ՍԱՂՄՈՍ - 2

(33 голоса, среднее 4.33 из 5)
Индекс материала
ՍԱՂՄՈՍ
2
Все страницы


81 Աստուած կանգնեց աստուածների ժողովում, եւ նրանց մէջ դատապարտեց նրանց՝ ասելով. 2«Մինչեւ ե՞րբ պիտի անիրաւութեամբ դատէք. եւ աչառութիւն անէք մեղաւորներին։ 3Տեսէ՛ք դատաստանը որբի եւ այրու, արդա՛ր դատեցէք աղքատին ու խեղճին։ 4Փրկեցէ՛ք աղքատին ու տնանկին, մեղաւորի ձեռքից փրկեցէ՛ք նրանց»։5Չհասկացան, չըմբռնեցին, խարխափեցին խաւարի մէջ, եւ երկրի բոլոր հիմքերը ցնցուեցին։ 6Ես ասացի՝ «Աստուածներ էք դուք, կամ բոլորդ էլ որդիներն էք Բարձրեալի։ 7Բայց ահա մեռնում էք դուք որպէս մարդեւ ընկնում էք ինչպէս մի իշխան»։ 8Ելի՛ր, Աստուա՛ծ, ու դատի՛ր աշխարհը, քանզի դո՛ւ պիտի ժառանգես բոլոր հեթանոսներին։ 
82 Ասափի օրհնութեան սաղմոսը 2Աստուա՛ծ, ո՞վ է քեզ նման. մի՛ լռիր ու կանգ մի՛ առ, Աստուա՛ծ։ 3Ահա թշնամիներդ աղաղակեցին, եւ ատելիներդ բարձրացրին իրենց գլուխները։ 4Քո ժողովրդի դէմ խորամանկութիւն մտածեցին, խորհուրդ արեցին քո սրբերի դէմ՝ ասելով. 5«Եկէք ազգերի միջից վերացնենք նրանց, որ այլեւս Իսրայէլի անունը չյիշուի»։ 6Միաբանած՝ խորհեցին համատեղ, դաշինք կնքեցին քո դէմ 7եդոմայեցիների բանակներն ու իսմայէլացիները, մովաբացիներն ու հագարացիները, 8Գեբաղի, Ամոնի, Ամաղէկի բնակիչներն ու բոլոր այլազգիները՝ Տիւրոսի բնակիչներով հանդերձ։9Նաեւ Ասուրի բանակն էր եկել նրանց հետ. սրանք բոլորը զօրավիգ էին Ղովտի որդիներին։ 10Նրանց արա այնպէս, ինչպէս արեցիր Մադիամին, Սիսարային ու Յաբինին՝ Կիսոնի հեղեղատներում։ 11Նրանք կոտորուեցին Դորի ակունքներումեւ եղան ինչպէս գետնի աղբ։12Նրանց իշխաններին արա՛ այնպէս, ինչպէս արեցիր Զէբէէին, Սաղմանային ու նրանց բոլոր իշխաններին, 13որոնք ասացին. «Մեր ժառանգութիւնը դարձնենք Աստծու սրբարանը»։ 14Աստուա՛ծ իմ, նրանց արա՛ ինչպէս անիւ, ինչպէս եղէգ՝ քամու հանդէպ, 15ինչպէս հուր, որ անտառն է այրում, ինչպէս բոց, որ լեռներն է խանձում։16Այսպէս հալածի՛ր նրանց քո մրրիկով, ու քո բարկութեամբ խռովեցրո՛ւ նրանց։ 17Նրանց երեսն անարգանքո՛վ պատիր, որ քո անունը փնտռեն, Տէ՛ր։ 18Թող ամաչեն ու խռովուեն յաւիտեանս յաւիտենից,եւ ամօթահար թող կորստեան մատնուեն։ 19Թող իմանան, որ քո անունը Տէր է, եւ դու միակ Բարձրեալն ես ամբողջ երկրի վրայ։ 
83 Այսուհետեւ՝ հնձանների մասին. սաղմոս Կորխի որդիներին2Որքա՜ն հաճելի է քո յարկի տակ, զօրութիւնների՛ Տէր. իմ հոգին քո գաւիթն է ցանկանում ու փափագում։ 3Սիրտս ու մարմինս ցնծում են կենդանի Աստուծով. 4քանզի ճնճղուկը գտաւ տունն իր, տատրակն իր բոյնը, որտեղ ձագեր պիտի դնի.գտաւ քո սեղանը, զօրութիւնների՛ Տէր, թագաւո՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ։ 5Երանի բոլոր նրանց, ովքեր բնակւում են Տիրոջ տանը, նրանք յաւիտեանս յաւիտենից պիտի օրհնեն քեզ։6Երանի այն մարդուն, որի օգնութիւնը քեզնից է, եւ որը մտքում դրեց ելնել 7տրտմութեան հովտից այն վայրը, ուր ուխտ արեց։ Նա օրհնութիւն պիտի մատուցի օրէնսդրին։ 8Զօրութիւնից զօրութիւն պիտի ընթանայ, եւ Աստուած պիտի երեւայ Սիոնում։ 9Զօրութիւնների Տէ՛ր Աստուած, լսի՛ր իմ աղօթքը, ակա՛նջ դիր, Յակոբի՛ Աստուած։ 10Դու ապաւէն ես մեր. տե՛ս, Աստուա՛ծ, ու նայի՛ր քո օծեալի երեսին,11քանզի ինձ համար քո գաւթում լինելու մէկ օրը հազար օր արժէ։ Ես նախընտրեցի ընկեցիկ լինել Աստծու տան մէջ, քան մեղաւորների յարկի տակ բնակուել։ 12Ողորմութիւն ու ճշմարտութիւն է սիրում Տէր Աստուածը մեր, որը շնորհք ու փառք պիտի տայ։ 13Տէրն իր ողորմութիւնը չի զլանայ նրանց, ովքեր անմեղութեամբ են ընթանում։ Զօրութիւնների՛ Տէր Աստուած, երանելի է այն մարդը, ով յոյսը քեզ վրայ է դրել։ 
84 Այսուհետեւ՝ սաղմոս Կորխի որդիներին 2Տէ՛ր, հաւանեցիր քո երկիրըու ե՛տ դարձրիր Յակոբին գերութիւնից։ 3Ներեցիր ժողովրդիդ անիրաւութիւնը, ջնջեցիր նրա բոլոր մեղքերը։ 4Զսպեցիր ողջ սրտնեղութիւնդ, ետ դարձար քո սաստիկ բարկութիւնից։ 5Դէպի մե՛զ դարձիր, Աստուա՛ծ, փրկի՛չ մեր, ու ե՛տ պահիր զայրոյթդ մեզնից։ 6Մեզ վրայ յաւիտեան մի՛ բարկացիր, Տէ՛ր, եւ բարկութիւնդ սերնդից սերունդ թող չձգուի։ 7Աստուա՛ծ, դու դարձեալ մեզ պիտի փրկես, եւ ժողովուրդդ պիտի ուրախանայ քեզնով։ 8Ցո՛յց տուր մեզ քո ողորմութիւնը, Տէ՛ր, եւ քո փրկութիւնը շնորհի՛ր մեզ։ 9Լսեցինք, թէ ինչ է խօսում Տէր Աստուածը մեր. խաղաղութեան մասին պիտի խօսի իր ժողովրդի, իր սրբերի եւ սրտով դէպի իրեն դարձողների հետ։10Արդարեւ, մօտ է նրա շնորհելիք փրկութիւնն իր երկիւղն ունեցողների համար, որպէսզի մեր երկրում նրա փառքը հաստատուի։11Ողորմութիւնն ու ճշմարտութիւնը պիտի հանդիպեն, արդարութիւնն ու խաղաղութիւնը պիտի համբուրուեն։ 12Ճշմարտութիւնը երկրից բուսաւ, արդարութիւնը երկնքից երեւաց։ 13Տէրը բարութիւն պիտի գործի, իսկ մեր երկիրն իր պտուղը պիտի տայ։ 14Արդարութիւնը նրա առջեւից պիտի գնայ, ճանապարհ տալով նրա ընթացքին։ 
85 Մօտեցրո՛ւ, Տէ՛ր, ականջը քո եւ լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես։ 2Հոգիս իմ սո՛ւրբ պահիր, Տէ՛ր. փրկի՛ր, Աստուա՛ծ իմ, քո ծառային, որ յոյսը դրել է քեզ վրայ։ 3Որորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի գիշեր-ցերեկ քե՛զ կանչեցի։ 4Ուրախացրո՛ւ ծառայիդ հոգին, Տէ՛ր, քանզի հոգիս դէպի քեզ բարձրացրի. 5որովհետեւ դու, Տէ՛ր, բարի ու շիտակ ես, գթառատ ես նրանց հանդէպ, ովքեր կանչում են քեզ։ 6Ակա՛նջ դիր, Տէ՛ր, իմ աղօթքներինեւ ո՛ւշ դարձրու խնդրանքիս ձայնին։ 7Իմ նեղութեան օրը ես կանչեցի քեզ, եւ դու լսեցիր ինձ։ 8Աստուածների մէջ քեզ նմանը չկայ, Տէ՛ր, եւ ոչինչ չկայ, որ նմանուի քո գործերին։ 9Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, պիտի գան երկրպագեն քո առջեւ, յաւիտեան փառք պիտի տան քո անուանը։ 10Մեծ ես դու, Տէ՛ր, եւ հրաշագործութիւններ ես անում, եւ միայն դո՛ւ ես Աստուած։ 11Առաջնորդի՛ր ինձ քո ճանապարհով, որ ընթանամ քո ճշմարտութեամբ, եւ սիրտս ուրախանայ՝ ակնածելով քո անունից։ 12Ամբողջ սրտովս գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր Աստուած իմ, յաւիտեան փառք պիտի տամ քո անուանը։ 13Մեծ եղաւ քո ողորմութիւնն իմ հանդէպ, հոգիս փրկեցիր խոր դժոխքից։ 14Աստուա՛ծ, անօրէններն յարձակուեցին ինձ վրայ, բռնակալների ամբոխներն հետապնդեցին ինձ, եւ քեզ իրենց առջեւ Աստուած չհամարեցին։ 15Բայց դու, Տէ՛ր Աստուած իմ, գթասիրտ ու ողորմած ես, համբերատար, ողորմաշատ ու ճշմարիտ։ 16Նայի՛ր ու ողորմի՛ր ինձ, զօրութի՛ւն տուր քո ծառային, պահպանի՛ր աղախնիդ որդուն։ 17Եւ ինձ բարութեան նշա՛ն ցոյց տուր. թող ատելիներն իմ տեսնեն ու ամօթահար լինեն, որ դու, Տէ՛ր, օգնեցիր ու մխիթարեցիր ինձ։ 
86 Կորխի որդիներին օրհնութեան սաղմոս 2Նրա հիմքերն իր սուրբ լերան վրայ են. Տէրը սիրում է Սիոնի դարպասներն աւելի, քան Յակոբի բոլոր վրանները։ 3Ահաւասիկ փառաւորեալը խօսեց քո մասին, քաղա՛քդ Աստծու։ 4Յիշեցի Ռահաբն ու Բաբելոնը, որոնք ճանաչում են ինձ. ահա եւ այլազգիներն ու Տիւրոսը, եւ Հնդկաստանի ժողովուրդները, որոնք գոյացան այնտեղ։ 5Սիոնը պիտի մայր կոչուի, որտեղ մարդը ծնուեց, եւ նրա հիմքերը Բարձրեալն անձամբ գցեց։ 6Տէրը գրքերում պիտի պատմի այն ժողովուրդների եւ իշխանների մասին, որոնք գոյացան այնտեղ։ 7Որքա՜ն պիտի ուրախանան քեզնով բոլոր նրանք, որոնց բնակութիւնը քեզնից է։ 
87 Այսուհետեւ՝ Մալալէթի իմաստութեան մասին. իմաստութիւն, որով պատասխան տուեց Եման Եզրայելացին. 2Իմ փրկութեա՛ն Տէր Աստուած, գիշեր-ցերեկ քե՛զ կանչեցի։ 3Թող աղօթքս հասնի քե՛զ, Տէ՛ր, ականջդ թող մօտենայ խնդրանքիս, 4քանզի հոգիս չարչարանքով լցուեց, եւ կեանքս դժոխքին մերձեցաւ։ 5Ես համարուեցի նրանցից, ովքեր մահուան փոսն են իջնում, եղայ անօգնական մի մարդ, լքուած՝ մեռեալների մէջ, 6գերեզմանում պառկած սպանուածների պէս, որոնց դու չես յիշում, եւ որոնք մերժուած են քեզնից։ 7Ինձ խորախոր փոսի մէջ դրին, խաւարի եւ մահուան ստուերների մէջ։ 8Բարկութիւնդ ծանրացաւ ինձ վրայ, ողջ յորձանքներդ իմ դէմ ուղղեցիր։ 9Իմ ծանօթներին ինձնից հեռացրիր, եւ նրանք ինձ նշաւակ դարձրին. ես մատնուած էի դժբախտութեան ու դուրս չէի գալիս։ 10Աչքերս տկարացան թշուառութիւնից, գիշեր-ցերեկ առ Տէր աղաղակեցիեւ դէպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ։ 11Միթէ մեռելների՞ համար պիտի հրաշագործութիւններ անես, կամ բժիշկները պիտի կենդանացնե՞ն նրանց, եւ նրանք գոհութի՞ւն պիտի մատուցեն քեզ։ 12Մի՞թէ որեւէ մէկը երբեւէ պիտի պատմի քո ողորմութիւնը գերեզմանում, կամ քո ճշմարտութիւնը՝ կորստեան մէջ։ 13Քո հրաշալի գործերը միթէ խաւարի՞ մէջ պիտի ճանաչուեն, կամ քո արդարութիւնը՝ մոռացուած երկրում։ 14Ես, Տէ՛ր, առ քեզ աղաղակեցի, առաւօտեան իմ աղօթքը քեզ պիտի հասնի։ 15Ինչո՞ւ, Տէ՛ր, մերժում ես իմ հոգին, կամ շրջում երեսդ ինձնից։ 16Տնանկ եւ չարքաշ եմ ես մանկութիւնից ի վեր, բարձրութիւնից ընկայ ու շուարեցի։ 17Քո բարկութիւնը ծանրացաւ ինձ վրայ, քո արհաւիրքները խռովեցրին ինձ։ 18Ջրի պէս օրնիբուն շրջապատեցին ինձ,պաշարեցին ինձ բոլորը միասին։ 19Իմ թշուառութեան պատճառով բարեկամներիս ու ծանօթներիս հեռացրիր ինձնից։ 
88 Եման Եզրայելացու իմաստութիւնը 2Քո ողորմութիւնները, Տէ՛ր, յաւիտեան պիտի օրհնեմ, սերնդից սերունդ պիտի պատմեմ իմ բերանով։ 3Ասացիր՝ «Աշխարհս ողորմութեամբ պիտի շինուի». քո ճշմարտութիւնը երկնքում պիտի հաստատուի։ 4Ուխտ կնքեցի իմ ընտրեալների հետ, երդուեցի իմ Դաւիթ ծառային՝ 5որ իր սերունդը յաւիտեան պիտի հաստատեմեւ նրա աթոռը դարէդար պիտի կառուցեմ։ 6Երկինքը պիտի պատմի քո հրաշագործութիւնը, Տէ՛ր, եւ քո ճշմարտութիւնը՝ սրբերի ժողովում։ 7Ամպերի մէջ ո՞վ է քեզ հաւասար, կամ Աստծու որդիների մէջ ո՞վ է Տիրոջը նման։ 8Աստուած փառաւորուած է իր սրբերի խորհրդում, մեծ եւ ահաւոր է նա իր շուրջը եղողների համար։ 9Զօրութիւնների՛ Տէր Աստուած, ո՞վ է քեզ նման. հզօր ես դու, Տէ՛ր, եւ ճշմարտութիւնդ քո շուրջն է։ 10Դու տիրում ես ծովի զօրութիւններին, եւ նրա ալիքների խռովքը դու ես հանդարտեցնում։11Դու վիրաւորների պէս խոնարհեցրիր ամբարտաւաններինեւ բազկիդ ուժով ցրեցիր քո թշնամիներին։ 12Քոնն է երկինքը եւ քոնն է երկիրը, աշխարհն իր մէջ եղածով դո՛ւ հաստատեցիր։ 13Հիւսիսն ու Հարաւը դո՛ւ ստեղծեցիր, Թաբորն ու Հերմոնը քո անուամբ պիտի ցնծան։ 14Քոնն է բազուկը եւ քոնն է կարողութիւնը, թող զօրանայ քո աջը, եւ բարձր լինի քո ձեռքը։ 15Քո աթոռը հաստատուած է արդարութեան ու իրաւունքի վրայ, ողորմութիւնն ու ճշմարտութիւնը քո առաջից պիտի ընթանան։16Երանի այն ժողովրդին, որը գիտակցում է քո օրհնութիւնը, Տէ՛ր, նա քո երեսի լոյսով պիտի ընթանայ։ 17Նա քո անուամբ պիտի ցնծայ գիշեր-ցերեկ,ու քո արդարութեամբ բարձր պիտի լինի։ 18Դու ես պարծանքը մեր զօրութեան, եւ մեր եղջիւրը քո կամքով պիտի բարձրանայ։19Տիրոջից է Իսրայէլի սրբի՝ մեր թագաւորի օգնութիւնը։ 20Այնժամ դու տեսիլքի մէջ խօսեցիր որդիներիդ հետ՝ասելով. «Օգնութի՛ւն ցոյց կը տամ հզօրին, եւ կը բարձրացնեմ ժողովրդիս ընտրեալին։ 21Գտայ իմ Դաւիթ ծառային, սուրբ իւղովս օծեցի նրան։ 22Ձեռքս կ՚ընդունի նրան, եւ բազուկս նրան կը զօրացնի։ 23Թշնամին չի վնասի նրան, եւ անօրէնութեան որդին նրան չի չարչարի։ 24Նրա թշնամիներին կը հարուածեմ նրա առաջ, եւ նրան ատողներին պարտութեան կը մատնեմ։ 25Իմ ճշմարտութիւնն ու ողորմութիւնը նրա հետ են, եւ նրա եղջիւրն իմ անուամբ բարձր կը լինի։ 26Նրա ձեռքը կը հաստատեմ ծովի վրայ,եւ նրա աջը՝ գետերի վրայ։ 27Նա ձայն կը տայ ինձ. «Իմ հայրն ես դու, Աստուա՛ծ, հաճեցնողն իմ փրկութեան»։ 28Ես իմ անդրանիկ որդին կը դարձնեմ նրան,եւ բարձր՝ քան երկրի բոլոր թագաւորները։29Յաւիտեան կը պահեմ նրա համար իմ ողորմութիւնը,եւ ուխտս նրա հանդէպ հաւատարիմ կը մնայ։ 30Նրա սերունդը կը հաստատեմ յաւիտեանս յաւիտենից,եւ նրա գահն՝ ինչպէս օրերը երկնքի։ 31Եթէ նրա որդիները լքեն իմ օրէնքըեւ իմ դատաստանով չկամենան ընթանալ,32եթէ անարգեն իմ արդարութիւնըեւ իմ պատուիրանները չպահեն,33գաւազանով կը հարուածեմ նրանց անօրէնութիւններին, եւ տանջանքներով՝ նրանց անիրաւութիւններին։ 34Բայց իմ ողորմութիւնից չեմ զրկի նրանց,եւ ճշմարտութեանս չեմ դաւաճանի։ 35Ոչ էլ իմ ուխտը կ՚անարգեմ,կամ կ՚արհամարհեմ այն, ինչ դուրս է գալիս իմ շրթունքներից։ 36Մէկ անգամ ընդմիշտ ես երդուեցի իմ սրբութեամբ, որ Դաւթին չեմ խաբի։ 37Նրա սերունդը յաւիտեան կը մնայ, եւ ինչպէս արեւ, 38ինչպէս լուսին, նրա աթոռն իմ առջեւ յաւերժ հաստատուած կը մնայ երկնքում, որպէս հաւատարիմ վկայ»։ 39Բայց արդ, դու մերժեցիր, անարգեցիր ու գետին տապալեցիր քո օծեալին։ 40Հրաժարուեցիր քո ծառայի ուխտից, նրա սրբութիւնը հողին հաւասարեցրիր։ 41Քանդեցիր նրա բոլոր պարիսպները,եւ նրա բերդերը խարխլեցիր։ 42Ճանապարհի անցորդները կողոպտեցին նրան, եւ նա իր հարեւանների նախատինքը դարձաւ։ 43Բարձրացրիր նրան նեղողների աջը, ուրախացրիր նրա բոլոր թշնամիներին։ 44Նրա սրից ետ դարձրիր քո օգնութիւնը,եւ պատերազմի մէջ նրան չհովանաւորեցիր։ 45Անարգեցիր նրա սրբութիւնը,եւ նրա գահը գետին տապալեցիր։ 46Նրա կեանքի օրերը նուազեցրիր, եւ նրան ամօթով ծածկեցիր։ 47Մինչեւ ե՞րբ պիտի երեսդ շրջես իսպառ, եւ բարկութիւնդ պիտի բորբոքուի՞ հրի պէս։ 48Իսկ արդ, յիշի՛ր ու տե՛ս, թէ ո՛րն է իմ հանգիստը. միթէ իզո՞ւր ստեղծեցիր մարդկանց բոլոր որդիներին։ 49Ո՞վ է այն մարդը, որ պիտի ապրի ու մահ չտեսնի,կամ իր հոգին պիտի փրկի դժոխքից։ 50Ո՞ւր են քո նախկին ողորմութիւնները, Տէ՛ր, որոնք քո ճշմարտութեամբ խոստացար Դաւթին։ 51Յիշի՛ր ծառայիդ նախատինքները, որ ծոցումս կրեցի բազում ազգերից։ 52Տէ՛ր, քո թշնամիները նախատեցին նրան, նախատելով հատուցեցին քո օծեալին։ 53Օրհնեալ է Տէր Աստուածը յաւիտեանս յաւիտենից. թող լինի, թող լինի։ 
89 Տէ՛ր, սերնդից սերունդ մեր ապաւէնը եղար։ 2Դու կայիր, երբ դեռ չէին հաստատուել լեռները եւ չէին ստեղծուել երկիրն ու ողջ տիեզերքը, յաւիտենութիւնից մինչեւ յաւիտենութիւն։ 3Մարդուն մի՛ մատնիր տառապանքի, քանզի ասացիր. «Մարդկա՛նց որդիներ, վերադարձէ՛ք ինձ»։ 4Հազար տարին Տիրոջ աչքում երէկուայ օրուայ պէս է, որ անցաւ, կամ գիշերուայ մի պահի պէս։ 5Նրանց տարիները տառապալից պիտի լինեն. առաւօտեան խոտի պէս պիտի բուսնեն,6առաւօտեան խոտի պէս պիտի դալարեն ու ծաղկեն. երեկոյեան պիտի թոռոմեն, չորանան ու ընկնեն։ 7Մենք մաշուեցինք քո բարկութիւնից,եւ քո զայրոյթից մենք խռովուեցինք։ 8Մեր մեղքերը առջեւդ դրիր, իսկ մեր կեանքը՝ երեսիդ լոյսի տակ։ 9Մեր օրերը բոլորովին նուազեցին, եւ մենք խռովուեցինք քո բարկութիւնից։ Մեր կեանքի ժամանակը դադար չունի սարդի նման։ 10Մեր կեանքի օրերի թիւն է եօթանասուն տարի, կամ առաւելագոյնը՝ ութսուն տարի, որոնց մեծ մասն անցնում է ցաւով ու հեծութեամբ։ Մեզ վրայ հեզութիւն իջաւ, եւ մենք խրատուեցինք։ 11Իսկ ո՞վ գիտէ քո բարկութեան ուժը, կամ քո պատճառած ահից ո՞վ կը չափի քո զայրոյթը։ 12Այսպէս, ինձ ցո՛յց տուր քո աջը,եւ սրտով խոնարհներին՝ քո իմաստութիւնը։ 13Դարձի՛ր, Տէ՛ր։ Մինչեւ ե՞րբ... Մխիթարի՛ր քո ծառաներին։ 14Առաւօտեան լիացանք քո ողորմութեամբ, ցնծացինք եւ ուրախ եղանք մեր կեանքի բոլոր օրերին։15Ուրախացանք այն օրերի փոխարէն, երբ հնազանդեցրիր մեզ, եւ այն տարիների, երբ չարչարանք տեսանք։ 16Նայի՛ր, Տէ՛ր, քո ծառաներին ու քո ձեռակերտներին, եւ առաջնորդի՛ր նրանց որդիներին։ 17Տէր Աստծու լոյսը թող մեզ վրայ իջնի. ուղղի՛ր մեր ձեռքի գործերը, Տէ՛ր, մեր ձեռքի գործերը յաջողեցրո՛ւ մեզ։ 
90 Ով ապրում է Բարձրեալի աջակցութեամբ, երկնքում կը հանգչի Աստծու հովանու տակ։ 2Տիրոջը կ՚ասի. «Դու ես ինձ ընդունողը, ապաւէ՛ն իմ Աստուած, որի վրայ եմ դրել իմ յոյսը»։ 3Նա ինձ կը փրկի որսորդի թակարդից ու խռովեցուցիչ խօսքերից։ 4Իր ծոցում կը պահի կը պաշտպանի քեզ, եւ դու ապահովութիւն կ՚ունենաս նրա թեւերի հովանու տակ։ 5Նրա ճշմարտութիւնը որպէս զէնք քո շուրջը կը լինի։6Դու չես վախենայ գիշերուայ զարհուրանքիցեւ ոչ էլ ցերեկուայ սլացող նետից, խաւարում շրջող բանից,եւ կէսօրին դեւի գայթակղութիւնից։7Քո կողքին հազարներ կ՚ընկնեն, եւ քո աջին՝ տասնեակ հազարներ, բայց քեզ ոչինչ չի մերձենայ։ 8Բաւական է, որ քո աչքով նայես, եւ դու կը տեսնես մեղաւորների ստացած հատուցումը։ 9Դու, Տէ՛ր, իմ յոյսն ես։ Բարձրեալին քեզ ապաւէն դարձրիր։ 10Չարիքը չի հասնի քեզ, եւ տանջանքները չեն մօտենայ քո տան յարկին։ 11Իր հրեշտակներին հրամայուած է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին։ 12Իրենց բազուկների վրայ պիտի վերցնեն քեզ, որ երբեք ոտքդ քարի չխփես։ 13Դու կը քայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կը կոխոտես առիւծին ու վիշապին։ 14Քանի որ յոյսն ինձ վրայ դրեց,ես կը փրկեմ նրան, նրան հովանի կը լինեմ, քանզի անունս ճանաչեց։ 15Ինձ ձայն կը տայ՝ ու կը լսեմ նրան, եւ նրա հետ կը լինեմ նեղութեան մէջ. կը փրկեմ ու կը փառաւորեմ նրան։ 16Բազում օրերով նրան կը լիացնեմ ու ցոյց կը տամ նրան իմ փրկութիւնը։ 
91 Շաբաթօրեայ օրհնութեան սաղմոսը 2Բարի է գոհաբանել Տիրոջը, սաղմոս երգել քո անուանը, ո՛վ Բարձրեալ։ 3Առաւօտեան պատմել քո ողորմութիւնը, եւ գիշերը՝ քո ճշմարտութիւնը, 4տասնալար սաղմոսարանով, օրհնութեան ձայնով գովաբանել։ 5Ուրախացրիր ինձ, Տէ՛ր, քո արարումներով, եւ պիտի ցնծամ ձեռքիդ գործերով։ 6Որքա՜ն մեծ են քո գործերը, Տէ՛ր, եւ չափազանց խոր են խորհուրդները քո։7Անզգամ մարդը չի ըմբռնի,եւ անմիտը չի հասկանայ այս։8Մեղաւորները՝ բուսնելով ինչպէս խոտ, եւ անօրէնութիւն գործողները՝ ծաղկելով, կը կործանուեն յաւիտեանս յաւիտենից։ 9Բայց դու, Տէ՛ր, Բարձրեալ ես յաւիտեան։ 10Ահա քո թշնամիները, Տէ՛ր, ահա քո թշնամիները կը կորչեն, կը ցրուեն բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում։ 11Միեղջերուի պէս բարձր կը լինի եղջիւրն իմ, իսկ ծերութիւնն իմ՝ առատ օծանելիքով։ 12Աչքս դիպաւ թշնամիներիս, որոնք չարութեամբ յարձակուել են վրաս։ Ականջս կը լսի նրանց։13Արդարներն արմաւենու պէս կը ծաղկեն, Լիբանանի մայրիների պէս կը բազմանան։ 14Դրանք կը տնկուեն Տիրոջ տանը,ու կը ծաղկեն մեր Աստծու գաւիթներում։ 15Դրանք պտղաբեր կը լինեն նաեւ ծերութեան ժամանակ՝ գիրգ ու փափուկ, 16որպէսզի աւետեն, թէ ճշմարիտ է Տէրը, եւ նրա մէջ անիրաւութիւն չկայ։ 
92 Առաջին շաբաթուայ օրը, երբ հաստատուեց երկիրը. Դաւթի օրհներգը 2Տէրը թագաւորեց, վայելչութիւն հագաւ, զօրութիւն հագաւ Տէրն ու գօտեւորուեց, հաստատեց աշխարհը, որ չսասանուի։ 3Սկզբից է պատրաստուած գահը քո, եւ յաւերժ ես դու։ 4Բարձրացան գետերը, Տէ՛ր, գետերը բարձրացրին ձայնն իրենց. գետերը պիտի յորդեն իրենց հունից դուրս։ 5Առատ ջրի ձայնից ծովի ալիքներն սքանչելի դարձան. սքանչելի ես դու բարձունքներում, Տէ՛ր։ 6Մենք անչափ հաւատացինք քո վկայութիւններին. սրբութիւնը վայել է քո տանը, Տէ՛ր, երկար օրեր։ 
93 Աստուած՝ վրէժխնդի՛ր Տէր, Աստուա՛ծ վրէժխնդիր, դու յայտնուեցիր։ 2Բա՛րձր եղիր, որ երկիրը դատես, հատուցո՛ւմ տուր ամբարտաւաններին։ 3Մինչեւ ե՞րբ մեղաւորները, Տէ՛ր, մինչեւ ե՞րբ մեղաւորները պիտի պարծենան, 4յոխորտալով անիրաւութիւն բարբառեն, բարբառեն բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում։5Քո ժողովրդին, Տէ՛ր, ճնշեցին,եւ քո ժառանգութիւնը չարչարեցին։6Այրուն ու պանդխտին սպանեցին, որբերին կոտորեցին ու ասացին.7«Տէրը դա չի տեսնում, եւ Յակոբի Աստուածն ուշ չի դարձնում»։8Ուշքի՛ եկէք, ժողովրդի անզգամնե՛ր ու անմիտնե՛ր, մինչեւ ե՞րբ պիտի չըմբռնէք։ 9Միթէ ականջ ստեղծողն՝ ինքը չի՞ լսի, կամ աչք ստեղծողն՝ ինքը չի՞ տեսնի։ 10Ազգերին խրատողն ու մարդուն գիտութիւն ուսուցանողը միթէ չի՞ յանդիմանի։ 11Տէրը գիտէ մարդկանց խորհուրդները, որոնք ունայն են։ 12Երանի այն մարդուն, որին խրատում ես դու, Տէ՛ր, եւ օրէնքներդ նրան սովորեցնում։ 13Դու նրան հանդարտեցնում ես չար օրերին, մինչեւ որ մեղաւորի համար խոր փոս փորուի։ 14Տէրը չի մերժի իր ժողովրդին, եւ իր ժառանգութիւնը չի անտեսի, 15մինչեւ որ դատաստանն արդար դառնայ, եւ բոլոր նրանք, որ սրտով ուղիղ են, ընդունեն այն։ 16Ո՞վ ինձ հետ պիտի ելնի չարամիտների դէմ, կամ ո՞վ ինձ հետ պիտի միաբանի ընդդէմ նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում։ 17Եթէ Տէրն ինձ չաջակցէր, մի փոքր եւս՝ եւ հոգիս կը բնակուէր դժոխքում։ 18Երբ ասում էի, թէ՝ ահա ոտքերս սասանուեցին, քո ողորմութիւնը, Տէ՛ր, օգնում էր ինձ։ 19Սրտիս ցաւերի բազմանալու ժամինքո մխիթարութիւնը հրճուեցնում էր իմ հոգին։20Թող չհաւասարուի քեզ աթոռն անօրէնութեան, որ վնաս է պատճառում օրէնքին։ 21Արդարի հոգին որսացին, եւ անմեղի արիւնն էին դատապարտում։ 22Տէրն եղաւ իմ ապաւէնը, իմ յոյսի օգնական Աստուածը։ 23Տէրը նրանց պիտի հատուցի իրենց անօրէնութեան համեմատ, իրենց չարութեան համեմատ պիտի կործանի նրանց Տէր Աստուածը մեր։ 
94 Եկէ՛ք ցնծանք Տիրոջ առջեւ, աղաղակենք մեր փրկիչ Աստծուն։2Փութանք նրա մօտ խոստովանութեամբ, սաղմոսերգութիւններով աղաղակենք առ Աստուած։ 3Մեծ է Աստուած, Տէր, մեծ թագաւոր ողջ աշխարհում։ 4Նրա ձեռքում են բոլոր եզերքները երկրի, եւ նրանն են բարձունքները լեռների։ 5Նրանն է ծովը, եւ նա՛ արարեց այն, ու ցամաքը նրա ձեռքերն ստեղծեցին։ 6Եկէ՛ք երկրպագենք նրան, խոնարհուենք ու լաց լինենք մեր Արարչի՝ Տիրոջ առջեւ։ 7Տէր Աստուածն է նա մեր, մենք՝ նրա ձեռքի տակի ժողովուրդը եւ նրա արօտի ոչխարները։ 8Այսօր, երբ լսէք ձայնը նրա, մի՛ խստացրէք սրտերը ձեր դառնութեամբ, ինչպէս փորձութեան օրն անապատում,9որտեղ ինձ փորձեցին ձեր հայրերը, քննեցին ինձ ու տեսան իմ գործերը։ 10Քառասուն տարի տքնեցի այդ ազգի համար եւ ասացի. «Նրանք միշտ մոլորուած են սրտով, ու ճանապարհներս չճանաչեցին»։11Ուստի երդուեցի զայրոյթիս պահին, որ նրանք չեն մտնի իմ հանգստի մէջ։ 
95 Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգով, օրհնեցէ՛ք Տիրոջը, համայն աշխարհի մարդիկ։ 2Օրհնեցէ՛ք Տիրոջն ու օրհնեցէ՛ք անունը նրա, օրըստօրէ աւետեցէ՛ք փրկութիւնը նրա։ 3Հեթանոսների մէջ փառքը պատմեցէ՛ք նրա, եւ բոլոր ժողովուրդների մէջ՝ սքանչելագործութիւնները նրա։ 4Մեծ է Տէրն ու անչափ օրհնեալ, ահարկու է նա բոլոր կուռքերից աւելի։ 5Հեթանոսների բոլոր կուռքերը դեւեր են, իսկ Տէրն արարիչն է երկնքի։ 6Խոստովանութիւն եւ վայելչութիւն կայ նրա առջեւ, սրբութիւն եւ մեծափառութիւն՝ նրա սրբարանում։ 7Մատուցեցէ՛ք Տիրոջը, ազգատոհմե՛ր, մատուցեցէ՛ք Տիրոջը փառք ու պատիւ։ 8Մատուցեցէ՛ք Տիրոջը փառքն իր անուան, ընծանե՛ր վերցրէք ու մտէ՛ք սրահները նրա։ 9Երկրպագեցէ՛ք Տիրոջն իր սրբարանի գաւիթներում, քանզի ամբողջ երկիրը պիտի խռովուի նրա ներկայութիւնից։ 10Հեթանոսների մէջ ասացէ՛ք, թէ՝ «Տէրը թագաւորեց, նա աշխարհն հաստատեց, որ չսասանուի, եւ նա իր ժողովրդին արդարութեամբ պիտի դատի»։ 11Թող ուրախ լինի երկինքն ու ցնծայ երկիրը, թող զուարճանայ ծովն իր մէջ եղած բոլոր կենդանի էակներով։12Թող հրճուեն դաշտերը եւ նրանցում եղած ամէն ինչ, թող այնժամ ցնծան անտառի բոլոր ծառերը 13Տիրոջ առջեւ, որ գալիս է, գալիս է դատելու երկիրը։ Նա պիտի դատի տիեզերքն արդարութեամբ,եւ բոլոր ժողովուրդներին՝ իր ճշմարտութեամբ։ 
96 Տէրը թագաւորեց, թող երկիրը ցնծայ, թող ուրախ լինեն բազում կղզիները։ 2Ամպ եւ մէգ է շուրջը նրա, իրաւունքով ու արդարութեամբ է հաստատուած աթոռը նրա։ 3Նրա առջեւից հուր պիտի ընթանայ, այրելով իր շուրջն եղող թշնամիներին։ 4Նրա կայծակները երեւացին տիեզերքում, երկիրը տեսաւ դրանք ու սասանուեց։ 5Լեռները մոմի պէս պիտի հալուեն Տիրոջ ներկայութիւնից, ամբողջ երկիրը՝ Տիրոջ ներկայութիւնից։ 6Երկինքը պիտի պատմի արդարութիւնը նրա, բոլոր ժողովուրդները տեսան փառքը նրա։ 7Թող խայտառակուեն բոլոր նրանք, ովքեր երկրպագում են կուռքերին,եւ պարծենում իրենց արձաններով։ Նրա բոլոր հրեշտակները պիտի երկրպագեն իրեն,8քանզի լսեց եւ ուրախ եղաւ Սիոնը. Յուդայի երկրի դուստրերը պիտի ցնծան քո դատաստանների համար, Տէ՛ր։ 9Դու Բարձրեալ ես ողջ երկրի վրայ, անչափ վեր եղար բոլոր կուռքերից։ 10Տիրո՛ջը սիրողներ, ատեցէ՛ք չարութիւնը. Տէրը պահպանում է իր սրբերի հոգիները, մեղաւորների ձեռքից փրկում է նրանց։ 11Արդարների համար լոյս ծագեց, եւ սրտով շիտակների համար ուրախութիւն եղաւ։ 12Ցնծացէ՛ք, արդարնե՛ր, Տիրոջով, գոհաբանեցէ՛ք յիշատակը նրա սրբութեան։ 
97 Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգով, քանզի սքանչելագործութիւններ արեց նա։ Իր Աջն ու իր սուրբ բազուկը փրկեցին նրան։ 2Տէրը ցոյց տուեց իրենից եկող փրկութիւնը, ազգերի առջեւ յայտնեց իր արդարութիւնը։3Իր ողորմութեամբ յիշեց Յակոբին, իր ճշմարտութեամբ՝ տունն Իսրայէլի. եւ երկրի բոլոր ծայրերը տեսան մեր Աստծու շնորհած փրկութիւնը։ 4Աղաղակի՛ր Տիրոջ առջեւ, ո՛ղջ երկիր. օրհնեցէ՛ք, ցնծացէ՛ք ու սաղմո՛ս երգեցէք։ 5Սաղմո՛ս երգեցէք մեր Աստծուն օրհնութեամբ, օրհնութեամբ ու սաղմոսերգութեամբ։ 6Կոփածոյ շեփորի օրհնութեան ձայնով, օրհնութեամբ, ցնծութեամբ ու եղջերափողի ձայնով աղաղակեցէ՛ք Տիրոջ՝ թագաւորի առջեւ։ 7Թող խռովուի ծովն իր մէջ եղած բոլոր կենդանի էակներով, տիեզերքն իր ամբողջ բնակիչներով։ 8Եւ գետերը թող ծափ տան միասին իրենց ձեռքերով, ու լեռները ցնծան Տիրոջ առջեւ, 9քանզի Տէրը եկել հասել է՝ երկիրը դատելու։ Նա պիտի դատի աշխարհն արդարութեամբ,եւ իր ժողովուրդներին՝ ճշմարտութեամբ։ 
98 Տէրը թագաւորեց, ժողովուրդները բարկացան։ Ո՛վ քերովբէների վրայ նստողդ, երկիրը սասանուեց։ 2Տէրը մեծ է Սիոնում ու բարձր, քան ժողովուրդները բոլոր։ 3Գոհութիւն մատուցենք քո մեծ անուանը, քանզի ահաւոր ու սուրբ է նա։ 4Իրաւունք սիրելը պատիւ է բերում թագաւորին. դո՛ւ հաստատեցիր իրաւունքն ու արդարութիւնը Յակոբի մէջ։5Մեծարեցէ՛ք մեր Տէր Աստծուն, երկրպագեցէ՛ք նրա ոտքերի պատուանդանին, քանզի Նա սուրբ է։ 6Մովսէսն ու Ահարոնը՝ երէցները նրա, Սամուէլը, որ նրա անունը կանչողների մէջ էր, ձայն էին տալիս Տիրոջն, ու նա լսում էր նրանց 7եւ ամպի սիւնով խօսում նրանց հետ։ Նրանք պահպանում էին վկայութիւնը նրաեւ հրամանները, որ տուեց իրենց։ 8Տէ՛ր Աստուած մեր, դու լսում էիր նրանց. Աստուա՛ծ, դու քաւիչ եւ վրէժխնդիր էիր լինում նրանց բոլոր գործերի համար։ 9Մեծարեցէ՛ք մեր Տէր Աստծուն, երկրպագեցէ՛ք նրա սուրբ լերանը, քանզի սուրբ է Տէր Աստուածը մեր։ 
99 Դաւթի խոստովանութեան սաղմոսը 2Աղաղակեցէ՛ք Տիրոջ առջեւ, երկրի բոլո՛ր բնակիչներ, ծառայեցէ՛ք Տիրոջն ուրախութեամբ։ 3Նրա առջեւ ելէ՛ք ցնծութեամբ. իմացէ՛ք, որ Նա է Տէր Աստուածը մեր. նա ստեղծեց մեզ, եւ ոչ թէ մենք եղանք. նրա ժողովուրդն ենք մենք ու ոչխարները նրա արօտի։ 4Մտէ՛ք նրա դռներով խոստովանութեամբ, եւ մտէ՛ք նրա սրահները՝ օրհնութեամբ. գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջն ու օրհնեցէ՛ք անունը նրա։ 5Քաղցր է Տէրը, նրա ողորմութիւնը յաւերժ է, նրա ճշմարտութիւնը՝ սերնդից սերունդ։ 
100 Ողորմութեանդ ու արդարութեանդ մէջ պիտի օրհնեմ քեզ, Տէ՛ր, սաղմոս պիտի երգեմ, 2եւ ի մտի պիտի ունենամ անբիծ ճանապարհով ընթանալ, մինչեւ որ նա գայ ինձ մօտ. քանզի ես իմ տան մէջ սրտիս անարատութեամբ էի ընթանում։ 3Աչքերիս առջեւ անիրաւ բան չդրի,եւ ուրացութիւն անողներին ատեցի։ 4Ծուռ սիրտ ունեցողն ինձ չմօտեցաւ. անզգամն ինձնից խոտորուեց, բայց ես հոգ չարեցի։ 5Ով ծածուկ խօսեց իր ընկերոջ դէմ, նրան բացէիբաց հալածեցի, ով ամբարտաւան էր աչքով եւ ագահ՝ սրտով,նրա հետ հաց իսկ չկերայ։ 6Աչքերս սեւեռուած էին երկրի հաւատացեալներին, որպէսզի նրանք ինձ հետ նստեն. ով գնում էր անբիծ ճանապարհով, նա՛ էր ինձ ծառայում։7Ամբարտաւանութիւն անողն իմ տան մէջ չէր բնակւում, անիրաւութիւն խօսողն աչքերիս առջեւ յաջողութիւն չունէր։8Առաւօտներն սպանում էի երկրի բոլոր մեղաւորներին, որ Տիրոջ քաղաքից վերացնեմ բոլոր նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում։ 
101 Բորոտի աղօթքը, երբ նա իր անձկութեան մէջ Տիրոջ առաջ դրեց իր խնդրանքները 2Տէ՛ր, լսի՛ր իմ աղօթքը, աղաղակս թող հասնի քեզ։3Մի՛ շրջիր երեսդ ինձնից, նեղութեանս օրը ի՛նձ մօտեցրու ականջը քո. երբ ձայն տամ քեզ՝ իսկոյն լսի՛ր ինձ։ 4Ծխի պէս սպառուեցին օրերն իմ, եւ ոսկորներս չորացան ինչպէս խռիւ։ 5Սիրտս խոցուեց եւ ցամաքեց խոտի պէս, հեծութեանս ձայնից հաց ուտելս մոռացայ։ 6Ոսկորս մարմնիս կպաւ, եւ նմանուեցի անապատի հաւալուսնին։ 7Եղայ ինչպէս բու աւերակներում, տքնեցի ու դարձայ ինչպէս մենաւոր ճնճղուկ տանիքում։ 8Թշնամիներս ամէն օր նախատեցին ինձ, եւ ինձ գովողներն ինձնով երդուեցին։ 9Մոխիր կերայ հացի տեղ,եւ ըմպելիքս արտասուքով խառնեցի 10քո բարկութեան ու զայրոյթի պատճառով, քանզի դու ինձ բարձրացրիր եւ վայր գցեցիր։ 11Օրերս անցան ստուերի պէս, եւ ես ցամաքեցի ինչպէս խոտ։ 12Դու, Տէ՛ր, յաւերժ ես, եւ սերնդից սերունդ է յիշատակը քո։ 13Դու պիտի ելնես, որ գթաս Սիոնին.ժամանակն է գթալու նրան, հասել է ժամը։ 14Ծառաներդ նրա քարերը հաւանեցին,ու գթացին նրա հողին։ 15Հեթանոսները պիտի սոսկան քո անունից, եւ երկրի բոլոր թագաւորները՝ քո փառքից։ 16Տէրը պիտի Սիոնը վերաշինի, եւ իր փառքով երեւայ այնտեղ։ 17Ուշ դարձրեց նա խեղճերի աղօթքին,եւ չարհամարհեց խնդրանքը նրանց։ 18Սա պիտի գրուի այլ սերնդի համար, որպէս ժառանգութիւն ստացած նրա ժողովուրդը պիտի օրհնի Տիրոջը։ 19Նայեց նա իր սրբութեան բարձրութիւնից, Տէրն երկնքից երկիր նայեց՝ 20բանտարկեալների հառաչանքը լսելու եւ մահապարտների որդիներին ազատ արձակելու համար, 21որ Սիոնում պատմեն անունը Տիրոջ,եւ Երուսաղէմում՝ գովքը նրա, 22որ ժողովուրդներն իրար մօտ հաւաքուեն, եւ թագաւորները Տիրոջը ծառայեն։ 23Նա պատասխանեց նրան իր հզօրութեան ճանապարհին. «Ասա՛ ինձ սակաւութիւնն իմ օրերի, 24եւ ինձ մի՛ վերցրու օրերիս կէսին, քանզի յաւերժ են տարիները քո։ 25Ի սկզբանէ, Տէ՛ր, երկրի հիմքերն հաստատեցիր, եւ երկինքն էլ գործն է քո ձեռքերի։26Կ՚անցնեն դրանք, բայց դու կաս եւ կը մնաս յաւիտեան. ամէն ինչ ձորձի պէս կը մաշուի, դու վերարկուի պէս կը փոխես դրանք, ու դրանք կը փոխուեն։ 27Բայց դու նոյնը կը մնաս, եւ քո տարիները չեն անցնի։28Քո ծառաների որդիները կը բնակուեն այնտեղ, եւ նրանց սերնդին յաւիտեան յաջողութիւնը կ՚ուղեկցի։ 
102 Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, եւ իմ բոլոր ոսկորները թող օրհնեն սուրբ անունը նրա։ 2Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ,եւ մի՛ մոռացիր բոլոր պարգեւները նրա, 3ով քաւութիւն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր։ 4Նա, որ քո կեանքը փրկում է ապականութիւնից, քեզ պսակում է ողորմութեամբ ու գթութեամբ, 5որ բարութեամբ յագեցնում է ցանկութիւնը քո, եւ քո երիտասարդութիւնը նորոգւում է արծուի պէս։ 6Ողորմութիւն ու արդարութիւն է շնորհում Տէրը բոլոր զրկեալներին։ 7Տէրն իր ուղիները ցոյց տուեց Մովսէսին,եւ իր կամքը՝ Իսրայէլի որդիներին։ 8Գթասիրտ, ողորմած է Տէրը, համբերատար ու ողորմաշատ։ 9Տէրն իսպառ չի բարկանումեւ յաւիտեան ոխ չի պահում։10Մեր մեղքերի համեմատ չվարուեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրէնութեան համեմատ հատուցեց մեզ։ 11Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զօրեղ է Տիրոջ ողորմութիւնն իրենից երկիւղ կրողների վրայ։ 12Որքան հեռու է արեւելքն արեւմուտքից, այնքան հեռացրեց նա մեր անօրէնութիւնները մեզնից։ 13Ինչպէս որ մի հայր գթում է իր որդիներին, այնպէս Տէրը պիտի գթայ իրենից երկիւղ կրողներին։ 14Նա գիտէ կազմուածքը մեր եւ յիշում է, որ հող ենք մենք։15Մարդու օրերը խոտի պէս են. նա ծաղկում է ինչպէս վայրի ծաղիկ։16Երբ փչի քամին, նա կ՚անհետանայ,եւ նրա տեղն իսկ չի երեւայ։17Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտեանս յաւիտենից իրենից երկիւղ կրողների վրայ է, եւ նրա արդարութիւնը՝ որդոց որդի նրանց հանդէպ,18որոնք պահում են ուխտը նրա, յիշում նրա պատուիրաններն ու կատարում դրանք։ 19Տէրն երկնքում հաստատեց իր աթոռը, նրա թագաւորութիւնը տիրում է բոլորին։ 20Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր հրեշտակներ, որ հզօր էք ուժով, կատարում էք խօսքը նրա, լսում ձայնը նրա պատգամների։ 21Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր զօրքեր, սպասաւորնե՛ր եւ նրա կամքը կատարողնե՛ր։ 22Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլոր գործերը, ամենուրեք է տէրութիւնը նրա։Հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը։ 
103 Օրհնիր Տիրոջը, ո՛վ իմ անձ. Տէ՛ր իմ Աստուած, անչափ մեծ ես, գովաբանութեամբ ու մեծափառութեամբ զգեստաւորուեցիր։ 2Լոյսը կրեցիր ինչպէս վերարկու, երկինքը փռեցիր վրանի պէս, 3քո վերնայարկը հաստատեցիր ջրերի վրայ։ Երթեւեկում է Նա ամպերի մէջ եւ շրջում հողմերի թեւերին։ 4Նա քամիները հրեշտակներ դարձրեց իրեն, եւ կիզիչ հուրը՝ սպասաւորների։ 5Երկիրն հաստատեց իր հիմերի վրայ, որ յաւիտեան չսասանուի։ 6Խոր ծովերն ասես նրա զգեցած վերարկուն լինեն։ Ջրերը կանգնած են լեռների վրայ։ 7Նրանք պիտի փախչեն քո սաստից,եւ քո որոտի ձայնից պիտի սարսափեն։ 8Լեռները պիտի ելնեն ու դաշտերն իջնեն այնտեղ, ուր դու հաստատեցիր դրանք։9Սահման դրիր, որպէսզի չանցնեն եւ չողողեն երկիրը նորից։10Աղբիւրները դէպի ձորերն ուղղեցիր, եւ ջրերը լեռների միջով պիտի հոսեն՝ 11յագեցնելու ծարաւը բոլոր գազանների ու վայրի էշերի։12Այնտեղ երկնքի թռչունները բոյն պիտի դնեն եւ ժայռերի միջից ձայն պիտի տան։ 13Նա ջուր պիտի խմեցնի լեռներին իր շտեմարաններից, նրա գործերի պտուղներով պիտի երկիրը լցուի։ 14Մարդկանց կարիքների համար լեռներում խոտ աճեցրիր ու բանջար,եւ հողից հաց հանեցիր։ 15Գինին ուրախացնում է մարդուն,իւղը՝ զուարթացնում, եւ հացն ամրացնում է մարդու սիրտը։ 16Թող յագենան Տիրոջ ծառերն ու մայրիները Լիբանանի, որ դու տնկեցիր։ 17Այնտեղ երկնքի թռչունները ձագ կը հանեն, եւ արագիլի բոյնը նրանց ապաստան կը լինի։ 18Բարձր լեռներն եղջերուների համար են, իսկ ժայռերը ապաստան են նապաստակների համար։ 19Դու հաստատեցիր լուսինը ժամանակը չափելու համար, արեգակն իմացաւ պահն իր մայրամուտի։ 20Դու խաւարն ստեղծեցիր, ու գիշեր եղաւ, որի մէջ շրջում են բոլոր գազաններն անտառի։ 21Առիւծների կորիւնները մռնչում են ու յօշոտում՝Աստծուց իրենց ուտելիքը խնդրելով։ 22Արեւածագին նրանք հաւաքւում են եւ հանգչում իրենց որջերում։ 23Մարդ մինչեւ երեկոյ գնում է իր գործինու վաստակին իր ձեռքերի։ 24Որքա՜ն մեծ են գործերը քո, Տէ՛ր, ամէն ինչ իմաստութեամբ ստեղծեցիր դու, եւ աշխարհը լցուեց քո ստեղծածներով։ 25Ահա ծովը՝ մեծ եւ լայնատարած, որի մէջ վխտացող կենդանիներին թիւ չկայ.այնտեղ կան մեծամեծ ու փոքր գազաններ. 26այնտեղ նաեւ նաւերն են լողում։Այնտեղ է վիշապը, որ դու ստեղծեցիր, որ խաղ անի ծովի հետ։ 27Բոլորը քեզ են սպասում, որ նրանց ուտելիքը ժամանակին տաս։ 28Տալիս ես նրանց, ու նրանք կերակրւում են, բացում ես ձեռքդ եւ քո հաճութեամբ սնում բոլորին։29Երբ շրջում ես երեսդ նրանցից, խռովւում են նրանք, երբ նրանցից հանում ես նրանց շունչը, սպառւում եւ հող են դառնում։ 30Ուղարկում ես քո շունչը եւ վերստեղծում նրանց, ու նորոգում երեսն երկրի։ 31Թող Տիրոջ փառքը յաւիտեան լինի, եւ Տէրն ուրախանայ իր արարածներով։32Նա նայում է երկրին ու դող պատճառում նրան, մերձենում լեռներին՝ եւ նրանք ծուխ են արձակում։ 33Պիտի օրհնեմ Տիրոջն իմ կեանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն՝ քանի դեռ կամ։ 34Օրհնութիւնն իմ քաղցր կը լինի նրան, եւ ես կ՚ուրախանամ Տիրոջով։ 35Թող մեղաւորները պակասեն աշխարհից, եւ ամբարիշտներ թող չգտնուեն նրա մէջ։Հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը։ Ալէլուիա։ 
104 Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջն ու նրա անո՛ւնը կանչեցէք, հեթանոսների մէջ պատմեցէ՛ք գործերը նրա։ 2Օրհնեցէ՛ք ու սաղմո՛ս երգեցէք նրան, պատմեցէ՛ք բոլոր հրաշագործութիւնները նրա։3Պարծեցէ՛ք նրա սուրբ անունով, թող ուրախ լինի սիրտը նրանց, ովքեր փնտռում են Տիրոջը։ 4Փնտռեցէ՛ք Տիրոջն ու հզօրացէ՛ք, փնտռեցէ՛ք նրա երեսն ամէն ժամ։ 5Յիշեցէ՛ք հրաշագործութիւնները նրա, սքանչելիքներն ու բերանի պատուիրանները նրա։ 6Աբրահամի՛ սերունդներ, դուք ծառաներն էք նրա, ընտրեալներն էք նրա, դուք՝ Յակոբի՛ որդիներ։ 7Նա ինքը Տէր Աստուածն է մեր, եւ ողջ աշխարհում են դատաստանները նրա։ 8Իր ուխտը նա յաւիտեան յիշեցեւ իր պատուիրած խօսքը՝ մինչեւ հազար տարի։ 9Ուխտ, որ Աբրահամի հետ կնքեց, եւ երդումն իր՝ Իսահակի հետ։ 10Յակոբի համար իր հրամանն հաստատեց,եւ Իսրայէլի համար՝ ուխտն իր յաւիտենական։ 11Ասաց. «Ձեզ պիտի տամ երկիրը Քանանի՝ բաժինը ձեր ժառանգութեան»։12Երբ սակաւ էին նրանք թուով, տկար էին եւ օտար այդ երկրում,13դեգերում էին սերնդից սերունդ, մի թագաւորութիւնից դէպի մի այլ ժողովուրդ, 14նա թոյլ չտուեց մարդկանց, որ վնասեն նրանց, կշտամբեց թագաւորներին նրանց համար։ 15«Մի՛ մօտեցէք, - ասաց, - իմ օծեալներին, եւ մարգարէներիս վնաս մի՛ հասցրէք»։ 16Սովի մատնեց երկիրը նրանց, հացի ամբողջ զօրութիւնը կոտրեց։ 17Նրանց առաջից մարդ ուղարկեց՝ Յովսէփին, որ վաճառուեց որպէս ստրուկ։ 18Նրա ոտքերը ցաւեցրին շղթաների մէջ, եւ նրա մարմինը երկաթով պնդեցրին, 19մինչեւ որ նրա խօսքը կատարուեց,եւ Տիրոջ խօսքը փորձեց նրան։ 20Թագաւորը մարդ ուղարկեց ու կապանքներից արձակեց նրան, ժողովրդի իշխանը բաց թողեց նրան, 21իր տան վրայ նրան տէր կարգեցեւ իր ողջ ունեցուածքի տնօրինող, 22որպէսզի իր ուզածի պէս խրատի նրանց իշխաններին,եւ նրանց ծերերին իմաստուն դարձնի։ 23Իսրայէլը մտաւ Եգիպտոս, Յակոբը պանդխտութեան գնաց երկիրը Քամի։ 24Խիստ բազմացրեց Տէրն իր ժողովրդին,եւ նրան իր թշնամիներից զօրեղ դարձրեց։ 25Թշնամիների սիրտը շրջեց, որ ատեն իր ժողովրդին,եւ իր ծառաների դէմ նենգութիւն գործեն։ 26Տէրն ուղարկեց իր ծառայ Մովսէսին եւ իր ընտրեալ Ահարոնին՝ 27տալով նրանց իր նշանների ու սքանչելիքների խօսքը Քամի երկրում։ 28Խաւար ուղարկեց ու խաւարի մէջ թողեց նրանց, քանզի դառնացրին իր խօսքը։29Նրանց գետերն արիւն դարձրեց,եւ ոչնչացրեց բոլոր ձկները նրանց։30Նրանց երկիրն ու նրանց թագաւորների շտեմարանները լցրեց գորտերով։ 31Հրամայեց՝ եւ շնաճանճ ու մժեղ թափուեց նրանց երկրի բոլոր սահմաններում։ 32Նրանց անձրեւները կարկտի վերածեց, եւ նրանց երկրում հուր բորբոքուեց։ 33Հարուածեց այգիներն ու թզենիները նրանց, եւ փշրեց նրանց երկրի սահմաններում եղած ծառերը բոլոր։34Ասաց՝ եւ եկաւ մարախ ու խառնիճ, որոնց թիւ չկար։ 35Մարախը կերաւ նրանց երկրի ամբողջ խոտը, սպառեց նրանց դաշտի ամբողջ բերքը։ 36Տէրը հարուածեց եգիպտացիների բոլոր անդրանիկ ծնունդներին՝ իրենց ամբողջ վաստակի առաջնեկներին։ 37Նրանց հանեց Եգիպտոսից ոսկով ու արծաթով, եւ նրանց ցեղի մէջ հիւանդ չկար։ 38Եգիպտոսն ուրախացաւ, որ նրանք դուրս եկան, քանզի Տիրոջ ահն ընկել էր իրենց վրայ։ 39Ցերեկն ամպ սփռեց նրանց ստուերելու համար, եւ գիշերն հրով լուսաւորեց նրանց։ 40Նրանք խնդրեցին՝ ու լորամարգիներ իջան, եւ Տէրը երկնային հացով կշտացրեց նրանց։41Հարուածեց ժայռին՝ ու ջրեր բխեցին, եւ գետեր հոսեցին անապատով։42Յիշեց խօսքն իր սուրբ, որ տուել էր իր Աբրահամ ծառային։ 43Հանեց իր ժողովրդին ցնծութեամբ, եւ իր ընտրեալներին՝ ուրախութեամբ։44Նրանց տուեց գաւառներն հեթանոսների,եւ ժողովուրդների վաստակի ժառանգ դարձրեց նրանց, 45որ պահեն պատուիրաններն իր, ու հետեւեն իր օրէնքներին։ 
105 Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ 2Ո՞վ պիտի պատմի զօրութիւնը Տիրոջ, լսելի դարձնի նրա ամբողջ օրհնութիւնը։ 3Երանի նրանց, ովքեր իրաւունքն են պահում եւ ամէն ժամ արդարութիւն գործում։ 4Յիշի՛ր մեզ, Տէ՛ր, ի հաճութիւն քո ժողովրդի, եւ այցելի՛ր մեզ քո շնորհելիք փրկութեամբ։ 5Տեսնենք բարութիւնը քո ընտրեալների, ուրախանանք քո ազգի ուրախութեամբ,ու պարծենանք քո ժառանգութեամբ։ 6Մենք մեր հայրերի հետ մեղանչեցինք, անօրէնութիւն եւ յանցանք գործեցինք։7Հայրերը մեր Եգիպտոսում չհասկացան քո հրաշագործութիւնները, չյիշեցին քո ողորմութեան առատութիւնը, քեզ բարկացրին Կարմիր ծովն անցնելիս։ 8Նա փրկեց նրանց իր անուան համար, որ ճանաչեն իր զօրութիւնը։ 9Սաստեց Կարմիր ծովին՝ եւ այն ցամաքեց, նրանց առաջնորդեց անդնդի միջով ինչպէս անապատով։ 10Նրանց ազատեց իրենց ատողներիցեւ նրանց փրկեց իրենց թշնամիների ձեռքից։ 11Ծովը ծածկեց նրանց հալածողներին, եւ սրանցից ոչ ոք չփրկուեց։12Հաւատացին նրա խօսքերին եւ օրհներգեցին նրան։ 13Բայց շուտով մոռացան գործերը նրա, եւ չանսացին նրա խորհուրդներին։14Անապատում ցանկութեամբ վառուեցին, ու փորձեցին Աստծուն անջրդի վայրում։ 15Իրենց խնդրածը նա տուեց նրանց, եւ լիութիւն ուղարկեց նրանց։ 16Բանակատեղիում բարկացրին Մովսէսին եւ Տիրոջ սրբին՝ Ահարոնին։ 17Գետինը բացուեց ու կլանեց Դադանին, ծածկեց բանակն Աբիրոնի։ 18Հուր բորբոքուեց նրանց հաւաքավայրերում, եւ բոցը լափեց մեղաւորներին։ 19Քորեբում մի հորթ շինեցին,եւ երկրպագեցին արձանին։ 20Իրենց Փառքը փոխարինեցին խոտակեր հորթի պատկերով։ 21Մոռացան իրենց կեանք տուած Աստծուն, որը մեծ գործեր կատարեց Եգիպտոսում, 22սքանչելագործութիւններ՝ Քամի երկրում,եւ ահաւոր բաներ՝ Կարմիր ծովի վրայ։ 23Ասաց, թէ պիտի ոչնչացնի նրանց, եթէ նրա ընտրեալ Մովսէսն առջեւը կանգնած չլինէր։ Նա դիմեց Տիրոջն ու վերացրեց բարկութիւնը նրա, որ նրանք չկոտորուեն։ 24Անարգեցին երկիրը ցանկալի,ու չհաւատացին Տիրոջ խօսքին։ 25Տրտնջացին իրենց բանակատեղիում,ու չլսեցին ձայնը Տիրոջ։26Տէրն իր ձեռքը բարձրացրեց նրանց վրայ, որ նրանց հարուածի անապատում, 27որ նրանց սերունդը ցրուի հեթանոսների մէջ, նրանց սերունդը ցրուի գաւառներում։ 28Նրանք Բելփեգորին յարեցին, զոհի միս կերան ու մեռելոտի։ 29Բարկացրին Տիրոջն իրենց գործերով, եւ նրանց վրայ կոտորած իջաւ։ 30Ապա Փենէէսն եկաւ մէջտեղ, քաւութիւն տուեց, ու մահը վերջ գտաւ։ 31Նա արդարացի համարուեց սերնդից սերունդ՝ մինչեւ յաւիտենութիւն։ 32Նրան բարկացրին Հակառակութեան ջրերի մօտ, եւ Մովսէսը տանջուեց նրանց պատճառով, 33քանզի դառնացրել էին նրա հոգին։ Նա հրամայեց իր շրթունքներով, 34եւ չկոտորուեցին այն ազգերը, որոնց մասին ասել էր Տէրը։ 35Խառնուեցին հեթանոսների մէջ,ու սովորեցին գործերը նրանց։ 36Ծառայեցին նրանց կուռքերին, որոնք իրենց գայթակղութիւնը դարձան։ 37Իրենց որդիներին ու դուստրերին զոհեցին դեւերին, 38եւ անմեղ արիւն թափեցին՝ արիւնն իրենց որդիների ու դուստրերի, որ զոհեցին Քանանի կուռքերին։39Երկիրը շաղախուեց նրանց արեամբ,ու պղծուեց նրանց գործերից, քանզի պոռնկացան իրենց ընթացքով։ 40Սրտնեղած բարկացաւ Տէրն իր ժողովրդի վրայ,եւ խիստ զզուեց իր ժառանգութիւնից։ 41Նրանց մատնեց հեթանոսների ձեռքը, եւ իրենց ատողները տիրեցին նրանց։ 42Իրենց թշնամիները նեղեցին նրանց, եւ նրանք խեղճացան նրանց ձեռքի տակ։43Տէրը շատ անգամ փրկեց նրանց, բայց նրանք դառնացրին նրան իրենց չար խորհուրդներով,եւ ընկղմուեցին իրենց անօրէնութեան մէջ։44Տէրը նայեց նրանց նեղութեանը՝ լսելով ձայնը նրանց աղօթքի։45Յիշեց ուխտն իր,եւ իր առատ ողորմածութեամբ զղջաց։ 46Նրանց գթութեան արժանացրեց իրենց բոլոր գերեվարողների դիմաց։ 47Փրկի՛ր մեզ, Տէ՛ր Աստուած մեր, եւ հաւաքի՛ր մեզ հեթանոսների միջից։ Մենք գոհութիւն պիտի մատուցենք քո սուրբ անուանը եւ պիտի պարծենանք քո օրհնութիւններով։ 48Օրհնեալ է Տէր Աստուածն Իսրայէլի յաւիտեանս յաւիտենից. ողջ ժողովուրդը թող ասի՝ «Թող լինի, թող լինի»։ 
106 Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի յաւերժ է ողորմութիւնը նրա։ 2Այսպէս թող ասեն Տիրոջից փրկուածները, որոնց նա ազատեց թշնամու ձեռքից։ 3Բոլոր գաւառներից հաւաքեց նրանց՝ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից եւ ծովի կողմից։ 4Մոլորուեցին նրանք անապատում, անջրդի ճանապարհին, եւ բնակուելու քաղաք չգտան։ 5Քաղց զգացին ու ծարաւեցին, եւ նրանց հոգիները նուաղեցին իրենց ներսում։6Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղութեան մէջ, եւ նա փրկեց նրանց իրենց վշտերից։ 7Առաջնորդեց նրանց ուղիղ ճանապարհով, որ գնան քաղաքն իրենց բնակութեան։ 8Թող մարդկանց որդիները գոհութիւն մատուցեն Տիրոջընրա ողորմութիւնների եւ հրաշագործութիւնների համար, 9քանզի նա յագեցրեց քաղցած հոգիները,եւ բարութեամբ լիացրեց կարօտեալ անձանց, 10որոնք նստած էին խաւարում ու մահուան ստուերների մէջ՝գամուած աղքատութեանն ինչպէս երկաթին, 11քանի որ դառնացրին խօսքն Աստծու, եւ անարգեցին խորհուրդները Բարձրեալի։ 12Ցաւից սեղմուեցին սրտերը նրանց, տկարացան նրանք ու օգնող չունեցան։ 13Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղութեան մէջ, եւ նա ազատեց նրանց իրենց վշտերից։ 14Նրանց փրկեց խաւարից ու մահուան ստուերներիցեւ փշրեց շղթաները նրանց։15Թող մարդկանց որդիները գոհութիւն մատուցեն Տիրոջը նրա ողորմութիւնների եւ հրաշագործութիւնների համար, 16քանզի նա փշրեց դռները պղնձեայ եւ երկաթեայ նիգերը խորտակեց։ 17Օգնեց նրանց, երբ իրենց անօրէնութեան ճանապարհին էին, քանզի սաստիկ խեղճացել էին իրենց մեղքերից։ 18Ամէն տեսակ կերակուրից գարշեց սիրտը նրանց, եւ նրանք մօտեցան մահուան դռներին։ 19Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղութեան մէջ, եւ նա ազատեց նրանց իրենց վշտերից։20Առաքեց իր խօսքն ու բուժեց նրանց,եւ փրկեց նրանց իրենց ապականութիւնից։ 21Թող մարդկանց որդիները գոհութիւն մատուցեն Տիրոջը նրա ողորմութիւնների եւ հրաշագործութիւնների համար։ 22Թող նրան օրհնութեան պատարագ մատուցեն,եւ ցնծութեամբ նրա գործերը պատմեն։ 23Ովքեր ծով էին իջնում նաւերով եւ մեծ ջրերում գործեր կատարում, 24նրանք տեսան Տիրոջ արարքները եւ նրա հրաշագործութիւններն անդնդի խորքերում։ 25Հրամայեց՝ եւ հողմ ու մրրիկ ելաւ, եւ բարձրացան ալիքները նրա։ 26Մարդիկ բարձրացան երկինք ու անդունդ իջան, եւ նրանց հոգիները մաշուեցին իրենց ներսում, 27խռովուեցին նրանք, երերացին հարբածի պէս, եւ նրանց ողջ իմաստութիւնը կուլ գնաց։ 28Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղութեան մէջ, եւ նա փրկեց նրանց իրենց վշտերից։ 29Մրրիկը վերածեց խաղաղ օդի, եւ ալիքները դադարեցին։ 30Նրանք ուրախացան, որ ալիքները հանդարտուեցին, եւ Նա նրանց իրենց ուզած նաւահանգիստն առաջնորդեց։ 31Թող մարդկանց որդիները գոհութիւն մատուցեն Տիրոջը նրա ողորմութիւնների եւ հրաշագործութիւնների համար։ 32Թող պանծացնեն նրան ժողովուրդների հաւաքներում,եւ ծերերի ատեաններում օրհնեն նրան, 33քանզի գետերը ցամաքի վերածեց,եւ ջրերի ընթացքը՝ ծարաւած հողի։ 34Պտղաբեր երկիրն աղուտ դարձրեց՝ նրա բնակիչների չարութեան դիմաց։ 35Անապատը վերածեց ջրառատ վայրի, եւ ծարաւած հողը՝ հոսող ջրերի։ 36Այնտեղ բնակեցրեց քաղցեալներին, որոնք իրենց համար բնակութեան քաղաք շինեցին։37Վարեցին արտերը, այգիներ տնկեցին,եւ բերք աճեցրին իրենց համար։ 38Տէրն օրհնեց նրանց՝ ու խիստ բազմացան, եւ նրանց անասունները չպակասեցին։ 39Նուազեցին նրանք եւ տանջուեցին չարիքների նեղութիւնից ու վշտերից։ 40Անարգանք թափուեց նրանց իշխանների վրայ, Տէրը մոլորեցրեց նրանց ճանապարհազուրկ անապատներում։ 41Տնանկներին օգնեց աղքատութեան մէջ, ոչխարների պէս առաջնորդեց նրանց, որ ազգ դառնան։ 42Թող արդարները տեսնեն եւ ուրախանան, եւ բոլոր անօրէնները փակեն բերաններն իրենց։ 43Ո՞վ է իմաստունն այն, որ պիտի պահպանի սա,եւ հասկանայ ողորմութիւնը Տիրոջ։ 
107 Դաւթի օրհնութեան սաղմոսը 2Պատրաստ է սիրտն իմ, Աստուա՛ծ, պատրաստ է սիրտն իմ՝ օրհնելու եւ սաղմոսերգելու քեզ իմ փառաբանութեամբ։ 3Արթնացի՛ր փառք իմ, արթնացի՛ր սաղմոսով եւ օրհնութեամբ, եւ ես կ՚արթնանամ առաւօտեան։ 4Գոհութիւն կը մատուցեմ քեզ ժողովուրդների մէջ, Տէ՛ր, եւ ազգերի մէջ սաղմոս կ՚երգեմ քեզ։ 5Մեծ է քո ողորմութիւնը եւ երկնքից բարձր,եւ քո ճշմարտութիւնը հասնում է ամպերին։ 6Դու երկինք ես բարձրացած, Աստուա՛ծ, եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո։ 7Որպէսզի սիրելիներդ փրկուեն, պահպանի՛ր քո աջով եւ լսի՛ր մեզ։ 8Աստուած խօսեց իր սրբարանից.«Ես պիտի բարձրանամ, բաժանեմ Սիւքէմը եւ վրանների հովիտը պիտի չափեմ։ 9Իմն է Գաղաադն ու իմն է Մանասէն, Եփրեմն իմ գլխի սաղաւարտն է։ 10Յուդան թագաւորս է, Մովաբը՝ աւազանը յոյսիս։ Դէպի Եդոմէ պիտի ուղղեմ երթն իմ. եւ այլազգիներն ինձ հնազանդուեցին։ 11Ո՞վ ինձ կը տանի բերդաքաղաք, կամ ո՞վ ինձ կ՚առաջնորդի մինչեւ Եդոմէ, 12եթէ ոչ դու, Աստուա՛ծ, որ լքեցիր մեզեւ մեր զօրքերի հետ դուրս չելար, Աստուա՛ծ։ 13Նեղութեան մէջ օգնութի՛ւն տուր մեզ, քանզի ունայն է փրկութիւնը մարդու։ 14Աստուծով զօրութիւն կը ստեղծենք, եւ նա ամօթահար կ՚անի մեր թշնամիներին։ 
108 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի 2Ո՜վ իմ օրհնութեան Աստուած, մի՛ լռիր,քանզի մեղաւորի բերանը՝ բերանը նենգաւորի, բացուեց ինձ վրայ։ Խօսեցին իմ մասին նենգամիտ լեզուով 3եւ ատելութեան խօսքերով պաշարեցին ինձ՝ յանիրաւի մարտնչելով իմ դէմ։ 4Սիրուս փոխարէն մեղադրեցին ինձ,բայց ես աղօթքի կանգնեցի։ 5Հատուցեցին ինձ չար՝ բարու փոխարէն,եւ իմ սիրոյ դիմաց՝ ատելութիւն։ 6Նրա դէմ մի չարագործ հանի՛ր, եւ սատանան թող կանգնի նրա աջ կողմում։ 7Իր դատաստանից թող նա յանցապարտ դուրս գայ, եւ նրա աղօթքը մեղք թող համարուի։ 8Թող նուազեն օրերը նրա, եւ նրա պաշտօնը թող ուրիշն առնի։ 9Նրա որդիները թող որբ դառնան, իսկ նրա կինն՝ այրի։10Նրա որդիները թող թափառական շրջեն ու մուրացիկ լինեն, եւ թող նրանք հեռանան իրենց բնակավայրից։ 11Պարտատէրը թող խուզարկի ողջ ունեցուածքը նրա, օտարները թող յափշտակեն վաստակը նրա։12Թող ոչ ոք աջակից չլինի նրան, եւ նրա որբերին ոչ ոք չգթայ։ 13Թող նրա որդիները կոտորուեն, եւ նրա անունը թող ջնջուի սերնդի միջից։14Թող Տիրոջ առջեւ յիշուեն նրա հօր մեղքերը, եւ նրա մօր մեղքերը չսրբուեն։ 15Թող նրանք ամէն ժամ Տիրոջ առջեւ լինեն, եւ նրանց յիշատակը թող վերանայ երկրից, 16քանզի նա ողորմութիւն անելը չյիշեց, հալածեց աղքատ ու տնանկ մարդուն, որ կործանի նրան, ով խոնարհ է սրտով։ 17Նա, որ անէծք սիրեց, թող այն իրեն դիպչի, նա, որ չուզեց օրհնութիւն, թող այն հեռու լինի նրանից։ 18Անէծքը, որ նա հագաւ ինչպէս հանդերձ, թող ջրի պէս լցուի նրա փորը,եւ ձէթի պէս՝ նրա ոսկորների մէջ։ 19Թող նրա համար հագնելու զգեստ լինի այն,եւ մէջքին կապելու մշտական գօտի։ 20Այս է վարձը նրանց, ովքեր բամբասում էին ինձ Տիրոջ առջեւ, եւ ովքեր չարախօսում էին իմ մասին։ 21Բայց դու, Տէ՛ր, Տէ՛ր, ինձ հետ վարուի՛ր ինչպէս վայել է անուանդ, քանզի քաղցր է ողորմութիւնը քո։ 22Եւ փրկի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես, եւ սիրտս խռովուած է իմ ներսում։ 23Ստուերի պէս երկարելով սպառուեցի,եւ թափ տրուեցի ինչպէս մարախ։24Ծնկներս թուլացան ծոմապահութիւնից, եւ գունաթափուեց մարմինս իւղի պակասից։ 25Ես նրանց նախատինքը դարձայ, տեսան ինձ ու շարժեցին գլուխներն իրենց։ 26Օգնի՛ր ինձ, Տէ՛ր Աստուած իմ, եւ փրկի՛ր ինձ քո ողորմութեամբ։ 27Թող իմանան, որ քո ձեռքն այս է, եւ որ, Տէ՛ր, դո՛ւ արեցիր այս։ 28Թող նրանք անիծեն, բայց դու օրհնի՛ր. ինձ վրայ յարձակուողները թող ամօթահար լինեն, բայց քո ծառան թող ուրախանայ քեզնով։ 29Իմ մասին չարախօսողները թող ամօթ հագնենեւ իրենց ամօթը թիկնոցի պէս կրեն իրենց վրայ։ 30Իսկ ես մեծ գոհութիւն պիտի մատուցեմ Տիրոջն իմ բերանով, բազմութիւնների մէջ պիտի օրհնեմ քեզ, 31քանզի նա կանգնեց տնանկիս աջ կողմը, որ փրկի ինձ նրանցից, ովքեր հալածում են ինձ։ 
109 Տէրն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ պատուանդան դարձնեմ»։ 2Տէրը քեզ իշխանութեան գաւազան կ՚ուղարկի Սիոնից, եւ դու կ՚իշխես քո թշնամիների մէջ։ 3Քեզնով է սկսւում զօրացումն իմ օրերի,քո սրբերի վայելչութեամբ. քեզ արշալոյսից առաջ ծնեցի արգանդից։ 4Երդուեց Տէրը եւ չի զղջայ, որ դու յաւիտենական քահանայ ես ըստ Մելքիսեդեկի կարգի։ 5Եւ Տէրը, որ քո աջ կողմում է, բարկութեան օրը կը կործանի թագաւորներին։ 6Կը դատի հեթանոսներին ու կը բազմացնի իր հարուածները,եւ շատերի գլուխը կը ջախջախի երկրի վրայ։7Ճանապարհին նա կը խմեցնի հեղեղատի ջրերից,եւ դրա համար էլ գլուխները վեր կը պահի։ 
110 Ամբողջ սրտովս քեզ պիտի գոհութիւն մատուցեմ, Տէ՛ր, արդարների ժողովում, հաւաքոյթի մէջ։ 2Մեծ են գործերը Տիրոջ, եւ քննուած է նրա կամքը ամէն ինչում։ 3Փառաւոր եւ վայելուչ են նրա գործերը, նրա արդարութիւնը կը տեւի յաւիտեանս յաւիտենից։4Արդարներին նա յիշեցրեց իր հրաշագործութիւնները. ողորմած եւ գթասիրտ է Տէրը։ 5Կերակուր է տալիս իրենից երկիւղ կրողերին, յաւիտեան յիշում իր ուխտը։ 6Իր գործերի զօրութիւնը յայտնեց նա իր ժողովրդին՝նրանց տալով ժառանգութիւնը հեթանոսների։ 7Նրա ձեռքի գործերն արդար են ու իրաւացի, նրա բոլոր պատուիրանները՝ վստահելի։ 8Հաստատուած են դրանք յաւիտեանս յաւիտենից, ստեղծուած ճշմարտութեամբ եւ արդարութեամբ։ 9Տէրը փրկութիւն ուղարկեց իր ժողովրդին, յաւիտեանս պատգամեց իր ուխտը. սուրբ եւ ահեղ է նրա անունը։ 10Զգօնութեան սկիզբն երկիւղն է Տիրոջ հանդէպ, բարեմիտ են բոլոր նրանք, որ գործադրում են այն. նրա օրհնութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից։ 
111 Երանի այն մարդուն, որ վախենում է Տիրոջից,եւ խիստ կամեցող է նրա պատուիրանների։ 2Նրա սերունդը հզօր կը լինի երկրի վրայ, եւ ուղղամիտների ազգը կ՚օրհնուի։ 3Փառք եւ հարստութիւն կը լինի նրա տան մէջ, նրա արդարութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից։4Արդարների համար լոյս ծագեց խաւարում.ողորմած, գթասիրտ եւ արդար է Տէրը։ 5Բարի մարդը ողորմած է եւ փոխ է տալիս, խօսքն իր կատարում արդարութեամբ, 6որպէսզի յաւէտ նա չսասանուի, յաւիտեան մնայ յիշատակն արդարի։ 7Չար լուրից նա չի վախենայ, նրա սիրտը պատրաստ է յոյս դնելու Աստծու վրայ։ 8Հաստատուն է սիրտը նրա եւ չի սոսկայ, մինչեւ իր թշնամիների վերջը չտեսնի։ 9Բաժանեց նա ու տուեց աղքատներին. նրա արդարութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից, եւ նրա եղջիւրը բարձր կը լինի փառքով։ 10Մեղաւորը, տեսնելով, կը բարկանայ, կը կրճտեցնի ատամներն իր ու հալումաշ կը լինի, եւ մեղաւորների ցանկութիւնը կը կորչի։ 
112 Օրհնեցէ՛ք Տիրոջը, երիտասարդնե՛ր, օրհնեցէ՛ք անունը Տիրոջ։2Թող Տիրոջ անունն օրհնեալ լինիայսուհետեւ մինչեւ յաւիտեան։3Արեւելքից մինչեւ արեւմուտք օրհնեալ լինի անունը Տիրոջ։ 4Բարձր է Տէրը բոլոր ազգերից վեր, եւ երկնքում է փառքը նրա։ 5Ո՞վ է նման մեր Տէր Աստծուն, որ բնակւում է բարձունքներում։ 6Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրայ։ 7Բարձրացնում է աղքատներին գետնից,եւ տառապեալներին վեր քաշում աղբանոցից։ 8Նրանց որպէս իշխան նստեցնում է իր ժողովրդի իշխանների կողքին։ 9Ամուլ կնոջը բնակեցնում է ցնծալից տան մէջ՝ իբրեւ մայր, որ հրճւում է զաւակներով։ 
113 Երբ իսրայէլացիներն ելան Եգիպտոսից, Յակոբի տունը՝ օտար ժողովրդի միջից, 2Հրէաստանն եղաւ սրբարանը նրա, եւ Իսրայէլը՝ իշխանութիւնը նրա։ 3Ծովը տեսաւ ու փախաւ, եւ Յորդանան գետը ետ դարձաւ։ 4Լեռները ցնծացին խոյերի պէս, եւ բլուրները՝ ինչպէս մաքիների գառներ։ 5Ի՞նչ եղաւ քեզ, ծո՛վ, ո՞ւմ տեսար ու փախար, կամ դո՛ւ, գե՛տ Յորդանանի, ինչո՞ւ ետ դարձար։ 6Լեռնե՛ր, ցնծացիք ինչպէս խոյեր, եւ բլուրներ՝ ինչպէս մաքիների գառներ։ 7Երկիրը սասանուեց Տիրոջ դիմաց՝ Յակոբի Աստծու դիմաց, նրա՛ դիմաց, 8ով ժայռը դարձրեց ջրի վտակ, եւ ապառաժն՝ աղբիւրի ակունք։ 9Ոչ թէ մեզ, Տէ՛ր, ոչ թէ մեզ, այլ քո անուա՛նը փառք տուր քո ողորմութան եւ ճշմարտութեան համար։ 10Թող երբեք հեթանոսների մէջ չասեն, թէ՝ «Նրանց Աստուածն ո՞ւր է»։ 11Մեր Աստուածը երկնքում է եւ երկրի վրայ.ինչ որ նա ուզեց՝ արեց։ 12Հեթանոսների կուռքերը ոսկի եւ արծաթ են, ձեռքի գործն են մարդկանց որդիների։ 13Բերան ունեն՝ բայց չեն խօսում, աչքեր ունեն՝ բայց չեն տեսնում։ 14Ականջներ ունեն՝ բայց չեն լսում, քիթ ունեն՝ բայց չեն հոտոտում։ 15Ձեռքեր ունեն՝ բայց չեն շօշափում, ոտքեր ունեն՝ բայց չեն քայլում, եւ նրանց կոկորդում ձայն չկայ։ 16Նրանց նման կը լինեն դրանք ստեղծողները եւ բոլոր նրանք, որ իրենց յոյսը դնում են դրանց վրայ։ 17Իսրայէլի տունը յոյսը դրեց Տիրոջ վրայ,որը նրա օգնականն ու ապաւէնն է։ 18Ահարոնի տունը յոյսը դրեց Տիրոջ վրայ, որը նրա օգնականն ու ընկերակիցն է։ 19Տիրոջից երկիւղ կրողները յոյսը դրին Տիրոջ վրայ,որը նրանց օգնականն ու փրկիչն է։20Յիշեց մեզ Տէրն ու օրհնեց մեզ, Տէրն օրհնեց տունն Իսրայէլի, Տէրն օրհնեց տունն Ահարոնի։ 21Տէրն օրհնեց իրենից երկիւղ կրողներին՝ փոքրերին ու մեծերին։ 22Տէրը պիտի լիացնի ձեզ՝ ձեզ եւ ձեր որդիներին։23Օրհնուած էք դուք Տիրոջից, որ երկինքն ու երկիրն ստեղծեց։24Երկինքների երկինքը Տիրոջն է, բայց երկիրը նա տուեց մարդկանց որդիներին։ 25Մեռելները չէ, որ պիտի օրհնեն քեզ, ոչ էլ բոլոր նրանք, ովքեր դժոխք են իջնում, 26այլ ողջերս Տիրոջը պիտի օրհնենք՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։ 
114 Հաճելի է ինձ, որ Տէրը լսեց ձայնն իմ աղօթքի։ 2Ականջն իր մօտեցրեց ինձ, եւ ես իմ օրերում նրա՛ն դիմեցի։ 3Ինձ պատեց երկունքը մահուան, եւ դժոխքի վշտերն ինձ բռնեցին։ Նեղութիւն եւ անձկութիւն գտայ 4եւ Տիրոջ անունը կանչեցի՝ ասելով.«Ո՜վ Տէր, փրկի՛ր ինձ»։5Գթառատ եւ արդար է մեր Տէր Աստուածը։ 6Տէրը ողորմում եւ պահպանում է մանուկներին. ես խոնարհ եղայ, եւ Տէրն ինձ փրկեց։7Դարձի՛ր, հոգի՛դ իմ, դէպի հանգիստը քո, քանզի Տէրն օգնեց քեզ։ 8Նա ինձ փրկեց մահուանից, աչքերս՝ արտասուքից եւ ոտքերս՝ սայթաքումից։ 9Թող ողջերի երկրում հաճելի լինեմ Տիրոջ առջեւ։ 
115 Ինչ որ խօսեցի՝ հաւատացի դրան,եւ չափազանց խղճալի եղայ։2Զարմանքիս մէջ ասացի. «Ամէն մարդ սուտ է»։ 3Ի՞նչ հատուցում պիտի անեմ Տիրոջն այն ամենի համար, որ ինձ տուեց։ 4Փրկութեան բաժակը պիտի վերցնեմ,եւ Տիրոջ անունը կանչեմ։ 5Աղօթքս Տիրոջը պիտի մատուցեմ իր ամբողջ ժողովրդի առջեւ։ 6Տիրոջ աչքում յարգելի է մահն իր սրբերի։ 7Ո՛վ Տէր, ես քո ծառան եմ, քո ծառան եւ քո աղախնի որդին։ 8Դու քանդեցիր իմ կապերը, ես քեզ օրհնութեան պատարագ պիտի մատուցեմ,եւ Տիրոջ անունը կանչեմ։ 9Աղօթքս Տիրոջը պիտի նուիրեմ իր ամբողջ ժողովրդի առջեւ, 10Տիրոջ տան սրահներումեւ քո մէջ, Երուսաղէ՛մ։ 
116 Օրհնեցէ՛ք Տիրոջը, բոլո՛ր ազգեր, գովեցէ՛ք նրան, բոլո՛ր ժողովուրդներ։ 2Թող նրա ողորմութիւնը հաստատուի մեզ վրայ, Տիրոջ ճշմարտութիւնը յաւիտեա՛ն թող մնայ։ 
117 Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի բարի է նա, քանզի յաւերժ է ողորմութիւնը նրա։ 2Տունն Իսրայէլի թող ասի, որ բարի է նա, որ յաւերժ է ողորմութիւնը նրա։ 3Տունն Ահարոնի թող ասի, որ բարի է նա, որ յաւերժ է ողորմութիւնը նրա։ 4Տիրոջից երկիւղ կրողները թող ասեն, որ բարի է նա,որ յաւերժ է ողորմութիւնը նրա։ 5Նեղութեան ժամանակ ես Տիրոջը կանչեցի, նա լսեց ինձ եւ հանդարտութեան առաջնորդեց։ 6Տէրն օգնականն է իմ, եւ ես չեմ երկնչի. մարդն ինձ ի՞նչ կարող է անել։ 7Տէրն օգնականն է իմ, եւ ես կը տեսնեմ վախճանն իմ թշնամիների։ 8Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել մարդկանց վրայ։ 9Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել իշխանների վրայ։10Բոլոր ազգերը շրջապատեցին ինձ, բայց Տիրոջ անուամբ յաղթեցի նրանց։ 11Շուրջբոլորս բռնեցին, միահամուռ պաշարեցին ինձ, բայց Տիրոջ անուամբ վանեցի նրանց։ 12Մեղուների պէս շուրջս լցուեցին, վառուեցին բորբոքուեցին ինչպէս հրաճարակ փուշ, բայց Տիրոջ անուամբ վանեցի նրանց։ 13Երբ ինձ հրեցին, ես սասանուեցի եւ մօտ էի գլորուելու, բայց Տէրը բռնեց ինձ։ 14Իմ զօրութիւնն ու օգնութիւնն է Տէրը, նա իմ փրկութիւնը եղաւ։ 15Ցնծութեան եւ փրկութեան ձայն կայ արդարների սրահներում։ 16Տիրոջ աջը զօրութիւն գործեց, Տիրոջ աջը բարձրացրեց ինձ,եւ Տիրոջ աջը զօրութիւն գործեց։ 17Չպիտի մեռնեմ, այլ պիտի ապրեմեւ Տիրոջ գործերը պիտի պատմեմ։ 18Տէրն ինձ խրատելով պատժեց, բայց չմատնեց մահուան։ 19Բացէ՛ք արդարութեան դռներն իմ առաջ, որ մտնեմ ներս ու Տիրոջը գոհութիւն մատուցեմ։ 20Տիրոջ դուռն է սա, եւ արդարները այս դռնո՛վ պիտի մտնեն։ 21Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, քանզի լսեցիր ինձ,եւ ինձ համար փրկութիւն եղար։ 22Քարն այն, որ շինարարներն արհամարհեցին,ա՛յն դարձաւ անկիւնաքար։ 23Տիրոջից եղաւ այս բանը, եւ սքանչելի է մեր աչքերին։ 24Սա է օրն այն, որ Տէրն ստեղծեց.եկէ՛ք ցնծանք եւ ուրախանանք այսօր։ 25Ո՛վ Տէր, փրկի՛ր, ո՛վ Տէր, առաջնորդի՛ր։ 26Օրհնեալ ես դու, որ պիտի գաս Տիրոջ անունով, մենք օրհնեցինք քեզ Տիրոջ տնից։ 27Մե՛ր Տէր Աստուածը երեւաց մեզ, կատարեցէ՛ք տօնն ուրախութեան մատղաշ ճիւղերով՝մուտքից մինչեւ անկիւնները սեղանի։ 28Դու իմ Աստուածն ես, պիտի գոհութիւն մատուցեմ քեզ, դու իմ Աստուածն ես, պիտի մեծարեմ քեզ։ Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, քանզի լսեցիր ինձ,եւ ինձ համար փրկութիւն եղար։ 29Գոհութիւն մատուցենք Տիրոջը, քանզի բարի է նա, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը նրա։ 
118 Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել,եւ ընթանում են Տիրոջ օրէնքով։ 2Երանի նրանց, ովքեր հետեւում են նրա պատուիրաններին, իրենց ամբողջ սրտով փնտռում են նրան։ 3Անօրէնութիւն գործողները չեն, որ պիտի ընթանան նրա ճանապարհներով։ 4Դու հրամայեցիր, որ քո պատուիրանները խստօրէն պահեմ։ 5Իմ ճանապարհները յաջող կը լինեն, եթէ քո պատուիրանները պահեմ։ 6Այն ժամանակ ես չէի ամաչում՝երբ զգոյշ էի քո պատուիրանների հանդէպ։ 7Ես գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, ուղիղ սրտով, սովորելով քո արդար դատաստանները։ 8Պահեցի ես քո օրէնքները, իսպառ մի՛ լքիր ինձ։9Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր,եթէ ոչ քո խօսքերը պահելով։ 10Իմ ամբողջ սրտով քեզ փնտռեցի, մի՛ զրկիր ինձ քո պատուիրաններից։ 11Քո խօսքերը սրտումս թաքցրի, որ չմեղանչեմ քո դէմ։ 12Օրհնեալ ես դու, Տէ՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո օրէնքները, 13որ շրթունքներով իմ պատմեմ բերանիդ բոլոր դատաստանները։ 14Քո պատուիրանների ճանապարհին եմ գտնում ես իմ ուրախութիւնը,աւելի քան ամէն տեսակ հարստութեան մէջ։ 15Քո պատուիրանների մասին խորհեցի, հետեւեցի քո ճանապարհներին։16Քո օրէնքները կատարեցի եւ չմոռացայ խօսքերը քո։ 17Հատուցի՛ր քո ծառային, որ ապրեմ ու պահեմ խօսքերը քո։ 18Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ քո օրէնքի հրաշալիքները։ 19Պանդուխտ եմ ես երկրի երեսին, պատուիրաններդ մի՛ թաքցրու ինձնից։ 20Ես փափագեցի ամէն ժամ ցանկանալ քո դատաստանները։ 21Դու սաստեցիր ամբարտաւաններին. անիծեալ են նրանք, ովքեր խոտորուեցին քո պատուիրաններից։ 22Հեռացրո՛ւ ինձնից նախատինքն ու արհամարհանքը, քանզի ես նախանձախնդիր եղայ քո վկայութիւններին։ 23Թէեւ իշխանները նստած չարախօսում էին իմ մասին, բայց քո ծառան խորհում էր քո օրէնքների մասին։ 24Քո վկայութիւններն իմ խօսքերն էին, եւ քո արդարութիւնն՝ իմ խորհուրդը։25Հոգիս մերձեցաւ հողին. Տէ՛ր, ըստ քո խոստման՝ փրկի՛ր ինձ։ 26Իմ ճանապարհների մասին պատմեցի քեզ, ու դու ինձ լսեցիր.դատաստաններդ սովորեցրո՛ւ ինձ։ 27Ինձ ճանաչե՛լ տուր քո արդարութիւնների ճանապարհը, որ խորհեմ քո հրաշագործութիւնների մասին։ 28Հոգիս անքուն մնաց ձանձրոյթից, ըստ քո խոստման՝ ամրապնդի՛ր ինձ։ 29Մեղքի ճանապարհները հեռացրո՛ւ ինձնից,եւ քո օրէնքով ողորմի՛ր ինձ։ 30Քո ճշմարտութեան ճանապարհն ընտրեցի,եւ քո օրէնքները ես չմոռացայ։ 31Մերձեցայ քո պատուիրաններին. Տէ՛ր, մի՛ ամաչեցրու ինձ։ 32Քո պատուիրանների ճանապարհով ընթացայ, քանզի անդորրութիւն տուիր իմ սրտին։ 33Տէ՛ր, իրաւունքիդ ճանապարհի օրէնսգէտն ի՛նձ դարձրու, որ ամէն ժամ հետեւեմ դրան։34Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ քննեմ քո օրէնքը եւ ամբողջ սրտովս պահպանեմ այն։ 35Առաջնորդի՛ր ինձ քո պատուիրանների շաւիղներով, քանզի հաճելի են դրանք ինձ։ 36Սիրտս հակի՛ր դէպի քո պատուիրանները, եւ ոչ թէ դէպի ագահութիւն։ 37Շրջի՛ր աչքերս, որ ունայնութիւն չտեսնեմ, ինձ պահպանի՛ր քո ճանապարհին։ 38Քո ծառայի համար հաստատի՛ր քո խօսքը,որ քո երկիւղի մէջ մնամ։39Ազատի՛ր ինձ նախատինքներից, որոնցից կասկածում էի, քանզի քաղցր են դատաստանները քո։ 40Ահա ցանկացայ քո պատուիրանները, քո արդարութեամբ պահպանի՛ր ինձ։41Ողորմութիւնդ ինձ վրայ թող գայ, Տէ՛ր, եւ փրկութիւնդ՝ ըստ քո խոստման։ 42Ես խօսքով պատասխան կը տամ ինձ նախատողներին, քանզի յոյսս դրի քո խօսքերի վրայ։ 43Ճշմարտութեան խօսքը բնաւ մի՛ հեռացրու իմ բերանից, քանզի յոյսս դրի քո դատաստանների վրայ։ 44Քո օրէնքը պահեցի ամէն ժամ, յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։ 45Ես ընթացայ անդորրութեան մէջ, քանզի քո պատուիրանները փնտռեցի։46Թագաւորների առաջ խօսեցի քո պատուիրանների մասին ու չամաչեցի։ 47Խորհեցի քո պատուիրանների մասին, որոնք սիրեցի։48Ձեռքս պարզեցի դէպի պատուիրանները քո, որոնք սիրեցի, եւ խորհեցի քո արդարութեան մասին։ 49Յիշի՛ր քո ծառային տրուած խօսքը, որի վրայ էլ դրիր իմ յոյսը։ 50Դա է թշուառութեանս մէջ ինձ մխիթարողը, քանզի քո խօսքն ինձ պահպանեց։ 51Ամբարտաւանները շատ անիրաւութիւն գործեցին իմ դէմ, բայց ես քո օրէնքից չխոտորուեցի։ 52Քո յաւերժական օրէնքները յիշեցի, Տէ՛ր, ու մխիթարուեցի։ 53Տրտմութիւն իջաւ ինձ վրայ մեղաւորների ու քո օրէնքը լքողների երեսից։ 54Պատուիրաններդ գովասանքի արժանի են ինձ համար իմ պանդխտավայրում։ 55Գիշերն յիշեցի քո անունը, Տէ՛ր, եւ քո օրէնքը պահեցի։ 56Դա՛ եղաւ կեանքիս ուղին, քանզի քո արդարութիւնը փնտռեցի։ 57Բաժինս դո՛ւ ես, Տէ՛ր, ասացի որ օրէնքիդ պիտի հետեւեմ։58Ամբողջ սրտովս աղօթեցի քո դիմաց, ողորմի՛ր ինձ ըստ քո խոստման։59Իմ ճանապարհի մասին խորհեցի,եւ քայլերս դէպի քո պատուիրանները շրջեցի։ 60Պատրաստուեցի եւ չվախեցայ պահել քո պատուիրանները։ 61Մեղքի ցանցերը պատեցին ինձ, բայց քո օրէնքը ես չմոռացայ։ 62Կէսգիշերին ելնում էի գոհութիւն մատուցելու քեզ քո արդար դատաստանների համար։ 63Հաղորդակցւում էի քեզնից երկիւղ կրող բոլոր մարդկանց հետ, ովքեր պահում են պատուիրանները քո։64Երկիրը լցուել է Տիրոջ ողորմութեամբ, սովորեցրո՛ւ ինձ արդարադատութիւնը քո։ 65Քաղցրութեամբ վարուեցիր ծառայիդ հետ, Տէ՛ր, քո խօսքի համաձայն։ 66Քաղցրութիւն, խրատ եւ գիտութիւն սովորեցրո՛ւ ինձ, քանզի հաւատացի քո պատուիրաններին։ 67Քանի դեռ չէի խեղճացել՝ մեղանչում էի, դրա համար խստօրէն հետեւեցի քո խօսքերին։ 68Քաղցր ես դու, Տէ՛ր, եւ քո քաղցրութեամբ քո արդարադատութիւնը սովորեցրո՛ւ ինձ։ 69Ամբարտաւանների անիրաւութիւններն իմ դէմ շատացան, բայց ես ամբողջ սրտովս քո պատուիրանները քննեցի։ 70Կաթի պէս թանձրացաւ սիրտը նրանց, բայց ես քո օրէնքներով խօսեցի։ 71Լաւ է, որ դու խոնարհ դարձրիր ինձ, որպէսզի քո արդարադատութիւնը սովորեմ։ 72Քո բերանից ելած օրէնքն ինձ համար աւելին է, քան հազարներով արծաթ ու ոսկի։ 73Քո ձեռքերն արարեցին ու ստեղծեցին ինձ, ինձ իմաստո՛ւն դարձրու, որ սովորեմ պատուիրանները քո։ 74Քեզնից երկիւղ կրողները պիտի տեսնեն ինձ եւ ուրախանան, քանզի յոյսս դրի քո խօսքերի վրայ։ 75Հասկացայ, Տէ՛ր, որ քո դատաստանն արդար է, եւ իրաւացիօրէն խոնարհ դարձրիր ինձ։76Ողորմութիւնդ թող ինձ մխիթարութիւն լինի՝ ծառայիդ տրուած խօսքիդ համաձայն։ 77Գթութիւններդ թող ինձ վրայ գան, որպէսզի փրկուեմ, քանզի քո օրէնքներն են իմ խօսքերը։ 78Ամբարտաւանները պիտի ամաչեն, որ իզուր անիրաւութիւն գործեցին իմ դէմ, իսկ ես քո պատուիրանների մասին պիտի խորհեմ։ 79Թող ինձ խրատեն քեզնից երկիւղ կրողները եւ քո վկայութիւնները ճանաչողները։ 80Թող սիրտս անբիծ լինի քո արդարութեան մէջ, որպէսզի չամաչեմ։ 81Հոգիս կարօտեց քո փրկութեանը, քանզի յոյսս դրի քո խօսքի վրայ։ 82Աչքերս սպասեցին քո խօսքին, ասացի՝ «Ե՞րբ պիտի մխիթարես ինձ»։ 83Եղայ ես ինչպէս տիկը սառնամանիքում, քանի որ քո արդարադատութիւնը չմոռացայ։ 84Որքա՞ն են քո ծառայի օրերը, ե՞րբ պիտի տեսնես դատաստանն ինձ հալածողների։ 85Անօրէններն ինձ խորհուրդներ տուին, բայց ոչ քո օրէնքի համեմատ։ 86Քո բոլոր պատուիրանները ճշմարիտ են, իզուր ինձ հալածեցին, օգնի՛ր ինձ։ 87Մի փոքր եւս՝ եւ նրանք կորստեան կը մատնէին ինձ երկրի երեսին, բայց ես չլքեցի քո պատուիրանները։ 88Քո ողորմութեամբ կեանք տուր ինձ, եւ ես կը պահպանեմ քո բերանի վկայութիւնները։ 89Քո խօսքը, Տէ՛ր, յաւիտեան երկնքում է։ 90Սերնդից սերունդ մնում է քո ճշմարտութիւնը, դու հաստատեցիր երկիրը, որ կայ։ 91Քո հրամանին է սպասում ցերեկը, քանզի բոլորը քո ծառաներն են։ 92Եթէ քո օրէնքն իմ խօսքը չլինէր, վաղուց ես կործանուած կը լինէի իմ թշուառութեան մէջ։ 93Յաւիտեան չպիտի մոռանամ քո արդարութիւնները, քանզի դրանցո՛վ ինձ պահպանեցիր։ 94Քոնն եմ ես՝ փրկի՛ր ինձ, քանզի արդարադատութիւնդ փնտռեցի։ 95Մեղաւորները հետամտեցին, որ կործանեն ինձ, քանզի մտքումս քո վկայութիւնները դրի։ 96Ամէն կատարելութեան վախճանը տեսայ, քո պատուիրանները խիստ ընդարձակ էին ինձ համար։97Որքա՜ն սիրեցի օրէնքները քո, նրանք գիշեր-ցերեկ իմ խոհերն էին։98Թշնամիներիցս աւելի խելացի դարձրիր ինձ քո պատուիրաններով, քանզի նրանք իմն էին միշտ։ 99Բոլոր ուսուցիչներիցս աւելի իմաստուն եղայ, քանզի քո վկայութիւններն իմ խոհերն էին։ 100Ծերունիներից աւելի իմաստուն դարձայ, քանզի քո պատուիրանները քննեցի։101Ոտքերս ետ պահեցի չարիքի բոլոր ճանապարհներից, որպէսզի պահեմ քո խօսքերը։ 102Քո իրաւունքից չխոտորուեցի, քանզի դու ինձ օրէնսգէտ դարձրիր։ 103Որքա՜ն քաղցր են քո խօսքերն իմ քիմքին՝ աւելի քաղցր, քան մեղրն իմ բերանին։ 104Քո պատուիրաններով իմաստնանալով՝ ատեցի չարիքի բոլոր ճանապարհները, քանզի դու ինձ օրէնսգէտ դարձրիր։ 105Քո խօսքը ճրագ է իմ ոտքերի համար, եւ լուսաւորում է իմ շաւիղները։ 106Երդուեցի ու որոշեցի, որ պիտի պահեմ քո բոլոր արդար դատաստանները։ 107Սաստիկ թշուառ եղայ. Տէ՛ր, կեա՛նք տուր ինձ ըստ քո խոստման։ 108Բարեհաճի՛ր ընդունել ընծան իմ բերանի, Տէ՛ր, եւ քո իրաւունքն ինձ սովորեցրո՛ւ։ 109Հոգիս ամէն ժամ քո ձեռքում է, եւ ես քո օրէնքը չմոռացայ։ 110Մեղաւորները որոգայթ լարեցին իմ դէմ, ես քո պատուիրաններից չխոտորուեցի։ 111Յաւիտեան ժառանգեցի քո վկայութիւնները, քանզի նրանք իմ սրտի ցնծութիւնն են։112Սիրտս առյաւէտ խոնարհեցրի, որ հատուցման համար քո օրէնքները կատարեմ։ 113Ատեցի անօրէններին,եւ քո օրէնքը սիրեցի։114Օգնականն ու փրկիչն իմ դու ես, եւ ես յոյսս դրի քո խօսքի վրայ։115Հեռացէ՛ք ինձնից, չարագործնե՛ր, որ ես իմ Աստծու պատուիրանները քննեմ։ 116Օգնի՛ր ինձ ըստ քո խօսքի ու պահպանի՛ր ինձ, եւ իմ յոյսի մէջ ինձ մի՛ ամաչեցրու։ 117Օգնի՛ր ու փրկի՛իր ինձ, որ շարունակ քո դատաստանի մասին մտածեմ։ 118Անարգեցիր բոլոր նրանց, ովքեր ընդվզեցին քո արդարադատութեան դէմ, քանզի անիրաւ էին նրանց խորհուրդները։ 119Յանցաւոր համարեցի աշխարհի բոլոր մեղսագործներին, դրա համար սիրեցի պատուիրանները քո։120Մարմինն իմ գամի՛ր քո երկիւղին, քանզի սաստիկ վախեցայ քո դատաստաններից։ 121Դատաստան եւ արդարութիւն գործեցի, ինձ մի՛ մատնիր ինձ նեղողների ձեռքը։ 122Ծառայիդ բարութեա՛մբ ընդունիր, որ ամբարտաւանները չչարչարեն ինձ։ 123Աչքերն իմ սպասեցին քո շնորհելիք փրկութեանը, Տէ՛ր,եւ քո արդարութեան խօսքին։124Ծառայիդ հետ վարուի՛ր քո ողորմութեան համեմատ, քո արդարադատութիւնն ինձ սովորեցրո՛ւ։ 125Ես քո ծառան եմ, ինձ իմաստո՛ւն դարձրու, որ ճանաչեմ քո վկայութիւնները։ 126Ժամն է, որ Տէրը վեր կենայ,քանզի խափանեցին քո օրէնքը։ 127Յիրաւի, սիրեցի քո պատուիրաններըոսկուց ու տպազիոնից աւելի։ 128Քո բոլոր պատուիրաններն ինձ յաջողութիւն բերին, քանզի ատեցի ճանապարհը չարիքի։ 129Սքանչելի են քո վկայութիւնները, դրա համար հոգիս սիրեց դրանք։ 130Քո խօսքերի յայտնութիւնը լուսաւորում եւ իմաստնացնում է պարզամիտներին։ 131Բերանս բացեցի ու շունչ առայ, հոգիս փափագեց պատուիրանները քո։ 132Նայիր ի՛նձ եւ ողորմի՛ր ինձ քո անունը սիրողների իրաւունքի համեմատ։ 133Ճանապարհն իմ ուղղի՛ր քո խօսքի համաձայն, որ զանազան մեղքեր չտիրեն ինձ։ 134Փրկի՛ր ինձ մարդկանց զրպարտութիւնից, եւ ես քո պատուիրանները կը պահեմ։135Երեսդ ցո՛յց տուր քո ծառային,եւ քո արդարադատութիւնը սովորեցրո՛ւ ինձ։ 136Ջրերի վտակներ իջան իմ աչքերից, քանզի մարդիկ չհետեւեցին քո օրէնքներին։ 137Արդար ես դու, Տէ՛ր, եւ շիտակ են քո դատաստանները։ 138Դու պատուիրեցիր քո վկայութիւնները, որոնք արդարեւ շատ ճշմարիտ են։ 139Նախանձախնդրութիւնը քո հանդէպ մաշեց ինձ, քանզի թշնամիներն իմ մոռացան խօսքերը քո։ 140Խիստ ընտիր են խօսքերը քո, եւ քո ծառան սիրեց դրանք։ 141Մանուկ եմ ես եւ արհամարհուած, բայց քո արդարութիւնը չմոռացայ։ 142Քո արդարութիւնը յաւերժական արդարութիւն է, եւ քո օրէնքը՝ ճշմարիտ։143Նեղութիւնն ու վիշտն ինձ պատեցին, բայց քո պատուիրաններն իմ խօսքերն եղան։ 144Քո վկայութիւններն արդար են յաւիտեան, իմաստո՛ւն դարձրու եւ պահպանի՛ր ինձ։ 145Ամբողջ սրտովս քեզ ձայն տուի, լսի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի քո արդարութիւնը փնտռեցի։146Աղաղակեցի քո առջեւ՝ փրկի՛ր ինձ, եւ ես քո վկայութիւնները կը պահեմ։ 147Ես վաղ առաւօտեան արթնացայ ու աղաղակեցիեւ իմ յոյսը դրի քո խօսքերի վրայ։ 148Առաւօտից շուտ բացուեցին աչքերն իմ, որ քո խօսքերն արտասանեմ։ 149Լսի՛ր իմ ձայնը, Տէ՛ր, ըստ քո ողորմութեան. Տէ՛ր, քո դատաստանով փրկի՛ր ինձ։ 150Հալածիչներս անօրէնութիւնը մօտեցրին ինձ, քանզի նրանք հեռու եղան քո օրէնքից։ 151Մօտ ես դու, Տէ՛ր, եւ քո բոլոր պատուիրանները ճշմարիտ են։ 152Սկզբից եւեթ ճանաչեցի քո վկայութիւնները, որոնք դու յաւիտեա՛ն հաստատեցիր։153Տե՛ս իմ թշուառութիւնը եւ փրկի՛ր ինձ, քանզի քո օրէնքը ես չմոռացայ։ 154Տե՛ս իմ դատաստանը եւ ազատի՛ր ինձ,ու քո խօսքի համաձայն պահպանի՛ր ինձ։ 155Փրկութիւնը հեռու է մեղաւորներից, քանզի նրանք քո օրէնքները չպահեցին։ 156Քո գթութիւնները շատ են, Տէ՛ր, եւ քո դատաստանի համաձայն պահպանի՛ր ինձ։ 157Բազմաթիւ եղան իմ հալածիչներն ու ինձ նեղողները, բայց քո վկայութիւններից ես չխոտորուեցի։ 158Մաշւում էի նայելով անողորմներին, քանզի քո պատուիրանները չպահեցին նրանք։ 159Տե՛ս, թէ որքա՜ն սիրեցի քո պատուիրանները.Տէ՛ր, քո ողորմութեամբ կեա՛նք տուր ինձ։ 160Քո խօսքի սկիզբը ճշմարտութիւնն է, յաւերժ են քո բոլոր արդար դատաստանները։ 161Իշխաններն իզուր հալածեցին ինձ.սիրտս միայն քո խօսքերից սարսափեց։ 162Ես ցնծացի քո խօսքերով ինչպէս մէկը, որ մեծ աւար է գտնում։ 163Ատեցի ու արհամարհեցի մեղքը, եւ քո օրէնքը սիրեցի։ 164Օրուայ մէջ եօթն անգամ քեզ պիտի օրհնեմ քո արդար դատաստանի համար։ 165Քո օրէնքը սիրողները մեծ խաղաղութեան մէջ են, եւ նրանց համար չկայ գայթակղութիւն։ 166Սպասեցի քո փրկութեանը, Տէ՛ր, եւ քո պատուիրանները սիրեցի։ 167Հոգիս պահեց քո վկայութիւնները, եւ ես շատ սիրեցի դրանք։ 168Հետեւեցի քո պատուիրաններին եւ վկայութիւններին, քանզի իմ բոլոր ուղիներն առջեւդ են։ 169Իմ խնդրանքները թող մօտենան քեզ, Տէ՛ր, քո խօսքի համաձայն իմաստո՛ւն դարձրու ինձ։ 170Իմ աղօթքը թող հասնի քեզ, Տէ՛ր, եւ քո խօսքով փրկի՛ր ինձ։ 171Իմ շրթունքները քեզ օրհնութիւն կը բխեցնեն, երբ ինձ սովորեցնես քո արդարադատութիւնը։ 172Իմ լեզուն քո խօսքերը կ՚արտասանի, քանզի քո բոլոր պատուիրաններն արդար են։ 173Քո ձեռքն իմ պահապանը թող լինի, քանզի քո պատուիրաններն ընտրեցի։ 174Քո շնորհելիք փրկութիւնը ցանկացայ, Տէ՛ր, եւ քո օրէնքներն իմ խօսքերն եղան։ 175Թող ես ապրեմ,որ օրհնեմ քեզ, եւ քո արդարադատութիւնն ինձ թող օգնի։ 176Մոլորուեցի կորուսեալ ոչխարի պէս, փնտռի՛ր ծառայիդ, քանզի պատուիրաններդ չեմ մոռացել։ 
119 Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ2Նեղութեանս մէջ ես Տիրոջը ձայն տուի, եւ նա լսեց ինձ։ 3Տէ՛ր, փրկի՛ր ինձ նենգ շրթունքներից ու չար լեզուից։ 4Ի՞նչ պիտի տրուի քեզ, կամ ի՞նչ պիտի աւելանայ, նե՛նգ լեզու. - 5դրանք հսկայի նետեր են, որոնք կայծակներով մխւում են կաղնու մէջ։ 6Վա՜յ ինձ, քանզի երկար տեւեց պանդխտութիւնն իմ, ես բնակուեցի Կեդարի վրաններում։ 7Շատ ժամանակ հոգիս բնակուեց նրանց հետ, ովքեր ատում են խաղաղութիւնը։ 8Ես խաղաղասէր էի. երբ խօսում էի, նրանք մարտնչում էին իմ դէմ։ 
120 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ 2Աչքերս դէպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնութիւն պիտի գայ։ 3Ինձ օգնութիւն պիտի գայ Տիրոջից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։ 4Թող քո ոտքը չսասանուի, եւ քո Պահապանը թող չննջի, 5ինչպէս չի ննջում եւ քուն չի մտնում Պահապանն Իսրայէլի։ 6Տէրը քեզ կը պահպանի, Տէրը քեզ կ՚ընդունի իր աջ ձեռքով։ 7Ցերեկն արեգակը քեզ չի վնասի, ոչ էլ լուսինը՝ գիշեր ժամանակ։ 8Տէրը քեզ կը պահպանի ամէն չարիքից, Տէրը կը պահպանի քեզ։ 9Տէրը կը հսկի քո մուտքն ու ելքը՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։ 
121 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ2Ուրախանում էի, երբ ասում էին՝ «Գնանք Տիրոջ տուն»։ 3Մեր ոտքերը հասել կանգնել էին քո դռներին, ո՛վ Երուսաղէմ։ 4Երուսաղէմը բարեշէն է որպէս քաղաք, եւ նրա բնակիչներն իր շուրջն են։ 5Ցեղերն այնտեղ բարձրացան՝ ցեղերը Տիրոջ, որ Իսրայէլի վկայութեամբ գոհութիւն մատուցեն Տիրոջ անուանը։ 6Այնտեղ են դրուած դատաստանի աթոռները՝ աթոռներ դրուած Դաւթի տան մէջ։ 7Հարցրէ՛ք Երուսաղէմի խաղաղութեան ու շէնութեան մասին, դուք՝ բոլորդ, որ սիրում էք այն։8Քո ամրութիւններում թող խաղաղութիւն լինի, եւ քո բերդերի աշտարակներում՝ շէնութիւն։ 9Ի սէր իմ եղբայրների եւ ընկերների քեզ խաղաղութիւն մաղթեցի։ 10Եւ մեր Տէր Աստծու համար քեզ բարութիւն ցանկացանք։ 
122 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ 2Աչքերս դէպի քեզ բարձրացրի, Տէ՛ր, դու, որ բնակւում ես երկնքում։ 3Ինչպէս ծառաների աչքերն իրենց տէրերի ձեռքին, ինչպէս աղախնի աչքերն իր տիրուհու ձեռքին, այնպէս էլ մեր աչքերն ուղղուած են քեզ, Տէ՛ր Աստուած մեր, մինչեւ որ գթաս մեզ։ 4Գթա՛ մեզ, Տէ՛ր, գթա՛ մեզ, քանզի բազում արհամարհանքներ կրեցինք։ 5Մեր հոգիներն անչափ լցուեցին մեզ անպատուողների նախատինքներով եւ ամբարտաւանների անարգանքով։ 
123 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ 2Եթէ Տէրը մեզ հետ չլինէր, - թող ասի Իսրայէլը, - 3եթէ Տէրը մեզ հետ չլինէր, մարդիկ մեզ վրայ յարձակուելով՝ 4մեզ ողջ-ողջ կուլ կը տային, երբ նրանց զայրոյթը բորբոքուած էր մեզ վրայ։ 5Եւ ջրերն անգամ մեզ կ՚ընկղմէին, երբ մեր հոգիներն անցան հեղեղի միջով։ 6Մեր հոգիներն անցան անհանգիստ ջրերի միջով։ 7Օրհնեալ է Տէրը, որ մեզ նրանց ատամների որսը չդարձրեց։ 8Մեր հոգիները փրկուեցին ինչպէս ճնճղուկը որսորդի թակարդից։ Նրանց թակարդները փշրուեցին, եւ մենք ազատուեցինք։ 9Մեր օգնութիւնը Տիրոջ անունից է, նա, որ երկինքն ու երկիրն ստեղծեց։ 
124 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ 2Ով յոյսը դրել է Տիրոջ վրայ, յաւիտեան չի սասանուի ինչպէս լեռը Սիոնի, որ գտնւում է Երուսաղէմում։ 3Ինչպէս որ նա շրջապատուած է լեռներով, այնպէս Տէրն իր ժողովրդի շուրջն է՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։4Տէրը չի թողնի, որ մեղաւորների գաւազանն որոշի արդարների վիճակը, եւ արդարներն իրենց ձեռքերը պիտի չերկարեն անօրէնութեան։ 5Տէրը բարիք է գործում բարիներին եւ նրանց, որ ուղիղ են սրտով։ 6Իսկ յափշտակութեամբ համակուածներին Տէրը կը կործանի նրանց հետ, ովքեր անօրէնութիւն են գործում։ Խաղաղութիւն Իսրայէլին։ 
125 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ 2Երբ Տէրը Սիոնը վերադարձրեց գերութիւնից, մենք մխիթարուեցինք։ 3Այնժամ մեր բերանները խնդութեամբ լցուեցին եւ մեր լեզուները՝ ցնծութեամբ։ Այնժամ հեթանոսների մէջ ասացին. «Տէրը մեծ բաներ գործեց սրանց համար»։ 4Մեծ բաներ գործեց Տէրը մեզ համար, եւ մենք ցնծացինք։5Տէ՛ր, ե՛տ դարձրու մեզ գերութիւնից՝ հարաւի հեղեղների պէս։ 6Ովքեր ցանում էին արտասուքով, ցնծութեամբ պիտի հնձեն։ 7Ովքեր շալակած տանում էին սերմերն իրենց ու լաց լինում գնալիս, յետ պիտի գան ցնծալով եւ բարձած պիտի բերեն խրձերն իրենց։ 
126 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ 2Եթէ Տէրը տունը չշինի, իզուր են չարչարւում այն շինողները, եթէ Տէրը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա։ 3Իզուր էք վաղ արթնանում. արդ, վե՛ր կացէք՝ քանի դեռ չէք ննջել։Դուք տառապանքի հացն էք ուտում, մինչ Նա քուն է տալիս իր սիրելիներին։ 4Տիրոջ ժառանգութիւնը նրա որդիներն են,որոնք նրա վարձն են, պտուղը նրա որովայնի։ 5Ինչպէս նետերը հզօրի ձեռքում, այնպէս են որդիներն անկեալների։ 6Երանի՜ նրան, ով իր ուզածի չափ կ՚առնի այդ նետերից. երբ դարպասի մօտ իր թշնամիների հետ խօսելու լինի,նա ամօթով չի մնայ։ 
127 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ 2Երանի՜ բոլոր նրանց, ովքեր վախենում են Տիրոջիցեւ ընթանում նրա ճանապարհներով։ 3Դու քո ձեռքի վաստակը պիտի ուտես. երանի՜ քեզ, դա լաւ պիտի լինի քեզ համար։ 4Կինդ պիտի լինի վայելուչ որթատունկի պէս քո տան անկիւնում, որդիներդ՝ նորատունկ ձիթենու պէս քո սեղանի շուրջը։ 5Ահա այսպէ՛ս պիտի օրհնուի ամէն մարդ, որ վախենում է Տիրոջից։ 6Քեզ պիտի օրհնի Տէրը Սիոնիցկեանքիդ բոլոր օրերին դու պիտի տեսնես բարութիւնը Երուսաղէմի։ 7Դու պիտի տեսնես քո որդիների որդիներին։ Խաղաղութի՜ւն Իսրայէլին։ 
128 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ2Մանկութիւնիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դէմ, - թող Իսրայէլն ասի այդ, - 3մանկութիւնիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դէմ, բայց չյաղթեցին ինձ։ 4Մեղաւորներն հարուածեցին իմ թիկունքին, երկար ժամանակ գործեցին անօրէնութիւնն իրենց։ 5Տէրն արդար է, մեղաւորների պարանոցը նա կը խորտակի։ 6Ամօթահար կը լինեն ու ետ կը դառնան բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը։ 7Նրանք կը լինեն տանիքի խոտի պէս, որ չորանում է դեռ չհնձած։ 8Դրանով հնձուորն իր բուռը չի լցնի, ոչ էլ խուրձ կապողն՝ իր գիրկը։ 9Նրանց կողքից անցնողները չեն ասի՝ «Տիրոջ օրհնութիւնը ձեզ վրայ լինի, եւ օրհնեալ լինէք Տիրոջ անունով»։ 
129 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայԽորութիւններից քեզ կանչեցի, Տէ՛ր։ 2Տէ՛ր, լսի՛ր իմ ձայնը, թող քո ականջները լսեն ձայնն իմ աղօթքի։ 3Եթէ անօրէնութիւններս քննես, Տէ՛ր,ո՞վ կարող է կանգնել քո առջեւ, Տէ՛ր, 4քանզի քեզնից է գալիս քաւութիւնը։ 5Քո անուան համար համբերեցի, Տէ՛ր, հոգիս սպասեց քո խօսքին։ 6Հոգիս յոյսը դրեց Տիրոջ վրայ։ Առաւօտեան պահից մինչեւ երեկոյ, առաւօտեան պահից Իսրայէլը յոյսը դրեց Տիրոջ վրայ։ 7Տիրոջից է ողորմութիւնը, ու նրանից են բոլոր փրկութիւնները։ 8Եւ նա պիտի փրկի Իսրայէլն իր բոլոր նեղութիւններից։ 
130 Տէ՛ր, սիրտս չգոռոզացաւ, եւ աչքերս վերեւից չնայեցին. ես մեծամեծների հետ ոտք չդրի, ոչ էլ նրանց հետ, ովքեր բարձր են ինձնից. 2այլ խոնարհ եղայ մօր կրծքից կտրուած մանկան նման, որի փափագը նոյն բանին դառնալն է. իսկ եթէ հպարտացրի իմ հոգին, այդպէս թող լինի հատուցումն անձիս։ 3Իսրայէլը յոյսը դրեց Տիրոջ վրայ՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։ 
131 Տէ՛ր, յիշի՛ր Դաւթին եւ նրա ամբողջ հեզութիւնը, 2թէ ինչպէս նա երդուեց Տիրոջը,եւ ուխտ արեց Յակոբի Աստծուն՝ ասելով. 3«Չեմ մտնի իմ տան յարկից ներս, չեմ մտնի իմ անկողինը, 4իմ աչքերին քուն չեմ տայ, կամ նինջ՝ իմ թարթիչներին, եւ կամ հանգիստ՝ իմ մարմնին,5մինչեւ Յակոբի Տէր Աստծու համար խորանի տեղ չգտնեմ»։ 6Ահա, խորանի մասին լսեցինք Եփրաթայում,եւ այն գտանք մայրիների դաշտերում։ 7Մտնենք կացարանը նրա, երկրպագենք այն տեղին, ուր կանգնած են ոտքերը նրա։ 8Ելի՛ր քո հանգստավայրը, Տէ՛ր, դու եւ տապանակը քո սուրբ Կտակի։ 9Քո երէցները թող արդարութիւն հագնեն, եւ քո սրբերը խնդութեամբ ցնծան։ 10Յանուն քո սիրելի Դաւթի, մի՛ շրջիր երեսդ քո օծեալից։ 11Տէրը ճշմարտութեամբ երդուեց Դաւթին ու չստեց նրան. «Քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո գահին։12Եթէ որդիներդ պահեն իմ օրէնքն ու իմ վկայութիւնները, որոնք նրանց պիտի սովորեցնեմ, ապա որդիները նրանց յաւիտեանս յաւիտենից կը նստեն քո գահին»։ 13Տէրը սիրեց Սիոնըեւ նախընտրեց բնակուել այնտեղ։ 14Ասաց. «Այս է հանգստավայրն իմ յաւիտեանս յաւիտենից, այստեղ պիտի բնակուեմ, քանզի հաւանեցի սա։ 15Սրա բերքը պիտի շարունակ օրհնեմ,եւ սրա աղքատներին կշտացնեմ հացով։ 16Սրա երէցներին փրկութիւն պիտի հագցնեմ, եւ սրա սրբերը խնդութեամբ պիտի ցնծան։ 17Այնտեղ պիտի Դաւթին եղջիւրներ ծլեցնեմ, իմ օծեալի համար ճրագ պատրաստեմ։ 18Նրա թշնամիներին ամօթ պիտի հագցնեմ, իսկ նրա վրայ պիտի ծաղկի սրբութիւնն իմ»։ 
132 Որքա՜ն բարի, որքա՜ն վայելուչ է, որ եղբայրները բնակւում են միասին, 2ինչպէս ազնիւ իւղ, որ իջնում է Ահարոնի գլխին ու մօրուքին,եւ մօրուքից սահում դէպի նրա զգեստի քղանցքները, 3ինչպէս ցօղ, որ Հերմոնից ցօղւում է Սիոն լերան վրայ։ Այնտեղ պատրաստեց Տէրն օրհնութիւնն ու կեանքը յաւիտենական։ 
133 Այստեղ օրհնեցէ՛ք Տիրոջը, Տիրոջ բոլո՛ր ծառաներ, որ գտնւում էք Տիրոջ տանը եւ մեր Աստծու գաւիթներում։ 2Գիշերը դէպի սրբութի՛ւն պարզեցէք ձեռքերը ձեր,եւ օրհնեցէ՛ք Տիրոջը։ 3Թող Տէրն օրհնի մեզ Սիոնից, Նա, որ երկինքն ու երկիրը ստեղծեց։ 
134 Օրհնեցէ՛ք Տիրոջ անունը, օրհնեցէ՛ք Տիրոջը, Տիրո՛ջ ծառաներ, 2որ գտնւում էք Տիրոջ տանը, մեր Աստծու տան գաւիթներում։ 3Օրհնեցէ՛ք Տիրոջը, քանզի բարի է Տէրը. սաղմո՛ս երգեցէք նրա անուանը, քանզի քաղցր է նա։ 4Տէրն իր ընտրեալը դարձրեց Յակոբին, եւ Իսրայէլը՝ ժառանգութիւնն իր։ 5Ես հասկացայ, որ մեծ է Տէրը, եւ Տէրը մեծ է բոլոր կուռքերից։ 6Տէրն ինչ որ ցանկացաւ, կատարեց երկնքում ու երկրի վրայ, ծովում եւ բոլոր անդունդներում։ 7Ամպեր հանելով երկրի ծայրերից՝ իր կայծակներն անձրեւի վերածեց, եւ իր պահեստներից հողմեր դուրս բերեց։ 8Նա հարուածեց եգիպտացիների բոլոր անդրանիկ ծնունդներին,ինչպէս մարդկանց, այնպէս էլ անասուններին։ 9Իր նշաններն ու զարմանահրաշ գործերն ուղարկեց քեզ, ո՛վ Եգիպտոս, քո Փարաւոնին եւ նրա ամբողջ զօրքին։ 10Նա հարուածեց բազում ազգերի,եւ սպանեց հզօր թագաւորների. 11ամորհացիների թագաւոր Սեհոնին, Բասանի թագաւոր Օգինու բոլոր թագաւորութիւնները Քանանի։ 12Նրանց երկիրը որպէս ժառանգութիւն տուեց,որպէս ժառանգութիւն Իսրայէլի իր ժողովրդին։ 13Տէ՛ր, քո անունը յաւերժ է, Տէ՛ր, քո յիշատակը՝ սերնդից սերունդ։ 14Տէրը դատում է իր ժողովրդին,եւ մխիթարւում իր ծառաներով։ 15Հեթանոսների կուռքերը ոսկի ու արծաթ են, ձեռքի գործն են մարդկանց որդիների։ 16Բերան ունեն, բայց չեն խօսում, աչքեր ունեն, բայց չեն տեսնում։ 17Ականջներ ունեն, բայց չեն լսում, եւ նրանց բերանում շունչ չկայ։ 18Նրանց նման կը լինեն դրանք ստեղծողները եւ բոլոր նրանք, որ յոյսը դրել են նրանց վրայ։ 19Օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Իսրայէլի, օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Ահարոնի։ 20Օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Ղեւիի. Տիրոջից երկի՛ւղ կրողներ, օրհնեցէ՛ք Տիրոջը։ 21Օրհնութի՜ւն Տիրոջը Սիոնից, Նրան, որ բնակւում է Երուսաղէմում։ 
135 Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի բարի է նա, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ 2Գոհութի՛ւն մատուցեցէք աստուածների Աստծուն, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ 3Գոհութի՛ւն մատուցեցէք տէրերի Տիրոջը, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։4Միայնակ նա մեծ հրաշագործութիւններ արեց, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ 5Երկինքն ստեղծեց իր իմաստութեամբ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ 6Երկիրը հաստատեց ջրերի վրայ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ 7Միայնակ ստեղծեց լուսատուները մեծ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ 8Արեգակը կարգեց ցերեկուայ տիրակալ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը, 9լուսինն ու աստղերը՝ գիշերուայ տիրակալ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ 10Կործանեց եգիպտացիների երկիրն իր անդրանիկ ծնունդներով հանդերձ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ 11Իսրայէլացիներին հանեց Եգիպտոսից, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը, 12արեց այդ՝ բարձր ձեռքով եւ իր հզօր բազկով, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ 13Պատռեց մեծ ծովն ու բաժանեց երկու մասի, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։14Իսրայէլացիներին անցկացրեց ծովի միջով, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ 15Փարաւոնին իր զօրքով ընկղմեց Կարմիր ծովում, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ 16Իր ժողովրդին հանեց դէպի անապատ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ 17Հարուածեց մեծամեծ ազգերի, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ 18Սպանեց հզօր թագաւորների, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը. 19սպանեց ամորհացիների թագաւոր Սեհոնին, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը, 20Բասանի թագաւոր Օգին, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ 21Նրանց երկիրը որպէս ժառանգութիւն տուեց, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը, 22տուեց որպէս ժառանգութիւն Իսրայէլին՝ իր ծառային, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ 23Տէրը մեզ յիշեց մեր թշուառութեան մէջ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։24Նա փրկեց մեզ մեր թշնամիների ձեռքից, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ 25Նա կերակուր է տալիս բոլոր ապրող էակներին, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ 26Գոհութի՛ւն մատուցեցէք երկնաւոր Աստծուն, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ 
136 Բաբելոնի գետերի մօտ՝ այնտեղ նստած լալիս էինք, երբ յիշում էինք Սիոնը։ 2Նրանց ուռիներից էինք կախել մեր կտակարանները։3Այնտեղ մեզ գերեվարողները օրհնութեան խօսք էին պահանջում մեզնից, մեզ տարագրողներն ստիպում էին՝ ասելով. «Երգեցէ՛ք մեզ համար Սիոնի օրհներգերից»։ 4Իսկ մենք ինչպէ՞ս երգենք Տիրոջ օրհներգերը օտար երկրում։ 5Եթէ մոռանամ քեզ, Երուսաղէ՛մ, թող իմ աջը մոռանայ ինձ։ 6Թող լեզուս քիմքիս կպչի, թէ քեզ չյիշեմ, եթէ իմ ուրախութեան սկզբում նախ քե՛զ, Երուսաղէ՛մ, չգովաբանեմ։ 7Յիշի՛ր, Տէ՛ր, թէ ինչ էին ասում եդոմացիները Երուսաղէմի օրերին. «Քանդեցէ՛ք, քանդեցէ՛ք, հիմնայատա՛կ արէք»։ 8Ո՛վ Բաբելոնի թշուառ դուստր, երանի՜ նրան, ով քեզ պիտի հատուցի այնպէս, ինչպէս դու մեզ հատուցեցի՛ր։ 9Երանի՜ նրան, ով կը բռնի քո մանուկներին ու կը խփի քարին։ 
137 Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, իմ ամբողջ սրտով, հրեշտակների առջեւ սաղմոս պիտի երգեմ քեզ, քանզի լսեցիր խօսքը բերանիս։ 2Պիտի երկրպագեմ սուրբ տաճարիդեւ անուանդ գոհութիւն պիտի մատուցեմ քո ողորմութեան ու ճշմարտութեան համար, քանզի ամէն ինչում մեծ ցոյց տուիր սուրբ անունդ։ 3Որ օրը որ քեզ ձայն տամ,իսկոյն լսի՛ր ինձ, եւ բազմապատկի՛ր զօրութիւններն հոգուս մէջ։4Գոհութիւն պիտի մատուցեն քեզ աշխարհի բոլոր թագաւորները, քանզի լսեցին բերանիդ խօսքերը։ 5Նրանք պիտի փառաբանեն քո ճանապարհները, քանզի մեծ է փառքը Տիրոջ։ 6Բարձր է Տէրը, նա տեսնում է խոնարհներին, իսկ բարձրամիտներին հեռուից ճանաչում։7Երբ անցնեմ նեղութիւնների միջով, դու կը փրկես ինձ թշնամու զայրոյթից։ Ձեռքդ կը մեկնես, եւ քո աջը կը փրկի ինձ։ 8Տէրը կը հատուցի իմ փոխարէն. Տէ՛ր, քո ողորմութիւնը յաւերժ է, ձեռքիդ գործերը մի՛ անտեսիր։ 
138 Տէ՛ր, ինձ փորձեցիր ու ճանաչեցիր ինձ։ 2Դու իմացար իմ նիստուկացը, հեռուից հասկացար իմ մտածումները։ 3Իմ շաւիղներն ու վիճակը դու քննեցիր,եւ բոլոր ճանապարհներս նախապէս տեսար։4Իմացար, որ լեզուիս տակ նենգութիւն չկայ։ 5Ահա դու, Տէ՛ր, իմացար իմ սկիզբն ու վերջը, դու ինձ ստեղծեցիր եւ ձեռքդ դրիր ինձ վրայ։6Զարմանալի է քո իմացութիւնն իմ մասին, այնքան զօրեղ, որ չեմ կարող հասու լինել դրան։ 7Ո՞ւր գնամ ես քո հոգուց, կամ քո դէմքից ո՞ւր փախչեմ։ 8Եթէ երկինք ելնեմ, այնտեղ ես դու, եթէ դժոխք իջնեմ, դրան էլ մօտ ես։ 9Եթէ առաւօտեան թեւեր առնեմ ու բնակուեմ ծովի եզերքին, 10այնտեղ էլ քո ձեռքն ինձ կ՚առաջնորդի, եւ աջդ ինձ կ՚ընդունի։ 11Ասացի՝ գուցէ խաւարն ինձ ծածկի, կամ գիշերը պատի ինձիմ վայելքի լոյսի փոխարէն։ 12Խաւարը քեզ համար խաւար չի լինի, եւ գիշերը լուսաւոր ցերեկ կը դառնայ, ու նրա մթութիւնն ինչպէս լոյս կ՚երեւայ։ 13Դո՛ւ ստեղծեցիր երիկամներն իմ,եւ մօրս որովայնից ինձ ընդունեցիր։ 14Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, քանզի ահեղ ու սքանչելի ես դու, սքանչելի են գործերը քո, որոնք ես շատ սիրեցի։15Չծածկուեց քեզնից իմ ոսկորը, որն ստեղծեցիր դու թաքուն,ոչ էլ ծածկուեց կարողութիւնն իմ երկրի խորքերում։ 16Իմ անկատարութիւնները տեսան քո աչքերը, եւ այդ բոլորը գրուեցին քո գրքում։ Ցերեկը դրանք մոլորուեցին, ու չկար մէկը, որ առաջնորդէր դրանք։ 17Ինձ համար խիստ պատուական եղան քո բարեկամներն, Աստուա՛ծ, եւ շատ զօրացան նրանց իշխանները։ 18Հաշուեցի նրանց, եւ աւազից շատ դուրս եկան. արթնացայ՝ եւ ահա քեզ հետ եմ։ 19Դու, Աստուա՛ծ, պիտի սպանես մեղաւորներին. արիւնարբո՛ւ մարդիկ, հեռացէ՛ք ինձնից։ 20Հակառակութեամբ ու նախանձով նրանք իզուր պիտի տիրեն քո քաղաքներին։ 21Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։ 22Կատարեալ ատելութեամբ ատեցի նրանց, եւ նրանք թշնամի դարձան ինձ։ 23Փորձի՛ր ինձ, Աստուա՛ծ,ու ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ ու ճանաչի՛ր իմ շաւիղները, 24եւ տե՛ս, եթէ իմ ճանապարհին անօրէնութիւններ կան, առաջնորդի՛ր ինձ քո յաւիտենական ճանապարհներով։ 
139 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի 2Ազատի՛ր ինձ, Տէ՛ր, չար մարդուց, անիրաւ մարդուց փրկի՛ր ինձ։ 3Իրենց սրտում նրանք անօրէնութիւն խորհեցին,եւ գիշեր-ցերեկ պատերազմի պատրաստուեցին։ 4Օձի պէս սրեցին լեզուներն իրենց, եւ նրանց շրթների տակ թոյն կայ իժի։5Պահպանի՛ր ինձ, Տէ՛ր, մեղաւորի ձեռքից, եւ չար մարդուց փրկի՛ր ինձ. նրանք խորհեցին խափանել ընթացքն իմ։ 6Ամբարտաւաններն իրենց որոգայթը թաքցրին ինձնից, թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջեւ,եւ իմ շաւղի շուրջը գայթակղութիւններ դրին։ 7Ասացի. «Դու իմ Տէր Աստուածն ես, ակա՛նջ դիր, Տէ՛ր, աղօթքիս ձայնին»։ 8Տէ՛ր, Տէ՛ր, իմ փրկութեան զօրութի՛ւն, գլխիս հովանի՛ն պատերազմի մէջ։ 9Մի՛ մատնիր ինձ, Տէ՛ր, մեղաւորների կամքին, որոնք նենգամտեցին իմ դէմ։ Ինձ երեսի վրայ մի՛ թող, որ նրանք երբեք չբարձրանան, եւ նրանց մտադրութիւնները չկատարուեն։ 10Թող նրանց կատարածի վախճանն այս լինի. իրենց շրթունքների վաստակը թող ծածկի նրանց։ 11Դու նրանց վրայ կրակի կայծեր թափի՛ր ու կործանի՛ր նրանց, որ տառապանքներից չկարողանան փրկուել։ 12Չարալեզու մարդը յաջողութիւն չի ունենայ երկրի վրայ. մեղաւոր մարդուն իր չարագործութիւնները կորստեան կը մատնեն։ 13Գիտեմ, Տէ՛ր, որ դու աղքատին արդար դատաստան ես անում եւ տնանկի իրաւունքն ես պաշտպանում։ 14Արդարները գոհութիւն պիտի մատուցեն քո անուանը, ուղղամիտները պիտի բնակուեն քո դիմաց։ 
140 Տէր, ձայն տուի քեզ, լսի՛ր ինձ եւ ո՛ւշ դարձրու աղօթքիս ձայնին, երբ քեզ եմ կանչում։ 2Տէ՛ր, թող աղօթքս քեզ ուղղուի որպէս խունկ, ձեռքերիս կարկառումն՝ իբրեւ երեկոյեան պատարագ։ 3Պահապա՛ն դիր, Տէ՛ր, իմ բերանին,եւ ամուր դուռ՝ իմ շրթներին, 4որ սիրտս չհակուի չարութեան խօսքին՝ մեղքի պատճառ դառնալով անօրէնութիւն գործող մարդկանց նման. ես նրանց հաճելի բաներին չեմ հաղորդակցուի։ 5Թող արդարը խրատի ինձ ողորմութեամբ ու յանդիմանի,բայց մեղաւորի իւղը թող գլուխս չօծի, աղօթքս պիտի հակադրեմ նրա կամքին։ 6Նրանց դատաւորները կուլ գնացին ժայռի մօտ,թող լսեն խօսքերն իմ, որ քաղցր են. 7«Ինչպէս թանձր հողը, որ սփռուած է երկրի վրայ, այնպէս պիտի ցրուեն նրանց ոսկորները դժոխքի մօտերքում»։ 8Տէ՛ր, Տէ՛ր, քեզ են ուղղուած աչքերն իմ, յոյսս դրի քեզ վրայ, մի՛ հանիր ինձնից իմ հոգին։ 9Պահպանի՛ր ինձ իմ դէմ լարուած թակարդից եւ անօրէնութիւն գործողների գայթակղութիւնից։ Թող մեղաւորները նրա ցանցերն ընկնեն, եւ միայն ես անցնեմ գնամ։ 
141 Դաւթի իմաստութիւնը. աղօթք, երբ նա քարայրում էր 2Իմ ձայնով ես Տիրոջը կանչեցի, իմ ձայնով Տիրոջն աղաչեցի։ 3Տիրոջ դիմաց պիտի սփռեմ աղօթքն իմեւ նրա առջեւ նեղութիւնս պիտի պատմեմ։ 4Երբ շունչս պակասեց իմ ներսում, դու, Տէ՛ր, իմացար շաւիղներն իմ. այն ճանապարհին, որով գնում էի, ծածուկ որոգայթ լարուեց իմ դէմ։5Նայում էի աջ ու տեսնում, որ ոչ ոք ինձ չի ճանաչում. փախչելն ինձ համար անհնար դարձաւ, եւ չկար մէկը, որ փնտռէր ինձ։ 6Քե՛զ կանչեցի, Տէ՛ր, ու ասացի. «Դու ես իմ յոյսը եւ իմ բաժինը ողջերի երկրում։ 7Ո՛ւշ դարձրու, Տէ՛ր, իմ աղօթքին, քանզի ես թաղուած եմ թշուառութեան մէջ. ազատի՛ր ինձ իմ հալածիչներից, քանզի նրանք ինձանից հզօր եղան։ 8Տէ՛ր, բանտից հանի՛ր ինձ, որ գոհութիւն մատուցեմ քո անուանը։ Արդարները պիտի սպասեն, մինչեւ որ հատուցման արժանացնես ինձ։ 
142 Տէ՛ր, լսի՛ր աղօթքն իմ, քո ճշմարտութեամբ ակա՛նջ դիր իմ խնդրանքին, քո արդարութեամբ լսի՛ր ինձ։ 2Ծառայիդ հետ դատաստան մի՛ տես, քանզի ոչ մի կենդանի մարդ չի արդարանայ քո առջեւ։ 3Թշնամին հալածեց ինձ, կեանքս հողին հաւասարեցրեցեւ ինձ նստեցրեց խաւարի մէջ յաւիտեան մեռածի պէս։ 4Հոգիս տաղտկացաւ իմ ներսում, եւ սիրտս խռովուեց իմ մէջ։ 5Յիշեցի օրերն առաջուայ, մտաբերեցի բոլոր գործերը քո, ձեռքերիդ ստեղծածների մասին խորհեցի։ 6Դէպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ. հոգիս հողի պէս ծարաւի է քեզ։ 7Լսի՛ր ինձ փութով, Տէ՛ր, քանզի շունչս պակասեց իմ ներսում, մի՛ շրջիր երեսդ ինձնից, որ չնմանուեմ գերեզման իջնողներին։8Առաւօտեան քո ողորմութիւնն ինձ լսելի՛ դարձրու, քանզի, Տէ՛ր, յոյսս քեզ վրայ դրի. ցո՛յց տուր ինձ ճանապարհն այն, որով պիտի գնամ, քանզի դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս։ 9Իմ թշնամիներից փրկի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի քեզ իմ ապաւէնը դարձրի։ 10Սովորեցրո՛ւ ինձ կատարել կամքը քո, քանզի դու ես Աստուածն իմ, քո բարի հոգին ինձ պիտի առաջնորդի դէպի արդար երկիր։ 11Յանուն քո անուան, կեա՛նք տուր ինձ, Տէ՛ր, քո արդարութեամբ նեղութիւնից հանի՛ր հոգին իմ։ 12Քո ողորմութեամբ կործանի՛ր իմ թշնամիներին, կորստեա՛ն մատնիր բոլոր ինձ նեղողներին, քանզի ես ծառան եմ քո։ 
143 Օրհնեալ է Տէր Աստուածն իմ, որ ձեռքս վարժեցրեց պատերազմիեւ մատներս՝ ճակատամարտի։ 2Նա ողորմութիւնն ու ապաւէնն է իմ, օգնականը, փրկիչն ու պահպանիչն իմ։ Ես յոյսս դրել եմ նրա վրայ.նա է, որ ժողովուրդներին հնազանդեցնում է ինձ։ 3Տէ՛ր, մարդն ի՞նչ է, որ յայտնուեցիր նրան, կամ մարդու որդին՝ որ բանի տեղ ես դնում նրան։ 4Մարդը նման է ունայնութեան, եւ նրա օրերն անցնում են ստուերի պէս։ 5Տէ՛ր, ցածրացրո՛ւ երկինքն ու իջի՛ր, մօտեցի՛ր լեռներին՝ եւ թող ծխեն դրանք։ 6Արձակի՛ր կայծակները քո եւ խռովի՛ր նրանց,առաքի՛ր նետերը քո եւ ցրի՛ր նրանց։ 7Ձեռքդ մեկնի՛ր վերից ու փրկի՛ր ինձ յորդացող ջրերից եւ օտարների որդիների ձեռքից, 8որոնց բերաններն ունայնութիւն են խօսում, եւ որոնց աջը մեղսագործ աջ է։9Աստուա՛ծ, քե՛զ նոր օրհներգով պիտի օրհնեմ, տասնալար նուագարանով սաղմոս պիտի երգեմ քեզ։ 10Նա ազատութիւն պիտի տայ մեր թագաւորներին, եւ չար սրից պիտի փրկի իր Դաւիթ ծառային։11Փրկի՛ր եւ ազատի՛ր ինձ օտարների որդիների ձեռքից, որոնց բերաններն ունայնութիւն են խօսում, եւ որոնց աջը մեղսագործ աջ է։12Նրանց որդիները նոր տունկի պէս հաստատուած են իրենց մանկութիւնից, նրանց դուստրերը զարդարուած ու պճնուած են ինչպէս տաճար։ 13Նրանց շտեմարանները լիքն են եւ մէկից միւսն են հոսում, նրանց ոչխարները բազմածին են եւ բազմանում են իրենց ճամփի վրայ։14Նրանց արջառները պարարտ են, նրանց ցանկապատերը խրամատներ չունեն, եւ նրանց հրապարակներում աղմուկ չկայ։ 15Ես երանի եմ տալիս այն ժողովրդին, որն այս վիճակում է. նաեւ երանի՜ այն ժողովրդին, որի Տէրն Աստուած է։ 
144 ալեփ. Պիտի փառաբանեմ քեզ, Աստուած իմ եւ Թագաւոր իմ, ու յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից քո անունն օրհնեմ։ 2բեթ. Գիշեր-ցերեկ քեզ օրհնութիւն պիտի մատուցեմ,ու յաւիտեանս յաւիտենից պիտի գովաբանեմ անունը քո։ 3գամէլ. Մեծ է Տէրն ու անչափ օրհնեալ, եւ նրա մեծութիւնը սահման չունի։ 4դալեթ. Սերնդից սերունդ պիտի գովեն գործերը քո,եւ պիտի պատմեն զօրութիւնները քո։ 5հէ. Քո սուրբ փառքի մեծ վայելչութեան մասին պիտի խօսեն,եւ քո հրաշագործութիւնները պիտի պատմեն։ 6վաւ. Քո ահաւոր զօրութիւնը պիտի նկարագրեն,եւ քո մեծութիւնը պատմեն։ 7զէ. Քո մեծ բարութեան յիշատակը պիտի աւետեն,եւ պիտի ցնծան քո արդարութեամբ։ 8խէթ. Գթասիրտ եւ ողորմած է Տէրը, համբերատար եւ ողորմաշատ։ 9թէթ. Տէրը քաղցր է բոլորի հանդէպ,եւ նրա գթութիւնը տարածւում է նրա բոլոր արարածների վրայ։ 10եօդ. Քո բոլոր գործերը, Տէ՛ր, քեզ գոհութիւն պիտի մատուցեն, եւ քո սրբերը պիտի օրհնեն քեզ։ 11քափ. Քո արքայական փառքի մասին պիտի խօսեն,եւ քո զօրութիւնները պիտի պատմեն, 12լամէք. որ մարդկանց որդիները ճանաչեն զօրութիւնները քո,եւ մեծ վայելչութիւնը արքայական քո փառքի։ 13մէմ. Քո արքայութիւնը ողջ յաւիտենութեան արքայութիւնն է,եւ քո տէրութիւնը՝ սերնդից սերունդ։ նուն. Հաւատարիմ է Տէրն իր բոլոր խօսքերում,եւ արդար է նա իր բոլոր գործերում։ 14սամքաթ. Տէրն ամուր է պահում բոլոր սայթաքողներին,եւ ոտքի կանգնեցնում բոլոր գլորուածներին։15էյ. Բոլորի աչքերը քեզ վրայ են յառած յուսով, եւ դու ես տալիս նրանց կերակուրը ժամանակին. տալիս ես դու նրանց, եւ սնւում են նրանք։16փէ. Բացում ես ձեռքը քո,եւ քո քաղցր կամքով յագեցնում ես բոլորին։17ծադէ. Արդար է Տէրն իր բոլոր ճանապարհներին,եւ սուրբ է նա իր բոլոր գործերում։ 18կոփ. Տէրը մօտ է բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն, բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն ճշմարտապէս։ 19րէշ. Իրենից ակնածողների կամքը կատարում է Տէրը, լսում է նրանց աղօթքն ու փրկում նրանց։ 20շին. Տէրը պահպանում է բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն, եւ Տէրը կործանում է բոլոր մեղաւորներին։21թաւ. Բերանս Տիրոջ օրհնութիւնը պիտի խօսի. ամէն կենդանի էակ պիտի օրհնի սուրբ անունը նրա յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։ 
145 Ալէլուիա՝ Անգէոսի եւ Զաքարիայի 2Օրհնի՛ր Տիրոջը, հոգիդ իմ. պիտի օրհնեմ Տիրոջն իմ կեանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն, քանի կամ։ 3Յոյս մի՛ դրէք իշխանների՝ մարդկանց որդիների վրայ, որովհետեւ նրանցից փրկութիւն չկայ։ 4Երբ դուրս գայ նրանց հոգին,նրանք կրկին հող կը դառնան, եւ նոյն օրը նրանց բոլոր մտածումները կ՚անհետանան։ 5Երանի՜ նրան, ում օգնականը Յակոբի Տէր Աստուածն է, եւ ում յոյսը Տէր Աստծու վրայ է, 6Նա, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրանց մէջ եղած ամէն ինչ, 7Նա, որ յաւիտեան պահպանում է ճշմարտութիւնը,եւ զրկեալներին արդարութիւն շնորհում. Տէրը հաց է տալիս քաղցածներինեւ արձակում բանտարկեալներին։ 8Տէրը բացում է կոյրերի աչքերը, Տէրը ոտքի է կանգնեցնում գլորուածներին։Սիրում է Տէրն արդարներին։ 9Տէրը պահպանում է պանդուխտներին, Տէրն ընդունում է որբերին ու այրիներին,եւ կործանում ճանապարհներն ամբարիշտների։ 10Յաւէտ պիտի թագաւորի Տէրը, քո Աստուածը, Սիո՛ն, սերնդից սերունդ։ 
146 Օրհնեցէ՛ք Տիրոջը, քանզի քաղցր են սաղմոսները. հաճելի է օրհնութիւնը մեր Աստծուն։ 2Տէրը կառուցում է Երուսաղէմը,եւ հաւաքում Իսրայէլի ցրուածներին։ 3Բժշկում է բեկեալ սրտերը,եւ կապում բոլոր վէրքերը նրանց։ 4Նա հաշւում է աստղերի բազմութիւնը,եւ կոչում բոլորն իրենց անուններով։ 5Մեծ է մեր Տէրը, եւ մեծ է նրա զօրութիւնը, նրա իմաստութիւնը սահման չունի։ 6Տէրն ընդունում է հեզերին,եւ մինչեւ գետին խոնարհեցնում ամբարտաւաններին։ 7Օրհնեցէ՛ք Տիրոջը գոհաբանութեամբ, սաղմո՛ս երգեցէք նրան օրհնութեամբ։ 8Երկինքը նա պատեց ամպերով, երկրի համար պատրաստեց անձրեւն իր, լեռներում խոտ աճեցրեցեւ բանջար՝ մարդկանց կարիքների համար։ 9Նա ուտելիք է տալիս անասուններին եւ ագռաւի ձագերին, որոնք դիմում են իրեն։ 10Տէրը ձիու զօրութիւն չէ, որ կամենում է,ոչ էլ հսկայի կազմուածքն է հաւանում, 11այլ Տէրն իրենից երկիւղ կրողներին է հաւանում եւ նրանց, որ իրենց յոյսը դրել են իր ողորմութեան վրայ։ 
147 Գովաբանի՛ր Տիրոջը, ո՛վ Երուսաղէմ, եւ օրհներգի՛ր քո Աստծուն, Սիո՛ն, 2քանզի նա դռներիդ նիգերն ամրացրեց,եւ որդիներիդ օրհնեց քո մէջ։ 3Քո սահմանները խաղաղութեան մէջ պահեց,եւ ցորենի առատութեամբ լիացրեց քեզ։ 4Նա երկիր է ուղարկում խօսքերն իր,եւ արագ սլանում են պատգամները նրա։ 5Նա ձիւն է տեղացնում ինչպէս բուրդ,եւ մառախուղը ցանում փոշու պէս։ 6Նա սառոյցներն արձակում է ինչպէս պատառներ.ո՞վ կարող է դիմանալ նրա ցրտին։ 7Ուղարկում է խօսքն իր ու հալեցնում դրանք.փչում են հողմերը, եւ հոսում ջրերը։ 8Իր խօսքը յայտնում է Յակոբին, իր օրէնքներն ու դատաստանները՝ Իսրայէլին։ 9Տէրն այսպէս չվարուեց բոլոր ազգերի հետ,եւ իր դատաստանները նրանց չյայտնեց։ 
148 Օրհնեցէ՛ք Տիրոջը երկնքից, օրհնեցէ՛ք նրան բարձունքներից։2Օրհնեցէ՛ք նրան, նրա բոլո՛ր հրեշտակներ, օրհնեցէ՛ք նրան, նրա բոլո՛ր զօրութիւններ։ 3Օրհնեցէ՛ք նրան, արեգա՛կ եւ լուսի՛ն, օրհնեցէ՛ք նրան, բոլո՛ր աստղեր եւ լոյս։ 4Օրհնեցէ՛ք նրան, երկինքների՛ երկինքներ, եւ ջրե՛ր՝ որ վեր էք երկնքից։ 5Օրհնեցէ՛ք անունը Տիրոջ, քանզի նա ասաց՝ եւ դրանք ստեղծուեցին, նա հրամայեց՝ եւ դրանք հաստատուեցին։ 6Նա կարգեց դրանք յաւիտեանս յաւիտենից.կարգ սահմանեց, եւ այն չի խախտւում։ 7Օրհնեցէ՛ք Տիրոջը երկրի վրայից, վիշապնե՛ր եւ բոլո՛ր անդունդներ։ 8Հուր եւ կարկուտ, ձիւն եւ սառնամանիք, հողմ ու մրրիկ, դուք, որ նրա խօսքն էք կատարում,9լեռնե՛ր եւ բոլո՛ր բլուրներ, պտղաբե՛ր ծառեր եւ բոլո՛ր մայրիներ,10գազաննե՛ր եւ ամէն տեսակ անասուննե՛ր, սողուննե՛ր եւ ամէն տեսակ թեւաւոր թռչուննե՛ր, 11երկրի թագաւորնե՛ր՝ զօրքերով հանդերձ, իշխաննե՛ր եւ երկրի բոլո՛ր դատաւորներ, 12երիտասարդնե՛ր ու կոյսե՛ր, ծերե՛ր ու մանուկնե՛ր, օրհնեցէ՛ք անունը Տիրոջ։13Փառաւորուեց միայն նրա՛ անունը.երկնքում ու երկրի վրայ է վեհութիւնը նրա։ 14Տէրը բարձրացնում է եղջիւրն իր ժողովրդի. օրհնութի՜ւն նրա բոլոր սրբերին՝ որդիներին Իսրայէլի, այն ժողովրդին, որ մօտ է Տիրոջը։ 
149 Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհնութեամբ, սրբերի ժողովում է օրհնութիւնը նրա։ 2Իսրայէլն ուրախացաւ իր Արարչով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագաւորով։ 3Թող գովեն նրա անունը օրհնութեամբ, նուագարանով ու օրհներգով սաղմոս ասեն նրան։ 4Տէրը սիրում է իր սուրբ ժողովրդին,եւ փառաւորում հեզերին փրկութեամբ։5Թող սրբերը պարծենան փառքով,եւ ցնծան իրենց հանգստի մէջ։ 6Թող նրանք փառաբանեն Աստծուն իրենց բերաններով. նրանց ձեռքերում երկսայրի սրեր կան, 7որ վրէժ լուծեն հեթանոսներից եւ պատժեն բոլոր ժողովուրդներին, 8որ նրանց թագաւորներին կապեն շղթաներով,եւ նրանց մեծամեծներին՝ երկաթեայ ձեռնակապերով, 9որ գրուած դատաստանն իրագործեն նրանց հանդէպ։Այս է փառքը նրա բոլոր սրբերի։ 
150 Օրհնեցէ՛ք Աստծուն իր սրբարանում, օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան երկնային հաստատութեան մէջ։ 2Օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան մէջ,օրհնեցէ՛ք նրան իր անչափ մեծութեան մէջ։3Գովաբանեցէ՛ք նրան օրհնութեան ձայնով, գովաբանեցէ՛ք նրան սաղմոսով եւ օրհներգութեամբ։ 4Օրհնեցէ՛ք նրան ցնծութեամբ, գովաբանեցէ՛ք նրան ուրախութեամբ։ 5Օրհնեցէ՛ք նրան քաղցր խօսքերով, օրհնեցէ՛ք նրան լսելի բառերով, օրհնեցէ՛ք նրան գոհութեան ձայնով։ 6Բոլո՛ր հոգիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը։ Հաշուից դուրս այս սաղմոսը Դաւթի ինքնագիրն է, երբ նա մարտնչելու ելաւ Գողիադի դէմ, Սաւուղի առջեւ. 7Փոքրն էի ես իմ եղբայրների մէջ.եւ կրտսերն՝ իմ հօր տանը. հօրս ոչխարներն էի արածեցնում։ 8Ձեռքերն իմ նուագարան ստեղծեցին, եւ մատներս օրհներգութեան գործիք պատրաստեցին։9Իսկ արդ, ո՞վ պիտի պատմի այս բանն իմ Տիրոջը. ամէն բանի Տէրն ինքը կը լսի այս ամէնը։ 10Նա ուղարկեց իր հրեշտակին, ինձ վերցրեց հօրս ոչխարների հօտից,եւ օծեց ինձ իր իւղի օծումով։ 11Գեղեցիկ ու մեծ էին եղբայրներն իմ, բայց Տէրը չհաւանեց նրանց։ 12Ես ելայ այլազգու դէմ,եւ նզովեցի կուռքերը նրա։ 13Առայ նրա սուրն իրենից, կտրեցի գլուխը նրա,եւ վերացրի նախատինքը Իսրայէլի որդիներից։

 









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Варенье из лепестков роз

Варенье из лепестков розДля варенья используют лепестки чайной розы. Нижнюю...

Салат из портулака (из дандура)

Салат из портулака (из дандура)Портулак перебрать, промыть, положить в подсоленный...

Орешки гороховые

Орешки гороховыеОтварной горох пропустить через мясорубку, добавить очищенные грецкие орехи,...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта