Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ

(0 голоса, среднее 0 из 5)
Индекс материала
Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ
2
Все страницы

2 Մակաբայեցիներ


1 «Եգիպտոսի կողմերում ապրող հրեայ եղբայրներին ողջո՜յն Երուսաղէմի ու Հրէաստանի հրեայ եղբայրներից։ 2Աստուած թող ձեզ յարատեւ խաղաղութիւն պարգեւի, յիշի իր հաւատարիմ ծառաներ Աբրահամի, Իսահակի ու Յակոբի հետ կնքած ուխտը, 3ձեզ տայ սիրտ, որ ըստ ամենայնի պաշտէք իրեն, յօժարակամ ու սրտանց կատարէք նրա կամքը, 4իր օրէնքների ու հրամանների համար բաց անէք ձեր աչքերն ու ձեր սրտի ականջները, խաղաղութիւն հաստատէք, եւ նա էլ լսի ձեր խնդրանքները, 5բարեհաճ լինի ձեր նկատմամբ, ձեզ չլքի նեղութեան ժամանակ։ 6Ահա այժմ մենք աղօթում ենք ձեզ համար։7Դեմետրիոսի թագաւորութեան օրօք, հարիւր վաթսունինը թուականին մենք՝ հրեաներս, գրեցինք եւ ուղարկեցինք ձեզ այս աղօթքը այն ժամանակ, երբ նեղութիւն է հասել մեզ վրայ, այն ժամանակ, երբ Յասոնն ու նրա հետ եղածները հրաժարուել են սուրբ հողից ու թագաւորութիւնից, 8կրակի մատնել տաճարի դարպասը, անմեղ արիւն թափել։ Այս աղօթքը մենք մատուցեցինք Տիրոջը, եւ նա լսեց մեզ. մենք ուխտ կատարեցինք, մատուցեցինք խունկ ու ընտիր ալիւրի ընծաներ եւ ամենօրեայ հաց։ 9Արդ, Տաղաւարահարաց տօնը կատարեցէ՛ք Քասղեւ ամսին։ 10Սա գրուեց հարիւր ութսունութ թուականին»։11«Երուսաղէմացիները, Հրէաստանի ծերակոյտը եւ Յուդան ողջունում են ու խաղաղութիւն մաղթում Պտղոմէոս արքայի դաստիարակ Արիստաբուլոսին, որ օծուած քահանաների ցեղից է, ինչպէս նաեւ Եգիպտոսի կողմերում ապրող հրեաներին։ 12Մենք՝ Աստծու շնորհիւ մեծամեծ փորձութիւններից փրկուածներս, չափազանց գոհ ենք նրանից, որովհետեւ մենք թէեւ թագաւորի դէմ պատերազմելու պատրաստութիւն էինք տեսել, բայց նա ինքը հետապնդեց նրանց,13ովքեր եկել, շրջափակել ու պաշարուած էին պահել սուրբ քաղաքը,14որովհետեւ երբ Ատիոքոս թագաւորն ինքը անթիւ-անհամար զօրքերով յարձակուել էր պարսից կողմերի վրայ, նրանք ընկել-կոտորուել էին Նանէի տաճարի շուրջը, նրանց դէմ խորամանկ դաւ էին լարել Նանէի տաճարի քրմերը, 15իբր Անտիոքոսն ինքը եկել էր այդտեղ, երբ ուզում էր բնակուել այդտեղ, իսկ իր հետ եղած բարեկամները մտադրուել էին այդտեղի բոլոր գանձերը վերցնել իբրեւ օժիտ։ 16Տաճարի քրմերը բոլոր գանձերը դրել էին նրա առաջ, եւ նա համաձայնել էր ներս մտնել սակաւաթիւ մարդկանցով։ Երբ նա հասած է եղել սրահի մէջտեղը, յանկարծ փակել են պարսպի արտաքին դարպասները, որտեղից մտած է եղել Անտիոքոսը, 17բացել են առաստաղի տակ գտնուող գաղտնի պատուհանները եւ սկսել այնտեղից մեծ-մեծ քարեր նետել եւ տեղնուտեղը սպանել են առաջնորդին ու զինուորներին։ Ներսում նրանց կտոր-կտոր անելուց յետոյ կտրել են նրանց գլուխները եւ պարսպից շպրտել զօրքերի մէջ։18Այս ամենի համար օրհնեալ է ամբարիշտներին պատժող Աստուածը։19Արդ, երբ ուզեցինք Քասղեւ ամսի քսանհինգին մաքրել տաճարը, յարմար գտանք այդ մասին յայտնել նաեւ ձեզ, որպէսզի դուք եւս կատարէք Տաղաւարահարաց ու կրարի տօնը այնպէս, ինչպէս Նէեմին, որը տաճարն ու սեղանը կառուցելուց յետոյ այնտեղ զոհեր էր մատուցում։ 20Երբ մեր հայրերին քշում էին պարսից կողմերը, կրօնասէր քահանաները զոհասեղանից գաղտնի կրակ վերցրին եւ տարան թաքցրին մի անջուր ջրհորի խորշերում։ Այդ տեղը զգուշութեամբ քօղարկեցին այնպէս, որ այդ վայրն աննկատ մնայ։21Շատ տարիներ յետոյ, Աստծու կամեցողութեամբ, պարսից արքայի հրամանով Նէեմին կրակի յետեւից ուղարկեց այն քահանայապետերի թոռներին, որոնք պահել թաքցրել էին կրակը, որպէսզի յետ բերեն այն։ Նրանք եկան, պատմեցին ու ասացին. «Մենք այնտեղ կրակ չենք գտել, այլ միայն՝ լճացած ջուր»։ 22Դրանից յետոյ նա նրանց հրաման տուեց գնալ, հաւաքել ջուրն ու բերել։ Երբ հասաւ ողջակէզներ մատուցելու ժամանակը, Նէեմի քահանայապետը հրաման տուեց, որ այդ ջուրը շաղ տան փայտերի ու ողջակէզների վրայ։ 23Երբ դա արեցին, անցաւ մի փոքր ժամանակ, արեգակը շառագոյն շողեր արձակեց դրա վրայ, եւ կրակի բոցեր ելան սեղանի վրայի փայտերից ու լափեցին ողջակէզները, այնպէս որ բոլորը սքանչացան։ 24Քահանաները ձայնակցեցին իրար եւ սկսեցին օրհնել, քանի դեռ ողջակէզներն այրւում էին։ Յովնաթանն առաջ ինքը սկսեց, իսկ Նէեմին եւ միւսները նրա յետեւից ձայնակցում էին։ Աղօթքն այսպիսին էր. 25Տէ՛ր, բոլոր արարածների Տէ՛ր Աստուած, ահեղ, հզօր, ճշմարիտ, արդար եւ ողորմած, դու ես միակ թագաւորը, որ քաղցր ես, 26դու ես, որ բոլորին մատակարարում ես ամէն ինչ, դու ես միայն արդար եւ ճշմարիտ, դու ես յաւիտենապէս Ամենազօրը, որ Իսրայէլը փրկում ես բոլոր պատուհասներից։ Դու ես, որ հայրերին ընտրեալներ դարձրիր եւ սրբագործեցիր նրանց։ 27Յանուն քո ամբողջ ժողովրդի ընդունի՛ր այս զոհերը եւ պահի՛ր ու պահպանի՛ր քո ժառանգութիւնը։ 28Սրբագործի՛ր ու հաւաքի՛ր ցրուած մեր գերիներին, ազատի՛ր նրանց, որ անարգ ու պիղծ մարդկանց ծառայութեան տակ են, նայի՛ր քո ծառաներին, որպէսզի թշնամիներն իմանան, թէ դու ես մեր Աստուածը։ 29Քո հարուածներն իջեցրո՛ւ պիղծ ու անարգ հեթանոսների գլխին, որոնք մեզ հետ ամբարտաւանօրէն են վարւում։ 30Քո ժողովրդին բեր հասցրո՛ւ քո սրբավայրը, ինչպէս ասել է Մովսէսը։ 31Քահանաներն իրենց օրհնութիւնն էին մատուցում, 32իսկ ողջակէզները տակաւին այրւում մոխրանում էին։ Երբ զոհաբերութիւնն աւարտուեց, Նէեմին հրամայեց մնացած ջուրը շաղ տալ քարերի վրայ։ 33Երբ դա կատարեցին, բոցն աւելի բորբոքուեց։ Երբ բոցի լեզուները բարձրացան, զոհասեղանի կրակն աւելի բորբոքուեց ու մոխրացաւ այն ամէնը, ինչ դեռեւս մնացել էր։ 34Երբ այս հրաշքը բացայայտ երեւաց բոլորին, ու այս դէպքը յայտնեցին թագաւորին, թէ այն վայրում, ուր գերի քահանաները կրակն էին թաքցրել, ջուր է բխել, եւ Նէեմին ու նրա մօտ գտնուող քահանաները դրանով են ողջակէզները սրբագործել։ 35Երբ թագաւորը վերահասու եղաւ այս դէպքերին, հրամայեց շուրջանակի փակել այդ վայրը եւ տաճար կառուցել։ 36Երբ թագաւորը կամենում էր որեւէ մէկին մեծարել, ապա տալիս էր այն պարգեւներից, որ իրեն էին մատուցում։37Նէեմիի մօտ գտնուողներն այդ վայրը անուանեցին Նեփթէ, որ թարգմանաբար նշանակում է սրբագործող։ Շատերն էլ դրան Եփրաթա անունն են տալիս»։ 
2 Նախկին մատեաններում գրուած է, թէ Երեմիա մարգարէն դրանից յետոյ հրամայել է վերցնել այդ կրակից, այնպէս, ինչպէս ցոյց է տրուած։ Մարգարէն նրանցից յետոյ եկած սերնդին պատուիրել 2եւ օրէնք է դրել, որ, երբ տեսնեն քանդակուած կուռքեր, ոսկուց ու արծաթից կերտուած նկարներ ու դրանց շուրջը գտնուող զարդեր, չմոլորուեն իրենց խորհուրդների մէջ. 3նա պատուէր տալով աղաչում էր, որ չմոռանան եւ իրենց սրտից չհանեն Տիրոջ Օրէնքը։ 4Նրա մատեանում նաեւ այսպէս է գրուած եղել. իբր թէ մարգարէն, երկնային հրամանի համաձայն, հրամայել է վկայութեան խորանն ու կտակարանների տապանակը իրենց հետ ման ածել, հասցնել այն լեռը, որտեղ բարձրացել էր Մովսէսը Աստծու ժառանգութիւնը տեսնելու համար։ 5Երբ Երեմիա մարգարէն եկաւ հասաւ այդ վայրը, այնտեղ գտաւ անտառապատ ամուր քարանձաւներ. վկայութեան խորանը, կտակարանների տապանակը, խնկերի սեղանը նա տարաւ դրեց ներս եւ փակեց մուտքը։ 6Նրան ուղեկցող մարդիկ մօտեցան, որ գտնեն այդ վայրը, բայց այդ վայրը տանող ճանապարհն իսկ չգտան։7Երբ Երեմիան իմացաւ դա, սկսեց յանդիմանել նրանց ու ասաց. «Մի՞թէ չգիտէիք, որ, ըստ հրամանի, անյայտ պիտի մնայ այդ վայրը, մինչեւ որ Տէրերի Տէրը բարեհաճ վերաբերմունք ցոյց տայ իր արարածների նկատմամբ, եւ Աստուած հրամայի ի մի հաւաքել իր ժողովրդին։ 8Դրանից յետոյ միայն Տէրը ցոյց կը տայ այդ վայրը, Տիրոջ փառքը կ՚երեւայ ամպի սիւնից, ինչպէս Մովսէսի ժամանակ։ Եւ ինչպէս Սողոմոնն էր աղաչել, Տիրոջ այդ վայրը կատարելապէս կը սրբագործուի»։ 9Պատմում էին նաեւ այն մասին, թէ ինչպէս, իմաստութեամբ լցուած, Սողոմոնը մատուցել էր նաւակատիքի ու տաճարն աւարտելու զոհերը։ 10Ինչպէս որ Մովսէսն աղօթել էր Աստծուն, կրակն իջել էր երկնքից, լափել փայտն ու պատարագների ողջակէզները, նոյն ձեւով էլ աղօթքի էր կանգնել Սողոմոնը, եւ կրակն իջնելով լափել էր զոհասեղանի վրայի ողջակէզները։ 11Մովսէսը չէր հրամայել, որ մեղքերի համար մատուցուած զոհերի միսն ուտէին, ուստի կրակն իջնում ու լափում էր զոհերը։ 12Նոյն ձեւով Սողոմոնն էր ամբողջ ութ օր տօն կատարել։ 13Նէեմիի օրօք գրուած հին մատեաններում՝ յիշատակարաններում, գրուած է նաեւ, թէ ինչպէս են հաւաքուել թագաւորների ու իշխանների, նաեւ Դաւթի մասին գրուած բոլոր գրքերը, ինչպէս նաեւ թագաւորների այն հրովարտակները, որ տարբեր պատճառներով տաճարին էին նուիրուել։ Այդ բոլորը հաւաքուել է մի տեղ։ 14Նոյն ձեւով Յուդան է մի տեղ հաւաքել պատերազմի պատճառով կորած ու ցրուած գրքերը։ Դրանք հիմա մեզ մօտ են պահւում։ 15Արդ, եթէ դրանց կարիքն ունէք, մա՛րդ ուղարկեցէք, որ դրանք բերեն ձեզ։ 16Բարի գործ կատարած կը լինէք, եթէ միշտ պահէք տօն օրերը։ 17Ամբողջ ժողովրդին փրկութիւն պարգեւած Աստուածն ինքը բոլորին վերադարձրել է իրենց ժառանգութիւնը, թագաւորութիւնը, քահանայութիւնն ու սրբութիւնները, 18ինչպէս խոստացել էր Կտակարանների մէջ։ Յուսանք, որ Աստուած շուտով բոլորին կը հաւաքի սուրբ վայրում, 19որովհետեւ նա է փրկել մեզ մեծամեծ փորձանքներից ու մաքրել սրբավայրը։ 20Ինչ վերաբերում է Յուդա Մակաբայեցու եւ նրա եղբայրների օրօք կատարուած դէպքերին, մեծ տաճարի սրբագործմանը, նաւակատիքի զոհասեղանի21կամ Անտիոքոս Երեւելու, ինչպէս նաեւ ազնուազարմ Հօր որդու դէմ մղուած ճակատամարտերին, յանուն օրէնքների քաջագործութիւն կատարած ու հաստատակամութիւն ցուցաբերած մարդկանց երկնքից երեւացած յայտնութեանը 22կամ աշխարհին տիրանալ ցանկացող խուժդուժ ազգերին հալածելու համար մահուանն ընդառաջ գնացած սակաւաթիւ մարդկանց, 23ամբողջ տիեզերքում հոյակապ, շքեղ տաճարը նորից կառուցելուն կամ մեծ քաղաքն ամէն փորձանքից ազատելուն կամ Տէր Աստծուն քաղցրութեամբ ու խաղաղութեամբ մեր նկատմամբ հաճելի դարձնելուն, - 24ահա այս բոլորի մասին հանգամանօրէն եւ ժամանակին գրուած է Յասոն Կիւրենացու գրքի հինգ գլուխներում։ Այս ամէնը աշխատեցինք մի գրքում համառօտակի վերարտադրել։ 25Մենք նկատեցինք, որ նրանք, ովքեր կ՚ուզենան խորամուխ լինել այդ մատեաններում նկարագրուած դէպքերին, կարող են խճճուել թուերի շատութեան պատճառով, 26մոլորուել շարադրուող նիւթերի մանրամասնութեան մէջ։ Մենք հոգ ենք տարել, որ իմաստուն ընթերցողների գործը հեշտանայ, նրանք յիշեն առանց չարչարուելու եւ առանց որեւէ բան եղծելու։ 27Չկարծէք թէ հեշտ, քիչ քրտինք ու տքնութիւն պահանջող գործ ենք ձեռնարկել, եթէ յանձն ենք առել համառօտ բան գրելու աշխատանքը։ 28Եթէ մէկը պատրաստւում է հիւրասիրել խնջոյքի հրաւիրուած իր ընկերներին, ապա նրանց ուրախացնելու համար պէտք է ճոխ սեղան բաց անի եւ ոչ թէ իր հանգստեան մասին մտածի։ Մենք շատերին հաճոյք պատճառելու համար ենք ջանք թափել։ 29Ճշտելն ու ճշգրտելը մեր նախորդների գործն է եղել, մենք յանձն ենք առել միայն համառօտել, պարզ ու սեղմ դարձնել ընդարձակ խօսքը։ 30Ինչպէս ապարանքի շինութեան ժամանակ շատերին է գործ յանձնարարւում, բայց գործի սկիզբն ու աւարտը բուն ճարտարապետի գործն է, իսկ ծեփելը, ներկելը, զարդարելն ու նկարելը արուեստագէտի գործն է, 31նոյնը վերաբերում է մեզ. հարցուփորձ անելը, քննելը, ճշմարիտ խօսքին հետամուտ լինելը, գաղտնիքների մէջ թափանցելը մատենագրութեանը հետեւողների խնդիրն է, 32իսկ համառօտ պատմութիւն ներկայացնելը, որ այժմ յանձն եմ առնում, կարող էք պահանջել ինձանից։ 33Արդ, այստեղ սկսենք պատմել այն, ինչ խոստացել էինք։ Անմտութիւն է գրքի նախաբանն ընդլայնել, իսկ բուն մատեանի բովանդակութիւնը ներկայացնել համառօտակի։ 
3 Կար ժամանակ, որ սուրբ տաճարի բարեպաշտ ու չարատեաց Օնիա քահանայապետի շնորհիւ սուրբ քաղաքի բնակիչները ապրում էին խաղաղ եւ սրբութեամբ պահում ճշմարիտ օրէնքները։ 2Եթէ անգամ հարկ էր լինում, թագաւորներն իրենք էին պատւում երեւելի տաճարը հրովարտակներով, բազմաթիւ նուէրներով ու ընծաներով.3նոյնիսկ ինքը՝ ասիացիների կողմերի արքայ Սելեւկիոսը մասնակցում էր ծիսակատարութեանը եւ իր եկամուտներից էր ծախսում ողջակիզման զոհեր մատուցելու համար։ 4Բաղգեղի ցեղից Սիմոն անունով մէկը, որն իր տոհմի առաջնորդն էր, մեղադրեց քահանայապետին քաղաքում կատարուող անօրէնութիւնների համար։5Տեսնելով, որ չի կարողանում յաղթել կամ վնասել Օնիային, նա եկաւ կանգնեց Դրասէի որդի Ապոլոնի առաջ, որն այդ ժամանակ Ստորին Ասորիքի եւ Տաճկաստանի սպարապետն էր։ 6Նա նրան յայտնեց, որ Երուսաղէմի գանձատունը բազում գանձեր ունի, եւ տարբեր տեսակի այդ գանձերի թիւն ու հաշիւը ոչ ոք չի կարող պահել։ Նա ասաց. «Այդ գանձերը պէտք է արքային պատկանեն եւ յատկացուեն զոհեր մատուցուելուն»։ 7Ապոլոնիոսն այդ մասին իրազեկ դարձրեց թագաւորին, եւ նրանք յանձն առան հետաքրքրուել այդ գանձերով։ Թագաւորը կանչեց իր հանդերձապետ Հելիոդորոսին, հրամայեց այդ գանձը հանել ու բերել քաղաքից։ 8Հելիոդորոսն շտապ գնաց իբր թէ Ստորին Ասորիքի ու Տաճկաստանի քաղաքների վիճակն ստուգելու, բայց իրականում թագաւորի հրամանն էր կատարում։ 9Երբ հասաւ Երուսաղէմ, այնտեղ քահանայապետն ու քաղաքացիները մեծ պատուով ընդունեցին նրան։ Նա սկսեց նրանց պատմել, թէ ինչ են ասել արքային, ու ասաց. «Ո՞վ, կամ ինչպէ՞ս, կամ ինչո՞ւ են ձեր մասին ամբաստանել արքային, եւ կամ իրօ՞ք այնքան գանձ կայ, որքան ասել են»։ 10Քահանայապետն առաջ եկաւ ու ասաց. «Ճիշտ է, հարստութիւններ կան, բայց դրանք այրիների ու որբերի պահ դրուած աւանդներն են։ 11Այստեղ բաժին ունի նաեւ Տուբիի որդի Օրկանիոսը՝ մի մեծ մարդ, բայց չկայ այնքան գանձ, որքան ասել է ամբաստանութեան նամակ գրող անօրէն Սիմոնը։ Այդտեղ ընդամէնը կայ չորս հարիւր քանքար արծաթ եւ երկու հարիւր քանքար ոսկի։ 12Չի կարելի հաւատացեալներին զրկել այն հաւատից, որ նրանք ունեն ամբողջ աշխարհում փառաւոր հռչակ ունեցող սուրբ տաճարի նկատմամբ»։ 13Երբ Հելիոդորոսը լսեց քահանայապետի խօսքերը, յիշեց արքայի հրամանն ու ասաց. «Հրամայուած է, որ յօգուտ արքունիքի վերցուի այդ գանձը»։ 14Նա օր ու ժամ նշանակեց եւ, ըստ արքունի հրամանի, պատրաստւում էր մտնել, հաշուել ու բռնագրաւել գանձը։ Այդ ժամանակ քաղաքում քիչ յուզումներ ու խռովութիւններ չառաջացան. 15քահանաներն իրենք սրբազան պատմուճաններով ընկնում, թաւալւում էին սեղանի առաջ, աղաչում էին նրան, ով այդ աւանդները սրբութեամբ պահելու համար օրէնքներ էր սահմանել, որ կարողանան այդ բոլոր աւանդներն անվնաս իրենց աւանդատուներին հասցնել։ 16Մարդ խոցւում էր իր սրտում, երբ տեսնում էր քահանայապետի դէմքը, նրա երեսի արտայայտութիւնն ու գոյնը, որ նրա հոգու տրտմութիւնն էին արտացոլում, 17որովհետեւ ահն ու սարսափն էր պատել նրան, եւ մարմինը դողում էր։ Այդ ամենից յայտնի էր դառնում նրա սրտի մորմոքը։ 18Բոլոր տներից ընտանիքները խումբ-խումբ դուրս էին գալիս ընդհանուր աղօթքի, որպէսզի չոտնահարուի մեծ տաճարի պատիւը։ 19Կանայք քուրձ էին հագնում ու ողբում հրապարակներում, ճգնաւոր կոյսերը կուսանոցներից գնում էին դէպի դարպասներն ու պարիսպները, ոմանք պատուհաններից բազուկները դուրս էին կարկառում, 20եւ բոլորն առհասարակ, ձեռքերը դէպի երկինք բարձրացնելով եւ մատները տատանելով, աղօթք էին մրմնջում։ 21Ողորմելի տեսարան էր դա, որովհետեւ մարդիկ առհասարակ գետին ընկնելով, թաւալուելով՝ աղօթք էին մատուցում դէպի երկինք. մեծապէս տագնապած՝ քահանայապետը կարծէք հրաշքի էր սպասում։ 22Նրանք այսպէս, ընկնելով ու թաւալուելով, դիմում էին Ամենակալին, որ հաւատացեալների աւանդները լրիւ ու անվնաս հասցնի հաւատացեալներին։ 23Հելիոդորոսն ուզում էր կատարել այն, ինչ յանձնարարուած էր իրեն։ 24Դրա համար նա իր թիկնապահների հետ մտաւ գանձատուն, բայց բոլոր հոգիների եւ իշխանութիւնների վրայ զօրութիւն ունեցող Տէրը մի մեծ հրաշք ցոյց տուեց. բոլոր նրանք, ովքեր յանդգնել էին նրա հետ ներս մտնել, խեղուեցին, անդամալոյծ դարձան Աստծու վախից։ 25Նրանց յանկարծ երեւաց մի փառահեղ ձի հեծեալի հետ, որն ունէր ոսկեզարդ հանդերձանք։ 26Հեծեալի առաջ կանգնած էին գեղեցիկ զարդերով զարդարուած երկու երիտասարդներ։ Սրանք աջ ու ձախ կողմերից անմիջապէս մօտենալով սաստիկ հարուածներ տեղացին Հելիոդորոսի վրայ, 27այնպէս որ սա մերձիմահ, անզգայ ընկաւ գետին, եւ վերցրին նրան։ 28Նա, որ այդպիսի շուքով, պատուով, սպառնալիքով եւ թիկնապահներով մտել ու ճեմում էր գանձատանը, այժմ նրան բարձրացրած տանում էին անզգայ վիճակում։ 29Պարզ երեւում էր, որ Աստծու զօրութիւնն էր վրայ հասել, եւ նա անմռունչ ու անբարբառ, փրկութեան ամէն մի յոյսից կտրուած, կիսամահ գետին էր ընկել։ 30Ինչ վերաբերում է Օնիայի շուրջը գտնուողներին, ապա սրանք օրհնում էին Տիրոջը, որն ամէն ինչով փառաւորում էր իր սրբավայրը, եւ այն տաճարը, որը քիչ առաջ խռովութեամբ էր լցուած, Տիրոջ երեւալով լցուեց խնդութեամբ ու անսպառ ուրախութեամբ։ 31Այն ժամանակ եկածներից մի քանի բարեսիրտ մարդիկ՝ զօրավարի աւագ ընկերները, շտապ հասան Օնիայի մօտ, որպէսզի սա խնդրի Բարձրեալից գոնէ կենդանի թողնել նրան, այնպէս չանել, որ կեանքի վերջին տարիներին այդ մարդը չարաչար տանջուելով սմքի։ 32Քահանայապետը մտահոգուեց, որ գուցէ թագաւորը մտածի, թէ այդ մարդը տուժել է իր կամ հրեաների նիւթած դաւից, ուստի աղաչեց Աստծուն, զոհ մատուցեց այդ մարդու կեանքը փրկելու համար։ 33Երբ քահանայապետը մատուցեց քաւութեան զոհերը, նոյն երիտասարդները, նոյն շքեղ զգեստները հագած, անմիջապէս իջան ու եկան Հելիոդորոսի առաջ եւ ասացին. «Դու Օնիա քահանայապետից շատ շնորհակալ եղիր, որովհետեւ նրա համար, նրա միջոցով Տէրը քեզ կեանք շնորհեց։ 34Իսկ դու, որ նրա համար այդքան տանջանքներով պատժուել ես, պատմի՛ր բոլորին Աստծու մեծ զօրութեան մասին»։ Այս բանն ասելուց յետոյ նրանք անմիջապէս աներեւութացան։ 35Երբ Հելիոդորոսն սթափուեց, անմիջապէս Տիրոջը ողջակէզ զոհեր մատուցեց, Տիրոջը մեծամեծ ուխտեր եւ աղօթքներ արեց, որ նա իրեն շնորհեց իր կեանքը եւ պարգեւեց առաջուայ ուժն ու եռանդը։ Նա Օնիա քահանայապետին մեծամեծ նուէրներով պատուեց ու այնտեղից շարժուեց ու գնաց թագաւորի մօտ։ 36Ամէն տեղ նա վկայութեամբ հաստատեց Աստծու հրաշքները, որ ինքն իր աչքերով էր տեսել։ 37Երբ թագաւորը հարց տուեց Հելիոդորոսին, թէ՝ «Ինչպէ՞ս, ի՞նչ արեցիր, ինչո՞վ վերջացրիր այն գործը, որի համար գնացել էիր», ապա սա սկսեց պատմել գանգատուելով ու ասաց. 38«Ո՜վ տէր, Երուսաղէ՛մ ուղարկեցէք նրան, ով ձեր թշնամին է ու ձեր մեծ գործերի հակառակորդը։ Հրամայեցէ՛ք ուղարկել նրան եւ նրան կը գտնէք այնտեղ չարաչար բրածեծ եղած, եթէ միայն մահուանից փրկուել կարողանայ։ 39Այնտեղ, իրօք, մեծ հրաշքներ են կատարւում։ Նա, որի զօրութիւնը երկնքում է, Նա՛ է այդ երկրի հովանաւորն ու օգնականը։ Եւ ով մի անգամ թշնամութեամբ կամ արհամարհանքով է այդ երկիրը մտնում, մեծամեծ չարիքներ կը կրի, եթէ միայն կարողանայ կենդանի դուրս գալ այդտեղից»։Այսքանը բաւական է Հելիոդորոսի ու գանձատունը պաշտպանելու հետ կապուած դէպքերի մասին։ 
4 Դարձեալ Սիմոնի մասին, որը մատնել էր գանձի տեղը եւ դաւաճանել իր երկրին։ Նա սկսեց աւելի յաճախ ամբաստանել Օնիային, որ նա ինքն է անձամբ դրդել Հելիոդորոսին այդ քայլին ու ինքն էլ լլկել է նրան, եւ որ նա է բոլոր չարիքների պարագլուխն ու կատարողը։ 2Քաղաքի այդ բարերարին ու վերակացուին, ազգի երախտաւորին, օրէնքների նախանձախնդիր այդ մարդուն նա ներկայացրեց իբրեւ արքունի գործերի վնասարար։ 3Նա կարողացաւ թշնամական այնպիսի զգացումներ հրահրել, որ Սիմոնի նշանակած մարդկանցից մի քանիսն ուզում էին մահուան դատապարտել այդ մարդուն։ 4Օնիան տեսաւ, որ հակառակութիւնը դառնում է անհանդուրժելի, իսկ Ասորիքի ու Տաճկաստանի սպարապետ Ապոլոնիոսը ընկերացել եւ աջակցում է Սիմոնի չար գործերին, որ նրանք գրգռում են նաեւ թագաւորին։ 5Նա գտաւ, որ այլեւս անհնար է առանց թագաւորի հրամանի հասարակութեանը օգուտ տալ,6մանաւանդ որ անհանգիստ Սիմոնին տեսնում էր, որ անընդհատ խարդախութիւններ է նիւթում։ 7Երբ Սելեւկիոսը մեռաւ, եւ գահ բարձրացաւ Անտիոքոսը, որ կոչւում էր Երեւելի, Յասոն անունով մէկը, որ Օնիայի եղբայրն էր, անամօթաբար աշխատեց քահանայապետութիւնը խլել Օնիայից։ 8Նա խոստացաւ երեք հարիւր քանքարից բացի արքունիքին յաւելեալ տալ վաթսուն քանքար, իսկ այլ եկամուտներից՝ եւս ութսուն քանքար։ 9«Ես դրան կ՚աւելացնեմ եւս հարիւր, - ասում էր նա, - եթէ գործը գլուխ գայ։ Քաղաքը կ՚ենթարկեմ ձեզ, թատրոններ ու կրկէսներ կը շինեմ, երուսաղէմացիներին ձեր անունով անտիոքացիներ կը գրեմ»։ 10Երբ թագաւորը համաձայնեց, եւ Յասոնը հասաւ իր ցանկացած իշխանութեանը, աշխատեց յոյների հեթանոսութիւնը անմիջապէս ազգային օրէնք դարձնել։ 11Նա վերացրեց նախկին այն արքունական արտօնութիւնները, որ յօգուտ հանրութեան սիրով տրուել էին Փտողոմէոսի հայր Յովհաննէսի առաքելութեան ժամանակ. արգելեցին օրինաւոր կրօնը, ընդունել տուեցին անօրէն նոր կրօնը։ 12Բերդի ներսում նա կառուցեց թատրոն ու մարզարան, ուր ընտիր ու առոյգ պատանիներին մարմնամարզութեան արուեստն էին ուսուցանում։ 13Այդ ամբարիշտ ու չքահանայապետ Յասոնն այնպէս եռանդագին աշխատեց, որ նրա ծայրայեղ մոլորութեան պատճառով այլազգութեան ու հեթանոսութեան սկիզբ դրուեց, 14որովհետեւ դրանից յետոյ քահանաները թողեցին զոհասեղանի իրենց պարտականութիւնն ու տաճարի ծառայութիւն կատարելը եւ արհամարհեցին ողջակէզի զոհաբերութիւնները։ Քահանաների ցեղն աւելի սիրով իրեն նուիրում էր մարզիկներին ու բռնցքամարտին, կաքաւիչներին պիղծ նուէրներ տալուն, աղմուկ-աղաղակով գունդ հրելուն եւ նիզակ նետելուն։ 15Հայրերի պատիւն արհամարհեցին, անօրէն հեթանոսութեան փառքը գերադասեցին օրհնութեան փառքից։ 16Այդ իսկ պատճառով շուտով նրանց վրայ թափուեցին այն նեղութիւնները, որոնք պատել էին նրանց։ Ում բարքին ու սովորութեանը նախանձում էին ու աշխատում ամէն ինչով նմանուել նրանց, հէնց նրանց էլ իրենց համար դահիճներ, թշնամիներ ու տանջողներ դարձրին։ 17Անպատիժ չեն մնայ նրանք, ովքեր կ՚անարգեն աստուածային օրէնքները։ Ստորեւ պատմուող դէպքերը բացայայտ կերպով այդ են ցոյց տալիս։ 18Արդ, ժամանակն էր, որ Ծուր քաղաքում թագաւորի ներկայութեամբ աստուածների պաշտամունք կատարէին։19Անօրէն Յասոնը, իբրեւ այդ խաղերի մասնակից ու հանդիսատես, անտիոքացիներին ուղարկեց սուրբ Երուսաղէմից եւ նրանց յանձնարարեց, որ այնտեղ մուծեն երեք հարիւր սատեր՝ իբրեւ Վահագնի պաշտամունքի համար զոհերի գին։ Երբ սրանք եկան ու բերեցին այն, ինչ պէտք է բերէին, խնդրեցին, որ այդ արծաթը չխառնեն կուռքերի պաշտամունքի զոհերին, որովհետեւ պարտ ու պատշաճ չէր սուրբ վայրի գանձը յատկացնել դիցապաշտութեան կուռքերի զոհերին։20Ընդունելով պաշտամունքի համար բերուած զոհերի գինը՝ այն չխառնեցին Վահագնի պաշտամունքի զոհերի համար յատկացուածներին, այլ, բերողների աղաչանքին անսալով, յատկացրին արքունի գործերին՝ նաւեր պատրաստելու համար։ 21Մենեսթէոսի որդի Ապոլոնիոսը պատգամաւորութիւնից յետոյ գնաց Եգիպտացիների երկիրը, որպէսզի մասնակցի եգիպտացիների թագաւոր Փտողոմէոսի թագադրութեանը։ Անտիոքոսը զգաց, որ իրեն այս կողմերի համար օտար մարդ են համարում, ուստի վերադարձաւ, եկաւ յոպպէացիների քաղաքը։ 22Այդտեղից էլ եկաւ Երուսաղէմ, որտեղ Յասոնն ու այդ քաղաքի բնակիչները նրան ընդունեցին մեծ պատուով՝ ջահերով ու լուսաճաճանչ աշտանակներով։ Այնտեղից նա իր ողջ զօրքով գնաց Տաճկաստանի կողմերը։ 23Երեք տարի անց Յասոնն ազատ արձակեց մոլեգնած Սիմոնի եղբօրը՝ Մենելաւոսին, եւ նրա ձեռքով արքունի գանձերն ուղարկեց արքային։ 24Երբ նա հանդիպեց արքային ու մեծարուեց նրա կողմից, սկսեց քահանայութիւն պահանջել ու Յասոնին մեղադրել։ Նա իր յանձնած գանձի վրայ աւելացրեց եւս երեք հարիւր քանքար 25եւ արքայից իշխանութիւն ստանալու հրաման առնելով՝ վերադարձաւ։ Նա հասաւ իշխանութեան, բայց քահանայապետութեանը արժանի ոչ մի գործ չկատարեց, այլ գազանի նման դառն զայրոյթ էր յարուցում։ 26Յասոնը, որ իր եղբօր քահանայութիւնը խլել էր դաւով, ինքը նոյնպէս զրկուեց քահանայութիւնից եւ հալածական դառնալով՝ փախաւ Ամոնացիների երկիրը։ 27Մենելաւոսը իր ձեռքն առաւ քահանայութեան իշխանութիւնը, սակայն ամբողջութեամբ չկարողացաւ տալ այն գումարը, որ խոստացել էր թագաւորին։ Դղեակ-միջնաբերդի հազարապետն սկսեց անհանգստանալ ու պահանջել գումարը,28որովհետեւ նրան էր յանձնարարուած հաւաքել երկրի հարկը, ուստի երկուսն էլ պալատ կանչուեցին։ 29Երբ Մենելաւոսը տեսաւ, որ հարկը չի կարող վճարել, իր փոխարէն փոխանորդ նշանակեց իր եղբայր Լիւսիմաքոսին, իսկ Սուստրատոսը դարձաւ կիպրացիների գործերի կառավարիչ։ 30Երբ այս դէպքերը տեղի էին ունենում, տարսոնացիներն ու մալոտացիներն ըմբոստացան, որովհետեւ իրենք իբրեւ սեփականութիւն յանձնուել էին թագաւորի հարճ Անտիոքիդէին։31Թագաւորը գնաց, որ հասնի, հնազանդեցնի նրանց։ Նա իր փոխարէն փոխանորդ նշանակեց բարձրաստիճան Անդրոնիկոսին։ 32Մենելաւոսը տեսնելով, որ պատեհ առիթ է ներկայացել, զգուշութեամբ տաճարից ոսկէ սպասներ գողացաւ, մի մասը տուեց Անդրոնիկոսին, իսկ միւս մասն էլ վաճառեց Ծուրում եւ դրա շրջակայքում գտնուող այլ քաղաքներում։ 33Օնիան այդ մասին տեղեկանալով՝ մեղադրեց նրան եւ գնաց անտիոքացիների Դափնա քաղաքը։ 34Դրա համար էլ Մենելաւոսը Անդրոնիկոսին իբրեւ իւրային համարելով՝ աղաչում էր նրան ու աշխատում նրա միջոցով իր ձեռքը գցել Օնիային։ Նա գնաց Օնիայի մօտ, նենգութեամբ համոզեց նրան եւ մեծ երդումներով հաւատարմութեան դաշինք կնքեց նրա հետ։ Օնիան թէեւ բնաւորութեամբ կասկածամիտ էր, բայց համաձայնեց դուրս գալ բերդից։ Հէնց որ դուրս եկաւ, Անդրոնիկոսը սրախողխող արեց նրան՝ ամենեւին չվախենալով արդար դատաստանից։ 35Դրա համար էլ ոչ միայն հրեաները, այլեւ անգամ հեթանոսները զայրացել էին յատկապէս այդ մարդու անարդար սպանութեան համար։ 36Երբ թագաւորը վերադարձաւ Կիլիկիայի կողմերից, բոլոր քաղաքների հրեաներն ու հեթանոսները նրա մօտ սրտի կսկիծով դժգոհութիւն յայտնեցին այդ մարդու անարդար սպանութեան եւ նրա տարապարտ մահուան համար։ 37Անտիոքոսն անկեղծօրէն խղճաց, զգացուեց ու խիստ սգաց սուրբ ու շատ իմաստուն մարդու մահը։ 38Բարկութիւնից նա եռաց, հրամայեց Անդրոնիկոսի վրայից հանել ծիրանին, մերկացնել նրան իր զգեստներից, ման ածել քաղաքում եւ հէնց այն վայրում, ուր նա Օնիայի նկատմամբ անօրէնութիւն էր գործել, հրամայեց կտրել այդ ստոր մարդասպանի գլուխը։ Այսպիսով Տէրը արժանի պատիժ հասցրեց չարագործին։ 39Երբ շատ գանձեր գողացուեցին Լիւսիմաքոսի ձեռքով ու Մենելաւոսի խորհրդով, եւ երբ այդ լուրը տարածուեց, զօրքը հաւաքուեց Լիւսիմաքոսի դէմ, որովհետեւ ոսկէ շատ առարկաներ էին կորել գանձատնից։ 40Երբ ժողովուրդը յուզուած ու զայրացած ոտքի ելաւ, Լիւսիմաքոսն սկսեց սպառազինել մօտ երեք հազար մարդ եւ ձեռնարկեց չար գործերի, առաջնորդութեամբ մի մարդու, որը որքան դժնադէմ էր, նոյնքան էլ՝ թանձրամիտ։ 41Երբ տեսան Լիւսիմաքոսի գործած դաւն ու նենգութիւնը, անմիջապէս հաւաքուեցին, որ միջոցներ ձեռնարկեն։ Մէկը քար, միւսը փայտ, երրորդը աւազ ու հողախառն խիճ վերցնելով՝ նետեցին բոլոր յարձակուողների վրայ։ 42Ոմանց վիրաւորեցին, ոմանց գլուխը կտրեցին, շատերին սպանեցին, իսկ մնացած բոլորին փախուստի մատնեցին, սուրբ տաճարի զոհասեղանը կողոպտողին գանձատնից հալածեցին։ 43Այս ամենի համար դատեցին Մենելաւոսին։ 44Երբ թագաւորն եկաւ Ծուր, տեղի էր ունենում դատը։ Ժողովրդի ծերակոյտից ընտրուած երեք մարդ եկան նրան բողոք ներկայացնելու։ 45Երբ Մենելաւոսը մեղաւոր ճանաչուեց, խոստացաւ շատ գանձեր տալ Փտողոմէոսին, եթէ սա սիրաշահէր թագաւորի սիրտը։ 46Այդ մտադրութեամբ սա, իբրեւ թէ թագաւորի հետ զբօսնելու նպատակով, նրան մի կողմ տարաւ, յեղաշրջեց նրա միտքը,47համոզեց, որ մեղապարտ Մենելաւոսն ազատուի բոլոր տեսակի մեղադրանքներից, իսկ այդ տառապեալներին, որոնց թէեւ խաղտէացիների առաջ դատել էին եւ անպարտ համարել, ազատ էին արձակել եւ անմեղ ճանաչել, - մահուան դատապարտեցին։48Անարդար պատիժն անմիջապէս ի գործ դրեցին նրանց նկատմամբ, ովքեր յանուն քաղաքի, բանակի ու սրբազան անօթների պաշտպանութեան, բողոք էին բարձրացրել։ 49Ահա թէ ինչու չարատեաց ծուրացիները սրտացաւութեամբ ու առատապէս հոգացին այն ամէնը, ինչ պէտք էր նրանց յուղարկաւորելու համար։50Իշխանների ժլատութիւնից ու դժգոհութիւնից օգտուելով՝ Մենելաւոսը չարախօսութեամբ էր զբաղւում եւ իր համաքաղաքացիներին մեծամեծ չարիքներ պատճառում։ 
5 Այդ ժամանակ Անտիոքոսը պատրաստուեց անտիոքացիների կողմերից երկրորդ անգամ յարձակուել Եգիպտացիների երկրի վրայ։2Այնպէս պատահեց, որ քառասուն օր անընդհատ ամբողջ քաղաքի վրայ՝ երկնքում եւ երկրի վրայ երեւացին նիզակակիր հեծեալ զինուորներ, 3որոնք զարդարուած էին ոսկէ զարդերով։ Սրանք արշաւում էին իրար խռնուած։ Վահանները բախւում էին, աղեղները՝ շաչում, սուսերները՝ շողում, դրօշները՝ փողփողում, նետերը՝ շառաչում։ Փայլատակում էին զէնքերը ոսկու պէս։ 4Բոլորը ծնկի չոքած աղաչում էին, որ այդ տեսարանը բարի գործի նախանշան լինի։ 5Երբ յանկարծակի լուր տարածուեց, թէ Անտիոքոսը հրաժեշտ է տուել կեանքին, Յասոնը ոչ պակաս քան քսան հազար սպառազէն զինուորներ վերցնելով՝ յարձակուեց քաղաքի վրայ։ Մինչ քաղաքի բնակիչները անսպասելի դաւից վախեցած՝ պարսպից հեռացան, Մենելաւոսն արշաւելով եկաւ հասաւ քաղաք, 6ուր մոլեգնած Յասոնն առանց խնայելու իր համաքաղաքացիներին էր կոտորում։ Կարծես նա թշնամիներ էր կոտորում՝ չմտաբերելով, որ սրանք իր տոհմակիցներն ու համաքաղաքացիներն են, եւ պէտք է մտածել սրանց կեանքի ապահովութեան մասին, մինչդեռ նա թշուառութեան էր մատնում նրանց։ Տոհմակից քաղաքացիների վրայ յարձակուելով ու նրանց կոտորելով կարծում էր, թէ թշնամու նկատմամբ է արագ յաղթանակ տանում ու յաղթութեան յուշարձան կանգնեցնում։ 7Բայց եւ այնպէս նա իշխանութեան հասնել չկարողացաւ, այլ ի վերջոյ կրեց դաւաճանի նախատինքն ու փախաւ ամոնացիների կողմերը։ 8Իր անփառունակ կեանքի վերջում նրան բանտարկեց արաբների արքայ Արետասը։ Յետոյ Յասոնը քաղաքից քաղաք փախաւ, իբրեւ օրէնքի դէմ ընդվզող՝ բոլորի աչքին ատելի դարձաւ ու հալածական, պիղծ ու գարշելի համարուեց իբրեւ գաւառի, քաղաքի, բանակի մատնիչ ու դահիճ, վտարուեց Եգիպտոս։ 9Նա շատերին, անթիւ-անհամար մարդկանց տարագրեց իրենց երկրից, եւ ինքն էլ օտարների մէջ օտարանալով՝10կորաւ անխնամ, անզգեստ, ոչ ոք չսգաց նրան, եւ նա արժանի չեղաւ հայրենի գերեզմանին։ 11Երբ այդ դէպքերի մասին տեղեկացաւ արքան, կարծեց, թէ Հրէաստանն ապստամբել է իր դէմ։ Այդ պատճառով նա գազազած սրտով շտապ դուրս եկաւ Եգիպտացիների երկրից եւ քաղաքը գրաւելով՝ սրի քաշեց։ 12Նա զինուորներին հրաման տուեց, որ, ով իրենց ձեռքն ընկնի, անխնայ կոտորեն, իսկ ովքեր ապարանքներում ապաստանեն, նոյն տեղում էլ սպանեն նրանց։ 13Տղամարդիկ ու ծերերն առհասարակ կոտորուեցին, կանայք ու մանուկներն առհասարակ սպանուեցին, կոյսերն ու աղջիկներն առհասարակ սրի քաշուեցին։ 14Այդ երեք օրուայ ընթացքում ընդհանրապէս ութսուն հազար մարդ կոտորեցին. քառասուն հազար մարդկանց սրի քաշեցին եւ համարեա նոյնքան մարդկանց էլ վաճառքի հանեցին։ 15Երբ նա չյագեցաւ այս չարագործութիւններով, որոշեց ձեռքը բարձրացնել ամբողջ աշխարհի ամենասուրբ սրբարանի վրայ, յանդգնեց մտնել տաճար՝ իբրեւ առաջնորդ ունենալով Մենելաւոսին, որը օրէնքի, երկրի, բանակի մատնիչն ու դահիճն էր դարձել։ 16Իրենց պիղծ ու անօրէն ձեռքերով վերցրին ու պիղծ մարդկանց բաշխեցին զոհասեղանի այն սուրբ սպասքը, որ ուրիշ թագաւորներ ու այլ քաղաքներ նուիրել էին սրբարանին ի բարգաւաճումն ու ի փառս այդ վայրի։ 17Գուցէ հպարտացել, յամառել էր իր մտքում Անտիոքոսը, երբ ասում էր, թէ՝ «Այս քաղաքի բնակիչների անօրէն մեղքերի համար է բարկացել Տէրը սրանց վրայ, դրա համար էլ անարգուել են սուրբ վայրերը։ 18Եթէ մեծ մեղքեր գործած չլինէին, ապա կը լինէին այնպէս, ինչպէս Հելիոդորոսն էր եղել, որին Սելեւկիոս արքան ուղարկել էր, որպէսզի հաշուի գանձերը, եւ երբ սա մտել էր այնտեղ, անմիջապէս կործանուել էր իր յանդգնութեան պատճառով»։ 19Ոչ թէ տեղի համար էր Տէրն ընտրել ազգին, այլ ազգի համար էր ընտրել տեղը։ 20Դրա համար էլ տեղն ինքը ժառանգել էր ազգի մոլորութիւնը, որպէսզի այնուհետեւ նորից արժանանայ Տիրոջ բարերարութեանը, նորից ճշմարիտ փառքով հաճելի լինի մեծ Աստծուն։ 21Անտիոքոսը ինը հարիւր քանքարի վրայ գումարած եւս ութ հարիւր քանքար վերցնելով յափշտակեց տաճարից, շտապ գնաց անտիոքացիների քաղաքը։ Նա գոռոզամտութեամբ կարծում էր, թէ կարող է ծովը ցամաքի վերածել եւ ցամաքը՝ ծովի։ 22Նա այնտեղ թողեց խիստ վերակացուներ, որպէսզի սրանք չարչարեն ժողովրդին։ Երուսաղէմում թողեց ազգով փռիւգացի Փիլիպպոսին, որն իր բարքով աւելի ժանտ էր, քան նա, ով իրեն նշանակել էր այնտեղ,23իսկ Գարգարիզում՝ Անդրոնիկոսին։ Բացի այդ, սրանց վրայ նշանակեց Մենելաւոսին, որը նրանցից աւելի չար լինելով՝ դատ ու դատաստան էր տեսնում քաղաքացիների հետ։ 24Բայց քանի որ Մենելաւոսը քիչ էր խղճում հրեաներին, Մաշուէ Ապոլոնիոսին ուղարկեց քսան հազար զինուորներով, չհաշուած նախկին հազար զինուորները, որպէսզի բոլոր չափահաս մարդկանց կոտորի, կանանց ու մանուկներին վաճառի։25Ինքը եկաւ Երուսաղէմ, նախ կեղծ խաղաղութեամբ, ապա դաւով մտաւ եւ այնտեղ մնաց մինչեւ սուրբ շաբաթ օրը։ Երբ տեսաւ, որ հրեաները շաբաթ օրը գործ չեն անում, հրաման տուեց իր զինուորներին զինուել։ 26Ովքեր նայելու էին եկել այդ տեսարանը, սրով սպանեց նրանց։ Սպառազինուած զինուորները երթեւեկում էին ողջ քաղաքում այստեղ-այնտեղ եւ բոլորին դիաթաւալ գետին փռում։27Յուդա Մակաբայեցին տասը հոգով միասին փախուստի դիմելով՝ գնաց անապատ, լեռներում գազանների նման կեանք վարեց։ Նոյն ձեւով իր հետ եղած զինուորները խոտաբոյսեր ուտելով էին անցկացնում իրենց ժամանակը, որպէսզի հեռու մնան պղծութիւններից։ 
6 Կարճ ժամանակ անց թագաւորն ուղարկեց Աթենեբիոս ծերունուն, որ սա ստիպի հրեաներին հրաժարուել իրենց հայրերի օրէնքներից, այլեւս չենթարկուել Աստծու օրէնքներին, 2պղծել Երուսաղէմի տաճարը եւ այնուհետեւ այն անուանել ողոմպիացիների Որմիզդ աստծու անունով, իսկ Գարգարիզում գտնուող տաճարը՝ հիւրընկալ Որմիզդ աստծու՝ Վանատուրի անունով, որովհետեւ այնտեղ բնակութիւն հաստատած հեթանոսները այդ էին պահանջում։ 3Նրանք սաստիկ նեղութիւններ պատճառեցին։ 4Սուրբ տաճարը լցուեց հեթանոսական բարքերի պղծութիւններով, տղամարդիկ ու կանայք միմեանց խառնակուելով սրբարանի գաւիթը արատաւորեցին, ինչ անթոյլատրելի իրեր կային, համարձակօրէն ներս էին տանում։5Զոհասեղանն ամբողջութեամբ լցրին օրէնքով չթոյլատրուած ու մերժուած իրերով։ 6Ո՛չ շաբաթ օրերն էին կարողանում պահել, ո՛չ հայրերի տարեկան տօները նշել, ո՛չ իսկ համարձակւում էին իրենք իրենց հրեայ անուանել։ 7Թագաւորի ծննդեան օրը, իւրաքանչիւր ամսուայ այդ օրը ստիպում էին զոհեր մատուցել։ Երբ հասնում էր պտղաբերութեան պաշտամունքի տօնը, ստիպում էին նրանց թաւ ոստերից հիւսուած պսակներով պարել Բաքոսի կուռքի մօտ։8Պտղոմէացիների դրդմամբ հրաման ուղարկուեց բոլոր մօտակայ քաղաքները, որ հեթանոսութիւն ընդունեն եւ հրեաներին ստիպեն զոհեր մատուցել կուռքերի համար։ 9Ովքեր յանձն չառնէին զոհեր մատուցել, պէտք է սրատուէին։ Պէտք էր տեսնել, թէ ինչպէս էին տառապում խեղճերը։ 10Երկու կնոջ գրաւոր ամբաստանել էին, թէ սրանք թլփատել են իրենց որդիներին։ Շտապ բերեցին երեխաներին, կախեցին իրենց մայրերի ստինքներից, հրապարակներում նրանց խայտառակելով ման ածեցին, իսկ յետոյ պարիսպներից ներքեւ գլորեցին։ 11Մարդկանց մի մասը գաղտնի փախաւ մօտակայ քարանձաւները, որ շաբաթ օրերն այնտեղ անցկացնի, բայց երբ բռնեցին սրանց, կենդանի-կենդանի այրելով սպանեցին, որովհետեւ սրանք երկիւղածութիւն ունէին հանգստեան օրուայ ու սրբութեան օրէնքների նկատմամբ։ 12Ես խնդրում եմ այս գիրքն ընթերցողներին, որ մեր ազգի նկատմամբ խղճահարութիւն չունենան, որովհետեւ այդ աղէտները ոչ թէ բնաջնջել են մեր ցեղը, այլ խրատ են եղել մեր ազգի համար։ 13Արդարեւ, Տէրը ոչ միայն անօրէններին երկար ժամանակ յաջողութիւն չի պարգեւում, այլեւ անմիջապէս ցոյց է տալիս իր հրաշքներն ու յայտնի դարձնում իր շնորհները։ 14Բայց Աստուած միւս հեթանոս ազգերի նկատմամբ համբերատար է լինում. նա պատժում է նրանց, երբ նրանց մեղքերի չափը լցւում, եւ նրանք հասնում են իրենց անխուսափելի դատաստանին։ 15Ինչ վերաբերում է մեզ, ապա նա այդպիսի դատաստան չի անում մեզ հետ, 16այլ ստէպ-ստէպ է խրատում եւ արագ-արագ էլ ներում է։ 17Այս բանն ասում ենք ձեզ, որպէսզի յիշէք այս խօսքերը։ Արդ, դառնանք մեր պատմելիք նիւթին։18Կար Եղիազար անունով ծերացած, գեղեցիկ դէմքով մի մարդ, որը օրէնսգէտների խմբի մէջ առաջիններից մէկն էր։ Նրա բերանին գելոց դնելով ստիպեցին խոզի միս ուտել։ 19Նա որոշեց յամառել, սրտապնդուել, գերադասեց քաջի անունով մահ ընդունել, քան ապրել խղճի խայթով ու պախարակուել ընկերներից։ Նա նախընտրեց ինքնակամ տանջանքի մատնուել, համարձակուեց թքել, անարգել նրանց պաշտամունքները, 20ինչպէս վայել է կեանքի հաճոյքներից բացայայտ կերպով հրաժարուած մարդուն։ 21Նրանք, ովքեր իրենց տկարամտութեան պատճառով եկել էին ծիսական զոհեր մատուցելու եւ ծանօթ էին այդ ծեր մարդուն, մի կողմ տարան նրան ու աշխատում էին վայելքների հրապոյրներով յետ կանգնեցնել նրան իր հաստատ որոշումից։ «Ենթարկուի՛ր, - ասում էին, - թագաւորի հրամանին, 22քեզ ուրիշ միս կը տանք, որպէսզի կասկածները փարատես եւ մահուանից ազատուես»։ 23Նա, ինչպէս վայել էր ծերունական իր հասակի վեհութեանն ու իմաստութեանը, իր տարիքին, պատկառելի արտաքինին, փառահեղ սպիտակ մազերին, մանկուց ստացած կրթութեանը, մանաւանդ առաւել եւս ինչպէս վայել էր աստուածադիր սուրբ օրէնքներին հաւատարիմ մարդուն, ոգեշնչուած, տեղը տեղին եւ անմիջապէս պատասխան տալով՝ ասաց. 24«Ո՛չ արժան է, ո՛չ էլ պատշաճ, որ այս տարիքի հասած մարդը կեղծաւորութիւն անելով մտնի սուրբ դատաստան։ Կարող են շատ երիտասարդներ խէթ նայել ինձ վրայ, մտքում կասկածել ու ասել. «Եղիազարը իննսուն տարեկան հասակում, հասնելով մահուան դուռը. դաւանափոխ եղաւ»։ 25Նրանք իմ պատճառով կեղծաւորութեամբ կը գայթակղուեն։ Ես խղճի խայթ կ՚ունենամ եւ աշխարհում վատ ծերունու անուն կը թողնեմ։ 26Արդ, եթէ ինձ նոյնքան կեանք շնորհեն, եւ ես այլեւս մարդկանց ձեռքը չընկնեմ, ապա թէ՛ կենդանութեանս օրօք եւ թէ՛ իմ կենդանութիւնից յետոյ ես չեմ կարող խուսափել մշտնջենաւոր Աստծու ձեռքից։ 27Դրա համար էլ քաջութեամբ կը հեռանամ այս աշխարհից, որպէսզի արժանի լինեմ իմ ծերութեանը, 28երիտասարդներին բարութեան ու առաքինութեան օրինակ թողնեմ, որպէսզի նրանք յօժար կամքով ու քաջութեամբ, կեանքի գնով կարողանան պաշտպանել սուրբ օրէնքները»։ Երբ այս խօսքերն ասաց վերջացրեց, ինքնակամ ու սրտանց գնաց տանջանք ու մահ ընդունելու։ 29Նրանք, ովքեր նրա շուրջը գտնուելով՝ կարեկցում էին նրան, սկսեցին նրա մխիթարանքի խօսքերը թշնամաբար ընդունել, նրա իմաստուն խորհուրդները մոլորութիւն համարել, աշխատում էին արագացնել նրա տանջանքները։ 30Երբ կտտանքներ կրելով նա մօտ էր իր վախճանին, հեծեծելով բաց արեց իր բերանը, սկսեց խօսել Տիրոջ՝ սուրբ խորհուրդներն իմացողի հետ, ու ասաց. «Քեզ յայտնի է, որ իմ ձեռքին էր այս տաժանելի մահուանից ազատուելու կարողութիւնը։ Մարմնով այս խիստ տանջանքներն ընդունելով համբերում եմ, բայց հոգով դրանք հաճելի քաղցրութեամբ եմ ընդունում քո՝ Տիրոջ հանդէպ ունեցած երկիւղի պատճառով»։ 31Ազնիւ մաքառման այսպիսի օրինակ տալով՝ նա հեռացաւ այս աշխարհից։ 
7 Մի անգամ բռնեցին եօթը եղբայրների իրենց մօր հետ եւ թագաւորի ատեան բերեցին։ Ծեծելով ու խոշտանգելով՝ ստիպում էին նրանց խոզի միս ուտել։ 2Նրանցից մէկը համարձակ առաջ եկաւ, սկսեց խօսել ու ասաց. «Ի՞նչ էք ուզում անել մեզ, ի՞նչ էք ուզում իմանալ մեզնից, մենք պատրաստ ենք մեռնել, բայց ոչ երբեք մեր հայրերի օրէնքներից հրաժարուել»։ 3Թագաւորը լցուեց զայրոյթով. նա հրամայեց տապակներ, կաթսաներ ու անիւներ տաքացնել, տանջանքի զանազան գործիքներ պատրաստել։ Երբ դրանք տեղնուտեղը տաքացրին, 4նա հրամայեց խօսողին առաջ բերել։ Նախ կտրեցին լեզուն, գլխի կաշին շուռ տուեցին դէմքին, յետոյ իր մօր ու եղբայրների առաջ ոտքերն ու ձեռքերը ծայրատեցին։ 5Երբ խօսելու եւ գործելու անկարող դարձրին նրան, հրամայեց ողջ-ողջ նստեցնել տաքացրած տապակի վրայ։ Երբ ճենճերի թանձր ծուխը տապակից սկսեց ելնել ու բարձրանալ, եղբայրներն իրենց մօրն ու միմեանց սկսեցին մխիթարել ու ասել. «Քաջութեամբ մեռնենք եւ անուն ու հոգի ժառանգենք։ 6Տէր Աստուած տեսնում է, թէ ինչպէս ենք չարչարւում մեր այս պայքարում, Նա իր գթասրտութիւնը ցոյց կը տայ իր ծառաների նկատմամբ, ինչպէս իր օրհնութեան մէջ յայտնապէս ասել է Մովսէսը. «Նա կարեկից կը լինի իր ծառաների նկատմամբ»։ 7Երբ եղբայրներից առաջինն այս կերպ հրաժեշտ տուեց աշխարհին, երկրորդին բերեցին տանջանքի վայրը։ Գլխի կաշին մազերով հանդերձ շուռ տուեցին դէմքին ու հարցրին. «Խոզի միս կ՚ուտե՞ս, թէ՞ ամբողջ մարմինդ մաս-մաս կտրտենք»։ 8Նա իրենց մայրենի լեզուով պատասխան տուեց ու ասաց. «Ո՛չ»։ Դրա համար սա նոյնպէս նոյն տանջանքներին ենթարկուելով՝ վախճանուեց։9Շունչը փչելուց առաջ նա սկսեց խօսել ու ասաց թագաւորին. «Ա՜յ դու գոռոզ, ինքնահաւան ու ամբարտաւան, դու կարծում ես, թէ մեզ զրկում ես այս աշխարհի կեանքից։ Թէպէտ մենք մեռնում ենք օրէնքի համար, բայց Նա, որ աշխարհի թագաւորն է, յաւիտենական կեանքում երկրորդ ծննդեան ժամանակ մեզ նորից կը պարգեւի։» 10Սրանից յետոյ երրորդին բերեցին։ Ուզում էին լեզուն բռնել, բայց նա ինքն անմիջապէս հանեց այն, քաջաբար մեկնեց նաեւ ձեռքերը, 11այնպէս որ թագաւորն ինքն իսկ զարմացաւ պատանու մտքի ուշիմութեան ու սրտի քաջութեան վրայ, որովհետեւ տեսաւ, որ նա արհամարհում է ցաւերը։ 12Երբ սա մահացաւ, չորրորդին էլ բերելով նոյն տեղը՝ նոյն տանջանքներին մատնեցին։ 13Նախքան հոգին աւանդելը նա այսպէս խօսեց. «Լաւ է, որ հեռանում ենք մարդկանցից, որովհետեւ մենք հաւատում ենք մեռելների յարութեանը՝ երկրորդ ծննդեանը։ Դու թէեւ կենդանի ես մնում, բայց յարութեան չես արժանանայ»։ 14Սրանից յետոյ հինգերորդին բերեցին տանջելու։ Սա աչքերը վեր բարձրացրեց, նայեց թագաւորին, սկսեց խօսել նրա հետ ու ասաց. 15«Դու, որ իշխանութիւն ունես մարդկանց վրայ, ո՜վ մահկանացու, եւ անում ես այն, ինչ կամենում ես, բայց չկարծես, թէ ինչ-ինչ չարագործութիւններով մեր ազգը կը վերացնես, կամ չկարծես, թէ Աստուած կը լքի մեզ։ 16Դու շարունակի՛ր ապրել եւ կը տեսնես այն մեծամեծ հրաշքները, թէ ինչպիսի չարաղէտ պատուհասներով Տէրը պատժելու է քեզ ու քո ազգատոհմը»։ 17Սրանից յետոյ բերեցին վեցերորդին։ Երբ մեռնելու մօտ էր, նա ասաց. «Դու իզուր ես մոլորուել։ Այս փորձանքները մեր գլխին են գալիս մեր մեղքերի համար, որովհետեւ մենք Աստծու առաջ ապշելու աստիճան մեղքեր ենք գործել։ 18Դու, սակայն, երբեք չակնկալես, թէ աստուածամարտ լինելով՝ ողջ եւ առողջ ու անվնաս կը մնաս»։ 19Առաւել եւս բարի յիշատակի էր արժանի սքանչելի մայրը։ Նա Աստծու յոյսին ապաւինելով՝ այսպիսի եօթը որդի էր կորցնում մէկ օրում, նոյն ժամին։20Քաջալերուելով նրանցից իւրաքանչիւրով՝ ինքն էլ նրանց էր քաջալերում, մխիթարում իրենց մայրենի լեզուով։ Կին լինելով, բայց հանդէս բերելով տղամարդուն վայել սիրտ ու միտք, 21նա քաջաբար առաջ եկաւ ու ասաց. «Ես չգիտեմ, թէ դուք ինչպէս էք յայտնուել իմ արգանդում։ Ե՛ս չէ, որ ձեզ կեանք ու հոգի եմ պարգեւել եւ ոչ էլ կերպարանք տուել ձեզանից իւրաքանչիւրին, ոչ էլ ձեզ սնել, հասցրել եմ այս հասակին։ Սրանից յետոյ ես ոչինչ իմը չեմ համարում, 22այլ նրան, ով աշխարհի Արարիչն է, ով ստեղծել է մարդկային ծնունդները, ով իր ողորմածութեամբ ու իր գալստեամբ ձեր կեանքն ու հոգին ձեզ պիտի վերադարձնի»։ 23Անտիոքոսը թէեւ նախատինքի այս խօսքերի համար իրեն արհամարհուած զգաց, բայց որովհետեւ դեռեւս իր ձեռքին էր եղբայրներից կրտսերի կեանքը, սկսեց ոչ միայն մխիթարական խօսքեր ասել, այլեւ իրօք երդւում էր, թէ նրան հարստութիւն կը պարգեւի, աւագութեան կը հասցնի, երանելի կը դարձնի երկրում, միայն թէ հրաժարուի իր նախնիների օրէնքից։ Նրան իշխանութիւն կը տայ եւ թագաւորների բարեկամ կը դարձնի։ 24Երբ թագաւորը տեսաւ, որ պատանին երբեք չի հնազանդւում իր խօսքերին, կանչեց մօրը եւ խնդրեց նրան, որ նա պատանուն խորհուրդ տայ, որ սա փրկուի։ 25Երբ շատ ստիպեց, մայրը յանձն առաւ խօսել որդու հետ։26Թեքուեց նրա կողմը, սկսեց ծաղրել գոռոզ ու ամբարտաւան թագաւորին ու ասել. «Գթա՛ ինձ, որդեա՛կ իմ, յիշի՛ր, որ քեզ ինն ամիս կրել եմ իմ արգանդում, երեք տարի գրկել, կրծքովս կերակրել եմ քեզ եւ հասցրել այս հասակին։ 27Արդ, աղաչում եմ քեզ, որդեա՛կ, նայի՛ր երկնքին ու երկրին, այդտեղ ապրող արարածներին։ Յիշի՛ր, որ Աստուած նրանց ստեղծել է ոչնչից։ Այդպէս էլ նա մարդկային ցեղն է ստեղծել։ 28Մի՛ զարհուրիր այս դաժան դահճից, այլ արժանի՛ եղիր եղբայրներիդ, գերադասի՛ր մահը, քան թէ աշխարհի կեանքը, որպէսզի մեծ Աստծու ողորմածութեամբ քո այն եղբայրների հետ ընդունեմ քեզ»։29Քանի դեռ մայրն այս խրատներն էր տալիս հաստատ մտքով, պատանին սկսեց խօսել ու ասաց. «Ո՞ւմ էք սպասում, ինչո՞ւ էք ուշացնում։ Թագաւորի հրամանին չեմ ենթարկուելու, այլ հնազանդւում եմ Մովսէսի միջոցով մեր հայրերին տրուած օրէնքներին։ 30Իսկ դու, որ ամէն տեսակ չարիքներ ես յօրինում եբրայեցիների համար, չես փրկուի Աստծու ձեռքից, 31որովհետեւ եթէ մեր կենդանի Տէրը մեզ խրատելու համար է պատուհասի ենթարկում, մի փոքր բարկանում մեզ վրայ,32ապա նորից ողորմածութիւն է հանդէս բերում իր ծառաների նկատմամբ։ 33Իսկ դու, անօրէ՛ն, ապստա՛մբ, պի՛ղծ, վախկո՛տ, քո սնոտի յոյսերով ի զուր ես գոռոզանում Նրա ծառաների վրայ։ 34Դու չես փրկուի ամենագէտ, ամենազօր Աստծու դատաստանից։ 35Այժմ մեր եղբայրները, յանուն յաւիտենական կեանքի, Աստծու կտակարանի ուխտի համար մի քիչ ցաւերին դիմանալով՝ մահ ընդունեցին։ 36Ես էլ, իմ եղբայրներին հաւասար, պատրաստ եմ իմ շունչն ու մարմինը հայրերի օրէնքի համար զոհել։ Յուսով դիմում եմ Աստծուն, որ մեր ամբողջ ազգին քաւութիւն պարգեւի, իսկ քեզ, մեծամեծ տանջանքների ենթարկելով, խոստովանել տայ, որ միայն ինքն է Աստուած, եւ ուրիշ մէկը չկայ։ 37Իմ ու իմ եղբայրների նկատմամբ ցուցաբերած քո բոլոր բարկութիւնները կ՚անցնեն ու կը մոռացուեն»։ 38Եօթը պատանիների այսպիսի քաջասրտութիւնից թագաւորը թեւաթափ եղաւ, դրա համար էլ կրտսերին աւելի խիստ տանջանքների ենթարկեցին։ 39Սակայն նա էլ, իր հաւատարմութեամբ ու անմեղութեամբ Տիրոջն ապաւինելով, հեռացաւ այս աշխարհից։ 40Որդիներից յետոյ երանելի մայրն էլ նոյն ձեւով նահատակուեց։ 41Թէ ինչ կտտանքների ենթարկեցին այս զոհերին, ինչ սաստիկ տանջանքների մատնեցին նրանց, բաւարարուենք այսքանով։ 
8 Յուդա Մակաբայեցին եւ նրանք, որ նրա հետ էին, գաղտագողի մտնում էին այստեղ ու այնտեղ՝ գիւղեր, քաղաքներ ու ագարակներ, եւ իրենց շուրջն էին հաւաքում իրենց ցեղակիցներին։ Նրանք ներգրաւում էին այն հրեաներին, որոնք հաւատարիմ էին մնացել իրենց ուխտին։ Սրանք հաւաքուեցին, շատացան, բանակ կազմեցին։ Դրանց թիւը հասաւ մօտ վեց հազար մարդու։ 2Նրանք խնդրում էին Տիրոջը, որ օգնի, բարի աչքով նայի հեթանոսներից ոտնակոխ արուած իր ժողովրդին, խնայի ամբարիշտների ձեռքով պղծուած տաճարը, 3կարեկցի ապականուած, տակնուվրայ եղած քաղաքին, ականջ դնի թափած արեան կանչին, 4յիշի իզուր նահատակուած անմեղ մարդկանց, միտքը բերի իր սուրբ անունը հայհոյողներին։ 5Երբ Մակաբայեցին հաւաքեց մարդկանց ու զօրք կազմեց, հեթանոսները նրան չդիմադրեցին, որովհետեւ մեծ Աստծու զայրոյթը ողորմածութեան էր վերածուել։ 6Նա յարձակուեց գիւղերի ու քաղաքների վրայ, հրդեհի մատնեց թշնամիների տարբեր վայրերի բերդերը, նուաճելով վերադարձրեց թշնամիների գրաւած տեղերը, թշնամիներին մեծամեծ հարուածներ հասցրեց, 7մանաւանդ որ գիշերը դարձրել էր իրեն օգնական ու աջակից։ Նրա քաջագործութիւնների համբաւը տարածուեց ամէն կողմ։8Երբ Փիլիպպոսը տեսաւ, որ այդ մարդու գործերը գնալով յաջողւում են, արքունի հրովարտակներով պատգամաւորներ ուղարկեց Ստորին Ասորիքի ու Տաճկաստանի սպարապետ Պտղոմէոսի մօտ, որ սա օգնական զօրք ուղարկի իրեն։ 9Հրովարտակներն ստանալուց անմիջապէս յետոյ նա Պատրոկլէսի որդի Նիկանորին՝ իր աւագների մէջ առաջին սիրելի մարդուն յանձնեց ոչ պակաս քան քառասուն հազար մարդ, որ առհասարակ բնաջնջի, երկրի վրայից վերացնի հրեայ ազգը։ Նրան օգնական տուեց Գորգիաս սպարապետին, որը մի քաջ, պատերազմական գործերին տեղեակ, ամէն ինչին հմուտ մարդ էր։10Նիկանորը յանձն առաւ հռոմէացիներին վճարուող նախկին հարկը՝ հարիւր քանքարը լրացնել հրեայ գերիների վաճառքից։ 11Ծովեզերքում բնակուող վաճառականներին հրամայեց գալ Հրէաստան մարդիկ գնելու եւ խոստացաւ մի քանքարի դիմաց նրանց տալ իննսուն մարդ։ Նա չգիտէր, թէ երկնքից նայող Ամենակալը ինչ դատաստան է պատրաստել իր համար։ 12Յուդան ունէր մարդիկ, որոնք գուշակել էին Նիկանորի արշաւանքը։ 13Եղան մարդիկ, որոնք վախից այս ու այն կողմ փախան 14եւ ինչ որ ունէին, վաճառեցին ու սկսեցին աղօթել Ամենակալ Տիրոջը, որ իրենց փրկի անօրէն, անարժան Նիկանորի ձեռքից, որը մարդկանց չտեսած՝ արդէն իսկ սահմանել էր նրանց վաճառքի գինը։ 15Արդ, Աստուած եթէ ոչ իրենց համար, ապա իրենց հայրերի ուխտի ու կտակարանների, իր փառաւոր ու սուրբ անուան համար կարող էր նրանից փրկել իրենց։ 16Մակաբայեցին իր մօտ գտնուող մարդկանցից մօտ վեց հազարանոց զօրք հաւաքեց, քաջալերեց նրանց, որ չվախենան Նիկանորի զօրքի բազմութիւնից, իզուր չյուսալքուեն հեթանոսների բանակի այդպիսի մեծ կուտակումից, այլ կանգնեն ու մարտնչեն քաջութեամբ, 17վրէժխնդիր լինեն սուրբ վայրերում կատարուած անարգութիւնների, գերուած քաղաքի կրած չարչարանքների, նախնիների սուրբ օրէնքների ոտնահարման համար։18«Նրանք, - ասում էր նա, - յոյս են դրել իրենց զէնքի եւ իրենց հզօրութեան վրայ, իսկ մենք՝ Ամենակալ Աստծու վրայ, որը մեզ ու ողջ աշխարհը ընկճել ցանկացող այդ մարդկանց կարող է իր մի շնչով կոտորել»։ 19Նա սկսեց մէկ առ մէկ յիշեցնել նախնիների քաջագործութիւնները, Տիրոջ ցոյց տուած ամէն մի օգնութիւն. «Յիշեցէ՛ք Սենեքերիմի եւ հարիւր ութսուն հազար մարդկանց միանգամից կոտորուելը, 20յիշեցէ՛ք գաղատացիների դէմ հռոմէացիների պատերազմը, ուր հարիւր քսան հազար յարձակուող մարդկանց դէմ ելան վեց հազար զինուորներ եւ Բարձրեալի օգնութեամբ հարիւր քսան հազար զինուորներին մի ժամում կոտորեցին»։ 21Այսպիսի մխիթարական, քաջալերիչ խօսքերով կռուի էր պատրաստում նա նրանց, որ, յանուն իրենց օրէնքների ու իրենց աշխարհի, քաջաբար մարտնչեն, հերոսաբար մեռնեն։ 22Նա զօրքը բաժանեց երեք գնդի. երկու գնդերի զօրավար նշանակեց իր երկու եղբայրներին՝ Շմաւոնին ու Յովսէփին։ 23Զօրքերին քաջալերելու, սրտապնդելու համար կանչեց Եզրասին, նրանց առաջ կարդալ տուեց սուրբ գիրքը, ամէն մի գնդին Տիրոջ անունով զինանշաններ բաշխեց, ինքն անցաւ առաջամարտիկ գնդի գլուխը եւ արշաւելով յարձակուեց Նիկանորի վրայ։ 24Ամենակալն օգնութեան հասաւ նրան. յարձակուեցին, հարուածեցին թշնամու զօրքին եւ առաջին իսկ յարձակման ժամանակ աւելի քան ինը հազար սպառազէն մարդ սպանեցին, կոտորեցին նրանց զօրքերը, շատերին խոցոտեցին, խեղանդամ ու վիրաւոր դարձրին եւ գերեցին։ 25Ստրկավաճառների ունեցուածքն ու գանձերը խլեցին, Նիկանորի կենդանի մնացած զինուորներին մինչեւ օրը մթնելը հալածելով փախուստի մատնեցին։26Երբ օրը տարաժամել էր, այդտեղից շտապ վերադարձան ու նորից, թէեւ կարճ ժամանակով, հալածեցին նրանց, որովհետեւ յաջորդ օրը շաբաթ էր։ 27Հասնելով ճակատամարտի վայրը՝ նրանք հաւաքեցին ընկածների զէնքերը, հանեցին սպանուածների հագուստները եւ պատրաստուեցին տօնելու շաբաթ օրը։ Օրհնեցին, գովեցին, փառաբանեցին Տիրոջը, որովհետեւ այդ օրը նա իրենց փրկել էր նրանցից։ Այդ օրը ողորմութիւն արեցին եւ յաղթութեան տօն կատարեցին։ 28Շաբաթ օրից յետոյ ստացուած աւարից մաս հանեցին կարիքաւորներին, այրիներին ու որբերին, եւ ապա իրենք էլ ստացան իրենց բաժինն այդ աւարից։ 29Երբ այս բանն արեցին, բոլորը ծնկի եկած աղօթեցին ողորմած Աստծուն, աղաչեցին, որ մինչեւ վերջ հաշտ լինի իր ծառաների հետ։ 30Դրանից յետոյ նրանց վրայ յարձակուեցին Տիմոթէոսն ու Բաքիդէսը։ Մակաբայեցու զօրքերը հետապնդեցին, նեղեցին, նրանցից սպանեցին աւելի քան քսան հազար հոգու։ Բազմաթիւ բերդեր ու բարձունքներ գրաւեցին քաջութեամբ, բռնագրաւեցին նրանց բազմաթիւ գանձերը, ինչքն ու ունեցուածքը։ Աւարից բաժին հանեցին նաեւ աղքատներին, որբերին ու ծերերին։31Հանեցին սպանուածների զէնքերը, թողեցին յարմար տեղերում եւ իրենց աւարով եկան Երուսաղէմ՝ ազգերի նահապետի մօտ։ 32Այդտեղ նրանք սպանեցին Տիմոթէոսին, որ բազում չարիքներ էր հասցրել հրեայ ազգին։ 33Նրանք հաւաքեցին գաւառներից եկած մարդկանց, ուրախութեան օր արեցին, յաղթանակի յուշակոթող կանգնեցրին։ Բերեցին փախստական Կալիսթենէսին ու նրա հետ եղողներին, որոնք տաճարի դռներն էին հրդեհել, ու ողջ-ողջ այրեցին, 34իսկ ոճրագործ Նիկանորը, որ հազար վաճառական էր բերել հրեաներ գնելու համար,35Տիրոջ հրամանով մեծ տառապանքների մէջ ընկած, փառքի հանդերձներից զրկուած, նուաստանալով մուրացկան դարձած, իր զօրքը կորցնելու համար մեծ սգի մատնուած, փախստական դարձած՝ անտիոքացիների քաղաքն ընկաւ։ 36Նա, որ խոստանում էր, թէ Երուսաղէմը գերելով կը լրացնի հռոմէացիներին վճարուող հարկը, ինքն իր բերանով պատմում էր, թէ Աստուած յայտնապէս օգնում է նրանց, եւ դրա համար էլ նրանք պատերազմից դուրս են գալիս ողջանդամ, առանց վէրք ստանալու, որովհետեւ նրանք հաւատարմութեամբ են պահպանում Նրա սահմանած օրէնքները։









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

  • Пишите на армянском
    Ушел из жизни отец современной математической физи...
    Автор: RogerBus
  • WISHES FOR ARMENIA
    KANGER SUBOX MINI: https://goo.gl/zml2zI Kanger SU...
    Автор: Raymondhag
  • Анаит
    Hello there, great website you've going here. ’
    Автор: Veevvy

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Когак жареный в льезоне

Когак жареный в льезонеПодготовленный для тепловой обработки когак нарезать на...

Тыал с бамией

Тыал с бамиейСушеную бамию очистить от стеблей, промыть, выдержать в...

Плов с лавашем

Плов с лавашемРис сварить до полуготовности. На дно широкой кастрюли...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта