Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ - 2

(0 голоса, среднее 0 из 5)
Индекс материала
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ
2
Все страницы


17 Երբ Դաւիթը բնակուեց իր տանը, ասաց Նաթան մարգարէին. «Ահա ես բնակւում եմ մայրի փայտից կառուցուած իմ տանը, իսկ Տիրոջ ուխտի տապանակը վրանի տակ է»։ 2Նաթանն ասաց Դաւթին. «Ինչ որ կայ սրտումդ, արա՛, քանզի Աստուած քեզ հետ է»։ 3Եւ այդ գիշեր Տէրը խօսքն ուղղելով Նաթանին՝ ասաց. 4«Գնա՛ եւ ասա՛ իմ ծառայ Դաւթին, թէ Տէրն այսպէս է ասում. «Դու ինձ համար բնակուելու տուն չպիտի շինես, 5քանզի իսրայէլացիներին Եգիպտոսից հանելուց մինչեւ այսօր երբեք տան մէջ չեմ բնակուել, այլ անտուն վրանաբնակ եմ եղել։ 6Ամենուրեք, որ իսրայէլացիների հետ եմ եղել, մի՞թէ որեւէ բան եմ ասել Իսրայէլի ցեղերից որեւէ մէկին կամ նրա դատաւորներին, որոնց պատուիրել էի հովուել իմ ժողովրդին, ասելով, թէ՝ «Ինչո՞ւ ինձ համար մայրի փայտից տուն չէք շինում»։ 7Արդ, հետեւեա՛լն ասա իմ ծառայ Դաւթին. «Այսպէս է ասում ամենակալ Տէրը. Ես քեզ արօտավայրից՝ ոչխարների յետեւից վերցրի, որ Իսրայէլի իմ ժողովրդին առաջնորդ լինես։ 8Ուր որ գնում էիր, ամենուրեք քեզ հետ էի. ոչնչացրի քո բոլոր թշնամիներին քո առաջից ու երկրի վրայ եղած մեծամեծերի անուան պէս քեզ համար տուն ստեղծեցի։ 9Արդ, Իսրայէլի իմ ժողովրդի համար տեղ պիտի որոշեմ, դու նրան պիտի հաստատես, եւ նա առանձին պիտի բնակուի, ոչ մի հոգս պիտի չունենայ, եւ ոչ մի անիրաւութիւն նախկինի նման նրան այլեւս չպիտի ընկճի, 10ինչպէս սկզբում, այն օրերին, երբ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ դատաւորներ էի կարգել, քեզ ենթարկել քո բոլոր թշնամիներին։ Արդ, ես՝ Տէրս, քեզ պիտի բազմացնեմ ու կառուցեմ քո տունը։ 11Եւ երբ քո օրերը լրանան, դու կը ննջես քո նախնիների հետ։ Քեզնից յետոյ քեզնից ծնուած քո զաւակին պիտի բարձրացնեմ եւ պիտի պատրաստեմ նրա թագաւորութիւնը։ 12Նա ինձ համար տուն պիտի շինի, իսկ ես նրա գահը յաւիտենական պիտի դարձնեմ։ 13Ես նրան հայր պիտի լինեմ, իսկ նա ինձ որդի պիտի լինի։ Իմ ողորմածութիւնը նրանից չեմ պակասեցնելու, ինչպէս որ այն զլացել էի քեզնից առաջ եղածների հանդէպ։ 14Նա հաւատարիմ պիտի լինի իմ տան նկատմամբ, եւ նրա թագաւորութիւնը յաւիտենական պիտի լինի, նրա գահը՝ հաստատուն մինչեւ յաւիտեան»։15Եւ Նաթանն այս բոլոր խօսքերը եւ այս ամբողջ յայտնութիւնը նոյնութեամբ պատմեց Դաւթին։ 16Եկաւ Դաւիթ արքան ու նստելով Տիրոջ առջեւ՝ ասաց. «Ո՞վ եմ ես, Տէ՛ր Աստուած, եւ կամ ի՞նչ է իմ տունը, որ ինձ սիրեցիր յաւիտեան։ 17Կարծես այս բաները քիչ երեւացին քո աչքին, Աստուա՛ծ, հիմա էլ երկար ժամանակ խօսեցիր քո ծառայի մասին, վերաբերուեցիր ինձ հետ, ինչպէս բարձր կանգնած մի մարդու։ Դու բարձրացրիր ինձ, Տէ՛ր Աստուած։ 18Ի՞նչ խօսք աւելացնի Դաւիթը քեզ փառաւորելու համար. ինքդ ճանաչում ես քո ծառային19եւ ըստ քո սրտի արեցիր այս ամբողջ մեծութիւնը, Տէ՛ր։ 20Քեզ նման ոչ ոք չկայ, եւ քեզնից բացի այլ Աստուած չկայ՝ դատելով այն բոլոր խօսքերից, որ լսել ենք մեր ականջներով։ 21Եւ չկայ երկրի վրայ այնպիսի ազգ, ինչպէս Իսրայէլի քո ժողովուրդն է, որին Աստուած առաջնորդեց, որ փրկի իր ժողովրդին։ Դու ստացար մեծ ու երեւելի անուն՝ ազգեր քշելով քո ժողովրդի առջեւից։ Դու նրան ազատեցիր Եգիպտոսից։ 22Քո իսրայէլացի ժողովրդին յաւիտենապէս ժողովուրդ դարձրիր քեզ, եւ դու նրանց համար Աստուած եղար։ 23Արդ, Տէր իմ, այն խօսքը, որ ասացիր քո ծառայի եւ նրա տան մասին, թող հաստատ լինի յաւիտեան։ 24Դու ասացիր, Տէ՛ր, ամենակալ Տէ՛ր Աստուած Իսրայէլի, թէ քո ծառայ Դաւթի տունը թող կանգուն մնայ քո առջեւ,25քանզի դու, Տէ՛ր, քո ծառայի ականջին յայտնեցիր, թէ քեզ համար տուն եմ կառուցելու, եւ դրա համար քո ծառան աղօթք է անում քո առջեւ։ 26Արդ, Տէ՛ր, դու ես Աստուած, եւ դու ասացիր այդ բարի խօսքերը քո ծառայի մասին։ 27Սկսի՛ր այսուհետեւ օրհնել քո ծառայի տունը, որ յաւիտեան լինի քո առջեւ, քանզի, Տէ՛ր, դո՛ւ օրհնեցիր եւ օրհնի՛ր նրան յաւիտեան»։ 
18 Դրանից յետոյ Դաւիթը հարուածեց այլազգիներին, վանեց նրանց, այլազգիների ձեռքից գրաւեց Գէթն ու նրա գիւղերը։ 2Նա հարուածեց Մովաբին, եւ մովաբացիները դարձան Դաւթի հարկատու ծառաները։3Դաւիթը Եմաթում հարուածեց Սուբայի արքայ Ադրազարին, երբ սա գնում էր իր իշխանութիւնը հաստատելու Եփրատ գետի վրայ։ 4Նրանից վերցրեց հազար մարտակառք, եօթը հազար ձիաւոր ու քսան հազար հետեւակ։ Դաւիթը ջարդեց բոլոր մարտակառքերը՝ թողնելով միայն հարիւր մարտակառք։ 5Դամասկոսից եկան ասորիները, որ օգնեն Սուբայի արքայ Ադրազարին։ Դաւիթը սպանեց քսաներկու հազար ասորի։ 6Նա Ասորիքում՝ Դամասկոսի մօտ բերդապահ զօրք դրեց, եւ նրանք Դաւթի հարկատու ծառաները դարձան։ Տէրը հովանաւորեց Դաւթին ամենուրեք, ուր որ նա գնում էր։ 7Դաւիթը Ադրազարի թիկնապահներից առաւ ոսկէ մանեակները եւ բերեց Երուսաղէմ։8Դաւիթը Մատեբեթից եւ Ադրազարի բարգաւաճ քաղաքներից խիստ շատ պղինձ վերցրեց։ Եւ դրանով է, որ Սողոմոնը պատրաստեց պղնձէ աւազանը եւ պղնձէ սիւներն ու անօթները։ 9Երբ Եմաթի արքայ Թովուն լսեց, թէ Դաւիթը հարուածել է Սուբայի արքայ Ադրազարի բոլոր զօրքերին, 10իր որդի Ադուրամին ուղարկեց Դաւիթ արքայի մօտ նրա առողջութիւնը հարցնելու եւ շնորհաւորելու նրան, քանզի իր դէմ պատերազմել էր Ադրազարը եւ յաղթել իրեն. Թովուն թշնամի էր Ադրազարին։ Նա իր որդու միջոցով ուղարկեց նաեւ ամէն տեսակ ոսկէ ու արծաթէ անօթներ։ 11Դաւիթը բոլոր ազգերից՝ եդոմացիներից, մովաբացիներից, ամոնացիներից, այլազգիներից եւ ամաղեկացիներից գրաւած արծաթի ու ոսկու հետ դրանք եւս նուիրեց Տիրոջը։ 12Եւ Շարուհիի որդի Աբեսսան Ալոնի հովտում հարուածեց տասնութ հազար եդոմացիների 13ու հովտում բերդապահ զօրք դրեց։ Եդոմացիները Դաւթի ծառաները դարձան, եւ Տէրը փրկեց Դաւթին ամենուրեք, ուր նա գնում էր։ 14Դաւիթը թագաւորեց ամբողջ Իսրայէլի վրայ, եւ նա իրաւունք ու արդարութիւն էր ի գործ դնում իր ամբողջ ժողովրդի մէջ։15Շարուհիի որդի Յովաբը զօրքի հրամանատար էր, Աքիլուդի որդի Յոսափատը՝ դիւանապետ, 16Աքիտոբի որդի Սադոկը եւ Աբիաթարի որդի Աբիմելէքը՝ քահանաներ, Սուսան՝ գլխաւոր քարտուղար,17Յովիդայէի որդի Բանեասը՝ քերեթիների ու օփելեթիների վերակացու, իսկ Դաւթի որդիները՝ արքայի առաջին փոխանորդները։ 
19 Դրանից յետոյ մեռաւ ամոնացիների Նաաս արքան, եւ նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Անանը։ 2Դաւիթն ասաց. «Եկէք ողորմածութիւն ցոյց տանք Նաասի որդի Անանի նկատմամբ, ինչպէս որ նրա հայրն էր ինձ ողորմածութիւն ցոյց տալիս»։ Եւ Դաւիթը դեսպաններ ուղարկեց, որ մխիթարեն նրան հօր համար։ Դաւթի ծառաները եկան ամոնացիների երկիրը, որ մխիթարեն Անանին։3Ամոնի իշխաններն ասացին Անանին. «Քո հօր յիշատակը մեծարելո՞ւ համար է Դաւիթը մխիթարողներ ուղարկել, չէ՞ որ նրա ծառաները եկել են նրա համար, որ հետախուզեն քաղաքները, լրտեսեն երկիրը»։ 4Եւ Անանը բռնեց Դաւթի ծառաներին, ածիլեց նրանց մօրուքը, նրանց պատմուճանները պատռեց մէջտեղից մինչեւ վեր ու արձակեց նրանց։5Եկան ու Դաւթին պատմեցին այդ մարդկանց մասին։ Նա մարդ ուղարկեց, որ դիմաւորեն նրանց, որովհետեւ նրանք խիստ անարգուած էին։ Արքան ասաց. «Մնացէ՛ք Երիքովում, մինչեւ որ ձեր մօրուքները աճեն, որից յետոյ կը վերադառնաք»։ 6Երբ ամոնացիները տեսան, որ Դաւթի զօրքը անարգանք կրեց, Անանը եւ ամոնացիները հազար տաղանդ արծաթ ուղարկեցին եւ իրենց համար Ասորիքից, Միջագետքից եւ Ասորիքի Մաաքա ու Սուբա քաղաքներից վարձեցին մարտակառքեր ու հեծեալներ, 7վարձեցին երեսուներկու հազար մարտակառք, Մովաբի արքային ու նրա զօրքին։ Սրանք եկան բանակատեղի դրեցին Մեդաբայի դիմաց։ Ամոնացիները հաւաքուեցին իրենց քաղաքներից ու եկան պատերազմելու։ 8Դաւիթը լսեց եւ ուղարկեց Յովաբին ու հզօրների գունդը։ 9Ամոնացիները դուրս եկան եւ պատերազմի շարուեցին քաղաքի դարպասի մօտ, իսկ այն եկած թագաւորները դաշտում առանձին ճակատ կազմեցին։ 10Երբ Յովաբը տեսաւ, որ նրանք պատերազմի են դուրս եկել իր դէմ թէ՛ առջեւից, թէ՛ յետեւից, ընտրեց բոլոր երիտասարդ իսրայէլացիներին եւ նրանց դասաւորեց ասորիների դիմաց, 11իսկ զօրքի մնացած մասը նա յանձնեց իր եղբայր Աբեսսային եւ նրանց շարեց ամոնացիների դիմաց։ 12Նա ասաց. «Եթէ ասորիները մեր նկատմամբ գերակշռութիւն ունենան, դու ինձ օգնութեան կը հասնես, իսկ եթէ ամոնացիները քո նկատմամբ գերակշռութիւն ունենան, ես քե՛զ օգնութեան կը հասնեմ։ 13Քաջասի՛րտ եղիր եւ թող զօրանանք յանուն մեր ժողովրդի եւ մեր Աստծու քաղաքների։ Տէրը թող անի այն, ինչ նրա աչքին բարի է թւում»։14Յովաբն իր հետ եղած զօրքով ասորիների դէմ պատերազմի ելաւ, եւ սրանք փախուստի դիմեցին։ 15Երբ ամոնացիները տեսան, թէ ասորիները փախան, իրենք եւս փախուստի դիմեցին Յովաբի եւ նրա եղբայր Աբեսսայի առջեւից ու մտան քաղաք։ Յովաբը եկաւ Երուսաղէմ։ 16Երբ ասորիները տեսան, թէ իսրայէլացիները իրենց յաղթեցին, պատգամաւորներ ուղարկեցին եւ դուրս բերեցին Եփրատ գետի այն կողմի ասորիներին։ Ադրազարի զօրքի հրամանատար Սոփաքն էր նրանց առաջնորդում։ 17Երբ Դաւթին պատմեցին այդ մասին, նա հաւաքեց բոլոր իսրայէլացիներին, անցաւ Յորդանան գետն ու գնաց նրանց դէմ։ Նա իր զօրքը շարեց ասորիների դիմաց եւ պատերազմեց նրանց դէմ։ 18Ասորիները փախան Դաւթի առջեւից։ Դաւիթը ասորիներից եօթը հազար մարտակառքի հեծեալներ ու քառասուն հազար հետեւակ կոտորեց, սպանեց զօրքի հրամանատար Սոփաքին։ 19Երբ Ադրազարի ծառաները տեսան, որ իրենք պարտուած են Իսրայէլից, Դաւթի հետ հաշտութիւն կնքեցին, նրա իշխանութեան տակ մտան, իսկ ասորիները այլեւս չուզեցին օգնել ամոնացիներին։ 
20 Պատահեց, որ յաջորդ տարի, երբ թագաւորները պատերազմի էին ելել միմեանց դէմ, Յովաբը հաւաքեց բոլոր զօրագնդերը եւ ասպատակեց ամոնացիների ամբողջ երկիրը։ Նա եկաւ եւ պաշարեց Ռաբաթը, իսկ Դաւիթը մնաց Երուսաղէմում։ 2Յովաբը գրաւեց Ռաբաթը եւ կործանեց այն։ Դաւիթը նրանց Մեղքոմ թագաւորի գլխից առաւ թագը։ Պարզուեց, որ դրա ոսկին մի տաղանդ քաշ ունի՝ զարդարուած թանկարժէք քարերով։ 3Այն դրեցին Դաւթի գլխին։ Շատ-շատ աւար վերցրեց նա, այնտեղի ժողովրդին դուրս բերեց, չարաչար աշխատեցրեց՝ սղոցներով սղոցել տալով ու երկաթէ ուրագներով տաժանակիր աշխատանքի լծել տալով նրանց։ Այսպէս վարուեց Դաւիթը ամոնացիների հետ բոլոր քաղաքներում եւ իր ամբողջ զօրքով վերադարձաւ Երուսաղէմ։ 4Դրանից յետոյ Գազերում կրկին պատերազմ եղաւ այլազգիների դէմ։ Այն ժամանակ ուսթացի Սուբաքէն յարձակուեց հսկաների որդիներից Սեպփիասի վրայ եւ հալածեց նրան։ 5Դարձեալ պատերազմ եղաւ այլազգիների դէմ, եւ Յայիրի որդի Եղէանան յարձակուեց գէթացի Գողիադի եղբայր Ղէէմիի վրայ, որի նիզակի փայտը ոստայնանկների գլանի չափ էր։ 6Դարձեալ պատերազմ եղաւ Գէթում։ Այնտեղ կար մի շատ հսկայ մարդ, որի մատները վեց-վեց լինելով՝ ընդամէնը քսանչորս մատ ունէր։ Նա հսկաների ցեղից էր։ 7Նա լուտանք էր թափում Իսրայէլի վրայ, ուստի Դաւթի եղբօր որդի Սամաայի որդի Յոնադաբը սպանեց նրան։ Սրանք Գէթի Հռափա քաղաքից էին։ Սրանք ամէնքը հսկայ մարդիկ էին եւ ընկան Դաւթի ու նրա զօրականների ձեռքով։ 
21 Սատանան ելաւ Իսրայէլի մէջ ու դրդեց Դաւթին մարդահամարի ենթարկելու Իսրայէլը։ 2Դաւիթն ասաց Յովաբին եւ իր զօրքի հրամանատարներին. «Գնացէք հաշուառո՛ւմ կատարեցէք Իսրայէլի մէջ Բերսաբէէից մինչեւ Դան եւ տուեալնե՛ր բերէք ինձ, որ գիտենամ նրանց թիւը»։ 3Յովաբն ասաց. «Տէրը հարիւրապատիկ թող աւելացնի իր ժողովրդին, ու իմ տիրոջ աչքը տեսնի, որ ամէնքը ծառայում են նրան։ Ինչո՞ւ է իմ տէրն այս բանը պահանջում, ինչո՞ւ Իսրայէլը մեղքի մէջ ընկնի»։ 4Սակայն երբ արքան իր ասածը պարտադրեց Յովաբին, սա ելաւ, անցաւ Իսրայէլի բոլոր սահմաններով ու եկաւ Երուսաղէմ։5Յովաբը Իսրայէլի ժողովրդի մարդահամարի տվեալները յանձնեց Դաւթին։ Ամբողջ Իսրայէլում մէկ միլիոն մարդ կար եւ հարիւր հազար սուսերակիր. իսկ Յուդայի երկիրն ունէր չորս հարիւր յիսուն հազար սուսերակիր։ 6Ղեւիի ու Բենիամինի ցեղերի մարտիկներն այդ թուի մէջ չէին մտնում, քանզի արքայի խօսքը Յովաբի սրտովը չէր։ 7Այս ամբողջ կատարուածը չար երեւաց Տիրոջ աչքին, եւ նա հարուածեց Իսրայէլին։8Դաւիթն ասաց Աստծուն. «Շատ մեղանչեցի այս բաներն անելով, ուստի ների՛ր քո ծառայի չար արարքը, քանզի շատ յիմարացայ»։ 9Տէրը տեսանող Գադի հետ խօսելով՝ ասաց. 10«Գնա խօսի՛ր Դաւթի հետ եւ ասա՛. «Այսպէս է ասում Տէրը. ՚ Երեք բան եմ դնելու քո առջեւ, դրանցից մէկն ընտրի՛ր, եւ ես այն կ՚անեմ քեզ համար՚՚՚»։ 11Գադը գալով Դաւթի մօտ՝ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Ընտրութի՛ւն կատարիր. երեք պայման եմ դնելու. 12կա՛մ երեք տարի սով կը լինի, կա՛մ երեք ամիս հալածական կը լինես քո թշնամիներից, եւ քո թշնամիների սուրը քեզ կը սպանի, եւ կա՛մ երեք օր Տիրոջ սուրը մահ կը սփռի քո երկրում, ու Տիրոջ հրեշտակը կը բնաջնջի Իսրայէլի ամբողջ տարածքը։ Արդ, տե՛ս, թէ ես ինչ պատասխան եմ տալու նրան, որ ինձ ուղարկել է»։ 13Դաւիթն ասաց Գադին. «Այս երեքն էլ ինձ համար մեծ դժբախտութիւն են, բայց աւելի լաւ է ես Տիրոջ ձեռքն ընկնեմ, որովհետեւ շատ մեծ է նրա ողորմածութիւնը, քան ընկնեմ մարդկանց ձեռքը»։ 14Տէրը մահ սփռեց Իսրայէլում, եւ իսրայէլացիներից եօթանասուն հազար մարդ մեռաւ։15Աստուած հրեշտակին առաքեց Երուսաղէմ, որ կոտորի մարդկանց։ Հազիւ էր նա սկսել կոտորածը, որ Տէրը տեսաւ ու զղջաց իր պատճառած չարիքի համար։ Նա ասաց մարդկանց կոտորելու համար առաքուած հրեշտակին. «Բաւական է, յե՛տ քաշիր ձեռքդ»։ Եւ այդ պահին Տիրոջ հրեշտակը գտնւում էր յեբուսացի Ուռնայի կալի մօտ։16Դաւիթն աչքերը բարձրացրեց ու տեսաւ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր երկնքի ու երկրի միջեւ եւ ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղէմի վրայ։ Դաւիթն ու ծերունիները, քուրձ հագած, երեսնիվայր գետին ընկան։ 17Դաւիթն ասաց Աստծուն. «Չէ՞ որ ես եմ հրամայել մարդահամար կազմել, ես եմ մեղանչել, ես եմ չարիք գործել, այս անմեղ հօտը ի՞նչ է արել, Տէ՛ր Աստուած։ Թող քո ձեռքը իմ եւ իմ հօր տան դէմ լինի եւ ոչ թէ քո ժողովրդին կոտորի, Տէ՜ր»։ 18Տիրոջ հրեշտակն ասաց Գադին. «Ասա՛ Դաւթին, որ նա ելնի ու Տիրոջ համար զոհասեղան կանգնեցնի յեբուսացի Ուռնայի կալում»։ 19Եւ Դաւիթը գնաց Տիրոջ խօսքի համաձայն, որ ասուել էր Տիրոջ անունով։ 20Ուռնան դարձաւ, երբ տեսաւ արքային ու նրա չորս որդիներին, որոնք թաքնուել էին նրա հետ։ Ուռնան կալում ցորեն էր կալսում։ 21Երբ Դաւիթն եկաւ Ուռնայի մօտ, սա կալից դուրս ելաւ ու երեսնիվայր գետին ընկաւ։22Դաւիթն ասաց Ուռնային. «Քո այդ կալատեղն ի՛նձ տուր, որ ես այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, եւ ժողովրդի կոտորածը վերանայ։ Ինչքան արծաթ որ արժէ դա, ես կը տամ քեզ»։ 23Ուռնան ասաց Դաւթին. «Վերցրո՛ւ այն, իմ արքան թող անի այն, ինչ իրեն լաւ է թւում։ Բացի այդ, ես կը տամ իմ եզները ողջակիզելու համար, սայլերը՝ ցախ անելու եւ ցորենը՝ նուիրաբերութեան համար։ Ամէն ինչ կը տամ քեզ»։ 24Դաւիթ արքան ասաց Ուռնային. «Այդպէս չէ։ Պէտք է այն գնեմ այնքան արծաթով, ինչքան արժէ։ Ես չեմ առնի այն, ինչ քոնն է, որպէսզի Տիրոջը ձրի ողջակէզ մատուցեմ»։ 25Եւ Դաւիթն այդ տեղի համար կշռով վեց հարիւր սիկղ արծաթ տուեց Ուռնային։ 26Դաւիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ, ողջակէզներ եւ փրկութեան զոհեր մատուցեց, Տիրոջն աղօթեց, եւ Տէրը լսեց ու պատասխան տուեց նրան՝ երկնքից ողջակէզի զոհասեղանին կրակ իջեցնելով եւ ողջակէզներն այրելով։ 27Տէրն ասաց հրեշտակին. «Քո սուրը դի՛ր իր պատեանը»։ 28Երբ Դաւիթը տեսաւ, որ Տէրը լսեց ու պատասխանեց նրան յեբուսացի Ուռնայի կալում, այնտեղ զոհեր մատուցեց։ 29Տիրոջ սրբարանը, որ Մովսէսը պատրաստել էր անապատում, եւ ողջակէզների զոհասեղանն այն ժամանակ Գաբաւոնի Բամա բնակավայրում էին, 30եւ Դաւիթը Աստծուն հարցում անելու համար չէր կարող գնալ դրա մօտ, որովհետեւ Տիրոջ հրեշտակի սուրը սարսափեցնում էր նրան։ 
22 Դաւիթն ասաց. «Այս է Տէր Աստծու տունը, եւ այս է Իսրայէլի ողջակէզների զոհասեղանը»։ 2Դաւիթը հրամայեց հաւաքել դրսից Իսրայէլի երկիրը եկած բոլոր մարդկանց եւ նշանակեց քարհատներ, որ քարեր կոփեն ու շինեն Աստծու տունը։ 3Դաւիթը շատ երկաթ հաւաքեց դռների բեւեռների ու դռների համար. նա երկաթէ շրջանակներ պատրաստել տուեց, հաւաքեց շատ առատ պղինձ, որի կշիռը հաշիւ չունէր, 4մայրի փայտեր, որոնց թիւ ու սահման չկար, քանզի սիդոնացիներն ու տիւրացիները առատօրէն մայրի փայտ էին բերում Դաւթին։ 5Դաւիթն ասաց. «Սողոմոն որդիս փոքր մանուկ է, իսկ տունը, որ պէտք է կառուցուի Տիրոջ համար, պէտք է լինի մեծ, ամբողջ աշխարհում փառահեղ ու հռչակաւոր։ Դրա համար շինանիւթ եմ պատրաստում»։ Դաւիթն իր մահուանից առաջ շատ պատրաստութիւն տեսաւ։ 6Նա կանչեց իր որդի Սողոմոնին եւ պատուիրեց նրան Իսրայէլի Տէր Աստծու անուան տուն շինել։ 7Դաւիթն ասաց Սողոմոնին. «Որդեա՛կ իմ, մտքումս կար Տէր Աստծու անուան տուն շինել, 8բայց Աստծու խօսքն ինձ հասաւ, թէ՝ «Շատ արիւն ես թափել եւ մեծամեծ պատերազմներ ես մղել, ուստի դու իմ անուան տուն չես շինելու, քանզի շատ արիւն ես թափել երկրի վրայ իմ առաջ։ 9Ահա դու մի որդի կ՚ունենաս, որը հանգիստ մարդ կը լինի։ Ես նրան հանգստութիւն եմ տալու շրջակայ բոլոր թշնամիներից, նրա անունը Սողոմոն կը լինի, եւ ես խաղաղութիւն ու հանգստութիւն եմ տալու Իսրայէլին նրա օրերում։10Նա իմ անուան տուն է կառուցելու։ Նա ինձ որդի է լինելու, ես նրան՝ հայր, եւ նրա թագաւորութեան աթոռը Իսրայէլում հաստատելու եմ յաւիտեան»։ 11Արդ, որդեա՛կ իմ, Տէրը քեզ հետ թող լինի ու յաջողութիւն տայ քեզ, որ շինես քո Տէր Աստծու տունը, ինչպէս որ նա ասել է քո մասին։ 12Թող Տէրը քեզ հանճար եւ իմաստնութիւն տայ ու զօրացնի քեզ Իսրայէլի վրայ, որ պահպանես քո Տէր Աստծու օրէնքները։ 13Դու յաջողութիւն կ՚ունենաս, եթէ պահպանես այն պատուիրաններն ու օրէնքները, որ Տէրը Մովսէսին պատգամել էր Իսրայէլի համար։ Եղի՛ր քաջարի, հզօրացի՛ր, մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր։ 14Ես իմ աղքատութեան մէջ Տիրոջ տան համար պատրաստել եմ հարիւր հազար տաղանդ ոսկի, հազար անգամ հազար տաղանդ արծաթ, իսկ պղնձին ու երկաթին թիւ չկայ, որովհետեւ չափազանց շատ են։ Հաւաքել եմ նաեւ փայտ ու քար, 15բայց դու աւելացրո՛ւ եղածները, որ աւելի շատ լինեն արհեստաւորներ, որմնադիրներ, հիւսներ եւ ամէն տեսակ հմուտ գործաւորներ, 16իսկ ոսկին, արծաթը, պղինձն ու երկաթը կան անթիւ քանակութեամբ։ Արդ, վե՛ր կաց ու գործի՛ր, քանի որ Տէրը քեզ հետ է»։ 17Դաւիթը Իսրայէլի բոլոր իշխաններին պատուիրեց օգնել իր որդի Սողոմոնին՝ ասելով. 18«Չէ՞ որ Տէրը ձեզ հետ է եւ ձեզ հանգիստ է տուել ամէն կողմից, քանզի նա ձեր ձեռքն է յանձնել այս երկրի նախկին բնակիչներին, եւ այս երկիրը հնազանդուել է Տիրոջն ու նրա ժողովրդին։ 19Արդ, ձեր սրտերն ու հոգիները թող փնտռեն մեր Տէր Աստծուն, ելէ՛ք եւ շինեցէ՛ք մեր Տէր Աստծու սրբարանը, որպէսզի Տիրոջ ուխտի տապանակը եւ Աստծու սուրբ սպասքը տանէք այն տունը, որ կառուցելու էք Տիրոջ անունով»։ 
23 Դաւիթը տարիքն առել, ծերացել էր, ուստի նրա փոխարէն Իսրայէլի վրայ թագաւորեց իր որդի Սողոմոնը։ 2Դաւիթը հաւաքեց Իսրայէլի բոլոր իշխաններին, քահանաներին եւ ղեւտացիներին։3Հաշուառման մէջ մտած եւ երեսուն տարեկանից բարձր տարիք ունեցող ղեւտացիների թիւը երեսունութ հազար էր։ 4Նրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերի վերակացուներ էին, վեց հազարը՝ դատաւորներ, 5չորս հազարը՝ դռնապաններ եւ չորս հազարը՝ Տիրոջն օրհնելու համար պատրաստուած նվագարաններ ունեցող օրհներգուներ։ 6Դաւիթն ամենօրեայ պաշտամունքի նշանակեց Ղեւիի որդիներին՝ Գերսոնի, Կահաթի ու Մերարիի ազգատոհմերից։ 7Գերսոնի որդիներն էին Ելէադանն ու Սեմէին։ 8Իսրայէլի իշխան Ելէադանի որդիներն էին Եթոմն ու Յովէլը։ 9Սեմէիի որդիներն էին Սալոմիթը, Ազիէլն ու Արանը։ Սրանք Ելէադանի տոհմից սերուած երեք իշխաններ էին։ 10Սեմէիի որդիներն էին նաեւ Յեթը, Զիզան, Յովասն ու Բերիան։ Սրանք Սեմէիի չորս որդիներն էին։ 11Յեթը գլխաւորն էր, իսկ Զիզան՝ երկրորդը։ Յովասն ու Բերիան շատ որդիներ չունեցան եւ մարդահամարի մէջ մէկ տոհմ կազմեցին։ 12Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը, Քեբրոնն ու Օզիէլը՝ չորս հոգի։ 13Ամրամի որդիներն էին Ահարոնն ու Մովսէսը։ Որոշուեց, որ Ահարոնն ինքը եւ իր որդիները յաւիտեան մաքուր լինեն սրբութիւնների սրբութեանն սպասարկելու, Տիրոջ առջեւ խունկ ծխելու, պաշտամունք կատարելու նրան եւ նրա անունով աղօթելու համար յաւիտեան։ 14Մովսէսը՝ Աստծու մարդը, եւ նրա որդիները համարուեցին Ղեւիի ցեղի յետնորդներ։ 15Մովսէսի որդիներն էին Գերսամն ու Եղիազարը։16Գերսամի որդին էր իշխան Սուբայէլը։ 17Եղիազարի որդին էր իշխան Ռաբիան։ Եղիազարն ուրիշ որդի չունեցաւ, մինչդեռ Ռաբիան շատ որդիներ ունեցաւ։ 18Իսահառի որդիներն էին իշխաններ Սաւուղն ու Մովէն։ 19Քեբրոնի որդիներն էին Յերիան՝ գլխաւորը, Ամարիան՝ երկրորդը, Օզիէլը՝ երրորդը, եւ Յեկեմիասը՝ չորրորդը։ 20Օզիէլի որդիներն էին Միքիան՝ գլխաւորը, եւ Յեսիասը՝ երկրորդը։ 21Մերարիի որդիներն էին Մոողին ու Մուսին։ Մոողիի որդիներն էին Եղիազարն ու Կիսը։ 22Եղիազարը մեռաւ՝ չունենալով որդիներ։ Նա միայն դուստրեր ունէր, որոնց հետ ամուսնացան Կիսի որդիները՝ նրանց զարմիկները։23Մուսիի որդիներն էին Մողին, Եդերն ու Արիմոթը՝ երեք հոգի։ 24Սրանք են Ղեւիի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող որդիներն ըստ իրենց ազգատոհմերի, իրենց ցեղերի իշխաններն իրենց քանակով ու անուններով, իրենց գլխաւորներով, որոնք սպասաւորութեան գործն էին կատարում Տիրոջ տանը։ 25Դաւիթն ասել էր, որ Տէր Աստուածը հանգստութիւն է տուել Իսրայէլի իր ժողովրդին եւ բնակեցրել Իսրայէլում յաւիտեան։ 26Ղեւտացիները այլեւս չէին կրելու խորանն ու սպասաւորութեան նրա բոլոր անօթները, 27քանզի, Դաւթի վերջին խօսքի համաձայն, հաշուի առնուեցին Ղեւիի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող որդիները։ 28Դաւիթը նրանց նշանակեց Ահարոնի որդիների օգնականներ, որպէսզի պաշտամունք կատարեն Տիրոջ տանը, սրահներում, սենեակներում եւ սրբարաններում մաքուր պահեն բոլոր սրբութիւնները եւ սպասաւորութիւն անեն Տիրոջ տանը,29կատարեն առաջաւորութեան հացի, ընտիր ալիւրի, անթթխմոր բլիթների, բաղարջների, տապակում եփածի, իւղով տապակուածի հսկողութիւնը եւ հսկեն ըստ չափի արուող ամէն ինչ։ 30Նաեւ ամէն առաւօտ վեր կենալով օրհնեն ու փառաւորեն Տիրոջը, նոյն բանը կատարեն երեկոյեան, 31շաբաթ օրերին, ամսագլուխներին, տօներին Տիրոջը մատուցեն բոլոր ողջակէզները ըստ նշուած քանակի ու հրամանի՝ ամէն ժամ այս բոլորի վրայ լինելով Տիրոջ առջեւ։ 32Նրանք պէտք է պահպանէին վկայութեան խորանը եւ օգնէին իրենց եղբայրներին՝ Ահարոնի որդիներին, Տիրոջ տանը սպասաւորութիւն անելիս։ 
24 Ահարոնի որդիների դասակարգումը։Ահարոնի որդիներն են Նաբադը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։ 2Նաբադն ու Աբիուդը իրենց հօրից շուտ մեռան եւ որդիներ չունէին։ Ահարոնի որդիներ Եղիազարն ու Իթամարը քահանայ դարձան։ 3Դաւիթը նրանց՝ Եղիազարի որդիներից Սադոկին եւ Իթամարի որդիներից Աքիմելէքին նշանակեց ըստ իրենց թուահամարի, պաշտօնի ու ազգատոհմերի։4Եղիազարի որդիների մէջ գտնուեցին աւելի շատ զօրաւոր իշխաններ, քան Իթամարի որդիների մէջ։ Նա նրանց նոյնպէս պաշտօնների նշանակեց. Եղիազարի որդիներին կարգեց տասնվեց ազգատոհմերի իշխաններ, իսկ Իթամարի որդիներին՝ ութ ազգատոհմերի։ 5Նրանց նշանակեց ըստ իրենց ընկած վիճակի, քանի որ «սրբութիւնների վերակացուներ» եւ «Տիրոջ տան առաջնորդներ» թէ՛ Եղիազարի որդիների մէջ կային եւ թէ՛ Իթամարի որդիների մէջ։ 6Ղեւտացիներից Նաթանայէլի որդի Սամէաս քարտուղարը նրանց գրանցեց արքայի, իշխանների, Սադոկ քահանայի եւ Աբիաթարի որդի Աքիմելէքի եւ ղեւտական ու քահանայական ընտանիքների իշխանների ներկայութեամբ։ Վիճակ էին հանում մէկ անգամ Եղիազարի ազգատոհմի համար, մէկ անգամ էլ Իթամարի ազգատոհմի համար։7Առաջին վիճակն ընկաւ Յարիբին, երկրորդը՝ Յադինային, 8երրորդը՝ Քարէմին, չորրորդը՝ Սեուրինին, 9հինգերորդը՝ Մեղքիային, վեցերորդը՝ Մերիային, 10եօթներորդը՝ Ակկուսին, ութերորդը՝ Աբիային,11իններորդը՝ Յեսուին, տասներորդը՝ Սեքենիային, 12տասնմէկերորդը՝ Ելիասիբին, տասներկուերորդը՝ Սաղակիմին, 13տասներեքերորդը՝ Օփփային, տասնչորսերորդը՝ Իզբայէլին, 14տասնհինգերորդը՝ Բելգային, տասնվեցերորդը՝ Եմմերին, 15տասնեօթներորդը՝ Եզիրին, տասնութերորդը՝ Ափեսէին, 16տասնիններորդը՝ Օփեթիային, քսաներորդը՝ Եզեկիէլին, 17քսանմէկերորդը՝ Յաքինին, քսաներկուերորդը՝ Գամուէլին, 18քսաներեքերորդը՝ Դալայիային, քսանչորսերորդը՝ Մոզիային։ 19Այս է նրանց դասակարգումը իրենց պաշտամունքը կատարելու համար Տիրոջ տունը մտնելիս, ըստ իրենց իրաւունքի, որ հաստատել էր իրենց նախահայր Ահարոնը, ինչպէս որ պատուիրել էր նրան Իսրայէլի Տէր Աստուածը։ 20Ղեւիի ազգատոհմի մնացած որդիներն էին. Ամրամի որդիներից՝ Տուբայէլը, Յուդայիան, Աբադիան. 21Աբիայի որդիներից՝ իշխան Յեսիասը, 22Սարայիսի որդիներից՝ Ալամոթը, Սալոնի որդիներից՝ Յանաթը, 23Քեդրոնի որդիներից՝ առաջինը Յեդիուն, երկրորդը՝ Ամասիասը, երրորդը՝ Յեզիէլը, չորրորդը՝ Յեկիմասը։ 24Օզիէլի որդիներից՝ առաջինը Միքիան, երկրորդը՝ Յուսան, Միքայի որդին՝ Սամերը, 25եւ Միքայի եղբայրը՝ Յեսիէն, Յեսիէի որդին՝ Զաքարիասը։ 26Մերարիի որդիները՝ Մոողին ու Մուսին, եւ սրա որդին՝ Օզիան, սրա որդին՝ 27Բոնիան, Մերարիի որդիները՝ Զակքուրն ու Օբդիան, 28Մոողի որդին՝ Եղիազարը, սրա որդին՝ Կիսը, Կիսի որդին՝ Իսմայէլը։ 29Մուսիի որդիները՝ Մոողին, Յեդերն ու Յերիմոթը։ 30Սրանք ղեւտացիների որդիներն են ըստ իրենց ազգատոհմերի։ 31Ինչպէս իշխանների տոհմերը, նոյնպէս եւ իրենց կրտսերագոյն եղբայրները Ահարոնի որդիների նման վիճակ հանեցին Դաւիթ արքայի, Սադոկի, Աբիմելէքի, քահանայական տոհմի եւ ղեւտացի իշխանների ներկայութեամբ։ 
25 Դաւիթ արքան եւ զօրքի հրամանատարները ծառայութեան համար նշանակեցին Ասափի, Եմանի ու Իդիթումի որդիներին, որոնք երգում էին տաւիղների, քնարների ու ծնծղաների նուագակցութեամբ։ Եւ այս գործը կատարողներն ըստ իրենց պաշտօնի հետեւեալներն էին.2Ասափի որդիները՝ Զակքուր, Յովսէփ, Նաթանիաս եւ Յեսիէլ։ Ասափի որդիները գործում էին թագաւորի հրահանգով։ 3Իդիթումի որդիները՝ Գոդողիաս, Սուրի, Յէիմ, Սեմէի, Ասաբիաս եւ Մատթանիաս։ Այս վեցն իրենց հայր Իդիթումի հետ քնարի նուագակցութեամբ գոհութիւն եւ փառաբանութիւն էին մատուցում Տիրոջը։ 4Եմանի որդիներն էին՝ Բոկքիաս, Մատթանիաս, Օզիէլ, Սոբայէլ, Յերիմոթ, Անանիաս, Անան, Ելէաթան,Գեթողաթի, Հռեմոթի, Եզեր, Սեբանատան, Մելամոթ, Յոթիրի եւ Մազիոթ։ 5Սրանք բոլորը Եմանի որդիներն էին, որոնք Աստծու խօսքերով ու փող հնչեցնելով փառաբանում էին արքային։ Աստուած Եմանին տուեց տասնհինգ որդի եւ երեք դուստր։ 6Արքայի, Ասափի, Իդիթումի եւ Եմանի մօտ, Տիրոջ տանը նրանք բոլորն իրենց հօր հետ օրհներգեր էին երգում ծնծղաների, տաւիղների ու քնարների նուագակցութեամբ։ 7Տիրոջ երգերը սովորելու ընդունակ այս շնորհալի մարդիկ իրենց եղբայրներով հանդերձ երկու հարիւր ութսունութ հոգի էին։ 8Ամենօրեայ սպասաւորութեան համար վիճակ հանեցին թէ՛ փոքրն ու մեծը, թէ՛ փորձառու երգիչը եւ թէ՛ սկսնակը։ 9Առաջինն սպասարկելու վիճակն ընկաւ Ասափին, նրա որդիներին ու եղբայրներին. առաջինը՝ Յովսէփին, երկրորդը՝ Գոդողիային, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 10երրորդը՝ Զակքուրին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 11չորրորդը՝ Եզրիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 12հինգերորդը՝ Նաթանիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 13վեցերորդը՝ Բոկիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,14եօթներորդը՝ Յեսուէլին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 15ութերորդը՝ Իսիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 16իններորդը՝ Մատթանիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 17տասներորդը՝ Սեմէիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 18տասնմէկերորդը՝ Եզրիէլին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,19տասներկուերորդը՝ Ասաբիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 20տասներեքերորդը՝ Սուբայէլին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,21տասնչորսերորդը՝ Մատաթիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 22տասնհինգերորդը՝ Յերիմոթին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,23տասնվեցերորդը՝ Անանիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 24տասնեօթներորդը՝ Եզբակատանին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,25տասնութերորդը՝ Անանիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 26տասնիններորդը՝ Մելեթիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի,27քսաներորդը՝ Ալիաթին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 28քսանմէկերորդը՝ Յեթիրիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 29քսաներկուերորդը՝ Գեդդելթիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 30քսաներեքերորդը՝ Մազիոթին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 31քսանչորսերորդը՝ Ռոմեթիեզերին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի։ 
26 Ահա եւ դռնապանների դասակարգումները. Կորխի սերնդից՝ Ասափի որդիներից Կորիսի որդի Մոսողամ եւ Մասելամիա։2Զաքարիայի որդիները՝ անդրանիկը՝ Յազիէլ, երկրորդը՝ Աբդիաս, երրորդը՝ Նաթանա, չորրորդը՝ Յովէլ, 3հինգերորդը՝ Օդամ, վեցերորդը՝ Յովնաթան, եօթներորդը՝ Ելիովէ։ 4Իդիթոմի որդիները՝ անդրանիկը՝ Սամէաս, երկրորդը՝ Յովազաբադ, երրորդը՝ Յովաթա, չորրորդը՝ Սաքար, հինգերորդը՝ Նաթանայէլ, 5վեցերորդը՝ Ամիէլ, եօթներորդը՝ Իսաքար, ութերորդը՝ Փելաթի։ Արդարեւ, Աստուած օրհնել էր Իդիթոմին։ 6Նրա անդրանիկ որդի Սամէասը ծնեց որդիներ, որոնք իրենց հօր տան գլխաւորներն էին, քանզի հզօր էին։ 7Սեմայի որդիները՝ Ադոոնի, Ռափայէլ, Յոբեդ, Ելզաբեթ, Աքիու եւ իր եղբայրները, որոնք զօրեղ մարդիկ էին, Ելիու, Սամաքիաս եւ Իզբակոս։ 8Սրանք բոլորը Աբդեդոմի որդիներն էին. իրենք, իրենց որդիներն ու եղբայրները հզօր մարդիկ էին ու վարժ սպասաւորութիւն էին կատարում։ Աբդեդոմի ցեղը վաթսուներկու հոգի էր։ 9Մասողամայի որդիներն ու եղբայրները տասնութ քաջարի մարդիկ էին։ 10Մերարիի որդիներից Յեսամն ունէր Շամարի անունով մի որդի, որին տրուած էր գլխաւորի դերը. թէեւ նա անդրանիկը չէր, սակայն հայրը նրան առաջինը դարձրեց։ 11Երկրորդը Քեղկիան էր, երրորդը՝ Նաաբէլը, չորրորդը՝ Զաքարիան։ Սրանք բոլորը Ուսայի որդիներն ու եղբայրներն էին՝ ընդամէնը տասնչորս հոգի։12Վիճակով սրանց բաժին ընկաւ դռների պահպանութիւնը. նրանք ամէն շաբաթ իրենց եղբայրների հետ ծառայութիւն էին անելու Տիրոջ տանը։ 13Տարբեր դռների համար, ըստ իրենց ընտանիքների, վիճակ գցեցին նաեւ փոքրն ու մեծը։ 14Արեւելեան դռան վիճակն ընկաւ Սեմէիին ու նրա որդի Զաքարիային։ Իմաստուն Յովադի համար վիճակ գցեցին, եւ նրան բաժին ընկաւ հիւսիսային կողմը։ 15Աբդեդոմին ու նրա որդիներին բաժին ընկաւ հարաւային կողմը, Ասափի տան դիմացը։16Երրորդ վիճակը գցեցին Օվասայի համար։ Նրան բաժին ընկաւ արեւմտեան կողմը՝ զառիվերի վրայ գտնուող ներքին սենեակի դռնով հանդերձ։ Այստեղ պահապանները կանգնելու էին դէմ դիմաց։ 17Ամէն օր վեցական ղեւտացի էին կանգնում հիւսիսային կողմում, չորսական՝ հարաւային կողմում, չորսական՝ Ասափի տան մօտ եւ երկուական՝ իրար փոխարինելու համար։ 18Արեւմտեան մասում չորս հոգի էին, իսկ ճանապարհի վրայ՝ երկուական՝ իրար փոխարինելու համար։ 19Սա է Կորխի որդիների եւ Մերարիի որդիների դռնապանների դասակարգումն ըստ վիճակի։ 20Ղեւտացիներն իրենց եղբայրներով հանդերձ Տիրոջ տան գանձերն ու սրբութիւնների սրբութեան գանձերն էին հսկում։ 21Նրանք Գերսամի որդի Լաադանի որդիներն էին։ Լաադանից էին սերում նրա ազգատոհմի իշխանները։ Գերսամից ծնուած Լաադանի որդին էր Յեիէլը, 22որի որդիներն էին Զեթամը եւ Յովէլը, եղբայրներ, որոնք Տիրոջ տան գանձերի վերակացուներն էին։23Ամրիմից ու Իսահառից էին սերուել Քեբրոնն ու Օզիէլը։ 24Մովսէսի որդի Գերսամի որդի Սեբիէլը գանձերի վերակացուն էր։ 25Նրա եղբայր Եղիազարի որդին Աբիան էր, սրա որդին՝ Յուսէէն, սրա որդին՝ Յորամը, սրա որդին՝ Զեքրին, սրա որդին՝ Սալամիթը, 26որն իր եղբայրներով վերակացու էր այն բոլոր սրբազան գանձերի, որ նուիրել էին Դաւիթը, տոհմերի իշխանները, հարիւրապետները, հազարապետները եւ զօրքի հրամանատարները։ 27Դրանք աւար էին վերցուած քաղաքներից, եւ դրանց մի մասը յատկացուած էր, որ Աստծու տան շինութեան աշխատանքները թերի չմնան։ 28Այն ամէնը, ինչ նուիրել էին Սամուէլ տեսանողը, Կիսի որդի Սաւուղը, Ների որդի Աբենները, Շարուհիի որդի Յովաբը, Սաղոմոթի ու նրա եղբայրների ձեռքում էին։ 29Յեսսարին, Քոնոնիան եւ սրա որդիները Իսրայէլի արտաքին գործերն էին տնօրինում, որ գրագրութիւն ու դատ անեն Քեբրոնիայում։ 30Սադիասն ու իր եղբայրները, որոնց տոհմը հազար եօթը հարիւր հզօր մարդուց էր բաղկացած, Իսրայէլի գործերն էին տնօրինում Յորդանան գետից այն կողմ՝ արեւմտեան մասում։ Նրանք զբաղւում էին Տիրոջ պաշտամունքի բոլոր հարցերով եւ արքունի գործերով։ 31Քեբրոնից էր սերուած եւ Քեբրոնի ամբողջ ազգատոհմի իշխանն էր Ուրիասը։ Դաւթի թագաւորութեան քառասուներորդ տարում մարդահամար եղաւ, որի ժամանակ Գաղաադացիների Յազեր բնակավայրում գտնուեց մի հզօր մարդ, 32որի երկու հազար եօթը հարիւր ցեղակից եղբայրները հզօր լինելով՝ տոհմերի իշխաններ էին դարձել։ Դաւիթը նրանց Ռուբէնի ու Գադի ցեղերի եւ Մանասէի կէս ցեղի գնդի վերակացու նշանակեց, որ կարգաւորեն Աստծու եւ արքայի բոլոր գործերը։ 
27 Իսրայէլացիներից սերուած ազգատոհմերի նահապետների, հազարապետների, հարիւրապետների, արքայի համար հաշուառում կատարող գրագիրների, արքունի ծառայութիւն կատարողների, տարուայ բոլոր ամիսներին ելումուտ անող դասերից ամէն մի դասի թիւը քսանչորս հազար էր։ 2Առաջին ամսուայ առաջին դասի գլխաւորը Բալէէլի որդի Յեզբաալն էր։ Այդ դասի մէջ կար քսանչորս հազար հոգի։3Առաջին ամսում զօրքի բոլոր հրամանատարների գլխաւորը Փարէսի որդիներից մէկն էր։ 4Երկրորդ ամսում դասի գլխաւորները՝ զօրքի իշխաններն էին Դուդային, Դաքոթին ու Մագալաւոթը, իսկ դասի մէջ կար քսանչորս հազար հոգի։ 5Երրորդ ամսում երրորդ դասի գլխաւորը քահանայապետ Յովադի որդի Բանեասն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։ 6Ինքը Բանեասը Երեսնեակի մէջ ամենահզօրն էր, ուստի նա Երեսնեակի գլխաւորն էր։ 7Չորրորդ ամսում դասի գլխաւորը Յովաբի եղբայր Ասայէլն էր, նաեւ նրա որդի Զաբդէասը եւ նրանից յետոյ՝ նրա եղբայրները։ Նրա դասում կար քսանչորս հազար հոգի։ 8Հինգերորդ ամսում հինգերորդի գլխաւորը Իղիայի որդի Սաթիոթն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։ 9Վեցերորդ ամսում վեցերորդի գլխաւորը թեկուացի Եկդէսի որդի Էկէսն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։ 10Եօթներորդ ամսում եօթներորդի գլխաւորը Եփրեմի որդիներից փալոմցի Քելն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։ 11Ութերորդ ամսում ութերորդի գլխաւորը Զարայի ընտանիքից եկիեսթայիցի Ուսաքն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։ 12Իններորդ ամսում իններորդի գլխաւորը Բենիամինի երկրից անաթոթացի Աբիեզերն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։ 13Տասներորդ ամսում տասներորդի գլխաւորը Զարայի ընտանիքից նետոպաթցի Մաարին էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։ 14Տասնմէկերորդ ամսում տասնմէկերորդի գլխաւորը Եփրեմի որդիներից փարաթոնցի Բանաիասն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։ 15Տասներկուերորդ ամսում տասներկուերորդի գլխաւորը Գոթոնիէլի տոհմից նետոպաթցի Քալդային էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։ 16Իսրայէլի ցեղերից Ռուբէնի ցեղի իշխանը Զեքրիի որդի Եղիազարն էր, Շմաւոնինը՝ Մակքայի որդի Սափատիասը, 17Ղեւիինը՝ Կամուէլի որդի Ասաբիան, Ահարոնինը՝ Սադոկի որդին, 18Յուդայինը՝ Դաւթի եղբայրներից Եղիաբը, Իսաքարինը՝ Միքայէլի որդի Ամարիասը,19Զաբուղոնինը՝ Աբդիայի որդի Սամէասը, Նեփթաղիմինը՝ Օզիէլի որդի Յաբիմութը, 20Եփրեմինը՝ Օզիայի որդի Օսերը, Մանասէի կէս ցեղինը՝ Փալդիայի որդի Յովէլը, 21Գաղաադում գտնուող Մանասէի կէս ցեղինը՝ Զաբդիայի որդի Յադային, Բենիամինի որդիներինը՝ Աբենների որդի Ասիէլը, 22Դանինը՝ Յորամի որդի Եզրիէլը։ Սրանք են Իսրայէլի ցեղերի նահապետները։ 23Դաւիթը հաշուառման չենթարկեց սրանցից քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցողներին, քանզի Տէրն ասել էր, թէ՝ «Իսրայէլացիներին պիտի բազմացնեմ երկնքի աստղերի չափ»։ 24Շարուհիի որդի Յովաբը սկսեց հաշուառման ենթարկել ժողովրդին, սակայն չաւարտեց, եւ այդ պատճառով Տէրը բարկացաւ Իսրայէլի վրայ, եւ նրանց թիւը չարձանագրուեց Դաւիթ արքայի ժամանակագրութեան մէջ։ 25Արքայի գանձերի վերակացուն Մոդիէլի որդի Ազմոթն էր, իսկ գիւղերի ցանքատարածութիւնների, բնակութեան վայրերի, բերդերի վերակացուն՝ Օզիայի որդի Յովնաթանը։ 26Հողը մշակող երկրագործների վերակացուն Քելուբի որդի Եզրասն էր,27ագարակներինը՝ արիմաթացի Սեմէին, գիւղերում գինու շտեմարաններինը՝ Սեփինի որդի Զաբդին, 28դաշտային ձիթենիներինն ու վայրի թզենիներինը՝ Գեդէոնի որդի Բալդանան, ձէթի շտեմարաններինը՝ Յովասը։ 29Հովիտներում արածող արջառների վերակացուն էր Ադայիայի որդի Սոփատը, 30ուղտերինը՝ իսմայէլացի Ուբիասը, աւանակներինը՝ մարաթոնացի Յադիասը, 31հօտերինը՝ հագարացի Յովազը։ Սրանք բոլորը Դաւիթ արքայի ստացուածքների վերակացուներն էին։ 32Դաւթի հօրեղբայր Յովնաթանը, որ մի իմաստուն մարդ էր ու ատենադպիր, դարձել էր խորհրդական։ Աքիմենի որդի Յեիէլը արքայի որդիների դաստիարակն էր։33Աքիտոփէլը արքայի խորհրդականն էր, 34իսկ Քուսին՝ արքայի մտերիմ բարեկամը։ Աքիտոփէլից յետոյ մերձաւոր լինելու տեսակէտից գալիս էին Բանեասի որդի Յովիդայիան եւ Աբիաթարը։ Արքայի զօրքերի հրամանատարն էր Յովաբը։ 
28 Դաւիթը Իսրայէլի բոլոր իշխաններին, գլխաւոր դատաւորներին, արքային հերթով սպասարկող բոլոր իշխաննեերին, հազարապետներին, հարիւրապետներին, գանձապահներին, իր ստացուածքների վերակացուներին, զօրահրամանատարներից քաջարիներին ու արի պատերազմիկներին հաւաքեց Երուսաղէմում։2Դաւիթը կանգնեց ժողովականների մէջ եւ ասաց. «Լսեցէ՛ք ինձ, իմ եղբայրնե՛ր եւ իմ ժողովո՛ւրդ։ Նպատակ եմ դրել Տիրոջ ուխտի տապանակի համար մշտական տեղ պատրաստել եւ մեր Տիրոջ ոտքին՝ պատուանդան։ Այդ բանի համար շինանիւթ եմ պատրաստել՝ բազում քանակութեամբ ոսկի, արծաթ, պղինձ, արոյր, երկաթ եւ փայտ։3Սակայն Աստուած ինձ ասաց. «Դու ինձ համար իմ անունը կրող տուն չպիտի շինես, քանզի դու պատերազմող մարդ ես եւ շատ արիւն ես թափել»։ 4Աստուած բոլոր ազգերից ընտրեց Իսրայէլին, իր թագաւորութիւնը հաստատուն պահելու համար ամբողջ Իսրայէլից ընտրեց Յուդայի ցեղին։ Յուդայի տնից ընտրեց իմ հօր տունը եւ ուզեց, որ ե՛ս լինեմ իմ հօր տնից թագաւոր ամբողջ Իսրայէլի վրայ։ 5Տէրն ինձ բազում որդիներ տուեց, բայց իմ բոլոր որդիներից ընտրեց իմ Սողոմոն որդուն, որ նա Իսրայէլում նստի Տիրոջ թագաւորութեան գահին։6Աստուած ասաց ինձ. «Քո Սողոմոն որդին է շինելու իմ տունն ու իմ գաւիթը, քանզի նրան եմ ընտրել որպէս որդի, եւ ես եմ նրան հայր լինելու։ 7Նրա թագաւորութիւնը յաւիտեան հաստատուն կը դարձնեմ, եթէ պահի իմ պատուիրաններն ու օրէնքները, ինչպէս պահել է մինչեւ հիմա»։ 8Արդ, ես Տիրոջ ամբողջ ժողովրդի առջեւ եւ ի լուր մեր Աստծու պարտաւորեցնում եմ ձեզ. պահել-պահպանել մեր Տէր Աստծու բոլոր պատուիրանները, որ ժառանգէք լաւ երկիրը եւ այն ձեզնից յետոյ իբրեւ ժառանգութիւն յաւիտենապէս յանձնէք ձեր որդիներին։ 9Եւ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու յօժար մտքով, քանզի Տէրը քննում է ամենքի սրտերը, եւ նա գիտի բոլորի մտածումները. եթէ փնտռես նրան, նա կը գտնուի քեզ համար, իսկ եթէ թողնես նրան, նա քեզ կը լքի իսպառ։ 10Այժմ տե՛ս, Տէրը քեզ է ընտրել, որ իր համար տուն կառուցես որպէս սրբավայր։ Ուրեմն զօրացի՛ր եւ իրագործի՛ր»։ 11Դաւիթն իր որդի Սողոմոնին տուեց տաճարի, նրա սենեակների, գանձարանների, վերնատների, ներքին շտեմարանների եւ քաւութեան սենեակի յատակագիծը 12եւ դրա այն օրինակը, որ ունէր իր մտքում Տիրոջ տան գաւիթների, շուրջը գտնուող շտեմարանների, Տիրոջ տան մթերանոցների ու սրբութիւնների պահեստի համար։ 13Նա տուեց քահանաների ամենօրեայ սպասաւորութեան, Տիրոջ տանը ղեւտացիների պարտականութիւնների եւ Տիրոջ տան սպասաւորութեան անօթների պահեստի ծրագիրը։ 14Նրան տուեց նաեւ ոսկէ ու արծաթէ անօթների,15աշտանակների ու ճրագների, 16առաջաւորութեան սեղանի եւ ամէն մի սեղանի ոսկու, ոսկէ ու արծաթէ բոլոր իրերի, 17մեծ պատառաքաղների, բաժակների, ոսկէ ու արծաթէ տաշտերի եւ ոսկէ ու արծաթէ առարկաների, խնկամանների ամէն մէկի կշռաչափը։ 18Նա նրան յայտնեց նաեւ խնկերի զոհասեղանների մաքուր ոսկու կշռաչափը եւ նմուշն այն քերովբէների, որոնք իրենց թեւերը տարածելով պէտք է հովանի անէին Տիրոջ ուխտի տապանակի վրայ։19Դաւիթը Տիրոջ ձեռքով գրուած ամէն ինչ տուեց Սողոմոնին, մի գրութիւն, որի մէջ կայ իմաստութիւն եւ իրագործման ծրագիր։20Դաւիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զօրացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր եւ մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի իմ Տէր Աստուածը քեզ հետ է, նա քեզ չի թողնի ու չի լքի, մինչեւ որ աւարտես Տիրոջ ամբողջ տան կառուցումը։ Ահա տաճարի, նրա սենեակների, նրա գաւիթների, նրա վերնատների, շտեմարանների, ներքնատների եւ քաւութեան սենեակի օրինակը, 21ինչպէս նաեւ քահանաների, Աստծու տանը մատուցուելիք բոլոր պաշտամունքների համար ղեւտացիների ամենօրեայ սպասաւորութեան ծրագիրը։ Քեզ հետ թող լինեն բոլոր նրանք, ովքեր պատրաստ են հմտօրէն աշխատելու ըստ իրենց արհեստների, իսկ իշխաններն ու համայն ժողովուրդը թող պատրաստ լինեն քո հրամաններին ենթարկուելու»։ 
29 Դաւիթ արքան ասաց բոլոր ժողովականներին. «Իմ որդի Սողոմոնը, որին Տէրն ընտրեց իր համար, փոքր է, իսկ գործը՝ մեծ, քանզի ոչ թէ մարդու համար է այս շինուածքը, այլ՝ Տէր Աստծու։ 2Ըստ իմ կարողութեան պատրաստեցի իմ Աստծու տան շինանիւթերը՝ ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, փայտ, անկիւնների ու կամարների քարեր, յղկուած ու պատուական քարեր եւ բազում այլ նիւթեր։ 3Եւ իմ Աստծու տան հանդէպ իմ ունեցած սիրուց մղուած, բացի սրբութիւնների տան համար իմ նուիրած ոսկուց ու արծաթից, յաւելեալ տուեցի նաեւ4Սոփերից բերուած երեք հազար տաղանդ ոսկի եւ եօթը հազար տաղանդ ընտիր արծաթ, որպէսզի վարպետները դրանցով պատեն տաճարի որմերը։ 5Այսօր կը գտնուի՞ մէկը, որ յօժար լինի նուէր մատուցելու Տիրոջը»։ 6Տոհմերի պետերը, իսրայէլացիների իշխանները, հազարապետները, հարիւրապետները, գործերի վերակացուները եւ արքունի գաւառապետները 7պարտաւորուեցին Տիրոջ տան շինութեան համար տալ հինգ հազար տաղանդ ոսկի, տասը հազար դահեկան, տասը հազար տաղանդ արծաթ, տասնութ հազար տաղանդ պղինձ եւ հարիւր հազար տաղանդ երկաթ։ 8Ով թանկարժէք քար ունէր, տուեց Տիրոջ տան գանձարանին՝ այն յանձնելով Եսրոմի որդի Յերիէլին։9Ժողովուրդն ուրախացաւ, որ մարդիկ Տիրոջը նուէրներ են մատուցում սրտանց։ 10Մեծապէս ուրախացաւ Դաւիթ արքան ու ժողովականների առջեւ օրհնեց Տիրոջը՝ ասելով.«Յաւիտեանս յաւիտենից օրհնեալ ես, Իսրայէլի մեր հայրերի ո՜վ Տէր Աստուած։ 11Քոնն է, Տէ՜ր, մեծութիւնը, զօրութիւնը, փառքը, յաղթութիւնն ու հզօրութիւնը, քանզի դու ես, որ տիրում ես երկնքում ու երկրի վրայ գտնուող բոլոր էակների վրայ։12Բոլոր թագաւորներն ու ազգերը դողում են քո առջեւ, քեզանից է բխում մեծութիւնն ու փառքը, դու ես ամենքի իշխանը, Տէ՛ր, եւ ամէն իշխանութիւնների Տէ՛րը, քո ձեռքում են զօրութիւնն ու ուժը, քո ձեռքում է բոլորին հզօր դարձնելու ամենակալ կարողութիւնը։ 13Արդ, Տէ՜ր, փառաբանում ենք քեզ եւ օրհներգում քո փառաւոր անունը։ 14Ո՞վ եմ ես, եւ ո՞վ է քո ժողովուրդը, որ կարողանայինք յօժարամիտ լինել քեզ համար անելու այս բոլորը։ Չէ՞ որ քոնն է ամէն ինչ, եւ քեզնից ստացածն է, որ տալիս ենք քեզ։ 15Մենք պանդուխտ ենք քո առջեւ եւ օտարական, ինչպէս մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրայ ստուերի են նման, եւ մենք մնայուն ոչ մի բան չունենք։ 16Մեր Տէ՜ր Աստուած, այս ամէնը, որ ես պատրաստել եմ քո սուրբ անուան տունը կառուցելու համար, քեզնից է գալիս, եւ ամէն ինչ քոնն է։ 17Գիտեմ, Տէ՜ր, որ դու ես քննում սրտերը եւ սիրում ես արդարութիւնը։ Մենք յօժար սրտով ենք այս ամէնն ընծայում, եւ ես ուրախութեամբ տեսայ, թէ այստեղ գտնուող քո ժողովուրդը կամաւոր կերպով քեզ ընծաներ մատուցեց։ 18Ո՜վ Տէր, Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի մեր հայրերի Աստուած, յաւիտեան պահի՛ր այս բանը քո ժողովրդի սրտում ու մտքում եւ նրանց սրտերը դէպի քե՛զ ուղղիր։ 19Իմ Սողոմոն որդուն բարի սի՛րտ տուր, որ պահի-պահպանի քո պատուիրանները, քո վկայութիւններն ու քո օրէնքները եւ աւարտին հասցնի քո տան կառուցումը»։ 20Դաւիթն ասաց բոլոր ժողովականներին. «Օրհնեցէ՛ք ձեր Տէր Աստծուն»։ Եւ բոլոր ժողովականները օրհնեցին իրենց հայրերի Տէր Աստծուն եւ ծնկի իջնելով՝ երկրպագեցին Տիրոջն ու արքային։21Յաջորդ օրը Դաւիթը հազար զուարակ, հազար խոյ ու հազար գառ ողջակիզեց դրանց համապատասխան ընծաներով եւ առատ զոհեր մատուցեց ամբողջ Իսրայէլի համար։ 22Այն օրը ուրախութեամբ կերան ու խմեցին Տիրոջ առջեւ, երկրորդ անգամ գահ բարձրացրին Դաւթի որդի Սողոմոնին, Տիրոջ առջեւ նրան թագաւոր օծեցին, իսկ Սադոկին՝ քահանայ։ 23Սողոմոնը նստեց իր հօր՝ Դաւթի գահին։ Նա յաջողութիւնների հասաւ, նրան հնազանդուեց ամբողջ Իսրայէլը։24Իշխանները, հզօր մարդիկ եւ իր հայր Դաւիթ արքայի բոլոր որդիները հնազանդուեցին նրան։ 25Տէրն ի վերուստ բարձրացրեց Սողոմոնին բոլոր իսրայէլացիների առաջ, նրան այնպիսի թագաւորական փառք տուեց, որի նմանը նրանից առաջ եղած ոչ մի թագաւոր չէր ունեցել։26Յեսսէի որդի Դաւիթը Իսրայէլի վրայ թագաւորեց քառասուն տարի.27Քեբրոնում՝ եօթը տարի եւ Երուսաղէմում՝ երեսուներեք տարի։ 28Նա վախճանուեց խոր ծերութեան մէջ, առաջացած տարիքում, հարստութեան մէջ ու փառքով։ Նրա Սողոմոն որդին թագաւորեց նրա փոխարէն։ 29Դաւիթ արքայի մնացած՝ առաջին եւ վերջին գործերը, նրա ամբողջ թագաւորութեան ու զօրութեան մասին, 30ինչ որ կատարուել էր նրա ժամանակ թէ՛ Իսրայէլում եւ թէ՛ երկրի միւս թագաւորութիւններում, նկարագրուած են Սամուէլ տեսանողի գրքում, Նաթան մարգարէի գրքում եւ Գադ տեսանողի գրքում։

 









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Толма в капустных листьях

Толма в капустных листьяхПриготовить фарш, как описано в рецепте «толма...

Лимонное варенье

Лимонное вареньеОстрым ножом срезать лимонную корку. Очищенный лимон варить в...

Асуда

АсудаПшеничную муку поджарить на масле до темно-коричневого цвета, помешивая добавить...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта