ՍԻՐԱՔ

(16 голоса, среднее 4.44 из 5)
Индекс материала
ՍԻՐԱՔ
2
Все страницы

Սիրաք


1 Բովանդակ իմաստութիւնը Տիրոջից է, եւ այն յաւիտեան կը մնայ նրա հետ։ 2Ո՞վ կարող է հաշուել երբեւէ ծովի աւազը, անձրեւների շիթերը եւ յաւիտենութեան օրերը։ 3Ո՞վ կարող է քննել երկնքի բարձրութիւնը, երկրի լայնութիւնը եւ իմաստութեան խորքերը։ 4Իմաստութիւնն ստեղծուեց ամէն ինչից առաջ, զգօնութիւնը եւ հանճարը ի յաւիտենից կային։ 5Իմաստութեան աղբիւրը բարձրեալ Աստծու խօսքն է, եւ նրա ճանապարհները յաւիտենական պատգամներ են։ 6Իմաստութեան արմատները նրա մէջ յայտնուեցին։ 7Ո՞ւմ տրուեց իմաստութեան գիտութիւնը, եւ ո՞վ հասկացաւ նրա արուեստը։ 8Իմաստութիւնը մէկ է եւ խիստ ահեղ, որ նստում է իր գովութեան աթոռին։ 9Ինքը՝ Տէրը հաստատեց այն, տեսաւ եւ չափեց այն ու հեղեց իր գործերի վրայ,10ամէն մարմնի վրայ, ըստ իր պարգեւի, եւ այն բաշխեց իր սիրելիներին։ 11Տիրոջ հանդէպ երկիւղը փառք է ու պարծանք, ուրախութիւն է եւ ցնծութեան պսակ։ 12Տիրոջ հանդէպ երկիւղը զուարճացնում է սիրտը եւ պարգեւում ուրախութիւն, խնդութիւն ու երկար կեանք։ 13Ով երկիւղ է կրում Տիրոջից, նա բարիք կը ստանայ յետոյ եւ իր վախճանի օրը կ՚օրհնուի։ 14Տիրոջ հանդէպ երկիւղը Տիրոջ պարգեւն է, որ հաստատւում է սիրոյ ճանապարհներին։ 15Տիրոջ հանդէպ սէրը փառաւոր իմաստութիւն է, եւ ում կամենում է՝ Տէրը շնորհում է համաձայն իր հայեցողութեան։ 16Իմաստութեան սկիզբը երկիւղն է Տիրոջից, որ հաւատացեալների համար հաստատուել է մայրական արգանդից ի վեր, մարդկանց հետ բնաւորուել է յաւիտենական հիմքից եւ հաւատարիմ կը մնայ նրանց սերնդի հետ։17Իմաստութեան լրումը երկիւղն է Տիրոջից. այն կը սնի մարդկանց իր պտուղներով, 18մարդու ամբողջ տունը կը լցնի ցանկալի բաներով եւ շտեմարանները՝ նրա վաստակով։ 19Իմաստութեան պսակը Տիրոջ հանդէպ երկիւղն է։ 20Նա է, որ ծլեցնում է խաղաղութիւն եւ կատարեալ առողջութիւն, տեսնում եւ քննում է ամէն բան։ 21Նա է, որ բխեցրեց իմաստունի խրատը եւ գիտութիւնը, բարձրացրեց նրանց փառքը, ովքեր ունեն այն։ 22Իմաստութեան արմատը երկիւղն է Տիրոջից, եւ նրա ոստերը՝ երկար կեանքը։ 23Տիրոջ հանդէպ երկիւղը վանում է մեղքը, 24իսկ երկիւղ չունեցողը չի կարող արդարանալ։25Անիրաւ զայրոյթը չի կարող արդարանալ, քանզի նրա զայրոյթի ընթացքը նրան տանում է դէպի կործանում. 26համբերատարը միառժամանակ զսպում է իրեն, եւ յետոյ դարձեալ ուրախութիւնը տիրում է նրան։ 27Նա միառժամանակ կը թաքցնի իր խօսքերը, եւ շատերի շուրթերը կը պատմեն նրա իմաստութեան մասին։28Իմաստութեան գանձերի մէջ խրատի առակներ կան։ 29Մեղաւորի համար աստուածապաշտութիւնը գարշելի է։ 30Եթէ իմաստութեան ես ձգտում, պահի՛ր Տիրոջ պատուիրանները, եւ Տէրը քեզ կը պարգեւի այն։31Արդարեւ, իմաստութիւնն ու խրատը երկիւղն է Տիրոջից, եւ հաւատն ու հեզութիւնը հաճելի է Տիրոջը։ 32Մի՛ անտեսիր Տիրոջ հանդէպ երկիւղը եւ նրան մի՛ մօտեցիր երկբայութեամբ։ 33Կեղծաւորութիւն մի՛ արա մարդկանց առջեւ եւ զգո՛յշ եղիր քո շրթունքներից։ 34Մի՛ բարձրացրու քեզ, որպէսզի չընկնես, քո վրայ անարգանք չբերես, եւ Տէրը չնուաստացնի քեզ, 35քանզի նրան չմօտեցար Տիրոջ երկիւղով, եւ քո սիրտը լի է նենգութեամբ։ 
2 Որդեա՛կ, եթէ նուիրւում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձութիւնների պատրաստիր։ 2Ուղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր եւ շփոթութեան մի՛ մատնուիր աղէտների ժամանակ։ 3Փարուի՛ր Տիրոջը եւ մի՛ հեռացիր, որպէսզի յետագայում բարձրանաս։ 4Ինչ էլ որ գայ քո գլխին, ընդունի՛ր յօժարութեամբ եւ յաճախադէպ տառապանքների ժամանակ համբերատա՛ր եղիր։ 5Ոսկին փորձւում է կրակի մէջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում։ 6Հաւատա՛ Տիրոջը, եւ նա կը պաշտպանի քեզ, ուղղի՛ր քո ճանապարհները եւ յոյսդ դի՛ր նրա վրայ։7Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, ակնկալեցէ՛ք նրա ողորմութիւնը եւ մի՛ խոտորուէք, որպէսզի չգլորուէք։ 8Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, հաւատացէ՛ք նրան, եւ չի կորչի ձեր վարձը։ 9Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, ակնկալեցէ՛ք բարիքներ, յաւիտենական ուրախութիւն եւ ողորմութիւն։ 10Նայեցէ՛ք հին ազգերին եւ տեսէք՝ ո՞վ հաւատաց Տիրոջը եւ ամօթով մնաց։ 11Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկիւղի մէջ՝ եւ յուսահատուեց. կամ ո՞վ կանչեց Տիրոջը, եւ նա անտես արեց նրան։12Արդարեւ, Տէրը գթած է եւ ողորմած, ներում է մեր մեղքերը եւ փրկում է մեզ նեղութեան ժամանակ։ 13Վա՜յ վատթար սրտերին, յուսալքուած ձեռքերին եւ այն մեղաւորին, որ քայլում է երկու շաւիղներով։ 14Վա՜յ յուսաբեկ սրտին, որ չի հաւատում. դրա համար էլ նա չի գտնի պաշտպանութիւն։ 15Վա՜յ ձեզ, որ կորցրել էք համբերութիւնը, եւ ի՞նչ պիտի անէք, երբ Տէրն այցելի հաշիւ պահանջելու։ 16Ովքեր երկիւղ են կրում Տիրոջից, զանց չեն առնի նրա խօսքերը, եւ ովքեր սիրում են նրան, կը պահեն նրա ճանապարհները։ 17Ովքեր երկիւղ են կրում Տիրոջից, կը փնտռեն նրա բարեհաճութիւնը, եւ ովքեր սիրում են նրան, կը լցուեն նրա օրէնքով։ 18Ովքեր երկիւղ են կրում Տիրոջից, նրանց սրտերը պատրաստ կը լինեն Տիրոջ առաջ, նրանց անձերը՝ խոնարհ։ 19Լաւ է Տիրոջ ձեռքն ընկնենք եւ ոչ թէ՝ մարդկանց, 20քանզի ինչպէս նրա մեծութիւնն է, այնպէս էլ՝ նրա ողորմածութիւնը։ 
3 Լսեցէ՛ք ինձ՝ ձեր հօրը, որդինե՛ր, եւ արէ՛ք այդպէս, որպէսզի փրկուէք. 2քանզի Տէրը փառաւորում է հօրն իր զաւակների նկատմամբ եւ հաստատում մօր իրաւունքները որդիների վրայ։ 3Ով պատւում է հօրը, քաւում է իր մեղքերը, եւ ով յարգում է իր մօրը, նման է գանձ դիզողի։ 4Ով պատւում է հօրը, ինքն էլ կ՚ուրախանայ իր որդիներով, եւ նրա աղօթքը լսելի կը լինի։ 5Ով փառաւորում է հօրը, երկարակեաց կը լինի։ 6Ով լսում է Տիրոջը, կը հանգստացնի իր մօրը եւ իր ծնողներին կը ծառայի այնպէս, ինչպէս տէրերին։ 7Գործով եւ խօսքով պատուի՛ր քո հօրը, որպէսզի նրա կողմից օրհնութիւն գայ քեզ վրայ։ 8Հօր օրհնութիւնը ամրացնում է որդիների տները, իսկ մօր անէծքը խարխլում է հիմքերը։9Մի՛ փնտռիր փառք քո հօր անարգանքի մէջ, որովհետեւ քո հօր անարգանքը փառք չէ քեզ համար։ 10Արդարեւ, մարդու փառքը իր հօր պատուից է գալիս, որդիների նախատինքը՝ մօր անպատուութիւնից։11Որդեա՛կ, զօրավի՛գ եղիր քո հօրը ծերութեան ժամանակ եւ նրան մի՛ տրտմեցրու իր կեանքի ընթացքում։ 12Եւ եթէ պակասի նրա խելքը, ների՛ր նրան, մի՛ անարգիր նրան քո ամբողջ ուժով։ 13Ով հոգատար է հօր հանդէպ, Աստուած չի մոռանայ նրան։ 14Դրա փոխարէն չարը կը ներուի քեզ, քո նեղութեան օրը Տէրը կը յիշի քեզ եւ, ինչպէս սառոյցն է հալւում ջերմութիւնից, այնպէս էլ կը հալուեն քո մեղքերը։ 15Ով լքում է հօրը, նման է Աստծուն անարգողի, ով բարկացնում է իր մօրը, անիծուած է Տիրոջից։ 16Որդեա՛կ, քո գործը հեզութեա՛մբ կատարիր եւ կը սիրուես ընտիր մարդկանցից։ 17Ինչքան մեծ լինես, այնքան խոնարհեցրո՛ւ քո անձը, եւ շնորհ կը գտնես Տիրոջ առջեւ, քանզի մեծ է Տիրոջ զօրութիւնը, եւ նա փառաւորում է իր կամքը կատարող խոնարհներին։ 18Քո ուժերից վեր բաներ մի՛ ձեռնարկիր, եւ այն, ինչ հզօր է քեզանից, մի՛ քննիր։ Մտքիդ մէջ պահի՛ր այն, ինչ հրամայուեց քեզ, 19քանզի քեզ պէտք չեն գաղտնի բաներ։ 20Աւելորդ գործեր քննող մի՛ եղիր, որովհետեւ աւելի իմաստութիւն է տրուած քեզ, քան շատ մարդկանց։ 21Արդարեւ, շատերին մոլորեցրեց իրենց մասին մեծ կարծիք ունենալը, եւ դրանով չար մտածումը սողոսկեց նրանց միտքը։22Ով որ սիրում է տագնապը, նրա մէջ էլ պիտի կորչի։ 23Յամառ սիրտը ի վերջոյ չարաչար պիտի կործանուի, 24քանզի դաժան սիրտը ցաւերով կը ծանրանայ, եւ մեղաւորը մեղքերի վրայ մեղքեր կ՚աւելացնի։25Ամբարտաւանի հարուածներից բժշկութիւն չկայ, որովհետեւ չարութեան բոյսը արմատաւորուեց իր մէջ։ 26Իմաստունի սիրտը իր միտքն է բերում առակը. իմաստունի ցանկութիւնն է, որ լինի լսող ականջ։ 27Ջուրը հանգցնում է բորբոքուած կրակը, եւ ողորմածութիւնը քաւում է մեղքերը։ 28Ով բարիք է հատուցում, պիտի յիշուի յետագայում, իսկ սայթաքելիս նեցուկ պիտի գտնի։ 
4 Որդեա՛կ, մի՛ զլացիր օգնել աղքատներին եւ թոյլ մի՛ տուր, որ տուայտեն կարօտեալների աչքերը։ 2Քաղցած մարդուն մի՛ տրտմեցրու եւ մի՛ զայրացրու մարդուն նրա չքաւորութեան մէջ։ 3Մի՛ խռովի՛ր արդէն նեղուած սիրտը եւ մի՛ դանդաղիր օգնել կարօտեալներին։ 4Մի՛ մերժիր նեղութեան մէջ եղողի պաղատանքը եւ քո երեսը մի՛ դարձրու տնանկից։ 5Քո հայեացքը մի՛ շրջիր կարօտեալից եւ առիթ մի՛ տուր, որ մարդ անիծի քեզ, 6քանզի երբ նա իր հոգու դառնութեան պահին քեզ անիծի, նրա խնդրանքը կը լսի Տէրը։ 7Քո անձը սիրելի՛ դարձրու ժողովրդին եւ քո գլուխը խոնարհեցրո՛ւ մեծի առջեւ։ 8Քո ականջը խոնարհեցրո՛ւ տնանկին եւ խաղաղ հեզութեամբ պատասխա՛ն տուր նրան։ 9Զրկուածին փրկի՛ր հզօրի ձեռքից եւ կարճամիտ մի՛ եղիր, երբ դատում ես։ 10Որբերի համար եղիր ինչպէս հայր եւ նրանց մօր հանդէպ՝ որպէս ամուսին, 11եւ դու կը լինես Բարձրեալի որդու նման, որը քեզ աւելի կը սիրի, քան քո մայրը։ 12Իմաստութիւնը բարձրացնում է իր որդիներին եւ պաշտպան է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն։ 13Ով սիրում է նրան, կեա՛նքն է սիրում, եւ ովքեր առաւօտից շտապում են դէպի նա, ուրախութեամբ պիտի լցուեն։ 14Ով ունի այն, փառք պիտի ժառանգի, եւ ուր որ մտնի նա, պիտի օրհնի Տիրոջը։15Ովքեր երկրպագում են նրան, ծառայում են սրբութեանը, եւ Տէրը սիրում է այն սիրողներին։ 16Ով լսում է նրան, դատելու է ազգերին, եւ ով իր մտքի մէջ դնի այն, կ՚ապրի յուսով։ 17Ով հաւատայ, կը ժառանգի այն, եւ երբ վրայ հասնի չարութիւնը, նրա սերունդը կը յարատեւի։18Սկզբից իմաստութիւնը կը գնայ այդ սերնդի հետ սայթաքուն ճանապարհներով, 19երկիւղ եւ վստահութիւն կը բերի նրան եւ նրան փորձութեան կը մատնի իր խրատով, մինչեւ որ վստահի նրա անձին եւ նրան փորձի իր հրահանգներով։ 20Ապա դարձեալ ընդառաջ դուրս կը գայ նրան, ուղիղ ճանապարհի վրայ, կ՚ուրախացնի նրան, եւ իր գաղտնիքները նրան կը յայտնի։ 21Բայց եթէ մոլորուի, կը թողնի նրան եւ կը մատնի նրան իր իսկ գլորմանը։ 22Առժամանակ դանդաղի՛ր եւ զգո՛յշ եղիր չարից, 23եւ դու քո անձի համար ամօթահար չես լինի, 24քանզի ամօթ կայ, որ դէպի մեղք է տանում, ամօթ էլ կայ, որ փառք է եւ շնորհ։25Մի՛ եղիր աչառու հակառակ քո անձի եւ մի՛ ամաչիր ի վնաս քեզ։26Նեղութեան պահին խօսքը մի՛ արգելիր, քանզի ասուածից է ճանաչւում իմաստութիւնը, եւ խրատը՝ լեզուի խօսքերից։ 27Մի՛ եղիր ընդդէմ ճշմարտութեան եւ ամաչի՛ր քո անարժանութեան համար։28Մի՛ ամաչիր խոստովանել քո մեղքերը, մի՛ դիմակայիր գետի հոսանքին, մի՛ ենթարկիր քո անձը յիմարին, 29մի՛ ակնածիր հզօրից, մինչեւ մահ պայքարի՛ր յանուն ճշմարտութեան, եւ Տէր Աստուած կը պայքարի քեզ հետ։ 30Մի՛ եղիր յանդուգն քո լեզուով եւ ծոյլ ու դանդաղկոտ՝ քո գործերում։ 31Մի՛ եղիր քո տան մէջ առիւծի պէս եւ դաժան՝ քո ծառաների հանդէպ։ 32Թող ձեռքդ բաց չլինի վերցնելու համար եւ փակ՝ տալու ժամանակ։ 
5 Յոյսդ քո ունեցուածքի վրայ մի՛ դիր եւ մի՛ ասա, թէ դա բաւական է ինձ։ 2Գերի մի՛ դարձիր քո անձին եւ քո ուժին, մի՛ հպարտացիր քո հարստութեամբ, մի՛ եղիր յանձնապաստան եւ մի՛ ասա, թէ՝ «Իմ ունեցուածքը շատ է»։ 3Մի՛ ասա, թէ՝ «Ո՞վ կը յաղթի ինձ» եւ մի՛ ասա, թէ՝ «Ո՞վ չարութիւն կ՚անի ինձ», որովհետեւ Տէրը քեզանից վրէժխնդիր կը լինի։ 4Մի՛ ասա՝ «Մեղք գործեցի, բայց ի՞նչ եղաւ ինձ»։ 5Տէրը համբերատար է քո դարձի եւ քաւութեան համար. քեզ անվախ մի՛ համարիր՝ մեղքերի վրայ մեղքեր աւելացնելով։ 6Մի՛ ասա՝ «Տիրոջ գթութիւնը շատ է, նա իմ բազում մեղքերը կը քաւի», 7քանզի ողորմութիւնն ու բարկութիւնը նրանից է, եւ մեղաւորների վրայ է իջնում նրա զայրոյթը։ 8Որդեա՛կ, մի՛ յապաղիր քո մեղքերից դառնալ դէպի Տէրը, որպէսզի մեղքերիդ մէջ չմեռնես։ 9Յոյսդ մի՛ դիր անարդար գանձերի վրայ, որովհետեւ դրանք քեզ չեն օգնի բարկութեան օրը։ 10Մի՛ ենթարկուիր ամէն հողմի եւ մի՛ գնա ամէն շաւղով, քանզի դրանք մեղաւորի ու երկերեսանի մարդու բաժինն են։ 11Հաստա՛տ եղիր քո իմաստութեան մէջ, եւ քո խօսքը թող մէ՛կ լինի։ 12Լսելու մէջ փութկո՛տ եղիր եւ պատասխան խօսքի մէջ՝ համբերո՛ղ։ 13Եթէ քո մէջ իմաստութիւն կայ, պատասխա՛ն տուր մերձաւորիդ, իսկ եթէ ոչ՝ քո ձեռքը թող բերանիդ վրայ լինի։ 14Փառքն ու անարգանքը խօսքի մէջ է, եւ մարդու կործանումն՝ իր լեզուի վրայ։ 15Մի՛ ունեցիր բանսարկուի համբաւ եւ քո լեզուով չարիք մի՛ նիւթիր. 16որովհետեւ գողի վրայից անպակաս է ամօթը, երկերեսանու վրայից՝ չար պարսաւանքը։ 17Մի՛ եղիր անխոհեմ ո՛չ մեծ եւ ո՛չ փոքր բաների մէջ։ 
6 Բարեկամ լինելու փոխարէն մի՛ եղիր թշնամի, քանզի չար անունը իր հետ կը բերի ամօթ եւ նախատինք մեղաւորին ու երկերեսանուն։ 2Քո հոգու խորհուրդների մէջ մի՛ բարձրացրու քեզ, որպէսզի քո անձը չմորթոտուի զուարակի նման, 3այլապէս քո տերեւները կ՚ոչնչացնես, քո պտուղները կը կորցնես եւ կը մնաս իբրեւ չորացած ծառ։ 4Չար հոգին կործանում է իր տիրոջը եւ նրան ոտնատակ դարձնում թշնամիներին։5Քաղցր բերանը շատացնում է իր բարեկամներին, քաղցրախօս լեզուն մեծացնում է մտերմութիւնը։ 6Ովքեր քեզ հետ խաղաղութեան մէջ են, թող մեծաթիւ լինեն, բայց քո խորհրդակիցը հազարից մէկը թող լինի։7Եթէ բարեկամ ես ձեռք բերում, փորձո՛վ ձեռք բեր նրան եւ իսկոյն մի՛ վստահիր նրան, 8քանզի բարեկամ կայ, որ բարեկամ է իրեն պէտք եղած ժամանակ միայն եւ քեզ հետ բարեկամ չի մնայ քո նեղութեան օրը. 9բարեկամ կայ, որ թշնամի է դառնում քեզ, եւ քո վէճն ու նախատինքը հրապարակում։ 10Բարեկամ էլ կայ, որ սեղանակից է քեզ, սակայն քեզ մօտ չի մնայ քո նեղութեան օրը։ 11Քո բարեկեցութեան ժամանակ նա քեզ նման կը լինի եւ յանդուգն կը վերաբերուի քո ծառաների հետ։ 12Եթէ սնանկանաս, նա քեզ հակառակ կը լինի եւ կը թաքնուի քեզնից։ 13Հեռո՛ւ մնա քո թշնամիներից եւ զգո՛յշ եղիր բարեկամներից։ 14Հաւատարիմ բարեկամը հզօր պատուար է, իսկ ով գտնի նրան՝ գանձ է գտել։ 15Հաւատարիմ բարեկամն անփոխարինելի է, եւ անկշռելի է նրա բարութիւնը։ 16Հաւատարիմ բարեկամը կեանքի դեղ է, եւ Տիրոջից երկնչողները միայն կը գտնեն նրան։ 17Ով երկնչի Տիրոջից, կը յաջողի բարեկամութեան մէջ, որովհետեւ ինչպիսին ինքն է, այնպիսին էլ՝ իր մերձաւորը։ 18Որդեա՛կ, ուսո՛ւմ փնտռիր քո մանկութիւնից, եւ մինչեւ ծերութիւն իմաստութիւն պիտի գտնես։19Մօտեցի՛ր նրան վարողի եւ սերմանողի նման, եւ սպասի՛ր նրա բարի պտուղներին. 20թէեւ այն մշակելու պահին մի փոքր կը յոգնես, բայց շուտով կ՚ուտես նրա պտուղները։ 21Տգէտների համար այն քարքարոտ ճանապարհ է, եւ անմիտ մարդը նրա մէջ երկար չի մնայ։22Փորձութեան ծանր քարի նման այն բեռ է նրա վրայ, եւ նա չի դանդաղի այն դէն շպրտել։ 23Արդարեւ, իմաստութիւնը համապատասխանում է իր անուանը եւ շատերին չէ, որ յայտնի է։24Լսի՛ր, որդի՛ս, եւ ընդունի՛ր իմ խրատը, մի՛ մերժիր իմ այս խորհուրդը։25Դի՛ր քո ոտքը նրա ոտնակապերի մէջ եւ քո պարանոցը՝ նրա շղթաների մէջ։ 26Խոնարհեցրո՛ւ քո ուսը, վերցրո՛ւ այն եւ մի՛ ձանձրացիր նրա կապանքներից։ 27Քո բովանդակ հոգով մօտեցի՛ր նրան եւ քո բովանդակ զօրութեամբ պահի՛ր նրա ճանապարհները։28Քննի՛ր, փնտռիր, եւ դու կը ճանաչես այն. եւ երբ բռնես՝ մի՛ թող նրան, 29քանզի ի վերջոյ դու հանգիստ կը գտնես նրա մէջ, եւ քեզ համար նա ուրախութիւն կը դառնայ։ 30Քեզ համար նրա կապանքները զօրութեան պատուար կը լինեն, եւ նրա շղթաները՝ փառքի պատմուճան։ 31Արդարեւ, ոսկեղէն զարդ կայ նրա վրայ, եւ նրա կապանքները յակինթի շար են։ 32Այն կը հագնես իբրեւ փառքի զգեստ եւ քո վրայ կը դնես իբրեւ ցնծութեան պսակ։ 33Որդեա՛կ, եթէ ցանկանաս, կը դաստիարակուես եւ եթէ հոգով նուիրուես, խորագէտ կը լինես։ 34Եթէ լսել սիրես, կը հասկանաս եւ եթէ մօտեցնես քո ականջը, իմաստուն կը լինես։ 35Եղի՛ր ծերերի բազմութեան մէջ, եւ ով իմաստուն է, հակուի՛ր դէպի նա։ Ցանկացի՛ր լսել բոլոր աստուածառաք զրոյցները, եւ թող հանճարեղ ասոյթները չվրիպեն քեզնից։ 36Եթէ իմաստուն մարդ տեսնես, առաւօտից նրա մօ՛տ եղիր, եւ թող քո ոտքը մաշի նրա դռան սեմը։ 37Խորհի՛ր Տիրոջ հրամանների մասին եւ տեւապէս ձգտի՛ր նրա պատուիրաններին։ Նա կը հաստատի քո սիրտը եւ իմաստութեան ցանկութիւն կը տայ քեզ։ 
7 Չարիք մի՛ գործիր, եւ քո վրայ չարիք չի գայ։ 2Հեռո՛ւ մնա անիրաւութիւնից, եւ այն հեռու կը մնայ քեզնից։ 3Որդեա՛կ, մի՛ սերմանիր անիրաւութեան ակօսի մէջ, որպէսզի այն եօթնապատիկ չհնձես։ 4Տիրոջից իշխանութիւն մի՛ խնդրիր եւ թագաւորից՝ փառքի աթոռ։ 5Տիրոջ առջեւ մի՛ փորձիր արդարանալ եւ թագաւորի առջեւ ճարտարախօս մի՛ երեւար։ 6Մի՛ ձգտիր դատաւոր լինել, գուցէ չկարողանաս վերացնել անիրաւութիւնը։ Գուցէ երբեւէ ակնածելով հզօրից՝ սայթաքես քո արդարութիւնից։ 7Քաղաքի բազմութեան հանդէպ մի՛ մեղանչիր եւ քեզ մի՛ նուաստացրու ամբոխի առջեւ։8Մեղքի վրայ մեղք մի՛ աւելացրու, որպէսզի որեւէ մէկից չմեղադրուես։9Մի՛ ծուլացիր քո ուխտի մէջ, 10անփոյթ մի՛ լինիր ողորմածութիւն անելու մէջ։ 11Մի՛ ասա, թէ Տէրը կը նայի իմ բազմաթիւ զոհաբերումներին եւ բարձրեալ Աստծուն մատուցելիս՝ նա կ՚ընդունի։12Մի՛ ծաղրիր այդ մարդուն, որի հոգին դառնացած է, քանզի Տէ՛րն է, որ նուաստացնում եւ բարձրացնում է նրան։ 13Քո եղբօր մասին ստեր մի՛ սերմանիր, նոյնը՝ եւ բարեկամի մասին։ 14Մի՛ ախորժիր ստեր ասել ամէն բանի մասին, քանզի յաճախակի ստելը լաւ բան չէ։ 15Մի՛ շատախօսիր ծերերի մէջ եւ մի՛ կրկնաբանիր քո աղօթքի մէջ։ 16Մի՛ ատիր աշխատանքի տքնութիւնը եւ ոչ էլ այն մշակութիւնը, որ հաստատուել է Բարձրեալի կողմից։ 17Մի՛ գտնուիր մեղաւորների բազմութեան մէջ. յիշի՛ր, որ Տիրոջ բարկութիւնը չի ուշանայ։ 18Մի՛շտ խոնարհեցրու քո անձը, 19որովհետեւ ամբարշտի վրէժխընդրութիւնը կրակ ու որդ է։ 20Բարեկամիդ մի՛ փոխանակիր կայք ու ինչքի հետ եւ հարազատ եղբօրդ՝ Սափիրական ոսկու հետ։ 21Մի՛ լքիր իմաստուն եւ բարի կնոջը, քանզի նրա շնորհը ոսկուց էլ առաւել է։ 22Մի՛ չարչարիր ծառային, որ ջանասիրութեամբ է աշխատում եւ՝ վարձկանին, որ քեզ նուիրուած է հոգով։ 23Քո հոգին թող սիրի իմաստուն ծառային եւ նրան չզրկի ազատութիւնից։ 24Եթէ անասուն ունես, հո՛գ տար դրանց, եւ եթէ դրանք քեզ պիտանի են, թող քեզ մօտ մնան։ 25Եթէ զաւակներ ունես, խրատի՛ր նրանց, մանկութիւնից խոնարհեցրո՛ւ նրանց պարանոցը։26Եթէ դուստրեր ունես, զգո՛յշ եղիր նրանց մարմինների համար եւ քո դէմքի լրջութիւնն անպակա՛ս արա նրանցից։ 27Ամուսնացրո՛ւ քո դստերը, եւ դու մեծ գործ արած կը լինես. տո՛ւր նրան իմաստուն մարդու։ 28Քո սրտո՞վ է կինդ՝ մի՛ վտարիր։ 29Քո բովանդակ հոգով պատուի՛ր հօրդ եւ մի՛ մոռացիր մօրդ երկունքը։ 30Յիշի՛ր, որ դու նրանցից ես ծնուել եւ ի՞նչ կարող ես հատուցել նրանց՝ քեզ նրանց տուածի փոխարէն։ 31Քո ամբողջ սրտով երկի՛ւղ կրիր Տիրոջից եւ յարգի՛ր նրա քահանաներին։ 32Քո ամբողջ ուժով սիրի՛ր Արարչիդ եւ նրա սպասաւորներին մի՛ անտեսիր։ 33Երկի՛ւղ կրիր Տիրոջից եւ մեծարի՛ր քահանաներին։ 34Ինչպէս հրամայուած է քեզ, տո՛ւր նրանց տուրքի մի մասը. 35պտուղը, յանցանքների համար սահմանուածը, զոհաբերուած անասունի թիակները, սրբութեան զոհը եւ սրբազան ընծաները։ 36Քո ձեռքը մեկնի՛ր տնանկին, որպէսզի կատարեալ լինի քեզ տրուող օրհնութիւնը։ 37Ողորմութեան շնորհը թող բաշխուի բոլոր ողջերին, բայց եւ մեռածի համար մի՛ խնայիր շնորհներդ։ 38Մի՛ խուսափիր լացողներից եւ սգա՛ սգացողների հետ։ 39Մի՛ յապաղիր հիւանդին տեսութեան գնալ, եւ դա շնորհ կը համարուի քեզ համար։40Քո բոլոր գործերի մէջ յիշի՛ր վախճանդ, եւ չես մեղանչի երբեք։ 
8 Մի՛ խանդիր սրտակից կնոջդ եւ չար խորհուրդներ մի՛ յարուցիր քո նկատմամբ։ 2Քո սիրտը կնոջ մի՛ տուր, որպէսզի նա չիշխի քեզ վրայ։3Մի՛ ընդառաջիր բոզ կնոջը, որպէսզի յանկարծ նրա որոգայթների մէջ չընկնես։ 4Մի՛ յաճախիր երգող ու կաքաւող կնոջ մօտ, որպէսզի յանկարծ կուլ չգնաս նրա լրբութեանը։ 5Երկար մի՛ նայիր կոյսին, որպէսզի չգայթակղուես նրա հմայքով։ 6Քո անձը մի՛ տուր պոռնիկներին, որպէսզի չկորցնես քո ունեցուածքը։ 7Դէս ու դէն մի՛ գցիր աչքերդ քաղաքի փողոցներում եւ մի՛ թափառիր նրա աւերակների մէջ։8Աչքդ հեռացրո՛ւ գեղեցիկ կնոջից եւ երկար մի՛ նայիր օտարի գեղեցկութեանը։ 9Շատերը մոլորուեցին կնոջ գեղեցկութիւնից. դրանից կրակի նման սէր է բորբոքւում։ 10Ամենեւին մի՛ նստիր ամուսնացած կնոջ մօտ եւ նրա հետ գինի մի՛ խմիր. գուցէ քո անձը շեղուի դէպի նա, եւ քո հոգով կորստեան մատնուես։ 11Մի՛ լքիր հին բարեկամին, քանզի նորը հաւասար չէ նրան։ 12Նոր գինի՝ նոր բարեկամ. երբ հնանայ, ուրախութեա՛մբ վայելիր։ 13Մեղաւորի փառքին մի՛ նախանձիր, որովհետեւ չգիտես, թէ ինչպիսին կը լինի նրա կործանումը։14Հաւանութիւն մի՛ տուր ամբարիշտների հաւանած բանին. յիշի՛ր, որ մինչեւ դժոխք չես արդարանայ։ 15Հեռո՛ւ մնա այն մարդուց, որ սպանելու իշխանութիւն ունի, եւ դու չես տագնապի մահուան երկիւղից։ 16Եթէ մօտ էլ լինես, զգո՛յշ եղիր սխալ գործելուց, որպէսզի նա չխլի կեանքդ. 17համարի՛ր, թէ որոգայթների միջով ես անցնում եւ քաղաքի պարիսպների վրայով ես քայլում։ 18Ըստ քո կարողութեան ճանաչի՛ր մերձաւորիդ եւ իմաստունների հետ խորհրդակցի՛ր։19Արդարները թող քո սեղանակիցները լինեն, եւ Տիրոջ երկիւղը՝ քո պարծանքը։ 20Զրուցի՛ր իմաստունների հետ, եւ քո բոլոր զրոյցները թող լինեն Բարձրեալի Օրէնքի մասին։ 21Ճարտար վարպետները գովաբանւում են իրենց ձեռքի գործով, իսկ ժողովրդի առաջնորդը՝ իր իմաստուն խօսքով։ 22Լեզուանի մարդը ահաւոր է իր քաղաքում, եւ ատելի է նա, ով յանդուգն է իր խօսքով։ 
9 Իմաստուն դատաւորը խրատում է իր ժողովրդին, խելամիտ մարդու իշխանութիւնը կարգաւորուած է լինում։ 2Ինչպիսին ժողովրդի իշխանն է, այնպիսին նրա սպասաւորներն են, ինչպիսին քաղաքի առաջնորդն է, այնպիսին՝ նրա բնակիչները։ 3Տգէտ թագաւորը կորստեան է մատնում իր ժողովրդին. քաղաքը կառուցւում է հզօրների իմաստութեամբ։4Երկրի իշխանութիւնը Տիրոջ ձեռքին է. նա է ժամանակին արժանի մարդուն բարձրացնում իշխանութեան։ 5Տիրոջ ձեռքին է մարդու յաջողութիւնը. նա է իր փառքը դնում օրէնսգէտի վրայ։ 6Մերձաւորիդ նկատմամբ ոխ մի՛ պահիր նրա բոլոր մեղանչումների պատճառով եւ թշնամական արարքներ մի՛ գործիր նրա դէմ։ 7Ամբարտաւանութիւնը ատելի է թէ՛ Տիրոջ եւ թէ՛ մարդկանց համար. դա երկուսի համար էլ անիրաւութիւն է։ 8Թագաւորութիւնն անցնում է մի ազգից միւսին անիրաւութեան, թշնամանքի եւ ընչաքաղցութեան պատճառով։9Ինչո՞ւ է հպարտանում մարդը, որ հող է ու մոխիր։ 10Դեռեւս կենդանի՝ թափւում է նրա փորոտիքը։ 11Բժիշկը կարճեցնում է երկարատեւ ցաւերը։ 12Թագաւորն այսօր կայ, իսկ վաղը վախճանւում է։ 13Երբ մարդը մեռնում է, սողուններ, ճիճուներ եւ որդեր է ժառանգում։14Մարդու ամբարտաւանութեան սկիզբը նրա ապստամբելն է Տիրոջ դէմ, նրա սրտի ստահակութիւնը՝ իր Արարչի դէմ։ 15Մեղքի սկիզբն ամբարտաւանութիւնն է, եւ ով ունի այն, նրանից պղծութիւն պիտի ժայթքի։ 16Դրա համար էլ Տէրը նրան սարսափելի հարուածներ հասցրեց եւ իսպառ կործանեց նրան։ 17Տէրը ջախջախեց իշխանների աթոռները եւ նրանց փոխարէն հեզերին նստեցրեց։ 18Տէրն արմատախիլ արեց հեթանոսներին եւ նրանց փոխարէն խոնարհներին տնկեց։ 19Տէրը քարուքանդ արեց ժողովուրդների բնակավայրերը եւ դրանք կորստեան մատնեց մինչեւ հիմքերը։ 20Կործանեց եւ կորստեան մատնեց դրանք, եւ դրանց յիշատակը վերացրեց երկրից։21Ամբարտաւանութիւնը մարդկանց համար չի հաստատուած, եւ ոչ էլ զայրալից բարկութիւնը՝ կանանցից ծնուածների համար։ 22Ո՞վ է մարդու պատուական զաւակը. նա, ով երկնչում է Տիրոջից։ Ո՞վ է մարդու անարգ զաւակը. նա, ով զանց է առնում Տիրոջ պատուիրանները։ 23Բազում եղբայրների մէջ աւագն է պատուականը, իսկ Տիրոջ աչքում՝ իրենից երկնչողները։ 24Հարուստ լինի, անուանի թէ աղքատ, նրա պարծանքը Տիրոջ երկիւղն է։ 25Արդարացի չէ անպատուել իմաստուն աղքատին, եւ օրինաւոր չէ պատուել անարդար մարդուն։ 26Հարուստը, դատաւորը եւ իշխանը գովաբանւում են, սակայն նրանցից եւ ոչ մէկը մեծ չէ նրանից, ով երկնչում է Տիրոջից։27Իմաստուն ծառային ազատներն են սպասաւորում, եւ խելամիտ մարդը չի տրտնջում դրա համար։ 28Քո գործը կատարելու համար մի՛ պերճաբանիր եւ մեծութիւն մի՛ ծախիր քո նեղութեան ժամանակ։29Աւելի լաւ է նա, ով փողոց է մաքրում, քան նա, ով սիգալով ճեմում է, բայց մնում է հացի կարօտ։ 30Որդեա՛կ, հեզութեա՛մբ փառաւորիր քո հոգին եւ նրան պատի՛ւ տուր ըստ իր արժանիքների։ 31Ո՞վ կ՚արդարացնի նրան, որ մեղանչում է իր հոգու մէջ, կամ ո՞վ կը փառաբանի նրան, որ անարգում է իր կեանքը։ 32Աղքատը մեծարւում է իր իմաստութեան համար, իսկ հարուստը փառաբանւում իր հարստութեան համար։ 33Ով իմաստութեամբ փառաւորւում է հարստութեան մէջ, որքա՜ն եւս կը փառաւորի աղքատութեան մէջ, իսկ նա, ով չի մեծարւում աղքատութեան մէջ, առաւել եւս չի մեծարուի հարստութեան մէջ։ 
10 Խոնարհ մարդու իմաստութիւնը բարձր է պահում նրա գլուխը եւ մեծամեծների մէջ է բազմեցնում նրան։ 2Մարդուն մի՛ գովիր իր գեղեցկութեան համար եւ մի՛ արհամարհիր իր խեղճ տեսքի համար։3Մեղուն փոքր է թռչողների մէջ, սակայն նրա պտուղը քաղցրութեան սկիզբն է։ 4Մի՛ պարծեցիր զգեստների պերճութեամբ եւ փառքիդ օրը մի՛ հպարտացիր, քանզի սքանչելի են Տիրոջ գործերը եւ դրանք ծածկուած են մարդկանցից։ 5Բազում բռնակալներ գետին նստեցին, եւ նա, որից չէին սպասում, թագ ստացաւ։ 6Բազում հզօրներ խիստ անարգուեցին, եւ անուանի մարդիկ մատնուեցին այլոց ձեռքը։ 7Քանի դեռ չի քննուել, մի՛ մեղադրիր մարդուն, իմացի՛ր՝ յետո՛յ պատժիր։8Քանի դեռ չես լսել, մի՛ պատասխանիր եւ մի՛ միջամտիր խօսակցութեանը։ 9Մի՛ պայքարիր այն բաների համար, որ քեզ չեն վերաբերում, եւ մի՛ նստիր մեղաւորների ատեանում նրանց կողքին։10Որդեա՛կ, շատ գործեր մի՛ ձեռնարկիր, քանզի բազում գործերի մէջ չես կարող անպարտ մնալ, եւ եթէ հետամուտ լինես դրանց, չես հասնի վերջին եւ չես խուսափի կործանումից։ 11Մարդ կայ, որ տքնում, աշխատում ու աճապարում է, եւ սակայն առաւել եւս կարիքի մէջ է մնում, 12մարդ էլ կայ, որ ծոյլ է, օգնութեան կարօտ, զօրութիւնից զուրկ, աղքատութեան մէջ թաղուած, 13սակայն Տիրոջ աչքը նրան նայում է բարութեամբ, ոտքի է կանգնեցնում նրան իր աղքատութիւնից, բարձրացնում է նրա գլուխը, եւ շատերը զարմանում են դրա վրայ։14Բարիքը, չարիքը, կեանքը եւ մահը, աղքատութիւնն ու հարստութիւնը Տիրոջից են։ 15Տիրոջ պարգեւը բարեպաշտներին է մնում, եւ յաւիտեան է նրա բարեհաճութիւնը։ 16Ով հարստանում է ժլատութեամբ եւ կուտակելով, նրա վարձի բաժինը այս է լինում. 17երբ նա ասում է, թէ, «Հանգիստ գտայ եւ այժմ պիտի վայելեմ իմ հարստութիւնը», 18սակայն չգիտի, թէ երբ որ գայ օրհասը, նա այլոց կը թողնի այն ու կը մեռնի։19Հաւատարի՛մ մնա քո ուխտին, նուիրուի՛ր նոյն ուխտին եւ ծերացի՛ր քո գործի մէջ։ 20Մի՛ զարմացիր մեղաւոր մարդու գործերի վրայ, հաւատա՛ Տիրոջը ու տոկա՛ քո տքնութեան մէջ։ 21Տիրոջ համար դիւրին է աղքատին անակնկալ հարստացնելը։ 22Տիրոջ օրհնութիւնը բարեպաշտների վարձն է, եւ շատ շուտով Նրա օրհնութիւնը խնդութիւն է տալու նրանց։ 23Մի՛ ասա, թէ՝ «Էլ ինչի՞ կարիք ունեմ» եւ՝ «Սրանից յետոյ էլ ի՞նչ բարիք պիտի լինի ինձ»։ 24Մի՛ ասա, թէ՝ «Սա բաւական է ինձ. սրանից յետոյ էլ ի՞նչ չարիք կարող է լինել»։25Երջանկութեան օրը մոռացւում են չարիքները, չարիքի օրը չեն յիշւում բարիքները, 26քանզի Տիրոջ համար դիւրին է վախճանի օրը մարդուն հատուցել ըստ իր անցած ճանապարհների։ 27Մէկ ժամուայ տանջանքը մոռացնել է տալիս հաճոյքները, եւ մարդու վախճանի ժամին յայտնի են դառնում նրա գործերը։ 28Մարդու վախճանից առաջ երանի մի՛ տուր նրան. մարդ ճանաչւում է իր որդիներով։ 29Ամէն մարդու մի՛ ընդունիր քո տունը, քանզի բազմաթիւ են նենգաւոր մարդու որոգայթները։ 30Ինչպէս որսորդն է դարան մտնում կաքաւ որսալու համար, այնպէս էլ ամբարտաւանը, որի ուշքն ու միտքը քեզ գլորելն է։31Նա բարիքը վերածում է չարիքի եւ արատաւորում այն, ինչ ցանկալի է։ 32Կայծերի շատութիւնից բորբոքւում է կրակը, այդպէս էլ մեղաւոր մարդը մահ է նիւթում։ 33Զգուշացի՛ր խորամանկ մարդուց, քանզի նա չարիք է նիւթում. գուցէ նա քեզ յաւիտենական պարսաւանքի տակ դնի։34Քո տանը բնակեցրո՛ւ օտարին, եւ նա խռովութիւն կը գցի քո տան մէջ ու կ՚օտարացնի քեզ քո իւրայիններից։ 
11 Եթէ բարիք ես անում, իմացիր՝ ում ես անում, եւ շնորհ կը ստանաս քո բարիքի դիմաց։ 2Բարի՛ք արա բարեպաշտին եւ փոխարէնը հատուցում կը ստանաս եթէ ոչ նրանից, ապա՝ Բարձրեալից։ 3Բարիք չկայ նրա համար, ով մշտապէս չարիք է գործում եւ ողորմածութիւն չի ցուցաբերում։ 4Օգնի՛ր բարեպաշտին եւ ձեռք մի՛ երկարիր մեղաւորին։5Բարի՛ք արա խոնարհին եւ մի՛ օգնիր ամբարշտին, 6պահի՛ր քո հացը եւ մի՛ տուր նրան, որպէսզի դրանով նա քեզ չյաղթի, 7այլապէս կրկնակի չարիք կը ստանաս նրան արած քո բոլոր բարութիւնների դիմաց, որովհետեւ Բարձրեալն ատում է մեղաւորներին եւ վրէժ առնում ամբարիշտներից։ Օգնի՛ր բարի մարդուն եւ զօրավիգ մի՛ եղիր մեղաւորին։ 8Բարեկամը չի ճանաչւում երջանկութեան մէջ, եւ ոչ էլ թշնամիդ վշտակից կը լինի քեզ։ 9Մարդու երջանկութեան ժամանակ տրտմութեան մէջ են լինում նրա թշնամիները, իսկ նրա վշտի ժամանակ նրա բարեկամը լքում է նրան։ 10Յաւիտեան մի՛ հաւատա քո թշնամուն, քանզի ինչպէս պղինձն է ժանգոտւում, այնպէս էլ՝ նրա չարութիւնը։ 11Եթէ թէկուզ նա խոնարհուի եւ գլխահակ գնայ, ուշքդ վրա՛ն պահիր եւ զգուշացի՛ր նրանից, նրա առջեւ մաքուր հայելու նման եղիր ու կ՚իմանաս, որ նա իսպառ չի մաքրուել ժանգից։ 12Նրան մի՛ պահիր քեզ մօտ, որպէսզի քեզ կործանելով չգրաւի քո տեղը։ Նրան մի՛ նստեցրու քո աջ կողմը, որպէսզի երբեւէ չյաւակնի քո աթոռին. ի վերջոյ դու կը հասկանաս իմ խօսքերը եւ չես ափսոսայ իմ խրատների համար։13Ինչպէս նա, ով կարեկցում է խայթուած օձահմային, եւ նա, ով գնում է գազանների դէմ, այդպէս է եւ նա, ով ընդառաջ է գնում մեղաւոր մարդուն ու շաղախւում նրա մեղքերին։ 14Մի պահ նա կը լինի քեզ հետ, եւ երբ բաժանուես, չի համբերի։ 15Թշնամին քաղցր է իր շրթունքներով, բայց իր սրտում խորհում է խորխորատի մէջ քեզ կործանելու մասին։16Թշնամին իր աչքերով է արտասւում, բայց եթէ յարմար պահ գտնի, արիւնից չի յագենայ։ 17Եթէ քեզ չարիք պատահի, նրան այնտեղ կը գտնես քեզանի՛ց առաջ եւ, օգնութեան փոխարէն, նա ոտք կը դնի քո առջեւ։ 18Նա թափ կը տայ իր գլուխը, ծափ կը զարկի ձեռքով, իբր շատ է տագնապում, եւ կեղծ զարմանքով կ՚այլայլի իր երեսը։ 
12 Ով դիպչի ձիւթին, նրանով կը շաղախուի, եւ ով շփուի ամբարտաւանի հետ, նրան կը նմանուի։ 2Այն, ինչ քեզնից ծանր է, մի՛ վերցրու, եւ ով քեզնից հարուստ ու հզօր է, մի՛ եղիր նրա հետ։ 3Ի՞նչ յարաբերութիւն ունի կաւէ սափորը մետաղեայ կաթսայի հետ. սա հարուածում է, եւ այն փշրւում։ 4Հարուստը զրկում եւ ի՛նքն է սպառնում, աղքատը զրկւում եւ ի՛նքն է ներողութիւն խնդրում։ 5Եթէ դու նրան պէտք լինես, նա քեզ կ՚օգտագործի, իսկ եթէ պէտք չես, քեզ կը լքի։ 6Եթէ ունեւոր ես, նա քո ընկերը կը լինի, քեզ կը քամի եւ չի էլ կարեկցի։ 7Երբ քո կարիքը ունենայ, կը մոլորեցնի քեզ, կը ժպտայ երեսիդ եւ յոյս կը տայ քեզ։ 8Քեզ հետ կը խօսի ազնուութեամբ եւ կ՚ասի. «Քեզ ի՞նչ է պէտք», ու քեզ կ՚ամաչեցնի իր հիւրասիրութեամբ, 9մինչեւ որ երկու-երեք անգամ կողոպտի եւ ապա խաբի քեզ, որից յետոյ երբ տեսնի քեզ, կ՚արհամարհի ու երես կը թեքի քեզանից։ 10Զգո՛յշ եղիր, որպէսզի չմոլորուես, եւ մի՛ նուաստացիր քո ուրախութեան մէջ։ 11Եթէ հզօրը քեզ հրաւիրի, խուսափի՛ր, եւ նա առաւել եւս պնդելով՝ կը հրաւիրի քեզ իր մօտ։ 12Շատ մէջ մի՛ ընկիր, որ չվռնդուես, ոչ էլ շատ հեռու մնա, որ մոռացուես։ 13Մի՛ ձգտիր նրան հաւասարուել եւ մի՛ հաւատա նրա երկար խօսքերին, որովհետեւ երկար խօսքով նա քեզ կը գայթակղեցնի եւ քո երեսին ժպտալով՝ կը քննի քեզ։ 14Անողորմ է նա, ով չի չափաւորում իր խօսքը եւ չի զգուշանում տանջանքից ու կապանքներից։ 15Ուշադի՛ր եղիր եւ չափազանց զգոյշ, քանզի ամէն րոպէ կարող ես կործանուել։ 16Իւրաքանչիւր կենդանի էակ իր նմանին է սիրում, եւ իւրաքանչիւր մարդ՝ իր մերձաւորին։ 17Իւրաքանչիւր մարմին միանում է իր տեսակին, եւ իւրաքանչիւր մարդ յարում իր նմանին։18Ի՞նչ յարաբերութիւն կարող է լինել գայլի եւ գառան միջեւ։ 19Ի՞նչ խաղաղութիւն կարող է լինել բորենու եւ շան միջեւ, եւ ի՞նչ խաղաղութիւն՝ հարուստի եւ աղքատի միջեւ։ 20Առիւծների որսը անապատի վայրի էշերն են, այդպէս էլ հարուստների կերակուրը աղքատներն են։ 21Հպարտի համար արգահատելի է խոնարհութիւնը, այդպէս էլ հարուստի համար արգահատելի է աղքատը։ 22Եթէ հարուստը վտանգուի, բարեկամները նեցուկ կը լինեն նրան, իսկ երբ աղքատն է ընկնում, ծանօթներից իսկ հեռու է վանւում։ 23Սխալուելիս հարուստը բազում պաշտպաններ է ունենում, իսկ աղքատը՝ եւ ոչ մի. հարուստն անմիտ բաներ խօսեց, եւ նրան իրաւունք տրուեց, 24բայց երբ աղքատը խօսեց, դատափետեցին նրան. թէեւ նա խելացի խօսեց, բայց նրան տեղ չտրուեց։ 25Երբ հարուստը խօսեց, բոլորը լռեցին եւ նրա խօսքերը մինչեւ երկինք բարձրացրին։ 26Աղքատը խօսեց, եւ ասացին. «Սա ո՞վ է». իսկ եթէ նա սայթաքի, աւելի կը հրեն նրան։ 27Լաւ է այն հարստութիւնը, որի մէջ չկայ մեղք, եւ վատ է աղքատութիւնն ամբարշտի շուրթերին։ 28Թէ՛ բարիք եւ թէ՛ չարիք գործելիս մարդու սիրտը այլափոխում է նրա երեսը։ 29Բարի սրտի նշանը զուարթ դէմքն է, բայց իմաստութեան գիւտը արդիւնք է տանջալից խորհրդածութեան։
13 Երանի այն մարդուն, որ չի մեղանչել իր շուրթերով եւ խոցուած չէ մեղքի յարուցած տրտմութեամբ։ 2Երանի այն մարդուն, որին չի տանջում իր խիղճը, եւ ով չի կորցրել իր յոյսը։ 3Հարստութիւնը բարիք չէ ժլատ մարդու համար, եւ չկամ մարդու ինչի՞ն է պէտք իր ունեցուածքը։4Ով հաւաքում է իրեն զրկելով, նա հաւաքում է այլոց համար, եւ նրա բարիքները ուրիշները պիտի վայելեն։ 5Ով չար է իր անձի հանդէպ, ո՞ւմ համար բարի կը լինի. նա ուրախ չի լինի նոյնիսկ իր բարիքների մէջ։6Աւելի չար մարդ չկայ, քան նա, ով չարակամ է ինքն իր նկատմամբ, եւ դա նրա չարութեան հատուցումն է։ 7Թէկուզեւ բարիք անի՝ պատահաբար կ՚անի, եւ յետոյ յիշելով՝ դարձեալ իր չարութիւնը կ՚անի։8Չար է նա, ով նախանձոտ աչքերով է նայում, երեսը թեքում է եւ անտեսում մարդկանց։ 9Ագահի աչքը քչով չի յագենայ, եւ չար անօրէնութիւնը չորացնում է հոգին։ 10Չար աչքը նախանձոտ է նոյնիսկ իր հացին եւ կարօտ է իր սեղանին։ 11Որդեա՛կ, ըստ քո ունեցուածքի բարութի՛ւն արա եւ Տիրոջն արժանի զո՛հ մատուցիր։ 12Յիշի՛ր, որ մահը չի ուշանայ, եւ գերեզմանի ուխտը քեզ յայտնի չէ։ 13Մինչեւ վախճանուելդ բարի՛ք արա քո բարեկամին, ձե՛ռք մեկնիր ըստ քո կարողութեան եւ տո՛ւր նրան։ 14Քեզ մի՛ զրկիր լաւ օրից, եւ բարի ցանկութեան մասնիկն իսկ թող չվրիպի քեզնից։ 15Արդեօ՞ք քո վաստակն ուրիշին չես թողնելու, եւ մի՞թէ զրկանքներիդ պտուղը բաժանելու համար վիճակ չի գցուելու։ 16Տո՛ւր եւ վերցրո՛ւ եւ ուրախացրո՛ւ քո հոգին, 17քանզի գերեզմանում չի կարելի վայելք փնտռել։ 18Ամէն մարմին շորի նման մաշւում է, քանզի յաւիտենութիւնից ի վեր օրէնք է, թէ՝ «Մահով պիտի մեռնես»։ 19Ինչպէս սաղարթախիտ ծառի դալար տերեւը մերթ թափւում է եւ մերթ բուսնում, այնպէս էլ մարմնի եւ արեան տեսակն է. մէկը վախճանւում է, միւսը՝ ծնւում։ 20Ամէն գործ, որ ենթակայ է փտելու, վերանում է, եւ այն ստեղծողը նրա հետ էլ պիտի գնայ։ 21Երանի՜ այն մարդուն, որ կը վախճանուի իմաստութեամբ, կը խօսի իր բանականութեամբ եւ իր մտքով կը թափանցի նրա գաղտնիքների մէջ։ 22Հետամո՛ւտ եղիր նրան իբրեւ որսորդ եւ դարանակա՛լ եղիր նրա ճանապարհին։ 23Ով կը կանգնի նրա պատուհանների դէմ, նա ունկնդիր կը լինի նաեւ նրա դռների մօտ, 24ով իջեւան հաստատի նրա տան մօտ, նա ցից կը խփի նրա պատերին 25եւ իր վրանը կը կանգնեցնի նրա հովանու տակ, կը հանգստանայ բարիքի բնակարանում, իր զաւակներին կը դնի նրա հովանու տակ եւ նրա ճիւղերի ներքոյ։ 26Նրանով կը պատսպարուի խորշակից եւ կը հանգստանայ նրա փառքի մէջ։ 
14 Ահա այսպէս կ՚անի նա, ով երկնչում է Տիրոջից. եւ ով ընդունում է օրէնքը, կը հասնի իմաստութեան։ 2Նրան կը դիմաւորի մօր նման եւ նրան կ՚ընդունի իբրեւ կոյս աղջիկ։ 3Նրան կը ջամբի հացն իմաստութեան, նրան կը խմեցնի ջուրն իմացութեան։ 4Նա կը յենուի նրան եւ չի ընկնի, նրա մէջ ապաստան կը գտնի, ամօթով չի մնայ եւ նրան ընկերներից աւելի վեր կը բարձրացնի։ 5Ժողովուրդների մէջ կը բացի նրա շուրթերը։ 6Նա ուրախութիւն, ցնծութեան պսակ եւ յաւիտենական անուն կը ժառանգի։ 7Անմիտ մարդկանց հասու չէ իմաստութիւնը, եւ մեղաւորներն այն չեն տեսնի։ 8Այն հեռու է հպարտութիւնից, եւ խաբեբայ մարդիկ չեն յիշի նրան։ 9Օրհնութիւնը գեղեցիկ չէ մեղաւորի շուրթերին, քանզի այն Տիրոջից չառաքուեց նրան։ 10Թող իմաստութեամբ ասուի օրհնութիւնը, եւ Տէրը յաջողութիւն կը տայ նրան։ 11Մի՛ ասա, թէ յանուն Տիրոջ ապստամբեցի, քանզի պէտք չէ անել այն, ինչ ատեց Տէրը։ 12Մի՛ ասա, թէ նա՛ ինձ մոլորեցրեց, քանզի նրան հարկաւոր չէ մեղաւոր մարդը։ 13Տէրն ատեց բոլոր գարշելի բաները, դրանք հաճելի չեն Տիրոջից երկնչողներին։ 14Նա ի սկզբանէ մարդուն ստեղծեց եւ նրան թողեց իր իսկ կամքի ձեռքին։15Եթէ կամենաս, կը պահես պատուիրանները եւ հաճութեամբ կը պահպանես քո հաւատը։ 16Քո առջեւ Տէրը կրակ եւ ջուր է դրել. որին կամենաս՝ կը մեկնես քո ձեռքը։ 17Մարդու առջեւ է կեանքն ու մահը. ինչ հաճելի կը թուայ իրեն՝ կը տրուի նրան։ 18Արդարեւ, մեծ է Տիրոջ իմաստութիւնը, նա հզօր է իր կարողութեամբ եւ տեսնում է ամէն բան։19Նրա աչքը իրենից երկնչողների վրայ է, եւ ինքը կ՚իմանայ մարդու բոլոր գործերը։ 20Նա ոչ մէկին չպատուիրեց ամբարշտութիւն անել եւ ոչ մէկին չքաջալերեց մեղանչել։ 
15 Մի՛ ցանկացիր անպիտան որդիների շատութիւն եւ մի՛ ուրախացիր ամբարիշտ որդիներով. եթէ նրանք շատանան, մի՛ ուրախացիր նրանցով։ 2Եթէ նրանց մէջ չկայ Տիրոջ երկիւղը, դու նրանց կեանքի նկատմամբ վստահ մի՛ եղիր եւ մի՛ ապաւինիր նրանց շատութեանը։3Լաւ է մէկը, քան հազարը, եւ լաւ է մեռնել անզաւակ, 4քան ունենալ ամբարիշտ որդիներ։ 5Արդարեւ, միայն մէկ իմաստուն է կառուցում քաղաքը, բայց այն կործանւում է անօրէնների ցեղից։ 6Բազում այսպիսի բաներ տեսայ իմ աչքերով, եւ սրանից էլ առաւել զօրաւոր բաներ լսեց իմ ականջը։ 7Մեղաւորների հաւաքոյթներին կրակ կը բորբոքուի, եւ Տիրոջ բարկութիւնը կը թափուի անհնազանդ ազգի վրայ։8Տէրը քաւութիւն չտուեց հին հսկաներին, ովքեր, իրենց զօրութեան վրայ վստահ, ապստամբեցին։ 9Չխնայեց նաեւ Ղովտի համաքաղաքացիներին, որոնցից զզուեց նրանց ամբաստանութեան պատճառով։ 10Չգթաց իրենց մեղքերի համար կորստեան դատապարտուած ազգին։ 11Այսպէս վարուեց նաեւ վեց հարիւր հազար հետեւակների հետ, ովքեր հպարտացել էին իրենց խստասրտութեամբ։ Թէկուզ եւ նրանցից մէկն իսկ խստապարանոց լինէր, զարմանալի կը լինէր, եթէ չդատապարտուէր. 12քանզի թէ՛ ողորմութիւնը, թէ՛ բարկութիւնը նրանն է։ 13Նա հզօր է ինչպէս իր ներման, այնպէս էլ իր բարկութիւնը թափելու մէջ. որքան մեծ է նրա ողորմութիւնը, այնքան էլ մեծ է նրա յանդիմանութիւնը։ 14Մարդը դատւում է ըստ իր գործերի. մեղաւորն իր յափշտակութեան համար չի ճողոպրի, իսկ բարեպաշտ մարդը շնորհ կը գտնի իր համբերութեան համար։ 15Ամէն ողորմածութեան համար Տէրը տեղ կ՚անի. իւրաքանչիւր ոք հատուցում կը գտնի ըստ իր գործերի։ 16Մի՛ ասա, թէ՝ «Կը թաքնուեմ Տիրոջից», եւ՝ «Ո՞վ կը յիշի ինձ»։ 17«Բազում ժողովրդի մէջ չեմ նկատուի, որովհետեւ իմ հոգին ի՞նչ է այդչափ արարածների մէջ»։ 18Ահաւասիկ, երկինքը, երկինքների երկինքը, անդունդներն ու երկիրը դղրդում են նրա այցելութիւնից, 19նոյնպէս լեռներն ու երկրի հիմքերը ցնցւում նրա հայեացքից։ 20Բայց սիրտը չի կարող խորհել այդ մասին։ 21Ո՞վ կը մտածի նրա ճանապարհների եւ այն որոգայթների մասին, որոնք մարդ չի տեսել։ 22Իսկ նրա գործերից շատերը ծածուկ են. արդարութեան գործերը ո՞վ կը յայտնի, կամ ո՞վ համբերութեամբ կը սպասի, որովհետեւ կ՚ասի, թէ՝ «Ուխտը հեռու է»։ 23Ով պակասամիտ է, այսպէս կը խորհի, եւ անզգամ ու մոլորուած մարդը յիմարութիւններ կը մտածի։24Որդեա՛կ, լսի՛ր ինձ, սովորի՛ր գիտութիւնը եւ իմ խօսքերին ունկնդի՛ր եղիր քո սրտով։ 25Ես քեզ ցոյց կը տամ կշռադատուած գիտութիւնը եւ ճշմարտութեամբ կը յայտնեմ իմացութիւնը։ 26Տիրոջ գործերը սկզբից եւեթ ճշմարտութեամբ էին, եւ նա արարչագործութիւնից իսկ զատեց նրանց մասերը։ 27Յաւիտեան կարգաւորեց իր գործերը եւ կարգեր սահմանեց նրանց տեսակների մէջ։ 28Դրանք ո՛չ քաղց ունեն եւ ոչ էլ յոգնութիւն, չեն դադարում իրենց գործերից, եւ դրանցից իւրաքանչիւրը նեղութիւն չի տալիս իր մերձաւորին։ 29Դրանք յաւիտեան չեն հակառակուի Տիրոջ խօսքերին։ 30Այնուհետեւ Տէրը նայեց երկրին եւ այն լցրեց նրա բարիքներով։ 31Բոլոր կենդանի էակների շունչը ծածկեց երկրի երեսը, եւ բոլորը դարձեալ վերադառնալու են երկիր։ 
16 Տէրը մարդուն ստեղծեց հողից եւ դարձեալ նրան վերադարձրեց հողին։ 2Նա մարդկանց տուեց հաշուած օրեր ու ժամանակներ եւ նրանց իշխանութիւն տուեց այն ամենի վրայ, ինչ կայ երկրում։ 3Ըստ իրենց բնոյթի, զօրութեամբ զգեստաւորեց նրանց եւ ըստ իր պատկերի, արարեց նրանց։ 4Մարդու ահը դրեց ամէն կենդանի էակի վրայ՝ տիրելու համար գազաններին եւ թռչուններին։ 5Մարդկանց միտք, լեզու, աչք, ականջ եւ սիրտ տուեց՝ դրանցով իմացութիւն ստանալու համար։ 6Նրանց լցրեց գիտութեան հանճարով եւ նրանց ցոյց տուեց չարն ու բարին։ 7Իր աչքը դրեց նրանց սրտի մէջ՝ ցոյց տալու համար նրանց իր գործերի մեծութիւնը, որպէսզի օրհնեն իր սուրբ անունը.8նաեւ, որպէսզի պատմեն իր գործերի մեծութիւնը։ 9Աւելացրեց նրանց գիտութիւնը եւ նրանց ժառանգութիւն տուեց կեանքի օրէնքը։10Յաւիտենական ուխտ հաստատեց նրանց հետ եւ իր դատաստանները ցոյց տուեց նրանց։ 11Նրանց աչքը տեսաւ նրա փառքի մեծութիւնը, եւ նրանց ականջը լսեց նրա ձայնի փառքը։ Տէրը նրանց ասաց. «Զգո՛յշ եղէք ամէն մի անիրաւութիւնից»։ 12Նա նրանցից իւրաքանչիւրին պատուիրեց հոգ տանել մերձաւորին։ 13Նրանց ճանապարհները միշտ նրա առջեւ են եւ չեն վրիպում նրա հայեացքից։14Իւրաքանչիւր ազգի համար առաջնորդ կարգեց, բայց Տիրոջ բաժինը Իսրայէլն է։ 15Նրանց բոլոր գործերը արեգակի նման նրա առջեւ են, եւ նրա աչքը միշտ նրանց ճանապարհի վրայ է։ 16Նրանց անիրաւութիւնները չծածկուեցին նրանից, նրանց բոլոր մեղքերը Տիրոջ առջեւ են։ 17Մարդու ողորմածութիւնը կնիք է նրա համար, եւ մարդու շնորհները նա պահպանելու է բիբի նման։ 18Սրանից յետոյ Տէրը պիտի ելնի ու հատուցի նրանց եւ նրանց արածների փոխարէնը պիտի բերի իրենց գլխին։ 19Սակայն ապաշխարողներին նա վերստին դարձի է բերում եւ մխիթարում նրանց, որոնց համբերութիւնը նուազել էր։20Դարձի՛ր դէպի Տէրը եւ թո՛ղ մեղքերդ։ 21Աղերսի՛ր նրա առջեւ, եւ նա կը նուազեցնի յանցանքներդ։ 22Դարձի՛ր դէպի Բարձրեալը, յե՛տ դարձի՛ր անիրաւութիւնից եւ խի՛ստ ատիր գարշութիւնը։23Բարձրեալին ո՞վ գոհութիւն կը տայ գերեզմանում նրանց փոխարէն, ովքեր ողջ են եւ գոհութիւն են տալիս նրան։ 24Մեռեալից, իբրեւ անգոյից, կորած է փառաբանութիւնը։ Կենդանի եւ ողջ մարդը միայն կը գովի Տիրոջը։ 25Որքան մեծ է Տիրոջ ողորմութիւնը, 26նոյնքան էլ՝ քաւութիւնը նրանց նկատմամբ, ովքեր դառնում են դէպի Տէրը։ 27Ամէն ինչ չէ, որ մարդ կարող է անել, քանզի մարդու որդին անմահ չէ։ 28Ի՞նչն է աւելի լուսաւոր, քան արեգակը, բայց նա էլ է նուազում. մարդու մարմինն ու արիւնը չարի մասին են մտածում։ 29Տէրն ինքն է հետեւում երկնքի բարձր զօրքերին. բոլոր մարդիկ հող եւ մոխիր են։ 
17 Նա, որ կենդանի է յաւիտեան, ամէն ինչ ստեղծեց հաւասարապէս, եւ միայն Տէրն է արդար համարւում։ Ոչ մէկին չի տրուած պատմել նրա գործերը։ 2Ո՞վ կը քննի նրա մեծագործութիւնները։ 3Ո՞վ կը չափի նրա հզօրութեան մեծութիւնը, 4եւ ո՞վ կը համարձակուի պատմել նրա ողորմութեան մասին։ 5Հնարաւոր չէ ո՛չ նուազեցնել, ո՛չ աւելացնել եւ ո՛չ էլ հետազօտել Տիրոջ զարմանահրաշ գործերը։ 6Երբ մարդը համարի, թէ աւարտել է, կը զգայ, թէ նոր է սկսել, եւ երբ դադարի պատմեզուց, ապշահար կը մնայ։ 7Ի՞նչ է մարդը, եւ ի՞նչ է նրա օգուտը։8Ո՞րն է նրա բարիքը, ո՞րն է նրա չարիքը։ Մարդու օրերի թիւը ինչքան էլ շատ լինի, հարիւր տարի է։ Ինչպէս ջրի կաթիլը ծովի համեմատութեամբ եւ խիճը՝ աւազի, այնպէս տարիներն են սակաւ յաւիտենական օրերի համեմատ։ 9Սրա համար է, որ Տէրը համբերատար է նրանց նկատմամբ եւ նրանց վրայ հեղում է իր ողորմութիւնը։ 10Նա տեսաւ եւ իմացաւ նրանց կործանումը, որ դաժան էր։ 11Սրա համար էլ բազմապատկեց իր ներողամտութիւնը։ 12Մարդու ողորմութիւնն իր մերձաւորի վրայ է, իսկ Տիրոջ ողորմութիւնը՝ բովանդակ մարմնաւորի։ 13Տէրը յանդիմանում, խրատում եւ ուսուցանում է եւ, իբրեւ հովիւ, նրան իր հօտն է վերադարձնում։14Ողորմում է նրանց, ովքեր ընդունում են խրատը եւ շտապում են լսել նրա վճիռները։ 15Որդեա՛կ, քո բարիքին արատ մի՛ խառնիր եւ քո տուածներին՝ տրտմութեան խօսքեր։ 16Միթէ ցօղը չի՞ զովացնում տօթը. այդպէս էլ լաւ խօսքն աւելի լաւ է, քան նուէրը։ Շնորհալի մարդը երկուսն էլ ունի։ 17Յիմարն ապերախտութեամբ նախատում է, 18եւ չարակամ մարդու նուէրը արցունք է բերում աչքերին։ 19Խօսելուց առաջ մտածի՛ր եւ դեռ չհիւանդացած՝ հո՛գ տար քո մասին. 20նախքան Տիրոջ դատաստանը քննի՛ր քո անձը եւ նրա այցելութեան ժամանակ ողորմութիւն կը գտնես։ 21Մեղանչելու ժամանակ ցո՛յց տուր, որ դարձի ես գալիս։ 22Մի՛ յապաղիր ժամանակին կատարել խոստումդ եւ մինչեւ մահ մի՛ յետաձգիր արդարացումդ։ 23Աղօթելուց առաջ նախապատրաստի՛ր քեզ եւ մի՛ եղիր այն մարդու նման, որ փորձում է Տիրոջը։ 24Յիշի՛ր վախճանի օրուայ ցասումը եւ վրէժխնդրութեան ժամանակը, երբ Տէրը քեզնից կը շրջի իր երեսը։ 25Լիութեան ժամանակ յիշի՛ր աղքատութեան ժամանակը եւ հարստութեան օրերին՝ աղքատութիւնն ու նեղութիւնը։ 26Առաւօտից մինչեւ երեկոյ փոփոխւում է ժամանակը, եւ Տիրոջ առջեւ ամէն ինչ յարափոփոխ է։ 27Իմաստուն մարդը ամէն ինչում զգոյշ կը լինի եւ մեղքի ժամանակ կը խուսափի բազում յանցանքներից։ 28Ամէն խելամիտ մարդ ճանաչում է իմաստութիւնը եւ գոհութիւն կը տայ նրան, ով գտել է այն։ 29Խելամիտ խօսքերով իրենք էլ են իմաստնանում եւ ճշմարիտ ու տեղին առակներ բերում։ 30Որդեա՛կ, անձնատուր մի՛ եղիր հեշտասիրութեանը 31եւ թշնամիներից ոտնակոխ չես լինի։ 32Մի՛ ուրախացիր փափուկ կեանքով եւ մի՛ կապուիր դրա հետ։ 33Գրաւ դրած եւ պարտք վերցրած փողերով մի՛ աղքատացիր, քանզի հարբեցող մշակը նոյնպէս հարստութեան չի հասնի։ 
18 Ով անարգում է փոքրագոյն բաները, քիչ-քիչ կը կործանուի։2Կանայք եւ գինին կործանում են իմաստութիւնը, եւ լկտի մարդը պիտի սատակի։ 3Ով փութկոտ է հաւատալու մէջ, նա թեթեւամիտ է, եւ ով յանցանք է գործում, մեղանչում է իր հոգու դէմ։ 4Ով մտքով լիրբ է, շատերից կը մեղադրուի։ 5Մի՛ յօժարիր խօսքդ կրկնել ո՛չ բարեկամին եւ ո՛չ թշնամուն։ 6Եթէ ներսդ մեղքեր չունես, բնաւ մի՛ ասա ուրիշին, քանզի նա կը լսի եւ կը զգուշանայ քեզանից։ 7Լսեցի՞ր որեւէ խօսք՝ թող մեռնի այն քո սրտում. 8պի՛նդ կաց, քանզի այն քեզ չի պատռի եւ դուրս չի գայ։ 9Տխմարն իր խօսքից այնպիսի տանջանք է կրում, ինչպէս երեխայից ծնուածը։ 10Ինչպէս մարդու մարմնի մէջ մխրճուած նետն է, այնպէս էլ խօսքն է անմիտ մարդու սրտում։ 11Քննի՛ր բարեկամիդ, գուցէ ոչնչով նա չի մեղանչել։ 12Իսկ եթէ մեղանչել է, դարձեա՛լ զգուշացրու, որպէսզի բարեկամութիւնը հաստատ մնայ։13Բանսարկութիւնները շատ են, բայց դու ամէն խօսքի մի՛ հաւատա։14Մարդ կայ, որ մեղանչում է լեզուով եւ ոչ թէ մտքով, քանզի ո՞վ է, որ մեղք չի գործում մտքով կամ լեզուով։ 15Ամէն իմաստութիւն երկիւղն է Տիրոջից։ Նախքան սպառնալը՝ հարցուփո՛րձ արա քո մերձաւորին եւ տե՛ղ թող Բարձրեալի օրէնքի համար։ 16Չարերի խրատն իմաստութիւն չէ եւ ոչ էլ՝ մեղաւորների խորհուրդը։ 17Նենգութիւն կայ, որ գարշանք է, եւ կայ աղքատամտութիւն, որ զուրկ է իմաստութիւնից։ 18Լաւ է երկիւղած աղքատամիտը, քան գիտելիքով հարուստը, որ յանդգնում է զանց առնել օրէնքը։ 19Կայ նրբին խորագիտութիւն, որ լեցուն է ապիրատութեամբ եւ անիրաւութեամբ։ 20Մարդ կայ, որ կորցնում է իր շնորհները, որպէսզի երեւան հանի արդարութիւնը, խորամանկ էլ կայ, որ քայլում է խոնարհ եւ գլխահակ, սակայն նրա փորը լիքն է նենգութեամբ։ 21Նա դէմքով խոնարհ է եւ խուլ է ձեւանում, բայց քեզ կը սպասի այնտեղ, ուր չես էլ կարծում։ 22Եւ եթէ ուժի պակասութիւնը նրան արգելք հանդիսանայ վնասելու քեզ, ապա նա քեզ չարիք կը պատճառի, երբ պահը գտնի։ 23Մարդը ճանաչւում է իր հայեացքից իսկ, եւ դէմքի տեսքից երեւում է իմաստութիւնը։ 24Մարդու հագուստը, երեսի ծիծաղը եւ ոտքի քայլը յայտնի է դարձնում նրան։25Յանդիմանութիւն կայ, որ բարի չէ, եւ լռութիւն կայ, որ իմաստութիւն է։









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

  • WISHES FOR ARMENIA
    Позавчера исследовал содержание сети интернет, и н...
    Автор: EduardHok
  • WISHES FOR ARMENIA
    Минуту назад анализировал контент инет, неожиданно...
    Автор: YuraDen
  • WISHES FOR ARMENIA
    ovl ljkubs wby https://www.snapbackneweracap.com/H...
    Автор: Howardchisy

Мы "Вконтакте"

Случайные рецепты

ПРИГОТОВЛЕНИЕ РАССОЛА

ПРИГОТОВЛЕНИЕ РАССОЛАПри необходимости передержки или хранения рассольного типа сыров, в...

Каперсы

Каперсынсервируются нераскрывшиеся цветочные почки дикорастущего растения каперсы. После предварительного замачивания...

Приготовление бастурмы

Приготовление бастурмыВырезку и мякоть спинной части говяжьей туши разрезать на...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта