Ա ԵԶՐԱՍ

(0 голоса, среднее 0 из 5)
Индекс материала
Ա ԵԶՐԱՍ
2
Все страницы

1 Եզրաս


1 Յոսիա թագաւորը Տիրոջ զատիկը կատարեց Երուսաղէմում. Տիրոջ զատկի գառը մորթեցին առաջին ամսի տասնչորսին։ 2Ըստ իրենց ծառայութեան օրերի՝ նա Տիրոջ տաճարում քահանաներ կանգնեցրեց, որոնք քահանայական պատմուճաններ էին հագած, 3եւ ասաց ղեւտացի սպասաւորներին. «Մաքրեցէ՛ք ձեր անձերը եւ պատրաստեցէ՛ք ձեզ ըստ Տիրոջ ուխտի տապանակի սրբութեան, թող ձեր մէջ չլինի աղտեղութիւն եւ պղծութիւն։ 4Արդ, պաշտամո՛ւնք մատուցեցէք ձեր Տէր Աստծուն, հաւաքեցէ՛ք ու պատրաստեցէ՛ք Իսրայէլի բոլոր ազգերին եւ կանգնեցրէ՛ք նրանց ըստ իրենց հայրապետների եւ ցեղերի հերթականութեան, 5ինչպէս սահմանել եւ գրել է Իսրայէլի Դաւիթ թագաւորը եւ հրահանգել նրա որդի մեծն Սողոմոնը. թող ղեւտացիները ըստ իրենց հայրերի կարգի տաճարում կանգնեն, իրենց եղբայրների՝ իսրայէլացիների առաջ։ 6Ըստ առաջին կարգերի հերթականութեան՝ մորթեցէ՛ք զատկի գառը, պատրաստեցէ՛ք զոհերն ու զատիկը կատարեցէ՛ք ըստ Տիրոջ այն հրամանի, որ նա պատուիրել էր Մովսէսի միջոցով»։ 7Եւ իբրեւ պարգեւ Յոսիան ժողովրդին տուեց երեսուն հազար գառներ եւ ուլեր, երեք հազար հորթեր։ 8Այս բոլորը, թագաւորի հրամանի համաձայն, տրուեց ժողովրդին, քահանաներին եւ ղեւտացիներին։ Բացի դրանից, նա Քեղկիա եւ Զաքարիա քահանայապետներին, ժողովրդի առաջնորդներին եւ քահանաներին տուեց եւս երկու հազար վեց հարիւր ոչխար։ 9Յեքոնիասը, Սամէասն ու նրա եղբայր Նաթանայէլը, Ռաբիասը, Օզիէլը եւ Յորամը, որոնք հազարապետներ էին, զատկի համար ղեւտացիներին տուեցին հինգ հազար ոչխար եւ հինգ հարիւր հորթ։ 10Վերցնելով այս բոլորը՝ քահանաները մեծ շուքով, ամենայն վայելչութեամբ եւ բազմազան ձեւերով պատրաստեցին Բաղարջակերաց զատիկը 11եւ, ըստ իրենց տոհմերի եւ հայրերի կարգի, կանգնեցին ժողովրդի առաջ, ինչպէս գրուած է Մովսէսի գրքում, մատուցելու համար Տիրոջ զատիկը։ 12Ահա այսպէս նրանք առաւօտեան կրակի վրայ խորովեցին ու պատրաստեցին Տիրոջ զատիկը. մնացած հում միսը անուշահոտ համեմունքներով եփեցին կաթսաների եւ սաների մէջ եւ մատուցեցին ժողովրդին։ 13Սրանից յետոյ քահանայապետները զատիկը պատրաստեցին իրենց եւ իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների համար, 14որովհետեւ քահանաները ճարպ էին մատուցում կրակը բորբոքելու համար, ղեւտացիներն իրենք էլ զատիկը պատրաստեցին թէ՛ իրենց եւ թէ՛ իրենց քահանայ եղբայրների՝ Ահարոնի որդիների համար։ 15Ասափի որդիները՝ սաղմոսների երգիչները, նոյնպէս զատիկը պատրաստեցին իրենց համար, ինչպէս սահմանել էր Դաւիթ թագաւորը ժամանակին Ասափի, Զաքարիայի եւ Ելդինոնի համար։ 16Դռնապանները, որոնցից իւրաքանչիւրը հսկում էր իր դռան վրայ՝ ըստ ամէն օրուայ կարգի, քանի որ իրենք էլ Ղեւիի որդիներ էին, իրենք նոյնպէս պատրաստեցին զատիկը։ 17Այդ օրը բոլորը միաբան կատարեցին Տիրոջ զոհը 18եւ, ինչպէս հրամայել էր Յոսին թագաւորը, Տիրոջ զատիկը մատուցեցին սեղանի վրայ։ 19Այն իսրայէլացիները, որ այդ ժամանակ գտնւում էին այնտեղ, եօթը օր կատարեցին Տիրոջ զատիկը եւ Բաղարջակերաց տօնը։ 20Երբեք այդպիսի զատիկ չէր եղել Իսրայէլում, քանի որ ոչ ոք նման զատիկ չէր արել Սամուէլ մարգարէի ժամանակից ի վեր։21Իսրայէլի բոլոր թագաւորներն էլ այսպիսի զատիկ չէին արել, ինչպէս արեց Յոսիա թագաւորը, նաեւ քահանաները, ղեւտացիները, հրեաներն ու բոլոր իսրայէլացիները, որոնք այն ժամանակ ապրում էին Երուսաղէմում։ 22Այդ զատիկը Յոսիան կատարեց իր թագաւորութեան տասնութերորդ տարում։ 23Յոսիա թագաւորի գործերը ուղիղ էին իր Տէր Աստծու առաջ, եւ նա Տիրոջը ծառայում էր իր ամբողջ սրտով ու մտքով։24Բայց նրանից առաջ եղել են ուրիշ թագաւորներ, որոնց մասին ստոյգ գրուած է, թէ նրանք մեղանչել, անօրէնութիւն են գործել բոլոր ազգերի մէջ, վշտացրել են Տիրոջը եւ Իսրայէլի մէջ դէմ են կանգնել Նրա խօսքին։ 25Յոսիա թագաւորի այս բոլոր առաքինի գործերից յետոյ եգիպտացիների Փարաւոն թագաւորը եկաւ պատերազմելու Կարքամուսում՝ Եփրատի կողմերում, եւ Յոսիան ելաւ պատերազմելու նրա դէմ։ 26Եգիպտացիների թագաւորը բանագնաց ուղարկեց նրա մօտ եւ ասաց. «Ի՞նչ կայ իմ եւ քո միջեւ, ո՛վ Հրէաստանի թագաւոր, 27չէ՞ որ Տէր Աստուածն ինձ չի ուղարկել քեզ մօտ, այլ ես գնում եմ պատերազմելու Եփրատի կողմերում։ Այժմ Տէրը ինձ հետ է, եւ դու մի՛ խանգարիր ինձ, քանի որ Տէրը ստիպում է ինձ գնալ ու պատերազմել Եփրատի կողմերում. դու հեռո՛ւ կաց ինձնից եւ մի՛ հակառակուիր Տիրոջը»։ 28Բայց Յոսիան յետ չդարձրեց իր մարտակառքը, այլ ձեռնամուխ եղաւ նրա դէմ պատերազմելու, չլսեց Երեմիա մարգարէի խօսքերը, որ նա ասում էր նրան Տիրոջ բերանով։ 29Նա համախմբեց զօրքը, իջաւ Եդդաւուսի դաշտ՝ այնտեղ ճակատամարտ տալու Փարաւոնի դէմ. եւ իշխաններն էլ իջան Յոսիա թագաւորի մօտ։30Յոսիա թագաւորն ասաց իր ծառաներին. «Ինձ դո՛ւրս տարէք ռազմադաշտից, ես խիստ թուլացել եմ»։ Ծառաներն անմիջապէս նրան դուրս հանեցին մարտադաշտից։ 31Յոսիան բարձրացաւ իր երկրորդ կառքը եւ հասնելով Երուսաղէմ՝ վախճանուեց։ Նրան թաղեցին իր հայրերի գերեզմանատանը։ 32Ամբողջ ժողովուրդը ողբաց եւ սգաց Յոսիայի վրայ, իսկ Երեմիա մարգարէն ողբ հիւսեց Յոսիայի մասին։ Մինչեւ այսօր կանայք նստում եւ ողբում են Երեմիայի այդ ողբը։ Դրանից յետոյ հրաման տուեցին, որ միշտ իրենց ազգերի մէջ այդպէս ողբան Իսրայէլում։ 33Այս բոլորի մասին գրուած է Իսրայէլի թագաւորների պատմութիւնների գրքում, նաեւ նրա կատարած գործերի, նրա բարեմասնութիւնների, առաքինութեան, նրա մեծ արդարութեան ու փառքի մասին, եւ թէ ինչպիսի իմաստուն հոգատարութիւն ունէր նա Տիրոջ Օրէնքի նկատմամբ։ Այս բոլորի մասին մինչեւ այժմ պատմում են Իսրայէլի եւ Յուդայի երկրի թագաւորների գրքերը։ 34Յոսիայի մահից յետոյ նրա տոհմից թագաւոր դարձրին Յեքոնիային՝ Յոսիայի որդուն։ Յեքոնիան քսաներեք տարեկան էր, երբ թագաւորեց իր հօր՝ Յոսիայի փոխարէն։ 35Նա Հրէաստանի եւ Երուսաղէմի վրայ թագաւորեց երեք ամիս։ Եգիպտացիների թագաւորը արգելեց, որ նա թագաւորէր Երուսաղէմում 36եւ, իբրեւ ծախս, հրեաներից պահանջեց հարիւր տաղանդ արծաթ եւ մէկ տաղանդ ոսկի։ 37Եգիպտացիների թագաւորը նրանց վրայ թագաւոր կարգեց Յովակիմին՝ Յեքոնիայի եղբօրը, եւ Յովակիմը թագաւորեց Հրէաստանի եւ Երուսաղէմի վրայ։ 38Յովակիմը կալանաւորեց Իսրայէլի տան մեծամեծներին ու իշխաններին, եւ իր եղբօրը՝ Զարային, հանեց Եգիպտացիների երկրից եւ բերեց իր մօտ։ 39Յովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագաւորեց Հրէաստանի ու Երուսաղէմի վրայ եւ չարիքներ գործեց Տիրոջ առաջ։ 40Բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորը յարձակուեց նրա վրայ, նրան կապեց պղնձէ կապանքներով եւ տարաւ Բաբելոն։ 41Նաբուքոդոնոսորը վերցրեց նաեւ Տիրոջ տան սպասքից, տարաւ ու Բաբելոնում դրեց իրենց կուռքերի տանը՝ պահելու համար։ 42Նրա այս բոլոր գործերի՝ նրա պղծութիւնների եւ անօրէնութիւնների մասին գրուած է թագաւորների ժամանակագրութիւնների գրքում։ 43Նրա փոխարէն թագաւորեց Յովակիմը՝ նրա որդին, որ տասնութ տարեկան էր։ 44Նա թագաւորեց երեք ամիս եւ տասն օր Երուսաղէմում եւ չարիք գործեց Տիրոջ առաջ։45Մէկ տարի յետոյ Նաբուքոդոնոսորը վերցրեց ու տարաւ նրան Բաբելոն՝ Տիրոջ տան գանձերով հանդերձ։ 46Նաբուքոդոնոսորը Հրէաստանի եւ Երուսաղէմի թագաւոր կարգեց Սեդեկիային։ Սեդեկիան քսանմէկ տարեկան էր եւ թագաւորեց տասնմէկ տարի։47Նա եւս չարիք գործեց Տիրոջ առաջ եւ յետ չկանգնեց իր չարիքներից, չլսեց Երեմիա մարգարէի խօսքերը, որ նա ասել էր նրան Տիրոջ բերանով։ 48Նա հաւատարիմ չմնաց իր երդմանը, որ Տիրոջ անունով տուել էր Նաբուքոդոնոսոր արքային, այլ դրժեց երդումը եւ հեռացաւ Նաբուքոդոնոսորից, խստացրեց պարանոցը եւ սիրտը փակեց Իսրայէլի Տէր Աստծու օրէնքների հանդէպ։ 49Ժողովրդի իշխաններն ու քահանաներն էլ ամբարշտութիւններ արեցին, անօրէն եղան, բազմացրին իրենց պղծութիւններն աւելի, քան բոլոր հեթանոսները եւ նոյնիսկ պղծեցին Տիրոջ սուրբ տաճարը Երուսաղէմում։ 50Նրանց հայրերի Աստուածն իր հրեշտակներին ու մարգարէներին ուղարկեց նրանց մօտ, որպէսզի դարձի գան, որովհետեւ խնայում էր թէ՛ նրանց եւ թէ՛ իր սուրբ տաճարը, 51բայց նրանք արհամարհեցին Տիրոջ հրեշտակներին. այն օրը, երբ Տէրը խօսում էր նրանց հետ, նրանք ձեռ էին առնում եւ ծաղրում նրա մարգարէներին։ 52Տէրը բարկացաւ նրանց ազգի վրայ եւ նրանց ամբարշտութեան պատճառով նրանց դէմ բերեց քաղդէացիների թագաւորներին, 53որոնք սրով սպանեցին նրանց երիտասարդներին, նրանց արիւնը թափեցին սուրբ տաճարի շուրջը, չխնայեցին նրանց մանուկներին, կոյսերին, ծերերին ու նրանց երիտասարդներին։ 54Աստուած նրանց ձեռքը յանձնեց այս բոլորը՝ թէ՛ Տիրոջ տան բոլոր մեծ ու փոքր անօթները, թէ՛ Տիրոջ տապանակի կայքն ու սպասքը եւ թէ՛ Իսրայէլի թագաւորի գանձերը. այս ամէնը նրանք վերցրին ու տարան Բաբելոն։ 55Նրանք հրկիզեցին Տիրոջ տաճարը, քարուքանդ արեցին Երուսաղէմի պարիսպը, կրակի մատնեցին նրա աշտարակները, եւ հասաւ նրա բոլոր փառքերի վախճանը։ 56Իսկ մնացածներին, սրի առաջ գցած, գերի տարան Բաբելոն։ 57Սրանց եւ իրենց որդիները մնացին ստրկութեան մէջ մինչեւ պարսիկների թագաւորների ժամանակը, մինչեւ որ կատարուեց Տիրոջ այն խօսքը, որ նա ասել էր Երեմիա մարգարէի բերանով. 58«Մինչեւ Տէրը բարեհաճի, որ թափուր այս երկիրը տօնի իր շաբաթները, ամբողջ ժամանակ այն պիտի լինի անապատ, պիտի լրանայ եօթանասուն տարին, որպէսզի շաբաթը տօն լինի նրա համար»։Կիւրոսի թագաւորութեան առաջին տարում լրանում էր Յուդայի եւ Բենիամինի ցեղերի գերութեան եօթանասուն տարին։ Կիւրոսը ընդամէնը թագաւորեց երեսուն տարի։ 
2 Պարսկաստանի թագաւոր Կիւրոսի թագաւորութեան առաջին տարում կատարուեց Տիրոջ այն խօսքը, որ նա ասել էր Երեմիա մարգարէի բերանով։ 2Տէրն արթնացրեց Կիւրոս թագաւորի ոգին, եւ Կիւրոսը հրամայեց իր ամբողջ թագաւորութեան մէջ ազդարարել եւ ասել. 3«Այսպէս ասաց Պարսկաստանի Կիւրոս թագաւորը. ինձ յայտնեց Իսրայէլի Տէր Աստուածը, որ բովանդակ տիեզերքի թագաւորն է եւ բարձրեալ Տէրը, 4կանխանշանով ցոյց տուեց ինձ, որ ես նրա համար տաճար կառուցեմ Հրէաստանի Երուսաղէմ քաղաքում։ 5Արդ, ով էլ որ լինի, ում մօտ էլ որ մարդ լինի հրեաների ցեղերից, - թող Տէր Աստուածը լինի նրա հետ, - նա կարող է ելնել եւ հրեաների հետ գնալ Երուսաղէմ, որպէսզի կառուցի Իսրայէլի Տէր Աստծու տաճարը։ Սա այն Տէրն է, որ բնակւում է Երուսաղէմում։ 6Եւ բոլոր նրանք, ովքեր կը մնան իրենց բնակավայրում, թող օգնեն նրանց ոսկով ու արծաթով, ձիերով ու այլ անասուններով 7եւ թող իրենց ունեցուածքից նուէրներ տան Տիրոջ տաճարին, որը գտնւում է Երուսաղէմում։ 8Թող իշխաններ նշանակուեն ըստ ազգերի, ըստ Յուդայի ազգի եւ Բենիամինի ցեղի տոհմապետերի, քահանաների եւ ղեւտացիների ու բոլոր նրանց վրայ, ում ոգին արթնացրեց Տէրը՝ գնալու եւ կառուցելու Տիրոջ տունը Երուսաղէմում ու նրա շուրջը, 9եւ թող բոլորն օգնեն արծաթով, ոսկով, ձիերով, անասուններով եւ նուիրեն Տիրոջը, ում սիրտն ինչքան կը կամենայ»։ 10Եւ Կիւրոսը բերել տուեց Տիրոջ սուրբ սպասքը, որը Նաբուքոդոնոսորը բերել էր Երուսաղէմից եւ դրել էր իրենց կուռքերի տանը պահելու համար։ 11Պարսկաստանի Կիւրոս թագաւորը բերել տուեց այն եւ հրամայեց սպասքը տալ իր գանձապետ Միթրիդատին։12Միթրիդատը հաշուեց եւ տուեց Յուդայի հանդերձապետ Սամանասարին։ 13Ահա Տիրոջ սպասքի թիւը. ոսկեղէն սպասք՝ հազար, արծաթէ սպասք՝ նոյնպէս հազար, արծաթէ դանակներ՝ քսանինը, ոսկէ ափսէներ՝ երեսուն, արծաթէ ափսէներ՝ երկու հազար չորս հարիւր քսան, եւ այլ անօթներ՝ հազար։ 14Ոսկէ եւ արծաթէ այդ ամբողջ կայքն ու սպասքը, որ բերեցին, հինգ հազար չորս հարիւր վաթսունինն էր։15Այդ ամէնը տուեցին Սամանասարի ձեռքը, եւ նա բոլոր գերիների հետ դրանք վերցրեց եւ Բաբելոնից բերեց Երուսաղէմ։16Պարսկաստանի Արտաշէս արքայի թագաւորութեան ժամանակ Հրէաստանի եւ Երուսաղէմի շրջակայ բնակիչները ամբաստանութեան մի նամակ գրեցին նրան։ Այդ թուղթը գրել էին Բաաղսամոսը, Միթրիդատը, Բելլիոսը, Ռաթիմոսը, Բելտէթմոսը եւ գրագիր Սամելիոսը, նրանց հետ նաեւ շատ ուրիշներ, որոնք բնակւում էին ծովեզերքում՝ քանանացիներ, տիւրոսացիներ, ամոնացիներ, մովաբացիներ, սամարացիներ եւ այլ տեղերում ապրող բազմաթիւ ուրիշներ։ 17Նամակը գրուած էր այսպէս. «Արտաշէ՛ս թագաւոր, տէ՛ր մեր, քո ծառաները՝ Ռաթիմոսը, որ երկրպագում է քեզ, Սամելիոս գրագիրը, մեր բոլոր խորհրդականները եւ Ասորիքի ու քանանացիների կողմերի դատաւորները ողջունում են քեզ։ 18Արդ, տէ՛ր մեր եւ թագաւո՛ր, թող քեզ յայտնի լինի հրեաների մասին, որ երբ նրանք քեզնից հեռացան եւ եկան մեզ մօտ, գնացին Երուսաղէմ՝ ապստամբող եւ խռովարար մի քաղաք։ Այնտեղ նրանք վերաշինում են նրա հրապարակները, ուզում են ամրացնել նրա պարիսպները, կամենում են կառուցել նրա բարձր տաճարը։ 19Արդ, եթէ նրանք շինեն այս քաղաքը եւ աւարտեն նրա պարիսպը, ապա նրանք ոչ միայն հարկ չեն տայ ոչ մէկին, այլեւ ոտքի կը կանգնեն թագաւորների դէմ,20որովհետեւ, պարծենալով, նրանք յոյսը կը դնեն իրենց տաճարի վրայ։21Այժմ մեզ թւում է լաւ կը լինի, որ դու նկատի ունենաս այս բաները, տէ՛ր մեր թագաւո՛ր, քննես եւ տեսնես, թէ ինչ են գրել քո հայրերն ու նախնիները, 22գտնես նրանց յիշատակարանների մատեանը եւ իմանաս, որ այս քաղաքը ապստամբների քաղաք է, 23որ սրա թագաւորներն ու հրեաներն ապստամբներ են, սրա բնակիչները միշտ սուտ են երդուել, եւ հէնց դրա համար էլ աւերուել ու անապատ է դարձել այս քաղաքը։ 24Արդ, ծանուցում ենք քեզ՝ մեր տիրոջն ու թագաւորիդ, որ եթէ այս քաղաքը վերաշինուի, եւ սրա պարիսպները վերականգնուեն, ապա դու այլեւս իշխանութիւն չես ունենայ սրանց վրայ եւ ոչ էլ ճանապարհ՝ դէպի Ասորիքի ու քանանացիների կողմերը»։25Այն ժամանակ Արտաշէս թագաւորը գրեց Ռաթիմոսին, Բելտէթմոսին, գրագիր Սամելիոսին եւ բոլոր նրանց, որոնք բնակւում էին Սամարիայի, Ասորիքի ու քանանացիների կողմերում եւ որոնք թուղթ էին գրել իրեն։ 26«Կարդացի, - ասում է, - ձեր թուղթը, որ գրեցիք ինձ։ Ես հրամայեցի, որ նայեն յիշատակարանների մատեանները, եւ իմացայ, որ այդ քաղաքը թէ՛ սկզբից իսկ եւ թէ՛ մշտապէս դէմ է կանգնել բոլոր թագաւորներին, 27որ զօրաւոր պատերազմողներ են եղել, որոնք բնակուել են այդ բոլոր կողմերում եւ դրա մէջ, որ հզօր ու խիստ թագաւորներ են ապրել Երուսաղէմում, որոնք տիրել եւ հարկեր են գանձել Ասորիքի եւ քանանացիների կողմերից։ 28Այժմ, ահա, ես հրամայեցի, որ դուք այդ մարդկանց արգելէք վերաշինել այդ քաղաքը,29իսկ դուք յանձն առէք ջանք չխնայել, որպէսզի էլ աւելի չշատանայ դրանց չարութիւնը՝ մեզ ընդդիմանալու եւ մեր թագաւորութեանը նեղութիւն պատճառելու համար»։ 30Երբ Արտաշէս թագաւորի թուղթը կարդացին Ռաթիմոսի, գրագիր Սամելիոսի եւ նրանց հետ ուրիշ շատերի համար, սրանք անմիջապէս յարձակուեցին Երուսաղէմի վրայ, ձիերով եւ զօրքով հանդերձ, եւ արգելեցին հրեաներին վերաշինել քաղաքը։ 31Եւ այսպէս խափանուեց Տիրոջ տաճարի շինարարութիւնը Երուսաղէմում՝ մինչեւ Պարսկաստանի Դարեհ արքայի թագաւորութեան երկրորդ տարին։ 
3 Դարեհ թագաւորը մեծ խրախճանք սարքեց, հրաւիրեց իր բոլոր իշխաններին եւ իր գերդաստանի ընդոծիններին, մարերի, պարսիկների եւ քաղդէացիների բոլոր մեծամեծներին, 2եւ այն բոլոր նախարարներին, զօրապետներին եւ նրանց հետ նաեւ կառավարիչներին, որոնք գտնւում էին Հնդկաստանից մինչեւ Եթովպիայի շրջանները. այդ նախարարները հարիւր քսանեօթն էին։3Նրանք կերան, խմեցին, յագեցան եւ ուրախացան։ Երբ խրախճանքն աւարտուեց, Դարեհ թագաւորը մտաւ իր սենեակը, բազմեց իր գահին եւ քնեց։ 4Այն ժամանակ, երեք պատանիներ, որ նրա սենեկապաններն էին, մինչ թագաւորը դեռ քնած էր, սենեակի ներսում կանգնել էին նրան սպասաւորելու համար եւ պահպանում էին նրան։ Նրանք սկսեցին իրար հետ խօսել եւ ասացին. 5«Եկէ՛ք իւրաքանչիւրս մի բան ասենք. եւ ով իր ընկերոջից աւելի իմաստուն եւ ուժեղ բան ասի, թող Դարեհ թագաւորը մեծամեծ պարգեւներ տայ նրան, թող նա մեծ ու անուանի լինի բոլորից, 6թող նրան ծիրանի զգեստներ հագցնի, խմելու եւ ուտելու համար ոսկի սպասք տայ, նստելու եւ քնելու համար՝ ոսկեղէն գահաւորակ, թող նա ոսկեսանձ նժոյգ հեծնի, բեհեզեայ խոյրով թագ կապի նրա գլխին եւ ոսկէ մանեակ՝ նրա պարանոցին։ 7Թող նա իր իմաստութեան համար նստի Դարեհի երկրորդ աթոռին եւ կոչուի Դարեհի ազգական»։ 8Այդ ժամանակ նրանցից իւրաքանչիւրը գրեց իր խօսքը։ Նրանք կնքեցին եւ դրեցին Դարեհ արքայի սնարին ու ասացին.9«Երբ արթնանայ, այդ գրութիւնները կը տանք նրան. թող թագաւորն ու պարսիկ երեք մեծամեծ իշխաններ ընտրեն եւ ում խօսքը գտնեն առաւել իմաստուն, յաղթողի պարգեւը թող տան նրան»։ 10Առաջինը գրեց եւ ասաց. «Գինին է բոլորից յաղթողն ու զօրաւորը»։ 11Երկրորդը գրեց եւ ասաց. «Թագաւորն է բոլորից յաղթողն ու զօրաւորը»։12Երրորդը գրեց եւ ասաց. «Կանայք են բոլորից յաղթողն ու զօրաւորը, բայց ճշմարտութիւնը յաղթում է բոլորին»։ 13Երբ թագաւորը արթնացաւ, վերցրեց գրութիւնները, որ տուեցին նրան, կարդաց 14եւ մարդ ուղարկեց կանչելու պարսիկների ու մարերի բոլոր մեծամեծներին՝ նախարարներին, սպարապետներին, կառավարիչներին եւ իշխաններին։ 15Նստեցին մի դահլիճում եւ բոլորի առաջ կարդացին գրութիւնները։ 16Թագաւորն ասաց. «Այստե՛ղ կանչեցէք պատանիներին, թող մեկնաբանեն իրենց խօսքերը»։ 17Երբ կանչուած պատանիները եկան նրանց առաջ, բոլորը նրանց ասացին. «Բացատրեցէ՛ք մեզ ձեր այս գրածները»։ 18Առաջինը, որ գինու զօրութեան մասին էր գրել, սկսեց խօսել եւ այսպէս ասաց. «Ո՜վ մարդիկ, մի՞թէ ամենից զօրաւորը գինին չէ. բոլոր մարդիկ, ովքեր խմում են այն, գինին յիմարեցնում է նրանց մտքերը. 19թագաւորների ու տառապեալների միտքը նա դարձնում է նոյնը, այդպէս էլ տիրոջն ու ծառայինը, հարուստներինն ու աղքատներինը։ 20Գինին շեղում է բոլորի միտքը եւ դարձնում դէպի ուրախութիւն։ Նրանք երբեք չեն յիշում տրտմութիւն եւ որեւէ ցաւ, 21քանզի գինին բոլորի սրտերը լցնում է զուարթութեամբ եւ մեծութեամբ. 22երբ խմում են, էլ չեն յիշում թագաւորներին կամ իշխաններին եւ դառնում մեծախօս։ Մարդ երբ խմում է, չի յիշում անգամ սիրելիներին, եղբայրներին կամ թշնամիներին, շատ յաճախ սուր է հանում, 23եւ երբ անցնում է գինու ազդեցութիւնը, չի էլ յիշում, թէ ինչ է արել։ 24Ո՛վ մարդիկ, մի՞թէ զօրաւորը գինին չէ, որ ստիպում է այս բոլորն անել»։ Եւ այս ասելով՝ նա լռեց։ 
4 Երկրորդը, որ գրել էր թագաւորի զօրութեան մասին, սկսեց խօսել եւ ասաց. 2«Ո՛վ մարդիկ, մի՞թէ ճիշտ չէ, որ մարդիկ հզօրացել են, տիրել ծովին ու ցամաքին եւ այն ամենին, ինչ կայ նրանց մէջ։ 3Իսկ հզօր թագաւորը տիրում է ամբողջ երկրին եւ մարդկանց. ինչ որ նա ասում կամ հրամայում է, կատարում են անմիջապէս. նոյնիսկ եթէ հրամայի, որ ընկերը պատերազմի ընկերոջ դէմ, նրանք չեն համարձակուի զանց առնել թագաւորի խօսքը։ 4Իսկ եթէ նրանց ուղարկի պատերազմելու թշնամիների դէմ, ապա նրանք իսկոյն կը գնան, կը պատրաստեն մարտական մեքենաներ, ամրութիւններ, պարիսպներ եւ աշտարակներ, 5կը սպանեն եւ կը մեռնեն, բայց չեն կարող զանց առնել թագաւորի հրամանը. իսկ եթէ յաղթեն, բոլոր բարիքները կը բերեն թագաւորի համար։ 6Ոչ միայն պատերազմող զօրականները, այլեւ այն մշակները, որ հող են հերկում, ցանում են եւ հնձում, նրանք եւս իրենց բերքից բերում են թագաւորի համար. նաեւ հարկահանները, որոնք ստիպում են երկրի բնակիչներին, դարձեալ հարկ են հաւաքում թագաւորի համար։ 7Թագաւորն է միայն, որ հզօր իշխան է բոլորի վրայ. եթէ հրամայում է սպանել, կը սպանեն, ապրեցնել՝ կ՚ապրեցնեն,8կառուցել՝ կը կառուցեն, քանդել՝ կը քանդեն, 9եթէ հրամայում է տնկել՝ կը տնկեն։ 10Չէ՞ որ ամբողջ երկիրը ենթակայ է թագաւորի ուժին եւ լսում է նրա հրամանը. արքան ինքը ինչ որ կամենում է, այն է անում. ինքը հանգիստ բազմում է, ուտում, խմում, քնում, 11մինչդեռ միւս բոլորը նրա շուրջը պատրաստ՝ պահպանում են նրան, լսում նրա հրամանները եւ չեն համարձակւում ըստ իրենց կամքի գնալ մի տեղ կամ մի բան անել, սիրտ չեն անում զանց առնել թագաւորի հրամանը։12Արդ, ո՛վ մարդիկ, մի՞թէ զօրաւորը թագաւորը չէ, որի հրամանի խօսքը լինում է այսքան հզօր, եւ նա իշխում է բոլորի վրայ»։ Այս ասաց եւ լռեց։13Երրորդը, որ ասել էր կանանց զօրութեան եւ ճշմարտութեան մասին, Զորոբաբէլն էր։ Նա սկսեց խօսել եւ ասաց. 14«Ո՛վ մարդիկ, եթէ մեծազօր է թագաւորը կամ բազմաթիւ այլ մարդիկ, կամ թէ զօրաւոր է գինին, ապա ո՞վ է, որ յաղթում եւ տիրում է բոլորին. կանայք չե՞ն արդեօք, 15քանզի նրանք են, որ ծնում են թագաւորներին. բոլոր այն մարդիկ, որոնք տիրում են ծովին ու ցամաքին, ծնուել են նրանցից։16Կանայք են, որ ծնել եւ սնել են նաեւ այն մշակներին, որոնք այգիներ են տնկում եւ գինի ստանում դրանցից։ 17Նրանք են, որ հագուստներ են պատրաստում տղամարդկանց համար, որոնցով զարդարւում եւ փառաւորւում են նրանք. տղամարդիկ էլ, առանց նրանց, չեն կարող լինել։ 18Եթէ տղամարդիկ ոսկի, արծաթ եւ ամէն տեսակ բարիքներ էլ հաւաքելիս լինեն, տեսնելով մի գեղեցիկ կին՝ շրջւում են դէպի նա,19բերանները բաց նայում եւ ամբողջ սրտով սիրում են նրան՝ ոսկուց, արծաթից եւ բոլոր բարիքներից առաւել։ 20Տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը, որ ծնել ու սնել են իրեն, նաեւ իր երկիրը, գնում է կնոջ հետ, 21եւ հոգով այնպէս է միանում նրան, որ մինչեւ իսկ չի յիշում ո՛չ հօրը, ո՛չ մօրը եւ ո՛չ էլ իր երկիրը։ 22Հէնց սրանից էլ արժէ, որ դուք իմանաք, թէ ձեր կանայք սիրում են ձեզ, քանզի այն ամէնը, ինչ դուք անում էք եւ վաստակում, բերում եւ տալիս էք ձեր կանանց։ 23Եթէ մարդ իր սուրը վերցնելով՝ գնայ հեռու ճանապարհ, եւ ինչ-որ բան ձեռք բերի՝ աւազակութիւն անի կամ գողանայ, նաւարկի ծովով կամ գետերով, 24գազանների պատահի կամ անցնի խաւար տեղերով, երբ գողանայ, յափշտակի, անցնի բոլոր նեղութիւններից, ապա պիտի գայ եւ իր ամբողջ վաստակը պիտի բերի կնոջ համար, 25որովհետեւ մարդ կնոջն աւելի է սիրում, քան իր հօրն ու մօրը։ 26Շատերն են իրենց խելքը կորցրել եւ իրենց կանանց պատճառով դարձել ծառաներ, 27շատերն են մատնուել կորստի, մեռել ու սպանուել, սխալուել ու ընկել մեծ մեղքերի մէջ՝ կանանց պատճառով։ 28Հիմա դուք ինձ չէք հաւատում. ահա այդ մեծ թագաւորը. անձնիշխան է չէ՞ ինքը. մարդկանցից ամէն մէկը չի համարձակւում մօտենալ նրան։ 29Բայց ես տեսել եմ, թէ ինչպէս թագաւորի հարճի աղջիկը, որ նստել էր թագաւորի աջ կողմում,30թագաւորի գլխից վերցնելով թագը՝ դնում էր իր գլխին, 31ապտակում թագաւորին, բայց թագաւորը դրա համար չէր բարկանում, այլ բերանը բացած՝ նայում էր նրան. եթէ աղջիկը ծիծաղում էր, ինքն էլ էր ծիծաղում նրա հետ, եթէ նա տխրում էր, թագաւորը փաղաքշում էր, մինչեւ որ սփոփէր նրան։ 32Արդ, ո՛վ մարդիկ, մի՞թէ զօրաւորը կանայք չեն, որ անում են այս բոլորը»։ 33Թագաւորն ու նրա մեծամեծները այդ ժամանակ սկսեցին նայել մէկը միւսին, ընկերն՝ ընկերոջը։ Զորոբաբէլն սկսեց խօսել ճշմարտութեան մասին եւ ասաց. 34«Ո՛վ մարդիկ, ճիշտ չէ՞, որ կանայք են զօրաւոր. մեծ է երկիրը, բարձր է երկինքը, արագընթաց է արեգակը, քանզի արշաւելով երկնքի կամարաձեւ խորանի միջով՝ մի օրուայ մէջ դարձեալ արագ սլանում եւ հասնում է իր տեղը։ 35Արդեօ՞ք մեծ չէ Նա, որ ստեղծել է այս բոլորը։ Արդարեւ, մեծ է ճշմարտութիւնը եւ ամէն ինչից զօրաւոր։ 36Ամբողջ երկիրը ապաւինում է ճշմարտութեանը, երկինքը օրհնում է ճշմարտութիւնը, ամէն ինչ սասանւում եւ դողում է նրա առաջ. ճշմարտութեան մէջ անիրաւութիւն չկայ, ոչ մի անիրաւութիւն։ 37Անիրաւ է գինին, անիրաւ է թագաւորը, անիրաւ են նաեւ կանայք, անիրաւ են բոլոր մարդկանց որդիները, անիրաւ են նաեւ նրանց բոլոր գործերը, ճշմարտութիւն չկայ նրանց մէջ, եւ իրենց անիրաւութեան մէջ էլ կը կորչեն իրենք։ 38Իսկ ճշմարտութիւնը կայ, մնում է եւ զօրաւոր է յաւիտենապէս, կենդանի է նա, եւ նրա իշխանութիւնը՝ յաւիտենական։ 39Աչառութիւն չկայ նրա մէջ, նա չի փոփոխւում երբեք, այլ միշտ հաստատում է արդարութիւնը, մերժում չարութիւնն ու անիրաւութիւնը. ճշմարտութեան բոլոր գործերը հաճելի են ամենքին։ 40Անիրաւութիւն չկայ նրա դատաստանի մէջ. ճշմարտութիւնն է թագաւորների հզօրութիւնը, նրանց իշխանութիւնն ու նրանց մեծութիւնը։ Օրհնեալ է ճշմարտութեան Տէր Աստուածը»։ 41Այս խօսքն ասաց եւ լռեց։ Այդ ժամանակ բոլոր հաւաքուածները բարձրաձայն աղաղակեցին եւ ասացին. «Մեծ է ճշմարտութիւնը, ե՛ւ յաղթող, ե՛ւ զօրաւոր»։ 42Իսկ թագաւորն ասաց նրան. «Խնդրի՛ր, ինչ որ ուզում ես, եւ ես կը տամ գրուածից աւելին, քանզի դու բոլորից իմաստուն գտնուեցիր. դու կը նստես իմ երկրորդ աթոռին եւ կը կոչուես իմ ազգականը»։ 43Այն ժամանակ Զորոբաբէլն ասաց թագաւորին. «Յիշի՛ր այն ուխտը, որ արեցիր Երուսաղէմը վերաշինելու մասին այն օրը, երբ թագաւոր դարձար։ 44Դու ասացիր. «Երբ Կիւրոսը գրաւեց Բաբելոնը, գնաց եւ առանձնացրեց այնտեղ Երուսաղէմի կայքն ու սպասքը եւ ուխտ արեց վերադարձնելու Տիրոջ սպասքը։ 45Նոյնպէս եւ դու, ո՛վ թագաւոր, ուխտեցիր շինել Տիրոջ տաճարը, որ այրեցին եդոմայեցիները, երբ քաղդէացիները Հրէաստանը անապատ դարձրին։ 46Այժմ, ահա, աղաչում եմ քեզ, տէ՛ր իմ եւ թագաւո՛ր, խնդրում եմ քեզանից. այս մեծ պարգեւը շնորհի՛ր դու ինձ. սրա համար աղաչում եմ քեզ. կատարի՛ր այն ուխտը, որ ուխտեցիր երկնային թագաւորին, արա՛ այնպէս, ինչպէս խոստացար քո բերանով»։ 47Այն ժամանակ Դարեհ թագաւորը վեր կացաւ եւ համբուրեց Զորոբաբէլին։ Նրա համար թղթեր գրեց բոլոր գաւառապետներին, տեղերի կառավարիչներին, զօրապետներին եւ նախարարներին, որպէսզի նրանք ճանապարհ տան նրան, ինչպէս եւ նրանց, ովքեր նրա հետ էին՝ վերադառնալու եւ վերաշինելու Երուսաղէմը։ 48Թագաւորը թուղթ գրեց նաեւ Ասորիքի, Փիւնիկէի եւ Լիբանանի կողմերի կառավարիչներին, որպէսզի նրանք Լիբանանից մայրի շինափայտ առաքեն Երուսաղէմ եւ Զորոբաբէլի հետ վերաշինեն քաղաքը։ 49Գրեց նաեւ բոլոր հրեաներին, որոնք Հրէաստան էին վերադառնում իր թագաւորութիւնից, նրանց ազատեց հարկերից եւ բոլոր զօրապետներին, նախարարներին, կառավարիչներին ու գաւառապետներին ասաց, որ ոչ ոք հարկի համար չմօտենայ նրանց դռներին, 50որ բոլոր այն վայրերում, ուր բնակւում են նրանք, հարկ չտան եւ լինեն ազատ, որ բոլոր եդոմացիները հրեաներին տան այն բոլոր գիւղերն ու վայրերը, որ վերցրել էին նրանցից, 51որ տաճարի շինութեան համար արքունիքից տան տարեկան քսան տաղանդ, մինչեւ որ տաճարը կառուցուի։ 52Նաեւ ողջակէզների զոհասեղանի համար զոհեր տան բոլոր այն օրերին, ինչպէս գրուած է Օրէնքում, եւ անխափան մատուցեն եօթնորդներն ու տասանորդները, ինչպէս նաեւ՝ տարեկան տասը տաղանդ։ 53Բոլոր նրանք, ովքեր վերադառնում են Երուսաղէմ, թող վերաշինեն քաղաքը, ազատ լինեն եւ հարկ չվճարեն՝ թէ՛ իրենք ու իրենց տոհմերը եւ թէ՛ բոլոր քահանաները։ 54նաեւ հրամայեց գրել, որ ամէն տեսակ մթերք եւ պատմուճան տան քահանաներին՝ Տիրոջ պաշտամունքը կատարելու համար։ 55Գրեց, որ ղեւտացիներին ռոճիկ տան, մինչեւ որ աւարտուի Տիրոջ տաճարի շինութիւնը, եւ Երուսաղէմը վերաշինուի։ 56Գրեց նաեւ, որ բոլոր նրանց, ովքեր պահպանում են քաղաքը, հողաբաժիններ տան եւ ռոճիկ։ 57Նա Բաբելոնից ուղարկեց տաճարի այն ամբողջ կայքն ու սպասքը, որ առանձնացրել էր Կիւրոսը. եւ ամէն բան, որ ասել էր Կիւրոսը, Դարեհը նոյնն արեց եւ կատարեց ճշտութեամբ. Տիրոջ ամբողջ սպասքը տուեց, որ տանեն։ 58Երբ Զորոբաբէլը դուրս եկաւ թագաւորի մօտից, ձեռքերը բարձրացրեց դէպի երկինք, դէպի Երուսաղէմի կողմը, օրհնեց երկնքի Տէր թագաւորին եւ ասաց. 59«Քեզանից է յաղթութիւնը, քեզանից է իմաստութիւնը եւ քեզ է վայել փառքը. 60ես քո ծառան եմ եւ օրհնում եմ քեզ, որ իմաստութիւն տուեցիր ինձ, ես գոհութիւն եմ մատուցում քեզ՝ մեր հայրերի Աստծուն»։ 61Նա վերցրեց թղթերն ու գնաց։ Եկաւ Բաբելոն, ամէն ինչ պատմեց իր եղբայրներին։ 62Նրանք օրհնեցին իրենց հայրերի Աստծուն, քանի որ Տէրը նրանց ազատութիւն շնորհեց։63Թոյլ տուեց գերութիւնից վերադառնալ եւ վերաշինել Երուսաղէմն ու Տիրոջ տաճարը, որն այդ քաղաքում կոչուեց իր անունով։ Եւ եօթը օր նրանք մեծ ուրախութիւն արեցին ամէն տեսակ նուագարաններով։ 
5 Այս բոլորից յետոյ նրանք ընտրեցին տոհմերի, ազգերի ու ցեղերի նահապետներ ու առաջնորդներ, որպէսզի իրենց կանանց, տղաների, աղջիկների ու ծառաների հետ եւ իրենց ամբողջ կայքով ու ունեցուածքով վերադառնան Երուսաղէմ։ 2Դարեհը նրանց հետ ուղարկեց հազար ձիաւոր, որպէսզի նրանք ապահով հասնեն Երուսաղէմ, 3յետոյ թմբուկների, փողերի եւ այլ նուագարանների նուագով, պարով եւ մեծ ուրախութեամբ նրանց ճանապարհեց Երուսաղէմ։ 4Ըստ իրենց հայրերի անունների եւ ըստ իրենց ազգատոհմերի, ահա սրանք են անուններն այն մարդկանց, որ վերադարձան Երուսաղէմ. 5Քահանաներից՝ Ահարոնի որդի Փենեէսի որդիները, Յոսեդեկի որդի Յեսուն, Յուդայի ցեղից, Փարէսի տոհմից, Դաւթի ազգից՝ Յովակիմը, որ Սաղաթիէլի որդի նոյն Զորոբաբէլն էր,6հէնց նա, որ Դարեհ արքայի առաջ իմաստուն խօսքեր ասաց Նիսան ամսին՝ նրա թագաւորութեան երկրորդ տարուայ առաջին ամսին։7Սրանք բոլորը հրեաներ էին, որոնց թոյլ տրուեց գերութիւնից վերադառնալ Երուսաղէմ. սրանց գերի էր տարել Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան։ 8Սրանք վերադարձան Երուսաղէմ եւ բնակութիւն հաստատեցին Հրէաստանում՝ իւրաքանչիւրն իր քաղաքում։ Նրանց առաջնորդներն էին Զորոբաբէլը եւ Յոսեդեկի որդի Յեսուն. քահանաների ազգատոհմից՝ Նէեմին, Զարեհը, Ռեսէն, Անանիան, Մուրդքէն, Բեելսարը, Ասփարասը, Բորսէլը, Ռուիբը եւ Բաանան։ 9Ահա եւ նրանց ազգերի տոհմապետների եւ իշխանների անուններն ու թիվը. Փորոսի որդիները՝ երկու հազար հարիւր եօթանասուներկու մարդ. Սափատիայի որդիները՝ չորս հարիւր եօթանասուներկու. 10Արէսի որդիները՝ եօթը հարիւր եօթանասունվեց.11Նեփթաղիմ Մովաբացու որդիները, Յեսուի եւ Ռովաբի որդիները՝ երկու հազար ութ հարիւր տասներկու. 12Ելամի որդիները՝ երկու հազար երկու հարիւր յիսունչորս. Զատոնայի որդիները՝ ինը հարիւր քառասունհինգ. Բորքիայի որդիները՝ եօթը հարիւր յիսուն. 13Բանիայի որդիները՝ վեց հարիւր քառասունութ. Բերիայի որդիները՝ վեց հարիւր քսաներեք. Արդիայի որդիները՝ երեք հազար երեք հարիւր քսաներկու.14Ադոնիկամի որդիները՝ վեց հարիւր եօթանասունեօթը. Բոսորիայի որդիները՝ երկու հազար վեց հարիւր վեց. Ադինայի որդիները՝ չորս հարիւր յիսունչորս. 15Ազերեղեկիայի որդիները՝ իննսուներկու. Իլանայի որդիները եւ Զետայի որդիները՝ վաթսունեօթը. Ազարիայի որդիները՝ չորս հարիւր երեսուներկու. 16Գերդալի որդիները՝ վեց հարիւր երեսուներկու. Անանիայի որդիները՝ հարիւր քսան. Արոմի որդիները՝ երեք հարիւր քսաներեք. 17Արսիփուրի որդիները՝ հարիւր տասներկու. Բետերի որդիները՝ երեք հազար իննսունհինգ. Բեթլոմի որդիները՝ հարիւր քսաներեք։ 18Նատոբի մարդիկ յիսունհինգ հոգի էին, Նատտայինը՝ հարիւր յիսունութ, Բեթսամոթինը՝ քառասուներկու,19Կարիաթարիմինը՝ քսանհինգ, Քափիրինը եւ Թերոնինը՝ եօթը հարիւր քառասունութ, Քադիասիայինը եւ Ամիդայինը՝ չորս հարիւր քսաներկու,20Կիմարինը եւ Կաբէսինը՝ վեց հարիւր քսանմէկ, Մակալոնինը՝ հարիւր քսաներկու, 21Բետոլիամայինը՝ յիսուներկու։ 22Նեփիսայի որդիները՝ հարիւր յիսունվեց մարդ. Կալամոլի որդիները եւ Օնիայի որդիները՝ եօթը հարիւր քսանհինգ. 23Երեքոյի որդիները՝ երեք հարիւր քառասունհինգ, Սանասսի որդիները՝ երեք հազար երեք հարիւր երեսունմէկ։ 24Քահանաների որդիները. Յեսուի որդի Յեդդուտի որդիները՝ ինը հարիւր երեսուներկու. Եմմերի որդիները՝ հազար յիսուներկու. 25Փասորի որդիները՝ հազար երկու հարիւր քառասունհինգ. Քարմիայի որդիները՝ հազար տասնեօթը։ 26Իսկ ղեւտացիների որդիների թիւը այս էր. Յեսուինը՝ մէկ, Կոդոլիայինը՝ Բանիայինը եւ Սուդիայինը՝ եօթանասունչորս։ 27Քահանաների ազգատոհմից կային սաղմոս երգողներ. Ասափի որդիները՝ հարիւր քառասունութ մարդ։28Դռնապաններից՝ Սալոմիայի որդիները, Ատերի որդիները, Տոլմանիայի որդիները, Գակուբիայի որդիները, Ատերի որդիները, Սաբէի որդիները, բոլորը միասին՝ հարիւր երեսունինը մարդ։29Քահանաների ծառաները. Ասիփի որդիները, Տաբալի որդիները, Կերի որդիները, Սուի որդիները, Փալիայի որդիները, Լաբանիայի որդիները, Ադաբի որդիները, 30Ակուդի որդիները, Ուտի որդիները, Կեդաբի որդիները, Ադաբի որդիները, Սուբայիմի որդիները, Աստանի որդիները, Կաթուի որդիները, Գելլուրի որդիները, 31Յաբուի որդիները, Դեսանի որդիները, Նորի որդիները, Ասէբի որդիները, Գազերի որդիները, Օքոզիայի որդիները, Փանիայի որդիները, Ասարի որդիները, Բասիայի որդիները, Ասանի որդիները, Մաանի որդիները, Նափիսի որդիները, Ակումի որդիները, Աքիփի որդիները, Ասուրի որդիները, Փարակի որդիները, 32Փասալոթի որդիները, Դեդանի որդիները, Կութի որդիները, Քարէսի որդիները, Բարքուսի որդիները, Սեսարի որդիները, Թումայի որդիները, Նասի որդիները, Ատեփի որդիները։ 33Սողոմոնի ծառաների որդիները. Սափփիոթի որդիները, Փարիդի որդիները, Յեելի որդիները, Լոզոնի որդիները, Սաելի որդիները, Սափիայի որդիները, 34Ագիայի որդիները, Փաքարիայի որդիները, Սաբիայի որդիները, Սարոթի որդիները, Մասսիայի որդիները, Գասայի որդիները, Ադուսի որդիները, Սուբասի որդիները, Ափփերի որդիները, Բարոդիայի որդիները, Սափատի որդիները, Ալլոնիայի որդիները։ 35Քահանաների եւ Սողոմոնի բոլոր ծառաները միասին՝ երեք հարիւր եօթանասուներկու մարդ։ 36Բաբելոնից էին վերադարձել թէ՛ սրանք եւ թէ՛ սրանց իշխանները՝ Թերմալէթը, Թելեսիասը, Քարաթալան եւ Ալլաարը։37Կային նաեւ ուրիշներ, որ չկարողացան ցոյց տալ ո՛չ իրենց հայրերի տոհմը եւ ո՛չ էլ իրենց սերունդը, թէ իրենք իսրայէլացիներ են։ Դրանք էին՝ Դալանի որդիները, Տուբանի որդիները, Նեկոդանի որդիները՝ վեց հարիւր եօթանասուներկու մարդ։ 38Քահանաներից, որոնք քահանայական ծառայութեան մէջ էին, իրենց նախնիների տոհմերը չկարողացան ցոյց տալ նաեւ Նորդիայի որդիները, Ակբոսի որդիները, Յոգուսի որդիները, որոնք կին էին առել Բերզելիայի աղջիկներից եւ կոչւում էին նրանց անունով։ 39Նրանց անունները փնտռեցին մատեաններում՝ ըստ իրենց տոհմերի եւ ըստ իրենց բնակավայրերի, բայց չգտան. նրանց հեռացրին ծառայութիւնից եւ արգելեցին մօտենալ քահանայութեանը։ 40Նէմիան եւ Ատթարիան նրանց ասացին, որ նրանք սուրբ բաներին չմօտենան այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ քաանայապետ չի պարզաբանել ճշմարտութիւնը նրանց տոհմերի մասին։ 41Բոլոր իսրայէլացիները, ներառեալ տասներկու եւ աւելի բարձր տարիք ունեցողները, չհաշուած ծառաներին եւ աղախիններին, քառասուներեք հազար երեք հարիւր վաթսուն մարդ էին. 42նրանց ծառաներն ու աղախինները՝ եօթը հազար երեք հարիւր երեսունեօթը մարդ. սաղմոս երգողներն ու պաշտամունքի սպասաւորները՝ երկու հարիւր քառասունհինգ մարդ։ 43Նրանց հետ կար չորս հարիւր երեսունհինգ ուղտ, եօթը հազար քառասունվեց ձի, երկու հարիւր քառասունհինգ ջորի եւ հինգ հազար հինգ հարիւր քսանհինգ էշ։44Նրանց իշխաններն ու տոհմապետները եկան, մտան Աստծու տաճարի տեղը, որ գտնւում է Երուսաղէմում, ուխտ արեցին, որ տաճարը նորից կը կանգնեցնեն իր տեղում, եւ 45ի նպաստ գործի, իւրաքանչիւրն ըստ իր կարողութեան, տաճարի գանձանակին տալիս էր ոսկի՝ հազար մնաս, արծաթ՝ հինգ հազար մնաս եւ քահանայական հարիւր պատմուճան։ 46Քահանաները, ղեւտացիները եւ ժողովուրդը բնակուեցին Երուսաղէմում եւ մօտիկ վայրերում, իսկ սաղմոսասաց պաշտօնեաները, դռնապաններն եւ բոլոր իսրայէլացիները՝ իրենց գիւղերում եւ ագարակներում։ 47Եօթներորդ ամսին բոլոր իսրայէլացիները իրենց բնակավայրերից վեր կացան եւ միահամուռ հաւաքուեցին Երուսաղէմում, ընդարձակ մի տեղ, արեւելեան կողմի դռան առջեւ։ 48Յոսեդեկի որդի Յեսուն ու նրա եղբայրները, քահանաների ամբողջ բազմութիւնը, Սաղաթիէլի որդի Զորոբաբէլն ու նրա եղբայրները պատրաստեցին Իսրայէլի Տէր Աստծու զոհասեղանը49նրա վրայ ողջակէզներ մատուցելու համար ըստ այն կարգի, ինչպէս գրուած է Աստծու մարդու՝ Մովսէսի գրքում։ 50Հրեաները հաւաքուեցին, զատուեցին երկրի հեթանոս այլազգիներից, կանգնեցրին զոհասեղանն իր նախկին տեղում, ու թէեւ հեթանոսներն իրենց թշնամիներն էին, սակայն երկրի բոլոր այլազգիներն էլ օգնում էին իրենց։ Նրանք ժամանակ առ ժամանակ ընծաներ եւ զոհեր էին բերում, իսկ իրենք մատուցում էին Տիրոջ թէ՛ առաւօտեան եւ թէ՛ երեկոյեան ողջակէզները։ 51Նրանք կատարեցին Տաղաւարահարաց տօնն այն կարգով, ինչպէս գրուած էր Մովսէսի օրէնքներում եւ մատուցում էին ամենօրեայ զոհերը՝ ըստ ընդունուած կարգի։ 52Նրանք մատուցում էին նաեւ ըստ ժամանակների սահմանուած ողջակէզները՝ շաբաթ օրերի եւ ամէն ամսամտի ողջակէզները եւ, ըստ կարգի, կատարում էին բոլոր սուրբ տօները։ 53Եւ բոլոր նրանք, որ ուխտ էին արել Աստծուն, եօթներորդ ամսի ամսամտին սկսեցին ողջակէզներ մատուցել Տէր Աստծուն, մինչդեռ Տէր Աստծու տաճարը դեռեւս կառուցուած չէր։54Նրանք քարհատներին ու հիւսներին փող ու մթերք տուեցին,55սիդոնացիներին եւ տիւրոսացիներին՝ նոյնպէս, որպէսզի նրանք Լիբանանից մայրի շինափայտ բերեն, նաւերով հասցնեն Յոպպէ նաւահանգիստը, ինչպէս ժամանակին նրանց հրամայել եւ կարգադրել էր Պարսկաստանի Կիւրոս թագաւորը։ 56Սաղաթիէլի որդի Զորոբաբէլը, Յոսեդեկի որդի Յեսուն եւ նրանց եղբայրները, քահանաներն ու ղեւտացիները, նաեւ բոլոր նրանք, որ Երուսաղէմ էին վերադարձել գերութիւնից, Երուսաղէմ գալու իրենց երկրորդ տարուայ երկրորդ ամսին սկսեցին կառուցել տաճարը։ 57Նրանք Տէր Աստծու տան հիմքերը գցեցին գերութիւնից Հրէաստան եւ Երուսաղէմ վերադառնալու երկրորդ տարուայ երկրորդ ամսի ամսամտին։ 58Քսան տարեկանից բարձր ղեւտացիներին նրանք յանձնարարեցին Տիրոջը սպասաւորելու գործը, իսկ Յեսուն, նրա որդիներն ու եղբայրները, նրա եղբայր Կադմիէլը, Բաբունի որդի Յեբուհէմի որդիները, Ելիադիայի որդի Յովիդէի որդիները՝ իրենց եղբայրների հետ, եւ բոլոր ղեւտացիները միահամուռ աշխատում էին Տիրոջ տաճարի գործի վրայ, իսկ վարպետները կառուցում էին Տիրոջ տաճարը։59Քահանայապետները, երկար զգեստներ հագած, դասաւորուել էին նուագարաններ ու շեփորներ ձեռքերին, իսկ ղեւտացիները՝ Ասափի որդիները ծնծղաներ էին բռնել, 60սաղմոսներ էին երգում եւ օրհնում Աստծուն՝ ըստ նուագարանների ու երգերի այն կարգի, որ սահմանել էր Իսրայէլի Դաւիթ թագաւորը։ 61Նրանք բարձրաձայն օրհնում եւ գոհութիւն էին մատուցում Տէր Աստծուն, որ նրա բարերարութիւնը եւ փառքը յաւիտենական է ամբողջ Իսրայէլի համար։ 62Եւ ամբողջ ժողովուրդը լիաշունչ շեփորներ էր փչում, բարձրաբարբառ գոչում եւ օրհնում էր Տիրոջը, որ նա կանգնեցնում է իր սուրբ տաճարը։ 63Եկան եւ շինարարութեան վայր մտան ղեւտացի այն քահանայապետները, որոնք, ըստ իրենց հայրերի նահապետութեան, գահերէցներ եւ առաջնորդներ էին եւ որոնք տեսել էին նախկին տաճարը, որը կառուցուած էր սրանից առաջ։ 64Ոմանք բարձրաձայն լալիս էին, ոմանք շեփորներ էին փչում, ոմանք արձակում ուրախութեան կանչեր, եւ այդ ձայները խառնուել էին այնպէս, 65որ բազմութիւնը, ժողովրդի լացի ձայներից, չէր կարողանում լսել շեփորների ձայնը, թէեւ բազմաթիւ շեփորներ էին փչում, եւ նրանց ձայնը հասնում էր հեռու, հեռաւոր վայրեր։ 66Յուդայի ու Բենիամինի ազգի թշնամիները լսեցին, եկան տեսնելու եւ իմանալու, թէ ինչ էր նշանակում շեփորների այդ ձայնը, 67եւ իմացան, որ Բաբելոնի գերութիւնից վերադարձած հրեաները կառուցում են Իսրայէլի Տէր Աստծու տաճարը։ 68Նրանք մօտեցան Զորոբաբէլին, Յոսեդեկի որդի Յեսուին եւ այլ իշխանների ու տոհմապետների եւ ասացին նրանց. «Թողէ՛ք մենք էլ ձեզ հետ կառուցենք տաճարը, 69որովհետեւ ինչպէս դուք, այնպէս էլ մենք ենք լսում ձեր Տէր Աստծուն, մենք էլ ենք նրան զոհեր մատուցում այստեղից ձեր գերեվարուելուց յետոյ, այն օրից ի վեր, երբ մեզ Ասորեստանի Սալմանասար թագաւորը գերի վերցրեց, բերեց եւ բնակեցրեց այստեղ»։ 70Զորոբաբէլը, Յոսեդեկի որդի Յեսուն եւ Իսրայէլի միւս իշխաններն ու տոհմապետները նրանց ասացին. «Մեզ վայել չէ, որ մենք ձեզ հետ կառուցենք մեր Տէր Աստծու տունը, 71միայն մե՛նք պիտի կառուցենք մեր Աստծու տաճարը, ինչպէս որ հրամայել է մեզ Պարսկաստանի Կիւրոս թագաւորը»։ 72Սրանք հէնց այն ազգերն էին, որ միացել էին Յուդայի երկրի թշնամիներին 73եւ արգելք եղել Կիւրոս թագաւորի ժամանակ տաճարը կառուցելուն, քանի որ նա հրամայել էր տաճարը կառուցել իր կենդանութեան ժամանակ. իսկ նրա մահից յետոյ էլ արգելեցին տասներկու տարի՝ մինչեւ Դարեհ թագաւորի թագաւորութեան երկրորդ տարին։









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Плов по-араратски

Плов по-араратскиРисовый плов переложить на широкое овальное блюдо, придав форму...

Булочки «армянские»

Булочки «армянские»Булочки «армянские» — национальное изделие, выпекаемое из муки высшего...

Мясной горошек

Мясной горошекМякоть говядины вместе с чесноком и болгарским перцем пропустить...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта