ՆԷԵՄԻ

(0 голоса, среднее 0 из 5)
Индекс материала
ՆԷԵՄԻ
2
Все страницы

Նէեմի


1 Արտաշէս արքայի քսաներորդ տարուայ Քասղեւ ամսին այնպէս եղաւ, որ ես Աբիրայի մայրաքաղաք Սուսայում էի։ 2Ինձ մօտ եկան իմ եղբայրներից մէկը եւ Յուդայի երկրի մի քանի մարդիկ։ Ես նրանց հարցրի Երուսաղէմի եւ կենդանի մնացածների մասին, որոնք փրկուել ու վերադարձել էին գերութիւնից։ 3Նրանք ասացին ինձ. «Գերութիւնից փրկուածներն այնտեղ՝ իրենց աշխարհում, մեծ նեղութեան ու նախատինքների մէջ են. իսկ Երուսաղէմի պարիսպները մնում են նոյն ձեւով քանդուած ու աւերուած, նրա դռներն էլ՝ հրկիզուած»։ 4Երբ ես լսեցի այս խօսքերը, նստեցի, լալիս էի, օրեր շարունակ սուգ արեցի ու ծոմ պահեցի, աղօթքի կանգնեցի երկնքի Տէր Աստծու առջեւ 5ու ասացի. «Տէ՛ր Աստուած երկնքի եւ երկրի, որ զօրաւոր ես, մեծ եւ ահարկու, պահում ես նրանց ուխտերն ու ողորմութիւնները, ովքեր սիրում են քեզ եւ ենթարկւում քո օրէնքներին։ 6Թող քո ականջները լսեն, եւ քո աչքերը՝ տեսնեն։ Այժմ լսի՛ր եւ տե՛ս քո ծառայի աղօթքները, որ այսօր ես մատուցում եմ քեզ քո ծառաների՝ իսրայէլացիների համար, մեզ համար, որ մենք, մեր գործած մեղքերի պատճառով մատնուեցինք նեղութեան. ես եւ իմ հօր տունը մեղք գործեցինք,7որովհետեւ անիրաւօրէն յանցանք գործեցինք եւ չպահեցինք քո օրէնքները, հրամաններն ու հրահանգները, որ քո ծառայ Մովսէսի միջոցով պատուիրեցիր մեզ։ 8Տէ՛ր, յիշի՛ր քո խօսքը, որ պատուիրեցիր քո ծառայ Մովսէսին եւ ասացիր. «Եթէ դուք չպահէք իմ օրէնքները, ես էլ ձեզ կը ցրեմ հեթանոսների մէջ, 9իսկ եթէ դառնաք եւ պահէք իմ օրէնքներն ու կատարէք դրանք, եթէ դուք մինչեւ երկրի ծագերն էլ ցրուած լինէք, ես այնտեղի՛ց էլ ձեզ կը ժողովեմ եւ կը բերեմ այն տեղը, որ ընտրել եմ եւ որի մէջ ապրում է իմ անունը»։ 10Եւ արդ, սրանք քո ծառաներն ու ժողովուրդն են, որոնց փրկեցիր քո մեծ զօրութեամբ եւ բարձր բազկով. 11բաց մի՛ թող նրանց քո ձեռքից, այլ քո ականջները թող բաց լինեն քո ծառաների աղօթքների համար եւ անսան նրանց աղաչանքներին, ովքեր երկնչում են քո անունից։ Եւ այսօր յաջողութի՛ւն տուր քո ծառայի խնդրանքներին, եւ թող ես գթութիւն գտնեմ այս մարդու առջեւ։Այդ ժամանակ ես թագաւորի տակառապետն էի»։ 
2 Արտաշէս արքայի քսաներորդ տարուայ Նիսան ամսին այնպէս եղաւ, որ արքան ինձնից գինի խնդրեց։ Ես գինին վերցրի եւ տուեցի թագաւորին. թագաւորը մենակ էր։ 2Երբ նա գինին խմեց, ասաց ինձ. «Ինչո՞ւ է քո դէմքը տխուր եւ տրտում. դրա պատճառը այլ բան չէ, եթէ ոչ քո սրտի չարութիւնը»։ 3Ես խիստ վախեցայ ու թագաւորին ասացի. «Արքա՛յ, դու յաւիտեան ապրած կենաս, ինչո՞ւ իմ դէմքը տխուր եւ տրտում չլինի, որովհետեւ իմ հօր տունն ու քաղաքն անապատ է դարձել, եւ նրա դռներն այրուել են կրակից»։ 4Թագաւորն ինձ ասաց. «Դրա համար ի՞նչ ես ուզում խնդրել ինձնից»։ Ես աղօթքի կանգնեցի ու միտքս ուղղելով երկնքի Տէր Աստծուն՝ ասացի թագաւորին. 5«Թո՛ղ քո թագաւորութեան վրայ բարութիւն լինի. եթէ քո ծառան քո առջեւ շնորհ գտաւ, եւ եթէ դու կամենում ես, ուղարկի՛ր ինձ Հրէաստան՝ իմ հայրերի յիշատակների քաղաքը, եւ ես, ըստ քո հրամանի խօսքի, կը վերաշինեմ այն»։ 6Թագաւորը, որի հարճը նստած էր նրա մօտ, ասաց ինձ. «Դու ե՞րբ տեղ կը հասնես եւ կամ ե՞րբ կը վերադառնաս»։ Թագաւորը բարի գտնուեց եւ ինձ արձակեց։ 7Ես նրանից ժամկէտ խնդրեցի եւ ասացի թագաւորին. «Եթէ քո առջեւ շնորհ գտայ, տո՛ւր ինձ գետի կողմերի իշխաններին ուղղուած մի թուղթ, եւ թող ինձ տանեն՝ մինչեւ հասնեմ Հրէաստան։ 8Մի թուղթ էլ տո՛ւր Ասափին, որ արքունի անտառի պահապանն է, որպէսզի ինձ շինափայտ տայ քաղաքի դռների, պարիսպների եւ տան պատրաստման համար, որի մէջ ես պէտք է մտնեմ»։ Թագաւորն այդ թղթերը տուեց ինձ, որովհետեւ իմ Աստծու ձեռքն իմ նկատմամբ բարի էր։ 9Ես եկայ գետի կողմերի իշխանների մօտ ու նրանց տուեցի թագաւորի թղթերը։ Թագաւորն ինձ հետ ուղարկել էր զօրաւոր առաջնորդներ ու ձիեր։ 10Երբ Սանաբալատ իշխանն ու Ամոնի ծառայ Տուբիան լսեցին այս, նրանք իրենց վատ զգացին, որ Իսրայէլի բարօրութեան եւ կարիքների համար ես մարդիկ եմ փնտռել։ 11Եկայ Երուսաղէմ ու այնտեղ մնացի երեք օր։ 12Գիշերը ես վեր կացայ, ինձ հետ նաեւ՝ սակաւաթիւ մարդիկ։ Ես մարդկանց չպատմեցի, թէ Աստուած ինչ դրեց իմ սրտում, որ անեմ Իսրայէլի համար։ Ինձ հետ չկար ուրիշ գրաստ, բացի այն գրաստից, որի վրայ նստած էի։ 13Ես դուրս եկայ Հեղեղատի դռնով, անցայ Թզենու հողամասի եզրով եւ գնացի մինչեւ Աղբանոցի դուռը։ Ես ճնշւում էի, որ Երուսաղէմի պարսպի մէջ կային ճեղքեր, որ նրանք մաքրել էին, եւ որ նրա դռներն այրուած էին կրակից։ 14Ես անցայ Աղբիւրի դռնով՝ Թագաւորի ջրաւազանի մօտով։ Այնտեղ տեղ չկար, որ ես իմ գրաստին հեծած՝ կարողանայի անցնել։ 15Հեղեղատի մօտով, գիշերը ելայ դէպի վեր՝ պարսպի կողմը՝ ճնշուելով պարսպի ճեղքերից, հասայ Ձորի դռան մօտ, ապա վերադարձայ։ 16Պահապանները չիմացան, թէ ինչու էի գնացել կամ ինչ էի անում. ես ոչինչ չէի ասել նաեւ հրեաներին, քահանաներին, անուանի մարդկանց, զօրապետներին եւ ուրիշներին, որոնք այդ ժամանակ գլխաւորում էին գործերը։ 17Նրանց ասացի. «Տեսէ՛ք այն չարիքները, որոնց մէջ ենք այժմ, տեսէ՛ք, ինչպէ՜ս Երուսաղէմն անապատ է դարձել, եւ հրկիզուել են նրա դռները։ Եկէ՛ք շինենք Երուսաղէմի պարիսպները, եւ այլեւս նախատինքի մէջ չլինենք»։ 18Ես նրանց պատմեցի, որ Տիրոջ ձեռքն իմ նկատմամբ բարի էր, ասացի նաեւ թագաւորի խօսքերը, որ նա ասել էր ինձ։ Նրանց ասացի. «Այժմ եկէ՛ք ելնենք եւ վերաշինենք պարիսպը»։ 19Եւ նրանց ձեռքերը զօրացան այդ բարի գործերի համար։ Լսելով այդ մասին՝ Սանաբալատը, Ամոնի ծառայ Տուբիան եւ Գեսամ Արաբացին ծաղրում էին մեզ. նրանք եկան մեզ մօտ ու մեզ ասացին. «Ի՞նչ են այդ բաները, որ դուք անում էք։ Ի՞նչ է, դուք ուզում էք թագաւորի դէմ ապստամբե՞լ»։20Ես նրանց պատասխանեցի ու ասացի. «Երկնքի եւ երկրի Աստուածը յաջողութիւն տուեց մեզ, մենք նրա սուրբ ծառաներն ենք ու վերաշինում ենք այս քաղաքը, բայց ձեզ համար Երուսաղէմում չկայ բաժին, յիշատակ ու արդարութիւն»։ 
3 Ելիասիբ մեծ քահանան եւ նրա եղբայր քահանաները ելան եւ շինեցին Ջրմուղի աւազանների դուռը, մաքրեցին այն ու նորոգեցին նրա փեղկերը եւ պարիսպը կանգնեցրին մինչեւ Անամայէլի աշտարակը՝ 2Երիքովի մարդկանց եւ Զաքուրի ու Ամարի որդիների օգնութեամբ։ 3Եքթիերան դուռը շինեցին Ասանի որդիները. նրանք յարդարելով պատրաստեցին այն իր փականքներով եւ նիգերով։ Նրանց հետ ձեռք-ձեռքի աշխատում էին Ռամոթը եւ Օրիայի որդիները, Ակոսի որդիները, 4սրանց կողքին՝ Մասիզեբէլի որդի Բարաքի որդի Մոսոլամը, սրա կողքին՝ Բաանի որդի Սադոկը, 5սրա կողքին՝ Թեկումադորեմի բնակիչները, բայց սրանց անուանի մարդիկ իրենց պարանոցը նրանց ծառայութեան տակ չդրեցին։ 6Հին դուռը նորոգեցին Յուդան՝ Փասեկի որդին, եւ Մեսոլամը՝ Բասոդիայի որդին. սրանք պատրաստեցին այն ու դրեցին նրա փեղկերը՝ իրենց փականքներով ու նիգերով։ 7Նրանց կողքին, ըստ հերթականութեան, աշխատում էր Ռոսէկէիմի որդի Անանիան, որը երուսաղէմացիներին թողեց նորոգման աշխատանքը մինչեւ հրապարակների պարիսպը։ 8Նրանից յետոյ աշխատում էր Երուսաղէմի շրջանի իշխան Ռափիան, 9նրա կողքին՝ Յերոմաքի որդի Յերադիան, իսկ իր տան կողմից, սրա կողքին՝ Սաբանէի որդի Ատտուսը։ 10Պարսպի երկրորդ հատուածի վրայ աշխատում էին Երամի որդի Ելքիասը եւ Փաադմովաբի որդի Ասուբը՝ մինչեւ Թանուրիմի աշտարակը։ 11Սրանց կողքին աշխատում էր Ալոհեմի որդի Սալումը՝ Երուսաղէմի միւս կէսի իշխանը, ինքը եւ իր դուստրերը։ 12Ձորի դռան աշխատանքը յանձն առան Անուն եւ Զանուի բնակիչները. նրանք շինեցին եւ կանգնեցրին դուռը, դրեցին դռնափակերն եւ նիգերը. նրանք վերաշինեցին նաեւ պարիսպը հազար կանգուն երկարութեամբ՝ մինչեւ Մոխրոցի դուռը։ 13Իսկ Մոխրոցի դռան աշխատանքը յանձն առաւ Բեթքարամի շրջանի իշխան՝ Ռեքաբի որդի Մելքիան տեղացիների հետ, որոնք շինեցին, կանգնեցրին դուռը եւ դրեցին նրա փակերն ու նիգերը։ 14Ջրաւազանի աղբիւրի պարսպի նորոգման աշխատանքը յանձն առաւ թագաւորի իշխան Ադիոնը՝ մինչեւ այնտեղ, ուր աստիճաններն իջնում են Դաւթի քաղաքից։ 15Նրանից յետոյ աշխատում էր Ազբուքի որդի Նէեմասը՝ Բեթսուրի կողմի իշխանը՝ մինչեւ Դաւթի գերեզմանի պարտէզը, մինչեւ Ջրաւազանի առաջացման տեղը, մինչեւ Բեթագաբարին։ 16Նրանից յետոյ աշխատում էին ղեւտացիները՝ Բանէի որդի Ռայումը, նրանց կողքին Կէիլի կողմերի իշխան Ասաբիան. 17սրանից յետոյ՝ նրա եղբայրները եւ Կէիլի կողմի իշխան՝ Ադադի որդի Բենային։ 18Սրանից յետոյ Մասփէի իշխան՝ Յեսուի որդի Ազուրը աշխատում էր պարսպի երկրորդ հատուածի վրայ, որ գնում եւ միանում էր աշտարակի անկիւններին։19Նրանից յետոյ երկրորդ հատուածի անկիւնից մինչեւ Բեթելիասուբի դուռը, ուր նստում էր քահանայապետը, պարսպի նորոգման աշխատանքը յանձն առաւ Զաբուի որդի Բարուքը։ 20Նրանից յետոյ, երկրորդ հատուածում, աշխատում էր Ակոմի որդի Ուրիայի որդին՝ Մերամոթը, Բեթելիասուբի դռնից մինչեւ պարսպի վերջը։ 21Նրանից յետոյ աշխատում էին Աքերի քահանաները։ Սրանցից յետոյ, իրենց տների առջեւ, վերանորոգման աշխատանքը յանձն առան Բենիամինն ու Ասուբը, 22եւ սրանցից յետոյ՝ Ազարիան՝ Անանիայի որդի Մասէայի որդին, իր տան մօտ։ 23Սրանից յետոյ Ենդադի որդի Բանին յանձն առաւ նորոգել պարսպի երկրորդ հատուածը՝ Բեթազարից մինչեւ անկիւնը։ 24Իսկ Ուզայի որդի Փալաքը յանձն առաւ նորոգել շրջադարձի մասը՝ անկեան դիմացը եւ աշտարակը, որ գտնւում էր թագաւորի ապարանքից դուրս՝ գաւթի բանտից վերեւ։ Նրանից յետոյ աշխատում էր Փորոնէի որդի Փաթաւան։ 25Նաթանայիմները, որ բնակւում էին Օփալում, նորոգում էին պարիսպը արեւելեան կողմի Ջրի դռան պարտէզից մինչեւ դրսի կողմի աշտարակը։ 26Սրանցից յետոյ աշխատանքը յանձն էին առել թէկուացիները՝ մեծ աշտարակի դիմացի երկրորդ հատուածից մինչեւ Սոփէլի պարիսպը։ 27Ձիերի դռան վերեւի հատուածից սկսած աշխատում էին քահանաները՝ ամէն մարդ իր տան դիմաց։ 28Նրանից յետոյ աշխատանքը յանձն առաւ Եմերի որդի Սադոկը՝ իր տան դիմաց, նրանից յետոյ՝ Սեքենիայի որդի Սամէիան, որը արեւելեան դռան պահապանն էր, նրանից յետոյ՝ Սելեմիայի որդի Անանիան եւ Սելեփի որդի Անոնը, որոնք աշխատում էին երկրորդ հատուածում։ Անոնից յետոյ աշխատում էր Բարաքայի որդի Մեսոլամը՝ իր գանձատան դիմաց։ 29Նրանից յետոյ պարսպի նորոգման աշխատանքը մինչեւ Բեթանաթան յանձն առաւ Սարեփի որդի Մելքիան։ Իսկ քաղաքի միւս մեծատունները նորոգում էին Մափկաթ դռան դիմացից մինչեւ անկիւնային ելքերը։ 30Ջրաւազանի եւ անկիւնի դռան միջեւ ընկած հատուածի նորոգումը յանձն առան Քելկիան եւ քաղաքի մեծատունները։ 
4 Երբ Սանաբալաթը լսեց, թէ շինում են պարիսպը եւ կանգնեցնում նրա աշտարակները, վատ զգաց իրեն, զայրացաւ եւ սաստիկ ծաղրում էր հրեաներին։ 2Նա ասում իր եղբայրների առաջ. «Ա՞յս է ձեր զօրութիւնը, ո՛վ սամարացիներ, այդ ինչպէ՞ս են հրեաները շինում ու ամրացնում իրենց քաղաքը»։ 3Նրանց տեսութեան եկած Տուբիա Ամանացին ասում էր. «Ո՛չ, չեն կարող շինել, զոհեր մատուցել կամ ուտել զոհաբերուած ընծաներն իրենց տեղում. միթէ այժմ աղուէսները չե՞ն ելնի ու քանդի նրանց պարսպի քարերը»։ 4Այն ժամանակ մենք ասացինք. «Լսի՛ր մեզ, Տէ՛ր Աստուած մեր, քանզի մենք արժանացանք արհամարհանքի ու թշնամանքի. նրանց նախատինքները շո՛ւռ տուր իրենց գլխին, մատնի՛ր նրանց իրենց գերեվարողների թշնամանքին, 5եւ թող չծածկուեն նրանց անօրէնութիւնները»։ 6Երբ Սանաբալաթն ու Տուբիան, արաբացիներն ու ամոնացիները լսեցին, թէ յաջողուեց Երուսաղէմի պարսպի շինարարութիւնը, եւ թէ մենք սկսեցինք ամէն տեղ գործը երեւացնել, դա վատ թուաց նրանց, 7եւ բոլորը հաւաքուեցին՝ միասին գալու եւ պատերազմելու Երուսաղէմի դէմ։8Մենք աղօթքի կանգնեցինք մեր Տէր Աստծու առջեւ եւ, թշնամիների պատճառով, մեզ վրայ պահակներ նշանակեցինք ցերեկն ու գիշերը։9Հրէաստանի մարդիկ ասացին. «Այսպէս չենք կարողանայ պատերազմել եւ միաժամանակ կառուցել. թող ոմանք զինուած կանգնեն պատրաստ, իսկ ոմանք՝ կառուցեն»։ 10Իսկ մեզ նեղողներն ասում էին. «Չենք թողնի, որ նրանք իմանան, ոչ էլ՝ տեսնեն, թէ ինչպէս ամէն տեղից ելնելով կը մտնենք նրանց մէջ, կը կոտորենք նրանց ու կը խափանենք նրանց գործը»։ 11Երբ տարբեր տեղերում բնակուող հրեաներն եկան եւ մեզ ասացին, թէ ամէն տեղից յարձակուելու են մեզ վրայ, 12ես ցածր տեղերում, պարսպի ետեւում, յարկերի ներքոյ կանգնեցրի մարդկանց՝ իրենց զէնքով, գեղարդով ու աղեղով հանդերձ։13Ես վեր կենալով՝ ասացի կազմ ու պատրաստ կանգնած մարդկանց, նրանց զօրապետներին եւ նրանց, որ տարբեր տեղերի պահապաններն էին. «Նրանցից մի՛ վախեցէք, յիշեցէ՛ք մեր մեծազօր եւ ահարկու Աստծուն եւ պատերազմեցէ՛ք ձեր եղբայրների, կանանց ու որդիների, դուստրերի եւ ձեր տների համար»։ 14Երբ մեր թշնամիները լսեցին, թէ մենք իմացել եւ զինուել ու պատրաստուել ենք, Աստուած ցրեց նրանց մտադրութիւնը, եւ մենք բոլորս վերադարձանք պարսպի նորոգման աշխատանքին, եւ ամէն մարդ անցաւ իր գործին։ 15Եւ այդ օրից սկսած մարդկանց կէսը աշխատանք էր կատարում, իսկ միւս կէսը զինուած էր թշնամու դէմ. ամէն մարդ գեղարդը, վահանն ու աղեղն իր ձեռքին՝ պատրաստ կանգնած էր իր եղբօր թիկունքին, որը շինում էր պարիսպը։16Լինում էր ժամանակ, երբ, զէնքը մի ձեռքին, օգնում էր իր եղբօրը, իսկ միւս ձեռքով եղբօրը տալիս էր խիճը կամ շաղախը։ 17Ամէն շինարար իր մէջքին ունէր սուսեր եւ իր ազդրի վրայ՝ միասայրի սուր. եւ այդպէս շինում էին Երուսաղէմի պարիսպը։ Եղջերափող փչողը կանգնած էր նրանց մօտ։ 18Ես ասացի զինուած ու պատրաստ կանգնած մարդկանց եւ նրանց իշխաններին. «Այս գործը մեծ եւ ընդարձակ է, իսկ մենք ցրուած ենք պարսպի երկարութեամբ, 19հեռու ենք իրարից՝ ամէն մէկն իր եղբօրից։ Արդ, տարբեր տեղերում փողհարներ նշանակենք, եւ երբ մէկը որեւէ տեղից լսի եղջերափողի ձայնը, թող բոլորն այնտեղ հաւաքուեն, եւ մեր Աստուածը մեր թշնամիների դէմ կը պատերազմի մեզ համար»։ 20Եւ այդպէս մարդկանց կէսն աշխատում էր, իսկ միւս կէսը զէնքերը պատրաստ բռնած՝ հսկում էր առաւօտը բացուելուց մինչեւ աստղերի երեւալը։ 21Ես ասացի ժողովրդին. «Եկէ՛ք բնակուենք այս Երուսաղէմ քաղաքի մէջ եւ գիշերը պահակներ դնենք մեր շուրջը, իսկ ցերեկը աշխատենք»։ 22Ես կանգնեցի, եւ ինձ պահպանող մարդիկ կանգնեցին իմ շուրջը։ Մեզանից որեւէ մէկը չէր հանում իր զգեստները եւ ոչ էլ ձեռքից ցած դնում իր զէնքը։ 
5 Այն ժամանակ մեծ աղաղակ սկսուեց ժողովրդի մէջ, կանանց ու տղամարդկանց միջեւ՝ ամէն մարդ իր եղբօր դէմ։ 2Նրանք ասում էին. «Մեր որդիների եւ մեր դուստրերի կերակուրը վերջացաւ, գնանք, մի բան գնենք, որ ապրենք»։ 3Իսկ ոմանք ասում էին. «Մեր դաշտերն ու մեր այգիները գրաւի դնենք, ցորեն առնենք եւ ուտենք»։ 4Կային ոմանք, որ ասում էին. «Մեր ունեցուածքը ծախեցինք, ոսկի ու արծաթ առանք եւ տուեցինք թագաւորի հարկը։ 5Հիմա մեր մարմիններն այնպիսին են, ինչպիսին մեր եղբայրների մարմիններն են, եւ մեր որդիները՝ ինչպէս նրանց որդիներն են։ Արդ, ինչո՞ւ մեր որդիներին տուեցինք ստրկութեան, մեր դուստրերը տարուած են բռնութեան, եւ մեր ձեռքին չկայ ճար, որով փրկենք նրանց»։ 6Երբ ես լսեցի աղաղակն ու նրանց խօսքերը, խիստ նեղսրտեցի. 7ինքս ինձ խորհեցի, նախատեցի նրանց անուանի մարդկանց ու իշխաններին եւ ասացի նրանց. «Դո՞ւք էք ձեր եղբայրներից հարկ պահանջում»։ Նրանց հրամայեցի մեծ ժողովի հաւաքուել 8ու ասացի նրանց. «Մենք կը փրկենք մեր եղբայր հրեաներին, որոնք վաճառուեցին հեթանոսներին, բայց դա մենք չիմացանք. հիմա՞ էլ էք դուք վաճառում նրանց»։ Նրանք լռեցին ու պատասխան տալ չկարողացան։ Ես ասացի. 9«Լաւ չէ այդ գործը, որ դուք անում էք, որովհետեւ Աստծուց չէք վախենում. այդ է պատճառը, որ մենք չազատուեցինք հեթանոսների ու մեր թշնամիների նախատինքից։ 10Ես ասում եմ իմ եղբայրներին ու ծանօթներին. «Թէ՛ ես եւ թէ՛ դուք փրկանքի համար կը տանք արծաթ ու բերք, որ ուզում են հարկահանները, 11եւ կը վերադարձնենք դրանց դաշտերը, այգիները, ձիթենիներն ու տները. թող մեր արծաթով գնեն ու դրանց համար բերեն ցորեն, գինի եւ ձէթ»։ 12Եւ իշխաններն ու այլ մեծամեծներն ասացին. «Կը վերադարձնենք եւ դրանցից ոչինչ չենք պահանջի, կ՚անենք այդպէս, ինչպէս հրամայում ես»։ Ես կանչեցի քահանաներին ու նրանց երդուեցրի, որ անեն այս բանը. 13ես իմ վերարկուն ուժգին թափ տուեցի ու ասացի. «Թո՛ղ Աստուած այսպէս թափ տայ ամէն մարդու, որ չի պահի այս խօսքը. թո՛ղ այսպէս նա իր տնից ու իր կալուածքներից դատարկուած եւ իր կեանքից թօթափուած լինի»։ Եւ հաւաքուած ամբողջ ժողովուրդն ասաց՝ Ամէն։ Նրանք օրհնեցին Տիրոջը, եւ ամբողջ ժողովուրդը կատարեց այս ասուած խօսքերը։ 14Այն օրից սկսած, երբ ես պատուիրեցի, որ Յուդայի իշխանները չիշխեն նրանց, - դա Արտաշէս արքայի քսաներորդ տարուց մինչեւ երեսուներկուերորդ տարին էր, - տասներկու տարի ես եւ իմ եղբայրները եղանք իշխաններ. մենք որեւէ մէկի ունեցուածքը բռնի չկերանք եւ չխմեցինք։ 15Իսկ նախկինում բռնութիւն գործադրած իշխանների հարկը ծանրացրի եւ նրանցից առայ հաց, գինի եւ այլ բաներ, ինչպէս նաեւ՝ քառասուն դիդրաքմա արծաթ, որը վերադարձրի իրենց տէրերին, նրանց հեռացրի ժողովրդի իշխանութիւնից ու Աստծու երկիւղի պատճառով ես չեղայ նրանց նման։ 16Իսկ պարսպի գործը յաջող էր ընթանում, եւ ես որեւէ մէկի վրայ չբռնացայ՝ դաշտեր կամ այգիներ առնելով. բոլորն էլ անխափան աշխատում էին պարսպի շինութեան վրայ։ 17Հրեաներից հարիւր մարդու եւ մեր շրջակայքում գտնուող այլազգիներից նրանց համար, ովքեր մեզ մօտ էին գալիս, ես ծախսեր էի անում ու նրանց մասնակից դարձնում իմ ճաշին։ 18Օրական մի արջառ, վեց ընտիր ոչխար ու մի ուլ. այս էր իմ մէկ օրուայ ծախսը. տասն օրը մէկ անգամ բոլորին անխնայ գինի էի տալիս ըմպելու. ես ոչ ոքից բռնի հաց չառայ, քանզի գիտէի, որ ժողովրդի գործը ծանր է։ 19Թող Աստուած ինձ բարի յիշի այն ամենի համար, ինչ ես արեցի իմ ամբողջ ժողովրդին։ 
6 Երբ Սանաբալատն ու Տուբիան եւ արաբացիների երկիրն ու մեր թշնամիներից ուրիշ շատերը լսեցին, թէ շինեցի պարիսպը, եւ նրա մէջ քանդուած տեղ չմնաց, թէեւ այն ժամանակ դռները դեռեւս պատրաստուած չէին, 2Սանաբալատն ու Գեսամը մարդ ուղարկեցին ինձ մօտ եւ ասացին. «Ե՛կ եւ միասին հաւաքուենք Օնոյի դաշտավայրի մի գիւղում»։ 3Նրանք ուզում էին չարիք նիւթել իմ դէմ։ Ես նրանց մօտ պատգամաւորներ ուղարկեցի ու ասացի. «Այս գործը, որ ես անում եմ, մեծ գործ է, եւ չեմ հասցնում իջնելու ձեզ մօտ, որպէսզի գործս չընդհատուի. ձեզ մօտ կ՚իջնեմ, երբ աւարտեմ»։ 4Նրանք բազում անգամ մարդ ուղարկեցին ինձ մօտ, իսկ ես նրանց տուեցի նոյն պատասխանը։5Սանաբալատն ինձ մօտ ուղարկեց իր ծառաներից մի պատանու, որն իր ձեռքին բռնել էր մի բաց նամակ, 6որի մէջ գրուած էր այսպէս. «Բոլոր ժողովուրդների մէջ լուր է տարածուել, որ դու եւ բոլոր հրեաները ուզում էք ապստամբել թագաւորի դէմ. եւ դու դրա համար ես շինում այդ պարիսպն ու ամրացնում նրա աշտարակները, որովհետեւ ուզում ես թագաւոր դառնալ. 7այդ պատճառով դու քեզ համար մարգարէներ կարգեցիր, որովհետեւ ուզում ես Երուսաղէմում թագադրուել եւ թագաւորել Հրէաստանի վրայ։ Արդ, գուցէ այս խօսքերը պատմեն թագաւորին. արի՛ եւ երկուսս էլ մտածենք սրա մասին»։ 8Ես մարդ ուղարկեցի նրա մօտ ու ասացի. «Այդ խօսքերը, որ դու ասում ես, ոչ թէ ուրիշ տեղից են, այլ՝ քեզանից, քո սրտից ես ասում այդ»։ 9Արդարեւ, բոլորը զարհուրեցնում էին մեզ ու ասում. «Նրանց ձեռքերը կը թուլանան, եւ իրենց գործը չեն կատարի։ Արդ, ես զօրացրի իմ ձեռքերը, եւ գործը գլխովին պիտի աւարտեմ»։ 10Ես մտայ Մետաբելի որդի Գալայիայի որդու՝ Սեմէի տունը։ Նա փակուել էր իր տանը եւ ինձ ասաց. «Հաւաքուենք Տիրոջ Տանը, ամրանանք նրա մէջ, փակենք նրա դռները, գուցէ թշնամիները գիշերը գալով սպանեն մեզ»։11Ես ասացի. «Ո՞վ է այն մարդը, որից ես փախչեմ, եւ կամ կա՞յ ինձ նման մի մարդ, որ Տիրոջ Տուն մտնի եւ կարողանայ ապրել»։ 12Ես հասկացայ, որ նա Աստծու ուղարկածը չէ, եւ մարգարէի խօսքը իմ մասին չէր։ 13Տուբիան եւ Սանաբալատը վարձկաններ ու բազում այլ մարդիկ հանեցին իմ դէմ, որպէսզի վախենամ եւ մտնեմ Տիրոջ Տուն, մեղք գործեմ, եւ իմ անունն արատաւորեն։ 14Թող Աստուած ըստ իրենց նենգութեան յիշի Տուբիային ու Սանաբալատին, որոնք չար բան մտածեցին իմ մասին եւ ստիպում էին սուտ մարգարէանալ, որպէսզի զարհուրեցնեն ու վախեցնեն ինձ։ 15Պարիսպն աւարտուեց Իլուլ ամսի քսանհինգին՝ յիսուներկու օրուայ ընթացքում։ 16Երբ մեր բոլոր թշնամիները եւ մեր շուրջը եղած բոլոր ժողովուրդները լսեցին այդ, զարհուրեցին, եւ նրանց վրայ ահ ու մեծ երկիւղ ընկաւ. նրանք իմացան, որ մեր գործի կատարումն Աստծուց էր։ 17Այն օրերին հրեաների կողմից մեծ պատուով նամակ է ուղարկւում Տուբիային. Տուբիան գալիս է նրանց մօտ, 18քանզի նրանք իրար հետ ընտանեկան մեծ կապեր ունէին։ Տուբիան Երայի որդի Սեքենիայի փեսան էր, իսկ նրա որդի Յովնաթանը կին առաւ Բարաքիայի որդի Մեսոլոմի դստերը։ 19Նրա խօսքերն ինձ էին բերում, իսկ իմ խօսքերը յայտնում էին նրան։ Տուբիան ինձ վախեցնելու համար բազմաթիւ նամակներ էր տուել։ 
7 Երբ պարսպի շինութիւնն աւարտուեց, եւ ես դրեցի նրա դռները, նշանակուեցին դռնապաններ, սաղմոսասացներ եւ ղեւտացիներ։ 2Ես պատուիրեցի իմ եղբայրներին ու Երուսաղէմի իշխան Անանիային (նա հաւատարիմ մարդ էր եւ աւելի երկիւղած Աստծուց, քան շատերը) 3եւ ասացի նրանց. «Դռները շուտ չբացէք մինչեւ արեւի ծագելը, եւ քանի դեռ բոլորն արթուն կը լինեն, թող դռները ծածկուած մնան, փակ գցելով ամրացուեն դրանք, դռների վրայ պահապաններ կանգնեն, հսկեն Երուսաղէմի բնակիչներին՝ ամէն մարդ իր ժամին եւ ամէն մարդ իր տանը, 4որովհետեւ այս քաղաքը մեծ է եւ ընդարձակ, իսկ ժողովուրդը՝ քիչ, եւ բոլոր ապարանքները դեռեւս շինուած չեն»։ 5Աստուած շնորհ գցեց իմ սիրտը, ես հաւաքեցի անուանի մարդկանց, իշխաններին ու ժողովրդին, գտայ ազգահամարի գիրքն այն մարդկանց, ովքեր աւելի առաջ էին վերադարձել գերութիւնից։ Նրա մէջ գրուած էր այսպէս.6«Սրանք են անուններն այն իսրայէլացիների, որոնք ելան գերութիւնից, որոնց պանդխտեցրել էր Բաբելոնի թագաւոր Նաբուքոդոնոսորը, եւ որոնք վերադարձան Երուսաղէմ եւ Հրէաստան՝ ամէն մարդ իր քաղաքը։ 7Նրանք եկան Զորոբաբէլի, Յեսուի, Ազարիայի որդի Նէեմիի, Դայելմիայի, Նայեմանի, Մարտէքուի, Բելմանի, Մատատփարաթի, Եզրի, Բադուիէի, Նաւումի, Բարանայի եւ Մոփրայի հետ։ Սրանք են Իսրայէլի ժողովրդի այրերը. 8Փարոսի որդիները՝ երկու հազար հարիւր եօթանասուներկու մարդ. 9Սափատիայի որդիները՝ երեք հարիւր եօթանասուներկու. 10Արէսի որդիները՝ վեց հարիւր յիսունվեց.11Փաաթմովաբի որդիները՝ Յեսուի եւ Յովաբի որդիներից՝ երկու հազար երկու հարիւր տասնութ. 12Ելամի որդիները՝ հազար երկու հարիւր յիսունչորս. 13Զաթուի ոդիները՝ ութ հարիւր քառասունհինգ. 14Զաքուի որդիները՝ եօթը հարիւր վաթսուն, 15Բանուի որդիները՝ վեց հարիւր քառասունութ. 16Բիբէի որդիները՝ վեց հարիւր քառասունութ. 17Ազիայի որդիները՝ երկու հազար երեք հարիւր քսաներկու. 18Ադոնիկամի որդիները՝ վեց հարիւր յիսունեօթը. 19Բալուէի որդիները՝ երկու հազար վաթսունեօթը. 20Ադինի որդիները՝ վեց հարիւր յիսունչորս.21Ատտերեզիայի որդիները՝ իննսունութ. 22Բէասի որդիները՝ երեք հարիւր քսանչորս. 23Արիբի որդիները՝ հարիւր տասներկու.24Բեթլահէմի որդիները՝ հարիւր քսաներեք. 25Նետոփի որդիները՝ յիսունվեց. 26Անաթոթի որդիները՝ հարիւր քսանութ. 27Բեթազմայի որդիները՝ քառասուներկու. 28Կարիաթարիմ Քաբիրի եւ Բերոթի որդիները՝ ութ հարիւր քառասուներեք. 29Արամի եւ Գաբի որդիները՝ վեց հարիւր քսանմէկ. 30Մաքեմարի որդիները՝ հարիւր քսաներկու.31Բեթէլի եւ Արիի որդիները՝ հարիւր քսաներեք. 32Նաբիի ոդիները՝ հարիւր յիսուներկու. Մակեբոսի որդիները՝ հարիւր յիսունվեց. 33Ելամի որդիները՝ հազար յիսունչորս. 34Երամի որդիները՝ երեք հարիւր քսան.35Երեքովի որդիները՝ երեք հարիւր քառասունհինգ. 36Լոդադիդի եւ Անոնի որդիները՝ եօթը հարիւր քսաներեք. 37Անանի որդիները՝ երեք հազար հարիւր երեսուն։ 38Յեսուի տան քահանաներից. Յովիդիայի որդիները՝ ինը հարիւր եօթանասուներեք. 39Եմերի որդիները՝ հազար յիսուներկու. 40Փասէուրի որդիները՝ հազար երկու հարիւր քառասունեօթը. 41Երամի որդիները՝ հազար տասնեօթը։42Ղեւտացիներից. Յեսուի որդիներից՝ Կադմիէլը, 43Ուդայիդի որդիներից՝ եօթանասունչորս։ 44Սաղմոսասաց երգիչներից. Ասափի որդիները՝ հարիւր քառասունութ։ 45Դռնապաններից. Ելումի որդիները, Ատտերի որդիները, Տեմիոնի որդիները, Ակուբի որդիները, Ատիտի որդիները, Սաբէի որդիները՝ հարիւր երեսունութ։46Նաթանիմացիներից. Սիլի որդիները, Ասիփի որդիները, Տաբոթի որդիները, 47Սարիասի որդիները, Սիայի որդիները, Փասոնի որդիները, Լաբանի որդիները, Ագաբի որդիները, Ակուդի որդիները, Ուտայի որդիները, Կետարի որդիները, Ագաբի որդիները, Սելեմի որդիները,48Անանի որդիները, Գադէլի որդիները, Գայարի որդիները, 49Ռէի որդիները, Ռասոնի որդիները, Նեկոդի որդիները. 50Գէելամի որդիները, Օզի որդիները, Փեսէի որդիները. 51Բեսէի որդիները, Մէինոսի որդիները, Նեփովայիսի որդիները, Բաբոկի որդիները, Աքիբի որդիները, Արուրի որդիները, 52Բասալոթի որդիները, Մէիդի որդիները, Ադասանի որդիները. 53Բարկուէի որդիները, Սիսարայի որդիները, Թեմայի որդիները. 54Նեսէի որդիները, Սարիփայի որդիները։ 55Սողոմոնի ծառաների որդիներից՝ 56Սուտի որդիները, Սափարաթի որդիները, Փարեդի որդիները, 57Յէալէի որդիները, Դորկոնի որդիները, Գադէլի որդիները. 58Սափատիայի որդիները, Ետէմի որդիները, Փաքարաթի որդիները, Սաբայիմի որդիները, Հեմիմի որդիները։ 59Բոլոր նաթանայիմներն ու Սողոմոնի ծառաների որդիները՝ երեք հարիւր իննսուներկու մարդ։ 60Իսկ Թելան, Օրսան, Քերուբը, Երոնը, Եմերը, որոնք դուրս էին եկել Թեմելիքից, չկարողացան ցոյց տալ իրենց հայրերի տոհմը եւ ոչ էլ իրենց ցեղը, թէ իրենք Իսրայէլից են։ 61Դալայի որդիները, Բուայի որդիները, Տուբիայի որդիները, Նեկոդի որդիները՝ վեց հարիւր քառասուներկու մարդ։ 62Քահանաներից. Եբէրի որդիները, Ակոմի որդիները, Ելիսէի որդիները։ Նա կին էր առել Բերզելիա Գաղաադացու աղջիկներից եւ կոչուեց ըստ նրա անուան։ 63Սրանք փնտռեցին իրենց ազգահամարը մատեաններում, բայց չգտնուեց, եւ հեռացուեցին քահանայութիւնից։ 64Աթարսաթան ասաց նրանց. «Թող չուտեն սրբութիւն սրբոցից, մինչեւ որ չյայտնուի մի քահանայապետ՝ պարզաբանելու այս գործը»։ 65Հաւաքուած ամբողջ ժողովրդի թիւը քառասուն երկու հազար երեք հարիւր վաթսուն մարդ էր, 66բացի իրենց ծառաներից ու աղախիններից, որոնք եօթը հազար երեք հարիւր երեսունեօթը մարդ էին, իսկ երգիչներն ու սաղմոսասացները՝ տղամարդիկ ու կանայք, երկու հարիւր քառասունհինգ մարդ։ 67Ձիերը՝ եօթը հարիւր երեսունվեց, ջորիները՝ երկու հարիւր քառասունհինգ,68ուղտերը՝ չորս հարիւր երեսունհինգ, էշերը՝ վեց հազար քսանեօթը։69Իշխանները, ըստ իրենց նախնիների անուան, գործի համար նուէրներ տուեցին. Աթարսաթան գանձատանը տուեց յիսուն ոսկի սկաւառակ եւ քահանայական երեսուն պատմուճան։ 70Տոհմերի իշխանները գործի համար տուեցին քսան հազար ոսկի եւ տասներկու հազար երկու հարիւր մնաս արծաթ։ 71Մնացած ժողովուրդը տուեց քսան հազար դահեկան, երկու հազար մնասի արծաթէ սպասք եւ քահանայական վաթսունեօթը պատմուճան։ 72Եւ այսպէս քահանաներն ու դռնապանները, սաղմոսասաց երգիչները, ժողովուրդը, նաթանիմացիները եւ ամբողջ Իսրայէլը հաստատուեցին իրենց քաղաքներում։Արդէն եօթներորդ ամիսն էր, որ իսրայէլացիներն իրենց քաղաքներում էին։ 
8 Ամբողջ ժողովուրդը մի մարդու նման հաւաքուեց հրապարակում՝ Ջրերի դռան դիմաց։ Տիրոջ օրէնքների մեկնիչ Եզրասին ասացին, որ բերի Մովսէսի օրէնքների գիրքը, որ նրան հրահանգել էր Իսրայէլի Տէր Աստուածը։ 2Եզրաս քահանան օրէնքների գիրքը բերեց ժողովի առջեւ. դա եօթներորդ ամսի ամսամտի օրն էր, երբ հաւաքուել էին տղամարդիկ ու կանայք եւ բոլոր նրանք, ովքեր ուզում էին լսել։ 3Նա տղամարդկանց ու կանանց առջեւ սկսեց կարդալ օրէնքը՝ առաւօտից, երբ ծագում էր արեգակը, մինչեւ կէսօր. բոլորը հասկանում էին, եւ ամբողջ ժողովուրդն ականջ էր դնում՝ լսելու գրուած բոլոր օրէնքները։4Եզրաս քահանան՝ մեկիչը, կանգնած էր փայտաշէն բեմի վրայ. նրա մօտ, նրա աջ կողմից կանգնած էին Մատաթիասը, Սամէասը, Անանիասը, Ուրիասը, Քելկիան եւ Մասիան, իսկ նրա ձախից՝ Փագիասը, Միսայէլը, Մելքիասը, Ասամը, Սարդանան, Զաքարիան եւ Մոսոլամը։ 5Երբ Եզրաս քահանան ամբողջ ժողովրդի առջեւ բացեց գիրքը (նա ամբողջ ժողովրդի վերակացուն էր), գիրքը բանալու ժամանակ ժողովուրդը ոտքի կանգնեց նրա առջեւ։ 6Եզրասն օրհնեց մեծազօր Տէր Աստծուն, իսկ ամբողջ ժողովուրդն ասաց՝ Ամէն։ Նրանք բարձրացրին իրենց ձեռքերը, իսկ երեսները մինչեւ գետին խոնարհելով՝ երկրպագեցին Տէր Աստծուն։ 7Յեսուսը, Բանեասն ու Սարարիասը օրէնքները բացատրում էին ժողովրդին, եւ ժողովուրդը կանգնած էր ըստ մարդկանց կարգի։ 8Նէեմին, որ նոյն Աթերսասթան է, Եզրաս քահանան՝ մեկիչը, եւ ղեւտացիները, որ բացատրում էին բազմութեանը, 9ասացին ամբողջ ժողովրդին. «Այս օրը մեր Տէր Աստծու սուրբ օրն է, մի՛ սգացէք եւ մի՛ լացէք»։ Արդարեւ, երբ ժողովուրդը լսում էր օրէնքների խօսքերը, լաց էր լինում։ Նրանց ասացին. «Գնացէ՛ք իւղալի ճաշեր կերէ՛ք, քաղցր խմիչքներ խմեցէ՛ք, եւ մի բաժին էլ ուղարկեցէ՛ք նրանց, ովքեր չունեն, որովհետեւ սա մեր Տէր Աստծու սուրբ օրն է։ Արդ, զօրացէ՛ք եւ տխուր մի՛ դարձրէք այս օրը։ 10Իսկ ղեւտացիները լռեցնում էին ժողովրդին ու ասում. «Լո՛ւռ եղէք եւ մի՛ տրտմէ՛ք, որովհետեւ սա սուրբ օր է»։ 11Ժողովուրդը գնաց ուտելու եւ ըմպելու, եւ մի բաժին էլ ուղարկեցին նրանց, ովքեր չունէին։ Նրանք մեծապէս ուրախ էին, որովհետեւ հասկացան օրէնքների խօսքերը՝ որ Եզրասը կարդաց նրանց համար։ 12Երկրորդ օրը օրէնքների մեկնիչ Եզրասի մօտ հաւաքուեցին ամբողջ ժողովրդի իշխանները, տոհմապետները, քահանաներն ու ղեւտացիները, որպէսզի նրանից իմանան եւ սովորեն օրէնքների բոլոր խօսքերը։ 13Եւ օրէնքների մէջ գտան, որ գրուած էր, թէ Տէր Աստուած հրամայել էր Մովսէսին, որ իսրայէլացիներին արժան է եօթներորդ ամսի տօնին բնակուել տաղաւարների մէջ 14եւ այդ մասին փողեր փչելով ազդարարել իրենց բոլոր քաղաքներում ու Երուսաղէմում։ Այդ ժամանակ Եզրասն ասաց. «Ելէ՛ք լեռը եւ բերէ՛ք ձիթենիների, սօսի ծառերի, մրտենիների, խնկենիների, արմաւենիների եւ այլ ծառերի տերեւախիտ ճիւղեր եւ, ըստ գրուածի, ձեզ համար տաղաւարներ շինեցէ՛ք»։ 15Ժողովրդի մարդիկ ելան, ճիւղեր բերին եւ իրենց համար տաղաւարներ շինեցին, մէկը՝ իր տան տանիքին, մէկը՝ իր տան բակում, ոմանք էլ՝ Աստծու Տան գաւթում ու քաղաքի հրապարակներում, մինչեւ Եփրեմի դարպասները։ 16Գերութիւնից վերադարձած ամբողջ ժողովուրդը տաղաւարներ շինեց ու նստեց տաղաւարների մէջ, որովհետեւ Նաւէի որդի Յեսուի օրերից մինչեւ այն օրը իսրայէլացիները երբեւէ այդպիսի մեծ ուրախութիւն չէին արել։ 17Եւ Եզրասն օր-օրի, առաջին օրից մինչեւ եօթներորդ օրը, կարդում էր օրէնքների գիրքը։ Նրանք եօթն օր տօն կատարեցին եւ ութերորդ օրը, ըստ օրէնքի, աւարտեցին այն։









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Плов с чечевицей и рисом (муджетере)

Чечевицу сварить до полуготовности, добавить перебранный рис и продолжать варить...

Шашлык по-карски

Шашлык по-карскиС МЯКОТИ СПИННОЙ И ПОЯСНИЧНОЙ части баранины срезать грубые...

Бараньи котлеты с чесноком (схторац)

Бараньи котлеты с чесноком (схторац)Мякоть баранины пропустить через мясорубку, добавить...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта