ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Գ

(0 голоса, среднее 0 из 5)
Индекс материала
ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Գ
2
Все страницы

3 Թագաւորաց


1 Դաւիթ արքան տարիքն առել, ծերացել էր. նրան զգեստներով ծածկում էին, բայց նա չէր տաքանում։ 2Նրա ծառաներն ասացին. «Թող մեր տէր արքայի համար մի կոյս աղջիկ գտնեն, որ նա կանգնի արքայի առջեւ եւ հոգ տանի նրան, նրա հետ պառկի, ու մեր տէր արքան տաքանայ»։ 3Մի գեղեցիկ աղջիկ որոնեցին Իսրայէլի ամբողջ տարածքում, գտան սոմնացի Աբիսակին ու նրան բերեցին արքայի մօտ։4Աղջիկը շատ գեղեցիկ էր, տաքացնում էր արքային ու ծառայում նրան, բայց արքան չմերձեցաւ նրան։ 5Ադոնիան՝ Ագիթի որդին, վեր-վեր թռչելով, ասաց. «Ես պէտք է թագաւորեմ»։ Եւ նա կառքեր ու հեծեալներ պատրաստեց։ Յիսուն սուրհանդակներ ընթանալու էին նրա առջեւից։ 6Հայրը նրան երբեք չարգելեց, չասաց, թէ՝ «Ինչո՞ւ այդ արեցիր»։ Ինքն էլ դէմքով գեղեցիկ էր ու ծնուել էր Աբեսաղոմից յետոյ։7Նա խորհրդակցեց Շարուհիի որդի Յովաբի եւ Աբիաթար քահանայի հետ, ու նրանք օգնեցին Ադոնիային։ 8Սադոկ քահանան, Բանեան՝ Յովիդայէի որդին, Նաթան մարգարէն, Սեմէին, Ռէին եւ Դաւթի քաջարի մարդիկ Ադոնիայի հետ չէին։ 9Եւ Ադոնիան ոչխարներ, եզներ ու գառներ մորթեց Զոոլեթի քարի մօտ, որը Ռոգէլի երկրին մօտ է։ Նա կանչեց իր բոլոր եղբայրներին՝ արքայի որդիներին, եւ Յուդայի երկրի բոլոր տղամարդկանց՝ արքայի ծառաներին, 10բայց Նաթան մարգարէին, Բանեասին, քաջարի մարդկանց եւ իր Սողոմոն եղբօրը չկանչեց։ 11Նաթան մարգարէն խօսելով Սողոմոնի մօր՝ Բերսաբէէի հետ, ասաց. «Չե՞ս լսել, որ Ադոնիան՝ Ագիթի որդին, թագաւոր է դարձել, եւ մեր տէր արքայ Դաւիթը այդ չգիտի։ 12Արդ, ե՛կ քեզ մի խորհուրդ տամ, որ փրկես քո եւ Սողոմոն որդուդ կեանքը։ 13Գնա՛ Դաւիթ արքայի մօտ, խօսի՛ր նրա հետ եւ ասա՛. «Չէ՞ որ դու ինքդ, տէ՛ր իմ արքայ, երդուելով քո աղախնին, ասացիր, թէ՝ «Քո որդի Սողոմոնն է թագաւորելու ինձնից յետոյ, նա է նստելու իմ աթոռին»։ Էլ ինչո՞ւ է թագաւորել Ադոնիան»։ 14Երբ կը սկսես խօսել արքայի հետ, ես կը մտնեմ ու կը լրացնեմ քո խօսքերը»։ 15Բերսաբէէն մտաւ սենեակ, արքայի մօտ։ Արքան շատ էր ծերացել, եւ սոմնացի Աբիսակն սպասարկում էր արքային։ 16Բերսաբէէն խոնարհուեց ու երկրպագեց արքային։ Արքան հարցրեց. «Ի՞նչ է խնդրանքդ»։ 17Նա պատասխանեց. «Իմ տէ՛ր արքայ, դու քո Տէր Աստուծով երդուեցիր քո աղախնին ու ասացիր, թէ՝ «Իմ որդի Սողոմոնն է թագաւորելու ինձնից յետոյ, նա է նստելու իմ աթոռին», 18բայց ահա Ադոնիան է թագաւորել, եւ դու, տէ՛ր իմ արքայ, այդ չես իմացել։ 19Բազում արջառներ, ոչխարներ ու գառներ է մորթել, կանչել է արքայի բոլոր որդիներին, Աբիաթար քահանային ու զօրքի հրամանատար Յովաբին, իսկ քո ծառայ Սողոմոնին չի կանչել։20Տէ՛ր իմ արքայ, ամբողջ Իսրայէլն իր հայեացքը յառել է քեզ վրայ, որ յայտնես նրանց, թէ ով պիտի նստի իմ տէր արքայի աթոռին իրենից յետոյ։ 21Եթէ իմ տէր արքան գնայ իր նախնիների գիրկը, ես ու իմ որդի Սողոմոնը մեղապարտ կը համարուենք»։ 22Մինչ նա խօսում էր արքայի հետ, եկաւ Նաթան մարգարէն։ 23Յայտնեցին արքային, թէ՝ «Ահաւասիկ եկել է Նաթան մարգարէն»։ Սա մտաւ արքայի մօտ ու մինչեւ գետին երեսնիվայր գլուխ տուեց նրան։ 24Նաթանն ասաց. «Տէ՛ր իմ արքայ, դո՞ւ ես ասել, թէ՝ «Ադոնիան թագաւորելու է ինձնից յետոյ եւ նստելու է իմ աթոռին»։ 25Այսօր նա իջել է, մորթել բազում արջառներ, ոչխարներ ու գառներ, կանչել արքայի բոլոր որդիներին, զօրքի հրամանատարներին ու Աբիաթար քահանային։ Նրանք ահա ուտում ու խմում են նրա մօտ՝ ասելով. «Կեցցէ՛ Ադոնիա արքան», 26իսկ ինձ՝ քո ծառային, Սադոկ քահանային, Յովիդայէի որդի Բանեային եւ քո Սողոմոն ծառային չի կանչել։ 27Արդեօ՞ք այս բանն իմ տէր արքայի հրամանով է կատարուել։ Դու, սակայն, քո ծառային չես յայտնել, թէ իրենից յետոյ ո՛վ պիտի նստի իմ տէր արքայի աթոռին»։ 28Պատասխան տուեց Դաւիթ արքան՝ ասելով. «Ինձ մօ՛տ կանչեցէք Բերսաբէէին»։ Սա մտաւ նրա մօտ ու կանգնեց նրա դիմաց։ 29Արքան երդուեց՝ ասելով. «Կենդանի է Տէրը, որ փրկել է իմ կեանքը ամէն նեղութիւնից։ 30Ինչպէս երդուելով Իսրայէլի Տէր Աստուծով ասել եմ, թէ՝ «Քո Սողոմոն որդին է թագաւորելու ինձնից յետոյ, եւ իմ փոխարէն նա է նստելու իմ աթոռին», այդպէս էլ անելու եմ հէնց այսօր»։ 31Բերսաբէէն երեսնիվայր գետին խոնարհուեց ու գլուխ տալով արքային՝ ասաց. «Յաւիտեան կեցցէ՛ իմ տէր Դաւիթ արքան»։32Դաւիթ արքան ասաց. «Ինձ մօ՛տ կանչեցէք Սադոկ քահանային, Նաթան մարգարէին ու Յովիդայէի որդի Բանեային»։ 33Սրանք եկան արքայի մօտ։ Արքան ասաց նրանց. «Առէ՛ք ձեզ հետ ձեր տիրոջ ծառաներին, իմ որդի Սողոմոնին իմ ջորու վրայ նստեցրէ՛ք եւ իջեցրէ՛ք Գեհոն։ 34Սադոկ քահանան ու Նաթան մարգարէն այնտեղ նրան թող Իսրայէլի թագաւոր օծեն։ Եղջերափողեր հնչեցրէ՛ք եւ բացականչեցէ՛ք՝ «Կեցցէ՛ Սողոմոն արքան»։ 35Ապա նրա յետեւից գնալով՝ քաղա՛ք բարձրացէ՛ք, եւ նա թող գայ, նստի իմ աթոռին ու թագաւորի իմ փոխարէն, քանզի ես եմ հրամայել, որ նա լինի Իսրայէլի ու Յուդայի երկրի առաջնորդը»։ 36Յովիդայէի որդի Բանեան պատասխան տալով արքային՝ ասաց. «Թող այդպէս լինի, թող Տէր Աստուածն իմ տէր արքայի խօսքը հաստատի։ 37Ինչպէս Տէրն իմ արքայ տիրոջ հետ էր, նոյնպէս թող լինի նաեւ Սողոմոնի հետ, թող բարձրացնի նրա աթոռը առաւել, քան իմ տէր արքայ Դաւթի աթոռը»։ 38Սադոկ քահանան, Նաթան մարգարէն, Յովիդայէի որդի Բանեան, քերեթիներն ու օփելեթիները եկան եւ Սողոմոնին նստեցրին Դաւիթ արքայի ջորու վրայ եւ նրան տարան Գեհոն։ 39Սադոկ քահանան իւղով լի եղջիւրն առաւ խորանից եւ օծեց Սողոմոնին, եղջերափող հնչեցրեց, եւ ամբողջ ժողովուրդը բացականչեց՝ «Կեցցէ՛ Սողոմոն արքան»։ 40Բոլոր մարդիկ եկան նրա հետ, պարեր պարելով մեծ ուրախութիւն արեցին, երկիրը դղրդաց նրանց ձայնից։ 41Երբ Ադոնիան ու նրա բոլոր հիւրերը աւարտեցին ուտելը, լսեցին ուրախութեան աղմուկ-աղաղակը։ Յովաբը լսելով եղջերափողի ձայնը՝ ասաց. «Այս ի՞նչ աղմուկ է բարձրացել քաղաքում»։ 42Մինչ նա խօսում էր, եկաւ Աբիաթար քահանայի որդի Յովնաթանը։ Ադոնիան նրան ասաց. «Նե՛րս մտիր, քանզի զօրաւոր մարդ ես դու եւ բարի լուր ես տալու»։ 43Յովնաթանը պատասխան տալով՝ ասաց Ադոնիային. «Յիրաւի, մեր տէր Դաւիթ արքան թագաւոր դարձրեց Սողոմոնին։ 44Նա Սադոկ քահանային, Նաթան մարգարէին, Յովիդայէի որդի Բանեային, քերեթիներին ու օփելեթիներին ուղարկեց նրա հետ, նրան նստեցրին արքայի ջորու վրայ, 45եւ Սադոկ քահանան ու Նաթան մարգարէն նրան թագաւոր օծեցին Գեհոնում։ Ապա այնտեղից ուրախութեամբ եկան, ու քաղաքը դղրդաց։ Ահա այդ ձայնն է, որ լսում էք։ 46Սողոմոնը նստեց արքայական գահին։ 47Արքայի ծառաները մտան, որ շնորհաւորեն մեր տէր Դաւիթ արքային։ Նրանք ասացին. «Թող Աստուած քո Սողոմոն որդու անունը առաւել մեծացնի, քան քո անունը, եւ նրա աթոռն առաւել բարձրացնի, քան քո աթոռը»։ Արքան իր անկողնի մէջ գլուխ խոնարհեց՝ ասելով. 48«Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որն այսօր իմ զաւակին արժանացրեց իմ աթոռին, եւ իմ աչքերը այդ տեսնում են»։ 49Ադոնիայի բոլոր հիւրերը զարհուրեցին ու վեր կացան, եւ ամէն մէկը գնաց իր ճանապարհով։50Ադոնիան վախենալով Սողոմոնից՝ ելաւ գնաց ու զոհասեղանի եղջիւրներից բռնեց։ 51Սողոմոնին յայտնեցին՝ ասելով. «Ահա Ադոնիան վախեցաւ Սողոմոն արքայից։ Նա բռնել է զոհասեղանի եղջիւրները եւ ասում է. «Թող Սողոմոն արքան այսօր ինձ երդուի, թէ իր ծառային սրով չի սպանի»։ 52Սողոմոնն ասաց. «Եթէ նա առաքինի մարդ լինի, նրանից ոչ մի մազ չի պակասի ու գետին չի ընկնի, իսկ եթէ ուզենայ չար գործ կատարել, կը մեռնի»։ 53Սողոմոն արքան մարդ ուղարկեց, եւ Ադոնիային իջեցրին զոհասեղանից։ Ադոնիան եկաւ, խոնարհուեց Սողոմոն արքայի առաջ, իսկ Սողոմոնն ասաց նրան. «Գնա՛ քո տունը»։ 
2 Երբ մօտեցան Դաւթի մահուան օրերը, նա դիմելով իր որդի Սողոմոնին՝ ասաց. 2«Ըստ այս աշխարհի կարգի, ես անցայ իմ կեանքի ճամփան։ Դու զօրացի՛ր, տղամարդ եղի՛ր, 3պահի՛ր քո Տէր Աստծու հրամանները՝ գնա՛ նրա ճանապարհով, պահի՛ր նրա պատուիրանները, նրա օրէնքները, նրա հրամաններն ու նրա վկայութիւնները ըստ Մովսէսի Օրէնքների գրքի, որ, ինչ էլ անես, նկատի ունենաս այն ամէնը, որ պատուիրել եմ քեզ։ 4Եւ Տէրը կ՚իրագործի իր խօսքը, որ ասաց իմ մասին, թէ՝ «Եթէ քո որդիները հաստատ պահեն իրենց ընթացքը եւ իրենց ամբողջ սրտով ու հոգով հաւատարմութեամբ գնան իմ առջեւից, ապա մարդ չի պակասի Իսրայէլի գահի վրայից»։ 5Դու ինքդ գիտես, թէ ինչ է արել ինձ Շարուհիի որդի Յովաբը, ինչ է արել Իսրայէլի երկու զօրապետերին՝ Ներէի որդի Աբեններին եւ Հեթերի որդի Ամեսայիին։ Նա սպանեց նրանց, խաղաղ ժամանակ պատերազմի ժամանակուայ պէս արիւն թափեց, իր կեանքում անպարտ արիւն թափեց՝ ներկելով իր մէջքն ու կօշիկները։6Գործի՛ր ըստ քո իմաստնութեան եւ նրա ալեւոր մազերը խաղաղութեամբ մի՛ իջեցրու դժոխք։ 7Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմութի՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների հետ լինեն, որովհետեւ նրանք ինձ աջակից եղան, երբ ես փախչում էի քո եղբայր Աբեսաղոմից։ 8Ահա քեզ հետ է բաւուրիմացի Յեմինի որդի Գերայի որդի Սեմէին։ Սա ինձ ծանր անէծքներով անիծել է այն օրը, երբ գնում էի իմ բանակատեղին։ Նա Յորդանան գետի ափին ինձ ընդառաջ եկաւ, եւ ես Տիրոջ անունով երդուելով՝ նրան ասացի. «Քեզ սրով չեմ սպանի»։ 9Նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես, գիտես, թէ ինչ պէտք է անես նրա ալեւոր մազերն արեամբ դժոխք իջեցնելու համար»։ 10Եւ Դաւիթը գնաց իր նախնիների գիրկը։ Նա թաղուեց Դաւթի քաղաքում։ 11Դաւիթն Իսրայէլի վրայ թագաւորեց քառասուն տարի. Քեբրոնում թագաւորել էր եօթը տարի, իսկ Երուսաղէմում՝ երեսուներեք տարի։ 12Սողոմոնը նստեց իր հօր՝ Դաւթի գահին, երբ տասներկու տարեկան էր։ Նրա թագաւորութիւնը շատ հաստատուն էր։ 13Ագիթի որդի Ադոնիան Սողոմոնի մայր Բերսաբէէի մօտ գալով՝ խոնարհուեց նրա առաջ։ Բերսաբէէն հարցրեց. «Բարի՞ նպատակով ես գալիս մօտս»։ Ադոնիան ասաց. «Բարի նպատակով»։ 14Եւ նա աւելացրեց. «Ես խօսքեր ունեմ քեզ ասելու»։15Բերսաբէէն ասաց. «Խօսի՛ր»։ Ադոնիան ասաց նրան. «Դու ինքդ էլ գիտես, թէ իմն էր թագաւորութիւնը, եւ ամբողջ Իսրայէլն իր հայեացքն ինձ էր ուղղել որպէս թագաւորի, սակայն ոչ թէ ե՛ս արժանացայ թագաւորութեան, այլ՝ իմ եղբայրը, քանզի Աստծուց տրուեց նրան։16Արդ, մի բան եմ խնդրելու քեզնից, եւ դու չպէտք է մերժես ինձ»։ Բերսաբէէն ասաց. «Յայտնի՛ր խնդրանքդ»։ 17Ադոնիան ասաց. «Ասա՛ Սողոմոն արքային (եւ նա քեզ չի մերժի), որ ինձ կնութեան տայ սոմնացի Աբիսակին»։ 18Բերսաբէէն ասաց. «Բարի, ես այդ մասին կը խօսեմ արքայի հետ»։ 19Բերսաբէէն գնաց Սողոմոն արքայի մօտ, որ խօսի նրա հետ Ադոնիայի մասին։ Արքան ոտքի կանգնեց նրա առջեւ, համբուրեց նրան, նստեց իր աթոռին։ Արքայի մօր համար էլ աթոռ բերուեց, եւ մայրը նստեց նրա աջ կողմում։ 20Բերսաբէէն ասաց նրան. «Մի փոքր խնդրանք ունեմ քեզնից, ինձ մի՛ մերժիր»։ Արքան ասաց. «Խնդրի՛ր, մա՛յր իմ, ես քեզ չեմ մերժի»։ 21Բերսաբէէն ասաց. «Սոմնացի Աբիսակը թող քո եղբօրը՝ Ադոնիային կնութեան տրուի»։22Պատասխան տուեց Սողոմոն արքան եւ ասաց իր մօրը. «Իսկ ինչո՞ւ ես Ադոնիայի համար սոմնացի Աբիսակին խնդրում, նրա համար թագաւորութի՛ւնս խնդրիր, չէ՞ որ նա իմ աւագ եղբայրն է, եւ Աբիաթար քահանան ու Շարուհիի որդի Յովաբը նրա սպարապետն ու բարեկամներն են»։ 23Սողոմոն արքան երդուեց Տիրոջ անունով՝ ասելով. «Թող Աստուած ինձ այսպէս անի եւ աւելին էլ անի. Ադոնիայի խնդրածը իր իսկ կեանքի դէմ է։ 24Արդ, կենդանի է Տէրը, որ ինձ հաստատեց ու նստեցրեց իմ հայր Դաւթի գահին, ինձ համար տուն շինեց, ինչպէս խոստացել էր Տէրը։ Ադոնիան այսօր իսկ պիտի մեռնի»։25Եւ Սողոմոն արքան ուղարկեց Յովիդայէի որդի Բանեային, որը սպանեց նրան։ Եւ այդ օրը մեռաւ Ադոնիան։ 26Աբիաթար քահանային արքան ասաց. «Գնա՛ քո ագարակը՝ Անաթոթ։ Այսօր դու մահուան ես արժանի, սակայն քեզ չեմ սպանի, քանզի իմ հօր առջեւ կրել ես Տիրոջ ուխտի տապանակը, եւ դու էլ չարչարուել ես այնտեղ, ուր չարչարուել է իմ հայրը»։ 27Եւ Սողոմոնը Աբիաթարին զրկեց Տիրոջ քահանայութիւնից, որպէսզի կատարուի Տիրոջ այն խօսքը, որ Սելովում ասել էր Հեղիի տան վերաբերեալ։ 28Լուրը հասաւ Յովաբին, որը Ադոնիայի համակիրն էր եւ չէր հետեւել Սողոմոնին։ Յովաբը փախաւ մտաւ Տիրոջ վրանը եւ բռնեց զոհասեղանի եղջիւրներից։ 29Սողոմոնին յայտնեցին, թէ Յովաբը փախել մտել է Տիրոջ վրանը եւ բռնել զոհասեղանի եղջիւրներից։ Սողոմոնը լուր ուղարկեց Յովաբին՝ ասելով. «Քեզ ի՞նչ եղաւ, որ փախար զոհասեղանի մօտ»։ Յովաբն ասաց. «Վախեցայ քեզնից ու փախայ Տիրոջ մօտ»։ Սողոմոն արքան Յովիդայէի որդի Բանեային ասաց. «Գնա սպանի՛ր Յովաբին ու թաղի՛ր»։30Յովիդայէի որդի Բանեան գնաց Տիրոջ վրանը, Յովաբի մօտ եւ ասաց նրան. «Այսպէս է կարգադրել արքան, ելի՛ր այդտեղից»։ Յովաբն ասաց. «Չեմ ելնի, քանզի այստեղ էլ պիտի մեռնեմ»։ Յովիդայէի որդի Բանեան վերադարձաւ ու արքային յայտնեց, թէ ինչ է ասել ինքը Յովաբին, եւ թէ ինչ պատասխան է տուել նա։ 31Արքան ասաց նրան. «Գնա՛ եւ արա՛ նրան այն, ինչ ինքը ցանկացել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր եւ այսօր վերացրո՛ւ ինձնից ու իմ հօր տնից այն անմեղ արիւնը, որ թափել էր Յովաբը։ 32Տէրը նրա հեղած անմեղ արիւնը թող նրա գլխին դարձնի, որովհետեւ նա սրով սպանել է իրենից աւելի արդար եւ քաջ երկու մարդկանց, եւ հայրս նրանց այդ սպանութեան մասին չգիտէր։ Դրանք էին՝ Ներէի որդի Աբենները, որն Իսրայէլի սպարապետն էր, եւ Յեթերի որդի Ամեսային, որը Յուդայի երկրի սպարապետն էր։ 33Նրանց արիւնը թող յաւիտեան դառնայ նրա ու նրա զաւակների գլխին, իսկ Տէրը յաւիտենական խաղաղութիւն թող պարգեւի Դաւթին, նրա զաւակին, նրա տանն ու գահին»։ 34Յովիդայէի որդի Բանեան վերադարձաւ Յովաբի մօտ, սպանեց նրան ու թաղեց անապատում գտնուող նրա տան մէջ։ 35Արքան Յովիդայէի որդի Բանեային նրա փոխարէն զօրավար կարգեց, թագաւորութիւնը փոխադրեց Երուսաղէմ եւ Սադոկ քահանային Աբիաթարի փոխարէն քահանայ կարգեց Տիրոջ առաջ։Տէրը Սողոմոնին չափազանց շատ խելք ու իմաստնութիւն տուեց եւ ծովեզրի աւազի նման՝ սրտի լայնութիւն։ Սողոմոնն աւելի իմաստուն դարձաւ, քան իր նախնիների բոլոր որդիները եւ եգիպտացի իմաստունները։ Նա կին առաւ փարաւոնի դստերն ու, նախքան իր պալատը կառուցելը, նրան բերեց Դաւթի քաղաքը։ Նա նախ եօթը տարի կառուցեց եւ աւարտեց Տիրոջ տունն ու Երուսաղէմի շուրջանակի պարիսպը։ Սողոմոն արքան լեռներում ունէր եօթանասուն հազար բեռնակիր եւ ութսուն հազար քարհատ։ Սողոմոնը ծովափին պատնէշներ դրեց, մեծամեծ ջրաւազաններ կառուցեց, ինչպէս նաեւ սիւներ տնկեց, բակում շատրուաններ շինել տուեց ու պղնձէ աւազանը։ Նա շինեց բարձրադիր միջնաբերդ աշտարակներով եւ Դաւթի քաղաքն անջրպետեց խրամատով։ Դրանից յետոյ փարաւոնի դուստրը ելաւ Դաւթի քաղաքից եւ եկաւ իր տունը, որ Սողոմոնը շինել էր իր համար։ Դրանից յետոյ է, որ շինուեց բարձրադիր միջնաբերդը։ Սողոմոնը տարեկան երեք անգամ ողջակէզ եւ խաղաղութեան զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրայ, որ կառուցել էր Տիրոջ համար, խունկ էր ծխում Տիրոջ առջեւ։ Նա աւարտեց տան կառուցումը։Սրանք են այն իշխանները, որոնք ղեկավարում էին Սողոմոնի շինարարական գործերը... Սողոմոնի ձեռնարկած գործերի վրայ աշխատող մարդկանց հսկում էին երեք հազար վեց հարիւր գործավարներ։ Նա կառուցեց Ասուրը, Մակդովը, Ազերը, Վերին Բեթորոնը եւ Բալաաթը, բայց Տիրոջ տունը եւ Երուսաղէմի շուրջանակի պարիսպը շինելուց յետոյ է, որ կառուցեց այդ քաղաքները։Դաւիթը կենդանի եղած ժամանակ պատուիրել էր Սողոմոնին՝ ասելով. «Ահա քեզ մօտ է քեբրոնցի Յեմինի որդի Գերիի որդի Սեմէին։ Նա ծանր անէծքներով անիծեց ինձ այն օրը, երբ գնում էի իմ բանակը։ Սա Յորդանան գետի ափին ընդառաջ եկաւ ինձ, եւ ես Տիրոջ անունով երդուեցի նրան, թէ՝ «Քեզ սրով չեմ սպանի»։ Արդ, նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես եւ գիտես, թէ ինչ պէտք է անես նրան՝ նրա ալեւոր մազերն արեամբ դժոխք իջեցնելու համար»։ 36Արքան լուր ուղարկեց, կանչեց Սեմէիին եւ ասաց նրան. «Քեզ համար տո՛ւն շինիր Երուսաղէմում, այնտեղ ապրի՛ր եւ այնտեղից դուրս չգաս։ 37Այն օրը, որ ելնես եւ Կեդրոնի հեղեղատն անցնես, լա՛ւ իմացիր, որ կը մեռնես, եւ քո արիւնը քո գլխին կը լինի»։ Արքան այդ օրը երդուել տուեց նրան։ 38Սեմէին ասաց արքային. «Բարի է այն, որ ասացիր, իմ տէ՛ր արքայ, քո ծառան այդպէս էլ կ՚անի»։ Եւ Սեմէին Երուսաղէմում բնակուեց երեք տարի։ 39Երեք տարի անց Սեմէիի երկու ծառաները փախան Գեթի արքայ Մաաքի որդի Անքուսի մօտ։ Սեմէիին յայտնեցին, թէ՝ «Ահա քո երկու ծառաները Գեթում են»։40Վեր կացաւ Սեմէին, համետեց իր էշը ու գնաց Անքուսի մօտ՝ իր ծառաներին որոնելու։ Սեմէին գնաց ու իր ծառաներին բերեց Գեթից։41Սողոմոնին յայտնեցին, թէ Սեմէին Երուսաղէմից գնացել է Գեթ եւ վերադարձրել իր ծառաներին։ 42Արքան մարդ ուղարկելով՝ կանչեց Սեմէիին եւ ասաց նրան. «Չէ՞ որ քեզ երդուեցրի Տիրոջ անունով ու վկայութիւն տուեցի՝ ասելով, թէ՝ «Այն օրը, որ ելնես Երուսաղէմից ու գնաս աջ կամ ձախ, լա՛ւ իմացիր, որ կը մեռնես», իսկ դու ասացիր ինձ՝ «Բարի են խօսքերդ, որ լսեցի»։ 43Արդ, ինչպէ՞ս է, որ չպահեցիր Տիրոջը տուած իմ երդումն ու քեզ տուած իմ պատուէրը»։ 44Արքան ասաց Սեմէիին. «Դու ինքդ գիտես քո սրտի չարութիւնը, որ արել ես իմ հայր Դաւթի նկատմամբ։ 45Տէրը քո չարիքները քո գլխին է թափելու, իսկ Սողոմոն արքան օրհնեալ է, եւ Դաւթի աթոռը Տիրոջ առաջ թող յաւիտեան հաստատ մնայ»։ 46Եւ Սողոմոն արքան հրաման տուեց Յովիդայէի որդի Բանեային, որը եկաւ ու սպանեց Սեմէիին, եւ սա մեռաւ։ 
3 Երբ Սողոմոնի թագաւորութիւնն ամրապնդուեց, նախքան իր տան, Տիրոջ տան ու Երուսաղէմի շուրջանակի պարսպի շինարարութեան աւարտը նա խնամիութիւն հաստատեց Եգիպտոսի արքայ փարաւոնի հետ, կին առաւ նրա դստերն ու բերեց Դաւթի քաղաքը։ 2Ժողովուրդը խունկ էր ծխում բարձունքների վրայ, քանզի մինչ այդ դեռ չէր շինուել Տիրոջ անուան տունը։ 3Սողոմոնը, հնազանդուելով իր հայր Դաւթի յորդորներին, սիրեց Տիրոջը, բայց ինքն էլ էր բարձունքներում զոհեր մատուցում ու խունկ ծխում։ 4Արքան ելաւ գնաց Գաբաւոն՝ այնտեղ զոհ մատուցելու, քանզի այդտեղ աւելի բարձր էր ու մեծ։ Սողոմոնը Գաբաւոնում գտնուող այդ զոհասեղանի վրայ հազար ողջակէզ մատուցեց։ 5Տէրը Սողոմոնին երեւաց գիշերուայ քնի մէջ։ Տէրն ասաց Սողոմոնին. «Որեւէ բան խնդրի՛ր քեզ համար»։ 6Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմածութիւն արեցիր իմ հայր Դաւթին, եւ նա էլ քեզ հետ, քո առջեւից ընթացաւ ճշմարտութեամբ, արդարութեամբ ու սրտի մաքրութեամբ, եւ դրա համար ցոյց տուեցիր այս մեծ ողորմածութիւնը՝ նրա որդուն նստեցրիր նրա գահին, ինչպէս որ է այսօր։ 7Արդ, իմ Տէ՛ր Աստուած, դու քո ծառային դրել ես իմ հայր Դաւթի փոխարէն, իսկ ես դեռ պատանի եմ եւ չգիտեմ իմ անելիքը։ 8Քո ծառան քո ընտրած ժողովրդի մէջ է, մի ժողովուրդ, որը բազմամարդ է, անթիւ ու անհամար։ 9Իմաստնութի՛ւն տուր քո ծառային, որ նա կարողանայ արդարութեամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտութիւն ունենայ տարբերելու բարին ու չարը, որովհետեւ ո՞վ կարող է ղեկավարել քո այս բազմամարդ ժողովրդին»։ 10Տիրոջը հաճելի եղաւ Սողոմոնի այս խնդրանքը, 11եւ Տէրն ասաց նրան. «Քանի որ դու այդ բանը խնդրեցիր ինձնից, խնդրեցիր ոչ թէ կեանքի երկար օրեր, հարստութիւն կամ քո թշնամիների մահ, այլ խնդրեցիր խելամտութիւն՝ դատ անելու, 12ուստի քո ասածի համաձայն եմ վարուելու. քեզ տալիս եմ իմաստուն ու հանճարեղ միտք, այնպէս որ ո՛չ քեզնից առաջ է քո նմանը եղել, եւ ո՛չ էլ քեզնից յետոյ քո նմանը կը յայտնուի։ 13Քեզ տալիս եմ նաեւ այն, ինչ դու չխնդրեցիր՝ հարստութիւն ու փառք, այնպէս որ քո ապրած կեանքի օրերին թագաւորներից ոչ ոք չի լինելու քեզ նման։ 14Եւ եթէ ընթանաս իմ ճանապարհով, կատարես իմ հրամաններն ու պատուիրանները, ինչպէս ընթացել էր քո հայր Դաւիթը, ապա քո կեանքի օրերը կ՚երկարեցնեմ»։ 15Սողոմոնը զարթնեց եւ տեսաւ, որ դա երազ էր։ Նա եկաւ Երուսաղէմ, կանգնեց Սիոնում գտնուող Տիրոջ ուխտի տապանակի դէմ յանդիման, զոհասեղանի առջեւ, ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցեց եւ մեծ խրախճանք սարքեց իր եւ իր բոլոր ծառաների համար։ 16Այդ ժամանակ երկու անառակ կանայք եկան ու կանգնեցին արքայի առջեւ։ 17Կանանցից մէկն ասաց. «Լսի՛ր ինձ, տէ՛ր իմ, ես եւ այս կինը մի տան մէջ էինք։ Ես երեխայ ունեցայ այդ տանը։ 18Այնպէս պատահեց, որ երրորդ օրն այս կինն էլ ծնեց։ Մենք էինք միայն տանը, մեր երկուսից բացի ուրիշ ոչ ոք չկար տանը։19Գիշերը սրա որդին մեռաւ, որովհետեւ նա իր երեխայի վրայ էր պառկել։ 20Սա գիշերուայ կէսին զարթնել է, վերցրել իմ մանկանն իմ գրկից, երբ ես՝ քո աղախինը, քնած եմ եղել, պառկեցրել է իր ծոցում, իսկ իր մեռած որդուն դրել է իմ ծոցը։ 21Առաւօտեան վեր կացայ, որ կուրծք տամ իմ որդուն, բայց տեսայ, որ մեռած է։ Ցերեկը մի լաւ դիտեցի նրան եւ տեսայ, որ դա իմ ծնած երեխան չէ»։ 22Միւս կինն ասաց. «Ո՛չ, մեռածը քո որդին է, իմ որդին կենդանին է»։ Առաջին կինն ասում էր. «Ո՛չ, կենդանին իմ որդին է, իսկ քո որդին մեռածն է»։23Այսպէս վիճեցին արքայի առջեւ։ Արքան ասաց նրանց. «Դու ասում ես, թէ՝ «Այս կենդանին է իմ որդին, մեռածը նրա որդին է», իսկ դու էլ ասում ես՝ «Ո՛չ, մեռածը քո որդին է, կենդանին իմ որդին է»։ 24Արքան ասաց. «Սուրն ի՛նձ բերէք»։ Սուրը բերեցին թագաւորի մօտ։ 25Արքան ասաց. «Կտրեցէ՛ք, երկու կէս արէ՛ք այս կենդանի ծծկեր մանկանը, նրա մի կէսը տուէ՛ք սրան ու միւս կէսը՝ նրան»։ 26Այն կինը, որի որդին կենդանի էր, ցաւից գալարուեց իր որդու համար։ Նա ասաց արքային. «Լսի՛ր ինձ, տէ՛ր, կենդանի մանկանը տուէ՛ք նրան, միայն թէ մի՛ սպանէք մանկանը»։ Միւս կինն ասաց. «Ո՛չ իմը թող լինի, ո՛չ նրանը, մէջտեղից կիսէ՛ք նրան»։ 27Պատասխան տուեց արքան՝ ասելով. «Նրա՛ն տուէք կենդանի մանկանը, ով ասաց, թէ՝ «Դրա՛ն տուէք, միայն թէ մի՛ սպանէք երեխային»։ Նա է դրա մայրը»։ 28Եւ ամբողջ Իսրայէլը լսելով արքայի վճռած դատաստանը՝ երկնչեց արքայից, քանզի տեսաւ, որ նրա մէջ դատաստան վարելու Աստծու իմաստնութիւնը կար։ 
4 Սողոմոն արքան թագաւորում էր Իսրայէլի վրայ, 2ու սրանք էին նրա իշխանները. Սադոկի որդի Ազարիան՝ քահանայ, 3Սիսայի որդիներ Ելիարեփն ու Աքիան՝ քարտուղարներ, Աքիլիդի որդի Յոսափատը՝ դիւանապետ, 4Յովիդայէի որդի Բանեան՝ սպարապետ, Սադոկն ու Աբիաթարը՝ քահանաներ, 5Նաթանի որդի Ազարիան՝ գործավարների վերակացու, Նաթանի որդի Զաբութը՝ քահանայ եւ արքայի բարեկամ,6Աքիսարը՝ տան վերակացու, Ելիակը՝ հազարապետ, Սափի որդի Ելիափը՝ իշխան, եւ Աբդովի որդի Ադոնիրամը՝ հարկերի վերատեսուչ։7Սողոմոնն ամբողջ Իսրայէլում ունէր տասներկու գործակալներ, որոնցից ամէն մէկը տարուայ մէջ մէկ ամիս ուտեստեղէն էր մատակարարում արքային ու նրա ընտանիքին։ 8Ահա նրանց անունները. Օրի որդի Բէինը՝ Եփրեմի լերան վրայ, 9Դակարի մի որդին՝ Մաքմասում, Սալաբիմում, Բեթսամիւսում ու Այիլոմում մինչեւ Բեթանան, 10Եսդի որդին՝ Արաբոթում։ Սրան էին պատկանում Սոքովն ու ամբողջ Օփերի երկիրը։ 11Ամինադաբի որդին՝ ամբողջ Նեփադորում։ Սողոմոնի դուստր Տափաթը սրա կինն էր։ 12Այելոթի որդի Բաանան՝ Թանաքում, Մաքդովում եւ Սանի ամբողջ տանը, որը Ելսարթանի մօտ է, Եզրայէլից ներքեւ, եւ տարածւում է Բեթսանից մինչեւ Աբելմաուլա եւ Մամբրալա։ 13Գարերի որդի Եկմաալը՝ Ռամոթ Գաղաադում։ Սրան էին պատկանում Մանասէի որդի Յայիրի աւանները Գաղաադում, Երգաբի գաւառը Բասանում, վաթսուն մեծամեծ պարսպապատ, պղնձէ նիգերով ամրացուած քաղաքներ։14Ադդովի որդի Այինադաբը՝ Մայենեմում, 15Աքիմասը՝ Նեփթաղիմում։ Սա Սողոմոնի դուստր Մասեմաթին կնութեան էր առել։ 16Քուսիի որդի Բաանասը՝ Ասերում եւ Բաալոթում։ 17Փարուայի որդի Յոսափատը՝ Իսաքարում։ 18Ելի որդի Սեմէին՝ Բենիամինում։ 19Ադայի որդի Գաբերը՝ Գաղաադի երկրում, ամորհացիների թագաւոր Սեհոնի ու Բասանի թագաւոր Օգի երկրում։ Նաբիփը՝ Յուդայի երկրում։ 20Իսրայէլը ծովեզերքի աւազի չափ շատ բնակիչներ ունէր, որոնք ուտում էին, խմում եւ ուրախանում։ 21Սողոմոնը տիրում էր թագաւորութիւններին այլազգիների գետի երկրից մինչեւ Եգիպտոսի սահմանները։ Բերում էին ընծաներ ու ծառայեցին նրան մինչեւ նրա կեանքի վերջը։22Սողոմոնն օրական սպառում էր երեսուն քոռ ընտիր ալիւր, քառասուն քոռ ալիւր, 23տասն ընտիր եզներ, արօտավայրում կերակրուած քսան կով եւ հարիւր ոչխար, չհաշուած եղջերուները, այծեամներն ու տեսակ-տեսակ ընտիր պարարտ թռչուններ 24քանզի նա իշխում էր գետից այս կողմ գտնուող բոլոր երկրների վրայ՝ Թափսայից մինչեւ Գազա, գետի այս կողմում եղած բոլոր թագաւորութիւնների վրայ։ Խաղաղութիւն էր տիրում նրա երկրում ու շրջակայ բոլոր կողմերում։ 25Սողոմոնի իշխանութեան օրօք Յուդայի երկրում եւ Իսրայէլում, Դանից մինչեւ Բերսաբէէ, մարդիկ իրենց որթատունկերի ու թզենիների տակ ապահով կեանք էին վարում, ուտում ու խմում։ 26Սողոմոնն ունէր քառասուն հազար մատակ լծկան ձիեր եւ տասներկու հազար երիվարներ։ 27Գործակալները Սողոմոն արքային ամէն ամիս պարէն էին մատակարարում, արքայի սեղանից ոչ մի բան չէր պակասում։ 28Որտեղ որ գտնւում էր արքան, ըստ իւրաքանչիւրի վրայ դրուած հարկի, այնտեղ էին բերում նաեւ գարի ու յարդ նժոյգների եւ լծկան ձիերի համար։ 29Տէրը Սողոմոնին տուեց ընդունակութիւն, շատ խոր իմաստնութիւն, ծովեզերքի աւազի չափ լայնախոհ սիրտ։ 30Սողոմոնի իմաստնութունը շատ աւելի խորն էր, քան բոլոր նախորդ մարդկանց ու Եգիպտոսի իմաստունների հանճարը։31Նա բոլոր մարդկանցից առաւել իմաստուն դարձաւ, աւելի իմաստուն, քան զարաացի Գեթանը, Եմանը եւ Մաւուլի որդիներ Քալքալն ու Դարդանը։ Նրա համբաւը տարածուել էր շրջակայ բոլոր ազգերի մէջ։ 32Սողոմոնը երեք հազար առակ է գրել, իսկ նրա օրհներգութիւնների թիւը հինգ հազար է։ 33Նա խօսել է ծառերի մասին՝ Լիբանանի մայրիից մինչեւ պատն ի վեր մագլցող զոպան, պատմել է անասունների, թռչունների ու ձկների մասին։ 34Բոլոր կողմերից, նրա իմաստնութեան համբաւը լսած երկրի բոլոր թագաւորների մօտից մարդիկ գալիս էին լսելու Սողոմոնի իմաստնութիւնը։ 
5 Տիւրոսի Քիրամ արքան իր ծառաներին ուղարկեց Սողոմոնի մօտ, որովհետեւ լսել էր, թէ նրան թագաւոր են օծել իր հայր Դաւթի փոխարէն. Քիրամը միշտ սիրել էր Դաւթին։ 2Սողոմոնը լուր ուղարկեց Քիրամին՝ ասելով. 3«Դու ինքդ գիտես, որ իմ հայր Դաւիթը շրջակայ երկրների պարտադրած պատերազմների պատճառով չկարողացաւ իմ Տէր Աստծու անուան տունը շինել, մինչեւ որ Տէրը թշնամիներին հնազանդեցրեց նրա ոտքերի առաջ։ 4Արդ, իմ Տէր Աստուածն ինձ հանգիստ է տուել, եւ շրջապատում չկայ ո՛չ դաւադիր, ո՛չ չար պատահար։ 5Ես որոշել եմ իմ Տէր Աստծու անուան տունը շինել, ինչպէս Տէր Աստուածը պատուիրել է իմ հայր Դաւթին՝ ասելով. «Իմ անուան տունը շինելու է քո որդին, որին ես նստեցնելու եմ քո աթոռին քո փոխարէն»։ 6Արդ, հրամա՛ն տուր, որ ինձ համար Լիբանանից փայտ կտրեն, եւ իմ ստրուկների հետ լինեն նաեւ քո ստրուկները։ Ես քեզ կը տամ քո ստրուկների վարձատրութիւնն այնքան, որքան դու կ՚ասես, որովհետեւ դու ինքդ գիտես, որ մենք չունենք մի մարդ, որ գիտենայ սիդոնացիների նման փայտ կտրել»։ 7Երբ Քիրամը լսեց Սողոմոնի խօսքերը, շատ ուրախանալով՝ ասաց. «Օրհնեալ է այսօր Տէր Աստուածը, որ Դաւթին իմաստուն որդի է տուել, որպէսզի նա ղեկավարի մի բազմամարդ ժողովուրդ»։ 8Քիրամը Սողոմոնին լուր ուղարկեց՝ ասելով. «Իմացայ այն ամէնն, ինչ ինձ յայտնեցին քո ուղարկած մարդիկ։ Ես կը կատարեմ քո ամբողջ կամքը. 9իմ ստրուկները Լիբանանից եղեւնափայտ ու մայրի կ՚իջեցնեն ծով, ես դրանցից լաստեր կը պատրաստեմ ծովի վրայ, դրանք բերել կը տամ մինչեւ այն տեղը, որ դու ինձ ցոյց կը տաս, ես ծովափ կը հանեմ դրանք, եւ դու կը վերցնես։ Դրա փոխարէն դու կը կատարես իմ կամքը. հաց կը մատակարարես իմ տանը»։ 10Քիրամը Սողոմոնին եղեւնափայտ ու մայրի էր տալիս այնքան, ինչքան նա ուզում էր, 11իսկ Սողոմոնը Քիրամին տալիս էր քսան հազար քոռ ցորեն ու քսան հազար սափոր զտուած ձիթաիւղ, որ Սողոմոնն ամէն տարի ուղարկում էր Քիրամին։12Տէրը Սողոմոնին իմաստնութիւն տուեց, ինչպէս խոստացել էր նրան, խաղաղութիւն հաստատուեց Քիրամի ու Սողոմոնի միջեւ, եւ նրանք իրար հետ դաշինք կնքեցին։ 13Սողոմոնը գլխաահարկ դրեց ամբողջ Իսրայէլում։ Հարկ էր դրուած երեսուն հազար մարդու վրայ, 14որոնցից տասը հազարին ամէն ամիս ուղարկում էր Լիբանան։ Սրանք մէկ ամիս մնում էին Լիբանանում եւ երկու ամիս՝ իրենց տներում։ Այդ գլխահարկի վերակացու էր Ադոնիրամը։ 15Սողոմոնը լեռներում ունէր եօթանասուն հազար բեռնակիր եւ ութսուն հազար քարհատ, 16բացի երեք հազար հինգ հարիւր գործակալ ղեկավարներից, որ Սողոմոնը նշանակել էր գործաւորների վրայ։ 17Արքայի հրամանով տան հիմքի համար բերեցին մեծ ու ընտիր ապառաժ քարեր, անտաշ քարեր։18Սողոմոնի մարդիկ, Քիրամի մարդիկ ու Բիբլոսի բնակիչները տաշեցին, երեք տարի փայտ ու քար պատրաստեցին Աստծու տան շինութեան համար։ 
6 Իսրայէլացիների՝ Եգիպտոսից դուրս գալու չորս հարիւր քառասուներորդ տարում եւ Սողոմոն արքայի՝ Իսրայէլի վրայ թագաւորելու չորրորդ տարուայ երկրորդ ամսում Սողոմոնն սկսեց կառուցել Տիրոջ տունը։ 2Սողոմոն արքայի՝ Տիրոջ համար շինած տան երկարութիւնն էր վաթսուն կանգուն, լայնութիւնը՝ քսան կանգուն, բարձրութիւնը՝ քսան կանգուն։ 3Տան առջեւի կամարակապ բակի երկարութիւնը քսան կանգուն էր՝ ինչքան տան բարձրութիւնն էր, իսկ տան ճակատի կողմի լայնութիւնը՝ տասը կանգուն։ Նա կառուցեց-ամբողջացրեց տունը։ 4Տունն ունէր գաղտնի դիտելու պատուհաններ։5Նա տան պատից դուրս, տան պատերի երկայնքով, տաճարի ու սրբարանի շուրջը պատուար շինեց, չորս կողմը սենեակներ կառուցեց։6Ներքին յարկը հինգ կանգուն լայնութիւն ունէր, միջինը՝ վեց կանգուն լայնութիւն, իսկ երրորդը՝ եօթը կանգուն լայնութիւն, որպէսզի տան շուրջը արտաքուստ ազատ տեղ ունենալով՝ տան պատերը չվնասուեն։7Տունը շինուեց ապառաժ ու անմշակ քարերով, եւ մուրճի կամ երկաթէ որեւէ գործիքի ձայն չլսուեց դրա շինութեան ժամանակ։ 8Ներքին յարկի գաւթի դուռը տան աջ կողմում էր. այստեղից ոլորապտոյտ սանդուղքներով ելնում էին միջին յարկը, իսկ միջինից՝ երրորդը։ 9Տունը կառուցեց-վերջացրեց, տունը երեսապատեց միմեանց շաղկապուած տախտակներով ու քանդակազարդ եղեւնափայտով։ 10Ամբողջ տան շուրջը վերնախարիսխ շինեց հինգ կանգուն բարձրութեամբ եւ վերնախարիսխը պատեց եղեւնափայտով։ 11Տէրը խօսքն ուղղելով Սողոմոնին՝ ասաց. 12«Ահա տուն ես շինում։ Եթէ ըստ իմ հրամանների ընթանաս, իմ օրէնքներն ի գործ դնես, պահես իմ բոլոր պատուիրաններն ու դրանցով առաջնորդուես, ապա կը կատարեմ քո նկատմամբ այն խոստումը, որ տուել էի քո հօրը՝ Դաւթին. 13կը բնակուեմ Իսրայէլի ժողովրդի մէջ եւ չեմ լքի իմ իսրայէլացի ժողովրդին»։ 14Սողոմոնը կառուցեց-աւարտեց տունը։ 15Տան պատերը ներսից երեսապատեց եղեւնափայտով. տան յատակից մինչեւ պատերն ու գերանները ներսից շուրջանակի փայտով երեսապատեց։ Տան ներքին մասը դրուագեց մայրի փայտով, 16տան յետեւում քսան կանգուն երկարութեամբ մի պատ շինեց, ներսում յատակից մինչեւ գերանները երեսապատեց փայտով ու այն վերածեց սրբարանի, որպէսզի այնտեղ պահուի սրբութիւնների սրբութիւնը։ 17Տունը՝ ներքին տաճարը, քառասուն կանգուն էր։ 18Տան ներսից կամարները, վերնախարիսխները երեսապատեց քանդակազարդ եղեւնափայտով։ Ամէն ինչ եղեւնափայտով էր ծածկուած այնպէս, որ քար չէր երեւում։19Սրբարանը տան մէջ էր, ներսում։ Այն շինուել էր, որպէսզի այնտեղ դրուի Տիրոջ ուխտի տապանակը։ 20Սրբարանը քսան կանգուն երկարութիւն, քսան կանգուն լայնութիւն եւ քսան կանգուն բարձրութիւն ունէր։ Այն դրուագել տուեց մաքուր ոսկով։ 21Սողոմոնը եղեւնափայտէ զոհասեղան պատրաստեց։ Նա տունը ներքուստ մաքուր ոսկով պատեց եւ սրբարանի դիմացը վարագոյր քաշեց ոսկէ շղթաներով։ 22Նա ամբողջ տունը ոսկով պատեց։ Սրբարանի ամբողջ ներքնամասը երեսապատեց ոսկէ թիթեղներով։ 23Սրբարանի ներսում դրեց նոճու փայտից պատրաստուած երկու քերովբէներ։ Մէկի բարձրութիւնը տասը կանգուն էր։ 24Նրա մի թեւը հինգ կանգուն էր, միւսը թեւը՝ նոյնպէս հինգ կանգուն. մի թեւի ծայրից միւս թեւի ծայրը տասը կանգուն էր։ 25Երկրորդ քերովբէն նոյն չափն ու նոյն ձեւն ունէր։26Մի քերովբէի բարձրութիւնը տասը կանգուն էր, նոյնը եւ՝ երկրորդ քերովբէինը։ 27Երկու քերովբէները դրեց ներսի սենեակում եւ նրանց թեւերը տարածեց. մի քերովբէի մէկ թեւը հասնում էր մի պատին, իսկ երկրորդ քերովբէի մէկ թեւը՝ միւս պատին։ Նրանց միւս թեւերը սենեակում գալիս միանում էին իրար։ 28Նա քերովբէները ոսկով պատեց։ 29Տան բոլոր պատերի վրայ ներսից ու դրսից շուրջանակի քանդակեց, փորագրեց քերովբէներ, արմաւենիներ ու բարձրաքանդակներ։ 30Նա տան ներքին ու արտաքին յատակը ոսկով երեսապատեց։ 31Նա սրբարանի մուտքի դուռը շինեց գիհի փայտից։ Դուռը պատի մէկ հինգերորդ մասն էր կազմում։ 32Իւղաթաթախ փայտից շինուած երկու փեղկերի վրայ քերովբէներ, արմաւենիներ փորագրեց եւ դրանք ոսկով երեսապատեց. ոսկին ծածկում էր քերովբէներն ու արմաւենիները։ 33Տաճարի մուտքի դռան դրանդիկները նոյնպէս գիհիի քառակուսի փայտերից էին։ 34Երկու դռները մայրի փայտից էին, ամէն մի դուռը երկփեղկ էր, իսկ փեղկերը բացւում-փակւում էին ծխնիներով։ 35Երկրորդ դռան վրայ ոսկով դրուագուած էին քերովբէներ, արմաւենիներ, եւ այդ դրուագները պատուած էին ոսկով, որ իջնում էր յօրինուածքի վրայ։ 36Նա ներքին սրահը շինեց երեք շարք անտաշ քարով եւ պարիսպ կառուցեց եղեւնափայտով։ 37Տիրոջ տան հիմքը դրուեց Սողոմոնի թագաւորութեան չորրորդ տարուայ Զի ամսին,38եւ տասնմէկերորդ տարուայ Բուլ ամսին, այսինքն՝ ութերորդ ամսին տունն աւարտուեց իրեն անհրաժեշտ ամէն ինչով ու ամէն յօրինուածքով։ Սողոմոնը տաճարը կառուցեց եօթը տարում։ 
7 Սողոմոնն իր տունը տասներեք տարի կառուցեց եւ ամբողջովին աւարտեց այն։ 2Տունը շինեց Լիբանանի անտառի փայտով։ Տունն ունէր հարիւր կանգուն երկարութիւն, յիսուն կանգուն լայնութիւն եւ երեսուն կանգուն բարձրութիւն. այն կառուցուել էր երեք շարք եղեւնափայտէ սիւներով, որոնց վրայ դրուած էին եղեւնափայտէ հեծաններ։ 3Նաեւ կառուցեց մի յարկ սիւների վրայ։ Կառոյցը քառասունհինգ սիւն ունէր. ամէն մի շարքի վրայ տասնհինգ սիւն։ 4Երեք պատուարներն ու երեք միջնորմները կանգնած էին իրար դէմ առ դէմ։ 5Բոլոր դռներն ու միջնորմները քառակուսի էին, պատուարով։ Դռները երեք շարքով իրար դիմաց էին։ 6Նա յիսուն կանգուն երկարութեամբ ու երեսուն կանգուն լայնութեամբ սիւնազարդ կամարակապ դահլիճ կառուցեց։ Իրար միացուած կամարները տեղաւորուած էին միմեանց դիմաց, իսկ սիւներն ու խարիսխները դրուած էին կամարների դիմաց։ 7Նա կառուցեց նաեւ կամարակապ գահասրահ եւ դատաստան էր անում այդ կամարակապ ատեանում։ Այդ յարկը յատակից մինչեւ ձեղուն երեսապատուած էր եղեւնափայտով։ 8Նրա տան մէջ, ուր բնակւում էր, կար նոյն ձեւով կառուցուած կամարակապ մի սրահ։ Փարաւոնի դստեր համար, որը Սողոմոնի կինն էր, նոյն ձեւով կամարակապ սրահ պատրաստեց։ 9Ամէն ինչ շինուած էր ընտիր քարերից. անտաշ քարերը հիմքից մինչեւ առաստաղ ներսից ու դրսից իրար էին ագուցուած ըստ իրենց չափերի։ 10Մեծ սրահի պատի հիմքը նա կառուցել էր մեծ-մեծ քարերով, որոնք ունէին տասը եւ ութ կանգուն երկարութիւն, 11իսկ վերեւի մասը կառուցել էր նոյն չափի անտաշ ու ընտիր քարերով։ Պատերը երեսապատուած էին եղեւնափայտով։ 12Մեծ սրահը շուրջանակի երեք կարգ անտաշ քարերից էր եւ երեսապատուած եղեւնափայտով։ Տիրոջ տան սրահը՝ Տիրոջ տան ներքին կամարակապ սրահը շինուած էր տաճարի դիմաց։ 13Սողոմոն արքան մարդ ուղարկեց ու Քիրամ անունով մի մարդու բերել տուեց Տիւրոսից։ 14Սա Նեփթաղիմի ցեղից մի այրի կնոջ որդի էր։ Նրա հայրը տիւրոսցի էր, պղնձի վարպետ եւ ամէն տեսակ պղնձի գործերի մէջ մեծ հմտութիւն, վարպետութիւն ու գիտելիքներ ունէր։ Նա եկաւ Սողոմոն արքայի մօտ ու նրա բոլոր գործերը կատարեց. 15պատրաստեց տան կամարակապ սրահի երկու ձուլածոյ սիւները՝ ամէն մի սիւնի բարձրութիւնը տասնութ կանգուն, իսկ սիւների շուրջը կապեց մի գօտի, որի լայնութիւնը տասնչորս կանգուն էր եւ չորս մատ լայնութեամբ ակօսներ ունէր։ Նոյն ձեւով կերտեց նաեւ երկրորդ սիւնը։ 16Նա երկու խոյակ պատրաստեց, որոնք պէտք է դրուէին պղնձաձոյլ սիւների վրայ, նրանց գլխին։ Մի խոյակի բարձրութիւնը հինգ կանգուն էր, երկրորդ խոյակի բարձրութիւնը նոյնպէս հինգ կանգուն էր։ 17Նա պատրաստեց վանդակակերպ երկու ցանց խոյակը ծածկելու համար։18Վանդակակերպ երկու ցանց էլ պատրաստեց երկրորդ խոյակը զարդարանքով ծածկելու համար։ Նա երկու սիւների համար պատրաստեց նռնաձեւ զարդեր, որպէսզի դրանք շարք-շարք կախեն վանդակացանցի վրայ։ 19Սիւնի գլխին գտնուող երկրորդ խոյակի վրայ, կամարի մօտ դրեց մի պսակ, որն ունէր չորս կանգուն երկարութիւն, եւ վրան շուշաններ էին քանդակուած։ 20Երկու սիւների խոյակների վերեւից դրեց պսակներ, իսկ երկրորդ խոյակի շուրջը՝ կարգով շարուած երկու հարիւր նռնաձեւ զարդեր։ 21Նա սիւներ կանգնեցրեց տաճարի սրահում։ Մի սիւն կանգնեցրեց ու այն անուանեց Յաքում. երկրորդ սիւնը կանգնեցրեց ու անունը դրեց Բոոզ։ 22Սիւների գլխին շուշանաձեւ զարդեր քանդակեց։ Այսպիսով աւարտուեցին սիւների հետ կապուած աշխատանքները։ 23Նա պատրաստեց նաեւ մի ձուլածոյ աւազան, որի երկարութիւնը մի ծայրից մինչեւ միւս ծայրը տասը կանգուն էր։ Այն կլոր էր։ Դրա բարձրութիւնը հինգ կանգուն էր, իսկ երեսուներեք կանգուն երկարութիւն ունեցող դրա շուրջբոլորը փոսեր կային։ 24Դրա եզրերից ներքեւ տասը կանգուն շուրջանակի յենարաններ կային, եւ երկու շարք մոյթեր ձուլուած-ամրացուած էին դրա շուրջը։ 25Ձուլածոյ աւազանը դրուած էր տասներկու եզների վրայ. երեքը դէպի հիւսիս էին նայում, երեքը՝ դէպի ծով, երեքը՝ դէպի հարաւ, երեքը՝ դէպի արեւելք։ Աւազանը դրանց վրայ էր ամրացուած։ Բոլոր եզների գաւակները դէպի ներս էին ուղղուած։ 26Աւազանի պղնձի հաստութիւնը մի թիզ էր. դրա շուրթը բաժակի շուրթի նման էր. դրա վրայ ծաղկած շուշան էր քանդակուած։ Աւազանը մօտաւորապէս երկու հազար մար էր տանում։27Նա պղնձէ տասը պատուանդաններ շինեց. մէկ պատուանդանի երկարութիւնը հինգ կանգուն էր, լայնութիւնը՝ չորս կանգուն, բարձրութիւնը՝ վեց կանգուն։ 28Պատուանդաններն այսպիսի կառուցուածք ունէին. փոսիկները յաջորդում էին միմեանց, եւ դրանց միջեւ ելուստներ կային։ 29Ելուստների միջեւ գտնուող փոսիկների վրայ պատկերուած էին առիւծներ, եզներ ու քերովբէներ, իսկ փոսիկների վրայ պատկերուած առիւծներից եւ եզներից վերեւ ու ներքեւ զարդեր էին կախուած։ 30Ամէն մի պատուանդան պղնձէ չորս անիւ ու պղնձէ սռնի ունէր, եւ չորս անկիւններին, աւազանի տակ, մարդու ուսի նմանութիւն ունեցող ձուլածոյ ելուստներ կային։ 31Դրա բերանը ներքին խոյակից մինչեւ վեր մէկ կանգուն էր. այդ բերանը խարսխի պէս կլոր էր ու մէկուկէս կանգուն լայնութիւն ունէր։ Դրա բերանի վրայ ոչ թէ կլոր, այլ քառակուսի քանդակներ կային։ 32Սռնիով իրար միացուած չորս անիւներն ամրացուած էին աւազանի տակից, իսկ անիւներն էլ ամրացուած էին պատուանդանին։ Ամէն մի անուի բարձրութիւնը մէկուկէս կանգուն էր։ 33Անիւները սարքուած էին կառքի անիւների նման. դրանց սռնիները, շրջանակները, ճաղերը եւ ամէն ինչը ձուլածոյ էին։ 34Ամէն մի պատուանդանի չորս անկիւններն ունէին չորս ելուստներ, եւ ելուստները պարանոցի հետ միաձոյլ էին։35Պատուանդանի վերեւում կէս կանգուն բարձրութեամբ կար բոլորակ մի պսակ, եւ պատուանդանի գլխի վերեւում գտնուող դրա բռնակներն ու խորշերը պատուանդանի հետ միաձոյլ էին։ 36Դրա բռնակների ու խորշերի վրայ քանդակեց ներսի կողմից շուրջանակի միմեանց դիմաց կանգնած քերովբէներ, առիւծներ ու արմաւենիներ։ 37Այս նոյն օրինակով սարքեց բոլոր տասը պատուանդանները. բոլորը նոյն ձեւը, նոյն չափն ու նոյն զարդերն ունէին։ 38Նա պղնձէ տասը տաշտեր պատրաստեց. ամէն մի տաշտ քառասուն սափոր էր տանում եւ չորս կանգուն բարձրութիւն ունէր։ Ամէն մի տաշտ դրուեց այդ տասը պատուանդաններից մէկի վրայ։ 39Ուսի վրայ ամրացուած հինգ պատուանդանները տեղադրեց տան աջ կողմում, միւս հինգը՝ տան ձախ կողմում, իսկ աւազանը տեղադրեց տան աջ կողմում՝ դէպի հարաւ-արեւելք։ 40Քիրամը շինեց կաթսաներ, երեսին տաք ջուր ցանելու անօթներ ու կոնքեր։ Քիրամն աւարտեց բոլոր այն գործերը, որ արել էր Տիրոջ համար Սողոմոն արքայի տունը կառուցելիս. դրանք են՝41երկու սիւն ու սիւների շուրջանակի քանդակազարդ խոյակներ, երկու ցանց, որոնցով պէտք է ծածկէին սիւների շուրջանակի քանդակուած երկու խոյակները, 42երկու ցանցերի չորս հարիւր նռնաձեւ զարդերը, երկու շարք նռնաձեւ քանդակներ ամէն մի վանդակին, որոնցով պէտք է ծածկէին սիւների շուրջանակի քանդակուած երկու խոյակները։43Նաեւ տասը պատուանդաններ ու պատուանդանների վրայ դրուած տասը տաշտեր, 44մէկ աւազան ու աւազանի տակ ամրացուած տասներկու պղնձաձոյլ եզներ, 45կաթսաներ, երեսին տաք ջուր ցանելու անօթներ, կոնքեր եւ ամբողջ կահկարասին, որ Քիրամն արել էր Տիրոջ համար Սողոմոն արքայի տունը կառուցելիս։ Արքայի տան ու Տիրոջ տան քառասունութ սիւներն ու արքայի պղնձի ամբողջ գործերը պատրաստեց Քիրամը։ Իսկ թէ որքան պղինձ օգտագործեց այդ ամբողջ գործերն անելու համար, հնարաւոր չէ ասել, քանի որ դրանց չափ ու սահման չկար։ Անգամ հնարաւոր չէ ասել, թէ որքան փայլուն պղինձ օգտագործուեց։ 46Արքան դրանք ձուլել էր տուել կաւային թանձր հողի մէջ, Սոկքոթի ու Սիրարթամի միջեւ ընկած Յորդանան գետի ափին։ 47Սողոմոն արքան այդպէս տեղում թողեց ամբողջ այդ իրերը, քանզի թուով չափազանց շատ էին դրանք, եւ օգտագործուած պղնձին չափ ու սահման չկար։ 48Սողոմոն արքան պատրաստել տուեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկէ զոհարանն ու ոսկէ սեղանը, որի վրայ մատուցւում էր նուիրաբերման հացը, 49մաքուր ոսկուց պատրաստուած աշտանակները, որոնցից հինգը դրուած էր սրբարանի դիմաց՝ աջ կողմում, եւ հինգը՝ ձախ կողմում, ոսկէ մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները, նաեւ դրանդիկները, լծակները, տաշտերը, ափսէներն ու տուփերը մաքուր ոսկուց։ 50Ոսկուց էին ներքնատան՝ սրբութիւնների սրբութեան դռներն ու տաճարի տան դռները։ 51Այսպիսով աւարտուեցին Տիրոջ տունը կառուցելու համար Սողոմոն արքայի ձեռնարկած բոլոր գործերը։ Եւ Սողոմոն արքան տարաւ իր հայր Դաւթի նուէրները եւ իր՝ Սողոմոնի բոլոր նուէրները՝ արծաթը, ոսկին ու սպասքը, եւ ի պահ դրեց Տիրոջ տան գանձարանում։ 
8 Այն ժամանակ Սողոմոն արքան Իսրայէլի բոլոր ծերերին՝ ցեղերի բոլոր բարձրաստիճան գլխաւորներով եւ իսրայէլացիների նահապետներով հանդերձ կանչեց իր մօտ, Սիոն, որպէսզի Տիրոջ ուխտի տապանակը հանեն Դաւթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։2Իսրայէլի բոլոր տղամարդիկ Սողոմոն արքայի մօտ հաւաքուեցին Անթանիամ ամսին, տօնին, այսինքն՝ եօթներորդ ամսին։ 3Եկան Իսրայէլի բոլոր ծերերը, եւ քահանաները վերցնելով դուրս բերեցին Տիրոջ տապանակը, 4վկայութեան խորանն ու վկայութեան խորանի մէջ եղած ամբողջ սուրբ սպասքը։ Այն վերցրին քահանաներն ու ղեւտացիները։ 5Սողոմոն արքան ու նրա մօտ հաւաքուած Իսրայէլի ամբողջ ժողովուրդը նրա հետ տապանակի առջեւից գնալով՝ անթիւ ու անհամար արջառ ու ոչխար էին զոհաբերում։ 6Քահանաները Տիրոջ ուխտի տապանակը ներս տարան, իր տեղը՝ սրբութիւնների սրբութեան տան սրբարանը, եւ տեղադրեցին քերովբէների թեւերի ներքոյ։7Քերովբէները թեւերը տարածել էին տապանակի վրայ, եւ նրանք վերեւից ծածկում էին դրա սրբութիւնները։ 8Լծակներն այնպէս էին տեղաւորել, որ դրանց գլուխները սրբարանի դիմաց երեւում էին սրբութիւններից, բայց դրսից չէին երեւում։ Դրանք այնտեղ են մնում մինչեւ այսօր։ 9Տապանակի մէջ ոչինչ չկար, բացի քարէ երկու տախտակներից՝ ուխտի տախտակներից։ Դրանք այնտեղ դրել էր Մովսէսը Քորէբում, երբ Տէրն ուխտ էր արել իսրայէլացիների հետ Եգիպտոսից նրանց դուրս գալու ժամանակ։ 10Երբ քահանաները ելան սրբարանից, ամպ լցուեց Տիրոջ տունը, 11եւ քահանաներն ամպի պատճառով չէին կարողանում սպասաւորութիւն անել, քանզի Տիրոջ փառքը լցրել էր տունը։ 12Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. «Տէրն ասել է՝ «Ես հովանի պիտի լինեմ մէգ ու մշուշով»։ 13Ես քեզ համար բնակութեան տուն շինեցի, որ քո աթոռը հաստատ լինի յաւիտեան»։14Արքան երեսը դարձրեց ու օրհնեց Իսրայէլի ամբողջ ժողովրդին. եւ Իսրայէլի ամբողջ ժողովուրդը կանգնած էր։ 15Նա ասաց. «Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածն այսօր, որն իր բերանով խօսեց իմ հայր Դաւթի մասին եւ իր ձեռքով կատարեց իր խոստումը՝ 16ասելով. «Այն օրից, որ իմ ժողովրդին՝ Իսրայէլին Եգիպտոսից դուրս բերեցի, Իսրայէլի ցեղերին պատկանող ոչ մի վայր չընտրեցի տուն շինելու համար, որ իմ անուամբ լինի, այլ ընտրեցի Դաւթին, որ իսրայէլի իմ ժողովրդին ղեկավարի»։ 17Իմ հայր Դաւթի մտքում եղել էր Իսրայէլի Տէր Աստծու անուանով տուն շինելու նպատակը, 18եւ Տէրն ասել էր իմ հայր Դաւթին. «Քանի որ մտքումդ դրել ես իմ անունով տուն շինել, լաւ ես արել, որ այն դրել ես մտքումդ, 19բայց դո՛ւ չես շինելու տունը, այլ՝ քո որդին, որ սերուելու է քեզնից, նա է շինելու իմ անուանով տունը»։ 20Եւ Տէրը կատարեց իր ասած խօսքը, ու ես փոխարինեցի իմ հօրը՝ Դաւթին, նստեցի Իսրայէլի աթոռին, ինչպէս ասել էր Տէրը, եւ Իսրայէլի Տէր Աստծու անունով տուն շինեցի, 21այնտեղ տապանակի համար տեղ պատրաստեցի, ուր դրուած է Տիրոջ ուխտը, որ նա ուխտել էր մեր հայրերի հետ, երբ նրանց դուրս բերեց Եգիպտացիների երկրից»։22Սողոմոնը ամբողջ Իսրայէլի ժողովրդի ներկայութեամբ կանգնեց Տիրոջ զոհասեղանի առջեւ, ձեռքերը երկինք տարածեց 23եւ ասաց. «Տէ՛ր Աստուած Իսրայէլի, չկայ քեզ նման Աստուած վերեւում՝ երկնքում, ու ներքեւում՝ երկրի վրայ. դու պահում ես ուխտը եւ ողորմածութիւն ցուցաբերում քո ծառայի նկատմամբ, որը սրտանց գնում է քո առջեւից։ 24Դու պահեցիր քո ծառային՝ իմ հայր Դաւթին տուած խոստումդ. ինչ որ քո բերանով ասել էիր, քո ձեռքով էլ կատարեցիր, ինչպէս այսօր։ 25Արդ, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, կատարի՛ր քո Դաւիթ ծառային՝ իմ հօրը տուած քո այն խոստումը, թէ՝ «Մարդ չի պակասելու Իսրայէլի գահի վրայից, միայն թէ քո որդիները հաստատ հետեւեն իրենց ճանապարհին՝ ընթանալով իմ առջեւից, ինչպէս դու ես ընթանում իմ առջեւից»։ 26Արդ, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, թող իրագործուեն քեզ ծառայ իմ հայր Դաւթին ասած քո խօսքերը։27Մի՞թէ Աստուած բնակուելու է մարդկանց հետ երկրի վրայ։ Եթէ երկինքն ու երկնքի անսահմանութիւնները քեզ բաւական չեն, ապա ինչպէ՞ս կարող է բաւականացնել իմ շինած այս տունը։ 28Արդ, լսի՛ր քո ծառայի աղօթքներն ու իմ խնդրանքները, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, լսի՛ր քո ծառայի պաղատագին աղօթքները, որ նա քո առջեւ մատուցում է քեզ։ 29Քո աչքերը գիշեր-ցերեկ թող բաց լինեն այն տեղի վրայ, որի համար ասացիր, թէ քո անունն այնտեղ պէտք է լինի. լսի՛ր այն աղերսանքը, որ քո ծառան գիշեր-ցերեկ առաքում է քեզ այստեղ։30Լսի՛ր քո ծառայի ու Իսրայէլի քո ժողովրդի ձայնը, որոնք աղօթքի են կանգնել այստեղ. լսի՛ր քո բնակութեան վայրում՝ երկնքում, 31ու ների՛ր նրան, ով կը մեղանչի իր մերձաւորի դէմ։ Եթէ մէկը մի մարդու անիծելով մեղք գործելուց յետոյ գայ ու այս տանը, քո զոհասեղանի առաջ զղջայ, 32ապա լսի՛ր նրան երկնքում ու քաւութի՛ւն արա նրան։ Դատի՛ր Իսրայէլի քո ժողովրդին, դատապարտի՛ր անօրէնին ու նրանից պահանջի՛ր նրա կատարած մեղքի հատուցումը, իսկ արդարին արդարացրո՛ւ՝ հատուցելով նրան ըստ իր արդարութեան։ 33Եթէ քո դէմ մեղանչելու պատճառով Իսրայէլի քո ժողովուրդը պարտուի թշնամիներից, բայց դառնայ դէպի քեզ, փառք տայ քո անուանը, աղօթի ու աղաչի քեզ այս տանը, 34ապա լսի՛ր նրան երկնքում, ների՛ր Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը եւ վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ տուել ես նրանց հայրերին։ 35Եթէ քո դէմ մեղանչելու պատճառով երկինքը փակուի, ու անձրեւ չլինի, իսկ նրանք աղօթք անեն այս վայրում, փառք տան քո անուանը եւ քեզնից ներում ստանալով՝ զղջան իրենց մեղքերի համար, 36ապա լսի՛ր երկնքում եւ ների՛ր քո ծառաների ու Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը, որպէսզի ցոյց տաս նրանց բարի ճանապարհը, որով պէտք է ընթանան, եւ անձրեւ տաս քո երկրին, որը տուել ես քո ժողովրդին իբրեւ ժառանգութիւն։ 37Եթէ երկրի վրայ սով լինի, ժանտախտ, խորշակահարութիւն, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, եւ թշնամին նեղի նրան իր քաղաքներից մէկում, կամ ամէն տեսակ պատահար ու ցաւ լինի, 38եւ եթէ Իսրայէլի քո ամբողջ ժողովրդից որեւէ մէկը մի աղօթք կամ մի աղերսանք անի, եւ մարդիկ, իրենց սրտի ցաւը գիտենալով, ձեռքները տարածեն դէպի այս տունը,39ապա լսի՛ր երկնքում՝ քո բնակութեան տեղում, ների՛ր նրանց, կատարի՛ր նրանց խնդրանքը, ամէն մէկի հոգին ճանաչելով՝ հատուցի՛ր ըստ նրանց ընթացած ճանապարհի, քանզի միայն դու ես ճանաչում բոլոր մարդկանց հոգիները։ 40Թող մարդիկ երկիւղ կրեն քեզնից իրենց կեանքի բոլոր օրերում, որչափ որ ապրեն մեր հայրերին տուած քո երկրի երեսին։ 41Եթէ Իսրայէլի քո ժողովրդին չպատկանող մի օտարական գայ հեռու երկրից, 42ուր լսած լինի քո մեծ անուան, ամուր ձեռքի ու հզօր բազկի մասին, գայ եւ աղօթք անի այս տեղում, 43ապա նրան եւս լսիր երկնքում՝ քո բնակութեան տեղում, եւ ըստ ամենայնի կատարի՛ր այդ օտարականի քեզնից խնդրածը, որպէսզի երկրի բոլոր ազգերը ճանաչեն քո անունը, երկիւղ կրեն քեզնից, ինչպէս Իսրայէլի քո ժողովուրդը, եւ իմանան, որ քո անուամբ է կոչուել իմ կառուցած այս տունը։ 44Եթէ քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դէմ այն ճանապարհով, որ դու կ՚ուղարկես նրանց, եւ եթէ նրանք աղօթքի կանգնեն Տիրոջ ընտրած քաղաքի ճանապարհին կամ քո անունով իմ կառուցած տանը, 45ապա երկնքից լսի՛ր նրանց աղօթքն ու խնդրանքը, իրաւադա՛տ եղիր նրանց նկատմամբ։ 46Եթէ մեղանչեն քո դէմ (քանզի չկայ մարդ, որ չմեղանչի), եւ նրանց վրայ բարկանաս ու նրանց մատնես թշնամիների ձեռքը, եւ գերեվարողները նրանց գերեվարեն դէպի թշնամու հեռաւոր կամ մօտիկ երկիրը, 47եւ եթէ գերի տարուած երկրում զղջան իրենց հոգում, դառնան դէպի քեզ, աղաչեն քեզ գերութան երկրում եւ ասեն՝ «Մեղանչեցինք, անօրէնութիւն ու անիրաւութիւն գործեցինք», 48եւ ապա իրենց թշնամիների երկրում, ուր տարել ես նրանց, քեզ դիմեն իրենց ամբողջ սրտով եւ ամբողջ հոգով, քեզ աղօթք անեն իրենց հայրերի տուած երկրի ճանապարհին, քո ընտրած քաղաքում եւ քո անունով իմ կառուցած տանը, 49ապա լսի՛ր երկնքում՝ քո բնակութեան վայրում, նրանց աղօթքներն ու խնդրանքները, իրաւադա՛տ եղիր նրանց նկատմամբ, 50ների՛ր քո դէմ գործած նրանց անիրաւութիւնները, քո հանդէպ թոյլ տուած բոլոր անարգանքները, գո՛ւթ տուր նրանց գերեվարողներին, գթա՛ նրանց,51քանզի նրանք քո ժողովուրդն են եւ քո ժառանգութիւնը, որոնց դուրս բերեցիր Եգիպտոսից՝ երկաթէ հնոցի միջից։ 52Թող քո աչքերն ու ականջները բաց լինեն քո ծառայի ու Իսրայէլի քո ժողովրդի աղերսանքների հանդէպ, որ լսես նրանց բոլոր աղաղակները, որ առաքում են քեզ, 53քանզի, դու ես նրանց քեզ համար ժառանգորդ ընտրել բոլոր ազգերի միջից, ինչպէս ասել ես քո ծառայ Մովսէսի միջոցով, երբ մեր հայրերին դուրս էիր բերում Եգիպտոսից, Տէ՜ր, Տէ՜ր»։Երբ Սողոմոնն աւարտեց տան կառուցումը, իր կառուցած տան մասին ասաց. «Տէրն արեգակը ի ցոյց հանեց երկնքում. Տէրն ասաց, որ բնակւում է մէգ ու մշուշի մէջ։ Նա ասաց. «Իմ նոր տունը ինձ արժանի ձեւով կառուցի՛ր, որ բնակուեմ այնտեղ»։ Չէ՞ որ սա գրուած է Երգերի գրքում»։ 54Երբ Տիրոջ զոհասեղանի առաջ ծնկաչոք ու ձեռքերը դէպի երկինք տարածած Սողոմոնն աւարտեց Տիրոջն ուղղուած այս բոլոր աղօթքներն ու աղերսանքները, 55կանգնեց ու մեծաձայն օրհնեց Իսրայէլի ամբողջ ժողովրդին՝ ասելով. 56«Օրհնեալ է Տէրն այսօր, որ, ինչպէս խոստացել էր, հանգիստ է տուել Իսրայէլի իր ժողովրդին։ Իր ծառայի՝ Մովսէսի միջոցով խոստացած բոլոր բարի խօսքերից ոչ մի բան պակաս չի մնացել։ 57Մեր Տէր Աստուածը թող մեզ հետ լինի, ինչպէս մեր հայրերի հետ էր, 58մեզ թող չլքի, այլ այնպէս առաջնորդի, որ մեր սրտերը նրանից չխոտորուեն, ընթանանք նրա նշած ճանապարհով, պահենք մեր հայրերին տուած նրա բոլոր պատուիրանները, նրա հրամանները, նրա կարգադրութիւնները։ 59Տէր Աստծու առջեւ մատուցած այս պաղատանքի խօսքերս ցերեկ ու գիշեր թող հասնեն մեր Տէր Աստծուն, որպէսզի իր ծառային ու Իսրայէլի իր ժողովրդին ամէն օր արդար դատի, 60որ երկրի բոլոր ժողովուրդները ճանաչեն, թէ Տէրը Աստուած է, եւ ուրիշ աստուած չկայ։ 61Մեր սրտերը հաւատարիմ թող լինեն մեր Տէր Աստծու նկատմամբ, որպէսզի մենք մաքուր սրտով ընթանանք ըստ նրա հրամանների եւ պահենք նրա պատուիրանները, ինչպէս այսօր»։ 62Արքան ու բոլոր իսրայէլացիները նրա հետ Տիրոջ առջեւ զոհեր մատուցեցին։ 63Սողոմոն արքան Տիրոջը քսաներկու հազար արջառ, հարիւր քսան հազար ոչխար մատուցեց իբրեւ խաղաղութեան զոհաբերում։ Արքան ու բոլոր իսրայէլացիները կատարեցին Տիրոջ տան նաւակատիքը։ 64Այդ օրը արքան սրբագործեց սրահի մէջտեղը, որը Տիրոջ տան դիմաց էր. այնտեղ արեց ողջակէզներ, ընծայաբերումներ, զոհաբերումներ ու խաղաղութեան զոհեր։ Տիրոջ առաջ գտնուող պղնձէ զոհասեղանը փոքր էր եւ չէր կարող տեղաւորել ողջակէզները, ընծայաբերումները եւ խաղաղութեան զոհերը։ 65Սողոմոնն ու նրա հետ նաեւ Իսրայէլի ամբողջ ժողովուրդը Եմաթի արեւմուտքից մինչեւ Եգիպտոսի հեղեղատը այդ օրը մեր Տէր Աստծու առաջ, նրա համար շինուած տանը եօթը օր ու դարձեալ եօթը օր, այսինքն՝ տասնչորս օր կերան, խմեցին եւ ուրախացան։ 66Ութերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին, նրանք օրհնեցին արքային, եւ ամէն մէկը ուրախ ու զուարթ գնաց իր բնակութեան վայրը, որովհետեւ Տէրը իր Դաւիթ ծառային եւ Իսրայէլի իր ժողովրդին բարիք էր պարգեւել։









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Свинина жареная с виноградом

Свиную корейку нарезать на порционные куски с косточками, слегка отбить,...

Салат из спаржи с яйцом

Салат из спаржи с яйцомТщательно перебранную, очищенную от грубых стеблей...

Тыква в сухарях

Тыква в сухаряхчищенную тыкву нарезать ломтиками, посолить, обвалять в муке,...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта