ՅԱԿՈԲՈՍ

(1 голос, среднее 5.00 из 5)

Յակոբոս


1 Յակոբոսը՝ Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառան, սփիւռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜յն։ 2Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի՛ համարեցէք, երբ տեսակ-տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք. 3իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում, 4իսկ համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք։ 5Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, - որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, - եւ նրան կը տրուի։ 6Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին։ 7Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, 8քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է։ 9Աղքատ եղբայրը թող պարծենայ, երբ Աստուած բարձրացնում է իրեն, 10իսկ հարուստը թող պարծենայ, երբ Աստուած խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստութիւնը պիտի անցնի ինչպէս խոտածաղիկը. 11որովհետեւ արեւը ծագեց՝ խորշակով հանդերձ եւ չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկաւ, ու նրա վայելուչ տեսքը կորաւ. նոյնպէս եւ հարուստը պիտի թառամի՝ իր շահերով հանդերձ։ 12Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձութեան. որովհետեւ, եթէ փորձութեան մէջ հաստատ լինի, կը ստանայ կեանքի պսակը, որը Տէրը խոստացաւ իրեն սիրողներին։ 13Ոչ ոք, երբ փորձութեան մէջ լինի, թող չասի. «Աստծուց եմ փորձւում», քանի որ Աստուած չարից չի փորձւում եւ ինքն էլ չի փորձում ոչ ոքի։ 14Իւրաքանչիւր ոք փորձւում է՝ հրապուրուելով եւ խաբուելով իր ցանկութիւններից։ 15Այնուհետեւ ցանկութիւնը, յղանալով, մեղք է ծնում, եւ մեղքը, հասունանալով, մահ է ծնում։ 16Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբուէք, 17քանի որ ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ վերեւից է՝ իջած լոյսի Հօրից, որի մէջ չկայ փոփոխում կամ էլ փոփոխման ստուեր։ 18Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտութեան խօսքով, որպէսզի մենք լինենք իր ստեղծածների պտուղը։ 19Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացէ՛ք այս բանը. թող ամէն մարդ արագ լինի լսելու մէջ, ծանր՝ խօսելու մէջ եւ ծանր՝ բարկանալու մէջ.20որովհետեւ մարդու բարկութիւնը Աստծու արդարութիւնը չի կատարում։ 21Ահա թէ ինչու, դէ՛ն գցելով ամենայն աղտեղութիւն եւ չարիքի աւելցուկ, հեզութեա՛մբ ընդունեցէք ձեր մէջ սերմանուած խօսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները։ 22Խօսքը կատարողնե՛ր եղէք եւ ոչ թէ միայն այն լսողներ համարեցէք դուք ձեզ. 23քանի որ, եթէ մէկը միայն լսող լինի խօսքը եւ ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մէջ իր բնական դէմքը։ 24Նայելով՝ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է եւ անմիջապէս մոռանում, թէ ինչպիսին էր ինքը։ 25Իսկ ով աչքերը յառած նայում է ազատութեան կատարեալ օրէնքին եւ դրա մէջ էլ յարատեւում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մէկը իր արածի մէջ երանութիւն կը գտնի։ 26Եթէ մէկն ուզում է բարեպաշտ լինել եւ չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մէկի համար զուր է բարեպաշտութիւնը։ 27Սուրբ եւ անարատ բարեպաշտութիւնը Աստծու եւ Հօր առաջ այս է. այցելել որբերին եւ այրիներին իրենց նեղութեան մէջ, անարատ պահել իր անձը աշխարհից։ 
2 Եղբայրնե՛ր իմ, աչառութեամբ մի՛ պահէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հաւատը։ 2Եթէ ձեր ժողովատեղին մտնի մի մարդ, որ ունենայ ոսկի մատանի եւ շքեղ զգեստներ, եւ այնտեղ մտնի նաեւ մի աղքատ՝ կեղտոտ զգեստներով, 3եւ դուք նայէք նրան, ով շքեղ զգեստներ ունի եւ ասէք՝ «Դու նստի՛ր այստեղ, պատուոյ տեղը», իսկ աղքատին, թէ՝ «Ոտքի՛ կանգնիր դու այդտեղ», կամ թէ՝ «Եկ նստի՛ր իմ պատուանդանի մօտ», 4այդ դէպքում դուք ձեր մէջ աչառութիւն արած չէ՞ք լինի եւ չար խորհուրդների դատաւորներ չէ՞ք լինի։ 5Լսեցէ՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստուած ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հաւատով եւ ժառանգորդներ այն արքայութեան, որը նա խոստացաւ իրեն սիրողներին։ 6Իսկ դուք անարգում էք աղքատներին։ Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ. հէնց նրանք էլ ձեզ դատարան են քարշ տալիս։ 7Նրանք չե՞ն, որ հայհոյում են այն բարի անունը, որով կոչուած էք դուք։ 8Ապա եթէ կատարէք արքայական օրէնքը Սուրբ Գրքի համաձայն, թէ՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս ինքդ քեզ», լաւ էք անում։ 9Իսկ եթէ աչառութիւն էք անում, մեղք էք գործում՝ դատապարտուելով օրէնքից որպէս օրինազանցներ։ 10Նա, ով պահում է ամբողջ օրէնքը եւ միայն մէկ բանով սայթաքում, պարտապան կը լինի ամբողջ օրէնքին.11որովհետեւ նա, ով ասաց, թէ՝ «Չպիտի սպանես», նաեւ ասաց, թէ՝ «Եւ չպիտի շնանաս», քանզի, եթէ չսպանես, բայց շնանաս, յանցաւոր կը լինես օրէնքի առաջ։ 12Այնպէ՛ս խօսեցէք եւ այնպէ՛ս գործեցէք, որպէս թէ ազատութեան օրէնքով էք դատուելու, 13քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդէպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածութիւնը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց։14Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթէ մէկն ասի, թէ հաւատ ունի, սակայն հաւատն արտայայտող գործեր չունենայ։ Միթէ հաւատը նրան կը կարողանա՞յ փրկել։ 15Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինեն կամ օրուայ ուտելիքի կարօտ, 16եւ ձեզնից մէկը նրանց ասի՝ «Գնացէ՛ք խաղաղութեամբ, տաքացէ՛ք եւ յագեցէ՛ք», եւ դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է։ 17Նոյնպէս եւ հաւատը. եթէ նա գործեր չունի, առանձինն մեռած է։ 18Բայց թերեւս մէկն ասի. «Դու հաւատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛յց տուր ինձ քո հաւատը առանց գործերի, եւ ես քեզ ցոյց կը տամ իմ հաւատը գործերով»։ 19Դու հաւատում ես, որ մէկ է Աստուած. լաւ ես անում։ Դեւերն էլ են հաւատում եւ դողում։ 20Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հաւատը դատարկ բան է առանց գործերի։ 21Աբրահամը՝ մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացաւ՝ սեղանի վրայ հանելով իր որդուն՝ Իսահակին, որպէս զոհ։ 22Տեսնո՞ւմ ես, որ հաւատը գործակից եղաւ նրա գործերին եւ գործերով էլ հաւատը կատարեալ դարձաւ։ 23Եւ կատարուեց Գրուածը, որն ասում է. «Աբրահամը հաւատաց Աստծուն, եւ այդ նրան որպէս արդարութիւն համարուեց, եւ նա Աստծուն բարեկամ կոչուեց»։24Տեսնո՞ւմ էք, որ գործերով է արդարանում մարդ եւ ոչ թէ միայն հաւատով։ 25Այդպէս էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞ւ, երբ ընդունեց լրտեսներին եւ արձակեց նրանց այլ ճանապարհով։26Ինչպէս որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպէս էլ մեռած է հաւատը առանց գործերի։ 
3 Եղբայրնե՛ր իմ, շատերդ ուսուցանողներ լինելու չձգտէք։ Իմացէ՛ք, որ մեծ դատաստան ենք ընդունելու, 2քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Եթէ մէկը խօսքով չի մեղանչում, նա կատարեալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։ 3Տե՛ս, թէ ինչպէս սանձեր ենք դնում ձիերի բերանը, որ նրանք մեզ հնազանդուեն. եւ նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։ 4Ահա՛ւասիկ եւ նաւերը. ի՜նչ հսկայ բաներ են, սաստիկ հողմերից քշւում են, բայց փոքր մի ղեկով ուղղւում են ո՛ր կողմը որ նաւավարի սիրտն ուզում է։ 5Այսպէս էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում։ Ահա թէ մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում։ 6Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրաւութեան. մեր անդամների մէջ է հաստատուած լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը եւ կրակով վառում մեր ամբողջ կեանքը, բորբոքուած գեհենի կրակով։ 7Գազանների, թռչունների եւ սողունների ամէն տեսակ եւ ինչ որ կայ ծովի մէջ, հնազանդուած է եւ հնազանդւում է մարդկային բնութեանը, 8բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին եւ մահաբեր թոյնով լցուածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել։ 9Նրանով օրհնում ենք Տիրոջը եւ Հօրը եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծուեցին Աստծու նմանութեամբ։ 10Նոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւններ եւ անէծքներ։ Եղբայրնե՛ր իմ, պէտք չէ, որ այդ այդպէս լինի։ 11Միթէ մի աղբիւր նոյն ակից քաղցր եւ դառն ջուր կը բխեցնի՞։ 12Եղբայրնե՛ր իմ, միթէ կարելի՞ է, որ թզենին ձիթապտուղ տայ կամ որթատունկը՝ թուզ։ Նմանապէս աղուտ տեղից քաղցր ջուր չի կարելի ստանալ։ 13Ձեր մէջ ո՞վ է իմաստուն եւ խելացի. թող նա, բարի ընթացքով, ցոյց տայ իմաստութեամբ եւ հեզութեամբ կատարած իր գործերը։ 14Իսկ եթէ ձեր սրտերում դառն նախանձ եւ հակառակութիւն ունէք, մի՛ պարծեցէք, որ սուտ էք հանում ճշմարտութիւնը։ 15Այս իմաստութիւնը ի վերուստ չէ իջած, այլ՝ երկրաւոր է, մարմնաւոր եւ դիւային. 16որովհետեւ, ուր հակառակութիւն եւ նախանձ կայ, այնտեղ կայ անկարգութիւն եւ ամէն չար բան։ 17Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան։18Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում։ 
4 Այդ որտեղի՞ց պատերազմներ եւ որտեղի՞ց կռիւներ ձեր մէջ. չէ՞ որ ձեր այն ցանկութիւններից, որոնք կռիւ են մղում ձեր անդամների մէջ։2Ցանկանում էք, բայց չունէք, ուստի եւ՝ սպանում էք, նախանձում եւ չէք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում էք, կռւում եւ ձեռք չէք բերում, որովհետեւ չէք խնդրում։ 3Խնդրում էք եւ չէք ստանում, որովհետեւ չարամտօրէն էք խնդրում, որպէսզի այն ծառայեցնէք ձեր ցանկութիւններին։ 4Շնացողնե՛ր, չգիտէ՞ք, որ սէրը այս աշխարհի հանդէպ՝ թշնամութիւն է Աստծու դէմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կ՚անի։ 5Կամ թէ՝ առ ոչինչ էք համարում, ինչ որ Գիրքն ասում է. 6Եւ այդ նրա համար, որ է՛լ աւելի շնորհ տայ. դրա համար ասում է. 7Հնազանդուեցէ՛ք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցէ՛ք Սատանային, ու նա կը փախչի ձեզանից։8Մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կը մերձենայ ձեզ։ Մեղաւորնե՛ր, մաքրեցէ՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցէ՛ք ձեր սրտերը.9տառապեցէ՛ք, սգացէ՛ք եւ լացէ՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածուի, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութեան։ 10Խոնա՛րհ եղէք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կը բարձրացնի։ 11Եղբայրնե՛ր, միմեանց մի՛ բամբասէ՛ք. ով բամբասում է իր եղբօրը կամ դատում է իր եղբօրը, չարախօսում է օրէնքի մասին եւ դատում է օրէնքը. իսկ եթէ օրէնքն ես դատում, օրէնքը պահող չես, այլ՝ դատաւոր։ 12Կայ մէ՛կ Օրէնսդիր եւ Դատաւոր, որ կարող է փրկել եւ կործանել. դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձաւորին։ 13Այժմ նրանց մասին, որ ասում են. «Այսօր կամ վաղը կը գնանք այսինչ քաղաքը, մէկ տարի կը մնանք այնտեղ, կը վաճառենք եւ կը վաստակենք»։ 14(Այսպէս էք ասում դուք, որ ոչինչ չգիտէք վաղուայ մասին. որովհետեւ ի՞նչ է ձեր կեանքը. յիրաւի մի մշուշ է այն, որ մի պահ երեւում է եւ ապա անհետանում)։ 15Մինչդեռ դուք ասելու էք. «Եթէ Տէրը կամենայ, եւ ապրենք, կ՚անենք այս կամ այն բանը»։ 16Բայց արդ, պարծենում էք ձեր ամբարտաւանութեամբ։ Այսպիսի ամէն պարծանք չար է։ 17Ով որ գիտէ, թէ ինչ է բարին, եւ չի անում, նրա համար այդ մեղք է։ 
5 Ուրեմն այժմ, հարուստնե՛ր, լացէ՛ք եւ ողբացէ՛ք այն թշուառութիւնների համար, որ գալու են ձեր գլխին. 2որովհետեւ ձեր հարստութիւնը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, 3եւ ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. եւ նրանց ժանգը ձեր դէմ որպէս վկայութիւն պիտի լինի եւ պիտի ուտի ձեր մարմինը՝ ինչպէս կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցէք։ 4Ահա՛ւասիկ, ձեր դաշտերը մշակած մշակների վարձը ձեզ մօտ պահեցիք. ձեր կողմից զրկուածն աղաղակում է, եւ հնձուորների բողոքը հասաւ Ամենակալ Տիրոջ ականջին։ 5Մեղկ կեանքով ապրեցիք երկրի վրայ եւ շուայտացաք ու ձեր սրտերը պարարտացրիք մորթուելու օրուայ համար։ 6Զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում։ 7Եղբայրնե՛ր իմ, համբերո՛ղ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը։ Մշակն ահա համբերութեամբ սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ որ ստանայ առաջին եւ վերջին անձրեւը։ 8Համբերեցէ՛ք եւ դուք, ամրացրէ՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մօտեցել է։ 9Մի՛ տրտմեցրէ՛ք միմեանց, եղբայրնե՛ր, որպէսզի չդատուէք։ Ահա՛ւասիկ դատաւորը դռանն է։ 10Եղբայրնե՛ր, չարչարանքների եւ համբերութեան որպէս օրինակ ունեցէք մարգարէներին, որոնք խօսեցին Տիրոջ անունով։ 11Ահա՛ երանի ենք տալիս համբերողներին։ Լսել էք Յոբի համբերութեան մասին եւ տեսել, ինչ որ Տէրը նրան արեց վերջում, քանի որ Տէրը բազմագութ է եւ ողորմած։ 12Ամէն բանից առաջ, եղբայրե՛ր իմ, մի՛ երդուէք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ այլ երդումով. այլ ձեր այոն թող լինի՝ այո, եւ ոչը՝ ոչ, որպէսզի կեղծաւորութեան պատճառով չընկնէք։ 13Ձեզնից մէկը վշտի՞ մէջ է ընկել, թող աղօթի. մէկը բերկրանքի՞ մէջ է, սաղմոս թող ասի.14հիւա՞նդ է ձեզնից մէկը, թող կանչի եկեղեցու երէցներին, եւ նրանք նրա վրայ թող աղօթք անեն, թող իւղով օծեն նրան Տիրոջ անունով։ 15Եւ հաւատով եղած աղօթքը կը փրկի հիւանդին, ու Տէրը նրան ոտքի կը կանգնեցնի։ Եւ եթէ մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներուի։ 16Ձեր մեղքերը միմեանց խոստովանեցէ՛ք եւ միմեանց համար աղօ՛թք արէք, որպէսզի բժշկուէք. քանզի արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է։ 17Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակայ. նա աղօթեց, ու երկրի վրայ երեք տարի ու վեց ամիս անձրեւ չտեղաց։ 18Ապա դարձեալ աղօթեց, եւ երկինքը անձրեւ տուեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը։19Եղբայրնե՛ր իմ, եթէ ձեզնից մէկը շեղուի ճշմարտութեան ճանապարհից, իսկ մէկ ուրիշը նրան յետ բերի, 20թող իմանայ, որ, ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն։

 







Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

09 Мар 2013 18:06

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) …

Крылья Советов (Самара) – ЦСКА (Москва) – 0:2 ВИДЕО

ЦСКА обыграл "Крылья Советов" в рамках 20-го тура российской Премьер-Лиги....

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

02 Май 2013 19:39

Левон Аронян – победитель турнира Мемори…

Левон Аронян – победитель турнира Мемориал Алехина

Армянский гроссмейстер Левон Аронян стал победителем турнира Мемориал Алехина. В...

02 Апр 2013 10:17

Магнус Карлсен стал победителем турнира …

Магнус Карлсен стал победителем турнира претендентов

Норвежский гроссмейстер Магнус Карлсен стал победителем завершившегося в Лондоне турнира...



Новости SamaraHay

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

21 Апр 2015 08:44

Поминальные мероприятия к 100- летию Ген…

Поминальные мероприятия к 100- летию Геноцида армян в Самаре

23 Апреля в 17:00 Прямая трансляция канонизации жертвам Геноцида армян...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Курица отварная

Курица отварнаяПодготовленную тушку курицы положить в кастрюлю, залить холодной водой...

Яичница с рубленым мясом

Яичница с рубленым мясомМякоть говядины пропустить через мясорубку, добавить соль,...

Салат из квашеной капусты

Салат из квашеной капустыКвашеную капусту отжать от рассола, нашинковать, положить...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта