ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ - 2

(5 голоса, среднее 3.00 из 5)
Индекс материала
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
2
Все страницы


10 Այնուհետեւ Տէրը նշանակեց ուրիշ եօթանասուներկու հոգի եւս եւ նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր։ 2Եւ նրանց ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ Արդ, խնդրեցէ՛ք հնձի տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար։ 3Գնացէ՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրեւ գառներ գայլերի մէջ։ 4Մի՛ վերցրէք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կօշիկներ եւ ճանապարհին ոչ ոքի ողջոյն մի՛ տուէք։ 5Որ տունը մտնէք, նախ ասացէ՛ք. «Խաղաղութի՜ւն այս տանը». 6եթէ այնտեղ կայ խաղաղասէր մարդ, ձեր խաղաղութիւնը նրա վրայ կը հանգչի. ապա թէ ոչ՝ ձե՛զ կը վերադառնայ։ 7Նոյն տանը գիշերեցէ՛ք, կերէ՛ք եւ խմեցէ՛ք նրանց ունեցածից, որովհետեւ մշակը արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխուէք։ 8Ո՛ր քաղաքը որ մտնէք եւ ձեզ ընդունեն, կերէ՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն։ 9Եւ բժշկեցէ՛ք դրա մէջ եղած հիւանդներին եւ նրանց ասացէ՛ք. «Մօտեցել է ձեզ Աստծու արքայութիւնը»։ 10Իսկ ո՛ր քաղաքը որ մտնէք եւ ձեզ չընդունեն, երբ դուրս գաք նրա հրապարակները, ասացէ՛ք. 11«Ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թօթափում ենք ձեր վրայ. բայց իմացէ՛ք, որ մօտեցել է Աստծու արքայութիւնը»։ 12Ասում եմ ձեզ, որ սոդոմայեցիների համար դատաստանի օրը աւելի տանելի պիտի լինի, քան այն քաղաքի համար»։ 13«Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա, որովհետեւ եթէ Տիւրոսում եւ Սիդոնում եղած լինէին այն զօրաւոր գործերը, որ կատարուեցին ձեր մէջ, արդարեւ վաղուց իսկ քուրձերի մէջ ու մոխրի վրայ նստած՝ ապաշխարած կը լինէին։ 14Բայց Տիւրոսի եւ Սիդոնի համար, դատաստանի ժամանակ, աւելի տանելի կը լինի, քան ձեզ համար։ 15Եւ դու, Կափառնայո՛ւմ, որ մինչեւ երկինք ես բարձրացել, պիտի իջնես մինչեւ դժոխք։ 16Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում, եւ ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում, եւ ով որ ինձ է մերժում, ինձ ուղարկողին է մերժում, եւ ով որ ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»։17Եօթանասուներկուսը վերադարձան խնդութեամբ եւ ասացին. «Տէ՛ր, դեւերն էլ են մեզ հնազանդւում քո անունով»։ 18Եւ նրանց ասաց. «Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպէս փայլակը։ 19Ահա ձեզ իշխանութիւն տուի կոխելու օձերի, կարիճների եւ թշնամու ամբողջ զօրութեան վրայ։ Եւ ձեզ բոլորովին չեն վնասելու։ 20Բայց մի՛ ուրախացէք այն բանի համար, որ դեւերը ձեզ հնազանդւում են, այլ ուրախացէ՛ք, որ ձեր անունները գրուած են երկնքում»։ 21Նոյն ժամին Յիսուս ցնծաց Սուրբ Հոգով եւ ասաց. «Գոհութի՜ւն քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից եւ յայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետեւ այսպէս հաճելի եղաւ քեզ։ 22Ամէն ինչ ինձ տրուեց իմ Հօրից. եւ ոչ ոք չգիտէ, թէ ո՛վ է Որդին, եթէ ոչ՝ Հայրը, եւ թէ՝ ո՛վ է Հայրը, եթէ ոչ՝ Որդին եւ նա, ում կը կամենայ Որդին յայտնել»։ 23Եւ դառնալով աշակերտներին՝ առանձին ասաց. «Երանի՜ այն աչքերին, որ կը տեսնեն այն, ինչ դուք տեսնում էք։ 24Ասում եմ ձեզ, որ բազում մարգարէներ եւ թագաւորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ դուք լսում էք, բայց չլսեցին»։ 25Եւ ահա օրինականներից մէկը վեր կացաւ, փորձում էր նրան եւ ասում. «Վարդապե՛տ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ 26Եւ նա նրան ասաց. «Օրէնքում ի՞նչ է գրուած, ինչպէ՞ս ես ընթերցում»։ 27Սա պատասխանեց եւ ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զօրութեամբ եւ քո ամբողջ մտքով. եւ պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»։ 28Եւ Յիսուս նրան ասաց. «Ճիշտ պատասխան տուեցիր, այդ արա՛ եւ կը փրկուես»։ 29Եւ նա կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Յիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»։ 30Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Մի մարդ Երուսաղէմից Երիքով էր իջնում եւ ընկաւ աւազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրաւորեցին եւ կիսամեռ թողեցին ու գնացին։ 31Պատահեց, որ մի քահանայ նոյն ճանապարհով իջնի. նրան տեսաւ եւ թողեց անցաւ. 32նոյնպէս եւ մի ղեւտացի նոյն տեղով անցնելիս, տեսաւ եւ թողեց անցաւ։ 33Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկաւ նոյն տեղով նրա մօտ եւ տեսնելով նրան՝ գթաց։ 34Եւ մօտենալով՝ կապեց նրա վէրքերը, վրան ձէթ ու գինի ածեց եւ դնելով նրան իր գրաստի վրայ՝ տարաւ մի իջեւան եւ խնամեց նրան։ 35Եւ յաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջեւանատիրոջը երկու դահեկան հանեց տուեց եւ ասաց. «Խնամի՛ր նրան եւ ինչ որ ծախսես դրա վրայ, իմ միւս անգամ գալուն կը հատուցեմ քեզ»։ 36Արդ, ըստ քեզ, այդ երեքից ո՞րը մերձաւորի պէս վերաբերուեց նրան, ով աւազակների ձեռքն էր ընկել»։ 37Եւ սա ասաց. «Նա, ով նրան բարիք արեց»։ Յիսուս նրան ասաց. «Գնա՛ եւ դու նո՛յն ձեւով արա»։ 38Եւ մինչ նրանք գալիս էին, Յիսուս մտաւ մի գիւղ, եւ Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մէջ։ 39Եւ սա մի քոյր ունէր, որի անունը Մարիամ էր, որ եկաւ նստեց Տիրոջ ոտքերի առաջ եւ լսում էր նրա խօսքերը։ 40Իսկ Մարթան, որ զբաղուած էր տնային շատ գործերով, եկաւ կանգնեց նրա մօտ եւ ասաց. «Տէ՛ր, քեզ փոյթ չէ՞, որ քոյրս ինձ մենակ է թողել ծառայութեան գործի մէջ. արդ, ասա՛ դրան, որ օգնի ինձ»։ 41Յիսուս պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում եւ շատ բաներով ես զբաղուած, 42բայց այստեղ քիչ բան է պէտք. Մարիամը ընտրել է լաւ մասը, որ նրանից չպիտի վերցուի»։ 
11 Եւ եղաւ որ Յիսուս մի տեղ աղօթքի էր կանգնած. եւ երբ վերջացրեց, նրա աշակերտներից մէկն ասաց նրան. «Տէ՛ր, մեզ աղօթել սովորեցրո՛ւ, ինչպէս Յովհաննէսը սովորեցրեց իր աշակերտներին»։2Նա նրանց ասաց. «Երբ աղօթքի կանգնէք, ասացէ՛ք. 3Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեզնից ո՞վ է, որ բարեկամ ունենայ, գնայ նրա մօտ կէսգիշերին եւ ասի նրան. բարեկա՛մ, ինձ երեք նկանակ փո՛խ տուր, 4որովհետեւ իմ բարեկամը ճանապարհից եկաւ ինձ մօտ, եւ ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ։ 5Իսկ նա ներսից պատասխանի եւ ասի. «Ինձ նեղութիւն մի՛ տուր, որովհետեւ դռները փակուած են, եւ երեխաներս ինձ հետ անկողնում են, չեմ կարող վեր կենալ եւ քեզ հաց տալ»։ 6Ասում եմ ձեզ, եթէ բարեկամութեան համար էլ վեր չկենայ եւ հաց չտայ նրան, նրա թախանձանքի՛ պատճառով վեր կենալով կը տայ նրան, ինչ որ պէտք է։7Եւ ես ասում եմ ձեզ. խնդրեցէ՛ք, եւ Աստծուց կը տրուի ձեզ, փնտռեցէ՛ք, եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեզ համար,8որովհետեւ, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտռում է, գտնում է, եւ ով որ բախում է, բացւում է նրա առաջ։ 9Ձեզնից ո՞վ է այն հայրը, որի որդին եթէ ձուկ ուզի, միթէ ձկան փոխարէն օ՞ձ կը տայ նրան. 10եւ կամ ձու ուզի, միթէ կարի՞ճ կը տայ նրան։ 11Իսկ եթէ դուք, որ չար էք, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդիներին, որչա՜փ եւս առաւել ձեր երկնաւոր Հայրը բարիքներ կը տայ նրանց, որոնք ուզում են իրենից»։12Եւ Յիսուս մի համր դեւ էր հանում. եւ երբ դեւը ելաւ, համրը խօսեց. եւ ամբողջ ժողովուրդը զարմացաւ։ 13Եւ նրանցից ոմանք ասացին. «Դա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով»։ 14Իսկ ուրիշներ փորձում էին նրան եւ երկնքից նշան էին ուզում նրանից։ 15Իսկ նա իմանալով նրանց մտածումները՝ ասաց նրանց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն տուն՝ կործանւում։ 16Արդ, եթէ սատանան էլ ինքն իր մէջ բաժանուեց, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ. որովհետեւ իմ մասին ասում էք, թէ՝ «Դա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով»։ 17Եթէ ես դեւերին հանում եմ Բէեղզեբուղի միջոցով, ձեր հետեւորդները ինչո՞վ պիտի հանեն. դրա համար նրա՛նք պիտի լինեն ձեր դատաւորները։ 18Իսկ եթէ Աստծու մատով եմ հանում դեւերին, ապա Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրայ։ 19Երբոր զինուած հզօր մի մարդ պահպանում է իր տունը, նրա ինչքը ապահով է։ 20Բայց եթէ նրանից աւելի հզօրը գայ նրա վրայ եւ յաղթի նրան, նրանից կը հանի այն զէնքերը, որոնց վրայ յոյս էր դրել, եւ նրա աւարը կը բաժանի։ 21Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է»։ 22«Երբ պիղծ դեւը ելնում է մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտռում. եւ երբ չի գտնում, ասում է՝ «Վերադառնամ իմ տունը, որտեղից ելայ»։ 23Եւ գալիս է ու գտնում այն՝ մաքրուած եւ կարգի բերուած։ 24Այն ժամանակ գնում եւ վերցնում է իրենից աւելի չար եօթը այլ դեւեր եւ մտնում, բնակւում է այնտեղ. եւ այն մարդու վերջին վիճակը լինում է աւելի վատ, քան նախկինը»։ 25Եւ մինչդեռ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց եւ ասաց. «Երանի՜ է այն կնոջը, որ յղացաւ եւ դիեցրեց քեզ»։ 26Եւ նա ասաց. «Մանաւանդ երանի՜ է նրանց, որ լսում են Աստծու խօսքը եւ կը պահեն»։ 27Եւ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնուեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, եւ նրան երկնքից այլ նշան չի տրուի, բացի Յովնանի նշանից.28որովհետեւ, ինչպէս Յովնանը նշան եղաւ նինուէացիների համար, նոյնպէս մարդու Որդին նշան կը լինի այս սերնդի համար։ 29Հարաւի դշխոն դատաստանի ժամանակ վեր պիտի կենայ այս սերնդի մարդկանց հետ եւ պիտի դատապարտի նրանց, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա Սողոմոնից մեծը կայ այստեղ։ 30Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի կենան այս սերնդի հետ եւ պիտի դատապարտեն նրան, որովհետեւ Յովնանի քարոզութեան վրայ ապաշխարեցին. եւ ահա Յովնանից մեծը կայ այստեղ»։ 31«Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի։32Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի։33Արդ, զգո՛յշ եղիր, գուցէ այն լոյսը, որ քո մէջ է, խաւար լինի։ 34Եթէ քո ամբողջ մարմինը լուսաւոր է, եւ նրա մէջ խաւարի մաս չկայ, ամէն ինչ այնպէս լուսաւոր կը լինի, ինչպէս երբ ճրագը իր շողերով լուսաւորի քեզ»։ 35Եւ մինչդեռ նա խօսում էր այս բաները, մի փարիսեցի աղաչում էր նրան, որ իր մօտ ճաշի։ Եւ նա մտնելով՝ սեղան նստեց։ 36Երբ փարիսեցին տեսաւ, զարմացաւ, որովհետեւ Յիսուս ճաշից առաջ չլուացուեց։ 37Տէրը նրան ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի եւ պնակի արտաքինն էք մաքրում, իսկ ձեր ներքինը լի է յափշտակութեամբ եւ չարութեամբ։ 38Անմիտնե՛ր, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաեւ ներքինը ստեղծեց։ 39Բայց տեսէ՛ք, թէ ինչն է իսկապէս արժան. ողորմութի՛ւն տուէք, եւ ահա ձեր ամէն ինչը մաքուր կը լինի։ 40Բայց վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ տասանորդ էք տալիս անանուխի, փեգենայի եւ ամէն տեսակ բանջարեղէնի, բայց զանց էք անում Աստծու արդարութիւնն ու սէրը. այս բաները պէտք էր անել, բայց միւսները զանց չանել։ 41Վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ ժողովարաններում բարձր գահերն էք սիրում եւ հրապարակներում՝ առաջին ողջոյնները ստանալ։ 42Վա՜յ ձեզ, որ անյայտ գերեզմանների պէս էք. մարդիկ քայլում են նրանց վրայով եւ չգիտեն»։43Օրէնսգէտներից մէկը պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բաներն ասելով՝ մեզ էլ ես նախատում»։ 44Եւ նա ասաց. «Վա՜յ ձե՛զ եւս, օրէնսգէտնե՛ր, որ մարդկանց դժուարակիր բեռներ էք բարձում, բայց դուք ինքներդ մէկ մատով իսկ բեռներին չէք դիպչում։ 45Վա՜յ ձեզ, որ մարգարէներին շիրիմներ էք շինում, իսկ ձեր հայրերը նրանց սպանեցին։ 46Դրանով իսկ դուք վկայում էք, թէ կամակից էք ձեր հայրերի գործերին, որովհետեւ նրանք կոտորեցին մարգարէներին, իսկ դուք նրանց գերեզմաններ էք շինում։ 47Դրա համար Աստծու իմաստութիւնն ասաց. նրանց մէջ մարգարէներ եւ առաքեալներ կ՚ուղարկեմ, եւ նրանցից ոմանց պիտի սպանեն եւ հալածեն, 48որպէսզի այդ սերնդից պահանջուի արիւնը բոլոր մարգարէների՝ թափուած աշխարհի սկզբից՝ 49Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Զաքարիայի, որը կորստեան մատնուեց խորանի եւ տաճարի միջեւ. այո՛, ասում եմ ձեզ, պիտի պահանջուի՛ այդ սերնդից։ 50Վա՜յ ձեզ՝ օրէնսգէտների՛դ, որ թաքցնում էք գիտութեան բանալիները. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ արգելում էք»։ 51Եւ երբ այս բոլորը նրանց ասաց ամբողջ ժողովրդի առաջ, ամօթահար եղան. եւ օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խիստ չարանալ եւ բանավէճի բռնուել նրա հետ՝ շատ բաների համար։ 52Եւ սպասում էին նրա բերանից ինչ-ինչ խօսքեր որսալ, որպէսզի չարախօսեն նրա մասին։ 
12 Մինչ Յիսուսի շուրջը բիւրաւոր ժողովուրդ հաւաքուեց՝ իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց նախ իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգո՛յշ պահեցէք փարիսեցիների խմորից, որ կեղծաւորութիւնն է, 2որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, 3քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ։ 4Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5այլ ցոյց կը տամ ձեզ, թէ ումի՛ց պէտք է վախենաք։ Վախեցէ՛ք նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցէ՛ք նրանից։ 6Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծու առաջ մոռացուած չէ։ 7Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշուուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները»։ 8«Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կը խոստովանի Աստծու հրեշտակների առաջ։ 9Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կ՚ուրանայ, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացուի։ 10Եւ ով որ մարդու Որդու դէմ բան ասի, նրան պիտի ներուի, բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներուի։ 11Իսկ երբ ձեզ տանեն ժողովարանների, կառավարիչների եւ իշխանաւորների առաջ, մի՛ մտահոգուէք, թէ ինչպէս կամ ինչ պատասխան պիտի տաք եւ կամ ինչ պիտի ասէք,12որովհետեւ Սուրբ Հոգին նոյն ժամին կը սովորեցնի ձեզ, թէ ինչ պէտք է խօսել»։ 13Ժողովրդի միջից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, ասա եղբօրս, որ ժառանգութիւնը ինձ հետ բաժանի»։ 14Եւ նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատաւոր կամ բաժանարար կարգեց ձեր վրայ»։15Ապա ժողովրդին ասաց. «Տեսէք, որ զգոյշ լինէք ամէն տեսակ ագահութիւնից, որովհետեւ մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ»։ 16Եւ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տուեցին. 17եւ նա խորհեց իր մտքում ու ասաց. «Տեսնեմ ինչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկայ։ 18Գիտեմ, - ասաց նա, - թէ ինչ պէտք է անեմ. կը քանդեմ իմ շտեմարանները եւ աւելի մեծերը կը շինեմ ու այնտեղ կը հաւաքեմ ցորենը եւ իմ ամբողջ բարիքները. 19ու ինքս ինձ կ՚ասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարուած բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր»։ 20Աստուած նրան ասաց. «Անմի՛տ, հէնց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»։ 21Նոյնպէս է նաեւ նա, ով իր անձի համար գանձ կը հաւաքի եւ Աստուծով չի հարստանայ»։ 22Եւ իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. հոգ մի՛ արէք ձեր հոգու համար, թէ ինչ էք ուտելու, ոչ էլ մարմնի համար, թէ ինչ էք հագնելու, 23որովհետեւ հոգին առաւել է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան հագուստը։ 24Նայեցէ՛ք ագռաւներին, որոնք ո՛չ սերմանում են եւ ո՛չ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն եւ ո՛չ էլ ամբարներ, բայց Աստուած կերակրում է նրանց. որքա՜ն եւս առաւել ձեզ, որ շատ աւելի յարգի էք, քան թռչունները։ 25Ձեզնից ո՞վ, հոգս անելով, կը կարողանայ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել։ 26Արդ, եթէ փոքր բանի մէջ անկարող էք, այլ բաների համար ինչո՞ւ էք հոգս անում։ 27Նայեցէ՛ք շուշանին՝ ինչպէս է աճում. ո՛չ աշխատում է եւ ո՛չ հիւսում։ Ասում եմ ձեզ՝ Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մէջ նրանցից մէկի նման չհագնուեց։ 28Իսկ եթէ խոտը, որ այսօր բաց դաշտի մէջ է, իսկ վաղը հնոց է նետուելու, Աստուած այդպէ՛ս է հագցնում, որչա՜փ եւս առաւել ձեզ պիտի հագցնի, թերահաւատնե՛ր։ 29Եւ դուք մի՛ մտահոգուէք, թէ ի՛նչ էք ուտելու կամ ի՛նչ էք խմելու, եւ մի՛ մտատանջուէք,30որովհետեւ այդ ամէնը աշխարհի հեթանոսներն են, որ փնտռում են։ Իսկ ձեր Հայրը գիտէ, որ այդ ամէնը պէտք է ձեզ։ 31Այլ դուք հետամո՛ւտ եղէք Աստծու արքայութեանը, եւ այդ ամէնը աւելիով կը տրուի ձեզ»։ 32«Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը։ 33Վաճառեցէ՛ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տուէք. եւ ձեզ համար շինեցէ՛ք չհնացող քսակներ եւ անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մօտենում, եւ ո՛չ ցեցը՝ փչացնում. 34որովհետեւ, ուր որ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն»։ 35«Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, եւ ճրագներդ՝ վառուած։ 36Եւ դուք նմանուեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ ե՛րբ կը վերադառնայ հարսանիքից, որպէսզի, երբ գայ եւ բախի դուռը, իսկոյն բաց անեն։ 37Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կը գտնի տէրը, երբ գայ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գօտի կը կապի մէջքին, սեղան կը նստեցնի նրանց եւ կ՚անցնի նրանց սպասարկելու։ 38Եւ եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ ու գտնի նրանց այդպէս, երանելի են այդ ծառաները։ 39Բայց այն էլ իմացէ՛ք, որ եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, թոյլ չէր տայ, որ իր տունը կտրեն։ 40Դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կը գայ մարդու Որդին»։41Պետրոսն ասաց. «Տէ՛ր, մե՞զ համար ասացիր այդ առակը, թէ՞ բոլորի համար»։ 42Եւ Տէրն ասաց. «Ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր տէրը իր ծառաների վրայ վերակացու կարգեց՝ ժամանակի՛ն կերակուր տալու համար։ 43Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կը գտնի։ 44Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կը կարգի։ 45Իսկ եթէ այդ ծառան իր սրտում ասի՝ «Իմ տէրը ուշանում է գալ», եւ սկսի ծեծել ծառաներին եւ աղախիններին, ուտել, խմել եւ հարբել, 46այդ ծառայի տէրը կը գայ այն օրը, երբ նա չէր սպասում, եւ այն ժամին, որ չէր իմանում. նրան մէջքից երկու կտոր կ՚անի եւ նրա բաժինը անհաւատների հետ կը դնի։ 47Իսկ այն ծառան, որ գիտէ իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կ՚ուտի։48Եւ այն ծառան, որ չգիտէ իր տիրոջ կամքը եւ ծեծի արժանի գործ է կատարում, քիչ ծեծ կ՚ուտի. նրան, ում շատ է տրուած, նրանից շատ էլ կ՚ուզուի, եւ ում շատ է վստահուած, նրանից աւելին կը պահանջեն»։49«Երկրի վրայ կրակ գցելու եկայ. եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի։ 50Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու եւ ինչպէ՜ս եմ շտապում, որ կատարուի։ 51Կարծում էք, թէ երկրին խաղաղութի՞ւն տալու եկայ. ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում. 52որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն. երեքը՝ երկուսի դէմ, եւ երկուսը՝ երեքի։ 53Հայրը պիտի բաժանուի որդու դէմ, եւ որդին՝ Հօր, մայրը՝ աղջկայ դէմ, եւ աղջիկը՝ մօր, կեսուրը՝ հարսի դէմ, եւ հարսը՝ իր կեսրոջ»։ 54Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնէք, որ արեւմուտքից ամպ է ելնում, իսկոյն կ՚ասէք, թէ՝ անձրեւ կը գայ։ Այդպէս էլ լինում է։ 55Եւ երբ հարաւի քամին փչի, կ՚ասէք, թէ՝ խորշակ կը լինի։ Եւ այդպէս էլ լինում է։ 56Կեղծաւորնե՛ր, երկնքի եւ երկրի երեւոյթները քննել գիտէք, իսկ այս ներկայ ժամանակը ինչպէ՞ս չէք քննում։ 57Ինչո՞ւ դուք անձնապէս արժանին չէք ընտրում։ 58Երբ քո թշնամու հետ գնաս իշխանի մօտ, ճանապարհին հաշիւդ մաքրի՛ր, որ նրանից ազատուես, որովհետեւ գուցէ նա քեզ քարշ տայ դատաւորի մօտ, եւ դատաւորը քեզ բանտապահի ձեռքը յանձնի, եւ բանտապահն էլ՝ բանտ նետի։59Ասում եմ քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչեւ որ չվճարես վերջին գրոշը»։ 
13 Այդ նոյն ժամանակ ոմանք եկան եւ պատմեցին նրան այն գալիլիացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արեան հետ։ 2Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Կարծո՞ւմ էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւոր էին քան բոլոր գալիլիացիները։ 3Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք։ 4Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդիկ։ 5Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք»։ 6Պատմեց եւ այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. եւ երբ պտղի ժամանակը հասաւ, նա եկաւ նրա վրայ պտուղ փնտռելու ու չգտաւ։ 7Այգեգործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրայ պտուղ փնտռելու եւ չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողն զբաղեցնում»։ 8Այգեգործը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ. 9գուցէ թէ պտուղ տայ. ապա թէ ոչ՝ մի տարուց յետոյ կը կտրես այդ»։ 10Եւ մի շաբաթ օր Յիսուս մի ժողովարանում ուսուցանում էր։ 11Եւ ահա այնտեղ կար մի կին, որին չար դեւը տասնութ տարի բռնած էր պահում. եւ կուչ էր եկած ու ամենեւին վեր նայել չէր կարողանում։ 12Եւ Յիսուս նրան տեսնելով՝ կանչեց իր մօտ եւ ասաց. «Ո՛վ կին, բժշկուած ես քո հիւանդութիւնից»։ 13Եւ ձեռքը դրեց նրա վրայ, ու նոյն ժամին հիւանդը ուղղուեց եւ Աստծուն փառք էր տալիս։ 14Ժողովրդապետը բարկացաւ, թէ ինչո՛ւ Յիսուս շաբաթ օրով բուժեց. եւ ասաց ժողովրդին. «Վեց օր կայ, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկէք բուժուեցէք եւ ոչ թէ շաբաթ օրը»։ 15Տէրը նրան պատասխանեց եւ ասաց. «Կեղծաւորնե՛ր, ձեզնից իւրաքանչիւր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում եւ չի՞ տանում ջուր տալու։ 16Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի է, ինչ կապել էր, - արժանի չէ՞ր միթէ շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»։ 17Եւ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակում էին նրան. իսկ ամբողջ ժողովուրդը ուրախանում էր այն բոլոր փառաւոր գործերի համար, որ կատարւում էին Յիսուսի կողմից։ 18Եւ ասաց. «Ինչի՞ նման է Աստծու արքայութիւնը, եւ ինչի՞ նմանեցնեմ այն։ 19Նման է մանանեխի հատիկին, որ մի մարդ վերցրեց եւ նետեց իր պարտէզը։ Սա աճեց եւ ծառ եղաւ, եւ երկնքի թռչունները ապրում էին նրա ճիւղերի վրայ»։ 20Եւ դարձեալ ասաց. «Ինչի՞ նմանեցնեմ Աստծու արքայութիւնը. 21նման է այն խմորին, որ մի կին, վերցնելով, խառնեց երեք գրիւ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»։ 22Եւ Յիսուս շրջում էր քաղաքներով ու գիւղերով եւ ուսուցանում էր։ Երբ ճանապարհ էր ընկել դէպի Երուսաղէմ, 23մէկը նրան ասաց. «Տէ՛ր, սակաւաթի՞ւ են նրանք, որ փրկուելու են»։ 24Եւ նա նրանց ասաց. «Ջանացէ՛ք մտնել նեղ դռնով. ասում եմ ձեզ, որ շատերը կ՚ուզենան մտնել, բայց չեն կարողանայ։25Այն բանից յետոյ, երբ տանտէրը մտնի եւ դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կը սկսէք դուռը բախել եւ ասել. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց մեզ համար». իսկ նա պատասխանելով կ՚ասի ձեզ. «Չգիտեմ, թէ որտեղից էք»։ 26Այն ժամանակ կը սկսէք ասել. «Մենք քո առաջ կերանք եւ խմեցինք, եւ դու հրապարակներում ուսուցանեցիր»։ 27Եւ տանտէրը կ՚ասի. «Ասում եմ՝ ձեզ չգիտեմ, թէ որտեղից էք. հեռացէ՛ք ինձնից դուք՝ բոլոր անիրաւ մշակներդ»։ 28Այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում, երբ տեսնէք Աբրահամին, Իսահակին, Յակոբին եւ բոլոր մարգարէներին Աստծու արքայութեան մէջ, իսկ ձեզ՝ դուրս հանուած։29Եւ կը գան մարդիկ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից եւ հարաւից ու կը բազմեն Աստծու արքայութեան մէջ։ 30Եւ ահա վերջիններ կան, որ առաջին կը լինեն, եւ առաջիններ՝ որ կը լինեն վերջին»։ 31Նոյն օրը մի քանի փարիսեցիներ մօտեցան եւ ասացին նրան. «Վե՛ր կաց, գնա՛ այստեղից, որովհետեւ Հերովդէսն ուզում է քեզ սպանել»։ 32Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէք ասացէ՛ք այն աղուէսին, թէ ահա դեւեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր եւ վաղը, իսկ երրորդ օրը գործս կ՚աւարտեմ։ 33Բայց պէտք է այսօր, վաղը եւ միւս օրը գնալ. որովհետեւ մարգարէն պէտք չէ, որ Երուսաղէմից դուրս կորստեան մատնուի»։ 34«Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո որդիներին, ինչպէս հաւը իր ձագերին՝ թեւերի տակ, բայց դու չկամեցար։ 35Ահա ձեր տունը ձեզ պիտի թողնուի աւերակ. բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ չասէք՝ «Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»։ 
14 Երբ մի շաբաթ օր նա մտաւ փարիսեցիների իշխանաւորներից մէկի տունը հաց ուտելու, նրանք դիտում էին նրան։ 2Եւ ահա այնտեղ, նրա առաջ ջրգողով հիւանդ մի մարդ կար։ 3Յիսուս պատասխանեց օրէնսգէտներին ու փարիսեցիներին եւ ասաց. «Շաբաթ օրով բժշկելը օրինաւո՞ր է, թէ՞՝ ոչ»։ 4Նրանք լուռ մնացին։ Յիսուս նրան բռնելով՝ բուժեց եւ արձակեց։ 5Եւ նրանց ասաց. «Ձեզնից ո՞ւմ եզը կամ էշը ընկնի ջրհորի մէջ, նա իսկոյն այն չի հանի շաբաթ օրով»։ 6Եւ այդ մասին նրան պատասխան տալ չկարողացան։ 7Հրաւիրուածներին էլ մի առակ ասաց՝ տեսնելով, թէ ինչպէս նրանք պատուոյ տեղերն էին ընտրում։8Նրանց ասաց. «Երբ մէկը քեզ հարսանիքի կամ հրաւէրքի կանչի, առաջին տեղը մի՛ նստիր, գուցէ քեզնից աւելի պատուական մէկը նրա կողմից կանչուած լինի։ 9Եւ քեզ ու նրան կանչողը գայ ու քեզ ասի՝ «Սրան տե՛ղ տուր»։ Եւ ապա սկսես ամօթով վերջին տեղը գրաւել։10Այլ, երբ հրաւիրուես, գնա բազմի՛ր վերջին տեղը, որպէսզի, երբ քեզ կանչողը գայ եւ քեզ ասի՝ «Բարեկա՛մ, աւելի վե՛ր մօտեցիր», այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու փառաւորուես. 11որովհետեւ նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհուի, եւ նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանայ»։ 12Իրեն հրաւիրողին էլ ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին եւ ո՛չ էլ քո հարուստ հարեւաններին, որպէսզի նրանք էլ փոխարէնը քեզ չհրաւիրեն, եւ քեզ հատուցում լինի։ 13Այլ, երբ ընդունելութիւն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին 14եւ երանելի կը լինես, որովհետեւ փոխարէնը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Եւ դրա փոխարէն քեզ կը հատուցուի արդարների յարութեան օրը»։ 15Երբ սեղանակիցներից մէկը այս լսեց, ասաց նրան. «Երանի՜ նրան, ով ճաշ կ՚ուտի Աստծու արքայութեան մէջ»։ 16Եւ Յիսուս ասաց. «Մի մարդ ընթրիք սարքեց եւ հրաւիրեց շատերին։ 17Եւ ընթրիքի ժամին իր ծառային ուղարկեց՝ կանչելու հրաւիրուածներին, թէ՝ «Եկէ՛ք, որովհետեւ ահա ամէն ինչ պատրաստ է»։ 18Եւ ամէնքը մէկ-մէկ սկսեցին հրաժարուել։ Առաջինն ասաց. «Ագարակ գնեցի եւ պէտք է, որ գնամ տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարուա՛ծ համարիր»։ 19Եւ միւսն ասաց. «Հինգ լուծ եզներ գնեցի. գնում եմ դրանք փորձելու. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարուա՛ծ համարիր»։ 20Իսկ միւսն ասաց. «Կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ»։ 21Եւ ծառան եկաւ ու իր տիրոջը պատմեց այս։ Այդ ժամանակ, բարկանալով, տանտէրն իր ծառային ասաց. «Իսկոյն դո՛ւրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները եւ աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին բեր մտցրո՛ւ այստեղ»։ 22Եւ ծառան ասաց. «Տէ՛ր, ինչ հրամայեցիր՝ կատարուեց եւ էլի տեղ կայ»։ 23Եւ տէրը ծառային ասաց. «Դո՛ւրս եկ ճանապարհներն ու ցանկապատների առաջ եւ մարդկանց այստեղ մտցրո՛ւ, որպէսզի տունս լցուի»։ 24Ասում եմ ձեզ, որ այդ հրաւիրուածներից ոչ ոք իմ ընթրիքից չի ճաշակի»։ 25Եւ նրա հետ շատ ժողովուրդ էր գնում. նա դարձաւ եւ ասաց նրանց. 26«Եթէ մէկը ինձ մօտ գայ եւ չնախընտրի ինձ իր հօրից ու մօրից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քոյրերից, նոյնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել. 27որովհետեւ, ով որ չվերցնի իր խաչը եւ իմ յետեւից չգայ, չի կարող իմ աշակերտը լինել։ 28Ձեզնից ո՞վ, եթէ կամենայ աշտարակ շինել, նախ նստելով չի հաշուի իր ծախսերը, թէ աւարտելու համար բաւական դրամ ունի՞, 29որպէսզի, գուցէ, երբ հիմը դնի եւ չկարողանայ աւարտել, բոլոր նրանք, որ տեսնեն, չսկսեն նրան ծաղրել30եւ ասել, թէ՝ «Այս մարդը սկսեց կառուցել եւ չկարողացաւ աւարտել»։31Կամ ո՞ր թագաւորը, եթէ գնայ պատերազմելու մի այլ թագաւորի դէմ, նախ չի նստի եւ խորհի, թէ տասը հազարով կը կարողանա՞յ դիմադրել նրան, որ իր վրայ քսան հազարով է գալիս։ 32Ապա թէ ոչ, մինչ սա դեռ հեռու է, պատգամաւորութիւն ուղարկելով՝ խաղաղութիւն կը խնդրի։ 33Արդ, այսպէս էլ՝ ձեզնից ով որ իր ամբողջ ունեցուածքից չհրաժարուի, չի կարող իմ աշակերտը լինել»։ 34«Աղը լաւ բան է, բայց եթէ աղն էլ անհամանայ, ինչո՞վ այն պիտի համեմուի։35Ո՛չ հողի համար է պիտանի եւ ո՛չ էլ՝ պարարտանիւթի, այլ՝ դուրս թափելու։ Ով որ ականջ ունի լսելու, թող լսի»։ 
15 Եւ բոլոր մաքսաւորներն ու մեղաւորները նրա մօտն էին, որպէսզի լսեն նրան։ 2Փարիսեցիներն ու օրէնսգէտները տրտնջում էին եւ ասում. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղաւորներին եւ ուտում նրանց հետ»։ 3Յիսուս նրանց այս առակն ասաց. 4«Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ, երբ հարիւր ոչխար ունենայ եւ կորցնի նրանցից մէկը, արօտավայրում չի թողնի իննսունիննին եւ չի գնայ կորածի յետեւից, մինչեւ որ այն գտնի։ 5Եւ երբ այն գտնի, կը դնի այն իր ուսերի վրայ խնդութեամբ 6եւ կը գնայ տուն, կը կանչի բարեկամներին եւ հարեւաններին ու նրանց կ՚ասի. ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորած ոչխարը։ 7Ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կը լինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ։ 8Կամ՝ ո՞վ է այն կինը, որ, երբ տասը դրամ ունենայ եւ մի դրամ կորցնի, ճրագ չի վառի եւ չի աւլի տունը փութով ու չի փնտռի, մինչեւ որ գտնի։ 9Եւ երբ գտնի, կը կանչի բարեկամներին եւ հարեւաններին ու կ՚ասի. «Ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորցրած դրամը»։ 10Ասում եմ ձեզ, Աստծու հրեշտակների առաջ այսպէս ուրախութիւն կը լինի մէկ մեղաւորի համար, որն ապաշխարում է»։ 11Եւ ասաց. «Մի մարդ երկու որդի ունէր. 12նրանցից կրտսերը հօրն ասաց. «Հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը»։ Եւ նա ունեցուածքը բաժանեց նրանց։ 13Քիչ օրեր յետոյ, կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում։ 14Եւ երբ ամէն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղաւ, եւ նա սկսեց չքաւոր դառնալ։ 15Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մէկին, եւ սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու։ 16Եւ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս։17Ապա խելքի եկաւ եւ ասաց. «Քանի՜ վարձու աշխատաւորներ կան իմ հօր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։18Վեր կենամ գնամ իմ հօր մօտ եւ նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ 19եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ վերցրո՛ւ իբրեւ քո աշխատաւորներից մէկը»։ 20Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ. եւ մինչ դեռ հեռու էր, հայրը տեսաւ նրան եւ գթաց. վեր կացաւ եւ վազեց նրան ընդառաջ, ընկաւ նրա պարանոցով եւ համբուրեց նրան։ 21Եւ որդին ասաց նրան. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու»։ 22Հայրը իր ծառաներին ասաց. «Անմիջապէս հանեցէ՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրէ՛ք նրան, մատանին նրա մատը դրէք եւ նրա ոտքերին՝ կօշիկներ. 23բերէ՛ք պարարտ եզը, մորթեցէ՛ք, ուտենք եւ ուրախ լինենք, 24որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց». եւ սկսեցին ուրախանալ։ 25Իսկ նրա աւագ որդին ագարակում էր. եւ մինչ գալիս էր եւ տանը մօտեցաւ, լսեց երգերի եւ պարերի ձայնը. 26եւ իր մօտ կանչելով ծառաներից մէկին՝ հարցրեց, թէ այդ ի՞նչ է։ 27Եւ սա նրան ասաց. «Քո եղբայրը եկել է, եւ քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետեւ ողջ առողջ ընդունեց նրան»։ 28Նա բարկացաւ եւ չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան։ 29Որդին պատասխանեց եւ ասաց հօրը. «Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտուիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անէի։30Երբ եկաւ քո այդ որդին, որը քո ունեցուածքը կերաւ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»։ 31Հայրը նրան ասաց. «Որդեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամէն ինչ, որ իմն է, քոնն է. 32բայց պէտք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց»։ 
16 Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. եւ նրա մասին ամբաստանութիւն եղաւ, որպէս թէ վատնում է իր տիրոջ ունեցուածքը։ 2Տէրը կանչեց նրան եւ ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛ւր քո տնտեսութեան հաշիւը, որովհետեւ այլեւս տնտես լինել չես կարող»։ 3Տնտեսը իր մտքում ասաց. «Ի՞նչ պէտք է անեմ, քանի որ իմ տէրը տնտեսութիւնս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։4Գիտեմ, թէ ինչ պիտի անեմ, որպէսզի, երբ տնտեսութիւնիցս հեռացուեմ, ընդունեն ինձ իրենց տները»։ 5Եւ իր տիրոջ պարտապաններից իւրաքանչիւրին մէկ առ մէկ իր մօտ կանչելով՝ առաջինին ասում է՝ «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»։ 6Եւ սա ասում է՝ «Հարիւր տակառիկ ձէթ». եւ տնտեսը նրան ասում է՝ «Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու անմիջապէս գրի՛ր՝ յիսուն»։ 7Ապա դարձեալ միւսին ասում է՝ «Դու ինչքա՞ն պարտք ունես». եւ սա ասաց՝ «Հինգ հարիւր պարկ ցորեն»։ Տնտեսը նրան ասաց՝ «Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու գրի՛ր՝ չորս հարիւր»։ 8Եւ տէրը գովեց անիրաւ տնտեսին, որովհետեւ հնարամտութեամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները աւելի հնարամիտ են, քան լոյսի որդիները իրենց սերնդի մէջ»։ 9«Եւ ես ձեզ ասում եմ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի, երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ։ 10Քիչ բանի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է. իսկ քչի մէջ անիրաւը, շատի մէջ էլ անիրաւ է։ 11Արդ, եթէ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կը վստահի ճշմարիտը։ 12Եւ եթէ օտարինը եղող բանի մէջ հաւատարիմ չեղաք, ձերը ո՞վ կը տայ ձեզ։ 13Ոչ մի ծառայ երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետեւ, եթէ մէկին ատի, միւսին կը սիրի. կամ եթէ մէկին մեծարի, միւսին էլ կ՚արհամարհի։ Չէք կարող ե՛ւ Աստծուն ծառայել, ե՛ւ մամոնային»։ 14Երբ փարիսեցիները լսում էին այս բոլորը, նրան պախարակում էին, քանի որ արծաթասէր էին։ 15Եւ նրանց ասաց. «Դուք էք, որ մարդկանց առաջ ձեզ արդար էք ձեւացնում, սակայն Աստուած ձեր սրտերը գիտէ. որովհետեւ այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է։ 16Օրէնքն ու մարգարէները մինչեւ Յովհաննէսն էին. այնուհետեւ աւետարանւում է Աստծու արքայութիւնը, եւ ամէն ոք բռնի է ուզում ձեռք բերել այն։ 17Աւելի հեշտ է, որ երկինք ու երկիր անցնեն, քան թէ օրէնքից մէկ նշանախեց ընկնի։18Ով որ իր կնոջն արձակում է եւ մի ուրիշին առնում, շնանում է. իսկ ով որ արձակուածին է առնում, շնանում է»։ 19«Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում եւ ամէն օր առատապէս ուրախութիւն էր անում։ 20Եւ Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ՝ վէրքերով ծածկուած։ 21Եւ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափւում էին մեծահարուստի սեղանից։ Եւ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վէրքերը։ 22Երբ աղքատը մեռաւ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը. մեծահարուստն էլ մեռաւ եւ թաղուեց։ 23Եւ դժոխքում, մինչ սա տանջանքների մէջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռուից տեսաւ Աբրահամին եւ Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած։ 24Եւ նա աղաղակեց ու ասաց. «Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ եւ ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով եւ զովացնի լեզուս, որովհետեւ այս տապից պապակում եմ»։ 25Եւ Աբրահամը նրան ասաց. «Որդեա՛կ, յիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ, քո կեանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարւում է, իսկ դու այդտեղ պապակում ես։ 26Եւ այս բոլորից բացի, մեծ վիհ կայ մեր եւ ձեր միջեւ. եթէ ուզենան այստեղից ձեզ մօտ անցնել, չեն կարողանայ. ոչ էլ այդտեղից մէկը կարող է մեզ մօտ անցնել»։ 27Մեծահարուստն ասաց. «Արդ, աղաչում եմ քեզ, հա՛յր, որ Ղազարոսին ուղարկես իմ հօր տունը, - 28որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, - որպէսզի նրանց վկայութիւն տայ, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը»։ 29Եւ Աբրահամն ասաց. «Նրանք ունեն Մովսէս եւ մարգարէներ, թող նրա՛նց լսեն»։ 30Եւ նա ասաց. «Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթէ մեռելներից մէկը նրանց մօտ գնայ, նրանք կ՚ապաշխարեն»։ 31Եւ Աբրահամը նրան ասաց. «Եթէ Մովսէսին եւ մարգարէներին չեն լսում, մեռելներից մէկն էլ եթէ յարութիւն առնի, չպիտի համոզուեն»։ 
17 Յիսուս ասաց նաեւ իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղութիւն չգայ, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կը գայ։ 2Նրա համար լաւ կը լինէր, եթէ իր պարանոցից երկանաքար վէմ կախուէր, եւ նա ծովը գցուէր, քան թէ այս փոքրիկներից մէկին գայթակղեցնէր։3Զգո՛յշ եղէք ձեր անձերի համար»։ 4«Եթէ քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. եւ եթէ զղջայ, ների՛ր նրան։ 5Եւ եթէ եօթն անգամ մեղանչի քո դէմ եւ եօթն անգամ դառնայ քեզ եւ ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»։ 6Եւ առաքեալները Տիրոջն ասացին. «Աւելացրո՛ւ մեր հաւատը»։ 7Եւ Տէրն ասաց. «Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք եւ այս թթենուն ասէ՛ք՝ «Արմատախի՛լ եղիր եւ տնկուի՛ր ծովի մէջ», նա՛ իսկ կը հնազանդուի ձեզ»։ 8«Իսկ ձեզնից ո՞վ, որ հողագործ կամ հովիւ ծառայ ունի, երբ սա ագարակից տուն մտնի, նրան կ՚ասի իսկոյն՝ «Անցի՛ր սեղան նստիր». 9այլ նրան չի՞ ասի՝ «Պատրաստի՛ր, ինչ ընթրելու եմ, եւ գօտի կապած՝ ծառայի՛ր ինձ, մինչեւ որ ուտեմ եւ խմեմ, եւ ապա կ՚ուտես եւ կը խմես դու»։ 10Միթէ տէրը շնորհապա՞րտ կը լինի այդ ծառային, որ իր բոլոր հրամանները կատարեց։ 11Նոյնպէս եւ դուք, երբ կատարէք այն բոլորը, որ ձեզ հրամայուած է, ասացէք, թէ՝ «Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտաւոր էինք անել, ա՛յն արեցինք»։ 12Եւ մինչ նա դէպի Երուսաղէմ էր գնում, անցնում էր Սամարիայի եւ Գալիլիայի միջով։ 13Եւ երբ մի գիւղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին,14բարձրացրին իրենց ձայնը եւ ասացին. «Յիսո՛ւս վարդապետ, ողորմի՛ր մեզ»։ 15Եւ երբ նրանց տեսաւ, ասաց նրանց. «Գնացէ՛ք դուք ձեզ քահանաներին ցոյց տուէք»։ Երբ գնում էին, նոյն ժամին մաքրուեցին։ 16Նրանցից մէկը, երբ տեսաւ, թէ բժշկուեց, վերադարձաւ եւ բարձր ձայնով փառաւորում էր Աստծուն. 17երեսի վրայ ընկաւ Յիսուսի ոտքերի առաջ եւ շնորհակալութիւն էր յայտնում նրան. եւ ինքը սամարացի էր։ 18Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Սրանք տասն էլ չմաքրուեցի՞ն. իսկ արդ, իննը ո՞ւր են, 19որ չվերադարձան՝ փառք տալու համար Աստծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց»։ 20Եւ ասաց նրան. «Վե՛ր կաց գնա, որովհետեւ քո հաւատը քեզ փրկեց»։21Երբ փարիսեցիների կողմից հարց տրուեց, թէ ե՞րբ պիտի գայ Աստծու արքայութիւնը, նա պատասխանեց եւ ասաց. «Աստծու արքայութիւնը դրսից տեսանելի կերպով չի գալիս, 22եւ չեն ասի, թէ՝ ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծու արքայութիւնը ներսում, ձեր մէջ է»։ 23Իսկ իր աշակերտներին ասաց. «Կը գան օրեր, երբ դուք կ՚ուզենաք մարդու Որդու օրերից մէկը տեսնել, եւ չէք տեսնի։ 24Եւ եթէ ձեզ ասեն, թէ՝ «Ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ», մի՛ շտապէք գնալու, 25որովհետեւ, ինչպէս որ փայլակը երկնքի ներքեւից փայլատակելով՝ երկնքի երեսը լուսաւորում է, այնպէս էլ կը լինի մարդու Որդին՝ իր օրում։ 26Բայց նախ նա պէտք է շատ չարչարուի եւ մերժուի այս սերնդից։ 27Եւ ինչպէս եղաւ Նոյի օրով, այնպէս կը լինի եւ մարդու Որդու օրով։ 28Ուտում էին, խմում, կին էին առնում եւ մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապան մտաւ, եւ ջրհեղեղը եկաւ ու բոլորին կորստեան մատնեց։ 29Նոյնպէս, ինչպէս Ղովտի օրով էլ եղաւ. ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում։ 30Եւ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելաւ, երկնքից կրակ եւ ծծումբ տեղաց ու բոլորին կորստեան մատնեց։ 31Նոյն ձեւով է լինելու այն օրն էլ, երբ մարդու Որդին է յայտնուելու։ 32Այն օրը, ով որ տանիքում է, եւ իր կարասին՝ տանը, թող չիջնի առնելու այն. եւ ով որ հանդում է, նոյնպէս թող յետ չդառնայ։ 33Յիշեցէ՛ք Ղովտի կնոջը։34Ով որ ուզի իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով որ կորցնի իր անձը, պիտի փրկի այն։ 35Ասում եմ ձեզ, այն գիշերը, եթէ երկու հոգի լինեն մի մահճի մէջ, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի։ 36Եւ եթէ երկու կին միասին աղալիս լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի։ Եւ եթէ հանդում երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի»։ 37Պատասխան տուին եւ ասացին նրան. «Որտե՞ղ, Տէ՛ր»։ 38Եւ նա ասաց նրանց. «Ուր որ մարմինն է, այնտեղ էլ կը հաւաքուեն արծիւները»։ 
18 Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թէ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան։ 2Ասաց. «Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում։ 3Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մօտ եւ ասում. «Իմ ոսոխի դէմ իմ դատը տես»։ 4Եւ դատաւորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից յետոյ իր մտքում ասաց. «Թէեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, 5բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգայ եւ ինձ չանհանգստացնի»։ 6Եւ Տէրն ասաց. «Լսեցէ՛ք, թէ ինչ էր ասում անիրաւ դատաւորը։ 7Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կը լինի։ 8Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկոյն արդարութիւն կ՚անի. իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞»։ 9Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թէ արդար են, եւ արհամարհում էին ուրիշ շատերին։10«Երկու մարդ տաճար ելան աղօթքի կանգնելու. մէկը՝ փարիսեցի, միւսը՝ մաքսաւոր։ 11Փարիսեցին կանգնած էր մեկուսի եւ, ինքն իրեն, այս աղօթքն էր ասում. «Աստուած իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպէս՝ յափշտակողները, անիրաւներն ու շնացողները, եւ կամ ինչպէս այս մաքսաւորը. 12այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից»։ 13Իսկ մաքսաւորը կանգնած էր մեկուսի եւ չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը եւ ասում. «Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս»։ 14Ասում եմ ձեզ, սա՛ իջաւ իր տունը արդարացած, ոչ թէ միւսը. որովհետեւ, ով որ բարձրացնում է իր անձը, կը խոնարհուի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կը բարձրացուի»։ 15Մանուկներին էլ մօտեցնում էին նրան, որպէսզի նրանց դիպչի. երբ աշակերտները այդ տեսան, սաստեցին բերողներին։16Իսկ Յիսուս կանչելով մանուկներին իր մօտ՝ ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին, որ ինձ մօտ գան, եւ մի՛ արգելէք նրանց, որովհետեւ այդպիսիներինն է Աստծու արքայութիւնը։ 17Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ Աստծու արքայութիւնը չընդունի ինչպէս մի մանուկ, այնտեղ չի մտնի»։ 18Մի իշխանաւոր նրան հարցրեց եւ ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։19Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստուած։ 20Պատուիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հօրը եւ մօրը»։ 21Եւ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկութիւնից»։ 22Երբ Յիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր եւ տո՛ւր աղքատներին եւ երկնքում գանձեր կ՚ունենաս, եւ արի՛ իմ յետեւից»։ 23Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետեւ չափազանց հարուստ էր։ 24Երբ Յիսուս նրան տեսաւ տրտմած, ասաց. «Ինչքա՜ն դժուարութեամբ Աստծու արքայութիւնը կը մտնեն նրանք, որոնք հարստութիւն ունեն։ 25Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի»։ 26Եւ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկուել»։ 27Եւ նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարաւոր է»։ 28Եւ Պետրոսն ասաց. «Ահա մենք մեր ամէն ինչը թողեցինք եւ եկանք քո յետեւից»։ 29Եւ Յիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկայ մէկը, որ թողած լինի տունը, կամ ծնողներին, կամ եղբայրներին, կամ կնոջը, կամ զաւակներին՝ Աստծու արքայութեան համար, 30եւ այս ներկայ ժամանակում բազմապատիկ չստանայ ու յաւիտենական կեանքը չժառանգի այն աշխարհում, որ գալու է»։ 31Եւ Տասներկուսին, առանձին, մի կողմ տանելով՝ նրանց ասաց. «Ահաւասիկ ելնում ենք դէպի Երուսաղէմ, եւ մարգարէների միջոցով մարդու Որդու մասին բոլոր գրուածները պիտի կատարուեն. 32որովհետեւ նա պիտի մատնուի հեթանոսներին եւ պիտի ծաղրուի. 33նրան պիտի ձաղկեն ու սպանեն, եւ երրորդ օրը յարութիւն պիտի առնի»։ 34Եւ առաքեալները այս բոլորից ոչինչ չիմացան, այլ խօսքը նրանցից ծածկուած էր, եւ ասուածները չէին ըմբռնում։ 35Եւ երբ նա մօտենում էր Երիքովին, ճանապարհի վրայ նստել էր մի կոյր մուրացկան։ 36Երբ սա լսեց, որ ժողովուրդը անցնում է, հարցրեց, թէ՝ այդ ի՞նչ է։ 37Եւ նրան պատմեցին, թէ անցնում է Յիսուս Նազովրեցին։ 38Նա աղաղակեց եւ ասաց. «Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։ 39Եւ առջեւից գնացողները սաստեցին նրան, որ լռի։ Իսկ նա առաւել եւս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։ 40Յիսուս տեղում կանգնեց եւ հրամայեց իր մօտ բերել նրան. եւ երբ կոյրը մօտեցաւ, նրան հարցրեց եւ ասաց. 41«Ի՞նչ ես կամենում դու, որ ես քեզ համար անեմ»։ Եւ սա ասաց. «Որ բացուեն աչքերս, եւ տեսնեմ, Տէ՛ր»։ 42Եւ Յիսուս նրան ասաց. «Նայի՛ր. քո հաւատը քեզ փրկեց»։ 43Եւ իսկոյն կոյրը տեսաւ. գնում էր Յիսուսի յետեւից եւ փառք էր տալիս Աստծուն։ Եւ ամբողջ ժողովուրդը տեսնելով այս՝ Աստծուն գոհութիւն էր տալիս։ 
19 Եւ Յիսուս մտել էր Երիքով ու շրջում էր։ 2Եւ ահա մի մարդ, Զակքէոս անունով, որ մաքսապետ էր ու մեծահարուստ, 3ուզում էր տեսնել, թէ ո՛վ է Յիսուս, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում, որովհետեւ կարճահասակ էր։ 4Եւ առաջ վազելով՝ բարձրացաւ ժանտաթզենու վրայ, որպէսզի տեսնի նրան, որովհետեւ նա հէնց այդտեղով էր անցնելու։ 5Երբ այդ տեղը եկաւ, Յիսուս վեր նայեց եւ ասաց. «Զակքէո՛ս, շտապիր իջի՛ր այդտեղից, որովհետեւ այսօր պէտք է, որ ես քո տանը գիշերեմ»։ 6Զակքէոսը շտապեց իջաւ եւ նրան ընդունեց ուրախութեամբ։ 7Երբ ամէնքը այս տեսան, տրտնջում էին եւ ասում, թէ մեղաւոր մարդու մօտ մտաւ գիշերելու։ 8Իսկ Զակքէոսը եկաւ կանգնեց եւ ասաց Տիրոջը. «Տէ՛ր, ահա իմ ինչքերի կէսը կը տամ աղքատներին, եւ եթէ որեւէ մէկին զրկել եմ, քառապատիկ կը հատուցեմ»։ 9Եւ Յիսուս նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկութիւն եղաւ, քանի որ սա եւս Աբրահամի որդի է, 10որովհետեւ մարդու Որդին եկաւ փնտռելու եւ փրկելու կորածին»։ 11Եւ մինչ նրանք լսում էին այս, Յիսուս մի առակ էլ աւելացրեց նրա համար, որ ինքը մօտենում էր Երուսաղէմին, եւ նրանք կարծում էին, թէ Աստծու արքայութիւնը շուտով յայտնուելու է։ 12Նա ասաց. «Մի ազնուական մարդ գնաց հեռու աշխարհ՝ իր թագաւորութիւնը ստանալու եւ վերադառնալու համար։ 13Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տուեց եւ ասաց. «Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ»։ 14Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. «Մենք չենք կամենում, որ դա մեր վրայ թագաւորի»։ 15Եւ ազնուականը վերադարձաւ՝ իր թագաւորութիւնն ստացած, եւ կանչեց այն ծառաներին, որոնց տուել էր դրամը, որպէսզի իմանայ, թէ ով ինչ էր շահել։ 16Եկաւ առաջինը եւ ասաց. «Տէ՛ր, քո մէկ մնասը տասը մնաս բերեց»։ 17Եւ տէրը նրան ասաց. «Ազնիւ եւ բարի ծառայ, քանի որ այդ փոքր բանի մէջ հաւատարիմ եղար, իշխանութիւն ունեցիր տասը քաղաքների վրայ»։18Եկաւ երկրորդը եւ ասաց. «Քո մէկ մնասը հինգ մնաս բերեց»։ 19Տէրը նրան ասաց. «Դու էլ՝ հինգ քաղաքների վրայ»։ 20Միւսն էլ եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մէջ ծրարած պահում էի.21վախենում էի քեզնից, որովհետեւ խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, եւ հնձում ես, ինչ որ չես սերմանել»։ 22Եւ տէրը նրան ասաց. «Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհաւատարի՛մ ծառայ. գիտէիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել եւ հնձում եմ՝ ուր չեմ սերմանել։ 23Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտուիր, որպէսզի ես, գալով, տոկոսներով միասին պահանջէի այն»։ 24Եւ սպասաւորներին ասաց. «Վերցրէ՛ք դրանից մէկ մնասը եւ տարէ՛ք տուէք նրան, ով տասը մնաս ունի»։ 25Եւ ծառաները ասացին նրան. «Տէ՛ր, արդէն նա տասը մնաս ունի՛»։ 26- Ասում եմ ձեզ, թէ՝ «Ով որ ունի, նրան պիտի տրուի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցուի եւ այն, ինչ որ ունի։ 27Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ, բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ»։ 28Եւ երբ այս ասաց, առաջ գնաց՝ Երուսաղէմ ելնելու համար։ 29Եւ երբ մօտեցաւ Բեթփագէին եւ Բեթանիային, այն լերան մօտ, որ կոչւում է Ձիթենեաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին 30եւ ասաց. «Գնացէ՛ք այն գիւղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնէք, կը գտնէք կապուած մի աւանակ, որի վրայ ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք։ 31Եւ եթէ մէկը ձեզ հարցնի, թէ ինչու էք արձակում, նրան այսպէս ասացէք. «Իր տիրոջը պէտք է»։32Երբ գնացին նրանք, որ ուղարկուել էին, գտան այնպէս, ինչպէս ասել էր նրանց. աւանակը կար։ 33Եւ մինչ աւանակն արձակում էին, նրա տէրերը ասացին նրանց. «Աւանակն ինչո՞ւ էք արձակում»։ 34Եւ աշակերտները ասացին. «Իր տիրոջը պէտք է»։ 35Եւ այն բերին Յիսուսի մօտ. զգեստներ գցեցին նրա վրայ եւ Յիսուսին նստեցրին։ 36Եւ մինչ նա առաջանում էր, մարդիկ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրայ։ 37Եւ երբ նա մօտեցաւ Ձիթենեաց լերան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմութիւնը ուրախութեամբ եւ բարձրաձայն սկսեց օրհնել Աստծուն՝ կատարուած բոլոր զօրութիւնների համար, որ տեսան։ 38Եւ ասում էին. «Օրհնեա՜լ է այդ թագաւորը, որ գալիս է Տիրոջ անունով. խաղաղութի՜ւն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում»։ 39Իսկ փարիսեցիներից ոմանք ամբոխի միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, սաստի՛ր քո աշակերտներին»։ 40Նա պատասխանեց եւ ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթէ դրանք լռեն էլ, այդ քարերը կ՚աղաղակեն»։ 41Եւ երբ մօտեցաւ, տեսնելով քաղաքը՝ լաց եղաւ նրա վրայ եւ ասաց. 42«Գոնէ այս օրերին գիտենայի՜ր դու քո խաղաղութիւնը. բայց այժմ ծածկուեց քո տեսողութիւնից. 43որովհետեւ օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնէշ պիտի կանգնեն եւ պիտի պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից 44ու հիմնայատակ պիտի անեն քեզ եւ սպանեն քո մէջ քո որդիներին. եւ քարը քարի վրայ բնաւ չպիտի թողնեն, քանի որ քո այցելութեան ժամանակը չճանաչեցիր»։ 45Եւ տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել աղաւնեվաճառներին ու գնողներին եւ լումայափոխների սեղանները ցրեց 46ու ասաց նրանց. «Գրուած է՝ «Իմ տունը պէտք է աղօթքի տուն լինի», իսկ դուք աւազակների որջերի էք վերածել այդ»։ 47Եւ նա ամէն օր նրանց ուսուցանում էր տաճարում, իսկ քահանայապետները, օրէնսգէտները եւ ժողովրդի գլխաւորները հնար էին փնտռում նրան կորստեան մատնելու, 48բայց չէին գտնում, թէ ինչ անեն, որովհետեւ ամբողջ ժողովուրդը, նրանով տարուած, լսում էր նրան։ 
20 Եւ այն օրերից մէկում, մինչ տաճարում ուսուցանում էր ժողովրդին եւ աւետարանում, վրայ հասան քահանայապետներն ու օրէնսգէտները՝ ծերերով հանդերձ, 2եւ ասացին նրան. «Ասա՛ մեզ, ի՞նչ իշխանութեամբ ես դու անում այդ, կամ ո՞վ է, որ քեզ տուեց այդ իշխանութիւնը»։ 3Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, եւ դուք ինձ ասացէ՛ք. 4Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞՝ մարդկանցից»։ 5Եւ նրանք իրենց մտքում խորհեցին եւ ասացին. 6«Եթէ ասենք՝ երկնքից էր, կ՚ասի՝ իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան. եւ եթէ ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կը քարկոծի, որովհետեւ իրենց մտքում Յովհաննէսի մասին հաստատ համոզում կայ, թէ նա մարգարէ է»։ 7Եւ պատասխան տուեցին, թէ չգիտեն որտեղից է։ 8Եւ Յիսուս նրանց ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ անում այս»։ 9Եւ սկսեց ժողովրդին ասել այս առակը. «Մի մարդ այգի տնկեց եւ այն յանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճանապարհորդութեան գնաց։ 10Եւ յարմար ժամանակին մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որպէսզի այգու պտղից իր բաժինը տան նրան. իսկ մշակները ծեծեցին նրան ու ձեռնունայն արձակեցին։ 11Տէրը դարձեալ մէկ ուրիշ ծառայ եւս ուղարկեց. նրանք սրան եւս ծեծեցին, անարգեցին եւ ձեռնունայն ճամբու դրին։ 12Ապա ուղարկեց նաեւ մի երրորդի. նրանք սրան էլ վիրաւորեցին եւ այգուց դուրս հանեցին։ 13Այգու տէրն ասաց. «Ի՞նչ անեմ. ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերեւս նրանից կը պատկառեն»։14Երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արին եւ ասացին. «Սա՛ է ժառանգը, սպանենք սրան, որպէսզի ժառանգութիւնը մերը լինի»։ 15Եւ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին։ Արդ, այգու տէրը նրանց ի՞նչ կ՚անի։ 16Չէ՞ որ կը գայ ու կորստեան կը մատնի այդ մշակներին եւ այգին ուրիշներին կը տայ»։ 17Երբ այս լսեցին, ասացին. «Քա՛ւ լիցի»։ Եւ Յիսուս նրանց նայելով՝ ասաց. «Իսկ ի՞նչ է այն, որ գրուած է, թէ՝ «Այն վէմը, որ անարգեցին շինողները, նա՛ է, որ անկիւնաքար եղաւ»։ 18Ով որ այս վէմին բախուի, կը խորտակուի, եւ ում վրայ որ այն ընկնի, կը ճզմի նրան»։ 19Եւ օրէնսգէտներն ու քահանայապետները նոյն պահին ուզում էին նրա վրայ ձեռք դնել, բայց ժողովրդից վախեցան, որովհետեւ հասկացան, թէ այն առակը իրենց մասին ասաց։ 20Եւ ապա յարմար առիթի սպասեցին եւ ուղարկեցին խաբեբաներ, որոնք իրենք իրենց, կեղծաւորութեամբ, արդար էին ձեւացնում, որպէսզի նրան խօսքերով բռնեն՝ մատնելու համար պետութեան եւ իշխանութեան կուսակալին։ 21Հարցրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճիշտ ես խօսում ու ուսուցանում եւ աչառութիւն չես անում, այլ ճշմարտութեամբ Աստծու ճանապարհն ես սովորեցնում։ 22Օրինաւո՞ր է մեզ համար կայսրին հարկ տալ, թէ՝ ոչ»։23Եւ նկատելով նրանց խորամանկութիւնը՝ ասաց նրանց. 24«Ցո՛յց տուէք ինձ դահեկանը»։ Եւ նրանք ցոյց տուին։ 25Եւ նա ասաց. «Ո՞ւմ պատկերը եւ գիրը ունի դա»։ Պատասխանեցին եւ ասացին՝ կայսրինը։ Եւ նա նրանց ասաց. «Արդ, գնացէ՛ք տուէք կայսրինը՝ կայսեր, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ 26Եւ չկարողացան նրան խօսքերով բռնել ժողովրդի առաջ ու զարմանալով նրա պատասխանի վրայ՝ լռեցին։27Սադուկեցիներից ոմանք, որոնք հակառակում էին, թէ յարութիւն չկայ, մօտենալով հարցրին նրան եւ ասացին. 28«Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. «Եթէ մէկի եղբայրը, որը կին ունի, մեռնի, եւ նա անժառանգ լինի, թող նրա եղբայրը առնի այդ կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի»։ 29Արդ, եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ անժառանգ մեռաւ։ 30Նրան առաւ նաեւ երկրորդը. եւ նա էլ անժառանգ մեռաւ։ 31Նրան առաւ նաեւ երրորդը. եւ նոյն ձեւով՝ եօթն էլ... Եւ ժառանգներ չթողեցին։ 32Մեռաւ եւ կինը։ 33Արդ, յարութեան ժամանակ նրանցից ո՞ւմ կինը կը լինի, որովհետեւ եօթն էլ նրան կին առան»։ 34Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այս աշխարհի որդիները կին են առնում եւ մարդու են գնում. 35իսկ նրանք, որոնք արժանի կը լինեն այն աշխարհին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու են գնում, 36քանի որ այլեւս մեռնել անգամ չեն կարող, որովհետեւ հրեշտակների նման են եւ Աստծու որդիներ, քանի որ յարութեան որդիներ են։ 37Իսկ թէ մեռելները յարութիւն են առնում, Մովսէսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մէջ, ինչպէս որ ասում է Տիրոջ մասին՝ «Աստուած Աբրահամի, Աստուած Իսահակի եւ Աստուած Յակոբի»։ 38Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի, որովհետեւ բոլորը նրա համար կենդանի են»։ 39Օրէնսգէտներից ոմանք նրան պատասխանեցին եւ ասացին. «Վարդապե՛տ, լա՛ւ ասացիր»։ 40Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան որեւէ բան հարցնել։ 41Յիսուս նրանց էլ ասաց. «Քրիստոսի համար ինչպէ՞ս են ասում, թէ Դաւթի որդին է. 42քանի որ Դաւիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է. «Տէրն ասաց իմ Տիրոջը՝ նստի՛ր իմ աջ կողմում, 43մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ պատուանդան դնեմ»։44Իսկ արդ, եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, Նա ինչպէ՞ս նրա որդին կը լինի»։ 45Եւ մինչ ամբողջ ժողովուրդը լսում էր, ասաց իր աշակերտներին. 46«Զգուշացէ՛ք օրէնսգէտներից, որոնք ուզում են պատմուճաններով շրջել եւ սիրում են ողջոյններ ընդունել հրապարակներում ու առաջին աթոռները գրաւել ժողովարաններում եւ պատուոյ տեղերը նստել ընթրիքների ժամանակ, 47որոնք իւրացնում են այրիների տները եւ ձեւականօրէն երկարում են իրենց աղօթքները։ Նրանք աւելի խիստ դատավճիռ պիտի ստանան»։ 
21 Եւ Յիսուս նայեց ու տեսաւ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակի մէջ իրենց նուէրներն էին գցում։ 2Տեսաւ եւ մի աղքատ այրի կնոջ, որ երկու լումայ գցեց այնտեղ։ 3Եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատ այրին աւելի գցեց, քան բոլորը։ 4Նրանք ամէնքը իրենց կուտակածներից գցեցին Աստծուն տրուած նուէրների մէջ, իսկ նա իր կարօտութեան մէջ իր ունեցած ամբողջ ապրուստը գցեց»։ 5Եւ երբ ոմանք տաճարի մասին ասում էին, թէ գեղեցիկ քարերով եւ աշտարակներով է զարդարուած, նա ասաց. 6«Այդ բոլորը, որ տեսնում էք, պիտի գան օրեր, երբ այնտեղ չպիտի թողնուի քար քարի վրայ, որ չքանդուի»։ 7Հարցրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, ե՞րբ կը լինի այդ, եւ ի՞նչ կը լինի նշանը, երբ այդ պատահելու լինի»։ 8Եւ նա ասաց. «Զգո՛յշ կացէք, չխաբուէք. որովհետեւ շատերը պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն թէ՝ ես եմ Քրիստոսը, եւ թէ՝ ժամանակը մօտեցաւ. նրանց յետեւից չգնաք։ 9Եւ երբ լսէք պատերազմների եւ խռովութիւնների մասին, չզարհուրէք. որովհետեւ պէտք է, որ նախ այդ բաները պատահեն. բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու»։10Այն ժամանակ ասաց նրանց. «Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ. 11եւ մեծ երկրաշարժներ ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն. պիտի լինեն արհաւիրքներ եւ մեծամեծ նշաններ երկնքից։ 12Բայց այս բոլորից առաջ ձեր վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար։ 13Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան։ 14Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, 15որովհետեւ ես ձեզ կը տամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ 16Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն։ 17Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար։ 18Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի։ 19Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները»։ 20«Բայց երբ տեսնէք Երուսաղէմը՝ շրջապատուած զօրքերով, այն ժամանակ իմացէ՛ք, որ նրա աւերումը մօտ է։ 21Այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, թող փախչեն լեռները, եւ նրանք, որ Երուսաղէմի մէջ են, թող խոյս տան, իսկ նրանք, որ գաւառներում են, թող քաղաք չմտնեն, 22որովհետեւ դրանք վրէժխնդրութեան օրեր են, որպէսզի կատարուեն բոլոր գրուածները։ 23Բայց այն օրերին վա՜յ է յղիներին եւ ստնտուներին, որովհետեւ մեծ տագնապ պիտի լինի երկրի վրայ եւ բարկութիւն՝ այս ժողովրդի հանդէպ։ 24Նրանք սրի պիտի քաշուեն, գերի պիտի տարուեն բոլոր հեթանոսներից. եւ Երուսաղէմը ոտքի կոխան պիտի լինի ազգերից, մինչեւ որ լրանան հեթանոսների ժամանակները»։25«Եւ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի եւ աստղերի վրայ։ Եւ երկրի վրայ պիտի լինի հեթանոսների տագնապ՝ ծովի եւ խռովութեան նման ահեղ ձայնի պատճառով, 26աշխարհի վրայ գալիք պատահարների վախից եւ նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետեւ երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն։ 27Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն եկած՝ ամպերի վրայ, զօրութեամբ եւ մեծ փառքով։ 28Եւ երբ սկսուի այս բանը լինել, վե՛ր կացէք եւ ձեր գլուխները բարձրացրէ՛ք, որովհետեւ մօտ է ձեր փրկութիւնը»։ 29Եւ նրանց ասաց մի առակ. «Նայեցէ՛ք թզենուն եւ ամէն մի ծառի. 30երբ իրենց բողբոջը ցոյց են տալիս, տեսնում էք այն ու դրանից իմանում էք, որ մօտ է ամառը։ 31Նոյնպէս եւ դուք, երբ տեսնէք այս բոլորը կատարուած, իմացէ՛ք, որ Աստծու արքայութիւնը մօտ է։32Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի։ 33Երկինքը եւ երկիրը կ՚անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի»։ 34«Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզնից. գուցէ ձեր սրտերը ծանրանան զեխութեամբ եւ հարբեցողութեամբ ու աշխարհիկ հոգսերով. եւ յանկարծակի հասնի ձեր վրայ այն օրը. 35որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրայ, որոնք բնակւում են երկրագնդի ամբողջ երեսին։ 36Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք, որպէսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի լինէք կանգնելու մարդու Որդու առաջ»։ 37Եւ ցերեկը ուսուցանում էր տաճարի մէջ, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լերան վրայ, որը կոչւում էր Ձիթենեաց։ 38Եւ ամբողջ ժողովուրդը առաւօտները վաղ շտապում էր նրա մօտ՝ տաճարում նրան լսելու համար։ 
22 Մօտեցաւ Բաղարջակերաց տօնը, որը կոչւում էր Պասեք։ 2Իսկ քահանայապետներն ու օրէնսգէտները հնար էին փնտռում, թէ ինչպէս սպանեն նրան, բայց վախենում էին ժողովրդից։ 3Ապա սատանան մտաւ Իսկարիովտացի կոչուած Յուդայի մէջ, որ Տասներկուսի թւում էր։4Սա գնաց բանակցեց քահանայապետների, օրէնսգէտների եւ ժողովրդի իշխանաւորների հետ, որ Յիսուսին նրանց մատնի։ 5Նրանք ուրախացան եւ խոստացան նրան արծաթ տալ։ 6Եւ նա յանձն առաւ ու պատեհ առիթ էր փնտռում՝ նրան մատնելու նրանց՝ ամբոխից մեկուսի։7Եկաւ Բաղարջակերաց օրը, երբ օրէնք էր մորթել Պասեքը։ 8Եւ նա ուղարկեց Պետրոսին եւ Յովհաննէսին ու ասաց. «Գնացէ՛ք, պատրաստեցէ՛ք մեզ համար Պասեքի ընթրիքը, որ ուտենք»։ 9Եւ նրանք ասացին. «Ո՞ւր ես ուզում, որ պատրաստենք»։ 10Եւ նրանց ասաց. «Ահա՛, երբ քաղաք մտնէք, ձեզ կը հանդիպի մի մարդ՝ ջրի սափորը բարձած. գնացէ՛ք նրա յետեւից այն տունը, ուր նա կը մտնի։ 11Եւ կ՚ասէք տանտիրոջը. «Վարդապետը քեզ ասում է՝ ո՞ւր է այն հիւրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ Պասեքի ընթրիքը»։ 12Եւ նա ձեզ ցոյց կը տայ զարդարուած մի մեծ վերնատուն, եւ այնտեղ կը պատրաստէք»։ 13Եւ աշակերտները գնացին գտան, ինչպէս որ իրենց ասել էր. եւ պատրաստեցին Պասեքը։ 14Եւ երբ ժամը հասաւ, սեղան նստեց, եւ տասներկու առաքեալներն էլ՝ իր հետ։ 15Եւ նրանց ասաց. «Յոյժ ցանկացայ այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարուել։ 16Բայց ասում եմ ձեզ, թէ այլեւս չեմ ուտելու սրանից, մինչեւ որ Պասեքը կատարուի Աստծու արքայութեան մէջ»։ 17Եւ, բաժակը վերցնելով, գոհութիւն յայտնեց Աստծուն եւ ասաց. «Առէ՛ք այս եւ բաժանեցէ՛ք ձեր մէջ. 18ասում եմ ձեզ, թէ այսուհետեւ որթատունկի բերքից չեմ խմելու, մինչեւ որ գայ Աստծու արքայութիւնը»։ 19Եւ հաց վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց, տուեց նրանց եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրուած. այս արէ՛ք իմ յիշատակի համար»։ 20Նոյնպէս եւ բաժակը վերցրեց ընթրիքից յետոյ եւ ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է իմ արիւնով՝ ձեզ համար թափուած։21Բայց ահաւասիկ իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրայ է։22Եւ մարդու Որդին աշխարհից կը գնայ ըստ սահմանուածի, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի»։ 23Եւ նրանք սկսեցին հարցնել իրար մէջ, թէ իրենցից ո՛վ է, որ այդ անելու է։ 24Եւ նրանց մէջ հակաճառութիւն առաջացաւ, թէ իրենցից ո՛վ պիտի մեծ համարուի։25Եւ նա նրանց ասաց. «Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում։ 26Բայց դուք այդպէս չլինէք, այլ՝ ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպէս սպասաւորը։ 27Ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը։ Չէ՞ որ՝ սեղան նստողը։ Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր»։ 28«Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ։ 29Եւ ես խոստանում եմ ձեզ, - ինչպէս եւ իմ Հայրը ինձ խոստացաւ տալու արքայութիւնը, - 30որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերը»։ 31Եւ Տէրն ասաց. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել։ 32Բայց ես աղօթեցի քեզ համար, որպէսզի քո հաւատը չպակասի, եւ դու, երբ վերադառնաս ինձ, հաստատես քո եղբայրներին»։ 33Եւ Պետրոսն ասաց. «Տէ՛ր, պատրաստ եմ քեզ հետ գնալ ե՛ւ բանտ, ե՛ւ դէպի մահ»։ 34Եւ նա նրան ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր դեռ աքաղաղը կանչած չպիտի լինի, մինչեւ որ դու երեք անգամ ուրանաս՝ ասելով, թէ ինձ չես ճանաչում»։ 35Եւ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի եւ կօշիկների, մի՞թէ որեւէ բանի կարօտ մնացիք»։ 36Եւ նրանք ասացին՝ եւ ո՛չ մի բանի։ Ապա ասաց. «Իսկ այժմ՝ ով որ քսակ ունի, թող վերցնի այն, նոյնպէս եւ՝ մախաղ. իսկ ով որ չունի, թող վաճառի իր վերարկուն եւ իր համար սուր գնի։ 37Բայց ասում եմ ձեզ, այս եւս, որ գրուած է, պէտք է, որ կատարուի իմ վրայ, թէ՝ «Անօրէնների հետ դասուեց». որովհետեւ, ինչ որ ինձ համար է գրուած, կատարուելու վրայ է»։ 38Եւ նրանք ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ այստեղ երկու սուր կայ»։ Եւ նրանց ասաց. «Բաւական են»։ 39Եւ Յիսուս ըստ իր սովորութեան ելաւ գնաց Ձիթենեաց լեռը. նրա յետեւից գնացին եւ աշակերտները։ 40Երբ տեղ հասաւ, ասաց նրանց. «Աղօթքի՛ կանգնեցէք, որ փորձութեան մէջ չընկնէք»։ 41Եւ ինքը հեռացաւ նրանցից մօտ մի քարընկեց, ծնրադրեց, աղօթում էր եւ ասում. 42«Հա՛յր, եթէ կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ իմ կամքը, այլ քո՛նը թող լինի»։ 43Եւ նրան երկնքից երեւաց մի հրեշտակ եւ ուժ էր տալիս նրան. նա տագնապի մէջ էր եւ ամբողջ հոգով էր աղօթում։ 44« Եւ նրանից քրտինքը հոսում էր արեան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետին թափուելով։ 45Եւ վեր կենալով աղօթքից՝ եկաւ աշակերտների մօտ, նրանց քնած գտաւ տրտմութիւնից 46եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք քնել. վե՛ր կացէք, աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք»։ 47Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա երեւաց մի ամբոխ. եւ նա, որ Յուդա էր կոչւում, Տասներկուսից մէկը, առաջնորդում էր նրանց. երբ Յուդան մօտեցաւ Յիսուսին, համբուրեց նրան, որովհետեւ այն նշանն էր տուել նրանց, թէ՝ «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրա՛ն բռնեցէք»։ 48Յիսուս նրան ասաց. «Յուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն»։ 49Երբ նրա շուրջը գտնուողները տեսան եղածը, նրան ասացին. «Տէ՛ր, սրով նրանց հարուածե՞նք»։ 50Եւ աշակերտներից մէկը հարուածեց քահանայապետի ծառային եւ կտրեց դէն գցեց նրա աջ ականջը։51Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Թո՛յլ տուէք, բաւ է եղածը»։ Եւ դիպչելով ականջին՝ այն բժշկեց։ 52Եւ իր վրայ եկած քահանայապետներին, տաճարի իշխանաւորներին եւ ծերերին ասաց. «Ինչպէս աւազակի՞ վրայ էք գալիս սրերով ու մահակներով. 53միշտ ձեզ հետ էի տաճարում, եւ դուք ինձ վրայ ձեռք չերկարեցիք. սակայն ա՛յս է ձեր ժամը եւ խաւարի իշխանութեան զօրութիւնը»։ 54Եւ բռնելով նրան՝ տարան եւ մտցրին քահանայապետի տունը. իսկ Պետրոսը հեռուից գնում էր նրա յետեւից։ 55Երբ գաւթի մէջ կրակ վառեցին եւ նստեցին շուրջը, Պետրոսն էլ նստեց նրանց մէջ։ 56Մի աղախին տեսաւ նրան կրակի լոյսի մօտ նստած, հայեացքը սեւեռեց նրան եւ ասաց. «Սա էլ էր նրանցից, որ նրա հետ էին» 57Իսկ Պետրոսն ուրացաւ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ո՛վ կին»։ 58Եւ քիչ յետոյ մէկ ուրիշը տեսաւ նրան եւ ասաց. «Դո՛ւ էլ նրանցից ես»։ Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես նրանցից չեմ»։ 59Եւ երբ մի ժամ էլ անցաւ, մէկ ուրիշը վիճում էր եւ ասում. «Ճիշտ որ սա էլ նրա հետ էր, որովհետեւ գալիլիացի է»։60Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, չգիտեմ այդ ի՛նչ ես խօսում»։ Եւ նոյն պահին, մինչ նա այս ասում էր, աքաղաղը կանչեց։ 61Տէրը դարձաւ եւ նայեց Պետրոսին. եւ Պետրոսը յիշեց Տիրոջ խօսքը, որ ասել էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ պիտի ուրանաս, թէ ինձ չես ճանաչում»։ 62Եւ Պետրոսը դուրս ելնելով՝ դառնօրէն լաց եղաւ։ 63Եւ այն մարդիկ, որ նրան պահպանում էին, ծիծաղում էին նրա վրայ եւ խփում, 64ծածկում էին նրա երեսը եւ տանջում, հարցնում էին նրան եւ ասում. «Մարգարէացի՛ր՝ ո՞վ է, որ քեզ խփեց»։ 65Եւ հայհոյելով՝ ուրիշ շատ բաներ էլ էին ասում նրա երեսին։ 66Եւ երբ լոյսը բացուեց, հաւաքուեց ժողովրդի ծերակոյտը՝ քահանայապետներ եւ օրէնսգէտներ, եւ Յիսուսին քաշեցին բերին իրենց ատեանի առաջ եւ ասացին. «Եթէ դու ես Քրիստոսը, ասա՛ մեզ»։ 67Նրանց ասաց. «Եթէ ձեզ ասեմ իսկ, չէք հաւատայ։ 68Եւ եթէ ես ձեզ հարցնեմ, ինձ պատասխան չէք տայ կամ չէք արձակի ինձ։ 69Բայց սրանից յետոյ մարդու Որդին պիտի նստի Աստծու զօրութեան աջին»։ 70Եւ ամէնքը միասին ասացին. «Ուրեմն դու Աստծու Որդի՞ն ես»։ Եւ նա նրանց ասաց. «Դուք ասում էք, թէ ես եմ»։ 71Եւ նրանք ասացին. «Էլ ի՞նչ վկայութիւն է պէտք մեզ, որովհետեւ մենք ինքներս լսեցինք նրա բերանից»։ 
23 Եւ նրանց ամբողջ բազմութիւնը, վեր կենալով, նրան տարաւ Պիղատոսի մօտ։ 2Եւ սկսեցին ամբաստանել նրան եւ ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ եւ ինքն իր մասին ասում էր, թէ՝ Քրիստոսն է, թագաւոր»։ 3Իսկ Պիղատոսը հարցրեց նրան եւ ասաց. «Հրեաների թագաւորը դո՞ւ ես»։ Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Դու ասացիր»։ 4Պիղատոսը քահանայապետներին եւ ժողովրդին ասաց. «Այս մարդու մէջ ես որեւէ յանցանք չեմ գտնում»։ 5Իսկ նրանք պնդում էին եւ ասում, թէ ըմբոստութեան է մղում ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրէաստանում՝ Գալիլիայից սկսած մինչեւ այստեղ։ 6Իսկ Պիղատոսը, երբ լսեց Գալիլիայի մասին, հարցրեց, թէ այդ մարդը գալիլիացի՞ է։ 7Եւ երբ իմացաւ, թէ Հերովդէսի իշխանութիւնից է, յանձնեց, որ նրան տանեն Հերովդէսի մօտ, որովհետեւ այդ օրերին նա էլ Երուսաղէմում էր։ 8Եւ երբ Հերովդէսը տեսաւ Յիսուսին, շատ ուրախացաւ, որովհետեւ երկար ժամանակից ի վեր ցանկանում էր նրան տեսնել, քանի որ յաճախ լսում էր նրա մասին եւ ակնկալութիւն ունէր նրա ձեռքով կատարուած որեւէ նշան տեսնել։ 9Հերովդէսը նրան հարցաքննեց շատ խօսքերով, իսկ Յիսուս նրան ոչ մի պատասխան չտուեց։10Քահանայապետներն ու օրէնսգէտները վեր էին կենում եւ նրան բուռն կերպով ամբաստանում։ 11Հերոդէսն էլ, իր զօրականներով հանդերձ, արհամարհեց նրան եւ ծիծաղելով նրա վրայ՝ սպիտակ զգեստներ հագցնել տուեց նրան ու վերստին յանձնեց, որ տանեն նրան Պիղատոսի մօտ։ 12Եւ Պիղատոսն ու Հերովդէսը այդ օրերին բարեկամներ եղան, որովհետեւ առաջ իրար թշնամիներ էին։13Պիղատոսը կանչեց քահանայապետներին, իշխանաւորներին եւ ժողովրդին ու ասաց. 14«Այս մարդուն բերեցիք ներկայացրիք ինձ, որպէս ժողովրդին մոլորեցնողի. եւ ահաւասիկ ձեր առաջ դատաքննութիւն արեցի եւ այս մարդու մէջ չգտայ մէկն այն յանցանքներից, որոնցով դուք ամբաստանում էք նրան։ 15Եւ ոչ էլ՝ Հերովդէսը, որի մօտ հրամայեցի, որ Յիսուսին տանեն։ 16Արդ, նա մահուան արժանի ոչինչ չի արել, նրան գանահարել կը տամ եւ կ՚արձակեմ» 17(որովհետեւ հարկաւոր էր իւրաքանչիւր տօնի առթիւ մի բանտարկեալ արձակել նրանց համար)։ 18Եւ նրանք ամբողջ բազմութեամբ աղաղակում էին եւ ասում. «Նրան վերացրո՛ւ եւ արձակի՛ր մեզ համար Բարաբբային» 19(որը քաղաքում պատահած մի խռովութեան եւ սպանութեան համար բանտարկուել էր)։ 20Պիղատոսը նորից սկսեց խօսել, որովհետեւ կամենում էր Յիսուսին արձակել։ 21Եւ նրանք կրկին աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր նրան»։ 22Եւ նա երրորդ անգամ ասաց նրանց. «Ի՞նչ չար բան է արել սա. նրա վրայ մահուան արժանի որեւէ յանցանք չգտայ. սրան գանահարել կը տամ եւ կ՚արձակեմ»։ 23Իսկ նրանք բարձրաձայն ստիպում էին եւ ուզում, որ նրան խաչը հանի։ Եւ նրանց ու քահանայապետների ձայները աւելի ուժեղանում էին։ 24Եւ Պիղատոսը հաւանութիւն տուեց, որ նրանց պահանջը կատարուի։ 25Նա արձակեց Բարաբբային, որը խռովութեան եւ սպանութեան համար բանտ էր նետուած, եւ որին էլ հէնց ուզում էին. իսկ Յիսուսին յանձնեց նրանց կամքին։ 26Երբ նրան առան գնացին, բռնեցին Սիմոն Կիւրենացի անունով մէկին, որը հանդից էր գալիս. նրա վրայ դրեցին խաչը, որ այն բերի Յիսուսի յետեւից։ 27Եւ նրա յետեւից գնում էր ժողովրդի մի մեծ բազմութիւն եւ կանայք, որոնք կոծում էին ու ողբում նրան։ 28Յիսուս դարձաւ եւ ասաց նրանց. «Երուսաղէմի՛ դուստրեր, ինձ վրայ լաց մի՛ եղէք, այլ լա՛ց եղէք ձեր եւ ձեր որդիների վրայ, 29որովհետեւ օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն՝ «Երանի՜ չբեր կանանց եւ նրանց, որոնք բնաւ չծնեցին եւ չդիեցրին»։ 30Այն ժամանակ մարդիկ պիտի սկսեն ասել լեռներին, թէ՝ ընկէ՛ք մեր վրայ, եւ բլուրներին, թէ՝ ծածկեցէ՛ք մեզ, 31որովհետեւ, երբ դալա՛ր փայտին այսպէս անեն, չորի՛ն ինչ կը պատահի»։ 32Ուրիշ երկու չարագործներ էլ բերեցին՝ նրա հետ սպանելու համար։ 33Երբ հասան Գագաթ կոչուած տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին. եւ չարագործներին էլ՝ մէկին աջ կողմը, միւսին ձախ կողմը՝ խաչեցին։ 34Եւ Յիսուս ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»։ Եւ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին։ 35Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանաւորները նրանց հետ միասին ծաղրում էին նրան եւ ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթէ դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրեալ Որդին»։ 36Զինուորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան եւ ասում. 37«Եթէ դու ես հրեաների թագաւորը, փրկի՛ր ինքդ քեզ»։ 38Եւ նրա խաչի վրայ մի գրութիւն կար՝ գրուած յունարէն, լատիներէն եւ եբրայերէն գրերով, թէ՝ սա՛ է հրեաների արքան։ 39Իսկ կախուած չարագործներից մէկը հայհոյում էր նրան եւ ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ եւ մեզ»։ 40Նրա ընկերը նրան սաստելով՝ պատասխան տուեց եւ ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նոյն պատիժն ես կրում։ 41Եւ մենք իրաւացիօրէն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որեւէ վատ բան չի արել»։ 42Եւ ասաց Յիսուսին. «Յիշի՛ր ինձ, Տէ՛ր, երբ գաս քո թագաւորութեամբ»։ 43Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կը լինես»։ 44Եւ համարեա կէսօր էր. եւ խաւար եղաւ ամբողջ երկրի վրայ մինչեւ ժամը երեքը. արեգակը խաւարեց։ 45Եւ տաճարի վարագոյրը մէջտեղից պատռուեց։ 46Եւ Յիսուս բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ աւանդում իմ հոգին»։ Երբ այս ասաց, հոգին աւանդեց։ 47Եւ հարիւրապետը, տեսնելով ինչ որ պատահեց, փառաւորեց Աստծուն եւ ասաց. «Իսկապէս այս մարդը արդար էր»։ 48Եւ ամբողջ ժողովուրդը, որ եկել էր ու դիտում էր այս տեսարանն ու կատարուածը, ծեծում էր կուրծքը եւ վերադառնում։49Նրա բոլոր ծանօթներն էլ կանգնել էին հեռւում. եւ կանայք, որոնք Գալիլիայից նրա յետեւից էին եկել, տեսնում էին այս բաները։ 50Եւ ահա Յովսէփ անունով մի մարդ կար հրեաների Արիմաթէ քաղաքից։ Նա հրեաների խորհրդի անդամ էր, բարեգործ եւ արդար մի մարդ51(սա չէր միաբանել նրանց մտադրութիւններին ու գործերին)։ Եւ ինքն էլ էր սպասում Աստծու թագաւորութեանը։ 52Սա Պիղատոսի մօտ գալով՝ ուզեց Յիսուսի մարմինը։ 53Եւ նրան խաչից իջեցնելով՝ փաթաթեց պատանքով ու դրեց վիմափոր գերեզմանի մէջ, որտեղ բնաւ ոչ ոք չէր դրուած։ 54Եւ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը։55Եւ Յովսէփի յետեւից գնում էին կանայք, որոնք Գալիլիայից էին եկել Յիսուսի հետ. նրանք տեսան գերեզմանը, եւ թէ ինչպէս նրա մարմինը այնտեղ դրուեց։ 56Վերադարձան, խնկեր եւ իւղեր պատրաստեցին ու շաբաթ օրը, օրէնքի համաձայն, հանգիստ արեցին։ 
24 Բայց կիրակի օրը, առաւօտեան շատ վաղ, կանայք գերեզման եկան՝ բերելով իրենց պատրաստած խնկերը. նրանց հետ եւ ուրիշ կանայք։ 2Եւ քարը գերեզմանից գլորած գտան 3ու ներս մտնելով՝ Տէր Յիսուսի մարմինը չգտան։ 4Եւ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրայ, ահա լուսաւոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մօտ։5Եւ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ինչո՞ւ ողջին մեռելների մէջ էք փնտռում։ 6Այստեղ չէ, այլ՝ յարեաւ։ Յիշեցէ՛ք՝ ինչպէս խօսեց նա ձեզ հետ, երբ Գալիլիայում էր. 7ասում էր, թէ պէտք է, որ մարդու Որդին մեղաւոր մարդկանց ձեռքը մատնուի, խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնի»։8Եւ նրանք յիշեցին նրա խօսքերը։ 9Եւ վերադարձան ու պատմեցին այս ամէնը Տասնմէկին եւ բոլոր միւսներին։ 10Եւ Մարիամ Մագդաղենացին, Յովհաննան, Յակոբի մայր Մարիամը եւ նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքեալներին։ 11Բայց նրանց խօսքերը բարբաջանք թուացին աշակերտներին, եւ չէին հաւատում նրանց։12Սակայն Պետրոսը վեր կացաւ եւ վազեց դէպի գերեզման, նայեց ու տեսաւ, որ կտաւները միայն կային։ Եւ գնաց՝ մտքում զարմացած, թէ ինչ էր եղել։ 13Եւ ահա նոյն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գիւղ, որի անունը Էմմաւուս էր, եւ որը Երուսաղէմից հեռու էր մօտ տասնմէկ կիլոմետր։ 14Եւ նրանք միմեանց հետ խօսում էին կատարուած բոլոր անցուդարձերի մասին։ 15Եւ մինչ նրանք խօսում էին ու վիճում, ինքը՝ Յիսուս մօտեցաւ ու գնում էր նրանց հետ։ 16Բայց նրանց աչքերը բռնուած էին, որպէսզի նրան չճանաչեն։ 17Եւ նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում էք միմեանց հետ եւ տրտմած էք»։ 18Նրանցից մէկը, որի անունը Կղէոպաս էր, ասաց նրան. «Երուսաղէմում միայն դո՛ւ ես, որ չես իմացել, թէ ինչեր կատարուեցին այնտեղ այս օրերին»։ 19Եւ նրանց ասաց՝ ի՞նչ։ Եւ նրանք ասացին Յիսուս Նազովրեցու մասին, որ եղաւ մարգարէ մարդ, հզօր՝ գործերով եւ խօսքերով, Աստծու եւ ամբողջ ժողովրդի առաջ, 20եւ թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանաւորները նրան մատնեցին մահուան դատաստանի ու խաչը հանեցին նրան։ 21Մենք ակնկալում էինք, թէ նա է, որ փրկելու է Իսրայէլը. սակայն, այս բոլորով հանդերձ, այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարուեցին։ 22Այլ նաեւ մեզ զարմացրին մեր միջից մի քանի կանայք, որոնք վաղ առաւօտեան գերեզման էին գնացել 23եւ նրա մարմինը չէին գտել. նրանք եկան եւ ասացին, թէ նաեւ մի տեսիլ էլ էին տեսել հրեշտակների, որոնք ասում էին նրա մասին, թէ կենդանի է։ 24Ապա մեզնից ոմանք էլ գերեզման գնացին եւ գտան այնպէս, ինչպէս կանայք ասել էին։ Բայց նրան չտեսան։ 25Եւ նա ասաց նրանց. «Ո՛վ անմիտ եւ թուլասիրտ մարդիկ, որ դժուարանում էք հաւատալ այն ամենին, որ ասացին մարգարէները։26Չէ՞ որ Քրիստոս պէտք է նոյն այդ չարչարանքները կրէր եւ այնպէս մտնէր իր փառքի մէջ»։ 27Եւ սկսած Մովսէսից ու բոլոր մարգարէներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրուած է իր մասին բոլոր Գրքերում։28Երբ մօտեցան այն գիւղին, ուր գնում էին, Յիսուս պատճառ բռնեց, թէ ինքը գնալու է աւելի հեռու տեղ։ 29Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ մօտ գիշերիր, որովհետեւ երեկոյ է, եւ օրը տարաժամել է»։ Եւ նա ներս մտաւ՝ նրանց հետ այնտեղ գիշերելու։ 30Եւ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հաց վերցնելով՝ օրհնեց, կտրեց այն եւ տուեց նրանց։ 31Եւ նրանց աչքերը բացուեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքին աներեւոյթ եղաւ։ 32Եւ նրանք ասացին միմեանց. «Մեր սրտերն էլ միթէ չէի՞ն ճմլւում մեր մէջ, մինչ նա ճանապարհին խօսում էր մեզ հետ. եւ ինչպէ՜ս էր մեզ բացատրում Գրքերը»։ 33Ապա անմիջապէս վեր կացան ու Երուսաղէմ վերադարձան եւ հաւաքուած գտան Տասնմէկին եւ նրանց հետ եղածներին, 34որոնք ասում էին, թէ՝ «Իսկապէս յարեաւ Տէրը եւ երեւաց Սիմոնին»։ 35Իսկ երկուսը պատմեցին այն, ինչ պատահել էր ճանապարհին, եւ թէ ինչպէ՛ս Յիսուս իրեն ճանաչել էր տուել նրանց՝ հաց կտրելու ժամանակ։ 36Մինչ դեռեւս նրանք այս էին խօսում, Յիսուս ինքը եկաւ կանգնեց նրանց մէջ եւ ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ, ես եմ, մի՛ վախեցէք»։ 37Իսկ նրանք զարհուրած վախենում եւ կարծում էին, թէ մի ոգի են տեսնում։ 38Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովուած, եւ ինչո՞ւ ձեր սրտերում կասկածներ են ծագում. 39տեսէ՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետեւ նոյն ինքն ես եմ. շօշափեցէ՛ք ինձ եւ տեսէ՛ք, որովհետեւ ոգին մարմին եւ ոսկորներ չունի. ինչպէս տեսնում էք, 40ես ունեմ»։ 41Եւ այս ասելով՝ ցոյց տուեց նրանց իր ձեռքերն ու ոտքերը։ 42Եւ մինչ դեռեւս ուրախութիւնից չէին հաւատում եւ զարմացած էին, ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունէ՞ք»։ 43Եւ նրանք տուին նրան խորոված ձկան մի կտոր եւ մեղրախորիսխ։ 44Եւ նա առաւ կերաւ նրանց առաջ, իսկ մնացածները տուեց նրանց ու ասաց. 45«Սրանք այն խօսքերն են, որ խօսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թէ՝ պէտք է կատարուեն այն ամէնը, որ գրուած են իմ մասին Մովսէսի օրէնքում, մարգարէների մէջ եւ սաղմոսներում»։ 46Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան Գրքերը։ 47Եւ ասաց նրանց. «Այսպէս պէտք է չարչարուէր Քրիստոս, յարութիւն առնէր մեռելներից երրորդ օրը, 48եւ քարոզուէր նրա անունով ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն բոլոր ազգերի մէջ՝ Երուսաղէմից սկսած։ 49Եւ այս բաների վկաներ էք դուք։ 50Եւ ահա ես ուղարկում եմ Ձեզ իմ Հօր խոստումը, իսկ դուք նստեցէ՛ք Երուսաղէմ քաղաքում, մինչեւ որ երկնքից զօրութեամբ զգեստաւորուէք»։ 51Ապա նրանց տարաւ հանեց մինչեւ Բեթանիա եւ, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց։ 52Եւ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանուեց նրանցից եւ դէպի երկինք էր վերանում։ 53Իսկ նրանք երկրպագեցին Յիսուսին եւ մեծ ուրախութեամբ վերադաձան Երուսաղէմ։ 54Եւ միշտ տաճարում էին, գովաբանում եւ օրհնաբանում էին Աստծուն։

 









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Печенье с ягодами

Печенье с ягодамиМуку, масло, соль и яйца растереть и, добавив...

Варенье из цветков белого ириса (замбах)

Варенье из цветков белого ириса (замбах)Отделить белую часть цветков ириса,...

Перец с творогом (поркярде)

Очищенный и обжареный болгарский перец (мясистого сорта) начинить небольшим количеством...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта