ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

(5 голоса, среднее 3.00 из 5)
Индекс материала
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
2
Все страницы

Ղուկաս


1 Քանի որ շատերը ձեռնարկեցին շարադրել մեզանում կատարուած դէպքերի պատմութիւնը, 2ինչպէս մեզ աւանդեցին նրանք, որ սկզբից Խօսքի ականատեսներն ու սպասաւորները եղան, 3ես էլ, որ սկզբից ստուգութեամբ հետամուտ էի եղել ամէն բանի, կամեցայ կարգով քեզ գրել, ո՛վ գերազանցդ Թէոփիլէ, 4որպէսզի ճանաչես ճշմարտութիւնն այն խօսքերի, որոնց աշակերտեցիր։ 5Հրէաստանի Հերովդէս թագաւորի օրով, Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանայ կար, որի կինը Ահարոնի դստրերից էր. նրա անունը Եղիսաբեթ էր։ 6Եւ երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատուիրանների եւ օրէնքների ճանապարհով։ 7Նրանք որդի չունէին, որովհետեւ Եղիսաբեթը ամուլ էր, եւ երկուսն էլ իրենց առաջացած տարիքում էին։ 8Եւ մինչ Զաքարիան Աստծու առջեւ իր քահանայական պաշտօնն էր կատարում, իր կարգի օրերը հասած լինելով՝ 9ըստ քահանայութեան օրէնքի նրան վիճակուեց մտնել Տիրոջ տաճարը եւ խնկարկել։ 10Եւ խնկարկութեան ժամին ժողովրդի ամբողջ բազմութիւնը դրսում աղօթքի էր կանգնած։ 11Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրան՝ խնկերի սեղանի աջ կողմում կանգնած։ 12Երբ Զաքարիան նրան տեսաւ, խռովուեց, եւ վախ ընկաւ նրա մէջ։ 13Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքարիա՛, որովհետեւ քո աղօթքը լսելի եղաւ. քո կինը՝ Եղիսաբեթը, մի որդի կը ծնի քեզ, եւ նրա անունը Յովհաննէս կը դնես։14Նա քեզ համար ուրախութիւն եւ ցնծութիւն կը լինի, եւ շատերը կ՚ուրախանան իր ծննդով, 15որովհետեւ նա Տիրոջ առաջ մեծ կը լինի, գինի եւ օղի չի խմի եւ մօր որովայնից սկսած Սուրբ Հոգով կը լցուի 16եւ Իսրայէլի որդիներից շատերին կը դարձնի դէպի իրենց Տէր Աստուածը։17Նա Եղիայի հոգով եւ զօրութեամբ պիտի գնայ նրա առաջից, որպէսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի ու անհնազանդներին՝ արդարների իմաստութեանը՝ Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու»։18Եւ Զաքարիան ասաց հրեշտակին. «Ես ի՞նչ կերպ կ՚իմանամ այդ, քանի որ ես ծեր եմ, եւ կինս էլ առաջացած տարիքում է»։ 19Հրեշտակը նրան պատասխանեց եւ ասաց. «Ես Գաբրիէլն եմ, որ կանգնում եմ Աստծու առաջ. ես ուղարկուեցի խօսելու քեզ հետ եւ այդ բանը քեզ աւետելու։ 20Եւ ահա՛, դու համր կը լինես եւ չես կարողանայ խօսել մինչեւ այն օրը, երբ այդ կատարուի, քանի որ դու չհաւատացիր իմ խօսքերին, որ կ՚իրականան իրենց ժամանակին»։ 21Իսկ ժողովուրդը սպասում էր Զաքարիային. զարմանում էին, որ տաճարում նա ուշանում է։ 22Եւ երբ նա դուրս եկաւ, չէր կարողանում խօսել նրանց հետ։ Եւ նրանք իմացան, թէ տաճարում տեսիլք էր տեսել. եւ նա նշանացի էր խօսում նրանց հետ ու մնում էր պապանձուած։ 23Եւ երբ պաշտամունքի իր օրերը լրացան, գնաց իր տունը։ 24Այդ օրերից յետոյ նրա կինը՝ Եղիսաբեթը յղիացաւ։ Հինգ ամիս նա թաքցնում էր ինքն իրեն եւ ասում. 25«Այս ի՛նչ բան արեց Տէրը ինձ իմ այս օրերին, երբ նայեց ինձ վրայ՝ վերացնելով իմ նախատինքը մարդկանց միջից»։ 26Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, 27մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից։ Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր։ 28Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»։ 29Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը։ 30Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար։ 31Եւ ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես։ 32Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի։ Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, 33ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»։ 34Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կը պատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»։ 35Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծու որդի կը կոչուի։ 36Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ այս՝ յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած. 37որովհետեւ Աստծու համար անկարելի բան չկայ»։ 38Եւ Մարիամն ասաց. «Ահաւասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի համաձայն լինի ինձ»։ Եւ հրեշտակը հեռացաւ նրանից։ 39Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, 40մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց։ 41Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով 42եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը։ 43Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. 44որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում։ 45Եւ երանի՜ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կը կատարուեն»։ 46Եւ Մարիամն ասաց. 47Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը։48Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացաւ, եւ նա մի որդի ծնեց.49եւ նրա շուրջը գտնուողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տէրն իր մեծ ողորմութիւնը ցոյց տուեց նրա հանդէպ, եւ ուրախանում էին նրա հետ։ 50Եւ ութերորդ օրը եկան մանկանը թլփատելու. եւ նրան իր հօր անունով Զաքարիա էին կոչում։ 51Բայց նրա մայրը պատասխանեց եւ ասաց. «Ո՛չ, այլ Յովհաննէս պէտք է կոչուի»։ 52Նրան ասացին. «Սակայն քո ազգատոհմի մէջ չկայ մէկը, որի անունը Յովհաննէս լինի»։53Նշանացի ակնարկեցին նրա հօրը, թէ ի՛նչ կը կամենայ նրան կոչել։54Իսկ նա մի տախտակ ուզեց եւ վրան գրեց. «Դրա անունը Յովհաննէս է»։ Եւ բոլորը զարմացան։ 55Եւ իսկոյն նրա բերանը բացուեց ու նրա լեզուն՝ նոյնպէս. եւ խօսում էր ու օրհնում Աստծուն։ 56Եւ ահ ընկաւ բոլորի մէջ, որ լսեցին այս, եւ նրանց մէջ, որ բնակւում էին նրանց շուրջը։ Եւ Հրէաստանի ամբողջ լեռնակողմում այս բոլոր բաները պատմւում էին։ 57Եւ բոլոր լսողները պահում էին իրենց սրտում այս ամէնը եւ ասում էին. «Արդեօք ի՞նչ կը լինի այս մանուկը»։ Եւ Տիրոջ ձեռքը նրա հետ էր։ 58Զաքարիան՝ նրա հայրը, Սուրբ Հոգով լցուեց, մարգարէացաւ եւ ասաց. 59Եւ մանուկը աճում ու զօրանում էր հոգով եւ մնում էր ամայի տեղերում՝ մինչեւ Իսրայէլում նրա երեւալու օրը։ 
2 Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ 2Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում։ 3Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարի՝ իւրաքանչիւրն իր քաղաքում։4Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, 5մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր։ 6Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, 7եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար։ 8Եւ այդ շրջանում բացօթեայ բնակուող հովիւներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանութիւնն էին անում։ 9Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան։ 10Եւ հրեշտակը ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որը ամբողջ ժողովրդինը կը լինի. 11որովհետեւ այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է։ 12Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած եւ մսուրի մէջ դրուած մի մանուկ կը գտնէք»։13Եւ յանկարծակի այդ հրեշտակի հետ երեւաց երկնային զօրքերի մի բազմութիւն, որ օրհնում էր Աստծուն ու ասում. 14«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն՝ մարդկանց մէջ»։ 15Եւ երբ հրեշտակները նրանցից հեռանալով երկինք բարձրացան, հովիւներն ասացին միմեանց. «Եկէ՛ք գնանք մինչեւ Բեթղեհէմ եւ տեսնենք, թէ ի՛նչ բան է այս եղածը, որ Տէրը մեզ ցոյց տուեց»։ 16Եւ նրանք շտապով եկան ու գտան Մարիամին ու Յովսէփին եւ մսուրի մէջ դրուած մանկանը։ 17Եւ ճանաչեցին նրան այն խօսքից, որ իրենց ասուել էր մանկան մասին։ 18Եւ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրայ, որ հովիւները ասացին իրենց։ 19Իսկ Մարիամը այս բոլոր ասուածները պահում էր իր մէջ եւ իր սրտում խորհում։ 20Եւ հովիւները վերադարձան. փառաւորում եւ օրհնում էին Աստծուն այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպէս իրենց պատմուել էր։ 21Եւ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատուեց, նրա անունը Յիսուս դրուեց, ինչպէս հրեշտակի կողմից կոչուել էր, երբ դեռ չէր յղացուել մօր որովայնում։ 22Երբոր նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսէսի Օրէնքի համաձայն՝ նրան Երուսաղէմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու համար, 23ինչպէս գրուած էր Տիրոջ Օրէնքում. «Ամէն արու զաւակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչուի»։ 24Եւ Տիրոջ Օրէնքում ասուածի համաձայն՝ ընծայ պէտք է տալ մի զոյգ տատրակ կամ աղաւնու երկու ձագ։ 25Արդ, Երուսաղէմում Սիմէոն անունով մի մարդ կար, եւ այդ մարդը արդար ու աստուածավախ էր եւ ակնկալում էր Իսրայէլի մխիթարութիւնը. եւ Սուրբ Հոգին էր նրա մէջ։ 26Եւ Սուրբ Հոգուց հրամայուած էր իրեն մահ չտեսնել, մինչեւ որ տեսնէր Տիրոջ Օծեալին։ 27Նա Հոգով առաջնորդուած՝ եկաւ տաճարը, եւ երբ ծնողները բերին Յիսուս մանկանը՝ նրա վրայ կատարելու ինչ որ օրէնքի սովորութեան համաձայն էր, 28Սիմէոնը նրան իր գիրկն առաւ, օրհնեց Աստծուն եւ ասաց. 29Եւ նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խօսքերի համար, որ ասում էին նրա մասին։ 30Սիմէոնը նրանց օրհնեց եւ ասաց նրա մօրը՝ Մարիամին. «Ահա՛ սա նա է, որ պատճառ է դառնալու Իսրայէլի մէջ շատերի անկման ու բարձրացման եւ նշան՝ հակառակութեան։ 31Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ յայտնի դառնան»։ 32Եւ այնտեղ կար մի մարգարէուհի՝ Աննա անունով՝ Փանուէլի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա տարիքով շատ առաջացած էր եւ ամուսնու հետ միայն եօթը տարի էր ապրել՝ սկսած իր կուսութիւնից։ 33Նա մօտ ութսունչորս տարեկան մի այրի էր, որ չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահութեամբ եւ աղօթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն։34Սա եւս նոյն ժամին վեր կացաւ եկաւ, գոհութիւն էր մատուցում Տիրոջը եւ խօսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, որոնք Երուսաղէմի փրկութեանն էին սպասում։ 35Եւ երբ ամէն ինչ կատարեցին Տիրոջ Օրէնքի համաձայն, վերադարձան Գալիլիա, իրենց քաղաքը՝ Նազարէթ։ 36Եւ մանուկը աճում ու զօրանում էր՝ լի իմաստութեամբ. եւ Աստծու շնորհները նրա վրայ էին։ 37Արդ, նրա ծնողները ամէն տարի, Զատկի տօնին, Երուսաղէմ էին գնում։ 38Եւ երբ նա տասներկու տարեկան եղաւ, տօնի սովորութեան համաձայն՝ Երուսաղէմ ելան։ 39Եւ երբ տօնական օրերը լրացան, ու նրանք վերադարձան, մանուկ Յիսուսը մնաց Երուսաղէմում, եւ նրա ծնողները այդ չիմացան։ 40Կարծում էին, թէ նա իրենց ուղեկիցների հետ է. մի օրուայ չափ ճանապարհ եկան եւ նրան փնտռեցին ազգականների ու ծանօթների մէջ։ 41Ու երբ չգտան, Երուսաղէմ վերադարձան՝ նրան փնտռելու համար։ 42Եւ երեք օր յետոյ նրան գտան տաճարում. վարդապետների հետ նստած՝ նա լսում էր նրանց եւ հարցեր էր տալիս։43Եւ բոլորը, որ նրան լսում էին, զարմանում էին նրա իմաստութեան եւ պատասխանների վրայ։ 44Երբ ծնողները նրան տեսան, հիացան. իսկ մայրը նրան ասաց. «Որդի՛, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահաւասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտռում»։ 45Եւ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտռում, չգիտէի՞ք, թէ ես Հօրս տանը պէտք է լինեմ»։ 46Բայց նրանք չհասկացան այն խօսքը, որ նա իրենց ասաց։ 47Եւ Յիսուս նրանց հետ իջաւ ու Նազարէթ գնաց. եւ նա հնազանդ էր նրանց։ Եւ նրա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտում։ 48Իսկ Յիսուս զարգանում էր իմաստութեամբ, հասակով եւ շնորհով Աստծու ու մարդկանց առջեւ։ 
3 Տիբերիոս կայսեր իշխանութեան տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը կուսակալ էր Հրէաստանի, եւ Հերովդէսը՝ չորրորդապետ Գալիլիայի, եւ նրա եղբայր Փիլիպպոսը՝ չորրորդապետ Իտուրացիների ու Տրաքոնացիների աշխարհի, Լիւսանիասը՝ չորրորդապետ Աբիլենէի, 2եւ Աննայի ու Կայիափայի քահանայապետութեան օրով, Աստծու խօսքը լսելի եղաւ Զաքարիայի որդի Յովհաննէսին անապատում։ 3Եւ նա եկաւ Յորդանանի կողմը ապաշխարութեան մկրտութիւն քարոզելու՝ մեղքերի թողութեան համար, 4ինչպէս գրուած է Եսայի մարգարէի պատգամների գրքում.5Եւ այն ժողովրդին, որ եկել էր իրենից մկրտուելու, ասում էր. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել բարկութիւնից, որ գալու է։6Այսուհետեւ ապաշխարութեան արժանի պտուղներ տուէ՛ք եւ մի՛ սկսէք ասել, թէ Աբրահամին ունենք իբրեւ հայր. այս ասեմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից անգամ դուրս բերել Աբրահամի որդիներ։ 7Բայց ահաւասիկ կացինը ծառերի արմատի վրայ է. ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում»։8Ժողովուրդը նրան հարցնում էր եւ ասում. «Իսկ արդ, ի՞նչ պիտի անենք»։ 9Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ով որ երկու զգեստ ունի, մէկը թող տայ նրան, որ չունի, եւ ով որ ուտելիք ունի, նոյն ձեւով թող անի»։ 10Մաքսաւորներն էլ եկան մկրտուելու եւ հարցրին նրան. «Վարդապե՛տ, մե՛նք ինչ անենք»։ 11Նա ասաց նրանց. «Ձեզ հրամայուածներից աւելին մի՛ վերցրէք»։ 12Զինուորները նոյնպէս հարցնում էին նրան. «Իսկ մե՛նք ինչ անենք»։ Նա ասաց նրանց. «Ոչ ոքի մի՛ նեղէք, ոչ ոքի մի՛ զրպարտէք, ձեր ռոճիկը թող ձեզ բաւարար լինի»։13Ժողովուրդը սպասման մէջ էր, եւ բոլորն իրենց սրտում Յովհաննէսի մասին հարց էին տալիս, թէ՝ միթէ սա՞ է Քրիստոսը։ 14Նա պատասխանեց բոլորին ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով, բայց գալիս է ինձնից աւելի զօրաւորը, որի կօշիկները հանելու արժանի չեմ ես. նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով եւ հրով. 15նրա քամհարը իր ձեռքում է՝ մաքրելու իր կալը, հաւաքելու ցորենը իր շտեմարանում, իսկ յարդը կ՚այրի անշէջ կրակով»։ 16Նա շատ ուրիշ մխիթարիչ խօսքերով բարի լուրն էր աւետում ժողովրդին։ 17Բայց Հերովդէս չորրորդապետը, յանդիմանուած լինելով Յովհաննէսի կողմից, իր եղբօր կնոջ՝ Հերովդիայի պատճառով եւ այն բոլոր չարիքների համար, որ Հերովդէսը գործել էր, 18այդ բոլորի վրայ աւելացրեց եւ այն, որ Յովհաննէսին բանտարկեց։ 19Եւ ամբողջ ժողովրդի մկրտուելուց յետոյ, Յիսուս եւս մկրտուեց ու երբ աղօթքի կանգնեց, երկինքը բացուեց, 20եւ Սուրբ Հոգին մարմնաւոր տեսքով, որպէս աղաւնի իջաւ նրա վրայ. եւ երկնքից ձայն եկաւ, որ ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»։ 21Եւ ինքը Յիսուս շուրջ երեսուն տարեկան էր, երբ սկսեց իր գործունէութիւնը։ Եւ, ինչպէս կարծում էին, որդին էր Յովսէփի, եւ սա՝ Յակոբի, եւ սա՝ Հեղիի, եւ սա՝ Մատաթէի,22եւ սա՝ Ղեւիի, եւ սա՝ Մեղքիի, եւ սա՝ Յաննէի, եւ սա՝ Յովսէփի, 23եւ սա՝ Մատթէի, եւ սա՝ Ամոսի, եւ սա՝ Նաւումի, եւ սա՝ Էսղիի, եւ սա՝ Նանգէի, 24եւ սա՝ Մաաթի, եւ սա՝ Մատաթէի, եւ սա՝ Սեմէիի, եւ սա՝ Յոսէքէի, եւ սա՝ Յոդայի, 25եւ սա՝ Յովնանէի, եւ սա՝ Րէսայի, եւ սա՝ Զորոբաբէլի, եւ սա՝ Սաղաթիէլի, եւ սա՝ Ներիի, 26եւ սա՝ Մեղքիի, եւ սա՝ Ադդէի, եւ սա՝ Կոսամի, եւ սա՝ Ելմոդադի, եւ սա՝ Երէի, 27եւ սա՝ Յեսուի, եւ սա՝ Եղիազարի, եւ սա՝ Յորամի, եւ սա՝ Մատթէի, եւ սա՝ Ղեւիի, 28եւ սա՝ Սիմէոնի, եւ սա՝ Յուդայի, եւ սա՝ Յովսէփի, եւ սա՝ Յովնամի, եւ սա՝ Եղիակիմի, 29եւ սա՝ Մելլէի, եւ սա՝ Մեննէի, եւ սա՝ Մատտաթայի, եւ սա՝ Նաթանի, եւ սա՝ Դաւթի, 30եւ սա՝ Յեսսէի, եւ սա՝ Օբէդի, եւ սա՝ Բոոսի, եւ սա՝ Սաղմանի, եւ սա՝ Նաասոնի, 31եւ սա՝ Ամինադաբի, եւ սա՝ Արամի, եւ սա՝ Ադմէի, եւ սա՝ Առնէի, եւ սա՝ Եսրոնի, եւ սա՝ Փարէսի, եւ սա՝ Յուդայի, 32եւ սա՝ Յակոբի, եւ սա՝ Իսահակի, եւ սա, Աբրահամի, եւ սա՝ Թարայի, եւ սա՝ Նաքորի, 33եւ սա՝ Սերուգի, եւ սա՝ Ռագաւի, եւ սա՝ Փաղեկի, եւ սա՝ Եբերի, եւ սա՝ Սաղայի, 34եւ սա՝ Կայնանի, եւ սա՝ Արփաքսադի, եւ սա՝ Սէմի, եւ սա՝ Նոյի, եւ սա՝ Ղամէքի, 35եւ սա՝ Մաթուսաղայի, եւ սա՝ Ենոքի, եւ սա՝ Յարեդի, եւ սա՝ Մաղաղայէլի, եւ սա՝ Կայնանի, 36եւ սա՝ Ենոսի, եւ սա՝ Սէթի, եւ սա՝ Ադամի, եւ սա՝ Աստծու։ 
4 Եւ Յիսուս Սուրբ Հոգով լի վերադարձաւ Յորդանանից. եւ Հոգով անապատ առաջնորդուեց 2ու քառասուն օր փորձուեց սատանայից։ Չկերաւ եւ չխմեց այն օրերին. եւ երբ քառասուն օրերը լրացան, քաղց զգաց։ 3Եւ սատանան նրան ասաց. «Եթէ Աստծու Որդի ես, այդ քարին ասա՛, որ հաց լինի»։ 4Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Գրուած է. «Միայն հացով չէ, որ կ՚ապրի մարդ, այլ՝ Աստծու ամէն խօսքով»։ 5Եւ սատանան տանելով նրան մի բարձր լեռ, մի վայրկեանում նրան ցոյց տուեց աշխարհի բոլոր թագաւորութիւնները։ 6Եւ սատանան նրան ասաց. «Քեզ կը տամ այս ամբողջ իշխանութիւնը եւ սրանց փառքը, որովհետեւ ինձ է տրուած, եւ ում որ կամենամ, կը տամ այն։ 7Արդ, եթէ դու իմ առաջ ընկած երկրպագես, բոլորը քոնը կը լինի»։ 8Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Գրուած է. «Քո Տէր Աստծո՛ւն պիտի երկրպագես եւ նրա՛ն միայն պիտի պաշտես»։ 9Եւ տարաւ նրան Երուսաղէմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. «Եթէ Աստծու Որդի ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, 10որովհետեւ գրուած է. «Իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, որ քեզ պահեն. 11եւ իրենց ձեռքերի վրայ կը բռնեն քեզ, որ քո ոտքը երբեք քարին չխփես»։12Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Ասուած է. «Քո Տէր Աստծուն պիտի չփորձես»։ 13Եւ սատանան կատարած լինելով բոլոր փորձութիւնները՝ նրանից միառժամանակ հեռու մնաց։ 14Եւ Յիսուս Հոգու զօրութեամբ վերադարձաւ Գալիլիա, ու գաւառի բոլոր կողմերում նրա համբաւը տարածուեց։ 15Եւ նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ փառաւորուելով բոլորից։ 16Եւ եկաւ Նազարէթ, ուր նա սնուել մեծացել էր. եւ ըստ իր սովորութեան՝ շաբաթ օրը ժողովարան մտաւ։ 17Եւ նրան տուին Եսայի մարգարէի գիրքը. եւ նա վեր կացաւ ընթերցելու. եւ երբ գիրքը բացեց, գտաւ այն տեղը, ուր գրուած էր. 18«Տիրոջ Հոգին իմ վրայ է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու, 19գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքուածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու»։ 20Եւ փակելով գիրքը՝ տուեց պաշտօնեային ու նստեց. եւ ժողովարանում գտնուողների բոլորի աչքերը նրա վրայ էին սեւեռուած։21Սկսեց ասել նրանց. «Այսօր այս գրուածքները կատարուեցին, երբ լսում էիք ձեր ականջներով»։ 22Եւ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խօսքերի վրայ ու ասում. «Սա Յովսէփի որդին չէ՞»։ 23Եւ նա ասաց նրանց. «Անշուշտ, ինձ այս առածը կ՚ասէք. «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»։ Այն ամէնը, ինչ արել ես Կափառնայումում, որչափ որ լսեցինք, արա՛ եւ այստեղ, քո գաւառում»։ 24Եւ նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարգարէն ընդունելի չէ իր քաղաքում։ 25Արդարեւ, ասում եմ ձեզ, որ Եղիայի օրով Իսրայէլում բազում այրիներ կային, երբ երկինքը փակուեց երեք տարի ու վեց ամիս, եւ ամբողջ երկրի վրայ մեծ սով եղաւ։ 26Սակայն նրանցից ոչ մէկի մօտ Եղիան չուղարկուեց, այլ միայն՝ մի այրի կնոջ՝ սիդոնացիների Սարեփթա քաղաքում։ 27Նաեւ՝ Իսրայէլում Եղիսէ մարգարէի օրով բազում բորոտներ կային, եւ սակայն նրանցից ոչ մէկը չմաքրուեց, այլ միայն՝ Նէեման ասորին»։ 28Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը լցուեցին բարկութեամբ. 29եւ վեր կենալով՝ նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչեւ դարաւանդը այն լերան, որի վրայ շինուած էր իրենց քաղաքը, որպէսզի նրան գահավէժ անեն։30Իսկ նա, անցնելով նրանց միջով, գնաց։ 31Եւ իջաւ Գալիլիայի Կափառնայում քաղաքը ու շաբաթ օրերը ուսուցանում էր նրանց։32Նրա ուսուցման վրայ զարմանում էին, որովհետեւ նրա խօսքը լի էր հեղինակութեամբ։ 33Եւ ժողովարանում մի մարդ կար, որին բռնել էր մի պիղծ դեւի չար ոգին. սա բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. 34«Թո՛ղ տուր մեզ, Յիսո՛ւս Նազովրեցի, ի՞նչ ես ուզում մեզնից. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք, թէ ով ես, Աստծու Սուրբն ես դու»։ 35Յիսուս սաստեց նրան եւ ասաց. «Պապանձուի՛ր եւ դո՛ւրս ելիր դրանից»։ Դեւը մէջտեղում գետին զարկեց նրան եւ դուրս ելաւ նրանից ու որեւէ վնաս չտուեց նրան։ 36Եւ բոլորին զարմանք պատեց. իրար հետ խօսում էին ու ասում. «Ի՜նչ խօսք է այս, որ իշխանութեամբ եւ զօրութեամբ սաստում է պիղծ ոգիներին, եւ դրանք դուրս են գալիս»։ 37Եւ նրա հռչակը տարածւում էր գաւառի շրջակայքի բոլոր տեղերում։ 38Եւ նա ժողովարանից դուրս գալով՝ մտաւ Սիմոնի տունը։ 39Սիմոնի զոքանչը բարձր ջերմութեան մէջ տառապում էր։ Նրա համար Յիսուսին աղաչեցին։ 40Նա կանգնեց նրա մօտ, սաստեց ջերմին, եւ ջերմը թողեց նրան։ Հիւանդը անմիջապէս ոտքի ելաւ եւ սպասարկում էր նրանց։ 41Եւ երբ արեւը մայր էր մտնում, բոլոր նրանք, որոնք պէսպէս ցաւերով հիւանդներ ունէին, նրա մօտ էին բերում նրանց. եւ նա նրանցից իւրաքանչիւրի վրայ ձեռք էր դնում ու նրանց բժշկում։ 42Շատերի միջից դեւեր էլ էին ելնում, աղաղակում եւ ասում. «Դո՛ւ ես Աստծու Որդին»։ Եւ նա սաստում էր ու թոյլ չէր տալիս նրանց խօսել. որովհետեւ գիտէին, թէ նա Քրիստոսն է։ 43Եւ երբ օրը լուսացաւ, նա ելաւ գնաց մի ամայի տեղ, իսկ ժողովուրդը փնտռում էր նրան. եկան մինչեւ նրա մօտ եւ չէին թողնում նրան, որ հեռանայ իրենցից։ 44Եւ նա նրանց ասաց. «Աստծու արքայութիւնը ես ուրիշ քաղաքների էլ պիտի աւետարանեմ, որովհետեւ դրա համար իսկ ուղարկուեցի»։ 45Եւ նա քարոզում էր գալիլիացիների ժողովարաններում։ 
5 Եւ մինչ ժողովուրդը խռնւում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խօսքը, նա կանգնած էր Գեննեսարէթի ծովակի ափին։ 2Եւ տեսաւ երկու նաւակներ, որ կանգնած էին ծովակի եզերքին. եւ ձկնորսները դրանց միջից դուրս եկած՝ ուռկաններն էին լուանում։ 3Նա մտաւ նաւակներից մէկի մէջ, որ Սիմոնինն էր, եւ խնդրեց նրան, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն. նստեց ու նաւակի միջից ուսուցանում էր ժողովրդին։ 4Եւ երբ դադարեց խօսելուց, ասաց Սիմոնին. «Քշիր տա՛ր դէպի խորերը, եւ ձեր ուռկանները գցեցէ՛ք որսալու համար»։ 5Սիմոնը պատասխանեց եւ նրան ասաց. «Վարդապե՛տ, ամբողջ այս գիշեր չարչարուեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանները կը գցենք»։ 6Երբ այդ արեցին, մեծ քանակութեամբ ձկներ բռնեցին, այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռւում էին։ 7Նրանք նշան էին անում միւս նաւակի մէջ եղող իրենց որսակիցներին, որ գան իրենց օգնեն։ Եւ նրանք եկան, եւ երկու նաւակներն էլ լցուեցին սուզուելու աստիճան։ 8Երբ Սիմոն Պետրոսն այս տեսաւ, Յիսուսի ծնկներին ընկաւ եւ ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տէ՛ր, որովհետեւ ես մեղաւոր մարդ եմ». 9քանի որ վախը պատել էր նրան եւ բոլորին, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով. 10նոյնպէս եւ՝ Զեբեդէոսի որդիներին՝ Յակոբոսին եւ Յովհաննէսին, որոնք Սիմոնի որսակիցներն էին. եւ Յիսուս Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետեւ դու մարդկա՛նց պիտի որսաս կեանքի համար»։ 11Եւ նաւակը ցամաք հանելով՝ թողեցին ամէն ինչ ու նրան հետեւեցին։ 12Եւ երբ նա հասաւ քաղաքներից մէկը, բորոտութեամբ պատած մի մարդ, Յիսուսին տեսնելով, երեսի վրայ ընկած՝ աղաչեց նրան եւ ասաց. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։ 13Նա մեկնեց իր ձեռքը, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»։ Եւ իսկոյն բորոտութիւնը գնաց նրանից։ 14Յիսուս պատուիրեց նրան ոչ ոքի չասել, այլ՝ «Գնա՛, - ասաց, - դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ ընծայ տուր քո մաքրուելու համար, ինչպէս որ հրամայել էր Մովսէսը՝ ի վկայութիւն նրանց»։ 15Եւ նրա համբաւը աւելի ու աւելի էր տարածւում. եւ բազում ժողովուրդ էր հաւաքւում լսելու նրան ու իրենց հիւանդութիւնից բժշկուելու։ 16Իսկ նա խոյս էր տալիս դէպի ամայի տեղեր եւ աղօթքի էր կանգնում։ 17Մի օր ինքն ուսուցանում էր, իսկ փարիսեցիներն ու օրէնքի վարդապետները, որոնք հաւաքուել էին Գալիլիայի եւ Հրէաստանի բոլոր քաղաքներից ու Երուսաղէմից, նստած էին. եւ Տիրոջ զօրութիւնը նրա հետ էր ու նրա միջոցով բժշկում էր։ 18Եւ ահա մարդիկ մահիճով մի մարդ բերեցին, որ անդամալոյծ էր, եւ ուզում էին նրան ներս մտցնել ու դնել նրա առաջ։19Եւ երբ ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք եւ կտուրի բացուածքից նրան վար կախեցին ու մահիճով հանդերձ իջեցրին մէջտեղ, Յիսուսի առաջ։ 20Տեսնելով նրանց հաւատը՝ Յիսուս ասաց նրան. «Ո՛վ մարդ, թող քո մեղքերը քեզ ներուեն»։ 21Օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասացին. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է ներել մեղքերը, եթէ ոչ՝ Աստուած միայն»։ 22Յիսուս, գիտենալով նրանց մտածումները, պատասխանեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք մտմտում ձեր սրտերում. 23ո՞րն է աւելի հեշտ, ասել՝ քեզ ներուած լինեն քո մեղքե՞րը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր։ 24Բայց որպէսզի իմանաք, թէ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու (ասաց անդամալոյծին)՝ քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»։ 25Եւ իսկոյն բոլորի առաջ վեր կենալով՝ իր վրայ առաւ այն, ինչի վրայ ինքը պառկել էր, գնաց իր տունը եւ փառաւորում էր Աստծուն։ 26Բոլորին զարմանք պատեց, եւ փառաւորում էին Աստծուն։ Ահով լցուեցին եւ ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»։27Դրանից յետոյ, դուրս ելաւ այնտեղից եւ տեսաւ մի մաքսաւորի, որի անունը Ղեւի էր, եւ որը մաքսատանը նստած՝ գործի վրայ էր։ Յիսուս նրան ասաց. «Իմ յետեւից արի՛»։ 28Եւ նա թողնելով ամէն ինչ, վեր կացաւ գնաց նրա յետեւից։ 29Եւ Ղեւին իր տան մէջ նրան մեծ ընդունելութիւն տուեց, եւ մեծ թուով մաքսաւորներ եւ ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել։ 30Փարիսեցիները եւ օրէնսգէտները տրտնջում էին Յիսուսի դէմ իր աշակերտների մօտ ու ասում. «Ինչո՞ւ էք մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում եւ խմում»։ 31Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Առողջներին բժիշկներ պէտք չեն, այլ՝ հիւանդներին։ 32Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին՝ ապաշխարութեան»։ 33Եւ նրանցից ոմանք ասացին նրան. «Ինչո՞ւ Յովհաննէսի, ինչպէս եւ փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում յաճախ եւ աղօթք անում, իսկ քո աշակերտները ուտում են ու խմում»։ 34Եւ նա ասաց նրանց. «Միթէ կարո՞ղ էք հարսանքաւորներին հրամայել, որ ծոմ պահեն, որքան ժամանակ որ փեսան նրանց հետ է։ 35Կը գան օրեր, երբ որ փեսան նրանցից կը վերցուի, ապա այդ օրերին ծոմ կը պահեն»։ 36Եւ նրանց մի առակ էլ ասաց. «Ոչ ոք հնացած ձորձի վրայ նոր զգեստից կտոր չի դնի, ապա թէ ոչ՝ ե՛ւ նորը կը պատռուի, ե՛ւ նոր զգեստից վերցրած կտորը չի յարմարուի հնի հետ։ 37Եւ ոչ ոք նոր գինին հին տիկերի մէջ չի լցնի, ապա թէ ոչ՝ նոր գինին հին տիկերը կը պայթեցնի. գինին կը թափուի, եւ տիկերը կը փչանան։ 38Այլ՝ նոր գինին նոր տիկերի մէջ պէտք է լցուի, եւ երկուսն էլ կը պահուեն։ 39Եւ ոչ ոք, երբ հինը խմի, նորը կ՚ուզենայ, որովհետեւ կ՚ասի, թէ՝ հինը աւելի լաւն է»։ 
6 Առաջին ամսուայ երկրորդ շաբաթ օրը, երբ նա անցնում էր արտերի միջով, նրա աշակերտները հասկ էին պոկում, շփում իրենց ափի մէջ եւ ուտում։ 2Եւ փարիսեցիներից ոմանք ասացին նրանց. «Ինչո՞ւ էք անում այն, ինչ օրինաւոր չէ անել շաբաթ օրով»։ 3Յիսուս նրանց պատասխանեց եւ ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ նրա հետ էին. 4թէ ինչպէս նա մտաւ Աստծու տունը, կերաւ առաջաւորութեան հացը եւ տուեց նրանց, որ իր հետ էին. մինչդեռ, բացի քահանայապետներից, ոչ ոքի չէր թոյլատրուած ուտել այն»։ 5Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարդու Որդին նաեւ շաբա՛թ օրուայ տէրն է»։ 6Եւ մի ուրիշ շաբաթ օր նա մտաւ ժողովարան եւ ուսուցանում էր. եւ այնտեղ կար մի մարդ, որի աջ ձեռքը չորացած էր։ 7Օրէնսգէտներն ու փարիսեցիները հետեւում էին՝ տեսնելու, թէ արդեօք շաբաթ օրը կը բժշկի՞. որպէսզի նրան ամբաստանելու համար բան գտնեն։ 8Եւ նա գիտէր նրանց մտածումները։ Չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»։ Նա վեր կացաւ կանգնեց։ 9Յիսուս նրանց ասաց. «Ես ձեզ մի բան հարցնեմ. շաբաթ օրը ի՞նչ բան է օրինաւոր անել՝ բարի՞ գործ անել, թէ՞՝ չար գործ, մի հոգի՞ փրկել, թէ՞ կորստեան մատնել»։ 10Եւ իր շուրջը բոլորի վրայ զայրագին նայելով՝ ասաց նրան. «Ձեռքդ երկարի՛ր». եւ նա երկարեց, եւ նրա չորացած ձեռքը առողջացաւ միւսի նման։ 11Նրանք լցուեցին կատաղութեամբ եւ միմեանց հետ խօսում էին, թէ ի՛նչ անեն Յիսուսին։ 12Եւ այդ օրերին Յիսուս լեռ բարձրացաւ աղօթելու եւ ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղօթելով։ 13Եւ երբ լոյսը բացուեց, կանչեց իր աշակերտներին եւ ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց եւ առաքեալներ անուանեց. 14Սիմոնին, որին էլ Պետրոս կոչեց, եւ Անդրէասին՝ նրա եղբօրը, Յակոբոսին, Յովհաննէսին,15Փիլիպպոսին, Բարթողոմէոսին, Մատթէոսին, Թովմասին, Ալփէոսի որդի Յակոբոսին, Սիմոնին՝ Նախանձայոյզ կոչուածին, 16Յակոբի որդի Յուդային եւ Իսկարիովտացի Յուդային, որը եւ մատնիչ եղաւ։ 17Եւ նրանց հետ միասին իջաւ մի տափարակ տեղ, ուր նրա աշակերտների խումբը եւ ամբողջ Հրէաստանից ու Երուսաղէմից եւ այն կողմերից եւ Տիւրոսի ու Սիդոնի ծովեզրից 18շատ մեծ բազմութիւն եկել էր լսելու նրան եւ բժշկուելու իրենց հիւանդութիւններից։ Եւ պիղծ ոգիներից տառապողները բժշկւում էին։ 19Եւ ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետեւ նրանից մեծ զօրութիւն էր դուրս գալիս եւ բժշկում բոլորին։ 20Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց. 21- Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծու արքայութիւնը ձերն է։ 22- Երանի՜ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետեւ պիտի յագենան։ 23- Երանի՜ նրանց, որ այժմ լալիս են, որովհետեւ պիտի ծիծաղեն։ 24- Երանի՜ է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն եւ երբ որ ձեզ մերժեն եւ նախատեն ու մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն։ 25Ուրախացէ՛ք այդ օրը եւ ցնծացէ՛ք, որովհետեւ ձեր վարձը մեծ է երկնքում. նրանց հայրերը նոյն ձեւով էին վարւում մարգարէների հանդէպ։ 26- Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետեւ դուք ձեր մխիթարութիւնը ստացել էք։ 27- Վա՜յ ձեզ, որ այժմ յագեցած էք, որովհետեւ քաղցած պիտի մնաք։ 28- Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում էք, որովհետեւ պիտի սգաք ու պիտի լաք։29- Վա՜յ ձեզ, երբ որ բոլոր մարդիկ լաւ խօսեն ձեր մասին, որովհետեւ նրանց հայրերը սուտ մարգարէներին այդպէս էին անում։ 30«Բայց ասում եմ ձեզ, դո՛ւք, որ լսում էք ինձ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարութի՛ւն արէք. 31օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղօթեցէ՛ք։ 32Ով խփում է քո ծնօտին, նրան մի՛ւսն էլ մօտեցրու. եւ ով որ քեզնից քո բաճկոնը բռնի է վերցնում, նրան մի՛ արգելիր, որ վերցնի շապիկդ էլ։ 33Ամէն մարդու, որ քեզնից ուզում է, տո՛ւր, եւ ինչ որ մէկը քեզնից վերցնի, ետ մի՛ պահանջիր։ 34Եւ ինչպէս կամենում էք, որ անեն ձեզ մարդիկ, այնպէս արէ՛ք եւ դուք նրանց։ 35Եւ եթէ դուք ձեզ սիրողներին սիրէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղաւորներն էլ են սիրում իրենց սիրողներին։ 36Եւ եթէ ձեր բարերարներին բարութիւն անէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղաւորներն էլ նոյնն են անում։ 37Եւ եթէ փոխ էք տալիս նրանց, որոնցից յետ առնելու ակնկալութիւն ունէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղաւորներն էլ են փոխ տալիս մեղաւորներին, որպէսզի նոյն չափով յետ առնեն։ 38Բայց դուք սիրեցէ՛ք ձեր թշնամիներին եւ բարութի՛ւն արէք ձեզ ատողներին ու փո՛խ տուէք նրան, ումից յետ առնելու ակնկալութիւն չունէք։ Եւ ձեր վարձը շատ կը լինի, եւ դուք Բարձրեալի որդիները կը լինէք, որովհետեւ նա բարեհաճ է չարերի եւ ապերախտների հանդէպ։ 39Գթասի՛րտ եղէք, ինչպէս որ ձեր Հայրը գթասիրտ է»։ 40«Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք, մի՛ դատապարտէք, եւ չպիտի դատապարտուէք, ներեցէ՛ք, եւ ներում պիտի գտնէք Աստծուց, 41տուէ՛ք, եւ պիտի տրուի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում էք, նո՛ւյն չափով պիտի չափուի ձեզ համար»։ 42Նրանց մի առակ էլ ասաց. «Միթէ կարո՞ղ է կոյրը կոյրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կ՚ընկնեն։ 43Աշակերտը մեծ չէ, քան իր վարդապետը. ամէն կատարեալ աշակերտ իր վարդապետի պէս կը լինի։ 44Ինչո՞ւ քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նշմարում։ 45Եւ կամ՝ ինչպէ՞ս կարող ես եղբօրդ ասել՝ եղբա՛յր, թող որ քո աչքից այդ շիւղը հանեմ, իսկ դու քո աչքի միջի գերանը չես տեսնում։ Կեղծաւո՛ր, նախ քո աչքից գերանը հանի՛ր եւ ապա լաւ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար»։ 46«Որովհետեւ չկայ բարի ծառ, որ չար պտուղ տայ. եւ դարձեալ՝ չկայ չար ծառ, որ բարի պտուղ տայ.47որովհետեւ իւրաքանչիւր ծառ իր պտղից է ճանաչւում։ Փշերից թուզ չեն քաղում եւ ոչ էլ մորենուց՝ խաղող։ 48Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը՝ չարն է բխեցնում. որովհետեւ սրտի աւելցուկից է, որ խօսում է նրա բերանը»։ 49«Ինչո՞ւ ինձ «Տէ՛ր, Տէ՛ր» էք կոչում, իսկ ինչ ասում եմ՝ չէք անում։ 50Ամէն մարդ, որ ինձ է գալիս եւ լսում է իմ խօսքերն ու կատարում դրանք, ձեզ ցոյց տամ, թէ ում է նման։ 51Նման է տուն շինող այն մարդուն, որ հողը փորեց ու խորացրեց եւ հիմքը դրեց ժայռի վրայ. եւ երբ հեղեղ բարձրացաւ, գետը զարկեց տանը եւ չկարողացաւ շարժել այն, որովհետեւ նրա հիմքը ժայռի վրայ էր հաստատուած։ 52Իսկ ով իմ խօսքերը լսում է եւ չի կատարում, նման է այն մարդուն, որ հողի վրայ առանց հիմքի տուն է շինում. գետը զարկեց, եւ այն իսկոյն փուլ եկաւ, եւ այդ տան կործանումը մեծ եղաւ»։ 
7 Եւ երբ Յիսուս վերջացրեց իր բոլոր խօսքերը, եւ ժողովուրդը նրան լսեց, Կափառնայում մտաւ։ 2Այնտեղ մի հարիւրապետի ծառայ, որ շատ սիրելի էր նրա համար, ծանր հիւանդացել էր եւ մեռնելու մօտ էր։3Երբ լսեց Յիսուսի մասին, հրեաներից աւագներին ուղարկեց, որ աղաչեն նրան, որպէսզի գայ եւ բժշկի իր ծառային։ 4Եւ նրանք Յիսուսի մօտ գալով՝ թախանձագին աղաչում էին նրան եւ ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, 5որովհետեւ նա սիրում է մեր ազգը եւ ժողովարանը նա՛ շինեց մեզ համար»։ 6Յիսուս գնաց նրանց հետ. երբ տնից շատ հեռու չէր, հարիւրապետը նրա մօտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տէ՛ր, նեղութիւն մի՛ կրիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես. 7դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մօտ գալու. այլ՝ խօսքով ասա՛, եւ իմ ծառան կը բժշկուի. 8որովհետեւ ինքս էլ իշխանութեան ենթակայ մարդ եմ, իմ ձեռքի տակ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, իսկ միւսին, թէ՝ արի՛, եւ գալիս է, եւ իմ ծառային, թէ՝ արա՛ այս բանը, եւ նա անում է»։ 9Եւ երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ. դարձաւ ժողովրդին, որ հետեւում էր իրեն, եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայէլի մէջ անգամ այսչափ հաւատ չգտայ»։ 10Պատգամաւորները տուն վերադարձան եւ հիւանդ ծառային գտան բժշկուած։ 11Հետեւեալ օրը Յիսուս գնում էր մի քաղաք, որ Նային էր կոչւում. նրա հետ էին գնում նաեւ իր աշակերտները եւ բազում ժողովուրդ։ 12Երբ քաղաքի դարպասին մօտեցաւ, ահա դուրս էր բերւում մի մեռել, միակ որդին իր մօր, որ մի այրի կին էր. եւ քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։ 13Երբ Տէրը կնոջը տեսաւ, խղճաց նրան եւ ասաց. «Մի՛ լար»։ 14Մօտենալով՝ դագաղին դիպաւ։ Դագաղը տանողները կանգ առան։ Եւ նա ասաց. «Քե՛զ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց»։ 15Մեռելը վեր կացաւ, նստեց եւ սկսեց խօսել։ Եւ Յիսուս նրան մօրը տուեց։ 16Եւ ահը պատեց բոլորին. փառաւորում էին Աստծուն եւ ասում. «Մի մեծ մարգարէ է յայտնուել մեր մէջ», եւ՝ «Աստուած այցելութիւն է տուել իր ժողովրդին բարութեամբ»։ 17Եւ նրա մասին այս զրոյցը տարածուեց ամբողջ Հրէաստանում եւ երկրի բոլոր կողմերում։ 18Եւ Յովհաննէսին այս բոլորի մասին պատմեցին իր աշակերտները։ 19Եւ Յովհաննէսն իր աշակերտներից մի երկուսին իր մօտ կանչեց ու նրանց ուղարկեց Տիրոջ մօտ՝ ասելու. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»։ 20Եւ այդ մարդիկ գալով նրա մօտ՝ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը մեզ ուղարկեց քեզ մօտ եւ ասում է. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»։ 21Եւ նոյն ժամին նա շատերին բժշկեց հիւանդութիւններից, ցաւերի հարուածներից, չար ոգիներից եւ բազմաթիւ կոյրերի տեսողութիւն շնորհեց։ 22Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Գնացէք պատմեցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք տեսաք եւ լսեցիք. որ կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրւում են, խուլերը՝ լսում, մեռելները յարութիւն են առնում, աղքատները Բարի լուրն են լսում. 23եւ երանի՜ նրան, որ իմ պատճառով չի գայթակղուի»։ 24Եւ երբ Յովհաննէսի պատգամաւորները գնացին, նա սկսեց ժողովրդին խօսել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք անապատ. քամուց շարժուող մի եղէ՞գ։ 25Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. փափուկ զգեստներով զարդարուած մի մա՞րդ. ահաւասիկ նրանք, որ փառաւոր զգեստներով են եւ փափուկ կենցաղով են ապրում, արքունիքներում են լինում։ 26Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ, առաւել քան մի մարգարէ.27որովհետեւ Յովհաննէսը նա է, որի մասին գրուած է. «Ահա քո առաջից ուղարկում եմ իմ պատգամաւորին, որպէսզի քո առաջ քո ճանապարհը պատրաստի»։ 28Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ չկայ աւելի մեծ մարգարէ, քան Յովհաննէսը. բայց Աստծու արքայութեան մէջ ամենափոքրը աւելի մեծ է, քան թէ նա»։29Եւ երբ ամբողջ ժողովուրդը լսեց, նոյնպէս եւ մաքսաւորները, ընդունեցին Աստծու արդարութիւնը՝ մկրտուելով Յովհաննէսի մկրտութեամբ։ 30Իսկ փարիսեցիները եւ օրինականները իրենց հոգիներում Աստծու խորհուրդն անարգեցին նրանով, որ Յովհաննէսից չմկրտուեցին։ 31«Արդ, ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդի մարդկանց, եւ ո՞ւմ են նման։ 32Նրանք նման են մանուկների, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս միմեանց եւ ասում. «Փող զարկեցինք ձեզ համար, եւ չպարեցիք. ողբ ասացինք, եւ դուք լաց չեղաք»։ 33Եկաւ Յովհաննէս Մկրտիչը, չէր ուտում եւ չէր խմում. եւ դուք ասացիք՝ նրա մէջ դեւ կայ։ 34Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ դուք ասում էք. «Ահա ուտող եւ խմող մի մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ»։ 35Եւ իմաստութիւնը արդարացուեց իր որդիներից»։ 36Փարիսեցիներից մէկը աղաչում էր նրան, որ իր հետ ճաշ ուտի. եւ նա մտնելով փարիսեցու տունը՝ սեղան նստեց։ 37Եւ քաղաքում մի մեղաւոր կին կար. երբ նա իմացաւ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ ազնիւ իւղ բերելով, 38կանգնեց Յիսուսի յետեւ, նրա ոտքերի մօտ. եւ լաց էր լինում ու սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը եւ իր գլխի մազերով սրբում էր. համբուրում էր նրա ոտքերը եւ այդ իւղով օծում։ 39Իսկ փարիսեցին, որ նրան հրաւիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթէ սա մարգարէ լինէր, ապա կ՚իմանար, թէ ով կամ ինչպիսի մի կին է մօտենում իրեն, որովհետեւ նա մեղաւոր է»։ 40Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»։ Եւ սա ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»։ Եւ Յիսուս ասաց. 41«Մի փոխատու երկու պարտապաններ ունէր. մէկը հինգ հարիւր դահեկան պարտք ունէր, իսկ միւսը՝ յիսուն։ 42Եւ քանի որ նրանք հատուցելու ոչինչ չունէին, երկուսին էլ պարտքը շնորհեց. հիմա ասա՛, ո՞վ աւելի շատ կը սիրի նրան»։ 43Սիմոնն ասաց. «Ինձ այնպէս է թւում, թէ նա՛՝ ում աւելի շատը շնորհուեց»։ Եւ Յիսուս ասաց նրան. «Ուղի՛ղ դատեցիր»։ 44Եւ դառնալով կնոջ կողմը՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտայ քո տունը, ոտքերիս համար ջուր չտուիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց իմ ոտքերը եւ իր մազերով սրբեց։ 45Դու ինձ մի համբոյր էլ չտուիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց։ 46Դու իւղով իմ գլուխը չօծեցիր, սա անուշ իւղով ոտքերս օծեց։ 47Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կը ներուեն սրան, որովհետեւ ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներւում, շատ է սիրում, եւ ում սակաւ՝ սակաւ»։ 48Եւ ասաց այն կնոջը. «Քո մեղքերը քեզ ներուած են»։ 49Եւ նրանք, որ նրա հետ սեղան էին նստել, սկսեցին ասել իրենց մտքում. «Ո՞վ է սա, որ մեղքերին թողութիւն է տալիս»։ 50Եւ նա ասաց այդ կնոջը. «Քո հաւա՛տը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ»։ 
8 Դրանից յետոյ Յիսուս շրջում էր քաղաքներում եւ գիւղերում, քարոզում էր եւ աւետարանում Աստծու արքայութիւնը։ Եւ նրա հետ էին Տասներկուսը 2եւ մի քանի կանայք, որոնք բժշկուել էին չար ոգիներից ու հիւանդութիւններից. Մարիամը, որ կոչւում էր Մագդաղենացի, եւ որից եօթը դեւ էր դուրս եկել, 3Յովհաննան՝ Հերովդէսի վերակացուի՝ Քուզայի կինը, եւ Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցուածքից մատակարարում էին նրան։ 4Երբ շատ ժողովուրդ եւ բազմաթիւ քաղաքներից նրա մօտ եկածներ հաւաքուեցին, առակով նրանց ասաց. 5«Մի սերմնացան ելաւ սերմեր ցանելու։ Եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքը եւ ոտնակոխ եղաւ, եւ երկնքի թռչունները այն կերան։ 6Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ. երբ բուսաւ, չորացաւ՝ խոնաւութիւն չլինելու պատճառով։ 7Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ. եւ փշերը նրա հետ բուսնելով՝ այն խեղդեցին։ 8Եւ ուրիշ մի մաս ընկաւ լաւ ու պարարտ հողի վրայ եւ, բուսնելով, հարիւրապատիկ պտուղ տուեց»։ Երբ այս խօսեց, ասաց. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»։9Աշակերտները նրան հարցնում էին, թէ այդ առակն ի՞նչ է նշանակում։10Եւ նա ասաց. «Ձեզ տրուած է գիտենալ Աստծու արքայութեան խորհուրդները, իսկ ուրիշներին՝ առակներով, որպէսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չիմանան։ 11Իսկ առակը այս է նշանակում. սերմը Աստծու խօսքն է։ 12Որոնք որ ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, եւ ապա սատանան գալիս հանում է խօսքը նրանց սրտից, որպէսզի չհաւատան եւ չփրկուեն։ 13Եւ որոնք որ ապառաժի վրայ են, այդ նրանք են, որ, երբ լսեն, խնդութեամբ են ընդունում խօսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հաւատում են, իսկ փորձութեան ժամանակ՝ հեռանում։ 14Իսկ այն, որ փշերի մէջ ընկաւ, այդ նրանք են, որ, երբ լսում են խօսքը, աշխարհի հոգսերով, հարստութեամբ եւ զուարճութեամբ զբաղուած լինելով՝ խեղդւում ու անպտուղ են լինում։ 15Իսկ այն, որ պարարտ հողի վրայ է, նրանք են, որ բարի եւ զուարթագին սրտով լսելով խօսքը՝ ընդունում են այն եւ յարատեւելով պտուղ են տալիս»։ 16«Ո՛չ ոք ճրագ չի վառի եւ կաթսայի տակ չի թաքցնի կամ մահճի տակ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի, ովքեր մտնեն, լոյսը տեսնեն։ 17Ծածուկ ոչինչ չկայ, որ չյայտնուի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացուի եւ ի յայտ չգայ։18Այսուհետեւ զգո՛յշ եղէք, թէ ինչպէս էք դուք լսում. որովհետեւ ով որ ունի, նրան կը տրուի, իսկ ով որ չունի, եւ այն, ինչ որ նա կարծում է, թէ ունի, կը վերցուի նրանից» 19Նրա մօտ եկան իր մայրն ու եղբայրները եւ չէին կարողանում նրան մօտենալ բազմութեան պատճառով։ 20Իմաց տուին նրան եւ ասացին. «Քո մայրը եւ քո եղբայրները դրսում կանգնել են եւ ուզում են քեզ տեսնել»։ 21Եւ նրանց ասաց. «Իմ մայրը եւ եղբայրները սրանք են, որ Աստծու խօսքը լսում են եւ կատարում»։ 22Մի օր ինքը նաւակ նստեց իր աշակերտների հետ եւ նրանց ասաց. «Եկէ՛ք ծովակի միւս կողմն անցնենք»։ Եւ գնացին։ 23Մինչ նաւարկում էին, նա քուն մտաւ։ Եւ ծովակի վրայ քամու մի մրրիկ իջաւ. ծովը ուռչում էր, նաւակը ջրով լցնում. եւ նրանք տագնապի էին մատնուել։ 24Մօտեցան արթնացրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք»։ Եւ նա վեր կենալով՝ սաստեց քամուն ու աղմկայոյզ կոհակներին, եւ նրանք հանդարտուեցին, եւ խաղաղութիւն տիրեց։ 25Եւ նրանց ասաց. «Ո՞ւր է ձեր հաւատը»։ Եւ նրանք սարսափած՝ զարմացան եւ ասում էին միմեանց. «Ո՞վ է արդեօք սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս, եւ դրանք հնազանդւում են սրան»։26Ապա նաւարկեցին իջան գերգեսացիների երկիրը, որը Գալիլիայի հանդիպակաց կողմն է։ 27Եւ երբ նա ցամաք ելաւ, նրան պատահեց քաղաքից մի մարդ, որի մէջ դեւեր կային. նա երկար ժամանակ հագուստ չէր հագել եւ ոչ էլ տան մէջ էր բնակուել, այլ՝ գերեզմանների։28Եւ տեսնելով Յիսուսին՝ աղաղակեց, ընկաւ նրա առաջ եւ բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր». 29որովհետեւ Յիսուս հրաման էր տալիս պիղծ ոգուն, որ դուրս գայ այդ մարդուց, քանի որ շատ անգամ տիրացել էր նրան, եւ նա կապւում էր շղթաներով, պահւում էր երկաթների մէջ, բայց կոտրում էր կապանքները եւ դեւից քշւում էր անբնակ վայրեր։ 30Յիսուս հարցրեց նրան եւ ասաց. «Անունդ ի՞նչ է»։ Եւ նա ասաց. «Լեգէոն». որովհետեւ նրա մէջ շատ դեւեր էին մտել. 31աղաչում էին նրան, որ հրաման չտայ իրենց, որ անդունդ գնան։32Եւ այնտեղ մեծ թուով խոզերի մի երամակ կար, որ արածում էր լերան վրայ։ Աղաչեցին նրան, որ հրաման տայ իրենց՝ գնալ մտնել նրանց մէջ։ Եւ նա թոյլատրեց նրանց, 33եւ դեւերը դուրս եկան այդ մարդուց ու մտան խոզերի մէջ. եւ երամակը գահաւանդից դիմեց դէպի ծովակ ու խեղդուեց։ 34Երբ խոզարածները տեսան պատահածները, փախան եւ պատմեցին քաղաքում ու ագարակներում։ 35Եւ երբ մարդիկ դուրս եկան կատարուածները տեսնելու եւ եկան Յիսուսի մօտ ու գտան այն մարդուն, որից դեւերը ելել էին, - որը հագնուած եւ զգաստացած՝ նստած էր Յիսուսի ոտքերի մօտ, - վախեցան։ 36Նրանք, որ ականատես էին եղել, պատմեցին նրանց, թէ ինչպէս փրկուեց դիւահարը։ 37Եւ գերգեսացիների երկրի շրջակայքում գտնուող ամբողջ բնակչութիւնը աղաչում էր Յիսուսին՝ հեռու գնալ իրենց սահմաններից, որովհետեւ մեծ վախով տագնապում էին։ Եւ նա նաւակ նստելով՝ վերադարձաւ։ 38Այն մարդը, որից դեւերը դուրս էին եկել, աղաչում էր նրան, որ ինքը նրա հետ շրջի։ Բայց Յիսուս արձակեց նրան եւ ասաց.39«Վերադարձի՛ր քո տունը եւ պատմի՛ր, ինչ որ Աստուած արեց քեզ համար»։ Նա գնաց քաղաք եւ տարածում էր այն, ինչ Յիսուս արեց իրեն։ 40Եւ երբ Յիսուս վերադարձաւ ծովի միւս կողմը, ժողովուրդը նրան լաւ ընդունեց, որովհետեւ ամէնքը նրան սպասում էին։ 41Եւ ահա եկաւ մի մարդ, որի անունը Յայրոս էր, եւ որը ժողովրդապետ էր։ Յիսուսի ոտքերն ընկնելով՝ նա աղաչում էր նրան, որ իր տունը մտնի,42որովհետեւ նա մօտ տասներկու տարեկան մի միամօրիկ դուստր ունէր, որ մահամերձ էր։ Եւ երբ Յիսուս գնում էր, ժողովուրդը նրան նեղում էր։ 43Եւ մի կին, որ տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունէր եւ հնար չէր եղել նրան որեւէ մէկից բժշկուել, 44յետեւից մօտեցաւ եւ դիպաւ նրա զգեստի քղանցքին, եւ նոյն ժամին նրա արիւնահոսութիւնը դադարեց։ 45Եւ Յիսուս ասաց. «Ո՞վ էր, որ ինձ դիպաւ»։ Եւ երբ բոլորը ուրանում էին, Պետրոսը եւ նրա հետ եղողները ասացին. «Վարդապե՛տ, ժողովուրդն է, որ սեղմում ու նեղում է քեզ»։46Եւ Յիսուս ասաց. «Մէկն ինձ դիպաւ, որովհետեւ զգացի, որ ինձնից զօրութիւն դուրս եկաւ»։ 47Երբ կինը տեսաւ, որ այդ ծածուկ չմնաց նրանից, դողալով եկաւ եւ ընկաւ նրա առաջ ու ամբողջ ժողովրդի առջեւ պատմեց, թէ ինչ բանի համար դիպաւ նրան եւ թէ ինչպէս իսկոյն բժշկուեց։ 48Եւ նա ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղութեամբ»։ 49Եւ մինչ նա խօսում էր, ժողովրդապետի տնից մէկն եկաւ եւ Յայրոսին ասաց. «Աղջիկդ մեռաւ, յոգնութիւն մի՛ պատճառիր դրան»։ 50Իսկ երբ Յիսուս լսեց, նրան պատասխանեց եւ ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հաւատա՛, եւ նա կ՚ապրի»։ 51Եւ նրա տունը մտնելով՝ ոչ ոքի չթողեց ներս մտնել, բացի Պետրոսից, Յակոբոսից, Յովհաննէսից եւ երեխայի հօրից ու մօրից։52Ամէնքը լալիս եւ ողբում էին նրա վրայ։ Եւ նա ասաց. «Լաց մի՛ եղէք, որովհետեւ մեռած չէ, այլ ննջում է»։ 53Իսկ նրանք ծաղրում էին նրան, որովհետեւ գիտէին, որ մեռած էր։ 54Եւ ամենքին դուրս հանելով՝ բռնեց նրա ձեռքից, գոչեց եւ ասաց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր, ո՛վ մանուկ»։ 55Եւ նրա հոգին վերադարձաւ, եւ մանուկը իսկոյն կանգնեց։ Եւ Յիսուս հրամայեց, որ նրան ուտելու բան տան։ 56Եւ նրա ծնողները զարմացած մնացին, իսկ նա պատուիրեց, որ ոչ ոքի չասեն, ինչ որ եղել էր։ 
9 Եւ նա կանչելով տասներկու առաքեալներին՝ նրանց զօրութիւն եւ իշխանութիւն տուեց բոլոր դեւերի վրայ, նաեւ՝ բժշկելու հիւանդութիւնները։ 2Եւ ուղարկեց նրանց քարոզելու Աստուծոյ արքայութիւնը եւ բժշկելու ախտերով վարակուածներին։ 3Եւ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրէք. ո՛չ գաւազան եւ ո՛չ մախաղ, ո՛չ հաց եւ ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցէք. 4որ տունն էլ մտնէք, այնտե՛ղ գիշերեցէք եւ ապա այնտեղից գնացէ՛ք։ 5Եւ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպէս վկայութիւն նրանց դէմ՝ ձեր ոտքերի փոշին թօթափեցէ՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնէք»։ 6Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ։ 7Հերովդէս չորրորդապետը լսեց այս բոլոր գործերը եւ զարմանում էր ոմանց ասածի վրայ, 8թէ՝ Յովհաննէսը մեռելներից յարութիւն է առել, իսկ ոմանց ասածի վրայ, թէ՝ Եղիան յայտնուեց, եւ ուրիշների՝ թէ՝ նախկին մարգարէներից մէկը յարութիւն է առել։9Հերովդէսն ասաց. «Յովհաննէսին ես գլխատեցի, իսկ սա ո՞վ է, որի մասին այսպիսի բաներ եմ լսում»։ Եւ ուզում էր նրան տեսնել։10Առաքեալները վերադարձան եւ Յիսուսին պատմեցին այն ամէնը, ինչ որ արեցին. եւ նա նրանց հետն առնելով՝ քաշուեց առանձնացաւ ամայի մի տեղ, մօտակայքը մի քաղաքի, որ Բեթսայիդա էր կոչւում։11Եւ երբ ժողովուրդը իմացաւ, գնաց նրա յետեւից. եւ նա ընդունելով նրանց՝ խօսում էր նրանց հետ Աստծու արքայութեան մասին. եւ որոնք որ բժշկուելու կարիք ունէին, բժշկում էր նրանց։ 12Եւ օրն սկսեց տարաժամել։ Տասներկուսը մօտեցան եւ նրան ասացին. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայ գիւղերը եւ ագարակները, հանգստանան եւ կերակուր գտնեն, որովհետեւ այստեղ ամայի վայրում ենք»։ 13Նա ասաց նրանց. «Դո՛ւք տուէք նրանց ուտելու բան»։ Եւ նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից եւ երկու ձկից աւելին չունենք, եթէ չգնանք եւ այս ժողովրդի համար բաւարար ուտելիք չգնենք». 14որովհետեւ շուրջ հինգ հազար մարդ կար։ Նա աշակերտներին ասաց. «Նստեցրէ՛ք դրանց խումբ-խումբ, յիսուն-յիսուն»։ 15Եւ այդպէս արեցին ու ամենքին նստեցրին։ 16Եւ նա վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձուկը՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ աշակերտներին տուեց, որպէսզի ժողովրդի առաջ դնեն։17Ամէնքը կերան եւ յագեցան. իսկ կտորտանքները վերցրին՝ տասներկու սակառ լիքը։ 18Եւ երբ նա առանձին աղօթքի էր կանգնել, նրա հետ էին նաեւ իր աշակերտները։ Նրանց հարցրեց եւ ասաց. «Ժողովուրդը իմ մասին ի՞նչ է ասում. ո՞վ եմ»։ 19Եւ նրանք պատասխանեցին եւ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը. եւ ոմանք, թէ՝ Եղիան, իսկ ուրիշներ, թէ՝ նախնիներից մի մարգարէ յարութիւն է առել»։ 20Ասաց նրանց. «Դո՛ւք իմ մասին ի՞նչ էք ասում. ո՞վ եմ»։ Պետրոսը պատասխանեց եւ ասաց. «Աստծու Քրիստոսը»։ 21Նա սաստեց նրանց եւ պատուիրեց ոչ ոքի չասել այդ։ 22Ապա ասաց. «Մարդու Որդին պէտք է շատ չարչարուի եւ անարգուի քահանայապետներից եւ ծերերից ու օրէնսգէտներից. եւ սպանուի ու երրորդ օրը յարութիւն առնի»։ 23Եւ ամենքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. 24որովհետեւ, ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի։ 25Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի. 26որովհետեւ, ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ կը համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով։ 27Բայց, արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ չտեսնեն Աստծու արքայութիւնը»։ 28Եւ այս խօսքերից մօտ ութ օր յետոյ, իր հետ վերցնելով Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին, նա լեռ ելաւ աղօթքի կանգնելու։ 29Եւ երբ աղօթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպուեց, նրա զգեստը փոխուեց եւ փայլուն-սպիտակ դարձաւ։ 30Եւ ահա երկու մարդիկ խօսում էին նրա հետ։ Նրանք Մովսէսն ու Եղիան էին, 31որոնք փառքով երեւալով՝ խօսում էին նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղէմում։ 32Իսկ Պետրոսը եւ նրա հետ գտնուողները քնի ծանրութեան տակ՝ արթնացան ու տեսան նրա փառքը եւ երկու մարդկանց, որոնք նրա մօտ կանգնած էին։ 33Եւ երբ դրանք նրանից հեռանում էին, Պետրոսը Յիսուսին ասաց. «Վարդապե՛տ, լաւ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղաւար շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկը՝ Եղիայի համար»։ Եւ չէր իմանում, թէ ինչ էր խօսում։ 34Եւ երբ այս ասում էր, մի ամպ եկաւ ու նրանց վրայ հովանի եղաւ. եւ երբ նրանք ամպի տակ ընկան, վախեցան։ 35Ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա՛ է իմ ընտրեալ Որդին, լսեցէ՛ք դրան»։ 36Եւ մինչ խօսքի ձայնը դեռ գալիս էր, Յիսուս միայնակ գտնուեց. եւ նրանք լսեցին ու այդ օրերին ոչ ոքի չպատմեցին իրենց տեսածներից եւ ոչ մի բան։ 37Յաջորդ օրը, երբ նրանք իջնում էին լեռնից, Յիսուսին ընդառաջ գնաց մի մեծ բազմութիւն։ 38Եւ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց եւ ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետեւ իմ մէկ հատիկն է. 39ահա չար ոգին դէսուդէն է զարնւում նրա մէջ եւ յանկարծ գոչում է. եւ նրան սաստիկ ցնցում է, թաւալեցնում, փրփրեցնում եւ, խորտակելով նրան, հազիւ է հեռանում նրանից։ 40Ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն չար ոգուն, բայց նրանք չկարողացան»։ 41Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ եւ ձեզ հանդուրժեմ. բե՛ր այստեղ քո որդուն»։ 42Եւ մինչդեռ նա մօտենում էր, դեւը գետին խփեց նրան ու ցնցեց։ 43Յիսուս սաստեց պիղծ ոգուն, բժշկեց մանկանը եւ տուեց նրան նրա հօրը։ 44Եւ ամէնքը զարմանում էին Աստծու մեծագործութիւնների վրայ։ Եւ մինչդեռ բոլորը զարմանում էին այն ամենի վրայ, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. «Ձեր ականջների մէջ պահեցէ՛ք դուք այս խօսքերը. որ մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը»։ 45Սակայն նրանք չէին ըմբռնում այս խօսքը, եւ դա ծածկուած էր նրանցից, որ չիմանան. եւ վախենում էին այդ խօսքի մասին հարց տալ նրան։ 46Աշակերտների մէջ մի վէճ առաջ եկաւ, թէ արդեօք իրենցից ո՛վ է մեծ։ 47Երբ Յիսուս իմացաւ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մէջ իր մօտ 48եւ ասաց նրանց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. որովհետեւ, ով որ ձեր մէջ փոքրագոյնն է, նա՛ է մեծ»։49Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որ քո անունով դեւեր էր հանում, եւ արգելեցինք նրան, որովհետեւ մեզ հետ չի շրջում»։ 50Յիսուս ասաց նրանց. «Մի՛ արգելէք նրան, որովհետեւ, ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է»։ 51Եւ երբ աշխարհից նրա վերանալու օրերը լրանում էին, հաստատապէս որոշեց գնալ Երուսաղէմ։ 52Եւ իրենից առաջ պատգամաւորներ ուղարկեց, որոնք, երբ գնացին, մտան սամարացիների մի գիւղ՝ նրա համար պատրաստութիւն տեսնելու։ 53Բայց սրանք չընդունեցին նրան, որովհետեւ նա ուղեւորւում էր դէպի Երուսաղէմ։ 54Երբ նրա աշակերտները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, այդ տեսան, ասացին. «Տէ՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, եւ երկնքից կրակ իջնի ու բնաջինջ անի նրանց»։ 55Նա դարձաւ սաստեց նրանց եւ ասաց. «Չգիտէք ի՛նչ հոգուց էք դուք. 56որովհետեւ մարդու Որդին չեկաւ մարդկանց հոգիները կորստեան մատնելու, այլ՝ փրկելու»։ Եւ մի ուրիշ գիւղ գնացին։ 57Եւ մինչդեռ նրանք գնում էին, ճանապարհի վրայ մէկը նրան ասաց. «Կը գամ քո յետեւից, ինչ տեղ էլ գնաս»։ 58Յիսուս նրան ասաց. «Աղուէսները որջեր ունեն, եւ երկնքի թռչունները՝ հանգստանալու տեղ, բայց մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»։ 59Մի ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ յետեւից»։ Եւ սա ասաց. «Տէ՛ր, հրաման տուր ինձ՝ գնալ նախ թաղել իմ հօրը»։ 60Յիսուս նրան ասաց. «Թող որ մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛ քարոզիր Աստծու արքայութիւնը»։ 61Մէկ ուրիշն էլ ասաց. «Քո յետեւից կը գամ, Տէ՛ր, բայց նախ թո՛յլ տուր ինձ, որ հրաժեշտ տամ իմ տանը»։ 62Յիսուս նրան ասաց. «Ո՛չ ոք իր ձեռքը մաճի վրայ կը դնի եւ ապա յետ կը նայի, եթէ յարմար է Աստծու արքայութեանը»։









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...



Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

  • WISHES FOR ARMENIA
    y how to buy propecia watch finasteride: http://pr...
    Автор: Davidemode
  • WISHES FOR ARMENIA
    r buy generic cialis door http://cialisbill.com si...
    Автор: Gregorytut
  • WISHES FOR ARMENIA
    e best personal loans light personal loans online:...
    Автор: Jamesprifs

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Борани «лорийское»

Борани «лорийское»Подготовленную баранину(корейку или грудинку) разрезать на небольшие куски, положить...

Крепленые вина

Крепленые винаАраратская долина славится своим виноградом, что дает возможность готовить...

Флол

ФлолОвсяную муку (можно пшеничную) тщательно перемешать с отваренной мелкой пшеничной...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта