ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

(6 голоса, среднее 4.67 из 5)
Индекс материала
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
2
Все страницы

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ


1 Գիրք ազգաբանութեան Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի որդու, Աբրահամի որդու։ 2Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նրա եղբայրներին. 3Յուդան ծնեց Փարեսին եւ Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին. 4Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին. 5Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռաքաբից. Բոոսը ծնեց Օբէդին՝ Հռութից. Օբէդը ծնեց Յեսսէին. 6Յեսսէն ծնեց Դաւիթ արքային։ Դաւիթը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից. 7Սողոմոնը՝ Րոբովամին. 8Րոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասափին. Ասափը ծնեց Յոսափատին. Յոսափատը ծնեց Յորամին. Յորամը ծնեց Օզիային. 9Օզիան ծնեց Յովաթամին. Յովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային.10Եզեկիան ծնեց Մանասէին. Մանասէն ծնեց Ամոսին. 11Ամոսը ծնեց Յոսիային. Յոսիան ծնեց Յեքոնիային եւ նրա եղբայրներին՝ Բաբելոնում գերութեան ժամանակ։ 12Բաբելոնում գերութիւնից յետոյ Յեքոնիան ծնեց Սաղաթիէլին. 13Սաղաթիէլը ծնեց Զորոբաբէլին. Զորոբաբէլը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. 14Եղիակիմը ծնեց Ազորին. Ազորը ծնեց Սադոկին. Սադոկը ծնեց Աքինին. Աքինը ծնեց Եղիուդին.15Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին.16Մատթանը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր կոյս Մարիամը, որից ծնուեց Յիսուս, որ անուանուեց Քրիստոս։ 17Արդ, Աբրահամից մինչեւ Դաւիթը բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. եւ Դաւթից մինչեւ Բաբելոնի մէջ գերութիւնը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մէջ գերութիւնից մինչեւ Քրիստոս՝ տասնչորս սերունդ։ 18Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց՝ իրար մօտենալը, Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց։ 19Եւ Յովսէփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան։ 20Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ ծնուածը Սուրբ Հոգուց է։ 21Նա մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին՝ իր մեղքերից»։ 22Սակայն այս ամէնը եղաւ, որպէսզի կատարուի, ինչ որ Տիրոջ կողմից ասուել էր Եսայի մարգարէի բերանով. 23«Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»։ 24Եւ Յովսէփը քնից արթնանալով՝ արեց, ինչպէս հրամայել էր իրեն Տիրոջ հրեշտակը, եւ իր կնոջն առաւ իր մօտ։ 25Բայց նրա հետ չյարաբերուեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Յիսուս։ 
2 Երբ Յիսուս ծնուեց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, Հերովդէս արքայի օրով, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ եւ ասացին.2«Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնուեց, որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում եւ եկանք նրան երկրպագելու»։ 3Եւ երբ Հերովդէս արքան լսեց այս, խռովուեց, նրա հետ՝ եւ Երուսաղէմի ամբողջ ժողովուրդը։ 4Եւ հաւաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրէնսգէտներին՝ հարցրեց նրանց, թէ ո՞ւր պիտի ծնուի Քրիստոսը։ 5Եւ նրանք ասացին նրան. «Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, որովհետեւ մարգարէի միջոցով այսպէս է գրուած. 6«Եւ դու, Բեթղեհէ՛մ, Յուդայի՛ երկիր, Յուդայի քաղաքների մէջ փոքրագոյնը չես. քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովուի իմ ժողովրդին՝ Իսրայէլին»։ 7Այն ժամանակ Հերովդէսը գաղտնի կանչեց մոգերին եւ նրանցից ստուգեց աստղի երեւալու ժամանակը։ 8Եւ նրանց Բեթղեհէմ ուղարկելով՝ ասաց. «Գնացէ՛ք ստոյգ իմացէք մանկան մասին եւ երբ գտնէք, տեղեկացրէ՛ք ինձ, որպէսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»։ 9Եւ նրանք երբ թագաւորից լսեցին այս, գնացին։ Եւ ահա այն աստղը, որ տեսել էին արեւելքում, առաջնորդեց նրանց, մինչեւ որ եկաւ կանգնեց այն տեղի վրայ, ուր մանուկն էր։ 10Աստղը տեսնելուն պէս չափազանց ուրախացան։ 11Եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մօր՝ Մարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան. եւ բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նուէրներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս։ 12Եւ երազի մէջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդէսի մօտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը։ 13Եւ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանը եւ նրա մօրը ու փախի՛ր Եգիպտոս. եւ այնտեղ մնա՛ մինչեւ որ քեզ ասեմ. քանի որ Հերովդէսը փնտռում է այդ մանկանը կորստեան մատնելու համար»։14Եւ նա վեր կացաւ, առաւ մանկանն ու նրա մօրը, գիշերով, եւ գնաց Եգիպտոս ու այնտեղ մնաց մինչեւ Հերովդէսի մահը, 15որպէսզի կատարուի մարգարէի բերանով Տիրոջ կողմից ասուածը, թէ՝ Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն։ 16Այն ժամանակ, երբ Հերովդէսը տեսաւ, որ մոգերից խաբուեց, սաստիկ բարկացաւ եւ մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհէմում եւ նրա սահմաններում էին գտնւում եւ երկու տարեկան ու դրանից ցած էին՝ ըստ այն ժամանակի, որն ստուգել էր մոգերից։ 17Այն ժամանակ կատարուեց Երեմիա մարգարէի բերանով ասուածը, թէ՝ Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ. 18Ռաքէլը լալիս էր իր զաւակների վրայ եւ չէր ուզում մխիթարուել, քանի որ նրանք այլեւս չկային։ 19Երբ Հերովդէսը վախճանուեց, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին Եգիպտոսում եւ ասաց. 20«Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանն ու իր մօրը եւ վերադարձի՛ր Իսրայէլի երկիրը, որովհետեւ մեռան նրանք, որ այդ մանկան մահն էին ուզում»։ 21Եւ Յովսէփը վեր կացաւ, առաւ մանկանն ու մօրը եւ եկաւ Իսրայէլի երկիրը։ 22Իսկ երբ լսեց, թէ Արքեղայոսը թագաւորել է Հրէաստանի վրայ իր հօր՝ Հերովդէսի փոխարէն, վախեցաւ այնտեղ գնալ. եւ երազի մէջ հրաման առնելով՝ գնաց Գալիլիայի կողմերը 23եւ եկաւ բնակուեց Նազարէթ կոչուող քաղաքում, որպէսզի կատարուի մարգարէների խօսքը, թէ՝ Նազովրեցի պիտի կոչուի։ 
3 Այն օրերին Յովհաննէս Մկրտիչը գալիս է քարոզելու Հրէաստանի անապատում եւ ասում. 2«Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ 3Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»։4Եւ ինքը՝ Յովհաննէսը, ուղտի մազից զգեստ ունէր եւ կաշուէ գօտի՝ իր մէջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր։ 5Այն ժամանակ նրա մօտ էին գնում բոլոր երուսաղէմացիները, ամբողջ Հրէաստանն ու Յորդանանի շրջակայքի ժողովուրդը, 6մկրտւում էին նրանից Յորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը։ 7Եւ նա տեսնելով սադուկեցիներից եւ փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտութեանը, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկութիւնից։ 8Այսուհետեւ ապաշխարութեան արժանի գործեր կատարեցէ՛ք. 9եւ մի՛ յաւակնէք ասել դուք ձեզ, թէ՝ Աբրահամը մեր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել. 10որովհետեւ կացինն ահա ծառերի արմատին է դրուած։ Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում եւ կրակն է գցւում։ 11Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, եւ ես արժանի չեմ հանելու նրա կօշիկները. նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով. նա, 12որի քամհարը իր ձեռքում է, եւ կը մաքրի իր կալը, ցորենը կը հաւաքի իր շտեմարանում եւ յարդը կ՚այրի անշէջ կրակով»։ 13Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտուելու։ 14Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Ի՛նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս»։ 15Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թո՛յլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք Աստծու ամէն արդարութիւն»։ Եւ ապա նրան թոյլ տուեց։ 16Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ։17Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»։ 
4 Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու։ 2Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց։ 3Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան՝ ասաց. «Եթէ Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն»։ 4Նա պատասխանեց եւ ասաց. «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»։ 5Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. 6«Եթէ Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետեւ գրուած է՝ իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, եւ ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես»։ 7Յիսուս դարձեալ նրան ասաց. «Գրուած է՝ քո Տէր Աստծուն պիտի չփորձես»։ 8Սատանան նորից նրան առաւ տարաւ մի շատ բարձր լերան վրայ եւ ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը եւ նրան ասաց. 9«Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես»։10Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետեւ գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես»։ 11Ապա սատանան նրան թողեց. եւ ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան։ 12Եւ երբ Յիսուս լսեց, թէ Յովհաննէսը բանտարկուել է, մեկնեց գնաց Գալիլիա։ 13Եւ թողնելով Նազարէթը՝ եկաւ բնակուեց Կափառնայումում, ծովեզերքի մօտ, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի սահմաններում, 14որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. 15«Երկի՛ր Զաբուղոնի եւ երկի՛ր Նեփթաղիմի, ճանապա՛րհ ծովի, միւս ա՛փը Յորդանանի, Գալիլիա՛ հեթանոսների, 16խաւարի մէջ նստած ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. եւ լոյս ծագեց նրանց վրայ, որ նստում էին մահուան երկրի եւ ստուերների մէջ»։ 17Դրանից յետոյ Յիսուս սկսեց քարոզել եւ ասել. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»։18Մինչ Յիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսաւ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչւում, եւ նրա եղբայր Անդրէասին. ծովի մէջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին։ 19Եւ նրանց ասաց. «Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»։ 20Եւ նրանք իսկոյն թողնելով ուռկանները՝ գնացին նրա յետեւից։ 21Եւ այնտեղից առաջ գնալով, տեսաւ երկու այլ եղբայրների՝ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին, մինչ նաւակի մէջ էին իրենց հօր՝ Զեբեդէոսի հետ միասին եւ իրենց ուռկանները կարգի էին բերում. եւ նրանց էլ կանչեց։22Նրանք իսկոյն թողնելով նաւակը եւ իրենց հօրը՝ գնացին նրա յետեւից։23Եւ Յիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայութեան Աւետարանը եւ բժշկում ժողովրդի մէջ եղած բոլոր հիւանդութիւններն ու բոլոր ախտերը։ 24Եւ նրա համբաւը տարածուեց ամբողջ Ասորիքում. եւ նրա մօտ բերեցին բոլոր հիւանդներին, որոնք տառապում էին պէսպէս ցաւերով ու տանջանքներով. ե՛ւ դիւահարների, ե՛ւ լուսնոտների, ե՛ւ անդամալոյծների. եւ նրանց բժշկեց։ 25Եւ Գալիլիայից, Դեկապոլսից, Երուսաղէմից, Հրէաստանից եւ Յորդանանի միւս կողմից բազում ժողովուրդ նրա յետեւից էր գնում. եւ բժշկեց նրանց։ 
5 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լերան վրայ։ Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել. 3- Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։ 4- Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն։ 5- Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն։ 6- Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան։ 7- Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն։ 8- Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն։ 9- Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն։ 10- Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։ 11- Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն։ 12Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել։ 13«Դո՛ւք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կ՚աղուի. այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կը թափուի եւ մարդկանց ոտքի կոխան կը լինի։ 14Դո՛ւք էք աշխարհի լոյսը. մի քաղաք, որ լերան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել։ 15Եւ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրայ, եւ նա լոյս է տալիս բոլոր նրանց, որ տան մէջ են։ 16Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է»։ 17«Մի՛ կարծէք, թէ Օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու։18Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, - որ մի նշանախեց է, - Օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի։ 19Ով որ այս պատուիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կը ջնջի եւ մարդկանց այդպէ՛ս կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կը կատարի եւ կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի։20Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի։ 21Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետեւ, ով որ սպանի, ենթակայ կը լինի դատաստանի։ 22Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ յիմար, ենթակայ կը լինի ատեանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ ապուշ, ենթակայ կը լինի գեհենի կրակին։ 23Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ ունի, 24քո ընծան թո՛ղ սեղանի առաջ եւ գնա՛ նախ հաշտուի՛ր քո եղբօր հետ եւ ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր։ 25Եթէ մէկը քեզ հետ խնդիր ունի եւ քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրաւախոհ կանխաւ. գուցէ նա քեզ դատաւորին յանձնի, եւ դատաւորը՝ դահճին, ու դու բանտ նետուես։ 26Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչեւ չվճարես վերջին դահեկանը։ 27Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար». 28իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում։ 29Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն։ 30Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն։ 31Արդարեւ ասուել է. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տայ»։ 32Իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկութեան պատճառի, նա՛ է, որ նրան շնութեան է մղում. եւ ով որ արձակուածին է առնում, շնանում է։33Լսել էք դարձեալ, թէ ինչ ասուեց նախնիներին. «Երդմնազանց մի՛ լինիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդուել ես»։ 34Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենեւի՛ն չերդուել. ո՛չ երկնքի վրայ, որովհետեւ Աստծու աթոռն է,35ո՛չ երկրի վրայ, որովհետեւ նրա ոտքերին պատուանդան է, եւ ո՛չ Երուսաղէմի վրայ, որովհետեւ մեծ Արքայի քաղաքն է։ 36Եւ քո գլխով էլ չերդուես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սեւ դարձնել։ 37Այլ ձեր խօսքը լինի՝ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ. որովհետեւ դրանից աւելին չարից է։ 38Լսել էք՝ ինչ ասուեց. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»։ 39Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան մի՛ւսն էլ դարձրու։ 40Եւ եթէ մէկը կամենայ քեզ բռնադատել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող։ 41Եւ եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա։42Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից։ 43Լսել էք արդարեւ, թէ ինչ ասուեց. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»։ 44Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, 45որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ։ 46Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում։ 47Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում։ 48Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»։ 
6 «Զգո՛յշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջեւ չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է։ 2Այլ երբ ողորմութիւն անես, փող մի՛ հնչեցրու քո առջեւ, ինչպէս անում են կեղծաւորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ 3Այլ երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը, 4որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս»։ 5«Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ 6Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս։ 7Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն։ 8Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք։ 9Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք». 10«Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը. 11քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛. 12մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր. 13եւ ների՛ր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ. 14եւ մի՛ տար մեզ փորձութեան, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետեւ քո՛նն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն։ 15Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների։ 16Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր յանցանքները»։17«Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ 18Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լուա՛ քո երեսը,19որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ»։ 20«Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են, եւ ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, 21այլ գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. 22քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն։ 23Մարմնի ճրագը աչքն է. եթէ քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի։ 24Իսկ եթէ քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խաւար կը լինի։ Եւ արդ, եթէ քո մէջ եղած լոյսը խաւար է, ապա խաւարը՝ որչա՜փ եւս աւելի»։ 25«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կ՚ատի եւ միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի եւ միւսին կ՚արհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն եւ՝ մամոնային»։ 26«Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կեանքի համար հոգ մի՛ արէք, թէ ի՛նչ պիտի ուտէք կամ ի՛նչ պիտի խմէք, եւ ոչ էլ ձեր մարմնի համար, թէ ի՛նչ պիտի հագնէք. չէ՞ որ կեանքը աւելին է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան զգեստը։27Նայեցէ՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում եւ ո՛չ էլ շտեմարանների մէջ հաւաքում. եւ ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք աւելին էք, քան նրանք։ 28Եւ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով՝ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել։ 29Եւ հագուստի համար ինչո՞ւ էք հոգս անում. նայեցէ՛ք վայրի շուշանին, ինչպէ՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում եւ ո՛չ հիւսում։ 30Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փառքի մէջ, չհագնուեց նրանցից մէկի նման։31Իսկ եթէ դաշտի միջի խոտին, որ այսօր կայ եւ վաղը հնոց կը նետուի, այդպէ՛ս է հագցնում Աստուած, որքա՜ն եւս առաւել՝ ձե՛զ, թերահաւատնե՛ր։ 32Այսուհետեւ հոգ մի՛ արէք ու մի՛ ասէք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք, 33որովհետեւ հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է։ 34Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ։ 35Այսուհետեւ հոգ մի՛ արէք վաղուայ մասին, որովհետեւ վաղուայ օրը իր մասին կը հոգայ. օրուայ հոգսը բաւ է օրուայ համար»։ 
7 «Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. 2որովհետեւ ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար։ 3Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում. 4կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շիւղը քո աչքից, եւ ահա քո աչքում գերան կայ։ 5Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը եւ ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար։ 6Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն։ 7Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ.8որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի։ 9Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, միթէ քա՞ր կը տայ նրան. 10եւ կամ եթէ ձուկ ուզի, միթէ օ՞ձ կը տայ նրան։ 11Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքա՜ն եւս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կը տայ նրանց, որ նրանից ուզում են»։ 12«Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները»։ 13«Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով։14Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն»։ 15«Զգո՛յշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են։ 16Իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց. միթէ փշերից խաղող եւ տատասկից թուզ կը քաղե՞ն։ 17Այսպէս, ամէն բարի ծառ բարի պտուղ է տալիս, եւ չար ծառ չար պտուղ է տալիս։ 18Լաւ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լաւ պտուղ տալ։ 19Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում։ 20Ուրեմն՝ իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց»։ 21«Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է։ 22Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»։ 23Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում»։ 24Ով որ լսում է իմ այս խօսքերը եւ կատարում է դրանք, կը նմանուի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրայ. 25անձրեւները թափուեցին, եւ գետերը յորդեցին, հողմերը փչեցին եւ զարկեցին այդ տանը, բայց չկործանուեց, որովհետեւ ժայռի վրայ էր հաստատուած։ 26Իսկ ով որ լսում է իմ այս խօսքերը եւ դրանք չի կատարում, կը նմանուի մի յիմար մարդու, որ իր տունը շինեց աւազի վրայ. 27անձրեւները թափուեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին եւ զարկեցին տանը, եւ նա ընկաւ. եւ նրա կործանումը շատ մեծ եղաւ»։ 28Երբ Յիսուս այս բոլոր խօսքերն աւարտեց, ժողովուրդը զարմանում էր նրա վարդապետութեան վրայ. 29որովհետեւ ուսուցանում էր ինչպէս մէկը, որ հեղինակութիւն ունի եւ ոչ թէ՝ ինչպէս օրէնսգէտները։ 
8 Երբ Յիսուս իջաւ լեռից, նրա յետեւից շատ ժողովուրդ գնաց։ 2Եւ ահա մի բորոտ մօտենալով՝ նրան երկրպագում էր ու ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ 3Յիսուս իր ձեռքը երկարեց, դիպցրեց նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»։ Եւ իսկոյն բորոտութիւնը նրանից մաքրուեց։ 4Եւ Յիսուս նրան ասաց. «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛ դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ մատուցի՛ր Մովսէսի հրամայած ընծան՝ նրանց իբրեւ վկայութիւն»։ 5Կափառնայում մտնելիս նրան մօտեցաւ մի հարիւրապետ. աղաչում էր նրան 6եւ ասում. «Տէ՛ր, ծառաս տանը անդամալոյծ ընկած է եւ չարաչար տանջւում է»։ 7Յիսուս նրան ասաց. «Ես կը գամ եւ կը բժշկեմ նրան»։8Հարիւրապետը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ յարկի տակ մտնես. այլ խօսքո՛վ ասա, եւ իմ ծառան կը բժշկուի.9քանի որ ես էլ իշխանութեան տակ եղող մարդ եմ, ինձ ենթակայ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, եւ մի ուրիշին, թէ՝ ե՛կ, եւ գալիս է. եւ իմ ծառային, թէ՝ արա՛ այս, եւ անում է»։ 10Երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ եւ իր հետ գնացողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի մէջ իսկ այսպիսի հաւատ չգտայ երբեք։ 11Բայց ասում եմ ձեզ, որ արեւելքից եւ արեւմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայութեան մէջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ. 12իսկ արքայութեան որդիները պիտի ելնեն արտաքին խաւարը. այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտում»։ 13Եւ Յիսուս հարիւրապետին ասաց. «Գնա՛, եւ ինչպէս հաւատացիր, այնպէս թող լինի քեզ»։ Եւ այդ նոյն ժամին նրա ծառան առողջացաւ։ 14Յիսուս Պետրոսի տունը գալով՝ տեսաւ, որ նրա զոքանչը տաքութեան մէջ պառկած էր։ 15Բռնեց նրա ձեռքից, եւ ջերմութիւնը նրան թողեց. ոտքի կանգնեց եւ ծառայում էր նրանց։ 16Երբ երեկոյ եղաւ, նրա մօտ բազում դիւահարներ բերեցին, եւ նա խօսքով դեւերին հանեց ու բոլոր հիւանդներին բժշկեց, 17որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. «Նա մեր հիւանդութիւնները իր վրայ վերցրեց եւ մեր ցաւերը կրեց»։ 18Յիսուս իր շուրջը բազում ժողովուրդ տեսնելով՝ հրամայեց միւս կողմ գնալ։ 19Եւ մի օրէնսգէտ, մօտենալով, ասաց նրան. «Վարդապե՛տ, ես էլ քո յետեւից կը գամ, ուր էլ որ գնաս»։ 20Յիսուս նրան ասաց. «Աղուէսները որջ ունեն, եւ երկնքի թռչունները՝ բոյն. բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի»։ 21Եւ իր աշակերտներից մէկն ասաց. «Տէ՛ր, ինձ թո՛յլ տուր, որ գնամ նախ իմ հօրը թաղեմ»։ 22Յիսուս նրան ասաց. «Դու իմ յետեւի՛ց արի եւ թո՛յլ տուր, որ մեռեալնե՛րը թաղեն իրենց մեռելներին»։ 23Երբ նա նաւակ մտաւ, նրա յետեւից գնացին իր աշակերտները։ 24Եւ ահա ծովի վրայ մեծ փոթորիկ առաջացաւ, այնքան, որ նաւակը ծածկուեց ալիքներից։ Իսկ ինքը ննջում էր։ 25Եւ աշակերտները մօտենալով՝ վեր կացրին նրան ու ասացին. «Տէ՛ր, փրկի՛ր մեզ, որովհետեւ կորչում ենք»։ 26Նրանց ասաց. «Ինչո՞ւ էք վախկոտ, թերահաւատնե՛ր»։ Այն ժամանակ, վեր կենալով, սաստեց հողմերին եւ ծովին, ու մեծ խաղաղութիւն եղաւ։ 27Եւ մարդիկ զարմացան ու ասում էին. «Ինչպիսի՜ մէկն է սա, որ հողմերն ու ծովը հնազանդւում են սրան»։ 28Եւ երբ այն կողմ, գերգեսացիների երկիրն անցաւ, նրան պատահեցին գերեզմաններից ելած երկու դիւահար, այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որեւէ մէկը չէր կարող անցնել։ 29Եւ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կայ մեր եւ քո միջեւ, Յիսո՛ւս, Որդի՛ Աստծու, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար»։ 30Եւ նրանցից քիչ հեռու արօտական խոզերի մի երամակ կար։31Եւ դեւերը աղչում էին նրան ու ասում. «Թէ մեզ այստեղից հանես, մեզ թո՛յլ տուր գնալ խոզերի երամակը»։ 32Եւ նա նրանց ասաց՝ գնացէ՛ք։ Դեւերը դուրս ելնելով՝ գնացին խոզերի երամակ։ Եւ ամբողջ երամակը դարաւանդից դիմեց դէպի ծով, ու ջրերի մէջ սատկեցին։33Իսկ խոզարածները փախան եւ քաղաք գնալով՝ պատմեցին ամէն ինչ, նաեւ՝ դիւահարների դէպքը։ 34Եւ ահա ամբողջ քաղաքը Յիսուսին ընդառաջ ելաւ. երբ նրան տեսան, աղաչեցին, որ իրենց սահմաններից հեռու գնայ։ 
9 Եւ նաւակ մտնելով՝ Յիսուս անցաւ ծովի միւս կողմը. եւ եկաւ իր քաղաքը։ 2Եւ ահա նրա մօտ բերեցին մի անդամալոյծ, որ պառկած էր մահճի մէջ։ Յիսուս նրանց հաւատը տեսնելով՝ ասաց անդամալոյծին. «Քո մեղքերը քեզ ներուած են»։ 3Եւ ահա օրէնսգէտներից ոմանք իրենց մտքում ասացին՝ դա հայհոյում է։ 4Եւ Յիսուս իմանալով նրանց մտածումները՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ դուք ձեր սրտերում չար բան էք խորհում. 5ի՞նչն է դիւրին. ասել՝ քեզ ներուա՞ծ են քո մեղքերը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր։ 6Արդ, որպէսզի իմանաք, որ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու, - ասաց նա այդ ժամանակ անդամալոյծին, - վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»։ 7Եւ նա վեր կենալով՝ իր տունը գնաց։ 8Երբ ժողովուրդը այս տեսաւ, զարմացաւ. եւ փառաւորում էր Աստծուն՝ մարդկանց այսպիսի իշխանութիւն տուողին։ 9Եւ Յիսուս այնտեղով անցնելով՝ տեսաւ Մատթէոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. «Իմ յետեւի՛ց արի»։ Եւ նա վեր կենալով՝ գնաց նրա յետեւից։10Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիւ մաքսաւորներ ու մեղաւորներ եկան բազմեցին Յիսուսի եւ նրա աշակերտների հետ։ 11Երբ փարիսեցիները այդ տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսաւորների ու մեղաւորների հետ ուտում»։ 12Իսկ Յիսուս, երբ լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին։ 13Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ. քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղաւորներին։ 14Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Ինչո՞ւ մենք եւ փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։ 15Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա ծոմ կը պահեն։ 16Ոչ ոք չօգտագործուած կտաւի կտորը հնացած ձորձի վրայ չի կարկատի, քանի որ այն իր լրիւ չափով կը պատռի կը հանի զգեստից, եւ պատռուածքը աւելի վատ կը լինի։ 17Ոչ էլ նոր գինին հին տիկերի մէջ են դնում. ապա թէ ոչ տիկերը կը պատռուեն. ե՛ւ գինին դուրս կը թափուի, ե՛ւ տիկերը կը փչանան. այլ նոր գինին նոր տիկերի մէջ են լցնում, եւ երկուսն էլ պահւում են»։ 18Մինչ Յիսուս նրանց այս բաներն էր ասում, ահա մի իշխանաւոր, մօտենալով, երկրպագեց նրան ու ասաց. «Իմ դուստրը հէնց նոր մեռաւ, սակայն գայիր եւ քո ձեռքը նրա վրայ դնէիր, եւ նա կը կենդանանար»։ 19Յիսուս վեր կացաւ եւ իր աշակերտների հետ միասին գնաց նրա յետեւից։ 20Եւ ահա տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունեցող մի կին, յետեւից մօտենալով Յիսուսին, դիպաւ նրա զգեստի քղանցքին, 21քանի որ մտքում ասում էր. «Եթէ միայն դիպչեմ նրա զգեստին, կը փրկուեմ»։ 22Իսկ Յիսուս, երբ դարձաւ ու նրան տեսաւ, ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւա՛տը քեզ փրկեց»։ Եւ նոյն ժամին կինը բժշկուեց։ 23Երբ Յիսուս իշխանաւորի տունը եկաւ եւ տեսաւ փողհարներին ու մեծ ամբոխ, 24նրանց ասաց. «Հեռո՛ւ գնացէք, որովհետեւ այդ աղջիկը ոչ թէ մեռած է, այլ ննջում է».25եւ նրանք ծաղրում էին նրան։ Եւ երբ ամբոխը դուրս ելաւ, նա ներս մտաւ, բռնեց նրա ձեռքից, եւ աղջիկը վեր կացաւ։ 26Եւ այս լուրը ամբողջ այդ երկրով մէկ տարածուեց։ 27Եւ մինչ Յիսուս անցնում էր այն տեղով, երկու կոյրեր գնացին նրա յետեւից. նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Դաւթի՛ Որդի»։ 28Երբ նա տուն եկաւ, կոյրերը մօտեցան նրան։ Յիսուս նրանց ասաց. «Հաւատո՞ւմ էք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»։ Նրանք ասացին նրան՝ այո՛, Տէ՛ր։ 29Այն ժամանակ դիպաւ նրանց աչքերին եւ ասաց. «Ըստ ձեր հաւատի թող լինի ձեզ»։30Եւ բացուեցին նրանց աչքերը։ Եւ Յիսուս նրանց խստիւ պատուիրեց եւ ասաց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք չիմանայ»։ 31Իսկ նրանք ելան եւ նրա համբաւը տարածեցին ամբողջ այդ երկրում։ 32Եւ երբ նրանք դուրս եկան, ահա նրա մօտ բերեցին մի համր, դիւահար մարդ։ 33Եւ երբ դեւը դուրս եկաւ, համրը խօսեց. եւ ժողովուրդը զարմացաւ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայէլում երբեք տեսնուած չէ»։ 34Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դա դեւերի իշխանի միջոցով է հանում դեւերին»։ 35Եւ Յիսուս շրջում էր բոլոր քաղաքներում եւ գիւղերում, ուսուցանում նրանց ժողովարաններում, քարոզում արքայութեան Աւետարանը եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները։ 36Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն։ 37Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ 38Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»։ 
10 Եւ նա իր մօտ կանչելով իր տասներկու աշակերտներին՝ նրանց իշխանութիւն տուեց պիղծ դեւերի վրայ՝ հանելու դրանք եւ բժշկելու ամէն ցաւ եւ ամէն հիւանդութիւն։ 2Եւ տասներկու առաքեալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն Պետրոս կոչուածը, եւ նրա եղբայրը Անդրէաս, 3Զեբեդէոսի որդի Յակոբոս եւ նրա եղբայրը Յովհաննէս, Փիլիպպոս եւ Բարթողոմէոս, Թովմաս եւ Մատթէոս մաքսաւոր, Ալփէոսի որդի Յակոբոս եւ Ղեբէոս, որ Թադէոս կոչուեց,4Սիմոն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ եւ մատնեց նրան։5Նրանց Տասներկուսին Յիսուս ուղարկեց, պատուիրեց նրանց ու ասաց. «Հեթանոսների շրջաններով չգնաք եւ սամարացիների որեւէ քաղաքը չմտնէք, 6այլ աւելի շուտ գնացէ՛ք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։ 7Եւ երբ գնաք, քարոզեցէ՛ք եւ ասացէ՛ք. «Երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ 8Հիւանդներին բժշկեցէ՛ք, բորոտներին մաքրեցէ՛ք, դեւերին հանեցէ՛ք, ձրի առաք, ձրի էլ տուէ՛ք։ 9Մի՛ ունեցէք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ եւ ո՛չ էլ պղինձ դրամ՝ ձեր գօտիների մէջ. 10ո՛չ պարկ՝ ճանապարհի համար. ո՛չ երկու զգեստ, ո՛չ կօշիկներ եւ ո՛չ էլ ցուպ. որովհետեւ մշակն արժանի է իր կերակրին։ 11Որ քաղաքը կամ գիւղը մտնէք, հարցրէ՛ք, թէ ո՛վ է այնտեղ արժանաւորը, եւ այնտեղ մնացէ՛ք, մինչեւ որ այդտեղից դուրս ելնէք։ 12Եւ երբ այն տունը մտնէք, ողջո՛յն տուէք նրան ու ասացէ՛ք. «Ողջո՜յն այս տանը»։ 13Եթէ տունն արժանի է, ձեր ողջոյնը նրա վրայ թող իջնի. իսկ եթէ արժանի չէ, ձեր ողջոյնը ձեզ թող վերադառնայ։ 14Եւ եթէ մի քաղաք չընդունի ձեզ եւ չլսի ձեր խօսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս՝ ձեր ոտքերից փոշին թօթափեցէ՛ք։ 15Ճշմարիտ եմ ասում ձեզ, սոդոմացիների եւ գոմորացիների երկրի համար աւելի հեշտ պիտի լինի դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար»։ 16«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարներ՝ գայլերի մէջ։ Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման։ 17Զգուշացէ՛ք մարդկանցից, որովհետեւ պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. 18ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց եւ հեթանոսներին։ 19Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք. 20քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով։ 21Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն։ Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն։ 22Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի։ 23Եւ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կը փախչէք դէպի մէկ ուրիշը. եւ եթէ ձեզ դրանից էլ հալածեն, կը փախչէք դէպի այն միւսը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինէք, նախքան մարդու Որդու գալը։ 24Աշակերտը աւելին չէ, քան վարդապետը, եւ ոչ էլ ծառան՝ քան իր տէրը։ 25Աշակերտին հերիք է, եթէ լինի իր վարդապետի նման, եւ ծառային՝ իր տիրոջ նման. եթէ տանտիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, որչա՜փ եւս առաւել՝ նրա ընտանիքը։ 26Այսուհետեւ նրանցից չվախենաք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի։ 27Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէ՛ք տանիքների վրայից։ 28Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը։ 29Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում. 30եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են։31Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք։ 32Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է։ 33Եւ ով ինձ կ՚ուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կ՚ուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է»։ 34«Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր. 35քանի որ եկայ, որ բաժանեմ որդուն իր հօրից, եւ դստերը՝ իր մօրից, եւ հարսին՝ իր կեսուրից։ 36Մարդու թշնամիները իր տնեցիները կը լինեն։ 37Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ։ 38Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ։ 39Ով որ իր անձը գտնում է, այն կը կորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կը գտնի։ 40Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, եւ ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողի՛ն։ 41Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կը ստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կը ստանայ։ 42Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կը տայ խմելու իբրեւ աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»։ 
11 Եւ երբ Յիսուս վերջացրեց իր տասներկու աշակերտներին պատուէր տալը, այնտեղից գնաց՝ քարոզելու եւ ուսուցանելու շրջակայ քաղաքներում։ 2Իսկ Յովհաննէսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին եւ նրանց միջոցով ասաց նրան. 3«Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»։ 4Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Գնացէք պատմեցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք լսեցիք եւ տեսաք. 5կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրւում, խուլերը՝ լսում, մեռելները՝ յառնում, եւ աղքատներին քարոզւում է Աւետարանը։ 6Եւ երանի՜ է նրան, ով իմ պատճառով չի գայթակղւում»։ 7Երբ Յովհաննէսի աշակերտները գնացին, Յիսուս սկսեց ժողովրդին ասել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու ելաք անապատում. հողմից շարժուող եղէ՞գ։8Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարուած մա՞րդ. ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագաւորների պալատներում են։ 9Ապա ի՞նչ տեսնելու ելաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ. առաւե՛լ քան մի մարգարէ, 10որովհետեւ նա է, որի մասին գրուած է. «Ահա ես կ՚ուղարկեմ իմ պատգամաւորին քո առջեւից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի»։ 11Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծը չի ելել. բայց երկնքի արքայութեան մէջ ամենից յետինը նրանից մեծ է։ 12Յովհաննէս Մկրտչի օրերից մինչեւ այժմ երկնքի արքայութիւնը բռնադատւում է. եւ հզօրներն են յափշտակում այն, 13քանի որ ամբողջ Օրէնքը եւ մարգարէները մարգարէացան մինչեւ Յովհաննէսը։ 14Եւ եթէ ուզում էք ընդունել, Յովհաննէ՛սն է Եղիան, որ գալու է։ 15Ով լսելու ականջ ունի, թող լսի։ 16Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է նա մանուկների, որոնք նստած են հրապարակներում, կանչում են իրենց ընկերներին եւ ասում. 17ձեզ համար փող հնչեցրինք, բայց չպարեցիք. ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք լաց ու կոծ չարեցիք։ 18Եկաւ Յովհաննէսը. ո՛չ ուտում էր եւ ո՛չ խմում. եւ ասացին՝ նրա մէջ դեւ կայ։19Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ ասում են՝ ահա ուտող եւ խմող մարդ, բարեկամ՝ մաքսաւորների եւ մեղաւորների. բայց իմաստութիւնը արդարացուեց իր որդիների կողմից» ։ 20Այն ժամանակ նա սկսեց պարսաւել այն քաղաքները, որոնց մէջ նրա բազում զօրաւոր գործերը տեղի ունեցան, բայց նրանք չապաշխարեցին։ 21«Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա. որովհետեւ եթէ Տիւրոսում եւ Սիդոնում տեղի ունեցած լինէին այն զօրաւոր գործերը, որ ձեր մէջ արուեցին, վաղուց արդէն քուրջով եւ մոխրով ապաշխարած կը լինէին։22Բայց ասում եմ ձեզ, Տիւրոսի եւ Սիդոնի երկրի համար աւելի տանելի կը լինի դատաստանի օրը, քան ձեզ համար։ 23Եւ դո՛ւ, Կափառնայո՛ւմ, միթէ մինչեւ երկի՞նք պիտի բարձրանաս. ո՛չ, պիտի իջնես մինչեւ դժոխք. որովհետեւ եթէ Սոդոմում եղած լինէին այս զօրաւոր գործերը, որ եղան քո մէջ, արդարեւ մինչեւ այսօր նրանք կանգուն կը լինէին։24Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրը աւելի տանելի կը լինի, քան քեզ համար»։ 25Այն ժամանակ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին։ 26Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ։ 27Ամենայն ինչ տրուեց ինձ իմ Հօրից. եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթէ ոչ՝ Հայրը. եւ ոչ ոք չի ճանաչում Հօրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում Որդին ուզենայ յայտնել։ 28Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ։ 29Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, 30որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»։ 
12 Յիսուս, շաբաթ օրով, անցաւ արտերի միջով. նրա աշակերտները քաղցած էին եւ սկսեցին հասկ պոկել եւ ուտել։ 2Փարիսեցիները երբ այս տեսան, Յիսուսին ասացին. «Ահա քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինաւոր չէ»։ 3Եւ նա նրանց ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց նա եւ նրանք, որ նրա հետ էին։ 4Թէ ինչպէս մտաւ Աստծու տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը, որն ուտել օրէնք չէր ո՛չ նրա եւ ո՛չ էլ նրա հետ եղողների համար, այլ միայն՝ քահանաների համար։ 5Կամ թէ Օրէնքում չէ՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները պղծում են շաբաթը եւ անմեղ են։ 6Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից մեծ մէկը կայ։ 7Եւ եթէ իմանայիք, թէ ի՛նչ է՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ, ապա դուք անպարտներին չէիք դատապարտի.8ուրեմն մարդու Որդին շաբաթ օրուայ տէրն է»։ 9Յիսուս այստեղից մեկնելով՝ եկաւ նրանց ժողովարանը։ 10Այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը գօսացած էր։ Յիսուսին հարցրին ու ասացին. «Շաբաթ օրը թոյլատրելի՞ է բժշկել». որպէսզի նրան ամբաստանեն։ 11Եւ նա ասաց նրանց. «Ո՞վ է ձեզնից այն մարդը, որ մի ոչխար ունենայ, եւ դա շաբաթ օրն ընկնի փոսի մէջ, միթէ չի՞ բռնի ու վեր հանի այն։ 12Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն եւս առաւել է. ապա ուրեմն, պէտք է շաբաթ օրը բարիք գործել»։ 13Այն ժամանակ մարդուն ասաց՝ ձեռքդ երկարի՛ր. եւ նա երկարեց. եւ առողջացաւ գօսացած ձեռքը, ինչպէս միւսը։ 14Իսկ փարիսեցիները դուրս գալով՝ նրա դէմ խորհուրդ արին, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան։ 15Երբ Յիսուս այդ իմացաւ, այդտեղից մեկնեց։ Նրա յետեւից գնաց շատ ժողովուրդ, եւ նա բոլորին բժշկեց։16Եւ խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի բան չասեն,17որպէսզի կատարուի այն, ինչ որ ասուեց Եսայի մարգարէի բերանով.18Այն ժամանակ նրա մօտ բերուեց կոյր ու համր մի դիւահար, եւ նա բժշկեց նրան, այնպէս որ համրն ու կոյրը խօսում էր ու տեսնում։19Ամբողջ ժողովուրդը զարմացաւ եւ ասում էր. «Միթէ սա՞ է Քրիստոսը՝ Դաւթի Որդին»։ 20Բայց երբ փարիսեցիները լսեցին, ասացին. «Նա դեւերին այլ կերպ չի հանում, եթէ ոչ Բէեղզեբուղի՝ դեւերի իշխանի միջոցով»։ 21Երբ Յիսուս նրանց մտածումներն իմացաւ, նրանց ասաց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն քաղաք կամ տուն կանգուն չի մնայ. 22եւ եթէ սատանան սատանային հանում է, ուրեմն՝ ինքն իր մէջ բաժանուեց. արդ, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ։ 23Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերին, ձեր որդիները ինչո՞վ կը հանեն. դրա համար էլ նրանք կը լինեն ձեր դատաւորները։ 24Իսկ եթէ Աստծու Հոգով եմ հանում դեւերին, ուրեմն Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրայ։ 25Կամ՝ ինչպէ՞ս կարող է մէկը մտնել հզօր մի մարդու տունը եւ յափշտակել նրա գոյքերը, եթէ նախ չկապի հզօրին եւ ապա նրա տունը կողոպտի։ 26Ով ինձ հետ չէ՝ իմ դէմ է, եւ ով ինձ հետ չի հաւաքում՝ ցրում է»։ 27«Դրա համար ասում եմ ձեզ. ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուեն մարդկանց, բայց Հոգու դէմ հայհոյանքը չպիտի ներուի։ 28Եւ ով որ մարդու Որդու դէմ խօսք ասի, նրան պիտի ներուի, բայց ով ասի Սուրբ Հոգու դէմ, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում եւ ո՛չ էլ հանդերձեալում։ 29Կա՛մ ծառը բարի արէք, եւ նրա պտուղն էլ բարի կը լինի, կա՛մ ծառը չար արէք, եւ նրա պտուղն էլ չար կը լինի. քանի որ իր պտղից է ծառը ճանաչւում։ 30Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար էք, ինչպէ՞ս կը կարողանաք բարի բաներ խօսել, քանի որ բերանը սրտի լիութիւնից է, որ խօսում է։ 31Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ։ 32Բայց ասում եմ ձեզ, թէ մարդիկ իրենց խօսած ամէն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիւ պիտի տան, 33որովհետեւ՝ քո խօսքերով պիտի արդարանաս եւ քո խօսքերով պիտի դատապարտուես»։ 34Այն ժամանակ օրէնսգէտներից եւ փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տուեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»։ 35Նա պատասխան տուեց նրանց ու ասաց. «Չար եւ շնացող ազգը նշան է փնտռում. այլ նշան չի տրուի նրան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը. 36որովհետեւ, ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս եւ մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր։ 37Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դէմ պիտի դուրս գան եւ պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Յովնանի քարոզութեամբ ապաշխարեցին. եւ ահաւասիկ այստեղ Յովնանից մեծը կայ։ 38Հարաւի Դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գայ այս ազգի դէմ եւ պիտի դատապարտի նրան, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա այստեղ Սողոմոնից մեծը կայ»։39«Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում։ 40Այն ժամանակ ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ. եւ գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրուած ու կարգի բերուած։ 41Այն ժամանակ գնում եւ վերցնում է իր հետ իրենից աւելի չար եօթը այլ ոգիներ եւ մտնում բնակւում է այնտեղ. եւ այդ մարդու վերջը լինում է աւելի վատ, քան առաջ էր. այսպէս պիտի լինի եւ այս չար սերնդին»։ 42Մինչ Յիսուս դեռ խօսքն ուղղում էր բազմութեանը, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնած էին դրսում եւ ուզում էին խօսել նրա հետ։ 43Եւ մէկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են եւ ուզում են քեզ հետ խօսել»։ 44Նա այդ ասողին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»։ 45Եւ իր ձեռքը երկարելով դէպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը եւ իմ եղբայրները.46որովհետեւ, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր եւ քոյր եւ մայր»։ 
13 Այդ օրը Յիսուս տնից դուրս գալով՝ նստեց ծովեզերքին։ 2Եւ նրա մօտ շատ ժողովուրդ հաւաքուեց, այնպէս որ նա նաւակ մտաւ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին։ 3Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խօսում եւ ասում. 4«Ահա մի սերմնացան ելաւ սերմանելու. եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքին, եւ երկնքի թռչունը եկաւ եւ այն կերաւ։5Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, ուր շատ հող չկար. եւ իսկոյն բուսաւ, քանի որ հողը խորութիւն չունէր. 6երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չկային, չորացաւ։ 7Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ, ու փշերը բարձրացան եւ այն խեղդեցին։ 8Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ եւ պտուղ տուեց. կար որ մէկին՝ հարիւր. եւ կար որ մէկին՝ վաթսուն. եւ կար որ մէկին՝ երեսուն։ 9Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ 10Եւ աշակերտները մօտենալով՝ նրան ասացին. «Ինչո՞ւ ես առակներով խօսում նրանց հետ»։ 11Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրուած իմանալ երկնքի արքայութեան խորհուրդները, իսկ նրանց տրուած չէ.12որովհետեւ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցուի ունեցածն էլ։ 13Նրանց հետ առակներով եմ խօսում նրա համար, որ նայում են եւ չեն տեսնում, լսում են եւ չեն իմանում ու չեն հասկանում։ 14Եւ նրանց վրայ կատարւում է Եսայու մարգարէութիւնը, որ ասում է՝ պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք, պիտի նայէք, պիտի նայէք ու պիտի չտեսնէք. 15որովհետեւ այս ժողովրդի սիրտը կարծրացաւ, եւ իրենց ականջներով ծանր են լսում. եւ փակեցին իրենց աչքերը, որպէսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն եւ սրտով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ։ 16Բայց երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են։ 17Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարէներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ որ դուք լսում էք, բայց չլսեցին»։ 18«Եւ արդ, լսեցէ՛ք դուք սերմնացանի առակը. 19ամէն մէկից, ով լսում է արքայութեան խօսքը եւ չի հասկանում, չարը գալիս է եւ յափշտակում նրա սրտում սերմանուածը. դա այն է, որ ճանապարհի եզերքին սերմանուեց։ 20Եւ որ ապառաժի վրայ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը, իսկոյն ուրախութեամբ էլ ընդունում է այն։ 21Բայց քանի որ ինքն իր մէջ արմատներ չունի, այլ մի որոշ ժամանակի համար է հաւատում, երբ խօսքի համար նեղութիւն եւ հալածանքներ լինեն, իսկոյն սայթաքում ընկնում է։ 22Իսկ որ փշերի մէջ սերմանուեց, այն է, որ լսում է խօսքը, բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան պատրանքները խեղդում են խօսքը, եւ սա լինում է անպտուղ։ 23Իսկ որ լաւ հողի մէջ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը եւ հասկանում, պտուղ է տալիս. կայ որ մէկի դիմաց՝ հարիւր, կայ որ մէկի դիմաց՝ վաթսուն եւ կայ որ մէկի դիմաց՝ երեսուն»։ 24Նա մէկ ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց։ 25Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց։ 26Եւ երբ ցորենը բուսաւ ու պտուղ տուեց, ապա երեւաց եւ այն որոմը։ 27Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան. «Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»։ 28Եւ տէրն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»։ Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»։ 29Եւ տէրը նրանց ասաց. «Ո՛չ, մի գուցէ որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք։ 30Թողէ՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կ՚ասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք եւ դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ»։31Նրանց առաջ նա մէկ ուրիշ առակ էլ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մէջ։ 32Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից աւելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճիւղերի վրայ հանգստանում»։ 33Նա մէկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»։ 34Այս բոլորը Յիսուս առակներով պատմեց բազմութեանը եւ առանց առակի ոչինչ չէր ասում նրանց, 35որպէսզի կատարուի մարգարէի կողմից ասուածը. «Իմ բերանը առակներով պիտի բանամ եւ աշխարհի սկզբից ի վեր ծածկուած բաները պիտի յայտնեմ»։ 36Այն ժամանակ Յիսուս արձակելով ժողովրդին՝ տուն եկաւ. աշակերտները մօտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր մեզ համար արտի որոմների առակը»։ 37Նա պատասխանեց եւ ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, 38իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը նրանք են, որ արքայութեան որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են. 39եւ թշնամին, որ այն ցանեց, սատանան է. իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, եւ հնձողները հրեշտակներ են։ 40Ինչպէս որոմը հաւաքւում է եւ կրակի մէջ այրւում, այնպէս կը լինի այս աշխարհի վախճանին։ 41Մարդու Որդին կ՚ուղարկի իր հրեշտակներին, եւ նրանք կը հաւաքեն նրա արքայութիւնից բոլոր գայթակղութիւնները եւ նրանց, որոնք անօրինութիւն են գործում։ 42Եւ կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում։ 43Այն ժամանակ արդարները երկնքի արքայութեան մէջ կը ծագեն ինչպէս արեգակը։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ 44«Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է արտի մէջ թաքցուած գանձի, որ մի մարդ, գտնելով, նորից թաքցնում է. եւ ուրախութիւնից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը եւ այդ արտը գնում է։ 45Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում. 46եւ գտնելով մի թանկարժէք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց։ 47Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է ծով նետուած ուռկանի, որ ամէն տեսակ բան է հաւաքել. 48երբ լցուել էր, այն ցամաք հանելով եւ նստելով՝ լաւերը մի առ մի հաւաքեցին ամանների մէջ, իսկ անպէտքը դուրս գցեցին։ 49Այնպէս էլ կը լինի այս աշխարհի վախճանին։ Հրեշտակները կ՚ելնեն եւ չարերին արդարների միջից կը բաժանեն 50ու կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում»։ 51Յիսուս իր աշակերտներին ասաց. «Այս բոլորը իմացա՞ք»։ Նրան ասացին՝ այո՛, Տէ՛ր։ 52Եւ Յիսուս նրանց ասաց. «Դրա համար երկնքի արքայութեանն աշակերտած ամէն օրէնսգէտ նման է տանուտէր մարդու, որ իր գանձից հանում է նորը եւ հինը»։ 53Երբ Յիսուս այս առակները վերջացրեց, այնտեղից մեկնեց։ 54Եւ գալով իր գաւառը՝ նրանց ուսուցանում էր իրենց ժողովարանում, այնպէս որ նրանք զարմանում ու ասում էին. «Սրան որտեղի՞ց են այս իմաստութիւնը եւ զօրութեան գործերը։ 55Սա հիւսնի որդին չէ՞. սրա մայրը չէ՞, որ Մարիամ է կոչւում. եւ սրա եղբայրները՝ Յակոբոս, Յովսէս, Սիմոն եւ Յուդա։ 56Եւ սրա քոյրերը բոլորը մեզ մօտ չե՞ն. եւ արդ, որտեղի՞ց է սրան այս բոլորը»։ 57Եւ նրանով գայթակղւում էին։ Իսկ Յիսուս նրանց ասաց. «Չկայ անարգուած մարգարէ, բայց միայն՝ իր գաւառում եւ իր տանը»։ 58Եւ նրանց անհաւատութեան պատճառով այնտեղ զօրաւոր շատ գործեր չարեց։ 
14 Այն ժամանակ Հերովդէս չորրորդապետը լսեց Յիսուսի համբաւը եւ իր ծառաներին ասաց. 2«Նա՛ է Յովհաննէս Մկրտիչը. մեռելներից յարութիւն է առել, եւ դրա համար նրա միջոցով զօրաւոր գործեր են լինում»։ 3Արդարեւ Հերովդէսը ձերբակալել էր Յովհաննէսին, նրան կապել եւ բանտի մէջ էր դրել իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. 4որովհետեւ Յովհաննէսը նրան ասում էր. «Օրինաւոր չէ, որ դու նրան իբրեւ կին ունենաս»։ 5Եւ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպէս մարգարէ էին ընդունում։ 6Եւ երբ Հերովդէսի ծննդեան տարեդարձը հասաւ, Հերովդիայի դուստրը հրաւիրեալների առաջ պարեց. եւ հաճելի թուաց Հերովդէսին. 7ուստի եւ՝ նա երդումով խոստացաւ նրան տալ, ինչ էլ որ ուզի։ 8Եւ նա, առաջուց խրատուած լինելով իր մօրից, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրայ, Յովհաննէս Մկրտչի գլուխը»։ 9Եւ թագաւորը տխրեց, բայց երդման եւ սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ։ 10Եւ մարդ ուղարկեց, գլխատել տուեց Յովհաննէսին բանտի մէջ։ 11Եւ նրա գլուխը բերուեց սկուտեղով ու տրուեց աղջկան։ Եւ սա տարաւ այն իր մօրը։ 12Իսկ Յովհաննէսի աշակերտները եկան վերցրին մարմինը եւ թաղեցին. եւ եկան պատմեցին Յիսուսին։ 13Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ։ Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա յետեւից գնաց։ 14Եւ երբ նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց եւ բժշկեց նրանց հիւանդներին։ 15Երեկոյեան դէմ, աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Այս տեղը ամայի է, եւ օրը տարաժամել է. արձակի՛ր այդ ժողովրդի բազմութիւնը, որպէսզի գնայ շրջակայ գիւղերը իր համար ուտելիք գնի»։ 16Եւ Յիսուս ասաց. «Հարկ չկայ, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տուէք»։ 17Եւ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ նկանակից եւ երկու ձկից»։ 18Եւ նրանց ասաց. «Այստե՛ղ բերէք այդ»։ 19Եւ հրամայեց ժողովրդի բազմութիւնը նստեցնել խոտի վրայ. եւ վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տուեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին։20Բոլորը կերան ու յագեցան։ Եւ տասներկու սակառ լիքը կտորտանքների մնացորդներ վերցրին։ 21Եւ նրանք, որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին՝ չհաշուած կանանց եւ երեխաներին։ 22Եւ նա իսկոյն իր աշակերտներին ստիպեց նաւակ մտնել եւ առաջանալ դէպի միւս կողմը, մինչեւ որ ինքը ժողովրդի բազմութիւնն արձակի։ 23Եւ երբ ժողովրդի բազմութիւնն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար։ Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ։ 24Նաւակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դէս ու դէն քշուելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր։ 25Եւ գիշերուայ ուշ ժամին Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայ։ 26Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրայ քայլելիս, տագնապահար եղան եւ ասացին. «Ինչ-որ ուրուական է». ու սարսափից աղաղակեցին։ 27Յիսուս իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»։28Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տէ՛ր, եթէ դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մօտ գալ»։ 29Եւ նա ասաց՝ արի՛։ Եւ Պետրոսը նաւակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկաւ Յիսուսի մօտ։30Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցաւ։ Եւ երբ սկսեց սուզուել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»։ 31Եւ իսկոյն Յիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։32Եւ երբ նրանք նաւակ բարձրացան, քամին հանդարտուեց։ 33Եւ նրանք, որ նաւակի մէջ էին, մօտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արդարեւ Աստծու Որդին ես դու»։ 34Եւ կտրել անցնելով՝ ցամաք ելան Գեննեսարէթում։ 35Եւ երբ այդ տեղի մարդիկ նրան ճանաչեցին, մարդ ուղարկեցին ամբողջ գաւառով մէկ ու բոլոր հիւանդներին նրա մօտ բերեցին։ 36Եւ աղաչում էին նրան, որ գոնէ միայն նրա զգեստի քղանցքներին դիպչեն. եւ նրանք, որ մի անգամ դիպան, բժշկուեցին։ 
15 Այն ժամանակ Յիսուսին մօտեցան փարիսեցիներ ու օրէնսգէտներ, որոնք Երուսաղէմից էին, եւ ասացին. 2«Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութիւնը զանց են անում, քանի որ, երբ հաց են ուտում, ձեռքները չեն լուանում»։ 3Նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Իսկ դուք ինչո՞ւ զանց էք անում Աստծու պատուիրանը՝ ձեր աւանդութեան պատճառով. 4քանի որ Աստուած ասաց. «Մեծարի՛ր քո հօրը եւ մօրը». 5եւ ով վատաբանում է հօրը կամ մօրը, մահուամբ պիտի պատժուի։ 6Իսկ դուք ասում էք. ով իր հօրը կամ մօրը ասի, թէ՝ այն, ինչ ինձնից օգտուելու ես, Աստծուն ընծայ է, այլեւս չի մեծարի իր հօրը կամ իր մօրը. ուրեմն՝ Աստծու խօսքը արհամարհում էք ձեր աւանդութեան պատճառով։ 7Կեղծաւորնե՛ր, Եսային լաւ է մարգարէացել ձեր վրայ եւ ասել. 8«Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանուած է ինձնից. 9զուր են ինձ պաշտում. մարդկանց կողմից պատուիրուած վարդապետութիւններ են ուսուցանում»։ 10Եւ Յիսուս իր մօտ կանչելով ժողովրդին՝ ասաց. «Լսեցէ՛ք եւ իմացէ՛ք. 11ոչ թէ՝ ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից՝ ա՛յն է պղծում մարդուն»։ 12Այն ժամանակ նրա աշակերտները մօտեցան եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ այդ խօսքը լսեցին, գայթակղուեցին»։ 13Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ամէն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի արուի։ 14Թողէ՛ք նրանց. կոյրեր են, կոյրերի առաջնորդ. երբ կոյրն է առաջնորդում կոյրին, սխալւում է, եւ երկուսն էլ փոսն են ընկնում»։ 15Պետրոսը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Այս առակը բացատրի՛ր մեզ»։ 16Յիսուս ասաց. «Դեռեւս դո՞ւք էլ անհասկացող էք. 17չէ՞ք իմանում, թէ ամէն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում եւ դուրս է ելնում։ 18Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ ա՛յն է մարդուն պղծում, 19քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ։ 20Այս բոլորն են, որ պղծում են մարդուն. իսկ անլուայ ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»։ 21Յիսուս այդտեղից ելնելով՝ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը։ 22Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»։ 23Բայց նա նրան պատասխան չտուեց, եւ նրա աշակերտները մօտենալով՝ աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետեւ մեր յետեւից աղաղակում է»։ 24Նա պատասխան տուեց եւ ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկուած, եթէ ոչ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ»։ 25Իսկ կինը մօտենալով՝ երկրպագում էր նրան ու ասում. «Տէ՛ր, օգնի՛ր ինձ»։ 26Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»։ 27Եւ նա ասաց. «Այո՛, Տէ՛ր, որովհետեւ շներն էլ կերակրւում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»։ 28Այն ժամանակ նրան պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հաւատը, թող քեզ լինի՝ ինչպէս որ կամենում ես»։ Եւ նրա դուստրը նոյն ժամին բժշկուեց։ 29Եւ Յիսուս մեկնելով այդտեղից՝ եկաւ Գալիլիայի ծովեզերքը եւ, լեռը բարձրանալով, նստեց այնտեղ։ 30Նրան մօտեցաւ բազում ժողովուրդ. նրանց մէջ կային կաղեր, կոյրեր, համրեր, հաշմուածներ եւ ուրիշ շատեր։ Սրանց բերին գցեցին նրա ոտքերի առջեւ, եւ նա նրանց բժշկեց. 31այնպէս որ, ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խօսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդամները՝ բժշկւում, կոյրերը՝ տեսնում. եւ փառք էին տալիս Իսրայէլի Աստծուն։32Եւ Յիսուս իր մօտ կանչելով աշակերտներին՝ ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ ահա երեք օր է, որ ինձ մօտ են եւ բան չունեն, որ ուտեն. եւ նրանց չեմ կամենում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»։ 33Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ, այս ամայութեան մէջ որտեղի՞ց է մեզ այնչափ հաց՝ այսքան ժողովուրդ կշտացնելու համար»։ 34Եւ Յիսուս նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունէք»։ Եւ նրանք ասացին՝ եօթը, եւ մի քանի ձուկ։35Եւ նա հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնի վրայ։ 36Եւ վերցնելով եօթը նկանակն ու ձկները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ կտրեց ու տուեց աշակերտներին, եւ նրանք էլ՝ ժողովրդին։ 37Բոլորը կերան ու յագեցան. եւ եօթը լիքը զամբիւղ կտորտանքների մնացորդներ վերցրին։38Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին՝ չհաշուած կանանց ու երեխաներին։ 39Երբ նա ժողովրդի բազմութիւնը արձակեց, նաւակ բարձրացաւ ու եկաւ Մագդաղիայի սահմանները։ 
16 Փարիսեցիներն ու սադուկեցիները մօտեցան ու փորձելով՝ նրանից ուզում էին, որ ցոյց տայ իրենց երկնային մի նշան։ 2Իսկ նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. 3«Չար եւ շնացող մի սերունդ նշան է ուզում, եւ սակայն նրան նշան չպիտի տրուի, բացի Յովնան մարգարէի նշանից»։ Եւ նրանց թողեց ու գնաց։ 4Աշակերտներն էլ գնացին ծովի այն կողմը, բայց մոռացան հաց վերցնել։ 5Յիսուս նրանց ասաց. «Տեսէ՛ք, զգո՛յշ եղէք սադուկեցիների եւ փարիսեցիների խմորից»։ 6Աշակերտները իրենց մէջ խորհում էին ու ասում. «Որովհետեւ հաց չենք վերցրել»։ 7Յիսուս այդ իմացաւ ու ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր մտքում խորհում, թէ հաց չունէք։8Դեռեւս չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք. 9ոչ էլ եօթը նկանակը՝ չորս հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք։ 10Արդ, ինչպէ՞ս չէք իմանում, թէ հացի համար չէ, որ ձեզ ասացի՝ զգոյշ լինել փարիսեցիների եւ սադուկեցիների խմորից»։ 11Այն ժամանակ իմացան, թէ չէր ասել, որ զգուշանան խմորից, այլ՝ փարիսեցիների եւ սադուկեցիների ուսուցումից։ 12Եւ Յիսուս Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»։ 13Եւ նրանք ասացին. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»։ 14Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»։ 15Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։ 16Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է։17Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն։ 18Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում։ Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»։ 19Այն ժամանակ խստիւ պատուիրեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թէ ինքն է Քրիստոսը։20Դրանից յետոյ Յիսուս սկսեց յստակօրէն յայտնել աշակերտներին, թէ պէտք է, որ ինքը Երուսաղէմ գնայ, բազում չարչարանքներ կրի եւ անարգուի քահանայապետներից, օրէնսգէտներից, ժողովրդի ծերերից, սպանուի եւ երրորդ օրը յարութիւն առնի։ 21Եւ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քա՛ւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ քեզ չի պատահի»։ 22Եւ նա դառնալով Պետրոսին՝ ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, դու գայթակղութիւն ես ինձ համար. որովհետեւ քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը»։ 23Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից. 24որովհետեւ ով կամենայ իր անձը փրկել, այն կը կորցնի. եւ ով ինձ համար իր անձը կորցնի, կը գտնի այն։ 25Ի՛նչ օգուտ կ՚ունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի։ Կամ՝ մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տայ. 26քանի որ մարդու Որդին գալու է իր Հօր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին. եւ այն ժամանակ իւրաքանչիւրին կը հատուցի ըստ իր գործերի։ 27Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ»։



17 Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ2եւ նրանց առաջ պայծառակերպուեց. եւ նրա դէմքը փայլեց ինչպէս արեգակը. եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը։ 3Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ։4Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց Յիսուսին. «Տէ՛ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»։ 5Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք»։ 6Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան։ 7Եւ Յիսուս, մօտենալով, դիպաւ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելէք եւ մի՛ վախեցէք»։ 8Նրանք աչքները բարձրացրին եւ Յիսուսից բացի ոչ ոքի չտեսան։ 9Եւ մինչ լեռից իջնում էին, Յիսուս նրանց պատուիրեց ու ասաց. «Այդ տեսիլքը մարդու չասէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի»։ 10Աշակերտները նրան հարցրին եւ ասացին. «Հապա ինչո՞ւ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պիտի գայ»։ 11Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Եղիան կը գայ եւ կը վերահաստատի ամէն ինչ. 12բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդէն իսկ եկել է. բայց նրան չճանաչեցին, այլ, ինչ որ կամեցան, արեցին նրան. նոյնպէս եւ մարդու Որդին նրանց ձեռքով չարչարուելու է»։ 13Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի մասին էր ասել իրենց։ 14Երբ ժողովրդի մէջ եկան, մի մարդ մօտեցաւ, ծնկի եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետեւ լուսնոտութիւնից է տառապում եւ չարաչար տանջւում է. շատ անգամ կրակի մէջ է ընկնում եւ երբեմն՝ ջրի մէջ։ 15Նրան քո աշակերտների մօտ տարայ, եւ չկարողացան բժշկել»։ 16Յիսուս պատասխան տուեց ու ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. նրան ինձ մօ՛տ բեր»։ 17Եւ Յիսուս նրան սաստեց, դեւը նրանից դուրս եկաւ, եւ մանուկը հէնց այդ րոպէից բժշկուեց։ 18Այն ժամանակ աշակերտները, առանձին, մօտեցան եւ Յիսուսին ասացին. «Մենք ինչո՞ւ այն հանել չկարողացանք»։ 19Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեր թերահաւատութեան պատճառով. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք, այս լերանը կ՚ասէք՝ տեղափոխուի՛ր այստեղից այնտեղ, եւ կը տեղափոխուի. եւ որեւէ բան ձեզ համար անհնարին չի լինի։ 20Բայց այս տեսակ դեւը այլ կերպ դուրս չի ելնում, եթէ ոչ աղօթքով ու ծոմապահութեամբ»։ 21Եւ մինչ նրանք Գալիլիայում դեռ շրջում էին, Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, 22ու նրան պիտի սպանեն, եւ նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»։ Եւ նրանք շատ տխրեցին։ 23Երբ նրանք Կափառնայում եկան, երկդրամեան տուրքը պահանջողները մօտեցան Պետրոսին եւ ասացին. «Ձեր վարդապետը երկդրամեանը չի՞ տալիս»։ Եւ Պետրոսն ասաց՝ այո՛։ 24Եւ երբ տուն մտան, Յիսուս կանխեց նրան ու ասաց. «Քեզ ինչպէ՞ս է թւում, Սիմո՛ն. ազգերի թագաւորները հարկերը կամ տուրքը ումի՞ց են առնում, իրենց որդիների՞ց, թէ՞ օտարներից»։ 25Եւ երբ ասաց՝ օտարներից, Յիսուս նրան ասաց. «Ապա ուրեմն որդիներն ազատ են։ 26Բայց որպէսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ ծով ու կարթ գցի՛ր, եւ առաջին ձուկը, որ դուրս կ՚ելնի, վերցրո՛ւ ու բա՛ց նրա բերանը եւ մի արծաթ դրամ կը գտնես. այն ա՛ռ եւ իմ ու քո տեղ նրանց կը տաս»։ 
18 Այն օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ»։ 2Եւ Յիսուս իր մօտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մէջ 3ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի։ 4Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպէս այս մանուկը, երկնքի արքայութեան մէջ նա՛ է մեծ։ 5Եւ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կ՚ընդունի։ 6Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար լաւ կը լինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը։7Վա՜յ աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը։ 8Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս եւ յաւիտենական կրակի մէջ ընկնես։ 9Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու միականի մտնես կեանք, քան երկու աչք ունենաս եւ ընկնես գեհենի կրակը։ 10Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է. 11որովհետեւ մարդու Որդին եկաւ փրկելու կորածը»։ 12«Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լերան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին։ 13Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կ՚ուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն։ 14Այսպէս՝ իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի»։ 15«Եթէ եղբայրդ քո դէմ մեղանչի, գնա յանդիմանի՛ր նրան, երբ դու եւ նա մենակ էք. եթէ քեզ լսի, քո եղբօրը շահեցիր։ 16Իսկ եթէ քեզ չլսի, ա՛ռ քեզ հետ մէկին եւ կամ երկուսին, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն ինչ։ 17Իսկ եթէ նրանց էլ չլսի, կ՚ասես հաւատացեալների ժողովում. իսկ եթէ նրանց էլ չլսի, թող նա քեզ համար լինի ինչպէս հեթանոսը եւ մաքսաւորը։ 18Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապէք երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում։ Եւ ինչ որ արձակէք երկրի վրայ, թող արձակուած լինի երկնքում։ 19Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. 20որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ»։ 21Այն ժամանակ Պետրոսը մօտեցաւ նրան ու ասաց. «Տէ՛ր, քանի՞ անգամ, եթէ եղբայրս իմ դէմ մեղանչի, պէտք է ներեմ նրան. մինչեւ եօ՞թն անգամ»։ 22Յիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում, թէ՝ մինչեւ եօթն անգամ, այլ՝ մինչեւ եօթանասուն անգամ եօթը»։ 23«Այսպէս, երկնքի արքայութիւնը նմանւում է մի թագաւորի, որ կամեցաւ ծառաների հետ իր հաշիւները կարգադրել։ 24Եւ երբ սկսեց հաշիւն ընդունել, նրա մօտ բերուեց տասը հազար քանքարի մի պարտապան։ 25Եւ քանի որ նա վճարելու բան չունէր, նրա տէրը հրամայեց վաճառել նրան եւ նրա կնոջն ու որդիներին եւ այն ամէնը, ինչ նա ունէր, եւ պարտքը հատուցել։ 26Եւ ծառան գետին ընկնելով՝ երկրպագում էր նրան եւ ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ բոլորը կը վճարեմ քեզ»։ 27Այդ ծառայի տէրը, գթալով, արձակեց նրան եւ պարտքը նրան շնորհեց։ 28Իսկ ծառան դուրս ելնելով՝ գտաւ իր ծառայակիցներից մէկին, որ իրեն հարիւր դահեկան պարտք էր։ Եւ նրան բռնելով՝ խեղդում էր ու ասում. «Վճարի՛ր ինձ, ինչ որ պարտք ես»։ 29Իսկ ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, աղաչում էր նրան եւ ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ կը վճարեմ քեզ»։ 30Իսկ սա չէր կամենում. գնաց նրան բանտ նետել տուեց, մինչեւ որ պարտքը վճարէր։ 31Նրա ծառայակիցները, երբ տեսան եղածը, շատ տրտմեցին եւ եկան ու իրենց տիրոջը պատմեցին այն ամէնը, ինչ եղել էր։ 32Այն ժամանակ տէրը կանչեց նրան եւ ասաց. «Չա՛ր ծառայ, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ. 33իսկ պէտք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպէս ես էլ քեզ գթացի»։ 34Եւ նրա տէրը բարկանալով՝ նրան յանձնեց դահիճներին, մինչեւ որ հատուցէր բոլոր պարտքերը։ 35Նոյնը պիտի անի ձեզ եւ իմ Հայրը, որ երկնքում է, եթէ ձեզանից իւրաքանչիւրը սրտանց չների իր եղբօրը՝ նրա յանցանքները»։ 
19 Եւ երբ Յիսուս աւարտեց այս խօսքերը, Գալիլիայից տեղափոխուեց եւ եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանանի միւս կողմը։ 2Եւ նրա յետեւից բազում ժողովուրդ գնաց, եւ այնտեղ նրանց բժշկեց։ 3Եւ փարիսեցիները, մօտենալով նրան, փորձեցին եւ ասացին. «Օրինաւո՞ր է, որ մէկն իր կնոջը արձակի ամէն մի յանցանքի պատճառով»։ 4Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ նա, ով սկզբից ստեղծեց, արու եւ էգ արեց նրանց եւ ասաց. 5դրա համար տղամարդը պիտի թողնի հօրը եւ մօրը ու պիտի գնայ իր կնոջ յետեւից. եւ երկուսը մէկ մարմին պիտի լինեն։ 6Ապա ուրեմն՝ ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»։ 7Նրան ասացին. «Իսկ Մովսէսը ինչո՞ւ մեզ պատուիրեց ապահարզանի թուղթ տալ ու արձակել»։ 8Յիսուս նրանց ասաց. «Մովսէսը ձեր խստասրտութեան պատճառով ձեզ թոյլ տուեց արձակել ձեր կանանց, բայց սկզբից այդպէս չի եղել։ 9Սակայն ասում եմ ձեզ, թէ ով իր կնոջն արձակում է, եւ դա պոռնկութեան պատճառով չէ, եւ ուրիշին է առնում, շնանում է. շնանում է եւ նա, ով արձակուածին է առնում»։ 10Իր աշակերտները նրան ասացին. «Եթէ այդպիսին է պարագան մարդու եւ կնոջ համար, լաւ է չամուսնանալ»։11Եւ նա նրանց ասաց. «Բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ՝ նրանք, որոնց տրուած է. 12որովհետեւ կան ներքինիներ, որոնք իրենց մօր որովայնից այդպէս են ծնուել. կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայութեան համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի»։ 13Այն ժամանակ նրա մօտ մանուկներ բերուեցին, որ նրանց վրայ ձեռք դնի ու աղօթք անի. իսկ նրա աշակերտները սաստում էին բերողներին։ 14Յիսուս ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին եւ մի՛ արգելէք, որ նրանք ինձ մօտ գան, որովհետեւ երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է»։ 15Եւ նրանց վրայ ձեռք դրեց ու այդտեղից գնաց։ 16Եւ ահա մէկը մօտենալով նրան՝ ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ յաւիտենական կեանքն ունենամ»։17Եւ նա նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մէ՛կ է բարին. եթէ կամենում ես յաւիտենական կեանքը մտնել, պահի՛ր պատուիրանները»։ 18Նա ասաց. «Որո՞նք»։ Յիսուս նրան ասաց. «Մի սպանիրը, մի շնանարը, մի գողանարը, սուտ մի վկայիրը, 19քո հօրն ու մօրը մեծարիրը եւ քո ընկերոջը քո անձի պէս պիտի սիրեսը»։20Երիտասարդը նրան ասաց. «Այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր պահել եմ. արդ, էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ»։ 21Յիսուս նրան ասաց. «Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցուածքը ու տո՛ւր աղքատներին. եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ դու արի՛ իմ յետեւից»։ 22Երբ երիտասարդը այս խօսքը լսեց, տրտմած գնաց. որովհետեւ շատ հարստութիւն ունէր։ 23Յիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժուարութեամբ կը մտնի երկնքի արքայութիւնը։ 24Դարձեալ ասում եմ ձեզ՝ աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թէ հարուստը՝ Աստծու արքայութիւնը»։ 25Երբ աշակերտները այս լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կը կարողանայ փրկուել»։ 26Յիսուս նրանց նայեց եւ ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծու համար ամէն ինչ կարելի է»։ 27Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահա՛ւասիկ, մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կ՚ունենանք»։ 28Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեան, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կը նստի, դուք էլ կը նստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին։ 29Եւ ամէն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի։ 30Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, եւ վերջիններ՝ առաջին»։ 
20 «Երկնքի արքայութիւնը նման է մի տանուտէրի, որ առաւօտեան ելաւ իր այգու համար մշակներ վարձելու։ 2Եւ մշակների օրավարձը մէկ դահեկան սակարկելով՝ նրանց ուղարկեց իր այգին։ 3Եւ առաւօտեան ժամը իննի մօտ դուրս ելնելով՝ տեսաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին հրապարակում։ 4Նրանց էլ ասաց. «Դո՛ւք էլ գնացէք իմ այգին, եւ ինչ որ արժան է, կը տամ ձեզ»։ 5Նրանք եւս գնացին։ Եւ դարձեալ դուրս ելնելով կէսօրին ու կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ՝ նոյն ձեւով արեց։ 6Եւ ժամը հինգի մօտ դուրս ելնելով՝ գտաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին. նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել»։ 7Նրան ասացին. «Որովհետեւ մեզ ոչ ոք չվարձեց»։ Նրանց ասաց. «Դո՛ւք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է, կը ստանաք»։ 8Եւ երբ երեկոյ եղաւ, այգու տէրը իր գործավարին ասաց. «Կանչի՛ր մշակներին եւ տո՛ւր նրանց վարձը՝ սկսած վերջիններից մինչեւ առաջինները»։ 9Երբ եկան ժամը հինգի մօտ վարձուածները, իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացաւ։ 10Առաջիններն էլ գալով՝ կարծում էին, թէ աւելի կը ստանան, բայց նրանք էլ իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացան։ 11Երբ առան, տրտնջում էին տանտիրոջից ու ասում. 12«Դրանք՝ այդ վերջինները, մէկ ժամ գործ արեցին, իսկ դու դրանց հաւասար արեցիր մեզ, որ տարանք օրուայ ծանրութիւնը եւ տօթը»։ 13Նա պատասխանեց նրանցից մէկին եւ ասաց. «Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. չէ՞ որ ինձ հետ մէկ դահեկանի սակարկեցիր. 14ստացի՛ր քոնը եւ գնա՛. այս վերջիններին կամենում եմ տալ որքան եւ քեզ.15միթէ իրաւունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարուելու, ինչպէս կամենում եմ։ Կամ թէ՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ»։16Այսպէս, վերջինները առաջին պիտի լինեն, եւ առաջինները՝ վերջին. որովհետեւ բազում են կանչուածները, բայց սակաւ են ընտրեալները»։17Երբ Յիսուս Երուսաղէմ էր բարձրանում, Տասներկուսին առանձին իր հետ վերցրեց եւ ճանապարհին ասաց նրանց. 18«Ահաւասիկ Երուսաղէմ ենք բարձրանում, եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետերին ու օրէնսգէտներին. եւ նրան մահուան պիտի դատապարտեն 19ու նրան հեթանոսներին պիտի մատնեն՝ ծաղրուելու, ծեծուելու եւ խաչը հանուելու համար, սակայն նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»։ 20Այն ժամանակ նրան մօտեցաւ Զեբեդէոսի որդիների մայրը՝ իր որդիների հետ միասին. նա երկրպագում էր ու նրանից մի բան ուզում։ 21Եւ նա նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում»։ Կինն ասաց նրան. «Ասա՛, որ սրանք՝ իմ այս երկու որդիները, նստեն քո արքայութեան մէջ, մէկը՝ քո աջ կողմում եւ միւսը՝ ձախ կողմում»։22Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Չէք իմանում՝ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որը ես խմելու եմ. կամ՝ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»։ Նրան ասացին՝ կարող ենք։23Յիսուս նրանց ասաց. «Իմ բաժակը կը խմէք, եւ այն մկրտութեամբ, որով ես մկրտւում եմ, կը մկրտուէք, բայց նստեցնել իմ աջ եւ ձախ կողմերում՝ ես չէ, որ կը տամ, այլ այդ նրանց համար է, որոնց տրուած է իմ Հօրից»։ 24Եւ տասը աշակերտները, այս լսելով, բարկացան երկու եղբայրների վրայ։ 25Յիսուս նրանց իր մօտ կանչեց ու ասաց. «Գիտէք, որ ազգերի իշխանաւորները տիրում են ազգերի վրայ, եւ մեծամեծները իշխում են նրանց վրայ։ 26Ձեր մէջ եւս չպէտք է այդպէս լինի. այլ ձեզնից ով կը կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի. 27եւ ձեզնից ով կը կամենայ առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի. 28ինչպէս որ մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն»։ 29Եւ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Յիսուսի յետեւից բազում ժողովուրդ գնաց։30Եւ ահա երկու կոյրեր նստած էին ճանապարհի եզերքին։ Երբ լսեցին, թէ Յիսուս անցնում է, աղաղակեցին ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի»։ 31Եւ ամբոխը յանդիմանեց նրանց, որ լռեն։ Իսկ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի»։ 32Յիսուս տեղում կանգ առաւ, կանչեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք կամենում, որ ձեզ անեմ»։ 33Նրան ասացին. «Որ մեր աչքերը բացուեն, Տէ՛ր»։ 34Եւ գթալով՝ Յիսուս դիպաւ նրանց աչքերին, եւ նրանք իսկոյն տեսան ու գնացին նրա յետեւից։ 
21 Երբ Երուսաղէմին մօտեցան եւ եկան Բեթփագէ, Ձիթենեաց լերան մօտ, այն ժամանակ Յիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. 2«Գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է, եւ այնտեղ կը գտնէք կապուած մի էշ եւ նրա հետ՝ մի քուռակ. արձակեցէ՛ք բերէք ինձ։ 3Եւ եթէ մէկը ձեզ բան ասի, կ՚ասէք, որ Տիրոջը պէտք են. եւ նա իսկոյն դրանք կ՚ուղարկի»։ 4Բայց այս բոլորը եղաւ, որպէսզի կատարուի մարգարէի խօսքը, որ ասում է. 5«Ասացէ՛ք Սիոնի դստերը, ահա դէպի քեզ է գալիս քո թագաւորը՝ հեզ եւ նստած էշի ու էշի քուռակի վրայ»։6Աշակերտները գնացին եւ արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայել էր.7եւ էշն ու քուռակը բերեցին, նրանց վրայ զգեստներ գցեցին. եւ նա նստեց դրանց վրայ։ 8Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրայ, իսկ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրայ։ 9Առաջից եւ յետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում»։ 10Եւ երբ նա մտաւ Երուսաղէմ, ամբողջ քաղաքը դղրդաց, եւ ասում էին՝ ո՞վ է սա։ 11Իսկ ժողովրդի բազմութիւնն ասում էր. «Սա Յիսուս մարգարէն է, որ Գալիլիայի Նազարէթ քաղաքից է»։12Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները։ 13Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»։ 14Տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր Յիսուսին մօտեցան, եւ նա բժշկեց նրանց։ 15Երբ քահանայապետներն ու օրէնսգէտները տեսան այն սքանչելիքները, որ նա արեց, եւ մանուկներին, որ տաճարի մէջ աղաղակում էին ու ասում՝ օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, բարկացան. 16եւ ասացին նրան. «Լսո՞ւմ ես՝ դրանք ինչ են ասում»։ Յիսուս նրանց ասաց. «Այո՛, դուք չէ՞ք կարդացել, թէ՝ երեխաների ու ծծկերների բերանով օրհնութիւն կատարեցիր»։ 17Եւ նրանց թողնելով՝ ելաւ քաղաքից դուրս, դէպի Բեթանիա. եւ այնտեղ գիշերեց։ 18Եւ առաւօտեան երբ քաղաք վերադարձաւ, քաղց զգաց։ 19Եւ ճանապարհի վրայ մի թզենի տեսնելով՝ եկաւ դէպի այն եւ նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ։ Եւ թզենուն ասաց. «Այսուհետեւ քեզնից յաւիտեան պտուղ թող չլինի»։ Եւ նոյն պահին թզենին չորացաւ։20Երբ աշակերտները այս տեսան, զարմացան ու ասացին. «Ինչպէ՞ս թզենին իսկոյն չորացաւ»։ 21Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ հաւատ ունենաք եւ չերկմտէք, ոչ միայն կ՚անէք այդ թզենուն պատահածը, այլ թէկուզ եւ այդ լերանն ասէք՝ ելի՛ր ու ծովն ընկիր, այն կը կատարուի։ 22Եւ ամէն ինչ, որ ուզէք աղօթքի մէջ հաւատով, կը ստանաք»։ 23Եւ երբ տաճար եկաւ, մինչ ուսուցանում էր, նրան մօտեցան քահանայապետները, ժողովրդի ծերերը եւ ասացին. «Ի՞նչ իշխանութեամբ ես այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»։ 24Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ. եթէ ինձ ասէք, ես էլ ձե՛զ կ՚ասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում։ 25Յովհաննէսի մկրտութիւնը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թէ՞՝ մարդկանցից»։ Նրանք իրար մէջ խորհուրդ էին անում ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, մեզ կ՚ասի՝ իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան. 26իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից վախենում ենք, որովհետեւ բոլորն էլ Յովհաննէսին որպէս մարգարէ են ընդունում»։27Պատասխանեցին Յիսուսին ու ասացին՝ չգիտենք։ Նա էլ նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում»։28«Բայց ինչպէ՞ս է ձեզ թւում. մի մարդ երկու որդի ունէր։ Առաջինին մօտենալով՝ նա ասաց. «Որդեա՛կ, գնա՛ այսօր աշխատի՛ր այգում»։29Սա պատասխանեց ու ասաց. «Գնում եմ, տէ՛ր». ու չգնաց։30Մօտեցաւ միւսին էլ եւ նոյնն ասաց։ Սա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում»։ Բայց յետոյ զղջաց եւ գնաց այգին։ 31Արդ, երկուսից ո՞վ կատարեց հօր կամքը»։ Նրանք ասացին՝ վերջինը։ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսաւորներ ու պոռնիկներ ձեզնից առաջ պիտի հասնեն արքայութիւն, 32որովհետեւ Յովհաննէսը արդարութեան ճանապարհով եկաւ, եւ նրան չհաւատացիք. իսկ մաքսաւորներ ու պոռնիկներ հաւատացին նրան. եւ դուք այդ տեսաք եւ յետոյ էլ չզղջացիք, որ նրան հաւատայիք»։ 33«Լսեցէ՛ք մի այլ առակ. մի տանուտէր կար, որ այգի տնկեց եւ այն ցանկապատեց ու նրա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. ապա այն վարձու տուեց մշակներին եւ գնաց հեռու երկիր։ 34Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն։ 35Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին։ 36Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ թուով աւելի, քան առաջինները։ Եւ սրանց էլ նոյնն արեցին։ 37Յետոյ նրանց մօտ ուղարկեց իր որդուն ու ասաց՝ թերեւս իմ այս որդուց ամաչեն։ 38Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին՝ սա է ժառանգը, եկէք սպանենք սրան եւ սրա ժառանգութիւնը մենք սեփականացնենք։ 39Եւ նրան բռնեցին հանեցին այգուց դուրս եւ սպանեցին։ 40Արդ, երբ այգու տէրը գայ, այդ մշակներին ի՞նչ կ՚անի»։ 41Նրանք ասացին նրան. «Չարերին չարաչար կ՚ոչնչացնի եւ այգին կը տայ այլ մշակների, որոնք նրան կը տան պտուղներն իրենց ժամանակին»։ 42Յիսուս նրանց ասաց. «Սուրբ Գրքերում երբեւիցէ չէ՞ք կարդացել՝ այն վէմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է, որ եղաւ անկիւնաքար. Տիրոջից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է։ 43Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կը վերցուի Աստծու արքայութիւնը եւ կը տրուի այն ազգին, որ պտղաբեր կը դարձնի այն։ 44Եւ ով այս վէմի վրայ ընկնի, կը փշրուի, եւ ում վրայ այն ընկնի, նրան կը ճզմի»։ 45Երբ քահանայապետները եւ օրէնսգէտներ ու փարիսեցիներ նրա առակները լսեցին, իմացան, որ իրենց համար ասաց։ 46Եւ ուզում էին նրան բռնել, բայց վախեցան ժողովրդից, քանի որ իբրեւ մարգարէ էին ընդունում նրան։ 
22 Յիսուս դարձեալ պատասխանեց եւ առակներով ասաց նրանց.2«Երկընքի արքայութիւնը նմանուեց մի թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց։ 3Եւ ուղարկեց իր ծառաներին՝ հրաւիրուածներին հարսանիքի կանչելու. ու նրանք չուզեցին գալ։ 4Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրաւիրուածներին ասացէ՛ք՝ ահա իմ ճաշկերոյթը պատրաստեցի. իմ զուարակները եւ իմ պարարտ անասունները մորթուած են, ու ամէն ինչ պատրաստ է, եկէ՛ք հարսանիքի»։ 5Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին՝ մէկն իր ագարակը, մէկն իր առեւտրին. 6ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատուեցին ու սպանեցին։ 7Իսկ թագաւորը երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը։ 8Ապա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածները արժանի չէին։ 9Արդ, գնացէ՛ք հրապարակները եւ ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի»։ 10Եւ ծառաները ճանապարհների վրայ ելնելով՝ հաւաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ ե՛ւ չարերին, ե՛ւ բարիներին. եւ հարսանիքը լցուեց հրաւիրուածներով։ 11Եւ երբ թագաւորը ներս մտաւ հրաւիրուածներին նայելու, այնտեղ տեսաւ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց. 12«Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար»։ Եւ նա պապանձուեց։ 13Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում.14որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»։15Այն ժամանակ փարիսեցիները գնացին խորհուրդ արեցին նրա մասին, թէ ինչպէս խօսքերով նրան որոգայթ լարեն։ 16Եւ նրա մօտ ուղարկեցին իրենց աշակերտներից ոմանց՝ հերովդէսականների հետ միասին եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախօս ես եւ Աստծու ճանապարհը ճշմարտութեամբ ես ուսուցանում. եւ ոչ մէկից չես քաշւում ու ոչ մի մարդու աչառութիւն չես անում։ 17Արդ, ասա՛ մեզ, ինչպէ՞ս է քեզ թւում. պէ՞տք է հարկ տալ կայսրին, թէ՞՝ ոչ»։ 18Յիսուս հասկացաւ նրանց խորամանկութիւնն ու ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր, 19ինձ հարկի դահեկա՛ն ցոյց տուէք»։ Եւ նրանք մի դահեկան բերեցին։ 20Եւ նա ասաց նրանց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»։ 21Նրանք ասացին՝ կայսրինը։ Այն ժամանակ նրանց ասաց. «Գնացէ՛ք, տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն»։ 22Երբ այս լսեցին, զարմացան եւ թողեցին նրան ու գնացին։ 23Նոյն օրը նրան մօտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թէ յարութիւն չկայ. հարց տուեցին նրան ու ասացին. 24«Վարդապե՛տ, Մովսէսն ասաց, որ՝ եթէ մէկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի եւ իր եղբօրը զաւակ հասցնի։ 25Մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ ու ապա մեռաւ. եւ որովհետեւ զաւակ չունէր, կնոջն իր եղբօրը թողեց։ 26Նոյնպէս եւ երկրորդը եւ երրորդը, մինչեւ եօթներորդը։27Բոլորից յետոյ կինն էլ մեռաւ։ 28Արդ, յարութեան ժամանակ եօթից ո՞ւմ կին կը լինի նա, քանի որ բոլորն էլ նրան իբրեւ կին ունեցան»։29Յիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Մոլորուածնե՛ր, ո՛չ Գրքերն էք հասկանում եւ ո՛չ էլ Աստծու զօրութիւնը. 30որովհետեւ յարութեան ժամանակ ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու գնում, այլ կը լինեն՝ ինչպէս հրեշտակները երկնքում։ 31Բայց մեռելների յարութեան մասին չէ՞ք կարդացել Աստծուց ձեզ ասուածը. 32ե՛ս եմ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը. եւ Աստուած՝ մեռելների Աստուածը չէ, այլ՝ կենդանիների»։ 33Երբ ժողովուրդը այս լսեց, զարմացաւ նրա ուսուցման վրայ։ 34Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թէ նա պապանձեցրեց սադուկեցիներին, ի մի հաւաքուեցին.35եւ նրանցից մէկը նրան փորձելով՝ հարցրեց ու ասաց.36«Վարդապե՛տ, Օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»։ 37Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ 38Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. 39եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը։ 40Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները»։ 41Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց. 42«Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»։ Նրան ասացին՝ Դաւթի։ 43Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է.44«Տէրն իմ տիրոջն ասաց՝ նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան»։ 45Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կը լինի»։ 46Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ։ Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել։ 
23 Այն ժամանակ Յիսուս խօսեց ժողովրդին եւ իր աշակերտներին ու ասաց. 2«Մովսէսի աթոռի վրայ նստեցին օրէնսգէտներն ու փարիսեցիները. 3ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում։4Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք։ 5Եւ իրենց բոլոր գործերն անում են՝ ի ցոյց մարդկանց. լայնացնում են իրենց գրապանակները եւ երկարացնում են իրենց զգեստների ծոպերը։6Սիրում են ընթրիքների ժամանակ պատուոյ տեղերը, ժողովարաններում՝ նախապատիւ աթոռները եւ հրապարակներում ողջոյններ առնել 7ու մարդկանցից կոչուել՝ ռաբբի, որ նշանակում է ուսուցիչ։ 8Բայց դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք։ 9Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր մի՛ կոչէք, որովհետեւ մէ՛կ է ձեր Հայրը, որ երկնքում է։ 10Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետեւ Քրիստոս է ձեր ուսուցիչը։ 11Եւ ձեզնից մեծը ձեր սպասաւորը պիտի լինի։ 12Ով իր անձը բարձրացնում է, կը խոնարհուի. եւ ով խոնարհեցնում է իր անձը, կը բարձրանայ։13Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայութիւնը փակում էք մարդկանց առաջ. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս, որ մտնեն։ 14Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ շրջում էք ծովի ու ցամաքի վրայ՝ անգամ մէկին նորահաւատ դարձնելու համար, եւ երբ նա այդպիսին է դառնում, նրան ձեզանից կրկնակի անգամ աւելի գեհենի որդի էք դարձնում։ 15Վա՜յ ձեզ, կո՛յր առաջնորդներ, որ ասում էք՝ ով որ երդուի տաճարի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի տաճարի մէջ եղած ոսկու վրայ, պարտաւորւում է այն կատարել։ 16Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ոսկի՞ն, թէ՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին։ 17Եւ՝ ով որ երդուի սեղանի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի նրա վրայ գտնուող ընծայի վրայ, պարտաւորւում է այն կատարել։ 18Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ընծա՞ն, թէ՞ սեղանը, որ սրբագործում է ընծան։19Իսկ արդ, ով որ երդուեց սեղանի վրայ, երդուած կը լինի նրա վրայ եւ այն ամենի վրայ, որ սեղանի վրայ է։ 20Եւ ով երդուեց տաճարի վրայ, երդուած կը լինի նրա եւ նրա մէջ բնակուող Աստծու վրայ։ 21Եւ ով երդուեց երկնքի վրայ, երդուած կը լինի Աստծու աթոռի եւ նրա վրայ նստողի վրայ։ 22Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ տալիս էք անանուխի եւ սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել էք օրէնքի ամենից կարեւորները՝ արդարադատութիւնը, ողորմութիւնը եւ հաւատը. հարկ էր այս անել եւ այն չթողնել։ 23Կո՛յր առաջնորդներ, որ մժղուկները քամում էք եւ ուղտերը կուլ էք տալիս։ 24Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում էք, մինչ ներսից նրանք լի են ձեր գողութեամբ եւ անժուժկալութեամբ։ 25Կո՛յր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի եւ պնակի ներսը, որպէսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի։ 26Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականութեամբ։ 27Նոյնպէս եւ դուք, դրսից մարդկանց արդար էք երեւում, մինչ ներսից լի էք կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ։ 28Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ մարգարէների շիրիմներն էք շինում եւ արդարների գերեզմաններն էք զարդարում ու ասում էք. 29«Եթէ մենք մեր հայրերի օրօք լինէինք, մարգարէների սպանութեանը մասնակից չէինք լինի»։ 30Ապա ուրեմն դուք ինքներդ ձեր մասին վկայում էք, թէ որդիներն էք նրանց, որոնք կոտորում էին մարգարէներին։ 31Ուրեմն դուք էլ լրացրէ՛ք ձեր հայրերի արածը»։ 32«Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից։ 33Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք, 34որպէսզի ձեր վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ։ 35Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ»։ 36«Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք։37Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ. 38բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք՝ օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»։ 
24 Յիսուս տաճարից դուրս ելած՝ գնում էր. եւ աշակերտները մօտեցան՝ նրան ցոյց տալու տաճարի շինութիւնները։ 2Եւ նա պատասխանեց ու նրանց ասաց. «Տեսնո՞ւմ էք այդ ամէնը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ չպիտի մնայ քար քարի վրայ, որ չքանդուի»։ 3Եւ մինչ դեռ նստած էր Ձիթենեաց լերան վրայ, աշակերտները առանձին մօտեցան նրան ու ասացին. «Ասա՛ մեզ, այդ ե՞րբ կը լինի, եւ կամ քո գալստեան ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կը լինի»։ 4Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ եղէք, գուցէ մէկը ձեզ խաբի.5որովհետեւ շատերը կը գան իմ անունով ու կ՚ասեն, թէ՝ ես եմ Քրիստոսը. եւ շատերին կը մոլորեցնեն։ 6Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ։ 7Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ։ 8Սակայն այս ամէնը սկիզբն է երկանց։ 9Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք։ 10Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն եւ միմեանց պիտի մատնեն ու միմեանց պիտի ատեն։ 11Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն։ 12Եւ անօրինութեան շատանալուց՝ շատերի սէրը պիտի ցամաքի։ 13Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի։ 14Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը»։ 15«Արդ, երբ տեսնէք սարսափելի սրբապղծութիւնը, - որի մասին ասուած է Դանիէլ մարգարէի միջոցով, - որ հաստատուած է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ), 16այն ժամանակ, ովքեր Հրէաստանում կը լինեն, թող փախչեն լեռները. 17եւ ով տանիքի վրայ կը լինի, իր տնից բան վերցնելու համար թող ցած չիջնի. 18եւ ով հանդում կը լինի, իր վերնազգեստը վերցնելու համար թող յետ չդառնայ։ 19Բայց վա՜յ այդ օրերին յղիներին ու ստնտուներին։ 20Աղօթեցէ՛ք, որ ձեր փախուստը չլինի ձմրանը եւ ոչ էլ շաբաթ օրը. 21որովհետեւ այդ ժամանակ մեծ նեղութիւն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ այլեւս չի էլ լինի։ 22Եւ եթէ այդ օրերը չկարճեցուէին, ոչ մի մարմին չէր ազատուի. բայց ընտրեալների պատճառով այդ օրերը պիտի կարճեցուեն։ 23Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի՝ ահա՛ Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ, չհաւատաք նրան. 24որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ Աստծու ընտրեալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթէ հնար լինի։ 25Ահա ձեզ առաջուց ասացի։ 26Ապա եթէ ձեզ ասեն՝ ահա՛ անապատի մէջ է, չելնէք, կամ թէ՝ ահա՛ մառանում է, չհաւատաք. 27որովհետեւ ինչպէս փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կը լինի։28Ուր որ դիակն է, այնտե՛ղ կը հաւաքուեն արծիւները»։ 29«Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինը իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն։ 30Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով։ 31Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը»։32«Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ, երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կ՚իմանաք, որ ամառը մօտ է։ 33Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ։ 34Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի։ 35Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն»։ 36«Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը։ 37Եւ ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը.38որովհետեւ, ինչպէս որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, - երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտաւ, 39ու նրանք բան չիմացան մինչեւ որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց տարաւ բոլորին, - այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանն էլ։ 40Այն ժամանակ, եթէ դաշտի մէջ երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի։ 41Եւ եթէ երկու կին աղան մի երկանքի վրայ, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի։ 42Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ ո՛ր ժամին կը գայ ձեր Տէրը։ 43Ա՛յս իմացէք. եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, կը հսկէր եւ չէր թողնի, որ իր տունը ծակեն։ 44Դրա համար դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասում, մարդու Որդին կը գայ»։ 45«Իսկ ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որին իր տէրը իր ծառաների վրայ կարգեց՝ իր ժամին կերակուր տալու համար նրանց։ 46Երանի՜ է այն ծառային, որին տէրը, գալով, կը գտնի այդպէս արած։ 47Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան կը կարգի իր ամբողջ ունեցուածքի վրայ։ 48Իսկ եթէ չար ծառան իր մտքում ասի՝ իմ տէրը ուշանում է գալ, 49եւ սկսի իր ծառայակիցներին հարուածել եւ հարբեցողների հետ ուտի եւ խմի, 50եւ այդ ծառայի տէրը գայ այն օրը, երբ չէր սպասում, եւ այն ժամին, երբ չէր իմանում, 51նրան կը սպանի եւ կեղծաւորների վախճանին կ՚արժանացնի. այնտեղ կը լինի լաց ու ատամների կրճտում»։ 
25 «Այն ժամանակ երկնքի արքայութիւնը պիտի նմանեցուի տասը կոյսերի, որոնք իրենց լապտերներն առած՝ փեսային եւ հարսին դիմաւորելու ելան։ 2Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն։3Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին։ 4Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին։ 5Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին եւ քուն մտան։ 6Եւ կէսգիշերին ձայն լսուեց՝ ահա՛ փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք։ 7Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին։ 8Յիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ իւղից տուէ՛ք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգչում են»։ 9Իմաստունները պատասխան տուեցին եւ ասացին. «Գուցէ թէ՛ մեզ եւ թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ եւ ձեզ համար գնեցէ՛ք»։ 10Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց։ 11Յետոյ եկան միւս կոյսերն էլ ու ասացին. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա»։ 12Նա պատասխան տուեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»։13Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»։14«Նոյնպէս, մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին եւ իր ունեցուածքը նրանց տուեց. 15մէկին տուեց հինգ քանքար, միւսին՝ երկու եւ մի ուրիշին՝ մէկ. իւրաքանչիւրին ըստ իր կարողութեան. եւ գնաց։ 16Ով հինգն առաւ, իսկոյն գնաց, դրանով գործ արեց եւ հինգ եւս շահեց։ 17Նոյնպէս նա էլ, որ երկուսն առաւ, երկու եւս շահեց։ 18Իսկ ով մէկն առաւ, գնաց հողը փորեց եւ իր տիրոջ դրամը թաքցրեց։ 19Շատ ժամանակ անց, այն ծառաների տէրը եկաւ եւ նրանց հետ հաշիւ տեսաւ։ 20Ով հինգ քանքար էր առել, մօտենալով՝ հինգ քանքար եւս տուեց ու ասաց. «Տէ՛ր, հինգ քանքար տուիր ինձ. արդ, ահաւասիկ վրան հինգ քանքար եւս շահեցի»։ 21Իր տէրը նրան ասաց. «Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»։ 22Ով երկու քանքարն էր առել, նա էլ մօտեցաւ ու ասաց. «Տէ՛ր, ինձ երկու քանքար տուիր, ահաւասիկ երկու այլ քանքար եւս, որ դրանց վրայ շահեցի»։ 23Իր տէրը նրան ասաց. «Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»։ 24Մօտեցաւ նաեւ նա, որ մէկ քանքար էր առել, ու ասաց. «Տէ՛ր, գիտէի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, եւ հաւաքում ես այնտեղից, ուր չես ցանել. 25վախեցայ. գնացի եւ թաքցրի քո այս քանքարը հողի մէջ։ Արդ, ահա՛ւասիկ, քոնը՝ քեզ»։ 26Տէրը պատասխան տուեց եւ ասաց նրան. «Չա՛ր եւ ծո՛յլ ծառայ, գիտէիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, եւ հաւաքում այնտեղից, ուր չեմ ցանել. 27դու պէտք է իմ այդ դրամը լումայափոխների մօտ դնէիր, եւ ես, գալով, տոկոսով միասին պահանջէի այն, ինչ որ իմն է։ 28Արդ, դրանից առէ՛ք այդ քանքարը եւ տուէ՛ք նրան, ով տասը քանքար ունի. 29քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի։ 30Իսկ այդ անպիտան ծառային հանեցէ՛ք դուրս, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում»։31«Արդ, երբ որ մարդու Որդին գայ իր փառքով եւ բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, 32ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմեանցից պիտի զատի, ինչպէս մի հովիւ, որ զատում է ոչխարները այծերից։ 33Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին։ 34Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը. 35որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր տուիք՝ խմելու. օտար էի, եւ ինձ ձեր մէջ առաք, 36մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք»։ 37Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք. 38ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք. 39ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի»։ 40Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»։ 41Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. «Անիծեալնե՛ր, գնացէ՛ք ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի եւ իր հրեշտակների համար. 42որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք չտուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր չտուիք, 43օտար էի, եւ ինձ ձեր մէջ չառաք, մերկ էի, եւ ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, եւ ինձ տեսնելու չեկաք»։ 44Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք»։ 45Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ այս փոքրերից մէկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք»։ 46Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք»։ 
26 Երբ Յիսուս այս բոլոր խօսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասաց. 2«Գիտէք, որ երկու օր յետոյ զատիկ է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»։ 3Այն ժամանակ քահանայապետները եւ օրէնսգէտներն ու ժողովրդի ծերերը հաւաքուեցին Կայիափա անունով քահանայապետի դահլիճը 4եւ խորհուրդ արեցին, որպէսզի նենգութեամբ բռնեն Յիսուսին ու սպանեն։ 5Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»։ 6Երբ Յիսուս եկաւ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը, 7նրան մօտեցաւ մի կին, որ մի շիշ թանկարժէք իւղ ունէր, եւ թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել։ 8Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ իւղի այդ վատնումը, 9քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին»։ 10Յիսուս իմացաւ ու նրանց ասաց. «Ինչո՞ւ էք նեղութիւն տալիս այդ կնոջը. նա իմ հանդէպ մի բարի գործ կատարեց. 11աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք, բայց ինձ միշտ ձեզ հետ չէք ունենայ։ 12Իմ մարմնի վրայ այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց։ 13Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Աւետարանը քարոզուի, պիտի պատմուի դրա յիշատակին, նաեւ ինչ որ դա արեց»։ 14Այն ժամանակ Տասներկուսից մէկը՝ Յուդա Իսկարիովտացի կոչուածը, գնաց քահանայապետների մօտ ու ասաց. 15«Ի՞նչ կը կամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»։ Եւ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան։16Դրանից յետոյ նա առիթ էր որոնում, որ նրան մատնի նրանց։ 17Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Ո՞ւր ես կամենում՝ պատրաստենք քեզ համար զատկական ընթրիքը, որ ուտես»։ 18Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէ՛ք քաղաք այսինչ անձի մօտ եւ նրան ասացէ՛ք. «Վարդապետն ասում է՝ իմ ժամանակը մօտեցել է, քեզ մօտ եմ անելու զատիկը իմ աշակերտների հետ միասին»։ 19Եւ աշակերտները արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայեց, ու պատրաստեցին զատկական ընթրիքը։ 20Եւ երբ երեկոյ եղաւ, տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել։21Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկն ինձ մատնելու է»։ 22Եւ նրանք խիստ տխրեցին. նրանցից իւրաքանչիւրն սկսեց ասել նրան. «Միթէ ե՞ս եմ, Տէ՛ր»։ 23Նա պատասխան տուեց ու ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մէջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու։ 24Մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս նրա մասին գրուած է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի մարդու Որդին։ Աւելի լաւ կը լինէր նրա համար, եթէ այդ մարդը ծնուած չլինէր»։ 25Յուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Միթէ ե՞ս եմ, Վարդապե՛տ»։ Նրան ասաց՝ դու ասացիր։ 26Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»։ 27Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. 28«Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար։ 29Բայց ասում եմ ձեզ, այսուհետեւ ես այլեւս որթատունկի բերքից չեմ խմի մինչեւ այն օրը, երբ ձեզ հետ կը խմեմ նորը իմ Հօր արքայութեան մէջ»։ 30Եւ օրհներգեցին ու ելան Ձիթենեաց լեռը։ 31Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Դուք ամէնքդ այս գիշեր իմ պատճառով գայթակղուելու էք. որովհետեւ գրուած է, թէ՝ հովուին պիտի հարուածեմ, եւ հօտի ոչխարները պիտի ցրուեն։ 32Եւ իմ յարութիւն առնելուց յետոյ, ձեզնից առաջ պիտի գնամ Գալիլիա»։33Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թէպէտ եւ ամէնքը քո պատճառով գայթակղուեն, սակայն ես չեմ գայթակղուի»։ 34Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»։ 35Պետրոսը նրան ասաց. «Թէ քեզ հետ մեռնել իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանայ»։ Նոյնն ասացին բոլոր աշակերտներն էլ։ 36Այն ժամանակ Յիսուս նրանց հետ եկաւ մի տեղ, որի անունը Գեթսեմանի էր, եւ նրանց ասաց. «Նստեցէ՛ք այդտեղ, մինչեւ որ գնամ աղօթեմ»։ 37Եւ իր հետ վերցնելով Պետրոսին եւ Զեբեդէոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել եւ տագնապել։ 38Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացէք եւ ինձ հետ հսկեցէ՛ք»։ 39Եւ մի փոքր առաջ գնալով՝ ընկաւ իր երեսի վրայ, աղօթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու»։ 40Նա եկաւ աշակերտների մօտ եւ նրանց քնի մէջ գտաւ ու Պետրոսին ասաց. «Այդպէ՜ս, չկարողացա՞ք մէկ ժամ արթուն մնալ ինձ հետ։ 41Արթո՛ւն մնացէք եւ աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք. հոգիս յօժար է, բայց մարմինս՝ տկար»։ 42Դարձեալ, երկրորդ անգամ, Յիսուս գնաց աղօթքի կանգնեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կը խմեմ. քո կա՛մքը թող լինի»։ 43Եւ գալով՝ դարձեալ նրանց քնի մէջ գտաւ, որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին։ 44Թողեց նրանց ու երրորդ անգամ գնաց աղօթքի կանգնեց. եւ դարձեալ նոյն խօսքն ասաց։ 45Այն ժամանակ եկաւ աշակերտների մօտ ու նրանց ասաց. «Ննջեցէ՛ք այսուհետեւ ու հանգստացէ՛ք, քանի որ ահա ժամը հասել է, եւ մարդու Որդին մեղաւորների ձեռքն է մատնւում։ 46Վե՛ր կացէք գնանք այստեղից. որովհետեւ ահա հասաւ նա, ով ինձ մատնելու է»։ 47Եւ մինչ նա դեռ այսպէս խօսում էր, ահա Յուդան՝ Տասներկուսից մէկը, եկաւ. ու նրա հետ՝ քահանայապետների եւ ժողովրդի ծերերի կողմից բազում ամբոխ՝ սրերով ու մահակներով։ 48Եւ նա, որ նրան մատնելու էր, նրանց նշան էր տուել ու ասել. «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրան կը բռնէք»։ 49Եւ սա իսկոյն մօտենալով Յիսուսին՝ ասաց. «Ողջո՜յն, Վարդապե՛տ». ու նրա հետ համբուրուեց։ 50Իսկ Յիսուս նրան ասաց. «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար»։ Այն ժամանակ, մօտենալով, ձեռք բարձրացրին Յիսուսի վրայ ու նրան բռնեցին։ 51Եւ ահա Յիսուսի հետ գտնուողներից մէկը ձեռքը երկարեց եւ իր սուրը հանեց ու հարուածեց քահանայապետի ծառային եւ նրա ականջը կտրեց պոկեց։ 52Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետեւ, ովքեր սուր են վերցնում, սրով կ՚ընկնեն։ 53Եւ կամ կարծո՞ւմ ես, թէ չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր։ 54Էլ ինչպէ՞ս պիտի կատարուէին Սուրբ Գրքերում գրուածները, թէ՝ այսպէս պէտք է լինի»։55Այն ժամանակ Յիսուս ամբոխին ասաց. «Սրերով եւ մահակներով իմ դէմ էք ելել՝ բռնելու ինձ իբրեւ մի աւազակի՞։ Միշտ ձեզ մօտ, տաճարում նստում էի եւ ուսուցանում, ու ինձ չբռնեցիք. 56բայց այս բոլորը եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»։ Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ թողեցին նրան ու փախան։ 57Իսկ նրանք բռնելով Յիսուսին՝ տարան Կայիափա քահանայապետի մօտ, ուր օրէնսգէտներն ու ծերերը հաւաքուել էին։ 58Եւ Պետրոսը հեռուից նրան հետեւելով՝ գնաց մինչեւ քահանայապետի գաւիթը եւ ներս մտնելով՝ սպասաւորների հետ նստեց՝ տեսնելու համար վախճանը։59Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը Յիսուսի մասին սուտ վկայութիւն էին փնտռում, որպէսզի նրան սպանեն, 60բայց ներկայացող բազում սուտ վկաների մէջ չէին գտնում այն։ Յետոյ առաջ եկան երկու սուտ վկաներ. 61ասացին. «Սա ասում էր՝ Աստծու տաճարը կարող եմ քանդել եւ երեք օրում շինել»։ 62Եւ քահանայապետը վեր կենալով՝ նրան ասաց. «Պատասխան չե՞ս տալիս, քո մասին ի՞նչ ամբաստանութիւն են անում դրանք»։ 63Եւ Յիսուս լուռ էր մնում։ Քահանայապետը խօսեց եւ նրան ասաց. «Երդուեցնում եմ քեզ կենդանի Աստուծով, որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։ 64Յիսուս նրան ասաց. «Դու ասացիր։ Բայց ասում եմ ձեզ. այսուհետեւ մարդու Որդուն կը տեսնէք նստած ամենազօր Աստծու աջ կողմում եւ եկած երկնքի ամպերի վրայով»։ 65Այն ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ինչի՞ են պէտք մեզ վկաներ. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը։ 66Ի՞նչ է ձեր կամքը»։ Նրանք պատասխանեցին ու ասացին՝ մահապարտ է։ 67Այն ժամանակ թքեցին նրա երեսին, բռունցքով հարուածեցին նրան, եւ ոմանք էլ ապտակեցին նրան ու ասացին. 68«Մարգարէացի՛ր մեզ, դո՛ւ, Քրիստո՛ս, ո՞վ է, որ քեզ հարուածեց»։ 69Իսկ Պետրոսը նստած էր դուրսը՝ գաւթում. մի աղախին մօտեցաւ նրան ու ասաց. «Դո՛ւ էլ գալիլիացի Յիսուսի հետ էիր»։ 70Նա ուրացաւ բոլորի առաջ ու ասաց. «Չգիտեմ՝ դու ինչ ես խօսում»։ 71Եւ երբ նա գաւթից դուրս ելաւ, նրան տեսաւ մի այլ կին եւ այնտեղ կանգնածներին ասաց. «Սա էլ Յիսուս Նազովրեցու հետ էր»։ 72Եւ դարձեալ նա երդումով ուրացաւ, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում։ 73Եւ մի քիչ յետոյ այնտեղ գտնուողները, մօտենալով, Պետրոսին ասացին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ քո խօսուածքն էլ քեզ յայտնի է անում»։ 74Այն ժամանակ նա սկսեց նզովք կարդալ ու երդուել, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում։ Եւ իսկոյն աքաղաղը կանչեց։ 75Եւ Պետրոսը յիշեց Յիսուսի խօսքը, որ նա ասել էր, թէ՝ դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ինձ պիտի ուրանաս։ Եւ դուրս ելնելով՝ դառնապէս լաց եղաւ։ 
27 Երբ առաւօտ եղաւ, բոլոր քահանայապետները եւ ժողովրդի ծերերը խորհուրդ արեցին Յիսուսի դէմ՝ նրան սպանելու համար։ 2Նրան կապեցին, առան գնացին եւ յանձնեցին պոնտացի Պիղատոս կուսակալի ձեռքը։ 3Այն ժամանակ Յուդան, որ Յիսուսին մատնել էր, տեսնելով, որ Յիսուս դատապարտուեց, զղջաց, արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետներին եւ ժողովրդի ծերերին ու ասաց.4«Մեղանչեցի, որովհետեւ արդար արիւն մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»։ 5Եւ արծաթ դրամները նետեց տաճարի մէջ եւ հեռացաւ ու գնաց ինքն իրեն կախեց։ 6Իսկ քահանայապետները արծաթ դրամները վերցնելով՝ ասացին. «Օրինաւոր չէ դրանք ընդունել տաճարի գանձանակի մէջ, քանի որ արեան գին են»։ 7Եւ խորհուրդ անելով՝ դրանով գնեցին բրուտի ագարակը՝ որպէս գերեզման օտարների համար։ 8Այդ պատճառով այդ ագարակը կոչուել է Արեան ագարակ՝ մինչեւ այսօր։ 9Այն ժամանակ կատարուեց, ինչ ասուել էր Երեմիա մարգարէի բերանով. «Եւ առան երեսուն կտոր արծաթը՝ վաճառուածի գինը, որ նշանակուել էր իսրայէլացիներից, 10եւ այն տուեցին բրուտի ագարակի համար, ինչպէս Տէրը ինձ հրամայել էր»։ 11Եւ Յիսուս կանգնեց կուսակալի առաջ. կուսակալը հարցրեց նրան ու ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագաւորը»։ Եւ Յիսուս ասաց. «Դու ես ասում»։ 12Իսկ երբ նա ամբաստանւում էր քահանայապետների ու ծերերի կողմից, ոչինչ չպատասխանեց։ 13Այն ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, ինչքան դրանք քո դէմ են վկայում»։ 14Եւ նրան չպատասխանեց եւ ոչ մի բան, այնպէս որ կուսակալը շատ զարմացաւ։ 15Սակայն կուսակալը սովորութիւն ունէր տօնի առիթով ժողովրդի համար արձակել մի բանտարկեալ, ում նրանք կամենային։ 16Այն ժամանակ ունէին մի նշանաւոր բանտարկեալ, որի անունը Յեսու Բարաբբա էր։ 17Երբ հաւաքուեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ. Յեսու Բարաբբայի՞ն, թէ՞ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին». 18քանի որ Պիղատոսը գիտէր, որ նախանձից մատնել էին նրան։ 19Եւ մինչ նա ատեան էր նստում, իր կինը նրան լուր ուղարկեց ու ասաց. «Քո եւ այդ արդարի միջեւ ոչինչ չկայ, որովհետեւ այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»։ 20Իսկ քահանայապետներն ու ծերերը համոզեցին ժողովրդին, որ Բարաբբային ուզեն եւ Յիսուսին կորստեան մատնեն։ 21Կուսակալը պատասխան տուեց ու ասաց նրանց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ»։ 22Եւ նրանք ասացին՝ Բարաբբային։ Պիղատոսը նրանց ասաց. «Իսկ ի՞նչ անեմ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին»։ 23Ամէնքը ասացին՝ թող խաչուի։ Եւ նա ասաց. «Ի՞նչ չար բան արեց»։ Եւ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում՝ թող խաչուի։ 24Եւ Պիղատոսը տեսնելով, թէ ոչինչ չի օգնում, այլ է՛լ աւելի խռովութիւն է լինում, ջուր վերցնելով՝ լուաց ձեռքերը ժողովրդի առաջ ու ասաց. «Այդ արդարի արիւնից ես անմասն եմ. դո՛ւք գիտէք»։ 25Ամբողջ ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Դրա արիւնը՝ մեր վրայ եւ մեր որդիների վրայ»։ 26Այն ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային եւ Յիսուսին գանակոծել տալով՝ տուեց նրանց ձեռքը, որ խաչուի։ 27Այն ժամանակ կուսակալի զինուորները Յիսուսին վերցրին տարան ապարանք եւ ամբողջ գունդը նրա գլխին հաւաքեցին։ 28Մերկացրին նրան եւ նրա վրայ կարմիր վերնազգեստ գցեցին։ 29Եւ փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին եւ մի եղէգ՝ նրա աջ ձեռքին. նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին ու ասում. «Ողջո՜յն, հրեաների՛ թագաւոր»։ 30Եւ թքելով նրա վրայ՝ եղէգն առնում էին ու խփում նրա գլխին։ 31Եւ երբ նրան ծաղրուծանակի ենթարկեցին, նրա վրայից հանեցին քղամիդը ու նրան հագցրին իր զգեստը. եւ տարան նրան խաչը հանելու։ 32Եւ դուրս ելնելով՝ գտան կիւրենացի մի մարդ՝ Սիմոն անունով, ու նրան ստիպեցին, որ նա խաչը կրի։ 33Եւ հասնելով Գողգոթա կոչուած տեղը, որ նշանակում է կառափնատեղի, 34Յիսուսին լեղի խառնած գինի տուեցին խմելու, եւ երբ համտեսեց, չկամեցաւ խմել։ 35Եւ նրան խաչը հանելով՝ բաժանեցին նրա զգեստները՝ վիճակ գցելով, որպէսզի կատարուի այն խօսքը, որ ասուեց մարգարէի կողմից. «Իմ զգեստները բաժանեցին իրենց մէջ եւ իմ պատմուճանի վրայ վիճակ էին գցում»։ 36Ու նստած՝ նրան պահպանում էին։ 37Եւ նրա գլխի վերեւը դրեցին նրա յանցապարտութեան գիրը, թէ՝ սա՛ է Յիսուսը՝ հրեաների թագաւորը։ 38Միեւնոյն ժամանակ նրա հետ խաչը հանեցին երկու աւազակներ՝ մէկը նրա աջից, եւ միւսը՝ ձախից։ 39Եւ մօտով անցնողները հայհոյում էին նրան, շարժում էին գլուխներն ու ասում.40«Վա՛հ, դու որ քանդում էիր տաճարը եւ երեք օրից այն շինում, փրկի՛ր քեզ. եթէ Աստծու Որդի ես, իջի՛ր այդ խաչից»։ 41Նոյնպէս եւ քահանայապետները, օրէնսգէտներով ու ծերերով հանդերձ, ծաղրում էին նրան ու ասում. 42«Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել. եթէ Իսրայէլի թագաւոր է, հիմա թող այդ խաչից իջնի. եւ դրան կը հաւատանք։ 43Եթէ դա յոյսը դրել էր Աստծու վրայ, թող նա այժմ դրան փրկի, եթէ ուզում է դրան. քանի որ ասաց, թէ՝ Աստծու Որդի եմ»։44Նրա հետ խաչուած աւազակներն էլ էին նոյն ձեւով նախատում նրան։ 45Եւ կէսօրին ամբողջ երկրի վրայ խաւար եղաւ մինչեւ ժամը երեքը։ 46Ժամը երեքի մօտ Յիսուս բարձր ձայնով գոչեց ու ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ։ 47Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին, ասացին. «Դա Եղիային է կանչում»։ 48Եւ նրանցից մէկը իսկոյն վազեց, քացախով թաթախուած սպունգ վերցրեց եւ մի եղէգի վրայ անցկացնելով՝ տուեց նրան, որ խմի։ 49Իսկ ուրիշներ ասում էին. «Թո՛ղ, տեսնենք, թէ Եղիան կը գա՞յ, որ դրան փրկի»։ 50Եւ Յիսուս դարձեալ բարձր ձայնով աղաղակեց եւ հոգին աւանդեց։ 51Եւ ահա տաճարի վարագոյրը վերեւից մինչեւ ներքեւ երկուսի պատռուեց, եւ երկիրը շարժուեց, եւ ժայռեր ճեղքուեցին, 52եւ գերեզմանները բացուեցին, եւ ննջեցեալ սրբերի բազում մարմիններ յարութիւն առան 53ու նրա յարութիւնից յետոյ գերեզմաններից ելնելով մտան սուրբ քաղաքը եւ շատերին երեւացին։ 54Իսկ հարիւրապետը եւ նրանք, որ իր հետ Յիսուսին պահպանում էին, երբ տեսան երկրաշարժը եւ պատահածները, սաստիկ վախեցան ու ասացին. «Արդարեւ, Աստծու Որդի էր սա»։ 55Այնտեղ շատ կանայք կային, որոնք կանգնած հեռուից նայում էին եւ որոնք Գալիլիայից եկել էին Յիսուսի յետեւից՝ նրան ծառայելու համար. 56նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Յակոբի եւ Յովսէի մայր Մարիամը եւ Զեբեդէոսի որդիների մայրը։57Երբ երեկոյ եղաւ, եկաւ Յովսէփ անունով արիմաթիացի մի մեծահարուստ մարդ, որ Յիսուսին աշակերտել էր։ 58Սա Պիղատոսի մօտ գնալով՝ Յիսուսի մարմինը խնդրեց։ Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրուի։ 59Եւ Յովսէփը, մարմինն առնելով, պատեց մաքուր կտաւով 60եւ դրեց նոր գերեզմանի մէջ, որ փորել էր տուել ժայռի մէջ։ Եւ մի մեծ քար, որպէս կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց։ 61Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը. նրանք նստած էին գերեզմանի դիմաց։ 62Եւ հետեւեալ օրը, որ ուրբաթի յաջորդ օրն է, քահանայապետներն ու փարիսեցիները հաւաքուեցին Պիղատոսի մօտ ու ասացին. 63«Տէ՛ր, յիշեցինք, թէ այն մոլորեցնողը, քանի կենդանի էր, ասում էր, թէ՝ երեք օրից յարութիւն պիտի առնեմ։ 64Արդ, հրամայի՛ր, որ մինչեւ երեք օր գերեզմանի ապահովութեանը հոգ տարուի. գուցէ աշակերտները գիշերով գան եւ գողանան նրան ու ժողովրդին ասեն, թէ՝ մեռելներից յարութիւն առաւ. եւ վերջին մոլորութիւնը աւելի վատ լինի, քան առաջինը»։ 65Պիղատոսը նրանց ասաց. «Զինուորներ ունէք. գնացէ՛ք ապահովութեանը հոգ տարէք, ինչպէս որ գիտէք»։ 66Եւ նրանք գնացին գերեզմանի ապահովութեանը հոգ տանելու եւ վէմը կնքեցին՝ զինուորներ նշանակելով։ 
28 Շաբաթ օրուայ երեկոյեան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ 2Եւ ահա մեծ երկրաշարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով՝ մօտեցաւ, դռնից վէմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրայ։3Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպէս ձիւնը։ 4Նրա ահից պահապանները խռովուեցին եւ մեռելների պէս եղան։ 5Հրեշտակը խօսեց ու կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցէք, գիտեմ, որ փնտռում էք Յիսուսին, որ խաչուեց. 6այստեղ չէ նա, քանի որ յարութիւն առաւ, ինչպէս ինքն ասել էր. եկէ՛ք, տեսէ՛ք այն տեղը, ուր պառկած էր։ 7Եւ իսկոյն գնացէ՛ք, ասացէ՛ք նրա աշակերտներին, թէ յարութիւն առաւ. եւ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կը տեսնէք։ Ահա ասացի ձեզ»։ 8Եւ իսկոյն, ահով եւ մեծ ուրախութեամբ, գերեզմանից դուրս ելնելով՝ վազեցին աշակերտներին պատմելու։ 9Եւ յանկարծ Յիսուս նրանց դիմացը ելաւ ու ասաց՝ ողջո՜յն ձեզ. եւ նրանք մօտենալով՝ նրա ոտքերին փարուեցին ու երկրպագեցին նրան։ 10Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Մի՛ վախեցէք. գնացէ՛ք ասացէք իմ եղբայրներին, որ գնան Գալիլիա եւ այնտեղ ինձ տեսնեն»։11Երբ նրանք գնացին, ահա զինուորներից ոմանք քաղաք եկան ու12քահանայապետներին պատմեցին այն բոլորը, ինչ որ պատահել էր։13Եւ նրանք ծերերի հետ միասին հաւաքուելով՝ խորհուրդ արեցին, շատ դրամ տուեցին զինուորներին ու ասացին. 14«Կ՚ասէք, թէ նրա աշակերտները, գիշերով գալով, գողացան նրան, մինչ մենք քնի մէջ էինք։ 15Եւ եթէ այդ լուրը կուսակալին հասնի, մենք նրան կը գոհացնենք եւ ձեզ հոգսից կ՚ազատենք»։ 16Եւ նրանք դրամն առնելով՝ արեցին այնպէս, ինչպէս որ իրենց սովորեցրել էին։ Եւ այս զրոյցը տարածուած է հրեաների մէջ մինչեւ այսօր։ 17Իսկ տասնմէկ աշակերտները գնացին Գալիլիա, այն լեռը, ուր Յիսուս իրենց հետ ժամադրուել էր։ 18Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին։ 19Եւ Յիսուս մօտենալով՝ խօսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրուած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ 20Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։21Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի։ Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»։

 







Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Варенье из неспелого инжира

Варенье из неспелого инжираПромыть отобранный мелкий зеленый инжир, оставить в...

Грибной суп (снкапур)

Грибной суп (снкапур)Сушеные грибы тщательно промыть, замочить на 3 -...

Бозбаш «шушинский»

Бозбаш «шушинский»Баранью грудинку нарезать на куски по 35 - 40...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта