ՅՈԲ - 2

(30 голоса, среднее 3.77 из 5)
Индекс материала
ՅՈԲ
2
Все страницы


28 «Յայտնի է տեղը արծաթի, որտեղից այն հանւում է, եւ տեղը ոսկու, ուր այն զտւում է։ 2Երկաթը հողից է դուրս գալիս, պղինձն էլ քարի պէս տաշւում է։ 3Կարգ է սահմանել խաւարի համար. ինքն է ճշգրտում բոլոր ծիրերը՝ 4քարի, խաւարի, մահուան ստուերի, ինչպէս փոշուց է կտրում-բաժանում խրամն հեղեղատի։ Ով մոռանում է ճամփան ճշմարիտ, մարդկանց մէջ տկար պիտի լինի նա։ 5Գալով այս հողին՝ ապա այնտեղից է ելնում հացը. իսկ իր ընդերքը շուռ-մուռ է տրուած, ինչպէս կրակից։ 6Նրա քարերը շափիւղայ ունեն, իսկ հողը՝ ոսկի։7Շաւիղ կայ՝ երբեք ծանօթ չէ թռչնին,եւ ոչ էլ անգղի աչքն է այն տեսել,8ուր ոտք չի դրել մարդն ամբարտաւան, որտեղով առիւծ չի անցել անգամ։ 9Մարդ ձեռքն է գցել ապառաժներին, հիմքից սասանել բարձրաբերձ լեռներ։ 10Պատառոտել է գետի յորձանքներ։ Բոլոր պատուական այս բաները ես աչքովս եմ տեսել։ 11Գետերի խորքն է երեւան հանել, իր զօրութիւնը ցոյց տուել լոյսին։ 12Այդ որտեղի՞ց է իմաստութիւնը, եւ ո՞րն է տեղը խելք ու հանճարի։ 13Բայց մահկանացուն չգիտէ ուղին դէպ իմաստութիւն. չի էլ երեւում սա մարդկանց միջին։ 14Անդունդը ասաց. «Ինձ մօտ դա չկայ», իսկ ծովը ասաց. «Իմ խորքում չէ դա»։ 15Դրա փոխարէն գրաւ չի դրւում, ու չի կշռւում դրա գնով մէկ՝ որեւէ արծաթ։ 16Սոփերի ոսկու հետ չի դրուի այն նժարի վրայ, ոչ էլ պատուական եղնգաքարի ու շափիւղայի։ 17Չեն համեմատ նրա հետ ոսկի, ոչ էլ ապակի, ու չի ճարուի նրա գնով անօթ ոսկեղէն։ 18Բարձրութիւններ, խորութիւններ թող չյիշուեն է՛լ. խորքում է փռել Նա ճշմարտութիւնն։ 19Չի չափուի հետը եւ տպազիոնը այն եթովպացւոց, ոսկիների հետ չի դրուի երբեք նժարի վրայ։ 20Այդ որտեղի՞ց է իմաստութիւնը, եւ ո՞րն է տեղը խելք ու հանճարի։21Թաքնուած է այն բոլոր մարդկանցից, ծածկուած՝ երկնի ամէն թռչունից։ 22Կորուստը, մահը ասացին. «Շատ ենք մենք լսել նրա համբաւի մասին»։ 23Տէրը հեշտութեամբ պատրաստեց նրա ճանապարհները, քանզի նրա տեղն Ինքը լոկ գիտէ. 24Ինքը ամէն բան երկնքի ներքոյ տեսնում է անձամբ։ Գիտէ ամէն ինչ, որ ստեղծել է աշխարհի վրայ՝ 25կշիռը հողմի, չափը ջրերի, որ Ինքն է կարգել։ 26Նա Ինքն է տեսել ու մէկ-մէկ հաշուել։ Եւ ճանապարհ է սահմանել ամպի որոտման ձայնով։ 27Այն ժամանակ էլ տեսել է Ինքը իմաստութիւնը ու նրա մասին յայտնել է մարդուն.։ 28Պատրաստել, քննել ու ասել է Նա. « Աստուածպաշտութիւնն է իմաստութիւն, ու չարիքներից հեռու մնալը՝ խելացիութիւն»։ 
29 Յոբը նորից խօսեց ու ասաց. 2«Ո՞վ ինձ կը դարձնէր նախկին օրերիս, ամիսներին իմ, երբ պաշտպանում էր ինձ ինքը Աստուած, 3երբ լուսաւոր էր նրա ճրագը իմ գլխի վերեւ, երբ նրա լոյսով էի ընթանում խաւարի միջով, 4երբ զուարճութեան ճամփի մէջ էի,երբ Տէրն այցի էր գալիս իմ տունը, 5երբ լողում էի հարստութեան մէջ, շուրջս՝ ծառաներ,6երբ կարագով էր ճամփաս ողողուած, լեռներս կաթով էին ոռոգւում,7երբ առաւօտեան քաղաք դուրս գալիս՝ հրապարակում էր դրւում աթոռս։ 8Տեսնում էին ինձ երիտասարդներ եւ քաշւում էին, ու կանգնում էին ծերերը ոտքի։ 9Ընդհատում էին իրենց խօսքն անգամ մեծատունները, մատները դնում իրենց բերանին։ 10Ովքեր բան էին լսում իմ մասին՝ երանի տալիս, ու նրանց լեզուն քիմքին էր կպչում։ 11Զի ականջը, որ ունկնդրում էր ինձ, երնէկ էր տալիս, ինձ տեսնող աչքը մի կողմ էր շրջւում։ 12Զի աղքատին ես հզօրի ձեռքից էի ազատել ու օժանդակել անօգ որբուկին։ 13Կեանքից հեռացող մարդկանց օրհնանքը տեղում էր վրաս, այրու բերանը օրհնաբանում ինձ։ 14Արդարութեամբ էի զգեստաւորուել եւ իրաւունքը թիկնոցի նման գցել ինձ վրայ։ 15Կոյրին աչք էի եւ կաղ մարդուն՝ ոտք ու խեղճերին՝ հայր։ 16Դատ էի անում նրան, ում բնաւ չէի ճանաչում։ 17Անիրաւների ծնօտը ջարդում, յափշտակուածը խլում էի ես նրանց ժանիքից։ 18Ասում էի, թէ գուցէ տարիքս ծերութեան հասնի, արմաւենու պէս երկար ժամանակ կարենամ ապրել։ 19Ջրերի վրայ իմ արմատները լայն տարածուէին, ու ցօղն էլ հանգչէր իմ հնձի վրայ։ 20Ակնկալիքս ընդունայն եղաւ. իմ գործիքն, աղեղն իր ձեռքին՝ անցաւ նա։ 21Մարդիկ ինձ լսում ու անսում էին, խորհուրդներս տալիս՝ միշտ լռում էին, 22խօսքերիս չէին բան աւելացնում։ 23Խնդակցում էին, երբ որ հետները խօսում էի ես. սպասում էին նրանք իմ խօսքին, ինչպէս ծարաւ հողն՝ անձրեւի գալուն։24Երբ ես նրանց հետ ծիծաղում էի, չէին հաւատում, բայց չէր նուազում լոյսը իմ դէմքից։ 25Ինքս էի ընտրում բոլորի ուղին, զերթ իշխան նստում, զօրքի մէջ բազմում իբրեւ թագաւոր»։ 
30 «Ես, որ գրգանքով ամոքում էի, արդ յետին մարդիկ քամահրում են ինձ։ Խրատում են ինձ բոլորը մէկտեղ, որոնց հայրերին նախատում էի, որոնց հաւասար չէի համարի շներին անգամ ես իմ հովուական։ 2Իմ ինչի՞ն էր պէտք նրանց ձեռքերի զօրութիւնը փուչ։ 3Եկել է նրանց կեանքի վախճանը. կարօտութեան ու սովամահութեան մէջ են, անծնունդ։ Նրանք, որ երէկ անձկութիւնից ու թշուառութիւնից հէնց փախչում էին անջրդի վայրեր։ 4Նաեւ նրանք, որ խշխշան խոտով էին փաթաթւում, որոնց կերակուրն հէնց խոտն էր, որ կար։ 5Անարգներ նրանք, արհամարհուածներ, կարօտ մնացած ամէն բարիքի, նրանք, որ սովից ծառի արմատներ էին ծամծմում։ 6Գողերն են հիմա վեր կացել իմ դէմ, որոնց տները քարայրներն էին, 7ձայն էին տալիս արձագանքի մէջեւ ապրում էին չոր ճիւղերի տակ։ 8Զաւակներն էին անզգամների, որոնց անունը, ինչպէս եւ փառքը մարել են երկրում։ 9Հիմա քնար եմ դարձել ձեռքներին,եւ իմ մասին են նրանք բամբասում։ 10Հեռու մնացին՝ զզուելով ինձնից, եւ չքաշուեցին դէմքիս թքելուց, 11քանի որ Տէրն էլ կապարճը բացել, խոցոտել էր ինձ, սանձ գցել դէմքիս։ 12Վեր են կացել արդ ողջ սերունդներով, ոտքերն են պարզել ու ճամփայ ելել՝ յարձակուեն վրաս։ 13Ու խաչուել են ճամփաներս կորստաբեր ուղիների հետ նրանց։ 14Մերկացրեց Տէրն ինձ իմ պատմուճանից, խոցոտեց անձս իր սուր նետերով՝ մօտենալով ինձ, ինչպէս կամեցաւ։15Ախտերով եմ վարակուած. ցաւերս յետ են դարձել։ Քամու պէս անցաւ յոյսը ինձանից, եւ մշուշի պէս՝ իմ փրկութիւնը։ 16Հոգիս է լցուել բերնէ ի բերան։ Ինձ համակել են ցաւալից օրեր։ 17Գիշերը ոսկորներս են խաշւում. ջղերս են քայքայուել։ 18Տէրն իր զօրութեամբ ձեռքը գցել է իմ պատմուճանին ու պատմուճանիս ժապաւէնի պէս պատել է շուրջս։19Մի կաւի տեղ է ընդունում նա ինձ. հողն ու մոխիրն են բաժինս դարձել։ 20Քեզ դիմեցի ես, բայց չլսեցիր. կանգնեցին նրանք ու դիտեցին ինձ։ 21Իմ նկատմամբ դու անողորմ եղար. ինձ հզօր ձեռքովդ հարուածեցիր դու։ 22Ցաւի մէջ դրիր ինձ, զրկեցիր փրկութեան միջոցից։23Գիտեմ, որ մահը ինձ պիտի ջնջի,քանզի երկիրն է տունը ամենայն մահկանացուի։ 24Ու երանի թէ կարողանայի իմ հոգին կրթել եւ կամ ուրիշին խնդրել, աղաչել, որ նոյնը անէր։ 25Ես, որ հեծեծում ու ողբում էի դժբախտի վրայ,երբ տեսնում էի մարդուն վշտի մէջ։ 26Ես յոյս ունէի բարութիւն տեսնել, մինչդեռ չար օրեր են ինձ պատահել։ 27Իմ որովայնը եռեւեփում է ու չի հանդարտւում. թշուառ օրերն են հասել ինձ վրայ։ 28Պիտի շրջեմ ես նեղացած սրտով, անսանձ բերանով. ու հաւաքոյթի մէջտեղում կանգնած՝ ձայնս բարձրացնեմ։29Համբարուների եղբայր եմ դարձել, ջայլամին՝ ընկեր։ 30Սաստիկ սեւացել է մորթս հիմա, ու ոսկորներս այրուել են տօթից։ 31Քնարս է սուգ դարձել, սիրտս եւ երգս՝ լացուկոծի մէջ» 
31 «Դաշինք կնքեցի աչքերիս հետ ես, ու չնայեցին նրանք մի կոյսի։2Աստուած բաժին է հանել ինձ վերուստեւ բաւականին մեծ ժառանգութիւն՝ իր այն բարձունքից։ 3Անիրաւ մարդու կործանումը չէ՞ միթէ դա հէնց կամ վտարումը այն մարդկանց, ովքեր անօրէնութիւն են գործում կեանքում։ 4Ինքը չէ՞ միթէ, որ պարզ տեսնում է իմ ճանապարհը ու հաշուի առնում քայլերս բոլոր։ 5Թէ ծաղրողի հետ գնացած լինեմ, թէ իմ ոտքերը նենգութեան ճամփով շտապած լինեն6(բայց կշռուել եմ արդար կշեռքով, եւ գիտէ Տէրն իմ անմեղութիւնը),7թէ շեղուած լինի ոտքս ճիշտ ուղուց, սիրտս՝ ընթացած աչքիս յետեւից, թէ կպած լինեմ ձեռքով՝ կաշառքի, - 8ապա թող որ ես սերմանեմ, սակայն ուրիշներն ուտեն, ու ես անարմատ լինեմ երկրի վրայ։ 9Թէ գնացել է սիրտս ուրիշի կնոջ յետեւից, թէ դարանակալ եմ եղել իր տան դարպասների մօտ, - 10ապա թող կինս նոյնպէս հաճելի լինի ուրիշի, ու թող տառապեն իմ մանուկները. 11քանզի այլ մարդու կնոջ պղծելը անզուսպ բարկութեան է լոկ արժանի. 12կրակ կը վառուի իր մարմնի բոլոր անդամների մէջ. ո՛ր կողմն էլ հասնի՝ հիմքից կը ջնջի։13Իրաւունքն արդար թէ անտեսել եմ ես իմ ծառայի կամ իմ աղախնի, որ մօտ է եկել իմ դատաստանին, - 14ի՞նչ եմ անելու, եթէ հարցուփորձ անի ինձ Տէրը, կամ թէ դատ անի՝ ի՞նչ պատասխան եմ ես տալու նրան։15Չէ՞ որ ինձ նման նրանք էլ մի օր պտղաւորուել են ինչ-որ արգանդում. նոյն որովայնում ենք գոյացել մենք։ 16Իսկ այն խեղճին, որ կարիքի մէջ էր, արդեօք երբեւէ օգնութեան չեկա՞յ։ Թողեցի՞ արդեօք, որ այրու աչքերն ողբալուց մաշուեն։ 17Կամ թէ պատառս մենա՞կ կերայ ես ու չհանեցի՞ բաժին որբերին։ 18Իմ երիտասարդ օրերից հօր պէս սնունդ տուեցի, մօրս արգանդից ուղի ցոյց տուի։ 19Կորած մերկերին անտեսեցի՞ ես ու չհագցրի՞։ 20Չքաւորներն ինձ չօրհնեցի՞ն միթէ, նրանց թիկունքը խաշներիս բրդով էլ չտաքացա՞ւ։ 21Թէ որբի վրայ ձեռք եմ բարձրացրել՝ հաշուելով, թէ շատ են օգնականներս, 22ապա թող ուսս թափուի անրակից, իսկ բազուկս էլ պոկուի արմունկից. 23քանզի ինձ Տիրոջ սարսափն է պատել, ու նրա առաջ չեմ կարող կանգնել։ 24Եթէ հողիս մէջ ոսկի պահեցի, յոյս դրի ես թանկ քարերի վրայ, 25թէ ուրախացայ հարստութեանս վրայ անսահման, թէ անթիւ գանձի վրայ ձեռք դրի 26(չե՞նք տեսնում միթէ, որ լուսաւորող արեգակն անգամ հիւծւում է մի օր, լուսինը՝ մաշւում. այդ նրանցից չէ), 27եթէ գաղտնաբար սիրտս հրապուրուեց, թէ ձեռքս դրի բերանիս վրայ ու համբուրեցի, - 28թող այս բոլորն մեծ անօրէնութիւն դիտուեն ինձ համար, որ սուտ եմ եղել Բարձրեալ Աստծու՝ Տիրոջ առաջին։ Ուժ, կարողութիւն, խելք, իմաստութիւն Նրանից են լոկ։ 29Թէ ուրախացայ գետնին թաւալուող թշնամուս վրայ, եւ «վա՜շ» ասացի իմ սրտի խորքում, - 30թող ականջներս լսեն անէծքն իմ, թող արհամարհուեմ ու քամահրուեմ իմ ժողովրդից։ 31Եթէ իմ մասին աղախիններիս բազմութիւնն ասի՝ «Երանի՜ նրա մսով յագենանք», քանզի քաղցր էի ես նրանց համար 32(օտարը դրսում չէր օթեւանում. իմ դուռը բաց էր եկուորի առաջ), 33թէ թաքցրեցի ակամայ գործած ես իմ մեղքերը 34(չէի ամաչում ես բազմութիւնից, որ նրա առաջ չասէի դրանք), եթէ աղքատին ես դատարկ ձեռքով դուրս արի դռնից 35(երնէ՜կ լսէի, թէ Տիրոջ ձեռքը չի զարհուրեցրել), կամ եթէ մէկից առած մուրհակը,36իբրեւ մի պսակ ուսերիս դրած՝ կարդալով 37պատառ-պատառ չարեցի, յետ չդարձրի այն՝ ոչինչ չառնելով իմ պարտապանից, 38թէ իմ պատճառով հեծեծեց հողը, թէ ակօսները նրա լաց եղան, 39եթէ կերայ ես արդիւնքը նրա առանց վճարի, կամ տակնուվրայ արեցի հոգին հողի տէրերի, - 40ապա ցորենի փոխարէն եղինջ թող բուսնի այնտեղ, գարու փոխարէն՝ մորենի միայն»։ 
32 Յոբը դադարեց խօսելուց։ Այնուհետեւ նրա երեք բարեկամներն էլ լռեցին ու չխօսեցին Յոբի դէմ, որովհետեւ Յոբն արդար էր նրանց աչքին։ 2Բարկացաւ Բարաքիէլի որդի Եղիուս Բուզացին, Օստացիների աշխարհից, Արամի արենակիցներից. սաստիկ զայրացաւ Յոբի վրայ, քանի որ սա իրեն արդար էր ցոյց տալիս Տիրոջ առաջ։ 3Նա սաստիկ բարկացաւ նաեւ նրա երեք բարեկամների վրայ, քանի որ Յոբի պատասխանը չէին կարողացել տալ, նրա ամբարիշտ լինելը ցոյց չէին տուել։ 4Սակայն Եղիուսը յապաղեց Յոբի պատասխանը տալու, քանի որ միւսներն իրենից աւելի տարեց էին։ 5Տեսաւ Եղիուսը, որ այն երեք մարդկանց բերանում պատասխան չկայ, ու նրա բարկութիւնը բորբոքուեց։ 6Բարաքիէլի որդի Եղիուս Բուզացին նորից խօսեց ու ասաց. «Ես երիտասարդ եմ տարիքով, իսկ դուք՝ աւելի երէց։ Դրա համար ես լուռ եմ մնացել՝ վախենալով ինքս իմ իմաստութիւնն յայտնելուց։ 7Ասացի, թէ շատ տարեց մարդիկ են նրանք, որ խօսում են, ու տարիներից ի վեր ճանաչել են իմաստութիւնը։ 8Սակայն այդպէս էլ չէ. մարդիկ հոգի ունեն. Ամենակալի շունչն է, որ ուսուցանում է դրանք։9Միայն տարեց մարդիկ չէ, որ իմաստուն են, ոչ էլ ծերերն են միայն, որ ճշմարիտը գիտեն։ 10Դրա համար էլ ասացի. « Լսեցէ՛ք ինձ, ու ես կը յայտնեմ ձեզ, ինչ որ գիտեմ, ակա՛նջ դրէք իմ խօսքերին. 11կ՚ասեմ ի լուր ամենքիդ, մինչեւ որ քննէք խօսքերս, թէ ձեր չափ բան գիտեմ»։ 12Ահա ձեր մէջ ոչ ոք չկար, որ յանդիմանէր Յոբին, նրա խօսքերի պատասխանը տար։ 13Չլինի, թէ ասէք՝ Տիրոջ իմաստութեանը բան ենք աւելացրել։ 14Դուք էք մի մարդու համարձակութիւն տուել այսպիսի խօսքեր ասելու»։ 15Զարհուրեցին ու պատասխան չտուին այլեւս։ Բառերը պակասեցին նրանց։ 16Համբերեցին ու չխօսեցին, որովհետեւ մնացին առանց պատասխանի։ 17Եղիուսը նորից խօսեց ու ասաց.18«Դարձեալ խօսելու եմ, որովհետեւ լեցուն եմ խօսքերով, որովհետեւ շունչս իմ ներսում ինձ սպանում է, 19որովայնս տիկի մէջ դրուած ու կապուած նոր գինու պէս եռում է, կամ դարբինների փուքսի պէս ուռել է։ 20Շրթներս բաց անելով՝ խօսելու եմ, որ հանգստանամ. 21ոչ մէկից չեմ ամաչելու, մարդկանցից էլ չեմ պատկառելու, 22քանզի երեսպաշտութիւն անել չգիտեմ, այլապէս ցեցն ինձ կ՚ուտի»։ 
33 «Բայց դու, Յո՛բ, լսի՛ր խօսքերս, ակա՛նջ դիր իմ խօսքերին։ 2Ահա բաց եմ արել բերանս, ու խօսում է իմ լեզուն։ 3Սրտիս խօսքերն անարատ են, եւ իմ շուրթերի իմաստութիւնը յստակօրէն կ՚իմացուի։4Աստուածային հոգին է, որ ստեղծել է ինձ, եւ Ամենակալի շունչն է, որ ուսուցանում է ինձ։ 5Եթէ կարող ես՝ այս մասին տո՛ւր քո պատասխանը, ապա թէ ոչ համբերո՛ղ եղիր, 6դու ի՛մ դիմաց կանգնիր, ես էլ՝ քո։ Դու էլ, ինձ պէս, կաւից ես ստեղծուած. նոյն նիւթից ենք ստեղծուած մենք։ 7Արդ, թող իմ ահը չհամակի քեզ, ոչ էլ ձեռքս ծանրանայ թող քեզ վրայ։ 8Սակայն դու խօսեցիր իմ ականջին, ու քո խօսքի ձայնը լսեցի ես։ 9Ասացիր. «Մաքուր եմ ու չեմ մեղանչել, անարատ եմ, որովհետեւ անօրէնութիւն չեմ արել։ 10Մեղադրանքներ է բարդել ինձ վրայ Աստուած ու ինձ հակառակորդ համարել։ 11Կոճղի մէջ է դրել ոտքերս ու կապել բոլոր ճանապարհներս»։ 12Ինչպէ՞ս ես ասում, թէ արդար ես, ու Տէրը չի լսել քեզ։ Մինչդեռ յաւիտենական է Նա, որ մարդկանց վերեւում է։ 13Նաեւ ասում ես, թէ ինչո՛ւ իր ատեանում դեռ ականջ չի դրել քո բոլոր խօսքերին։ 14Մի անգամ է խօսում Տէրը, կամ երկրորդ անգամ՝ երազի միջոցով, կամ էլ գիշերային այցելութեամբ 15(երբ սաստիկ արհաւիրքներ են վրայ հասնում մարդկանց՝ անկողնում նիրհելիս, 16այն ժամանակ են մտքերը յայտնւում նրանց)։ 17Այդպիսի ահաւոր տեսիլքով է ահա, որ զարհուրեցրեց Աստուած նրանց՝ մարդուն անիրաւութիւնից յետ կանգնեցնելու եւ նրա մարմինը կործանումից փրկելու համար։ 18Նրա հոգին զերծ պահեց մահուանից, որպէսզի նա պատերազմում չընկնի։19Նաեւ կշտամբեց նրան անկողնային հիւանդութեամբ, ընդարմացում բերեց նրա բազմակոյտ ոսկորներին։ 20Թէեւ հոգին կերակուր պիտի տենչայ, բայց ինքը պիտի չկարողանայ ուտելու սնունդ ակնկալել,21մինչեւ որ մաշուեն նրա մսերը, ու սոսկ ոսկորները երեւան։ 22Նրա մարմինը մօտեցել է մահուան, կեանքը՝ գերեզմանին։ 23Եթէ մահաբեր հազար հրեշտակներ էլ լինեն, նրանցից ոչ մէկը նրան չի խոցի, 24թէ որ գիտակցի ու իր սրտով դառնայ դէպի Տէրը, խոստովանի մարդն իր մեղքերը, ցոյց տայ իր անմտութիւնը։ Այն ժամանակ Տէրը կը պաշտպանի նրան, որ մահուան գիրկը չընկնի։ 25Կը նորոգի մարմինը նրա, ինչպէս ծեփը պատի, ու ոսկորները նրա ծուծով կը լցուեն։ Կը փափկացնի մարմինը նրա, ինչպէս մարմինը մանկան, ու մարդկանց մէջ կը հաստատի նրան՝ երիտասարդացած։ 26Երբ Տիրոջն աղերսի, կ՚ընդունուի նրա կողմից, լուրջ դէմքով կը մտնի խոստովանութեան,քանի որ Աստուած արդարութեան համար կը հատուցի մարդկանց։ 27Ապա կը մեղադրի մարդն ինքն իրեն ու կ՚ասի. « Այդ ինչե՜ր էի անում ես, եւ իմ մեղանչումների համեմատ ըստ արժանւոյն Նա չպատժեց ինձ։ 28Փրկեց հոգիս, որպէսզի այն ապականութեան մէջ չմտնի, եւ որպէսզի կեանքս լոյսը տեսնի»։ 29Այս ամէնն ահա կատարում է մարդու նկատմամբ Ամենազօրը՝ երեք ճանապարհներով։ 30Հոգիս փրկել է մահից, եւ կեանքս լոյսի մէջ օրհնելու է նրան։ 31Ակա՛նջ դիր, Յո՛բ, լսի՛ր ինձ, կտրի՛ր ձայնդ, ու ես կը խօսեմ։ 32Եթէ բան ունես՝ պատասխա՛ն տուր ինձ, քանի որ ուզում եմ, որ արդարանաս։ 33Ապա թէ ոչ, դու ինձ լսի՛ր, կտրի՛ր ձայնդ, եւ քեզ իմաստութիւնը կ՚ուսուցանեմ»։ 
34 Եղիուսը նորից խօսեց ու ասաց. 2«Ո՛վ իմաստուններ, լսեցէ՛ք ինձ, եւ դուք՝ հանճարեղնե՛ր, ակա՛նջ դրէք. 3քանզի ականջն է քննում խօսքերը, իսկ կոկորդը կերակուրներ է ճաշակում։ 4Արդ, մենք մեզ համար ատեան ընտրենք ու մեր մէջ իմանանք, թէ ի՛նչն է բարի։ 5Յոբն ասաց. «Ես արդար եմ, բայց Տէրը մի կողմ նետեց իմ իրաւունքները,6արդար դատաստան չարեց իմ հանդէպ. սաստիկ է նետի յարուցած վէրքը,եւ ես անիրաւութիւն չեմ գործել»։ 7Արդ, կա՞յ մարդ, որ, Յոբի պէս, արհամարհանքն իբրեւ ջուր խմի, 8չմեղանչելով, ամբարշտութիւն չանելով,անօրէնութիւն անող մարդկանց գործերին չմասնակցելով՝ ընթանայ ամբարիշտների հետ։ 9Չասես՝ «Ոչ մէկին պատիժ վրայ չի հասնի, մինչդեռ այցը Տիրոջ կողմից է լինելու»։ 10Դրա համար էլ, սրտո՛վ հանճարեղներ, ի՛նձ լսեցէք։ Այնպէս չլինի թող, որ ես ամբարշտութիւն անեմ Տիրոջ հանդէպ ու Ամենակալի առաջ աղմկեմ, թէ արդար եմ ես։ 11Յուրաքանչիւր մարդու, ըստ նրա արարքների, կը հատուցի Նա,ըստ նրա վարքի կը փոխադարձի նրան։ 12Գուցէ Տիրոջ մասին մտածում ես, որ կարող է անկարգ բանե՞ր անել, կամ կը պղծի՞ իրաւունքն Ամենակալը, նա, որ երկիրն է ստեղծել։ 13Այն ո՞վ է, որ ստեղծել է երկնքի ներքոյ ու միջոցի մէջ եղած ամէն բան։ 14Եթէ կամենար սահմանափակել եւ հոգին յետ իր մէջ պահել,15առհասարակ ամէն մարմին վերջ կը գտնէր, ամէն մարմին կը դառնար հող, որից որ ստեղծուել էր։ 16Իսկ եթէ չես խրատուել, սա՛ էլ լսիր, ակա՛նջ դիր խօսքիս ու բառերիս։ 17Չե՞ս մտածում, որ նա, ով ատել է անիրաւութիւնը, խորտակել է նաեւ չարիքը. արդարները յաւիտեան են ապրում։ 18Ամբարիշտ է նա, ով թագաւորին ասում է՝ անիրաւ ես դու, իսկ իշխաններին համարում է է՛լ աւելի ամբարիշտ։19Նա չի պատկառել մեծապատիւ մարդկանցից, աւելի պատիւ չի ընծայել երեւելի մարդկանց, քան աղքատներին։ 20Ի զուր կը լինի նրանց՝ ուրիշներին ձայն տալն ու աղերսելը, որովհետեւ անօրէնութեամբ են շարժուել՝ խեղճերին էլ խոտորեցնելու համար.21քանզի Տէրն ինքը տեսնում է մարդկանց արարքները, ինչ որ սրանք արել են. նրանից ոչինչ ծածուկ չի մնում։ 22Եւ թաքնուելու տեղ չեն ունենայ նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում, 23որովհետեւ մարդու վրայ ոչինչ չի դնելու բացի իրաւունքից, որովհետեւ Տէրը տեսնում է ամէն ինչ, 24քննում, վերահասու է լինում անքննելի, փառաւոր ու հրաշակերտ բաների, որ թիւ ու համար չունեն։ 25Ինքն է, որ ճանաչում է նրանց գործերը եւ մի գիշերում տապալելու նրանց, ու խորտակուելու են։ 26Խաւարեցրել է ամբարիշտներին, եւ սրանք մատնուել են իրենց թշնամիների ձեռքը։ 27Արդարեւ, նրանք շեղուել են Աստծու արդար օրէնքից, նրա կարգն ու կանոնը չեն ճանաչել։ 28Չեն հասցրել նրան աղաղակը տնանկի, բայց աղքատի բողոքը նա լսելու է։ 29Թէ ինքը լռութիւն պահի՝ ո՞վ է դատապարտելու, թէ դէմքը ծածկի՝ ո՞վ է նրան տեսնելու։ 30Ժողովրդի խստասրտութեան պատճառով ազգերի ու մարդկանց վրայ կեղծաւորին է թագաւոր կարգելու։ 31Մէկն ասելու է Ամենազօրին. « Առել ու գրաւել եմ առանց քեզ. 32թէ անիրաւութիւնս տեսել ես՝ ցո՛յց տուր ինձ, իսկ եթէ անօրէնութիւն եմ արել՝ այլեւս չեմ անի»։ 33Մի՞թէ մէկը քեզնից դա պահանջելու է, որ դու մերժում ես։ Դու ես ընտրել, ոչ թէ ես, իսկ եթէ մի բան գիտես՝ ասա՛։ 34Դրա համար սրտով իմաստունները,նոյնպէս եւ ամէն խելացի մարդ, որ լսում է դա, պիտի ասի. 35«Բայց Յոբն իմաստութեամբ չխօսեց, եւ նրա խօսքերը խելացի չեն»։ 36Բայց հաշուի՛ առ, Յո՛բ, եւ անզգամի պէս մի՛ պատասխանիր դեռ, 37որպէսզի ձեր մեղքերը չաւելացնէք. Տիրոջ առաջ շատ բան խօսելն անօրէնութիւն է համարուելու ձեզ համար»։ 
35 Եղիուսը նորից խօսեց ու ասաց. 2«Այդ ի՞նչն ես իրաւունք համարել,3դու ո՞վ ես, որ ասում ես. « Արդար եմ Տիրոջ առաջ», կամ՝ «Մեղանչեցի, ի՞նչ անեմ»։ 4Կը պատասխանեմ քեզ ու երեք բարեկամներիդ. 5երկնքի՛ն նայիր ու տե՛ս, նկատի՛ր ամպերը. քեզնից որքա՜ն բարձր են։ 6Եթէ մեղք ես գործել, ի՞նչ ես անելու, ու եթէ բազում անիրաւութիւններ ես կատարել, ի՞նչ կարող ես անել։ 7Արդ, եթէ արդար ես, ի՞նչ ես տալու Նրան, կամ ինքն ի՞նչ է ստանալու քո ձեռքից։8Ամբարշտութիւնդ՝ քեզ նման մարդկանց, արդարութիւնդ էլ՝ մարդու որդիների համար օգուտ չունեն։ 9Շատերի կողմից զրպարտուածները կ՚աղաղակեն, ձայն կը բարձրացնեն շատերի բռունցքի պատճառով։10Սակայն մէկը չի ասել. « Ո՞ւր է Աստուած, որ այս ամէնն ստեղծել է, որ կարգում է գիշերային պահակութեան ժամերը, 11որ ինձ զատում է երկրի չորքոտանիներից ու երկնքի թռչուններից»։ 12Այն ժամանակ ձայն կը տան, բայց չես լսի, որովհետեւ ինչ որ պատահում է, տեղի է ունենում չարերի ամբարտաւանութիւնից։ 13Տէրը չի ուզում անկարգութիւններ տեսնել,որովհետեւ Ամենակալն ինքը տեսնում է բոլորին, ովքեր անօրէնութիւն են գործում. իսկ ինձ կը փրկի։ 14Խնդիրքդ ներկայացրո՛ւ նրան, եթէ կարող ես գովել նրան այնպէս, ինչպէս որ նա կայ։ 15Եւ արդ, քանի որ չկայ մէկը, որ կրել է նրա բարկութիւնը, մէկը, որ գիտակցել է իր ծանր մեղքերը, - 16ապա ուրեմն Յոբն էլ զուր է բացում բերանը եւ իր անգիտութեամբ ծանրացնում խօսքերը»։ 
36 Եղիուսը նորից խօսեց ու ասաց. 2«Ինձ դեռ մի փոքր բան է մնում, որ քեզ սովորեցնեմ այն, ինչ դու չգիտես,քանի որ մէջս դեռ ունեմ խօսքեր, 3որ միտքս ընկալել է հեռուից-հեռու։ 4Արդարօրէն ասելու եմ ճշմարիտ բաներ եւ ոչ թէ լսուած անիրական ու դատարկ խօսքեր։5Իմացի՛ր, որ Տէրը չի մերժում անմեղին. հզօր է իր զօրութեամբ.6ամբարշտի կեանքը չի խնայելու եւ պաշտպանելու է աղքատի իրաւունքը։ 7Իր աչքը չի դարձնելու արդարից, եւ ով որ իր առաջ գտնուի՝ թագաւորների հետ գահի վրայ է լինելու. նրանց հաստատապէս նստեցնելու է, եւ նրանք բարձրանալու են։ 8Իսկ չարերը, ձեռնակապերով կաշկանդուած, թշուառութեան պարաններով են կապկպուելու։ 9Նրանց յայտնելու է իրենց արարքները, նաեւ յանցանքները, որ սաստկացել են։ 10Լսելու է արդարին ու ասելու է, որ յետ կանգնեն անիրաւութիւնից։ 11Եթէ լսեն ու իրեն ծառայեն, իրենց օրերը բարիքների մէջ են աւարտելու, տարիները՝ շքեղութեան մէջ։12Բայց ամբարիշտներին չի ապրեցնելու, որովհետեւ նրանք չուզեցին Տիրոջը ճանաչել, որովհետեւ խրատուել էին, բայց չէին հնազանդուել։13Սրտով կեղծաւորներն իրենց հանդէպ զայրոյթ են գրգռելու, ճիչ ու աղաղակ չեն բարձրացնելու, որովհետեւ Տէրը կապել է նրանց։14Նրանք երիտասարդ տարիքում են մեռնելու, նրանց կեանքը խոցոտուելու է մահուան հրեշտակների կողմից 15այն բանի համար, որ խեղճին ու անզօրին են նեղել։ Տէրը բարձրացնելու է հեզերի իրաւունքները. 16քեզ էլ փրկեց թշնամու երախից։ Քո տակ գտնուող անդնդից ազատեց քեզ ու առաջդ պարարտութեամբ լի սեղան դրեց։17Չի պակասելու արդարների ուղիղ դատաստանը, բայց զայրոյթ է իջնելու ամբարիշտների վրայ 18անօրէն կաշառքի համար, որ ընդունում էին անիրաւութեամբ։ 19Թող քո միտքը կամովին երես չդարձնի խնդրանքներից, երբ տկարները ցաւի մէջ են։ Զօրութեամբ բոլոր օժտուածներին առաջ չտանես գիշերը, 20որպէսզի ժողովուրդը նրանց փոխարէն դուրս չգայ։ 21Այլ զգո՛յշ եղիր, գուցէ անպատեհ բաներ անես, որովհետեւ նրան փրկել ես աղքատութիւնից։ 22Ահա Ամենազօրը կը զօրացնի իր զօրութեամբ, որովհետեւ այն ո՞վ է, որ նրա պէս ուժեղ է,23կամ այն ո՞վ է, որ քննում է նրա գործերը, կամ այն ո՞վ է, որ կ՚ասի. « Ինչ որ արել է, անիրաւութեամբ է արել»։ 24Յիշի՛ր, շա՜տ մեծ են նրա գործերը, որ սկսել են գովերգել արդար մարդիկ։ 25Ամէն մարդ անձամբ է տեսել, թէ որքա՛ն են մարդիկ խոցոտուած։ 26Ահա, Ամենազօրը շատ մեծ է, բայց մենք չենք իմանայ. նրա տարիների համրանքն անսպառ է։27Նա հաշուել է անձրեւի շիթերը, եւ սրանք անձրեւի տեսքով կը լցուեն ամպերի մէջ։ 28Երկնքի ամպերը կը յորդեն։ Ամպերը հովանի է դարձրել անթիւ մարդկանց. դրանք մէգ են դարձել մարդկանց վրայ։ Ժամանակ է սահմանել անասունների համար, եւ դրանք գիտեն ծնելու կարգը։ Այս բոլորի վրայ զարմացած չէ՞ քո միտքը, չի՞ դողում սիրտդ կրծքիդ տակ, քանի որ Նա կատարել է մեծ-մեծ բաներ, որ մենք չգիտէինք։ Հրամայում է ձիւնին՝ «Իջի՛ր լերան վրայ», նաեւ ձմեռային անձրեւներին, որ ցոյց տան իրենց զօրութիւնը։ Ամէն մարդու միջոցով է վկայում այս բոլորը, որպէսզի իւրաքանչիւր ոք իմանայ իր թոյլ լինելը։29Իսկ դու կ՚իմանա՞ս ամպերի սփռուելը կամ նրա վրանի չափերը։30Ահա ճանապարհով մէկ լոյս է գցել դրա վրայ եւ ծովի խորքերն է ծածկել, 31որպէսզի դրանցով դատի ժողովուրդներին, կերակուր պարգեւի զօրացածին։ 32Ձեռքերով լոյսն է ծածկել ու հրահանգ տուել, թէ ե՛րբ պէտք է դա լինի։ 33Իր բարեկամներին կը պատմի դրա, ինչպէս նաեւ ինչքերի ու անիրաւութեան մասին»։ 
37 «Ու դրա վրայ խռովուել է սիրտս, շարժուել իր տեղից։ 2Լսի՛ր Տիրոջ սրտմտութեան ու զայրոյթի լուրը. նրա բերանից խորհուրդ է դուրս գալու։ 3Ամէն ինչ նրա երկնային իշխանութեան տակ է, իսկ նրա լոյսը՝ երկրի ծագերի վրայ։ 4Նրա յետեւից մի ձայն է գոչելու, որոտալու է իր բարձր ձայնով եւ դրանք ուրիշներով չի փոխանակելու, որ լսելի դարձնի ի՛ր ձայնը։ 5Ամենազօրը որոտալու է սքանչելի ձայնով, քանի որ կատարել է մեծամեծ բաներ, որ մենք չգիտենք։ 6Հրամայել է ձիւնին՝ «Իջի՛ր լերան վրայ», նաեւ ձմեռային անձրեւներին, որ ցոյց տան իրենց զօրութիւնը։ 7Խափանում է ամէն մարդու ձեռքի գործը, որպէսզի իւրաքանչիւր ոք իմանայ իր թոյլ լինելը։ 8Գազաններն իրենց որջերն են մտել, խշտիներով ծածկուել։ 9Հարաւային քամու շտեմարաններից խորշակ է դուրս գալիս, բարձրաւանդակներից՝ ցուրտ, 10եւ Ամենազօրի շնչից սառնամանիք է սփռուելու։ 11Ուղղութիւն է տալիս ջրերին, ինչպէս կամենայ, խիտ ամպերը ցիրուցան է անելու։ 12Մէգը ցրելու է նրա լոյսը, իսկ ինքը դարձնելու է շրջանակները։ Ուր որ կամեցել՝ տնօրինել է դրանց գործը եւ այն ամէնը, ինչ կը հրամայի նրանց։ Սրանք երկրի վրայ կարգուած են իր կողմից՝ 13խրատի համար լինի թէ երկիւղ գցելու կամ ողորմութեան համար, եւ բոլորը կը գտնեն Նրան։ 14Ակա՛նջ դիր սրան, Յո՛բ, եկ խրատուի՛ր Տիրոջ զօրութեամբ։ 15Գիտենք, որ Աստուած տնօրինել է իր գործերը. լոյսն է ստեղծել խաւարի մէջ։16Գիտէ ամպերի էութիւնը։ Չարագործների յանցանքներն արհաւիրք են։ 17Ինչո՞ւ է պատմուճանդ տաքանում, երբ երկիրը հանգստանում է հարաւային հողմից։ 18Այդ Տէրն է հաստատել երկինքը եւ նրա մէջ գտնուող ջրալի ամպերը, որոնք իր զօրութեամբ ցած է թափում։ 19Բայց հէնց ինչո՞ւ, դէ հասկացրո՛ւ ինձ, ի՞նչ ենք ասելու նրան, ու ապա դադարենք շատ բաների մասին խօսելուց։ 20Միթէ մօտս մատեա՞ն կայ,կամ դպի՞ր է կանգնած, որ մարդկանց գրածը լինելով՝ լռեցնեմ։21Ամէն մարդու չէ, որ լոյսը տեսանելի է. փայլածուն ամպերի մէջ է, ինչպէս որ լոյսը՝ ամպերի վերեւում։ 22Հիւսիսից ոսկեճաճանչ ամպերն են. սրանց համեմատութեամբ մեծ են Ամենակալի փառքն ու պատիւը։23Չգիտենք մենք նրա զօրութեանը նմանուող ուրիշ ոչ ոքի, որ արդար դատելիս լինի, եւ դու պէտք չէ՞ որ լսես նրան։ 24Դրա համար են մարդիկ նրանից երկիւղ կրում. նրանից վախենում են նաեւ սրտով իմաստունները»։ 
38 Երբ Եղիուսը դադարեց խօսելուց, Տէրն ասաց Յոբին՝ փոթորկի ու ամպի միջից. 2«Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խօսքերը հաւաքելով իր սրտում՝ կարծում է, թէ ինձնից պահում է դրանք։ 3Տղամարդու պէս պնդացրո՛ւ մէջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ։ 4Որտե՞ղ էիր դու, երբ ես երկրի հիմքերն էի գցում։ Ասա՛ ինձ, եթէ խելամիտ ես ու իմաստուն։ 5Ո՞վ է սահմանել դրա չափը, եթէ գիտես, կամ ո՞վ է լար գցել դրա վրայ։ 6Ինչի՞ վրայ է հաստատուել օղակը դրա, ո՞վ է դրել անկիւնաքարը դրա։ 7Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակները մեծաձայն օրհնեցին ինձ, իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին։ 8Ծովը փակեցի դարպասներով, երբ այն իր մօր որովայնից ծնուեց դուրս եկաւ։ 9Մէգը նրան իբրեւ հանդերձ սահմանեցի, մառախուղը՝ իբրեւ խանձարուր։10Սահմաններ դրեցի նրա համար՝ փականքներ ու դարպասներ, եւ ասացի. 11«Կը գաս մինչեւ այդ վայրն ու այլեւս առաջ չես անցնի». այդտեղ, քո մէջ կը խորտակուեն ալիքները քո։ 12Թէ քո՞ կողքին կարգեցի լոյսն առաւօտեան։ 13Արուսեակը տեսաւ իր համար սահմանուածը՝ հասնել երկրի թեւերի վրայ, թափ տալ ամբարիշտներին դրա վրայից։ 14Կամ թէ դո՞ւ ես, որ կաւն առնելով ստեղծեցիր կենդանի արարածին եւ, խօսուն, զետեղեցիր երկրի վրայ։15Մերժեցի՞ր լոյսն ամբարիշտներին, խորտակեցի՞ր բազուկներն ամբարտաւանների։ 16Հասա՞ր ծովի ակունքին, շրջեցի՞ր խորքերն անդունդների։ 17Քո առաջ ահով բացուելո՞ւ են դռները մահուան. դժոխքի դռնապանները սարսելո՞ւ են քեզ տեսնելով։ 18Վերահասու լինելո՞ւ ես երկնքի ներքոյ եղած տարածութեան. ասա՛ ինձ տեսնեմ՝ որքա՞ն է այն։ 19Ո՞րն է այն երկիրը, ուր լոյսն է օթեւանում, կամ ո՞րն է տեղը խաւարի։ 20Տանելո՞ւ ես ինձ նրա սահմաններին, եթէ գիտես ճանապարհները դրանց։ 21Գուցէ գիտե՞ս կամ ա՞յն ժամանակներում ես ծնուել. քո օրերը բազո՞ւմ են։ 22Գնացե՞լ ես շտեմարանները ձեան, կամ տեսե՞լ ես պահեստները կարկտի։ 23Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրայ հասնելու, մարտի ու պատերազմի օրուայ համար։24Որտեղի՞ց է դուրս գալու եղեամը, կամ տարածուելու է հարաւային հողմը երկնքի ներքոյ։ 25Ո՞վ է պատրաստել սաստիկ անձրեւների հոսանքները 26եւ ճանապարհներն ամպրոպների,որ տեղան երկրի վրայ, 27ուր անմարդաբնակ անապատում ոչ ոք չկայ, որ յագեցնի անկոխ ու անշէն հողը, այնտեղ բխեցնի բոյսը դալար։ 28Ո՞վ է հայրն անձրեւի, եւ ո՞վ է, որ ծնունդ է տուել ցօղի շաղերին։ 29Ո՞ւմ արգանդից է դուրս գալիս սառոյցը, 30եւ ո՞վ է երկնքում եղեամ ծնել, որ ջրի պէս հոսելով իջնում է. ո՞վ է հալեցնում երկնքի երեսը։ 31Վերահասու եղե՞լ ես Բազմաստեղեանի կարգին, բացե՞լ ես քօղը Հայկ համաստեղութեան։ 32Կամ Մազարոթը կարո՞ղ ես բացել իր ժամանակին, Գիշերավարն իր շառաւիղներով հանդերձ կարո՞ղ ես տանել նրանց հետ։ 33Կ՚իմանա՞ս երկնքի բարեշրջութիւնները կամ առհասարակ երկնքի ներքոյ տեղի ունեցածները։ 34Ձայնովդ կը կանչե՞ս մէգը. նա էլ, սարսուռով համակուած, ջրի յորդութեամբ կը լսի՞ քեզ։35Շանթեր կ՚արձակե՞ս, ու կը սլանա՞ն դրանք. եւ կ՚ասե՞ն քեզ՝ թէ ինչ է սա։ 36Ո՞վ է կանանց տուել ոստայնանկութեան հմտութիւն ու երփներանգ գործուածքներ ստեղծելու շնորհ։ 37Ո՞վ է հաշւում ամպերն իմաստութեամբ։ Ո՞վ է խոնարհեցրել երկինքը երկրի վրայ, 38հողը փոշու պէս թափել։ Ես եմ կպցրել դա, ինչպէս խորանարդ քարերը՝ իրար։ 39Կերակուր կ՚որսա՞ս առիւծների համար, վիշապների մարմինը կը կշտացնե՞ս,երբ դրանք կուչ են եկած։ 40Սարսելու են իրենց խշտիներում ու դարանակալ նստելու մայրիների անտառում։ 41Ո՞վ է ագռաւների համար կեր պատրաստել, որ նրանց ձագերը ձայները Տիրոջն ուղղեն, մոլորուած՝ ուտելիք խնդրեն։ 
39 Գիտես քարայծների ծննդաբերութեան ժամանակը կամ լաւ հետե՞ւլ ես եղնիկների երկունքին։ 2Կարո՞ղ ես լրիւ թուել նրանց ծնելու ամիսները, կարո՞ղ ես մեղմացնել երկունքը նրանց։ 3Առանց երկիւղի կարո՞ղ ես կերակրել նրանց ձագերին, նրանց զերծ պահել երկունքի ցաւերից։ 4Ազատութիւն կ՚ունենան նրանց ձագերը, ծնելով՝ կը բազմանան, դուրս կը գան ու այլեւս չեն վերադառնայ։ 5Ո՞վ է վայրի էշին բաց թողել ազատ, ո՞վ է արձակել կապանքները նրա։ 6Նրան իբրեւ կայան սահմանել եմ առապարները, իբրեւ բնակավայր՝ աղուտները։ 7Ծաղրում է նա քաղաքների խաժամուժին ու չի լսում մեղադրանքներն հարկահանների։ 8Դիտում է իր լեռնոտ արօտավայրերը ու շրջում է՝ ամէն դալարիք փնտռելու։ 9Միեղջերուն յօժար կը լինի՞ ծառայելու քեզ կամ հանգստանալու քո մսուրի մէջ։10Չուանով նրան լուծ կը կապե՞ս, կամ նա ակօս կը քաշի՞ քո դաշտում։11Յոյսդ կը դնե՞ս նրա վրայ, քանի որ նրա զօրութիւնը մեծ է, եւ նրան կը թողնե՞ս գործերդ քո բոլոր։ 12Կը հաւատա՞ս, որ սերմանուելիքներդ հատուցելու է ու հաւաքելու քո կալում։ 13Գեղեցիկ են թռչող նէեղասների թեւերը. եթէ ասիդն ու նէեսանէլ բեղմնաւորւում են, արժէ տեսնել, 14որովհետեւ նէեսան իր ձուերը գետին է դնում, հողով տաքացնում է 15ու մոռանում, թէ ոտքի տակ ցրիւ կը գան, եւ անապատի գազանները կը կոխոտեն դրանք։ 16Հեռանում է նա իր ձագերից, կարծես իրենը չլինեն դրանք. իր վաստակի կորստեան վախը չունի նա, 17որովհետեւ Աստուած նրանից վերցրել է իմաստութիւնը եւ խելքի բաժին չի տուել նրան։ 18Բայց երբ դէպի վեր ու բարձունքներ բարձրանայ,կը ծիծաղի երիվարի ու հեծեալի վրայ։ 19Դո՞ւ ես միթէ օժտել ձիուն զօրութեամբ, 20պարանոցին զրահ հագցրել, վրան սպառազինութիւն գցել, նրա լանջը փառաւոր դարձրելու խիզախութիւն տուել նրան։ 21Որոտում է դաշտում ու դոփում, զօրութեամբ դուրս է գալիս դաշտ։ 22Երբ նետերի է հանդիպում, արհամարհում է, թրի առաջ էլ չի նահանջում նա։ 23Նրա վերեւում շողշողում են աղեղն ու սուրը, շարժւում՝ վահանն ու նիզակը։ 24Իսկ ինքը բարկութեամբ գետինն է փորփրում։ Չի հաւատում մինչեւ փողը չհնչի։ 25Իսկ երբ հնչում է փողը, «վա՜շ-վա՜շ» է կանչում։ Հեռուից է առնում պատերազմի հոտը՝ սուրալով ու փնչացնելով։ 26Քո խելքի՞ց է որ բազէն թեւերը տարածելով կանգնած է մնում օդում՝ անշարժ դիտելով հարաւի կողմը, 27կամ քո՞ հրամանով է արծիւը բարձրանում, իսկ անգղն էլ քարանձաւներում ու ծածուկ տեղերում նստում հանգստանում է իր բոյնի վրայ, 28մնում է այնտեղ ու կեր է փնտռում։29Նրա աչքերը դիտում են հեռուից, 30իսկ նրա ձագերը զոհի արեան մէջ են թաթախուած։ Ուր որ դիակ գտնեն՝ իսկոյն այնտեղ են յայտնւում»։31Եւ Տէր Աստուած խօսեց ու Յոբին ասաց. 32«Միթէ մէկը պիտի կարողանա՞յ իմ դատաստանը ծռել, պիտի յանդիմանի՞ Աստծուն ու նրա առաջ պատասխա՞ն պիտի տայ»։ 33Յոբը նորից խօսեց ու Տիրոջն ասաց. 34«Էլ ինչո՞ւ դատ անեմ դեռ, կշտամբեմ ու յանդիմանեմ։ Տիրոջից եմ լսում այդ բաները ես։ Ոչնչութիւն եմ, ի՞նչ պատասխան պիտի տամ ես այդ մասին. միայն պիտի պապանձուեմ։ 35Բերանս բացի մի անգամ արդէն, էլ երկրորդ անգամ բան չեմ աւելացնի»։ 
40 Տէրը ամպերի միջից նորից խօսեց ու ասաց Յոբին. 2«Այդպէս չէ. տղամարդու պէս պնդացրո՛ւ մէջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ։ 3Մի կողմ մի՛ նետիր իմ դատաստանը ու մի՛ մտածիր, թէ ես քեզ այլ ազդարարութեամբ չեմ յայտնուել, քան այնպէս, որ դու արդար երեւաս։ 4Թէ՞ կարծում ես, որ Տիրոջ հետ նոյն բազուկն ունես կամ նրա հետ նոյն ձայնով ես որոտում։ 5Դէ ուրեմն, բարձր կեցուածք ընդունի՛ր, զօրութիւն, փառք ու պատիւ ա՛ռ վրադ։6Սուրհանդակնե՛ր ուղարկիր բարկութեամբ, խոնարհեցրո՛ւ բոլոր գոռոզներին, խոնարհեցրո՛ւ-սառեցրո՛ւ ամբարտաւաններին։7Անմիջապէս խորտակի՛ր ամբարիշտներին, 8առհասարակ բոլորին հողի մէջ ծածկի՛ր իսպառ, նրանց երեսներն անարգանքո՛վ ողողիր։9Համաձայնուե՞մ արդեօք, որ աջդ կարող է փրկել։ 10Իսկ ահա քո առաջն է, որովհետեւ գազաններն արջառի պէս խոտ են ճարակում։11Ահա նրա ուժը մէջքին է, զօրութիւնը՝ որովայնի պորտի շուրջ։ 12Իր պոչը նոճու պէս տնկել է, 13ջլերն իրար են հիւսուած, կողերը պղնձից են, ողնաշարը՝ ձոյլ երկաթից։ 14Տիրոջ արարածների սկիզբը նա է՝ խաղալիք դարձած հրեշտակների ձեռքին։ 15Ապառաժ լերան վրայ հասնելով՝ տարտարոսում չորքոտանիների խրախճանք է սարքել։16Տեսակ-տեսակ ծառերի տակ է քուն մտնում՝ շամբի, եղէգի ու կնիւնի տակ։ 17Նրա գլխաւերեւում հովանի են դառնում մեծամեծ ծառեր՝ անտառով մէկ, եւ բարդու սիւները։ 18Հեղեղ էլ լինի՝ նա չի զգայ։ Անձնապաստան է. եթէ Յորդանան գետն էլ դէպի իր բերանը դիմի՝19իր ակնակապիճների մէջ կ՚առնի այն։ 20Եթէ վիշապը խոյս տայ, կը ծակե՞ս նրա ռունգերը։ Կարո՞ղ ես կարթով բարձրացնել նրան, նրա դնչին պախուրց կը դնե՞ս։ 21Թէ՞ շղթայ կը կապես նրա քթին։ Սանձ կ՚անցկացնե՞ս նրա կզակին։ 22Քեզ հետ կը խօսի՞ հեզութեամբ, քաղցր լեզուով։ Հետդ ուխտ կը դնի՞։ 23Նրան քեզ իբրեւ յաւիտենական ծառայ կը նուաճե՞ս։ 24Նրա հետ կը խաղա՞ս, ինչպէս թռչնի հետ, կամ ձագի պէս թելով կը կապե՞ս նրան։ 25Ազգեր կը կերակրուեն նրանով, եւ փիւնիկեցիների տոհմերը նրան իրենց մէջ կը բաժանեն։ 26Բոլոր նաւաստիները, մի տեղ հաւաքուելով, նրա պոչից մի թեփ անգամ չեն վերցնի. նրա գանգը ձկնորսների նաւերում է։ 27Հէնց որ ձեռքդ վրան դնես՝ կը մտաբերես այն պայքարը, որ տեղի է ունենալու նրա մարմնի մէջ. ու այլեւս չես անի։ 28Չես տեսել դու նրան, ոչ էլ կը զարմանաս իմ ասած այս խօսքերի վրայ։ 
41 Չես երկնչի, որովհետեւ ես եմ այդ բոլորը պատրաստել։ Բայց ո՞վ է, որ ինձ պիտի հակառակուի, կամ ո՞վ է, որ ինձ պիտի դիմադարձի ու դիմանայ, 2երբ այն ամէնը, ինչ որ կայ երկնքի ներքոյ, իմն է։ 3Յանուն նրա՝ վիշապի, ես չեմ լռելու։ Նրա գործն ուժեղ լինելով՝ խղճալու են նրա զուգընկերոջը։ 4Ո՞վ կը մերկացնի նրա երեսի քօղը, եւ ո՞վ կը մտնի նրա փակ պատեանից ներս, 5ո՞վ բաց կ՚անի նրա երախի դռները։ Ահն է իշխում նրա ատամների շուրջ-բոլորը. 6փորը պղնձէ վահան է, յօդերը՝ սուր-սուր քարեր, մէկը միւսի յետեւից կպած են, 7նրա միջով օդ չի անցնի։ 8Ասես եղբայրն իր եղբօր հետ գնայ. իրարից կը բռնեն ու չեն բաժանուի։ 9Նրա փռնչոցից փայլակներ են դուրս թռչում. նրա աչքերը փայլածուի տեսք ունեն։ 10Նրա բերանից վառուած լապտերներ են դուրս ժայթքում, եւ հրեղէն շանթեր են արձակւում։ 11Նրա ռունգերից, ինչպէս հնոցի կրակից, ծուխ է ելնում։ 12Նրա շնչից կայծեր են դուրս թռչում, եւ բերանից բոց է դուրս գալիս։ 13Նրա պարանոցում զօրութիւնն է հաստատուած. նրա առջեւից կործանումն է ընթանում։14Նրա մարմնի անդամները ամուր կպած են իրար. եթէ մէկը վրան ընկնի, նա չի էլ խլրտայ, 15որովհետեւ նրա սիրտն ապառաժ քար է կտրել եւ դարբնի սալի նման անշարժ, հաստատուն է։ 16Երբ խլրտայ՝ ահը կը համակի երկրի գազաններին, չորքոտանիներին ու զեռուններին։17Թէ նրան տէգեր, զէնքեր ու նիզակներ հանդիպեն, վնաս չեն հասցնի,18որովհետեւ նա երկաթը յարդ է համարում, պղինձը՝ փտած փայտ։19Նրան չի խոցում պղնձէ աղեղը։ 20Ռմբաքարը նա խոտի տեղ է ընդունում, լախտը՝ եղէգի։ Ծիծաղում է իր դիմաց ճօճուող կրակի վրայ։21Սուր-սուր տէգերը նրա անկողինն են։ Ծովի ամբողջ ոսկին նրա տակ՝ անբաւ կաւի պէս է։ 22Անդունդները կաթսայի պէս է եռացնում։ Ծովը ոչնչութիւն է համարում, անդնդային տարտարոսը՝ մի գերի,23անդունդները՝ զբօսավայր։ 24Երկրի վրայ չկայ բան, որ նման լինի նրան։ Նա ստեղծուել է իբրեւ խաղալիք իմ հրեշտակների համար։25Արհամարհանքով է նայում ամէն բարձր բանի, եւ ջրերում եղած ամէն ինչի թագաւորն ինքն է»։ 
42 Յոբը նորից խօսեց ու Տիրոջն ասաց. 2«Գիտեմ, պատում է ուժդ ամէն ինչի, ու չի թուլանում քո մէջ ոչ մի բան։ 3Այն ո՞վ կը ծածկի քեզնից իր միտքը, խօսք կը խնայի ու կը կարծի, թէ կարող է պահել։ Այն ո՞վ կ՚ասի ինձ, ինչ որ չգիտեմ, մեծ ու ապշելի բաներ, որոնց ես իրազեկ չէի։4Արդ, լսի՛ր ինձ, Տէ՛ր. ես եմ խօսելու, հարցնելու բաներ. սովորեցրո՛ւ ինձ։ 5Սրանից առաջ ես ականջներովս էի լոկ լսել, բայց հիմա աչքերս էլ տեսան հէնց քեզ։ 6Այդ պատճառով նուաստ համարեցի ինձ ու հալուեցի ես։ Ինքս ինձ հող ու մոխիր եմ դիտում»։ 7Երբ Տէրը Յոբի հետ այս բաները խօսեց, Աստուած ասաց Եղիփազ Թեմնացուն. «Մեղք գործեցիր դու, նաեւ քո երկու բարեկամները,քանի որ իմ առաջ ճշմարիտ բան չասացիք, ինչպէս իմ ծառայ Յոբը։ 8Բայց հիմա եօթը զուարակ առէ՛ք ու եօթը խոյ, գնացէ՛ք իմ ծառայ Յոբի մօտ, ու թող նա ողջակէզ անի ձեզ համար, իմ ծառայ Յոբը թող նաեւ աղօթի ձեզ համար, քանի որ, եթէ ես նկատի ունեցած չլինէի նրան, ու նրա համար չլինէր այս, ես արդարեւ կորստի մատնած կը լինէի ձեզ,որովհետեւ իմ ծառայ Յոբի մասին ճշմարիտ բաներ չասացիք»։ 9Եղիփազ Թեմնացին, Բաղդատ Սոքեցին ու Սոփար Մինեցին գնացին ու արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել իրենց։ Եւ թողութիւն շնորհեց նրանց մեղքերին՝ յանուն Յոբի։ 10Ու Տէրը ճոխացրեց Յոբին, եւ երբ սա աղօթեց իր բարեկամների համար, Տէրը թողութիւն շնորհեց նրանց մեղքերին։ Տէրը կրկնակի աւելի շատ տուեց, քան այն հարստութիւնը, որ առաջ Յոբն ունէր։ 11Նրա բոլոր եղբայրներն ու քոյրերը լսեցին այն բոլոր դէպքերի մասին, որ պատահել էին նրան, եկան մօտը, եկան նաեւ բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան։ Կերան-խմեցին նրա մօտ, սփոփեցին նրան ու զարմացան այն բոլոր բաների վրայ, որ նրա գլխին բերել էր Տէրը։ Իւրաքանչիւրը նրան մի գառ տուեց ու չորսդրեհմանոց անդրոշմ ոսկի։ 12Ու Տէրը Յոբի կեանքի վերջին շրջանն աւելի օրհնեց, քան առաջին շրջանը. նրա հօտի մէջ կային տասնչորս հազար ոչխարներ, վեց հազար ուղտեր, հազար լուծ եզներ, հազար արածող մատակ էշեր։ 13Նա ունեցաւ եօթը տղայ եւ երեք աղջիկ։14Առաջին աղջկան Տիւ կոչեց, երկրորդին՝ Կասիա, իսկ երրորդին՝ Ամաղթեղջիւր։ 15Եւ երկնքի ներքոյ Յոբի դուստրերի պէս ու նրանցից աւելի գեղեցիկներ չգտնուեցին։ Յոբն իր աղջիկներին ժառանգութեան բաժին տուեց նրանց եղբայրների հետ։ 16Յոբը, այն հարուածներից յետոյ, ապրեց հարիւր եօթանասուն տարի (նա ապրեց ընդամէնը երկու հարիւր քառասուն եւ ութ տարի)։ Յոբը տեսաւ իր զաւակներին, որդիների որդիներին, մինչեւ չորրորդ սերունդը։ Ու վախճանուեց Յոբը զառամեալ հասակում, տարիների բեռան տակ կքած։ Նաեւ գրուած է, որ նա էլ յարութիւն է առնելու նրանց հետ, ում Տէրը յարութիւն պիտի տայ։ 17Սա թարգմանուած է ասորերէն գրքից։ Յոբը բնակւում էր Աւստայ երկրում, եդոմայեցիների ու արաբների սահմաններում։ Առաջ նրա անունը Յոբաբ էր։ Արաբ կին առնելով՝ որդի ունեցաւ, որի անունն էր Եննով։ Նրա հայրը Զարեհն էր՝ Եսաւի որդու որդին։ Նրա մայրը բոսորացի էր։ Այնպէս որ նա Աբրահամից սկսած՝ հինգերորդ սերունդն էր։ Սրանք են այն թագաւորները, որ թագաւորեցին Եդոմում. առաջինը՝ Բէորայ Բաղակը (սրա քաղաքի անունն էր Դենաբայ), Բաղակից յետոյ՝ Յոբաբը (որ Յոբ կոչուեց), սրանից յետոյ՝ Ասոմը (որ թեմնացիների երկրի զօրավարն էր), սրանից յետոյ՝ Բարադի որդի Ադադը (որ Մադիամին ջարդեց Մովաբի դաշտում. նրա քաղաքի անունն էր Գէթեմ)։ Իսկ այն բարեկամները, որ նրա մօտ եկան, սրանք էին. Եղիփազը՝ թեմնացիների արքան (Եսաւի որդիներից), Սոքեցիների բռնակալ Բաղդատը, մինեցիների արքայ Սոփարը։

 









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Миджурум

МиджурумСмолотое в мясорубке мясо слегка обжарить на масле и охладить....

Асуда

АсудаПшеничную муку поджарить на масле до темно-коричневого цвета, помешивая добавить...

Cлат из кипрея (из апузана)

Cлат из кипрея (из апузана)Кипрей перебрать, промыть, положить в кипящую...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта