ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ

(11 голоса, среднее 4.09 из 5)
Индекс материала
ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ
2
Все страницы

Իմաստութիւն Սողոմոնի


1 Սիրեցէ՛ք արդարութիւնը, երկրի՛ դատաւորներ։ Բարի՛ խորհեցէք Տիրոջ մասին եւ պարզ սրտով փնտռեցէ՛ք նրան։ 2Աստուած պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, եւ պիտի երեւայ նրանց, ովքեր թերահաւատ չեն նրա նկատմամբ։ 3Արդարեւ, անիրաւ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զօրութիւնը փորձելու համար Աստուած յանդիմանում է անզգամներին։ 4Իմաստութիւնը չի մտնի չարանենգ անձի մէջ եւ ոչ էլ կը բնակուի այն մարմնի մէջ, որ մեղք է գործում։ 5Իմաստուն եւ անբիծ հոգին փախչում է նենգութիւնից ու մերժում անմիտների խորհուրդները, եւ երբ անիրաւութիւն է վրայ հասնում, յանդիմանում է այն։ 6Իմաստուն եւ մարդասէր հոգին չի արդարացնում նրան, ով հայհոյում է իր բերանով, որովհետեւ Աստուած վկայ է նրա ներքին ցանկութիւններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է եւ նրա լեզուի ունկնդիրը։ 7Արդարեւ, Տիրոջ հոգին լցնում է տիեզերքը, եւ Նա, որ պահում է ամէն ինչ, գիտէ, թէ ով ինչ է բարբառում։ 8Ուստի նա, ով անիրաւ բաներ է շշնջում, չի ծածկուելու եւ չի խուսափելու արդարացի դատապարտութիւնից։ 9Ամբարիշտների խորհուրդների քննութիւն պիտի լինի, նրանց ասածների լուրը պիտի հասնի Տիրոջը, եւ նրանք պիտի կրեն իրենց անիրաւութիւննների պատիժը։ 10Նախանձախնդիր ականջը լսում է ամէն բան, եւ քրթմնջիւնն ու շշնջիւնն անգամ չեն մնայ ծածուկ։ 11Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն, որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի, եւ ստախօս բերանը կը սպանի հոգին։ 12Ձեր կեանքի մոլորութեամբ ձեզ մահ մի՛ ցանկացէք եւ մի՛ սպանէք ձեր անձերը՝ ձեր իսկ ձեռքերի գործերով։13Արդարեւ, Աստուած մահ չի ստեղծել, եւ նա չի ուրախանում ողջերի կորստեան համար։ 14Նա ամէն ինչ հաստատել է լինելու համար, եւ աշխարհի գործերը փրկութեան համար են։ Ո՛չ մահաբեր թոյն կայ նրանց մէջե՛ւ ոչ էլ դժոխքի թագաւորութիւն՝ երկրի վրայ, 15որովհետեւ արդարութիւնը անմահ է։ 16Իսկ ամբարիշտները ձեռքով ու խօսքով իրենց մօտ կանչեցին մահը, նրան իրենց բարեկամ համարեցին, հալումաշ եղան եւ դաշինք կնքեցին նրա հետ. եւ իսկապէս արժանի են բաժնեկից լինելու նրան։ 
2 Անուղղայ մարդիկ այսպէս խորհեցին իրենց սրտի մէջ՝ ասելով. «Մեր կեանքը կարճ է եւ ցաւերով լի. եւ երբ մարդ հասնի իր վախճանին, ոչ մի փրկութիւն չկայ, եւ չկայ մէկը, որ վերադարձած լինի մահուան գերեզմանից։ 2Մենք պատահաբար ենք ծնուել եւ սրանից յետոյ էլ չեղածների պէս ենք լինելու, որովհետեւ մեր ռունգերի շունչը ծուխ է ասես, իսկ մեր խօսքը՝ կայծ, որ ծնուել է մեր սրտի տրոփից։ 3Կայծի մարումով մարմինը մոխիր է դառնում, իսկ հոգին սփռւում է ինչպէս թոյլ օդ։ 4Մեր անունը պիտի մոռացուի ժամանակի ընթացքում,եւ ոչ ոք չի յիշելու մեր գործերը։ Եւ, ինչպէս ամպի հետք, պիտի անցնի մեր կեանքը եւ պիտի ցրուի շամանդաղի նման՝ արեգակի ճառագայթներից հալածուած ու քշուած նրա տապից։ 5Արդարեւ, մեր կեանքը սահող ստուեր է, եւ ոչինչ չի կարող արգելել մարդուս վախճանը, քանզի երբ վախճանը կնքուի, այլեւս ոչ ոք չի կարող վերադարձնել։ 6Արդ, եկէ՛ք վայելենք այն բարիքները, որ կան, եւ, ինչպէս մանկութեան օրերին, ըմբոշխնենք այն, ինչ ստեղծուած է։ 7Եկէ՛ք յագենանք պէս-պէս գինիներով եւ անուշ իւղերով, եւ թող գարնան ծաղիկը չանցնի մեր կողքով։ 8Կոկոն վարդերից պսակներ կրենք, քանի դրանք չեն թառամել։9Թող մեծաշուք մեր այս ուրախութիւնից ոչ ոք ամենեւին անմասն չմնայ, ամէն տեղ ուրախութեան մի նշան թողնենք, որովհետեւ դա է մեր բաժինը, դա է մեզ վիճակուել։ 10Եկէ՛ք անիրաւութեամբ բռնադատենք տնանկին, չխնայենք որբեւայրուն, չխորշենք ծերի բազմամեայ ալեհերութիւնից։ 11Թող մեր ուժը դառնայ արդարութեան օրէնքը, որովհետեւ տկարութիւնը պիտանի չէ եւ ոչ մի բանի։12Դարանակալ լինենք արդարին, որովհետեւ դժկամ է նա մեր հանդէպ եւ հակառակ մեր գործերին, նախատինք է տալիս մեզ՝ օրէնքների դէմ մեղանչելու համար, եւ պարսաւում է մեզ՝ մեր երիտասարդական մեղքերի համար։ 13Նախ խոստովանում է, թէ աստուածգիտութիւն ունի, եւ իր անձը Տիրոջ որդի է անուանում։ 14Մեր առջեւ՝ մեր խորհուրդների յանդիմանութիւնն է նա։ 15Ծանր է մեզ համար նաեւ նրան տեսնելը, որովհետեւ նրա կեանքը նման չէ ուրիշների կեանքին, եւ այլազան են նրա վարքի շաւիղները։ 16Նա մեզ գարշանք է համարում եւ խորշում է մեր ճանապարհներից, ինչպէս պղծութիւնից. երանի է տալիս արդարների վախճանին եւ հպարտանալով Աստծուն հայր է կոչում։ 17Տեսնենք արդեօք ճշմարի՞տ են նրա խօսքերը եւ փորձենք իմանալ, թէ ի՛նչ է լինելու նրա վախճանը։ 18Եթէ, արդարեւ, Աստծու որդի է, ապա թող Աստուած պաշտպանի եւ ազատի նրան հակառակորդների ձեռքից։ 19Թշնամանքով եւ ծեծով խոշտանգենք նրան, որպէսզի տեսնենք նրա հեզութեան չափը եւ խելամուտ լինենք նրա համբերատարութեանը։ 20Խայտառակ մահուան դատապարտենք նրան. արդեօք Աստուած օգնական կը լինի՞ նրան»։ 21Այսպէս խորհեցին եւ խաբուեցին ամբարիշտները, որովհետեւ նրանց կուրացրել էր իրենց չարութիւնը։ 22Չճանաչեցին Աստծու խորհուրդները եւ չակնկալեցին ո՛չ սրբութեան վարձըեւ ո՛չ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիւը։23Աստուած մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար եւ արարել է նրան ըստ իր բարերարութեան պատկերի։ 24Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով. 25եւ ովքեր նրա բաժինն են, նրանք էլ պիտի կրեն այն։ 
3 Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, եւ մահը չի մօտենալու նրանց։ 2Անզգամների աչքին թուաց, թէ նրանք մեռան, եւ նրանց ելքն այս աշխարհից համարուեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, 3բայց նրանք գտնւում են խաղաղութեան մէջ։ 4Ու թէպէտեւ մարդկանց թւում է, թէ նրանք տանջուեցին, բայց նրանք անմահութեան հաստատ յոյս ունեն, 5ինչպէս եւ նրանք, որոնք չխուսափեցին սակաւ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստուած փորձեց նրանց եւ նրանց էլ արժանի գտաւ իրեն։ 6Նրանց փորձեց, ինչպէս ոսկին բովի մէջ, եւ իբրեւ ողջակէզի զոհ ընդունեց նրանց։ 7Եւ երբ Տէրն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպէս կայծը եղէգի միջով։8Պիտի դատեն ազգերին եւ տիրեն ժողովուրդներին, եւ նրանց վրայ յաւիտեան թագաւորելու է Տէրը։ 9Նրանք, որ իրենց յոյսը դրել են Աստծու վրայ, պիտի իմանան ճշմարտութիւնը, եւ նրանք, որ հաւատարիմ են, սիրով պիտի սպասեն նրան, քանզի սրբերի համար են նրա շնորհները եւ ողորմութիւնը, եւ իր ընտրեալների համար է նրա այցելութիւնը։ 10Իսկ ամբարիշտները, որոնք արհամարհեցին արդարութիւնն ու ապստամբեցին Տիրոջ դէմ, պիտի կրեն իրենց պատիժը՝ իրենց խորհուրդներին համապատասխան։ 11Արդարեւ ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը։12Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները։ 13Երանելի է անարատ ամուլը, որ մեղքի անկողին չի ճանաչել. նա վարձ կ՚ընդունի դատաստանի օրը։14Նաեւ ներքինին, որ իր ձեռքով անիրաւութիւն չի գործել եւ ոչ էլ չարութիւն է խորհել Տիրոջ մասին, նրան ըստ իր հաւատի ընտիր շնորհ է տրուելու եւ ցանկալի վիճակ՝ Տիրոջ տաճարում։ 15Արդարեւ, փառաւոր է բարի վաստակների պտուղը, եւ անսխալ՝ իմաստութեան արմատը։ 16Շնացողների որդիները լինելու են պակասաւոր, եւ պիտի ոչնչանայ ապօրինի անկողնու զաւակը։ 17Եւ եթէ նոյնիսկ երկարակեաց էլ լինեն, ոչնչութիւն են համարուելու. իրենց կեանքի վախճանին էլ անարգուելու է նրանց ծերութիւնը։ 18Իսկ եթէ շուտ էլ լինի նրանց վախճանը, յոյս չեն ունենալու, եւ ոչ էլ դատաստանի օրը՝ մխիթարութիւն։ 19Այո՛, այսպէս է կարգը. անիրաւ սերնդին՝ չարաչար վախճան։ 
4 Լաւ է անզաւակ լինել, բայց առաքինի, որովհետեւ առաքինի մարդու յիշատակն անմահութիւն է, որ ճանաչւում է թէ՛ Աստծու կողմից եւ թէ՛ մարդկանց։ 2Առաքինութեանը հպուելիս՝ մարդիկ նմանւում են նրան, հեռանալուց յետոյ՝ անձկագին փափագում։ Յաւիտենութեան մէջ նրանք, պսակաւորուած, պիտի ճեմեն եւ տօնեն իրենց յաղթանակը՝ անթառամ նահատակութեան պատերազմում յաղթած լինելու համար։3Ամբարիշտների բազմածին զաւակները պիտանի չեն լինի, փտած շիւերը խոր արմատներ չեն տայ, եւ հաստատուն չի լինի խախուտ հիմքը։ 4Ու թէեւ միառժամանակ ճիւղերը կարող են բողբոջել, բայց լինելով անկայուն հաստատուած՝ պիտի տարուբերուեն հողմից եւ հողմի ուժով էլ պիտի արմատախիլ լինեն։ 5Արմատի շուրջն աճած թոյլ շիւերը պիտի կոտրատուեն, ժամանակին չի հասունանալու նրանց պտուղը՝ ուտելու համար եւ ոչ մի բանի պիտանի չի լինելու։ 6Ապօրինի անկողնուց ծնուած որդիները դատաքննութեան ժամանակ իրենց ծնողների անբարոյականութեան վկաներն են լինելու, 7իսկ արդարը, եթէ ժամանակից շուտ էլ վախճանուի, հանգիստ կը գտնի։8Պատուաբեր ծերութիւնը ո՛չ երկարակեցութեամբ է չափւում եւ ո՛չ էլ ապրած տարիների թուով, 9այլ մարդու համար իմաստութի՛ւնն է նրա ալեհերութիւնը, եւ անարատ կեա՛նքն է նրա ծերութեան հասակը։10Կար մի արդար մարդ, որ հաճելի եղաւ Աստծուն, Աստուած սիրեց նրան, եւ նրան՝ իր կենդանութեան ժամանակ՝ մեղաւորների միջից փոխադրեց երկինք։ 11Նա յափշտակուեց, որպէսզի չարութիւնը չայլափոխի նրա իմաստութիւնը, կամ նենգութիւնը չխաբի նրա հոգին։12Անզգամութեան չար նախանձը շեղում է բարուց, եւ ցանկասիրութեան կիրքը խուճապի է մատնում անմեղների միտքը։13Այդ արդարը կատարելութեան հասաւ կարճ ժամանակում, եւ որովհետեւ նրա հոգին ցանկալի էր Տիրոջը, ուստի նա տագնապեց չարերի մէջ։ 14Իսկ մարդիկ տեսան դա եւ չհասկացան,ոչ էլ նոյնիսկ մտածեցին, 15թէ Աստծու արդարութիւնը իր սրբերի վրայ է, եւ նրա ձեռքն անպակաս է իր ընտրեալների վրայից։ 16Հանգուցեալ արդարը դատապարտում է կենդանի ամբարիշտներին, եւ վաղ հասունութեան հասած երիտասարդութիւնը դատապարտում է բազմամեայ անիրաւ ծերութիւնը։ 17Իմաստունի վախճանը տեսնում եւ չեն հասկանում, թէ ինչ է խորհել Տէրը նրա մասին եւ ինչից է զգուշացրել նրան։ 18Մարդիկ կը տեսնեն եւ կ՚արհամարեն նրան, մինչդեռ Տէրը պիտի ծիծաղի նրանց վրայ։ 19Եւ դրանից յետոյ նրանք պիտի լինեն անարգ կործանման եւ ամօթանքի մէջ՝ յաւիտենական մեռելների հետ, որովհետեւ Տէրը պիտի պայթեցնի նրանց ուռած անշշունջ մարմինները, հիմքերից պիտի շարժի նրանց, մինչեւ որ նրանք իսպառ խոպան դառնան, տանջուեն ցաւերի մէջ. եւ պիտի կորչի նրանց յիշատակը։ 20Իրենց կուտակած մեղքերից տագնապած՝ նրանք պիտի հասնեն դատաստանի օրուան, եւ նրանց գործած անիրաւութիւնները պիտի կշտամբեն նրանց ճակատ առ ճակատ։ 
5 Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդէպ, եւ նրանք, ովքեր արհամարում էին նրա վաստակը, 2տեսնելով նրան, պիտի խռովուեն սաստիկ երկիւղիցեւ պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկութեան համար։ 3Նրանք պիտի զղջան իրենց մտքումեւ հոգու նեղութիւնից ճնշուած՝ պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ եւ նախատինք էինք տալիս։ 4Մենք՝ անմիտներս, նրա վարքը մոլորութիւն էինք համարում, իսկ նրա վախճանը՝ անարգանք։ 5Բայց նա ինչպէ՞ս դասուեց Աստծու որդիների շարքը՝ դառնալով սրբերին վիճակակից։6Ուրեմն մենք մոլորուեցինք ճշմարտութեան ճանապարհից, արդարութեան լոյսը չլուսաւորեց մեզ, եւ մեր սրտերում չծագեց արդարութեան արեգակը։ 7Մենք խրուեցինք անօրէնութեան եւ կորստեան շաւիղների մէջ, գնացինք անկոխ անապատներով եւ չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները։ 8Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտութիւնը, եւ ի՞նչ նպաստ բերեց մեզ հարստութեամբ պարծենալը։ 9Այդ ամէնն անցաւ ինչպէս ստուեր եւ թռաւ ինչպէս մարդու վաղանցուկ համբաւ, 10ինչպէս ուռած ջրերը ճեղքող նաւ, որի անցնելուց յետոյ անհնարին է գտնել նրա հետքերը եւ թողած շաւիղները ալիքների մէջ. 11կամ՝ ինչպէս օդում ճախրող թռչունը,որի ընթացքից չի մնում նշմարելի մի բան. մագիլներով բախուելով եւ ճեղքելով թեթեւ հողմը, նա բուռն ուժով մտնում է ոլորտից ոլորտ եւ, թեւերը թափահարելով, սլանում դէպի առաջ. դրանից յետոյ նրա սլացքից չի մնում եւ ոչ մի նշան. 12կամ՝ ինչպէս դէպի նպատակակէտն արձակուած նետ, որ թռչում է օդը ճեղքելով, բայց օդը կրկին արագ իրար է գալիս, եւ չգիտես, թէ նետը որտեղից անցաւ, - 13այդպէս էլ մենք. ծնուեցինք ու դադարեցինք գոյութիւն ունենալուց 14եւ չկարողացանք առաքինութեան ոչ մի նշան ցոյց տալ, այլ մաշուեցինք մեր իսկ չարիքների մէջ։ 15Արդարեւ, ամբարշտի յոյսը կորչում է ինչպէս քամուց բարձրացուած փոշի, իբրեւ մրրիկից հալածուած մանրիկ եղեամ, իբրեւ հողմից ցրուած ծուխ կամ ինչպէս մէկ օրուայ հիւրի յիշատակ։ 16Բայց արդարները պիտի ապրեն յաւիտեան. նրանց վարձը Տիրոջից է, եւ նրանց խնամքը Բարձրեալից։ 17Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայութեան վայելչութիւնն ու գեղեցիկ թագը, քանի որ Տէրն իր աջով նրանց հովանի եւ իր բազկով նրանց պաշտպան է լինելու։ 18Տէրը պիտի սպառազինուի իր նախանձախնդրութեամբ եւ պիտի զինավառի իր արարածներին՝ թշնամիներից վրէժ լուծելու համար. 19իբրեւ զրահ նա պիտի հագնի արդարութիւնը եւ անաչառ դատաստանը իբրեւ սաղաւարտ պիտի դնի գլխին, 20որպէս վահան պիտի վերցնի իր անպարտելի սրբութիւնը21եւ որպէս հատու սուսեր պիտի սրի բարկութիւնը։ Եւ Տիրոջ հետ միասին ու խառն, աշխարհը պիտի պատերազմի անզգամների դէմ։22Ամպերից, ինչպէս լայնալիճ աղեղներից, փայլակների կորովի նետեր պիտի տեղան եւ թռչեն դէպի նպատակակէտը, 23եւ բարկութիւնից, ինչպէս քարանետից, առատ կարկուտ պիտի թափուի, ծովի ջրերը պիտի զայրագին յորդեն նրանց վրայ, գետերը պիտի անխնայ ողողեն,24բուռն հողմը պիտի հարուածի նրանց դէմքին եւ, ինչպէս մրրիկը, պիտի քշի նրանց։ Անօրէնութիւնը պիտի աւերի ողջ երկիրը, եւ խարդախութիւնը պիտի կործանի բռնակալների գահերը։ 
6 Լսեցէ՛ք, ո՛վ թագաւորներ, եւ հասկացէ՛ք. 2սովորեցէ՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագաւորներ։ 3Ակա՛նջ դրէք դուք, որ բազմութիւններ ունէք ձեր ձեռքի տակ եւ հպարտանում էք, որ տիրում էք բազում ազգերի վրայ. 4ձեզ այդ իշխանութիւնը Տիրոջ կողմից է տրուած, տէրութիւնը՝ Բարձրեալից. նա էլ հաշիւ է պահանջելու ձեր գործերի համար եւ քննելու է ձեր մտածումներ։ 5Դուք նրա թագաւորութեան սպասաւորներն էք, բայց ուղիղ դատ չէք վարում, չէք պահում նրա օրէնքները եւ չէք հետեւում Աստծու կամքին, իսկ նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրայ, 6քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ ռամիկի համար կայ ներման ողորմածութիւնը։ 7Հզօրներն աւելի խիստ են դատուելու, 8որովհետեւ Տէրը ոչ ոքի յատկապէս իր աչքի տակ չի ունենում,չի խորշում ոչ մի մեծութիւնից, քանզի ինքն է ստեղծել թէ՛ մեծին եւ թէ՛ փոքրին եւ հաւասարապէս խնամք է տածում բոլորի նկատմամբ։ 9Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի։ 10Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք։ 11Այն ամէնը, ինչ սուրբ է, պահեցէ՛ք սրբութեամբ, եւ դուք պիտի սրբանաք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանութիւն պիտի գտնեն։ 12Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէ՛ք։ 13Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներինեւ հեշտ է գտնւում փնտռողներից։ 14Նա ինքն է հասնում իրեն ցանկացողներին՝ աւելի շուտ ճանաչուելու համար։ 15Ով վաղ է ելնում նրան փնտռելու, նա չի չարչարուի, որովհետեւ դեգերելիս կը գտնի այն իր դռան մօտ։ 16Նրա մասին մտածելն արդէն կատարեալ իմաստութիւն է, եւ ով տքնում է նրա համար, շատ շուտ էլ կը թեթեւանայ հոգսից։ 17Արդարեւ, իմաստութիւնն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, եւ քաղցրութեամբ յայտնուելով նրանց շաւիղների վրայ, ինքն է նրանց տալիս ամէն մի հնարագիտութիւն։18Իմաստութեան սկիզբը իմաստութիւն սովորելու ճշմարիտ ցանկութիւնն է. 19իսկ սովորելու ցանկութիւնը նրա նկատմամբ տածած սէրն է, նրա օրէնքների պահպանութիւնը գութն է, նրա օրէնքների իւրացումը՝ անեղծութեան հաստատունութիւնը։ 20Իսկ անեղծութիւնը մարդուն մօտեցնում է Աստծուն, 21եւ իմաստութեան ցանկութիւնը տանում է դէպի արքայութիւն։ 22Արդ, ո՛վ ժողովուրդների բռնակալներ, եթէ իշխանութեան գահեր եւ մականներ էք տենչում, ապա պատուեցէ՛ք իմաստութիւնը, որպէսզի յաւիտեան թագաւորէք։ 23Իսկ թէ ի՞նչ է իմաստութիւնը եւ ինչպէ՞ս է ծագել այն, ես կը պատմեմ. 24ես չեմ թաքցնի ձեզնից նրա գաղտնիքները, այլ այն կը քննեմ արարածների ստեղծման սկզբից եւ կը բացայայտեմ նրա իմացութիւնը։ 25Ես չեմ շեղուի ճշմարտութիւնից եւ ոչ էլ նրան կը հետեւեմ այն անձի նման, որ մաշուել է նախանձից, քանի որ այդպիսի մէկը հաղորդ չէ իմաստութեանը։ 26Իմաստունների բազմութիւնն աշխարհի փրկութիւնն է, իմաստուն թագաւորը՝ ժողովուրդների ամրութիւնը։ 27Այսուհետեւ որպէս խրա՛տ առէք իմ խօսքերը եւ օգտուեցէ՛ք դրանցից։ 
7 Ես ինքս էլ մահկանացու մարդ եմ բոլորի նման եւ նախաստեղծ հողածնի ծնունդ։ 2Ես եւս մարմին եմ առել մօր որովայնում տասնամսեայ ժամանակի մէջ՝ մածուելով արեամբ տղամարդու սերմից եւ համատեղ քնի ցանկալի հաճոյքից։ 3Ես էլ ծնուելով՝ շնչեցի նոյն ընդհանուր օդըեւ համանման վշտերի նոյն երկիրն ընկայ։ 4Առաջին բարբառս բոլորի նման նոյն լացը եղաւ, եւ ես էլ սնուեցի խանձարուրի եւ հոգսերի մէջ։ 5Թագաւորներից ոչ ոք ուրիշ սկիզբ չի ունեցել.6աշխարհը մէկ մուտք ունի բոլորի համար եւ մէկ ընդհանուր ելք։ 7Դրա համար էլ աղօթելով խնդրեցի, եւ ինձ իմաստութիւն տրուեց, կանչեցի առ Աստուած, եւ իմաստութեան հոգի եկաւ իմ մէջ։ 8Ես նախամեծար համարեցի այն, քան իշխանութիւնն ու գահը, եւ հարստութիւնը ոչինչ համարեցի նրա համեմատութեամբ։ 9Ես այն չնմանեցրի թանկարժէք քարերի, որովհետեւ ոսկին մի բուռ աւազ է նրա առաջ, իսկ արծաթը նրա համեմատութեամբ՝ մի բուռ կաւ։ 10Առողջութիւնից եւ գեղեցկութիւնից առաւել՝ ես սիրեցի այն, եւ նախընտրեցի լոյսից առաւել, որովհետեւ անմարելի է նրանից բխող լոյսը։ 11Ես նրա շնորհիւ շռայլ բարիքներ ստացայ, եւ նրա օգնութեամբ հասայ անթիւ հարստութեան։ 12Ես հրճուեցի բոլոր նրանց հետ, ում առաջնորդում էր իմաստութիւնը, բայց չգիտէի, որ ամէն ինչի ծնունդ տուողը նա էր։ 13Ես սովորեցի առանց նենգութեան եւ առանց նախանձի էլ բաշխում եմ, չեմ թաքցնում նրա հարստութիւնը, որովհետեւ նա անսպառ գանձ է մարդկանց համար։ 14Նրանք, որ վարւում են այսպէս, բարեկամանում են Աստծու հետ՝ նրա կրթութեան ընծայած պարգեւների շնորհիւ։ 15Տայ Աստուած, որ ես խօսեմ իրաւախոհութեամբեւ ունենամ նրա տուած շնորհներին արժանի մտածումներ,որովհետեւ նա ինքն է իմաստութեան առաջնորդը եւ իմաստուններին ուղղութիւն տուողը,16որովհետեւ նրա ձեռքում ենք թէ՛ մենք, թէ՛ մեր խօսքերըեւ թէ՛ ամէն մի իմաստութիւն եւ խելամիտ գործ։ 17Նա ինձ տուել է եղած բաների մասին անսխալ գիտութիւնը, որ ճանաչեմ աշխարհի հաստատման կարգը եւ տարրերի ներգործութիւնը, 18ժամանակների սկիզբը, վախճանը եւ միջին մասը, արեգակի շրջանների փոփոխութիւնները եւ եղանակների շրջադարձերը, 19տարրերի պտոյտներն ու աստղերի դիրքերը, 20անասունների բարքերը եւ գազանների գազանային յատկանիշները, հողմերի շարժումներն ու մարդկանց մտքերը, տունկերի ձեւափոխութիւններն ու արմատների զօրութիւնը։ 21Ես իմացայ այն ամէնը, ինչ ծածուկ էր կամ բացայայտ, որովհետեւ իմաստութիւնը, որ բոլորի ճարտարապետն է, ուսուցանեց ինձ։ 22Նրա մէջ կայ բանական հոգի, որ սուրբ է, միածին, բազմաբաշխ, նուրբ, դիւրաշարժ, պարզ, անարատ, յայտնի, անվրէպ, բարեսէր, արագ, անարգել, բարերար, 23մարդասէր, հաստատուն, զգուշաւոր, անհոգ, ամենազօր, ամենահայեաց եւ կարող՝ թափանցելու մտաւոր, մաքուր եւ նրբին բոլոր բաների մէջ։ 24Արդարեւ, իմաստութիւնն աւելի շարժուն է բոլոր շարժումներից եւ իր յստակութեան պատճառով թափանցում եւ անցնում է ամէն ինչից ներս։ 25Նա Աստծու զօրութեան ճաճանչն է, Ամենակալի ճշմարիտ փառքի ծագումը, եւ դրա համար էլ ոչ մի պիղծ բան չի խառնւում նրան։ 26Նա մշտնջենաւոր լոյսի նշոյլ է, Աստծու ներգործութեան անարատ հայելինեւ նրա վեհութեան պատկերը։ 27Նա մի է, բայց ամենակարող. նա ինքնակայ է, բայց նորոգում է ամէն բան, սերնդից սերունդ անցնում է մաքուր հոգիների մէջ եւ պատրաստում Աստծու բարեկամներ եւ մարգարէներ։ 28Աստուած չի սիրում ուրիշ ոչ ոքի, բացի իմաստութեամբ ապրողից։ 29Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից, 30որովհետեւ լոյսը փոխւում է գիշերի, մինչդեռ իմաստութեանը չի կարող յաղթել չարութիւնը։ 
8 Օգտակար առողջութեամբ տարածուելով ծագից ծագ, իմաստութիւնը քաղցրութեամբ բուժում է բոլորին։ 2Սիրեցի այն, հետամուտ եղայ նրան իմ պատանեկութեան օրերից,խնդրեցի նրան, որ ինձ հարսնանար,եւ ցանկացայ նրա գեղեցկութիւնը։ 3Փառաւոր է նրա ազնուական ծագումը, քանզի նա կեանքի հաղորդութիւն ունի Աստծու հետ, եւ բոլորի Տէրը սիրեց այն։ 4Նա խորհրդակից է Աստծու իմաստութեանը եւ ինքն էլ տենչում է նրա գեղեցկութիւնը։ 5Եթէ կեանքում հարստութիւնն է ցանկալի ունեցուածքը, ապա ո՞ր հարստութիւնն է աւելի մեծ, քան իմաստութիւնը, որ կարող է ամէն ինչ անել։ 6Եթէ իմացականութեամբ է, որ գործւում է այս կամ այն բանը, ապա ո՞վ կարող է առաւել լաւ ճարտարապետ լինել եղած բաների մէջ, քան իմաստութիւնը։ 7Եթէ մարդ արդարութիւն է սիրում, ապա արդարութեան վաստակի արդիւնքը առաքինութիւնն է, որովհետեւ նա է, որ սովորեցնում է գիտութիւն եւ խոհեմութիւն, արդարամտութիւն եւ արիութիւն, որոնցից առաւել պիտանի բան չկայ մարդու կեանքում.8իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտի անցեալը եւ կռահում է գալիքը, հասկանում է թէ՛ խօսքի իմաստները եւ թէ՛ առակների մեկնութիւնը, կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները եւ թէ՛ ժամ ու ժամանակների ելքերը։ 9Եւ ահա ես որոշեցի, որ նա կեանքում անբաժան լինի ինձնից,գիտակցելով, որ նա բարի խորհրդատու կը լինի ինձ համար եւ կը մխիթարի ինձ հոգսերից եւ տրտմութիւնից։ 10Ես նրա շնորհիւ փառք կը վաստակեմ ժողովրդի մէջեւ պատիւ՝ ծերերի առջեւ։11Դեռ պատանի՝ միտքս սուր կը լինի դատ ու դատաստանի ժամանակ, եւ ես փառաւոր կ՚երեւամ հզօրների աչքին։ 12Երբ լռեմ, պիտի սպասեն, որ ինձ լսեն, երբ սկսեմ խօսել, ուշադիր պիտի հետեւեն ինձ, եւ երբ խօսելիս լինեմ, պիտի զարմանքից ափ ի բերան մնան։13Իմաստութեան շնորհիւ ես անմահութիւն պիտի գտնեմ եւ յաւերժ յիշատակ թողնեմ իմ յետնորդների մէջ։ 14Դարման պիտի լինեմ ժողովուրդներին, եւ ազգերը պիտի հնազանդուեն ինձ։ 15Սոսկալի բռնակալները պիտի սարսափեն ինձնից՝ լսելով իմ մասին. բազմութեան մէջ ես շնորհաշատ պիտի երեւամեւ պատերազմի մէջ՝ առաքինի։ 16Մտնելով իմ տունը՝ ես պիտի հանգստանամ իմաստութեան հետ, քանզի նրա ընկերակցութեան մէջ դառնութիւն չկայ, եւ նրա կեանքի հետ հաղորդակցուելն էլ վիշտ ու ցաւ չունի, այլ՝ ուրախութիւն եւ խնդութիւն։ 17Իմ մէջ խորհելով այսպէս՝ ես վճռեցի իմ սրտում, որ անմահութիւնը ազգակից է իմաստութեանը, 18որ բարիքների վայելչութիւնը բխում է նրա բարեկամութիւնից, անսպառ հարստութիւնը՝ նրա ձեռքի վաստակներից, իմաստութիւնը՝ նրա խօսքերի կրթութիւնից, փառքի ձեռքբերումը՝ նրա մտքերին հաղորդակից լինելուց, ուստի ես շրջում եւ փնտռում էի այն, որ վերցնէի ինձ մօտ։ 19Ես մտավարժ մանուկ էի եւ բարի հոգու հանդիպեցի. 20մանաւանդ՝ խիստ ազնիւ էի, եւ մարմինս էլ՝ անարատ։21Եւ այն էլ հասկացայ, որ եթէ Աստուած ինձ չտար, ես այլ կերպ չէի կարող լինել իմաստուն։ Իմաստութիւնը նաեւ այն է, որ ճանաչես, թէ ումից է շնորհը տրւում։ Ես ընկայ Տիրոջ առջեւ եւ ամբողջ սրտով աղաչեցի նրան։ 
9 Ո՛վ իմ հայրերի Աստուած եւ Տէրդ ողորմութեան, դու ես, որ քո խօսքով ստեղծեցիր բոլորին. 2եւ քո իմաստութեամբ ձեւաւորեցիր մարդուն, որ տիրի քո ստեղծած արարածներին, 3սրբութեամբ ու արդարութեամբ կառավարի աշխարհըեւ ուղիղ հոգով դատ ու դատաստան անի։ 4Տո՛ւր ինձ քեզ գահակից իմաստութիւնիցեւ խոտան մի՛ համարիր ինձ քո ծառաներից։ 5Արդարեւ, ես քո ծառան եմ եւ քո աղախնի որդին, ես տկար մարդ եմ եւ կարճատեւ կեանքի տէր,ես հասուն չեմ դատի ու օրէնքի իմացութեան մէջ։ 6Եւ եթէ նոյնիսկ որեւէ մէկը կարող է կատարեալ լինել մարդու որդիների մէջ, բայց եթէ քո իմաստութիւնը հեռու է նրանից, նա ոչինչ պիտի համարուի։ 7Դու ինձ ընտրեցիր քո ժողովրդի թագաւոր եւ քո տղաների եւ աղջիկների դատաւոր։ 8Դու ասացիր, որ ես տաճար շինեմ քո սուրբ լերան վրայեւ զոհասեղան՝ քո բնակութեան քաղաքում, քո այն սուրբ խորանի նմանութեամբ, որ սկզբից եւեթ, նախապէս, ինքդ պատրաստեցիր։9Քեզ հետ է նաեւ իմաստութիւնը, որ գիտի քո գործերը, քեզ մօտ էր նա, երբ դու արարում էիր աշխարհը, եւ գիտէր, թէ որն է հաճելի քո աչքինու որն է քո պատուիրաններին համապատասխան։ 10Առաքի՛ր դրան քո սուրբ երկնքից, քո փառքի աթոռից ուղարկի՛ր դրան, որ գայ եւ տեղ գտնի իմ մէջ, եւ ես գիտենամ, թէ ինչն է հաճելի քո առջեւ,11քանզի նա գիտէ ամէն ինչ եւ խելամուտ է բոլորին, իմ գործերի մէջ ինձ կ՚առաջնորդի զգաստութեամբ եւ իր փառքով կը պահպանի ինձ,12իմ գործերն ընդունելի կը լինեն, ես արդարութեամբ կը դատեմ քո ժողովրդինեւ արժանի կը լինեմ իմ հօր գահին։ 13Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը. 14քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ։ 15Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը։ 16Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաներըեւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ։ 17Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել, եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից։ 18Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղներըսովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ։ 
10 Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝միայնակ ստեղծեալին։ 2Նա փրկեց նրան իր յանցանքներիցեւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու։ 3Իսկ անիրաւը բարկութեամբ հեռացաւ դրանից եւ կործանուեց իր եղբայրասպան զայրոյթի մէջ։ 4Դրա համար էլ իմաստութիւնը երկրորդ անգամ փրկեց հեղեղուած երկիրը չնչին այն փայտի շնորհիւ, որի նաւապետն էր արդարը։ 5Իմաստութիւնն էր նոյնպէս, որ միաբանութեամբ չարութեան մէջ խռնուած ազգերի միջից ճանաչեց արդարին,նրան անարատ պահեց Աստծու առջեւեւ հզօրին պահպանեց որդու նկատմամբ տածած գթութեամբ։ 6Իմաստութիւնն ամբարիշտների կորստի ժամանակ փրկեց արդարին՝ փախցնելով նրան հինգ քաղաքների վրայ իջնող հրից, 7ուր որպէս չարիքի վկայ՝ հողերը ծխալով դեռեւս մնում են խոպան, ուր պտղատու տունկերը ժամանակին պտուղ չեն տալիս, եւ ուր որպէս անհաւատ հոգու յիշատակ՝ կանգուն է աղի արձանը։ 8Զանց անելով իմաստութիւնը՝ նրանք ոչ միայն վնաս կրեցին բարին չճանաչելու համար, այլեւ աշխարհում անմտութեան յիշատակ թողեցին, որպէսզի իրենց յանցանքները ծածկուած չմնան։ 9Իսկ իմաստութիւնն իրեն ծառայողներին փրկեց վշտերից։ 10Նա եղբօր բարկութիւնից փախածին առաջնորդեց դէպի ուղիղ շաւիղներ, ցոյց տուեց նրան Աստծու արքայութիւնը եւ սրբութիւնները ճանաչելու գիտութիւնը։ Յաջողութիւն եւ շահ տուեց նրան իր տքնութիւնների մէջեւ բազմացրեց նրա վաստակը։ 11Բռնացողների ագահութիւնից պաշտպանեց նրան, 12աւելի հարստացրեց նրան եւ պահպանեց թշնամիներից։ Նրան զգուշացրեց դարանակալներիցեւ յաղթող դարձրեց բուռն պատերազմում, որպէսզի գիտենայ, թէ աստուածպաշտութիւնը զօրաւոր է ամէն բանից։ 13Իմաստութիւնը չլքեց վաճառուած արդարին, այլ մեղքերից փրկեց նրան, 14նրա հետ իջաւ փոսը եւ կապանքների մէջ չթողեց նրան, մինչեւ իսկ նրա ձեռքը թագաւորական գաւազան դրեց եւ նրան իշխանութիւն տուեց իրեն նեղողների վրայ, ցոյց տուեց, որ ստախօսներ էին իրեն բամբասողները, եւ յաւիտենական փառք տուեց նրան։ 15Իմաստութիւնը փրկեց սուրբ ժողովրդին եւ անարատ սերնդին՝իրեն նեղող ազգի ձեռքից։16Իմաստութիւնը մտաւ Տիրոջ ծառայի հոգու մէջ եւ հրաշագործութիւններով ու սքանչելիքներով դիմագրաւեց ահազդու թագաւորներին. 17սրբերին հատուցեց իրենց վաստակի վարձը, նրանց առաջնորդեց սքանչելի ճանապարհով, ցերեկը նրանց հովանի եղաւ, իսկ գիշերը՝ աստղալոյս։ 18Նրանց անցկացրեց Կարմիր ծովով եւ տարաւ նրանց առատ ջրերի միջով։ 19Ընկղմեց նրանց թշնամիներին, իսկ իրենց վերեւ հանեց անդնդի խորքերից։ 20Դրա համար էլ արդարները կողոպտեցին ամբարիշտներին եւ օրհնեցին, Տէ՛ր, քո սուրբ անունը. քո ձեռքը, որ մարտնչում էր իրենց համար, օրհնեցին միահամուռ։ 21Իմաստութիւնը բացեց համրերի բերանը եւ յստակախօս դարձրեց մանուկների լեզուն։ 
11 Իմաստութիւնը սուրբ մարգարէի ձեռքով յաջողեցրեց նրանց գործերը։ 2Նրանք շրջեցին անբնակ անապատում եւ վրաններ խփեցին անկոխ վայրերում, 3կանգնեցին պատերազմողների դէմ եւ վանեցին թշնամիներին, 4ծարաւեցին եւ աղերսեցին քեզ, նրանց ջուր տրուեց ապառաժ քարից, եւ նրանց պապակը յագեցաւ կարծր քարից։5Արդարեւ, ինչ բանով որ պատժուեցին իրենց թշնամիները, 6նոյն այդ բանից նրանք, երբ կարիքի մէջ էին, բարերարութիւն գտան։ 7Արիւնով կարմրած եւ ալեխռով մշտնջենական գետի փոխարէն, 8որպէս կշտամբանք մանկակոտոր հրամանի, դու առատ ջուր տուիր անյոյսներին՝ 9ցոյց տալով, թէ ծարաւի ժամին ինչպէս ես տանջել հակառակորդներին. 10երբ իրենց պատժի չափն առան, քո ողորմածութեամբ խրատուած՝ հասկացան, թէ ինչպէս են տանջւում քո բարկութեամբ դատապարտուած ամբարիշտները։ 11Սրանց, իբրեւ խրատող հայր, փորձութեան ենթարկեցիր, իսկ ամբարիշտներին, իբրեւ խիստ թագաւոր, կշտամբեցիր դատապարտելով։ 12Նոյն վտանգին ենթարկուեցին թէ՛ հեռու եւ թէ՛ մօտիկ գտնուողները, 13եւ նրանց կրկին համակեց անցեալի յիշողութիւնների տրտմութիւնն ու հեծութիւնը,14որովհետեւ, երբ նրանք լսում էին, թէ իրենց կրած պատժի միջոցով բարեպաշտները երախտիքի են արժանացել, ճանաչում էին քո չափը, Տէ՛ր։ 15Դեռ երէկ եւ վաղուց ի վեր ում նրանք ուրացել եւ ծաղրում էին, դէպքերի վերջին ելքից դրդուած՝ զարմացան, թէ իրենք արդարների նման չէին եւ պիտի ծարաւէին։ 16Իրենց անիրաւ ու անմիտ մտածումների փոխարէն, որոնցով մոլորուած՝ նրանք անխօս սողուններ եւ վատթար ճիճուներ էին պաշտում, նրանց վրայ արձակեցիր անբան անասունների մի բազմութիւն՝ վրէժխնդիր լինելու համար, 17որպէսզի գիտենան, թէ ինչով որ մեղանչում է մարդ, նոյն բանով էլ պիտի պատժուի։ 18Ամենազօր քո ձեռքի համար, որ անկերպարան նիւթից հաստատեց այս աշխարհը, դժուար չէր արձակել նրանց վրայ արջերի մի բազմութիւն կամ վայրագ առիւծներ 19կամ նորաստեղծ, անծանօթ կատաղի այլ գազաններ՝ հուր ու կրակ շնչող, շարաւալից ծուխ արձակող, աչքերից սաստիկ կայծեր փայլատակեցնող։ 20Նրանց խորտակելու համար բաւական էր ոչ միայն դրանց պատճառած վնասը, այլեւ դրանց տեսքից զգացուած սարսափը կը սպանէր նրանց։21Բայց առանց դրան էլ նրանց կարող էին կործանել՝ մի հողմով իսկ հալածելով ու ցրելով նրանցքո հոգու զօրութեամբ եւ արդարադատութեամբ։ 22Բայց դու ամէն ինչ կարգեցիր չափով, թուով ու կշռով, որովհետեւ իւրաքանչիւր ժամ քեզ հետ է քո ամենազօր ուժը, եւ ո՞վ կարող է դէմ կանգնել քո բազկի զօրութեանը, 23որովհետեւ ամբողջ աշխարհը քո առջեւ է իբրեւ կշեռքի նժար եւ կամ ինչպէս ցօղի մի կաթիլ, որ իջնում է երկիր։ 24Բայց դու ողորմում ես բոլորին, որովհետեւ կարող ես անել ամէն բանեւ թողնում ես, որ ապաշխարութեամբ քաւուեն մարդկային մեղքերը։ 25Քանի որ ատելո՛վ չէ, որ ստեղծել ես ամէն ինչ,այդ պատճառով էլ սիրում ես ինչ որ կայեւ գարշանք չես զգում քո արարածներից եւ ոչ մէկից։ 26Ինչպէ՞ս կարող էր որեւէ բան լինել, եթէ դու չկամենայիր, եւ ինչպէ՞ս կարող էր գոյատեւել մի բան, եթէ դու գոյութեան կանչած չլինէիր այն։ 27Խնայի՛ր բոլորին, ո՛վ հոգեսէր Տէր, քանզի քոնն է ամէն բան։









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...



Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Шароц

ШароцСвежее виноградное сусло процедить через марлю и для нейтрализации кислот...

Цыплята в сухарях

Подготовленных цыплят отварить, разрезать пополам, распластать, посолить, обвалять в муке,...

Сайки «ереванские»

Сайки «ереванские»Сайка «ереванская» — штучное сдобное булочное изделие, выпекаемое из...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта