Բ ԵԶՐԱՍ

(0 голоса, среднее 0 из 5)

2 Եզրաս


1 Պարսկաստանի Կիւրոս արքայի առաջին տարում, որպէսզի կատարուէր Տիրոջ խօսքը, որ ասուել էր Երեմիա մարգարէի բերանով, Տէրը զարթնեցրեց Պարսկաստանի Կիւրոս թագաւորի ոգին, եւ նա պատուէր ու հրաման տուեց բոլոր նրանց, ովքեր գտնւում էին իր թագաւորութեան ներքոյ։ Այս էր այդ հրովարտակը. 2«Այսպէս է ասում Պարսկաստանի Կիւրոս թագաւորը. երկնքի Տէր Աստուածն ինձ տուեց երկրի վրայ բոլոր թագաւորութիւնները եւ հրամայեց ինձ, որ ես նրա համար տաճար կառուցեմ Հրէաստանի Երուսաղէմ քաղաքում։ 3Տիրոջ ամբողջ ժողովրդից ով էլ որ կայ ձեր մէջ, եւ ում հետ որ է նրա Աստուածը, թող ելնի ու գնայ Հրէաստան՝ Երուսաղէմ, եւ կառուցի Իսրայէլի Տէր Աստծու տունը. թող Աստուած ինքը, որ բնակւում է Երուսաղէմում, լինի նրա հետ։ 4Ամէն մարդ իր ունեցուածքը թող վերցնի իր հետ, տանի այն տեղը, ուր պիտի բնակուի ինքը։ Ամէն մարդ կարող է վերցնել իր ամբողջ ունեցուածքը՝ լինի արծաթ թէ ոսկի, կայք թէ անասուն։ Թող իրենց ընկերների հետ նրանք վերցնեն ամէն ինչ՝ Տէր Աստծու տաճարը Երուսաղէմում կառուցելու համար»։ 5Այն ժամանակ վեր կացան Յուդայի եւ Բենիամինի ցեղերի տոհմապետները, իշխանները, քահանաները, ղեւտացիներն ու բոլոր նրանք, ում ոգին զարթնեցրել էր Տէր Աստուած՝ վերադառնալու եւ Տէր Աստծու տաճարը Երուսաղէմում կառուցելու համար։ 6Բոլորը, ովքեր համախմբուել էին նրանց շուրջը, օգնում էին նրանց, զօրացնում նրանց ձեռքը՝ տալով արծաթ ու ոսկի, գոյք ու անասուն եւ այլ ընծաներ ու նուէրներ։ 7Կիւրոս թագաւորը բերել տուեց Տիրոջ տաճարի այն ամբողջ կայքն ու սպասքը, որ Նաբուքոդոնոսորը վերցրել էր Երուսաղէմից, բերել եւ պահելու էր տուել իրենց աստուածների տանը։ 8Այդ բոլորը Պարսկաստանի Կիւրոս թագաւորը բերել տուեց Միթրիդատ գանձապետի ձեռքով, հաշուեց եւ տուեց Յուդայի երկրի իշխան Սամանասարին։ 9Այս է ահա դրանց թիւը. ոսկէ մատուցարաններ՝ երեսուն, արծաթէ անօթներ ու մատուցարաններ՝ հազար, դանակներ՝ քսանինը, 10ոսկէ թասեր՝ երեսուն, արծաթէ թասեր՝ դարձեալ հազար։11Բոլոր ոսկէ ու արծաթէ իրերի թիւը հինգ հազար չորս հարիւր էր։ Այդ բոլորը Սամանասարն իր հետ Բաբելոնից բերեց Երուսաղէմ՝ գերութիւնից վերադառնալու ժամանակ։ 
2 Սրանք են, իւրաքանչիւրն ըստ իր բնակավայրի, գերութիւնից վերադարձած այն իսրայէլացիները, որոնց բաբելացիների Նաբուքոդոնոսոր թագաւորը գերի էր տարել Բաբելոն, եւ որոնց Կիւրոս թագաւորը Բաբելոնից վերադարձրեց Երուսաղէմ եւ Հրէաստան՝ ամէն մարդու իր քաղաքը։ 2Զորոբաբէլի հետ գերութիւնից վերադարձել էին Յեսուն, Նէեմին, Սարէասը, Ռէիլիասը, Մարդորէոսը, Բալասանը, Մասփարը, Բագուարը, Ռէումը եւ Բաանան։ 3Ահա գերութիւնից վերադարձած իսրայէլացիների թիւը. Փորոսի որդիները՝ երկու հազար հարիւր եօթանասուներկու. 4Սափատի որդիները՝ չորս հարիւր եօթանասուներկու. 5Արէսի որդիները՝ եօթը հարիւր եօթանասունվեց.6Նեփթաղիմ Մովաբացու որդիները, որոնք Յեսուի եւ Ռովաբի որդիներից էին, երկու հազար ութ հարիւր տասներկու. 7Ելամի որդիները՝ երկու հազար երկու հարիւր յիսունչորս. 8Զատոնայի որդիները՝ ինը հարիւր քառասունհինգ. 9Քորբի որդիները՝ եօթը հարիւր յիսուն. 10Բանիայի որդիները՝ հազար քառասունութ. 11Բիբիայի որդիները՝ ութ հարիւր քսաներեք. 12Արգիայի որդիները՝ երեք հազար երեք հարիւր քսաներկու. 13Ադոնիկամի որդիները՝ ութ հարիւր եօթանասունեօթը. 14Բոսերի որդիները՝ երկու հազար ութ հարիւր վեց.15Ադդինայի որդիները՝ չորս հարիւր յիսունչորս. 16Եզեկիայի տոհմից Ազերի որդիները՝ իննսունվեց. 17Բեսէէի որդիները՝ երեք հարիւր քսաներեք. 18Յարովի որդիները՝ հարիւր տասներկու. 19Ասումի որդիները՝ երկու հարիւր քսաներեք. 20Դաբերի որդիները՝ իննսունհինգ.21Բեթղեհէմի որդիները՝ հարիւր քսաներեք. 22Նետոփի որդիները՝ յիսունվեց. 23Անաթոթի որդիները՝ հարիւր քսանութ. 24Ասմոթի որդիները՝ քառասուներկու. 25Կարիաթարիմի, Քափիրի եւ Բերոթի որդիները՝ եօթը հարիւր քառասուներկու. 26Ռասամի եւ Գայերի որդիները՝ հազար քսանմէկ. 27Մաքմասի որդիները՝ հարիւր քսաներկու.28Բեթէլի եւ Յեգէի որդիները՝ չորս հարիւր քսաներեք. 29Նաբոթի որդիները՝ յիսուներկու. 30Մակեբիսի որդիները՝ հարիւր յիսունվեց.31Ելեմարի որդիները՝ հազար երկու հարիւր յիսունչորս. 32Իրամի որդիները՝ երեք հարիւր քսան. 33Լիդլոնի, Լոդադի եւ Օնոյի որդիները՝ եօթը հարիւր քսանհինգ. 34Յերիքոյի որդիները՝ երեք հարիւր քառասունհինգ. 35Սեննայի որդիները՝ երեք հազար վեց հարիւր երեսուն։ 36Քահանաների որդիները. Յոսեդեկի որդի Յեսուի տոհմից Յեգուի որդիները՝ ինը հարիւր եօթանասուներեք. 37Եմմերի որդիները՝ հազար յիսուներկու. 38Փասուրի որդիները՝ հազար երկու հարիւր քառասունութ. 39Երեմի որդիները՝ հազար եօթը հարիւր։40Ղեւտացիներ՝ Սեդուիայի որդիներից. Յեսուի եւ Կադմիէլի որդիները՝ եօթանասունչորս։ 41Սաղմոսասացներ եւ երգիչներ. Ասափի որդիները՝ հարիւր քսանութ։ 42Դռնապանների որդիներ. Ելումի որդիները, Ատտերի որդիները, Տելմոնի որդիները, Ակուբբի որդիները, Ատիտի որդիները, Սուբայի որդիները՝ բոլորը միասին հարիւր երեսունինը։43Նաթանի տոհմից՝ Սուալի որդիները, Ասուփի որդիները, Տաբոթի որդիները, 44Կերոսի որդիները, Սիայի որդիները, Փադոնի որդիները,45Լաբանի որդիները, Ագաբի որդիները, Ակկուբի որդիները, 46Ադաբի որդիները, Սալամէի որդիները, Անանի որդիները, 47Գեդդէլի որդիները, Գաարի որդիները, Ռադիայի որդիները, 48Ռասոնի որդիները, Նեկոդանի որդիները, Գազամի որդիները, 49Գազայի որդիները, Փասէի որդիները, Բասիի որդիները, 50Ասենայի որդիները, Մովանիմի որդիները, Նեփուսիմի որդիները, 51Բակութի որդիները, Ակուփի որդիները, Արուրի որդիները, 52Բաւալոթի որդիները, Միդայի որդիները, Արսայի որդիները, 53Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները, 54Նեսուայի որդիները, Ատուփայի որդիները։55Սողոմոնի ծառաների որդիներ. Սոտէի որդիները, Ասոփերաթի որդիները, Փակդուրայի որդիները, 56Յելայի որդիները, Կերդոնի որդիները, Կերդիէլի որդիները, 57Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքերոթ-Ասեբայիմի որդիները, Եմէի որդիները։ 58Նաթանի որդիների եւ Սողոմոնի ծառաների որդիների թիւը, բոլորը միասին՝ երեք հարիւր իննսուներկու մարդ։ 59Ահա եւ նրանք, որ վերադարձան Թելմելէքից, Թելարէսից, Քերուբից, Եդարից եւ Եմերից, բայց որոնք չկարողացան ցոյց տալ իրենց հայրերի ազգատոհմերը եւ ոչ էլ այն, թէ իրենք իսրայէլացիների սերունդ են. 60դրանք էին Դալաւայի որդիները, Տուբիի որդիները, Նեկոթի որդիները՝ վեց հարիւր յիսուներկու մարդ։61Քահանաների որդիներից. Աբաիայի որդիները, Ակուսի որդիները, Բերզելայի որդիները, որոնք կին էին առել Բերզելա Գաղաադացու աղջիկներից եւ այդ պատճառով էլ մոռացուել էր իրենց ազգատոհմի անունը։ 62Թէեւ մատեաններում փնտռեցին նրանց ծննդաբանութիւնը, սակայն գրուած վկայութիւններ չգտնուեցին, եւ նրանց վտարեցին քահանայութիւնից։ 63Անամեսթիան ասաց նրանց. «Դուք իրաւունք չունէք ուտելու ամենասուրբ բաներից, մինչեւ որ չյայտնուի մի քահանայապետ, որը ցոյց տայ ձեր ազգահամարը եւ լիովին պարզաբանի ամէն ինչ»։ 64Գերութիւնից վերադարձած ամբողջ ժողովուրդը քառասուներկու հազար երեք հարիւր վաթսուն մարդ էր,65չհաշուած ծառաներին, աղախիններին եւ նրանց երեխաներին, որոնց թիւը եօթը հազար երեք հարիւր երեսունեօթն էր, չհաշուած նաեւ սամոսերգու տղամարդկանց եւ կանանց, որոնք երկու հարիւր հոգի էին։66Նրանք ունէին ձիեր՝ եօթը հարիւր երեսունվեց, ջորիներ՝ երկու հարիւր քառասունեօթը, 67ուղտեր՝ չորս հարիւր երեսունհինգ, էշեր՝ վեց հազար եօթը հարիւր քսան։ 68Այն տոհմապետներն ու իշխանները, որոնք վերադարձան Երուսաղէմ՝ Տիրոջ տունը, իրենց նպաստը բերեցին Աստծու տան կառուցմանը՝ 69ըստ իրենց կարողութեան այդ գործի համար գանձարանին տալով վաթսունմէկ հազար երկդրամեան ոսկի եւ քահանայական հարիւր պատմուճան։ 70Եւ այսպէս՝ քահանաներն ու ղեւտացիները, ժողովրդի միջից մարդիկ եւ երգիչները, դռնապաններն ու նաթանայացիները բնակուեցին իրենց քաղաքներում եւ, առհասարակ, բոլոր իսրայէլացիները՝ իւրաքանչիւրն իր բնակավայրում։ 
3 Երբ հասաւ եօթներորդ ամիսը, եւ իսրայէլացիներից իւրաքանչիւրն արդէն իր քաղաքում էր, ամբողջ ժողովուրդը մի մարդու պէս եկաւ ու հաւաքուեց Երուսաղէմում։ 2Այդ ժամանակ վեր կացան Յոսեդեկի որդի Յեսուն՝ իր քահանայ եղբայրների հետ եւ Սաղաթիէլի որդի Զորոբաբէլը՝ իր վեց եղբայրների հետ եւ շինեցին Իսրայէլի Տէր Աստծու զոհասեղանը, որպէսզի Մովսէսի՝ Աստծու այդ մարդու գրած օրէնքների համաձայն նրա վրայ ողջակէզներ մատուցեն։ 3Զոհասեղանը վերականգնեցին իր նախկին տեղը. եւ որովհետեւ երկիւղ էին կրում երկրի այլազգիներից, անմիջապէս սկսեցին նրա վրայ ողջակէզներ մատուցել իրենց Տէր Աստծուն՝ մէկ անգամ առաւօտեան, մէկ անգամ էլ երեկոյեան։ 4Նրանք կատարեցին Տաղաւարահարաց տօնը՝ ըստ գրուած կարգի եւ մատուցեցին ամենօրեայ ողջակէզները՝ ըստ այն թուի, որքան սահմանուած էր օրուայ համար։ 5Մատուցեցին նաեւ ամսամտի եւ շաբաթ օրերի ողջակէզները, կատարեցին Տիրոջ տարեկան բոլոր սուրբ տօներն ու բոլոր նրանց տօնը, ովքեր Տիրոջ դէմ մեղանչում են ակամայ։ 6Եօթներորդ ամսի առաջին օրից սկսեցին ողջակէզներ մատուցել Տէր Աստծուն, թէեւ դեռեւս չէր գցուած Տիրոջ տան հիմքը։ 7Նրանք արծաթ տուեցին քարհատներին եւ հիւսներին, ուտելիք, խմելիք ու ձէթ՝ սիդոնացիներին եւ տիւրոսացիներին, որպէսզի նրանք Լիբանանից ծովով մայրի շինափայտ բերեն Յոպպէ, ինչպէս նրանց հրամայել էր Պարսկաստանի Կիւրոս թագաւորը։8Երուսաղէմ վերադառնալու՝ Աստծու տաճար գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսին Սաղաթիէլի որդի Զորոբաբէլը, Յոսեդեկի որդի Յեսուն, նրանց եղբայրները, քահանաներն ու ղեւտացիները եւ գերութիւնից Երուսաղէմ վերադարձած բոլոր մարդիկ սկսեցին գործը։ Քսան տարեկանից բարձր բոլոր ղեւտացիներին նրանց վերակացուներ կարգեցին Տիրոջ տան շինարարական աշխատանքների վրայ։ 9Յեսուն, նրա որդիներն ու եղբայրները, Կարմիէլն ու նրա որդիները, Յուդայի որդիները, Տիրոջ տան աշխատանքների վերակացուները, նաեւ Ենադադի որդիներն ու նրա ղեւտացի եղբայրները, բոլորն էլ մէկ մարդու պէս սկսեցին շինարարութիւնը։ 10Երբ հիմքերը գցեցին եւ սկսեցին կառուցել Տիրոջ տունը, քահանաները կանգնել էին պատմուճաններ հագած եւ փչում էին իրենց փողերը, իսկ ղեւտացիները՝ Ասափի որդիները, ծնծղաներ էին նուագում եւ օրհնում Տէր Աստծուն՝ ըստ այն կարգի, որ սահմանել էր Իսրայէլի Դաւիթ թագաւորը։ 11Եւ ընկերն ընկերոջն ասում էր. «Օրհնաբանենք եւ գոհութիւն մատուցենք Տիրոջը, քանզի քաղցր է նրա ողորմածութիւնը Իսրայէլի վրայ»։ Եւ ամբողջ ժողովուրրդը բարձրաձայն օրհնում էր Իսրայէլի Տէր Աստծուն, քանզի արդէն գցել էին Տիրոջ տան հիմքերը։12Իսկ քահանաներից ու ղեւտացիներից, իշխաններից ու տոհմապետներից եւ ծերերից շատերը, որոնք տեսել էին Տիրոջ տաճարը, երբ տեսան նրա նոր հիմքերը, բարձրաձայն լաց էին լինում. ամբողջ ժողովուրդը աղաղակում էր ուրախութիւնից՝ բարձրագոչ ճիչ ու կանչերով։ 13Այնպէս բարձր էին ուրախութեան այդ ձայները, եւ ժողովրդի աղաղակն այնքան մեծաշռինդ էր, որ ժողովրդի միջից ոչ ոք չէր կարող զանազանել դրանք իրարից։ Այդ ձայները լսելի էին մինչեւ իսկ հեռո՜ւ-հեռուներից։ 
4 Երբ Յուդայի ու Բենիամինի երկրի թշնամիները լսեցին, որ գերութիւնից եկած իսրայէլացիները վերաշինում են Իսրայէլի Տէր Աստծու տաճարը, 2եկան Զորոբաբէլի, իշխանների եւ տոհմապետների մօտ եւ նրանց ասացին. «Մենք էլ ենք ուզում տաճարը կառուցել ձեզ հետ, որովհետեւ ինչպէս դուք, այնպէս էլ մենք պաշտում ենք ձեր Տէր Աստծուն. մենք էլ ենք զոհեր մատուցում նրան այն օրից, ինչ Ասորեստանի Ասորդան թագաւորը մեզ բերել է այստեղ»։3Զորոբաբէլը, Յեսուն եւ Իսրայէլի միւս իշխաններն ու տոհմապետները նրանց ասացին. «Մեզ վայել չէ, որ ձեզ հետ միասին շինենք Իսրայէլի մեր Տէր Աստծու տունը։ Մենք ինքներս պիտի շինենք Իսրայէլի մեր Տէր Աստծու տունը, ինչպէս հրամայել է մեզ Պարսկաստանի Կիւրոս թագաւորը»։ 4Դրանից յետոյ այդ երկրի այլազգիները թուլացնում էին Հրէաստանի ժողովրդի ձեռքերը, խափանում նրանց շինարարութիւնը,5ծախու խորհրդականներ էին վարձում եւ նրանց հետ մտածում շինարարութիւնը խափանելու մասին՝ սկսած Պարսկաստանի Կիւրոս արքայի թագաւորութեան օրերից մինչեւ Պարսկաստանի Դարեհ արքայի օրերը։ 6Պարսկաստանի Արտաշէս թագաւորի ժամանակ, նրա թագաւորութեան սկզբին, նրանք ամբաստանութեան թուղթ գրեցին Հրէաստանի եւ Երուսաղէմի բնակիչների դէմ։ 7Թուղթը գրեցին Արտաշէսի թագաւորութեան օրերին Միթրիդատէսը եւ Տաբեէլը՝ հարկահաւաք միւս ծառաների հետ միասին, գրեցին ասորերէն, որը թարգմանեց Ռէում Բաալտիմը։ 8Ահա այդ թղթի բովանդակութիւնը, որ նրանք ուղարկեցին Արտաշէս թագաւորին. 9«Մենք՝ քո ծառաները, որ բնակւում ենք Գետի այս կողմում, Ռէում Բաալտիմը, Սամսա գրագիրը եւ մեր միւս ծառայակիցները՝ Դեենէսը, Սփարսաթաքայիէն, Տարփալէէն, Ափերսէէն, Օքուէէն, Բաբելոնէէն, Սուսանան, Քեէդաւէէն, 10եւ մնացած այլ ազգերը, որոնց մեծ եւ փառապանծ Ասենափարը բնակեցրեց Սոմարում, այսինքն՝ Սամարիա քաղաքում, Գետի այս կողմում, - խաղաղութիւն են մաղթում Արտաշէս թագաւորին։ 11Արդ, ո՛վ թագաւոր, թող յայտնի լինի քեզ, որ եթէ այդ քաղաքը վերակառուցուի, եւ նրա պարիսպները կանգնեցուեն, քեզ ոչ միայն ոչ ոք հարկ չի տալու, 12այլ բոլորը դիմադարձ են կանգնելու թագաւորներին, իսկ մենք, որ չենք կամենում այդպիսի յանդգնութիւն թագաւորի դէմ, դրա համար էլ այս ամենի մասին գրեցինք քեզ՝ թագաւորիդ, 13որպէսզի դու քննես, փնտռես ու գտնես քո հայրերի դիւանների մատեաններում, որ իմանաս, թէ դա ապստամբների քաղաք է, թէ ամէն ժամանակ նա ոտքի է ելել թագաւորների դէմ եւ հին ժամանակներից ի վեր միշտ եղել է փախստականների ապաստան եւ հէնց դրա համար էլ աւերուել է այդ քաղաքը։ 14Ահա թէ ինչու մենք քեզ, ո՛վ թագաւոր, յայտնեցինք այդ մասին, որ եթէ այս քաղաքը վերաշինուի եւ նրա պարիսպները կանգնեցուեն, ապա այլեւս խաղաղութիւն չի լինի քեզ համար»։ 15Թագաւորը պատասխան ուղարկեց Ռէում Բաալտիմին, Սամսա գրագրին եւ նրանց միւս ծառայակից ընկերներին, որոնք բնակւում էին Սամարիայում, նաեւ մնացած բոլորին, որ Գետի այն կողմում էին. 16«Ողջո՛յն ձեզ։ Ձեր ուղարկած հարկահանները եկան ինձ մօտ եւ ինձ, իմ առաջ, տեղեկացրին ամէն բան։ 17Ես վերահասու եղայ, քննեցի ու գտայ, որ այդ քաղաքը հին ժամանակներից ի վեր եղել է ապստամբ եւ ոտքի է ելել թագաւորների դէմ, 18որ Երուսաղէմում եղել են հզօր ու բռնակալ թագաւորներ, որոնք տիրել են արեւմտեան կողմին՝ Եփրատ գետից այն կողմը։ Արդ, դուք հարկեր ու տուրքեր դրէ՛ք դրանց վրայ, որպէսզի այլեւս չբռնանան ինքնիշխան կամքով։ 19Այժմ իմ հրամանն է ձեզ, որ գնաք, արգելէք եւ խափանէք նրանց գործը, որպէսզի քաղաքը չկառուցուի, 20չներէք նրանց եւ հանգիստ թողնէք, այլ շտապ յանձն առէ՛ք եւ պահանջեցէ՛ք բոլոր հարկերն ու տուրքերը, որպէսզի նրանք երբեք չբազմանան, չզօրանան ու չկանգնեն թագաւորների դէմ»։ 21Եւ երբ Արտաքսերքսէսի, այսինքն՝ Արտաշէս թագաւորի հարկահաւաքը բերեց այդ հրամանի թուղթը եւ կարդաց Ռեսիմի, Սամսա գրագրի եւ նրանց ծառայակիցների առջեւ, նրանք անմիջապէս ելան եւ հետեւակ ու հեծեալ մեծ զօրքով գնացին Երուսաղէմ, Հրէաստան եւ հրեաներին արգելեցին ու խափանեցին շինարարութիւնը։ 22Այդ ժամանակ էլ խափանուեց եւ դադարեց Տէր Աստծու տաճարի աշխատանքը Երուսաղէմում, եւ այդ դադարը տեւեց մինչեւ Պարսկաստանի Դարեհ արքայի երկրորդ տարին։ 
5 Անգէ եւ Ադդովի որդի Զաքարիա մարգարէները, Իսրայէլի Տէր Աստծու անունով, մարգարէութիւն արեցին Հրէաստանի ու Երուսաղէմի մասին։ 2Այդ ժամանակ վեր կացան Սաղաթիէլի որդի Զորոբաբէլը, Յոսեդեկի որդի Յեսուն եւ սկսեցին կառուցել Իսրայէլի Տէր Աստծու տունը. մարգարէները միաբանեցին նրանց հետ եւ օգնում էին նրանց։ 3Այդ նոյն ժամանակ Եփրատ գետի միւս կողմից նրանց մօտ եկան Թաթանա իշխանը, Սաթրաբուզանը, նրանց ծառայակիցները եւ ասացին. «Ո՞վ է ձեզ հրաման տուել այս տունը շինելու. կամ՝ ո՞ւմ խօսքով էք կանգնեցրել դրա աշտարակները, 4եւ կամ՝ ի՞նչ են այն մարդկանց անունները, որոնք այս քաղաքը շինելու գլխաւորներն են դարձել»։ 5Բայց Տէր Աստծու աչքը քաղցր էր գերութիւնից վերադարձած հրեաների վրայ. նրանք չխափանեցին նրանց աշխատանքը, մինչեւ որ այդ մասին յայտնէին Դարեհ արքային. նրանք հարկահաններ ուղարկեցին արքայի մօտ՝ գործի մասին գրաւոր տեղեկացնելու համար։ 6Ահա այսպէս էին գրել. «Գետի այն կողմերի իշխան Թաթանայից, Սաթրաբուզանից եւ նրա ծառայակիցներից՝7Փարսաքեէից եւ Ռեսիմից՝ ողջոյն Դարեհ թագաւորին։ 8Թող յայտնի լինի թագաւորին, որ մենք գնացինք Հրէաստան երկիրը, Երուսաղէմ քաղաքը, տեսանք մեծազօր Աստծու տաճարը, որը կառուցում էին ընտիր քարերով, փայտէ պահանգներ էին դնում պատերի մէջ, եւ գործը նրանց ձեռքին յաջողութեամբ եւ արագ առաջ էր գնում։ 9Այն ժամանակ մենք նրանց աւագներին հարցրինք, թէ՝ «Ո՞վ է ձեզ հրաման տուել այս տունը կառուցելու, կամ՝ ո՞ւմ խօսքով էք կանգնեցնում սա»,10հարցրինք նաեւ գլխաւորների անունները, որոնք իշխաններ էին։ 11Եւ ահա թէ հրեաները ինչ պատասխանեցին մեզ. «Մենք, - ասացին, - երկնքի եւ երկրի Տէր Աստծու ծառաներն ենք եւ այս տունը շինում ենք այնպէս, ինչպէս շատ տարիներ առաջ կառուցել էր Իսրայէլի մեծ թագաւոր Սողոմոնը. մենք էլ, ըստ նոյն օրինակի, կառուցում ենք այն։12Բայց յետոյ, երբ մեր հայրերը բարկացրին երկնքի ու երկրի Աստծուն, նա էլ բաբելացիների եւ քաղդէացիների արքայ Նաբուքոդոնոսորի ձեռքը մատնեց նրանց. Նաբուքոդոնոսորը քանդեց այս տունը եւ ժողովրդին էլ գերի տարաւ Բաբելոն։ 13Սակայն բաբելացիների Կիւրոս թագաւորի առաջին տարին, Կիւրոս թագաւորը հրաման տուեց շինել Տէր Աստծու այս տունը, 14եւ այս տան արծաթէ եւ ոսկէ այն ամբողջ սպասքն ու գոյքը, որ Նաբուքոդոնոսորը վերցրել էր Երուսաղէմից եւ բերել իր աստուածների տունը, Կիւրոս թագաւորը դրանք վերցրեց թագաւորի գանձատնից, տուեց Սամանասար գանձապետին 15եւ նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ ամբողջ սպասքը եւ կայքը, գնա՛ Երուսաղէմ, Տիրոջ տունը, որ այնտեղ է, տա՛ր եւ այդ կայքը դի՛ր իր տեղում»։ 16Այն ժամանակ Սամանասարը եկաւ Տէր Աստծու տաճարի հիմքը գցեց Երուսաղէմում. այդ օրից էլ, ահա, մենք շինում ենք այն եւ դեռ չենք աւարտել։ 17Արդ, ո՛վ թագաւոր, եթէ հաճելի է քեզ, բաբելացիների թագաւորական մատենադարաններում փնտռի՛ր եւ տե՛ս, թէ իսկապէ՞ս Կիւրոս թագաւորը հրամայել է, որ Հրէաստանի Երուսաղէմ քաղաքում վերաշինեն Տիրոջ այս տունը։ Երբ դու, ո՛վ թագաւոր, տեղեկանաս այդ հրամանի մասին, այն ուղարկի՛ր մեզ»։ 
6 Այն ժամանակ Դարեհ թագաւորը այցելեց թագաւորական մատենադարան, որը գտնւում էր Բաբելոնում, որոնումներ կատարեց գրաւոր յիշատակարաններում 2եւ այնտեղ գտաւ տոմարական մի մատեան, որ գրուած էր եկբատանացիների Ամաթիստ քաղաքում, ուր կար այս յիշատակարանը. 3«Կիւրոս թագաւորի առաջին տարի. Կիւրոս թագաւորը հրաման տուեց Տիրոջ տան մասին, որ գտնւում է Երուսաղէմում, եւ ասաց. «Թող Տիրոջ տաճարը կառուցուի այն տեղում, ուր զոհեր են մատուցում Տիրոջը։ Նրա բարձրութիւնը թող լինի վաթսուն կանգուն, լայնութիւնը՝ նոյնպէս վաթսուն կանգուն։ 4Երեք շարք պատերը կը լինեն մեծ քարերից, մէկ շարքը՝ փայտից. տաճարը կը կառուցուի այդպէս եւ այդպէս էլ կ՚աւարտուի այն։ 5Տիրոջ տան արծաթէ եւ ոսկէ այն կայքն ու սպասքը, որ Նաբուքոդոնոսորը բերել է Երուսաղէմից՝ Տիրոջ տանից, եւ դրել Բաբելոնում, գանձատանը, թող հանեն եւ տանեն Երուսաղէմ՝ Տիրոջ տաճարը. թող տանեն եւ դնեն դրանք Տիրոջ տան մէջ իրենց տեղերը, ուր եղել են առաջ»»։ 6Այն ժամանակ Դարեհը հրաման տուեց գետի այն կողմերի իշխաններին՝ Սաթրաբուզանին եւ գետի կողմերի նրա ծառայակիցներին, նաեւ հեռաւոր տեղերի կառավարիչներին եւ նրանց գրեց այսպէս. 7«Արդ, դուք այսուհետեւ թո՛յլ տուէք հրեաների իշխաններին եւ Իսրայէլի աւագներին, որ նրանք, իր առաջուայ տեղում, կառուցեն Աստծու տունը։ 8Այս է իմ հրամանը. թող ոչ ոք չարգելի Իսրայէլի աւագներին շինելու իրենց Տէր Աստծու տունը, եւ Գետի կողմերի այն հարկահանները, որոնք իմ թագաւորութեան իշխանութեան տակ են, թող ամենայն ճշտութեամբ հոգան այդ մարդկանց ծախսերը եւ չխափանեն աշխատանքները։ 9Երկնքի Տէր Աստծուն ողջակէզներ մատուցելու համար թող նրանց տան արջառներ, խոյեր եւ նոխազներ, ցորեն ու աղ, գինի ու ձէթ, ինչպէս նրանց կը հրամայեն Երուսաղէմի քահանայապետները. թող այդ բոլորը տրուեն նրանց օր-օրի, անխափան, ինչպէս կը պահանջեն նրանք։ 10Թող նրանք անուշահոտ զոհեր մատուցեն երկնքի իրենց Տէր Աստծուն եւ աղօթեն թագաւորի եւ նրա որդիների կեանքի համար։ 11Այս է, ահա, իմ հրամանը, եւ եթէ մէկը դէմ կանգնի իմ հրամանին, ապա նրա տունը կը քանդուի, նրա տանից կը հանուի մի գերան, նրան կը գամեն այդ գերանին, այն մարդուն, որ դէմ է կանգնել իմ հրամանին, եւ դա մշտական նախատինք կը լինի նրա համար։ 12Եւ Աստուած, որի անունը դրուած է այնտեղ, Երուսաղէմում, կ՚ելնի ու կը կործանի այն թագաւորութիւնն ու ժողովրդին, որոնք կը յանդգնեն իրենց ձեռքերը երկարել, արգելել եւ կործանել Աստծու տունը, որ գտնւում է Երուսաղէմում։ Ես՝ Դարեհ թագաւորը, հաստատեցի այս հրամանը, եւ թող ոչ ոք չհամարձակուի զանց առնել այն»։ 13Այն ժամանակ Գետի կողմերի իշխանը, Սաթրաբուզանը եւ նրա ծառայակիցները, որոնց Դարեհ թագաւորն ուղարկել էր իր հրամանը, անմիջապէս սկսեցին կատարել այն։14Հրէաստանի աւագները եւ ղեւտացիները տաճարը կառուցեցին Անգէ եւ Ադդովի որդի Զաքարիա մարգարէների ժամանակներում, կառուցեցին եւ աւարտեցին Իսրայէլի Տէր Աստծու խօսքի համաձայն եւ այնպէս, ինչպէս հրամայել էին Կիւրոս եւ Դարեհ թագաւորները՝ Պարսկաստանի Արտաշէս արքայի թագաւորութեան ժամանակ։15Տաճարի շինարարութիւնն աւարտուեց Ադար ամսի երրորդ օրը, Դարեհ արքայի թագաւորութեան վեցերորդ տարում։ 16Իսրայէլի որդիները, քահանաներն ու ղեւտացիները եւ նրանք, որ վերադարձել էին գերութիւնից, մեծ ուրախութեամբ կատարեցին Տիրոջ տան նաւակատիքը։ 17Տիրոջ տան նաւակատիքին նրանք մատուցեցին զոհեր՝ հարիւր արջառ, երկու հարիւր խոյ, չորս հարիւր գառ եւ բովանդակ Իսրայէլի մեղքերի թողութեան համարտասներկու նոխազ՝ Իսրայէլի տասներկու ցեղերի թուի համեմատ։ 18Նրանք, ինչպէս գրուած է Մովսէսի գրքում, ըստ իրենց տեղերի՝ կարգեցին քահանաներ եւ ըստ իրենց վիճակների՝ ղեւտացիներ, Երուսաղէմում Տէր Աստծուն ծառայելու համար. նրանց թիւը երկու հազար երկու հարիւր էր։19Իսրայէլացիները, որոնք վերադարձել էին գերութիւնից, Տիրոջ զատիկը կատարեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը։20Քահանաներն ու ղեւտացիները մաքրուեցին մեղքերից, մաքրուեցին նաեւ մարդիկ, եւ երբ բոլորն էլ մաքուր էին, մորթեցին զատկի զոհը գերութիւնից բոլոր վերադարձածների եւ իրենց եղբայրների ու քահանաների համար։ 21Իսրայէլացիները կերան զատիկը բոլոր նրանց հետ, ովքեր զատուել էին այդ երկրի այլազգիների պղծութիւնից եւ եկել էին իրենց մօտ՝ Իսրայէլի Տէր Աստծուն փնտռելու համար։ 22Եօթը օր նրանք կատարեցին Բաղարջակերաց տօնը, ուրախացան Երուսաղէմում, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածը ուրախացրեց նրանց, Տէրը Ասորեստանի թագաւորի սիրտը դարձրեց դէպի իրենց, որպէսզի օգնէր եւ զօրացնէր նրանց ձեռքերը Իսրայէլի Տէր Աստծու տաճարը կառուցելու համար։ 
7 Այս դէպքերից յետոյ Պարսկաստանի Արտաշէս արքայի թագաւորութեան ժամանակ, Եզրասը, որը որդին էր Սարուայի, սա՝ Ազարիայի, սա՝ Քեղկիայի, 2սա՝ Սելումի, սա՝ Սադոկի, սա՝ Աքիտոբի,3սա՝ Սամարիայի, սա՝ Եզրայի, սա՝ Մարոթոսի, 4սա՝ Զարիայի, սա՝ Օզիայի, սա՝ Բոկկի, 5սա՝ Աբիսուայի, սա՝ Փենեէսի, սա՝ Եղիազարի, որն առաջին քահանայապետ Ահարոնի որդին էր, - 6ահա այս Եզրասն էր, որ վերադարձաւ Բաբելոնից։ Սա եռանդուն գրագիր էր եւ Իսրայէլի Տէր Աստծու կողմից Մովսէսին տրուած Օրէնքի օրէնսգէտ։ Թագաւորը նրան տուեց ամէն բան, ինչ նա խնդրեց նրանից, որովհետեւ Տէր Աստծու ձեռքը նրա վրայ էր։ 7Նրա հետ Երուսաղէմ վերադարձան իսրայէլացիներից շատերը՝ քահանաներ, ղեւտացիներ, պաշտամունքի երգիչներ, դռնապաններ եւ նաթանայացիներ։ Նրանք ճանապարհ էին ընկել Արտաշէս թագաւորի եօթներոդ տարուայ հինգերորդ ամսին, 8եւ թագաւորի եօթներորդ տարուայ եօթներորդ ամսի ամսամտին Եզրասը եկաւ Երուսաղէմ, 9որովհետեւ Տէր Աստծու բարի ձեռքը նրանց վրայ էր։10Եզրասն իր սրտում վճռել էր քննել Տիրոջ Օրէնքը, գրել նրա մասին եւ Իսրայէլի ժողովրդին ուսուցանել Տիրոջ պատուիրաններն ու կանոնները։ 11Ահա այն հրամանը, որ Արտաշէս թագաւորը տուեց Եզրաս քահանային՝ Տիրոջ Օրէնքի եւ Իսրայէլի մասին նրա տուած պատուիրանների օրէնսգէտին. 12«Ես՝ թագաւորների թագաւոր Արտաշէսը, իմ կողմից հաստատուած այս հրամանը տուեցի երկնքի Տէր Աստծու Օրէնքի օրէնսգէտ Եզրասին. 13հրամայում եմ իմ թագաւորութեան տակ գտնուող բոլորին՝ Իսրայէլի ժողովրդին, քահանաներին եւ ղեւտացիներին, որ քեզ հետ բոլորը վերադառնան Երուսաղէմ։ 14Այս հրամանն ուղարկուած է թագաւորի եւ նրա եօթը խորհրդականների կողմից՝ թոյլատրելու հրեաներին եւ երուսաղէմացիներին Եզրասի առաջնորդութեամբ, որի ձեռքին է Աստծու Օրէնքը, վերադառնալու Երուսաղէմ։ 15Թագաւորն իր եւ իր խորհրդականների կողմից հրամայեց տալ արծաթ եւ ոսկի Տիրոջ տան համար, որ գտնւում է Երուսաղէմում, տանել եւ դնել Իսրայէլի Տէր Աստծու տան առաջ։ 16Եւ ամէն մարդ, Բաբելոնում գերի հրեաները, ժողովուրդը, քահանաները, ովքեր արծաթ եւ ոսկի ունեն, թող իրենց հետ վերցնեն եւ տանեն Երուսաղէմ՝ Տիրոջ տունը։ 17Եւ բոլորը, ովքեր պիտի գնան, թող այս ձեւով, ինչպէս գրեցինք, պատրաստեն զոհեր՝ արջառներ, խոյեր, գառներ ու իրենց նուէրները եւ թող մատուցեն իրենց Տէր Աստծու զոհասեղանի վրայ, որ գտնւում է Երուսաղէմում։18Այս մէկ բարութիւնն էլ, ահա, ես արեցի քեզ եւ քո եղբայրների համար. արծաթ եւ ոսկի թողեցի, որպէսզի, ինչպէս որ արժանի է ձեր Աստծուն, օգտագործէք այնպէս։ 19Տիրոջ տան կահաւորման համար ես քեզ սպասք տուեցի. վերցրո՛ւ քեզ հետ եւ տա՛ր Երուսաղէմ։ 20Իսկ այն անօթները, որ աւելորդ կը լինեն, կը տաս թագաւորական տան գանձարանին՝ պահելու համար։ 21Ես՝ Արտաշէս թագաւորը, հրաման տուեցի բոլոր գանձատէրերին, ձեզ, որ Եփրատ գետի այն կողմում էք գտնւում, Եզրաս քահանային՝ երկնքի Տէր Աստծու օրէնսգէտին տաք այն բոլոր բաները, ինչ նա կը պահանջի ձեզանից՝ իր Տէր Աստծու տան համար։ 22Պատրաստեցէ՛ք հարիւր տաղանդ արծաթ, հարիւր քոռ ցորեն, նոյնքան էլ գինի ու նոյնքան էլ ձէթ. 23եւ թող ոչ ոք դէմ չկանգնի թագաւորի այս հրամանին։ Այն բոլոր բաները, ինչ հրամայեցի տալ երկնքի ու երկրի Տէր Աստծու համար, պիտի լինեն. թող ոչ ոք որեւէ բան չձեռնարկի Իսրայէլի Տէր Աստծու տան գործը խափանելու համար, որպէսզի Տէր Աստծու բարկութիւնը չգայ իմ թագաւորութեան եւ իմ որդու վրայ։ 24Դուք իմացա՛ծ եղէք նաեւ, որ բոլոր քահանաները, ղեւտացիները, սաղմոս երգողները, դռնապանները, նաթանայացիները եւ նրանք, որ Տիրոջ տան սպասաւորներն են, ազատ են հարկեր տալուց, եւ թող ոչ ոք չհամարձակուի նրանց ծառայեցնել իրեն։ 25Դու էլ, Եզրա՛ս, որ քո Աստծու իմաստութիւնն ունես քո ձեռքին, օրէնսգէտնե՛ր եւ դատաւորնե՛ր նշանակիր, որպէսզի նրանք դատեն Գետի այն կողմում գտնուող ամբողջ ժողովրդին եւ ուսուցանեն քո Աստծու Օրէնքը բոլոր նրանց, ովքեր չգիտեն։ 26Իսկ նրանք, ովքեր չեն կատարի Օրէնքը, ովքեր չեն գործի ըստ Տիրոջ Օրէնքի եւ ըստ թագաւորի օրէնքների, թող ըստ իրենց գործերի՝ նրանց համար դատաստան արուի. եթէ մահուան են արժանի, դատապարտուեն մահուան, եթէ տանջանքի՝ տանջանքի, եթէ տուգանքի՝ տուգանքի, եթէ կալանքի՝ բանտարկութեան»։ 27«Օրհնուած է մեր Տէր Աստուածը, որ այսպիսի բարութիւն տուեց թագաւորի սրտին, փառաւորեց մեր Տէր Աստծու անունը Երուսաղէմում, 28ինձ էլ ողորմութիւն արեց եւ պատուի արժանացրեց թագաւորի եւ նրա խորհրդականների առաջ, թագաւորի բոլոր իշխանների առաջ, զօրացայ, քանզի Տիրոջ ձեռքն ինձ վրայ էր, հաւաքեցի Իսրայէլի բոլոր իշխաններին՝ ինձ հետ գերութիւնից վերադառնալու համար»։ 
8 Սրանք են այն իշխաններն ու տոհմապետները, որոնք ինձ հետ վերադարձան բաբելացիների Արտաշէս թագաւորի թագաւորութեան ժամանակ. 2Փենեէսի որդիներից՝ Գերսոնը, Իթամարի որդիներից՝ Դանիէլը, Դաւթի որդիներից՝ Ատտուսը, 3Նաաքայի որդիներից՝ Նիան, Փորոսի որդիներից՝ Զաքարիան եւ նրա հետ հարիւր յիսուն տղամարդ,4Փաաթմովաբի որդիներից՝ Զարայի որդի Ելիանան եւ նրա հետ երկու հարիւր տղամարդ, 5Զատուէլի որդիներից՝ Ազիէլի որդի Սեքենիան եւ նրա հետ երեք հարիւր տղամարդ, 6Ադինի որդիներից՝ Յովնաթանի որդի Աբէնը եւ նրա հետ յիսուն տղամարդ, 7Ելամի որդիներից՝ Աթալայի որդի Իսայիասը եւ նրա հետ եօթանասուն տղամարդ,8Սափատիայի որդիներից՝ Միքայէլի որդի Զամբդիան եւ նրա հետ եօթանասուն տղամարդ, 9Յովաբի որդիներից՝ Յեուէլի որդի Բադիան եւ նրա հետ երկու հարիւր տասնութ տղամարդ, 10Բաանի որդիներից՝ Յովսէփի որդի Սելեմութը եւ նրա հետ հարիւր վաթսուն տղամարդ,11Բաբէի որդիներից՝ Բաբի որդի Զաքարիասը եւ նրա հետ քսանութ տղամարդ, 12Ագդադի որդիներից՝ Սակատանի որդի Յովնանը եւ նրա հետ հարիւր տասը տղամարդ, 13Ադոնիկամի որդիներից՝ Էսքարին. իսկ միւսների անունները սրանք են՝ Ելիփալաթ, Յէիէլ եւ Սամա եւ սրանց հետ վաթսուն տղամարդ, 14Բադուի որդիներից՝ Ութային եւ Զաբութը եւ սրանց հետ եօթանասուն տղամարդ։ 15Ես նրանց հաւաքեցի դէպի Եւի հոսող գետի եզերքին։ Այստեղ մենք օթեւանեցինք երեք օր։ Ժողովրդի բազմութեան մէջ ես փնտռեցի, բայց քահանաներից եւ Ղեւիի որդիներից չգտայ ոչ մի մարդ։ 16Այն ժամանակ ես Եղիազարի, Արիէլի եւ Սեմեայի մօտ ուղարկեցի Առնաամին, Արիբին, Ելնաթանին, Նաթանին, Զաքարիային, Մէսոլաամին, Յովարիբին եւ Յելմաթամին։17Իմաց տալուց յետոյ նրանց բերեցին իշխանների առաջ, որոնք գտնւում էին Գանձաւորաց տեղ կոչուած վայրում։ Ես նրանց բերանը խօսք դրեցի, որ խօսեն իրենց Նաթանայիմ եղբայրների հետ, որոնք մեր Աստծու տան երգիչներն էին, եւ որոնց բերել էին Գանձաւորաց տեղ կոչուած վայրը։ 18Նրանք եկան մեզ մօտ, քանզի Տիրոջ բարի ձեռքը մեզ վրայ էր. դրանք Իսրայէլի որդի Ղեւիի որդիներից էին, եւ առաջինը մեզ մօտ եկան նրա որդիներն ու նրա եղբայրները՝ տասնութ տղամարդ։19Եկան եւ Ասեբիան, Մերարիի որդի Յեսեան՝ իր եղբայրների եւ որդիների հետ՝ քսան տղամարդ։ 20Եկաւ նաեւ Նաթանայիմը, այն Նաթանի որդին, որին Դաւիթ թագաւորը եւ նրա իշխանները տուել էին ղեւտացիներին՝ ծառայելու. նա եկաւ երկու հարիւր քսան տղամարդու հետ։ 21Ես այնտեղ, Էոս գետի եզերքին, ծոմապահութեան քարոզ կարդացի, այնտեղ մենք աղօթք մատուցեցինք մեր Տէր Աստծու առաջ, խնդրեցինք նրանից, որ ուղիղ ճանապարհով տանէր թէ՛ մեզ եւ մեր որդիներին եւ թէ՛ բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին, 22քանի որ մենք ամաչեցինք թագաւորից հեծեալներ խնդրել՝ ճանապարհին մեր թշնամիներից մեզ ազատելու համար, որովհետեւ թագաւորին այսպէս էինք ասել, թէ մեր Տիրոջ ձեռքն օգնում է բոլորին, ովքեր դիմում են նրան բարութեան համար, եւ որ նա իր զօրութիւնն ու բարկութիւնն է թափում բոլոր նրանց վրայ, ովքեր լքում են նրան։ 23Մենք ծոմ պահեցինք եւ խնդրեցինք այս բոլորի համար, եւ Տէրը մեզ լսեց։24Գլխաւոր քահանաներից մենք ընտրեցինք տասներկու մարդ՝ Սարաբիային, Ասաբիային եւ նրանց հետ իրենց տասը եղբայրներին։25Մենք նրանց առաջ կշռեցինք եւ նրանց տուեցինք այն արծաթը, ոսկին եւ սպասքը, որ մեր Աստծու տան համար նուիրել էին թագաւորն ու նրա խորհրդականները, նրա իշխաններն ու Իսրայէլի ժողովուրդը, որ գտնւում էր այնտեղ։ 26Ես կշռեցի եւ նրանց տուեցի վեց հարիւր յիսուն տաղանդ արծաթ, արծաթէ հարիւր անօթներ, հարիւր տաղանդ ոսկի,27ոսկէ քսաներեք գաւաթ եւ ընտիր, մաքուր ու ոսկեզօծ պղնձէ այլ անօթներ։ 28Ես նրանց ասացի. «Դուք սրբագործուած էք Տէր Աստծու կողմից, սրբրագործուած են նաեւ Տիրոջ այս սպասքը, մեր հայրերի Տէր Աստծու այս ոսկեղէն եւ արծաթեղէն ընտիր անօթները. 29արթո՛ւն կացէք եւ պահպանեցէ՛ք, մինչեւ որ դրանք կշռէք գլխաւոր քահանաների, ղեւտացիների, Իսրայէլի իշխանների եւ տոհմապետների առաջ, Երուսաղէմում, Տիրոջ տան խորանում»։30Քահանաները եւ ղեւտացիները վերցրին կշռած ու հաշուած ոսկին, արծաթն ու սպասքը՝ Երուսաղէմ, մեր Աստծու տուն տանելու համար,31եւ մենք ճանապարհ ընկանք Էոս գետի մօտից առաջին ամսի տասներկուերորդ օրը, եկանք ու հասանք Երուսաղէմ։ Մեր Տէր Աստծու ձեռքը մեզ վրայ էր, եւ նա փրկեց մեզ մեր թշնամիների ձեռքից եւ ճանապարհի դարանակալներից։ 32Մենք եկանք Երուսաղէմ եւ երեք օր հանգստացանք այնտեղ։ 33Չորրորդ օրը, կշռելով արծաթը, ոսկին եւ սպասքը, տուեցինք մեր Տէր Աստծու տանը՝ Օնիա քահանայի որդի Մարեմոթին. նրա հետ էին նաեւ Փենեէսի որդի Եղիազարը, Յեսուի որդի Յովաբաթը, Բանիայի որդի Նովադան եւ այլ ղեւտացիներ։ 34Ամէն ինչ յանձնուեց հաշուով ու կշռով, եւ գրուեց ամէն ինչի լրիւ հաշիւն ու կշիռը։ 35Այն ժամանակ բոլոր նրանք, որ վերադարձել էին գերութիւնից եւ պանդխտութիւնից, ողջակէզներ մատուցեցին Իսրայէլի Տէր Աստծուն. ամբողջ Իսրայէլի համար տասներկու արջառ, իննսունվեց խոյ, եօթանասունեօթը գառ եւ տասներկու նոխազ՝ մեղքերի մաքրման համար. այս բոլոր ողջակէզները նրանք մատուցեցին Տէր Աստծուն։36Թագաւորի հրամանը նրանք յանձնեցին Եփրատ գետի այն կողմի իշխաններին, որոնք էլ պատիւ մատուցեցին հրեայ ժողովրդին եւ փառաւորեցին Աստծու տաճարը։ 
9 Այս բոլորը կատարուելուց յետոյ իշխանները մօտեցան ինձ եւ ասացին. «Իսրայէլի ժողովուրդը, քահանաներն ու ղեւտացիները չեն կտրել իրենց կապերը այն հեռաւոր ժողովուրդների ու երկրների հետ, ուր եղել են՝ չեն բաժանուել քանանացիներից ու քետացիներից, փերեզացիներից ու յեբուսացիներից, ամոնացիներից ու մովաբացիներից, եգիպտացիներից ու ամորհացիներից, 2քանի որ նրանց աղջիկներից կին առան իրենց համար՝ թէ՛ իրենք եւ թէ՛ իրենց որդիները. նրանց սուրբ սերմը խառնակուեց ու պղծուեց այդ երկրների ժողովուրդների հետ, եւ անօրէնութեան այդ սկիզբը ծագեց իշխաններից»։ 3Երբ ես լսեցի այս խօսքերը, պատառոտեցի իմ հագուստները, փետեցի իմ մազերն ու մօրուքը եւ այդպէս նստեցի սգի մէջ։ 4Եւ բոլոր նրանք, որ երկիւղ էին կրում Իսրայէլի Աստծուց եւ որոնք վերադարձել էին գերութիւնից, հաւաքուեցին ինձ մօտ, իսկ ես այդպէս նստել էի սգի մէջ՝ մինչեւ երեկոյեան զոհի մատուցման ժամը։5Երեկոյեան զոհը մատուցելու ժամին, ես վեր կացայ իմ տառապանքի տեղից, հագուստներս պատառոտուած՝ խոնարհուեցի ցած, իջայ ծնկի եւ, ձեռքերս տարածելով, բարձրացրի դէպի իմ Տէր Աստուածը 6եւ ասացի. «Աստուա՛ծ իմ եւ Տէ՛ր, ամաչում ենք եւ զարհուրում քեզնից. բարձրացրո՛ւ իմ երեսը դէպի քեզ, Տէ՛ր իմ Աստուած, քանզի բազմացան մեր անօրէնութիւններն ու դիզուեցին մեր գլուխներին, մեր մեղքերը մեծացան ու բարձրացան մինչեւ երկինք՝ մեր հայրերի տարիներից եւ ժամանակներից ի վեր, եւ մենք մեծ մեղքերի մէջ ենք մինչեւ այսօր։ 7Դու մեր մեղքերի պատճառով հեթանոս թագաւորների ձեռքը մատնեցիր մեզ, մեր թագաւորներին եւ մեր որդիներին մատնեցիր սրի, գերութեան ու յափշտակութեան, եւ մեր երեսն ամօթահար եղաւ մինչեւ այսօր։ 8Բայց այժմ, ահա, քո գթութիւնը թափեցիր մեզ վրայ, Տէ՛ր Աստուած մեր, փրկութիւն շնորհեցիր մեզ, հաստատեցիր մեզ քո սուրբ վայրում, մեր աչքերը լուսաւորեցիր այսօր, Տէ՛ր Աստուած մեր, մեր ստրկութեան մէջ մեզ փոքր ի շատէ կեանք տուեցիր։ 9Մենք ստրուկ էինք, բայց դու, Տէ՛ր Աստուած մեր, չթողեցիր մեզ մեր ստրկութեան մէջ, քո ողորմածութիւնը մեր նկատմամբ իջաւ Պարսկաստանի թագաւորի առաջ, որպէսզի նա մեզ կենդանութիւն տար, բարձրացնէր մեր Աստծու տունը, վերականգնէր եւ վերաշինէր այս անապատները, ցանկապատ եւ ամուր պարիսպներ կառուցէր Յուդայի երկրի եւ Երուսաղէմի համար։ 10Եւ հիմա մենք, այս բոլորից յետոյ, ի՞նչ պատասխան տանք քեզ, Տէ՛ր, քանզի օրինազանց եղանք քո առաջ, 11զանց արինք քո պատուիրանները, որ տուել էիր մեզ քո մարգարէների միջոցով՝ ասելով այսպէս. «Այն երկիրը, ուր գնում ես դու ժառանգելու, այդ երկիրը պղծուած է երկրի այլազգիների գարշութիւններով եւ լցուած նրանց աղտեղութիւններով։ 12Դու նրանց աղջիկներից կին չառնես քո որդիների համար եւ ոչ էլ քո աղջիկներից կնութեան կը տաս նրանց որդիներին։ Դու զօրաւոր կը լինես այդպէս, կ՚ուտես այդ երկրի բարիքները, եւ քո որդիները յաւիտենապէս կը ժառանգեն այդ երկիրը»։ 13Արդ, այն ամէնը, ինչ մէկ անգամ եղաւ մեզ հետ, կատարուեց մեր վատթար գործերի եւ մեր չար մեղքերի պատճառով, բայց դու, Տէ՛ր, բազում անգամ ներեցիր մեր մեղքերը եւ մեզ տուիր այսպիսի արմատ ու սերունդ։ 14Բայց մենք դարձեալ խոտորուեցինք՝ զանց առնելով քո պատուիրանները. խառնակուեցինք երկրի այլազգիների աղտեղութիւնների հետ, եւ դու չբարկացար մեզ վրայ, չմատնեցիր մեզ իսպառ կորստի, որպէսզի մեզնից ո՛չ արմատ մնար, ո՛չ սերունդ եւ ո՛չ էլ մեր անունը։ 15Տէ՛ր Աստուած Իսրայէլի, դու արդար ես եւ ճշմարիտ, որովհետեւ չոչնչացրիր մեր սերունդը, այլ մեր արմատն ու սերունդը մնացին մինչեւ այսօր։ Եւ ահա այսօր մենք մեր անօրէնութիւններով քո առջեւ ենք եւ չենք կարող բարձրացնել մեր գլուխները, չենք կարող նայել քո երեսին, որովհետեւ մեր անօրէնութիւնները բազմացան, եւ մեր չարիքները բարձրացան մեր գլխից էլ վեր»։ 
10 Երբ Եզրասը, երեսի վրայ ընկած գետնին, այս խոստովանութիւնն էր անում եւ ողբով աղօթում Տիրոջ առաջ, նրա մօտ հաւաքուեց շատ մեծ բազմութիւն՝ տղամարդիկ եւ կանայք, երիտասարդներ եւ կոյսեր, որ բնակւում էին Երուսաղէմում. ժողովուրդը ողբում էր եւ բարձրաձայն լաց լինում։ 2Ելամի որդիներից Եղիայի որդի Յեքոնիան պատասխան տուեց Եզրասին եւ ասաց. «Մենք մեղք ենք գործել մեր Տէր Աստծու դէմ. մենք կին ենք առել այս երկրի այլազգիներից, եւ այսօր դա անօրէնութիւն է Իսրայէլի մէջ։ 3Արդ, ուխտ անենք մեր Տէր Աստծու առաջ, դուրս անենք այս երկրի այլազգիներից բերած բոլոր կանանց եւ նրանցից ծնուած զաւակներին։ Հիմա վե՛ր կաց եւ, ինչպէս կը կամենաս, նրանց կանգնեցրո՛ւ Տէր Աստծու Օրէնքի առաջ. թող քո բերանից լսենք, թէ ինչ պիտի անենք ըստ պատուիրանների, եւ մենք այդպէս էլ կ՚անենք։ 4Մենք քեզ հետ ենք, պի՛նդ կաց եւ արա՛ այնպէս, ինչպէս հրամայել է մեր Տէր Աստուածը»։ 5Եզրասը ելաւ, երդուել տուեց ցեղերի տոհմապետներին, քահանաներին, ղեւտացիներին եւ ամբողջ Իսրայէլին, որ նրանք վարուեն ըստ իրենց երդման։ 6Դրանից յետոյ Եզրասը վեր կացաւ Աստծու տան առջեւից, գնաց գանձապետ Ելիսուբի որդի Յոհանի սենեակը, բայց ո՛չ հաց կերաւ եւ ո՛չ էլ ջուր խմեց, այլ ողբում էր բազմութեան անօրէնութեան եւ նրա մեծ մեղքերի համար։ 7Այդ ժամանակ էլ մունետիկները յայտարարում էին Հրէաստանում եւ Երուսաղէմում, թէ՝ 8«Ամէն մարդ, իշխաններից լինի թէ աւագներից, եթէ մինչեւ երեք օր չգայ Երուսաղէմ, նա եւ իր ամբողջ ունեցուածքը կ՚ենթարկուի նզովքի, եւ ինքն էլ կը վտարուի Իսրայէլի ժողովրդից»։ 9Եւ Յուդայի ու Բենիամինի երկրի ամբողջ ժողովուրդը երեք օրում հաւաքուեց Երուսաղէմում։ Դա իններորդ ամիսն էր, ամսի քսաներորդ օրը։ Ամբողջ ժողովուրդը նստել էր Տիրոջ տան առաջ, հրապարակում եւ, վախեցած, դողում էր թէ՛ Եզրասի խօսքերից եւ թէ՛ ձմրան ցրտից։ 10Եզրասը վեր կացաւ եւ ասաց նրանց. «Դուք էք, ահա, որ մեղքեր էք գործել, կանայք էք առել այլազգիների աղջիկներից եւ Իսրայէլի վրայ աւելացրել մեղքեր ու անօրէնութիւններ։ 11Հիմա դուք օրհնութի՛ւն տուէք մեր հայրերի Տէր Աստծուն եւ նրա համար արէ՛ք հաճելին. զատուեցէ՛ք ու բաժանուեցէ՛ք երկրի բոլոր հեթանոսներից եւ այլազգիներից առած ձեր կանանցից»։ 12Բոլոր ժողովականները պատասխան տուին եւ ասացին. «Ծանր է այդ խօսքը, որ ասում ես մեր մասին. 13չէ՞ որ մենք շատ ենք, ժամանակն էլ ձմեռ է, չենք կարող դրսում մնալ, այս գործն էլ մէկ-երկու օրուայ բան չէ, մենք էլ խիստ մեղքեր ունենք այդ գործում։ 14Բոլոր տեղերի եւ քաղաքների իշխանները թողէ՛ք մնան, իսկ նրանք, ովքեր այլազգի կանայք են առել, իրենց քաղաքների աւագների եւ տոհմապետների հետ որոշուած ժամանակին թող գան այստեղ՝ դատուելու եւ մեզնից քաւելու այս մեղքերը, որպէսզի Աստծու բարկութիւնը հեռացնեն մեզնից՝ մեր արած այս գործերի համար»։ 15Եւ այդպէս էլ արեցին գերութիւնից վերադարձածները։ Եզրասն, ըստ տոհմերի, ընտրեց անուանի մարդիկ՝ իշխաններ եւ տոհմապետներ, եւ նրանք հաւաքուեցին տասներորդ ամսի ամսամտին՝ քննելու համար այս գործը։ Տասներորդ ամսի ամսամտին աւարտեցին այն։ 16Նրանք մինչեւ առաջին ամսի ամսամուտը ճշտեցին ու ջոկեցին այն բոլոր տղամարդկանց, որոնք այլազգի կանայք ունէին։ 17Նրանք գտան, որ քահանաների որդիներից այլազգի կանայք ունէին Յոսեդեկի որդի Յեսուի որդիներից եւ եղբայրներից Մանասէն, Եղիազարը, Յարիբն ու Գադալիան։18Այնուհետեւ սրանք սկսեցին արձակել այլազգի կանանց, եւ իւրաքանչիւրը, անգիտութեամբ գործած իր մեղքերի թողութեան համար, զոհ մատուցեց մի խոյ։ 19Երամի որդիներից՝ Մասիասը, Եղիան, Սամայիան եւ Ելոզիասը. 20Փասուրի որդիներից՝ Ելիանասը, Մասիէլը, Միսայէլը, Նաթանայէլը, Յոզաբաթը եւ Ելասան. 21ղեւտացիների որդիներից՝ Յեւզաբաթը, Սամութը, Կոլիան, այսինքն՝ Կոլիտոսը, Ափեթիասը, Յուդասը եւ Եղիազարը. 22սաղմոս երգողներից՝ Ելիսափը, դռնապաններից՝ Կոլէմը, Էտէլէսը եւ Ուրին. 23իսրայէլացիներից՝ Փորոսի որդիներից՝ Ռամայիան, Յազիան, Մելքիան, Էակիմը, Եղիազարը, Ասաբիան, Նիբանիան. 24Ելամի որդիներից՝ Մատթանիան, Զաքարիան, Յաւէլը, Աբդիան, Երիմոթը եւ Եղիան.25Զաթուի որդիներից՝ Ելիոնէն, Ելիսաբը, Մատթանիան, Յարմոթը, Զաբադը, Զազիան. 26Բաբէի որդիներից՝ Յոհանան, Անանիան, Զաբուն եւ Թալին, 27Բանիի որդիներից՝ Մոսոլամը, Մալաքը, Ադայիասը, Իասուբը, Սաալ Ռեմոթը. 28Փաաթ-Մովաբի որդիներից՝ Ադնէն, Քալէլը, Բանայիան, Մասեան, Մաաթան, Բեսեէլը, Մանասէն.29Երամի որդիներից՝ Ելիեզին, Եսիան, Մելքիան, Սամերասը, Սիմէոնը,30Բենիամինը, Մալուքը, Սամարիան. 31Ասէմի որդիներից՝ Մատթանիան, Մատաթիան, Զարաթը, Ելիփալէթը, Յերեմին, Մաասէն, Սամէին. 32Բանիի որդիներից՝ Մովադիան, Ամրամը, Ուէլը,33Բանեան, Բադայիան, Քելիան, 34Ուանիան, Մարիմոթը, Ելիասիբը,35Մաթանիան, Մաթանան. 36Բանիի որդիներից եւ Սեմէիի որդիներից՝37Սելեմիասը, Նաթանը, Ադալիասը, Մաքնան, Գայագուն, Սէսէն, Արուն, 38Եզրիէլը, Սալամիասը, Սամարիասը, Սելումը, Ատարիասը, Յովսէփը. 39Աբուբէի որդիներից՝ Իէուէլը, Մատաթիասը, Զաբաթը,40Զեբիննասը, Յադային, Յադէն, 41Յովեդը, Բանայիան։ 42Սրանք էին այն բոլոր տղամարդիկ, որոնք այլազգի կանայք էին առել եւ նրանցից ունեցել տղաներ ու աղջիկներ։

 







Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

  • WISHES FOR ARMENIA
    cialis copay card http://buyviagrageneric.accounta...
    Автор: how to buy viagra
  • WISHES FOR ARMENIA
    xhs oprxhm dch https://www.snapbackneweracap.com/H...
    Автор: Howardchisy
  • WISHES FOR ARMENIA
    Что, их не было в мезозое?Настройка рекламы (seo п...
    Автор: Timothygap

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Мясной горошек

Мясной горошекМякоть говядины вместе с чесноком и болгарским перцем пропустить...

Ишхан в собственном соку

Ишхан в собственном сокуПодготовленную форель промыть, посолить, уложить в 1...

Катнаунц

КатнаунцКатнаунц - сдобное булочное изделие из муки первого сорта, весом...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта