ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ - 2

(6 голоса, среднее 4.67 из 5)
Индекс материала
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
2
Все страницы


17 Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ2եւ նրանց առաջ պայծառակերպուեց. եւ նրա դէմքը փայլեց ինչպէս արեգակը. եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը։ 3Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ։4Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց Յիսուսին. «Տէ՛ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»։ 5Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք»։ 6Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան։ 7Եւ Յիսուս, մօտենալով, դիպաւ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելէք եւ մի՛ վախեցէք»։ 8Նրանք աչքները բարձրացրին եւ Յիսուսից բացի ոչ ոքի չտեսան։ 9Եւ մինչ լեռից իջնում էին, Յիսուս նրանց պատուիրեց ու ասաց. «Այդ տեսիլքը մարդու չասէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի»։ 10Աշակերտները նրան հարցրին եւ ասացին. «Հապա ինչո՞ւ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պիտի գայ»։ 11Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Եղիան կը գայ եւ կը վերահաստատի ամէն ինչ. 12բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդէն իսկ եկել է. բայց նրան չճանաչեցին, այլ, ինչ որ կամեցան, արեցին նրան. նոյնպէս եւ մարդու Որդին նրանց ձեռքով չարչարուելու է»։ 13Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի մասին էր ասել իրենց։ 14Երբ ժողովրդի մէջ եկան, մի մարդ մօտեցաւ, ծնկի եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետեւ լուսնոտութիւնից է տառապում եւ չարաչար տանջւում է. շատ անգամ կրակի մէջ է ընկնում եւ երբեմն՝ ջրի մէջ։ 15Նրան քո աշակերտների մօտ տարայ, եւ չկարողացան բժշկել»։ 16Յիսուս պատասխան տուեց ու ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. նրան ինձ մօ՛տ բեր»։ 17Եւ Յիսուս նրան սաստեց, դեւը նրանից դուրս եկաւ, եւ մանուկը հէնց այդ րոպէից բժշկուեց։ 18Այն ժամանակ աշակերտները, առանձին, մօտեցան եւ Յիսուսին ասացին. «Մենք ինչո՞ւ այն հանել չկարողացանք»։ 19Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեր թերահաւատութեան պատճառով. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք, այս լերանը կ՚ասէք՝ տեղափոխուի՛ր այստեղից այնտեղ, եւ կը տեղափոխուի. եւ որեւէ բան ձեզ համար անհնարին չի լինի։ 20Բայց այս տեսակ դեւը այլ կերպ դուրս չի ելնում, եթէ ոչ աղօթքով ու ծոմապահութեամբ»։ 21Եւ մինչ նրանք Գալիլիայում դեռ շրջում էին, Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, 22ու նրան պիտի սպանեն, եւ նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»։ Եւ նրանք շատ տխրեցին։ 23Երբ նրանք Կափառնայում եկան, երկդրամեան տուրքը պահանջողները մօտեցան Պետրոսին եւ ասացին. «Ձեր վարդապետը երկդրամեանը չի՞ տալիս»։ Եւ Պետրոսն ասաց՝ այո՛։ 24Եւ երբ տուն մտան, Յիսուս կանխեց նրան ու ասաց. «Քեզ ինչպէ՞ս է թւում, Սիմո՛ն. ազգերի թագաւորները հարկերը կամ տուրքը ումի՞ց են առնում, իրենց որդիների՞ց, թէ՞ օտարներից»։ 25Եւ երբ ասաց՝ օտարներից, Յիսուս նրան ասաց. «Ապա ուրեմն որդիներն ազատ են։ 26Բայց որպէսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ ծով ու կարթ գցի՛ր, եւ առաջին ձուկը, որ դուրս կ՚ելնի, վերցրո՛ւ ու բա՛ց նրա բերանը եւ մի արծաթ դրամ կը գտնես. այն ա՛ռ եւ իմ ու քո տեղ նրանց կը տաս»։ 
18 Այն օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ»։ 2Եւ Յիսուս իր մօտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մէջ 3ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի։ 4Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպէս այս մանուկը, երկնքի արքայութեան մէջ նա՛ է մեծ։ 5Եւ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կ՚ընդունի։ 6Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար լաւ կը լինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը։7Վա՜յ աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը։ 8Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս եւ յաւիտենական կրակի մէջ ընկնես։ 9Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու միականի մտնես կեանք, քան երկու աչք ունենաս եւ ընկնես գեհենի կրակը։ 10Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է. 11որովհետեւ մարդու Որդին եկաւ փրկելու կորածը»։ 12«Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լերան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին։ 13Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կ՚ուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն։ 14Այսպէս՝ իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի»։ 15«Եթէ եղբայրդ քո դէմ մեղանչի, գնա յանդիմանի՛ր նրան, երբ դու եւ նա մենակ էք. եթէ քեզ լսի, քո եղբօրը շահեցիր։ 16Իսկ եթէ քեզ չլսի, ա՛ռ քեզ հետ մէկին եւ կամ երկուսին, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն ինչ։ 17Իսկ եթէ նրանց էլ չլսի, կ՚ասես հաւատացեալների ժողովում. իսկ եթէ նրանց էլ չլսի, թող նա քեզ համար լինի ինչպէս հեթանոսը եւ մաքսաւորը։ 18Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապէք երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում։ Եւ ինչ որ արձակէք երկրի վրայ, թող արձակուած լինի երկնքում։ 19Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. 20որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ»։ 21Այն ժամանակ Պետրոսը մօտեցաւ նրան ու ասաց. «Տէ՛ր, քանի՞ անգամ, եթէ եղբայրս իմ դէմ մեղանչի, պէտք է ներեմ նրան. մինչեւ եօ՞թն անգամ»։ 22Յիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում, թէ՝ մինչեւ եօթն անգամ, այլ՝ մինչեւ եօթանասուն անգամ եօթը»։ 23«Այսպէս, երկնքի արքայութիւնը նմանւում է մի թագաւորի, որ կամեցաւ ծառաների հետ իր հաշիւները կարգադրել։ 24Եւ երբ սկսեց հաշիւն ընդունել, նրա մօտ բերուեց տասը հազար քանքարի մի պարտապան։ 25Եւ քանի որ նա վճարելու բան չունէր, նրա տէրը հրամայեց վաճառել նրան եւ նրա կնոջն ու որդիներին եւ այն ամէնը, ինչ նա ունէր, եւ պարտքը հատուցել։ 26Եւ ծառան գետին ընկնելով՝ երկրպագում էր նրան եւ ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ բոլորը կը վճարեմ քեզ»։ 27Այդ ծառայի տէրը, գթալով, արձակեց նրան եւ պարտքը նրան շնորհեց։ 28Իսկ ծառան դուրս ելնելով՝ գտաւ իր ծառայակիցներից մէկին, որ իրեն հարիւր դահեկան պարտք էր։ Եւ նրան բռնելով՝ խեղդում էր ու ասում. «Վճարի՛ր ինձ, ինչ որ պարտք ես»։ 29Իսկ ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, աղաչում էր նրան եւ ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ կը վճարեմ քեզ»։ 30Իսկ սա չէր կամենում. գնաց նրան բանտ նետել տուեց, մինչեւ որ պարտքը վճարէր։ 31Նրա ծառայակիցները, երբ տեսան եղածը, շատ տրտմեցին եւ եկան ու իրենց տիրոջը պատմեցին այն ամէնը, ինչ եղել էր։ 32Այն ժամանակ տէրը կանչեց նրան եւ ասաց. «Չա՛ր ծառայ, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ. 33իսկ պէտք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպէս ես էլ քեզ գթացի»։ 34Եւ նրա տէրը բարկանալով՝ նրան յանձնեց դահիճներին, մինչեւ որ հատուցէր բոլոր պարտքերը։ 35Նոյնը պիտի անի ձեզ եւ իմ Հայրը, որ երկնքում է, եթէ ձեզանից իւրաքանչիւրը սրտանց չների իր եղբօրը՝ նրա յանցանքները»։ 
19 Եւ երբ Յիսուս աւարտեց այս խօսքերը, Գալիլիայից տեղափոխուեց եւ եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանանի միւս կողմը։ 2Եւ նրա յետեւից բազում ժողովուրդ գնաց, եւ այնտեղ նրանց բժշկեց։ 3Եւ փարիսեցիները, մօտենալով նրան, փորձեցին եւ ասացին. «Օրինաւո՞ր է, որ մէկն իր կնոջը արձակի ամէն մի յանցանքի պատճառով»։ 4Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ նա, ով սկզբից ստեղծեց, արու եւ էգ արեց նրանց եւ ասաց. 5դրա համար տղամարդը պիտի թողնի հօրը եւ մօրը ու պիտի գնայ իր կնոջ յետեւից. եւ երկուսը մէկ մարմին պիտի լինեն։ 6Ապա ուրեմն՝ ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»։ 7Նրան ասացին. «Իսկ Մովսէսը ինչո՞ւ մեզ պատուիրեց ապահարզանի թուղթ տալ ու արձակել»։ 8Յիսուս նրանց ասաց. «Մովսէսը ձեր խստասրտութեան պատճառով ձեզ թոյլ տուեց արձակել ձեր կանանց, բայց սկզբից այդպէս չի եղել։ 9Սակայն ասում եմ ձեզ, թէ ով իր կնոջն արձակում է, եւ դա պոռնկութեան պատճառով չէ, եւ ուրիշին է առնում, շնանում է. շնանում է եւ նա, ով արձակուածին է առնում»։ 10Իր աշակերտները նրան ասացին. «Եթէ այդպիսին է պարագան մարդու եւ կնոջ համար, լաւ է չամուսնանալ»։11Եւ նա նրանց ասաց. «Բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ՝ նրանք, որոնց տրուած է. 12որովհետեւ կան ներքինիներ, որոնք իրենց մօր որովայնից այդպէս են ծնուել. կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայութեան համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի»։ 13Այն ժամանակ նրա մօտ մանուկներ բերուեցին, որ նրանց վրայ ձեռք դնի ու աղօթք անի. իսկ նրա աշակերտները սաստում էին բերողներին։ 14Յիսուս ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին եւ մի՛ արգելէք, որ նրանք ինձ մօտ գան, որովհետեւ երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է»։ 15Եւ նրանց վրայ ձեռք դրեց ու այդտեղից գնաց։ 16Եւ ահա մէկը մօտենալով նրան՝ ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ յաւիտենական կեանքն ունենամ»։17Եւ նա նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մէ՛կ է բարին. եթէ կամենում ես յաւիտենական կեանքը մտնել, պահի՛ր պատուիրանները»։ 18Նա ասաց. «Որո՞նք»։ Յիսուս նրան ասաց. «Մի սպանիրը, մի շնանարը, մի գողանարը, սուտ մի վկայիրը, 19քո հօրն ու մօրը մեծարիրը եւ քո ընկերոջը քո անձի պէս պիտի սիրեսը»։20Երիտասարդը նրան ասաց. «Այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր պահել եմ. արդ, էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ»։ 21Յիսուս նրան ասաց. «Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցուածքը ու տո՛ւր աղքատներին. եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ դու արի՛ իմ յետեւից»։ 22Երբ երիտասարդը այս խօսքը լսեց, տրտմած գնաց. որովհետեւ շատ հարստութիւն ունէր։ 23Յիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժուարութեամբ կը մտնի երկնքի արքայութիւնը։ 24Դարձեալ ասում եմ ձեզ՝ աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թէ հարուստը՝ Աստծու արքայութիւնը»։ 25Երբ աշակերտները այս լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կը կարողանայ փրկուել»։ 26Յիսուս նրանց նայեց եւ ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծու համար ամէն ինչ կարելի է»։ 27Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահա՛ւասիկ, մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կ՚ունենանք»։ 28Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեան, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կը նստի, դուք էլ կը նստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին։ 29Եւ ամէն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի։ 30Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, եւ վերջիններ՝ առաջին»։ 
20 «Երկնքի արքայութիւնը նման է մի տանուտէրի, որ առաւօտեան ելաւ իր այգու համար մշակներ վարձելու։ 2Եւ մշակների օրավարձը մէկ դահեկան սակարկելով՝ նրանց ուղարկեց իր այգին։ 3Եւ առաւօտեան ժամը իննի մօտ դուրս ելնելով՝ տեսաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին հրապարակում։ 4Նրանց էլ ասաց. «Դո՛ւք էլ գնացէք իմ այգին, եւ ինչ որ արժան է, կը տամ ձեզ»։ 5Նրանք եւս գնացին։ Եւ դարձեալ դուրս ելնելով կէսօրին ու կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ՝ նոյն ձեւով արեց։ 6Եւ ժամը հինգի մօտ դուրս ելնելով՝ գտաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին. նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել»։ 7Նրան ասացին. «Որովհետեւ մեզ ոչ ոք չվարձեց»։ Նրանց ասաց. «Դո՛ւք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է, կը ստանաք»։ 8Եւ երբ երեկոյ եղաւ, այգու տէրը իր գործավարին ասաց. «Կանչի՛ր մշակներին եւ տո՛ւր նրանց վարձը՝ սկսած վերջիններից մինչեւ առաջինները»։ 9Երբ եկան ժամը հինգի մօտ վարձուածները, իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացաւ։ 10Առաջիններն էլ գալով՝ կարծում էին, թէ աւելի կը ստանան, բայց նրանք էլ իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացան։ 11Երբ առան, տրտնջում էին տանտիրոջից ու ասում. 12«Դրանք՝ այդ վերջինները, մէկ ժամ գործ արեցին, իսկ դու դրանց հաւասար արեցիր մեզ, որ տարանք օրուայ ծանրութիւնը եւ տօթը»։ 13Նա պատասխանեց նրանցից մէկին եւ ասաց. «Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. չէ՞ որ ինձ հետ մէկ դահեկանի սակարկեցիր. 14ստացի՛ր քոնը եւ գնա՛. այս վերջիններին կամենում եմ տալ որքան եւ քեզ.15միթէ իրաւունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարուելու, ինչպէս կամենում եմ։ Կամ թէ՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ»։16Այսպէս, վերջինները առաջին պիտի լինեն, եւ առաջինները՝ վերջին. որովհետեւ բազում են կանչուածները, բայց սակաւ են ընտրեալները»։17Երբ Յիսուս Երուսաղէմ էր բարձրանում, Տասներկուսին առանձին իր հետ վերցրեց եւ ճանապարհին ասաց նրանց. 18«Ահաւասիկ Երուսաղէմ ենք բարձրանում, եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետերին ու օրէնսգէտներին. եւ նրան մահուան պիտի դատապարտեն 19ու նրան հեթանոսներին պիտի մատնեն՝ ծաղրուելու, ծեծուելու եւ խաչը հանուելու համար, սակայն նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»։ 20Այն ժամանակ նրան մօտեցաւ Զեբեդէոսի որդիների մայրը՝ իր որդիների հետ միասին. նա երկրպագում էր ու նրանից մի բան ուզում։ 21Եւ նա նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում»։ Կինն ասաց նրան. «Ասա՛, որ սրանք՝ իմ այս երկու որդիները, նստեն քո արքայութեան մէջ, մէկը՝ քո աջ կողմում եւ միւսը՝ ձախ կողմում»։22Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Չէք իմանում՝ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որը ես խմելու եմ. կամ՝ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»։ Նրան ասացին՝ կարող ենք։23Յիսուս նրանց ասաց. «Իմ բաժակը կը խմէք, եւ այն մկրտութեամբ, որով ես մկրտւում եմ, կը մկրտուէք, բայց նստեցնել իմ աջ եւ ձախ կողմերում՝ ես չէ, որ կը տամ, այլ այդ նրանց համար է, որոնց տրուած է իմ Հօրից»։ 24Եւ տասը աշակերտները, այս լսելով, բարկացան երկու եղբայրների վրայ։ 25Յիսուս նրանց իր մօտ կանչեց ու ասաց. «Գիտէք, որ ազգերի իշխանաւորները տիրում են ազգերի վրայ, եւ մեծամեծները իշխում են նրանց վրայ։ 26Ձեր մէջ եւս չպէտք է այդպէս լինի. այլ ձեզնից ով կը կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի. 27եւ ձեզնից ով կը կամենայ առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի. 28ինչպէս որ մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն»։ 29Եւ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Յիսուսի յետեւից բազում ժողովուրդ գնաց։30Եւ ահա երկու կոյրեր նստած էին ճանապարհի եզերքին։ Երբ լսեցին, թէ Յիսուս անցնում է, աղաղակեցին ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի»։ 31Եւ ամբոխը յանդիմանեց նրանց, որ լռեն։ Իսկ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի»։ 32Յիսուս տեղում կանգ առաւ, կանչեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք կամենում, որ ձեզ անեմ»։ 33Նրան ասացին. «Որ մեր աչքերը բացուեն, Տէ՛ր»։ 34Եւ գթալով՝ Յիսուս դիպաւ նրանց աչքերին, եւ նրանք իսկոյն տեսան ու գնացին նրա յետեւից։ 
21 Երբ Երուսաղէմին մօտեցան եւ եկան Բեթփագէ, Ձիթենեաց լերան մօտ, այն ժամանակ Յիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. 2«Գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է, եւ այնտեղ կը գտնէք կապուած մի էշ եւ նրա հետ՝ մի քուռակ. արձակեցէ՛ք բերէք ինձ։ 3Եւ եթէ մէկը ձեզ բան ասի, կ՚ասէք, որ Տիրոջը պէտք են. եւ նա իսկոյն դրանք կ՚ուղարկի»։ 4Բայց այս բոլորը եղաւ, որպէսզի կատարուի մարգարէի խօսքը, որ ասում է. 5«Ասացէ՛ք Սիոնի դստերը, ահա դէպի քեզ է գալիս քո թագաւորը՝ հեզ եւ նստած էշի ու էշի քուռակի վրայ»։6Աշակերտները գնացին եւ արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայել էր.7եւ էշն ու քուռակը բերեցին, նրանց վրայ զգեստներ գցեցին. եւ նա նստեց դրանց վրայ։ 8Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրայ, իսկ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրայ։ 9Առաջից եւ յետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում»։ 10Եւ երբ նա մտաւ Երուսաղէմ, ամբողջ քաղաքը դղրդաց, եւ ասում էին՝ ո՞վ է սա։ 11Իսկ ժողովրդի բազմութիւնն ասում էր. «Սա Յիսուս մարգարէն է, որ Գալիլիայի Նազարէթ քաղաքից է»։12Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները։ 13Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»։ 14Տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր Յիսուսին մօտեցան, եւ նա բժշկեց նրանց։ 15Երբ քահանայապետներն ու օրէնսգէտները տեսան այն սքանչելիքները, որ նա արեց, եւ մանուկներին, որ տաճարի մէջ աղաղակում էին ու ասում՝ օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, բարկացան. 16եւ ասացին նրան. «Լսո՞ւմ ես՝ դրանք ինչ են ասում»։ Յիսուս նրանց ասաց. «Այո՛, դուք չէ՞ք կարդացել, թէ՝ երեխաների ու ծծկերների բերանով օրհնութիւն կատարեցիր»։ 17Եւ նրանց թողնելով՝ ելաւ քաղաքից դուրս, դէպի Բեթանիա. եւ այնտեղ գիշերեց։ 18Եւ առաւօտեան երբ քաղաք վերադարձաւ, քաղց զգաց։ 19Եւ ճանապարհի վրայ մի թզենի տեսնելով՝ եկաւ դէպի այն եւ նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ։ Եւ թզենուն ասաց. «Այսուհետեւ քեզնից յաւիտեան պտուղ թող չլինի»։ Եւ նոյն պահին թզենին չորացաւ։20Երբ աշակերտները այս տեսան, զարմացան ու ասացին. «Ինչպէ՞ս թզենին իսկոյն չորացաւ»։ 21Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ հաւատ ունենաք եւ չերկմտէք, ոչ միայն կ՚անէք այդ թզենուն պատահածը, այլ թէկուզ եւ այդ լերանն ասէք՝ ելի՛ր ու ծովն ընկիր, այն կը կատարուի։ 22Եւ ամէն ինչ, որ ուզէք աղօթքի մէջ հաւատով, կը ստանաք»։ 23Եւ երբ տաճար եկաւ, մինչ ուսուցանում էր, նրան մօտեցան քահանայապետները, ժողովրդի ծերերը եւ ասացին. «Ի՞նչ իշխանութեամբ ես այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»։ 24Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ. եթէ ինձ ասէք, ես էլ ձե՛զ կ՚ասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում։ 25Յովհաննէսի մկրտութիւնը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թէ՞՝ մարդկանցից»։ Նրանք իրար մէջ խորհուրդ էին անում ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, մեզ կ՚ասի՝ իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան. 26իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից վախենում ենք, որովհետեւ բոլորն էլ Յովհաննէսին որպէս մարգարէ են ընդունում»։27Պատասխանեցին Յիսուսին ու ասացին՝ չգիտենք։ Նա էլ նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում»։28«Բայց ինչպէ՞ս է ձեզ թւում. մի մարդ երկու որդի ունէր։ Առաջինին մօտենալով՝ նա ասաց. «Որդեա՛կ, գնա՛ այսօր աշխատի՛ր այգում»։29Սա պատասխանեց ու ասաց. «Գնում եմ, տէ՛ր». ու չգնաց։30Մօտեցաւ միւսին էլ եւ նոյնն ասաց։ Սա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում»։ Բայց յետոյ զղջաց եւ գնաց այգին։ 31Արդ, երկուսից ո՞վ կատարեց հօր կամքը»։ Նրանք ասացին՝ վերջինը։ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսաւորներ ու պոռնիկներ ձեզնից առաջ պիտի հասնեն արքայութիւն, 32որովհետեւ Յովհաննէսը արդարութեան ճանապարհով եկաւ, եւ նրան չհաւատացիք. իսկ մաքսաւորներ ու պոռնիկներ հաւատացին նրան. եւ դուք այդ տեսաք եւ յետոյ էլ չզղջացիք, որ նրան հաւատայիք»։ 33«Լսեցէ՛ք մի այլ առակ. մի տանուտէր կար, որ այգի տնկեց եւ այն ցանկապատեց ու նրա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. ապա այն վարձու տուեց մշակներին եւ գնաց հեռու երկիր։ 34Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն։ 35Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին։ 36Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ թուով աւելի, քան առաջինները։ Եւ սրանց էլ նոյնն արեցին։ 37Յետոյ նրանց մօտ ուղարկեց իր որդուն ու ասաց՝ թերեւս իմ այս որդուց ամաչեն։ 38Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին՝ սա է ժառանգը, եկէք սպանենք սրան եւ սրա ժառանգութիւնը մենք սեփականացնենք։ 39Եւ նրան բռնեցին հանեցին այգուց դուրս եւ սպանեցին։ 40Արդ, երբ այգու տէրը գայ, այդ մշակներին ի՞նչ կ՚անի»։ 41Նրանք ասացին նրան. «Չարերին չարաչար կ՚ոչնչացնի եւ այգին կը տայ այլ մշակների, որոնք նրան կը տան պտուղներն իրենց ժամանակին»։ 42Յիսուս նրանց ասաց. «Սուրբ Գրքերում երբեւիցէ չէ՞ք կարդացել՝ այն վէմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է, որ եղաւ անկիւնաքար. Տիրոջից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է։ 43Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կը վերցուի Աստծու արքայութիւնը եւ կը տրուի այն ազգին, որ պտղաբեր կը դարձնի այն։ 44Եւ ով այս վէմի վրայ ընկնի, կը փշրուի, եւ ում վրայ այն ընկնի, նրան կը ճզմի»։ 45Երբ քահանայապետները եւ օրէնսգէտներ ու փարիսեցիներ նրա առակները լսեցին, իմացան, որ իրենց համար ասաց։ 46Եւ ուզում էին նրան բռնել, բայց վախեցան ժողովրդից, քանի որ իբրեւ մարգարէ էին ընդունում նրան։ 
22 Յիսուս դարձեալ պատասխանեց եւ առակներով ասաց նրանց.2«Երկընքի արքայութիւնը նմանուեց մի թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց։ 3Եւ ուղարկեց իր ծառաներին՝ հրաւիրուածներին հարսանիքի կանչելու. ու նրանք չուզեցին գալ։ 4Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրաւիրուածներին ասացէ՛ք՝ ահա իմ ճաշկերոյթը պատրաստեցի. իմ զուարակները եւ իմ պարարտ անասունները մորթուած են, ու ամէն ինչ պատրաստ է, եկէ՛ք հարսանիքի»։ 5Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին՝ մէկն իր ագարակը, մէկն իր առեւտրին. 6ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատուեցին ու սպանեցին։ 7Իսկ թագաւորը երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը։ 8Ապա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածները արժանի չէին։ 9Արդ, գնացէ՛ք հրապարակները եւ ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի»։ 10Եւ ծառաները ճանապարհների վրայ ելնելով՝ հաւաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ ե՛ւ չարերին, ե՛ւ բարիներին. եւ հարսանիքը լցուեց հրաւիրուածներով։ 11Եւ երբ թագաւորը ներս մտաւ հրաւիրուածներին նայելու, այնտեղ տեսաւ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց. 12«Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար»։ Եւ նա պապանձուեց։ 13Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում.14որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»։15Այն ժամանակ փարիսեցիները գնացին խորհուրդ արեցին նրա մասին, թէ ինչպէս խօսքերով նրան որոգայթ լարեն։ 16Եւ նրա մօտ ուղարկեցին իրենց աշակերտներից ոմանց՝ հերովդէսականների հետ միասին եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախօս ես եւ Աստծու ճանապարհը ճշմարտութեամբ ես ուսուցանում. եւ ոչ մէկից չես քաշւում ու ոչ մի մարդու աչառութիւն չես անում։ 17Արդ, ասա՛ մեզ, ինչպէ՞ս է քեզ թւում. պէ՞տք է հարկ տալ կայսրին, թէ՞՝ ոչ»։ 18Յիսուս հասկացաւ նրանց խորամանկութիւնն ու ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր, 19ինձ հարկի դահեկա՛ն ցոյց տուէք»։ Եւ նրանք մի դահեկան բերեցին։ 20Եւ նա ասաց նրանց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»։ 21Նրանք ասացին՝ կայսրինը։ Այն ժամանակ նրանց ասաց. «Գնացէ՛ք, տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն»։ 22Երբ այս լսեցին, զարմացան եւ թողեցին նրան ու գնացին։ 23Նոյն օրը նրան մօտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թէ յարութիւն չկայ. հարց տուեցին նրան ու ասացին. 24«Վարդապե՛տ, Մովսէսն ասաց, որ՝ եթէ մէկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի եւ իր եղբօրը զաւակ հասցնի։ 25Մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ ու ապա մեռաւ. եւ որովհետեւ զաւակ չունէր, կնոջն իր եղբօրը թողեց։ 26Նոյնպէս եւ երկրորդը եւ երրորդը, մինչեւ եօթներորդը։27Բոլորից յետոյ կինն էլ մեռաւ։ 28Արդ, յարութեան ժամանակ եօթից ո՞ւմ կին կը լինի նա, քանի որ բոլորն էլ նրան իբրեւ կին ունեցան»։29Յիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Մոլորուածնե՛ր, ո՛չ Գրքերն էք հասկանում եւ ո՛չ էլ Աստծու զօրութիւնը. 30որովհետեւ յարութեան ժամանակ ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու գնում, այլ կը լինեն՝ ինչպէս հրեշտակները երկնքում։ 31Բայց մեռելների յարութեան մասին չէ՞ք կարդացել Աստծուց ձեզ ասուածը. 32ե՛ս եմ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը. եւ Աստուած՝ մեռելների Աստուածը չէ, այլ՝ կենդանիների»։ 33Երբ ժողովուրդը այս լսեց, զարմացաւ նրա ուսուցման վրայ։ 34Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թէ նա պապանձեցրեց սադուկեցիներին, ի մի հաւաքուեցին.35եւ նրանցից մէկը նրան փորձելով՝ հարցրեց ու ասաց.36«Վարդապե՛տ, Օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»։ 37Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ 38Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. 39եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը։ 40Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները»։ 41Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց. 42«Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»։ Նրան ասացին՝ Դաւթի։ 43Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է.44«Տէրն իմ տիրոջն ասաց՝ նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան»։ 45Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կը լինի»։ 46Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ։ Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել։ 
23 Այն ժամանակ Յիսուս խօսեց ժողովրդին եւ իր աշակերտներին ու ասաց. 2«Մովսէսի աթոռի վրայ նստեցին օրէնսգէտներն ու փարիսեցիները. 3ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում։4Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք։ 5Եւ իրենց բոլոր գործերն անում են՝ ի ցոյց մարդկանց. լայնացնում են իրենց գրապանակները եւ երկարացնում են իրենց զգեստների ծոպերը։6Սիրում են ընթրիքների ժամանակ պատուոյ տեղերը, ժողովարաններում՝ նախապատիւ աթոռները եւ հրապարակներում ողջոյններ առնել 7ու մարդկանցից կոչուել՝ ռաբբի, որ նշանակում է ուսուցիչ։ 8Բայց դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք։ 9Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր մի՛ կոչէք, որովհետեւ մէ՛կ է ձեր Հայրը, որ երկնքում է։ 10Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետեւ Քրիստոս է ձեր ուսուցիչը։ 11Եւ ձեզնից մեծը ձեր սպասաւորը պիտի լինի։ 12Ով իր անձը բարձրացնում է, կը խոնարհուի. եւ ով խոնարհեցնում է իր անձը, կը բարձրանայ։13Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայութիւնը փակում էք մարդկանց առաջ. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս, որ մտնեն։ 14Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ շրջում էք ծովի ու ցամաքի վրայ՝ անգամ մէկին նորահաւատ դարձնելու համար, եւ երբ նա այդպիսին է դառնում, նրան ձեզանից կրկնակի անգամ աւելի գեհենի որդի էք դարձնում։ 15Վա՜յ ձեզ, կո՛յր առաջնորդներ, որ ասում էք՝ ով որ երդուի տաճարի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի տաճարի մէջ եղած ոսկու վրայ, պարտաւորւում է այն կատարել։ 16Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ոսկի՞ն, թէ՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին։ 17Եւ՝ ով որ երդուի սեղանի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի նրա վրայ գտնուող ընծայի վրայ, պարտաւորւում է այն կատարել։ 18Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ընծա՞ն, թէ՞ սեղանը, որ սրբագործում է ընծան։19Իսկ արդ, ով որ երդուեց սեղանի վրայ, երդուած կը լինի նրա վրայ եւ այն ամենի վրայ, որ սեղանի վրայ է։ 20Եւ ով երդուեց տաճարի վրայ, երդուած կը լինի նրա եւ նրա մէջ բնակուող Աստծու վրայ։ 21Եւ ով երդուեց երկնքի վրայ, երդուած կը լինի Աստծու աթոռի եւ նրա վրայ նստողի վրայ։ 22Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ տալիս էք անանուխի եւ սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել էք օրէնքի ամենից կարեւորները՝ արդարադատութիւնը, ողորմութիւնը եւ հաւատը. հարկ էր այս անել եւ այն չթողնել։ 23Կո՛յր առաջնորդներ, որ մժղուկները քամում էք եւ ուղտերը կուլ էք տալիս։ 24Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում էք, մինչ ներսից նրանք լի են ձեր գողութեամբ եւ անժուժկալութեամբ։ 25Կո՛յր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի եւ պնակի ներսը, որպէսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի։ 26Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականութեամբ։ 27Նոյնպէս եւ դուք, դրսից մարդկանց արդար էք երեւում, մինչ ներսից լի էք կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ։ 28Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ մարգարէների շիրիմներն էք շինում եւ արդարների գերեզմաններն էք զարդարում ու ասում էք. 29«Եթէ մենք մեր հայրերի օրօք լինէինք, մարգարէների սպանութեանը մասնակից չէինք լինի»։ 30Ապա ուրեմն դուք ինքներդ ձեր մասին վկայում էք, թէ որդիներն էք նրանց, որոնք կոտորում էին մարգարէներին։ 31Ուրեմն դուք էլ լրացրէ՛ք ձեր հայրերի արածը»։ 32«Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից։ 33Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք, 34որպէսզի ձեր վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ։ 35Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ»։ 36«Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք։37Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ. 38բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք՝ օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»։ 
24 Յիսուս տաճարից դուրս ելած՝ գնում էր. եւ աշակերտները մօտեցան՝ նրան ցոյց տալու տաճարի շինութիւնները։ 2Եւ նա պատասխանեց ու նրանց ասաց. «Տեսնո՞ւմ էք այդ ամէնը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ չպիտի մնայ քար քարի վրայ, որ չքանդուի»։ 3Եւ մինչ դեռ նստած էր Ձիթենեաց լերան վրայ, աշակերտները առանձին մօտեցան նրան ու ասացին. «Ասա՛ մեզ, այդ ե՞րբ կը լինի, եւ կամ քո գալստեան ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կը լինի»։ 4Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ եղէք, գուցէ մէկը ձեզ խաբի.5որովհետեւ շատերը կը գան իմ անունով ու կ՚ասեն, թէ՝ ես եմ Քրիստոսը. եւ շատերին կը մոլորեցնեն։ 6Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ։ 7Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ։ 8Սակայն այս ամէնը սկիզբն է երկանց։ 9Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք։ 10Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն եւ միմեանց պիտի մատնեն ու միմեանց պիտի ատեն։ 11Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն։ 12Եւ անօրինութեան շատանալուց՝ շատերի սէրը պիտի ցամաքի։ 13Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի։ 14Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը»։ 15«Արդ, երբ տեսնէք սարսափելի սրբապղծութիւնը, - որի մասին ասուած է Դանիէլ մարգարէի միջոցով, - որ հաստատուած է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ), 16այն ժամանակ, ովքեր Հրէաստանում կը լինեն, թող փախչեն լեռները. 17եւ ով տանիքի վրայ կը լինի, իր տնից բան վերցնելու համար թող ցած չիջնի. 18եւ ով հանդում կը լինի, իր վերնազգեստը վերցնելու համար թող յետ չդառնայ։ 19Բայց վա՜յ այդ օրերին յղիներին ու ստնտուներին։ 20Աղօթեցէ՛ք, որ ձեր փախուստը չլինի ձմրանը եւ ոչ էլ շաբաթ օրը. 21որովհետեւ այդ ժամանակ մեծ նեղութիւն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ այլեւս չի էլ լինի։ 22Եւ եթէ այդ օրերը չկարճեցուէին, ոչ մի մարմին չէր ազատուի. բայց ընտրեալների պատճառով այդ օրերը պիտի կարճեցուեն։ 23Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի՝ ահա՛ Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ, չհաւատաք նրան. 24որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ Աստծու ընտրեալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթէ հնար լինի։ 25Ահա ձեզ առաջուց ասացի։ 26Ապա եթէ ձեզ ասեն՝ ահա՛ անապատի մէջ է, չելնէք, կամ թէ՝ ահա՛ մառանում է, չհաւատաք. 27որովհետեւ ինչպէս փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կը լինի։28Ուր որ դիակն է, այնտե՛ղ կը հաւաքուեն արծիւները»։ 29«Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինը իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն։ 30Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով։ 31Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը»։32«Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ, երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կ՚իմանաք, որ ամառը մօտ է։ 33Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ։ 34Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի։ 35Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն»։ 36«Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը։ 37Եւ ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը.38որովհետեւ, ինչպէս որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, - երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտաւ, 39ու նրանք բան չիմացան մինչեւ որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց տարաւ բոլորին, - այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանն էլ։ 40Այն ժամանակ, եթէ դաշտի մէջ երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի։ 41Եւ եթէ երկու կին աղան մի երկանքի վրայ, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի։ 42Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ ո՛ր ժամին կը գայ ձեր Տէրը։ 43Ա՛յս իմացէք. եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, կը հսկէր եւ չէր թողնի, որ իր տունը ծակեն։ 44Դրա համար դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասում, մարդու Որդին կը գայ»։ 45«Իսկ ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որին իր տէրը իր ծառաների վրայ կարգեց՝ իր ժամին կերակուր տալու համար նրանց։ 46Երանի՜ է այն ծառային, որին տէրը, գալով, կը գտնի այդպէս արած։ 47Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան կը կարգի իր ամբողջ ունեցուածքի վրայ։ 48Իսկ եթէ չար ծառան իր մտքում ասի՝ իմ տէրը ուշանում է գալ, 49եւ սկսի իր ծառայակիցներին հարուածել եւ հարբեցողների հետ ուտի եւ խմի, 50եւ այդ ծառայի տէրը գայ այն օրը, երբ չէր սպասում, եւ այն ժամին, երբ չէր իմանում, 51նրան կը սպանի եւ կեղծաւորների վախճանին կ՚արժանացնի. այնտեղ կը լինի լաց ու ատամների կրճտում»։ 
25 «Այն ժամանակ երկնքի արքայութիւնը պիտի նմանեցուի տասը կոյսերի, որոնք իրենց լապտերներն առած՝ փեսային եւ հարսին դիմաւորելու ելան։ 2Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն։3Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին։ 4Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին։ 5Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին եւ քուն մտան։ 6Եւ կէսգիշերին ձայն լսուեց՝ ահա՛ փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք։ 7Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին։ 8Յիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ իւղից տուէ՛ք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգչում են»։ 9Իմաստունները պատասխան տուեցին եւ ասացին. «Գուցէ թէ՛ մեզ եւ թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ եւ ձեզ համար գնեցէ՛ք»։ 10Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց։ 11Յետոյ եկան միւս կոյսերն էլ ու ասացին. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա»։ 12Նա պատասխան տուեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»։13Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»։14«Նոյնպէս, մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին եւ իր ունեցուածքը նրանց տուեց. 15մէկին տուեց հինգ քանքար, միւսին՝ երկու եւ մի ուրիշին՝ մէկ. իւրաքանչիւրին ըստ իր կարողութեան. եւ գնաց։ 16Ով հինգն առաւ, իսկոյն գնաց, դրանով գործ արեց եւ հինգ եւս շահեց։ 17Նոյնպէս նա էլ, որ երկուսն առաւ, երկու եւս շահեց։ 18Իսկ ով մէկն առաւ, գնաց հողը փորեց եւ իր տիրոջ դրամը թաքցրեց։ 19Շատ ժամանակ անց, այն ծառաների տէրը եկաւ եւ նրանց հետ հաշիւ տեսաւ։ 20Ով հինգ քանքար էր առել, մօտենալով՝ հինգ քանքար եւս տուեց ու ասաց. «Տէ՛ր, հինգ քանքար տուիր ինձ. արդ, ահաւասիկ վրան հինգ քանքար եւս շահեցի»։ 21Իր տէրը նրան ասաց. «Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»։ 22Ով երկու քանքարն էր առել, նա էլ մօտեցաւ ու ասաց. «Տէ՛ր, ինձ երկու քանքար տուիր, ահաւասիկ երկու այլ քանքար եւս, որ դրանց վրայ շահեցի»։ 23Իր տէրը նրան ասաց. «Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»։ 24Մօտեցաւ նաեւ նա, որ մէկ քանքար էր առել, ու ասաց. «Տէ՛ր, գիտէի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, եւ հաւաքում ես այնտեղից, ուր չես ցանել. 25վախեցայ. գնացի եւ թաքցրի քո այս քանքարը հողի մէջ։ Արդ, ահա՛ւասիկ, քոնը՝ քեզ»։ 26Տէրը պատասխան տուեց եւ ասաց նրան. «Չա՛ր եւ ծո՛յլ ծառայ, գիտէիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, եւ հաւաքում այնտեղից, ուր չեմ ցանել. 27դու պէտք է իմ այդ դրամը լումայափոխների մօտ դնէիր, եւ ես, գալով, տոկոսով միասին պահանջէի այն, ինչ որ իմն է։ 28Արդ, դրանից առէ՛ք այդ քանքարը եւ տուէ՛ք նրան, ով տասը քանքար ունի. 29քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի։ 30Իսկ այդ անպիտան ծառային հանեցէ՛ք դուրս, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում»։31«Արդ, երբ որ մարդու Որդին գայ իր փառքով եւ բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, 32ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմեանցից պիտի զատի, ինչպէս մի հովիւ, որ զատում է ոչխարները այծերից։ 33Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին։ 34Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը. 35որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր տուիք՝ խմելու. օտար էի, եւ ինձ ձեր մէջ առաք, 36մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք»։ 37Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք. 38ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք. 39ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի»։ 40Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»։ 41Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. «Անիծեալնե՛ր, գնացէ՛ք ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի եւ իր հրեշտակների համար. 42որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք չտուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր չտուիք, 43օտար էի, եւ ինձ ձեր մէջ չառաք, մերկ էի, եւ ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, եւ ինձ տեսնելու չեկաք»։ 44Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք»։ 45Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ այս փոքրերից մէկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք»։ 46Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք»։ 
26 Երբ Յիսուս այս բոլոր խօսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասաց. 2«Գիտէք, որ երկու օր յետոյ զատիկ է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»։ 3Այն ժամանակ քահանայապետները եւ օրէնսգէտներն ու ժողովրդի ծերերը հաւաքուեցին Կայիափա անունով քահանայապետի դահլիճը 4եւ խորհուրդ արեցին, որպէսզի նենգութեամբ բռնեն Յիսուսին ու սպանեն։ 5Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»։ 6Երբ Յիսուս եկաւ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը, 7նրան մօտեցաւ մի կին, որ մի շիշ թանկարժէք իւղ ունէր, եւ թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել։ 8Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ իւղի այդ վատնումը, 9քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին»։ 10Յիսուս իմացաւ ու նրանց ասաց. «Ինչո՞ւ էք նեղութիւն տալիս այդ կնոջը. նա իմ հանդէպ մի բարի գործ կատարեց. 11աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք, բայց ինձ միշտ ձեզ հետ չէք ունենայ։ 12Իմ մարմնի վրայ այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց։ 13Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Աւետարանը քարոզուի, պիտի պատմուի դրա յիշատակին, նաեւ ինչ որ դա արեց»։ 14Այն ժամանակ Տասներկուսից մէկը՝ Յուդա Իսկարիովտացի կոչուածը, գնաց քահանայապետների մօտ ու ասաց. 15«Ի՞նչ կը կամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»։ Եւ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան։16Դրանից յետոյ նա առիթ էր որոնում, որ նրան մատնի նրանց։ 17Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Ո՞ւր ես կամենում՝ պատրաստենք քեզ համար զատկական ընթրիքը, որ ուտես»։ 18Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէ՛ք քաղաք այսինչ անձի մօտ եւ նրան ասացէ՛ք. «Վարդապետն ասում է՝ իմ ժամանակը մօտեցել է, քեզ մօտ եմ անելու զատիկը իմ աշակերտների հետ միասին»։ 19Եւ աշակերտները արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայեց, ու պատրաստեցին զատկական ընթրիքը։ 20Եւ երբ երեկոյ եղաւ, տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել։21Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկն ինձ մատնելու է»։ 22Եւ նրանք խիստ տխրեցին. նրանցից իւրաքանչիւրն սկսեց ասել նրան. «Միթէ ե՞ս եմ, Տէ՛ր»։ 23Նա պատասխան տուեց ու ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մէջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու։ 24Մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս նրա մասին գրուած է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի մարդու Որդին։ Աւելի լաւ կը լինէր նրա համար, եթէ այդ մարդը ծնուած չլինէր»։ 25Յուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Միթէ ե՞ս եմ, Վարդապե՛տ»։ Նրան ասաց՝ դու ասացիր։ 26Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»։ 27Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. 28«Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար։ 29Բայց ասում եմ ձեզ, այսուհետեւ ես այլեւս որթատունկի բերքից չեմ խմի մինչեւ այն օրը, երբ ձեզ հետ կը խմեմ նորը իմ Հօր արքայութեան մէջ»։ 30Եւ օրհներգեցին ու ելան Ձիթենեաց լեռը։ 31Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Դուք ամէնքդ այս գիշեր իմ պատճառով գայթակղուելու էք. որովհետեւ գրուած է, թէ՝ հովուին պիտի հարուածեմ, եւ հօտի ոչխարները պիտի ցրուեն։ 32Եւ իմ յարութիւն առնելուց յետոյ, ձեզնից առաջ պիտի գնամ Գալիլիա»։33Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թէպէտ եւ ամէնքը քո պատճառով գայթակղուեն, սակայն ես չեմ գայթակղուի»։ 34Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»։ 35Պետրոսը նրան ասաց. «Թէ քեզ հետ մեռնել իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանայ»։ Նոյնն ասացին բոլոր աշակերտներն էլ։ 36Այն ժամանակ Յիսուս նրանց հետ եկաւ մի տեղ, որի անունը Գեթսեմանի էր, եւ նրանց ասաց. «Նստեցէ՛ք այդտեղ, մինչեւ որ գնամ աղօթեմ»։ 37Եւ իր հետ վերցնելով Պետրոսին եւ Զեբեդէոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել եւ տագնապել։ 38Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացէք եւ ինձ հետ հսկեցէ՛ք»։ 39Եւ մի փոքր առաջ գնալով՝ ընկաւ իր երեսի վրայ, աղօթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու»։ 40Նա եկաւ աշակերտների մօտ եւ նրանց քնի մէջ գտաւ ու Պետրոսին ասաց. «Այդպէ՜ս, չկարողացա՞ք մէկ ժամ արթուն մնալ ինձ հետ։ 41Արթո՛ւն մնացէք եւ աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք. հոգիս յօժար է, բայց մարմինս՝ տկար»։ 42Դարձեալ, երկրորդ անգամ, Յիսուս գնաց աղօթքի կանգնեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կը խմեմ. քո կա՛մքը թող լինի»։ 43Եւ գալով՝ դարձեալ նրանց քնի մէջ գտաւ, որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին։ 44Թողեց նրանց ու երրորդ անգամ գնաց աղօթքի կանգնեց. եւ դարձեալ նոյն խօսքն ասաց։ 45Այն ժամանակ եկաւ աշակերտների մօտ ու նրանց ասաց. «Ննջեցէ՛ք այսուհետեւ ու հանգստացէ՛ք, քանի որ ահա ժամը հասել է, եւ մարդու Որդին մեղաւորների ձեռքն է մատնւում։ 46Վե՛ր կացէք գնանք այստեղից. որովհետեւ ահա հասաւ նա, ով ինձ մատնելու է»։ 47Եւ մինչ նա դեռ այսպէս խօսում էր, ահա Յուդան՝ Տասներկուսից մէկը, եկաւ. ու նրա հետ՝ քահանայապետների եւ ժողովրդի ծերերի կողմից բազում ամբոխ՝ սրերով ու մահակներով։ 48Եւ նա, որ նրան մատնելու էր, նրանց նշան էր տուել ու ասել. «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրան կը բռնէք»։ 49Եւ սա իսկոյն մօտենալով Յիսուսին՝ ասաց. «Ողջո՜յն, Վարդապե՛տ». ու նրա հետ համբուրուեց։ 50Իսկ Յիսուս նրան ասաց. «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար»։ Այն ժամանակ, մօտենալով, ձեռք բարձրացրին Յիսուսի վրայ ու նրան բռնեցին։ 51Եւ ահա Յիսուսի հետ գտնուողներից մէկը ձեռքը երկարեց եւ իր սուրը հանեց ու հարուածեց քահանայապետի ծառային եւ նրա ականջը կտրեց պոկեց։ 52Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետեւ, ովքեր սուր են վերցնում, սրով կ՚ընկնեն։ 53Եւ կամ կարծո՞ւմ ես, թէ չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր։ 54Էլ ինչպէ՞ս պիտի կատարուէին Սուրբ Գրքերում գրուածները, թէ՝ այսպէս պէտք է լինի»։55Այն ժամանակ Յիսուս ամբոխին ասաց. «Սրերով եւ մահակներով իմ դէմ էք ելել՝ բռնելու ինձ իբրեւ մի աւազակի՞։ Միշտ ձեզ մօտ, տաճարում նստում էի եւ ուսուցանում, ու ինձ չբռնեցիք. 56բայց այս բոլորը եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»։ Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ թողեցին նրան ու փախան։ 57Իսկ նրանք բռնելով Յիսուսին՝ տարան Կայիափա քահանայապետի մօտ, ուր օրէնսգէտներն ու ծերերը հաւաքուել էին։ 58Եւ Պետրոսը հեռուից նրան հետեւելով՝ գնաց մինչեւ քահանայապետի գաւիթը եւ ներս մտնելով՝ սպասաւորների հետ նստեց՝ տեսնելու համար վախճանը։59Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը Յիսուսի մասին սուտ վկայութիւն էին փնտռում, որպէսզի նրան սպանեն, 60բայց ներկայացող բազում սուտ վկաների մէջ չէին գտնում այն։ Յետոյ առաջ եկան երկու սուտ վկաներ. 61ասացին. «Սա ասում էր՝ Աստծու տաճարը կարող եմ քանդել եւ երեք օրում շինել»։ 62Եւ քահանայապետը վեր կենալով՝ նրան ասաց. «Պատասխան չե՞ս տալիս, քո մասին ի՞նչ ամբաստանութիւն են անում դրանք»։ 63Եւ Յիսուս լուռ էր մնում։ Քահանայապետը խօսեց եւ նրան ասաց. «Երդուեցնում եմ քեզ կենդանի Աստուծով, որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։ 64Յիսուս նրան ասաց. «Դու ասացիր։ Բայց ասում եմ ձեզ. այսուհետեւ մարդու Որդուն կը տեսնէք նստած ամենազօր Աստծու աջ կողմում եւ եկած երկնքի ամպերի վրայով»։ 65Այն ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ինչի՞ են պէտք մեզ վկաներ. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը։ 66Ի՞նչ է ձեր կամքը»։ Նրանք պատասխանեցին ու ասացին՝ մահապարտ է։ 67Այն ժամանակ թքեցին նրա երեսին, բռունցքով հարուածեցին նրան, եւ ոմանք էլ ապտակեցին նրան ու ասացին. 68«Մարգարէացի՛ր մեզ, դո՛ւ, Քրիստո՛ս, ո՞վ է, որ քեզ հարուածեց»։ 69Իսկ Պետրոսը նստած էր դուրսը՝ գաւթում. մի աղախին մօտեցաւ նրան ու ասաց. «Դո՛ւ էլ գալիլիացի Յիսուսի հետ էիր»։ 70Նա ուրացաւ բոլորի առաջ ու ասաց. «Չգիտեմ՝ դու ինչ ես խօսում»։ 71Եւ երբ նա գաւթից դուրս ելաւ, նրան տեսաւ մի այլ կին եւ այնտեղ կանգնածներին ասաց. «Սա էլ Յիսուս Նազովրեցու հետ էր»։ 72Եւ դարձեալ նա երդումով ուրացաւ, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում։ 73Եւ մի քիչ յետոյ այնտեղ գտնուողները, մօտենալով, Պետրոսին ասացին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ քո խօսուածքն էլ քեզ յայտնի է անում»։ 74Այն ժամանակ նա սկսեց նզովք կարդալ ու երդուել, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում։ Եւ իսկոյն աքաղաղը կանչեց։ 75Եւ Պետրոսը յիշեց Յիսուսի խօսքը, որ նա ասել էր, թէ՝ դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ինձ պիտի ուրանաս։ Եւ դուրս ելնելով՝ դառնապէս լաց եղաւ։ 
27 Երբ առաւօտ եղաւ, բոլոր քահանայապետները եւ ժողովրդի ծերերը խորհուրդ արեցին Յիսուսի դէմ՝ նրան սպանելու համար։ 2Նրան կապեցին, առան գնացին եւ յանձնեցին պոնտացի Պիղատոս կուսակալի ձեռքը։ 3Այն ժամանակ Յուդան, որ Յիսուսին մատնել էր, տեսնելով, որ Յիսուս դատապարտուեց, զղջաց, արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետներին եւ ժողովրդի ծերերին ու ասաց.4«Մեղանչեցի, որովհետեւ արդար արիւն մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»։ 5Եւ արծաթ դրամները նետեց տաճարի մէջ եւ հեռացաւ ու գնաց ինքն իրեն կախեց։ 6Իսկ քահանայապետները արծաթ դրամները վերցնելով՝ ասացին. «Օրինաւոր չէ դրանք ընդունել տաճարի գանձանակի մէջ, քանի որ արեան գին են»։ 7Եւ խորհուրդ անելով՝ դրանով գնեցին բրուտի ագարակը՝ որպէս գերեզման օտարների համար։ 8Այդ պատճառով այդ ագարակը կոչուել է Արեան ագարակ՝ մինչեւ այսօր։ 9Այն ժամանակ կատարուեց, ինչ ասուել էր Երեմիա մարգարէի բերանով. «Եւ առան երեսուն կտոր արծաթը՝ վաճառուածի գինը, որ նշանակուել էր իսրայէլացիներից, 10եւ այն տուեցին բրուտի ագարակի համար, ինչպէս Տէրը ինձ հրամայել էր»։ 11Եւ Յիսուս կանգնեց կուսակալի առաջ. կուսակալը հարցրեց նրան ու ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագաւորը»։ Եւ Յիսուս ասաց. «Դու ես ասում»։ 12Իսկ երբ նա ամբաստանւում էր քահանայապետների ու ծերերի կողմից, ոչինչ չպատասխանեց։ 13Այն ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, ինչքան դրանք քո դէմ են վկայում»։ 14Եւ նրան չպատասխանեց եւ ոչ մի բան, այնպէս որ կուսակալը շատ զարմացաւ։ 15Սակայն կուսակալը սովորութիւն ունէր տօնի առիթով ժողովրդի համար արձակել մի բանտարկեալ, ում նրանք կամենային։ 16Այն ժամանակ ունէին մի նշանաւոր բանտարկեալ, որի անունը Յեսու Բարաբբա էր։ 17Երբ հաւաքուեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ. Յեսու Բարաբբայի՞ն, թէ՞ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին». 18քանի որ Պիղատոսը գիտէր, որ նախանձից մատնել էին նրան։ 19Եւ մինչ նա ատեան էր նստում, իր կինը նրան լուր ուղարկեց ու ասաց. «Քո եւ այդ արդարի միջեւ ոչինչ չկայ, որովհետեւ այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»։ 20Իսկ քահանայապետներն ու ծերերը համոզեցին ժողովրդին, որ Բարաբբային ուզեն եւ Յիսուսին կորստեան մատնեն։ 21Կուսակալը պատասխան տուեց ու ասաց նրանց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ»։ 22Եւ նրանք ասացին՝ Բարաբբային։ Պիղատոսը նրանց ասաց. «Իսկ ի՞նչ անեմ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին»։ 23Ամէնքը ասացին՝ թող խաչուի։ Եւ նա ասաց. «Ի՞նչ չար բան արեց»։ Եւ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում՝ թող խաչուի։ 24Եւ Պիղատոսը տեսնելով, թէ ոչինչ չի օգնում, այլ է՛լ աւելի խռովութիւն է լինում, ջուր վերցնելով՝ լուաց ձեռքերը ժողովրդի առաջ ու ասաց. «Այդ արդարի արիւնից ես անմասն եմ. դո՛ւք գիտէք»։ 25Ամբողջ ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Դրա արիւնը՝ մեր վրայ եւ մեր որդիների վրայ»։ 26Այն ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային եւ Յիսուսին գանակոծել տալով՝ տուեց նրանց ձեռքը, որ խաչուի։ 27Այն ժամանակ կուսակալի զինուորները Յիսուսին վերցրին տարան ապարանք եւ ամբողջ գունդը նրա գլխին հաւաքեցին։ 28Մերկացրին նրան եւ նրա վրայ կարմիր վերնազգեստ գցեցին։ 29Եւ փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին եւ մի եղէգ՝ նրա աջ ձեռքին. նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին ու ասում. «Ողջո՜յն, հրեաների՛ թագաւոր»։ 30Եւ թքելով նրա վրայ՝ եղէգն առնում էին ու խփում նրա գլխին։ 31Եւ երբ նրան ծաղրուծանակի ենթարկեցին, նրա վրայից հանեցին քղամիդը ու նրան հագցրին իր զգեստը. եւ տարան նրան խաչը հանելու։ 32Եւ դուրս ելնելով՝ գտան կիւրենացի մի մարդ՝ Սիմոն անունով, ու նրան ստիպեցին, որ նա խաչը կրի։ 33Եւ հասնելով Գողգոթա կոչուած տեղը, որ նշանակում է կառափնատեղի, 34Յիսուսին լեղի խառնած գինի տուեցին խմելու, եւ երբ համտեսեց, չկամեցաւ խմել։ 35Եւ նրան խաչը հանելով՝ բաժանեցին նրա զգեստները՝ վիճակ գցելով, որպէսզի կատարուի այն խօսքը, որ ասուեց մարգարէի կողմից. «Իմ զգեստները բաժանեցին իրենց մէջ եւ իմ պատմուճանի վրայ վիճակ էին գցում»։ 36Ու նստած՝ նրան պահպանում էին։ 37Եւ նրա գլխի վերեւը դրեցին նրա յանցապարտութեան գիրը, թէ՝ սա՛ է Յիսուսը՝ հրեաների թագաւորը։ 38Միեւնոյն ժամանակ նրա հետ խաչը հանեցին երկու աւազակներ՝ մէկը նրա աջից, եւ միւսը՝ ձախից։ 39Եւ մօտով անցնողները հայհոյում էին նրան, շարժում էին գլուխներն ու ասում.40«Վա՛հ, դու որ քանդում էիր տաճարը եւ երեք օրից այն շինում, փրկի՛ր քեզ. եթէ Աստծու Որդի ես, իջի՛ր այդ խաչից»։ 41Նոյնպէս եւ քահանայապետները, օրէնսգէտներով ու ծերերով հանդերձ, ծաղրում էին նրան ու ասում. 42«Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել. եթէ Իսրայէլի թագաւոր է, հիմա թող այդ խաչից իջնի. եւ դրան կը հաւատանք։ 43Եթէ դա յոյսը դրել էր Աստծու վրայ, թող նա այժմ դրան փրկի, եթէ ուզում է դրան. քանի որ ասաց, թէ՝ Աստծու Որդի եմ»։44Նրա հետ խաչուած աւազակներն էլ էին նոյն ձեւով նախատում նրան։ 45Եւ կէսօրին ամբողջ երկրի վրայ խաւար եղաւ մինչեւ ժամը երեքը։ 46Ժամը երեքի մօտ Յիսուս բարձր ձայնով գոչեց ու ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ։ 47Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին, ասացին. «Դա Եղիային է կանչում»։ 48Եւ նրանցից մէկը իսկոյն վազեց, քացախով թաթախուած սպունգ վերցրեց եւ մի եղէգի վրայ անցկացնելով՝ տուեց նրան, որ խմի։ 49Իսկ ուրիշներ ասում էին. «Թո՛ղ, տեսնենք, թէ Եղիան կը գա՞յ, որ դրան փրկի»։ 50Եւ Յիսուս դարձեալ բարձր ձայնով աղաղակեց եւ հոգին աւանդեց։ 51Եւ ահա տաճարի վարագոյրը վերեւից մինչեւ ներքեւ երկուսի պատռուեց, եւ երկիրը շարժուեց, եւ ժայռեր ճեղքուեցին, 52եւ գերեզմանները բացուեցին, եւ ննջեցեալ սրբերի բազում մարմիններ յարութիւն առան 53ու նրա յարութիւնից յետոյ գերեզմաններից ելնելով մտան սուրբ քաղաքը եւ շատերին երեւացին։ 54Իսկ հարիւրապետը եւ նրանք, որ իր հետ Յիսուսին պահպանում էին, երբ տեսան երկրաշարժը եւ պատահածները, սաստիկ վախեցան ու ասացին. «Արդարեւ, Աստծու Որդի էր սա»։ 55Այնտեղ շատ կանայք կային, որոնք կանգնած հեռուից նայում էին եւ որոնք Գալիլիայից եկել էին Յիսուսի յետեւից՝ նրան ծառայելու համար. 56նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Յակոբի եւ Յովսէի մայր Մարիամը եւ Զեբեդէոսի որդիների մայրը։57Երբ երեկոյ եղաւ, եկաւ Յովսէփ անունով արիմաթիացի մի մեծահարուստ մարդ, որ Յիսուսին աշակերտել էր։ 58Սա Պիղատոսի մօտ գնալով՝ Յիսուսի մարմինը խնդրեց։ Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրուի։ 59Եւ Յովսէփը, մարմինն առնելով, պատեց մաքուր կտաւով 60եւ դրեց նոր գերեզմանի մէջ, որ փորել էր տուել ժայռի մէջ։ Եւ մի մեծ քար, որպէս կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց։ 61Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը. նրանք նստած էին գերեզմանի դիմաց։ 62Եւ հետեւեալ օրը, որ ուրբաթի յաջորդ օրն է, քահանայապետներն ու փարիսեցիները հաւաքուեցին Պիղատոսի մօտ ու ասացին. 63«Տէ՛ր, յիշեցինք, թէ այն մոլորեցնողը, քանի կենդանի էր, ասում էր, թէ՝ երեք օրից յարութիւն պիտի առնեմ։ 64Արդ, հրամայի՛ր, որ մինչեւ երեք օր գերեզմանի ապահովութեանը հոգ տարուի. գուցէ աշակերտները գիշերով գան եւ գողանան նրան ու ժողովրդին ասեն, թէ՝ մեռելներից յարութիւն առաւ. եւ վերջին մոլորութիւնը աւելի վատ լինի, քան առաջինը»։ 65Պիղատոսը նրանց ասաց. «Զինուորներ ունէք. գնացէ՛ք ապահովութեանը հոգ տարէք, ինչպէս որ գիտէք»։ 66Եւ նրանք գնացին գերեզմանի ապահովութեանը հոգ տանելու եւ վէմը կնքեցին՝ զինուորներ նշանակելով։ 
28 Շաբաթ օրուայ երեկոյեան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ 2Եւ ահա մեծ երկրաշարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով՝ մօտեցաւ, դռնից վէմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրայ։3Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպէս ձիւնը։ 4Նրա ահից պահապանները խռովուեցին եւ մեռելների պէս եղան։ 5Հրեշտակը խօսեց ու կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցէք, գիտեմ, որ փնտռում էք Յիսուսին, որ խաչուեց. 6այստեղ չէ նա, քանի որ յարութիւն առաւ, ինչպէս ինքն ասել էր. եկէ՛ք, տեսէ՛ք այն տեղը, ուր պառկած էր։ 7Եւ իսկոյն գնացէ՛ք, ասացէ՛ք նրա աշակերտներին, թէ յարութիւն առաւ. եւ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կը տեսնէք։ Ահա ասացի ձեզ»։ 8Եւ իսկոյն, ահով եւ մեծ ուրախութեամբ, գերեզմանից դուրս ելնելով՝ վազեցին աշակերտներին պատմելու։ 9Եւ յանկարծ Յիսուս նրանց դիմացը ելաւ ու ասաց՝ ողջո՜յն ձեզ. եւ նրանք մօտենալով՝ նրա ոտքերին փարուեցին ու երկրպագեցին նրան։ 10Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Մի՛ վախեցէք. գնացէ՛ք ասացէք իմ եղբայրներին, որ գնան Գալիլիա եւ այնտեղ ինձ տեսնեն»։11Երբ նրանք գնացին, ահա զինուորներից ոմանք քաղաք եկան ու12քահանայապետներին պատմեցին այն բոլորը, ինչ որ պատահել էր։13Եւ նրանք ծերերի հետ միասին հաւաքուելով՝ խորհուրդ արեցին, շատ դրամ տուեցին զինուորներին ու ասացին. 14«Կ՚ասէք, թէ նրա աշակերտները, գիշերով գալով, գողացան նրան, մինչ մենք քնի մէջ էինք։ 15Եւ եթէ այդ լուրը կուսակալին հասնի, մենք նրան կը գոհացնենք եւ ձեզ հոգսից կ՚ազատենք»։ 16Եւ նրանք դրամն առնելով՝ արեցին այնպէս, ինչպէս որ իրենց սովորեցրել էին։ Եւ այս զրոյցը տարածուած է հրեաների մէջ մինչեւ այսօր։ 17Իսկ տասնմէկ աշակերտները գնացին Գալիլիա, այն լեռը, ուր Յիսուս իրենց հետ ժամադրուել էր։ 18Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին։ 19Եւ Յիսուս մօտենալով՝ խօսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրուած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ 20Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։21Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի։ Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»։

 









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Язык отварной

Язык отварнойЯзык говяжий или бараний тщательно вымыть, поскоблить ножом, вновь...

Шашлык из мяса дикого кабана

Корейку разрезать на куски с косточкой весом 50 - 60...

Биточки запеченные

Биточки запеченныеПриготовить фарш так же, как и для блюда «кололик...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта