ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ - 2

(1 голос, среднее 5.00 из 5)
Индекс материала
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ
2
Все страницы


16 Պօղոսը եկաւ հասաւ Դերբէ եւ Լիւստրա։ Եւ այնտեղ Տիմոթէոս անունով մի աշակերտ կար, հաւատացեալ հրեայ կնոջ եւ հեթանոս հօր որդի, 2որը վկայուած էր լիւստրացի եւ իկոնիացի եղբայրների կողմից։3Պօղոսն ուզեց նրան իր հետ տանել ու վերցրեց թլփատեց նրան՝ այդ տեղերում գտնուող հրեաների պատճառով, քանի որ բոլորը գիտէին, թէ նրա հայրը հեթանոս էր։ 4Երբ անցնում էին քաղաքներով, նրանց յանձնարարում էին պահել Երուսաղէմում գտնուող առաքեալների եւ երէցների կողմից պատուիրուած հրամանները։ 5Այսպէս, եկեղեցիները ամրապնդւում էին հաւատի մէջ ու օրէցօր նրանց թիւն աւելանում էր։6Շրջեցին Փռիւգիայում եւ Գաղատիայի կողմերում՝ Սուրբ Հոգուց արգելուելով, որ Ասիայի նահանգում խօսքը չքարոզեն։ 7Բայց երբ Միւսիայի մօտերքը եկան, փորձում էին Բիւթանիա գնալ, սակայն Յիսուսի Հոգին նրանց թոյլ չտուեց։ 8Ուստի, Միւսիայի միջով անցնելով, Տրովադա իջան։ 9Գիշերը Պօղոսին մի տեսիլք երեւաց. մի մակեդոնացի մարդ կանգնել աղաչում էր նրան ու ասում. «Մակեդոնիա անցի՛ր եւ օգնի՛ր մեզ»։ 10Եւ երբ նա այդ տեսիլքը տեսաւ, իսկոյն ուզեցինք առաջ գնալ դէպի Մակեդոնիա՝ հետեւութիւն անելով, որ Տէրը մեզ հրաւիրեց, որ նրանց աւետարանենք։ 11Տրովադայից դուրս գալով՝ ուղիղ գնացինք դէպի Սամոթրակէ եւ յաջորդ օրը՝ Նոր քաղաք. 12այնտեղից էլ՝ Փիլիպպէ, որ Մակեդոնիայի առաջին գաւառի մէկ քաղաքն էր՝ Կողովնիա։ Այնտեղ, քաղաքում մի քանի օր մնացինք։ 13Շաբաթ օրը քաղաքից դուրս ելանք դէպի գետափ, ուր հրեաները սովոր էին աղօթք անել։ Եւ նստած խօսում էինք հաւաքուած կանանց հետ։ 14Եւ Լիդիա անունով աստուածավախ մի կին, որ Թիւատիր քաղաքից էր եւ ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր. եւ նրա սիրտը Տէրն ինքն էր բացել՝ անսալու Պօղոսի խօսքերին։ 15Եւ երբ որ մկրտուեցին ինքը եւ իր տունը, նա աղաչեց եւ ասաց. «Եթէ ինձ Տիրոջ հաւատացող էք համարում, իմ տունը մտէ՛ք եւ օթեւանեցէ՛ք»։ Եւ ստիպելով՝ մեզ տարաւ։ 16Եւ մինչ մենք աղօթելու էինք գնում, մեզ հանդիպեց մի աղախին, որին մի հարցուկ՝ չար ոգի էր բռնել. սա գուշակութիւններով իր տէրերին մեծ օգուտ էր տալիս։ 17Նա Պօղոսի եւ մեր յետեւից ընկած՝ աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրեալն Աստծու ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկութեան ճանապարհները»։ 18Եւ շատ օրեր էր անում այդ բանը։ Պօղոսը, զայրանալով, դարձաւ եւ չար ոգուն ասաց. «Յիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ, որ դրա միջից դուրս ելնես»։ Եւ նոյն ժամին չար ոգին ելաւ։ 19Երբ նրա տէրերը տեսան, որ իրենց շահի աղբիւրը կտրուեց, Պօղոսին եւ Շիղային բռնելով՝ քաշեցին դէպի հրապարակը, իշխանաւորների առաջ 20ու նրանց բերելով զօրագլուխների մօտ՝ ասացին. «Այս մարդիկ մեր քաղաքները խռովեցնում են. իրենք հրեաներ են 21եւ մեզ քարոզում են օրէնքներ, որ օրինաւոր չէ մեզ համար ո՛չ ընդունել եւ ո՛չ էլ գործադրել, քանի որ հռոմէացիներ ենք»։ 22Եւ ամբոխը թափուեց նրանց վրայ. զօրագլուխները պատռեցին նրանց զգեստները եւ հրամայեցին նրանց գանահարել։ 23Եւ նրանց շատ վէրքեր հասցնելուց յետոյ բանտարկեցին ու բանտապետին պատուիրեցին, որ նրանց զգուշութեամբ պահի։24Սա այսպիսի հրաման ստանալով՝ նրանց ներսի բանտը նետեց ու նրանց ոտքերը կոճղի մէջ ամրացրեց։ 25Եւ գիշերուայ կէսին Պօղոսն ու Շիղան աղօթում էին ու օրհնում Աստծուն։ Կալանաւորները նրանց ականջ էին դնում։ 26Եւ յանկարծակի մեծ ցնցում եղաւ, այնպէս որ բանտի հիմքերը շարժուեցին, եւ իսկոյն բոլոր դռները բացուեցին, ու բոլորի կապանքները քանդուեցին։ 27Երբ բանտապետը արթնացաւ եւ բանտի դռները բացուած տեսաւ, սուրը քաշեց եւ ուզում էր ինքն իրեն սպանել՝ կարծելով, որ բանտարկեալները փախել են։ 28Բայց Պօղոսը բարձր ձայնով կանչեց ու ասաց. «Դու քեզ վնաս մի՛ հասցրու, քանի որ բոլորս այստեղ ենք»։ 29Նա լոյս խնդրեց ու ներս խուժեց. եւ զարհուրած ընկաւ Պօղոսի եւ Շիղայի առաջ. 30եւ նրանց դուրս բերելով՝ ասաց. «Տիա՛րք իմ, ես ի՞նչ պէտք է անեմ, որ փրկուեմ»։ 31Եւ նրանք ասացին. «Հաւատա՛ Տէր Յիսուս Քրիստոսին եւ կը փրկուես դու եւ քո ամբողջ տունը»։ 32Եւ նրան ու բոլոր նրանց, որ նրա տանն էին, քարոզեցին Տիրոջ խօսքը։ 33Եւ գիշերուայ նոյն ժամին տարաւ նրանց, վէրքերից լուաց, եւ ինքն ու իւրայինները բոլորն էլ անմիջապէս մկրտուեցին։ 34Եւ նրանց բերելով իր տունը՝ նրանց առաջ սեղան դրեց. եւ իր ամբողջ տնով ուրախացաւ Աստծուն հաւատացած լինելու համար։ 35Երբ առաւօտ եղաւ, զօրագլուխները պատուիրակ ուղարկեցին ու ասացին. «Արձակի՛ր այդ մարդկանց»։ 36Եւ բանտապետը Պօղոսին տեղեկացրեց այս խօսքերը. «Զօրագլուխները մարդ են ուղարկել, որ ազատ արձակուէք։ Ուստի, դո՛ւրս եկէք եւ գնացէ՛ք խաղաղութեամբ»։ 37Իսկ Պօղոսը նրանց ասաց. «Հրապարակաւ գանահարեցին մեզ՝ հռոմէացի անմեղ մարդկանցս, եւ բանտ դրեցին ու հիմա թաքուն-թաքո՞ւն են մեզ դուրս հանում. ո՛չ, այդպէս չի լինի. այլ հէնց իրենք թող գան եւ դուրս հանեն մեզ»։ 38Եւ պատուիրակները այս խօսքերը տեղեկացրին զօրագլուխներին, որոնք, երբ լսեցին, թէ հռոմէացիներ են, զարհուրեցին եւ եկան աղաչեցին նրանց։ 39Եւ երբ նրանց դուրս հանեցին, խնդրեցին նրանց, որ իրենց քաղաքից գնան։ 40Եւ նրանք, բանտից դուրս գալով, մտան Լիդիայի մօտ եւ, եղբայրներին տեսնելով, մխիթարեցին նրանց ու մեկնեցին։ 
17 Եւ Ամփիպոլիս ու Ապողոնիա քաղաքների միջով անցնելով՝ եկան Թեսաղոնիկէ, ուր հրեաների ժողովարան կար։ 2Եւ ըստ իր սովորութեան, Պօղոսը մտաւ նրանց մօտ եւ երեք շաբաթ օրեր նրանց հետ խօսեց Գրքերից։ 3Բաց էր անում Գրքերը եւ նրանց ապացուցում, թէ Քրիստոս պէտք է չարչարուէր եւ մեռելներից յարութիւն առնէր. եւ ասում էր. «Նա՛ է Քրիստոսը՝ Յիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ»։ 4Եւ նրանցից ոմանք համոզուեցին ու յարեցին Պօղոսին եւ Շիղային։ Բացի դրանցից, կային նաեւ աստուածապաշտ հեթանոսներ եւ թուով ոչ սակաւ երեւելի կանայք։ 5Իսկ հրեաները նախանձեցին եւ վերցնելով գռեհիկ, անօրէն մի քանի մարդկանց՝ ամբոխ կազմեցին եւ քաղաքը յուզեցին. եւ Յասոնի տան առաջ կուտակուելով՝ ուզում էին Պօղոսին եւ Շիղային հրապարակ տանել։ 6Եւ երբ նրանց չգտան, Յասոնին եւ եղբայրներից ոմանց քարշ տուին քաղաքապետների մօտ՝ բողոք բարձրացնելով, թէ՝ «Սրանք, որ աշխարհը յուզեցին, այստեղ էլ են հասել, 7եւ Յասոնը նրանց ընդունել է. եւ սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում. մի ոմն Յիսուսի մասին ասում են, թէ թագաւոր է»։ 8Եւ գրգռեցին ժողովրդին ու քաղաքապետներին, որ այս բաները լսում էին։ 9Բայց երաշխիք ստանալով Յասոնից եւ ուրիշներից՝ արձակեցին նրանց։ 10Բայց եղբայրները գիշերով շտապ ճանապարհ դրեցին դէպի Բերիա Պօղոսին եւ Շիղային, որոնք, երբ այստեղ հասան, գնացին հրեաների ժողովարանը, 11քանի որ սրանք աւելի ազնիւ մարդիկ էին, քան թէ Թեսաղոնիկէում եղածները։ Սրանք ամենայն յօժարութեամբ ընդունեցին խօսքը. ամբողջ ժամանակ քննում էին գրուածքները՝ իմանալու, թէ այդ բաները այդպէ՞ս են։ 12Նրանցից շատերը հաւատացին, ինչպէս նաեւ թուով ոչ սակաւ յոյն երեւելի կանայք եւ տղամարդիկ։ 13Բայց Թեսաղոնիկէի հրեաները երբ իմացան, թէ Բերիայում էլ Պօղոսի կողմից քարոզուեց Աստծու խօսքը, այնտեղ էլ եկան՝ ժողովրդի բազմութիւնը յուզելու ու գրգռելու։ 14Այն ժամանակ եղբայրները Պօղոսին իսկոյն ուղարկեցին, որ գնայ մինչեւ ծովեզր, իսկ Շիղան եւ Տիմոթէոսը մնացին այնտեղ։ 15Եւ ովքեր Պօղոսին տանում էին, նրան հասցրին մինչեւ Աթէնք եւ, Շիղային ու Տիմոթէոսին ուղղուած պատուէր ստանալով, որ շտապ նրա մօտ գան, իրենք վերադարձան։ 16Եւ մինչ Պօղոսը Աթէնքում նրանց էր սպասում, նրա հոգին իր մէջ զայրանում էր, երբ տեսնում էր քաղաքը կռապաշտութեան մէջ։ 17Եւ ժողովարանում դիմում էր հրեաներին ու յոյն աստուածապաշտ մարդկանց, իսկ հրապարակներում էլ ամէն օր՝ ում որ հանդիպում էր։ 18Էպիկուրեան եւ ստոյիկեան փիլիսոփաներից ոմանք, ձեռ առնելով, վիճում էին նրա հետ. ոմանք էլ ասում էին. «Այս շաղակրատն ի՞նչ է ուզում ասել»։ Իսկ ուրիշներն էլ, թէ՝ «Երեւում է, որ ինչ-որ օտար աստուածութիւնների քարոզիչ է», քանի որ նա Յիսուսին ու յարութիւնն էր աւետարանում։ 19Եւ նրան բռնեցին տարան Արիսպագոսի առջեւ ու ասացին. «Կարո՞ղ ենք իմանալ, թէ ի՞նչ է այդ նոր վարդապետութիւնը, որը դու քարոզում ես։ 20Օտարոտի բաներ ես մատուցում մեր ականջներին. ուզում ենք իմանալ, թէ դրանք ի՛նչ բաներ կը լինեն» 21(որովհետեւ աթենացիք բոլորը, ինչպէս նաեւ օտար եկուորները այլ բանով չէին զբաղւում, քան միայն ասելով կամ լսելով մի աւելի նոր խօսք)։ 22Պօղոսը կանգնեց Արիսպագոսի մէջտեղում եւ ասաց. «Աթենացինե՛ր, տեսնում եմ, որ դուք ըստ ամենայնի ջերմեռանդ հաւատասէր էք, 23քանի որ շրջելով եւ տեսնելով ձեր պաշտածները՝ գտայ նաեւ մի բագին, որի վրայ գրուած էր՝ «Անծանօթ Աստծուն». ում դուք առանց ճանաչելու էք պաշտում, ես նոյնն եմ քարոզում ձեզ։ 24Աստուած, որ ստեղծեց այս աշխարհը եւ այն ամէնը, որ նրա մէջ կայ, նա՛ է Տէրը երկնքի եւ երկրի. 25նա ձեռակերտ տաճարներում չի բնակւում, ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտւում, որպէս թէ մի բանի կարօտ լինէր։ Նա՛ է տալիս ամէն բանի կեանք եւ շունչ եւ ամէն ինչ։ 26Մէկ արիւնից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակուեն ամբողջ երկրի վրայ, հաստատեց նախակարգեալ ժամանակները եւ դրեց նրանց բնակութեան սահմանները, 27որ փնտռեն Աստծուն ու խարխափելով թերեւս գտնեն նրան. թէեւ նա մեզնից իւրաքանչիւրիցս հեռու չէ, 28քանի որ նրանով ապրում ենք եւ շարժւում ենք եւ կանք, ինչպէս ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թէ՝ մենք նրա զարմից ենք։ 29Եւ արդ, որովհետեւ Աստծու զարմն ենք, չպէտք է խորհենք, թէ աստուածայինը նման է ոսկուն կամ արծաթին կամ քարին, որոնք ճարտարութեամբ եւ մարդու խելքով են քանդակուած։ 30Բայց Աստուած, անգիտութեան ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատուիրում մարդկանց, որ ամէն ոք ապաշխարի. 31քանի որ սահմանել է մի օր, երբ աշխարհը արդարութեամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հաւաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից յարութիւն տալով»։ 32Երբ լսեցին մեռելների յարութեան մասին, ոմանք ծաղրի էին ենթարկում. ոմանք էլ ասում էին. «Մի ուրիշ անգամ կը լսենք քեզնից այդ մասին»։33Եւ ապա Պօղոսը նրանց միջից ելաւ գնաց։ 34Իսկ մի քանի մարդիկ, յարելով նրան, հաւատացին. նրանց թւում էր նաեւ Դիոնեսիոս Արիսպագացին եւ Դամարիս անունով մի կին եւ սրանց հետ ուրիշներ։ 
18 Սրանից յետոյ Պօղոսը Աթէնքից մեկնելով՝ եկաւ Կորնթոս. 2եւ այնտեղ գտաւ Ակիւղաս անունով մի հրեայի, ծագումով պոնտացի, որը իր կնոջ՝ Պրիսկիղայի հետ նոր էր եկել Իտալիայից, համաձայն Կղօդէոս կայսեր հրամանի, որով բոլոր հրեաները Հռոմից պէտք է հեռանային։ Եւ գնաց միացաւ նրանց։ 3Եւ որովհետեւ արհեստակից էր, նրանց մօտ մնաց եւ աշխատում էր, քանի որ արհեստով վրանագործներ էին։ 4Նա ամէն շաբաթ օր քարոզում էր ժողովարանում եւ համոզում հրեաներին ու հեթանոսներին։ 5Երբ Շիղան եւ Տիմոթէոսը Մակեդոնիայից իջան եկան, Պօղոսը Հոգու կողմից մղւում էր վկայութեամբ փաստելու հրեաներին, թէ Յիսուսն է Քրիստոսը։ 6Եւ երբ նրանք ընդդիմացան եւ հայհոյեցին, զգեստները թափ տուեց ու ասաց. «Ձեր արիւնը ձեր գլուխը. ես անպարտ եմ. սրանից յետոյ հեթանոսներին եմ գնում»։ 7Եւ այնտեղից գնալով՝ մտաւ մէկի տունը, որի անունը Տիտոս Յուստոս էր, մի աստուածապաշտ մարդ, որի տունը ժողովարանին կից էր։ 8Կրիսպոս ժողովրդապետը հաւատաց Տիրոջը իր ամբողջ տնով։ Նաեւ կորնթացիներից շատերը նրան լսելով՝ հաւատացին եւ մկրտուեցին։ 9Եւ Տէրը գիշերը մի տեսիլքի մէջ Պօղոսին ասաց. «Մի՛ վախեցիր, այլ խօսի՛ր եւ մի՛ լռիր, 10քանի որ ես քեզ հետ եմ. եւ ոչ մէկը քո դէմ չպիտի ելնի քեզ չարչարելու համար, քանի որ այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ»։ 11Եւ նա այնտեղ մնաց մէկ տարի եւ վեց ամիս՝ ուսուցանելով նրանց Աստծու խօսքը։12Աքայեցիների բդեշխի փոխանորդ Գաղիոնի ժամանակ հրեաները, միաբանուելով, Պօղոսի դէմ ելան եւ նրան ատեան բերեցին։ 13Նրանք ասում էին. «Սա տարհամոզում է մարդկանց, որ օրէնքին հակառակ եղանակով Աստծուն պաշտեն»։ 14Եւ երբ Պօղոսը պատրաստւում էր բանալու իր բերանը, Գաղիոնը հրեաներին ասաց. «Ո՛վ հրեաներ, եթէ որեւէ անիրաւութիւն կամ մի չարանենգ խարդախութիւն եղած լինէր, պատեհ էր, որ ես ձեզ անսայի. 15բայց եթէ խնդիրներ կան խօսքի կամ անունների եւ կամ ձեր օրէնքների մասին, դուք ինքնե՛րդ քննեցէք, քանի որ այդպիսի բաների դատաւոր լինել չեմ ուզում»։ 16Եւ նրանց ատեանից դուրս արեց։ 17Եւ բոլոր յոյները ժողովրդապետ Սոսթենէսին բռնելով՝ ատեանի առաջ ծեծում էին, եւ Գաղիոնը այդ մասին բնաւ հոգ չէր անում։ 18Իսկ Պօղոսը դեռ շատ օրեր մնալով՝ եղբայրներից հրաժեշտ առաւ եւ նաւարկեց դէպի Ասորիք։ Նրա հետ էին նաեւ Պրիսկիղան եւ Ակիւղասը։ Նա Կենքրայում գլուխը խուզել էր, քանի որ ուխտ էր արել։ 19Եւ Եփեսոս հասնելով՝ նրանց այնտեղ թողեց եւ ինքը ժողովարան մտնելով՝ խօսքն ուղղեց հրեաներին։ 20Եւ նրան աղաչեցին, որ երկար ժամանակ այնտեղ մնայ. բայց նա յանձն չառաւ, 21այլ հրաժեշտ տուեց նրանց ու ասաց. «Աստծու կամքով նորից կը գամ ձեզ մօտ»։ 22Եւ Եփեսոսից մեկնեց ու իջաւ Կեսարիա. դրանից յետոյ ելաւ վեր, Երուսաղէմ եւ ողջոյն տուեց եկեղեցուն. ապա իջաւ Անտիոք։23Միառժամանակ այնտեղ մնալուց յետոյ ելաւ հերթով շրջելու գաղատացիների երկիրը եւ Փռիւգիան՝ ամրապնդելով բոլոր աշակերտածներին։ 24Ապողոս անունով մի հրեայ, ծագումով ալեքսանդրիացի, եկաւ հասաւ Եփեսոս. սա մի ճարտարախօս մարդ էր եւ հմուտ՝ Գրքերին։ 25Տեղեակ էր նա Տիրոջ ճանապարհին եւ հոգով եռում էր. խօսում եւ ճշմարտութեամբ ուսուցանում էր Յիսուսի մասին։ Գիտէր միայն Յովհաննէսի մկրտութիւնը։ 26Սա սկսեց ժողովարանում համարձակօրէն խօսել։ Նրան լսելով՝ Ակիւղասը եւ Պրիսկիղան նրան իրենց մօտ առան եւ ճշմարտագոյնս բացատրեցին նրան Աստծու ճանապարհը։ 27Երբ նա կամեցաւ Աքայիա գնալ, եղբայրները քաջալերեցին նրան եւ գրեցին աշակերտներին, որ նրան ընդունեն։ Երբ նա այնտեղ հասաւ, Աստծու շնորհիւ շատ օգտակար եղաւ հաւատացեալներին, 28քանի որ հրեաներին բուռն կերպով յանդիմանում էր՝ Գրքերի միջոցով հրապարակաւ ապացուցելով, թէ Յիսո՛ւսն է Քրիստոսը։ 
19 Եւ մինչ Ապողոսը դեռ Կորնթոսում էր, Պօղոսը շրջեց վերին կողմերը եւ իջաւ Եփեսոս ու այնտեղ մի քանի աշակերտներ գտնելով՝ նրանց ասաց. 2«Երբ հաւատացիք, Սուրբ Հոգին ընդունեցի՞ք»։ Նրանք ասացին. «Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կայ»։ 3Եւ նա ասաց. «Ուրեմն ինչո՞վ մկրտուեցիք»։ Նրանք ասացին. «Յովհաննէսի մկրտութեամբ»։ 4Եւ Պօղոսն ասաց. «Յովհաննէսը ապաշխարել եւ մկրտուել քարոզեց ամբողջ ժողովրդին եւ ասում էր, թէ, ով գալու է իրենից յետոյ, նրա՛ն թող հաւատան. այն է՝ Յիսուս Քրիստոսին»։ 5Եւ երբ այս լսեցին, մկրտուեցին Տէր Յիսուսի անունով։ 6Եւ երբ Պօղոսը նրանց վրայ ձեռք դրեց, Սուրբ Հոգին իջաւ նրանց վրայ. լեզուներ էին խօսում եւ մարգարէանում։ 7Նրանք շուրջ տասներկու հոգի էին։ 8Եւ Պօղոսը ժողովարան մտնելով՝ երեք ամիս համարձակ խօսում էր, քարոզում եւ Աստծու արքայութեան մասին համոզում նրանց։ 9Երբ ոմանք խստասիրտ էին մնում եւ ընդդիմանում՝ բազմութեան առաջ վարկաբեկելով Տիրոջ ճանապարհը, նրանցից բաժանուեց, աշակերտներին զատեց եւ խօսում էր ամէն օր Տիւրան անունով մէկի դպրանոցում։ 10Այս տեւեց երկու տարի, այնպէս որ ասիացի, հրեայ եւ հեթանոս բոլոր բնակիչները լսեցին Տիրոջ խօսքը։ 11Աստուած ոչ սակաւ զօրաւոր գործեր էր անում Պօղոսի միջոցով. 12մինչեւ իսկ նրա քրտինքը չորացրած թաշկինակներ կամ վարշամակներ էին տանում հիւանդների մօտ, եւ ախտերը հեռանում էին նրանցից. եւ չար ոգիները դուրս էին գալիս։ 13Շրջիկ հրեաներից ոմանք, որ երդուեցնողներ էին, յանդգնեցին Տէր Յիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վրայ՝ ասելով. «Երդուեցնում եմ ձեզ Յիսուսով, որին քարոզում է Պօղոսը»։ 14Այս անողները ոմն Սկեւոս հրեայ քահանայապետի եօթը որդիներն էին։15Չար ոգին պատասխանեց ու նրանց ասաց. «Յիսուսին գիտեմ եւ Պօղոսին ճանաչում եմ. բայց դուք ո՞վ էք»։ 16Եւ այն մարդը, որի մէջ չար ոգի կար, վազեց նրանց վրայ եւ երկուսին էլ բռնելով՝ գետին զարկեց նրանց. այնպէս որ նրանք մերկ եւ վիրաւոր փախան այդ տնից։ 17Եւ այս բանը յայտնի դարձաւ Եփեսոսում բնակուող բոլոր հրեաներին եւ հեթանոսներին։ Եւ նրանց բոլորի մէջ ահ ընկաւ. եւ Տէր Յիսուսի անունը փառաւորւում էր։ 18Եւ հաւատացեալներից շատերը գալիս խոստովանում էին ու պատմում իրենց արարքները։ 19Եւ կախարդութեամբ զբաղուողներից շատերը բերում էին իրենց գրքերը եւ բոլորի առաջ այրում. նրանց գինը հաշուեցին եւ գտան, որ յիսուն հազար արծաթ դահեկան էր։ 20Եւ այսպէս Աստծու խօսքը աճում էր ու զօրանում։ 21Եւ երբ այս բաները կատարուեցին, Պօղոսը մտադրուեց շրջել Մակեդոնիայում եւ Աքայիայում ու ապա գալ Երուսաղէմ։ Ասում էր. «Իմ այնտեղ գնալուց յետոյ պէտք է, որ ես Հռոմն էլ տեսնեմ»։ 22Իր պաշտօնեաներից երկուսին՝ Տիմոթէոսին եւ Երաստոսին ուղարկեց Մակեդոնիա, իսկ ինքը որոշ ժամանակ մնաց Ասիայի նահանգում։23Այդ ժամանակ Տիրոջ ճանապարհի մասին բաւական մեծ խռովութիւն առաջ եկաւ։ 24Դեմետրիոս անունով մի արծաթագործ Արտեմիս դիցուհու մեհեանի արծաթէ մանրաքանդակներն էր պատրաստում եւ վարպետներին ոչ քիչ շահ էր բերում։ 25Ժողովելով նրանց եւ նոյն արուեստի մասնագէտներին՝ ասաց. «Ո՛վ մարդիկ, դուք ինքներդ գիտէք, որ մեր շահը այս գործից է, 26եւ տեսնում էք ու լսում, որ ոչ միայն եփեսացիներից, այլեւ գրեթէ ամբողջ Ասիայի նահանգից այս Պօղոսը բազում ժողովուրդ համոզելով, դարձի է բերել՝ ասելով, թէ դրանք, որ ձեռքով են շինուած, աստուածներ չեն։ 27Եւ սրա վտանգն է ոչ միայն այն, որ մեր կողմը պիտի արհամարհուի, այլ նաեւ այն, որ Արտեմիս մեծ դիցուհու մեհեանը ոչինչ պիտի համարուի, այն աստիճան, որ պիտի քանդուի նաեւ մեծութիւնը նրա, որին ամբողջ Ասիան եւ աշխարհն է պաշտում»։ 28Երբ այս լսեցին, լցուեցին բարկութեամբ. աղաղակում էին ու ասում. «Մեծ է եփեսացիների Արտեմիսը»։ 29Քաղաքը լցուեց խռովութեամբ. բոլորը միասին դիմեցին դէպի թատրոն, քարշ տալով Գայիոս եւ Արիստարքոս Մակեդոնացիներին՝ Պօղոսի ուղեկիցներին։ 30Բայց երբ Պօղոսն ուզեց մտնել ամբոխի մէջ, աշակերտները նրան չթողեցին։ 31Ասիացի պետերից ոմանք էլ, որ նրա բարեկամներն էին, նրա մօտ մարդ ուղարկեցին եւ աղաչեցին, որ թատրոնում չերեւայ։ 32Իսկ ուրիշներ էլ այլ բան էին աղաղակում, քանի որ նրանց ժողովը խառնաշփոթութեան մէջ էր. եւ նրանցից շատերը չէին իմանում, թէ ինչի համար են հաւաքուել։ 33Ապա ամբոխից ոմանք բազմութեան միջից դուրս քաշեցին Ալեքսանդրոսին. եւ երբ հրեաները նրան առաջ բերեցին, Ալեքսանդրոսը շարժեց ձեռքը եւ ուզում էր պատասխանել ամբոխին։34Երբ իմացան, որ մարդը հրեայ է, բոլորը միաձայն մօտ երկու ժամ աղաղակում էին. «Մեծ է Արտեմիսը եփեսացիների»։ 35Քաղաքի գլխաւոր քարտուղարը լռեցրեց ամբոխին ու ասաց. «Ո՛վ եփեսացիներ, իսկ ո՞վ է մարդկանցից նա, որ չգիտէ մեծ Արտեմիս դիցուհու եւ Դիոպետէոսի՝ եփեսացիների մեհենազարդ այս քաղաքը։ 36Եւ որովհետեւ այդ անշուշտ այդպէս է, դուք պէտք է հանդարտուէք եւ յանդգնութեամբ ոչինչ չանէք։ 37Դուք այստեղ բերեցիք այդ մարդկանց, որոնք ո՛չ մեհեան կողոպտողներ են եւ ո՛չ էլ՝ մեր դիցուհուն հայհոյողներ։ 38Իսկ եթէ Դեմետրիոսը եւ նրա հետ եղող վարպետները մէկի դէմ որեւէ բան ունեն, ատեան թող գնան. դատաւորներ կան, թող նրանց առաջ ամբաստանութիւն անեն։ 39Բայց եթէ մի այլ բանի մասին խնդիր կայ, թող օրինաւոր ժողովում դա վճռուի. 40որովհետեւ մեզ համար էլ վտանգ կայ, որ մեղադրուենք այսօրուայ այս կռուի պատճառով, որ տեղի ունեցաւ առանց որեւէ յանցանքի առկայութեան, եւ դրա համար չպիտի կարողանանք պատասխան տալ այս հաւաքոյթի համար»։ Եւ այս ասելով՝ ժողովն արձակեց։ 
20 Երբ ամբոխը հանդարտուեց, Պօղոսը կանչեց աշակերտներին ու նրանց յորդորելով՝ հրաժեշտի ողջոյն տուեց եւ ելաւ գնաց Մակեդոնիա։ 2Այդ կողմերում շրջելուց եւ նրանց բազում խօսքերով յորդորելուց յետոյ եկաւ Յունաստան։ 3Մօտ երեք ամիս այնտեղ անցկացնելուց յետոյ, մինչ կամենում էր Ասորիք բարձրանալ, հրեաների կողմից նրա դէմ դաւ նիւթուեց. ուստի խորհեց Մակեդոնիայով վերադառնալ։ 4Եւ մինչեւ Ասիա նրա հետ էին գնում Պիւռոսի որդի Սոսիպատրոս Բերիացին, թեսաղոնիկեցիներից՝ Արիստարքոսը եւ Սեկունդոսը, Գայիոս Դերբացին ու Տիմոթէոսը եւ ասիացիներ Տիւքիկոսն ու Տրոփիմոսը։ 5Սրանք առաջ էին գնացել եւ Տրովադայում մեզ էին սպասում։ 6Իսկ մենք Բաղարջակերաց տօնի օրերից յետոյ նաւարկեցինք Փիլիպպէից ու հինգ օրից հասանք Տրովադա, նրանց մօտ. այնտեղ կանգ առանք եօթը օր։ 7Եւ շաբաթ օրը, մինչ հաւաքուել էինք հացը կտրելու, Պօղոսը, որ յաջորդ օրը մեկնելու էր, խօսում էր նրանց հետ. եւ նա խօսքը երկարեց մինչեւ կէսգիշեր։ 8Եւ այն վերնատանը, ուր հաւաքուած էինք, բազում լապտերներ կային։9Իսկ Եւտիքոս անունով մի երիտասարդ նստել էր պատուհանին ու խոր քնի մէջ էր ընկել։ Երբ Պօղոսը խօսելը երկարաձգեց, նա, խոր քնից թուլացած, երրորդ յարկից ցած ընկաւ. ու վերցրին նրան մեռած։10Պօղոսը, ցած իջնելով, ընկաւ նրա վրայ, նրան իր գիրկը վերցրեց ու ասաց. «Մի՛ խռովուէք, քանի որ սրա հոգին վրան է»։ 11Յետոյ վեր ելաւ, հացը կտրեց ու կերաւ. եւ մինչեւ առաւօտ շատ բաներ եւս խօսեց ու ապա ելաւ գնաց։ 12Իսկ պատանուն կենդանի ներս բերեցին եւ շատ մխիթարուեցին։ 13Եւ մենք նաւ մտնելով՝ ուղղուեցինք դէպի Ասոն. յոյս ունէինք այնտեղից Պօղոսին նորից վերցնել, որովհետեւ այդպէս էր պատուիրել, ըստ որում ինքը ցամաքով էր գնալու։ 14Եւ երբ նա մեզ հանդիպեց Ասոնում, նրան առնելով եկանք Միտիլինէ։ 15Եւ այնտեղից նաւարկելով՝ յաջորդ օրը գնացինք Քիոսի դիմացը, իսկ միւս օրը հասանք Սամոս եւ հետեւեալ օրը եկանք Միլետոն, 16որովհետեւ Պօղոսը մտադիր էր նաւարկել Եփեսոսի մօտով, որպէսզի Ասիայում ժամանակ չկորցնի, քանի որ շտապում էր Պենտեկոստէի օրը Երուսաղէմ հասնել, եթէ այդ նրան յաջողուէր։ 17Եւ Միլետոնից Եփեսոս մարդ ուղարկելով՝ կանչեց եկեղեցու երէցներին. 18եւ երբ նրանք եկան նրա մօտ, նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտէք, թէ առաջին օրուանից ի վեր, երբ Ասիա եկայ, ամբողջ ժամանակ ձեզ հետ միասին ինչպէս ապրեցի՝ 19ծառայելով Տիրոջը ամենայն խոնարհութեամբ եւ բազում արտասուքով ու փորձութիւններով, որ հրեաների նենգութիւնների պատճառով ինձ պատահեցին։ 20Ինչպէ՜ս բնաւ չվարանեցի ձեզ պատմելու օգտակար բաներից եւ ուսուցանելու ձեզ հրապարակաւ եւ տանը. 21վկայութիւն տուի հրեաներին եւ հեթանոսներին Աստծու առաջ ապաշխարելու եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի հանդէպ հաւատի մասին։ 22Արդ, ահա ես, Սուրբ Հոգու մղումով, Երուսաղէմ եմ գնում. իսկ թէ այնտեղ ինձ ի՛նչ է պատահելու, այդ չգիտեմ. 23միայն թէ Սուրբ Հոգին ամէն քաղաքի մէջ ինձ վկայում է ու ասում. «Կապանքներ ու նեղութիւններ են սպասում քեզ»։ 24Բայց ես ինքս իմ անձը ոչ մի բանով այնքան յարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախութեամբ կատարեմ իմ ընթացքը եւ այն պաշտօնը, որ Տէր Յիսուսից ստացայ՝ Աստծու շնորհը աւետարանելու։ 25Եւ արդ, ահա ես գիտեմ, որ դուք ամէնքդ, որոնց մէջ ես շրջեցի՝ քարոզելու Աստծու արքայութիւնը, իմ երեսն այլեւս չէք տեսնելու. 26դրա համար այսօր ձեր առաջ վկայում եմ, որ ես մաքուր եմ բոլորիդ արիւնից, 27որովհետեւ չքաշուեցի ձեզ յայտնելու Աստծու կամքը ամբողջութեամբ։ 28Զգո՛յշ եղէք ինքներդ ձեր եւ ամբողջ հօտի համար, որի վրայ Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովուելու համար Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արիւնով։ 29Սակայն ես գիտեմ, որ իմ մեկնելուց յետոյ ձեր մէջ կը գան յափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հօտին։ 30Ձեր միջից էլ դուրս կը գան մարդիկ, որ թիւր բաներ կը խօսեն՝ աշակերտներին իրենց յետեւից քարշ տալու համար։ 31Դրա համար էլ արթո՛ւն կացէք եւ յիշեցէ՛ք, որ ամբողջ երեք տարի, գիշեր-ցերեկ, առանց դադարի իւրաքանչիւրիդ մէկ-մէկ՝ արտասուքներով խրատեցի։ 32Եւ արդ, ձեզ յանձնում եմ Աստծուն եւ նրա շնորհի խօսքին, նրան, որ կարող է բարձրացնել եւ ձեզ ժառանգութիւն տալ՝ բոլոր սրբերի հետ։ 33Ձեզնից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ զգեստը չցանկացայ. 34դուք ինքներդ գիտէք, որ իմ եւ ինձ հետ եղողների կարիքները հոգացին այս ձեռքերը։35Ես իմ օրինակով ամէն ինչ ձեզ ցոյց տուեցի, որովհետեւ այդպէս պէտք է աշխատել եւ դարմանել հիւանդներին ու յիշել Տէր Յիսուսի խօսքը, որ ինքն իսկ ասաց. «Երանելի՜ է մանաւանդ տալը, քան առնելը»։ 36Այս բաներն ասելուց յետոյ բոլորի հետ մէկտեղ ծնկի գալով՝ սկսեց աղօթել։ 37Բոլորն էլ շատ լաց եղան եւ Պօղոսի վզովն ընկնելով՝ համբուրում էին նրան։ 38Մորմոքւում էին մանաւանդ նրա այն խօսքի վրայ, թէ այլեւս իր երեսը չեն տեսնելու։ Եւ նրան ուղեկցեցին մինչեւ նաւը։ 
21 Եւ երբ մենք նրանցից բաժանուեցինք ու նաւ ելանք, ուղիղ դիմացը գնալով՝ եկանք Կով. յաջորդ օրը՝ Ռոդոն, այնտեղից էլ՝ Պատարա։2Այնտեղ գտնելով մի նաւ, որ Փիւնիկէ էր գնում, բարձրացանք ու գնացինք։ 3Երբ Կիպրոսը երեւաց, այն թողեցինք ձախ կողմը, նաւարկեցինք դէպի Ասորիք եւ իջանք Տիւրոս, քանի որ նաւն այնտեղ իր բեռներն էր թափելու։ 4Եւ գտնելով աշակերտներին՝ եօթը օր այնտեղ մնացինք. նրանք Սուրբ Հոգու միջոցով Պօղոսին ասում էին, որ Երուսաղէմ չբարձրանայ։ 5Եւ երբ մենք այդ օրերը անցկացրինք, ելանք գնացինք. նրանք բոլորը, կանանց եւ որդիների հետ միասին, մինչեւ քաղաքից դուրս մեզ ճանապարհ դրեցին. եւ ծովեզրին, ծնկի գալով, աղօթեցինք։ 6Ապա միմեանց հրաժեշտ տալով՝ մենք նաւ ելանք, իսկ նրանք վերադարձան իրենց տեղերը։ 7Եւ մեր նաւարկութիւնը շարունակելով Տիւրոսից՝ հասանք Պտողեմայիդա ու եղբայրներին ողջոյն տալուց յետոյ մէկ օր նրանց մօտ մնացինք։ 8Յաջորդ օրը այնտեղից դուրս գալով՝ եկանք Կեսարիա եւ, մտնելով տունը Փիլիպպոս աւետարանչի, որ եօթը սարկաւագներից մէկն էր, օթեւանեցինք նրա մօտ։ 9Նա ունէր չորս կոյս աղջիկներ, որոնք մարգարէուհիներ էին։ 10Եւ երբ շատ օրեր մենք այնտեղ մնացինք, Հրէաստանից Ագաբոս անունով մի մարգարէ իջաւ։ 11Եւ մեզ մօտ գալով՝ վերցրեց Պօղոսի գօտին, կապեց ինքն իր ոտքերն ու ձեռքերը եւ ասաց. «Այսպէս է ասում Սուրբ Հոգին. այն մարդուն, որի գօտին է այս, հրեաները նրան այսպէ՛ս պիտի կապեն Երուսաղէմում եւ յանձնեն հեթանոսների ձեռքը»։ 12Երբ այս լսեցինք, մենք եւ այնտեղ գտնուողները աղաչեցինք, որ նա Երուսաղէմ չբարձրանայ։ 13Այն ժամանակ Պօղոսը պատասխանեց ու ասաց. «Ի՞նչ էք անում, ինչո՞ւ էք լաց լինում եւ իմ սիրտն էլ ճմլում, ես Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար Երուսաղէմում ոչ միայն կապուելու, այլեւ մեռնելու պատրաստ եմ»։ 14Եւ երբ նա չանսաց, լռեցինք. ասացինք՝ Տիրոջ կամքը թող լինի։ 15Այդ օրերից յետոյ պատրաստուեցինք եւ Երուսաղէմ բարձրացանք։ 16Մեզ հետ եկան նաեւ կեսարացի մի քանի աշակերտներ, որոնք մեզ տանում էին կիպրացի ոմն Մնասոնի մօտ, որը նախապէս աշակերտ էր, եւ որի տանը օթեւանելու էինք։ 17Եւ երբ մենք Երուսաղէմ մտանք, եղբայրները մեզ խնդութեամբ ընդունեցին։18Յաջորդ օրը Պօղոսը մեզ հետ Յակոբոսի մօտ մտաւ. եկան եւ բոլոր երէցները։ 19Ողջունելով նրանց՝ նա մի առ մի պատմեց այն բաները, որ Աստուած նրա ծառայութեան միջոցով արեց հեթանոսների մէջ։ 20Եւ նրանք, լսելով, փառաւորում էին Աստծուն ու նրան ասում. «Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, հազարաւոր հաւատացեալ հրեաներ կան, եւ բոլորն էլ նախանձախնդիր են օրէնքին։ 21Բայց քո մասին իրազեկ եղան, թէ հեթանոսների մէջ գտնուող բոլոր հրեաներին ուսուցանում ես հրաժարուել Մովսէսի օրէնքից. ասում ես, որ նրանք իրենց որդիներին չթլփատեն եւ կրօնի աւանդութիւնների համաձայն չգնան։ 22Արդ, ի՞նչ պէտք է լինի. հաստատապէս կը լսեն, որ եկել ես։ 23Ուրեմն, արա՛ այն, ինչ քեզ ասում ենք. մեզ մօտ կան չորս ուխտադիր մարդիկ. 24նրանց քեզ հետ ա՛ռ եւ նրանց հետ միասին մաքրուի՛ր. եւ նրանց ծախսը քեզ վրայ վերցրու, որ իրենց գլուխները ածիլեն։ Այսպէս ամէնքը իմանան, որ քեզ վերաբերող այն բաները, որոնց մասին իրազեկ են եղել, ոչինչ են, եւ, ընդհակառակը, դու էլ համաձայն ես օրէնքը պահելու։ 25Գալով հաւատացեալ հեթանոսներին՝ մենք ուղարկել ենք մեր որոշումը, որ այդպիսի բաներ չպահեն նրանք, այլ միայն զգուշանան կուռքերին մատուցուած զոհերից ու արիւնից եւ խեղդամահ արուած կենդանուց եւ պոռնկութիւնից»։ 26Այն ժամանակ Պօղոսը իր հետ վերցրեց այդ մարդկանց եւ յաջորդ օրը, նրանց հետ մաքրուելուց յետոյ, տաճար մտաւ՝ յայտնելու մաքրման օրերի աւարտի մասին. որից յետոյ, նրանցից իւրաքանչիւրի համար զոհ մատուցուեց։ 27Սակայն երբ եօթնօրէքը կատարելու մօտ էին, ասիացի հրեաները նրան տաճարի մէջ տեսնելով՝ նրա շուրջը հաւաքեցին ամբողջ ամբոխը, եւ ձեռքները նրա վրայ դնելով՝ աղաղակում էին. 28«Ո՛վ իսրայէլացիներ, օգնեցէ՛ք, այս մարդն է, որ, հակառակ ժողովրդի եւ օրէնքի ու այս սրբավայրի, ամենուր ամենքին ուսուցանում է. մինչեւ իսկ հեթանոսներին տաճար մտցրեց եւ այս սուրբ տեղը պղծեց»։ 29Ըստ որում առաջուց նրա հետ քաղաքում տեսել էին Տրոփիմոս Եփեսացուն եւ կարծում էին, թէ Պօղոսը նրան տաճար մտցրեց։ 30Ամբողջ քաղաքը շարժուեց, եւ ժողովուրդը խռնուեց. բռնելով Պօղոսին՝ քարշ տուեցին տաճարից դուրս. եւ իսկոյն դռները փակուեցին։ 31Նրան ուզում էին սպանել։ Գնդի հազարապետին լուր հասաւ, թէ ամբողջ Երուսաղէմը յուզման մէջ է։32Սա իսկոյն զինուորներ եւ հարիւրապետներ առնելով իր հետ՝ շարժուեց նրանց վրայ։ Եւ նրանք, տեսնելով հազարապետին ու զինուորներին, դադարեցին Պօղոսին ծեծելուց։ 33Այն ժամանակ հազարապետը, մօտենալով, բռնեց նրան եւ հրամայեց նրան կապել կրկնակի շղթաներով. եւ հարցնում էր, թէ՝ ով է եւ ինչ է արել։ 34Ամբոխի մէջ այլեւայլ մարդիկ նրա մասին այլ բաներ էին աղաղակում։ Երբ նա ամբոխի աղմկի պատճառով ստուգութիւնը չկարողացաւ իմանալ, հրամայեց նրան զօրանոց տանել։ 35Երբ աստիճաններին հասաւ, այնպէս եղաւ, որ ամբոխի բռնութեան պատճառով զինուորները նրան բարձրացնեն եւ տանեն, 36NVrsքանի որ ժողովրդի բազմութիւնը յետեւից էր գնում՝ աղաղակելով՝ մա՛հ դրան։ 37Եւ մինչ Պօղոսը զօրանոց էր մտնելու, հազարապետին ասաց. «Կարելի՞ է ինձ խօսել քեզ հետ»։ Եւ նա ասաց. «Յունարէն գիտե՞ս. 38չլինի թէ դու ես այն եգիպտացին, որ սրանից օրեր առաջ ապստամբեցիր եւ անապատ հանեցիր չորս հազար սուսերաւոր մարդկանց»։ 39Պօղոսն ասաց. «Ես հրեայ մարդ եմ, կիլիկեցիների Տարսոն քաղաքից, ոչ աննշան քաղաքի քաղաքացի. աղաչում եմ քեզ, ինձ հրամա՛ն տուր, որ իմ խօսքն ուղղեմ այդ ժողովրդին»։ 40Եւ երբ նա հրաման տուեց, Պօղոսը, աստիճանների վրայ կանգնած, ձեռքը շարժեց դէպի ժողովուրդը։ Երբ կատարեալ լռութիւն տիրեց, սկսեց խօսել եբրայերէն լեզուով եւ ասաց. 
22 «Եղբայրնե՛ր եւ հայրե՛ր, այժմ լսեցէ՛ք ինձ, որ տամ իմ պաշտպանողականը»։ 2Երբ լսեցին, որ եբրայերէն լեզուով դիմեց իրենց, առաւել եւս հանդարտուեցին եւ լռեցին։ 3Եւ նա ասաց. «Ես հրեայ մարդ եմ՝ ծնուած Կիլիկիայի Տարսոն քաղաքում, եւ դաստիարակուել եմ այստեղ, այս քաղաքում, Գամաղիէլի ոտքերի մօտ, կրթուած ըստ հայրենի օրէնքի ճշմարտութեան։ Նախանձայոյզ էի Աստծու հանդէպ, ինչպէս դուք բոլորդ՝ այսօր։ 4Ես այս ճանապարհը հալածեցի մինչեւ ի մահ՝ կապելով եւ բանտերի մատնելով տղամարդկանց եւ կանանց, 5ինչպէս ինձ վկայ են քահանայապետը եւ ամբողջ ծերակոյտը, որոնցից եղբայրներին ուղղուած նամակներ էլ առնելով՝ Դամասկոս էի գնում եղբայրների մօտ՝ այնտեղից եւս կապեալներ բերելու համար Երուսաղէմ, որ պատժուեն։ 6Եւ մինչ գնում էի եւ մօտեցայ Դամասկոսին, կէսօրուայ ժամանակ յանկարծ երկնքից սաստիկ լոյս փայլատակեց իմ շուրջը. 7եւ ես գետին ընկայ. լսեցի մի ձայն, որն ինձ ասում էր. «Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում»։ 8Եւ ես պատասխանեցի. «Ո՞վ ես, Տէ՛ր»։ Եւ ինձ ասաց. «Ես Նազովրեցի Յիսուսն եմ, որին դու հալածում ես»։ 9Ինձ հետ եղողները եւս լոյսը տեսնում էին, բայց չէին լսում այն ձայնը, որ ինձ հետ խօսում էր։ 10Եւ ես ասացի. «Ի՞նչ պէտք է անեմ, Տէ՛ր»։ Եւ Տէրն ինձ ասաց. «Վե՛ր կաց եւ գնա՛ Դամասկոս, եւ այնտեղ քեզ կը պատմուի այն բոլորի մասին, որ հրամայուած է քեզ անել»։ 11Եւ քանի որ այդ լոյսի փայլից չէի տեսնում, ինձ հետ եղողները, ձեռքիցս բռնելով, առաջնորդեցին ինձ, եւ Դամասկոս մտայ։ 12Եւ Անանիա անունով մի մարդ՝ երկիւղած ըստ օրէնքի եւ վկայուած Դամասկոսում բնակուող բոլոր հրեաների կողմից,13եկաւ կանգնեց ինձ մօտ ու ասաց. «Սաւո՛ւղ եղբայր, վերե՛ւ նայիր»։14Եւ ես իսկոյն դէպի վեր նրա՛ն նայեցի։ Եւ ինձ ասաց. «Մեր հայրերի Աստուածը առաջուց ընտրեց քեզ, որ ճանաչես նրա կամքը եւ տեսնես Արդարին ու լսես նրա բերանից ձայնը, 15որպէսզի բոլոր մարդկանց մօտ նրա վկան լինես այն բաների համար, որ տեսար եւ լսեցիր։ 16Արդ, ինչո՞ւ ես յապաղում, վե՛ր կաց, մկրտուի՛ր եւ լուա՛ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով»։ 17Եւ երբ ես վերադարձայ Երուսաղէմ եւ տաճարում աղօթում էի, մտայափշտակութեան մէջ ընկայ. 18տեսայ նրան, որն ինձ ասում էր. «Շտապի՛ր, իսկոյն Երուսաղէմից դո՛ւրս ել, քանի որ իմ մասին քո վկայութիւնը չեն ընդունելու»։ 19Եւ ես ասացի. «Տէ՛ր, իրենք իսկ գիտեն, թէ ես էի, որ բանտարկել եւ բոլոր ժողովարաններում գանակոծել էի տալիս քեզ հաւատացողներին։ 20Եւ երբ թափւում էր քո վկայի՝ Ստեփանոսի արիւնը, ես ինքս էի, որ նրա մօտ էի կանգնել եւ համաձայն էի լինում նրա սպանմանը. եւ նրան սպանողների զգեստներն էի պահում»։ 21Եւ նա ինձ ասաց. «Գնա՛, որովհետեւ ես քեզ պէտք է ուղարկեմ հեռաւոր հեթանոսների մօտ»։22Մինչեւ այս խօսքը նրան ունկնդրում էին. ապա բարձրացրին իրենց ձայները եւ ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մէկին, որովհետեւ այդպիսին չպէտք է ապրի»։ 23Եւ մինչ նրանք աղաղակում էին, զգեստները հանում գցում էին եւ փոշին օդի մէջ ցանում,24հազարապետը հրամայեց, որ նրան զօրանոց մտցնեն. եւ ասաց. «Ծեծելով հարցաքննեցէ՛ք նրան, որպէսզի իմանամ, թէ ինչ յանցանքի համար էին նրա դէմ այդպէս աղաղակում»։ 25Երբ նրան թոկերով պինդ կապեցին, Պօղոսն ասաց հարիւրապետին, որ վերակացուն էր. «Հռոմէացի եւ չդատուած մարդուն օրինաւո՞ր է, որ դուք ծեծէք»։ 26Երբ հարիւրապետը այս լսեց, մօտեցաւ հազարապետին, զեկուցեց եւ ասաց. 27«Ի՞նչ ես ուզում անել, քանի որ այս մարդը հռոմէական քաղաքացի է»։ 28Հազարապետը մօտեցաւ եւ նրան ասաց. «Ասա՛ ինձ, դու հռոմէացի՞ ես»։ Եւ նա ասաց՝ այո՛։ 29Հազարապետը ի պատասխան ասաց. «Ես ի գին մեծ գումարի եմ ստացել այդ քաղաքացիութիւնը»։ Իսկ Պօղոսն ասաց. «Ես ծննդով իսկ քաղաքացի եմ»։ 30Եւ իսկոյն նրանից հեռացան նրանք, որ նրան պիտի ծեծէին։ Ինքը հազարապետն էլ վախեցաւ, երբ իմացաւ, թէ հռոմէացի է, մանաւանդ որ նրան կապանքի տակ էլ էր առել։ 31Յաջորդ առաւօտ հազարապետը ուզելով ճշմարիտն իմանալ, թէ հրեաների ամբաստանութիւնն ինչ է, կապերից արձակեց Պօղոսին եւ հրամայեց կանչել քահանայապետներին ու ամբողջ ատեանը եւ, Պօղոսին իջեցնելով, կանգնեցրեց նրանց մէջ։ 
23 Պօղոսը հայեացքն ուղղելով ատեանին՝ ասաց. «Եղբայրնե՛ր, ես ամենայն ուղղամտութեամբ եմ կեանք վարել Աստծու առաջ մինչեւ այսօր»։ 2Անանիա քահանայապետը հրամայեց սպասաւորներին, որ խփեն նրա բերանին։ 3Այն ժամանակ Պօղոսը նրան ասաց. «Աստուած է քեզ խփելու, սպիտակեցրա՛ծ պատ. եւ դու նստում ես, որ օրէնքի համաձայն ինձ դատես, մինչդեռ հրամայում ես, որ օրէնքից դուրս ինձ հարուածեն»։ 4Շուրջը կանգնողներն ասացին. «Աստծու քահանայապետի՞ն ես հայհոյում»։ 5Եւ Պօղոսն ասաց. «Չգիտէի, եղբայրնե՛ր, որ քահանայապետ է, քանի որ գրուած է՝ քո ժողովրդի իշխանին չպիտի հայհոյես»։ 6Երբ Պօղոսն իմացաւ, որ ատեանի մի կողմում սադուկեցիներն են, իսկ միւսում՝ փարիսեցիները, աղաղակեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ ու որդի փարիսեցու. այժմ ես դատւում եմ նաեւ մեռելների յարութեան յոյսի համար»։ 7Եւ երբ այս ասաց, փարիսեցիների եւ սադուկեցիների միջեւ ճեղքուածք առաջ եկաւ, եւ բազմութիւնը պառակտուեց, 8որովհետեւ սադուկեցիներն ասում էին՝ յարութիւն չկայ. ո՛չ էլ հրեշտակ եւ ո՛չ Հոգի. իսկ փարիսեցիները ընդունում էին երկուսն էլ։ 9Եւ մեծ աղմուկ եղաւ. փարիսեցիների կողմից օրէնուսոյցներից ոմանք ոտքի ելան եւ հակառակում էին՝ ասելով. «Այս մարդու մէջ ոչ մի չարութիւն չենք գտնում, այլ թերեւս նրա հետ Հոգի կամ մի հրեշտակ խօսած լինի»։ 10Եւ երբ խռովութիւնը սաստկացաւ, հազարապետը, վախենալով, որ գուցէ նրանք Պօղոսին պատառ-պատառ կ՚անեն, զինուորներին հրամայեց իջնել եւ նրանց միջից նրան վերցնել ու տանել զօրանոց։ 11Յաջորդ օրուայ գիշերը Տէրը կանգնեց նրա մօտ ու ասաց. «Քաջալերուի՛ր, Պօղո՛ս, որովհետեւ, ինչպէս ինձ համար վկայեցիր Երուսաղէմում, նոյն ձեւով պէտք է, որ դու Հռոմում եւս վկայես»։ 12Եւ երբ առաւօտ եղաւ, որոշ թուով հրեաներ ժողով անելով՝ նզովեցին իրենք իրենց, որ, մինչեւ Պօղոսին չսպանեն, ո՛չ ուտեն եւ ո՛չ էլ խմեն։ 13Եւ քառասունից աւելի էին նրանք, որոնք իրար հետ այս երդումն էին արել։ 14Սրանք մօտեցան քահանայապետներին եւ երէցներին ու ասացին. «Նզովելով նզովեցինք մեզ, որ բան չճաշակենք, մինչեւ Պօղոսին չսպանենք. 15բայց դուք հազարապետին, ատեանի հետ միասին, իմա՛ց տուէք, որ նա ձեզ մօտ իջեցնի նրան, որպէս թէ նրա մասին ուզում էք աւելի ճշգրիտ բաներ իմանալ. իսկ մենք, նախքան նրա մօտենալը, պատրաստ ենք նրան սպանելու»։ 16Եւ Պօղոսի քրոջ որդին, լսելով այս դաւադրութիւնը, եկաւ զօրանոց ու Պօղոսին պատմեց։ 17Եւ Պօղոսը, իր մօտ կանչելով հարիւրապետներից մէկին, ասաց. «Այս պատանուն հազարապետի մօտ տա՛ր, որովհետեւ նրան հաղորդելու բան ունի»։ 18Եւ նա նրան առաւ եւ տարաւ հազարապետի մօտ ու ասաց. «Կալանաւորուած Պօղոսն ինձ կանչեց եւ խնդրեց այս պատանուն քեզ մօտ բերել. քեզ ասելու բան ունի»։ 19Հազարապետը նրա ձեռքից բռնելով՝ մի կողմ գնաց եւ հարցրեց. «Ինձ հաղորդելու ի՞նչ ունես»։ 20Նա ասաց. «Հրեաները միաբանուեցին խնդրելու քեզ, որ վաղը Պօղոսին ատեան իջեցնես, իբր թէ ուզում են նրա վերաբերեալ աւելի ճշգրիտ հարցաքննութիւն անել։ 21Արդ, դու նրանց չլսես, քանի որ նրանցից աւելի քան քառասուն մարդ դարան են մտել եւ նզովել են իրենք իրենց, որ ո՛չ ուտեն եւ ո՛չ էլ խմեն, մինչեւ որ նրան չսպանեն։ Այժմ պատրաստ են եւ քո հրամանին են սպասում»։ 22Ապա հազարապետը արձակեց պատանուն՝ նրան պատուիրելով. «Ոչ ոքի մի՛ ասա, թէ այս բաներն ինձ տեղեկացրիր»։ 23Եւ հարիւրապետներից երկուսին կանչեց ու ասաց. «Պատրաստեցէ՛ք երկու հարիւր զինուորներ, գիշերուայ ժամը երեքից, որպէսզի գնան մինչեւ Կեսարիա. նաեւ՝ եօթանասուն հեծեալներ եւ երկու հարիւր նիզակաւորներ, 24ինչպէս եւ պատրաստի գրաստներ, որ Պօղոսին իջեցնեն եւ ապահով հասցնեն Ֆելիքս կուսակալի մօտ»։ 25Եւ գրեց մի նամակ, որի բովանդակութիւնը հետեւեալն է. 26«Կլօդիոս Լիւսիաս՝ գերազանց Ֆելիքս կուսակալին ողջո՜յն. 27այս մարդուն հրեաները բռնել էին, եւ նրանց կողմից սպանուելու մօտ էր նա. իմանալով, որ հռոմէացի է, ես զինուորներով վրայ հասայ եւ նրան ազատեցի։ 28Կամենալով գիտենալ այն յանցանքը, որի համար նրան ամբաստանում էին, նրան իջեցրի նրանց ատեանը։ 29Գտայ, որ նա իրենց օրէնքին վերաբերող մի խնդրի համար էր ամբաստանուած ու մահուան կամ կալանքի արժանի որեւէ յանցանք չունէր։ 30Երբ այս մարդու հանդէպ նրանց կողմից նիւթուած դաւն ինձ տեղեկացուեց, նրան ուղարկեցի քեզ մօտ եւ հրամայեցի, որ ամբաստանողներն էլ խօսեն նրա մասին քո առաջ. ո՛ղջ եղիր»։ 31Եւ հետեւակ զինուորները, հրամանի համաձայն, Պօղոսին առնելով՝ գիշերով տարան Անտիպատրիս։ 32Եւ յաջորդ օրը, թողնելով հեծեալներին, որ նրա հետ գնան, զօրանոց վերադարձան։ 33Նրանք մտան Կեսարիա եւ նամակը կուսակալին տալով՝ Պօղոսին էլ կանգնեցրին նրա առաջ։ 34Նա երբ կարդաց, հարցրեց, թէ ո՛ր նահանգից է. եւ ստուգելով, որ Կիլիկիայից է, ասաց. 35«Քեզ կը լսեմ, երբ քեզ ամբաստանողներն էլ գան»։ Եւ հրամայեց պահել նրան Հերովդէսի ապարանքում։ 
24 Եւ հինգ օր յետոյ Անանիա քահանայապետը մի քանի ծերերի եւ Տերտիւղոս անունով մի ճարտասան մարդու հետ իջաւ եկաւ։ Սրանք Պօղոսի մասին կուսակալին ներկայացրին իրենց ամբաստանութիւնը։2Եւ երբ նրան կանչեցին, Տերտիւղոսն սկսեց ամբաստանել ու ասել. «Այս ազգը բազում խաղաղութիւն է գտել քո շնորհիւ եւ գործերի կարգաւորութիւն՝ քո խնամքի պատճառով։ 3Ամէն բանի համար եւ ամենուրեք քեզնից շնորհակալ ենք, ո՛վ գերազանցդ Ֆելիքս, եւ մեծապես գոհ։ 4Բայց որպէսզի աւելորդ յոգնութիւն չպատճառեմ քեզ, աղաչում եմ, որ քո ներողամտութեամբ մեզ կարճիկարճոյ լսես։ 5Մենք գտանք, որ այս մարդը ամբողջ աշխարհում գտնուող բոլոր հրեաների ապականողն ու խռովեցնողն է եւ նազովրեցիների հերձուածի առաջնորդը։ 6Սա տաճարն իսկ փորձեց պղծել. նրան բռնեցինք եւ ըստ մեր օրէնքի ուզեցինք դատել։ 7Եկաւ Լիւսիաս հազարապետը ու մեծ բռնութեամբ մեր ձեռքից յափշտակեց 8եւ հրամայեց, որ նրան ամբաստանողներն էլ քեզ մօտ գան։ Նրան դու ինքդ կրկին դատելով կը կարողանաս վերահասու լինել այն ամենին, ինչի համար մենք նրան ամբաստանում ենք»։ 9Հրեաներն էլ համաձայն գտնուեցին ու ասացին՝ այդպէս է։ 10Երբ կուսակալը նրան գլխով արեց, որ խօսի, Պօղոսը պատասխանեց. «Գիտեմ, որ շատ տարիներից ի վեր դու այս ազգի կուսակալն ես, ուստի իմ խնդրի մասին յօժարութեամբ պատասխան եմ տալիս. 11ինչպէս որ կարող ես գիտենալ, տասներկու օրից աւելի չէ, ինչ ես Երուսաղէմ եմ բարձրացել երկրպագութիւն անելու համար։12Ինձ ո՛չ տաճարում են որեւէ մէկի հետ գտել խօսելիս եւ կամ շուրջս բազմութիւն հաւաքելիս, ո՛չ ժողովարաններում եւ ո՛չ էլ քաղաքում.13ո՛չ էլ կարող են քեզ այժմ ապացուցել այն, ինչի համար ինձ ամբաստանում են։ 14Բայց այս խոստովանում եմ քեզ, թէ համաձայն այն ճանապարհի, որը ասում են՝ հերձուած է, այնպէ՜ս եմ պաշտում իմ հայրենի Աստծուն՝ հաւատալով այն ամենին, որ գրուած է Օրէնքում եւ մարգարէների մէջ։ 15Յոյս ունեմ առ Աստուած, որ, ինչպէս դրանք էլ են ակնկալում, յարութիւն է լինելու արդարների եւ մեղաւորների։ 16Դրա համար ինքս էլ ճիգ եմ անում, որ Աստծու եւ մարդկանց առաջ միշտ մաքուր խղճմտանք ունենամ։ 17Բազում տարիներից յետոյ եկայ օգնութիւն անելու իմ ազգին եւ զոհեր մատուցեցի, 18որոնցով սրբուած էի, երբ ինձ գտան տաճարում, որտեղ ո՛չ բազմութեան հետ էի եւ ո՛չ էլ խռովարար ամբոխի։ 19Այդ ասիացի հրեաներից ոմանք իրե՛նք պէտք է գային քո առաջ եւ ամբաստանէին ինձ, եթէ իմ դէմ մի բան ունենային.20եւ կամ հէնց սրանք թող ասեն, թէ ի՛նչ անիրաւութիւն են գտել իմ մէջ, մինչ ատեանի առաջ էի կանգնած, 21բացի միայն գուցէ իմ այն խօսքից, որ ասացի բարձրաձայն, երբ նրանց մէջ կանգնել էի. «Մեռելների յարութեան համար է, որ ես այսօր ձեզնից դատւում եմ»։ 22Ֆելիքսը նրանց գործը յետաձգեց, քանի որ աւելի ստոյգ գիտէր այդ ճանապարհի մասին, եւ ասաց. «Մինչեւ Լիւսիաս հազարապետը այստեղ իջնի, ձեր գործը կը յետաձգեմ»։ 23Եւ հարիւրապետին հրամայեց նրան պահել, բայց որոշ չափով ազատ. եւ նրա իւրայիններից ոչ ոքի չարգելել, որ նրան ծառայեն։ 24Մի քանի օր յետոյ Ֆելիքսը եկաւ իր կնոջ՝ Դրուսիղայի հետ, որը հրեայ էր. կանչեց Պօղոսին եւ նրանից լսեց ի Յիսուս Քրիստոս եղած հաւատի մասին։ 25Եւ մինչ Պօղոսը խօսում էր արդարութեան, ժուժկալութեան եւ գալիք դատաստանի մասին, Ֆելիքսը, զարհուրած, ասաց. «Դու առայժմ գնա՛. երբ ժամանակ ունենամ, քեզ կը կանչեմ»։ 26Միաժամանակ ակնկալում էր, որ Պօղոսից իրեն դրամ կը տրուի. դրա համար յաճախ կանչելով նրան՝ խօսում էր նրա հետ։ 27Երկու տարին լրանալուց յետոյ Ֆելիքսի փոխարէն Փեստոս Պորկիոսը եկաւ։ Ֆելիքսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պօղոսին կալանքի տակ թողեց։ 
25 Երբ Փեստոսը իշխանութեան գլուխ անցաւ, երեք օր յետոյ Կեսարիայից Երուսաղէմ բարձրացաւ։ 2Քահանայապետներն ու հրեաների գլխաւորները նրան զեկոյց տուին Պօղոսի մասին եւ,3նրանից շնորհ խնդրելով, աղաչում էին, որ նրան Երուսաղէմ կանչի, մինչ իրենք ծուղակ էին պատրաստել՝ ճանապարհին նրան սպանելու համար։ 4Իսկ Փեստոսը պատասխանեց, թէ նա Կեսարիայում կը պահուի, եւ թէ ինքն էլ շուտով այնտեղ է գնալու. ապա ասաց.5«Ձեզնից ովքեր կը կարողանան, ինձ հետ թող իջնեն, եւ եթէ այդ մարդու վրայ որեւէ յանցանք կայ, նրան թող ամբաստանեն»։ 6Եւ ոչ աւելի քան ութ կամ տասը օր այդտեղ մնալուց յետոյ եկաւ իջաւ Կեսարիա. եւ յաջորդ օրը, ատեան նստելով, հրամայեց, որ Պօղոսին բերեն։ 7Երբ նա եկաւ, նրա շուրջը բոլորուեցին Երուսաղէմից իջած հրեաները. եւ նրա վրայ բարդում էին բազում եւ ծանր յանցանքներ, որ չէին կարողանում ապացուցել, 8քանի որ Պօղոսը պատասխանում էր. «Ոչնչով յանցաւոր չեմ ո՛չ հրեաների օրէնքի, ո՛չ տաճարի, ո՛չ էլ կայսեր դէմ»։ 9Բայց Փեստոսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պօղոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղէմ բարձրանալ եւ այդ խնդիրների համար այդտեղ դատուել իմ առաջ»։ 10Պօղոսն ասաց. «Կանգնած եմ կայսեր ատեանի առաջ, ուր եւ պէտք է դատուեմ։ Հրեաներին ոչ մի անիրաւութիւն չեմ արել, ինչպէս ինքդ էլ քաջ գիտես. 11ուրեմն եթէ յանցաւոր եմ եւ մահուան արժանի գործ եմ արել, մեռնելուց չեմ վախենայ։ Իսկ եթէ ոչինչ չկայ այն մեղադրանքների մէջ, որոնցով սրանք ինձ ամբաստանում են, ոչ ոք չի կարող ինձ որպէս շնորհ յանձնել դրանց։ 12Կայսրի՛ն եմ բողոքում»։ 13Այն ժամանակ Փեստոսը իր խորհրդականների հետ խօսելուց յետոյ պատասխանեց. «Կայսրին բողոքեցիր, կայսեր մօտ պիտի գնաս»։ 14Մի քանի օր անցնելուց յետոյ Ագրիպպաս արքան եւ Բերենիկէն Կեսարիա եկան՝ Փեստոսին ողջունելու։ 15Եւ երբ այնտեղ շատ օրեր էին անցկացրել, Փեստոսը արքային տեղեկացրեց Պօղոսի մասին ու ասաց. «Այստեղ Ֆելիքսի կողմից կալանքի տակ առնուած մի մարդ կայ մնացած, 16որի մասին, երբ Երուսաղէմ գնացի, քահանայապետները եւ հրեաների գլխաւորներն ինձ տեղեկացրին։ Ինձնից խնդրում էին, որ նրան մահուան վճիռ տամ։ 17Նրանց պատասխանեցի. «Հռոմէացիների սովորութիւնը չէ որեւէ մէկին որպէս շնորհ յանձնել ուրիշ մէկի, մինչեւ որ ամբաստանեալը իր դիմացը չունենայ մեղադրողներին եւ ամբաստանութեան դէմ պատասխան տալու պատեհութիւնը չստանայ»։ 18Եւ երբ այստեղ եկան, ոչնչով չուշացրի, այլ յաջորդ օրն իսկ ատեան նստելով՝ հրամայեցի, որ մարդուն բերեն։ 19Նրա դէմ ներկայացող ամբաստանողները մէջտեղ չէին բերում չարագործութեան ոչ մի յանցանք, որոնց մասին ես կասկած ունէի. 20այլ ինչ-ինչ խնդիրներ ունէին նրա հետ իրենց պաշտամունքին վերաբերող, ինչպէս նաեւ մի ոմն մեռած Յիսուսի վերաբերեալ, որի մասին Պօղոսն ասում էր, թէ կենդանի է։ 21Երբ այսպիսի խնդիրների քննութեան համար տարակուսանքի մէջ ընկայ, նրան ասացի, թէ կը կամենա՞ր Երուսաղէմ գնալ եւ այդ խնդիրների համար այնտեղ դատուել։ 22Բայց երբ Պօղոսը բողոքեց, որ ինքը պէտք է պահուի Նորին Գերազանցութեան վճռին ներկայանալու համար, հրամայեցի պահել նրան, մինչեւ որ կայսեր մօտ ուղարկեմ»։ 23Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Ես էլ կը կամենայի այդ մարդուն լսել»։ Փեստոսն ասաց. «Վաղը կը լսես»։ 24Եւ յաջորդ օրը, երբ Ագրիպպասը եւ Բերենիկէն փառաւոր հանդէսով եկան եւ հազարապետների ու քաղաքի պատուաւոր մարդկանց հետ ատեան մտան, Փեստոսը հրամայեց, որ Պօղոսին բերեն։ 25Փեստոսն ասաց. «Ագրիպպա՛ս արքայ եւ բոլոր մարդիկդ, որ մեզ հետ էք, սրան տեսնում էք. հրեաների ամբողջ ժողովուրդը թէ՛ Երուսաղէմում եւ թէ՛ այստեղ սրա մասին ամբաստանութիւն էին անում ինձ մօտ եւ աղաղակում, թէ՝ չպէտք է կենդանի մնայ։ 26Բայց ես վերահասու եղայ, թէ դա մահուան արժանի ոչինչ չի արել. ինքն էլ բողոքած լինելով մարդկանցից Գերազանցին՝ խորհեցի, որ ուղարկեմ նրան։ 27Դրա մասին իմ տիրոջը՝ կայսրին ստոյգ բան չունեմ գրելու. այդ պատճառով նրան ձեր առաջ բերեցի եւ, մանաւանդ, քո՛ առաջ, Ագրիպպա՛ս արքայ, որպէսզի վերստին քննութիւն կատարելով՝ կարողանամ մի բան գրել, 28քանի որ ինձ անպատեհ բան է թւում ուղարկել մի բանտարկեալի եւ նրա մասին որեւէ յանցանք չնշել»։ 
26 Եւ Ագրիպպասը Պօղոսին ասաց. «Քեզ թոյլատրուած է, որ քո մասին խօսես»։ Այն ժամանակ Պօղոսը, ձեռքը երկարելով, պատասխանեց. 2«Հրեաների՝ իմ մասին արած բոլոր ամբաստանութիւնների համար, Ագրիպպա՛ս արքայ, ինձ երանելի եմ համարում, քանի որ այսօր քո առաջ եմ պատասխան տալու,3մանաւանդ նրա համար, որ գիտակ էլ ես հրեաների բոլոր կրօնական սովորութիւններին եւ խնդիրներին. այդ պատճառով աղաչում եմ, որ համբերութեամբ ինձ լսես։ 4Բոլոր հրեաները տեղեակ են իմ կեանքին իմ մանկութիւնից ի վեր, որը հէնց սկզբից անցել է Երուսաղէմում իմ ազգի մէջ։ 5Նրանք վաղուց գիտեն, եթէ կամենան վկայել, որ ես որպէս փարիսեցի ապրել եմ մեր կրօնական խստագոյն օրէնքների համաձայն։6Եւ այժմ դատւում եմ, կանգնած ատեանի առաջ, Աստծուց մեր հայրերին տրուած խոստումի յոյսի համար։ 7Ջերմեռանդութեամբ գիշեր ու ցերեկ պաշտամունք կատարելով՝ մեր տասներկու ցեղերը յուսացել են դրան հասնել։ Այդ յոյսի՛ համար, ո՛վ արքայ, ես էլ ամբաստանւում եմ հրեաների կողմից։ 8Ձեզ ինչո՞ւ է անհաւատալի թւում, որ Աստուած մեռելներին յարութիւն կը տայ։ 9Ես ինքս էլ պատշաճ էի համարում շատ բան Նազովրեցի Յիսուսի անուանը հակառակ գործել, 10ինչ որ արեցի իսկ Երուսաղէմում. քահանայապետներից իշխանութիւն ստանալով՝ սրբերից շատերին ես բանտարկում էի եւ նրանցից սպանուելու ենթակայ եղողների համար հաւանութիւն էի տալիս։ 11Եւ բոլոր ժողովարաններում շատ անգամ նրանց պատժելով՝ բռնադատում էի, որ հայհոյեն։ Առաւել եւս մոլեգնելով նրանց դէմ՝ հալածում էի նրանց մինչեւ օտար քաղաքներ»։12«Ըստ այսմ, երբ քահանայապետների իշխանութեամբ եւ հրամանով Դամասկոս էի գնում, 13կէսօրին, ճանապարհին, ո՛վ արքայ, տեսայ, որ երկնքից արեգակի լուսաւորութիւնից առաւել ուժեղ մի լոյս փայլատակեց իմ շուրջը եւ նրանց շուրջը, որ ինձ հետ էին գնում։ 14Եւ երբ մենք բոլորս գետին ընկանք, լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր եբրայերէն լեզուով. «Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում. քեզ համար խիստ դժուար է խթանի դէմ աքացել»։ 15Եւ ես ասացի. «Ո՞վ ես, Տէ՛ր»։ Տէրն ասաց. «Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես. 16վե՛ր կաց ու կանգնի՛ր ոտքերիդ վրայ. ես քեզ երեւացի նրա համար, որ քեզ նշանակեմ պաշտօնեայ եւ վկայ այն բոլորի համար, որոնց մէջ ինձ տեսար եւ այն բաների համար, որոնցով պիտի երեւամ քեզ. 17ես քեզ կը փրկեմ ժողովրդիցդ եւ հեթանոսներից, որոնց մէջ քեզ կ՚ուղարկեմ,18որպէսզի բանաս նրանց աչքերը, նրանց դարձնես խաւարից դէպի լոյս եւ սատանայի իշխանութիւնից՝ դէպի Աստուած, որպէսզի նրանք մեղքերի թողութիւն ստանան եւ սրբերի հետ ժառանգութեան բաժին՝ իմ հանդէպ ունեցած հաւատով»։ 19Ուստի, ո՛վ Ագրիպպաս արքայ, ես երկնային տեսիլքին անհնազանդ չգտնուեցի, 20այլ նախ բոլոր նրանց, որ Դամասկոսում էին ու Երուսաղէմում եւ Հրէաստանի բոլոր գաւառներում, ապա նաեւ հեթանոսներին քարոզեցի, որ զղջան եւ դառնան կենդանի Աստծուն ու ապաշխարութեան արժանի գործեր անեն։ 21Դրա համար հրեաները, տաճարում ինձ բռնելով, փորձեցին սպանել։ 22Սակայն Աստծուց օգնութիւն հասաւ, եւ ես մինչեւ այսօր ողջ մնացի՝ վկայելով փոքրին եւ մեծին, ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ մարգարէներն ու Մովսէսն են խօսել լինելիք դէպքերի մասին. 23թէ՝ Քրիստոս չարչարուելու է. թէ՝ մեռելներից առաջին յարութիւն առնողը լոյս է աւետարանելու ժողովրդին եւ հեթանոսներին»։ 24Երբ նա այս պատասխանը տուեց, Փեստոսը բարձր ձայնով ասաց. «Ցնորւում ես, Պօղո՛ս, քո մեծ հմտութիւնը քեզ խելացնորութեան է տանում»։ 25Իսկ Պօղոսն ասաց. «Չեմ ցնորւում, ո՛վ Գերազանցդ Փեստոս, այլ զգաստութեան եւ ճշմարտութեան խօսքեր եմ արտասանում. 26արքան այս բաներին գիտակ իսկ է, դրա համար համարձակ եմ խօսում, քանի որ յանձն չեմ առնում այս բոլորից որեւէ բան քեզնից ծածկել, որովհետեւ մի որեւէ խուլ անկիւնում չէ, որ այս բանը գործուած է։27Ագրիպպա՛ս արքայ, մարգարէներին հաւատո՞ւմ ես. գիտեմ, որ հաւատում ես»։ 28Եւ Ագրիպպասը Պօղոսին ասաց. «Քիչ է մնում՝ ինձ էլ համոզես, որ քրիստոնեայ դառնամ»։ 29Եւ Պօղոսն ասաց. «Կը խնդրէի Աստծուն, որ, վաղ թէ ուշ, ոչ միայն դու, այլ բոլոր նրանք, որ այսօր ինձ լսում են, լինեն այնպիսին, ինչպիսին ես ինքս եմ, բացի այս կապանքներից»։ 30Արքան ոտքի ելաւ, ինչպէս եւ կուսակալը, Բերենիկէն եւ բոլոր նրանք, որ նրանց հետ նստել էին։ 31Եւ մինչ գնում էին, իրար հետ խօսում էին ու ասում. «Մահուան կամ կապանքների արժանի ոչինչ չի անում այս մարդը»։ 32Իսկ Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Կարելի էր ազատ արձակել այս մարդուն, եթէ կայսրին բողոքած չլինէր»։ 
27 Երբ մեզ հրամայուեց նաւարկել դէպի Իտալիա, Պօղոսին եւ մի քանի այլ կալանաւորների յանձնեցին Սեբաստեան գնդից մի հարիւրապետի, որի անունը Յուլիոս էր. 2եւ բարձրանալով ադրամինտական մի նաւ, որ Ասիայի կողմերն էր գնալու, ճանապարհ ընկանք։ Մեզ հետ էր նաեւ Մակեդոնիայից թեսաղոնիկեցի Արիստարքոսը։ 3Յաջորդ օրը իջանք Սիդոն։ Եւ Յուլիոսը, Պօղոսի հանդէպ մարդասիրութիւն ցուցաբերելով, նրան հրաման տուեց գնալ բարեկամների մօտ խնամք ստանալու։ 4Այնտեղից դուրս գալով, քանի որ քամին հակառակ կողմից էր, նաւարկեցինք Կիպրոսի մօտով աւելի ցած։ 5Ապա Կիլիկիայի եւ Պամփիւլիայի մէջտեղում, բաց ծովի միջով նաւարկելուց յետոյ իջանք Լիկիայի Միւռա քաղաքը։ 6Եւ այնտեղ հարիւրապետը գտնելով ալեքսանդրեան մի նաւ, որ Իտալիա էր գնում, մեզ այնտեղ մտցրեց։ 7Եւ բազում օրեր դանդաղ նաւարկելուց յետոյ դժուարութեամբ հասանք մինչեւ Կնիդիայի մօտերքը. եւ երբ քամին թոյլ չտուեց մեզ, նաւարկեցինք Կրետէի եզերքով ներքեւ, մինչեւ Սաղմոնիայի մօտերքը։ 8Նրա եզերքով դժուարութեամբ անցնելուց յետոյ, հասանք մի տեղ, որ կոչւում էր Գեղեցիկ նաւահանգիստ, եւ որին կից էր Ղասէա քաղաքը։ 9Եւ քանի որ շատ ժամանակ էր անցել, եւ նաւարկելն էլ վտանգաւոր կը լինէր, մինչեւ իսկ ծոմապահութեան օրերն էլ արդէն անցել էին, Պօղոսը նրանց խրատ տուեց եւ ասաց.10«Մարդի՛կ, տեսնում եմ, որ այս նաւարկութիւնը չարիքով եւ բազում վնասով է լինելու ոչ միայն բեռների եւ նաւի համար, այլեւ մեր անձերի»։ 11Բայց հարիւրապետը նաւապետին եւ նաւատիրոջն աւելի էր լսում, քան Պօղոսի խօսքերը։ 12Երբ նաւահանգիստը ձմեռելու համար անյարմար թուաց, շատերը խորհեցին այնտեղից հեռանալ, որպէսզի մի գուցէ կարողանան հասնել Փիւնիկէ քաղաքը եւ ձմեռել Կրետէի այդ նաւահանգստում, որը նայում էր դէպի հարաւակողմը եւ ցամաքամասը։ 13Եւ երբ հարաւի մեղմ քամին փչեց, կարծեցին, թէ կը հասնեն այնտեղ, ուր դիմում էին։ Եւ նաւարկելով՝ Կրետէի եզերքի մօտով անցան։ 14Ոչ շատ ժամեր յետոյ նաւի շուրջը բարձրացաւ մի կատաղի քամի, որ կոչւում է Եւրացիկլոն։ 15Երբ նաւը քշուեց եւ քամու դէմ չկարողացաւ պայքարել, տեղի տուեցինք եւ գնում-գալիս էինք։16Եւ դիմելով դէպի մի կղզի, որը Կլօդա էր կոչւում, դժուարութեամբ կարողացանք բռնել մակոյկը, որը նաւի վրայ քաշեցինք. 17ապա օգնութեան միջոցներ օգտագործելով՝ նաւը ներքեւից կապեցին. վախենալով, որ գուցէ յորձանուտի մէջ ընկնեն, առագաստը իջեցրին. եւ այնպէս գնում-գալիս էին։ 18Եւ քանի որ մենք ամենասաստիկ տագնապի մէջ էինք, յաջորդ առաւօտ բեռները ծովը թափեցին։ 19Իսկ երրորդ օրը իրենք իրենց ձեռքերով նաւի գործիքները ծովը նետեցին։20Երբ բազում օրեր ո՛չ արեւ եւ ո՛չ էլ աստղեր էին երեւում, ու փոթորիկն էլ նոյն սաստկութեամբ շարունակւում էր, մեր փրկութեան ամէն յոյս վերացել էր։ 21Եւ որովհետեւ շատ օրեր քաղցած էին, Պօղոսը, կանգնելով նրանց մէջ, ասաց. «Ո՛վ մարդիկ, դուք ինձ պէտք է անսայիք ու Կրետէից չելնէիք եւ այս չարիքն ու վնասը չքաշէիք։ 22Արդ, ձեզ խրատում եմ, որ քաջալերուէք, որովհետեւ, բացի նաւից, ձեզնից եւ ոչ մէկի կեանքին վնաս չպիտի հասնի. 23որովհետեւ այս գիշեր Աստծու հրեշտակը, որին պատկանում եմ ես ու ծառայում, երեւաց ինձ ու ասաց. 24«Մի՛ վախեցիր, Պօղո՛ս, դու կայսեր առաջ էլ պէտք է ներկայանաս. եւ ահա բոլոր նրանց, որ այդ նաւի մէջ քեզ հետ են, Աստուած քեզ է շնորհել»։ 25Դրա համար էլ քաջալերուեցէ՛ք, մարդի՛կ, որովհետեւ հաւատ ունեմ Աստծու վրայ, թէ կը լինի այնպէս, ինչպէս որ ինձ ասուեց։ 26Միայն թէ՝ մենք պէտք է մի կղզի ընկնենք»։ 27Երբ տասնչորսերորդ գիշերը եղաւ, եւ մենք Ադրիականի անդունդների վրայ դեռ օրօրւում էինք, գիշերուայ կէսին նաւավարները կարծեցին, թէ ցամաք են հասել։ 28Ջրի խորութիւնը չափող գունդը ցած գցելով՝ երեսունեօթը մետր խորութիւն գտան. որոշ տարածութիւն կտրելուց յետոյ նորից գցեցին եւ քսանութ մետր գտան։ 29Վախենալով, թէ մի գուցէ խութերով տեղ կ՚ընկնեն, յետեւի կողմից չորս խարիսխներ ցած գցեցին. անձկութեամբ տենչում էին, որ այգը բացուի։ 30Բայց նաւավարները ուզում էին նաւից փախչել. ուստի մակոյկը ծով իջեցրին այն պատճառաբանութեամբ, որ իբր թէ առջեւի կողմից էլ են խարիսխներ գցելու։ 31Պօղոսը հարիւրապետին եւ զինուորներին ասաց. «Եթէ դրանք նաւի մէջ չմնան, դուք ազատուել չէք կարող»։ 32Այն ժամանակ զինուորները մակոյկի պարանները կտրեցին ու դէն գցեցին։33Եւ երբ այգը բացուելու մօտ էր, Պօղոսը բոլորին խնդրեց, որ կերակուր ուտեն՝ ասելով. «Այս տասնչորսերորդ օրն է, որ դուք քաղցած՝ սպասումով էք անցկացնում եւ դեռ ոչինչ չէք կերել։ 34Դրա համար աղաչում եմ ձեզ, որ կերակուր ուտէք, քանի որ դա հէնց ձեր փրկութեան համար է. որովհետեւ ձեզնից ոչ ոքի գլխից մազ իսկ չի կորչելու»։ 35Եւ երբ այս ասաց, հաց վերցրեց, բոլորի առաջ Աստծուն գոհութիւն տուեց, կտրեց եւ սկսեց ուտել։ 36Ամէնքը քաջալերուեցին. եւ իրենք էլ կերակուր կերան։ 37Նաւի մէջ բոլորս երկու հարիւր եօթանասունվեց հոգի էինք։ 38Երբ կերակրով յագեցան, ցորենը ծովը թափելով՝ նաւը թեթեւացրին։ 39Եւ երբ այգը բացուեց, երկիրը չէին ճանաչում, բայց նշմարում էին մի ծովախորշ, որ ծովափ կարող էր լինել. եւ խորհում էին, թէ հնար լինէր նաւը այնտեղ հասցնել եւ փրկել։40Ուստի խարիսխները յատակից կտրելով՝ ծովի մէջ բաց թողեցին, ղեկերի կապերը թուլացրին, առագաստը բացեցին ու քամուն տուեցին՝ դէպի ծովի ափի կողմը։ 41Ընկնելով երկու ծովերի միջեւ գտնուող մի ծանծաղուտ՝ նաւը ծռեցին. եւ նաւի առաջակողմը յատակին խրուելով, անշարժ մնաց, իսկ յետեւի կողմը ալիքների սաստկութիւնից ջարդուփշուր էր լինում։ 42Այն ժամանակ զինուորները խորհուրդ արեցին, որ կալանաւորներին սպանեն, որպէսզի ոչ ոք չլողայ ու փախչի։ 43Սակայն հարիւրապետը նրանց խորհրդին արգելք եղաւ, որովհետեւ ուզում էր Պօղոսին ազատել. ուստի հրամայեց, որ, ովքեր կարող են լողալ, նախ նրանք ջուրը նետուեն, 44իսկ միւսները՝ ոմանք տախտակների վրայ, ոմանք էլ նաւի այլ բեկորների վրայ ցամաք ելնեն։ Եւ այսպէս ամէնքը, փրկուելով, ցամաք ելան։ 
28 Երբ արդէն փրկուած էինք, այն ժամանակ իմացանք, թէ այն կղզու անունը Մելիտինէ էր։ Եւ բարբարոս բնակիչները մեր հանդէպ չափից աւելի մարդասիրութիւն ցոյց տուին. 2խարոյկ վառեցին եւ մեզ բոլորիս ընդունեցին՝ տեղացող անձրեւի եւ ցրտի պատճառով։ 3Եւ երբ Պօղոսը բաւականին շատ չոր ճիւղեր հաւաքեց եւ խարոյկի վրայ դրեց, մի իժ կրակի տաքութեան պատճառով դուրս գալով՝ կախուեց նրա ձեռքից։4Եւ երբ բարբարոսները գազանին նրա ձեռքից կախուած տեսան, միմեանց ասացին. «Ուրեմն մարդասպան է այս մարդը, որը թէպէտ ծովից փրկուեց, բայց Արդարութիւնը նրան թոյլ չտուեց, որ ապրի»։5Ապա Պօղոսը գազանին կրակի մէջ թափ տուեց, եւ իրեն ոչ մի վատ բան չպատահեց. 6իսկ նրանք սպասում էին, որ նա կ՚ուռչի կամ կ՚ընկնի ու յանկարծակի կը մեռնի։ Շատ սպասելուց յետոյ, երբ տեսան, որ նրան որեւէ վնաս չհասաւ, նորից խօսքը դարձրին եւ ասում էին. «Սա մի աստուած է»։ 7Այդ տեղի շրջակայքում գտնւում էին ագարակները Պոպլիոս անունով մի մարդու, որ կղզու գլխաւորն էր. սա երեք օրով մեզ իր մօտ ընդունեց եւ սիրով հիւրընկալեց։ 8Եւ պատահեց, որ Պոպլիոսի հայրը, ջերմով եւ փորլուծութեամբ հիւանդացած, անկողին ընկնի։ Պօղոսը նրա մօտ մտաւ եւ աղօթելով ձեռքը նրա վրայ դրեց ու նրան բժշկեց։ 9Եւ երբ այս պատահեց, ուրիշ հիւանդներ էլ, որ կղզում կային, գալիս էին ու բժշկւում։ 10Սրանք մեծ պատիւներով պատուեցին մեզ, եւ երբ գնում էինք, ինչ որ պէտք էր, տուեցին։ 11Եւ երեք ամիս յետոյ բարձրացանք դիոսկուրեանների նշանը կրող ալեքսանդրեան մի նաւ, որը ձմեռել էր կղզում։ 12Եւ Սիրակուսա իջնելով՝ երեք օր մնացինք։13Այնտեղից գնալով՝ հասանք Ռեգիոն. եւ երբ մի օր յետոյ հարաւի քամին փչեց, երկու օրում եկանք Պատիողոս, 14ուր եւ գտանք եղբայրների, որոնք աղաչեցին, որ եօթը օր մնանք իրենց մօտ։ Եւ ապա ելանք Հռոմ։ 15Եւ այնտեղից, մեր մասին լսած լինելով, եղբայրները մեզ ընդառաջ եկան մինչեւ Ապփիոսի հրապարակը եւ Երեք կրպակները։ Պօղոսը նրանց տեսնելով՝ գոհութիւն տուեց Աստծուն ու քաջալերուեց։16Եւ երբ Հռոմ մտանք, հրաման տրուեց Պօղոսին, որ առանձին բնակուի իր պահապան զինուորի հետ միասին։ 17Եւ երեք օր յետոյ նա հրաւիրեց հրեաների գլխաւորներին. եւ երբ սրանք եկան, նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ես ժողովրդին կամ հայրենի սովորութեանը հակառակ ոչինչ գործած չլինելով հանդերձ՝ որպէս Երուսաղէմից մի կալանաւոր, մատնուեցի հռոմէացիների ձեռքը, 18որոնք, երբ ինձ դատեցին, ուզեցին ազատ արձակել, որովհետեւ իմ մէջ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտան։ 19Բայց երբ հրեաները հակառակ խօսեցին, հարկ եղաւ կայսրին բողոքել. բայց ոչ նրա համար, որ իմ ազգի դէմ չարախօսելու բան ունէի։20Այս պատճառով է, որ խնդրեցի ձեզ՝ տեսնելու եւ խօսելու համար, քանի որ Իսրայէլի յոյսի համար է, որ այս շղթաների մէջ եմ գտնւում»։21Եւ նրանք ասացին նրան. «Մենք քո մասին Հրէաստանից ոչ մի նամակ չենք ստացել. մեր եղբայրներից էլ ոչ ոք չի եկել ու վատ բան չի պատմել կամ խօսել քո մասին։ 22Բայց խնդրում ենք քեզնից լսել, թէ ի՛նչ ես խորհում, քանի որ այդ հերձուածի մասին մեզ արդէն յայտնի է, որ ամենուրեք նրա դէմ հակառակութիւն կայ»։Որոշակի օրուայ համար Պօղոսի հետ ժամադրուելուց յետոյ, նրա մօտ՝ նրա բնակարանը եկան բազում մարդիկ, որոնց նա առաւօտից մինչեւ երեկոյ բացատրում էր Աստծու արքայութիւնը եւ նրանց համոզում էր Յիսուսի մասին՝ վկայութիւն բերելով Մովսէսի օրէնքից եւ մարգարէներից։ 23Ոմանք համոզւում էին նրա խօսքերին. ուրիշներ էլ չէին հաւատում։ 24Եւ իրար մէջ անհամաձայն լինելով՝ թողնում գնում էին, երբ Պօղոսն ասաց այս մի խօսքն էլ. «Սուրբ Հոգին Եսայի մարգարէի բերանով լաւ խօսեց մեր հայրերին՝ 25ասելով. «Գնա՛ ժողովրդի մօտ ու ասա՛՝լսելով պիտի լսէք ու չպիտի իմանաք, եւ տեսնելով պիտի տեսնէք ու չպիտի տեսնէք.26որովհետեւ այդ ժողովրդի սիրտը կարծրացել է,եւ իրենց ականջներով ծանր են լսումու իրենց աչքերը փակել են,որպէսզի երբեք աչքերով չտեսնենու ականջներով չլսենեւ հոգով չիմանան եւ դարձի չգան,ու ես էլ դրանց չբժշկեմ»։ 27Եւ արդ, թող ձեզ յայտնի լինի, որ Աստծու այս փրկութիւնը ուղարկուեց հեթանոսներին, եւ նրանք կը լսեն»։ 28Եւ երբ այս ասաց, նրա մօտից դուրս գնացին հրեաները, որոնք իրենք իրենց մէջ էլ շատ վէճեր ունէին։ 29Եւ ամբողջ երկու տարի Պօղոսն ապրեց իր ծախսով։ 30Եւ ընդունում էր բոլոր նրանց, որ գալիս էին իր մօտ։31Քարոզում էր Աստծու արքայութիւնը եւ ամենայն համարձակութեամբ անարգել ուսուցանում էր Տէր Յիսուս Քրիստոսի մասին։

 









Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Баранина со стручками фасоли и яйцом

Баранина со стручками фасоли и яйцомИз баранины, разрезанной на куски,...

Борани «лорийское»

Борани «лорийское»Подготовленную баранину(корейку или грудинку) разрезать на небольшие куски, положить...

Ишхан в собственном соку

Ишхан в собственном сокуПодготовленную форель промыть, посолить, уложить в 1...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта