ՅԵՍՈՒ

(10 голоса, среднее 4.30 из 5)
Индекс материала
ՅԵՍՈՒ
2
Все страницы

Յեսու


1 Տիրոջ ծառայ Մովսէսի վախճանուելուց յետոյ Տէրը խօսեց Մովսէսի օգնականի՝ Նաւէի որդի Յեսուի հետ եւ ասաց. 2«Իմ ծառայ Մովսէսը վախճանուեց, հիմա վե՛ր կաց, անցի՛ր Յորդանան գետով քո ամբողջ ժողովրդի հետ այն երկիրը, որ ես տալու եմ իսրայէլացիներին։ 3Այն բոլոր տեղերը, ուր ձեր ոտքերը կը կոխեն, ձեզ պիտի տամ, ինչպէս որ ասել եմ Մովսէսին. 4անապատը եւ Լեռնալիբանանը մինչեւ Եփրատ մեծ գետը, Քետացիների ամբողջ երկիրը մինչեւ արեւմուտքի վերջին ծովը ձեր սահմանները կը լինեն։ 5Ոչ ոք դէմ չի կանգնի ձեզ քո կեանքի բոլոր օրերում։ Ինչպէս Մովսէսի հետ էի, այդպէս կը լինեմ նաեւ քեզ հետ, չեմ լքի քեզ եւ անտես չեմ անի։ 6Զօրացի՛ր եւ արիացի՛ր, որովհետեւ դու պիտի բաժին տաս այս ժողովրդին այն երկիրը, որ երդուեցի տալ քո հայրերին։ 7Արդ, զօրացի՛ր եւ շա՛տ քաջ եղիր, որպէսզի պահես եւ կատարես այն բոլոր օրէնքները, որ իմ ծառայ Մովսէսը քեզ պատուիրեց։ Դրանցից չշեղուես աջ կամ ձախ, որ խելամտօրէն անես այն ամէնը, ինչ որ պիտի անես։ 8Այս օրէնքների գիրքը քո շուրթերից չհեռացնես, այլ գիշեր-ցերեկ դրա մասին մտածի՛ր, որպէսզի գիտենաս կատարել բոլոր դրա մէջ գրուածները. այն ժամանակ յաջողակ կը լինես, ուղիղ ճանապարհով կ՚ընթանաս եւ խելամտօրէն կը գործես։ 9Ահա պատուիրում եմ քեզ, զօրացի՛ր եւ արիացի՛ր, մի՛ վախեցիր եւ մի՛ երկնչիր, որովհետեւ քեզ հետ է քո Տէր Աստուածը ամէն տեղ, ուր էլ որ գնաս»։ 10Յեսուն պատուիրեց ժողովրդի վերակացուներին եւ ասաց. «Մտէ՛ք ժողովրդի բազմութեան մէջ եւ հրաման տալով ժողովրդին՝ ասացէ՛ք. 11«Ձեզ համար պաշար պատրաստեցէ՛ք, որովհետեւ երեք օրից յետոյ դուք պիտի անցնէք Յորդանան գետով, որպէսզի մտնէք ու գրաւէք այն երկիրը, որ ձեր հայրերի Տէր Աստուածը տալու է ձեզ որպէս ժառանգութիւն»»։12Յեսուն խօսեց նաեւ Ռուբէնի, Գադի եւ Մանասէի կէս ցեղի հետ եւ ասաց. 13«Յիշեցէ՛ք Տիրոջ խօսքը, որ պատուիրեց ձեզ նրա ծառայ Մովսէսը՝ ասելով. «Ձեր Տէր Աստուածը տեղաւորեց ձեզ եւ տուեց ձեզ այս երկիրը։ 14Ձեր կանայք, ձեր մանուկները եւ ձեր անասունները թող ապրեն այն երկրում, որ Մովսէսը Յորդանան գետի այս կողմում տուեց ձեզ։ Բայց դուք զինուած՝ ձեր եղբայրների առա՛ջն անցէք եւ ամբողջ զօրութեամբ նրանց մարտակի՛ց եղէք, 15մինչեւ որ ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրներին էլ ձեզ պէս տեղաւորի, եւ նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ մեր Տէր Աստուածը տալու է նրանց։ Ապա իւրաքանչիւրդ ե՛տ դարձէք ձեր ժառանգութեան երկիրը եւ ժառանգեցէ՛ք այն, որ Տիրոջ ծառայ Մովսէսը տուեց ձեզ Յորդանան գետի արեւելեան կողմում»»։ 16Նրանք պատասխան տալով՝ Յեսուին ասացին. «Ամէն ինչ, որ պատուիրում ես մեզ, կ՚անենք եւ 17կը գնանք այն բոլոր տեղերը, ուր ուղարկում ես մեզ, ամէն բանում ինչպէս լսում էինք Մովսէսին, այդպէս կը լսենք եւ քեզ, միայն թէ մեր Տէր Աստուածը քեզ հետ լինի, ինչպէս որ Մովսէսի հետ էր։ 18Այն մարդը, որ անհնազանդ կը լինի քեզ եւ չի լսի քո խօսքերը, ինչ էլ որ հրամայես նրան, նա կը սպանուի. միայն թէ դու զօրացի՛ր եւ արիացի՛ր»։ 
2 Նաւէի որդի Յեսուն Սատիմից երկու երիտասարդ ուղարկեց երկիրը լրտեսելու համար եւ ասաց. «Գնացէք լրտեսեցէ՛ք այն երկիրը եւ Երիքովը»։ Գնացին երկու երիտասարդները եւ եկան Երիքով ու մտնելով Ռահաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը, այնտեղ օթեւանեցին։ 2Երիքովի թագաւորին լուր տուեցին եւ ասացին. «Այս գիշեր այստեղ իսրայէացիներից մարդիկ են մտել երկիրը լրտեսելու»։3Երիքովի թագաւորը մարդ ուղարկեց, որ Ռահաբին ասի. «Գիշերը քեզ մօտ եկած եւ տունդ մտած մարդկանց դո՛ւրս հանիր, որովհետեւ եկել են այս ամբողջ երկիրը լրտեսելու»։ 4Իսկ կինը վերցրեց այդ երկու մարդկանց, թաքցրեց, խօսեց նրանց հետ եւ ասաց. «Ինձ մօտ մարդիկ մտան, բայց ես չգիտէի, թէ որտեղից են։ 5Առաւօտեան աղջամուղջին, դարպասները փակուելու ժամանակ՝ այդ մարդիկ դուրս եկան, եւ չգիտեմ, թէ ո՛ւր գնացին։ Շուտ հետապնդեցէ՛ք նրանց, գուցէ հասնէք»։6Իսկ ինքը նրանց հանեց կտուրը եւ թաքցրեց վուշի խուրձերի տակ, որ դիզել էր կտուրի վրայ։ 7Մարդիկ Յորդանան գետի հունով մինչեւ գետանցը նրանց ետեւից ընկան, եւ դարպասը փակուեց, երբ հետապնդողներն ընկան նրանց ետեւից։ 8Նրանք դեռ չէին քնել, որ կինը նրանց մօտ՝ կտուրը ելաւ եւ ասաց. 9«Գիտեմ, որ Տէրն այս երկիրը ձեզ է տուել, որովհետեւ ձեր ահն ընկել է մեզ վրայ, եւ ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել, 10քանի որ մենք լսել ենք, թէ ինչպէս Տէրը Կարմիր ծովը ցամաքեցրեց ձեր առաջ, երբ դուրս էիք գալիս Եգիպտոսից, եւ թէ ինչ արեցիք դուք ամորհացիների երկու թագաւորներին՝ Յորդանան գետի այն կողմում գտնուող Սեհոնին եւ Օգին, որոնց սպանեցիք։ 11Երբ մենք լսեցինք, զարհուրեցին մեր սրտերը, եւ մեզնից ոչ մէկի մէջ շունչ չի մնացել ձեր պատճառով, որովհետեւ ձեր Տէր Աստուածն Աստուած է երկնքում՝ վերեւում, եւ երկրի վրայ՝ ներքեւում։ 12Հիմա երդուեցէ՛ք ինձ Տէր Աստուծով, որ ինչպէս ես եմ ձեզ ողորմութիւն անում, այդպէս էլ դուք ողորմութիւն կ՚անէք իմ հօր տան նկատմամբ։ 13Ինձ մի ճշմարիտ նշան տուէ՛ք, որ ողջ կը թողնէք իմ հօր ընտանիքը՝ իմ մօրը, իմ եղբայրներին եւ քոյրերին ու այն ամէնը, ինչ ունեն նրանք, եւ կ՚ազատէք ինձ մահից»։ 14Այդ մարդիկ նրան ասացին. «Մենք ձեր փոխարէն թող մեռնենք, միայն թէ մեր մասին այս բաները չպատմէք»։ Եւ կինն ասաց. «Երբ Տէրն այս քաղաքը ձեր ձեռքը յանձնի, ինձ ողորմութիւն արէ՛ք եւ ինձ հետ արդա՛ր վարուեցէք»։ 15Եւ պարանով կախեց-իջեցրեց նրանց պատուհանից, որովհետեւ նրա տունը պարսպի մէջ էր, եւ ինքն էլ բնակւում էր պարսպի մէջ։ 16Նա ասաց նրանց. «Լեռների վրայով գնացէ՛ք, որպէսզի խուսափէք ձեզ փնտռողներից։ Երեք օր թաքնուեցէ՛ք այնտեղ, մինչեւ որ ձեզ փնտռողները ետ դառնան, եւ յետոյ գնացէ՛ք ձեր ճանապարհով»։ 17Այդ մարդիկ նրան ասացին. «Մենք ազատ կը լինենք այդ երդումից, որով մեզ երդուեցրիր. 18երբ մենք մտնենք քաղաքը, դու այս կարմիր պարանը որպէս նշան կը դնես եւ կը կապես այն պատուհանից, որից մեզ իջեցրիր, եւ քո հօրը, մօրը, եղբայրներին եւ քո հօր ամբողջ ընտանիքը կը հաւաքես քեզ մօտ, այս տանը։ 19Ով որ քո տնից դուրս գայ, ինքը թող իր համար պատասխանատու լինի, մենք ազատ կը լինենք քեզ տուած մեր երդումից։ Ով քեզ հետ քո տանը լինի, մենք պատասխանատու կը լինենք, եթէ մէկի ձեռքը դիպչի նրան։ 20Իսկ եթէ մէկը վնասի մեզ, կամ յայտնես մեր այս գործը, մենք ազատ կը լինենք քեզ տուած մեր երդումից»։ 21Եւ կինն ասաց. «Թող լինի ձեր ասածի պէս, թող այդպէս լինի»։ Արձակեց նրանց, եւ նրանք գնացին։ Եւ նա կարմիր նշանը կապեց պատուհանին։ 22Նրանք գնացին եւ եկան լեռնակողմը եւ այնտեղ մնացին երեք օր, մինչեւ որ փնտռողները ետ դարձան։ Փնտռողները հետախուզեցին ամբողջ ճանապարհը, բայց չգտան նրանց։ 23Երկու երիտասարդները ետ դարձան, իջան սարից, անցնելով այն կողմ՝ հասան Նաւէի որդի Յեսուի մօտ եւ պատմեցին իրենց հետ պատահած բոլոր դէպքերը։ 24Նրանք ասացին Յեսուին, թէ՝ «Տէր Աստուածը այդ ամբողջ երկիրը մատնել է մեր ձեռքը, եւ այդ երկրի բոլոր բնակիչները զարհուրած են մեզնից»։ 
3 Յեսուն առաւօտեան վաղ վեր կացաւ, եւ ինքն ու բոլոր իսրայէլացիները մեկնեցին Սատիմից, եկան մինչեւ Յորդանան գետը եւ գետանցումից առաջ բանակատեղի դրեցին այնտեղ։ 2Երեք օր յետոյ վերակացուներն անցան բանակատեղիի միջով 3եւ պատուէր տուեցին ժողովրդին՝ ասելով. «Երբ տեսնէք ձեր Տէր Աստծու ուխտի տապանակը, այն տանող ղեւտացիներին ու մեր քահանաներին, դուք էլ ելէ՛ք ձեր տեղերից եւ գնացէ՛ք տապանակի յետեւից։ 4Բայց ձեր եւ նրանց միջեւ երկու հազար կանգունի չափ հեռաւորութիւն պիտի լինի։ Կանգնեցէ՛ք եւ մի՛ մօտեցէք նրան, որպէսզի իմանաք այն ճանապարհը, որով պիտի գնաք, որովհետեւ երէեկուայ եւ նախորդ օրուայ ճանապարհով չէք գնալու»։ 5Եւ Յեսուն ասաց ժողովրդին. «Մաքրուեցէ՛ք առաւօտեան, որովհետեւ Տէրը վաղը ձեր մէջ զարմանահրաշ գործեր է անելու»։ 6Յեսուն խօսեց քահանաների հետ ու ասաց. «Առէ՛ք Տիրոջ ուխտի տապանակը եւ գնացէ՛ք ժողովրդի առջեւից»։ Քահանաները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը եւ գնացին ժողովրդի առջեւից։ 7Տէրն ասաց Յեսուին. «Այսօր կը սկսեմ քեզ մեծարել բոլոր իսրայէլացիների առաջ, որպէսզի իմանան, թէ, ինչպէս որ Մովսէսի հետ էի, այդպէս կը լինեմ եւ քեզ հետ։ 8Հիմա պատուիրի՛ր ուխտի տապանակը տանող քահանաներին եւ ասա՛. «Երբ որ մտնէք Յորդանան գետի եզերքի ջրի մէջ, կանգնեցէ՛ք այնտեղ»։ 9Եւ Յեսուն ասաց իսրայէլացիներին. «Մօտեցէ՛ք այստեղ եւ լսեցէ՛ք մեր Տէր Աստծու պատգամները»։ 10Յեսուն ասաց. «Դրանով դուք կ՚իմանաք, որ կենդանի Տէրը ձեր մէջ է, եւ որ նա իսպառ ոչնչացնելու է ձեր առաջից քանանացիներին, քետացիներին, խեւացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին եւ յեբուսացիներին։ 11Ահա ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը ձեր առջեւից պիտի անցնի Յորդանան գետով։ 12Հիմա դուք իսրայէլացիներից ընտրեցէ՛ք տասներկու մարդ՝ ամէն ցեղից մի մարդ, 13եւ երբ ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը կրող քահանաների ոտքերը մտնեն Յորդանան գետի ջրի մէջ, վերեւից իջնող ջուրը կը կտրուի, կը կանգնի ինչպէս քարակոյտ»։ 14Երբ ժողովուրդը Յորդանան գետն անցնելու համար դուրս ելաւ վրաններից, քահանաները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը եւ տարան ամբողջ ժողովրդի առաջից։ 15Երբ ուխտի տապանակը կրող քահանաները մտնում էին Յորդանան գետը, եւ տապանակը կրող քահանաների ոտքերը խրուեցին Յորդանան գետի ջրի մէջ, «մինչ Յորդանան գետը գալիս էր ափէափ լցուած, ինչպէս ցորենի հնձի օրերին, « 16վերեւից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձոյլ, անջրպետուած, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտէս քաղաքից, որը Կարիաթարիմի մասն է. իսկ ցած իջնող ջրերը թափուեցին Արաբացիների ծովը՝ Աղի ծովը, մինչեւ որ իսպառ կտրուեցին, եւ ժողովուրդն արդէն կանգնած էր Երիքովի դիմաց։17Տիրոջ ուխտի տապանակը կրող քահանաները հաստատ կանգնեցին Յորդանան գետի հունի մէջ, ցամաքի վրայ։ Եւ բոլոր իսրայէլացիներն անցան ցամաքով, մինչեւ որ ամբողջ ժողովուրդն աւարտեց Յորդանան գետի անցումը։ 
4 Երբ ամբողջ ժողովուրդն աւարտեց Յորդանան գետի անցումը, Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասաց. 2«Ա՛ռ դու ժողովրդից տասներկու մարդ, ամէն ցեղից մի մարդ, 3հրամա՛ն տուր նրանց ու ասա՛. «Այդտեղից՝ Յորդանան գետի միջից, հաստատ կանգնած քահանաների ոտնատեղերից տասներկու քարեր առէ՛ք, տարէ՛ք ձեզ հետ եւ դրէ՛ք ձեր այն բանակատեղիում, որտեղ իջեւանելու էք այս գիշեր»։ 4Եւ Յեսուն տասներկու փառաւոր իսրայէլացիներ կանչեց, իւրաքանչիւր ցեղից մէկ մարդ, 5եւ նրանց ասաց. «Իմ աչքի առաջ մօտեցէ՛ք Տիրոջը յանդիման, Յորդանան գետի մէջտեղում, եւ ամէն մէկդ այնտեղից Իսրայէլի ցեղերի թուի համեմատ մի քար վերցրէ՛ք ձեր ուսերին,6որպէսզի դրանք ձեզ համար միշտ նշան լինեն։ Երբ վաղը ձեր որդիները ձեզ հարցնեն եւ ասեն՝ «Ի՞նչ են նշանակում այս քարերը ձեզ համար», 7դուք ձեր որդիներին կը պատմէք եւ կ՚ասէք, թէ՝ «Յորդանան գետի ջրերը կտրուեցին ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակի առջեւ, երբ այն անցնում էր Յորդանան գետով. Յորդանան գետի ջուրը կտրուեց։ Այս քարերը յաւիտեան յիշատակ թող լինեն իսրայէացիների մէջ»։ 8Եւ իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս Տէրը պատուիրեց Յեսուին։ Առնելով տասներկու քարեր Յորդանան գետի միջից, ինչպէս Տէրը հրամայել էր Յեսուին իսրայէլացիների անցնելուց յետոյ, դրանք իրենց հետ տարան բանակատեղի եւ դրին այնտեղ։ 9Յեսուն ուրիշ տասներկու քարեր կանգնեցրեց Յորդանան գետի մէջ, այնտեղ, ուր ոտք էին դրել Տիրոջ ուխտի տապանակը տանող քահանաները. եւ մինչեւ այսօր դրանք այնտեղ են։ 10Տիրոջ ուխտի տապանակը տանող քահանաները կանգնեցին Յորդանան գետի մէջտեղում, մինչեւ որ Յեսուն աւարտեց հաղորդել այն ամէնը, որ Տէրը Յեսուին պատուիրել էր ժողովրդին ասելու, ճիշտ այնպէս, ինչպէս Մովսէսը պատուիրել էր Յեսուին։ Եւ ժողովուրդը շտապեց ու անցաւ գետը։ 11Երբ ամբողջ ժողովուրդն անցաւ, Տիրոջ ուխտի տապանակն ու տասներկու քարերը տանողները անցան ժողովրդի առաջ։ 12Ռուբէնի որդիները, Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղը, սպառազինուած, անցան իսրայէլացիների գլուխը, ինչպէս պատուիրել էր նրանց Մովսէսը։13Կռուի պատրաստ քառասուն հազար սպառազինեալներ անցան Տիրոջ առջեւ՝ պատերազմելու Երիքով քաղաքի դէմ։ 14Այդ օրը Տէրը մեծարեց Յեսուին Իսրայէլի ամբողջ ազգի առաջ. նրանից վախենում էին, ինչպէս որ վախենում էին Մովսէսից նրա կենդանութեան բոլոր օրերին։ 15Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասաց. 16«Հրամա՛ն տուր վկայութեան ուխտի տապանակը տանող քահանաներին, որ դուրս գան Յորդանան գետից»։ 17Եւ Յեսուն հրաման տուեց քահանաներին ու ասաց. «Դո՛ւրս եկէք Յորդանան գետից»։ 18Երբ Տիրոջ ուխտի տապանակը կրող քահանաները դուրս եկան Յորդանան գետի միջից, եւ քահանաները ոտք դրին ցամաքի վրայ, Յորդանան գետի ջուրը յետ իր տեղը դարձաւ եւ հոսեց իր ամբողջ հունով, ինչպէս երէկ եւ նախորդ օրը։ 19Ժողովուրդը Յորդանան գետից դուրս եկաւ առաջին ամսի տասներորդ օրը, եւ իսրայէլացիները իջեւանեցին Գաղգաղայում, Երիքովի արեւելեան կողմում։ 20Այն տասներկու քարերը, որ վերցրել էին Յորդանան գետից, Յեսուն կանգնեցրեց Գաղգաղայում։ 21Նա ասաց իսրայէլացիներին. «Երբ վաղը ձեր որդիները հարցնեն եւ ասեն՝ «Այս ի՞նչ քարեր են», 22ասացէ՛ք ձեր որդիներին, որ Իսրայէլը ցամաքով անցաւ Յորդանան գետով, 23երբ մեր Տէր Աստուածը ցամաքեցրեց Յորդանան գետի ջուրը նրանց առաջ, մինչեւ որ անցան։ 24Այսպէս արեց մեր Տէր Աստուածը Կարմիր ծովում. մեր Տէր Աստուածն այն ցամաքեցրեց մեր առաջ, մինչեւ որ անցանք, 25որպէսզի երկրի բոլոր ազգերն իմանան, որ մեծ է Տիրոջ զօրութիւնը, եւ դուք միշտ պաշտէք մեր Տէր Աստծուն»։ 
5 Ամորհացիների բոլոր թագաւորները, որոնք Յորդանան գետի այն կողմում էին, ծովեզերքին, եւ փիւնիկեցիների թագաւորները, որոնք ծովեզերքին էին, երբ լսեցին, թէ Տէր Աստուածը նրանց գետանցման ժամանակ իսրայէլացիների առաջ ցամաքեցրել է Յորդանան գետը, նրանք սրտամաշ եղան, զարհուրեցին, եւ նրանց մէջ խոհականութիւն չմնաց իսրայէլացիների պատճառով։ 2Այն ժամանակ Տէրը Յեսուին ասաց. «Գայլախազ քարից դանակ շինի՛ր եւ նստի՛ր կրկին թլփատիր իսրայէլացիներին»։ 3Եւ Յեսուն գալախազէ դանակներ շինեց եւ թլփատեց իսրայէլացիներին այն վայրում, որ կոչւում էր Անթլփատների բլուր։ 4Եւ այդպէս Յեսուն թլփատեց այն իսրայէլացիներին, որոնք ճանապարհին էին ծնուել Եգիպտոսից դուրս գալուց յետոյ եւ բնաւ չէին թլփատուել. բոլորին էլ թլփատեց Յեսուն։ Ահա ա՛յս բազմութեանն է, որ թլփատեց Յեսուն. Եգիպտոսից դուրս եկած ամբողջ ժողովրդի արու մանուկներին։ Բոլոր պատերազմող մարդիկ մեռան անապատում՝ Եգիպտոսից իրենց դուրս գալու ճանապարհին։ 5Դուրս եկած ամբողջ ժողովուրդը թլփատուած էր։ Եգիպտոսից դուրս գալուց յետոյ ճանապարհին ծնուած բազմութիւնը6(քանի որ իսրայէլացիները քառասուներկու տարի շրջել էին Աբդարի անապատում), այդ բազմութիւնից շատերը՝ Եգիպտոսից դուրս եկած պատերազմիկներ, որոնք չէին հնազանդուել Աստծու պատուիրաններին, անթլփատ էին։ Նրանց համար Տէրը որոշեց, որ նրանք չպիտի տեսնեն այն երկիրը, որ երդուել էր նրանց հայրերին, թէ կը տայ նրանց, մի երկիր, ուր կաթ եւ մեղր է բխում։ 7Եւ նրանց փոխարէն տարաւ նրանց որդիներին, որոնց թլփատեց Յեսուն։ Նրանք անթլփատ էին, քանի որ ճանապարհին չէին թլփատուել։ 8Երբ ամբողջ ժողովուրդը թլփատուեց, հանգիստ առնելով մնացին բանակատեղիում, մինչեւ որ ապաքինուեցին։ 9Եւ Տէրն ասաց Յեսուին. «Այսօր ձեր վրայից վերացրի եգիպտացիների նախատինքը»։ Եւ այդ տեղի անունը կոչեց Գաղգաղա. այդպէս է կոչւում մինչեւ այսօր։10Այնտեղ իջեւանեցին իսրայէլացիները։Իսրայէլացիները Երիքովի արեւելեան կողմում գտնուող դաշտում, ամսի տասնչորսերորդ օրը, իրիկնադէմին, զատիկ արեցին։ 11Եւ առաւօտեան այդ երկրի ցորենից բաղարջ եւ աղանձ կերան։ 12Այդ օրը, այդ երկրի ցորենից ուտելուց յետոյ, մանանան դադարեց, եւ իսրայէլացիները այլեւս մանանայ չգտան։ Եւ այդ տարի նրանք հաւաքեցին փիւնիկեցիների երկրի պտուղը։ 13Եւ մինչ Յեսուն Երիքովում էր, նա, բարձրացնելով իր աչքերը, տեսաւ իր առաջ կանգնած մի մարդու, որի ձեռքին մերկացրած սուր կար։ Յեսուն մօտեցաւ եւ ասաց նրան. «Մեզնի՞ց ես, թէ մեր թշնամիներից»։ 14Նա ասաց. «Ես Տիրոջ զօրքի զօրավարն եմ եւ հիմա եկայ»։ 15Յեսուն երեսնիվայր գետին ընկաւ, երկրպագեց եւ ասաց նրան. «Տէ՛ր, ի՞նչ հրաման կը տաս քո ծառային»։ 16Տիրոջ զօրավարն ասաց Յեսուին. «Հանի՛ր կօշիկները քո ոտքերից, որովհետեւ քո կանգնած տեղը սուրբ է»։ Եւ Յեսուն այդպէս արեց։ 
6 Երիքովն ամուր փակուած եւ ամրացուած էր իսրայէլացիների պատճառով, ոչ ոք դուրս չէր գալիս այնտեղից եւ ոչ ոք չէր մտնում։2Տէրը Յեսուին ասաց. «Ահա ես քո ձեռքն եմ տալիս Երիքովը, նրա մէջ գտնուող թագաւորին եւ զօրաւոր քաջերին։ 3Բայց դուք, երբ լսէք եղջերափողի ձայնը, բոլոր մարտիկներդ շեփորներով շրջապատեցէ՛ք քաղաքը։ Երբ փողերը հնչեցնէք, բոլոր պատերազմող մարդիկդ քաղաքի շուրջը պտոյտ տուէ՛ք օրական մէկ անգամ։ Այսպէս արէ՛ք վեց օր։ 4Եօթը քահանայ թող առնեն տանեն տօնական եղջերափողերը տապանակի առջեւից։ Եօթներորդ օրը քաղաքի շուրջը պտոյտ տուէ՛ք եօթն անգամ, քահանաները թող հնչեցնեն եղջերափողերը, 5եւ առհասարակ ամբողջ ժողովուրդը թող աղաղակի։ Երբ նրանք աղաղակեն, քաղաքի պարիսպներն իրենք իրենց հիմնայատակ կը կործանուեն, ամբողջ ժողովուրդը կը մտնի քաղաք՝ ամէն մէկն ընթանալով ուղիղ իր դիմացը»։ 6Նաւէի որդի Յեսուն գնաց քահանաների մօտ եւ ասաց նրանց. «Առէ՛ք ուխտի տապանակը, եւ եօթը քահանաներ եօթը տօնական եղջերափողեր առած՝ թող գնան Տիրոջ տապանակի առջեւից»։ 7Նա նրանց ասաց. «Կարգադրեցէ՛ք ժողովրդին, որ գնան, պտոյտ տան քաղաքի շուրջը։ Մարտիկները զինուած գնան Տիրոջ տապանակի առջեւից, 8եօթը նուիրական շեփորներ կրող քահանաները նոյնպէս թող անցնեն Տիրոջ ուխտի տապանակի առաջ եւ ուժգին հնչեցնեն փողերը։ Տիրոջ ուխտի տապանակը թող գնայ նրանց ետեւից, 9մարտիկները թող ընթանան առջեւից, իսկ քահանաները եւ եղջերափողերը հնչեցնողները, որպէս վերջապահներ, թող գնան Տիրոջ տապանակի ետեւից՝ հնչեցնելով եղջերափողերը»։ 10Իսկ ժողովրդին Յեսուն պատուիրեց եւ ասաց. «Մի՛ աղաղակէք, թող ոչ ոք չլսի ձեր ձայնը, եւ ոչ մի խօսք դուրս չգայ ձեր բերանից մինչեւ այն օրը, երբ ես ինքս ազդարարեմ ձեզ աղաղակել, եւ ապա կ՚աղաղակէք»։ 11Տիրոջ ուխտի տապանակը, պտտելով քաղաքի շուրջը, գնաց նորից բանակատեղի եւ իջեւանեց այնտեղ։ 12Երկրորդ օրն առաւօտեան Յեսուն վեր կացաւ, քահանաները վերցրին Տիրոջ տապանակը, 13եօթը քահանաներն առան եօթը նուիրական փողերը եւ ընթացան Տիրոջ ուխտի տապանակի առջեւից։ Քահանաները հնչեցրին փողերն ու մնացեալ ամբողջ բազմութեան հետ վերադարձան բանակատեղի. ապա Տիրոջ ուխտի տապանակի ետեւից անցան մարտիկներն ու մնացած ամբոխը. գնում եւ հնչեցնում էին եղջերափողերը։ 14Երկրորդ օրն էլ մէկ անգամ մօտիկից պտտուեցին քաղաքի շուրջը եւ դարձեալ եկան բանակատեղի։ Այդպէս արեցին վեց օր։ 15Իսկ եօթներորդ օրը լուսաբացին վեր կացան եւ նոյն ձեւով քաղաքի շուրջը պտտուեցին եօթն անգամ։ 16Եօթներորդ անգամ պտտուելիս քահանաները հնչեցրին փողերը, եւ Յեսուն ասաց իսրայէլացիներին. «Հիմա աղաղակեցէ՛ք, որովհետեւ Տէրն այս քաղաքը մեր ձեռքը մատնեց։ 17Քաղաքն ու նրա մէջ եղած ամէն ինչ նզովուած պիտի լինի զօրութիւնների Տիրոջից։ Ազատեցէ՛ք միայն պոռնիկ Ռահաբին եւ այն ամէնը, ինչ նրա տանը կայ, որովհետեւ նա թաքցրեց մեր ուղարկած լրտեսներին։ 18Բայց դուք զգուշացէ՛ք նզովքից. չլինի, թէ ցանկանաք մի բան առնել այդ նզովուածից. իսրայէլացիների բանակատեղին նզովքի կ՚ենթարկէք եւ կը կործանէք մեզ։ 19Ամբողջ ոսկին, արծաթը, պղինձը եւ երկաթը Տիրոջ սրբութիւնը պիտի լինեն եւ Տիրոջ գանձարանը պիտի մտնեն»։ 20Եւ ժողովուրդն աղաղակեց, ու քահանաները հնչեցրին փողերը։ Երբ ժողովուրդը լսեց փողի ձայնը, բոլորն աղաղակեցին մեծ եւ ուժգին աղաղակով, պարիսպն ընկաւ շուրջանակի, եւ ժողովուրդը բարձրացաւ մտաւ քաղաք՝ ամէն մէկն ընթանալով ուղիղ իր դիմացը։ Քաղաքը գրաւեցին եւ նզովեցին այն։21Ինչ որ կար քաղաքում՝ տղամարդ թէ կին, երիտասարդ թէ ծեր, արջառ, ոչխար եւ էշ, բոլորը սրի քաշեցին։ 22Երկիրը լրտեսող երկու երիտասարդներին Յեսուն ասաց. «Մտէ՛ք այն պոռնիկ կնոջ տունը եւ, ինչպէս որ երդուել էք, հանէք այնտեղից նրան ու այն ամէնը, ինչ որ նա ունի»։ 23Եւ երկու երիտասարդները, որոնք լրտեսել էին քաղաքը, մտան այն կնոջ տունը, հանեցին պոռնիկ Ռահաբին, ինչպէս նաեւ նրա հօրը, մօրը, եղբայրներին, նրա ամբողջ ունեցուածքն ու նրա ամբողջ ազգատոհմին եւ կանգնեցրին նրանց Իսրայէլի բանակատեղիից դուրս։24Քաղաքն ու նրա մէջ եղած ամէն ինչ այրուեց հրով, բացի ոսկուց, արծաթից, պղնձից եւ երկաթից, որ Տիրոջ գանձարանը մտցրին։25Պոռնիկ Ռահաբին, նրա հօրենական տունը եւ նրա ամբողջ ունեցուածքը փրկեց Յեսուն։ Ռահաբը բնակւում է Իսրայէլի մէջ մինչեւ այսօր, որովհետեւ թաքցրեց այն լրտեսներին, որոնց Յեսուն այն օրն ուղարկել էր Երիքովը լրտեսելու։ 26Յեսուն այդ օրը նզովեց Երիքովը եւ ասաց. «Տիրոջ առաջ անիծեալ լինի այն մարդը, որ կը վերականգնի եւ կը շինի Երիքով քաղաքը, իր անդրանիկ որդու վրայ նրա հիմքերը կը դնի ի գին իր անդրանիկ որդու եւ նրա պարսպի դարպասները կը կանգնեցնի ի գին իր կրտսեր որդու։ Այդպէս էլ արեց Ազան Բեթէլացին. իր անդրանկի՝ Աբիրոնի վրայ դրեց նրա հիմքերը եւ Ազատուածի՝ կրտսերի վրայ կանգնեցրեց նրա դարպասները։ 27Տէրը Յեսուի հետ էր, եւ նրա անունը տարածուեց ամբողջ երկրում։ 
7 Բայց իսրայէլացիները յանցանք գործեցին եւ գողացան նզովուած բաներից։ Յուդայի ցեղից Աքարը, որը որդին էր Քարմիի, եւ սա՝ որդին Զամբրիի, իսկ սա՝ որդին Զարայի, առաւ նզովուած բաներից, եւ Տէրը սաստիկ բարկացաւ իսրայէլացիների վրայ։ 2Յեսուն Երիքովից մարդիկ ուղարկեց Գայի, որ Բեթէլի դիմացն է, եւ ասաց նրանց. «Լրտեսեցէ՛ք Գային»։ Այդ մարդիկ գնացին, լրտեսեցին Գային, 3ետ դարձան Յեսուի մօտ ու ասացին. «Այս ամբողջ ժողովուրդը թող չգնայ, այլ երկու կամ երեք հազարի չափ մարդիկ թող գնան եւ պաշարեն քաղաքը։ Մի՛ տար այնտեղ ամբողջ ժողովրդին, որովհետեւ նրանք քիչ են»։ 4Եւ ժողովրդից մօտ երեք հազար մարդ գնացին այնտեղ, բայց փախան Գայիի մարդկանց առջեւից։ 5Գայիի մարդիկ նրանցից երեսունվեց մարդու կոտորեցին եւ նրանց հալածեցին դարպասի առաջից, վիրաւորեցին զառիվայրի վրայ, մինչեւ որ ջարդեցին նրանց։ Ժողովրդի սիրտը դողաց, եւ նրանք ասես ջուր դարձան։ 6Յեսուն պատռեց իր զգեստները, երեսի վրայ ընկաւ գետին Տիրոջ տապանակի առաջ, եւ ինքն ու Իսրայէլի ծերերը այդպէս մնացին մինչեւ երեկոյ եւ իրենց գլխի վրայ հող ցանեցին։ 7Յեսուն ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, Տէ՛ր, ինչո՞ւ քո ծառան այս ժողովրդին անցկացրեց Յորդանան գետից, որ սրանց մատնես ամորհացիներին եւ կործանես մեզ։ Երանի թէ այնտեղ, Յորդանան գետի եզերքին մնացած ու բնակուած լինէինք։ 8Օ՜հ, Տէ՛ր, հիմա ես ի՞նչ անեմ, երբ Իսրայէլն իր վիզը ծռել է իր թշնամիների առաջ։9Քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչներն այդ լսելով՝ կը պաշարեն եւ կը ջնջեն մեզ երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անուան համար»։ 10Եւ Տէրը Յեսուին ասաց. «Վե՛ր կաց, ինչո՞ւ ես ընկել երեսիդ վրայ։ 11Ժողովուրդը մեղք գործեց, դրժեց իմ ուխտը, որ ուխտեցի նրանց, նրանք գողացան առան նզովուած բաներից, ստեցին եւ դրին իրենց ամանների մէջ։ 12Իսրայէլացիներն այլեւս չեն կարող կանգնել իրենց թշնամիների առաջ, այլ թիկունք կը դարձնեն իրենց թշնամիների առաջ, որովհետեւ նզովք դարձան։ Այլեւս ձեզ հետ չեմ լինի, քանի այդ նզովուածը չէք վերացնի ձեր միջից։ 13Վե՛ր կաց, սրբագործի՛ր ժողովրդին. սրբագործել կը տաս առաւօտեան։ Այսպէս է ասում Տէր Աստուածն իսրայէլացիներին. «Իսրայէլացինե՛ր, նզովք կայ ձեր մէջ, դուք չէք կարող կանգնել ձեր թշնամիների առաջ, մինչեւ որ նզովքը ձեր միջից չվերացնէք։ 14Առաւօտեան հաւաքուեցէ՛ք ամէնքդ ձեր ցեղերով. այն ցեղը, որին ցոյց կը տայ Տէրը, մօտեցրէ՛ք տոհմերով, այն տոհմը, որին ցոյց կը տայ Տէրը, մօտեցրէ՛ք տներով, եւ այն տունը, որին ցոյց կը տայ Տէրը, մօտեցրէ՛ք իր մարդկանցով, 15եւ ով որ մեղադրուի նզովուածը գողանալու մէջ, թող հրով այրուի ինքը, իր ամբողջ տունը եւ այն ամէնը, ինչ որ նա ունի, որովհետեւ նա դրժել է Տիրոջ ուխտը եւ անիրաւութիւն է արել Իսրայէլի մէջ»։ 16Եւ Յեսուն առաւօտը կանուխ վեր կացաւ, ներկայացրեց ժողովրդին ըստ իրենց ցեղերի, եւ մեղադրուեց Յուդայի ցեղը։ 17Յուդայի ցեղը ներկայացաւ տոհմերով, եւ մեղադրուեց Զարայի տոհմը։ Զարայի տոհմը ներկայացաւ տներով, եւ մեղադրուեց Զամբրիի տունը։ 18Նրա տունը ներկայացաւ իր մարդկանցով, եւ մեղադրուեց Յուդայի ցեղից Աքարը, որը որդին էր Քամրիի, եւ սա՝ որդին Զամբրիի, իսկ սա՝ որդին Զարայի։19Յեսուն Աքարին ասաց. «Որդեա՛կ իմ, փա՛ռք տուր այսօր Իսրայէլի Տէր Աստծուն, խոստովանի՛ր եւ պատմի՛ր ինձ, ինչ որ արեցիր, եւ մի՛ թաքցրու ինձնից»։ 20Աքարը պատասխան տուեց եւ ասաց Յեսուին. «Արդարեւ, ես մեղք գործեցի Իսրայէլի Տէր Աստծու առաջ եւ այս բանը արեցի. 21աւարի մէջ տեսայ մի գեղեցիկ նկարազարդ վերարկու, երկու հարիւր սիկղ արծաթ եւ մի ձուլակտոր ոսկի, որի ծանրութիւնը յիսուն սիկղ էր, սաստիկ ցանկացայ եւ առայ դրանք։ Ահա դրանք թաքցուած են հողի տակ իմ վրանում, իսկ արծաթը թաքցուած է դրանց տակ»։22Յեսուն պատգամաւորներ ուղարկեց, նրանք գնացին բանակատեղի՝ դէպի վրանը. դրանք պահուած էին այնտեղ, նրա վրանում, իսկ արծաթը դրանց տակ էր։ 23Նրանք հանեցին դրանք վրանից, բերին Յեսուի եւ Իսրայէլի ծերերի մօտ եւ դրին Տիրոջ առաջ։ 24Յեսուն, նրա հետ եւ բոլոր իսրայէլացիները վերցրին Զարայի որդի Աքարին, նրա որդիներին եւ դուստրերին, նրա արջառը, էշը, նրա բոլոր ոչխարները, բոլոր վրանները, նրա ամբողջ ունեցուածքը եւ բերեցին Աքորի ձորը։25Յեսուն ասաց. «Ինչո՞ւ մեզ կործանեցիր, Տէրն այսօր քեզ կը կործանի»։ Եւ բոլոր իսրայէլացիները նրան քարկոծեցին քարերով ու նրա ունեցուածքը այրեցին հրով, քարկոծեցին նրա իւրայիններին եւ դիզեցին նրանց վրայ մեծ քարակոյտ, որ կայ մինչեւ այսօր։ Եւ իջաւ Տիրոջ սաստիկ բարկութիւնը։ Այդ պատճառով նա այն տեղը կոչեց Աքորի ձոր, եւ այդպէս է կոչւում մինչեւ այսօր։ 
8 Տէրը Յեսուին ասաց. «Մի՛ վախեցիր եւ մի՛ զարհուրիր, քեզ հետ վերցրո՛ւ բոլոր պատերազմող մարդկանց եւ վեր կաց գնա՛ դէպի Գայի։ Ահա ես քո ձեռքն եմ մատնում Գայիի թագաւորին, նրա ժողովրդին, նրա քաղաքը եւ նրա երկիրը։ 2Գայիի եւ նրա թագաւորի հետ վարուի՛ր այնպէս, ինչպէս վարուեցիր Երիքովի եւ նրա թագաւորի հետ. կողոպտի՛ր նրա աւարը եւ անասունները։ Քաղաքի ետեւի կողմից դարանակալներ կարգի՛ր»։ 3Յեսուն եւ ամբողջ պատերազմող ժողովուրդը վեր կացան, որ գնան Գայիի վրայ։ Յեսուն երեսուն հազար զօրաւոր մարդ ընտրեց եւ նրանց ուղարկեց գիշերով։ 4Նա նրանց պատուիրեց՝ ասելով. «Տեսէ՛ք, դուք դարանամուտ պիտի լինէք քաղաքի ետեւի կողմից։ Քաղաքից շատ մի՛ հեռացէք, եւ ամէնքդ պատրա՛ստ եղէք։ 5Ես եւ ինձ հետ եղող ամբողջ ժողովուրդը կը մօտենանք քաղաքին, եւ երբ Գայիի բնակիչները մեր դէմ դուրս գան, ինչպէս առաջին անգամ, կը փախչենք նրանց առաջից։ 6Երբ ելնեն մեր ետեւից, կը հեռացնենք նրանց այդ քաղաքից, եւ նրանք կ՚ասեն՝ «Փախան մեր առջեւից ինչպէս առաջին անգամ»։ 7Երբ փախչենք նրանց առջեւից, դուք ելէ՛ք դարանից, մտէ՛ք քաղաք եւ հարուածեցէ՛ք քաղաքին, եւ Իսրայէլի Տէր Աստուածը նրանց մեր ձեռքը կը յանձնի։8Երբ առնէք քաղաքը, այրեցէ՛ք այն կրակով։ Կ՚անէք այնպէս, ինչպէս ձեզ պատուիրեցի»։ 9Յեսուն նրանց ուղարկեց, նրանք գնացին դէպի դարանը, մտան թաքնուեցին Բեթէլի եւ Դանի միջեւ, Գայիի ծովահայեաց կողմից։ Այն գիշեր Յեսուն ժողովրդի մէջ մնաց։10Առաւօտը վաղ վեր կենալով՝ Յեսուն աչքի անցկացրեց ժողովրդին, եւ ինքն ու Իսրայէլի ծերերը ժողովրդի առաջից դուրս ելան Գայիի դէմ։11Ամբողջ պատերազմող զօրքը ելաւ նրանց հետ։ Նրանք եկան քաղաքի դիմաց արեւելեան կողմից, իսկ քաղաքի դարանակալները ծովի կողմում էին, եւ բանակ դրին Գայիի հիւսիսային կողմում։ Նրանց ու Գայիի միջեւ մի ձոր կար։ 12Եւ Յեսուն առնելով հինգ հազար մարդ՝ նրանց դարան մտցրեց Բեթաւի եւ Գայիի ծովի միջեւ, 13իսկ ժողովրդին ու ամբողջ բանակը տեղաւորեց քաղաքի հիւսիսային կողմում։ Նրանց վերջապահ զօրքը քաղաքի ծովահայեաց կողմում էր։ Յեսուն այդ գիշերն անցկացրեց ձորում։ 14Երբ Գայիի թագաւորն այս տեսաւ, առաւօտեան շտապ վեր կացաւ եւ ելաւ նրանց դէմ։ Քաղաքի մարդիկ, ինքը եւ ամբողջ ժողովուրդն այն ժամանակ պատերազմի գնացին Արաբի դիմաց գտնուող ձորը Իսրայէլի դէմ։ Բայց Գայի թագաւորը չգիտէր, որ իր համար քաղաքի ետեւի կողմում դարան են պատրաստել։ 15Երբ Յեսուն տեսաւ, կրկին ետ դարձաւ, եւ բոլոր իսրայէլացիները նրանց առաջից փախան անապատի ճանապարհով։16Գայիի թագաւորը երկրի ամբողջ ժողովրդին շտապեցրեց, որ հետապնդեն նրանց. եւ նրանք, հետապնդելով, գնացին իսրայէլացիների ետեւից ու հեռացան քաղաքից։ 17Գայիում ու Բեթէլում մարդ չմնաց, որ իսրայէլացիներին հետապնդելու գնացած չլինէր. քաղաքը թողեցին բաց եւ յարձակուեցին իսրայէլացիների վրայ։18Տէրը Յեսուին ասաց. «Մեկնի՛ր ձեռքիդ նիզակը դէպի քաղաքը, որովհետեւ քո ձեռքն եմ մատնել այն, եւ դարանակալները թող շտապ դուրս գան իրենց տեղից»։ Յեսուն մեկնեց իր ձեռքում եղած նիզակը դէպի քաղաքը։ 19Դարանակալները վեր կացան իրենց տեղից, եւ հէնց որ նա ձեռքը մեկնեց, ելան, մտան քաղաքը, գրաւեցին այն եւ քաղաքն անմիջապէս այրեցին հրով։ 20Գայիի բնակիչները ետ նայելով՝ տեսան, որ քաղաքի ծուխը մինչեւ երկինք է ելնում։ Նրանք չէին կարող փախչել այս կամ այն կողմ, իսկ ժողովուրդը, որ թաքնուած էր անապատում, յարձակուեց հետապնդողների վրայ։ 21Երբ Յեսուն եւ ամբողջ ժողովուրդը տեսան, որ դարանակալները գրաւեցին քաղաքը, եւ քաղաքի ծուխը մինչեւ երկինք է հասնում, նորից կրնկի վրայ ետ դարձան եւ հարուածեցին Գայիի մարդկանց։ 22Միւսները քաղաքից դուրս եկան նրանց ընդառաջ, եւ Գայիի մարդիկ մնացին բանակի մէջտեղը։ Իսրայէլացիների մի մասը այն կողմից, միւսները այս կողմից, այնքան հարուածեցին Գայիի զինուորներին, մինչեւ որ նրանցից ազատուող եւ փախչող չմնաց։ 23Իսկ Գայիի թագաւորին ձերբակալեցին եւ բերեցին Յեսուի մօտ։ 24Երբ իսրայէլացիները դադարեցին բոլոր գայիցիներին կոտորելուց, ոմանց դաշտերում, ոմանց լեռներում՝ զառիվայրի վրայ, մինչեւ այնտեղ, ուր հալածել էին նրանց, եւ ամէնքը սրակոտոր եղան իսպառ, Յեսուն շրջուեց դէպի Գայի եւ սրի քաշեց նրա բոլոր բնակիչներին։ 25Այդ օրն ընկածները, տղամարդ եւ կին, տասներկու հազար էին՝ Գայիի բոլոր բնակիչները։26Յեսուն նիզակ մեկնած ձեռքը ետ չքաշեց, մինչեւ որ բնաջնջեց Գայիի բոլոր բնակիչներին, 27բացի անասուններից եւ քաղաքի աւարից, որ կողոպտեցին իսրայէլացիները՝ Յեսուին տուած Տիրոջ հրամանի համաձայն։ 28Յեսուն քաղաքը կրակով այրեց եւ այն դարձրեց հողաբլուր, որ յաւիտեան անշէն մնաց մինչեւ այսօր։ 29Իսկ Գայիի թագաւորին կախեց երկճիւղ ծառից, եւ նա մնաց ծառից կախուած մինչեւ երեկոյ։ Եւ արեւը մայր մտնելու ժամանակ Յեսուն հրամայեց, նրան իջեցրին ծառից, գցեցին մի փոսի մէջ, քաղաքի դարպասի մօտ եւ նրա վրայ քարերի կոյտ դիզեցին, որ կայ մինչեւ այսօր։ 30Այն ժամանակ Յեսուն Իսրայէլի Տէր Աստծու համար զոհասեղան շինեց Գեբաղ լերան վրայ, 31ինչպէս պատուիրել էր Տիրոջ ծառայ Մովսէսը իսրայէլացիներին, որ գրուած է Մովսէսի օրէնքի գրքում, - զոհասեղան ամբողջական քարերից, որոնց երկաթ չէր դիպել, եւ այնտեղ Տիրոջ համար ողջակէզ եւ փրկութեան զոհ մատուցեց։ 32Իսրայէլացիների առաջ այդ քարերի վրայ Յեսուն գրեց Մովսէսի Երկրորդ օրէնքը։33Բոլոր իսրայէլացիները, նրանց ծերերը, դատաւորները եւ օրէնսգէտները գնում էին տապանակի դիմացից՝ այս ու այն կողմից, թէ՛ օտարականը եւ թէ՛ բնիկը։ Ղեւտացի քահանաները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը։ Ուղեկցողների կէսը Գարիզին լերան մօտ էր, կէսը՝ Գեբաղ լերան մօտ, ինչպէս առաջ պատուիրել էր Տիրոջ ծառայ Մովսէսը, որ ժողովրդին օրհնեն։ 34Ապա Յեսուն կարդաց այս օրէնքի բոլոր խօսքերը, օրհնութիւններն ու անէծքները, ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքի գրքում։ 35Այն բոլորից, որ Մովսէսը պատուիրել էր Յեսուին, չկար մի խօսք, որ Յեսուն չկարդար Իսրայէլի ամբողջ ժողովրդի՝ տղամարդկանց, կանանց, մանուկների եւ Իսրայէլի մէջ եղած օտարականների առաջ։ 
9 Երբ Յորդանան գետի այն կողմի ամորհացիների բոլոր թագաւորները՝ լեռնայինները, դաշտայինները, ե՛ւ նրանք, որ մեծ ծովի ամբողջ եզերքին էին, ե՛ւ նրանք, որ Լեռնալիբանանի մօտ էին, նաեւ քետացիները, ամորհացիները, գերգեսացիները, քանանացիները, փերեզացիները, խեւացիները, յեբուսացիները լսեցին, 2ամէնքը միասին եկան պատերազմ մղելու Յեսուի եւ իսրայէլացիների դէմ։ 3Բայց Գաբաւոնի բնակիչները լսելով, թէ ինչ է արել Յեսուն Երիքովին եւ Գայիին, 4իրենք էլ խորամանկութիւն արեցին. եկան պաշարով եւ պատրաստութեամբ, իրենց ուսերի վրայ հնացած քուրձեր, մաշուած, պատառոտուն եւ կարկատած գինու տիկեր դրած։ 5Նրանց կօշիկների կարերը քանդուած էին, նրանց ոտքերի հողաթափները հնացած եւ կարկատած էին, նրանց վրայի զգեստները հնացած էին, եւ նրանց հացի պաշարը չորացած եւ բորբոսնած էր։ 6Նրանք եկան Յեսուի մօտ, իսրայէլացիների բանակատեղին, Գաղգաղա եւ Յեսուին ու բոլոր իսրայէլացիներին ասացին. «Հեռու երկրից ենք եկել, արդ, մեզ հետ դաշի՛նք կնքեցէք»։ 7Իսկ իսրայէլացիներն ասացին քոռացիներին. «Գուցէ մեզ մօտիկ էք բնակւում, ձեզ հետ ինչպէ՞ս դաշինք կնքենք»։8Նրանք ասացին Յեսուին. «Մենք քո ծառաներն ենք»։ Յեսուն նրանց ասաց. «Ո՞վ էք եւ որտեղի՞ց էք եկել»։ 9Նրանք ասացին. «Շատ հեռու երկրից են եկել քո ծառաները յանուն քո Տէր Աստծու, որովհետեւ լսեցինք նրա անունը եւ այն, ինչ նա արել է Եգիպտոսում, 10եւ այն, ինչ նա արել է Յորդանան գետի այն կողմի ամորհացիների երկու թագաւորներին՝ Եսեբոնի Սեհոն թագաւորին եւ Բասանի Օգ թագաւորին, որ բնակւում էր Աստարոթում եւ Եդրայինում։ 11Մեր ծերերը եւ մեր երկրի բոլոր բնակիչները խօսեցին մեզ հետ եւ ասացին. «Ձեզ համար ճանապարհի պաշար առէ՛ք, գնացէ՛ք նրանց ընդառաջ եւ ասացէ՛ք նրանց. ՛՛Մենք ձեր ծառաներն ենք, արդ, մեզ հետ դաշինք կնքեցէք՛՛»։ 12Այն օրը, որ մենք ելանք մեր տներից եւ եկանք ձեզ մօտ, մեր այս հացի պաշարը դեռ տաք էր, իսկ հիմա չորացել եւ բորբոսնել է,13այս տիկերը, որ լցրինք գինիով, նոր էին, բայց պատռուեցին, մեր շորերը եւ կօշիկները մաշուեցին շատ երկար ճանապարհից»։14Իսրայէլի իշխաններն առան նրանց պաշարը, բայց Տիրոջը չհարցրին։15Յեսուն նրանց հետ խաղաղութիւն հաստատեց եւ ուխտեց, որ ողջ կը պահի նրանց. ժողովրդի իշխաններն էլ երդուեցին նրանց։ 16Նրանց հետ դաշինք կնքելուց երեք օր յետոյ լսեցին, որ նրանք դրացիներ են եւ իրենց մօտ են բնակւում։ 17Իսրայէլացիները ճանապարհ ընկան եւ երրորդ օրը հասան նրանց քաղաքները։ Նրանց քաղաքներն էին՝ Գաբաւոնը, Կեփիրոնը, Բերոթը եւ Յարիմի քաղաքները։18Իսրայէլացիները չպատերազմեցին նրանց դէմ, որովհետեւ ժողովրդի բոլոր իշխանները Իսրայէլի Տէր Աստուծով երդուել էին նրանց. եւ ամբողջ ժողովուրդը տրտնջաց իշխանների դէմ։ 19Իշխաններն ասացին ժողովրդին. «Մենք Իսրայէլի Տէր Աստուծով երդուել ենք եւ չենք կարող խաբել նրանց։ 20Հիմա այսպէս անենք. ողջ թողնենք նրանց, պահպանենք, որ մեզ վրայ բարկութիւն չգայ այն երդման համար, որ տուեցինք նրանց»։ 21Իշխաններն ասացին նրանց. «Թող ապրեն եւ ամբողջ ժողովրդի համար լինեն փայտահատներ եւ ջրկիրներ»։ Եւ նրանք եղան փայտահատներ ու ջրկիրներ, ինչպէս որ իշխաններն ասացին նրանց։ 22Յեսուն նրանց բոլորին կանչեց, խօսեց նրանց հետ եւ ասաց. «Ինչո՞ւ խաբեցիք ինձ եւ ասացիք՝ «Ձեզնից շատ հեռու ենք», մինչդեռ դուք մեր գաւառի բնակիչներ էք։ 23Հիմա դուք անիծուած էք, եւ ինձ ու իմ Աստծու համար միշտ պիտի մնաք փայտահատ եւ ջրկիր ծառայ»։ 24Նրանք պատասխան տուին եւ ասացին Յեսուին. «Մեզ լուր հասաւ եւ յայտնի եղաւ, որ քո Տէր Աստուածը իր ծառայ Մովսէսին հրամայել է, որ այս երկիրը ձեզ տայ եւ մեզ ու այս երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջ բնաջինջ անի, ուստի մենք խիստ վախեցանք ձեզնից եւ այդ բանն արեցինք։ 25Հիմա ձեր ձեռքի տակ ենք, վարուեցէ՛ք այնպէս, ինչպէս հաճելի է ձեզ եւ ինչպէս կամենում էք»։ 26Եւ նրանց հետ վարուեցին այսպէս. այն օրը Յեսուն նրանց ազատեց իսրայէլացիների ձեռքից, եւ չկոտորեցին նրանց։ 27Այն օրը նրանց փայտահատներ ու ջրկիրներ կարգեց ամբողջ ժողովրդի եւ Տիրոջ զոհասեղանի համար, եւ մինչեւ այսօր նրանք ծառայում են այդպէս այն տեղում, որ Տէրը կ՚ընտրի։ 
10 Երբ Երուսաղէմի թագաւոր Ադոնիբեզեկը լսեց, որ Յեսուն գրաւել է Գային ու կործանել այն, եւ ինչպէս Երիքովի ու նրա թագաւորի հետ էր վարուել, այդպէս էլ վարուել է Գայիի ու նրա թագաւորի հետ, եւ թէ Գաբաւոնի բնակիչներն անձնատուր են եղել Յեսուին ու իսրայէլացիներին եւ նրանց մէջ մնացել, 2խիստ զարհուրեցին ինքն ու իր ժողովուրդը, որովհետեւ գիտէին, որ Գաբաւոնը մեծ քաղաք է, ինչպէս որեւէ թագաւորանիստ մայրաքաղաք։ Դա Գայիից մեծ էր, եւ նրա բոլոր մարդիկ զօրաւոր էին։ 3Երուսաղէմի թագաւոր Ադոնիբեզեկը մարդ ուղարկեց Քեբրոնի թագաւոր Ելամի, Յերիմութի թագաւոր Քերամի, Լաքիսի թագաւոր Յեփիէի եւ Օդողոմի թագաւոր Դաբիրի մօտ ու ասաց. 4«Բարձրացէք եկէ՛ք ինձ մօտ եւ օգնեցէ՛ք ինձ, որ պատերազմենք Գաբաւոնի դէմ, որովհետեւ անձնատուր են եղել Յեսուին եւ իսրայէլացիներին։ 5Եւ յեբուսացիների հինգ թագաւորները՝ Երուսաղէմի թագաւորը, Քեբրոնի թագաւորը, Յերիմութի թագաւորը, Լաքիսի թագաւորը եւ Օդողոմի թագաւորն իրենց ամբողջ ժողովրդով հաւաքուեցին եկան, բանակ դրին Գաբաւոնի շուրջը եւ պաշարեցին այն։ 6Գաբաւոնի բնակիչները մարդ ուղարկեցին Յեսուի մօտ Իսրայէլի բանակատեղի, Գաղգաղա եւ ասացին. «Մի՛ լքիր քո ծառաներին, շուտ մեզ մօտ ե՛կ, մեզ ազատի՛ր եւ մեզ օգնի՛ր, որովհետեւ ամորհացիների բոլոր թագաւորները, որ բնակւում են լեռնակողմում, կուտակուել են մեր դէմ»։ 7Յեսուն իր ամբողջ պատերազմող զօրքի ու բոլոր նրանց հետ, ովքեր զօրաւոր էին, ելաւ Գաղգաղայից։ 8Տէրը Յեսուին ասաց. «Չվախենաս նրանցից, որովհետեւ նրանց քո ձեռքն եմ մատնելու, եւ նրանցից ոչ մէկը չի դիմանայ ձեր առաջ»։ 9Ամբողջ գիշերը Գաղգաղայից գալով՝ Յեսուն յանկարծակի յարձակուեց նրանց վրայ։10Տէրը իսրայէլացիների ահը գցեց նրանց մէջ եւ Գաբաւոնում մեծ ջարդ տուեց նրանց. նրանց հալածեցին Բեթորոնի զառիվայրի ճանապարհին եւ կոտորեցին նրանց մինչեւ Ազեկա եւ Մակեդա։ 11Երբ նրանք Բեթորոնի զառիվայրով փախչում էին իսրայէլացիների առաջից, Տէրը նրանց վրայ երկնքից կարկտի քարեր թափեց մինչեւ Ազեկա։ Կարկտի քարերից մեռածներն աւելի շատ էին, քան նրանք, որոնց իսրայէլացիները պատերազմում սրով կոտորեցին։ 12Այն օրը, երբ Տէր Աստուածը ամորհացիներին մատնեց իսրայէլացիների ձեռքը, երբ նրանց կոտորեց Գաբաւոնում, եւ նրանք ջախջախուեցին Իսրայէլի առաջ, Յեսուն խօսեց Տիրոջ հետ եւ ասաց. «Թող արեգակը կանգնի Գաբաւոնի դիմաց, իսկ լուսինը՝ Ելոնի ձորի դիմաց»։ 13Եւ արեգակն ու լուսինը կանգնեցին իրենց տեղում, մինչեւ որ Աստուած նրանց թշնամիներից վրէժն առաւ։ Չէ՞ որ այս գրուած է «Ուղիղի» գրքում։ Եւ արեգակը կանգնեց երկնքի մէջտեղում եւ չշարժուեց դէպի արեւմուտք մէկ ամբողջ օր։ 14Այսպիսի օր չէր եղել ո՛չ առաջ, ո՛չ յետոյ, որ Աստուած լսէր մարդու ձայնը, որովհետեւ Տէրն Իսրայէլի հետ միասին պատերազմեց։ 15Ապա Յեսուն եւ նրա հետ բոլոր իսրայէլացիները ետ դարձան բանակատեղի՝ Գաղգաղա։ 16Այն հինգ թագաւորները փախան Մակեդա եւ թաքնուեցին քարայրի մէջ։ 17Իմաց տուին Յեսուին եւ ասացին. «Հինգ թագաւորները գտնուեցին Մակեդայում, քարայրի մէջ թաքնուած»։ 18Յեսուն ասաց. «Քարայրի մուտքին մեծամեծ քարեր գլորեցէ՛ք եւ նրանց վրայ մարդիկ կարգեցէ՛ք, որ հսկեն նրանց։ 19Բայց դուք մի՛ դադարէք ձեր թշնամիներին հետապնդելուց, հասէ՛ք նրանց վերջնապահներին եւ մի՛ թոյլ տուէք, որ մտնեն իրենց քաղաքները, որովհետեւ Տէր Աստուածը նրանց մատնեց մեր ձեռքը»։20Երբ Յեսուն եւ բոլոր իսրայէլացիները դադարեցին մեծ կոտորածով նրանց իսպառ բնաջնջելուց, եւ նրանցից ազատուածները մտան ամրացուած քաղաքները, 21ամբողջ ժողովուրդը ողջ առողջ վերադարձաւ բանակատեղի՝ Յեսուի մօտ, Մակեդա։ Եւ ոչ ոք չյանդգնեց խօսել իսրայէլացիների դէմ։ 22Եւ Յեսուն ասաց. «Բացէ՛ք քարայրը եւ այնտեղից հանէ՛ք, բերէ՛ք ինձ մօտ այն հինգ թագաւորներին»։ 23Այդպէս էլ արեցին. հինգ թագաւորներին՝ Երուսաղէմի թագաւորին, Քեբրոնի թագաւորին, Յերիմութի թագաւորին, Լաքիսի թագաւորին եւ Օդողոմի թագաւորին քարայրից հանեցին ու տարան նրա մօտ։ 24Երբ նրանց տարան Յեսուի մօտ, Յեսուն կանչեց բոլոր իսրայէլացիներին, իր հետ գնացած առաջամարտիկներին եւ ասաց նրանց. «Մօտեցէ՛ք եւ ձեր ոտքերը դրէ՛ք նրանց պարանոցների վրայ»։ Նրանք մօտեցան եւ իրենց ոտքերը դրեցին նրանց պարանոցների վրայ։ 25Յեսուն ասաց նրանց. «Մի՛ վախեցէք նրանցից եւ մի՛ զարհուրէք, արիացէ՛ք եւ զօրացէ՛ք, որովհետեւ Տէրն այսպէս պիտի անի ձեր բոլոր թշնամիներին, որոնց հետ դուք պիտի մարտնչէք»։ 26Ապա Յեսուն նրանց սպանեց եւ նրանց հինգին էլ կախեց ծառերից, եւ նրանք կախուած մնացին ծառերից մինչեւ երեկոյ։ 27Արեւամուտին Յեսուն հրամայեց, եւ նրանց իջեցրին ծառերից, գցեցին այն քարայրի մէջ, որտեղ թաքնուել էին. եւ քարայրի մուտքին գլորեցին մեծամեծ քարեր, որոնք կան մինչեւ այսօր։ 28Այդ օրը գրաւեցին նաեւ Մակեդան, սրի քաշեցին այն ու նրա թագաւորին, բնաջնջեցին այն եւ նրա մէջ եղած բոլոր մարդկանց, ոչ մի ազատուած կամ փախստական չմնաց նրանցից։ Յեսուն Մակեդայի թագաւորի հետ էլ վարուեց այնպէս, ինչպէս վարուել էր Երիքովի թագաւորի հետ։29Յեսուն, նրա հետ նաեւ բոլոր իսրայէլացիները, Մակեդայից գնացին Լեբնա եւ պաշարեցին Լեբնան։ 30Տէրը մատնեց այն իսրայէլացիների ձեռքը, եւ Յեսուն նուաճեց այն ու նրա թագաւորին, սրի քաշեց այն ու նրա մէջ եղած բոլոր մարդկանց, նրա մէջ ոչ մի ազատուած եւ փախստական չմնաց։ Նրա թագաւորի հետ վարուեց այնպէս, ինչպէս վարուել էր Երիքովի թագաւորի հետ։ 31Յեսուն բոլոր իսրայէլացիների հետ Լեբնայից գնաց Լաքիս, բանակատեղի դրեց նրա շուրջը եւ պաշարեց այն։ 32Տէրը Լաքիսն Իսրայէլի ձեռքը մատնեց, եւ երկրորդ օրը Յեսուն գրաւեց այն, սրի քաշեց եւ բնաջնջեց այն, ինչպէս որ Լեբնայի հետ էր վարուել։ 33Այն ժամանակ Գազերի Ելամ թագաւորը ելաւ օգնելու Լաքիսին, բայց Յեսուն սրի քաշեց նրան ու նրա զօրքերին այնպէս, որ նրանցից ոչ մի ազատուած եւ փախստական չմնաց։34Յեսուն բոլոր իսրայէլացիների հետ Լաքիսից մեկնեց Օդողոմ, բանակատեղի դրեց նրա շուրջը եւ պաշարեց այն։ Տէրը մատնեց Օդողոմն Իսրայէլի ձեռքը, 35եւ Յեսուն այն օրը գրաւեց ու սրի քաշեց այն։ Նրա մէջ եղած բոլոր մարդկանց այն օրը կոտորեցին, ինչպէս որ վարուել էին Լաքիսի հետ։ 36Յեսուն բոլոր իսրայէլացիների հետ Օդողոմից գնաց Քեբրոն ու բանակ դրեց նրա շուրջը։ 37Գրաւեցին ու սրակոտոր արեցին այն, նրա թագաւորին եւ նրա մէջ եղած բոլոր մարդկանց. նրա մէջ ապրող ոչ մէկը չազատուեց։ Նրա հետ վարուեցին այնպէս, ինչպէս վարուել էին Օդողոմի հետ. բոլոր բնակիչներին սպանեցին ու նրա մէջ եղած ամէն ինչ ոչնչացրին։ 38Ապա Յեսուն եւ ամբողջ Իսրայէլը շրջուեցին դէպի Դաբիր եւ շրջապատելով՝39գրաւեցին այն, գերեվարեցին նրա թագաւորին եւ նրա ամբողջ զօրքը, սրակոտոր արեցին ամբողջ քաղաքը, բնաջնջեցին այն եւ նրա մէջ եղած բոլոր մարդկանց. ոչ մէկին ողջ չթողեցին։ Ինչպէս վարուել էին Քեբրոնի հետ եւ ինչպէս վարուել էին Լեբնայի ու նրա թագաւորի հետ, այդպէս էլ վարուեցին Դաբիրի եւ նրա թագաւորի հետ։ 40Յեսուն հարուածեց ամբողջ լեռնային երկրին, Նագեբին եւ դաշտային երկրներին, Ասեդոթին եւ նրա բոլոր թագաւորներին։ Նրանցից ոչ մէկին ողջ չթողեց, բոլոր բնակիչներին սպանեց, ինչպէս Իսրայէլի Տէր Աստուածն էր պատուիրել։ 41Յեսուն կոտորեց նրանց Կադէսբառնեայից մինչեւ Գազա, Գոսոմի ամբողջ երկիրը մինչեւ Գաբաւոն։ 42Նրանց բոլոր թագաւորներին եւ նրանց երկիրը Յեսուն նուաճեց միաժամանակ, քանի որ Իսրայէլի Տէր Աստուածը կռւում էր իսրայէլացիների հետ միասին։ 43Եւ Յեսուն բոլոր իսրայէլացիների հետ ետ դարձաւ բանակատեղի՝ Գաղգաղա։ 
11 Երբ Ասորի Յաբին թագաւորն այս բաները լսեց, մարդ ուղարկեց Մառոնի թագաւոր Յոբաբի, Սեմերոնի թագաւորի, Աքիփայի թագաւորի 2եւ այն թագաւորների մօտ, որոնք մեծ Սիդոնի լեռներում եւ Քեներեթի դիմաց Ռաբաթում էին՝ դաշտերում եւ Նաբեթդորում,3արեւելեան կողմից ծովեզրեայ քանանացիների, ծովեզրեայ ամորհացիների, քետացիների, փերեզացիների, լեռնաբնակ յեբուսացիների եւ Ահերմոնի տակ Մասեփայում ապրող խեւացիների մօտ։ 4Նրանք իրենց թագաւորների ու ծովափի աւազի չափ բազմաքանակ զօրքերի հետ ճամփայ ելան։ Նրանք չափազանց շատ ձիեր ու կառքեր ունէին։ Հաւաքուեցին այս բոլոր թագաւորները, եկան միասին եւ մէկտեղ բանակ դրին Մառոնի ջրի մօտ, որ պատերազմեն Իսրայէլի դէմ։ 5Տէրը Յեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, քանի որ վաղը այս ժամին ես նրանց բոլորին փախուստի պիտի մատնեմ իսրայէլացիների առաջ. նրանց ձիերին ջղակտոր կ՚անես, նրանց կառքերը հրով կ՚այրես»։ 6Յեսուն ու նրա հետ ամբողջ պատերազմող զօրքը Մառոնի ջրի մօտ յանկարծակի նրանց դէմ գնացին եւ լեռնակողմում ընկան նրանց վրայ։ 7Տէրը նրանց Իսրայէլի ձեռքը մատնեց, եւ կոտորելով նրանց՝ հալածեցին մինչեւ մեծ Սիդոն, մինչեւ Մասրեփոթմայիմ եւ մինչեւ Մասեփայի դաշտն արեւելքում։ Կոտորեցին նրանց, մինչեւ որ նրանցից ոչ մի ազատուած մարդ չմնաց։8Յեսուն նրանց հետ այնպէս վարուեց, ինչպէս որ Տէրը պատուիրել էր նրան. նրանց ձիերը ջղակոտոր արեց եւ նրանց կառքերը հրով այրեց։9Այն ժամանակ Յեսուն ետ դարձաւ եւ գրաւեց Ասորը եւ նրա թագաւորին, սպանեց նրան, որովհետեւ Ասորն առաջ այն բոլոր թագաւորութիւնների գլուխն էր։ 10Նրա մէջ եղած բոլոր մարդկանց սրակոտոր արեցին, բնաջնջեցին բոլորին, նրա մէջ ոչ մի շնչաւոր էակ չմնաց։ Ասորն էլ կրակով այրեցին։ 11Այդ թագաւորութիւնների բոլոր քաղաքներն ու նրանց թագաւորներին գերեց Յեսուն, նրանց սրի քաշեց եւ բնաջինջ արեց, ինչպէս որ իրենց հրամայել էր Տիրոջ ծառայ Մովսէսը։ 12Բայց հողաբլուրների վրայ եղած բոլոր քաղաքները չայրեցին իսրայէլացիները, այլ միայն Ասորը, որ Յեսո՛ւն այրեց։ 13Նրա ամբողջ աւարն ու անասունները իսրայէլացիները կողոպտեցին, բոլոր մարդկանց սրի քաշեցին, մինչեւ որ բնաջնջեցին նրանց եւ ոչ մի շնչաւոր էակ չթողեցին։ 14Ինչպէս Տէրը հրամայել էր իր ծառայ Մովսէսին, եւ ինչպէս Մովսէսը պատուիրել էր Յեսուին, այդպէս արեց Յեսուն եւ ոչ մի բան զանց չարեց այն ամենից, ինչ նրան պատուիրել էր Մովսէսը։ 15Յեսուն նուաճեց այն ամբողջ երկիրը, լեռնակողմը եւ ամբողջ Նագեբ երկիրը, ամբողջ Գոսոմ երկիրը, դաշտային եւ արեւմտեան կողմը, Իսրայէլի լեռն ու նրա հովիտը, որ լերան մօտ է,16Աքել սարից մինչեւ Սուրի ելքը, մինչեւ Բաալգադ եւ Լիբանանի դաշտավայրերը՝ Ահերմոնի ստորոտում, նրանց բոլոր թագաւորներին նա բռնեց եւ կոտորեց։ 17Այդ բոլոր թագաւորների դէմ Յեսուն շատ օրեր պատերազմ մղեց, 18եւ չկար մի քաղաք, որ Տէրը իսրայէլացիների ձեռքը մատնած չլինէր, բացի Գաբաւոնում բնակուող խեւացիներից. Յեսուն բոլորին նուաճեց պատերազմով։ 19Արդարեւ, Տէրն էր, որ կարծրացրեց նրանց սրտերը, եւ նրանք պատերազմով դիմաւորեցին Իսրայէլին, որպէսզի չմեռնեն, Տէրը չողորմի նրանց, այլ բնաջնջուեն, ինչպէս որ Տէրն ասել էր Մովսէսին։ 20Այն ժամանակ Յեսուն եկաւ եւ Քեբրոնի ու Դաբիրի լեռնակողմում, Անոբի եւ Իսրայէլի բոլոր լեռներում եւ Յուդայի երկրի բոլոր լեռներում կոտորեց ենակիմներին, ոչնչացրեց նրանց իրենց քաղաքներով հանդերձ։ Այո՛, Յեսուն կոտորեց նրանց, 21եւ իսրայէլացիների երկրում ենակիմներից ոչ ոք չմնաց. մնացին միայն Գազայում, Գեթում եւ Ասեդոթում։ 22Յեսուն նուաճեց ամբողջ երկիրը, ինչպէս որ Տէրը պատուիրել էր Մովսէսին, եւ որպէս ժառանգութիւն տուեց Իսրայէլին բաժիններով ըստ նրանց ցեղերի։ Եւ երկիրը դադարեց պատերազմելուց։ 
12 Սրանք են այն թագաւորները, որոնց կոտորեցին Մովսէսն ու իսրայէլացիները եւ որոնց երկիրը ժառանգեցին Յորդանան գետից այն կողմ՝ դէպի արեւմուտք, Առնոնի ձորից մինչեւ Ահերմոն լեռը եւ ամբողջ Արաբան՝ արեւելեան կողմից. 2ամորհացիների թագաւոր Սեհոնը, որը բնակւում էր Եսեբոնում եւ տիրում էր Արոյերից մինչեւ Առնոնի ձորը՝ ձորաբերանը, Գաղաադի կէսին, մինչեւ Յաբոկի հեղեղատը, որ ամոնացիների սահմաններում է, 3եւ Արաբային՝ մինչեւ Քեներեթի ծովը արեւելեան կողմից, մինչեւ Արաբայի ծովը, այսինքն՝ Աղի ծովը, արեւելքից՝ Ասեմոթի ճանապարհով դէպի Թեման, եւ հարաւից՝ այն տեղերին, որ Ասեդոթ Փասգայի ստորոտում են։4Բասանի Օգ թագաւորը, որը հսկաների ցեղից էր մնացել եւ որը բնակւում էր Աստարոթում եւ Եդրայինում, տիրում էր 5Ահերմոն լերանը, Սելքային եւ ամբողջ Բասանին մինչեւ Գեսուրի սահմանները, Մաքաթիին եւ Գաղաադի կէսին մինչեւ Եսեբոնի Սեհոն թագաւորի սահմանները։ 6Տիրոջ ծառայ Մովսէսը եւ իսրայէլացիները ջարդեցին սրանց, եւ Տիրոջ ծառայ Մովսէսը որպէս ժառանգութիւն այն տուեց Ռուբէնի եւ Գադի ցեղերին եւ Մանասէի կէս ցեղին։ 7Սրանք են ամորհացիների թագաւորները, որոնց կոտորեցին Յեսուն եւ իսրայէլացիները Յորդանան գետի այն կողմում՝ Գաղաադի ծովեզրին, Լիբանանի դաշտում մինչեւ Ալոկ լեռը, որ բարձրանում է դէպի Սէիր, (Յեսուն Իսրայէլի ցեղերին իրենց բաժինների համեմատ որպէս ժառանգութիւն տուեց դրանք՝ 8լերան վրայ, դաշտում, Արաբայում, Ասեդոթում, անապատում, Նագեբում բնակուող քետացիների, ամորհացիների, քանանացիների, փերեզացիների, խեւացիների, գերգեսացիների, յեբուսացիների երկրները). 9Երիքովի թագաւորը, Բեթէլի մօտ գտնուող Գայիի թագաւորը, 10Երուսաղէմի թագաւորը, Քեբրոնի թագաւորը, 11Յերիմութի թագաւորը, Լաքիսի թագաւորը,12Եգլոնի թագաւորը, Գազերի թագաւորը, 13Դաբիրի թագաւորը, Գեսեմի թագաւորը, 14Հերմէի թագաւորը, Աբերի թագաւորը, 15Լոբնայի թագաւորը, Օդողոմի թագաւորը, 16Մակեդայի թագաւորը, 17Թափուայի թագաւորը, Օփերի թագաւորը, 18Նափէկի թագաւորը, 19Ասորի թագաւորը, 20Սամրոնի թագաւորը, Մառոնի թագաւորը, Ասքափի թագաւորը, 21Թանաքի թագաւորը, Մակեդդովի թագաւորը, 22Կեդէսի թագաւորը, Յեկնոմի Քերմել թագաւորը, 23Դորի Նափեդոր թագաւորը, Գելիմի Գելգել թագաւորը եւ 24Թերսայի թագաւորը։ Այս բոլոր թագաւորների թիւը քսանինն է։ 
13 Յեսուն ծերացել էր եւ տարիքն առել։ Տէրը ասաց Յեսուին. «Դու ծերացել ես եւ օրերդ անց ես կացրել, բայց շատ երկրներ են մնացել ժառանգելու։ 2Մնացած երկրները սրանք են. փղշտացիների բոլոր սահմանները, Գեսուրը եւ Քանանը. 3Եգիպտոսի դիմացի անշէն վայրից մինչեւ Ակկարոնի սահմանները աջ կողմում. քանանացիներին են պատկանում փղշտացիների հինգ թագաւորութիւնները՝ գազացիներինը, ազոտացիներինը, ասկաղոնացիներինը, գեթացիներինը, ակկարոնացիներինը եւ խեւացիներինը. 4Թեմանից՝ քանանացիների ամբողջ երկիրը, Գազան, Սիդոնը, մինչեւ Յափեկա, մինչեւ ամորհացիների սահմանները, 5եւ փղշտացիներից՝ ամբողջ Արաբա երկիրը եւ ամբողջ Լիբանանը արեւելքից, Ահերմոն լերան ստորոտի Գաղգաղայից մինչեւ Եմաթի մուտքը։ 6Բոլոր լեռնաբնակներին, Լիբանանից մինչեւ Մասերեփոթմայիմ, եւ բոլոր սիդոնացիներին ես կը կոտորեմ իսրայէլացիների առաջ։ Բայց դու դրանք բաժանի՛ր իսրայէլացիներին որպէս ժառանգութիւն, ինչպէս որ քեզ պատուիրեցի»։ 7Հիմա այս երկիրը որպէս ժառանգութիւն բաժանի՛ր ինը ցեղերին եւ Մանասէի կէս ցեղին. Յորդանան գետից մինչեւ Մեծ ծովը դէպի արեւմուտք կը տաս նրանց, եւ Մեծ ծովը սահման կը դառնայ։ 8Իսկ երկու ցեղերը՝ Ռուբէնի եւ Գադի ցեղերը, Մանասէի կէս ցեղի հետ ստացան իրենց ժառանգութիւնը, որ տուել էր Մովսէսը Յորդանան գետի այն կողմում, արեւելքում. Տիրոջ ծառայ Մովսէսը նրանց մէջ բաժանեց 9Առնոն հեղեղատի եզերքին գտնուող Արոյերից եւ ձորի մէջ գտնուող քաղաքից մինչեւ Դեբոն, նաեւ ամբողջ Միսորը, Մեդաբան, 10Եսեբոնում թագաւորող ամորհացիների արքայ Սեհոնի բոլոր քաղաքները, մինչեւ ամոնացիների սահմանները,11Գաղաադը եւ Գեսուրի ու Մաքաթիի սահմանները, ամբողջ Ահերմոն լեռը, ամբողջ Բասանաստանը, մինչեւ Սելքա, 12Բասանի մէջ ամբողջ թագաւորութիւնն Օգի, որ թագաւորում էր Աստարոթում եւ Եդրայինում։ Հսկաների մնացորդներից միայն սա էր մնացել, եւ Մովսէսը հարուածեց ու սպանեց նրան։ 13Բայց իսրայէլացիները չբնաջնջեցին գեսուրացիներին, մաքաթացիներին եւ քանանացիներին. եւ գեսուրացիներն ու մաքաթացիները բնակւում են Իսրայէլի մէջ մինչեւ այսօր։ 14Բայց Ղեւիի ցեղին բաժին եւ ժառանգութիւն չտրուեց, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածն է նրանց ժառանգութիւնը, ինչպէս նրանց ասել էր Տէրը։ Սրանք այն բաժիններն են, որ Մովսէսը բաժանեց իսրայէլացիներին Ռաբոթ Մովաբում, Յորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց։ 15Մովսէսը Ռուբէնի ցեղին ժառանգութիւն տուեց ըստ նրա տոհմերի, 16եւ նրանց սահմանները եղան Առնոն ձորի դիմացը գտնուող Արոյերը, Առնոն ձորում գտնուող քաղաքը, ամբողջ Միսորը17եւ Մեդաբան մինչեւ Եսեբոնը. նրանց բոլոր քաղաքները, որ Միսորում են, Դեբոնը, Բամոթբահաղը, Բաելմոթի տունը, 18Յասան, Կեդմոթը, Մեփայաթը, 19Կարիաթեմը, Սեբաման, Սարեթը եւ Սիորը Ենակ լերան վրայ, 20Բեթփագորը, Ասեդոթփասգան, Բեթսիմոթը եւ Միսորի բոլոր քաղաքները, 21ամբողջ թագաւորութիւնն ամորհացիների Սեհոն թագաւորի, որ թագաւորում էր Եսեբոնում։ Սրան, ինչպէս նաեւ Մադիամի իշխաններին՝ Եւիին, Րոկոմին, Սուրին, Ուրին, Ռոբէին եւ այդ երկրում բնակուող Սեհոնի մերձակայքի իշխաններին, ջարդեց Մովսէսը։ 22Նաեւ Բէորեան Բաղաամ վհուկին մի վայրկեանում սրով սպանեցին իսրայէլացիները։ 23Ռուբէնի սահմանը եղաւ Յորդանան գետը։ Այս է Ռուբէնի որդիների ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի, սրանք են նրանց քաղաքներն ու աւանները։ 24Մովսէսը բաժին տուեց նաեւ Գադի որդիներին ըստ իրենց տոհմերի։ 25Նրանց սահմանները եղան Յազերը, Գաղաադի բոլոր քաղաքները, ամոնացիների երկրի կէսը մինչեւ Արոյեր, որը Արաբայի դիմացն է, 26Եսեբոնից մինչեւ Մասփայի մօտի Հռամոթը, Բոտանիմը, Մանայիմը մինչեւ Դաբիրի սահմանները 27եւ Եմակում Բեթարամը, Բեթնամրան, Սոքովն ու Սափոնը եւ Եսեբոնի արքայ Սեհոնի մնացած թագաւորութիւնը։ Սահմանը Յորդանան գետն է մինչեւ Քեներեթի ծովեզերքը, Յորդանան գետի այն կողմը, դէպի արեւելք։ 28Այս է Գադի որդիների ժառանգութիւնը ըստ իրենց տոհմերի, նրանց քաղաքները եւ ագարակները։ 29Մովսէսը բաժին տուեց նաեւ Մանասէի կէս ցեղին, որը եղաւ Մանասէի որդիների կէս ցեղի կալուածքը ըստ իրենց տոհմերի։30Նրանց սահմանները եղան. Մանայէմից սկսած ամբողջ Բասանը, Բասանի արքայ Օգի ամբողջ թագաւորութիւնը, Յայիրի բոլոր աւանները, որոնք Բասանաստանում են, ընդամէնը վաթսուն քաղաք։31Իսկ Գաղաադի կէսը, Աստարոթը, Եդրայինը, Բասանաստանում Օգի թագաւորութեան քաղաքները տրուեցին Մանասէի որդի Մաքիրի որդիներին եւ Մանասէի կէս ցեղի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։32Սրանք են այն տեղերը, որ Մովսէսը ժառանգութիւն տուեց Յորդանան գետի այն կողմում, Մովաբի Ռաբոթ բնակավայրում, Երիքովի դիմաց՝ արեւելքում։ 33Ղեւիի ցեղին Մովսէսը ժառանգութիւն չտուեց, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածն ինքն է նրանց ժառանգութիւնը, ինչպէս ասել էր նրանց։









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

  • WISHES FOR ARMENIA
    It's natural game enclined stirre some GOOD SUMMAR...
    Автор: Walterbafbr
  • WISHES FOR ARMENIA
    good site: http://canpharm24.net , http://levcanph...
    Автор: Aswpat
  • WISHES FOR ARMENIA
    A buon mercato http://www.swisshistoricalsociety.o...
    Автор: LuqZek

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Виноград маринованный

Виноград маринованныйКисти некрупного спелого твердого винограда («мсхали» или «ача-баш») промыть,...

Ликерные вина

Ликерные винаЛикерные вина — вино марки «Аревшат» (типа «малаги») —...

Суп из красной фасоли (лобахашу)

Суп из красной фасоли (лобахашу)Фасоль перебрать, промыть, залить холодной водой,...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта