ԴԱՏԱՒՈՐՆԵՐ - 2

(4 голоса, среднее 4.25 из 5)
Индекс материала
ԴԱՏԱՒՈՐՆԵՐ
2
Все страницы


13 Իսրայէլացիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, եւ Տէրը նրանց քառասուն տարի այլազգիների ձեռքը մատնեց։2Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից, նրա անունը Մանովէ էր։ Նրա կինը ամուլ էր եւ զաւակ չէր ունենում։ 3Տիրոջ հրեշտակը երեւաց այս կնոջը եւ ասաց նրան. «Ահա դու ամուլ ես եւ երեխայ չես ունեցել, բայց կը յղիանաս եւ որդի կը ծնես։ 4Արդ, զգո՛յշ եղիր, գինի եւ օղի չխմես եւ ոչ մի անմաքուր բան չուտես, 5որովհետեւ ահա դու պիտի յղիանաս եւ մի որդի ծնես։ Նրա գլխին ածելի չպիտի դիպչի, որովհետեւ մանուկը Աստծու ուխտաւոր պիտի լինի հէնց մօր արգանդից. նա պիտի սկսի փրկել Իսրայէլը այլազգիներից»։ 6Կինը մտաւ իր տունը եւ ասաց իր ամուսնուն. «Աստծու մարդը եկաւ ինձ մօտ, նա Աստծու հրեշտակի նման վեհատեսիլ էր։ Ես նրան հարցրի, թէ որտեղից է, նա ինձ իր անունը չասաց։ 7Նա ինձ ասաց. «Ահա դու պիտի յղիանաս եւ մի որդի ծնես, հիմա գինի եւ օղի չխմես եւ ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետեւ մանուկը Աստծու ուխտաւոր պիտի լինի հէնց իր մօր արգանդից մինչեւ իր մահուան օրը»։ 8Մանովէն Տիրոջն աղաչեց եւ ասաց. «Աղաչում եմ, Տէ՛ր, Աստծու այն մարդը, որին դու ուղարկեցիր մեզ մօտ, թող դարձեալ գայ մեզ մօտ եւ սովորեցնի, թէ ինչ անենք այն մանկանը, որ պիտի ծնուի»։ 9Աստուած լսեց Մանովէի ձայնը, եւ Աստծու հրեշտակը նորից եկաւ նրա կնոջ մօտ, երբ նա նստել էր հանդում։ Նրա ամուսին Մանովէն նրա մօտ չէր։ 10Կինն շտապ գնաց պատմեց իր ամուսնուն եւ ասաց նրան. «Ահա երեւաց ինձ այն մարդը, որ այն օրը եկել էր ինձ մօտ»։ 11Մանովէն վեր կացաւ, գնաց իր կնոջ հետ, եկաւ այն մարդու մօտ եւ ասաց նրան. «Դո՞ւ ես այն մարդը, որ խօսել է այս կնոջ հետ»։ Հրեշտակն ասաց. «Ես եմ»։ 12Մանովէն ասաց. «Արդ, երբ քո խօսքերը կատարուեն, ինչպիսի՞ն պէտք է լինեն մանկան կեանքի կանոններն ու գործերը»։ 13Տիրոջ հրեշտակն ասաց Մանովէին. «Թող նա զգուշանայ այն ամենից, որ ասացի այդ կնոջը.14որթատունկից ելած ոչ մի բան թող չուտի, գինի եւ օղի չխմի, ոչ մի անմաքուր բան չուտի, թող զգուշանայ այն ամենից, որ պատուիրեցի»։15Մանովէն ասաց հրեշտակին. «Թող որ քեզ մի փոքր ժամանակ մեզ մօտ պահենք եւ մի ուլ պատրաստենք ու դնենք քո առաջ»։ 16Տիրոջ հրեշտակը Մանովէին ասաց. «Եթէ ինձ պահես էլ, քո հացից չեմ ուտի, իսկ եթէ ուլը ողջակէզ պիտի անես, Տիրո՛ջը մատուցիր այն»։ Մանովէն չիմացաւ, թէ նա Տիրոջ հրեշտակն է։ 17Մանովէն ասաց Տիրոջ հրեշտակին. «Ի՞նչ է քո անունը, ասա՛, որ երբ քո խօսքը կատարուի, փառաւորենք քեզ»։ 18Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը, դա մի սքանչելի անուն է»։ 19Մանովէն վերցրեց զոհաբերուելիք ուլը եւ քարի վրայ մատուցեց սքանչելագործ Տիրոջը. Մանովէն եւ նրա կինը նայում էին։ 20Երբ բոցը զոհասեղանից դէպի երկինք բարձրացաւ, Տիրոջ հրեշտակն էլ բարձրացաւ զոհասեղանի բոցի հետ։ Մանովէն ու նրա կինը նայում էին եւ երեսի վրայ գետին ընկան։ 21Տիրոջ հրեշտակն այլեւս չերեւաց Մանովէին ու նրա կնոջը։ Այն ժամանակ Մանովէն իմացաւ, որ նա Տիրոջ հրեշտակն է։22Մանովէն ասաց իր կնոջը. «Անպատճառ կը մեռնենք, որովհետեւ տեսանք Աստծուն։ 23Եւ նրա կինը նրան ասաց. «Եթէ Տէրը ուզենար մեզ սպանել, մեր ձեռքից չէր ընդունի ողջակէզն ու զոհը եւ մեզ չէր յայտնի այդ ամէնը իր ժամանակին եւ այն մեզ լսելի չէր դարձնի»։ 24Եւ կինը մի որդի ծնեց ու նրա անունը Սամփսոն դրեց։ Մանուկն աճեց, եւ Տէրը նրան օրհնեց։ 25Տիրոջ հոգին սկսեց շրջել նրա հետ Դանի բանակում, Սարաայի եւ Եսթաւուլի միջեւ։ 
14 Սամփսոնն իջաւ Թամնաթա եւ Թամնաթայում այլազգիների աղջիկների մէջ մի կին տեսաւ, որը հաճելի թուաց նրան։ 2Նա գնաց պատմեց իր հօրն ու մօրը եւ ասաց. «Թամնաթայում այլազգիների աղջիկների մէջ մի կին տեսայ. արդ, նրան ինձ համար կի՛ն առէք»։3Նրա հայրն ու մայրը ասացին նրան. «Մի՞թէ կին չկայ քո եղբայրների աղջիկների եւ իմ ամբողջ ժողովրդի մէջ, որ գնաս կին առնես անթլփատ այլազգիներից»։ Սամփսոնն ասաց իր հօրը. «Նրան բե՛ր ինձ համար, որովհետեւ նա հաճելի է իմ աչքին»։ 4Նրա հայրն ու մայրը չգիտէին, որ դա Տիրոջից է, որպէսզի նա վրէժ լուծի այլազգիներից։ Այն ժամանակ այլազգիներն իշխում էին Իսրայէլի վրայ։ 5Սամփսոնն իր հօր եւ մօր հետ իջաւ Թամնաթա. Սամփսոնը ճանապարհը շեղեց Թամնաթայի այգեստանի մէջ եւ տեսաւ, որ ահա առիւծի մի կորիւն է մռնչում իր դիմաց։ 6Տիրոջ հոգին աջակցեց նրան, եւ նա պատառեց առիւծին ինչպէս մի ուլի, մինչ նրա ձեռքին զէնք չկար։ 7Նա իր արածը չպատմեց իր հօրն ու մօրը։ Նրանք եկան, խօսեցին կնոջ հետ, եւ կինը հաճելի թուաց Սամփսոնին։ 8Մի քանի օր յետոյ, երբ ետ դարձաւ այդ աղջկան կնութեան առնելու, ճանապարհը շեղեց առիւծի դիակը տեսնելու համար եւ տեսաւ, որ առիւծի բերանի մէջ մեղուների մի պարս եւ մեղր կար։ 9Նա առաւ այն իր բերանը եւ ուտելով գնաց իր հօր եւ մօր մօտ, նրանց էլ տուեց, եւ նրանք կերան։ Բայց նրանց չասաց, թէ մեղրը առիւծի բերանից է հանել։ 10Նրա հայրն իջաւ այն կնոջ մօտ, եւ Սամփսոնն այնտեղ եօթը օր հարսանիք արեց, որովհետեւ երիտասարդներն այդպէս էին անում։ 11Նրանք զարհուրելով Սամփսոնից՝ նրա մօտ երեսուն ընկեր կարգեցին, որոնք նրա մօտ մնացին։ 12Սամփսոնը նրանց ասաց. «Հիմա ես ձեզ մի հանելուկ կ՚ասեմ. եթէ խնջոյքի այս եօթը օրուայ ընթացքում այն լուծէք եւ գտնէք, ես ձեզ կը տամ երեսուն սաւան եւ երեսուն տօնական զգեստներ։ 13Իսկ եթէ չկարողանաք լուծել, դուք կը տաք ինձ երեսուն սաւան եւ երեսուն տօնական զգեստներ»։ Նրան ասացին. «Առաջարկի՛ր մեզ քո հանելուկը, եւ լսենք այն»։ 14Եւ նրանց ասաց. «Ուտողից կերակուր դուրս եկաւ, եւ հզօրից քաղցրութիւն դուրս եկաւ»։ Նրա հանելուկը չկարողացան լուծել երեք օրուայ ընթացքում։ 15Չորրորդ օրը Սամփսոնի կնոջն ասացին. «Խաբի՛ր քո մարդուն, որ հանելուկը քեզ բացատրի, թէ չէ քեզ եւ քո հօր տունը կ՚այրենք։ Մեզ կողոպտելո՞ւ համար կանչեցիր այստեղ»։ 16Սամփսոնի կինը լաց եղաւ ամուսնու մօտ եւ ասաց նրան. «Դու ատել ես ինձ եւ չես սիրել, որովհետեւ այն հանելուկը, որ առաջարկել ես իմ ժողովրդի որդիներին, ինձ չես յայտնել»։ Սամփսոնը նրան ասաց. «Իմ հօրն ու մօրը չեմ յայտնել, հիմա քե՞զ պիտի յայտնեմ»։ 17Եւ խնջոյքի եօթը օրերին կինը լաց եղաւ նրա մօտ։ Եօթներորդ օրը Սամփսոնը յայտնեց նրան, որովհետեւ նա թախանձում էր։ Կինն էլ յայտնեց իր ժողովրդի զաւակներին։18Եօթներորդ օրը արեւամուտից առաջ քաղաքի մարդիկ ասացին Սամփսոնին. «Ի՞նչն է մեղրից քաղցր եւ ի՞նչն է առիւծից հզօր»։ Սամփսոնը նրանց ասաց. «Եթէ դուք իմ երինջով չհերկէիք, իմ հանելուկի պատասխանը չէիք գտնի»։ 19Տիրոջ հոգին աջակցեց Սամփսոնին, նա իջաւ Ասկաղոն, այնտեղ երեսուն մարդ սպանեց եւ նրանց տօնական զգեստներն առաւ եւ տուեց հանելուկը լուծողներին։ Սամփսոնը սաստիկ բարկացաւ եւ գնաց իր հօր տուն, 20իսկ Սամփսոնի կինն ամուսնացաւ նրա կնքահօր հետ, որ նրա ընկերն էր։ 
15 Մի քանի օր յետոյ, ցորենի հնձի օրերին Սամփսոնը մի ուլ վերցնելով՝ այցելեց իր կնոջը եւ ինքն իրեն ասաց. «Մտնեմ սենեակ կնոջս մօտ»։ Բայց կնոջ հայրը չթողեց, որ նրա մօտ մտնի։ 2Նրա հայրն ասաց. «Ես կարծեցի, թէ դու ատեցիր նրան եւ նրան կնութեան տուի քո ընկերոջը։ Չէ՞ որ նրա կրտսեր քոյրը նրանից գեղեցիկ է, թող սա քեզ կին լինի նրա փոխարէն»։ 3Սամփսոնն ասաց. «Ես միանգամայն անմեղ կը լինեմ այլազգիներիդ առաջ, եթէ նրանց դէմ չարութիւն անեմ»։ 4Եւ Սամփսոնը գնաց, երեք հարիւր աղուէս բռնեց։ Նա ջահեր վերցրեց եւ աղուէսներին կապեց միմեանց հետ՝ պոչ պոչի, ջահերը դրեց երկու պոչերի մէջտեղը եւ կապեց։ 5Նա ջահերը կրակով վառեց եւ արձակեց այլազգիների հնձի մէջ, այրեց ցորենի շեղջերը, առաջուց հնձուածները, դէզերն ու չհնձուած ցորենը, մինչեւ անգամ այգիներն ու ձիթենիները։ 6Այլազգիներն ասացին. «Ո՞վ արեց այս բանը»։ Եւ ասացին. «Թամնացու փեսայ Սամփսոնը, որովհետեւ կնոջ հայրը նրա կնոջն առաւ եւ նրա ընկերոջը կնութեան տուեց»։ Այլազգիները վեր կացան, կրակով այրեցին նրա կնոջ հօր տունը, կնոջը եւ կնոջ հօրը։7Սամփսոնը նրանց ասաց. «Եթէ մի այդքան էլ անէք, դարձեալ չեմ հաշտուի, այլ ձեր ամէն մէկից իմ վրէժը պիտի լուծեմ»։ 8Եւ մեծամեծ հարուածներով զարկեց նրանց սրունքներին ու մէջքին, եւ իջաւ բնակուեց Ետեմի քարայրում, հեղեղատի մօտ։ 9Այլազգիները վեր կացան, բանակատեղի դրին Յուդայի երկրի շուրջը եւ տարածուեցին Ելքիի շուրջբոլորը։ 10Յուդայի երկրի մարդիկ նրանց ասացին. «Ինչո՞ւ էք եկել մեզ վրայ»։ Այլազգիներն ասացին. «Եկել ենք Սամփսոնին կապելու, որ նրա հետ վարուենք այնպէս, ինչպէս նա վարուեց մեզ հետ»։ 11Եւ Յուդայի երկրից երեք հազար մարդ իջան Ետեմի քարայրն ու ասացին Սամփսոնին. «Չգիտե՞ս, որ այլազգիներն իշխում են մեզ վրայ, ինչո՞ւ արեցիր այդ բանը մեզ հետ»։ Սամփսոնը նրանց ասաց. «Ինչպէս որ նրանք վարուեցին ինձ հետ, այդպէս էլ ես վարուեցի նրանց հետ»։ 12Նրան ասացին. «Եկել ենք քեզ կապելու եւ այլազգիների ձեռքը մատնելու»։ Սամփսոնը նրանց ասաց. «Երդուեցէ՛ք, որ չէք սպանի ինձ, տուէ՛ք ինձ նրանց ձեռքը, եւ դուք երբեք մի՛ հանդիպէք ինձ»։ 13Նրանք երդուեցին նրան եւ ասացին. «Ո՛չ, քեզ կը կապենք եւ կը տանք նրանց ձեռքը, բայց քեզ չենք սպանի»։ Եւ նրան կապեցին երեք նոր պարաններով ու դուրս հանեցին քարայրից։ 14Նա եկաւ մինչեւ Ծնօտ կոչուած վայրը, այլազգիներն աղաղակեցին եւ ընթացան նրա դէմ յանդիման։ Տիրոջ հոգին աջակից եղաւ Սամփսոնին, նրա բազուկների վրայի պարանները դարձան կրակից այրուած թելի նման, եւ կապանքները հալուեցին թափուեցին նրա բազուկներից։ 15Նա գետին տապալուած էշի մի ծնօտ գտաւ, երկարեց իր ձեռքը, վերցրեց այն եւ դրանով հազար մարդ սպանեց։ 16Սամփսոնն ասաց. «Էշի ծնօտով կը բնաջնջեմ նրանց, որովհետեւ էշի ծնօտով կոտորեցի հազար մարդ»։17Եւ երբ իր խօսքը վերջացրեց, ծնօտը ձեռքից գցեց եւ այդ տեղն անուանեց Ծնօտի կոտորած։ 18Նա խիստ ծարաւեց, աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Դու քո ծառայի ձեռքով յաջողեցրիր այս մեծ փրկութիւնը, իսկ հիմա ծարաւի՞ց պիտի մեռնեմ եւ անթլփատների ձե՞ռքն ընկնեմ»։19Եւ Տէրը Ծնօտ կոչուող վայրում մի անցք բացեց, նրանից ջուր դուրս եկաւ, նա խմեց, ոգի առաւ եւ զովացաւ. այդ պատճառով դրա անունը դրեց «Ծնօտի աղբիւր»։ Եւ այն գոյութիւն ունի մինչեւ այսօր։20Սամփսոնը այլազգիների իշխանութեան օրօք Իսրայէլում քսան տարի դատաւոր եղաւ։ 
16 Սամփսոնն այնտեղից գնաց Գազա, այնտեղ մի պոռնիկ կին տեսաւ եւ մտաւ նրա մօտ։ 2Լուրը հասաւ գազացիներին, եւ նրանք ասացին. «Սամփսոնը եկել է այստեղ»։ Շրջապատեցին, ամբողջ գիշերը դարանակալեցին նրան քաղաքի դարպասի մօտ եւ ամբողջ գիշերը լուռ մնացին ու ասացին. «Այստեղ մնանք մինչեւ առաւօտ եւ սպանենք նրան»։ 3Սամփսոնը քնեց մինչեւ կէսգիշեր. կէսգիշերին վեր կացաւ, պոկեց քաղաքի դարպասների փեղկերը եւ դրանք նիգերով մէկտեղ բարձրացրեց, դրեց իր ուսերի վրայ, տարաւ այն լերան գլուխը, որը Քեբրոնի դիմացն է, եւ դրանք դրեց այնտեղ։ 4Դրանից յետոյ նա սիրեց մի կնոջ, որ ապրում էր Սորեկ հեղեղատի եզերքին. նրա անունը Դալիլա էր։ 5Այդ կնոջ մօտ եկան այլազգիների նախարարները եւ ասացին. «Խաբի՛ր նրան եւ տե՛ս, թէ ինչում է նրա մեծ զօրութիւնը, եւ կամ ինչպէս կարող ենք հնար գտնել եւ կապել նրան, որ տկարացնենք նրան։ Իսկ մենք ամէն մէկս քեզ կը տանք հազար հարիւր արծաթ»։ 6Եւ Դալիլան ասաց Սամփսոնին. «Ասա՛ ինձ, թէ ինչում է քո մեծ զօրութիւնը, եւ քեզ տկարացնելու համար ինչով պէտք է կապել քեզ»։7Սամփսոնը նրան ասաց. «Եթէ ինձ կապեն եօթը դալար ճիւղերով, կը տկարանամ եւ կը դառնամ սովորական մարդկանց նման»։ 8Եւ այլազգիների նախարարները բերին եօթը դալար ճիւղեր, եւ Դալիլան նրան կապեց դրանցով 9ու շտեմարանում դարանակալ նստեց։ Կինը նրան ասաց. «Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն»։ Եւ նա կտրտեց ճիւղերն այնպէս, ինչպէս կը կտրտուի կրակից այրուած բարակ թելը թափ տալուց։ Եւ այդպէս չհասկացուեց նրա զօրութիւնը։10Դալիլան ասաց Սամփսոնին. «Ահա խաբեցիր ինձ եւ սուտ խօսեցիր, գոնէ հիմա ասա՛, թէ ինչով կը կապուես»։ 11Եւ նա ասաց նրան. «Եթէ ինձ կապեն եօթը նոր չուաններով, որոնք գործածուած չլինեն, կը տկարանամ եւ կը լինեմ սովորական մարդկանց նման»։ 12Դալիլան առաւ նոր չուաններ, դրանցով կապեց նրան եւ ասաց. «Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն»։ Եւ Դալիլան շտեմարանում դարանակալ նստել էր։ Իսկ Սամփսոնը ասեղի թելի նման կտրտեց թափեց այն իր բազուկներից։ 13Դալիլան ասաց Սամփսոնին. «Մինչեւ ե՞րբ պիտի խաբես ինձ եւ սուտ ասես ինձ։ Հիմա ասա՛ ինձ, թէ ինչո՞վ կը կապուես»։ Նա ասաց նրան. «Եթէ իմ գլխի եօթը գիսակները հիւսես շղթայաձեւ հիւսքերով եւ ցցերով ամրացնես պատին, կը տկարանամ սովորական մարդկանց նման»։ 14Եւ Դալիլան քնեցրեց նրան, առաւ նրա գլխի եօթը գիսակները շղթայաձեւ հիւսքերով, ցցերով ամրացրեց պատին եւ ասաց նրան. «Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից, պատից պոկեց ցցերը ոստայնի եւ հիւսքերի հետ միասին, եւ չիմացուեց նրա զօրութիւնը։ 15Դալիլան նրան ասաց. «Ինչպէ՞ս ես ասում, թէ քեզ սիրում եմ, մինչ քո սիրտը շիտակ չէ ինձ հետ. այս երեք անգամ խաբեցիր ինձ եւ չասացիր, թէ ինչո՞ւմ է քո մեծ զօրութիւնը»։ 16Եւ երբ ամբողջ գիշերը նեղեց նրան խօսքերով, թախանձեց եւ հոգին հանեց սպանելու չափ, 17նա սրտանց պատմեց նրան ամէն ինչ եւ ասաց նրան. «Ածելի չպիտի դիպչի իմ գլխին, որովհետեւ Աստծու ուխտաւոր եմ ես իմ մօր արգանդից, իսկ եթէ ածիլուեմ, իմ զօրութիւնը կը գնայ ինձնից, ես կը տկարանամ եւ կը դառնամ բոլոր մարդկանց պէս»։ 18Երբ Դալիլան տեսաւ, որ նա սրտանց պատմեց իրեն ամէն ինչ, մարդ ուղարկեց, կանչեց այլազգիների նախարարներին եւ ասաց. «Բոլորդ եկէ՛ք, որովհետեւ սրտանց պատմեց ինձ ամէն ինչ»։ Եւ այլազգիների բոլոր նախարարները եկան նրա մօտ արծաթն իրենց ձեռքին։ 19Դալիլան քնեցրեց նրան իր ծնկների մէջ, վարսաւիր կանչեց, որն ածիլեց նրա գլխի եօթը գիսակները։ Նա սկսեց թօշնել, եւ նրանից գնաց նրա զօրութիւնը։ 20Դալիլան ասաց. «Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից եւ ասաց. «Վեր կենամ եւ անեմ այնպէս, ինչպէս միշտ եւ թափ տամ»։ Նա չգիտէր, թէ Տէրը մեկնել էր իրենից։ 21Այլազգիները նրան բռնեցին, հանեցին նրա աչքերը, իջեցրին նրան Գազա, կապեցին երկաթէ կապանքներով, եւ նա բանտում աղօրիք էր պտտեցնում։ 22Նրա գլխի մազերն սկսեցին աճել ածիլելուց յետոյ։ 23Այլազգիների նախարարները հաւաքուեցին, որ մեծ զոհ մատուցեն իրենց աստծուն՝ Դագոնին եւ ուրախանան։ Նրանք ասացին. «Մեր աստուածը մեր թշնամի Սամփսոնին մեր ձեռքը մատնեց»։ 24Երբ մարդիկ տեսան նրան, օրհնեցին իրենց աստուածներին՝ ասելով. «Մեր աստուածը մեր ձեռքն է մատնել մեր թշնամուն՝ մեր երկիրն աւերողին, որը շատացրեց մեր վիրաւորներին»։ 25Երբ նրանց սրտերը զուարթացան, ասացին. «Կանչեցէ՛ք Սամփսոնին բանտից, թող մեր առաջ պար գայ»։ Սամփսոնին կանչեցին բանտից եւ զուարճանում էին նրանով։ Նրան կանգնեցրին երկու սիւների մէջտեղում։ 26Սամփսոնն ասաց իր ձեռքից բռնած պատանուն. «Թո՛յլ տուր ինձ շօշափեմ սիւները, որոնց վրայ հաստատուած է այս տունը, եւ յենուեմ նրանց վրայ»։ 27Տունը լի էր տղամարդկանցով եւ կանանցով, այնտեղ էին այլազգիների բոլոր նախարարները, տանիքի վրայ կային մօտ երեք հազար կանայք եւ տղամարդիկ, որոնք դիտում էին Սամփսոնի պարը։28Սամփսոնն աղաղակեց Տիրոջը եւ ասաց. «Տէ՛ր, զօրութիւնների՛ Տէր, յիշի՛ր ինձ եւ զօրացրո՛ւ ինձ այս մի անգամ էլ, Աստուա՛ծ, որ իմ երկու աչքերի համար վրէժս լուծեմ այս այլազգիներից»։ 29Եւ Սամփսոնը բռնեց մէջտեղի երկու սիւներից, որոնց վրայ հաստատուած էր տունը, եւ յենուեց նրանց վրայ՝ մէկին աջ ձեռքով, միւսին՝ ձախ։ 30Եւ Սամփսոնն ասաց. «Թող մեռնեմ ես այս այլազգիների հետ»։ Եւ ուժեղ շարժեց։ Տունը փուլ եկաւ բոլոր նախարարների եւ նրա մէջ եղած ամբողջ ժողովրդի վրայ։ Եւ մեռածները, որոնց Սամփսոնն սպանեց իր մահուան պահին, աւելի էին, քան նրանք, որոնց սպանել էր իր կենդանութեան ժամանակ։ 31Նրա եղբայրներն ու նրա հօր ամբողջ տունն իջան, վերցրին հանեցին եւ թաղեցին նրան իր հօր Մանովէի գերեզմանում, Սարաայի եւ Եսթաւուլի միջեւ։ Նա Իսրայէլում դատաւոր էր եղել քսան տարի։ 
17 Եփրեմի լերան վրայ Միքա անունով մի մարդ կար։ 2Նա իր մօրն ասաց. «Այն հազար հարիւր արծաթը, որ վերցուել է քեզնից, եւ որի համար անէծք տուիր եւ ասացիր իմ ականջին, թէ՝ «Այն արծաթն ինձ մօտ է», ես եմ վերցրել այն»։ Նրա մայրն ասաց. «Որդեա՛կ իմ, օրհնեալ լինես Տիրոջից»։ 3Եւ նա իր մօրը վերադարձրեց հազար հարիւր արծաթը։ Նրա մայրն ասաց. «Այն արծաթը ես իմ ձեռքով նուիրել եմ Տիրոջը՝ առանձին ձուլածոյ կուռք շինելու համար։ Հիմա այն քեզ եմ վերադարձնում»։ 4Իսկ Միքան այդ արծաթը մօրը վերադարձրեց։ Մայրն առաւ երկու հարիւր արծաթ, այն տուեց ձուլողին, նա էլ ձուլածոյ կուռք շինեց դրանից, որը մնաց Միքայի տանը։ 5Միքայի տունը նրա համար աստծու տուն եղաւ։ Եւ նա եփուդ ու թերափ շինեց. ձեռնադրեց իր որդիներից մէկին, եւ սա նրա համար քահանայ եղաւ։6Այդ օրերին Իսրայէլում թագաւոր չկար, եւ ամէն մարդ անում էր այն, ինչ հաճելի էր իր աչքին։ 7Յուդայի ազգատոհմից, Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից, մի պատանի կար, որ ղեւտացի էր եւ այնտեղ էր բնակւում։ 8Այս մարդը Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից գնաց պանդխտելու որեւէ տեղ՝ ապաստան գտնելու համար։ Նա ճանապարհորդելով եկաւ մինչեւ Եփրեմի լեռը եւ մինչեւ Միքայի տունը։ 9Միքան նրան ասաց. «Ո՞րտեղից ես գալիս»։ Նա ասաց. «Ես ղեւտացի եմ, Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից, գնում եմ պանդխտելու որեւէ տեղ՝ ապաստան գտնելու համար»։ 10Միքան նրան ասաց. «Մնա՛ ինձ մօտ, ինձ համար հայր եւ քահանայ եղի՛ր, եւ ես քեզ ամէն տարի տասը արծաթ, մի զոյգ զգեստ եւ ուտելիք կը տամ, որով կ՚ապրես»։ 11Ղեւտացին գնաց եւ ապաստանեց այդ մարդու մօտ։ Այս պատանին նրա համար եղաւ ինչպէս իր որդիներից մէկը։ 12Միքան ղեւտացուն ձեռնադրեց, եւ պատանին նրա համար քահանայ եղաւ եւ ապրում էր Միքայի տանը։ 13Միքան ասաց. «Հիմա գիտեմ, որ Տէրն ինձ բարիք արեց, քանի որ այս ղեւտացին ինձ համար քահանայ եղաւ»։ Այն օրերին Իսրայէլում թագաւոր չկար։ 
18 Այն օրերին Դանի ցեղն իր համար բնակուելու կալուածք էր փնտռում, որովհետեւ մինչեւ այդ օրերը Իսրայէլի ցեղերի մէջ նրան կալուածք չէր հասել։ 2Դանի որդիներն իրենց տոհմերից հինգ մարդ ուղարկեցին, իրենց ցեղերի թուի համեմատ, զօրաւոր մարդիկ Սարաայից եւ Եսթաւուլից, որ գնան լրտեսեն եւ հետախուզեն այդ երկիրը։ Նրանց ասացին. «Գնացէ՛ք, զննեցէ՛ք այն երկիրը»։ Նրանք գնացին Եփրեմի լեռը, մինչեւ Միքայի տունը եւ գիշերեցին այնտեղ։ 3Եւ մինչդեռ նրանք Միքայի տանն էին, ճանաչեցին ղեւտացի պատանու ձայնը, մտան նրա մօտ եւ ասացին նրան. «Ո՞վ բերեց քեզ այստեղ, ի՞նչ ես անում եւ ի՞նչ գործ ունես այստեղ»։ 4Նա ասաց նրանց. «Միքան ինձ համար այս ու այս արեց, ինձ վարձակալեց, եւ ես նրա համար քահանայ եղայ»։ 5Նրան ասացին. «Հապա հարցրո՛ւ Աստծուն, որ իմանանք, թէ յաջող կը լինի՞ մեր գնացած ճանապարհը»։ 6Քահանան նրանց ասաց. «Գնացէ՛ք խաղաղութեամբ, Տիրոջ առաջն է ձեր գնացած ճանապարհը»։ 7Այդ հինգ մարդիկ գնացին Լայիսա, տեսան այնտեղ եղած մարդկանց, որոնք սիդոնացիների նման անհոգ ու հանգիստ ապրում էին։ Այդ երկրում իշխանութիւն ունեցող մէկը չկար, որ բան ասէր, որովհետեւ Սիդոնից հեռու էին եւ ասորեստանցիների հետ գործ չունէին։ 8Այդ հինգ մարդիկ եկան Սարաա եւ Եսթաւուլ իրենց եղբայրների մօտ։ Նրանց եղբայրներն իրենց ասացին. «Ինչո՞ւ էք նստել»։ 9Նրանք ասացին. «Վե՛ր կացէք գնանք նրանց վրայ, որովհետեւ մենք մտանք շրջեցինք այն երկրում մինչեւ Լայիսա եւ տեսանք, որ ժողովուրդն այնտեղ բնակւում է անհոգ՝ սիդոնացիների նման. նրանք հեռու են Սիդոնից եւ ոչ մի գործ չունեն ասորեստանցիների հետ։ Վե՛ր կացէք գնանք նրանց վրայ, որովհետեւ տեսանք այն երկիրը, որ շատ լաւն է. իսկ դուք հանգիստ նստե՞լ էք։ Հիմա ինչո՞ւ էք յապաղում գնալու մտնելու եւ ժառանգելու այն երկիրը։ 10Երբ որ գնաք, կը տիրէք մի անհոգ ժողովրդի եւ ընդարձակ երկրի, որովհետեւ Աստուած այն մատնել է մեր ձեռքը։ Դա մի այնպիսի տեղ է, որտեղ երկրի վրայ եղած ոչ մի բանի պակասութիւն չկայ»։ 11Եւ այնտեղից՝ Սարաայից եւ Եսթաւուլից գնացին Դանի ազգատոհմից վեց հարիւր մարդիկ՝ զինուած պատերազմական զէնքերով։ 12Գնացին բանակատեղի դրին Յուդայի երկրի Կարիաթարիմ վայրում. այդ պատճառով այն տեղը մինչեւ այսօր կոչւում է Դանի բանակատեղի, որ Կարիաթարիմի ետեւի կողմում է։ 13Այնտեղից անցան, եկան մինչեւ Եփրեմի լեռը եւ հասան մինչեւ Միքայի տունը։ 14Այդ հինգ մարդիկ, որ գնացել էին լրտեսելու Լայիսա երկիրը, պատասխանեցին եւ ասացին իրենց եղբայրներին. «Գիտէ՞ք, որ այս տներում եփուդ, թերափ եւ ձուլածոյ կուռք կայ։ Հիմա տեսէ՛ք, թէ ինչ պիտի անէք»։ 15Եւ նրանք շրջուեցին այնտեղ ու մտան ղեւտացի պատանու տունը՝ Միքայի տունը եւ նրա ողջութիւնը հարցրին։ 16Իսկ Դանի որդիներից պատերազմական զէնքով զինուած այն վեց հարիւր մարդիկ անշարժ կանգնեցին դռան մուտքի մօտ։ 17Իսկ այն հինգ մարդիկ, որոնք գնացել էին երկիրը լրտեսելու, յարձակուեցին, վերցրին կուռքը, եփուդը, թերափը եւ ձուլածոն։ Քահանան եւ պատերազմական զէնքերով զինուած այն վեց հարիւր մարդիկ անշարժ կանգնել էին դռան մուտքի մօտ։ 18Երբ նրանք Միքայի տունը մտան եւ վերցրին կուռքը, եփուդը, թերափը եւ ձուլածոն, քահանան նրանց ասաց. «Ի՞նչ էք անում»։ 19Նրանք ասացին նրան. «Լռի՛ր, ձեռքդ բերանիդ վրայ դի՛ր, ե՛կ մեզ հետ եւ մեզ համար հայր ու քահանայ եղիր. մի՞թէ քեզ համար աւելի լաւ է միայն մէկ մարդու տան քահանայ լինել, քան Իսրայէլի մէկ ցեղի եւ ազգատոհմի քահանայ»։ 20Քահանայի սիրտը զուարթացաւ, նա վերցրեց եփուդը, թերափը, քանդակած ու ձուլածոյ կուռքերը եւ մտաւ զօրքի մէջ։ 21Նրանք ետ դարձան գնացին եւ նրանց առաջ աւերեցին նրա ամբողջ տունն ու շքեղ ունեցուածքը։22Երբ նրանք հեռացան Միքայի տնից, Միքան եւ նրա տանը եղած մարդիկ բողոք բարձրացրին եւ հասան Դանի որդիների յետեւից։23Դանի որդիները շուռ եկան եւ ասացին Միքային. «Ի՞նչ է եղել քեզ, ինչո՞ւ ես աղաղակում»։ 24Միքան ասաց. «Ինձ համար իմ շինած աստուածները եւ իմ քահանային առաք ու գնացիք, էլ ի՞նչ մնաց ինձ, եւ ինչո՞ւ էք ասում ինձ, թէ՝ «Ինչու ես աղաղակում»։ 25Դանի որդիներն ասացին նրան. «Քո ձայնը թող չլսուի մեր ետեւից, թէ չէ քեզ կը հանդիպեն բարկացած սրտով մարդիկ եւ կը կործանեն քեզ ու քո ընտանիքը»։ 26Եւ Դանի որդիները գնացին իրենց ճանապարհով։ Միքան տեսնելով, որ նրանք իրենից զօրաւոր են, վերադարձաւ իր տունը։ 27Իսկ նրանք վերցրին Միքայի շինածները, նրա քահանային եւ գնացին Լայիսա՝ հանգիստ եւ վստահ ու անհոգ ժողովրդի վրայ, նրանց սրի քաշեցին եւ քաղաքն այրեցին։ 28Ոչ ոք չկար, որ փրկէր նրանց, որովհետեւ Սիդոնից հեռու էին եւ ոչ մի գործ չունէին որեւէ մարդու հետ։ Այդ քաղաքը Ռոբի հովտի մէջ էր։ Քաղաքը շինեցին եւ այնտեղ բնակուեցին. 29եւ քաղաքի անունը իսրայէլական ծագում ունեցող իրենց հօր անունով Դան կոչեցին. իսկ նախապէս քաղաքի անունը Լայիսա էր։ 30Դանի որդիներն իրենց համար կանգնեցրին Միքայի քանդակած կուռքը, իսկ Մանասէի որդի Գերսոնի որդի Յովնաթանը՝ ինքը եւ իր որդիները մինչեւ երկրի գերութեան օրը Դանի ցեղի քուրմերն էին։ 31Նրանք Միքայի շինած կուռքն իրենց համար պահեցին այնքան ժամանակ, որքան որ Աստծու տունը Սելովի մէջ էր։ 
19 Այն օրերին, երբ Իսրայէլում թագաւոր չկար, Եփրեմի լերան կողմերում մի ղեւտացի պանդուխտ մարդ կար. այդ մարդն իր հարճը դարձրեց Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից մի կնոջ։ 2Նրա հարճը նրանից խորշեց եւ գնաց իր հօր տունը՝ Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքը եւ այնտեղ մնաց երեք ամիս։ 3Նրա մարդը վեր կացաւ գնաց նրա ետեւից, որ քաղցրութեամբ խօսի, հաշտեցնի նրան իր հետ եւ նորից ետ բերի իր մօտ։ Նրա հետ էին իր ծառան եւ մի զոյգ էշ։ Գնացին մինչեւ նրա հօր տունը։ Երբ աղջկայ հայրը նրան տեսաւ, ելաւ նրան ընդառաջ։ 4Նրա աները՝ աղջկայ հայրը, ներս տարաւ նրան, եւ նա նրա մօտ մնաց երեք օր։ Կերան, խմեցին եւ գիշերեցին այնտեղ։ 5Չորրորդ օրը, երբ առաւօտը կանուխ վեր կացան, նրանք ոտքի ելան, որ գնան։ Աղջկայ հայրն ասաց իր փեսային. «Սիրտդ պնդացրո՛ւ մի կտոր հացով, յետոյ կը գնաք»։ 6Նստեցին, կերան եւ խմեցին երկուսը միասին։ Աղջկայ հայրն ասաց իր փեսային. «Այս գիշեր էլ այստեղ մնա՛, եւ թող սիրտդ զուարթանայ»։ 7Մարդը վեր կացաւ, որ գնայ, բայց նրա աները ստիպեց նրան, եւ նա մնաց ու գիշերեց այնտեղ։ 8Հինգերորդ օրը կանուխ վեր կացաւ, որ գնայ. աղջկայ հայրն ասաց. «Սիրտդ պնդացրո՛ւ հացով եւ զբօսնի՛ր մինչեւ օրը վերջանայ»։ Եւ կերան ու խմեցին երկուսով։9Մարդը վեր կացաւ, որ իր հարճի եւ ծառայի հետ գնայ։ Բայց աղջկայ հայրն ասաց նրան. «Ահա օրը երեկոյ դարձաւ, այստե՛ղ գիշերիր, թող սիրտդ զուարթանայ, վաղը կանուխ ճանապարհ կ՚ընկնես եւ կը գնաս քո տունը»։ 10Բայց մարդը չկամեցաւ այնտեղ գիշերել, վեր կացաւ ու գնաց։ Եկաւ հասաւ մինչեւ Յեբուսի դիմաց, այսինքն՝ Երուսաղէմ. նրա հետ էին մի զոյգ համետած էշ եւ իր հարճը։ 11Երբ նրանք Յեբուսի դիմացն էին, օրը տարաժամել էր։ Ծառան իր տիրոջն ասաց. «Ե՛կ թեքուենք դէպի յեբուսացիների քաղաքը եւ այնտեղ գիշերենք»։ 12Տէրը նրան ասաց. «Ճանապարհը չշեղենք դէպի օտարազգիների քաղաքը, որտեղ իսրայէլացիներ չկան, այլ անցնենք մինչեւ Գաբաա»։ 13Եւ իր ծառային ասաց. «Ե՛կ մօտենանք այդ տեղերից մէկին եւ գիշերենք այնտեղ՝ Գաբաայում կամ Հռամայում»։ Եւ անցան գնացին։ 14Երբ մօտեցան Գաբաային, որ Բենիամինի երկիրն է, արեգակը մայր մտաւ։15Ճանապարհը շեղեցին, որ մտնեն Գաբաա եւ գիշերեն այնտեղ։ Նա մտաւ ու նստեց քաղաքի հրապարակում, բայց ոչ մի մարդ չկար, որ նրանց իր տունն առնէր գիշերելու համար։ 16Եւ ահա երեկոյեան հանդից, իր գործից մի ծեր մարդ էր գալիս։ Այդ մարդը Եփրեմի լեռից էր եւ պանդուխտ էր Գաբաայում, իսկ այնտեղի մարդիկ Բենիամինի ցեղի որդիներ էին։ 17Բարձրացնելով իր աչքերը՝ քաղաքի հրապարակում նա տեսաւ ուղեւոր մարդուն։ Ծեր մարդն ասաց. «Ո՞ւր ես գնում եւ որտեղի՞ց ես գալիս»։ 18Նա ասաց նրան. «Մենք Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից գնում ենք մինչեւ Եփրեմի լերան կողմերը, որովհետեւ ես այնտեղացի եմ։ Ես գնացի մինչեւ Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքը, իսկ հիմա իմ հօր տունն եմ գնում, եւ չկայ մի մարդ, որ մեզ իր տունը ընդունի։ 19Մեր էշերի համար յարդ եւ խոտ, իսկ ինձ եւ այս աղջկայ ու ծառայի համար հաց եւ գինի կայ. քո ծառաները ոչ մի բանի պակասութիւն չունեն»։ 20Ծեր մարդն ասաց. «Խաղաղութիւն քեզ, քո ամէն պակասութիւնն ինձ վրայ լինի, բայց դու այդ հրապարակում մի՛ գիշերիր»։ 21Եւ նրան տարաւ իր տունը, էշերին խոտ տուեց, նրանք լուացին իրենց ոտքերը, կերան եւ խմեցին։ 22Երբ նրանց սրտերը զուարթանում էին, քաղաքի բնակիչները՝ անօրէն մարդիկ, շրջապատեցին տունը, բախեցին դրսի դուռը եւ խօսելով այդ ծեր մարդու՝ տան տիրոջ հետ, ասացին. «Հանի՛ր քո տունը մտած այդ մարդուն, որ նրա հետ յարաբերութիւն ունենանք»։ 23Այն մարդը՝ տան տէրը, գնաց նրանց մօտ եւ ասաց. «Ո՛չ, եղբայրնե՛ր, անզգամութիւն մի՛ արէք, այդ մարդն իմ տունը մտնելուց յետոյ այդ անզգամութիւնը մի՛ արէք։ 24Ահա իմ կոյս աղջիկը եւ այդ մարդու հարճը. նրանց դուրս հանեմ, լլկեցէ՛ք նրանց, արէ՛ք նրանց հետ այն, ինչ հաճելի է ձեզ, բայց այս մարդու հետ այդ անզգամութիւնը մի՛ արէք»։ 25Բայց մարդիկ չուզեցին լսել։ Եւ այդ մարդն առաւ իր հարճին ու դուրս հանեց։ Նրանք կենակցեցին նրա հետ եւ լլկեցին նրան ամբողջ գիշերը մինչեւ առաւօտ եւ առաւօտը բացուելիս բաց թողեցին նրան։ 26Առաւօտեան կինը եկաւ, ընկաւ այն մարդու տան դռան շեմին, որտեղ իր տէրն էր, եւ հոգին փչեց։ 27Առաւօտեան նրա տէրը վեր կացաւ, բացեց տան դուռը, դուրս եկաւ, որ գնայ իր ճանապարհը եւ տեսաւ, որ իր հարճն ընկած էր դռան մօտ, ձեռքերը շեմի վրայ։ 28Եւ նրան ասաց. «Վե՛ր կաց գնանք»։ Նա պատասխան չտուեց, որովհետեւ մեռած էր։ Մարդը նրան վերցրեց դրեց էշի վրայ, վեր կացաւ եւ գնաց իր տեղը։ 29Երբ մտաւ իր տունը, վերցրեց սուրը, բռնեց իր հարճին եւ ոսկորներն էլ կտրատելով՝ բաժանեց տասներկու մասի եւ դրանք ուղարկեց Իսրայէլի բոլոր ցեղերին։ 30Բոլոր տեսնողներն ասում էին, թէ այդպիսի բան ո՛չ եղել է եւ ո՛չ էլ տեսնուել Եգիպտոսից իսրայէլացիների դուրս գալու օրերից մինչեւ այսօր։ Հիմա դրա մասին խորհուրդ արէ՛ք եւ ասացէ՛ք, թէ ինչ պէտք է անել։ 
20 Բոլոր իսրայէլացիները դուրս եկան, եւ ժողովուրդը՝ Դանից մինչեւ Բերսաբէէ եւ Գաղաադի երկիրը մէկ մարդու պէս հաւաքուեց Տիրոջ առաջ Մասեփայում։ 2Ամբողջ ժողովրդի իշխանները եւ Իսրայէլի բոլոր ցեղերը՝ չորս հարիւր հազար սուսերամարտիկ, ներկայացան Աստծու ժողովրդի հաւաքին։ 3Բենիամինի ցեղի որդիները լսեցին, որ իսրայէլացիները եկել են Մասեփա։ Իսրայէլացիներն ասացին. «Ասացէ՛ք, թէ ո՞րտեղ կատարուեց այս չարագործութիւնը»։ 4Ղեւտացի մարդը՝ սպանուած կնոջ ամուսինը, պատասխան տուեց եւ ասաց. «Ես եւ իմ հարճը եկանք Բենիամինի երկրի Գաբաա վայրը, որ գիշերենք։5Գաբաայի բնակիչները ելան իմ դէմ, գիշերով շրջապատեցին տունն իմ շուրջը եւ ուզում էին ինձ սպանել։ Իմ հարճին լլկեցին, խեղդեցին, եւ նա մեռաւ։ 6Ես էլ առայ իմ հարճին, կտրատեցի նրան եւ ուղարկեցի Իսրայէլի տէրութեան բոլոր սահմանները, որովհետեւ նրանք մեծ յանցանք եւ անզգամութիւն արեցին Իսրայէլի մէջ։ 7Ահա մենք ամէնքս իսրայէլացիներ ենք, մեզ խօ՛սք ասացէք ու խորհո՛ւրդ տուէք»։ 8Ամբողջ ժողովուրդը վեր կացաւ մէկ մարդու նման եւ ասաց. «Մեզնից ոչ մի մարդ իր յարկի տակ չի մտնելու, եւ ոչ մի մարդ ճանապարհը չի թեքելու դէպի իր տուն։ 9Ահա թէ ինչ պիտի անենք հիմա Գաբաային. նրա վրայ գնանք վիճակահանութեամբ. 10Իսրայէլի բոլոր ցեղերից վերցնենք հարիւրից տասը, հազարից հարիւր, տասը հազարից հազար մարդ, որ օրուայ պաշար տանեն բոլոր նրանց համար, ովքեր կը գնան Բենիամինի երկրի Գաբաա վայրի դէմ, որ պատժեն նրան՝ Իսրայէլի մէջ նրա արած ամբողջ անզգամութեան համար»։ 11Եւ բոլոր իսրայէլացիները մէկ մարդու նման հաւաքուեցին եկան քաղաքներից։12Իսրայէլի ցեղերը Բենիամինի ամբողջ ցեղի մօտ մարդիկ ուղարկեցին եւ ասացին. «Այդ ի՞նչ չարագործութիւն է, որ եղաւ ձեր մէջ։ 13Հիմա տուէ՛ք Գաբաայի այդ ամբարիշտ մարդկանց՝ Բելիարի որդիներին, որ սպանենք նրանց եւ վերացնենք չարիքն Իսրայէլից»։ Բայց Բենիամինի ցեղի որդիները չկամեցան լսել իրենց եղբայրների՝ իսրայէլացիների ձայնը։ 14Եւ Բենիամինի ցեղի որդիները հաւաքուեցին իրենց քաղաքներից Գաբաայի մէջ, որ իսրայէլացիների դէմ պատերազմի դուրս գան։ 15Այն օրը իրենց քաղաքներից եկած Բենիամինի ցեղի որդիները քսանհինգ հազար սուսերամարտիկ էին, չհաշուած Գաբաայի բնակիչներին, 16որոնք եօթը հարիւր մարդ էին՝ ընտիր երիտասարդներ ամբողջ ժողովրդից՝ երկու ձեռքով էլ գործելու ընդունակ։ Նրանք բոլորն էլ պարսատիկաւորներ էին, որ քարեր էին նետում եւ մազաչափ չէին վրիպում։ 17Բոլոր իսրայէլացիները, բացի Բենիամինի ցեղի որդիներից, չորս հարիւր հազար սուսերամարտիկներ էին, բոլորն էլ պատերազմող մարդիկ։ 18Վեր կացան գնացին Բեթէլ, եւ իսրայէլացիները հարցրին Աստծուն ու ասացին. «Բենիամինի ցեղի որդիների հետ պատերազմելու համար ո՞վ պիտի լինի մեր առաջնորդը»։ 19Տէրն ասաց. «Յուդան թող լինի առաջնորդը»։ Եւ իսրայէլացիներն առաւօտեան վեր կացան, բանակեցին Գաբաայի մօտ։20Իսրայէլացիները ելան Բենիամինի ցեղի դէմ պատերազմելու եւ Գաբաայի մօտ նրանց դէմ պատերազմելու համար ճակատ կազմեցին։21Բենիամինի ցեղի որդիները դուրս եկան քաղաքից, եւ այն օրը իսրայէլացիներից քսաներկու հազար մարդ սպանեցին եւ գետին տապալեցին։ 22Բայց Իսրայէլի մարդիկ դարձեալ զօրացան եւ նորից ճակատ կազմեցին պատերազմելու համար այն տեղում, որտեղ ճակատել էին առաջին օրը։ 23Իսրայէլացիները վեր կացան եւ մինչեւ երեկոյ լաց եղան Տիրոջ առաջ եւ Տիրոջը հարցրին ու ասացին. «Շարունակե՞նք պատերազմել մեր եղբօր՝ Բենիամինի ցեղի դէմ»։ Տէրն ասաց. «Դո՛ւրս եկէք նրանց դէմ»։ 24Եւ երկրորդ օրը իսրայէլացիները պատերազմի ելան Բենիամինի ցեղի որդիների դէմ։ 25Բենիամինն էլ ելաւ նրանց դէմ պատերազմելու երկրորդ օրը եւ ժողովրդից նորից ութ հազար մարդ սպանեց եւ գետին տապալեց։ Սրանք բոլորն էլ սուսերակիրներ էին։ 26Բոլոր իսրայէլացիները, ամբողջ ժողովուրդը վեր կացան եկան Բեթէլ, նստեցին լաց եղան Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը եւ փրկութեան ողջակէզներ մատուցեցին Տիրոջ առաջ։ 27Այդ օրերին այնտեղ էր Տէր Աստծու ուխտի տապանակը։ 28Նրա առաջ այդ օրերին Ահարոնի որդի Եղիազարի որդի Փենէէսն էր կանգնում։ Իսրայէլացիները հարցրին Տիրոջը եւ ասացին. «Նորից մեր եղբայր Բենիամինի ցեղի որդիների դէմ պատերազմելու դուրս գա՞նք, թէ՞ դադարեցնենք»։ Տէրն ասաց. «Դո՛ւրս եկէք, վաղը նրանց կը մատնեմ ձեր ձեռքը»։ 29Իսրայէլացիները դարանակալներ դրին Գաբաայի շուրջը։ 30Երրորդ օրը իսրայէլացիները դուրս եկան Բենիամինի ցեղի դէմ, ճակատ կազմեցին Գաբաայի մօտ, ինչպէս նախորդ անգամները։31Բենիամինի ցեղի որդիները դուրս եկան ժողովրդի դէմ, հեռացան քաղաքից եւ սկսեցին նախորդ անգամների պէս ջարդել-վիրաւորել ժողովրդին այն ճանապարհների վրայ, որոնցից մէկը դուրս էր գալիս Բեթէլ, իսկ միւսը՝ Գաբաա։ Նրանք այդ դաշտում իսրայէլացիներից մօտ երեսուն մարդ կոտորեցին։ 32Բենիամինի ցեղի որդիներն ասացին. «Սրանք մեր առաջ կոտորուելու են, ինչպէս նախորդ անգամ»։ Իսկ իսրայէլացիներն ասացին. «Փախչենք եւ հեռացնենք նրանց քաղաքից ու ճանապարհից»։ 33Եւ բոլոր իսրայէլացիները վեր կացան իրենց տեղից եւ վերադասաւորուեցին Բաալթամարում։ Իսրայէլացի դարանակալները կռւում էին իրենց տեղից, Գաբաայի արեւմտեան կողմից։ 34Ամբողջ Իսրայէլից տասը հազար ընտիր մարդիկ եկան Գաբաայի դիմաց։ Պատերազմը սաստկացաւ, բայց Բենիամինի ցեղի որդիները չգիտէին, որ իրենց վրայ չարիք է հասել։ 35Եւ Տէրը Բենիամինի ցեղին հարուածեց իսրայէլացիների առաջ, եւ իսրայէլացիներն այդ օրը Բենիամինի ցեղից քսանհինգ հազար հարիւր մարդ կոտորեցին։ Նրանք բոլորն էլ սուսերակիրներ էին։ 36Երբ Բենիամինի ցեղի որդիները տեսան, որ պարտութեան են մատնուած, տեղի տուին իսրայէլացիների առաջ։ Իսրայէլացիները յոյսները դրել էին Գաբաայի շրջակայքում եղած դարանամուտների վրայ։37Դարանամուտները յարձակուեցին եւ թափուեցին Գաբաայի վրայ, մտան եւ ամբողջ քաղաքը սրի քաշեցին։ 38Իսրայէլացիները պայմանաւորուել էին դարանակալների հետ, որ կրակ վառեն եւ ծուխ հանեն քաղաքի վրայ։ 39Այդ ազդանշանի վրայ իսրայէլացիները պէտք է ետ քաշուէին պատերազմից։ Բենիամինի ցեղի մարդիկ սկսեցին ջարդել իսրայէլացի դարանակալներին, կոտորեցին մօտ երեսուն վիրաւոր մարդ եւ ասացին, թէ՝ «Կոտորւում են մեր առաջ այսօր, ինչպէս նախորդ պատերազմում»։ 40Կրակէ ազդանշանը ծաւալուելով բարձրացաւ քաղաքի վրայ ինչպէս ծխի սիւն։ Բենիամինի ցեղի մարդիկ ետ նայեցին եւ տեսան, որ այրուող քաղաքը երկինք է բարձրանում։41Իսրայէլացիները նորից ետ դարձան, Բենիամինի ցեղի մարդիկ տագնապեցին, որովհետեւ տեսան, որ չարիքը հասել է իրենց վրայ։42Նրանք իսրայէլացիներից փախան անապատի ճանապարհով, բայց պատերազմը հասաւ նրանց, եւ քաղաքից դուրս եկող իսրայէլացիներն սպանում էին նրանց՝ իրենց մէջ առնելով։ 43Բենիամինի ցեղի մարդկանց նրանք ջարդեցին եւ հետապնդեցին Նուից մինչեւ Գաբաայի դիմացը՝ արեւելեան կողմից։ 44Բենիամինի ցեղից ընկան տասնութ հազար մարդ. նրանք բոլորն էլ զօրաւոր մարդիկ էին։45Մնացածները, տեսնելով այդ, փախան դէպի անապատ՝ ապաւինելով Ռեմոնի քարայրին։ Ճանապարհին Բենիամինի ցեղից հինգ հազար մարդ հնձեցին, հետապնդեցին նրանց մինչեւ Գաղաադ եւ նրանցից երկու հազար մարդ էլ կոտորեցին։ 46Այն օրը Բենիամինի ցեղից ընկածները քսանհինգ հազար սուսերամարտիկներ էին, բոլորն էլ զօրաւոր մարդիկ։ 47Մնացածները՝ վեց հարիւր մարդ, խոյս տալով փախան անապատ՝ ապաւինելով Ռեմոնի քարայրին եւ այնտեղ, Ռեմոնի քարայրում մնացին չորս ամիս։ 48Իսկ Իսրայէլի մարդիկ յետ դառնալով՝ յարձակուեցին Բենիամինի ցեղի որդիների վրայ, հերթով սրի քաշեցին քաղաքում նրանց, մինչեւ իսկ անասուններին եւ ամէն բան, որ գտան բոլոր քաղաքներում, իսկ կոտորածից զերծ մնացած քաղաքները մարդիկ ուղարկեցին եւ այրեցին հրով։ 
21 Իսրայէլացի տղամարդիկ երդուեցին Մասեփայում եւ ասացին. «Մեզանից ոչ մէկն իր դուստրը Բենիամինի ցեղից մարդու կնութեան թող չտայ»։ 2Ամբողջ ժողովուրդը եկաւ Մասեփա՝ Բեթէլ, մինչեւ երեկոյ նրանք նստեցին այնտեղ Աստծու առաջ, բարձրացրին իրենց ձայնը, սաստիկ լաց եղան 3եւ ասացին. «Իսրայէլի՛ Տէր Աստուած, ինչո՞ւ համար այս բանը եղաւ Իսրայէլում, որ այսօր Իսրայէլից մի ցեղ բնաջնջուէր»։ 4Յաջորդ օրը ժողովուրդը կանուխ վեր կացաւ, այնտեղ զոհասեղան շինեցին եւ փրկութեան ողջակէզներ մատուցեցին։5Իսրայէլացիներն ասացին. «Իսրայէլի բոլոր ցեղերից ո՞վ է, որ այս հաւաքին, Տիրոջ առաջ Մասեփա չի եկել։ Արդարեւ, մեծ երդում էին տուել՝ ասելով, թէ՝ «Պիտի մեռնի՛ նա, ով չգայ Մասեփա հաւաքի»։6Իսրայէլացիները ցաւեցին իրենց եղբայր Բենիամինի ցեղի համար եւ ասացին. «Այսօր Իսրայէլից մի ցեղ վերացաւ։ 7Հիմա ի՞նչ անենք առանց կնոջ մնացածներին, քանի որ մենք երդուել ենք Տիրոջով, որ մեր աղջիկներից նրանց կնութեան չտանք»։ 8Եւ ասացին. «Իսրայէլի ցեղերից ո՞վ է, որ չի եկել Տիրոջ առաջ Մասեփա»։ Պարզուեց, որ Գաղաադի երկրի Յաբիս բնակավայրից ոչ ոք չէր եկել բանակատեղի՝ հաւաքին։ 9Եւ ժողովրդին հաշուառման ենթարկեցին։ Նրանց մէջ մարդ չկար Գաղաադի երկրի Յաբիսի տնից։ 10Ժողովուրդն այնտեղ ուղարկեց տասներկու հազար զօրաւոր մարդիկ, նրանց պատուիրեցին եւ ասացին. «Գնացէ՛ք եւ Գաղաադի երկրի Յաբիս բնակավայրի բնակիչներին՝ ե՛ւ կանանց, ե՛ւ մանուկներին կոտորեցէ՛ք սրով։ 11Ահա թէ ինչ պիտի անէք. բոլոր արուներին եւ արուի հետ անկողին մտած կանանց կոտորեցէ՛ք»։ 12Եւ Գաղաադի երկրի Յաբիս բնակավայրի բնակիչների մէջ նրանք գտան չորս հարիւր կոյս աղջիկ, որոնք տղամարդու հետ անկողնում չէին պառկել։ Նրանց բերին բանակատեղի՝ Սելով, որ Քանանացիների երկրում է։ 13Եւ ամբողջ ժողովուրդը մարդ ուղարկեց, որ խօսեն Բենիամինի ցեղի որդիների հետ, որոնք Ռեմոնի քարայրում էին, եւ նրանց խաղաղութեան կոչեցին։14Այն ժամանակ Բենիամինի ցեղի մարդիկ վերադարձան իսրայէլացիների մօտ։ Իսրայէլացիները նրանց կնութեան տուին Գաղաադի երկրի Յաբիս բնակավայրի աղջիկներին. եւ դա նրանց հաճելի թուաց։ 15Ժողովուրդը ցաւեց Բենիամինի ցեղի համար, որովհետեւ Տէրը Իսրայէլի ցեղերի մէջ ճեղք էր բաց արել։ 16Ժողովրդի ծերերն ասացին. «Ի՞նչ անենք առանց կնոջ մնացած միւսների համար, քանի որ Բենիամինի ցեղի կանայք բնաջնջուեցին»։ 17Եւ ասացին. «Բենիամինի ցեղից ժառանգութիւն է ազատուել, թող Իսրայէլից ցեղ չբնաջնջուի։ 18Բայց մենք չենք կարող մեր աղջիկներից նրանց կնութեան տալ, որովհետեւ մենք՝ իսրայէլացիներս, երդուելով ասացինք. «Անիծուած լինի նա, ով Բենիամինի ցեղին աղջիկ կնութեան կը տայ»։ 19Եւ ասացին. «Ամէն տարի Տիրոջ տօն է լինում Սելովում, որը Բեթէլի հիւսիսում, Բեթէլից Սիկիմ տանող ճանապարհի արեւելեան կողմում, Լիբանանից հարաւ, Ելեբոնայում է գտնւում»։ 20Նրանք Բենիամինի ցեղի որդիներին պատուիրեցին եւ ասացին. 21«Գնացէ՛ք, դարա՛ն մտէք այգիներում։ 22Երբ տեսնէք, որ Սելովի աղջիկները, պար բռնած, խմբերով դուրս են գալիս, դո՛ւրս եկէք այգիներից, թող ամէն տղամարդ մի կին յափշտակի Սելովի աղջիկներից, եւ գնացէ՛ք Բենիամինի ցեղի երկիրը։ 23Եթէ նրանց հայրերը եւ եղբայրները գան ձեր դէմ բողոքելու, նրանց կ՚ասէք, թէ՝ «Խղճացինք նրանց, որովհետեւ պատերազմի ժամանակ այդ մարդիկ իրենց համար կին չառան». եւ քանի որ դո՛ւք չէ, որ նրանց կնութեան տուիք աղջիկներին, դա ձեզ համար մեղք չէ»։ 24Եւ Բենիամինի ցեղի որդիներն այդպէս արեցին. պարողներից իրենց թուի համեմատ յափշտակելով կանայք առան եւ գնացին, վերադարձան ամէն մէկն իր կալուածքը, քաղաքներ շինեցին եւ բնակուեցին դրանց մէջ։ 25Այն ժամանակ իսրայէլացիները գնացին ամէն մէկն իր ցեղի եւ ազգատոհմի մօտ, եւ այնտեղից ամէն մարդ գնաց իր կալուածքը։ Այն օրերին Իսրայէլում թագաւոր չկար, եւ ամէն մարդ անում էր այն, ինչ հաճելի էր իրեն։

 









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Суп с резаком

Из говядины или баранины сварить бульон, отделить кости, мясо нарезать...

Картофель с мясной начинкой

Очищенный картофель нарезать ломтиками, положить в кастрюлю с кипящей подсоленной...

Cлат из кипрея (из апузана)

Cлат из кипрея (из апузана)Кипрей перебрать, промыть, положить в кипящую...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта