ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ - 2

(0 голоса, среднее 0 из 5)
Индекс материала
ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ
2
Все страницы


15 Իսրայէլի Յերոբովամ արքայի թագաւորութեան քսանեօթներորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի Ամասիա արքայի որդի Ազարիան։2Նա տասնվեց տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ յիսուներկու տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Յեքեղիա էր, նա Երուսաղէմից էր։ 3Ազարիան իր հայր Ամասիայի նման ըստ ամենայնի բարի գործեր կատարեց Տիրոջ առջեւ, 4բայց բարձունքների մեհեանները չվերացրեց, իսկ ժողովուրդը տակաւին զոհեր էր մատուցում եւ խունկ ծխում բարձունքներում։ 5Տէրը պատուհասեց թագաւորին, եւ նա բորոտ դարձաւ մինչեւ իր կեանքի վերջը։ Նա առանձին մի տան մէջ էր բնակւում։ Արքունի տան վրայ իշխում եւ երկրի ժողովրդին դատում էր արքայի որդին՝ Յովաթամը։ 6Ազարիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 7Ազարիան գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին Դաւթի քաղաքում, իր նախնիների մօտ։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յովաթամը։8Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան երեսունեօթներորդ տարում Իսրայէլի վրայ թագաւորեց Յերոբովամի որդի Զաքարիան։ Նա վեց ամիս թագաւորեց Սամարիայում։ 9Նա իր նախնիների նման չարիք գործեց Տիրոջ առջեւ, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից։10Նրա դէմ գլուխ բարձրացրին Յաբիսի որդի Սեղղումն ու Կեբդաամը. նրանք ժողովրդի ներկայութեամբ հարուածեցին նրան ու սպանեցին։ Նրա փոխարէն թագաւորեց Սեղղումը։ 11Զաքարիայի մնացած գործերը նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։12Ահա այս էր այն մարդը, որի մասին Տէրը ասել էր Յէուին. «Քո որդիներից միայն մինչեւ չորրորդ սերունդը պիտի նստի Իսրայէլի գահին»։ Եւ այդպէս էլ եղաւ։ 13Յաբիսի որդի Սեղղումը թագաւորեց Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան երեսունութերորդ տարում։ Սեղղումը Սամարիայում թագաւորեց մէկ ամիս։ 14Գադդիի որդի Մանայեմը դուրս եկաւ Թերսայից, մտաւ Սամարիա, Սամարիայում հարուածեց Յաբիսի որդի Սեղղումին, սպանեց նրան ու փոխարէնը թագաւոր նստեց։ 15Սեղղումի մնացած գործերը, նրա կազմակերպած դաւադրութիւնները նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 16Այն ժամանակ Մանայեմը յարձակուեց Թերսայի վրայ եւ այնտեղ, սկսած Թերսայից, նրա սահմաններում գտնուող բոլորին սպանեց, յղի կանանց արգանդը պատռեց, որովհետեւ նրա առաջ չէին բացել քաղաքի դարպասները։17Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան երեսունիններորդ տարում Իսրայէլի վրայ թագաւորեց Գադդիի որդի Մանայեմը։ Նա տասը տարի թագաւորեց Սամարիայում։ 18Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից։ 19Ասորեստանի արքայ Փուան եկաւ յարձակուեց Իսրայէլի վրայ։ Մանայեմը Փուային հազար տաղանդ արծաթ տուեց, որպէսզի նա իրեն օգնական լինի, եւ Մանայեմն իր թագաւորութիւնն իր ձեռքում պահի։ 20Այս արծաթն Ասորեստանի արքային տալու համար Մանայեմն Իսրայէլի բոլոր հարուստների վրայ հարկ դրեց, ամէն մէկից յիսնական սիկղ արծաթ առաւ։ Ասորեստանի թագաւորը յետ դարձաւ՝ չմնաց երկրում։ 21Մանայեմի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ Մանայեմը գնաց իր նախնիների գիրկը։ 22Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Փակէիան։ 23Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան յիսուներորդ տարում Փակէիան թագաւորեց Իսրայէլի վրայ։ Նա տասը տարի թագաւորեց Սամարիայում։ 24Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից։ 25Նրա դէմ գլուխ բարձրացրեց Ռոմելիայի որդի Փակէէն՝ իր զօրապետը։ Սրա հետ էին Արգոբը եւ Արիէն, ինչպէս նաեւ չորսհարիւրեակի միջից յիսուն հոգի։ Նա հարուածեց նրան Սամարիայում, արքունի տան առաջ, սպանեց նրան, եւ նրա փոխարէն ինքը թագաւորեց։ 26Փակէիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 27Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան յիսուներկուերորդ տարում թագաւորեց Ռոմելիայի որդի Փակէէն։ Նա Սամարիայում Իսրայէլի վրայ թագաւորեց քսան տարի։ 28Նա Տիրոջ առջեւ չարութիւն գործեց, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից։ 29Իսրայէլի արքայ Փակէէի օրօք եկաւ Ասորեստանի Թակղաթփաղասար արքան, գրաւեց Այինը, Կաբէէլը, Բեթմաաքան, Յանոքը, Կենէզը, Ասորը, Գաղաադը եւ Գալիլիան, Նեփթաղիմի ամբողջ երկիրը եւ նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։ 30Եղայի որդի Օսէէն դաւադրութիւն կազմակերպեց Ռոմելիայի որդի Փակէէի դէմ, խփեց ու սպանեց նրան, եւ նրա փոխարէն ինքը թագաւորեց Օզիայի որդի Յովաթամի թագաւորութեան քսաներորդ տարում։ 31Փակէէի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 32Իսրայէլի թագաւոր Ռոմելիայի որդի Փակէէի թագաւորութեան երկրորդ տարում Իսրայէլում թագաւորեց Յուդայի երկրի արքայ Օզիայի որդի Յովաթամը։ 33Նա քսանհինգ տարեկան էր, որ թագաւոր դարձաւ եւ տասնվեց տարի իշխեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Յերուսա էր, նա Սադոկի դուստրն էր։34Յովաթամը ըստ ամենայնի արդար գտնուեց Տիրոջ առջեւ, այնպէս, ինչպէս իր հայր Օզիան, 35միայն թէ նա բարձունքների մեհեանները չվերացրեց, եւ ժողովուրդը տակաւին զոհեր էր մատուցում եւ խունկ ծխում բարձունքներում։ Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը։36Յովաթամի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 37Այդ օրերին Տէրը Յուդայի երկրի դէմ ուղարկեց ասորիների արքայ Ռասոնին եւ Ռոմելիայի որդի Փակէէին։ 38Յովաթամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր նախնի Դաւթի քաղաքում, իր նախնիների մօտ, եւ նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Աքազը։ 
16 Ռոմելիայի որդի Փակէէի թագաւորութեան տասնեօթներորդ տարում Իսրայէլում թագաւորեց Յուդայի երկրի արքայ Յովաթամի որդի Աքազը։ 2Աքազը քսան տարեկան էր, որ թագաւորեց եւ տասնվեց տարի իշխեց Երուսաղէմում։ Նա հաւատարիմ չգտնուեց Տէր Աստծու առջեւ, ինչպէս հաւատարիմ էր եղել իր նախնի Դաւիթը, 3այլ գնաց Իսրայէլի արքայ Նաբատի որդի Յերոբովամի ճանապարհով։ Նա իր որդուն կրակի միջով անցկացրեց ըստ այն ազգերի գարշելի սովորութեան, որոնց Տէրն իսրայէլացիների առջեւից հալածել էր։ 4Նա զոհեր էր մատուցում եւ խունկ ծխում բարձունքների մեհեաններում, բլուրների վրայ ու ծառախիտ անտառներում։ 5Այն ժամանակ ասորիների արքայ Ռասոնը եւ Ռոմելիայի որդի Իսրայէլի թագաւոր Փակէէն ելան Աքազի դէմ պատերազմի ու պաշարեցին Երուսաղէմը, սակայն պատերազմը շարունակել չկարողացան։ 6Այդ ժամանակ ասորիների Ռասոն արքան Ելաթը վերադարձրեց ասորիներին, իսկ հրեաներին հանեց Ելաթից։ Եդոմայեցիները եկան Ելաթ եւ այնտեղ են բնակւում մինչեւ այսօր։ 7Աքազը դեսպաններ ուղարկեց Ասորեստանի Թագղաթփաղասար արքային՝ ասելով. «Ես քո ծառան ու քո որդին եմ։ Արի՛ եւ փրկի՛ր ինձ ասորիների արքայի ու Իսրայէլի արքայի ձեռքից, որոնք ինձ վրայ են յարձակուել»։ 8Աքազը Տիրոջ տանն ու թագաւորի տան գանձարանում գտնուող արծաթն ու ոսկին առաւ եւ ուղարկեց Ասորեստանի արքային որպէս պարգեւ։ 9Ասորեստանի արքան անսաց նրան, ելաւ Դամասկոսի դէմ ու գրաւեց այն, բնակիչներին գերեվարեց Կիւրէն, իսկ Ռասոնին սպանեց։ 10Աքազ արքան գնաց Դամասկոս, Ասորեստանի Թագղաթփաղասար արքային հանդիպելու։ Նա տեսաւ Դամասկոսում եղած զոհասեղանը, այդ զոհասեղանի օրինակն ու ձեւերը բոլոր մանրամասներով ուղարկեց Ուրիա քահանային։ 11Ուրիա քահանան կառուցեց զոհասեղանը ըստ այն օրինակի, որ Աքազ արքան ուղարկել էր Դամասկոսից։ Մինչեւ Աքազ արքայի Դամասկոսից վերադառնալը Ուրիա քահանան պատրաստեց դա։ 12Երբ արքան տեսաւ զոհասեղանը, մօտեցաւ դրան, զոհեր մատուցեց նրա վրայ, իր ողջակէզներն այրեց, 13իր ընծաները նուիրեց, զոհասեղանի վրայ թափեց խաղաղութեան զոհերի արիւնը։ 14Տիրոջ առջեւ գտնուող պղնձէ զոհասեղանը նա տեղափոխեց իր տեղից՝ Տիրոջ տան առջեւից, ու դրեց նոր զոհասեղանից հիւսիս։ 15Աքազ արքան պատուէր տուեց Ուրիա քահանային՝ ասելով. «Այս մեծ զոհասեղանի վրայ պէտք է մատուցես առաւօտեան ողջակէզը եւ երեկոյեան զոհաբերութիւնը, արքայի ողջակէզն ու նրա զոհաբերութիւնները, երկրի ժողովրդի ողջակէզները, զոհաբերութիւններն ու ընծաները։ Բոլոր ողջակէզների ու զոհաբերութիւնների արիւնը նրա վրայ պէտք է թափես, իսկ պղնձէ զոհասեղանն իմ տրամադրութեան տակ պէտք է լինի առաւօտեան»։16Ուրիա քահանան ամէն ինչ արեց այնպէս, ինչպէս նրան պատուիրել էր Աքազ արքան։ 17Աքազ արքան կոտրեց անուաւոր խարիսխները, փոխադրեց լուացարանները, ձուլածոյ աւազանն իջեցրեց իր տակ գտնուող տասներկու պղնձէ ցուլերից ու դրեց քարէ յատակի վրայ։18Նա, ի պատիւ Ասորեստանի արքայի, Տիրոջ տան մէջ գահի համար մի պատուանդան դրեց եւ թագաւորական տան արտաքին մուտքը դարձրեց Տիրոջ տան կողմը։ 19Աքազի կատարած մնացած գործերը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 20Աքազը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում, իր նախնիների մօտ։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Եզեկիան։ 
17 Յուդայի երկրի արքայ Աքազի թագաւորութեան տասներկուերորդ տարում Իսրայէլի վրայ թագաւորեց Ելայի որդի Օսէէն։ Նա Սամարիայում թագաւորեց ինը տարի։ 2Նա Տիրոջ առջեւ չար գտնուեց, բայց ոչ Իսրայէլի այն թագաւորների նման, որոնք իրենից առաջ կային։3Նրա դէմ յարձակուեց Ասորեստանի Սաղմանասար արքան, եւ Օսէէն նրան ենթակայ դարձաւ, նրան հարկ էր տալիս, որ նա տանի։4Ասորեստանի արքան, սակայն, տեսաւ, որ Օսէէի մէջ նենգութիւն կայ, որովհետեւ սա պատգամաւորներ էր ուղարկել Եգիպտոսի թագաւոր Սովային եւ այդ տարի հարկ չէր վճարել Ասորեստանի արքային։ Ասորեստանի արքան կալանաւորեց նրան եւ բանտարկեց։5Ասորեստանի արքան յարձակուեց ամբողջ երկրի վրայ, ելաւ նաեւ Սամարիայի դէմ եւ այն պաշարեց երեք տարի։ 6Օսէէի թագաւորութեան իններորդ տարում Ասորեստանի արքան գրաւեց Սամարիան եւ իսրայէլացիներին քշեց Ասորեստան, նրանց բնակեցրեց Ալաթում եւ Աբորում, Գոզան գետի մօտ ու Մարերի լեռներում։7Իսրայէլացիները մեղանչել էին իրենց տէր Աստծու դէմ, որն իրենց հանել էր Եգիպտացիների երկրից եւ ազատել եգիպտացիների Փարաւոն արքայի ձեռքից։ Նրանք սկսել էին երկիւղ կրել օտար աստուածներից, 8հետեւել այն ազգերի կրօնին, որոնց Տէրը քշել էր իսրայէլացիների առջեւից։ 9Իսրայէլի թագաւորները նման շատ բաներ էին արել, եւ իսրայէլացիները նման շատ թաքուն գործեր կատարել, որ չպէտք է անէին իրենց Աստծու դէմ։ Նրանք իրենց բոլոր քաղաքներում բարձրադիր տեղեր ստեղծեցին, սկսած պահապանների աշտարակից մինչեւ պարսպապատ քաղաքը, 10իրենց համար արձաններ եւ կուռքեր կանգնեցրին, բոլոր բարձր բլուրների վրայ, բոլոր անտառախիտ ծառերի ներքոյ, 11բոլոր բարձունքների վրայ խունկ էին ծխում այն բոլոր ազգերի նման, որոնց Տէրը վտարել էր նրանց առջեւից։ Նրանք վատ ընկերակիցներ ունեցան եւ վատ հաւաքոյթներ կազմակերպեցին, որպէսզի բարկացնեն Տիրոջը։ 12Նրանք պաշտեցին կուռքեր, որոնց մասին Տէրն իրենց ասել էր. «Այդ բանը մի՛ արէք յանուն Տիրոջ»։ 13Տէրը բոլոր մարգարէների ու տեսանողների միջոցով Իսրայէլին ու Յուդայի երկրին զգուշացրեց՝ ասելով. «Դարձէ՛ք ձեր չար ճանապարհներից, պահեցէ՛ք իմ պատուիրանները, իմ կանոններն ու օրէնքները, որ պատուիրեցի ձեր հայրերին, եւ որոնք ձեզ հաղորդեցի իմ ծառայ մարգարէների միջոցով»։ 14Նրանք չլսեցին, աւելի ըմբոստացան, քան իրենց հայրերը, չհաւատացին իրենց Տէր Աստծուն։ 15Նրանց հայրերի հետ Աստծու կնքած ուխտերը, դաշինքներն ու վկայութիւնները նրանք չպահեցին, գնացին սնոտի աստուածներ պաշտողների հետքերով՝ իրենք էլ նրանց հետ սնոտի աստուածներ պաշտողներ դառնալով իրենց շրջապատող ազգերին հետեւելով։ Մինչդեռ Տէրը պատուիրել էր, որ չնմանուեն նրանց։ 16Նրանք անտեսեցին իրենց Տէր Աստծու բոլոր պատուիրանները, իրենց համար երկու ձուլածոյ երինջներ պատրաստեցին, երկնքի զօրութիւններին երկրպագեցին, պաշտեցին Բահաղին, 17իրենց տղաներին եւ աղջիկներին կրակի միջով անցկացրին, կախարդութիւն ու հմայութիւն արեցին, համարձակուեցին Տիրոջ առջեւ չարութիւն գործել եւ զայրացրին նրան։ 18Տէրն Իսրայէլի վրայ խիստ բարկացաւ, չուզեց տեսնել նրանց երեսը, այնպէս որ միայն Յուդայի ցեղն էր մնացել։ 19Սակայն Յուդայի ցեղի մարդիկ էլ չպահեցին իրենց Տէր Աստծու պատուիրանները եւ ընթացան Իսրայէլի երկրում ընդունուած սովորութիւններով։ 20Նրանք Տիրոջը հեռու պահեցին Իսրայէլի ամբողջ սերնդից։ Տէրը նրանց չարչարեց եւ աւարառուների ձեռքը մատնեց, մինչեւ որ նրանց իր երեսից հեռու վանեց։ 21Մինչ Դաւթի տունը գոյութիւն ունէր, նրանք Իսրայէլի թագաւոր էին նստեցրել Նաբատի որդի Յերոբովամին, եւ Յերոբովամը իսրայէլացիներին արգելել էր ընթանալ Տիրոջ ճանապարհով, նրանց մեծ մեղքեր գործել տուել։ 22Իսրայէլացիներն ընթացել էին Յերոբովամի գործած բոլոր մեղքերի ճանապարհով, չէին հրաժարուել դրանցից։ 23Տէրն իր երեսը թեքել էր Իսրայէլից, ինչպէս որ մարգարէների միջոցով ասել էր իր բոլոր ծառաներին։ Այսպէս է, որ Իսրայէլացիներն իրենց երկրից Ասորեստան գերեվարուեցին, ուր գտնւում են մինչեւ այսօր։ 24Ասորեստանի արքան Բաբելոնից, Քութից, Այայից, Եմաթից ու Սեփփարուիմից մարդկանց էր բերել տուել եւ իսրայէլացիների փոխարէն բնակեցրել Սամարիայի քաղաքներում։ նրանք ժառանգել էին Սամարիան ու բնակուել նրա քաղաքներում։25Իրենց բնակութեան սկզբնական շրջանում նրանք չէին վախեցել Տիրոջից, եւ Տէրն առիւծներ էր ուղարկել, որ յօշոտեն նրանց։ 26Նրանք դիմել էին Ասորեստանի թագաւորին՝ ասելով. «Այն ազգերը, որոնց փոխադրեցիր եւ Սամարիայի քաղաքներում բնակեցրիր, չգիտեն այդ երկրի Աստծու կրօնը, Տէրը նրանց վրայ առիւծներ ուղարկեց, որոնք ահա յօշոտում են նրանց, որովհետեւ չգիտեն այդ երկրի Աստծու կրօնը»։ 27Ասորեստանի արքան հրաման էր արձակել ու ասել. «Այնտե՛ղ տարէք ձեր գերեվարած քահանաներից մէկին, որ գնայ այնտեղ բնակուի, սովորեցնի Տիրոջ կրօնը եւ լուսաւորի նրանց այդ երկրի Աստծու օրէնքներով»։ 28Գերուած քահանաներից մէկին Սամարիայից տարել էին, բնակեցրել Բեթէլում։ Քահանան լուսաւորել էր նրանց եւ սովորեցրել, որ երկիւղ կրեն Տիրոջից։ 29Ամէն մի ազգ իր ապրած քաղաքում իր համար տարբեր աստուածներ էր պատրաստել եւ դրել այն բարձունքների վրայ գտնուող մեհեաններում, որ սամարացիներն էին շինել։ 30Բաբելացիները կառուցել էին Սոքքոթն ու Բանոթը, քութացիները կառուցել էին Անգեղը, եմաթացիները կառուցել էին Ասիմաթը, 31այիացիները կառուցել էին Աբլազերը, Նեբասը, Թարթակն ու Սեփփարուիմը, ուր սեփփարուիմացիները կենդանի վառում էին իրենց որդիներին Սեփփարուիմի աստուածներ Ադրամելէքի ու Ամամելէքի համար վառուող հրով։ 32Նրանք երկիւղ էին կրում նաեւ Տիրոջից, սակայն իրենց գարշելի կուռքերը հաստատել էին բարձունքների վրայ գտնուող մեհեաններում, որ ամէն մի ազգ շինել էր Սամարիայում, այնտեղ, ուր նրանք բնակւում էին։ Թէեւ Տիրոջից երկիւղ էին կրում, բայց բարձունքների վրայ քրմեր էին նշանակել. 33թէեւ երկիւղ էին կրում Տիրոջից, բայց պաշտում էին իրենց աստուածներին ըստ այն ազգերի կրօնների, որոնց Աստուած մերժել էր։34Մինչեւ օրս նրանք առաջնորդւում են իրենց սովորութիւններով. թէեւ երկիւղ են կրում Տիրոջից, բայց վարւում են ըստ իրենց սովորութիւնների, կանոնների եւ օրէնքների, նաեւ ըստ այն պատուիրանի, որ Տէրը պատուիրել էր Յակոբի որդիներին։ Տէրը Յակոբի անունը դրել էր Իսրայէլ։ 35Տէրը նրանց հետ ուխտ էր դրել, պատուիրել ու ասել. «Մի՛ վախեցէք օտար աստուածներից, մի՛ երկրպագէք նրանց, մի՛ պաշտէք նրանց, զոհեր մի՛ մատուցէք նրանց,36այլ վախեցէ՛ք Տէր Աստծուց, որը մեծ զօրութեամբ ու հզօր բազկով ձեզ դուրս բերեց Եգիպտոսից։ Նրանի՛ց վախեցէք, նրա՛ն երկրպագեցէք ու նրա՛ն զոհեր մատուցեցէք։ 37Ձեզ համար գրուած կանոնները, դատաստանները, օրէնքներն ու պատուիրանները զգուշութեա՛մբ գործադրեցէք։ Մի՛ վախեցէք օտար աստուածներից, 38մի՛ մոռացէք այն ուխտը, որ Տէրը դրել է ձեզ հետ, մի՛ վախեցէք օտար աստուածներից, այլ ձեր Տէ՛ր Աստծուց երկիւղ կրեցէք։ 39Նա ձեզ կը փրկի ձեր բոլոր թշնամիներից։ 40Մի՛ հաւատացէք նրանց կրօնին, որին նրանք հետեւում են։ 41Այդ ազգերը թէպէտ Տիրոջից վախենում էին, բայց իրենց քանդակած կուռքն էին պաշտում։ Նրանց որդիներն ու որդիների որդիները մինչեւ այսօր վարւում են այնպէս, ինչպէս իրենց նախնիները»։ 
18 Իսրայէլի արքայ Եղայի որդի Օսէէի թագաւորութեան երրորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի Աքազ արքայի որդի Եզեկիան։2Նա քսանհինգ տարեկան էր, որ թագաւորեց, եւ Երուսաղէմում քսանինը տարի իշխեց։ Նրա մօր անունը Աբութ էր, որը Զաքարիայի դուստրն էր։ 3Նա իր նախնի Դաւթի նման ըստ ամենայնի ուղիղ ընթացաւ Տիրոջ առջեւ։ 4Նա վերացրեց բարձունքների մեհեանները, խորտակեց բոլոր արձանները, ջարդուփշուր արեց կուռքերի կոթողները, փշրեց Մովսէսի շինած պղնձէ օձը, քանզի մինչեւ այդ օրը իսրայէլացիները զոհ էին մատուցում նրան եւ այն կոչում էին Նէեսթան։5Նա իր յոյսը կապեց Իսրայէլի Տէր Աստծու հետ, եւ նրա նմանը չեղաւ Յուդայի երկրի ո՛չ յաջորդ, ո՛չ էլ նախորդ բոլոր թագաւորների մէջ։ 6Նա Տիրոջն ապաւինեց, նրա ճանապարհից չխոտորուեց, պահեց Մովսէսին պատգամուած պատուիրանները, 7ուստի Տէրը նրա հետ էր, եւ Եզեկիան ինչ որ անում էր, խելամտօրէն էր անում։ Նա ապստամբեց Ասորեստանի արքայի դէմ, չծառայեց նրան, 8այլազգիներին քշեց մինչեւ Գազա եւ նրա սահմանները, Պահապանների աշտարակից մինչեւ պարսպապատ քաղաքը։ 9Եզեկիա արքայի թագաւորութեան չորրորդ տարում, այսինքն՝ Իսրայէլի Եղա արքայի որդի Օսէէի թագաւորութեան եօթներորդ տարում Ասորեստանի արքայ Սաղմանասարը ելաւ Սամարիայի դէմ, պաշարեց այն եւ երեք տարի անց քաղաքը գրաւեց։ 10Եզեկիայի թագաւորութեան վեցերորդ տարում, այսինքն՝ Իսրայէլի արքայ Օսէէի թագաւորութեան իններորդ տարում Ասորեստանի արքան գրաւեց Սամարիան 11եւ սամարացիներին քշեց Ասորեստան, նրանց տեղաւորեց Ալաթում եւ Աբորում՝ Գոզան գետի եւ Մարաց լեռների մօտ, 12որովհետեւ նրանք իրենց Տէր Աստծուն չէին անսացել, նրա ուխտը չէին պահել եւ այն, ինչ նրանց պատուիրել էր Տիրոջ ծառայ Մովսէսը, չէին լսել ու չէին կատարել։ 13Եզեկիա արքայի թագաւորութեան տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան յարձակուեց Յուդայի երկրի պարսպապատ քաղաքների վրայ եւ գրաւեց դրանք։ 14Յուդայի երկրի արքայ Եզեկիան Ասորեստանի արքայի մօտ դեսպաններ ուղարկելով Լաքիս՝ ասաց. «Մեղանչել եմ, յե՛տ դարձիր իմ երկրից, եւ ինչ տուգանք որ ինձ վրայ դնես, կը հատուցեմ»։ Ասորեստանի արքան Յուդայի երկրի արքայ Եզեկիայի վրայ երեք հարիւր տաղանդ արծաթ եւ երեսուն տաղանդ ոսկի տուգանք դրեց, 15եւ Եզեկիան Տիրոջ տանը եւ թագաւորի գանձատանը ինչ որ գտաւ, տուեց։ 16Այդ ժամանակ Եզեկիան պոկեց Տիրոջ տաճարի դռների եւ դրանդիկների վրայ եղած ոսկին, որ ինքը՝ Յուդայի երկրի արքայ Եզեկիան էր պատել, ու տուեց Ասորեստանի արքային։17Ասորեստանի արքան Թարաթային, Ռաբսարիսին ու Ռափսակին մեծ զօրքով Լաքիսից ուղարկեց Երուսաղէմ, Եզեկիա արքայի մօտ։ Սրանք ելան ու եկան Երուսաղէմ եւ, կանգնելով թափիչի ագարակի ճանապարհին գտնուող վերին աւազանի ջրմուղի վրայ, 18կանչեցին Եզեկիային։ Նրանց մօտ եկան Քեղկիայի որդի Եղիակիմ հազարապետը, Սոմնաս դպրապետը եւ Ասափի որդի Յովաքը, որ պատմագիր էր։ 19Ռափսակը նրանց ասաց. «Ասացէ՛ք Եզեկիային, որ այսպէս է ասում մեծ արքան՝ Ասորեստանի արքան. «Ի՞նչ է քո յոյսը, որին դու ապաւինել ես։ 20Եթէ ասես, թէ խորհուրդ ու զօրութիւն են անհրաժեշտ պատերազմի համար, թէեւ դրանք դատարկ խօսքեր են, ապա ո՞ւմ ապաւինելով ապստամբեցիր իմ դէմ։ 21Դու ապաւինել ես այդ ջախջախուած եղէգի՞ն՝ Եգիպտոսի՞ն, որին եթէ մարդ յենուի, ձեռքը կը ծակի, ու նա կը խոցուի դրանից։ Այդպիսին է Եգիպտոսի Փարաւոն արքան բոլոր նրանց համար, ովքեր իրենց յոյսը դնում են նրա վրայ։ 22Ինձ ասացիր, թէ՝ Տէր Աստծուն ենք ապաւինում։ Դա այն չէ՞, որի բարձրադիր մեհեաններն ու զոհասեղանները Եզեկիան ոչնչացրեց եւ Յուդայի երկրին ու Երուսաղէմին ասաց. «Երուսաղէմում միայն այս զոհասեղանի առջեւ երկրպագեցէք»։ 23Արդ, իմ տիրոջ՝ Ասորեստանի արքայի հետ հաշտուեցէ՛ք, եւ նա քեզ երկու հազար երիվար կը տայ, եթէ դու կարող ես այդքան հեծեալներ գտնել դրանց համար։ 24Ինչպէ՞ս կարող ես դիմադրել իմ տիրոջ յետին ծառաներից որեւէ զօրականի եւ դեռ մարտակառքեր ու երիվարներ ստանալու համար ապաւինում ես Եգիպտոսին։ 25Կամ առանց Տիրոջ հրամանի՞ եմ ես յարձակուել այս երկրի վրայ, որ բնաջնջեմ այն։ Տէրն ինձ ասել է. «Յարձակուի՛ր այդ երկրի վրայ եւ բնաջնջի՛ր այն»։ 26Քեղկիայի որդի Եղիակիմը, Սոմնասն ու Ասափի որդի Յովաքը ասացին Ռափսակին. «Մեզ՝ քո ծառաների հետ ասորերէ՛ն խօսիր, որովհետեւ մենք հասկանում ենք այդ լեզուն, պարսպի վրայ կանգնած ժողովրդի ներկայութեամբ եբրայերէն մի՛ խօսիր»։ 27Բայց Ռափսակը նրանց ասաց. «Միթէ իմ տէրն այս խօսքերը քո տիրո՞ջ ու քե՞զ ասելու համար ուղարկեց ինձ. չէ՞ որ պարսպի վրայ կանգնած մարդկանց համար, որպէսզի ձեզ հետ ուտեն իրենց կեղտը եւ խմեն իրենց մէզը»։ 28Ռափսակը ելաւ, բարձր ձայնով բղաւելով՝ եբրայերէն ասաց. «Լսեցէ՛ք մեծ արքայի՝ Ասորեստանի արքայի պատգամը։ 29Այսպէս է ասում արքան. «Թող Եզեկիան չմոլորեցնի ձեզ, քանզի նա չի կարող ձեզ իմ ձեռքից փրկել։ 30Եզեկիան ձեզ թող Տիրոջով չյուսադրի՝ ասելով, թէ ՚ Տէրը մեզ անպայման կը փրկի եւ այս քաղաքը չի մատնի Ասորեստանի արքայի ձեռքը»։ 31Մի՛ լսէք Եզեկիային, որովհետեւ այսպէս է ասում Ասորեստանի արքան. «Ինձ հետ հաշտութիւն կնքեցէ՛ք, եկէ՛ք ինձ մօտ, եւ ամէն մարդ իր խաղողի այգուց ու թզենուց կ՚ուտի, իր ջրհորից ջուր կը խմի, 32մինչեւ որ գամ, ձեզ վերցնեմ ու տանեմ մի երկիր, որ ձեր երկրի նման է՝ ցորենի ու գինու երկիր, այգիների ու հացի երկիր, ձիթենիների, իւղի ու մեղրի երկիր։ Դուք այնտեղ կ՚ապրէք ու չէք մեռնի։ Մի՛ լսէք Եզեկիային, որովհետեւ խաբում է ձեզ՝ ասելով, թէ՝ ՚ Տէրը մեզ կը փրկի»։ 33Միթէ ազգերի աստուածները Ասորեստանի արքայի ձեռքից փրկեցի՞ն նրանց երկրները։ 34Ո՞ւր է Եմաթի ու Արփաթի աստուածը, ո՞ւր է Սեփփարուիմ քաղաքի աստուածը, Անայի ու Աւայի աստուածը։ Միթէ նրանք փրկեցի՞ն Սամարիան իմ ձեռքից։ 35Երկրի բոլոր աստուածներից ո՞ր մէկը կարողացաւ իր երկիրն իմ ձեռքից փրկել, որ Տէրը Երուսաղէմը փրկի իմ ձեռքից»։ 36Մարդիկ լռեցին եւ պատասխան չտուեցին, որովհետեւ արքան հրաման էր տուել, թէ՝ «Նրան մի՛ պատասխանէք»։ 37Քեղկիայի որդի Եղիակիմ հազարապետը, Սոմնաս դպրապետը եւ Ասափի որդի Յովաքը՝ պատմագիրը, զգեստները պատառոտելով եկան Եզեկիայի մօտ ու հաղորդեցին նրան Ռափսակի ասածները։ 
19 Երբ Եզեկիան լսեց արքայի պատգամը, պատառոտեց իր զգեստները, քուրձ հագաւ ու մտաւ Տիրոջ տունը։ 2Նա Եղիակիմ հազարապետին, Սոմնաս դպրապետին եւ քահանաներից ծերերին քրձեր հագած ուղարկեց Ամոսի որդի Եսայի մարգարէի մօտ, 3որոնք նրան ասացին. «Այսպէս է ասում Եզեկիան. «Այս օրը նեղութեան, կշտամբանքների ու նախատինքի օր է, որովհետեւ երեխաների մայրերը երկունքի մէջ են, սակայն ուժ չունեն ծննդաբերելու։ 4Թերեւս քո Աստուածը լսի Ռափսակի պատգամները, որին իր տէրը՝ Ասորեստանի արքան է ուղարկել, որպէսզի անարգի կենդանի Աստծուն, քսու խօսքերով հայհոյի։ Այդ բոլորը լսեց քո Տէր Աստուածը։ Դու կենդանի մնացողներիս համար աղօթի՛ր»։ 5Եզեկիա արքայի ծառաները եկան Եսայի մարգարէի մօտ. Եսային նրանց ասաց.6«Այսպէ՛ս ասացէք ձեր տիրոջը. այս է ասում Տէրը. «Մի՛ վախեցիր այն խօսքերից, որոնցով Ասորեստանի արքայի ծառաները ինձ հայհոյեցին։7Ես նրան այնպիսի մի ոգի կը ներշնչեմ, որ նա մի գոյժ լսելով՝ իր երկիրը կը վերադառնայ, եւ ես սրով նրան կ՚ոչնչացնեմ իր երկրում»։8Ռափսակը վերադարձաւ ու տեսաւ, որ Ասորեստանի արքան Ղոբնայի դէմ պատերազմի մէջ է, թէեւ լսել էր, որ նա չուել է Լաքիսից։ 9Նա լսել էր եթովպացիների արքայ Թարակայի մասին. նրան ասել էին, թէ՝ «Նա քո դէմ պատերազմի է ելել»։ Նա այնտեղից վերադարձաւ, դեսպաններ ուղարկեց Եզեկիային՝ ասելով. 10«Այսպէ՛ս ասացէք Յուդայի երկրի արքայ Եզեկիային. «Թող քո Աստուածը, որին ապաւինել ես, քեզ չամբարտաւանացնի՝ մտածելով, թէ Երուսաղէմը Ասորեստանի արքայի ձեռքը չի մատնուի։ 11Դու ինքդ լսել ես, թէ ինչպէս Ասորեստանի արքաները կործանել են բազմաթիւ երկրներ, իսկ դու պիտի փրկուե՞ս։ 12Միթէ ազգերի աստուածները փրկեցի՞ն Գոզանի, Քառանի, Ռափաթի մարդկանց, ծովեզերքի մօտ բնակուող եդոմացիներին, որոնց ոչնչացրին իմ նախնիները։ 13Ո՞ւր են Եմաթի արքան, Արփաթի արքան, Սեփփարուիմ քաղաքի, Անայի ու Աւայի արքան»։ 14Եզեկիան հրովարտակներն առաւ դեսպանների ձեռքից, ընթերցեց դրանք, ապա գնաց Տիրոջ տուն եւ դրանք բաց վիճակում ցոյց տուեց Տիրոջը։ 15Եզեկիան Տիրոջն աղօթելով՝ ասաց. «Տէ՛ր Աստուած Իսրայէլի, դու, որ նստած ես քերովբէների վրայ, աշխարհի բոլոր թագաւորութիւնների մէջ միայն դո՛ւ ես Աստուած, դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը։ 16Տէ՛ր, ակա՛նջ դիր ու լսի՛ր, բա՛ց աչքերդ ու տե՛ս, լսի՛ր Սենեքերիմի խօսքերը, որ մարդ էր ուղարկել նախատելու կենդանի Աստծուն։ 17Արդարեւ, Տէ՛ր, Ասորեստանի թագաւորները ազգեր ու երկրներ ոչնչացրին, 18հրի մատնեցին նրանց աստուածներին, որոնք աստուածներ չէին, այլ իրեր, որ փայտից ու քարից պատրաստուած էին մարդկանց ձեռքով, եւ ոչնչացրին դրանց։ 19Արդ, Տէ՛ր Աստուած մեր, փրկի՛ր մեզ նրանց ձեռքից, թող աշխարհի բոլոր թագաւորութիւններն իմանան, որ միայն դո՛ւ ես Տէր Աստուածը»։20Ամոսի որդի Եսային մարդ ուղարկեց Եզեկիայի մօտ՝ ասելով. «Այսպէս է ասում զօրութիւնների Տէր Աստուածը՝ Իսրայէլի Աստուածը. Ասորեստանի Սենեքերիմ արքայի մասին ինձ ուղղած աղօթքդ լսեցի։21Նրա մասին Տիրոջ ասած խօսքն այս է. « Սիոնի կոյս դուստրը քեզ արհամարհեց, անգոսնեց, Երուսաղէմի դուստրը շարժեց քո դէմ գլուխն իր։ 22Դու ո՞ւմ նախատեցիր ու հայհոյեցիր, ո՞ւմ վրայ նախատալից ձայնդ բարձրացրիր, հայեացքդ յառեցիր Իսրայէլի սրբի վրայ։23Դեսպաններիդ միջոցով Տիրոջը կշտամբեցիր՝ ասելով. ՚ Իմ բազմաթիւ կառքերով ես ելայ լեռների բարձունքը՝ Լիբանանի լանջերը, կտրատեցի մեծամեծ եղեւնիներն ու ընտիր նոճիները նրա, հասայ եզրը Կարմելի անտառի, 24փորեցի եւ խմեցի օտար աղբիւրների ջրեր, իմ ոտքի թաթով ցամաքեցրի ջրառատ գետեր»։ 25Միթէ չե՞ս լսել, Սենեքերի՛մ, որ ես դա նախօրօք էի պատրաստել ու հասցրել այն վիճակի, որ պատերազմում, նոյնիսկ պարըսպապատ քաղաքներում գերեվարուածների խմբերը տարանջատուեն, 26այնտեղ բնակուող մարդիկ տկարանան ու զարհուրեն, ամաչեն ու դառնան նման վայրի խոտի, դալար բանջարի, տանիքին բուսած խոտի եւ լինեն ամէն հասնողի ոտքի կոխան։ 27Ես գիտեմ, թէ դու երբ ես նստում,երբ ես վեր կենում,երբ ես մտնում ու ելնում. 28Գիտեմ նաեւ քո զայրոյթն իմ դէմ։ Քո խռովքը հասել է ականջիս։ Ես կարթ կը գցեմ քո քթին, սանձ կը դնեմ քո բերանին, քեզ յետ կ՚ուղարկեմ այն ճանապարհով, որով եկել ես։29Ահա թէ ինչը քեզ համար նշան կը լինի, Եզեկիա՛. այս տարի կ՚ուտես ինքնաբոյս ցորենը, երկրորդ տարին նոյնպէս՝ ինքնաբոյս ցորենը, երրորդ տարին՝ ձեր ցանածը, հնձածն ու այգիների բերքը, դրանց արդիւնքները կ՚ուտէք։ 30Յուդայի երկրում կենդանի մնացածները բազմանալու են, ներքեւից արմատ են արձակելու, վերեւից պտուղ են տալու, 31քանզի Երուսաղէմից են ելնելու կենդանի մնացածները, եւ Սիոն լեռից՝ փրկուածները։ Զօրութիւնների Տիրոջ նախանձախնդրութիւնն է դա ի կատար ածելու։ 32Դրա համար այսպէս է ասում Տէրը. ՚ Ասորեստանի արքան չի մտնի այս քաղաքը, նետեր չի արձակի դրա վրայ, քաղաքը չի պաշարի վահաններով, նրա առջեւ հողաթումբ չի կանգնեցնի, 33յետ կը գնայ այն ճանապարհով, որով եկել էր, եւ այս քաղաքը չի մտնի»։ Այսպէս է ասում Տէրը. 34՚ Այս քաղաքը պիտի հովանաւորեմ, որպէսզի այն ազատեմ ինձ ու իմ ծառայ Դաւթի համար»։ 35Երբ որ գիշերը վրայ հասաւ, Տիրոջ հրեշտակը եկաւ եւ Ասորեստանի բանակից հարիւր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ Երբ առաւօտ կանուխ վերապրողները ելան, տեսան, որ բոլորը մեռել են։ 36Ասորեստանի Սենեքերիմ արքան չուեց ու գնաց բնակուեց Նինուէում։ 37Երբ նա երկրպագում էր իր Նեսրաք աստծու տանը, նրա որդիներ Ադրամելէքն ու Սարասարը նրան սրով հարուածեցին եւ Արարատի երկիրը փախան։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Ասորդանը։ 
20 Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիւանդացաւ։Նրա մօտ եկաւ Ամոսի որդի Եսայի մարգարէն եւ ասաց նրան. «Այսպէս է ասում Տէրը. «Քո տան գործերը կարգի՛ դիր, քանզի դու չես առողջանալու, մեռնելու ես»։ 2Եզեկիան երեսը պատի կողմը դարձրեց եւ աղօթեց Տիրոջն՝ ասելով. 3«Ո՜վ Տէր, յիշի՛ր, թէ ինչպէս եմ ես քո առջեւ ճշմարտութեամբ ու հաւատարիմ սրտով ընթացել, քո առջեւ բարին եմ կատարել»։ Եւ Եզեկիան դառնօրէն արտասուեց։ 4Եսային դեռ դուրս չէր եկել գաւթից, երբ նրան հասաւ Տիրոջ խօսքը, որ ասում էր. 5«Յե՛տ դարձիր եւ իմ ժողովրդի առաջնորդ Եզեկիային ասա՛. «Այսպէս է ասում քո նախնի Դաւթի Տէր Աստուածը. ՚ Լսեցի քո աղօթքը եւ տեսայ քո արտասուքը։ Ես, ահա, պիտի բժշկեմ քեզ, երրորդ օրը պիտի գաս Տիրոջ տունը, 6քո կեանքը տասնհինգ տարով պիտի երկարեցնեմ, Ասորեստանի արքայի ձեռքից պիտի փրկեմ քեզ ու քո քաղաքը, պաշտպան պիտի կանգնեմ քո քաղաքին ինձ ու իմ ծառայ Դաւթի համար» «»։ 7Եսային ասաց. «Չոր թզե՛ր բերէք»։ Բերեցին, վէրքի վրայ դրեցին, ու նա առողջացաւ։8Եզեկիան ասաց Եսայուն. «Ի՞նչ է նշանակում այն, որ Տէրն ինձ բժշկեց, եւ թէ ինչո՞ւ երրորդ օրը Տիրոջ դուռը պիտի գնամ»։ 9Եսային ասաց. «Դա նշան է Տիրոջ կողմից, որ Տէրն իր խօսքը կը կատարի. արեւի ժամացոյցի ստուերը տասն աստիճան առաջ պիտի շարժուի»։10Եզեկիան ասաց. «Ստուերի տասը աստիճան առաջ շարժուելը բնական բան է։ Ո՛չ, այդպէս թող չլինի, ստուերը թող տասն աստիճան յետ դառնայ»։ 11Եսայի մարգարէն դիմեց Տիրոջը, եւ ստուերը տասն աստիճան յետ դարձաւ Աքազի արեւի ժամացոյցի աստիճաններով։12Այդ ժամանակ Բաբելոնի արքան՝ Բաղդանի որդի Մարոդաք Բաղդանը հրովարտակներ ու ընծաներ ուղարկեց Եզեկիային, որովհետեւ լսել էր, թէ Եզեկիան հիւանդացել է։ 13Եզեկիան ուրախացաւ դրանց համար եւ նրա դեսպաններին ցոյց տուեց Նաքոթի ամբողջ գանձատունը, արծաթը, ոսկին, խնկերը, անուշահոտ իւղերը, զինանոցը եւ այն ամէնը, ինչ կար իր գանձատանը։ Եզեկիան իր տանը եւ ամբողջ իշխանութեան մէջ տեղ չթողեց, որ ցոյց չտար նրանց։14Եսայի մարգարէն եկաւ Եզեկիա արքայի մօտ ու ասաց նրան. «Ի՞նչ խօսեցին այդ մարդիկ եւ որտեղի՞ց էին եկել քեզ մօտ»։ Եզեկիան ասաց. «Հեռու երկրից՝ Բաբելոնից էին եկել ինձ մօտ»։ 15Եսային ասաց. «Ի՞նչ տեսան քո տանը»։ Եզեկիան ասաց. «Ինչ որ կար իմ տանը եւ իմ գանձատանը, տեսան. ոչ մի բան չկայ իմ տան մէջ եւ իմ գանձատանը, որ նրանց ցոյց տուած չլինեմ»։ 16Եսային ասաց Եզեկիային. «Լսի՛ր Տիրոջ խօսքը. 17«Ահա կը գան օրեր, եւ քո տան մէջ ինչ որ կայ, եւ ինչ որ կուտակել են քո հայրերը մինչեւ այսօր, կը տարուեն Բաբելոն, ոչինչ չի մնայ»։ 18Այս է Տիրոջ ասած խօսքը. «Քո որդիները, որոնք քեզնից են ծնուելու, գերի պիտի ընկնեն ու ներքինիներ դառնան Բաբելոնի արքայի տանը»։ 19Եզեկիան ասաց Եսայուն. «Բարի է Տիրոջ ասած խօսքը»։ Ապա աւելացրեց. «Միայն թէ խաղաղութիւն ու ապահովութիւն լինի իմ օրերում»։ 20Եզեկիայի մնացած գործերը, նրա քաջագործութիւնները, նրա ջրամբարների, ջրմուղի եւ քաղաք հասնող ջրատարի շինարարութիւնը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 21Եզեկիան գնաց իր նախնիների գիրկը, եւ նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Մանասէն։ 
21 Մանասէն տասներկու տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ յիսունինը տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Եփսիբա էր։ 2Նա չար ընթացք ունեցաւ Տիրոջ առջեւ, հետեւեց այն ազգերի գարշութեանը, որոնց Տէրը վռնդել էր իսրայէլացիների առջեւից։ 3Նա վերականգնեց իր հայր Եզեկիայի կործանած բարձունքների մեհեանները, վերակառուցեց Բահաղի զոհասեղանը, Աստարոթի կուռքեր կառուցեց, ինչպէս արել էր Իսրայէլի Աքաաբ արքան, երկրպագեց երկնքի բոլոր զօրութիւններին ու պաշտեց դրանք։ 4Նա Տիրոջ տանը զոհասեղան դրեց, թէեւ Տէրն ասել էր. «Երուսաղէմում եմ դնելու իմ աթոռը»։ 5Տիրոջ տան բոլոր սրահներում նա երկնքի բոլոր զօրութիւնների համար զոհասեղաններ պատրաստեց, 6իր որդիներին հրի միջով անցկացրեց, հմայութիւն արեց, թռչուններին նայելով գուշակութիւններ արեց, վհուկներ ու նշանագէտներ պահեց։ Տիրոջ առջեւ շատ չարիքներ գործելով՝ նա բարկացրեց նրան։ 7Նա Աստարոթի կուռքերի արձաններ տեղադրեց Տիրոջ տանը, որի համար Տէրն ասել էր Դաւթին ու նրա որդի Սողոմոնին, թէ՝ «Իմ անունը յաւիտեան դնելու եմ այս տան մէջ, Իսրայէլի բոլոր ցեղերի միջից իմ ընտրած Երուսաղէմի մէջ, 8Իսրայէլի ոտքը դուրս պիտի չգայ այս երկրից, որը նրա հայրերին եմ տուել, միայն թէ նրանք իմ բոլոր պատուիրաններն ու իմ ծառայ Մովսէսի պատուիրած բոլոր օրէնքներն զգուշութեամբ կատարեն»։ Սակայն նրանք չլսեցին. 9Մանասէն մոլորեցրեց նրանց, եւ նրանք չարիք գործեցին Տիրոջ առաջ շատ աւելի քան այն ազգերը, որոնց հալածել էր Տէրը իսրայէլացիների առջեւից։10Տէրը խօսելով իր ծառայ մարգարէների միջոցով՝ ասաց. 11«Քանի որ Յուդայի երկրի արքայ Մանասէն այս գարշութիւններն արեց իմ առջեւ, առաւել չարիք գործեց, քան իրենից առաջ եղած ամորհացիներն էին արել իմ առջեւ, իր կուռքերով Յուդայի երկրին մեղանչել տուեց,12ապա այդ պատճառով այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ահա ես այնպիսի չարիք պիտի բերեմ Երուսաղէմի ու Յուդայի երկրի վրայ, որ ամէն ոք երբ լսի, նրա երկու ականջները խշշան։13Երուսաղէմը Սամարիայի եւ Աքաաբի տան օրը պիտի գցեմ։ Երուսաղէմը պիտի ջնջեմ այնպէս, ինչպէս մի ապակէ աման, որ մաքրում ու շուռ են տալիս։ 14Իմ ժողովրդի մնացորդացը պիտի լքեմ ու նրանց իրենց թշնամիների ձեռքը պիտի մատնեմ, որպէսզի նրանք աւար ու յափշտակութիւն դառնան իրենց բոլոր թշնամիների համար։15Այսպէս պիտի վարուեմ, քանի որ իմ առջեւ չարութիւն գործեցին եւ իրենց հայրերին Եգիպտոսից դուրս բերելու օրից մինչեւ այսօր ինձ բարկացնում էին։ 16Մանաւանդ Մանասէն չափազանց շատ անմեղ արիւն թափեց, այնպէս որ Երուսաղէմը ծայրէծայր արեամբ լցրեց, բացի այն մեղքերից, որոնցով Տիրոջ առջեւ Յուդայի երկրին մեղանչել ու չարիք գործել տուեց»։ 17Մանասէի մնացած գործերը, բոլոր արարքները եւ գործած մեղքերը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 18Մանասէն գնաց իր նախնիների գիրկը, թաղուեց իր տան պարտէզում՝ Օզայի պարտէզում։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Ամոնը։ 19Ամոնը քսաներկու տարեկան էր, որ թագաւոր դարձաւ։ Նա տասներկու տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Մեսոլոմիթ էր, նա յետեբալցի Արուսի դուստրն էր։ 20Նա իր հայր Մանասէի նման չար ընթացք ունեցաւ Տիրոջ առջեւ, 21գնաց իր հօր ընթացած բոլոր ճանապարհներով, պաշտեց իր հօր պաշտած կուռքերը, երկրպագեց նրանց, 22լքեց իր հայրերի Տէր Աստծուն, չգնաց Տիրոջ ճանապարհներով։ 23Ամոնի ծառաները նրա դէմ դաւ նիւթեցին ու արքային սպանեցին իր տան մէջ, 24իսկ ամբողջ ժողովուրդը կոտորեց բոլոր նրանց, որոնք դաւաճանել էին Ամոն արքային։ Երկրի ժողովուրդը նրա փոխարէն թագաւոր նստեցրեց նրա որդուն՝ Յոսիային։ 25Ամոնի մնացած գործերը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 26Ամոնը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին իր գերեզմանում՝ Օզայի պարտէզում։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յոսիան։ 
22 Յոսիան ութ տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ երեսունմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Յեդիդա էր, նա բասուրոթացի Յեդիդայի դուստրն էր։ 2Նա հաւատարիմ գտնուեց Տիրոջ առջեւ, գնաց իր նախնի Դաւթի ընթացած բոլոր ճանապարհներով, աջ կամ ձախ չխոտորուեց։ 3Յուդայի երկրի արքայ Յոսիայի թագաւորութեան տասնութերորդ տարուայ եօթներորդ ամսում արքան Մեսողոմի որդի Եսելիայի որդի Սափանին՝ տան քարտուղարին ուղարկելով՝ ասաց. 4«Գնա՛ Քեղկիա քահանայապետի մօտ եւ նրան ասա՛, որ նա պահապանների՝ ժողովրդից կշռով հաւաքած եւ Տիրոջ տունը բերուած արծաթը հաշուի 5ու յանձնի Տիրոջ տան գործի վրայ նշանակուած գործաւորներին՝ Տիրոջ տան վերակացուներին»։ 6Սրանք Տիրոջ տան քայքայուած մասերը վերականգնելու համար վճարեցին Տիրոջ տան վրայ աշխատող բանուորներին՝ հիւսներին, շինարարներին, ճարտար որմնադիրներին, որպէսզի Տիրոջ տան փլուած մասերը նորոգելու համար ատաղձ ու տաշած քարեր գնեն։ 7Նրանց տրուած արծաթի հաշիւը չէին պահանջում, որովհետեւ նրանք ազնուօրէն էին աշխատում։ 8Քեղկիա քահանայապետն ասաց Սափան քարտուղարին. «Տիրոջ տանը օրէնքի գիրք եմ գտել»։ Քեղկիան գիրքը տուեց Սափանին, 9եւ սա ընթերցեց այն։ Նա արքային լուր տարաւ՝ ասելով. «Քո ծառաները Տիրոջ տանը եղած արծաթը հաւաքեցին եւ Տիրոջ տան վրայ աշխատող բանուորներին յանձնեցին»։ 10Սափան քարտուղարը խօսեց արքայի հետ՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ մի մատեան է տուել»։ Սափանն այն ընթերցեց արքայի առջեւ։ 11Երբ արքան լսեց օրէնքի գրքի խօսքերը, իր զգեստները պատառոտեց։12Պատուէր տուեց արքան Քեղկիա քահանային, Սափանի որդի Աքիկամին, Միքէի որդի Աքոբորին, Սափան քարտուղարին եւ արքայի ծառայ Յասայիային, թէ՝ 13«Գնացէ՛ք եւ ինձ համար, ամբողջ ժողովրդի համար եւ Յուդայի ամբողջ երկրի համար հարցրէ՛ք Տիրոջը այս գտնուած գրքի խօսքերի մասին, որովհետեւ մեզ վրայ Տիրոջ մեծ բարկութիւնն է բորբոքուել այն բանի համար, որ մեր հայրերը այս գրքի խօսքերին չեն հնազանդուել, չեն գործադրել այդտեղ գրուած բոլոր պատգամները»։ 14Եւ Քեղկիա քահանան, Աքիկամը, Աքոբորը, Սափանը եւ Յասայիան գնացին հանդերձապետ Արասի որդի Թեկուայի որդի Սեղղոմի կնոջ՝ Օղդա մարգարէի մօտ։ Նա Երուսաղէմում՝ Մասենայում էր բնակւում։ Նրանք խօսեցին նրա հետ։15Օղդան ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ասացէ՛ք այն մարդուն, որը ձեզ ուղարկել է ինձ մօտ. 16այսպէս է ասում Տէրը. ՚ Ահա չարիք պիտի բերեմ այդ տեղի եւ բնակիչների վրայ, ինչպէս գրուած է Յուդայի երկրի արքայի կարդացած մատեանում։ 17Այս ամէնը նրա համար, որ ինձ լքեցին, խունկ ծխեցին օտար աստուածներին, որպէսզի իրենց ձեռնարկած բոլոր գործերով ինձ բարկացնեն, եւ բորբոքուի իմ բարկութիւնը այդ տեղի վրայ եւ չմեղմանայ»։ 18Տիրոջը հարց տալու համար ձեզ ուղարկած Յուդայի երկրի արքային ա՛յս ասացէք. ՚ Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. 19՛՛Քո լսած խօսքերի իմաստը այս է. քանի որ քո սիրտը փափկեց, դու խոնարհ գտնուեցիր Տիրոջ առջեւ, երբ լսեցիր, թէ ինչ է ասուել Երուսաղէմի եւ նրա բնակիչների մասին, թէ լինելու է աւերածութիւն ու անէծք, եւ պատառոտեցիր քո զգեստները, լաց եղար իմ առջեւ, իսկ ես լսեցի այդ, ուստի Տէրն ասում է. 20՚ Դրա համար ես քեզ պիտի տանեմ քո նախնիների գիրկը, դու թաղուելու ես քո տեղում՝ Երուսաղէմում, եւ քո աչքերը չեն տեսնելու այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի՝ Երուսաղէմի վրայ՛՛»«»։ 
23 Երբ արքայի ուղարկած մարդիկ այս պատասխանը հաղորդեցին արքային, նա իր մօտ հաւաքեց Յուդայի երկրի ու Երուսաղէմի բոլոր ծերերին, գնաց Տիրոջ տուն։ 2Յուդայի երկրի բոլոր մարդիկ ու Երուսաղէմի բոլոր բնակիչները, քահանաներն ու մարգարէները՝ ամբողջ ժողովուրդը, փոքրից մինչեւ մեծը, նրա հետ էին։ Նա նրանց առաջ ընթերցեց Տիրոջ տան մէջ գտնուած ուխտի մատեանի բոլոր խօսքերը։ 3Արքան կանգնեց սեան մօտ եւ Տիրոջ առջեւ ուխտ դրեց, որ կ՚ընթանայ Տիրոջ ճանապարհով, ամբողջ հոգով ու էութեամբ կը պահի նրա պատուիրանները, վկայութիւններն ու կանոնները, կը կատարի այդ մատեանում գրուած ուխտի պատգամները։ Եւ ամբողջ ժողովուրդը ուխտ արեց։ 4Արքան հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ աստիճանի քահանաներին ու դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս բերեն Բահաղի, Աստարոթի կուռքերի եւ երկնքի զօրութեան համար պատրաստուած իրերը։ Դրանք այրեց Երուսաղէմից դուրս գտնուող Կեդրոնի դաշտում եւ դրանց մոխիրը տարաւ Բեթէլ։ 5Նա այրեց քրմերին, որոնց հաստատել էին Յուդայի երկրի արքաները, որովհետեւ նրանք բարձունքների մեհեաններում, Յուդայի երկրի բոլոր քաղաքներում ու Երուսաղէմի շուրջը խունկ էին ծխում, ինչպէս նաեւ արեգակին, լուսնին, աստղերին ու երկնքի ամբողջ զօրութեանը խնկարկողներին,6Տիրոջ տնից հանելով եւ Երուսաղէմից դուրս բերելով Կեդրոնի հեղեղատում այրեց Աստարոթի կուռքերը, փոշու վերածեց եւ նրանց մոխիրը ժողովրդի որդիների գերեզմանների վրայ ցանեց։ 7Տիրոջ տան մօտ գտնուող սոդոմականների տունը քանդեց, ուր կանայք Աստարոթի կուռքերի համար ծածկոցներ էին գործում։ 8Նա բոլոր քրմերին հանեց Յուդայի երկրի քաղաքներից, Գաբաայից մինչեւ Բերսաբէէ քարուքանդ արեց բարձունքների մեհեանները, ուր քրմերը խունկ էին ծխում, քանդեց քաղաքի իշխան Յեսովի տան դռան կողքին, քաղաքի դարպասի ձախ կողմը գտնուող տունը։ 9Բարձունքների մեհեանների քրմերն այլեւս Երուսաղէմում գտնուող Տիրոջ զոհասեղանին չէին մօտենում, այլ բաղարջ հաց էին ուտում իրենց եղբայրների շրջանում։10Նա քարուքանդ արեց ենոմացիների ձորում գտնուող Թոփոթը, որպէսզի ոչ ոք իր որդուն կամ դստերը Մեղքոմի բոցի միջով չանցկացնի։ 11Արքայի ներքինի Նաթանի գանձարանի մօտ՝ Փարուիմում այրեցին Տիրոջ տան մուտքի մօտ գտնուող այն ձիերը, որ Յուդայի երկրի արքան նուիրել էր արեգակին. արեգակին նուիրուած մարտակառքերը հրի մատնեցին։ 12Վերնատների տանիքների վրայ Յուդայի երկրի թագաւորների կառուցած զոհասեղանները, Տիրոջ տան երկու սրահներում Մանասէի կառուցած զոհասեղանները արքան քանդեց, ջարդուփշուր արեց եւ նրանց փոշին Կեդրոնի հեղեղատը թափեց։ 13Երուսաղէմի դիմաց, Մոսաթի լերան աջ կողմում գտնուող տունը, որ Սողոմոն արքան էր շինել ի պատիւ սիդոնացիների գարշելի Աստարտի, Մովաբի զազրելի Քամոսի եւ ամոնացիների գարշելի Մեղքոմի, արքան քարուքանդ արեց։ 14Նա խորտակեց արձանները, ջարդուփշուր արեց Աստարոթի կուռքերը եւ նրանց տեղում մարդկանց ոսկորներ լցրեց։ 15Բեթէլի բարձունքում գտնուող զոհասեղանը, որ պատրաստել էր Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամը, այս բարձր զոհասեղանը եւս կործանեց, նրա քարերը ջարդուփշուր անելով փոշու վերածեց, Աստարոթի կուռքերը այրեց։16Յոսիան հայեացքը շուռ տուեց ու տեսաւ քաղաքում եղած գերեզմանները, մարդ ուղարկեց, գերեզմաններից ոսկորները հանեց ու զոհասեղանի վրայ այրելով՝ պղծեց դրանք, ըստ Տիրոջ խօսքի, որ ասել էր Աստծու մարդը, երբ Յերոբովամը տօնի ժամանակ կանգնած էր զոհասեղանի մօտ։ Նա աչքերը յառեց Աստծու մարդու գերեզմանին, որը խօսել էր այս բաների մասին, 17եւ ասաց. «Այս ի՞նչ կոթող է, որ տեսնում եմ»։ Քաղաքի մարդիկ ասացին. «Աստծու մարդու գերեզմանն է, որ եկաւ Յուդայի երկրից եւ Բեթէլի այս զոհասեղանի մասին այդ բաներն ասաց»։ 18Յոսիան ասաց. «Ձեռք մի՛ տուէք, ոչ ոք թող տեղահան չանի նրա ոսկորները»։ Նրա ոսկորները Սամարիայից եկած մարգարէի ոսկորների հետ էին թաղուած։ 19Բարձունքների բոլոր մեհեանները, որոնք Իսրայէլի թագաւորները Սամարիայի քաղաքներում կառուցելով բարկացրել էին Տիրոջը, Իսրայէլի արքայ Յոսիան քանդեց եւ ամէն ինչ արեց այնպէս, ինչպէս Բեթէլում էր արել։20Նա կենդանի-կենդանի այրեց բարձունքների բոլոր քրմերին, որոնք գտնւում էին զոհասեղանների մօտ, դրանց վրայ էլ այրեց մարդկանց ոսկորները եւ դրանից յետոյ վերադարձաւ Երուսաղէմ։ 21Արքան պատուիրեց ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Կատարեցէ՛ք մեր Տէր Աստծու զատիկը, ինչպէս որ գրուած է այս ուխտի մատեանում»։22Իսրայէլը ղեկավարող դատաւորների օրերից սկսած, Իսրայէլի ու Յուդայի երկրի թագաւորների օրօք նման զատիկ չէր եղել։ 23Յոսիա արքայի թագաւորութեան տասնութերորդ տարում էր միայն, որ Երուսաղէմում կատարեցին Տիրոջ զատիկը։ 24Յոսիան վերացրեց վհուկներին, նշանագէտներին, մեռելահարցուկներին, կուռքերը եւ Յուդայի երկրում ու Երուսաղէմում եղած ամէն տեսակ գարշութիւնները, որպէսզի հաստատի օրէնքի գրքի այն խօսքերը, որ Տիրոջ տանը Քեղկիա քահանայի գտած մատեանում էին գրուած։25Նրանից առաջ նման մի թագաւոր չէր եղել, որ իր ամբողջ սրտով, ամբողջ հոգով ու զօրութեամբ, հնազանդուելով Մովսէսի բոլոր օրէնքներին, հակուէր դէպի Տէրը։ 26Ոչ էլ նրանից յետոյ եղաւ նրա նմանը։ Մանասէի կատարած չար գործերի պատճառով Յուդայի երկրի հանդէպ Տիրոջ մէջ բորբոքուած սաստիկ զայրոյթը, սակայն, չմեղմացաւ, 27ուստի Տէրն ասաց. «Յուդայի երկիրն էլ իմ երեսից պիտի մերժեմ, ինչպէս մերժեցի Իսրայէլը, պիտի մերժեմ այդ քաղաքը՝ իմ ընտրած Երուսաղէմը, եւ այդ տունը, որի համար ասել եմ, թէ՝ «Իմ անունը նրա վրայ պիտի լինի»։ 28Յոսիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 29Այդ օրերին Եգիպտոսի արքայ Նեքաւով փարաւոնը Եփրատ գետի մօտ յարձակուեց Ասորեստանի արքայի վրայ։ Յոսիա արքան նրան ընդառաջ գնաց, եւ երբ Նեքաւովը տեսաւ նրան, սպանեց նրան Մակեդովում։ 30Ծառաները նրա մարմինը տարան Մակեդովից, բերեցին Երուսաղէմ եւ թաղեցին իր գերեզմանում։Երկրի ժողովուրդը Յոսիայի որդի Յովաքազին բերեց, օծեց նրան եւ նրա հօր փոխարէն թագաւոր նստեցրեց։ 31Քսաներեք տարեկան էր Յովաքազը, որ թագաւոր դարձաւ։ Նա երեք ամիս թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Ամիտալ էր։ Նա լոբնացի Երեմիայի դուստրն էր։ 32Յովաքազը չար ընթացք ունեցաւ Տիրոջ առջեւ՝ կրկնելով իր հայրերի ամէն տեսակ վատ արարքները։33Նեքաւով փարաւոնը նրան գերեվարելով փոխադրեց Ռեբղաթա, Եմաթի երկիրը՝ վերջ դնելով նրա թագաւորութեանը։ Երուսաղէմում Նեքաւով փարաւոնը հարիւր տաղանդ արծաթ ու տասը տաղանդ ոսկի հարկ դրեց երկրի վրայ։ 34Փարաւոն Նեքաւովը Իսրայէլի վրայ թագաւոր նստեցրեց Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Եղիակիմին իր հօր՝ Յոսիայի փոխարէն, նրա անունը փոխելով՝ Յովակիմ դրեց, իսկ Յովաքազին առաւ տարաւ Եգիպտոս, ուր եւ նա մեռաւ։ 35Յովակիմն արծաթն ու ոսկին տալիս էր փարաւոնին, սակայն փարաւոնի պահանջածի չափով արծաթ վճարելու համար երկրի վրայ հարկ դրեց։ Երկրի մարդկանցից ամէն մէկից նա իր սահմանած հարկի համեմատ արծաթ ու ոսկի էր վերցնում, որպէսզի տայ Նեքաւով փարաւոնին։36Յովակիմը քսանհինգ տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Ելդափ էր։ Նա ռոմայեցի Յեդդելայի դուստրն էր։ 37Նա Տիրոջ առջեւ գործեց իր նախնիների բոլոր չար արարքները։ 
24 Յովակիմի օրօք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան ելաւ կռուի։ Յովակիմը երեք տարի նրան հպատակ եղաւ, բայց յետոյ ապստամբեց նրա դէմ։ 2Տէրը Յովակիմի դէմ ուղարկեց քաղդէացիների, ասորիների, մովաբացիների եւ ամոնացիների կողոպտիչ զօրքը։ Նա նրանց Հրէաստանի դէմ ուղարկեց, որպէսզի սպանեն նրա բնակիչներին, ինչպէս ասել էր Տէրը իր մարգարէների միջոցով։ 3Տէրը բարկացել էր Յուդայի երկրի վրայ, իրենից հեռու վանել նրան Մանասէի կատարած մեղքերի պատճառով, այն անմեղ արեան համար, որ նա թափել էր 4ու Երուսաղէմը լցրել այդ անմեղ արեամբ։ Տէրը չուզեց ներել նրան։5Յովակիմի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 6Յովակիմը գնաց իր նախնիների գիրկը, եւ իր փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յովաքիմը։ 7Եգիպտոսի փարաւոնն այլեւս իր երկրից դուրս չեկաւ, որովհետեւ Բաբելոնի արքան գրաւել էր Եգիպտոսի հեղեղատից մինչեւ Եփրատ գետը, այն ամէնը, ինչ պատկանում էր Եգիպտոսի արքային։ 8Յովաքիմը տասնութ տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ երեք ամիս թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Նեսթա էր, նա երուսաղէմացի Ելամաթի դուստրն էր։9Յովաքիմը չարիք գործեց Տիրոջ առջեւ՝ կրկնելով իր հօր արարքները։10Այդ ժամանակ Երուսաղէմի դէմ ելաւ Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան, եկաւ ու պաշարեց քաղաքը։ 11Բաբելացիների արքան Երուսաղէմ քաղաքը եկաւ, երբ նրա զօրականները պաշարուած վիճակում էին պահում այն։ 12Այն ժամանակ Յուդայի երկրի արքայ Յովաքիմը, իր զօրականները, մայրը, իշխանները, ներքինիները գնացին բաբելացիների արքայի մօտ, եւ բաբելացիների արքան իր թագաւորութեան ութերորդ տարում գերեվարեց նրանց։ 13Նա հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը, թագաւորի տան գանձերը, ջարդեց այն բոլոր ոսկէ անօթները, որ Իսրայէլի Սողոմոն արքան պատրաստել էր տուել Տիրոջ տաճարի համար, ինչպէս ասել էր Տէրը։ 14Ամբողջ Երուսաղէմը, բոլոր իշխաններին ու հզօր մարդկանց՝ տասը հազար հոգի, գերեվարեց, բոլոր հիւսներին ու դարբիններին տարաւ։ Երկրի աղքատներից բացի ոչ ոք չմնաց։ 15Նա Յովաքիմին, թագաւորի մօրը, նրա կանանց ու ներքինիներին, երկրի ուժեղ մարդկանց Երուսաղէմից տարաւ Բաբելոն, գերութեան։ 16Բաբելացիների արքան բոլոր եօթը հազար հզօր մարդկանց, հազար հիւսների ու դարբինների՝ ամէնքն էլ կտրիճ պատերազմիկներ, գերութեան տարաւ Բաբելոն։17Բաբելացիների արքան նրա փոխարէն թագաւոր նստեցրեց նրա որդուն՝ Մեթթանիային, եւ անունը դրեց Սեդեկիա։ 18Սեդեկիան քսանմէկ տարեկան էր, որ դարձաւ թագաւոր, եւ տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Ամատել էր։ Նա ղոբնացի Երեմիայի դուստրն էր։ 19Սեդեկիան Տիրոջ առջեւ չարիք գործեց, ինչպէս արել էր Յովաքիմը։ 20Տէրը բարկացել էր Երուսաղէմի ու Յուդայի երկրի վրայ այն սատիճան, որ Տէրը նրանցից երես թեքեց։ Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դէմ։ 
25 Այնպէս պատահեց, որ իր թագաւորութեան իններորդ տարուայ տասներորդ ամսի տասներորդ օրը Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան իր ամբողջ զօրքով եկաւ Երուսաղէմի դէմ, նրա շուրջը բանակ դրեց եւ պարիսպ բարձրացրեց։ 2Քաղաքը պաշարուեց մինչեւ Սեդեկիա արքայի թագաւորութեան տասնմէկերորդ տարուայ 3իններորդ ամիսը։ Քաղաքում սովը սաստկացաւ, եւ երկրի ժողովուրդը հաց չունէր։4Քաղաքի պարսպի մէջ ճեղք բացուեց, եւ բոլոր պատերազմիկները գիշերը փախան պարիսպների միջեւ գտնուող դարպասը տանող ճանապարհով, որը արքունի պարտէզի մօտ էր։ Քաղդէացիները քաղաքը շրջապատել էին։ Թագաւորը գնաց Արաբա դաշտը տանող ճանապարհով։ 5Երբ քաղդէացիների զօրքը տեսաւ այդ, ընկաւ թագաւորի յետեւից եւ նրան հասաւ Երիքովի Արաբոթ վայրում։ Նրա ամբողջ զօրքը նրանից հեռացաւ։ 6Բռնեցին թագաւորին ու բերեցին Բաբելոնի արքայի մօտ, Ռեբղաթա, եւ արքան նրա դատաստանն արեց։ 7Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ սպանեց, Սեդեկիայի աչքերը կուրացրեց եւ շղթայակապ տարաւ Բաբելոն։ 8Բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարուայ հինգերորդ ամսի եօթներորդ օրը Բաբելոնի արքայի ծառայ Նաբուզարդան դահճապետը եկաւ Երուսաղէմ, 9այրեց Տիրոջ տունը, թագաւորի տունը, Երուսաղէմի բոլոր տները եւ ամէն ինչ կրակի մատնեց։ 10Դահճապետի հետ եկած քաղդէացիների բոլոր զինուորները Երուսաղէմի պարիսպը շուրջանակի քանդեցին։ 11Քաղաքում մնացած մարդկանց, Բաբելոնի արքային յանձնուելիք փախստականներին եւ մնացած խառնիճաղանջ ամբոխին Նաբուզարդան դահճապետը քշեց տարաւ։ 12Երկրի աղքատ մարդկանցից ոմանց նա թողեց, որպէսզի սրանք զբաղուեն այգեգործութեամբ ու երկրագործութեամբ։ 13Քաղդէացիները Տիրոջ տան երկու պղնձէ սիւները, պատուանդաններն ու պղնձէ աւազանը, որը Տիրոջ տան մէջ էր, քանդեցին ու նրա պղինձը տարան Բաբելոն։14Ամաններն ու կաթսաները, տաշտերն ու խնկամանները եւ բոլոր պղնձէ անօթները, որոնցով սպասաւորութիւն էին անում, տարան։15Դահճապետը վերցրեց արծաթէ ու ոսկէ բուրվառներն ու ափսէները,16ինչպէս նաեւ երկու սիւները եւ մի աւազանն ու պատուանդանները, որ Սողոմոնն էր դրել Տիրոջ տանը։ 17Այս բոլոր պղնձէ անօթներին կշիռ չկար։ Մի սիւնը տասնութ կանգուն բարձրութիւն ունէր, վրան պղնձէ խոյակ կար, եւ մի խոյակի բարձրութիւնը երեք կանգուն էր։ Վանդակ ու նռնաձեւ զարդեր կային խոյակի վրայ, շուրջանակի, ամբողջովին պղնձէ։ Նոյնօրինակ վանդակի զարդեր կային նաեւ երկրորդ սիւնի վրայ։ 18Դահճապետն առաւ Սարայա քահանայապետին, նրա օգնական Սոփոնիա քահանային, 19կշեռքի երեք պահապաններին, քաղաքից վերցրեց մի ներքինու, որը պատերազմող մարդկանց զօրագլուխն էր, արքայի առջեւ կանգնող խորհրդականներից հինգ հոգու, որոնք քաղաքում էին գտնւում, զօրքի քարտուղար իշխանին, որը զինուորագրում էր երկրի ժողովրդին, եւ երկրի ժողովրդից եօթը այլ մարդկանց, որոնք քաղաքում էին գտնւում։ 20Նաբուզարդան դահճապետը նրանց առաւ տարաւ Ռեբղաթա, Բաբելոնի արքայի մօտ։ 21Բաբելոնի արքան հարուածելով սպանեց նրանց Եմաթ երկրի Ռեբղաթա վայրում։ Այսպիսով Յուդայի բնակիչները իրենց երկրից գերեվարուեցին։ 22Յուդայի երկրում մնացած ժողովրդին Բաբելոնի արքայ Նաբուքոդոնոսորը թողեց եւ նրանց վրայ կառավարիչ կարգեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային։ 23Երբ զօրքի բոլոր իշխաններն ու նրանց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի արքան Գոդողիային կառավարիչ է նշանակել, ապա Գոդողիայի մօտ, Մասեփա եկան Նաթանիայի որդի Իսմայէլը, Կարէի որդի Յովնանը, սոփաթացի Թանայէմի որդի Սարայիան, Մաքաթի որդի Յեզոնիան։ Եկան թէ՛ իրենք, թէ՛ իրենց մարդիկ։ 24Գոդողիան ինքն ու իր մարդիկ երդուեցին, եւ նա ասաց. «Մի՛ վախեցէք քաղդէացի ասպատակներից, նստեցէ՛ք ձեր երկրում, ծառայեցէ՛ք Բաբելոնի արքային, եւ ձեզ համար լաւ կը լինի»։ 25Այնպէս պատահեց, սակայն, որ եօթներորդ ամսին Եղիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայէլը, որը թագաւորական ընտանիքից էր, տասը մարդով եկաւ, խփեց Գոդողիային, եւ սա մեռաւ։ Նա սպանեց նաեւ Մասեփայում նրա մօտ գտնուող հրեաներին ու քաղդէացիներին։ 26Ամբողջ ժողովուրդը, փոքրից մինչեւ մեծը, նաեւ զօրքի իշխանները ելան ու գնացին Եգիպտոս, որովհետեւ վախենում էին քաղդէացիներից։ 27Յուդայի երկրի արքայ Յովաքիմի գերութեան երեսունեօթներորդ տարուայ տասներկուերորդ ամսի քսանեօթներորդ օրը Բաբելոնի Եւիլմարոդաք արքան իր թագաւորութեան առաջին տարում շնորհ արեց Յուդայի երկրի Յովաքիմ արքային, նրան հանեց բանտից, 28քաղցրութեամբ խօսեց նրա հետ, նրա աթոռը Բաբելոնում իր մօտ գտնուող այլ թագաւորների աթոռից բարձր դրեց։ 29Նրա բանտային հագուստները փոխեց, եւ Յովաքիմը միշտ նրա հետ էր հաց ուտում։ 30Յովաքիմի ապրուստի միջոցները, որպէս հանապազօրեայ ապրուստի միջոցներ, նրան տրւում էին արքայական տնից ամէն օր մինչեւ նրա կեանքի վերջը։

 









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Ишхан с картофелем

Ишхан с картофелемОбработанную форель промыть, распластать, нарезать поперек на куски,...

Салат из помидоров с чесноком

Салат из помидоров с чеснокомИстолченный чеснок залить уксусом и дать...

Мясной суп с айвой

Мясной суп с айвойСваренный из говядины бульон процедить, а мясо...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта