ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ - 2

(3 голоса, среднее 5.00 из 5)
Индекс материала
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
2
Все страницы


11 Երբ մօտեցան Երուսաղէմին, Բեթփագէին եւ Բեթանիային, Ձիթենեաց լերան մօտ, նա ուղարկեց աշակերտներից երկուսին եւ նրանց ասաց. 2«Դուք գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է. եւ հէնց որ այնտեղ մտնէք, կը գտնէք մի կապուած աւանակ, որի վրայ ոչ մի մարդ արարած չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք։ 3Եւ եթէ մէկը ձեզ ասի. «Այդ աւանակը ինչո՞ւ էք արձակում», կ՚ասէք. «Տիրոջը պէտք է». եւ նա իսկոյն դրան այստեղ կ՚ուղարկի»։ 4Գնացին եւ գտան աւանակը՝ կապուած դռան մօտ, դրսում, փողոցի մէջ, եւ այն արձակեցին։ 5Եւ այնտեղ կանգնածներից ոմանք ասացին նրանց. «Ի՞նչ էք անում, ինչո՞ւ էք այդ աւանակն արձակում»։ 6Եւ նրանք նրանց ասացին, ինչպէս Յիսուս ասել էր. ու նրանց թոյլ տուին։ 7Աւանակը բերեցին Յիսուսի մօտ. եւ դրա վրայ զգեստներ գցեցին, եւ Յիսուս նստեց դրա վրայ։ 8Եւ շատեր իրենց զգեստները փռում էին ճանապարհին. եւ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու գցում ճանապարհի վրայ։ 9Եւ նրանք, որ առաջից ու յետեւից էին գնում, աղաղակում էին եւ ասում. «Ովսաննա՜ Բարձրեալին, օրհնեա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով. 10օրհնեա՜լ լինի մեր հօր՝ Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է։ Խաղաղութի՜ւն՝ երկնքում եւ փա՜ռք՝ բարձունքներում»։ 11Եւ Յիսուս մտաւ Երուսաղէմ, գնաց տաճար ու նայեց իր շուրջը, ամէն ինչի վրայ. եւ որովհետեւ երեկոյի ժամ էր, բարձրացաւ Բեթանիա՝ Տասներկուսի հետ միասին։12Յաջորդ օրը, մինչ Բեթանիայից դուրս էին գալիս, Յիսուս քաղցած էր։13Եւ հեռուից մի տերեւալից թզենի տեսնելով՝ եկաւ, որ թերեւս նրա վրայ մի բան գտնի. եւ երբ նրան մօտեցաւ, ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ, որովհետեւ տակաւին թզի ժամանակը չէր։ 14Յիսուս խօսքը թզենուն ուղղեց եւ ասաց. «Էլ քեզնից ոչ ոք պտուղ չուտի յաւիտեան»։ Եւ նրա աշակերտները լսում էին։ 15Եկան Երուսաղէմ. եւ Յիսուս տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել տաճարում գտնուող վաճառողներին ու գնորդներին եւ լումայափոխների սեղանները ցրեց ու աղաւնեվաճառների աթոռները շուռ տուեց. 16եւ չէր թողնում, որ որեւէ մէկը տաճարի միջով նոյնիսկ որեւէ բան անցկացնի։ 17Եւ ուսուցանում էր նրանց ու ասում. «Գրուած է՝ իմ տունը բոլոր ազգերի համար աղօթքի տուն է կոչուելու, իսկ դուք այն դարձրել էք աւազակների որջեր»։ 18Քահանայապետներն ու օրէնսգէտները լսեցին այս եւ մի միջոց էին փնտռում, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան, բայց վախենում էին նրանից, որովհետեւ ամբողջ ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրայ։ 19Երբ երեկոյ եղաւ, քաղաքից դուրս ելան։ 20Յաջորդ օրը, առաւօտեան, մինչ նոյն ճանապարհից էին անցնում, թզենին արմատից չորացած տեսան։ 21Պետրոսը յիշեց եւ ասաց նրան. «Ռաբբի՛, ահաւասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է»։22Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ Աստծու հանդէպ հաւատ ունենաք, 23ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լերանն ասի՝ ե՛լ եւ ծո՛վն ընկիր, եւ իր սրտում չկասկածի, այլ հաւատայ, թէ ինչ որ ասում է, կը լինի, նա ինչ էլ ասի, կը կատարուի։ 24Դրա համար ասում եմ ձեզ. ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ։ 25Եւ երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները»։ 26Դարձեալ Երուսաղէմ եկան. եւ մինչ նա այնտեղ, տաճարում շրջում էր, նրա մօտ եկան քահանայապետները, օրէնսգէտները եւ ծերերը 27ու ասացին նրան. «Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»։ 28Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ, պատասխանեցէ՛ք ինձ, եւ ես ձեզ կ՚ասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում։ 29Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞՝ մարդկանցից. պատասխանեցէ՛ք ինձ»։ 30Նրանք իրար միջեւ խորհում էին ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, մեզ կ՚ասի՝ իսկ ինչո՞ւ նրան չհաւատացիք. 31իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում». որովհետեւ բոլորը գիտէին, թէ Յովհաննէսը մարգարէ էր։ 32Պատասխան տուեցին եւ Յիսուսին ասացին՝ չգիտենք. եւ Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում»։ 
12 Եւ սկսեց նրանց հետ առակներով խօսել եւ ասել. «Մի մարդ այգի տնկեց եւ նրա շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց եւ աշտարակ շինեց. ու այն յանձնեց մշակներին եւ գնաց ուրիշ երկիր։2Երբ ժամանակը հասաւ, մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որ այդ մշակներից վերցնի այգու պտղից։ 3Եւ մշակները նրան բռնելով՝ ծեծեցին ու ձեռնունայն արձակեցին։ 4Դարձեալ նա մի ուրիշ ծառայ ուղարկեց, եւ նրա էլ գլխին հարուածեցին եւ անարգելով արձակեցին։5Եւ վերստին մէկ ուրիշին ուղարկեց. սրան էլ՝ սպանեցին. եւ ուրիշ շատերին ուղարկեց. ոմանց ծեծում էին, ոմանց՝ սպանում։ 6Դեռեւս նա մի սիրելի որդի ունէր. վերջում նրան ուղարկեց նրանց մօտ՝ ասելով. «Թերեւս իմ այս որդուց ամաչեն»։ 7Իսկ մշակները երբ տեսան, որ նա գալիս է, իրար ասացին. «Ժառանգը սա է, եկէք սպանենք սրան, եւ ժառանգութիւնը մերը թող լինի»։ 8Եւ բռնելով նրան՝ սպանեցին ու հանեցին գցեցին այգուց դուրս։ 9Արդ, այգու տէրը ի՞նչ կ՚անի. կը գայ եւ կը սպանի մշակներին ու այգին ուրիշների ձեռքը կը յանձնի։ 10Դուք չէ՞ք կարդացել Գրքի այն խօսքը, թէ՝ «Այն քարը, որ կառուցողները անարգեցին, նա՛ եղաւ անկիւնաքար»։ 11Տիրոջ կողմից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է»։ 12Եւ նրանք միջոց էին փնտռում՝ նրան ձերբակալելու, բայց ժողովրդից վախեցան, որովհետեւ հասկացան, թէ նա առակը իրենց մասին ասաց։ Եւ թողեցին նրան ու գնացին։ 13Եւ նրա մօտ ուղարկեցին փարիսեցիներից եւ հերովդէսականներից ոմանց, որպէսզի նրան խօսքով որսան։ 14Եւ նրանք եկան ու նենգութեամբ հարց էին տալիս եւ ասում. «Վարդապե՛տ, գիտենք, որ դու ճշմարտասէր ես եւ չես քաշւում ոչ ոքից, որովհետեւ մարդկանց աչառութիւն չես անում, այլ ճշմարտութեամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում. արդ, ասա՛ մեզ, օրինաւո՞ր է հարկ տալ կայսրին, թէ՞ ոչ. տա՞նք, թէ՞ չտանք»։15Յիսուս իմացաւ նրանց կեղծաւորութիւնը եւ ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր. ինձ մի դահեկա՛ն բերէք, որ տեսնեմ»։ 16Եւ նրանք բերեցին։ Եւ նրանց ասաց. «Ո՞ւմն է այս պատկերը կամ գիրը»։ Եւ նրանք ասացին նրան՝ կայսրինը։ 17Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Գնացէ՛ք, տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն»։ Եւ զարմացան նրա վրայ։ 18Նրա մօտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թէ՝ յարութիւն չկայ. հարց էին տալիս եւ ասում.19«Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. «Եթէ մէկի եղբայրը մեռնի եւ կին թողնի, բայց որդի չթողնի, թող նրա եղբայրը առնի նրա կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի»։ 20Արդ, մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ մեռաւ ու զաւակ չթողեց.21եւ երկրորդը նոյն կնոջն առաւ ու մեռաւ. եւ նա էլ զաւակ չթողեց։ Նոյն ձեւով նաեւ երրորդը առաւ նոյն կնոջը։ 22Եւ եօթն էլ զաւակ չթողեցին. ամենքից յետոյ մեռաւ նաեւ կինը։ 23Արդ, յարութեան ժամանակ, երբ յարութիւն առնեն, նրանցից ո՞ւմ կինը կը լինի. քանի որ եօթն էլ նրան կին առան»։ 24Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Հէնց դրա համար չէ՞, որ մոլորուած էք. քանի որ չգիտէք Գրքերը եւ ոչ էլ՝ Աստծու զօրութիւնը. 25որովհետեւ, երբ մեռելներից յարութիւն առնեն, ո՛չ տղամարդիկ կին կ՚առնեն եւ ո՛չ էլ կանայք մարդու կը գնան, այլ կը լինեն հրեշտակների նման, որ երկնքում են։ 26Իսկ գալով մեռելներին, թէ յարութիւն են առնում, դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքում, մորենու դրուագում, թէ ինչպէս Աստուած ասաց նրան. «Ե՛ս եմ, - ասում է, - Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը»։ 27Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի. ուստի, դուք խիստ մոլորուած էք»։ 28Օրէնսգէտներից մէկը, մօտենալով, լսում էր նրանց, մինչ վիճում էին. երբ նա տեսաւ, թէ Յիսուս նրանց պատասխանը լաւ տուեց, հարցրեց նրան եւ ասաց. «Ո՞ր պատուիրանն է առաջինը»։ 29Եւ Յիսուս ասաց նրան. «Ամենից առաջինն է՝ «Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը միակ Տէրն է. 30եւ դու պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զօրութեամբ». սա՛ է առաջին պատուիրանը։ 31Եւ երկրորդը նման է սրան. «Դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պէս». չկայ ուրիշ պատուիրան աւելի մեծ, քան սրանք»։ 32Եւ օրէնսգէտը նրան ասաց. «Լաւ է, Վարդապե՛տ, ճշմարտութեամբ ասացիր, թէ Աստուած մէկ է, եւ բացի նրանից, ուրիշ Աստուած չկայ. 33եւ նրան ամբողջ սրտով, ամբողջ զօրութեամբ, ամբողջ մտքով սիրելը, ինչպէս եւ ընկերոջն իր անձի պէս սիրելը առաւել է, քան ողջակէզները եւ զոհերը»։ 34Եւ Յիսուս տեսնելով, թէ նա իմաստութեամբ պատասխան տուեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծու արքայութիւնից»։ Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան բան հարցնել։ 35Մինչ Յիսուս ուսուցանում էր տաճարում, հարց տուեց ժողովրդին ու ասաց. «Ինչպէ՞ս են ասում օրէնսգէտները, թէ Քրիստոս Դաւթի Որդի է, 36մինչ Դաւիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. «Տէրն իմ Տիրոջն ասաց. նստի՛ր իմ աջում, մինչեւ որ քո թշնամիներին քո ոտքերի համար պատուանդան դնեմ»։ 37Արդ, եթէ Դաւիթն ինքն իսկ նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա Որդին կը լինի»։ Եւ շատ ժողովուրդ նրան լսում էր սիրով։ 38Եւ սովորեցնելով՝ նա իր ուսուցման ընթացքում ասում էր. «Զգո՛յշ եղէք այդ օրէնսգէտներից, որ ուզում են աչքի զարնող զգեստներով ման գալ, հրապարակներում յարգանքի ողջոյններ որոնել, 39ժողովարաններում՝ առաջին աթոռները եւ ընթրիքների ժամանակ՝ պատուոյ տեղերը։ 40Նրանք ուտում են այրիների տները, ցուցադրաբար երկարացնում են աղօթքները, որպէսզի աւելի խիստ դատաստան ընդունեն»։ 41Յիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թէ ինչպէս ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մէջ։ Եւ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին։42Մի այրի կին եկաւ եւ երկու լումայ գցեց, որ մի գրոշ է։ 43Եւ Յիսուս իր մօտ կանչելով իր աշակերտներին՝ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքաւոր այրին աւելի շատ գցեց, քան գանձանակի մէջ միւս բոլոր դրամ գցողները, 44քանի որ ամէնքը իրենց աւելորդից գցեցին, իսկ նա, իր չքաւորութիւնից, գցեց ամէն ինչ, որ ունէր՝ իր ամբողջ ապրուստը»։ 
13 Երբ նա տաճարից դուրս էր գալիս, իր աշակերտներից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, տե՛ս ինչպիսի՜ քարեր են սրանք, եւ ինչպիսի՜ շինուածք»։ 2Յիսուս նրան պատասխան տուեց եւ ասաց. «Տեսնո՞ւմ ես այդ բոլոր շինութիւնները. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դրանց քարը քարի վրայ չպիտի թողնուի, որ չքանդուի»։ 3Եւ մինչ նստած էր նա Ձիթենեաց լերան վրայ, տաճարի դիմաց, Պետրոսն ու Յակոբոսը եւ Յովհաննէսն ու Անդրէասը, առանձին, հարցրին նրան. 4«Ասա՛ մեզ, ե՞րբ պիտի լինի այդ, եւ ի՞նչ կը լինի նշանը, երբ կատարուելու լինի այդ բոլորը»։ 5Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք ձեզ չխաբի, 6որովհետեւ շատեր պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն՝ ե՛ս եմ Քրիստոսը, եւ շատերին պիտի մոլորեցնեն։ 7Սակայն երբ լսէք պատերազմների ձայներ կամ պատերազմների լուրեր, չխռովուէք, որովհետեւ այդ պէտք է որ լինի, բայց դեռ աշխարհի վախճանը չէ։8Ազգ ազգի դէմ պիտի ելնի եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ տեղ-տեղ երկրաշարժներ պիտի լինեն, սով եւ համաճարակ ու խռովութիւններ. բայց այդ բոլորը սկիզբն է երկանց։ 9Եւ դեռ ձեզ էլ պիտի մատնեն ատեանների, եւ ժողովարանների մէջ պիտի տանջուէք. եւ ինձ համար կուսակալների ու թագաւորների առաջ պիտի կանգնէք՝ ի վկայութիւն նրանց։ 10Բայց նախ պէտք է, որ Աւետարանը քարոզուի բոլոր հեթանոսների մէջ։ 11Եւ երբ ձեզ տանեն յանձնելու, առաջուց հոգ մի՛ արէք եւ մի՛ մտածէք, թէ ինչ պիտի խօսէք, այլ, ինչ որ ձեզ տրուի այդ նոյն ժամին, ա՛յն խօսեցէք, որովհետեւ դո՛ւք չէ, որ պիտի խօսէք, այլ՝ Սուրբ Հոգին։ 12Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն. եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու պիտի սպանեն նրանց։ 13Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. բայց ով որ մինչեւ վերջ համբերի, նա կը փրկուի»։ 14«Եւ երբ տեսնէք սարսափելի պղծութիւնը՝ տեղ գտած այնտեղ, ուր չպէտք է լինէր (ով կարդում է, թող իմանայ), այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, լեռները թող փախչեն. 15եւ ով տանիքի վրայ է, թող չիջնի եւ տուն չմտնի՝ այնտեղից բան վերցնելու. 16եւ ով արտի մէջ է, թող ետ չդառնայ՝ իր զգեստները վերցնելու։ 17Բայց վա՜յ յղիներին եւ ստնտուներին այն օրերին։ 18Աղօթեցէ՛ք, որ ձմեռ ժամանակ չլինի դա։19Այդ օրերը պիտի լինեն օրեր այնպիսի նեղութիւնների, որոնց նմանը չի եղել երբեք արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ չի էլ լինի։20Եւ եթէ Աստուած այդ օրերը իր ընտրեալների համար չկարճէր, ոչ մի մարդ չէր ազատուի. բայց նա իր ընտրեալների պատճառով, - որոնց ընտրեց, - կարճեց այդ օրերը։ 21Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի, թէ՝ «Ահա՛ այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ», չհաւատաք. 22որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ մոլորեցնելու նպատակով, եթէ հնար լինի, նոյնիսկ ընտրեալներին։ 23Բայց դուք զգո՛յշ եղէք. ահա առաջուց ձեզ ամէն ինչ ասացի»։ 24«Բայց այդ օրերին, այդ նեղութիւնից յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինն իր լոյսը չպիտի տայ։ 25Եւ աստղերը երկնքից վայր պիտի թափուեն, եւ երկնքում զօրութիւնները պիտի շարժուեն։ 26Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն՝ եկած ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով։ 27Եւ այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հաւաքի իր ընտրեալներին չորս կողմերից, երկրի ծագերից մինչեւ երկնքի ծագերը»։28«Բայց դուք այդ թզենո՛ւց սովորեցէք առակը. հէնց որ նրա ոստերը կակղեն, եւ նրա վրայ տերեւ դուրս գայ, իմանում էք, որ ամառը մօտ է.29նոյնպէս եւ դուք. երբ այս բոլորը կատարուած տեսնէք, իմացէ՛ք, որ նա մօտ է, դռների առջեւ։ 30Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չի անցնի այս սերունդը, մինչեւ որ այս բոլորը կատարուեն։ 31Երկինք ու երկիր կ՚անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի»։ 32«Սակայն այդ օրուայ եւ ժամի մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ հրեշտակները երկնքում եւ ո՛չ էլ՝ Որդին, այլ միայն՝ Հայրը։ 33Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը. 34ինչպէս հեռու երկիր գնացած մի մարդ, որ կը թողնի իր տունը եւ իր ծառաներին իշխանութիւն կը տայ եւ իւրաքանչիւրին՝ իր գործը, եւ դռնապանին կը պատուիրի, որ արթուն լինի։ 35Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը ե՛րբ կը գայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ։ 36Գուցէ յանկարծակի գալով՝ ձեզ քնի մէջ գտնի։ 37Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում՝ արթո՛ւն կացէք»։ 
14 Եւ երկու օր յետոյ զատիկ էր ու Բաղարջակերաց տօնը. քահանայապետները եւ օրէնսգէտները հնար էին որոնում, թէ ինչպէս նրան նենգութեամբ բռնելով սպանեն։ 2Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»։ 3Եւ մինչ նա Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկաւ մի կին, որ հետն ունէր նարդոսի ազնիւ, մեծարժէք իւղի մի շիշ. եւ շիշը կոտրելով՝ իւղը թափեց Յիսուսի գլխին։ 4Աշակերտները զայրացան եւ ասացին. «Այդ իւղը ինչո՞ւ այսպէս պիտի կորչէր. 5կարելի էր այդ անուշահոտ իւղը վաճառել աւելի քան երեք հարիւր դահեկանի եւ տալ աղքատներին»։ Եւ խիստ զայրանում էին կնոջ վրայ։ 6Եւ Յիսուս նրանց ասաց. «Թո՛յլ տուէք դրան. ինչո՞ւ էք նեղութիւն տալիս, որովհետեւ նա ինձ համար մի բարի գործ արեց։ 7Ամէն ժամ աղքատներին ձեզ հետ ունէք եւ երբ ուզենաք, կարող էք նրանց բարիք անել։ Բայց ինձ ամէն ժամ ձեզ հետ չունէք։ 8Դա, ինչ որ կարող էր, արեց. առաջուց խնկաւետեց իմ մարմինը ի նշան պատանքուելու։ 9Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզուի այս Աւետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմուի նրա յիշատակի համար»։ 10Եւ Յուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մէկը, գնաց քահանայապետների մօտ, որ Յիսուսին մատնի նրանց։ 11Երբ նրանք լսեցին, ուրախացան եւ խոստացան նրան դրամ տալ. եւ նա առիթ էր փնտռում, թէ ինչպէս յարմար ժամանակ մատնի նրան։ 12Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը, երբ զատկի գառն էին մորթում, աշակերտները նրան ասացին. «Ո՞ւր ես ուզում գնանք պատրաստենք, որ զատկական ընթրիքն ուտես»։ 13Եւ նա աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացէ՛ք այն քաղաքը եւ երբ այն քաղաքը մտնէք, կը պատահի ձեզ մի մարդ, որ ուսին ջրի սափոր ունի. գնացէ՛ք նրա յետեւից։ 14Եւ նա ո՛ր տունը որ մտնի, տանտիրոջը կ՚ասէք. «Վարդապետն ասում է՝ ո՞ւր է այն իջեւանը, ուր իմ աշակերտների հետ զատկական ընթրիքը պիտի ուտեմ»։ 15Եւ նա ձեզ ցոյց կը տայ զարդարուած մի վերնատուն. այնտե՛ղ պատարաստեցէք մեզ համար»։ 16Եւ նրա աշակերտները գնացին պատրաստելու. եկան այն քաղաքը եւ գտան՝ ինչպէս որ նա իրենց ասել էր. ու զատկական ընթրիքը պատրաստեցին։ 17Երբ երեկոյ եղաւ, նա եկաւ Տասներկուսի հետ միասին։ 18Եւ երբ սեղան նստեցին ու դեռ ուտում էին, Յիսուս ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկը մատնելու է ինձ. նա, որ ինձ հետ իսկ ուտում է»։ 19Եւ նրանք սկսեցին տրտմել ու ասել մէկը միւսի յետեւից՝ միթէ ե՞ս եմ. եւ միւսը՝ թէ՝ միթէ ե՞ս եմ։ 20Նա պատասխան տուեց եւ ասաց. «Տասներկուսիցդ մէկը, որ ձեռքը ինձ հետ մտցրեց պնակի մէջ։ 21Ճիշտ է, մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս որ նրա մասին գրուած է. բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կը մատնուի. լաւ կը լինէր նրան, եթէ այդ մարդը ծնուած անգամ չլինէր»։ 22Եւ մինչ դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցնելով՝ օրհնեց եւ կտրեց, տուեց նրանց ու ասաց. «Առէ՛ք, ա՛յս է իմ մարմինը»։ 23Եւ բաժակը վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց, եւ բոլորն էլ նրանից խմեցին։ 24Եւ Յիսուս ասաց նրանց. «Ա՛յս է Նոր Ուխտի իմ արիւնը, որ կը թափուի շատերի համար։ 25Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլեւս որթատունկի բերքից չեմ խմելու մինչեւ այն օրը, երբ կը խմեմ նոր գինին Աստծու արքայութեան մէջ»։ 26Եւ գոհութիւն մատուցելուց յետոյ ելան Ձիթենեաց լեռը։ 27Եւ Յիսուս նրանց ասաց. «Այս գիշեր ամէնքդ գայթակղուելու էք իմ պատճառով, որովհետեւ գրուած է. «Պիտի հարուածեմ հովուին, եւ ոչխարները պիտի ցրուեն»։ 28Բայց իմ յարութիւնից յետոյ ձեզնից առաջ Գալիլիա պիտի գնամ»։ 29Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թէկուզ բոլորն էլ գայթակղուեն, բայց ես չեմ գայթակղուի»։ 30Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ դու այս գիշեր իսկ, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ պիտի ուրանաս ինձ»։ 31Իսկ Պետրոսն առաւել եւս պնդում էր ու ասում. «Թէ քեզ հետ մեռնել իսկ հարկ լինի, քեզ չեմ ուրանայ»։ Եւ ամէնքն էլ նոյնն էին ասում։ 32Եկան այն տեղը, որը Գեթսեմանի էր կոչւում։ Եւ նա աշակերտներին ասաց. «Նստեցէ՛ք այստեղ, մինչեւ ես աղօթեմ»։ 33Եւ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին եւ սկսեց տխրել ու տագնապել։ 34Այն ժամանակ նրանց ասաց. «Տխուր է հոգիս մեռնելու աստիճան. մնացէ՛ք այստեղ եւ արթո՛ւն կացէք»։ 35Եւ փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսի վրայ ընկաւ գետին. եւ աղօթում էր, որ, եթէ կարելի է, այդ ժամը իրենից հեռանայ։ 36Եւ ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, ամէն ինչ քեզ կարելի է. այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ ինչպէս ե՛ս եմ կամենում, այլ՝ ինչպէս դո՛ւ ես կամենում»։ 37Եւ Յիսուս եկաւ ու նրանց քնած գտաւ. եւ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես. չկարողացա՞ր մէկ ժամ արթուն մնալ։ 38Արթո՛ւն կացէք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք։ Հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար»։ 39Եւ նորից գնաց, աղօթքի կանգնեց ու նոյն բաներն ասաց։40Կրկին անգամ դարձաւ այնտեղ եւ նրանց քնի մէջ գտաւ. որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին, եւ չէին իմանում, թէ ինչ պատասխան տան նրան։ 41Երրորդ անգամ եկաւ եւ նրանց ասաց. «Քնեցէ՛ք այսուհետեւ եւ հանգստացէ՛ք, քանի որ վախճանը հասել . եկաւ ժամը, եւ ահա մարդու Որդին մատնւում է մեղաւորների ձեռքը։ 42Օ՛ն, վե՛ր կացէք գնանք, որովհետեւ ահա մօտեցաւ նա, ով ինձ մատնելու է»։ 43Եւ մինչ նա դեռ խօսում էր այս բաները, եկաւ Յուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մէկը, եւ իր հետ՝ սրերով, մահակներով զինուած ամբոխ՝ ուղարկուած քահանայապետների, օրէնսգէտների ու ծերերի կողմից։44Մատնիչը նրանց նշան էր տուել ասելով՝ ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, բռնեցէ՛ք նրան եւ տարէ՛ք զգուշութեամբ։ 45Եւ մօտենալով նրան՝ իսկոյն ասաց. «Ռաբբի՛, Ռաբբի՛». եւ համբուրեց նրան։ 46Եւ նրանք ձեռք դրեցին նրա վրայ ու բռնեցին։ 47Ապա նրա շուրջը գտնուողներից մէկը սուրը քաշեց եւ զարկեց քահանայապետի ծառային ու նրա ականջը կտրեց։ 48Յիսուս դարձաւ եւ ասաց նրանց. «Սրերով եւ մահակներով դուրս էք եկել ինձ բռնելու որպէս աւազակի՞։ 49Ես միշտ ձեզ մօտ էի եւ ուսուցանում էի տաճարում. եւ ինձ չբռնեցիք. բայց այս եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»։ 50Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ լքեցին նրան եւ փախան։ 51Եւ մի երիտասարդ գնում էր նրա յետեւից՝ իր մերկ մարմնի վրայ մի սաւան գցած։ Երիտասարդները նրան բռնեցին, 52եւ նա թողնելով հագի կտորը՝ մերկ փախաւ նրանցից։ 53Եւ Յիսուսին տարան Կայիափա քահանայապետի մօտ. եւ նրա հետ հաւաքուած էին բոլոր քահանայապետները, օրէնսգէտներն ու ծերերը։ 54Իսկ Պետրոսը հեռուից նրա յետեւից գնաց մինչեւ ներս, քահանայապետի գաւիթը։ Եւ նստած էր սպասաւորների մօտ ու տաքանում էր կրակի բոցի առջեւ։55Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը մի որեւէ վկայութիւն էին փնտռում Յիսուսի դէմ, որպէսզի նրան սպանեն, բայց չէին գտնում.56քանի որ նրա դէմ շատեր սուտ վկայութիւն էին տալիս, բայց վկայութիւնները իրար նման չէին։ 57Ոմանք վեր կենալով՝ սուտ էին վկայում նրա դէմ ու ասում. 58«Մենք լսեցինք դրանից, երբ ասում էր. «Ես կը քանդեմ այս ձեռակերտ տաճարը եւ երեք օրում կը շինեմ մէկ ուրիշը՝ անձեռակերտ»։ 59Բայց եւ այնպէս նրանց վկայութիւնը նոյնանման չէր։ 60Ապա քահանայապետը կանգնելով մէջտեղում՝ Յիսուսին հարց տուեց ու ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. այդ ինչե՜ր են վկայում դրանք քո դէմ»։ 61Եւ նա միայն լուռ էր մնում ու պատասխան չէր տալիս։ Քահանայապետը կրկին անգամ հարցրեց նրան ու ասաց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ օրհնեալ Աստծու Որդին»։ 62Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դու ասացիր, թէ ես եմ. բայց պիտի տեսնէք մարդու Որդուն՝ ամենազօր Աստծու աջ կողմում նստած եւ երկնքի ամպերի վրայով եկած»։ 63Եւ քահանայապետը իսկոյն պատռեց իր պատմուճանը եւ ասաց. «Էլ ի՞նչ պէտք են մեզ վկաներ։ 64Ահա ամէնքդ դրա բերանից լսեցիք հայհոյութիւնը. ձեզ ինչպէ՞ս է թւում...»։ Եւ ամէնքը դատապարտեցին նրան, թէ մահապարտ է։ 65Եւ ոմանք սկսեցին թքել նրա երեսին, շորով գլուխը ծածկել, բռունցքով խփել ու ասել. «Մարգարէացի՛ր մեզ, Քրիստո՛սդ, այն ո՞վ է, որ քեզ խփեց»։ Եւ սպասաւորները ապտակում էին նրան։ 66Եւ մինչ Պետրոսը դեռ ներքեւում, գաւթում էր, քահանայապետի մի աղախինը եկաւ եւ տեսաւ նրան տաքանալիս։ 67Նայեց նրան ու ասաց. «Դու էլ Յիսուս Նազովրեցու հետ էիր»։ 68Նա ուրացաւ եւ ասաց. «Չեմ ճանաչում նրան եւ չգիտեմ՝ ինչ ես ասում դու»։ Եւ երբ նա դրսի գաւիթը ելաւ, աքաղաղը կանչեց։ 69Աղախինը նորից տեսաւ նրան եւ սկսեց իր շուրջը գտնուողներին ասել. «Սա էլ նրանցից է»։ 70Եւ Պետրոսը դարձեալ ուրացաւ։ Փոքր-ինչ յետոյ, նորից, նրանք, որ շուրջը կանգնել էին, ասացին Պետրոսին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ գալիլիացի ես, եւ քո խօսուածքն էլ նման է»։ 71Եւ նա սկսեց նզովք կարդալ, երդուել եւ ասել. «Չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խօսում էք»։ 72Եւ հէնց նոյն ժամին աքաղաղը երկրորդ անգամ կանչեց։ Եւ Պետրոսը յիշեց այն խօսքը, որ Յիսուս ասել էր իրեն, թէ՝ «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ ինձ պիտի ուրանաս». եւ սկսեց լալ։ 
15 Եւ իսկոյն, վաղ առաւօտեան, ծերերի եւ օրէնսգէտների հետ միասին, քահանայապետները եւ ամբողջ ատեանը խորհուրդ անելով՝ կապեցին Յիսուսին եւ տարան յանձնեցին Պիղատոսին։ 2Պիղատոսը հարցրեց նրան եւ ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագաւորը»։ Յիսուս պատասխան տուեց նրան եւ ասաց. «Դու ասում ես»։ 3Եւ քահանայապետները նրան շատ էին ամբաստանում, բայց նա ոչինչ չէր պատասխանում։ 4Իսկ Պիղատոսը դարձեալ հարցրեց նրան. «Ոչ մի պատասխան չե՞ս տալիս. տե՛ս, ինչքա՜ն են քեզ ամբաստանում»։ 5Եւ Յիսուս, այնուհետեւ, էլ ոչինչ չպատասխանեց, այնպէս որ Պիղատոսը շատ զարմացաւ։ 6Սակայն տօնի առիթով Պիղատոսը նրանց համար արձակում էր մի կալանաւոր, ում որ նրանք ուզում էին։ 7Եւ Բարաբբա անունով մէկը կար՝ բանտարկուած այն խռովարարների հետ, որոնք խռովութեան ժամանակ մի մարդ էին սպանել։ 8Ամբոխն սկսեց բարձր ձայնով աղաղակել եւ պահանջել, որ, ինչպէս սովորութիւն էր անել, Բարաբբայի՛ն արձակի։ 9Պիղատոսը պատասխանեց եւ ասաց նրանց. «Ուզո՞ւմ էք, որ հրեաների արքային արձակեմ ձեզ համար». 10քանի որ նա գիտէր, թէ նախանձի՛ց մատնեցին նրան քահանայապետները,11որոնք եւ ամբոխին համոզեցին, որ Բարաբբայի՛ն արձակի իրենց համար։ 12Պիղատոսը դարձեալ խօսք առաւ եւ ասաց նրանց. «Իսկ ի՞նչ էք ուզում, որ անեմ հրեաների արքային»։ 13Եւ նրանք, քահանայապետներից դրդուած, դարձեալ աղաղակեցին. «Խա՛չը հանիր դրան»։ 14Պիղատոսը նրանց ասաց. «Ի՞նչ չար բան է արել նա»։ Եւ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր դրան»։ 15Իսկ Պիղատոսը, որովհետեւ ուզեց ամբոխին գոհացնել, նրանց համար Բարաբբային արձակեց։ Իսկ Յիսուսին ծեծել տալով՝ նրանց ձեռքը յանձնեց, որպէսզի խաչը հանուի։ 16Եւ զինուորները նրան ներսի գաւիթը տարան, ուր պալատի բակն էր. մէկտեղ կանչեցին ամբողջ գունդը, 17եւ նրան հագցրին կարմիր քղամիդ եւ ծիրանի ու նրա գլխին փշերից պատրաստուած պսակ դրեցին 18եւ սկսեցին նրան ողջոյն տալ ու ասել. «Ողջո՜յն քեզ, հրեաների թագաւո՛րդ»։ 19Եւ եղէգով հարուածում էին նրա գլխին, թքում էին երեսին ու ծնկի գալով՝ երկրպագում էին նրան։ 20Եւ նրան ծաղրուծանակի ենթարկելուց յետոյ, քղամիդն ու ծիրանին հանեցին եւ նրան իր զգեստները հագցրին ու դուրս տարան, որ խաչը հանեն նրան։ 21Եւ ստիպեցին Սիմոն Կիւրենացուն՝ Ալեքսանդրի եւ Ռուփոսի հօրը, որը ագարակից էր գալիս ու այդ տեղով էր անցնում, որ Յիսուսի խաչափայտը կրի։ 22Եւ նրան տարան Գողգոթա, մի տեղ, որ թարգմանւում է կառափնատեղի։23Զմուռսով խառնուած գինի տուին նրան, բայց նա չվերցրեց։ 24Եւ նրան խաչը հանեցին։ Եւ նրա հագուստները բաժանեցին՝ դրանց վրայ վիճակ գցելով, թէ ով ի՛նչ պիտի վերցնի։ 25Առաւօտեան ժամը ինն էր, երբ նրան խաչեցին։ 26Եւ կար նրա դատապարտութեան մասին գրութիւն՝ գրուած այսպէս. «Հրեաների թագաւորն է»։ 27Եւ նրա հետ խաչեցին երկու աւազակներ, մէկը՝ նրա աջում եւ միւսը՝ ձախում։ 28Եւ կատարուեց գրուածը, թէ՝ «Անօրէնների հետ դասուեց»։ 29Եւ ովքեր անցնում էին, հայհոյում էին նրան, շարժում իրենց գլուխները եւ ասում. «Վա՛հ, որ քանդում էիր տաճարը եւ երեք օրում շինում, 30ազատի՛ր ինքդ քեզ եւ իջի՛ր այդ խաչից»։ 31Նոյնպէս եւ քահանայապետները, իրենք իրենց մէջ, օրէնսգէտների հետ միասին, ծաղր էին անում ու ասում. «Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել։32Այդ Քրիստոսը՝ Իսրայէլի այդ թագաւորը, թող այժմ իջնի խաչից, որպէսզի տեսնենք եւ հաւատանք դրան»։ Եւ նրա հետ խաչուածներն էլ նախատում էին նրան։ 33Երբ կէսօր եղաւ, խաւար պատեց ամբողջ երկիրը, մինչեւ ժամը երեքը։ 34Եւ ժամը երեքին Յիսուս բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանւում է՝ Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ։ 35Եւ նրանցից ոմանք, որ նրա շուրջն էին կանգնել, երբ լսեցին այդ, ասացին. «Եղիային է կանչում»։ 36Եւ մէկը առաջ վազելով՝ սպունգը թաթախեց քացախի մէջ, անցկացրեց եղէգի ծայրին, տուեց նրան, որ խմի, ու ասաց. «Թողէ՛ք տեսնենք, արդեօք Եղիան կը գա՞յ նրան իջեցնելու»։37Եւ Յիսուս բարձր ձայն արձակեց ու հոգին աւանդեց։ 38Եւ տաճարի վարագոյրը վերեւից մինչեւ ներքեւ երկուսի պատռուեց։ 39Եւ այնտեղ կանգնած հարիւրապետը տեսնելով, թէ ինչպէս նա աղաղակեց եւ հոգին աւանդեց, ասաց. «Իրօք այս մարդը Աստծու Որդի էր»։ 40Կային եւ կանայք, որոնք դիտում էին հեռուից։ Նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Կրտսեր Յակոբոսի եւ Յովսէի մայրը՝ Մարիամը, ինչպէս եւ Սաղոմէն, 41որոնք, երբ Յիսուս Գալիլիայում էր, նրա յետեւից էին գնում եւ ծառայում նրան. կային նաեւ շատ այլ կանայք, որոնք նրա հետ Երուսաղէմ էին ելել։ 42Եւ երբ երեկոյ եղաւ, - քանի որ ուրբաթ էր, եւ շաբաթամուտն էր սկսւում, - 43արիմաթիացի Յովսէփը, որ մի պարկեշտ մարդ էր ու հրեաների ժողովի անդամ եւ որ ինքն էլ Աստծու արքայութեանն էր սպասում, համարձակուեց մտնել Պիղատոսի մօտ եւ ուզեց Յիսուսի մարմինը։ 44Եւ Պիղատոսը զարմացաւ, որ Յիսուս այդչափ շուտ էր մեռել. եւ իր մօտ կանչելով հարիւրապետին՝ հարցրեց նրան ու ասաց. «Իրօք այդչափ շո՞ւտ մեռաւ»։ 45Երբ այդ ստուգեց հարիւրապետից, մարմինը շնորհեց Յովսէփին։ 46Եւ Յովսէփը կտաւ գնեց ու նրան իջեցնելով՝ պատեց այդ կտաւով ու դրեց մի գերեզմանի մէջ, որ փորուած էր ժայռի մէջ։ Եւ մի քար գլորեց գերեզմանի դռան առաջ։ 47Իսկ Մարիամ Մագդաղենացին եւ Յակոբոսի ու Յովսէի մայր Մարիամը տեսան այն տեղը, ուր նա դրուեց։ 
16 Եւ երբ շաբաթն անցաւ, Մարիամ Մագդաղենացին, Յակոբոսի մայր Մարիամը եւ Սաղոմէն գնացին խնկի պատրաստութիւն տեսան, որպէսզի գան եւ օծեն նրա մարմինը։ 2Եւ կիրակի օրը, առաւօտեան, արեւածագին եկան գերեզման։ 3Եւ ասում էին միմեանց. «Քարը գերեզմանի դռնից մեզ համար ո՞վ պիտի գլորի»։ 4Եւ նայեցին ու տեսան, որ գերեզմանից քարը գլորուած էր. եւ այն շատ մեծ էր։ 5Եւ ներս, գերեզման մտնելով՝ տեսան մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմը՝ սպիտակ պատմուճան հագած. եւ զարհուրեցին։ 6Եւ նա ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, դուք Յիսուսին էք փնտռում՝ խաչուած Նազովրեցուն. նա յարութիւն առաւ, այստեղ չէ։ Ահաւասիկ այն տեղը, ուր նրան դրել էին։ 7Բայց գնացէք ասացէ՛ք նրա աշակերտներին եւ Պետրոսին, թէ՝ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտե՛ղ կը տեսնէք նրան, ինչպէս ձեզ ասել էր»։ 8Եւ երբ այս լսեցին, ելան ու փախան գերեզմանից, քանի որ սարսափահար էին եղել. եւ ոչ ոքի բան չասացին, որովհետեւ վախենում էին։ 9Կիրակի առաւօտեան յարութիւն առած լինելով՝ Յիսուս նախ երեւաց Մարիամ Մագդաղենացուն, որից եօթը դեւ էր հանել։ 10Եւ սա գնաց ու պատմեց նրանց, որ Յիսուսի հետ էին եւ դեռեւս սգում ու լաց էին լինում։ 11Երբ նրանք լսեցին, թէ նա կենդանի է եւ երեւացել է Մարիամին, չհաւատացին։ 12Յետոյ Յիսուս այլ կերպարանքով երեւաց նրանց, որոնք հանդ էին գնում։ 13Սրանք էլ եկան ու պատմեցին ուրիշների. բայց նրանք էլ չհաւատացին։ 14Յետոյ, մինչ Տասնմէկը սեղան էին նստել, Յիսուս նրանց երեւաց եւ յանդիմանեց նրանց իրենց անհաւատութեան եւ խստասրտութեան համար, որովհետեւ չէին հաւատացել նրանց, որոնց ինքը երեւացել էր՝ մեռելներից յարութիւն առած։ 15Եւ նրանց ասաց. «Գնացէ՛ք ամբողջ աշխարհով մէկ եւ քարոզեցէ՛ք Աւետարանը բոլոր մարդկանց։ 16Ով հաւատայ եւ մկրտուի, պիտի փրկուի, եւ ով չհաւատայ, պիտի դատապարտուի։ 17Սրանք են նշանները, որոնք պիտի ուղեկցեն նրանց, որոնք հաւատում են. իմ անունով դեւեր պիտի հանեն, լեզուներ պիտի խօսեն, 18իրենց ձեռքերին օձեր պիտի բռնեն, եւ եթէ մահացու թոյն խմեն, դա նրանց չպիտի վնասի. հիւանդների վրայ ձեռք պիտի դնեն եւ բժշկեն»։ 19Եւ ինքը Տէր Յիսուս, նրանց հետ խօսելուց յետոյ, դէպի երկինք վերացաւ եւ նստեց Հօր աջ կողմը։ 20Իսկ նրանք ելան ու քարոզեցին Աւետարանը ամբողջ աշխարհում՝ Տիրոջ գործակցութեամբ. եւ իրենց ուղեկցող բոլոր նշաններով հաստատում էին Խօսքը։

 









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Деликатес из куриной грудинки

Деликатес из куриной грудинкиКуриную грудку сварить без соли до смягчения...

Котлеты из ишхана

Котлеты из ишханаФорель очистить, выпотрошить и промыть. Мякоть рыбы нарезать...

Напиток вишневый

Напиток вишневыйВишню перебрать, промыть, отделить черешки. Ягоды всыпать в большую...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта