ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ - 2

(0 голоса, среднее 0 из 5)
Индекс материала
ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ
2
Все страницы


19 «Երբ քո Տէր Աստուածը կոտորի այն ազգերին, որոնց երկիրը քո Տէր Աստուածը տալու է քեզ, երբ ժառանգես այն եւ բնակուես նրանց քաղաքներում ու տներում, 2այն ժամանակ քո Տէր Աստծու քեզ տուած երկրի մէջ երեք քաղաք կ՚առանձնացնես։ 3Նկատի առնելով ճանապարհները, երեքի կը բաժանես քո Տէր Աստծու քեզ բաժին տուած երկիրը, որպէսզի այդ քաղաքները ապաստան լինեն մարդասպանութիւն կատարած բոլոր մարդկանց համար։ 4Այդ քաղաքները փախչելով՝ այդտեղ ապաստան թող գտնի այն մարդասպանը, որ նախապէս թշնամութիւն չի ունեցել իր այդ մերձաւորի նկատմամբ եւ նրան սպանել է ակամայ. 5ինչպէս, օրինակ՝ նա, ով իր մերձաւորի հետ մայրու անտառ է մտնում ծառ կտրելու, կացնով փայտ կտրելու համար բարձրացնում է իր ձեռքը, եւ կացինը կոթից պոկուելով՝ դիպչում է այդ մերձաւորին, ու սա մեռնում է։ Նա թող փախչի, ընկնի այդ քաղաքներից մէկնումէկը եւ փրկուի։ 6Այնպէս չլինի, որ սպանուածի արիւնակից հարազատը, որի սիրտը այրւում է, սպանողին հետապնդի, եթէ անգամ ճանապարհը հեռու է, եւ սպանի նրան։ Նա մահուան դատապարտուելու ենթակայ չէ, որովհետեւ նախապէս նրա նկատմամբ թշնամութիւն չի ունեցել։ 7Դրա համար էլ քեզ պատուիրում եմ ու ասում հետեւեալը. երեք քաղաք կ՚առանձնացնես քեզ համար։ 8Եթէ քո Տէր Աստուածը ընդարձակի քո սահմանները, ինչպէս Տէրը երդուել է քո հայրերին, եւ Տէրը քեզ տայ քո հայրերին խոստացած ամբողջ երկիրը, 9եթէ լսես ու կատարես այսօր քեզ հաղորդած իմ բոլոր այս պատուիրանները, այն է՝ սիրես քո Տէր Աստծուն, յաւիտեանս ընթանաս նրա ուղիով, ապա այդ երեք քաղաքներին կ՚աւելացնես եւս երեք այլ քաղաքներ, 10որպէսզի քո Տէր Աստծու քեզ ժառանգութիւն տուած երկրում անմեղ արիւն չթափուի, ձեր մէջ ոչ ոք արիւնապարտ չլինի։ 11Եթէ մէկն ատի իր մերձաւորին եւ նրա դէմ դաւ նիւթի, յարձակուի նրա վրայ, հարուածելով սպանի նրան ու փախչի այդ քաղաքներից մէկնումէկը, 12ապա նրա քաղաքի ծերերը պէտք է մարդ ուղարկեն, վերցնեն նրան այնտեղից ու յանձնեն սպանուածի արեան վրէժը պահանջող հարազատի ձեռքը, որպէսզի նա սպանի նրան։ 13Դու նրան չպէտք է խնայես։ Իսրայէլի միջից կը վերացնես անմեղ արիւնը, որպէսզի լաւ լինի քեզ համար»։ 14«Մի՛ խախտիր քո մերձաւորի այն սահմանները, որ քո հայրերը քեզ ժառանգութիւն են տուել, եւ որը քո Տէր Աստուածը այդ երկրում քեզ է տուել իբրեւ սեփականութիւն»։ 15«Որեւէ մէկի անօրէնութիւնները, յանցանքներն ու կատարած մեղքերն ապացուցելու համար մէկ մարդու վկայութիւնը բաւական չէ։ Երկու կամ երեք վկաների բերանով պէտք է հաստատուի ամէն բան։ 16Եթէ մի վկայ սուտ վկայութիւն տայ մի մարդու մասին եւ մեղադրի նրան անօրէնութեան մէջ, 17ապա երկուսն էլ, որոնց մէջ հակառակութիւն կայ, պէտք է կանգնեն Տիրոջ առջեւ, քահանաների առջեւ, այդ օրուայ դատաւորների առջեւ, 18եւ դատաւորները պէտք է արդարութեամբ քննեն գործը։ Եթէ հաստատուի, որ վկան սուտ վկայութիւն տալով է մեղադրել իր եղբօրը,19ապա նրա նկատմամբ կը կիրառէք այն պատիժը, որ նա մտադիր էր հասցնել իր եղբօրը։ Դրանով չարը կը վերացնէք ձեր միջից։20Ուրիշներն այդ լսելով՝ կը վախենան եւ այլեւս չեն յանդգնի այդպիսի չար բան անել ձեր մէջ։ 21Նրան մի՛ խնայէք։ Կեանքի դիմաց՝ կեանք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք»։ 
20 «Եթէ պատերազմի ելնես քո թշնամիների դէմ եւ տեսնես, որ նրանց նժոյգները, հեծեալներն ու ռազմի դաշտ եկած ժողովուրդը թուով քեզանից շատ են, մի՛ վախեցիր նրանցից, որովհետեւ Եգիպտացիների երկրից քեզ դուրս բերած քո Տէր Աստուածը քեզ հետ է։ 2Երբ հասնի պատերազմելու ժամը, քահանան մօտ գալով՝ թող խօսի ժողովրդի հետ 3եւ ասի նրանց. «Լսեցէ՛ք, իսրայէլացինե՜ր, ահաւասիկ դուք այսօր պատերազմի էք ելնում ձեր թշնամիների դէմ։ Ձեր սրտերը թող չթուլանան, մի՛ վախեցէք, մի՛ զարհուրէք ու նրանցից խոյս մի՛ տուէք, 4որովհետեւ մեր Տէր Աստուածը ձեզ հետ գնում է ձեր առջեւից, որպէսզի ձեզ հետ պատերազմելով ձեր թշնամիների դէմ՝ փրկի ձեզ»։5Զօրահաւաք կազմակերպած սպաները թող խօսեն ժողովրդի հետ եւ ասեն. «Այն մարդը, որը նոր տուն է կառուցել, բայց բնակարանամուտ չի արել, թող վերադառնայ իր տունը. չլինի թէ պատերազմի ժամանակ նա սպանուի, եւ նրա փոխարէն մի ուրիշ մարդ բնակարանամուտ անի։6Այն մարդը, որն այգի է տնկել, բայց դեռ դրա բերքը չի վայելել, թող գնայ ու վերադառնայ իր տունը. չլինի թէ պատերազմի ժամանակ սպանուի, եւ նրա փոխարէն մի ուրիշ մարդ դրա բերքը վայելի։ 7Այն մարդը, որը մի աղջկայ հետ նշանուել է, բայց նրա հետ դեռ չի ամուսնացել, թող գնայ ու վերադառնայ իր տունը. չլինի թէ պատերազմի ժամանակ սպանուի, եւ նրա փոխարէն մի ուրիշ մարդ ամուսնանայ իր նշանածի հետ»։ 8Սպաները դարձեալ թող խօսեն ժողովրդի հետ եւ ասեն. «Այն մարդը, որ վախենում է, թուլասիրտ է, թող գնայ ու վերադառնայ իր տունը, որպէսզի իր եղբօրն էլ իր նման վախկոտ չդարձնի»։ 9Երբ սպաները վերջացնեն ժողովրդի հետ խօսելը, զօրքի հրամանատարներ թող նշանակուեն բանակն առաջնորդնելու համար։ 10Եթէ մօտենաս մի քաղաքի, նախ նրա բնակիչներին խաղաղութեան կոչ կ՚անես։ 11Եթէ խաղաղութիւնն ընդունեն եւ քո առջեւ բաց անեն դարպասները, ապա այդ քաղաքի մէջ գտնուող ամբողջ ժողովուրդը հարկատու եւ հնազանդ թող լինի քեզ։ 12Իսկ եթէ չհնազանդուեն քեզ եւ պատերազմեն քո դէմ, ապա կը պաշարես քաղաքը, 13մինչեւ որ քո Տէր Աստուածը այն մատնի քո ձեռքը. եւ դու սրակոտոր կ՚անես նրա բոլոր արական սեռի բնակիչներին, 14կը խնայես կանանց, ապրանքներն ու բոլոր անասունները։ Քաղաքում գտնուող ամէն ինչ ու մնացած մարդկանց աւար կը վերցնես եւ կը սեփականացնես քո Տէր Աստծու՝ քեզ յանձնած թշնամիներիդ ամբողջ աւարը։ 15Նոյն կերպ կը վարուես քեզանից շատ հեռու գտնուող բոլոր քաղաքների հետ, որոնք այդ ազգերի քաղաքներից չեն։ 16Քո Տէր Աստծու քեզ իբրեւ սեփականութիւն տուած երկրի քաղաքների բնակիչներից ոչ մէկին կենդանի չթողնէք, 17ամբողջապէս ոչնչացրէ՛ք նրանց՝ քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խեւացիներին, յեբուսացիներին եւ գերգեսացիներին, ինչպէս պատուիրել է քո Տէր Աստուածը, 18որպէսզի սրանք ձեզ չսովորեցնեն անել իրենց այն բոլոր գարշելի բաները, որ նրանք անում են իրենց չաստուածների համար։ Դրանով դուք մեղանչած կը լինէք ձեր Տէր Աստծու առջեւ։ 19Եթէ նստել պաշարել ես մի քաղաք, եւ այն գրաւելու համար պէտք լինի երկար ժամանակ պատերազմել նրա դէմ, ապա կացնահարելով նրա պտղատու ծառերը չկտրես. դրանց պտղից կե՛ր, բայց մի՛ կտրիր. ծառը միթէ դաշտում գտնուող մա՞րդ է, որ կարողանայ քեզանից հեռանալով՝ պաշարուածներին միանալ։20Կտրի՛ր ու կոտորի՛ր այն ծառը, որ գիտես, թէ պտղատու չէ, այն կտրի՛ր ու կտրատի՛ր եւ դրանով քո դէմ պատերազմող քաղաքի շուրջը պատնէշ կառուցի՛ր, մինչեւ որ այդ քաղաքը յանձնուի»։ 
21 «Եթէ քո Տէր Աստծու իբրեւ ժառանգութիւն քեզ տուած երկրում, դաշտի մէջ ընկած մի սպանուած գտնուի, ու չիմանան, թէ ով է եղել նրան սպանողը, 2ապա թող ելնեն քո ծերերն ու քո դատաւորները եւ չափեն սպանուածի եւ նրա շուրջը գտնուող քաղաքների միջեւ ընկած տարածութիւնը։ 3Սպանուածի վայրին առաւել մօտիկ քաղաքի ծերերը արջառների միջից թող վերցնեն չբանեցուած ու լուծ չկրած մի երինջ,4այդ քաղաքի ծերերն այդ երինջը թող իջեցնեն ապառաժուտ մի ձորի մէջ, ուր ո՛չ վար է արուած, ո՛չ սերմ ցանուած, եւ այդ ձորում ջլակոտոր թող անեն երինջը։ 5Ղեւտացի քահանաները, որոնց քո Տէր Աստուածն է ընտրել, որպէսզի կանգնեն նրա առջեւ, օրհնութիւն տան նրա անունով, թող մօտենան եւ նրանց ասածով վերանան բոլոր վէճերն ու վնասները։6Սպանուածին առաւել մօտիկ գտնուող քաղաքի բոլոր ծերերը իրենց ձեռքերը թող լուան ձորում ջլակոտոր արուած երինջի գլխի վրայ 7եւ պատասխան տալով՝ թող ասեն. «Մեր ձեռքերը չեն թափել այս արիւնը, եւ մեր աչքերը չեն տեսել։ 8Տէ՜ր, քաւութի՛ւն արա քո փրկած Իսրայէլի ժողովրդին, որպէսզի անմեղ արիւնը Իսրայէլի քո ժողովրդին չվերագրուի«։ Դրանով նրանք թափուած արեան մեղքից զերծ կը մնան։9Այս ձեւով դու ձեր միջից կը սրբես անմեղ արիւնը, եթէ ուզում ես քո Տէր Աստծու առջեւ բարին ու հաճելին անել»։ 10«Երբ պատերազմի ելնես քո թշնամիների դէմ, եւ քո Տէր Աստուածը նրանց մատնի քո ձեռքը, աւար վերցնես նրանց ունեցուածքը 11եւ գերեվարուածների մէջ գեղեցիկ կին տեսնես, ցանկաս տիրանալ նրան ու նրան կին առնել քեզ,12ապա նրան կը տանես քո տունը, կ՚ածիլես նրա գլուխը, 13կը կտրես նրա եղունգները, կը հանես նրա գերութեան զգեստները։ Նա թող նստի քո տանը ու մէկ ամիս թող սուգ անի իր հօր ու մօր համար։ Դրանից յետոյ կը մերձենաս նրան, կ՚ապրես նրա հետ, եւ նա կը լինի քո կինը։14Եթէ դու նրանից գոհ չլինես, ապա նրան ազատ կ՚արձակես։ Նրան արծաթով չվաճառես ու նրան չստորացնես, քանի որ լլկել ես նրան»։15«Եթէ մի տղամարդ երկու կին ունենայ, որոնցից մէկը սիրելի լինի, իսկ միւսն՝ ատելի, եւ նրանք՝ սիրելի ու ատելի այդ կանայք, նրա համար որդիներ ծնեն, եւ անդրանիկը լինի ատելի կնոջ որդին, 16ու երբ վրայ հասնի իր ունեցուածքը որդիներին ժառանգութիւն տալու օրը, ապա այդ մարդն անտես անելով ատելի կնոջ անդրանիկ որդուն՝ իրաւունք չունի անդրանիկի իրաւունքը տալ իր սիրելի կնոջ որդուն. 17նա պարտաւոր է անդրանիկ ճանաչել ատելի կնոջ որդուն եւ իր ունեցածից նրան հասանելիք բաժնի կրկնապատիկը տալ, որովհետեւ նա է նրա անդրանիկ որդին, եւ անդրանկութեան իրաւունքը նրան է պատկանում»։ 18«Եթէ մէկն ունի անառակ ու անզգամ որդի, որն իր հօրն ու մօրը չի լսում, որին խրատում են, բայց նա չի անսում նրանց,19ապա նրա հայրն ու մայրը նրան թող տանեն իրենց քաղաքի ծերերի մօտ, իրենց հրապարակի դարպասի առջեւ, 20եւ ասեն իրենց քաղաքի մարդկանց. «Մեր այս որդին անառակ է ու անզգամ. նա մեր ասածը չի լսում, որկրամոլ է ու հարբեցող»։ 21Այն ժամանակ այդ քաղաքի մարդիկ քարկոծելով թող սպանեն նրան։ Դրանով դուք չարը վերացրած կը լինէք ձեր միջից, իսկ ուրիշներն այդ լսելով՝ կը վախենան»։ 22«Եթէ մէկը մահուան դատապարտուելու արժանի յանցանք կատարի, նա մեռնելու արժանի լինի, ու նրան կախեն ծառից, 23ապա նրա մարմինը ծառի վրայ գիշերը թող չմնայ. նոյն օրն իսկ կը թաղէք նրան, որովհետեւ Աստծուց անիծուած է նա, ով կախուած է ծառից։ Մի՛ պղծէք այն երկիրը, որ քո Տէր Աստուածը քեզ է տալիս իբրեւ ժառանգութիւն»։ 
22 «Չլինի թէ ճանապարհի վրայ տեսնես քո իսրայէլացի եղբօր մոլորուած արջառը կամ ոչխարը եւ անտես անես դրանք. անպատճառ պէտք է վերադարձնես դրանք ու բերես քո եղբօր մօտ։ 2Եթէ քո եղբայրը քեզ մօտիկ վայրում չի ապրում կամ դու չես ճանաչում նրան, ապա դրանք կը բերես քո տունը. դրանք թող մնան քեզ մօտ, մինչեւ որ քո եղբայրը փնտռի դրանք, ու դու վերադարձնես նրան։ 3Նոյն կերպ կը վարուես նրա էշի հետ, նոյն կերպ կը վարուես նրա զգեստների հետ, նոյն կերպ կը վարուես քո եղբօր կորցրած բոլոր իրերի հետ։ Եթէ նա ինչ-որ բան կորցնի, ու դու գտնես, չյանդգնես անուշադրութեան մատնել այն։ 4Երբ կը տեսնես, որ եղբօրդ էշը կամ եզը ընկած է ճանապարհի վրայ, ապա դրանց կողքով անտարբեր չանցնես, այլ տիրոջն օգնելով՝ ոտքի կը կանգնեցնես դրանց։ 5Կինը տղամարդու զգեստ չպէտք է հագնի, իսկ տղամարդն էլ կանացի զգեստ չպէտք է հագնի, որովհետեւ քո Տէր Աստծու առջեւ պիղծ է նա, ով անում է այդ բանը։ 6Եթէ քո ճանապարհին, քո առջեւ, ծառի թէ գետնի վրայ թռչունի ձագերի կամ ձուերի բոյն պատահի, եւ մայրը թուխս նստած տաքացնելիս լինի ձագերին կամ ձուերը, ապա մօրը չվերցնես ձագերի հետ. 7ազատ կ՚արձակես մօրը, իսկ ձագերին կը վերցնես քեզ, որպէսզի բարիք գործած լինես եւ երկրի վրայ երկարակեաց լինես։ 8Նոր տուն կառուցելիս բազրիք կը շինես տանիքի շուրջը, որպէսզի, եթէ մէկն այնտեղից ընկնի, դու քո տան մէջ սպանութիւն գործած չլինես։ 9Այգուդ մէջ տարբեր սերմեր չցանես, որպէսզի այգու բերքն ու քո ցանած սերմի բերքը իրար հետ հաւասարապէս չապականուեն։ 10Վար անելիս էշն ու եզը միասին չլծես։ 11Տարբեր նիւթերից՝ բրդից ու վուշից գործուած հագուստ չհագնես։ 12Ինչ էլ որ հագնես, քո հագած զգեստի չորս կողմերի վրայ մանուածոյ ծոպեր կը դնես»։ 13«Եթէ մէկը կին առնի՝ ամուսնանայ նրա հետ, բայց ատի նրան, 14նրան բամբասելով մեղքեր բարդի նրա վրայ, նրա անունը վարկաբեկելով ասի՝ «Այս կնոջ հետ ամուսնացայ, բայց երբ մերձեցայ, նրան կոյս չգտայ», 15ապա աղջկայ հայրն ու մայրը իրենց դստերն առնելով՝ աղջկայ կուսութեան նշանը թող ցուցադրեն դռան մօտ, ծերերի առջեւ։ 16Աղջկայ հայրը թող ասի ծերերին. «Իմ այս աղջկան կնութեան տուեցի այս մարդուն։ 17Սա նրան ատելով՝ բամբասում է ու զրպարտում, թէ՝ ՚Քո աղջկան կոյս չգտայ՚։ Ահա իմ աղջկայ կուսութեան նշանները»։ Այն ժամանակ այդ քաղաքի ծերերի առջեւ թող բացեն լաթը։ 18Այդ քաղաքի ծերերը թող կանչեն ու յանդիմանեն այդ մարդուն։ 19Նրանից թող գանձեն հարիւր սիկղ, յանձնեն հօրը այն բանի դիմաց, որ նա վարկաբեկել է իսրայէլացի կոյսի անունը։ Նա թող մնայ նրա կինը, եւ տղամարդը երբեք չհամարձակուի լքել նրան։ 20Իսկ եթէ ճիշտ լինի նրա ասածը՝ աղջկայ կուսութեան ապացոյց չգտնեն, 21ապա աղջկան թող բերեն իր հօր դուռը, եւ քաղաքի բնակիչները քարկոծելով թող սպանեն նրան, որովհետեւ իսրայէլացիների մէջ անպատիւ գործ է արել՝ պոռնկացել է իր հօր տանը։ Դրանով դուք ձեր միջից վերացրած կը լինէք չարը։ 22Եթէ գտնուի մի տղամարդ, որ շնանում է ամուսնացած կնոջ հետ, կը սպանէք երկուսին էլ՝ կնոջ հետ շնացող տղամարդուն ու այդ կնոջը. դրանով Իսրայէլի միջից դուք վերացրած կը լինէք չարը։ 23Եթէ քաղաքում մի տղամարդ հանդիպի մարդու հետ նշանուած կոյս աղջկայ եւ պառկի նրա հետ, 24ապա երկուսին էլ կը բերէք իրենց քաղաքի դարպասների մօտ եւ քարկոծելով կը սպանէք նրանց. աղջկան կը սպանէք այն բանի համար, որ, դէպքը քաղաքում լինելով, օգնութեան չի կանչել, իսկ տղամարդուն՝ այն բանի համար, որ բռնաբարել է իր մերձաւորի նշանածին։ Դրանով դուք չարը վերացրած կը լինէք ձեր միջից։ 25Եթէ տղամարդը դաշտում հանդիպի նշանուած մի աղջկայ եւ բռնութեամբ պառկի նրա հետ, ապա կը սպանէք աղջկան բռնաբարած տղամարդուն, 26իսկ աղջկան ոչինչ չէք անի, քանի որ աղջիկը մահուան արժանի բան չի արել. սա նման է այն դէպքին, երբ մէկը յարձակւում է իր մերձաւորի վրայ ու սպանում նրան։27Նա դաշտի մէջ է հանդիպել նրան, նշանուած աղջիկը դիմադրել է, եւ ոչ ոք չի եղել, որ օգնէր նրան։ 28Եթէ մէկը չնշանուած կոյս աղջկայ հանդիպի ու բռնութեամբ պառկի նրա հետ, 29ապա աղջկան բռնաբարող տղամարդը աղջկայ հօրը պէտք է տայ յիսուն երկդրամեան արծաթ, իսկ աղջիկը պէտք է դառնայ նրա կինը։ Տղամարդը երբեք չպէտք է յանդգնի լքել նրան։ 30Ոչ ոք իրաւունք չունի ամուսնանալու իր հօր կնոջ հետ եւ այդպիսով երեւան հանելու իր հօր ամօթոյքը»։ 
23 «Ամորձիքը ճզմած կամ կռտած մարդն իրաւունք չունի Աստծու ժողովարանը մտնելու։ 2Պոռնկորդին իրաւունք չունի Տիրոջ ժողովարանը մտնելու։ 3Ամոնացին ու մովաբացին իրաւունք չունեն Տիրոջ ժողովարանը մտնելու։ Նրանց մինչեւ տասներորդ սերունդը թող յաւիտեան Տիրոջ ժողովարանը չմտնի, 4որովհետեւ Եգիպտոսից դուրս գալու ճանապարհին նրանք հացով ու ջրով ձեզ ընդառաջ չելան եւ որովհետեւ քո դէմ վարձեցին միջագետքցի Բէորի որդի Բաղաամին, որպէսզի սա անիծի քեզ։ 5Քո Տէր Աստուածը, սակայն, չկամեցաւ լսել Բաղաամին, եւ քո Տէր Աստուածն անէծքը վերածեց օրհնութեան, քանի որ քո Տէր Աստուածը սիրեց քեզ։ 6Քո կեանքի բոլոր օրերին, մինչեւ յաւիտեան նրանց հետ հաշտութեամբ չխօսես։ 7Եդոմայեցուց մի՛ խորշիր, որովհետեւ նա քո եղբայրն է։ Եգիպտացուց մի՛ խորշիր, որովհետեւ պանդուխտ էիր նրա երկրում։ 8Նրանց երրորդ սերունդը կարող է մտնել Տիրոջ ժողովարանը»։ 9«Եթէ պատերազմի ելնես քո թշնամիների դէմ, զգուշացի՛ր ամէն տեսակ չար բաներից։ 10Եթէ ձեր մէջ գտնուի մի մարդ, որն իր երազախաբութեան պատճառով անմաքուր է դարձել, ապա թող բանակատեղիից դուրս ելնի եւ բանակատեղի չմտնի։ 11Երեկոյեան նա իր մարմինը պէտք է լուայ ջրով եւ արեւը մայր մտնելու ժամանակ մտնի բանակատեղի։12Բանակատեղիից դուրս առանձնացուած մի տեղ պէտք է ունենաս ու այնտեղ արտաքնոց գնաս։ 13Քո գօտուց կախուած պէտք է ունենաս մի ցից, որպէսզի, երբ արտաքնոց գնաս, դրանով փոս բացես եւ քո աղտեղութիւնն այնտեղ նետելով՝ ծածկես. 14որովհետեւ քո Տէր Աստուածը շրջում է քո բանակատեղիում, որպէսզի փրկի քեզ եւ քո թշնամուն քո ներկայութեամբ մատնի քո ձեռքը։ Դրա համար էլ քո բանակատեղին մաքուր պէտք է մնայ, քո միջավայրում աղտեղութիւն չպէտք է երեւայ, այլապէս Տէրը երես կը թեքի քեզանից»։ 15«Իր տիրոջից փախչելով քեզ մօտ եկած ստրուկին մի՛ յանձնիր նրա նախկին տիրոջը. 16նա թող բնակուի քեզ հետ ու քեզ հետ տեղաւորուի այնտեղ, ուր նա յարմար է գտնում։ Նրան նեղութիւն մի՛ պատճառէք։ 17Իսրայէլի դուստրերի մէջ բոզ չպէտք է լինի, իսկ Իսրայէլի տղաների մէջ՝ իգացող։ Իսրայէլի դուստրերին կռապաշտութեան նուէր չդարձնէք, եւ Իսրայէլի տղաներից որեւէ մէկին չընծայաբերէք։ 18Պոռնկի վարձը կամ շնացող տղամարդու գինը որեւէ ուխտ կատարելու համար քո Աստծու տուն չտանես, որովհետեւ քո Տէր Աստծու առջեւ երկուսն էլ պիղծ են։19Քո եղբօրը վաշխով արծաթ չտաս, կամ շահ ստանալու ակնկալիքով ու տոկոսներով՝ կերակուր։ 20Ամէն ինչ կարող ես փոխ տալ օտարին ու քո եղբօրը, որպէսզի քո Տէր Աստուածը օրհնի քեզ քո բոլոր գործերում այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար։ 21Եթէ ուխտ ես անում քո Տէր Աստծուն, ապա մի՛ յապաղիր այն կատարել, որովհետեւ քո Տէր Աստուածը պահանջելով պահանջելու է քեզանից, եւ չկատարելու դէպքում մեղք կը բարդես վրադ։ 22Եթէ չես ցանկանում ուխտել, ապա դա մեղք չի համարուի քեզ։ 23Ինչ որ դուրս է գալիս քո շրթունքներից, զգո՛յշ եղիր, որ անես այնպէս, ինչպէս որ ուխտել ես քո Տէր Աստծուն։ Տո՛ւր այն նուէրը, որ խոստացել ես քո բերանով։ 24Եթէ մտնես քո մերձաւորի արտը, ապա հասկը կարող ես քաղել ձեռքով, բայց քո մերձաւորի արտում մանգաղ չգործածես։ 25Եթէ մտնես քո մերձաւորի այգին, ապա խաղող կարող ես ուտել մինչեւ յագենալդ, բայց ամանի մէջ լցնելով չտանես»։ 
24 «Եթէ մէկը կին է առնում ու մերձենում նրան, բայց այնպէս է պատահում, որ, նրա մէջ անարգութեան հանգամանք նկատելով, դադարում է նրան սիրելուց, ապա ապահարզանի թուղթ թող գրի, տայ նրա ձեռքը եւ նրան արձակի իր տնից։ 2Եթէ այս կինն ամուսնանայ մի այլ մարդու հետ, 3եւ վերջին ամուսինն էլ ատի նրան, ապա սա էլ թող գրի բաժանուելու թուղթ, տայ նրա ձեռքը եւ նրան արձակի իր տնից։ Եթէ մեռնի նրան կնութեան առած վերջին ամուսինը, 4ապա նրան արձակող առաջին ամուսինը իրաւունք չունի նրա պղծուելուց յետոյ նրան նորից կնութեան առնելու, որովհետեւ դա պղծութիւն է քո Տէր Աստծու առջեւ։ Մի՛ պղծէք այն երկիրը, որ Տէր Աստուածը ձեզ է տալու իբրեւ ժառանգութիւն»։ 5«Եթէ մի տղամարդ նոր է ամուսնացել, ապա նա պատերազմի թող չգնայ. նրա վրայ ոչ մի պարտականութիւն թող չդրուի, ազատ թող լինի իր տան մէջ եւ ուրախացնի իր առած կնոջը։6Աղօրիքի վերին ու ստորին մասերը գրաւ չվերցնես, որովհետեւ այդպիսով դրա տիրոջ կեանքն ես գրաւ վերցրած լինում։ 7Եթէ որեւէ մարդագող իր եղբայրներից՝ իսրայէլացիներից մէկին գողանալով վաճառի, ապա գողը պէտք է մահուան դատապարտուի։ Դրանով դուք չարը վերացրած կը լինէք ձեր միջից։ 8Զգուշացի՛ր բորոտութիւնից, հետամուտ եղի՛ր, որ կատարես բոլոր այն օրէնքները, որ քեզ կը հաղորդեն ղեւտացի քահանաները, ինչպէս որ ես եմ պատուիրել ձեզ, որ զգոյշ լինէք։ 9Յիշեցէ՛ք, թէ ձեր Տէր Աստուածը ինչ արեց Մարիամին, երբ դուք Եգիպտոսից ճանապարհ էիք ընկել։ 10Եթէ քո մերձաւորը որեւէ բան է պարտք քեզ, ապա գրաւ վերցնելու համար նրա տունը չմտնես. 11կանգնի՛ր դրսում, եւ պարտք ունեցող մարդը ինքը թող գրաւը հանի դուրս։ 12Եթէ աղքատ է այդ մարդը, ապա երբ դու գիշերը պառկում ես, նրա գրաւ տուած զգեստը թող քեզ մօտ չլինի, 13այլ արեւը մայր մտնելու ժամանակ նրա գրաւը կը վերադարձնես. նա թող պառկի իր զգեստով, օրհնի քեզ, եւ դա քո Տէր Աստծու առջեւ կատարուած բարութիւն թող համարուի։ 14Մի՛ զլացիր վարձ տալ քո աղքատ ու կարիքաւոր եղբայրներին կամ քո քաղաքներում գտնուող եկուորներին.15նոյն օրը տո՛ւր նրա վարձը, քանի դեռ արեւը մայր չի մտել, որովհետեւ նա տնանկ է, եւ դա է նրա յոյսը։ Նա քո մասին թող չբողոքի Տիրոջը, եւ քեզ վրայ դա որպէս մեղք թող չբարդուի։ 16Հայրերը չպէտք է մեռնեն որդիների փոխարէն, ոչ էլ որդիները պէտք է մեռնեն հայրերի փոխարէն։ Ամէն մարդ պէտք է մեռնի իր գործած մեղքերի համար։17Եկուորի, որբի ու այրու իրաւունքը մի՛ ոտնահարիր, այրու զգեստները գրաւ մի՛ վերցրու, 18որովհետեւ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ քո Տէր Աստուածը քեզ փրկեց այնտեղից։ Դրա համար էլ պատուիրում եմ քեզ կատարել այս բաները։ 19Երբ քո արտը հնձելուց յետոյ խուրձ մոռանաս քո արտում, մի՛ վերադարձիր այն վերցնելու համար. դա թող պատկանի աղքատին, եկուորին, այրուն ու որբին, որպէսզի քո Տէր Աստուածը քեզ օրհնի բոլոր այն գործերում, որոնց ձեռնարկում ես։ 20Երբ քաղես քո այգին, քաղից յետոյ ճռաքաղ չանես. դա թող պատկանի եկուորին, որբին ու այրուն։ Յիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, որի համար էլ պատուիրում եմ քեզ կատարել այս բաները։ 21Եթէ ձիթապտուղ ես քաղում, քաղից յետոյ մի՛ վերադարձիր պտղաքաղ անելու համար. դա թող պատկանի եկուորին, որբին ու այրուն։ 22Յիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, որի համար էլ պատուիրում եմ քեզ կատարել այս բաները»։ 
25 «Եթէ վէճ լինի մարդկանց միջեւ, ապա թող դատարան ներկայանան, ու դատ թող լինի։ Թող արդարացնեն արդարին, իսկ մեղաւորին թող պատժեն։ 2Եթէ մեղաւորը գանահարութեան է արժանի, ապա նրան թող պառկեցնեն դատաւորների առջեւ եւ նրանց առջեւ նրան թող գանահարեն ըստ նրա մեղաւորութեան՝ 3քառասուն հարուած, բայց ոչ աւելի։ Իսկ եթէ նրան դրանից աւելի գանահարեն, ապա դա քո առջեւ կատարուած անարգանք կը լինի քո եղբօր հանդէպ։4Կալում աշխատող եզան դունչը չկապես»։ 5«Եթէ եղբայրներն ապրում են միասին, եւ նրանցից մէկը առանց զաւակ ունենալու մեռնի, ապա մեռած եղբօր կինը օտարի հետ թող չամուսնանայ։ Նրա ծոցը թող մտնի իր ամուսնու եղբայրը, սա թող կին առնի նրան ու ապրի այդ կնոջ հետ։ 6Սրանցից ծնուած երեխան թող գրանցուի մահացած եղբօր անունով, որպէսզի նրա անունը Իսրայէլից չջնջուի։ 7Իսկ եթէ եղբայրը չցանկանայ ամուսնանալ իր մահացած եղբօր կնոջ հետ, ապա կինը թող դուրս գայ քաղաքի դարպասի մօտ, ծերերի առջեւ եւ ասի. «Իմ ամուսնու եղբայրը չի ուզում Իսրայէլի մէջ պահպանել իր եղբօր անունը։ 8Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբօրը, խօսեն նրա հետ։ Եթէ նա կանգնի ու ասի՝ «Չեմ ուզում ամուսնանալ նրա հետ», 9ապա նրա եղբօր կինը մօտենալով ծերերին՝ նրա ոտքից թող հանի մի կօշիկը, թքի նրա երեսին եւ պատասխան տալով՝ ասի. «Այսպէս են վարւում այն մարդու հետ, որը վառ չի պահում իր եղբօր տունը»։ 10Նրա անունն Իսրայէլի մէջ թող կոչուի ՚ բոբկացած մարդու տուն՚»։ 11«Եթէ երկու մարդ՝ երկու ազգակից իսրայէլացի եղբայրներ կռուեն միմեանց հետ, եւ նրանցից մէկի կինը իր ամուսնուն ազատելու նպատակով մօտենայ իր ամուսնու հետ կռուողին եւ ձեռքը մեկնելով՝ բռնի նրա ամորձիքներից, 12ապա առանց խղճալու պէտք է կտրես նրա ձեռքը։ 13Տոպրակիդ մէջ նոյն չափի՝ ծանր ու թեթեւ կշռաքարեր թող չլինեն։ 14Քո տանը նոյն չափսը երկար ու կարճ թող չլինի։ 15Ճշգրիտ ու արդար կշռաքարեր պէտք է ունենաս, ճշգրիտ ու արդար չափ ունենաս, որպէսզի երկար ապրես այն երկրում, որ քո Տէր Աստուածը իբրեւ ժառանգութիւն է տալու քեզ, 16որովհետեւ քո Տէր Աստծու համար պիղծ է նա, ով վարւում է այդ կերպ, ով անարդարութիւն է գործում»։ 17«Յիշի՛ր, թէ ինչ արեց քեզ Ամաղէկը, երբ Եգիպտոսից դուրս գալու համար ճանապարհ էիր ընկել, 18թէ ինչպէս ճանապարհին ելաւ քո դէմ, կոտորեց քո բանակի վերջապահներին ու յոգնելու պատճառով յետ ընկածներին, երբ դու քաղցած ու յոգնած էիր՝ չվախենալով Աստծուց։ 19Եւ երբ քո Տէր Աստուածը քեզ ազատի քո շրջապատում գտնուող քո բոլոր թշնամիներից այն երկրում, որ քո Տէր Աստուածը վիճակով քեզ է տալու իբրեւ ժառանգութիւն, Ամաղէկի անունը կը ջնջես երկրի երեսից։ Տե՛ս, որ չմոռանաս սա»։ 
26 «Երբ մտնես այն երկիրը, որ քո Տէր Աստուածը քեզ է տալու իբրեւ սեփականութիւն, երբ ժառանգես այն ու բնակուես այնտեղ, 2ապա կը վերցնես քո Տէր Աստծու քեզ տուած երկրի պտուղների առաջին բերքը, կը լցնես զամբիւղի մէջ եւ կը գնաս այնտեղ, ուր կ՚ընտրի Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնի դարձնի այնտեղ։ 3Կը գնաս այդ ժամանակ քահանայութիւն անողի մօտ եւ կ՚ասես նրան. «Այսօր գոհութիւն եմ յայտնում իմ Տէր Աստծուն, քանի որ մտայ այն երկիրը, որ Տէրը երդուեց մեր հայրերին, որ մեզ տայ»։ 4Այն ժամանակ քահանան քո ձեռքից վերցնելով զամբիւղը՝ այն թող դնի քո Տէր Աստծու զոհասեղանի առջեւ։ 5Պատասխան տալով՝ կ՚ասես քո Տէր Աստծու առջեւ. «Իմ հայրը թողեց Ասորեստանն ու իջաւ Եգիպտոս, այնտեղ պանդուխտ մնաց սակաւաթիւ մարդկանցով, բայց այնտեղ մեծ ազգ դարձաւ, խիստ բազմացաւ։ 6Եգիպտացիները չարչարեցին, ճնշեցին, տաժանակիր աշխատանքի լծեցին մեզ։ 7Մենք աղաղակ բարձրացրինք դէպի մեր հայրերի Աստուածը, Տէրը լսեց մեր ձայնը, տեսաւ մեր տառապանքները, չարչարանքն ու նեղութիւնը, 8եւ Տէրն ինքը մեծ զօրութեամբ, ամուր ձեռքով ու հզօր բազկով, մեծամեծ տեսիլքներով, նշաններով ու զարմանահրաշ գործերով մեզ դուրս հանեց Եգիպտոսից,9մեզ բերեց այս վայրը, մեզ տուեց այս երկիրը, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում։ 10Արդ, ահա բերել եմ Տիրոջ ինձ տուած երկրի բերքի երախայրիքը, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում»։ Այնտեղ երկրպագութիւն կ՚անես քո Տէր Աստծու առջեւ, 11այնտեղ կ՚ուրախանաք դու, ղեւտացին ու քեզ մօտ բնակուող պանդուխտը բոլոր այն բարիքների համար, որ քո Տէր Աստուածը տուել է քեզ ու քո ընտանիքին»։ 12«Երբ քո երկրի բոլոր տասանորդները տաս վերջացնես, երկրորդ տարում տասանորդ կը տաս այս անգամ ղեւտացուն, եկուորին, որբին ու այրուն։ Նրանք թող ուտեն ու յագենան քո քաղաքներում։ 13Այն ժամանակ քո Տէր Աստծու առջեւ կ՚ասես. «Ինչ որ սուրբ էր, իմ տնից դուրս տարայ, ըստ Տէր Աստծու ինձ տրուած հրամանների յանձնեցի ղեւտացուն, եկուորին, որբին ու այրուն։ Տէ՛ր, քո պատուիրաններն անտես չարեցի, չմոռացայ։ 14Վշտիս օրերին դրանից չկերայ ու որեւէ պիղծ նպատակի չնուիրեցի, դրանից որեւէ մեռելի բաժին չհանեցի։ Լսեցի իմ Տէր Աստծու խօսքը եւ արեցի այնպէս, ինչպէս պատուիրել էիր ինձ, Տէ՛ր։ 15Արդ, նայի՛ր քո սուրբ բնակութեան վայրից՝ երկնքից, եւ օրհնի՛ր քո ժողովրդին՝ իսրայէլացիներին եւ նրանց տուած քո երկիրը, ինչպէս երդուել ես մեր հայրերին, թէ մեզ կը տաս մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում»։ 16«Այսօր քո Տէր Աստուածը քեզ պատուիրում է, որ կատարես այս բոլոր օրէնքներն ու կանոնները. դրանք կը պահէք ու կը կատարէք ձեր ամբողջ հոգով ու էութեամբ։17Քո Տէր Աստծուն ընտրի՛ր այսօր, որպէսզի նա քեզ Աստուած լինի. կ՚ընթանաք նրա ճանապարհով, կը պահպանէք նրա օրէնքներն ու կանոնները՝ կը լսէք նրա ասածը։ 18Տէրն այսօր քեզ ընտրեց, որ լինես նրա սեփական ժողովուրդը, ինչպէս որ խոստացել է քեզ, որպէսզի պահես նրա բոլոր պատուիրանները 19եւ բոլոր ազգերից բարձր լինես։ Նա քեզ դարձրել է անուանի, բարգաւաճ ու փառաւոր, որպէսզի ըստ իր խոստման լինես քո Տէր Աստծու սուրբ ժողովուրդը»։ 
27 Մովսէսն ու Իսրայէլի ծերերը պատուիրեցին ու ասացին. «Պահեցէ՛ք բոլոր այն պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ։ 2Երբ անցնէք Յորդանան գետով այն երկիրը, որ ձեր Տէր Աստուածը տալու է ձեզ, այնտեղ մեծամեծ քարեր կը կանգնեցնէք ու կը ծեփէք դրանք։ 3Երբ անցնէք Յորդանան գետով ու մտնէք այն երկիրը, որ ձեր հայրերի Տէր Աստուածը տալու է ձեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում, ինչպէս խոստացել է ձեր հայրերի Տէր Աստուածը, որ տայ ձեզ, ապա քարերի վրայ կը գրէք այս օրէնքի բոլոր պատգամները։ 4Երբ անցնէք Յորդանան գետով, այսօր իմ պատուիրած այդ քարերը կը կանգնեցնէք Գեբաղ լերան վրայ եւ դրանք կը ծեփէք։5Այնտեղ քո Տէր Աստծու համար քարէ զոհասեղան կը պատրաստես։ Դրան երկաթ չպէտք է դիպչի։ 6Չյղկուած քարերով կը պատրաստես քո Տէր Աստծու զոհասեղանը։ Դրա վրայ քո Տէր Աստծու համար ողջակէզներ կը մատուցես։ 7Այնտեղ քո Տէր Աստծու համար փրկութեան զոհ կը մատուցես, կ՚ուտես ու կը կշտանաս այնտեղ, կ՚ուրախանաս քո Տէր Աստծու առջեւ 8եւ քարերի վրայ խիստ պարզորոշ կը գրես այս բոլոր օրէնքները»։ 9Մովսէսը, քահանաներն ու ղեւտացիները խօսելով բոլոր իսրայէլացիների հետ՝ ասացին. «Լո՛ւռ մնա ու լսի՛ր, Իսրայէ՜լ։ Այսօր քո Տէր Աստծու ժողովուրդը դարձար։10Լսի՛ր քո Տէր Աստծու ասածը, կատարի՛ր նրա բոլոր պատուիրաններն ու օրէնքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ»։ 11Եւ Մովսէսն այդ օրը ժողովրդին պատուիրելով՝ ասաց. 12«Ահա անուններն այն ցեղերի, որոնք ժողովրդին օրհնելու համար Յորդանան գետն անցնելուց յետոյ պիտի կանգնեն Գարիզին լերան վրա. Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար, Յովսէփ եւ Բենիամին։ 13Եւ ահա անուններն այն ցեղերի, որոնք ժողովրդին անիծելու համար պիտի կանգնեն Գեբաղ լերան վրայ. Ռուբէն, Գադ, Ասեր, Զաբուղոն, Դան եւ Նեփթաղիմ։ 14Ղեւտացիները պատասխան տալով՝ բարձրաձայն պէտք է ասեն բոլոր իսրայէլացիներին. 15«Անիծեալ լինի այն մարդը, որը կոփածոյ ու ձուլածոյ կուռք կը պատրաստի ու այն կը թաքցնի, քանի որ Տիրոջ համար քանդակագործի ձեռքի աշխատանքը պիղծ է»։ Եւ ժողովուրդը պատասխան տալով՝ թող ասի. «Այդպէս թող լինի»։ 16«Անիծեալ լինի այն մարդը, որը կ՚անարգի իր հօրը կամ իր մօրը»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։ 17«Անիծեալ լինի այն մարդը, որը կ՚ոտնահարի եկուորի, որբի ու այրու իրաւունքները»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։ 18«Անիծեալ լինի այն մարդը, որը կը խախտի իր հարեւանի սահմանները»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։ 19«Անիծեալ լինի այն մարդը, որը կը մոլորեցնի կոյրին ճանապարհի վրայ»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։ 20Անիծեալ լինի այն մարդը, որը կը պառկի իր հօր կնոջ հետ, քանի որ դրանով բացած կը լինի իր հօր ամօթոյքը»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։ 21«Անիծեալ լինի այն մարդը, որը կը կենակցի անասունի հետ»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։ 22Անիծեալ լինի այն մարդը, որը կը պառկի իր հօրենական կամ մօրենական կողմից իր քրոջ հետ»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. Այդպէս թող լինի։ 23«Անիծեալ լինի այն մարդը, որն իր մերձաւորին կը սպանի նենգութեամբ»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։ 24«Անիծեալ լինի այն մարդը, որը կաշառք կը վերցնի անմեղ մարդ սպանելու համար»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։ 25«Անիծեալ լինի այն մարդը, որը չի պահում այս օրէնքները եւ դրանք չի կատարում»։ Եւ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպէս թող լինի»։ 
28 «Եթէ լսէք մեր Տէր Աստծու ասածները, որ ես այսօր ձեզ եմ պատգամում, այն է՝ հետեւելով նրա պատուիրաններին՝ կատարէք դրանք, ապա ձեր Տէր Աստուածը ձեզ երկրի բոլոր ազգերից աւելի բարձր կը դասի։ 2Այս բոլոր օրհնութիւնները կ՚իջնեն քեզ վրայ ու կը գտնեն քեզ, եթէ լսես քո Տէր Աստծու ձայնը։ 3Օրհնեալ կը լինես դու քաղաքում եւ օրհնեալ՝ դաշտում։ 4Օրհնեալ կը լինեն քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրները եւ քո ոչխարների հօտերը։ 5Օրհնեալ կը լինեն քո շտեմարաններն ու քո ամբարները։ 6Օրհնեալ կը լինես դու միշտ՝ ելնես թէ մտնես։ 7Քո Տէր Աստուածը քո առջեւ կը կոտորի քո թշնամիներին ու հակառակորդներին։ Նրանք քո դէմ կ՚ելնեն մէկ ճանապարհով, բայց եօթը ճանապարհով կը փախչեն քեզանից։ 8Տէրը օրհնութիւն կ՚առաքի քեզ, քո շտեմարաններին ու բոլոր այն գործերին, որոնց կը ձեռնարկես այն երկրում, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ։ 9Եթէ լսես մեր Տէր Աստծու ասածը եւ ընթանաս նրա ճանապարհով, ապա քո Տէր Աստուածը քեզ իր սուրբ ժողովուրդը կը դարձնի, ինչպէս երդուել է քո հայրերին։ 10Եւ երկրի բոլոր ազգերը կը տեսնեն, որ քո վրայ է դրուած Տիրոջ անունը, ու քեզանից կը վախենան։ 11Քո Տէր Աստուածը քեզ կը բազմացնի բարիքներով՝ քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով, քո ոչխարների ծնունդներով այն երկրում, որ քո հայրերի Տէրը երդուել է տալ քեզ երկնքի ու երկրի ստեղծուելու օրից ի վեր։ 12Տէրը քեզ համար կը բացի իր բարիքների շտեմարանը՝ երկինքը, որպէսզի ժամանակին անձրեւ տայ քո երկրին, կ՚օրհնի քո ձեռնարկած բոլոր գործերը, փող փոխ կը տաս շատ ազգերի, բայց ինքդ նրանցից փոխ չես առնի։ 13Եթէ լսես քո Տէր Աստծու պատուիրանները, որ պահելու եւ կատարելու համար հաղորդում եմ քեզ այսօր, ապա բազում ազգերի վրայ կ՚իշխես, բայց քեզ վրայ չեն իշխի։ Քո Տէր Աստուածը քեզ կը դարձնի գլուխ, բայց ոչ պոչ, բարձր կը լինես եւ ոչ թէ՝ ցած։ 14Դու չպիտի խախտես այն խօսքերը, որ ես պատգամում եմ քեզ այսօր, չպիտի շեղուես ո՛չ աջ եւ ո՛չ ձախ, որ չգնաս օտար աստուածների յետեւից եւ չպաշտես դրանք»։15«Իսկ եթէ չլսես քո Տէր Աստծու ասածը՝ չպահես ու չկատարես նրա բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, ապա այս անէծքները կը թափուեն քո գլխին, կը հասնեն քեզ։ 16Անիծեալ կը լինես դու քաղաքում եւ անիծեալ՝ դաշտում։ 17Անիծեալ կը լինեն քո շտեմարաններն ու քո ամբարները։ 18Անիծեալ՝ քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրներն ու ոչխարների հօտերը։ 19Անիծեալ կը լինես դու միշտ՝ մտնելիս թէ ելնելիս։ 20Տէրը քեզ աղքատ ու կարիքաւոր կը դարձնի եւ ձեռնարկած ու ձեռնարկելիք բոլոր գործերդ անյաջողութեան կը մատնի, մինչեւ որ կոտորի քեզ Տէրը, մինչեւ որ քեզ ոչնչացնի իսկոյն քո չար ընթացքի համար, քանի որ դու ինձ լքեցիր։ 21Տէրը մահ կը սփռի քեզ վրայ, մինչեւ որ սպանի ու վերացնի քեզ այն երկրից, ուր մտնելու ես այն ժառանգելու համար։22Տէրը քեզ կը տանջի տարակուսանքներով, տենդով եւ սարսուռով, շլութեամբ ու երկիւղով, խորշակով ու դժգունութեամբ, եւ սրանք քեզ կը հետապնդեն, մինչեւ որ քեզ կորստեան մատնեն։ 23Քո գլխի վրայ երկինքը պղնձից կը լինի, իսկ քո տակի երկիրը՝ երկաթից։ 24Տէրը քո արտին անձրեւի փոխարէն փոշի կը թափի, երկնքից քեզ վրայ հող կը թափի, մինչեւ որ քեզ սպանի ու կորստեան մատնի։ 25Տէրը թշնամիներիդ առջեւ քեզ պարտութեան կը մատնի. դու նրանց դէմ մէկ ճանապարհով կ՚ելնես, բայց եօթը ճանապարհով կը փախչես նրանցից։ Ցրիւ կը գաս երկրի բոլոր թագաւորութիւնների մէջ։ 26Ձեր դիակները երկնքի թռչունների ու երկրի գազանների կեր կը դառնան, եւ ոչ ոք չի լինի, որ քշի դրանց։ 27Տէրը քեզ կը հիւանդացնի եգիպտացիների խոցով ու թութքով, սուր քոսով ու բորոտութեամբ, որպէսզի չկարողանաս բուժուել։ 28Տէրը քեզ կը հիւանդացնի մտագարութեամբ, կուրութեամբ ու ցնորամտութեամբ։ 29Օրը ցերեկով կը խարխափես այնպէս, ինչպէս կոյրն է խարխափում խաւարի մէջ, եւ քո ուղիղ ճանապարհը չես գտնի։ Այդ ժամանակ յաւիտենապէս զրկուած ու կողոպտուած կը լինես, եւ ոչ ոք օգնութեան չի գայ քեզ։ 30Կին կ՚առնես, բայց մի ուրիշ տղամարդ նրան կը խլի քեզանից։ Տուն կը շինես, բայց ինքդ չես բնակուի նրա մէջ։ Այգի կը տնկես, բայց ինքդ չես քաղի բերքը։ 31Քո արջառը կը մորթուի քո առջեւ, բայց դու չես ուտի դրանից։ Քո էշը կը գողանան քեզանից, բայց դու այն յետ չես դարձնի քեզ մօտ։ Քո ոչխարը կը մատնուի քո թշնամու ձեռքը, եւ ոչ ոք չի լինի, որ օգնի քեզ։ 32Քո տղաներն ու աղջիկները օտար ազգի ձեռքը կը մատնուեն, եւ դու տկարացած կկոցած աչքերով կը նայես նրանց, եւ քո ձեռքը չի հասնի նրանց։ 33Քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը կ՚ուտի քեզ անծանօթ մի ազգ, եւ դու մշտապէս զրկուած ու խորտակուած կը մնաս։ 34Քո տեսած արհաւիրքներից կը ցնորուես։ 35Տէրը ծնկներդ ու սրունքներդ, ոտքերիդ ծայրից մինչեւ գլուխդ անբուժելի խոցերով կը վարակի, եւ դու չես կարողանայ բուժուել։ 36Տէրը քեզ եւ քո ժողովրդի վրայ նշանակուած իշխաններին կը տանի կը յանձնի այնպիսի մի ազգի ձեռքը, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն են ճանաչել, եւ այնտեղ կը պաշտես օտար՝ փայտէ ու քարէ աստուածներ։ 37Զուարճաբանութեան, առակի եւ ծաղրուծանակի նիւթ կը դառնաս բոլոր այն ազգերի մէջ, որոնց կը յանձնի քեզ Տէրը։ 38Շատ սերմ կը ցանես արտում, բայց քիչ բերք կը հաւաքես, որովհետեւ մորեխը պիտի ուտի այն։ 39Այգիներ կը տնկես ու կը մշակես, բայց գինի չես խմի, ուրախութիւն չես ունենայ դրանից, որովհետեւ որդը կերած կը լինի այգիդ։ 40Քո բոլոր սահմաններին ձիթենիներ կը լինեն, բայց իւղով չես օծուի, որովհետեւ քո ձիթենիներն իրենց բերքը թափած կը լինեն։ 41Տղաներ ու աղջիկներ կը ծնես, բայց նրանք քոնը չեն լինի, որովհետեւ գերութեան մատնուած կը լինեն։ 42Քո բոլոր տնկած ծառերն ու հողի բերքը թրթուրը կ՚ուտի։ 43Քեզ մօտ բնակուող եկուորը քեզանից աւելի կը բարձրանայ, իսկ դու գնալով կ՚իջնես։ 44Նա քեզ փող փոխ կը տայ, իսկ դու չես կարողանայ նրան փոխ տալ։ Նա գլուխ կը լինի, իսկ դու՝ պոչ։ 45Քեզ վրայ կ՚իջնեն այս անէծքները, կը հալածեն քեզ, մինչեւ որ կոտորեն, ոչնչացնեն քեզ, քանի որ չլսեցիր քո Տէր Աստծու ասածը՝ չպահեցիր նրա այն պատուիրաններն ու օրէնքները, որ նա պատուիրեց քեզ։ 46Քեզ ու քո սերնդի վրայ յաւիտեան նշաններ ու զարմանահրաշ գործեր կը լինեն47ի դիմաց այն բանի, որ քո Տէր Աստծուն ուրախութեամբ ու անկեղծ սրտով չպաշտեցիր, հակառակ ամէն ինչի շատութեան։ 48Դրա համար էլ ամէն տեսակ սովի, ծարաւի, մերկութեան ու աղքատութեան մէջ կը ծառայես քո թշնամիներին, որ Տէրը կ՚ուղարկի քո դէմ։ Նա երկաթէ լուծ կը դնի քո վզին, մինչեւ որ ոչնչացնի քեզ։ 49Ինչպէս արծիւն է խոյանում, այնպէս էլ հեռու վայրերից՝ երկրի չորս ծագերից Աստուած քո դէմ կը հանի մի ազգ, որի լեզուն չես հասկանայ։ 50Այդ ազգը կը լինի դէմքով լպիրշ, ծերերին չի խնայի, մանուկներին չի խղճայ։ 51Նա կ՚ուտի քո հօտերից ծնուած անասուններին եւ քո երկրի բերքը։ Նա կը խլի քո ցորենը, գինին, իւղը, կը վերցնի քո արջառների նախիրներն ու ոչխարների հօտերը, մինչեւ որ կորստեան մատնի քեզ։ 52Քեզ կը ճնշի քո բոլոր քաղաքներում, մինչեւ որ տապալուեն քո բարձր պարիսպներն ու ամրութիւնները, որոնց վրայ յոյս ես դրել քո ամբողջ երկրում։ Քեզ կը ճնշի քո բոլոր այն քաղաքներում, որ քո Տէր Աստուածը տուել է քեզ։53Քո թշնամու քեզ պատճառած տառապանքի ու նեղութեան ժամանակ կ՚ուտես քո որովայնի ծնունդները՝ Տիրոջ քեզ տուած քո տղաների ու աղջիկների միսը։ 54Ձեր մէջ գտնուող ամենափափկակեաց եւ քնքուշ տղամարդը չար աչքով պիտի նայի իր եղբօրը, իր ծոցում պառկող կնոջն ու ողջ թողած իր որդիներին,55որպէսզի նրանցից ոչ մէկին չտայ իր կերած որդիների մսից։ Այսպէս պիտի վարուի նա, որ քո անձկութեան եւ նեղութեան մէջ, որոնցով պիտի նեղեն քեզ քո թշնամիները քո բոլոր քաղաքներում, նրան ուտելու ոչինչ պիտի չմնայ։ 56Ձեր մէջ գտնուող ամենափափկակեաց եւ քնքուշ կինը, որը քնքուշ ու փափկակեաց լինելու պատճառով փորձ իսկ չի արել երկրի վրայ ոտքով քայլելու, չար աչքով պիտի նայի իր ծոցում գտնուող ամուսնուն, իր տղային ու աղջկան, 57պիտի խորովի եւ ուտի իր միջից ընկած ընկերքն ու իր իսկ ծնած զաւակին։ Զրկուած լինելու պատճառով նա բոլորից կը թաքցնի դա իր անձկութեան եւ նեղութեան մէջ, որովհետեւ թշնամին քո բոլոր քաղաքներում քեզ տառապանք է պատճառելու։ 58Եթէ յանձն չառնէք կատարել այս գրքում գրուած օրէնքների բոլոր խօսքերը՝ չվախենաք ձեր Տէր Աստծու պատուական ու սքանչելի անունից, 59ապա Տէրը նոր նշաններով՝ մեծ ու զարմանալի հարուածներով, խոր ու խիստ ցաւերով կը պատուհասի քեզ ու քո սերնդին։ 60Նա քեզ կը հիւանդացնի եգիպտացիների բոլոր վատ հիւանդութիւններով, որոնցից սոսկում էիր, եւ որոնք բուն կը դնեն քո մէջ։ 61Օրէնքների այս գրքում գրուած բոլոր հիւանդութիւններն ու արհաւիրքները Տէրը կը թափի քո գլխին, մինչեւ որ ոչնչացնի քեզ։62Թէեւ երկնքի աստղերի չափ շատ էիք, բայց սակաւաթիւ կը մնաք, որովհետեւ չլսեցիք ձեր Տէր Աստծու ասածը։ 63Տէրն ինչպէս որ ուրախանում էր ձեր մէջ ձեզ բարութիւն անելով ու ձեզ բազմացնելով, Տէրը նոյն ձեւով կ՚ուրախանայ ձեր մէջ ձեզ կոտորելով. եւ դուք կը վերանաք այն երկրից, ուր մտնելու էք այն ժառանգելու համար։ 64Քո Տէր Աստուածը քեզ կը ցրի բոլոր ազգերի մէջ՝ երկրի մի ծայրից մինչեւ միւս ծայրը, եւ դու այնտեղ կը պաշտես քեզ ու քո հայրերին անծանօթ փայտէ ու քարէ օտար աստուածներ։ 65Այդ ազգերի մէջ էլ հանգստութիւն չի տայ քեզ, եւ քո ոտքերը կանգնելու տեղ չեն ունենայ։ Այնտեղ նա քեզ կը տայ տխուր սիրտ, արտասուաթոր աչքեր ու հիւծուած մարմին։ 66Քո աչքերի առաջ քո կեանքը մազից կախուած կը լինի, գիշեր ու ցերեկ կը զարհուրես ու վստահ չես լինի քո կեանքի համար։ 67Քո սրտի ապրած վախի ու քո աչքերի տեսած դէպքերի պատճառով առաւօտները կ՚ասես. «Ե՞րբ է երեկոյ լինելու», իսկ գիշերները կ՚ասես. «Ե՞րբ է առաւօտ լինելու»։ 68Եւ Տէրը այդտեղից նաւերով, հազարաւոր զօրքերով քեզ կը վերադարձնի Եգիպտոս այն նոյն ճանապարհով, որն այլեւս չէիք տեսնելու։ Այնտեղ ձեր թշնամիներին իբրեւ ստրուկ ու աղախին կը վաճառուէք, բայց ոչ ոք ձեզ չի գնի»։ 
29 Սրանք են ուխտի այն խօսքերը, որ Տէրը պատուիրեց Մովսէսին Մովաբի երկրում հաղորդել իսրայէլացիներին, բացի այն ուխտից, որ հաղորդել էր նրանց Քորէբում։ 2Մովսէսը կանչելով բոլոր իսրայէլացիներին՝ ասաց. «Դուք ինքներդ տեսաք այն ամէնը, ինչ ձեր առաջ արեց Տէրը Եգիպտոսում փարաւոնի, նրա ծառաների ու նրա ամբողջ երկրի նկատմամբ՝ 3ամուր ձեռքով ու հզօր բազկով կատարուած այն մեծամեծ փորձանքները, նշաններն ու զարմանահրաշ գործերը, որոնց ականատեսը եղաք դուք։ 4Ձեր Տէր Աստուածը մինչեւ այսօր ձեզ ո՛չ միտք տուեց, որ գիտենաք, ո՛չ աչքեր, որ տեսնէք, ո՛չ ականջ, որ լսէք։ 5Քառասուն տարի նա ձեզ տարաւ անապատով։ Ո՛չ ձեր զգեստները հնացան, ո՛չ ձեր ոտքերի կօշիկները մաշուեցին։ 6Հաց չկերաք եւ գինի ու օղի չխմեցիք, որպէսզի համոզուէիք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը, 7եւ եկաք մինչեւ այս վայրը։ Մեր դէմ պատերազմի ելան Եսեբոնի թագաւոր Սեհոնը, Բասանի թագաւոր Օգը։ 8Հարուածեցինք նրանց ու գրաւեցինք նրանց երկիրը։ Ռուբէնի, Գադի ցեղին ու Մանասէի կէս ցեղին իբրեւ սեփականութիւն տուեցի այն։ 9Հետեւեցէ՛ք, որ կատարէք այս ուխտի բոլոր խօսքերը, որպէսզի իմանաք այն ամէնը, ինչ պիտի անէք։ 10Ձեր Տէր Աստծու առջեւ այսօր, ահա, կանգնած էք դուք բոլորդ՝ ձեր ցեղապետները, ձեր ծերերը, ձեր դատաւորները, ձեր օրէնսգէտները, Իսրայէլի բոլոր տղամարդիկ, 11ձեր կանայք ու ձեր որդիները, ձեր մէջ բնակուող եկուորը, ձեր փայտահատից մինչեւ ձեր ջրկիրը, 12որպէսզի ձեր Տէր Աստծու ուխտի մէջ մտնէք եւ դա հաստատէք նրա նզովքներով, որ ձեր Տէր Աստուածը ուխտեց ձեզ այսօր, 13որպէսզի ձեզ դարձնի իր ժողովուրդը, եւ Նա լինի ձեզ համար Աստուած, ինչպէս ասել է եւ ինչպէս երդուել է ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին։14Ես ոչ միայն ձեզ համար եմ անում այս ուխտերն ու այս նզովքները,15այլեւ նրա՛նց համար, ովքեր այսօր մեզ հետ են՝ մեր Տէր Աստծու առջեւ, նաեւ նրա՛նց համար, ովքեր այսօր մեզ հետ չեն։ 16Դուք ինքներդ էլ գիտէք, թէ ինչպէս ապրեցինք Եգիպտացիների երկրում, թէ ինչպէս անցանք այն ազգերի միջից, որոնց երկրով անցաք դուք։ 17Դուք տեսաք նրանց գարշելի գործերն ու նրանց կուռքերը, նրանց մօտ գտնուող փայտէ, քարէ, արծաթէ ու ոսկէ իրերը։ 18Ձեր մէջ թող չգտնուի տղամարդ կամ կին, ազգ կամ ցեղ, որի միտքը իր Տէր Աստծուց շեղուած լինելով՝ գնայ ու պաշտի այդ ազգերի կուռքերը։Ձեր մէջ ոչ մէկը բուսած դառն ու դաժան արմատ չլինի։ 19Եթէ լինի մէկը, որ, լսելով այս նզովքի պատգամները, մտածի ու ասի՝ «Թողութիւն թող լինի ինձ, հակառակ որ ես իմ մոլոր ճամփով եմ ընթանում», այդ դէպքում մեղաւորն անմեղին կորստեան կը մատնի։ 20Աստուած չի ուզենայ ներել նրան, այլ կը բորբոքուեն նրա բարկութիւնն ու նախանձը այդ մարդու վրայ, նրա վրայ կը թափուեն այս օրէնքների գրքում գրուած այս ուխտի բոլոր նզովքները, եւ Տէրը նրա անունը կը ջնջի երկրի վրայից։21Ըստ այս օրէնքների գրքում գրուած այս ուխտի բոլոր նզովքների, Տէրը նրան կը մեկուսացնի բոլոր իսրայէլացիներից, որպէսզի չարիք հասցնի նրան։ 22Եւ միւս ազգերը, ձեզանից յետոյ եկող ձեր որդիները, հեռու երկրներից եկած օտարները, տեսնելով այդ երկրում տիրող արհաւիրքները, նրանց վրայ Տիրոջ ուղարկած հիւանդութիւնները, կ՚ասեն. 23«Ծծումբ ու այրող աղ կայ այնտեղ։ Ոչ մի բան չի ցանուի նրա հողի մէջ ու չի բուսնի, եւ ոչ մի դալար բոյս չի բարձրանայ այդ հողից։ Երկիրը լինելու է Սոդոմի ու Գոմորի, Ադամայի ու Սեբոյիմի նման, որոնք Տէրը կործանեց սրտմտութեամբ ու բարկութեամբ»։ 24Բոլոր ազգերը կ՚ասեն. «Ինչո՞ւ Տէրը այդպիսի պատուհաս բերեց այդ երկրի գլխին, ի՞նչ է նրա խոր զայրոյթի եւ այդ բարկութեան պատճառը»։25Պատասխան կը տան ու կ՚ասեն. «Որովհետեւ դրժեցին իրենց հայրերի Աստծու ուխտը, որ Տէրը արել էր նրանց հայրերի հետ, երբ նրանց դուրս էր բերում Եգիպտացիների երկրից։ 26Նրանք գնացին պաշտեցին օտար աստուածներ, երկրպագեցին դրանց, որոնց չգիտէին. եւ Աստուած դրանք չէր սահմանել նրանց համար։ 27Տէրը սրտմտութեամբ բարկացաւ այդ երկրի վրայ՝ դրա վրայ թափեց այդ օրէնքների մատեանի մէջ գրուած այս ուխտի բոլոր նզովքները։ 28Տէրը շատ խիստ բարկութեամբ, սրտմտութեամբ ու զայրոյթով նրանց դուրս բերեց իրենց երկրից եւ նրանց մինչեւ այսօր նետել է օտար երկիր»։29Գաղտնի բաները մեր Տէր Աստծունն են, իսկ յայտնիները՝ մեզ ու մեր որդիներին յաւիտեան, որպէսզի կատարենք այս օրէնքների բոլոր խօսքերը»։ 
30 «Եթէ քեզ հասնեն իմ հաղորդած այս բոլոր պատգամները՝ օրհնութիւնները կամ անէծքները, եւ հոգուդ մէջ յիշես դրանք այն բոլոր ազգերի մէջ, ուր Տէրը քեզ ցրելու է, 2դառնաս դէպի քո Տէր Աստուածը, քո ամբողջ հոգով ու էութեամբ լսես նրա խօսքը այն բոլոր գործերում, որ ես հաղորդում եմ քեզ այսօր, 3ապա Տէրը կը ների քո բոլոր մեղքերը, կ՚ողորմի քեզ եւ դարձեալ ի մի կը հաւաքի քեզ բոլոր այն ժողովուրդների միջից, որոնց մէջ ցրել էր քեզ։ 4Եթէ դու ցրիւ ես եկել երկրի մի ծայրից մինչեւ միւս ծայրը, այդտեղից էլ կը հաւաքի քեզ քո Տէր Աստուածը։ 5Այնտեղից կը վերցնի քեզ քո Տէր Աստուածը եւ քո Տէր Աստուածը քեզ կը բերի քո հայրերի ժառանգած երկիրը։ Կը ժառանգես այն, քեզ համար լաւ կը լինի, եւ Աստուած քեզ քո հայրերից տասնապատիկ աւելի կը բազմացնի։ 6Տէրը կը մաքրի քո ու քո սերնդի սիրտը, որպէսզի քո Տէր Աստծուն սիրես քո ամբողջ հոգով ու էութեամբ, որպէսզի ապրէք դու եւ քո սերունդը։ 7Այն ժամանակ քո Տէր Աստուածը այս նզովքները կը թափի քեզ հալածող քո թշնամիների ու քեզ ատողների գլխին։ 8Դու շուռ կը գաս, կը լսես քո Տէր Աստծու խօսքը եւ կը կատարես նրա պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ։ 9Քո Տէր Աստուածը քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով ու քո անասունների ծնունդներով յաջողութիւն կը պարգեւի քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։ Քո Տէր Աստուածը դարձեալ կ՚ուրախանայ քեզ բարութիւն անելով, ինչպէս քո հայրերի համար էր ուրախացել, 10եթէ լսես քո Տէր Աստծու ասածը՝ պահես ու կատարես այս օրէնքների գրքում գրուած նրա բոլոր պատուիրանները, նրա օրէնքներն ու նրա կանոնները, քո Տէր Աստծուն վերադառնաս քո ամբողջ հոգով ու էութեամբ։ 11Այն պատուիրանները, որոնք այսօր ես պատգամում եմ քեզ, ո՛չ դժուար են, ո՛չ էլ՝ քեզ անմատչելի։ 12Դրանք ո՛չ երկնքում են, որ ասես, թէ՝ «Մեզնից ո՞վ կ՚ելնի երկինք, որ վերցնի դրանք, որ լսենք եւ կատարենք», 13ո՛չ էլ՝ ծովի միւս ափին, որ ասես, թէ՝ «Ո՞վ պիտի անցնի ծովի միւս կողմը, որ մեզ համար վերցնի դրանք, մեզ համար կարդայ, եւ մենք կատարենք»։ 14Քեզ չափազանց մօտիկ է այդ խօսքը. քո բերանում, քո սրտում է, եւ դու ի վիճակի ես կատարելու այդ։15Այսօր, ահա, քո առջեւն եմ դնում կեանքն ու մահը, բարին ու չարը։16Եթէ լսես մեր Տէր Աստծու պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ՝ սիրես քո Տէր Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա օրէնքները, նրա պատուիրաններն ու նրա կանոնները, կ՚ապրէք ու բազմամարդ կը լինէք, եւ քո Տէր Աստուածը քեզ կ՚օրհնի ամբողջ երկրում, ուր կը մտնես այն ժառանգելու համար։ 17Իսկ եթէ քո միտքը փոխես, չհնազանդուես, մոլորուելով երկրպագես օտար աստուածների ու պաշտես դրանք,18ապա այսօր քեզ յայտնում եմ, որ կը կորչէք, երկար չէք մնայ այն երկրում, ուր դուք կ՚անցնէք Յորդանան գետը կտրելով՝ այն ժառանգելու համար։ 19Երդւում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջեւն եմ դնում կեանքն ու մահը, օրհնութիւններն ու անէծքները։ Ընտրի՛ր կեանքը, որպէսզի ապրէք դու եւ քո սերունդը։ 20Պէտք է սիրես քո Տէր Աստծուն, լսես նրա ասածը, կապուած մնաս նրան, որովհետեւ նա է քո կեանքն ու քո երկարակեցութիւնը, որպէսզի բնակուես այն երկրում, որ Տէրը երդուեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, որ կը տայ նրանց»։ 
31 Մովսէսը բոլոր իսրայէլացիներին այս բաները հաղորդելուց յետոյ նրանց ասաց. 2«Այսօր ես հարիւր քսան տարեկան եմ, այլեւս չեմ կարող ո՛չ գնալ, ո՛չ գալ։ Տէրն ինձ ասել է՝ «Յորդանան գետից այն կողմ չանցնես»։ 3Քո Տէր Աստուածը, որ ընթանում է քո առջեւից, Նա՛ պիտի վերացնի քո առջեւից այդ ազգերին, եւ դու պիտի տիրես նրանց։ Յեսո՛ւն պիտի առաջնորդի քեզ, ինչպէս ասել է Տէրը։ 4Տէրը նրանց հետ պիտի վարուի այնպէս, ինչպէս վարուեց Սեհոնի ու Օգի հետ՝ Յորդանան գետի այն կողմում գտնուող ամորհացի երկու թագաւորների ու նրանց երկրի հետ, 5որ կոտորէք նրանց։ Տէրը նրանց պիտի յանձնի ձեր ձեռքը, եւ դուք նրանց հետ պիտի վարուէք այնպէս, ինչպէս պատուիրել եմ ձեզ։ 6Քա՛ջ եղիր ու զօրացի՛ր, մի՛ երկնչիր ու մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր նրանց ներկայութիւնից, քանի որ քո Տէր Աստուածն ինքը պիտի գնայ ձեր առջեւից, ձեր մէջ։ Նա չի լքելու ձեզ ու չի անտեսելու ձեզ»։ 7Մովսէսը կանչեց Յեսուին ու բոլոր իսրայէլացիների առջեւ ասաց նրան. «Քա՛ջ եղիր ու զօրացի՛ր, որովհետեւ այս ժողովրդին առաջնորդելով՝ դու պիտի մտնես այն երկիրը, որ ձեր հայրերի Տէրը երդուեց տալ նրանց, եւ դու պիտի նրանց սեփականութեան տէր դարձնես։ 8Քո առջեւից գնացող Տէրը չի լքելու եւ չի անտեսելու քեզ։ Մի՛ երկնչիր, մի՛ վախեցիր»։ 9Մովսէսն այս օրէնքների բոլոր խօսքերը գրեց մատեանում, այն տուեց քահանաներին՝ Տիրոջ ուխտի տապանակը ուսամբարձ տանող Ղեւիի որդիներին եւ իսրայէլացի ծերերին։ 10Մովսէսն այդ օրը նրանց պատուիրելով՝ ասաց. «Եօթը տարի յետոյ՝ թողութեան տարում, Տաղաւարահարաց տօնին, 11երբ ամբողջ Իսրայէլը հաւաքուի, որպէսզի Տիրոջ ընտրած վայրում հանդիպէք ձեր Տէր Աստծուն, այս օրէնքները կը կարդաք իսրայէլացիների առջեւ, նրանց ականջին, 12երբ ժողովուրդը՝ տղամարդիկ, կանայք, երեխաներն ու ձեր քաղաքներում գտնուող եկուորները հաւաքուած կը լինեն, որպէսզի լսեն ու սովորեն երկնչել մեր Տէր Աստծուց եւ սովորեն կատարել այս օրէնքի բոլոր պատգամները։ 13Նրանց անտեղեակ որդիները թող լսեն ու սովորեն երկնչել մեր Տէր Աստծուց այդ երկրում ապրելու բոլոր օրերին, այն երկրում, որ Յորդանան գետով անցնելով՝ պիտի ժառանգէք դուք»։14Տէրն ասաց Մովսէսին. «Ահա մօտեցան քո մահուան օրերը։ Կանչի՛ր Յեսուին, կանգնեցէ՛ք վկայութեան խորանի դռանը, որպէսզի պատուէր տամ նրան»։ Մովսէսն ու Յեսուն գնացին դէպի վկայութեան խորանը եւ կանգնեցին վկայութեան խորանի դռանը։ 15Տէրն իջաւ ամպի սիւնի ձեւով ու կանգնեց վկայութեան խորանի դռանը։ Խորանի դռանը կանգնեց նաեւ ամպի սիւնը։ 16Տէրն ասաց Մովսէսին. «Ահա դու պիտի մահանաս ու գնաս քո նախնիների մօտ. այս ժողովուրդը պիտի ելնի ու պոռնկանայ՝ հետեւելով օտար աստուածներին այն երկրի, որոնց բնակիչների մէջ պիտի մտնի։ Նա պիտի լքի ինձ ու պիտի խախտի իր հետ կնքած իմ ուխտը։ 17Այդ օրը սրտմտութեամբ պիտի բարկանամ նրանց վրայ, պիտի լքեմ նրանց, երեսս պիտի թեքեմ նրանցից, նրանք թշնամիների կեր պիտի դառնան, բազում չարիքներ ու նեղութիւններ պիտի կրեն ու այդ օրը պիտի ասեն. «Այս չարիքները մեզ վրայ թափուեցին, քանի որ մեր Տէր Աստուածը մեզ հետ չէ»։ 18Ես այդ օրը իմ երեսը պիտի դարձնեմ նրանցից բոլոր այն չարիքների համար, որ նրանք գործեցին, քանի որ յարեցին օտար աստուածների։ 19Ուրեմն գրեցէ՛ք օրհներգութեան այս խօսքերը, դրանք սովորեցրէ՛ք իսրայէլացիներին, դրանք դրէ՛ք նրանց բերանը, որպէսզի այդ օրհներգութիւնը իսրայէլացիների մէջ ինձ համար վկայութիւն լինի։20Արդարեւ, ես նրանց տանելու եմ այն լաւ երկիրը, որ երդուել եմ տալ նրանց հայրերին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում։ Թող ուտեն ու լիուլի յագենան։ Յետոյ նորից պիտի յարեն օտար աստուածների, պիտի պաշտեն դրանք, ինձ պիտի զայրացնեն ու դրժեն նրանց հետ կնքած իմ ուխտը։ 21Այն ժամանակ այդ օրհներգութիւնն իբրեւ վկայութիւն նրանց դէմ պիտի ելնի, նրանք ու նրանց յետնորդները պիտի չմոռանան դա։ Ես գիտեմ նրանց չարութիւնը, որ նրանք յղացան այսօր այստեղ, նախքան ես նրանց կը տանեմ այն լաւ երկիրը, որը երդուեցի տալ նրանց հայրերին»։ 22Այդ օրը Մովսէսը գրեց այս օրհներգութիւնը եւ այն սովորեցրեց իսրայէլացիներին։ 23Մովսէսը Նաւէի որդի Յեսուին պատուիրելով՝ ասաց. «Քա՛ջ եղիր ու զօրացի՛ր, որովհետեւ Իսրայէլի որդիներին դու ես տանելու այն երկիրը, որ Տէրը խոստացաւ տալ նրանց, եւ Նա լինելու է քեզ հետ»։ 24Երբ Մովսէսն այս օրէնքների բոլոր խօսքերը մինչեւ վերջ գրեց մատեանի մէջ ու աւարտեց, 25նա Տիրոջ ուխտի տապանակը տանող ղեւտացիներին պատուիրելով՝ ասաց.26«Օրէնքների այս մատեանն առէ՛ք եւ դրէ՛ք մեր Տէր Աստծու ուխտի տապանակի մի կողմը։ Դա այնտեղ ձեզ համար վկայութիւն թող լինի։27Ես գիտեմ ձեր ըմբոստութիւնն ու կամակորութիւնը. եթէ այսօր, երբ ես կենդանի եմ ու ձեր մէջ, եւ դուք Աստծու դէմ ապստամբում էք, ապա իմ մահուանից յետոյ ինչե՜ր կ՚անէք։ 28Արդ, ինձ մօտ հաւաքեցէ՛ք ձեր ցեղապետներին ու ծերերին, ձեր դատաւորներին ու օրէնսգէտներին, որպէսզի նրանց ասեմ բոլոր այս խօսքերը եւ ձեզ համար վկայ ունենամ երկինքն ու երկիրը։ 29Գիտեմ, որ իմ մահուանից յետոյ անպայման անօրէնութիւններ էք անելու, շեղուելու էք այն ճանապարհից, որ ես ձեզ պատուիրեցի, եւ վերջին օրերին ձեզ չարիքներ պիտի պատահեն, որովհետեւ չար գործ էք կատարելու Տիրոջ առջեւ՝ ձեր ձեռնարկած գործերով բարկացնելու էք նրան»։ 30Եւ Մովսէսը հաւաքուած բոլոր իսրայէլացիներին մինչեւ վերջ ասաց օրհներգութեան այս խօսքերը. 
32 «Երկի՛նք, ակա՛նջ դիր, որ խօսեմ, եւ երկիրը թող լսի իմ բերանի պատգամները։ 2Իմ խօսքը թող ընկալուի իբրեւ անձրեւ, իմ պատգամներն իջնեն իբրեւ ցօղ, իբրեւ սէզի վրայ տեղացող անձրեւ ու խոտի վրայ տեղացող տեղատարափ, 3որովհետեւ Տիրոջ անունը տուեցի։ Օրհնութիւն առաքեցէ՛ք մեր Տէր Աստծուն, 4Աստուած, որի գործերը ճշմարիտ են, ու նրա ուղիները՝ օրինաւոր։ Աստուած հաւատարիմ է, եւ Նրա մէջ անիրաւութիւն չկայ, Տէրն արդար է ու անարատ։ 5Սրանք մեղք գործեցին, բայց դրա համար որդիները մեղաւոր չեն։ Սա թիւր ու մոլորուած մի ազգ է։ 6Ո՜վ յիմար ու անմիտ ժողովուրդ, մի՞թէ Տիրոջը դրանով ես հատուցում։ Մի՞թէ նա այն հայրը չէ, որ քեզ շահեց, քեզ արարեց ու հաստատեց քեզ։ 7Յիշի՛ր անցած օրերը, մտաբերի՛ր անցած սերունդների տարիները, հարցրո՛ւ քո հայրերին, եւ նրանք քեզ կը պատմեն, քո ծերերին, եւ նրանք քեզ կ՚ասեն։8Երբ Բարձրեալն իրարից բաժանեց բոլոր ազգերին, ինչպէս Ադամի որդիներին էր սփռել, ազգերի սահմանները նշանակեց ըստ Աստծու որդիների թուի։ 9Տիրոջ բաժինն եղաւ իր ժողովուրդը՝ Յակոբը, իսկ իր ժառանգութեան վիճակը՝ Իսրայէլը։ 10Նա հոգաց նրա պէտքերն անապատում, ջրից զուրկ վայրում, ծարաւեցնող տօթից պաշտպանեց նրան, խրատեց ու աչքի լոյսի պէս պահեց նրան։ 11Իր բոյնն ու իր ձագերին թեւի տակ առնող արծուի նման գթաց, տարածեց իր թեւերն ու ընդունեց նրան, բարձրացրեց ու իր մէջքին դրեց նրան։ 12Միայն Տէ՛րն էր տանում նրանց, եւ նրանց հետ օտար աստուած չկար։13Նրանց բերեց երկրի բարգաւաճ վայրերը, նրանց կերակրեց արտերի բերքով, ժայռից ծորող մեղրով ու ապառաժ քարից հոսող իւղով կերակրեց նրանց։ 14Գառների, խոյերի, ցուլերի ու նոխազների ճարպի, ընտիր ցորենի ալիւրի հետ նրանց տալիս էր կովերի կարագ ու մաքիների կաթ, նրանք խմում էին խաղողի արիւն՝ գինի։ 15Յակոբը կերաւ ու յագեցաւ, ճարպակալեց ու ըմբոստացաւ այդ սիրելի մարդը։ Գիրացաւ, հաստացաւ ու լայնացաւ, լքեց Տէր Աստծուն՝ իր Արարչին, ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դէմ։ 16Ինձ բարկացրին օտար աստուածներով եւ իրենց գարշելի գործերով դառնացրին ինձ։ 17Ոչ թէ Աստծու, այլ դեւերի համար զոհեր էին մատուցում, այն կուռքերի, որոնց չէին ճանաչում, որոնք նոր էին ու ժամանակաւոր, եւ որոնց չէին ճանաչում ձեր հայրերը։ 18Դու լքեցիր քեզ ծնած քո Աստծուն, մոռացար քեզ կերակրող Աստծուն։ 19Տէրը տեսաւ ու վրդովուեց, սրտմտեց իր տղաների ու աղջիկների բարկութեան համար։ Նա ասաց. 20«Իմ երեսը կը թեքեմ նրանցից եւ նրանց ցոյց կը տամ, թէ ինչ կը լինի նրանց վախճանը, որովհետեւ սրանք մոլորուած ազգ են, հաւատ չունեցող որդիներ։ 21Նրանք ինձ վրդովեցին չաստուածներով, ինձ բարկացրին իրենց կուռքերով, ուրեմն ես էլ նրանց կ՚անհանգստացնեմ իրաւ ազգ չեղող մարդկանցով, նրանց կը բարկացնեմ անմիտ ժողովրդով։ 22Իմ բարկութիւնից հուր է բորբոքուել։ Դա կ՚այրի մինչեւ դժոխքի խորքերը, կը լափի հողն ու նրա բերքը, կը վառի լեռների հիմքերը։ 23Նրանց վրայ չարիք պիտի կուտակեմ ու իմ նետերն սպառեմ նրանց վրայ թափելով։24Նրանք պիտի հիւծուեն սովից ու թռչունների կեր ուտելով։ Անբուժելի հիւանդութիւններ եւ ժանիքաւոր գազաններ պիտի ուղարկեմ նրանց վրայ, որպէսզի սրանք երկրի երեսից վերացնեն նրանց։ 25Դրսից սուրը, իսկ ներսից երկիւղը թող ոչնչացնեն նրանց՝ երիտասարդներին, կոյս աղջիկներին, կաթնակերներին ու ալեւոր ծերերին։ 26Ասացի, որ կը ցրեմ նրանց, մարդկանց միջից կը վերացնեմ նրանց յիշատակը։ 27Բայց այդ բանն անելուց հրաժարուեցի, քանզի նկատի ունէի թշնամիների զայրոյթը. չլինի թէ հակառակորդները երկար ապրեն եւ վեր կենան ու ասեն. « Ոչ թէ Տէրն արեց այս ամէնը, այլ՝ մեր հզօր ձեռքերը։ 28Սրանք անխոհեմ ազգ են, ու նրանց մէջ իմաստութիւն չկայ։ 29Նրանք չմտածեցին ի մտի ունենալ այս.արդ, կը ստանան ապագայում։ 30Մի մարդ ինչպէ՞ս կարող է հալածել հազարին, եւ երկուսը՝ հետապնդել տասը հազարին, եթէ Աստուած չի ոչնչացնում նրանց։ 31Նրանց աստուածները մեր Աստծու նման չեն, իսկ մեր թշնամիներն անխոհեմ են։ 32Սոդոմի որթատնկից է նրանց որթատունկը, իսկ նրանց վազը՝ Գոմորից։ Նրանց խաղողը լեղի է, նրանց ողկոյզը՝ դառն։ 33Նրանց գինին վիշապների ժահրն է եւ իժերի մահառիթ թոյնը։ 34Մի՞թէ այս ամէնն ինձ մօտ չի հաւաքուած եւ կնքուած չի պահւում իմ գանձարանում։ 35Կը հատուցեմ վրէժխնդրութեան օրը՝ այն ժամանակ, երբ նրանք կը շեղեն իրենց ուղին, որովհետեւ մօտ է նրանց կորստեան օրը, եւ ձեր դատաստանը պատրաստ է։ 36Տէրը դատելու է իր ժողովրդինեւ մխիթարուելու է իր ծառաներով, որովհետեւ տեսել է, որ նրանք հիւծուած են, լքուած ու գերութեան մատնուած։ 37Եւ Տէրը պիտի ասի. «Ո՞ւր են նրանց աստուածները, որոնց ապաւինում էիք, 38որոնց զոհերի ճարպն էիք ուտում, նրանց նուիրաբերումների գինին խմում։ Թող վեր կենան, օգնեն, պաշտպան կանգնեն ձեզ։ 39Տեսէք, տեսէք, որ ԵՍ ԵՄ միայն, եւ ինձանից բացի ուրիշը չկայ։ Ես եմ սպանում եւ ես եմ փրկում, ես եմ հիւանդացնում եւ ես եմ բժշկում։ Չկայ մէկը, որ կարողանայ փրկել իմ ձեռքից։ 40Ձեռքս երկինք բարձրացնելով՝ երդւում եմ իմ աջով ու ասում. «Ես յաւիտեան կենդանի եմ, 41իմ սուսերը սրելու եմ կայծակի նման, իմ ձեռքն է կայացնելու դատաստանի վճիռը, եւ իմ թշնամիներից ես պիտի վրէժ լուծեմ։ Հատուցելու եմ նաեւ ինձ ատելի մարդկանց։ 42Իմ նետերը պիտի յագենան արեամբ, իսկ իմ սուրը պիտի խմի վիրաւորների, գերիների եւ ինձ թշնամի իշխանների արիւնը։ Երկի՛նք, ուրախացի՛ր Նրա հետ, նրան թող երկրպագեն Աստծու բոլոր որդիները։ 43Ազգե՛ր, ուրախացէ՛ք նրա ժողովրդի հետ, նրան թող զօրացնեն Աստծու բոլոր հրեշտակները, որովհետեւ նրա որդիների արեան վրէժն է պահանջւում. թշնամիների վրէժն է պահանջուելու, եւ դատաստան է արուելու։ Թող ատելի մարդկանց նա արժանին հատուցի, եւ Տէրը թող սրբագործի իր ժողովրդի երկիրը»։Մովսէսն այս օրհներգութիւնները գրեց այդ օրը եւ դրանք սովորեցրեց իսրայէլացիներին։ 44Մովսէսը մտաւ ժողովրդի մէջ, եւ ինքն ու Նաւէի որդի Յեսուն օրէնքի բոլոր խօսքերը լսելի դարձրին ժողովրդի ականջին։45Մովսէսը, այս խօսքերը բոլոր իսրայէլացիներին հաղորդելուց յետոյ,46նրանց ասաց. «Ձեր հոգու մէջ պահեցէ՛ք բոլոր այն խօսքերը, որոնց վրայ այսօր վկայութիւն եմ դնում ձեր առջեւ։ Դրանք հաղորդեցէ՛ք ձեր որդիներին, որպէսզի պահեն ու կատարեն օրէնքի բոլոր խօսքերը։ 47Սա ոչ թէ դատարկ խօսք է, այլ ձեր կեանքի էութիւնը։ Դրա համար էլ երկար կ՚ապրէք այն երկրում, որ դուք, անցնելով Յորդանան գետը, պիտի ժառանգէք»։ 48Տէրը նոյն օրը խօսելով Մովսէսի հետ՝ ասաց.49«Բարձրացի՛ր Մովաբի երկրում Երիքովի դիմաց գտնուող Աբարիմ լեռը՝ Նաբաւ լեռը, եւ դիտի՛ր այն երկիրը, որ տալու եմ իսրայէլացիներին իբրեւ սեփականութիւն։ 50Գնա վախճանուի՛ր այնտեղ, քո բարձրացած լերան վրայ եւ միացի՛ր քո ժողովրդին, ինչպէս որ Հոր լերան վրայ մեռաւ քո եղբայր Ահարոնն ու միացաւ իր ժողովրդին։ 51Եւ սա՝ ի դիմաց այն բանի, որ իսրայէլացիների ներկայութեամբ Հակառակութեան ջրերի մօտ, Կադէսում՝ Սին անապատում, անտեսեցիք իմ խօսքերը, չփառաւորեցիք դրանք իսրայէլացիների մէջ։ 52Դիմացի՛ց պիտի տեսնես այդ երկիրը, բայց այնտեղ պիտի չմտնես»։ 
33 Այս է այն օրհներգութիւնը, որով Մովսէսը՝ Աստծու մարդը, նախքան մեռնելը օրհնեց իսրայէլացիներին՝ 2ասելով. «Տէրը եկաւ Սինայից եւ մեզ երեւաց Սէիրից։ Նա Կադէսից բիւրաւոր մարդկանց հետ շտապ իջաւ Փառանի լեռից՝ աջ կողմում ունենալով իր հետ հրեշտակներին։ 3Նա գթաց իր ժողովրդին։ Նրա սրբագործած բոլոր էակները քո ձեռքին են, նրանք քեզ հետ են։ 4Նրա պատգամներից օրէնքներ ստեղծուեցին, որոնք դարձան Յակոբի ժողովրդի սեփականութիւնը։ Դրանք մեզ հաղորդեց Մովսէսը։ 5Երբ ժողովրդի իշխանները ի մի հաւաքուեն Իսրայէլի ցեղերի հետ, իշխան թող լինի Նա իր սիրեցեալների մէջ։ 6Ռուբէնը թող ապրի՝ չմեռնի, նրա ժողովուրդը թուով բազմաքանակ թող լինի»։ 7Յուդայի մասին ասաց հետեւեալը. «Տէ՜ր, լսի՛ր Յուդայի ձայնը եւ այցելի՛ր նրա ժողովրդին։ Թող նրա ձեռքերն իր համար անեն ընտրութիւն, իսկ դու օգնակա՛ն եղիր նրան թշնամիների դէմ»։ 8Ղեւիի մասին ասաց. «Ղեւիին տուէ՛ք նրա յայտնութիւնը, իսկ նրա ճշմարտութիւնը՝ այն անարատ մարդուն, որին փորձութեան ենթարկեցին ու Հակառակութեան ջրի մօտ բամբասեցին նրան։ 9Նա էր, որ ասում էր իր հօրն ու մօրը, թէ չի տեսել նրանց, չի ճանաչել իր եղբայրներին ու իր որդիներին անգիտացել։ Նա հետեւեց քո խօսքերին ու պահեց քո ուխտը։ 10Քո իրաւունքները Յակոբին, քո օրէնքները Իսրայէլին պիտի յայտնեն նրանք։ Երբ բարկանաս, քո զոհասեղանի վրայ նրանք մշտապէս խունկ պիտի ծխեն։11Տէ՜ր, օրհնի՛ր նրա զօրութիւնը եւ ընդունի՛ր նրա ձեռքի գործերը։ Ջարդի՛ր նրա վրայ յարձակուող թշնամիների մէջքը, որպէսզի նրան ատող մարդիկ չկարողանան ոտքի կանգնել»։ 12Բենիամինի մասին ասաց. «Տիրոջ սիրելին ապահով թող ապրի. Աստուած նրա համար հովանի կը լինի ամէն օր, եւ նա Նրա ուսերի վրայ կը հանգստանայ»։13Յովսէփի մասին ասաց. «Տէրն օրհնել է նրա երկիրը, ապահովել երկնքի անձրեւով ու ցօղով, անդունդների ընդերքից բխող աղբիւրներով, 14արեգակի փոփոխութիւնից կախուած բերքով, ամպերը միմեանց վրայ կուտակելով, 15հինավուրց լեռների գագաթներով, մշտնջենական բլուրների կատարներով, 16երկրի եղանակի համեմատ տրուող առատութեամբ։ Մորենու մէջ երեւացած Աստծու հաճութիւնը թող իջնի Յովսէփի գլխին՝ եղբայրների մէջ փառաւորուածի գագաթին։17Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման, նրա եղջիւրները նման են միեղջերուի եղջիւրների։ Դրանցով նա թող պոզահարի բոլոր ազգերին մինչեւ երկրի հեռաւոր անկիւնները։ Սրանք են Եփրեմի բիւրաւորները, եւ սրանք են Մանասէի հազարաւորները»։ 18Զաբուղոնի մասին ասաց. «Ուրախացի՛ր, Զաբուղո՛ն, երբ ճանապարհ ես ելնում գործի համար»։ Իսաքարի մասին ասաց. «Իր բնակավայրում թող ազգեր մեռնեն։19Այդտեղ կանչեցէ՛ք մարդկանց ու արդարութեան զոհեր մատուցեցէ՛ք, որովհետեւ ծովի հարստութիւնն ու ծովեզերքի մօտ բնակուող մարդկանց վաճառքի շահը կարող են քեզ կերակրել»։20Գադի մասին ասաց. «Թող օրհնեալ լինի Աստուած, որ ընդարձակեց Գադի երկիրը։ Նա հանգստացաւ ինչպէս առիւծը.նա խորտակեց բազուկներ ու իշխաններ 21եւ տեսաւ իր իշխանութիւնը, որովհետեւ այնտեղ է բաժանուած Իսրայէլիացիների առաջնորդների հետ միացած իշխանների երկիրը, եւ Տէրն իր արդարութիւնն ու դատաստանը գործադրեց ի նպաստ Իսրայէլի»։ 22Դանի մասին ասաց. «Դանը առիւծի ձագ է։ Նա Բասանից ցատկ պիտի կատարի»։23Նեփթաղիմի մասին ասաց. «Նեփթաղիմը յագեցած է բարիքներով։ Նա թող լցուի Տիրոջ օրհնութիւններով, թող ժառանգի ծովն ու հարաւը»։24Ասերի մասին ասաց. «Ասերն օրհնուի թող որդիներից, նա եղբայրներին ընդունելի թող լինի, իր ոտքը թաթախի իւղի մէջ։ 25Նրա կօշիկները երկաթից ու պղնձից թող լինեն։ Քո զօրութիւնը քո օրերի չափ թող լինի։ 26Սիրելի Աստծու նման ոչ ոք չկայ։ Նա բարձրանում է երկինք, որպէսզի դառնայ քո օգնականն ու հաստատուի իր վեհութեամբ։ 27Աստծու իշխանութիւնն ու նրա բազուկների մշտնջենաւոր զօրութիւնը քեզ հովանի թող լինեն։ Նա քո առջեւից թող հալածի թշնամուն եւ ասի՝ կորի՛ր։ 28Իսրայէլը Յակոբի երկրում թող բնակուի ապահով ու առանձին, ցորենի ու գինու առատութեան մէջ թող ապրի, իսկ երկինքը նրա համար ցօղի շտեմարան թող լինի։29Երանի՜ քեզ, Իսրայէ՛լ. ո՞վ կարող է նմանուել քեզ,ո՜վ Տիրոջ ընտրեալ ժողովուրդ։ Քո օգնականը թող պաշտպանի քեզ, իսկ քո սուրը քո պարծանքը թող լինի։ Քո թշնամիները թող գան, դու բարձրանալու ես նրանց ուսերին»։ 
34 Մովսէսը Մովաբի երկրի Արաբոթ վայրից բարձրացաւ Նաբաւ լեռը՝ Փոգորի գագաթը, որ գտնւում է Երիքովի դիմաց։ Տէրը նրան ցոյց տուեց Գաղաադի ամբողջ երկիրը մինչեւ Դան, 2Նեփթաղիմի ամբողջ երկիրը, Եփրեմի ու Մանասէի ամբողջ երկիրը, Յուդայի ամբողջ երկիրը մինչեւ հեռաւոր ծովը, 3անապատն ու Երիքովի շրջակայքը, արմաւենիների քաղաքները մինչեւ Սեգոր։ 4Տէրն ասաց Մովսէսին. «Այս է այն երկիրը, որ երդուելով Աբրահամին, Իսահակին ու Յակոբին՝ ասել եմ. «Քո յետնորդներին եմ տալու դա»։ Այս երկիրը ցոյց եմ տալիս քեզ, բայց դու այնտեղ չես մտնելու»։ 5Եւ Տիրոջ ծառայ Մովսէսը վախճանուեց Մովաբի երկրում, Տիրոջ խօսքի համաձայն։ 6Նրան թաղեցին Գայիում, Փոգորի տան մօտ, եւ ոչ ոք մինչեւ այսօր չգիտի, թէ որտեղ է նրա գերեզմանը։ 7Երբ Մովսէսը վախճանուեց, հարիւր քսան տարեկան էր։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողութիւնն էր վատացել, ո՛չ էլ դէմքը խորշոմել։ 8Իսրայէլացիները Մովաբի երկրի Արաբոթ վայրում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց երեսուն օր ողբացին։ Վերջացան Մովսէսի սգոյ լացի օրերը։ 9Նաւէի որդի Յեսուն լցուեց իմաստութեան հոգով, որովհետեւ Մովսէսն իր ձեռքը դրել էր նրա վրայ։ Իսրայէլացիները հնազանդուեցին նրան եւ արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։ 10Իսրայէլում այլեւս Մովսէսի նման մարգարէ չելաւ։ Նա մի մարդ էր, որին Տէրը երես առ երես ճանաչեց։11Եգիպտացիների երկրում փարաւոնի, նրա պաշտօնեաների հանդէպ կատարուող Տիրոջ առաքած բոլոր նշաններն ու զարմանահրաշ գործերը, նրա ամբողջ երկրի հանդէպ եղած մեծամեծ նշանները12Մովսէսը իսրայէլացիների առջեւ կատարում էր ամուր ձեռքով եւ հզօր բազուկով։

 









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Кутап

КутапОчищенную рыбу выпотрошить, не разрезая брюшка, через отверстие, образовавшееся после...

Паштет из красной фасоли с орехами

Паштет из красной фасоли с орехамиВ пропущенную через мясорубку вареную...

Суп из говядины со спаржей

Суп из говядины со спаржейСпаржу очистить от твердых стеблей, нарезать,...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта