ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա

(3 голоса, среднее 4.67 из 5)
Индекс материала
ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա
2
Все страницы

1 Թագաւորաց


1 Արիմաթէմ Սիբայից՝ Եփրեմի լեռից եկած Եղկանա անունով Նասիբ Եփրեմցի մի մարդ կար։ Նա Թոկիի որդի Հեղիի որդի Յերեմիէլի որդին էր։ 2Նա երկու կին ունէր. մէկի անունն էր Աննա, իսկ երկրորդինը՝ Փեննանա։ 3Փեննանան ունէր որդիներ, իսկ Աննան որդի չունէր։ Այդ մարդը տարէցտարի ելնում էր իր Արիմաթէմ քաղաքից, գնում էր Սելով զօրութիւնների Տէր Աստծուն երկրպագելու եւ զոհ մատուցելու։ Այնտեղ էին նաեւ Հեղին եւ նրա երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը, որոնք Տիրոջ քահանաներն էին։ 4Եղկանան իր զոհ մատուցած օրը իր կին Փեննանային, նրա որդիներին ու դուստրերին բաժիններ տուեց։5Իսկ Աննային մէկ բաժին տուեց, քանզի նա որդի չունէր։ Եղկանան, սակայն, Աննային առաւել էր սիրում, քան Փեննանային, քանզի Տէրը փակել էր նրա արգանդը, որպէսզի նրան որդի չպարգեւելով՝ տառապանք ու տրտմութիւն պատճառի նրան։ 6Եղկանան տրտմել էր, որ Տէրը փակել էր նրա արգանդը, որպէսզի նրան որդի չպարգեւի։ 7Նա ամէն տարի Տիրոջ տունը գալով՝ այդպէս էր վարւում, բայց Աննան տրտմում էր, լալիս եւ ոչինչ չէր ուտում։ 8Նրա ամուսին Եղկանան ասաց նրան. «Աննա»։ Սա ասաց. «Այստեղ եմ, տէ՛ր»։ Եղկանան ասաց նրան. «Ինչո՞ւ ես լալիս, ինչո՞ւ չես ուտում, եւ ինչո՞ւ է հոգիդ ալեկոծւում, մի՞թէ ես քեզ համար տասը որդուց լաւ չեմ»։ 9Նրա հետ ուտելուց յետոյ Աննան եկաւ Սելով ու կանգնեց Տիրոջ առջեւ։ 10Հեղի քահանան նստել էր մի աթոռի վրայ, Տիրոջ տաճարի սեմի մօտ։ Նա վշտահար հոգով աղօթեց Տիրոջը ու դառնօրէն լաց եղաւ եւ ասաց.11«Իսրայէլի Տէ՛ր Աստուած, զօրութիւնների՛ Տէր, եթէ կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ յիշես ու արու զաւակ տաս քո աղախնին, մինչեւ նրա մահուան օրը քեզ կը նուիրեմ նրան, նա գինի չի խմի ու չի հարբի եւ նրա գլխին ածելի չի դիպչի»։ 12Նա երկար աղօթեց Տիրոջ առաջ, եւ Հեղի քահանան հետեւելով նրա շրթունքներին՝ նկատեց, որ աղօթում է մտքում. շրթունքները չէին շարժւում։ 13Ձայնը լսելի չէր, բայց Տէրը լսեց նրան։ 14Հեղին կարծեց, թէ նա հարբած է, ուստի Հեղիի սպասաւորն ասաց Աննային. «Մինչեւ ե՞րբ հարբած վիճակում ես մնալու, սթափուի՛ր գինովութիւնից ու գնա հեռացի՛ր Տիրոջ առջեւից»։ 15Պատասխան տալով Աննան ասաց. «Ո՛չ, Տէ՛ր, այդպէս չէ։ Ես վշտացած սրտով կին եմ։ Ո՛չ գինի եմ խմել, ո՛չ էլ հարբած եմ։ Ես իմ սիրտն եմ բացել Տիրոջ առջեւ։ 16Քո աղախնին անզգամ կին մի՛ համարիր, ես իմ բազում տրտմութիւնից եւ իմ տխրութիւնից մտամոլոր կանգնել եմ մինչեւ այժմ»։ 17Պատասխան տուեց Հեղին եւ ասաց. «Գնա՛ խաղաղութեամբ եւ Իսրայէլի Աստուածը թող կատարի նրանից հայցած քո բոլոր խնդրանքները»։18Աննան ասաց. «Քո աղախինը շնորհ գտաւ քո առաջ»։ Եւ կինը գնաց իր ճանապարհով, մտաւ իր կացարանը, կերաւ ու խօսեց իր ամուսնու հետ, եւ իր երեսից վերացաւ տխրութիւնը։ 19Առաւօտ կանուխ նրանք երկրպագեցին Տիրոջը եւ գնացին իրենց ճանապարհով։ Եղկանան մտաւ Արիմաթէմում գտնուող իր տունը ու մերձեցաւ իր կնոջը՝ Աննային։ 20Տէրը նրան յիշեց, եւ կինը յղիացաւ։ Երբ ժամանակը հասաւ, ծնեց որդի, որի անունը դրեց Սամուէլ՝ ասելով, թէ՝ «Նրան զօրութիւնների Տէր Աստծուց եմ խնդրել»։ 21Նրա ամուսինը՝ Եղկանան ու իր ամբողջ ընտանիքը եկան Սելով՝ տարուայ զոհը մատուցելու։22Նա իր ուխտ արած ընծաներն ու ամբողջ ունեցուածքի տասանորդը ընծայեց։ Բայց Աննան չգնաց նրա հետ եւ ասաց իր ամուսնուն. «Մնամ այստեղ, մինչեւ մանկանը կրծքից կտրեմ, ապա կը տանեմ նրան, որ ներկայանայ Տիրոջ առջեւ եւ այնտեղ ծառայի ընդմիշտ»։ 23Նրա ամուսին Եղկանան նրան ասաց. «Արա՛ այնպէս, ինչպէս յարմար ես գտնում. նստի՛ր այստեղ մինչեւ նրան կտրես կրծքից։ Թող Տէրը կատարի այն, ինչ ելաւ քո բերանից»։ Կինը նստեց եւ կերակրեց իր որդուն, մինչեւ նրան կրծքից կտրելը։ 24Դրանից յետոյ նրանք գնացին Սելով՝ իրենց հետ վերցնելով երեք տարեկան մի զուարակ, կլոր հացեր, մէկ արդուի չափ ընտիր ալիւր եւ մի սափոր գինի։ Նրանք մտան Սելովում գտնուող Տիրոջ տունը։ Մանուկն իրենց հետ էր։ 25Նրանք նրան ընծայեցին Տիրոջը։ Նրա հայրը մորթեց զոհը, որ ամէն տարի մատուցում էր Տիրոջը։ Նա մօտ բերեց մանկանը եւ մորթեց զուարակը մանկան փրկութեան համար։ 26Աննան՝ մանկան մայրը, նրան տարաւ Հեղիի մօտ՝ ասելով. «Աղաչում եմ, տէ՛ր իմ, ինչպէս ճիշտ է, որ դու կենդանի ես, այնպէս էլ ճիշտ է, որ ես այն կինն եմ, որ կանգնել էի քո առջեւ եւ Տիրոջն էի աղօթում ահա այս մանկան համար։ 27Տէրը կատարեց իրենից հայցած իմ խնդրանքը։ 28Արդ, իբրեւ դրա հատուցում, նրան նուիրում եմ Տիրոջը. ինչքան որ ապրի, թող ծառայի Տիրոջը»։ 29Եւ նրանք այնտեղ երկրպագեցին Տիրոջը։ 
2 Աննան աղօթել սկսեց ու ասաց. «Սիրտս ամրացաւ իմ Տիրոջ շնորհիւ, գլուխս բարձր եմ պահում Տիրոջ շնորհիւ, բերանս լայն բացուեց իմ թշնամիների դէմ, ուրախ եղայ, որ փրկեցիր ինձ։ 2Տիրոջ նման սուրբ չկայ, մեր Աստծու նման արդար չկայ, 3եւ քեզանից բացի սուրբ չկայ։ Մի՛ պարծենաք ու մի՛ խօսէք ամբարտաւան բաներ, մեծախօսութիւն թող չլսուի ձեր բերանից, քանզի Աստուած իմացութիւնների Տէրն է, եւ նա՛ է պատրաստում իր զարմանահրաշ գործերը։ 4Հզօրների աղեղները տկարացան, իսկ տկարները զօրութիւն ստացան։ 5Հացով կշտացածները հիւծուեցին, իսկ քաղցածները երկրում բնակուեցին, ամուլը եօթը որդի ծնեց, իսկ բազմածինը դադարեց որդի ունենալուց։ 6Տէրն է սպանում եւ ապրեցնում, իջեցնում գերեզման եւ դուրս բերում այնտեղից։ 7Տէրն է աղքատացնում ու հարստացնում, ստորացնում ու բարձրացնում։ 8Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց։ 9Նա ուխտաւորի ուխտն է կատարում, արդարների տարիներն է օրհնում։Ուժեղն իր շնորհքով չէ, որ հզօր է։ Տէրը տկարացնում է իր հակառակորդներին։ Տէրը սուրբ է։ Ո՛չ իմաստունը թող պարծենայ իր իմաստութեամբ, ո՛չ հզօրն իր զօրութեամբ, ո՛չ էլ մեծատունն իր հարստութեամբ։ Պարծեցողը պէտք է պարծենայ նրանով, որ իմանում ու ճանաչում է Տիրոջը, երկրում իրաւունք եւ արդարութիւն է գործադրում։ 10Տէրը երկինք ելաւ ու որոտաց, ինքն է, որ արդար է դատելու երկիրն իր չորս ծագերով, զօրութիւն տալու մեր թագաւորներին եւ զօրավիգ լինելու իր օծեալին»։ 11Եւ նրանք մանկանը թողնելով այնտեղ՝ Տիրոջ առջեւ, գնացին Արիմաթէմ, իրենց տունը։Մանուկ Սամուէլը Հեղի քահանայի մօտ Տիրոջն էր ծառայում։12Հեղի քահանայի որդիները, սակայն, անզգամ էին եւ չէին ճանաչում Տիրոջը։ 13Զոհ մատուցելիս քահանան ժողովրդից պահանջում էր հետեւեալը. միսը եփուելիս քահանայի սպասաւորը, եռաժանի պատառաքաղը ձեռքին պիտի գար, այն մտցնէր տաշտի, պղնձէ մեծ կաթսայի կամ պտուկի մէջ, եւ ինչ որ հանէր մեծ պատառաքաղն այնտեղից, պէտք է պատկանէր քահանային։ 14Այսպէս էին վարւում բոլոր իսրայէլացիների զոհերի հետ, որոնք գալիս էին զոհեր մատուցելու Սելովում, Տիրոջ տանը։ 15Նախքան ճարպն այրելը գալիս էր քահանայի սպասաւորը եւ ասում զոհ մատուցողին. «Քահանային խորովելու միս տո՛ւր, եւ ես կաթսայում եփուող մսից չեմ առնի»։ 16Զոհ մատուցողն ասում էր. «Թող նախ ճարպն այրուի, ինչպէս օրէնքն է, ապա ա՛ռ այնքան, ինչքան սիրտդ ցանկանայ»։ 17Իսկ նա ասում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, ապա թէ ոչ՝ բռնի կ՚առնեմ»։ Այդ երիտասարդների մեղքերը շատ էին Տիրոջ առաջ։ 18Մանուկ Սամուէլը, քաթանէ վակաս հագած, Տիրոջ առջեւ ծառայութիւն էր անում։ 19Մայրն ամէն տարի կարճ վերարկու էր պատրաստում ու բերում նրան, երբ իր ամուսնու հետ բարձրանում էր ամենամեայ զոհը մատուցելու։ 20Հեղին օրհնելով Եղկանային ու նրա կնոջը՝ ասաց. «Տիրոջը քո նուիրած այս մանկան փոխարէն Տէրը քեզ թող այդ կնոջից զաւակներ պարգեւի»։ Եւ Եղկանան գնաց իր բնակավայրը։ 21Տէրն այցելեց Աննային, սա յղիացաւ ու ծնեց եւս երեք տղայ ու երեք աղջիկ։Մանուկ Սամուէլն էլ մեծացաւ Տիրոջ առջեւ։ 22Հեղին շատ էր ծերացել եւ տեղեակ էր այն ամենին, ինչ նրա որդիներն անում էին իսրայէլացիների նկատմամբ եւ թէ ինչպէս պառկում էին ուխտաւոր կանանց հետ վկայութեան խորանի դռան մօտ։ 23Նա նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այնպիսի բաներ անում, որ ես այդ բաները լսեմ Տիրոջ ամբողջ ժողովրդի բերանից։ 24Մի՛ արէք, որդեակնե՛ր, իմ լսած լուրը բարի չէ, դուք Աստծու ժողովրդին չէք ծառայում։ 25Եթէ մարդը մեղանչում է մարդու դէմ, ապա պէտք է աղօթի Տիրոջը, իսկ եթէ Տիրոջ դէմ է մեղանչում, ո՞վ պէտք է նրա համար աղօթի»։ Նրանք սակայն չէին լսում իրենց հօր խօսքերը, քանզի Տէրը ուզում էր կործանել նրանց։ 26Եւ մանուկ Սամուէլը շարունակում էր մեծանալ եւ հաճելի էր դառնում Տիրոջն ու մարդկանց։ 27Աստծու հրեշտակը եկաւ Հեղիի մօտ եւ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Երբ քո հօր նախնիները Եգիպտացիների երկրում փարաւոնի տանը ստրուկ էին, քո հօր տանը յայտնապէս երեւացի 28եւ Իսրայէլի բոլոր ազգատոհմերի միջից ընտրեցի քո հօ՛ր տունը, որպէսզի նրանք ինձ համար քահանայագործեն, որ իմ զոհասեղանին բարձրանան, խունկ ծխեն, իմ առջեւ վակաս հագնեն։ Ես քո հօր սերունդներին իբրեւ կերակուր եմ տուել իսրայէլացիների մատուցած բոլոր ողջակէզներն ու զոհերը։ 29Ինչո՞ւ ես ժպիրհ աչքով նայում իմ խնկերին ու զոհերին եւ ինձանից աւելի ես փառաւորում քո որդիներին, այն աստիճան, որ նրանք յանդգնում են օրհնել իսրայէլացիների՝ ինձ մատուցած ամէն տեսակի զոհերը»։ 30Ահա թէ ինչու Իսրայէլի Տէր Աստուածն այսպէս է կարգադրում. «Ասել եմ, որ քո տունը եւ քո հօր տունը իմ առջեւ պէտք է ծառայեն յաւիտեան, սակայն հիմա Տէրն ասում է. «Հիմա այդպէս թող չլինի. քանզի ես փառաւորելու եմ ինձ փառաւորողներին, իսկ ովքեր ինձ արհամարհում են, անարգելու եմ»։ 31Ահա օրեր պիտի գան, երբ պիտի սպանեմ քո սերնդին եւ քո հօր տան սերնդին, որպէսզի ծեր չլինի քո տան մէջ։ 32Ու ողբագին պիտի նայես այն բոլոր բարութիւններին, որ Տէր Աստուածն անելու է Իսրայէլին, եւ քո տան մէջ բնաւ ծեր չի լինելու։ 33Միայն մէկի՛ն պիտի թողնեմ իմ զոհասեղանի մօտ, որպէսզի նուաղեն նրա աչքերը, եւ հալումաշ լինի նրա սիրտը։ Քո տան բոլոր մնացեալ անդամները ընկնելու են մարդկանց սրով։ 34Թող քեզ նշան լինի այս բանը, որ գալու է քո երկու որդիների՝ Օփնիի եւ Փենեէսի գլխին. նրանք երկուսն էլ նոյն օրն են մեռնելու։ 35Ես ինձ համար հաւատարիմ մի քահանայ մէջտեղ պիտի հանեմ, որ կատարի այն ամէնը, ինչ կայ իմ մտքում եւ հոգում։ Նրա սերունդը հաստատուն պիտի պահեմ, որ միշտ իմ օծեալի առջեւ ծառայի։ 36Այնպէս պիտի լինի, որ քո տնից ով կենդանի մնայ, մի արծաթի չնչին կտորի եւ մի նկանակ հացի համար գայ նրան երկրպագելու եւ ասի. «Աղաչում եմ, ինձ քահանայական մի պաշտօն տո՛ւր, որ մի պատառ հաց ուտեմ»»։ 
3 Պատանի Սամուէլը Հեղի քահանայի առջեւ Տիրոջը ծառայութիւն էր անում։ Այդ օրերին Տիրոջ խօսքը հազուագիւտ էր, եւ տեսիլք չկար, որ գուշակուէր։ 2Եւ պատահեց, որ այդ ժամանակ Հեղին ննջում էր իր սենեակում. նրա աչքերն սկսել էին տկարանալ, ու նա չէր կարողանում տեսնել։ 3Աստծու տաճարի ճրագը դեռ չէր հանգել, եւ Սամուէլը ննջում էր Տիրոջ տաճարում, ուր գտնւում էր Աստծու տապանակը։4Տէրը կանչեց՝ ասելով. «Սամուէ՛լ, Սամուէ՛լ»։ Սա պատասխանեց. «Ահա այստեղ եմ»։ 5Նա Հեղիի մօտ վազելով՝ ասաց. «Ահա ես այստեղ եմ, ինչո՞ւ կանչեցիր ինձ»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, վերադարձի՛ր ու քնի՛ր»։ 6Նա վերադարձաւ ու քնեց։ Տէրը կրկին կանչեց. «Սամուէ՛լ, Սամուէ՛լ»։ Վեր կացաւ Սամուէլը, երկրորդ անգամ գնաց Հեղիի մօտ ու ասաց. «Ահա այստեղ եմ, ինչո՞ւ կանչեցիր ինձ»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, որդեա՛կ իմ, վերադարձի՛ր ու քնի՛ր»։7Սամուէլը, նախ, անծանօթ էր Տիրոջը, եւ Տիրոջ խօսքը նրան դեռ չէր յայտնուել։ 8Նորից՝ երրորդ անգամ Տէրը կանչեց Սամուէլին, որը վեր կացաւ, գնաց Հեղիի մօտ եւ ասաց. «Ահա այստեղ եմ, ինչո՞ւ կանչեցիր ինձ»։ 9Հեղին հասկացաւ, որ Տէրն է կանչում պատանուն։ Հեղին ասաց Սամուէլին. «Վերադարձի՛ր, որդեա՛կ, ու ննջի՛ր։ Եւ եթէ որեւէ մէկը քեզ կանչի, կ՚ասես. «Խօսի՛ր, Տէ՛ր, քո ծառան լսում է»»։ 10Գնաց Սամուէլն ու պառկեց իր տեղում։ Տէրն եկաւ, կանգնեց եւ, ինչպէս նախորդ անգամները, կանչեց նրան. «Սամուէ՛լ, Սամուէ՛լ»։ 11Սամուէլն ասաց. «Խօսի՛ր, Տէ՛ր, քո ծառան լսում է»։ Տէրն ասաց Սամուէլին. «Ահա ես Իսրայէլի մէջ այնպիսի բաներ պիտի անեմ, որ, ով լսի դրանք, ականջները պիտի զնգան։ 12Այդ օրը Հեղիի նկատմամբ պիտի կատարեմ այն ամէնը, ինչ նրա տան համար ասել եմ, սկզբից մինչեւ վախճանը։ 13Ինչպէս ասել եմ իրեն, իր որդիների գործած անօրէնութիւնների համար մինչեւ վերջ իր սերնդից վրէժ պիտի լուծեմ, որովհետեւ իր որդիները Աստծուն էին անարգում, իսկ նա նրանց չէր յանդիմանում։ 14Աւելին. երդուել եմ Հեղիի տան վրայ, որ նրա տան անօրէնութիւնը խնկերով եւ զոհերով քաւութիւն չի ստանալու յաւիտեան»։ 15Սամուէլը ննջեց մինչեւ առաւօտ եւ վաղ առաւօտեան, զարթնելով, բացեց Տիրոջ տան դռները։ 16Սամուէլը վախեցաւ տեսիլքը պատմել Հեղիին։ 17Հեղին Սամուէլին ասաց. «Սամուէ՛լ, որդեա՛կ»։ Սա ասաց. «Ահա այստեղ եմ»։ Նա ասաց. «Ինչ խօսքեր որ քեզ ասաց Տէրը, մի՛ թաքցրու ինձանից։ Աստուած քեզ թող առաւել պատժի, եթէ քո ականջին ասուած խօսքերից որեւէ բան թաքցնես ինձանից»։18Սամուէլն ամէն ինչ պատմեց նրան՝ նրանից ոչինչ չթաքցնելով։ Հեղին ասաց. «Տէրը թող անի այն, ինչ բարի է իր համար»։ 19Սամուէլը մեծացաւ, Տէրը նրա հետ էր, եւ նրա ասած խօսքերից ոչ մէկը գետնին չմնաց։ 20Ամբողջ Իսրայէլը, Դանից մինչեւ Բերսաբէէ, իմացաւ, որ Սամուէլը դարձել է Տիրոջ մարգարէ։ 21Տէրը կրկին երեւաց Սելովում։ Տէրը Սամուէլին երեւաց ըստ իր ասած խօսքի։ Սամուէլը հաւատարմութեամբ դարձաւ Տիրոջ մարգարէն ամբողջ Իսրայէլի մէջ, երկրի մի ծայրից միւսը։ Հեղին շատ էր ծերացել, իսկ որդիները շարունակում էին իրենց ընթացքը, եւ նրանց ճանապարհը չար էր։ 
4 Այդ օրերին այլազգիները յարձակուեցին Իսրայէլի վրայ։ Իսրայէլը նրանց դէմ պատերազմի ելաւ եւ Աբենեզերում բանակատեղի դրեց, իսկ այլազգիները բանակատեղի դրեցին Ափեկում։ 2Այլազգիները ճակատամարտ տուին Իսրայէլի դէմ, պատերազմն սկսուեց, եւ Իսրայէլը այլազգիներից պարտուեց։ 3Ռազմի դաշտում չորս հազար զինուոր ընկաւ։ Երբ զօրքը վերադարձաւ բանակատեղի, Իսրայէլի ծերերն ասացին. «Ինչո՞ւ Տէրն այսօր մեզ պարտութեան մատնեց այլազգիների առաջ։ Սելովից մեզ մօտ բերենք մեր Աստծու ուխտի տապանակը, որ մեզ մօտ լինի ու մեզ փրկի մեր թշնամիների ձեռքից»։4Ժողովուրդը մարդիկ ուղարկեց Սելով, որոնք այնտեղից բերեցին քերովբէների միջեւ նստած զօրութիւնների Տիրոջ ուխտի տապանակը։ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը, Աստծու ուխտի տապանակի հետ գնացին։ 5Երբ Տիրոջ ուխտի տապանակը բանակատեղի բերուեց, ամբողջ Իսրայէլը մեծաձայն աղաղակեց, եւ երկիրը թնդաց։ 6Լսելով աղաղակի ձայնը՝ այլազգիներն ասացին. «Այս ի՜նչ բարձրագոչ աղաղակ է եբրայեցիների բանակատեղիում»։ 7Նրանք իմացան, որ Տիրոջ տապանակն են բերել բանակատեղի։ Այլազգիները վախեցան ու ասացին. «Նրանց աստուածները եկել են բանակատեղի։ Փրկի՛ր մեզ այսօր, Տէ՛ր։ 8Վա՜յ մեզ, քանզի այսպիսի բան չկար երէկ ու նախորդ օրը։ Վա՜յ մեզ, ո՞վ կը փրկի մեզ այդ հզօր աստուածների ձեռքից։ Սրանք այն աստուածներն են, որ Եգիպտոսին ամէն տեսակ հարուածներ հասցրին նաեւ ամբողջ անապատում։ 9Գօտեպնդուեցէ՛ք եւ տղամա՛րդ եղէք, ո՛վ այլազգիներ, չլինի թէ ստրուկ դառնաք եբրայեցիներին, ինչպէս որ ձեզ նրանք ստրուկ եղան։ Տղամա՛րդ եղէք եւ պատերազմեցէ՛ք նրանց դէմ»։ 10Այլազգիները պատերազմեցին նրանց դէմ, եւ բոլոր իսրայէլացիները փախան դէպի իրենց յարկերը։ Շատ մեծ կոտորած եղաւ, եւ իսրայէլացիներից երեսուն հազար հետեւակ ընկաւ։ 11Աստծու տապանակը գերուեց, իսկ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը սպանուեցին։ 12Այդ օրը մի համինացի մարդ բանակատեղիից վազելով եկաւ Սելով։ Նա պատառոտել էր իր զգեստները եւ գլխին հող ածել։ 13Երբ հասաւ, Հեղին տաճարի դռան առաջ նստած էր աթոռին ու ճանապարհին էր նայում, քանզի նրա սիրտը տագնապի մէջ էր Աստծու տապանակի համար։ Այդ մարդը քաղաք մտնելով գոյժը հաղորդեց, ու քաղաքն աղաղակեց։ 14Հեղին, լսելով աղաղակը, ասաց. «Այդ ի՞նչ աղաղակ է»։ Մարդն շտապ եկաւ, որ գոյժը հաղորդի Հեղիին։ 15Հեղին իննսունութ տարեկան էր, աչքերն այնքան էին տկարացել, որ չէր տեսնում։ Հեղին իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Այս ի՞նչ աղաղակ է»։ 16Մարդը շուտափոյթ մտաւ Հեղիի մօտ եւ ասաց նրան. «Ես եկել եմ բանակից, ռազմադաշտից այսօր եմ փախել»։ Հեղին ասաց. «Ի՞նչ է պատահել, որդեա՛կ, պատմի՛ր ինձ»։ 17Պատանին պատասխանեց. «Իսրայէլացիները այլազգիների առջեւից փախան, ժողովուրդը մեծ կոտորածի ենթարկուեց, քո երկու որդիները՝ Օփնին եւ Փենեէսը, սպանուեցին, իսկ Աստծու տապանակը գերուեց»։ 18Եւ երբ նա յիշեց Աստծու տապանակը, Հեղին աթոռից յետ ընկաւ դռան մօտ, նրա ողնաշարը ջարդուեց եւ մեռաւ, քանի որ ծեր ու ծանրացած մարդ էր։ Նա Իսրայէլի մէջ քսան տարի դատաւորութիւն էր արել։ 19Հեղիի հարսը՝ Փենեէսի կինը, յղի էր, ծննդաբերելու օրերը մօտ էին, եւ երբ Աստծու տապանակի գերուելու եւ իր սկեսրայրի ու ամուսնու մահուան լուրը լսեց, լաց եղաւ ու ծնեց, քանզի երկունքի ցաւերը պատել էին նրան։20Երբ նա մեռնում էր, նրան շրջապատող կանայք ասացին. «Մի՛ վախեցիր, քանզի տղայ ծնեցիր»։ Նա պատասխան չտուեց եւ ուշադրութիւն չդարձրեց։ 21Աստծու տապանակի, սկեսրայրի եւ իր ամուսնու պատճառով մանկանը կոչեցին «Վայ քաբոթ»՝ 22ասելով. «Իսրայէլի փառքը վերացաւ», որովհետեւ Տիրոջ տապանակը գերուեց, նրա սկեսրայրն ու ամուսինը մեռան։ 
5 Այլազգիները Աստծու տապանակը վերցրին ու այն Աբենեզերից տարան Ազոտոս։ 2Այլազգիները Տիրոջ տապանակը դրեցին Դագոնի տաճարը եւ կանգնեցրին Դագոնի կողքին։ 3Յաջորդ օրը վաղ առաւօտեան զարթնեցին ազոտացիները, մտան Դագոնի տաճարը եւ տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջեւ երեսնիվայր ընկած է։ Նրանք բարձրացրին Դագոնը եւ դրեցին իր տեղը։ Տիրոջ ձեռքը բարձրացաւ ազոտացիների վրայ։ Նա չարչարեց Ազոտոսի ամբողջ տարածքում ապրող մարդկանց, թութքով հիւանդացրեց նրանց։ 4Երբ յաջորդ առաւօտ նորից կանուխ զարթնեցին, տեսան, որ Դագոնը Տիրոջ ուխտի տապանակի առջեւ երեսնիվայր ընկած է, Դագոնի գլուխն ու ոտքի երկու թաթերը ջարդուած են ու գետնին ցրուած, ձեռքի երկու դաստակները ընկած են դռան սեմին. Դագոնի միայն իրանն էր մնացել։5Այդ պատճառով է, որ Դագոնի քրմերն ու բոլոր նրանք, ովքեր մտնում են Դագոնի տաճարը, մինչեւ օրս Ազոտոսի Դագոնի տաճարի սեմին ոտք չեն դնում, այլ ցատկելով վրայից են անցնում։ 6Եւ Տիրոջ ձեռքը բարձրացաւ Ազոտոսի վրայ, թութքով հիւանդացրեց նրանց, նրանց դաշտերում վխտալ տուեց մկներին, եւ քաղաքում մահառիթ սոսկում առաջացաւ։ 7Այս դէպքը տեսնելով՝ Ազոտոսի բնակիչներն ասացին. «Աստծու տապանակը թող չմնայ մեզ մօտ, քանզի նրա ձեռքը բարձրացաւ մեր եւ մեր աստծու՝ Դագոնի վրայ»։ 8Նրանք մարդ ուղարկեցին եւ այլազգիների բոլոր իշխաններին իրենց մօտ հաւաքելով՝ ասացին. «Ինչ անենք Իսրայէլի Աստծու տապանակը»։ Գէթացիները ասացին. «Իսրայէլի Աստծու տապանակը թող մեզ մօտ փոխադրուի»։ Եւ Աստծու տապանակը փոխադրուեց Գէթ։ 9Երբոր տապանակը այնտեղ փոխադրուեց, Տիրոջ ձեռքը բարձրացաւ այդ քաղաքի վրայ, շատ մեծ խռովութիւն բարձրացաւ, Տէրը քաղաքի մարդկանց՝ փոքրից մինչեւ մեծերը, չարչարեց, նրանց հիւանդացրեց թութքով, եւ Գէթացիները թութքով տառապեցին։ 10Աստծու տապանակը ուղարկեցին Ասկաղոն։ Երբ Աստծու տապանակը մտաւ Ասկաղոն, ասկաղոնացիները բողոք բարձրացրին՝ ասելով. «Ինչո՞ւ Իսրայէլի Աստծու տապանակը մեզ մօտ բերեցիք, որ մեզ եւ մեր ժողովրդին սպանէք»։ 11Մարդ ուղարկեցին, հաւաքեցին այլազգիների բոլոր իշխաններին ու ասացին. «Իսրայէլի Աստծու տապանակը յե՛տ ուղարկեցէք, թող մնայ իր տեղում, որ մեզ ու մեր ժողովրդին չկոտորի»։ Մի մահառիթ սոսկում էր պատել ամբողջ քաղաքն այն բանից յետոյ, երբ Իսրայէլի Աստծու տապանակը այնտեղ էր մտել։ 12Մահից ազատուելով կենդանի մնացած մարդիկ թութքով էին տառապում, եւ քաղաքի աղաղակը երկինք բարձրացաւ։ 
6 Տիրոջ տապանակը եօթը ամիս մնաց այլազգիների երկրում։ Նրանց երկրում Տէրը վխտալ տուեց մկներին։ 2Այլազգիներն իրենց քրմերին, գուշակներին եւ կախարդներին կանչեցին ու ասացին. «Ի՞նչ անենք Տիրոջ տապանակը, մեզ խորհուրդ տուէ՛ք, թէ ինչպէ՞ս այն իր տեղն ուղարկենք»։ 3Նրանք ասացին. «Եթէ Իսրայէլի Տէր Աստծու ուխտի տապանակը ուղարկէք, այն դատարկ մի՛ ուղարկէք, այլ անպատճառ պատուհասի վերացման զոհաբերութիւն արէ՛ք նրան։ Այն ժամանակ կը բուժուէք, Տէրը կը ների ձեզ, եւ գուցէ թէ նրա պատժող ձեռքը վերանայ ձեզանից»։ 4Նրանք ասացին. «Պատուհասի վերացման ինչպիսի՞ զոհաբերութիւն մատուցենք»։ Նրանք պատասխանեցին. «Այլազգիների իշխանների թուի համեմատ յետոյքի ոսկէ հինգ քանդակներ կերտեցէ՛ք եւ ոսկէ հինգ մկներ ձուլեցէ՛ք, քանզի նոյն այդ հարուածներն են իջել ձեզ, ձեր իշխանների ու ձեր ժողովրդի վրայ։5Արդ, կերտեցէ՛ք ձեր յետոյքների քանդակները, ձեր երկիրն ապականող մկների արձանիկները եւ փառաւորեցէ՛ք Տիրոջը, որ նա վերացնի իր ձեռքը ձեր, ձեր աստուածների ու ձեր երկրի վրայից։6Ինչո՞ւ էք ձեր սրտերը կարծրացնում այնպէս, ինչպէս Եգիպտոսն ու փարաւոնն էին կարծրացրել իրենց սրտերը։ Չէ՞ որ Աստուած նախ յաղթեց եգիպտացիներին եւ յետոյ միայն իսրայէլացիներին ազատ արձակեց, որ գնան։ Արդ, տախտակ վերցրէ՛ք եւ մի նոր սայլ պատրաստեցէ՛ք։ 7Բերէ՛ք անդրանկածին երկու երինջ, որոնք դեռ ձագ չեն բերել։ Երինջները սայլին լծեցէ՛ք, իսկ յետեւից եկող հորթերին գոմում փակեցէ՛ք։ 8Վերցրէ՛ք Տիրոջ տապանակը եւ այն դրէ՛ք սայլի վրայ, իսկ պատուհասի վերացման համար մատուցուող ոսկէ ընծաները դրէ՛ք քուրձէ տոպրակի մէջ, դրա կողքին։ 9Հրեցէ՛ք սայլը եւ թողէ՛ք, որ գնայ։ Հետեւեցէ՛ք եւ տեսէ՛ք. եթէ դէպի իր սահմանը՝ Բեթսամիւս է գնում, ուրեմն մեզ մեծամեծ չարիքներով պատժողը Տէրն է, իսկ եթէ՝ ոչ, իմացէ՛ք, որ Տիրոջ ձեռքը չէ, որ մեզ պատուհասել է, այլ եղած պատիժները պատահական են»։ 10Այլազգիներն այդպէս էլ արեցին։ Նրանք բերեցին անդրանկածին երկու երինջ, դրանք լծեցին սայլին, իսկ դրանց հորթերը պահեցին գոմում։ 11Սայլի վրայ դրեցին Տիրոջ տապանակը, քուրձէ տոպրակի մէջ դրուած մկների ու իրենց յետոյքների ոսկէ քանդակները։ 12Երինջները ուղիղ Բեթսամիւսի ճանապարհը բռնեցին. նրանք ջանում էին առանց աջ ու ձախ խոտորուելու մի շաւիղով գնալ։ Այլազգիների իշխանները մինչեւ Բեթսամիւսի սահմանը գնում էին նրանց յետեւից։ 13Բեթսամիւսի բնակիչները հովիտներում ցորեն էին հնձում։ Նրանք իրենց հայեացքը բարձրացնելով՝ տեսան Տիրոջ ուխտի տապանակը եւ նրա համար ուրախացան։ 14Սայլը մտաւ բեթսամիւսացի Օսէի դաշտը։ Այնտեղ՝ սայլի կանգնած տեղում, մի մեծ քար կանգնեցրին, սայլի փայտերը կոտրեցին, իսկ երինջները Տիրոջը ողջակէզ մատուցեցին։15Ղեւտացիները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը, քուրձէ տոպրակն ու դրա միջի ոսկէ քանդակները եւ դրեցին մեծ քարի վրայ։ Բեթսամիւսացիները այդ օրը ողջակէզներ ու զոհեր մատուցեցին Տիրոջը։ 16Այլազգիների հինգ իշխանները այս բանը տեսնելուց յետոյ նոյն օրը վերադարձան Ակկարոն։ 17Պատուհասի վերացման համար այլազգիների ընծայած ոսկէ քանդակներից մէկը Ազոտոսի համար էր, մէկը՝ Գազայի համար, մէկն՝ Ասկաղոնի, մէկը՝ Գէթի, մէկն էլ՝ Ակկարոնի համար, 18իսկ ոսկէ մկները այլազգիների հինգ իշխաններին պատկանող բոլոր քաղաքների թուի համեմատ էին, որոնք պարսպապատ քաղաքներից հասնում էին մինչեւ փերեզացիների աւանները, մինչեւ այն քարը, որի վրայ դրեցին Տիրոջ ուխտի տապանակը, որը մինչեւ այսօր էլ կայ բեթսամիւսացի Օսէի դաշտում։ Յեքոնէի որդիները, սակայն, բեթսամիւսացիների նման չուրախացան, որ տեսել են Տիրոջ ուխտի տապանակը։ 19Տէրը նրանցից յիսուն հազար եօթանասուն մարդ կոտորեց։ Ժողովուրդը սգի մէջ էր, քանզի Տէրը ժողովրդին մեծամեծ հարուածներ էր հասցրել։ 20Բեթսամիւսացի մարդիկ ասացին. «Ո՞վ կարող է կանգնել այս սուրբ Տէր Աստծու առաջ, եւ մեզանից ո՞ւմ մօտ կը գնայ Տիրոջ ուխտի տապանակը»։ 21Եւ Կարիաթարիմի բնակիչների մօտ պատգամաւորներ ուղարկեցին, որ նրանց ասեն. «Այլազգիները վերադարձրին Տիրոջ ուխտի տապանակը, եկէ՛ք եւ այն ձեզ մօտ տարէ՛ք»։ 
7 Կարիաթարիմցիները եկան, այնտեղից հանեցին Տիրոջ ուխտի տապանակը եւ այն տարան Ամինադաբի տունը, որը բլրի վրայ էր։ Նրա որդի Եղիազարին սրբագործեցին, որ պահպանի Տիրոջ ուխտի տապանակը։ 2Տապանակը Կարիաթարիմում դնելու օրից յետոյ բազում օրեր անցան, քսան տարի, եւ ամբողջ Իսրայէլը հայեացքը չէր կտրում Տիրոջից։ 3Սամուէլը խօսելով Իսրայէլի ամբողջ ժողովրդի հետ՝ ասաց. «Եթէ դուք ձեր ամբողջ սրտով դարձ էք կատարել դէպի Տէրը, ապա ձեր միջից վերացրէ՛ք օտար աստուածներն ու անտառները, ձեր հոգիները թող ենթարկուեն Տիրոջը, միայն նրա՛ն ծառայեցէք, եւ նա ձեզ կը փրկի այլազգիների ձեռքից»։ 4Եւ իսրայէլացիները Բահաղիմներին ու Աստարոթի անտառները հեռու վանեցին եւ միայն Տիրոջը ծառայեցին։ 5Սամուէլն ասաց. «Բոլոր իսրայէլացիներին հաւաքեցէ՛ք Մասեփաթում, եւ ես ձեզ համար աղօթելու եմ Տիրոջը»։ 6Հաւաքուեցին Մասեփաթում, ջուր հանեցին ու թափեցին գետին, Տիրոջ առջեւ, այդ օրը ծոմ պահեցին եւ ասացին. «Մեղանչել ենք Տիրոջ առաջ»։ Եւ Սամուէլը Մասեփաթում դատեց իսրայէլացիներին։ 7Երբ այլազգիները լսեցին, թէ իսրայէլացիները հաւաքուել են Մասեփաթում, նրանց իշխանները յարձակուեցին Իսրայէլի վրայ։ Իսրայէլացիներն այդ լուրը լսելով՝ վախեցան այլազգիներից։ 8Իսրայէլացիներն ասացին Սամուէլին. «Մի՛ դադարիր աղաղակելուց քո Տէր Աստծուն մեզ համար, որ այլազգիների ձեռքից փրկի մեզ»։ 9Սամուէլն առաւ մի ծծկեր գառնուկ եւ ամբողջ ժողովրդի մասնակցութեամբ նրան ողջակէզ արեց Տիրոջը։ Սամուէլը դիմեց Տիրոջը Իսրայէլի համար, եւ Տէրը լսեց նրան։ 10Մինչ Սամուէլը ողջակէզ էր մատուցում, այլազգիները մօտեցան, որ պատերազմեն Իսրայէլի դէմ։ Այդ ժամանակ Տէրը բարձր ձայնով որոտաց այլազգիների վրայ, եւ նրանք շփոթուելով փախան իսրայէլացիների առջեւից։ 11Իսրայէլացիները Մասեփաթից ելան, հարուածեցին այլազգիներին ու կոտորեցին նրանց մինչեւ Բեթքորի սահմանները։ 12Սամուէլը մի քար վերցնելով՝ կանգնեցրեց Մասեփաթի ու հին Բեթսանի միջեւ եւ այն կոչեց Աբենեզեր, այսինքն՝ «Օգնականի քար»՝ ասելով. «Մինչեւ այս վայրը Տէրը մեզ օգնեց»։ 13Տէրն այլազգիներին խեղճացրեց, եւ նրանք այլեւս Իսրայէլի սահմանների վրայ չյարձակուեցին։ Սամուէլի ապրած բոլոր օրերին Տիրոջ ձեռքը ծանրացած էր այլազգիների վրայ։ 14Այն քաղաքները, որ այլազգիները գրաւել էին իսրայէլացիներից, Ասկաղոնից մինչեւ Գէթ, վերադարձրին ու յանձնեցին Իսրայէլին, եւ Իսրայէլի սահմանները ազատուեցին այլազգիների ձեռքից։ Իսրայէլի ու ամորհացիների միջեւ խաղաղութիւն տիրեց։ 15Իր կեանքի բոլոր օրերին Սամուէլը դատաւորութիւն արեց իսրայէլացիներին։ 16Նա ամէն տարի գնում էր Բեթէլ, Գաղաադ եւ Մասեփաթ, շրջում էր Իսրայէլի բոլոր սրբագործուած վայրերում եւ դատաւորութիւն անում։17Վերադառնալով Արիմաթեմ, որտեղ իր տունն էր, նա այնտեղ դատաւորութիւն արեց իսրայէլացիներին ու Տիրոջ համար զոհասեղան շինեց։ 
8 Երբ Սամուէլը ծերացաւ, իր որդիներին Իսրայէլի դատաւորներ կարգեց։ 2Սրանք են նրա որդիների անունները. անդրանիկը՝ Յովէլ, երկրորդի անունը՝ Աբիա։ 3Նրանք դատաւորներ էին Բերսաբէէում։4Նրա որդիները, սակայն, չգնացին իրենց հօր ճանապարհով, այլ, ընչաքաղցութեան յետեւից ընկնելով՝ կաշառք էին վերցնում եւ իրաւունքը թիւրում։ 5Բոլոր իսրայէլացի տղամարդիկ հաւաքուեցին, եկան Սամուէլի մօտ՝ Արիմաթէմ, եւ ասացին նրան. 6«Դու, ահա, ծերացել ես, իսկ քո որդիները քո ճանապարհով չեն գնում։ Արդ, մեզ վրայ մի թագաւոր դի՛ր, որ մեզ դատաւորութիւն անի, ինչպէս բոլոր ազգերի մօտ է»։ 7Այս բանը Սամուէլին դուր չեկաւ, քանզի ասել էին, թէ՝ «Մեզ թագաւոր տո՛ւր, որ մեզ համար դատաւորութիւն անի»։8Սամուէլն աղօթեց Տիրոջը, եւ Տէրն ասաց Սամուէլին. «Լսի՛ր ժողովրդի ձայնը, ինչ էլ որ նա ասի քեզ։ Նրանք ոչ թէ քե՛զ անարգեցին, այլ չուզեցին, որ ե՛ս թագաւորեմ իրենց վրայ։ 9Նրանց Եգիպտոսից դուրս գալու օրուանից մինչեւ այսօր նրանք ինձ լքեցին ու պաշտեցին օտար աստուածներ։ Եւ ինչ որ արեցին իմ նկատմամբ, նոյնը կ՚անեն քո նկատմամբ։ 10Արդ, դու լսի՛ր նրանց խօսքը, բայց նրանց տեղեակ պահի՛ր, բացատրի՛ր թագաւորի իրաւունքները, որ իշխելու է իրենց վրայ»։ 11Սամուէլը Տիրոջ բոլոր պատգամները հաղորդեց իրենից թագաւոր խնդրող ժողովրդին։ 12Նա ասաց. «Ձեզ վրայ իշխող թագաւորը հետեւեալ իրաւունքներն է ունենալու. նա պիտի վերցնի ձեր որդիներին եւ նրանց կառապաններ, հեծեալներ ու իր մարտակառքերի առջեւից վազող սուրհանդակներ պիտի դարձնի։13Նրանց իր հազարապետներն ու հարիւրապետները պիտի դարձնի, նրանք իր հունձը պիտի հնձեն, այգիները քաղեն, իր զէնքերն ու մարտակառքերի մասերը պիտի պատրաստեն։ 14Ձեր դուստրերին անուշահոտութիւն պատրաստողներ, խոհարարներ ու հացթուխներ պիտի դարձնի, 15ձեր անդաստանները, ձեր այգիներն ու ձեր ընտիր ձիթենիները վերցնելով՝ իր ծառաներին պիտի տայ։ 16Ձեր հանդերից ու ձեր այգիների բերքից նա տասանորդ պիտի ստանայ եւ տայ իր ներքինիներին եւ ծառաներին։ 17Ձեր ծառաներն ու աղախինները, ձեր ընտիր արջառներն ու աւանակները ձեզնից պիտի վերցուեն եւ իր համար տասանորդ պիտի լինեն։ 18Ձեր հօտերից նա տասանորդ պիտի ստանայ, եւ դուք նրա ծառաները պիտի դառնաք։ 19Այն ժամանակ դուք բողոքելու էք ձեր ընտրած թագաւորի դէմ, սակայն Տէրը ձեզ չի լսելու այդ օրը, քանզի դուք ինքներդ ձեզ համար թագաւոր ընտրեցիք»։20Ժողովուրդը չուզեց լսել Սամուէլին եւ ասաց նրան. «Ո՛չ, թող մէկը թագաւորի մեզ վրայ։ 21Մենք եւս այլ ազգերի նման լինենք, թող մեր թագաւորը մեզ դատի, մեր առջեւից ընթանայ եւ մեզ պատերազմի առաջնորդի»։ 22Սամուէլը լսեց ժողովրդի բոլոր ասածները եւ դրանք յայտնեց Տիրոջը։ 23Տէրն ասաց Սամուէլին. «Լսի՛ր նրանց եւ նրանց վրայ թագաւո՛ր դիր»։ Սամուէլն ասաց իսրայէլացիներին. «Թող ամէն ոք իր քաղաքը գնայ»։ 
9 Բենիամինի որդիներից սերուած Կիս անունով մի ուժեղ մարդ կար, որ որդին էր Աբիէլի, եւ սա որդին՝ Արէդի, եւ սա թոռը՝ Բեքորաթի ու ծոռը՝ Ափիայի, որ յեմինացի մի մարդ էր։ 2Նա Սաւուղ անունով բարի ու թիկնեղ մի որդի ունէր։ Իսրայէլացիների մէջ նրանից բարետես մարդ չկար, բոլոր մարդիկ մէկ գլխով ցածր էին նրանից։ 3Մի անգամ կորան Սաւուղի հօր աւանակները։ Կիսն ասաց իր որդի Սաւուղին. «Վերցրո՛ւ ծառաներից մէկին, եւ ելէ՛ք, գնացէ՛ք աւանակները փնտռելու»։ 4Նրանք գնացին, անցան Եփրեմի լեռը, անցան Սարիսի երկիրը՝ չգտան աւանակները, անցան Սադիմի երկիրը՝ չկային աւանակները, անցան յեմինացիների երկիրը՝ եւ չգտան։ 5Երբ հասան Սիփ, Սաւուղն ասաց իր հետ եկած ծառային. «Արի՛ վերադառնանք։ Կարող է հայրս, աւանակները մոռացած, մե՛զ համար անհանգստանայ»։ 6Ծառան ասաց նրան. «Այս քաղաքում է ապրում Աստծու մարդը։ Նա պատուաւոր մարդ է եւ ինչ որ ասում է, անպայման կատարւում է։7Արի՛ գնանք նրա մօտ, թերեւս մեզ ցոյց տայ այն ճանապարհը, որով պէտք է գնանք»։ Սաւուղն ասաց իր հետ եկած ծառային. «Եթէ գնանք, ի՞նչ տանենք Աստծու մարդուն, չէ՞ որ մեր ամաններից հացը պակասել է, եւ մի աւելի բան չունենք, որ տանենք Աստծու մարդուն»։ 8Ծառան նորից պատասխան տալով Սաւուղին՝ ասաց. «Ես ունեմ քառորդ սիկղ արծաթ։ Այն կը տաս Աստծու մարդուն, եւ նա ցոյց կը տայ մեր ճանապարհը»։ 9(Հին ժամանակներում երբ իսրայէլացիները գնում էին Աստծուց խորհուրդ հայցելու, այսպէս էին ասում. «Եկէ՛ք գնանք տեսանողի մօտ», որովհետեւ հին ժամանակներում ժողովուրդը մարգարէին տեսանող էր անուանում)։ 10Սաւուղն իր ծառային ասաց. «Ճիշտ ես ասում, արի՛ գնանք»։ 11Եւ նրանք գնացին այն քաղաքը, ուր գտնւում էր Աստծու մարդը։ Մինչ նրանք բարձրանում էին դէպի քաղաք տանող զառիվերը, նրանց հանդիպեցին աղջիկներ, որոնք ջուր հանելու էին եկել։ 12Նրանք հարցրին աղջիկներին. «Այստե՞ղ է ապրում տեսանողը»։ Աղջիկները պատասխան տալով՝ ասացին. «Այստեղ է, ահա ձեր առջեւն է, սակայն շտապեցէ՛ք, նա միայն այսօրուայ համար է եկել քաղաք, որովհետեւ ժողովուրդն այսօր է Բամայում զոհ անում։13Եթէ հիմա մտնէք քաղաք, նրան կը գտնէք այնտեղ, որովհետեւ դեռ չի գնացել Բամա՝ ուտելու, եւ ժողովուրդը չի ուտի, մինչեւ որ նա չգայ, որովհետեւ նա օրհնում է զոհը, ու դրանից յետոյ հիւրերն ուտում են։14Արդ, շո՛ւտ գնացէք, որ նրան հիմա այնտեղ գտնէք»։ Նրանք գնացին քաղաք եւ երբ մտան քաղաքամէջ, Սամուէլն էլ Բամա բարձրանալիս հանդիպեց նրանց։ 15Սաւուղի գնալուց մի օր առաջ Տէրը Սամուէլին յայտնել էր նրա մասին ու ասել. «Վաղը այսինչ ժամին Բենիամինի երկրից մի մարդ պիտի ուղարկեմ քեզ մօտ, որ նրան Իսրայէլի իմ ժողովրդի վրայ իշխան օծես։ 16Նա իմ ժողովրդին պիտի փրկի այլազգիների ձեռքից, քանզի ականատես եղայ ժողովրդիս տառապանքներին, եւ նրա աղաղակը ինձ հասաւ»։ 17Սամուէլը տեսաւ Սաւուղին, եւ Տէրն ասաց նրան. «Ահաւասիկ սա է այն մարդը, որի մասին ասել եմ քեզ, թէ՝ «Նա է ղեկավարելու իմ ժողովրդին»։18Սաւուղը քաղաքամիջում մօտենալով Սամուէլին՝ հարցրեց. «Ասա՛ ինձ, ո՞րն է տեսանողի տունը»։ 19Պատասխան տուեց Սամուէլը եւ ասաց Սաւուղին. «Տեսանողը ես ինքս եմ։ Իմ առջեւից գնալով բարձրացի՛ր Բամա։ Այսօր ինձ հետ կ՚ուտես, իսկ վաղը քեզ կ՚արձակեմ, եւ ամէն ինչ, որ սրտումդ կայ, կը պատմեմ քեզ։ 20Երեք օր առաջ կորցրած քո աւանակների համար մի՛ մտածիր, քանզի դրանք գտնուել են։ 21Եւ ո՞ւմ է պատկանում Իսրայէլի փառքը, եթէ ոչ քեզ եւ քո հօր ամբողջ տոհմին»։ Պատասխան տուեց Սաւուղն՝ ասելով. «Չէ՞ որ ես Իսրայէլի ամենափոքր ազգատոհմին պատկանող մի յեմինացու որդի եմ, եւ Բենիամինի ցեղի մէջ իմ տոհմը ամենակրտսերն է։ Ինչո՞ւ ես ինձ այդ բաներն ասում»։ 22Սամուէլը Սաւուղին ու նրա ծառային տարաւ ճաշասրահ, նրանց նստեցրեց շուրջ երեսուն հիւրերի ամենավերին շարքում։ 23Սամուէլն ասաց խոհարարին. «Բե՛ր ինձ այն բաժինը, որ քեզ տուի ու պատուիրեցի, որ քեզ մօտ պահես»։ 24Խոհարարը եփեց ազդրը՝ վրայի մսով եւ այն դրեց Սաւուղի առջեւ։ Սամուէլն ասաց Սաւուղին. «Ահաւասիկ այս է մնացել, առջեւդ դի՛ր ու կե՛ր, որ դա քեզ համար վկայութիւն լինի ժողովրդի առաջ, եւ կրծի՛ր»։ Այդ օրը Սաւուղը Սամուէլի հետ կերաւ։ 25Նա Բամայից իջաւ քաղաք։ Սաւուղի համար տանիքի վրայ անկողին գցեցին, ու նա քնեց։ 26Երբ առաւօտեան նրանք զարթնեցին, Սամուէլը Սաւուղին տանիքից կանչելով՝ ասաց. «Ե՛կ, արձակելու եմ քեզ»։ Սաւուղն իջաւ, եւ ինքն ու Սամուէլը տնից դուրս եկան։ 27Երբ նրանք հասան քաղաքի սահմանին, Սամուէլն ասաց Սաւուղին. «Ասա՛ քո ծառային, որ մեզանից առաջ անցնի»։ Եւ նա առաջ անցաւ։ Սամուէլն ասաց Սաւուղին. «Դու այսօր այստեղ կը մնաս, որ լսես Տիրոջ պատգամները»։ 
10 Սամուէլն առաւ իւղի սրուակն ու թափեց նրա գլխին։ Նա համբուրեց նրան եւ ասաց. «Մի՞թէ Տէրը չէ, որ քեզ իշխան օծեց իր ժառանգութեան, իր իսրայէլացի ժողովրդի վրայ։ Դու կ՚իշխես Տիրոջ ժողովրդի վրայ եւ կը փրկես նրան իր շուրջը գտնուող թշնամիների ձեռքից։ 2Եւ թող այս նշան լինի, թէ Տէրն է քեզ օծողը. ինձնից հեռանալուց յետոյ երկու մարդ պիտի գտնես Ռաքէլի գերեզմանի մօտ, Բենիամինի լերան վրայ, որոնք արագավազ պիտի գան ու պիտի ասեն քեզ. «Գտնուեցին այն աւանակները, որ փնտռելու էիր գնում, իսկ հայրդ, աւանակների հոգսը թողած, ձեր մասին է մտածում ու ասում. «Ի՞նչ անեմ իմ որդու համար»։ 3Երբ այնտեղից կը գնաս եւ կը հասնես մինչեւ Դեբորայի կաղնին, այնտեղ երեք մարդու կը հանդիպես, որոնք Աստծու մօտ՝ Բեթէլ են գնում։ Մէկը երեք ուլ է տանում, միւսը՝ երեք աման հաց, իսկ երրորդը՝ մի տիկ գինի։ 4Քո առողջութիւնը հարցնելով՝ նրանք քեզ երկու հաց կը նուիրեն, եւ դու կ՚առնես նրանց ձեռքից։ 5Ապա կը հասնես Աստծու բլուրը, ուր այլազգիների մի գունդ կայ։ Երբ քաղաք մտնես, կը հանդիպես Բամայից դուրս եկող մարգարէների խմբին, որոնց առաջ կան սրինգ, թմբուկ, փող ու քնար նուագողներ, իսկ իրենք մարգարէութիւն են անում։ 6Քո Տիրոջ հոգին կը շարժուի քեզ վրայ, դու էլ մարգարէութիւն կ՚անես նրանց հետ եւ ուրիշ մարդ կը դառնաս։ 7Երբ այս նշանները քեզ վրայ կատարուեն, ինչ որ ձեռքիցդ գայ, բոլորն էլ արա՛, քանզի Աստուած քեզ հետ է։ 8Ինձանից առաջ Գաղգաղա պէտք է իջնես։ Այնտեղ ես կը գամ քեզ մօտ, որպէսզի ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցեմ։ Եօթը օր կը սպասես, մինչեւ որ գամ քեզ մօտ եւ հաղորդեմ քեզ, թէ ինչ ես անելու»։ 9Երբ նա շուռ եկաւ, որ գնայ Սամուէլի մօտից, Աստուած նրան ուրիշ սիրտ տուեց, եւ նոյն օրը այդ բոլոր նշանները կատարուեցին։ 10Երբ նա մօտեցաւ բլրին, մարգարէների խումբը նրան ընդառաջ գնաց, նրա վրայ Աստծու հոգին շարժուեց, եւ նա նրանց մէջ մարգարէութիւն արեց։ 11Երբ նախկինում նրան տեսնողները բոլորն էլ ճանաչեցին իրեն, թէ ինչպէս նա մարգարէների մէջ մարգարէութիւն է անում, մէկը միւսին հարցրեց. «Ի՞նչ է պատահել Կիսի որդուն, մի՞թէ Սաւուղը եւս մարգարէների մէջ է»։ 12Նրանցից մէկը պատասխանեց եւ ասաց. «Ո՞վ է նրա հայրը, եթէ ոչ՝ Կիսը»։ Այս առթիւ ասացուածք ստեղծուեց, թէ՝ «Սաւո՞ւղն էլ մարգարէների մէջ է»։ 13Մարգարէութիւն անելը վերջացնելուց յետոյ նա բարձրացաւ բլուրը։ 14Սաւուղի ազգականը հարցրեց նրան ու նրա ծառային. «Ո՞ւր էիք գնացել»։ Նրանք պատասխանեցին. «Աւանակները փնտռելու։ Բայց երբ տեսանք, որ չկան, մտանք Սամուէլի մօտ»։15Ազգականն ասաց Սաւուղին. «Պատմի՛ր ինձ, Սամուէլը քեզ ի՞նչ ասաց»։ 16Սաւուղն ասաց իր ազգականին. «Նա մեզ յայտնեց, որ աւանակները գտնուել են»։ Նա, սակայն, թագաւորութեան մասին Սամուէլի ասածները նրան չյայտնեց։ 17Սամուէլը ամբողջ ժողովրդին հաւաքելով Տիրոջ առաջ, Մասեփաթում, իսրայէլացիներին ասաց.18«Այսպէս խօսեց Իսրայէլի Տէր Աստուածը եւ ասաց. «Ես եմ, որ իսրայէլացիներին հանեցի Եգիպտոսից, փրկեցի ձեզ եգիպտացիների արքայ փարաւոնի ու ձեզ ճնշող բոլոր թագաւորների ձեռքից, 19բայց դուք այսօր անարգեցիք Աստծուն, որ ձեզ փրկել է ձեր շուրջը գտնուող ու ձեզ նեղութիւն պատճառող ժողովուրդներից։ Իսկ դուք ասացիք. «Ո՛չ, այդպէս չէ, մեզ վրայ թագաւո՛ր կարգիր»։ Արդ, կանգնեցէ՛ք Տիրոջ առջեւ ըստ ձեր իշխանութիւնների, ըստ ձեր ազգատոհմերի եւ ըստ ձեր հազարեակների»։ 20Սամուէլն Իսրայէլի բոլոր ցեղերին իրար մօտ բերեց, եւ վիճակն ընկաւ Բենիամինի ցեղին։ 21Նա մօտ բերեց Բենիամինի ցեղին ըստ ազգատոհմերի, եւ վիճակն ընկաւ Մատտարիի ազգատոհմին։ Նա մօտ բերեց Մատտարիի ազգատոհմին, եւ վիճակն ընկաւ Կիսի որդի Սաւուղին։ 22Նա փնտռեց նրան, բայց չգտաւ։ Սամուէլը կրկին հարցրեց Տիրոջը. «Արդեօ՞ք այդ մարդն էլի այստեղ կը գայ»։ Տէրն ասաց. «Ահաւասիկ նա թաքնուած է կարասիների միջեւ»։23Նա վազեց ու նրան այնտեղից առնելով՝ կանգնեցրեց ժողովրդի մէջ։ Բոլոր մարդիկ Սաւուղից մի գլխով ցածր էին։ 24Սամուէլն ասաց ամբողջ ժողովրդին. «Տեսա՞ք Տիրոջ ընտրած մարդուն, ձեր ամենքի մէջ նրա նմանը չկայ»։ Ամբողջ ժողովուրդը ճանաչեց նրան՝ ասելով. «Կեցցէ՛ արքան»։ 25Սամուէլը ժողովրդին յայտնեց թագաւորի իրաւունքները, գրեց մատեանում եւ դրեց Տիրոջ առաջ։ Սամուէլն արձակեց ամբողջ ժողովրդին, եւ ամէն մարդ գնաց իր տեղը։26Սաւուղը գնաց իր տունը, Գաբաա։ Նրա հետ գնացին զօրեղ մարդիկ, որոնց սրտերը Տէրը դրդել էր, որ լինեն Սաւուղի հետ։ 27Բայց կային նաեւ չար մարդիկ, որոնք ասում էին. «Ո՞վ է սա, որ մեզ պիտի փրկի»։ Եւ նրանք քամահրեցին նրան ու ընծաներ չմատուցեցին։ 
11 Մէկ ամիս անց Նաաս Ամոնացին եկաւ Գաղաադի Յաբիս քաղաքի շուրջը բանակ դրեց։ Յաբիսի բոլոր բնակիչներն ասացին Նաաս Ամոնացուն. «Մեզ հետ դաշինք կնքի՛ր, եւ մենք կը ծառայենք քեզ»։2Նաաս Ամոնացին նրանց ասաց. «Ձեզ հետ դաշինք կը կնքեմ այն պայմանով, որ բոլորդ հանէք ձեր աջ աչքը։ Եւ ես դրանով ամբողջ Իսրայէլի վրայ նախատինք դրած կը լինեմ»։ 3Յաբիսի բնակիչները ասացին Նաասին. «Մեզ եօթը օր ժամանակ տո՛ւր, որ պատգամաւորներ ուղարկենք Իսրայէլի բոլոր սահմանները, եւ եթէ մեզ փրկող չլինի, քեզ անձնատուր կը լինենք»։ 4Պատգամաւորները եկան Գաբաա, Սաւուղի մօտ եւ այդ խօսքերը հաղորդեցին ժողովրդին։5Ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց ու լաց եղաւ։ Սաւուղն առաւօտեան գալով դաշտից՝ հարցրեց. «Ի՞նչ է պատահել, որ ժողովուրդը լաց է լինում»։ Նրան յայտնեցին յաբիսեցիների խօսքերը։6Երբ Սաւուղը լսեց այս բանը, Տիրոջ հոգին շարժուեց նրա վրայ, եւ նրա բարկութիւնը սաստիկ բորբոքուեց։ 7Նա մի զոյգ եզ առաւ, կտոր-կտոր արեց դրանք ու պատգամաւորների միջոցով Իսրայէլի բոլոր սահմաններն ուղարկեց՝ ասելով. «Ով Սաւուղի եւ Սամուէլի յետեւից չգայ, այսպէս կը դառնան նրա եզները»։ Տիրոջ ահն ընկաւ Իսրայէլի ամբողջ ժողովրդի սիրտը, եւ նրանք մէկ մարդու պէս անվախ վրայ վազեցին։ 8Սաւուղը Բեզեկում զօրահաւաք արեց. Իսրայէլի բոլոր մարդիկ վեց հարիւր հազար հոգի էին, իսկ Յուդայի ցեղի մարդիկ՝ եօթանասուն հազար։ 9Նա ասաց եկած պատգամաւորներին. «Այսպէս կ՚ասէք Գաղաադի Յաբիս քաղաքի բնակիչներին. «Վաղը, երբ արեգակը տաքացնի երկիրը, դուք կը փրկուէք»։ Պատգամաւորները եկան քաղաք ու դա հաղորդեցին Յաբիսի բնակիչներին, որոնք ուրախացան։10Յաբիսի բնակիչներն ասացին Նաաս Ամոնացուն. «Վաղը ձեզ անձնատուր կը լինենք, եւ մեզ հետ վարուեցէք այնպէս, ինչպէս հաճելի է ձեզ»։ 11Հետեւեալ օրը Սաւուղը ժողովրդին բաժանեց երեք գնդի։ Առաւօտեան նրանք մտան նրանց բանակի մէջ եւ ամոնացիներին կոտորեցին մինչեւ արեւի ջերմացնելը։ Կենդանի մնացածները փախուստի դիմեցին այնպէս, որ նրանցից երկու հոգու իրար մօտ չէիր գտնի։ 12Ժողովուրդն ասաց Սամուէլին. «Այդ ո՞վ էր ասում, թէ Սաւուղը չի կարող թագաւորել մեզ վրայ, մեզ յանձնի՛ր այդ մարդկանց, որ սպանենք նրանց»։ 13Սամուէլն ասաց. «Այսօր ոչ ոք չի սպանուելու, որովհետեւ Տէրն այսօր փրկութիւն պարգեւեց Իսրայէլին»։ 14Սամուէլը խօսելով ժողովրդի հետ՝ ասաց. «Գնանք Գաղգաղա եւ թագադրութեան տօնակատարութիւն անենք»։ 15Ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա եւ այնտեղ, Գաղգաղայում, Տիրոջ առջեւ Սամուէլը Սաւուղին թագաւոր օծեց։ Խաղաղութեան զոհեր մատուցեցին Տիրոջ առաջ, եւ Սամուէլն ու ամբողջ ժողովուրդը շատ ուրախացան։









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Яичница с тыалом

Яичница с тыаломТыал нарезать тонкими кусками и разогреть на сковороде....

Огурцы маринованные

Огурцы маринованныеОтобрать мелкие крепкие огурцы, промыть и уложить рядами в...

Путук

ПутукБаранью грудинку нарезать на куски весом по 50 - 60...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта