ԵՐԵՄԻԱ - 2

(9 голоса, среднее 4.33 из 5)
Индекс материала
ԵՐԵՄԻԱ
2
Все страницы


30 Այս է այն խօսքը, որ Տէրն ուղղեց Երեմիային՝ ասելով. 2«Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. այն բոլոր բաները, որ քեզ հրամայեցի, քեզ համար գրի՛ առ մատեանի մէջ։ 3Ահա օրեր են գալու, - ասում է Տէրը, - երբ Իսրայէլի իմ գերեալ ժողովրդին, նաեւ Յուդայի երկրի ժողովրդին վերադարձնելու եմ. վերադարձնելու եմ այն երկիրը, - ասում է Տէրը, - որ տուեցի նրանց հայրերին, որպէսզի տիրեն նրան»։4Սրանք են այն խօսքերը, որ խօսեց Տէրը Իսրայէլի եւ Յուդայի երկրի մասին. 5այսպէս է ասում Տէրը. «Սարսափի ձայն պիտի լսէք, ձայնը ահեղ գոյժի, որից մարդկանց մէջքերը պիտի դողան, եւ փրկութիւն ու հանգստութիւն չպիտի լինի։ 6Հարցրէ՛ք ու տեսէ՛ք, թէ երբեւէ արուն ծնե՞լ է. հապա ինչո՛ւ ամէն տղամարդու տեսնում եմ իր ձեռքերը մէջքին պահած, ինչպէս ծննդկան կինը, եւ բոլորի դէմքի գոյնը դալուկ դարձած. 7քանզի մեծ է այն օրը, եւ նրա նմանը չկայ։Դա Յակոբի համար սարսափելի նեղութեան ժամանակ է լինելու, բայց նա փրկուելու է դրանից։ 8Այն օրը, - ասում է Զօրութիւնների Տէրը, - նրանց պարանոցից խորտակելու եմ լուծը, խզելու եմ նրանց կապանքները. նրանք այլեւս օտարներին հարկատու չեն մնալու, 9այլ ծառայելու են իրենց Տէր Աստծուն. նրանց համար վերականգնելու եմ իրենց Դաւիթ արքային։ 10Սակայն դու մի՛ երկնչիր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, - ասում է Տէրը, - չզարհուրես, ո՛վ Իսրայէլ, որովհետեւ ահաւասիկ քեզ ազատելու եմ հեռաստանից, իսկ քո սերնդին՝ իր գերութեան երկրից։ Պիտի վերադառնայ Յակոբը, հանգստութիւն պիտի գտնի ու բարեկեցիկ կեանք ունենայ, ոչ ոք չի լինի, որ զարհուրեցնի նրան։ 11Ահա ես քեզ հետ եմ, - ասում է Տէրը, - որպէսզի փրկեմ քեզ եւ կործանեմ այն ազգերին, որոնց մէջ ցրեցի քեզ։ Բայց քեզ չեմ ոչնչացնելու. քեզ արդարութեամբ եմ պատժելու եւ քաւութիւն տալով՝ անմեղ չեմ համարելու քեզ»։ 12Այսպէս է ասում Տէրը. «Սաստկացրի քո տառապանքը. քո կրած հարուածները ցաւագին են, 13քո դատը պաշտպանող չկայ։ Դու բժշկուեցիր քո ցաւերից, բայց դա քեզ օգուտ չբերեց։ 14Քո բոլոր բարեկամները քեզ մոռացան եւ չեն հարցնում քո մասին։ Իբրեւ սոսկալի խրատ՝ ես թշնամական հարուածներ հասցրի քեզ։ Քո բոլոր անօրէնութիւնների պատճառով բազմացան մեղքերդ։15Քո կրած հարուածների համար ի՞նչ ես աղաղակ բարձրացրել։ Բայց ես քեզ չեմ ոչնչացնելու։ Բուռն են քո ցաւերը. դրանք սաստկացան քո բազում անօրէնութիւնների պատճառով, դրանք քո մեղքերի՛ հետեւանքն են։ 16Սակայն ամէնքը, որ յօշոտում էին քեզ, իրե՛նք պէտք է յօշոտուեն, քո բոլոր թշնամիները պիտի յօշոտեն իրենց մարմինները։ Քո անօրէնութիւնները բազմացան ու յաճախակի դարձան. դրանք քո մեղքերի՛ հետեւանքն են։ Քեզ աւերողներն իրե՛նք պիտի աւերի ենթարկուեն, քո բոլոր աւարառուներին ես աւարի պիտի մատնեմ։ 17Քո ցաւագին վէրքերին բժշկութիւն պիտի բերեմ, պիտի բժշկեմ քեզ, - ասում է Տէրը, - որովհետեւ, Սիո՛ն, դու աստանդական կոչուեցիր. ասացին՝ «Դա է ձեր որսը, բայց ով որ փնտռի՝ չի գտնի նրան»։ 18Այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ ես Յակոբի վտարանդի վրանները կը վերադարձնեմ, ողորմած կը լինեմ նրա գերեալների նկատմամբ. քաղաքը կը վերաշինուի իր բարձունքի վրայ, տաճարն իր կարգ ու կանոնով կը վերականգնուի։ 19Այնտեղից կը ծաւալուի երգիչների ու պարողների ձայնը։ Պիտի բազմացնեմ նրանց, եւ նրանք չպիտի նուազեն, պիտի տարածեմ նրանց, եւ նրանք չպիտի թուլանան։20Նրանք առաջուայ պէս ելումուտ պիտի անեն. նրանց օրէնքներն իմ աչքին հաստատուն պիտի դառնան։ Դատաստան պիտի կարդամ նրանց նեղողների գլխին, 21որոնց հանդէպ նրանք աւելի զօրաւոր պիտի լինեն։ Իրենց իշխանը իրենց միջի՛ց պիտի ելնի։ Պիտի հաւաքեմ նրանց, ու նրանք պիտի վերադառնան ինձ մօտ, քանզի ո՞վ ինքն իրեն սիրտ կ՚անի դառնալ Տիրոջ մօտ, - ասում է Տէրը։ - 22Դուք ինձ համար ժողովուրդ կը լինէք, իսկ ես ձեզ համար կը լինեմ Աստուած»։ 23Ահա Տիրոջ բարկութիւնը ցասմամբ բորբոքուեց, մրրիկի պէս բորբոքուեց նրա բարկութիւնն ամբարիշտների վրայ։ 24Տիրոջ բարկութիւնն ու զայրոյթը կը գան ու յետ չեն շրջուի, մինչեւ որ նա կատարի իր սրտի կամքը։ Վերջին օրերին դուք կը հասկանաք դա»։ 
31 «Այն ժամանակ, - ասում է Տէրը, - ես Իսրայէլի ժողովրդի համար Աստուած կը լինեմ, իսկ նա ինձ համար՝ ժողովուրդ»։ 2Այսպէս է ասում Տէրը. «Այնտեղ, անապատում, նրանք հանդիպեցին տապի եւ սուսերով սպանողների»։ Հեռացէ՛ք, մի՛ սպանէք Իսրայէլը։ 3Հեռու-հեռուից նրան երեւաց Տէրը. «Յաւիտենական սիրով սիրեցի քեզ, դրա համար էլ քեզ գթութեան արժանացրի։ 4Նորից պիտի շէնացնեմ քեզ, ու դու վերստին պիտի բարգաւաճես, ո՛վ կոյսդ Իսրայէլի։ Դարձեալ պիտի առնես քո թմբուկը եւ խառնուես պարողների խմբերին։ 5Դարձեալ այգիներ պիտի տնկէք Սամարիա լերան վրայ, տունկեր պիտի տնկէք եւ փառաբանէք, 6քանզի հասել է օրը, երբ Եփրեմի լեռներում պահակները ձայնելու են. «Եկէք ելնե՜նք Սիոն՝ մեր Տէր Աստծու մօտ»։7Այսպէս է ասում Տէրը. «Ցնծացէ՛ք Յակոբի համար, ուրա՛խ եղէք եւ կանչեցէ՛ք նրան, որ ազգերի մէջ գլխաւորն է, իմա՛ց տուէք, օրհնեցէ՛ք ու ասացէ՛ք. «Տէրը փրկեց իր ժողովրդին՝ Իսրայէլի մնացորդներին»։8Ահա նրանց պիտի բերեմ ես հիւսիսի երկրից, աշխարհի ծագերից պիտի հաւաքեմ նրանց՝ պասեքի տօնին. նրանց մէջ մեծ բազմութեամբ որդիներ պիտի ծնուեն, կոյրն ու կաղը, յղին եւ ծննդաբերուածը միահամուռ, իբրեւ մեծ ժողովուրդ, պիտի վերադառնան այստեղ։9Նրանք լալով հեռացան, բայց ես մխիթարելով պիտի բերեմ նրանց՝ հանգիստ պարգեւելով ջրերի վտակների մօտ, ուղիղ ճանապարհով, որպէսզի չմոլորուեն նրա վրայ, քանզի Իսրայէլի համար ես հայր եղայ, եւ Եփրեմն իմ անդրանիկն է»։ 10Ո՛վ ազգեր, լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, պատմեցէ՛ք հեռաւոր կղզիներում եւ ասացէ՛ք. «Ով ցրեց Իսրայէլը, նա էլ կը հաւաքի նրան եւ կը պահպանի, ինչպէս նախրապանը՝ իր հօտը»։ 11Տէրն ազատեց Յակոբին եւ փրկեց նրան նրա վրայ բռնացողների ձեռքից։ 12Պիտի գան եւ ուրախանան,պիտի ցնծան Սիոնի լերան վրայ, պիտի գան դէպի Տիրոջ բարիքները՝ ցորենի ու գինու, բերքի ու հօտերի, արջառի ու ոչխարի երկիրը. նրանց անձերը պիտի լինեն պտղալից ծառի պէս, այլեւս քաղց չպիտի զգան։ 13Այն ժամանակ կոյսերը պիտի ցնծան երիտասարդների շուրջպարի մէջ, ծերերը պիտի խնդան։ Նրանց սուգը խնդութեան պիտի վերածեմ, տրտմութիւնից ուրախութեան պիտի հասցնեմ նրանց։ 14Ղեւիի որդի քահանաների հոգիները զմայլանքով պիտի լցնեմ ու արբեցնեմ, եւ իմ ժողովուրդը պիտի լիանայ իմ բարիքներով», - ասում է Տէրը։ 15Այսպէս է ասում Տէրը. «Մի ձայն էր լսւում Ռամայում, ողբ, լաց ու գոյժ. Ռաքէլը ողբում էր իր որդիներին, որդիների պատճառով չէր ուզում մխիթարուել, քանի որ նրանք չկային»։ 16Այսպէս է ասում Տէրը. «Թող քո անձը դադարի լաց լինելուց, իսկ քո աչքերը՝ արտասուքից, որովհետեւ քո գործերի համար վարձ կայ, - ասում է Տէրը։ Նրանք կը վերադառնան թշնամիների երկրից, 17եւ վերջում քո յոյսը կ՚իրականանայ, - ասում է Տէրը. - քո որդիները կը վերաբնակուեն իրենց սահմաններում։ 18Լսեցի Եփրեմի այս ողբը. «Խրատեցիր ինձ, Տէ՛ր, ու ես խրատուեցի, բայց չսովորեցի, ինչպէս անվարժ արջառ։ Դարձրո՛ւ ինձ, եւ ես կը դառնամ, քանզի դու իմ Տէր Աստուածն ես։ 19Իմ գերութիւնից յետոյ զղջացի. երբ խելքի եկայ, իմ ամօթալի օրերի համար հոգոց հանեցի եւ քեզ ցոյց տուի, թէ իմ տղայութեան պատճառով նախատինք կրեցի»։ 20Եփրեմն իմ սիրելի որդին է, գուրգուրելի մանուկը. հէնց որ իմ խօսքը նրա մասին է լինում, նորից յիշում եմ նրան։ Ահա թէ ինչու շտապում եմ նրա համար, անչափ պիտի ողորմեմ նրան», - ասում է Տէրը։ 21«Ճանաչի՛ր ինքդ քեզ, ո՛վ Սիոն, արդարութեան վրէ՛ժ խնդրիր, թիկո՛ւնք դարձրու քո ցանկութիւնից, անցի՛ր քո ճանապարհը, դարձի՛ր, ո՛վ կոյսդ Իսրայէլի, նորի՛ց դարձիր դէպի քո սգաւոր քաղաքները։ 22Մինչեւ ե՞րբ պիտի թափառես, ո՛վ անարգուած դուստր. չէ՞ որ Տէրը փրկութիւն է հաստատել նոր ստեղծած վայրում, որպէսզի մարդիկ ազատագրուած՝ շրջեն այնտեղ»։ 23Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Յուդայի երկրում եւ նրա քաղաքներում, երբ վերադարձնեմ նրա գերեալներին, պիտի կրկնեն այս խօսքը. «Օրհնեալ է Տէրն իր արդար ու սուրբ լերան վրայ»։ 24Եւ Հրէաստանի բնակիչները, իրենց քաղաքներով ու գործաւորներով հանդերձ, պիտի փարթամանան հօտերով, 25քանզի ես արբեցրի բոլոր ծարաւ հոգիներին, բոլոր քաղցած հոգիներին լիացրի։ 26Ահա թէ ինչու արթնացայ ու նայեցի, եւ իմ քունն ինձ համար քաղցրացաւ»։ 27«Ահա օրեր են գալու, - ասում է Տէրը, - ու Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը սերմանելու եմ մարդու սերնդով եւ անասունի սերնդով։ 28Ու ինչպէս որ աչքերս բաց արի նրանց վրայ՝ խլելու եւ կործանելու, քանդելու, կորստեան մատնելու եւ չարչարելու համար, այդպէս էլ աչքերս պիտի բաց անեմ նրանց վրայ, - ասում է Տէրը, - կառուցելու եւ տնկելու համար։ 29Այն օրերին այլեւս չեն ասելու, թէ՝ «Հայրերն ազոխ կերան՝ որդիների ատամներն առան», 30այլ իւրաքանչիւրն իր մեղքով պիտի մեռնի, եւ ով ազոխ է ուտելու՝ նրա՛ ատամներն են առնելու։31Ահաւասիկ օրեր են գալու, - ասում է Տէրը, - երբ նոր ուխտ եմ կապելու Իսրայէլի տան հետ եւ Յուդայի երկրի տան հետ։ 32Ոչ թէ ըստ այն ուխտի, որ մի օր ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ դուրս հանելու համար նրանց Եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հաւատարիմ չմնացին, ու ես նրանց մասին հոգ չտարայ, - ասում է Տէրը, - 33«այլ ա՛յս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ, - ասում է Տէրը, - իմ օրէնքները նրանց մտքի մէջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մէջ եմ գրելու, նրանց համար Աստուած եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ։ 34Եւ այլեւս ամէն մէկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամէն մէկն իր եղբօրը չի ասելու, թէ՝ «Ճանաչի՛ր Տիրոջը», քանզի ամէնքը՝ նրանց փոքրերից մինչեւ մեծերը, ճանաչելու են ինձ, - ասում է Տէրը, - որովհետեւ նրանց անիրաւութիւնները պիտի ներեմ եւ նրանց մեղքերն այլեւս չպիտի յիշեմ»։ 35Տէրը, որ արեւը հաստատեց ցերեկուայ լուսաւորութեան, իսկ լուսինն ու աստղերը՝ գիշերուայ լուսաւորութեան համար, աղաղակ տուեց ծովին, ու նրա ալիքները շառաչում են. նա, որի անունը Տէր Ամենակալ է, այսպէս է ասում.36«Եթէ իմ աչքի առաջ այս օրէնքները դադարեն գործելուց, ապա Իսրայէլի ազգն էլ, - ասում է Տէրը, - իմ աչքի առաջ ընդմիշտ պիտի դադարի ազգ լինելուց»։ 37Այսպէս է ասում Տէրը. «Եթէ անգամ երկինքը դէպի վեր բարձրանայ, իսկ երկրի յատակները դէպի վար խոնարհուեն, ես դարձեալ չեմ անտեսի համայն Իսրայէլի ազգին այն ամենի համար, որ նա կատարեց։ 38Ահա օրեր պիտի գան, - ասում է Տէրը, - երբ Անամայէլի աշտարակից մինչեւ Անկեան դուռը Տիրոջ համար քաղաք պիտի շինուի։ 39Եւ դեռ պիտի ձգուի չափալարը եւ նրանց առջեւով պիտի երկարի մինչեւ Գարեբի բլուրը՝ այն բոլորելով ընտիր քարերից շինուած պատով։ 40Եւ Փաքադիմի ու Մոխիրների ողջ ձորը, ողջ Սարեմոթը, մինչեւ Կեդրոնի ձորը, մինչեւ արեւելեան կողմի Ձիերի դռան անկիւնը, պէտք է դառնան Տիրոջ սրբութիւնը. եւ այս բոլորը այլեւս չեն յափշտակուելու եւ չեն աւերուելու մինչեւ յաւիտենութիւն»։ 
32 Այս է այն խօսքը, որ Յուդայի երկրի Սեդեկիա արքայի տասներորդ տարին, այն է՝ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնութերորդ տարին, Տէրն ուղղեց Երեմիային։ 2Այն ժամանակ բաբելացիների արքայի զօրքը պաշարել էր Երուսաղէմը, իսկ Երեմիա մարգարէն կալանաւորուած էր Յուդայի երկրի թագաւորի ապարանքի բանտի սրահում, որտեղ արգելափակել էր նրան Սեդեկիա արքան՝ ասելով. 3«Ինչո՞ւ դու մարգարէութիւն ես անում եւ ասում, թէ այսպէս է ասում Տէրը՝ «Ահաւասիկ ես այս քաղաքը բաբելացիների թագաւորի ձեռքը պիտի յանձնեմ, նա պիտի վերցնի դա, 4եւ Յուդայի երկրի Սեդեկիա արքան չպիտի փրկուի քաղդէացիների ձեռքից, պիտի մատնուի բաբելացիների թագաւորի ձեռքը, դէմառդէմ պիտի խօսի նրա հետ, եւ իր աչքերը պիտի տեսնեն նրա աչքերը։ 5Սեդեկիան պիտի մտնի Բաբելոն եւ պիտի նստի այնտեղ, մինչեւ որ այցելութեան գամ իրեն, - ասում է Տէրը. - ինչո՞ւ էք մարտնչում քաղդէացիների դէմ, որից ոչ մի յաջողութիւն չէք ունենալու»։ 6Եւ Տէրը, խօսքն ուղղելով Երեմիային, ասում է. 7«Ահա քո հօրեղբայր Սելոմի որդի Անամայէլը քեզ մօտ է գալու եւ ասելու. «Դու քեզ համար գնի՛ր իմ ագարակը, որը գտնւում է Անաթոթում, որովհետեւ ազգակցութեան կարգով պատշաճ է, որ դո՛ւ առնես այն որպէս սեփականութիւն»։ 8Եւ իմ հօրեղբայր Սելոմի որդի Անամայէլը, ըստ Տիրոջ խօսքի, ինձ մօտ բանտի սրահը եկաւ եւ ասաց ինձ. «Գնի՛ր իմ ագարակը, որը գտնւում է Անաթոթում, Բենիամինի երկրում, որովհետեւ քեզ է յարմար ձեռք բերել այդ ժառանգութիւնը, քանզի աւագը դու ես»։ Այն ժամանակ ես հասկացայ, որ դա Տիրոջ խօսքն է, 9եւ իմ հօրեղբօր որդի Անամայէլից գնեցի ագարակը, որն Անաթոթում է։ Նրա համար կշռեցի արծաթը՝ տասնեօթը սիկղ. 10մուրհակ գրեցի ու կնքեցի, վկաներ դրեցի եւ արծաթը կշեռքով կշռեցի։ 11Ապա, ըստ հրամանի ու իրաւունքի, վերցրի սեփականութեան մասին կնքուած մուրհակն ու չկնքուածը 12եւ սեփականութեան մասին մուրհակը իմ հօրեղբօր որդի Անամայէլի ներկայութեամբ այնտեղ գտնուողների աչքի առաջ տուեցի Մաասի որդի Ներիայի որդի Բարուքին։ Բանտի սրահում նստած բոլոր հրեաների առաջ նրանք ստորագրեցին սեփականութեան մասին մուրհակը։ 13Ու նրանց առաջ պատուիրեցի Բարուքին՝ ասելով.14«Այսպէս է ասում Ամենակալ Տէրը, Իսրայէլի Աստուածը. «Վերցրո՛ւ այդ մուրհակները, սեփականութեան մասին կնքուած մուրհակը ու չկնքուած մուրհակը եւ դի՛ր խեցէ ամանի մէջ, որ պահպանուեն բազում օրեր»։ 15Այսպէս է ասում Ամենակալ Տէրը, Իսրայէլի Աստուածը. «Այս երկրի մէջ տները, ագարակներն ու այգիները նորից պիտի գնուեն»։ 16Երբ սեփականութեան մասին մուրհակը յանձնեցի Ներիայի որդի Բարուքին, աղօթեցի Տիրոջը եւ ասացի. 17«Տէ՛ր, ո՛վ դու Տէր, քո մեծ զօրութեամբ եւ քո յաղթ բազկով դու ստեղծեցիր երկինքն ու երկիրը. չկայ ոչ մի բան, որ կարողանայ թաքնուել քեզնից։18Հազարաւոր սերունդների ողորմածութիւն ես անում եւ հայրերի մեղքերի պատիժը նրանցից յետոյ հատուցում ես նրանց որդիներին։ Մե՛ծ եւ հզօ՛ր Աստուած, քո անունը Զօրութիւնների Տէր է,19խորհուրդներով մեծ ես եւ գործերով՝ զօրաւոր։ Ո՛վ դու Ամենակալ մեծանուն Տէր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրայ՝ իւրաքանչիւրին հատուցելու համար ըստ իր ճանապարհի եւ ըստ իր գործերի արդիւնքի։ 20Դու հրաշքներ ու սքանչելիքներ կատարեցիր Եգիպտացիների երկրում, նաեւ մինչեւ այժմ՝ Իսրայէլում ու ողջ աշխարհի մարդկանց մէջ, քեզ համար ստեղծեցիր մի անուն, որ կայ առ այսօր. 21Իսրայէլի քո ժողովրդին դու դուրս հանեցիր Եգիպտացիների երկրից հրաշքներով ու սքանչելիքներով, հզօր ձեռքով ու յաղթ բազկով եւ մեծամեծ տեսիլքներով։ 22Նրանց տուեցիր այս երկիրը, ինչպէս երդուել էիր իրենց հայրերին՝ տալ նրանց մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում։ 23Նրանք մտան եւ ժառանգեցին այն, բայց ականջ չդրին քո ձայնին եւ չընթացան ըստ քո հրամանների, եւ այն ամէնը, ինչ պատուիրեցիր նրանց անել, չկատարեցին, այլ արեցին այնպէս, որ այս բոլոր չարիքները եկան նրանց գլխին։ 24Եւ ահա զօրքն այս քաղաքի վրայ է հասել, որպէսզի այն գրաւի, ու քաղաքը մատնուել է քաղդէացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահուան միջոցով։ Ինչպէս ասել էիր, այդպէս էլ եղաւ. դու ինքդ էլ տեսնում ես։25Իսկ դու, Տէ՛ր, ասում ես ինձ, թէ՝ «Արծաթով քեզ համար ագարակ գնիր»։ Ես մուրհակ գրեցի ու կնքեցի եւ վկաներ դրեցի, բայց քաղաքը մատնուեց քաղդէացիների ձեռքը»։ 26Եւ Տէրը խօսքն ինձ ուղղեց՝ ասելով. 27«Ահա ես բոլոր մարմնաւորների Տէր Աստուածն եմ. միթէ որեւէ բան ինձնից կարո՞ղ է թաքուն մնալ»։ 28Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Այդ քաղաքը պիտի մատնուի քաղդէացիների ձեռքը եւ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, որը պիտի գրաւի դա։ 29Պիտի գան քաղդէացիները, որպէսզի պատերազմեն այդ քաղաքի դէմ եւ հրով այրեն դա. պիտի կրակի մատնեն այն տները, որոնց տանիքներին խունկ էին ծխում Բահաղին ու զոհեր մատուցում օտար աստուածներին, որպէսզի ինձ դառնութիւն պատճառէին։30Իսրայէլացիներն ու Յուդայի երկրի մարդիկ իրենց մանկութիւնից սկսած իմ աչքերի առաջ միմիայն չարիք էին գործում։ Իսրայէլացիներն իրենց ձեռքի գործերով բարկացրին ինձ, - ասում է Տէրը։ - 31Այն օրից, ինչ շինեցի այդ քաղաքը, մինչեւ այսօր այն գոյութիւն ունեցաւ ինձ բարկացնելու եւ զայրացնելու համար. 32իմ աչքի առաջ պէտք է ջնջել դա այն բոլոր չարիքների համար, որ ինձ դառնացնելու նպատակով կատարեցին իսրայէլացիներն ու Յուդայի երկրի մարդիկ, իրենք, իրենց թագաւորներն ու իրենց մեծամեծները, իրենց քահանաներն ու իրենց մարգարէները, Յուդայի երկրի տղամարդիկ եւ Երուսաղէմի բնակիչները։ 33Նրանք իրենց թիկունքնե՛րը դարձրին ինձ եւ ոչ թէ երեսները։ Սկզբից եւեթ ես սովորեցրի նրանց, սովորեցրի, բայց չուզեցին խրատ ընդունել։ 34Իրենց պղծութիւնները դրեցին այն Տան մէջ, որը կրում է իմ անունը։ 35Իրենց աղտեղութիւնների համար Ենոմացիների ձորում Բահաղին բագիններ կանգնեցրին, որպէսզի իրենց տղաներին ու աղջիկներին նուիրաբերեն Մողոքին, մի բան, որ ես չէի պատուիրել նրանց, եւ ոչ էլ մտքովս անցել էր կատարել տալ նրանց այդ պղծութիւնը՝ Յուդայի երկիրը յանցանքի մէջ մեղադրելու համար»։ 36Արդ, այսպէս է ասում Տէր Աստուած Իսրայէլի այդ քաղաքի վերաբերմամբ, որի մասին դու ասացիր, թէ մատնուեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը՝ սրի, սովի ու գերութեան։ 37«Ահա ես նրանց կը հաւաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրիւ տուեցի նրանց իմ բարկութեամբ, զայրոյթով ու մեծ ցասումով. նրանց կը վերադարձնեմ այս վայրերը, յոյսով կը բնակեցնեմ նրանց, 38նրանք ինձ համար ժողովուրդ կը լինեն, իսկ ես նրանց համար կը լինեմ Աստուած։ 39Եւ ես կը տամ նրանց մի այլ սիրտ ու ճանապարհ՝ հանապազ երկնչելու ինձնից ի բարօրութիւն իրենց, իսկ իրենցից յետոյ՝ ի բարօրութիւն իրենց որդիների։ 40Նրանց հետ կը կնքեմ յաւիտենական ուխտ, որից չեմ հրաժարուի՝ բարութիւն անելով նրանց, եւ իմ երկիւղը կը դնեմ նրանց սրտերի մէջ, որպէսզի նրանք չապստամբեն իմ դէմ։ 41Բարութիւն անելու համար այցի կը գնամ նրանց, հաւատով, իմ ամբողջ սրտով եւ իմ ամբողջ հոգով նրանց կը տնկեմ այս երկրում»։ 42Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. «Ինչպէս որ այդ ժողովրդի վրայ բերեցի այս բոլոր մեծամեծ չարիքները, այնպէս էլ նրա համար կը բերեմ բարիքներ, ինչպէս ասել էի դրանց մասին։ 43Նորից ագարակներ պիտի առնեն այդ երկրում, որի մասին դու ինքդ ասացիր, թէ թափուր է դարձել մարդ ու անասունից, որոնք մատնուել են քաղդէացիների ձեռքը։ 44Նրանք արծաթով ագարակներ պիտի գնեն, մուրհակներ պիտի գրեն եւ վկաներ կարգեն Բենիամինի երկրում եւ Երուսաղէմի շրջակայքում, Յուդայի երկրի քաղաքներում եւ լերան քաղաքներում, Սեփելայի քաղաքներում եւ Նագեբի քաղաքներում, որովհետեւ նրանց պիտի վերադարձնեմ գերութիւնից», - ասում է Տէրը։ 
33 Աստուած երկրորդ անգամ իր խօսքն ուղղեց Երեմիային, որ տակաւին փակուած էր բանտի սրահում, եւ ասաց. 2այսպէս է ասում Տէրը, որ արարեց երկիրը, ստեղծեց եւ հաստատեց այն. Տէր է նրա անունը։ 3«Կանչի՛ր ինձ, եւ ես պատասխան կը տամ քեզ, կը պատմեմ քեզ մեծամեծ ու զօրաւոր բաների մասին, որ դու չգիտես»։ 4Այո՛, այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի այս քաղաքի տների մասին եւ Յուդայի երկրի արքայի ապարանքի մասին, որոնք քանդուել են պատնէշներ եւ մարտկոցներ կառուցելու նպատակով, 5որպէսզի եկողները մարտնչեն քաղդէացիների դէմ եւ դրանք լցնեն այն մարդկանց դիակներով, որոնց հարուածեցի իմ բարկութեամբ ու զայրոյթով եւ իմ երեսը շուռ տուի նրանցից նրանց բոլոր չարութիւնների պատճառով։ 6Ահաւասիկ ես պիտի բուժեմ նրանց վէրքերը, պիտի բժշկեմ նրանց. խաղաղութեան ձայնը եւ ապահովութիւն պիտի բերեմ նրանց։ 7Պիտի վերադարձնեմ Յուդայի երկրի եւ Երուսաղէմի գերեալներին ու վերականգնեմ նրանց իրենց նախկին վիճակի մէջ։8Նրանց պիտի մաքրեմ այն բոլոր անիրաւութիւններից, որ գործեցին իմ նկատմամբ, ու այլեւս չպիտի յիշեմ նրանց յանցանքները, որ կատարեցին իմ հանդէպ՝ ապստամբելով իմ դէմ։ 9Նրանք ինձ համար ուրախութիւն, օրհնանք ու պարծանք պիտի դառնան երկրի բոլոր ժողովուրդների առաջ, որոնք, իմանալով այն բոլոր բաների մասին, որ ես անելու եմ Երուսաղէմի եւ Յուդայի երկրի համար, երկիւղ պիտի կրեն ու դառնանան դրանց համար կատարած իմ բոլոր բարիքների եւ խաղաղութեան գործերի շնորհիւ»։ 10Այսպէս է ասում Տէրը. «Այդ տեղում, որի մասին դուք ինքներդ ասում էք, թէ մարդկանցից ու անասուններից թափուր է, Յուդայի երկրի քաղաքներում եւ Երուսաղէմից դուրս, որոնք աւերակների են վերածուել, որովհետեւ չկան մարդիկ, չկան բնակիչներ, չկան անասուններ, «այդ նոյն տեղում դարձեալ պիտի հնչեն 11ձայնն ուրախութեան եւ ձայնը ցնծութեան, ձայնը փեսայի եւ ձայնը հարսի, որոնք պիտի ասեն՝ «Գոհութի՛ւն մատուցեցէք Ամենակալ Տիրոջը, քանզի քաղցր է նա, եւ յաւիտենական է նրա ողորմութիւնը»։ Օրհնութեան նուէրներ պիտի բերեն Տիրոջ Տունը, քանզի այդ երկրի գերեալներին առաջուայ վիճակին պիտի վերադարձնեմ», - ասում է Տէրը։ 12Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Մարդ ու անասունից զուրկ այդ աւերակ վայրում եւ դրա բոլոր քաղաքներում դարձեալ պիտի լինեն հովուական իջեւաններ ու ոչխարների հօտերի մակաղատեղիներ։ 13Լեռնային քաղաքներում, Սեփելայի քաղաքներում ու Նագեբի քաղաքներում, Բենիամինի երկրում, Երուսաղէմի շրջակայքում եւ Յուդայի քաղաքներում դարձեալ ոչխարների հօտեր են անցնելու դրանք հաշուողի ձեռքի տակով, - ասում է Տէրը։ - 14Ահա օրեր են գալու, - ասում է Տէրը, - եւ ես հաստատ կատարելու եմ իմ բարի խօսքերը, որ յայտնեցի Իսրայէլի տան մասին եւ Յուդայի տան մասին։ 15Այն օրերում եւ այն ժամանակ Դաւթի համար մի արդար շառաւիղ պիտի ծնեմ, որն իրաւունք ու արդարութիւն պիտի պաշտպանի երկրի վրայ։ 16Այն օրերում Յուդայի երկիրը պիտի փրկուի, եւ Երուսաղէմը յոյսով պիտի ապրի։ Այս է այն անունը, որով նա պիտի կոչուի՝ «Տէրն է մեր արդարութիւնը»։ 17Տէրն այսպէս է ասում. «Դաւթի սերնդից Իսրայէլի տան գահին նստող մարդ չպիտի պակասի, 18եւ ղեւտացի քահանաներից իմ առաջ ամէն օր ողջակէզ մատուցող, զոհաբերութիւն անող եւ խունկ ծխող մարդ չպիտի պակասի»։ 19Տէրն իր խօսքն ուղղեց Երեմիա մարգարէին՝ ասելով. 20այսպէս է ասում Տէրը. «Եթէ կարողանաք խափանել ցերեկուայ իմ ուխտը եւ գիշերուայ իմ ուխտը այնպէս, որ ցերեկն ու գիշերը իրենց ժամանակին չլինեն, 21ապա կը խափանուի նաեւ իմ ուխտը, որ կնքել եմ իմ ծառայ Դաւթի հետ, «նաեւ իմ պաշտօնեաների՝ ղեւտացի քահանաների հետ, «թէ՝ չի ունենայ նա որդի, որ թագաւորի նրա գահի վրայ։ 22Ինչպէս որ անթուելի են երկնքի աստղերը, եւ անչափելի ծովի աւազը, այդպէս էլ պիտի բազմացնեմ իմ ծառայ Դաւթի սերունդը եւ ղեւտացիներին՝ իմ պաշտօնեաներին»։ 23Տէրը, իր խօսքն ուղղելով Երեմիա մարգարէին, ասում է. 24«Չե՞ս տեսնում՝ ի՛նչ է խօսում այդ ժողովուրդը՝ ասելով, թէ՝ «Աստուած, որ ընտրել էր երկու ազգատոհմերի, աչքից գցեց նրանց»։ Այդպիսով նրանք զայրացնում են իմ ժողովրդին, կարծես թէ նրանց համար նա այլեւս ազգ չէ»։ 25Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ցերեկուայ ու գիշերուայ, երկնքի ու երկրի մասին իմ ուխտը չեմ հաստատել, 26ապա Յակոբի եւ իմ ծառայ Դաւթի սերունդը կ՚անարգե՞մ, Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի սերնդի վրայ նրա սերնդից իշխան չե՞մ դնի. ո՛չ, ես նրանց գերեալներին պիտի վերադարձնեմ, պիտի ողորմեմ նրանց»։ 
34 Երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր բոլոր զօրքերով, իր իշխանութեանը ենթակայ բոլոր թագաւորութիւններով ու բոլոր ժողովուրդներով պատերազմի ելաւ Երուսաղէմի եւ Յուդայի երկրի բոլոր քաղաքների դէմ, Տէրը խօսքն ուղղեց Երեմիային՝ ասելով.2«Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. գնա՛ Յուդայի երկրի Սեդեկիա արքայի մօտ եւ ասա՛ նրան. այսպէս է ասում Տէրը. «Այդ քաղաքն անպայման պիտի մատնուի բաբելացիների արքայի ձեռքը, որը պիտի գրաւի ու հրով այրի այն։ 3Դու էլ նրա ձեռքից չպիտի փրկուես, անպայման պիտի բռնուես ու մատնուես նրա ձեռքը։ Քո աչքերը պիտի տեսնեն նրա աչքերը, դէմառդէմ պիտի խօսես նրա հետ եւ գնաս Բաբելոն։ 4Բայց լսի՛ր Տիրոջ պատգամները, ո՛վ Յուդայի երկրի Սեդեկիա արքայ. այսպէս է ասում Տէրը քո մասին. 5«Սրով չպիտի մեռնես, այլ խաղաղութեան մէջ պիտի մեռնես, եւ ինչպէս որ ողբացին քո հայրերին՝ առաջին թագաւորներին, որոնք նախորդեցին քեզ, այնպէս էլ պիտի ողբան քեզ, թէ՝ ՚ Վա՜յ, վա՜յ տէր»։ Պիտի լացուկոծ անեն քեզ համար, քանզի շատ խիստ խօսեցի», - ասում է Տէրը։6Երեմիա մարգարէն այս բոլոր բաները Երուսաղէմում յայտնեց Յուդայի Սեդեկիա արքային։ 7Իսկ բաբելացիների թագաւորի զօրքը կռւում էր Երուսաղէմի եւ Յուդայի երկրի մնացած բոլոր քաղաքների դէմ, Լաքիսի եւ Ազեկայի դէմ, որովհետեւ Յուդայի երկրի քաղաքների մէջ միայն սրանք էին մնացել որպէս ամուր քաղաքներ։ 8Տէրն իր խօսքն ուղղեց Երեմիային այն բանից յետոյ, երբ Սեդեկիա արքան, ազատութեան կոչով, ուխտ կնքեց Երուսաղէմում եղած ամբողջ ժողովրդի հետ, 9որպէսզի իւրաքանչիւր ոք՝ իր ծառային, եւ ամէն մէկն՝ իր աղախնին, լինի եբրայեցի տղամարդ կամ եբրայեցի կին, ազատութիւն տայ եւ արձակի նրանց, որպէսզի Յուդայի ազգատոհմից ոչ մի մարդ իր եղբօրը ծառայ չդառնայ։ 10Եւ բոլոր մեծամեծներն ու ամբողջ ժողովուրդը, որոնք ուխտ էին դրել ազատ արձակելու իւրաքանչիւրն՝ իր ծառային, եւ ամէն մէկն՝ իր աղախնին, լինի եբրայեցի տղամարդ կամ եբրայեցի կին, արձակեցին նրանց, որպէսզի նրանք այլեւս իրենց չծառայեն։ 11Լսեցին ու արձակեցին, իսկ յետոյ յետ կանգնեցին եւ նորից բերեցին իրենց ծառաներին ու աղախիններին, որոնց ազատ էին արձակել, եւ նրանց դարձրին ծառաներ ու աղախիններ։ 12Տէր Աստուած, խօսքն ուղղելով Երեմիային, ասաց.13«Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. ես ուխտ կնքեցի ձեր հայրերի հետ այն օրը, երբ նրանց փրկեցի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից եւ ասացի, թէ՝ 14«Երբ վեց տարին լրանայ, քո եբրայեցի եղբօրը, որ քեզ կը վաճառուի եւ վեց տարի քեզ համար կ՚աշխատի, քեզնից ազա՛տ արձակիր», բայց ձեր հայրերը չլսեցին ինձ, չխոնարհեցրին իրենց ականջները։ 15Այսօր նրանք յետ են դարձել, որպէսզի իմ աչքի առաջ անեն այն, ինչ հաճելի է ինձ, որ իւրաքանչիւրն ազատ յայտարարի իր ընկերոջը, իմ աչքի առաջ կատարեն ուխտն այն Տան մէջ, որի վրայ դրուած է իմ անունը։ 16Բայց դուք շրջուեցիք ու պղծեցիք իմ անունը, իւրաքանչիւրը դարձաւ իր ծառայի մօտ, ամէն մէկն՝ իր աղախնի մօտ, որոնց ձեր հոգու համար ազատ էիք արձակել, եւ ստիպեցիք, որ վերադառնան եւ ծառայ ու աղախին լինեն ձեզ»։17Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Դուք չլսեցիք ինձ, իւրաքանչիւրն՝ իր եղբօրը, եւ ամէն մէկն իր մերձաւորին ազատ չյայտարարեց. ահա ես էլ ձեզ համար ազատութիւն պիտի հռչակեմ սրի, սովի ու մահուան միջոցով, - ասում է Տէրը. - 18ձեզ պիտի ցրեմ աշխարհի բոլոր թագաւորութիւնների մէջ։ Այն մարդկանց, որոնք խախտեցին իմ ուխտը եւ իմ առաջ կատարած իրենց ուխտի պատգամներին հաւատարիմ չմնացին, հորթը երկու մասի բաժանեցին եւ անցան նրա երկու մասերի միջով, 19Յուդայի երկրի իշխաններին եւ Երուսաղէմի իշխաններին, ներքինիներին ու քահանաներին, նաեւ երկրի ամբողջ ժողովրդին, որոնք անցան հորթի երկու մասերի միջով, «20այդ մարդկանց ես տալու եմ իրենց թշնամիների ձեռքը, նրանց հոգիները պահանջողների ձեռքը, նրանց դիակներն իբրեւ կերակուր պիտի նետեմ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին։ 21Իսկ Հրէաստանի Սեդեկիա արքային ու նրա իշխաններին պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքը, նրանց հոգիները պահանջողների ձեռքը, բաբելացիների արքայի զօրքի ձեռքը, որ եկել հասել են նրանց վրայ։22Ահաւասիկ ես հրաման եմ տալու, - ասում է Տէրը, - եւ նրանց նորից արձակելու եմ այդ քաղաքի վրայ. նրանք պիտի պատերազմեն դրա դէմ, գրաւեն ու հրով այրեն այն։ Յուդայի երկրի քաղաքներն իրենց բնակիչներից թափուր եմ դարձնելու»։ 
35 Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի օրերին Տէրը իր խօսքն ուղղեց Երեմիային՝ ասելով. 2«Գնա՛ Ռաքաբիմների տունը, կանչի՛ր նրանց, բե՛ր Տիրոջ Տան սրահներից մէկը եւ գինի՛ խմեցրու նրանց»։ 3Ու ես Քաբասինիայի որդի Երեմի որդի Յեքոնիային, նրա եղբայրներին ու նրա բոլոր որդիներին՝ Ռաքաբիմի ամբողջ գերդաստանը, 4բերի Տիրոջ Տունը, Աստծու մարդ Գոդողիայի որդի Անանի որդու սրահը, որը գտնւում էր իշխանների սրահի մօտ, մուտքի պահապան Սելոմի որդի Մաասի սրահի վերեւում։ 5Ռաքաբիմի որդիների առաջ դրեցի մի աման լիքը գինի ու բաժակներ եւ ասացի նրանց. «Խմեցէ՛ք այդ գինին»։ 6Նրանք ասացին. «Գինի չենք խմում, որովհետեւ մեր հայր Յոնադաբը՝ Ռեքաբի որդին, մեզ պատուիրել է ու ասել. «Դուք եւ ձեր որդիները յաւիտեանս գինի մի՛ խմէք, 7նաեւ տներ չշինէ՛ք, սերմ չցանէ՛ք եւ այգիներ չտնկէ՛ք, այլ ձեր բոլոր օրերում բնակուեցէ՛ք վրանների մէջ, որպէսզի այդ երկրում, ուր դուք պանդուխտ էք, բազմապատկուեն ձեր կեանքի օրերը»։ 8Եւ մենք ամէն բանում, ինչ պատուիրել էր մեզ, ականջ դրինք մեր հայր Յոնադաբի՝ Ռեքաբի որդու ձայնին, «թէ՛ մենք եւ թէ՛ մեր կանայք, թէ՛ մեր տղաներն ու աղջիկերը, «որ մեր բոլոր օրերում չխմենք գինի, 9տներ չշինենք եւ չբնակուենք նրանց մէջ. մենք չունեցանք նաեւ այգիներ, հանդեր ու ցանքեր. 10բնակուեցինք վրանների տակ եւ լսեցինք ու կատարեցինք այն ամէնը, ինչ պատուիրել էր մեզ մեր հայր Յոնադաբը»։ 11Բայց երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան մտաւ այս երկիրը, ասացինք՝ «Քաղդէացիների զօրքի պատճառով, ասորեստանցիների զօրքի պատճառով վեր կենանք գնանք Երուսաղէմ եւ այնտեղ ապրենք»։ 12Եւ Տէրը խօսքն ինձ ուղղեց՝ ասելով. 13«Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. գնա՛ եւ յայտնի՛ր Յուդայի երկրի մարդկանց ու Երուսաղէմի բնակիչներին. «Խրատ չէ՞ք առնում՝ հետեւելու համար իմ խօսքերին», - ասում է Տէրը։ 14Ռեքաբի որդի Յոնադաբի որդիները հաւատարիմ մնացին այն պատուիրանին, որ նա տուել էր իր որդիներին՝ գինի չխմել։ Եւ նրանք չխմեցին մինչեւ օրս, որովհետեւ իրենց հօր պատուիրանը լսող եղան։ Իսկ ես սկզբից եւեթ խօսեցի ձեզ հետ, բայց դուք չլսեցիք ինձ։ 15Ձեզ մօտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարէներին, կանխաւ ուղարկեցի, որ ամէնքդ յետ դառնաք ձեր չար ճանապարհից, աւելի բարի գործեր կատարէք, չհետեւէք օտար աստուածներին ու չծառայէք նրանց, որպէսզի բնակուէք այդ երկրում, որ տուեցի ձեզ ու ձեր հայրերին։ Բայց դուք չխոնարհեցրիք ձեր ականջները եւ չլսեցիք ինձ։ 16Ռեքաբի որդի Յոնադաբի որդիները պահեցին իրենց հօր տուած պատուիրանը, իսկ այդ ժողովուրդը չլսեց ինձ»։ 17Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահաւասիկ ես Յուդայի երկրի եւ Երուսաղէմի բոլոր բնակիչների վրայ պիտի բերեմ այն բոլոր չարիքները, որոնց մասին խօսել էի, որովհետեւ ասացի նրանց, բայց չլսեցին, կանչեցի նրանց, բայց ինձ պատաասխան չտուին»։ 18Իսկ Ռեքաբի տան մարդկանց այսպէս ասաց Երեմիան. «Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Քանի որ Ռեքաբի որդի Յոնադաբի որդիները հետեւեցին իրենց հօր պատուիրանին, հաւատարիմ մնացին նրա բոլոր հրամաններին՝ կատարելով այն ամէնը, ինչ որ նրանց պատուիրել էր իրենց հայրը, 19դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. այս երկրի ողջ գոյութեան ընթացքում թող Ռեքաբի որդի Յոնադաբի որդիներից այր մարդ չպակասի՝ իմ առաջ կանգնելու համար»։ 
36 Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի չորրորդ տարում Տէրը խօսեց ինձ հետ՝ ասելով. 2«Քեզ համար մատեա՛ն վերցրու եւ նրա մէջ գրի՛ր այն ամէնը, ինչ ասել եմ քեզ Իսրայէլի, Յուդայի երկրի եւ բոլոր ազգերի մասին՝ սկսած այն օրից, երբ խօսեցի քեզ հետ՝ Յուդայի երկրի արքայ Յոսիայի օրերից մինչեւ այժմ. 3թերեւս Յուդայի տունն իմանայ այն բոլոր չարիքների մասին, որ մտածել եմ կատարել նրա նկատմամբ, որպէսզի իւրաքանչիւրը յետ դառնայ իր չար ճանապարհից, եւ ես քաւիչ լինեմ նրա անօրէնութիւններին ու նրա մեղքերին»։ 4Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին, եւ Բարուքը Երեմիայի բերանից մատեանում գրի առաւ այն բոլոր խօսքերը, որ Տէրը յայտնել էր նրան։ 5Երեմիան Բարուքին պատուիրեց ու ասաց. «Ես կալանքի մէջ եմ եւ չեմ կարող մտնել Տիրոջ Տունը. 6դու կը գնաս եւ այն, ինչ գրի առար իմ բերանից՝ Տիրոջ խօսքերը, պահեցողութեան օրը Տիրոջ Տանը այդ մատեանից կ՚ընթերցես ի լուր ժողովրդի, կ՚ընթերցես նաեւ ի լուր Յուդայի երկրի բոլոր մարդկանց, որոնք եկած կը լինեն իրենց քաղաքներից։ 7Թերեւս Տիրոջ առաջ նրանց սիրտը գութ ընկնի, եւ ամէնքն իրենց չար ճանապարհներից յետ դառնան, քանզի սաստիկ են զայրոյթն ու բարկութիւնը, որ Տէրն արտայայտեց այդ ժողովրդի դէմ»։8Եւ Ներիայի որդի Բարուքն ամէն ինչ կատարեց այնպէս, ինչպէս պատուիրել էր նրան Երեմիա մարգարէն՝ Տիրոջ Տան մէջ մատեանից ընթերցել Տիրոջ պատգամները։ 9Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի հինգերորդ տարում, իններորդ ամսին, Երուսաղէմի ամբողջ բնակչութիւնը, Յուդայի երկրի քաղաքներից Երուսաղէմ եկած համայն ժողովուրդը եւ Յուդայի տունը հաւաքուեցին Տիրոջ առաջ պահեցողութեան համար։ 10Իսկ Բարուքը Տիրոջ Տանը, Սափանիա ատենադպրի որդի Գամարիայի գաւթում, Տիրոջ Տան Նոր դարպասի մուտքի մօտ, ի լուր ամբողջ ժողովրդի՝ մատեանից կարդաց Երեմիայի խօսքերը։ 11 12Երբ Սափանիայի որդի Գամարիայի որդի Միքիան այդ մատեանից լսեց Տիրոջ բոլոր պատգամները, 13իջաւ թագաւորի տունը, ատենադպրի դիւանը, ուր նստած էին բոլոր իշխանները՝ Եղիսամա ատենադպիրը, Սամէայի որդի Դալիան, Աքոբորի որդի Եղնաթանը, Սափանիայի որդի Գամարիան, Անանիայի որդի Սեդեկիան եւ շատ ուրիշ իշխանաւորներ։ 14Միքիան նրանց հաղորդեց իր լսած այն բոլոր խօսքերը, որ մատեանից ընթերցել էր Բարուքը՝ ի լուր ամբողջ ժողովրդի։ 15Այն ժամանակ բոլոր իշխանները Քուսիի որդի Սելոմի որդի Նաթանի որդի Յուդիին ուղարկեցին Բարուքի մօտ եւ յայտնեցին. «Այն մատեանը, որ ընթերցում էիր ի լուր ժողովրդի, ա՛ռ քո ձեռքը եւ ե՛կ այստեղ»։ Ներիայի որդի Բարուքը մատեանն իր ձեռքն առաւ ու գնաց նրանց մօտ։ 16Նրան ասացին. «Հապա նորի՛ց կարդա, որ մենք էլ լսենք»։ Եւ Բարուքը կարդաց, որ լսեն։ 17Իսկ երբ նրանք բոլոր պատգամները լսեցին, միմեանց հետ խորհուրդ արին ու ասացին Բարուքին. «Մենք այդ բոլոր բաները կը հաղորդենք արքային»։ 18Բարուքին հարց տուին՝ ասելով. «Դէ մեզ պատմի՛ր՝ ո՞րտեղից գրեցիր այդ բոլոր խօսքերը, ո՞ւմ բերանից»։ 19Բարուքը նրանց պատասխանեց. «Երեմիայի՛ բերանից. նա՛ է ինձ պատմել այդ բոլոր բաները, իսկ ես թանաքով գրել եմ այս մատեանի մէջ»։ 20Իշխանները Բարուքին ասացին. «Գնա թաքնուի՛ր Երեմիայի հետ. թող ոչ ոք չիմանայ, թէ որտեղ էք գտնւում»։21Մատեանը պահ տալով Եղիսամա ատենադպրի տանը՝ նրանք գնացին սրահ, արքայի մօտ, եւ արքային պատմեցին ամէն բան։ 22Իսկ արքան մատեանը բերելու ուղարկեց Յուդիին, որն այն բերեց Եղիսամա ատենադպրի տնից։ Յուդին, ի լուր թագաւորի եւ ի լուր թագաւորի շուրջը գտնուող բոլոր իշխանների, ընթերցեց մատեանը։23Թագաւորը, որովհետեւ իններորդ ամիսն էր, նստած էր ձմեռային պալատում, իսկ նրա դիմաց գտնւում էր վառուող կրակարանը։ 24Ու երբ Յուդին ընթերցում էր երեք կամ չորս էջ, թագաւորը ատենադպրի զմելիով կտրում էր այն ու նետում կրակարանի կրակի մէջ, մինչեւ որ ամբողջ մատեանը կրակարանի բոցի մէջ ոչնչացաւ։ 25Թագաւորն ու նրա բոլոր պաշտօնեաները, որ լսեցին այդ բոլոր խօսքերը, չաղաչեցին եւ չպատառոտեցին իրենց պատմուճանները։ 26Եղնաթանը, Դալիան եւ Գամարիան թէպէտ յուշեցին արքային չայրել մատեանը, բայց նա նրանց չլսեց։ 27Արքան հրաման տուեց արքայորդի Յերեմիէլին, Եսրիէլի որդի Սարէային եւ Աբդիէլի որդի Սեղեմիային, որ բռնեն Բարուք ատենադպրին եւ Երեմիա մարգարէին, սակայն սրանք հեռացան ու թաքնուեցին։ 28Այն բանից յետոյ, երբ թագաւորն այրեց մատեանը, ուր Բարուքը Երեմիայի բերանից գրի էր առել նրա բոլոր խօսքերը, Տէրը խօսեց Երեմիայի հետ՝ ասելով. 29«Նորից դու մի այլ մատեան վերցրո՛ւ եւ նրա մէջ գրի՛ր նախորդ բոլոր խօսքերը, որոնք տեղ էին գտել առաջին մատեանում, որ այրեց Յուդայի երկրի Յովակիմ արքան։ 30Իսկ Յուդայի երկրի Յովակիմ արքային էլ կ՚ասես, թէ այսպէս է ասում Տէրը. «Դու վառեցիր մատեանն այն եւ ասացիր՝ ՚ Ինչո՞ւ նրա մէջ գրեցիր ու յայտնեցիր, թէ բաբելացիների արքան պիտի ներխուժի ու ջնջի այս երկիրը, պիտի զրկի այն մարդ ու անասունից՚՚՚»։ 31Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում Յուդայի երկրի Յովակիմ արքայի մասին. «Նրա սերնդից մարդ չի մնալու, որ նստի Դաւթի աթոռին, եւ նրանց դիակները ցերեկն ընկած պիտի մնան տօթի, իսկ գիշերը՝ ցրտի մէջ։ 32Իր անօրէնութիւնների համար պատժելու եմ նրան, նրա ցեղին ու նրա պաշտօնեաներին, նրանց վրայ, Երուսաղէմի բնակչութեան վրայ եւ Յուդայի երկրի վրայ բերելու եմ այն բոլոր չարիքները, որոնց մասին յայտնեցի նրանց, բայց նրանք չլսեցին»։ 33Եւ Երեմիան մի այլ մատեան վերցրեց ու յանձնեց Ներիայի որդուն՝ Բարուք ատենադպրին, որը նրա մէջ Երեմիայի բերանից գրի առաւ այն մատեանի բոլոր խօսքերը, որ կրակի մէջ այրել էր Յուդայի երկրի արքայ Յովակիմը։ Այդ մատեանի մէջ ուրիշ խօսքեր եւս աւելացան, առաւել, քան նախորդ խօսքերը։ 
37 Յովակիմի որդի Յեքոնիայի փոխարէն թագաւորեց Յոսիայի որդի Սեդեկիան, որին Յուդայի երկրի վրայ թագաւոր կարգեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան։ 2Սա, իր ծառաներն ու երկրի ժողովուրդը եւս ականջ չդրին Տիրոջ խօսքերին, որ նա յայտնել էր Երեմիա մարգարէի միջոցով։ 3Սեղեմիայի որդի Յովաքաղին եւ Մաասիայի որդի Սոփոնիային, որոնք քահանաներ էին, Սեդեկիա արքան ուղարկեց Երեմիա մարգարէի մօտ՝ ասելով. «Դու մեզ համար աղօթի՛ր մեր Տէր Աստծուն»։ 4Իսկ Երեմիան գնում գալիս էր ամբոխի մէջ, եկաւ ու նրան բանտ չէին գցել։ Այն ժամանակ Փարաւոնի զօրքը ելաւ Եգիպտացիների երկրից, որի մասին լսելով՝ քաղդէացիները, որոնք պաշարել էին Երուսաղէմը, հեռացան Երուսաղէմից։ 5Տէրը խօսեց Երեմիա մարգարէի հետ եւ ասաց. 6«Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. այսպէս կ՚ասէք Յուդայի երկրի արքային, որն ինձ մօտ է ուղարկել ձեզ՝ խնդրելու այս բանը. ահա Փարաւոնի զօրքը, որը եկել է ձեզ օգնութեան, նորից պիտի վերադառնայ Եգիպտոս, 7իսկ քաղդէացիները կրկին պիտի վերադառնան այստեղ. պիտի պատերազմեն այս քաղաքի դէմ, պիտի գրաւեն եւ հրով պիտի այրեն այն»։ 8Այսպէս է ասում Տէրը. «Դուք ձեզ մի՛ խաբէք այն բանով, թէ՝ «Քաղդէացիները ելան հեռացան մեզնից»։ Նրանք ձեզնից ձեռք չեն քաշելու։ 9Անգամ եթէ ձեզ հետ կռուող քաղդէացիների ամբողջ զօրքը կոտորէք, այն վիրաւորները, որոնք մնալու են նրանցից, ամէն կողմից պիտի բորբոքուեն ու հրով այրեն այս քաղաքը»։ 10Երբ քաղդէացիների բանակը եգիպտացիների զօրքերի ահից հեռացաւ Երուսաղէմից,11Երեմիան դուրս եկաւ Երուսաղէմից, որպէսզի գնայ Բենիամինի երկիրը եւ այնտեղ, ժողովրդի մէջ, գնի իր բաժին հողը։ 12Նա եկաւ հասաւ Բենիամինի դուռը։ Այդտեղ մի մարդ կար, որին հանդիպեց նա, անունը՝ Սարու, Անանիայի որդի Սեղեմիայի տղան։ Սա բռնեց Երեմիա մարգարէին՝ ասելով. «Դու փախել ես եւ ուզում ես քաղդէացիների մօտ գնալ»։ 13Իսկ Երեմիան ասաց. «Սուտ ես ասում, ես չեմ փախչում քաղդէացիների մօտ»։ Բայց նա չլսեց նրան։ Սարուն Երեմիային ձերբակալեց եւ բերեց իշխանների մօտ։ 14Իշխանները զայրացան Երեմիայի վրայ, գանահարեցին ու բանտարկեցին նրան Յովնաթան ատենադպրի ապարանքում, քանի որ սրա ապարանքը բանտի էին վերածել։ 15Երեմիան ընկաւ Այերինոթ, այն տունը, որտեղ գուբն էր։ Այդտեղ Երեմիան անցկացրեց երկար օրեր։ 16Սեդեկիա արքան մարդ ուղարկեց ու կանչեց նրան։ Իր տան մէջ թագաւորը ծածուկ հարցրեց նրան՝ ասելով. «Տիրոջ կողմից որեւէ պատգամ չկա՞յ արդեօք»։ Իսկ Երեմիան ասաց՝ այո՛, կայ։ Ապա ասաց. «Բաբելացիների թագաւորի ձեռքը պիտի մատնուես։ 17Քո եւ քո պաշտօնեաների ու ժողովրդի հանդէպ ի՞նչ մեղք գործեցի, - ասաց Երեմիան Սեդեկիա թագաւորին, - որ դու ինձ բանտ ես նստեցրել։ 18Իսկ ո՞ւր են ձեր այն մարգարէները, որոնք մարգարէութիւն էին անում ու ասում, թէ բաբելացիների արքան չի գալու այս երկիրը՝ ձեզ վրայ։ 19Արդ, լսի՛ր, աղաչում եմ, տէ՛ր իմ արքայ, թող աղերսանքս հասնի քո սրտին. ինչո՞ւ ես ինձ նորից յետ դարձնում Յովնաթան ատենադպրի տունը, որ այնտեղ մեռնեմ»։ 20Սեդեկիա արքան հրաման արձակեց, եւ նրան գցեցին բանտի գաւիթը։ Նրան դրսից հացագործներն օրը մի նկանակ հաց էին տալիս, մինչեւ որ հացը քաղաքից բոլորովին կտրուեց։ Եւ Երեմիան մնաց բանտի գաւթում։ 
38 Մատթանի որդի Սափատիան, Պասքորի որդի Գոդողիան, Սեղեմիայի որդի Յովաքաղը եւ Մելքիայի որդի Պասքորը լսեցին Երեմիայի խօսքերը, որ նա ասում էր ամբողջ ժողովրդին, թէ՝ 2այսպէս է ասում Տէրը. «Ով որ մնայ այս քաղաքում, սրով, սովով ու ժանտախտով պիտի մեռնի, իսկ ով գնայ քաղդէացիների մօտ, պիտի ապրի. նրա համար իր հոգին վերագտնուածի պէս պիտի լինի, նա պիտի փրկուի»։3Այսպէս է ասում Տէրը. «Այդ քաղաքը պիտի մատնուի բաբելացիների թագաւորի զօրքի ձեռքը, պիտի գրաւեն դա»։ 4Եւ իշխաններն ասացին թագաւորին. «Թող սպանուի այս մարդը, որովհետեւ այդպիսով նա թուլացնում է բազուկները կռուող մարդկանց, որոնք մնացել են այս քաղաքում, եւ բազուկները ամբողջ ժողովրդի՝ այդպիսի խօսքեր ասելով նրան. այս մարդը ոչ թէ օգուտի եւ խաղաղութեան խօսքեր է ասում ժողովրդին, այլ՝ չարութեան»։ 5Իսկ Սեդեկիա արքան, ամենեւին ձեռնհաս չլինելով նրանց դէմ որեւէ բան անելու, ասաց. «Ահա նա ձեր ձեռքում է»։ 6Առան Երեմիային եւ նրան գցեցին թագաւորի որդի Մելքիայի գուբը, որ գտնւում էր բանտի գաւթում։ Երեմիային պարաններով իջեցրին գուբը։ Իսկ գբի մէջ բոլորովին ջուր չկար, այլ լոկ տիղմ էր։ Երեմիան մնաց տիղմի մէջ։ 7Եթովպացի Աբդիմելէքը, ներքինի մի մարդ, որը թագաւորի ապարանքում էր, լսեց, որ Երեմիային գցել էին գուբը։ Արքան նստած էր Բենիամինի դռանը, 8երբ թագաւորական ապարանքից նրա մօտ գնաց Աբդիմելէքը, խօսեց թագաւորի հետ ու ասաց. 9«Տէ՛ր արքայ, այդպէս վարուելով Երեմիա մարգարէի հետ՝ այդ մարդիկ, ըստ ամենայնի, չարիք գործեցին, որովհետեւ նրան նետեցին գուբը, որի ներսում նա մեռնելու է։ Դու չարիք գործեցիր՝ սովի միջոցով մահուան մատնելով Աստծու մարդուն, քանզի այս քաղաքում հաց չկայ»։ 10Թագաւորը եթովպացի Աբդիմելէքին հրաման տուեց ու ասաց. «Այստեղից դու քեզ հետ վերցրո՛ւ երեսուն մարդ, մարգարէին հանեցէ՛ք այն գբից, որպէսզի չմեռնի»։ 11Աբդիմելէքն իր հետ վերցրեց մարդկանց, գնաց թագաւորի ապարանքը, գետնափոր գանձատունը, այնտեղից առաւ հին կապերտներ ու հին պարաններ եւ դրանք իջեցրեց Երեմիայի մօտ, գբի մէջ։ 12Աբդիմելէք Եթովպացին Երեմիային ասաց. «Հին կապերտներն ու բրդերը դի՛ր քո թեւատակերին, պարանների տակ»։ 13Երեմիան այդպէս էլ արեց։ Նրան պարաններով քաշեցին եւ հանեցին գբից։ Երեմիան նստեց բանտի գաւթի մէջ։ 14Սեդեկիա արքան մարդ ուղարկեց եւ մարգարէին կանչեց իր մօտ, Ասսալիսայի կացարանը, որը գտնւում էր Տիրոջ տաճարի մէջ։ Արքան նրան ասաց. «Մի բան պիտի հարցնեմ քեզ, բայց չլինի թէ ինձնից պահես»։ 15Իսկ Երեմիան թագաւորին ասաց. «Եթէ պատմեմ քեզ, արդեօք ինձ մահով չե՞ս մեռցնի, իսկ եթէ քեզ որեւէ խրատ տամ, ինձ չե՞ս լսի»։ 16Սեդեկիա արքան գաղտնի երդում տուեց նրան եւ ասաց. «Կենդանի է Տէրը, որ մեր մէջ այս շունչն է արարել. քեզ չեմ սպանելու եւ չեմ մատնելու այն մարդկանց ձեռքը, որոնք քո հոգին են պահանջում»։ 17Երեմիան նրան ասաց. այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Եթէ ելնես գնաս բաբելացիների արքայի զօրավարի մօտ, ապա քո անձը ողջ կը մնայ, եւ այս քաղաքը հրով չի այրուի, կ՚ապրէք դու էլ, քո տունն էլ։ 18Իսկ եթէ չգնաս բաբելացիների արքայի իշխանների մօտ, այս քաղաքը կը մատնուի քաղդէացիների ձեռքը, հրով կ՚այրեն դա, ու դու նրանց ձեռքից չես փրկուի»։ 19Սեդեկիա արքան Երեմիային ասաց. «Ես կասկած ունեմ քաղդէացիների մօտ փախած հրեաների նկատմամբ. գուցէ ինձ մատնեն նրանց ձեռքը, եւ նրանք ծաղրուծանակի ենթարկեն ինձ»։ 20Իսկ Երեմիան ասաց. «Չեն մատնի քեզ, սակայն լսի՛ր Տիրոջ խօսքերը, որ ես յայտնում եմ քեզ. քեզ համար լաւ կը լինի, եւ քո անձը կը փրկուի։ 21Իսկ եթէ չկամենաս գնալ, ապա արդիւնքը կը լինի այն բանը, ինչ Տէրն ինձ ցոյց է տուել։ 22Ահաւասիկ այն բոլոր կանայք, որոնք մնացել են քո՝ Յուդայի երկրի թագաւորիդ տանը, պիտի տարուեն բաբելացիների արքայի իշխանների մօտ։ Նրանք պիտի ասեն. «Մարդիկ, որոնք քեզ հետ հաշտութեան մէջ էին, քեզ խաբեցին եւ յաղթեցին, մոլորութեան մէջ գցեցին քո ոտքերը եւ երես դարձրին քեզնից։ 23Քո բոլոր կանանց ու որդիներին պիտի հանեն տանեն քաղդէացիների մօտ, եւ դու էլ նրանց ձեռքից չես փրկուելու, որովհետեւ բաբելացիների թագաւորի ձեռքով պիտի բռնուես, իսկ այս քաղաքը պիտի այրուի հրով»։ 24Եւ թագաւորը նրան ասաց. «Ո՛վ դու մարդ, թող ոչ ոք չիմանայ այդ բաների մասին, թէ չէ կը մեռնես։ 25Իսկ եթէ իշխանները լսեն, որ խօսեցի քեզ հետ, եւ գան քեզ մօտ ու ասեն. «Պատմի՛ր մեզ՝ ի՛նչ խօսեցիր արքայի հետ, մեզնից մի՛ թաքցրու, մենք քեզ չենք սպանի» կամ թէ՝ «Արքան քեզ ի՞նչ ասաց», - 26ապա նրանց կ՚ասես. ՚ Ես գութ աղերսեցի արքայի առաջ, որ ինձ նորից յետ չդարձնի Յովնաթանի տունը, որ այնտեղ մեռնեմ»։ 27Եւ բոլոր իշխանները եկան Երեմիայի մօտ ու հարցուփորձ արին նրան. նա պատմեց նրանց այն ամէնը, ինչ պատուիրել էր նրան թագաւորը, ու նրան հանգիստ թողին, որովհետեւ ոչինչ յայտնի չդարձաւ։ 28Ու Երեմիան նստեց բանտի գաւթում մինչեւ այն ժամանակ, երբ Երուսաղէմը գրաւուեց։ 
39 Իսկ Երուսաղէմը գրաւուելու ժամանակ, Յուդայի երկրի Սեդեկիա արքայի իններորդ տարում, տասներորդ ամսին, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան ինքը իր ամբողջ զօրքով եկաւ հասաւ Երուսաղէմ եւ պաշարեց այն։ 2Սեդեկիայի տասնմէկերորդ տարում, չորրորդ ամսին, ամսի իններորդ օրը, քաղաքը ճեղք տուեց, 3եւ բաբելացիների արքայի բոլոր զօրավարները՝ Ներգէլը, Սարասարը, Սարմագադը, Նաբուսարսեքիմը, Ռափսարիսը եւ Ներգէլը, Սարասարը, Ռաբմագը ու բաբելացիների արքայի այլ իշխաններ, մտան եւ բազմեցին միջին դռան առաջ։ 4Իսկ երբ Յուդայի երկրի Սեդեկիա արքան եւ բոլոր կռուող մարդիկ տեսան նրանց, գիշերով փախան եւ արքունի այգու ճանապարհով, պարիսպների միջեւ գտնուող դարպասով ելան քաղաքից, դուրս եկան Արաբիայի ճանապարհը։ 5Նրանց հետապնդեցին քաղդէացիների զօրքերը եւ Երիքովի Արաբոթում հասան Սեդեկիային, բռնեցին նրան ու բերին Եմաթի երկիրը՝ Դեբլաթա, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի առաջ, որը նրա հետ դատաստան տեսաւ։ 6Բաբելացիների արքան Դեբլաթայում Սեդեկիայի առաջ սպանեց նրա որդիներին։ Բաբելացիների արքան նաեւ կոտորեց Յուդայի երկրի ողջ ազատանուն, 7իսկ Սեդեկիայի աչքերը կուրացրեց, կապեց նրան պղնձէ շղթաներով, որպէսզի նրան տանեն Բաբելոն։ 8Քաղդէացիները հրով այրեցին թագաւորի տունն ու ժողովրդի տները, քանդեցին Երուսաղէմի պարիսպները։ 9Ժողովրդի մնացած մասին, քաղաքում մնացածներին եւ իրենց կողմն անցածներին, ինչպէս եւ ժողովրդի թափթփուկներին Նաբուզարդան դահճապետը քշեց Բաբելոն։10Աղքատ ու ընչազուրկ ժողովրդին Նաբուզարդան դահճապետը թողեց դարձեալ Յուդայի երկրում եւ նոյն օրն իսկ նրանց տուեց այգիներ ու ջրարբի հողեր։ 11Իսկ Երեմիային բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան յանձնելով Նաբուզարդան դահճապետի ձեռքը՝ պատուիրեց նրան ու ասաց. 12«Վերցրո՛ւ դրան, աչքդ պահի՛ր դրա վրայ. ոչ մի վատ բան չանես դրան, այլ ինչ որ քեզ ասի՝ կ՚անես դրա համար»։ 13Ապա Նաբուզարդան դահճապետին ու Նաբուսազաբան ներքինապետին, Ներգէլին, Սարասարին, Ռոբոգոմին ու բաբելացիների արքայի բոլոր մեծամեծներին ուղարկեցին Երեմիայի մօտ, 14նրան հանեցին բանտից եւ յանձնեցին Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային. նրան տարան մի տուն, եւ նա ապրում էր ժողովրդի մէջ։ 15Մինչ Երեմիան բանտի գաւթում նեղութեան մէջ էր, Տէրը խօսեց նրա հետ եւ ասաց. 16«Գնա յայտնի՛ր Աբդիմելէք Եթովպացուն, թէ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահա ես այդ քաղաքի մասին ասած իմ խօսքը պիտի գործադրեմ չարիքի եւ ոչ թէ բարիքի համար. դա պիտի կատարուի այն օրը, քո աչքի առաջ։17Իսկ քեզ այդ օրը պիտի փրկեմ, - ասում է Տէրը։ - Քեզ ոչ թէ պիտի տամ այն մարդկանց ձեռքը, որոնցից դու երկնչում ես, 18այլ անպայման պիտի ազատեմ քեզ. դու սրով չպիտի ընկնես, եւ քո անձը քեզ համար պիտի լինի վերստին գտնուած, քանզի դու յոյսդ ինձ վրայ դրիր», - ասում է Տէրը։ 
40 Սա է այն խօսքը, որ Տէրն ուղղեց Երեմիային այն բանից յետոյ, երբ Նաբուզարդան դահճապետը նրան ազատ արձակեց Ռամայում։ Նրան, ձեռքերը շղթայակապ, վերցրին Երուսաղէմի եւ Յուդայի երկրի բոլոր գերիների միջից, որոնց քշում էին Բաբելոն։ 2Առաւ նրան դահճապետն ու ասաց. «Քո Տէր Աստուածն հէնց ա՛յս տեղի համար բարբառեց այդ չարութիւնների մասին։ 3Տէրն սպառնաց եւ կատարեց այնպէս, ինչպէս խօսել էր, քանզի մեղանչեցիք Տիրոջ հանդէպ եւ ականջ չդրիք նրա ձայնին, որի համար էլ այդ բանը պատահեց ձեզ հետ։ 4Եւ ահա այժմ արձակեցի քեզ այն կապանքներից, որոնք քո ձեռքերին էին. եթէ քեզ համար հաճելի ես գտնում ինձ հետ գալ Բաբելոն՝ արի՛, աչք կը պահեմ քեզ վրայ, իսկ եթէ քո աչքին վատ է թւում ինձ հետ գալ Բաբելոն՝ մնա՛ այստեղ։ Ահա այս ամբողջ երկիրը բարիքներով քո առաջ է. ուր որ հաճելի է քեզ՝ այնտեղ էլ գնա՛։ 5Քանի դեռ ես այստեղ եմ, գնա՛ ում մօտ որ կամենում ես։ Վերադարձի՛ր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, որին բաբելացիների արքան Հրէաստանի՝ քո երկրի վրայ իշխան կարգեց. նրա հետ կը բնակուես ժողովրդի մէջ։ Իսկ եթէ չես ուզում, քո աչքին ուր որ դուր է գալիս գնալ՝ գնա՛»։ Ապա դահճապետը նրան պաշար ու պարգեւներ տուեց եւ արձակեց։ 6Երեմիան գնաց Մասեփա, Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ բնակուեց այնտեղ երկրում մնացած ժողովրդի մէջ։7Բոլոր զօրքերի հրամանատարները, որոնք գտնւում էին դաշտում, իրենք ու իրենց զօրքերը լսեցին, որ բաբելացիների արքան երկրին վերակացու է կարգել Աքիկամի որդի Գոդողիային՝ նրան յանձնելով տղամարդկանց ու կանանց եւ մեծաթիւ ժողովրդի, ինչպէս եւ երկրի բնակչութեան աղքատ մասին, որոնց չէր գաղթեցրել Բաբելոն։ 8Իրենց հետ եղած մարդկանցով Գոդողիայի մօտ Մասեփա եկան Նաթանի որդի Իսմայէլը, Կարէի որդիներ Յովնանն ու Յովնաթանը, Թանաթէմի որդի Սարեան, Նետոփատի որդի Օփերի որդիներն ու Մաքաթիի որդի Յեզոնիան։ 9Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիան նրանց ու նրանց հետ եղած մարդկանց երդում տուեց ու ասաց. «Մի՛ վախեցէք քաղդէացի պաշտօնեաներից, ապրեցէ՛ք այս երկրում, հարկատո՛ւ դարձէք բաբելացիների արքային, եւ ձեզ համար լաւ կը լինի։ 10Ես էլ ահաւասիկ մնում եմ Մասեփայում, որպէսզի դէմ կանգնեմ այն քաղդէացիներին, որոնք կը յարձակուեն ձեզ վրայ։ Իսկ դուք գինի ու միրգ մթերեցէ՛ք, ձեր ամանների մէջ իւղ կուտակեցէ՛ք եւ բնակուեցէ՛ք ձեր քաղաքներում, որոնք դուք քաջութեամբ պահեցիք»։ 11Եւ բոլոր հրեաները, որոնք մովաբացիների երկրում էին եւ ամոնացիների մէջ, որոնք Եդոմում էին, ոմանք էլ՝ տարբեր երկրներում, լսեցին, որ բաբելացիների արքան ժողովրդի մի մասը թողել է Հրէաստանում եւ նրանց վրայ վերակացու է դրել Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային, « 12այդ բոլոր հրեաներն ամէն տեղից, ուր ցրուած էին, եկան Յուդայի երկիրը, Մասեփա, Գոդողիայի մօտ, եւ չափազանց շատ գինի ու միրգ մթերեցին։ 13Կարէի որդի Յովնանն ու զօրքերի բոլոր հրամանատարները եւս, որոնք ուրիշ տեղ էին գտնւում, Մասեփայում ներկայացան Գոդողիային եւ ասացին նրան. 14«Գիտե՞ս այն մասին, որ ամոնացիների Բայաելիս թագաւորը Նաթանի որդի Իսմայէլին ուղարկել է քեզ մօտ, որպէսզի սպանի քեզ»։ Բայց Աքիկամի որդի Գոդողիան չհաւատաց նրանց։ 15Ապա Կարէի որդի Յովնանը Մասեփայում Գոդողիային գաղտնի ասաց. «Թո՛յլ տուր գնամ սպանեմ Նաթանի որդի Իսմայէլին, ու ոչ ոք թող չիմանայ. գուցէ մի օր նա սպանի քեզ, եւ հրեաները, որոնք հաւաքուած են քեզ մօտ, ցրուեն, ու Յուդայի երկրի մնացորդներն էլ կորչեն»։ 16Իսկ Աքիկամի որդի Գոդողիան Կարէի որդի Յովնանին ասաց. «Մի՛ արա ինչպէս ասացիր, քանզի Իսմայէլի մասին դու սուտ խօսեցիր»։ 
41 Պատահեց այնպէս, որ եօթներորդ ամսին թագաւորազարմ Եղիսամայի որդի Նաթանի որդի Իսմայէլը թագաւորի պաշտօնեաների եւ տասը մարդու ուղեկցութեամբ եկաւ Մասեփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ նրանք միասին հաց կերան Մասեփայում։ 2Ապա Նաթանի որդի Իսմայէլն իր հետ եղած տասը տղամարդկանցով վեր կացաւ, սրով հարուածեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային եւ սպանեց նրան, որին բաբելացիների արքան երկրի վրայ վերակացու էր դրել։ 3Բոլոր հրեաներին եւս, որոնք Գոդողիայի հետ Մասեփայում էին, ինչպէս նաեւ այնտեղ գտնուած բոլոր քաղդէացիներին, որոնք պատերազմող մարդիկ էին, Իսմայէլը կոտորեց։ 4Իսկ Գոդողիայի սպանութեան յաջորդ օրը, երբ դեռ ոչ ոք այդ մասին չգիտէր,5Սիւքէմից, Սաղէմից եւ Շամրինից մարդիկ եկան, ութսուն տղամարդ, մօրուքները սափրած, զգեստները պատառոտած, կոծ անելով, ձեռքներին՝ ընծաներ եւ կնդրուկ, որպէսզի տանեն Տիրոջ Տունը։6Մասեփայում նրանց ընդառաջ ելաւ Նաթանի որդի Իսմայէլը. նա գնում էր ու լաց լինում։ Իսկ երբ մօտեցաւ նրանց, ասաց. «Մտէ՛ք Աքիկամի որդի Գոդողիայի մօտ»։ 7Հէնց որ քաղաքամէջ հասան, Նաթանի որդի Իսմայէլն իր հետ եղած մարդկանցով քաղաքի մէջ կոտորեց նրանց եւ լցրեց ջրհորը։ 8Այնտեղ տասը մարդ կար, որոնք ասացին Իսմայէլին. «Մեզ մի՛ սպանիր, որովհետեւ մենք դաշտում գանձեր ունենք՝ ցորեն ու գարի, մեղր ու իւղ»։ Նա զիջեց, ընկերների միջից միայն նրանց չսպանեց։ 9Իսկ ջրհորը, որի մէջ Իսմայէլը լցրել էր այն բոլոր մարդկանց դիակները, որոնց կոտորել էր Գոդողիայի պատճառով, մի մեծ ջրհոր էր, որը Իսրայէլի Բաասա արքայի վախից շինել էր Ասա արքան. Նաթանի որդի Իսմայէլն այն լցրեց սպանուածներով։ 10Իսմայէլը գերեվարեց Մասեփայում մնացած ամբողջ ժողովրդին եւ թագաւորի դուստրերին՝ Մասեփայում եղած ժողովրդի թափթփուկների հետ միասին, որոնց Նաբուզարդան դահճապետը յանձնել էր Աքիկամի որդի Գոդողիային։ Նաթանի որդի Իսմայէլը առաւօտ կանուխ ելաւ գնաց միւս կողմը՝ ամոնացիների մօտ։11Երբ Կարէի որդի Յովնանը եւ զօրքերի բոլոր հրամանատարները, որոնք նրա հետ էին, լսեցին այն բոլոր չարիքների մասին, որ գործել էր Նաթանի որդի Իսմայէլը, հաւաքեցին իրենց բոլոր զինուորներին 12եւ շարժուեցին, որպէսզի գնան պատերազմ մղեն Նաթանի որդի Իսմայէլի դէմ։ Նրան հանդիպեցին Գաբաւոնում, յորդ ջրերի մօտ։ 13Իսկ երբ Իսմայէլի հետ եղած ամբողջ ժողովուրդը նկատեց Կարէի որդի Յովնանին եւ բոլոր զօրապետներին, որ նրա հետ էին, ուրախացաւ։14Ամբողջ ժողովուրդը, որին Իսմայէլը գերել էր Մասեփայում, անցաւ նրանց կողմը, եկաւ Կարէի որդի Յովնանի մօտ։ 15Բայց Նաթանի որդի Իսմայէլը ութ տղամարդու հետ փրկուեց Յովնանի ձեռքից եւ ընկաւ ամոնացիների մօտ։ 16Ապա Կարէի որդի Յովնանն ու բոլոր զօրապետները, որ նրա հետ էին, Մասեփայից վերցրին ժողովրդի այն մասը, որ մնացել էր, ազատեցին նրանց Նաթանի որդի Իսմայէլի ձեռքից այն բանից յետոյ, երբ սա սպանեց Աքիկամի որդի Գոդողիային, գաբաւոնացիների երկրից առան հզօր ու պատերազմող մարդկանց, կանանց, տղամարդկանց ու ներքինիներին, 17գնացին ու կանգ առան Բերութքամամ երկրում, Բեթղահէմի դիմաց, որպէսզի քաղդէացիների երկիւղից անցնեն գնան Եգիպտացիների երկիրը։ 18Նրանք վախենում էին նրանցից, քանի որ Իսմայէլն սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային, որին բաբելացիների արքան երկրի վրայ կառավարիչ էր կարգել։ 
42 Բոլոր զօրապետները, Կարէի որդի Յովնանը, Օսէի որդի Յեզոնիան եւ ամբողջ ժողովուրդը, փոքրից մինչեւ մեծերը, մօտեցան ու ասացին Երեմիա մարգարէին. 2«Թող մեր աղերսն ընդունելի լինի քո առաջ. մեզ համար, այս մնացորդացիս համար, աղօթի՛ր քո Տէր Աստծուն։ Շատերից այս քչերս ենք մնացել, ինչպէս դու տեսնում ես մեզ քո աչքերով։ 3Թող քո Տէր Աստուածը մեզ ցոյց տայ ճանապարհը, որով ընթանանք, կամ այն բանը, որ կատարենք»։ 4Իսկ Երեմիա մարգարէն նրանց ասաց. «Լսեցի. ձեր խնդրանքի համար այժմ ես աղօթքի կը կանգնեմ մեր Տէր Աստծու առաջ, եւ Տէրն ինչ պատասխան որ տայ՝ կը յայտնեմ ձեզ, ոչ մի բան ձեզնից չեմ պահի»։ 5Իսկ նրանք Երեմիային ասացին. «Թող Տէրը մեզ համար արդար ու ճշմարիտ վկայ լինի, եթէ ամէն բան չանենք ըստ այն խօսքի, որ Տէրը կ՚ուղարկի քեզ մեզ համար։ Մենք այնպէս կ՚անենք։ 6Մենք կ՚անսանք մեր Տէր Աստծու ձայնին, որի մօտ ենք ուղարկում քեզ, այն բարի լինի թէ չար, որպէսզի մեզ համար լաւ լինի։ Մենք կ՚անսանք մեր Տէր Աստծու ձայնին»։ 7Երբ անցել էր տասը օր, Աստուած խօսեց Երեմիայի հետ, 8որը կանչեց Կարէի որդի Յովնանին, բոլոր զօրապետներին, որոնք նրա հետ էին, եւ ամբողջ ժողովրդին, փոքրից մինչեւ մեծերը, 9ու ասաց նրանց. «Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի, որի մօտ ուղարկեցիք ինձ, որպէսզի գութ աղերսեմ նրա առաջ. 10«Եթէ մնաք այս երկրում, ձեզ կը շէնացնեմ եւ ոչ թէ կը քանդեմ, ձեզ կը տնկեմ եւ ոչ թէ արմատախիլ կ՚անեմ, որովհետեւ մեղմացել եմ այն չարութիւնից, որ ասացի, թէ ձեր նկատմամբ պիտի անեմ։ 11Մի՛ վախեցէք բաբելացիների արքայից, որից զարհուրած էիք, չվախենաք նրանից, - ասում է Տէրը, - քանզի ես ձեզ հետ եմ, որպէսզի փրկեմ ձեզ եւ ազատեմ նրանց ձեռքից։ 12Կը գթամ ձեզ, կ՚ողորմեմ ձեզ ու կը վերադարձնեմ ձեզ ձեր երկիրը։ 13Իսկ եթէ ասէք՝ «Չենք բնակուի այս երկրում եւ չենք անսայ մեր Տէր Աստծու ձայնին, 14այլ կը գնանք Եգիպտացիերի երկիրը, որտեղ պատերազմ չենք տեսնի, շեփորի ձայն չենք լսի, հացից քաղցած չենք մնայ, եւ այնտեղ կ՚ապրենք», « 15ապա այդ մասին լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, ո՛վ Հրէաստանի մնացորդներ»։ Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Եթէ դուք երեսներդ շուռ տաք ու մտնէք Եգիպտոս, որպէսզի այնտեղ բնակուէք, 16ապա այն սուրը, որից դուք վախենում էք, այնտեղ, Եգիպտացիների երկրում, պիտի գտնի ձեզ, եւ այն սովը, որից տագնապում էք, այնտեղ, Եգիպտացիների երկրում, պիտի հասնի ձեզ, եւ այնտեղ պիտի մեռնէք։ 17Բոլոր մարդիկ, որոնք կը դիմեն ու կ՚անցնեն Եգիպտացիների երկիրը, որպէսզի բնակուեն այնտեղ, սրով, սովով ու ժանտախտով պիտի մեռնեն, նրանցից ոչ ոք չպիտի կարողանայ փրկուել այն չարիքներից, որ բերելու եմ նրանց գլխին»։ 18Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ինչպէս որ իմ զայրոյթն ու բարկութիւնը թափուեց Երուսաղէմի բնակիչների վրայ, նոյնպէս էլ իմ զայրոյթը պիտի թափուի ձեզ վրայ, երբ դուք մտնէք Եգիպտոս։ Պիտի լինէք անապատում, վտարանդի, նզովուած ու նախատուած, այլեւս չպիտի տեսնէք այս վայրերը»,19ինչպէս ասաց Տէրը ձեզ՝ Յուդայի երկրի մնացորդներիդ, թէ՝ «Չմտնէ՛ք Եգիպտոս»։ Բայց այժմ լա՛ւ իմացէք, այսօր ձեր առաջ վկայում եմ, 20որ մեղք գործեցիք ձեր հոգու դէմ, քանի որ ինձ ուղարկեցիք ձեր Տէր Աստծու մօտ՝ ասելով. «Մեզ համար աղօթի՛ր մեր Տէր Աստծուն, եւ այն ամէնը, ինչ որ մեր Տէր Աստուածը խօսի քեզ հետ՝ նոյն ձեւով յայտնի՛ր մեզ, ու մենք կը կատարենք»։ 21Եւ ես յայտնեցի ձեզ այսօր, բայց դուք ձեր Տէր Աստծու ձայնին չանսացիք, որի համար նա ինձ ձեզ մօտ էր ուղարկել։ 22Արդ, իմացէ՛ք, որ սրով, սովով ու ժանտախտով պիտի մեռնէք նոյն այն տեղում, ուր դուք կամենում էք գնալ ու բնակուել»։ 
43 Երբ Երեմիան վերջացրեց ամբողջ ժողովրդին յայտնել նրա Տէր Աստծու բոլոր խօսքերը, որոնք նրան էր յղել Տէր Աստուած, 2այն ժամանակ Օսէի որդի Յեզոնիան, Կարէի որդի Յովնանը եւ բոլոր ամբարտաւան մարդիկ Երեմիային ասացին. «Դու սուտ ես խօսում. մեր Տէր Աստուած քեզ չի ուղարկել մեզ մօտ ասելու, թէ՝ «Մի՛ մտնէք Եգիպտոս՝ այնտեղ բնակուելու համար», 3այլ քեզ մեր դէմ է գրգռում Ներիայի որդի Բարուքը, որպէսզի մեզ մատնես քաղդէացիների ձեռքը, որ կոտորեն եւ գերի տանեն մեզ Բաբելոն»։ 4Կարէի որդի Յովնանը, բոլոր զօրապետներն ու ամբողջ ժողովուրդը չանսացին Տիրոջ ձայնին՝ բնակուելու Յուդայի երկրում։ 5Կարէի որդի Յովնանը եւ բոլոր զօրապետներն առան Յուդայի երկրի բոլոր մնացորդներին, որոնք Յուդայի երկրում ապրելու համար վերադարձել էին այն բոլոր ազգերի մօտից, ուր ցրուած էին նրանք, 6տղամարդկանց, կանանց ու մանուկներին, թագաւորի դուստրերին եւ այն անձանց, որոնց Նաբուզարդան դահճապետը թողել էր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, ինչպէս եւ Երեմիա մարգարէին ու Ներիայի որդի Բարուքին, 7եւ գնացին Եգիպտացիների երկիրը, որովհետեւ չանսացին Տիրոջ ձայնին, եւ հասան Տափնաս։ 8Տափնասում Տէրն իր խօսքն ուղղեց Երեմիային եւ ասաց. 9«Դու մեծ» մեծ քարե՛ր վերցրու, թաղի՛ր Տափնասում, աղիւսատան թաքստոցի մէջ, Փարաւոնի ապարանքի մուտքի մօտ՝ ի տես Յուդայի երկրի մարդկանց, 10եւ ասա՛ նրանց. այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. ահաւասիկ ես կ՚ուղարկեմ ու կը բերեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, որն իր գահը պիտի կանգնեցնի այդ քարերի վրայ, որոնք դու թաքցրիր։ Դրանց վրայ կանգնած՝ նա պիտի կապի իր զէնքերը, 11պիտի գայ ու հարուած հասցնի Եգիպտացիների երկրին, ում մահ է վիճակուած՝ պիտի դատապարտի մահուան, ում գերութիւն՝ գերութեան, ում սուր՝ սրի։12Նրանց աստուածների տան մէջ կրակ պիտի գցի, պիտի այրի նրանց ու գերի տանի։ Պիտի քրքրի Եգիպտացիների երկիրը, ինչպէս հովիւն է քրքրում իր հագուստները, եւ այդտեղից հանգիստ պիտի դուրս գայ։13Պիտի խորտակի Եգիպտացիների երկրում գտնուող Արեգ քաղաքի սիւները եւ նրանց աստուածների մեհեաններն այրի հրով»։ 
44 Տէրը Երեմիայի միջոցով խօսեց բոլոր հրեաների մասին, որոնք բնակւում էին Եգիպտացիների երկրում, գտնւում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում եւ Պաթուրէս երկրում, ու ասաց. 2այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Դուք ինքներդ գիտէք այն բոլոր չարիքները, որ բերեցի Երուսաղէմի վրայ եւ ամբողջ Հրէաստանի քաղաքների վրայ։ 3Ահա դրանք այսօր ամայի են բնակիչներից այն չարութիւնների պատճառով, որ նրանք կատարեցին ինձ դառնացնելու համար, քանզի գնացին խունկ ծխելու եւ պաշտելու օտար աստուածներին, որոնց դուք եւ ձեր հայրերը չէիք ճանաչում։ 4Ու ես միշտ էլ կանխաւ ձեզ մօտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարէներին եւ ասացի, թէ՝ «Մի՛ անէք այդ պիղծ բաները, որ ես ատում եմ»։ 5Բայց նրանք չլսեցին ինձ եւ չհնազանդուեցին, որ դարձի գան իրենց չարութիւններից, խունկ չծխեն օտար աստուածներին։ 6Եւ իմ բարկութիւնն ու զայրոյթը թափուեց ու բորբոքուեց Յուդայի երկրի քաղաքներում եւ Երուսաղէմի հրապարակներում, որոնք աւեր ու անապատ դարձան, ինչպէս այսօր են»։ 7Արդ, այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուած. «Ինչո՞ւ ձեր հոգիների առաջ մեծամեծ մեղքեր էք գործում, որ Յուդայի երկրի միջից ջնջէք ձեր տղամարդուն, կնոջն ու ծծկեր մանկանը, որ ձեզնից որեւէ մէկը չմնայ,8ձեր ձեռքի գործերով ինձ դառնութիւն պատճառէք եւ Եգիպտացիների երկրում, ուր դուք գնացել էք բնակուելու, խնկարկէք օտար աստուածներին, որ բնաջնջուէք եւ անէծքի ու նախատինքի առարկայ դառնաք աշխարհի բոլոր ազգերի մէջ, 9որովհետեւ դուք մոռացութեան չտուեցիք ձեր հայրերի չար գործերը, Յուդայի երկրի թագաւորների չարութիւնները, նրանց կանանց չարութիւնները, ձեր չարութիւնները եւ ձեր կանանց չարութիւնները, որ նրանք կատարեցին Յուդայի երկրում եւ Երուսաղէմի հրապարակներում։ 10Մինչեւ այսօր նրանք յետ չկանգնեցին, չվախեցան եւ ոչ էլ հաւատարիմ մնացին իմ օրէնքին ու պատուիրաններին, որ դրեցի ձեր աչքի առաջ եւ ձեր հայրերի աչքի առաջ»։ 11Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահա ես իմ երեսը դարձնում եմ դէպի ձեզ՝ չարութեան համար, ոչնչացնելու համար ամբողջ Յուդայի երկիրը։12Պիտի առնեն Յուդայի երկրի մնացորդներին, որոնք դիմեցին ու եկան Եգիպտացիների երկիրը՝ այստեղ բնակուելու համար, Եգիպտոսում եղած բոլոր մնացորդներին պիտի կորստեան մատնեն. պիտի սրի քաշուեն եւ սովից բնաջնջուեն, փոքրից մինչեւ մեծերը սրից պիտի ընկնեն ու սովից մեռնեն, պիտի մատնուեն նզովքի ու կորստեան, անէծքի ու նախատինքի։ 13Եւ նրանց, որ Եգիպտոսում են բնակւում, պիտի պատժեմ սրով, սովով ու մահով, ինչպէս պատժեցի Երուսաղէմին. 14եւ Յուդայի երկրի մնացորդներից, որոնք բնակւում են Եգիպտացիների երկրում, ոչ ոք չպիտի փրկուի, որ վերադառնայ Յուդայի երկիրը, ուր նրանք վերադառնալու եւ այնտեղ բնակուելու յոյսն էին փայփայում իրենց հոգում։ Չպիտի վերադառնան, բացի միայն փրկուածներից»։ 15Այն ժամանակ այն բոլոր տղամարդիկ, որոնք գիտէին, որ իրենց կանայք խունկ են ծխում օտար աստուածներին, նաեւ այնտեղ եղած բոլոր կանանց մեծ բազմութիւնն ու ամբողջ ժողովուրդը, որ բնակւում էր Եգիպտացիների երկրում, Պաթուրէսում, պատասխան տուին Երեմիային եւ ասացին. 16«Մենք չենք լսի քո այդ խօսքը, որ Տիրոջ անունից ասացիր մեզ, 17բայց անպայման կը կատարենք ամէն բան, ինչ ելաւ մեր բերանից. խունկ կը ծխենք երկնքի թագուհուն, նրան նուէրներ կ՚ընծայենք, ինչպէս արել ենք մենք ու մեր հայրերը, մեր թագաւորներն ու մեր իշխանները Յուդայի երկրի քաղաքներում ու Երուսաղէմի հրապարակներում, երբ առատ էինք հացով, վայելքի մէջ էինք ու չարիք չէինք տեսնում։ 18Իսկ երբ դադարեցինք երկնքի թագուհուն խունկ ծխելուց եւ նրան նուէրներ ընծայելուց, ամէն ինչի կարօտ մնացինք եւ սրով ու սովով կոտորուեցինք։ 19Երբ մենք, - աւելացրին կանայք, - երկնքի թագուհուն խունկ էինք ծխում եւ նրան նուէրներ ընծայում, ինչ է, առանց մեր ամուսինների իմացութեա՞ն էինք թխուածք ու կարկանդակներ պատրաստում կամ նուէրներ ընծայում նրան»։ 20Ժողովրդի բոլոր զօրաւոր մարդկանց ու նրանց կանանց եւ ամբողջ ժողովրդին, որոնք իրեն այդպիսի պատասխան խօսք ասացին, Երեմիան պատասխանեց ու ասաց. 21«Արդեօք Տէրը չյիշե՞ց, նրա միտքը չընկա՞ւ այդ խունկը, որ դուք ու ձեր հայրերը, ձեր թագաւորները, ձեր իշխաններն ու երկրի ժողովուրդը ծխում էիք Յուդայի երկրի քաղաքներում ու Երուսաղէմի հրապարակներում։ 22Ձեր չար արարքների եւ ձեր արած գարշելի գործերի պատճառով Տէրը չկարողացաւ համբերել, եւ ձեր երկիրը, բնակիչներից զրկուած, դարձաւ աւերակ ու անապատ եւ նզովքի առարկայ, ինչպէս այսօր է։ 23Այն բանի համար, որ դուք դրանց խնկարկում էք եւ դրանով իսկ մեղանչում Տիրոջ հանդէպ, չէք լսում Տիրոջ ձայնը եւ չէք ընթանում ըստ նրա օրէնքների, ըստ նրա ցուցումների եւ հրամանների, դրա համար էլ ձեզ վիճակուեցին այդ չարիքները, ինչպիսիք այսօր էլ կան»։ 24Եւ Երեմիան ամբողջ ժողովրդին ու բոլոր կանանց ասաց. «Լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, Յուդայի երկրի բոլոր մարդիկ, որ գտնւում էք Եգիպտացիների երկրում.25այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Դուք եւ ձեր կանայք ինչ որ ասացիք ձեր բերաններով, այն էլ արեցիք ձեր ձեռքերով. ասում էք թէ՝ «Մեր դաւանածը պիտի դաւանենք, խունկ պիտի ծխենք երկնքի թագուհուն եւ նուէրներ ընծայենք»։ Եւ դուք հաստատ մնացիք ձեր դաւանութեանը եւ ճշտօրէն կատարեցիք ձեր ուխտը։ 26Դրա համար էլ լսեցէ՛ք Տիրոջ պատգամը, Յուդայի երկրի բոլո՛ր մարդիկ, որ բնակւում էք Եգիպտացիների երկրում. «Ահա ես երդուեցի իմ մեծ հոգով, - ասում է Տէր Աստուած, - որ եթէ իմ անունը նորից հնչի Յուդայի երկրի որեւէ մարդու բերանից, եթէ ասեն, թէ՝ «Տէրը կենդանի է Եգիպտացիների այս ամբողջ երկրում», 27ապա ես կը ծառանամ դրանց դէմ՝ դրանց չարչարելու եւ ոչ թէ բարութիւն անելու համար։ Եւ Յուդայի երկրի բոլոր մարդիկ, որ ապրում են Եգիպտացիների երկրում, պիտի կոտորուեն սրով ու սովով, մինչեւ որ նուազեն։ 28Իսկ սրից ազատուածները՝ սակաւաթիւ մարդիկ, Եգիպտացիների երկրից պիտի վերադառնան Յուդայի երկիրը։ Եւ Յուդայի երկրի բոլոր մնացորդները, որ բնակւում են Եգիպտացիների երկրում, պիտի իմանան, թէ ում խօսքն է հաստատուելու՝ ի՞մը, թէ՞ իրենցը։ 29Եւ սա թող ձեզ նշան լինի, - ասում է Տէրը, - որ այստեղ ես ձեզ պատժելու պիտի գամ, որպէսզի գիտենաք, որ իմ խօսքերը ձեր նկատմամբ ի չարը պիտի կատարուեն»։ 30Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես եգիպտացիների արքայ Վափառ փարաւոնին կը յանձնեմ իր թշնամիների ձեռքը, իր հոգին պահանջողների ձեռքը, ինչպէս որ Սեդեկիա արքային տուեցի իր թշնամու եւ իր հոգին պահանջողի՝ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը»։ 
45 Ահա այն խօսքը, որ Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի չորրորդ տարում Երեմիա մարգարէն յայտնեց Ներիայի որդի Բարուքին, որն այն ժամանակ սոյն մատեանում Երեմիայի բերանից գրի առաւ այս բաները։ 2Այսպէս է ասում քո մասին Տէր Աստուածն Իսրայէլի. «Ո՛վ Բարուք, 3դու, որ ասացիր, թէ՝ «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, քանզի Տէրն իմ ցաւերի վրայ տառապանք աւելացրեց, ես հեծեծանքով քուն մտայ եւ հանգստութիւն չգտայ», 4այսպէս կ՚ասես նրան, թէ այսպէս է ասում Տէրը. 5«Ահա ինչ որ ես շինեցի, ինքս քանդում եմ, եւ ինչ որ ես տնկեցի, ինքս եմ արմատախիլ անում՝ այս ամբողջ երկիրը։6Իսկ դու քեզ համար մեծ-մեծ բաներ ես խնդրում. մի՛ խնդրիր, որովհետեւ, - ասում է Տէրը, - ահա իւրաքանչիւր մարմնի ես չարիք եմ բերելու, իսկ քո անձը ամենուրեք, ուր էլ որ գնալու լինես, քեզ եմ պարգեւելու իբրեւ փրկութիւն»։ 
46 Եգիպտոսի մասին 2Ահա Երեմիա մարգարէին ուղղուած Տիրոջ խօսքը եգիպտական բոլոր ազգատոհմերի 3եւ եգիպտացիների արքայ Նեքաւով փարաւոնի զօրաբանակի մասին, որը գտնւում էր Եփրատ գետի մօտ, Քարքամիսում, եւ որին Հրէաստանի Յոսիա արքայի որդի Յովակիմի չորրորդ տարում ջախջախեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան։ 4«Զէնք ու վահա՛ն վերցրէք, մտէ՛ք մարտի մէջ, 5պատրաստեցէ՛ք երիվարները, ձի՛ հեծէք, ո՛վ սպառազինուածներ, դրէ՛ք սաղաւարտները, առա՛ջ ուղղեցէք գեղարդները, հագէ՛ք ձեր զրահները։ 6Բայց այդ ի՞նչ է կատարւում. դրանք, ահաւասիկ, զարհուրածներն են, որ դէպի յետ են շարժւում, որովհետեւ նրանց զօրաւոր մարդիկ ջախջախուեցին, եւ իրենք փախուստի են դիմել, իսկ դրանցից նրանք, որ շրջապատման մէջ ընկան, չպիտի վերադառնան, - ասում է Տէրը։ - 7Ո՛չ արագաշարժը պիտի փախչի, ո՛չ էլ հզօրը փրկուի. հիւսիսի կողմերում, Եփրատ գետի մօտ, նրանք ուժասպառ եղան ու կործանուեցին։ 8Ո՞վ է սա, որ բարձրացել է գետի պէս, եւ ջրեր կուտակած գետերի պէս յորձանք է տալիս։ 9Եգիպտոսի ջրերը գետի պէս յորդել են, գետի պէս ալեկոծուած են նրա ջրերը։ Դա Եգիպտոսն է, որ ասում է.«Ես կ՚ելնեմ ու կը ծածկեմ երկիրը, կը կործանեմ քաղաքներն ու նրանց բնակիչներին։10Երիվարնե՛ր հեծէք, կառքե՛ր լծեցէք, ելէ՛ք, ո՛վ եթովպացի մարտիկներ եւ զինավառ լիբիացիներ, վե՛ր կացէք, աղեղներդ լարեցէ՛ք, ո՛վ լիդացիներ»։ 11Այս օրը, ահա, մեր Տէր Աստծու վրէժխնդրութեան օրն է՝ իր թշնամիներից վրէժ առնելու համար։ Սուրը պիտի ուտի եւ յագենայ, պիտի հարբի նրանց արիւնից, որովհետեւ Զօրութիւնների Տիրոջ զոհը հիւսիսի երկրից պիտի լինի, Եփրատ գետի ափին։ 12Գնա՛ Գաղաադ եւ դեղ ու բալասա՛ն առ եգիպտացիների կոյս դստեր համար. իզուր ես շատացնում դեղորայքը. ոչ մի տեղից քեզ օգուտ չկայ։ 13Ազգերը լսեցին քո գոյժը, եւ երկիրը լցուեց քո աղաղակով. պատերազմողը պատերազմողի հետ բախուեց ու թուլացաւ, եւ երկուսն էլ միասին ընկան»։ 14Ահա այն խօսքը, որ Տէրը յայտնեց Երեմիա մարգարէի միջոցով, երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան եկաւ հարուած հասցնելու Եգիպտացիների երկրին.15Գուժեցէ՛ք Եգիպտոսում, ձա՛յն արձակեցէք Մագդողում, իմա՛ց տուէ՛ք Մեմփիսին, ազդարարէ՛ք Տափնասին, թէ՝ «Արի պատրա՛ստ եղիր, որովհետեւ սուրը կերաւ քո ճիւղերը, 16քո ընտիր ցուլը փախուստ տուեց, չմնաց, քանի որ Տէրը լքեց նրան»։ 17Եւ բազմութիւնը տկարացաւ. ամէն մէկն իր ընկերոջ մօտ ընկաւ։ Ապա ասացին. «Եկէ՛ք հեթանոսի սրից իւրաքանչիւրս դառնանք դէպի մեր ժողովուրդը,գնանք ամէն մէկս՝ իր երկիրը։ 18Եգիպտացիների Փարաւոն արքայի անունը կոչեցէ՛ք Սաոն, Եբիր եւ Մովեդ«։ 19«Կենդանի եմ ես, - ասում է Տէրը, - Զօրութիւնների թագաւոր է նրա անունը։ Ինչպէս գահաւանդակն է լեռների մէջ, կամ ինչպէս Կարմելոսը՝ ծովում, նա պէտք է գայ։20Գերութեան պատրաստութի՛ւն տես, ո՛վ դուստր, բնակի՛չդ Եգիպտոսի, քանզի Մեմփիսն աւերակ պիտի դառնայ, եւ վայ պիտի տան նրան՝ այնտեղ բնակիչներ չլինելու պատճառով։ 21Եգիպտոսը զարդարուած ու գեղեցիկ երինջ է. նրա կործանումը հիւսիսից պիտի գայ։ 22Նրա վարձկանները նրա մէջ նման են պարարտ եզների, ու նրանք էլ առհասարակ փախուստի պիտի դիմեն եւ չպիտի հանդարտուեն, որովհետեւ նրանց վրայ եկաւ կործանման օրը, եւ հասաւ վրէժխնդրութեան ժամանակը։ 23Նրանց ձայնը լինելու է ինչպէս օձի շչիւնը, քանի որ նրանք աւազի միջով են գնալու։ Տապարակիրները նրա վրայ են գալու որպէս անտառահատներ։ 24Կտրեցէ՛ք նրա ծառերը, - ասում է Տէր Աստուած, - քանզի նրանց հաշիւը ոչ ոք չի կարող անել. նրանք մորեխից աւելի են բազմացել, նրանց թիւ չկայ։ 25Ամօթով մնաց Եգիպտոսի դուստրը, նա պիտի մատնուի հիւսիսի զօրքերի ձեռքը»։26Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածն ասում է. «Ահա ես վրէժխնդիր եմ լինելու նրա որդի Ամոնից, Փարաւոնից ու եգիպտացիներից, նրանց աստուածներից ու նրա թագաւորներից, Փարաւոնից ու նրան ապաւինողներից. 27նրանց մատնելու եմ նրանց հոգիները պահանջողների ձեռքը, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը ու նրա պաշտօնեաների ձեռքը, եւ այնուհետեւ նրանք կ՚ապրեն ինչպէս առաջ, - ասում է Տէրը։ 28Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, դու չպէտք է զարհուրես, ո՛վ Իսրայէլ, քանզի ես ահա փրկելու եմ քեզ հեռաստանից, իսկ քո սերունդը՝ նրանց գերութիւնից։ Պիտի վերադառնայ Յակոբը, դադար պիտի առնի ու հանգիստ լինի, եւ չի լինելու որեւէ մէկը, որ լլկի նրան։ 29Իսկ դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, - ասում է Տէրը, - որովհետեւ ես քեզ հետ եմ. եթէ ես բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնց մէջ ցրեցի քեզ, քե՛զ, սակայն, չեմ բնաջնջելու։ Քեզ արդարութեամբ պիտի խրատեմ, թէեւ լրիւ չպիտի արդարացնեմ»։ 
47 Այլազգիների մասին 2Տիրոջ խօսքը այլազգիների մասին՝ ուղղուած Երեմիա մարգարէին, երբ Փարաւոնը դեռ չէր աւերել Գազան։ 3Այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ ջրեր են բարձրանում հիւսիսից, որոնք յորդահոս հեղեղների վերածուելով՝ պիտի ողողեն երկիրն ամբողջութեամբ, քաղաքն իր բնակիչներով։ Լաց ու կոծ պիտի անեն մարդիկ, եւ երկրի բոլոր բնակիչները աղաղակ պիտի բարձրացնեն4ասպատակող հեծելազօրի զէնքերի ու ոտքերի ձայնից, նրա կառքերի շաչիւնից եւ դրանց անիւների շառաչից։ Հայրերը չպիտի համարձակուեն շրջուել դէպի իրենց որդիները, որովհետեւ նրանց ձեռքերը պիտի թուլանան 5այն օրը, որը վրայ է հասնելու բոլոր այլազգիներին կորստեան մատնելու համար։ Կորստեան պիտի մատնեմ նաեւ Ծուրն ու Ծայդանը եւ նրանց միւս բոլոր օգնականներին»։ Տէրը ոչնչացնելու է կղզիներում եւ Գամիրքում մնացած այլազգիներին։ 6Գազայում այնպիսի սուգ պիտի լինի, որ մարդիկ խուզեն իրենց գլուխները,Ասկաղոնը պիտի ոչնչանայ, ինչպէս եւ Ենակիմի մնացորդները։ 7Ո՛վ դու Տիրոջ սուր, մինչեւ ե՞րբ պիտի կոտորես, մինչեւ ե՞րբ դադար պիտի չառնես, վերադարձի՛ր քո պատեանը, հանգի՛ստ առ, յե՛տ կանգնիր։ 8Ինչպէ՞ս դադար առնի նա. չէ՞ որ Տէրը հրամայեց նրան յարձակուել Ասկաղոնի եւ նրանց վրայ,ովքեր մնացել էին ծովեզերքին։ 
48 Մովաբի մասին 2Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Վա՜յ Նաբաւին, որ կործանուեց, Կարիաթիմն ամօթահար եղաւ, գրաւուեց.ամօթահար եղաւ Մոսոգամբն ու պարտութեան մատնուեց։ 3Մովաբն այլեւս Եսեբոնում պարծենալու բան չունի։ Նրա մասին չարիք են որոճում, թէ՝ «Եկէք ազգի միջից նրան ոչնչացնենք, թող լռի ու պապանձուի»։ Հուրն է շրջում քո յետեւից։ 4Օրոնայիմից լսւում է գուժկանների բօթը. «Մովաբն աւերուեց ու մեծ կոտորածի ենթարկուեց»։ 5Գոյժ տուէք Զոգորին, քանզի Ալոթը ողբով լցուեց, 6եւ լացով են բարձրանում Օրոնայիմի ճանապարհով։ Տագնապ ու կոտորածի բօթ լսեցի. 7փախէ՛ք ու փրկեցէ՛ք ձեր անձերը ու կը լինէք ինչպէս անապատի ցիռ։ 8Յոյսդ դրել էիր քո ամրոցների վրայ, բայց պիտի վրայ հասնեն նեղութիւնները, ու դու պիտի բռնուես։ Քամոսը գերի պիտի գնայ իր քուրմերի ու իր իշխանների հետ։ 9Միանգամից կործանում պիտի հասնի բոլոր քաղաքներին, մի քաղաք իսկ չպիտի փրկուի, բնակիչը պիտի ոչնչանայ, դաշտեցին՝ բնաջնջուի»։ 10Այսպէս է ասում Տէրը. «Մի ծաղիկ տուէք Մովաբին որպէս նշան,որը տոչորուելով պիտի տոչորուի, իսկ նրա բոլոր քաղաքները անապատի պիտի վերածուեն բնակիչներ չլինելու պատճառով»։ 11Թող անիծեալ լինի նա, ով Տիրոջ գործը ծուլութեամբ կը կատարի, թող անիծեալ լինի նաեւ նա, ով Տիրոջ սուրը արիւնից յետ կը պահի։ 12«Իր մանկութիւնից ի վեր Մովաբը հանգի՜ստ էր, իր փառքին էր ապաւինել, ամանից աման չէր թափուել եւ գերութեան չէր գնացել, դրա համար էլ նրա համն իր մէջ էր մնացել, եւ բոյրը չէր չքացել։ 13Ահա թէ ինչու օրեր պիտի գան, - ասում է Տէրը, - ու ես մարդիկ պիտի ուղարկեմ նրա մօտ, որոնք պիտի կռացնեն նրան, նրա անօթները պիտի մանրեն ու նրա ամանները փշրեն։ 14Մովաբը պիտի ամաչի Քամոսից, ինչպէս Իսրայէլի տունն ամաչեց Բեթէլից՝ իր ապաւէնից։ 15Ինչո՞ւ էք ասում, թէ՝ «Հզօր ենք, կռուի մէջ զօրեղ տղամարդ ենք»։ 16Կորստեան մատնուեց Մովաբն իր քաղաքներով, եւ նրա ընտիր-ընտիր երիտասարդները գնացին մեռնելու, - ասում է արքան, որի անունը Զօրութիւնների Տէր է։17Մովաբի օրհասը մօտ է, եւ ձախորդութիւնները մեծ արագութեամբ նրա վրայ են գալիս։ 18Խղճացէ՛ք նրան ամէն կողմից. ամէնքդ, որ գիտէք նրա անունը, ասացէ՛ք.«Ինչո՞ւ խորտակուեց գեղեցիկ ցուպը՝ մեծարանքի գաւազանը»։ 19Խոնարհուի՛ր քո փառքից եւ նստի՛ր խոնաւութեան մէջ, ո՛վ դու դուստր, որ բազմել ես Դեբոնում, քանզի Մովաբը կորստեան մատնուեց, վրայ հասաւ քո ամրոցները կործանողը։20Դու, որ նստում ես Արովէրում, կանգնի՛ր ճանապարհներին, նայի՛ր եւ հարցրո՛ւ փախստականներին ու փրկուածներին, ասա՛՝ «Ի՞նչ տեղի ունեցաւ»։ 21Ամօթահար եղաւ Մովաբը, որովհետեւ կործանուեց։ Ճչա՛ եւ աղաղակի՛ր, գո՛յժ տուր Առնոնին, թէ Մովաբը կործանուեց։22Դատաստանն է սպառնում Միսորի երկրին՝ 23Քիլոնին, Յասսային, Մոփաթին, Դեբոնին եւ Նաբաւին, Դեբլաթեմի տանն 24ու Կարիաթիմին, Գամողի տանը եւ Մաւոնի տանը, 25Կարիաւոթին, Բոսորին եւ Մովաբի երկրի հեռաւոր ու մօտիկ բոլոր քաղաքներին։26Ջարդուեց Մովաբի եղջիւրը, եւ նրա յանդգնութիւնը խորտակուեց», - ասում է Տէրը։ 27Հարբեցրէ՛ք նրան, որովհետեւ նա յոխորտաց Տիրոջ դէմ. Մովաբը թող ծափ տայ, որպէսզի ինքն էլ խայտառակ լինի։28Արդեօք Իսրայէլը քեզ համար ծաղրի առարկայ չէ՞ր՝ գողութեան մէջ բռնուած, երբ մարտնչում էիր նրա դէմ. նրա կողմից դու պիտի գերուես։29Մովաբի բնակիչները թողեցին քաղաքները եւ բնակուեցին քարերի ծերպերում. նմանուեցին քարերի ծերպերում եւ խոռոչների ճեղքերում բոյն դրած աղաւնիներին։ 30Լսեցի Մովաբի գոռոզութեան մասին, քանզի նա խիստ գոռոզացաւ իր վէսութեամբ, խրոխտութեամբ ու ամբարտաւանութեամբ, մեծամիտ դարձաւ նա։ 31«Ես էլ իմացայ նրա արած գործերը, - ասում է Տէրը։ - Միթէ ըստ նրա կարողութեան չէի՞ն նրա բազուկները, բայց նա այդպէս չգործեց։ 32Ահա թէ ինչու ճի՛չ բարձրացրէք Մովաբի համար, ամէն կողմից ողբացէ՛ք Մովաբին, այն մարդկանց, որոնք խզում, փետում ու մրում են իրենց մազերը։ 33Պիտի հառաչեմ Յազերի լացով, պիտի լաց լինենք քեզ համար, ո՛վ դու Սաբեմի այգի։ Քո ճիւղերը տարածուեցին դէպի ծով, հասան մինչեւ Յազեր, քո մրգերին եւ քո այգեքաղին սպառնաց մահը։ 34Կարմելոսից եւ մովաբացիների երկրից վերացան ուրախութիւնն ու ցնծութիւնը։ Գինի կար քո հնձաններում. այսուհետեւ առաւօտները խաղող չպիտի ճմլեն, եւ երեկոները հնձանահարների ձայն չպիտի լսուի։ 35Եսեբոնի աղաղակը հասաւ մինչեւ Ելելա եւ մինչեւ Յասսա. նրանց քաղաքները, Սեգորից մինչեւ Օրոնայիմ, իրենց ձայնը բարձրացրին եւ գուժեցին մինչեւ Սալէս, որովհետեւ Եբերիմի ջուրն անգամ տաքանալով ցամաքեց։ 36Կորստեան պիտի մատնեմ Մովաբը, - ասում է Տէրը, - որ բագիններն էր բարձրանում եւ խնկարկում օտար աստուածներին։37Դրա համար էլ սիրտն իմ սրնգի պէս կանչ է արձակում Մովաբի վրայ, սիրտն իմ, իբրեւ շեփորի ձայն, ուղղուած է այն մարդկանց, որոնք ընկած են պատերի տակ։ Դրա համար էլ ինչ հարստութիւն որ ունէր, մարդկանց ձեռքով պիտի կորչի։ 38Բոլոր գլուխներն ամենուրեք պիտի սափրուեն, բոլոր մօրուքները կտրուեն, բոլոր ձեռքերին կտրուածքներ պիտի լինեն, բոլոր մարմինները պիտի լինեն քրձազգեաց։ 39Մովաբի բոլոր տանիքներին ու նրա հրապարակներում ամբողջովին լաց ու կոծ է լինելու։Ես փշրեցի Մովաբը ինչպէս մի աման, որ ոչ մի բանի պիտանի չէ», - ասում է Տէրը։ 40Ինչպէ՜ս կործանուեց, ողբացէ՛ք, ինչպէ՜ս դարձրեց նա իր թիկունքը. ամաչեց, ծաղրելի դարձաւ, եւ նրան քինախնդիր եղան իրեն շրջապատողները»։ 41Այսպէս է ասում Տէրը. «Ահա արծուի նման թշնամին առաջ պիտի սլանայ եւ իր թեւերը տարածի Մովաբի վրայ։ 42Պիտի գրաւուի Կարիաւոթը, պիտի նուաճուեն նրա ամրոցները, եւ այն օրը Մովաբի զօրաւոր մարդկանց սիրտը պիտի դառնայ երկունքի մէջ գտնուող կանանց սրտի պէս։43Մովաբը, իբրեւ ժողովուրդ, պիտի կորչի, որովհետեւ նա յոխորտաց Տիրոջ դէմ։ 44Վիհ, սարսափ ու որոգայթ պիտի լինի քեզ համար, ո՛վ դու, որ բնակւում ես Մովաբում. 45ու նա, որ փախուստ է տալու սարսափից, պիտի ընկնի վիհը, իսկ վիհից ելնողը պիտի բռնուի որոգայթի մէջ, քանզի այն տարին, երբ պատժելու լինեմ Մովաբին, ամէն ինչ նրա գլխին պիտի բերեմ, - ասում է Տէրը։ 46Որոգայթից փախչողները հասան Եսեբոնի տանիքների տակ, բայց Եսեբոնից կրակ դուրս եկաւ, ու Սեհոն քաղաքից՝ բոց, լափեց Մովաբի իշխաններին եւ փորձութեան ենթարկեց ամոնացիներին։ 47Վա՜յ քեզ, Մովա՛բ, որ կորցրիր Քամոսի ժողովրդին, քանզի նրա որդիներն ու դուստրերը գերեվարուեցին։48Բայց վերջին օրերը, - ասում է Տէրը, - Մովաբի գերեալներին պիտի վերադարձնեմ»։ Մովաբի դատաստանը մինչեւ այստեղ է լինելու։ 
49 Ամոնացիների մասին 2Այսպէս է ասում Տէրը. «Միթէ Իսրայէլը որդիներ չունի՞ եւ կամ միթէ ժառանգորդ չունի՞։ Ինչո՞ւ Մեղքոմը տիրեց Գադի հողերին, ու Մեղքոմի ժողովուրդը նրա քաղաքներում է բնակւում։ 3Դրա համար էլ, - ասում է Տէրը, - օրեր են գալու, երբ Ռաբոթում ամոնացիներին գոյժ պիտի տամ քաղաքների մասին, որոնք անապատի պիտի վերածուեն ու անհետանան, նրանց բագինները հրով պիտի այրուեն, եւ Իսրայէլը պիտի ստանայ իր իշխանութիւնը, - ասում է Տէրը։ 4Աղաղակի՛ր, Եսեբո՛ն, որովհետեւ Գեհը կործանուեց, բողո՛ք բարձրացրէք, ո՛վ Ռաբայի դուստրեր, քո՛ւրձ հագէք, մոլեգնեցէ՛ք, սգացէ՛ք եւ ցանկապատերի շուրջն այս ու այն կո՛ղմ թափառեցէք, որովհետեւ Մեղքոմն իր քրմերի ու իշխանների հետ միասին գերի է գնում։ 5Ինչո՞ւ ես ցնծում քո խորանների մէջ, ո՛վ Զեփ, եւ քո դաշտերում, ո՛վ անզգամ դուստր, որ ապաւինել էիր քո գանձերին եւ ասում էիր, թէ՝ «Ո՞վ պիտի գայ ինձ վրայ»։ 6Ահա ամէն կողմից սարսափ պիտի բերեմ քեզ՝քո շուրջը բնակուողներից, - ասում է Զօրութիւնների Տէրը. - դուք ցրուելու էք ամէն կողմ, ու ոչ ոք չի լինելու, որ հաւաքի թափառականներին։ 7Դրանից յետոյ եմ վերադարձնելու գերեալ ամոնացիներին», - ասում է Տէրը։ 8Եդոմի մասինԱյսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Այլեւս իմաստութիւն չկայ Թեմանում, հանճարեղները խելակորոյս եղան. գնաց նրա իմաստութիւնը, ծաղրի առարկայ դարձաւ նրա երկիրը։ 9Գնացէ՛ք ապրելու թաքուն եւ դժուարին տեղերում, ո՛վ Դեդանի բնակիչներ, որովհետեւ նրանց վրայ պիտի բերեմ մի ժամանակ,երբ գամ պատժելու նրանց։ 10Այգեկութ անողները վրայ հասան եւ մնացորդներ չեն թողնելու քո մէջ, ինչպէս գիշերուայ գողեր՝ իրենց ձեռքերը դնելու են նրանց վրայ։ 11Ես կործանեցի Եսաւին եւ նրա թաքստեան տեղերը յայտնի դարձրի. այլեւս նրանք չեն կարող թաքնուել։ Նրա զաւակը կորստեան մատնուեց իր եղբօր եւ դրացու ձեռքով. 12չկայ քո որբը, որ ապրի, իսկ նրանց այրիներն ինձ վրայ էին յոյս դրել»։ 13Այսպէս է ասում Տէրը. «Ահա նրանք, որոնք պէտք չէ որ խմէին բաժակը, բայց խմելով հարբեցին, իսկ դու բոլորովին անպատի՞ժ պիտի մնաս. դու չե՛ս արդարանայ, այլ խմելով պիտի հարբե՛ս, 14քանզի ես իմ անձով երդուեցի, - ասում է Տէրը, - որ Եդոմի ժառանգութեան մէջ դու ապականութեան, նախատինքի, անապատի ու անէծքի պիտի վերածուես, իսկ քո բոլոր քաղաքները յաւիտեանս աւերակ պիտի դառնան»։ 15Լուր առայ Տիրոջից, որ սուրհանդակներ ուղարկեց ազգերի մօտ, թէ՝ «Հաւաքուեցէ՛ք ու գնացէ՛ք նրա վրայ, պատերազմի՛ դուրս ելէք», 16որովհետեւ ահա մի փոքր ժամանակ եւս՝ եւ ես ազգերի մէջ, մարդկանց մէջ քեզ կը դարձնեմ արհամարհուած։ 17Այդ բանը քո գլխին բերեց քո խայտառակութիւնը, քո սրտի լրբութիւնը քեզ ստիպեց ժայռերի մէջ ծակամուտ լինել եւ խլեց քո բարձրացած բլրի զօրութիւնը. բայց եթէ արծուի պէս բարձրացնես քո բոյնը, այնտեղից էլ կ՚իջեցնեմ քեզ, - ասում է Տէրը։ 18Եդոմն անապատ պիտի դառնայ, ամէն ոք, ով անցնի նրա միջով, պիտի զարմանայ ու սուլի նրա կրած բոլոր աղէտների համար։ 19Ինչպէս Սոդոմն ու Գոմորը եւ նրանց բնակիչները կործանուեցին, - ասում է Տէրը, - այնպէս էլ մարդ չպիտի նստի նրա մէջ, մարդու որդի չպիտի բնակուի նրա մէջ։ 20Ահա, իբրեւ առիւծ, թշնամին Յորդանանի միջից դուրս պիտի գայ դէպի Եթեմմա վայրը, որպէսզի արագօրէն հալածական դարձնեմ նրան այնտեղից։ Ո՞վ է այնտեղ ընտրեալը, որ այցի գամ նրան, կամ ո՞վ կը համարձակուի ելնել իմ դէմ, ո՞վ է այն հովիւը, որ կը կանգնի իմ առջեւ»։21Լսեցէ՛ք, ուրեմն, Տիրոջ խորհուրդը, որ նա խորհել է եդոմայեցիների մասին, եւ նրա խորհուրդը, որ խորհել է Թեմանի բնակիչների մասին. «Միթէ չե՞ն խփում հօտի վերջին ոչխարներին, որ գնան, կանգնած չմնան,եւ հօտը չցրուի։ 22Նրա կործանման ձայնից երկիրը ցնցուեց, բօթը հասաւ Կարմիր ծով, լսուեց նրա աղաղակը։ 23Ահաւասիկ թշնամին պիտի երեւայ ինչպէս արծիւ, պիտի սլանայ ու տարածի իր թեւերը նրա ամրոցների վրայ, եւ այդ օրը Եդոմի զօրաւոր մարդկանց սիրտը պիտի դառնայ երկունքի մէջ գտնուող կանանց սրտի պէս»։24Դամասկոսի մասին 25«Ամաչեցին Եմաթն ու Արփաթը, որովհետեւ չար լուր լսեցին, տագնապի մատնուեցին ծովում, զայրացան եւ չեն կարողանում հանգստանալ։ 26Դամասկոսը վհատուեց, փախուստի դիմեց եւ կործանուեց. դողը բռնեց նրան, ցաւերն են այրում նրան, ինչպէս ծննդկանին։ 27Ինչպէ՞ս է, որ նա չխնայեց իմ քաղաքը, այն աւանը, որը ես սիրեցի։ 28Քո հրապարակներում պիտի ընկնեն երիտասարդները, բոլոր կռուող մարդիկ պիտի զոհուեն այն օրը, - ասում է Զօրութիւնների Տէրը։ - 29Ես կրակ պիտի վառեմ Դամասկոսի պարսպի վրայ, որը պիտի ճարակի Ադերի որդիների ապարանքները»։30Կեդարի մասին 31Այսպէս է ասում Տէրը թագուհու ապարանքի մասին, որին հարուած հասցրեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան. «Եկէք յարձակուեցէ՛ք Կեդարի վրայ եւ սպանեցէ՛ք Կեդէմի որդիներին։ 32Նրանց վրանները, նրանց ոչխարները պիտի խլեն, նրանց շորերը, նրանց ամբողջ կահկարասին, նրանց ուղտերի երամակները պիտի վերցնեն իրենց համար։ Աղաղա՛կ բարձրացրէք, որ չորս կողմից նրանց կորուստ է սպառնում։ 33Արա՛գ փախէք, ապրելու համար թաքստոցնե՛րը մտէք, ո՛վ ապարանքի բնակիչներ, որովհետեւ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան ձեր մասին խորհուրդ է խորհել, վճիռ է կայացրել ձեր դէմ։ 34Վե՛ր կաց, - ասում է Տէրը, - գնա՛ այն ազգի վրայ, որը խաղաղ ապրում է հանգստութեան մէջ, որը ո՛չ դռներ ունի եւ ո՛չ էլ նիգեր, ապրում է առանձին։ 35Թող նրանց ուղտերի երամակներն աւար դառնան, նրանց ոչխարների բազմութիւնները ձեռքից գնան, պիտի քշեմ, քամու բերանը պիտի տամ երեսները ածիլածներին, բոլոր կողմերից նրանց կործանում պիտի բերեմ, - ասում է Տէրը։ - 36Ապարանքը յաւիտեան պիտի վերածուի ջայլամների բնակավայրի եւ անապատի, մարդ չպիտի բնակուի այնտեղ, հողածնի որդին այնտեղ չպիտի ապրի»։ 37Ելամի մասին 38Յուդայի երկրի արքայ Սեդեկիայի թագաւորութեան սկզբում Տէրը Երեմիա մարգարէի միջոցով խօսեց Ելամի մասին եւ ասաց. 39այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահա խորտակուեց Ելամի աղեղը՝ նրանց բռնապետութիւնը։ 40Երկրի չորս ծագերից չորս հողմ եմ բերելու Ելամի վրայեւ նրանց ցրիւ եմ տալու այդ չորս հողմերին։ Չի լինելու մի ազգ, որի մօտ չհասնեն Ելամի թափառականները։ 41Նրանց պիտի սարսափեցնեմ իրենց թշնամիների առաջ, որոնք պահանջում էին նրանց հոգիները։ Նրանց վրայ պիտի բերեմ իմ բարկութիւնն ու ցասումը, - ասում է Տէրը, - եւ իմ սուրը պիտի արձակեմ նրանց յետեւից, մինչեւ որ այն սպառի նրանց։ 42Իմ աթոռը Ելամում պիտի դնեմ եւ այնտեղից պիտի վերացնեմ թագաւորներին ու մեծամեծներին, - ասում է Տէրը։ - 43Բայց ես վերջին օրերին Ելամի գերեալներին պիտի վերադարձնեմ», - ասում է Տէրը։ Ելամի մասին այս խօսքը յայտնուել է Սեդեկիայի թագաւորութեան սկզբին։ 
50 Բաբելացիների մասինԱհա այն խօսքը, որ Տէրը Երեմիա մարգարէի միջոցով ասաց Բաբելոնի՝ քաղդէացիների երկրի մասին։2«Պատմեցէ՛ք ազգերին, լո՛ւր տուէք, նշա՛ն արէք, լսելի՛ դարձրէք, մի՛ ծածկէք, ասացէ՛ք. «Բաբելոնը գրաւուեց, Բելը՝ այդ փափկասունն ու անվախը, ամօթով մնաց, Մերոդաքը մատնուեց, խայտառակուեցին նրա կուռքերը, ամօթահար եղան նրա աստուածները»։ 3Արդարեւ, հիւսիսից նրա վրայ յարձակուեց մի ազգ, որը նրա երկիրն աւերակ պիտի դարձնի, եւ ոչ ոք չպիտի բնակուի այնտեղ՝ մարդուց մինչեւ անասուն, որովհետեւ բոլորը պիտի քանդուեն ու գնան»։ 4«Այն օրերին եւ այն ժամանակ, - ասում է Տէրը, - պիտի գան Իսրայէլի որդիները, նրանք եւ Յուդայի երկրի որդիները՝ միասին, պիտի շրջեն ու լալով գան դէպի իրենց Տէր Աստուածը,պիտի փնտռեն նրան, 5մինչեւ Սիոն պիտի հարցնեն նրա ճանապարհի մասին, դէպի այստեղ պիտի ուղղուեն, պիտի գան ու ապաւինեն Տիրոջը. չէ՞ որ ուխտը յաւիտենական է, եւ դրանք չպիտի մոռացուեն։ 6Իմ ժողովուրդը նմանուեց կորած ոչխարների. հովիւները լեռները քշեցին նրանց, մոլորեցրին նրանց լեռ ու բլրի վրայ։Նրանք գնացին ու մոռացան իրենց մակաղելու տեղերը,7եւ բոլոր նրանք, ովքեր գտնում էին, սպանում էին նրանց։ Նրանց թշնամիներն ասացին. «Չպիտի ներենք նրանց, որովհետեւ մեղք գործեցինք Տիրոջ առաջ։ Արդարութեան արօտ է Տէրը, որ հաւաքեց նրանց հայրերին»։ 8Հեռացէ՛ք Բաբելոնի միջից, Քաղդէացիների երկրից դո՛ւրս ելէք եւ եղէ՛ք ինչպէս վիշապներ՝ ոչխարների հօտի առաջ։ 9Ահա ես ոտքի պիտի հանեմ եւ հիւսիսի երկրից բաբելացիների վրայ պիտի բերեմ մեծամեծ ազգերի բազմութիւններ, որոնք ճակատ պիտի կազմեն նրա շուրջը, եւ նա պիտի գրաւուի նոյնքան հաստատ, որքան հմուտ պատերազմողի նետը, որ չի վրիպում։ 10Քաղդէացիների երկիրն աւարառութեան պիտի ենթարկուի, եւ նրա բոլոր աւարառուները պիտի յագենան, - ասում է Տէրը. - դուք ուրախանում էիք եւ պարծենում՝ յափշտակելով իմ ժառանգութիւնը. 11խայտում էիք, ինչպէս հորթերը՝ դալարիքի վրայ, եւ ցուլերի պէս ոգորում իրար դէմ։12Ձեր քաղաքը՝ ձեր մայրը, խիստ ամօթահար եղաւ, մայր, որ բարութեան մէջ էր։ Ահա նա Տիրոջ բարկութեան պատճառով ազգերի մէջ յետինը եղաւ՝ դարձաւ աւեր, անջուր երկիր եւ անապատ։ 13Նա բնակելի չպիտի լինի, այլ ամբողջովին ապականութեան պիտի վերածուի, եւ իւրաքանչիւր ոք, ով անցնի Բաբելոնով, պիտի վշտանայ ու սուլի նրա բոլոր աղէտների համար։ 14Ճակա՛տ կազմեցէք Բաբելոնի շուրջը, ո՛վ դուք բոլոր աղեղնաւորներ, նետահարեցէ՛ք նրան, մի՛ խնայէք ձեր նետերը, որովհետեւ նա Տիրոջ դէմ մեղք գործեց։15Ցնծութեան աղաղա՛կ բարձրացրէք նրա շուրջը, որովհետեւ թուլացան նրա ձեռքերը, տապալուեցին աշտարակները, եւ կործանուեցին նրա պարիսպները, քանզի վրէժխնդրութիւնն Աստծուց է։ Վրէժխնդի՛ր եղէք դրանից. ինչպէս ինքն արեց՝ իրե՛ն արէք։16Բաբելացի այն զաւակին, որը հնձի ժամանակ մանգաղ կ՚առնի իր ձեռքը, սպանեցէ՛ք. հեթանոսի սրից իւրաքանչիւրը թող վերադառնայ դէպի իր ժողովուրդը, ամէն մէկը թող փախչի դէպի իր երկիրը»։17Իսրայէլը մոլորեալ ոչխար է, առիւծներն են փախցրել նրան. նախ՝ նրան կերաւ ասորեստանցիների թագաւորը, իսկ ապա բաբելացիների արքան կերաւ նրա ոսկորները։ 18Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահաւասիկ ես վրէժխնդիր եմ լինելու բաբելացիների արքայից եւ նրա երկրից, ինչպէս վրէժխնդիր եղայ ասորեստանցիների արքայից։ 19Իսկ Իսրայէլին նորից պատսպարելու եմ իր արօտավայրերում, նա պիտի արածի Կարմելոսում, Բասանում, Եփրեմի լերան վրայ եւ Գաղաադում, ու նրանց հոգիները պիտի յագուրդ ստանան։ 20Այն օրերին ու այն ժամանակ, 21- ասում է Տէրը, - Իսրայէլի մօտ անօրէնութիւն պիտի փնտռեն, բայց այլեւս այն չի լինելու, պիտի փնտռեն նաեւ Յուդայի երկրի մեղքերը, բայց չեն գտնելու, քանզի ես երկրի վրայ պիտի լինեմ՝ քաւութիւն տալու համար նրանց անիրաւութիւններին»։ 22Դառն զայրոյթով յարձակուի՛ր նրա վրայ եւ վրէժխնդի՛ր եղիր նրա բնակիչներից։ Սուրն ու աւերածութիւնը թող հետապնդեն նրան, - ասում է Տէրը. - ամէն ինչ արա՛ այնպէս, ինչպէս պատուիրեցի քեզ։23Քաղդէացիների երկրից պատերազմի ձայն է լսւում. մեծ կոտորած է։24Ինչպէ՜ս խորտակուեց ու փշրուեց ամբողջ երկրի մուրճը, ինչպէ՜ս Բաբելոնը ազգերի մէջ աւեր դարձաւ։ 25Ասացի՝ «Կը յարձակուեն քեզ վրայ, դու կը բռնուես, ո՛վ Բաբելոն, եւ չես իմանայ».ահա գտնուեցիր ու բռնուեցիր, որովհետեւ Տիրոջ դէմ կանգնեցիր»։ 26Տէրը բաց արեց իր զինանոցը եւ հանեց իր բարկութեան զէնքերը, քանզի Զօրութիւնների Տէրն անելիք ունի քաղդէացիների երկրում։ 27Հասել է նրա ժամանակը, բացէ՛ք նրա շտեմարանները, խուզարկեցէ՛ք նրան քարայրների պէս եւ սպանեցէ՛ք նրան. թող նրանից մնացորդներ չլինեն։ 28Այրեցէ՛ք նրա բոլոր զաւակներին. թող իջնեն սպանուելու համար. վա՜յ նրանց, որովհետեւ հասել է նրանց օրը, նրանցից վրէժխնդիր լինելու ժամը։29Բաբելոնի երկրից փախածների ու փրկուածների ձայնն է հնչում, որ Սիոնում իմաց տայ մեր Տէր Աստծու վրէժխնդրութեան մասին, նրա տաճարի վրէժխնդրութեան մասին։ 30Հրամա՛ն տուէք ամենքին գնալու Բաբելոնի վրայ, բոլոր աղեղնաւորներին, թէ՝ «Բանա՛կ դրէք դրա շուրջը, որպէսզի ոչ ոք այդտեղից չփրկուի։ Հատուցեցէ՛ք դրան ըստ իր գործերի, իր ամբողջ կատարածի համեմա՛տ դրան արէք, որովհետեւ ընդդիմացաւ Տիրոջը՝ Իսրայէլի սուրբ Աստծուն»։ 31«Ահա թէ ինչու նրա երիտասարդները պիտի ընկնեն նրա հրապարակներում, նրա բոլոր կռուող մարդիկ պիտի կոտորուեն այն օրը, - ասում է Տէրը։ - 32Ահա ես քեզ վրայ եմ գալու, - ասում է Զօրութիւնների Տէրը, - քե՛զ վրայ, ո՛վ դու ամբարտաւան, որովհետեւ հասել է քո օրը, քեզնից վրէժխնդիր լինելու ժամանակը։ 33Հպարտութիւնդ տեղի պիտի տայ, եւ դու պիտի կործանուես. ոչ ոք քեզ չի բարձրացնելու։ Կրակ պիտի վառեմ քո անտառներում, որ իր շուրջն եղած ամէն բան պիտի լափի»։ 34Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Բռնութեան ենթարկուեցին իսրայէլացիները, ինչպէս եւ Յուդայի երկրի որդիները, բոլո՛րն էլ, ովքեր գերեցին նրանց, բռնութեամբ պահեցին ու չկամեցան արձակել նրանց։35Նրանց հզօր փրկիչը, որի անունը Տէր Ամենակալ է, նրա ոսոխների հետ դատաստան պիտի տեսնի, որպէսզի վերացնի երկիրը եւ զայրանայ Բաբելոնի բնակիչների վրայ։ 36Սուրը թող բարձրանայ քաղդէացիների վրայ, - ասում է Տէրը, - Բաբելոնի բնակիչների վրայ, նրա բոլոր մեծամեծների վրայ ու նրա խորհրդականների վրայ։ 37Սուրը թող բարձրանայ նրա գուշակների վրայ, եւ թող վերանան նրանք. թող բարձրանայ սուրը նրա պատերազմողների վրայ, եւ թող լքուեն նրանք։38Թող բարձրանայ սուրը նրա երիվարների ու կառքերի վրայ, թող բարձրանայ սուրը նրանց քաջամարտիկների վրայ, այդտեղ եղած համայն խառնամբոխի վրայ, եւ թող նրանք դառնան կանանց նման։39Թող բարձրանայ սուրը նրա գանձերի վրայ, եւ թող յափշտակուեն դրանք։ Թող բարձրանայ սուրը նրա ջրերի վրայ, եւ թող ամաչեն, որովհետեւ իրենց երկիրը կուռքերի երկիր է, նաեւ թող բարձրանայ կղզիների՛ վրայ, որոնցով նրանք պարծենում էին. 40դրա համար էլ թող ճիւաղները բնակուեն կղզիներում, թող յուշկապարիկների դուստրերն ապրեն այնտեղ, թող այդ երկիրն այլեւս իսպառ չվերաշինուի, թող այնտեղ յաւիտեան այլեւս բնակուող չլինի։ 41Ինչպէս Աստուած բնաջնջեց սոդոմացիների ու գոմորացիների երկիրը եւ նրանց դրացիներին, - ասում է Տէրը, - այդպէս էլ թող այնտեղ մարդ չբնակուի, թող մարդու որդին չպանդխտի այնտեղ։ 42Ահա հիւսիսից մի զօրագունդ է գալիս, մի մեծ ազգ, նաեւ բազում թագաւորներ ոտքի են ելնելու երկրի ծայրերից՝ 43աղեղն ու նիզակը ձեռքներին։ Նրանք յանդուգն են ու անողորմ, նրանց ձայնը որոտում է ինչպէս ծով, ձիեր հեծած՝ նրանք պատրաստ են կրակի պէս կռուի նետուելու քեզ վրայ, ո՛վ բաբելացիների դուստր։ 44Բաբելացիների արքան երբ նրանց լուրն առաւ, նրա ձեռքերը թուլացան, նեղութիւնը ծննդկան կնոջ երկունքի պէս տագնապի մէջ գցեց նրան։ 45Ահա, իբրեւ առիւծ, Յորդանան գետի յորձանքներից դուրս պիտի գայ դէպի Եթամա վայրը, որպէսզի արագօրէն հալածեմ նրան այնտեղից ու բոլոր երիտասարդներին ոտքի հանեմ նրա դէմ։ Ո՞վ է ինձ նման, ո՞վ կը համարձակուի ելնել իմ դէմ,ո՞վ է այն հովիւը, որ կը կանգնի ինձ հակառակ»։ 46Լսեցէ՛ք, ուրեմն, Տիրոջ խորհուրդը, որ նա խորհել է Բաբելոնի մասին, նրա խորհուրդը, որ խորհել է քաղդէացի բնակչութեան մասին։ Միթէ չպիտի՞ ոչնչացնէք նրանց հօտի գառներին, միթէ նրանց արօտները չպիտի՞ ամայանան,47որովհետեւ Բաբելոնի կործանման ձայնից երկիրը պիտի ցնցուի, նրա բօթը պիտի լսուի հեթանոսների մէջ։ 
51 Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես Բաբելոնի վրայ եւ նրա բնակիչների վրայ պիտի բերեմ զայրոյթով լցուած մի սիրտ,կործանարար հողմ ու խորշակ։ 2Անարգողներ պիտի ուղարկեմ Բաբելոն. թող նախատեն նրան եւ ապականեն նրա երկիրը, քանզի Բաբելոնի վրայ նրա չարչարանքի օրը ամէն կողմից վայն է գալու»։ 3Ով լարելու է, թող լարի իր աղեղը, եւ ով զէնք ունի, թող վերցնի այն։ Մի՛ խնայէք նրա երիտասարդներին, ոչնչացրէ՛ք նրա ողջ զօրութիւնը։4Վիրաւորները պիտի թափուեն քաղդէացիների երկրում, իսկ նրա շուրջը՝ խոցուածները, 5քանզի Իսրայէլը եւ Յուդայի երկիրը իրենց Աստծուց եւ Տէր Ամենակալից չայրիացան, թէեւ նրանց երկիրն Իսրայէլի սրբերի դէմ անօրէնութիւններով լցուեց։ 6Փախէ՛ք Բաբելոնի միջից, թող ամէն մէկն իրեն փրկի, որպէսզի չկործանուէք նրա անիրաւութիւնների պատճառով, քանզի հասել է ժամանակը, երբ Տէրը նրանից վրէժխնդիր է լինելու, ինքն է հատուցելու նրա պատիժը։7Բաբելոնը Տիրոջ ձեռքին ոսկի բաժակ է, որն իր գինուց արբեցնում է ամբողջ երկիրը. խմեցին հեթանոսները, դրա համար էլ շարժուեցին ազգերը, 8եւ Բաբելոնը յանկարծակի վայր ընկաւ ու փշրուեց։ Ողբացէ՛ք նրա վրայ, նրա վէրքերին դե՛ղ արէք. թերեւս բժշկուի։ 9Բժշկեցինք Բաբելոնին, բայց նա չբժշկուեց,թողնենք նրան եւ իւրաքանչիւրս գնանք մեր երկիրը, որովհետեւ նրա դատաստանը մինչեւ երկինք հասաւ, բարձրացաւ մինչեւ աստղերը, 10եւ Տէրը նրա գլխին պատիժ բերեց։ Եկէ՜ք Սիոնում պատմենք մեր Տէր Աստծու գործերը։ 11Պատրաստեցէ՛ք աղեղները, լցրէ՛ք կապարճները, քանի որ Տէրն արթնացրեց մարերի թագաւորի հոգին, քանի որ նրա բարկութիւնը Բաբելոնի վրայ է, պիտի ջնջի նրան, քանզի Տիրոջ վրէժխնդրութիւնն է դա, նրա տաճարի վրէժխնդրութիւնը։ 12Բաբելոնի պարիսպների վրայ դրօ՛շ կանգնեցրէք, պահապաննե՛ր կարգեցէք, արթնացրէ՛ք առաջապահներին, զէնքերը պատրաստեցէ՛ք, քանզի Տէրը ձեռնամուխ եղաւ անելու այն, ինչ ասել է Բաբելոնի բնակիչների մասին, 13որոնք ապրում են յորդառատ ջրերի մօտ եւ նստում անթիւ գանձերի վրայ։ Հասել է քո վախճանը, արդարեւ այն ստուգապէս քո փորն է մտել։ 14Զօրութիւնների Տէրը երդուեց իր բազկով, թէ՝ «Քեզ լցնելու եմ զօրքով, ինչպէս մորեխով, եւ նրանք, որ քո մէջ են իջնելու, աղաղակ են բարձրացնելու քեզ վրայ»։ 15Նա իր զօրութեամբ ստեղծեց երկիրը, իր իմաստութեամբ հիմնեց տիեզերքը, իր հանճարով տարածեց երկինքը, 16իր հրամանով երկնքում տեղաւորեց շառաչող ջրերի առատութիւնը. նա երկրի ծագերից ամպեր է հանում վեր, փայլատակումներ առաջացնում անձրեւների ժամանակ, լոյս է հանում իր շտեմարաններից։ 17Իւրաքանչիւր մարդ խելակորոյս դարձաւ, բոլոր ոսկերիչներն իրենց կուռքերի պատճառով ամօթահար եղան, որովհետեւ սուտ բաներ ձուլեցին, նրանց մէջ հոգի չկայ. 18սնոտի ու խայտառակ գործեր են. երբ ես իրենց այցելութեան գնամ.կորստեան են մատնուելու։ 19Այդպիսին չէ Յակոբի բաժինը. նրա բաժինը նա է, ով ստեղծեց ամենայն ինչ, եւ նրա անունը Զօրութիւնների Տէր է։ 20«Դու ինձ համար ցիրուցան պիտի անես պատերազմական զէնքերը, իսկ ես քո միջոցով ցիրուցան պիտի անեմ ազգերին, քեզնով վերացնեմ թագաւորներին, 21ոչնչացնեմ նրանց այրուձին, քեզնով պիտի ոչնչացնեմ նրանց կառքերն ու հեծեալներին։22Քո միջոցով պիտի ոչնչացնեմ տղամարդուն ու կնոջը, քեզնով ծերին ու երիտասարդին պիտի ոչնչացնեմ, քեզնով պիտի ոչնչացնեմ կտրիճին ու կոյսին։ 23Քո միջոցով պիտի ոչնչացնեմ հովուին ու նրա հօտը, քեզնով հողագործին ու նրա հողագործութիւնը պիտի ոչնչացնեմ, 24քեզնով պիտի ոչնչացնեմ քո զօրավարներին ու զօրագլուխներին։ 25Բաբելոնին եւ քաղդէացի բնակիչներին պիտի պատժեմ այն բոլոր չարիքների համար, որ ձեր աչքի առաջ գործեցին Սիոնի նկատմամբ, - ասում է Տէրը։ - 26Ահա ես քո դէմ եմ, ո՛վ դու ապականիչ լեռ, - ասում է Տէրը, - դու, որ ապականում էիր ամբողջ երկիրը. իմ ձեռքը քեզ վրայ եմ երկարելու եւ քեզ ժայռերից ներքեւ եմ գլորելու, քեզ վերածելու եմ խանձուած լերան։ 27Եւ այլեւս քեզնից չեն վերցնելուո՛չ անկիւնաքար, ո՛չ էլ հիմքի քար,որովհետեւ դու յաւիտեան պիտի լինես ապականութեան մէջ, - ասում է Տէրը։ 28Դրօ՛շ բարձրացրէք երկրի վրայ, փո՛ղ փչեցէք բոլոր ազգերի մէջ, զօրագնդե՛ր կանչեցէք նրա դէմ։ Իմ կողմից հրամա՛ն տուէք Այրարատեան թագաւորութիւններին եւ ասքանազեան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրէք, յարձակուեցէ՛ք նրանց վրայ։ Շարժուեց ու տանջուեց երկիրը, որովհետեւ Բաբելոնի վրայ հասաւ Տիրոջ խորհուրդը, եւ երիվարները հասան ինչպէս մորեխի բազմութիւն։ 29Նրա վրա՛յ հրաւիրեցէք ազգերին եւ մարերի թագաւորին, նրանց զօրավարներին ու նրանց բոլոր զօրագլուխներին,երկրի բոլոր իշխանութիւններին՝30աւերածութեան ենթարկելու համար բաբելացիների երկիրը, որպէսզի այնտեղ բնակութիւն չլինի։ 31Բաբելոնի քաջամարտիկները պատերազմից յետ կանգնեցին, մնացին պաշարման մէջ, բեկուեց նրանց զօրութիւնը, նրանք դարձան կանանց նման, հրդեհի մատնուեցին նրանց տները, ջարդուեցին դրանց փականքները։32Փախչողը փախչողի պիտի պատահի, գուժկանը պիտի հանդիպի գուժկանի՝ բօթը տալու բաբելացիների թագաւորին, թէ նրա քաղաքը գրաւուած է, 33ելքերը բռնուած են չորս կողմից, բնակիչները կրակի մէջ այրուել են, իսկ պատերազմող մարդիկ խոյս են տուել դէպի դարպասները»։ 34Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Բաբելացիների տունը պիտի կալսուի հասած օրանի նման, մի քիչ եւս՝ եւ կը գայ նրա հնձի ժամանակը»։ 35«Կերաւ ինձ, հասաւ ինձ վրայ, բաժանեց ինձ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան, ինձ դարձրեց կարծես մի դատարկ աման, վիշապի նման ինձ կուլ տուեց, իր փորը լցրեց իմ փափկութիւններով։ 36Թող հեռանան իմ տանջանքները, եւ ինձ հասած տառապանքները հասնեն Բաբելոնին». «այսպէս պիտի ասի Սիոնի բնակիչը։«Իմ արիւնը քաղդէացի բնակիչների վրա՛յ թող լինի». - այսպէս պիտի ասի Երուսաղէմը։ 37Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը. «Ահա ես պիտի դատեմ քո ոսոխին եւ պիտի առնեմ քո վրէժը, պիտի աւերեմ նրա ծովը եւ ցամաքեցնեմ նրա աղբիւրները։ 38Բաբելոնը բլուրների պիտի վերածուի, վիշապների բնակավայրի, աւերածութեան ու սուլոցի պիտի ենթարկուի, բնակելի չպիտի լինի։ 39Նրանց բոլոր որդիները պատրաստուեցին իբրեւ առիւծներ, իբրեւ առիւծի կորիւններ. 40իրենց տաք խշտիների մէջ՝ նրանց արհաւիրք եմ բերելու, հարբեցնելու եմ նրանց, որ թմրեն ու ննջեն յաւիտենական քնով եւ չարթնանան, - ասում է Տէրը։ -41Իջեցրո՛ւ, մորթելո՛ւ տար նրանց ինչպէս ոչխարների, ինչպէս խոյերի ու այծերի»։ 42Ինչպէ՜ս պարտութեան մատնուեցիր, ո՛վ Սիսակ, ինչպէ՜ս որսի պէս բռնուեցիր, ո՛վ դու պարծանքդ ամենայն երկրի։ Ինչպէ՜ս Բաբելոնն ամայացաւ հանուր ազգերի մէջ։ 43Իր ալիքների գոչիւնով ծովը բարձրացաւ Բաբելոնի վրայ, եւ նա ծածկուեց։ 44Նրա քաղաքները դարձան աւեր, անջուր երկիր ու անապատ, ուր ոչ ոք չի բնակուի, ուր մարդու որդին կանգ չի առնի։ 45«Բաբելոնում վրէժխնդիր պիտի լինեմ Բէլից, եւ ինչ որ նա կուլ տուեց,նրա բերանի՛ց պիտի հանեմ։ Ազգերն այլեւս նրա մօտ չեն հաւաքուի։ Բաբելոնի պարիսպներն էլ պիտի խորտակուեն։ 46Դո՛ւրս արի նրա միջից, ո՛վ իմ ժողովուրդ, ամէն մէկդ ձեր ա՛նձը փրկեցէք Տիրոջ ցասումից ու բարկութիւնից։ 47Թող երբեք չահաբեկուեն ձեր սրտերը, մի՛ վախեցէք այն լուրերից, որ կը լսէք երկրում, որովհետեւ նոյն տարում պիտի գայ մի լուր, իսկ յաջորդ տարում՝ այլ լուր, եւ անիրաւութիւն պիտի լինի երկրում, խայտառակութիւն՝ խայտառակութեան վրայ։ 48Դրա համար էլ, ահա, օրեր պիտի գան, - ասում է Տէրը, - երբ ես պիտի պատժեմ բաբելացիների կուռքերին, եւ նրա ողջ երկիրն ամօթով պիտի մնայ, նրա բոլոր վիրաւորները պիտի ընկնեն նրա մէջ։ 49Այն ժամանակ Բաբելոնի վրայ պիտի ցնծան երկինք ու երկիր եւ նրանցում եղած ամէն ինչ, քանի որ հիւսիսից պիտի գան նրան թշուառացնողները, - ասում է Տէրը, - 50եւ ամբողջ երկրի վիրաւորները պիտի ընկնեն Բաբելոնում»։51Ելէ՛ք այդ երկրից, ո՛վ փրկուածներ, մի՛ մնացէք, յիշեցէ՛ք Տիրոջը, ո՛վ դուք հեռաւորներ, եւ թող Երուսաղէմը ձեր միտքը գայ։ 52Ամօթահար եղանք, որովհետեւ լսեցինք մեր նախատինքը, մեր անարգանքը ծածկեց մեր երեսը, այլազգիները Տիրոջ Տան մէջ մեր սրբարանները ներխուժեցին։ 53«Դրա համար էլ, ահա, օրեր են գալու, - ասում է Տէրը, - ու ես վրէժխնդիր եմ լինելու նրա կուռքերից, ամբողջ երկրում ընկնելու են վիրաւորները։ 54Եւ եթէ Բաբելոնը երկնքի պէս վեր բարձրանայեւ ամրացնի իր բարձր զօրութիւնը, միեւնոյն է, իմ կողմից կործանողներ պիտի գան նրա համար», - ասում է Տէրը։ 55Բօթն է հնչում Բաբելոնում, մեծ կոտորած է քաղդէացիների երկրում, 56քանզի Տէրն աւերեց Բաբելոնը եւ այնտեղից չքացրեց նրա բարձր ձայնը՝ նրա ալիքների գոչիւնը, կարծես բազում ջրեր ձայնեցին նրա կործանման մասին։57Բաբելոնի վրայ հասաւ թշուառութիւնը, նրա սպառազէնները բռնուեցին, նրա աղեղնաւորները զարհուրեցին։ Չէ՞ որ Աստուած հատուցանող է, Տէրն ինքը պիտի հատուցի նրա պատիժը 58եւ սաստիկ հարբեցնի նրա զօրավարներին ու նրա իմաստուններին, նրա իշխաններին, նրա զօրագլուխներին ու նրա զօրաւոր մարդկանց. նրանք պիտի ննջեն յաւիտենական քնով եւ չարթնանան», - ասում է արքան, որի անունը Տէր Ամենակալ է։ - 59Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Լայն էր Բաբելոնի պարիսպը, բայց նա կործանուելով պիտի կործանուի, նրա բարձր դարպասները հրով պիտի այրուեն, ժողովուրդները զուր չարչարուեցին, եւ ազգերն սկզբից եւեթ պիտի ոչնչանային»։ 60Այն խօսքը, որ Տէրը պատուիրեց Երեմիա մարգարէին՝ ասելու Մաասիայի որդի Ներիայի որդի Սարեային, երբ սա Յուդայի երկրի Սեդեկիա արքայի կողմից, նրա թագաւորութեան չորրորդ տարում, գնում էր Բաբելոն։ Սարեան նրա գանձապետն էր։ 61Երեմիան մի մատեանի մէջ նկարագրեց այն բոլոր չարիքները, որ գալու էին Բաբելոնի վրայ, այսինքն՝ Բաբելոնի մասին գրուած այս բոլոր բաները։62Երեմիան ասաց Սարեային. «Երբ Բաբելոն գնաս եւ նայես ու կարդաս այս բոլոր բաները, 63կ՚ասես. «Տէ՛ր, դու խօսեցիր այս վայրի մասին, որ բնաջինջ անես սա, որ այստեղ այլեւս բնակիչ չմնայ՝ մարդուց մինչեւ անասուն, որ յաւիտեան ամայութիւն լինի»։ 64Իսկ երբ վերջացնես այդ մատեանի ընթերցումը, քար կը կապես դրան, կը գցես Եփրատի մէջ 65ու կ՚ասես. «Թող Բաբելոնն այսպէս ընկղմուի ու չբարձրանայ այն չարիքներից, որ ես բերելու եմ նրա վրայ»։Երեմիա մարգարէի խօսքերը մինչեւ այստեղ են հասնում։ 
52 Այս խօսքերը Թագաւորութիւնների չորրորդ գրքից են. 2Քսանմէկ տարեկան էր Սեդեկիա արքան, երբ թագաւոր դարձաւ։ Տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունն Ամիտաալ էր. սա դուստրն էր Երեմիայի, որը Լուբենայից էր։ 3Սեդեկիան Տիրոջ առաջ չարիք գործեց, ինչպէս Յովակիմն էր գործել։ 4Տէրը զայրացել էր Երուսաղէմի եւ Յուդայի երկրի վրայ այն աստիճան, որ նրանց իր աչքից գցեց, եւ Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դէմ։ 5Իսկ նրա թագաւորութեան իններորդ տարում, տասներորդ ամսին, ամսի տասին, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր ամբողջ զօրքով եկաւ Երուսաղէմ եւ պաշարեց այն։ Նրա շուրջը քառակուսի քարերից պատնէշ պատնէշի վրայ կանգնեցրեց։ 6Մինչեւ Սեդեկիա արքայի տասնմէկերորդ տարին քաղաքն ընկաւ նեղութեան մէջ։ 7Իսկ չորրորդ ամսին, երբ ամսի ինն էր, քաղաքում սաստկացաւ սովը. հաց չկար, որ երկրի բնակչութիւնն ուտէր։ 8Քաղաքի պարիսպը ճեղք տուեց, բոլոր կռուող մարդիկ փախուստի դիմեցին եւ գիշերով, երբ քաղդէացիները քաղաքի շուրջն էին, ներքին եւ արտաքին պարիսպների մէջ ընկած դարպասի ճանապարհով, արքունի պարտէզի կողմով դուրս եկան քաղաքից եւ շարժուեցին արաբացիների ճանապարհով։9Քաղդէացիների թագաւորի զօրքերը հետապնդեցին եւ Երիքովից այն կողմ հասան Սեդեկիա արքային, իսկ նրա բոլոր ծառաները թողեցին հեռացան նրանից։ 10Բռնեցին թագաւորին եւ բերին Դեբլաթա, Եմաթի երկիրը, բաբելացիների արքայի մօտ, որը նրա հետ դատաստան տեսաւ։ 11Բաբելացիների արքան Սեդեկիայի առաջ կոտորեց նրա որդիներին, Դեբլաթայում կոտորեց նաեւ Յուդայի երկրի բոլոր իշխաններին, 12Սեդեկիայի աչքերը կուրացրեց եւ ձեռքերը կապեց շղթաներով։ Բաբելացիների արքան տարաւ նրան Բաբելոն եւ մինչեւ նրա մահուան օրը պահեց նրան ջրաղացի մէջ։ 13Հինգերորդ ամսին, ամսի տասին, «դա բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարին էր, «բաբելացիների արքայի առջեւ նրա սպասին կանգնող Նաբուզարդան դահճապետը եկաւ, 14կրակի մատնեց Տիրոջ Տունը եւ արքունի ապարանքները, քաղաքի բոլոր տներն ու բոլոր մեծամեծ դղեակները հրով այրեց, 15իսկ քաղդէացի բոլոր զօրքերը, որոնք եկել էին դահճապետի հետ, Երուսաղէմի պարիսպներն ամբողջապէս շուրջանակի քանդեցին։ 16Բայց ժողովրդի չքաւոր մասին ու թափթփուկներին, որոնք մնացել էին քաղաքում, ինչպէս եւ փախստականներին, որոնք փախել էին բաբելացիների արքայի մօտ, եւ մնացած բազմութեանը Նաբուզարդան դահճապետը ձեռք չտուեց։ 17Երկրի աղքատների մի մասին Նաբուզարդան դահճապետը թողեց՝ այգեգործներ ու հողագործներ լինելու համար։18Տիրոջ Տան պղնձէ սիւներն ու խարիսխները եւ պղնձէ մեծ աւազանը, որ Տիրոջ Տան մէջ էր, քաղդէացիները ջարդեցին եւ ամբողջ պղինձը տարան Բաբելոն։ 19Դահճապետն առաւ նաեւ եռոտանիներն ու վերնախարիսխները, պսակներն ու տաշտերը, մսի պատառաքաղներն ու պղնձէ ամանեղէնը, որոնցով սպասարկում էին։ 20Դահճապետն առաւ նաեւ կոնքերն ու թաղարները, քամիչներն ու աշտանակները, խնկամաններն ու տուփերը. ո՛րը ոսկի էր՝ վերցրեց իբրեւ ոսկի, ո՛րն արծաթ էր՝ իբրեւ արծաթ։ 21Սիւները երկուսն էին, պղնձէ մեծ աւազանը՝ մէկը. իսկ աւազանի տակ տասներկու ցուլեր կային, որոնք Տիրոջ Տան մէջ շինել էր Սողոմոն արքան։ Եւ պղնձին ու պղնձէ բոլոր անօթներին հաշիւ չկար։ 22Սիւներից ամէն մէկի բարձրութիւնը երեսունհինգ կանգուն էր, որոնցից իւրաքանչիւրի շուրջը տարածւում էր տասներկու կանգուն երկարութեամբ շղթայ՝ չորս մատ հաստութեամբ։23Նրանց գլխին պղնձէ խոյակներ կային, ամէն մի խոյակի բարձրութիւնը՝ հինգ կանգուն. մի խոյակի մակերեսը շուրջանակի բոլորում էին ցանցակերպ եւ նռնաձեւ զարդերը՝ համակ պղնձից։ Նոյն ձեւի էր եւ երկրորդ սիւնինը, տասներկու կանգուններից ամէն մի կանգունը՝ ութ նռնազարդով։ 24Նռնազարդերի թիւը մի կողմի վրայ իննսունվեց էր, իսկ բոլոր նռնազարդերը շուրջանակի ցանցի վրայ հարիւր հատ էին։ 25Դահճապետը բռնեց Սարեային՝ գլխաւոր քահանային, Սոփոնիային՝ երկրորդ քահանային, ու երեք դռնապանների։ 26Այդ քաղաքից ձերբակալեց նաեւ մի ներքինու, որ պատերազմող մարդկանց զօրապետն էր, եւ եօթը անուանի մարդկանց, որոնք թագաւորի առջեւ նրա սպասին էին կանգնում եւ որոնց գտան քաղաքում, ինչպէս եւ ատենադպրին՝ զօրքի իշխանին, երկրի ժողովրդի ատենադպրին ու երկրի բնակչութիւնից վաթսուն մարդու, որոնց գտան քաղաքում։ 27Նաբուզարդան դահճապետն առաւ նրանց ու տարաւ բաբելացիների արքայի մօտ, Դեբլաթա։28Բաբելացիների արքան մահուան դատապարտեց նրանց ու սպանեց Դեբլաթայում, Եմաթի երկրում։ Յուդայի երկրի ժողովուրդը իր երկրից գերեվարուեց։ 29Սա է այն ժողովուրդը, որին գերեց Նաբուքոդոնոսոր արքան. եօթներորդ տարում՝ երեք հազար քսաներեք հրեայ,30Նաբուքոդոնոսորի տասնութերորդ տարում Երուսաղէմից տարան ութ հարիւր երեսուներկու հոգի, 31Նաբուքոդոնոսորի քսաներեքերորդ տարում Նաբուզարդան դահճապետը հրեաներից գերի տարաւ եօթը հարիւր քառասունհինգ հոգի, բոլորը միասին՝ չորս հազար վեց հարիւր հոգի։ 32Յուդայի երկրի արքայ Յովակիմի գերութեան երեսունեօթներորդ տարին էր, տասներկուերորդ ամիսը, ամսի քսանչորսը, երբ բաբելացիների Ուլմարոդաք արքան իր թագաւոր դարձած տարին պատուի արժանացրեց Յուդայի երկրի արքայ Յովակիմին. հանեց նրան այն տնից, որտեղ նա գտնւում էր հսկողութեան տակ, 33նրա հետ քաղցրութեամբ խօսեց եւ նրա բարձն աւելի վեր դրեց, քան այն թագաւորների բարձերը, որոնք Բաբելոնում նրա մօտ էին։ 34Փոխեց բանտի նրա պատմուճանը, եւ նա ինչքան ժամանակ որ ապրեց՝ ամէն օր միշտ արքայի մօտ էր հաց ուտում։35Նրա համար սահմանուեց մշտական ռոճիկ, որը նրա կեանքի ամբողջ ընթացքում, բաբելացիների արքայի կողմից, տալիս էին նրան օրըստօրէ՝ մինչեւ նրա մահուան օրը։

 









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Консервы для детского питания

Консервы для детского питанияКонсервы для детского питания изготовляют из высококачественных...

Анушапур

АнушапурПеребранную и промытую курагу залить горячей водой, варить в течение...

Цукаты

ЦукатыИз варенья инжира, айвы, баклажанов, дыни, тыквы, арбуза, лимона, апельсинов,...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта