Ա ԵԶՐԱՍ - 2

(0 голоса, среднее 0 из 5)
Индекс материала
Ա ԵԶՐԱՍ
2
Все страницы


6 Դարեհ արքայի երկրորդ տարում Անգէ եւ Զաքարիա մարգարէները Իսրայէլի Տէր Աստծու անունով մարգարէութիւն էին անում Հրէաստանի եւ Երուսաղէմի մասին։ 2Այդ ժամանակ էլ Սաղաթիէլի որդի Զորոբաբէլը եւ Յոսեդեկի որդի Յեսուն սկսեցին կառուցել Տիրոջ տաճարը Երուսաղէմում՝ Տիրոջ մարգարէների հետ միասին, որոնք օգնում էին նրանց։ 3Նոյն ժամանակ նրանց մօտ եկան Սիսինը՝ Ասորիքի կողմերի եւ փիւնիկեցիների իշխանը, Սաթրուբազանն ու նրանց ընկերները եւ ասացին նրանց. 4«Ո՞ւմ հրամանով էք կառուցում այդ տաճարը եւ նրա գաւիթները, կամ այդ ովքե՞ր են կամեցել այդ տաճարը կառուցել եւ աւարտել»։ 5Տիրոջ կողմից, սակայն, շնորհ էր իջել քահանաների եւ հրեաների վրայ, 6եւ նրանք չարգելեցին նրանց կառուցել, մինչեւ որ գրէին Դարեհ թագաւորին եւ հրաման առնէին նրանից։ 7Ահա այն նամակի պատճէնը, որ նրանք գրեցին եւ ուղարկեցին Դարեհ արքային. 8«Սիսինը՝ Ասորիքի եւ փիւնիկեցիների իշխանը, Սաթրուբազանը եւ նրանց հետ միասին Ասորիքի եւ փիւնիկեցիների գործակալներն ու կառավարիչները ողջունում են Դարեհ թագաւորին։ 9Թող յայտնի լինի քեզ, տէ՛ր մեր եւ թագաւո՛ր, որ մենք գնացինք, հասանք Հրէաստան երկիրը, մտանք Երուսաղէմ քաղաքը, այնտեղ գտանք գերութիւնից վերադարձած հրեաներին եւ Երուսաղէմ քաղաքի նրանց քահանայապետներին, 10տեսանք, որ նրանք կառուցում են Տիրոջ մեծաշուք եւ սքանչելի տաճարը կոփածոյ եւ խոշոր քարերով, որոնք պատերի մէջ կապում են փայտէ պահանգներով. գործը յաջողութեամբ առաջ է գնում նրանց ձեռքով, եւ նրանք ուզում են փառք ու պատուով արագ վերջացնել այն։ 11Այն ժամանակ մենք հարցրինք աւագներին եւ ասացինք. «Ո՞ւմ հրամանով էք կառուցում այդ տունը, կամ ո՞ւմ խօսքով էք գցում նրա հիմքերը»։12Հարցնում էինք, որպէսզի քեզ յայտնենք այդ մասին, մատնանշենք նրանց առաջնորդներին, գրենք այն մարդկանց անունները, որոնք այդ գործի գլխաւորներն են։ 13Նրանք մեզ պատասխանեցին ու ասացին. «Մենք Տէր Աստծու ծառաներն ենք, Նրա, որ ստեղծել է երկինքն ու երկիրը։ 14Այս տաճարը շատ տարիներ առաջ կառուցուած է եղել Իսրայէլի մի հզօր ու մեծ թագաւորի ձեռքով, 15բայց երբ մեր հայրերը դառնացրին Իսրայէլի Տէր Աստծուն եւ մեղք գործեցին նրա առաջ, Նրա, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, Տէրն էլ նրանց մատնեց բաբելացիների արքայի՝ քաղդէացիների թագաւոր Նաբուքոդոնոսորի ձեռքը։ 16Բայց Բաբելոնում Կիւրոսի թագաւորութեան հաստատուելու առաջին տարում, Կիւրոս արքան հրովարտակ գրեց եւ հրամայեց կառուցել այս տաճարը, 17եւ ամբողջ կայքը, ոսկէ եւ արծաթէ այն սպասքը, որ Նաբուքոդոնոսոր արքան վերցրել էր Երուսաղէմի Տիրոջ տաճարից եւ տարել ու տուել էր պահելու իր կուռքերի գանձատանը, Կիւրոսը դարձեալ հանեց բաբելացիների կուռքերի գանձատնից եւ դրանք տուեց Զորոբաբէլին ու Սամանասարին։ 18Արքան պատուիրեց նրանց, որ այդ կայքն ու սպասքը բերեն Երուսաղէմ, դնեն Տիրոջ տաճարում եւ հրաման տուեց այս տաճարը կառուցել իր նախկին տեղում։ 19Երբ Սամանասարը վերադարձաւ Երուսաղէմ, այդ ժամանակ էլ գցեց այս տաճարի հիմքերը, եւ մենք այդ օրից մինչեւ այժմ կառուցում ենք այն ու դեռ չենք աւարտել»։ 20Արդ, տէ՛ր մեր եւ թագաւո՛ր Դարեհ, հրամայի՛ր, որ մատենադարաններում, ուր պահւում են Կիւրոս թագաւորի յիշատակարանների գրքերը, փնտռեն 21եւ գտնեն, որ Կիւրոս թագաւորի հրամանով եւ նրա խօսքով են Տիրոջ տունը կառուցում Երուսաղէմում, ապա վերահասու եղիր Կիւրոս թագաւորի հրամանին եւ այս բոլորի մասին տեղեկութիւն ուղարկիր մեզ»։ 22Այն ժամանակ Դարեհ թագաւորը հրամայեց փնտռել թագաւորական մատենադարաններում, որոնք գտնւում էին Բաբելոնում։ Մարաստանի Բատանբարիտէն քաղաքում, ուր յիշատակարանների գրքեր կային, գտնուեց մի հրովարտակ, ուր գրուած էր այսպէս. 23«Կիւրոսի թագաւորութեան առաջին տարի. Կիւրոս արքան հրամայեց կառուցել Տիրոջ տունը Երուսաղէմում, ուր բաց կրակի վրայ զոհեր են մատուցում։ 24Նա հրամայեց տաճարը կառուցել այս չափերով. բարձրութիւնը՝ վաթսուն կանգուն, լայնութիւնը՝ վաթսուն կանգուն. երեք շարք կոփածոյ քարեր դնել, մի շարք նոր շինափայտ, եւ ծախսերը տալ արքունիքից։ 25Իսկ այն կայքը, ոսկեղէն եւ արծաթեղէն սպասքը, որ Նաբուքոդոնոսորը Բաբելոն էր բերել Տիրոջ տանից, որ գտնւում էր Երուսաղէմում, Կիւրոս թագաւորը հրամայեց տանել եւ դնել այնտեղ՝ իրենց առաջուայ տեղը»։ 26Ի յաւելումն այս հրամանի, Դարեհ արքան գրում է այսպէս. «Սիսինին՝ ամբողջ Ասորիքի եւ փիւնիկեցիների իշխանին, Սաթրուբազանին եւ ձեր միւս ընկերներին, որոնք Ասորիքի եւ փիւնիկեցիների գործակալներ են նշանակուած. հեռո՛ւ մնացէք այդ տեղից եւ մի՛ մօտեցէք Տիրոջ ծառայ այդ Զորոբաբէլին՝ հրեաների իշխանին, ինչպէս նաեւ հրեաների քահանայապետներին, որոնք միաբանուած կառուցում են Տիրոջ տունը իր տեղում։ 27Ես հրամայեցի, որ այդ տունը կառուցուի ամբողջապէս, եւ դուք օգնէք Երուսաղէմ վերադարձած հրեաներին, որպէսզի նրանք աւարտեն իրենց Տէր Աստծու տաճարը։ 28Ես հրամայեցի, եւ իմ պատուէրն է, որ այդ մարդկանց նպաստ տաք Ասորիքի կողմերի եւ փիւնիկեցիների հարկերից՝ Տիրոջ տան զոհաբերութիւնների համար, եւ թող իշխան Զորոբաբէլը ձեզնից վերցնի արջառներ, խոյեր եւ գառներ.29նմանապէս նաեւ՝ ցորեն, աղ, գինի ու ձէթ, եւ այդ բոլորը թող ճշտօրէն կատարուի տարէցտարի՝ ըստ այն չափերի եւ ժամկէտների, ինչպէս կը հրամայեն Երուսաղէմի քահանաները Տիրոջն սպասաւորելու ծախսերի համար։ 30Թող այդ ամէնը տրուի օր ըստ օրէ, անխափան, որպէսզի դարձեալ Տէր Աստծուն զոհեր մատուցեն յանուն թագաւորի ու նրա զօրքերի եւ աղօթեն թագաւորի կեանքի համար։ 31Ես հրամայեցի, որ նա, ով կը խուսափի կամ զանց կ՚առնի իմ հրամանը, թող պատժուի, անձամբ տանջանքների ենթարկուի, թող կախեն ու խոշտանգեն նրան եւ նրա ամբողջ ունեցուածքը դարձնեն արքունական սեփականութիւն, 32քանի որ այն տեղի համար, որ կոչւում է Տիրոջ անունով, իմ թագաւորութեան մէջ բոլոր ազգերին հրամայուած էր տալ ամէն բան, իսկ նա համարձակուել է արգելել եւ չար խորհուրդներ է խորհել Տիրոջ տաճարի մասին, որ գտնւում Երուսաղէմում։ 33Ես՝ Դարեհ թագաւորը, հրամայեցի այս բոլորը կատարել մեծագոյն ճշտութեամբ եւ խստութեամբ»։ 
7 Այն ժամանակ Սիսինը՝ Ասորիքի կողմերի եւ փիւնիկեցիների մեծ իշխանը, Սաթրուբազանը եւ նրանց ընկերները, որոնք արգելել էին տաճարի շինարարութիւնը, երբ ստացան Դարեհ թագաւորի հրամանը,2սկսեցին վերահսկել եւ հոգ տանել գործի համար՝ գործակցելով հրեաների աւագների եւ քահանայապետների հետ։ 3Գործը յաջողութեամբ առաջ էր ընթանում, մանաւանդ որ նրանց օգնում էին Անգէ եւ Զաքարիա մարգարէները։ 4Եւ, ըստ Իսրայէլի Տէր Աստծու հրամանի եւ ըստ Կիւրոսի ու Դարեհի կամքի, աւարտուեց տաճարը։5Դարեհ թագաւորի վեցերորդ տարում աւարտուեց սուրբ տաճարը, ադար ամսի քսանին, Դարեհի թագաւորութեան վեցերորդ տարում։6Իսրայէլացիները, քահանաներն ու ղեւտացիները եւ բոլոր նրանք, որ վերադարձել էին գերութիւնից, կատարեցին այդ գործը այնպէս, ինչպէս սահմանուած եւ հրամայուած էր Մովսէսի օրէնքների գրքում։7Նրանք մատուցեցին Տիրոջ տան նաւակատիքի զոհերը. հարիւր արջառ, երկու հարիւր խոյ, չորս հարիւր գառ եւ 8ամբողջ Իսրայէլի մեղքերի համար՝ տասներկու նոխազ, ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի թուի։ 9Եւ, ըստ ազգերի, նշանակուեցին քահանաներ եւ ղեւտացիներ, որոնք երկար պարեգօտներ էին կրում Իսրայէլի Տէր Աստծու առաջ ծառայելու համար, ինչպէս հրամայուած էր Մովսէսի գրքում. եւ, ըստ իւրաքանչիւր դռան, նշանակեցին դռնապաններ։10Իսրայէլացիները, որոնք վերադարձել էին գերութիւնից, Տիրոջ զատկի տօնը կատարեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը, որովհետեւ քահանաներն ու ղեւտացիները մաքրուել էին միասին, 11ինչպէս եւ բոլոր նրանք, որ վերադարձել էին գերութիւնից։ 12Մաքրուած ղեւտացիները մորթեցին Տիրոջ զատկի գառը գերութիւնից վերադարձած բոլոր իսրայէլացիների համար, իրենց եղբայրների, իրենց եւ քահանաների համար։ 13Կերան գերութիւնից վերադարձած իսրայէլացիները եւ բոլոր նրանք, որ զատուել էին հեթանոսների պղծութիւններից՝ փնտռելով իրենց Տէր Աստծուն։ 14Նրանք Բաղարջակերաց զատիկը կատարեցին եօթը օր եւ ուրախ եղան Տիրոջ առաջ, 15որովհետեւ Տէրը դէպի իրենց դարձրեց Ասորեստանի թագաւորի սիրտը եւ հզօրացրեց իրենց ձեռքը՝ Իսրայէլի Տէր Աստծու գործի համար։ 
8 Այս բոլոր դէպքերը կատարուելուց յետոյ Պարսկաստանում թագաւորեց Արտաշէս արքան։ Նրա մօտ գնաց Եզրասը, որը որդին էր Ազարիայի, սա՝ Եզեկիայի, սա՝ Քեղկիայի, սա՝ Սաղէմի, 2սա՝ Ադուկի, սա՝ Աքիտոբի, սա՝ Ամարէթի, սա՝ Ազեկի, սա՝ Մարերոթի, սա՝ Զարիայի, սա՝ Սեուիայի, սա՝ Բոկիայի, սա՝ Աբասիայի, սա՝ Փենէեսի, սա՝ Եղիազարի, եւ սա՝ Ահարոնի, որը առաջին քահանայապետն էր։3Ահա այս Եզրասը, որ Իսրայէլի Աստծու կողմից Մովսէսին տրուած օրէնքների հմուտ օրէնսգէտ էր, վերադարձաւ Բաբելոնից։ 4Թագաւորը մեծ պատուի արժանացրեց նրան։ Եզրասը շնորհ գտաւ նրա առաջ, եւ թագաւորը մեծ բարեհաճութեամբ յարգեց նրա խնդրանքը։ 5Եզրասի հետ Երուսաղէմ վերադարձան իսրայէլացիները՝ քահանայապետների եւ ղեւտացիների, սաղմոսասաց սպասաւորների, դռնապանների եւ քահանաների ծառաների որդիները։ 6Նրանք վերադարձան Արտաշէս արքայի թագաւորութեան եօթներորդ տարուայ հինգերորդ ամսին, իսկ Բաբելոնից դուրս էին եկել թագաւորի եօթներորդդ տարուայ առաջին ամսի ամսամտին։ 7Նոյն տարուայ հինգերորդ ամսի ամսամտին էլ նրանք մտան Երուսաղէմ, եւ Տէրը յաջողութիւն տուեց Եզրասին ու նրանց ճանապարհին։ 8Եզրասը, որ ամբողջապէս լցուած էր իմաստութեամբ եւ անթերի գիտէր Տիրոջ բոլոր պատուիրանները, Իսրայէլի ժողովրդին ուսուցանում էր, ըստ Տիրոջ օրէնքների, ամէն դատ ու դատաստան եւ իրաւունք։ 9Այդ ժամանակ Եզրաս քահանային՝ Տիրոջ Օրէնքի մատենագրին, հասաւ Արտաշէս թագաւորի հրովարտակը, ուր գրուած էր այսպէս. 10«Արտաշէս թագաւորը ողջունում է Եզրաս քահանային՝ Տիրոջ Օրէնքի մատենագրին։11Մարդասիրական ցանկութեամբ կշռադատելով ամէն բան՝ ես հրամայեցի Հրէաստանի ցեղերի բոլոր մարդկանց, ովքեր կամաւոր ուզում են գնալ Երուսաղէմ, նաեւ քահանայապետներին եւ ղեւտացիներին, որ քեզ հետ միասին վերադառնան Երուսաղէմ. 12թող գնան բոլոր նրանք, ովքեր փափագում են մեկնել Հրէաստան եւ Երուսաղէմ, ինչպէս հրամայեցինք մենք՝ ես եւ իմ եօթը խորհրդականները։ 13Թող նրանք վերադառնան եւ կատարեն այն ամէնը, ինչ պահանջում է Օրէնքը. 14Երուսաղէմում թող զոհեր մատուցեն Իսրայէլի Տէր Աստծուն, ինչպէս խոստացանք մենք՝ ես եւ իմ սիրելիները։ Այն ամբողջ ոսկին եւ արծաթը, որ նրանք ունեն բաբելացիների այս երկրում, թող տանեն եւ Երուսաղէմում զոհեր մատուցեն իրենց Տէր Աստծուն։ 15Թող բաբելացիների այս երկրից Տէր Աստծու քահանաները վերցնեն նուիրաբերութիւնները եւ տանեն Երուսաղէմ. ոսկի ու արծաթ, արջառներ, խոյեր, գառներ 16եւ ընծայուած միւս բոլոր զոհերը, եւ Երուսաղէմում Տիրոջ սեղանի վրայ մատուցեն Աստծուն։ 17Այն ամէնը, ինչ դու կամենում ես անել քո եղբայրների հետ միասին, արա՛. ըստ քո Տէր Աստծու կամքի էլ վարուի՛ր թէ՛ ոսկու եւ արծաթի 18եւ թէ՛ քահանայական կայքի ու Տիրոջ այն սպասքի հետ, որ կը տանէք Երուսաղէմ՝ Տէր Աստծու տաճարի կարիքների համար. 19այդ ամէնը դի՛ր քո Տէր Աստծու առաջ, Երուսաղէմում, 20իսկ աւելորդ եւ տաճարի այլ կարիքների համար եղած բաները թող դնեն թագաւորական գանձատանը։ 21Ես՝ Արտաշէս թագաւորը, հրամայեցի Ասորեստանի եւ քանանացիների կողմերի գանձապահներին, որ նրանք Եզրաս քահանային՝ բարձրեալ Տէր Աստծու Օրէնքի մատենագրին անխափան տան այն ամէնը, ինչ կկամենայ վերցնել նա. հարիւր տաղանդ արծաթ, 22նոյն ձեւով՝ հարիւր քոռ ցորեն, հարիւր մար գինի եւ նոյնքան ձէթ. 23նաեւ օրինական միւս բաները՝ բարձրեալ Տէր Աստծու պաշտամունքը կատարելու համար, որպէսզի նրա ցասումը չգայ իմ թագաւորութեան եւ իմ որդու վրայ։24Ձեր քահանաների ու ղեւտացիների, սաղմոսասաց պաշտօնեաների ու դռնապանների, քահանաների ծառաների եւ Տիրոջ տան սպասաւորների վերաբերեալ հրամայեցի, 25որ ոչ ոք իշխանութիւն չունենայ նրանցից հարկ կամ այլ տուրք պահանջելու։ 26Իսկ դու, Եզրա՛ս, ըստ քո իմաստութեան, որ Աստուած տուել է քեզ, Ասորիքի եւ փիւնիկեցիների կողմերում դատելու եւ կառավարելու համար վերակացուներ եւ դատաւորներ նշանակիր բոլոր նրանց, որ սովորել են քո Տէր Աստծու Օրէնքը, իսկ նրանց, որ դեռեւս չգիտեն, սովորեցրո՛ւ։27Իսկ բոլոր նրանց, որ զանց կ՚առնեն քո Տէր Աստծու Օրէնքը եւ չեն հնազանդուի մեր թագաւորական օրէնքներին, քեզ իշխանութիւն է տրւում նրանց պատժելու եւ խոշտանգելու. եթէ մահապարտ են՝ սպանելու, եթէ պատժի են արժանի՝ պատժելու, եթէ տուգանքի՝ տուգանք պահանջելու»։ 28Այն ժամանակ Եզրասը՝ Տիրոջ Օրէնքի մատենագիրն ասաց. «Օրհնուած է մեր հայրերի Տէր Աստուածը, որ այս ամենի համար շնորհ տուեց թագաւորի սրտին՝ փառաւորելու Տիրոջ տաճարը, որ գտնւում է Երուսաղէմում։ 29Իսկ ինձ մեծապէս պատուի արժանացրեց թագաւորի առաջ, նրա բոլոր խորհրդականների եւ սիրելիների առաջ, նրա բոլոր մեծամեծների առաջ, 30եւ ես լցուեցի անբաւ հրճուանքով՝ իմ Տէր Աստծու օգնութեամբ»։ Դրանից յետոյ Եզրասը հաւաքեց իսրայէլացի այն բոլոր մարդկանց, որոնք իր հետ վերադարձան Երուսաղէմ։ 31Ըստ իրենց հայրերի նահապետութեան եւ ըստ իրենց ցեղերի բաժանման, սրանք են ահա այն իշխանները, որոնք Եզրասի հետ ելան Բաբելոնից Արտաշէս արքայի թագաւորութեան ժամանակ. 32Փենէեսի որդիներից՝ Գերսոնը, Իթամարի որդիներից՝ Գամայէլը, 33Դաւթի որդիներից՝ Փարէսը, Փորոսիայի որդիներից՝ Զաքարիասը եւ նրա հետ գերի տարուածներից հարիւր յիսուն մարդ.34Փաաթի որդիներից՝ Մովաբը, Ելիան, Օնիասը, Զարեան եւ նրա հետ երկու հարիւր մարդ. 35Զաթսէսի որդիներից՝ Յեզոնիասը, Յեթելեան եւ նրա հետ երեք հարիւր մարդ. 36Ադինոբի որդիներից՝ Յովնաթանը եւ նրա հետ երեք հարիւր յիսուն մարդ. Ելամեսիայի որդիներից՝ Գոդողիան եւ նրա հետ եօթանասուն մարդ. 37Սափատիայի որդիներից՝ Միքայէլի որդի Զաքարիասը եւ նրա հետ եօթանասուն մարդ. 38Յովաբի որդիներից՝ Եզելիայի որդի Աբադիսերը եւ նրա հետ երկու հարիւր տասներկու մարդ. 39Բանիայի որդիներից՝ Յոսափի որդի Ասալիմոթը եւ նրա հետ հարիւր վաթսուն մարդ. 40Բէերի որդիներից՝ Բերիայի որդի Զաքարիան եւ նրա հետ քսանութ մարդ. 41Ուստաթի որդիներից՝ Կատանի որդի Յովհաննէսը եւ նրա հետ հարիւր տասը մարդ. 42Ադոնիկամի որդիներից՝ Էսփատայի որդիները, որոնց անուններն են՝ Ելիփալատ, Դեւուէլ, Սամեաս եւ նրանց հետ եօթանասուն մարդ. Բանիայի որդիներից՝ Տաւկուրիայի որդի Ութիան եւ նրա հետ եօթանասուն մարդ։ 43Եզրասը նրանց հաւաքեց Թերա կոչուած գետի եզերքին, ուր օթեւանեցին երեք օր, ազգահամար կատարեց, 44բայց քահանաների որդիներից եւ ղեւտացիներից ոչ մէկին չգտաւ նրանց մէջ։ 45«Ես մարդ ուղարկեցի Եղիազարի մօտ, եւ ինձ մօտ եկան Սամեասը, Օրիբոնը, Նաթանը, Եննատանը, Զաքարիան եւ Մոսոլաբոնը. 46սրանք իշխաններ էին եւ օրէնքի վարդապետներ։ Ես նրանց ասացի, որ գնան գանձապահների պետի՝ Լոգէոնի մօտ,47պատուիրեցի նրանց, որ Լոգէոնին, նրա եղբայրներին եւ տեղում գտնուող միւս գանձապահներին ասեն, որ նրանք Տիրոջ տան համար քահանաներ ուղարկեն մեզ մօտ։ 48Եւ նրանք բերեցին այնպիսի մարդիկ, որոնք զօրաւոր էին Տիրոջ խօսքը քարոզելու գործում եւ լաւ գիտէին Տիրոջ օրէնքը։ Դրանք Իսրայէլի որդի Ղեւիի որդի Մոողիայի որդիներից էին՝ Ասերեւանը եւ նրա տասնութ եղբայրները.49Քանունիայի որդիներից՝ Ասեբիան, Անունոնը եւ նրա եղբայր Օսետանը իր որդիների հետ՝ քսան մարդ. 50քահանաների այն ծառաներից, որոնց Դաւիթ թագաւորը նշանակել էր ղեւտացիներին սպասաւորելու համար գլխաւորներ, նրանց որդիներից՝ քսան մարդ, որոնցից նշանաւորներին գրեցին անուանապէս։ 51Մենք ծոմ պահեցինք այնտեղ, աղօթք մատուցեցինք մեր Տէր Աստծուն, խնդրեցինք, որ նա դիւրութիւն եւ յաջողութիւն տայ մեզ, մեր որդիներին եւ բոլորին, ովքեր մեզ հետ էին, 52քանի որ մենք ծանր էինք համարել թագաւորից հետեւակ կամ հեծեալ ուղեկիցներ խնդրել՝ մեր թշնամիներից զգուշանալու համար։ 53Մենք թագաւորին ասացինք, որ մեր Տէր Աստծու զօրութիւնը մեզ հետ է եւ բոլոր նրանց հետ, ովքեր խնդրում են նրան։ 54Այս բոլորի համար էր, ահա, որ ծոմ պահեցինք եւ աղաչեցինք, որ Տէրը պահպանի մեզ, յաջողութիւն տայ մեզ՝ մեր ճանապարհին։55Ցեղերի քահանաների գլխաւորներից ընտրեցինք տասներկու մարդ՝ Եսեբիային, Ասեմիային՝ իրենց տասը եղբայրների հետ միասին։56Կշռեցինք ու նրանց տուեցինք արծաթն ու ոսկին, Տիրոջ տան համար քահանայական կայքն ու սպասքը, որ մեզ էին նուիրել թագաւորն ու նրա խորհրդականները, իշխաններն ու բոլոր իսրայէլացիները։ 57Ես կշռեցի եւ նրանց տուեցի վեց հարիւր յիսուն տաղանդ արծաթ, հարիւր տաղանդ արծաթէ սպասք, հարիւր տաղանդ ոսկէ սպասք, 58ոսկէ այլ անօթներ՝ քսան, նաեւ մաքուր, ոսկեգոյն եւ զուտ պղնձէ անօթներ՝ տասներկու։ 59Ես նրանց ասացի. «Ե՛ւ դուք էք սուրբ Տիրոջ համար, ե՛ւ այս ամբողջ սպասքն է սուրբ Տիրոջ համար, լինի ոսկեղէն թէ արծաթեղէն։ Աղօթեցէ՛ք Տիրոջը, եւ մեր հայրերի Տէր Աստուածը դրանք կը պահպանի եւ խաղաղութեամբ կը հասցնի իր սրբութեան տեղը։60Արթո՛ւն կացէք եւ պահպանեցէ՛ք դրանք, մինչեւ որ հասցնէք քահանաների ու ղեւտացիների գլխաւորներին, Իսրայէլի տոհմապետներին եւ իշխաններին, որոնք գտնւում են Երուսաղէմում։61Թող Տիրոջ տաճարի պահապանները՝ քահանայապետներն ու ղեւտացիները, վերցնեն արծաթը, ոսկին, սպասքն ու անօթները եւ տանեն, դնեն Տիրոջ տաճարում, որը գտնւում է Երուսաղէմում»։62Յետոյ վեր կացանք եւ Թերա գետի մօտից ճանապարհ ընկանք. դա առաջին ամսի տասներկուերորդ օրն էր։ Մենք, Տիրոջ ձեռքով պահպանուած, վեր բարձրացած ու զօրացած, եկանք հասանք Երուսաղէմ։ Մեր Տէր Աստուածը մեզ փրկեց մեր բոլոր թշնամիներից, եւ մենք ողջ, անկորուստ եւ խաղաղութեամբ հասանք Երուսաղէմ։63Երբ երեք օր հանգստացանք Երուսաղէմում, չորրորդ օրը կշռեցինք արծաթն ու ոսկին եւ մեր Տէր Աստծու տանը տուեցինք Ուրիայի որդի Մարմոթ քահանային, 64որի հետ էին Փենեէսի որդի Եղիազարը, Յեսովի որդի Յոսաբոդոսը, Սաբանիայի որդի Մեթորը եւ այլ ղեւտացիներ։65Մենք կշռով ու հաշուով դրանք տուեցինք նրանց՝ նոյն օրն էլ գրանցելով կշիռն ու հաշիւը։ 66Նրանք, որ ինձ հետ գերութիւնից վերադարձել էին բաբելացիների մօտից, զոհեր մատուցեցին Իսրայէլի Տէր Աստծուն, տասներկու արջառ՝ բովանդակ Իսրայէլի համար,67իննսուն խոյ, եօթանասուներկու գառ, տասներկու նոխազ՝ Իսրայէլի փրկութեան համար, եւ այս բոլոր զոհերը մատուցեցին Իսրայէլի Տէր Աստծու առաջ։ 68Թագաւորի գրաւոր հրամանը տուեցին թագաւորի գործակալներին՝ Ասորիքի եւ փիւնիկեցիների իշխաններին եւ գաւառապետներին, եւ մեր ազգն ու Տիրոջ տաճարն արժանացան մեծ փառքի ու պատուի։ 69Այս ամէնը կատարուելուց յետոյ իսրայլացիների նահապետներն ու իշխանները եկան իմ առաջ եւ ասացին. «Իսրայէլացիների ամբողջ ազգը, նրանց իշխանները, քահանաներն ու ղեւտացիները, առանց խտրականութիւն դնելու, 70խառնակուեցին հեթանոսների, այլազգիների եւ ամէն տեսակ անհաւատների պղծութիւնների հետ, քանանացիների եւ քետացիների, փերեզացիների եւ յեբուսացիների, մովաբացիների եւ ամոնացիների, եգիպտացիների եւ եդոմացիների հետ, 71քանզի ամուսնացան նրանց աղջիկների հետ՝ թէ՛ իրենք եւ թէ՛ իրենց որդիները։ Խառնակուեց իրենց սուրբ սերմը երկրի այլազգիների եւ հեթանոսների հետ, քանի որ այս անօրէնութիւններն ընդունեցին եւ յանձն առան թէ՛ իշխանները եւ թէ՛ մեծամեծները՝ իրենք իսկ դառնալով այդ չարաղէտ խառնակութիւնների առաջնորդներ»։ 72Երբ ես լսեցի այս խօսքերը, պատառոտեցի հագուստներս, սկսեցի ողբալ եւ փետել գլխիս ու մօրուքիս մազերը, եւ այդպէս տրտմաբեկ նստեցի մեծ սգի մէջ։73Բոլորը, ովքեր լսեցին իմ ողբերի ձայնը, որ Իսրայէլի Տէր Աստծու համար էր, եւ տեսնելով այն, ինչ ես արեցի նրանց անօրէնութեան պատճառով (որովհետեւ այդպէս տրտմահեծ նստեցի մինչեւ երեկոյ, մինչեւ որ հասաւ երեկոյեան զոհերի մատուցման ժամը), 74նոր միայն ես վեր կացայ, հագուստներս այդպէս պատառոտուած, ողբալով ծնկի իջայ եւ, ձեռքերս տարածելով դէպի Տէր Աստուած, աղաղակեցի եւ ասացի. 75«Տէ՛ր, մենք ամաչում եւ դողում ենք քո երեսի առաջ, 76քանզի մեր մեղքերը մեր գլուխներից էլ աւելի վեր բարձրացան, 77մեր անօրէնութիւնները, սկսած մեր հայրերի տարիներից ու ժամանակներից, բարձրացան երկնքից էլ վեր, եւ մենք մեծ մեղքերի մէջ ենք մինչեւ այսօր, մինչեւ այժմ։ 78Մեր մեղքերի ու մեր հայրերի յանցանքների համար էր, որ մենք մատնուեցինք գերութեան մեր եղբայրների հետ, մեր թագաւորների ու քահանայապետների հետ։ Երկրի բոլոր թագաւորները մեզ սրի ու սուսերի քաշեցին, գերեվարեցին մեզ, աւերեցին մեր բնակավայրերը, եւ մենք ամօթահար եղանք մինչեւ այսօր։ 79Եւ հիմա որքա՜ն մեծ է քո ողորմածութիւնը մեր նկատմամբ, Տէ՛ր, որ մեզնից արմատ, սերունդ եւ անուն թողեցիր քո սրբութեան այս վայրում, 80մեզ համար յայտնի դարձրիր մեր Տէր Աստծու տաճարի լոյսը եւ մեզ, մեր ստրկութեան մէջ, կերակուր տուեցիր։ 81Մեր գերութեան մէջ քո ձեռքը չլքեց մեզ, դու օգնական Տէր եղար մեզ եւ արեցիր այնպէս, որ մենք շնորհ գտնենք Պարսկաստանի թագաւորի առաջ։ Նա պատուի արժանացրեց մեզ, հոգաց մեր բոլոր կարիքները,82փառաւորեց մեր Տէր Աստծու տաճարը, վերականգնեց եւ վերաշինեց Սիոնը, որ անապատ էր, եւ մեզ վերստին հաստատեց Հրէաստանում եւ Երուսաղէմում։ 83Եւ հիմա, այս ամենից յետոյ, քո առաջ ի՞նչ պատասխան տանք քեզ, Տէ՛ր, քանզի մենք անտեսեցինք քո օրէնքն ու հրամանները, Տէ՛ր, որ տուել էիր մեզ քո ծառաների՝ մարգարէների միջոցով, ասելով այսպէս. 84«Այն երկիրը, որը գնում ես դու ժառանգելու, պղծուած է այդ երկրի ազգերի պղծութիւններով եւ լեցուն է նրանց աղտեղութիւններով։ 85Արդ, նրանց աղջիկներից դու կանայք չառնես քո որդիների համար, ոչ էլ քո աղջիկներին կնութեան կը տաս նրանց որդիներին 86եւ ոչ էլ ամէն ժամանակ խաղաղութիւն փնտռիր նրանց հետ. դու զօրաւոր կը լինես այդ երկրի բարիքները ուտելով, եւ քո որդիներն այդ երկիրը կը ժառանգեն յաւիտենական ժամանակների համար»։ 87Թէեւ այն դէպքերը, որ մէկ անգամ կատարուեցին մեզ հետ մեր չար գործերի եւ մեղքերի պատճառով, բայց դու, Տէ՛ր, բազում անգամ ներեցիր մեր մեղքերը, 88եւ մեզ այսպիսի սերունդ ու արմատ տուեցիր, մինչդեռ մենք դարձեալ շեղուեցինք քո օրէնքից եւ խառնակուեցինք այս երկրի հեթանոսների հետ, 89բայց դու մեզ վրայ չբարկացար այն աստիճան, որ մեզնից այսպիսի սերունդ ու արմատ չմնար եւ ոչ էլ՝ մեր անունը։ 90Դու, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, արդար ես եւ ճշմարիտ, դու իսպառ չոչնչացրիր մեր սերունդը, եւ մեր սերունդն ու արմատը մնացին մինչեւ այսօր։ 91Արդ, ահաւասիկ մենք, մեր անօրէնութիւններով, կանգնած ենք քո առաջ եւ այլեւս չենք կարող կանգնել քո երեսի դէմ, որովհետեւ բազմացան մեր անօրէնութիւնները, եւ մեր չարիքները բարձրացան մեր գլուխներից էլ վեր»։ 92Երբ Եզրասը աղօթում էր այս խոստովանութիւններով եւ սաստիկ ողբերով, նա երեսնիվայր ընկած էր գետնին, Տիրոջ տաճարի առջեւ։ Բոլորը, ովքեր կային Երուսաղէմում, հաւաքուեցին նրա մօտ, բազմամարդ մի ամբոխ՝ տղամարդիկ ու կանայք, երիտասարդներ ու կոյսեր. շատերը մեծապէս ողբում էին բազմութեան մէջ։ 93Այդ ժամանակ իսրայէլացիներից Իելուի որդի Յեքոնիան ձայն տուեց եւ ասաց Եզրասին. «Մենք մեղանչել ենք մեր Տէր Աստծու դէմ՝ կին ենք առել այս երկրի այլազգիներից. 94այժմ, այսօր էլ, անօրէնութիւնները մեր մէջ են. եկէ՛ք երդուենք Տիրոջ առաջ, դուրս հանենք եւ հեռացնենք այլազգիներից մեր առած կանանց իրենց զաւակների հետ, 95ինչպէս որ հրամայում է մեր Տէր Աստծու օրէնքը։ 96Շո՛ւտ, վե՛ր կաց, կատարի՛ր այդ գործը, քանզի քո ձեռքին են մեր բոլոր գործերը. մենք քեզ հետ ենք, եւ ինչ որ դու հրամայես, մենք կ՚անենք»։ 97Եզրասը վեր կացաւ, երդուել տուեց ցեղերի իշխաններին, քահանաներին, ղեւտացիներին եւ ամբողջ Իսրայէլին, որ վարուեն ըստ այդ վճռի։ Եւ նրանք երդուեցին։ 
9 Եզրասը վեր կացաւ Տիրոջ տաճարի գաւթից, գնաց Ելիասիբի որդի Յովհաննայի տունը, գիշերեց այնտեղ, 2բայց ո՛չ հաց կերաւ եւ ո՛չ էլ ջուր խմեց, այլ միայն ողբաց ժողովրդի գործած անօրէնութիւնների եւ մեծ մեղքերի համար։ 3Ամբողջ Հրէաստանում եւ Երուսաղէմում մունետիկն ազդարարում էր, որ բոլոր նրանք, ովքեր վերադարձել են գերութիւնից, գան հաւաքուեն Երուսաղէմում, 4իսկ նրանք, ովքեր երկու, երեք օրուայ ընթացքում չեն ներկայանայ, նրանք պիտի դատուեն առաջնորդների եւ ծերերի կողմից, պիտի առգրաւուի նրանց ունեցուածքը, եւ նրանց, իբրեւ օտարների, պիտի արտաքսեն գերեդարձների բազմութիւնից։ 5Եւ երեք օրուայ ընթացքում Երուսաղէմում հաւաքուեցին Յուդայի ազգի ու Բենիամինի ցեղի բոլոր մարդիկ, իններորդ ամսին, ամսի քսաներորդ օրը։ 6Ամբողջ բազմութիւնը, Եզրասի հետ միասին, նստեց Տիրոջ տան ընդարձակ գաւթում՝ սարսռալով եւ դողալով ձմռան ցրտից։ 7Եզրասը կանգնեց եւ ասաց նրանց. «Դուք մեղք էք գործել, կին էք առել այլազգիների աղջիկներից եւ անօրէնութիւն էք աւելացրել Իսրայէլի վրայ։ 8Արդ, խոստովանեցէ՛ք եւ փա՛ռք տուէք մեր հայրերի Տէր Աստծուն,9կատարեցէ՛ք նրա կամքը, զատուեցէ՛ք եւ բաժանուեցէ՛ք երկրի բոլոր հեթանոսներից եւ ձեր այլազգի կանանցից»։ 10Ամբողջ բազմութիւնը միասին բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. 11«Ինչպէս որ դու ասացիր, այնպէս էլ կ՚անենք. բայց մենք մեծ բազմութիւն ենք, ժամանակն էլ ձմեռ է, եւ մենք չենք կարող դիմանալ այս ցաւին ու նեղութիւններին, գործն էլ մէկ կամ երկու օրուայ բան չէ, մանաւանդ որ մեր մեղքերն էլ այս գործում մեծ են ու ծանր։ 12Դրա համար գործը յանձնարարեցէ՛ք իշխաններին եւ առաջնորդներին, թող ամէն տեղ ում տանն այլազգի կին կայ, ժամանակին գնան ու պահանջեն նրանից, 13թող իւրաքանչիւր տեղի ծերերն ու դատաւորները վճռեն գործը եւ Տիրոջ բարկութիւնը հեռացնեն մեզնից մեր գործած այս մեծ չարիքների պատճառով»։ 14Այս գործը յանձն առան Ազայէլի որդի Յովնաթանը եւ Թոկիայի որդի Եզեկիան, իսկ Մոսոլամոսը, Ղեւին ու Սաբատէոսը միացան նրանց,15եւ նրանք ամէն ինչ արեցին այնպէս, ինչպէս հրամայեցին գերութիւնից վերադարձածները։ 16Եզրասն անուն առ անուն ընտրեց քահանայ, իշխան եւ տոհմապետ մարդիկ. նրանք տասներորդ ամսի ամսամտին նստեցին խորհրդի՝ գործը քննելու եւ աւարտելու համար։17Մինչեւ առաջին ամիսը նրանք հաւաքեցին եւ բերեցին այն տղամարդկանց, որոնք ամուսնացած էին այլազգի կանանց հետ. բերեցին նաեւ նրանց կանանց։ 18Հաւաքուածների մէջ գտնուեցին քահանաներ, որոնք ունէին այլազգի կանայք եւ խառնակուել էին ամբարիշտների հետ. 19դրանք Յոսեդեկի որդի Յեսովի եւ նրա եղբօր որդիներից էին. Մաթելան, Եղիազարոսը, Յորիբոսը եւ Յովադանը,20որոնք սկսեցին դուրս հանել իրենց այլազգի կանանց եւ մէկական խոյեր մատուցել առանց գիտութեան գործած իրենց մեղքերի թողութեան համար։ 21Յետոյ Եմմորի որդիներից՝ Անանիան, Բադդէոսը, Մանասը, Սամաէասը, Յերիէլը եւ Ազարիասը. 22Փասուրի որդիներից՝ Ելիանասը, Մասսիասը, Իսմայէլը, Նաթանայէլը, Սկեթլեդոսը եւ Սալթոսը. 23Ղեւտացիների որդիներից՝ Յոզապտոսը, Սեմիսը եւ Կոնոսը, որ նոյն ինքը Սալիտասն է, Փաթէասը, որ նոյն ինքը Յուդասն է, եւ Յոնասը։ 24Սաղմոսասաց պաշտօնեաներից՝ Ելիասիբոսը եւ Բաքուրոսը։ 25Դռնապաններից՝ Սալոիմոսը եւ Տոլբանէսը։26Իսրայէլացիներից՝ Փորոսի որդիներից՝ Յերամասը, Յեդդիասը, Մելքիասը, Միալէսը, Եղիազարոսը, Ասաբիասը եւ Բանեասը։27Եղիակիմի որդիներից՝ Մատթանիասը, Զաքարիասը, Յեզորիէլը, Յովադիոսը, Յերիմոթը եւ Այէդիասը։ 28Զաթոմի որդիներից՝ Ելիադասը, Ելիասիմոսը, Օթոնիասը, Արիմոթը, Սաբաթոսը եւ Զարգէասը։ 29Բեբէի որդիներից՝ Յովհաննէսը, Անանիասը, Յոզաբդոսը եւ Եմաթոսը։30Մանիի որդիներից՝ Ելամոսը, Սամումոսը, Յեդէոսը, Յասուբոսը, Յաստելոսը եւ Յերեմոթը։ 31Ադդիի որդիներից՝ Նաթոսը, Մոոսիասը, Զակունոսը, Նաիդասը, Մատաթիասը, Եսթէլը, Բալունոսը եւ Մանասէն։ 32Աննասի որդիներից՝ Ելիոնասը, Ասսէասը, Մելքիասը, Սաբէոսը, Սիմոնը եւ Քոսամէոսը։ 33Ասոմատի որդիներից՝ Աննէոսը, Մատաթիասը, Բանէուսը, Ելիփալատը, Մանասէն եւ Սեմէին։34Բաանի որդիներից՝ Երեմիասը, Մոմդիոսը, Իսմաերոսը, Յուէլը, Մամբդէն, Պէդիասը, Անոսը, Րաբասիոնը, Անասիբոսը, Մամնիտանեմոսը, Ելիասիսը, Բանուսը, Ելիալին, Սոմէիան, Սելեմիասը եւ Նաթանիասը։ Եզորի որդիներից՝ Այէմը, Եզրիէլը, Ազայէլը, Սամատոսը, Զամբրին եւ Յովսէփը։ 35Նաումի որդիներից՝ Զազիկեասը, Լաբադիասը, Եդեսիուէլը եւ Բենեսիասը։ 36Սրանք էին բոլոր այն տղամարդիկ, որոնք կին էին առել այլազգիներից եւ որոնք էլ ազատ արձակեցին իրենց կանանց եւ իրենց որդիներին։ 37Իսրայէլացի քահանաներն ու ղեւտացիները բնակուեցին Երուսաղէմում եւ նրա գաւառում եօթներորդ ամսի ամսամտին, իսկ իսրայէլացիները գնացին իրենց բնակութեան վայրերը։ 38Ամբողջ բազմութիւնը, միաբանուած, հաւաքուեց տաճարի դռան առջեւ, արեւելեան կողմը, ընդարձակ մի տեղ։ 39Նրանք ասացին Եզրաս քահանայապետին՝ Օրէնքի մեկնիչին, որ նա բերի Իսրայէլի Տէր Աստծու կողմից Մովսէսին տրուած օրէնքների գիրքը։ 40Եզրասը մէջտեղ բերեց օրէնքների գիրքը, ցոյց տուեց բոլոր տղամարդկանց ու կանանց եւ բոլոր քահանաներին։41Տաճարի դռան առջեւ, ընդարձակ հրապարակում, առաւօտից մինչեւ կէսօր նա կարդում էր Տիրոջ օրէնքները, բոլոր տղամարդկանց եւ կանանց համար, եօթներորդ ամսի ամսամտի օրերին, եւ ամբողջ բազմութիւնը լսում ու սովորում էր Տէր Աստծու Օրէնքը։ 42Եզրաս քահանան՝ Տիրոջ Օրէնքի մեկնիչը, կանգնում էր փայտակերտ բեմի վրայ, որ պատրաստել էին նրա համար։ 43Նրա մօտ, աջ կողմից, կանգնում էին Մատաթին, Սամուսը, Անանիասը, Ազարիասը, Ուրիասը, Եզեկիասը եւ Բաալսամոսը, 44իսկ ձախ կողմից՝ Փալթէոսը, Միսայէլը, Մելքիասը, Լոթասը, Ուբոսը, Նաբարիասը եւ Զաքարիասը։45Եզրասը, Օրէնքի գիրքը ձեռքին, մեծ պատուով բազմում էր բոլորի առաջ, իսկ ամբողջ բազմութիւնը նստում էր նրա դիմաց։ 46Երբ նա բացեց Օրէնքի գիրքը, ամբողջ բազմութիւնը ոտքի կանգնեց։ Եզրասն օրհնեց բարձրեալ Տէր Աստծուն, զօրութիւնների Աստծուն եւ Ամենակալին, 47իսկ ամբողջ բազմութիւնը միաձայն բացականչում էր՝ ամէն։ Բոլորն իրենց ձեռքերը բարձրացրած դէպի վեր՝ երեսնիվայր ընկնում էին գետին եւ երկրպագում Տէր Աստծուն։ 48Տիրոջ Օրէնքը ժողովրդին ուսուցանում էին նաեւ ղեւտացիները՝ Յեսուսը, Աննուսը, Ասրաբիասը, Յադինոսը, Յակուբոսը, Սաբատէոսը, Աւդէասը, Մաննէասը, Կալիտասը, Ազարիասը, Յոզաբդոսը, Անանիասը եւ Փիլաթասը։ 49Սրանք ժողովրդի համար կարդում եւ բացատրում էին Տիրոջ Օրէնքը։ 50Ատտարատէսը դիմելով Եզրաս քահանային՝ Տիրոջ Օրէնքի մեկնիչին եւ ղեւտացիներին, որոնք Օրէնքը սովորեցնում էին ժողովրդին, բոլորի առաջ ասաց նրանց. 51«Այս օրը սրբութեան օր է Տիրոջ համար, եւ դուք ազատ էք Տիրոջ Օրէնքը լսելուց. 52ցրուեցէ՛ք, գնացէ՛ք եւ պարարտ մի՛ս կերէք, քաղցր ըմպելիքներ խմեցէ՛ք եւ ուղարկեցէ՛ք նաեւ նրանց համար, ովքեր չունեն. 53եւ որովհետեւ Տիրոջ համար սուրբ է այս օրը, թող ոչ ոք տխուր չդարձնի այն, քանզի Տէր Աստուածն է, որ մեզ արժանացրեց փառքի»։ 54Ղեւտացիները նոյնպէս ամբողջ ժողովրդին հրամայեցին եւ ասացին. «Այս օրը սուրբ է, եւ թող ոչ ոք տխուր չդարձնի այն»։ 55Ապա ասացին ժողովրդին. «Ով ունի, թող ուտի, խմի, ուրախ լինի եւ տայ նաեւ նրան, ով չունի. թող բոլորն էլ այսօր շատ ուրախ լինեն, որովհետեւ դուք լսեցիք եւ սովորեցիք Տիրոջ Օրէնքը, դուք հաւաքուեցիք ժողովի, եւ մենք սովորեցրինք ձեզ»։

 









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Белая фасоль протертая

Белая фасоль протертаяБелую фасоль перебрать, промыть, сварить, процедить и протереть....

Хлеб «дилижанский»

Хлеб «дилижанский»Хлеб «Дилижанский» национальное изделие из пшеничной муки высшего, первого,...

Плов с мозгами

Плов с мозгами Приготовить плов из риса. Мозги замочить в воде,...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта