Գ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ

(3 голоса, среднее 3.67 из 5)

3 Մակաբայեցիներ


1 Փիլոպատորը իր մօտ վերադարձողներից տեղեկացաւ, որ Անտիոքոսը գրաւել է իր հողերը եւ այդտեղերից հեռացրել իր զինուորներին։ Ժամկէտ նշանակեց, հրաման տուեց իր ամբողջ զօրքին՝ հետեւակներին ու հեծեալներին, հետը վերցրեց իր քոյր Արսինոյէին, գնաց հասաւ ռափայեցիների կողմերը, ուր հասել ու բանակ էր դրել նաեւ Անտիոքոսն իր ամբողջ զօրքով։ 2Թէոդոտոս անունով մէկը մտաբերեց, որ իրեն գործ են յանձնարարել, վերցրեց իր ձեռքի տակ եղած զօրքը եւ գաղտնի զինուեց։ Գիշերով նա հասաւ Պտղոմէոսի վրանը, որ ներս մտնի, նրան այնտեղ սպանի ու միայնակ լուծի պատերազմի հարցը։ Նրան առաջնորդում էր Դոսիթէոս անունով մի հրեայ, որն ուրացել էր իր նախնիների կրօնը։ Այդտեղ՝ վրանում, արագ-արագ հանգցնում էին լոյսերը։ Երբ մարտը բորբոքուեց, եւ Անտիոքոսի գործերը յաջողուեցին, 3Արսինոյէն անմիջապէս վեր կացաւ, ողորմաձայն լալով, մազերն արձակելով զօրքերին աղաչեց, որ նրանք այսուհետեւ իրենց ու իրենց որդիների համար կռուեն, եւ եթէ կարողանան յաղթանակ տանել, ապա խոստանում էր նրանցից ամէն մէկին երկուական ոսկի մնաս տալ։ Այնպէս պատահեց, որ Անտիոքոսն ու իր զօրքը սկսեցին նեղել թշնամուն։ Նրանք ոմանց կոտորեցին, ոմանց գերեվարեցին։ 4Երբ իր ծրագրած գործն այսպէս իր ձեռքով բարեյաջող աւարտ ունեցաւ, Անտիոքոսը որոշեց գնալ այցելել իր շրջակայքում գտնուող քաղաքները եւ քաջալերել բնակիչներին։ Նա ի կատար ածեց իր որոշումը. պաշտամունքի բոլոր վայրերին նուէրներ տուեց, իր շուրջը համախմբեց ոգեւորուած ու քաջալերուած մարդկանց։ 5Եբրայեցիները ժողովրդի միջից ծերեր ուղարկեցին նրան ողջոյն հաղորդելու, զոհեր մատուցելու, յաղթանակի առթիւ ուրախութիւն յայտնելու համար։ Եւ նա նրանց յայտնեց, որ սիրով յանձն է առնում գնալ նրանց մօտ։ 6Երբ մեծ շուքով ու հանդիսաւորութեամբ նա եկաւ հասաւ Երուսաղէմ, մեծ Աստծուն ողջակէզներ մատուցեց, գոհութիւն յայտնեց ու շնորհակալ եղաւ։ Նա ուզում էր այդ վայրում մի ծէս եւս կատարել։ Երբ եկաւ հասաւ սուրբ վայրը, զարմացաւ տաճարի գեղեցկութեան ու շքեղութեան, նրա սպասքի վրայ, ապա ցանկութիւն յայտնեց մտնել նաեւ սրբարանից ներս։ 7Հրեաները առաջը կտրեցին եւ յայտնեցին, որ պատշաճ ու յարմար չէ այդ բանն անելը, որովհետեւ հրեաներն իրենք անգամ իրաւունք չունեն մտնել այնտեղ։ Նոյնիսկ քահանաները չեն կարող մտնել այնտեղ, այլ միայն՝ քահանայապետը, այն էլ տարին միայն մէկ անգամ։ 8Նա, սակայն, չնահանջեց։ Թէեւ բերեցին օրէնսգիրքը, կարդացին նրա առաջ, բայց նա չհրաժարուեց. յամառում, պնդում էր, որ իրեն ներս թողնեն։ «Եթէ ուրիշներին արժանի չէ ներս մտնել, ապա ինձ, - ասում էր, - արժանի է, պէտք է տրուի այդ պատիւը։ 9Հապա ինչպէ՞ս է, - ասաց, - որ պաշտամունքի անխտիր բոլոր վայրերը համարձակ մտել եմ, եւ ոչ ոք ինձ չի արգելել»։ Այդտեղից մէկը համարձակօրէն խօսեց ու ասաց. «Ինչո՞ւ ես յամառելով պնդում։ Մի՞թէ չի կարող լինել այնպիսի մի տեղ, ուր պատշաճ չէ մտնել»։ Սա պատասխանեց. «Ո՛չ, հնար չկայ, ուզում էք թէ չէք ուզում, ես մտնելու եմ»։ 10Թանկարժէք զգեստներ հագած բոլոր քահանաներն այդտեղ ընկան գետին, սողում էին ու աղաչում Աստծուն, որ օգնի իրենց եւ յետ կանգնեցնի նրան իր մտադրութիւնից։ Նրանք տաճարը աղաղակով, լացուկոծով լցրեցին։ Մնացած քաղաքացիներն էլ յուզուած ու շտապ այդտեղ հասան։ «Ի՞նչ է պատահել», - շշնջում էին նրանք։ Կուսանոցների կոյսերը մայրապետների հետ փողոցներ դուրս եկան։ Նրանք հող էին ածում իրենց գլխին, քաղաքը լցնում իրենց ճիչ ու աղաղակով։ 11Իրենց առագաստներում պառկած նորահարսերը, իրենց պատշաճ ամօթը մոռացած, համարձակ քայլուածքով դէպի քաղաքամէջ էին շտապում։ Նոյն ձեւով դեռատի մայրերն իրենց երեխաներով, երեխաների հոգսերը մոռացած, խելայեղօրէն վազում էին արտերի միջով առանց յետ նայելու, որպէսզի հաւաքուեն սրբազան տաճարի մօտ։ Հազարաւոր մարդիկ հաւաքուեցին այստեղ, որպէսզի աղօթք անեն, որովհետեւ նա որոշել էր իր կեանքը վտանգի ենթարկելով՝ անօրէնութեամբ տաճարից ներս մտնել։ Դրա համար էլ քաղաքացիները բարկացել էին եւ չէին հաշտւում այդ սրբապիղծ մարդու բռնութեան հետ։ 12Երբ տեսան, որ հաստատապէս ու յամառօրէն ուզում է իր կամքը կատարել, միմեանց ձայն տուեցին, ամէն մէկն իր զէնքը վերցրեց, որպէսզի կազմ ու պատրաստ լինի կռուի եւ մեռնի յանուն նախնիների հաւատի ու հայրերի օրէնքների։ Այդտեղ նրանք մեծ խռովութիւն բարձրացրին, բայց ժողովրդի միջից ծերերը հազիւ կարողացան ամբոխին հանդարտեցնել եւ կռուի պատրաստուածներին ժողովարան վերադարձնել։ Նոյնն արեց նաեւ քաղաքի զօրքը։ 13Թագաւորի մօտ գտնուող ծերերն ու մեծամեծները աշխատում էին այդ գոռոզի միտքը փոխել, բորբոքուած յամառութիւնը կոտրել։ Նա, սակայն, չէր ընկրկում. յամառօրէն պահանջում էր կատարել նախապէս յայտնած իր կամքը։ 14Նրա մօտ գտնուողները երբ տեսան նրա յամառութիւնը, վերադարձան ժողովարան՝ Ամենազօր Աստծուն աղաչելու, որ զօրավիգ լինի իրենց, որ չարհամարհի, աչքաթող չանի իրենց ու չթողնի, որ նա ամբարտաւանութեամբ ոտնահարի իրենց օրէնքն ու կրօնը։ Հաւաքուած ժողովուրդն այսպէս անընդհատ սրտակեղեք աղաղակ էր բարձրացնում։ Սոսկալի աղմուկ բարձրացաւ, եւ թւում էր, թէ ոչ միայն մարդիկ են աղաղակում, այլեւ պարիսպներն ու գետինն են ձայն տալիս։ Բոլորը գերադասում էին մեռնել, քան սրբարանը պղծուած տեսնել։ 
2 Հրեաներն սկսեցին աղաչել ու ասել. «Տէ՜ր, Տէ՜ր, թագաւո՛ր երկնքի, բոլոր արարածների Տէ՜ր Աստուած, սրբերի՛ սուրբ, Ամենազօր, Ամենակալ, տե՛ս մեր այս ցաւերը, որ կրում ենք անօրէն ու պիղծ, յանդուգն ու գոռոզ թշնամուց։ Դո՛ւ ես ստեղծել ամէն ինչ, 2դու, որ ամէն ինչ ընդունում ես հեզութեամբ ու արդարութեամբ, արդար ես դու, Տէ՜ր, բայց ովքեր գոռոզութեամբ ու ամբարտաւանութեամբ են գործում, դու դատում ես նրանց։ Նախկինում դու բնաջնջեցիր անօրէնութիւններ կատարող հսկաներին, որ ապաւինում էին իրենց ուժին ու քաջութեանը։ Դու նրանց ջրասոյզ արեցիր։ 3Դու ամբարտաւան սոդոմացիներին իրենց բացայայտ չարիքների համար խայտառակեցիր, կրակի ու ծծմբի մատնեցիր նրանց, ծաղրուծանակի ենթարկեցիր յետագայ սերունդների առաջ։ 4Դու զանազան պատուհասներով պատժեցիր յանդուգն ու բռնակալ արքային՝ Փարաւոնին, որը քո իսրայէլացի սուրբ ժողովրդին ստրկութեան էր մատնել, ցոյց տուեցիր քո զօրութիւնը, նրան ցոյց տուեցիր քո զօրութեան մեծութիւնը, որովհետեւ սպառազինուած, բազմաթիւ մարտակառքերով ու ձիերով հետապնդում էր քո ժողովրդին, բայց դու նրան սուզեցիր Կարմիր ծովի մէջ, 5իսկ նրանց, ովքեր հաւատում էին քեզ, բոլոր արարածներից բարձր պահեցիր։ Սրանք երբ տեսան քո ձեռքի գործը, օրհնեցին քեզ, Տէ՜ր Ամենակալ։ Դու թագաւոր ես, դու ես, որ ստեղծեցիր անչափելի ու անքննելի ողջ երկինքը, քեզ համար ընտրեցիր այս քաղաքը եւ սրբագործեցիր այս վայրը քո անունով, քեզ համար, դու, որ կարօտ չես ոչ մի բանի։ 6Դու սա կառուցեցիր ի փառս քո մեծութեան, ի պատիւ քո անուան։ Դու սիրեցիր այս տաճարը եւ խոստացար իսրայէլացիներին, որ, ինչ էլ պատահի, ինչ դժուարութիւններ էլ լինեն, գանք այս սուրբ տեղը խնդրանքներով եւ լսելի դարձնենք քեզ մեր աղօթքը։ Քո խօսքը վստահելի է ու ճշմարիտ,7որովհետեւ մեր հայրերը շատ անգամ են նեղութեան մէջ ընկել, եւ որովհետեւ նրանք հնազանդ էին քեզ, դու օգնեցիր, մեծամեծ չարիքներից փրկեցիր նրանց։ Իսկ մենք, ահա, սո՛ւրբ թագաւոր, մեր մեծամեծ ու բազմաթիւ մեղքերի համար տանջուելով՝ մատնուել ենք մեր թշնամու ձեռքը։ Մենք ուժասպառ ու յուսահատ ենք դարձել։ Մեր թուլութեան ու նեղութեան այս օրերին պիղծ, գոռոզ ու ամբարտաւան այդ մարդն ուզում է անպայման ներս մտնել, անպատուել սրբարանը, ողջ երկրում քո անուան փառքի համար կառուցուած անուանի տաճարը։ 8Թէեւ քո բնակավայրը աներեւոյթ ու մարդկանց ձեռքի համար անհասանելի երկինքների երկինքն է, բայց դու հաճեցար քո փառքով Իսրայէլին վայելչութիւն պարգեւել, սրբագործեցիր այս վայրը։ Թէեւ յանցաւոր ենք քո առաջ, բայց պիղծ հեթանոսների վրէժը մեզանից մի՛ լուծիր, որպէսզի անօրէնները չպարծենան գոռոզամտութեամբ եւ չցնծան իրենց ամբարտաւան խօսքերով ու չասեն, թէ՝ «Մենք ոտնակոխ արեցինք սուրբ տաճարը, ինչպէս ոտնատակ են տալիս մեհեանների յատակը»։ 9Ջնջի՛ր մեր մեղքերը, ների՛ր մեր բոլոր յանցանքները, այս պահին ցո՛յց տուր քո ողորմածութիւնը։ Անմիջապէս մեզ թող հասնի քո ողորմածութիւնը, թո՛յլ տուր, որ մենք՝ կործանուողներս եւ չարչարուողներս, մեր բերանով օրհնենք քեզ։ Խաղաղութի՛ւն պարգեւիր մեզ»։ 10Ամենազօր, Ամենակալ Աստուածը, որ սուրբ է եւ բնակւում է սրբերի մէջ, լսեց ժողովրդի այս օրինաւոր խնդրանքն ու աղօթքը։ Մինչեւ վերջ ամբարտաւան, մեծ գոռոզութեամբ նրանց վրայ յանդգնօրէն յոխորտացող այդ մարդուն նա սաստիկ հարուածներով պատժեց։ Նրան այնպէս էր տանում ու բերում, ինչպէս եղէգն է տարուբերւում քամուց։ Ապա գետին զարկեց նրան։ Նա այդպէս ընկած էլ մնաց անզգայ, թմրած, անմռունչ, բոլոր անդամները յօդերից խախտուած. եւ խիստ դատաստանը նրա գոռոզութեան համար արագ հասաւ նրա վրայ։ 11Նրա բարեկամներն ու նրան շրջապատող սպասաւորները տեսնելով, որ դատաստանը այդպէս շուտ է հասնում նրա վրայ, վախեցան, թէ նա կը մեռնի։ Անմիջապէս նրան ներսից դուրս հանեցին՝ վախենալով էլ աւելի սաստիկ հարուածներից։ 12Երբ բաւական ժամանակ անցաւ, այդ մարդը սթափուեց, բայց ոչ թէ զղջաց իր մտքում այդ մեծ պատուհասից յետոյ, այլ սկսեց աւելի սաստիկ սպառնալ։ 13Հրամայեց վերադարձի ուղին բռնել։ Երբ եկաւ հասաւ Եգիպտացիների երկիրը, չարութիւնն աւելի բորբոքուեց իր ու սեղանակից ընկերների մէջ, որոնք արհամարհում էին բոլոր տեսակի օրէնքները։ Նա ոչ միայն անթիւ չարագործութիւններ անելով չյագեցաւ, այլ այնպիսի յանդգնութեան հասաւ, որ սրբավայրի հասցէին հայհոյանքներ էր թափում։ Իր բարեկամներից շատերն էլ, հետեւելով թագաւորին, նրա կամքին էին ենթարկւում։ 14Նա նամակ գրեց ու հրամայեց, որ այն հրապարակեն քաղաքի փողոցներում։ Դա բամբասանք էր ու հայհոյանք։ Նա հրամայեց իր պալատի շուրջը, աշտարակների վրայ սիւներ կանգնեցնել եւ դրանց վրայ ամրացնել հետեւեալ խիստ հրամանը. «Եթէ որեւէ մէկը զոհ չի մատուցում, թող երբեք չհամարձակուի տաճար մտնել։ Ամբողջ հրեայ ազգը հաշուառման ենթարկել եւ հարկատու դարձնել նրանց իբրեւ ծառաների։ Ով ապստամբելով մի փոքր դիմադրի, մահուան պիտի դատապարտուի։ Իսկ ում որ չեն սպանելու, նրանց վրայ կրակով թող խարանեն Որմիզդ աստծու նշանը եւ նրա տօնին ստիպեն նրանց պարել՝ ճիւղերից հիւսած պսակներ ձեռքներին»։ 15Որպէսզի ինքը բոլորին թշնամի չերեւայ, հրամայեց, որ հրովարտակում գրեն նաեւ հետեւեալը. «Եթէ ոմանք համաձայնեն ընդունել արքունի կրօնը, ապա նրանք թող համարուեն ալեքսանդրացիների համաքաղաքացիներ»։16Հրեաների միջից բազմաթիւ թեթեւամիտներ, որ առաջներում էլ տատանւում էին նախնիների օրէնքը դաւանելիս, հեշտութեամբ յանձն առան։ Սրանք կարծում էին, թէ մեծ փառքի կարժանան, եթէ հնազանդուեն թագաւորի ասածին։ 17Սակայն հրեաներից շատերը մնացին անդրդուելի. նրանք հաւատարիմ մնացին իրենց սուրբ օրէնքներին։ Նրանք իրենց ունեցած հարստութիւնը տուեցին իրենց անձը փրկելու համար, որպէսզի ստուգապէս այդ ցուցակի մէջ չմտնեն։ Նրանք յոյս ունէին, որ իրենց օգնութիւն կը հասնի Տիրոջից։ Նրանք խորշում, զզւում էին իրենց կրօնից հրաժարուած մարդկանցից, նրանց պիղծ էին համարում։ Նրանց վանում, հեռու էին պահում իրենց հայրենի օրէնքներից եւ մերժում էին, որ նրանք հաղորդուեն սրբութիւնների հետ։ 
3 Երբ այդ անօրէնը տեղեակ դարձաւ նրանց նպատակներին, խիստ զայրացաւ, հրաման տուեց, որ իր բարկութիւնը թափեն ոչ միայն երուսաղէմացիների, այլեւ ամբողջ երկրի վրայ, ուր եբրայեցիներն են բնակւում, հրամայեց բերել հաւաքել նրանց, տանջալի մահով սպանել վերացնել նրանց երկրի երեսից։ 2Երբ տանջանքի այս անօրէն հրամանը հրապարակուեց, նրանք գտան, որ իրենց համար աւելի ծանր է օրէնքները փոխելու տառապանքը, քան դառն մահը։ 3Եբրայեցիները հաւատարմութեամբ արքայի օրէնքը պահում էին, բայց եւ իրենց Տէր Աստծուն հաւատարիմ էին մնում, տրուած օրէնքները հաստատ էին պահում, հեռու էին մնում ապստամբների անօրէնութիւններից, որի պատճառով շատերի աչքից ընկնում էին, 4բայց հէնց նրա համար, որ հաւատարիմ էին մնում օրէնքի սպասաւորութեանը, դրա համար էլ բոլոր մարդկանց առաջ փառաւորւում էին։ Սակայն այլազգիները հաշուի չէին առնում հրեայ ազգի բարեմասնութիւնները, այլ նրանց պաշտամունքի եւ կերակուրների տարբերութիւնը համարում էին ապստամբութիւն իրենց դէմ եւ ասում. «Այս ազգն առհասարակ թագաւորին ու արքունի զօրքին թշնամի է»։ Եւ այսպիսի հայհոյալից խօսքերով արքունիքին մեծ վնաս ու պատուհաս էին բերում։ 5Ինչ վերաբերում է քաղաքում ապրող հեթանոսներին, ապա սրանք տեսնելով մարդկանց յանկարծակի խռովութիւնը, այսպիսի հալածանքների յանկարծակի վրայ հասնելը, ո՛չ կարողանում էին օգնել նրանց, ո՛չ էլ արքունի հրամանին դէմ կանգնել։ 6Միայն կարեկցում էին, մխիթարում, քաջալերում, խնդրում էին անցկացնել բարկութեան պահն ու ասում էին. «Իրենց Տէր Աստուածը չի թողնի, որ այսպիսի մի ազգ իզուր ոչնչացնեն»։ Բարեկամները, մերձաւորները, վաճառականները լռելեայն ուխտում էին օգնական լինել միմեանց՝ որքան կարող են։ 7Անօրէնը, սակայն, միառժամանակ այնքան էր ամբարտաւանացել, որ բոլորովին անտեսել էր մեծն Աստծու զօրութիւնը։ Նա կարծում էր, որ իր իշխանութիւնը մշտնջենական է։ Նա ամբողջ երկրում այսպիսի մի հրովարտակ տարածեց. 8«Եգիպտոսի կողմերի արքայ Անտիոքոսը ողջունում է բոլոր վայրերի սպարապետներին, զօրավարներին ու զինուորներին։ Ո՛ղջ եղէք, իսկ ես ինքս ամէն ինչով, զօրքով ու տէրութեան օրէնքների շնորհիւ ողջ եմ։9Դուք ինքներդ լսած կը լինէք մեր հեծելազօրի անցած ճանապարհի մասին, թէ ինչպէս աստուածների օգնութեամբ իմ զինուորներով ճանապարհ ընկայ։ Ո՛չ զօրքի ուժով անցայ, ո՛չ տէգ ու նիզակով, ո՛չ ամրապինդ աղեղներով, այլ՝ հեզութեամբ ու խոնարհութեամբ, մարդասիրական նպատակներով, որպէսզի դայեակի նման սնուցանեմ Ստորին Ասորիքի ու Տաճկաստանի բոլոր կողմերը։ Ամէն ինչ բարեյաջող աւարտուեց։ 10Մենք մեծարեցինք բոլոր քաղաքները, նուէրներ մատուցեցինք այնտեղ։ Եկանք մտանք Երուսաղէմ, ցանկացանք մտնել տաճար՝ այն չարագործների սրբավայրը, որոնք երբեք չեն կամենում հրաժարուել իրենց չար խորամանկութիւններից։11Նրանք խօսքերով առերես ուրախացան, որ եկել ենք իրենց մօտ, բայց գործով խաբեցին մեզ, որպէսզի խանգարեն մեր այնտեղ մտնելը։ Նրանք մեզ ո՛չ տաճարին մօտիկ թողեցին, ո՛չ էլ ընդունեցին իրենց տաճարին մատուցած մեր մեծարժէք ընծաներն ու զոհաբերութիւնները։ Ապաւինելով իրենց ամբարտաւան հպարտութեանը, մի բան, որ շատ հնուց է գալիս, արգելեցին մեզ ներս մտնել։ Հրաժարուեցին մեր այն մարդասիրական բարութիւնից, որ մենք ունենք բոլոր մարդկանց նկատմամբ։ 12Նրանք մեր հանդէպ ունեցած իրենց անմիտ թշնամութիւնը կամեցան բացայայտ կերպով ցոյց տալ, միայն թէ կարողանային բոլոր ազգերի մէջ վարազի պէս գլուխները տնկել, ելնել, տիրել, թագաւորել, հպարտանալ, ամբարտաւանել, բարձրապարանոց երեւալ իրենց երախտաւորների առաջ։ 13Մենք հանդուրժեցինք նրանց անմտութիւնը, եւ երբ յաղթանակով վերադարձանք Եգիպտոսի կողմերից, նուաճեցինք բոլոր ցեղերն ու ազգերը մարդասիրական հեզութեամբ, խնամք տածելով, ինչպէս պարտ ու պատշաճ է մեր օրէնքներին։ 14Առանց ոխ պահելու բազում անգամ նրանց ցուցաբերած յանդգնութեան ու լրբութեան համար, հրամայեցինք նրանց ազգատոհմերին համարել ալեքսանդրացիներին արժանի համաքաղաքացիներ։ 15Բայց նրանք ստոր, յետին նպատակներով ու բնածին խորամանկութիւններով այդ բարեգործութիւնից էլ հրաժարուեցին, եւ քանի որ նրանց միտքը միշտ դէպի չարագործութիւնն է հակուած, նրանք ոչ միայն մերժեցին ընկերութիւնը, մեծարանքն ու պատիւը, այլեւ գարշում են, խօսքով կամ լռելեայն անարգում են ու պիղծ համարում մեզ։ Եւ սակաւաթիւ մարդկանց եւս, որոնք գթութեամբ համակրում են մեզ, նրանք մերժում, անարգում են եւ արագօրէն թշուառ կեանքի հասցնում։ Նրանք հապշտապ, տագնապահար՝ նրանց գործերը ձախողման են ուզում հասցնել։ 16Այս ամենի պատճառով մենք համոզուեցինք, որ նրանք մեր թշնամիներն են, ուստի մենք ենթադրում ենք, որ այդպիսի խորամանկ մտադրութիւն ունենալով՝ նրանք գուցէ յանկարծ խռովութիւն բարձրացնեն մեր դէմ, ըստ իրենց անօրէն սովորութեան՝ օգնութիւն հայցեն ուրիշներից, ներքուստ մեզ իրենց թշնամի ու մատնիչ համարեն։ Հրամայում ենք. մեր այս հրովարտակն ստանալուց անմիջապէս յետոյ մոլի չարագործներին իրենց կանանց ու երեխաների հետ նախատինքների ու տանջանքների ենթարկելով, ոտք ու ձեռքը եւ պարանոցները կապկպած, չորս կողմ կարգուած պահակախմբերով, խիստ պատիժների ենթարկելով՝ մեզ մօտ բերել, 17որպէսզի նրանք, իբրեւ խորամանկ մարդիկ, իրենց անօրէն չարագործութիւնների համար իրենց կատարած գործերին արժանի պատիժ ու պատուհաս կրեն, եւ մենք կարողանանք հեշտ ու խաղաղ մեր գործերը կարգի բերել։ Եթէ գտնուեն մարդիկ, որոնք կը թաքցնեն նրանցից մի տղամարդ, մի կին կամ մի տղայ երեխայ՝ ալեհեր ծերունուց մինչեւ ծծկեր երեխայ, ապա նրան ու նրա տոհմը չարաչար տանջանքներով մահապատժի կ՚ենթարկէք։ 18Իսկ եթէ գտնուեն մարդիկ, որոնք ի յայտ կը բերեն այդ թաքնուած մարդկանց, ապա յայտնողը թող սեփականացնի թաքնուածի ինչքն ու ունեցուածքը, արքունի գանձարանից թող պարգեւ ստանայ եւ ազատութեան պսակով պսակուած՝ գայ ու մեծարուի հրապարակում։ 19Բոլոր այն վայրերը, ուր կ՚երեւան փախստականներ կամ թաքնուածներ, թող աւերուեն, հրդեհուեն ու վերածուեն անապատի, թող կրակի մատնուեն եւ ամէն ազգի մարդկանց համար մշտապէս համարուեն ոչ պիտանի»։ 
4 Արքունի հրովարտակն, ահա, գրուել էր այս ձեւով։ Հրովարտակի հրամանը որտեղ էլ որ հասնում էր, հեթանոսները հաւաքւում էին գաւառներում ու քաղաքներում եւ մեծ ուրախութիւն անում, որովհետեւ խորամանկ նենգութեամբ թաքցրած իրենց ոխակալութիւնը այլեւս բացայայտօրէն ու համարձակութեամբ էին ցոյց տալիս։2Քաջերի խոր սուգը յորդառատ արցունքներով էր արտայայտւում, սիրտ էր ճմլում, որովհետեւ յանկարծ տրւում էր մի խիստ հրաման, որով կոչ էին անում առհասարակ բոլորին սպանել։ 3Չկար մի գաւառ կամ քաղաք, մարդաբնակ մի վայր, բոլոր քաղաքներում մի փողոց, որ գոյժի աղաղակով ու կոծով լցուած չլինէր, 4որովհետեւ խիստ դաժան ու անողոք հրամանի համաձայն, գաւառների հրամանատարները զանազան քաղաքներից տեղահան էին անում ընտրեալ ազգի զաւակներին, որպէսզի, ըստ այդ հրամանի, բնակավայրերից դուրս իզուր տեղը մեռնեն։ Աղէտալի տառապանքներն ու խոր վշտերը այնքան ծանր էին, որ չարչարանքների այս ողորմելի տեսարանը մինչեւ անգամ ոխակալ սրտի, վրէժխնդիր ոգու տէր մարդկանց աչքերից արտասուք էր քամում, 5որովհետեւ թշուառութեան այդ ճանապարհով տանում էին ալեհեր, ծերութիւնից թուլացած եւ կթոտած ոտքերով ծերունիների մի բազմութիւն։Տանում էին նաեւ նորապսակների՝ կիսատ թողնելով նրանց ուրախութիւնը, զրկելով նրանց ամուսնական առագաստից, չարաչար դժբախտութիւն պատճառելով նրանց։ 6Աւանդապահ, քօղածածկ, պարկեշտ հարսները, ի նշան գոյժի, մազերն արձակած, իւղով օծուած մազերի հիւսուածքը համարձակօրէն արձակելով՝ հող էին ածում իրենց գլուխներին։ Նրանք ուրախ երգերի ձայնակից ընկեր լինելու փոխարէն ենթարկւում էին իրենց համար անսովոր տառապանքների։ Հրապարակներից մինչեւ նաւահանգիստները բռնութեամբ քարշ տալով նրանց՝ տանում էին հերարձակ, բզկտուած ու կապուած։7Նրանց ամուսինները երիտասարդական ուրախութեան փոխարէն պարաններով կապկպուեցին։ Նրանք տեսնելով իրենց վրայ հասած այս աղէտը՝ մռնչում էին ու լալիս, իրենց դիմաց տեսնում էին մահուան օրհասը, իրենց ոտքերի առաջ՝ դժոխքի պատկերը։ 8Այսպէս բոլորին, իբրեւ վայրենի գազանների, շղթայակապ բերեցին եւ նոյն շղթաները, որոնցով կապուած էին նրանց պարանոցները, ամրացրին նաւախելերին։ Ոմանց ոտքերից, ոմանց ձեռքերից կապելով՝ գամեցին նաւի տախտակամածի վերին կողմը։ Բոլոր կողմերից փակուած՝ նրանք թմրած ու յիմարացած էին. այդպէս էին արել, որպէսզի նաւերի ընթացքի ժամանակ յանկարծ խորամանկութեամբ ազատուել-փախչել չկարողանան։ 9Երբ այսպէս բոլորին նաւերին ամրացրած տարան եւ յաջողակ քամու շնորհիւ, թագաւորի հրամանի համաձայն, տեղ հասցրին, հրաման արձակուեց, որ դրանց կոտորեն քաղաքից դուրս մի հրապարակում, ընդարձակ մի վայրում, որպէսզի խայտառակեն այդ ազգը, եւ որպէսզի բոլորը, ազատ ու հանգիստ, տեսնեն նրանց, որոնք ելումուտ էին անում ամէն տեղ։ Բոլոր նախորդների վրէժը սրանցից էին հանում։ 10Երբ այս ամէնը կատարեցին, յայտնի դարձաւ, որ ցեղակիցները գաղտնի ցաւակցելով՝ լաց էին լինում ազգի վրայ հասած այս յանկարծակի թշուառութեան համար։ Երբ դա իմացուեց, թագաւորը խիստ զայրացաւ, հրաման տուեց, որ քաղաքում գտնուող հրեաներին նոյնպէս բերեն ու խառնեն սրանց, եւ բոլորին նոյն պատժի ենթարկելով՝ մահուան դատապարտեն, նոյն ցուցակում գրեն նրանց բոլորի անունները, 11որովհետեւ այս գործը յայտնի դառնալուց քիչ առաջ թէեւ նա պատուիրել էր սրտացաւութիւն հանդէս բերել նրանց պաշտամունքի հանդէպ, բայց այժմ հրամայեց սաստիկ պատուհասներով ու տանջանքներով միանգամից ոչնչացնել նրանց։12Նրանց ցուցակագրելու այս խիստ դաժան հրամանն ի կատար ածելը տեւում էր արեւածագից մինչեւ մայրամուտ, բայց այն լիովին աւարտել չյաջողուեց քառասուն օրուայ ընթացքում։ 13Սովորականից աւելի խիստ մի հրամանով թագաւորը կարգադրեց բոլոր մեծամեծներին խնջոյքի հրաւիրել մեծ տաճարում։ Ճշմարտութիւնից շեղուած մտքով, անօրէն, պիղծ բերանով նա յարգում ու գովաբանում էր անշունչ, անձայն, անմռունչ կուռքերին, իսկ օրինաւոր սրբութիւնների մասին ասում էր այն, ինչ արժան չէր։ 14Իր նշանակած ժամից յետոյ ցուցակագրող գրագիրները թագաւորին յանձնեցին ցուցակը։ Նրանք սկսեցին համոզել, որ հրեաների հաշուառում կատարելը անհնար է։ Նրանք ասացին. «Չենք կարող, որովհետեւ նրանք խիստ շատ են, որովհետեւ շատերը երկրով մէկ ցրուած լինելու պատճառով հնարաւոր չէ նրանց հաշուառման ենթարկել. հաշուառումից դուրս են մնացել շատերը, չցուցակագրուած հրեաներ կան անգամ Եգիպտացիների երկրի տարբեր վայրերում»։ 15Երբ դա լսեց թագաւորը, գրագիրներին մեղադրեց կաշառակերութեան մէջ, որ իբր թէ նրանք ցանկանում են խոտոր ճանապարհներով փրկել նրանց կեանքը։ Նրանք պնդում ու ասում էին, որ իրենց թղթերն սպառուել եւ գրիչները մաշուել են՝ բացայայտօրէն ցոյց տալով դա։ Եւ այս ամէնը լինում էր Բարձրեալի օգնութեամբ, որը գութ ու խնամք էր ցուցաբերում եբրայեցիների նկատմամբ։ 
5 Այն ժամանակ նա կանչեց Հերմոն փղապետին ու հրամայեց, որ սա վաղն եւեթ զինի փղերը, առանց յապաղելու պատրաստի խնկախառն գինիներ, դրանք թունդ դարձնի կնդրուկով, մօտ եօթը հարիւր փղեր կատաղեցնի անապական գինիով, քշի հրապարակ՝ եբրայեցիների գլխին մեծ պատուհաս բերելու համար։ 2Թագաւորը փղապետին այս հրամանը տուեց, իսկ ինքը վերադարձաւ իր ուրախութիւնը շարունակելու բազմաթիւ զօրքերի, բարեկամների, մեծամեծ աւագանու հետ, որոնք եբրայեցիների նկատմամբ աւելի թշնամաբար էին վերաբերւում, քան թագաւորն ինքը։ 3Երբ փղապետը լսեց խիստ հրամանը, նոյն ժամին էլ պատրաստ վիճակի բերեց փղերին։ Ծառաները ելան, կապեցին տառապեալների ձեռքերն ու ոտքերը, իսկ ուրիշ ծառաներ, իբրեւ գիշերային պահակներ, զգուշութեամբ նրանց շուրջն էին պտտւում՝ մտածելով, թէ առաւօտեան կը տեսնեն այդ ազգի կոտորածն ու վախճանը։ 4Իսկ հրեաներն իրենց անզօր ու անօգնական էին համարում, իբրեւ մի լէշ՝ նետուած հեթանոսների առաջ։ Նրանք անդադար աղօթելով, արտասուելով դիմում էին Ամենակալ Աստծուն, ամէն զօրութիւն զօրացնող, ողորմած Աստծուն։ Բոլորն առհասարակ ծնկի եկած աղաչում էին, որ նա խափանի անօրէն այս դիտաւորութիւնը, մի մեծ հրաշքով վերացնի այս օրհասը, որ ահա մօտենում է ոտքերն ու ձեռքերը կապուած այս մարդկանց։ 5Փղապետն անողորմ գազանները խնկախառն գինիներով գրգռելով՝ առաւօտեան հասցրեց թագաւորի պալատը։ 6Պարգեւատու, երկնաւոր, առատաձեռն Աստուած, սակայն, թագաւորին պարգեւեց խոր քուն, որ իբրեւ բարի պարգեւ վաղնջական ժամանակներից ի վեր գիշեր ու ցերեկ տրւում է գեղեցիկ արարածներին։ Նա իր զօրութեամբ թագաւորին թանձր, խոր, քաղցր ու անուշ քուն առաքելով՝ կապեց, մոլորեցրեց, շեղեց եւ հեռու պահեց նրան իր հաստատ որոշումից։ 7Երբ եբրայեցիները տեսան, որ անցել է օրհասի մահաբեր ժամանակը, սկսեցին օրհնել երկնաւոր սուրբ Աստծուն եւ նորից իրենց երեսի վրայ ընկած՝ աղաչում էին նրան, որ գոռոզ հեթանոսներին ցոյց տայ իր մեծազօր բազկի զօրութիւնը։ 8Երբ կիսուեց տասներորդ ժամը, եւ արդէն վերջացրել էին խնջոյքի պատրաստութիւն տեսնելը, եւ հրաւիրուածներից իւրաքանչիւրը կանգնած էր ըստ իր աստիճանի, այն ժամանակ արարողապետը ներս մտաւ, արթնացրեց թագաւորին եւ յայտնեց, որ խնջոյքն սկսելու ժամանակն է։ Թագաւորը յիշեց, որ մարդկանց խնջոյքի էր հրաւիրել։ Նա անմիջապէս վեր կենալով՝ հրամայեց հրաւիրուածներին ներս կանչել, բարձեր սպասարկել նրանց խնջոյքին մասնակցելու համար, իրաքանչիւրին, ըստ իր աստիճանի, գահաւորակ մատուցել։ 9Երբ խրախճանքն սկսուեց, նա ցանկութիւն յայտնեց ուրախ ժամանակ անցկացնելու մինչեւ ուշ գիշեր։ Երբ խմելով երկար ժամանակ զրոյցի բռնուեցին, նա կանչեց փղապետին ու խիստ զայրացած սպառնաց նրան. «Ինչպէ՞ս կամ ինչո՞ւ են հրեաներն ազատուել սաստիկ հրամանով նշանակուած օրհասից. ինչո՞ւ մինչեւ այսօր դեռ կենդանի են մնացել»։ 10Փղապետը վկայակոչեց արքայի հրամանը եւ ասաց, որ դեռեւս գիշերն է հարբեցրել փղերին։ Հրաւիրուածները հաստատեցին փղապետի խօսքերը։ Դրանից յետոյ թագաւորը մեղմացնելով իր կատաղութիւնը՝ ասաց. «Գնա՛, այսօր թող իմ քնից շնորհակալ լինեն նրանք, բայց վաղն անպայման փղերը նոյն կատաղութեան կը հասցնես, որպէսզի կոտորենք այդ անօրէն հրեայ ազգին»։ 11Երբ թագաւորն այդ ասաց, բոլորն ուրախացած, միաձայն հաւանութիւն տուեցին նրա հրամանին, եւ որովհետեւ ուշ էր, միմեանցից բաժանուելով՝ ամէն մէկը գնաց իր օթեւանը։ Նրանք ոչ այնքան քնեցին, որքան ամբողջ գիշեր մտածում էին այն մասին, թէ ինչ նորանոր չարչարանքներ կարելի է հնարել տառապեալների համար։12Երբ աքլորը կանչեց, փղապետն առաւօտ վաղ բերեց գինիով ու խնկով գրգռուած փղերին, իսկ ինքն իջնելով ընդարձակ գաւիթը՝ սկսեց ճեմել։ Քաղաքում գտնուող բոլոր մարդիկ եկել հաւաքուել էին, ուզում էին տեսնել ողորմելի այն տեսարանը, որ առաւօտ շուտ սպառնում էր հրեաներին։ 13Հրեաներն անցկացնելով օրհասի ժամը, զսպած իրենց առատ արցունքները, խղճալի ու ողբաձայն, ձեռքերը դէպի երկինք պարզած՝ աղաչում էին Ամենազօր Աստծուն, որ նորից օգնութեան հասնի իրենց ու փրկի սոսկալի օրհասից։ 14Դեռ արեգակը չէր սփռել իր ճառագայթները աշխարհի վրայ, որ թագաւորը վեր կենալով ընդունում էր իր մեծամեծ հիւրերին։ Հասնելով փղապետի դռան մօտ՝ աչքով զննում էր փղերի վիճակը, թէ ինչպէս են նրանք կազմ ու պատրաստ հասել մինչեւ հրապարակ։ 15Թագաւորը շնորհակալ էր, զարմացել էր փղերի պատրաստութեան վրայ։ Նա մի անգամ էլ յետաձգեց կոտորածի հրամանը՝ ասելով. «Ի՞նչ կարիք կայ անիմաստ կերպով շտապելու»։ Դարձեալ միտքը փոխեց, փղապետին մեղադրեց, որ ինչ հրամայուած էր, անմիջապէս չէր գործադրել։ 16Այս ամէնը լինում էր Ամենակալ Տիրոջ հրամանով. Նա օրհասի սոսկալի նպատակը մոռացնել էր տալիս։ Փղապետը անուանի մարդկանցից ոմանց վկայ էր բերում, թէ ինչպէս էին փղերը վաղուց զինուել, զինուորները պատրաստուել։ Նա ապացուցում էր, որ ինքը արքայի հրամանը կատարել էր անթերի։ 17Այն ժամանակ թագաւորը լցուեց մեծ զայրոյթով, - եւ դա շնորհիւ Աստծու մեծ գթասրտութեան, - որովհետեւ Նա ուզում էր թագաւորի մտադրութիւնը ի չիք դարձնել։ Թագաւորը խիստ զայրացած ու ցասումնալից նայեց փղապետին, սկսեց խօսել ու ասաց. 18Ցուցակագրեցէ՛ք այն հայրերին, մայրերին ու որդիներին՝ բոլոր նրանց, ովքեր այս տեսարանը դիտելու են եկել, որպէսզի դրանք, դու էլ դրանց հետ, գազանների կեր դառնաք այդ դատապարտուած անմեղ եբրայեցիների փոխարէն, որոնք, սկսած իրենց առաջին նախնիներից մինչեւ այսօրուայ սերունդը, պահպանել են արդարութիւնն ու հաւատը մեր նկատմամբ։ Եթէ քո՝ իմ սննդակցի նկատմամբ սէր չունենայի, քո քաղցր արեւը կը կտրէի աչքերիցդ եւ քեզ, ո՜վ նենգ չարագործ, մէջտեղից կը վերացնէի»։ 19Փղապետն այսպէս բարեպատեհ դիպուածով մազապուրծ ազատուեց եղերական պատժից։ Նրա նախկին զուարթութիւնն անհետացաւ, մարդկանց միջից նա հեռացաւ տրտում երեսով։ Հաւաքուած մարդիկ, որոնք իր բարեկամներն էին, գլխիկոր ցրուեցին, ամէն մէկը թոյլտուութիւն ստանալով՝ վերադարձաւ իր տեղը։ 20Երբ եբրայեցիները լսեցին թագաւորի հրամանը, սկսեցին օրհնել մեծազօր Տէր Աստծուն, թագաւորների Թագաւորին, մանաւանդ որ այսպիսի օգնութիւն էին ստացել։ Այն ժամանակ թագաւորն անմիջապէս հրամայեց հրաւիրուածներին, որ վերադառնան խնջոյքը շարունակելու։ 21Նա փղապետին նորից կանչեց, սպառնալով խօսեց նրա հետ ու ասաց. «Ա՜յ թշուառական, քանի՞ անգամ եմ քեզ պատուիրել, որ կազմ ու պատրաստ պահես փղերը։ Գոնէ վաղը թող պատրաստ լինեն հրեաների թշուառական, եղեռնագործ ազգը ոչնչացնելու համար»։ 22Երբ բոլոր նստածները լսեցին դա, առաւել եւս զարմացան թագաւորի յեղյեղուկ մտքի վրայ ու ասացին. «Մինչեւ ե՞րբ, ո՜վ արքայ, մինչեւ ե՞րբ մեզ պիտի փորձես։ Երեք անգամ հրաման ես արձակել այդ յանդուգն ազգը ոչնչացնելու մասին եւ անմիջապէս քո իսկ հրամանը չեղեալ ես յայտարարել։ Այժմ դրա համար բոլոր քաղաքների ժողովուրդները աւելի են վշտացել, քան հէնց իրենք՝ այդ չարագործները»։ 23Մոլորուած արքան այս ամենի պատճառով սկսեց վարանել, շփոթուել ու չհասկացաւ, որ երկնքից է գալիս օգնութիւնը եբրայեցիներին։ Նա նորից երդուեց իր անհաստատ երդումով ու ասաց. «Առանց որեւէ բանից երկմտելու կատաղի գազաններին ոտնատակ անել պիտի տամ նրանց, դժոխք պիտի ուղարկեմ, զօրք պիտի հաւաքեմ, որպէսզի յարձակուենք Հրէաստանի վրայ, փայտակերտ շէնքերը հրդեհենք, կաւաշէն շէնքերը հեղեղենք ջրով, կողոպտենք նրանց ինչքն ու ունեցուածքը եւ ինչ որ կայ նրանց երկրում, նրանց տաճարի պահեստները կրակի մատնենք եւ տաճարն էլ յաւիտեանս զոհերի տան վերածենք»։ 24Հրաւիրուածները, բարեկամներն ու սիրելի ազգականները լսելով այդ հաստատ որոշումը՝ ուրախացած գնացին։ Զօրքին հրաման տրուեց, որ բերդում պաշարուածների վրայ գիշերապահներ ու խրամապահներ նշանակուեն, 25իսկ փղապետը գազաններին խիստ գրգռելով՝ դրանց կազմ ու պատրաստ վիճակի բերեց. նա կնդրուկ, խունկ ու գինի իրար խառնելով՝ խմեցրեց ու գրգռեց դիւային գազաններին յաջորդ օրուայ համար, որպէսզի հրապարակ եկած անթիւ մարդկանց դիակների վերածի։ Նա եկաւ մտաւ սրահը, շտապեցրեց թագաւորին, որ կապկպուած ժողովրդին կոտորեն։ 26Այն ժամանակ թագաւորը ողջ զօրքով ու կատաղած գազանների հետ դուրս եկաւ՝ ցանկանալով իր անյագ աչքերով ու անգութ սրտով տեսնել թշուառ ժողովրդի ցաւալի կոտորածը։ 27Երբ պատրաստուած փղերն ու սպառազէն զինուորները հասան քաղաքի դարպասի մօտ, հրեաները լսեցին զինուորների ոտքերի դոփիւնը, տեսան զէնքերի փայլը, մինչեւ երկինք հասնող փոշու ամպը։ Նրանք լսեցին իրենց շրջապատած ամբոխի աղաղակը։ Դրանից նրանք ուշաթափ էին լինում։ Նրանք կարծում էին, որ իրենց թշուառ կեանքի վերջը հասել է։ Խանդաղատանքով լցուած ողորմելի, խեղճ հայրերն ու մայրերը, զաւակներն ու դուստրերը, քոյրերն ու եղբայրները, ազգակից սիրելի բարեկամները միմեանց պարանոցներին փաթաթուած՝ համբուրւում էին։ 28Մայրերից ոմանք իրենց նորածին երեխաներին գրկած՝ կարծում էին, որ վերջին անգամ են կուրծք տալիս իրենց երեխաներին։ Այս ալեկոծութեան ու տագնապի մէջ հալումաշ եղած վիճակում էլ նրանք յիշում էին երկնքից իջած առաջին օգնութիւնը։ Բոլորը համերաշխ միմեանց էին մօտենում, մանուկների բերաններից հանում էին իրենց ստինքները, բոլորն իրենց մեծ Աստծու առաջ երեսի վրայ ընկած՝ թաւալւում էին։ Բարձրացնելով իրենց ձայնը՝ ողբագին լացով աղաչում էին Ամենազօր եւ Ամենակալ Աստծուն, որ նա մեծ ողորմածութեամբ գթայ, փրկի յուսալքուածներին, դժոխքի դուռը հասածներին։ 
6 Քահանաների սերնդից Եղիազար անունով երեւելի մի մարդ, որ արդէն ծերութեան էր հասել, եւ որի կեանքը մանկութիւնից քաջութեամբ ու արդարութեամբ էր զարդարուած, իր շուրջը համախմբեց մի քանի ծերունիների, հանգստացրեց նրանց եւ սուրբ Աստծուն դիմելով՝ աղօթեց այսպիսի խօսքերով. 2«Մեծազօր թագաւոր, բարձրեալ եւ Ամենակալ Աստուած, որ քո բոլոր ստեղծածներին առաջնորդում եւ ուղղում ես քո ողորմած գթութեամբ, նայի՛ր Աբրահամի զաւակների, սուրբ Իսահակի ու Յակոբի որդիների՝ քո բաժին ժառանգութեան վրայ, որոնք օտար երկրում օտար ժողովրդի ձեռքին կորստի են մատնւում։ 3Դու այն Աստուածն ես, որ եգիպտական Փարաւոնին իր բազմաթիւ մարտակառքերով, երիվարներով ու զինուորներով՝ գոռոզ ու ամբարտաւան եգիպտական զօրքի հետ միասին ծովասոյզ անելով՝ կորստեան մատնեցիր։ 4Դու ես, որ կոտորեցիր Ասորեստանի պարծենկոտ Սանատրուկ արքայի զօրքը, որը մի սրով ու մի տէգով գրաւել, նուաճել էր ամբողջ Հրէաստան երկիրը։ Նա ինքնահաւան խօսքերով գոռոզացել էր, սպառնացել, թէ յանդուգն զայրոյթով եւ մեծ նախատինքով կը յարձակուի նաեւ սուրբ քաղաքի վրայ։ Դու, Տէ՛ր, հարուածեցիր, կոտորեցիր ու կործանեցիր նրան եւ բոլոր հեթանոսներին ցոյց տուեցիր քո բազկի ուժը։ 5Դու փրկեցիր երեք մանուկներին, որոնք Բաբելացիների երկրում սնոտի աստուածներին չերկրպագելու համար իրենք իրենց ինքնակամ կերպով հրի էին մատնել, որպէսզի նրանց մազի մի թելին անգամ կրակ չդիպչի։ Դու հրոյ ճարակ դարձրիր թշնամուն։ 6Դու ես, որ անվնաս պահեցիր եւ գբից հանեցիր Դանիէլին, որը նենգ վրէժխնդրութեան պատճառով յանձնուած էր կատաղած գազանների երախին։ 7Դու ես, որ տեսար եւ անդունդներից հանեցիր այն հիւրին, որ մաշւում էր ձկան որովայնում, եւ անվնաս բերեցիր յանձնեցիր իր ընտանիքին։ 8Դու, ո՜վ Հայր, որ ատում ես ամբարտաւաններին, որ բարեսէր ես, որորմած, բոլորի ապաւէն, շտա՛պ յայտնուիր իսրայէլացիներին, որոնք պիղծ ու անօրէն հեթանոսների ձեռքին չարաչար կորստեան են մատնւում։ 9Իսկ եթէ մեր ամբարիշտ կեանքը այսպիսի սպառնալիքներով է վախճան ունենալու, ապա գոնէ թշնամիների ձեռքից ազատի՛ր եւ յետոյ, ինչպիսի սոսկալի պատուհասներով էլ ցանկանաս պատժել մեզ, պատժի՛ր, որպէսզի դատարկամիտ ու ունայնախոհ հեթանոսները մեզ կոտորելով չպարծենան իրենց սնոտի աստուածների առաջ ու չասեն, թէ՝ «Անգամ իրենց Աստուածը նրանց չփրկեց մեր ձեռքից»։ 10Դու, որ բոլոր զօրութիւնները, իշխանութիւնները եւ պետութիւնները յաւիտեանս պահում ես քո ձեռքում, ո՜վ անուշ, անմահ ու ողորմած Աստուած, ողորմի՛ր, գթա՛ մեզ, որ այսպիսի անօրէն թշնամութեամբ մահուան անիմաստ պատիժ կրելով՝ կեանքից զրկուելով մահուան չմատնուենք իբրեւ չարագործներ։ 11Քո ամենայաղթ զօրութիւնը թող հալեցնի, մաշեցնի հեթանոսներին, որովհետեւ Յակոբի տոհմի փրկութիւնը քո պատիւն է։ 12Ահա մատղաշ երեխաները, նրանց հայրերն ու մայրերը խումբ-խումբ ծնկի եկած, արցունք թափելով աղաչում են, որ բոլոր հեթանոսներին ցոյց տաս, թէ դու մեր նկատմամբ ողորմած ես, որ, ո՜վ մեր Տէր, դու մեզ հետ ես ու երես չես թեքել մեզանից, ինչպէս առաջ էլ խոստացել էիր, թէ մեր թշնամիների երկրում չես լքի մեզ։ Արդ, քո նոյն այդ խոստումը կատարի՛ր, ո՜վ Տէր»։13Երբ Եղիազարն իր այս աղօթքը ուղղում էր Աստծուն, խիստ զայրացած թագաւորը գազաններով ու զօրքով եկաւ հրապարակ։ Եբրայեցիները, տեսնելով դա, իրենց աչքերը վեր բարձրացրին եւ բարձր ձայնով աղաղակեցին դէպի երկինք։ Աղաղակի այս ձայնին արձագանքեցին բոլոր լեռներն ու հովիտները։ Երկու կողմերի աղմուկ-աղաղակից սաստիկ խռովութիւն բարձրացաւ զօրքի մէջ։ 14Այդ ժամին Բարձրեալը՝ փառաւոր, մեծապատիւ, ամենակալ, ճշմարիտ Աստուած, ցոյց տուեց իր երեսը։ Նա բաց արեց երկնքի դռները, որտեղից եկան իջան երկու ահեղ, փառաւոր ու աներեւոյթ հրեշտակներ, որոնք, բացի հրեաներից, ոչ ոքի չէին երեւում։ 15Նրանք ելան թշնամիների դէմ, զօրքը խռովքի մատնեցին, ահ ու դողի մէջ գցեցին նրանց եւ բոլորին առհասարակ կաշկանդեցին, անշարժ պահեցին։ Թագաւորի մարմինն ու ոսկորները սոսկալի դողում էին, փշաքաղւում։ Կատաղութեան խիստ սպառնալիքը եւ զայրոյթը խելագարեցրել էին նրան։ Ապա գազանները յարձակուեցին զինուած զօրքի վրայ, նրանցից շատերին ոտնակոխ անելով՝ սպանեցին։ 16Նոյն տեղում թագաւորի զայրոյթն ու խստութիւնը անմիջապէս փոխուեցին արտասուքի ու գութի նախկինում իր ցոյց տուած յամառութեան ու խստութեան համար, որովհետեւ երբ լսեց նրանց աղաղակն ու յիշեց բազմութեան կոտորածը, վրդովուեց, արցունքներ թափեց, խստութեամբ սկսեց խօսել բարեկամների հետ ու ասաց. 17«Դուք չափն անցկացրիք, բռնութիւններ գործեցիք, ուզում էք թագաւոր դառնալ, ուզում էք իմ երախտիքների փոխարէն ինձ առհասարակ իշխանութիւնից զրկել։ Դուք՝ առաքինի խորհրդականներդ, ինձ խելքից հանեցիք եւ խորամանկութեամբ ուզեցիք անել այն, ինչ օգտակար չէ մեր պետութեանը։ 18Այդ ո՞վ է, որ ուզում է սասանել մեր հզօր ու հաստատուն աշտարակը՝ մեր ուխտի աւանդապահներին, ո՞վ է, որ սրանցից իւրաքանչիւրին իրենց բնակավայրերից կտրելով, իբրեւ չարագործ գազանների, հաւաքել ու պաշարուած պահում է այստեղ։ Ո՞վ է, որ այս մարդկանց պահում է կապած-կապկպած, անասելի տանջանքների ենթարկում, պաշարուած պահում, երբ սրանք, արդարամտութեանը հաւատարիմ մնալով, բազմաթիւ պատերազմների ու յուզումների ժամանակ սկզբից եւեթ մեր նկատմամբ աւելի հաւատարիմ ու արդար են եղել, քան միւս ազգերը։19Քանդեցէ՛ք, արձակեցէ՛ք այդ անօրէն կապանքները, ամէն մէկին խաղաղութեամբ իր բնակավայրն ուղարկեցէ՛ք, նախկինում պատճառած լլկանքների փոխարէն մխիթարեցէ՛ք կենդանի Երկնաւորի՝ Ամենակալ Աստծու որդիներին, որը մեր նախնիներից սկսած մինչեւ այսօր մեզ տուել է հզօր իշխանութիւն ու հաստատուն իրաւունքներ»։ Թագաւորն այսպիսի խօսքերով յայտնեց իր միտքը։20Եբրայեցիները անմիջապէս, մի ակնթարթում արձակուելով իրենց կապանքներից՝ օրհնեցին իրենց ամենակալ փրկիչ սուրբ Աստծուն, որ իրենք անհաւատալի կերպով մազապուրծ ազատուել են մահուանից։21Թագաւորը եբրայեցիներին այս ազատութիւնը տալուց յետոյ մտաւ քաղաքամէջ, հրամայեց կանչել ծախսերի գրագրին ու ասաց. «Գինի, ընտիր ալիւր եւ ինչ որ պէտք է եօթը օրուայ ուրախութեան հանդէսի համար, բեր մատուցի՛ր հրեաներին»։ Հրաման տրուեց, որ այնտեղ, ուր պէտք է կատարուէր նրանց կոտորածի նախճիրը, նոյն տեղում փրկութեան առիթով եօթը օր ուրախութիւն կատարուի։ 22Այն ժամանակ, երբ նրանք նախատինքի, ծաղրուծանակի ենթարկուելով՝ եկել հասել էին մահուան դուռը, նոյնիսկ մտել էին դժոխքի դռնից ներս, այժմ այդ դառն օրհասի փոխարէն ուրախութեան խնջոյք էին կատարում այն նոյն փրկութեան վայրում, որտեղ սպասում էին կոտորուելու ու մահուան վիհն ընկնելու։ Այժմ, խմբերի բաժանուած, ուրախութեամբ լի, ամէն մէկն իր տեղը գնաց։ 23Նրանք արտասուալից ողբերի փոխարէն իրենց մայրենի լեզուով սկսեցին օրհնել հրաշագործ, փրկիչ Աստծուն։ Մոռացան լացն ու կոծը։ Ի նշան խաղաղութեան ու ցնծութեան, նրանք ուրախ պարեր էին պարում։ 24Այս ձեւով թագաւորն էլ մեծ տաճարում ժամ նշանակելով՝ անսահման ուրախութեամբ հրամայեց ներս կանչել կոչնականներին։ Նա անդադար աղօթելով ու երկինք նայելով՝ ժողովրդի անակնկալ եւ սքանչելի փրկութեան համար օրհնում էր Աստծուն։ Ովքեր առաջ ժողովրդին ուզում էին ուրախութեամբ գազանների ու գիշատիչ թռչունների կեր դարձնել, այժմ ամօթից ու իրենց մեղաւոր զգալուց հառաչում, իրենց հրաբորբոք բարկութիւնը իջեցնում եւ ցնծում էին անզուսպ ուրախութեամբ։ 25Իսկ հրեաները, ինչպէս քիչ առաջ ասացինք, եօթը օր ուրախութեան պարեր պարելով եւ զուարճանալով՝ օրհնում էին Աստծուն։ 26Ընդհանուր համաձայնութեամբ օրէնք սահմանեցին, որ իրենց բնակութեան բոլոր վայրերում այդ օրերը ուրախութեամբ անցկացնեն։ Դա ոչ թէ իրենց հպարտութեանը կամ որկրամոլութեանը յագուրդ տալու համար էր, այլ գոհութիւն յայտնելու Աստծուն՝ նրա պարգեւած փրկութեան համար։ 27Որոշեցին այդ օրերը դասել իրենց տարեկան տօների շարքը։ Դրանից յետոյ խնդրեցին թագաւորին, որ թոյլ տայ իրենցից ամէն մէկին մեկնելու իր բնակավայրը։ Քառասուն օր՝ Պաքոն ամսի քսանհինգից մինչեւ Եպիփոս ամսի չորսը, ցուցակ կազմեցին։ 28Որոշեցին նոյն տեղում, Եպիփոս ամսի հինգից սկսած երեք օրուայ ընթացքում կազմել ծախսերի ցանկը, երբ Աստուած առատաձեռն կերպով իր ողորմածութիւնն էր պարգեւել եւ նրանց բոլորին անվնաս պահել։29Ուրախացան, որ թագաւորը հրամայել է մինչեւ տասնչորսերորդ օրը խնջոյքի պատրաստութիւններ տեսնել, որից յետոյ նա պիտի տար իրենց ազատ արձակելու վճիռը։ Թագաւորը յանձն առաւ եւ հրամայեց, որ բոլոր քաղաքների զօրավարներին ուղարկուեն այսպիսի հրովարտակներ. 
7 «Եգիպտոսի Փիլոպատոր Պտղոմէոս արքան ողջունում է արքունի բոլոր իշխաններին եւ արքունի գործերի զօրավարներին ու պետերին։ Ուրա՛խ եղէք, որ մենք մեր որդիների, եղբայրների ու բոլոր զօրքի հետ ողջ-առողջ ենք, որ Աստուած մեր գործերը յաջողութեամբ է կատարում այնպէս, ինչպէս մենք ենք ուզում։ 2Արդ, մեր այստեղի մերձաւոր բարեկամներից ոմանք, իրենց չարամտութիւնից դրդուած, չարախօսութեամբ զբաղուեցին. նրանք մեզ գրգռեցին այնքան, մինչեւ որ համոզեցին մեզ, որ հրաման տանք հաւաքել մեր իշխանութեան տակ գտնուող բոլոր հրեաներին, կուտակել մի տեղ, որպէսզի նորահնար տանջանքների ենթարկելով կոտորենք նրանց։ 3Նրանք մեզ բոլորովին թոյլ չտուեցին հրաժարուել այդ մտքից՝ պատճառաբանելով, որ նրանք թշնամանք են տածում բոլոր հեթանոսների դէմ։ Ի վերջոյ ոմանց իբրեւ օտարների, մանաւանդ իբրեւ չարագործների հաւաքեցին, բերեցին կապկպած, բազմաթիւ լլկանքների ու տանջանքների ենթարկեցին։ Նրանք մտադիր էին առանց հարցուփորձի ու քննութեան ենթարկելու՝ բոլորին միանգամից կոտորել։ Նրանց համակել էր մի աւելի վայրենի զգացում, քան բարբարոսների վայրագութիւնը։ 4Բայց մենք, մեր սովորութեանը համաձայն, նրանց խստագոյնս պատժեցինք։ Մարդասիրական գութ ցուցաբերելով հրեաների նկատմամբ՝ մենք նրանց կեանք շնորհեցինք։ Մենք դաւանում ենք երկնաւոր Աստծուն, որովհետեւ նոյն ձեւով նա օգնական եղաւ հրեաներին, ինչպէս հայրն է վերաբերւում իր որդիներին։ 5Սրանք սիրով ու միաբանութեամբ մեզ հաւատարիմ են եղել հին ժամանակներից մինչեւ այսօր, դրա համար էլ հրաման տուեցինք ազատ արձակել նրանց եւ ներեցինք նրանց այն բոլոր վնասները, որ պատճառել են մեզ։ Հրաման տուեցինք նաեւ, որ նրանք բոլորը տէր դառնան այն ամենին, ինչ ունեցել են, որպէսզի նրանցից ոչ ոք իր ունեցածից չզրկուի։ Ոչ ոք թող չհամարձակուի նրանց նախատել իրենց կատարած արարքների համար։ 6Իմացէ՛ք հետեւեալը. եթէ նրանց նկատմամբ դաւեր նիւթենք կամ վշտացնենք, մեղանչած կը լինենք ոչ թէ առհասարակ մարդու նկատմամբ, այլ Աստծու, որ տիրում է ամէն տեսակ զօրութիւնների ու մեծութիւնների։ Այդպիսին անվրէպ ու ամէն տեսակ հատուցում կը ստանայ ոչ թէ մարդկանցից, այլ՝ Բարձրեալից։ Ո՛ղջ եղէք»։ 7Երբ հրեաներն ստացան այս հրովարտակը, ոչ թէ անմիջապէս հեռացան, այլ թագաւորի մօտ գնացին ու խնդրելով ասացին. «Հրեաների միջից ով ինքնակամ ուրացել է սուրբ Աստծուն ու հրաժարուել Աստծու օրէնքներից, հրաման թող տրուի, որ նրանց յանձնեն մեր ձեռքը, որպէսզի ըստ օրէնքի արժանի պատիժ տրուի նրանց»։ Ի յաւելումն դրա՝ նաեւ ասացին. «Եթէ կան մարդիկ, որոնք իրենց կեանքից վախենալով կամ որկրամոլութիւնից դրդուած՝ հրաժարուել են իրենց նախնիների օրէնքներից, արքունի դատարանում իրենց յօժարութեան համար արդարանալ երբեք չեն կարող»։ 8Թագաւորը դա իրաւացի համարեց եւ նրանց իրաւունք տուեց, որ եթէ թագաւորի իշխանութեան տակ գտնուող որեւէ մի տեղ գտնեն Աստծու օրէնքներից հրաժարուած մէկին, ապա թող նրան սպանեն համարձակութեամբ։ Ոչ ոք թող չընդդիմանայ դրան արքունիքի անունից սպառնալով։ 9Այն ժամանակ քահանաները, նրանց հետ նաեւ ամբողջ ժողովուրդը, ինչպէս կարգն է, գոհութիւն յայտնեցին, օրհնեցին եւ իրենց խօսքի վերջում օրհնութիւնն աւարտեցին ալէլուիայով։ Նրանք ցնծութեամբ եւ ուրախութեամբ երկրպագեցին ու հրաժեշտ տուեցին թագաւորին։ 10Երբ ճանապարհ ընկան նրանք, խայտառակ տանջանքների ենթարկելով՝ սպանեցին բոլոր նրանց, ովքեր նախկինում հրաժարուել էին իրենց օրէնքներից, անօրէնութեամբ պղծուել եւ հեռացել էին իրենց ցեղակիցներից։ Այդտեղ, մի օրում սպանուեց աւելի քան երեք հարիւր մարդ։ Այդ օրն ուրախութիւն արեցին, որովհետեւ իրենց օրէնքներից հրաժարուած պիղծ, անօրէն մարդկանց բռնելով՝ սպանել էին, որովհետեւ իրենք, իրենց Աստծու ողորմածութեամբ, մահուան դռնից էին ազատուել։11Այդ քաղաքից դուրս գալով՝ նրանք գնացին տարբեր տեսակի անուշահոտութիւններով օծուած, գոյնզգոյն ծաղիկներով պսակուած, ուրախ ու զուարթ, քաղցր ձայնով գոհութիւն մատուցեցին իրենց հայրերի Աստծուն՝ Իսրայէլի յաւիտենական Փրկչին։ 12Երբ եկան հասան պտղոմէացիների Վարդաբերք քաղաքը, որն այսպէս էր կոչւում այդ վայրի պայծառութեան պատճառով, նրանց սպասում էին այն նաւերը, որոնցով եկել էին այստեղ։ Բոլորի համաձայնութեամբ նրանք եօթը օր մնացին այստեղ, ուրախութիւն արեցին, որովհետեւ թագաւորը հրամայել էր ճանապարհի պաշարը հոգալ առատօրէն, մինչեւ որ ամէն մէկն իր բնակավայրը հասնէր։ 13Երբ իրենց տեղերը հասան, նրա պարգեւներին արժանի գոհութիւն յայտնեցին։ Նորից հաստատեցին իրենց այն որոշումը, որ այդ օրը նոյնպէս դասուի տարեկան տօների շարքը եւ ուրախութիւն կատարուի։ Նուէրներ մատուցեցին, ուրախութեան վայրերում յուշարձաններ կանգնեցրին եւ այդ օրը դասեցին տարեկան տօների շարքը։ 14Հաւաքուեցին մի տեղ, աղօթք ու գոհութիւն մատուցեցին, յետոյ ողջ-առողջ, անվնաս, ազատ, ուրախ ու զուարթ միմեանց հրաժեշտ տուեցին, Տիրոջ թոյլտուութեամբ եւ թագաւորի հրամանով ամէն մէկը ծովով, ցամաքով եւ գետերի վրայով գնաց իր բնակավայրը։ 15Նրանք, որ առաջ թշնամու ձեռքի տակ էին, այժմ իշխանական փառքով ու շուքով էին վերադառնում։ Այսուհետեւ ոչ ոք չէր կարող նրանց անհանգստացնել։ Նրանք ստացան ցուցակագրուած իրենց ամբողջ ինչքն ու ունեցուածքը, որովհետեւ ում մօտ ինչ որ մնացել էր, բոլորն ահ ու սարսափով բերեցին յանձնեցին տէրերին՝ մեծն Աստծու փրկութեանն արժանանալու համար։Օրհնեալ է Աստուած, որ Իսրայէլը փրկում է ամէն ինչից՝ բոլոր տեսակի նեղութիւններից ու վշտերից։ Նրան փառք, պատիւ եւ զօրութիւն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։ 16

 







Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...



Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

  • WISHES FOR ARMENIA
    y how to buy propecia watch finasteride: http://pr...
    Автор: Davidemode
  • WISHES FOR ARMENIA
    r buy generic cialis door http://cialisbill.com si...
    Автор: Gregorytut
  • WISHES FOR ARMENIA
    e best personal loans light personal loans online:...
    Автор: Jamesprifs

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Тыква с чечевицей

Тыква с чечевицейОчищенную тыкву нарезать кусками, положить в кастрюлю и...

Молочный кисель (магалепи)

Молочный кисель (магалепи)Молоко вскипятить, снять с огня и охладить до...

Мясной суп с просвирняком и рисом

Мясной суп с просвирняком и рисомПриготовить бульон из говядины и...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта