1 Կորնթացիներ

(1 голос, среднее 3.00 из 5)
Индекс материала
1 Կորնթացիներ
2
Все страницы

1 Կորնթացիներ


1 Պօղոսը՝ Աստծու կամքով Յիսուս Քրիստոսի առաքեալը լինելու կոչուածը, եւ Սոսթենէս եղբայրը, 2Աստծու այդ եկեղեցուն, որ Կորնթոսում է, Քրիստոս Յիսուսին նուիրուածներիդ, սուրբ լինելու կոչուածներիդ, բոլորի հետ միասին, որոնք ամէն տեղ պաշտում են անունը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ նրանց եւ մեր Տէրն է, 3շնո՜րհ ձեզ եւ խաղաղութիւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։ 4Ամէն ժամ գոհութիւն եմ յայտնում իմ Աստծուն ձեզ համար եւ Աստծու շնորհների համար, որ տրուած են ձեզ Քրիստոս Յիսուսով. 5որովհետեւ ամէն բանի մէջ դուք նրանով հարստացաք՝ ամէն խօսքով եւ ամենայն գիտութեամբ, 6ինչպէս որ Աստծու վկայութիւնն իսկ հաստատուեց ձեր մէջ։ 7Դուք պակաս չլինէք եւ ոչ մի շնորհից՝ սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութեանը։ 8Նա, որ հաստատ կը պահի ձեզ մինչեւ վախճանը, անարատ՝ մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալու օրը։9Հաւատարիմ է Աստուած, որից կանչուեցիք հաղորդակից լինելու նրա Որդուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսին։ 10Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նոյն խօսքը ունենաք. եւ ձեր մէջ բաժանումներ չլինեն. քանզի հաստատ էիք նոյն մտքի եւ նոյն մտածման մէջ։ 11Եղբայրնե՛ր, ձեր մասին Քղուէի տնեցիներից ինձ տեղեկացուեց, թէ հակառակութիւններ կան ձեր մէջ։ 12Եւ արդ, ասում եմ. ձեզնից իւրաքանչիւրն ասում է՝ ես Պօղոսեան եմ, եւ միւսը, թէ՝ ես Ապողոսեան, եւ միւսը, թէ՝ ես՝ Կեփասեան, եւ միւսը թէ՝ ես՝ Քրիստոսեան. 13իսկ արդ, միթէ բաժանուա՞ծ է Քրիստոս. միթէ Պօղո՞սը խաչուեց ձեզ համար. կամ՝ Պօղոսի՞ անունով մկրտուեցիք։ 14Գոհութիւն եմ յայտնում իմ Աստծուն, որ ձեզնից ոչ ոքի չմկրտեցի, այլ միայն՝ Կրիսպոսին եւ Գայիոսին, 15որպէսզի ոչ ոք չասի, թէ իմ անունով էք մկրտուել։ 16Ստեփանոսի ընտանիքն էլ մկրտեցի։ Չգիտեմ ամենեւին ուրիշ մէկին, որ մկրտած լինեմ։ 17Քանզի Քրիստոս ինձ չուղարկեց մկրտելու, այլ՝ աւետարանելու, ոչ թէ խօսքերի ճարտարութեամբ, որպէսզի Քրիստոսի խաչը ընդունայն չլինի. 18որովհետեւ կորստեան մատնուածների համար խաչի քարոզութիւնը յիմարութիւն է, իսկ մեզ՝ փրկուածներիս համար՝ Աստծու զօրութիւն. 19քանի որ գրուած է. «Պիտի կործանեմ իմաստունների իմաստութիւնը եւ հանճարեղների մտածումները պիտի արհամարհեմ»։ 20Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր՝ բանգէտը, ո՞ւր՝ այս աշխարհի քննողը։ Չէ՞ որ Աստուած յիմարացրեց այս աշխարհի իմաստութիւնը. քանզի աշխարհն իր իմաստութեամբ չճանաչեց Աստծուն նրա իմաստութեամբ։ 21Աստուած էլ հաճեց փրկել հաւատացեալներին այդ քարոզութեան յիմարութեամբ։ 22Իսկ որովհետեւ հրեաները նշան են հայցում, եւ հեթանոսները իմաստութիւն են փնտռում, 23մենք քարոզում ենք խաչուած Քրիստոսին՝ ի գայթակղութիւն հրեաների եւ ի յիմարութիւն հեթանոսների. 24բայց նրանց համար, որ կանչուած են, հրեաներ թէ հեթանոսներ, Քրիստոսը Աստծու զօրութիւնն ու Աստծու իմաստութիւնն է. 25որովհետեւ Աստծու յիմարն աւելի իմաստուն է, քան մարդկային իմաստութիւնը, եւ Աստծու տկարն աւելի զօրեղ է, քան մարդկային զօրութիւնը։ 26Իրաւ որ, եղբայրնե՛ր, ձեր իսկ կոչումին նայեցէ՛ք. ըստ մարմնի՝ ոչ շատ իմաստուններ, ոչ շատ հզօրներ եւ ոչ շատ ազնուականներ կանչուեցին. 27բայց Աստուած ընտրեց այս աշխարհի յիմարներին, որպէսզի ամաչեցնի իմաստուններին. եւ Աստուած ընտրեց այս աշխարհի տկարներին, որպէսզի ամաչեցնի հզօրներին. 28եւ Աստուած աշխարհի ոչ-տոհմիկներին, արհամարհուածներին եւ ոչինչներին ընտրեց, որպէսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի. 29որպէսզի ոչ մի մարդկային էակ չպարծենայ Աստծու առաջ. 30որովհետեւ նրանո՛վ դուք կաք Քրիստոս Յիսուսի մէջ, որը եղաւ մեզ համար Աստծուց եկած իմաստութիւն, արդարութիւն, սրբութիւն եւ փրկութիւն, 31որպէսզի, ինչպէս գրուած էլ է. «Նա, ով պարծենում է, թող պարծենայ Տիրոջով»։ 
2 Եւ ես, եղբայրնե՛ր, թէպէտ եւ եկայ ձեզ մօտ, բայց ոչ թէ յայտնելու ձեզ Աստծու վկայութիւնը իմաստութեան խօսքի գերազանցութեամբ.2որովհետեւ իմ մտքում չեմ դրել իմանալ ձեր մէջ այլ բան, եթէ ոչ՝ միայն Յիսուս Քրիստոսին եւ նոյն ինքը խաչուածին։ 3Եւ ես տկարութեամբ, երկիւղով եւ սաստիկ դողով եղայ ձեզ հետ. 4եւ իմ խօսքը եւ քարոզութիւնը իմաստութեան ճարտար խօսքերով չէին, այլ Սուրբ Հոգու համոզիչ զօրութեամբ, 5որպէսզի ձեր հաւատը չլինի մարդկանց իմաստութեամբ, այլ՝ Աստծու զօրութեամբ։6Իմաստութիւնը քարոզում ենք հոգեպէս կատարեալներին, իմաստութիւն, որ այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի՝ կործանման սահմանուած իշխանների իմաստութիւնը, 7այլ քարոզում ենք Աստծու խորհրդաւոր, թաքուն իմաստութիւնը, որը ծածկուած է մարդկանցից եւ որն Աստուած սահմանել էր մեր փառքի համար նախքան յաւիտեանները. 8եւ այս աշխարհի իշխաններից ոչ մէկը չճանաչեց այն. որովհետեւ, եթէ ճանաչուած լինէր, արդարեւ փառքի Տիրոջը չէին խաչի. 9այլ, ինչպէս գրուած էլ է. 10Բայց Աստուած մեզ յայտնեց այն իր Հոգով. որովհետեւ Հոգին քննում է ամէն ինչ, նոյնիսկ՝ Աստծու խորունկ ծրագրերը. 11քանզի մարդկանցից ո՞վ է, որ բան գիտէ մարդու մասին, եթէ ոչ՝ մարդու հոգին, որ նրա մէջ է։ Նոյնպէս եւ ոչ ոք չգիտէ Աստծու խորհուրդները, եթէ ոչ՝ Աստծու Հոգին։ 12Ուրեմն մենք ոչ թէ այս աշխարհի հոգին առանք, այլ՝ այն Հոգին, որ Աստծուց է, որպէսզի ճանաչենք այն, որ Աստծուց շնորհուեց մեզ։ 13Եւ ինչ որ յայտնում ենք, ոչ թէ ճարտար խօսքերի մարդկային ուսուցումով է, այլ՝ Հոգու վարդապետութեամբ. հոգեւոր բաները հոգեւոր խօսքերով ենք բացատրում. 14քանզի ոչ հոգեւոր մարդը Աստծու Հոգուց եկած ճշմարտութիւնները չի ընդունում, որովհետեւ այդ յիմարութիւն է նրա համար. եւ չի կարող հասկանալ, քանզի հոգեւոր կերպով են քննւում դրանք։ 15Իսկ հոգեւոր մարդը քննում է ամէն ինչ. եւ ինքը ոչ ոքից չի քննւում։ 16Իսկ արդ, ո՞վ իմացաւ Տիրոջ մտածումը, որ խորհուրդ տայ նրան. բայց մենք ունենք Քրիստոսի մտածումը։ 
3 Եւ ես, եղբայրնե՛ր, չկարողացայ խօսել ձեզ հետ՝ իբրեւ հոգեւորների հետ, այլ խօսեցի իբրեւ մարմնաւորների հետ։ 2Իբրեւ մանուկներ ի Քրիստոս կաթ տուեցի ձեզ եւ ոչ՝ կերակուր, քանի որ դեռ կարող էլ չէիք. եւ հիմա էլ կարող չէք, քանզի դեռ մարմնաւոր էք։ 3Հիմա էլ ձեր մէջ կան կռիւ եւ նախանձ. չէ՞ որ մարմնաւոր էք եւ մարդկայնօրէն էք ընթանում։ 4Երբ ձեզնից մէկն ասում է՝ ես Պօղոսեան եմ, եւ միւսը, թէ՝ ես՝ Ապողոսեան, մարմնաւոր մարդիկ չէ՞ք։ Իսկ արդ, ո՞վ է Պօղոսը, կամ՝ ո՞վ է Ապողոսը. պաշտօնեաներ, որոնցով հաւատացիք. եւ իւրաքանչիւրն այն է, ինչ որ Տէրը տուեց նրան։ 5Ես տնկեցի, Ապողոսը ջուր տուեց, բայց Աստուա՛ծ աճեցրեց։ 6Այնպէս որ՝ մի բան չէ նա, ով տնկեց, ոչ էլ մի բան է նա, ով ջուր տուեց, այլ՝ նա, ով աճեցրեց՝ Աստուած։ 7Ով որ տնկեց, եւ ով որ ջուր տուեց, մի են, բայց իւրաքանչիւր ոք իր վարձը կը ստանայ ըստ իր վաստակի. 8որովհետեւ Աստծուն գործակից ենք. Աստծու այգին էք, Աստծու կառոյցն էք։9Որպէս իմաստուն ճարտարապետ, հիմքը դրեցի ըստ Աստծու այն շնորհի, որ տրուած է ինձ. բայց ուրիշն է, որ կառուցում է. սակայն իւրաքանչիւր ոք թող զգոյշ լինի, թէ ինչպէս է կառուցում. 10որովհետեւ ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրուած այն հիմքը, որ Յիսուս Քրիստոսն է։ 11Եթէ մէկը այս հիմքի վրայ կառուցի ոսկով, արծաթով, թանկարժէք քարերով, փայտով, խոտով, եղէգով, իւրաքանչիւրի գործը յայտնի կը լինի. որովհետեւ դատաստանի օրը այդ պիտի երեւայ, քանի որ կրակո՛վ յայտնի պիտի լինի. 12եւ իւրաքանչիւրի գործը, ինչպէս որ է, կրա՛կը պիտի փորձի. 13եթէ մէկի կառուցած գործը մնայ, նա վարձ պիտի ստանայ. 14եւ եթէ մէկի գործը այրուի, նա պիտի տուժի, թէեւ ինքը պիտի փրկուի, բայց նման մէկին, որ կարծես կրակի միջով անցած լինէր։ 15Չգիտէ՞ք, որ Աստծու տաճար էք դուք, եւ Աստծու Հոգին է բնակւում ձեր մէջ։ 16Եթէ մէկն Աստծու տաճարն ապականի, Աստուած էլ նրան պիտի ապականի. որովհետեւ սուրբ է Աստծու տաճարը, որը դուք էք։ 17Թող ոչ ոք ինքն իրեն չխաբի։ Եթէ ձեզնից մէկը կարծում է, թէ ինքը իմաստուն է այս աշխարհում, յիմար թող լինի, որպէսզի իմաստուն դառնայ. 18որովհետեւ այս աշխարհի իմաստութիւնը յիմարութիւն է Աստծու առաջ. քանզի գրուած է, թէ՝ ինքն է, որ բռնում է իմաստուններին իրենց խորագիտութեան մէջ։ 19Եւ դարձեալ, թէ՝ Տէրը գիտէ իմաստունների մտածումները, որ ընդունայն են։ 20Ուրեմն մարդկանցից ոչ ոք չպարծենայ, որովհետեւ ձերն է ամէն ինչ՝ 21թէ՛ Պօղոսը, թէ՛ Ապողոսը, թէ՛ Կեփասը, թէ՛ աշխարհ, թէ՛ կեանք, թէ՛ մահ, թէ՛ այն բաները, որ կան, թէ՛ լինելիքները. ամէն ինչ ձերն է. 22դուք Քրիստոսինն էք, իսկ Քրիստոս՝ Աստծունը։ 
4 Այսպէս, մարդիկ թող համարեն մեզ իբրեւ սպասաւորներ Քրիստոսի եւ տնտեսներ Աստծու խորհուրդների։ 2Արդ, տնտեսների մէջ փնտռւում է նա, թէ ո՛վ հաւատարիմ կը գտնուի։ 3Բայց ինձ համար արժէք չունի դատուած լինել ձեզնից կամ նոյնիսկ՝ մարդկանցից. եւ ես ինքս ինձ էլ չեմ դատում, 4որովհետեւ ինքս իմ մասին բան չգիտեմ. բայց սրանով չեմ արդարանում, որովհետեւ նա, որ դատում է ինձ, Տէրն է։ 5Ուրեմն ժամանակից առաջ մի՛ դատէք, մինչեւ գայ Տէրը, որ ի լոյս է հանելու խաւարի գաղտնիքները եւ յայտնի է դարձնելու սրտերի խորհուրդները. եւ ապա իւրաքանչիւրը գովասանք պիտի ստանայ Աստծուց։ 6Եղբայրնե՛ր, ձեզ համար այս բանը օրինակ բերեցի իմ անձով եւ Ապողոսի անձով, որպէսզի մեզնից սովորէք աւելի բան չիմանալ, քան ինչ որ կայ գրուածքներում, որպէսզի ոչ մի մարդ, աւելի քան ընկերը, չգոռոզանայ ընկերոջ վրայ։ 7Իսկ արդ, ո՞վ է, որ պիտի քննի քեզ։ Ի՞նչ բան ունես, որ ստացած չլինես. եւ եթէ ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում չստացողի պէս։ 8Արդէն իսկ յագեցած էք եւ արդէն հարուստ դարձած. թագաւոր դարձաք առանց մեզ. եւ երանի թէ թագաւորէիք, որպէսզի մենք էլ թագաւորէինք ձեզ հետ։ 9Ինձ այնպէս է թւում, թէ մեզ՝ առաքեալներիս, Աստուած վերջիններ դարձրեց, որպէս մահապարտների. որովհետեւ տեսարան դարձանք աշխարհին եւ հրեշտակներին ու մարդկանց։ 10Մենք՝ յիմարներ Քրիստոսի պատճառով, եւ դուք՝ իմաստուններ Քրիստոսով. մենք՝ թոյլեր, եւ դուք՝ հզօրներ. դուք՝ փառաւորուածներ, եւ մենք՝ անարգներ։ 11Մինչեւ այսօր ե՛ւ քաղցած մնացինք, ե՛ւ ծարաւեցինք, ե՛ւ մնացինք մերկ, ե՛ւ բռնցքահարուեցինք, ե՛ւ մնացինք անկայան. 12եւ չարաչար աշխատեցինք մեր ձեռքերով. նախատում էին մեզ՝ օրհնում էինք, հալածում էին՝ դիմանում էինք, 13հայհոյում էին՝ աղօթում էինք. առակ-նշաւակ եղանք ամբողջ աշխարհին, ջնջոց՝ բոլորի համար մինչեւ այժմ։14Ոչ թէ ձեզ ամօթով թողնելու համար եմ գրում այս, այլ խրատում եմ ձեզ իբրեւ սիրելի որդիներ։ 15Թէպէտ եւ բիւր դաստիարակներ ունէք Քրիստոսով, բայց ոչ՝ բազում հայրեր. որովհետեւ Քրիստոս Յիսուսի Աւետարանով ե՛ս ծնեցի ձեզ։ 16Արդ, աղաչում եմ ձեզ, նմանուեցէ՛ք ինձ։ 17Դրա համար ձեզ մօտ ուղարկեցի Տիմոթէոսին, որ իմ սիրելի որդին է եւ հաւատարիմ՝ ի Տէր, որպէսզի յիշեցնի ձեզ իմ ճանապարհները ի Քրիստոս Յիսուս, ինչպէս որ ամենուրեք ուսուցանում եմ բոլոր եկեղեցիներում։ 18Ոմանք հպարտացել են, որպէս թէ ես ձեզ մօտ չեմ գալու. 19բայց գալու եմ շուտով, եթէ Տէրը կամենայ. եւ տեղեակ կը լինեմ ոչ թէ հպարտացողների խօսքերին, այլ՝ նրանց զօրութեանը. 20որովհետեւ Աստծու թագաւորութիւնը ոչ թէ խօսքերով է, այլ՝ զօրութեամբ։ 21Արդ, ինչպէ՞ս էք ուզում. գաւազանո՞վ գամ ձեզ մօտ, թէ՞ սիրոյ հեզութեան, արդարութեան եւ խոնարհութեան Հոգով։ 
5 Ներկայումս լսում ենք, թէ պոռնկութիւն կայ ձեր մէջ, եւ այնպիսի պոռնկութիւն, որ հեթանոսների մէջ իսկ չկայ, որպէս թէ մէկն ապրի իր հօր կնոջ հետ։ 2Եւ դուք հպարտանում էք. աւելին. չէք էլ սգում, որպէսզի վերանար ձեր միջից նա, ով այդ արարքը կատարեց. 3ես, թէպէտեւ մարմնով հեռու եմ, բայց հոգով՝ մօտ. իսկ ես, որպէս թէ մօտ լինէի, դատեցի նրան, որ այդպիսի բան գործեց, - 4յանուն մեր Տէր Յիսուս Քրիստոսի, երբ դուք եւ իմ հոգին միասին կը հաւաքուէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութեամբ հանդերձ, - 5մատնեցէ՛ք այդպիսի մէկին Սատանային՝ նրա մարմնի կորստեան համար, որպէսզի նրա հոգին ապրի մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրում։ 6Լաւ չեն ձեր այդ պարծանքները. չգիտէ՞ք, թէ մի փոքր թթխմոր ամբողջ զանգուածը խմորում է։ 7Մաքրեցէ՛ք, դէ՛ն նետեցէք հին խմորը, որպէսզի նոր զանգուած լինէք, առանց թթխմորի. քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթուեց։ 8Ուրեմն, տօն կատարենք ոչ թէ հին խմորով եւ չարութեան ու անզգամութեան խմորով, այլ՝ ստուգութեան եւ ճշմարտութեան անթթխմոր հացով։ 9Գրեցի ձեզ այդ թղթի մէջ, որ չխառնակուէք պոռնիկների հետ. 10եւ ոչ միայն այս աշխարհի պոռնիկների կամ ագահների կամ յափշտակողների կամ կռապաշտների հետ. ապա թէ ոչ պարտաւոր պիտի լինէիք աշխարհից իսկ դուրս գալ։ 11Բայց արդ, ձեզ գրեցի, որ չխառնակուէք. եթէ եղբայր կոչուած մէկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ յափշտակող, այդպիսի մէկի հետ հաց էլ չուտէք։ 12Իմ ի՞նչ գործն է դատել նաեւ դրսիններին. չէ՞ որ ներսիններին դուք էք դատում։ 13Իսկ դրսիններին Աստուած է դատելու։ Վերացրէ՛ք չարը ձեր միջից։ 
6 Ձեզնից մէկը, եթէ խնդիր ունենայ իր ընկերոջ հետ, կը համարձակուի՞ դատուել անիրաւների առաջ, թէ՞ սրբերի առաջ.2չգիտէ՞ք, թէ սրբերն են դատում աշխարհը։ Եւ եթէ ձեզնով է դատւում աշխարհը, ապա արժանի չէ՞ք չնչին բաներ դատելու։ 3Չգիտէ՞ք, թէ մենք հրեշտակներին էլ ենք դատելու, ուր մնաց թէ՝ երկրաւորներին։4Իսկ դուք, երբ այս հարցերի մասին վէճեր ունէք, որպէս եկեղեցու դատաւորներ նստեցնում էք մարդկանց, որոնք անարժէք են։ 5Յամօթ ձեզ եմ ասում։ Ձեր մէջ չկա՞յ այնչափ իմաստուն մէկը, որ կարողանայ արդար դատ անել իր եւ եղբօր միջեւ։ 6Բայց եղբայրը եղբօր դէմ է դատւում, այն էլ՝ անհաւատների առջեւ։ 7Եւ արդ, բոլորովին վատթար բան է ձեզ համար, որ դատաստաններ էլ կան ձեր մէջ։ Ինչո՞ւ ինքներդ զրկանք չէք կրում եւ առաւել եւս ինքներդ նեղութիւն չէք քաշում. 8այլ դուք էք զրկում եւ նեղում. այն էլ՝ նոյնիսկ եղբայրներին։ 9Չգիտէ՞ք, թէ անիրաւներն Աստծու արքայութիւնը չեն ժառանգում. մի՛ խաբուէք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, 10ո՛չ իգացողներ, ո՛չ արուամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ յափշտակողներ Աստծու արքայութիւնը չպիտի ժառանգեն։ 11Եւ դուք, գոնէ ոմանք, այդպիսիք էիք. բայց լուացուեցիք, մաքրուեցիք, արդարացուեցիք մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով եւ մեր Աստծու Հոգով։ 12Ամէն ինչ ինձ արտօնուած է, բայց ոչ ամէն բան՝ օգտակար։ Ամէն ինչ ինձ արտօնուած է, բայց պէտք չէ, որ որեւէ բանի իշխանութեան տակ լինեմ։ 13Ուտելիքը որովայնի եւ որովայնը ուտելիքի համար է։ Բայց Աստուած ե՛ւ այս, ե՛ւ այն պիտի կործանի. սակայն մարմինը ոչ թէ պոռնկութեան, այլ Տիրոջ համար է, եւ Տէրը՝ մարմնի համար։ 14Բայց Աստուած, որ Տիրոջը յարութիւն տուեց, ձեզ էլ յարութիւն պիտի տայ իր զօրութեամբ։ 15Չգիտէ՞ք, թէ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են։ Արդ, Քրիստոսի անդամներն առնելով՝ պոռնիկի՞ անդամներ ենք դարձնելու։ Քա՛ւ լիցի։ 16Չգիտէ՞ք, թէ, ով մերձենում է պոռնիկին, նրա հետ մէկ մարմին է դառնում։ «Կը լինեն, - ասում է Գիրքը, - երկուսը մէկ մարմին»։ 17Եւ ով մերձենում է Տիրոջը, մէ՛կ հոգի է դառնում նրա հետ։ 18Փախէ՛ք պոռնկութիւնից։ Ինչ մեղք էլ որ գործի մարդ, այդ իր մարմնից դուրս է. իսկ ով պոռնկանում է, իր մարմնի դէմ է մեղք գործում։ 19Չգիտէ՞ք, թէ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մէջ է, եւ որն ստացել էք Աստծուց. եւ դուք ձեր տէրը չէք, 20քանզի մե՛ծ գնով գնուեցիք։ Փառաւորեցէ՛ք Աստծուն ձեր մարմինների մէջ։ 
7 Այժմ, այն բաների մասին, որ ինձ գրել էիք։ Լաւ է տղամարդու համար կին արարածին չմերձենալ։ 2Բայց, չպոռնկանալու համար, իւրաքանչիւր մարդ թող իր կինը ունենայ, եւ ամէն կին՝ իր մարդը։ 3Թող մարդը կնոջ հանդէպ իր պարտքը կատարի, նոյն ձեւով եւ կինը՝ իր մարդու հանդէպ. 4որովհետեւ կինն իր մարմնի տէրը չէ, այլ՝ մարդը։ Նոյնպէս եւ՝ մարդը իր մարմնի տէրը չէ, այլ՝ կինը։ 5Մի՛ զրկէք միմեանց, այլ միայն այն դէպքում, եթէ միառժամանակ համաձայն էք, որ աղօթքի նուիրուէք. եւ վերստին միմեա՛նց դարձէք, որպէսզի Սատանան ձեզ չփորձի ձեր անժուժկալութեան պատճառով։ 6Այս ասում եմ թոյլ տալով եւ ոչ թէ հրաման տալով. 7որովհետեւ ուզում եմ, որ ամէն մարդ լինի այնպէս, ինչպէս ես եմ. բայց իւրաքանչիւր ոք իր շնորհն ունի Աստծուց, մէկն՝ այսպէս, իսկ միւսն՝ այնպէս։ 8Սակայն ամուրիներին եւ այրիներին ասում եմ. լաւ է նրանց համար, եթէ մնան այնպէս, ինչպէս ես եմ։ 9Իսկ եթէ ժուժկալութիւն չունեն, թող ամուսնանան. որովհետեւ լաւ է ամուսնանալ, քան կրքով այրուել։10Իսկ ամուսնացեալներին ոչ թէ ես, այլ Տէրն է պատուիրում. թող կինը ամուսնուց չբաժանուի։ 11Իսկ եթէ բաժանուի, թող առանց ամուսնու մնայ կամ վերստին իր մարդու հետ հաշտուի. եւ մարդը իր կնոջը թող չթողնի։ 12Բայց միւսներին ես եմ պատուիրում, ոչ թէ Տէրը. եթէ մի եղբայր անհաւատ կին ունենայ, եւ նրան հաճելի լինի ապրել նրա հետ, նրան թող չթողնի։ 13Եւ մի կին, եթէ անհաւատ մարդ ունենայ, եւ նա ուզենայ ապրել նրա հետ, իր մարդուն թող չթողնի. 14որովհետեւ անհաւատ մարդը իր կնոջո՛վ սուրբ է. սուրբ է եւ անհաւատ կինը իր մարդո՛վ. ապա թէ ոչ՝ ձեր որդիները պիղծ կը լինեն. մինչդեռ հիմա սուրբ են։ 15Իսկ եթէ անհաւատը ուզում է բաժանուել իր կողակցից, թող բաժանուի. քանի որ այսպիսի դէպքում հաւատացեալ եղբօր կամ քրոջ վրայ հարկադրանք չկայ. քանզի Աստուած մեզ խաղաղութեան կոչեց։16Ի՞նչ գիտես, դո՛ւ, կի՛ն, թէ քո մարդուն փրկելու ես. կամ ի՞նչ գիտես, դո՛ւ, մա՛րդ, թէ քո կնոջը փրկելու ես. 17միայն թէ՝ ամէն մէկին Տէրը ինչ ձեւով որ բաժին տուեց, եւ իւրաքանչիւրին Աստուած ինչպէս որ կանչեց, թող նա այնպէս էլ ընթանայ։ Եւ բոլոր եկեղեցիներում այսպէս եմ պատուիրում։ 18Եթէ թլփատուած մէկը հաւատի կանչուեց, թող չփորձուի ծածկել թըլփատութեան նշանները։ Եթէ անթըլփատութեան վիճակի մէջ գտնուող մէկը կանչուեց, թող չթլփատուի. 19որովհետեւ թլփատուածութիւնը ոչինչ է. անթլփատուածութիւնն էլ ոչինչ է, այլ միայն կարեւոր է Աստծու պատուիրանների պահպանումը։ 20Բայց իւրաքանչիւր ոք, ինչ կոչման մէջ որ էր, երբ կանչուեց, թող նրանում էլ մնայ։ 21Ծառա՞յ էիր, երբ կոչուեցիր. դու հոգ մի՛ արա, այլ, եթէ կարողանաս իսկ ազատ լինել, քեզ այդպէս լաւ կը լինի. 22որովհետեւ, ով Տիրոջով ծառայ է կանչուած, Տիրոջ կողմից ազատուած է. նոյնպէս եւ՝ ով ազատ է կոչուած, Քրիստոսի ծառան է։ 23Մե՛ծ գնով գնուեցիք։ Մարդկանց ծառաներ մի՛ եղէք։ 24Եղբայրնե՛ր, իւրաքանչիւրը, ինչ կոչման մէջ որ կոչուեց, թող նոյնի մէջ էլ մնայ Աստծու առաջ։ 25Իսկ կոյսերի մասին Տիրոջից հրաման չունեմ. բայց խրատ եմ տալիս, որպէս Տիրոջից ողորմութիւն գտած մէկի, որ վստահելի է։ 26Կարծում եմ, թէ այսպէս լաւ է. այն նեղութեան պատճառով, որ ներկայումս կայ. մարդու համար լաւ է, որ այսպէս լինի։ 27Կապուա՞ծ ես կնոջ հետ. մի՛ փորձուիր արձակուել։ Չե՞ս կապուած. կին մի՛ փնտռիր. 28սակայն եթէ ամուսնանաս, մեղք գործած չես լինի. եւ եթէ կոյսն ամուսնանայ, մեղք գործած չի լինի։ Բայց այդպիսիները մարմնի նեղութիւն են ունենալու. իսկ ես պիտի խնայէի ձեզ։ 29Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, թէ այսուհետեւ ժամանակը կարճ է։ Նրանք, որ կին ունեն, այնպէս ապրեն, որպէս թէ՝ ունեցած չլինէին. 30եւ նրանք, որ լաց են լինում, որպէս թէ՝ լացած չլինէին. եւ նրանք որ ուրախանում են, որպէս թէ՝ ուրախացած չլինէին. եւ նրանք, որ բան են գնում, որպէս թէ՝ ունեցած չլինէին. 31եւ նրանք, որ աշխարհիկ կեանք են վարում, որպէս թէ՝ վայելած չլինէին. որովհետեւ այս աշխարհը, այնպէս, ինչպէս որ է, անցնելու վրայ է։ 32Այլ ուզում եմ, որ դուք առանց հոգսի լինէք. որովհետեւ, ով կին չունի, հոգում է, թէ ինչպէս հաճելի լինի Տիրոջը։ 33Իսկ ով կին ունի, աշխարհի մասին է հոգում, թէ ինչպէս հաճելի լինի իր կնոջը։ 34Եւ այսպէս տարբերւում են իրարից ամուսնացած կինը եւ կոյսը. քանի որ կոյսը հոգում է Տիրոջ գործերի մասին, որպէսզի սուրբ լինի մարմնով եւ հոգով։ Իսկ ամուսնացած կինը հոգում է աշխարհի մասին, թէ ինչպէս հաճելի լինի իր մարդուն։ 35Եւ այս ձեր օգտի համար եմ ասում. ոչ թէ ձեզ ճնշելու համար, այլ պարկեշտութեան եւ Տիրոջը բոլորանուէր ծառայելու համար։ 36Իսկ եթէ մէկը ամօթ զգայ իր կոյս նշանածի համար, եւ եթէ իր կրքի չափն անցել է, - եւ դա բնական է, - թող անի, ինչ ցանկանում է. մեղք չի գործի՝ թող ամուսնանայ։ 37Իսկ ով համոզուած է իր սրտում եւ կարող է իշխել իր կամքին ու ներքնապէս որոշել է կոյս թողնել իր նշանածին, լաւ է անում, վտանգ չկայ նրան այդ բանում։ 38Իսկ ով որ ամուսնանում է իր կոյս նշանածի հետ, լաւ է անում. իսկ ով որ չի ամուսնանում, առաւել եւս լաւ է անում։ 39Կինը կապուած է իր մարդուն մինչեւ այնքան ժամանակ, որ իր մարդը կենդանի է։ Իսկ երբ նրա մարդը մեռնի, ազատ է ամուսնանալու՝ ում հետ ուզենայ, բայց միայն Տիրոջով։ 40Սակայն առաւել երանելի է, եթէ մնայ այնպէս, ըստ իմ խրատի։ Ես այնպէս եմ կարծում, թէ իմ մէջ էլ Աստծու Հոգի կայ։ 
8 Իսկ այժմ, կուռքերին արուած զոհերի մասին։ Ոմանք ասում են՝ այդ մասին մենք անհրաժեշտը գիտենք. գիտութիւնը հպարտացնում է, բայց սէրը՝ հաստատում։ 2Եթէ մէկը կարծում է, թէ բան գիտէ, դեռ չգիտէ իսկ ինչպէս պէտք է գիտենալ։ 3Բայց ով սիրում է Աստծուն, նա ճանաչուած է նրանից։ 4Իսկ ինչ վերաբերում է կուռքերին զոհ արուածները ուտելուն, գիտենք, որ այս աշխարհում կուռքերը ոչինչ են. որովհետեւ չկայ ուրիշ Աստուած, բացի միակ Աստծուց, 5թէպէտեւ այսպէս կոչուած աստուածներ կան թէ՛ երկնքում եւ թէ՛ երկրի վրայ. արդարեւ, կան բազում աստուածներ եւ բազում տէրեր։ 6Բայց մեզ համար միայն մէ՛կ Աստուած կայ, Հայր, որ ստեղծել է ամէն բան, եւ մենք ապրում ենք նրանով. եւ՝ միայն մէ՛կ Տէր Յիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծուեց ամէն ինչ, եւ մենք ապրում ենք նրանով։ 7Բայց բոլորի մէջ այս գիտութիւնը չկայ։ Ոմանք, մինչեւ այժմ վարժուած լինելով, կուռքերին զոհ արուածը իբրեւ զոհաբերուած են ուտում, եւ որովհետեւ նրանց խղճմտանքը տկար է, պղծւում են։ 8Եւ ուտելիքը չէ, որ մեզ Աստծու առաջ է կանգնեցնելու։ Եթէ չուտենք, ոչնչով չենք պակասի, եւ եթէ ուտենք, ոչնչով չենք աւելանայ։ 9Բայց զգո՛յշ եղէք, գուցէ ձեր այդ ազատութիւնը գայթակղութիւն լինի տկարների համար։10Եթէ մէկը տեսնի քեզ՝ այդ գիտութիւնը ունեցողիդ, սեղան նստած մեհեանում, արդարեւ, նա, որի խղճմտանքը տկարութեամբ է պատած, վերստին չի՞ քաջալերուի կուռքերին զոհաբերուածն ուտելու։ 11Եւ տկար եղբայրը, որի համար Քրիստոս մեռաւ, կորստեան կը մատնուի քո գիտութեան պատճառով։ 12Եւ այսպէս, յանցանք գործելով եղբայրների դէմ եւ վիրաւորելով տկարների խղճմտանքը, դուք Քրիստոսի հանդէպ մեղանչում էք։ 13Ուստի, եթէ ուտելիքը պիտի գայթակղեցնի իմ եղբօրը, յաւիտեան միս չեմ ուտի, որպէսզի իմ եղբօրը չգայթակղեցնեմ։ 
9 Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքեալ եմ, չէ՞ որ իմ աչքերով տեսայ Տէր Յիսուս Քրիստոսին, չէ՞ որ դուք էք իմ գործը ի Տէր։ 2Թէպէտեւ ուրիշների համար առաքեալ չեմ, բայց յամենայն դէպս ձեզ համար առաքեալ եմ. որովհետեւ իմ առաքելութեան կնիքն իսկ էք դուք ի Տէր։ 3Ուր որ ինձ հարցաքննեն, իմ պատասխանը այս է. 4միթէ իշխանութիւն չունե՞նք ուտելու եւ խմելու։ 5Միթէ իշխանութիւն չունե՞նք մեզ հետ ման ածելու մեր հաւատացեալ կանանց, ինչպէս որ միւս առաքեալները, Տիրոջ եղբայրները եւ Կեփասը անում են։ 6Միայն ես եւ Բառնաբա՞սը պարտաւոր ենք մեր ապրուստի համար աշխատելու։ 7Ո՞վ երբեւէ զինուորութիւն կ՚անի իր ծախսով։ Ո՞վ այգի կը տնկի եւ նրա պտղից չի ուտի։ Ո՞վ հօտ կ՚արածացնի եւ հօտի կաթից չի խմի։ 8Միթէ մարդկայնօրէ՞ն եմ ասում այս բանը. կամ թէ՝ օրէնքն էլ այս նոյնը չի՞ ասում։ 9Մովսէսի իսկ օրէնքում գրուած է. «Կալում աշխատող եզան դունչը չկապես»։ Միթէ միայն եզների՞ համար էր հոգ անում Աստուած։10Չէ՞ որ մեզ համար է ասում. քանի որ մեզ համար գրուեց այդ. ով վարուցանք է անում, պէտք է յոյսով վարուցանք անի, եւ ով կալսում է՝ վայելելու յոյսով։ 11Եթէ մենք ձեր մէջ հոգեւոր բաներ սերմանեցինք, մեծ բա՞ն է, եթէ ձեզնից մարմնաւոր բաներ հնձենք։ 12Եթէ ուրիշներ ձեր վրայ ունեցած իշխանութեամբ վայելում են այդ բաները, որչա՜փ եւս առաւել՝ մենք։ Բայց այս իշխանութիւնը ի գործ չդրինք, այլ ամէն ինչի համբերում ենք, որպէսզի Աւետարանին որեւէ արգելք չլինի։13Չգիտէ՞ք, թէ նրանք, որ տաճարում պաշտօնավարում են, տաճարից էլ ուտում են։ Եւ նրանք, որ սեղանի սպասաւորներն են, սեղանից էլ վայելում են։ 14Նոյնպէս եւ Տէրը Աւետարանը քարոզողներին հրամայեց, որ Աւետարանից էլ ապրեն։ 15Բայց ես սրանցից եւ ոչ մի բան ի գործ չդրի. ոչ էլ գրեցի այս բաները, որ իմ հանդէպ էլ այդպէս լինի։ Լաւ է, որ ես աւելի շուտ մեռնեմ, քան մէկն իմ պարծանքը ընդունայն համարի. 16որովհետեւ, եթէ աւետարանում եմ, այդ ինձ համար պարծանք չէ, քանզի պարտաւորութիւն է դրուած իմ վրայ։ Բայց վա՛յ է ինձ, եթէ չաւետարանեմ։ 17Եթէ կամովին եմ անում այդ, վարձ կայ ինձ համար, իսկ եթէ՝ ակամայ, ծանր պարտականութիւն է ինձ յանձնուած։ 18Եւ արդ, ի՞նչ է իմ վարձը. այն՝ որ աւետարանելիս Աւետարանը ձրի տամ, որպէսզի աւետարանելու մէջ ունեցած իմ իշխանութիւնը չարաշահած չլինեմ. 19թէպէտեւ ազատ էի բոլորից, բայց իմ անձը դրի բոլորի ծառայութեան համար, որպէսզի շահեմ շատերին։ 20Հրեաների հետ եղայ ինչպէս հրեայ, որպէսզի շահեմ հրեաներին։ 21Եղայ օրէնքի տակ, ինչպէս օրէնքի տակ եղածները. ոչ թէ նրա համար, որ օրէնքի տակ էի, այլ որպէսզի շահեմ նաեւ նրանց, որ օրէնքի տակ են։ Օրէնքի տակ չեղողների հետ եղայ ինչպէս օրէնքի տակ չեղող մարդ, ոչ թէ նրա համար, որ Աստծու օրէնքին ենթակայ չէի, այլ՝ Քրիստոսի՛ օրէնքի տակ էի, որպէսզի շահեմ օրէնքի տակ չեղողներին։ 22Եղայ տկարների հետ ինչպէս տկար, որպէսզի շահեմ տկարներին։ Բոլորի հետ ամէն ինչ եղայ, որպէսզի թերեւս փրկեմ ոմանց։ 23Այս բոլորն անում եմ Աւետարանի համար, որպէսզի մասնակից լինեմ նրան։ 24Չգիտէ՞ք, թէ նրանցից, որ ասպարէզում վազում են, - թէեւ բոլորն են վազում, - միայն մէկն է առնում յաղթութեան մրցանակը։ Այնպէ՛ս վազեցէք, որ հասնէք դրան։ 25Ով մրցում է, ամէն ինչում ժուժկալ է լինում. նրանք՝ որպէսզի կորնչելի պսակն առնեն, իսկ մենք՝ անկորնչելին։ 26Արդ, ես ճիշտ այսպէ՛ս եմ վազում, ոչ թէ աննպատակ. այնպէս չեմ կռփահարում, իբրեւ թէ քամի ծեծէի, 27այլ ճնշելով ամրացնում եմ իմ մարմինը եւ հնազանդեցնում այն, որպէսզի գուցէ ես ինքս խոտելի չլինեմ այն բանում, որ քարոզեցի ուրիշներին։ 
10 Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգիտանաք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի առաջնորդութեան տակ էին եւ բոլորն էլ ծովով անցան. 2եւ բոլորը, հետեւելով Մովսէսին, մկրտուեցին ամպ ու ծովի մէջ. 3եւ բոլորն էլ նոյն հոգեւոր ուտելիքը կերան, 4եւ բոլորն էլ նոյն հոգեւոր ըմպելիքը խմեցին, որովհետեւ խմում էին հոգեւոր այն վէմից, որ գնում էր նրանց հետ եւ այն վէմը ինքը՝ Քրիստոսն էր։ 5Բայց նրանցից շատերը չէ, որ հաճելի եղան Աստծուն, քանզի անապատում ընկան մեռան։ 6Եւ այն որպէս օրինակ եղաւ մեզ համար, որպէսզի չար բաների ցանկացող չլինենք, ինչպէս որ ցանկացան նրանք։ 7Եւ չլինենք կռապաշտներ, ինչպէս նրանցից ոմանք. ինչպէս գրուած է. «Նստեց ժողովուրդը ուտելու եւ խմելու, եւ նրանք վեր կացան զուարճանալու»։ 8Եւ չպոռնկանանք, ինչպէս նրանցից ոմանք պոռնկացան, եւ մի օրում ընկան քսանչորս հազարը։ 9Եւ չփորձենք Տիրոջը, ինչպէս փորձեցին նրանցից ոմանք եւ կոտորուեցին օձերից։ 10Եւ չտրտնջանք, ինչպէս տրտնջացին նրանցից ոմանք եւ կորստեան մատնուեցին մահուան հրեշտակից։ 11Եւ այս բոլորը իբրեւ օրինակ պատահեց նրանց հետ, բայց որպէս խրատ գրուեց մեզ համար, մեզ, որոնց համար հասել է յաւիտեանների վախճանը։ 12Այսպէս ուրեմն՝ ով կարծում է, թէ կանգնած է հաստատ, թող զգոյշ լինի, գուցէ թէ ընկնի։ 13Ձեր վրայ ոչ մի փորձութիւն չի եկել, բացի մարդկանցից եկածից։ Բայց հաւատարիմ է Աստուած, որ ձեզ աւելի փորձութեան մէջ չի գցելու, քան կարող էք տանել. այլ՝ փորձութեան հետ փրկութեան ելք էլ է ցոյց տալու, որպէսզի կարողանաք համբերել։ 14Ուստի, իմ սիրելինե՛ր, փախէ՛ք կռապաշտութիւնից։ 15Ասում եմ ձեզ իբրեւ գիտակից մարդկանց. ինքնե՛րդ դատեցէք, ինչ ասում եմ։ 16Օրհնութեան բաժակը, որն օրհնում ենք, արդարեւ հաղորդութիւն չէ՞ Քրիստոսի արեան. հացը, որը կտրում ենք, արդարեւ հաղորդութիւն չէ՞ Քրիստոսի մարմնի.17որովհետեւ մի հաց, մի մարմին ենք բոլորս, քանի որ բոլորս էլ այդ միակ հացից ենք վայելում։ 18Նկատի առէք մարմնաւոր Իսրայէլը. չէ՞ որ նրանք, որ ուտում են զոհից, մասնակից են սեղանին։ 19Իսկ արդ, ահա ինչ եմ ասում. կուռքերին զոհաբերուածը մի բա՞ն է. եւ կամ՝ կուռքն ինքնին մի բա՞ն է։ 20Ո՛չ, ինչ որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում եւ ոչ՝ Աստծուն։ Չեմ ուզում, որ դուք դեւերին հաղորդակից լինէք. քանզի չէք կարող խմել ե՛ւ Տիրոջ բաժակը, ե՛ւ դեւերի բաժակը։ 21Եւ չէք կարող վայելել ե՛ւ Տիրոջ սեղանից, ե՛ւ դեւերի սեղանից։ 22Կամ թէ՝ ուզում ենք Տիրոջ նախա՞նձը գրգռել. մի՞թէ աւելի զօրեղ ենք, քան նա։ 23Ամէն ինչ ինձ թոյլատրելի է, բայց ամէն բան չէ, որ օգտակար է. ամէն ինչ ինձ թոյլատրելի է, բայց ամէն ինչ չէ, որ հաւատը հաստատում է։ 24Ոչ ոք միայն իր օգուտը թող չփնտռի, այլ՝ նաեւ ընկերոջինը։ 25Կերէ՛ք ամէն ինչ, որ վաճառւում է սպանդանոցում, եւ խղճմտանքի պատճառով խտրութիւն մի՛ դրէք. 26որովհետեւ՝ «Տիրոջն է երկիրն իր ամբողջութեամբ»։ 27Եթէ անհաւատներից մէկը ձեզ հրաւիրի, եւ դուք ուզենաք գնալ, այն ամէնը, որ ձեր առաջ կը դրուի, կերէ՛ք եւ խղճմտանքի պատճառով խտրութիւն մի՛ դրէք։ 28Իսկ եթէ մէկը ձեզ ասի, թէ՝ «Այդ զոհ է արուած», մի՛ կերէք այն մարդու պատճառով, ով իմաց տուեց ձեզ, եւ նրա խղճմտանքի պատճառով.29խօսքս ոչ թէ ձեր խղճմտանքի մասին է, այլ՝ ընկերոջ։ Բայց ինչո՞ւ իմ ազատութիւնը պիտի կաշկանդուի ուրիշի խղճմտանքի պատճառով։30Եթէ ես գոհութիւն յայտնելով վայելում եմ, ինչո՞ւ հայհոյուեմ նրա համար, որ գոհութիւն եմ յայտնում։ 31Արդ, ուտէք թէ խմէք, կամ ինչ էլ անէք, ամէն ինչ արէ՛ք Աստծու փառքի համար. 32գայթակղութեան պատճառ մի՛ եղէք հրեաներին եւ հեթանոսներին եւ Աստծու եկեղեցուն. 33ինչպէս որ ե՛ս բոլորին ամէն ինչում հաճելի եմ լինում ու չեմ փնտռում իմ օգուտը, այլ՝ շատերինը, որպէսզի փրկուեն։



11 Նմանուեցէ՛ք ինձ, ինչպէս որ ես՝ Քրիստոսին։ 2Գովում եմ ձեզ, որ յիշում էք ինձ ամէն ինչում եւ պահում էք աւանդած բաները, ինչպէս որ աւանդեցի ձեզ։ 3Ուզում եմ, որ դուք իմանաք, թէ ամէն մարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ մարդը եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած։4Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։ 5Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը. որովհետեւ այնպէս է համարւում, թէ իբր գլուխն ածիլուած լինի.6քանզի, եթէ կինը քօղով չի ծածկւում, թող կտրի իր մազերը։ Իսկ եթէ ամօթ է կնոջ համար մազը կտրել կամ ածիլել, թող քօղով ծածկուի։7Պէտք չէ, որ տղամարդը իր գլուխը ծածկի, որովհետեւ նա պատկերն ու փառքն է Աստծու. իսկ կինը ի՛ր մարդու փառքն է. 8որովհետեւ ոչ թէ մարդն է կնոջից, այլ կինը՝ մարդուց. 9քանզի մարդը չստեղծուեց կնոջ համար, այլ կինը՝ մարդու համար։ 10Դրա համար կինը պարտաւոր է քօղ դնել գլխին, հրեշտակների պատճառով։ 11Բայց կինն առանց մարդու եւ մարդն առանց կնոջ չկան ի Տէր. 12որովհետեւ, ինչպէս որ կինը մարդուց է, այնպէս եւ մարդը՝ կնոջ միջոցով, եւ ամէն ինչ՝ Աստծուց։ 13Եւ դուք ինքնե՛րդ դատեցէք. վայե՞լ է կին արարածին գլխաբաց աղօթքի կանգնել Աստծու առաջ։ 14Եւ բնութիւնն իսկ չի՞ ուսուցանում ձեզ, որ, եթէ մարդը երկար մազերով է, այդ անարգանք է իրեն. 15բայց կինը, եթէ երկար մազերով է, այդ պատիւ է իրեն. որովհետեւ մազերը քօղի փոխարէն են տրուած նրան։ 16Իսկ եթէ մէկն ուզում է առարկել, մենք չունենք այդպիսի սովորութիւն, ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները։ 17Բայց այս բանը պատուիրում եմ, ոչ որպէսզի ձեզ գովեմ. որովհետեւ ոչ թէ դէպի լաւը, այլ դէպի վատթարն են գնում ձեր հաւաքոյթները։ 18Նախ՝ երբ ի մի վայր էք ժողովւում եկեղեցում, լսում եմ, թէ բաժանումներ կան ձեր մէջ. եւ մասամբ հաւատացի։ 19Բայց պէտք է, որ հերձուածներ էլ լինեն ձեր մէջ, որպէսզի ձեր միջից նրանք, որ ընտիր մարդիկ են, երեւան։ 20Եւ արդ, երբ դուք միասին հաւաքւում էք, Տիրոջ տունը ձեզ համար հաց ուտելու տեղ չէ. 21որովհետեւ իւրաքանչիւր ոք առաջ է ընկնում իր ընթրիքն ուտելու. մէկը՝ քաղցած է, իսկ միւսը՝ արդէն հարբած։ 22Միթէ տներ չունէ՞ք ուտելու եւ խմելու համար։ Կամ՝ Աստծու եկեղեցի՞ն էք արհամարհում եւ ամաչեցնում չքաւորներին։ Ի՞նչ ասեմ, գովե՞մ ձեզ դրա համար։ Չեմ գովում.23որովհետեւ ես ընդունեցի Տիրոջից, ինչ որ աւանդեցի ձեզ. այն՝ որ Տէր Յիսուս, այն գիշերը, երբ մատնուեց, հաց վերցրեց, 24գոհութիւն մատուցեց, կտրեց եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է. արէ՛ք այս իմ յիշատակի համար»։ 25Նոյն ձեւով էլ ընթրիքից յետոյ վերցրեց բաժակը եւ ասաց. «Այս բաժակը նոր ուխտ է իմ արիւնով. արէ՛ք այս իմ յիշատակի համար, քանի անգամ էլ որ խմէք»։ 26Քանի անգամ որ այս հացն ուտէք եւ այս բաժակը խմէք, պատմեցէ՛ք Տիրոջ մահը, մինչեւ որ նա գայ։ 27Ահա թէ ինչու, ով որ ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակն անարժանօրէն, պարտական պիտի լինի Տիրոջ մարմնին եւ արեանը։ 28Թող մարդ նախ ինքն իրե՛ն փորձի եւ ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից. 29որովհետեւ, ով ուտում է եւ խմում անարժանօրէն, իր իսկ դատապարտութիւնն է ուտում եւ խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը։ 30Դրա համար իսկ ձեր մէջ բազում հիւանդներ եւ ցաւագարներ կան, եւ շատերն էլ մեռած են.31որովհետեւ, եթէ մե՛նք մեզ քննէինք, ապա չէինք դատապարտուի։32Իսկ եթէ դատւում ենք, Տիրոջից խրատւում ենք, որպէսզի աշխարհի հետ չդատապարտուենք։ 33Եղբայրնե՛ր, ուրեմն, երբ ի մի հաւաքուէք ուտելու, սպասեցէ՛ք միմեանց։ 34Իսկ եթէ մէկը քաղցած լինի, իր տանը թող ուտի, որպէսզի դատապարտութեա՛ն համար հաւաքուած չլինէք։ Իսկ մնացած պատուէրները, երբ որ գամ, այն ժամանակ կը հաղորդեմ։ 
12 Գալով հոգեւոր շնորհներին, եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ չգիտենաք։2Գիտէք, որ, մինչ հեթանոսներ էիք, ինչպէ՜ս էիք գնում-գալիս անխօս կուռքերի մօտ։ 3Ուստի յայտնում եմ ձեզ, որ ոչ ոք, ով Աստծու Հոգով է խօսում, չի ասի, թէ՝ «Նզովեալ է Յիսուս». եւ ոչ ոք չի կարող ասել՝ «Յիսուս Տէր է», եթէ ոչ՝ Սուրբ Հոգով։ 4Թէեւ կան շնորհների զանազանութիւններ, բայց պարգեւող Հոգին նոյնն է։ 5Թէեւ կան զանազան պաշտօններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում։ 6Թէեւ կան գործելու զանազան կարողութիւններ, բայց նոյնն է Աստուած, որ գործում է ամէն բան ամենքի մէջ։ 7Բայց իւրաքանչիւրին տրուած է Հոգու յայտնութիւն՝ իւրաքանչիւրի օգուտի համար։ 8Մէկին Հոգուց տրուած է իմաստութեան խօսք, միւսին՝ գիտութեան խօսք՝ նոյն Հոգուց,9միւսին՝ հաւատ՝ նոյն Հոգով, միւսին՝ բժշկումների շնորհ՝ նոյն Հոգով,10միւսին՝ զօրաւոր գործերի կարողութիւններ, միւսին՝ մարգարէութիւն, միւսին՝ հոգիները զանազանելու շնորհ, միւսին՝ տեսակ-տեսակ լեզուներով խօսելու շնորհ, միւսին՝ լեզուների թարգմանութեան շնորհ։11Բայց այս ամէնը միեւնոյն Հոգին է առաջացնում եւ բաժանում իւրաքանչիւրին՝ ինչպէս որ կամենում է։ 12Ինչպէս մէկ է մարմինը եւ ունի բազում անդամներ, եւ մարմնի այդ բազում անդամները բոլորը մէկ մարմին են, այնպէս էլ՝ Քրիստոս. 13քանզի մէ՛կ Հոգով մէ՛կ մարմին լինելու համար մկրտուեցինք մենք ամէնքս՝ թէ՛ հրեաներ, թէ՛ հեթանոսներ, թէ՛ ծառաներ, թէ՛ ազատներ. եւ բոլորս էլ այդ մէ՛կ Հոգին խմեցինք։ 14Այսպէս, մարմինը մէկ անդամ չէ, այլ՝ բազում։ 15Եթէ ոտքն ասի՝ քանի որ ձեռք չեմ, այդ մարմնից չե՛մ, դրանով չի դադարում նոյն մարմնից լինելուց։ 16Եւ եթէ ականջն ասի՝ քանի որ աչք չեմ, այդ մարմնից չե՛մ, դրանով չի դադարում նոյն մարմնից լինելուց. 17եթէ ամբողջ մարմինը աչք լինէր, ո՞ւր կը մնար ականջը. եւ եթէ ամբողջ մարմինը ականջ լինէր, ո՞ւր կը մնար հոտոտելիքը։ 18Բայց արդ, Աստուած դրեց անդամները, նրանցից ամէն մէկը՝ մարմնի մէջ, ինչպէս որ կամեցաւ։ 19Իսկ եթէ ամբողջը մէկ անդամ լինէր, ո՞ւր կը մնար մարմինը։ 20Բայց արդ, բազում անդամներ կան, սակայն՝ մէկ մարմին։21Աչքը չի կարող ասել ձեռքին, թէ՝ ինձ պէտք չես. եւ կամ նոյն ձեւով գլուխը՝ ոտքերին, թէ՝ ինձ պէտք չէք։ 22Եւս առաւել, մարմնի այն անդամները, որ թւում է, թէ աւելի տկար են, կարեւորնե՛րն են. 23եւ նրանք, որ թւում է, թէ մարմնի համար աւելի անարգ են, առաւելագո՛յն պատիւ ենք անում նրանց. եւ մեր ամօթոյքները առաւել եւս անհրաժեշտ է պարկեշտութեամբ ծածկել։ 24Բայց մեր պարկեշտ անդամները այդ չեն պահանջում։ Որովհետեւ Աստուած կազմեց մարմինը եւ նուազ պատուաւորին առաւել պատիւ տուեց, 25որպէսզի մարմնի մէջ բաժանումներ չլինեն, այլ որպէսզի այդ անդամները նոյն հոգը տանեն միմեանց նկատմամբ։ 26Եւ եթէ մի որեւէ անդամ ցաւ է զգում, նրա հետ ցաւ են զգում բոլոր անդամները. եւ եթէ մի անդամը փառաւորւում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։ 27Արդ, դուք մարմինն էք Քրիստոսի եւ անդամներ՝ նրա անդամներից։ 28Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ ուսուցանողներ, ապա՝ զօրաւոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներ խօսելու շնորհներ, լեզուների թարգմանութեան շնորհներ։ 29Միթէ բոլո՞րն էլ առաքեալներ են. միթէ բոլո՞րն էլ մարգարէներ են. միթէ բոլո՞րն էլ ուսուցանողներ են. միթէ բոլո՞րն էլ զօրութիւններ գործողներ են. 30միթէ բոլո՞րն էլ բժշկելու շնորհ ունեն. միթէ բոլո՞րն էլ լեզուներ են խօսում. միթէ բոլո՞րն էլ թարգմանում են։ 31Բայց դուք նախանձախնդիր եղէք լաւագոյն շնորհներին։ Եւ ես առաւել լաւ ճանապարհ ցոյց կը տամ ձեզ։
13 Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կը նմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղօղանջում են։ 2Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը, եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ։ 3Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ։ 4Սէրը համբերող է, քաղցրաբարոյ է. սէրը չի նախանձում, չի ամբարտաւանանում, չի գոռոզանում,5անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտռում, բարկութեամբ չի գրգռւում, չար բան չի խորհում, 6անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ. 7ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում։ 8Սէրը երբեք չի անհետանում. թէ մարգարէութիւններ են, պիտի չքանան. թէ լեզուներ՝ պիտի լռեն. թէ գիտութիւն՝ պիտի անցնի.9քանզի շատից քիչը գիտենք եւ շատից քիչն ենք մարգարէանում։ 10Իսկ երբ գայ կատարեալը, շատից քիչը կ՚անհետանայ։ 11Մինչ երեխայ էի, խօսում էի ինչպէս երեխայ, խորհում էի ինչպէս երեխայ, դատում էի ինչպէս երեխայ. իսկ երբ տղամարդ դարձայ, երեխայական բաները մի կողմ թողեցի։ 12Այժմ տեսնում ենք աղօտ, ինչպէս պատկերը հայելու մէջ. իսկ այն ժամանակ պիտի լինի դէմառդէմ։ Այժմ շատից քիչը գիտեմ, իսկ այն ժամանակ կը գիտենամ՝ ինչպէս որ Նա ճանաչեց ինձ։13Բայց արդ, մնում են հաւատ, յոյս, սէր. սրանք՝ երեքը. եւ սրանցից մեծագոյնը սէրն է։ 
14 Սիրոյ հետամո՛ւտ եղէք եւ առաւել եւս նախանձախնդի՛ր եղէք հոգեւոր շնորհներին, մանաւանդ մարգարէութիւն անելու. 2որովհետեւ, ով որ լեզուներ է խօսում, մարդկանց հետ չի խօսում, այլ՝ Աստծու հետ. քանզի չկայ մէկը, որ հասկանայ իրեն, բայց նա Հոգով արտայայտում է խորհուրդներ։ 3Իսկ նա, ով մարգարէանում է, մարդկանց հետ է խօսում ի շինութիւն, ի մխիթարութիւն եւ ի սփոփանք։ 4Ով լեզուներ է խօսում, ինքն իրեն է հաստատում, իսկ ով մարգարէանում է, ամրացնում է եկեղեցի՛ն։ 5Կամենում եմ, որ դուք ամէնքդ էլ լեզուներ խօսէք. աւելին՝ որ մարգարէանաք. որովհետեւ նա, ով մարգարէանում է, աւելի լաւ է, քան նա, ով լեզուներ է խօսում. միայն թէ նա թող բացատրի, որպէսզի եկեղեցին ամրանայ։ 6Իսկ այժմ, եղբայրնե՛ր, թէ գամ ձեզ մօտ լեզուներ խօսելով, ինչո՞վ օգտակար կը լինեմ ձեզ, եթէ չխօսեմ կա՛մ յայտնութեամբ, կա՛մ գիտութեամբ, կա՛մ մարգարէութեամբ, կա՛մ վարդապետութեամբ։ 7Այնպէս, ինչպէս որ անշունչ գործիքները ձայն ածեն, լինի փող թէ քնար. որովհետեւ, եթէ տարբեր ձայներ չարձակեն, ինչպէ՞ս պիտի իմացուի, թէ փողն է զարկում, կամ քնարն է հնչում.8քանզի եթէ շեփորը անորոշ ձայն արձակի, ո՞վ կը պատրաստուի պատերազմի։ 9Նոյնպէս եւ դուք. եթէ լեզուներով յստակ չդարձնէք խօսքը, ինչպէ՞ս կը հասկացուի խօսուածը. որովհետեւ դրանով դուք նման կը լինէք մի մարդու, որ օդի մէջ է խօսում։ 10Այնչափ լեզուների տեսակներ կան աշխարհում, բայց չկայ ոչինչ աննշանակ։ 11Իսկ արդ, եթէ չգիտենամ լեզուի նշանակութիւնը, օտար կը լինեմ նրա համար, ով կը խօսի ինձ հետ. եւ նա, ով կը խօսի ինձ հետ, օտար կը լինի ինձ համար։ 12Այսպէս էլ՝ դուք, քանի որ նախանձախնդիր էք հոգեւոր շնորհների, ջանացէ՛ք առաւել եւս հարստանալ նոյն շնորհներով ի շինութիւն եկեղեցու։ 13Ուստի, նա, ով լեզուներ է խօսում, թող աղօթի, որ կարողանայ էլ մեկնել։ 14Եթէ աղօթում եմ օտար լեզուով, իմ հոգին է աղօթում, բայց իմ միտքը անպտուղ է։ 15Իսկ արդ, ի՞նչ. պիտի աղօթեմ հոգով, պիտի աղօթեմ նաեւ մտքով։ Սաղմոս պիտի ասեմ հոգով, սաղմոս պիտի ասեմ եւ մտքով։ 16Ապա թէ ոչ, եթէ հոգով օրհնաբանես, նա, ով անգէտ մարդու վիճակում է, քո գոհաբանութեան ժամանակ ինչպէ՞ս ասի. «Ամէն». քանզի, ինչ որ դու ասում ես, նա չի հասկանում.17թէեւ դու լաւ ես գոհութիւն մատուցում, բայց ընկերդ հոգեպէս չի հաստատւում։ 18Գոհութիւն Աստծու. ձեր բոլորից աւելի շատ լեզուներ եմ խօսում. 19բայց, որպէսզի ուրիշներին էլ սովորեցնեմ, եկեղեցու մէջ կամենում եմ հինգ խօսք խօսել խելքով, քան բազում խօսքեր՝ լեզուով։20Եղբայրնե՛ր, մտքով երեխայ մի՛ եղէք, այլ եղէ՛ք երեխայ չարութիւն գործելու մէջ, բայց մտքով եղէ՛ք չափահաս. 21քանզի օրէնքի մէջ էլ գրուած է. 22Ապա ուրեմն, լեզուները նշան են. բայց ոչ հաւատացեալների, այլ՝ անհաւատների համար. իսկ մարգարէութիւնը ոչ թէ անհաւատների համար է, այլ՝ հաւատացեալների։ 23Իսկ եթէ ամբողջ եկեղեցին ի մի վայր հաւաքուի, եւ բոլորն էլ լեզուներ խօսեն, եւ այնտեղ մտնեն անգէտներ ու անհաւատներ, չե՞ն ասի, թէ՝ դուք գժուել էք։ 24Իսկ եթէ բոլորն էլ մարգարէանան, եւ այնտեղ մի անհաւատ կամ անգէտ մտնի, կը յանդիմանուի բոլորից եւ բոլորից կը հարցապնդուի, 25ու նրա սրտի գաղտնիքները յայտնի կը լինեն. եւ ապա երեսի վրայ ընկած՝ կ՚երկրպագի Աստծուն ու կը խոստովանի, թէ՝ արդարեւ ձեր մէջ է Աստուած։ 26Եւ արդ, ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ ի մի վայր հաւաքուէք, ձեզնից իւրաքանչիւրը՝ շնորհ ունենայ սաղմոս երգելու թէ ուսուցանելու, Աստծու յայտնութիւնը բերելու թէ լեզուներով խօսելու, կամ խօսուածը թարգմանելու, թող այդ բոլորը լինի ի շինութիւն եկեղեցու։ 27Թէ լեզուներ են խօսում, - երկու կամ ամենաշատը երեք հոգի, - թող մէկ-մէկ խօսեն, եւ թող մէկն էլ թարգմանի։ 28Իսկ եթէ չլինի մէկը, որ թարգմանի, թող լուռ մնան եկեղեցում. իրենց մտքում եւ Աստծու հետ թող խօսեն։ 29Բայց թող երկու կամ երեք մարգարէներ խօսեն մէկ-մէկ, իսկ միւսները թող քննեն։30Իսկ եթէ նստածներից մէկը մի յայտնութիւն ունի անելու, առաջինը թող լռի. 31քանզի կարող էք բոլորդ էլ մէկ առ մէկ մարգարէանալ, որպէսզի բոլորն էլ սովորեն եւ բոլորն էլ մխիթարուեն. 32քանի որ մարգարէութեան հոգին ենթարկւում է մարգարէացողին. 33որովհետեւ Աստուած խռովութեան Աստուածը չէ, այլ՝ խաղաղութեան։ 34Ինչպէս որ է Աստծու բոլոր եկեղեցիներում, կանայք թող լուռ մնան եկեղեցու մէջ, որովհետեւ թոյլատրուած չէ նրանց խօսել, այլ՝ հնազանդ լինել, ինչպէս օրէնքն էլ ասում է։ 35Իսկ եթէ ուզենան մի բան սովորել, տանը թող իրենց մարդկանց հարցնեն. քանզի կին արարածի համար անպատեհ է խօսել եկեղեցում։ 36Միթէ ձեզնի՞ց ելաւ Աստծու խօսքը եւ կամ թէ միայն ձե՞զ հասաւ։ 37Իսկ եթէ մէկը ինքն իրեն կարծում է մարգարէ կամ տէր՝ հոգեւոր շնորհի, թող իմանայ, թէ ինչ որ գրեցի ձեզ, Տիրոջ պատուիրաններն են։ 38Իսկ եթէ մէկն անգիտանայ դրանք, նա թող անտեսուի եկեղեցուց։ 39Ուրեմն, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղէք մարգարէանալու եւ լեզուներ խօսելը մի՛ արգելէք. 40եւ ձեր ամէն ինչը պարկեշտութեամբ եւ ըստ կարգի թող լինի։ 
15 Եղբայրնե՛ր, յիշեցնեմ ձեզ իմ Աւետարանը, որը քարոզեցի ձեզ, որը եւ ընդունեցիք, եւ որի մէջ հաստատ էք մնում. 2նրանով կը փրկուէք էլ, եթէ ամուր պահէք այն խօսքերը, որ քարոզեցի ձեզ. այլապէս ի զուր հաւատացած կը լինէք. 3որովհետեւ ես ձեզ աւանդեցի նախ այն, ինչը ես ինքս ընդունեցի. թէ՝ Քրիստոս մեռաւ մեր մեղքերի համար՝ ըստ Գրքերի 4եւ թէ՝ թաղուեց եւ թէ՝ յարութիւն առաւ երրորդ օրը՝ ըստ Գրքերի 5եւ երեւաց Կեփասին եւ ապա՝ Տասներկուսին. 6ապա երեւաց միանգամից աւելի քան հինգ հարիւր եղբայրների, որոնցից շատերը կան մինչեւ այժմ. ոմանք էլ՝ ննջեցեալ եղան։ 7Եւ ապա երեւաց Յակոբոսին, ապա՝ բոլոր առաքեալներին։ 8Ամենից յետոյ երեւաց եւ ինձ՝ անարգիս, 9որովհետեւ ես իսկ եմ առաքեալների տրուպը. ես որ առաքեալ կոչուելու արժանի իսկ չեմ, քանի որ հալածեցի Աստծու եկեղեցին։ 10Բայց Աստծու շնորհով եմ, ինչ որ եմ, եւ իմ մէջ եղած նրա շնորհները իզուր չանցան, այլ նրանցից բոլորից աւելի աշխատեցի. բայց ոչ թէ ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ էր։ 11Արդ, թէ՛ ես եւ թէ՛ նրանք այսպէս քարոզեցինք, եւ դուք այսպէս հաւատացիք։ 12Իսկ եթէ քարոզւում է, թէ Քրիստոս մեռելներից յարութիւն է առել, ձեզնից ոմանք ինչպէ՞ս են ասում, թէ մեռելների յարութիւն չկայ։ 13Եթէ մեռելների յարութիւն չկայ, ապա եւ Քրիստոս յարութիւն չի առել։ 14Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է մեր քարոզութիւնը, ի զուր է եւ ձեր հաւատը։ 15Եւ Աստծու սուտ վկաները եղած կը լինենք, քանի որ Աստծու մասին վկայեցինք, թէ յարութիւն տուեց Քրիստոսին. արդարեւ, եթէ յարութիւն չառնէին մեռելները, նրան յարութիւն չէր տայ։ 16Իսկ եթէ մեռելները յարութիւն չեն առնում, ապա Քրիստոս էլ յարութիւն չի առել։ 17Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է ձեր հաւատը. եւ տակաւին նոյն մեղքերի մէջ էք։ 18Իսկ արդ, նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորա՞ն արդեօք։ 19Եթէ միայն այս կեանքի համար ենք յոյս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ։ 20Բայց արդ, մեռելներից յարութիւն է առել Քրիստոս՝ ննջեցեալների առաջին պտուղը. 21քանզի մի մարդով մահ եղաւ եւ մի մարդով՝ մեռելների յարութիւն։ 22Ինչպէս Ադամով բոլորը մեռնում են, նոյնպէս եւ Քրիստոսով ամէնքը պիտի կենդանանան՝ 23իւրաքանչիւրն իր հերթին. նախ՝ Քրիստոս, եւ ապա՝ քրիստոսականները՝ նրա գալստեանը. 24եւ ապա գալու է վախճանը, երբ որ նա տայ թագաւորութիւնը Աստծու եւ Հօր ձեռքը, երբ որ կործանած լինի բոլոր իշխանութիւնները եւ ամէն պետութիւն եւ զօրութիւն. 25որովհետեւ նա պէտք է թագաւորի, մինչեւ որ բոլոր թշնամիներին դնի իր ոտքերի տակ։ 26Վերջին թշնամին, որ պիտի կործանուի, մահն է. եւ Աստուած «ամէն ինչ հնազանդեցրեց՝ դնելով նրա ոտքերի տակ»։ 27Բայց երբ ասում է, թէ՝ ամէն ինչ նրան հնազանդուել է, յայտնի է, թէ բացի նրանից, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան։ 28Իսկ երբ ամէն ինչ նրան հնազանդ լինի, այն ժամանակ եւ ինքը՝ Որդին կը հնազանդուի նրան, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան, որպէսզի Աստուած ամէն ինչ լինի ամենքի մէջ։29Ապա թէ ոչ, ի՞նչ պիտի անեն նրանք, որ մկրտուեցին մեռելների համար, եթէ, արդարեւ, մեռելները յարութիւն չեն առնում. ինչո՞ւ ուրեմն մկրտւում են նրանց համար։ 30Ինչո՞ւ մենք էլ նեղութիւն ենք կրում ամէն ժամ։ 31Եղբայրնե՛ր, երդւում եմ այն պարծանքով, որ ունեմ ձեր հանդէպ մեր Տէր Յիսուս Քրիստոսով, որ ես մեռնում եմ ամէն օր։32Եթէ մարդկա՛նց համար Եփեսոսում գազանամարտի բռնուած լինէի, ինձ ի՞նչ օգուտ կը լինէր, եթէ մեռելները յարութիւն չեն առնում, «ուտենք, խմենք, քանզի վաղը մեռնելու ենք»։ 33Մի՛ խաբուէ՛ք. վատ խօսքերը ապականում են լաւ բարքերը։ 34Սթափուեցէ՛ք արդար մարդկանց նման եւ մեղք մի՛ գործէք. որովհետեւ ոմանք չունեն Աստծու ճանաչումը։ Յամօթ ձեզ եմ ասում այս։ 35Բայց մէկը կ՚ասի՝ ինչպէ՞ս են յարութիւն առնում մեռելները. կամ՝ ի՞նչ մարմնով պիտի գան։ 36Անմի՛տ, ինչ որ դու սերմանում ես, չի կենդանանայ, եթէ չմեռնի։37Եւ ինչ որ սերմանում ես, սերմանուածը այն նոյն մարմինը չէ, որ ծնուելու է, այլ՝ մի մերկ հատիկ, լինի ցորենի թէ այլ սերմերի։ 38Եւ Աստուած նրան մարմին է տալիս, ինչպէս որ կամենում է. եւ սերմերից իւրաքանչիւրին՝ իր մարմինը։ 39Ամէն մարմին նոյն մարմինը չէ. այլ է մարմինը մարդկանց եւ այլ է մարմինը անասունների, այլ է մարմինը թռչունների եւ այլ է մարմինը ձկների։ 40Կան նաեւ երկնաւոր մարմիններ եւ երկրաւոր մարմիններ. բայց այլ է փառքը երկնաւորների եւ այլ է փառքը երկրաւորների, 41այլ է փառքը արեգակի, այլ է փառքը լուսնի եւ այլ է փառքը աստղերի. եւ մի աստղ փառքով առաւել է, քան մի ուրիշ աստղ։ 42Այսպէս է նաեւ մեռելների յարութիւնը. սերմանւում է ապականութեամբ եւ յարութիւն է առնում առանց ապականութեան.43սերմանւում է անարգութեամբ եւ յարութիւն է առնում փառքով. սերմանւում է տկարութեամբ եւ յարութիւն է առնում զօրութեամբ.44սերմանւում է շնչաւոր մարմին եւ յարութիւն է առնում հոգեւոր մարմին. եթէ կայ շնչաւոր մարմին, կայ եւ՝ հոգեւոր։ 45Այսպէս էլ գրուած է. «Առաջին մարդը՝ Ադամը, եղաւ կենդանի շունչ. վերջին Ադամը՝ կենդանարար հոգի»։ 46Բայց ոչ նախ հոգեւորը, այլ՝ շնչաւորը եւ ապա՝ հոգեւորը։ 47Առաջին մարդը՝ երկրից, հողեղէն, իսկ երկրորդ մարդը՝ Տէրը՝ երկնքից։ 48Ինչպէս հողեղէնն է, նոյնպէս եւ հողեղէններն են, եւ ինչպէս երկնաւորը, նոյնպէս եւ՝ երկնաւորները։ 49Եւ ինչպէս որ կրեցինք հողեղէնի պատկերը, նոյնպէս եւ պիտի կրենք երկնաւորի պատկերը։ 50Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, որ մարմին եւ արիւն Աստծու թագաւորութիւնը ժառանգել չեն կարող. ոչ էլ ապականութիւնը անապականութիւն է ժառանգում։ 51Արդ, մի խորհուրդ եմ յայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց ոչ թէ իսկապէս բոլորս. 52պիտի նորոգուենք յանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, եւ մեռելները յարութիւն պիտի առնեն առանց ապականութեան, եւ մենք պիտի նորոգուենք. 53որովհետեւ պէտք է, որ այս ապականացու մարմինը անապականութիւն կրի, եւ այս մահկանացու գոյութիւնը հագնի անմահութիւն։ 54Եւ երբ այս մահկանացու գոյութիւնը հագնի անմահութիւն, եւ այս ապականացու մարմինը՝ անապականութիւն, այն ժամանակ կը կատարուի այն խօսքը, որ գրուեց. 55Մահի խայթոցը մեղքն է, եւ մեղքի զօրութիւնը՝ օրէնքը։ 56Բայց, գոհութիւն Աստծու, որ տուեց մեզ յաղթութիւնը մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով։57Ուրեմն, եղբայրնե՛ր իմ սիրելի, հաստատո՛ւն մնացէ՛ք, անշա՛րժ եղէք, ամէն ժամ աւելի՛ն եղէք Տիրոջ գործի մէջ. իմացէ՛ք, որ ձեր վաստակը ի զուր չէ Տիրոջ առաջ։ 
16 Իսկ ինչ վերաբերում է սրբերին տրուող նպաստին, դուք եւս այնպէս արէք, ինչպէս պատուիրեցի Գաղատիայի եկեղեցիներին։2Շաբաթուայ իւրաքանչիւր առաջին օրը, ձեզանից իւրաքանչիւր ոք իր համար թող հաւաքի, ինչքան որ յաջողուի իրեն, 3որպէսզի, երբ գամ, այն ժամանակ նպաստների հանգանակութիւն չլինի։ Այլ, երբ գամ, ում որ արդէն յարմար էք համարել, գրութիւններով դրանց կ՚ուղարկեմ՝ ձեր ընծաները տանելու Երուսաղէմ։ 4Իսկ եթէ պէտք լինի, որ ես էլ գնամ, թող ինձ հետ գան։ 5Ձեզ մօտ կը գամ, երբ անցնեմ Մակեդոնիայով (քանզի Մակեդոնիայով պիտի անցնեմ միայն). 6եւ եթէ յարմար լինի, ձեզ մօտ կը մնամ կամ կը ձմեռեմ, որ դուք ճանապարհ դնէք ինձ, ուր էլ գնալու լինեմ. 7որովհետեւ չեմ ուզում ձեզ հիմա հարեւանցի տեսնել. յոյս ունեմ մի որոշ ժամանակ մնալ ձեզ մօտ, եթէ Տէրը կամենայ։ 8Բայց այժմ կը մնամ Եփեսոսում մինչեւ Պենտեկոստէի օրը. 9քանի որ ինձ համար աշխատանքի մեծ եւ կարեւոր դուռ է բացուած, իսկ հակառակորդները շատ են։ 10Արդ, եթէ Տիմոթէոսը գայ, տեսէք, որ աներկիւղ լինի ձեր մէջ, որովհետեւ Տիրոջ գործն է անում, ինչպէս ինքս էլ։ 11Ոչ ոք նրան թող չարհամարհի. եւ նրան ճանապա՛րհ դրէք խաղաղութեամբ, որ գայ ինձ մօտ, քանզի սպասում եմ նրան եղբայրներով հանդերձ։ 12Ինչ վերաբերում է եղբայր Ապողոսին, շատ խնդրեցի նրան, որ գայ ձեզ մօտ եղբայրներով հանդերձ. բայց, արդարեւ, ցանկութիւն չունի, որ այժմ գայ, այլ կը գայ, երբ յարմար ժամանակ գտնի։ 13Արթո՛ւն կացէք, հաստատո՛ւն մնացէք հաւատի մէջ, քա՛ջ եղէք, զօրացէ՛ք։ 14Ձեր ամէն ինչը սիրով թող լինի։ 15Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, գիտէք Ստեփանոսի եւ Փորտունատոսի ընտանիքը, որոնք Աքայիա նահանգի առաջին պտուղներն են եւ իրենց նուիրեցին սրբերի ծառայութեանը։ 16Դուք էլ հնազա՛նդ եղէք այդպիսիներին եւ ամէն մէկին, որ գործակից եւ ծառայակից է նրանց։17Ուրախացայ, որ Ստեփանոսը, Փորտունատոսը եւ Աքայիկոսը եկան, որովհետեւ ձեր պակասութիւնը նրանք լցրին. 18քանզի հանգստացրին իմ հոգին եւ ձերը։ Արդ, գնահատեցէ՛ք այդպիսիներին։ 19Ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները։ Մեծապէս ողջունում են ձեզ ի Տէր Ակիւղասը եւ Պրիսկիղան իրենց տան մէջ եղող եկեղեցիով հանդերձ։ 20Ձեզ ողջունում են բոլոր եղբայրները։ Ողջո՛յն տուէք միմեանց սուրբ համբոյրով։ 21Այս ողջոյնի գիրը իմ ձեռքինն է՝ Պօղոսինը։ 22Եթէ մէկը չի սիրում Տէր Յիսուսին, նզովեալ թող լինի. Մարան աթա։ 23Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի։ 24Եւ իմ սէրը ձեզ ամենքիդ հետ ի Քրիստոս Յիսուս։ Ամէն։

 







Смотреть армянские фильмы онлайн на сайте SamaraHay:

Новости Самары

30 Май 2018 12:11

«Самара присоединилась к Всероссийской п…

С 30 мая до 31 августа 2018 года в рамках...

16 Мар 2013 08:46

Тридцать человек в масках разгромили каф…

Тридцать человек в масках разгромили кафе в Самаре

Около 30 человек в масках в пятницу вечером зашли в...

09 Мар 2013 18:29

В аварии погиб вице-президент самарской …

В аварии погиб вице-президент самарской федерации бокса Анатолий Абрамов

Вместе с вице-президентом федерации бокса Самарской области Анатолием Абрамовым в...

Армянские новости

17 Мар 2013 18:06

В США пройдет 21-ый Александрийский армя…

В США пройдет 21-ый Александрийский армянский фестиваль

В городе Александрия американского штата Виргиния 1 июня 2013 года...

14 Мар 2013 17:03

Скончался поэт-сатирик Арамаис Саакян

Скончался  поэт-сатирик Арамаис Саакян

Скончался известный армянский поэт-сатирик, бессменный редактор сатирического журнала «Возни» Арамаис...

09 Мар 2013 17:49

Комиссия Ай Дата США обратилась с призыв…

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре Америки

Комиссия Ай Дата США обратилась с призывом в армянской диаспоре...

Новости спорта и культуры

13 Мар 2017 13:18

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 мар…

Челси и Манчестер Юнайтед сыграют 13 марта в рамках кубка Англии

В понедельник в Кубке Англии состоится интересное противостояние, в котором...

12 Мар 2017 09:22

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамка…

Амкар сыграет с Зенитом 12 марта в рамках 19-го тура чемпионата России

Воскресная программа 19-го тура чемпионата России откроется матчем в Перми....

02 Май 2013 19:43

Премьера фильма «Меня зовут Виола»

Премьера фильма «Меня зовут Виола»

Знаменитый армянский режиссер Рубен Кочар очень скоро представит скандальный фильм...

Новости SamaraHay

22 Июн 2017 14:17

Рецепты для мультиварки и мультипекаря R…

Открылся новый интересный сайт, посвященный рецептам для мультиварки и мультипекаря...

26 Дек 2015 14:25

Увлекательная электроника - Զարմանահրաշ …

Увлекательная электроника - Զարմանահրաշ էլեկտրոնիկա

Автор проекта "SAMARAHAY" создал новый проект «Видеоблог радиолюбителя». Проект посвещен...

29 Май 2015 21:47

Все о мобильном банке Сбербанка

Все о мобильном банке Сбербанка

С развитием банковских технологий управлять своими вкладами, кредитами и счетами...

Последние комментарии

Мы "Вконтакте"

Случайные рецепты

Зразы с огурцами (мартадела)

Говядину или баранину очистить от сухожилий, нарезать кусками и три...

Лук-порей с мясом

Говядину или баранину нарезать кусками по 40-50 г и припустить...

Суп из говядины со шпинатом

Суп из говядины со шпинатомСварить бульон из говядины и процедить;...

© 2011 «SamaraHay» - информационно-развлекательный портал для самарских армян. Если вы обнаружили ошибку, пожалуйста, сообщите нам. Все вопросы по рекламе на сайте можно обсудить по телефонам: +7-908-388-16-75, +7-908-388-17-00, E-mail: samarahay@yandex.ru

О проекте | Контакты | Об использовании информации сайта | Пользовательское соглашение | Наши баннеры | Карта сайта