ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ

(0 голоса, среднее 0 из 5)
Индекс материала
ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ
2
Все страницы

2 Թագաւորաց


1 Սաւուղի մահուանից եւ ամաղէկացիներին կոտորելուց յետոյ Դաւիթը վերադարձաւ եւ երկու օր մնաց Սիկեղակում։ 2Երրորդ օրը Սաւուղի բանակատեղիից մարդ եկաւ, որի հագուստները պատառոտուած էին, իսկ գլխին հող էր ածուած։ Երբ նա Դաւթի մօտ մտաւ, գետին ընկաւ ու խոնարհուեց նրա առաջ։ 3Դաւիթը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»։ Նա պատասխանեց. «Փախել եմ Իսրայէլի բանակատեղիից»։ 4Դաւիթն ասաց նրան. «Ի՞նչ է պատահել, պատմի՛ր ինձ»։ Մարդն ասաց. «Ժողովուրդը պատերազմի դաշտից փախաւ, շատերը վիրաւոր ընկան ու մեռան։ Մեռան նաեւ Սաւուղն ու Յովնաթանը»։ 5Դաւիթն իրեն լուր բերող երիտասարդին հարցրեց. «Ի՞նչ գիտես, որ Սաւուղն ու նրա որդի Յովնաթանը մեռան»։ 6Լուր բերող երիտասարդն ասաց. «Դիպուածով Գեղբուա լերան վրայ էի գտնւում եւ ահա տեսայ, որ Սաւուղն ընկել էր իր նիզակի վրայ, եւ թշնամու մարտակառքերն ու հեծեալների զօրավարները հասել էին նրան։ Նա յետ նայեց եւ ինձ տեսնելով՝ իր մօտ կանչեց։ 7Ասացի. «Ահա այստեղ եմ»։ 8Նա ասաց ինձ. «Ո՞վ ես դու»։ Ասացի՝ «Ամաղէկացի եմ»։ 9Նա ասաց ինձ. «Խոցի՛ր ու սպանի՛ր ինձ։ Խաւարն է պատել ինձ, բայց շունչս դեռ վրաս է»։ 10Խոցեցի ու սպանեցի նրան, որովհետեւ գիտէի, որ նիզակի վրայ ընկնելուց յետոյ չէր ապրելու։ Առայ նրա գլխից թագը, ապարանջանները՝ նրա բազկից եւ դրանք բերեցի այստեղ՝ իմ տիրոջը»։ 11Դաւիթն իր հագուստները բռնելով՝ պատառոտեց։ Իրենց հագուստները պատառոտեցին նաեւ նրա մօտ գտնուող մարդիկ։12Նրանք ողբացին, լաց եղան ու մինչեւ երեկոյ ծոմ պահեցին սրով ընկած Սաւուղի, նրա որդի Յովնաթանի, Յուդայի երկրի ժողովրդի ու Իսրայէլի տան համար։ 13Դաւիթն ասաց իրեն լուր բերող երիտասարդին. «Որտեղի՞ց ես դու»։ Մարդն ասաց. «Մի պանդուխտ ամաղէկացու որդի եմ ես»։ 14Դաւիթն ասաց նրան. «Ինչպէ՞ս չվախեցար ձեռք բարձրացնել ու սպանել Տիրոջ օծեալին»։ 15Դաւիթն իր ծառաներից մէկին կանչելով՝ ասաց. «Մօտեցի՛ր ու սպանի՛ր սրան»։ Նա հարուածեց, ու մարդը մեռաւ։ 16Դաւիթն ասաց նրան. «Քո արիւնը թող քո գլխին լինի, քանզի քո բերանը քո մասին վկայութիւն տուեց՝ ասելով. «Ես սպանեցի Տիրոջ օծեալին»»։ 17Դաւիթը Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի վրայ այս ողբը յօրինեց եւ պատուիրեց այս ողբը ուսուցանել Յուդայի երկրի աղեղնակիրներին։ 18Այն գրուած է Արդարութեան գրքում։ 19Բլուրների բարձունքներում իբրեւ արձան կանգնի՛ր, Իսրայէ՜լ, վիրաւոր ընկած քո զօրաւոր որդիների համար։20Մի՛ յայտնէք Գէթում եւ լուր մի՛ տարածէք Ասկաղոնի փողոցներում, որ այլազգիների դուստրերը երբեք չհրճուեն,եւ անթլփատների դուստրերը չցնծան։ 21Ո՜վ Գեղբուայի լեռներ, թող ձեզ վրայ ցօղ չիջնի, անձրեւ չգայ ձեզ վրայ, եւ ոչ էլ պտղատու այգիներ լինեն։ 22Քանզի այստեղ է, որ հզօրների վահանը ջարդուեց, Սաւուղի վահանը չօծուեց իւղով։ Յովնաթանի աղեղը զուր յետ չքաշուեց վիրաւորների արիւնից ու հզօրների ճարպից, իսկ Սաւուղի սուրը դատարկ պատեան չդրուեց։23Սաւուղն ու Յովնաթանն իրենց կենդանութեան ժամանակ միմեանց սիրելի էին, գեղեցիկ ու վայելուչ, իրենց մահուան ժամանակ էլ իրարից չբաժանուեցին։ Արծիւներից աւելի թեթեւաշարժ էին, առիւծներից աւելի զօրեղ։ 24Իսրայէլի դուստրե՜ր, լա՛ց եղէք Սաւուղի վրայ, լա՛ց եղէք նրա վրայ, ով ձեզ զարդարուն կարմիր զգեստներ էր հագցնում, ձեր հագուստների վրայ ոսկէ զարդեր էր գցում։ 25Հզօրներն ինչպէ՞ս ընկան պատերազմի մէջ։ Յովնաթա՜ն, քո բարձունքների վրայ խոցուեցիր։ 26Ցաւում եմ քեզ համար, եղբա՜յր իմ Յովնաթան։ Ինձ շատ սիրելի էիր, քո սէրը կանանց սիրուց բարձր էր։ 27Ինչպէ՞ս ընկան հզօրները, եւ ջարդուփշուր եղան ռազմի գործիքները։ 
2 Դրանից յետոյ Դաւիթը հարց տալով Տիրոջը՝ ասաց. «Արդեօք գնա՞մ Յուդայի քաղաքներից որեւէ մէկը»։ Տէրն ասաց նրան. «Գնա՛»։ Դաւիթն ասաց. «Ո՞ւր գնամ»։ 2Տէրն ասաց՝ «Քեբրոն»։ Դաւիթն իր երկու կանանց՝ յեզրայէլացի Աքինովամի եւ կարմեղացի Նաբաղի կին Աբիգեայի հետ եկաւ Քեբրոն։ 3Դաւիթն իր հետ եկած մարդկանց, ամէն մէկին իր ընտանիքով բերեց, եւ նրանք բնակուեցին Քեբրոն քաղաքում։ 4Եկան Հրէաստանի մարդիկ եւ այնտեղ Դաւթին Յուդայի տան վրայ թագաւոր օծեցին։ Դաւթին յայտնեցին, թէ Գաղաադի Յաբիս բնակավայրի մարդիկ թաղել են Սաւուղին։ 5Դաւիթը Գաղաադի Յաբիս բնակավայրի առաջնորդների մօտ պատգամաւորներ ուղարկեց եւ ասաց նրանց. «Օրհնեալ լինէք Տիրոջից, որ ձեր տիրոջ՝ Տիրոջից օծեալ Սաւուղի նկատմամբ բարեացակամ էք եղել՝ թաղել էք նրան ու իր որդի Յովնաթանին։ 6Արդ, Տէրը ձեր նկատմամբ ողորմութիւն եւ արդարութիւն թող ցուցաբերի, իսկ ես այդ բարի գործի համար հատուցելու եմ ձեզ։ 7Թող ձեր ձեռքերը զօրանան, ու դուք քաջասիրտ լինէք։ Մեռաւ ձեր տէրը՝ Սաւուղը, եւ Յուդայի տունն ինձ իր վրայ թագաւոր է օծել»։ 8Սաւուղի զօրավար Ների որդի Աբենները Սաւուղի որդի Յեբուսթէին առաւ տարաւ բանակատեղի 9եւ նրան թագաւոր դարձրեց Գաղաադաստանի, Թասիրի, Յեզրայէլի, Եփրեմի, Բենիամինի երկրների եւ ամբողջ Իսրայէլի վրայ։ 10Սաւուղի որդի Յեբուսթէն քառասուն տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ Իսրայէլի վրայ։ Նա երկու տարի թագաւորեց։ Միայն Յուդայի տունն էր, որ Դաւթին էր հետեւում։ 11Քեբրոնում, Յուդայի երկրի վրայ Դաւիթը թագաւորեց եօթը տարի վեց ամիս։ 12Ների որդի Աբենները եւ Սաւուղի որդի Յեբուսթէի ծառաները բանակատեղիներից եկան Գաբաւոն։13Շարուհիի որդի Յովաբը եւ Դաւթի ծառաները ելան Քեբրոնից եւ նրանց հանդիպեցին Գաբաւոնի աղբիւրի մօտ։ Սրանք աղբիւրի այն կողմը նստեցին, իսկ նրանք՝ այս կողմը։ 14Աբեններն ասաց Յովաբին. «Թող քո կտրիճները ելնեն ու մրցեն մեր առջեւ»։ 15Յովաբն ասաց. «Թող մրցեն»։ Բենիամինի ու Սաւուղի որդի Յեբուսթէի կողմից ելան տասներկու երիտասարդներ. Դաւթի կողմի՛ց էլ ելան տասներկու երիտասարդներ։ 16Ամէն մէկը ձեռքով բռնեց իր մրցակցի գլխից ու սուրը խրեց իր մրցակցի կողը։ Բոլորն այնտեղ ընկան ու մեռան։ Եւ այդ տեղի անունը դրեցին Դաւաճանների դաշտ, որը Գաբաւոնում է գտնւում։ 17Այդ օրը սաստիկ պատերազմ եղաւ, եւ Աբենները իսրայէլացիների հետ պարտուեց Դաւթի զինուորներից։ 18Այնտեղ էին Շարուհիի երեք որդիները՝ Յովաբը, Աբեսսան եւ Ասայէլը։ Ասայէլը դաշտի այծեամի պէս թեթեւաքայլ էր։ 19Ասայէլը հետապնդեց Աբեններին եւ նրան հալածելիս աջ ու ձախ չխոտորուեց։ 20Աբենները յետ նայեց եւ ասաց. «Դո՞ւ ես, Ասայէ՜լ»։ Սա ասաց. «Ես եմ»։21Աբեններն ասաց. «Խոտորուի՛ր աջ կամ ձախ, բռնի՛ր կտրիճներից մէկին ու վերցրո՛ւ նրա զէնքերը»։ Ասայէլը, սակայն, չուզեց նրան հետապնդելուց հրաժարուել։ 22Աբենները մի անգամ եւս ասաց Ասայէլին. «Հեռո՛ւ մնա ինձանից, որ քեզ գետին չխփեմ, թէ չէ ի՞նչ երեսով պիտի ներկայանամ Յովաբին, եւ ինչի՞ նման կը լինի դա։23Գնա՛ քո եղբայր Յովաբի մօտ»։ Ասայէլը չուզեց յետ կանգնել, Աբենները նիզակով հարուածեց նրա կողին, եւ նիզակը զիստից դուրս եկաւ։ Նա ընկաւ այնտեղ ու մեռաւ տեղում։ Ով Ասայէլի ընկած ու մեռած տեղն էր գալիս, կանգ էր առնում։ 24Յովաբն ու Աբեսսան Աբենների յետեւից ընկած հետապնդում էին նրան, եւ երբ Գայի դիմաց, Գաբաւոնի անապատի ճանապարհի վրայ գտնուող Ամմանի բլուրը հասան, արեւը մայր մտաւ։ 25Բենիամինի որդիները հաւաքուելով Աբենների շուրջը՝ մի բլրի վրայ կանգ առան։ 26Աբենները ձայն տուեց Յովաբին. «Մի՞թէ սուրն անդադար բնաջնջելու է, կամ մի՞թէ չգիտես, որ սրա վերջը դառնութիւն կը լինի։ Ե՞րբ ես հրամայելու ժողովրդին, որ իրենց եղբայրներին հալածելուց հրաժարուեն»։27Յովաբն ասաց. «Կենդանի է Տէրը։ Եթէ դու խօսած չլինէիր, ժողովուրդը այգաբացին վեր էր կենալու, եւ ամէն մէկը հալածելու էր իր եղբօրը»։ 28Յովաբը փող հնչեցրեց, ամբողջ ժողովուրդը կանգ առաւ, այլեւս չհալածեց իսրայէլացիներին, եւ պատերազմը դադարեց։29Աբեններն ու նրա մարդիկ ամբողջ գիշերը շարժուեցին դէպի արեւելք, անցան Յորդանան գետը, բոլոր մօտակայ վայրերը ու եկան բանակատեղի։ 30Յովաբը Աբեններին հալածելուց հրաժարուեց, հաւաքեց ամբողջ ժողովրդին, աշխարհագիր արեց ու տեսաւ, 31որ Դաւթի մարդկանցից կոտորուել էին տասնինը մարդ եւ Ասայէլը, իսկ Դաւթի զինուորները Բենիամինի որդիներից ու Աբենների մարդկանցից կոտորել էին երեք հարիւր վաթսուն մարդ։ 32Վերցրին Ասայէլին ու նրան թաղեցին Բեթղեհէմում, իր հօր գերեզմանի մէջ։ Յովաբն ու իր մարդիկ գնացին եւ արշալոյսին հասան Քեբրոն։ 
3 Սաւուղի տան ու Դաւթի տան միջեւ սաստիկ պատերազմ եղաւ։ Դաւթի տունը գնալով հզօրանում էր, իսկ Սաւուղի տունը գնալով տկարանում էր։ 2Քեբրոնում Դաւիթը որդիներ ունեցաւ։ Նրա անդրանիկը յեզրայէլացի Աքինոոմայից ծնուած Ամմոնն էր, 3երկրորդը կարմեղացի Աբիգեայից ծնուած Դաւիան էր, երրորդը Գեսուրի արքայ Թողմիի դուստր Մաաքայից ծնուած Աբեսաղոմն էր, 4չորրորդը Ագգիթի որդի Ադոնիան էր, հինգերորդը Ամիտաղի որդի Սափատիան էր,5վեցերորդը Դաւթի Եգղաթա կնոջից ծնուած Յեթրամն էր։ Դաւիթը այս որդիներին ունեցաւ Քեբրոնում։ 6Երբ Սաւուղի տան եւ Դաւթի տան միջեւ պատերազմ էր տեղի ունենում, Աբենները Սաւուղի տունն էր կառավարում։ 7Սաւուղն ունէր մի հարճ, որի անունը Ռեսփա էր։ Նա Յուղի դուստրն էր։ Սաւուղի որդի Յեբուսթէն ասաց Աբեններին.8«Ինչո՞ւ ես պառկում իմ հօր հարճի հետ»։ 9Աբենները խիստ բարկանալով Յեբուսթէի խօսքի համար՝ նրան ասաց. «Միթէ՞ ես շան գլուխ եմ։ Քո հօր տան, նրա եղբայրներին ու բարեկամներին այսօր ծառայութիւն եմ մատուցել, բայց քեզ Դաւթի տան ձեռքը չեմ մատնել։ Իսկ դու այսօր մի կնոջ համար ինձանից վրէժ ես լուծում։ 10Աստուած Աբեններին այսպէս ու սրանից աւելին թող անի, եթէ Դաւթի նկատմամբ չանեմ այն, ինչ Տէրը երդուեց նրան՝ ասելով, 11թէ՝ «Թագաւորութիւնը վերցնելու եմ Սաւուղից եւ Դաւթի թագաւորութիւնն եմ հաստատելու Իսրայէլի ու Յուդայի երկրի վրայ Դանից մինչեւ Բերսաբէէ»»։ 12Յեբուսթէն վախից այլեւս չկարողացաւ պատասխան տալ Աբեններին։ 13Աբեններն անմիջապէս պատգամաւորներ ուղարկելով Թեսաղմի երկիր, Դաւթի մօտ՝ ասաց. «Ինձ հետ քո ուխտը կնքի՛ր, եւ ես քեզ կ՚օգնեմ ամբողջ Իսրայէլը քո կողմը դարձնելու համար»։ 14Դաւիթն ասաց. «Բարի։ Ես քեզ հետ ուխտ կը կնքեմ, բայց քեզանից մի բան եմ խնդրում. ինձ չներկայանաս, եթէ ինձ տեսնելու գալիս հետդ չբերես Սաւուղի դուստր Մեղքողին»։ 15Դաւիթը Սաւուղի որդի Յեբուսթէի մօտ պատգամաւորներ ուղարկեց՝ ասելով. «Ինձ տո՛ւր իմ կին Մեղքողին, որին ես ստացել եմ այլազգիների հարիւր անթլփատ անդամների դիմաց»։ 16Յեբուսթէն մարդ ուղարկեց ու Մեղքողին առաւ իր ամուսնուց՝ Սեղղայի որդի Փաղտիէլից։ 17Նրա ամուսինը լալով գնում էր նրա յետեւից մինչեւ Բարակիմ։ Աբեններն ասաց նրան. «Յե՛տ դարձիր»։ Եւ նա յետ դարձաւ։ 18Աբենները խօսելով Իսրայէլի ծերերի հետ՝ ասաց. «Երկար ժամանակ խնդրում էիք, որ Դաւիթը թագաւորի ձեզ վրայ։ 19Հիմա իրագործեցէ՛ք, քանզի Տէրը խօսելով Դաւթի մասին՝ ասել է. «Իմ ծառայ Դաւթի ձեռքով եմ փրկելու Իսրայէլը այլազգիների ձեռքից եւ նրա բոլոր թշնամիների ձեռքից»»։ 20Աբեններն այս բանն ասաց Բենիամինին։ Աբենները գնաց Քեբրոն Դաւթին յայտնելու այն, ինչ հաճելի էր թուացել Իսրայէլին եւ Բենիամինի ամբողջ տանը։21Աբենները քսան մարդկանցով եկաւ Քեբրոն, Դաւթի մօտ, եւ Դաւիթը Աբենների ու նրա հետ եկած մարդկանց համար խրախճանք կազմակերպեց։ 22Աբեններն ասաց Դաւթին. «Գնամ եւ ամբողջ Իսրայէլին հաւաքեմ իմ տէր արքայի շուրջը, քեզ հետ ուխտ դնեմ, եւ դու թագաւորես բոլոր նրանց վրայ, որոնց ցանկանում ես»։ 23Դաւիթն Աբեններին յետ ուղարկեց, եւ սա գնաց խաղաղութեամբ։ 24Դաւթի մարդիկ եւ Յովաբը եկան ասպատակութիւնից՝ իրենց հետ բազում աւար բերելով։ Յովաբը Քեբրոնում, Դաւթի մօտ չէր, երբ սա նրան արձակել էր, եւ նա գնացել էր խաղաղութեամբ։ 25Յովաբն ու նրա ամբողջ զօրքը եկան։ Յովաբին յայտնեցին, թէ Ների որդի Աբենները եկել է Դաւթի մօտ, սա նրան արձակել է, եւ նա գնացել է խաղաղութեամբ։ 26Յովաբը մտնելով Դաւիթ արքայի մօտ՝ ասաց. «Այդ ի՞նչ ես արել. Աբենները եկել է քեզ մօտ, եւ դու ինչո՞ւ նրան խաղաղութեամբ արձակեցիր։ 27Մի՞թէ չգիտես Ների որդի Աբենների չարութիւնը։ Նա եկել է քեզ խաբելու, իմանալու քո ելումուտը եւ տեղեկանալու այն ամենին, ինչ դու անում ես»։ 28Յովաբը դուրս եկաւ Դաւթի մօտից, պատգամաւորներ ուղարկեց Աբենների ետեւից, որոնք եւ նրան վերադարձրին Սէիրմի ջրհորից։ 29Դաւիթն այդ մասին չգիտէր։ Յովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարաւ իբր թէ նրան գաղտնի բան յայտնելու նպատակով եւ իր եղբայր Ասայէլի արեան վրէժը լուծելու համար խոցեց նրա կողը, եւ նա մեռաւ։30Դրանից յետոյ Դաւիթն իմանալով այդ մասին՝ ասաց. «Ես եւ իմ թագաւորութիւնը Տիրոջ առաջ յաւիտեան անպարտ ենք Ների որդի Աբենների արեան համար։ 31Թող Յովաբի եւ նրա հօր ամբողջ տան վրայ ընկնի մեղքը, եւ Յովաբի տնից անպակաս լինեն սերմը ծորողը, բորոտը, ցուպով շրջող մուրացիկը, սրից ընկնողն ու սովամահը»։32Յովաբն ու նրա եղբայր Աբեսսան հետապնդում էին Աբեններին այն բանի համար, որ նա Գաբաւոնում, պատերազմի ժամանակ, սպանել էր իրենց եղբօրը՝ Ասայէլին։ 33Դաւիթը Յովաբին ու նրա հետ եղած ամբողջ ժողովրդին ասաց. «Պատառոտեցէ՛ք ձեր հագուստները, քո՛ւրձ հագէք ու ողբացէ՛ք Աբենների վրայ»։ 34Դաւիթ արքան գնում էր դագաղի յետեւից։ Աբեններին թաղեցին Քեբրոնում։ Արքան բարձրաձայն լաց եղաւ նրա գերեզմանի վրայ։ Աբենների համար լաց էր լինում նաեւ ամբողջ ժողովուրդը։ 35Արքան Աբեններին ողբալով ասում էր. «Մի՞թէ Աբենները պիտի մեռնէր այնպէս, ինչպէս մի անզգամ է մեռնում։ Միթէ Նաբաղի մահո՞վ պիտի մեռնէր Աբենները։36Քո ձեռքերը կապուած չէին, քո ոտքերը չէին շղթայուած։ Քեզ չբերեցին, ինչպէս անիրաւ Նաբաղին էին բերել, բայց դու ընկար անկարող, ինչպէս ընկնում են անիրաւները»։ 37Ամբողջ ժողովուրդը հաւաքուեց նրան ողբալու։ Ամբողջ ժողովուրդը եկաւ Դաւթին ընթրիք տալու, քանի դեռ ցերեկ էր, սակայն Դաւիթը երդուելով ասաց. «Աստուած ինձ այսպէս եւ այսպէս ու աւելին անի, եթէ արեգակը մայր մտնելուց առաջ հաց կամ որեւէ բան ուտեմ»։ 38Ամբողջ ժողովուրդը իմացաւ այդ, նրան հաճելի թուաց այն ամբողջ բարութիւնը, որ արքան գործել էր ժողովրդի համար։ 39Նրանք՝ բոլոր իսրայէլացիներն այդ օրը իմացան, որ արքայի հրամանով չի եղել Ների որդի Աբենների սպանութիւնը։ 40Արքան ասաց իր ծառաներին. «Չգիտէ՞ք, որ այսօր Իսրայէլի մի մեծ առաջնորդ ընկաւ, 41որ այսօր նա ինձ արիւնակից էր եւ արքայի կողմից էր նշանակուած։ Սակայն այս մարդիկ՝ Շարուհիի որդիները, ինձնից աւելի դաժան են։ Տէրը չարին թող նրա չարութեան համեմատ հատուցի»։ 
4 Երբ Սաւուղի որդի Յեբուսթէն լսեց, որ Աբենները մահացել է Քեբրոնում, նրա ձեռքերը թուլացան, իսկ բոլոր իսրայէլացիները վհատուեցին։ 2Սաւուղի որդի Յեբուսթէն ունէր գնդերի երկու զօրապետներ, որոնցից մէկի անունն էր Բաանա, իսկ միւսինը՝ Ռեքաբ։ Սրանք Բենիամինի ցեղից բերոթացի Ռեմոնի որդիներն էին։ 3Բերոթը Բենիամինի երկրի մասն էր կազմում։ Բերոթացիները Գեթթայի էին փախել եւ իբրեւ պանդուխտ այնտեղ են ապրում մինչեւ այսօր։4Սաւուղի որդի Յովնաթանն ունէր հինգ տարեկան մի կաղ որդի։ Սաւուղի եւ նրա որդի Յովնաթանի մահուան գոյժը Յեզրայէլից հասնելուց յետոյ մանկան դայեակը նրան վերցնելով փախել էր։ Եւ ահա երբ նրանք շտապ փախչում էին, մանուկն ընկել էր ու ոտքը վնասել։ Նրա անունը Մեմփիբոսթէ էր։ 5Բերոթացի Ռեմոնի որդիները՝ Ռեքաբն ու Բաանան, գնացին եւ օրուայ տօթ ժամին մտան Յեբուսթէի տունը։ Սա կէսօրին ննջում էր անկողնում։ 6Տան դռնապանը ցորեն մաքրելիս նիրհել էր ու քուն մտել։ 7Ռեքաբ եւ Բաանա եղբայրները գաղտագողի տուն մտան։ Յեբուսթէն սենեակում ննջում էր իր անկողնում։ 8Հարուածեցին նրան, սպանեցին, կտրեցին նրա գլուխը եւ այն վերցնելով՝ ամբողջ գիշերը գնացին արեւելեան ճանապարհով։ Յեբուսթէի գլուխը բերեցին Քեբրոն, Դաւթի մօտ, եւ ասացին արքային. «Ահա քո թշնամու՝ Սաւուղի որդի Յեբուսթէի գլուխը, որը քո մահն էր նիւթում։ Տէրը մեր տէր արքայի համար վրէժխնդիր եղաւ նրա թշնամիներից, ինչպէս այսօր վրէժխնդիր եղաւ քո թշնամի Սաւուղից եւ նրա սերնդից»։ 9Դաւիթը Բերոթացի Ռեմոնի որդիներ Ռեքաբին ու նրա եղբայր Բաանային պատասխանեց՝ ասելով. «Վկայ է Տէրը, որ ինձ փրկեց ամէն նեղութիւնից։ 10Նա, ով պատմել էր ինձ, թէ մեռաւ Սաւուղը, նրան թւում էր, թէ ինձ աւետիս էր տալիս, իսկ ես բռնեցի նրան Սիկեղակում ու սպանեցի, մինչդեռ նա կարծում էր, թէ ես նրան պէտք է աչքալուսանք տամ։ 11Արդ, դուք՝ չա՛ր մարդիկ, իր տանը, անկողնում սպանել էք արդար մարդու։ Հիմա ես նրա արիւնը պէտք է պահանջեմ ձեզանից, ձեզ պիտի վերացնեմ երկրից»։ 12Դաւիթը հրաման տուեց իր զինուորներին, որոնք սպանեցին նրանց, կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը եւ դրանք կախեցին Քեբրոնի աղբիւրի վրայ, իսկ Յեբուսթէի գլուխը թաղեցին Քեբրոնում, Ների որդի Աբենների գերեզմանում։ 
5 Իսրայէլի բոլոր ցեղերը եկան Քեբրոն, Դաւթի մօտ, ու խօսելով նրա հետ՝ ասացին. 2«Մենք քո ոսկորը եւ քո մարմինն ենք։ Անցեալում, երբ Սաւուղը մեր թագաւորն էր, դու էիր իսրայէլացիներին առաջնորդողը եւ ի մի հաւաքողը։ Տէրը քեզ ասաց. «Դու պիտի հովուես Իսրայէլի իմ ժողովրդին, դու ես լինելու Իսրայէլի առաջնորդը»»։ 3Իսրայէլի բոլոր ծերերը եկան Քեբրոն, արքայի մօտ, եւ Դաւիթ արքան նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում, Տիրոջ առջեւ։ Նրանք Դաւթին թագաւոր օծեցին ամբողջ Իսրայէլի վրայ։ 4Դաւիթը երեսուն տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ քառասուն տարի թագաւորեց. 5եօթը տարի վեց ամիս թագաւորեց Քեբրոնում Յուդայի երկրի վրայ եւ երեսուներեք տարի Երուսաղէմում՝ ամբողջ Իսրայէլի ու Յուդայի երկրի վրայ։ 6Դաւիթն իր զօրքով գնաց Երուսաղէմ, այդ երկրում բնակուող յեբուսացիների դէմ։ Դաւթին ասացին, թէ՝ «Դու այստեղ չես մտնի, քանզի կոյրերն ու կաղերը քեզ դէմ են կանգնել եւ ասում են. «Դաւիթն այստեղ թող չմտնի»»։ 7Դաւիթը գրաւեց Սիոնն ու նրա ամրոցը, որ Դաւթի քաղաքն է։8Այդ օրը Դաւիթն ասաց. «Ով որ ուզում է կոտորել յեբուսացիներին, թող սրով յարձակուի կաղերի, կոյրերի եւ Դաւթի անձն ատողների վրայ»։ Դրա համար է, որ ասում են. «Կոյրերն ու կաղերը չպէտք է մտնեն Տիրոջ տունը»։ 9Դաւիթն ապրեց ամրոցում, եւ այն կոչուեց Դաւթի քաղաք։ Նա շուրջանակի, ծայրից ծայր քաղաք շինեց եւ իր համար էլ տուն կառուցեց։ 10Դաւիթը գնալով հզօրանում էր, եւ ամենակալ Տէրը նրա հետ էր։ 11Տիւրոսի արքայ Քիրամը դեսպաններ ուղարկեց Դաւթի մօտ, նաեւ եղեւնափայտ, փայտի հիւսներ ու քարի վարպետներ, որոնք Դաւթի համար տուն շինեցին։ 12Դաւիթը համոզուեց, որ Տէրն է իրեն Իսրայէլի թագաւոր հաստատել եւ իր թագաւորութիւնը բարձրացրել իր ժողովրդի՝ իսրայէլացիների վրայ։13Դաւիթը Քեբրոնից Երուսաղէմ գալուց յետոյ ուրիշ կանայք ու հարճեր եւս առաւ։ 14Դաւիթն ուրիշ տղաներ եւ աղջիկներ էլ ունեցաւ։ Երուսաղէմում նրա ունեցած որդիների անունները սրանք են.15Սամաաթ, Յեսիբաթ, Նաթան, Գաղամաան, Յեբաար, 16Թեմեսուս, Եղփաղատ, Նագեդ, Նափեկ, Յեննաթա, Եղիսամիս, Բաղիգադ եւ Եղիփաղէտ։ 17Այլազգիները լսելով, թէ Դաւիթը Իսրայէլի թագաւոր է օծուել, բոլորը ելան Դաւթի վրայ յարձակուելու։ 18Երբ Դաւիթն այդ իմացաւ, իջաւ ամրոցը։ Այլազգիները եկան ու հաւաքուեցին Տիտանների հովիտներում։ 19Դաւիթը հարցրեց Տիրոջը՝ ասելով. «Յարձակուե՞մ այլազգիների վրայ, նրանց իմ ձեռքը կը մատնե՞ս»։ Տէրն ասաց Դաւթին. «Յարձակուի՛ր, քանզի անպայման քո ձեռքն եմ մատնելու այլազգիներին»։ 20Դաւիթն եկաւ Խրամատների վրայից եւ այնտեղ կոտորեց այլազգիներին։ Դաւիթն ասաց. «Տէրն իմ թշնամիներին իմ ձեռքով կոտորեց այնպէս, ինչպէս ջրերն են թմբերը աւերում»։ Դրա համար այդ տեղը կոչուեց Խրամատների վրայ։21Նրանք այնտեղ թողեցին իրենց աստուածներին, եւ Դաւիթն ու իրեն ընկերակցող մարդիկ առան դրանք։ 22Այլազգիները կրկին ոտքի ելան ու հաւաքուեցին Տիտանների հովիտներում։ 23Դաւիթը հարցրեց Տիրոջն՝ ասելով. «Յարձակուե՞մ այլազգիների վրայ, նրանց իմ ձեռքը կը մատնե՞ս»։ Տէրն ասաց. «Մի՛ յարձակուիր նրանց վրայ, շրջանցի՛ր նրանց ու նրանց թիկունքից գնա՛ դէպի Լացի անտառը։ 24Երբ Լացի անտառից շարժման ձայն լսես, այն ժամանակ յարձակուի՛ր նրանց վրայ, որովհետեւ այն ժամանակ է, որ Տէրը դուրս է գալու քո առաջ, որ պատերազմում կոտորի այլազգիներին»։ 25Դաւիթն արեց այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել նրան։ Եւ նա կոտորեց այլազգիներին Գաբաւոնից մինչեւ Գազերա։ 
6 Դաւիթը կրկին հաւաքեց Իսրայէլի բոլոր երիտասարդներին՝ մօտաւորապէս եօթանասուն հազար հոգի։ 2Դաւիթը, նրա հետ եղած ամբողջ ժողովուրդն ու Յուդայի երկրի իշխաններից ոմանք ելան գնացին այն զառիվերով, որով բարձրացուել էր Աստծու տապանակը, որին տրուած էր զօրութիւնների Տէր Աստծու անունը, եւ որի վրայ նստած է Աստուած քերովբէների միջեւ։ 3Դաւիթը Տիրոջ տապանակը դրեց նոր սայլի վրայ, վերցրեց այն Ամինադաբ Բլրացու տնից։4Ամինադաբի որդիները՝ Օզան ու նրա եղբայրներն էին քշում տապանակը կրող սայլը, իսկ միւս եղբայրները ընթանում էին տապանակի առջեւից։ 5Դաւիթն ու իսրայէլացիները Տիրոջ առաջ տաւիղներ, հնչեղ նուագարաններ, քնարներ, սրինգներ էին նուագում, թմբուկներ, ծնծղաներ զարկում ու փողեր էին հնչեցնում ու երգում։6Երբ եկան Ամինադաբի կալը, Օզան իր ձեռքը գցեց Աստծու տապանակին, որ այն բռնի։ Նա այն բռնեց, որովհետեւ լծկան զուարակն այն շարժել էր իր տեղից։ 7Տէրը բարկացաւ Օզայի վրայ եւ նրա յանդգնութեան համար հարուածեց նրան այնտեղ, եւ նա մեռաւ այնտեղ, Տիրոջ տապանակի մօտ, Աստծու առջեւ։ 8Դաւիթը տրտմեց, որ Տէրը մահացու հարուածեց Օզային նրա մեծ յանդգնութեան համար։9Այդ տեղը մինչեւ այսօր Օզայի Հարուած է կոչւում։ Այդ օրը Դաւիթը վախեցաւ Տիրոջից եւ ասաց. «Տիրոջ տապանակը ինչպէ՞ս մտնի ինձ մօտ»։ 10Դաւիթը չուզեց Տիրոջ ուխտի տապանակը տանել իր մօտ՝ Դաւթի քաղաքը, եւ Դաւիթը, շեղելով ճանապարհը, այն տարաւ գեթացի Աբեդդարի տունը։ 11Տիրոջ տապանակը երեք ամիս մնաց գեթացի Աբեդդարի տանը։ Տէրն օրհնեց Աբեդդարին ու նրա ամբողջ տունը։ 12Այդ մասին յայտնեցին Դաւթին՝ ասելով. «Տէրն Աստծու տապանակի համար օրհնել է Աբեդդարի տունն ու նրա ունեցած ամէն ինչը»։Դաւիթը գնաց, Տիրոջ տապանակը հանեց Աբեդդարի տնից եւ ուրախութեամբ բերեց Դաւթի քաղաքը։ 13Տապանակը տանողների հետ գնում էին պարողների եօթը խմբեր, զուարակ ու գառներ էին զոհ մատուցում։ 14Դաւիթը Տիրոջ առաջ տաւիղ էր նուագում։ Նա պատմուճան էր հագել։ 15Դաւիթն ու Իսրայէլի ամբողջ տունը Տիրոջ տապանակը հանեցին ուրախութեան աղաղակ արձակելով ու փող հնչեցնելով։ 16Երբ տապանակը Դաւթի քաղաքին մօտեցաւ, Սաւուղի դուստր Մեղքողը նայում էր պատուհանից եւ տեսնելով, որ Դաւիթ արքան Տիրոջ առաջ պարում էր ու նուագարաններ նուագում, արհամարհեց նրան իր հոգում։ 17Տիրոջ տապանակը բերեցին ու դրեցին իր տեղը, վրանի մէջ, որ Դաւիթը դրա համար էր կանգնեցրել։18Դաւիթը Տիրոջ առջեւ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցեց։ Երբ Դաւիթն աւարտեց ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցելը, զօրութիւնների Տիրոջ անունից օրհնեց ժողովրդին։19Նա Իսրայէլի բոլոր բնակիչներին՝ Դանից մինչեւ Բերսաբէէ, տղամարդկանց թէ կանանց, ամէն մէկին բաշխեց հացի մի բլիթ, կասկարայի վրայ եփուած արմաւով խմորեղէն եւ չամչով կարկանդակ։ Ժողովրդի ամբողջ բազմութիւնը գնացին իրենց տները։ 20Դաւիթը յետ դարձաւ իր տունն օրհնելու. նրան ընդառաջ ելաւ Սաւուղի դուստր Մեղքողը եւ, ողջունելով նրան, ասաց. «Վայե՞լ էր Իսրայէլի արքային, որ այսօր իր աղախինների ու ծառաների առաջ մերկանայ, ինչպէս մերկանում են պարողները»։ 21Դաւիթն ասաց Մեղքողին. «Ես պիտի պարեմ Տիրոջ առջեւ։ Օրհնեալ է Տէր Աստուածը, որն ինձ ընտրեց եւ ոչ թէ քո հօրն ու նրա ամբողջ տունը։ Նա ինձ Իսրայէլի իր ժողովրդի վրայ առաջնորդ կարգեց։ 22Ահա այդ Տիրոջ առաջ ես պիտի երգեմ ու պարեմ։ Եւ դեռ էլ աւելի պիտի մերկանամ, քո աչքին անարգ պիտի երեւամ ու դրանով էլ քո ասած այդ աղախինների առաջ պիտի փառաւորուեմ»։ 23Եւ Սաւուղի դուստր Մեղքողը մինչեւ իր մահուան օրը զաւակ չունեցաւ։ 
7 Երբ Դաւիթը բնակուեց իր տանը, եւ Տէրը նրան ազատեց շրջապատի իր թշնամիներից, արքան ասաց Նաթան մարգարէին.2«Ահաւասիկ ես բնակւում եմ եղեւնափայտից պատրաստուած տան մէջ, բայց Աստծու տապանակը վրանից մէջ է գտնւում»։ 3Նաթանն ասաց արքային. «Ամէն ինչ, որ մտքիդ մէջ կայ, գնա՛ եւ արա՛, քանզի Տէրը քեզ հետ է»։ 4Նոյն գիշերը Տէրը խօսեց Նաթանի հետ եւ ասաց. «Գնա՛ եւ ասա՛ իմ ծառայ Դաւթին. 5այսպէս է ասում Տէրը. «Դու ինձ համար բնակուելու տուն չպէտք է շինես, 6որովհետեւ տան մէջ չեմ բնակուել այն օրից, որ իսրայէլացիներին հանեցի Եգիպտոսից։ 7Ես շրջում եմ՝ իջեւանելով վրաններում։ Ամենուրեք, որ շրջել եմ իսրայէլացիների մէջ, մի՞թէ երբեւիցէ խօսել եմ Իսրայէլի ազգատոհմերից որեւէ մէկի հետ, հրաման տուել հովուելու Իսրայէլի իմ ժողովրդին, ասելով, թէ՝ «Ինչո՞ւ ինձ համար եղեւնափայտէ տուն չշինեցիք»։ 8Արդ, այսպէ՛ս ասա իմ ծառայ Դաւթին. Այսպէ՛ս է ասում ամենակալ Տէրը. «Ես քեզ վերցրել եմ ոչխարների հօտից, որ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ առաջնորդ լինես։ 9Ես քեզ հետ էի ամենուրեք, ուր գնում էիր, քո առջեւից քո բոլոր թշնամիներին ոչնչացրի եւ քեզ անուանի դարձրի երկրի վրայ եղած մեծամեծների անուանը հաւասար։10Իսրայէլի իմ ժողովրդի համար տեղ պիտի որոշեմ ու ամրացնեմ նրան այնտեղ, որ նա առանձին բնակուի եւ այլեւս հոգս չունենայ, որպէսզի անօրէն մարդիկ առաջուայ պէս չխոշտանգեն նրան, 11ինչպէս եղել էր այն օրերից ի վեր, երբ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ դատաւորներ կարգեցի։ Քեզ պիտի ազատեմ քո բոլոր թշնամիներից, եւ Տէրը քեզ պիտի ասի, որ իր համար տուն պէտք է շինես։ 12Եւ երբ քո կեանքի օրերը լրանան եւ քո նախնիների գիրկը գնաս, քեզանից յետոյ քո յետնորդը հանդիսացող զաւակիդ պիտի բարձրացնեմ եւ նրա թագաւորութիւնը պիտի հաստատեմ։ 13Նա է իմ անուան համար տուն շինելու, եւ ես նրա աթոռը կանգուն պիտի պահեմ յաւիտեան։ 14Հայր պիտի լինեմ նրան, եւ նա ինձ որդի պիտի լինի, եւ եթէ նա անիրաւութիւն գործի, պիտի յանդիմանեմ նրան ու խրատեմ մարդկանց գործածած գաւազանով եւ մարդկային տանջանքներով։15Բայց նրան ողորմութիւն չեմ զլանայ, ինչպէս զլացայ նրանց, որոնց իմ առաջից վանեցի։ 16Յաւիտեան հաստատուն պիտի լինեն նրա անունն ու թագաւորութիւնը իմ առաջ, նրա աթոռը յաւիտեան կանգուն պիտի մնայ իմ առաջ»։ 17Այս բոլոր խօսքերն ու ամբողջ տեսիլքը նոյն ձեւով Նաթանը հաղորդեց Դաւթին։ 18Դաւիթ արքան գնաց ու նստելով Տիրոջ առաջ՝ ասաց. «Ո՞վ եմ ես, Տէ՛ր իմ, Տէ՛ր, եւ ի՞նչ է իմ տունը, որ ինձ այսքան սիրեցիր։ 19Տէ՛ր իմ, Տէ՛ր, դոյզն չափով իսկ չնուաստացայ քո առաջ։ Դու խօսեցիր քո ծառայի տան մասին երկար ժամանակի համար։ Մի՞թէ այս է մարդկային օրէնքը, Տէ՛ր իմ, Տէ՛ր։ 20Դաւիթն էլ ի՞նչ ասի քեզ, քանզի դու, Տէ՛ր իմ, Տէ՛ր, ճանաչում ես քո ծառային։ 21Քո ծառայի համար եւ ըստ քո սրտի ինձ հասցրիր այս փառքին, որպէսզի քո ծառային իմացնես, որ ինձ պէտք է բարձրացնես, Տէ՛ր իմ, Տէ՛ր։22Ըստ մեր ականջներով լսածի, քեզ նման մէկը չկայ, եւ քեզանից բացի ուրիշ Աստուած չկայ։ 23Եւ երկրի վրայ ո՞ր ազգն է Իսրայէլի քո ժողովրդի պէս, որին Աստուած ինքը առաջնորդեց՝ փրկելու իր ժողովրդին, որպէսզի անուանի դարձնի քեզ եւ հռչակի քո մեծութիւնն ու յայտնութիւնը, որ Եգիպտոսից փրկուած ժողովրդիդ առջեւից ազգեր ու նրանց բնակութեան վրանները տապալեցիր։ 24Քո Իսրայէլին յաւիտեան քեզ ժողովուրդ հաստատեցիր քեզ համար, եւ դու, ո՜վ Տէր, նրանց համար Աստուած եղար։ 25Արդ, Տէ՜ր իմ, քո ծառայի ու նրա տան համար ասած խօսքդ յաւիտեան հաստատի՛ր եւ ասածիդ պէս արա՛, որ քո անունը յաւիտեան փառաւորուի։ 26Տէ՜ր ամենակալ, ամբո՛ղջ Իսրայէլի Աստուած, քո ծառայ Դաւթի տունը թող կանգուն մնայ քո առջեւ, 27որովհետեւ դու ես Իսրայէլի ամենակալ Տէր Աստուածը։ Թող քո անունը յաւիտեան փառաւորուի, դու քո ծառայի ականջին յայտնեցիր եւ ասացիր՝ «Քեզ համար տուն եմ շինելու», ուստի քո ծառան յանդգնեց քո առջեւ այս աղօթքը անելու։ 28Եւ արդ, Տէ՜ր իմ, Տէ՛ր, դու ես Աստուած, քո խօսքերը ճշմարիտ են, եւ դու ես քո ծառային այս ամբողջ բարիքը խոստացել։ 29Ուստի հիմա օրհնի՛ր քո ծառայի տունը, որ յաւիտեան քո առջեւ լինի, քանզի դու ես, Տէ՜ր իմ, Տէ՛ր, որ ասել ես դա, եւ քո օրհնութեամբ է, որ քո ծառայի տունը յաւիտեան օրհնուած պիտի մնայ»։ 
8 Դրանից յետոյ Դաւիթը յարձակուեց այլազգիների վրայ, փախուստի մատնեց նրանց, այլազգիների ձեռքից վերցրեց քաղաքին յարող տարածքները։ 2Դաւիթը հարուածեց մովաբացիներին, նրանց գետին պառկեցրեց եւ չափեց պարանով. ամէն երկու պարան չափեց սպանելու եւ ամէն երկու պարան՝ կենդանի թողնելու համար։3Մովաբացիները Դաւթի հարկատու հպատակները դարձան։ Երբ Դաւիթը գնում էր իր իշխանութիւնը Եփրատի վրայ հաստատելու, յարձակուեց Սուբայի արքայի՝ Ռովամի որդի Ադրաազարի վրայ։4Դաւիթը նրանից հազար մարտակառք, եօթը հազար հեծեալ ու քսան հազար հետեւակ գերի վերցրեց։ Դաւիթը բոլոր մարտակառքերը քանդեց՝ իր համար թողնելով միայն հարիւր մարտակառք։5Դամասկոսից եկան ասորիները, որ օգնեն Սուբայի արքայ Ադրաազարին, բայց Դաւիթը ասորիներից քսաներկու հազար մարդ կոտորեց։ 6Դաւիթը Ասորիքում, Դամասկոսի մօտ բերդապահ զօրքեր դրեց, եւ ասորիները Դաւթի հարկատու ծառաները դարձան։ Տէրը հովանաւորում էր Դաւթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։ 7Դաւիթն առաւ Սուբայի արքայ Ադրաազարի ծառաների ոսկէ ապարանջանները եւ բերեց Երուսաղէմ։ 8Եգիպտոսի արքայ Սաւսակիմը դրանք յետ վերցրեց, երբ նա Սողոմոնի որդի Ռոբովամի օրօք յարձակուեց Երուսաղէմի վրայ։ Դաւիթ արքան Մասբակից եւ Ադրաազարի հռչակաւոր քաղաքներից առաւ պղինձ, որով Սողոմոն արքան պղնձէ տաշտ, սիւներ, աւազաններ եւ ամէն տեսակ կահոյք պատրաստեց։ 9Եմաթի արքայ Թովուն լսելով, որ Դաւիթը ջախջախել է Ադրաազարի բոլոր զօրքերին, իր որդի Եդդուրային ուղարկեց Դաւիթ արքայի մօտ նրա ողջութիւնը հարցնելու։ 10Նա շնորհաւորեց նրան այն բանի համար, որ ջախջախել էր Ադրաազարին, քանզի սա Թովուի թշնամին լինելով՝ իր դէմ բուռն պատերազմներ էր մղել։ Եդդուրան իր հետ վերցրել էր ոսկէ, արծաթէ եւ պղնձէ անօթներ։ 11Դաւիթ արքան այս ամէնը Տիրոջը նուիրաբերեց, ինչպէս նուիրաբերել էր իր յաղթած բոլոր ազգերից՝ եդոմայեցիներից, մովաբացիներից, ամոնացիներից,12այլազգիներից, ամաղէկացիներից եւ Սուբայի արքայի՝ Ռոբի որդի Ադրաազարից գրաւած արծաթն ու ոսկին։ 13Դաւիթն անուանի դարձաւ։ Երբ վերադառնում էր, Դաւիթը Գաբեղեմում հարուածեց ասորիներին եւ տասնութ հազար մարդ կոտորեց։ 14Նա Եդոմի մէջ՝ եդոմայեցիների երկրի բոլոր տեղերում բերդապահ զօրքեր դրեց, եւ բոլոր եդոմայեցիները դարձան արքայի հպատակները։ Տէրը հովանաւորում էր Դաւթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։ 15Աստուած Դաւթին ամբողջ Իսրայէլի վրայ թագաւոր կարգեց, եւ սա իրաւունք ու արդարութիւն էր գործադրում իր ամբողջ ժողովրդի հանդէպ։16Շարուհիի որդի Յովաբը զօրքի հրամանատարն էր, Աքիի որդի Յոսափատը դիւանապետ էր, 17Աքիտոբի որդի Սադոկը եւ Աբիաթարի որդի Աքիմելէքը քահանաներ էին, Ասան քարտուղար էր, 18Յովիդայէի որդի Բանեան խորհրդական էր, քերեթիները, փելեթիներն ու Դաւթի որդիները արքունի իշխաններ էին։ 
9 Դաւիթն ասաց. «Սաւուղի տնից մնացած մարդ կա՞յ, որ Յովնաթանի սիրուն նրան բարերարութիւն անեմ»։ 2Սաւուղի տնից Սիբա անունով մի ծառայ կար։ Կանչեցին նրան Դաւթի մօտ, եւ արքան հարցրեց նրան. «Դո՞ւ ես Սիբան»։ 3Սա պատասխանեց. «Ես եմ, քո ծառան»։ Արքան հարցրեց. «Սաւուղի տնից մնացած մարդ կա՞յ, որ նրան Աստծու ողորմածութիւնը ցոյց տամ»։ 4Սիբան ասաց արքային. «Յովնաթանն ունի ոտքերից հաշմուած մի որդի»։ Արքան ասաց. «Ո՞ւր է նա»։ Սիբան պատասխանեց արքային. «Նա լադաբարացի Ամիէլի որդի Մաքիրի տանն է»։ 5Դաւիթ արքան մարդ ուղարկելով՝ նրան վերցրեց լադաբարացի Ամիէլի որդու՝ Մաքիրի տնից։ 6Սաւուղի որդի Յովնաթանի որդի Մեմփիբոսթէն եկաւ Դաւիթ արքայի մօտ, ընկաւ երեսնիվայր եւ երկրպագութիւն արեց նրան։ Դաւիթն ասաց նրան. «Մեմփիբոսթէ»։ 7Նա ասաց. «Ահաւասիկ ես քո ծառան եմ»։ Դաւիթը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետեւ քո հայր Յովնաթանի սիրուն քեզ ողորմութիւն պիտի անեմ. քո հօր հայր Սաւուղի բոլոր արտերը քեզ պիտի վերադարձնեմ, եւ դու միշտ իմ սեղանից հաց պիտի ուտես»։8Մեմփիբոսթէն գետին խոնարհուեց եւ ասաց. «Քո ծառան ո՞վ է, որ մի մեռեալ շան վրայ, ինչպիսին ես եմ, ուշադրութիւն ես դարձնում»։9Արքան կանչելով Սաւուղի ծառայ Սիբային՝ ասաց. «Այն ամէնը, ինչ պատկանում էր Սաւուղին ու նրա ամբողջ տանը, տալիս եմ քո տիրոջ որդուն։ 10Դու, քո որդիներն ու քո ծառաները կը մշակէք նրա հողը, հացը կը բերէք քո տիրոջ տունը, որ ուտեն։ Քո տիրոջ որդի Մեմփիբոսթէն միշտ իմ սեղանից պիտի հաց ուտի»։ 11Սիբան ունէր տասնհինգ որդի եւ քսան ծառայ։ Սիբան ասաց արքային. «Ըստ ամենայնի, ինչ որ իմ տէր արքան հրամայեց իր ծառային, այնպէս էլ կ՚անի քո ծառան»։ Եւ Մեմփիբոսթէն Դաւթի սեղանից էր հաց ուտում, որպէս թէ արքայի որդիներից մէկը լինէր։ 12Մեմփիբոսթէն ունէր մի փոքրիկ որդի, որի անունը Միքա էր։ Սիբայի տան բոլոր բնակիչները Մեմփիբոսթէի ծառաներն էին։ 13Մեմփիբոսթէն բնակւում էր Երուսաղէմում, քանի որ միշտ արքայի սեղանից էր ուտում։ Նա երկու ոտքից կաղ էր։ 
10 Դրանից յետոյ մեռաւ ամոնացիների արքան, եւ նրա որդի Անոնը թագաւորեց նրա փոխարէն։ 2Դաւիթն ասաց. «Մարդասիրութիւն անենք Նաասի որդի Անոնի նկատմամբ, որովհետեւ նրա հայրն էլ իմ նկատմամբ էր մարդասիրութիւն արել»։ Դաւիթն իր իշխաններին ուղարկեց նրա մօտ, որ նրանց միջոցով ցաւակցի հօր համար։ Դաւթի իշխանները գնացին ամոնացիների երկիրը։ 3Ամոնացիների իշխաններն ասացին իրենց տէր Անոնին. «Մի՞թէ Դաւիթը հօրդ մեծարելու համար է քեզ մխիթարողներ ուղարկել։ Ո՛չ։ Դաւիթն իր իշխաններին ուղարկել է, որ զննեն, հետախուզեն քո քաղաքները։ 4Դաւիթն իր իշխաններին քեզ մօտ է ուղարկել լրտեսելու համար»։ Եւ նա Դաւթի իշխաններին բռնեց, նրանց մօրուքները ածիլեց եւ նրանց զգեստները մէջտեղից մինչեւ ծայրը պատռելով՝ արձակեց նրանց։ 5Այս մարդկանց հետ պատահածի մասին պատմեցին Դաւթին, նա նրանց ընդառաջ մարդ ուղարկեց, քանզի այդ մարդիկ խիստ անարգուած էին։ Արքան ասաց. «Մնացէ՛ք Երիքովում մինչեւ որ ձեր մօրուքները աճեն, եւ ապա կը վերադառնաք։6Երբ ամոնացիները տեսան, որ անարգել են Դաւթի ժողովրդին, մարդ ուղարկեցին եւ Ռոբի ու Սուբայի ասորիներից վարձեցին քսան հազար հետեւակ, ինչպէս նաեւ ամաղէկացիների արքայից հազար ու Ստոբի արքայից տասներկու հազար զինուոր։ 7Դաւիթ արքան այդ լսելով՝ Յովաբին ընտիր զօրքով ուղարկեց նրանց դէմ։ 8Ամոնացիները պատերազմելու համար ճակատ կազմեցին ասորիների Սուբա քաղաքի դարպասի մօտ, իսկ ռոբացիները, ստոբացիներն ու ամաղէկացիները առանձին էին կանգնել դաշտում։ 9Յովաբը տեսնելով, որ իր վրայ յարձակւում են առջեւից ու յետեւից, բոլոր իսրայէլացիներից ընտրեց երիտասարդներ եւ ասորիների դէմ ճակատ կազմեց։ 10Զօրքի մնացած մասը նա յանձնեց իր եղբօրը՝ Աբեսսային։ Նրանք ճակատ կազմեցին ամոնացիների դէմ։ 11Նա ասաց. «Եթէ ասորիներն ինձ նեղեն, դուք ինձ օգնութեան կը հասնէք, իսկ եթէ ամոնացիները քեզ նեղեն, մենք օգնութեան կը հասնենք։ 12Կորովի՛ եղիր, զօրավիգ լինենք մեր ժողովրդի ու մեր Աստծու քաղաքների բնակիչներին, եւ Տէրը կ՚անի իր աչքին հաճելի եղածը»։ 13Յովաբն իր զօրքով պատերազմի ելաւ ասորիների դէմ, եւ ասորիները փախան նրա առաջից։ 14Ամոնացիները երբ տեսան, որ ասորիները փախչում են, իրենք եւս փախուստի դիմեցին Աբեսսայի առաջից եւ մտան քաղաք։ Յովաբը ամոնացիների մօտից վերադարձաւ ու եկաւ Երուսաղէմ։ 15Երբ ասորիները տեսան, որ իրենք պարտուեցին Իսրայէլից, մէկտեղ հաւաքուեցին։ 16Ադրաազարը մարդ ուղարկեց եւ գետի այն կողմի ասորիներին հաւաքեց Քաղամակում։ Նրանք եկան հասան Եղամ, եւ Ադրաազարի իշխան Սոբակը զօրքի գլուխն անցաւ։ 17Դաւթին յայտնեցին այդ մասին։ Նա հաւաքեց բոլոր իսրայէլացիներին, անցաւ Յորդանան գետը եւ հասաւ Քաղամակ։ Ասորիները Դաւթի դիմաց գնդեր հանեցին ու նրա դէմ պատերազմեցին։ 18Ասորիները փախան իսրայէլացիների առաջից, եւ Դաւիթը ասորիների եօթը հարիւր մարտակառքերն ու քառասուն հազար հեծեալները ոչնչացրեց, զօրքի հրամանատար Սոբակին հարուածեց, ու սա տեղնուտեղը մեռաւ։19Ադրաազարին հպատակ բոլոր թագաւորները երբ տեսան, որ իրենք Իսրայէլից պարտութիւն են կրել, անձնատուր եղան, Իսրայէլի հետ հաշտութեան ուխտ կնքեցին, նրա հպատակները դարձան, իսկ ասորիները վախեցան այնուհետեւ ամոնացիներին օգնել։ 
11 Հետեւեալ տարին, երբ թագաւորները արշաւի էին ելնելու, Դաւիթը Յովաբին իր ծառաների ու բոլոր իսրայէլացիների հետ ուղարկեց, որ կոտորեն ամոնացիներին եւ պաշարեն Ռաբաթը, իսկ ինքը մնաց Երուսաղէմում։ 2Երեկոյեան կողմ, երբ Դաւիթն իր անկողնից ելնելով ման էր գալիս թագաւորական պալատի տանիքի վրայ, տեսաւ, որ մի կին լողանում էր տանիքի վրայ։ 3Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։ Դաւիթը մարդ ուղարկեց ու հարցուփորձ արեց այդ կնոջ մասին։ Նրան ասացին. «Չէ՞ որ դա քետացի Ուրիայի կինն է, Եղիաբի դուստր Բերսաբէէն»։ 4Դաւիթը պատգամաւորներ ուղարկեց, բերել տուեց նրան եւ մտաւ նրա ծոցը։ Նա դաշտանից նոր էր մաքրուել։ Կինը վերադարձաւ իր տունը եւ յղիացաւ։ 5Նա մարդ ուղարկեց Դաւթի մօտ եւ ասաց. «Յղի եմ ես»։ Դաւիթը մարդ ուղարկեց Յովաբի մօտ՝ ասելով. «Ինձ մօ՛տ ուղարկիր քետացի Ուրիային»։ 6Եւ Յովաբը Ուրիային ուղարկեց Դաւթի մօտ։ 7Եկաւ Ուրիան, ներկայացաւ Դաւթին։ Դաւիթը հարցրեց Յովաբի ողջութեան, զինուորների առողջութեան ու պատերազմի վիճակի մասին։ 8Ուրիան ասաց. «Ամէն ինչ բարեյաջող է»։ Դաւիթն ասաց Ուրիային. «Ելի՛ր, գնա՛ քո տունը եւ լուա՛ ոտքերդ»։ Ուրիան դուրս եկաւ արքայի տնից, եւ նրա յետեւից արքան պարգեւ ուղարկեց։ 9Ուրիան քնեց արքայի տան դռանը նրա ծառաների հետ. նա իր տունը չգնաց։ 10Դաւթին պատմեցին՝ ասելով, թէ Ուրիան իր տունը չի գնացել։ Դաւիթն ասաց Ուրիային. «Չէ՞ որ ճանապարհից ես եկել, ինչո՞ւ քո տունը չգնացիր»։ 11Ուրիան ասաց Դաւթին. «Աստծու ուխտի տապանակը, Իսրայէլի ու Յուդայի երկրի բանակները վրաններում են բնակւում, իմ տէր Յովաբն ու իմ տիրոջ ծառաները բաց դաշտում են բնակւում, ես իմ տո՞ւնը գնամ ուտելու, ըմպելու եւ իմ կնոջ հետ քնելու համար։ Այդ ինչպէ՞ս կարող է պատահել։ Երդւում եմ քո կեանքով, որ ես այդ բանը չեմ անի»։ 12Դաւիթն ասաց Ուրիային. «Այսօր էլ այստեղ մնա՛, եւ վաղը քեզ կ՚արձակեմ»։ Այդ օրը Ուրիան մնաց Երուսաղէմում։ 13Յաջորդ օրը Դաւիթը կանչեց նրան։ Սա կերաւ նրա մօտ, խմեց ու հարբեց եւ երեկոյեան քնեց իր անկողնում, իր տիրոջ ծառաների հետ. նա իր տունը չգնաց։ 14Առաւօտեան Դաւիթը նամակ գրեց Յովաբին եւ Ուրիայի միջոցով ուղարկեց նրան։ 15Նամակում գրուած էր. «Ուրիային ուղարկի՛ր պատերազմի թէժ տեղերը, իսկ դուք յե՛տ քաշուեցէք նրանից, որ նա վիրաւորուի ու մեռնի»։ 16Երբ Յովաբը քաղաքը պաշարել էր, Ուրիային ուղարկեց այնտեղ, ուր գիտէր, թէ զօրաւոր մարդիկ կան։ 17Քաղաքի մարդիկ պատերազմի ելան Յովաբի դէմ։ Դաւթի զօրքից մարդիկ ընկան եւ մեռան։ Մեռաւ նաեւ քետացի Ուրիան։ 18Յովաբը մարդ ուղարկեց եւ արքային պատմեց ամէն ինչ, որ պատահել էր պատերազմում։ 19Նա պատգամաբերին պատուիրեց՝ ասելով. «Հէնց որ պատերազմի բոլոր դէպքերն արքային պատմես ու վերջացնես եւ տեսնես, թէ արքան զայրանալով կ՚ասի քեզ. «Ինչո՞ւ էք քաղաքին մօտեցել պատերազմելու, չգիտէի՞ք, որ պարսպի վրայից նետեր կ՚արձակեն։ 20Ո՞վ սպանեց Ների որդի Յերոբովաղի որդի Աբիմելէքին։ 21Չէ՞ որ մի կին նրա վրայ պարսպի վրայից երկանաքարի մի բեկոր նետեց, եւ նա մեռաւ Թամասում։ Ինչո՞ւ էք մօտեցել պարսպին», այն ժամանակ կ՚ասես. «Քո ծառայ քետացի Ուրիան էլ մեռաւ»։ 22Յովաբի պատգամաբերը գնաց Երուսաղէմ, արքայի մօտ, հասաւ ու հաղորդեց Դաւթին ամէն ինչ՝ պատերազմի բոլոր դէպքերը, ինչպէս պատուիրել էր Յովաբը։ Դաւիթը բարկանալով Յովաբի վրայ՝ ասաց պատգամաբերին. «Ինչո՞ւ էք քաղաքին մօտեցել պատերազմելու, չգիտէ՞ք, որ պարսպից ձեզ հարուածելու են։ Ո՞վ սպանեց Յերոբովաղի որդի Աբիմելէքին։ Չէ՞ որ մի կին պարսպից նրա վրայ երկանաքարի մի բեկոր նետեց, եւ նա մեռաւ Թամասում։ Ինչո՞ւ էք մօտեցել պարսպին»։ 23Պատգամաբերն ասաց Դաւթին. «Այդ մարդիկ մեզանից ուժեղ էին։ 24Նրանք դուրս եկան մեր դէմ, մենք նրանց հալածեցինք մինչեւ քաղաքի դարպասը, բայց աղեղնաւորները պարսպի վրայից նետեր տեղացին քո ծառաների վրայ։ Արքայի ծառաներից ոմանք մեռան, մեռաւ նաեւ քո ծառայ քետացի Ուրիան»։25Դաւիթն ասաց պատգամաբերին. «Այսպէս կ՚ասես Յովաբին. «Եղածի համար մի՛ անհանգստացիր, որովհետեւ սուրը երբեմն այսպէս է հարուածում, երբեմն՝ այնպէս։ Սաստկացրո՛ւ պատերազմը քաղաքի դէմ ու կործանի՛ր այն։ Եւ գօտեպնդի՛ր քեզ»։ 26Երբ Ուրիայի կինը լսեց, որ իր ամուսինը՝ Ուրիան սպանուել է, ողբաց իր մարդու մահը։ 27Երբ սուգն անցաւ, Դաւիթը մարդ ուղարկեց, նրան իր տունը բերեց, սա դարձաւ նրա կինը եւ նրա համար որդի ծնեց։ Դաւթի այս արածը չար բան երեւաց Տիրոջ աչքին։ 
12 Տէրը Նաթան մարգարէին ուղարկեց Դաւթի մօտ։ Սա, գալով նրա մօտ, ասաց. «Մի քաղաքում երկու մարդ կար. մէկը հարուստ էր, միւսն՝ աղքատ։ 2Հարուստն ունէր շատ ու շատ հօտեր ու նախիրներ, իսկ աղքատը ոչինչ չունէր, բացի մի փոքրիկ էգ գառնուկից, որը ծախու էր առել ու պահում էր։ 3Գառնուկը մեծացաւ նրա ու նրա որդիների հետ։ Նա ուտում էր նրա հացից, նրա բաժակից խմում, նրա ծոցում էր քնում.4դա կարծես նրա դուստրն էր։ Այդ հարուստ մարդու մօտ մի անցորդ եկաւ։ հարուստը չուզեց իր հօտերից ու արջառներից մի անասուն մորթել, որ հիւրասիրի իր մօտ եկած անցորդին, առաւ աղքատի գառնուկը եւ կերակուր պատրաստեց իր մօտ եկած մարդու համար»։5Դաւիթը խիստ բարկանալով այդ մարդու վրայ՝ ասաց Նաթանին. «Կենդանի է Տէրը. այդ բանն անող մարդը արժանի է մահուան։ 6Նա այդ գառնուկի համար եօթնապատիկ պէտք է հատուցի այն բանի փոխարէն, որ նա արեց. այսինքն՝ մորթեց ուրիշի միակ գառը»։7Նաթանն ասաց Դաւթին. «Դո՛ւ ես այն մարդը, որ արել է այդ բանը։ Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ես եմ, որ քեզ թագաւոր օծեցի ամբողջ Իսրայէլի վրայ, ես եմ, որ քեզ փրկեցի Սաւուղի ձեռքից,8քեզ յանձնեցի քո տիրոջ՝ Սաւուղի տունը, քո տիրոջ կանայք քո գրկում են, քեզ տուեցի Իսրայէլն ու Յուդայի երկիրը, եւ եթէ դրանք քիչ ես համարում, նոյնքան էլ կ՚աւելացնեմ»։ 9Ինչո՞ւ Տիրոջ խօսքն անարգեցիր նրա աչքի առաջ չարիք գործելով։ Դու սրով սպանեցիր քետացի Ուրիային եւ նրա կնոջը քեզ կնութեան առար, նրան սպանեցիր ամոնացիների սրով։ 10Արդ, սուրը յաւիտեանս թող չհեռանայ քո տնից փոխարէնն այն բանի, որ ինձ անարգեցիր եւ քետացի Ուրիայի կնոջը քեզ կնութեան առար։ 11Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես քո դէմ չարիք կը յարուցեմ քո տնից. աչքերիդ առաջ քո կանանց պիտի վերցնեմ եւ տամ քո ընկերոջը, նա այս արեգակի լոյսի տակ պառկելու է քո կանանց հետ։ 12Դու այդ բանը ծածուկ արեցիր, իսկ ես այն անելու եմ ամբողջ Իսրայէլի աչքի առաջ, օրը ցերեկով»։ 13Դաւիթն ասաց Նաթանին. «Մեղանչել եմ Տիրոջ դէմ»։ Նաթանն ասաց Դաւթին.14«Տէրը ներեց քո մեղքը, եւ դու չես մեռնի, բայց քանի որ դրանով թշնամիներին առիթ տուեցիր Տիրոջը հայհոյելու, քեզանից ծնուելիք որդիդ պէտք է մեռնի»։ 15Նաթանը գնաց իր տունը, եւ Տէրը հարուածեց Դաւթի համար Ուրիայի կնոջ ծնած մանկանը, եւ սա հիւանդացաւ։16Դաւիթը մանկան համար աղաչեց Աստծուն. Դաւիթը ծոմ պահեց ու գիշերը գետնին քնեց։ 17Պալատականները ելան գնացին նրա մօտ, որ նրան գետնից բարձրացնեն, բայց նա չուզեց գետնից վեր կենալ եւ նրանց հետ հաց չկերաւ։ 18Երբ եօթներորդ օրը մանուկը մեռաւ, պալատականները վախենում էին Դաւթին յայտնել, թէ մանուկը մեռաւ, քանզի ասում էին. «Քանի դեռ մանուկը կենդանի էր, խօսեցինք նրա հետ, բայց նա մեր ասածը չլսեց։ Հիմա ինչպէ՞ս ասենք, թէ մանուկը մեռաւ։ Նա չարիք կը գործի»։ 19Դաւիթը տեսնելով, որ պալատականները փսփսում են եւ հասկանալով, որ մանուկը մահացել է, ասաց պալատականներին. «Մի՞թէ մանուկը մեռաւ»։ Նրանք ասացին՝ «Մեռաւ»։ 20Դաւիթը գետնից վեր կացաւ, լուացուեց ու օծուեց, փոխեց իր զգեստները, մտաւ Աստծու տունն ու երկրպագեց նրան։ Ապա նա իր տունը մտաւ, ուզեց հաց ուտել։ 21Նրա առաջ հաց դրեցին, ու նա կերաւ։ Պալատականները նրան ասացին. «Այս ի՞նչ արեցիր մանկան համար. քանի նա կենդանի էր, ծոմ էիր պահում, լալիս ու տանջւում, իսկ երբ մանուկը մեռաւ, վեր կացար, կերար ու խմեցիր»։ 22Դաւիթն ասաց. «Քանի մանուկը կենդանի էր, ծոմ էի պահում ու լալիս, որովհետեւ մտածում էի. «Ո՞վ գիտի, գուցէ Տէրը ողորմի, եւ մանուկն ապրի»։ 23Հիմա որ մանուկը մեռաւ, ես ինչո՞ւ ծոմ պահեմ, մի՞թէ կարող եմ նրան յետ կեանքի կոչել։ Ես եմ նրա մօտ գնալու, իսկ նա ինձ մօտ չի վերադառնայ»։ 24Դաւիթը մխիթարեց իր կնոջը՝ Բերսաբէէին։ Դաւիթը գնաց նրա մօտ, պառկեց նրա հետ, կինը յղիացաւ ու ծնեց որդի։ Դաւիթը նրա անունը դրեց Սողոմոն։ 25Տէրը սիրեց նրան, Նաթան մարգարէի միջոցով պատգամ յղեց, եւ սա մանկան անունը Տիրոջ համար Յեդեդի դրեց։ 26Յովաբը Ռաբաթում պատերազմում էր ամոնացիների դէմ եւ գրեթէ գրաւել էր թագաւորանիստ քաղաքը։ 27Յովաբը պատգամաբերներ ուղարկեց Դաւթին՝ ասելով. 28«Ռաբաթի դէմ պատերազմել եմ եւ գրաւել ջրերի քաղաքը։ Արդ, հաւաքի՛ր մնացած ժողովրդին, քաղաքի դիմաց բանա՛կ դիր ու գրաւի՛ր այն, որպէսզի ե՛ս գրաւած չլինեմ քաղաքը, եւ իմ անունը չկապուի դրա հետ»։ 29Դաւիթը հաւաքեց ամբողջ ժողովրդին, գնաց Ռաբաթ ու պատերազմելով գրաւեց այն։ 30Նա նրանց թագաւոր Մեղքոմի գլխից վերցրեց թագը, որի քաշը մի տաղանդ ոսկի էր եւ զարդարուած էր թակարժէք քարերով։ Դա դրեցին Դաւթի գլխին։ Նա քաղաքից խիստ շատ աւար տարաւ։ 31Նա դուրս հանեց այդտեղի ժողովրդին, նրանց լծեց սղոցի ու երկաթէ կացինների աշխատանքների, գործի դրեց աղիւսի փռում։ Նա այսպէս վարուեց նաեւ ամոնացիների բոլոր քաղաքներում։ Դաւիթն ու ամբողջ ժողովուրդը դրանից յետոյ վերադարձան Երուսաղէմ։ 
13 Դաւթի որդի Աբեսաղոմը ունէր շատ գեղեցիկ մի քոյր, որի անունն էր Թամար։ Դաւթի որդի Ամոնը սիրեց նրան։ 2Ամոնը նեղւում էր այն աստիճան, որ հիւանդացաւ իր քոյր Թամարի պատճառով։ Թամարը կոյս էր, եւ Ամոնի համար դժուար էր նրան մերձենալու որեւէ փորձ անել։ 3Ամոնն ունէր Յովնադաբ անունով մի ընկեր, որը Դաւթի եղբայր Սամաայի որդին էր։ Յովնադաբը շատ խորագէտ մարդ էր։ 4Սա ասաց Ամոնին. «Ինչո՞ւ ես դու այդպէս օրէցօր հիւծւում, ո՜վ արքայորդի, եւ ինձ չես պատմում»։ Ամոնը նրան ասաց. «Իմ եղբայր Աբեսաղոմի քրոջը՝ Թամարին եմ սիրում»։ 5Յովնադաբն ասաց նրան. «Պառկի՛ր քո անկողնում, հիւա՛նդ ձեւացիր, ու երբ հայրդ գայ քեզ տեսնելու, կ՚ասես նրան. «Թող իմ քոյր Թամարը գայ, իմ աչքերի առաջ ուտելիք պատրաստի, ինձ խաւիծ տայ, որպէսզի տեսնեմ եւ ուտեմ նրա ձեռքից»։ Ամոնը պառկեց ու հիւանդ ձեւացաւ։ 6Արքան եկաւ նրան տեսնելու։ Ամոնն ասաց արքային. «Թող իմ քոյր Թամարը գայ ինձ մօտ, իմ աչքի առաջ ուտելու համար բլիթներ պատրաստի, որ ես ուտեմ նրա ձեռքից»։ 7Դաւիթը մարդ ուղարկեց տուն, Թամարի մօտ՝ ասելով. «Գնա՛ քո եղբայր Ամոնի տունը եւ նրա համար կերակո՛ւր պատրաստիր»։ 8Թամարը գնաց իր եղբայր Ամոնի տունը, ուր նա պառկած էր, վերցրեց ալիւրը, խմոր շաղեց, նրա աչքի առաջ բլիթներ պատրաստեց ու եփեց դրանք։ 9Թամարն առաւ տապակը եւ դատարկեց նրա առաջ, սակայն նա չուզեց ուտել։ Ամոնն ասաց. «Իմ մօտ գտնուող բոլոր մարդկանց դո՛ւրս հանեցէք»։ Բոլորին դուրս հանեցին իր մօտից։ Ամոնն ասաց Թամարին. 10«Կերակուրը տա՛ր սենեակ, որ քո ձեռքից ուտեմ»։ Թամարն առաւ իր պատրաստած բլիթները, 11տարաւ իր եղբայր Ամոնի սենեակը ու մօտեցրեց նրան, որ ուտի։ 12Նա բռնելով նրան՝ ասաց. «Եկ պառկի՛ր ինձ հետ, քո՛յր իմ»։ Թամարն ասաց նրան. «Ո՛չ, եղբա՛յր, ինձ մի՛ բռնացիր, քանզի Իսրայէլում այդպիսի բան չի արւում։ 13Դու էլ մի՛ արա այդ անզգամութիւնը։ Ես ինչպէ՞ս տանեմ իմ նախատինքը։ Դու անզգամներից մէկը կը լինես Իսրայէլում։ Արդ, խօսի՛ր արքայի հետ, եւ նա չի հրաժարուի ինձ քեզ տալուց»։ 14Ամոնը չուզեց լսել նրան ու ձեռքը գցելով բռնութիւն գործադրեց եւ պառկելով նրա հետ՝ բռնաբարեց նրան։ 15Ամոնը դրանից յետոյ շատ մեծ ատելութեամբ լցուեց Թամարի դէմ, այնպէս որ աւելի մեծ էր ատելութիւնը, որով ատեց նրան, քան նախկին սէրը, որով սիրել էր։ Ամոնն ասաց նրան. «Վե՛ր կաց, գնա՛»։ 16Թամարը նրան ասաց. «Դուրս քշելով ինձ՝ աւելի մեծ չարիք ես գործում, քան այն, որ արեցիր ինձ հետ»։ 17Ամոնը, սակայն, չուզեց լսել նրան եւ, կանչելով իր տան վերակացու սպասաւորին, ասաց նրան. «Դո՛ւրս հանիր սրան իմ մօտից եւ դուռը փակի՛ր նրա յետեւից»։ 18Թամարի վրայ գունագեղ կոճակներով ասեղնագործ պարեգօտ կար. այդպիսի զգեստներ էին հագնում թագաւորների կոյս դուստրերը։ Սպասաւորը նրան դուրս հանեց ու դռները փակեց նրա յետեւից։ 19Թամարը մոխիր վերցնելով՝ ածեց իր գլխին, պատառոտեց կոճակներով զարդարուն պարեգօտը, որ հագել էր, ձեռքը դրեց իր գլխին եւ գնաց՝ լաց լինելով։ 20Նրա եղբայր Աբեսաղոմը հարցրեց նրան. «Մի՞թէ քո եղբայր Ամոնը քեզ հետ պառկեց։ Արդ, քո՛յր իմ, լո՛ւռ մնա, որովհետեւ նա քո եղբայրն է։ Մտքիցդ մի՛ անցկացրու այդ բանը պատմել»։ Եւ Թամարը, որպէս այրի, բնակուեց իր եղբայր Աբեսաղոմի տանը։ 21Արքան այս բաները լսելով՝ խիստ բարկացաւ, սակայն չվրդովեց իր որդի Ամոնի հոգին, քանի որ նա իր անդրանիկ որդին էր, եւ արքան սիրում էր նրան։22Աբեսաղոմը Ամոնի մասին վատ կամ լաւ բան չասաց, բայց Աբեսաղոմն ատում էր Ամոնին այն բանի համար, որ նա բռնաբարել էր իր քրոջը՝ Թամարին։ 23Երեք տարի անց, երբ Աբեսաղոմը Եփրեմի երկրին մերձակայ Բեթմարոն բնակավայրում պէտք է խուզէր իր ոչխարները, իր մօտ հրաւիրեց արքայի բոլոր որդիներին։ 24Աբեսաղոմը գալով արքայի մօտ՝ ասաց նրան. «Ահաւասիկ քո ծառայի ոչխարները խուզելու ժամանակն է։ Արքան ու նրա ծառաները քո ծառայի հետ թող գնան Բեթմարոն»։ 25Արքան ասաց Աբեսաղոմին. «Ո՛չ, որդեա՛կ իմ, ամէնքս թող չգնանք ու չծանրաբեռնենք քեզ»։ Նա պնդեց, սակայն արքան չուզեց գնալ եւ օրհնեց նրան։ 26Աբեսաղոմն ասաց. «Այդ դէպքում գոնէ ինձ հետ թող գայ իմ եղբայր Ամոնը»։ 27Արքան ասաց. «Ինչո՞ւ նա գնայ քեզ հետ»։ Աբեսաղոմը պնդեց, եւ արքան նրա հետ ուղարկեց Ամոնին ու իր բոլոր որդիներին։ 28Աբեսաղոմը թագաւորավայել խրախճանք սարքեց։ Նա պատուիրեց իր ծառաներին՝ ասելով. «Տեսէ՛ք, երբ որ Ամոնը հարբի գինուց, եւ ես ձեզ ասեմ՝ «Խփեցէ՛ք Ամոնին եւ սպանեցէ՛ք նրան», մի՛ վախեցէք, չէ՞ որ ես եմ ձեզ հրամայում։ 29Քաջասի՛րտ եղէք ու զօրացէ՛ք»։ Եւ Աբեսաղոմի զինուորները Ամոնին արեցին այն, ինչ հրամայել էր Աբեսաղոմը։ Արքայի բոլոր որդիները ելան, եւ ամէն մէկն իր ջորին հեծնելով՝ փախաւ։ 30Մինչ նրանք ճանապարհին էին, գոյժը հասաւ Դաւթին, թէ Աբեսաղոմը կոտորել է արքայի բոլոր որդիներին, նրանցից ոչ ոքի կենդանի չի թողել։ 31Ելաւ արքան, իր զգեստները պատառոտեց ու գետին ընկաւ։ Բոլոր ծառաները նրա շուրջն էին կանգնել իրենց պատառոտուած զգեստներով։ 32Դաւթի եղբայր Սամաայի որդի Յովնադաբն ասաց. «Մի՛ ասա, իմ տէ՛ր արքայ, թէ՝ «Արքայի բոլոր որդիները մեռան», քանի որ միայն Ամո՛նը մեռաւ։ Աբեսաղոմն այդպէս էր որոշել այն օրուանից, երբ Ամոնը բռնաբարել էր իր քրոջը՝ Թամարին։ 33Արդ, թող իմ արքան այդ բանն իր սրտին մօտիկ չընդունի եւ չասի, թէ՝ «Արքայի բոլոր որդիները մեռան»։ Միայն Ամո՛նը մեռաւ»։34Եւ Աբեսաղոմը փախաւ։ Դիտանոցի երիտասարդ պահակն իր աչքերը բարձրացնելով՝ տեսաւ, որ մի խումբ մարդիկ են գալիս լերան լանջի զառիվայր ճանապարհով։ Նա եկաւ ու պատմեց արքային՝ ասելով. «Որոնիմի ճանապարհին, լերան լանջին մարդկանց տեսայ»։35Յովնադաբն ասաց արքային. «Ահա արքայի որդիներն են գալիս։ Ինչ որ ասաց քո ծառան, այդպէս էլ եղաւ»։ 36Երբ նա խօսքը վերջացրեց, ահա եկան արքայի որդիները եւ իրենց ձայնը բարձրացնելով՝ լաց եղան։ Արքան էլ իր բոլոր ծառաների հետ հեկեկալով՝ լաց եղաւ։37Աբեսաղոմը փախաւ ու գնաց Գեսուրի արքայ Եմիուդի որդի Թոլմելեմի մօտ, Մաքուլի երկիրը։ Դաւիթը ամբողջ ժամանակ սուգ էր անում իր որդու համար, 38իսկ Աբեսաղոմը փախել ու գնացել էր Գեսուր, ուր մնաց երեք տարի։ 39Դաւիթ արքայի զայրոյթը Աբեսաղոմի դէմ հանդարտուեց, որովհետեւ նա մխիթարուել էր մեռած Ամոնի համար։ 
14 Շարուհիի որդի Յովաբն իմացել էր, որ արքայի սիրտը վերստին տաքացել է Աբեսաղոմի հանդէպ։ 2Յովաբը մարդ ուղարկեց Թեկուէ եւ այնտեղից մի ճարպիկ կին բերելով՝ ասաց նրան. «Սգաւոր ձեւացի՛ր՝ սգոյ հագուստներ հագի՛ր, իւղով մի՛ օծուիր եւ դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռեալի վրայ է սգում։ 3Կը գնաս արքայի մօտ եւ նրա հետ այսպէս կը խօսես»։ Եւ Յովաբը նրան յայտնեց այն, ինչ պէտք է ասէր։ 4Թեկուացի կինը մտաւ արքայի մօտ եւ երեսնիվայր գետին խոնարհուելով՝ ասաց. 5«Փրկի՛ր ինձ, արքա՛յ, փրկի՛ր»։ Արքան ասաց նրան. «Ի՞նչ է եղել քեզ»։ Նա ասաց. «Ես մեծ տագնապի մէջ եմ։6Մի այրի կին եմ ես, ամուսինս մահացել է։ Քո աղախինը երկու որդի ունէր։ Երկուսը դաշտում կռուեցին, ու ոչ ոք չբաժանեց նրանց, եւ եղբայրներից մէկը միւսին խփեց ու սպանեց։ 7Ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դէմ՝ ասելով. «Իր եղբօրը սպանողին յանձնի՛ր, որ նրան սպանենք իր եղբօր արեան փոխարէն եւ քո ժառանգորդին վերացնենք»։ Այսպիսով նրանք ուզում են հանգցնել իմ յոյսի մնացած կայծը՝ իմ մարդու համար չթողնելով ո՛չ յետնորդ, ո՛չ էլ անուն երկրի երեսին»։ 8Արքան ասաց. «Ողջութեամբ գնա՛ քո տունը, եւ ես կը կարգադրեմ քո հարցը»։ 9Թեկուացի կինն ասաց. «Թող ինձ վրայ, արքա՛յ, եւ իմ տան վրայ լինի մեղքը, իսկ արքան ու նրա աթոռն անպարտ թող լինեն»։ 10Արքան ասաց. «Ո՞վ է քեզ հետ խօսելու։ Նրան ինձ մօ՛տ բեր, եւ նա այլեւս քեզ չի մօտենայ»։ 11Կինն ասաց. «Թող արքան յիշի իր Տէր Աստծուն, որ չշատանան վրէժի համար արիւն թափողները եւ իմ որդուն չսպանեն»։ Դաւիթն ասաց. «Կենդանի է Տէրը. քո որդու գլխից մի մազ անգամ գետին չի ընկնի»։ 12Կինն ասաց. «Թո՛յլ տուր, որ քո աղախինը մի խօսք ասի իր տէր արքային»։ 13Արքան ասաց. «Խօսի՛ր»։ Կինն ասաց. «Ինչո՞ւ այդպիսի բան ես մտածում Աստծու ժողովրդի մասին, կամ թէ արքայի՞ բերանից ելաւ այն վնասաբեր խօսքը, որ արքան չվերադարձնի իրենից հեռացուածին, 14որ նա մեռնի եւ, ինչպէս գետին թափած ջուրը, այլեւս չհաւաքուի, Աստուած նրա հոգին չառնի, եւ որեւէ մէկը չմտածի իրենից հեռացնել հեռացուածին։15Արդ, եկել եմ իմ տէր արքային ասելու այս խօսքերը, որպէսզի, երբ ժողովուրդն ինձ տեսնի, ասի, թէ՝ «Քո աղախինը խօսել է արքայի հետ, թերեւս արքան իր աղախնի խօսքը կատարի»։ 16Քանզի արքան պէտք է լսի ու ինձ փրկի այն մարդու ձեռքից, որն ուզում է ինձ ու իմ որդուն Աստծու ժառանգութիւնից զրկել»։ 17Եւ կինն ասաց. «Թող իմ տէր արքայի խօսքը բարով կատարուի, քանզի իմ տէր արքան նման է Աստծու հրեշտակի, որը պատրաստ է լսելու բարին ու չարը, եւ թող քո Տէր Աստուածը քեզ հետ լինի»։ 18Արքան պատասխանեց եւ ասաց կնոջը. «Ինձանից մի՛ թաքցրու այն, ինչ քեզանից հարցնելու եմ»։ 19Կինն ասաց. «Ասա՛, տէ՛ր իմ արքայ»։ Արքան ասաց. «Քո ասած այս բոլոր խօսքերի մէջ արդեօ՞ք Յովաբի մատը չկայ»։ Կինն ասաց արքային. «Երդւում եմ քո անձով, տէ՛ր իմ արքայ, որ ոչ ոք աջ կամ ձախ չի խոտորուի այն ամենից, որ ասաց իմ տէր արքան. քո ծառայ Յովաբը ինքն է ինձ պատուիրել, եւ նա է քո աղախնի բերանը դրել այս խօսքերը, որ ասում եմ։ 20Այս խօսքի ձեւը փոխելու նպատակով է, որ քո ծառայ Յովաբն արեց այս բանը։ Իմ տէր արքան իմաստուն է Աստծու հրեշտակի պէս եւ գիտէ երկրի վրայ եղած ամէն բան»։ 21Արքան գնաց եւ ասաց Յովաբին. «Ահաւասիկ անում եմ ըստ քո ասածի. գնա յե՛տ դարձրու, բե՛ր պատանի Աբեսաղոմին»։ 22Յովաբը երեսնիվայր գետին ընկնելով՝ երկրպագեց արքային, օրհնեց նրան։ Յովաբն ասաց. «Այսօր քո ծառան իմացաւ, որ շնորհ է գտել քո աչքում, տէ՛ր իմ արքայ, քանզի իմ տէր արքան իր ծառայի ասածը կատարեց»։ 23Յովաբը ելաւ գնաց Գեսուր եւ Աբեսաղոմին բերեց Երուսաղէմ։ 24Արքան ասաց. «Թող իր տունը վերադառնայ եւ թող իմ երեսը չտեսնի»։ Աբեսաղոմն իր տունը վերադարձաւ եւ արքայի աչքին չերեւաց։ 25Ամբողջ Իսրայէլի մէջ Աբեսաղոմի պէս գեղեցիկ ու գովելի տղամարդ չկար։ Ոտքի ծայրից մինչեւ գլուխը նա ոչ մի արատ չունէր։ 26Երբ իր գլխի մազերը կտրում էր, - իսկ նա ամէն տարուայ սկզբին էր կտրում, քանի որ մազերը խիստ ծանրանում էին նրա վրայ, - այդ կտրած մազերը կշռում էին երկու հարիւր սիկղ ըստ արքունական կշռի։ 27Աբեսաղոմը երեք տղայ եւ մէկ աղջիկ ունեցաւ, որի անունն էր Թամար։ Նա տեսքով շատ գեղեցիկ կին էր եւ, դառնալով Սողոմոնի որդի Ռոբովամի կինը, նրա համար ծնեց Աբիային։ 28Աբեսաղոմը երկու տարի մնաց Երուսաղէմում, բայց արքայի աչքին չերեւաց։ 29Աբեսաղոմը մարդ ուղարկեց Յովաբի մօտ, որ սա այցելի արքային, բայց Յովաբը չուզեց նրա մօտ գնալ։ Երկրորդ անգամ Աբեսաղոմը լուր ուղարկեց, եւ նա դարձեալ չուզեց գնալ։30Աբեսաղոմն ասաց իր ծառաներին. «Տեսէ՛ք, իմ արտի մօտ գտնուող Յովաբի արտը լի է գարիով, գնացէ՛ք եւ հրկիզեցէ՛ք այն»։ Աբեսաղոմի ծառաները այրեցին Յովաբի արտը։ Յովաբի ծառաները եկան իր մօտ իրենց պատառոտուած զգեստներով եւ ասացին. «Աբեսաղոմի ծառաները քո արտը այրեցին»։ 31Յովաբը ելաւ եկաւ Աբեսաղոմի տունը եւ ասաց նրան. «Ինչո՞ւ են քո ծառաները հրկիզել իմ արտը»։32Աբեսաղոմն ասաց Յովաբին. «Ես քեզ մօտ մարդ էի ուղարկել, թէ՝ «Ե՛կ այստեղ, որ քեզ ուղարկեմ արքայի մօտ՝ ասելու համար, թէ ես ինչո՞ւ եկայ Գեսուրից, քանի որ աւելի լաւ էր, որ դեռ այնտեղ մնայի, քան թէ արքայի երեսը չտեսնէի։ Եթէ որեւէ յանցանք ունեմ, սպանի՛ր ինձ»։ 33Յովաբը մտնելով արքայի մօտ՝ հաղորդեց նրան նրա ասածը։ Արքան կանչեց Աբեսաղոմին, որը մտնելով արքայի մօտ՝ երեսնիվայր գետին ընկաւ արքայի առաջ, երկրպագեց նրան, եւ արքան համբուրեց Աբեսաղոմին։









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Инжир в сахарном сиропе

Инжир в сахарном сиропеНе очень спелый инжир очистить, немного проварить...

Тыквенная запеканка

Тыквенная запеканкаОчищенную тыкву нарезать кусками, отварить в подсоленной воде, откинуть...

Стручки фасоли с мацуном

Стручки фасоли с мацуномПодготовленные стручки фасоли разрезать на части, положить...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта