ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ - 2

(0 голоса, среднее 0 из 5)
Индекс материала
ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ
2
Все страницы


15 Դրանից յետոյ Աբեսաղոմը մարտակառքեր, երիվարներ եւ առջեւից վազող յիսուն հոգի սուրհանդակ հաւաքեց։ 2Աբեսաղոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դարպասի ճանապարհին։ Ով գալիս էր արքայի դատաստանին դատ ներկայացնելու, Աբեսաղոմը նրան հարցնում էր. «Դու ո՞ր քաղաքից ես»։ Երբ մարդը պատասխանում էր նրան, թէ՝ «Քո ծառան Իսրայէլի այսինչ ցեղից է»,3Աբեսաղոմն ասում էր նրան. «Քո գործերը արդար են ու դիւրին, բայց արքայի մօտ քեզ ոչ ոք ունկնդիր չի լինի»։ 4Աբեսաղոմը մտածում էր. «Եթէ որեւէ մէկն ինձ դատաւոր նշանակէր այս երկրի վրայ, եւ ամէն ոք, որ վէճ կամ դատ ունենար, ինձ մօտ գար, ես արդարութեամբ կը դատէի նրան»։ 5Երբ որեւէ մէկը նրան էր մօտենում գլուխ տալու, նա երկարում էր ձեռքը, մարդուն դէպի իրեն էր քաշում ու համբուրում նրան։ 6Աբեսաղոմն այսպէս էր վարւում այն բոլոր իսրայէլացիների նկատմամբ, ովքեր դատի համար գալիս էին արքայի մօտ։ Աբեսաղոմն այսպիսով շահում էր Իսրայէլի բոլոր մարդկանց սրտերը։ 7Չորս տարի լրանալուց յետոյ Աբեսաղոմն ասաց իր հօրը. 8«Գնամ ու Քեբրոնում կատարեմ Տիրոջը խոստացած իմ ուխտը, քանզի Ասորիքի Գեսուր քաղաքում բնակուելիս ծառադ ուխտեց Տիրոջը՝ ասելով. «Եթէ Տէրն ինձ վերադարձնի Երուսաղէմ, ես Տիրոջը զոհ եմ մատուցելու»։ 9Արքան նրան ասաց. «Գնա՛ խաղաղութեամբ»։ 10Նա վեր կացաւ ու գնաց Քեբրոն։ Աբեսաղոմը պատգամաւորներ ուղարկելով Իսրայէլի բոլոր ցեղերին՝ ասաց. «Երբ եղջերափողի ձայն լսէք, ասացէ՛ք, թէ Աբեսաղոմ թագաւորն է թագաւորել Քեբրոնում»։ 11Աբեսաղոմի հետ գնացին երկու հարիւր հրաւիրեալներ, որոնք գնում էին միամիտ, ամենեւին տեղեակ չլինելով անցուդարձին։ 12Աբեսաղոմը զոհերը մատուցելու ժամանակ մարդ ուղարկեց ու իր Գոլա քաղաքից կանչեց Դաւթի խորհրդական թեկուացի Աքիտոփէլին։ Շատ մարդ հաւաքուեց, եւ մեծ բազմութիւն էր հետեւում Աբեսաղոմին։ 13Գուժկան հասաւ Դաւթին, թէ Իսրայէլի մարդիկ անցել են Աբեսաղոմի կողմը։ 14Դաւիթն ասաց Երուսաղէմում իր հետ եղող բոլոր ծառաներին. «Ելէ՛ք փախչենք, որովհետեւ մեզ փրկութիւն չկայ Աբեսաղոմի ձեռքից։ Շտապ գնացէ՛ք, որ արագ չհասնի մեզ եւ չարիք չբերի մեր գլխին, քաղաքները սրի չքաշի»։ 15Արքայի ծառաներն ասացին իրեն. «Ամէն ինչ, որ մեր տէր արքան կամենայ, ծառաներս պատրաստ ենք կատարելու»։ 16Թագաւորն ելաւ, եւ նրա ամբողջ տունը ոտքով գնաց նրա յետեւից։ Արքան իր հարճերից տասը կին թողեց, որ տունը պահպանեն։ 17Արքան դուրս ելաւ, եւ նրա բոլոր ծառաները ոտքով գնալով կանգնեցին անապատում գտնուող ձիթենու մօտ։ 18Նրա բոլոր ծառաները մէկ առ մէկ անցնում էին նրա կողքով. բոլոր քերեթիները, օփելեթիներն ու բոլոր գեթացիները՝ վեց հարիւր մարդ, որ ոտքով եկել էին Գեթից, անցան Դաւթի առջեւից։ 19Արքան ասաց գեթացի Եթթիին. «Ինչո՞ւ ես դու էլ գնում մեզ հետ, յե՛տ դարձիր ու մնա՛ եկող արքայի մօտ, քանզի օտար մարդ ես դու, որ քո տեղից՝ Գեթից դուրս գալով՝ եկել ես։ 20Մի՞թէ քեզ տեղահան պիտի անեմ, որ գաս մեզ հետ, երբ ինքս էլ չգիտեմ, թէ ուր եմ գնում եւ ուր պիտի գնամ։ Դու յե՛տ դարձիր, քո եղբայրներին էլ յե՛տ դարձրու քեզ հետ, եւ Տէրը քեզ ողորմութիւն ու արդարութիւն կ՚անի»։ 21Եթթին պատասխան տուեց արքային՝ ասելով. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի է իմ տէր արքան. որտեղ լինի իմ տէր արքան, մեռած թէ կենդանի, այնտեղ կը լինեմ եւ ես՝ քո ծառան»։22Արքան ասաց Եթթիին. «Արի՛ ինձ հետ»։ Եւ գեթացի Եթթին գնաց իր հետ եղած բոլոր ծառաներով ու ամբողջ բազմութեամբ հանդերձ։23Ամբողջ երկիրը բարձրաձայն լալիս էր։ Ամբողջ զօրքը անցնում էր Կեդրոնի հեղեղատով։ Արքան նոյնպէս անցաւ Կեդրոնի հեղեղատով։ Ամբողջ զօրքն ու արքան գնում էին անապատ տանող ճանապարհով։24Սադոկն ու նրա հետ բոլոր ղեւտացիները Տիրոջ ուխտի տապանակը հանեցին Բեթարից։ Նրանք կանգնեցրին Աստծու տապանակը եւ այն չտարան Բեթարից, մինչեւ որ ամբողջ ժողովուրդը այդ քաղաքից դուրս չեկաւ։ 25Արքան ասաց Սադոկին. «Աստծու տապանակը յե՛տ տար քաղաք եւ դի՛ր իր տեղը։ Եթէ Աստծու առաջ շնորհ գտնեմ, նա ինձ յետ կը դարձնի եւ ինձ տեսնել կը տայ այն եւ նրա վայելչութիւնը։ 26Բայց եթէ ասի, թէ՝ «Դու ինձ հաճելի չես», թող ինձ անի այն, ինչ նրա աչքին հաճելի է»։ Արքան ասաց Սադոկ քահանային. 27«Այնպէս արէք, որ դու խաղաղութեամբ քաղաք վերադառնաս, եւ քո որդի Աքիմաասն ու Աբիաթարի որդի Յովնաթանը՝ ձեր երկու որդիները, ձեզ հետ լինեն։28Ես բանակատեղի եմ դնելու Ռաբոթ անապատում եւ կը մնամ, մինչեւ որ ձեզանից լուր ստանամ»։ 29Եւ Սադոկն ու Աբիաթարը տապանակը յետ դարձրին Երուսաղէմ, եւ այն մնաց այնտեղ։30Դաւիթը բարձրանում էր Ձիթենեաց զառիվերով, բարձրանում էր ու լալիս։ Նա ծածկել էր գլուխը, բոբիկ էր գնում, եւ ամբողջ ժողովուրդը նրա հետ էր՝ գլուխները շորով ծածկած։ Բոլորը, լաց լինելով, բարձրանում էին։ 31Դաւթին յայտնեցին՝ ասելով. «Աքիտոփէլն էլ ապստամբների հետ է, Աբեսաղոմի մօտ»։ Դաւիթն ասաց. «Տէ՜ր Աստուած իմ, խափանի՛ր Աքիտոփէլի խորհուրդը»։ 32Դաւիթը հասաւ Հռոս, ուր երկրպագեց Աստծուն։Եւ ահա նրան ընդառաջ եկաւ արաքացի Քուսին՝ Դաւթի բարեկամը, իր պատմուճանը պատառոտած ու հողը գլխին ածած։ 33Դաւիթն ասաց. «Եթէ ինձ հետ գաս, ինձ վրայ բեռ կը լինես, 34իսկ եթէ յետ դառնաս քաղաք եւ ասես Աբեսաղոմին, թէ՝ «Քո եղբայրներն անցան, արքան յուզուած հետեւում էր ինձ, ու հայրդ եւս անցաւ, եւ արդ, քո ծառան եմ, արքա՛յ, թող ողջ մնամ քո առաջ. մի ժամանակ քո հօր ծառան էի, իսկ հիմա քո ծառան եմ ես, արքա՛յ», այդ ժամանակ խափանած կը լինես Աքիտոփէլի խորհուրդը։35Ահա այնտեղ քեզ հետ կը լինեն Սադոկ եւ Աբիաթար քահանաները, եւ եթէ որեւէ բան լսես արքայի տնից, յայտնի՛ր Սադոկ ու Աբիաթար քահանաներին։ 36Ահա նրանց հետ են իրենց երկու որդիները՝ Սադոկի որդի Աքիմաասն ու Աբիաթարի որդի Յովնաթանը։ Նրանց միջոցով ինձ յայտնեցէ՛ք ամէն ինչ, որ կը լսէք»։ 37Դաւթի բարեկամ Քուսին եկաւ քաղաք, եւ Աբեսաղոմը մտաւ Երուսաղէմ քաղաքը։ 
16 Դաւիթը հազիւ էր հեռացել Հռոսից, երբ Մեմփիբոսթէի ծառայ Սիբան նրան ընդառաջ եկաւ երկու բեռնաւորուած էշերով։ Դրանց վրայ կային երկու հարիւր նկանակ, հարիւր ողկոյզ չամիչ, հարիւր շարոց արմաւ եւ մի սափոր գինի։ 2Արքան ասաց Սիբային. «Այդ ի՞նչ է»։ Սիբան ասաց. «Էշերը արքայի համար են, որ նստի, հացն ու արմաւը՝ ծառաների համար, որ ուտեն, իսկ գինին՝ այստեղ, անապատում մնացած մարդկանց համար, որ խմեն»։ 3Արքան հարցրեց. «Ո՞ւր է քո տիրոջ որդին»։ Սիբան պատասխանեց արքային. «Նա մնացել է Երուսաղէմում, քանզի ասել է. «Իսրայէլի տունն այսօր ինձ կը վերադարձնի իմ հօր թագաւորութիւնը»։ 4Արքան ասաց Սիբային. «Թող քո՛նը լինի ամէն ինչ, որ Մեմփիբոսթէին է պատկանում»։ Սիբան գլուխը խոնարհելով՝ ասաց. «Շնորհ գտայ քո առաջ, տէ՛ր իմ արքայ»։ 5Դաւիթ արքան եկաւ մինչեւ Բաւուրիմ, եւ ահա այնտեղից, Սաւուղի տան ազգականներից մի մարդ մէջտեղ ելաւ։ Դա Գերայի որդի Սեմէին էր։6Սա դուրս եկաւ անիծելով եւ քարեր շպրտելով Դաւթի ու ամենքի վրայ, որոնք Դաւթի հետ էին։ Ամբողջ ժողովուրդն ու բոլոր քաջարիները կանգնած էին արքայի աջ ու ձախ կողմում։ 7Սեմէին, նրան անիծելով, այսպէս էր ասում. «Դո՛ւրս եկ, դո՛ւրս եկ, արիւնարբո՛ւ եւ անօրէ՛ն մարդ։ 8Տէրը Սաւուղի տան թափած ամբողջ արիւնը քո դէմ դարձրեց, քանի որ նրա փոխարէն դո՛ւ թագաւորեցիր։ Տէրը քո թագաւորութիւնը յանձնեց քո որդի Աբեսաղոմի ձեռքը։ Նա քեզ է վերադարձնում քո չարիքը, քանզի դու արիւնարբու ես»։ 9Շարուհիի որդի Աբեսսան ասաց Դաւթին. «Ինչո՞ւ է մի սատկած շուն այսպէս անիծում իմ տէր արքային։ 10Թող գնամ ու կտրեմ նրա գլուխը»։ Արքան ասաց. «Դուք ինձ հետ ի՞նչ գործ ունէք, Շարուհիի՛ որդիներ։ Թողէ՛ք նա այդպէս անիծի, քանզի Տէրն է ասել նրան, որ անիծի Դաւթին։ Ո՞վ կարող է նրան ասել, թէ՝ «Ինչո՞ւ ես այդպէս վարւում»։ 11Դաւիթն ասաց Աբեսսային ու իր բոլոր ծառաներին. «Եթէ ինձնից սերուած իմ որդին իմ մահն է ուզում, որչա՜փ եւս առաւել կ՚ուզի Յեմինի որդին։ Թո՛յլ տուէք նրան, որ անիծի, քանզի Տէրն է այդ ասել նրան։ 12Թերեւս Տէրը, տեսնելով իմ տառապանքները, ինձ բարիք հատուցի այսօրուայ անէծքի փոխարէն»։ 13Դաւիթը եւ իր հետ եղած մարդիկ գնացին իրենց ճանապարհով, իսկ Սեմէին գնում էր լերան կողքով, նրան մօտիկ, գնում էր ու անիծում, նրա կողմը քարեր նետում, նրա վրայ հող շաղ տալիս։14Արքան ու նրան ընկերակցող ամբողջ տանջուած զօրքը եկան ու հանգստացան այնտեղ։ 15Աբեսաղոմը եւ բոլոր իսրայէլացիները մտան Երուսաղէմ։ Նրանց հետ էր նաեւ Աքիտոփէլը։ 16Երբ Դաւթի բարեկամ արաքացի Քուսին եկաւ Աբեսաղոմի մօտ, Քուսին ասաց Աբեսաղոմին. «Կեցցէ՜ արքան»։ 17Աբեսաղոմն ասաց Քուսիին. «Ա՞յդ է բարեկամիդ նկատմամբ ունեցած սէրդ, ինչո՞ւ չես գնացել քո բարեկամի հետ»։18Քուսին ասաց Աբեսաղոմին. «Այդպէս չէ. ում որ ընտրի Տէրը, ում որ ընտրեն իսրայէլացիները, այս ժողովուրդն ու բոլոր իսրայէլացիները, կը գնամ նրա հետ, նրանը կը լինեմ ու նրա հետ կը մնամ։ 19Բացի այդ, ես ո՞ւմ պիտի ծառայեմ, եթէ ոչ նրա որդուն։ Ինչպէս որ ծառայել եմ քո հօրը, այդպէս էլ կը ծառայեմ քեզ»։ 20Աբեսաղոմն ասաց Աքիտոփէլին. «Խորհո՛ւրդ տուէք, թէ ի՞նչ պէտք է անենք»։ 21Աքիտոփէլն ասաց Աբեսաղոմին. «Մտի՛ր քո հօր հարճերի ծոցը, որոնց նա թողել էր իր տունը պահպանելու համար, եւ ամբողջ Իսրայէլը թող իմանայ, թէ խայտառակել ես հօրդ, եւ բոլոր քեզ հետ եղողները կը քաջալերուեն»։22Աբեսաղոմի համար վրան խփեցին տանիքում, եւ Աբեսաղոմը բոլոր իսրայէլացիների աչքի առաջ մտաւ իր հօր հարճերի ծոցը։23Աքիտոփէլի խորհուրդը, որ նա տալիս էր այդ օրերին, այնպիսին էր, կարծես մարդ Աստծուց էր խորհուրդ հարցնում։ Այդպիսին էր Աքիտոփէլի ամէն մի խորհուրդը ինչպէս Դաւթի, այնպէս էլ Աբեսաղոմի համար։ 
17 Աքիտոփէլն ասաց Աբեսաղոմին. «Թող տասներկու հազար մարդ ընտրեմ, այս գիշեր գնամ ու հետապնդեմ Դաւթին եւ գիշերով նրա դէմ ելնեմ։ 2Նա յոգնած է ու ձեռքերը թուլացած։ Նրան խուճապի կը մատնեմ, նրա հետ եղած զօրքը կը փախչի, ու կը սպանեմ միայն արքային։ 3Ամբողջ զօրքը քեզ մօտ կը բերեմ, ինչպէս հարսն է իր ամուսնու մօտ գալիս, եւ միայն մէկ մարդու կեանքին վերջ կը տամ, իսկ ամբողջ զօրքը խաղաղութեան մէջ կը լինի»։ 4Այս խօսքը ճշմարիտ թուաց Աբեսաղոմին եւ Իսրայէլի բոլոր ծերերին։ 5Աբեսաղոմն ասաց. «Կանչեցէ՛ք արաքացի Քուսիին, եւ լսենք, թէ նա ինչ կ՚ասի»։ 6Քուսին եկաւ Աբեսաղոմի մօտ, եւ Աբեսաղոմը հաղորդեց նրան այն խօսքերը, որ ասել էր Աքիտոփէլը։ Նա աւելացրեց. «Հետեւե՞նք նրա ասածին, ապա թէ ոչ, դու ի՛նքդ խորհուրդ տուր»։ 7Քուսին ասաց Աբեսաղոմին. «Աքիտոփէլի այս անգամ տուած խորհուրդը լաւ չէ»։ 8Քուսին աւելացրեց. «Դու ինքդ ճանաչում ես հօրդ եւ նրա մարդկանց, որ նրանք շատ զօրեղ են եւ դառնացած սրտով, որովհետեւ նրանք նման են դաշտում ձագերը կորցրած ու զայրացած արջի։ Քո հայրը պատերազմի մարդ է եւ զօրքին հանգիստ չի տայ։ 9Նա հիմա թաքնուած է բլուրներից մէկում կամ այլ տեղում, եւ եթէ յարձակուենք նրա վրայ, առաջինը ինքը կը գրոհի, եւ այն ժամանակ լսողները կ՚ասեն, թէ՝ «Կոտորուել է Աբեսաղոմին հետեւող ժողովուրդը»։ 10Նա հզօր մարդ է, եւ նոյնիսկ նա, ով առիւծի սիրտ ունի, նրա առաջ կը թուլանայ, որովհետեւ ամբողջ Իսրայէլը գիտի, թէ ուժեղ է քո հայրը, եւ նրա հետ եղողներն էլ ուժեղ են։ 11Ուստի ես քեզ այսպիսի խորհուրդ կը տամ. հաւաքի՛ր բոլոր իսրայէլացիներին՝ Դանից մինչեւ Բերսաբէէ, ծովեզրի աւազի չափ, եւ դու էլ անձամբ առաջնորդի՛ր նրանց։ 12Այն ժամանակ նրա վրայ կը հասնենք այն տեղերից մէկում, ուր նրան կը գտնենք. կը շրջապատենք նրան, ինչպէս ցօղն է իջնում երկրի վրայ, եւ նրա մարդկանցից ոչ ոքի կենդանի չենք թողնի։ 13Իսկ եթէ նա քաղաք մտնի, այն ժամանակ ամբողջ Իսրայէլն այդ քաղաքը պարաններ տանելով՝ նրա մարդկանց քարշ կը տայ մինչեւ հեղեղատը, այնպէս որ այնտեղ մի քար էլ չի մնայ»։ 14Աբեսաղոմն ու բոլոր իսրայէլացիներն ասացին. «Արաքացի Քուսիի խորհուրդն աւելի լաւ է, քան Աքիտոփէլի խորհուրդը»։ Տէրը վճիռ էր տուել, որ Աքիտոփէլի լաւ խորհուրդը չկատարուի, որպէսզի Տէրը Աբեսաղոմի գլխին թափի բոլոր չարիքները։ 15Արաքացի Քուսին ասաց Սադոկ ու Աբիաթար քահանաներին. «Աքիտոփէլը այսպէս եւ այսպէս խորհուրդ տուեց Աբեսաղոմին ու Իսրայէլի ծերերին, իսկ ես այսպիսի խորհուրդ տուեցի։ 16Արդ, շուտափոյթ կերպով մա՛րդ ուղարկեցէք ու իմա՛ց տուէք Դաւթին՝ ասելով. «Այս գիշեր Ռաբոթ անապատում մի՛ մնա, այլ անցիր գնա՛, որ չլինի, թէ արքան եւ ամբողջ ժողովուրդը կորստեան մատնուեն»։ 17Յովնաթանն ու Աքիմաասը Ռոգելի աղբիւրների մօտ էին, եւ մի աղախին գնաց ու նրանց պատմեց, որ գնան ու յայտնեն Դաւիթ արքային, որովհետեւ իրենք չէին կարող քաղաք մտնել ու երեւալ այնտեղ։ 18Մի պատանի, սակայն, տեսաւ նրանց ու յայտնեց Աբեսաղոմին։ Նրանք երկուսով գնացին Բաւուրիմ ու մտան մի մարդու տունը, ուր ջրհոր կար, եւ այնտեղ իջան։ 19Կինը խուփն առաւ ու փակեց ջրհորը, դրա վրայ թուզ փռեց իբր չորացնելու համար, ու ոչինչ չիմացուեց։ 20Աբեսաղոմի ծառաներն եկան այդ կնոջ մօտ, նրա տունը եւ հարցրին. «Ո՞ւր են Աքիմաասն ու Յովնաթանը»։ Կինը նրանց պատասխանեց. «Գետից այն կողմ անցան»։ Նրանք փնտռեցին նրանց եւ, չգտնելով, վերադարձան Երուսաղէմ։ 21Նրանց գնալուց յետոյ սրանք ջրհորից դուրս եկան եւ գնացին Դաւիթ արքայի մօտ ու պատմեցին՝ ասելով. «Ելէ՛ք ու անցէ՛ք գետը, քանզի Աքիտոփէլն այսպէս ու այսպէս է խորհուրդ տուել ձեր դէմ»։ 22Դաւիթն ու նրա հետ եղող ամբողջ ժողովուրդը առաւօտեան, նախքան լուսանալը ելան ու անցան Յորդանան գետը։ Ոչ ոք չմնաց, որ անցած չլինէր Յորդանան գետը։ 23Աքիտոփէլը երբ տեսաւ, որ իր խորհուրդը ի դերեւ ելաւ, համետեց իր էշը, ելաւ գնաց քաղաք, իր տունը, եւ իր տանը կարգադրութիւններ անելուց յետոյ կախուեց։ Նա մեռաւ եւ թաղուեց իր հօր գերեզմանում։ 24Դաւիթը հասաւ Բանակատեղիներ, իսկ Աբեսաղոմն ինքը եւ նրա հետ ամբողջ Իսրայէլը անցան Յորդանան գետը։ 25Աբեսաղոմը Յովաբի փոխարէն իր զօրքի հրամանատար կարգեց Ամեսայիին։ Ամեսային որդին էր յեզրայելացի մի մարդու, որի անունն էր Յոթոր։ Նա ամուսնացել էր Յովաբի մայր, Շարուհիի քոյր եւ Յեսսէի դուստր Աբիգեայի հետ։ 26Աբեսաղոմը եւ ամբողջ Իսրայէլը բանակատեղի դրեցին Գաղաադի երկրում։ 27Երբ Դաւիթը Բանակատեղիներ հասաւ, Նաասի որդի Վեսբին՝ Ամոնի որդիներից՝ Ռաբաթից, Ամիէլի որդի լադաբարցի Մաքիրը եւ գաղաադացի Բերզելին՝ Ռոգելիմից, բերեցին տասն անկողիններ, 28ծածկոցներ, տասը կաթսաներ, բրուտի անօթներ, 29ցորեն, գարի, ալիւր, փոխինդ, ոլոռ, ոսպ, մեղր, կարագ, ոչխարներ ու կաթնակեր հորթեր եւ մատուցեցին Դաւթին ու նրա հետ եղած զօրքին, որ ուտեն, քանզի զօրքը անապատում լինելով՝ քաղցած էր ու ծարաւ։ 
18 Դաւիթն իր հետ եղած զօրքի աշխարհագիր անցկացրեց եւ նրանց վրայ հազարապետներ ու հարիւրապետներ կարգեց։ 2Դաւիթը զօրքի մէկ երրորդ մասը յանձնեց Յովաբի, մէկ երրորդ մասը Շարուհիի որդու՝ Յովաբի եղբայր Աբեսսայի եւ մէկ երրորդ մասն էլ գեթացի Եթթիի հրամանատարութեանը։ Դաւիթն ասաց զօրքին. 3«Ես էլ պէտք է ձեզ հետ դուրս գամ»։ Նրանք ասացին. «Դու չպէտք է դուրս գաս, որովհետեւ եթէ փախչենք, նրանք մեզ կարեւորութիւն չեն տայ։ Կարեւորութիւն չեն տայ, եթէ անգամ մեր կէսն էլ կոտորուի։ Դու մեր տասը հազար մարդու արժէքն ունես։ Արդ, լաւ է, որ դու քաղաքում մնաս եւ մեզ օգնութեան հասնես»։ 4Արքան նրանց ասաց. «Ինչ որ ձեզ համար հաճելի է, ես այն կ՚անեմ»։ Եւ արքան մնաց դարպասի մօտ, իսկ ամբողջ ժողովուրդը հարիւրներով ու հազարներով դուրս էր գալիս քաղաքից։ 5Արքան պատուէր տուեց Յովաբին, Աբեսսային ու Եթթիին՝ ասելով. «Խնայեցէ՛ք իմ պատանեակ Աբեսաղոմին»։ Եւ ամբողջ զօրքը լսեց, որ արքան Աբեսաղոմի համար բոլոր զօրավարներին պատուէր էր տալիս։ 6Ամբողջ զօրքը դուրս եկաւ անտառ, Իսրայէլի դէմ, եւ կռիւ եղաւ Եփրեմի անտառում։ 7Իսրայէլի զօրքը պարտուեց Դաւթի ծառաներից. այդ օրը մեծ կոտորած եղաւ՝ քսան հազար հոգի ընկաւ։8Պատերազմն այստեղից տարածուեց ամբողջ երկրի վրայ։ Այդ օրն անտառն աւելի շատ զինուոր կլանեց, քան սուրը կոտորեց։9Աբեսաղոմը Դաւթի ծառաների դէմ դուրս եկաւ։ Աբեսաղոմն իր ջորին էր հեծել, եւ ջորին մի մեծ կաղնու թաւ ոստերի տակը մտաւ։ Նրա գլուխը կաղնու ճիւղերի մէջ խճճուեց, ու ինքը կախ ընկաւ երկնքի ու երկրի միջեւ, իսկ ջորին նրա տակից անցաւ գնաց։ 10Մի մարդ տեսաւ ու պատմեց Յովաբին, թէ՝ «Ահա տեսայ Աբեսաղոմին կաղնու ծառից կախուած»։ 11Յովաբն ասաց իրեն լուր տուող մարդուն. «Տեսել ես, բայց ինչո՞ւ նրան գետին չտապալեցիր։ Ես այսօր քեզ յիսուն սիկղ արծաթ եւ մի սուր կը տայի»։ 12Մարդն ասաց Յովաբին. «Եթէ քո ձեռքից նոյնիսկ հազար սիկղ արծաթ ստանայի, իմ ձեռքը արքայի որդու վրայ չէի բարձրացնի, քանզի արքան մեզ՝ քեզ, Աբեսսային ու Եթթիին պատուիրել է՝ ասելով. «Խնայեցէ՛ք Աբեսաղոմ պատանեակին, նրան ոչ մի վնաս թող չհասնի»։ 13Արքայի համար ոչ մի բան թաքուն չէր մնայ, եւ դու ինքդ էլ հեռու կը մնայիր»։ 14Յովաբն ասաց. «Դրա համար էլ քեզ մօտ չեմ մնայ»։ Եւ Յովաբը երեք նետ վերցրեց եւ դրանցով խոցեց Աբեսաղոմի սիրտը, մինչ նա կենդանի էր կաղնու վրայ։ 15Յովաբի զինակիրներից տասը երիտասարդներ շրջապատեցին եւ խփելով Աբեսաղոմին՝ սպանեցին նրան։ 16Յովաբը եղջերափող հնչեցրեց, եւ զօրքը նրա հետ վերադարձաւ, որպէսզի չհետապնդեն իսրայէլացիներին, որովհետեւ Յովաբը խնայում էր զօրքին։ 17Յովաբը վերցրեց Աբեսաղոմի դիակն ու այն նետեց անտառում մի մեծ, շատ խորունկ վիհի մէջ։ Բոլոր իսրայէլացիները փախան՝ ամէն մէկն իր բնակավայրը։ 18Աբեսաղոմը կենդանի եղած ժամանակ իր համար կոթող էր կանգնեցրել։ Նա կոթող էր կանգնեցրել նաեւ Յաբինում, Թագաւորների հովտում։ Նա ասում էր, թէ ինքը որդի չունի, որ պահի իր յիշատակը։ Եւ նա կոթողը կոչել էր իր անուամբ, ու այն մինչեւ օրս կոչւում է «Աբեսաղոմի ձեռակերտ»։ 19Սադոկի որդի Աքիմաասն ասաց. «Գնամ, աւետիս տանեմ արքային, քանզի Տէրն արդար գործ արեց՝ նրան ազատելով իր թշնամիների ձեռքից»։ 20Յովաբն ասաց նրան. «Դու այսօր աւետիս տանող մարդ չես, մի ուրիշ օր աւետիս կը տանես։ Այսօր պէտք չէ աւետիս տանել, քանզի արքայի որդին մեռաւ»։ 21Նա ասաց Քուսիին. «Գնա յայտնի՛ր արքային, ինչ որ տեսար»։ Քուսին խոնարհ գլուխ տուեց Յովաբին ու դուրս եկաւ։ 22Սադոկի որդի Աքիմաասը դարձեալ ասաց Յովաբին. «Ի՞նչ կը լինի, եթէ ես էլ վազեմ Քուսիի յետեւից»։ Յովաբն ասաց. «Դու ինչո՞ւ պէտք է վազես, որդեա՛կ իմ, այստե՛ղ արի։ Դա այնպիսի աւետիս չէ, որ օգուտ բերի»։23Աքիմաասն ասաց. «Ի՞նչ կը լինի, եթէ վազեմ։» Յովաբն ասաց նրան. «Վազի՛ր»։ Աքիմաասը վազեց Կեքարի ճանապարհով եւ Քուսիից առաջ անցաւ։ 24Դաւիթը նստել էր երկու դարպասների միջեւ։ Պահակակէտի դիտորդը դարպասի տանիքի վրայով գնաց դէպի պարիսպը եւ իր հայեացքը բարձրացնելով՝ տեսաւ, որ մի մարդ մենակ վազում է իր կողմը։ 25Նա աղաղակելով՝ այդ մասին յայտնեց արքային։ Արքան ասաց. «Եթէ մենակ է, աւետիս է բերում»։ Նա գալիս, մօտենում էր։ 26Դիտորդը վազող մի ուրիշ մարդ էլ տեսաւ եւ դարպասի մօտից աղաղակեց՝ ասելով. «Ահա մի մարդ եւս մենակ վազում է»։ Արքան ասաց. «Նա էլ աւետաբեր է»։ 27Դիտորդն ասաց. «Տեսնում եմ, որ առաջինի վազքը նման է Սադոկի որդի Աքիմաասի վազքին»։ Արքան ասաց. «Նա բարի մարդ է եւ բարի լուրով կը գայ»։ 28Աքիմաասն աղաղակելով ու երեսնիվայր գետին ընկնելով՝ ասաց արքային. «Ողջո՛յն։ Օրհնեալ է քո Տէր Աստուածը, որ ոչնչացրեց քեզ ատելի մարդկանց, որոնք իրենց ձեռքը մեր տէր արքայի վրայ էին բարձրացրել»։ 29Արքան ասաց. «Ո՞ղջ է իմ երիտասարդ Աբեսաղոմը»։ Աքիմաասն ասաց. «Ո՜վ արքայ, երբ քո ծառայ Յովաբն ինձ՝ քո ծառային ուղարկում էր, ես միայն մեծ բազմութիւն տեսայ։ Ես չիմացայ, թէ ինչ կար այնտեղ»։ 30Արքան ասաց. «Մի կո՛ղմ քաշուիր»։ Նա մի կողմ քաշուեց ու կանգնեց։ 31Հասաւ Քուսին եւ ասաց արքային. «Իմ տէր արքայ, աւետիս եմ բերել, Տէրն այսօր քեզ պաշտպանեց քեզ վրայ բոլոր ձեռք բարձրացնողներից»։ 32Արքան հարցրեց Քուսիին. «Ո՞ղջ է իմ երիտասարդ Աբեսաղոմը»։ Քուսին ասաց. «Այդ երիտասարդի նման դառնան իմ արքայի թշնամիները եւ բոլոր չար նպատակով քո դէմ ելնողները»։ 33Արքան խռովուեց, բարձրացաւ դարպասի վերնատունը եւ ողբալով այս էր ասում. «Որդի՜ս, Աբեսաղո՜մ, Աբեսաղո՜մ, որդեա՜կ իմ, երանի՜ ես մեռնէի քո փոխարէն, ես մեռնէի քո փոխարէն։ Աբեսաղո՜մ, որդեա՜կ իմ, որդեա՜կ իմ Աբեսաղոմ»։ 
19 Յովաբին յայտնեցին, թէ արքան լալով ողբում էր Աբեսաղոմի մահը։ 2Այդ օրը յաղթանակը սուգի վերածուեց ամբողջ զօրքի համար, քանզի զօրքն այդ օրը լսել էր, թէ արքան տխրեց իր որդու համար։ 3Այդ օրը զօրքը գաղտագողի էր քաղաք մտնում այնպէս, ինչպէս ամօթահար զօրքը փախչում է պատերազմից։ 4Արքան իր երեսը ծածկեց եւ բարձրաձայն ողբալով՝ ասում էր. «Որդեա՜կ իմ Աբեսաղոմ, Աբեսաղո՜մ, որդեա՜կ իմ»։ 5Յովաբը մտնելով պալատ, արքայի մօտ՝ ասաց. «Դու այսօր ամօթով ես թողնում քո բոլոր ծառաներին, որոնք փրկեցին քեզ, քո տղաներին ու աղջիկներին, քո կանանց ու հարճերին։6Սիրում ես քեզ ատողներին եւ ատում՝ քեզ սիրողներին։ Դու այսօր ցոյց տուեցիր, որ քեզ համար ոչինչ են քո իշխաններն ու ծառաները։ Ես հաստատ գիտեմ, որ, եթէ Աբեսաղոմը կենդանի լինէր, մենք ամէնքս այսօր մեռած կը լինէինք, եւ դա քեզ հաճելի կը լինէր։ 7Արդ, վե՛ր կաց եւ սի՛րտ տուր քո ծառաներին, քանզի երդւում եմ Տիրոջ անունով, որ, եթէ այսօր դուրս չգաս, այս գիշեր քեզ մօտ մարդ չի մնայ։ Գիտցի՛ր, որ դա քեզ համար շատ աւելի վատ կը լինի, քան այն բոլոր չարիքները, որ հասել են քեզ մանկութիւնից սկսած մինչեւ այժմ»։ 8Արքան ելաւ ու նստեց դարպասի մօտ։ Ամբողջ զօրքին յայտնեցին՝ ասելով. «Ահա արքան նստել է դարպասի մօտ»։ Ամբողջ զօրքը եկաւ արքայի առաջ, իսկ իսրայէլացիները փախան իրենց բնակութեան վայրերը։ 9Ամբողջ ժողովուրդը Իսրայէլի բոլոր ցեղերի խղճմտանքին էր դիմում՝ ասելով. «Դաւիթ արքան մեզ փրկեց մեր բոլոր թշնամիներից, նա մեզ ազատեց այլազգիների ձեռքից, իսկ հիմա Աբեսաղոմի պատճառով փախստական է դարձել իր երկրից ու թագաւորութիւնից։10Աբեսաղոմը, որին մեզ թագաւոր օծեցինք, մեռել է պատերազմում։ Հիմա ինչո՞ւ չէք խօսում արքային յետ դարձնելու մասին»։ 11Բոլոր իսրայէլացիների ասած այդ խօսքերը հասան արքային, եւ Դաւիթ արքան մարդ ուղարկեց Սադոկ եւ Աբիաթար քահանաների մօտ՝ ասելով. «Խօսեցէ՛ք Յուդայի երկրի ծերերի հետ եւ ասացէ՛ք. «Ինչո՞ւ վերջինը դառնանք արքային իր տունը յետ բերողների մէջ», քանզի բոլոր իսրայէլացիների ասած խօսքը հասաւ արքային»։ 12Դաւիթն ասաց Յուդայի ցեղին. «Դուք իմ ոսկորն ու մարմինն էք, ինչո՞ւ էք վերջինը մնում արքային իր տունը յետ բերողների մէջ։ 13Ամեսայիին ասացէ՛ք. «Դու իմ ոսկորն ու մարմինը չե՞ս։ Աստուած ինձ այսպէս ու աւելին անի, եթէ դու ամէն ժամանակ իմ զօրքի հրամանատար չլինես Յովաբի փոխարէն»։ 14Դաւիթը Յուդայի երկրի բոլոր մարդկանց սրտերը մէկ մարդու սրտի պէս դէպի իրեն դարձրեց, եւ սրանք պատգամաւորներ ուղարկեցին արքայի մօտ՝ ասելով. «Յե՛տ դարձէք դու եւ քո բոլոր ծառաները»։ 15Արքան վերադարձաւ ու եկաւ մինչեւ Յորդանան գետը։ Յուդայի երկրի մարդիկ եկան Գաղգաղա՝ արքային դիմաւորելու եւ Յորդանան գետով անցկացնելու համար։ 16Յեմինայի որդի Գերայի որդի բաւուրիմացի Սեմէին շտապեց ու Յուդայի երկրի մարդկանց հետ, իր հետ ունենալով Բենիամինի երկրից հազար մարդ, եկաւ դիմաւորելու Դաւիթ արքային։ 17Սաւուղի տան ծառայ Սիբան իր տասնհինգ որդիների եւ քսան ծառաների հետ եկաւ, որ կազմակերպի արքայի անցումը Յորդանան գետից։ 18Լաստեր պատրաստեցին, որ անցկացնեն արքայի ընտանիքը եւ նրա ողորմածութեանն արժանանան։ 19Մինչ արքան Յորդանան գետն էր անցնում, Գերայի որդի Սեմէին երեսնիվայր ընկաւ արքայի առաջ։ 20Նա ասաց արքային. «Թող իմ տէր արքան մոռանայ իմ անօրէնութիւնը, չյիշի, որ իր ծառան յանցանք է գործել այն օրը, երբ իմ տէրը դուրս էր եկել Երուսաղէմից։21Թագաւորն այն թող մոռանայ, քանզի քո ծառան գիտի, որ մեղք է գործել, եւ այսօր ահաւասիկ Յովսէփի ամբողջ տնից ես եմ առաջինը եկել դիմաւորելու իմ տէր արքային»։ 22Շարուհիի որդի Աբեսսան պատասխան տալով՝ ասաց. «Մի՞թէ Սեմէին չի մեռնելու այն բանի փոխարէն, որ նա անիծեց Տիրոջ օծեալին»։ 23Դաւիթն ասաց. «Ի՞նչ եմ արել ես ձեզ, Շարուհիի՛ որդիներ, որ այսօր իմ դէմ դաւաճանութիւն էք անում։ Այսօր Իսրայէլից ոչ ոք չի մեռնելու։ Մի՞թէ ես չգիտեմ, որ այսօր ես եմ թագաւորում Իսրայէլի վրայ»։ 24Եւ արքան ասաց Սեմէիին. «Դու պիտի չմեռնես»։ Եւ արքան երդուեց նրան։ 25Սաւուղի որդի Յովնաթանի որդի Մեմփիբոսթէն արքային ընդառաջ եկաւ։ Նա արքայի գնալու օրուանից մինչեւ նրա խաղաղութեամբ վերադառնալը ո՛չ իր ոտքերն էր խնամել, ո՛չ եղունգներն էր կտրել, ո՛չ մօրուքը տեսքի բերել, ո՛չ բեղերը շտկել եւ ո՛չ էլ հագուստներն էր լուացել։ 26Երբ նա մտաւ Երուսաղէմ եւ ընդառաջ ելաւ արքային, արքան ասաց նրան. «Ինչո՞ւ ինձ հետ չեկար, Մեմփիբոսթէ՛»։ 27Մեմփիբոսթէն նրան ասաց. «Տէ՛ր իմ արքայ, ծառաս ինձ խաբեց, քանզի քո ծառան ասաց նրան, թէ «Համետի՛ր էշը, որ հեծնեմ ու գնամ արքայի մօտ», քանի որ քո ծառան կաղ է։ 28Իսկ նա՝ քո ծառան, տէ՛ր իմ արքայ, քեզ մօտ ինձ զրպարտել է։ Տէ՛ր իմ արքայ, որպէս Աստծու հրեշտակ, բարի գործեր ես արել։ 29Արդ, արա՛, ինչ քո աչքին բարի է. թէեւ իմ հօր ամբողջ տունը իմ տէր արքայի առաջ մահուան արժանի մարդիկ են, բայց դու քո ծառային դրեցիր այն մարդկանց շարքը, որոնք արքայի սեղանից են ուտում։ Արդ, այսուհետեւ էլ ի՞նչ իրաւունք ունեմ արքային բողոքելու»։ 30Արքան նրան ասաց. «Ինչո՞ւ ես ասում այդ խօսքերը։ 31Ասել եմ, որ դու եւ Սիբան բաժանէք ագարակը»։ Մեմփիբոսթէն ասաց արքային. «Նա նոյնիսկ ամբողջը թող առնի, քանի որ արքան խաղաղութեամբ իր տունն է վերադարձել»։ 32Գաղաադացի Բերզելին եկաւ Ռոգելիմից եւ արքային անցկացրեց Յորդանան գետով՝ նրան ընկերակցելով մինչեւ Յորդանան գետի միւս կողմը։ 33Բերզելին շատ ծեր մարդ էր, ութսուն տարեկան։ Նա էր, որ արքային կերակրել էր, երբ վերջինս բնակւում էր Բանակատեղիներում, քանի որ նա շատ հարուստ մարդ էր։ 34Արքան ասաց Բերզելիին. «Դու ե՛կ ինձ հետ, եւ ես քո ծերութեան օրերին քեզ կը կերակրեմ Երուսաղէմում»։ 35Բերզելին ասաց արքային. «Ինչքա՞ն են իմ կեանքի օրերը, որ արքայի հետ գնամ Երուսաղէմ։ 36Այսօր ես ութսուն տարեկան եմ։ Միթէ կարո՞ղ եմ լաւը վատից տարբերել, կամ թէ ծառադ արդեօք կերածի ու խմածի համը կ՚առնի՞, կամ թէ տակաւին կը լսե՞մ գուսանների ու վարձակների ձայնը։ 37Ինչո՞ւ ծառադ բեռ լինի իր տէր արքային։ Քո ծառան արքայի հետ հազիւ անցնի Յորդանան գետը։ Ինչո՞ւ արքան ինձ այդ հատուցումն է տալիս։ 38Քո ծառան թող ապրի ու մեռնի իր քաղաքում, իր հօր ու մօր գերեզմանի մօտ։ Թող քո ծառայ Քամաա՛մն անցնի իմ տէր արքայի հետ, եւ նրան արա՛ այն, ինչ բարի է քո աչքին»։ 39Արքան ասաց. «Թող Քամաա՛մն անցնի ինձ հետ, եւ ես նրան կ՚անեմ այն, ինչ բարի է իմ աչքին։ Ամէն ինչ, որ դու ինձանից կ՚ակնկալես, կ՚անեմ քեզ համար»։ 40Ամբողջ ժողովուրդն անցաւ Յորդանան գետը. անցաւ եւ արքան։ Արքան համբուրեց Բերզելիին, օրհնեց նրան, եւ սա իր տեղը վերադարձաւ։ 41Արքան գնաց Գաղգաղա, Քամաամն էլ անցաւ գնաց նրա հետ։ Յուդայի երկրի ամբողջ ժողովուրդը եւ Իսրայէլի ժողովրդի կէսը գնացին արքայի հետ։ 42Բոլոր իսրայէլացիները եկան ու ասացին արքային. «Ինչո՞ւ մեր եղբայրները՝ Յուդայի երկրի մարդիկ, քեզ փախցրին եւ արքային ու նրա տունն անցկացրին Յորդանան գետով»։ 43Յուդայի երկրի մարդիկ պատասխանեցին իսրայէլացիներին՝ ասելով. «Որովհետեւ արքան մեզ աւելի հարազատ է։ Եւ ինչո՞ւ էք դժգոհ այդ բանի համար։ Միթէ արքան մեզ կերակրե՞լ է կամ մեզ պարգեւնե՞ր է տուել եւ կամ մեր բեռը կրե՞լ է»։ 44Իսրայէլացիները Յուդայի երկրի մարդկանց պատասխանեցին՝ ասելով. «Մենք տասն անգամ աւելի իրաւունք ունենք արքային մօտ, քան դուք։ Անդրանիկը մենք ենք, ոչ դուք։ Դաւթի նկատմամբ էլ մենք աւելի շատ իրաւունք ունենք, քան դուք։ Ինչո՞ւ մեզ անարգեցիք եւ մեր խորհուրդը չհարցրիք նախքան արքային մեզ մօտ վերադարձնելը»։ Եւ Յուդայի երկրի մարդիկ աւելի խիստ էին խօսում, քան իսրայէլացիները։
20 Բոքորիի որդի յեմինացի Սաբէէ անունով անօրէն մի մարդ յոխորտաց։ Նա եղջերափող հնչեցնելով՝ ասաց. «Մենք ո՛չ Դաւթի մօտ բաժին ունենք, ո՛չ էլ ժառանգութիւն՝ Յեսսէի որդու մօտ։ Ո՜վ իսրայէլացիներ, թող ամէն մարդ իր բնակավայրը գնայ»։ 2Ամբողջ Իսրայէլը Դաւթից բաժանուելով՝ Բոքորիի որդի Սաբէէին հետեւեց, իսկ Յուդայի երկրի մարդիկ իրենց թագաւորի հետ Յորդանան գետի ափից գնացին մինչեւ Երուսաղէմ։ 3Դաւիթը եկաւ Երուսաղէմ, իր տուն։ Թագաւորն այն տասը հարճերին, որոնց թողել էր տունը պահպանելու համար, առաւ եւ նրանց պահել տուեց մի տան մէջ, կերակրեց նրանց, բայց նրանց չմերձեցաւ։ Հարճերը տառապում էին, քանզի մինչեւ իրենց մահուան օրն իբրեւ այրի ապրեցին։ 4Արքան ասաց Ամեսայիին. «Երեք օրուայ ընթացքում ինձ մօտ կը հաւաքես Յուդայի երկրի մարդկանց, եւ դու էլ այստեղ կը գաս»։ 5Ամեսային գնաց կանչելու Յուդայի երկրի մարդկանց, սակայն արքայի նշանակած ժամանակին չհասցրեց։ 6Դաւիթն ասաց Աբեսսային. «Հիմա Բոքորիի որդի Սաբէէն աւելի մեծ չարիք կը գործի, քան Աբեսաղոմը։ Վերցրո՛ւ քո տիրոջ ծառաներին ու հետապնդի՛ր նրան, չլինի թէ ամրացուած քաղաքներ գտնի եւ մեր աչքից կորչի»։ 7Նրան հետապնդելու ելան Աբեսսան ու Յովաբի մարդիկ, քերեթիները, օփելեթիներն ու բոլոր ուժեղ մարդիկ։ Սրանք դուրս եկան Երուսաղէմից, որ հետապնդեն Բոքորիի որդի Սաբէէին։ 8Երբ նրանք Գաբաւոնի մեծ քարի մօտ էին, նրանց դիմաց ելաւ Ամեսային։ Յովաբը հագել էր իր զրահաւոր թիկնոցը, դրա վրայ մէջքին կապել էր պատենաւոր սուրը, որը մի քիչ դուրս էր ցցուած։9Յովաբն ասաց Ամեսայիին. «Ինչպէ՞ս ես, եղբա՛յր»։ Եւ Յովաբն աջ ձեռքով բռնեց Ամեսայիի մօրուքը, որ նրան համբուրի։ 10Ամեսային չզգուշացաւ Յովաբի ձեռքի սրից, եւ Յովաբը դա խրելով նրա որովայնը՝ փորոտիքը գետին թափեց։ Յովաբը հարուածը չկրկնեց, եւ Ամեսային մեռաւ։ Յովաբը եւ նրա եղբայր Աբեսսան գնացին Բոքորիի որդի Սաբէէին հետապնդելու։ 11Յովաբի զինուորներից մէկը եկաւ ու կանգնելով Ամեսայիի մօտ՝ ասաց. «Ով սիրում է Յովաբին կամ Դաւթին, թող գնայ Յովաբի ու Աբեսսայի յետեւից»։ 12Ամեսայիի դիակն արնաշաղախ ընկած էր ճանապարհի մէջտեղը։ Երբ այդ մարդը տեսաւ, որ մարդիկ տեղում մնացել են կանգնած, Ամեսայիի դիակը ճանապարհից դէպի դաշտը գլորեց ու մի շորով ծածկեց այն, որովհետեւ տեսաւ, որ ամէն ոք, որ գալիս էր, նրա առաջ կանգ էր առնում։ 13Երբ դիակը ճանապարհից հեռացրեց, իսրայէլացիները հետեւեցին Յովաբին, որ հետապնդեն Բոքորիի որդի Սաբէէին։14Սաբէէն անցաւ Իսրայէլի բոլոր ցեղերի մարդկանց միջով մինչեւ Աբէլ ու Բեթմաքա, եւ բոլոր առաւել ընտիր զինուորները հաւաքուեցին ու եկան նրա յետեւից։ 15Նրանք նրան բռնելու համար պաշարեցին Աբէլն ու Բեթմաքան, քաղաքի դիմաց հողաբլուր կուտակեցին։ Այն նրանց իբրեւ պատուար ծառայեց։ Յովաբի ամբողջ զօրքը քանդում կործանում էր պարիսպը։ 16Մի իմաստուն կին պարսպից ձայն տուեց՝ ասելով. «Լսեցէ՛ք, լսեցէ՛ք, ասացէ՛ք Յովաբին, որ մօտ գայ, ես նրա հետ խօսեմ»։ 17Յովաբը մօտեցաւ նրան, ու կինն ասաց. «Դո՞ւ ես Յովաբը»։ Սա ասաց. «Ես եմ»։ Կինն ասաց նրան. «Լսի՛ր քո աղախնի խօսքերը»։18Յովաբն ասաց. «Ես եկել եմ լսելու»։ Կինն ասաց. «Նախկինում այսպիսի խօսքեր էին ասում. «Թող գնան Աբէլին ու Դանին հարցնեն, թէ Իսրայէլին հաւատարիմ մարդկանց ձեռնարկած գործերը յաջող աւարտ կ՚ունենա՞ն»։ Անպայման պէտք է Աբէլին հարցնէին եւ այդպէս էլ անում էին։ 19Ես Իսրայէլի հաւատարիմ խաղաղարարներից եմ, իսկ դու ուզում ես կործանե՞լ Իսրայէլի այս քաղաքը։ Ինչո՞ւ ես բնաջնջում Տիրոջ ժառանգութիւնը»։ 20Պատասխան տուեց Յովաբն ասելով. «Քա՛ւ լիցի ինձ, քա՛ւ լիցի, թէ բնաջնջեմ ու կոտորեմ։ 21Հարցը դա չէ։ Մի մարդ կայ Եփրեմի լեռից, Սաբէէ անունով, Բոքորիի որդին, որ ձեռք է բարձրացրել Դաւիթ արքայի վրայ։ Ինձ տուէ՛ք միայն նրան, եւ ես կը հեռանամ այս քաղաքից»։ Կինն ասաց Յովաբին. «Նրա գլուխը հիմա քեզ մօտ կ՚ընկնի պարսպի վրայից»։ 22Կինը գնաց ժողովրդի մօտ, իր իմաստնութիւնը գործադրելով՝ համոզեց բոլոր քաղաքացիներին, որ կտրեն Բոքորիի որդի Սաբէէի գլուխը։ Նրանք կտրեցին նրա գլուխն ու այն նետեցին Յովաբի առաջ։ Եղջերափող հնչեց, այդ քաղաքում ամէն մարդ իր բնակավայրը քաշուեց, իսկ Յովաբը յետ դարձաւ Երուսաղէմ, արքայի մօտ։ 23Յովաբը Իսրայէլի ամբողջ զօրքի հրամանատարն էր, Յովիդայի որդի Բանեան հրամանատարն էր քերեթիների ու օփելեթիների, 24Ադոնիրամը հարկերի վերակացուն էր, Աքիլոթի որդի Յոսափատը դիւանապետ էր, 25Սուդայէն՝ քարտուղար, Սադոկն ու Աբիաթարը քահանաներ էին, 26իսկ Յարիմի որդի Իրասը Դաւթի քահանան էր։ 
21 Երեք տարի իրար յետեւից սով եղաւ Դաւթի օրօք, եւ Դաւիթը դիմեց Տիրոջը։ Տէրն ասաց. «Սաւուղի եւ նրա տան արիւնահեղութեան պատճառով է այս պատուհասը, որովհետեւ նա կոտորել է գաբաւոնացիներին»։ 2Դաւիթ արքան կանչեց գաբաւոնացիներին ու խօսեց նրանց հետ։ Գաբաւոնացիները իսրայէլացիներ չէին, այլ ամորհացու արիւնից էին։ Իսրայէլացիները երդումով էին կապուած նրանց հետ, բայց Սաւուղը ուզեց կոտորել նրանց, որպէսզի վրէժ լուծի Իսրայէլի ու Յուդայի երկրի որդիների համար։ 3Դաւիթն ասաց գաբաւոնացիներին. «Ի՞նչ անեմ ձեզ, ինչո՞վ քաւութիւն անեմ, որ օրհնէք Տիրո ջ ժառանգութիւնը»։ 4Գաբաւոնացիներն ասացին նրան. «Մենք արծաթ ու ոսկի չենք ուզում Սաւուղից ու նրա ցեղից, ոչ էլ որեւէ իսրայէլացու մահն ենք ուզում»։ Արքան ասաց. «Հապա ի՞նչ էք ուզում, որ անեմ ձեզ համար»։ 5Նրանք ասացին արքային. «Թող մեռնի նա, ով մեզ կոտորեց ու հալածեց, ով վճռել էր մեզ ոչնչացնել։ 6Որպէսզի նրանք վերանան Իսրայէլի բոլոր սահմաններից, մեզ յանձնեցէ՛ք նրա որդիներից եօթը հոգի, որ նրանց կախենք Տիրոջ առաջ, Տիրոջ ընտրեալ Սաւուղ արքայի Գաբաա քաղաքում»։ Արքան ասաց. «Ես ձեզ կը տա՛մ նրանց»։ 7Արքան խնայեց Սաւուղի որդի Յովնաթանի որդի Մեմփիբոսթէին այն երդումի համար, որ Դաւիթն ու Սաւուղի որդի Յովնաթանը տուել էին իրար Տիրոջ առաջ։ 8Դաւիթն առաւ Սաւուղից սերուած Այիայի դուստր Ռեսփայի երկու որդիներին՝ Երմոնթիին ու Յեբուսթէին, Սաւուղի դուստր Մերոբի հինգ որդիներին, որ սերուել էին մոլաթացի Բերզելիի որդի Եսդրիէլից, ու նրանց յանձնեց գաբաւոնացիների ձեռքը, որոնք նրանց կախեցին լերան վրայ, Տիրոջ առաջ։ 9Նրանք եօթն էլ միասին զոհուեցին։ Նրանք մեռան հնձի առաջին օրերին, գարու հնձի սկզբում։ 10Այիայի դուստր Ռեսփան գարու հնձի սկզբում քուրձ առաւ ու գցեց ապառաժի վրայ գտնուող նրանց դիակների վրայ, մինչեւ որ երկնքից անձրեւ տեղաց նրանց վրայ։ Նա չէր թողնում, որ երկնքի թռչունները նրանց մօտենան ցերեկը, ոչ էլ անապատի գազանները՝ գիշերը։ 11Դաւթին յայտնեցին, թէ ինչ էր արել Այիայի դուստր Ռեսփան՝ Սաւուղի հարճը։ Նրանց դիակները փտեցին, եւ Յովասի որդի Դանը, հսկաների ցեղից, հասաւ նրանց վրայ։12Դաւիթը գնաց եւ Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի ոսկորները վերցրեց Գաղաադի Յաբիս բնակավայրի բնակիչներից, որոնք թաքուն հաւաքել էին դրանք Բեթսանի հրապարակից։ Այլազգիները Գեղբուէում կախել էին նրանց այն օրը, երբ յաղթել էին նրանց։ 13Նա այնտեղից հանեց Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի ոսկորները, հաւաքեց նաեւ Բենիամինի երկրում կախուածների ոսկորները եւ թաղեց այն գերեզմանում, որը պատկանում էր նրանց հայր Կիսին։14Նրանք արեցին այն ամէնը, ինչ արքան հրամայել էր, եւ Աստուած դրանից յետոյ լսեց երկրից եկող ձայնը։ 15Դարձեալ պատերազմ եղաւ այլազգիների եւ իսրայէլացիների միջեւ։ Դաւիթն ու նրա մարդիկ պատերազմեցին այլազգիների դէմ։ Դաւիթը յոգնեց։ 16Յեսբէացի Աբեսսան, որը Ռափայի որդիներից էր, եւ որի նիզակը երեք հարիւր սիկղ կշիռ ունեցող պղնձից էր, ու ինքն էլ մէջքին թուր ունէր, ուզում էր սպանել Դաւթին։ 17Շարուհիի որդի Աբեսսան, սակայն, օգնութեան եկաւ Դաւթին եւ, հարուածելով այլազգուն, սպանեց նրան։ Այն ժամանակ Դաւթի մարդիկ երդուեցին՝ ասելով. «Դու այլեւս մեզ հետ պատերազմի չպէտք է դուրս գաս, որ Իսրայէլի ճրագը չհանգի»։18Դրանից յետոյ Գեթում կրկին պատերազմ եղաւ այլազգիների դէմ։ Այն ժամանակ օսացի Սոբաքը սպանեց Սեփտոնին, որը Ռափայի որդիներից էր։ 19Դարձեալ պատերազմ եղաւ Ռոբում այլազգիների դէմ, եւ բեթղեհէմացի Արիոդիմի որդի Եղէանան սպանեց գեթացի Գողիաթին, որի նիզակի բռնակը ոստայնանկների գլան էր յիշեցնում։20Դարձեալ պատերազմ եղաւ Գեթում։ Այդ ժամանակ մի մարդ կար Մաով անունով, որի ձեռքերի ու ոտքերի մատները վեց-վեց հատ էին՝ ընդամէնը քսանչորս մատ։ 21Նա ծնուել էր Ռափայից եւ նախատում էր իսրայէլացիներին։ Նրան սպանեց Դաւթի եղբայր Սամաայի որդի Յովնաթանը։ 22Սրանք չորսը ծնուել էին Ռափայի տանը, Գեթում, եւ ընկան Դաւթի ու նրա մարդկանց ձեռքով։ 
22 Այն օրը, երբ Տէրը Դաւթին փրկել էր իր բոլոր թշնամիներից ու Սաւուղի ձեռքից, Դաւիթը Տիրոջն ուղղեց օրհնութեան հետեւեալ խօսքերը. 2«Տէրն իմ վէմն է, ամրութիւնն ու փրկիչը։ 3Թող Աստուած ինձ պահապան լինի. ես նրան եմ ապաւինել։ Նա է իմ հովանաւորը, իմ փրկութեան եղջիւրը, իմ պաշտպանն ու իմ փրկութեան ապաւէնը։4Անիրաւ մարդկանցից փրկի՛ր ինձ, Տէ՜ր։ Օրհնեալ Տիրոջն եմ աղերսում, որ ազատուեմ իմ թշնամիներից։ 5Ինձ պաշարեցին մահաբեր թուլութիւնները, ինձ խռովեցին անօրէնութեան հեղեղները։6Մահուան երկունքն ինձ պատեց, մահուան որոգայթներ ծառացան իմ առաջ։ 7Իմ նեղութեան մէջ Տիրոջը պիտի դիմեմ, իմ Աստծուն աղաղակեմ, ու նա իր սուրբ տաճարից պիտի լսի իմ ձայնը, իմ աղաղակը նրա ականջին պիտի հասնի։ 8Երկիրը դողաց, ալեկոծուեց ու ցնցուեց, երկնքի հիմքերը դղրդացին ու տապալուեցին, քանզի Տէրը բարկացել էր դրանց վրայ։ 9Նրա բարկութիւնից ծուխ ելաւ, ու նրա բերանից՝ լափող հուր։ 10Նրանից կայծակներ արձակուեցին, նա խոնարհեցրեց երկինքն, ու ինքը ցած իջաւ։ 11Մառախուղ կար նրա ոտքերի տակ։ Նա նստեց քերովբէների վրայ ու թռաւ, սաւառնեց հողմերի թեւերի վրայ։ 12Նա իրեն խաւարով պատեց, խաւարով ծածկեց իր վրանըու ջրի խաւարով թանձրացրեց ամպերը։ 13Նրա առաջ եղած լոյսի ցոլքից հրէ կայծակներ բորբոքուեցին։ 14Տէրը երկնքից որոտաց, ու Բարձրեալը ձայն տուեց։ 15Նա իր նետերն արձակեց՝ ցրեց դրանք, կայծակներ փայլատակեցրեց ու զարհուրեցրեց դրանք։ 16Ծովի ակունքներն ի յայտ եկան, Տիրոջ սաստից ու նրա բարկութեան հողմ արտաշնչելուց երեւան եկան հիմքերը տիեզերքի։ 17Նա երկնքի բարձունքներից ինձ ձեռք երկարեց եւ ինձ դուրս բերեց յորդառատ ջրերից։ 18Նա ինձ կորզեց իմ ուժեղ թշնամիների ու ինձ ատողների բռնութիւնից, քանզի նրանք ինձանից հզօր էին։ 19Նեղ օրեր ունեցայ, սակայն Տէրն ինձ նեցուկ եղաւ։ Նա ինձ դուրս բերեց անդորր մի տեղ ու փրկեց ինձ, քանզի նա ինձ սիրեց։ 20Տէրն ինձ հատուցեց ըստ իմ արդարութեան, 21եւ ըստ իմ ձեռքերի մաքրութեան պիտի հատուցի ինձ Տէրը։ 22Ես պահել եմ Տիրոջ պատգամները եւ իմ Աստծու դէմ ամբարշտութիւն չեմ գործել։ 23Նրա բոլոր օրէնքներն իմ առաջ են, եւ ես նրա պատգամներից չեմ շեղուել։ 24Նրա առաջ անբիծ եմ եղել եւ նախօրօք հեռու մնացել անօրէնութիւնից։ 25Տէրն ինձ թող հատուցի ըստ իմ արդարութեանու ըստ իմ ձեռքերի մաքրութեան, որ կան Տիրոջ աչքի առաջ։ 26Սրբի հետ սուրբ պիտի լինես, կատարեալի հետ՝ կատարեալ։27Ընտրեալի հետ ընտրեալ պիտի լինես, իսկ ծուռի հետ՝ ծուռ։ 28Դու պիտի փրկես տնանկ ժողովրդին, իսկ ամբարտաւանների աչքերը պիտի խոնարհեցնես։ 29Դո՛ւ ես իմ ճրագը, Տէ՜ր, եւ դո՛ւ ես լուսաւորելու իմ խաւարը։ 30Քեզնով միայնակ զինուած պիտի վազեմ եւ իմ Աստծու շնորհիւ պիտի անցնեմ պարսպի վրայով։ 31Իմ հզօ՜ր Աստուած, քո ճանապարհն անարատ է։ Տիրոջ խօսքը ճշմարիտ է, նա հովանաւոր է բոլոր իրեն ապաւինողներին։ 32Ո՞վ է հզօր, բացի քեզանից, Տէ՜ր, եւ ո՞վ է արարիչ, բացի մեր Աստծուց։ 33Հզօր է Տէրը, որն ինձ հզօրացնում է զօրութեամբ, իմ ճանապարհներն անարատ դարձնում։ 34Նա իմ ոտքերը հաստատուն է պահում, ինչպէս եղջերուներինը, եւ ինձ բարձունքների վրայ է կանգնեցնում։ 35Նա իմ ձեռքը պատերազմի է սովորեցնում եւ իմ բազուկներով պղնձէ աղեղ ձգում։ 36Դու ես ինձ տուել իմ փրկութեան պաշտպանութիւնը, իմ հնազանդութիւնն ընդարձակել է իմ ճանապարհը։ 37Իմ ոտքերը չեն դողացել։ Ես պիտի հալածեմ իմ թշնամիներին, 38նրանց պիտի կոտորեմ ու յետ պիտի չդառնամ, մինչեւ որ իսպառ չոչնչացնեմ նրանց։ 39Ես խորտակելու եմ նրանց, որ ոտքի չկանգնեն։ Նրանք պիտի ընկնեն իմ ոտքերի տակ։40Դու ինձ զօրութեամբ պիտի գօտեպնդես, որ պատերազմեմ, եւ դու իմ դէմ ելնողներին իմ ձեռքը պիտի յանձնես։ 41Դու իմ թշնամիներին իմ առջեւից փախուստի մատնեցիր ու իմ ատելիներին կոտորեցիր։42Նրանք պիտի աղաղակեն, բայց ոչ ոք նրանց չպիտի օգնի։ Նրանք Տիրոջը դիմեցին, բայց նա չլսեց նրանց։ 43Ես նրանց պիտի կոխոտեմ ինչպէս գետնի հողըեւ պիտի տրորեմ ինչպէս փողոցի ցեխը։ 44Դու ինձ կը փրկես ժողովուրդների կռուից եւ ինձ կը կանգնեցնես ազգերի գլխին։ Ինձ անծանօթ ժողովուրդը ծառայեց ինձ եւ ականջալուր եղաւ ինձ։45Օտարների որդիները կեղծաւորութիւն արեցին իմ առաջ։46Օտարների որդիները վերանալու են, կոտորուելու են իրենց թաքստոցներում։ 47Կենդանի է Տէրը, եւ օրհնեալ է իմ պահապանը։Բարձրանալու է Տէրը՝ իմ փրկութեան պահապանը։48Հզօր է Տէրը, նա վրէժխնդիր է, ժողովուրդներին հպատակ է դարձնում ինձ։ 49Նա ինձ պիտի փրկի իմ թշնամիներից եւ ինձ վրայ յարձակուողներից աւելի վեր պիտի դասի ինձ, անիրաւ մարդուց պիտի փրկի ինձ։ 50Այս բանի համար ազգերի մէջ պիտի գոհանամ քեզանից, Տէ՜ր, եւ քո անունը պիտի գովերգեմ իմ սաղմոսներում։ 51Նա թագաւորի փրկութիւնն ապահովում է եւ ողորմութիւն է անում իր օծեալ Դաւթին ու նրա սերնդին մինչեւ յաւիտեան»։ 
23 Ահա եւ Դաւթի վերջին խօսքերը. «Հաւատարիմ է Յեսսէի որդի Դաւիթը, հաւատարիմ է նա, որին Տէրը բարձրացրեց եւ իբրեւ Աստծու օծեալ՝ Յակոբի ցեղի վրայ թագաւոր կարգեց։ 2Գեղեցիկ են Իսրայէլի երգերը։ Տիրոջ հոգին իմ մէջ խօսեց, նրա խօսքն իմ լեզուի վրայ է։3Իսրայէլի Աստուածն ասաց, ինձ հետ խօսեց Իսրայէլի պահապանը. ես այլաբանութեամբ ասացի մարդկանց. « Ո՞վ կարող է դիմանալ Տիրոջ եւ Աստծու երկիւղին, ինչպէս առաւօտեան լոյսին»։ 4Արեգակն առաւօտեան ծագում է, եւ նրա լոյսը չի պակասում, ինչպէս անձրեւից յետոյ կանաչն է բարձրանում երկրի վրայ։ 5Մի՞թէ այդպիսին չէ իմ տունը հզօր Աստծու մօտ։ Նա ինձ հետ յաւիտենական ուխտ է դրել, որը բոլոր ժամանակներում պէտք է պահուի։ Իմ ամբողջ փրկութիւնն ու իմ ամբողջ կամքը Տէրն է։ 6Անօրէնները թող չբողբոջեն. նրանք նման են դուրս գցուող փշերի, որոնք ձեռքով չեն բռնւում, 7այլ երկաթով ու նիզակի ծայրով են նետւում կրակի մէջ եւ այրւում են իրենց ամօթից»։8Սրանք են Դաւթի զօրավարների անունները. քանանացի Յեբուսթէ՝ նոյն ինքը ասոնացի Ադինոն մէկ երրորդ մասի հրամանատար։ Սա սուր էր բարձրացրել միանգամից ութ հարիւր զինուորների վրայ։ 9Նրանից յետոյ գալիս է Եղեանան՝ նրա հօրեղբօրորդին, սոսացու որդին, որը Դաւթի երեք զօրավարներից մէկն էր։ Երբ սա Ռեմայում ասպարէզ կարդաց այլազգիներին, սրանք պատերազմի հաւաքուեցին, եւ նա խրախուսեց Իսրայէլի մարդկանց։ 10Նա վեր կացաւ ու այլազգիներին այնքան հարուածեց, որ ձեռքը կպաւ սրին։ Տէրն այդ օրը մեծ փրկութիւն պարգեւեց։ Զօրքը մնաց, բայց միայն դիակապտութեան համար։11Սրանից յետոյ գալիս է արուկացի Սիսի որդին՝ Սամաան։ Այլազգիները հաւաքուել էին Ծնօտ կոչուող վայրում։ Այնտեղ կար մի դաշտ, ուր առատ ոսպ էր ցանուած։ Զօրքը փախաւ այլազգիների առաջից, 12իսկ նա դաշտում ամուր կանգնեց ու փրկեց զօրքին, հարուածեց այլազգիներին, ու Տէրը մեծ փրկութիւն պարգեւեց։13Երեսուն զօրավարներից երեքը գնացին Կասովա, Ոդողոմի քարայրը, Դաւթի մօտ։ Այլազգիների գնդերը բանակատեղի էին դրել Ռափայինների հովտում։ 14Դաւիթն այն ժամանակ ամրոցում էր։ Այն ժամանակ այլազգիների բանակատեղին Բեթղեհէմում էր։ 15Դաւիթը ջուր խմելու ցանկութիւն ունեցաւ եւ ասաց. «Ո՞վ ինձ Բեթղեհէմի դարպասի մօտ գտնուող ջրհորի ջրից ջուր կը բերի, որ խմեմ»։16Այլազգիների գնդերը Բեթղեհէմում էին։ Երեք զօրավարները ճեղքեցին այլազգիների բանակը, ջուր հանեցին Բեթղեհէմի դարպասի մօտ գտնուող ջրհորից, առան ու եկան Դաւթի մօտ։ 17Նա չուզեց խմել այն, այլ նուիրեց Տիրոջը։ Նա ասաց. «Քա՛ւ լիցի ինձ, ո՜վ Տէր, որ այդ բանն անեմ։ Մի՞թէ ես կը խմեմ իրենց կեանքը վտանգող մարդկանց արիւնը»։ Եւ նա չուզեց խմել այն։ Ահա այս բանն արեցին այս երեք զօրավարները։ 18Եւ Աբեսսան՝ Յովաբի եղբայրը՝ Շարուհիի որդին, այս երեքի գլխաւորն էր։ Նա իր նիզակով երեք հարիւր հակառակորդ էր սպանել։ 19Նա անուանի էր երեքի մէջ, նրանցից աւելի փառաւորուած, նրանց գլխաւորը, բայց նա այն երեքի աստիճանին չհասաւ։ 20Բազում գործեր կատարած կաբէէղացի մի զօրաւոր մարդու՝ Յովիդայէի որդի Բանեան սպանել էր մովաբացի Արիէլի երկու որդիներին։ Նա է, որ ձիւնոտ մի օր փոսի մէջ իջնելով՝ առիւծ էր սպանել։ 21Նա էր սպանել եգիպտացի յաղթանդամ մի մարդու։ Այդ եգիպտացու ձեռքին կար կամրջի գերան յիշեցնող մի նիզակ։ Նա յարձակուելով այդ մարդու վրայ՝ նիզակը խլել էր եգիպտացու ձեռքից եւ նրա նիզակով էլ սպանել նրան։ 22Այս բանն արել էր Յովիդայէի որդին՝ Բանեան։ Նա անուանի էր երեք զօրավարների մէջ։ 23Նա այդ երեքից ամենից փառաւորն էր, սակայն առաջին երեքին չէր հասնի։ Դաւիթը նրան իր շտեմարանների վերակացու էր նշանակել։Սրանք են Դաւիթ արքայի զօրավարների անունները. 24Յովաբի եղբայր Ասայէլ, որը երեսուն զօրավարներից մէկն էր։ 25Բեթղեհէմում ապրող նրա հօրեղբօր՝ Եղիուդի որդի Եղեանա, 26ռուդացի Սամաա, կեղոթացի Սեղղոմ, փեղղատացի Աղղաս, 27թեկուացի Եսկաթի որդի Իրաս, ասոթացու որդիներից անաթոթացի Աբիեզեր, 28աղիոյացի Եղղոն, նետոփատացի Նոերէ, Փամփանի որդի Աղափ, նեփղաթացի Անտովէ, 29եփրաթացի Բենիամինի որդիների Գաբաեթի բնակավայրից՝ Ռիբայի որդի Եթթի, Գովասի ձորից՝ Ադդայի, 30Նաքաղայի Ադդայի դաշտավայրերից՝ Աբիեղբոն, 31ղադաբարացի Գասբիէ, 32բարասամացի Ասմոն,33սաղաբոնացի Եղիաս, Ասանի որդի Յովնաթան, 34արոդացի Սամնան, արաթիրացի Աբեդի որդի Եղիա, ասիբացիներից Ամաքի որդի Աղիփաղեթ, 35գաղամոնացի Աքիտոփէլի որդի Եղիաբ, կարմեղացի Ասարէ, երքացի Տուուր, 36Նաթանի որդի Գաղա, որը մեծ ուժի տէր գաղաադացու որդին էր, ամմանացի Եղիէ, 37Շարուհիի որդի Յովաբի կապարճակիր բեքրոթացի Գեղորէ, յեթերացի Իրաս, 38բեթանացի Գարէի, քետացի Ուրիա։ Ընդամէնը՝ երեսունեօթը հոգի։ 39Հեղեղատից արաբոթացի Գադաբիէլից սերուած նաեւ ուրիշներ։ 
24 Տիրոջ բարկութիւնը դարձեալ բորբոքուեց Իսրայէլի վրայ։ Նա Դաւթին գրգռեց նրանց դէմ՝ ասելով. «Գնա՛ հաշուառում կատարի՛ր Իսրայէլում եւ Յուդայի երկրում»։ 2Արքան իր մօտ գտնուող զօրքի հրամանատար Յովաբին ասաց. «Շրջի՛ր Իսրայէլի բոլոր ցեղերի մէջ՝ Դանից մինչեւ Բերսաբէէ, ժողովրդի հաշուառում կատարի՛ր, որ գիտենամ նրանց թիւը»։ 3Յովաբն ասաց արքային. «Տէրը թող ժողովրդին հարիւրապատիկ աւելացնի, ու դա թող տեսնեն իմ տէր արքայի աչքերը, բայց իմ տէր արքան ինչո՞ւ է այդ բանն ուզում»։ 4Արքան իր ասածը պարտադրեց Յովաբին ու զօրքի հրամանատարներին։ Յովաբն ու զօրքի բոլոր հրամանատարները ելան արքայի մօտից, որ Իսրայէլի ժողովրդի հաշուառում անցկացնեն։ 5Նրանք անցան Յորդանան գետը եւ կանգ առան Արոյեր քաղաքի աջ կողմը, որը Գադի ու Եղիազարի ձորի միջեւ է։ 6Եկան Գաղաադ, Թաբասոն, Եսթոն ու Ադասէ, հասան Դան ու Սիդոնի շրջակայքը։ 7Նրանք անցան Տիւրոսի Մափսար բնակավայրը եւ քանանացիների ու խեւացիների բոլոր քաղաքները, հարաւի կողմից եկան Յուդայի երկիրը ու Բերսաբէէ։ 8Ամբողջ երկիրը շրջեցին եւ ինն ամիս քսան օր լրանալուց յետոյ եկան հասան Երուսաղէմ։ 9Յովաբը մարդահամարի տուեալները յանձնեց արքային. Իսրայէլն ունէր ութ հարիւր հազար սուսերակիր զինուոր, իսկ Յուդայի երկիրը՝ հինգ հարիւր հազար մարտիկ։ 10Դաւթի սիրտը ցաւեց մարդկանց հաշուառումից յետոյ։ Դաւիթն ասաց Տիրոջը. «Մեծ մեղք գործեցի արուածի համար։ Արդ, ո՜վ Տէր, ների՛ր քո ծառայի մեղքը, քանզի մեծ յիմարութիւն արեցի»։ 11Երբ Դաւիթն առաւօտեան զարթնեց, Տէրը Դաւթին ուղղուած խօսք ասաց տեսանող մարգարէ Գադի միջոցով։ 12Տէրն ասաց. «Գնա խօսի՛ր Դաւթի հետ եւ նրան ասա՛. «Այսպէս է ասում Տէրը. երեք բան եմ առաջարկում քեզ, ընտրի՛ր նրանցից մէկը, եւ դա էլ կը կատարեմ»։ 13Գադը եկաւ Դաւթի մօտ, պատմեց ու ասաց. «Ընտրի՛ր որն ուզում ես. կա՛մ քո երկրում երեք տարի սով պիտի լինի, կա՛մ երեք ամիս դու պիտի փախչես քո թշնամիների առաջից, ու քեզ պիտի հալածեն, կա՛մ էլ երեք օր մահ պիտի լինի քո երկրում։ Արդ, մտածի՛ր ու ասա՛, թէ ի՞նչ պատասխան տանեմ ինձ ուղարկողին»։ 14Դաւիթն ասաց Գադին. «Բոլոր կողմերից ես խիստ ծանր կացութեան մէջ եմ։ Քանի որ շատ ու շատ են Տիրոջ ողորմածութիւնները, աւելի լաւ է ընկնեմ Տիրոջ ձեռքը, քան մարդկանց ձեռքը»։ Եւ Դաւիթն ընտրեց մահը։ Ցորենը հնձելու օրերն էին։ 15Եւ Տէրն Իսրայէլին մահ ուղարկեց առաւօտից մինչեւ ճաշի ժամ։ Մահ սկսուեց ժողովրդի մէջ. Դանից մինչեւ Բերսաբէէ եօթանասուն հազար մարդ մեռաւ։ 16Աստծու հրեշտակն իր ձեռքը 17մեկնեց Երուսաղէմի վրայ, որ ոչնչացնի այն, սակայն Տէրը զղջաց այդ չար աղէտի համար եւ ասաց ժողովրդին ոչնչացնող հրեշտակին. «Բաւական է, ձեռքդ յե՛տ քաշիր»։18Տիրոջ հրեշտակը յեբուսացի Ոռնայի կալի մօտ էր։ Երբ Դաւիթը տեսաւ ժողովրդին կոտորող հրեշտակին, ասաց Տիրոջը. «Ահաւասիկ ես. ես եմ մեղաւոր, ես՝ հովիւս եմ յանցաւոր, այս ոչխարներն ի՞նչ են արել։ Թող քո ձեռքը բարձրանայ իմ ու իմ հօր տան վրայ»։ 19Այդ օրը Գադը Դաւթի մօտ գալով՝ ասաց նրան. «Վե՛ր կաց ու յեբուսացի Ոռնայի կալում Տիրոջ համար զոհասեղան կանգնեցրո՛ւ»։ 20Գադի խօսքերին անսալով՝ Դաւիթը գնաց, ինչպէս Տէրն էր պատուիրել։ 21Երբ Ոռնան տեսաւ իր մօտ եկող արքային ու նրա ծառաներին, ընդառաջ գնաց նրանց եւ երկրպագեց տիրոջը՝ երեսնիվայր գետին ընկնելով։22Ոռնան ասաց. «Ինչո՞ւ է եկել իմ տէր արքան իր ծառայի մօտ»։ Դաւիթն ասաց. «Կալը քեզանից գնելու, որ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, եւ դադարի ժողովրդի կոտորածը»։ 23Ոռնան ասաց Դաւթին. «Թող իմ տէր արքան առնի ու Տիրոջը զոհ մատուցի այն, ինչ հաճելի է նրա աչքին։ Ահաւասիկ եզներ ողջակէզի համար եւ անիւներ ու եզների լծասարք՝ փայտի փոխարէն»։ 24Ոռնան ամէն ինչ տալով արքային՝ ասաց նրան. «Թող քո Տէր Աստուածը քեզ օրհնի»։ 25Արքան ասաց Ոռնային. «Ո՛չ, այդպէս չէ։ Պէտք է քեզանից փողով գնեմ, իմ Տէր Աստծուն ձրի ողջակէզ չեմ մատուցի»։ 26Դաւիթը կալն ու եզները գնեց յիսուն սիկղ արծաթով։ Դաւիթն այնտեղ Տէր Աստծու համար զոհասեղան շինեց եւ նրա վրայ ողջակէզներ ու հաշտութեան զոհեր մատուցեց։ Յետագայում Սողոմոնը զոհասեղանն ընդարձակեց, որովհետեւ նախկինը փոքր էր։ Տէրը լսեց երկրի համար արուած աղօթքը, եւ Իսրայէլից կոտորածը դադարեց։

 









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Суп восточный луковый

Говяжью грудинку разрезать на небольшие куски весом по 50 -...

Суп из кизила

Суп из кизилаПеребранный и промытый кизил залить горячей водой, сварить,...

Зеленый горошек

Зеленый горошекПредставляет собой консервированный в стадии молочной зрелости горошек,

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта