ԴԱՏԱՒՈՐՆԵՐ

(4 голоса, среднее 4.25 из 5)
Индекс материала
ԴԱՏԱՒՈՐՆԵՐ
2
Все страницы

Դատաւորներ


1 Յեսուի վախճանուելուց յետոյ իսրայէլացիները հարցնում էին Տիրոջը եւ ասում. «Մեզնից ո՞վ առաջինը դուրս կը գայ պատերազմի քանանացիների դէմ»։ 2Տէրն ասաց. «Յուդայի՛ ցեղը պէտք է դուրս գայ, քանի որ երկիրը նրա ձեռքն եմ յանձնել»։ 3Եւ Յուդան իր եղբայր Շմաւոնին ասաց. «Վե՛ր կաց գնանք ինձ հետ իմ կալուածքը եւ քանանացիների դէմ պատերազմենք, ես էլ քեզ հետ կը գամ քո կալուածքը»։ Շմաւոնը գնաց նրա հետ։ 4Յուդան գնաց, եւ Տէրը քանանացիներին ու փերեզացիներին յանձնեց նրա ձեռքը, եւ նա Բեզեկում նրանցից տասը հազար մարդ կոտորեց։ 5Բեզեկում գտան Ադոնիբեզեկին, նրա դէմ պատերազմեցին եւ ջարդեցին քանանացիներին ու փերեզացիներին։ 6Ադոնիբեզեկը փախաւ, բայց նրան հետապնդեցին, հասան նրան եւ կտրեցին նրա ձեռքերի ու ոտքերի մատները։ 7Ադոնիբեզեկն ասաց. «Եօթանասուն թագաւորներ, որոնց ձեռքերի ու ոտքերի մատները կտրուած էին, հաւաքում էին իմ սեղանի տակի փշրանքները։ Արդ, ինչպէս ես էի արել, այդպէս էլ Աստուած ինձ հատուցեց»։ Նրան բերին Երուսաղէմ, եւ նա այնտեղ մեռաւ։ 8Յուդայի որդիները պատերազմեցին Երուսաղէմի դէմ, գրաւեցին այն, սրի քաշեցին եւ քաղաքը հրով այրեցին։ 9Դրանից յետոյ Յուդայի որդիներն իջան պատերազմելու լերան կողմում, հարաւում եւ դաշտավայրում բնակուող քանանացիների դէմ։ 10Յուդան գնաց Քեբրոնում բնակուող քանանացիների վրայ, եւ Քեբրոնը դուրս եկաւ նրա դէմ։ Քեբրոնի անունն առաջ Կարիաթարբոկ Սեփեր էր։ Ջարդեցին Սէսիին, Աքիմանին եւ Թոլմիին՝ Ենակի զաւակներին։ 11Այնտեղից յարձակուեցին Դաբիրի բնակիչների վրայ։ Դաբիրի անունն առաջ Նամակաց քաղաք էր։ 12Քաղէբն ասաց. «Ով որ հարուածի Նամակաց քաղաքին եւ գրաւի այն, իմ դուստր Ասքային նրան կնութեան կը տամ»։13Եւ գրաւեց այն Քաղէբի կրտսեր եղբօր՝ Կենեզի որդի Գոդոնիէլը, եւ Քաղէբն իր դուստր Ասքային նրան կնութեան տուեց։ 14Երբ աղջիկը գնում էր, Գոդոնիէլը յորդորեց նրան, որ իր հօրից ագարակ խնդրի։ Աղջիկը տրտնջաց, աղաղակեց էշի վրայից եւ ասաց. «Հարաւային երկիր տուիր ինձ»։ Քաղէբը նրան ասաց. «Ի՞նչ եղաւ քեզ»։ 15Ասքան նրան ասաց. «Ինձ օրհնութիւն տո՛ւր. որովհետեւ ինձ հարաւային երկիր տուիր, տո՛ւր ինձ նաեւ ջրի աղբիւրներ»։ Եւ Քաղէբը նրա ցանկութեամբ նրան տուեց վերին աղբիւրներն ու հովիտների աղբիւրները։ 16Մովսէսի աներոջ՝ Կինեցի Յոբաբայի որդիները, Արմաւենիների քաղաքից գնացին Յուդայի որդիների մօտ, Յուդայի անապատը, որը Յուդայի երկրի հարաւում է, Արադի զառիվայրի մօտ, եւ գնացին բնակուեցին ժողովրդի հետ։ 17Յուդան գնաց իր եղբայր Շմաւոնի հետ, եւ նրանք հարուածեցին, նզովեցին ու կոտորեցին Սեփաթում բնակուող քանանացիներին եւ այդ քաղաքի անունը կոչեցին Սատակում։ 18Յուդան չառաւ Գազան ու նրա սահմանները, Ասկաղոնն ու նրա սահմանները, Ակկարոնն ու նրա սահմանները, Ազոտոսն ու նրա արտերը։ 19Տէրը Յուդայի հետ էր։ Յուդան գրաւեց լեռը, բայց հովիտների բնակիչներին չկարողացաւ տիրել, որովհետեւ Ռեքաբը զատեց նրանց, եւ նրանք երկաթէ կառքեր ունէին։ 20Քեբրոնը տուին Քաղէբին, ինչպէս ասել էր Մովսէսը։ Քաղէբը այնտեղից ժառանգութիւն ստացաւ Ենակի որդիների երեք քաղաքները եւ քշեց այնտեղից Ենակի երեք որդիներին։ 21Բենիամինի որդիները Երուսաղէմում բնակուող յեբուսացիներին չնուաճեցին, եւ յեբուսացիները բնակւում են այնտեղ Բենիամինի որդիների հետ մինչեւ այսօր։ 22Յովսէփի որդիներն իրենք էլ գնացին Բեթէլի դէմ, եւ Տէրը նրանց հետ էր։ 23Իսրայէլի տոհմը բանակատեղի դրեց Բեթէլում. այդ քաղաքի անունն առաջ Լուզա էր։ 24Պահապանները մի մարդ տեսան, որ դուրս էր գալիս այդ քաղաքից, բռնեցին նրան եւ ասացին. «Ցո՛յց տուր մեզ քաղաքի մուտքը, եւ մենք կը խնայենք քեզ։ 25Նա նրանց ցոյց տուեց քաղաքի մուտքը, եւ նրանք քաղաքը սրի քաշեցին, իսկ այն մարդուն եւ նրա ազգատոհմը ազատ արձակեցին։ 26Այդ մարդը գնաց Քետիմ երկիրը, այնտեղ քաղաք շինեց եւ նրա անունը Լուզա դրեց, եւ այդ է նրա անունը մինչեւ այսօր։ 27Մանասէն որպէս ժառանգութիւն չստացաւ Բեթսանը, այսինքն՝ Սկիւթուպոլիսը, նրա աւանները եւ նրա արտերը, Թանաքը եւ նրա աւանները, Դորի բնակիչներին, նրա շուրջը բնակուողներին եւ նրա աւանները, Բաղակի բնակիչներին, նրա շուրջը բնակուողներին եւ նրա աւանները, Յեբղամի բնակիչներին, նրա շուրջը բնակուողներին եւ նրա աւանները. եւ քանանացիները շարունակեցին բնակուել այդ երկրում։ 28Երբ Իսրայէլը հզօրացաւ, քանանացիներին հարկի տակ գցեց, բայց նրանց իսպառ չվերացրեց։ 29Եփրեմն էլ չվերացրեց Գազերում բնակուող քանանացիներին, եւ քանանացիները բնակուեցին նրանց մէջ Գազերում ու Եփրեմին հարկատու եղան։30Զաբուղոնն էլ չվերացրեց Կեդրոնի բնակիչներին ու Ամանի բնակիչներին, եւ քանանացիները բնակուեցին նրանց մէջ եւ նրանց հարկատու եղան։ 31Ասերը չվերացրեց Ակքովի բնակիչներին, որոնք նրան հարկատու եղան, նաեւ Դորի, Սիդոնի, Դալափի, Աքազիփի, Ելփայի, Ափէկի, Ռոբի բնակիչներին։ 32Ասերացիները բնակուեցին այդ երկրում ապրող քանանացիների մէջ, որովհետեւ չկարողացան վերացնել նրանց։ 33Նեփթաղիմը չվերացրեց Բեթսամիւսի բնակիչներին, ոչ էլ Բեթանաթի բնակիչներին։ Նեփթաղիմը բնակուեց այդ երկրում ապրող քանանացիների մէջ, իսկ Բեթսամիւսի եւ Բեթանաթի բնակիչները նրան հարկատու եղան։ 34Ամորհացիները Դանի որդիներին նեղեցին լերան վրայ, որովհետեւ նրանց թոյլ չէին տալիս իջնել հովիտները։ 35Եւ ամորհացիները շարունակեցին բնակուել Մրտենիների լերան վրայ։ Այնտեղ, Մրտաստանում եւ Սաղապինում արջեր եւ աղուէսներ կային։ Յովսէփի տոհմի ձեռքը ծանրացաւ ամորհացիների վրայ, եւ ամորհացիները հարկատու եղան նրանց։36Ամորհացիները Ակրաբիմի զառիվայրի վրայ, Վէմից վեր սահմանակից էին եդոմայեցիներին։ 
2 Տիրոջ հրեշտակը Գաղգաղայից դուրս եկաւ Լացատեղը, Բեթէլ եւ Իսրայէլի տուն ու ասաց նրանց. «Այսպէս է ասում Տէրը. «Տէրը ձեզ հանեց Եգիպտոսից եւ բերեց այն երկիրը, որի համար ձեր հայրերին երդուել էր, որ ձեզ կը տայ եւ ձեզ ասաց. ՛՛Ձեզ հետ դրած ուխտս յաւիտեան չեմ դրժի։ 2Դուք այս երկրի բնակիչների հետ դաշինք մի՛ կնքէք, ոչ էլ նրանց չաստուածների հետ, մի՛ երկրպագէք նրանց, այլ խորտակեցէ՛ք նրանց կուռքերը, կործանեցէ՛ք նրանց զոհասեղանները՛՛։ Բայց դուք իմ խօսքը չլսեցիք եւ այդ բանն արեցիք։ 3Եւ ես ասացի. ՛՛Այլեւս չեմ տեղաշարժի այս ժողովրդին, որին շարունակ կոտորեցի եւ նրան չեմ քշի ձեր առաջից։ Նրանք ձեզ համար փորձանք կը դառնան, եւ նրանց չաստուածները ձեզ համար գայթակղութիւն կը լինեն՛՛»։ 4Երբ Տիրոջ հրեշտակն այս խօսքերն ասաց Իսրայէլի բոլոր որդիներին, ժողովուրդը ձայն բարձրացրեց ու լաց եղաւ։ 5Դրա համար էլ այն տեղի անունը Լալօնք դրին. եւ այնտեղ Տիրոջը զոհ մատուցեցին։ 6Յեսուն արձակեց ժողովրդին, եւ իսրայէլացիները գնացին ամէն մէկն իր տունը եւ ամէն մէկն իր կալուածքը՝ երկիրը ժառանգութիւն ստանալու համար։ 7Եւ ժողովուրդը Տիրոջը ծառայեց Յեսուի կենդանութեան բոլոր օրերում եւ այն ծերերի կենդանութեան բոլոր օրերում, որոնք երկար ապրեցին Յեսուից յետոյ եւ որոնք տեսել էին Տիրոջ բոլոր մեծամեծ գործերը, որ նա արեց Իսրայէլի համար։ 8Տիրոջ ծառայ Յեսուն՝ Նաւէի որդին, վախճանուեց հարիւր տասը տարեկան հասակում, 9եւ նրան թաղեցին իր ժառանգութիւնը հանդիսացող երկրի լերան վրայ, Թամնաթարէսում, Եփրեմի լերան վրայ, Գայաս լերան հիւսիսային կողմում։ 10Վախճանուեց նաեւ այդ ամբողջ սերունդը։ Դրանից յետոյ եկաւ ուրիշ սերունդ, որ չէր ճանաչում ո՛չ Տիրոջը եւ ո՛չ էլ այն գործերը, որ նա արել էր Իսրայէլի մէջ։ 11Իսրայէլացիները Տիրոջ առաջ չարիք գործեցին եւ Բահաղիմին պաշտեցին. 12թողին իրենց հայրերի Տէր Աստծուն, որ նրանց հանել էր Եգիպտացիների երկրից, գնացին օտար աստուածների՝ իրենց շուրջը եղած ազգերի աստուածների ետեւից, երկրպագեցին նրանց եւ բարկացրին Տիրոջը, 13լքեցին նրան եւ պաշտեցին Բահաղին ու Աստարտներին։ 14Սաստիկ զայրացաւ Տէրն իսրայէլացիների վրայ եւ նրանց մատնեց կողոպտիչների ձեռքը, որոնք կողոպտեցին նրանց։ Տէրը մատնեց նրանց շրջակայ թշնամիների ձեռքը, եւ նրանք չկարողացան դէմ կանգնել իրենց բոլոր թշնամիներին, որոնց հետ կռապաշտութիւն էին արել։ 15Տիրոջ ձեռքը չարիք պատճառելու համար նրանց վրայ էր, ինչպէս որ ասել էր Տէրը եւ ինչպէս որ երդուել էր. եւ Տէրը խիստ նեղեց նրանց։ 16Տէրը նրանց համար դատաւորներ կարգեց եւ նրանց փրկեց կողոպտիչների ձեռքից։ Բայց նրանք դատաւորներին էլ չլսեցին, 17որովհետեւ օտար աստուածների հետեւելով՝ կռապաշտութիւն արեցին, երկրպագեցին նրանց եւ բարկացրին Տիրոջը։ Շուտով խոտորուեցին այն ճանապարհից, որով ընթանում էին նրանց հայրերը՝ Տիրոջ պատուիրանները լսելով։ Նրանք այդպէս չարեցին։ 18Եւ երբ Տէրը նրանց համար դատաւորներ կարգեց, Տէրն այդ դատաւորների հետ էր եւ նրանց փրկում էր թշնամիների ձեռքից դատաւորների կենդանութեան բոլոր օրերին, որովհետեւ Տէրը նրանց կարեկցում էր պաշարողների եւ չարչարողների երեսից կրած նրանց հեծութեան համար։ 19Եւ երբ դատաւորը մեռնում էր, նրանք դառնում, նորից անօրէնութիւն էին անում իրենց հայրերից աւելի՝ գնալով օտար աստուածների ետեւից, նրանց պաշտելով ու նրանց երկրպագելով։ Նրանք դէն չէին նետում իրենց կուռքերը եւ ետ չէին դառնում իրենց վատ ճանապարհներից։ 20Եւ սաստիկ բարկացաւ Տէրն իսրայէլացիների վրայ եւ ասաց. «Քանի որ այս ազգը զանց արեց իմ ուխտը, որը ես դրել եմ նրանց հայրերի հետ, եւ չլսեց իմ ձայնը, 21ես էլ այլեւս չեմ քշի նրանց առաջից ոչ մի մարդու այն ազգերից, որ կենդանի թողեց Նաւէի որդի Յեսուն։ 22Նա թողեց, որ նրանցով փորձեմ իսրայէլացիներին, թէ արդեօք նրանք կը զգուշանա՞ն եւ Տիրոջ ճանապարհով կը գնա՞ն, թէ՞ ոչ, ինչպէս զգուշացան նրանց հայրերը»։23Եւ Տէրը թողեց այդ ազգերին, շուտով չվերացրեց նրանց եւ չմատնեց նրանց Յեսուի ձեռքը։ 
3 Սրանք են այն ազգերը, որոնց թողեց Յեսուն, որպէսզի Աստուած նրանցով փորձի իսրայէլացիներին, ամենքին, որոնք չգիտէին քանանացիների բոլոր պատերազմների մասին. 2(միայն նրա համար, որ պատերազմել սովորեցնեն իսրայէլացիների սերունդներին, նրանց, որոնք առաջուց չգիտէին պատերազմել). 3նա թողեց այլազգիների հինգ նախարարութիւնները, բոլոր քանանացիներին, սիդոնացիներին եւ Լիբանանում Բաղհերմոն սարից մինչեւ Լաբոեմաթ բնակուող խեւացիներին։ 4Նրանցով պիտի փորձէր իսրայէլացիներին եւ իմանար, թէ կը լսե՞ն արդեօք Տիրոջ պատուիրանները, որ նա տուել էր նրանց հայրերին Մովսէսի միջոցով։ 5Եւ իսրայէլացիները բնակուեցին քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խեւացիների, յեբուսացիների եւ գերգեսացիների մէջ։ 6Նրանց աղջիկներին իրենց համար կին առան եւ իրենց աղջիկներին տուին նրանց տղաներին, պաշտեցին նրանց չաստուածներին։7Իսրայէլացիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, մոռացան իրենց Տէր Աստծուն եւ պաշտեցին Բահաղին եւ անտառները։ 8Տէրը սաստիկ բարկացաւ իսրայէլացիների վրայ եւ նրանց մատնեց Միջագետքի ասորեստանցիների արքայ Քուսարսաթեմի ձեռքը, եւ իսրայէլացիները նրան ծառայեցին ութ տարի։ 9Իսրայէլացիները աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, Տէրը Իսրայէլի համար մի փրկիչ մէջտեղ հանեց. նրանց տուեց Գոդոնիէլին՝ Կենեզի որդուն, Քաղէբի կրտսեր եղբօրը։ Տէրը լսեց նրանց։ 10Գոդոնիէլի մէջ Տիրոջ հոգին բնակուեց, եւ նա Իսրայէլում դատաւորութիւն արեց։ Նա պատերազմի դուրս եկաւ Քուսարսաթեմի դէմ, Տէրը նրա ձեռքը մատնեց ասորեստանցիների Քուսարսաթեմ արքային. Գոդոնիէլը յաղթեց Քուսարսաթեմին։ 11Երկիրը քառասուն տարի հանգստացաւ։ Ապա Կենեզի որդի Գոդոնիէլը մեռաւ։12Իսրայէլացիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ. եւ Տիրոջ առաջ չարիք գործելու պատճառով Տէրը Իսրայէլի դէմ զօրացրեց Մովաբի արքայ Եգղոմին։ 13Նա հաւաքեց նրանց դէմ Ամոնի եւ Ամաղէկի բոլոր որդիներին, գնաց հարուածեց Իսրայէլին եւ տիրեց Արմաւենիների քաղաքին։ 14Տասնութ տարի իսրայէլացիները ծառայեցին Մովաբի արքայ Եգղոմին։ 15Իսրայէլացիները աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, եւ Տէրը նրանց համար մի փրկիչ մէջտեղ հանեց՝ յիմենեցի մի մարդու՝ Գերայի որդի Աւոդին, որը երկու ձեռքով էլ յաջող էր գործում։ Իսրայէլացիները նրա ձեռքով Մովաբի Եգղոմ արքային ընծաներ ուղարկեցին։ 16Աւոդն իր համար մէկ կանգուն երկարութեամբ երկսայրի սուր շինեց, կապեց այն իր աջ ազդրին թիկնոցի տակից եւ գնաց 17ու ընծաները մատուցեց Մովաբի արքայ Եգղոմին։ Եգղոմը շատ գէր մարդ էր։ 18Երբ Աւոդն իր ընծաները տուեց վերջացրեց եւ արձակեց ընծաները բերողներին, Եգղոմը վերադարձաւ Գաղգաղայում եղած կուռքերի մօտից։ 19Աւոդն ասաց. «Ո՛վ արքայ, քեզ ծածուկ ասելու խօսք ունեմ»։ Եգղոմն ասաց. «Լռի՛ր»։ Եւ ամենքին ասաց. «Հեռո՛ւ գնացէք»։ Եւ նրա մօտ եղողները դուրս եկան։ 20Նա միայնակ նստած էր իր ամարանոցի վերնատանը։ Աւոդն ասաց. «Ո՛վ արքայ, ես քեզ համար Աստծու պատգամ ունեմ հաղորդելու»։ Եգղոմն աթոռից վեր կացաւ գնաց նրա մօտ։ 21Երբ նա վեր կացաւ, Աւոդն իր ձախ ձեռքը մեկնեց, քաշեց սուրն իր աջ ազդրից եւ Եգղոմի կողը խրեց,22սրի կոթն էլ խրեց վէրքի մէջ։ Ճարպը ծածկեց վէրքի բերանը, որովհետեւ նա սուրը նրա կողից չհանեց։ 23Նա դուրս եկաւ պատշգամբ, անցաւ սրահը, նրա դէմ փակեց վերնատան դռները, կողպեց, եւ ինքը դուրս ելաւ գնաց։ 24Նրա ծառաները ներս մտան, տեսան, որ վերնատան դռները փակուած են, եւ ասացին. «Գուցէ սենեակում նստել է բնական կարիքի համար»։ 25Կանգնեցին ու մնացին ամօթից, եւ ոչ ոք բաց չէր անում վերնատան դռները։ Առան բանալին, բաց արին եւ տեսան, որ ահա իրենց տէրը ընկած մեռած է գետնին։ 26Մինչ նրանք իրարանցման մէջ էին, Աւոդը փախաւ Սիրոթա, եւ ոչ ոք ուշ չդարձրեց նրա վրայ։ Նա անցաւ կուռքերի մօտով եւ փախաւ ընկաւ Սիրոթա։27Երբ Աւոդը եկաւ Իսրայէլ, փող փչեց Եփրեմի լերան վրայ։ Իսրայէլացիները նրա հետ իջան լեռից, եւ ինքը նրանց առջեւում էր։28Նա ասաց նրանց. «Իջէ՛ք իմ ետեւից, որովհետեւ մեր Տէր Աստուածը մեր թշնամի մովաբացիներին մեր ձեռքը մատնեց»։ Նրանք իջան նրա ետեւից ու նախ գրաւեցին Մովաբի եւ Յորդանան գետի միջեւ եղած անցումները եւ ոչ մի մարդու թոյլ չտուին անցնել։ 29Այդ օրը մովաբացիներից կոտորեցին մօտ տասը հազար մարդ՝ նրանց բոլոր պատերազմողներին ու բոլոր զօրաւոր մարդկանց, եւ նրանցից ոչ մի մարդ չազատուեց։ 30Այդ օրը մովաբացիներն ընկճուեցին Իսրայէլի ձեռքի տակ, եւ երկիրն ութսուն տարի հանգստացաւ։ Աւոդը նրանց դատաւորը եղաւ մինչեւ իր մահը։ 31Աւոդից յետոյ մէջտեղ ելաւ Անաթի որդի Սամեգարը, որն արօրի մաճով այլազգիներից վեց հարիւր մարդ կոտորեց, աւար առաւ չափազանց շատ արջառ եւ ոչխար՝ չհաշուած կովերի հորթերը։ Եւ նա՛ էլ փրկեց Իսրայէլը։ 
4 Իսրայէլացիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ։ Սամեգարը մեռաւ։ 2Տէրը նրանց մատնեց քանանացիների արքայ Յաբինի ձեռքը, որը թագաւորում էր Ասորում։ Նրա զօրագլուխը Սիսարան էր, որը բնակւում էր Ազգերի Արիսոթում։ 3Իսրայէլացիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, որովհետեւ Յաբինը ինը հարիւր երկաթէ կառքեր ունէր եւ քսան տարի սաստիկ նեղում էր իսրայէլացիներին։ 4Այն ժամանակ Իսրայէլում դատաւորութիւն էր անում մարգարէուհի Դեբորան՝ Լաբիդոթի կինը։ 5Նա բնակւում էր արմաւենու տակ, Ռամայի եւ Բեթէլի միջեւ, Եփրեմի լերան վրայ։ Իսրայէլացիները նրա մօտ էին գնում դատաստանի համար։ 6Դեբորան մարդ ուղարկեց եւ Նեփթաղիմի Կադէսից կանչեց Բարակին՝ Աբինէէմի որդուն եւ նրան ասաց. «Չէ՞ որ Իսրայէլի Տէր Աստուածը քեզ հրաման տուեց, որ գնաս Թաբոր լեռը, քեզ հետ վերցնես Նեփթաղիմի որդիներից եւ Զաբուղոնի որդիներից տասը հազար մարդ 7եւ տանես քեզ հետ Կիսոնի հեղեղատը, Յաբինի զօրագլուխ Սիսարայի, նրա զօրքերի ու նրա կառքերի դէմ, եւ Տէրը նրանց քո ձեռքը կը մատնի»։8Բարակը նրան ասաց. «Եթէ ինձ հետ գաս, կը գնամ, իսկ եթէ չգաս ինձ հետ, չեմ գնայ, որովհետեւ ես չգիտեմ այն օրը, երբ Տէրն իր հրեշտակի միջոցով կ՚աջակցի ինձ։» 9Դեբորան նրան ասաց. «Անշուշտ կը գնամ քեզ հետ, բայց իմացի՛ր, որ քաջութիւնը քոնը չի լինի քո գնացած ճանապարհին, որովհետեւ Տէրը մի կնոջ ձեռքը կը մատնի Սիսարային»։ Դեբորան վեր կացաւ ու Բարակի հետ գնաց Կադէս։10Բարակը Զաբուղոնին եւ Նեփթաղիմին հրաւիրեց Կադէս։ Տասը հազար մարդ նրա ետեւից գնացին. Դեբորան նոյնպէս գնաց նրա հետ։11Կինեցիների մերձաւորները բաժանուել էին կինեցիներից՝ Մովսէսի աներոջ Յոբաբի որդիներից, եւ իրենց վրանը կանգնեցրել էին Հանգուցեալների կաղնու մերձակայքում, Կադէսի մօտ։ 12Սիսարային իմաց տուին, որ Աբինէեմի որդի Բարակը ելել է Թաբոր լեռը։13Սիսարան իր բոլոր կառքերը՝ ինը հարիւր երկաթէ կառքեր եւ իր հետ եղող բոլոր զօրքերը Ազգերի Արիսոթից Կիսոնի հեղեղատում հաւաքեց։14Դեբորան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետեւ սա է այն օրը, որ Տէրը Սիսարային քո ձեռքը մատնեց։ Ահա Տէրն է քո առաջ»։ Բարակն իջաւ Թաբոր լեռից, եւ նրա ետեւից՝ տասը հազար մարդ։ 15Տէրը զարհուրեցրեց Սիսարային եւ նրա բոլոր կառքերն ու նրա ամբողջ բանակը խորտակեց Բարակի առաջ սրի բերանով։ Սիսարան իջաւ իր կառքից եւ հետիոտն փախաւ։ 16Բարակը, կառքերն ու բանակը հետապնդելով, գնաց մինչեւ Ազգերի անտառը։ Սիսարայի ամբողջ բանակն ընկաւ սրի բերանով, եւ ոչ ոք չմնաց կենդանի։ 17Սիսարան հետիոտն փախաւ գնաց կինեցի Քաբերի կնոջ՝ Յայէլի վրանը, որովհետեւ Ասորի արքայ Յաբինի եւ կինեցի Քաբերի տան միջեւ խաղաղութիւն էր։ 18Յայէլն ընդառաջ ելաւ Սիսարային եւ ասաց նրան. «Դէպի ինձ շո՛ւռ արի, տէ՛ր իմ, շո՛ւռ արի եւ մի՛ վախեցիր»։ Եւ նա գնաց վրանը՝ նրա մօտ. եւ կինը նրան ծածկեց նրա ծածկոցով։ 19Սիսարան ասաց նրան. «Մի քիչ խմելու ջուր տո՛ւր ինձ, ծարաւ եմ»։ Եւ նա բաց արեց կաթի տիկը, խմեցրեց նրան եւ ծածկեց նրա երեսը։ 20Սիսարան նրան ասաց. «Կանգնի՛ր դու վրանի դռան մօտ, եւ եթէ մէկը քեզ մօտ գայ եւ քեզ հարցնի ու ասի, թէ՝ այդտեղ մարդ կա՞յ, կ՚ասես, թէ՝ չկայ»։21Եւ կինը ծածկեց նրան նրա ծածկոցով։ Ապա Քաբերի կին Յայէլն առաւ վրանի ցիցը, բռնեց մուրճն իր ձեռքին, կամացուկ մտաւ նրա մօտ, ցիցը մխեց նրա ծնօտի մէջ եւ նրան գետնին գամեց։ Նա տապալուեց նրա ոտքերի առաջ եւ հոգին փչեց։ 22Եւ ահա Բարակը, հետապնդելով, գալիս էր Սիսարայի ետեւից։ Յայէլը նրան ընդառաջ ելաւ եւ ասաց նրան. «Ե՛կ այստեղ, քեզ ցոյց տամ այն մարդուն, որին փնտռում ես»։ Նա մտաւ նրա մօտ, եւ ահա Սիսարան ընկած մեռած էր՝ ցիցը նրա քունքի մէջ։ 23Տէր Աստուած այդ օրը իսրայէլացիների առաջ նուաստացրեց քանանացիների Յաբին թագաւորին։ 24Եւ իսրայէլացիների ձեռքը գնալով զօրանում էր քանանացիների Յաբին արքայի վրայ, մինչեւ որ նրանց բնաջինջ արեցին։ 
5 Այդ օրը Դեբորան եւ Աբինէեմի որդի Բարակը օրհներգեցին ու ասացին. 2«Իսրայէլի զօրավարներին առաջնորդելու համար, Ժողովրդի յօժարութեան համարՕրհնեցէ՛ք Տիրոջը։ 3Լսեցէ՛ք, թագաւորնե՛ր,Ունկնդի՛ր եղէք, նախարարնե՛ր,Ես Տիրոջն եմ երգում,Սաղմոս եմ ասում Իսրայէլի Աստծուն։ 4Տէ՛ր, երբ դու դուրս եկար Սէիրից,Երբ չուեցիր Եդոմի դաշտերից,Երկիրը շարժուեց, եւ երկինքը տակնուվրայ եղաւ,Ամպերը ջուր ցօղեցին, 5Լեռները շարժուեցին Սինայի Տէր Ելովայի երեսից,Իսրայէլի Տէր Աստծու երեսից։ 6Անաթի որդի Սամեգարի օրերին,Յայէլի օրերինՊակասեցին թագաւորները,Գնացին շաւիղներով, խոտոր ճանապարհներով գնացին։7Իսրայէլի մէջ զօրավարներ չմնացին, չմնացին,Մինչեւ որ մէջտեղ ելաւ Դեբորան,Մինչեւ որ մէջտեղ ելաւ Իսրայէլի մայրը։ 8Գարու հացի նման փափագեցին օտար, սնոտի աստուածների.Այն ժամանակ դեռեւս անյայտ նոր գեղարդներով պատերազմեցին իշխանների քաղաքները՝Քառասուն հազար մարդ՝ Իսրայէլի մէջ։ 9Իմ սիրտն Իսրայէլի իշխանների կողմն է.Ժողովրդի զօրաւորնե՛ր,Օրհնեցէ՛ք Տիրոջը։ 10Կէսօրին սպիտակ ձիեր հեծնողնե՛ր,Դատաւորների ատեան գնացողնե՛ր, 11Ձա՛յն տուէք նուագածուներին ցնծացողների մէջ.Այնտեղ թող գովաբանեն արդարութիւնը Տիրոջ,Նա զօրացրեց արդարութիւնն Իսրայէլի մէջ,Այն ժամանակ Տիրոջ ժողովուրդն իջաւ քաղաքները։ 12Արթնացի՛ր, արթնացի՛ր, Դեբորա՛,Արթնացրո՛ւ բիւրաւորներին ժողովրդի հետ.Արթնացի՛ր, արթնացի՛ր, խօսի՛ր երգերով։Զօրացած՝ վե՛ր կաց, Բարա՛կ,Գերի՛ր քո գերիներին, ո՜վ Աբինէեմի որդի։ 13Այնժամ մեծացաւ նրա զօրութիւնը,Տէրն ի՛նձ ենթարկեց ինձնից ուժեղներին։ 14Եփրեմի ժողովուրդը նրանց պատժեց հովիտներում.Քո եղբայր Բենիամինը հետեւեց քո ժողովրդին։Իմ մօտից խուզարկուներ իջան Մաքիր,Իսկ Զաբուղոնի երկրից՝ պատմութեան դպրի գաւազան ունեցող զօրացուցիչներ։ 15Իսաքարի զօրավարները Դեբորայի եւ Բարակի հետ էին,Եւ Բարակն իր ոտքերը տարածեց հովիտների վրայ։Ռուբէնի տոհմերումՄեծամեծ յուզմունք կար։ 16Ինչո՞ւ են նստել Մոսփաթեմի մէջԵւ լսում են տագնապողների գոչիւնը,Որպէսզի անցնեն Ռուբէնի կողմը։Մեծամեծ յուզմունք է բարձրացել։ 17Գադը Յորդանան գետի այն կողմում էր բնակւում.Դա՛ն, ինչո՞ւ ես պանդուխտ մնացել նաւերի մէջ։Ասերը ծովի եզերքին է բնակւումԵւ ծովախորշերում է ապրում։ 18Զաբուղոնի ժողովուրդն իրեն դնում է մահուան վտանգի մէջ,Եւ Նեփթաղիմի ժողովուրդն իրեն դնում է վտանգի մէջ դաշտի բարձունքներում։ 19Թագաւորներ եկան եւ պատերազմեցին,Այն ժամանակ տագնապեցին քանանացիների թագաւորները Թանաքի մէջ,Մակեդդովի ջրերի վրայ.Ագահութեամբ արծաթ չառայ։ 20Երկնքից պատերազմեցին աստղերն իրենց շրջաններից,Պատերազմեցին Սիսարայի դէմ։ 21Կիսոնի հեղեղատը քշեց նրանց,Կադեսիմի հեղեղատը,Կիսոնի հեղեղատը։Թող ես կոխոտեմ նրանց,Թող իմ ոտքը զօրանայ։ 22Այն ժամանակ կտոր-կտոր եղան Մադդարոթի ձիերի սմբակները։Իմ կրունկները գետնին հաւասարեցրին նրանց ահարկու հպարտութիւնը։ 23«Նզովեցէ՛ք Մարոզ քաղաքը, - ասում է Տիրոջ հրեշտակը, - Անիծելով անիծեցէ՛ք նրա բնակիչներին,Որովհետեւ Տիրոջն օգնութեան չեկան,Չեկան Տիրոջն օգնութեան հզօր ռազմիկների դէմ»։ 24Օրհնեալ լինի կանանց մէջ Յայէլը՝Կինեցի Քաբերի կինը,Օրհնեալ լինի նա կանանց մէջ իր վրանում։ 25Սիսարան ջուր խնդրեց, իսկ նա կաթ տուեց,Իշխանների ամանով կարագ մատուցեց։ 26Իր ձախ ձեռքը ցցին մեկնեց,Աջը մուրճին՝ իսպառ ջախջախելու եւ ոչնչացնելու։Սպանեց Սիսարային,Ցիցը մեխեց նրա քունքի մէջ,Խրեց նրա գլխի մէջ եւ սպանեց նրան։ 27Նա ծանրացած ընկաւ նրա ոտքերի,Ընկաւ նրա ծնկների միջեւ,Այնտեղ կորացաւ, մինչեւ որ գետին փռուեց, ընկաւ թշուառականը։ 28Սիսարայի մայրը նայում էր վանդակաւոր պատուհանից,Տեսնում էր Սիսարայի մօտից եկողներին,Իսկ նրա կառքն ուշանում էր գալու։- Ինչո՞ւ են ուշանում նրա կառքի անուահետքերը։ 29Նրա իշխանների իմաստուն կանայք պատասխան են տալիս նրան ու ասում,Հէնց ինքն էլ իր խօսքերին պատասխան է տալիս ու ասում. 30« Աւար բաշխողները չեն գտնի նրան,Որ բարիք անեն բարեկամներին՝ ամէն մէկին բաժանելով իր աւարը։Նրա աղիքները ճմլեց Սիսարայի ստացած գոյնզգոյն աւարը, 31Նկարազարդ, գոյնզգոյն երանգներով աւարը,Գոյնզգոյն, նկարազարդ հիւսուածքներով նարօտը նրա պարանոցի վրայ»։ 32Այսպէս թող կորչեն քո բոլոր թշնամիները, Տէ՛ր,Իսկ նրան սիրողները թող լինեն այնպէս, ինչպէս արեւը, որ ծագում է իր զօրութեամբ»։ 33Եւ երկիրը խաղաղուեց քառասուն տարի։ 
6 Իսրայէլացիները Տիրոջ առաջ չարիք գործեցին, եւ Տէրը նրանց եօթը տարի մադիամացիների ձեռքը մատնեց. 2եւ մադիամացիների ձեռքը ծանրացաւ Իսրայէլի վրայ։ Իսրայէլացիները մադիամացիների պատճառով իրենց համար ապաստաններ շինեցին լեռներում, քարայրներում եւ ամրոցներում։ 3Երբ իսրայէլացիները վարուցանք էին անում, մադիամացիները, ամաղէկացիները եւ Արեւելքի բնակիչները ելնում, յարձակւում էին նրանց վրայ, 4բանակատեղի էին դնում նրանց մօտ եւ փչացնում հողի բերքը մինչեւ Գազայի սահմանները։ Իսրայէլին հանգիստ չէին տալիս, չէին թողնում ո՛չ ոչխար, ո՛չ արջառ, ո՛չ էշ։5Նրանք իրենց ոչխարներով վեր էին կենում, բերում էին իրենց վրանները եւ մորեխի պէս բազմութեամբ վրայ էին հասնում։ Նրանց եւ նրանց ուղտերին թիւ չկար։ Հասնում էին Իսրայէլի երկիրը՝ այն աւերելու համար։ 6Եւ Իսրայէլը մադիամացիների պատճառով շատ աղքատացաւ։ Իսրայէլացիները աղաղակեցին Տիրոջը։ 7Եւ երբ Իսրայէլացիները մադիամացիների պատճառով աղաղակեցին Տիրոջը,8Տէրն իսրայէլացիների մօտ մարգարէ ուղարկեց եւ ասաց նրանց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ես եմ, որ հանեցի ձեզ Եգիպտոսից, ձեզ դուրս բերի ծառայութեան տնից, 9փրկեցի ձեզ եգիպտացիների ձեռքից եւ բոլոր ձեզ նեղողների ձեռքից, քշեցի նրանց ձեր առաջից եւ նրանց երկիրը ձեզ տուի։ 10Եւ ձեզ ասացի.՛ ՛Ես եմ ձեր Տէր Աստուածը, մի՛ վախեցէք ամորհացիների աստուածներից, որոնց երկրում դուք բնակւում էք՛՛, բայց դուք չլսեցիք իմ խօսքը»»։ 11Եւ Տիրոջ հրեշտակը եկաւ ու նստեց Եսրէի հօր՝ Յովասի կաղնու տակ, որը Եփրայում էր գտնւում։ Նրա որդի Գեդէոնը կալում ցորեն էր կալսում՝ փախուստ տալով մադիամացիներից։ 12Տիրոջ հրեշտակը երեւաց նրան եւ ասաց. «Տէրը քեզ հետ է, ով զօրաւոր կտրիճ»։ 13Գեդէոնը նրան ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր իմ, եթէ Տէրը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր չարիքները եկան մեզ վրայ, ո՞ւր են նրա բոլոր զարմանահրաշ գործերը, որ պատմեցին մեզ մեր հայրերը՝ ասելով. «Չէ՞ որ Տէրը մեզ հանեց Եգիպտոսից», եւ հիմա ինչո՞ւ է նա մեզ լքել ու մադիամացիների ձեռքը մատնել»։ 14Տիրոջ հրեշտակը նայեց նրան ու ասաց. «Գնա՛ քո այդ զօրութեամբ եւ փրկի՛ր Իսրայէլը մադիամացիների ձեռքից։ Չէ՞ որ ահա ես եմ ուղարկում քեզ»։ 15Գեդէոնը նրան ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր իմ, ինչո՞վ փրկեմ ես Իսրայէլը. ահա իմ հազարաւոր մարդիկ ամենից աղքատն են Մանասէի ցեղի մէջ, եւ ես իմ հօր տան կրտսերն եմ»։ 16Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Տէրը քեզ հետ է, եւ դու մադիամացիներին կը ջարդես, ինչպէս մէկ մարդու»։ 17Գեդէոնն ասաց. «Եթէ ես քո աչքի առաջ շնորհ եմ գտել, ինձ մի նշան ցո՛յց տուր, որ դու ես ինձ հետ խօսում, 18մի՛ գնա այստեղից, մինչեւ որ քեզ մօտ գամ եւ իմ զոհը բերեմ ու դնեմ քո առաջ»։ Նա ասաց. «Ես եմ, եւ կը նստեմ այստեղ, մինչեւ որ ետ դառնաս ինձ մօտ»։ 19Գեդէոնը ներս մտաւ, այծերի հօտից մի ուլ մորթեց եւ մէկ արդու ալիւրից բաղարջ պատրաստեց, միսը դրեց ափսէի վրայ, արգանակը կճուճի մէջ ածեց, դրեց նրա առաջ կաղնու տակ եւ երկրպագութիւն արեց։ 20Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերցրո՛ւ դու այդ միսն ու բաղարջ հացը, դի՛ր այս քարի վրայ, իսկ արգանակը վրա՛ն թափիր»։ Եւ նա այդպէս արեց։21Տիրոջ հրեշտակն իր ձեռքի գաւազանի ծայրը մեկնեց եւ հասցրեց մսին ու բաղարջին։ Քարից կրակ դուրս եկաւ ու լափեց բաղարջ հացերը. եւ Տիրոջ հրեշտակը հեռացաւ նրա աչքից։ 22Գեդէոնը տեսաւ, որ նա Տիրոջ հրեշտակն է, եւ ասաց. «Ո՜հ, ո՜հ, Տէ՛ր, Տէ՛ր, տեսայ ես Տիրոջ հրեշտակին երես առ երես»։ 23Տէրը նրան ասաց. «Խաղաղութիւն քեզ, մի՛ վախեցիր, չես մեռնի»։ 24Եւ Գեդէոնն այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց, այն կոչեց «Տիրոջը խաղաղութիւն»։ Դա այնտեղ է մինչեւ այսօր։ Եւ մինչդեռ ինքն այնտեղ էր իր հօրը՝ Եսրէին պատկանող Եփրայում, 25այդ գիշեր Տէրը նրան ասաց. «Ա՛ռ դու քո հօր պարարտ եզն ու եօթը տարեկան երկրորդ եզը եւ քանդի՛ր քո հօրը պատկանող Բահաղի զոհասեղանը, կտրտի՛ր նրա մօտ եղած անտառը26եւ զոհասեղան շինի՛ր քո Տէր Աստծու համար, որը քեզ երեւաց Մանոզ լերան գլխին, պատերազմի տեղում. վերցրո՛ւ երկրորդ եզը եւ ողջակէ՛զ արա քո կտրտած անտառի փայտերով»։ 27Գեդէոնն իր ծառաներից տասներեք մարդ առաւ եւ արեց այնպէս, ինչպէս նրան ասաց Տէրը։ Եւ որովհետեւ իր հօր տնեցիներից ու քաղաքի մարդկանցից վախեցաւ ցերեկն անելու այդ բանը, գիշերն արեց։28Առաւօտը կանուխ քաղաքի մարդիկ վեր կացան եւ տեսան, որ կործանուած է Բահաղի զոհասեղանը, նրա մօտի անտառը կտրտուած է, եւ պարարտ եզը ողջակէզ է արուած նոր շինուած զոհասեղանի վրայ։29Եւ իրար ասացին. «Ո՞վ արեց այս բանը»։ Պրպտեցին, քննեցին եւ ասացին, թէ այդ բանը Յովասի որդի Գեդէոնն է արել։ 30Քաղաքի մարդիկ ասացին Յովասին. «Դո՛ւրս հանիր քո որդուն, նա պէտք է մեռնի, որովհետեւ կործանել է Բահաղի զոհասեղանը եւ կտրտել է նրա մօտի անտառը»։ 31Յովասն իր դէմ ելած մարդկանց ասաց. «Միթէ դո՞ւք պէտք է պաշտպանէք այժմ Բահաղի դատը, եւ կամ դո՞ւք պէտք է ազատէք նրան։ Ով որ նրան վնասել է, կը մեռնի մինչեւ առաւօտ։ Եթէ նա Աստուած է, թող ինքը լուծի իր վրէժը, քանի որ կործանել են նրա զոհասեղանը»։ 32Եւ այդ օրը նրան անուանեց Յերոբոաղ, այսինքն՝ Բահաղի դատաստան, որովհետեւ քանդել էր նրա զոհասեղանը։ 33Իսկ բոլոր մադիամացիները, ամաղէկացիները եւ Արեւելքի բոլոր բնակիչները հաւաքուեցին միասին եւ եկան, բանակատեղի դրին Յեզրայէլի հովիտներում։ 34Տիրոջ հոգին զօրացրեց Գեդէոնին, նա եղջերափող փչեց, եւ Աբիեզերի ցեղի մարդիկ նրան խրախուսելով գնացին նրա ետեւից։ 35Մանասէի ամբողջ ցեղին պատգամաւորներ ուղարկեց, կանչեց, եւ սրանք էլ գնացին նրա ետեւից։ Պատգամաւորներ ուղարկեց նաեւ Ասերի, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի ցեղերին, եւ սրանք էլ ելան նրան ընդառաջ։ 36Գեդէոնն ասաց Աստծուն. «Եթէ փրկելու ես Իսրայէլն իմ ձեռքով, ինչպէս որ ասել ես,37ահա ես կալի մէջ խուզած բուրդ կը դնեմ. եթէ միայն խուզած բրդի վրայ անձրեւ լինի, իսկ ամբողջ գետինը՝ չոր, կ՚իմանամ, որ Իսրայէլն ազատելու ես իմ ձեռքով, ինչպէս որ ասել ես»։ 38Այդպէս էլ եղաւ. յաջորդ օրն առաւօտ կանուխ Գեդէոնը վեր կացաւ, քամեց բուրդը, եւ բրդից մի կոնք լիքը ջուր թափուեց։ 39Գեդէոնն ասաց Աստծուն. «Թող քո բարկութիւնը չբորբոքուի ինձ վրայ, մի անգամ եւս խօսեմ եւ մի անգամ էլ բրդով փորձեմ։ Այս անգամ թող միայն բրդի վրայ չորութիւն լինի, իսկ ամբողջ գետնի վրայ՝ անձրեւ»։ 40Եւ այն գիշերն Աստուած այդպէս արեց. միայն բրդի վրայ չորութիւն եղաւ, իսկ ամբողջ գետնի վրայ՝ անձրեւ։ 
7 Յերոբոաղը, այսինքն՝ Գեդէոնը, եւ նրա հետ եղած ամբողջ զօրքը կանուխ վեր կացան եւ բանակատեղի դրին Արէդի աղբիւրի մօտ, իսկ Մադիամի եւ Ամաղէկի բանակը նրանց հիւսիսային կողմում, Գաբաաթամում էր, հովտի մէջ։ 2Տէրն ասաց Գեդէոնին. «Քեզ հետ եղող զօրքը շատ է, չեմ ուզում մադիամացիներին նրանց ձեռքը մատնել, որ չլինի թէ Իսրայէլն իմ առաջ պարծենայ եւ ասի, թէ՝ «Իմ ձեռքը փրկեց ինձ»։ 3Տէրը նրան ասաց. «Խօսի՛ր ի լուր ժողովրդի եւ ասա՛. «Ով որ վախկոտ է, թող ետ դառնայ»։ Եւ գնացին Գաղաադ սարից. զօրքից քսաներկու հազար հոգի ետ դարձան, եւ մնացին տասը հազար։ 4Տէրն ասաց Գեդէոնին. «Զօրքը տակաւին շատ է, իջեցրո՛ւ նրանց ջրի մօտ, այնտեղ նրանց փորձութեան կ՚ենթարկեմ քեզ համար. ում մասին քեզ ասեմ, թէ՝ «Դա թող գնայ քեզ հետ», նա թող գնայ քեզ հետ, իսկ ում մասին ասեմ, թէ՝ «Դա թող չգնայ քեզ հետ», նա թող չգնայ քեզ հետ»։ 5Նա զօրքն իջեցրեց ջրի մօտ, եւ Տէրը Գեդէոնին ասաց. «Ովքեր շան նման լեզուով լակեն այդ ջրից, նրանց առանձին կը կանգնեցնես, իսկ ովքեր խմելու համար իրենց ծնկների վրայ կռանան, նրանց էլ առանձին կը կանգնեցնես»։ 6Եւ ովքեր լակեցին ձեռքով ու լեզուով, նրանց բոլորի թիւը եղաւ երեք հարիւր մարդ. մնացած ժողովուրդը ջուր խմելու համար կռացաւ ծնկների վրայ։ 7Տէրն ասաց Գեդէոնին. «Այն երեք հարիւր մարդկանցով, որոնք լակեցին ջուրը, ձեզ կը փրկեմ եւ մադիամացիներին քո ձեռքը կը մատնեմ, իսկ այն ամբողջ ժողովուրդը թող գնայ, ամէն մէկն իր տեղը»։ 8Եւ նրանք ժողովրդի պաշարն ու նրանց եղջերափողերն իրենց ձեռքն առան, եւ Գեդէոնը Իսրայէլի բոլոր մարդկանց իրենց բնակութեան տեղն արձակեց եւ միայն այն երեք հարիւր մարդկանց պահեց. Մադիամի բանակը նրանից ներքեւ՝ հովտում էր։ 9Այդ գիշեր Տէրը նրան ասաց. «Շտապ վեր կաց իջի՛ր այստեղից բանակատեղի, որովհետեւ նրան քո ձեռքն եմ մատնում. 10իսկ եթէ վախենում ես դու մենակ իջնել, նախ դու իջիր բանակատեղի քո ծառայ Փարայի հետ։ 11Կը լսես, թէ ինչ են խօսում, եւ այն ժամանակ կը զօրանան քո ձեռքերը, եւ կ՚իջնես բանակատեղի։ Եւ նա իր ծառայի հետ իջաւ մինչեւ թշնամու բանակի առաջապահ զօրքը, որ կազմում էր բանակի մէկ յիսուներորդ մասը։ 12Մադիամացիները, ամաղէկացիները եւ Արեւելքի բոլոր բնակիչները բանակ էին դրել ծործորների մէջ մորեխների պէս մեծ բազմութեամբ։ Նրանց ուղտերին թիւ չկար, նրանք շատ էին, ինչպէս ծովափի աւազը։ 13Գեդէոնը բանակատեղի մտաւ եւ լսեց, որ մի մարդ իր ընկերոջը երազ էր պատմում. «Երազ տեսայ, ասում է, ահա գարէ մի հաց գլորւում էր դէպի Մադիամի բանակները եւ եկաւ մինչեւ Մադիամի վրանը, հարուածեց նրան ու կործանեց, եւ վրանը գլխիվայր ընկաւ»։ 14Նրա ընկերը պատասխան տուեց եւ ասաց. «Դա ուրիշ բան չէ, եթէ ոչ իսրայէլացի Յովասի որդի Գեդէոնի սուրը. Տէրը նրա ձեռքն է մատնել մադիամացիներին եւ բոլոր բանակները»։ 15Երբ Գեդէոնը լսեց երազի պատմութիւնն ու նրա մեկնութիւնը, երկրպագեց Տիրոջը, վերադարձաւ իսրայէլացիների բանակն ու ասաց. «Վե՛ր կացէք, որովհետեւ Տէրը մադիամացիների բանակը մեր ձեռքն է մատնել»։ 16Նա այդ երեք հարիւր մարդուն երեք գնդի բաժանեց եւ ամենքի ձեռքը տուեց եղջերափողեր եւ սափորների մէջ դրուած ջահեր։ 17Եւ ասաց նրանց. «Ի՛նձ նայեցէք եւ նո՛յնն արէք. ահա ես մտնում եմ բանակի մէջ եւ ինչպէս որ ես անեմ, այդպէս էլ դո՛ւք արէք։ 18Երբ ես եւ բոլոր ինձ հետ եղողները կը փչենք եղջերափողերը, դուք էլ փչեցէ՛ք եղջերափողերը ամբողջ բանակի շուրջը եւ ասացէ՛ք. «Տիրոջ եւ Գեդէոնի սուրը»։19Գեդէոնը եւ նրա հետ հարիւր մարդ կէս գիշերուայ սկզբին հասան բանակի ծայրը՝ զարթեցնելով միայն պահապաններին, փչեցին եղջերափողերը, վայր գցեցին իրենց ձեռքի սափորները։ 20Այն երեք գնդերն էլ փչեցին եղջերափողերը, կոտրատեցին սափորները։ Նրանք իրենց ձախ ձեռքով առան ջահերը, իսկ աջ ձեռքով եղջերափողերը բռնած՝ փչեցին, աղաղակեցին եւ ասացին. «Տիրոջ եւ Գեդէոնի սուրը»։21Ամէն մէկն առանձին կանգնեց բանակի շուրջը, եւ ամբողջ բանակը վազեց. փող փչեցին եւ փախան։ 22Երբ այն երեք հարիւր եղջերափողերը հնչեցին, Տէրն այնպէս արեց, որ ամբողջ բանակի մէջ ամէն մարդ սուրն իր ընկերոջ վրայ դարձնի. եւ ամբողջ բանակը փախաւ մինչեւ Բեթասետա, իսկ գնդերից մէկն էլ՝ մինչեւ Աբէլմաուլայի բարձունքը եւ մինչեւ Տաբէթ։ 23Իսրայէլացիները իրար ձայն տուին Նեփթաղիմից, Ասերից եւ ամբողջ Մանասէից ու հետապնդեցին մադիամացիներին։ 24Գեդէոնը պատգամաւորներ ուղարկեց Եփրեմի բոլոր սահմանները եւ ասաց. «Իջէ՛ք մադիամացիներին ընդառաջ եւ գրաւեցէ՛ք ջրերի կիրճերը մինչեւ Բեթփարա ու Յորդանան գետը»։ Եփրեմի բոլոր մարդիկ իրար ձայն տուին եւ գրաւեցին ջրերի անցքերը մինչեւ Բեթփարա ու Յորդանան գետը։ 25Բռնեցին մադիամացիների երկու իշխաններին՝ Օրեբին եւ Զեբին. Օրեբին սպանեցին Սորորեբայում, իսկ Զեբին՝ Ակեբզեբայում, մադիամացիներին հալածեցին, Օրեբի եւ Զեբի գլուխները Յորդանան գետի այն կողմից բերին Գեդէոնին։ 
8 Եփրեմի մարդիկ Գեդէոնին ասացին. «Այս ի՞նչ բան է, որ արեցիր մեզ հետ. մեզ չկանչեցիր, երբ մադիամացիների դէմ պատերազմելու գնացիր»։ Եւ նրա հետ սաստիկ վիճեցին։ 2Նա նրանց ասաց. «Ես հիմա ի՞նչ եմ արել ձեր արածի համեմատ. մի՞թէ Եփրեմի ճռաքաղը Աբիեզերի խաղողաքաղից լաւ չէ. 3Տէրը ձեր ձեռքը մատնեց մադիամացիների իշխաններին՝ Օրեբին եւ Զեբին. ես ի՞նչ կարողացայ անել ձեզ հետ համեմատած»։ Երբ նա այս խօսքն ասաց, նրանց հոգին հանգստացաւ նրա նկատմամբ։ 4Գեդէոնը եկաւ Յորդանան գետը եւ իր հետ եղող երեք հարիւր մարդկանց հետ գետն անցաւ սպառուած եւ քաղցած։ 5Նա ասաց Սոքքոթի մարդկանց. «Ուտելու հա՛ց տուէք այս զօրքին, որ ինձ հետ է, որովհետեւ նրանք քաղցած են, իսկ ես կը հետապնդեմ Զեբէիին ու Սաղմանային՝ մադիամացիների թագաւորներին»։ 6Սոքքոթի իշխաններն ասացին. «Մի՞թէ Զեբէիի եւ Սաղմանայի ձեռքն արդէն քո բռունցքի մէջ է, որ մենք քո զօրքին հաց տանք»։ 7Գեդէոնն ասաց. «Եթէ այդպէս չէ, ապա երբ Տէրը Զեբէիին ու Սաղմանային իմ ձեռքը տայ, ես ձեր մարմինները կը ծուատեմ անապատի փշերով եւ տատասկներով»։ 8Այնտեղից նա գնաց Փանուէլ եւ նրանց հետ նոյն ձեւով խօսեց։ Փանուէլի մարդիկ նրան պատասխան տուեցին այնպէս, ինչպէս պատասխանել էին Սոքքոթի մարդիկ։9Գեդէոնը խօսեց Փանուէլի մարդկանց հետ եւ ասաց. «Երբ ես նորից վերադառնամ խաղաղութեամբ, այդ աշտարակը պիտի քանդեմ»։10Զեբէին եւ Սաղմանան Կարկարում էին գտնւում, եւ նրանց բանակը նրանց հետ էր. բոլորը մօտ տասնհինգ հազար մարդ, որ մնացել էին Արեւելքի բնակիչների ամբողջ բանակից, իսկ ընկածները հարիւր քսան հազար սրակոտոր եղած մարդիկ էին։ 11Գեդէոնը բարձրացաւ վրանաբնակների ճանապարհով, Նաբաէի արեւելեան կողմից, որ գտնւում է Նաբէի դիմաց, ու հարուածեց բանակին, որովհետեւ բանակն անհոգութեան մէջ էր։ 12Զեբէին եւ Սաղմանան փախան, իսկ նա հետապնդեց նրանց, ձերբակալեց մադիամացիների երկու թագաւորներին՝ Զեբէիին ու Սաղմանային, եւ նրանց ամբողջ բանակը տակնուվրայ արեց։ 13Յովասի որդի Գեդէոնը պատերազմից ետ դարձաւ Արէսի զառիվայրից։ 14Սոքքոթի մարդկանցից նա մի պատանեակ բռնեց եւ նրան հարցուփորձ արեց։ Սա նրա համար գրաւոր տուեց Սոքքոթի իշխանների ու ծերերի անունները՝ եօթանասունեօթը մարդու։ 15Գեդէոնը եկաւ Սոքքոթի իշխանների մօտ եւ ասաց նրանց. «Ահա Զեբէին եւ Սաղմանան, որոնց համար ինձ նախատեցիք՝ ասելով. «Մի՞թէ Զեբէիի եւ Սաղմանայի ձեռքն այժմ քո բռունցքի մէջ է, որ մենք սովից սպառուած քո մարդկանց հաց տանք»։16Նա առաւ քաղաքի իշխաններին ու ծերերին եւ անապատից՝ փշեր ու տատասկներ եւ դրանցով ձաղկեց Սոքքոթի մարդկանց, 17Փանուէլի աշտարակը կործանեց եւ կոտորեց քաղաքի մարդկանց։ 18Նա ասաց Զեբէիին եւ Սաղմանային. «Ինչպիսի՞ք էին այն մարդիկ, որոնց կոտորեցիք Թաբորում»։ Նրանք ասացին. «Ինչպիսին դու ես, նոյնպիսին եւ նրանք էին՝ քեզ նման, եւ դու՝ նրանց նման։ Նրանց տեսքը թագաւորի որդիների նման էր»։ 19Գեդէոնն ասաց. «Նրանք իմ եղբայրները, իմ մօր որդիներն էին»։ Եւ երդուեց նրանց ու ասաց. «Կենդանի է Տէրը. եթէ դուք նրանց ողջ թողնէիք, ես ձեզ չէի սպանի»։ 20Եւ իր անդրանիկ որդուն՝ Եթերին ասաց. «Վե՛ր կաց, սպանի՛ր դրանց»։ Բայց պատանին իր սուրը չհանեց, որովհետեւ վախեցաւ, քանի որ մանուկ էր։ 21Զեբէին եւ Սաղմանան ասացին. «Վե՛ր կաց եւ դու ի՛նքդ զարկ մեզ, որովհետեւ մարդու ուժը իրեն համեմատ կը լինի»։ Գեդէոնը վեր կացաւ, սպանեց Զեբէիին ու Սաղմանային եւ նրանց ուղտերի վզից մանեակներն առաւ։22Իսրայէլի մարդիկ Գեդէոնին ասացին. «Իշխի՛ր մեզ վրայ դու եւ քո որդին ու քո որդու որդին, որովհետեւ դու մեզ փրկեցիր մադիամացիների ձեռքից»։ 23Գեդէոնը նրանց ասաց. «Ես ձեզ վրայ չեմ իշխի, եւ ոչ էլ իմ որդին կ՚իշխի ձեզ վրայ, Տէ՛րը թող իշխի ձեզ վրայ»։24Ապա Գեդէոնը նրանց ասաց. «Ձեզանից մի բան եմ խնդրում. ամէն մարդ իր աւարից մի գինդ թող տայ ինձ»։ Նրանք ոսկի գինդեր ունէին, քանի որ իսմայէլացիներ էին։ 25Նրանք ասացին. «Սիրով կը տանք»։ Եւ փռեցին նրա հանդերձներն, ու ամէն մարդ իր աւարի ոսկի գինդերը այնտեղ գցեց։ 26Նրա խնդրած ոսկի գինդերի կշիռը հազար եօթը հարիւր սիկղ ոսկի եղաւ, բացի շռնչաններից, ապարանջաններից, պսակակալներից եւ ծիրանիներից, որոնք մադիամացիների թագաւորների վրայ կային, եւ բացի նրանց ուղտերի վզի ոսկի մանեակներից։ 27Գեդէոնը դրանցով եփուդ շինեց եւ դրեց այն իր Եփրա քաղաքում։ Ամբողջ Իսրայէլը նրան հետեւելով՝ այդ կուռքը պաշտեց, եւ դա Գեդէոնի ու նրա տան համար գայթակղութիւն եղաւ։ 28Այսպէս մադիամացիներն ենթարկուեցին իսրայէլացիներին եւ այլեւս իրենց գլուխները չբարձրացրին։ Գեդէոնի օրօք երկիրը հանգստացաւ քառասուն տարի։ 29Յովասի որդի Յերոբոաղը գնաց բնակուեց իր տանը։30Գեդէոնը եօթանասուն որդի էր սերնդագործել, որովհետեւ շատ կանայք ունէր։ 31Սիկիմում նրա ունեցած հարճն էլ նրա համար մի որդի ծնեց, եւ Գեդէոնը նրա անունը Աբիմելէք դրեց։ 32Յովասի որդի Գեդէոնը մեռաւ խոր ծերութեան հասակում եւ թաղուեց իր հօր՝ Յովասի գերեզմանում, Եսրէի հօրը պատկանող Եփրայում։ 33Երբ Գեդէոնը մեռաւ, իսրայէլացիները նորից բահաղիմեաններին հետեւելով՝ կուռքեր պաշտեցին եւ ուխտ դրին Բահաղ Բերիթի հետ, որ նա իրենց աստուածը դառնայ։ 34Իսրայէլացիները չյիշեցին իրենց Տէր Աստծուն, որ նրանց փրկեց իրենց շրջակայքի բոլոր թշնամիներից։ Նրանք Յերոբոաղի, այսինքն՝ Գեդէոնի տան հանդէպ երախտագէտ չեղան այն բոլոր բարեգործութիւնների դիմաց, որ նա արել էր Իսրայէլին։ 
9 Յերոբոաղի որդի Աբիմելէքը գնաց Սիկիմ իր մօր եղբայրների մօտ, խօսեց նրանց հետ եւ իր մօր հօրական ամբողջ ազգատոհմի հետ ու ասաց. 2«Բոլոր սիկիմացիներին ի լուր ասացէ՛ք. «Ո՞րն է լաւ ձեզ համար՝ Յերոբոաղի բոլոր եօթանասո՞ւն որդիների իշխելը ձեզ վրայ, թէ՞ մէկ մարդու իշխելը. եւ յիշեցէ՛ք, որ ես ձեր ոսկորից ու ձեր մարմնից եմ»։ 3Նրա մօր եղբայրները նրա այս բոլոր խօսքերը հասցրին Սիկիմի բոլոր բնակիչների ականջին, եւ նրանց սիրտը հակուեց Աբիմելէքի կողմը, որովհետեւ ասացին, թէ՝ «Նա մեր եղբայրն է», 4եւ նրան տուին Բահաղ Բերիթի ուխտի տնից եօթանասուն արծաթ։ Դրանցով Աբիմելէքը դատարկապորտ եւ ահարկու մարդիկ վարձեց, որոնք եւ գնացին նրա ետեւից։ 5Նա գնաց Եփրա, իր հօր տունը եւ մի քարի վրայ կոտորեց իր եղբայրներին՝ Յերոբոաղի որդիներին՝ եօթանասուն մարդ։ Ողջ մնաց միայն Յովաթամը՝ Յերոբոաղի կրտսեր որդին, որովհետեւ թաքնուել էր։ 6Սիկիմի բոլոր մարդիկ եւ Մաաղոնի ամբողջ տունը գնացին թագաւոր կարգեցին Աբիմելէքին Կռուի կաղնու մօտ, որ Սիկիմում է։ 7Երբ լուրը հասաւ Յովաթամին, նա գնաց կանգնեց Գարիզին լերան գլխին, ձայնը բարձրացրեց, լաց եղաւ եւ ասաց նրանց. «Լսեցէ՛ք ինձ, Սիկիմի՛ մարդիկ, եւ Աստուած ձեզ կը լսի։ 8Ծառերը գնացին իրենց համար թագաւոր օծելու եւ ասացին ձիթենուն. «Թագաւորի՛ր մեզ վրայ»։ 9Ձիթենին նրանց ասաց. «Թողնեմ իմ պարարտութիւնը, որով փառաւորում են ինձ Աստուած եւ մարդիկ, եւ գնամ ծառերի՞ վրայ իշխեմ»։ 10Ծառերն ասացին թզենուն. «Եկ թագաւորի՛ր մեզ վրայ»։ 11Թզենին նրանց ասաց. «Իմ քաղցրութիւնն ու իմ լաւ պտուղները թողած՝ գնամ ծառերի՞ վրայ իշխան լինեմ»։12Ծառերն ասացին որթատունկին. «Եկ թագաւորի՛ր մեզ վրայ»։13Որթատունկը նրանց ասաց. «Իմ գինին եւ Աստծու ու մարդկանց ուրախութիւնը թողած՝ գնամ ծառերի՞ իշխան լինեմ»։ 14Ծառերն ասացին փշին. «Եկ թագաւորի՛ր մեզ վրայ»։ 15Փուշն ասաց ծառերին. «Եթէ իսկապէս դուք ինձ ձեզ վրայ թագաւոր էք օծում, եկէք ծածկուեցէ՛ք իմ հովանու տակ, եթէ ոչ՝ փշից կրակ դուրս կը գայ եւ կ՚այրի Լիբանանի մայրիները»։ 16Արդ, եթէ ճշմարտութեամբ եւ արդարութեամբ վարուեցիք Աբիմելէքին թագաւոր դարձնելով, եթէ լաւ վարուեցիք Յերոբոաղի եւ նրա տան հետ, եթէ նրա ձեռքի գործերի համեմատ հատուցեցիք նրան... 17Իմ հայրը ձեր փոխարէն պատերազմեց, իր կեանքը չխնայեց եւ ձեզ ազատեց մադիամացիների ձեռքից։ 18Իսկ դուք այսօր ելաք իմ հօր տան դէմ եւ կոտորեցիք նրա որդիներին՝ եօթանասուն մարդ մի քարի վրայ եւ նրա աղախնի որդի Աբիմելէքին, - քանի որ նա ձեր եղբայրն է, - սիկիմացիների թագաւոր կարգեցիք։ 19Եթէ այսօր Յերոբոաղի եւ նրա տան հետ ճշմարտութեամբ եւ արդարութեամբ վարուեցիք, օրհնուած լինէք դուք եւ ուրախացէ՛ք Աբիմելէքով, եւ նա էլ ձեզնով թող ուրախանայ։ 20Իսկ եթէ ոչ, թող Աբիմելէքից կրակ դուրս գայ եւ այրի Սիկիմի բնակիչներին ու Մաաղոնի տունը, կամ էլ թող կրակ դուրս գայ Սիկիմի բնակիչներից ու Մաաղոնի տնից եւ այրի Աբիմելէքին»։ 21Յովաթամը փախաւ ու ազատուեց, գնաց Բերայի ճանապարհով եւ բնակուեց այնտեղ՝ թաքնուելով իր եղբայր Աբիմելէքից։ 22Աբիմելէքն իշխեց Իսրայէլի վրայ երեք տարի։ 23Աստուած չար ոգի ուղարկեց Աբիմելէքի եւ Սիկիմի բնակիչների մէջ, եւ Սիկիմի բնակիչներն արհամարհեցին Աբիմելէքի տունը, 24որպէսզի Յերոբոաղի եօթանասուն որդիներին հասած անիրաւութիւնը նրա վրայ գայ, եւ նրանց արիւնը հասնի իրենց եղբայր Աբիմելէքի վրայ, որ նրանց կոտորեց, նաեւ Սիկիմի բնակիչների վրայ, որոնք զօրացրել էին նրա ձեռքը, որ կոտորի իր եղբայրներին։ 25Սիկիմի բնակիչները նրա համար դարան պատրաստեցին լեռների կատարներին եւ կողոպտում էին բոլորին, ովքեր անցնում էին նրանց մօտի ճանապարհով։ Լուրը հասաւ Աբիմելէքին։ 26Իսկ Աբեդդի որդի Գաաղը եւ նրա եղբայրները եկան մտան Սիկիմ, եւ Սիկիմի բնակիչներն ապաւինեցին նրան։ 27Նրանք դուրս եկան դաշտերը, քաղեցին իրենց այգիների խաղողը, տրորեցին հնձաններում, պար բռնեցին, մտան իրենց աստծու տունը, կերան, խմեցին եւ անիծեցին Աբիմելէքին։ 28Աբեդդի որդի Գաաղն ասաց. «Աբիմելէքն ո՞վ է, եւ Սիքէմի որդին ո՞վ է, որ մենք նրան ծառայենք. նա Յերոբոաղի որդին չէ՞, եւ իր ծառայ Զեբուղը նրա վերակացուն չէ՞։ Սիքէմի հօր՝ Եմորի մարդկանց հետ, ինչո՞ւ համար նրան ծառայենք։ 29Երանի թէ այս ժողովրդին իմ ձեռքը տային, եւ ես հեռացնէի Աբիմելէքին եւ ասէի նրան. «Զօրքերդ շատացրո՛ւ եւ դո՛ւրս եկ իմ դէմ»։ 30Քաղաքի իշխան Զեբուղը լսեց Աբեդդի որդի Գաաղի խօսքերը եւ բարկութեամբ լցուեց։31Նա Աբիմելէքի մօտ պատգամաւորներ ուղարկեց նուէրներով եւ ասաց. «Ահա Աբեդդի որդի Գաաղն ու նրա եղբայրները եկել են Սիկիմ եւ քաղաքը պաշարում են, որ հանեն քո դէմ։ 32Հիմա դու եւ քեզ հետ եղող զօրքը գիշերը վե՛ր կացէք եւ դարանամո՛ւտ եղէք դաշտում։33Առաւօտեան, հէնց որ արեգակը ծագի, կանուխ վե՛ր կացէք եւ քաղաքի վրայ յարձակուեցէ՛ք։ Երբ նա եւ նրա հետ եղող զօրքը դուրս գան քո դէմ, նրա հետ արա՛ այն, ինչ որ ձեռքիցդ կը գայ»։ 34Աբիմելէքը եւ նրա հետ եղող զօրքը գիշերով վեր կացան եւ չորս գնդով դարան մտան Սիկիմի մօտ։ 35Առաւօտեան Աբեդդի որդի Գաաղը դուրս եկաւ եւ կանգնեց քաղաքի դարպասի առաջ։ Աբիմելէքը եւ նրա հետ եղող ամբողջ զօրքը դուրս եկան դարաններից։ 36Աբեդդի որդի Գաաղը տեսնելով զօրքը՝ Զեբուղին ասաց. «Ահա լեռների գագաթից զօրք է իջնում»։ Զեբուղը նրան ասաց. «Լեռների ստուերն ես տեսնում դու եւ մարդկանց տեղ ես դնում»։ 37Գաաղը նորից խօսեց եւ ասաց. «Ահա զօրք է իջնում երկրի պորտից դէպի ծովի կողմը, եւ մի գունդ էլ գալիս է Դիտանոցների կաղնու ճանապարհով»։ 38Զեբուղը նրան ասաց. «Հիմա ո՞ւր է քո բերանը, որն ասում էր, թէ ո՞վ է Աբեմելէքը, որ մենք ծառայենք նրան։ Չէ՞ որ սա այն զօրքն է, որը դու արհամարհում էիր։ Հիմա վե՛ր կաց եւ նրա հետ պատերազմի՛ր»։ 39Գաաղը դուրս եկաւ Սիկիմի բնակիչների առաջ եւ կռուեց Աբիմելէքի դէմ։ 40Աբիմելէքը նրան հալածեց, նա փախաւ նրա առաջից, եւ շատ վիրաւորներ ընկան մինչեւ քաղաքի դարպասները։ 41Աբիմելէքը մնաց Արիմում, իսկ Զեբուղը Գաաղին եւ նրա եղբայրներին քշեց, որ Սիկիմում չբնակուեն։42Յաջորդ օրը ժողովուրդը դաշտ դուրս եկաւ. դա իմացաւ Աբիմելէքը։43Նա առաւ զօրքը, երեք գնդի բաժանեց եւ նրանց հետ դարան մտաւ։ Նա տեսաւ, որ զօրքը դուրս է գալիս քաղաքից, յարձակուեց նրանց վրայ եւ ջարդեց նրանց։ 44Աբիմելէքը եւ նրա հետ եղող գնդերը կռուեցին եւ կանգնեցին քաղաքի դարպասի մօտ, իսկ երկու գնդերը յարձակուեցին դաշտում գտնուողների վրայ եւ ջարդեցին նրանց։45Աբիմելէքն այդ ամբողջ օրը պատերազմեց քաղաքի դէմ. նրանք գրաւեցին քաղաքը եւ նրա մէջ եղած ժողովրդին կոտորեցին, քաղաքը կործանեցին եւ այնտեղ աղ ցանեցին։ 46Այս լսեցին Սիկիմի աշտարակի բոլոր մարդիկ, եկան Բեթէլ Բերիթի տան ամրոցը։ 47Աբիմելէքին լուր հասաւ, որ Սիկիմի աշտարակի բոլոր մարդիկ հաւաքուել են։48Աբիմելէքը եւ նրա հետ եղող ամբողջ զօրքը բարձրացան Սելմոն լեռը, Աբիմելէքը կացինն իր ձեռքն առաւ, մի բեռ փայտ կտրեց, վերցրեց այն, դրեց իր ուսերի վրայ եւ ասաց իր զօրքին. «Տեսաք, թէ ես ինչ արեցի, դուք էլ անմիջապէս նոյնը արէք»։ 49Նրանցից իւրաքանչիւրը մի բեռ փայտ կտրեց, վերցրեց ու գնաց Աբիմելէքի ետեւից. փայտը դրին ամրոցի վրայ եւ ամրոցը հրով այրեցին։ Սիկիմի աշտարակի բոլոր մարդիկ, մօտ հազար մարդ՝ տղամարդ եւ կին, մեռան։ 50Աբիմելէքը գնաց Թեբէս, պաշարեց եւ գրաւեց այն։ 51Քաղաքի մէջ մի ամուր աշտարակ կար, բոլոր տղամարդիկ եւ կանայք ու քաղաքի բոլոր գլխաւորները փախան այնտեղ, փակեցին դուռը ներսից եւ բարձրացան աշտարակի կտուրը։ 52Աբիմելէքը եկաւ մինչեւ աշտարակը, կռուեց դրա դէմ եւ մօտեցաւ աշտարակի դռներին։ 53Մի կին երկանաքարի մի կտոր գցեց նրա գլխին եւ ջարդեց Աբիմելէքի գանգը։ 54Աբիմելէքն իսկոյն ձայն տուեց իր կապարճակիր պատանուն եւ նրան ասաց. «Մերկացրո՛ւ քո սուրը եւ սպանի՛ր ինձ. չլինի, թէ ասեն, որ մի կին է սպանել նրան»։ Նրա պատանին խոցեց նրան, եւ Աբիմելէքը մեռաւ։ 55Իսրայէլացիները տեսան, որ Աբիմելէքը մեռաւ. նրանցից ամէն մէկը գնաց իր տեղը։ 56Այսպէս Աստուած Աբիմելէքի գլխին թափեց նրա չարիքը, որ նա գործել էր իր հօր դէմ՝ կոտորելով իր եօթանասուն եղբայրներին։ 57Սիկիմի մարդկանց բոլոր չարագործութիւններն Աստուած նրանց գլխին թափեց, եւ Յերոբոաղի որդի Յովաթամի անէծքը նրանց գլխին եկաւ։ 
10 Աբիմելէքից յետոյ Իսրայէլը փրկելու համար մէջտեղ ելաւ Փուայի որդի Թողան, նրա հօրեղբօր որդին՝ Իսաքարի ցեղից։ Նա բնակւում էր Սամարիայում, Եփրեմի լերան վրայ։ 2Նա Իսրայէլում դատաւորութիւն արեց քսաներեք տարի եւ մեռաւ ու թաղուեց Սամարիայում։ 3Նրանից յետոյ մէջտեղ ելաւ գաղաադացի Յայիրը եւ Իսրայէլում դատաւորութիւն արեց քսաներկու տարի։ 4Նա ունէր երեսուներկու որդի, որոնք հեծնում էին երեսուներկու աւանակի վրայ։ Նրանք ունէին երեսուներկու քաղաք։ Նա դրանք կոչեց Յայիրի աւաններ, եւ այդպէս են կոչւում մինչեւ այսօր։ Այդ քաղաքները գտնւում են Գաղաադում։5Յայիրը մեռաւ եւ թաղուեց Կամոնում։ 6Իսրայէլացիները շարունակեցին Տիրոջ առաջ չարիք գործել եւ պաշտեցին Բահաղիմներին, Աստարոթին, ասորեստանցիների աստուածներին, Սիդոնի աստուածներին, Մովաբի աստուածներին, ամոնացիների աստուածներին եւ այլազգիների աստուածներին։ Նրանք լքեցին Տիրոջը եւ չպաշտեցին նրան։ 7Տէրը բարկութեամբ բորբոքուեց իսրայէլացիների վրայ եւ նրանց մատնեց այլազգիների ձեռքը ու ամոնացիների ձեռքը։ 8Նրանք այն ժամանակ տասնութ տարի ճնշեցին եւ ճզմեցին իսրայէլացիներին, բոլոր իսրայէլացիներին, որոնք Յորդանան գետի այն կողմում, ամորհացիների երկրում, Գաղաադում էին։ 9Ամոնացիներն անցան Յորդանան գետը՝ պատերազմելու Յուդայի դէմ, Բենիամինի դէմ եւ Եփրեմի տան դէմ։ Իսրայէլացիները խիստ նեղութեան մէջ ընկան։ 10Նրանք աղաղակեցին Տիրոջը եւ ասացին. «Մեղանչեցինք քո դէմ, որովհետեւ թողեցինք մեր Աստծուն եւ Բահաղիմներին պաշտեցինք»։ 11Տէրն ասաց իսրայէլացիներին. «Չէ՞ որ եգիպտացիները, ամորհացիները, ամոնացիները, մովաբացիները, այլազգիները, 12սիդոնացիները, ամաղէկացիները, քանանացիները նեղում էին ձեզ, եւ դուք ինձ աղաղակեցիք, ու ես ազատեցի ձեզ նրանց ձեռքից։ 13Իսկ դուք թողեցիք ինձ եւ օտար աստուածներ պաշտեցիք։ Դրա համար այլեւս ձեզ չեմ փրկելու։ 14Գնացէ՛ք, աղաղակեցէ՛ք այն աստուածներին, որ ձեզ համար ընտրեցիք, թող նրանք փրկեն ձեզ ձեր նեղութեան ժամանակ»։ 15Իսրայէլացիներն ասացին Տիրոջը. «Մենք մեղանչեցիք, արա՛ դու մեզ այն, ինչ որ քեզ հաճելի է թւում, բայց միայն, Տէ՛ր, ազատի՛ր մեզ այսօր»։ 16Եւ նրանք հեռացրին իրենց միջից օտար աստուածներին եւ միայն Տիրոջը պաշտեցին։ Նա չհաշտուեց ժողովրդի հետ, բայց նրա սիրտը ցաւեց Իսրայէլի տառապանքի համար։ 17Ամոնացիները վեր կացան եւ բանակատեղի դրին Գաղաադում. իսրայէլացիներն էլ վեր կացան եւ բանակատեղի դրին Դիտանոցում։ 18Գաղաադի ժողովրդի իշխաններն իրար ասացին. «Այն մարդը, որ սկսի պատերազմել ամոնացիների դէմ, նա թող լինի Գաղաադի բոլոր բնակիչների գլխաւորը»։ 
11 Գաղաադացի Յեփթայէն հզօր եւ ուժեղ մարդ էր։ Նա որդին էր մի պոռնիկ կնոջ, որը Գաղաադից ունեցաւ Յեփթայէին։ 2Գաղաադի կինը նրա համար որդիներ ծնեց, եւ երբ կնոջ որդիները զօրացան, վռնդեցին Յեփթայէին եւ ասացին նրան. «Դու մեր հօր տան մէջ ժառանգութիւն չպիտի ունենաս, որովհետեւ պոռնիկ կնոջ որդի ես»։ 3Յեփթայէն փախաւ իր եղբայրների երեսից եւ բնակուեց Տոբ երկրում։ Յեփթայէի մօտ հաւաքւում էին դատարկապորտ մարդիկ եւ շրջում էին նրա հետ։4Որոշ ժամանակից յետոյ ամոնացիները պատերազմեցին իսրայէլացիների դէմ։ 5Երբ ամոնացիները պատերազմում էին Իսրայէլի դէմ, Գաղաադի ծերերը գնացին, որ Յեփթայէին Տոբ երկրից վերցնեն։ 6Նրանք ասացին Յեփթայէին. «Ե՛կ եւ մեզ համար զօրավար եղիր, եւ ամոնացիների դէմ պատերազմ տանք»։ 7Յեփթայէն Գաղաադի ծերերին ասաց. «Չէ՞ որ դուք ինձ ատեցիք, հանեցիք իմ հօր տնից եւ հեռացրիք ինձ ձեզնից։ Հիմա, երբ նեղութեան մէջ էք, ինչո՞ւ էք եկել ինձ մօտ»։ 8Գաղաադի ծերերն ասացին Յեփթայէին. «Այդպէս չէ, մենք քեզ մօտ ենք եկել, որ մեզ հետ գնաս, եւ պատերազմ տանք ամոնացիների դէմ, եւ մեզ՝ Գաղաադի բոլոր բնակիչներիս գլխաւոր լինես»։ 9Յեփթայէն ասաց Գաղաադի ծերերին. «Եթէ դուք ինձ վերադարձնէք ամոնացիների դէմ պատերազմելու, եւ Տէրը նրանց իմ ձեռքը մատնի, ես իշխան կը դառնա՞մ»։ 10Գաղաադի ծերերն ասացին Յեփթայէին. «Տէրը թող մեր մէջ վկայ լինի, որ մենք քո խօսքի համաձայն կ՚անենք»։ 11Յեփթայէն Գաղաադի ծերերի հետ գնաց, եւ ժողովուրդը նրան իր վրայ գլխաւոր եւ առաջնորդ կարգեց։ Յեփթայէն Տիրոջ առաջ Մասեփայում ասաց իր այս բոլոր խօսքերը։ 12Յեփթայէն ամոնացիների թագաւորի մօտ պատգամաւորներ ուղարկեց եւ ասաց. «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, որ եկել ես ինձ մօտ պատերազմելու իմ երկրում»։ 13Ամոնացիների թագաւորը Յեփթայէի պատգամաւորներին ասաց. «Ինչո՞ւ Իսրայէլը գրաւեց իմ երկիրը Եգիպտոսից դուրս գալու ժամանակ՝ Առնոնից մինչեւ Յաբոկ եւ մինչեւ Յորդանան գետը։ Հիմա խաղաղութեամբ այն վերադարձրո՛ւ ինձ, եւ ես կը գնամ»։ Պատգամաւորները վերադարձան Յեփթայէի մօտ։ 14Յեփթայէն նորից պատգամաւորներ ուղարկեց ամոնացիների արքայի մօտ 15եւ ասաց նրան. «Այսպէս են ասում Իսրայէլը եւ Յեփթայէն. «Եգիպտոսից դուրս գալիս Իսրայէլը չգրաւեց Մովաբի երկիրն ու ամոնացիների երկիրը,16այլ Իսրայէլն անապատով գնաց մինչեւ Կարմիր ծովը եւ եկաւ մինչեւ Կադէս։ 17Իսրայէլը պատգամաւորներ ուղարկեց Եդոմի արքայի մօտ եւ ասաց. ՛՛Թող անցնեմ քո երկրով, բայց Եդոմի արքան չլսեց՛՛։ Մովաբի արքայի մօտ էլ պատգամաւորներ ուղարկեց, բայց նա էլ չկամեցաւ։ Եւ Իսրայէլը մնաց Կադէսում, 18շրջեց անապատում, պտոյտ տուեց Եդոմի երկրով եւ Մովաբի երկրով, եկաւ Մովաբի երկրի արեւելեան կողմով եւ բանակատեղի դրեց Առնոնի այն կողմում, բայց Մովաբի սահմանները չմտաւ, որովհետեւ Մովաբի սահմանն Առնոնն էր։19Իսրայէլը պատգամաւորներ ուղարկեց ամորհացիների Սեհոն արքայի մօտ, որ Եսեբոնի եւ ամորհացիների թագաւորն էր, եւ Իսրայէլը նրան ասաց. ՛՛Թող անցնեմ քո երկրով մինչեւ իմ տեղը՛՛։ 20Եւ Սեհոնը չկամեցաւ, որ Իսրայէլն անցնի իր սահմաններով։ Սեհոնը հաւաքեց իր ամբողջ ժողովրդին, բանակատեղի դրեց Ասսայում եւ պատերազմեց Իսրայէլի դէմ։ 21Իսրայէլի Տէր Աստուածը Սեհոնին եւ նրա ամբողջ ժողովրդին իսրայէլացիների ձեռքը մատնեց, եւ ջարդեցին նրանց, 22եւ Իսրայէլը ժառանգեց այդ երկրում ապրող ամորհացիների երկիրը, ամորհացիների բոլոր սահմանները Առնոնից մինչեւ Յաբոկ եւ անապատից մինչեւ Յորդանան գետը։ 23Արդ, Իսրայէլի Տէր Աստուածը ամորհացիներին վերացրել է Իսրայէլի իր ժողովրդի առջեւից, դո՞ւ պիտի ժառանգես այն։ 24Չէ՞ որ դու պիտի ժառանգես քո աստծու՝ Քամոսի քեզ ժառանգութիւն տուածը, մենք էլ պիտի ժառանգենք այն ամէնը, ինչ մեր Տէր Աստուածը ժառանգութիւն տուեց մեզ։ 25Արդ, դու Սեպփորի որդի Բաղակից՝ Մովաբի արքայից լա՞ւ ես. միթէ նա վի՞ճեց իսրայէլացիների հետ կամ պատերազմե՞ց նրանց դէմ. 26Իսրայէլը երեք հարիւր տարի ապրում է Եսեբոնում եւ նրա աւաններում, Արոյերում եւ նրա աւաններում ու Յորդանան գետի ափերի բոլոր քաղաքներում։ Ինչո՞ւ չազատեցին դրանք այնքան ժամանակ։ 27Ես քո դէմ չեմ մեղանչել, իսկ դու իմ դէմ չարիք ես գործում՝ պատերազմելով իմ դէմ։ Իսրայէլացիների եւ ամոնացիների միջեւ դատաւոր եղող Տէրը թող այսօր դատաստան անի»։ 28Բայց ամոնացիների արքան չանսաց Յեփթայէի յղած խօսքերին։ 29Եւ Տիրոջ հոգին հակուեց Յեփթայէի կողմը։ Նա Գաղաադից, Մանասէից եւ Գաղաադի Դիտանոցից անցաւ ու Գաղաադի Դիտանոցից գնաց ամոնացիների կողմը։ 30Յեփթայէն Տիրոջը ուխտ արեց եւ ասաց. «Եթէ ամոնացիներին իմ ձեռքը մատնես,31եւ ես խաղաղութեամբ վերադառնամ ամոնացիների մօտից, իմ տան դռնից ինձ ընդառաջ դուրս եկողին Տիրոջը ողջակէզ կը մատուցեմ»։32Եւ Յեփթայէն գնաց ամոնացիների դէմ պատերազմելու, եւ Տէրը նրանց մատնեց նրա ձեռքը։ 33Նա ջարդեց նրանց Արոյերից մինչեւ Սեմենիթի սահմանը, ջարդեց քսան քաղաք՝ մինչեւ այգեստանների Յաբէլը խիստ մեծ կոտորած տալով։ Ամոնացիները փախան իսրայէլացիների առաջից։ 34Յեփթայէն եկաւ Մասեփա, իր տունը, եւ ահա նրա աղջիկը նրան ընդառաջ ելաւ թմբուկներով եւ պարերով։ Նա նրա միակ սիրելի զաւակն էր, եւ նրանից բացի նա ուրիշ տղայ կամ աղջիկ չունէր։ 35Երբ նրան տեսաւ, պատառոտեց իր զգեստները եւ ասաց. «Վա՜յ ինձ, աղջի՛կս, դու ինձ ընկճեցիր, փորձանքի մէջ գցեցիր, որովհետեւ քեզ համար պարտաւորութիւն ստանձնեցի Տիրոջ առաջ եւ չեմ կարող խօսքս ետ առնել»։ 36Աղջիկը նրան ասաց. «Եթէ ինձ համար պարտաւորութիւն ես ստանձնել Տիրոջ առաջ, արա՛ ինձ հետ այն, ինչ դուրս է եկել քո բերանից այն բանի փոխարէն, ինչ արեց Տէրը քեզ համար՝ վրէժ լուծելով քո թշնամիներից՝ ամոնացիներից»։ 37Եւ աղջիկն իր հօրն ասաց. «Միայն այս բա՛նն արա ինձ համար. թո՛յլ տուր, որ ես երկու ամիս գնամ ման գամ լեռների վրայ եւ իմ ընկերուհիների հետ ողբամ իմ կուսութիւնը»։ 38Եւ հայրն ասաց. «Գնա՛»։ Եւ արձակեց նրան երկու ամիս։ Աղջիկը իր ընկերուհիների հետ գնաց եւ լեռների վրայ ողբաց իր կուսութիւնը։ 39Երբ լրացաւ երկու ամիսը, վերադարձաւ իր հօր մօտ, եւ հայրը կատարեց իր արած ուխտը. աղջիկը տղամարդ չէր ճանաչել։ Եւ Իսրայէլի մէջ սովորութիւն դարձաւ ողբալ Յեփթայէի աղջկան. 40սահմանուած օրերին, տարուայ մէջ չորս օր, Իսրայէլի աղջիկները հաւաքւում էին ողբալու գաղաադացի Յեփթայէի աղջկան։ 
12 Եփրեմի որդիները հաւաքուեցին, եկան Սեփենա եւ ասացին Յեփթայէին. «Ինչո՞ւ ամոնացիների դէմ պատերազմի ելար եւ մեզ չկանչեցիր, որ քեզ հետ գնայինք։ Հիմա մենք կրակով կ՚այրենք քո տունը եւ քեզ էլ՝ հետը»։ 2Յեփթայէն նրանց ասաց. «Ես եւ իմ ժողովուրդը զրկուած մարդիկ էինք եւ ամոնացիները խիստ նեղում էին ինձ։ Ես բողոքով դիմեցի ձեզ, բայց դուք ինձ չազատեցիք նրանց ձեռքից։3Տեսնելով, որ ոչ ոք չի ազատում ինձ, ինքս ինձ վտանգի ենթարկեցի, գնացի ամոնացիների դէմ, եւ Տէրը նրանց իմ ձեռքը մատնեց։ Հիմա ինչո՞ւ էք դուք ելել այսօր իմ դէմ պատերազմելու»։ 4Եւ Յեփթայէն հաւաքեց Գաղաադի բոլոր տղամարդկանց ու պատերազմ մղեց Եփրեմի դէմ։ Գաղաադի մարդիկ ջարդեցին եփրեմեաններին, որովհետեւ եփրեմեանների ազատուածներն ասել էին, թէ՝ «Դուք, գաղաադացիներ, Եփրեմի եւ Մանասէի միջեւ Եփրեմի փախստականներ էք»։ 5Գաղաադացիները եփրեմեաններից գրաւեցին Յորդանան գետի կիրճերը, եւ երբ եփրեմեանների փախստականներն ասում էին՝ «Թող անցնենք», Գաղաադի մարդիկ նրանց ասում էին. «Մի՞թէ դուք էլ եփրեմեան էք»։ Նրանք ասում էին. «Նրանցից չենք»։6Նրանց ասում էին. «Մեզ մի նշան տուէ՛ք, ասացէ՛ք՝ հասկ, հասկ»։ Բայց նրանց չէր յաջողւում այդպէս ասել, ուստի բռնում եւ կոտորում էին նրանց Յորդանան գետի անցումներում։ Այդ ժամանակ եփրեմեաններից քառասուներկու հազար մարդ զոհուեց։ 7Յեփթայէն վեց տարի դատաւորութիւն արեց Իսրայէլում. գաղաադացի Յեփթայէն մեռաւ եւ թաղուեց իր քաղաքում՝ Գաղաադում։ 8Նրանից յետոյ Իսրայէլում դատաւորութիւն արեց բեթղեհէմացի Եսեբոնը։ 9Նա երեսուն տղայ ունէր եւ երեսուն աղջիկ։ Աղջիկներին մարդու տուեց, իսկ տղաների համար երեսուն կին բերեց դրսից։ Նա Իսրայէլում դատաւորութիւն արեց եօթը տարի։ 10Եսեբոնը մեռաւ եւ թաղուեց Բեթղեհէմում։ 11Նրանից յետոյ Իսրայէլում տասը տարի դատաւորութիւն արեց զաբուղոնացի Ելոնը։ 12Զաբուղոնացի Ելոնը մեռաւ եւ թաղուեց Եղիմում՝ Զաբուղոնի երկրում։ 13Նրանից յետոյ Իսրայէլում դատաւոր եղաւ փարաթոնացի Աբդոնը՝ Ելլէքի որդին։14Նա քառասուն որդի եւ երեսուն թոռներ ունէր, որոնք հեծնում էին եօթանասուն աւանակներ։ Նա Իսրայէլում դատաւորութիւն արեց ութ տարի։ 15Փարաթոնացի Աբդոնը՝ Ելլէքի որդին, մեռաւ եւ թաղուեց Եփրաթոնում, Եփրեմի երկրում, Ամաղէկի լերան վրայ։









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Бозбаш зимний

Бозбаш зимнийИз бараньей грудинки, нарезанной на кусочки весом по 30...

Варенье из черной туты

Варенье из черной туты Перебрать, удалить плодоножки, положить ягоды на блюдо,...

Шашлык по-карски

Шашлык по-карскиС МЯКОТИ СПИННОЙ И ПОЯСНИЧНОЙ части баранины срезать грубые...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта