ԴԱՆԻԷԼ

(1 голос, среднее 5.00 из 5)
Индекс материала
ԴԱՆԻԷԼ
2
Все страницы

Դանիէլ


1 Բաբելոնում բնակուող մի մարդ կար. նրա անունը Յովակիմ էր. 2նա ամուսնացաւ Շուշան անունով մի կնոջ՝ Քեղկիայի դստեր հետ, որը շատ գեղեցիկ էր եւ աստուածավախ։ 3Նրա ծնողները արդար էին եւ իրենց դստերը դաստիարակել էին Մովսէսի օրէնքներով։ 4Յովակիմը շատ հարուստ էր. նա մի այգի ունէր իր ապարանքի մօտ։ Հրեաները հաւաքւում էին նրա տանը, որովհետեւ նա բոլորից աւելի անուանի էր։5Մի անգամ երեւացին այդ ժողովրդից երկու ծերունիներ, որոնք այդ տարուայ դատաւորներն էին, եւ որոնց մասին Տէրն ասաց. «Անօրէնութիւնը սկիզբ առաւ Բաբելոնից՝ ծեր դատաւորներից, որոնք կոչուած էին ժողովրդին առաջնորդելու»։ 6Նրանք մշտապէս լինում էին Յովակիմի տանը, եւ բոլորը գալիս էին նրանց մօտ՝ դատաստանի։ 7Եւ կէսօրին, երբ ժողովուրդը մեկնում էր, Շուշանը ներս էր մտնում եւ զբօսնում իր ամուսնու այգում։ 8Երկու ծերունիները միշտ տեսնում էին նրան, որ նա այգի էր մտնում ու զբօսնում, եւ ցանկացան նրան։ 9Նրանք շեղեցին իրենց միտքը ու թեքեցին իրենց աչքերը՝ երկինք չնայելու եւ չյիշելու համար արդար դատաստանները։ 10Երկուսն էլ գրաւուել էին նրանով, բայց միմեանց չէին պատմում իրենց ցաւերը, 11որովհետեւ ամաչում էին խոստովանել իրենց ցանկութիւնը, քանի որ ուզում էին լինել նրա հետ 12եւ շատ յաճախ սպասում էին՝ նրան տեսնելու համար։13Նրանք ասացին միմեանց. «Գնանք տուն, որովհետեւ ճաշի ժամ է»։ Ելան, բաժանուեցին իրարից 14եւ նորից եկան նոյն տեղը միմեանց մօտ. իրար հարցնելով ետ գալու պատճառը՝ նրանք խոստովանեցին իրենց ցանկութիւնը։ Ապա պայմանաւորուեցին, թէ ե՛րբ կարող են նրան մենակ գտնել։ 15Եւ մի օր, երբ սպասում էին նրան, նա եկաւ, մտաւ այգի ինչպէս երէկ եւ նախորդ օրը՝ միայն թէ երկու աղջիկների հետ։ Նա ուզեց լողանալ այնտեղ, այգում, որովհետեւ տօթ էր.16այնտեղ ոչ ոք չկար, բացի երկու թաքնուած ծերունիներից, որոնք սպասում էին նրան։ 17Շուշանն ասաց աղջիկներին. «Գնացէ՛ք, իւղ եւ օճառ բերէ՛ք ինձ համար եւ փակեցէ՛ք այգու դռները, որպէսզի լողանամ»։ 18Նրանք արեցին, ինչպէս ասաց նրանց. փակեցին այգու դռները եւ դուրս եկան՝ բերելու ինչ որ հրամայել էր նրանց։ Ծերունիներին չտեսան, քանի որ թաքնուած էին։ 19Եւ այնպէս եղաւ, որ երբ աղջիկները դուրս եկան, երկու ծերունիները վեր կացան, գնացին դէպի Շուշանը եւ ասացին. 20«Ահա այգու դռները փակ են, եւ չկայ ոչ ոք, որ մեզ տեսնի, իսկ մենք ցանկանում ենք քեզ. ուստի եկ համաձայնուի՛ր ու եղի՛ր մեզ հետ, 21ապա թէ ոչ քո մասին մենք կը վկայենք, որ մի պատանի կար քեզ հետ, եւ դրա համար էլ աղջիկներին հեռացրիր քեզանից»։ 22Շուշանը հոգոց հանեց եւ ասաց. «Տագնապ է պատել ինձ չորս կողմից. եթէ այդպէս վարուեմ, այդ մահ է ինձ համար, իսկ եթէ այդպէս չանեմ, չեմ փրկուի ձեր ձեռքից։ 23Բայց աւելի լաւ է, որ ես այդպէս չանեմ եւ չընկնեմ ձեր ձեռքը, քան թէ մեղք գործեմ Տիրոջ առաջ»։ 24Եւ Շուշանը բարձրաձայն աղաղակեց, նրա հետ աղաղակեցին եւ երկու ծերունիները, 25իսկ նրանցից մէկը գնաց ու բացեց այգու դռները։ 26Երբ տնեցիները այգուց լսեցին ճիչը, դռան կողմից ներս մտան՝ տեսնելու, թէ ինչ է պատահել նրան։ 27Եւ երբ ծերունիներն ասացին իրենց խօսքը, ծառաները շատ ամաչեցին, որովհետեւ երբեք այդպիսի բաներ չէին ասուել Շուշանի մասին։ 28Երբ յաջորդ առաւօտեան ժողովուրդը եկաւ նրա ամուսնու՝ Յովակիմի մօտ, եկան նաեւ երկու ծերունիները Շուշանի նկատմամբ անօրէն մտադրութեամբ՝ սպանելու նրան, 29եւ ասացին ժողովրդի առաջ. «Մա՛րդ ուղարկեցէք կանչելու Քեղկիայի դստերը՝ Շուշանին, որ Յովակիմի կինն է։ Եւ նրանք մարդ ուղարկեցին։ 30Եկաւ Շուշանը, եկան նաեւ նրա ծնողները, նրա որդիներն ու բոլոր ազգականները։ 31Շուշանը շատ նազելի էր եւ տեսքով գեղեցիկ։ 32Եւ քանի որ ծածկուած էր շղարշով, անօրէնները հրամայեցին մերկացնել նրան, որպէսզի յագենան նրա գեղեցկութեամբ։ 33Լաց էին լինում իւրայիններն ու բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին նրան։ 34Ժողովրդի միջից վեր կացան երկու ծերունիները եւ իրենց ձեռքերը դրին նրա գլխին. 35նա լաց լինելով նայեց դէպի երկինք, որովհետեւ նրա սիրտը ապաւինել էր Տիրոջը։ 36Երկու ծերունիներն ասացին. «Մինչ մենք մենակ զբօսնում էինք այգում, նա այնտեղ մտաւ երկու աղջիկների հետ, փակեց այգու դռներն ու արձակեց աղջիկներին։ 37Մի պատանի, որ թաքնուած էր, եկաւ նրա մօտ ու եղաւ նրա հետ, 38իսկ մենք այգու անկիւնում էինք. երբ տեսանք անօրէնութիւնը, մօտեցանք նրանց եւ տեսանք նրանց իրար հետ լինելը։ 39Պատանուն չկարողացանք բռնել, որովհետեւ մեզանից աւելի ուժեղ էր. նա բացեց դուռը եւ դուրս փախաւ։ 40Սրան, որ բռնեցինք, հարցրինք, թէ ո՞վ էր պատանին։ Նա չուզեց պատմել մեզ։ Ահա այս ենք վկայում»։ 41Ատեանը հաւատաց նրանց՝ որպէս ժողովրդի աւագների եւ դատաւորների, եւ մահուան դատապարտեցին Շուշանին։ 42Շուշանը բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ո՛վ դու յաւիտենական, ծածկագէ՛տ Աստուած, որ գիտես ամէն ինչ՝ նախքան դրանց տեղի ունենալը։ 43Դու գիտես, որ սուտ են վկայում իմ մասին. ահա ես մեռնում եմ, ես, որ չեմ արել այն, ինչով նրանք ամբաստանում են ինձ։ 44Եւ Տէրը լսեց նրա ձայնը։ 45Մինչ նրան տանում էին սպանելու, Աստուած Սուրբ Հոգին արթնացրեց մի պատանու մէջ, որի անունն էր Դանիէլ։ 46Սա բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Ես անպարտ եմ դրա արեան մեղքից»։ 47Ամբողջ ժողովուրդը շրջուեց դէպի նա. ասացին. «Այդ ի՞նչ խօսք է, որ դու ասացիր»։ 48Եւ նա կանգնեց նրանց մէջ ու ասաց. «Այդպէս անխե՞լք էք, Իսրայէլի՛ որդիներ. չէք քննում, ճշմարտութեանը հասու չէք լինում եւ դատապարտո՞ւմ էք Իսրայէլի դստերը։ 49Վերադարձէ՛ք ատեան, որովհետեւ դրանք սուտ վկայութիւն տուին նրա մասին»։ 50Եւ ժողովուրդը անմիջապէս վերադարձաւ։ Ծերունիներն ասացին պատանուն. «Ե՛կ, նստի՛ր մեր մէջ եւ պատմի՛ր մեզ, որովհետեւ Աստուած աւագութիւն տուեց քեզ»։ 51Դանիէլը ասաց նրանց. «Բաժանեցէ՛ք դրանց իրարից եւ քննեցէ՛ք դրանց»։ 52Երբ նրանք հեռացան իրարից, կանչեց նրանցից մէկին եւ ասաց նրան. «Այ դո՛ւ, որ ծերացել ես չարութեան մէջ, այժմ քո մեղքերը, որ գործում էիր նախապէս, ահա եկան հասան իրենց վախճանին, 53քանի որ դատերը անիրաւութեամբ էիր վարում, դատապարտում էիր անմեղներին եւ վնասարարներին ազատ արձակում, մինչդեռ Աստուած ասել էր, որ անմեղներին եւ արդարներին չսպանես։ 54Իսկ արդ, եթէ դրանց տեսար, ո՞ր ծառի տակ հասար դրանց, մինչ խօսում էին իրար հետ»։ Եւ նա ասաց. «Հերձենու տակ»։ 55Դանիէլն ասաց. «Սուտդ գլխի՛դ դիպչի, լաւ ստեցիր։ Ահա Աստծու հրեշտակը հրաման ստանալով՝ քեզ կը հերձի մէջտեղից»։ 56Եւ դուրս արեց նրան։ Հրամայեց բերել միւսին եւ ասաց նրան. «Զաւա՛կ Քանանի եւ ոչ Յուդայի. նրա գեղեցկութիւնը հրապուրեց քեզ, եւ քո սիրտը տենչաց նրան։ 57Դուք այդպէս էիք վարւում Իսրայէլի դուստրերի հետ, եւ նրանք վախից տրւում էին ձեզ. Յուդայի այդ դուստրը, սակայն, յանձն չառաւ ձեր անօրէնութիւնը։58Իսկ արդ, ճի՛շտն ասա, երբ նրանք խօսում էին միմեանց հետ, ո՞ր ծառի տակ հասար նրանց»։ Եւ նա ասաց. «Սղոցենու տակ»։ 59Դանիէլն ասաց նրան. «Քո սուտն էլ քո գլխին դիպչի, լաւ սուտ խօսեցիր։ Ահա մերկ սուրը ձեռքին կանգնած է Աստծու հրեշտակը՝ քեզ մէջտեղից սղոցելու համար, որպէսզի սատկեցնի քեզ»։ 60Ամբողջ ժողովուրդը աղաղակեց բարձր ձայնով, օրհնեց Աստծուն, որ փրկում է իր վրայ յոյս դնողներին։ 61Եւ յարձակուեցին երկու ծերունիների վրայ, քանի որ Դանիէլը իրենց իսկ բերանով, որպէս սուտ վկաների, խայտառակեց նրանց։ Եւ ըստ Մովսէսի օրէնքի նրանց հետ վարուեցին այնպէս, ինչպէս վարւում են նրանց հետ, ովքեր մտադրւում են չարութիւն անել իրենց ընկերոջը. 62եւ սպանեցին նրանց։ Այդ օրը արդար արիւնը փրկուեց։ 63Իսկ Քեղկիան եւ նրա կինը, Շուշանի ամուսին Յովակիմի եւ բոլոր ազգականների հետ, օրհնեցին Աստծուն իրենց դստեր՝ Շուշանի համար, քանի որ գարշելի ոչինչ չգտնուեց նրա մէջ։ 64Եւ Դանիէլը այդ օրը ու դրանից յետոյ մեծ եղաւ ժողովրդի առաջ։ 
2 Յուդայի երկրի Յովակիմ արքայի թագաւորութեան երրորդ տարում բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան եկաւ Երուսաղէմ 2եւ պաշարեց այն։ Տէրը Յուդայի երկրի Յովակիմ արքային եւ Աստծու Տան սպասքի մի մասը տուեց նրա ձեռքը։ Նաբուքոդոնոսորը նրան տարաւ իր աստծու տունը՝ Սենաար, իսկ սպասքը դրեց իր աստծու գանձատունը։ 3Թագաւորը իր ներքինապետ Ասփանէզին ասաց, որ գերի իսրայէլացիների միջից, թագաւորական տոհմից եւ ազնուականներից 4առանց արատի, դէմքով գեղեցիկ, ամէն իմաստութեան խելահաս, գիտութեանը հմուտ, խելացիութեամբ օժտուած եւ թագաւորական պալատում սպասաւորելու ունակ մանուկներ բերի եւ սովորեցնի նրանց քաղդէացիների լեզուն եւ դպրութիւնը։ 5Թագաւորը նրանց համար սահմանեց ամենօրեայ ուտելիքի բաժին արքայական սեղանից եւ այն գինուց, որ ինքն էր ըմպում, հրամայեց սնել նրանց երեք տարի եւ յետոյ կանգնեցնել թագաւորի առաջ։ 6Նրանց մէջ էին Յուդայի երկրի որդիներից Դանիէլը, Անանիան, Միսայէլը եւ Ազարիան։ 7Ներքինապետը Դանիէլին անուանեց Բաղդտասար, Անանիային՝ Սեդրակ, Միսայէլին՝ Միսակ եւ Ազարիային՝ Աբեդնագով։ 8Դանիէլը որոշեց չճաշակել թագաւորի սեղանից եւ ոչ էլ խմել այն գինուց, որ նա էր խմում, եւ խնդրեց ներքնապետին թոյլ տալ, որ ինքը չուտի։ 9Աստուած այնպէս արեց, որ Դանիէլը գութ եւ շնորհ գտաւ ներքինապետի մօտ։ 10Ներքինապետն ասաց Դանիէլին. «Ես վախենում եմ իմ տէր արքայից, որ այդ կերակուրն ու ըմպելիքը սահմանեց ձեզ համար. թերեւս ձեր դէմքը աւելի դալուկ տեսնի, քան ձեզ հասակակից ուրիշ մանուկներինը, եւ դուք ինձ գլխով պարտական կը դարձնէք թագաւորի առաջ»։11Դանիէլն ասաց Ամելասադին, որին ներքինապետը վերակացու էր նշանակել Դանիէլի, Անանիայի, Միսայէլի եւ Ազարիայի վրայ. 12«Արի՛ տասը օր փորձի՛ր քո ծառաներին, եւ թող մեզ ընդեղէն տան, որ ուտենք, եւ ջուր, որ խմենք։ 13Եւ կ՚երեւան քեզ մեր եւ այն մանուկների գոյները, որոնք ուտում են թագաւորի սեղանից։ Եւ ինչպէս որ դու տեսնես, ըստ այնմ էլ վարուի՛ր քո ծառաների հետ»։ 14Ամելասադն անսաց նրանց ու փորձեց նրանց տասն օր։ 15Երբ վերջացան տասը օրերը, նրանց դէմքերը նրան աւելի լաւ երեւացին, իսկ նրանք մարմնով աւելի հզօր, քան բոլոր այն մանուկները, որոնք ուտում էին թագաւորի սեղանից։ 16Ամելասադը վերցնում էր նրանց ընթրիքն ու խմելու գինին եւ չորս մանուկներին ընդեղէն էր տալիս։ 17Աստուած նրանց խելք եւ իմաստութիւն տուեց ամէն տեսակի դպրութեան եւ իմացութեան մէջ։ Դանիէլը խելամուտ էր հասկանալու ամէն տեսակ տեսիլքներ ու երազներ։ 18Իսկ երբ ժամանակը լրացաւ, թագաւորը հրամայեց բերել նրանց։ Ներքինապետը նրանց բերեց Նաբուքոդոնոսորի առաջ, եւ արքան խօսեց նրանց հետ։ 19Բոլորի մէջ չգտնուեց ոչ ոք, որ նման լինէր Դանիէլին, Անանիային, Միսայէլին եւ Ազարիային։ 20Եւ նրանք կանգնեցին թագաւորի առաջ։ Իմաստութեան ու գիտութեան այն բոլոր բաների մասին, որ թագաւորը հարցնում էր նրանց, այդ բոլորի մէջ նրանց գտնում էր տասնապատիկ առաւել, քան բոլոր գիտուններին ու մոգերին, որ նրա թագաւորութեան մէջ էին։ 21Եւ Դանիէլը մնաց մինչեւ Կիւրոս արքայի տարիները։ 
3 Իր թագաւորութեան երկրորդ տարում Նաբուքոդոնոսորը երազ տեսաւ։ Նրա հոգին խռովուեց, ու քունը փախաւ աչքերից։ 2Թագաւորն ասաց, որ կանչեն իմաստուններին, մոգերին, կախարդներին եւ աստղագուշակներին, որպէսզի թագաւորին յայտնեն նրա երազը։ Նրանք եկան, կանգնեցին թագաւորի առաջ, 3եւ թագաւորն ասաց նրանց. «Երազ տեսայ, եւ հոգիս խռովուեց՝ երազս հասկանալու համար»։ 4Աստղագուշակները ասորերէն լեզուով խօսեցին թագաւորի հետ եւ ասացին. «Արքա՛յ, թող քո կեանքը յաւիտեան լինի։ Դու երազդ ասա՛ քո ծառաներին, եւ մենք կը մեկնենք այն»։ 5Արքան պատասխանեց եւ ասաց աստղագուշակներին. «Իմ խօսքը վճռական է. արդ, եթէ ինձ չյայտնէք երազն ու նրա մեկնութիւնը, կորստի կը մատնուէք, եւ ձեր տները աւերակ կը դառնան, 6իսկ եթէ երազն ու նրա մեկնութիւնը յայտնէք ինձ, դուք պարգեւներ, բազում ընծաներ եւ մեծ պատիւ կը ստանաք ինձնից, միայն թէ յայտնեցէ՛ք ինձ երազն ու նրա մեկնութիւնը»։ 7Երկրորդ անգամ պատասխանեցին նրան եւ ասացին. «Թող արքան ասի երազը իր ծառաներին, եւ մենք կը յայտնենք նրա մեկնութիւնը»։ 8Արքան պատասխանեց եւ ասաց. «Հաստատ գիտեմ, որ դուք ուզում էք ժամավաճառ լինել, որովհետեւ տեսնում էք, որ իմ խօսքը վճռական է։ 9Եթէ դուք երազը չյայտնէք ինձ, ուրեմն համաձայնուել էք սուտ եւ անճիշտ բաներ ասել ինձ, մինչեւ որ ժամանակն անցնի։ Ասացէ՛ք ինձ իմ երազը, եւ կ՚իմանամ, որ նրա մեկնութիւնը նոյնպէս կը յայտնէք ինձ»։ 10Աստղագուշակները նորից պատասխանեցին թագաւորին եւ ասացին. «Երկրի վրայ չկայ մի մարդ, որ կարողանայ յայտնել թագաւորի ուզած բանը։ Ոչ մի թագաւոր եւ իշխան այդպիսի բան չի հարցնի իմաստունին, մոգին եւ աստղագուշակին, 11որովհետեւ այն բանը, որ թագաւորն է հարցնում, ծանր բան է, եւ բացի աստուածներից, որոնք մարմնաւորների մէջ չեն բնակւում, չկայ ոչ մէկը, որ այն յայտնի թագաւորի առաջ»։ 12Այն ժամանակ թագաւորը մեծ բարկութեամբ ու զայրոյթով հրամայեց կոտորել բաբելացի բոլոր իմաստուններին։ 13Հրաման արձակուեց, եւ իմաստունները կոտորւում էին։ Փնտռում էին Դանիէլին եւ նրա ընկերներին՝ սպանելու համար նրանց։ 14Այն ժամանակ Դանիէլը խոհեմ եւ իմաստուն կերպով խորհրդակցեց արքայի դահճապետի՝ թագաւորի իշխան Արիոքի հետ, որ ելել կոտորում էր բաբելացի իմաստուններին։ Դանիէլը հարցրեց նրան եւ ասաց. 15«Ինչո՞ւ արքայի կողմից արձակուեց այդ խիստ հրամանը»։ Եւ Արիոքը այդ բանը յայտնեց Դանիէլին։ 16Դանիէլը մտաւ արքայի մօտ եւ խնդրեց արքային, որ նրան ժամանակ տայ, եւ ինքը դրա մեկնութիւնը կը յայտնի թագաւորին։ 17Դանիէլը մտաւ իր տունը եւ բանը յայտնեց իր ընկերներին՝ Անանիային, Ազարիային եւ Միսայէլին։ 18Նրանք գթութիւն էին խնդրում երկնքի Աստծուց, որպէսզի նա Դանիէլին ու իր ընկերներին կորստի չմատնի բաբելացի այլ իմաստունների հետ։ 19Այն ժամանակ գաղտնիքը Դանիէլին յայտնուեց գիշերային տեսիլքում։ Դանիէլը օրհնեց երկնքի Աստծուն եւ ասաց. 20«Թող օրհնեալ լինի Տիրոջ անունը յաւիտեանս յաւիտենից, որովհետեւ նրանն է իմաստութիւնը, հանճարը եւ զօրութիւնը։ 21Նա է, որ փոփոխում է ժամերն ու ժամանակները։ Թագաւորներ է կարգում եւ փոփոխում, իմաստուններին իմաստութիւն է տալիս եւ խելամիտներին՝ իմացութիւն, բացայայտում է խորին եւ ծածուկ բաները, 22գիտի, թէ ինչ կայ խաւարում, եւ լոյսը նրա հետ է։ 23Գոհութիւն քեզ, մեր հայրերի՛ Աստուած, օրհնում եմ քեզ, որովհետեւ ուժ եւ իմաստութիւն տուեցիր ինձ եւ յայտնեցիր ինձ այն, ինչ որ մենք աղօթքներով խնդրեցինք քեզնից, եւ բացատրեցիր ինձ թագաւորի տեսիլքը»։ 24Դանիէլը մտաւ Արիոքի մօտ, որին թագաւորը նշանակել էր՝ կոտորելու Բաբելոնի իմաստուններին, եւ ասաց նրան. «Մի՛ կոտորիր Բաբելոնի իմաստուններին, այլ տա՛ր ինձ թագաւորի առաջ, եւ ես թագաւորին կը յայտնեմ երազի մեկնութիւնը»։ 25Այն ժամանակ Արիոքը Դանիէլին շտապ տարաւ թագաւորի առաջ եւ ասաց նրան. «Հրէաստանից գերի բերուածների մէջ գտայ մի մարդ, որ երազի մեկնութիւնը պիտի յայտնի արքային»։ 26Թագաւորը պատասխանեց Դանիէլին, որի անունն էր Բաղդասար, եւ ասաց. «Կարո՞ղ ես պատմել ինձ իմ տեսած երազն ու յայտնել նրա մեկնութիւնը»։ 27Դանիէլը պատասխանեց թագաւորին եւ ասաց. «Այդ գաղտնիքը, որի մասին հարցնում է արքան, իմաստունները, մոգերը, հմայողներն ու բախտագուշակները արքային պատմել չեն կարող, 28այլ երկնքում կայ Աստուած, որ յայտնում է գաղտնիքները։ Նա՛ ցոյց տուեց Նաբուքոդոնոսոր արքային, թէ ինչ պիտի լինի գալիք օրերում։ Քո երազն ու քո գլխում ծագած տեսիլքը, որ դու տեսել ես անկողնում, այս է, արքա՛յ. 29քո մտածումները, թէ ինչ պիտի լինի սրանից յետոյ, քեզ մտատանջում էին քո անկողնում, եւ գաղտնիքները բացայայտողը ցոյց տուեց քեզ, թէ ինչ պիտի լինի այսուհետեւ։ 30Գաղտնիքը յայտնուեց ինձ ոչ այն պատճառով, որ իմ մէջ աւելի իմաստութիւն կայ, քան բոլոր բանականների մէջ, այլ որպէսզի մեկնութիւնը ցոյց տրուի արքային, եւ դու իմանաս քո սրտի խորհուրդները։ 31Դու, արքա՛յ, ահա թէ ինչ էիր տեսնում. քո առաջ կանգնած էր մի արձան, մի վիթխարի արձան, եւ նրա կերպարանքն ու տեսքը ահաւոր էր։ Այդ արձանը շատ սարսափազդու էր։ 32Նրա գլուխը մաքուր ոսկուց էր, նրա ձեռքերը, կուրծքն ու բազուկները՝ արծաթից, նրա մէջքն ու ազդրերը՝ պղնձից, 33սրունքները՝ երկաթից, ոտքերը՝ կէսը երկաթից եւ կէսը խեցուց։ 34Դու նայում էիր, երբ առանց ձեռք դիպչելու պոկուեց մի քար եւ հարուածեց արձանի երկաթեայ եւ խեցէ ոտքերին ու ամբողջովին փշրեց դրանք։ 35Միաժամանակ բոլորովին փշրուեցին խեցին ու երկաթը, պղինձը, արծաթն ու ոսկին եւ դարձան ինչպէս ամառուայ կալի փոշի. սաստիկ քամին քշեց դրանք, ու տեղ չէր գտնւում դրանց համար։ Իսկ այն քարը, որ հարուածեց արձանին, դարձաւ մեծ լեռ ու լցրեց ամբողջ երկիրը։ 36Սա է երազը։ Իսկ այժմ թագաւորին ասենք երազի մեկնութիւնը։ 37Դո՛ւ, ո՛վ արքայ, արքայի՛ց արքայ, որին երկնքի Աստուածը հզօր եւ փառաւոր թագաւորութիւն տուեց։ 38Դո՛ւ, որի ձեռքը տուեց մարդու որդիներին, վայրի գազաններին, երկնքի թռչուններին ու ծովի ձկներին, որտեղ էլ որ ապրում են նրանք, եւ քեզ տէր կարգեց բոլորին։ 39Դու ես ոսկեայ գլուխը։ Քեզանից յետոյ ուրիշ թագաւորութիւն պիտի բարձրանայ, որ պիտի լինի քո թագաւորութիւնից ցածր։ Ապա երրորդ՝ պղնձեայ թագաւորութիւնը պիտի տիրի ամբողջ երկրին։ 40Իսկ չորրորդ թագաւորութիւնը, որ երկաթի պէս ամուր պիտի լինի, պիտի փշրի եւ տրորի ամէն ինչ, ինչպէս երկաթն է փշրում եւ տրորում ամէն բան։ 41Եւ քանի որ ոտքերի մատների կէսը երկաթեայ եւ կէսը խեցուց էիր տեսնում դու, ապա այդ թագաւորութիւնը պիտի բաժանուի, բայց եւ նրա մէջ երկաթեայ ուժ պիտի լինի, ինչպէս որ երկաթը խեցու հետ խառնուած էիր տեսնում։ 42Ոտքերի մատների մի մասը երկաթ էր եւ մի մասը՝ խեցի. ուրեմն թագաւորութեան մի մասը հզօր պիտի լինի, իսկ միւս մասը՝ դիւրաբեկ։ 43Իսկ այն, որ դու երկաթը խեցուն խառնուած էիր տեսնում, ապա այդպէս էլ խառն են լինելու մարդկային սերունդները, բայց չեն միաձուլուելու իրար, ինչպէս երկաթը չի զօդւում խեցուն։ 44Այդ թագաւորների ժամանակ երկնքի Աստուածը պիտի բարձրացնի մի թագաւորութիւն, որ յաւիտեանս չի կործանուելու, եւ այդ թագաւորութիւնը ուրիշ ազգի չի մնալու։ Այն պիտի փոշիացնի ու վերացնի բոլոր թագաւորութիւնները եւ ինքը պիտի մնայ յաւիտեան։ 45Իսկ այն, որ դու տեսնում էիր, թէ լեռից առանց ձեռք դիպչելու քար պոկուեց եւ մանրեց խեցին, երկաթը, պղինձը, արծաթն ու ոսկին, ապա այդպէս էլ մեծն Աստուած ցոյց տուեց արքային, թէ ինչ պիտի լինի յետոյ։ Ճշմարիտ է երազը եւ ճշգրիտ՝ նրա մեկնութիւնը»։46Այն ժամանակ Նաբուքոդոնոսոր արքան երեսի վրայ ընկաւ եւ երկրպագեց Դանիէլին, հրամայեց զոհեր ու անուշահոտ խնկեր մատուցել նրան։ 47Թագաւորն ասաց Դանիէլին. «Արդարեւ, ձեր Աստուածը աստուածների Աստուածն է, տէրերի Տէրը եւ թագաւորների Թագաւորը, որ բացայայտում է գաղտնիքները, քանի որ դու կարողացար յայտնել այդ գաղտնիքը»։ 48Եւ թագաւորը մեծարեց Դանիէլին, մեծամեծ ու բազում պարգեւներ տուեց նրան, Բաբելոնի վրայ կառավարիչ նշանակեց նրան եւ նախարարների իշխան՝ Բաբելոնի բոլոր իմաստունների վրայ։ 49Դանիէլը արքային խնդրեց, եւ արքան Սեդրակին, Միսակին եւ Աբեդնագովին գործավարներ նշանակեց բաբելացիների երկրի վրայ։ Իսկ Դանիէլը մնաց արքայի պալատում։ 
4 Իր թագաւորութեան տասնութերորդ տարում Նաբուքոդոնոսոր արքան պատրաստեց մի ոսկեայ արձան, որի բարձրութիւնը վաթսուն կանգուն էր, լայնութիւնը՝ վեց, եւ այն կանգնեցրեց բաբելացիների երկրում, Դէերա դաշտում։ 2Նա հրամայեց հաւաքել զօրավարներին, զօրագլուխներին եւ կուսակալներին, պետերին, իշխանաւորներին, գործակալներին եւ գաւառների բոլոր իշխաններին՝ գալու այն արձանի նաւակատիքին, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան։3Հաւաքուեցին կուսակալները, զօրավարներն ու զօրագլուխները, պետերը, իշխանաւորները, մեծամեծները, գործակալներն ու գաւառների բոլոր իշխանները, եկան այն արձանի նաւակատիքին, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան։ Նրանք կանգնած էին այն արձանի առաջ, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան։ 4Եւ մունետիկը կանչում էր բարձրաձայն ու ասում. «Ձեզ է ասւում, ազգե՛ր, ժողովուրդնե՛ր եւ լեզունե՛ր։ 5Երբ լսէք փողի, սրնգի, թմբուկի, քնարի, տաւղի եւ բոլոր տեսակի նուագարանների ձայնը, գետի՛ն ընկէք եւ երկրպագեցէ՛ք արձանին, որ կանգնեցրել է Նաբուքոդոնոսոր արքան։6Եւ նա, ով գետին չընկնի ու չերկրպագի, նոյն ժամին կը նետուի բորբոքուած կրակի հնոցը»։ 7Եւ այնպէս եղաւ, որ երբ ազգերը լսեցին փողի, սրնգի, տաւղի, նուագարանների եւ այլ տեսակի գործիքների ձայնը, բոլոր ազգերը, ժողովուրդները եւ լեզուները գետին էին ընկնում եւ երկրպագում ոսկեայ արձանին, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան։ 8Այն ժամանակ մօտեցան քաղդէացի մարդիկ, Նաբուքոդոնոսորին չարախօսեցին հրեաների մասին եւ ասացին.9«Արքա՛յ, թող քո կեանքը յաւիտեան լինի, 10դու հրամայեցիր, որ ամէն մարդ, երբ լսի փողի, սրնգի, քնարի, տաւղի, նուագարանների ու բոլոր տեսակի գործիքների ձայնը, 11գետին ընկնի ու երկրպագի ոսկեայ արձանին, իսկ նա, ով այդպէս չի անի, պիտի նետուի բորբոքուած կրակի հնոցը։ 12Արդ, այստեղ կան հրեայ մարդիկ, որոնց դու նշանակեցիր Բաբելոնի գործերի վրայ՝ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը, որոնք չհնազանդուեցին քո հրամանին, արքա՛յ. նրանք չեն պաշտում քո աստուածները, չեն երկրպագում քո կանգնեցրած այդ ոսկէ արձանին։ 13Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը բարկութեամբ եւ ցասումով հրամայեց բերել Սեդրակին, Միսակին եւ Աբեդնագովին։ Եւ նրանց բերեցին թագաւորի առաջ։ 14Նաբուքոդոնոսորը նրանց ասաց. «Սեդրա՛կ, Միսա՛կ եւ Աբեդնագո՛վ, իսկապէ՞ս դուք իմ աստուածները չէք պաշտում եւ ոսկեայ արձանին, որ ես կանգնեցրի, չէք երկրպագում.15իսկ այժմ պատրա՛ստ եղէք, որ երբ լսէք փողի, սրնգի, թմբուկի, քնարի եւ ամէն տեսակ երաժիշտների ձայնակցութիւնը, գետին ընկնէք եւ երկրպագէք արձանին, որ ես կանգնեցրի. իսկ եթէ չերկրպագէք, նոյն ժամին կը նետուէք բորբոքուած կրակի հնոցը։ Ո՞վ է այն աստուածը, որ կը փրկի ձեզ իմ ձեռքից»։ 16Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը պատասխանեցին Նաբուքոդոնոսոր արքային եւ ասացին. «Հարկ չկայ քեզ պատասխանել այդ բանի համար, արքա՛յ, 17որովհետեւ մեր Աստուածը, որին մենք պաշտում ենք, երկնքում է, կարող է փրկել մեզ բորբոքուած կրակի հնոցից եւ ազատել մեզ քո ձեռքից։ 18Իսկ եթէ ոչ, թող քեզ յայտնի լինի, արքա՛յ, որ քո աստուածները մենք չենք պաշտում եւ չենք երկրպագում քո կանգնեցրած այդ ոսկէ արձանին։19Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը զայրոյթով լցուեց, բարկացաւ Սեդրակի, Միսակի եւ Աբեթնագովի վրայ եւ ասաց. «Եօթնապատիկ վառեցէ՛ք հնոցը, որպէսզի մինչեւ վերջ այրուեն սրանք։ 20Հինգ ուժեղ մարդիկ թող կապեն Սեդրակին, Միսակին եւ Աբեդնագովին եւ նետեն բորբոքուած կրակի հնոցը»։ 21Այն ժամանակ այդ մարդկանց կապեցին իրենց պատմուճաններով, անդրավարտիքներով, գլխի ապարօշներով, զանկապաններով եւ նետեցին բորբոքուած կրակի հնոցը, 22որովհետեւ թագաւորի հրամանը աւելի ու աւելի էր սաստկանում, եւ հնոցը բորբոքւում էր եօթնապատիկ աւելի։ 23Իսկ նրանք երեքը՝ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը կապուած ընկան հնոցի մէջ։ 24Նրանք քայլում էին կրակի մէջ, օրհնում եւ գովում էին Տէր Աստծուն։ 25Ազարիան ելաւ, աղօթքի կանգնեց, կրակի մէջ բացեց բերանը եւ այսպէս ասաց.26«Օրհնեալ ես, Տէ՛ր, մեր հայրերի՛ Աստուած, յաւիտեանս գովեալ եւ փառաւորեալ է քո անունը, 27որովհետեւ դու արդար ես այն ամենի մէջ, որ բերեցիր մեզ վրայ, քո բոլոր գործերը ճշմարիտ են, քո ճանապարհները՝ ուղիղ, եւ քո բոլոր դատաստանները՝ արդար. 28դու ըստ ամենայնի արդար արեցիր այն, ինչ արեցիր մեր եւ մեր հայրերի սուրբ քաղաք Երուսաղէմի նկատմամբ, որովհետեւ ճշմարտութեամբ եւ արդար կերպով արեցիր այս բոլորը մեր մեղքերի պատճառով,29քանի որ քո դէմ ապստամբելով՝ մեղանչեցինք եւ անօրէնութիւն գործեցինք. մենք առաւել մեղանչեցինք նրանով, որ 30քո պատուիրանները չլսեցինք։ Չպահեցինք քո պատուիրանները եւ այնպէս չարեցինք, ինչպէս պատուիրեցիր մեզ, որպէսզի լաւ լինէր մեզ համար. 31այն ամէնը ինչ բերեցիր մեզ վրայ եւ այն ամէնը, ինչ արեցիր մեր նկատմամբ, արդա՛ր դատաստանով արեցիր։ 32Մեզ մատնեցիր մեր անօրէն, խիստ եւ ապստամբ թշնամիների, բոլոր երկրների ամենից աւելի անիրաւ եւ չար թագաւորի ձեռքը։ 33Իսկ այժմ չենք կարող բանալ մեր բերանները, որովհետեւ մենք՝ քո պաշտօնեայ ծառաները, ամօթահար եղանք եւ նախատինք կրեցինք։ 34Բայց դու, յանուն քո անուան, մեզ իսպառ մի՛ լքիր, մի՛ ցրիր քո ուխտը 35եւ մի՛ հեռացրու քո ողորմութիւնը մեզանից յանուն քո սիրելի Աբրահամի, յանուն քո Իսահակ ծառայի եւ յանուն քո սուրբ Իսրայէլի, 36որոնց ասացիր, թէ պիտի բազմացնես նրանց որդիները երկնքի աստղերի չափ եւ այնքան, որքան աւազը ծովի ափին։ 37Արդ, Տէ՛ր, բոլոր ազգերից աւելի տկարացանք մենք եւ այսօր տառապում ենք ամբողջ աշխարհում մեր մեղքերի պատճառով։ 38Այժմ, այս ժամանակներում չկայ իշխան, մարգարէ եւ առաջնորդ, ո՛չ ողջակէզ, ո՛չ զոհ, ո՛չ զոհաբերութիւն, ո՛չ խունկ 39եւ ո՛չ էլ քեզ երախայրիք մատուցելու տեղ՝ ողորմութիւն գտնելու համար։ Այլ կոտրուած սրտով եւ տառապած հոգով թող ընդունելի լինենք 40խոյերի եւ արջառների, ինչպէս նաեւ բիւրաւոր պարարտ գառների ողջակէզների նման. այդպէս թող լինի մեր զոհաբերումը այսօր քո առաջ եւ կատարեալ լինենք քեզանից յետոյ, որովհետեւ քեզ վրայ յոյս դնողները ամօթով չեն մնայ։ 41Արդ, գալիս ենք դէպի քեզ մեր ամբողջ սրտով, վախենում ենք մենք քեզանից, քո բարեհաճութիւնն ենք խնդրում. 42ամօթով մի՛ թող մեզ, այլ մեզ հետ վարուիր ըստ քո հեզութեան, ըստ քո մեծ ողորմութեան, Տէ՛ր, 43փրկի՛ր մեզ ըստ քո հրաշալի գործերի եւ փա՛ռք բեր քո անուանը։ 44Թող ամօթով մնան բոլոր նրանք, ովքեր չարիք են պատճառում քո ծառաներին. թող ամաչեն իրենց բոլոր բռնութիւններից, նրանց զօրութիւնը թող խորտակուի, 45եւ թող ճանաչեն, որ դու ես միակ Տէր Աստուածը եւ փառաւորեալը ողջ տիեզերքում»։ 46Եւ նրանք՝ թագաւորի սպասաւորները, որ հնոց էին նետել նրանց, չէին դադարում բորբոքել այն նաւթով, ձէթով, վուշով եւ որթատունկի ճիւղերով։ 47Բոցը ելնում դիզւում էր հնոցից քառասուն եւ ինը կանգուն վեր, 48պտտւում պատում էր հնոցի շուրջը եւ այրում էր, ում որ գտնում էր քաղդէացիներից։ 49Բայց Աստծու Հրեշտակը իջաւ կանգնեց հնոցի մէջ, Ազարիայի կողքին, կրակի բոցը թօթափեց հնոցից50եւ հնոցի մէջ դարձրեց այնպիսի հողմ, որ ցօղ է բերում, եւ կրակը ամենեւին չէր մօտենում նրանց, չէր տանջում եւ չէր նեղում նրանց։51Այն ժամանակ հնոցի մէջ երեքը, կարծես մէկ բերանով, օրհնում, գովում եւ փառաւորում էին Աստծուն ու ասում. 52«Օրհնեալ ես դու Տէ՛ր, Աստուա՛ծ մեր հայրերի, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան։ Օրհնեալ է քո փառաւոր սուրբ անունը,գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան։ 53Օրհնեալ ես քո փառքի սուրբ տաճարում, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան։ 54Օրհնեալ ես քո թագաւորութեան աթոռի վրայ, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան։ 55Օրհնեալ ես, որ նայում ես անդունդներին եւ նստում ես քերովբէների վրայ, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան։56Օրհնեալ ես, որ նստում ես երկնքում,գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան։ 57Օրհնեցէ՛ք Տիրոջ բոլոր գործերը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 58Երկինքնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 59Տիրոջ հրեշտակնե՛ր, օրհնեցէք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 60Ջրե՛ր, որ վեր էք երկնքից, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 61Տիրոջ բոլո՛ր զօրութիւններ, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 62Արե՛ւ եւ լուսի՛ն, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։63Երկնքի բոլո՛ր աստղեր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 64Անձրեւնե՛ր եւ ցօղե՛ր, բոլորդ օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 65Հողմե՛ր, բոլորդ օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 66Հո՛ւր եւ տա՛պ, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 67Ցո՛ւրտ եւ սառնամանի՛ք, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 68Եղեա՛մ եւ ձի՛ւն, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 69Ցերեկնե՛ր եւ գիշերնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 70Լո՛յս եւ խաւա՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 71Ամպե՛ր եւ կայծակնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 72Թող երկիրն օրհնի՛ Տիրոջը, օրհնի եւ պանծացնի նրան յաւիտեան։ 73Լեռնե՛ր, բարձունքնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 74Երկրի բոլոր բոյսեր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 75Աղբիւրնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 76Ծովե՛ր ու գետե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։77Կէտե՛ր եւ ջրային բոլո՛ր կենդանիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 78Երկնի թռչուննե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 79Բոլո՛ր գազաններ եւ անասուններ, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 80Մարդո՛ւ որդիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 81Իսրայէլը թող օրհնի Տիրոջը,թող օրհնի եւ պանծացնի նրան յաւիտեան։ 82Քահանանե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 83Տիրոջ ծառանե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։84Արդարների շունչ ու հոգինե՛ր, օրհնեցէ՛ք Աստծուն,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։ 85Սրբե՛ր եւ սրտով խոնարհնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան։86Անանիա՛, Ազարիա՛ եւ Միսայէ՛լ, օրհնեցէ՛ք Տիրոջը,օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան, 87քանզի նա մեզ փրկեց դժոխքից, ազատեց մահուան ձեռքից, 88փրկեց մեզ այս հնոցից, այս բորբոքուած բոցի միջից,փրկեց մեզ այս կրակի միջից։ 89Գոհութիւն մատուցենք Տիրոջը, քանզի քաղցր է նա,քանզի յաւիտեան է ողորմութիւնը նրա։90Տիրոջ բոլո՛ր պաշտօնեաներ, գոհութի՛ւն մատուցեցէք եւ օրհնեցէ՛ք աստուածների Աստծուն, քանզի յաւիտեան է ողորմութիւնը նրա»։91Նաբուքոդոնոսորը երբ լսեց նրանց օրհնութիւնը, զարմացաւ. նա տագնապահար վեր կացաւ եւ ասաց իր մեծամեծներին. «Միթէ մենք կապուած երեք մարդ չնետեցի՞նք կրակի մէջ»։ Նրանք ասացին թագաւորին. «Այո՛, ճիշտ ես ասում, արքա՛յ»։ 92Թագաւորն ասաց. «Բայց ես տեսնում եմ կապերից արձակուած չորս մարդ, որոնք քայլում են կրակի մէջ, որեւէ վնաս չեն կրել, իսկ չորրորդի տեսքը Աստծու որդու նման է»։ 93Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը մօտեցաւ հրաբորբոք հնոցի դռանը եւ ասաց. «Սեդրա՛կ, Միսա՛կ եւ Աբեդնագո՛վ, բարձրեալ Աստծու ծառանե՛ր, ելէ՛ք եւ եկէ՛ք»։ Սեդրակը, Միսակն ու Աբեդնագովը դուրս ելան կրակի միջից։ 94Հաւաքուեցին նախարարները, կուսակալները, թագաւորի զօրավարներն ու զօրագլուխները, եւ տեսնում էին այն մարդկանց, որոնց մարմնին կրակը չէր վնասել, նրանց գլխի մազերը չէին խանձուել, նրանց անդրավարտիքները չէին գունաթափուել, եւ կրակի հոտ չկար նրանց վրայ։ 95Նաբուքոդոնոսոր թագաւորը նրանց առաջ երկրպագեց Տիրոջը, պատասխանեց եւ ասաց. «Օրհնեալ է Սեդրակի, Միսակի եւ Աբեդնագովի Աստուածը, որ ուղարկեց իր Հրեշտակին եւ փրկեց իր ծառաներին, որովհետեւ նրանք յոյս էին դրել նրա վրայ, անարգել էին թագաւորի խօսքը եւ մատնել իրենց մարմինը կրակին, որպէսզի չպաշտեն եւ չերկրպագեն բոլոր աստուածներին, այլ՝ միայն իրենց Աստծուն։ 96Արդ, ես հրաման եմ տալիս. բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները, որոնք կը հայհոյեն Սեդրակի, Միսակի եւ Աբեդնագովի Աստծուն, կորստի պիտի մատնուեն, իսկ նրանց տները՝ յափշտակութեան, որովհետեւ չկայ այլ Աստուած, որ կարողանայ այսպէս փրկել»։ 97Այն ժամանակ թագաւորը Բաբելոնում առաւել եւս մեծարեց Սեդրակին, Միսակին եւ Աբեդնագովին, բարձր պատուի արժանացրեց նրանց եւ խնդրեց նրանց, որ իշխան լինեն այն բոլոր հրեաների վրայ, որ իր թագաւորութեան մէջ էին։ 
5 Նաբուքոդոնոսոր արքան՝ բոլոր ազգերին եւ լեզուներին, որոնք բնակւում են ամբողջ աշխարհում. «Թող բազմապատկուի՛ ձեր խաղաղութիւնը։ 2Հաճելի է ինձ պատմել, թէ որքան մեծ են եւ զօրաւոր այն նշաններն ու հրաշքները, որ Բարձրեալը ցոյց տուեց ինձ. 3նրա թագաւորութիւնը յաւիտենական թագաւորութիւն է, եւ նրա իշխանութիւնը՝ սերնդից սերունդ։ 4Ես՝ Նաբուքոդոնոսորս, ուրախ էի իմ տանը եւ զուարթ։ 5Երազ տեսայ, որ զարհուրեցրեց ինձ, եւ խռովուեցի իմ անկողնում։ Իմ մտքի տեսիլքը տագնապեցրեց ինձ 6եւ ստիպեց, որ ես հրամայեմ իմ առաջ բերել բաբելացի բոլոր իմաստուններին, որպէսզի երազի մեկնութիւնը յայտնեն ինձ։ 7Եւ ինձ մօտ եկան գուշակներ, մոգեր, հմայողներ ու աստղագուշակներ։ Ես իմ երազը պատմեցի նրանց, բայց նրանք չյայտնեցին ինձ նրա մեկնութիւնը,8մինչեւ որ եկաւ Դանիէլը, որի անունը Բաղդասար էր ըստ իմ աստծու անուան, որովհետեւ Աստծու Սուրբ Հոգին կայ նրա մէջ։ Նրան ես ասացի. 9«Բաղդասա՛ր իշխան, իմացի՛ր այն, ինչ ես տեսայ։ Գիտեմ, որ Աստծու Սուրբ Հոգին կայ քո մէջ, եւ բոլոր գաղտնիքները յայտնի են քեզ։ Արդ, լսի՛ր դու իմ տեսած երազի, իմ տեսիլքի մասին, եւ նրա մեկնութիւնը կ՚ասես ինձ։ 10Իմ անկողնում տեսնում էի, որ ահա կար մի ծառ հողի մէջ, եւ նա շատ-շատ բարձր էր. 11ծառը մեծացաւ, զօրացաւ. նրա բարձրութիւնը հասաւ մինչեւ երկինք, եւ նրա լայնութիւնը՝ աշխարհի բոլոր կողմերը։ 12Նրա տերեւը գեղեցիկ էր, եւ նրա պտուղը՝ առատ։ Բոլորի կերակուրը նրանից էր։ Վայրի գազաններ էին ապրում նրա տակ, ճիւղերին հանգստանում էին երկնքի թռչունները, եւ նրանից էր կերակրւում ամէն մարմնաւոր արարած։ 13Իմ անկողնում, գիշերային տեսիլքում տեսնում էի, որ ահա երկնքից իջնում էր մի սուրբ Հրեշտակ, 14խօսում էր բարձրաձայն եւ այսպէս ասում. «Կտրեցէ՛ք այդ ծառը, հատեցէ՛ք նրա ճիւղերը, թօթափեցէ՛ք դրա տերեւները, շա՛ղ տուէք դրա պտուղները, թող գազանները հեռանան նրա տակից, եւ թռչունները՝ նրա ճիւղերից։ 15Բայց նրա արմատի շառաւիղը թողէ՛ք հողում՝ երկաթէ եւ պղնձէ լարերով պատած, դալար մի վայրում. թող այն թրջուի երկնքի ցօղից, եւ նրա կենդանի մասը անապատի գազանների հետ երկրի խոտից բաժին ունենայ. 16նրա մարդկային սիրտը թող փոխուի, եւ նրան տրուի գազանների սիրտ, եւ եօթը ժամանակներ թող անցնեն նրա վրայից։ 17Իմ խօսքը Հրեշտակի կողմից տրուած խօսք է, եւ իմ հարցումը՝ սրբերի պատգամ, որպէսզի ապրողները իմանան, թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վրայ, այն տալիս է, ում որ կամենայ, եւ մարդկանցից ամենաանարգին բարձրացնում է դրա վրայ։ 18Այս է երազը, որ տեսայ ես՝ Նաբուքոդոնոսոր արքան։ Եւ դու, Բաղդասա՛ր, ասա՛ ինձ նրա մեկնութիւնը, որովհետեւ իմ թագաւորութեան բոլոր իմաստունները չկարողացան յայտնել ինձ նրա մեկնութիւնը, իսկ դու, Դանիէ՛լ, կարող ես, որովհետեւ Աստծու Սուրբ Հոգին կայ քո մէջ»։ 19Այն ժամանակ Դանիէլը, որի անունը Բաղդասար էր, ամփոփուեց մի պահ. նրա մտքերը խռովում էին նրան։ Պատասխանեց նրան թագաւորը եւ ասաց. «Բաղդասա՛ր, երազն ու նրա մեկնութիւնը թող չտագնապեցնեն քեզ»։ Բաղդասարը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր իմ, երազը թող քեզ ատողների համար լինի, եւ նրա մեկնութիւնը՝ քո թշնամիների։ 20Այն ծառը, որ տեսնում էիր մեծացած եւ զօրացած, եւ որի բարձրութիւնը հասնում էր մինչեւ երկինք, իսկ նրա լայնութիւնը՝ աշխարհի բոլոր կողմերը, 21որի տերեւը գեղեցիկ էր, եւ պտուղը՝ առատ, բոլորի կերակուրը նրանից էր, որի տակ էին ապրում անապատի գազանները, եւ նրա ճիւղերին էին թառում երկնքի թռչունները, - այդ ծառը դո՛ւ ես, արքա՛յ։ 22Արդարեւ, դու մեծացար ու հզօրացար, քո մեծութիւնը բարձրացաւ, հասաւ մինչեւ երկինք, եւ քո տէրութիւնը՝ աշխարհի բոլոր ծագերը։ 23Իսկ այն, որ տեսնում էիր, արքա՛յ, թէ սուրբ Հրեշտակը իջնում էր երկնքից եւ ասում. «Կտրեցէ՛ք այդ ծառը եւ խորտակեցէ՛ք այն, բայց նրա արմատի շառաւիղը թողէ՛ք հողում՝ երկաթէ եւ պղնձէ լարերով պատած, դալար մի վայրում, թող այն թրջուի երկնքի ցօղից, եւ նրա կենդանի մասը լինի անապատի գազանների հետ, մինչեւ եօթը ժամանակներ անցնեն նրա վրայից»։ Սա՛ է նրա մեկնութիւնը, արքա՛յ.24Բարձրեալի դատաստանը հասել է իմ տէր արքայի վրայ. 25քեզ պիտի վտարեն մարդկանց միջից, անապատի գազանների հետ պիտի բնակուես, եւ քեզ, ինչպէս արջառի, խոտ պիտի տան, երկնքի ցօղից պիտի թրջուես, եւ եօթը ժամանակներ պիտի անցնեն քո վրայից, մինչեւ որ ընդունես, թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեանը եւ այն պիտի տայ, ում որ կ՚ամենայ։ 26Իսկ այն, որ ասաց, թէ ծառի արմատի շառաւիղը թողէ՛ք, դա քո թագաւորութիւնն է, որ պիտի մնայ քեզ, մինչեւ ճանաչես երկնաւոր Աստծու իշխանութիւնը։27Դրա համար, արքա՛յ, թող իմ խորհուրդը հաճելի թուայ քեզ, քո մեղքերը քաւի՛ր ողորմութեամբ, եւ քո անօրէնութիւնները՝ աղքատներին գթալով, թերեւս Աստուած համբերատար լինի քո յանցանքների նկատմամբ»։ 28Այս բոլորը պատահեց Նաբուքոդոնոսոր արքային տասներկու ամիս յետոյ, 29մինչ նա ճեմում էր իր թագաւորական պալատում, Բաբելոնում։ 30Թագաւորն սկսեց խօսել եւ ասաց. «Սա այն մեծ Բաբելոնը չէ՞, որ ես կառուցեցի որպէս թագաւորութիւն իմ կամքով ու զօրութեամբ՝ ի պատիւ իմ փառքի»։31Մինչ խօսքը թագաւորի բերանում էր, երկնքից ձայն լսուեց եւ ասաց. «Քեզ եմ ասում, ո՛վ Նաբուքոդոնոսոր արքայ, քո թագաւորութիւնը խլուած է քեզանից։ 32Մարդկանց միջից պիտի հալածեն ու վտարեն քեզ։ Դու պիտի բնակուես անապատի գազանների հետ, եւ որպէս արջառի՝ խոտով պիտի կերակրեն քեզ։ Եօթը ժամանակներ պիտի անցնեն քո վրայից, մինչեւ ճանաչես, որ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեանը եւ այն պիտի տայ, ում որ կ՚ամենայ»։33Հէնց նոյն ժամին այդ բանը կատարուեց Նաբուքոդոնոսորի հետ. նա հալածուեց ու վտարուեց մարդկանց միջից, ինչպէս արջառ՝ նա խոտ էր ուտում, եւ նրա մարմինը թրջուեց երկնքի ցօղից, մինչեւ որ նրա մազերը երկարեցին առիւծի մազերի չափ, եւ նրա եղունգները՝ թռչունների մագիլների պէս։ 34«Այդ օրերից յետոյ, ես՝ Նաբուքոդոնոսորս, իմ աչքերը բարձրացրի դէպի երկինք, իմ միտքը վերադարձաւ ինձ, օրհնեցի Բարձրեալին, գովեցի եւ փառաւորեցի յաւիտենապէս կենդանի Աստծուն, որովհետեւ նրա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, նրա տէրութիւնը՝ սերնդից սերունդ»։35Երկրի բոլոր բնակիչները ոչինչ են համարւում։ Նա ըստ իր կամքի է գործում երկնքի ուժերի եւ երկրի բնակիչների նկատմամբ, եւ չկայ մէկը, որ ընդդիմանայ նրա ձեռքին եւ ասի՝ «Ի՞նչ արեցիր»։ 36Այդ նոյն ժամանակ միտքս վերադարձաւ ինձ, ես վերադարձայ իմ թագաւորական պատուին, իմ կերպարանքը վերադարձաւ ինձ, իմ իշխաններն ու իմ մեծամեծները խնդրեցին ինձ, ես նորից իմ թագաւորութեան վրայ հաստատուեցի, եւ իմ մեծութիւնն աւելացաւ առաւել եւս։ 37Արդ, ես՝ Նաբուքոդոնոսորս, օրհնում եմ, փառաւորում եւ առաւել պանծացնում երկնքի արքային, որովհետեւ նրա բոլոր գործերը ճշմարիտ են, նրա ուղիները՝ արդար, եւ բոլորին, ովքեր կ՚ամբարտաւանանան, նա կարող է խոնարհեցնել»։ 
6 Բաղդասար արքան ընթրիք տուեց իր մեծամեծներին՝ թուով հազար հոգու, նաեւ գինի՝ հազար հոգու համար։ 2Երբ Բաղդասարը հարբեց, հրամայեց բերել արծաթեայ եւ ոսկեայ այն սպասքը, որ նրա հայր Նաբուքոդոնոսորը աւար էր առել Երուսաղէմի տաճարից, որպէսզի թագաւորը, նրա մեծամեծները, նրա հարճերն ու կանայք դրանցով խմեն։ 3Բերեցին ոսկեայ եւ արծաթեայ սպասքը, որ վերցուած էր Աստծու տաճարից, որ Երուսաղէմում էր, եւ թագաւորն ու նրա մեծամեծները, նրա հարճերն ու կանայք խմում էին դրանցով։ 4Գինի էին խմում եւ օրհնում էին ոսկեայ, արծաթեայ, պղնձեայ, երկաթեայ, փայտէ եւ քարէ աստուածներին, իսկ յաւիտենական Աստծուն, որ իշխանութիւն ունէր նրանց հոգիների վրայ, չօրհնեցին։ 5Նոյն ժամին երեւացին մարդու ձեռքի մատներ, որոնք գրում էին թագաւորի տաճարի ծեփած պատի վրայ՝ կանթեղի դիմաց։ Թագաւորը տեսնում էր թաթն այն ձեռքի, որ գրում էր։ 6Այն ժամանակ թագաւորը գոյնը գցեց, նրա մտքերը խռովում էին նրան, նրա մէջքի յօդերը խախտւում էին, եւ նրա ծնկերը միմեանց էին բախւում։ 7Թագաւորը ուժգին աղաղակով հրամայեց բերել մոգերին, աստղագուշակներին, գիտուններին եւ ասաց բաբելացիների իմաստուններին. «Ով որ կարդայ այդ գրութիւնը եւ նրա մեկնութիւնը յայտնի ինձ, ծիրանի պիտի հագնի, իր պարանոցին պիտի կրի ոսկեայ մանեակ եւ իմ թագաւորութեան երրորդ մարդը պիտի դառնայ»։ 8Բաբելացիների բոլոր իմաստունները մտնում էին եւ չէին կարողանում գրութիւնը կարդալ եւ ոչ էլ նրա մեկնութիւնը յայտնել թագաւորին։ 9Բաղդասար արքան խռովուեց, եւ նրա երեսի գոյնը փոխուեց. նրա մեծամեծները նոյնպէս խռովուեցին նրա հետ։ 10Թագուհին մտաւ խրախճանքի ապարանքը եւ ասաց. «Արքա՛յ, ապրի՛ր յաւիտեան. թող քո մտքերը չխռովեն քեզ, եւ քո երեսի գոյնը չեղծուի, 11որովհետեւ քո թագաւորութեան ներքոյ կայ մի մարդ, որի մէջ Աստծու Սուրբ Հոգին կայ. քո հօր ժամանակ ուժ եւ իմաստութիւն կար նրա մէջ եւ քո հայրը՝ Նաբուքոդոնոսոր արքան, նրան գուշակների, մոգերի, աստղագուշակների եւ հմայողների գլխաւոր կարգեց, 12որովհետեւ նրա մէջ առաւել շատ է իմաստութեան եւ հանճարի ոգին. նա մեկնում է երազները, բացայայտում առեղծուածները եւ լուծում է խրթին բաները. դա Դանիէլն էր, եւ արքան նրա անունը Բաղդասար դրեց։ Արդ, թող կանչեն նրան, եւ նա կը յայտնի դրա մեկնութիւնը»։ 13Այն ժամանակ Դանիէլին ներս բերեցին թագաւորի առաջ, եւ թագաւորը ասաց Դանիէլին. «Դո՞ւ ես Դանիէլը՝ Հրէաստանի գերեվարուածներից մէկը, որին բերեց իմ հայր Նաբուքոդոնոսորը։ 14Քո մասին լսեցի, որ Աստծու Սուրբ Հոգին կայ քո մէջ, եւ դու ունես աւելի ուժ, հանճար եւ իմաստութիւն։ 15Արդ, ահա իմ առաջ եկան իմաստուններ, մոգեր եւ հմայողներ, որպէսզի այդ գրութիւնը կարդան եւ դրա մեկնութիւնը յայտնեն ինձ, բայց չկարողացան մեկնել ինձ համար։ 16Ես քո մասին լսեցի, թէ կարող ես մեկնութիւններ տալ. արդ, եթէ կարողանաս այդ գրութիւնը կարդալ եւ դրա մեկնութիւնը տալ ինձ, ծիրանի պիտի հագնես, ոսկեայ մանեակ պիտի կրես քո պարանոցին եւ իմ թագաւորութեան երրորդ մարդը պիտի դառնաս»։ 17Եւ Դանիէլն ասաց թագաւորի առաջ. «Քո պարգեւները թող քեզ մնան, եւ քո տան պատիւը դու ուրիշի՛ն տուր, իսկ ես այդ գրութիւնը կը կարդամ եւ դրա մեկնութիւնը կը յայտնեմ քեզ։ 18Արքա՛յ, Բարձրեալը հզօրութիւն, թագաւորութիւն, պատիւ եւ փառք տուեց քո հօրը՝ Նաբուքոդոնոսորին,19եւ այն հզօրութեան պատճառով, որ տուեց նրան, բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները զարհուրելով դողում էին նրանից. նա ում ուզում էր՝ հարուածում էր, ում ուզում էր՝ սպանում, ում ուզում էր՝ բարձրացնում եւ ում ուզում էր՝ խոնարհեցնում։ 20Երբ գոռոզացաւ նրա սիրտը, եւ նրա ոգին համարձակուեց ամբարտաւանանալ, նա ընկաւ իր թագաւորական աթոռից, պատիւը վերացաւ նրանից, 21նա վտարուեց մարդկանց միջից, գազանների սիրտ տրուեց նրան, վայրի էշերի հետ էր նրա բնակութիւնը, ինչպէս արջառի՝ խոտ էին տալիս նրան, երկնքի ցօղից նրա մարմինը թրջուեց, մինչեւ որ նա ճանաչեց, թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեանը եւ այն կը տայ նրան, ում որ կամենայ։ 22Արդ, դու՝ նրա որդի՛ Բաղդասար, քո սիրտը չխոնարհեցրիր Աստծու առաջ, որից այդ բոլորը ստանում էիր, 23երկնքի Աստծու դէմ գոռոզացար, նրա Տան սպասքը բերին քո առջեւ, եւ դու, քո մեծամեծները, քո հարճերն ու քո կանայք գինի էիք խմում դրանցով, օրհնում էիր ոսկեայ, արծաթեայ, պղնձեայ, երկաթեայ, փայտէ եւ քարէ աստուածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում եւ ո՛չ էլ իմանում, իսկ Աստծուն, որի ձեռքում են քո շունչը եւ քո բոլոր ճանապարհները, չփառաւորեցիր։ 24Այդ պատճառով էլ նրա կողմից ուղարկուեց ձեռքի թաթը եւ գրեց այդ գրութիւնը. 25ահա այս է այն գրութիւնը, որ գրուած է. ՄԱՆԷ, ԹԷԿԷՂ, ՓԱՐԷՍ։ 26Եւ սա է այդ բանի մեկնութիւնը. ՄԱՆԷ՝ Աստուած չափեց քո թագաւորութիւնը եւ վերջ տուեց դրան. 27ԹԷԿԷՂ՝ կշեռքով կշռուեց եւ պակաս եղաւ. 28ՓԱՐԷՍ՝ քո թագաւորութիւնը բաժանուեց եւ տրուեց մարերին ու պարսիկներին»։ 29Բաղդասարը հրաման տուեց, եւ նրան ծիրանի հագցրին ու ոսկեայ մանեակ դրին պարանոցին։ Ապա նրան հռչակեցին իշխան՝ լինելու թագաւորութեան երրորդ մարդը։ 30Հէնց նոյն գիշերը սպանուեց քաղդէացիների Բաղդասար արքան։ 31Իսկ Դարեհ արքան, որ վաթսուներկու տարեկան էր, գրաւեց թագաւորութիւնը։









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Варенье из лепестков роз

Варенье из лепестков розДля варенья используют лепестки чайной розы. Нижнюю...

Лопатка с помидорами

Лопатка с помидорамиЛопатку ягненка промыть, не разрезая на куски посолить...

Магадиносы

МагадиносыБаклажаны подготовить для начинки, как указано для блюда «схторац». Начинку...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта