տիրոջն ընծայուած խաղողը չպէտք է քաղէք, 12քանզի այդ տարին ազատագրում ազդարարող յոբելեանական տարի է։ Այն թող սուրբ լինի ձեզ համար։ Արտում ինքն իրեն բուսած եւ աճած բերքը կերէ՛ք։13Ազատագրում հռչակուած յոբելեանական տարում իւրաքանչիւր ոք թող վերադառնայ իր կալուածքը։ 14Եթէ որեւէ մէկը իր մերձաւորին որեւէ բան է վաճառում կամ իր մերձաւորից որեւէ բան է գնում, թող նրան չխաբի։ 15Յոբելեանական տարուց յետոյ եղած տարիների հաշուով պիտի գնես քո մերձաւորից, եւ նա էլ հնձի տարիների հաշուով պիտի վաճառի քեզ։ 16Ինչքան շատ են լինում մինչեւ ազատագրման տարին ընկած տարիները, այդքան թանկ պիտի գնես, եւ ինչքան քիչ լինեն տարիները՝ այդքան էժան, որովհետեւ արդիւնքի քանակով է, որ նա վաճառելու է քեզ։ 17Եւ ոչ ոք իր մերձաւորին չպէտք է խաբի։ Երկնչի՛ր քո Տէր Աստծուց. ես եմ ձեր Տէր Աստուածը։ 18Կը կատարէք իմ բոլոր պատգամներն ու վճիռները։ Կը պահպանէք ու կը կատարէք դրանք եւ երկրում կ՚ապրէք ապահով. 19հողը կը տայ իր բերքը, դուք կուշտ կ՚ուտէք եւ երկրում կ՚ապրէք ապահով։ 20Իսկ եթէ ասէք, թէ՝ ի՞նչ պիտի ուտենք այդ եօթներորդ տարում, եթէ չցանենք եւ մեր բերքը չհաւաքենք, 21ապա իմացէ՛ք, որ վեցերորդ տարում ես ձեզ կ՚ուղարկեմ իմ օրհնութիւնը, եւ հողը երեք տարուայ չափ բերք կը տայ։ 22Ութերորդ տարում կը ցանէք, իսկ հին բերքը կ՚ուտէք մինչեւ իններորդ տարին։ Մինչեւ իններորդ տարուայ բերքը հասնելը կ՚ուտէք հին բերքը։ 23Հողը վերջնականապէս չպէտք է վաճառուի, քանզի հողը իմն է, իսկ դուք ինձ մօտ պանդուխտ ու նժդեհ էք։ 24Ձեր կալուածքը եղող ամբողջ հողի համար փրկագին պիտի տաք։ 25Եթէ աղքատանայ քեզ մօտ ապրող եղբայրդ եւ վաճառի իր կալուածքի մի մասը, ապա իր մօտիկ ազգականը կարող է գալ ու վերստին գնելով փրկել իր եղբօր վաճառած արտը։ 26Իսկ եթէ արտ վաճառողը ունեւոր ազգական չունենայ, ու ինքը յետոյ ի վիճակի լինելու գնելու, ապա կարող է իր արտը յետ գնելով փրկել։ 27Նա պէտք է հաշուի եւ հանի վաճառքից յետոյ անցած տարիները եւ մնացածը վճարի նրան, ով գնել էր այն, որից յետոյ արտը նորից կը պատկանի իրեն։ 28Իսկ եթէ նա այդքան կարողութիւն չունենայ, որ կարողանայ հողի տիրոջը հատուցել փոխարժէքը, ապա վաճառուածը մինչեւ ազատագրման տարին թող պատկանի նրան, ով այն գնել էր։ Ազատագրման տարում արտը պէտք է վերադարձուի նախկին տիրոջը։ 29Եթէ որեւէ մէկը վաճառի պարսպապատ քաղաքում գտնուող մի բնակելի տուն, ապա նա կարող է այն յետ գնել վաճառքի օրուանից յետոյ մէկ տարուայ ընթացքում։ Մէկ տարուայ ընթացքում պէտք է լինի յետգնումը։ 30Իսկ եթէ վաճառողը մէկ տարուայ ընթացքում ի վիճակի չլինի այն յետ գնելու, ապա պարսպապատ քաղաքի մէջ եղած տունը թող առյաւէտ պատկանի գնողին՝ իբրեւ իր ու իր սերունդների սեփականութիւն։ Դա յետ գնելու ենթակայ չէ անգամ ազատագրման տարում։ 31Պարիսպ չունեցող աւաններում գտնուող տները թող ագարակներ համարուեն։ Դրանք միշտ ենթակայ են յետգնման, եւ այնտեղ բնակուողները ազատագրման տարում պէտք է դուրս գան։ 32Ղեւտացիների քաղաքներում գտնուող տները, որոնք նրանց կալուածքներն են այդ քաղաքում, կարող են միշտ յետ գնուել ղեւտացիների կողմից։ 33Եթէ որեւէ մէկը ղեւտացու տուն է գնում, ապա ազատագրման տարում նա նրանց քաղաքներում գտնուող կալուածքների տներից դուրս պէտք է գայ, որովհետեւ ղեւտացիների քաղաքներում գտնուող կալուածքների տները նրանց ժառանգական սեփականութիւնն են Իսրայէլի որդիների մէջ։34Ղեւտացիների ագարակները, որոնք քաղաքների շուրջն են գտնւում, վաճառքի ենթակայ չեն, որովհետեւ դրանք նրանց յաւիտենական կալուածքներն են։ 35Եթէ եղբայրդ աղքատանայ եւ ի վիճակի չլինի աշխատելու, նրան պիտի պատսպարես իբրեւ եկուորի ու պանդխտի։ Նա քեզ մօտ պիտի մնայ ու ապրի։ 36Նրանից վաշխ ու տոկոս չպիտի վերցնես։ Վախեցի՛ր քո Տէր Աստծուց, քանզի ես եմ Տէրը։ Քո եղբայրը թող քեզ մօտ ապրի։ 37Նրան տոկոսով դրամ չպիտի տաս եւ աւելին ստանալու ակնկալութեամբ չէ, որ նրան պիտի կերակրես։ 38Ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեզ տայ Քանանացիների երկիրը եւ լինի ձեր Աստուածը։ 39Եթէ քեզ մօտ ապրող եղբայրդ աղքատանայ եւ քեզ վաճառուի որպէս ծառայ, ապա թող քեզ ստրուկի ծառայութեամբ չծառայի։ 40Նա իբրեւ վարձկան, իբրեւ պանդուխտ թող լինի քեզ մօտ եւ աշխատի մինչեւ ազատագրման տարին։ 41Ազատագրման տարում ինքն իր երեխաների հետ թող ազատ արձակուի եւ վերադառնայ իր ցեղի մօտ, թող գնայ իր հայրենի կալուածքը։ 42Իմ ծառաներն են նրանք, որոնց ես հանել եմ Եգիպտացիների երկրից։ Դրա համար էլ նրանք իբրեւ ստրուկ չեն վաճառուելու։ 43Չարչարանքով չպիտի տանջես նրան։ Երկնչի՛ր քո Տէր Աստծուց։ 44Ինչ ծառայ կամ աղախին էլ որ ուզենաս ունենալ, քո շուրջը եղող ազգերից կը վերցնես, 45ինչպէս եւ ձեր մէջ ապրող օտարականների զաւակներից ու նրանց ազգականներից։ Որքան զաւակ ունենան ձեր երկրում, բոլորը թող դառնան ձեր սեփականութիւնը։ 46Նրանց իբրեւ ժառանգութիւն կը յանձնէք ձեր գալիք սերունդներին, նրանք առյաւէտ ձեր ստրուկները թող լինեն։ Ձեզնից ոչ ոք իր եղբայրներին՝ իսրայէլացիներին, չարչարանքով թող չտանջի։ 47Եթէ հարստանայ քեզ մօտ հաստատուած եկուորը կամ պանդուխտը, եւ քո աղքատացած եղբայրը վաճառուի քեզ մօտ հաստատուած այդ եկուորին կամ պանդուխտին կամ վերջիններիս ընտանիքներում ծնուածին, 48ապա վաճառուելուց յետոյ նա պէտք է յետ գնուի. նրա եղբայրներից մէկնումէկը փրկավճարով թող գնի նրան։49Նրան փրկավճարով պէտք է գնի նրա հօրեղբայրը, հօրեղբօր որդին կամ իր ցեղի արիւնակից ազգականներից մէկը։ Իսկ եթէ ինքը հարստանայ, թող փրկավճարով գնի ինքն իրեն։ 50Նա, սկսած իր վաճառուելու տարուանից մինչեւ ազատագրման տարին, թող հաշուի այն պարտքը, որ ինքն ունի իրեն գնած մարդուն։ Պարտքի գումարը թող հաշուուի վարձու աշխատողի վարձի չափով, նրա մօտ աշխատած տարիների քանակով։ 51Եթէ դեռ շատ ժամանակ կայ մինչեւ ազատագրման տարին, որպէս փրկագին թող հատուցի իր անձի վաճառքի գնի մէկ մասը։ 52Իսկ եթէ մինչեւ ազատագրման տարին քիչ ժամանակ է մնացել, թող հաշուի եւ ըստ մնացած տարիների տայ իր փրկագինը։ 53Նա վարձկան պիտի համարուի այնքան ժամանակ, որքան տարի որ եղել է նրա մօտ։ Չարչարանքով չպիտի տանջես նրան։54Իսկ եթէ այս ձեւերից որեւէ մէկով չի փրկագնուած, ապա ազատագրման տարում թող ազատ արձակուեն ինքն ու իր զաւակները, 55քանզի իսրայէլացիներն իմ ստրուկներն են, իմ ծառաները, որոնց ես հանել եմ Եգիպտացիների երկրից»։ 
26 Ես եմ ձեր Տէր Աստուածը։«Ձեզ համար ձեռակերտ կամ քանդակուած կուռքեր մի՛ ստեղծէք, ձեզ համար արձան մի՛ կանգնեցրէք եւ ձեր երկրում քարակոթող մի՛ դնէք դրան երկրպագելու համար։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։ 2Իմ շաբաթ օրերը պիտի պահէք եւ իմ սրբարաններից երկիւղածութիւն պիտի զգաք, քանզի ես եմ Տէրը։3Եթէ ըստ իմ հրամանի ընթանաք, իմ պատուիրանները պահպանէք ու կատարէք դրանք, ապա անձրեւ կ՚ուղարկեմ ձեզ իր ժամանակին։ 4Հողն իր բերքը կը տայ, իսկ դաշտերի ծառերը կը տան իրենց պտուղները։5Ձեր կալերում աշխատանքը կը տեւի մինչեւ այգեկութ, իսկ ձեր այգեկութները կը տեւեն մինչեւ նոր ցանքսի ժամանակը։ Դուք կուշտ հաց կ՚ուտէք եւ ձեր երկրում անհոգ կ՚ապրէք։ 6Ձեր երկրին խաղաղութիւն կը պարգեւեմ, եւ ձեր երկրում պատերազմ չի լինի։ Կը քնէք, եւ չի լինի մէկը, որ ձեզ վախեցնի։ Ձեր երկրից կը վերացնեմ չարիք պատճառող գազաններին։ 7Դուք հալածական կ՚անէք ձեր թշնամիներին, եւ նրանք սպանուած կ՚ընկնեն ձեր առաջ։ 8Ձեր հինգ հոգին հալածական կ՚անի հարիւր հոգու, իսկ ձեր հարիւրը՝ բիւրաւորների, ձեր թշնամիները սրի հարուածներից կ՚ընկնեն ձեր առաջ։ 9Ես բարի աչքով կը նայեմ ձեզ, կ՚աճեցնեմ ու կը բազմացնեմ ձեզ եւ կը կատարեմ ձեզ տուած իմ խոստումը։ 10Այնքան բերք կը ստանաք, որ նախորդ ու դրանից էլ առաջ ստացած բերքը կը բաւարարի ձեզ, բայց հին բերքը շտեմարանից միշտ պիտի հանէք նոր բերքով լցնելու համար։ 11Ես իմ ուխտատեղին պիտի հաստատեմ ձեր մէջ, եւ ես ձեզնից չեմ խորշելու։ 12Ես պիտի քայլեմ ձեր մէջ եւ պիտի լինեմ ձեր Աստուածը, իսկ դուք պիտի լինէք իմ ժողովուրդը։ 13Ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից, երբ դեռ ստրուկ էիք, քանդեց ձեր ստրկական լծի կապանքները եւ ձեզ համարձակ այստեղ բերեց»։ 14«Բայց եթէ չլսէք ինձ եւ չկատարէք իմ այս բոլոր հրամանները, 15արհամարհէք դրանք, իմ կարգադրութիւններից ձանձրանալով չկատարէք իմ պատուիրանները, վերացնէք իմ հաստատած ուխտը, 16ապա ես նոյնը կ՚անեմ ձեր նկատմամբ. տագնապալից տառապանքների կը մատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կը հիւանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լոյսը, եւ դուք հալումաշ լինէք։ Այնժամ զուր տեղը պիտի ցանէք ձեր սերմերը, եւ ձեր արտերի բերքը ձեր հակառակորդները պիտի ուտեն։ 17Ես իմ զայրացած հայեացքը ձեզ վրայ պիտի յառեմ, եւ դուք պիտի ընկնէք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ հալածական պիտի անեն, եւ դուք փախստական պիտի լինէք, եթէ անգամ որեւէ մէկը չհալածի ձեզ։ 18Եթէ նման պատիժներից յետոյ էլ ինձ չլսէք, ձեր գործած մեղքերի համար եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ։ 19Ես պիտի խորտակեմ ձեր ամբարտաւան պարծենկոտութիւնը, երկինքը ձեզ վրայ երկաթի պէս ծանր պիտի դարձնեմ, իսկ ձեր հողը՝ պղնձի պէս կարծր։20Ձեր զօրութիւնը ի չիք պիտի դառնայ, հողը ձեր ցանած սերմի չափով իսկ բերք պիտի չտայ, ոչ էլ երկրի ծառերը պտուղ պիտի տան։ 21Իսկ եթէ դուք շարունակէք շեղուել ուղիղ ճանապարհից ու չկամենաք լսել ինձ, ձեր գործած մեղքերի համեմատ եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ ձեզ։ 22Ձեզ վրայ պիտի ուղարկեմ երկրի վայրի գազաններ, նրանք պիտի լափեն ձեզ ու պիտի յօշոտեն ձեր անասունները։ Այսպիսով պիտի պակասեցնեմ ձեր թիւը, եւ ձեր ճանապարհները ամայի պիտի դառնան։ 23Իսկ եթէ դրանից յետոյ էլ չխրատուէք ու հակառակուէք ինձ, 24ես դարձեալ, զայրանալով, պիտի հակառակուեմ ձեզ եւ ձեր գործած մեղքերի համեմատ եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ ձեզ։ 25Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ լուծելու համար իմ ուխտի վրէժը։ Եւ եթէ ամրանաք ձեր քաղաքներում, ես ձեզ մահ պիտի ուղարկեմ, եւ դուք պիտի մատնուէք թշնամիների ձեռքը։ 26Երբ ձեզ նեղեմ հացի պակասութեամբ, տասը կին ձեզ հաց պիտի եփեն մէկ թոնրի մէջ եւ ձեզ հաց պիտի բաժանեն հաշուած կշռով։ Պիտի ուտէք ու չպիտի կշտանաք։ 27Եթէ դրանից յետոյ էլ ինձ չանսաք ու հակառակ գնաք ինձ, 28ես էլ, զայրանալով, պիտի հակառակուեմ ձեզ եւ ձեր գործած մեղքերի համեմատ եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ ձեզ։29Դուք պիտի ուտէք ձեր տղաների ու ձեր աղջիկների միսը։ 30Ես պիտի կործանեմ ձեր արձանները, պիտի խորտակեմ ձեր փայտեայ ձեռակերտ կուռքերը։ Ձեր դիակները պիտի նետեմ ձեր ջարդուփշուր եղած կուռքերի բեկորների վրայ, եւ իմ հոգին պիտի խորշի ձեզնից։31Ձեր քաղաքները աւերակ պիտի դարձնեմ, պիտի ամայացնեմ ձեր սրբարանները եւ ձեր զոհաբերութիւնների անուշ բոյրը այլեւս չպիտի հոտոտեմ։ 32Պիտի աւերեմ ձեր երկիրը, եւ նրա մէջ ապրող ձեր թշնամիները պիտի զարմանան դրա վրայ։ 33Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մէջ, եւ ձեզ վրայ իջած սուրը պիտի կոտորի ձեզ։ Ձեր երկիրը աւերակ պիտի դառնայ, իսկ ձեր քաղաքները՝ ամայի։ 34Այնքան ժամանակ, որ երկիրը աւերակ պիտի մնայ, պիտի վայելի իր հանգստեան օրերը, 35իսկ դուք պիտի լինէք ձեր թշնամիների երկրում՝ օտար երկրում։ Այնքան ժամանակ, որ երկիրը աւերակ պիտի մնայ, պիտի վայելի իր հանգստեան օրերը, պիտի հանգստանայ այն շաբաթ օրերի փոխարէն, որ չհանգստացաւ ձեր այնտեղ բնակուելու ժամանակ։ 36Ձեր թշնամիների երկրում վերապրածներիդ սրտում վախ պիտի գցեմ. նրանք պիտի սարսռան տերեւների սօսափիւնից, նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպէս փախչում են ռազմի դաշտից, եւ պիտի ընկնեն առանց որեւէ մէկից հալածուած լինելու։ 37Եղբայրը պիտի լքի իր եղբօրը, ինչպէս ռազմի դաշտում, առանց որեւէ մէկից հետապնդուած լինելու։ Դուք չպիտի կարողանաք դիմադրել ձեր թշնամիներին։ 38Դուք պիտի կորչէք ժողովուրդների մէջ, եւ ձեր թշնամիների երկիրը ձեզ կուլ պիտի տայ։ 39Ձեզնից վերապրածները իրենց գործած մեղքերի համար պիտի կոտորուեն իրենց թշնամիների երկրում եւ իրենց հայրերի մեղքերի համար նրանց հետ միասին հալումաշ պիտի լինեն։ 40Այդ ժամանակ է, որ նրանք պիտի խոստովանեն իրենց ու իրենց հայրերի գործած մեղքերը, պիտի համոզուեն, որ յանցանք են գործել եւ արհամարհել են ինձ. 41նրանք հակառակուեցին ինձ, ես էլ նրանց հակառակուեցի բարկութեամբ եւ ոչնչացրի նրանց իրենց թշնամիների երկրում։ Այնժամ պիտի ամաչի նրանց հեթանոս սիրտը, եւ իրենք պիտի զգան իրենց գործած մեղքերի ծանրութիւնը։ 42Ես պիտի յիշեմ Յակոբին, Իսահակին եւ Աբրահամին տուած իմ խոստումը, պիտի յիշեմ նաեւ այն երկիրը, 43որը լքուելով նրանց կողմից, պիտի վայելի իր հանգստեան օրերը, քանի որ այն աւերակ էր դարձել իր բնակիչների պատճառով։ Նրանք պիտի պատժուեն իրենց կատարած անօրէնութիւնների համար, այն բանի փոխարէն, որ արհամարհեցին իմ պատուիրանները, եւ իմ հրամանները նրանց համար տաղտկալի դարձան։ 44Երբ նրանք իրենց թշնամիների երկրում էին, ես նրանց անտես չարեցի եւ ոչ էլ զզուեցի նրանցից նրանց հետ իմ կապած ուխտը լուծելու համար, որպէսզի չոչնչացնեմ նրանց, քանզի ես եմ նրանց Տէր Աստուածը։ 45Ես պիտի յիշեմ նրանց հետ կապած իմ նախկին ուխտը, երբ բոլոր հեթանոս ժողովուրդների աչքի առաջ նրանց հանում էի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան բնակավայրից, որպէսզի լինեմ նրանց Աստուածը, քանզի ես եմ Տէրը»։ Սրանք են այն պատգամները, հրամաններն ու օրէնքները, որ Տէրը Սինա լերան վրայ Մովսէսի միջոցով հաստատեց իր եւ Իսրայէլի որդիների միջեւ։ 
27 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. «Եթէ մէկը ուխտ անի Տիրոջը նուէր մատուցելու մի անձի արժէքի չափով, գները հետեւեալը թող լինեն. տղամարդու դէպքում՝ 3քսան տարեկանից մինչեւ վաթսուն տարեկանը՝ սրբարանում գտնուող կշեռքով կշռուած յիսուն երկդրամեան արծաթ։4Կնոջ դէպքում՝ երեսուն երկդրամեան։ 5Հինգ տարեկանից մինչեւ քսան տարեկան մանչ զաւակի դէպքում՝ քսան երկդրամեան, իսկ նոյն տարիքի աղջկայ դէպքում՝ տասը երկդրամեան։ 6Մէկ ամսականից մինչեւ հինգ տարեկան մանչ զաւակի դէպքում՝ հինգ երկդրամեան արծաթ, իսկ նոյն տարիքի աղջկայ դէպքում՝ երեք երկդրամեան արծաթ։ 7Եթէ վաթսուն տարեկանից բարձր է տղամարդը, նրա գինն է տասնհինգ երկդրամեան արծաթ, իսկ նոյն տարիքի կնոջը՝ տասը երկդրամեան։ 8Եթէ որեւէ մէկը աղքատ լինի եւ ի վիճակի չլինի վճարելու այդ գինը, նա պէտք է կանգնի քահանայի առաջ, եւ քահանան նրա համար գին պիտի նշանակի։ Ինչ կարողութիւն որ ունի ուխտ անողը, ըստ այդմ էլ նրա համար գին թող նշանակի քահանան։9Եթէ մէկը Տիրոջը ուխտ անի զոհուելու սահմանուած անասուններից զոհ մատուցելու, ինչ էլ որ լինի դա, Տիրոջ համար ընդունելի է։ 10Միայն թէ լաւը վատի տեղ չպիտի մատուցի, ոչ էլ վատը՝ լաւի։ Եթէ իր ուխտած կենդանու փոխարէն մի այլ կենդանի բերի, ապա ուխտած կենդանու նման թող սուրբ համարուի նաեւ դրա փոխարէն բերուածը։11Եթէ ուխտած կենդանին զոհաբերութեան ենթակայ անասուններից չէ, որոնք չի կարելի Տիրոջը զոհ մատուցել, այդ կենդանին թող կանգնեցուի քահանայի առաջ, 12քահանան, ըստ լաւի ու վատի, թող գին սահմանի. ըստ քահանայի սահմանած արժէքի պէտք է գնահատուի այդ կենդանին։ 13Եթէ ուխտ անողը ցանկանայ վճարել իր ուխտած կենդանու արժէքը, ապա դրա վրայ պէտք է աւելացնի նաեւ որոշուած արժէքի մէկ հինգերորդ մասը։ 14Եթէ մէկը ցանկանայ իր տունը նուիրել Տիրոջը, քահանան թող գին սահմանի՝ նկատի ունենալով տան լաւ կամ վատ վիճակը. ըստ քահանայի սահմանած արժէքի թող գնահատուի այդ տունը։ 15Իսկ եթէ նուիրաբերողը ցանկանայ յետ գնել իր տունը, ապա տան արժէքի վրայ թող աւելացնի դրա մէկ հինգերորդ մասը, եւ տունը կը լինի իրենը։ 16Եթէ մէկն իր կալուածքը հանդիսացող ագարակն է ուխտում նուիրել Տիրոջը, ապա դրա արժէքը թող լինի ըստ դրա վրայ ցանուած սերմի։ Եթէ սերմը մէկ քոռ է, ուրեմն թող վճարի յիսուն երկդրամեան արծաթ։ 17Եթէ ագարակը նուիրաբերի ազատագրման տարուայ սկզբին, նրա ամբողջ արժէքը պէտք է հաշուուի։ 18Իսկ եթէ իր հանդը նուիրաբերում է ազատագրման տարուց յետոյ, ապա քահանան պէտք է հաշուի մինչեւ ազատագրման տարին ընկած տարիների համար վճարելիք դրամը եւ դրա համեմատ այն հանի ագարակի արժէքից։ 19Եթէ ագարակը նուիրողը ցանկանայ այն յետ գնել, դրա գնի վրայ թող աւելացնի գնահատուածի մէկ հինգերորդ չափով արծաթ, որից յետոյ ագարակը կը լինի իրենը։ 20Իսկ եթէ նուիրաբերողը չցանկանայ յետ գնել իր ագարակը, այլ վաճառի մի ուրիշ մարդու, ապա այն յետ գնելու իրաւունք չունի, 21բայց վաճառուած ագարակը ազատագրման տարում սրբագործուած նուիրաբերում թող լինի Տիրոջը։ Դա քահանային պատկանող սեփականութիւն է։ 22Եթէ նա Տիրոջը նուիրաբերի իր կալուածքը չհանդիսացող, այլ դրամով գնած ագարակ, 23քահանան պիտի հաշուի մինչեւ ազատագրման տարին մնացած տարիները, եւ յետ գնել ցանկացողը այդ օրը Տիրոջը պիտի վճարի որոշուած արժէքը։24Ազատագրման տարում կալուածքի նախկին տէրը այն յետ պիտի ստանայ։ 25Բոլոր գները պիտի սահմանուեն ըստ սրբազան կշեռքների. մէկ երկդրամեանը քսան դանգ թող լինի։ 26Քո անասունների բոլոր առաջին ծնունդները Տիրոջն են պատկանում։ Այն ոչ ոք չի կարող նուիրաբերել, քանի որ, լինի դա արջառ թէ ոչխար, պատկանում է Տիրոջը։ 27Եթէ անմաքուր չորքոտանի նուիրաբերի, դրա արժէքի վրայ պէտք է աւելացնի մէկ հինգերորդը, որից յետոյ այն կարող է պատկանել իրեն։ Իսկ եթէ յետ չգնի, ապա թող վաճառի իր արժէքով։28Ով որ իր ունեցածից որեւէ բան է նուիրաբերում Տիրոջը՝ մարդուց սկսած մինչեւ անասուն, ագարակից սկսած մինչեւ սեփական կալուածք, իրաւունք չունի այն ուրիշին վաճառելու կամ յետ գնելու։ Նման բոլոր նուիրաբերումները սրբութիւն սրբոց են Տիրոջ համար։29Իւրաքանչիւր մարդ, որը, որպէս ուխտ, Տիրոջն է նուիրաբերւում, չի կարող յետ գնուել, այլապէս նա մահուան կը դատապարտուի։ 30Հողի բերքի, ծառերի պտուղների մէկ տասներորդ մասը Տիրոջն է պատկանում։ Դրանք Տիրոջն են նուիրաբերւում։ 31Եթէ մէկը ցանկանայ յետ գնել իր տասանորդը, նա պէտք է դրա վրայ աւելացնի դրա արժէքի մէկ հինգերորդ մասը, որից յետոյ տասանորդը կը լինի իրենը։ 32Տասը արջառից ու ոչխարից մէկը, ինչպէս եւ հովուի գաւազանի տակով անցնող տասը անասունից մէկը պատկանում են Տիրոջը։ 33Խտրութիւն թող չլինի լաւի ու վատի միջեւ, եւ լաւը վատով չփոխարինես։ Իսկ եթէ այնուամենայնիւ փոխարինես, ե՛ւ նա, ե՛ւ փոխարինուողը պէտք է նուիրաբերես եւ իրաւունք չպիտի ունենաս դրանք յետ գնելու»։34Սրանք են այն պատուիրանները, որ Տէրը Սինա լերան վրայ Մովսէսի միջոցով հաղորդեց իսրայէլացիներին։

 









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Вырезка на рашпере

Вырезка на рашпереПодготовленную вырезку разрезать на куски, по одному на...

Консервы для детского питания

Консервы для детского питанияКонсервы для детского питания изготовляют из высококачественных...

Салат из цветной капусты

Салат из цветной капустыОчищенную, от поврежденных стеблей тщательно промытую цветную...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта