Индекс материала |
---|
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ |
2 |
Все страницы |
2 Մնացորդաց
1 Դաւթի որդի Սողոմոնը հզօրացաւ իր թագաւորութեան մէջ, իր Տէր Աստուածը նրա հետ էր ու նրան շատ բարձրացրեց։ 2Սողոմոնը խօսեց բոլոր իսրայէլացիների՝ հազարապետների, հարիւրապետների, դատաւորների ու տոհմերի բոլոր իշխանների հետ։ 3Սողոմոնը բոլոր ժողովականների հետ գնաց Գաբաւոնի բարձրաւանդակը, ուր դրուած էր Աստծու վկայութեան խորանը։ Անապատում այն պատրաստել էր Տիրոջ ծառայ Մովսէսը, 4իսկ Դաւիթը Տիրոջ տապանակը հանել էր Կարիաթարիմ քաղաքից եւ դրա համար վրան էր պատրաստել Երուսաղէմում։ 5Պղնձէ զոհասեղանը, որ պատրաստել էր Յորի որդի Ուրի որդի Բեսելիէլը, այնտեղ էր՝ Տիրոջ վրանի առջեւ։ 6Սողոմոնն ու ժողովականները փնտռեցին ու գտան այն։ Սողոմոնը զոհեր բերեց Տիրոջ վրանի առջեւ գտնուող պղնձէ զոհասեղանի վրայ եւ այնտեղ հազար ողջակէզ մատուցեց։ 7Այն գիշեր Տէրը երեւալով Սողոմոնին՝ ասաց նրան. «Խնդրի՛ր, ի՞նչ տամ քեզ»։ 8Սողոմոնն ասաց Աստծուն. «Դու իմ հօրը մեծ ողորմածութիւն ես արել եւ ինձ գահ ես բարձրացրել նրա փոխարէն։ 9Արդ, Տէ՛ր Աստուած, քո անունը թող հաստատուն մնայ իմ հայր Դաւթի վրայ, քանզի ինձ գահ ես բարձրացրել բազմամարդ մի ժողովրդի վրայ, որը երկրի հողի չափ շատ է։ 10Արդ, ինձ իմաստնութիւն ու իմացութիւն տո՛ւր, որ կարողանամ ղեկավարել քո այս ժողովրդին, այլապէս ո՞վ պիտի ղեկավարի քո այս մեծ ժողովրդին»։ 11Աստուած ասաց Սողոմոնին. «Քանի որ դա է քո սրտում, չխնդրեցիր ո՛չ մեծ հարստութիւն, ո՛չ փառք, ո՛չ քո հակառակորդների մահը, ո՛չ էլ երկար կեանք, այլ խնդրեցիր իմաստնութիւն ու իմացութիւն, որ կարողանաս ղեկավարել իմ ժողովրդին, որի թագաւորն եմ դարձրել քեզ, 12ապա քեզ կը տամ իմաստնութիւն եւ իմացութիւն, ինչպէս եւ հարստութիւն, ունեցուածք ու փառք, որպիսին քեզանից առաջ եղած ոչ մի թագաւոր չի ունեցել, եւ ոչ էլ քեզանից յետոյ եկողներն են ունենալու»։ 13Սողոմոնը Գաբաւոնի Բարձրաւանդակից, վկայութեան խորանի առջեւից եկաւ Երուսաղէմ եւ թագաւորեց Իսրայէլի վրայ։ 14Սողոմոնը հաւաքեց մարտակառքեր ու հեծեալներ եւ ունեցաւ հազար չորս հարիւր մարտակառք ու տասներկու հազար հեծեալ։ Նա դրանք թողեց հեծեալների համար սահմանուած քաղաքներում, իսկ զօրքը արքայի հետ մնաց Երուսաղէմում։ 15Արքան Երուսաղէմում ոսկին ու արծաթը այնքան առատ դարձրեց, որքան քարը, իսկ մայրիները Հրէաստանում իրենց շատութեամբ դարձան դաշտում աճող մոլաթզենիների չափ։ 16Սողոմոնի ձիերը Եգիպտոսից էին բերւում։ Արքային վաճառուող ձիերի գները սահմանուած էին այսպէս. 17Եգիպտոսից բերուած մէկ մարտակառքը վաճառում էին վեց հարիւր արծաթով, իսկ ձին՝ հարիւր յիսուն։ Դրանք բերւում էին նաեւ բոլոր քետացի թագաւորների եւ ասորի թագաւորների համար։
2 Սողոմոնը հրամայեց կառուցել Տիրոջ տունը եւ իր թագաւորական պալատը։ 2Նա հաւաքեց եօթանասուն հազար բեռնակիրներ, լեռներում աշխատող ութսուն հազար քարհատներ եւ նրանց վրայ վերակացուներ՝ երեք հազար վեց հարիւր մարդ։ 3Սողոմոնը Տիւրոսի արքայ Քիրամի մօտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Դու իմ հայր Դաւթին օգնել ես՝ մայրի փայտ ես տուել բնակութեան տուն շինելու համար։4Արդ, ես նոյնպէս, նրա որդին, իմ Տէր Աստծու անուան տուն եմ շինում, որ այն Նրան նուիրաբերեմ, Նրա առջեւ խունկ ծխեմ, շարունակ առաջաւորութեան հաց ու ողջակէզներ մատուցեմ ամէն առաւօտ ու երեկոյ, ամէն շաբաթ օրերին, ամսամուտներին եւ մեր Աստծու տօներին։ Եւ սա պէտք է յաւիտեան կատարուի Իսրայէլում։ 5Այն տունը, որ կառուցելու եմ, մեծ է լինելու, քանզի մեր Տէր Աստուածն աւելի մեծ է, քան բոլոր աստուածները։ 6Եւ ո՞վ կարող է նրա համար տուն կառուցել, քանզի եթէ երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարփակել նրա փառքը, ես նրա համար ի՞նչ տուն կարող եմ կառուցել։ Ես կարող եմ նրա համար կառուցել մի տուն, ուր միայն խունկ կը ծխեն։ 7Արդ, ինձ մօտ ճարտար մարդ ուղարկի՛ր, որ գիտենայ մշակել իմ հայր Դաւթի հաւաքած ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, հմուտ լինի ծիրանի, կարմիր, կապուտակ կտորներ ու բեհեզ գործածելու մէջ, որ իմանայ քանդակներ պատրաստել Հրէաստանում ու Երուսաղէմում գտնուող իմ վարպետների հետ։ 8Ինձ Լիբանանից ուղարկի՛ր մայրի, սարդենի եւ թեղենի փայտեր, որովհետեւ գիտեմ, որ ոչ ոք քո ծառաների նման Լիբանանից փայտ կտրել չգիտի։ Արդ, քո ծառաները թող գնան իմ ծառաների հետ, 9որ ինձ համար մեծ քանակութեամբ փայտ պատրաստեն, որովհետեւ այն տունը, որ կառուցելու եմ, պէտք է լինի մեծ ու փառաւոր։ 10Քո ծառաներին, փայտ կտրող գործաւորներին իբրեւ ռոճիկ կը տամ քսան հազար քոռ ցորեն, քսան հազար քոռ« գարի, քսան հազար չափ գինի եւ քսան հազար չափ ձէթ»։ 11Տիւրոսի Քիրամ արքան պատասխանեց նամակով եւ այն ուղարկեց Սողոմոնին. «Քանի որ Տէրը սիրեց իր ժողովրդին, դրա համար քեզ նրանց վրայ թագաւոր կարգեց»։ 12Ապա Քիրամն ասում էր. «Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որն ստեղծել է երկինքն ու երկիրը եւ Դաւիթ արքային տուել է խելամտութեամբ ու դատողութեամբ օժտուած իմաստուն որդի, որ կառուցի Տիրոջ տունն ու իր թագաւորական տունը։ 13Ահա քեզ մօտ եմ ուղարկում մի խելօք ու հմուտ մարդու՝ իմ ծառայ Քիրամին, 14որի մայրը Դանի դուստրերից է, իսկ նրա հայրը տիւրոսցի է։ Նա գիտի մշակել ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, քարերն ու փայտերը, հիւսել ծիրանի ու կապուտակ, բեհեզ ու կարմիր կտորներ, քանդակներ անել։ Նա, աշխատելով քո վարպետների ու քո հօր՝ իմ տէր Դաւթի վարպետների հետ, կը կարողանայ անել այն բոլոր գործերը, որ կ՚առաջարկես դու իրեն։ 15Արդ, ցորենը, գարին, ձէթն ու գինին, որ յիշատակել է իմ տէրը, թող տայ իր ծառաներին, 16իսկ մենք Լիբանանից փայտ կը կտրենք ըստ քո կարիքների եւ ծովի վրայով, լաստերով կը բերենք Յոպպէ, եւ դու կը տանես կը կուտակես Երուսաղէմում»։ 17Սողոմոնը հաւաքեց Երուսաղէմում գտնուող բոլոր պանդուխտներին ըստ իր հայր Դաւթի կատարած մարդահամարի։ Նրանք հարիւր յիսուներեք հազար վեց հարիւր հոգի էին։ 18Նա նրանցից եօթանասուն հազար բեռնակիրներ, ութսուն հազար քարհատներ վերցրեց ու նրանց վրայ երեք հազար վեց հարիւր գործավարներ նշանակեց։
3 Սողոմոնը Երուսաղէմում, Ամորհացիների լերան վրայ, ուր Տէրը երեւացել էր նրա հօրը՝ Դաւթին, սկսեց կառուցել Տիրոջ տունը այն տեղում, որ Դաւիթը պատրաստել էր Օռնա Յեբուսացու կալում։ 2Նա կառուցումն սկսեց իր թագաւորութեան չորրորդ տարուայ երկրորդ ամսին։ 3Այսպիսով Սողոմոնն սկսեց շինել Աստծու տունը։ Դրա նախկին երկարութիւնը վաթսուն կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ քսան կանգուն։ 4Տան ճակատի արտաքին գաւթի նախկին երկարութիւնն ու լայնութիւնը քսանական կանգուն էին, բարձրութիւնը՝ հարիւր քսան կանգուն։ Նա այն ներսից պատեց մաքուր ոսկով։ 5Մեծ դահլիճը նա երեսապատեց մայրի փայտով ու պատեց մաքուր ոսկով, վրան քանդակեց արմաւենիներ ու շղթայաձեւ զարդեր։ 6Շքեղութեան համար տունը զարդարեց թանկարժէք քարերով ու Սեփարուիմից աւար բերուած մաքուր ոսկով. 7տունը, պատերը, դրանդիկները, դռներն ու ձեղունը պատեց ոսկով, իսկ պատերին քանդակեց քերովբէներ։8Շինեց նաեւ Սրբութիւնների սրբութեան դահլիճը, որի երկարութիւնը ճակատի կողմից քսան կանգուն էր, լայնութիւնն էլ՝ քսան կանգուն։ Նա սրահը պատեց մաքուր ոսկով եւ քերովբէներով՝ ծախսելով վեց հարիւր տաղանդ ոսկի։ 9Ամէն մի մեխի կշիռը յիսուն սիկղ ոսկի էր։ Վերնատունը նոյնպէս պատեց ոսկով։ 10Սրբութիւնների սրբութեան դահլիճում երկու քերովբէներ պատրաստեց եւ դրանք պատեց ոսկով։11Քերովբէների թեւերի երկարութիւնը քսան կանգուն էր. ամէն մի թեւը՝ հինգ կանգուն, կպած սրահի պատին, եւ միւս թեւը եւս՝ հինգ կանգուն, կպած միւս քերովբէի թեւին։ 12Միւս քերովբէի թեւը նոյնպէս հինգ կանգուն էր, կպած սրահի պատին, եւ միւս թեւը եւս՝ հինգ կանգուն, կպած միւս քերովբէի թեւին։ 13Երկու քերովբէների թեւերը տարածուած վիճակում քսան կանգուն էին։ Նրանք կանգնած էին իրենց ոտքերի վրայ, իսկ նրանց դէմքերը նայում էին սրահի կողմը։ 14Նա վարագոյրները պատրաստեց կապուտակ, ծիրանի, կարմիր կտորներից ու բեհեզից, որոնց վրայ քերովբէներ էին հիւսուած։ 15Տան առաջ երկու սիւներ կանգնեցրեց երեսունհինգ կանգուն բարձրութեամբ եւ նրանց վրայ՝ խոյակներ, որոնք հինգ կանգուն էին։ 16Նա սրբարանում եղած շղթայաձեւ զարդերի նման զարդեր պատրաստեց ու դրեց սիւների գլուխներին։ Նռան հարիւր ծաղկաբողբոջներ սարքեց ու դրեց շղթայաձեւ զարդերի վրայ։ 17Տաճարի առաջ սիւներ կանգնեցրեց. մէկը՝ աջից, միւսը՝ ձախից։ Աջ կողմինը կոչեց Ուղղութիւն, իսկ ձախ կողմինը՝ Զօրութիւն։
4 Նա պղնձէ զոհասեղան պատրաստեց քսան կանգուն երկարութեամբ, քսան կանգուն լայնութեամբ ու տասը կանգուն բարձրութեամբ։ 2Ձուլածոյ մեծ աւազանը շինեց տասը կանգուն տրամագծով, շրջանաձեւ, հինգ կանգուն բարձրութեամբ եւ երեսուն կանգուն շրջագծով։ 3Դրա տակ շուրջանակի կային ձուլածոյ եզներ, որոնք տասը կանգուն տրամագծով շրջապատել էին այն։ Զուարակները միաձոյլ էին։ 4Զուարակները տասներկու հատ էին. երեքը նայում էին հիւսիս, երեքը նայում էին արեւմուտք, երեքը նայում էին հարաւ, երեքը նայում էին արեւելք։ Աւազանը տեղադրուած էր դրանց վրայ, եւ դրանց գաւակներն ուղղուած էին դէպի ներս։ 5Մեծ աւազանի խորութիւնը մէկ թիզ էր, նրա շուրթը բաժակի շրթի նման էր, վրան շուշան ծաղիկներ էին քանդակուած, եւ երեք հազար չափ տարողութիւն ունէր։ Նա այս ամէնն աւարտեց։ 6Նա պատրաստեց տասը աւազան. հինգը դրեց աջ կողմը, հինգը՝ ձախ կողմը, որ նրանց մէջ լուանան ու ողողեն ողջակիզման գործիքները, իսկ մեծ աւազանը նրա համար էր, որ քահանաները լուացուեն դրա մէջ։ 7Նա պատրաստեց տասը ոսկէ աշտանակներ ըստ եղած նմուշի եւ դրանք դրեց տաճարում. հինգը՝ աջ կողմը, հինգը՝ ձախ։ 8Նա պատրաստեց տասը զոհասեղաններ ու դրեց տաճարի մէջ. հինգը՝ աջ կողմը, հինգը՝ ձախ։ Պատրաստեց հարիւր ոսկէ տաշտեր։ 9Նա պատրաստեց քահանաների սրահը, մեծ սրահն ու սրահի դռները եւ դրանց փեղկերը պատեց պղնձով։ 10Մեծ աւազանը զետեղեց տաճարի աջ անկիւնը՝ ուղղուած դէպի արեւելք։ 11Քիրամը պատրաստեց զոհասեղանի մեծ պատառաքաղները, կաթսաները, կասկարաներն ու զոհասեղանի ամբողջ սպասքը։ Նա վերջացրեց այն բոլոր գործերը, որ Սողոմոն արքան հրամայել էր պատրաստել Աստծու տան մէջ։ 12Քիրամը պատրաստեց երկու սիւներն ու նրանց վրայի խոյակները, սիւների խոյակների վրայի երկու վերնախարիսխները, երկու վանդակապատ ցանցերը, որ ծածկում էին վերնախարիսխների խոյակները, եւ որոնք սիւների գլխին էին։ 13Նա պատրաստեց նաեւ չորս հարիւր ոսկէ զանգակներ երկու վանդակապատ ցանցերի համար եւ նռան ծաղկաբողբոջների երկու շարքեր ամէն մի վանդակապատ ցանցի համար, որպէսզի դրանցով ծածկեն սիւների վրայ դրուած երկու խոյակները։ 14Նա պատրաստեց տասը խարիսխներն ու խարիսխների վրայ դրուած աւազանները, 15մի աւազանն իր տակ գտնուող տասներկու զուարակներով, 16կասկարաները, վերցնելու ձողերը, կաթսաները, մեծ պատառաքաղներն ու դրանց ամբողջ սպասքը, որ Քիրամն էր պատրաստել, եւ տարաւ Սողոմոնի մօտ՝ Տիրոջ տունը։17Այդ բոլորն արքան ձուլել տուեց մաքուր պղնձից Յորդանան գետի հովտում գտնուող մի ընդարձակ վայրում, Սոքոթի տանը, Սարեթի բնակավայրում, թանձր հողի մեջ։ 18Սողոմոնն այս ամբողջ սպասքը մեծ քանակութեամբ պատրաստեց, քանի որ պղինձը չափ ու սահման չունէր։ 19Սողոմոնը պատրաստեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկէ զոհասեղանն ու այլ սեղաններ, որոնց վրայ առաջաւորութեան հաց պէտք է դրուէր, 20աշտանակները, լոյսի ճրագները, որոնք, ըստ ընդունուած կարգի, վառւում էին սրբարանի դիմաց եւ մաքուր ոսկուց էին պատրաստուած։ 21Նա պատրաստեց նաեւ կանթեղները, ունելիները, տաշտերը, խնկամաններն ու բուրվառները, որոնք նոյնպէս մաքուր ոսկով էին սարքուած, 22Սրբութիւնների սրբութեան դահլիճի ներսի դռներն ու տաճարի դռները, որոնք ոսկուց էին։
5 Սողոմոնն աւարտելով Տիրոջ տան կառուցման ամբողջ գործը՝ իր հայր Դաւթի սրբութիւնները, արծաթն ու ոսկին եւ սպասքը տարաւ ներս ու դրեց Տիրոջ տան գանձարանը։ 2Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղէմում հաւաքեց Իսրայէլի բոլոր ծերերին, ցեղերի իշխաններին ու իսրայէլացիների տոհմերի առաջնորդներին, որ Տիրոջ ուխտի տապանակը հանեն Դաւթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։ 3Տօն կատարելու համար եօթներորդ ամսին արքայի մօտ հաւաքուեցին Իսրայէլի բոլոր տղամարդիկ։ 4Եկան Իսրայէլի բոլոր ծերերը։ Բոլոր ղեւտացիները վերցրին տապանակը, վկայութեան խորանն ու խորանում եղած ամբողջ սուրբ սպասքը, 5եւ քահանաներն ու ղեւտացիները տարան դրանք։ 6Սողոմոն արքան, բոլոր իսրայէլացիները, աստուածավախ եւ տապանակի առջեւ հաւաքուած մարդիկ զուարակներ ու ոչխարներ մորթեցին, որոնց թիւն անհնար էր հաշուել շատութեան պատճառով։ 7Ղեւտացիները Տիրոջ ուխտի տապանակը տարան ներս ու դրեցին իր տեղը՝ տաճարի սրբարանում, այն է՝ Սրբութիւնների սրբութեան մէջ, քերովբէների թեւերի տակ։8Քերովբէներն իրենց թեւերը տարածելով տապանակի վրայ՝ վերեւից ծածկում էին տապանակն ու այն վերցնելու ձողերը։ 9Ձողերը շուրջը բռնել էին եւ դրանց ծայրերը երեւում էին միայն Սրբութիւնների սրբութիւնից, իսկ դրսից չէին երեւում։ Դրանք մինչեւ այսօր էլ այնտեղ են։ 10Տապանակի մէջ ոչինչ չկար, բացի երկու տախտակներից, որ Մովսէսն էր դրել այնտեղ Քորէբում։ Դրանցով Տէրն ուխտ էր դրել իսրայէլացիների հետ, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից։ 11Երբ քահանաները սրբարանից դուրս եկան (քանի որ այնտեղ գտնուող բոլոր քահանաներն էլ սրբագործուել էին եւ չէին նշանակուած ըստ իրենց ամենօրեայ սպասաւորութեան), 12բոլոր սաղմոսերգու ղեւտացիները՝ Ասափի, Եմանի եւ Իդիթոմի որդիները, նրանց որդիներն ու նրանց եղբայրները, բեհեզէ պատմուճաններ հագած, տաւիղներով, քնարներով, սրինգներով զոհասեղանի արեւելեան կողմը կանգնեցին։ 13Նրանց հետ կային հարիւր քսան քահանաներ, որոնք փող էին հնչեցնում։ Փող հնչեցնողները, սաղմոսերգուները միաբերան իրենց ձայնը բարձրացնելով՝ ասում էին. «Գովերգեցէ՛ք եւ օրհնեցէ՛ք Տիրոջը»։ Եւ երբ նրանք փողերի, ծնծղաների ու նուագարանների նուագակցութեամբ իրենց ձայնը բարձրացրին, կրկնեցին. «Գովերգեցէ՛ք Տիրոջը եւ օրհնեցէ՛ք, քանզի նա բարի է, եւ յաւիտեան է նրա ողորմածութիւնը»։ Այն ժամանակ Տիրոջ տունը լցուեց Նրա փառքի ամպով, 14եւ քահանաները չէին կարողանում պաշտամունք կատարել ամպի պատճառով, քանզի Տիրոջ փառքը լցրել էր Աստծու տունը։
6 Այն ժամանակ Սողոմոնը խօսեց՝ ասելով. «Տէրն ասաց, թէ ինքը բնակւում է մառախուղի մէջ, 2բայց ես տուն շինեցի քո անուանը իբրեւ սրբութիւն քեզ, պատրաստեցի, որ այնտեղ բնակուես յաւիտեան»։3Արքան երեսը դարձրեց դէպի ժողովուրդը, օրհնեց իսրայէլացի բոլոր ժողովականներին։ Իսրայէլացի բոլոր ժողովականները նրա շուրջն էին կանգնած։ 4Արքան ասաց. «Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որն ինչ որ ասել էր իր բերանով իմ հայր Դաւթին, այն էլ կատարեց իր ձեռքով։ 5Նա ասել էր. «Այն օրուանից, ինչ իմ ժողովրդին հանեցի Եգիպտոսի երկրից, Իսրայէլի բոլոր ցեղերին պատկանող ոչ մի քաղաք չընտրեցի, որ ինձ համար այնտեղ տուն շինուի, որ իմ անունն այնտեղ լինի, որեւէ մէկին չընտրեցի, որ Իսրայէլի իմ ժողովրդի առաջնորդը լինի։ 6Հիմա Երուսաղէմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, եւ Դաւթին ընտրեցի, որ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ լինի»։ 7Իմ հայր Դաւիթը ցանկութիւն ունէր Իսրայէլի Տէր Աստծու անուան տուն շինել,8ուստի Տէրն ասաց իմ հայր Դաւթին. «Ցանկութիւն ունես իմ անուան տուն կառուցելու. լաւ է, որ այդ բանը սրտումդ կայ։ 9Սակայն դու չէ, որ ինձ համար տուն պիտի շինես, այլ՝ որդիդ, որ քեզնից է ծնուելու, նա է, որ իմ անուան տուն է շինելու»։ 10Աստուած իր ասած խօսքը կատարեց, եւ ես, ահա, հօրս փոխարինեցի՝ նստեցի Իսրայէլի աթոռին, ինչպէս Տէրն էր ասել, շինեցի Իսրայէլի Տէր Աստծու անուան այս տունը,11այնտեղ դրեցի տապանակն այն ուխտի, որ Տէրը կնքեց իսրայէլացիների հետ»։ 12Սողոմոնը Իսրայէլի բոլոր ժողովականների ներկայութեամբ կանգնեց Տիրոջ զոհասեղանի առջեւ եւ բարձրացրեց իր ձեռքերը։ 13(Սողոմոնը պղնձէ պատուանդան էր պատրաստել ու դրել տաճարի սրահի մէջտեղում։ Նրա երկարութիւնը հինգ կանգուն էր, լայնութիւնը՝ հինգ կանգուն, եւ բարձրութիւնը՝ երեք կանգուն)։ Դրա վրայ կանգնելով՝ նա Իսրայէլի բոլոր ժողովականների առջեւ ծնրադրեց եւ իր ձեռքերը դէպի երկինք մեկնելով՝ 14ասաց. «Իսրայէլի Տէ՛ր Աստուած, չկայ քեզ նման Աստուած երկնքում ու երկրի վրայ, դու պահում ես ուխտն ու ողորմածութիւնը բոլոր նրանց, որոնք ամբողջ սրտով ընթանում են քո առջեւից։ 15Դու քո ծառային՝ իմ հայր Դաւթին տուած խոստումդ կատարեցիր. ինչ որ քո բերանով ասել էիր, այսօր քո ձեռքով կատարեցիր։ 16Արդ, Իսրայէլի Տէ՜ր Աստուած, կատարի՛ր այն, ինչ խոստացել էիր իմ հօրը՝ քո ծառայ Դաւթին՝ ասելով. «Քեզ համար երբեք չի պակասելու մարդ, որ նստի Իսրայէլի գահի վրայ, միայն թէ քո որդիները չշեղեն իրենց ճանապարհները՝ ընթանան իմ առջեւից, ինչպէս դու ես ընթացել իմ առջեւից»։ 17Արդ, Իսրայէլի Տէ՜ր Աստուած, Դաւթին ասած խօսքդ թող ի կատար ածուի։ 18Բայց եթէ Աստուած իրօք բնակուելու է երկրի վրայ, մարդկանց մէջ (երբ երկինքն ու երկինքների երկինքը բաւական չեն նրան տեղաւորելու համար), ապա ի՞նչ է իմ շինած այս տունը։ 19Արդ, Տէ՜ր Աստուած, ունկնդրի՛ր քո ծառայի աղօթքին ու խնդրանքին, լսի՛ր քո ծառայի՝ քո առջեւ այսօր արած աղաչանքներն ու աղօթքները, 20որպէսզի քո աչքն ու միտքը օր ու գիշեր լինեն այս տան վրայ, այն տեղի վրայ, որի համար ասացիր, թէ քո անունն ես հաստատելու դրա մէջ, որպէսզի այս տեղո՛ւմ լսես քո ծառայի աղաչական աղօթքը։ 21Արդ, լսի՛ր քո ծառայի եւ Իսրայէլի քո ժողովրդի խնդրանքը, այստեղ կատարուած աղաչանքը, եւ լսելով երկնքում՝ քո բնակութեան վայրում, ունկնդի՛ր եղիր ու ողորմած։ 22Եթէ մի մարդ մեղանչի իր մերձաւորի հանդէպ, եւ նրանից պահանջեն, որ նա երդում տայ, ապա թող գայ կանգնի քո զոհասեղանի առջեւ, այս տան մէջ, 23եւ դու երկնքում լսելով՝ կատարի՛ր քո ծառաների դատը, արժանի՛ն հատուցիր անօրէնին, իր գլխի՛ն թափիր նրա արածը, արդարացրո՛ւ արդարին եւ հատուցի՛ր ամէն մէկին ըստ իր արդարութեան չափի։ 24Եթէ Իսրայէլի քո ժողովուրդը թշնամիներից հալածուի, քո դէմ մեղանչի եւ ապա դառնայ ու քո անուանը փառք տայ, աղօթքի կանգնի ու պաղատի քո առջեւ այս տան մէջ, 25ապա դու լսի՛ր երկնքից, քաւի՛ր Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը, վերադարձրո՛ւ նրան այն երկիրը, որ նրանց հայրերին ես տուել։ 26Եթէ նրանք մեղանչեն քո դէմ, եւ այդ պատճառով երկինքը փակուի, ու անձրեւ չգայ, բայց այս տեղում քեզ աղօթք անեն, փառաբանեն քո անունը եւ իրենց մեղքերից դարձ կատարեն (քանի որ դու կարող ես նկուն դարձնել նրանց), 27ապա լսի՛ր նրանց երկնքից, ների՛ր քո ծառաների եւ Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը, նրանց ցո՛յց տուր բարի ճանապարհը, որով պէտք է ընթանան, եւ քո ժողովրդին որպէս ժառանգութիւն տրուած երկրին անձրե՛ւ պարգեւիր։ 28Երբ սով կամ մահ լինի երկրի վրայ, երաշտ, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, եւ երբ թշնամին նրանց նեղի իրենց իսկ քաղաքների շրջակայքում, որեւէ աղէտ լինի, կամ համաճարակ, 29երբ որեւէ մէկը կամ Իսրայէլի քո ժողովուրդը աղօթք կամ պաղատանք անի եւ իմանալով իր բորոտութիւնը կամ հիվանդութիւնը՝ իր ձեռքերը երկարի դէպի այս տունը, 30ապա դու երկնքում՝ քո բնակութեան վայրում լսի՛ր ու բժշկի՛ր եւ ամէն մէկին տո՛ւր իր սրտի կամեցածը, ինչպէս որ դու ես ճանաչում նրա սիրտը (քանզի միայն դո՛ւ գիտես մարդկանց սրտերը), 31որպէսզի նրանք վախենան քեզնից ու քո ճանապարհներով ընթանան բոլոր այն օրերին, որ կ՚ապրեն նրանց հայրերին տրուած երկրում։ 32 33Երբ մի օտարական, որ Իսրայէլի քո ժողովրդից չէ, բայց քո մեծ անուան, քո զօրեղ ձեռքի, քո հզօր բազկի համար եկել է հեռաստանից ու աղօթքի կանգնել այս վայրում, 34ապա դու լսի՛ր երկնքից, քեզ համար պատրաստուած բնակութեան վայրից եւ արա՛ այն ամէնը, ինչ օտարականը կը խնդրի քեզնից, որպէսզի աշխարհի բոլոր ժողովուրդները ճանաչեն քո անունը, վախենան քեզնից այնպէս, ինչպէս Իսրայէլի քո ժողովուրդը, եւ գիտենան, որ քո անունով է կոչուած իմ շինած այս տունը։ 35Երբ քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դէմ այն ճանապարհով, որով դու կ՚ուղարկես նրանց, եւ երբ նրանք աղօթեն քեզ՝ իրենց հայեացքն ուղղելով դէպի քո այս ընտրած քաղաքն ու դէպի այս տունը, որ շինել եմ քո անուան համար, 36ապա երկնքից կը լսես նրանց պաղատանքներն ու աղօթքները եւ կը պաշտպանես նրանց իրաւունքը։37Երբ քո դէմ մեղանչեն (քանզի մարդ չկայ, որ մեղք չգործի), եւ դու հալածես նրանց ու թշնամիների ձեռքը մատնես, երբ գերեվարելով նրանց տանեն թշնամիների հեռաւոր կամ մօտիկ երկիրը, 38եւ գերութեան տարուած երկրում նրանք զղջան, դարձի գան ու քեզ աղաչեն իրենց գերութեան մէջ՝ ասելով՝ «Մեղք եւ անօրէնութիւն ենք գործել», 39իրենց գերութեան երկրում դէպի քեզ դարձ կատարեն իրենց ամբողջ սրտով ու հոգով, մեր հայրերին տուած քո երկրի, քո ընտրած քաղաքի եւ քո անուան համար իմ շինած տան կողմը նայելով՝ աղօթեն,40ապա երկնքից՝ քո բնակութեան վայրից, լսի՛ր նրանց աղօթքներն ու պաղատանքները, պաշտպանի՛ր նրանց իրաւունքը եւ ների՛ր քո դէմ մեղանչած ժողովրդին։ 41Արդ, Տէ՛ր, թող քո աչքերը բաց լինեն եւ քո ականջները՝ սուր, որ լսես այստեղ արուած պաղատանքները։ 42Արդ, Տէ՛ր Աստուած, դու եւ քո սրբութեան տապանակը ելէք եկէ՛ք ձեր հանգստութեան վայրը. 43քո քահանաները, Տէ՛ր Աստուած, փրկութիւն թող հագնեն, 44եւ քո որդիները ցնծան բարութեան մէջ։ 45Տէ՛ր Աստուած, երես մի՛ դարձրու քեզնից օծուածից, յիշի՛ր քո ծառայ Դաւթին քո ողորմածութեամբ»։
7 Երբ Սողոմոնը վերջացրեց աղօթքը, երկնքից կրակ իջաւ եւ լափեց ողջակէզներն ու զոհերը։ 2Տիրոջ փառքը լցրեց տաճարը, եւ այդ ժամանակ քահանաները չէին կարողանում մտնել Տիրոջ տունը, քանզի Տիրոջ փառքը լցրել էր տաճարը։ 3Բոլոր իսրայէլացիները տեսան իջնող կրակն ու Տիրոջ փառքը տաճարի վրայ։ Նրանք երեսնիվայր ընկան սալայատակի վրայ, երկրպագեցին եւ օրհնեցին Տիրոջը, քանզի նա բարի է, իսկ նրա ողորմածութիւնը՝ յաւիտեան։ 4Արքան եւ ամբողջ ժողովուրդը Տիրոջ առջեւ զոհեր մատուցեցին։ 5Սողոմոնը քսաներկու հազար զուարակ եւ հարիւր քսան հազար արածող ոչխար զոհ մատուցեց։ Արքան եւ ամբողջ ժողովուրդը տաճարի նաւակատիքն արեցին։ 6Քահանաներն ըստ իրենց սպասաւորութեան պաշտօնի էին կանգնած, իսկ ղեւտացիները նուագարաններով փառաբանում էին Տիրոջը տէրունական եւ Դաւիթ արքայի յօրինած երգերով, քանզի Նրա ողորմածութիւնը յաւիտեան է։ Նրանք կատարում էին Դաւթի յօրինած օրհնաբանութիւնները, իսկ քահանաները նրանց դիմաց փողեր էին հնչեցնում։ Ամբողջ Իսրայէլը ոտքի վրայ էր։ 7Սողոմոնը սրբագործեց Տիրոջ տան սրահի մէջտեղը, որովհետեւ այնտեղ մատուցեց ողջակէզներն ու խաղաղութեան զոհերի ճարպերը. Սողոմոնի պատրաստած պղնձէ զոհասեղանը չէր կարող տեղաւորել ողջակէզները, ընծաներն ու ճարպերը։ 8Այդ ժամանակ Սողոմոնը եօթը օր տօն կատարեց։ Բոլոր իսրայէլացիները՝ շատ մեծ բազմութեամբ, Եմաթի մուտքից մինչեւ Եգիպտոսի հեղեղատը նրա հետ էին։9Ութերորդ օրը հանդիսաւոր ժողով արեցին, քանզի զոհասեղանի նաւակատիքը եօթը օր տօնեցին, 10իսկ եօթներորդ ամսի քսաներեքին նա ժողովրդին ուրախութեամբ եւ բարի սրտով արձակեց իրենց վրանները, որովհետեւ Տէրը բարիք էր գործել Դաւթի, Սողոմոնի ու Իսրայէլի իր ժողովրդի համար։ 11Սողոմոնն աւարտեց Տիրոջ տան եւ արքունի տան կառուցումը, եւ ամէն ինչ, որ Սողոմոնի սիրտը կամեցել էր Տիրոջ տան եւ իր տան համար կատարել, յաջողուեց։ 12Այդ նոյն գիշեր Աստուած երեւալով Սողոմոնին՝ ասաց նրան. «Լսեցի քո աղօթքը եւ այդ տեղն ինձ համար ընտրեցի որպէս զոհաբերութիւնների տուն։13Եթէ երկինքը փակեմ, ու անձրեւ չլինի, եթէ հրամայեմ, որ մորեխն ուտի ծառերը, եթէ մահ առաքեմ իմ ժողովրդին, 14եւ եթէ իմ ժողովուրդը, որի վրայ իմ անունն է դրուած, զղջայ, աղօթի եւ իմ երեսը փնտռի ու յետ դառնայ իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կը լսեմ, կը ներեմ նրանց եւ կը բուժեմ նրանց երկիրը։ 15Այժմ իմ աչքերը բաց կը լինեն, եւ իմ ականջները՝ սուր, որ լսեմ այս տեղում կատարուող աղօթքը։ 16Ահա ընտրեցի եւ սրբագործեցի այս տունը, որպէսզի իմ անունը այստեղ լինի յաւիտեան, իմ աչքերն ու սիրտը այստեղ լինեն ընդմիշտ։ 17Եթէ դու իմ առջեւից ընթանաս քո հայր Դաւթի նման եւ կատարես այն ամէնը, ինչ պատգամել եմ քեզ՝ պահես իմ հրամաններն ու օրէնքները, 18քո թագաւորութեան աթոռը հաստատուն կը պահեմ, ինչպէս ուխտ էի դրել քո հայր Դաւթի հետ՝ ասելով. «Քեզնից յետոյ Իսրայէլի վրայ իշխող մարդ չի պակասելու»։ 19Իսկ եթէ դուք յետ դառնաք ու մոռանաք իմ հրամաններն ու պատուիրանները, որ ձեր առաջ եմ դրել, գնաք պաշտէք օտար աստուածներ ու երկրպագէք նրանց, ապա ես ձեզ կը վերացնեմ այն երկրից, որը տուել եմ ձեզ, 20եւ այս տունը, որ սրբագործել եմ իմ անուան համար, կը վերացնեմ, ծաղրանքի առարկայ կը դարձնեմ ու խայտառակ կ՚անեմ բոլոր ազգերի մէջ այս բարձրաշէն տունը. 21եւ ով որ անցնի այս տան կողքով, կը զարմանայ ու կ՚ասի. «Ինչո՞ւ Տէրն այս բանն արեց այս երկրին ու այս տանը»։ 22Եւ մարդիկ կը պատասխանեն. «Որովհետեւ նրանք լքեցին իրենց հայրերի Տէր Աստծուն, որը նրանց հանել էր եգիպտացիների երկրից, օտար աստուածներ ընդունեցին եւ նրանց երկրպագեցին ու ծառայեցին։ Դրա համար էլ Նա նրանց վրայ բերեց այդ բոլոր չարիքները»։
8 Պատահեց այնպէս, որ Սողոմոնը Տիրոջ տունն ու իր տունը կառուցելուց քսան տարի յետոյ 2վերակառուցեց այն քաղաքները, որ Քիրամը տուել էր իրեն, եւ այնտեղ բնակեցրեց իսրայէլացիներին։3Սողոմոնը եկաւ Սոբայի Եմաթ բնակավայրը, ամրացրեց այն,4անապատում կառուցեց Թադմորը եւ Եմաթում շինեց ամրութիւններով քաղաքներ։ 5Նա Վերին Բեթորոն ու Ներքին Բեթորոն քաղաքները վերակառուցեց ամուր պարիսպներով, դռներով ու նիգերով։ 6Նա կառուցեց Բալաաթն ու իրեն պատկանող բոլոր ամրացուած քաղաքները, մարտակառքերի ու հեծեալների բոլոր քաղաքները։ Ամէն ինչ, որ Սողոմոնը կամեցաւ, ըստ իր ցանկութեան շինեց Երուսաղէմում, Լիբանանում եւ իր ամբողջ թագաւորութեան մէջ։ 7Ոչ իսրայէլացի բոլոր մարդկանց, որոնք մնացել էին քետացիներից, ամորհացիներից, փերեզացիներից, խեւացիներից եւ յեբուսացիներից, 8Իսրայէլի կազմակերպած կոտորածից յետոյ երկրում վերապրած նրանց որդիներին Սողոմոնը հարկատու դարձրեց. եւ այդպէս է մինչեւ այսօր։ 9Սողոմոնն իսրայէլացիներից իր թագաւորութեան համար ծառաներ չվերցրեց, որովհետեւ նրանք պատերազմողներ, հզօր իշխաններ, մարտակառքերի ու հեծեալների հրամանատարներ էին։ 10Սրանք, թուով երկու հարիւր յիսուն հոգի, Սողոմոնի թագաւորութեան գլխաւոր իշխանները՝ ժողովրդի ղեկավարներն էին։ 11Սողոմոնը փարաւոնի դստերը հանելով Դաւթի քաղաքից՝ բերեց այն տունը, որ կառուցել էր նրա համար։ Նա ասում էր. «Իմ կինը չպէտք է բնակուի Իսրայէլի արքայ Դաւթի քաղաքում, որովհետեւ սուրբ է այն քաղաքը, ուր Տիրոջ տապանակն է մտել»։ 12Այն ժամանակ Սողոմոնը Տիրոջը ողջակէզներ մատուցեց տաճարի դիմաց իր շինած զոհասեղանի վրայ, 13որի վրայ, ամենօրեայ կարգի համաձայն, ըստ Մովսէսի պատուիրանների, ողջակէզ պիտի մատուցուէր շաբաթ օրերին, ամսուայ սկզբին ու տարեկան երեք տօներին՝ Բաղարջակերաց տօնին, Շաբաթների տօնին եւ Տաղաւարահարաց տօնին։ 14Նա, Դաւթի կարգադրութեան համաձայն, քահանաների դասերը որոշեց ըստ իրենց սպասաւորութեան. ղեւտացիները նշանակուեցին իրենց պարտականութիւնների վրայ, որ օրհներգեն ու ծառայեն քահանաների առջեւ ըստ ամէն մի օրուայ կարգի։ Դռնապաններ կարգուեցին տարբեր դռների վրայ ըստ իրենց դասերի, քանզի այդպէս էր Աստծու մարդու՝ Դաւթի ցուցումը։ 15Նրանք զանց չարեցին արքայի այն ցուցումները, որ տրուել էին քահանաների, ղեւտացիների, գանձարանի եւ ամէն ինչի վերաբերեալ։ 16Այսպիսով աւարտուեց Սողոմոնի՝ Տիրոջ համար տուն կառուցելու ամբողջ գործը սկզբից մինչեւ վերջ։ 17Այն ժամանակ Սողոմոնը գնաց Գասիոնգաբեր եւ Ելամ, որը Հրէաստանի ծովեզերքին էր։ 18Քիրամը իր ծառաների միջոցով նաւեր ուղարկեց ու մարդիկ, որ ծովի վրայ նաւարկել գիտէին։ Նրանք Սողոմոնի ծառաների հետ գնացին Սոփերա եւ այնտեղից բերեցին չորս հարիւր յիսուն տաղանդ ոսկի ու եկան Սողոմոն արքայի մօտ։
9 Սաբայի թագուհին լսելով Սողոմոնի համբաւը՝ շատ մեծ զօրքով եւ խնկերով, բազում ոսկով ու թանկարժէք քարերով ծանրաբեռնուած ուղտերով եկաւ Երուսաղէմ, որ Սողոմոնին փորձի հանելուկներով։ Նա եկաւ Սողոմոնի մօտ եւ նրա հետ խօսեց այն ամենի մասին, որ մտքում ունէր։ 2Սողոմոնը պատասխանեց նրա բոլոր հարցերին. եւ չգտնուեց ոչ մի հարց, որին Սողոմոնը պատասխանած չլինէր։ 3Սաբայի թագուհին տեսաւ Սողոմոնի իմաստնութիւնը, նրա կառուցած տունը, 4սեղանների վրայ դրուած ուտելիքները, նրա իշխանների զբաղեցրած աթոռներն ու աստիճանակարգումը, նրա պաշտօնեաների պատմուճանները, նրա մատռուակներին ու նրանց զգեստները եւ այն ողջակէզները, որ Տիրոջ տանը նա մատուցում էր, եւ ապշելով ասաց արքային. 5«Ճշմարիտ էր այն, ինչ լսել էի իմ երկրում քո խօսքերի ու քո իմաստնութեան մասին։6Եւ չէի հաւատում ասուած խօսքերին, մինչեւ որ եկայ ու աչքերովս տեսայ, որ ինձ չեն պատմել քո իմաստնութեան նոյնիսկ կէսի մասին։ Դու աւելի իմաստուն ես, քան ես լսել եմ։ 7Երանելի են քո մարդիկ, երանելի են քո կանայք եւ պալատական այդ ծառաները, որ միշտ քո առաջ կանգնած են ու լսում են քո իմաստնութիւնը։ 8Օրհնեալ լինի Տէր Աստուածը, որ քեզ հաւանելով՝ քեզ է յանձնել քո ժողովրդի թագաւորութեան աթոռը, քանզի քո Տէր Աստուածը Իսրայէլին սիրելու պատճառով ու նրան յաւիտեան հաստատելու համար քեզ է նրանց վրայ թագաւոր դրել, որ իրաւունք ու արդարութիւն գործադրես»։9Սաբայի թագուհին արքային հարիւր քսան տաղանդ ոսկի տուեց, չափազանց շատ խունկ եւ թանկարժէք քարեր։ Սաբայի տիկնոջ՝ Սողոմոն արքային տուած խնկից լաւ խունկ չի եղել։ 10Սողոմոնի ծառաներն ու Քիրամի ծառաները Սոփերից Սողոմոնին բերեցին ոսկի, նոճու փայտ եւ թանկարժէք քարեր։ 11Արքան նոճու փայտից Տիրոջ տան ու արքայի տան համար աստիճաններ սարքեց եւ երգիչների համար քնարներ ու տաւիղներ, որոնց նմանը դրանից առաջ Յուդայի երկրում չէր եղել։ 12Սողոմոն արքան Սաբայի տիկնոջը տուեց ամէն ինչ, որ նա ցանկացաւ ու խնդրեց, շատ աւելի, քան այն, ինչ թագուհին տուել էր Սողոմոն արքային։ Եւ թագուհին վերադարձաւ իր երկիրը։13Մէկ տարում Սողոմոնի համար բերուած ոսկու կշիռը վեց հարիւր վաթսունվեց տաղանդ էր, 14չհաշուած կառավարիչների, վաճառականների բերածները։ Սողոմոն արքային ոսկի ու արծաթ էին բերում նաեւ Արաբիայի բոլոր թագաւորները, երկրի իշխանները։15Սողոմոն արքան ոսկուց երեք հարիւր կռածոյ վահան պատրաստեց՝ ամէն մի վահանի համար օգտագործելով վեց հարիւր դահեկան մաքուր ոսկի։ 16Ոսկուց պատրաստեց նաեւ երեք հարիւր կռածոյ նիզակ՝ ամէն մի նիզակի համար օգտագործելով երեք հարիւր դահեկան։ Արքան դրանք դրեց Լիբանանի անտառի փայտից պատրաստուած տան մէջ։17Արքան փղոսկրից մի մեծ գահ պատրաստեց եւ այն պատեց մաքուր ոսկով։ 18Գահը ունէր ոսկով ծածկուած վեց աստիճան։ Գահի նստատեղը այս եւ այն կողմից ունէր յենակներ, իսկ յենակների ծայրին կային երկու առիւծներ։ 19Վեց աստիճանների այս եւ այն կողմերում կային տասներկու առիւծներ։ Այսպիսի գահ երբեք չէր եղել ոչ մի թագաւորութեան մէջ։ 20Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր, եւ Լիբանանի անտառի փայտից պատրաստուած տան ամբողջ սպասքը ոսկու շերտով էր պատուած։ Սողոմոնի օրօք արծաթը ոչինչ էր համարւում, 21քանզի Սողոմոն արքայի նաւը Քիրամի ծառաների հետ գնում էր Թարսիս, եւ երեք տարին մէկ Թարսիսից արքայի նաւը գալիս էր լի ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով ու սիրամարգերով։22Սողոմոնը բոլոր թագաւորներին գերազանցեց ունեցուածքով եւ իմաստնութեամբ։ 23Աշխարհի բոլոր թագաւորները ձգտում էին տեսնել Սողոմոնի երեսը, լսել նրա իմաստնութիւնը, որն Աստուած դրել էր նրա սրտում։ 24Նրանցից ամէն մէկը ամէն տարի բերում էր ընծաներ՝ արծաթէ անօթներ, ոսկէ անօթներ, պատմուճաններ, զմուռս, խնկեր, ձիեր ու ջորիներ։ 25Սողոմոնն ունէր քառասուն հազար մատակ ձիեր մարտակառքերի համար եւ տասներկու հազար երիվարներ։ Նա դրանք տեղաւորեց մարտակառքերի համար սահմանուած քաղաքներում. իսկ Երուսաղէմում Սողոմոնի մօտ մնացին որոշ քանակի մատակ ձիեր ու երիվարներ։ 26Նա իշխում էր բոլոր թագաւորների վրայ Եփրատ գետից մինչեւ այլազգիների երկիրն ու մինչեւ Եգիպտոսի սահմանները։27Արքան Երուսաղէմում քարի չափ շատ ոսկի ու արծաթ եւ դաշտում գտնուող մոլաթզենու չափ շատ մայրի փայտ կուտակեց։ 28Սողոմոնի ձիերը բերւում էին Եգիպտոսից եւ շատ ուրիշ երկրներից։ 29Սողոմոնի պատմութեան մնացած մասը, սկզբից մինչեւ վերջը, գրուած են Նաթան մարգարէի գրուածքներում, սիլոնացի Աքիայի գրուածքներում, տեսանող Յովէլի՝ Նաբաթի որդի Յերոբովամին վերաբերող տեսիլքում։30Սողոմոնն ամբողջ Իսրայէլի վրայ իշխեց քառասուն տարի։31Սողոմոնը մեռաւ եւ նրան թաղեցին իր հօր՝ Դաւթի քաղաքում։ Նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Ռոբովամը։
10 Ռոբովամը եկաւ Սիւքէմ, որովհետեւ բոլոր իսրայէլացիները եկել էին Սիւքէմ նրան թագաւոր դարձնելու։ 2Երբ Նաբատի որդի Յերոբովամը, որը Սողոմոն արքայի երեսից Եգիպտոս էր փախել ու բնակուել Եգիպտոսում, լսեց այս բանը, վերադարձաւ Եգիպտոսից։ Մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան։ 3Յերոբովամը եւ Իսրայէլի բոլոր ժողովականները եկան Ռոբովամ արքայի մօտ եւ ասացին. 4«Քո հայրը ծանրացրել էր մեր լուծը։ Արդ, թեթեւացրո՛ւ հօրդ նշանակած տաժանակիր աշխատանքն ու մեր վրայ դրուած ծանր լուծը, որ քեզ ծառայենք»։ 5Նա նրանց ասաց. «Գնացէ՛ք եւ երեք օրից եկէ՛ք ինձ մօտ»։ Ժողովուրդը գնաց։ 6Ռոբովամ արքան հաւաքեց ծերերին, որոնք իր հօր՝ Սողոմոնի կենդանութեան օրօք կանգնում էին նրա առաջ, եւ ասաց. «Ի՞նչ էք կարծում, ի՞նչ խորհուրդ էք տալիս, որ պատասխանեմ այս ժողովրդին»։ 7Նրանք ասացին նրան. «Եթէ այսօր այդ ժողովրդի նկատմամբ բարեացակամ լինես, հաճելի լինես եւ լաւ խօսքեր ասես նրանց, քեզ միշտ ծառայ կը լինեն»։ 8Նա, սակայն, անտեսեց այն խորհուրդը, որ ծերերը տուել էին իրեն, եւ հարց տուեց իր հետ մեծացած տարեկից ընկերներին, որոնք իր առջեւ էին կանգնում։ 9Նա ասաց նրանց. «Ի՞նչ էք կարծում, ի՞նչ պատասխան տամ այս ժողովրդին, որ ինձ հետ խօսեց՝ ասելով. «Թեթեւացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել էր մեր վրայ»։ 10Նրա տարեկից ընկերները նրան ասացին. «Այսպէս կը խօսես այն ժողովրդի հետ, որ քեզ ասել է, թէ՝ «Քո հայրը ծանրացրեց մեր լուծը, իսկ դու այն թեթեւացրո՛ւ մեր վրայից»։ 11Նրանց այսպէս կ՚ասես. «Իմ ճկոյթն աւելի հաստ է, քան հօրս մէջքը։ Արդ, եթէ իմ հայրը ձեզ խրատել է ծանր լծով, ապա ես կ՚աւելացնեմ ձեր լուծը։ Եթէ իմ հայրը խրատել է ձեզ գաւազաններով, ապա ես ձեզ կը խրատեմ կարիճներով»։ 12Յերոբովամը եւ ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մօտ, ինչպէս որ ասել էր արքան. «Ինձ մօտ կը վերադառնաք երրորդ օրը»։ 13Արքան խստութեամբ պատասխանեց՝ անտեսելով ծերերի խորհուրդը, 14եւ նրանց հետ խօսեց ըստ երիտասարդների խորհրդի՝ ասելով. «Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, ես աւելացնելու եմ այն։ Իմ հայրը գաւազաններով էր ձեզ խրատել, ես ձեզ խրատելու եմ կարիճներով»։ 15Արքան չլսեց ժողովրդին, որովհետեւ կործանումն Աստծուց էր սահմանուած, որպէսզի Տէրը հաստատի սիլոնացի Աքիայի բերանով իր ասած խօսքերը Նաբատի որդի Յերոբովամի եւ ամբողջ Իսրայէլի մասին. եւ արքան չլսեց նրանց։16Ժողովուրդը պատասխանեց արքային՝ ասելով. «Ի՞նչ գործ ունենք Դաւթի հետ, կամ կիսելու ի՞նչ ժառանգութիւն՝ Յեսսէի որդու հետ։ Գնա՛ քո վրանները, ո՜վ Իսրայէլ, եւ քո տա՛ն մասին հոգա, ո՜վ Դաւիթ»։17Եւ բոլոր իսրայէլացիները գնացին իրենց բնակավայրերը, իսկ Յուդայի երկրի քաղաքներում ապրող միւս իսրայէլացիները Ռոբովամին դարձրին իրենց թագաւոր։ 18Ռոբովամ արքան հարկերի վերակացու Ադոնիրամին ուղարկեց իսրայէլացիների մօտ, բայց սրանք նրան քարկոծեցին, ու նա մեռաւ։ Ռոբովամ արքան հազիւ կարողացաւ իր մարտակառքը բարձրանալ ու փախչել Երուսաղէմ։ 19Եւ իսրայէլացիները երես դարձրին Դաւթի տնից, ու այդպէս է մինչեւ այսօր։
11 Ռոբովամը եկաւ Երուսաղէմ, Յուդայի ու Բենիամինի տներից հաւաքեց պատերազմի ընդունակ հարիւր ութսուն հազար երիտասարդներ եւ պատերազմեց Իսրայէլի դէմ, որ թագաւորութիւնն իրեն վերադարձնի։ 2Տէրը խօսեց Աստծու մարդու՝ Սամէասի հետ՝ ասելով. 3«Խօսի՛ր Սողոմոնի որդի Ռոբովամի եւ Յուդայի երկրի ու Բենիամինի երկրի բոլոր մարդկանց հետ՝ ասելով. «Այսպէս է ասում Տէրը. 4մի՛ ելնէք ու մի՛ պատերազմէք ձեր եղբայրների դէմ, ամէն ոք թող վերադառնայ իր տունը, որովհետեւ այս բանը ինձնից եղաւ»։ Նրանք լսեցին Տիրոջ խօսքը եւ ետ դարձան Յերոբովամի վրայ արշաւելուց։ 5Ռոբովամը բնակուեց Երուսաղէմում եւ պարսպապատ քաղաքներ կառուցեց Հրէաստանում։ 6Նա շինեց Բեթղեհէմը, Ետանին, Բեքովեան, 7Բեթսուրան, Սոկքովը, Օդողամը, 8Գէթը, Մարիսան, Զիփը,9Ադորայիմը, Լաքիսը, Ազեկան, 10Սարաան, Աեղոնը եւ Քեբրոնը, որոնք Յուդայի երկրում ու Բենիամինի երկրում պարսպապատ քաղաքներ էին։ 11Նա պարիսպներով ամրացրեց դրանք, հրամանատարներ կարգեց դրանց վրայ, բոլոր քաղաքներում ուտելիքի՝ ձէթի ու գինու ամբարներ շինեց, 12վահաններ ու նիզակներ պատրաստեց եւ յաճախակի ամրացրեց այդ քաղաքները։ 13Ռոբովամին էին պատկանում Յուդայի ու Բենիամինի երկրները։ Ամբողջ Իսրայէլի մէջ գտնուող քահանաներն ու ղեւտացիները երկրի բոլոր ծայրերից նրա մօտ հաւաքուեցին, որովհետեւ ղեւտացիները իրենց սեփականութիւնը հանդիսացող բնակավայրերը լքեցին ու գնացին Յուդայի երկիրը՝ Երուսաղէմ. 14Յերոբովամն ու նրա որդիները զրկել էին նրանց Տիրոջն սպասաւորելու պարտականութիւնից։ 15Նա իր պատրաստած բարձրադիր մեհեանների, կուռքերի, չաստուածների ու երինջների վրայ քրմեր նշանակեց։ 16Նա Իսրայէլի ցեղերից առանձնացրեց բոլոր նրանց, ովքեր սրտանց փնտռում էին Իսրայէլի Տէր Աստծուն։ Սրանք եկան Երուսաղէմ, որ իրենց հայրերի Տէր Աստծուն զոհեր մատուցեն,17եւ զօրացրին Յուդայի երկրի թագաւորութիւնը։ Երեք տարով հզօրացաւ Սողոմոնի որդի Ռոբովամը, որովհետեւ նա երեք տարի ընթացաւ Դաւթի ու Սողոմոնի ճանապարհներով։ 18Ռոբովամը կին առաւ Դաւթի որդի Յերիմութի դուստր Մոլաթին ու Յեսսէի որդի Եղիաբի դուստր Աբիադին։ 19Նրանք Ռոբովամի համար ծնեցին երեք որդիներ՝ Յերումին, Սամարիային ու Ալովին։ 20Դրանից յետոյ նա ամուսնացաւ Աբեսաղոմի դուստր Մաաքայի հետ, եւ սա նրա համար ծնեց Աբիասին, Եթթիին, Իզային, Սալեմոթին։ 21Ռոբովամը իր բոլոր կանանց ու հարճերի մէջ ամենից շատ սիրեց Աբեսաղոմի դուստր Մաաքային։ Նա ունէր տասնութ կին ու վաթսուն հարճ, որոնք նրա համար ծնեցին քսանութ տղաներ ու վաթսուն աղջիկներ։ 22Ռոբովամը Մաաքայից ծնուած Աբիային իշխան կարգեց նրա եղբայրների վրայ, քանզի նպատակ ունէր նրան թագաւոր դարձնել։ 23Յուդայի ու Բենիամինի երկրների բոլոր սահմաններում Ռոբովամն աւելի հզօր եղաւ, քան իր բոլոր որդիները, եւ ամրացուած քաղաքներում նրանց տուեց ուտելիքի խիստ առատ պաշար եւ նրանց համար բազում կանայք փնտռեց։
12 Երբ Ռոբովամի թագաւորութիւնը հաստատուն դարձաւ ու հզօրացաւ, նա, նրա հետ նաեւ բոլոր իսրայէլացիները, անտեսեց Տիրոջ պատուիրանները։ 2Եւ քանի որ նրանք մեղանչել էին Տիրոջ դէմ, Ռոբովամի թագաւորութեան հինգերորդ տարում Եգիպտոսի արքայ Սաւսակիմը յարձակուեց Երուսաղէմի վրայ 3հազար երկու հարիւր մարտակառքերով ու վաթսուն հազար հեծեալներով։ Անթիւ էր Եգիպտոսից նրա հետ եկած բազմութիւնը՝ լիբէացիներ, տրոգլոդացիներ, եթովպացիներ, 4որոնք տիրեցին Յուդայի երկրի ամրակուռ քաղաքներին։ Եւ Սաւսակիմը եկաւ Երուսաղէմ։ 5Սամէաս մարգարէն եկաւ Ռոբովամի եւ Յուդայի երկրների իշխանների մօտ, որոնք Սաւսակիմի ահից հաւաքուել էին Երուսաղէմում, եւ ասաց նրանց. «Այսպէս է ասում Տէրը. «Դուք ինձ լքեցիք, ուրեմն ես էլ ձեզ մատնելու եմ Սաւսակիմի ձեռքը»։ 6Իսրայէլի իշխաններն ու արքան ամաչեցին եւ ասացին. «Արդար է Տէրը»։ 7Երբ Տէրը տեսաւ, որ զղջացին, ապա Տէրն ասաց Սամէասին. «Նրանք զղջացին, ուրեմն ես նրանց չեմ կործանի, կարճ ժամանակով նրանց հանգիստ կը թողնեմ եւ իմ զայրոյթը Երուսաղէմի վրայ չեմ թափի։ 8Այսպիսով նրանք իմ ծառայութեան տակ կը մտնեն եւ կ՚իմանան, թէ ո՞րն է ինձ ծառայելու եւ երկրային թագաւորութիւններին ծառայելու տարբերութիւնը»։9Եգիպտոսի արքայ Սաւսակիմը եկաւ ու գրաւեց Տիրոջ տան գանձերը եւ տարաւ արքայի տան բոլոր գանձերը։ Նա գրաւեց նաեւ Սողոմոնի պատրաստած ոսկէ վահանները։ 10Ռոբովամը դրանց փոխարէն պղնձէ վահաններ պատրաստեց եւ դրանք յանձնեց արքունի դռների պահապանների պետերին։ 11Երբ արքան մտնում էր Տիրոջ տունը, մտնում էին նաեւ պահապաններն ու սուրհանդակները, եւ պահապանները դրանք վերցնում տանում էին սուրհանդակների ներկայութեամբ։ 12Երբ Ռոբովամը զղջաց, Տիրոջ բարկութիւնը նրանից վերացաւ, եւ նա իսպառ չկործանուեց, քանզի Յուդայի երկրում բարի գործեր էլ կային կատարուած։ 13Ռոբովամը հզօրացաւ Երուսաղէմում ու թագաւորեց։ Ռոբովամը քառասունմէկ տարեկան էր, երբ գահ բարձրացաւ։ Նա տասնեօթը տարի թագաւորեց Երուսաղէմում, այն քաղաքում, որ Տէրն ընտրել էր Իսրայէլի բոլոր ցեղերի միջից, որպէսզի իր անունը դնի դրա վրայ։ Ռոբովամի ամոնացի մօր անունը Նոոմա էր։14Նա չարիք գործեց, որովհետեւ նրա սիրտը հակուած չէր Տիրոջ կողմը։15Ռոբովամի առաջին ու վերջին խօսքերը եւ գործերը չէ՞ որ գրուած են Սամէաս մարգարէի ու Ադդով տեսանողի գրքերում։ Յարատեւ պատերազմ էր մղւում Ռոբովամի ու Յերոբովամի միջեւ։ 16Ռոբովամը մեռաւ ու թաղուեց իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։ 17Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Աբիասը։
13 Յերոբովամի թագաւորութեան տասնութերորդ տարում Յուդայի երկրի վրայ թագաւորեց Աբիասը։ 2Նա Երուսաղէմում թագաւորեց երեք տարի։ Նրա մայրը Աբեսաղոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա։ Պատերազմ էր տեղի ունենում Աբիասի ու Յերոբովամի միջեւ։3Աբիասը պատերազմի պատրաստուեց հզօր մարտիկներով՝ չորս հարիւր հազար զօրեղ մարդկանցով։ Յերոբովամը նրա դէմ պատերազմի ելաւ ութ հարիւր հազար հզօր, քաջազուն ռազմիկներով։4Աբիասը վեր բարձրացաւ Սոմորոնի լեռից, որը Եփրեմի լեռներից մէկն էր, 5եւ ասաց. «Լսեցէ՛ք, Յերոբովա՛մ եւ բոլո՛ր իսրայէլացիներ, մի՞թէ ձեզ յայտնի չէ, թէ Իսրայէլի Տէր Աստուածը Իսրայէլի թագաւորութիւնը անբեկանելի ուխտով յաւիտեան տուել է Դաւթին ու նրա որդիներին։ 6Նաբատի որդի Յերոբովամը՝ Դաւթի որդի Սողոմոնի ծառան, սակայն, վեր կացաւ եւ ապստամբեց իր տիրոջ դէմ։ 7Նրա մօտ հաւաքուեցին չար եւ անօրէն մարդիկ եւ ընդդիմացան Սողոմոնի որդի Ռոբովամին։ Ռոբովամը դեռ երիտասարդ էր եւ երկչոտ սիրտ ունէր, ուստի նրա դէմ չելաւ։ 8Արդ, դուք ասում էք, որ դէմ կը կանգնէք Տիրոջ թագաւորութեանը, որը Դաւթի որդիների ձեռքին է, որ չափազանց շատ զօրք ունէք, եւ ձեզ հետ են ոսկէ երինջները, որոնց Յերոբովամը ձեզ համար աստուածներ դարձրեց։ 9Մի՞թէ դուք չվռնդեցիք Տիրոջ քահանաներին՝ Ահարոնի որդիներին ու ղեւտացիներին, եւ ձեզ համար քրմեր ընտրեցիք մի այլ երկրի ժողովրդի միջից։ Բոլոր նրանք, որ քահանայ դառնալու համար գալիս էին զուարակներով եւ եօթը խոյով, դառնում էին չաստուածների քուրմ։ 10Մենք մեր Տէր Աստծուն չլքեցինք. նրա քահանաները՝ Ահարոնի որդիներն ու ղեւտացիները, ծառայում են Տիրոջը։ 11Նրանք ամէն օր խունկ են ծխում Տիրոջ համար, առաւօտեան ու երեկոյեան ողջակէզներ են մատուցում, անուշաբոյր խնկեր են ծխում, սուրբ սեղանի վրայ առաջաւորութեան հաց են դնում, վառում են ոսկէ աշտանակներն ու ճրագները, որ երեկոները լուսաւորեն։ Մենք պահում ենք մեր հայրերի Տէր Աստծու պատուիրանները, իսկ դուք լքել էք Նրան։ 12Ահաւասիկ մեզ հետ են եւ մեզ իշխան են Տէրն ու նրա քահանաները, եւ ազդարարող փողերը պատրաստ են հնչելու, որ մեզ մարտի հրաւէր տան։ Եւ դուք, ո՜վ իսրայէլացիներ, մի՞թէ կը մարտնչէք մեր հայրերի Աստծու դէմ. դա ձեզ յաջողութիւն չի բերի»։13Յերոբովամը դարանակալներ էր դրել, որ Աբիասի զօրքի յետեւն անցնեն։ Ինքը կանգնեց Յուդայի երկրի մարդկանց առաջ, իսկ դարանակալները անցան սրանց թիկունքը։ 14Յուդայի երկրի մարդիկ յետ նայեցին ու տեսան, որ թշնամին կանգնած է իրենց ե՛ւ առջեւը, ե՛ւ յետեւը։ Նրանք աղաղակեցին Տիրոջը, քահանաները փողեր հնչեցրին, եւ Յուդայի երկրի մարդիկ աղաղակ բարձրացրին։ 15Երբ Յուդայի երկրի մարդիկ գոչեցին, Տէրը Աբիասի ու Յուդայի երկրի մարդկանց առջեւ կոտորեց Յերոբովամին ու իսրայէլացիներին։ 16Իսրայէլացիները փախան Յուդայի երկրի մարդկանց առջեւից, եւ Տէրը սրանց մատնեց նրանց ձեռքը։ 17Աբիասն ու նրա զօրքը նրանց ծանր հարուածներ հասցրին։ Իսրայէլացիներից հինգ հազար ուժեղ մարդ կոտորուեց։18Այդ օրը իսրայէլացիները ընկճուեցին, իսկ Յուդայի երկրի մարդիկ զօրացան, քանզի իրենց հայրերի Տէր Աստծուն էին ապաւինել։19Աբիասը Յերոբովամին հալածեց ու նրանից գրաւեց քաղաքներ՝ Բեթէլն ու նրա գիւղերը, Անան ու նրա գիւղերը, Եփրոնն ու նրա գիւղերը, Բեան ու նրա գիւղերը։ 20Աբիասի օրօք Յերոբովամն այլեւս չկարողացաւ զօրութեամբ ոտքի կանգնել։ Տէրը հարուածեց նրան, եւ նա մեռաւ։ 21Աբիասը հզօրացաւ. նա տասնչորս կին առաւ։ Նա ունեցաւ քսաներկու տղայ եւ տասնվեց աղջիկ։ 22Աբիասի մնացեալ արարքները, գործերն ու խօսքերը գրուած են Ադդով մարգարէի գրքում։
14 Աբիասը գնաց իր նախնիների գիրկը. նրան թաղեցին Դաւթի քաղաքում։Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Ասան։ Նրա օրօք Յուդայի երկիրը տասը տարի հանգիստ մնաց։ 2Նա բարի եւ արդար գործեր կատարեց իր Տէր Աստծու առջեւ։ 3Նա վերացրեց օտար աստուածների զոհասեղանները, բարձադիր մեհեանները, խորտակեց արձանները եւ այրեց կուռքերը։ 4Նա Յուդայի երկրի բնակիչներին հրամայեց պաշտել իրենց հայրերի Տէր Աստծուն եւ կատարել օրէնքներն ու պատուիրանները։ 5Նա Յուդայի երկրի բոլոր քաղաքներից վերացրեց զոհասեղաններն ու կուռքերը։ Եւ Յուդայի երկրում պարսպապատ քաղաքները խաղաղուեցին, 6քանզի երկիրը խաղաղուել էր, եւ այն տարիներին պատերազմ չկար նրա դէմ, որովհետեւ Տէրը նրան հանգստութիւն էր պարգեւել։ 7Նա ասաց Յուդայի երկրի մարդկանց. «Եկէ՛ք վերակառուցենք այս քաղաքները, պարիսպներ, աշտարակներ, դռներ ու նիգեր դնենք, որ տիրենք երկրին, քանզի, ինչպէս մենք մեր Տէր Աստծուն փնտռեցինք պաշտեցինք, այնպէս էլ նա մեզ փնտռեց եւ ամէն տեղ հանգստութիւն ու յաջողութիւն տուեց մեզ։ 8Ասան Յուդայի երկրում վահաններ ու նիզակներ կրող երեք հարիւր հազարանոց զօրք ունեցաւ, իսկ Բենիամինի երկրում՝ երկու հարիւր վաթսուն հազար ասպարաւորներ ու աղեղնաւորներ։ Սրանք բոլորը հզօր պատերազմիկներ էին։ 9Նրանց դէմ ելաւ եթովպացի Զարեհը մէկ միլիոն զինուորներով ու երեք հարիւր մարտակառքերով։ Նա եկաւ-հասաւ մինչեւ Մարիսա։ 10Ասան դուրս եկաւ նրա դէմ եւ պատերազմի ճակատ կազմեց Մարիսայի հիւսիսում գտնուող ձորում։ 11Ասան դիմեց իր Տէր Աստծուն՝ ասելով. «Տէ՜ր, քեզ համար դժուար չէ օգնութեան հասնել ինչպէս սակաւազօր, այնպէս եւ բազմաքանակ զօրքերին։ Զօրացրո՛ւ մեզ, Տէ՜ր Աստուած մեր, քանզի քեզ ենք ապաւինում եւ քո անունով ելանք այս բազմութեան դէմ։ Ո՜վ Տէր Աստուած մեր, թող մարդը քո դէմ յաղթանակ չտանի»։ 12Եւ Տէրը հարուածեց եթովպացիներին Յուդայի երկրի մարդկանց աչքի առջեւ, ու եթովպացիները փախան։ 13Ասան եւ իր զօրքը հալածեցին նրանց մինչեւ Գեդոր, եւ եթովպացիներից այնքան մարդ ընկաւ, որ նրանցից ոչ մէկը կենդանի չմնաց, քանզի կոտորուեցին Տիրոջ ու նրա զօրութեան առջեւ։ 14Յուդայի երկրի մարդիկ շատ աւար վերցրին եւ կործանեցին Գեդորի շուրջը գտնուող նրանց գիւղերը, քանզի Տիրոջից հասած արհաւիրքն էր պատել նրանց։ Նրանք աւար առան նրանց բոլոր քաղաքները, քանի որ հարուստ աւար կար այդտեղ։ 15Նրանք նաեւ քանդեցին նրանց հօտերի պահակների վրանները, կոտորեցին ամազոնուհիներին, քշեցին տարած բազում ոչխարներ եւ ուղտեր ու վերադարձան Երուսաղէմ։
15 Տիրոջ հոգին իջաւ Ադադի որդի Ազարիասի վրայ։ 2Նա, կանգնելով Ասայի եւ ամբողջ Յուդայի ու Բենիամինի երկրների ամբողջ ժողովրդի առջեւ, ասաց. «Լսեցէ՛ք ինձ, ո՜վ Ասա եւ Յուդայի ու Բենիամինի երկրների բոլո՛ր մարդիկ։ Տէրը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ էք։ Արդ, եթէ դուք նրան փնտռէք, նա կը յայտնուի ձեզ, եւ եթէ լքէք նրան, նա էլ ձեզ կը լքի։ 3Երկար ժամանակ Իսրայէլը եղել է առանց ճշմարիտ Աստծու, առանց քահանայի, որ ուսուցանէր, 4եւ առանց օրէնքի, որ նրանց դարձնէր դէպի Իսրայէլի Տէր Աստուածը, բայց Տէրը նրանց մէջ էր։ 5Այդ ժամանակներում չկար ապահովութիւն դուրս եկողի ու ներս մտնողի համար, քանզի Տիրոջ սարսափն էր ընկել գաւառների բոլոր բնակիչների վրայ։ 6Ազգը ազգի դէմ էր պատերազմում, եւ քաղաքը՝ քաղաքի, քանզի Աստուած ամէն տեսակ նեղութիւններով զարհուրեցրել էր նրանց։ 7Արդ, դուք զօրացէ՛ք, ու ձեր ձեռքերը թող չթուլանան, քանզի ձեր գործերը վարձ են ունենալու»։ 8Երբ Ասան լսեց այս խօսքերը եւ Ազարիաս մարգարէի մարգարէութիւնը, զօրացաւ եւ Յուդայի ու Բենիամինի երկրներից եւ այն քաղաքներից, որ գրաւել էր Եփրեմի լերան վրայ, դուրս գցեց ամէն տեսակ կուռքերը։ Նա կատարեց նաեւ Տիրոջ տաճարի առջեւում գտնուող Տիրոջ զոհասեղանի նաւակատիքը։ 9Նա ժողովեց հաւաքեց Յուդայի ու Բենիամինի երկրների մարդկանց, ինչպէս եւ Եփրեմի, Մանասէի, Շմաւոնի ցեղերից նրանց մօտ գտնուող պանդուխտներին, քանզի շատերը, տեսնելով որ նրանց Տէր Աստուածը նրա հետ է, Իսրայէլից անցել-գնացել էին նրա կողմը։ 10Ասայի թագաւորութեան տասնհինգերորդ տարուայ երրորդ ամսին նրանք հաւաքուեցին Երուսաղէմում։ 11Այդ օրը նա բերուած աւարից Տիրոջ համար զոհաբերեց եօթը հարիւր զուարակ ու եօթը հազար ոչխար։ 12Նա ուխտ դրեց, որ իրենց Տէր Աստծուն պէտք է պաշտեն ամբողջ սրտով եւ ամբողջ հոգով։ 13Ով չէր պաշտի Իսրայէլի Տէր Աստծուն, պէտք է մեռնէր, լինի երիտասարդ թէ ծեր, տղամարդ թէ կին։ 14Նրանք բարձր ձայնով ու եղջերափող հնչեցնելով երդուեցին Տիրոջը։ 15Ամբողջ Յուդայի երկիրը ուրախացաւ երդման համար, քանզի իրենց ամբողջ սրտով երդուեցին եւ յօժարակամ պաշտեցին Նրան։ Տէրը նրանց մէջ էր. Նա համատարած հանգստութիւն պարգեւեց նրանց։ 16Ասան իր մօրը՝ Մաաքային հեռացրեց, քանզի սա Աստարտի քրմուհի էր, ու խորտակելով կուռքերը՝ այրեց դրանք Կեդրոնի հեղեղատում։17Բարձրադիր մեհեանները, սակայն, չվերացուեցին. դրանք տակաւին կային Յուդայի երկրում ու Իսրայէլում, թէեւ Ասայի սիրտն իր կեանքի բոլոր օրերին լի էր Աստուծով։ 18Նա ներս տարաւ իր նախահայր Դաւթի սրբութիւնները եւ Տէր Աստծու սրբութիւնները՝ արծաթ, ոսկի ու սպասք։19Պատերազմ չեղաւ մինչեւ Ասայի թագաւորութեան երեսունհինգերորդ տարին։
Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:
Новости Самары
30 Май 2018 12:11
«Самара присоединилась к Всероссийской п…
С 30 мая до 31 августа 2018 года в рамках...
16 Мар 2013 08:46
Тридцать человек в масках разгромили каф…

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...
09 Мар 2013 18:29
В аварии погиб вице-президент самарской …

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...
Армянские новости
17 Мар 2013 18:06
В США пройдет 21-ый Александрийский армя…

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...
14 Мар 2013 17:03
Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...
09 Мар 2013 17:49
Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...
Новости спорта и культуры
13 Мар 2017 13:18
Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...
12 Мар 2017 09:22
Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....
02 Май 2013 19:43
Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...
Новости SamaraHay
22 Июн 2017 14:17
Рецепты для мультиварки и мультипекаря R…
Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...
26 Дек 2015 14:25
Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...
29 Май 2015 21:47
Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...
Последние комментарии
- На берегу Севана
make money online fast and easy alternative source...
Автор: Faye - I HAVE LOVED THEE
Wonderful blog! I found it while surfing around on...
Автор: Danilo - На берегу Севана
part-time pharmacist jobs in the usa tips for earn...
Автор: Sheree
Мы "Вконтакте"
Случайные рецепты
Шакар-лохум
Шакар-лохумСливочное масло растереть, добавить сахарную пудру и продолжать растирать примерно...
Апельсиновое варенье
Апельсиновое вареньеСваренные в кожуре апельсины охладить под струей воды и...
Тыквенная каша ( ддмакашови )
Тыквенная каша ( ддмакашови )Тыкву, очищенную от кожуры и семян,...